Ֆինանսական ճգնաժամ

Գրապահարան-ից
Ֆինանսական ճգնաժամ

հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ
թարգմանիչ՝ Ռոզա Պետրոսյան, Գուրգեն Գալստյան
աղբյուր՝ «Շաֆրանեկի-ժառանգությունը»


Տասնհինգ տարի «Պրոխազկա և ընկ․» բանկային գրասենյակում ծառայող ծեր Շիման վերջապես այնքան քաջությու ունեցոավ, որ սիրտ արեց թակել բանկիր Պրոխազկայի առանձնասենյակի դուռը՝ խնդրելու, որպեսզի նոր տարվանից իր ռոճիկն ավելացվեր քսան կրոնով։

Եվ ահա Շիման նստած է պարոն Պրոխազկայի դիմաց, որովհետև սա, խնդրանքը լսելով, գլխի շարժումով ցույց տվեց աթոռը։ Շեֆը քայլեց առանձնասենյակում և, ձեռքերը թափահարելով, ասաց․

― Ես կարող էի անմիջապես ձեզ դուրս շպրտել նման լկտի խնդրանքից հետո, բայց տրամադրությանս տակ կես ժամ ունեմ և ուզում եմ՝ անկեղծ խոսել։ Դուք ուզում եք, որ ձեր ամսեկան ռոճիկն ավելացնեմ քսան կրոնով, այսինքն, տարեկան՝ երկու հարյուր քառասուն կրոնով։ Եվ նման բան համարձակվում եք խնդրել այնպիսի մի ժամանակ, երբ դրամային շուկայի գլխավերևում կախված է համընդահնուր ֆինանսական ճգնաժամի դամոկլեսյան սուրը։ Ձեզ մի՞թե հայտնի չէ, որ Ալպին֊Մոնտանի արժեթղթերի գինն ընկել է՝ 772֊ից հասնելով 759,00֊ի, իսկ Բեդրիժխովի գործարանների արժեթղթերը ոչ թե 940 են, այլ 938։ Ջբրոեվկայի արժեթղթերը նույնպես գլորվում են ներքև, սիրելի Շիմա։ Դրանց արժեքը նվազել է՝ 728֊ից հասնելով 716,40֊ի։ Այս բոլորը, իսկապես սարսափելի է, իսկ դուք քսան կրոնի հավելում եք ուզում։

Պրոխազկան թափահարեց ձեռքերն ու հուզված շարունակեց․

― Արժեթղթերը բորսայում հաստատուն չեն։ Նույնիսկ՝ դրանցից ամենահուսալին՝ ավստրիական վարկային բանկի արժեթուղթը։ Արդյունքն այն է, որ 664,90֊ի փոխարեն սա հինգ կրոն պակաս է արժենշվում։ Տրանսպորտային ընկերությունների արժեթղթերով գրանցվում են միայն մանր գործարքները, պետական ճանապարհների արժեթղթերը ընկել են ամբողջ քսան կրոնով։ Հունգարայի կառավարությանը չհաջողվեց Ֆրանսիայից հարյուր միլիոն փոխառություն ստանալ, իսկ դուք քսան կրանի հավելում եք պահանջում։ Գերմանիան որոշել է վաճառել մետալուրգիական գործարանները, խոսակցություններ կան ավստրիական պետական կալվածքների վաճառելու մասին, իսկ դուք գալիս եք ինձ մոտ, կարծես խոսքը որևէ պատշաճ բանի մասին լինի, և ասում․ «Ես տասնհինգ տարի ձեզ եմ ծառայում ազնվորեն ու հավատարմորեն, պարոն շեֆ, և, հաշվի առնելով իմ ֆինանսական դժվարությունները, համընդհանուր թանկությունը, տասը երեխաներս և ծակ կոշիկներս, համարձակվում եմ խնդրել, որ իմ ամսեկան ռոճիկը բարձրացնեք քսան կրոնով»։

Խեղճ մարդ, դուք էլ չգիտեք, թե որքան իրավացի եք․ ֆինանասական դժվարությունները իսկապես վտանգավոր բնույթ են ստացել։ Հարավային ճանապարհի արժեթղթերը նվազել են ամբողջ հինգ կրոնով, իսկ ես դրանցից ունեմ․․․․ ասենք, ես չէ որ ձեզ պիտի հայտնեմ այդ մասին, բարեկամս։ Մի մոռացեք, նույնիսկ Բուշտեգրադի երկաթուղու արժեթղթերը լուրջ շահույթ չեն խոստանում։ Բուշտեգրադի երկաթուղու Ա լիտերի կուրսն 2515-ից ընկել է մինչև 2462, իսկ Բ լիտերինը՝ 1004-ից մինչև 976։ Ուրեմն, ձեր արածը, աղավնայկս, գժություն է, երբ հավելում եք պահանջում։ Ախր, դա ուղղակի խելագարություն է։ Մտեք Պրագայի բորսա։ Ի՜նչ հարստություն է վաճառվում, բայց գի՞նը։ Ոչ մի պահանջարկ չկա։ Բոլոր արժեթղթերի կուրսը գլորվում է ցած։ Հաստատուն թղթեր չկան։ Վարկային բանկի արժեթղթերը, որոնցով առաջ գործարքներ էին կնքվում 760֊ով, հիմա արժենշվում են 750,75֊ով։ Սրա մասին ի՞նչ կասեք, հը։ իսկ դուք, իմ վաղեմի բարեկամ, հավելում եք դեռ պահանջում։ Իսկ դուք համառորեն պահանջում եք, որ ձեր խնդրանքը բավարարվի, չնայած այն բանին, որ նույնիսկ Շվեյցարիայի կառաավությունը իրեն օդի պես անհրաժեշտ երկու միլիոն փոխառությունը ստանալու հույս չի կարող ունենալ։ Բորսայի տեղեկագրությունները վկայում են մոտալոտ ճգնաժամի մասին, և կարելի է ցնդել այս տարվա հաշվեկշռի պատճառով։ Ռումինիան, Թուրքիան, Բուլղարիան, Հունաստանը մի գրոշ անագմ վարկ չեն կարող ստանալ, իսկ դուք ուզում եք, որ ես ձեր աշխատավարձն ավելացնեմ։

