Ամառ առանց այգաբացի - Գլուխ 1

Գրապահարան-ից
09:58, 21 Հուլիսի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Նախաբան Ամառ առանց այգաբացի - Գլուխ 2 ▶


Վարդան Պալյանն ամբողջ գիշեր չէր կարողացել քնել։ Ժամը հինգին նա վեր կացավ ջանալով չարթնացնել կնոջը՝ Մարոյին։ Տնային զգեստը հագնելով, նա գնաց իր աշխատասենյակը։

Նախօրեին սուրհանդակը հրապարակել էր Սվասի հայերի տեղահանության հրամանը։ Վարդանը, որ աշխատում էր քաղաքից դուրս գտնվող հոսպիտալում, չէր լսել սուրհանդակին, սակայն աշխատանքից տուն վերադառնալիս տեսել էր խաչմերուկներում փակցված հայտարարությունները։ Ոչ մի ժամկետ նշված չէր։ Հայերը պետք է նախապատրաստվեին հեռանալուն և սպասեին։ Այդ ընթացքում նրանք իրավունք չունեին առևտրով զբաղվելու, և նրանց արգելվում էր վաճառել իրենց ունեցվածքը։ Քանի որ Վարդանը ծառայում էր օսմանյան բանակում որպես պահեստազորի բժիշկ-սպա և ուներ մայորի աստիճան, ապա պաշտոնյաների կողմից «տեղահանություն» կոչված միջոցառումը չէր կարող տարածվել նրա և նրա ընտանիքի վրա։ Սակայն իր ժողովրդի պատմությունը հարուստ էր այնպիսի դեպքերով, որոնք Վարդանին դրդում էին զգուշանալու։

Բազմաթիվ նախանշաններ կային, որոնք ստիպում էին Վարդանին մտածելու վատթարագույնի մասին։ Նախ, օսմանյան բանակի հայ զինվորներին զինաթափել էին, նրանք խրամատներ էին փորում կամ զինամթերք տեղափոխում, բացի դրանից բոլոր քրիստոնյաները պարտավոր էին հանձնել իրենց զենքը իշխանություններին՝ նույնիսկ որսորդական հրացանները։ Հիմա էլ տեղահանություն դեպի ռազմական գործողություններից հեռու ընկած շրջաններ... Մինչդեռ ռուսական ճակատը մոտ չէր, մի քանի հարյուր կիլոմետր։ Վարդանը շատ լավ էր ճանաչում Կոստանդնուպոլսի կառավարության անդամներին և գիտեր, թե ինչ կարելի էր սպասել նրանցից։ Եվ հենց դրանից էլ կորցրել էր քունը։

Սենյակը, որի պատերին քարտեզներ էին փակցված, ուր կանգնած էին քիմիական նյութեր պարունակով պահարաններ և գրքերով ծանրաբեռնված գրադարակներ, թաղված էր մթության մեջ։ Փեղկերի արանքից ներս թափանցող արևի ճառագայթը, որի մեջ պարում էին փոշու հատիկները, ընկնում էր դրվագանախշ գրասեղանի վրա։ Վարդանը բացեց փեղկերը և աչքերը, կկոցեց։ Տան ճակատով մագլցող վարդերի բուրմունքին խառնվել էր աթարի հոտը։ Սվասի յուրաքանչյուր տուն գոմ ուներ ուր պահում էին մեկ կամ երկու կով, այծեր կամ էլ ավանակ։ Հարուստ բնակիչները՝ նաև ձիեր։ Ուստի ութսուն հազար շունչ ունեցող բնակավայրի վրա միշտ տարածվում էր գյուղի բուրմունքը, հասնելով մինչև վերին քաղաքը, ուր գտնվում էր Պալյանների տունը։

Զեփյուռը ճոճում էր շագանակենու սաղարթը, և այնտեղից լսվում էր տատրակների երգը։ Վարդանը հենվեց լուսամուտի գոգին, և զեփյուռը հովացրեց նրա մարմինը։ Գիշերը խոնավ էր և տոթ, իսկ տագնապն ու անքնությունը էլ ավելի էին սրել շոգի գգացողությունը։ Ձնհալին հետևող բուսականության գարթոնքի կարճատև ժամանակաշրջանն ավարտվել էր, և Անատոլիայում սկսվել էր սովորական երաշտը։ Բացառությամբ կարճատև և հորդառատ անձրևների՝ մինչև աշուն այլևս տեղումներ չէին լինելու։ Արևը խանձելու էր բուսականությունը, չորացնելու էր հողը և դժվարացնելու էր մարդկանց ու կենդանիների կյանքը։

Վարդանը երեսունութ տարեկան էր, սակայն իր տարիքից երիտասարդ էր երևում։ Նրա առնական դեմքը բոլորվում էր ուղղահայաց փոսիկով կամային կզակով։ Դեմքը հարթ էր ե միայն աչքերի անկյուններում նշմարվում էին մանր կնճիռներ, որոնք գոյացել էին աչքերը կկոցելու սովորությունից։ Նրա քունքերին հատ ու կենտ ճերմակած մազեր կային, որոնց մասին գիտեր միայն նրա կինը, քանի որ նա վարպետորեն դրանք թաքցնում էր սանրվելիս։ Վարդանը խնամված արտաքին ուներ, միշտ սափրված էր, իսկ բարակ բեղերը կոկիկ հարդարված էին։ Նա բարձրահասակ էր՝ հարյուր ութսուներկու սանտիմետր, իսկ դա ավելի էր, քան անատոլիացի տղամարդկանց միջին հասակը։ Նրա մարզված մարմինը ուշադրություն էր գրավում ամբոխի մեջ, մանավանդ որ կրում էր եվրոպական հագուստ և ազնվատոհմ պարոնի կեցվածք ուներ։ Այս երկրում ինքնավստահությունը հարգանք էր ներշնչում, իսկ Վարդանը դրա պակասը չէր զգում։

Մինարեթների կատարներից սրբազան կանչն արտաբերող մուեզզինների ձայները միմյանց էին խառնվում։ Մահմեդականների ամենօրյա հինգ աղոթքներից առաջինը սկսելու կանչը, արձագանքելով, ներդաշնակ երգ էր դառնում։ Մուեզզինների կանչին հետևած լռությունը երկար չտևեց, քանի որ հայկական վանքի զանգերն ազդարարեցին առավոտյան ժամերգությունը։ Սվասն անկասկած վերջին բնակավայրն էր Անատոլիայում, ուր մահմեդականներն ու քրիստոնյաները միաժամանակ ծնկի էին իջնում Աստծուն աղոթելու համար։ Այլուր զանգերը լռել էին, և հնչում էր միայն մահվան ղողանջը։

Մոտակայքում լսվեց բացվող փեղկերի աղմուկը։ Այդ գիշեր Սվասում և մերձակայքում ապրող հայերից քչերն էին կարողացել քնել։ Ծերերը հիշում էին 1894թ. Աբդուլ Համիդ II սուլթանի կազմակերպած ջարդերը։ Ասում էին, որ ջարդերին զոհ Էր գնացել մոտ երեք հարյուր հազար մարդ և դա էր պատճառը, որ սուլթանին տվել էին «Կարմիր սուլթան» մականունը։ Վարդանն այդ ժամանակ տասնյոթ տարեկան Էր։ Պալյանների ընտանիքը չէր տուժել, սակայն պաշարման այն զգացողությունը, որի մեջ նրանք ապրում էին, խորը տպավորություն էր թողել Վարդանի վրա, և այդ իրադարձությունները փոխել էին նրա կյանքի ընթացքը։ Նրա հայրը՝ Թովմասը, որն իր արտաքինով, իսկ երբեմն նաև վարքագծով ցուլի էր նմանվում, արդար և մեծահոգի մարդ էր, և նրան հարգում էին նրա մահմեդական հարևանները։ Նա միևնույն ժամանակ շատ զգուշավոր էր։ Դեռևս այն ժամանակ, երբ ոչինչ չէր կանխագուշակում Անատոլիայի սրտում տեղադրված Աֆիոն-Կարահիսարում տեղի ունենալիք իրադարձությունները, նա իր ընտանեկան կալվածքը, որտեղ ափիոն էին մշակում, իսկական ամրոց էր դարձրել։ Նա վարձել էր շուրջ վաթսուն քուրդ բանվոր, հատկացրել մի հողակտոր, ուր նրանք ապրում էին ընտանիքներով իրենց վրաններում, ինչպես ապրում էին քոչվոր եղած ժամանակ։ Այդ մարդիկ գերազանց ձիավորներ էին և լավ զինվորներ ու պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել Թովմաս Պալյանի համար, որին «Աղա» էին անվանում։ Երկու տարի տևած ջարդերի ընթացքում բանվորներն ապրել էին առանց զենքը վայր դնելու և պատրաստ էին պաշտպանել իրենց Աղային, նրա ընտանիքը և ունեցվածքը։

Վարդանը սիրում էր այդ պարզ և կենսուրախ մարդկանց, որոնք կարծես միշտ երջանիկ էին։ Նրանց կանայք, ի տարբերություն թրքուհիների, չէին ծածկում իրենց դեմքը և ազատորեն խոսում էին օտարների հետ։ Վարդանն ավագ եղբոր՝ Նուբարի հետ հաճախ էր լինում նրանց ճամբարում։ Իրենց ողջ մանկության ընթացքում նրանք խաղացել էին այդ բանվորների երեխաների հետ, աշխատել էին նրանց կողքին ափիոնի դաշտերում։ Տղամարդիկ հողն էին վարում և կակաչը ցանում, սակայն երբ գալիս էր բերքահավաքի ժամանակը, բոլորը պետք է գործի անցնեին։ Այդ աշխատանքը համբերություն և ջանասիրության էր պահանջում։ Կակաչի ծաղկաթերթերը թափվելուն պես, նրանք կանաչ սերմնատուփերի վրա կտրվածքներ էին անում, որտեղից կաթնագույն հյութ էր դուրս հոսում և մգանալով թանձրանում։ Հաջորդ օրը նրանք հատուկ գդալներով քերում էին սերմնատուփերը և ափիոն էին ստանում։ Սերմնատուփերը քերելիս դրանցից նոր հնձված խոտի հոտ էր գափս։ Մեկ կիլոգրամ ափիոն ստանալու համար հազարավոր կակաչներ էին անհրաժեշտ, իսկ Պալյանները տոննաներով ափիոն էին արտահանում Եվրոպա և Միացյալ Նահանգներ, ուր դրանից բնափիոն էին ստանում բժշկական նպատակներով։

Մինչև ջարդերը Վարդանն ապրել էր բարեկեցիկ ընտանիքի երեխայի անհոգությամբ առանց մտածելու ապագայի մասին։ Նա սիրում էր գրականություն, երաժշտություն, աղջիկներ և նժույգներ։ Նրա մայրը, որը լավ երաժիշտ էր, քաջալերում էր նրա արվեստասիրությունը։ Հայրը ցանկանում էր, որ իր որդին ավելի առնական զբաղմունք ունենար, և նրան սովորեցնում էր մարդկանց կառավարել, զենք բանեցնել և ձիավարել։ Տասնվեց տարեկան հասակում Վարդանն արդեն ֆիզիկապես ձևավորվել էր որպես տղամարդ, հոյակապ ձիավարում էր և այդ գործում հավասարը չուներ իր շրջապատում։ Չնայած ձիարշավը վտանգավոր էր, հայրը նրան թույլ էր տալիս մասնակցելու այն խաղերին, որ կազմակերպում էին քրդերը աշխատանքից հետո։ Եվ չնկատելու էր տալիս աղախինների հետ իր որդու ունեցած արկածները։

1894 թ. իրադարձությունները դաժան հարված հասցրեցին պատանի Վարդանին։ Նա հասկացավ, որ բարի համարումը և հարստությունը չէին կարող երաշխավորել անվտանգությունը։ Ազնվությունն ու մեծահոգությունը չէին պաշտպանում անարդարությունից։ Գերագույն մի ատյան տնօրինում էր մարդկային կյանքերը, և այդ ատյանը Աստվածը չէր, այլ քաղաքականությունը։ Վարդանը սկսում էր գիտակցել, որ բոլոր հայերը իր պես բարեկեցիկ և անհոգ կյանքով չէին ապրում, որ անարդարացի օրենքները նրանց դարձնում էին Օսմանյան կայսրության խորթ զավակները։ Նրանք հատուկ հարկեր էին վճարում, նրանց արգելվում էր վարչական պաշտոններ վարել և ծառայել բանակում։ Կար հին մի օրենք, մահմեդականն իրավունք ուներ իր թիր սրությունը ստուգել քրիստոնյայի պարանոցի վրա։ Այդ օրենքը ցուցադրում էր այն նվաստացուցիչ վերաբերմունքը, որը գոյություն ուներ սուլթանի ոչ մահմեդական հպատակների՝ գյաուրների նկատմամբ։ Բացառությամբ խոշոր քաղաքների, ուր օրենքն ինչ-որ չափով գործում էր, այլուր հայերը ենթարկվում էին պաշտոնյաների քմահաճույքներին և շորթանքներին, զրկվում էին ունեցվածքից և, չկարողանալով արդարությունը վերականգնել, հայտնվում էին ճորտի կարգավիճակում։

Վարդանի կյանքում նոր նախասիրություն հայտնվեց, դա քաղաքականությունն էր, որով նա տարվեց իրեն հատուկ կրքոտությամբ։ Տասնինը տարեկանում նա դարձել էր Օսմանյան կայսրության պատմության ու քաղաքականության, արտաքին աշխարհի, հատկապես եվրոպական տերությունների հետ նրա հարաբերությունների իսկական գիտակ։ Նա վճռել էր, որ իրավաբան էր դառնալու, ստանձնելու էր իր ժողովրդի պաշտպանությունը և փոխելու էր իրավիճակը կայսրությունում։ Թովմաս Պալյանը այլ ծրագրեր ուներ որդու ապագայի վերաբերյալ. Վարդանը պետք է դեղագործ քիմիկոս դառնար, և դա բխում էր ընտանեկան գործի շահերից։ Հայրը երազում էր ափիոնը որպես հումք վաճառելու փոխարեն դրանից բնափիոն ստանալ տեղում։ Դա շատ եկամտաբեր կլիներ և հնարավորություն կտար վերամշակել նաև այլ ագարակատերերի արտադրանքը։

