Ըմբոստ Յանը

Գրապահարան-ից
00:00, 3 Օգոստոսի 2015 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ըմբոստ Յանը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

Քանզի հիսուներեքերորդից դեպի հյուսիս չկա
օրենք՝ ոչ աստվածային, ոչ էլ մարդկային։

Յանը, հատակին թավալվելով, ճանկռտում էր ու քացի տալիս։ Նա ձեռքերով ու ոտքերով լուռ և լարված ետ էր մղում իր հակառակորդներին։ Նրանցից երկուսր ընկել էին նրա վրա, ու ձայն էին տալիս իրար։ Բայց ուժեղ ու հաղթանդամ մազոտ երիտասարդը հանձնվել չէր ուզում։ Հանկարծ երրորդ մարդը ցավից ճչաց։ Յանը կծեց նրա մատը։

― Դե խաղաղվիր, Յան,— ծանր շնչելով խոսեց Շիկահեր Բիլլը ու սեղմեց նրա վիզը։— Թույլ տուր խաղաղ ու հանգիստ կախենք քեզ։

Բայց Յանը մատը բերանից բաց չէր թողնում և, գլորվելով վրանի անկյունը, ընկավ ճաշամանների ու թավաների վրա։

― Դա ջենթլմենություն չէ,— հասկացնում էր նրան միստր Թայլորը, հարմարվելով Յանի գլխի շարժումներին ու հետևելով իր մատին։— Դուք սպանել եք միստր Գորդոնին, այն ջենթլմեններից ամենահարգարժանին ու ամենաքաջին, որոնք երբևէ ճանապարհորդել են շնալծվածքով։ Դուք մարդասպան եք, առանց պատվի նշույլի։

― Եվ վատ էլ ընկեր,— միջամտեց Շիկահեր Բիլլը,— հակառակ դեպքում՝ թույլ կտայիր առանց աղմուկ-աղաղակի կախել քեզ։ Ապա Յան, խելացի՛ եղիր։ Անտեղի մեզ մի՛ չարչարիր։ Մի րոպեում կկախենք և վերջ։

― Այդպես պահել,— գոռաց նավաստի Լոուսոնը։― Գլուխը կոխել գիշերանոթի մեջ և սեղմել։

― Բայց իմ մա՞տը, սըր,— բողոքեց միստր Թայլորը։

― Դե մատդ հանի՛ր։ Անընդհատ ոտքի տակ ես ընկնում։

― Բայց ներեցեք, միստր Լոուսոն, այս անասունի բերանում եղած մատը իմն է։ Առանց այն էլ նա արդեն գրեթե ամբողջովին կրծել է մատս։

― Մյո՛ւս կողմից,— զգուշացնելով ձայն տվեց Լոուսոնը։

Յանին հաջողվեց վեր կենալ, և կռվողների քառյակը գլորվեց վրանի մյուս ծայրը, մորթիների ու վերմակների կույտի մեջ։ Նրանք թավալվեցին անշարժ պառկած մարդու վրայով։ Նրա ծոծրակի՝ գնդակով բացված վերքից արյուն էր կաթում։

Այս ամենի պատճառն այն էր, որ կատաղություն էր իջել Յանի վրա, այն կատաղությունը, որը հանկարծ բռնում է մարդուն, երբ նա կոշտ հողն է փորփրում և իր օրերն է քարշ տալիս նախնադարյան վայրենության մեջ, այն դեպքում, երբ նրա աչքերի առջև փռվում են հայրենիքի բարեբեր դաշտերը, ու նա զգում է խոտի, կանաչի, ծաղիկների ու նոր հերկած հողի բույրը։ Յանը հինգ խստաշունչ տարիներ աշխատել էր քրտինք մտած։ Նա Սթյուարտ գետի վրա Քառասուներորդ Մղոնում, Սյորքլում, Կոյուքուկում, Կոցեբում անդուլ կերպով ու համառորեն ոսկեբեր հողն է փխրեցրել։ Իսկ հիմա Նոմում իր աշխատանքի պտուղներն էր վայելում։ Դա ոչ թե ոսկե ծանծաղուտների ու թանկարժեք ավազի Նոմն էր, այլ 1897 թվականի նոմը, երբ դեռ չկային ոչ Անվիքը, ոչ էլ Էլդորադոն։ Ջոն Գորդոնը յանկի էր, և նա պետք է որ ավելի լավ ճանաչեր մարդկանց։ Բայց Գորդոնը մի անզգույշ խոսք թռցրեց բերանից այն պահին, երբ Յանի արյունով լցված աչքերը վառվում էին, ու նա կատաղությունից ատամներն էր կրճտացնում։ Ահա թե ինչո՛ւ վառոդի հոտով էր լցվել վրանը, և մի մարդ անշնչացած պառկել, իսկ մյուսը թակարդն ընկած առնետի նման կռվում էր ու չէր ուզում, որ հեշտ ու հանգիստ կախեն իրեն, ինչպես նրան առաջարկում էին ընկերները։

