Դատարկ տունը

Գրապահարան-ից
16:48, 27 Հոկտեմբերի 2016 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դատարկ տունը

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Գ․ Վիրապյան
աղբյուր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»


1884 թվականի գարնանը ամբողջ Լոնդոնը ծայր աստիճան հետաքրքրության մեջ էր, իսկ բարձր հասարակությունը՝ ցնցված երիտասարդ կոմս Ռոնալդ Ադերի սպանությամբ, որը տեղի էր ունեցել ամենաարտասովոր եւ առեղծվածային հանգամանքներում։ Իր ժամանակին լայն հասարակությունը ծաոթացավ այդ հանցագործության առանձին մանրամասնությունների հետ, որոնք պարզվեցին ոստիկանական հետաքննության ընթացքում․ սակայն այդ գործը այնքան լուրջ էր, որ շատ մանրամասնություններ ստիպված եղան թաքցնել։ Եվ միայն այժմ, գրեթե տասը տարի անց, ինձ հնարավորություն է տրված լրացնելու փաստերի այդ ապշեցուցիչ շղթայի պակաս օղակները։ Հանցագործությունն ինքնըստինքյան էլ մեծ հետաքրքրություն էր ներկայացնում, բայց նրա անըմբռնելի հետևանքներն ինձ համար հազար անգամ ավելի կարևոր էին։ Նրանք ինձ ապշեցրին ու ցնցեցին ավելի շատ, քան այն ամենը, ինչ ես տեսել եմ իմ կյանքում, իսկ իմ կյանքը առանց այդ էլ հարուստ է արկածներով։ Նույնիսկ այժմ այդքան տարիներից հետո էլ, այդ գործի մասին հիշելիս իմ մարմնով միշտ էլ սարսուռ է անցնում և, նորից եմ զգում այն անվստահությունը, զարմանքն ու բերկրանքը, որոնք համակել էին ինձ այն ժամանակ և լցրել իմ ամբողջ հոգին։ Թող, ուրեմն, այն ընթերցողները, որոնք որոշ չափով հետաքրքրվել են իմ ակնարկներով, որտեղ պատմվում է նշանավոր մարդու գործերի և խոհերի մասին, ներեն ինձ, որ ես հենց սկզբից ևեթ չբաժանեցի նրանց հետ իմ հայտնագործությունը։ Ես իմ առաջնակարգ պարտքը կհամարեի հաղորդել նրանց այս ամբողջ պատմությունը, եթե կաշկանդված չլինեի այդ նույն մարդու շուրթերից ելած կատեգորիկ արգելումով, որը վերացվեց միայն վերջերս՝ անցյալ ամսի երեքին։

Միանգամայն հասկանալի է, որ Շերլոկ Հոլմսի հետ ունեցած իմ սերտ բարեկամության ժամանակից ես սկսեցի խորապես հետաքրքրվել ամեն տեսակ քրեական գործերով, իսկ այն բանից հետո, երբ նա անհետացավ, ես սկսեցի ավելի ուշադիր աչքի անցկացնել թերթերում հայտնվող չմերկացված հանցագործությունների մասին եղած հաշվետվությունները։ Նույնիսկ հաճախ է պատահել, որ ես, սեփական հաճույքի համար, փորձել եմ լուծել այդ հանցագործությունները, օգտվելով նույն մեթոդներից, ինչպիսին կիրառում էր իմ բարեկամը, թեև բոլորովին ոչ նույն հաջողությամբ։

Սակայն այդ հանցագործություններից և ոչ մեկը ինձ այն չափով չի հուզել, որքան Ռոնալդ Ադերի ողբերգական մահը։ Կարդալով քննության նյութերը, որոնք միայն հաստատում էին այն, «թե սպանությունը եղել է նախամտածված և կատարված մեկ կամ մի քանի անհայտ անձնավորությունների կողմից», ես ավելի խոր, քան երբևէ, գիտակցեցի, թե մեր հասարակությունը ինչպիսի՜ ծանր կորուստ է կրել ի դեմս Շերլոկ Հոլմսի։ Այդ տարօրինակ գործում կային այնպիսի հանգամանքներ, որոնք, անկասկած, կգրավեին նրա հատուկ ուշադրությունը և ոստիկանական գործողություններն ավելի կլրացվեին, կամ ավելի ճիշտ, կկանխվեին շնորհիվ եվրոպական հետախույզներից ամենալավագույնի զգոն մտքի ու նուրբ դիտողականության։

Ամբողջ օրը, այցելելով իմ պացիենտներին, ես նորից ու նորից մտքով վերադառնում էի Ադերի գործին, բայց այդպես էլ չէի կարողանում գտնել ոչ մի բացատրություն, որն ինձ բավարար թվար։ Համարձակվելով կրկնել այն, ինչը բոլորին արդեն հայտնի է, ես, այնուամենայնիվ, ուզում եմ հիշեցնել փաստերը այն ձևով, ինչ ձևով նրանք հաղորդված են եղել հասարակությանը՝ քննությունը վերջանալուց հետո։

Սըր Ռոնալդ Ադերը մեր ավստրալիական գաղութներից մեկի նահանգապետի՝ կոմս Մեյնուսի երկրորդ որդին էր։ Ադերի մայրը Ավստրալիայից եկել էր Անգլիա, որտեղ նրա աչքը պետք է վիրահատեին՝ հեռացնեին կատարակտը, և իր տղայի՝ Ռոնալդի, ու աղջկա՝ Հիլդայի հետ ապրում էր Պարկ֊լեյնում N 427 տանը։ Երիտասարդը շփվում էր լավագույն հասարակության հետ, ըստ երևույթին, ոչ մի թշնամի և առանձնապես ոչ մի արատ չուներ։ Մի ժամանակ նա նշանված էր Կարստերսից միսս Էդիտ֊Վուդլիի հետ, բայց նկարագրվող դեպքերից մի քանի ամիս առաջ հարսնացուն ու փեսացուն որոշեցին բաժանվել, և, դատելով ընդհանուր տրամադրությունից, դրանից ոչ մեկի սիրտն էլ կոտրված չէր։ Ընդհանրապես երիտասարդի կյանքն ընթանում էր ընտանեկան նեղ և բարձր դասակարգի միջավայրում, նա հանգիստ բնավորություն ուներ, խիստ չափավոր ճաշակի ու սովորությունների տեր էր։ Եվ ահա այդ անհոգ երիտասարդ արիստոկրատն էր, որ մահացավ ամենատարօրինակ, ամենասարսափելի մահով։ Այդ տեղի ունեցավ 1894 թվականի մարտի 30֊ի երեկոյան ժամը տասնմեկն անց տասը և քսան րոպեների միջև։

Ռոնալդ Ադերը թղթամոլ էր և միշտ զբաղվում էր դրանով, բայց երբեք դուրս չէր գալիս խոհեմության սահմաններից։ Նա երեք ակումբների անդամ էր՝ Բոլդվինի, Կեվենդիշի և Բագատելի։ Հաստատված է, որ իր մահվան օրը, ճաշից հետո, Բագատել ակումբում Ռոնալդը մի ռոբբեր վիստ է խաղացել։ Նա այնտեղ խաղացել է նաև ճաշից առաջ։ Նրա խաղակիցներ միստր Մերրեյը, սըր Ջոն Խարդին և գնդապետ Մորանը ցուցմունք տվին, որ խաղը իսկապես վիստ էր և վերջացավ գրեթե ոչ֊ոքի։ Ադերը, գուցե, տարվեց մոտավորապես հինգ ֆունտ, բայց ոչ ավելին։ Նա բավականաչափ հարուստ էր, և այդպիսի գումար տանուլ տալը նրան ոչ մի կերպ վշտացնել չէր կարող։ Նա խաղում էր գրեթե ամեն օր և սովորաբար տանում։ Վկաների ցուցմունքներից պարզվեց նաև, որ մոտ մեկ ու կես ամիս իր մահից առաջ Ադերը, խաղալով գնդապետ Մորանի հետ, մի երեկոյի ընթացքում Գոլդֆրի Միլներից և լորդ Բելմորանից տարել է չորս հարյուր քառասուն ֆունտ։ Ահա բոլորը, ինչ հայտնի է նրա կյանքի վերջին շաբաթներից։

Այդ ճակատագրական օրը նա ակումբից վերադարձել էր երեկոյան ուղիղ ժամը տասին։ Մայրը և քույրը տանը չէին։ Նրանք հյուր էին գնացել։ Աղախինը երդմամբ ցուցմունք էր տվել, որ ինքը լսել է, թե ինչպես էր Ադերը մտել իր սենյակը։ Այդ սենյակը, որ գտնվում էր երկրորդ հարկում, լուսամուտներով նայում էր փողոցին և նրա համար ծառայում էր որպես հյուրասենյակ։ Երիտասարդ կոմսի գալուց առաջ աղախինը այնտեղ վառել էր բուխարիկը, և որովհետև սենյակը լցվել էր ծխով, նա բացել էր լուսամուտը։ Մինչև ժամը տասնմեկն անց քսան րոպե սենյակից ոչ մի ձայն չէր լսվել․ այդ ժամանակ տուն էին վերադարձել լեդի Մեյնուսը և իր աղջիկը։ Լեդի Մեյնուսը ցանկացել էր մտնել որդու մոտ՝ բարի գիշեր ասելու, բայց նրա սենյակի դուռը ներսի կողմից փակ էր եղել և չնայած կանչերին ու դուռը ծեծելուն, ոչ ոք ձայն չէր հանել։ Այդ ժամանակ նա տագնապ էր բարձրացրել, և դուռը ստիպված էին եղել ջարդել։ Դժբախտ երիտասարդը սեղանի մոտ ընկած էր հատակին՝ նրա գլուխը ատրճանակի գնդակով սոսկալի այլանդակված էր, բայց սենյակում ոչ մի զենք չէր գտնվել․ սեղանի վրա դրված էին երկու տասը ֆունտանոց պարտատոմս և տասնյոթ ֆունտ տասը շիլինգ՝ արծաթով և ոսկով, ընդորում դրամները դարսված էին տարբեր մեծության փոքրիկ սյուններով։ Նրանց կողքին դրված էր թղթի մի թերթ, որի վրա գրված էին թվեր, իսկ նրանց դիմաց՝ Ադերի ակումբային ընկերներից մի քանիսի անունները։ Դրանից կարելի էր եզրակացնել, որ հենց մեռնելուց առաջ երիտասարդը զբաղվել էր թղթախաղում տարած և տարված հաշիվներով։

Բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունից հետո պարզվեց, որ գործը շատ ավելի հանելուկային է։ Ամենից առաջ հասկանալի չէր, թե ինչու էր երիտասարդը դուռը ներսից փակել։ Ճիշտ է, դուռը կարող էր ներսից փակել նաև մարդասպանը, իսկ հետո դուրս թռչել լուսամուտից, բայց լուսամուտը գտնվում էր գետնից ամենաքիչը մի քսան ֆուտ բարձրության վրա, իսկ նրա տակ գտնվող ծաղկող քրքումների թմբին ոչինչ չէր կպել, որովհետև ոչ մի ծաղիկ չկար։ Ոչ մի հետք չէր մնացել նաև նեղ ճեմաշերտի վրա, որը տունը բաժանում էր ճանապարհից։ Եվ այդպես, ըստ երևույթին, դուռը փակել էր ինքը՝ Ռոնալդ Ադերը։ Սակայն ինչպե՞ս էր տեղի ունեցել նրա մահը։ Չէ՞ որ ոչ ոք չէր կարող ներս մտնել լուսամուտից, առանց որևէ հետք թողնելու։ Իսկ եթե ենթադրենք, որ մարդասպանը կրակել է լուսամուտից, ապա, ըստ երևույթին, նա նշանավոր հրաձիգ է եղել, քանի որ ատրճանակի մի գնդակով այդպիսի տարածության վրա մարդ սպանելը չափազանց դժվար է։ Բացի այդ, Պարկ֊լեյնը մարդաշատ փողոց է, և ընդամենը մի հարյուր յարդ հեռավորության վրա գտնվում է կեբերի կանգառը։ Բայց ոչ ոք կրակոցի ձայն չի լսել։ Մինչդեռ առկա է սպանվածը և առկա՝ ատրճանակի գնդակը, որը ծակել ու դուրս էր եկել գլխից, և, դատելով վերքի բնույթից, հանդիսանում էր վայրկենական մահվան պատճառը։

Այդպիսին էին Պարկ֊լեյնում կատարված խորհրդավոր սպանության հանգամանքները, մի սպանություն, որի առեղծվածայնությունը շոշափելի մոտիվների լրիվ բացակայության պատճառով ավելի էր ուժեղանում։ Չէ՞ որ, ինչպես ես ասացի, երիտասարդ Ադերը ոչ մի թշնամի չուներ, իսկ սենյակում գտնված դրամներին ու արժեքավոր իրերին ձեռք չէր կպել։

Ամբողջ օրը ես մտքիս մեջ քննում էի այդ բոլոր փաստերը, փորձելով կիրառել նրանց նկատմամբ որևէ տեսություն, որը կարող էր պատահել հաշտեցներ նրանց միմյանց հետ և գտնել «դիմադրության ամենաթույլ կետը», որն իմ, խեղճ բարեկամը համարում էր ամեն տեսակ քննության ելակետ։ Պետք է խոստովանեմ, որ այդ ինձ չհաջողվեց։ Երեկոյան ես թափառում էի զբոսայգում և ժամը վեցի մոտերքին հանկարծ դուրս եկա Պարկ֊լեյնի և Օքսվորդ֊ստրիտի անկյունը։ Այնտեղ մայթի վրա հավաքվել էր անգործների մի խումբ և նայում էր միևնույն լուսամուտին․ ես կռահեցի, որ դա այն տունն է, որի համար ես եկել եմ։ Մուգ ակնոցով բարձրահասակ ու նիհար մի մարդ, որն իմ կարծիքով ծպտված լրտես էր, պատահած դեպքի կապակցությամբ ինչ֊որ թեորիա էր զարգացնում, մյուսները նրա շուրջը հավաքված լսում էին։ Խցկվեցի ամբոխի մեջ և մոտեցա այդ մարդուն, բայց նրա դատողությունները ինձ այն աստիճան անմիտ թվացին, որ ես զզվանքի նման մի բան զգալով, ետ քաշվեցի և աշխատեցի հեռանալ։ Այդ ժամանակ ես անզգուշաբար դիպա իմ հետևում կանգնած ինչ֊որ մի կորաքամակ ծերուկի, և նրա կռնատակից թափվեցին մի քանի գրքեր։ Օգնելով նրան հավաքելու գրքերը, ես նկատեցի նրանցից մեկի վերնագիրը․ «Ծառերի պաշտամունքի ծագումը», և մտածեցի, որ ըստ երևույթին, դա մի ինչ֊որ աղքատ բիբլիոֆիլ[1] է, որը ով գիտե փող աշխատելու, թե դեպի արվեստը տածած սիրո շնորհիվ, հավաքում է հազվագյուտ հրատարակությունները։ Ես պատրաստվում էի ներողություն խնդրել նրանից, բայց ըստ երևույթին, այդ գրքերը, որոնց հետ ես դժբախտություն ունեցա այդպես անքաղաքավարի վարվել, իր տիրոջ համար մեծ արժեք ունեին, որովհետև նա զայրացած, քթի տակ ինչ֊որ բան փնթփնթաց, արհամարհելով շուռ եկավ, և շուտով նրա կորացած մեջքն ու ալեխառն բակենբարդները ամբոխի մեջ չքացան։

Պարկ֊լեյնում գտնվող N 427 տան վերաբերյալ կատարած իմ դիտումները ոչնչով չօգնեցին ինձ հետաքրքրող առեղծվածի լուծման գործում։ Տունը փողոցից բաժանվում էր ցանցավոր ցածրիկ պատով․ ցանցը նույնիսկ հինգ ֆուտ բարձրություն էլ չուներ։ Հետևաբար, ամեն մարդ էլ հեշտությամբ կարող էր մտնել պարտեզը։ Սակայն դրա փոխարեն լուսամուտը բոլորովին անմերձենալի էր։ Նրա մոտ չկար ոչ ջրատար խողովակ, ոչ որևէ ելուստ, այնպես որ պատով բարձրանալ չէր կարող անգամ ամենահմուտ մարմնամարզիկը։

Առաջվանից ավելի շատ տարակուսանքի մեջ ընկնելով, ես վերադարձա Կենսինգտոն և եկա տուն։ Բայց իմ առանձնասենյակում դեռ հինգ րոպե էլ չէի մնացել, երբ աղախինը հայտնեց, որ ինձ ինչ֊որ մեկը ցանկանում է տեսնել։ Ի զարմանս իմ, դա ոչ այլ ոք էր, եթե ոչ իմ օրիգինալ ծերուկ բիբլիոֆիլը։ Նրա սուր, կնճռոտ դեմքը դուրս էր նայում ալեխառն մազերի շրջանակից․ մոտ մի տասնյակ իր թանկարժեք գրքերից նա բռնել էր թևի տակ։

― Դուք, իհարկե, զարմացաք, իմ այցելության համար, սըր, ― հարցրեց նա տարօրինակ կռկռան ձայնով։

Ես հաստատեցի նրա կարծիքը։

― Գիտեք, սըր, ես բարեկիրթ մարդ եմ։ Քարշ գալով նույն ճանապարհով, որով գնում էիք դուք, հանկարծ տեսա, որ մտանք այս տունը, և ինքս ինձ որոշեցի, որ պետք է գնամ այդ սիրալիր պարոնի մոտ ու ներողություն խնդրեմ նրանից։ Գուցե մի փոքր կոպիտ վարվեցի, սըր, բայց հավատացեք, ես չէի ուզում ձեզ վիրավորել, և շատ եմ շնորհակալ, որ դուք գետնից բարձրացրիք իմ գրքերը։

― Չարժե խոսել այդպիսի աննշան բաների մասին, ― ասացի ես։ ― Եվ թույլ տվեք հարցնել, դուք ինչպե՞ս իմացաք իմ ով լինելը։

― Համարձակվում եմ ասել, սըր, որ ես ձեր հարևանն եմ։ Իմ փոքրիկ գրախանութը գտնվում է Չերչ֊ստրիտի անկյունում և, ես երջանիկ կլինեմ, եթե դուք երբևէ ինձ այցելեք։ Գուցե դուք նույնպես գրքեր եք հավաքում, սըր։ Ահա «Բրիտանիայի թռչունները», «Կատուլը», «Սրբազան պատերազմը»։ Գնեցեք, սը՛ր։ Շատ էժան կտամ։ Հինգ հատորը իսկ և իսկ կլցնի ձեր գրապահարանի երկրորդ դարակի դատարկ տեղը, այլապես նա շատ անվայելուչ տեսք ունի, ճի՞շտ չէ, սը՛ր։

Ես շրջվեցի, որպեսզի նայեմ դարակին, իսկ երբ գլուխս նորից դարձրի, իմ գրասեղանի մոտ կանգնել ու ժպտում էր Շերլոկ Հոլմսը։ Ես տեղիցս վեր թռա և մի քանի վայրկյան լուռ զարմանքով նայում էի նրան, իսկ հետո, ըստ երևույթին, գիտակցությունս առաջին և հույս ունեմ, վերջին անգամ իմ կյանքում, կորցրի։ Հիշում եմ միայն, որ ինչ֊որ գորշ մի մշուշ պատեց աչքերս, իսկ երբ այն ցրվեց, պարզվեց որ օձիքս արձակված է և շրթունքներիս զգացի կոնյակի համ։ Հոլմսը իմ աթոռին խոնարհված կանգնած էր, ձեռքին բռնած տափաշիշը։

― Իմ սիրելի Ուոտսըն, ― ասաց ինձ ծանոթ ձայնը, ― հազար անգամ ներողություն եմ խնդրում։ Ոչ մի կերպ չէի ենթադրի, որ սա այդպես կազդի ձեզ վրա։

Ես բռնեցի նրա ձեռքից։

― Հոլմս, ― բղավեցի ես։ ― Մի՞թե դուք եք։ Մի՞թե դուք իսկապես կենդանի եք։ Հնարավո՞ր բան է արդյոք, որ ձեզ հաջողվել է ազատվել այդ սարսափելի անդունդից։

― Սպասեցեք մի րոպե, ― պատասխանեց նա։ ― Արդյոք իսկապե՞ս դուք ի վիճակի եք խոսել այդ կարգի բաների մասին։ Իմ չափից դուրս էֆեկտավոր հայտնությունը ձեզ շատ խիստ հուզեց։

― Ես ինձ արդեն լավ եմ զգում, բայց իսկապես որ, Հո՛լմս, աչքերիս չեմ հավատում։ Գթասիրտ աստված․ մի՞թե այդ դուք եք, դուք, և ոչ թե մի ուրիշն է կանգնած իմ առանձնասենյակում։

Ես նորից բռնեցի նրա թևից և շոշափեցի նրա բարակ մկանուտ ձեռքը։

― Ոչ, դուք ոգի չեք, այդ անկասկած է, ― ասացի ես։ ― Սիրելի բարեկամ, ես որքան երջանիկ եմ՝ ձեզ տեսնելու համար։ Ապա, նստեցեք և պատմեցեք, թե ինչպես ձեզ հաջողվեց փրկվել այն անդունդից։

Հոլմսը նստեց իմ դիմաց և ծանոթ անփույթ շարժումով վառեց ծխախոտը։ Նրա հագին գրավաճառի հնամաշ սյուրտուկ էր, բայց այդ դիմակահանդեի մնացած բոլոր իրերը ― ալեխառն մազերի խուրձը և հին գրքերի կապոցը ― գտնվում էին սեղանի վրա։ Թվում էր, թե նա ավելի շատ է նիհարել, և հայացքը դարձել է ավելի թափանցող․ նրա արծվային քթով նուրբ դեմքի մեռելային գունատությունը վկայում էր, որ վերջին ժամանակներս նրա վարած ապրելակերպը առանձնապես օգտակար չի եղել իր կյանքի համար։