Բուռն վիճաբանություննևրից հետո Վարդանը ստիպված եղավ ենթարկվել հոր կամքին և մեկնեց մայրաքաղաք՝ Հայկական կենտրոնական վարժարանում, իսկ հետո էլ Ռոբերտ Քոլերում՝ Կոստանդնուպոլսի ամերիկյան վարժարանում սովորելու, ուր կրթություն էին ստանում հայերի, հույների և հրեաների զավակները։ Նա ապրում էր իր քեռու՝ Մեսրոպ Մեսրոպյանի տանը, որը տպարան ուներ։ Նրա ավագ որդին՝ Պարգևը, ապրում Էր Նյու Յորքում, ուր նա ղեկավարում էր Պալյանների ափիոնի վաճառքի գրասենյակը։ Կրտսերը՝ Տիրանը, Վարդանի հասակակիցն Էր, և նրանք իրար հետ կապվեցին այնպես, կարծես երկվորյակ լինեին։ Տիրանը նույնպես նախորդ տարիների իրադարձությունների ազդեցության ներքո հակվել էր դեպի քաղաքական գործունեությունը։ Սակայն, ի տարբերություն Վարդանի, որը երազում էր սահմանադրական փոփոխությունների և հայերին բազմիցս խոստացված բարեփոխումների իրականացման մասին, Տիրանը զինված պայքարի ջատագովն էր։ Այդ հակասությունը չէր խանգարել նրանց ներգրավվելու նույն հայկական հեղափոխական խմբակների մեջ և մտերմանալու երիտթուրքերի շարժման իդեալիստ անդամների հետ։ Տիրանի ազդեցության տակ Վարդանը դադարեց բանաստեղծություններ գրել և նվիրվեց քաղաքական լրագրությանը։

Վարդանն ուսանում էր համալսարանում, երբ հայրը մահացավ տիֆից։ Մայրը՝ Թագուհին, մահացավ ամուսնու վախճանից երեք ամիս անց, և բժիշկը չկարողացավ ախտորոշել նրա հիվանդությունը, որդիները կռահեցին, որ մայրը մահացել էր սիրուց։ Վարդանն այլևս ստիպված չէր վերադառնալ Աֆիոն-Կարահիսար և ափիոնը բնափիոնի վերափոխել։ Նրա եղբայր Նուբարը համաձայն էր կառավարել ընտանեկան կալվածքը։ Ինչպես և Վարդանը, նա բնափիոնի մասին առանձնապես չէր էլ մտածում։ Նա իր երազանքն ուներ, որին նույնպես հայրը հակադրվել էր։ Դա իրենց հողերում բխող հանքային ջրի շշալցումն էր և վաճառքը Փոքր Ասիայի տարածքում։ Վարդանն ավարտեց ուսումը և դեղագործի պաշտոն ստանձնեց Կոստանդնուպոլսի Եդիկալեի հայկական հիվանդանոցում։ Նա բավականաչափ ազատ ժամանակ ուներ գրելու և քաղաքական հավաքներին մասնակցելու համար։ Քիչ անց նա իր դեղատունը բացեց Բերայի կենտրոնական փողոցում՝ շարունակելով լրագրությամբ զբաղվել։

Հազիվ քսան տարեկան էր, երբ արտասահմանում հրապարակվեցին նրա հոդվածները, որոնց նամակով արձագանքեց Անատոլ Ֆրանսը, և Վարդանը այդ ժամանակից ի վեր նրա հետ նամակագրական կապ էր պահպանում։ Ֆրանսիացի գրողի վերջին նամակը, ինչպես նաև անգլիական և ամերիկյան պարբերականների՝ «Հայկական հարցին» վերաբերող հոդվածների պատվերները դրված էին նրա գրասեղանին, սակայն Վարդանը չէր կարող պատասխանել նամակին և գրել այդ հոդվածները առանց թշնամիների հետ համագործակցության մեջ մեղադրվելու։ Արդեն մի քանի ամիս նրա գրողի և լրագրողի գործունեությունը կասեցված էր, և նա իրեն անկարող էր զգում օգնելու հայերին այդ ճակատագրական պահին։

Հեռվում զռում էր ավանակը։ Աքաղաղները ձայն ձայնի էին տվել քաղաքի չորս ծայրերում։ Մետաղապատ անիվները ճռնչացին փողոցի սալահատակին։ Սվասում կյանքն ընթանում էր իր հունով։ Խոհանոցից աշխատասենյակ էին հասնում կաթսաների զնգզնգոցը և զրույցի մեղմ ձայները։ Լսվեց աստիճանների ճռռոցը և ոտնաձայններ՝ աղախիններից մեկը ամանով տաք ջուր թողեց տանտիրոջ դռան մոտ։

Վարդանը մոտեցավ լուսամուտի ձախ կողմում դրված գրադարակներին և մատն անցկացրեց երեք գրքերի կռնակներով։ Այդ գրքերը նա հրատարակել էր Ժնևում քանի որ դրանց հրատարակությունը Կոստանդնուպոլսում կարգելվեր։ Երեքն էլ թարգմանվել էին ֆրանսերեն և անգլերեն։ «Քրիստոնյաների ճակատագիրը Օսմանյան կայսրությունում», «Հայկական հարց. անարդարության հիսուն տարի»։ Ինչ վերաբերում է վերջինին՝ «Ազգերի կայսրություն» գրքին, ապա այն քարոզում էր կայսրության փլուզումը և դրա փոխակերպումը ինքնավար պետությունների արդի դաշնության՝ Պաղեստին, Սիրիա, Արաբիա, Թուրքիա, Քրդստան և, իհարկե, Հայաստան։ Այս աշխատությանն որոշակի արձագանք էր ունեցել քաղաքական շրջանակներում, նույնիսկ Միացյալ Նահանգներում և Ռուսաստանամ։ Այս գրքի պատճառով Վարդանի անունը հայտնվել էր սուլթանի ոստիկանության վտանգավոր հեղափոխականների ցուցակներում։ Երիտթուրքերի Իթթիհատ՝ «Միություն և առաջադիմություն» կոմիտեին անդամակցելու և իր քաղաքական հոդվածների պատճառով Վարդանը կասկածելի տարր համարվեց և շուրջ մեկ տարի ստիպված էր թաքնվել, ապրելով ընկերների մոտ և հաճախակի փախելով հասցեն։ Այդ ժամանակ նա երեսուն տարեկան էր և նոր էր ամուսնացել։ Մարոն անտրտունջ կիսում էր նրա ճակատագիրը։ Նա ողջունում էր Վարդանի գործունեությունը և համամիտ էր, որ անհրաժեշտ էին սոցիալական փոփոխություններ։

Հետագայում, 1908 թ. երիտթուրքերի հեղափոխությունը իշխանությունից հեռացրեց Աբդուլ Համիդ II բռնակալ սուլթանին, և Վարդանը դուրս եկավ ընդհատակից։ Փոքր Ասիայում այդպիսի երջանիկ պահ երբեք չէր եղել։ Մարդիկ պարում էին Կոստանդնուպոլսի փողոցներում։ Հրեաները, թուրքերը, հույները, հայերը և մնացած բոլորը համբուրվում էին։ Բոսֆորի ափին կառուցված քաղաքի վրա նոր արշալույս էր բացվում։ Հավասարություն, եղբայրություն, հանդուրժողականություն։ Որպես Իթթիհատի անդամ՝ մի շարժում, որն ըմբոստացել էր սուլթանի դեմ խորհրդարանական կարգեր հաստատելու համար, Վարդանն ընդգրկվեց նոր կառավարության մեջ։ Ինչպես և բազմաթիվ այլ հայեր, որոնք իրավունք չունեին զինվորական կարիերա ընտրել, Վարդանը մտել էր պահեստազորի շարքերը՝ նոր իշխանությունների նկատմամբ իր վստահությունը վկայելու համար։ Եվ այդ պատճառով նա այսօր ծառայում էր օսմանյան բանակում։

Դա 1908 թ. հուլիսին էր։ Շատ շուտ վեճեր ծայր առան, տարաձայնություններ, որոնց հետևանքով երկու ճամբար գոյացան։ Մի կողմից արդիականներն էին, որոնք եվրոպականացված էին ու ազատական, և նրանց առաջնորդն էր Վարդանը, իսկ մյուս կողմից պահպանողականներն էին, որոնք բացահայտեցին օտարատյացների իրենց իրական դեմքը։ Վերջիններս Էնվերի, Թալեաթի և Ջեմալի ղեկավարությամբ պանթուրանիզմ էին քարոզում, որի նպատակն էր բոլոր քաղաքացիների թրքացումը և կայսրության տարածումը մինչև Կենտրոնական Ասիայի հարթավայրերը, ուր թուրքական ցեղեր էին ապրում։

Մի քանի ամիս տևած ներքին պայքարից հեստ ազգայնամոլները սկսեցին վերահսկել կառավարությունը, և երիտթուրքերի շարժումը վերածվեց ցուցանակի, որը քողարկում էր բռնապետության հաստատումը։ Կառավարությունից իրեն հեռացնելուց առաջ Վարդանը հրաժարական էր ներկայացրել և, զգուշությունից դրդված, լքել էր մայրաքաղաքը։ 1909 թ. ապրիլին Կիլիկիայում հարյուր հազարավոր հայերի ջարդերը ազդարարում էին նոր քաղաքականության ծնունդը։

Վարդանը մի լուսանկար հանեց քարտարանի առաջին դարակից. կառավարության խմբակային լուսանկարն էր, որի անդամն էր նաև ինքը։ Նա մոտեցավ լուսամուտին՝ դեմքերն ավելի լավ տեսնելու համար։ Առաջադիմականներից շատերն առեղծվածային կերպով անհայտացել էին, իսկ չափավորները, որոնց շարքերում էր Վարդանի բարեկամ Հալիթը, որը լուսանկարում ձեռքը դրել էր նրա ուսին, հեռացվել էին իշխանությունից։ Բանակ վերադառնալով Հալիթը հասել էր գեներալի կոչման։ Հնարավո՞ր էր, որ նա հրաժարված լիներ արդարության իր գաղափարներից։

Միայն այն միտքը, որ էնվերն ու Թալեաթն այսօր գլխավորում էին կառավարությունը, վրդովում էր Վարդանին։ Նա հշեց, թե ինչպես էր ինքը դիմադրում նրանց վերելքին։ Նա հատկապես հիշեց Թալեաթի կեղծավորությունը, իրականությունն ու փաստերը խեղաթյուրելու կարողությունը։ Այժմ նա վարչակարգի ամենաազդեցիկ մարդկանցից էր, և հայերի տեղահանությունը նրա ձեռքի գործն էր։ Վարդանը պատառոտեց ուսանկարը և գցեց մոխրամանի մեջ։ Հայացքը պտտելով սենյակով մեկ, նա մտածեց, որ ճիշտ կլիներ, եթե ոչնչացներ իր նամակագրությունը, հատկապես իր քեռորդի Տիրանի հետ, և արտասահմանյան ամսագրերում տպագրված իր հոդվածների օրինակները։

✻    ✻



Վարդանը դռան տակից վերցրեց արդեն սառած ջրի կուժը և սենյակ մտավ։ Մարոն դեռ քնած էր։ Նա ամբողջովին մերկ էր, ծածկոցը վայր էր ընկել պղնձյա ճաղերով լայն մահճակալից։ Կողքի պառկած, ծնկները ծալած, նա մեջքն արել էր դռանը։ Նրա շագանակագույն խիտ վարսերը արձակվել էին և ծածկել էին բարձն ու նրա նուրբ և սլացիկ պարանոցը։ Առավոտյան ցրված լույսն ընդգծում էր նրա բոլորակ ուսերը, լիքը կոնքը։ Նրա մեջքը ստվերում էր և այդ պատճառով ավելի բարակ էր թվում։ Կոնքը լիքն էր, ազդրերը՝ նրբագեղ, իսկ սրունքները հիասքանչ բոլորկություն ունեին։ Վարդանը հուզվեց տեսնելով այդ կատարյալ ուրվագիծը, որը չէին խաթարել երկու հղիությունները, որոնցից երկրորդն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ուներ և ավարտվել էր վիժումով։ Բարակ և նիհար մատներով նուրբ ծեռքը հանգչում էր սավանի վրա։

Երբ իրենք ամուսնացան՝ ութ տարի առաջ, Մարոն քսան տարեկան Էր։ Այդ պահից ի վեր նրանք կատարյալ երջանկություն էին վայելում, և Վարդանի սերն ու տենչանքը բազմապատկվում էին ժամանակի ընթացքում։ Սերը Մարոյի հանդեպ նրա հիշողությունից ջնջել էր բոլոր նրանց, ում նա սիրել էր։ Վարդանը, որ կնասերի համբավ ուներ և հաճախ միաժամանակ երկու սիրուհի էր պահել, այժմ, ի զարմանս հենց իրեն, շատ հավատարիմ ամուսին էր։ Դա նրա արժանիքը չէր, քանի որ պարզապես նա այլևս ուշադրություն չէր դարձնում այլ կանանց վրա և նույնիսկ չէր էլ նկատում, որ նրանցից ոմանք ջանում էին գրավել իր ուշադրությունը։

Վարդանը վայր դրեց կապույտ ճենապակյա սափորը նույն գույնի թասի մոտ և կռացավ Մարոյի վրա։ Մի կողմ տանելով նրա մազերը, Վարդանը շրթունքները հպեց նրա տաք ծոծրակին։ Կինը մեղմ տնքաց և առանց արթնանալու մեջքի շրջվեց։ Նա արտակարգ գեղեցիկ էր, և շատերը համարում էին, որ Մարոն Սվասի ամենագեղեցիկ կինն էր։ Գունատ մաշկը և վճիտ դիմագծերը նրան ազնվաշուք տեսք էին տալիս, իսկ խոշոր սև աչքերը և լիքը շուրթերը բացահայտում էին նրա գգայնականությունը։ Նայելով ինքնամոռաց կերպով քնած կնոջը, Վարդանը նրա դեմքին մանկության հետքեր հայտնաբերեց՝ յոթ տարեկանում արված նրա լուսանկարում առկա անմեղությունն ու պարզությունը։ Մարոն Վարդանին շատ նուրբ թվաց և նա նրան իր գիրկն առավ։ Մարոն հանկարծ բացեց աչքերը, և կարծես վախեցած լիներ։ Հետո ժպտաց, սակայն նույնիսկ ժպիտը մինչև վերջ չջնջեց վախի այդ արտահայտությունը։ Նա իր շուրթերը պարգևեց Վարդանին և նրանք երկար համբուրվեցին, հետո նա գլուխը դրեց ամուսնու կրծքին։ Վարդանը նրան գրկեց, կարծես ուզում էր պաշտպանել նրան։

— Ի՞նչ է լինելու մեզ հետ,— մրմնջաց Մարոն։

Վարդանը լռում էր՝ ձևանալով, թե չէր լսել հարցը, սակայն նրա մկանները լարվեցին։ Հենց այդ հարցն էր նրան տանջել ողջ գիշեր։ Նա մեղմորեն ազատվեց Մարոյի գրկից, մոտեցավ հայելուն և սկսեց սրել իր ածելին կաշվե գոտու վրա։

— Ի՞նչ է լինելու մեզ հետ,— կրկնեց Մարոն այս անգամ ավելի բարձրաձայն և մտահոգ ձայնով։

Վարդանը շրջվեց և պատասխանեց վստահ ձայնով.