― Միստր Լոուսոն, թույլ տվեք ձեզ ասել՝ նախքան ծեծկռտոցը շարունակելը, չէր խանգարի այս գարշելի արարածին ստիպել, որ ատամները բանա։ Նա ոչ միանգամից պոկում է մատս, ոչ էլ բերանից բաց թողնում։ Նա օձի պես խորամանկ է, սը՛ր։ Հավատացեք ինձ, օձի պես։

― Իսկ մենք հիմա կացինը կվերցնենք,— թնդաց նավաստին,— հիմա կացինը կվերցնենք։

Նա կացնի բերանը խրեց Յանի ատամների մեջ, միստր Թայլորի մատի մոտ, և սեղմեց։ Յանը ծանր շնչում էր քթով ու փնչացնում կետի նման, բայց չէր զիջում։

― Այդպես պահել։ Եղա՛վ, եղա՛վ։

― Շնորհակալ եմ, սը՛ր։ Ինչպիսի մեծ թեթևություն։― Եվ միստր Թայլորն անմիջապես անցավ իր զոհի վեր ու վար անող ոտքերը որսալուն։

Բայց Յանի կատաղությունն ավելանում էր։ Նա ամբողջովին կորել էր արյան մեջ, անիծում էր, որքան ուժ ուներ։ Նրա շրթունքներին փրփուր երևաց։ Այն համբերությունն ու զսպվածությունը, որ նա դրսևորել էր վերջին հինգ տարիներին, հանկարծ վերածվել էին դժոխային չարության։ Հևալով ու քրտինքի մեջ լողալով, ամբողջ քառյակը մի կողմից մյուսն էր նետվում ծովի խորքերից բարձրացող հրեշավոր ութոտնուկի նման։ Ճրագը շրջվեց ու ճարպի մեջ թաղվելով, հանգավ։ Կեսօրվա աղջամուղջը հազիվ էր թափանցում քաթանի ճեղքից։

― Յա՛ն, ուշքի արի, ի սեր աստծու,— աղերսեց Շիկահեր Բիլլը։— Ախր մենք չենք ուզում քեզ սպանել։ Մենք ոչ մի վատ բան չենք անի քեզ, միայն կկախենք ու վերջ, իսկ դու հա պտտվում ես ու սատանան գիտե, թե ինչեր ես անում։ Ապա մի մտածեցեք։ Քանի մղոն ենք միասին անցել, իսկ նա մեզ հետ այսպես է վարվում։ Յան, քեզնից այդպիսի բան չէի սպասում։

― Բավական է հետը խաղ անենք։ Թայլոր, բռնիր ոտքերից։ Բարձրացրեք նրան։

― Լսում եմ, միստր Լոուսոն։ Հենց որ ձայն տամ, ընկեք վրան։

Քենթուկկցին խարխափելով սկսեց Յանին որոնել խավարում։

― Այ հիմա լավ ժամանակն է, սը՛ր։

Կռիվը բորբոքվեց նոր ուժով։ Եվ քառորդ տոննա ծանրությամբ չորս մարմինները թափվեցին վրանի քաթանե պատերին։ Ցցերը դուրս թռան, թելերը կտրվեցին, և վրանը ընկավ։ Կռվողները թպրտում էին կեղտոտ քաթանի ծալքերում։

