Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Գրապահարան-ից
Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

հեղինակ՝ Էդուարդ Ուսպենսկի
թարգմանիչ՝ Լիլիթ Մելքոնյան
աղբյուր՝ «Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Գլուխ առաջին — Քեռի Ֆեոդորը

Մի հայրիկ ու մայրիկ մի տղա ունեին, անունը՝ Քեռի Ֆեոդոր։ Քեռի Ֆեոդոր էին ասում, որովհետեւ նա շատ լուրջ ու ինքնուրույն տղա էր։ Չորս տարեկանում կարդալ էր սովորել, իսկ վեցում արդեն ինքն իր համար ապուր էր եփում։ Մի խոսքով, շատ լավ տղա էր։ Ծնողներն էլ էին լավը՝ հայրիկն ու մայրիկը։

Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե մայրը կենդանիներ սիրեր։ Հատկապես ամեն տեսակ կատուներ։ Իսկ Քեռի Ֆեոդորը կենդանիներ սիրում էր ու այդ պատճառով հաճախ էր վիճում մայրիկի հետ։

Մի անգամ այսպիսի բան պատահեց։ Քեռի Ֆեոդորը ինքն իր համար բարձրանում է աստիճաններով ու բուտերբրոդ ուտում։ Մեկ էլ տեսնում է պատուհանին մի կատու է նստած։ Մի մեծ շերտավոր կատու։ Կատուն Քեռի Ֆեոդորին ասում է․

— Բուտերբրոդը ճիշտ չես ուտում, Քեռի Ֆեոդոր։ Դու երշիկը հացի վրա ես դրել, այնինչ պետք է այնպես դնես, որ լեզվով շոշափես։ Այդպես ավելի համեղ կլինի։

Քեռի Ֆեոդորը փորձում է՝ այդ ձեւով իսկապես համով էր։ Նա հյուրասիրում է կատվին եւ հարցնում․

— Իսկ ի՞նչ գիտես, որ իմ անունը Քեռի Ֆեոդորը է։

Կատուն պատասխանում է․

— Ես ձեր տնեցիներին բոլորին էլ ճանաչում եմ։ Ձեղնահարկում եմ ապրում եւ ամեն ինչ տեսնում եմ։ Ով է լավ, ով է վատ։ Միայն թե հիմա իմ ձեղնահարկը նորոգում են, եւ ես ապրելու տեղ չունեմ։ Վերանորոգումից հետո էլ, երեւի, ընդմիշտ կկողպեն դուռը։

— Իսկ ո՞վ է քեզ խոսել սովորեցրել,— հարցնում է Քեռի Ֆեոդորը․

— Էհ, սովորել եմ, էլի,— ասում է կատուն։ — Մի բառ էստեղից, մի բառ էնտեղից։ Բացի այդ, ես ապրում էի մի պրոֆեսորի մոտ, որը ուսումնասիրում էր կենդանիների լեզուն։ Ու այդպես սովորեցի։ Հիմա առանց լեզու իմանալու անհնար է ապրել։ Ոտքով, գլխով կկորչես, կամ քեզանից գլխարկ կկարեն, կամ օձիք, կամ էլ ոտի տակ կգցեն։

Քեռի Ֆեոդորն ասում է․

— Արի, ինձ մոտ ապրիր։

Կատուն տատանվում է։

— Մայրիկդ կվռնդի։

— Չի վռնդի։ Գուցե հայրիկս պաշտպանի։

Եվ գնացին։ Կատուն կերավ եւ ամբողջ օրը աղայավարի քնեց բազմոցի տակ։ Իսկ երեկոյան հայրիկն ու մայրիկը եկան։ Մայրիկը հենց որ ներս մտավ, անմիջապես ասաց․

— Այս ի՞նչ կատվահոտ է գալիս։ Կա֊չկա Քեռի Ֆեոդորը կատու է տուն բերել։

Իսկ հայրիկն ասաց․

— Ինչ անենք։ Կատու է, էլի։ Մի կատուն մեզ չի խանգարի։

Մայրիկն ասաց․

— Քեզ չի խանգարի, ինձ կխանգարի։

— Ինչո՞վ կխանգարի։

— Կխանգարի,— պատասխանեց մայրիկը։— Հապա մի մտածիր, ի՞նչ օգուտ ունենք այդ կատվից։

Հայրիկն ասաց․

— Ի՞նչ օգուտ պիտի ունենանք։ Որեւէ օգուտ ունե՞ս պատից կախված այս նկարից։

— Այդ նկարից,— ասաց մայրիկը,— շատ մեծ օգուտ կա։ Քողարկում է պաստառի վրայի անցքերը։

— Հետո ինչ,— չհամաձայնեց հայրիկը։— Կատվից էլ օգուտ կտեսնես։ Մենք նրան շան տեղ կվարժեցնենք։ Պահապան կատու կունենանք։ Տունը կհսկի։ Չի հաչի, չի կծի, բայց չի էլ թողնի, որ տունը մարդ մտնի։

Մայրիկը նույնիսկ բարկացավ․

— Դու էլի՞ սկսեցիր գլխիդ զոռ տալ… Երեխայիս փչացրել ես… Ահա թե ինչ կասեմ։ Եթե այդ կատուն քեզ շատ է դուր գալիս, ուրեմն ընտրիր՝ կամ ես, կամ նա։

Հայրիկը նախ նայեց մայրիկին՝ ապա՝ կատվին։ Հետո՝ նորից մայրիկին, ապա՝ կատվին։

— Ես,— ասաց,— քեզ եմ ընտրում։ Քեզ արդեն վաղուց եմ ճանաչում, իսկ այդ կատվին առաջին անգամ եմ տեսնում։

— Իսկ դո՞ւ ում ես ընտրում, Քեռի Ֆեոդոր,— հարցրեց մայրիկը։

— Ոչ մեկիդ,— պատասխանեց տղան,— բայց որ կատվին վռնդեք, ես էլ կհեռանամ տնից։

— Ինչպես կուզես,— ասաց մայրիկը,— միայն թե վաղը կատվի հետքն անգամ չտեսնեմ։

Մայրը, իհարկե, չէր հավատում, որ Քեռի Ֆեոդորը տնից կգնա։ Հայրիկն էլ չէր հավատում։ Նրանք մտածեցին, որ տղան հենց այնպես է ասում։ Իսկ նա լուրջ էր ասում։

Դեռ իրիկվանից ինչ֊որ պետք էր դրեց ուսապարկի մեջ։ Ե՛վ գրչահատ, ե՛ւ տաք բաճկոն, ե՛ւ լապտեր։ Վերցրեց ամբողջ փողը, որ հավաքել էր ակվարիում գնելու նպատակով։ Կատվի համար էլ պայուսակ պատրաստեց։ Բարեբախտաբար կատուն տեղավորվեց պայուսակի մեջ, միայն բեղերն էին դուրս ցցվել։ Եվ պառկեց քնելու։

Առավոտյան հայրիկն ու մայրիկը աշխատանքի գնացին։ Քեռի Ֆեոդորն արթնացավ, շիլա եփեց իր համար, նախաճաշեց կատվի հետ եւ սկսեց նամակ գրել․

«Սիրելի ծնողներ, հայրիկ ու մայրիկ։

Ես ձեզ շատ եմ սիրում։ Կենդանիներ էլ շատ եմ սիրում։ Եվ այս կատվին՝ նույնպես։ Իսկ դուք չեք թողնում նրան պահեմ։ Պատվիրում եք՝ տնից վռնդել։ Դա ճիշտ չէ։ Ես գնում եմ գյուղ, այնտեղ եմ ապրելու։

Դուք ինձ համար մի՛ անհանգստացեք։ Ինձ ոչինչ էլ չի լինի։ Իմ ձեռքից ամեն ինչ գալիս է, ես ձեզ կգրեմ։ Իսկ մինչեւ դպրոց գնալս բավական ժամանակ կա դեռ։ Եկող տարի եմ գնալու։

Ցտեսություն։ Ձեր որդի՝ Քեռի Ֆեոդոր»։

Նա նամակը գցեց իր անձնական փոստարկղը, վերցրեց ուսապարկն ու պայուսակը, որի մեջ կատուն էր, եւ գնաց ավտոբուսի կանգառ։


Գլուխ երկրորդ — Գյուղը

Քեռի Ֆեոդորը նստեց ավտոբուս եւ գնաց։ Հաճելի էր ճանապարհ գնալը։ Այդ ժամին ավտոբուսները քաղաքից դատարկ էին մեկնում։ Եվ ոչ ոք նրանց չէր խանգարում զրուցել։ Քեռի Ֆեոդորը հարցեր էր տալիս, իսկ կատուն պատասխանում էր պայուսակի միջից։


Քեռի Ֆեոդորը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է։

Կատուն ասում է․

— Ես էլ չգիտեմ։ Ե՛վ Հովազիկ են ասել ինձ, ե՛ւ Փափկամայիկ, ե՛ւ Հիմարիկ։ Եվ նույնիսկ Փիսո Փիսիկիչ եմ եղել։ Միայն թե այդ բոլորը ինձ դուր չի գալիս։ Ես ուզում եմ ազգանուն ունենալ։

— Ինչպիսի՞։

— Մի որեւէ լուրջ ազգանուն։ Ծովային ազգանուն։ Չէ՞ որ ես ծովային կատուների ցեղից եմ։ Նավատորմային։ Տատիկս ու պապիկս նավով շատ են ճանապարհորդել նավաստիների հետ։ Ծովն ինձ էլ է ձգում։ Շատ եմ կարոտում օվկիանոսներին։ Միայն թե ջրից վախենում եմ։

— Արի ազգանունդ Մատրոսկին դնենք,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Ե՛վ կատուների հետ է կապված, ե՛ւ ինչ֊որ ծովային բան կա այդ ազգանվան մեջ։

— Այո, ծովային բան կա,— համաձայնում է կատուն,— ճիշտ է։ Իսկ ի՞նչով է կապված կատուների հետ։

— Չգիտեմ,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Գուցե նրանով, որ կատուներն էլ են շերտավոր, նավաստիներն էլ։ Նրանց շապիկները շերտավոր են։

Կատուն համաձայնում է։

— Ինձ դուր է գալիս այդ ազգանունը՝ Մատրոսկին։ Ե՛վ ծովային է, ե՛ւ լուրջ։

Նա այնքան է ուրախանում, ազգանուն ունենալու համար, որ նույնիսկ ուրախությունից ժպտում է։ Ավելի խորն է ընկղմվում պայուսակի մեջ ու սկսում է փորձել իր ազգանունը։

«Հեռախոսի մոտ կանչեցեք, խնդրեմ, կատու Մատրոսկինին»։

«Կատու Մատրոսկինը չի կարող մոտենալ հեռախոսին։ Նա շատ զբաղված է։ Պառկած է վառարանին»։

Եվ որքան շատ էր փորձում, այնքան ավելի էր հավանում իր ազգանունը։ Նա գլուխը դուրս է հանում պայուսակից եւ ասում․

— Ինձ շատ է դուր գալիս, որ ազգանունս ծաղրական չէ։ Ինչպես ասենք՝ Իվանով կամ Պետրով։

Քեռի Ֆեոդորը հարցնում է․

— Իսկ դրանք ինչո՞վ են ծաղրական։

— Նրանով, որ միշտ կարելի է ասել․ «Պետրով, խփեմ քեզ տետրով, Իվանով՝ ո՞ւր ես գնում սուգ ու շիվանով»։ Իսկ Մատրոսկինին այդպիսի պոչ չես կարող կպցնել։

Այստեղ ավտոբուսը կանգ առավ։ Նրանք գյուղ էին հասել։

Գյուղը գեղեցիկ էր։ Շուրջն անտառ էր, դաշտ, եւ գետն էլ հեռու չէր։ Տաք, հաճելի քամի էր փչում, մոծակներ չկային։ Մարդիկ էլ շատ քիչ էին գյուղում։

Քեռի Ֆեոդորը տեսավ մի ծերունու եւ հարցրեց․

— Այստեղ որեւէ ազատ տուն չկա՞, որտեղ հնարավոր լինի ապրել։

Ծերունին պատասխանեց․

— Որքան ուզես։ Գետի մյուս ափին նոր տուն են կառուցել, հինգհարկանի, ինչպես քաղաքում։ Եվ գյուղի կեսն այնտեղ է տեղափոխվել։ Իսկ իրենց տները թողել են։ Բանջարանոցներն էլ։ Որոշ տեղերում՝ նույնիսկ հավերին։ Ընտրիր, որն ուզում ես, եւ ապրիր։

Եվ գնացին փնտրելու։ Ճանապարհին մի շուն մոտեցավ նրանց։ Փրչոտ, գզգզված, մազերին կոծոծներ կպած։

— Թույլ տվեք, ես էլ ձեզ հետ ապրեմ,— ասաց։— Ձեր տունը կհսկեմ։

Կատուն չհամաձայնեց։

— Մեզ հսկիչ պետք չէ։ Դեռ իսկի տուն չունենք, հսկիչն ի՞նչ ենք անում։ Մի տարուց հետո արի, երբ հարստացած կլինենք։ Այն ժամանակ քեզ կվերցնենք։

Քեռի Ֆեոդորն ասաց․

— Սպասիր, կատու։ Լավ շունը դեռ ոչ մեկին չի խանգարել։ Ավելի լավ է արի իմանանք, թե նա որտեղ է խոսել սովորել։

— Ես մի պրոֆեսորի ամառանոցն էի հսկում,— պատասխանեց շունը։— Պրոֆեսորը կենդանիների լեզուն էր ուսումնասիրում։ Այդ ժամանակ էլ հենց սովորեցի։

— Դա երեւի իմ պրոֆեսորն է,— բղավեց կատուն։— Սյոմին Իվան Տրոֆիմովիչը։ Նա կին ուներ, երկու երեխա եւ մեկ տատիկ՝ ավելը ձեռքին։ Ու միշտ զբաղված էր «Ռուս—կատվերեն» բառարան կազմելով։

— «Ռուս—կատվերեն» չգիտեմ, բայց «Որսորդա—շներեն» կազմում էր։ Եվ «Կովա—նախրապաներեն» նույնպես։ Իսկ տատիկի ձեռքին է՛լ ավել չկա։ Նրա համար փոշեծծիչ են գնել։

— Միեւնույն է, դա իմ պրոֆեսորն է,— ասաց կատուն։

— Իսկ նա հիմա որտե՞ղ է,— հարցրեց տղան։

— Աֆրիկա գնաց։ Գործուղման։ Փղերի լեզուն ուսումնասիրելու։ Իսկ ես մնացի տատիկի մոտ։ Միայն թե մենք յոլա չգնացինք։ Ես սիրում եմ, որ մարդ ուրախ բնավորություն է ունենում՝ երշիկահյուրասիրողական։ Իսկ նա, ընդհակառակը, ծանր բնավորություն ուներ։ Ավելա—վռնդողական։

— Ճիշտ է,— հաստատեց կատուն,— բնավորությունն էլ էր ծանր, ավելն էլ։

— Հը՞, ինչ եք ասում։ Հիմա թույլ տալի՞ս եք ձեզ հետ ապրեմ,— հարցրեց շունը։— Թե՞ հետո գամ։ Մի տարի անց։

— Թույլ ենք տալիս,— պատասխանեց Քեռի Ֆեոդորը։— Երեքով ավելի ուրախ կլինի։ Ի՞նչ է անունդ։

— Շարիկ,— պատասխանեց շունը։ Ես հասարակ շներից եմ։ Ցեղական չեմ։

— Իսկ իմ անունը Քեռի Ֆեոդոր է։ Կատվինը՝ Մատրոսկին․ դա ազգանունն է։

— Շատ հաճելի է,— ասաց Շարիկն ու գլուխ տվեց։ Անմիջապես երեւաց, որ դաստիարակված շուն է։ Լավ ընտանիքից։ Միայն թե տեր չի ունեցել։

Բայց կատուն, միեւնույն է, դժգոհ էր։ Նա Շարիկին հարցրեց․

— Ձեռքիցդ ի՞նչ է գալիս։ Կողպեքն էլ կարող է տուն պահպանել։

— Ես կարող եմ ետեւի թաթերով կարտոֆիլի բուկ լցնել։ Եվ լպստելով ամանները լվանալ։ Քնելու տեղ էլ հարկավոր չէ ինձ, դրսում կքնեմ։

Նա շատ էր վախենում, որ իրեն չընդունեն։

Իսկ Քեռի Ֆեոդորն ասաց․

— Հիմա պետք է տուն փնտրենք։ Եկեք բոլորս առանձին֊առանձին ման գանք գյուղում։ Հետո կորոշենք, թե ում ընտրածն է հարմար։

Եվ սկսեցին որոնել։ Ամեն մեկն ընտրեց այն, ինչ իրեն ավելի էր դուր գալիս։ Իսկ հետո նորից հավաքվեցին։ Կատուն ասաց․

— Ես մի շատ լավ տուն եմ գտել։ Պատերն ամբողջովին խծուծված։ Տաք վառարան կա խոհանոցում։ Գնանք, այնտեղ ապրենք։

Շարիկը քրքջաց․

— Վառարանն ի՜նչ է որ, դատարկ բան է։ Մի՞թե կարեւորը դա է։ Այ, իմ գտածը տուն է՜։ Այնտեղ այնպիսի մի շան բուն կա որ, հրա՜շք։ Ոչ մի տուն էլ պետք չէ։ Բոլորս էլ կտեղավորվենք բնում։

Քեռի Ֆեոդորն ասաց․

— Երկուսդ էլ կարեւորի մասին չեք մտածում։ Անհրաժեշտ է, որ տանը անպայման հեռուստացույց լինի։ Եվ պատուհանները մեծ լինեն։ Հենց այդպիսի մի տուն եմ գտել ես։ Տանիքը՝ կարմիր։ Այգի ու բանջարանոց էլ կա։ Գնանք տեսնենք։

Եվ գնացին տեսնելու։ Հենց որ մոտեցան, Շարիկը բղավեց․

— Ախր սա հենց իմ գտած տունն է։ Ես այս բնի մասին էի ասում։

— Եվ իմ տեսած վառարանը,— ասաց կատուն։— Ամբողջ կյանքումս այսպիսի վառարան եմ երազել, երբ ցուրտ է եղել։

— Այ թե լավ ստացվե՜ց,— ասաց Քեռի Ֆեոդորը։— Երեւում է, իսկապես, մենք ամենալավ տունն ենք ընտրել։

Նրանք մի լավ զննեցին տունը եւ ուրախացան։ Ամեն ինչ կար։ Ե՛վ վառարան, ե՛ւ մահճակալներ, ե՛ւ վարագույրներ պատուհաններին, ե՛ւ ռադիոընդունիչ, ե՛ւ հեռուստացույց։ Իհարկե, հնացած։ Խոհանոցում էլ տարբեր տեսակի չուգունե ամաններ կային։ Բանջարանոցում ամեն ինչ ցանված էր։ Ե՛վ կարտոֆիլ, ե՛ւ կաղամբ։ Միայն թե ամեն ինչ աչքաթող էր արված, քաղհանված չէր․ Իսկ ցախանոցում մի կարթ կար։