— Այս միջոցառումը չի վերաբերում զինվորականներին և նրանց ընտանիքների անդամներին, ես դա քեզ արդեն ասել եմ։

— Իսկ մեր բարեկամնե՞րը։ Մեր հարևանե՞րը։ Սվասի հայությո՞ւնը։

— Դեռևս ոչինչ չի պատահել, Մարո։ Օսմանյան կայսրությունում առաջին անգամ չէ, որ հրահանգը թղթի վրա է մնում։ Պետք չէ հուսահատվել։

Մարոն դեմ չէր, որ իրեն համոզեին, սակայն Վարդանի ձայնի մեջ նա անվստահություն էր զգում և չէր կարողանում խաբվել։ Վարդանի վստահությունն ընդամենը դիմակ էր։ Ի դեպ, ինքն էլ նուն կերպ էր վարվում իր սիրած մարդկանց չահաբեկելու համար։ Նա նույնքան տեղյակ էր քաղաքական իրավիճակին, որքան ամուսինը։ Վերցնելով իր օրագիրը մահճակալի կողքին դրված մահճասեղանի դարակից, նա թիկնեց բարձին՝ գրելու համար։ Միտքը ոչինչ չէր գալիս, ավելի շուտ նրա գլխում խառնվել էին հարյուրավոր մտքեր։ Նա վայր դրեց մատիտը և հարցրեց.

— Մենք ոչինչ չե՞նք կարող անել։ Չգիտեմ... միգուցե ճնշում գործադրվի բանակի շտաբի, գավառապետի վրա... Մումթազ բեյը միշտ արդարացի է եղել հայերի նկատմամբ։

— Հրամանը Պոլսից է եկել։ Այն ստորագրել է անձամբ ներքին գործերի նախարարը։

Մարոն գլուխը կախեց։ Հենց այդ Թալեաթի և նրա կողմնակիցների պատճառով նրանք ստիպված եղան թողնել մայրաքաղաքը և ապաստանել այս գավառական քաղաքում այն պահին, երբ ինքը պետք է ծննդաբերեր։ Նա հիշեց դեպի Սվաս կատարած իրենց ճանապարհորդությունը։

— Ես չեմ կարողանում պատկերացնել այդ տեղահանությունը։ Ինչպե՞ս են նրանք այդքան մարդ տեղափոխելու։

Վարդանը նույնպես չէր պատկերացնում, թե ինչպես կարելի էր իրականացնել այդ ծրագիրը մի երկրում, ուր չկար երկաթուղի, իսկ ճանապարհներն արժանի չէին իրենց անվանմանը։ Երեսուն հազար հայ միայն Սվասում կար։ Միգուցե երկու միլիոն՝ ամբողջ Անատոլիայում։ Ինչպե՞ս պետք է համակարգեին նրանց և նրանց ունեցվածքի տեղափոխությունը։ Վարչակազմը չէր կարողանում կարգավորել բանակի համար նախատեսված պարենի առաքումը։ Նրան մտահոգում էր ոչ միայն տեղահանությունը, այլև դրա իրականացման պայմանները։ Այդ միջոցառման հետևանքը կարող էր լինել միայն քաոսը, որը բազում հանցագործությունների պատճառ կդառնար։ Վարդանն իր մտահոգությունը չկիսեց Մարոյի հետ։

— Հարցդ տեղին է, Մարո։ Ես կարծում եմ, որ դա անհնարին է և որ կառավարությունն այդ բանը շուտ կգիտակցի։ Զինվորականները կհիշեցնեն քաղաքական գործիչներին, որ երկրի բոլոր ռեսուրսները պետք է ծառայեն ռազմական գործողություններին։

Նա օճառը փրփրեցրեց և քսեց դեմքին։ Մարոն լոռ նրան էր նայում և նրանց հայացքները երբեմն խաչաձևվում էին հայելում։ Վարդանի ձախ աչքի ներքևի կոպի խալը ինչ-որ տարօրինակություն էր հաղորդում նրա անթափանցելի հայացքին։ Անթափանցելի՝ օտարների համար, սակայն բազմաթիվ նշաններ կային, որոնցով Մարոն կռահում էր նրա հոգեվիճակը։ Վարդանի մարզված և միևնույն ժամանակ սլացիկ մարմինը, աշխույժ և փայլուն աչքերը, թեթևակիորեն դուրս ցցված այտոսկրերը և կամային կզակը հանդարտ ուժի տպավորություն էին թողնում, որն ընդգծվում էր սափրվելիս նրա շարժումների ճշգրտությամբ։ Մարոն դողաց։ Նա ուզում էր, որ Վարդանն իրեն գրկեր և ցրեր իր հոգու վրա ծանրացած տագնապը։

— 1909 թ. մենք պետք է հեռանայինք երկրից։

Նա այդ բառերն արտասանեց առանց չարության կամ կշտամբանքի, ավելի շուտ չեզոք տոնով, որպես փաստի արձանագրում։

Վարդանը Մարոյին նայեց հայելու մեջ ածելին այտին սեղմած և ասաց.

— Եվրոպայում այսօր մենք ստիպված կլինեինք դիմակայել պատերազմի դժվարություններին։

Մարոն չասաց, որ կար նաև Նյու Յորքը, ուր Վարդանը կարող էր ներկայացնել Պալյանների շահերը իր քեռորդի Պարգևի փոխարեն։ Ամուսնության տարիներին նրանց միջև ծագած միակ վեճը վերաբերում էր նրանց բնակության վայրին Կոստանդնուպոլսից հեռանալուց հետո։ Աֆիոն-Կարահիսարը մերժվել էր հենց սկզբից մայրաքաղաքին շատ մոտ լինելու պատճառով։ Մարոյին, որը ծնվել էր մայրաքաղաքում, չէին գրավում Անատոլիայի գավառները, և նա պատրաստ էր հեռանալ կայսրությունից։ Նա գերադասում էր հաստատվել որևէ մեծ քաղաքում, ուր կլիներ խոշոր հայկական համայնք, կարևոր չէր Փարիզում, Մարսելում, Ժնևում, թե Լոնդոնում։ Միայն թե այնտեղ կամայականությունը չգերիշխեր։ Սակայն Վարդանը, չնայած իր արևմտյան կրթությանը, անկեղծորեն կապված էր Փոքր Ասիայի՝ իր ժողովրդի հայրենիքի և մեծ քաղաքակրթությունների օրրանի հետ։ Նա սիրում էր այդ երկրի բնակիչներին, բնությունը, նույնիսկ այդ երկրի քարերը, որոնք նա սկսել էր հավաքել մանուկ հասակից։ Եվ, բացի դրանից, այդ ժամանակաշրջանում նա հույս էր փայփայում քաղաքական ապագա ունենալ Անատոլիայում։ Նա դեռևս չէր հրաժարվել անկախ Հայաստանի գաղափարից։

Մարոն անհանգիստ էր և եղունգն էր կրծում.

— Իսկ ի՞նչ կլինի քո եղբայր Նուբարի, Պոլսի մեր ազգականների հետ։ Մենք նրանցից լուր չունենք շուրջ երկու ամիս։

Մայիս ամսին նրանք նամակ էին ստացել Արփինե մորաքույրից, որը հաղորդում էր, թե Տիրանին հաջողվել էր խույս տալ ապրիլի 24-ի բանտարկություններից։ Հարյուրավոր հայ մտավորականներ, գրողներ և աչքի ընկնող քաղաքացիներ ձերբակալվել և տարվել էին երկրի խորքը։ Նրանց հարազատները դեռևս չգիտեին, որ նրանցից մեծ մասին կտտանքների էին ենթարկել և սպանել։ Վարդանը պատասխանեց.

—Ես կարծում եմ, որ մեր ազգականներին վտանգ չի սպառնում, քանի որ մայրաքաղաքում դիվանագետներ և օտար լրագրողներ կան։ Ինչ վերաբերում Է Նուբարին, ապա նա ժառանգել է մեր հոր գրեթե հիվանդագին զգուշավորությունը։ Չեմ զարմանա, եթե նա Կոստանդնուպոլիս՝ Մեսրոպյանների մոտ մեկնած լինի։ Մարոն մտովի իր հայրենի քաղաքը տեղափոխվեց։ Հիշեց Մեսրոպ քեռու և Արփինե մորաքրոջ բնակարանը, Բերայի կենտրոնական փողոցը, Ոսկեղջյուրը, Ղալաթիայի նավահանգիստը.

— Իսկ մենք չե՞նք կարող Պոլիս վերադառնալ։

— Այս պահին դա անհնար է, և դու շատ լավ դա գիտես։ Ես զորակոչված եմ և Սվաս եմ նշանակված։

— Դու դեռևս բարձրաստիճան թուրք բարեկամներ ունես։ Հալիթը գեներալ չէ՞։ Վարդան, ես վախենում եմ։

Վարդանը դեմքն էր չորացնում և հանկարծ անշարժացավ։ Նրա հայացքը սառեց, և Մարոն հասկացավ, որ նրա գլխում ինչ-որ գաղափար ծագեց։ Նա գլուխը թափ տվեց և ասաց՝ ինքն իրեն պատասխանելով.

— Եթե իհարկե...

Նրա խոսքը կտրեց դռան թակոցը։ Դժվար չէր կռահել, թե ով էր դա։ Ձայնը բարձրացնելով, որպեսզի որդին իրեն լսի, Վարդանը հարցրեց.

— Ի՞նչ է պատահել։

— Կարո՞ղ եմ մտնել,— հնչեց բարակ մի ձայն։

— Ոչ, Թովմաս։ Մենք հագնվում ենք։

— Հա՜... Իսկ ես կարո՞ղ եմ հարդարել Հուր Կրակին, հայրիկ։

— Ես քեզ արգելում եմ։ Նա շատ նյարդային է։ Դու ինձ կօգնես նրան թամբել։

— Եղավ,— պատասխանեց երեխան հիսաթափված ձայնով։— Ես Զեյնաբի հետ կգնամ ջուր բերելու։

Թովմասը, որ եկել էր մատների ծայրերին, աղմկոտ հեռացավ։ Վարդանը համազգեստն էր հագնում։

— Ի՞նչ էիր ուզում ասել,— հարցրեց Մարոն, որը պատրաստ էր կառչելու ամենաաննշան հույսից։

— Դա դեռ շատ աղոտ է և ես պետք է լավ մտածեմ։ Մենք կխոսենք դրա մասին երեկոյան։

Պնդելն անիմաստ էր։ Վարդանը հարցերը քննարկամ էր միայն այն ժամանակ, երբ համոզված Էր, որ իրավացի էր և երբ նրա հղացած միտքը վերջնականապես ձևավորվել էր։ Մարոն հառաչեց.

— Ես հրավիրել էի նավապետ Արմենին և Արաքսիին մասնակցելու Թովմասի տարեդարձին։ Բայց հիմա...

Նրանք լուռ միմյանց նայեցին։ Երկուսն էլ մտածում էին իրենց որդու մասին, որի վեց տարին լրանում էր հունիսի 30-ին։ Մարոյի դեմքն էլ ավելի մռայլվեց, և Վարդանը, ժպտալու ճիգ անելով, համբուրեց նրան։

— Ոչինչ, որոշումդ մի փոխիր, կանենք այնպես, ինչպես նախատեսել էինք։

— Այո,— հառաչեց Մարոն,— թող նա լավ հիշողություն պահպանի։ Ո՜վ գիտի, երբ մենք կկարողանանք...

