Ամառ առանց այգաբացի - Գլուխ 11

Գրապահարան-ից
12:27, 21 Հուլիսի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 10 Ամառ առանց այգաբացի - Գլուխ 12 ▶


Ձմեռային առաջին ձնաբուքը ծածկեց Կապադովկիան, և Արուսյակի տունը տնքում էր քամու հարվածներից։ Լուսամուտների ապակիներին փոխարինող ձիթած թուղթը թրթռում էր, ինչպես դափի թաղանթը պարուհու մատների տակ։ Երբեմն թվում էր, թե գազանների ոռնոց է հասնում։ Դա քամին էր, որը բախվում էր Ուրգուպի վրա վեր խոյացող ժայռերի ծերպերին։ Կեսօրից ի վեր ձյունր պտտվում ու կիտվում էր գետնին՝ ձնակույտեր գոյացնելով խոչընդոտների հանդիպելիս։ Մութն ընկավ աննկատ և սովորականից ավելի շուտ։

Հողե հատակի մեջ փորված օջախում կարմրին էին տալիս շիկացած ածուխները, որոնցից ժամանակ առ ժամանակ դուրս էր պրծնում որքան փոքր, նույնքան վաղանցիկ կրակ։ Թոնիրը շրջապատող ջերմության ու լույսի մեջ, խալու վրա նստած Վարդանն ու Արուսյակը կենտրոնացած անուշ ապուր էին ատում։ Արուսյակը աչքերն ընդգծել էր սուրմայով և ծոծրակին էր հավաքել իր կապտին տվող սև մազերը։ Վարդանը դեղնավուն գործված բաճկոնակ էր հագել, որի վրա փռվել էր նրա երկար մորուքը։ Երիտասարդ կինը ավանդական ճաշատեսակներ էր պատրաստել գառի, թռչնի մսից և բրնձից Ամանորն ուրախ տոնելու համար, սակայն տոնը յուրաքանչյուրի հոգում հիշողություններ էր արթնացնում, որոնք կարոտախտ էին առաջացնում և լռություն էին պարտադրում։

Արուսյակն իր ընտանիքի լուսանկարը դրել էր սնդուկի վրա՝ խաչի ու Աստվածամոր պատկերի միջև, և հաճախակի նրա հայացքը կանգ էր առնում դրա վրա։ Նա պարզորոշ տեսնում էր սարի լանջին ծվարած գյուղը, ուր ծնվել էր և որտեղից հեռվից հեռու երևում էին Սև ծովի կապտա—մոխրագույն ջրերը։ Այդ պահին քամու ոռնոցի մեջ երիտասարդ կինը լսում էր հոր ցածր, մոր երգեցիկ ձայները ու կրտսեր եղբայրների և քույրերի սուր ճիչերն ու ծիծաղը։ Հետո այդ ամենը տարրալուծվում էր մռայլ ողբի մեջ, և Արուսյակը պատկերացնում էր մերձավորների տառապանքները տարագրության ճանապարհին։

Լուսանկարին երիտասարդ կնոջ գցած հայացքների հաճախականությունից և նրա տխուր տեսքից Վարդանը կռահեց նրա մտքերը։

— Ինչո՞ւ ես մտածում վատթարագույնի մասին,— ասաց նա ջերմորեն հպվելով նրա ձեռքին։— Միգուցե նրանք փախել են ծովով կամ էլ պատսպարվել են սարերում։

Արուսյակը հուզված նայեց Վարդանին և հուսահատ պատասխանեց.

— Ոչ... Ես իմացել եմ, որ գյուղը գետնին է հավասարեցվել, տղամարդիկ մորթվել են, իսկ մնացածներին քշել են։

Նա կապ չէր պահպանել իր ընտանիքի հետ ավելի քան հինգ տարի։ Նրա ծնողները դեմ էին Յաշար անունով մահմեդականի հետ նրա ամուսնությանը, որը դարբնի աշակերտ էր։ Չենթարկվելով ծնողների արգելքին և հոր կողմից անիծվելով՝ Արուսյակր փախել էր իր սիրեցյալի հետ, որի հետ ամուսնացել էր Ուրգուպում հաստատվելուց հետո։ Ավելի հարմար էր, որ նա մահմեդական անուն կրեր և մահմեդական համարվեր, սակայն շարունակում էր Յաշարի համաձայնությամբ ծածուկ քրիստոնեություն դավանել։

— Դու չպետք է քեզ մեղավոր զգաս,— պնդում էր Վարդանը։– Դու ոչնչի չէիր կարող խոչընդոտել։

— Եթե նրանց հետ լինեի, կօգնեի և հենարան կլինեի։

— Իզուր ես քեզ տանջում, քո ներկայությունն այնտեղ ոչինչ չէր փոխի։

Վերցնելով լուսանկարը՝ Արուսյակը կարոտով զննեց այն և շշնջաց.

— Հայրս հանդարտ և աշխատասեր մարդ էր ու միշտ մտահոգ էր։ Մայրս, հակառակը, հավատում էր Աստծու ողորմածությանը։ Նա մեզ փայփայում և երես էր տալիս։ Նայիր այս երեխաներին, Վարդան, նրանց ողջ կյանքն առջևում էր։

— Նրանք անկասկած ողջ են։

Կինը գլուխը թափ տվեց, և նրա ձայնը կարծրացավ.

— Ես գերադասում եմ նրանց մեռած համարել։ Գոնե Տիրոջ մոտ կլինեն և այլևս չեն տառապի։

Նայելով ուղիղ Վարդանի աչքերի մեջ՝ նա ավելացրեց.

— Ավելի լավ է համակերպվել։

Վարդանը գիտեր, որ նա ակնարկում էր ընտանիքը փնտրելու իր ծրագրիրը, որը նա խելահեղ էր համարում։ Վարդանը կարող էր փաստարկել, ասելով, որ ինքը գիտեր, որ իր կինն ու որդին չէին մահացել, սակայն այս պարագայում դա նրան անպատեհ թվաց։ Կինը նորից սկսեց խոսել լացակումած ձայնով.

—— Չես պատկերացնում, թե ինչ ապրումներ եմ ունեցել, երբ իշխանությունները սկսեցին տեղահանել Ուրգուպի հայերին։ Ես ինձ Հուդայի դերում զգացի՝ վախկոտ և դավաճան։ Նույնիսկ վախեցա, որ գյուղում որևէ մեկը կհիշեր, որ ես մահմեդական չէի և ինձ կմատներ։ Ինձ թվում է, որ ես կժխտեի իմ հայ լինելը։

Ամոթից նա դեմքը ափերով ծածկեց։ Վարդանը փորձեց նրան արդարացնել.

— Անիմաստ կլիներ բոլորի հետ ճանապարհ ընկնելը, եթե կարող էիր խուսափել դրանից։ Անիմաստ և միգուցե ինքնասպանությանը հավասար Աստծու աչքերում։

— Դու իսկապես այդպե՞ս ես մտածում։

— Այո, եթե գնայիր, ես հիմա մեռած կլինեի։ Մյուսները՝ նույնպես։

Արուսյակը երբեք հարցն այդ տեսանկյունից չէր դիտարկել։ Մի քիչ հանդարտվելով՝ նա ձեռքերը դեմքից հեռացրեց։

— Քանի՞ հայրենակցի ես օգնության ձեռք մեկնել,– հարցրեց Վարդանը։

Ուսերը թոթվելով՝ նա հասկացրեց, որ չգիտեր, և ջանաց իր արժանիքները նվազեցնել։

— Դա այնքան քիչ է...

Սակայն ամռան և աշնան ընթացքում նա Գորեմեի հովտի ստորգետնյա հին եկեղեցիներում թաքցրել էր տասնյակ հայերի, որոնց կերակրել, մխիթարել կամ խնամել էր Քերիմի օգնությամբ։ Երբեմն դրանք փախուստի դիմած ապստամբներ կամ կամավորներ էին, իսկ հիմնականում ջարդերից և տեղահանություններից պատահաբար մազապուրծ եղած անմեղ էակներ։ Կանայք և, հատկապես, երեխաներ, որոնց նա հետագայում հանձնում էր հունական ընտանիքներին կամ ամերիկացի մի միսիոների։ Վերջինիս միջոցով նա Մերձավոր Արևելքի համար հանգանակված գումարներ էր ստանում Ամերիկյան օգնության կոմիտեից և հայկական համայնքներից, որոնք կային աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Քանի որ ձմռանը ճանապարհները փակվել էին, ապա Արուսյակի բարեգործական գործունեությունը նվազագույնի էր հասել։

Քամուց երդիկից ձյուն լցվեց սենյակը։ Ածուխները թեժացան, ճրագի լույսը տատանվեց, և Արուսյակի մեջքով սառը օդի հոսանք անցավ, նա չկարողացավ դողը զսպել։ Նա մի բուռ փայտածուխ լցրեց օջախը։

— Թեյ պատրաստե՞մ։

— Չեմ ուզում, շնորհակալություն,– պատասխանեց Վարդանը։

Կինը ցանկություն զգաց նրան մոտենալու, սակայն չհամարձակվեց։ Նա կուզեր, որ Վարդանը նորից նկարագրեր Կոստանդնուպոլիսը կամ պատմեր Սվասի իր կյանքի, իր փայտե մեծ սպիտակ տան մասին, որը մեծ ճաշասենյակ ուներ և գրադարան։ Դաշնամու՜ր։ Ձիե՜ր։ Դա իր համար անծանոթ աշխարհ էր, որի նկարագրությունը բոցավառում էր նրա երևակայությունը։ Սակայն այս պահին Վարդանը ցանկություն չուներ անցյալին դառնալու։ Նրա համար կարևոր էր ապագան և հնարավոր հանդիպումը Մարոյի ու Թովմասի հետ։

Նա ձեռքը մեկնեց ուդը վերցնելու համար։ Հին գործիք էր, որը Քերիմը հայտնաբերել էր հնավաճառի մոտ և որը Վարդանը համբերատար վերանորոգել էր։ Նա փորձեց հիշել որևէ հայկական ազգային երգ, որը կաշխուժացներ մթնոլորտը, սակայն նրա միտքն եկան միայն կարոտախտով լի երգեր։ Մի մեղեդի համառորեն հրաժարվում էր հեռանալ իր մտքից։

— Գիտե՞ս, թե ինչ է կռունկը,– հարցրեց նա՝ ուդը լարելով։

— Թռչնի տեսակ է,– պատասխանեց Արուսյակը զարմանալով այդ հարցից։

— Գեղեցիկ, բարձրասրուն է՝ երկար պարանոցով։ Չվելու ժամանակ շատ բարձր է թռչում՝ սեպ կազմելով։ Ձմեռ ավետող նրա խռպոտ կանչը մեզ շատ տխուր է թվում, իսկ երբ գարնանը վերադառնում է՝ նրա կանչի մեջ մարդիկ ուրախ երանգներ են լսում։

Վարդանը հպվեց լարերին և երգեց երգը, որը նա գիտեր վաղ մանկությունից և որի խոսքերն իմաստավորվեցին նրա համար միայն այդ օրը։

Միալար մեղեդիով ուղեկցվող տներում նույն թեման էր կրկնվում, և տխուր երգը հույսով էր համակված, որ թռչունը չուի ժամանակ լուրեր կբերեր հայրենի երկրից։ Արուսյակը, արցունքն աչքերին, քանի որ դա իր մոր սիրած երգն էր, նայում էր երազկոտ տեսքով նվազող Վարդանին, և նա հասկացավ, որ նրա միտքը դեգերում է Սիրիական անապատից հյուսիս ընկած այն երկրռւմ, ուր հույս ուներ գտնել կնոջն ու որդուն։ Խելահեղ գաղափար, որը նրան թույլ չէր տալիս համակերպվելու իրականության հետ և հարմարվելու նրան, ինչ կյանքը պարգևում էր։ Արուսյակն իրեն լքված զգաց, և դա նրան տառապանք պատճառեց։ Տունը նրան ցուրտ թվաց, քամու աղմուկը մի պահ խլացրեց երգչի ձայնը։

Արդյոք ե՞րբ կբացվեին Վարդանի աչքերը, և նա կնկատեր, որ ինքը սիրահարված է նրան։ Մի՞թե նա չգիտեր դրա մասին։ Միգուցե նա չէ՞ր հավանում իրեն։ Մի պահ ուզեց բղավել, որ Կոստանդնուպոլիսն ու Սվասը անցյալում էին, որ ինքն այլևս դեղագործ չէր, այլ հետապնդված մարդ, որին սազում էր միայն կավաշեն տան անհայտությունը, որ նա պետք է մոռանար, թե ով էր եղել, որ չպետք է ինքնախաբեությամբ զբաղվեր իր ապագայի վերաբերյալ և բավարարվեր նոր վիճակով։

Նա իսկույն իրեն մեղավոր զգաց նման մտքերի համար։ Այն ջերմությունը, որ զգում էր ողբերգական ճակատագրով այդ գեղեցիկ տղամարդու նկատմամբ, նրան հոգատարությամբ և սիրով շրջապատելու ցանկությունը վերակենդանացան իր հոգում և ուղեկցվեցին նրան պատկանելու տենչով, և այդ խառնաշփոթ գգացմունքներից Արուսյակը շփոթվեց։ Նա իրեն միաժամանակ գզում էր որպես փոքրիկ աղջիկ և ձևավորված կին և չգիտեր, թե ինչպես իրեն պահեր։