Քեռի Ֆեոդորը վերցրեց կարթը եւ գնաց ձուկ որսալու։ Իսկ Շարիկն ու կատուն վառարանը վառեցին ու ջուր բերեցին։ Հետո կերան, ռադիո լսեցին ու պառկեցին քնելու։ Նրանք շատ լավ էին զգում այդ տանը։

Գլուխ երրորդ — Նոր հոգսեր

Հաջորդ առավոտյան Քեռի Ֆեոդորը, շունն ու կատուն տունը հավաքեցին, սարդոստայնները մաքրեցին, աղբը թափեցին, վառարանը կարգի բերեցին։ Կատուն կաշվից դուրս էր գալիս․ նա շատ մաքրասեր էր։ Լաթը ձեռքին բարձրանում էր պատուհանների վրա, մտնում բազմոցների տակ։ Առանց այդ էլ տունը շատ կեղտոտ չէր, իսկ հիմա ուղղակի սկսեց փայլել։

Բայց Շարիկից այնքան էլ օգուտ չկար։ Միայն այս ու այն կողմ էր վազվզում, ուրախությունից հաչում եւ սենյակով մեկ փռշտում։ Քեռի Ֆեոդորը էլ չդիմացավ, նրան ուղարկեց կարտոֆիլի բուկը լցնելու։ Եվ շունն այնպես գործի կպավ, որ հողը սկսեց աշխարհով մեկ շաղ տալ։

Ամբողջ օրն այդպես աշխատեցին։ Ե՛վ գազարի մարգը քաղհանեցին, ե՛ւ կաղամբի։ Չէ՞ որ եկել էին այստեղ ապրելու եւ ոչ թե տուն֊տուն խաղալու։

Իսկ հետո գնացին գետակ լվացվելու եւ, հատկապես, Շարիկին լողացնելու։

— Դու շատ կեղտոտ ես,— ասաց Քեռի Ֆեոդորը։— Պետք է մի լավ լողանաս։

— Ես էլ ուրախ կլինեի,— պատասխանեց շունը,— միայն թե ինձ հարկավոր է օգնել։ Մենակ չեմ կարող։ Օճառն ատամներիս արանքից դուրս է պրծնում։ Իսկ առանց օճառի ինչ լողանալ։ Ուղղակի թրջվել է նշանակում, ուրիշ ոչինչ։

Շունը մտավ ջուրը, իսկ Քեռի Ֆեոդորը օճառեց նրան եւ մազերը սանրեց։ Կատուն շրջում էր ափին եւ թախծում օվկիանոսների կարոտից։ Չէ՞ որ նա ծովային կատու էր, միայն թե վախենում էր ջրից։

Հետո նրանք արեւոտ մի արահետով տուն գնացին։ Դիմացից մի քեռի էր վազում նրանց կողմը։ Գլխարկը գլխին, կարմրաթուշ։ Նա հիսունից մի բան էլ ավելի կլիներ։ (Իհարկե, ոչ թե քեռին ավելի կլիներ, այլ նրա տարիքը)։ Կանգ է առնում քեռին ու հարցնում․

— Դու ո՞ւմն ես, այ տղա։ Որտեղի՞ց ես հայտնվել մեր գյուղում։

Քեռի Ֆեոդորը պատասխանում է․

— Ոչ մեկինն էլ չեմ։ Ես եմ իմ գլխի տերը։ Իմ սեփականն եմ։ Քաղաքից եմ եկել։

Գլխարկով մարդը շատ է զարմանում եւ ասում է․

— Այդպես չի լինում, որ երեխաները իրենք իրենց գլխի տերը լինել։ Իրենց սեփականը։ Երեխաներն անպայման ինչ֊որ մեկինն են լինում։

— Ինչպե՞ս թե չի լինում,— բարկանում է Մատրոսկինը։— Ես, օրինակ, կատու եմ՝ ինքս իմ գլխի տեր կատու։ Իմ սեփականը։

— Ես էլ եմ իմ սեփականը,— ասում է Շարիկը։

Քեռին բոլորովին շփոթվում է։ Համ կատուներն են խոսում, համ՝ շները։ Ինչ֊որ անսովոր մի բան կա այստեղ։ Նշանակում է, ինչ֊որ բան կարգին չէ։ Դա բավական չէր, մի կողմից էլ Քեռի Ֆեոդորն է սկսում վրա տալ․

— Իսկ ինչո՞ւ եք հարցնում։ Պատահմամբ հո միլիցիայից չե՞ք։

— Չէ, միլիցիայից չեմ,— պատասխանում է քեռին,— ես փոստից եմ։ Էստեղի փոստատարն եմ՝ Պեչկինը։ Դրա համար էլ ամեն ինչ պետք է իմանամ։ Որպեսզի թերթերն ու նամակները հանձնեմ տերերին։ Դուք, օրինակ, ի՞նչ եք բաժանորդագրվելու։

— Ես «Մուրզիլկա» պետք է գրվեմ,— ասում է Քեռի Ֆեոդորը։

— Իսկ ես որսորդության մասին մի որեւէ բան,— ասում է Շարիկը։

— Իսկ դո՞ւք,— քեռին հարցնում է կատվին։

— Ես ոչինչ էլ չեմ գրվելու,— պատասխանում է կատուն։— Ես պետք է փող տնտեսեմ։

Գլուխ չորրորդ — Գանձը

 Մի անգամ կատուն ասում է․

— Սա ինչ բան է, մինչեւ ե՞րբ կարող ենք առանց կաթի յոլա գնալ։  Այսպես կմեռնենք ախր։ Պետք է անպայման մի կով գնել։

— Պետք է,— համաձայնում է Քեռի Ֆեոդորը։— Իսկ փող որտեղի՞ց ճարենք։

— Գուցե պա՞րտք անենք,— առաջարկում է շունը։— Հարեւաններից։

— Իսկ ինչպե՞ս վերադարձնենք պարտքը,— հարցնում է կատուն։— Կարծում եմ, պետք է վերադարձնել։

— Տեղը կաթ կտանք։

Բայց կատուն չի համաձայնում։

— Եթե կաթը պետք է տանք, էլ կովը մեր ինչի՞ն է պետք։

— Ուրեմն պետք է ինչ֊որ բան վաճառել,— ասում է Շարիկը։

— Իսկ ի՞նչ։

— Մի որեւէ անպետք բան։

— Անպետք բանը վաճառելու համար,— բարկանում է կատուն,— նախ պետք է գնենք այդ բանը։ Իսկ մենք փող չունենք։— Այստեղ կատուն նայում է շանը եւ ասում․— Շարիկ, արի կլինի քեզ վաճառենք։

Շարիկը բարկությունից նույնիսկ ոստոստում է տեղում․

— Ինչպե՞ս թե՝ ինձ։

— Հենց այդպես։ Հիմա դու լավ պահված, գեղեցիկ շուն ես։ Որսորդները քեզ համար հարյուր ռուբլի կտան։ Նույնիսկ ավելի։ Իսկ հետո դու կփախչես ու նորից կգաս մեզ մոտ։ Այդ ժամանակ արդեն կով կունենանք։

— Հա՞,— գոռում է Շարիկը։— Իսկ եթե վիզս շղթա գցե՞ն։ Արի կլինի, քեզ վաճառենք, կատու։ Քո տեսքն էլ է լավ։ Ի՜նչ էլ թմբլիկ ես դարձել։ Համ էլ կատուներին չեն շղթայում։

Այստեղ Քեռի Ֆեոդորը միջամտում է․

— Ոչ մեկիդ էլ չենք վաճառի։ Մենք կգնանք գանձ որոնելու։

— Ուրա՜,— գոռում է Շարիկը։— Վաղուց պետք է գնայինք։— Իսկ ինքը կամացուկ հարցնում է կատվին․— Ի՞նչ բան է սանձը։

— Ոչ թե սանձ, այլ գանձ,— պատասխանում է կատուն։— Փող է դա, զարդեղեն, որ մարդիկ պահում են հողի տակ։ Ավազակները։

— Ինչո՞ւ են պահում։

— Իսկ ինչո՞ւ ես դու ոսկորները այգում թաղում եւ վառարանի տակ խցկում։

— Ե՞ս։ Պաշար եմ հավաքում։

— Դե նրանք էլ իրենց համար են պաշար հավաքում։

Շունն իսկույն ամեն ինչ հասկացավ եւ որոշեց ոսկորները տեղափոխել, որպեսզի կատուն տեղը չիմանա։

Եվ գնացին գանձ որոնելու։ Կատուն ասում է․

— Ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա մտքովս չի անցել գանձ որոնել։ Հիմա համ կով կգնենք, համ էլ բանջարանոցում չենք աշխատի։ Ամեն ինչ կարող ենք շուկայից գնել։

— Խանութից էլ կարող ենք գնել,— ասում է Շարիկը։ Ավելի լավ է միսը խանութից գնենք։

— Ինչո՞ւ։

— Այնտեղ ոսկորներն ավելի շատ են։

Եվ այսպես նրանք հասան անտառ ու դեմ առան մի մեծ ժայռի։ Ժայռի մեջ քարանձավ կար, որտեղ մի ժամանակ ավազակներ էին ապրել։ Քեռի Ֆեոդորը սկսեց փորել։ Իսկ շունն ու կատուն նստեցին քարերին։

Շունը հարցնում է․

— Իսկ ինչո՞ւ քաղաքում գանձ չէիր որոնում, Քեռի Ֆեոդոր։

Քեռի Ֆեոդորն ասում է․

— Ինչ անխելքն ես։ Ո՞վ է քաղաքում գանձ փնտրում։ Այնտեղ իսկի փորել կլինի՞ որ, ասֆալտ է չորս կողմը։ Իսկ այստեղ տես ինչ փխրուն հող է՝ միայն ավազ։ Շուտով գանձը կգտնենք։ Եվ կով կգնենք։

Շունը նորից ասում է․

— Եկեք գանձը գտնելուց հետո երեք մասի բաժանենք։

— Ինչո՞ւ,— հարցնում է կատուն։

— Որովհետեւ ինձ կով պետք չէ։ Ես կաթ չեմ սիրում։ Ինձ համար երշիկ կգնեմ խանութից։

— Ասենք ես էլ առանձնապես կաթ չեմ սիրում,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Այ եթե կովը կվաս տար կամ լիմոնադ…

— Իսկ իմ բաժին փողը չի բավականացնի կով գնելու համար,— առարկում է կատուն։— Տնտեսության մեջ կովն անհրաժեշտ է։ Առանց կովի էլ ի՞նչ տնտեսություն։

— Հետո՞ ինչ,— ասում է Շարիկը։— Պարտադիր չէ, որ մեծ կով գնենք։ Դու էլ փոքրը գնիր։ Այդպիսի հատուկ կովեր կան կատուների համար։ Նրանց այծ են ասում։

Քեռի Ֆեոդորի բահը ինչ֊որ բանի կպավ ու զնգաց։ Դա մետաղակուռ մի սնդուկ էր։ Իսկ սնդուկում՝ ամեն տեսակ զարդեղեն։ Եվ հին մետաղադրամներ։ Եվ թանկարժեք քարեր։ Վերցրին սնդուկը եւ գնացին տուն։ Մեկ էլ նրանց դեմ ելավ փոստատար Պեչկինը։

— Ի՞նչ կա սնդուկիդ մեջ, տղա։

Կատու Մատրոսկինը խորամանկ էր, ասաց․

— Սունկ հավաքելու էինք գնացել։

Բայց Պեչկինն էլ հիմար չէր։

— Իսկ սնդուկն ինչի՞ համար է։

— Սնկի։ Նրա մեջ սունկը աղ ենք դնում։ Հենց անտառում։ Պա՞րզ է։

— Իհարկե, պարզ է։ Չհասկանալու ի՞նչ կա,— ասաց Պեչկինը։ Մինչդեռ ոչինչ չէր հասկացել։ Չէ՞ որ զամբյուղով են գնում սունկ հավաքելու։ Իսկ սրանք՝ սնդուկ են վերցրել։ Քիչ էլ մնա, ճամպրուկ կվերցնեն։ Այնուամենայնիվ, Պեչկինը ձեռ քաշեց։

Վերջապես տուն հասան։ Նայում են՝ սնդուկում շատ փող կա։ Ոչ թե մի կով, այլ մի ամբողջ նախիր կարելի է գնել, ցուլն էլ հետը։ Եվ որոշեցին, որ ամեն մեկն իր համար ինչ֊որ ցանկանա, այն էլ գնի։

Գլուխ հինգերրորդ — Առաջին գնումը

Հայրիկն ու մայրիկը շատ էին վշտացել, որ Քեռի Ֆեոդորը կորել է։

— Դու ես մեղավոր,— ասում է մայրիկը։— Ամեն ինչ թույլ ես տալիս, նա էլ երես է առել։

— Ինչ է արել, որ։ Պարզապես կենդանիներ է սիրում,— բացատրում է հայրիկը։— Դրա համար էլ կատվի հետ հեռացել է։

— Իսկ դու նրան տեխնիկա սովորեցնեիր։ Կոնստրուկտոր կամ փոշեծծիչ գնեիր, որ մի զբաղմունք ունենար։

Բայց հայրիկը համաձայն չի։

— Կատուն կենդանի արարած է։ Կատվի հետ կարելի է ե՛ւ խաղալ ե՛ւ զբոսանքի գնալ։ Իսկ կոնստրուկտորը կարո՞ղ է թղթի ետեւից վազվզել։ Կամ հնարավո՞ր է, օրինակ, փոշեծծիչը թելով քաշել։ Քեռի Ֆեոդորին ընկեր է պետք, ոչ թե խաղալիք։

— Չգիտեմ, թե նրան ինչ է պետք,— ասում է մայրիկը։— Միայն գիտեմ, որ բոլոր երեխաներն էլ իրենց համար խելոք նստում են մի անկյունում եւ կաղինից մարդուկներ շինում։ Նայում ես, քեֆդ գալիս է։

— Քո քեֆը գլաիս է, իմը՝ ոչ։ Տանը պետք է ե՛ւ շներ լինեն, ե՛ւ կատուներ, ե՛ւ ուզածիդ չափ բարեկամներ։ Որ իրենց համար ազատ բռնոցի֊տապկնոցի խաղան։ Ա՛յ, այդ դեպքում երեխաները տնից չեն փախչի։

— Այդ ժամանակ էլ ծնողները կսկսեն փախչել,— ասում է մայրիկը։— Առանց այդ էլ աշխատանքի վայրում շատ եմ հոգնում։ Էլ ուժ չեմ ունենում հեռուստացույց նայելու։ Եվ ընդհանրապես քո հիմարություններով գլուխս մի՛ տանի։ Ավելի լավ է մտածես, թե տղային ինչպես գտնենք։

Հայրիկը մտածեց, մտածեց, ապա ասաց․

— Հարկավոր է թերթում հայտարարություն տալ, որ տղա է կորել։ Անունը՝ Քեռի Ֆեոդոր, եւ նշաններն էլ նկարագրել։ Տեսնողը թող մեզ հայտնի։

Այդպես էլ արեցին։ Հայտարարություն գրեցին։ Նկարագրեցին Քեռի Ֆեոդորի արտաքինը։ Տարիքը։ Ցցված մազերը, որ կարծես կովը լիզած լինի։ Եվ պարգեւ խոստացան գտնողին։ Հայտարարությունը հանձնեցին ամենահետաքրքիր թերթին, որն ամենից շատ ընթերցողներ ուներ։

Իսկ Քեռի Ֆեոդորն այդ մասին ոչինչ չգիտեր։ Իր համար հանգիստ ապրում էր գյուղում։ Մի առավոտ նա հարցնում է կատվին․

— Լսիր, կատու, առաջ դու ինչպե՞ս էիր ապրում։

Կատուն ասում է․

— Վատ։ Շատ վատ։ Էլ չեմ ուզում առաջվա պես ապրել։

— Իսկ դու, Շարիկ, ինչպե՞ս էիր ապրում։

— Սովորական։ Ոչ լավ, ոչ վատ։ Թե որ կերակրում էին, լավ էի ապրում, որ չէին կերակրում՝ վատ։

— Ես էլ էի այդպես ապրում։ Ոչ լավ, ոչ վատ,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Բայց հիմա ուրիշ կերպ պետք է ապրենք։ Պետք է երջանիկ ապրենք։ Մատրոսկին, ա՛յ, դու ասա, քեզ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։

— Կով։

— Շատ լավ, քեզ համար կով գնիր։ Ավելի լավ է վարձով վերցրու, որպեսզի նախ փորձես։

Կատուն մտածում է ու ասում․

— Դա ճիշտ միտք է, վարձով կվերցնենք։ Իսկ հետո, եթե մեզ դուր գա, կգնենք։

Քեռի Ֆեոդորը հարցնում է Շարիկին․

— Իսկ քե՞զ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։

— Հրացան,— ասում է Շարիկը,— Ես ինքս մենակ որսի կգնամ։

— Լավ,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Դու էլ հրացան կունենաս։

— Ինձ մեդալներով վզնոց էլ է պետք,— ասում է շունը։— Եվ որսորդական պայուսակ։

— Մի գլուխ ուզում ես,— ասում է Մատրոսկինը։— Ախր դու մեզ բոլորովին կսնանկացնես։ Ոչ մի օգուտ չես տալիս, բայց ծախսի տակ ես գցում։ Իսկ քե՞զ համար ինչ ես գնելու, Քեռի Ֆեոդոր։

— Ինձ,— ասում է Քեռի Ֆեոդորը,— հեծանիվ է պետք։ Քաղաքում չթողեցին քշեմ, այնտեղ մեքենաները շատ են։ Այստեղ ուզածիս չափ կարող եմ քշել։ Գյուղում, դաշտում։ Գնա, արի, գնա, արի, որքան սիրտդ ուզի։

Բայց կատուն համաձայն չի։

— Դու միայն քո մասին ես մտածում, Քեռի Ֆեոդոր։ Ուրեմն դու պետք է քեզ համար գյուղում հեծանվով ման գաս, մենք էլ ետեւիցդ վազվզենք, հա՞։ Գնանք, գանք, գնանք, գանք։ Չէ, դրա մասին չէ, որ ամբողջ կյանքումս երազել եմ։ Մեզ պետք չէ քո հեծանիվը։

— Մոտոցիկլետ գնիր,— առաջարկում է շունը․— դռդռացնելով կքշենք գյուղով մեկ։ Բոլոր շները նախանձից կտրաքվեն։

Քեռի Ֆեոդորը հենց որ պատկերացրեց այդ դռդռոցը, անմիջապես ուրախացավ։ Իսկ կատուն սկսեց գոռգոռալ․