— Հույսդ մի կտրիր, սիրելիս։

Մարոն գլխով արեց՝ առանց առանձնապես համոզված լինելու։

✻    ✻



Հերձաքարով սալահատակված նախասրահի դռները մի կողմից՝ տանում էին դեպի մեծ և փոքր հյուրասենյակները, իսկ մյուս կողմից դեպի ճաշասենյակը, խոհանոցը և աղախինների սենյակները։ Այդտեղ Վարդանը ցուցադրում էր հին հրազենի իր հավաքածուն։ Հրացանների մույթերը դատարկ էին, քանի որ պարտաճանաչ մի պաշտոնյա տարել էր կայծքարե և պատրույգավոր հրացանները, երբ կառավարությունը բռնագրավել էր քրիստոնյաների մոտ պահվող զենքը։ Վերին հարկը տանող նախշազարդ բազրիքով լայն սանդուղքի տակ կանգնած էր Թովմասը։ Կարճ տաբատով, սպիտակ վերնաշապիկով, քուղով կապված կոշիկները հագին նա հորն էր սպասում իր անբաժան ընկեր Սասուն անունով փոքր սպանիելի ընկերակցությամբ։ Երեխան խոշոր էր և ամրակազմ, հատկանիշներ, որ նա ժառանգել էր Վարդանից։ Կարճ կտրած սև մազերը բոլորում էին մեծ աչքերով նուրբ դեմքը, որն ավելի շուտ նմանվում էր մոր դեմքին, իսկ երբ նա կիտում էր հոնքերը, ապա մոր պես համառ էր թվում։

Հայկական ավանդույթի համաձայն, Թովմասին անվանել էին հորական պապի պատվին։ Երեխան Վարդանի բերկրաքն էր ու հպարտությունը, քանի որ նրա մեջ ինքն իրեն էր նշմարում։ Սակայն ի՞նչ ապագա էր սպասում նրան այս երկրում։ Վարդանը ցանկանամ էր, որ Թովմասն իր պես անհոգ ու երջանիկ մանկություն ունենար՝ հագեցած խաղերով և կյանքի՝ նախապատրաստող բազում մանր հայտնագործությունների հրճվանքով։ Սակայն վրա հասած խառնակ ժամանակաշրջանը դրա հնարավորությունը չէր տալիս։

— Ես Ջամիլային օգնեցի ջուր և վարսակ տալ ձիերին, իսկ Զեյնաբին էլ օգնեցի կովերին կթել,— հայտնեց երեխան հպարտությամբ։

— Լավ է, հոգիս։ Սակայն դու չպետք է մոտենաս ձիերի ոտքերին, հասկացա՞ր։ Հիշիր թե ինչ պատահեց Սասունին։

— Այո՛, հայրիկ։

Թովմասը շոյեց իր շանը։ Նա հիշեց, թե ինչպես էր վախեցել, երբ ձին աքացի էր տվել շանը և նա մի քանի շաբաթ կաղում էր։ Վարդանը համբուրեց երեխային, բարձրացրեց նրան և նստեցրեց իր ուսերին։

— Հե՜յ, հե՜յ,— բղավեց Թովմասը, երբ նրանք դռան շեմից անցան։

Պալյանները միասին էին նախաճաշում միայն կիրակի օրերը։ Մնացած օրերին Վարդանը բավարարվում էր մուգ թեյով, իսկ Թովմասը սպասում էր, որ մայրն իջներ և իրեն ընկերակցեր նախաճաշի ժամանակ։ Ինչ վերաբերում է Ազնիվ խանումին՝ Մարոյի մորը, ապա նա արթնանում էր լուսաբացին և նախաճաշում էր երկու թուրք աղջիկների՝ Զեյնաբի ու Ջամիլայի հետ միասին։ Իրականում նրանք աղախիններ չէին, այլ պարզապես դեռահաս աղջիկներ էին, որոնք ապրում էին նրանց տանը։ Ծագումով նույն գյուղից, տասնմեկ տարեկան հասակում նրանց ծնողները նրանց հանձնել էին այդ հայկական ընտանիքին, ուր աղջիկները պետք է վարվեցողություն և տունը վարելու արվեստ սովորեին։ Այսինքն այն ամենը, ինչ անհրաժեշտ էր կատարյալ տանտիկին դառնալու համար, երբ տասնչորս կամ տասնհինգ տարեկանում գար նրանց ամուսնանալու ժամանակը։ Ագնիվ խանումը նրանց իր հովանու տակ էր առել և արդեն երեք տարի էր, ինչ նրանց վրա էր բանեցնում սիրո այն չափավոր իշխանությունը, որ նա այլևս չէր կարողանամ գործադրել իր սեփական դստեր նկատմամբ։

Այգու խորքում գտնվող ախոռում երեք ձի կար։ Երկուսը արաբական զտացեղեր էին, որոնց հեծում էին Վարդանն ու Մարոն, ու մի վարգաձի, որին լծում էին կառքին։ Ախոռում իրենց մսուրներն ունեին երկու կաթնատու կովեր։ Հուր Կրակին թամբելու ամբողջ ընթացքում Թովմասն անդադար հարցեր էր տալիս հորը. ինչպե՞ս է կոչվում այս թամբակալը, ինչի՞ համար է այն մեկը, ինչպե՞ս են ձիերը քուռակ ունենում։ Վարդանը համբերատար պատասխանում էր նրա հարցերին՝ բացատրություններ տալով։ Տղայի անհագ հետաքրքրասիրությունը դուր էր գալիս հորը, ինչը նա խելացիության նշան էր համարում։ Միակ երեխան լինելով և հասուն մարդկանց շրջապատում դաստիարակվելով, Թովմասն իր տարիքի համեմատ շատ խելացի էր։ Նա ավելի շատ բան էր հասկանում, քան ցույց էր տալիս, և հաճախ օգուտ էր քաղում այն բանից, որ իրեն երեխա էին համարում և վերաբերվում համապատասխան կերպով։

Սասունը, որն այլևս չէր համարձակվում մոտենալ ձիերին, դռան բացվածքում էր մնացել։

— Հայրիկ, դու ինձ պոնի ե՞րբ կնվիրես։

Վարդանը խորհրդավոր տեսքով ասաց.

— Շատ շուտով։

— Ես անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ քեզ և մայրիկի հետ ձիավարելու կգնամ։

Քանի Վարդանը ստուգում էր ձիու պայտերը, Թովմասը վերադարձավ իր թեմային։

— Այսօր ամսի քանի՞սն է, հայրիկ։

Վարդանը ձևացավ, թե մոռացել է որդու ծննդյան տարեդարձի մասին։ Դժվարությամբ ժպիտը պահելով, նա անտարբեր ձևանալով պատասխանեց.

— Հունիսի երեսունը։ Իսկ ինչո՞ւ։

— Հենց այնպես,— պատասխանեց երեխան, թաքցնելով հիասթափությունը։

Տեսնելով, որ հայրը ստուգում է վարգաձիու լծասարքը և յուղում է կառքի առանցքները, Թովմասը հարցրեց.

— Մենք զբոսանքի՞ ենք գնալու։

Եվ դարձյալ որդու խորաթափանցությունը զարմացրեց Վարդանին։

— Որքան գիտեմ, ոչ։ Սակայն իմաստուն մարդը միշտ շրջահայաց է լինում։ Պապիդ խոսքերն են։

Երեխային ցրելու համար Վարդանը նրան թամբին նստեցրեց և սանձը ձեռքը տվեց։ Քթափոկով ձիուն ուղղություն տալով, նրան տարավ դեպի շքամուտքը, ուր կանգնած էր Ազնիվ Խանումը՝ սկուտեղը ձեռքին։ Դա ալեխառն մազերով մոտ յոթանասուն տարեկան կին էր։ Ամուսնու մահից ի վեր, արդեն ութը տարի նա միայն սև զգեստ էր կրում։ Փոքր և նիհար, նուրբ էակի տպավորություն էր թողնում, սակայն այդ արտաքինը ամենևին չէր համապատասխանում նրա գործունյա խառնվածքին և հզոր առողջությանը։ Աշխույժ սև աչքերը, կետ քիթը և բարձր ձայնը ավելի էին սազում նրա տիրական բնավորությանը։

Նրա թոշնած մաշկը զարմանալի ճերմակություն ուներ։ Ազնիվ խանումը խուսափում Էր արևից և համարում էր, որ թուխ մաշկը գեղջկուհիների առանձնահատկությունն է։ Իսկական քաղաքաբնակ լինելով, նա դժկամությամբ էր հեռացել Կոստանդնուպոլսից՝ դստեր և փեսայի հետ Սվաս մեկնելու համար։ Ի՞նչ կարող էր անել։ Մարոն նրա միակ երեխան էր, իսկ նրա երկու եղբայրները, որոնք հաստատվել էին Թեհրանում, վաղուց մահացել էին։

Բացի դրանից, Վարդանի մայրը մահացել էր և Ազնիվ խանումը պետք է ստանձներ փեսայի տան կառավարումը, ինչպես ընդունված էր Փոքր Ասիայում։ Մարոն դեմ էր այդ սովորույթին, և դա պայմանավորված էր ֆրանսիացի վանուհիների մոտ ստացած իր կրթությամբ։ Դա Հակոբ Արթինյանի գաղափարն էր, որը պատրաստ էր ամեն ինչ անել իր դստեր համար։ Պետք է ասել, որ Մարոն երկնային պարգև էր ծնողների համար։ Քսանչորս տարվա ամլությունից և հայտնի բժիշկներին կատարած բազմաթիվ անօգուտ այցելություններից հետո Ազնիվ խանումը հղիացել Էր, երբ մոտենում էր իր հիսնամյակին։ Նա երազում էր տղա երեխայի մասին, որպեսզի Արթինյանների անունը շարունակվեր։ Սակայն Աստված այլ կերպ էր վճռել։ Նա թաքցնում էր իր հիասթափությունը Հակոբի երջանկությունը չխաթարելու համար և որոշել էր իր դստերը դաստիարակել ավանդույթներին համապատասխան, որպեսզի նա դառնար կատարյալ տանտիկին։

Դա նրան չէր հաջողվել, քանի որ Հակոբը դստերն ամեն ինչ թույլ էր տալիս, իր հետ տանում էր գործնական ճանապարհորդությունների արտասահմանյան երկրներ և նրան ներշնչում էր անկախ գաղափարներ, որոնք ավելի կսազեին տղայի։ Մարոն ուղեկցում էր հորը նույնիսկ փասիանի որսի։ Իր մանկության և պատանեկության տարիներին Մարոն մշտական հակամարտության մեջ էր մոր հետ։ Նրանք վիճում էին ինչպես մանրուքների, այնպես էլ կարևոր բաների կապակցությամբ։ Նրանք, իհարկե, չէին կռվում, և նրանց միջև բուռն բացատրություններ տեղի չէին ունենում, դա պարզապես տիրակալ բնավորության տեր մարդու և կամակորի խուլ պայքար էր։ Միայն ամուսնությունից հետո Մարոն մտերմացավ մոր հետ։ Այսօր Ազնիվ խանումը հպարտանում էր իր դստերով և գնահատում էր նրա վճռականությունը։ Ի վերջո, նրանք շատ նման էին միմյաց։ Ոչ մեկը, ոչ մյուսը թույլ չէր տալիս nր իրեն որևէ բան պարտադրեին։ Ազնիվ խանումը երջանիկ էր իր փեսայի տանը։ Նրա միակ մտահոգությունը Կոստանդնուպոլսից հեռու մահանալն էր։ Նա ամեն օր խնդրում էր Արարչին՝ այնպես անել, որպեսզի իրեն թաղեին Հակոբի կողքին, հայկական գերեզմանատանը, Շիշլի թաղամասում։

Վարդանը համբուրեց զոքանչին։

— Բարի լույս, մայրիկ։

— Տեսնու՞մ ես, տատիկ, ես իսկական ձիավոր եմ,— բացականչեց Թովմասը հիացած։

Ջահել աղջիկներից մեկը մոտեցավ նրանց։ Նա աչքերն ընդգծել էր սուրմայով և նույնիսկ ծիծաղելիս տրտում տեսք ուներ։ Անատոլիայի չափանիշներով նրան արդեն կարելի էր ամուսնացնել, քանի որ տասնհինգ տարեկան էր։ Տարեվերջին նա պետք է ամուսնանար իր հոր ընտրած ատաղձագործի հետ և տխրությամբ էր սպասում այն պահին, երբ պետք է լքեր Պալյանների տունը, ուր նա հանդարտ երջանկություն էր վայելում։ Սակայն նա այլընտրանք չուներ։

Վարդանը նրան վստահեց ձիու սանձը, որպեսզի Թովմասը ձին ապահով քշեր ծառուղում, իսկ ինքը վերցրեց զոքանչի մեկնած բաժակը։ Նա փոքր կումերով խմում էր տաք թեյը։ Չնայած լարվածությանը, նա հանդարտ մնաց, երբ Ազնիվ խանումը մատների ծայրով թափ տվեց իր համազգեստը։ Ոսկեզոծ ուսադիրներից հարդ թափվեց։ Նա մեղմորեն հանդիմանեց Վարդանին.

— Դուք կեղտոտել եք ձեր գեղեցիկ համազգեստը։

Վարդանը ժպտաց։ Ձայնն իջեցնելով, զոքանչն ավելացրեց խուլ ձայնով, որը մատնում Էր նրա տագնապը.

— Զգույշ եղեք, սա մեր բոլորի անցաթուղթն Է։

Աղնիվ խանումը, ինչպես և Սվասի հայ կանանց մեծամասնությունը, վտանգն ընկալում էր որպես հեռավոր և աղոտ մի սպառնալիք։ Վարդանը գլխով արեց և հարցրեց.

— Մայրիկ, մենք մի քանի օրվա մթերք ունե՞նք։

Նա ծամածռվեց, զարմանալով, որ փեսան կասկածի տակ էր առնում իր հեռատեսությունը։

— Ես նկատի ունեմ չոր մթերք,— ճշգրտեց Վարդանը,— ապխտած միս, վերջապես այնպիսի սննդամթերք, որը լավ է պահպանվում և որը հեշտ է տանել։

Ազնիվ խանումը լայն բացեց աչքերը։ Նա նայեց և համոզվեց, որ Ջամիլան մոտակայքում չէր։

— Արդյոք դա նշանակու՞մ է, որ մենք...

Վարդանը ընդհատեց նրան ձեռքի շարժումով։

— Ես դեռևս ոչինչ չգիտեմ։ Ոչ մեկին ոչինչ չասեք։

Զեյնաբը հետ էր գալիս։ Վարդանը բաժակը դրեց սկուտեղին և շնորհակալություն հայտնեց զոքանչին։ Նա Թովմասին ձիուց իջեցրեց և համբուրեց.

— Խելոք կմնաս, հոգիս։ Այս երեկո քեզ անակնկալ է սպասում։

— Ես գիտեի, որ այսօր իմ ծննդյան տարեդարձն է,— բացականչեց երեխան, չկարողանալով իրեն զսպել,— ի՞նչ անակնկալ։

— Եթե ես ասեմ, ապա դա այլևս անակնկալ չի լինի։

Ազնիվ խանումր ձեռքը դրեց թոռան ուսին.

