Հանդիպում, որը դժվար է մոռանալ

Գրապահարան-ից
19:37, 23 Մայիսի 2015 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հանդիպում, որը դժվար է մոռանալ

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

Հաջողակ Լա Պեռլը փախչում էր ձյան վրայով, հևալով, շնչակտուր և անիծելով իր բախտը, Ալյասկան, Նոմը, խաղաթղթերն ու այն մարդուն, որի կյանքին նա քիչ առաջ վերջ տվեց դանակի հարվածով։ Տաք արյունն արդեն սառել էր նրա մատների վրա, իսկ աչքերի առջև դեռ կանգնած էր ահավոր պատկերյը՝ սեղանի եզրից կառչած և դանդաղորեն հատակին ընկնող մարդը, չորս կողմ գլորված խաղանիշերը, դեսուդեն ցրված խաղաթղթերը, բոլոր ներկա գտնվողներին համակած դողը, խոսքը բերանում կիսատ մնացած բանկ բռնողները, դրամների լռած զնգոցը, ահաբեկված դեմքերը, ընդհանուր լռության անսահման ակնթարթը, իսկ այնուհետև ահավոր, հոգին սառեցնող ոռնոցը՝ վրիժառության կոչը, որը նրան ստիպեց փախչել ու ոտքի հանեց գազազած քաղաքը։

«Դժոխքի բոլոր դևերն արձակվել են»— քմծիծաղ տվեց նա, նետվելով անթափանց խավարի մեջ և ուղղություն վերցնելով դեպի ափը։

Բաց դռներից խուժում էր լույսը, մարդիկ դուրս էին վազում վրաններից, տնակներից, պարասրահներից և ընկնում հանցագործի հետևից։ Մարդկանց ճիչերն ու շների հաչոցը սղոցում էին նրա ականջը և ստիպում արագացնել վազքը։ Նա սլանում էր ավելի ու ավելի հեռու։ Հետևում աղմուկն աստիճանաբար թուլացավ, իսկ հետապնդման զայրույթին փոխարինեց ապարդյուն և աննպատակ որոնումների կատաղությունը։ Միայն ինչ-որ մեկի թեթև ստվերն անաղմուկ և կրնկակոխ հետևում էր նրան։ Ետ դառնալով, նա տեսավ այդ ստվերը, որը մերթ աղոտ ուրվանկարի պես երկարում էր ձյան սպիտակ քողով ծածկված բաց տարածության վրա, մերթ կորչում ինչ֊որ տնակից կամ ափ հանված նավակից ընկնող ավելի թանձր ստվերների մեջ։

Հաջողակ Լա Պեռլը խուլ հայհոյեց, բայց ինչպես մի կին, դողացող ձայնով, որը մատնում էր ծայրահեղ հոգնածությունը, և է՛լ ավելի խոր նետվեց սառցաբեկորների, վրանների և հետախուզահորերի լաբիրինթոսը։ Նա կպչում էր ինչ֊որ ձգված պարանների ու հանդերձանքի կույտերի, սայթաքում էր՝ դիպչելով անիմաստ կերպով տեղաբաշխված ցանկապատերին և այս ու այնտեղ ամրացված ցցերին, անընդհատ ընկնելով սառած հողակույտերի և լաստառաքվող փայտի դարսակների վրա։ Գլուխը պտտվում էր, սիրտը ցավագնորեն թրթռում, շունչը կտրվում էր և երբեմն նրան թվում էր, թե ինքը կկարողանա խուսափել հետապնդումից։ Այն ժամանակ նա դանդաղեցնում էր վազքը, բայց խավարից նորից հայտնվում էր նույն ստվերը և նրան ստիպում գերմարգկային արագությամբ առաջ սլանալ։ Հանկարծ մի անակնկալ միտք այրեց նրա ուղեղը, հետևում թողնելով սնահավատության սառնությունը։ Ստվերի համառությունը վատ նշան թվաց նրան՝ խաղամոլին։ Անողոք, անկասելի ստվերը անձայն նրան ներկայացավ որպես ճակատագրի մարմնացում, որն սպասում է վերջին պտույտին, որպեսզի ամփոփի բոլոր շահածներն ու տանուլ տվածները։ Հաջողակ Լա Պեռլը հավատում էր մտքի լուսավորման այն հազվադեպ րոպեներին, երբ բանականությունը, ժամանակի ու տարածության սահմաններից դուրս գալով, ազատ խոյանում է հավերժության վրա և իր ապագան կարդում պատահականության բաց մատյանում։ Նա չէր կասկածում, որ հենց այդ պահն է վրա հասել հիմա. այդ իսկ պատճառով, երբ նա մի կողմ շրջվեց ափից ու վազեց ձյունածածկ անտառակով, նրան չահաբեկեց այն, որ ստվերը մոտեցավ և ավելի պարզորոշ գծագրվեց։ Սեփական անզորությունից ընկճված, նա կանգ առավ սպիտակ բացատում ու կտրուկ շրջվեց։ Նրա աջ ձեռքը դուրս սահեց թաթմանից, և աստղերի գունատ լույսի տակ փայլեց ատրճանակը։