— Ոչ մի բանի մասին լուրջ չեք մտածում։ Միայն թե փողերը քամուն տաք։ Իսկ եթե, օրինակ, անձրեւ գա կամ սառնամանիք լինի՞։ Չէ՞ որ բոլորս կմրսենք։ Կհիվանդանանք։ Իսկ ես գուցե նոր եմ սկսում ապրել՝ մտադիր եմ կով գնել։ Չէ, մոտոցիկլետը ինչ մեքենա է որ։ Պետք չի ինձ ձեր դռդռանը, եւ չհամոզեք։

Շարիկը մտածեց, մտածեց եւ համաձայնեց․

— Այո, մոտոցիկլետը դեռ մեքենա չի։ Ճիշտ է ասում, մոտոցիկլետ չենք գնի։ Ոչ մի դեպքում։ Ավելի լավ է մեքենա գնենք։

— Մեքենա՞ս որն է։ Ի՞նչ մեքենա։

— Սովորական, մարդատար մեքենա,— ասում է շունը։— Մեքենան մեքենա է, էլի։

— Հետո ի՞նչ,— գոռում է կատուն։ Գուցե ինչ֊որ տեղ մեքենան իսկապես մեքենա է։ Միայն թե ոչ մեր շրջանում։ Մեր ճանապարհները այնպիսի՜ն են… Իսկ եթե լռվի ու մնա անտառո՞ւմ։ Այդ ժամանակ ստիպված կլինենք տրակտորով քաշել։ Ավելի լավ է միանգամից տրակտոր առնենք, էլի։

— Ճիշտ է,— գոչում է շունը։— Ճիշտ է ասում։ Տրակտոր զնիր, Քեռի Ֆեոդոր։

Քեռի Ֆեոդորը նայեց կատվին։ Իսկ կատուն լուռ է։ Էլ ինչ ասի։ Նա թաթը թափ տվեց․ իբր, ինձ համար միեւնույն է, թեկուզ կոմբայն գնեք, որ ինձ չեք լսում։

Կատուն վերցրեց փողը, գնաց կով առնելու։ Իսկ Քեռի Ֆեոդորը գնաց փոստ՝ նամակ ուղարկելու գործարանին, որպեսզի տրակտոր դուրս գրեն։ Նա այսպիսի մի նամակ գրեց․

«Բարեւ ձեզ, հարգելի մարդիկ, որ տրակտոր եք շինում։ Խնդրում եմ ինձ համար մի տրակտոր ուղարկեք։ Միայն թե ոչ լրիվ իսկական, ոչ էլ լրիվ խաղալիք։ Այնպիսին, որ քիչ բենզին օգտագործի, բայց արագ գնա։ Ուրախ լինի եւ անձրեւից պաշտպանի։ Ուղարկում եմ հարյուր ռուբլի։ Եթե ավելանա, ետ ուղարկեք։

Հարգանքներով… Քեռի Ֆեոդոր (տղա)»։

Իսկ որոշ ժամանակից հետո հայտնվեց Մատրոսկինը՝ ետեւից քաշելով կովի պարանից։ Կովը նա վարձով վերցրել էր գյուղի սպասարկման բյուրոյից։ Դա կարմրաշեկ, հաստամռութ մի գոռոզ արարած էր։ Իսկ եւ իսկ եղջրավոր պրոֆեսոր։ Միայն ակնոցն էր պակասում։ Կատուն էլ էր գոռոզացել։

— Սա,— ասում է,— իմ կովն է։ Եվ տատիս հիշատակին անունը Մուռկա եմ դնելու։ Մի տեսեք, թե ինչ գեղեցիկն է։ Վերջինն էր։ Ոչ ոք չէր ուզում վերցնել։ Իսկ ես վերցրի, շատ դուր եկավ ինձ։ Եթե այսուհետեւ ավելի դուր գա, ես կգնեմ։

Նա վերցրեց գերանդին ու գնաց ձմռան համար խոտ հնձելու։ Իսկ կովը մոտեցավ պատուհանին ու սկսեց ծամել վարագույրները։ Ծաղկամաններում դրված ծաղիկները կերավ։ Շունը նկատեց այդ բանը․

— Էդ ի՞նչ ես անում։ Ծաղիկներն ու վարագույրներն ուտո՞ւմ ես։ Ինչպե՞ս հասկանանք, կարո՞ղ է հիվա՞նդ ես։ Ջերմությո՞ւնդ չափենք։ Ջերմաչա՞փ դնենք։

Կովն այնպես է նայում նրան, կարծես ամեն ինչ հասկացել է, բայց մեկ էլ գլուխը միանգամից ներս է խոթում պատուհանից, քաշում է նոր սփռոցը եւ սկսում է ծամել։ Շարիկը զարմանքից նույնիսկ ուշաթափվում է։ Հետո ուշքի է գալիս ու սկսում է սփռոցի մյուս ծայրից էլ ինքը քաշել։ Չի թողնում, որ կովը ծամի։ Նա իրեն է քաշում, կովը՝ իրեն։ Եվ ոչ մեկը բերանը չի կարողանում բացել, որպեսզի սփռոցը բաց չթողնի։

Այդ պահին Քեռի Ֆեոդորը գնումներ կատարած վերադառնում է խանութից։ Կատվի համար մատրոսկա էր գնել, իսկ Շարիկի համար՝ մեդալներով վզնոց։

— Էդ ի՞նչ օյն եք դրել նոր սփռոցի գլխին,— բղավում է Քեռի Ֆեոդորը։— Գլխիս ուրախների եւ հնարամիտների ակո՞ւմբ եք սարքել, ինչ է։

Իսկ նրանք ձայն չեն հանում։ Միայն աչքերն են չռել։ Այստեղ Քեռի Ֆեոդորը տեսավ, որ ո՛չ ծաղկամանների ծաղիկները կան, ո՛չ վարագույրները, եւ ամեն ինչ հասկացավ։ Շալվարի վրայից գոտին հանեց ու մի լավ մտրակեց հիմար կովին։ Կովը, երեւում է, երես առած էր։ Եղջյուրները ցցած հարձակվեց Քեռի Ֆեոդորի վրա։ Քեռի Ֆեոդորը փախավ։ Բայց քանի որ շալվարն առանց գոտու էր մնացել, փաթաթվեց ոտքերին։ Քիչ էր մնում, որ կովը հարու տար նրան։

Շունը կախվեց կովի պոչից, չթողեց, որ Քեռի Ֆեոդորին հարու տա։ Մեկ էլ հայտնվեց կատուն։

— Էդ ի՞նչ եք անում իմ կովին։ Ես նրան չեմ բերել, որ պոչից քաշքշեք։ Էլ զվարճանալու բան չունե՞ք։

Բայց Քեռի Ֆեոդորն ամեն ինչ բացատրեց կատվին։ Ծամծմված վարագույրները ցույց տվեց նրան։ Իսկ շունը բաց չէր թողնում կովի պոչը․ քիչ բան չի, մեկ էլ տեսար նոր օյին սարքեց։

— Քո կովին կապած պահիր,— ասաց Քեռի Ֆեոդորը։

Կատուն համառեց․

— Կովը հո շուն չի, որ կապեմ։ Կովերը միշտ էլ ազատ ման են գալիս իրենց համար։

— Նորմալ կովերն են ազատ ման գալիս,— գոռաց Շարիկը։— Իսկ քո կովը խելագար է։— Եվ կովի պոչը բաց թողեց․

Կովը վազեց ուղիղ կատվի վրա։ Խեղճ կատուն հազիվ խույս տվեց։ Մագլցեց տանիք ու ասաց։

— Համաձայն եմ, համաձայն եմ։ Որ այդքան հիմար է, կապենք։

Գլուխ վերեցորդ — «Առ ու փախիր» ճայակը

Եվ այսպես Քեռի Ֆեոդորն ապրեց գյուղում։ Գյուղացիները սիրեցին նրան։ Որովհետեւ երբեք պարապ֊սարապ չէր նստում, ամբողջ ժամանակ գործ էր անում կամ էլ խաղում էր։ Իսկ հետո հոգսերը ավելացան։ Մարդիկ իմացան, որ Քեռի Ֆեոդորը կենդանիներ է սիրում, եւ սկսեցին նրա համար տարբեր կենդանիներ բերել։ Երամից ետ մնացած թռչուն լիներ, թե մոլորված նապաստակ, անմիջապես բռնում բերում էին Քեռի Ֆեոդորի մոտ։ Իսկ նա խնամում էր, բուժում ու ազատ արձակում։

Մի անգամ նրանց մոտ մի ճայակ հայտնվեց։ Աչքերը ոնց որ կոճակներ, կտուցը հաստլիկ։ Շատ զայրացկոտ ճայակ էր։

Քեռի Ֆեոդորը կերակրեց նրան եւ նստեցրեց պահարանի գլխին։ Անունը դրեցին «Առ ու փախիր»․ ինչ աչքովն ընկներ՝ թռցնում էր, քարշ տալիս պահարանի վրա։ Նույնիսկ զարթուցիչն էր քարշ տվել պահարանի վրա։ Նրա մոտից ոչ մի բան հնարավոր չէր ետ վերցնել։ Անմիջապես թեւերը տարածում էր, ֆշշացնում ու կտցահարում։ Պահարանի վրա մի ամբողջ պահեստ էր գոյացել։ Հետո մի քիչ մեծացավ, կազդուրվեց եւ սկսեց պատուհանից դուրս թռչել։ Բայց երեկոյան անպայման վերադառնում էր։ Եվ ոչ դատարկ ձեռքով։ Կամ պահարանի բանալի էր բերում, կամ բացիչ, կամ երեխայի հագուստ։ Մի անգամ նույնիսկ ծծակ էր բերել։ Երեւի դրսում մանկասայլակի մեջ քնած երեխայից էր թռցրել։ Քեռի Ֆեոդորը շատ էր վախենում ճայակի համար․ վատ մարդիկ կարող էին հրացանով սպանել նրան կամ փայտով խփել։

Իսկ կատուն որոշեց ճայակին գործի դնել։

— Ի՞նչ ենք անտեղի կերակրում սրան։ Թող մի օգուտ էլ ինքը տա։

Եվ սկսեց ճայակին խոսել սովորեցնել։ Ամբողջ օրերով նստում էր կողքին եւ ասում․

— Ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է։

Շարիկը հարցնում է․

— Ինչ է, բան ու գործ չունե՞ս։ Ավելի լավ է մի երգ սովորեցնես, կամ էլ ոտանավոր։

Կատուն պատասխանում է․

— Ես էլ կարող եմ երգել։ Բայց դրանից օգուտ չկա։

— Իսկ քո «ով»֊ից ի՞նչ օգուտ կա։

— Կա։ Կգնանք անտառ ցախ հավաքելու, իսկ տանը ոչ ոք չի մնա։ Ուզածդ մարդը կարող է մտնել տուն եւ մի որեւէ բան տանել։ Բայց եթե մարդ գա, դուռը թակի, ճայակը հարցնի․ «Ո՞վ է», թակողը կմտածի, որ տանը մարդ կա, եւ ոչինչ չի գողանա։ Պա՞րզ է։

— Բայց ինքդ էիր ասում, որ մեր տանը գողանալու բան չկա,— ասում է Շարիկը։— Դու նույնիսկ ինձ չէիր ուզում վերցնել։

— Էդ առաջ էր, որ ոչինչ չունեինք,— բացատրում է կատուն,— իսկ հիմա մենք գանձ ենք գտել։

Շարիկը համաձայնում է ու ինքն էլ կատվի հետ միասին սկսում է սովորեցնել ճայակին։ Մի ամբողջ շաբաթ չարչարվեցին, վերջապես ճայակը սովորեց։ Հենց որ մեկը թակում էր դուռը կամ թփթփացնում արտասանդուղքի վրա, ճայակն անմիջապես հարցնում էր․

— Ո՞վ է, ո՞վ է։ Այդ ո՞վ է։

Ահա թե դրա հետեւանքն ինչ եղավ։ Մի անգամ Քեռի Ֆեոդորը, Շարիկը եւ կատուն գնացին սունկ հավաքելու։ Տանը ճայակից բացի ոչ ոք չկար։ Գալիս է փոստատար Պեչկինը։ Դուռը թակում է եւ լսում․

— Ո՞վ է։

Նա ասում է․

— Ես եմ, փոստատար Պեչկինը։ «Մուրզիլկա» ամսագիրն եմ բերել։

Ճայակը նորից է հարցնում։

— Ո՞վ է։

Փոստատարը նորից ասում է․

— Ես եմ, փոստատար Պեչկինը։ «Մուրզիլկա» ամսագիրն եմ բերել։

Սակայն դուռը ոչ ոք չի բացում։ Փոստատարը նորից է թակում եւ նորից լսում․

— Ո՞վ է, Այդ ո՞վ է։

— Ո՞վ պիտի լինի, ես եմ, Փոստատար Պեչկինը։ «Մուրզիլկա» ամսագիրն եմ բերել։

Եվ ամբողջ օրն այդպես շարունակ։

— Թըխկ—թըխկ։

— Ո՞վ է։

— Ես եմ, փոստատար Պեչկինը, «Մուրզիլկա» ամսագիրն եմ բերել։

— Թըխկ—թըխկ։

— Ո՞վ է։

— Ես եմ, փոստատար Պեչկինը։ «Մուրզիլա» ամսագիրն եմ բերել։

Ի վերջո, Պեչկինը վատ է զգում։ Հալից ընկնում է։ Նա նստում է արտասանդուղքին եւ ինքն է սկսում հարցնել․

— Ո՞վ է։

Իսկ ճայակը պատասխանում է․

— Ես եմ, փոստատար Պեչկինը։ «Մուրզիլկա» ամսագիրն եմ բերել։

Պեչկինը նորից է հարցնում։

— Ո՞վ է։

Ճայակը նորից պատասխանում է․

— Ես եմ, փոստատար Պեչկինը։ «Մուրզիլկա» ամսագիրն եմ բերել։

Իսկ երբ Քեռի Ֆեոդորը, Մատրոսկինն ու Շարիկը տուն վերադարձան, շատ զարմացան։ Փոստատարը, արտասանդուղքին նստած, անընդհատ նույն բանն էր կրկնում․ «Ո՞վ է» հա «ո՞վ է»։

Իսկ տնից միեւնույն բանն էր լսվում․

— Ես եմ, փոստատար Պեչկինը։ «Մուրզիլկա» ամսագիրն եմ բերել։

Փոստատարին հազիվհազ ուշքի բերեցին եւ թեյ խմեցրին։ Իսկ նա երբ իմացավ, թե ինչն ինչոց է, չնեղացավ։ Միայն ձեռքը թափ տվեց ու երկու հատ կոնֆետ դրեց գրպանը։

Գլուխ յոթերորդ — Տրակ֊տրակ Միտյան

Պեչկինի բերած ամսագրի մեջ մի բացիկ կար։ Բացիկի վրա գրված էր․ «Վաղը խնդրում ենք տանը լինեք։ Ձեր անունով տրակտոր է ստացվել։ Երկաթուղային կայարանի պետ Նեսիդորով»։

Իսկ ներքեւում գեղեցիկ տառերով գրված էր․

Մեր երկրում երկաթուղիներ շատ֊շատ կան

Դա բոլորին ուրախացրեց։ Հատկապես Շարիկին։ Ու նրանք սկսեցին սպասել տրակտորին։

Վերջապես մի մեծ մեքենայով բերեցին տրակտորն ու իջեցրին տան մոտ։ Վարորդը Քեռի Ֆեոդորին խնդրեց ստորագրել եւ մի ծրար տվեց նրան։ Ծրարի մեջ նամակ ու մի գրքույկ կար տրակտորը վարելու մասին։ Նամակում գրված էր․

«Հարգելի Քեռի Ֆեոդոր (տղա)․

Դու խնդրել էիր, որ ուղարկեինք մի այնպիսի տրակտոր, որը ոչ լրիվ իսկական լիներ, ոչ լրիվ խաղալիք։ Բայց շատ ուրախ լիներ։ Ուղարկում ենք այդպիսի մի տրակտոր։ Գործարանի ամենաուրախ տրակտորը։ Սա փորձնական նմուշ է։ Բենզինի կարիք չի զգում։ Աշխատում է մթերքներով։

Տրակտորի մասին ձեր կարծիքը խնդրում ենք ուղարկեք գործարան։ Խորին հարգանքներով՝ ինժեներ Տյապկին (տրակտորի գյուտարար)։»

Հետո Քեռի Ֆեոդորը վերցրեց գրքույկն ու սկսեց կարդալ․

Երկաթատրակտորեղենի գործարան։ Տրակ֊տրակ Միտյա Մթերային։ 20 ձ․ ու․

Կարդաց ու ասում է․

— Ոչինչ չեմ հասկանում։ Ի՞նչ է նշանակում՝ «տրակ֊տրակ»։ Ի՞նչ է նշանակում՝ «ձ․ ու․»։

— Ի՞նչ կա չհասկանալու,— ասում է Կատուն։— Հասարակ բան է, ոնց որ երկու անգամ երկու։ «Տրակ֊տրակը» տրակտոր բառի կրճատ ձեւն է։ Իսկ «Միտյա» նշանակում է «մոդելը ինժեներ Տյապկինինն է»։ Որը քեզ նամակ է գրել։

— Իսկ ի՞նչ է նշանակում քսան «ձ․ ու․»,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։

— «Ձ․ ու․» նշանակում է ձիաուժ։ Այսինքն՝ տրակտորը կհաղթի քսան ձիերի․ եթե նրանք մի կողմի վրա քաշեն, տրակտորը՝ մյուս կողմի վրա։

— Այդ դեպքում ինչքա՞ն խոտ է հարկավոր նրան,— հառաչեց Շարիկը։

— Նրան խոտ հարկավոր չի։ Գրված է, չէ՞․ աշխատում է մթերքներով։

Քեռի Ֆեոդորը նույնիսկ զարմացավ։

— Այդքան բան որտեղի՞ց գիտես, այ Մատրոսկին, համ տրակտորի մասին, համ ազգանվան, համ ձիաուժի։

— Իմ չափ ապրեք, դուք էլ շատ բան կիմանաք,— ասում է կատուն։— Որտեղ ասես որ չեմ եղել։ Մեկ մի տիրոջ մոտ, մեկ՝ մի ուրիշի։ Մեկ՝ գրադարանում, մեկ՝ նույնիսկ խնայդրամարկղում։ Ես այնքան բան եմ տեսել կյանքումս, որ մի ամբողջ կատվային հանրագիտարան կարող եմ կազմել։ Դե տեսնում եք, դուք այստեղ դատարկ֊մատարկ խոսում եք, իսկ իմ Մուռկան մնաց առանց կթելու։

Նա գնաց, իսկ տղան Շարիկի հետ սկսեց տրակ֊տրակը գործի գցել։ Սկսեց ապուր լցնել տրակտորի մեջ ու կոտլետներ խցկել ուղղակի բաքի մեջ։ Տրակտորն սկսեց ուժգին դռդռալ։