— Դու կեսօրից հետո ես ծնվել։ Քn վեց տարին կլրանա միայն երեկոյան։

Մազերի խոզանակը ձեռքին, Մարոն հենվեց ննջարանի լուսամատի գոգին։ Մատների ծայրերով նա աննկատ օդային համբույրներ ուղարկեց Վարդանին։ Արևը պղնձյա երանգ էր տվել նրա ուսերին թափված մազերին։ Նա չափից ավելի գեղեցիկ էր և Վարդանին դա մի փոքր տրտմեցրեց։

— Մինչ երեկո, սիրելիս,— ասաց նա ուրախ ձևանալով։

Նա դժկամությամբ էր նրանցից հեռանում, քանի որ մի քիչ անհանգիստ էր, որ տանը տղամարդ չկար։ Ջամիլան հայտնվեց դռան շեմին.

— Ձեր ֆեսը, մայոր Վարդան։

Բոբիկ ոտքերով նա վազեց ծառուղիով, առանց ուշադրություն դարձնելու խճաքարերին։ Ծաղկավոր չթե զգեստը փաթաթվել էր նրա ոտքերին, իսկ դեմքի շուրջը պար էր բռնել բարակ հյուսերի բազմությունը։ Քանի Վարդանն իր կարմիր գլխարկն էր հագնում և հարդարում էր սև գլանը գլխարկի աջ կողմում, Ջամիլան գոգնոցի ծայրով մաքրեց նրա կոշիկը։ Նա հիացմունքով հետ-հետ գնաց և ցանկացավ, որ իր հայրն իր համար նույնքան հպարտ կեցվածքով ամուսին գտներ, և եթե հնարավոր էր՝ նա սպա լիներ։ Ի տարբերություն Զեյնաբի, նա անհամբերությամբ էր սպասում ամուսնության պահին և ուզում էր հնարավորինս շուտ կառավարել իր տունը։

— Թող Հուր Կրակը պարի, հայրիկ։

Ահա չորս տարի էր, ինչ Վարդանը մարզում էր այս արաբական նժույգը, ներշնչվելով Վիեննայի Իսպանական դպրոցի մեթոդաբանությամբ։ Թովմասին հաճույք պատճառելու և ցույց տալու համար, որ ոչինչ չի փոխվել, մի քիչ էլ Մարոյի առաջ աքլորանալու համար, Վարդանը իր նժույգին ստիպեց ծառս լինել, մի քանի իսպանական քայլ անել և մեկ պտույտ կատարել։

— Ի՜նչ երեխայություն,— հառաչեց Ագնիվ խանումը հանդիմանական տոնով։

— Ես ի՞նչ եմ արել,— զարմացավ Թովմասը, որը չէր հսակացել, որ խոսքն իր հոր մասին էր։

Փողոցում հայտնվելով, Վարդանը շրջվեց տան կողմը և տեսարանը դրոշմեց իր հիշողության մեջ. Մարոն՝ մեծ սպիտակ տան վերին հարկի պատուհանում, Թովմասը, Ազնիվ խանումը Ջամիլան և Զեյնաբը՝ շքամուտքի մոտ, շունը՝ ծառուղում, պատուհանները շրջապատող մագլցող վարդերը, լույսի լաքաներով պատված մեծ շագանակենու ստվերը։ Ծխնելույզի վրա նա տեսավ այս գարուն չվերադարձած արագիլների բույնը։ Զոքանչի կարծիրով՝ արագիլների չվերադառնալը վատ նշան էր։ Վարդանը նշանակություն չէր տվել այդ բառերին, քանի որ կային ավելի իրական և համոզիչ նշաններ։ Նա վարգով քշեց ձիուն, որպեսզի ստիպված չլիներ խոսել հարևանների և ծանոթների հեա։ Քանի որ Վարդանը զբաղվել էր քաղաքականությամբ, գրքեր էր գրել և նաև այն պատճառով, որ ծառայում էր օսմանյան բանակում, բոլորը նրա կարծիքն էին հարցնում իրավիճակի մասին, մանրամասներ էին ուզում իմանալ «տեղահանության» վերաբերյալ։ Կարծես նա ավելին գիտեր, քան իրենք։ Իսկ արագ ընթացքի դեպքում ինքը կարող էր բավարարվել նրանց ողջունելով։

Զեյնաբը փակեց դարպասը ձիավորի հետևից։ Ձիու հոտն ըմբոշխնելու համար ձեռքերը քթին մոտեցնելով, Թովմասը լսում էր սմբակների հեռացող ձայնը։ Բառաչոց լսվեց։ Փողոցով տանն էր մոտենում նախիրը։ Արշակն էր, որը, ինչպես և ամեն առավոտ, եկել էր կովերին արոտավայր տանելու։

Մարոն ծածկեց իր սենյակի վարագույրը և բացեց գգեստապահարանը։ Կախարաններից մեկը վայր ընկավ, և նա սրտի թրթիռով բարձրացրեց զգեստը։ Փարիզից գնված իր շրջազգեստը։ Ֆրանսիա կատարած ճանապարհորդության ժամանակ Վարդանը Մարոյի համար գնել էր «Ժաննա Լավնեն» մոդայի տան պիտակը կրող չինական սպիտակ մետաքսից կարված այդ շրջազգեստը, որը զարդարված էր կարմիր վարդերով և Կանաչ տերևներով։ Այն անկասկած արդեն հնացել էր նորաձևության տեսանկյունից, քանի որ գնվել էր 1912 թ.։ Սակայն այսօր, երբ Ֆրանսիան պատերազմի մեջ էր, կա՞ր արդյոք այնտեղ նորաձևություն։

Չկարողանալով դիմադրել ցանկությանը, նա զգեստը իր վրա դրեց և նայեց հայելուն։ Ինչպիսի՜ հիացմունք էր ինքն ապրել հայտնագործելով այդ սքանչելի քաղաքը։ Այդ ճամփորդությունը «Արևելյան էքսպրեսով». Սոֆիա, Բելգրադ, կանգառ մեկ շաբաթով Վիենայում, Շվեյցարիա և վերջապես Փարիզ։ Բոլոր քաղաքներն ավելի գեղեցիկ էին, քան ինքը պատկերացրել էր բացիկները նայելով և պատկերազարդ գրքերը թերթելով։ Եվ, վերջապես, կար Վարդանը, որը նույնքան սիրահարված էր, որքան իրենց ամուսնության սկզբին։ Այսօր էլ նա նույնքան սիրահարված էր։

Նրանց ամուսնությունը դասավորվել էր Մերձավոր Արևելքում, տարածված հայկական ավանդույթի համաձայն՝ երկու ընտանիքների կարողությունների համեմատության եղանակով։ Պալյանները խոշոր հողատերեր էին, Արթինյանները՝ ծաղկող ներմուծողներ։ Հետևաբար, նրանք նույն սոցիալական խավից էին։ Քսան տարեկան Մարոն ամուսնանում էր չորս կամ հինգ տարվա ուշացումով, քան ընդունված էր, և նա ավելի հիմնավոր կրթություն էր ստացել, քան իր հասակակից աղջիկների մեծամասնությունը։ Վանուհիների պանսիոնում սովորելուց հետո նա ավարտել էր Պոլսի Սիոնի Աստվածամոր վարժարանը, ապա հոր հետ գնացել էր Ռուսաստան և շրջել Օսմանյան կայսրության տարածքով մեկ՝ եռանդուն կերպով մասնակցելով նրա առևտրական գործունեությանը։ Նա ցանկություն ուներ շարունակելու կրթությունը և բժիշկ դառնալու, ինչն անհնարին էր այդ ժամանակաշրջանում, հատկապես Փոքր Ասիայում։ Հակոբը դեմ չէր դստեր ծրագրերին, սակայն ի վերջո նա զիջել էր իր կնոջ ճնշումներին, և նրանք Մարոյի համար ընտրել էին կրթված մի հայ երիտասարդի, որն իրենց խավից էր՝ նրան, ում հայրը ամենագեղեցիկը համարեց, իսկ մայրը՝ ամենախելացին։ Դեղագործի, որը տասը տարով մեծ էր Մարոյից։

Մարոն հուզված էր՝ ներկայանալով այն ընտանեկան հավաքին, որի ընթացքում պիտի հանդիպեր ապագա ամուսնուն։ Նա անթույլատրելի էր համարում գործը գլուխ բերելու այդ ձևը, որի ժամանակ ինքը հանդես էր գալիս որպես ապրանք։ Նա համաձայնել էր այդ հանդիպմանը հորը չբարկացնելու համար, սակայն հստակորեն վճռել էր հակադրվել ծնողների կամքին, եթե ապագա ամուսնուն ինքը չհավաներ։ Նա լսել էր այդ Վարդան Պալյանի մասին. գրող, հայկական քազաքական շարժումների մասնակից։ Լուրեր էին պտտվում, որ նա ունեցել էր բազմաթիվ սիրային պատմություններ։ Մարոն ուշադրություն չէր դարձրել այդ լուրերին և վճռել էր ինքնուրույն դատել։

Մարոն անմիջապես հրապուրվել էր Վարդանի հմայքով ու արտաքինով, և Վարդանի հաղթանակը վերջնական էր եղել, երբ Մարոն հայտնաբերել էր նրա խելքը և բանիմացությունը։ Ի տարբերություն տղամարդկանց մեծ մասի, Վարդանը իր հերթին չէր սևեռվել միայն Մարոյի գեղեցկության վրա և վարվել էր նրա հետ հավասարի պես։ Նրանք պարտեզում զրուցել էին ամբողջ երեկոյի ընթացքում, զարմանքով հայտնաբերելով, որ շատ ընդհանրություններ ունեին։ Մարոն վախենում էր, որ Վարդանն իրեն կձանձրացներ, խոսելով քաղաքականության մասին, մինչդեռ նա խոսում էր ավելի գրականությունից և երաժշտությունից։ Նա ուդ էր նվագում ու գիտեր հայկական և օսմանյան դասական ամբողջ նվագացանկը։ Հանդիպումների ժամանակ Մարոն հայտնաբերել էր, որ Վարդանն ավելի զգացմունքային, քնքուշ և ավելի ուժեղ բնավորության տեր մարդ էր, քան ինքը կարծում էր, և մինչ իրենց հարսանիքն ընկած ժամանակը Մարոյին շատ երկար էր թվացել։

Ամուսնությունից հետո Պոլսում էին ապրում, ուր Վարդանը դեղատուն ուներ։ Մարոն սիրում էր այդ աշխույժ քաղաքը, նրա խորհրդավոր մթնոլորտը, ուր տիրում էր արևելյան ավանդույթների և արևմտյան արդիականության խառնուրդը։ Վարդանը շատ ծանոթներ ուներ և երիտասարդ զույգը հաճախ էր հրավիրվում հայ, ֆրանսիացի, ամերիկացի և թուրք բարեկամների տները։

Կար հատկապես Մեսրոպյանների ընտանիքը։ Մարոն, իր ծնողների մինուճար երեխան լինելով, այդ ընտանիքում եղբայր ու քույր էր գտել՝ Տիրանին և Լուսիկին, որն իր հասակակիցն էր։ Մեսրոպ քեռին և նրա կինը՝ Արփինեն, Վարդանի ազգականներն էին, և նրանք Մարոյին ընդունեցին որպես հարազատի։ Պոլսի ասիական ափից կարելի էր նստել «Տավրոս էքսպրեսը» ու գնալ և մի քանի օր անցկացնել Պալյանների կալվածքում Աֆիոն-Կարահիսարում, իսկ եվրոպական ափից գնացքը հնարավորություն էր տալիս մի քանի օրով այցելել Բուխարեստ, որը «Արևելքի Փարիզի» համբավն ուներ։

Վարդանի դեղատունը հավաքատեղին էր տարբեր՝ քրիստոնյա, հրեա և մահմեդական հեղափոխականների, որոնք գաղտնի նախապատրաստում էին ազատական, արդի և ժոդովրդավարական պետության գալուստը։ Չնայած Մարոն կիսում էր Վարդանի գաղափարները, սակայն սկսել էր վախենալ նրա կյանքի համար։ Սուլթանի գաղտնի ոստիկանությունը վերացնում էր ընդդիմադիրներին, իսկ Վարդանի հոդվածները նրան դասում էին դրանց շարքը։ Մարոյի վախն արդարացել էր, քանի որ ամուսնու դեմ մահափորձ էր կատարվել նրա լաբորատորիայում և նա հրաշքով էր փրկվել։ Դրանից հետո շուրջ մեկ տարի ամուսինները թաքնվում էին՝ անընդհատ փոխելով բնակարանները։ Դա Մարոյի կյանքի ամենամռայլ շրջանն էր՝ անապահովության և վախի զգացողության շրջան։ 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումը վերջ դրեց այդ փորձությանը։ Սակայն մի քանի ամիս անց ոգևորությունը տեղը զիջեց հիասթափությանը։ Նոր վարչակարգը ամենևին էլ մտադիր չէր հավասարություն պարգևելու քրիստոնյաներին, և Վարդանը կրկին դարձել էր անցանկալի տարր։ Այս անգամ նրանք ստիպված էին հեռանալ մայրաքաղաքից։ Մարոյի կարծիքով՝ հեռացել էին ոչ այնքան հեռու, որքան անհրաժեշտ էր։ Եվ մղձավանջը վերսկսվում էր այսօր։

Սթափվելով՝ Մարոն շքեղ շրջազզեստը կախեց պահարանում և հագավ մոխրագույն պարզ մի շրջազգեստ։ Նա ներքև շտապեց, քանի որ Թովմասն իրեն էր սպասում նախաճաշելու համար։

✻    ✻



Վարդանը հասել էր քաղաքի ծայրամասին։ Քանդված պարսպից այն կողմ, Հալիս գետի երկու ափը միացնող կամրջի վրա երթևեկությունը խճողված էր. եզներով լծված սայլեր, բարձված ավանակներ, շուկա քշվող ոչխարներ և այծեր, երկարաբաշ խոշոր ձիեր հեծած քուրդ լեռնականներ, զամբյուղներով բեռնված գյուղացիներ, զորանոց վերադարձող զինվորներ։ Կամրջի ծայրին խցանում էր տեղի ունեցել և որոշակի աշխուժություն էր տիրում։

— Ճանապա՜րհ, ճանապա՜րհ,— բղավեց Վարդանը՝ ձին քշելով դեպի ամբոխի կենտրոնը։

Նրա համազգեստը տեսնելով՝ մարդիկ մի կողմ քաշվեցին։ Նա իսկույն հասկացավ միջադեպի էությունը։ Կամուրջը հսկող ոստիկանները բռնել էին հայկական մի ընտանիք, որը փորձում էր հեռանալ քաղաքից՝ իր ունեցվածքով բեռնված սայլով։ Քանի ծնողները բանակցում էին ոստիկանների հետ, գյուղացիներն ու մուրացկանները խմբվել էին սայլի շուրջը և փորձում էին իրերը փախցնել, իսկ երեխաներն իրենց ուժերով ճգնում էին պաշտպանվել։ Ամբոխն ամեն վայրկյան ավելի հանդուգն ու սպառնալի էր դառնում, և ընդհանուր աղմուկի մեջ անպատիվ խոսքեր էին հնչում.