― Որքան հաճելի է ձգվել֊ուղղվելը, Ուոտսըն, ― ասաց նա։ ― Բարձրահասակ մարդու համար հեշտ չէ մի ամբողջ ֆուտ կարճանալ և այդպիսի դրության մեջ մնալ մի քանի ժամ շարունակ։ Իսկ այժմ, սիրելի բարեկամս, խոսենք լուրջ բաների մասին․․․ Բանն այն է, որ ես ուզում եմ խնդրել ձեր օգնությունը, և եթե դուք համաձայն եք, այդ դեպքում մեր երկուսի համար մի ամբողջ գիշեր դժվարին ու ծանր աշխատանք կա անելու։ Ավելի լավ չէ՞ արդյոք հետաձգել իմ արկածներին վերաբերող պատմությունը մինչև այն պահը, երբ այդ աշխատանքը արդեն կատարված կլինի։

― Բայց ես հետաքրքրությունից այրվում եմ, Հոլմս, և կգերադասեի ձեզ լսել հենց հիմա։

― Դուք համաձա՞յն եք այս գիշեր գալ ինձ հետ։

― Երբ և ուր ցանկանում եք։

― Ճիշտ այնպես, ինչպես հին, երանելի ժամանակները։ Գուցե մենք դեռ կհասցնենք գնալուց առաջ մի բան ուտել․․․ իսկ այժմ այդ անդունդի մասին։ Ինձ համար այնքան էլ դժվար չէր դուրս գալ այնտեղից այն պարզ պատճառով, որ ես երբեք նրա մեջ չեմ եղել։

― Չեք եղե՞լ։

― Ո՛չ, Ուոտսըն, չեմ եղել։ Բայց իմ ձեզ հասցեագրված երկտողը գրված էր միանգամայն անկեղծորեն։ Երբ հանգուցյալ պրոֆեսոր Մորիարտիի չարագուշակ կերպարանքը հանկարծ հայտնվեց փոքրիկ, նեղ շաղվում, փակելով իմ միակ փրկության ճանապարհը, ես բոլորովին համոզված էի, որ ինձ համար ամեն ինչ վերջացած է։ Նրա գորշ աչքերում ես կարդացի մի անողոք որոշում։ Մենք մի քանի խոսքեր փոխանակեցինք, և նա սիրալիրությամբ թույլ տվեց ինձ գրել մի կարճ երկտող, որը և դուք հետագայում ստացաք։ Իմ ծխախոտատուփի և ալպենշտոկի հետ թողի այն, իսկ ինքս շավղով շարժվեցի առաջ։ Մորիարտին գալիս էր իմ հետևից։ Հասնելով մինչև շաղվի վերջը, ես կանգ առա՝ այլևս գնալու տեղ չկար։ Նա ոչ մի զենք չհանեց, այլ նետվեց իմ վրա և իր երկար ձեռքերով գրկեց ինձ։ Նա գիտեր, որ իր երգը երգված է և միայն մի բան էր ուզում՝ ինձնից վրեժ լուծել։ Առանց միմյանց բաց թողնելու, մենք քաշքշվում էին զառիթափի եզրին։ Բայց ես մի քիչ ծանոթ եմ ճապոնական ըմբշամարտի «բարիտիսուի» ձևերի հետ, որոնք մի անգամ չէ, որ ինձ ծառայություն են ցույց տվել։ Ինձ հաջողվեց նրանից պոկվել։ Նա վայրենի ճիչ արձակեց և մի քանի վայրկյան խելագարի նման օրորվում էր, ձեռքով բռնելով օդը։ Բայց, չնայած գործադրած բոլոր ճիգերին, նրան չհաջողվեց պահպանել հավասարակշռությունը և նա գահավիժեց ներքև։ Խոնարհվելով զառիթափին, ես դեռ երկար ժամանակ հետևում էի, թե ինչպես է նա ընկնում անդունդը։ Հետո նա զարկվեց ժայռի ցցվածքին և ընկղմվեց ջուրը։

Ես խորին հուզմունքով էի լսում Հոլմսին, որը պատմելու հետ միաժամանակ հանգիստ ծխում էր իր ծխախոտը։

― Բայց հետքերը, ― բղավեցի ես։ ― Ես իմ սեփական աչքերով եմ տեսել երկու զույգ ոտքերի հետքեր, որոնք շավղով իջել էին ներքև, իսկ հակառակ ուղղությամբ՝ հետքերի ոչ մի նշույլ։

― Այդ տեղի ունեցավ այսպես։ Այն վայրկյանին, երբ պրոֆեսորը անհետացավ անդունդի խորքում, ես հանկարծ հասկացա, թե ինչ արտասովոր հաջողություն է ուղարկում ինձ ճակատագիրը։ Ես գիտեի, որ Մորիարտին միակ մարդը չէր, որ որոնում էր իմ մահը։ Դեռ երեքից ոչ պակաս գործակիցներ մնում էին․ ղեկավարի կործանումը նրանց սրտերում կարող էր միայն բորբոքել վրեժի ծարավը։ Նրանք բոլորն էլ չափազանց վտանգավոր մարդիկ էին։ Նրանցից որևէ մեկին անպայման կհաջողվեր մոտ ապագայում վերջ տալ ինձ։ Իսկ եթե նրանք մտածեին, որ ես այլևս կենդանի չեմ, կսկսեին գործել ավելի բացահայտորեն, իրենց կմատնեին ավելի հեշտ, և վաղ թե ուշ ինձ կհաջողվի նրանց ոչնչացնել։ Հենց այդ ժամանակ էլ ես կհայտարարեմ, որ կենդանի եմ։ Մարդկային ուղեղը աշխատում է արագ․ պրոֆեսոր Մորիարտին ըստ երևույթին դեռ չէր հասել Ռեխենբախյան ջրվեժի հատակը, երբ ինքս արդեն այդ պլանը կազմեցի։

Ես վեր կացա և դիտեցի իմ թիկունքում վեր ձգված ժայռապատը։ Իմ ողբերգական մահվան մասին գեղարվեստորեն գրված ձեր հաշվետվության մեջ, որը ես մի քանի ամիս անց մեծ հետաքրքրությամբ կարդացի, դուք պնդում եք, որ իբր թե ժայռապատը եղել է միանգամայն ուղղաձիգ և հարթ։ Այդ ոչ բոլորովին է այդպես։ Ժայռի վրա կային մի քանի փոքրիկ ցցվածքներ, որոնց վրա կարելի էր ոտք դնել, և, բացի դրանից, մի քանի նշաններից ես հասկացա, որ փոքր֊ինչ ավելի վերևում ժայռի վրա մի փոսիկ կա․․․ Ժայռն այնքան բարձր էր, որ նրա գագաթը մագլցելը բացարձակապես անհնարին էր, ինչպես և հնարավոր չէր գնալ խոնավ շավղով, առանց հետքեր թողնելու։ Ճիշտ է, ես կարող էի կոշիկներն այնպես հագնել, որ կրունկներն առջևի կողմից լինեին, ինչպես ես վարվել եմ հաճախ նման դեպքերում, բայց մի ուղղությամբ գնացող երեք զույգ ոտքերի հետքերը անխուսափելիորեն կհանգեցնեին այն մտքին, որ այդ կատարված է դիտավորյալ։

Եվ այդպես, ավելի լավ էր համարձակորեն վեր բարձրանալ։ Բանից դուրս եկավ, որ այդ այնքան էլ հեշտ չէ, Ուոտսըն։ Իմ ոտքերի տակ մռնչում էր ջրվեժը։ Ես զուրկ եմ վառ երևակայությունից, բայց երդվում եմ ձեզ, ինձ թվում էր, թե ես լսում եմ անդունդից բարձրացող Մորիարտիի աղերսանքների ձայնը։ Ամենափոքրիկ սխալն ինձ համար կարող էր լինել ճակատագրական։ Մի քանի անգամ, երբ խոտի փունջը պոկվում ու մնում էր ձեռքիս, կամ երբ ոտքս սայթաքում էր ժայռի խոնավ ցցվածքների վրայից, ես կարծում էի, որ ամեն ինչ վերջացած է։

Սակայն շարունակում էի վեր մագլցել և, վերջապես, հասա մինչև մի բավական խոր, փափուկ ու կանաչ մամուռով ծածկված ճեղքի։ Այստեղ ես կարող էի առանց որևէ մեկի կողմից նկատվելու պառկել և հանգստանալ։ Եվ այստեղ էլ ես պառկած էի այն ժամանակ, երբ դուք, սիրելի Ուոտսըն, և բոլոր նրանք, ում որ բերել էիք ձեզ հետ, փորձում էիք շատ հուզիչ, բայց անարդյունք կերպով վերականգնել իմ մահվան պատկերը։

Ի վերջո, անխուսափելի, բայց այնուամենայնիվ, միանգամայն սխալ եզրակացություններ անելով կատարվածի մասին, դուք գնացիք ձեր հյուրանոցը, և ես մնացի մենակ։ Ես կարծում էի, թե իմ արկածները վերջացան, բայց մի բոլորովին անսպասելի դիպված ցույց տվեց, որ ինձ դեռ քիչ սյուրպրիզներ չեն սպասում։ Վերևից ժայռի մի հսկայական բեկոր հանկարծ աղմկելով ցած սլացավ իմ կողքից, զարկվեց արահետին և գահավիժեց անդունդը։ Առաջին պահին ես այդ վերագրեցի հասարակ պատահականության, սակայն, երբ նայեցի վերև, հանգչող երկնքի ֆոնի վրա տեսա մի տղամարդու գլուխ, և գրեթե նույն վայրկյանին մի ուրիշ քար զարկվեց այն ժայռաճեղքի եզրին, որտեղից ընդամենը մի քանի դյույմի վրա պառկած էի ես։ Դրությունն ինձ համար պարզ դարձավ։ Մորիարտին մենակ չէր։

Նրա գործակիցը ― և ես առաջին իսկ հայացքից զգացի, թե որքան է վտանգավոր նա ― պահապան էր կանգնած եղել, երբ ինձ վրա հարձակվել էր պրոֆեսորը։ Հեռվից, իմ տեսողությունից թաքնված, նա վկա էր եղել իր բարեկամի մահվանը և իրենց ընդհանուր թշնամու փրկությանը։ Որոշ ժամանակ սպասելուց հետո, նա շրջանցել էր ժայռը, մյուս կողմից բարձրացել նրա գագաթը և այժմ փորձում էր անել այն, ինչ չհաջողվեց Մորիարտիին։

Ես երկար չմտածեցի այդ մասին, Ուոտսըն։ Գլուխս դուրս հանելով, ժայռի վրա ես նորից տեսա այդ անձնավորության կատաղի դեմքը և հասկացա, որ դա նոր ժայռաբեկորների կանխանշանն է։ Այդ ժամանակ ես սողացի ներքև, դեպի արահետը։ Չգիտեմ, ես այդ կանեի՞ արդյոք սառնարյուն վիճակում։ Վայրէջքը հազար անգամ ավելի դժվար էր, քան բարձրանալը։ Բայց ես ժամանակ չունեի մտածելու․․․ ― երրորդ քարը սլացավ իմ կողքով, երբ ես ձեռքերս ժայռաճեղքի եզրին գցած կախված էի։ Կես ճանապարհին ես սայթաքեցի, բայց այնուամենայնիվ, ինչ֊որ հրաշքով ընկա արահետը։ Ամբողջապես պլոկված ու արյունոտված, ես վազեցի ինչքան ուժ կար ոտքերումս, մթության մեջ լեռներով անցա տասը միլ և մի շաբաթից հետո ընկա Ֆլորենցիա, համոզված լինելով, որ աշխարհում ոչ ոք ոչինչ իմ ճակատագրի մասին չգիտե։