Նստեցին տրակտոր եւ գնացին գյուղ։ Գնաց, գնաց Միտյան, գյուղով մեկ շրջեց, մեկ էլ հանկարծ մի տան առաջ կանգ առավ։

— Ինչո՞ւ կանգ առավ,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։— Չլինի՞ վառելանյութը վերջացել է։

— Բոլորովին էլ չի վերջացել։ Ուղղակի կարկանդակի հոտ է առել։

— Ի՞նչ կարկանդակ։

— Սովորական։ Ա՛յ, այն տանը կարկանդակ են թխում։

— Հիմա ի՞նչ պետք է անենք։

— Չգիտեմ,— ասում է Շարիկը։— Ճիշտն ասած, այնքան լավ հոտ է գալիս, որ ես էլ չեմ ուզում շարժվել։

— Այ թե տրակտոր եմ գնել, հա՜,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Ինչ է, բոլոր տների ու ճաշարանների մոտ հո կանգ չե՞նք առնելու։ Սա ոչ թե տրակտոր է, այլ գետաձի։ Այս անտակ տրակտ֊տրակը։ Ա՛յ ոչ ու փուչ լինի էդ ինժեներ Տյապկինը, հա՜՞։

Ու նրանք ստիպված եղան մտնել տուն եւ կարկանդակ խնդրել։

Մատրոսկինը երբ իմացավ, բարկացավ Քեռի Ֆեոդորի վրա․

— Ասացի ոչինչ մի՛ գնեք, չլսեցիք։ Հիմա մենք էդ տրակ֊տրակի փորը չենք կարող լցնել։

Բայց հետո կատուն հանգստացավ․

— Ոչինչ, Քեռի Ֆեոդոր, հույսդ մի՛ կտրիր։ Լավ է, որ ես քեզ հետ եմ։ Քո տրակտորի լեզուն էլ կգտնենք։ Կարթից կախ տված նրբերշիկ կպահենք նրա առաջ։ Նրբերշիկի ետեւից կգնա եւ մեզ էլ կտանի։

Այդպես էլ արեցին։ Եվ շուտով տրակտորն սկսեց խելոքանալ։ Իսկ ընդհանրապես նա ուրախ տրակտոր էր։ Խցիկը պլաստմասսայից էր շինված, երկնագույն, իսկ անիվները մետաղից էին։ Եվ պետք էր յուղել ոչ թե մեքենայի յուղով, այլ՝ արեւածաղիկի։

Բայց Մուռկա կովը նրանց հոգսը ավելացրեց։

Գլուխ ութերորդ — Գայլուկը ծաղկում է

Մուռկա կովը հիմար էր եւ երես առած։ Բայց կաթ շատ էր տալիս։ Օր օրի վրա ավելի ու ավելի շատ։ Բոլոր դույլերը, բոլոր բանկաները լիքն էին կաթով։ Նույնիսկ ակվարիումն էր կաթով լցված։ Ձկները մեջը լող էին տալիս։

Մի անգամ Քեռի Ֆեոդորն արթնանում է ու տեսնում, որ լվացարանի մեջ ոչ թե ջուր է լցրած, այլ թթված կաթ։ Նա կանչում է կատվին եւ ասում․

— Էս ի՞նչ ես անում։ Հիմա ինչպե՞ս պետք է լվացվենք։

Կատուն մռայլ պատասխանում է․

— Գետում էլ կարելի է լվացվել։

— Հա, բա ձմռա՞նը։ Էլի՞ գետում լվացվենք։

— Ձմռանը կարելի է բոլորովին չլվացվել։ Չորս կողմը ձյուն է, չես կեղտոտվի։ Իսկ ընդհանրապես ոմանք իրենց երեսը լեզվով են լվանում։

— Ոմանք մկներ էլ են ուտում,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Իսկ լվացարանի մեջ այլեւս թթված կաթ չտեսնեմ։

Կատուն մտածում է եւ ասում․

— Լավ։ Ես հորթուկ կպահեմ։ Թթված կաթը թող խմի։

Իսկ ճաշին դարձյան նորություններ կային։ Եվ նորից Մուռկայի հետ կապված։ Դաշտից, չգիտես ինչու, ետեւի ոտքերի վրա է գալիս։ Բերանում էլ՝ մի ծաղիկ։ Ձեռքերը կանթած գալիս է իր համար ու երգում․

Հիշում եմ ես, ջահել էի դեռ,
Մեր բանակը արշավում էր ինչ֊որ տեղ …

Միայն թե բառերը չէր կարողանում արտասանել, ասում էր․

Մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մո՜ւ,
Մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մո՜ւ…

Ու գլխի վրա էլ գլխարկի պես ամպ էր նստել։ Շարիկը հարցնում է․

— Ինչո՞ւ է այդպես ուրախացել։ Տո՞ն է, ինչ է, նրա համար։

— Ի՞նչ տոն,— ասում է Քեռի Ֆեոդորը։

— Գուցե ծննդյան օրն է։ Կամ կեֆիրի օր է։ Կամ գուցե կովերի Նոր տարին է։

— Ի՞նչ գործ ունի այստեզ Նոր տարին,— ասում է Մատրոսկինը։ Ուղղակի մոլեխինգ է կերել կամ էլ գայլուկ։

Իսկ կովը վազեց ու, շրըխկ, զարկեց պատին։ Հազիվհազ կարողացան գոմը մտցնել։ Մատրոսկինը գնաց կթելու։ Դուրս եկավ հինգ րոպեից հետո, բայց նրա հետ էլ էր ինչ֊որ տարօրինակ բան կատարվել։ Մատրոսկան այնպես էր հագել, կարծես գոգնոց լիներ առջեւից կապած, կովկիթն էլ սաղավարտի պես դրել էր գլխին։ Եվ ինչ֊որ անմիտ մի բան էր երգում․


Նավաստի եմ ե՜ս,
Զբոսնում եմ, տե՜ս,
Օր֊օրի, ամեն օ՜ր,
Ալիքներին շորո՜ր։

Երեւում է, ուրախ կաթ է խմել։ Շարիկը Քեռի Ֆեոդորին ասում է․

— Կովը գժվել էր, քիչ է, հիմա էլ կատուլ է խելքը թռցրել։ «Շտապ օգնություն» պետք է կանչել։

— Մի քիչ էլ սպասենք,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Գուցե խելքի են գալիս։

Ի՞նչ խելքի գալ։ Մուռկան գոմում Օգինսկու պոլոնեզն է բառաչում․


Մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մո՜ւ։
Մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մո՜ւ։

Իսկ կատուն սկսեց ինչ֊որ ավելի տարօրինակ բան երգել․


Մայրիկն ուներ երկու հավք,
Երկու սիրուն, ուրախ սա՜գ,
Մեկը մոխրագույն, մյուսն սպիտակ․
Պետյան ու Մարուսյա՜ն։

</i>

Եվ ինքն էլ գլուխը, շը՛խկ, խփեց պատին։

Այստեղ արդեն Քեռի Ֆեոդորն էլ անհանգստացավ․

— Շարիկ, վերցրու այս երկու կոպեկանոցը եւ «շտապ օգնություն» կանչիր։

Շարիկը վազեց զանգահարելու, իսկ կովն ու կատուն քիչ֊քիչ սկսեցին ուշքի գալ։ Երգելն ու բառաչելը դադարեցրին։ Կատուն բռնեց գլուխն ու ասաց․

— Ա՜յ թե կաթ է տալիս մեր կովը։ Վերցնես այդ կաթը խտացնես ու կռվի ժամանակ թշնամու բանակին ուղարկես, որ բոլոր զինվորները խելագարվեն ու խրամատներից դուրս թռչեն։

Այդ պահին նրանց է մոտենում փոստատար Պեչկինը։ Կարմրատակած եւ ուրախ։

— Լսեցեք, թե ինչ հոդված եմ կարդացել թերթում։ Մի տղայի մասին։ Աչքերը շագանակագույն են, իսկ մազերն առջեւից այնպես են ցցված, կարծես կովը լիզած լինի։ Բոյն էլ մեկ մետր քսան սանտիմետր է։

— Հետո ի՜նչ,— ասում է կատուն։— Քի՞չ կան այդպիսի տղաներ։

— Կարող է եւ քիչ չեն,— պատասխանում է փոստատարը,— բայց այդ տղան տնից հեռացել է։ Իսկ ծնողներն անհանգստանում են, թե ինչ է պատահել նրան։ Նույնիսկ պարգեւ են խոստացել գտնողին։ Գուցե հեծանիվ տան։ Իսկ ինձ, փոստը բաժանելու համար, ուղղակի շատ է պետք հեծանիվը։ Ես նույնիսկ մետր եմ բերել․ պետք է ձեր տիրոջ բոյը չափեմ։

Շարիկը հենց որ լսեց, սիրտը բռնեց։ Հիմա Պեչկինը Քեռի Ֆեոդորի բոյը կչափի ու նրան տուն կտանի, իսկ ի՞նչ կանեն ինքն ու կատուն։ Կորած են։

Իսկ կատուն իրեն չի կորցնում եւ ասում է․

— Չափել միշտ կարելի է։ Նախ մի քիչ կաթ խմեք։ Նոր եմ կթել կովը։ Իմ Մուռկային։

Փոստատարը համաձայնում է․

― Հաճույքով կխմեմ։ Շատ օգտակար բան է։ Այդ մասին նույնիսկ թերթերում են գրում։ Տվեք ինձ ամենամեծ գավաթը։

Կատուն տուն վազեց ու շտապ բերեց ամենամեծ գավաթը։ Կաթը լցրեց ու տվեց Պեչկինին։ Հենց որ Պեչկինը խմեց կաթը, աչքերը չռեց ու սկսեց երգել։ Ո՜նց է երգում։


Երբ կառապան էի փոստում,
Ջահել էի եւ ուժեղ։

Եվ գլուխը տվեց պատին՝ շրը՛խկ։

Իսկ ճայակը տնից հարցնում է․

— Ո՞վ է։ Այդ ո՞վ է։

Փոստատարը պատասխանում է․

— Ես եմ, փոստատար Պեչկինը։ Մետր եմ բերել։ Պետք է ձեր կաթը չափեմ։ Տվեք ինձ ամենամեծ գավաթը։

Այդ պահին եկավ «շտապ օգնությունը»։ Երկու սանիտար դուրս եկան եւ հարցնում են․

— Ձեզնից ո՞վ է խելքը թռցրել։

Պեչկինը պատասխանում է․

— Տունն է խելքը թռցրել։ Ինձ վրա է հարձակվում։

Սանիտարները վերցրին նրան եւ տարան դեպի մեքենան։ Եվ ասացին․

— Գայլուկը հիմա ծաղկում է։ Շատերն են գժվում։ Հատկապես կովերը։

Երբ նրանք գնացին, Քեռի Ֆեոդորը կատվին ասաց․

— Այդ կաթը մի տեղ թափիր։ Որ էլ փորձանքի չգանք։

Կատուն ափսոսում է կաթը թափի։ Իբր մեքենային ոչինչ չի պատահի։ Տրակտորները չեն գժվում։ Եվ ամբողջ կաթը լցնում է բաքի մեջ։ Ուղղակի դույլից։

Միտյան կանգնեց, կանգնեց, հետո դռդռացրեց եւ սլացավ կատվի վրա։ Կատուն դույլը շպրտեց եւ շտապ ծառը մագլցեց։ Իսկ Միտյան սկսեց դույլով ֆուտբոլ խաղալ։ Այնքան խաղաց, մինչեւ դույլը լավաշ դարձրեց։ Այ թե ինչպիսին է այդ ինժեներ Տյապկինի մոդելը։

Հետո էլ գնաց գյուղում չարություն անելու։ Մոլախոտերի բուկն էր լցնում, հավերի ետեւից էր ընկնում։ Հազար ու մի երգեր դռդռացնում։ Իսկ վերջում էլ մտավ ջուրը լողանալու։ Քիչ էր մնում խեղդվեր։ Հազիվ դուրս եկավ ջրից, ամաչում էր։ Մոտեցավ տանն ու կանգնեց իր տեղում։ Ոչ մեկի վրա չէր նայում։ Ինքն իրեն հայհոյում էր։

Քեռի Ֆեոդորը շատ բարկացավ Մատրոսկինի վրա եւ անկյուն կանգնեցրեց։

— Մյուս անգամ կանես այն, ինչ քեզ ասում են։

Շարիկը ծիծաղեց կատվի վրա։ Բայց Քեռի Ֆեոդորն ասաց․

— Լա՛վ, լա՛վ։ Անկյուն կանգնած մարդու վրա չեն ծիծաղի։

Իհարկե, Մատրոսկինը կատու էր, ոչ թե մարդ։ Բայց, միեւնույն է, Քեռի Ֆեոդորի համար նա մարդ էր։

Իսկ կովին էլի արկածներ պատահեցին։ Այն էլ ոչ քիչ։

Գլուխ իններորդ — Ձեր որդի՝ Քեռի Ֆարիկ

Հաջորդ օրը Քեռի Ֆեոդորը որոշեց նամակ գրել, որպեսզի հայրիկն ու մայրիկը չանհանգստանան։ Որովհետեւ նրանց շատ էր սիրում։ Իսկ նրանք չգիտեին, թե որտեղ է ինքը, ինչ է անում։ Եվ, իհարկե, անհանգստանում էին։

Նստում է Քեռի Ֆեոդորն ու գրում․

«Իմ հայրիկ ու մայրիկ։

Ես լավ եմ ապրում։ Ուղղակի հրաշալի։ Ես իմ տունն ունեմ։ Շատ տաք է։ Մի սենյակ է եւ մի խոհանոց։ Իսկ վերջերս մենք գանձ գտանք եւ կով գնեցինք։ Եվ տրակտոր գնեցինք՝ տրակ֊տրակ Միտյային։ Լավ տրակտոր է, միայն թե բենզին չի սիրում, ապուր է սիրում։

Հայրիկ ու մայրիկ, ես առանց ձեզ շատ եմ տխրում։ Մանավանդ երեկոները։ Բայց չեմ ասի, թե որտեղ եմ ապրում։ Թե չէ ինձ կտանեք, իսկ Մատրոսկինն ու Շարիկը կկորչեն»։

Այդ պահին Քեռի Ֆեոդորը տեսավ, որ երեխաները դաշտում օդապարիկ են բաց թողնում։ Եվ վազեց նրանց մոտ։ Իսկ կատվին պատվիրեց իր փոխարեն վերջացնել կիսատ թողած նամակը։ Կատուն վերցրեց մատիտը եւ գրեց․

«Մենք մի տաք վառարան էլ ունենք։ Ես շատ եմ սիրում նրա վրա հանգստանալ։ Առողջությունս այնքան էլ լավ չէ․ մեկ թաթերս են ջարդվում, մեկ պոչս է քարշ գալիս։ Որովհետեւ, սիրելի հայրիկ ու մայրիկ, կյանքս ծանր է եղել, լի զրկանքներով ու վռնդումներով։ Բայց հիմա ամեն ինչ այլ կերպ է դասավորվել։ Համ երշիկ ունեմ, համ էլ միշտ թասով լիքը թարմ կաթ՝ հատակին դրված։ Խմիր, որքան կուզես։ Նույնիսկ մկներին տեսնել չեմ ուզում։ Ես նրանց հիմա, հենց այնպես, հաճույքի համար եմ որսում։ Կարթով կամ փոշեծծիչով բներից դուրս եմ քաշում ու տանում դաշտ։ Իսկ ցերեկները սիրում եմ տանիքը մագլցել։ Եվ այնտեղ աչքերս չռում եմ, բեղերս ուղղում ու գժի պես արեւառվում։ Լպստում եմ ինձ ու արեւի տակ չորանում»։

Այդ պահին կատուն լսեց, թե մկներն ինչպես են հատակի տակ ճանկռոտում։ Ձայն տվեց Շարիկին ու փոշեծծիչն առած վազեց մտավ հատակի տակ։ Շարիկը մատիտն առավ ատամների մեջ ու շարունակեց նամակը․

«Այս քանի օրը մազերս սկսել են թափվել։ Հին բուրդն այնպես է թափվում վրայցիս, որ տուն մտնել չի լինում։ Բայց փոխարենը նորն է աճում՝ մաքո՜ւր, մետաքսյա՜։ Ուղղակի ոնց որ կարակուլ… մի քիչ էլ ձայնս է խռպոտել։ Անցնող֊դարձողը շատ է, դե բոլորի վրա էլ հաչում եմ։ Մի ժամ, երկու ժամ հաչում եմ, հետո ոչ թե հաչոց, այլ մի տեսակ սուլոց ու խլթխլթոց է դուրս գալիս կոկորդիցս։

Սիրելի հայրիկ ու մայրիկ, ես անճանաչելի եմ դարձել։ Պոչս ոլորված, ականջներս ցից֊ցից, քիթս սառն է ու բուրդս երկարած։ Հիմա ձմռանը ձյան վրա էլ կարող եմ քնել։ Խանութ ինքս եմ գնում։ Վաճառողները բոլորը ճանաչում են ինձ։ Ոսկորները ձրի են տալիս… Այնպես որ դուք ինձ համար մի՛ անհանգստացեք։ Այնպես եմ կազդուրվել, որ՝ ո՜ւխ։ Եթե հաջողվի ցուցահանդես ընկնել, բոլոր մեդալներն ինձ համար ապահովված են։ Ե՛վ գեղեցկության, ե՛ւ խելացիության։

Ցտեսություն։ Ձեր որդի՝ Քեռի Շարիկ»։

Հետո նա «Շարիկը» ուզում էր դարձնել «Ֆեոդոր»։ Բայց ստացվեց անհասկանալի մի բան․

«Ցտեսություն։ Ձեր որդի՝ Քեռի Ֆարիկ»։

Նա ու Մատրոսկինը ծրարը փակեցին, հասցեն գրեցին, եւ Շարիկն ատամներով բռնած տարավ փոստարկղ։

Բայց նամակը փոստարկղում երկար մնաց։ Որովհետեւ փոստատար Պեչկինը մեկուսարանում էր։ Սկզբում նա չէր ուզում այնտեղ մնալ։ Ասում էր, թե ինքը չի գժվել, Քեռի Ֆեոդորի տունն է գժվել, որ սկսել է պոզահարել։

Իսկ հետո մեկուսարանը նրան դուր եկավ։ Նամակներ բաժանելու հարկ չկար, եւ լավ կերակրում էին։ Այնտեղ ծանոթացավ նաեւ մի հաշվապահի հետ։ Այդ հաշվապահին երեխաներն էին հիվանդանոցի դուռը հասցրել։ Եվ նա ամբողջ օրը դաստիարակում էր Պեչկինին։ Ասում էր․