— Գող հայե՜ր։

— Շան որդի՜ք։

— Գյաուրնե՜ր։

Ոստիկանները չգիտեին, որ Վարդանն ընդամենը պահեստազորի սպա էր և, հատկապես, որ հայ էր։ Վախկոտ մարդկանց հետ բավական էր ինքնավստահ լինել։ Վարդանը դուրս քաշեց իր ատրճանակը և օդ կրակեց։ Լռություն հաստատվեց.

— Շարժվե՜ք, շարժվե՜ք,— բղավեց նա։

Նա ամբոխը հեռացրեց սայլից՝ ձիով հետ-հետ քշելով։ Զինվորները, որոնք կորցրել էին իրավիճակի վերահսկողությունը, երջանիկ էին սպայի միջամտության համար։ Ի վերջո, նրանց հաջողվեց ցրել ամբոխը։ Վարդանը վստահ ձայնով դիմեց ենթասպային.

— Ի՞նչ է այստեղ կատարվում։ Ինչ է դուք այլևս ի վիճակի չե՞ք կարգ պահպանել։

Ոստիկանը, խեղճանալով, ցույց տվեց սայլը.

— Հայերր են, փորձում էին փախչել։ Հրաման կա, որ նրանք մնան քաղաքում։

— Ես դա ձեզնից լավ գիտեմ, բայց նա,— ասաց Վարդանը՝ մտրակով սայլապանին ցույց տալով,— արդյոք նա տեղյա՞կ էր։

Տղամարդը ճանաչեց Վարդանին, սակայն հասկացավ, որ ավելի լավ կլիներ միամիտ ձևանալ։ Նա կառչեց ագգակցի՝ իրեն տված հնարավորությանը և մի պարզունակ սուտ հորինեց։

— Ոչ, պարոն սպա, ես չգիտեի, որ պետք է Սվասում մնայի։ Ես, պարզապես, ընտանիքիս հետ գնում եմ մեր ագարակը, որը քաղաքից երկու կիլոմետր է հեռու, խոտ հնձելու։ Մենք ամեն ամառ էլ մեկնում ենք։

— Դուք այդպես կվարվեք հետագայում,— պատասխանեց Վարդանը,— իսկ հիմա քաղաք վերադարձեք։

Ենթասպան ընդդիմացավ.

— Նրանց պետք է ձերբակալել։ Մենք հրաման ենք ստացել։

— Այստեղ ես եմ հրամաններ արձակում,— պատասխանեց Վարդանը կտրուկ տոնով։— Ես կզեկուցեմ կապիտանին, որն էլ կորոշի այս մարդկանց ճակատագիրը։

Վարդանը մի ծոցատետր հանեց և գրանցեց ընտանիքի հոր անունն ու ազգանունը և հասցեն, հետո հրամայեց հեռանալ։

— Մնացեք ձեր տանն իշխանությունների իրավասության ներքո։

— Այո, հրամանատար։ Շնորհակալություն։

Ակնհայտորեն հանգստացած տղամարդը իջավ սայլից և բռնելով ձիու սանձից առաջնորդեց նրան։ Սայլը շրջվեց և վերադարձավ Սվաս։ Վարդանը գովեց ոստիկաններին, որոնք շոյված էին։

— Դուք ձեր պարտականությունը լավ կատարեցիք, այդ փաստը կգրանցվի ձեր անձնական գործում։

Ճանապարհը շարունակելուց առաջ նա սպասեց, մինչև հայերի սայլն անհետացավ հին պարսպի հետևում։ Կամուրջն անցնելով՝ նա ձախ թեքվեց և, Հուր Կրակի սանձը թուլացնելով, թույլ տվեց ձիուն սլանալ գետի երկայնքով ձգվող գրունտային ճանապարհով։ Գետափին աճող բարդիների մեջ երևում էին ջրաղացները, որոնք վերանորոգվում էին բերքահավաքից առաջ։ Գետի մյուս ափին կանոնավոր շարքերով խնձորի, սալորի և ծիրանի ծառեր էին աճում։ Վարդանը միշտ մեծ հաճույք էր ստանում քաղաքից դուրս ձիավարելիս. նա մոռանում էր բոլոր հոգսերը։ Այս առավոտ այդպես չէր։ Կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը սաստկացրեց նրա անհանգստությունը։ Նրան չէր զարմացնում նոր հրամանագիրը կատարելու ոստիկանների եռանդը, սակայն ամբոխի թշնամական վերաբերմունքը հայերի նկատմամբ անսովոր էր Սվասում։ Եթե դարավոր ատելությունը ջրի երես դուրս գար, ապա պետք էր պատրաստվել վատթարագայնին։ Միշտ կարելի էր փոխադարձ համաձայնության գալ օրենքների և պաշտոնյաների հետ, մինչդեռ զանգվածների վարքագիծը նույնքան անկանխատեսելի էր, որքան տարերքը։

Հեռվում կապտին տվող լեռների կողմը շարժվելով, Վարդանը հիշեց այն, ինչի մասին հրաժարվեց խոսել Մարոյի հետ։ Հեռանա՜լ։ Ինչպես այն հայ ընտանիքը մի քիչ առաջ։ Նրանք շատ իրեր էին իրենց հետ տանում։ Չի կարելի փախչել այնպես, կարծես տեղափոխվելիս լինես։ Ավելին, նրանք դեպի հարավ էին գնում, հենց այն ուղղությամբ, որը նախատեսված էր «տեղահանության» համար։ Ոչ, պետք էր փախչել գիշերով, վերցնելով միայն կենսականորեն անհրաժեշտ իրերը, և շարժվել դեպի հյուսիս։ Նույնիսկ այդ դեպքում ոչինչ կանխատեսել հնարավոր չէր։ Բանակի կողմից վերահսկվող վատ ճանապարհներ, ավազակների կողմից վերահսկվող գյուղական շրջաններ։ Զինվորական համազգեստը կպաշտպաներ միայն որոշ ժամանակ, քանի որ իրեն կսկսեին փնտրել որպես դասալիքի։

Դրամի միջոցով կարելի կլիներ ինչ-որ խնդիրներ լուծել։ Հասնելով Սև ծովի ափին՝ միշտ էլ կարելի էր դեպի Կոստանդնուպոլիս կամ Ռուսաստան մեկնող նավ նստել։ Քանի՞ օր էր պետք ծովափ հասնելու համար։ Կառքով իրենք շատ դանդաղ կշարժվեին, քան ձի հեծած։ Ծայրահեղ դեպքում կարող էր Թովմասին նստեցնել իր ձիու գավակին, սակայն պետք էր հաշվի առնել Ազնիվ խանումին։ Բացի դրանից, պետք էր սննդամթերք, վերմակներ, ձիերի համար վարսակ վերցնել։ Մարոն ի վիճակի էր ժամեր շարունակ մնալ թամբի վրա և անհրաժեշտության դեպքում հրացանից կրակել, սակայն զոքանչի և որդու համար ճանապարհորդությունը ծանր փորձություն կլիներ։ Ո՞վ կկարողանար կառք վարել առանց ճանապարհի, մթության մեջ։ Վարդանը մտածեց, որ հաջողության հասնելու հնարավորությունները կավելանային, եթե իրեն ընկերակցեր Արմենը։ Մանավանդ, որ վերջինս ծանոթ էր Սև ծովին և նավահանգիստները գիտեր իր հինգ մատների պես։ Ավելի լավ կլիներ, եթե նավ գնեին, որն Արմենը կվարեր։ Արաքսիի հետ իրենք վեց հոգի կլինեին։ Երկու ձիավոր և մեկ կառք։ Այդպիսով՝ ավելի քիչ ուշադրություն կգրավեին։ Հարկավոր էր ճիշա գնահատել իրավիճակը, որպեսզի ինքն իմանար, թե արդարացնո՞ւմ էր արդյոք այդ ծրագիրն այն վտանգները, որոնց ինքը կենթարկեր իր ընտանիքին։ Վարդանը վճիռը կայացնելու համար իրեն ժամանակ տվեց մինչև երեկո։

Ձին անցավ քայլքի։ Վարդանը չէր կարողանում ազատվել մեղքի զգացումից։ Ինքն ուզում էր փախչել՝ թողնելով մնացած հայերին բախտի քմահաճույքին։ Վախկոտությո՞ւն։ Կյանքում ինքը երբեք չէր նահանջել, իսկ եթե և նահանջել էր, ապա իր հակառակորդի վրա ավելի ուժգին հարձակվելու համար։ Իսկ այսօր մտածում էր փախչելու մասին։ Երիտասարդ հասակում նա երազել էր փարոս, ուղեցույց լինել իր ժողովրդի համար, գործուն մասնակցություն ունենալ Հայաստանի վերածննդի հարցում, հետք թողնել պատմության մեջ, իսկ հիմա պետք է փախչեր գողի պես մթության քողի տակ։ Սակայն... Ի՞նչ օգնություն կարող էր առաջարկել իր համաքաղաքացիներին։ Ի՞նչ կարող էր անել միայնակ մարդը խելագարված պետական մեքենայի դեմ։ Ինքն անկարող էր։ Վարդանը տխրեց։ Հետևաբար նա այսքան տարի աշխատել էր, պայքարել բռնապետության դեմ, ամբիոն էր բարձրացել, բազում էջեր էր գրել, հուսացել էր, հավատացել էր և ջանացել իր հավատը փոխանցել ուրիշներին այս վիճակում հայտնվելու համար։ Պե՞տք էր արդյոք հրաժարվել այն գաղափարներից, որոնք փայփայել էր քսան տարի շարունակ։ Իհարկե, եթե միայնակ լիներ, ապա հարցն այլ կերպ կդրվեր, սակայն պետք էր մտածել Թովմասի, Մարոյի մասին։ 1909 թ. Կոստանդնուպոլսից հեռանալն ամենևին էլ ամոթալի չէր։ Իր կյանքը վտանգված էր, և ինքն այնտեղ այլևս օգուտ տալ չէր կարող։ Դա իմաստուն վճիռ էր։ Նույն վիճակն էլ այսօր էր։ Գոնե նա կուզեր այդպես մտածել։

Անկարող լինելով լուծելու իր համաքաղաքացիներին օգնելու և իր ընտանիքը պաշտպանելու անհաշտ դիլեման, Վարդանը վերջ տվեց իր մտորումներին։ Նա վճռեց խորհրդակցել Մարոյի հետ։ Երբ Վարդանը չէր կարողանում հասկանալ իր ներքին մղումները, Մարոն կարողանում էր նրա խոսքերի մեջ հայտնաբերել նրանից խույս տվող ճշմարտությունը, և այդ ժամանակ ինքը ձևակերպում էր իր միտքը։

Նա հասավ մեծ բացատին, ուր դեռ վերջերս սպաները ձիախաղեր էին կազմակերպում, հատկապես արգելապատերով մրցավազք, որոնց ժամանակ Վարդանն ու նրա բարեկամ Իբրահիմ Ալիզադեն միշտ հաղթող էին դուրս գալիս։ Վարդանն գգում էր այդ մրցումների պակասը։ Զգում էր նաև կադրային սպաների մի քիչ կոպիտ մտերմիկության պակասը, որոնք ուշադրություն չէին դարձնում այն հանգամանքի վրա, որ ինքը քաղաքացիական անձ էր, որ զորակոչվել էր նախորդ աշնան սկզբին և, ավելին, որ ինքը հայ էր։ Սակայն այս ամսվա ընթացքում շատ բան էր փոխվել։ Սպաները իրենից խուսափում էին, և միայն գնդապետ Իբրահիմն էր, որ վկայում էր անդավաճան բարեկամություն։

Հիմա բացատում տասնյակ վրաններ էին խփված։ Դա հանպատրաստից կազմակերպված հոսպիտալ էր, քանի որ Սվասինը գերբեռնված էր հիվանդներով և վիրավորներով։ Այստեղ բուժվում էին այն զինվորները, որոնք ժամանել էին արևելյան ճակատից։ Վարդանն ապարդյուն կերպով բացատրել էր իր հրամանատարին, որ ինքը դեդագործ էր և ոչ թե բժիշկ, սակայն մասնագետների պակասն այնքան սուր էր, որ նրան վստահել էին այդ հիվանդանոցը։

Ի վերջո, Վարդանը համակերպվել էր իրավիճակի հետ։ Այդ աշխատանքը նրան հնարավորություն էր տալիս չհաճախել հոսպիտալի իր լաբորատորիան, ուր ամռան տապին շնչելու օդ չէր լինում։ Բացի դրանից, պետք էր մեկը, որը կթեթևացներ այդ հիմնականում երիտասարդ մարդկանց տառապանքները։ Մի կողմ դնելով իր կասկածները՝ նա ստիպված եղավ բժիշկ ձևանալ։ Նա բավականաչափ գիտելիքներ ուներ և կատարելագործվում էր աշխատանքի ընթացքում։ Քանի որ վիրաբույժ հազվադեպ էր երևում, Վարդանը սովորել էր հեռացնել արկերի բեկորները և գնդակները։ Ծառերի հովանու տակ սարքած ցանկապատի հետևում ձիուն կանգնեցնելով՝ Վարդանը շտապ ստուգեց ճամբարը և զինվորներին հանձնարարություններ տվեց՝ հավաքել և այրել հին վիրակապերը, որոնցից գարշահոտություն էր տարածվում վրաններում, դատարկել գիշերանոթները, թարմ ջուր բերել։ Անհրաժեշտ էր լինում անդադար կրկնել հանձնարարությունները, քանի որ այն զորակոչիկները, որոնց կցում էին հիվանդանոցին, վախենում էին վարակից և աշխատում էին դժկամությամբ։ Վարդանը լսեց հերթապահ բուժակի զեկույցը։ Երիտասարդ թուրք տղայի աչքերը կարմրել էին անքնությունից։ Յուրաքանչյուր դեպքն առանձին-առանձին նկարագրելուց հետո տղան հոգնած ձայնով հայտնեց.