― Ախր քեզ համար է վատ,— շարունակում էր Շիկահեր Բիլլը, խոշոր մատներով սեղմելով մազոտ կոկորդը, որի տերը ընկած էր իր տակ։― Դու առանց այն էլ շատ հոգսեր պատճառեցիր մեզ, իսկ հիմա էլ, քեզ կախելուց հետո, կես օր մաքրելու ենք այստեղ։

― Բարի եղեք, սըր, բաց թողեք ինձ,— խռխռաց միստր Թայլորը։

Շիկահեր Բիլլը հայհոյեց, ձեռքերը բաց թողեց և երկուսով սկսեցին դուրս սողալ քաթանի տակից։ Նույն պահին Յանը մի կողմ հրեց նավաստուն ու սկսեց փախչել ձյան վրայով։

― Հե՜չ դո՛ւք, ծույլ սատանաներ։ Բե՛ք։ Բրա՛յթ։ Բռնիր նրան, բռնիր նրան,— որոտում էր Լոուսոնը, ընկնելով փախստականի հետևից։

Բեքը, Բրայթը և շների ամբողջ ոհմակը առաջ անցան նրանից և շուտով հասան մարդասպանին։

Այդ բոլորն անիմաստ էր։ Յանի համար անմտություն էր փախչելը, մնացածների համար անմտություն էր նրան հետապնդելը։ Մի կողմից ձյունածածկ անապատն էր, մյուս կողմից՝ սառած ծովը։ Միևնույն է, նա առանց ուտելիքի և օթևանի հեռու գնալ չէր կարող։ Եվ մնում էր միայն հանգիստ սպասել, մինչև սովն ու ցուրտը նրան ետ դարձնեին վրանը, մի բան, որն անխուսափելիորեն կատարվելու էր։ Բայց այդ մարդիկ վատ էին պատկերացնում, խենթությունը նրանց էլ էր համակել։ Իսկ թափված արյունը նրանց մեջ առաջացրել էր արյան ծարավ՝ պղտոր ու տաք։ «Ինձ վրեժխնդրություն, և պատշաճը կհատուցանեմ»,— ասել է աստված։ Բայց նա դա նախատեսել է հարավի երկրների համար, որտեղ մարդկային կրքերը փափկանում են արևի տաք ճառագայթներից։ Իսկ հյուսիսում մարդիկ սովորել են իրենք իրենց պաշտպանել, ենթադրելով, որ աղոթքը ուժի մեջ է միայն ամուր մկանների առկայության դեպքում։ Նրանք լսել էին, որ աստված ամենագո է, բայց նա կես տարի մթության քողն էր գցում իրենց երկրի վրա, և չէին կարողանում գտնել նրան։ Եվ մարդիկ գնում էին խավարում խարխափելով, ու զարմանալի չէ, որ նրանք երբեմն կարող էին կասկածել տասը պատվիրանների պիտանիության վրա։

Յանը փախչում էր առանց ճանապարհները ջոկելու, չմտածելով, թե ոտքերն ուր են տանում իրեն։ Նրա վրա միայն մի միտք էր իշխում՝ ապրե՛լ։ Բեքը գորշ կծիկ դարձած ոստնեց անցավ կողքով։ Յանը կատաղության մեջ հարվածեց նրան ու սայթաքեց։ Այդ պահին Բրայթը ձգեց Յանի բաճկոնից ու գլորեց ձյան մեջ։ Ապրե՛լ։ Ապրե՛լ։ Մարդիկ, շները խառնվել էին, դարձել կենդանի կծիկ։ Յանը կռվում էր նույպիսի կատաղությամբ, ինչպես կռվում էր վրանում։ Լոուսոնի վիզը գրկած ձախ ձեռքի մատներով՝ նա բռնեց շան կոկորդից, և որքան սա շատ էր գազազում, այնքան նա ավելի ուժգին էր խեղդում տարաբախտ նավաստուն։ Նա աջ ձեռքը խրել էր Շիկահեր Բիլլի մազերի մեջ, իսկ ամենաներքևում, բոլորի տակին, պառկած էր միստր Թայլորը ու չէր կարողանում շարժվել։ Յանը մահացու գոտեմարտի մեջ էր։ Խելացնորությունը ավելացրել էր նրա ուժը։ Եվ հանկարծ, առանց որևէ պատճառի, Յանը ձեռքերը բաց թողեց, շրջվեց ու հանգիստ պառկեց մեջքի վրա։ Հակառակորդները շփոթված ետ-ետ գնացին։ Յանը գազազած ատամները բացեց։