— Չկրակեք։ Ես զենք չունեմ։

Ստվերը վերածվեց կենդանի մարդու։ Մարդկային ձայն լսելով, Հաջողակ Լա Պեռլի ծնկները դողացին, և նա թեթևություն զգաց սրտի գդալի տակ։

Հնարավոր է, որ ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեր, եթե Էրի Բրեմը այն երեկոյան, երբ նստած էր «Էլդորադոյում» ու տեսավ, թե ինչպես տեղի ունեցավ սպանությունը, գրպանում ատրճանակ ունենար։ Դրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ ինքը հետագայում ստիպված եղավ բոլորովին անցանկալի մեկի ընկերակցությամբ երկարատև ճանապարհորդություն կատարել Մեծ Կածանով։ Բայց այսպես թե այնպես, նա ստիպված էր կրկնել.

— Չկրակեք։ Դուք տեսնում եք, որ ես զենք չունեմ։

— Այդ դեպքում ինչո՞ւ եք ընկել իմ հետևից,— հարցրեց խաղամոլը, ատրճանակն իջեցնելով։

Էրի Բրեմը ուսերը թոթվեց։

— Դա նշանակություն չունի։ Ես ուզում եմ, որ դուք գաք ինձ հետ։

— Ո՞ւր։

— Ճամբարի եզրին գտնվող իմ խրճիթը։

Բայց Հաջողակ Լա Պեռլը տեղից չշարժվեց և բոլոր աստվածներին վկայակոչելով, սոսկ ծիծաղեց Էրի Բրեմի խենթության վրա։

— Ո՞վ եք դուք,— վերջապես հարցրեց նա։— Ինչի՞ տեղ եք դնում ինձ։ Կարծում եք ես ինքս օղակը վի՞զս կգցեմ։

— Իմ անունը Էրի Բրեմ է,— պարզ պատասխանեց երկրորդը,— իսկ իմ խրճիթը այ, այնտեղ է, ճամբարի եզրին։ Ես չգիտեմ, թե ով եք, բայց դուք հոգին անջատեցիք կենդանի մարմնից․ մինչև հիմա էլ արյուն կա ձեր թևի վրա։ Ամբողջ մարդկային ցեղն է ելել ձեր դեմ, որպես երկրորդ Կայենի դեմ, և դուք գլուխ դնելու տեղ չունեք։ Իսկ ես խրճիթ ունեմ...

— Եթե ձեր կյանքը ձեզ համար թանկ է, լռեցեք,— ընդհատեց նրան Հաջողակ Լա Պեռլը,— հակառակ դեպքում պատկերը լրացնելու համար ես ձեզ կդարձնեմ երկրորդ Հաբել։ Երդվում եմ՝ կանեմ։ Ձեր խրճիթն ինձ չի փրկի, հազարավոր մարդիկ են ընկել իմ հետևից, նրանք վխտում են ամենուրեք։ Պետք է հեռանալ այստեղից, փախչե՜լ։ Կեղտոտ խոզե՜ր։ Ոնց եմ ուզում ետ դառնալ ու մի երկուսին էլ վերջ տալ, անիծվեն դրանք։ Մի թունդ, աշխույժ գոտեմարտ, և ես վերջ կտամ այդ գործին։ Կյանքը կեղտոտ խաղ է, և այն ինձ զզվեցրել է։

Նա վախեցած լռեց՝ գիտակցելով իր ամբողջ մենակությունը, և Էրի Բրեմը շտապեց օգտվել թուլության պահից։ Այդ մարդը մի առանձին պերճախոսությամբ աչքի չէր ընկնում, և խոսքը, որ նա սկսեց, ամենաերկարն էր նրա կյանքում, եթե հաշվի չառնենք այն, որը նա արտասանեց բավականաչափ ուշ, մեկ ուրիշ տեղում։

— Հենց դրա համար էլ ես ձեզ ասացի իմ խրճիթի մասին։ Ես կարող եմ ձեզ այնպես թաքցնել, որ ոչ ոքի մտքով չի անցնի ձեզ այնտեղ փնտրել, իսկ ուտելիք ինչքան ասեք ունեմ։ Ուրիշ կերպ դուք չեք կարող ազատվել։ Շներ չունեք, հանդերձանք՝ նույնպես, ծովը սառցակալել է, մոտակա ամրոցը՝ Սենտ-Մայքլն է, և ձեր մասին լուրը լեռնանցքով ավելի շուտ կհասնի այնտեղ՝ Անվիք, քան ինքներդ տեղ կհասնեք։ Դուք փրկության ոչ մի հույս չունեք։ Սպասեցեք մինչև փոթորիկն անցնի։ Մեկ ամիս հետո, թերևս ավելի քիչ, ձեր մասին չեն էլ հիշի. նրանք զբաղված կլինեն Յորք վերադառնալով և զանազան ուրիշ գործերով։ Դուք կփախչեք հենց նրանց քթի տակից և ոչ ոք չի նկատի։ Ես արդարության մասին իմ պատկերացումներն ունեմ։ Ձեր հետքով «Էլդորադոյից» այստեղ եմ եկել ո՛չ ձեզ բռնելու կամ ամբոխի հոշոտմանը հանձնելու համար։ Ես իմ պատկերացումներն ունեմ, և դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն նրանց մտադրության հետ։