Երբ Վարդանը վայր էր դնում ուդը, Արուսյակն անձնատուր եղավ հանկարծակի մղմանը և, մոտենալով Վարդանին, փարվեց նրա կրծքին ու անշարժացավ։ Հանկարծակիի եկած Վարդանը մի քանի վայրկյան հապաղեց և գրկեց նրա ուսերը։ Արուսյակը դողում էր ողջ մարմնով՝ չնայած օջախը ջերմություն էր տարածում։ Ըստ երևույթին Արուսյակը, ինպես և ինքը, ազդվել էր երգից, որը միայնության և աշխարհից կտրված լինելու զգացում էր ներշնչում և սրվում շուրջը մոլեգնող փոթորիկից։ Հրաժարվելով մինչ այդ ցուցաբերած զսպությունից՝ Վարդանը գրկեց նրան հանգստացնելու համար։ Ինքը նույնպես հպման, մարդկային ջերմության, սիրո կարիք ուներ։ Արուսյակի շնչառությունը ընդհատուն դարձավ և նա լարված դեմքը շրջեց դեպի Վարդանը, իսկ աչքերի մեջ աղերս կար։ Վարդանը հանկարծ հասկացավ Արուսյակին իր գիրկը նետած զգացմունքի էությունը, զգաց տենչի չափը, որը նա չէր էլ փորձում թաքցնել և գլխապտույտ զգաց։ Նրանք գետնին տապալվեցին՝ ընկղմվելով կրքի հորձանուտը։

Արուսյակը արթնացավ լուսաբացին սառած և խոնավ տանը։ Նա անկողնում երկար մնաց՝ Վարդանի տաք մարմնին փարված։ Հետո դժկամությամբ վեր կացավ, քանի որ լսում էր գոմից եկող անասունի աղիողորմ կանչը։ Ջանալով չարթնացնել տղամարդուն, նրան ծածկեց այծի մորթով, հագնվեց ու կրակ վառեց։ Նա անասելի երջանիկ էր։ Թեթևություն էր զգում՝ չնայած նրան, որ կարծես մարմինը լցված լիներ։

Շլացած՝ նա անշարժացավ տան շեմին։ Ձյունը դադարել էր, և ամեն ինչ սպիտակ էր։ Աշխարհը կարծես նորացած լիներ, ինչպես սկիզբ, և Արուսյակը ի դեմս այդ սպիտակ աշխարհի տեսավ իր համար սկսվող նոր կյանքի պատկերը։

✻    ✻



Երբ Վարդանն ուզեց Արուսյակի հետ խոսել Ամանորի գիշերը տեղի ունեցածի մասին, նա խնդրեց այդ բանը չանել, վախենալով, որ նա ափսոսանք կարտահայտեր՝ կաշխատեր նվազեցնել այդ միջադեպի զգացմունքային նշանակությունը և հետևանքները։ Նա կասեր, որ ինքն ամուսնացած էր և սիրում էր կնոջը, որ ինքը պետք է հեռանար, որ Արուսյակը չպետք է պատրանքներ փայփայեր, մի խոսքով՝ այն ամենը, ինչ Արուսյակը չէր ուզում լսել, իսկ հետո կփորձեր վերականգնել այն իրավիճակը, որը գոյություն ուներ մինչ այդ գիշերը։ Արուսյակը համաձայն էր ցանկացած պայմանի, սակայն ոչ դրան։ Պատրանքնե՞ր։ Արուսյակը կբավարարվեր դրանցով։ Յուրաքանչյուր օրը բերում էր ուրախությունների իր բաժինը, յուրաքանչյուր գիշեր՝ կրքոտ սեր, և նա ավելին չէր պահանջում՝ խուսափելով մտածել ապագայի մասին։

— Ոչինչ մի ասա,— մրմնջաց նա՝ ձեռքը դնելով Վարդանի շուրթերին։– Երբ գա ժամանակը, դու կանես այն, ինչ պետք է անես, և ես չեմ փորձի քեզ հետ պահել։ Ես քեզնից ոչինչ չեմ սպասում։

Դա ճիշտ չէր։ Սակայն Արուսյակը հույս ուներ, որ այդ պահը երբեք չէր գալու։ Յուրաքանչյուր օրը նրանց ավելի սերտ կկապեր, և Վարդանը կմոռանար Մալաթիա վերադառնալու իր մտադրությունը։

Արուսյակի այդ խոսքերի հետևանքով նրանց միջև լռություն հաստատվեց իրենց զգացմունքային դաշտում, և այդ լռությունը պարարտ հող հանդիսացավ երիտասարդ կնոջ ամենագեղեցիկ Երազանքների համար։ Նա երբեք չէր արտասանում «ես սիրում եմ քեզ» բառերը՝ վախենալով Վարդանի բացասական արձագանքից, սակայն նրա յուրաքանչյուր հայացքը, յուրաքանչյուր շարժումը սիրո խոստովանանք էր։ Եվ Վարդանի ուշադրությունն իր նկատմամբ, ջերմության ամենաչնչին արտահայտությունը նա մեկնաբանում էր այդ տեսակետից։

Հունվարի ցրտերը նրանց ստիպեցին տանը փակվել և ժամերն անցնում էին հանդարտ ու խաղաղ։ Արուսյակը, ծալապատիկ նստած, աշխատում էր խալու դազգահի մոտ։ Վարդանը, նրանից ոչ հեռու նստած, ուդ էր նվագում և նայում էր, թե ինչպես էին Արուսյակի մատները ճարպկորեն հանգույցներ կապում գորգի վրա։ Նա կազդուրվել էր, և անգործությանը նրան հոգեպես ճնշում էր։ Նա անհամբերությամբ սպասում էր ձնհալին և ճանապարհների բացվելուն։ Վարդանը կանխավ տանջվում էր այն ցավի և հիասթափության համար, որ ինքը պատճառելու էր այդ կնոջը, որը դժբախտություն էր ունեցել սիրահարվելու օտար անցորդի։ Նա ստիպված էր խոստովանել, որ ինքն էլ էր կապվել այդ կնոջը, և նրան լքելն իրեն ևս ցավ էր պատճառելու։

Վարդանն ուդ է նվագում, ինքը գորգ է գործում, օջախի վրա եռում է ապուրը, իսկ դուրսը փչում է քամին, սա էր Արուսյակի համար կատարյալ երջանկության պատկերը, և շաբաթների ընթացքում կինն իրեն համոզել իր երջանկության իսկության մեջ, և այդ բանում նրան օգնում էր Քերիմի պահվածքը, որը նրանց որպես զույգի էր վերաբերվում։ Ամանորից հետո ուսուցիչը նկատել էր Արուսյակի պահվածքում տեղի ունեցած արմատական փոփոխությունը և անմիջապես հասկացել էր, թե ինչն էր պատճառը։ Նա երջանիկ էր իրադարձությունների նման զարգացման համար, հատկապես, որ շատ էր հարգում Վարդանին։ Քանի որ սիրահարները չէին խոսում իրենց կապի մասին, ապա Քերիմն էլ իր հերթին զսպություն էր ցուցաբերում։

Ձյուն լիներ, թե մերկասառույց, սառնամանիք, թե կաթոցք, որից ճանապարհներն անանցանելի էին դառնում, ցանկացած եղանակի ուսուցիչը ամեն օր գալիս էր իր բարեկամի նվագը լսելու և նրա հետ կարդալու և քննարկելու այն հազվագյուտ կենտրոնական թերթերը, որ կարողանում էր ճարել։ Մի կողմ քաշվելով՝ Արուսյակը կամ գորգ էր գործում, կամ ճաշ էր պատրաստում և հիացմունքով հետևում էր նրանց վեճին, նա հպարտությամբ էր լցվում իր «սիրեցյալի» գիտելիքներից և բանավիճելու արվեստից։

Փետրվարի կեսն էր, կեսօր։ Վարդանը, բրդյա վերարկուն ուսերին, թիկնել էր այգու ցանկապատին և հսկում էր ոչխարներին ու այծերին, որոնք արածում էին դեզի հիմքի մոտ, երբ հայտնվեց Քերիմը։ Կուրտը նրան դիմավորեց ուրախ հաչոցով։ Նա գլխին մորթե գլխարկ էր դրել, որն իջեցրել էր ականջների վրա, և փաթաթվել էր մի վերարկուի մեջ, որը տձևացել էր տակից հագած բազմաթիվ հագուստների պատճառով։ Նրա ուրվագիծր արջ էր հիշեցնում։ Տանը չհասած՝ Քերիմը ուրախ բղավեց.

— Հովիվ ես ձևանում։

Նա աչքերն էր ճպճպացնում ձյան արտացոլած արևի ճառագայթներից և գրգռված էր երևում։ Վարդանը նրան գրկեց և կատակեց.

— Ինչպե՞ս ես կարողանում քայլել այսքան հագուստի մեջ։

— Ես մրսկան եմ,– արդարացավ Քերիմը՝ կարմրած քիթը շփելով։

Նա թփթփացրեց գրպանից դուրս ցցված տպագիր թերթիկներին և ոգևորված ավելացրեց.

— Կեսարիայից եմ գալիս և թերթեր եմ բերել։ Այստեղ հայերի մասին է գրված։

— Ներս գնանք,– ասաց Վարդանը հետաքրքրվելով։– Կո՛ւրտ։ Հսկի՛ր սրանց։

Շունը գնաց դեպի դեզը, իսկ Վարդանը Քերիմին տուն ուղեկցեց։ Քանի Արուսյակը սուրճ էր պատրաստում, տղամարդիկ գորգին նստեցին և Քերիմը բացեց թերթերից մեկը, որը նա աչքի անցկացրեց։

— Շարունակում են մեկնաբանել կայսրության տարած հաղթանակը Գալիպոլիում,— հայտնեց նա շրջելով առաջին էջը։— Ասում են նաև, որ ռուսական ճակատում իրավիճակը կայուն է։

— Զարմանալու բան չկա։ Եթե հաշվի առնենք այնտեղ տեղացած ձյունը, ապա դժվար է զորաշարժեր անել։ Հայերի վերաբերյալ ի՞նչ կա։

— Դա հետո է,– պատասխանեց Քերիմը՝ ուշադիր ուսումնասիրելով յուրաքանչյուր էջը։ Եվրոպայում գերմանացիներն անդադար հրետակոծում են ֆրանս—անգլիական դիրքերը, և շուտով հարձակում է սպասվում։

Վարդանը հազիվ էր դիմադրում նրա ձեռքից թերթը խլելու ցանկությանը։ Զգալով նրա անհամբերությունը՝ Արուսյակը Վարդանին սուրճ տվեց և ժպիտով հասկացրեց, որ համբերի, քանի որ Քերիմը շատ էր սիրում բարձրաձայն կարդալ։ Վերջապես ուսուցիչը հասավ այն հոդվածին, որը նա հիշատակել էր, և կոկորդը մաքրեց.

— «Արտասահմանյան մամուլը, հատկապես մեր հակառակորդների երկրներում, ձայնակցում է հայերի փորձերին՝ վարկաբեկելու Օսմանյան կայսրության կառավայաւթյունը։ Պատերազմի թատերաբեմից քաղաքացիական անձանց տեղափոխության համար անհրաժեշտ միջոցառումներն այդ մարդկանց կողմից ներկայացվում են որպես ճնշումներ իրենց ազգի դեմ։ Սակայն չեզոք երկրների ներկայացուցիչները, որոնք ճանապարհորդում են Անատոլիայում, կարող են վկայել կառավարության մարդասիրական հոգածության մասին, որ ցուցաբերվում է այդ տեղափոխությունների ընթացքում»։

— Մարդասիրակա՜ն,– հոխորտաց Վարդանը։– Լկտիության պակաս չեն զգում։

Քերիմը տխուր տեսքով համաձայնեց և մի կում սուրճ խմեց։

— Քարոզչություն,– հառաչեց նա։

— Սո՛ւտ,– վիրավորված ասաց Արուսյակը, որն այնքան էլ լավ չգիտեր «քարոզչություն» բառի իմաստը։— Էլ ի՞նչ են ստում։

Քերիմը շարունակեց կարդալ.

— «Կատարելով ռուսների ցանկությունը՝ Փարիզում և Լոնդոնում, նույնիսկ Վաշինգտոնում հայերը դավեր են նյութում անկախ Հայաստանի գաղափարը առաջ քաշելու համար, որը կստեղծվի կայսրության տարածքների հաշվին։ Նրանք պահանջում են ոչ ավելի, ոչ պակաս Անատոլիայի վեց՝ Սվասի, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Քիլիսի և Վանի վիլայեթները, ուր մեծամասնություն են կազմում թրքալեզու և մահմեդական օսմանյան քաղաքացիներ...»։

Արուսյակն ընդհատեց Քերիմին Վարդանին հարցնելու համար.

— Ճի՞շտ է, որ թուրքերը մեծամասնություն են կազմում արևելքում։

— Ոչ։ Այդ հողը անհիշելի ժամանակներից հայկական է։ Սակայն եթե ջարդերը շարունակվեն, հայերն այնտեղ փոքրամասնության էլ չեն կազմի։

Նա նշան արեց Քերիմին շարունակելու։

— «Նրանց ցնորական ծրագրով անկախ Հայաստանն իր մեջ է ներառում նաև Կիլիկիայի մի մասը (բերրի գյուղատնտեսական հողեր), որպեսզի ելք ունենան դեպի Միջերկրական ծովը։ Իրենց նպատակին հասնելու համար այդ հայերը՝ Ռուսաստանի հպատակները, որոնց ընդհատակյա կազմակերպությունները ապստամբություններ են հրահրում օսմանյան հպատակ իրենց դավանակիցների շրջանում, տարածում են ստահոդ լուրեր քրիստոնյաների այսպես կոչված ջարդերի մասին։ Այս ամենի հետևում հարկավոր է տեսնել նոր տարածքներ գրավելու ցանկություն ունեցող Ռուսաստանի ձեռքը։

Ի դեպ, մեր գաղտնի ծառայությունները հաղորդում են մեր հակառակորդ տերությունների միջև ընթացող բանակցությունների մասին, որոնց ընթացքում ծրագիր է մշակվում պատերազմից հետո կայսրության տրոհման մասին։ Մեծ Բրիտանիան հավակնություններ ունի Միջագետքի և Պաղեստինի նկատմամբ, Ֆրանսիան՝ Կիլիկիայի և Սիրիայի, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն հավակնում է Անատոլիայի զգալի մասին և Բոսֆորի նեղուցին, հետևաբար Կոստանդնուպոլսին, որը նրան կանցնի բաժանման ժամանակ։ Զավեշտական է, որ եվրոպական իմպերիալիզմի այդ ախորժակը ի հայտ է գալիս հենց այն պահին, երբ Օսմանյան կայսրությունը և նրա դաշնակիցներ Գերմանիան ու Ավստրիան հաղթանակից հաղթանակ են գնում»։

Քերիմը վայր դրեց թերթը ու փոքր կումերով սուրճ խմեց։ Վարդանը շոյում էր երկար մորուքր և մտածում էր այս հոդվածի ենթատեքստի մասին։

— Ինչո՞ւ ես ժպտում,– հարցրեց Արուսյակը՝ զարմանալով նրա ուրախության վրա։

— Այսպիսի հոդվածի հայտնվելը մայրաքաղաքի թերթում վկայում է, որ ջարդերի մասին բազմաթիվ տեղեկություններ են թափանցել արտասահման։ Դաժանություններին վերջ տալու միակ միջոցը միջազգային հանրությանը տեղյակ պահելն է։ Կամ դա, կամ էլ պատերազմի ավարտը Բարձր Դռան պարտությամբ։

Քերիմը բարկացած էր թվում։ Ճիշտ է, նա ատում էր Իթթիհատի ղեկավարներին և քննադատական սուր դիրքորոշում ուներ կառավարության նկատմամբ, սակայն չէր ցանկանում դաշնակիցների հաղթանակը իր նախընտրած երկրի նկատմամբ։ Նա հայտարարեց.