― Բարեկամներս,— ասաց նա քմծիծաղ տալով,— դուք խնդրել, որ ես լինել քաղաքավարի, և ահա ես քաղաքավարի։ Դու ի՞նչ ուզել ինձանից։

― Այ, դա լավ է, Յան։ Ամենից առաջ հանգստություն,— հավանություն տվեց Շիկահեր Բիլլը։— Ես այդպես էլ գիտեի, որ դու շուտով ուշքի կգաս։ Մի փnքր հանգստություն, և մենք մի ակնթարթում դործը գլուխ կբերենք։

― Ի՞նչ գործ։ Ի՞նչ եք ուզում։

― Քեզ օդ բարձրացնել։ Քո բախտից է, որ ես իմ գործում վարպետ եմ։ Նահանգներում շատ եմ զբաղվել ղրանով։ Մաքուր գործ եմ անում։

― Օդ բարձրացնե՞լ։ Ի՞նձ։

― Դե, իհարկե։

― Հա՛, հա՛, հա՛, ինչ հիմարություն։ Դե, ձեռքդ տուր, Բիլլ։ Թող մի վեր կենամ, և կախել, խնդրեմ։

Նա դժվարությամբ ոտքի կանգնեց ու շուրջը նայեց։

― Հեռ գո՜թ։ Ապա մի լսեք, նա ինձ կախել։ Հա՛֊հա՛-հա՛։ Ոչ, ո՛չ։ Այդպես չի լինել։

― Ոչ, կլինի, խոզի մռութ,— ծաղրանքով ասաց Լոուսոնը, կտրելով սահնակի ձգափոկր և չարագուշակ դանդաղությամբ օդակապ սարքելով։— Այսօր Լինչի դատաստան կլինի։

― Մի քիչ սպասել,— ասաց Յանը, ետ֊ետ գնալով իր համար պատրաստված օղակից։— Ես ուզում ձեզնից հարցնել և մեծ առաջարկ անել։ Քենթուկկի, դու գիտե՞ս ինչ է Լինչի դատաստան։

― Այո, սը՛ր։ Դա մտցրել են ազատ մարդիկ ու ջենթլմենները։ Այդ սովորությունր հին է և բոլորի կողմից հարգված։ Դատավորի պատմուճանի տակ կարող է թաքնված լինել շահախնդրությունը, իսկ Լինչի արդարադատությունը դատական ծախսերի հետ կապված չէ։ Կրկնում եմ, սըր, ոչ մի դատական ծախս։ Օրենքը կարելի է գնել ու վաճառել, բայց այս լուսավոր երկրում արդարադատությունն ազատ է, ինչպես օդը, որ մենք շնչում ենք, կործանիչ է, ինչպես վիսկին, որը մենք խմում ենք, արագ է, ինչպես...

― Կա՛րճ կապիր։ Թող ասի, թե ինչ է ուզում,— միջամտեց Լոուսոնը, պերճախոսության այդ հորձանքն ընդհատելով։

― Ասա ինձ, Քենթուկկի, մի մարդ սպանել մյուս մարդ, դատավոր Լինչին նրան պատժե՞լ։

― Եթե հանցանշանները բավականաչափ ծանրակշիռ են, այո, սը՛ր։

― Իսկ հանցանշաններն այնքան շատ են, որ տասը հոգու էլ կբավականացնեն,— ավելացրեց Շիկահեր Բիլլը։

― Մի՛ խանգարիր, Բիլլ, ես քեզ հետ հետո խոսել։ Հիմա ես հարցնել ուրիշ բան։ Քենթուկկի, իսկ եթե դատավոր չկախել այն մարդ, հետո ի՞նչ։

― Եթե դատավոր Լինչը չկախի մարդուն, ապա այդ մարդը ազատ է համարվում և նրա ձեռքերը արյունով չներկված։ Եվ հետո, սը՛ր, մեր մեծ և պանծալի սահմանադրությունն ասում է՝ չի կարելի միևնույն հանցանքի համար երկու անգամ վտանգի ենթարկել մարդու կյանքը, կամ այդպիսի մի բան։