— Պեչկին, մի՛ ցատկոտիր մահճակալի վրա։

— Պեչկին, գլուխդ դուրս մի՛ հանիր պատուհանից։

— Պեչկին, կոտլետներով մի խփիր ընկերներիդ։

Թեեւ Պեչկինը ոչ պատուհանից դուրս էր նայում, ոչ մահճակալի վրա էր ցատկոտում, ոչ էլ կոտլետներ էր շպրտում ընկերների վրա։

Բայց Պեչկինը նեղացել էր Քեռի Ֆեոդորից։ Նա ասում էր․

— Որոշ մարդիկ տանը շներ ու կատուներ են պահում, իսկ ես մի հեծանիվ էլ չունեմ։

Բայց դա հետո էր։ Առայժմ նա պառկած էր մեկուսարանում, նամակն էլ մնում էր փոստարկղում ընկած։

Գլուխ տասներորդ — Շարիկը գնում է անտառ

Քեռի Ֆեոդորն ու կատուն ապրում էին տանը։ Իսկ Շարիկը վազվզում էր հողամասում կամ էլ նստում էր բնում։ Բնում էլ քնում էր։ Նա միայն ճաշելու համար էր տուն գալիս կամ հենց այնպես, որպես հյուր։ Եվ ահա մի օր իր բնում նստած մտածում է․

«Կատուն իր համար կով գնեց։ Քեռի Ֆեոդորը՝ տրակտոր։ Իսկ ես ինչո՞վ եմ պակաս նրանցից։ Ժամանակն է, որ ես էլ հրացան գնեմ ինձ երջանիկ զգալու համար։ Քանի դեռ փող կա»։

Քեռի Ֆեոդորը համոզում էր նրան, որ հրացան չգնի, մեղք են գազանները։ Կատուն էլ էր համոզում՝ փողն էր ափսոսում։ Իսկ շունը լսել անգամ չէր ուզում։

— Հեռացեք,— ասում էր,— ձեր գործը չէ։ Իմ մեջ արթնանում է բնազդը։ Գազանները նրա համար են, որ նրանց որսան։ Ժամանակին ես դա չեմ հասկացել, որովհետեւ վատ եմ ապրել։ Իսկ հիմա, երբ վիճակս լավ է, անտառն ինձ ուղղակի ձգում է։

Նա գնում է խանութ եւ հրացան գնում։ Փամփուշտներ էլ, եւ որսորդական մի պայուսակ, որ գազաններին մեջը լցնի։

— Իրիկնադեմին սպասեք ինձ,— ասում է Շարիկը։— Ես ձեզ համար մի որեւէ համեղ որս կբերեմ։

Նա գյուղից դուրս է գալիս ու գնում անտառ։ Տեսնում է, մի գյուղացի սայլին նստած գնում է։ Գյուղացին ասում է․

— Որսորդ, նստիր, տանեմ քեզ։

Շարիկը նստում է սայլին, թաթերը կախ գցում։ Գյուղացին հարցնում է․

— Լա՞վ ես կրակում, բարեկամ։

— Իհարկե,— ասում է Շարիկը։

— Իսկ եթե գլխարկս վեր նետեմ, կարո՞ղ ես խփել։

Շարիկը կանգնում է ետեւի թաթերին եւ հրացանը պատրաստում։

— Նետեք ձեր գլխարկը,— ասում է,— հիմա դրանից բան չի մնա։ Ամբողջը մաղ կդարձնեմ։

Սայլապանը հանում է գլխարկն ու օդ նետում։ Բարձր֊բարձր, հասնում է ամպերին։ Շարիկը որ չի՜ կրակում, ձին խրտնում է ու փախչում։ Սայլակն էլ, իհարկե, նրա ետեւից։ Անսպասելիությունից Շարիկը չի կարողանում ոտքի վրա մնալ ու ոստյունով օդ է բարձրանում։ Մեկ էլ՝ շրը՛մփ, ուղիղ ճանապարհի մեջտեղը։ Այ քեզ որսորդությո՜ւն։

Մնացած ճանապարհը նա ոտքով է գնում։ Մտնում է անտառ, տեսնում է՝ բացատում մի նապաստակ է նստած։ Հրացանը լցնում է, պայուսակը պատրաստում եւ սկսում է գաղտագողի մոտենալ։

— Տես, հիմա ես սրան ոնց եմ խփում։

Նապաստակը տեսնում է նրան եւ փախչում։ Շարիկն էլ նրա ետեւից։ Բայց սայթաքում է ու խճճվում պայուսակի մեջ, որով պետք է որսը տուն տաներ։ Նստել է պայուսակի մեջ եւ մտածում է․

«Այ քեզ որսորդությո՜ւն։ Ինչ է, հիմա ինքս ի՞նձ պետք է տուն տանեմ։ Դուրս է գալիս, որ ես համ որսն եմ, համ էլ որսորդը։ Այ թե կծիծաղեն վրաս…»

Շարիկը մի կերպ դուրս է պրծնում պայուսակից եւ գնում նապաստակի հետքերով։ Հրացանը ուսին, քիթը գետնին կպցրած։ Հասնելով մի բարակ առվակի, տեսնում է նապաստակը իր համար ցատկոտում է մյուս ափին։ Նա հրացանը ատամներով բռնած, նետվում է ջուրը․ հո չէ՞ր կարող նապաստակին ձեռքից բաց թողնել։ Իսկ հրացանը ծանր էր, քիչ էր մնում Շարիկին ջրի տակ քաշեր։ Շարիկը մեկ էլ տեսնում է արդեն ջրի տակ է։

«Ի՞նչ է դուրս գալիս,— մտածում է նա։— Սա արդեն ոչ թե որսորդություն է, այլ՝ ձկնորսություն»։

Որոշում է դեն նետի հրացանը եւ արագ դուրս գա ջրի երես։

«Դե լավ, դժբախտ նապաստակ, դեռ քեզ ցույց կտամ։ Առանց հրացանի էլ ես քեզ կբռնեմ։ Ականջներդ այնպես ոլորեմ, որ իմանաս, թե ինչ է նշանակում որսորդներին ձեռ առնել»։

Լողում է նա, լողում, բայց ոչ մի կերպ չի կարողանում ջրի երես դուրս գալ։ Խճճվել է հրացանի փոկի ու պայուսակի մեջ։ Շարիկի վերջը եկել է։

Բայց այդ պահին զգում է, որ մեկն իր օձիքից բռնած վեր է քաշում։ Դա մի ծեր կուղբ էր, որը մոտակայքում ամբարտակ էր շինում։ Ջրից դուրս է հանում Շարիկին ու ասում է․

— Էլ բան ու գործ չունեմ, էլի, ամեն տեսակ շներ պետք է հանեմ ջրից։

Շարիկը պատասխանում է․

— Իսկ ես չէի խնդրում, որ ինձ հանես։ Գուցե ես չէի խեղդվում։ Կարող է ստորջրյա լողով եմ զբաղվում։ Ես դեռ չեմ էլ որոշել, թե ինչ էի անում այնտեղ, հատակին։

Մինչդեռ այնքան վատ է զգում, որ քիչ է մնում օգնություն կանչի։ Եվ նրանից շատրվանի նման ջուր է թափվում, իսկ ինքը ամաչում է կուղբին նայել։ Դե, իհարկե, եկել է գազաններ որսալու, այնինչ նրանք իր կյանքը փրկեցին։ Գետի ափով տուն է գնում։ Թրջված հավի պես, գլուխը կախ գցած։ Քարշ է տալիս հրացանը եւ մտածում․

«Որսի հարցում ոնց որ թե բախտս չի բերում։ Նախ սայլից ցած ընկա։ Հետո խճճվեցի որսորդական պայուսակի մեջ։ Իսկ վերջում էլ քիչ մնաց խեղդվեմ։ Ինձ դուր չի գալիս այսպիսի որսորդությունը։ Ավելի լավ է ձուկ որսամ։ Ինձ համար կարթ կգնեմ, թիթեռացանց։ Բուտերբրոդ կվերցնեմ հետս եւ ափին կնստեմ։ Կլինեմ ոչ թե որսորդական շուն, այլ՝ ձկնորսական։ Իսկ գազանների վրա կրակել չեմ ուզում։ Նրանց միայն կփրկեմ։

Սակայն ասելը հեշտ է, իսկ անելը՝ դժվար։ Ախր նա որսորդական շուն էր, ոչ թե մեկ ուրիշ բան։

Գլուխ տասնմեկերորդ — Կուղբիկը

Իսկ Քեռի Ֆեոդորն ու Մատրոսկինը, տանը նստած, սպասում են, թե Շարիկը երբ է վերադառնալու որսից։ Քեռի Ֆեոդորը կուտաման էր պատրաստում թռչունների համար, իսկ կատուն տնտեսությամբ էր զբաղված՝ կտրված կոճակներն էր կարում, գուլպաները կարկատում։

Մութն արդեն ընկել էր, երբ Շարիկը եկավ։ Պայուսակը շրջեց ու թափ տվեց սեղանի վրա։ Մի գազանիկ դուրս թռավ։ Փոքրիկ, փափկամազիկ, աչքերը թախծոտ, իսկ պոչը՝ թիականման։

— Տեսեք, թե ինչ եմ բերել։

— Որտեղի՞ց ես գտել,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։

— Գետից հանեցի։ Ափին նստած էր, հենց որ ինձ տեսավ՝ թը՛մփ, ջրի մեջ։ Վախից։ Հազիվհազ կարողացա բռնել։ Թե չէ խեղդվելու էր։ Դեռ շատ փոքրիկ է։

Կատուն լսում է, լսում ու ասում է․

— Ա՜յ թե հաստագլուխն ես։ Ախր սա կուղբիկ է։ Ջրում է ապրում։ Այնտեղ է նրա տունը։ Իսկ դու, կարելի է ասել, նրան տնից ես դուրս քաշել։

Շունը պատասխանում է․

— Ի՞նչ իմանայի, որ ջրում է ապրում։ Ես կարծեցի, թե ուզում է խեղդվել։ Տեսեք, ինչպես եմ թրջվել։

— Տեսնել չեմ ուզում,— ասում է կատուն։— Որսորդիս տեսե՜ք, գազանների մասին ոչ մի բան չգիտի։— Ու թռավ վառարանի վրա։

Իսկ կուղբիկը նստել է ու աչքերը չռած՝ նայում է շուրջը։ Ոչինչ չի հասկանում։ Քեռի Ֆեոդորը նրան տաք կաթ տվեց։ Կուղբիկը խմեց կաթը եւ աչքերն սկսեցին փակվել։

— Որտե՞ղ քնեցնենք սրան,— հարցնում է տղան։

— Ինչպե՞ս թե որտեղ,— ասում է շունը։— Եթե ջրում է ապրում, ուրեմն պետք է թասի մեջ դնել։

— Քեզ է պետք թասի մեջ դնել,— գոռում է Մատրոսկինը։— Որպեսզի մի քիչ խելքի գաս։

Շան տրամադրությունն ընկավ։

— Ախր ինքդ ասացիր, թե նա ջրում է ապրում։

— Ջրում միայն լող է տալիս, իսկ տունը գետի ափին է,— բացատրում է կատուն։

Քեռի Ֆեոդորը վերցրեց կուղբիկին եւ դրեց պահարանի մեջ, կոշիկների համար նախատեսված դարակում։ Կուղբիկն անմիջապես քնեց։ Շունն էլ գնաց իր բնում քնելու։ Նա սովոր չէր մահճակալին երկար պառկել։ Գյուղական շուն էր ու բոլորովին էլ երես առած չէր։

Առավոտյան Քեռի Ֆեոդորն արթնացավ տարօրինակ մի ձայնից։ Կարծես մեկը փայտ է սղոցում՝ խը՜զ… խը՜զ…

Եվ նորից՝ խը՜զ… խը՜զ…

Վեր կացավ մահճակալից եւ ինչ տեսնի։ Տունը հյուսնի արհեստանոց է դարձել։ Չորս կողմը տաշեղներ, փայտի կտորտանք ու թեփ է շաղ տված։ Իսկ սեղանը, որի վրա ճաշում էին, կարծես չի էլ եղել։ Կուղբիկը նստել է տաշեղների կույտի վրա եւ սեղանի ոտքն է սղոցում։

Կատուն վառարանի վրայից կախ գցեց թաթերն ու ասում է․

— Տես, թե քո Շարիկը ինչ դրեց մեր գլխին։ Հիմա ստիպված ենք նոր սեղան գնել։ Լավ է, դեռ երեկոյան աման֊չամանը հավաքել էի սեղանի վրայից։ Թե չէ մնալու էինք առանց ափսեի։

Կանչեցին Շարիկին։

— Արի տես, թե ինչ ես դրել մեր գլխին։

— Բա որ իմ մահճակալը սղոցեր,— ասում է Քեռի Ֆեոդորը,— գիշերվա կեսին շրխկալու էի հատակին։ Շնորհակալ եմ քեզանից։

Նա որսորդական պայուսակը տվեց Շարիկին ու ասում է․

— Հենց հիմա, առանց նախաճաշելու վազիր գետ ու կուղբիկին դիր այնտեղ, որտեղից վերցրել ես։ Տես, հա՜, գետից էլ ոչինչ չորսաս։ Մենք այստեղ միլիոնատեր չենք քեզ համար։

Շարիկը կուղբիկին դրեց պայուսակը եւ սուս ու փուս վազեց գետափ։ Արդեն ինքն էլ էր փոշմանել, որ բռնել էր կուղբիկին։ Իսկ կուղբիկի ծնողներն այնքան ուրախացան, որ Շարիկի վրա չբարկացան։ Նրանք հասկացան, որ Շարիկը իրենց տղային թյուրիմացաբար է ջրից հանել ու տարել։ Այնպես որ ամեն ինչ լավ վերջացավ։ Միայն թե ստիպված նոր սեղան գնեցին։

Այդ օրվանից Շարիկն սկսեց թախծել, սիրտն ուզում էր անտառ գնալ, որսորդությամբ զբաղվել, ինչ կարող ես անել։ Բայց հենց որ հրացանը ձեռքին դուրս էր գալիս ու մի գազանիկ էր տեսնում, չէր կարողանում կրակել, թեկուզ ճաքիր։ Անտառից վերադառնում էր տխուր, ոչ ուտում էր, ոչ խմում։ Վիշտը կրծում էր սիրտը։ Նիհարել էր, հյուծվել, այնպիսի օրն էր ընկել, որ ավելի վատը չեք էլ կարող պատկերացնել։

Գլուխ տասներկուերորդ — Հայրիկն ու մայրիկը կարդում են նամակը

Վերջապես Քեռի Ֆեոդորի նամակը հասավ քաղաք։ Քաղաքում արդեն մեկ այլ փոստատար նամակն իր պայուսակը դրեց եւ տարավ հայրիկին ու մայրիկին հանձնելու։ Դրսում հորդ անձրեւ էր գալիս։ Փոստատարը մինչեւ ոսկորները թրջվել էր։ Հայրիկը նույնիսկ խղճաց նրան․

— Այս խոնավ եղանակին ինչո՞ւ եք նամակներ բաժանում։ Ավելի լավ է փոստով ուղարկեք։

Փոստատարը համաձայնում է․

— Ճիշտ է, ճիշտ է։ Ինչո՞ւ եմ խոնավ եղանակին նամակներ տանում։ Լավ եք ասում։ Հենց այսօր կզեկուցեմ պետիս։

Հայրիկն ու մայրիկը սկսեցին կարդալ նամակը։ Սկզբում ամեն ինչ դուր եկավ նրանց։ Եվ այն, որ Քեռի Ֆեոդորը տուն ու կով ունի, ե՛ւ այն, որ տունը տաք է, եւ ինքն էլ տրակտոր է գնել։ Իսկ հետո նրանք վախեցան։ Հայրիկը կարդում է․

— «Մենք մի տաք վառարան էլ ունենք։ Ես շատ եմ սիրում նրա վրա հանգստանալ։ Առողջությունս այնքան էլ լավ չէ․ մեկ թաթերս են ջարդվում, մեկ պոչս է քարշ գալիս։ Որովհետեւ, սիրելի հայրիկ ու մայրիկ, կյանքս ծանր է եղել, լի զրկանքներով ու վռնդումներով։ Բայց հիմա ամեն ինչ այլ կերպ է դասավորվել։ Համ երշիկ ունեմ, համ էլ միշտ թասով լիքը թարմ կաթ է դրված հատակին։ Նույնիսկ մկներին տեսնել չեմ ուզում։ Ես նրանց հիմա, հենց այնպես, հաճույքի համար եմ բռնում… կարթով… կամ փոշեծծիչով… Իսկ ցերեկները սիրում եմ տանիք մագլցել… չռում եմ աչքերս, բեղերս ուղղում ու գժի պես արեւառվում։ Արեւի տակ լպստում եմ ինձ…»

Մայրիկը լսեց, լսեց եւ մեկ էլ ուշաթափվեց։ Հայրիկը ջուր տվեց, մայրիկին ուշքի բերեց։ Շարունակությունը մայրիկն ինքը կարդաց․

— «Այս քանի օրը մազերս սկսեցին թափվել։ Հին բուրդս այնպես է թափվում, որ տուն մտնել չի լինում։ Բայց փոխարենը նորն է աճում՝ մաքո՜ւր, մետաքսյա։ Ուղղակի ոնց որ կարակուլ։ Մի քիչ էլ ձայնս է խռպոտել։ Անցնող-դարձողը շատ է, դե բոլորի վրա էլ հաչում եմ։ Մի ժամ, երկու ժամ հաչում եմ, հետո ոչ թե հաչոց, այլ մի տեսակ սուլոց ու խլթխլթոց է դուրս գալիս կոկորդիցս…»

Այդ պահին մի շրխկոց լսվեց սենյակում։ Հիմա էլ հայրիկն էր ուշաթափվել։ Այս անգամ մայրիկը վազեց ջրի՝ հայրիկին ուշքի բերելու համար։

Հայրիկն ուշքի է գալիս եւ ասում․

— Ի՞նչ է պատահել մեր երեխային։ Թաթերը ջարդվում են, պոչը քարշ է տալիս, անցնող-դարձողի վրա էլ հաչում է։

— Եվ կարթով մուկ է բռնում,— ասում է մայրիկը։— Բուրդն էլ մաքուր կարակուլ է դարձել։ Գուցե բնության գրկում ինքն էլ գառնո՞ւկ է դարձել։ Մաքուր օդից։

— Հա՞,— ասում է հայրիկը։— Բայց ես չեմ լսել, որ գառները անցնող-դարձողի վրա հաչան։ Գուցե խե՞լքն է թռցրել մաքուր օդից։

Որոշեցին նամակը մինչեւ վերջ կարդալ։ Կարդում են ու աչքներին չեն հավատում։

— «Սիրելի հայրիկ ու մայրիկ, ես անճանաչելի եմ դարձել։ Պոչս ոլորված, ականջներս ցից-ցից, քիթս սառը, բուրդս երկարած…»։