— Պետք է հուսալ, որ զինադադար կկնքվի ճամբարներից մեկի անկումից առաջ։

— Հույս մի փայփայիր,– պատասխանեց Վարդանը։– Պատերազմը երկար է տևելու։

Նա վերցրեց Արուսյակի մեկնած քարտեզը և բացեց։ Մատը սահեցրեց իր և Քերիմի քաշած կարմիր գծի վրայով, որով նշել էին կողմերի դիրքերը.

— Իպրից մինչև Մուլհուզ ֆրանսիացիներն ու գերմանացիները հիմնավոր ամրացրել են իրենց դիրքերը։ Ցանկացած զորաշարժ մեծ զոհերի գնով կարվի, և վճռական փոփոխության չի հանգեցնի։ Ըստ վերջին նորությունների՝ և՛ ռուսական, և՛ սերբական ճակատները կայունացել են։ Փոփոխություն չկա նաև Միջագետքում և Սուեզի ջրանցքում։

Քերիմը խորը հոգոց հանեց և ծխախոտի քսակը տվեց Վարդանին, հետո աքցանով շիկացած ածուխ վերցրեց և ծխախոտը վառեց։ Նրա հայացքում միամտության և շատ ապրած ու շատ տառապած մարդու պայծառատեսության տարօրինակ համադրություն կար։ Նա ձեռքով հարդարեց իր մազերը։

— Չեմ պատկերացնում կայսրության տրոհումը,– ասաց նա լուրջ ձայնով։

— Անխուսափելի է։ Վերջին երեսուն տարիների ընթացքում կայսրությունը բավական տարածքներ է կորցրել, և այդ գործընթացը կշարունակվի անկախ պատերազմի ելքից։ Հիշիր թեկուզ արաբներին, որոնց ընդվզումն արդեն տարիներ է տևում։

Քերիմը գլխի շարժումով համաձայնեց։ Վարդանը շարունակեց.

— Անխուսափելի է և լավ։ Հասկացիր, Քերիմ, այլապես Անատոլիայի առաջընթացի քո գեղեցիկ ծրագրերը չեն իրականանա։

— Սուլթանը կարող էր հեռացնել Իթթիհատի ներկայացուցիչներին, փոխարենը նոր կառավարություն նշանակել, որն ավելի չափավոր և պակաս ազգայնամոլ կլիներ։

— Մեհմեդ V-ը խամաճիկ է։ Նրան գահ են բարձրացրել երիտթուրքերը և նրան վերահսկում են։ Պետք է պարտության աղետը լինի կամ էլ հեղափոխություն այս երկիրը փոխելու համար։

Քերիմը մատներն ագուցեց և հոդերը ճտճտացրեց։ Նա հիշեց այն ճառերը, որ ինքն արտասանում էր Վարդանի առջև, իր ելույթները կառավարության և նրւս տեղական ներկայացուցիչների անձեռնհասության դեմ, անհանդուրժողականություն քարոզող հոգևոր իշխանությունների իր քննադատությունը, միջնադարյան քաղաքական կառույցների փլուզման իր ցանկությունը։

— Երկիրը երբեք չի առաջադիմի, քանի դեռ գյուղացիները շահագործվում են,— կրկնում էր նա հաճախ։— Նրանք ոչ մի հնարավորություն չունեն իրենց վիճակը բարելավելու, քանի որ նրանց տգիտության են դատապարտում՝ հպատակության մեջ պահելու և թալանելու համար։ Հողագործության մեթոդները հնացած են, հիգիենիկ պայմանները հուսահատական են, տիրում է վախը։ Քանի որ զյուղացիները միջոցներ չունեն ածուխ գնելու, նրանք տները ջեռուցում են աթարով, այն որպես պարարտանյութ օգտագործելու փոխարեն։ Բոլոր հողերը պատկանում են էֆենդիներին, որոնք միայն իրենց շահի մասին են մտածում։ Հողի վարձակալության գումարը և հարկերը մուծելուց հետո գյուղացիները ենթարկվում են պաշտոնյաների և բանակի բռնագրավումներին, և ապրելու համար նրանց բան չի մնում։

Քերիմի կարծիքով միայն լուսավորությունը կարող էր վերացնել աղքատության այդ կախարդական շրջանը։ Կրթություն ստանալով՝ երեխաները կտարբերվեին իրենց ծնողներից, որոնք կքում էին ավանդույթների բեռի և կրոնի ճակատագրապաշտական գաղափարախոսության ներքո։

Աչքի պոչով ուսուցչին հետևելով՝ Վարդանն ասես կարդում էր նրա դեմքին արտացոլվող մտքերը։ Նա ասաց.

— Բայց կրթության շնորհիվ չէ, որ հողերը կվերաբաշխվեն։

Քերիմը վեր թռավ, կարծելով, որ բարձրաձայնել էր իր մտքերը։ Նա ցանկություն չուներ վիճաբանություն սկսելու իր սիրած թեմայի շուրջ, քանի որ զգում էր իր գաղափարների թույլ կողմը։ Ինքը պետք է սառը գլխով վերանայեր այդ ամենը։

— Հեղափոխությո՜ւն...— մրմնջաց նա ծամածռվելով։

Զգալով Քերիմի հուսահատության հասնող անհանգստությունը՝ Արուսյակը հասկացրեց Վարդանին, որ նա չշարունակեր վիճաբանությունը։ Վերջինս խնամքով ծալեց քարտեզը։ Շրթունքին կպած ծխախոտի թուղթը լեզվով հեռացնելուց հետո ուսուցիչը անվստահ հարցրեց.

— Ասա ինձ, Վարդան, հավատո՞ւմ ես, որ անկախ Հայաստանի ստեղծումը հնարավոր է։

Արուսյակը հետաքրքրությամբ սպասում էր Վարղանի պատասխանին, որը սկզբում խորը շունչ քաշեց.

— Ներկայիս իրավիճակում դժվար է։

Քերիմը հրաժարվեց ոսպով ապուր ուտելու Արուսյակի առաջարկությունից և գյուղ վերադարձավ մութն ընկնելուց առաջ։ Վարդանը նրան ուղեկցեց գյուղի ճանապարհով, որի վրա սայլի հետքեր կային։ Մայր մտնող արևը վարդագույն էր ներկել ձյունածածկ տարածքի բարձունքները, մինչդեռ ցածրադիր մասերը մանուշակագույն ստվերի մեջ էին։

Վարդանը ձեռքը դրեց ուսուցչի ուսին.

— Վախենամ, որ ես հստակ չարտահայտվեցի, և իմ խոսքերը դու կարող ես սխալ մեկնաբանեի

— Չեմ հասկանում։

— Երբ ասացի, որ իսկական հեղափոխություն է պետք իրավիճակը փոխելու համար, չէի ուզում նվազեցնել քո լուսավորչական գործունեության նշանակությունը։ Շատ կարևոր է, որ դու նրանց կարդալ, գրել և հաշվել ես սովորեցնում։ Եթե հնարավոր չլինի երկիրը փոխել, գոնե մի քանի անհատի հնարավորություն կտաս բարելավելու իրենց ճակատագիրը։

Քերիմը խորամանկ ժպտաց.

— Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել իմ առաքելության ճշմարտացիության վրա, միայն նշանակության վրա եմ կասկածել։ Բայց եթե խորը մտածենք, ապա քո հեղափոխությունն ինչ-որ տեղ պետք է սկսվի, բայց և ոչ մի նախանշան չկա, որ այն քաղաքներում է սկսվելու և միայն զենքով։

— Ճի՛շտ է։ Քո լուսավորչական գործունեությունը հեղափոխության սկիզբն է։ Ամեն արարք նշանակություն ունի։ Ա՜խ, եթե ես կարողանայի գոնե մի բան անել իմ ժողովրդի համար։

— Ի՞նչ նկատի ունես։

— Կուզենայի հնարավորություն ունենալ ճամփորդելու Անատոլիայով մեկ և հոդվածներ ուղարկելու արտասահման՝ նկարագրելով հայերի վիճակը։ Իհարկե, դա չէր դադարեցնի տեղահանությունները, բայց ես գոնե իմ լուման կներդնեի, որքան էլ դա աննշան լիներ։ Ինչպես դու քո դասարանով։

— Այո,– համաձայնեց Քերիմը մտածկոտ տեսքով։

— Ես անօգտակար լինելու զգացում ունեմ, և այդ զգացումը թունավորում է կյանքս։

Պատասխանի փոխարեն ուսուցիչը գրկեց իր բարեկամին, և (նրանք բաժանվեցին։

Տուն վերադառնալուց առաջ Վարդանը մաքրեց մինչև ջրհոր տանող արահետը և դույլով ջուր հանեց ջրհորից։ Արուսյակը, որ ապուրն էր տաքացնում թոնրի վրա, նրա մտնելուն պես արագ ոտքի կանգնեց և նրան դիմավորեց գրեթե մարտական տոնով տրված հարցով.

— Դու չե՞ս հավատում անկախ Հայաստանի գոյությանը։

Երիտասարդ կնոջ այդ անսովոր վարքագիծը հետաքրքրեց Վարդանին։ Արուսյակի աչքերը վառվում էին։

— Ես այդպիսի բան չեմ ասել,— պաշտպանվեց Վարդանը՝ վերարկուն մեխից կախելով։

— Սակայն հենց նոր...

— Ես ճշտեցի ասելով՝ «այս պահին»։ Ես ամբողջ հոգով երազում եմ այդ երկրի ստեղծման մասին։ Այդ տարածքը այժմ հիմնականում ռազմադաշտ է։ Պետք է սպասել պատերազմի ավարտին, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել մեր երազանքն իրականացնելու համար։

Այս խոսքերը մի քիչ հանգստացրեցին կնոջը։

— Մենք մեր երկիրը կունենանք,— ասաց նա վստահ ձայնով՝ վերադառնալով իր օջախի մոտ։— Եվ այլևս չենք լինի ռուսահպատակներ, օսմանյան հպատակներ, այլ միայն ազատ հայեր, որոնք իրենք իրենց կկառավարեն։

Վարդանը նրան զարմանքով նայեց, քանի որ չգիտեր քաղաքականության նկատմամբ նրա հետաքրքրության մասին։

— Ես քիչ եմ խոսում, սակայն շատ եմ լսում,— ասաց նա ժպտալով։

Փոքր սեղանից երկու թաս և երկու գդալ վերցնելով՝ Վարդանը դրանք դրեց ցածր սեղանին և հարցրեց.

— Դու բնակություն կհաստատեի՞ր այդ հեռավոր երկրում, որի մասին ոչինչ չգիտես։

— Ես հեռացել եմ Սև ծովի ափից և այստեղ հաստատվել։

Երիտասարդ կնոջ նուրբ դեմքը մռայլվեց.

— Իսկ դու, Վարդան, դու կտատանվեի՞ր։

— Մի մոռացիր, որ ես ապրում եմ Սվասում, իսկ այդ քաղաքը կմտնի Հայաստանի տարածքի մեջ։

Պատասխանը խուսափողական համարելով՝ Արուսյակը պնդեց.

— Դու կգնա՞ս, թե ոչ։

— Անպայման։ Չնայած իմ ապագան անհայտ է, այնքան հարցականներ կան...

— Մեր երկիրը քեզ պես կրթված մարդկանց կարիքը կզգա,— բացականչեց կինը ոգեշնչված, որպեսզի չմտածեր, որ Վարդանի հարցականները ապագայի վերաբերյալ կապված էին նրա կնոջ և որդու հետ։

Վարդանը տխուր ժպտաց.

— Իրատես լինենք, Արուսյակ։ Մինչև Հայաստանի անկախանալը կարող է մի քանի տարի անցնել։

— Դու լսեցիր, թե ինչ են նրանք գրում թերթում,— հակադարձեց կինը։— Հայկական ազգային կոմիտեն և կաթողիկոսի պատվիրակները բանակցություններ են վարում ֆրանսիացիների ու անգլիացիների հետ։ Եվրոպական տերությունները մեզ կպարգևեն մեր անկախությունը։

Ավելի և ավելի հետաքրքրվելով, Վարդանը մտածեց, որ թերթում հիշատակվում էին «հայեր» առանց մանրամասերի։ Որտեղի՞ց գիտեր Արուսյակը, որ նրանք կազմում էին Ազգային կոմիտեի մաս, կամ որ նրանք ունեին հայոց կաթողիկոսի մանդատը։ Նա նրան սադրեց՝ արձագանքելով.

— Նախ հարկ է, որ օսմանցիները ազատեն տարածքը։

— Ռուսները նրանց դուրս կմղեն հայկական տարածքներից։

— Իսկ եթե հետո ցարը չուզենա՞ դրանք մեզ վերադարձնել։

Կինը հակադարձեց.