Ես իմ գաղտնիքը հայտնեցի միայն մի մարդու, իմ եղբորը՝ Մայկրոֆտին։ Հազար անգամ ներողություն եմ խնդրում, սիրելի Ուոտսըն, բայց անչափ կարևոր էր, որ ինձ համարեին մահացած, իսկ դուք երբեք չէիք կարող գրել իմ ողբերգական մահվան մասին այդպիսի համոզեցուցիչ տեղեկություններ, եթե դուք ինքներդ հավաստիացած չլինեիք, որ այդ ճշմարտություն է։

Այս երեք տարիների ընթացքում ես մի քանի անգամ համբերությունս կորցրած ուզեցել եմ ձեզ գրել, բայց ամեն անգամ զսպել եմ ինձ, երկյուղելով, թե չլինի հանկարծ դեպի ինձ ունեցած ձեր քնքուշ կապվածությունը ստիպի ձեզ թույլ տալ որևէ անզգուշություն, որը կարող էր մատնել իմ գաղտնիքը։ Ահա թե ինչու այսօր երեկոյան ես ձեզնից խուսափեցի, երբ դուք թափեցիք իմ գրքերը։ Ես այդ պահին մեծ ռիսկ արի, և եթե դուք հանկարծ զարմանքից կամ ուրախությունից բացականչեիք, ես կգրավեի որոշ մարդկանց ուշադրությունը, իսկ այդ կարող էր հանգեցնել շատ տխուր և նույնիսկ անուղղելի հետևանքների։ Ինչ վերաբերվում է Մայկրոֆտին, ուզեի֊չուզեի նրան պետք է հայտնեի իմ գաղտնիքը, քանի որ դրամի կարիք ունեի։ Լոնդոնում գործերը ավելի վատ էին ընթանում, քան սպասում էի։ Մորիարտիի ավազակախմբի դատավարությունից հետո ազատության մեջ մնացին այդ խմբի ամենավտանգավոր ավազակներից երկուսը, որոնք իմ մահու թշնամիներն էին։ Այդ պատճառով երկու տարի շարունակ ես ճանապարհորդեցի Տիբեթում, հետաքրքրությունից այցելեցի Լհասսա և մի քանի օր անցկացրի Դալայ֊լամայի[2] մոտ։ Դուք հավանական է, կարդացել եք նորվեգացի Սիգերտոնի աղմուկ հանած հետազոտությունների մասին, բայց, իհարկե, ձեր մտքով անգամ անցած չի լինի, որ դա փոքրիկ տեղեկություն է եղել ձեր բարեկամի մասին։ Այնուհետև ես կտրեցի և անցա Իրանը, մտա Մեքքա և կարճ, բայց հետաքրքիր այցելությամբ եղա Խարթումում՝ խալիֆի[3] մոտ․․․ Այդ այցելության մասին իր ժամանակին իմ կողմից հաշվետվություն է ներկայացվել արտաքին գործերի մինիստրություն։

Վերադառնալով Եվրոպա, ես մի քանի ամիս անցկացրի Ֆրանսիայում, որտեղ զբաղվում էի քարածուխի ձյութից ստացված նյութերի հետազոտությամբ։ Դա Ֆրանսիայի հարավում՝ Մոնպելյեում գտնվող մի լաբորատորիայում էր։ Հաջողությամբ վերջացնելով փորձերը և իմանալով, որ իմ երդվյալ թշնամիներից Լոնդոնում մնացել է միայն մեկը, ես մտածում էի տուն վերադառնալու մասին, երբ Պարկ֊լեյնում կատարված առեղծվածային սպանության լուրը ինձ ստիպեց աճապարել։ Այդ գործը հետաքրքրեց ինձ ոչ միայն որպես սովորական մի հանցագործություն, այլև ըստ երևությին, նրա երևան հանելը կարողանար օգնել ինձ ի կատար ածելու նաև իմ անձնական պլանները։ Եվ այսպես, ես անհապաղ եկա Լոնդոն, անձնապես ներկայացա Բեյքր֊ստրիտ, իմ հանկարծակի հայտնվելով ուժեղ հիստերիկական նոպա պատճառեցի Միսսիս Հադսոնին և համոզվեցի, որ Մայկրոֆտը հոգացել է պահպանել իմ սենյակներն ու թղթերը ճիշտ այնպես, ինչպես նրանք առաջ էին։ Այսպիսով, այսօր, ցերեկվա ժամը երկուսին, ես ընկա իմ նախկին սենյակը, նստեցի իմ նախկին բազկաթոռի վրա, և միակ ցանկությունս մնում էր այն, որ իմ հին բարեկամ Ուոտսընը նստեր կողքիս՝ մյուս բազկաթոռի վրա, որը նա այնպես հաճախ էր զարդարում իր անձով։

Այդպիսին էր ապրիլյան այն երեկոյին իմ լսած հիասքանչ պատմությունը։ Ես ոչ մի կերպ այդ պատմությանը չէի հավատա, եթե դա չհաստատվեր այն իրողությամբ, որ ես իմ աչքերով տեսնում էի բարձրահասակ, նիհարավուն կերպարանքը և խելացի, գործունյա դեմքը այն մարդու, որին տեսնելը երբեք իմ մտքով չէր անցնի։ Չգիտեմ ինչպես, Հոլմսը կարողացել էր իմանալ իմ կնոջ մահվան մասին, բայց նրա կարեկցությունը արտահայտվեց ավելի շուտ ձայնի մեջ, քան խոսքերում։

― Աշխատանքը վշտի լավագույն հակաթույնն է, սիրելի Ուոտսըն, ― ասաց նա, ― իսկ մեզ երկուսիս այս գիշեր այնպիսի մի գործ է սպասում, որ նա, ում վիճակվի այդ գործը հաջողության հասցնել մինչև վերջը, կարող է համարձակորեն ասել, որ իզուր չէ անցկացրել իր կյանքը։

Զուր էի ես նրան խնդրում ավելի պարզ արտահայտվել։

― Դուք շատ բան կլսեք ու կտեսնեք մինչև առավոտ, ― պատասխանեց նա։ ― Իսկ այժմ մենք առանց այդ էլ խոսելու բան ունենք, չէ՞ որ երեք տարի է իրար չենք տեսել։ Հուսով եմ, որ մինչև ինն անց կես այդ նյութը մեզ կբավարարի, իսկ հետո ճանապարհ կընկնենք՝ դիմավորելու մի հետաքրքիր արկածի՝ դատարկ տանը։

Եվ իսկապես, ամեն ինչ այնպես էր, ինչպես հին, երանելի ժամանակներում, երբ նշված ժամին գտնվեցի կեբի մեջ Հոլմսի կողքին։ Ես գրպանումս շոշափեցի ատրճանակը, և արտասովոր դեպքերի սպասումից սիրտս սկսեց խփել։

Հոլմսը զուսպ էր, մռայլված և լուռ։ Երբ փողոցային լապտերների լույսը ընկավ նրա խոժոռված դեմքին, ես նկատեցի, որ նրա հոնքերը կիտված են, իսկ շրթունքները ամուր սեղմված․ թվում էր, թե նա խորասուզվել է անհուն մտքերի մեջ։ Ես դեռ չգիտեի, թե մենք ինչպիսի գիշատիչ գազանի պետք է հետևեինք լոնդոնյան հանցագործ աշխարհի մութ ջունգլիներում, բայց այդ հմտագույն որսորդի բոլոր սովորություններն ինձ ասացին, որ արկածը խոստանում է լինել ամենավտանգավորներից մեկը, իսկ իմ ուղեկցի ճգնավորական խստություն ունեցող դեմքին մերթ ընդ մերթ հայտնվող մի խոցող քմծիծաղը, ոչ մի բարի բան չէր կանխատոսում այն որսի համար, որին հետավարում էինք։

Ես ենթադրում էի, թե մենք գնում ենք Բեյքր֊ստրիտ, մինչդեռ Հոլմսը կեբավարին կարգադրեց կանգ առնել Կեվենդիշ սկվերի անկյունում։ Իջնելով կեբից, նա ուշադրությամբ դիտեց շուրջը, իսկ դրանից հետո փողոցի յուրաքանչյուր ոլորանում շրջվում էր ու նայում, ցանկանալով հավաստիանալ, թե մեզ ոչ ոք չի հետևում։ Մենք քայլում էինք ինչ֊որ մի տարօրինակ ճանապարհով։ Հոլմսը միշտ ինձ զարմացնում էր Լոնդոնի խուլ փողոցների իր ծանոթությամբ և այժմ նա վստահորեն ընթանում էր ինչ֊որ ախոռների ու կառապանական բակերի լաբիրինթոսով, որոնց գոյության մասին մտքովս անգամ չի անցել։ Վերջապես մենք դուրս եկանք մի նեղ փողոց, որի երկու կողմից ձգվում էին հին և մռայլ տներ, և որը մեզ դուրս բերեց Մանչեստր֊ստրիտ, իսկ այնուհետև Բլենդֆորդ֊ստիտ։ Այստեղ Հոլմսը իսկույն ծռվեց դեպի մի նեղլիկ փակուղի, փայտե դռնակով անցավ մի դատարկ բակ և բանալիով բացեց տներից մեկի հետևի դուռը։ Մենք ներս մտանք, և նա իսկույն ևեթ դուռը ներսից փակեց։

Ներսը ամբողջապես մութ էր, բայց ես անմիջապես հասկացա, որ տանը ոչ ոք չի բնակվում։ Մերկ հատակը ոտքներիս տակ ճռճռում ու ճրթրթում էր, իսկ պատին, որին ես անզգուշաբար կպա, կախվել էին պատառոտված պաստառների կտորները։

Հոլմսի սառը բարակ մատները սեղմեցին իմ ձեռքը, և նա տարավ ինձ երկար միջանցքով այնքան ժամանակ, մինչև որ մեր առաջ հայտնվեցին դռան վերևում գտնվող կիսակլոր լուսամուտի հազիվ նկատելի ուրվագծերը։ Այստեղ Հոլմսը անսպասելիորեն թեքվեց դեպի աջ, և մենք հայտնվեցինք մի դատարկ ու մեծ, քառակուսի սենյակում, որի անկյունները միանգամայն մութ էին, իսկ կենտրոնը թեթևակիորեն լուսավորված փողոցային լույսերից։ Այնուամենայնիվ, լուսամուտի մոտակայքում լապտեր չկար և, բացի դրանից, ապակիներն էլ ծածկված էին փոշու հաստ շերտով, այնպես որ մենք դժվարությամբ էինք տեսնում միմյանց։