Իսպանիան, Պորտուգալիան և Իտալիան ոչ մի տեղ չեն կարող վարկ տալ։ «Ֆրանս֊ֆրեր» բանկիրական տունը Լիոնում Մարոկոյի կոնֆլիկտի հետևանքով հարյուր հիսուն միլիոնի վնաս է կրել, իսկ ձեր բոլորովին էլ վեջը չէ, քանի որ գալիս եք և ասում․ «Պարոն շեֆ, խնդրում եմ՝ աշխատավարձս ավելացնեք քսան կրոնով»։ Իմ բարեկամ, դուք գիտե՞ք, որ խոսում են Ռոսիցկու ածխահանքերի ու Բեդրժիխովսկու գործարանների միանալու մասին։ Իսկ դուք գիտե՞ք, որ «Աննա֊Մարիա» հանքավայրի փայաբաժնի վաճառելը տարեկան շրջանառությունը նվազեցնելու է քսան հազարով։ Ոչ մի տեղ բորսային սպեկուլյացիա անելու հնարավորություն չկա։ Գնեք Պոդոլսկի ցեմենտի գործարանի արժեթղթերից և կտեսնեք, թե ինչ օրն եք ընկնելու։ Եվ փորձեք դրանցով բորսա մտնել․ ըհը, դուք օրորում եք ձեր գլուխը՝ չեք մտնի։ Առայժմ հաստատուն է Կոլինի արհեստական պարարտանյութերի գործարանի արժեթղթերի կուրսը․ դրանց համար հիմա պիտի 379 վճարեք, իսկ ես գնել եմ 382֊ով, հետևաբար յուրաքանչյուրի մեջ երեք կրոն եմ կորցրել։ Դուք պարզապես զարմացնում եք ինձ, բարեկամաս։ Նստել եք կոճղի նման։ Գրողը տանի ձեզ՝ շաքարի ընկերությունների հետ։ Վստահեցնում եմ՝ նրանք երերուն կուրս ունեն, թեկուզ մեջտեղից երկու կես լինես, միևնույն է՝ դրանց համար 266,50-ից ավելի չես ստանա։ Ինչպես Կոլբենի գործարանի արժեթղթերը, դրանք նույնպես ոչ ոք սիրտ չի անի ինձ առաջարկել։ Հավատացնում եմ ձեզ։ Այդպիսի մարդուն դուրս կշպրտեմ։ Իսկ գիտե՞ք, որ Վինենբերգի շինարարական կազմեկոպությունը սնանկացման եզիկն է, որ Լյուբլանայի վիճակախաղի տոմսերի գինն ընկել է։ Իսկ գիտե՞ք, որ ամերիկյան միլիարդատեր Բրաունը ինքնասպանություն է գործել։ Ատրճանակով։ Իսկ գիտեք, որ ֆինանասիստներ Մյուլլերը, Սկալատը, Կովները, Հյուբները ինքսպան են եղել, որ Ռեշեն, Կինեն, Մենը, Բյուլեխարը կախվել են, որ Կարելտը, Մորիսոնը, Կոմոտը և բանկիր Համերլը իրնեց գործակիցների հետ ջուրն են նետվել ու խեղդվել։ Իսկ դուք գիտե՞ք, որ չորս կողմը սնանկանում են ու սնանկանում, որ վառվում են Ալյասկայի քարածխի հանքախորշերը և դրանցից մեկի մեջ է իրենց գցել ամերիկյան քարածխի արքան։ Իսկ գիտեք, որ Ուրալի ծծմբի հանքաշերտերը ոչնչացել են երկրաշարժի հետևանքով, որ Զալցբուրգի երկաթգծի ու տրամվայի ընկերությունը սնանկացել է։ Ոչ, դուք այդ բոլորը չգիտեք, թե չէ ինձանից քսան կրոնի հավելում չէիք խնդրի․․․

Բանկիր Խրոխազկան թփթփացրեց անշարժ նստած Շիմայի ուսին, իսկ սա գլորվեց հատակին․ խեղճի վերջույթները սկսել էին սառչել։

Ֆինանսական այդ բոլոր ողբերգություններից նրա սիրտը պայթել էր։