— Ֆրանսիան և Անգլիան նրան կստիպեն։ Եվ բացի դրանից, ո՞վ գիտի, թե ցարը որքան ժամանակ կպահպանի իշխանությունը Ռուսաստանում։

Այդ գաղափարը, գրեթե նույն ձևակերպումներով, ինքը լսել էր Շիրակ Թևոնյանից։ Առանց հայացքը հեռացնելու երիտասարդ կնոջից, որը մատուցում էր ոսպով ապուրը, Վարդանը նստեց գետնին, սեղանի մոտ։

— Դու շատ բան գիտես,— բացականչեց նա տպավորված։

Արուսյակը շփոթվեց և քիչ էր մնում շուռ տար կաթսան, որն ուզում էր դնել օջախի կողքին, իսկ այտերը շիկնեցին։ Երբ նստեց Վարդանի կողքին, արդեն վերագտել էր իր հանդարտությունը։

— Ապուրը սքանչելի է,— ասաց Վարդանը՝ հաց բրդելով թասի մեջ։

Կարծելով, որ այդքանով թեման սպառված էր, Արուսյակը շնորհակալություն հայտնեց և հայտնեց, որ հաջորդ օրը պետք է Ուրգուպ գնար։ Վարդանը նրա խոսքը կտրեց ու հանկարծակի հարցրեց.

— Դու հանդիպում ես կամավորների՞ հետ։

— Ոչ,– հապճեպ պատասխանեց կինը։

— Դու ինձ չե՞ս վստահում։

Վարդանը դադարել էր ուտել, և լռությունը ծանրացավ։ Մի քանի վայրկյան անց Արուսյակը ուղիղ նրա աչքերի մեջ նայեց և ասաց վճռական ձայնով.

— Եթե ցանկանում ես իմանալ, ապա այո, ես մի քանի կամավոր եմ ճանաչում։

— Կարո՞ղ ես ինձ ծանոթացնել նրանց հետ։

—– Դժվար է։ Մինչև անցած գարուն ես նրանց հաճախ էի տեսնում։ Նրանք այստեղ դադար էին առնում, և ես նրանց նամակներն էի ուղարկում։ Սակայն տեղահանությունների սկզբից ի վեր նրանցից շատերը մահապատժի ենթարկվեցին, իսկ շատերն էլ ճակատ մեկնեցին ռուսների կողմից կռվելու համար։

— Ոչ մեկին այլևս չես տեսե՞լ։

Կինը վարանեց.

— Դե... հետախուզման մեջ գտնվող երկու կամ երեք հոգու թաքցրել եմ։

Վարդանն զգում էր, որ նա ավելի շատ բան գիտեր, քան ցույց էր տալիս։

— Ավելին չեմ էլ ուզում իմանալ,— ասաց նա։— Դու իրավացի ես, այդպիսի գործերում որքան քիչ մարդ տեղյակ լինի, այնքան ավելի փոքր կլինի բացահայտման վտանգը։

Վախենալով, որ Վարդանը կվիրավորվեր, Արուսյակը բացականչեց.

— Ի՛նչ ես ասում, ես քեզ վստահում եմ։

Նույն պահին նա հասկացավ, որ նրա հետաքրքրության դրդապատճառը ճամփա ընկնելու հնարավորությունն էր, և վճռեց տեղն ու տեղը նրա տառապանքներին վերջ տալ.

— Կապերն ընդհատվել են ջարդերի հետևանքով։ Կան համակիրներ, ինչպես ես, որոնք ապրում են տարբեր վայրերում, կան մարդիկ, որոնց չեն տեղահանել, որովհետև առերես դավանափոխ են եղել կամ էլ կառավարությունը նրանց գիտելիքների կարիքն է ունեցել։ Սակայն մենք ոչ մի հնարավորություն չունենք հաղորդակցվելու իրար հետ։

— Իսկապե՞ս ոչ մի,– հարցրեց Վարդանը, որը դժվարությամբ էր թաքցնում իր հիասթափությունը։

— Նախորդ սեպտեմբերին սարերը քաշվելուց առաջ մի ֆիդայի ինձ նամակ տվեց, որը մինչ օրս չեմ կարողացել փոխանցել։

— Իսկ այն ամերիկացի միսիոնե՞րը, որին որբեր ես հանձնել։

— Մեթյուզ քահանան մեզ շատ է օգնում, սակայն երբեք չէր համաձայնի իրեն վստկաբեկել՝ կապվելով կամավորների հետ, քանի որ վախենում է, որ այդ պատճառով կառավարությունը նրան կվտարի երկրից։

Վարդանը շարունակում էր մեքենայաբար ուտել, սակայն նրա ուղեղը զբաղված էր իր դիմաց ծառացած կարծես թե անլուծելի խնդրով՝ Մալաթիա վերադարձով։ Նրա ճակատը հատում էր խորը կնճիռը։ Արուսյակը ձեռքը մեկնեց և սեղմեց նրա ազդրը, որպեսզի նա հիշեր, որ ինքը մենակ չէր։

✻    ✻



Արդեն մեկ ժամ էր, ինչ Վարդանը մահճակալին ծալապատիկ նստած և գոգին մի տախտակ դրած գրում էր։ Անգլերեն այդ հոդվածը, ուր նա ապացուցում էր ապագա Հայաստանի համար Կիլիկիայի՝ խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանի «Փոքր Հայաստանի» մի մասի, երկրին կցելու տնտեսական անհրաժեշտությունը, ընդամենը վարժանք էր, ուղեղի մարզանք, քանի որ ոչ մի հնարավորություն չուներ այն որևէ ամսագրի ուղարկելու։ Քահանա Մեթյուզը գուցե կարողանար, սակայն նա շրջան կվերադառնար միայն գարնան վերջին։ Վարդանը մտադիր էր այն թարգմանել Արուսյակի համար՝ իր հոդվածի տպավորությունն ընթերցողի վրա ստուգելու համար։

Մարտի սկզբի առավոտ էր, և արևը ներս էր խուժում լուսամուտներից։ Լսվում էր կաթոցքի զրնգուն ձայնը։ Կաթիլները հոսում էին տանիքից կախված երկար սառցալուլաներից։ Ձյունը հալչում էր հարավային քամուց, որը վաղահաս գարուն էր խոստանում։

Արուսյակն առանց խախտելու հյուսքի ռիթմը, հաճախակի ծածուկ Վարդանին էր նայում։ Այս մարդը բոլորովին նման չէր իր վախճանված ամուսնուն։ Երբ Յաշարի ձեռքերը զբաղված չէին գործով, նա նստում էր սուրճի գավաթի մոտ և ծխում։ Նա ժամերով երազում էր, սակայն Արուսյակն իրեն լքված չէր զգում, քանի որ կռահում էր, որ ամուսնու երազները նրան իրենից, տնից, դաշտերից և գյուղից հեռու չէին տանում։

Վարդանի դեպքում լրիվ ուրիշ պատկեր էր։ Ընթերցանությունն ու ստեղծագործությունը նրան հեռու էին տանում, իսկ երբ երազում էր, Արուսյակին թվում էր, որ նա հեռանում էր մի աշխարհ, որի մասին ինքը պատկերացում չուներ։ Վարդանը տարբերվում էր իրենից, իր ճանաչած բոլոր տղամարդկանցից և, անկասկած, դա էր, որ նրան այդքան գրավիչ էր դարձնում իր համար։ Նրանց բաժանող պատնեշի պատճառը նրա կրթվածությունն ու լայն մտահորիզոնը չէր, քանի որ նա պատրաստակամորեն կիսում էր գիտելիքները ուրիշների հետ, իսկ Արուսյակն իր մտքի ճկունության շնորհիվ շուտ էր սովորում։ Ոչ, նրանց բաժանում էին հիշողություններն ու զգացմունքները, որոնք հին, սակայն կենդանի էին Վարդանի հոգում, և որոնց ինքը երբեք չէր հաղորդակցվելու։ Եվ այդ տևական ինքնամփոփման պահերի հետևանքով Արուսյակը զգում էր, որ նա օտար էր մնում իր ներքին աշխարհին։

Երիտասարդ կնոջն ի վերջո ձանձրացրեց պողպատե գրչածայրի խզզոցը թղթի վրա, որը չլսելու համար նա սկսեց երգել մի երգ, ուր փառաբանվում էր երկրի գեղեցկությունը և խիստ բնությունը, դրա ձյունն ու ձնաբքերը, որը պատմում էր հոտերի շուրջը թափառող գայլերի մասին, մայիսյան կատաղի հորձանքոտի մասին, երբ սարերի լանջերը ծածկված են լինում ծաղկագորգերով, ամառվա տապի և բարդու տակ կարկաչող աղբյուրի մասին, տղամարդկանց քրտինքով պարարտացված հողի մասին՝ այնքան բերրի, որքան կնոջ արգանդը։

Վարդանը դադարեց գրել՝ գերվելով քաղցրալուր ձայնի ելևէջներով, սակայն նա Արուսյակին չէր լսում։ Երգը նրան տեղափոխել էր ութ ամիս հետ, Սվասի տան հյուրասենյակը, ուր երգում էր Մարոն, Սև ծովի ափը՝ իրենց ծրագրված փախուստից մի քանի ժամ առաջ։ Անցած ամիսներն անհետացան, և Վարդանն իրեն տեսավ իր ընտանիքի անդամների հետ, և նրան թվում էր, թե զգում էր նաև վարդերի բուրմունքը։ Մարոն նստած էր իր կողքին, թախտի վրա և փակ աչքերով ձայնակցում էր ուդին։ Թովմասը, որի հագուստից պոնիի հոտն էր բուրում, մորն էր նայում սիրահարված հայացքով։ Ազնիվ խանումը, Արմենն ու Արաքսին լսում էին երգը և բոլորի դեմքերը տագնապի կնիք էին կրում։

Քերիմը Կուրտի ուղեկցությամբ կանգ առավ դռան մեջ և ներս նայեց, անհարմար զգալով, որ իրենից անկախ ականատես էր լինում իր բարեկամների մտերմության պահին։ Երիտասարդ կնոջ այդ երգը հնչում էր որպես սիրո խոստովանություն, իսկ Վարդանի սևեռուն հայացքը նա ընկալեց որպես հիացմունքի նշան։ Պահը նրան կախարդական թվաց, և նա, շունչը պահած, նայում էր մերթ մեկին, մերթ մյուսին։ Արուսյակը երջանկությունից, իսկ գուցե նաև այն բանից, որ առօրյա գործերում կարող էր հույս դնել տղամարդու վրա, ծաղկունքի մեջ էր, նրա կեցվածքն անկաշկանդ էր դարձել։ Նույնիսկ նրա շարժումներն ավելի մեղմ էին դարձել և ավելի ազատ։ Ուսուցիչն անգամ մտածեց, որ միգուցե ինքը պետք է թաքցներ իր բերած նորությունը։ Զգալով նրա ներկայությունը՝ Վարդանը գլուխը դարձրեց դեպի դուռը, և Քերիմը մի պահ իր բարեկամի աչքերում հուսահատություն տեսավ, որը Վարդանն իսկույն թաքցրեց։ Եվ խոսելու վճիռը ինքնին պարտադրվեց Քերիմին։

Սովորական ողջագուրանքներից և եղանակը քննարկելուց հետո երեքով նստեցին թեյ խմելու։ Խղճի խայթը հաղթահարելով՝ Քերիմն անցավ բուն նյութին.

— Վարդան, դու կարծես թե հնարավորություն կունենաս անվտանգ կերպով ճանապարհորդելու։

Մինչդեռ Վարդանը Քերիմին նշան էր անում, որ նա շարունակեր, Արուսյակը գունատվեց։

—– Փաշազադե Շահիր Միթադը, որը հայտնի բանաստեղծ ու երգահան է, երաժիշտներ է հավաքում երկրի հարավ-արևելյան շրջանները հյուրախաղերի մեկնելու համար։ Ուռհա, Հալեպ, թերևս նաև Համա ու Բեյրութ։

Երիտասարդ կինը վրդովվեց.

— Դու հո չես ուզում, որ նա կրոնավոր դառնա այդ ջերմեռանդ կրոնավորների ուխտում։

— Արուսյակը իրավացի է,— ասաց հիասթափված Վարդանը։— Ես շատ հավատացյալ չեմ, սակայն չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է ինձ վրա բռնանամ ժամեր շարունակ։

Այս խոսքերը հանգստացրեցին Արուսյակին, և նրա գույնը տեղն եկավ։ Քերիմը ժպտաց.

— Դուք չհասկացաք։ Թափառաշրջիկ դերվիշներ Միթադը շատ ունի։ Նրան երաժիշտներ են պետք, լավ երաժիշտներ, և նա վերցնում է նաև աշխարհիկ նվագողների։ Ես համոզված եմ, երբ նա լսի քո նվագը, քեզ կվերցնի։

— Ասում ես՝ հարավ-արևելքո՞ւմ,– հարցրեց Վարդանը մտածելով։

Նա չէր ուզում ժամանակից շուտ ուրախանալ, վախենալով նոր հիասթափությունից։ Արուսյակը ռազմատենչ կեցվածք ընդունեց.