― Եվ չի՞ կարելի նրա վրա կրակել կամ գլխին փայտով խփել։ Կամ որևէ ուրիշ բան անել նրա հետ։

― Ո՛չ մի դեպքում, սը՛ր։

― Շաթ լավ։ Դուք լսե՞լ, թե ինչ ասել Քենթուկկին, դուք դատարկ գլուխ։ Հիմա ես խոսել Բիլլի հետ։ Բիլլ իր գործ գիտենալ և կախել շաթ լավ։

― Մի՛ անհանգստացեք։ Միայն թե մի՛ խանգարիր, և ինքդ շնորհակալություն կհայտնես։ Ես իմ գործի մեջ վարպետ եմ։

― Բիլլ, քո կլուխ հասկանալ՝ ինչ է մեկ և ինչ երկուս։ Եվ որ մեկն ու երկուս՝ երեք է։ Այդպե՞ս։

Բիլլը գլխով արեց։

― Եվ երբ դու երկու բան ունենալ, դա երեք բան չէ։ Այդպե՞ս։ Հիմա դու ուշադիր լսել, որպես ինձ կախել երեք բան հարկավոր։ Առաջին բան՝ մարդ։ Լավ, ես մարդ։ Երկրորդ բան՝ պարան։ Լոուսոնին կա պարան։ Լավ։ Երրորդ բան՝ պետք է ունենալ, որտեղ կապել պարան։ Շուրջը նայիր։ Չկա որտեղ կապել։ Դե, դուք ի՞նչ ասել սրան։

Նրանք մեքենաբար մի հայացք գցեցին ձյուների ու սառույցների վրա։ Նրանց առջև փռված էր անծայրածիր հարթությունը, առանց կտրվածքների, ամայի, տխուր, միօրինակ։ Սառույցներով ծածկված ծով, տափակ առափնյա, հեռվում՝ աննշան թեքությամբ բլուրներ, և այդ բոլորի վրա՝ ձյունե ծածկ։

― Ո՛չ ծառ, ո՛չ ժայռ, ո՛չ տնակ, ո՛չ էլ նույնիսկ հեռագրական սյուն,— հոգոց հանեց Շիկահեր Բիլլը։— Ոչ մի հարմար բան, որի վրա կարելի լիներ բարձրացնել հինգ ոտնաչափ հասակ ունեցող այս տղային, որպեսզի նրա ոտքերը գետնին չհասնեին։ Դե, ի՞նչ կարող ես անել։— Նա բուռն տենչանքով նայեց Յանի մարմնի այն մասին, որը գտնվում է գլխի և ուսերի միջև։— Դե ի՞նչ կարող ես անել։— Տխուր կրկնեց նա՝ դիմելով Լոուսոնին։— Դեն գցիր պարանը։ Երևի աստված այս հողը նրա համար չի ստեղծել, որ վրան մարդիկ ապրեն։ Դա փաստ է։

Յանը՝ հաղթական ժպտաց։

― Դե, ես գնալ վրան, ծխել։

— Թվում է, թե դու իրավացի ես, Բիլլ,— խոսեց Լոուսոնը,— բայց դու պարզապես բթամիտ ես. ահա քեզ ևս մի փաստ։ Չնայած ես նավաստի եմ, բայց ձեզ՝ ցամաքային առնետներիդ կսովորեցնեմ։ Գիտե՞ք ինչ է ճախարակը։

Նավաստին անմիջապես գործի անցավ։ Մթերքների պահեստից, որտեղ դեռևս աշնանը նավակն էին պահել, երկու երկար թիակ դուրս բերեց։ Հետո դրանք գրեթե ուղիղ անկյան տակ իրար կապեց հենց թիաբերանների մոտ ու խոր անցքեր բացեց ձյան մեջ, այնտեղ, որտեղ ենթադրվում էր թիակների պոչերը խրել։ Ամրացման տեղում երկու պարան կապեց, մի ծայրը ամրացրեց առափնյա սառույցին, իսկ մյուսը մեկնեց Շիկահեր Բիլլին։