— Այս առավոտ վիրավորների նոր խմբաքանակ են բերել։ Տասնմեկ վիրավոր։ Շատերը ծանր վիճակում են։ Վիրավորների կեսը հաստատ ձեռքից կգնա այս երկու օրը։

Վարդանը թփթփացրեց նրա ուսին և նրան դուրս բերեց վրանից.

— Կանենք, ինչ կարող ենք։ Գնացեք հանգստանալու։

Հեռվում Վարդանին էր սպասում սպիտակ գլխակապով, սև վերարկուն ուսերին գցած մի մոլլա և իր թզբեհն էր խաղացնում։ Խիտ մորուքի վերևում տենդագին փայլում էին նրա աչքերը։ Նա գլուխ տվեց Վարդանին, որին այդ անսովոր ներկայությունը հետաքրքրեց։

— Ողջույն, մայոր։

— Բարի գալուստ,— պատասխանեց Վարդանը։— Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։

Համոզվելով, որ բուժակը բավականաչափ հեռու էր, այցելուն պատասխանեց հայերենով.

— Ուզում եմ ձեզ հետ խոսել, մայոր Վարդան։

Վարդանն անհետաձգելի գործեր ուներ, և նրա առաջին մղումն էր ազատվել այցելուից։ Սակայն, երբ մահմեդականը հայերեն խոսեց, նա փոխեց որոշումը և մոլլային հրավիրեց իր վրանը։

— Կարճ կապեք,— ասաց նա կասկածանքով,— ես շատ գործ ունեմ։ Ո՞վ եք դուք։

Տղամարդը հանեց կեղծ մորուքը։ Նիհարության, մաշված դեմքի և խորաթափանց հայացքի պատճառով նա ավելի մեծ և հեղինակավոր էր երևում, մինչդեռ ընդամենը քսանհինգ տարեկան էր։

— Շիրակ Թևոնյան,— հայտարարեց նա հպարտ կեցվածք ընդունելով։

Վարդանը չկարողացավ թաքցնել զարմանքը։ Թևոնյանը, որի անունը կրող թռուցիկները փակցված էին ոստիկանության յուրաքանչյուր պահակակետում, համարձակվել էր օր ցերեկով հայտնվել քաղաքի մերձակայքում։ Նրան զարմացրեց նաև, որ Անատոլիայի այս մասում մեծ հռչակ ունեցող հեղափոխականը այդքան երիտասարդ էր։ Վարդանը նրան ավելի շուտ ապստամբ էր համարում։ Ոչ ոք ճշգրիտ չգիտեր, թե ինչ գաղափարներ և, ինչ քաղաքական հայացքներ էր նա առաջ քաշում, եթե ընդհանրապես որևէ գաղափար առաջ էր քաշում։ Նա զինված պայքար էր վարում օսմանյան բանակի դեմ, և իշխանությունները նրան Ռուսաստանի գործակալն էին համարում։ Ամեն դեպքում Վարդանը համարում էր, որ այդ անհնազանդությունը կարող էր վատթարացնել առանց այդ էլ լուրջ իրավիճակը։ Նրա վարքագիծը վարկաբեկում էր հայերին կառավարության աչքում և հնարավորություն էր տալիս հայերին ներկայացնելու որպես անհնազանդ տարր։ Սկզբում Վարդանը Շիակի նկատմամբ առանձնակի համակրանք չզգաց, սակայն նրան հուզեց այցելուի հայացքի ջերմությունը և նրա դեմքից ճառագող մաքրությունը։ Մաքրությո՞ւն, թե միամտություն։ Նա գերադասեց այդ դեմքին տեսնել մի մարդու անկեղծություն, որը դեռևս պահպանում էր պատրանքները, քանի որ հենց այդպիսի դեմքի արտահայտություն ուներ ինքը այն լուսանկարներում, որոնք արվել էին, երբ քսան տարեկան էր։

Հանձնակատարը տաքացրել էր ինքնաեռը, որը դրված էր սեղանին։ Կողքին զամբյուղով ծիրան էր դրված։ Հյուրը ցույց տվեց ծիրանները և ասաց.

— Ես ամբողջ գիշեր ճանապարհին եմ եղել։

Վարդանը նրան թեյ հյուրասիրեց և ինքն էլ մի բաժակ խմեց։ Նրանք լուռ միմյանց էին նայում։ Շիրակը մի կտոր շաքար դրեց բերանը և դանդաղորեն թեյը խմեց՝ աչքը Վարդանից չկտրելով։ Նա ավելի տպավորված էր, քան ցանկանում էր ցույց տալ։ Պատճառը ինչպես Վարդանի պատկառելի կեցվածքն էր, այնպես էլ գրողի նրա համբավը։ Ուրեմն՝ սա էր հռչակավոր Վարդան Պալյանը, որի հոդվածները բոցավառել էին պատանու իր երևակայությունը մի քանի տարի առաջ։ Առանց տեղյակ լինելու, այս մարդն օժանդակել էր, որ Շիրակը հետևողական ազգայնամոլ դառնար, որը հանգիստ չէր ունենալու, քանի դեռ Հայաստանը որպես անկախ պետություն չէր հայտնվել քարտեզների վրա։ Շիրակն ուզում էր այդ ամենն ասել Վարդանին, սակայն նա երբեք չէր կարողանում իր զգացմունքներն արտահայտել առանց ձայնի դողդոջի, իսկ դա, նրա կարծիքով, թուլացնում էր իր դիրքերը։ Հետևաբար նա սովորել էր չխոսել իր զգացմունքների մասին և այդ պատճառով վայելում էր սառը և անզգա մարդու համբավ, մինչդեռ այդպիսին չէր։

Նա ծնվել էր Սիրիական անապատի հյուսիսում՝ Տիգրիս գետի ափին բազալտե բերդապարսպով շրջապատված Դիարբեքիր քաղաքում։ Տասնինը տարեկան հասակում հեռացել էր իր պղնձագործ հոր արհեստանոցից։ Դա 1910 թ. գարնանն էր։ Տղան երազում էր այլ ապագայի մասին։ Նա ուզում էր կյանքն անմնացորդ նվիրել իր ժողովրդի շահերին։ Կապոցը ուսին նա գնացել էր վան։ Բարձր սարահարթերով, ալպիական մարգագետիններով, անտառապատ լեռներով՝ ուխտագնացության նմանվող ճանապարհորդության ընթացքում նա ծանոթացել էր ամենախեղճ հայերի՝ գյուղացիների հետ, որոնք չունեին իրենց հողը և մշակում էին տեղի կալվածատերերի և հարուստ քաղաքացիների հողը։ Օթևանի և ուտելիքի դիմաց Շիրակը օգնում էր նրանց դաշտերում։ Նա դադար էր առնում սարերում կորած գյուղերում, ուր տները խմբված էին ութանիստ գմբեթով զանգակատուն ունեցող եկեղեցու շուրջ։ Նույնիսկ ամենափոքր գյուղը ծխական դպրոց ուներ, և այդ գյուղերի կոկիկլ տները, հարուստ այգիներն ու բանջարանոցները բարեկեցիկ կյանքի պատրանք էին ստեղծում։ Սակայն այդպես չէր։ Բերքի մեծ մասը հանձնվում էր բարձր հարկերի դիմաց, եթե չէր հափշտակվում կաշառակեր պաշտոնյաների կողմից։ Այդ գյուղերի բնակիչների մեծ մասը վերապրում էր Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա պանդխտության գնացած ընտանիքի անդամների ուղարկած դրամի շնորհիվ։

Վանում Շիրակը աշխատել էր որպես բեռնակիր և ծանոթացել էր մի քանի ազգայնականների հետ, սակայն այնտեղ չէր զտել այն, ինչ կհամապատասխաներ իր ամենանվիրական հույսերին։ Ձմեռվա կեսին, երբ ձյան պատճառով փակվել էին ճանապարհները և երբ գայլերը շրջում էին անտառեզրերում, նա հեռացել էր Վանից, այս անգամ ճամփա բռնելով դեպի ռուսական սահմանը։ Հասնելով Արարատ լեռանը՝ նա ձնաբքի պատճառով չէր կարողացել շարունակել ճանապարհը և ստիպված էր եղել օթևանել մի գյուղացու տանը։ Այդ գյուղացին մի որդի ուներ, որն ապրում էր Երևանում և ներգրավված էր հեղափոխական շարժման մեջ։ Շիրակը նրա մոտ էր գնացել, իսկ հետո ամեն ինչ հեշտությամբ կարգավորվել էր։ Նրան Թիֆլիս էին ուղարկել, ուր գտնվում էր իրենց կուսակցության կենտրոնը, և շատ արագ նրա քաղաքական կրթությունը լրացվել էր։ Այսուհետ Շիրակը գիտեր, թե ինչ Հայաստանի մասին էր ինքը երազում՝ ժողովրդական կառավարություն ժողովրդի համար։ 1912 թ. նա վերադարձել էր Անատոլիայի հայկական գավառները և վերջնականապես հաստատվել Սվասում։ Նրա առաքելությունն էր հավաքագրել իրենց գաղափարների նոր կողմնակիցների և նրանցից գործունյա խմբեր կազմել։

Երկու տարի անց, հոգնելով վճռական օրվա սպասումից, Շիրակը խզել էր կապերը իր ղեկավարների հետ, որոնք նրա կարծիքով ավելի հակված էին ճառեր արտասանելու և քաղաքական գործարքների։ Նա վճռել էր համախոհների հետ միասին գործի անցնել։ Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև սկսված պատերազմը այն երանելի պատրվակն էր, որը նրան հնարավորություն տվեց զինված պայքար սկսել։ Շիրակն անհեթեթ էր համարում, որ հայերի մի մասը ցարի հպատակը լինելով, իսկ մյուս մասը՝ սուլթանի, կռվում էին միմյանց դեմ հակառակորդ բանակների շարքերում։ Անհրաժեշտ էր օգտվալ հանգամանքից և ազատագրել Հայաստանը օտարների՝ թե՛ ռուսների, թե՛ օսմանցիների տիրակալությունից։ Ինչպես և իր համախոհները, որոնք շուրջ երկու հարյուր հոգի էին, Շիրակը իրեն ֆիդայի էր հայտարարել և երդվել էր կյանքը զոհել իր ժողովրդի համար։ Սկզբում նա բավարարվում էր օսմանյան բանակի պահակախմբերի վրա հարձակումներ կազմակերպելով։ Տեղահանությունների դեպքում նրանց թվում էր, որ իրենց ավելի ազնիվ աշխատանք էր բաժին ընկնում. թույլերի և ճնշվածների պաշտպանությունը։

Վարդանն անհամբեր էր։ Նա վայր դրեց բաժակը; Շիրակը մտովի աչքի անցկացրեց իր փաստարկները և վախեցավ, որ ի վիճակի չի լինի երկար դիմսւդրելու վեճերում թրծված նախկին խորհրդարանականին։ Ինքը գործողության մարդ էր և ոչ թե բանավեճի։ Հարկավոր էր դիմել Պալյանի զգացմունքներին։ Շիրակը կպցրեց իր կեղծ մորուքը և հայտարարեց.

— Այն վտանգը, որին ենթարկվում եմ ձեզ մոտ գալով, վկայում է իմ ասելիքի կարևորության մասին։ Ես չեմ չարաշահի ձեր համբերությունը։

Նա դադար առավ և ավելացրեց ոգեշնչված ձայնով.

— Ժողովուրդը ձեր կարիքն ունի, պարոն Վարդան։

Նրա տոնը ջղայնացրեց Վարդանին։ Խոսքերը նույնպես, քանի որ իրեն հիշեցրեցին խորտակվող նավը լքելու իր մտադրությունը։ Նա հյուրին հանգստացրեց ձեռքի շարժումով.

— Դե լա՜վ, գլուխներս սթափ պահենք։

Շիրակը շրթունքը կծեց. խոսակցությունը վատ էր սկսվել։ Նա շարունակեց ավելի հանգիստ տոնով.

— Կարծում եմ, որ ձեզ պես մարդուն պետք չէ բացատրել, որ մեր վիճակն օրհասական է։

Անտեսելով շոգը՝ Վարդանը իջեցրեց վրանի վարագույրը։ Շիրակի այցելությունը վտանգում էր Վարղանին, սակայն երիտասարդ ապստամբը պետք է որ հավաստի տեղեկություններ ունենար։ Օրինազանցները, ինչպես նաև զինվորներն ու պաշտոնյաները միակ մարդիկ էին, որոնք կարող էին տեղաշարժվել երկրի շրջաններում։

— Տեղեկություններ ունե՞ք այն մասին, թե ինչ է կատարվում մյուս շրջաններում,— հարցրեց Վարդանը՝ մոտենալով իր հյուրին։

— Մեզ համար աշխարհի վերջը սկսվել է,— ասաց Շիրակը մռայլ ձայնով։

Այս խոսքերը հաստատեցին Վարդանի վատթարագույն կասկածները։ Նա փորձում էր հանգստանալ՝ իրեն հաամոզելով, որ Շիրակն անկասկած չափազանցում էր։ Շիրակն իր բնավորության որոշ գծերով հիշեցնում էր իր քեռորդի Տիրանին, որը սովորություն ուներ ներկայացնել իրադարձությունները իրեն ձեռնտու լույսի ներքո։

— Իսկապե՞ս աշխարհի վերջը,— ասաց նա՝ չթաքցնելով կասկածը։

— Ձեր անվստահությունը կարելի է հասկանալ։ Գավառից գավառ լուրեր չեն հասնում, նույնիսկ հարևան քաղաքները կտրված են միմյանցից։ Գրեթե ամենուր սկսվել են տեղահանությունները և դրանք ընդամենը պատրվակ են ջարդերի համար։ Կառավարությունը երբեք էլ մտադրություն չի ունեցել տեղահանելու հայերեին և նրանց այլ շրջաններում վերաբնակեցնելու։

Վերջին փաստարկը զարմացրեց Վարդանին։ Սիջոցառումն անիրականանալի է, և նա դրա մասին ասել էր Մարոյին։ Այդ ժամանակ ինքը հետևության չէր արել, քանի որ, անկասկած, դրա հետևանքները հրեշավոր էին։ Նա մի քիչ էլ դիմադրեց.