— Խելահեղ և ինքնասպան գաղափար։ Վարդանը հետախուզման մեջ է և շատ շուտ կբացահայտվի։

— Չեմ կարծում,— պատասխանեց Քերիմը՝ վատ զգալով Արուսյակի պահվածքից։— Իշխանություններն աջակցում են Միթադի ծրագրին, համարելով, որ երաժիշտների այս խումբը մարդկանց ուշադրությունը կցրի պատերազմի դժբախտություններից և դժվարություններից։ Հետևաբար երաժիշտներն անցաթղթեր կունենան և ճանապարհորդելու թույլտվություն։

— Դա երանելի պաշտպանություն է,— ասաց Վարդանը։— Ո՞վ կարող է կասկածել աստվածավախ դերվիշին։

— Դու կբացահայտվես նույնիսկ խմբին անդամակցելուց առաջ,— փնթփնթաց Արուսյակը։

— Ոչ, եթե ես ուղեկցեմ Վարդանին ունկնդրության և եթե նա ներկայանա քո հանգուցյալ ամուսնու փաստաթղթերով։ Փաշազադե Շահիր Միթադը ինձ լավ է ճանաչում և ոչ մի պատճառ չի ունենա չվստահելու։ Եթե Վարդանին վերցնեն, նրան ուրիշ անուն կտան և ինքնության վկայական։

— Այլ անո՞ւն,— հարցրեց Վարդանը։

— Այդպես է ընդունված։ Քեզ կանվանեն Ուդի՝ քո գործիքի անունով, և դու կդառնաս Ուդի Յաշար։

— Իսկ ունկնդրությունը ե՞րբ է։

— Պետք է որ վաղը լինի։ Միթադը հիմա Կեսարիայում է և երկու օրից գնալու է Կոնիայի գլխավոր վանքը։

— Կարո՞ղ ես ինձ համար գիրք ճարել դերվիշների և իրենց աղանդի հիմնադրի՝ Մելվանայի մասին։ Կուզենայի նրա վրա լավ տպավորություն թողնել, որպեսզի ինձ վերցներ։

— Չափից ավելի ջանք մի թափիր։ Նրա համար դու հասարակ գյուղացի ես, որը զորացրվել է ճակատում ստացած վերքերի պատճառով։ Երաժշտի քո շնորհքը բավարար է նրան տպավորելու համար։

Արուսյակը կախել էր գլուխը։ Վճիռը կայացվել էր առանց իրեն միջամտելու հնարավորություն տալու, քանի որ ինքը ոչ մի իրատեսական փաստարկ չուներ։ Օբյեկտիվ լինելու դեպքում հասկանալի էր, որ դա կատարյալ հնարավորություն էր Վարդանի համար։ Սակայն դրանից չէր փոխվում այն փաստը, որ իր կարճ կյանքի ընթացքում Արուսյակը երկրորդ անգամ կորցնում էր «իր» տղամարդուն։ Ամիսներ տևող երջանկությունից հետո նա չէր պատկերացնում, թե ինչպե՞ս էր դիմանալու զգացմունքի բացակայությանը, մենությանը և թե ինչպե՞ս էր վերագտնելու հլու անտարբերությունրը որը լցրել էր նրա կյանքը մինչ հիմա։

Արուսյակի հոգեվիճակը արտացոլվում էր նրա դեմքին, և չնայած կարեկցանքին, Վարդանը չէր ուզում, որ նա մտածեր, թե կարող էր կոտրել գնալու իր վճռականությունը։

— Շրջագայությունը յոթ կամ ութ ամիս կտևի,– ասաց ուսուցիչը։— Հետո խումբը Կոնիա կվերադառնա, իսկ երաժիշտները կկարողանան գնալ իրենց տները։

Արուսյակը մի քիչ հուսադրվեց։ Վարդանը բռնեց նրա ձեռքը և մեղմ ձայնով ասաց.

— Ձմեռը չեկած՝ ես կվերադառնամ։

Վարդանի աչքերի տենդագին փայլը հակասում էր նրա ձայնի խաբուսիկ վստահությանը։ Մտովի նա արդեն մեկնել էր, և եթե նրա որոնումներն արդյունք տային, ապա նա այլևս երբեք ոտք չէր դնի Կապադովկիա։ Դա ավելի վատ էր, քան այրի լինելը, քանի որ ինքը կիմանար, որ Վարդանն ապրում էր ուրիշ տեղ, մեկ այլ կնոջ հետ։ Նա շրթունքը կծեց, վեր կացավ և հայտարարեց չեզոք ձայնով.

— Ես գոմ եմ գնում։ Մաքին պետք է ծննդաբերի։

Նա շտապ դուրս եկավ, ճանապարհին վերցնելով և ուսերին գցելով շալը, գնաց ձյան մեջ բացված արահետով՝ առանց ուշադրություն դարձնելու Կուրտի վրա, որն ուրախ ցատկոտում էր նրա շուրջը։ Տղամարդիկ շփոթված միմյանց նայեցին։

— Դու մեղավոր չես,— ասաց Վարդանն ուսուցչին։— Ես նրանով կզբաղվեմ։

Քերիմը գլխով համաձայնության նշան արեց և պատրաստվեց գնալու։

— Ես երկու ձի կվերցնեմ և քո հետևից կգամ լուսաբացին։

Նրանք բաժանվեցին դռան մոտ, և Վարդանը, սպասելով, որ Քերիմը տեսադաշտից հեռանար, գնաց գոմ, Արուսյակի մոտ։ Արևի լույսը նրան շլացրեց, և սկզբում նա չտեսավ կնոջը մութ քարանձավում։ Ինչ-որ աղմուկ նրան ստիպեց գլուխը դարձնել։ Արուսյակը, վառարանին հենված, լալիս էր։ Վարդանն ուզեց նրան գրկել, սակայն կինը վանեց նրան։

— Արուսյակ,— շշնջաց նա մեղմորեն։

Կինը մրմնջաց.

— Ոչինչ պետք չէ ասել։ Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ուզում էիր։

— Ես կվերադառնամ։

Արուսյակը շարունակում էր լացել, կարծես չէր լսում Վարդանի խոսքերը։

— Մտածիր, որ ես կարող եմ նպաստել մեր ժողովրդի ճակատագրին, որ ի վիճակի կլինեմ օտար մամուլի համար հոդվածներ գրել Անատոլիայում տիրող իրավիճակի մասին։ Բացի դրանից, ես քաղաքից քաղաք կգնամ և որպես կապավոր կծառայեմ դիմադրությանը։ Չէ որ դու ասում էիր, որ ոչ մի հնարավորություն չունեք կապ պահպանելու։ Իսկ ես այդպես իմ պարտքը կկատարեմ։

Նա ուշադիր նայեց Վարդանին արցունքներից փայլող աչքերով և խուլ ձայնով ասաց.

— Խոստովանիր, որ գնում ես, որպեսզի կնոջդ գտնես։

— Ճիշտ է,— համաձայնեց նա առանց շփոթվելու։— Այստեղ հայտնվելու պահից ի վեր երբեք չեմ թաքցրել, որ դա իմ մտադրությունն է։

Չկարողանալով նրան հակաճառել՝ նա փաստարկեց.

— Ինչպե՞ս կարելի է կին ու երեխա գտնել մի երկրում, որը տակնուվրա է եղել։ Դա անհնար է, և դրա հետևանքով դու է՛լ ավելի դժբախտ կլինես։ Եթե քեզ մինչ այդ չսպանեն։ Ավելի խելամիտ կլիներ սպասել, որ պատերազմը...

— Խելամի՜տ,— վրդովվեց Վարդանը։– Խելքը կարևոր չէ, երբ սիրտն է խոսում, դու դա պետք է որ բոլորից լավ իմանայիր։ Խելամիտ չէր լքել ընտանիքը մահմեդականի հետ ամուսնանալու համար, սակայն դա քեզ չի խանգարել երջանիկ լինելու, և հենց այդ ամուսնության շնորհիվ է, որ քեզ ձեռք չեն տվել։

Վիրավորվելով այդ կտրուկ տոնից՝ Արուսյակը շրջվեց և հեռացավ դեպի ոչխարների փարախը։

— Իսկ ե՞ս, այս ամբոդջ պատմության մեջ,— հարցրեց նա հուզմունքից դողդոջուն ձայնով։

Վարդանը թիկունքից նրան մոտեցավ և գրկեց։ Նա չգիտեր ինչ պատասխանել։ Կինն ավելացրեց.

— Ի՞նչ եմ ես քեզ համար։

Վերահաս բաժանման շեմին Վարդանը գիտակցեց նաև այն խորը կապվածությունն ու ջերմությունը, որ ինքը զգում էր այդ կնոջ նկատմամբ։ Նա նրան է՛լ ավելի ուժեղ սեղմեց իր գրկում։

— Ինձ համար էլ դյուրին չէ,— շշնջաց նա կնոջ ականջին։— Ես վարժվել եմ քո ներկայությանը։ Դու հիասքանչ կին ես, և ես քո պակասը շատ կզգամ։

— Սակայն դա քեզ հետ չի պահում այդ քայլից...– ասաց նա։

— Հասկացիր, Արուսյակ, ես չեմ կարող այլ կերպ վարվել։

Նա շատ լավ էր հասկանում, սակայն դրա հետ հաշտվելը նրա ուժերից վեր էր։

— Դու ինձ կմոռանաս...

— Երբեք։ Եվ ոչ այն պատճառով, որ մինչև կյանքիս վերջը պարտական եմ քեզ, այլ քո այն առանձնահատկությունների համար, որ այլևս երբեք չեմ գտնի։

Արուսյակը շրջվեց նրան համբուրելու համար, իսկ հետո կառչելով նրա ուսերին, հայտարարեց.

— Ես աղոթում եմ Աստծուն, որ դու գտնես կնոջդ և որդուդ։ Սակայն, եթե չգտնես, կվերադառնա՞ս ինձ մոտ։

Վարդանը նայեց Արուսյակի խոնավ աչքերի մեջ և առանց վարանելու պատասխանեց.

— Այո։

Ունկնդրությանը լավ անցավ, չհաշված դերվիշի զարմանքը, որ հասարակ գյուղացին այդպիսի վարպետությամբ էր տիրապետում գործիքին։ Վարդանը դա բացատրեց մանկուց ունեցած շնորհքով։ Իբր ինքը մեկ անգամ լսելով հիշում էր մեղեդին, և իր մատները հետագայում այն գտնում էին ուդի լարերի վրա։ Փաշազադե Շահիր Միթադը եզրակացրեց, որ դա Ալլահի ողորմածության վկայությունն էր և որ այդ շնորհքը պետք է ծառայեր մարդկանց ոգին բարձրացնելուն, և ավելին չհարցրեց։ Այժմ, երբ նա ունկնդրել էր այդպիսի կատարողի, նա այլևս չէր կարող բավարարվել պակաս շնորհալի մեկով։ Ուստի նա Վարդանին ներգրավեց իր խմբի մեջ և Կեասրիայի վարչակազմի միջոցով նրա համար նոր փաստաթղթեր ձևակերպել տվեց Ուդի Յաշար անունով և նրան պատվիրեց իրեն միանալ Կոնիայում հաջորդ շաբաթվա վերջին։

Ուրգուպում անցկացրած վերջին օրերի ընթացքում Վարդանը զբաղված էր Արուսյակի կազմած անունների ցուցակը բերանացի սովորելով։ Դրանք մոտ տասը հոգի էին, որոնց նա պետք է հանդիպեր տարբեր քաղաքներում և գյուղերում և որոնք նրան կարող էին կապել այլ վստահելի անձանց հետ։ Մեծամասնությունը հայեր էին, ինչպես Ուռհայում ապրող մի զինագործ, որի ծառայություններից օգտվում էր բանակը, ոմանք հրեաներ էին կամ էլ Մեթյուզ քահանայի հետ աշխատող միսիոներներ, որոնք զբաղված էին հայ երեխաների փրկությամբ։ Նրանց միջոցով Վարդանը կարող էր հոդվածներ ուղարկել օտար ամսագրերին։

Քերիմը վաճառականներ էր գտել, որոնք համաձայնել էին Վարդանին մինչև Ակսարայ տանելու, իսկ այնտեղից նա ինքնուրույն պետք է շարունակեր ճանապարհը։ Կոնիայից նվագախումբը պետք է գնացքով մեկներ արևելք, և նրանց առաջին կանգառը պետք է Մերսինում՝ Միջերկրականի ափին լիներ։ Դրանից հետո Հալեպն էր, ուր, ըստ տեղեկությունների, ապաստան էին գտել հազարավոր հայեր։

Արուսյակի պայծառ դեմքին նայելով կարելի էր կարծել, որ նա համակերպվել էր Վարդանի մեկնելու մտքի հետ, սակայն վիշտը բնակություն էր հաստատել նրա հոգում, և նա դիմանում էր միայն ուժերի գերմարդկային լարման շնորհիվ։ Նա ապրում էր միայն այն պահերի համար, երբ իրենք սիրում էին միմյանց, և այդ պահերին նրա հոգում վերակենդանանում էր պատրանքը, որ իրենք մեկ ամբողջության էին կազմում։ Անցողիկ կախարդանքը արագ ցրվում էր, և այդ ժամանակ Արուսյակը ամուր գրկում էր Վարդանին, և այդ գրկախառնության մեջ հուսահատություն կար։ Ի՜նչ էր ինքը կորցնելու։ Այս մարդու հայտնվելու հետ նրա կյանքը լուսավորվել էր, դա արևի կարճատև հայտնություն էր սովորաբար ամպերով ծածկված երկնքում։ Նա գնում էր, և Արուսյակն իրեն տեսնում էր ծերացած, անցած տարիներից ալեհեր դարձած, և գորգի դազգահի դիմաց նստած՝ ինքը գործում էր այն գորգը, որը գործում էր քսան տարեկանում, ինքն անուղղելի կերպով միայնակ էր և սրտի մեջ պահում էր վիժված սիրո հիշատակը։

Վարդանի մեկնելու նախօրեին Արուսյակը հնդկահավ մորթեց և ճաշկերույթ կազմակերպեց, որին հրավիրված էր նաև Քերիմը։ Նրանք երկու շիշ սպիտակ գինի խմեցին, որը պատրաստել էր հույն գինեգործը՝ ուսուցչի հարևանն ու ընկերը, սակայն ճաշը ամենևին էլ տոնական չէր։ Մթնոլորտը ծանր էր. իսկ ճաշկերույթի մասնակիցները լարված էին։ Յուրաքանչյուրը շատ բան ուներ ասելու, սակայն անհրաժեշտ խոսքերը չէին հնչում, քանի որ չափից ավելի ծանրաբեռնված էին զգացմունքներով։ Լռությունը պերճախոս էր, հայացքներն՝ է՛լ ավելի։ Երբ Քերիմը դռան մոտ գրկեց Վարդանին, նա պարզապես ասաց ուսուցչին.

— Ուշադիր եղիր Արուսյակի նկատմամբ։

— Եթե կարողանաս լուր ուղարկիր... բարեկամս, եղբայրս։

Անկողնում Արուսյակն աղերսեց.