― Ահա, փոքրիկս, պահիր ու ձգիր։

Եվ Յանը սարսափով տեսավ, թե ինչպես են սարքում իր կախաղանը։

― Ո՛չ, ո՛չ,— գոռաց նա, ետ֊ետ գնալով ու բռունցքները սեղմելով։— Պետք չէ այդպես։ Ես չէ ուզում կախվել։ Դուք բթամիտներ։ Դուրս եկեք ձեր բոլորին ջարդեմ։ Չեմ հանձնվի։ Ես ավելի շուտ կսատկեմ, քան դուք ինձ կախել։

Նավաստին մյուս երկուսին հանձնարարեց բռնել մոլեգնող Յանին։ Նրանք, իրար քաշքշելով, թավալվում էին ձյան վրա, ասես թե մարդկային կրքերի ողբերգությունը դրոշմելով բնության ձեռքով տունդրայի գլխին քաշված սպիտակ ծածկոցի վրա։ Հենց որ Յանի ոտքը կամ ձեռքը դուրս էր ցցվում այդ կծիկից, Լոուսոնն անմիջապես պարանը գցում էր վրան, և որքան էլ Յանը փորձեց դուրս պրծնել, ճանկռտեց, հայհոյեց, այնուամենայնիվ կամաց֊կամաց նրան կապեցին ու քարշ տվեցին դեպի վիթխարի կարկինի պես ձյան մեջ ձգված ճախարակը։

Շիկահեր Բիլլը օղակը գցեց, հանգույցը հարմարեցնելով Յանի հենց ձախ ականջի տակ։ Միստր Թայլորը և Լոուսոնը բռնեցին պարանի ազատ ծայրից, պատրաստ՝ առաջին իսկ կանչով բարձրացնելու կախաղանը։ Բիլլը դանդաղում էր, հրճվելով իր նուրբ աշխատանքով։

― Հեռ գո՛թ։ Նայեցե՜ք։

Եվ Յանի ձայնի մեջ այնպիսի մի սարսափ կար, որ նրանք ամեն ինչ թողեցին ու ետ դարձան։

Ընկած վրանը բարձրացել էր, նրա պատերը տարուբերվում էին, և այն, ասես մի ուրվական, վերահաս խավարի մեջ հարբածի նման օրորվելով, շարժվում էր նրանց վրա։ Հաջորդ պահին Ջոն Գորդոնը շոշափելով մի անցք գտավ քաթանի մեջ և դուրս եկավ այնտեղից։

― Գրողը ձեզ տա․․․— նա խոսքը բերանում քարացավ, տեսնելով այն, ինչ տեղի էր ունենում։— Սպասեցեք, ես կենդանի եմ,— զայրույթով գոռաց նա, մոտենալով նրանց։

― Թույլ տվեք ինձ, միստր Գորդոն, շնորհավորել ձեզ մահից ազատվելու առթիվ,— թոթովեց միստր Թայլորը։— Մի մազ էիք նրանից հեռու, սը՛ր։

― Գրողի ծոցը ձեր շնորհավորանքները։ Ես կարող էի աատկել ու փտել ձեր ողորմածությամբ։

Եվ Ջոն Գորդոնը զուտ ածականներից ու բացականչություններից կազմված մի թունդ, արտահայտիչ հայհոյանքի տարափ տեղաց։

― Ես միայն շշմել էի,— շարունակեց նա, սիրտը դատարկելուց հետո։— Թայլոր, դու երբևէ անասուն շշմեցրե՞լ ես մորթելուց առաջ։

— Այո, սը՛ր, մեր կողմերում շատ եմ արել։

― Դե նույնն էլ ինձ է պատահել։ Գնդակը քերծեց ծոծրակս, շշմեցրեց ինձ և ուրիշ ոչինչ։

Նա շրջվեց դեպի կապկպվածը։

― Վեր կաց, Յան։ Ներողություն խնդրիր, թե չէ այնքան կծեծեմ, որ կուշաթափվես։ Իսկ դուք մի՛ խանգարեք։

― Չեմ խնդրի։ Դու ինձ արձակիր, և ես քեզ ցույց տալ,— պատասխանեց ըմբոստ Յանը, որի վրա դեռևս իշխում էր դևը։— Իսկ երբ ես քեզ ծեծել, այն ժամանակ այդ հիմարի գլուխներին էլ մի լավ հասցնել իրար հետևից։