Իմ ուղեկիցը ձեռքը դրեց ուսիս և շրթունքներով գրեթե հպվեց ականջիս։

― Դուք գիտե՞ք արդյոք, թե մենք որտեղ ենք, ― շշնջալով հարցրեց նա։

― Ինձ թվում է, Բեյքր֊ստրիտում, ― պատասխանեցի ես, նայելով խավար ապակու միջից։

― Միանգամայն ճիշտ է, մենք գտնվում ենք Կեմդենի տանը, ուղղակի մեր նախկին բնակարանին դեմուդեմ։

― Բայց մենք ինչի՞ համար եկանք այստեղ։

― Նրա համար, որ այստեղից բացվում է այդ գեղատեսիլ շենքի հիասքանչ տեսարանը։ Կարո՞ղ եմ արդյոք ձեզ խնդրել, սիրելի Ուոտսըն, մի փոքր ավելի մոտենալ լուսամուտին։ Միայն թե զգույշ եղեք, ոչ ոք մեզ չպետք է տեսնի։ Դե, իսկ այժմ նայեցեք մեր նախկին սենյակների լուսամուտներին, որտեղ սկիզբ է դրվել այնքան հետաքրքիր արկածների։ Հիմա կտեսնեք, թե մեր բաժանվածության այդ երեք տարիների ընթացքում արդյոք բոլորովի՞ն եմ կորցրել ձեզ զարմացնելու իմ ունակությունը։

Ես առաջացա, նայեցի ծանոթ լուսամուտին և իմ շուրթերից դուրս թռավ զարմանքի մի բացականչություն։ Լուսամուտի վարագույրը իջեցված էր, սենյակը պայծառ լուսավորված, և նրա խորքում բազկաթոռի վրա նստած մարդու ստվերը պարզորոշ կերպով առանձնանում էր պատուհանի լուսավոր ֆոնի վրա։ Գլխի կեցվածքը, լայն թիկունքի ձևը, սուր դիմագծերը ― այդ ամենը ոչ մի կասկածի տեղ չէին թողնում։ Գլուխը երևում էր կիսաշրջված և հիշեցնում էր այն սև սիլուետները, որոնք սիրում էին նկարել մեր տատիկները։ Դա Հոլմսի իսկական պատճենն էր։ Ես ապշած էի այն աստիճան, որ ինձանից անկախ մեկնեցի ձեռքս, ցանկանալով համոզվել, թե իսկապես արդյոք նա այստեղ կանգնա՞ծ է ինձ հետ։ Հոլմսը անձայն ծիծաղի պոռթկումից ցնցվում էր։

― Ո՞նց է, ― հարցրեց նա։

― Դա ուղղակի անհավատալի է, ― շշնջացի ես։

― Կարծում եմ, տարիները չեն մեռցրել իմ հնարամտությունը, իսկ սովորությունը այն չի դարձրել չոր ու ցամաք, ― ասաց նա, և ես նրա ձայնի մեջ որսացի իր ստեղծագործությամբ հիացող արվեստագետի բերկրությունն ու հպարտությունը։ ― Իսկապես որ նման է, ճիշտ է, չէ՞։

― Ես պատրաստ էի երդվել, որ այդ դուք եք։

― Կերտման պատիվը պատկանում է գրենոբոլցի պարոն Մենյեին։ Այդ կերպարանքի վրա նա աշխատում էր մի քանի օր շարունակ։ Պատրաստված է մոմից։ Մնացածը ես ինքս եմ արել, երբ այսօր առավոտյան անցա Բեյքր֊ստրիտ։

― Բայց ձեր ինչի՞ն է պետք այս ամենը։

― Դրա համար լուրջ պատճառներ ունեմ, սիրելի Ուոտսըն։ Ուզում եմ, որպեսզի որոշ մարդիկ կարծեն, թե ես գտնվում եմ այնտեղ, մինչդեռ իրականում բոլորովին այլ տեղ եմ։

― Ինչ, դուք կարծում եք, որ բնակարանին հետևո՞ւմ են։

― Ես գիտեմ, որ նրան հետևում են։

― Իսկ ո՞վ։

― Իմ հին թշնամիները, Ուոտսըն։ Այն հմայիչ կամպանիան, որի ղեկավարը հանգչում է Ռեյխենբախյան ջրվեժի հատակին։ Ինչպես դուք հիշում եք, միմիայն նրանք գիտեին, որ ես տակավին կենդանի եմ, ուստի և համոզված էին, որ վաղ թե ուշ, կվերադառնամ իմ նախկին բնակարանը։ Նրանք չէին դադարել իմ բնակարանին հետևելուց, և ահա այսօր առավոտյան տեսան, որ ես վերադարձել եմ։

― Բայց դուք ինչպե՞ս կռահեցիք այդ։

― Լուսամուտից դուրս նայելիս, ես ճանաչեցի նրանց դիտակալին։ Նա բավականին անշառ տղա է։ Պարկեր անունով, մասնագիտությամբ թալանչի և մարդասպան ու միևնույն ժամանակ հրաշալի երգեհոնահար։ Նա ինձ քիչ է հետաքրքրում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է ուրիշը ― այն սարսափելի մարդը, որը թաքնվում է նրա թիկունքում, Մորիարտիի ամենամտերիմ բարեկամը, նա, ով ինձ վրա ժայռի գագաթից քար էր նետում, ամբողջ Լոնդոնում ամենախորամանկ և ամենավտանգավոր հանցագործը։ Հենց այդ մարդն էլ այս գիշեր հետևում է ինձ, Ուոտսըն, և չի կասկածում, որ մենք էլ իրեն ենք հետևում։

Իմ բարեկամի պլանները աստիճանաբար պարզվեցին ինձ համար։ Մեր հարմար ապաստարանից մենք հնարավորություն ունեինք դիտելու և հետևելու մեզ հետապնդողներին։ Լուսամուտից երևացող սիլուետը խայծի դեր էր կատարում, իսկ մենք, մենք որսորդներ էինք։

Մթության մեջ, ուս֊ուսի տված ու լուռ կանգնած միմյանց կողքի, մենք ուշադրությամբ նայում էինք մեր դիմացը գտնվող փողոցի անցուդարձ անողների կերպարանքներին։ Հոլմսը ոչինչ չէր խոսում ու չէր շարժվում, բայց ես զգում էի, որ նա սոսկալիորեն լարված է և որ նրա աչքերը անթարթ հետևում են մայթով անցնող մարդկային հոսանքին։ Գիշերը ցուրտ էր և մռայլ, խստաշունչ քամին փչում էր ձգվող փողոցի երկարությամբ։ Մարդիկ շատ էին․ գրեթե բոլոր անցուդարձ անողներն էլ գնում էին արագաքայլ, քթները թաքցրած վերարկուների օձիքների կամ վզնոցների մեջ։

Ինձ թվաց, թե միևնույն կերպարանքը մի քանի անգամ ետ ու առաջ գնաց տան մոտով, և առանձնապես կասկածելի թվացին երկու հոգի, որոնք, կարծես թե քամուց պատսպարվելով, երկար ժամանակ ցցվել էին մեզանից ոչ հեռու գտնվող մուտքերից մեկում։ Ես փորձեցի նրանց վրա հրավիրել Հոլմսի ուշադրությունը, բայց նա ինձ պատասխանեց զայրույթի հազիվ լսելի բացականչությամբ և շարունակեց ուշադրությամբ նայել փողոց։ Ժամանակ առ ժամանակ նա մի ոտքից մյուսի վրա էր հենվում կամ մատներով նյարդայնացած թխկթխկացնում էր պատը։ Ես տեսնում էի, որ նա սկսում է իրեն վատ զգալ, և որ դեպքերը ընթանում են ոչ բոլորովին այնպես, ինչպես ինքն էր ենթադրում։ Ի վերջո, երբ մոտեցավ արդեն կես֊գիշերը և փողոցը գրեթե դատարկվեց, նա սկսեց սենյակում քայլել, առանց իր հուզմունքը թաքցնելու։ Ես ուզեցի նրան ինչ֊որ բան ասել, երբ հանկարծ հայացքս ընկավ լուսավորված պատուհանին, և ես նորից զգացի այնպիսի մի ապշանք, ինչպիսին զգացել էի առաջ։

― Կերպարանքը շարժվեց, ― բացականչեցի ես։ Եվ իրոք, այժմ սիլուետը մեր կողմն էր ուղղված ոչ թե պրոֆիլով, այլ թիկունքով։

Ինչպես երևում է, տարիները չէին փափկացրել Հոլմսի խիստ բնավորությունը, և նա նույնպես անհամբեր էր, երբ հանդիպում էր ավելի պակաս նրբամտության, քան իր սեփականն էր։

― Իհարկե շարժվեց, ― ասաց նա։ ― Մի՞թե ես այն աստիճանի անուղեղ հիմար եմ, Ուոտսըն, որ սենյակում բացարձակ խրտվիլակ նստեցնեմ և հուսամ նրա օգնությամբ խաբել Եվրոպայում գոյություն ունեցող ամենախորամանկ սրիկաներին։ Մենք երկու ժամ է ցցված ենք այս անցքում, և այդ ժամանակվա ընթացքում միսսիս Հադսոնը կերպարանքի դրությունը փոխեց ութ անգամ, այսինքն՝ յուրաքանչյուր քառորդ ժամը մեկ անգամ։ Իսկ նա ինքը մոտենում է այնպես, որ իր սեփական ստվերը չերևա․․․ Ահա՛։

Հանկարծ նա շունչը պահեց և սսկվեց։ Կիսախավարում ես տեսա, թե նա ինչպես է կանգնել ու երկարացրել վիզը՝ լարված սպասողականության դիրքով։

Այժմ փողոցն արդեն միանգամայն ամայի էր։ Հնարավոր է, որ այն երկուսը մուտքի մոտ տակավին թաքնված֊կանգնած էին, բայց ես այլևս նրանց տեսնել չէի կարողանում։ Մեր շուրջը թագավորում էին լռությունն ու խավարը։ Եվ խավարի մեջ պարզորոշ առանձնանում էր պայծառ լուսավորված պատուհանի դեղին էկրանը՝ կենտրոնում սև կերպարանքի ուրվագծերով։ Բացարձակ լռության մեջ ես լսում էի Հոլմսի սուլող շնչառությունը և զգում, թե որքան ուժեղ է նա հուզված։ Հանկարծ նա ինձ հրեց սենյակի խորքը, նրա ամենամութ անկյունը, և ձեռքով մի րոպե փակեց բերանս, պահանջելով պահպանել խորին լռություն։ Այդ րոպեին ես զգացի, թե ինչպես են դողում նրա մատները։ Ես դեռ երբեք նրան չէի տեսել այդպիսի գրգռված վիճակում, մինչդեռ մութ փողոցը նույն ձևով թվում էր ամայի և լուռ։

Եվ հանկարծ ես լսեցի այն, ինչը արդեն որսացել էր իմ բարեկամի ավելի նուրբ լսողությունը։ Ինձ հասավ ինչ֊որ մի կամաց ու խուլ ձայն, բայց ոչ թե Բեյքր֊ստրիտի կողմից, այլ նույն այն տան խորքից, որտեղ մենք երկուսով թաքնվել էինք։ Ահա բացվեց ու փակվեց մուտքի դուռը։ Մի վայրկյան հետո միջանցքում լսվեցին գողեգող քայլող ինչ֊որ մեկի ոտնաձայները․ եկողն ըստ երևույթին ձգտում էր, որ աղմուկ չլինի, բայց նրա քայլերի ձայնը ուժեղ կերպով արձագանքում էր անբնակ տան մեջ։