— Ասա, որ ինձ սիրում ես, եթե նույնիսկ այդպես չէ։ Ասա, որ ինձ սիրում ես և սիրիր մինչ առավոտ։

— Ես անկարող կլինեի արտասանել այդ բառերը, եթե ճշմարիտ չլինեին։ Ես սիրում եմ քեզ, Արուսյակ։

— Ես քեզ հավերժ կսպասեմ։

Նրանք դիմավորեցին այգաբացը, քանի որ աչք չէին փակել և արբեցած էին սիրուց։ Դրանից բաժանումն է՛լ ավելի ցավագին էր։ Արուսյակը մնաց դռան շեմին՝ չնայած ուժեղ ցրտին, և նայում էր, թե ինչպես էր հեռանում Վարդանը՝ ամպած երկնքի արճճագույն լույսի ներքո։ Խուրջինն ուսին, բաց վերարկուի փեշերը ծածանելով՝ նա շրջվում էր կնոջը ձեռքով անելու համար և քանի հեռանում էր, այնքան հազվադեպ էր շրջվում։ Վարդանն իր հետ տանում էր նրա սիրտը, և այսուհետ նա դառնալու էր սպասման մեջ գտնվող կենդանի մեքենա։ Երբ Վարդանն անհայտացավ ճանապարհի շրջադարձում, Արուսյակը կանխազգացում ունեցավ, որ նրան այլևս չէր տեսնելու։

✻    ✻



Դերվիշի սպիտակ հագուստի տակ թաքցնելով իր կմախքի չափ նիհար մարմինը, Փաշազադե Շահիր Միթադը նստած էր սայլապանի կողքին և մեքենայաբար խաղում էր ձիթենու փայտից պատրաստված իր թզբեհով։ Ցրված հայացքով նա նայում էր դիմացը բացվող բերրի դաշտավայրին, որը անտիկ շրջանի «Բերրի մահիկի» արևմտյան եղջյուրն էր կազմում, և գոհունակությամբ մտածում էր իր հավաքած երաժիշտների արտակարգ վարպետության մասին։ Սիլիֆկեի և Մերսինի միջև ընկած ծովափնյա փոքր բնակավայրերում իրենց համերգները մեծ հաջողությամբ էին անցել։ Այժմ նվագավարժված համույթը պատրաստ էր ներկայանալու մեծ քաղաքների ավելի նրբաճաշակ հանդիսատեսին։

Արդեն մայիս ամիսն էր։ Կոնիայից ճանապարհի մի մասը գնացքով անցնելուց հետո նվագախումբն այժմ ճանապարհորդում էր մեծ ծածկած սայլով, որին երկու ձի էր լծված, քանի որ հանգրվաններն ավելի մոտ էին իրարից։ Սայլում աշխույժ խոսակցություն էր ընթանում։ Քանոնի Զեքին, որը այնպիսի վարպետությամբ էր տիրապետում գործիքին, որ ունկնդիրներին թվում էր, թե նա զրուցում էր նվագարանի հետ, արդեն քառորդ ժամ էր, ինչ նորություններ էր հաղորդում պատերազմական գործողությունների մասին, որոնք հավաքել էր Մերսինում։ Տարբեր նորություններ հավաքելու և իրեն շրջապատող մարդկանց հաղորդելու իր սովորության պատճառով նա ստացել էր «Աղքատի թերթ» անպատվաբեր մականունը։

— Կռռա՜ն,— ծիծաղելով բացականչեց Զուռնաչի Օսմանը՝ նախկին արջ վարժեցնողը, որը հրաժեշտ էր տվել իր այդ մասնագիտությանը, երբ նրա իմաստուն գազանը մի բերան էր արել նրա ձախ այտի կեսը։— Ե՞րբ ես դու վերջապես մեզ լավ լուրեր հաղորդելու։ Ջանա մոռանալ այն ամենը, ինչ կատարվում է այլուր, և վայելիր այն բարիքները, որ մեզ է պարգևում Ալլահը։

— Այո,– համաձայնեց Քամանչա Հակին,– ավելի լավ է երաժշտությունից, կանանցից և սիրուց խոսենք։ Ուդի Յաշար, եղբայրս, նկարագրիր գեղեցիկ մավրիտանուհուն, որին տեսանք պարելիս երեկ շատ խմելուց հետո։ Նրա բարա՜կ մեջքը, ես այն կարող էի բռնել երկու ձեռքով, և մատներս կմիանային։

Սայլի հետնամասում նստած Վարդանը, որը ոտքերը կախ գցած ճոճում էր օդում, դարձավ զրուցակցին.

— Ավելի լավ է դու պատմիր, եղբայրս, ես չեմ կարողանում փաստերը քեզ պես ծաղկեցնել։

Հաֆիզ Իսմայելը՝ երգիչը, և Թմբուկ Վասֆին՝ դափ նվազողը, որն այդ պահին վարում էր սայլը, միացան մնացածներին, խնդրելով Քամանչա Հակիին, որ ամեն ինչ պատմեր մավրիտանուհու մասին։ Երաժիշտը պատկերավոր և մանրամասն նկարագրեց պարուհուն, որը կանգնել էր պղնձե սկուտեղի վրա և, հանելով բոլոր քողերը, լրիվ մերկ էր մնացել։

Վարդանը չէր լսում։ Նա նայում էր հեռվում մնացող Մերսինի նավահանգստին և Միջերկրականի փիրուզե ջրերին։ Օդի մեղմությունը, անամպ երկինքը, կակտուսները, հաճարենիներով և կաղնիներով պսակված ժայռերը, կարմիր կղմինդրից տանիքներով փոքրիկ գյուղերի դիմաց կանգնած նավակները այնպիսի հակադրության մեջ էին Կապադովկիայի ձնաբքի և դաժան բնապատկերի հետ, որ Վարդանն ինքն իրեն հարցնում էր, թե արդյոք դա երազ չէ՞ր։ Նա անցնում էր մի երկրով, ուր ծաղկել էին ամենանշանավոր քաղաքակրթությունները, որով անցել էին առասպելական նվաճողները, ինչպես վկայում էին դաշտերում դրված հոյակապ հուշարձանները։ Իսկ ինքը գնում էր Տարսոն՝ Սուրբ Պողոսի հայրենիքը, և այն քաղաքը, ուր Կլեոպատրան հանդիպել էր Մարկոս Անտոնիոսին։ Նա այլևս հալածված մարդ չէր, կարող էր շրջել ամբոխի մեջ և առանց վախենալու նստել սրճարանում։ Վարդանը դժվարությամբ էր ձերբազատվում ոգևորությունից, որը նրան երբեմն մոռանալ էր տալիս իր ճանապարհորդության իրական նպատակը։ Երաժշտությունը մոռացություն էր պարգևում, իսկ իր ընկերների խանդավառությունն ու անհոգությունը վարակիչ էին։

Քամանչա Հակին նրան առաջարկեց մի քիչ ոտքով գնալ, նրանք վայր ցատկեցին սայլից և մի տասը քայլ հետ մնացին։ Հովը վերջնականապես անհայտացավ վերջին բլրի հետևում։ Հակին հսկա էր, և երբ նա քայլում էր ուսերը տարուբերելով, ավելի հեշտ էր նրան պատկերացնել թուրը ճոճելիս կամ արորով հողը վարելիս, քան քամանչա նվագելիս։ Մինչդեռ նա շատ զգայուն երաժիշտ էր, և քամանչան եղել էր նրա գոյության միակ միջոցը այն պահից ի վեր, երբ փախել էր ծնողների տնից տասնհինգ տարեկան հասակում։ Հիմա նա երեսուներեք տարեկան էր։ Խոսում էր միայն իր սիրային պատմությունների ու հաղթանակների մասին։ Գեղեցիկ տղամարդ էր՝ կամային կզակով, շատ առնական տեսքով, չնայած կանաչ աչքերին, որոնք նման էին հավերժ հիացած երեխայի աչքերի։ Պարզունակ և անմիջական լինելով՝ նա հիացմունքով էր վերաբերվում Վարդանին, որը չէր կարողանամ հասկանալ դրա պատճառը, և նրա բարեկամությունը երբեմն ձանձրալի էր դառնում։

Նա հպվեց Վարդանի ձեռքին և ասաց իր լազական ծագումը մատնող բարբառով.

— Ուդի Յաշար, իմ աղաբեյ, ես չեմ կարողանում քեզ հասկանալ։ Դու փակ ես։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նվագում ենք ամբոխի առջև, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ միայնակ ես քո ուդի հետ։ Եվ հիմա էլ մեզ հետ չես։ Աչքերդ նայում են, սակայն չեն տեսնում։ Ասա ինձ, թե ինչի մասին ես մտածում հենց այս պահին։

Վարդանը չէր կարող խոստովանել, որ ինքը հուզված էր, որ քայլում էր Կիլիկիայի հողով։ Որ մտածում էր այն մասին, որ մի ժամանակ այդ հողը պատկանել էր Ռուբինյան և Լուսինյան հարստություններին, եղել նրանց թագավորությունը՝ «Փոքր Հայաստանը», ուր իր նախնիները կռվել և զոհվել էին իրենց ազատությունը պաշտպանելիս և որ դա հիշեցնում էր այն ողբերգությունը, որն ապրում էր իր ժողովուրդն այս պահին։ Նա ստեց.

— Ես մի կնոջ մասին էի մտածում։

— Դժբախտ սեր, եթե դատելու լինենք քո մռայլ տեսքից։ Հավատա իմ հարուստ փորձին՝ դրա դեմ միայն մեկ դեղ կա. սիրել յոթ կին մեկ օրվա ընթացքում։

Վարդանը փռթկաց։

— Յոթը,— շարունակեց Հակին վստահ տեսքով,— սրբազան թիվ է։ Դա ինձ մեկ անգամ բուժել է, և սրտի ցավն ինձ այլևս չի այցելում։

— Իսկ որտեղի՞ց էիր դու գտել յոթ կին այդքան կարճ ժամանակի ընթացքում,— զվարճացավ Վարդանը։

— Ես վճարեցի։ Այդ ժամանակ ափիոն էի վաճառում Սիրիայում ապրող մի ֆրանսիացի վաճառականի և հարուստ էի։

— Դու այլևս հարուստ չե՞ս։

— Ես ամեն ինչ ծախսեցի կանանց վրա, քանի որ իսկական հավատացյալ եմ։

— Ի՞նչ կապ կա։

— Կնոջ հետ պառկելը գթասրտության ակտ է։ Ղուրանն ասում է, որ գթասիրտ մարդը պետք է իր ունեցածը կիսի, իսկ սրանից թանկ բան չկա,— ասաց նա շոշափելով իր արվանդամը շալվարի վրայից։

Վարդանը ծիծաղեց, և դա հիացրեց Հակիին։

— Տեսնո՞ւմ ես ինչ հզոր է սերը։ Դրա մասին գեթ խոսելիս կենսախնդությունը վերադառնում է։

Խումբը դադար առավ կիտրոնի և նարնջի այգում, ուր գյուղացիները բերքահավաքից հետո մաքրում էին տարածքը, որը պատկանում էր քաղաքում ապրող հողատիրոջը։ Երաժիշտները նախաճաշեցին ծառերի տակ, իսկ Փաշազադե Շահիր Միթադը նրանց էր նայում, քանի որ ուտում էր միայն առավոտյան և երեկոյան։ Նա միակն էր, որ կրում էր դերվիշի սպիտակ հագուստը և կարմիր կոնաձև գլխարկը, որը նմանվում էր չափից ավելի մեծ ֆեսի, ինչը հատկանշական էր Սեվլեվի՝ պտտվող դերվիշների աղանդի համար։ Նրա երաժիշտները, որոնք աշխարհիկ մարդիկ էին, այդ հագուստը հագնում էին միայն համերգների ժամանակ։

Այս հավատացյալ մարդը բերանացի գիտեր Մեսնեվիի՝ ուխտի հիմնադիր Մելվանա Ջալալ էդ Դին Ռամիի հիմնարար ստեղծագործության 25 618 տները։ Սակայն դա չէր խանգարում նրան իմանալ փողի արժեքը և թզբեհներ վաճառել մարդկանց, որ հավաքվում էին նրա հայտնվելուն պես։ Իր նկատմամբ խիստ լինելով և տառացիորեն կատարելով իր ուխտի բոլոր կանոնները, դերվիշը ներողամիտ էր երաժիշտների նկատմամբ և աչք էր փակում նրանց վարքագծի շեղումների վրա, ձևանում էր, իբր չէր լսում նրանց սրբապիղծ խոսակցությունները։ Այնքան ժամանակ, քանի դեռ նրանք լավ էին նվագում...