— Ի՞նչը,— հարցնում է մայրիկը։

— Բուրդը երկարել է։ Հիմա ձմռանը ձյան վրա էլ կարող է քնել։

Մայրիկը խնդրում է․

— Լավ, մինչեւ վերջ կարդա։ Ես ուզում եմ որդուս մասին ամբողջ ճշմարտությունն իմանալ։

Եվ հայրիկը մինչեւ վերջ կարդաց․

— «Ինքս եմ խանութ գնում։ Վաճառողները բոլորը ճանաչում են ինձ։ Ոսկորները ձրի են տալիս… Այնպես որ դուք ինձ համար մի՛ անհանգստացեք… Եթե հաջողվի ցուցահանդես ընկնել, բոլոր մեդալներն ինձ համար ապահովված են։ Ե՛վ գեղեցկության, ե՛ւ խելացիության։ Ցտեսություն։ Ձեր որդի՝ Քեռի Ֆարիկ»։

Նամակը կարդալուց հետո հայրիկն ու մայրիկը կես ժամ շարունակ ոշքի չէին գալիս, արդեն խմել էին տանը եղած բոլոր դեղերը։

Հետո մայրիկն ասում է․

— Գուցե դա մեր տղան չէ՞։ Գուցե մե՞նք ենք խելքներս թռցրել։ Գուցե, մեր բո՞ւրդն է երկարել։ Եվ մե՞նք կարող ենք ձմռանը ձյան վրա քնել։

Հայրիկը նրան հանգստացնում է, իսկ մայրիկը, միեւնույն է, ճչում է․

— Այդ ի՛նձ են ճանաչում բոլոր վաճառականները, եւ ոսկորները ձրի են տալիս։ Ես եմ, որ մկներին տանել չեմ կարողանում։ Ա՛յ, հիմա էլ թաթերս ջարդվում են, պոչս քարշ է գալիս։ Որովհետեւ կյանքս ծանր է եղել՝ լի զրկանքներով ու վռնդումներով։ Ո՞ւր է հատակին դրված իմ թասը։

Հայրիկը հազիվհազ կարողացավ նրան ուշքի բերել․

— Եթե մենք գժված լինեինք, հո երկուսս միասին չէինք գժվել։ Մարդիկ առանձին֊առանձին են գժվում։ Այդ գրիպով է, որ բոլորը միասին են հիվանդանում։ Իսկ մեր բուրդը չի երկարել, ընդհակառակը պակասել է։ Որովհետեւ երեկ վարսավիրանոց ենք գնացել։

Համենայն դեպս, նրանք չափեցին իրենց ջերմությունը։ Ջերմությունն էլ էր կանոնավոր՝ 36,6։ Հայրիկը վերցրեց նամակը եւ ուշադիր նայեց․ ծրարը կնքված էր։ Իսկ կնիքի վրա գրված էր այն գյուղի անունը, որտեղից նամակը ստացվել էր՝ Պրոստոկվաշինո։

Հայրիկն ու մայրիկը քարտեզը փռեցին ու սկսեցին փնտրել, թե որտեղ է գտնվում այդ գյուղը։ Հաշվեցին եւ տեսան, որ այդպիսի քսաներկու գյուղ կա։ Նրանք վերցրեցին ու նամակ գրեցին բոլոր գյուղերին։ Բոլոր գյուղերի փոստատարներին։

«Հարգելի փոստատար։

Ձեր գյուղում չկա՞ արդյոք քաղաքից եկած մի տղա, անունը Քեռի Ֆեոդոր։ Նա հեռացել է տնից, եւ մենք շատ ենք անհանգստանում նրա համար։

Եթե նա ձեզ մոտ է ապրում, գրեք, մենք կգանք նրա ետեւից։ Իսկ ձեզ համար նվերներ կբերենք։ Միայն թե տղային բան չասեք, թող նա ոչինչ չիմանա։ Թե չէ կարող է փոխադրվել մեկ ուրիշ գյուղ, ու այլեւս նրան չենք գտնի։ Իսկ մենք առանց նրա շատ ենք տխրում։

Մեծագույն հարգանքներով՝ մայրիկ Ռիմա եւ հայրիկ Դիմա»։

Քսաներկու այդպիսի նամակ գրեցին եւ ուղարկեցին Պրոստոկվաշինո անունը կրող բոլոր գյուղերը։

Գլուխ տասներեքերորդ — Շարիկը փոխում է մասնագիտությունը

Քեռի Ֆեոդորը կատվին ասում է․

— Շարիկի համար հարկավոր է մի բան մտածել։ Թե չէ ձեռքից գնում է։ Վշտից ոտքի վրա չորացել է։

Կատուն առաջարկում է․

— Գուցե նրան լծկան շուն դարձնենք։ Պարտադիր չէ, որ որսորդական լինի։ Սայլակ կգնենք եւ ամեն տեսակ իրեր կտեղափոխենք։ Օրինակ՝ կաթը շուկա կտանենք։

— Չէ,— առարկում է Քեռի Ֆեոդորը։— Լծկան շները միայն հյուսիսում են լինում։ Բացի այդ, մենք տրակ֊տրակ Միտյա ունենք։ Ուրիշ բան պետք է մտածել։

Իսկ հետո ասում է․

— Գտա։ Մենք նրան կրկեսի շուն կդարձնենք, պուդել։ Կսովորեցնենք պարել, օղակի միջով ցատկել, փուչիկով ձեռնածություն անել։ Թող երեխաներին ուրախացնի։

Կատուն համաձայնում է Քեռի Ֆեոդորի հետ։

— Ինչ կա որ։ Թող դառնա պուդել։ Տնային շներ էլ են հարկավոր, թեեւ օգուտ չեն տալիս։ Կապրի սենյակում, կպառկի բազմոցին ու մաշիկները կմատուցի տիրոջը։

Նրանք կանչեցին Շարիկին ու հարցնում են․

— Հը, ի՞նչ կասես, կուզե՞ս քեզ պուդել դարձնենք։

— Թեկուզ խրտվիլակ դարձնեք, ուզում եմ,— ասում է Շարիկը։ — Միեւնույն է, կյանքը երես է դարձրել ինձնից։ Բախտը ինձ չի ժպտում այս հողագնդի վրա։ Ես իմ ձեռքով կթաղեմ կոչումս։

Ու պատրաստվեցին գնալու գետի մյուս ափը, հինգհարկանի նոր շենքի վարսավիրանոցը։ Քեռի Ֆեոդորը գնաց տրակ֊տրակ Միտյան գործի գցի, իսկ Մատրոսկինը գնաց Մուրկային խոտ տալու։ Նա բացեց գոմի դուռն ու ասաց․

— Տունը թողնում ենք քո հույսին։ Եթե որեւէ գող հայտնվի, հետը երկար֊բարակ գլուխ չցավեցնես, պոզահարի, թող գնա։ Իսկ երեկոյան ես քեզ համար մի համեղ բան կբերեմ։

Քեռի Ֆեոդորը տրակ֊տրակ Միտյային դուրս բերեց, ապուր լցրեց մեջն ու նստեց վարորդի աթոռին։ Շարիկը տեղավորվեց նրա կողքին, իսկ Մատրոսկինը՝ տանիքին։ Եվ այդպես գնացին մազերը խուզելու։

Միտյան ուրախ դռդռում էր ու անիվներն աշխատեցնում։ Որտեղ մի ջրափոս կար, ուղիղ միջով էր անցնում։ Ջուրը ցրիվ տալիս չորս կողմը։ Դեռ ջահել էր տրակտորը, բոլորովին նո՜ր։ Իսկ երբ հավեր էր տեսնում ճանապարհին, գաղտագողի մոտենում էր ու անսպասելի դռդռացնում կոկորդով մեկ՝ «Ուու֊ու֊ուու՜֊»։ Խեղճ հավերը լեղապատառ փախչում էին։

Հիանալի ճանապարհորդություն էր։ Քեռի Ֆեոդորը երգում էր, տրակտորը ձայնակցում էր նրան։ Շատ լավ էր ստացվում։

— Դաշտում աճեց մի կեչի…

— Դը՜ռ֊դը՜ռ֊դը՜ռ։

— Կանաչ գանգուր մի կեչի…

— Դը՜ռ֊դը՜ռ֊դը՜ռ։

— Լյուլի֊լյուլի՜…

— Դը՜ռ֊դը՜ռ֊դը՜ռ։

Վերջապես հասան վարսավիրանոց։ Կատուն մնաց տրակտորի վրա՝ հսկելու, իսկ Քեռի Ֆեոդորն ու Շարիկը գնացին մազերը կտրելու։ Վարսավիրանոցը մաքուր էր, լուսավոր ու հարմարավետ։ Եվ կանայք, թասակների տակ նստած, չորանում էին։ Վարսավիրը Քեռի Ֆեոդորին հարցնում է․

— Ձեզ ի՞նչ է հարկավոր, երիտասարդ։

— Ուզում եմ Շարիկի մազերը խուզեք։

Վարսավիրն ասում է․

— Այս օրին էլ հասանք։ Շարիկներ, խորանարդիկներ։ Եվ ի՞նչ ձեւի ես ուզում։ «Լեհական», թե՞ «կիսաբոքս»։ Կամ գուցե տղայի՞ սանրվածք։ Գուցե ուղղակի սափրեր՞նք ամբողջապես։

Քեռի Ֆեոդորը պատասխանում է․

— Կարիք չկա սափրելու։ Եվ ոչ էլ տղայի սանրվածք է պետք։ Հարկավոր է մազերը կտրել պուդելի նման։

— Ինչպե՞ս թե պուդելի նման։

— Շատ հասարակ։ Վերեւից պետք է գանգրացնել, ներքեւից լրիվ խուզել։ Եվ պոչի ծայրին էլ մի փնջիկ թողնել։

— Հասկանալի է, պատասխանում է վարսավիրը։— Պոչին փնջիկ, ձեռքին՝ ձեռնափայտիկ, բերանին էլ՝ ոսկորիկ։ Դա արդեն ոչ թե Շարիկ կլինի, այլ ուղղակի փեսացու։

Թասակների տակ նստած կանայք ծիծաղում են։

— Չեղավ, երիտասարդ։ Մենք այստեղ ունենք կանանց դահլիճ, տղամարդկանց դահլիճ, բայց շների դահլիճ դեռեւս չունենք։

Այդպես ձեռնունայն նրանք վերադարձան Մատրոսկինի մոտ։ Կատուն ասում է․

— Այ թե գործ արեցինք, հա՜։ Պետք է ասեիք, որ սա ոչ թե սովորական շուն է, այլ մի որեւէ արտիստի կամ ստադիոնի դիրեկտորի շուն։ Տեղնուտեղը ե՛ւ կխուզեին մազերը, ե՛ւ կգանգրացնեին, եւ օծանելիքներով կցողեին։ Հապա մի ետ գնանք։

Երբ նրանք նորից եկան, վարսավիրը շատ զարմացավ։

— Չլինի՞ բան եք մոռացել, երիտասարդ։

Քեռի Ֆեոդորն ասում է․

— Մոռացանք ձեզ ասել, որ սա ուսյալ շուն է, ոչ թե սովորական։ Մենք նրան ելույթի համար ենք պատրաստում։

Վարսավիրը քահ֊քահ ծիծաղեց․

— Օ՜յ, ուսյալ, ընկած֊ելած շուն է, ահա թե ինչ։ Իսկ ի՞նչ կարող է անել։ Գուցե գրել֊կարդա՞լ գիտի։ Գուցե շվի փչե՞լ գիտի։

Քեռի Ֆեոդորն ասում է․

— Շվի փչելը չգիտեմ, բայց հեշտությամբ հաշվում է։

— Իսկապե՞ս։ Դե ասա, ինչի՞ է հավասար հինգ անգամ հինգը։

— Հինգ անգամ հինգ՝ կլինի քսանհինգ,— ասում է Շարիկը։— Իսկ վեց անգամ վեց՝ երեսունվեց։

Վարսավիրի լսելն ու բազկաթոռին նստելը մեկ եղավ։ Իսկպապես որ ուսյալ շուն է․ ոչ միայն հաշվել, այլեւ խոսել գիտի։ Նա հանեց մաքուր անձեռոցիկն ու ասաց․

— Եթե հաճախորդները դեմ չեն, խնդրեմ։ Ե՛վ կկտրեմ մազերը, ե՛ւ կգանգրացնեմ։ Երեխաներին էլ կպատմեմ, որպեսզի սովորեն։ Եթե շներն էլ են գրագետ դարձել, ապա երեխաները պետք է շտապեն։ Թե չէ դպրոցում բոլոր տեղերը կենդանիները կզբաղեցնեն։

Թասակների տակ նստած կանանցից եւ ո՛չ մեկը չառարկեց․

— Իհարկե։ Իհարկե։ Այդպիսի շանը անհրաժեշտ է անպայման կարգի բերել։ Նրա ամեն ինչը պետք է գեղեցիկ լինի՝ ե՛ւ հոգին, ե՛ւ սանրվածքը, ե՛ւ պոչիկի փնջիկը։

Եվ վարսավիրը գործի անցավ։ Մազերը կտրելիս զրուցում էր Շարիկի հետ։ Նրան հարցեր էր տալիս գիտության տարբեր բնագավառներից։ Իսկ Շարիկը պատասխանում էր։

Վարսավիրն ուղղակի ապշել էր։ Նա այդպիսի ուսումնական շուն չէր տեսել իր կյանքում։ Կտրեց Շարիկի մազերը, գանգրացրեց, գլուխը լվաց, զարմանքից իր աշխատանքի դիմաց փող էլ չվերցրեց։ Եվ օծանելիքներով այնպես ցողեց Շարիկին, որ մի կիլոմետրի վրա հոտը փչում էր։ Շարիկն այնպիսի պուդել դարձավ, որ կարելի էր միանգամից ցուցահանդես ներկայացնել։ Նա նույնիսկ ինքը չճանաչեց իրեն հայելու մեջ։

— Այս ի՞նչ գանգրահեր արարած է։ Ոչ թե շուն է, այլ իսկական օրիորդ։ Չկծե՞մ դրան,— ասում է Շարիկը։

Արտաքնապես նմանվել էր պուդելի, ներքնապես նույն Շարիկն էր մնացել։

Իսկ Քեռի Ֆեոդորը պատասխանում է․

— Այդ դու ես։ Դարձել ես տնային շուն՝ պուդել։ Ընտելացիր դրան։

Բայց թե Շարիկն այնքան էլ չուրախացավ։ Ընդհակառակը, ավելի շատ տխրեց։ Նրա տխրությունը փոխանցվեց Քեռի Ֆեոդորին, իսկ նրանից էլ՝ Մատրոսկինին։ Նույնիսկ Միտյան ձայնը կտրեց, հավերին էլ չէր վախեցնում։

Վերջում միայն մի բան բարձրացրեց նրանց տրամադրությունը։ Հասան իրենց տնակին եւ ինչ տեսնեն․ փոստատար Պեչկինը նստած է խնձորենուն։ Քեռի Ֆեոդորն ասում է․

— Տեսեք, ի՜նչ միրգ է հասել մեր խնձորենու վրա, օգոգտոսի վերջին։ Ի՞նչ եք անում այդտեղ։

— Ոչինչ էլ չեմ անում,— պատասխանում է Պեչկինը։— Ձեր կովից եմ պաշտպանվում։ Եկել էի պատուհանից նայելու, թե արդյո՞ք բոլոր էլեկտրասալիկներն եք անջատել։ Իսկ նա հարձակվեց վրաս։ Տեսեք, թե քանի անցք կա շալվարիս վրա։

Եվ իսկապես, շալվարի վրա մի տասնյակ անցքեր կային։ Իսկ Մուռկան պառկել էր ծառի տակ եւ որոճում էր։

Ստիպված՝ Պեչկինին հրավիրեցին թեյի։ Իսկ մինչ նրանք թեյ կպատրաստեին, Պեչկինը գաղտագողի դուրս եկավ միջանցք եւ Քեռի Ֆեոդորի բաճկոնից մի կոճակ կտրեց։ Թե ինչու այդպես վարվեց, մենք հետո կիմանանք։ Իսկ առայժմ իմացեք, որ կոճակը շատ էր հարկավոր Պեչկինին։

Գլուխ տասնչորսերորդ — Պրոֆեսոր Սյոմինի վերադարձը

Քեռի Ֆեոդորը կարող էր երջանիկ ապրել, բայց չգիտես ինչու չէր ստացվում։ Հազիվ էին Շարիկի գործը գլուխ բերել, մի նոր դժբախտություն պատահեց։ Մի օր Քեռի Ֆեոդորը գալիս է տուն եւ տեսնում․ Մատրոսկինը կանգնել է հայելու առաջ ու բեղն է ներկում։ Քեռի Ֆեոդորը հարցնում է․

— Ի՞նչ է պատահել, կատու։ Չլինի՞ թե սիրահարվել ես։

Կատուն քահ֊քահ ծիծաղում է․

— Այդ էր մնացել, որ հիմարություններով զբաղվեի։ Ես նույնիսկ այդ բառը չեմ լսել՝ սիրահարվե՜լ։ Ուղղակի տերս է եկել, պրոֆեսոր Սյոմինը։

— Իսկ բեղդ ի՞նչ կապ ունի տիրոջդ հետ։

— Կապ ունի այնքանով,— ասում է կատուն, որ հիմա փոխում եմ արտաքինս։ Անլեգալ դրության եմ անցնում։ Ընդհատակում պետք է ապրեմ։

— Ինչո՞ւ,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։

— Որպեսզի տերերս ինձ չտանեն։

— Այդ ո՞վ պետք է քեզ տանի։ Ի՞նչ տերեր։

— Պրոֆեսորը կտանի։ Չէ՞ որ ես նրա կատուն եմ։ Շարիկին էլ կարող է տանել։ Ախր Շարիկն էլ է նրանը։

Քեռի Ֆեոդորը նույնիսկ տխրեց․ իսկապես որ կարող են տանել։

— Լսիր, Մատրոսկին,— ասում է նա,— ինչպե՞ս կտանեն, եթե իրենք են քեզ տնից վռնդել։

— Բանն էլ հենց այդ է, որ չեն վռնդել,— ասում է կատուն։— Երբ նրանք մեկնում էին, ինձ իրենց ծանոթների մոտ թողեցին։ Սրանք էլ՝ ուրիշ ծանոթների։ Իսկ այդ ուրիշ ծանոթներից ինքս փախա։ Նրանք ինձ փակել էին խորդանոցում, որպեսզի բուրդս շաղ չտամ սենյակներով մեկ։ Երեւի Շարիկն էլ է այդ պատճառով անտուն մնացել։