Հոլմսը սեղմվեց պատին․ ես էլ արի նույնը, ամուր սեղմելով ռևոլվերը։ Նայելով մթության մեջ, ես նշմարեցի տղամարդու մի աղոտ սիլուետ, սև մի սիլուետ, որը բաց դռան սև ուղղանկյունից մի քիչ ավելի մուգ էր։ Նա մի րոպե կանգնեց այնտեղ, հետո կռացավ ու գաղտագողի առաջ շարժվեց։ Նրա բոլոր շարժումների մեջ թաքնված էր մի սպառնալիք։ Այդ չարագուշակ կերպարանքը գտնվում էր մեզանից երեք քայլի վրա, և ես արդեն լարել էի մկաններս, որպեսզի ընդունեմ նրա հարձակումը, երբ հանկարծ իմ գիտակցությանը հասավ, որ նա նույնիսկ չի էլ կասկածում մեր ներկայության մասին։

Հազիվ մեզ չկպչելով, նա անցավ մեր կողքից, գաղտագողի մոտեցավ լուսամուտին և շատ զգուշորեն, բոլորովին անաղմուկ, բարձրացրեց պատուհանի փեղկը՝ մոտ կես ֆուտ։ Երբ նա կռացավ ու հավասարվեց բացվածքին, փողոցի լույսը, որը այլևս չէր արգելակվում կեղտոտ ապակով, ընկավ նրա դեմքին։ Այդ դեմքը, ծայր աստիճանի գրգռվածություն էր արտահայտում։ Աչքերը տենդագին վառվում էին, դիմագծերը ծամածռվել էին սոսկալիորեն։ Անծանոթն արդեն երիտասարդ չէր, նա բազեի բարակ քիթ ուներ, լայն ճաղատվող ճակատ ու երկար, ճերմակ բեղեր։ Նա ցիլինդրը քաշել էր ծոծրակին, կոճակներն արձակված վերարկուն բացվել էր, որի տակից երևում էր ֆրակի օսլայված ձյունասպիտակ կրծքակալը։ Թուխ, մռայլ դեմքը ակոսված էր խոր կնճիռներով։ Նա ձեռքին բռնել էր եղեգնացուպի պես մի բան, սակայն երբ այն հատակին գցեց, լսվեց մետաղի շաչյուն։ Այնուհետև գրպանից հանեց ինչ֊որ մի բավականին մեծ առարկա և սկսեց շուռումուռ տալ ձեռքերի մեջ այնքան ժամանակ, մինչև որ լսվեց երկաթի զրնգոց․ ― ըստ երևույթին նա ինչ֊որ զսպանակ կամ սողնակ հարմարեցրեց։ Չոքած, նա առաջ թեքվեց և իր ամբողջ ծանրությամբ ճնշեց մի լծակ, որից հետո մենք լսեցինք տևական, կրճտացնող, սուր ձայն, ավելի ուժեղ, քան առաջինն էր։ Հետո նա ուղղվեց, և ես տեսա, որ նրա ձեռքին ինչ֊որ տարօրինակ, անճոռնի կոթով հրացանի պես մի բան կա։ Նա բացեց փակաղակը, ինչ֊որ մի բան ներս խրեց և նորից փակեց։ Հետո պպզելով, փողի ծայրը դրեց լուսամուտի գոգին, և նրա երկար բեղերը կախվեցին փողի վրա, իսկ աչքերը նայելով նշանակետին փայլատակեցին։ Վերջապես հրացանը սեղմեց ուսին և թեթևացած շունչ քաշեց․ թիրախը նրա առջև էր ― հրաշալի մի թիրախ՝ սև սիլուետ, որը պարզորոշ կերպով առանձնանում էր պայծառ ֆոնի վրա։ Նա մի ակնթարթ քարացավ, հետո սեղմեց հրացանի շնիկը․ լսվեց տարօրինակ բարձրաձայն մի դժժոց, որից անմիջապես հետո տարածվեց փշրվող ապակու հնչեղ ձայնը։

Հենց այդ վայրկյանին Հոլմսը վագրի նման ցատկեց դեպի հրացանաձիգը, ընկավ նրա մեջքին և բերանքսիվայր տապալեց հատակին։ Բայց մի ակնթարթ հետո անծանոթը ոտքի թռավ և աներևակայելի ուժով բռնեց Հոլմսի կոկորդից։ Այդ միջոցին ատրճանակի կոթով ես խփեցի չարագործի գլխին, և նա նորից վայր ընկավ։ Ես ընկա նրա վրա, և հենց այդ րոպեին Հոլմսը ուժգնորեն փչեց սուլիչը։ Փողոցից լսվեց վազող մարդկանց ոտնաձայներ, և շուտով համազգեստով երկու պոլիսմեն, իսկ նրանց հետ քաղաքացիական զգեստով մի խուզարկու շքամուտքից ներս ընկան սենյակ։

― Այդ դո՞ւք եք, Լեստրեյդ, ― հարցրեց Հոլմսը։

― Այո՛, միստր Հոլմս։ Ես որոշեցի ինքս զբաղվել այդ գործով։ Ուրախ եմ ձեզ կրկին Լոնդոնում տեսնելուս համար, սըր։

― Ես կարծում եմ, ձեզ չի խանգարի մեր համեստ, ոչ պաշտոնական օգնությունը։ Երեք չբացահայտված սպանությունը մի տարում, ― շատ է, Լեստրեյդ։ Բայց Մոլսեյան գաղտնիքին վերաբերող գործը դուք վարեցիք այնքան էլ ոչ․․․ այսինքն՝ ես ուզեցի ասել, որ դուք այն վարեցիք ոչ վատ։

Մենք բոլորս էլ արդեն ոտքի էինք կանգնած։ Մեր գերին ծանր շնչում էր երկու կողմից իրեն ամուր բռնած ուժեղ կոնստեբլների ձեռքին։

Փողոցում սկսեց հավաքվել պարապ֊սարապների բազմությունը։ Հոլմսը մոտեցավ լուսամուտին և փակեց այն։ Լեստրեյդը վառեց իր բերած երկու մոմերը, իսկ ոստիկանները կպցրին իրենց գաղտնալապտերները։ Վերջապես ես կարողացա դիտել մեր գերուն։

Նրա դեմքը արտակարգ առնական էր, բայց և միաժամանակ վանող։ Փիլիսոփայի ճակատն ու հեշտասերի ծնոտը խոսում էին այն մասին, որ այդ մարդու մեջ ամփոփված են ինչպես չարի, այնպես էլ բարու մեծ նախադրյալներ։ Բայց դաժան, պողպատի երանգ ունեցող աչքերը կախ ընկած կոպերի և անպատկառ հայացքի հետ, գիշատիչ բազեի քիթն ու ճակատը ակոսող խոր կնճիռները ցույց են տալիս, որ ինքը բնությունն է հոգացել օժտել նրան այնպիսի հատկություններով, որոնք վկայում էին հասարակության համար այդ անձնավորության վտանգավորության մասին։ Մեզանից և ոչ ոք մեկի վրա նա ամենափոքրագույն ուշադրություն անգամ չէր դարձնում․ նրա հայացքը գամված էր Հոլմսի երեսին, որին նայում էր ապշանքով և ատելությամբ։

― Դե, ― շշնջաց նա։ ― Խորամանկ, խորամանկ դև։

― Այսպես, գնդապետ, ― ասաց Հոլմսը, ուղղելով իր ճմրթված օձիքը, ― սրտակից ընկերները նորից են հանդիպում, ինչպես հին առածն է ասում։ Կարծեմ ես դեռ հաճույք չէի ունեցել ձեզ տեսնելու այն բանից հետո, ինչ դուք ինձ արժանացրիք ձեր բարեհաճ ուշադրությանը, իհարկե, հիշում եք, երբ ես պառկած էի Ռեյխենբախյան ջրվեժի վրայի այն ժայռաճեղքում։

Գնդապետը հիպնոսացվածի նման չէր կարողանում հայացքը հեռացնել իմ բարեկամից։

― Դե, իսկական դև, ― նորից ու նորից կրկնում էր նա։

― Ես ձեզ տակավին չեմ ներկայացրել, ― ասաց Հոլմսը։ ― Ջենտլմեններ, սա գնդապետ Սեբաստիան Մորանն է, նորին մեծության հնդկական բանակի սպան և մեծ գազանների լավագույն որսորդը, ինչպիսին երբևէ գոյություն է ունեցել մեր արևելյան տիրապետություններում։ Կարծում եմ սխալված չեմ լինի, գնդապետ, եթե ասեմ, որ ձեր կողմից սպանված վագրերի թվով դուք դեռ մինչև այժմ էլ մնում եք առաջին տեղում։

Գերին մեծ դժվարությամբ զսպում էր իր ցասումը և շարունակում լռել։ Նա ինքն էլ նման էր վագրի, նրա աչքերը փայլատակում էին չարությամբ, բեղերը ցցվել էին։

― Ինձ զարմացնում է, որ իմ հասարակ հնարամտությունը կարող էր խաբել այդպիսի փորձված որսորդի, ― շարունակում էր Հոլմսը։ ― Ձեզ համար դա նորություն չպետք է լիներ։ Մի՞թե ձեզ չի պատահել այծիկին կապել ծառի տակ և, կարաբին վերցրած թաքնվելով ճյուղերի մեջ, սպասել այնքան ժամանակ, մինչև որ վագրը մոտենա խայծին։ Այդ դատարկ տունը իմ ծառն է, իսկ դուք՝ իմ վագրը։ Կարծում եմ, որ երբեմն ձեզ պատահել է ունենալ արհեստային այլ հրացանաձիգներ այն դեպքերի համար, եթե հանկարծ հայտնվեին մի քանի վագրեր կամ թե չէ ― որ քիչ հավանական է ― եթե դուք ինքներդ վրիպեիք։ Այս պարոնայք, ― նա ցույց տվեց մեզ, ― իմ պահեստային հրացանաձիգներն են։ Իմ համեմատությունը ճիշտ է, այդպես չէ՞։

Հանկարծ գնդապետ Մորանը կատաղի աղաղակով նետվեց դեպի առաջ, բայց կոնստեբլները նրան ետ քաշեցին։ Նրա դեմքն այնպիսի ատելություն էր արտահայտում, որ մարդ սոսկում էր նայել։

― Խոստովանում եմ, դուք ինձ համար փոքրիկ սյուրպրիզ արեցիք, ― շարունակեց Հոլմսը։ ― Ես չէի ենթադրում, որ դուք ինքներդ կուզեք օգտվել այդ դատարկ տնից և այդ լուսամուտից, որը իսկապես շատ հարմար է։ Ես պատկերացնում էի, որ դուք գործելու եք փողոցից, որտեղ ձեզ իր օգնականների հետ սպասում էր իմ բարեկամ Լեստրեյդը։ Բացառությամբ այդ դետալից, ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես ես սպասում էի։