Սովորականի պես, կեսօրից հետո փորձ էին անում։ Փաշազադե Շահիր Միթադը միացավ երաժիշտներին իր նեյով՝ եղեգնյա սրնգով, որը հատկապես նվագում էին այդ աղանդի անդամները։ Երաժշտությունը գրավեց գյուղացիների և անցորդների ուշադրությունը և երբ նա համարեց, որ լսարանը բավականաչափ ընդարձակ էր, ոտքի կանգնեց և սկսեց պտտվել իր առանցքի շուրջը, դա սաման էր՝ սրբազան պարի արարողությունը, որը սովորաբար խմբով էին կատարում։ Շրջազգեստը տարածվեց, պտույտներն արագացան, դերվիշը պարզեց ձեռքերը՝ աջ ձեռքը դեպի երկինքը, ձախը՝ դեպի գետին։ Այլայլված դեմքով, սառած աչքերով նա տրանսի մեջ ընկավ և իր պարի միջոցով իրականացրեց գերագույն միությունը Աստծու հետ։ Չնայած իր վերացած տեսքին, նա ի վիճակի կլիներ ասելու, թե որ որոշակի հատվածում, որ երաժիշտը սխալ էր նվագել։

Հետաքրքրասերները դիտում էին ներկայացումը մի տեսակ սարսափով համակված և գիտակցում էին, որ իրենց առջև սուրբ մարդ էր։ Երբ սաման ավարտվեց, դերվիշը ոչ գլխապտույտ ուներ, ոչ էլ շնչառությունն էր խախտվել, մինչդեռ հանդիսատեսը ծանր էր շնչում։ Հակին շրջան կատարեց, և այդ խեղճ մարդիկ, որոնք միշտ չէր, որ կուշտ էին ուտում, իրենց գրպանների ամբողջ դրամը դրեցին թասի մեջ։ Մարդկային վստահության նման չարաշահումը միշտ վրդովում էր Վարդանին։ Եթե Փաշազադե Շահիր Միթադը ուզում էր միջոցներ հանգանակել իր վանքի համար, ապա կարող էր ավելի բարձր վարձատրություն պահանջել հարուստ վաճառականներից, որոնց ընդունելությունների ժամանակ խումբը ելույթ էր ունենում։

✻    ✻



Երբ մինչև Ադանա մեկ ժամվա ճանապարհ էր մնում, Վարդանը ճամփեզրին մի աղջնակ նկատեց, որը ձեռքը մեկնած ողորմություն էր խնդրում առանց նայելու հազվադեպ անցորդներին, որոնք էլ իրենց հերթին կարծես նրան չնկատեին։ Նրա խճճված մազերը թափված էին ուսերին և շրջանակում էին կեղտոտ դեմքը, որն այնքան նիհար էր, որ սև ու մարած աչքերը չափից ավելի մեծ էին թվում։ Նա ոտաբոբիկ էր, և նրա ցնցոտիները չէին ծածկում բարակ ձեռքերն ու ոտքերը։ Այդ տեսարանից ազդվելով՝ Վարդանը մոտեցավ և գրպանից հանեց մի մետաղադրամ։ Երեխան ութ կամ ինը տարեկան էր, սակայն փոշուց գորշ նրա մաշկի ու աչքերի տակի կապտուկների պատճառով ծեր կնոջ էր նմանվում։

— Շնորհակալություն,– բարբաջեց նա հազիվ լսելի ձայնով՝ դրամը սեղմելով ափի մեջ։

— Որտե՞ղ ես ապրում։

Նրա լարված դեմքի արտահայտությանր չփոխվեց, և նա ուսերը թոթվեց։ Նրա թուրքերենից Վարդանը հասկացավ, որ փոքրիկը հայուհի էր, սակայն շարունակեց թուրքերեն խոսել։ Աղջիկը, անտարբեր տոնով և առանց զգացմունքներ ցուցաբերելու, պատմեց, որ այն գյուղացիները, որոնց մոտ ինքը աշխատում էր, իրեն քշել էին, քանի որ իրենք էլ ուտելու բան չունեին։ Դա տեղի էր ունեցել մոտ երկու-երեք շաբաթ առաջ։

Վարդանը ազդված էր։ Ցնցոտիներով ծածկված այդ երեխան, որը չուներ այլևս ո՛չ րնտանիք, ո՛չ էլ օթևան և վերապրում էր ողորմություն խնդրելով, իր ժողովրդի ճակատագրի արտացոլումն էր։ Վարդանը չէր կարող իրեն վարկաբեկել՝ գթասրտություն ցուցաբերելով այդ երեխայի նկատմամբ, այդուհանդերձ, չէր կարող նաև շարունակել ճանապարհը փոքրիկ մուրացկանին թողնելով ճամփեզրին։ Սայլը կանգ էր առել ոչ հեռու, և գործընկերները շտապելու նշաններ էին անում։ Նա վազելով մոտեցավ Փաշազադե Շահիր Միթադին, որն անհամբերություն էր ցուցաբերում, և հարցրեց.

— Կարո՞ղ ենք նրան մինչև քաղաք հետներս տանել։

Ծերունու սև ու խիտ հոնքերը բարձրացան, և նա պատասխանեց չոր տոնով.

— Մենք նույնպես մուրացկաններ ենք և մեր շարքերը լրացնելու կարիքը չունենք։

Վարդանը պնդեց.

— Նա քրիստոնյա է։ Նրան իշխանություններին կհանձնեմ։ Թող նրանք վճռեն նրա ճակատագիրը։

Դերվիշը խաղաց իր երկար, ճերմակ մորուքի հետ.

— Ավելի գթասիրտ կլիներ նրան թողնել այստեղ։

Գիտակից քաղաքացի ձևանալով՝ Վարդանը խիստ ասաց.

— Կառավարությունը տեղափոխում է քրիստոնյաներին։ Մեր պարտքն է սատարել նրա քաղաքականությանը։

Դերվիշը վախեցավ, մտածելով, թե գործ ուներ Իթթիհատի անդամի կամ համակրի հետ, և խելամիտ համարեց համաձայնել։

— Վարվիր, ինչպես ճիշտ ես համարում։

Դառնալով սայլապանին՝ նա հրամայեց ճանապարհը շարունակել։ Վարդանը վերադարձավ աղջնակի մոտ և նրան ձեռքը մեկնեց։ Նա նրան հետևեց առանց հարց տալու կամ զարմանալու, իսկ Վարդանը նրան գրկեց և նստեցրեց սայլի հետնամասում։

— Ծարա՞վ ես,— հարցրեց Վարդանը արագ քայլելով, որպեսզի սայլից հետ չմնար։

Աղջիկը գլխով արեց, և Քամանչա Հակին, որը հետաքրքրասիրությամբ հետևում էր Վարդանին, ջրի շիշը տվեց աղջկան։ Նա այնքան ագահաբար էր խմում, որ ջուրը հոսում էր այտերով ու կզակով և դրանց վրա հավաքված կեղտի մեջ լուսավոր ակոսներ էր թողնում։

— Գրազ գա՞նք, որ նա գայլի պես սոված է,— հայտարարեց Զուռնաչի Օսմանը, որի այլանդակված դեմքը նրա բարի էությանը չհամապատասխանող զարհուրելի տեսք էր տալիս նրան։

Խոսքերով չբավարարվելով՝ նա աղջկան մի կտոր հաց տվեց, որը վերջինս արագությամբ կուլ տվեց, և դա հրճվանք պատճառեց երաժիշտներին։ Նրանց ծիծաղի մեջ ծաղր չկար, այլ ընդհակառակը՝ նրանք քողարկում էին իրենց հուզմունքը, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր կյանքի որևէ պահին զգացել էր սովի պատճառած տանջանքները։ Պանիր և չրեղեն ուտելուց հետո աղջիկն անշարժացավ, և նրա դեմքն անթափանց դարձավ։ Քանոնի Զեքին իր գործիքով մեղեդիներ կատարեց իրենց ուղևորին ուրախացնելու համար, սակայն նրա փորձերն ապարդյուն անցան։ Աղջիկը նայում էր ճանապարհին, որը վազում էր նրա ոտքերի տակ և աչքերը բարձրացնում էր միայն Վարդանի վրա թաքուն հայացքներ գցելու համար։

Հասնելով Ադանայի իջևանատունը, ուր խումբը պետք է ապրեր առաջիկա չորս-հինգ օրերի ընթացքում, Վարդանը ստիպված եղավ մի սուտ մոգոնել Հակիից ազատվելու համար, որն ուզում էր նրան ուղեկցել։ Վարդանը նրան մի կողմ տարավ և բացատրեց.

— Երեխային ոստիկանություն տանելուց հետո այցելելու եմ քաղաքում ապրող մի ազգականի։ Ես քեզ կմիանամ երկու-երեք ժամ հետո։

— Իսկ քո ազգականը աղախնի կարիք չունի՞,— հարցրեց Քամանչա Հակին կզակով աղջկա կողմը ցույց տալով։

Վարդանն ուսերը թոթվեց, հետո բռնեց աղջկա ձեռքը և հեռացավ։

Հին կամրջով Ջեյհան գետն անցնելուց հետո նրանք հասան առևտրական թաղին, որը լեցուն էր խիտ և աղմկոտ ամբոխով, որի միջով ուղտերը, ավանակներն ու սայլերը դժվարությամբ էին ճանապարհ հարթում։ Շրջիկ առևտրականների մոտ խմբված երեխաներն է՛լ ավելի մեծ խառնաշփոթ էին ստեղծում։ Մի պահ Վարդանին թվաց, որ ինքն արդեն եղել էր այդ քաղաքում, սակայն դա պատրանք էր։ Այդ զգացողությունն առաջացել էր այն պատճառով, որ Անատոլիայի մեծ քաղաքների շուկաները նման էին միմյանց։ Նա մի բաժակ կիտրոնի ըմպելիք գնեց աղջնակի համար, իսկ հետո, երբ երեխան կարծես ավելի էր վստահում Վարդանին, նրա անունը հարցրեց։ Աղջիկը վարանեց, հետո շշնջաց.

— Նաիրի։

Վարդանն այդ անունը գրանցեց հիշողության մեջ։ Որքան կուզեր աղջկա հետ խոսել մայրենի լեզվով, գրկել նրան և հանգստացնել, սակայն երեխան պետք է իրեն թուրք համարեր։

Նրանք շարժվեցին կենտրոնական փողոցով, որի մայթերը զբաղեցնում էին կրպակներն ու մեծ խանութները։ Փողոցի ծայրում երկու մինարեթ երիզում էին սիրիական ոճով սև ու սպիտակ մարմարից կառուցված մզկիթը։ Մոտենում էր կեսօրը, և քանի որ օրն ուրբաթ էր, տղամարդիկ գնում էին մզկիթ աղոթելու։ Կենտրոնական մուտքի մոտով անցնելիս Վարդանը բակում նշմարեց հավատացյալների, ոմանք ոտքերն էին լվանում լվացումների շատրվանի մոտ, իսկ ոմանք էլ, հետևելով Մարգարեի պատվիրանին, կուտ էին տալիս աղավնիներին։

Մզկիթի կողքին գտնվող հոգևոր դպրոցի մոտից սկսվում էր մի ծառուղի, որը փակուղի էր, և այնտեղ էին տեղադրված ոսկերիչների խանութները։ Ոսկերչական խանութների մեծ մասը դատարկ էր և փակ, քանի որ տերերը տեղահանված հայեր էին, որոնց անունները պահպանվել էին ցուցանակների վրա, իսկ տեղի բնակչության մեջ չկային այնպիսի բարձր որակավորում ունեցող արհեստավորներ, որոնք կկարողանային փոխարինել նրանց։ Հրեա Հովսեփ Վարոնի խանութը նախավերջինն էր։ Վարդանն այնտեղ մտավ Նաիրիի հետ, և գերմանացի սպայի հետ զրուցող խանութի տերը կասկածով նրան նայեց։ Սպասելով, որ վաճառականն ազատվի, Վարդանը կանգնեց դազգահի վրա կռացած երկու ոսկերիչների կողքին։ Նրանցից ավելի երիտասարդը ռուբիններ էր տեղադրում մի զարդի վրա։ Մյուսը՝ ճաղատ մի ծերունի, թանկարժեք մի քար էր ուսումնասիրում աչքին ամրացված խոշորացույցով։ Հետո նա ճշգրիտ շարժումներով սկսեց այն մշակել և Վարդանը հասկացավ, որ նա ադամանդ է նստավորում։ Նա ականջ դրեց Վարոնի խոսակցությանը.

— ...առանց վախի։ Այս խանութը պապս է հիմնադրել ավելի քան հարյուր տարի առաջ և մենք համարվում ենք շրջանի լավագույն նստավորիչները։

Բավարարվելով՝ գերմանացին վճարեց, մատանին գրպանը դրեց և դուրս եկավ։ Վարդանը մոտեցավ խանութի տիրոջը՝ մոտ հիսուն տարեկան մի մարդու, որի բեղերը նույնքան ալեխառն էին և խիտ, որքան մազերը։ Մեջքը կորացրած՝ նա Ժպտամ էր այցելուին։ Նրա աչքերը մի քիչ շիլ էին, և դրանից նրա հայացքը տարօրինակ էր թվում։ Նա գլխով արեց.

— Դուք առաջին անգա՞մ եք իմ խանութն այցելում։

— Պարոն Հովսեփ Վարո՞ն։

— Այո։

— Ես եկել եմ ձեր բարեկամներից մեկի կողմից։

Ոսկերիչը հոնքերը կիտեց և, չհավատալով, ոտքից գլուխ աւտւմնասիրեց այցելուին։ Նա մրմնջաց.

— Դուք խոշոր եք երաժիշտ լինելու համար։ Ի՞նչ գործիք եք նվագում։

— Ուդ,— պատասխանեց Վարդանը, զարմանալով, որ ոսկերիչը գիտեր իր զբաղմունքի մասին։

— Ո՞վ է սա։

Վաճառականը ցույց տվեց աղջկան, որը կանգնած էր արհեստավորների դիմաց։

— Որբ է։

Հովսեփ Վարոնը աչքերը հառեց երկնքին և երեխային պատվիրեց.

— Մեզ այդտեղ կսպասես և ոչնչի ձեռք չտաս։ Մորիկո, դու այցելուներով զբաղվիր։

Նա բռնեց Վարդանի ձեռքից և նրան ուղեկցեց խանութի հետնամասը, մի մութ սենյակ, ուր կիտված էին արկղեր, հետո դեպի ճռճռան սանդուղքը, որը տանում էր երկրորդ հարկ։ Այնտեղ մի հյուրասենյակ կար, որը լուսավորվում էր փողոցին նայող երկու ճաղապատ լուսամուտներով։ Կաղնեփայտից պատրաստված գեղեցիկ պահարանի կողքին՝ պատին փակցված էր ոսկերչի բազմանդամ ընտանիքի լուսանկարը։ Պատերազմից առաջ նա վաճառել էր գետափին գտնվող իր տունը և կնոջն ու երեխաներին բնակության էր ուղարկել Երուսաղեմ, իսկ մոտն էր թողել միայն Մորիս որդուն, որին փաղաքշորեն Մորիկո էր կոչում։ Հայր ու որդի ապրում էին խանութի վերևի հարկում գտնվող բնակարանում, որը ժամանակին տրամադրվում էր աշակերտներին։

Ոսկերիչը դարձավ դեպի Վարդանը.