Քեռի Ֆեոդորը մտածմունքի մեջ ընկավ, իսկ կատուն շարունակեց․

— Չէ, նա լավ պրոֆեսոր է։ Շատ լավ, բայց ես հիմա ամենալավի մոտ էլ չեմ գնա։ Ես, Քեռի Ֆեոդոր, ուզում եմ քեզ հետ ապրել եւ կով պահել։

Քեռի Ֆեոդորն ասում է․

— Ճիշտն ասած, չգիտեմ էլ, թե ինչ անեմ։ Գուցե ուրի՞շ գյուղ տեղափոխվենք։

— Մեծ գլխացավանք է,— առարկում է կատուն։— Ե՛վ Մուռկային պետք է տեղափոխենք, ե՛ւ իրերը… Եվ հետո, այստեղ բոլորը մեզ ընտելացել են։ Ոչինչ, Քեռի Ֆեոդոր, մի՛ հուսահատվիր։ Ես ընդհատակում էլ կապրեմ։ Դու քո գործին նայիր։

— Ի՞նչ գործ։

— Հիմա կասեմ։ Ձմեռը քթներիս տակ է, հարկավոր է փայտ պաշարել։ Մի պարան վերցրու եւ գնա անտառ։ Շարիկին էլ հետդ տար։

Բայց երբ Շարիկն իմացավ պրոֆեսորի գալու մասին, ինքն էլ չցանկացավ տնից դուրս գալ։

— Գնա՜, գնա՜,— ասում է կատուն։— Դու վախենալու բան չունես։ Քեզ նույնիսկ հարազատ մայրդ էլ չի ճանաչի։ Չէ՞ որ հիմա պուդել ես դարձել։

Եվ նրանք համաձայնեցին։ Շարիկը վերցրեց պարանը, սղոցն ու կացինը, իսկ Քեռի Ֆեոդորը գնաց տրակ֊տրակ Միտյային գործի գցելու։

Կատուն նրանց ասում է․

— Հիշեցեք․ հարկավոր է միայն կեչի կտրել․ Կեչու փայտը ամենից լավն է․

Քեռի Ֆեոդորը համաձայն չէ։

— Ափսոս են կեչիները։ Շատ են գեղեցիկ։

Կատուն ասում է․

— Դու, Քեռի Ֆեոդոր֊ ոչ թե գեղեցկության մասին մտածիր, այլ ցրտի։ Երբ քառասուն աստիճան սառնամանիքը դուռդ կտրի, ի՞նչ ես անելու։

— Չգիտեմ,— պատասխանում է Քեռի Ֆեոդորը։— Բայց եթե բոլորն էլ սկսեն կեչի կտրել, անտառի փոխարեն միայն կոճղեր կմնան։

— Ճիշտ է,— ասում է Շարիկը։— Միայն պառավների համար է լավ, որ անտառի փոխարեն կոճղեր լինեն։ Դրանց վրա կարող են նստել։ Իսկ թռչուններն ու նապաստակներն ի՞նչ կանեն։ Դու նրանց մասին մտածե՞լ ես։

— Նապաստակների մասին էլ պետք է մտածե՞մ,— գոռում է կատուն։— Իսկ իմ մասին ո՞վ պետք է մտածի։ Վալենտին Բերեստկո՞վը։

— Իսկ ո՞վ է Վալենտին Բերեստկովը։

— Չգիտեմ ով է։ Միայն գիտեմ, որ այդպես էր կոչվում այն նավը, որով նավարկել է իմ պապը։

— Երեւի նա լավ մարդ է եղել, որ քո պապը նրա անունը կրող նավով է նավարկել,— ասում է տղան։— Եվ նա հավանաբար կեչիներ չէր կտրատի։

— Բա ի՞նչ կաներ,— հարցնում է կատուն։

— Երեւի ցախ կհավաքեր,— ենթադրում է Շարիկը։

— Ա՛յ, մենք էլ այդպես կանենք,— ասում է Քեռի Ֆեոդորը։

Եվ Քեռի Ֆեոդորն ու Շարիկը գնացին ցախ հավաքելու։ Տրակտորը լիքը ցախ բարձեցին եւ դեռ մի ամբողջ կույտ էլ ետեւից կապեցին։ Իսկ հետո կարտոֆիլ խորովեցին խարույկի վրա, սունկ խորովեցին ու սկսեցին ուտել։

Իսկ տրակ֊տրակ Միտյան նայե՜ց֊նայե՜ց եւ հանկարծ ուժգին դռդռաց։ Քեռի Ֆեոդորը քիչ մնաց խեղդվեր, իսկ Շարիկը երկու մետր ետ ցատկեց նույնիսկ։

— Բոլորովին մոռացել էի այդ դռդռանին,— ասում է։— Կարծեցի, թե ինքնաթափ մեքենան է գալիս ինձ վրա։

— Իսկ ես կարծեցի, թե ռումբ պայթեց,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Հարկավոր է նրան ուտելու բան տալ։ Թե չէ մեզ էն աշխարհը կուղարկի։ Շոգենավի նման սուլում է։

Նրանք կերակրեցին տրակտորին ու որոշեցին տուն վերադառնալ։ Մեկ էլ այդ պահին մի նապաստակ վազեց նրանց մոտով։ Շարիկը բղավեց․

— Տե՛ս, տե՛ս, որսը։

Քեռի Ֆեոդորը հանգստացրեց նրան․

— Ինչ է, մոռացե՞լ ես։ Չէ՞ որ դու հիմա պուդել ես։ Ասա․ «Թո՛ւհ, նապաստա՜կ։ Հիմա ինձ նապաստակները բոլորովին չեն հետաքրքրում։ Ինձ միայն հետաքրքրում է՝ մաշիկները տիրոջս մատուցել»։

Բայց Շարիկը իրենն է ասում․

— Թո՛ւհ, մաշիկնե՜ր։ Մաշիկները հիմա ինձ չեն հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է՝ տիրոջս համար նապաստակ տանել։ Ա՛յ, հիմա ես դրան ցույց կտամ։

Եվ այնպես սլացավ նապաստակի ետեւից, որ ծառերը հակառակ ուղղությամբ վազեցին։ Իսկ Քեռի Ֆեոդորը տուն գնաց։ Նա շատ ցախ էր բերել։ Բայց Մատրոսկինը, միեւնույն է, դժգոհ էր։

Այդ ցախից ոչ թե տաքություն կստանանք, այլ միայն ճրթճրթոց կլսենք։ Դա փայտ չէ, այլ՝ աղբ։ Ես ուրիշ կերպ կվարվեմ։

Գլուխ տասնհինգերորդ — Նամակ արեւի ինստիտուտին

Կատուն Քեռի Ֆեոդորից մատիտ խնդրեց եւ սկսեց ինչ֊որ բան գրել։

Քեռի Ֆեոդորը հարցնում է․

— Այդ ի՞նչ ես անում։

Կատուն պատասխանում է․

— Նամակ եմ գրում մի ինստիտուտի, որտեղ արեւ են ուսումնասիրում։ Այդ ինստիտուտի հետ ես կապեր ունեմ։

— Իսկ ի՞նչ է նշանակում «կապեր»,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։

— Դա գործնական ծանոթություն է,— բացատրում է կատուն։— Երբ մարդիկ լավություն են անում միմյանց, առանց որեւէ առիթի, որեւէ շահի։ Հանուն հին բարեկամության։

— Պարզ է,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Օրինակ, եթե տղան ավտոբուսում առանց որեւէ պատճառի իր տեղը զիջում է ծեր կնոջը, ուրեմն դա անում է ծանոթության կարգով։ Հանուն հին բարեկամության։

— Չէ, դա ուրիշ բան է,— ասում է կատուն։— Նա ուղղակի քաղաքավարի տղա է եղել։ Կամ թե չէ ուսուցչուհին էլ է նույն ավտոբուսի մեջ եղել։ Ա՛յ, եթե տղան մի ժամանակ պառավի համար կարտոֆիլ է մաքրել, նա էլ տղայի համար այդ ընթացքում խնդիր է լուծել, նշանակում է, նրանց ծանոթությունը գործնական է եղել։ Եվ նրանք միշտ մեկը մյուսին կօգնեն։

— Իսկ քեզ ի՞նչ օգնություն է պետք։

— Ես ուզում եմ, որ ինձ համար մի փոքրիկ արեւ ուղարկեն։ Տնային։

— Լինո՞ւմ են այդպիսի արեւներ,— զարմանում է տղան։

— Ա՛յ, կտեսնես,— ասում է կատուն եւ հանկարծ գոռում է․— Ո՞վ թռցրեց մատիտս։

«Առ ու փախիր» ճայակը պահարանի վրայից պատասխանում է․

— Այդ ես եմ, փոստատար Պեչկինը։ «Մուրզիլկա» ամսագիրն եմ բերել։

— Տո՛ւր մատիտս,— հարմայում է Մատրոսկինը։

Բայց այնքան էլ հեշտ չէր ճայակից ինչ֊որ բան վերցնել։ Կես ժամ շարունակ կատուն վազվզում էր նրա ետեւից, մինչեւ որ վերջապես խլեց մատիտը։ Ճայակը դրա համար նեղացավ։ Եվ հենց որ Մատրոսկինը շրջվում էր, նա հարձակվում էր ետեւից եւ, հո՛պ, քաշում պոչից։ Կատուն անսպասելիությունից ամեն անգամ վեր էր թռչում մինչեւ առաստաղ։ Իսկ Քեռի Ֆեոդորն այնպես էր ծիծաղում, որ աչքերն արցունքակալել էին։

Վերջապես կատուն ավարտեց նամակը։ Բովանդակությունը այսպիսին էր․

«Սիրելի գիտնականներ։

Ձեզ մոտ, հավանաբար, տաք է։ Իսկ մեզ մոտ շուտով ձմեռ է լինելու։ Բայց իմ տերը՝ Քեռի Ֆեոդորը, թույլ չի տալիս փայտ կտրատել։ Չի հասկանում, որ կսառչենք, եթե ցախի հույսին մնանք։ Խնդրում եմ մի տնային արեւ ուղարկեք։ Թե չէ հետո ուշ կլինի։

Հարգանքներով՝ կատու Մատրոսկին»։

Հետո նա գրեց հասցեն․ «Մոսկվա, Արեւի ֆիզիկայի ինստիտուտ, Արեւածագի եւ Մայրամուտի բաժին, պատուհանի մոտ կանգնած գիտնականին, որի խալաթի վրա կոճակներ չկան։ Եվ կոշիկների թելերն էլ տարբեր են»։

Այդ պահին, ատամների մեջ մի նապաստակ սեղմած, հայտնվեց Շարիկը։ Ե՛վ նապաստակն է լեզուն դուրս գցալ, ե՛ւ Շարիկը։ Երկուսն էլ հոգնած են։ Բայց Շարիկը երջանիկ է, իսկ նապաստակն այնքան էլ ուրախ չէ։

— Տեսե՛ք,— ուրախ ասում է Շարիկը,— որսացի։

— Իսկ ինչո՞ւ,— հարցնում է կատուն։

— Ինչպե՞ս թե ինչու։

— Հենց այդպես։ Ի՞նչ պետք է անես։

— Չգիտեմ,— պատասխանում է շունը։— Իմ գործը որսալն է։ Իսկ թե ինչ պետք է անել, դա արդեն թող տերս որոշի։ Գուցե մանկապարտեզ կհանձնի նրան։ Կամ էլ բուրդը կպոկի եւ թաթմաններ կգործի։

— Տերդ որոշում է, որ նրան պետք է ազատ արձակես,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Գազանները պետք է անտառում ապրեն։ Տունը գազանանոց չպիտի դարձնենք։

Շարիկը տխրեց, ասես ներսում լամպը մարեց, բայց չվիճեց։

Իսկ Քեռի Ֆեոդորը նապաստակին մի գազար տվեց եւ տարավ արտասանդուղք։

— Դե,— ասում է,— փախի՛ր։

Իսկ նապաստակը ոչ մի տեղ չի փախչում։ Հանգիստ նստել ու նայում է։

Այստեղ Մատրոսկինն անհանգստանում է․ լա՜վ է, մի բնակիչ էլ ավելացավ։ Իսկի եղածին չգիտենք ինչպես պահենք։

Նա վերցնում է Շարիկի հրացանը, թաքուն մոտենում նապաստակին եւ այնպես է կրակում ականջի տակ, որ նապաստակը վեր է թռչում։ Ոտքերն օդում թափահարում է ու գնդակի պես սլանում։ Մատրոսկինն էլ պակաս չի վախենում, ինքն էլ գնդակի պես հակառակ կողմի վրա է սուրում։ Միայն հրացանն է մնում ընկած, ու կապույտ ծուխն է վեր բարձրանում։

Իսկ Շարիկը, արտասանդուղքին կանգնած, գլոր֊գլոր արցունքներ է թափում աչքերից։ Քեռի Ֆեոդորն ասում է․

— Դե լավ, լաց մի՛ լինի։ Ես մի բան եմ մտածել քեզ համար։ Ֆոտոապարատ կգնենք, ֆոտոորսորդությամբ կբաղվես։ Գազաններին կնկարես ու լուսանկարները տարբեր ամսագրերի կուղարկես։

Հավանաբար, դա իսկապես լավագույն միջոցն էր։ Մի կողմից՝ դա, այնուամենայնիվ, որսորդություն էր։ Մյուս կողմից՝ հարկ չէր լինի գազաններին սպանել։

Ու Շարիկն սպասեց լուսանկարչական ապարատին այնպես, ինչպես երեխաներն սպասում են Մայիսի մեկի տոնակատարությանը։

Գլուխ տասնվեցերորդ — Հորթուկը

Այն օրվանից, երբ Մատրոսկինը ընդհատակ անցավ, Քեռի Ֆեոդորի համար կյանքը դժվարացավ։ Մուռկային դաշտ էր քշում Քեռի Ֆեոդորը։ Խանութ էր գնում Քեռի Ֆեոդորը։ Ջրհորից ջուր էր բերում դարձյալ Քեռի Ֆեոդորը։ Իսկ առաջ այդ ամենով զբաղվում էր կատուն։ Շարիկից էլ առանձնապես օգուտ չկար։ Որովհետեւ նրա համար ֆոտոապարատ էին գնել։ Առավոտից անտառ էր գնում եւ մինչեւ կեսօր վազվզում նապաստակների ետեւից, որ նրանց նկարի։ Մյուս կեսն էլ վազվզում էր, որ նկարները բաժանի։

Ինչ֊ինչ, բայց ձանձրանալու ժամանակ չուներ Քեռի Ֆեոդորը։ Եվ ահա մի նոր պատմություն տեղի ունեցավ։ Առավոտյան, երբ դեռ քնած էին, մեկը դուռը թակեց։ Մատրոսկինը լեղաճաք եղավ․ չլինի՞ պրոֆեսորն է եկել իր ետեւից։ Եվ վառարանից ցատկեց ու մտավ հատակի տակ։ (Հիմա նա հատակի անցքը միշտ բաց էր պահում։ Իսկ նկուղում մի փոքրիկ պատուհան կար, որով նա կարող էր փախչել բանջարանոց, այնտեղից էլ՝ անտառ)։ Անկողնում պառկած Քեռի Ֆեոդորը հարցնում է․

— Ո՞վ է։

Թակողը Շարիկն էր․

— Աչքներդ լույս, մեր կովը հորթուկ է ծնել։

Քեռի Ֆեոդորն ու կատուն վազեցին գոմ։ Եվ իսկապես․ կովի կողքին մի հորթուկ էր կանգնած։ Իսկ երեկ չկար։

Մատրոսկինն անմիջապես սկսեց երեւակայել․ իբր թե տեսեք, իր կովն էլ է օգուտ տալիս։ Ոչ թե միայն սփռոց ուտել գիտի։ Իսկ հորթուկը նայում էր նրանց ու շրթունքները չփչփացնում։

— Հարկավոր է սրան տուն տանել,— ասում է կատուն։— Այստեղ կմրսի։

— Մո՞րն էլ պետք է տուն տանենք,— հարցնում է Շարիկը։

— Չէ մի՜, էդ էր պակաս,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Տանը սավան ու սփռոց չի թողնի, բոլորը կուտի։ Թող այդտեղ մնա։

Հորթուկին տարան տուն եւ սկսեցին ուշադիր զննել։ Հորթուկն ամբողջապես ծածկված էր մազերով ու թաց էր։ Իսկ ընդհանրապես, նա ցլիկ էր։ Սկսեցին միտք անել, թե անունը ինչ դնեն։ Շարիկն ասում է․

— Մտածելու ի՞նչ կա, եկեք անունը Բոբիկ դնենք։

Կատուն ծիծաղից թուլացավ․

— Քիչ մնա, Ռեքս էլ կդնես։ Կամ թե չէ՝ Տուզիկ։ Կուզիկ, Տուզիկ, կեր մի թուզիկ։ Ախր նա ցուլ է, ոչ թե ինչ֊որ սպանիել։ Նրան լուրջ անուն է պետք։ Օրինակ՝ Արիստոֆան։ Ե՛վ գեղեցիկ անուն է, ե՛ւ պարտավորեցնող։

— Իսկ ո՞վ է Արիստոֆանը,— հարցնում է Շարիկը։

— Չգիտեմ,— ասում է կատուն։— Միայն թե այն շոգենավը, որով նավարկում էր տատս, այդ անունն էր կրում։

— Շոգենավն ո՜ւր, հորթուկն ուր,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Համ էլ ո՞ւմ դուր կգա, որ հորթուկին իր անունով կոչեն։ Եկեք այսպես անենք։ Թող մեզնից յուրաքանչյուրը մի անուն մտածի եւ թղթի վրա գրի։ Որ թուղթը որ հանենք գլխարկի միջից, դա էլ թող լինի հորթուկի անունը։

Առաջարկը բոլորին դուր եկավ։ Եվ սկսեցին մտածել։ Կատուն գրեց՝ Սրընթաց։ Ե՛վ ծովային է, ե՛ւ գեղեցիկ։ Քեռի Ֆեոդորը գրեց՝ Գավրյուշա։ Դա շատ էր սազում հորթուկին։ Իսկ երբ մեծանա, ցուլ դառնա, նրանից ոչ ոք չի վախենա։ Որովհետեւ Գավրյուշա անունով ցուլը չար չի լինի, միայն բարի կարող է լինել։

Իսկ Շարիկը մտածեց, մտածեց ու ոչ մի բան չկարողացավ գտնել։ Եվ որոշեց․

— Ես էլ կգրեմ այն, ինչ կանցնի մտքովս։

Եվ նրա մտքով անցավ «թեյնիկ» բառը։ Նա այդպես էլ գրեց ու շատ գոհ մնաց։ Նրան դուր եկավ այդ անունը՝ Թեյնիկ։ Ինչ֊որ ազնիվ բան կար դրա մեջ, իսպանակա՜ն։ Ու երբ սկսեցին գլխարկից անունները հանել, հենց «Թեյնիկն» էլ դուրս քաշեցին։ Կատուն նույնիսկ հոգոց հանեց․ ա՜յ թե անուն է, հա՜։ Միեւնույն է, թե նրա անունը Կաթսա կամ Թավա դնեիր։ Քիչ մնա փլավքամիչ կասես։