Գնդապետ Մորանը դիմեց Լեստրեդին․

― Անկախ նրանից, դուք հիմք ունեք ինձ բանտարկելու թե ոչ, ― ասաց նա, ― ես չեմ ցանկանում հանդուրժել այս պարոնի ծաղրուծանակը։ Եթե ես գտնվում եմ օրենքի ձեռքում, թող որ ամեն ինչ ընթանա օրինական կարգով։

― Այդ թերևս իրավացի է, ― նկատեց Լեստրեյդը։ ― Մինչև մեր այստեղից գնալը դուք էլի որևէ ասելիք ունե՞ք, միստր Հոլմս։

Հոլմսը հատակից վերցրեց օդաձիգ հսկայական հրացանը և սկսեց զննել նրա մեխանիզմը։

― Հիանալի և իր տեսակի մեջ միակ զենքն է, ― ասաց նա։ ― Կրակում է անաղմուկ և գործում խորտակիչ ուժով։ Ես ծանոթ էի մի գերմանացի կույր մեխանիկ ֆոն Հերդերի, որը այդ հրացանը պատրաստել էր հանգուցյալ պրոֆեսոր Մորիարտիի պատվերով։ Ահա արդեն երկար տարիներ են, ինչ ինձ հայտնի է այդ հրացանի գոյության մասին, բայց դեռ երբեք հնարավորություն չէի ունեցել այն ձեռքս վերցնելու։ Ես հատկապես ձեր ուշադրությունն եմ հրավիրում, Լեստրեյդ, ինչպես հրացանի, այնպես էլ նրա փամփուշտների վրա։

― Մի անհանգստացեք, միստր Հոլմս, մենք կզբաղվենք դրանով, ― ասաց Լեստրեյդը, երբ բոլոր ներկա գտնվողները շարժվեցին դեպի դուռը։ ― Էլ ուրիշ ոչի՞նչ։

― Ուրիշ ոչինչ։ Ասենք, ես կուզենայի հարցնել, թե ինչպիսի՞ մեղադրանք եք դուք պատրաստվում հարուցել հանցագործին։

― Ինչպե՞ս թե ինչպիսի մեղադրանք, սըր։ Հարկավ, Շերլոկ Հոլմսի դեմ ուղղված մահափորձի։

― Օ՜, ոչ, Լեստրեյդ, ես ոչ մի ցանկություն չունեմ այդ գործում հանդես գալու։ Ձեզ, և միայն ձեզ է պատկանում այդ հիանալի բանտարկության պատիվը, որ դուք կատարեցիք։ Ողջունում եմ ձեզ, Լեստրեյդ։ Շնորհիվ ձեր հատուկ զուգակցված սրաթափանցության ու համարձակության դուք, այնուամենայնիվ, բռնեցիք այդ մարդուն։

― Այդ մարդո՞ւն։ Բայց ո՞վ է նա, միստր Հոլմս։

― Նա է, ում ապարդյուն կերպով որոնում էր ամբողջ ոստիկանությունը, գնդապետ Սեբաստիան Մորանն է, որը անցած ամսի երեսունին Պարկ֊լեյնի վրա գտնվող N 427 տան երկրորդ հարկի լուսամուտից ներս կրակած օդաձիգ հրացանի միջոցով սպանեց սըր Ռոնալդ Ադերին։ Ահա թե ինչպիսին պետք է լինի մեղադրանքը, Լեստրեյդ․․․ իսկ այժմ, Ուոտսըն, եթե դուք չեք վախենում ջարդված լուսամուտից փչող միջանցիկ քամուց, եկեք մի կես ժամ նստենք իմ առանձնասենյակում և մեկական սիգար ծխենք ― հուսով եմ, որ դա մի փոքր կզվարճացնի ձեզ։


Շնորհիվ Մայկրոֆտ Հոլմսի ուշադրության ու միսսիս Հադսընի անմիջական հոգատարության, մեր նախկին բնակարանում ոչինչ չէր փոխվել։ Ճիշտ է, երբ ներս մտա, նրա ոչ սովորական մաքրությունն ինձ զարմացրեց, բայց և այնպես բոլոր ծանոթ առարկաները գտնվում էին իրենց տեղերում։ Իր տեղում էր «քիմիայի անկյունը», որտեղ առաջվա պես դրված էր ուտիչ թթուների հետքերով ծածկված սոճու փայտից սեղանը։ Դարակի վրա առաջվա նման շարված էին լրագրերից կտրված տեղեկությունների հսկայական ալբոմներն ու տեղեկագրերը ― օ՜, ինչ հաճույքով դրանք կրակը կնետեին մեր համաքաղաքացիներից շատերը։ Դիագրամները, ջութակն իր պատյանով, բազմաթիվ ծխամորճերով դարակը, նույնիսկ պարսկական կոշիկը ծխախոտի հետ ― ամեն ինչ նորից իմ աչքի առաջ էր, երբ ես դիտեցի շուրջս։ Սենյակում երկու մարդ կար, առաջինը դա միսսիս Հադսընն էր, որը մեզ դիմավորեց ուրախ ժպիտով, իսկ երկրորդը արտասովոր մանեկենը, որը այսօրվա գիշերային դեպքերի մեջ այդքան կարևոր դեր խաղաց։ Դա իմ բարեկամի մոմից պատրաստած կիսանդրին էր, որը կերտված էր արտասովոր վարպետությամբ և ապշեցուցիչ կերպով նման էր օրիգինալին։ Նա դրված էր մի ոչ բարձր փոքրիկ սեղանի վրա և Հոլմսի հին խալաթով այնպիսի հմտությամբ էր ծալազարդված, որ փողոցից նայելու դեպքում ստացվում էր լրիվ իլյուզիա։

― Պետք է ենթադրել, որ դուք կատարեցիք իմ բոլոր ցուցմունքները, այնպես չէ՞, միսսիս Հադսըն, ― հարցրեց Հոլմսը։

― Ես նրան մոտենում էի չորեքչոք ծնկներիս վրա, սըր, ինչպես դուք կարգադրեցիք։

― Հրաշալի։ Դուք այդ բոլորը կատարեցիք փայլուն կերպով։ Նկատեցի՞ք արդյոք ուր ընկավ գնդակը։

― Այո՛, սըր։ Վախենում եմ, որ նա փչացրած լինի ձեր գեղեցիկ կիսանդրին ― անցավ գլխի միջով ու կպավ պատին։ Ես այն գտա խալու վրա։ Ահա նա։

Հոլմսը գնդակը մեկնեց ինձ։

― Ատրճանակի փափուկ գնդակ է, նայեք, Ուո՛տսըն։ Մի տեսեք, սա ուղղակի հանճարեղություն է։ Ո՞վ կարող էր մտածել, թե այսպիսի բանը կարող է նետված լինել օդաձիգ հրացանից։ Հիանալի է, միսսիս Հարդսըն, շնորհակալ եմ ձեր օգնության համար․․․ իսկ այժմ, Ուոտսըն, նստեցեք, ինչպես առաջ, ձեր նախկին տեղը։ Ես ցանկանում եմ ձեզ հետ մի քանի կետեր քննարկել։

Նա վար ձգեց կիսամաշ սերթուկը, ուսերին գցեց մոխրագույն խալաթը, նախապես վերցնելով այն իր կրկնորդից, և իմ դեմ նորից կանգնեց նախկին Հոլմսը։

― Հին որսորդի ներվերը առաջվա նման ամուր են, իսկ աչքը պահպանել է նախկին դիպուկությունը, ― ասաց նա ծիծաղելով ու զննելով մոմե կերպարանքի ծակված ճակատը։ ― Կպել է ուղղակի ծոծրակի մեջտեղը և անցել ուղեղի միջով։ Նա Հնդկաստանի ջունգլիներում վերին աստիճանի հմուտ հրաձիգ էր, և ես կարծում եմ, որ Լոնդոնում նրան այնքան էլ մրցակիցներ չեն գտնվի։ Դուք երբևէ մինչ այդ՝ լսե՞լ էիք այդ անունը։

― Ո՛չ, երբեք։

― Ահա թե որտեղ էր փառքը։ Ասենք, որքան ես հիշում եմ, դուք դեռ վերջերս էլ էիք խոստովանում, որ չեք լսել նույնիսկ պրոֆեսոր Ջեյմս Մորիարտիի անունը, իսկ դա մեր դարի մեծագույն միտքն էր։ Ի դեպ, խնդրում եմ, դարակից վերցրեք կենսագրական տեղեկագիրքը․․․

Հարմար նստելով բազկաթոռի վրա և ծխելով սիգարը, Հոլմսը ծուլորեն շրջում էր էջերը։

― Ես «Մ» տառով հիանալի կոլեկցիա ունեմ, ― ասաց նա։ ― Հենց միայն Մորիարտին բավական կլիներ փառաբանելու համար ցանկացածդ տառը, իսկ այստեղ նաև Մորգան֊թունավորողն է, և Մերիդյուն, որը իր մասին ահավոր հիշողություններ թողեց, և Մետյուզը ― նա ով Չերինգ֊կրոսսի կայարանի սպասասրահում դուրս գցեց իմ ձախ ժանիքը։ Վերջապես ահա և այսօրվա մեր բարեկամը։

Նա մեկնեց ինձ գիրքը, ես կարդացի։

«Մորան Սեբաստիան, պաշտոնաթող գնդապետ։ Ծառայել է բենգալորական առաջին սակրավոր գնդում։ Ծնվել է Լոնդոնում 1840 թվին։ Որդին է՝ Բանիի օրդենի կավալեր, Պարսկաստանում Անգլիայի նախկին դեսպան սըր Օգեստես Մորանի։ Վերջացրել է Իտոնի կոլեջը և Օքսվորդի համալսարանը։ Որպես կապավոր մասնակցել է Ջովակյան, Աֆղանական, Չարասիրաբյան, Շերպուրյան և Կաբուլյան կամպանյաներին։ «Մեծ կենդանիների որսը Արևմտյան Հիմալայներում»(1881) և «Երեք ամիս Ջունգլիներում» (1884) գրքերի հեղինակն է։ Հասցեն․ Կոնդուիտ֊ստրիտ։ Ակումբներ․ Անգլա֊հդկական, Տենկելվալյան և թղթախաղային ակումբ Բագատել»։

Լուսանցքում Հոլմսի դյուրընթեռնելի ձեռագրով գրված էր «Մորիարտիից հետո ամենավտանգավոր մարդը Լոնդոնում»։

― Տարօրինակ է, ― ասացի ես վերադարձնելով Հալմսին գիրքը։ ― Թվում էր, թե նրա ուղին ազնիվ զինվորի ուղի է։