— Դուք չե՞ք ուռճացնում տեղի ունեցածը։ Ես չեմ կասկածում, որ տարբեր վայրերում կարող են բարբարոսության դեպքեր արձանագրված լինել։ Այս երկիրը անհանդուրժողականության արմատացած ավանդույթներ ունի։

— Շատ կուզեի, որ դուք իրավացի լինեիք - պատասխանեց Շիրակր գլուխը թափ տալով։— Պանթուրանիզմը զործի է անցել, պարոն Պալյան, Իթթիհատը հայկական հարցը լուծում է իր շահերին համապատասխան, մեր ազգի պարզ բնաջնջումով։

Վարդանը ներքուստ ցնցվեց։ Ինքը հենց դրանից էր վախենում այն պահից ի վեր, երբ Թալեաթն ու Էնվերը 1913 թ. ամրապնդել էին իրենց իշխանությունը բանակի հաշվին, որը վարկաբեկվել էր Բալկանյան պատերազմի ժամանակ բուլղարացիների և հույների կոդմից պարտություն կրելով։ Նրանք չէի՞ն, որ քշել էին հագար տարի Անատոլիայամ ապրած հարյուր հազարավոր հույներին դեպի Էգեյան ծովի կղզիները։ Վարդանը կառչեց այն հույսից, որ եվրոպական տերությունները աղմուկ կբարձրացնեին Էնվերի և նրա ավազակախմբի ազգայնական մոլեռանդության դեմ։ Սակայն դրա վրա կարելի էր հույս դնել միայն խաղաղ պայմաններում։

– Ի՞նչ իրավիճակ է Կեսարիայում, Ադանայում, Սամսունում, Տրապիզոնում։

— Կիլիկիայում և արևելքում զանգվածային ջարդեր են տեղի ունենում։ Վերացնում են քաղաքների հայ բնակչությանը, ոչնչացնում են գյուղերը, սպանում են զենք կրելու ունակ տղամարդկանց։ Ծերերին, կանանց և երեխաներին քշում են ճանապարհներով այնպես, ինչպես անասունն են քշում ամառային արոտավայրերը, և նրանք ավազակների բաժին են դառնում։ Ամբողջ շրջաններ վերածվում են սպանդանոցի։ Շուտով նույն վիճակը կլինի ամբողջ Անատոլիայի տարածքում։

Վարդանն անզոր նստեց ծալովի աթոոի վրա, մաքրեց ճակատի քրտինքը։ Նա շատ ավելի էր հուզված, քան ցույց էր տալիս։ Նա անկարող էր սթափ մտածել, քանի որ գլուխը լցված էր Շիրակի խոսքերից ծնունդ առած պատկերներով։ Նրան շրջապատող աշխարհը փուլ էր գալիս՝ իր հետ տանելով բոլոր այն արժեքները, որոնք Վարդանը պաշտպանել էր։ Նա քսան տարով հետ էր գնացել և հայտնվել էր այն ժամանակաշրջանում, երբ Աբդուլ Համիդ II-ն էր ցուցադրում իր բարբարոսությունը։ Մարո՜, Թովմա՜ս։ Իսկ Ազնիվ խանումը... իսկ իր եղբայրը... իսկ մնացած հայերը...

Շիրակը դարձյալ թեյ էր խմում և ծիրան էր ուտում։ Նա վարդանի դիմաց կանգնած հետևում էր, թե ինչ տպավորություն էին թողել իր խոսքերը։ Նա սպասում էր Վարդանի մեկնաբանություններին, սակայն ոչինչ չշահեց, քանի որ Վարդանը հակահարձակման անցավ.

— Ի՞նչ եք առաջարկում։

Շիրակի աչքերը փայլեցին տարօրինակ փայլով։

— Միայն մեկ ելք կա։ Անատոլիայի բոլոր հայերի ապստամբությունը։

Վարդանը վեր թռավ։ Նա իր ականջներին չէր հավատում։

— Դա խելահեղություն է,— բացականչեց նա։

— Ո՛չ։ Բոլոր կազմակերպությունները կմոռանան իրենց տարաձայնությունները միասնական ճակատ կազմելու հասար։ Ջարդերի հետևանքով կազմավորված զինված կամավորականների ջոկատները մեզ կմիանան։ Մեզ պետք է միայն անվանի առաջնորդ, այնպիսի մի մարդ, որը կկարողանա համախմբել կայսրության տարածքում ապրող հայերին, նույնիսկ կղերականությանն ու հարուստներին։ Մենք կմիավորվենք Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների՝ Դրոյի, Անդրանիկի հետ, որոնք կռվում են ցարի դրոշի ներքո։

— Եվ դուք մտածում եք իմ մասին,— տխուր քմծիծաղ տվեց Վարդանը։

— Կաթողիկոսից հետո դուք, անկասկած, ամենաճանաչված և ամենահարգված հայն եք Պոլսից մինչև Վան, Տրապիզոնից մինչև Երուսաղեմ։ Ես ձեր կարիքն ունեմ։ Մենք միասին կազատագրենք Հայաստանը դարավոր օսմանյան լծից, իսկ հետո կստեղծենք մի երկիր, ուր կկիրառվեն սոցիալական արդարության այն սկզբունքները, որ դուք միշտ պաշտպանել եք։

Իր հռչակի այս ուռճացումը Վարդանը ստոր շողոքորթություն համարեց և այն չունեցավ սպասված ներգործությունը։ Նա մտածեց, որ Շիրակը չուներ քաղաքական հոտառություն։ Նա այնպիսի մտքեր էր արտահայտում, որոնք հիշեցնում էին վարդանի՝ երիտասարդ ժամանակ արտասանած ճառերը։

— Կարծում եմ, որ դուք սխալ ժամանակ եք ընտրել,— ասաց նա դառը հեգնանքով։

— Հակառակը, պահը շահեկան է։ Սուլթանի բանակը կռվում է երկու ճակատով։

Իր նստարանը վայր գցելով՝ Վարդանը վեր թռավ տեղից և վրդովվեց.

— Ազնիվ խո՛սք, դուք երազում եք արթմնի։

Երիտասարդը զարմացավ.

— Ի՞նչ եք ուզում ասել։

Նա անկեղծ էր թվում և, տեսնելով նրա միամտությունը, Վարդանը հանգստացավ։ Թաքցնելով իր անհամբերությունը՝ նա բացատրեց.

— Խոշոր ապստամբությունը, որ դուք գովերգում եք, լուրջ նախապատրաստություն է պահանջում։ Եթե իրավիճակն այնպիսին է, ինչպես դուք եք նկարագրում, իսկ ես, դժբախտաբար, բոլոր պատճառներն ունեմ դրան հավատալու, ապա ձեր վիթխարի ծրագիրը իրականացնելն արդեն ուշ է։

Չընկճվելով հնչած փաստարկից՝ Շիրակն աջ բռունցքը խփեց ձախ ափին և հայտարարեց ոգևորված.

— Մեր ազատագրական պայքարը կսկսվի Սվասից։ Մեր գործողությունները լայն արձագանք կունենան։ Բնաջնջման վտանգի առաջ մեր հայրենակիցներից ոչ մեկը չի հրաժարվի կռվելուց։

Քայլեր լսվեցին։ Վարդանը լռելու նշան արեց Շիրակին։

— Մայոր,— կանչեց մի ձայն դրսից։

— Այո՞։

Շիրակը մեջքն արեց ենթասպային, որը մտավ և պատվի առավ արյունոտ ձեռքով։

— Նոր վիրավորներ են բերել, մայոր։

— Ես հինգ րոպեից կգամ, Սուամմեր։

Ենթասպան դուրս եկավ։ Վարդանը վարագույրը բարձրացրեց, որպեսզի համոզվեր, որ նա հեռացել էր։ Շոզ էր, և նա մի պահ մնաց դռան բացվածքում։ Շիրակի հետ զրուցելու վերջին րոպեներին նա ինքն իրեն հարց էր տալիս՝ միգուցե ինքը գործ ուներ ցնորվածի՞ հետ։ Իսկ հիմա համոզված էր, որ Շիրակի վարքագիծը պայմանավորված էր արդարության ձգտումով և սիրով իր ժողովրդի նկատմամբ։ Այդուհանդերձ, նա բոլորովին զուրկ էր իմաստնությունից։ Հարկավոր էր նրան ապացուցել, որ իր ծրագիրը անհնար էր իրականացնել և որ այն ինքնասպան բնույթ աներ։ Այդ խելահեղ գաղափարներից շլացած հայերը կարող էին հավատալ Շիրակին և հետևել նրան։ Այսօրվա իրավիճակում ցանկացած չմտածված քայլ կարող էր վառոդի մեջ կրակ գցել։

Վարդանը մոտեցավ իր հյուրին և նայեց ուղիղ նրա աչքերի մեջ.

— Որքա՞ն մարդ ունեք։

— Մոտ երկու հարյուր։ Ֆիդայիներ են, յուրաքանչյուրտ տասը մարդ արժե։ Իսկ Սվասում հազարավոր հայեր կան։

— Կանայք, երեխաներ, խանութպաններ... Իսկ զե՞նքը։ Չէ՞ որ կառավարությանը բռնագրավել է նույնիսկ որսորդի հրացանները։

Վարդանը մեղմությամբ էր խոսում՝ հույս ունենալով սթափեցնել Շիրակին։ Վերջինս արձագանքեց.

— Մենք կհարձակվենք զինանոցի վրա և կթալանենք։ Գէոմանացիները մեծ քանակությամբ զինամթերք են բերել այստեղ։ Հետո կամրանանք հայկական թաղում և կդիմադրենք։

— Երկո՞ւ օր։ Մե՞կ շաբաթ։

— Ռուսներն ու կամավորականները Հայաստանից մեզ օգնության կգան։

— Անհնարին է, ճակատը հարյուրավոր կիլոմետրերի վրա է։ Ապստամբությունը Սվասում հնարավորություն կտա օսմանյան կառավարությանը համոզելու աշխարհին, որ հայերը դավաճաններ են և որ տեղահանություններն արդարացված են։

— Օտարների կարծիքը մեզ չի հուզում։

— Մտածեք, Շիրակ,— շարունակեց Վարդանը զսպելով իր հուսահատությունը։— Գավառում օսմանյան բանակի խոշոր զորամիավորումներ կան։ Նրանք կջախջախեն ձեր ապստամբությունը։ Ճնշումները սարսափելի կլինեն, և հազարավոր մարդիկ զոհ կգնան ձեր խելահեղ ձեռնարկմանը։ Ձեր նպատակը դա՞ է։

Շիրակը շփոթվեց և հայացքը հեռացրեց։ Վարդանը պնդեց.

— Պատասխանե՛ք։ Ձեր ծրագիրը ձեր հարենակիցներից քանիսի՞ կյանքը կտանի։

— Նրանք ամեն դեպքում մեռնելու են... Այս դեպքում գոնե ապարդյուն չեն մեռնի։

— Ձեր անպատկառությանը արգահատելի է,— բացականչեց Վարդանը վրդովված։

Շիրակը սթափվեց և վստահ ձայնով ասաց.

— Պայծառատեսության, պարոն Պալյան, պայծառատեսություն։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ էնախապատրաստվում։ Թե՞ դուք գերադասում եք անտեսել ճշմարտությունը։ Ինչպես նրանք, ովքեր փորձեցին պայմանավորվել Իթթիհատի հետ, ովքեր դրդեցին հայերիս կատարել օսմանյան կամ ռուսական հպատակների իրենց պարտականությունները։ Տեսնո՞ւմ եք, թե դա մեզ ուր հասցրեց։

Նա բռունցքը բարձրացրեց, ինչպես անում էր իր մարդկանց հարձակվելու հրաման տալիս, և հայտարարեց.

— Ավելի լավ է մեռնել զենքը ձեռքին, բան սպանդանոց տարվող ոչխարի պես։

— Նույնիսկ եթե դուք զոհաբերում եք ձեր կյանքը, ապա դա ձեզ, միևնույն է, իրավունք չի տալիս մյուսներին դրդելու կոլեկտիվ ինքնասպանության։

Առանց դադար առնելու Շիրակը հարցրեց.

— Ես կարո՞ղ եմ ձեզ վրա հույս դնել։

— Իհարկե ո՛չ,— վրդովվեց Վարդանը՝ կատաղելով նրա համառությունից։— Ձեր խելահեղ ծրագիրը դատապարտված է անհաջողության։

Շիրակը ծամածռվեց.

— Ես սխալվել էի ձեր կապակցությամբ։ Դուք ընդամենը եսամոլ բուրժուա եք։ Մենք յոլա կգնանք առանց ձեզ։

Նա շրջվեց և շտապ հեռացավ։

— Շիրա՜կ,— կանչեց Վարդանը նրան կանգնեցնելու համար։

Նա արդեն դրսում էր։ Վարդանը նրա հետևից դուրս եկավ վրանից։ Նա սև ստվերի պես հեռանում էր գորշ վրանների արանքով։ Նրա վերջին բառերը դեռ հնչում էին Վարդանի ականջներում. եսամոլ բուրժուա։ Նա նայեց բարդիների անշարժ սաղարթին։ Օրը խոստանում էր հեղձուցիչ լինել։ Եվ երկար։