— Դուք ինձ դեռ չեք ասել ձեր անունը։

— Ուդի Յաշար։

— Ուրիշ անուն չունե՞ք։

— Վարդան Պալյան։

Վարոնի բեղերի ծայրերը վեր սողացին նրա դեմքին հայտնված լայն ժպիտից, և նա ձեռքը մեկնեց այցելուին։

— Երջանիկ եմ ձեզ հանդիպելու համար, պարոն Պալյան։ Դուք, իհարկե, հասկանում եք, որ պետք է զգույշ լինել։

— Բնականաբար, պարոն Վարոն, մենք խառը ժամանակներում ենք ապրում։

Հովսեփ Վարոնը նրան նստեցրեց գորգով ծածկված մի հնամաշ բազմոցի վրա և նրան վերմուտ հրամցրեց.

— Ժամանակին ձեր գիրքն ինձ շատ էր դուր եկել։

— Մի տե՜ս, է։ Դուք ինձ զարմացնում եք։

Նա նկատեց, որ զրուցակիցը դեռևս լիովին իրեն չէր վստահում, և այդ նախադասությունն ասված էր իրեն փորձելու համար։ Վարդանը շարունակեց.

— Ո՞րը։ «Քրիստոնյաների ճակատագիրը Օսմանյան կայսրությունո՞ւմ»։ Ոչ։ Դա պետք է որ, ավելի շուտ, «Ազգերի կայսրությունը» լինի։ Ես այնտեղ խոսում եմ Իսրայելի հնարավոր վերածննդի մասին։

— Ճիշտ է,— պատասխանեց Վարոնը գլուխը թափ տալով։– Եվ այդ գիրքը դուր եկավ ինձ, որովհետև ես սիոնիստ եմ։ Մոտենում է ժամանակը, երբ Իսրայելը վերստին գոյություն կունենա։ Հայաստանը նույնպես։

— Ձեր վստահությունը գնահատելի է,— ասաց Վարդանը՝ վերցնելով գավաթը, որը նրան էր մեկնում տանտերը։— Ձեր կենացը, պարոն Վարոն։

— Ձեր կենացը, պարոն Պալյան։

Նրանք խմեցին գինին միմյանց նայելով, և Վարդանը ուրախ բացականչեց.

— Վաղուց այսպիսի նեկտար չէի ըմպել։

— Ես գիտեմ։

— Դուք լավ եք տեղեկացված... Եվ ինձ թվում է, որ ինձ սպասում էիք։

— Այո։ Ինձ վերջերս այցելեց Մեթյուզ քահանան, որն ուղիղ Կապադովկիայից էր գալիս, և խոսեց ձեր մասին։ Դուք նրան ճանաչո՞ւմ եք։

— Ճիշտն ասած՝ պատիվ չեմ ունեցել հանդիպելու այդ գթասիրտ մարդուն։

— Դուք պետք է նրան հանդիպեք, պարոն Պալյան։ Նա աչքի ընկնող մարդ է, որը նվիրվել է կայսրության փոքրամասնությունների կյանքը բարելավելու գործին։

— նձ թվում է, որ նա շատ գործ ունի անելու, եթե հաշվի առնենք, թե ինչ ժամանակներում ենք մենք ապրում,— պատասխանեց Վարդանն անկաշկանդ տեսքով։

Հովսեփ Վարոնը նայեց իր գավաթին և իր համաձայնությունը հայտնեց՝ գլուխը տմբտմբացնելով։

— Դա սարսափելի ողբերգություն է։ Իմ բոլոր գործընկերներն ու բարեկամները՝ մանկության ընկերները, պարոն Պալյան, տեղահանվել են։ Դուք փողոցը տեսա՞ք։ Խանութների երեք քառորդը փակ է։ Նրանց տները հանձնվել են եկվորների։ Հայկական եկեղեցիները պահեստների են վերածվել։ Դպրոցները հանձնվել են բանակին։ Նույն վիճակն է բոլոր քաղաքներում։

— Ասացեք, պարոն Վարոն, դուք պատկերացում ունե՞ք, թե ինչ վիճակում են հայերը հարավ-արևելքում։

— Բացառությամբ միսիոներների որբանոցներում հայտնված երեխաների, նրանց, ովքեր որպես աղախին աշխատում են թուրք ընտանիքներում, շատ փոքրերի, որոնց որդեգրել են թուրքերը, և կանանց, որոնց թուրքերը պահում են որպես կին կամ սիրուհի՝ այլևս հայ չես գտնի Սիրիայի հյուսիսում։ Մեր հաշվարկներով զոհերի թիվը հասնում է հարյուր հազարների։

— Իսկ Սիրիայո՞ւմ։

— Թե քանիսն են ողջ մնացել անապատում կազմակերպված ճամբարներում և Եփրատը երիզող ճահիճներում, Ռաս—էլ Այինում, Ռաքքայում, Դեյր—էր—Զորում՝ ես չգիտեմ։ Բարեբախտաբար հազարավոր մարդիկ օթևան են գտել Հալեպի բարաքներում, իսկ ոմանք կարողացել են ապաստանել ավելի հարավ՝ Համայում, Բեյրութում և նույնիսկ Երուսաղեմում։

Դա նորություն չէր Վարդանի համար և հաստատում էր այն, ինչ ինքը կասկածում էր։ Տեսնելով նրա ընկճված տեսքը՝ Հովսեփ Վարոնը բարեկամաբար աասց.

— Ես տեղյակ եմ, որ դուք փնտրում եք ձեր ընտանիքի անդամներին։ Իմ տվյալներով, նրանք անմիջականորեն Ադանայի շրջակայքում չեն։ Դուք ավեփ շատ հնարավորություններ ունեք նրանց Հալեպում գտնելու։

— Ես մեծ հույսեր եմ կապում այդ քաղաքի հետ, սակայն չգիտեմ, թե երբ այնտեղ կհասնեմ։ Ինչպես գիտեք, ես ճանապարհորդում եմ երաժիշտների խմբի հետ և չեմ կարող ինքս ընտրել ուղերթը։ Հետևաբար ստիպված եմ հույս դնել պատահականության վրա։

— Մի հուսահատվեք, պարոն Պալյան։ Մենք այնպիսի անհավատալի պատմություններ ենք լսում, որոնք ի վիճակի չէր լինի հորինել մարդկային երևակայությունը։ Մի մայր և նրա դուստրը, որոնք կորցրել էին միմյանց ամիսներ առաջ, իրար գտել են հազար կիլոմետր հեռու, մի փողոցի անկյունում։ Պատահականությո՞ւն, ինչ եք կարծում։ Ոչ, դա Աստծու կամքն է։

— Ես չեմ հուսահատվում։ Պարզապես մեռնում եմ անհանգստությունից և այրվում անհամբերությունից։ Տարբերություն կա։

Պատասխանը դուր եկավ ոսկերչին, որի դեմքը լուսավորվեց ժպիտով։ Վարդանն ուզում էր փոխել թեման և գյուղացու իր շապիկի տակից հանեց մի ծրար, որը նրան էր տվել Արուսյակը։

Հովսեփ Վարոնը ծրարն արագորեն պահեց բազմոցի տակ և ականջ դրեց՝ Վարդանին ևս նշան անելով լսելու։ Ինչ-որ մեկը խանութ էր մտնում։ Համոզվելով, որ դա ընդամենը գնորդ էր, ոսկերիչը ցածրաձայն հարցրեց.

— Այստեղից ո՞ւր եք գնալու։

— Մարաշ։ Հետո Ուռհա կամ Մալաթիա, դեռ հաստատ չէ։

— Ես նամակներ կունենամ ձեզ տալու այնտեղի բարեկամների համար։

— Դա այցելությանս նպատակներից մեկն է,— ասաց Վարդանը՝ համաձայնության նշան անելով։— Բացի դրանից, մեր բարեկամն ասաց, որ դուք գուցե կարողանաք հոդվածներ փոխանցել ֆրանսիական և անգլիական լրագրերին։

— Դա շուտ չի լինի, սակայն նրանք իրենց հանգրվանը կգտնեն, համոզված եղեք։

Վարդանը հանկարծ բավարարվածություն զգաց, մտածելով, որ իր գրիչը մեկ ագամ ևս ծառայելու էր գործին։

— Ես ձեզնից շատ շնորհակալ եմ, պարոն Վարոն, և՛ սրա համար, և՛ այն ամենի համար, ինչ դուք անում եք իմ հայրենակիցների համար։

— Արդյոք դա բնական չէ՞ մի մարդու համար, որը նույնպես հալածված ազգի ներկայացուցիչ է։ Բացի դրանից, այսպես վարվելով, ես վրեժխնդիր եմ լինում իմ անհայտացած ընկերների համար։

Բեղերը շոյելով՝ նա Վարդանին նայեց, ինչպես կնայեր ակնեղենին, այն ձեռք բերելուց առաջ։ Նա կկոցեց աչքերը.

— Գիտեք, պարոն Պալւան, մենք ավելի շատ ընդհանուր շահեր ունենք, քան դուք կարծում եք։

— Ի՞նչ եք ուզում ասել։

— Այն վճիռները, որ կընդունեն դաշնակիցները պատերազմի ավարտին, նույնքան ճակատագրական կլինեն իմ ժողովրդի համար, որքան և ձեր։

— Իսրայե՞լը։

Վարոնը գլխով արեց, նորից նայեց սանդուղքի կողմը և մոտեցավ հյուրին։

— Հավաստի աղբյուրներից գիտեմ, որ անգլիացիները խրախուսում են արաբների ապստամբությունը և նրանց անկախություն են խոստանում։ Սուլթանի բանակը նույնիսկ խնդիրներ ունի իր արաբ սպաների հետ։ Բրիտանացիների ծրագրերի մեջ է մտնում նաև պատերազմից հետո ստեղծել հրեական և հայկական պետություններ։ Մենք պետք է մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով օգնենք դաշնակիցներին։

— Ի՞նչ եք դուք ինձնից սպասում։

— Տեղեկություններ։

Վարդանը չկարողացավ ծիծաղը զսպել.

— Որ ես լրտեսի դե՞ր կատարեմ։

— Լրտեսի՜,— պատասխանեց ոսկերիչը՝ իր հերթին ծիծաղելով,— չչափազանցնենք։ Բավական է լսել ու նայել։ Քանի որ դուք շատ եք ճանապարհորդելու և նվագելու եք ընդունելությունների ժամանակ, ուր ներկա կլինեն ազդեցիկ մարդիկ, ապա կարող եք հավաքել բազմաթիվ օգտակար տեղեկություններ։ Մեր անգլիացի բարեկամները հետաքրքրվում են զորքերի տեղաշարժերով և կուտակումներով, բարձրաստիճան սպաների նոր նշանակումներով և առափնյա մարտկոցների տեղադրությամբ։ Քանի որ օսմանյան բանակը քիչ թնդանոթներ ունի, ապա դրանք հաճախակի է տեղափոխում։ Դաշնակիցների նավատորմիղը պետք է իմանա, թե դրանք ուր են տանում։

— Ես կարեցածս կանեմ։ Ո՞ւմ եմ հաղորդելու այդ տեղեկությունները։

— Այն մարդկանց, որոնց ցուցակը ձեզ է տվել Ուրգուպի մեր բարեկամուհին։ Դուք կկարողանաք նաև նրանց հանձնել ձեր հողվածները։

Կասկածից վեր էր, որ Հովսեփ Վարոնը Վարդանին գործարք էր առաջարկում։ Դրա պայմանները Վարդանի համար շահեկան էին։ Տղամարդիկ քննարկեցին մարամասները, և Վարդանը տանտիրոջը հանձնեց երկու հոդվածները, որոնք նա Քամանչա Հակիից ծածուկ գրել էր Մերսինի իջևանատան սենյակում, ուր միասին էին ապրում։ Մեկում նա նկարագրում էր ավերված գյուղի մոտ իր տեսած ոսկորների կույտերը, իսկ մյուսում պաշտպանում էր ինքնավար Հայաստանի գաղափարը։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ էր, որ Վարդանը ծածկանվամբ չէր հանդես գալիս և հոդվածները ստորագրել էր իր իսկական անունով՝ հակառակվելով իշխանություններին և իմաց տալով իրեն ճանաչողներին, որ ինքը ողջ էր։

Ոսկերիչն առանց վարանելու համաձայնեց ապաստանել որբին, մինչև որևէ միսիոների հանձնելը։ Սակայն երբ աղջիկը տեսավ, որ Վարդանը գնում էր, ուզեց հետևել նրան։ Վարդանը կռացավ և շշնջաց նրա ականջին.

— Ես չեմ կարող քեզ հետս տանել, Նաիրի։ Պարոն Վարոնը բարեկամ է, նա քեզ կօգնի։ Այսուհետ դու մենակ չես լինի։

Աղջիկն այնպես զարմացավ, որ այդ մարդը խոսեց իր լեզվով, որ ապշած մնաց։ Վարդանը նրա ճակատը համբուրեց և նրան մղեց դեպի Հովսեփ Վարոնը, որն ասաց շատ մեղմ ձայնով.

— Արի, զավակս։ Մենք քեզնով կզբաղվենք։ Գիտես, ես թոռներ ունեմ։

Այլայլված դեմքով, անսահման տխրությամբ լի աչքերով, աղջիկը հրաժեշտի նշան արեց դուրս եկող Վարդանին և լաց եղավ։ Վարդանը չշրջվեց և հեռացավ արագ քայլերով՝ մտքում կրկնելով իր ճանապարհին պատահաբար հայտնված այդ երեխայի անունը։ Պատահաբար։ Ինչպես և որբը, Վարդանը նույնպես հույս կարող էր դնել միայն պատահականության վրա։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ պատմել էր Հովսեփ Վարոնը։ Այդ մայրն ու այդ դուստրը, որոնք իրար էին գտել փողոցի անկյունում... Յուրաքանչյուր անգամ որևէ քաղաքով կամ գյուղով անցնելիս, որևէ մահմեդականի տուն մտնելիս հույս պետք է ծնվեր։ Եվ քանի՞ցս հիսաթափված լինելու հեռանկարով։