— Դո՞ւ ինչ անուն ես մտածել, Քեռի Ֆեոդոր,— հարցնում է Շարիկը։

— Գավրյուշա։

— Իսկ ես՝ Սրընթաց։

— Ինձ Գավրյուշան է դուր գալիս,— հանկարծ ասում է Շարիկը։— Թող նրա անունը Գավրյուշա լինի։ Ես շտապելուց Թեյնիկ գրեցի։

Կատուն համաձայնում է։

— Թող Գավրյուշա լինի։ Շատ լավ անուն է։ Հազվադեպ։

Ու այդպես հորթուկը դարձավ Գավրյուշա։ Այդ ժամանակ մի հետաքրքիր խոսակցություն սկսվեց։ Այն մասին, թե հորթուկն ումն է։ Չէ՞ որ կովը վարձով էին բերել։ Քեռի Ֆեոդորն ասում է․

— Կովը պետական է։ Նշանակում է հորթուկն էլ է պետական։

Իսկ կատուն համաձայն չէ։

— Կովը իսկապես պետական է։ Բայց այն ամենը, ինչ֊որ նա տալիս է՝ կաթ կամ հորթուկ, մերն է։ Դե, Քեռի Ֆեոդոր, ինքդ ասա։ Ա՛յ եթե սառնարան վարձած լինեինք, ո՞ւմը կլիներ։

— Պետական։

— Ճիշտ է, իսկ սառույցը, որ նա արտադրում է, ո՞ւմն է։

— Սառույցը մերն է։ Մենք նրան հենց սառույցի համար ենք վերցնում։

— Այստեղ էլ այդպես պետք է լինի։ Բոլորը, ինչ կովը տալիս է, մեզ է պատկանում։ Դրա համար էլ, վերցրել ենք նրան։

— Բայց մենք մի կով ենք վերցրել։ Իսկ հիմա երկուսն է դարձել։ Եթե կովը մերը չի, նշանակում է հորթուկն էլ մերը չի։

Մատրոսկինը նույնիսկ բարկացավ։

— Վերցրե՜լ ենք։ Բայց վերցրել ենք անդորրագրով։— Ու անդորրագիրը բերեց։— Ահա՛, տեսեք, թե ինչ է գրված․ «Կով։ Շիկամազ։ Մեկ հատ»։ Հորթուկի մասին ոչինչ գրված չէ։ Եվ քանի որ կովը վերցրել ենք անդորրագրով, անդորրագրով էլ կվերադարձնենք՝ մեկ հատ։

Այստեղ Շարիկը մեջ ընկավ․

— Չեմ հասկանում, թե ինչու եք վիճում։ Չէ՞ որ դու ուզում էիր կովը գնել, Մատրոսկին։ Եթե քեզ դուր գար։ Դե գնիր։ Հորթուկն էլ կմնա մեզ։

— Ես իմ Մուռկայից ոչ մի դեպքում չեմ բաժանվի,— ասում է կատուն։— Անպայման կգնեմ։ Դա հենց այնպես կսզբունքի համար էի վիճում։ Որովհետեւ Քեռի Ֆեոդորը իրավացի չէր։

Մինչ նրանք վիճում էին, հորթուկը ժամանակն անտեղի չկորցրեց։ Կերավ Քեռի Ֆեոդորի երկու թաշկինակը։ Նա սեւուկ էր, իսկ մայրիկը՝ շիկամազ։ Բայց բնավորությամբ մորն էր քաշել․ ինչ պատահեր՝ ուտում էր։

Գլուխ տասնյոթերորդ — Զրույց պրոֆեսոր Սյոմինի հետ

Գավրյուշա հորթուկի հայտնվելուց հետո տնտեսության մեջ գործերն ավելի շատացան։

Եվ այդ ժամանակ Քեռի Ֆեոդորը հասկացավ, որ ինքը առանց Մատրոսկինի օգնության կորած է։ Լավն այն է, գլուխն առնի ու գնա ծնողների մոտ։ Ու որոշեց խոսել պրոֆեսոր Սյոմինի հետ։

Նա հագավ ամենալավ բլուզը, ամենալավ շալվարը, սանրվեց ինչպես հարկն է ու գնաց։

Ահա նա հասավ պրոֆեսորի ամառանոցին ու զանգ տվեց։ Անմիջապես դուռը բացեց փոշեծծիչը ձեռքին մի տատիկ․

— Ի՞նչ ես ուզում, տղա։

— Ուզում եմ պրոֆեսորի հետ խոսել։

— Լավ, ներս արի,— ասաց տատիկը։— Միայն թե ոտքերդ մաքրիր։

Քեռի Ֆեոդորը ներս մտավ եւ ապշեց այն բանից, թե որքան մաքուր էր շուրջը։ Ամեն ինչ փայլում էր, ինչպես քաղաքի բնակարանում։ Չորս կողմը գրքերով լի պահարաններ էին, բազկաթոռներ ու աթոռներ։ Խոհանոցն էլ ամբողջապես սպիտակ էր։

Տատիկը Քեռի Ֆեոդորի ձեռքից բռնեց ու տարավ պրոֆեսորի սենյակը։

— Ահա,— ասաց նա,— քեզ մոտ է եկել այս երիտասարդը, Վանյա։

Պրոֆեսորը գլուխը բարձրացրեց սեղանից ու ասաց․

— Բարեւ, տղա, ինչո՞ւ ես եկել։

— Ուզում եմ կատվի մասին հարցնել։

— Ի՞նչ պիտի հարցնես կատվի մասին։

— Ենթադրենք դուք մի կատու եք ունեցել,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Իսկ հիմա նա ապրում է ուրիշ տեղ եւ չի ուզում գալ ձեզ մոտ։ Դուք կարո՞ղ եք նրան վերցնել, թե ոչ։

— Ոչ,— պատասխանում է պրոֆեսորը։— Եթե նա չի ուզում գալ ինձ մոտ, ինչպե՞ս վերցնեմ։ Դա ճիշտ չի լինի։ Իսկ ո՞ր կատվի մասին եք ասում։

— Մատրոսկինի։ Նա առաջ ձեզ մոտ է ապրել։ Իսկ հիմա ինձ մոտ է։

— Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ նա չի ուզում ինձ մոտ գալ։

— Ինքն է ինձ ասել։

Պրոֆեսորը վեր թռավ տեղից։

— Ո՞վ է ասել։

— Կատու Մատրոսկինը։

— Լսեցեք, երիտասարդ,— զարմացավ պրոֆեսորը,— այդ որտե՞ղ եք տեսել, որ կատուն խոսի։

— Իմ տանը։

— Չի՛ կարող պատահել,— ասում է պրոֆեսոր Սյոմինը։— Իմ ամբողջ կյանքում կենդանիների լեզուներ եմ ուսումնասիրել եւ ինքս էլ գրեթե կատվերեն մի քիչ գիտեմ, բայց խոսող կատու երբեք չեմ տեսել։ Չե՞ք կարող ինձ նրա հետ ծանոթացնել։

— Իսկ դուք նրան չե՞ք վերցնի։ Չէ՞ որ ձեր կատուն է։

— Ոչ, ոչ։ Չեմ վերցնի։ Գիտե՞ք ինչ, դուք ինձ հյուր եկեք այդ կատվի հետ միասին։ Ճաշելու։ Այսօր ես շատ համեղ ապուր ունեմ։

Քեռի Ֆեոդորը գնաց կատվին կանչելու։ Նա ուզում էր Շարիկին էլ հրավիրել, բայց Շարիկը կտրականապես հրաժարվեց․

— Ես սեղանի մոտ նստել էլ չգիտեմ եւ ընդհանրապես վախենում եմ ու ամաչում։

— Ինչի՞ց ես վախենում։

— Վախենում եմ, որ ինձ վերցնեն։

— Խենթո՜ւկ։ Ախր նա ասաց, որ եթե կենդանին չի ուզում, ուրեմն չի կարելի վերցնել։

— Նա կատուների մասին է ասել։ Իսկ շների մասին դեռ հայտնի չի։ Ավելի լավ է մնամ տանը եւ լուսանկարները երեկակեմ։

Ու գնացին երկուսով՝ Քեռի Ֆեոդորն ու Մատրոսկինը։

Երբ տեղ հասան, նրանց համար արդեն սեղան էր բացված։ Հրաշալի սեղան էր։ Ե՛վ պատառաքաղներ կային, ե՛ւ գդալներ, ե՛ւ հաց, ե՛ւ ապուրն էլ իսկապես շատ համեղ էր՝ կաթնասերով բորշչ էր։ Պրոֆեսորն անընդհատ խոսում էր կատվի հետ։ Նա հարցրեց․

— Ա՛յ, ես ուզում եմ ճշտել։ Կատուների լեզվով ինչպե՞ս կասեն․ «Չմոտենաք ինձ, ես ձեզ կճանկռեմ»։

Մատրոսկինը պատասխանեց․

— Դա ոչ թե լեզվով կլինի, այլ՝ ճանկերով։ Հարկավոր է մեջքը ուռցնել, աջ թաթը բարձրացնել ու ճանկերն արձակել․

— Իսկ եթե «շշշշշշշշ» ավելացնե՞նք,— հարցրեց պրոֆեսորը։

— Այդ դեպքում,— պատասխանեց կատուն,— դա կատվերեն հայհոյանք դուրս կգա։ Մոտավորապես այսպես․ «Չմոտենաք ինձ, ես ձեզ կճանկռեմ։ Ավելի լավ է, կորեք շան տատիկի ծոցը»։

Եվ պրոֆեսորը նրա բոլոր ասածները գրի էր առնում։ Իսկ հետո շատ կոնֆետ նվիրեց եւ կատվի համար մի բանկա կաթնասեր։

— Այո,— ասում է պրոֆեսորը,— ես ոչ թե կատու, այլ ոսկի եմ ունեցել։ Չեմ իմացել։ Թե չէ վաղուց ակադեմիկով դարձած կլինեի։

Նա Քեռի Ֆեոդորին նվիրեց նաեւ գազանների լեզվի մասին գրած իր գիրքը ու նրան միշտ իր մոտ էր հրավիրում։ Ինքն էլ խոստացավ այցելել։ Ընդհանրապես նա շատ լավ մարդ դուրս եկավ։ Եվ այդ օրվանից կատու Մատրոսկինը դուրս եկավ ընդհատակից ու այլեւս ամեն դատարկ բան պատճառով վառարանից իրեն հատակի տակ չէր նետում։

Գլուխ տասնութերորդ — Փոստատար Պեչկինի նամակը

Հայրիկն ու մայրիկը շատ էին կարոտել Քեռի Ֆեոդորին։ Նրանց համար կյանքն անիմաստ էր դարձել։ Առաջ ժամանակ էլ չէին ունենում նրանով զբաղվելու․ տնտեսության հոգսերը, հեռուստացույցը, երեկոյան թերթերը խլում էին ամբողջ ժամանակը։ Իսկ հիմա այնքան ազատ ժամանակ էին ունենում, որ երկու Քեռի Ֆեոդորի էլ կբավականացներ։ Չգիտեին, թե որտեղ վատնեն այդ ժամանակը։ Շարունակ Քեռի Ֆեոդորից էին խոսում եւ փոստարկղը ստուգում՝ Պրոստոկվաշինո գյուղից արդյոք նամակ չկա՞։

Մայրիկն ասում է․

— Հիմա ես շատ բան հասկացա։ Եթե Քեռի Ֆեոդորին գտնենք, նրա համար մի դայակ եմ վարձելու։ Որպեսզի ոչ մի քայլ երեխայից չհեռանա։ Այդ դեպքում Քեռի Ֆեոդորը ոչ մի տեղ էլ չի փախչի։

— Բոլորովին էլ ճիշտ չես անի,— ասում է հայրիկը։— Չէ՞ որ նա տղա է։ Նրան ընկերներ են պետք, ձեղնահարկ, տարբեր տեսակի հոլիկներ։ Իսկ դու ուզում ես նրան փափկասյուն օրիորդ դարձնել։

— Ոչ թե փափկասյուն, այլ փափկասո՛ւն։

— Թող թեկուզ փափկանուշ լինի,— բղավում է հայրիկը։— Չէ՞ որ նա տղա է։ Հիմա նույնիսկ աղջիկներն են աշխույժ ու չարաճճի։ Մանկապարտեզի մոտով անցա այն պահին, երբ երեխաներին քնեցնում էին։ Այնպես էին ցատկոտում մահճակալների վրա, քիչ էր մնում առաստաղին հասնեին։ Ոնց որ ծղրիդներ։ Ծուլ էին լինում շալվարների միջից։ Նույնիսկ ես ցատկոտելու ցանկություն զգացի։

— Դե ցատկիր, ցատկիր,— ասում է մայրիկը։— Ցատկիր մինչեւ առաստաղ։ Ծուլ եկ շալվարիդ միջից։ Միայն թե ես թույլ չեմ տա, որ իմ տղային փչացնես։ Եվ ոչ շուն կմտնի մեր տուն, ոչ էլ կատու։ Ծայրահեղ դեպքում միայն կրիա կհանդուրժեմ, այն էլ տուփի մեջ։

Եվ ամեն օր նրանք խոսում էին այսպես։ Մայրիկն ավելի ու ավելի էր խստանում։ Որոշել էր ոչ հայրիկին, ոչ էլ Քեռի Ֆեոդորին ազատություն չտալ։ Բայց ահա փոստատարներից սկսեցին նամակներ ստացվել։ Նախ՝ մեկը։ Հետո՝ մի հատ էլ։ Հետո՝ միանգամից տասը հատ։ Բայց լավ նորություններ չկային։ Նամակների բովանդակությունն այսպիսին էր․

«Բարեւ ձեզ, հայրիկ ու մայրիկ։

Գրում է Պրոստոկվաշինո գյուղի փոստատարը։ Իմ անունն է Վիլկին Վասիլի Պետրովիչ։ Ես լավ եմ աշխատում։

Դուք հարցնում եք, թե մեր գյուղում Քեռի Ֆեոդոր անունով տղա չկա՞ արդյոք։ Պատասխանում ենք․ այդպիսի տղա մեզ մոտ չկա։

Կա մի մարդ, անունը՝ Ֆեոդոր Ֆեոդորովիչ։ Բայց նա պապիկ է, ոչ թե տղա։ Եվ, հավանաբար, նա ձեզ պետք չէ։

Մեր կողմերում լավ է եւ ազատ տարածություն էլ շատ կա։ Եկեք մեզ մոտ ապրելու եւ աշխատելու։

Ողջույն ձեզ բոլոր պրոստոկվաշինցիներից։

Մեծագույն ողջույններով՝ փոստատար Վիլկին»։

Կամ էլ այսպիսին․

«Հարգելի հայրիկ ու մայրիկ։

Գրում եք, որ տնից հեռացել է ձեր քեռին։ Ի՞նչ անենք Բայց ի՞նչ գործ ունի էստեղ տղան։ Գուցե նա հեռացել է, երբ տղա՞ է եղել, իսկ հիմա մեծացել ու քեռի՞ է դարձել։ Այդ դեպքում չեմ հասկանում, թե նվերներն ում համար են։

Գրեք ինձ ու պառավիս, որ իմանանք։ Միայն թե շուտ, թե չէ մենք հանգստյան տուն ենք գնալու։ Շատ ենք ուզում իմանալ այդ հանելուկային գաղտնիքի պատասխանը։

Փոստատար Լոժկին եւ իր պառավ կին»։

Շատ կային տարբեր տիպի նամակներ, բայց այն, ինչ որ պետք էր, չկար։

Մայրիկն ասում է․

— Վերջը Քեռի Ֆեոդորին չենք գտնելու։ Արդեն քսանմեկ նամակ է եկել, իսկ նրա մասին ոչ մի խոսք չկա։

Հայրիկը նրան հանգստացնում է․

— Ոչինչ, ոչինչ։ Կսպասենք քսաներկուերորդին։

Եվ ահա եկավ քսաներկուերորդը։ Մայրիկը բացում է նամակն ու աչքերին չի հավատում։

«Բարեւ ձեյ, հայրիկ ու մայրիկ։

Գրում է փոստատար Պեչկինը Պրոստոկվաշինո գյուղից։ Դուք հարցնում եք Քեռի Ֆեոդոր անունով տղայի մասին։ Նրա մասին դուք հայտարարություն էլ էիք տպել թերթում։ Այդ տղան ապրում է մեզ մոտ։ Վերջերս գնացի նար տուն՝ ստուգելու, թե բոլո՞ր սալօջախներն են արդյոք անջատված, իսկ նրա կովը այնպես հարու տվեց ինձ, որ ստիպված ծառը բարձրացա։

Հետո էլ նրա տանը թեյ խմեցի եւ աննկատելիորեն մի կոճակ կտրեցի նրա բաճկոնից։ Տեսեք, արդյո՞ք ձեր կոճակն է։ Եթե կոճակը ձերն է, ուրեմն տղան էլ է ձերը»։

Մայրիկը ծրարից հանում է կոճակը եւ ճչում․

— Սա իմ կոճակն է։ Ես ինքս եմ կարել Քեռի Ֆեոդորի բաճկոնին։

Հայրիկն էլ մի կողմից է բղավում․

— Ուռա՜։

Եվ ուրախությունից մայրիկին գրկում ու վեր֊վեր է նետում։ Այդ պահին ակնոցն ընկնում է աչքերից, ու նա չի տեսնում մայրիկին, որպեսզի բռնի։ Լավ է, որ մայրիկը բազմոցի վրա է ընկնում, թե չէ հայրիկը նրա ձեռքից չէր պրծնի։

Եվ մայրիկը շարունակում է կարդալ․

— «Ձեր տղայի գործերը շատ լավ են։ Ե՛վ տրակտոր ունի, ե՛ւ կով։ Զանազան կենդանիներ է պահում։ Մի շատ խորամանկ կատու էլ ունի։ Այդ կատվի պատճառով ես մեկուսարան ընկա․ ինձ այնպիսի կաթ էր հյուրասիրել, որից գժվում են։

Կարող եք գալ ձեր տղայի հետեւից, քանի որ նա ոչինչ չգիտի։ Ես էլ նրան ոչինչ չեմ ասի։ Բայց հետներդ մի հեծանիվ բերեք, որ ես նստեմ ու նամակներ բաժանեմ։ Նոր շալվարից էլ չէի հրաժարվի։

Ցտեսություն։ Մոժայսկի շրջանի Պրոստոկվաշինո գյուղի փոստատար՝ Պեչկին»։

Նամակն ստանալուց հետո հայրիկն ու մայրիկը պատրաստվում են ճամփա ընկնել, իսկ Քեռի Ֆեոդորը ոչինչ չգիտեր։