― Դուք իրավացի եք, ― պատասխանեց Հոլմսը, ― որոշ ժամանակ նա ոչ մի վատ բան չի արել։ Այն ժամանակ նա երկաթյա նյարդերով մարդ էր, և Հնդկաստանում մինչև այսօր էլ լեգենդներ են պատմում այն մասին, թե նա ինչպես է սողացել ցամաքած գետի հունով և փրկել մի մարդու, դուրս քաշելով նրան վիրավոր վագրի ճիրաններից։ Կան այնպիսի ծառեր, Ուոտսըն, որոնք սկզբում նորմալ կերպով աճում են մինչև որոշ բարձրության, ապա հանկարծ իրենց զարգացման մեջ հայտնաբերում են նորմայի որևէ այլանդակ շեղում։ Այդ հաճախ տեղի է ունենում նաև մարդկանց հետ։ Իմ տեսության համաձայն յուրաքանչյուր անհատ իր զարգացման մեջ կրկնում է իր բոլոր նախնիների զարգացման պատմությունը, և ես գտնում եմ, որ ամեն մի անսպասելի շրջադարձ դեպի բարին կամ չարը կախված է որևէ ուժեղ ազդեցությունից, որի սկիզբը պետք է որոնել մարդու տոհմածառի մեջ։ Եվ, հետևապես, նրա կենսագրությունը հանդիսանում է, այսպես ասած, ամբողջ ընտանիքի կենսագրության մինիատյուր արտացոլումը։

― Բայց, գիտեք, այդ տեսությունը մի քիչ ֆանտաստիկ է։

― Ի՞նչ կա որ, չեմ պնդում։ Ինչպիսի պատճառներ էլ ուզում է լինեն, բայց գնդապետ Մորանը ուրիշ ուղի է բռնել։ Առանց որևէ բարձրաձայն կռվի նա այն աստիճանի է իր դեմ հանել Հնդկաստանում որոշ մարդկանց, որ նրա համար այլևս անհնար էր մնալ այնտեղ։ Նա պաշտոնաթող եղավ, եկավ Լոնդոն և այստեղ նույնպես վատ անուն հանեց։ Ահա հենց այդ ժամանակ էլ նրան գտավ պրոֆեսոր Մորիարտին, որի աջ ձեռքն էր մի որոշ ժամանակ։ Մորիարտին նրան առատաձեռն էր մատակարարում դրամով, բայց նրա օգնությանը դիմում էր շատ հազվադեպ, միայն մի երկու թե երեք առանձնապես դժվարին գործերի դեպքերում, որոնք չէր կարող կատարել սովորական հանցագործը։ Դուք գուցե հիշում եք Լաուդերցի միսսիս Ստյուարտի տարօրինակ մահը 1887 թվին։ Ո՞չ։ Ես համոզված եմ, որ այդտեղ գործը գլուխ է եկել ոչ առանց Մորանի, թեև նրա դեմ բացարձակ մեղադրանքներ անգամ չեն էլ եղել։ Գնդապետը կարողանում էր այնպիսի հմտությամբ հետքերը կորցնել, որ նույնիսկ հետո էլ, երբ ցրեցին Մորիարտիի ամբողջ ավազակախումբը, այնուամենայնիվ, մեզ չհաջողվեց նրան քարշ տալ դատարան։

Հիշո՞ւմ եք, Ուոտսըն, այն իրիկունը, երբ ես եկա ձեզ մոտ և փակեցի լուսամուտի ծածկափեղկերը, զգուշանալով օդաձիգ հրացանի կրակոցից։ Այն ժամանակ դա ձեզ տարօրինակ թվաց, բայց ես գիտեի, ինչ եմ անում, քանի որ ինձ արդեն հայտնի էր այդ հիանալի հրացանի գոյությունը և, բացի այդ, ես գիտեի, որ նա գտնվում է հմտագույն հրաձիգներից մեկի ձեռքին։ Երբ մենք միասին ուղևորվեցինք Շվեյցարիա, Մորանը Մորիարտիի հետ հետևում էր մեզ, և հենց նա էր, որ ստիպեց ինձ ապրել այն տհաճ րոպեները, երբ ես պառկած էի Ռեյխենբախյան ջրվեժի վերևում գտնվող ժայռաճեղքում։

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ես ինչպիսի ագահ ուշադրությամբ էի ընթերցում անգլիական թերթերը, երբ գտնվում էի Ֆրանսիայում․ ես հույս ունեի գոնե որևէ շանս գտնել նրան բանտ կոխելու համար։ Չէ՞ որ քանի դեռ նա Լոնդոնում ազատ ման էր գալիս, ես մտքովս էլ չէի կարող անցկացնել վերադարձի մասին։ Գիշեր ու ցերեկ այդ սպառնալիքը կպղտորեր իմ կյանքը, և այսպես, թե այնպես նա պատեհ առիթ կգտներ ինձ սպանելու համար։ Ուրեմն ի՞նչ էր մնում անել ինձ։ Հանդիպելիս սպանել նրան ես չէի կարող, չէ՞ որ այդ դեպքում ես ինքս էլ կնստեի մեղադրյալների աթոռին։ Դիմել դատարանին ― նույնպես անօգուտ էր, դատարանն իրավունք չուներ գործ բացել չապացուցված կասկածանքների հիման վրա, իսկ ապացույց ես չունեի։ Այնպես որ ես անզոր էի որևէ բան նախաձեռնելու։ Բայց ես անդուլ կերպով հետևում էի հանցագործությունների խրոնիկային, որովհետև հաստատ համոզված էի՝ վաղ թե ուշ ինձ կհաջողվի բռնել նրան։

Եվ ահա կատարվեց այդ Ռոնալդ Ադերի սպանությունը։ Ի վերջո հասավ իմ ժամը։ Իմանալով այն, ինչ ես գիտեի, կարո՞ղ էի արդյոք կասկածել, որ նրան սպանել է հենց գնդապետ Մորանը։ Նա պատանու հետ թուղթ էր խաղում, նա պատանու հետևից դուրս եկավ ակումբից, նա սպանեց պատանուն բաց լուսամուտից։ Այո՛, կասկածից դուրս էր։ Մի գնդակը կարող էր բավական հիմք հանդիսանալ՝ գնդապետ Մորանին կախաղանի ուղարկելու համար։ Ես իսկույն ևեթ եկա Լոնոդոն։ Գնդապետի դիտակալը ինձ տեսավ և, հասկանալի է, նրան այդ մասին հաղորդեց։ Վերջինս չէր կարող իմ անսպասելի ժամանումը չկապել իր հանցագործության հետ և իհարկե, խիստ տագնապվեց։ Ես համոզված էի, որ նա փորձ կանի անհապաղ ինձ վերացնելու և դրա համար կդիմի իր մահաբեր զենքին։ Այդ պատճառով էլ իմ առանձնասենյակի լուսամուտում ես պատրաստեցի նրա համար մի անթերի նշանակետ, նախազգուշացրի ոստիկանությանը, որ ինձ գուցե պետք լինի նրա օգնությունը (ի դեպ, Ուոտսըն, դուք ձեր սրատես հայացքով անմիջապես նկատեցիք այն մուտքում երկու պոլիսմենների), և գրավեցի մի պոստ, որն ինձ հարմար թվաց՝ դիտելու համար։ Բայց, ճիշտն ասած, ես երևակայել անգամ չէի կարող, որ իմ հակառակորդը հարձակման համար կընտրի հենց այդ նույն տեղը։ Ահա և բոլորը, սիրելի Ուոտսըն։ Այժմ կարծում եմ, ձեր համար ամեն ինչ պա՞րզ է։

― Ո՛չ, ― պատասխանեցի ես։ ― Դուք դեռ ինձ չբացատրեցիք, թե գնդապետ Մորանը ի՞նչ պետք ուներ սպանելու սըր Ռոնալդ Ադերին։

― Է, սիրելի բարեկամ, այստեղ մենք մուտք ենք գործում կռահումների բնագավառը, իսկ այդ բնագավառում միայն տրամաբանություն ունենալը քիչ է։ Յուրաքանչյուրը կարող է եղած փաստերի վրա ստեղծել իր սեփական հիպոթեզը, և ձերը ճիշտ լինելու նույնքան շանսեր կունենա, որքան և իմը։

― Նշանակում է, ձեր հիպոթեզն արդեն ստեղծված է։

― Ի՞նչ կա որ, իմ կարծիքով, բացատրել գոյություն ունեցող փաստերը այնքան էլ դժվար չէ։ Հետաքննության կողմից հաստատված է, որ սպանությունից ոչ շատ առաջ գնդապետ Մորանը և երիտասարդ Ադերը, լինելով խաղընկեր, տարել են բավականին մեծ գումար։ Բայց Մորանը, անկասկած, խաղացել է ոչ ազնվորեն ― ես վաղուց գիտեի, որ նա շուլեր է։ Ամենայն հավանականությամբ, սպանության օրը Ադերը նկատել է, որ Մորանը խարդախություն է անում։ Նա երես առ երես խոսել է գնդապետի հետ և սպառնացել է դիմակազերծ անել նրան, եթե գնդապետը ինքնակամորեն դուրս չգա ակումբի անդամությունից և խոսք չտա ընդմիշտ թողնել թղթախաղը։ Հազիվ թե այնպիսի պատանին, ինչպիսին Ադերն էր, միանգամից համարձակվեր հրապարակավ կռվի մեղադրանք նետել մի մարդու, որը բավականին մեծ է իրենից և միաժամանակ հասարակության մեջ զբաղեցնում է նշանավոր տեղ։ Ամենից հավանականն այն է, որ նա գնդապետի հետ խոսել է առանձին, առանց վկաների։ Բայց իր խաբեությամբ ձեռք բերված դրամներով ապրող Մորանի համար ակումբից հեռացնելը հավասար կլիներ սնանկացման։ Հենց այդ պատճառով էլ նա սպանեց Ադերին, և սպանեց ուղղակի այն պահին, երբ երիտասարդը, չցանկանալով օգտվել իր խաղակցի անազնիվ խաղի արդյունքներից, հաշվում էր, թե որքան է եղել տարած գումարի մեջ իր բաժինը և որքան դրամ նա պետք է վերադարձնի տարվողներին։ Իսկ որպեսզի մայրն ու քույրը չբռնեին նրան այդ հաշիվները անելու պահին և չսկսեին հարցուփորձը, թե ինչ են նշանակում թղթի վրա գրած այդ անուններն ու սեղանի վրա սյուներով դարսած դրամները, նա փակվել էր ներսում։ Դե, ի՞նչ եք կարծում, ճշմարտանմա՞ն է իմ բացատրությունը։

― Ես համոզված եմ, որ դուք ճիշտ տեղն եք ընկել։

― Հետաքննությունը ցույց կտա, ես իրավացի եմ թե չէ։ Այսպես թե այնպես գնդապետ Մորանը այլևս մեզ չի անհանգստացնի, ֆոն Հերդերի հայտնի օդաձիգ հրացանը կզարդարի Սկոտլենդ֊Յարդի թանգարանի կոլեկցիան, և այսուհետև ոչ ոք չի խանգարի միստր Շերլոկ Հոլմսին՝ զբաղվելու այն հետաքրքիր ու փոքրիկ առեղծվածների լուծումով, որոնցով այնքան հարուստ է լոնդոնյան բարդ կյանքը։







  1. Բիբլիոֆիլ ― գրասեր (հուն․)։
  2. Դալայ֊լամա ― տիբեթական հոգևորականության գլուխ․ քաղաք Լհասսա ― Դալայ֊լամայի աթոռավայրը։
  3. Արաբական տիրակալների անվանում։