Նա լռեց, տեսնելով, որ մարդասպանը գրպանից հանեց աղոթագիրքը։ Հյուսիսափայլի դեղնավուն առկայծումների տակ Հաջողակ Լա Պեռլը Էրի Բրեմին ստիպեց գլուխը բացել և ձեռքերը սուրբ գրքի վրա դնելով, երդվել իր խոսքերի ճշմարտացիության համար։ Էրի Բրեմը մտադիր չէր դրժել այդ երդումը և չդրժեց։

Խաղամոլը խրճիթի դռան մոտ մի պահ քայլերր դանդաղեցրեց, զարմանալով այդ մարդու տարօրինակ վարմունքի վրա, որ հանկարծ ցանկացել էր փրկել իրեն․ նա դեռևս կասկածում էր։

Մոմի աղոտ լույսի տակ նա հասցրեց նկատել, որ խրճիթի ներսը բավականին հաճելի է և ոչ մի կողմնակի մարդ չկա այնտեղ։ Ու մինչ տանտերը սուրճ էր պատրաստում, նա արագորեն մի սիգարեթ փաթաթեց։ Ջերմությունը թուլացրեց նրա մկանները, և նա, անփույթ տեսք ընդունելով, ետ ընկավ աթոռի թիկնակին ու ծխի քմահաճ օղակների միջով սկսեց ուշադիր զննել Էրիի դեմքը։ Դա ուժեղ մարդու դեմք էր, բայց մի մարդու, որը կարող է զուսպ լինել և իր ուժը դատարկ բաների վրա չծախսել։ Խոր կնճիռները ավելի շուտ նման էին սպիների, իսկ նրա խիստ գծերի մեջ բարեսրտության կամ համակերպության նշույլ անգամ չկար։ Թավ հոնքերի տակից սառը փայլում էին գորշ աչքերը։ Ներս ընկած այտերի վրա անճոռնի կերպով կախվել էին ցցված այտոսկրները։ Կզակը վկայում էր կույր համառության մասին, իսկ նեղ ճակատը՝ այն մասին, որ նրա տերը անհրաժեշտության դեպքում կարող էր և անողոք լինել։ Ձայնը և ամբողջ դեմքը՝ քիթը, շուրթերը և ճակատի կնճիռները, բավականին կոպիտ էին։ Դա այնպիսի մի մարդու դեմք էր, որը սովորել էր մենակ ապրել, հաշվի չառնելով ուրիշի կարծիքը և ոչ ոքից աջակցություն չխնդրելով, մի մարդու, որը գիշերները ստիպված էր լինում կռվել իրեն համակած մտքերի հետ, բայց առավոտներն արթնանում էր այնպիսի տեսքով, որ ոչ ոք չէր կարողանում կռահել այղ մտքերը։ Նա սահմանափակ, բայց նպատակասլաց մարդ էր, և Հաջողակը, որ լայնաթափ բնավորություն ուներ, բայց թեթևամիտ էր, ի վիճակի չէր հասկանալու նրան։ Եթե Էրին երգեր, երբ ուրախ էր լինում, կամ հոգոց հաներ, երբ տխուր էր լինում, Հաջողակը գուցե հասկանար նրան, վերծաներ նրա հանելուկային գծերը և ըմբռներ դրանց հետևում թաքնված հոգին։

— Ապա մի օգնեցեք ինձ, միստր,— հրամայեց Էրին, երբ սուրճն արդեն խմել էին։— Պետք է պատրաստ լինել, եթե հանկարծ անկոչ հյուրեր հայտնվեն։

Հաջողակը իր անունն ասաց տանտիրոջը և հմտորեն գործի անցավ։ Էրիի թախտը գտնվում էր խրճիթի հեռավոր անկյունում, պատի տակ։ Դա գերաններից պատրաստված բավականին պարզ մի կառուցվածք էր՝ վրան մամուռ փռած։

Ոտքերի մոտ դուրս էին ցցվել գերանների անհավասար ծայրերը։ Էրին թախտի այն կողմից, որը հենված էր պատին, հանեց մամուռը և դուրս քաշեց երեք գերան։ Նա դրանց ծայրերը սղոցեց ու նորից տեղը դրեց այնպես, որպեսզի եզրը անհավասար մնա։

Հաջողակը մի քանի պարկ ալյուր բերեց ու դարսեց թախտի տակ, պատի մոտ։ Էրին այդ պարկերը ծածկեց երկու երկար նավապարկերով, իսկ վերևից՝ մի քանի շերտ մամուռով ու վերմակներով։ Հենց դրանց վրա էլ պետք է քներ Հաջողակը՝ ոտքից գլուխ ծածկված մորթիներով, և ոչ ոքի մտքով էլ չէր անցնի, թե թախտի տակ ինչ֊որ մեկը կա։

Իշխանությունները մի քանի շաբաթ մանրազնին խուզարկություններ կատարեցին Նոմում, բաց չթողնելով ոչ մի տնակ, ոչ մի վրան, բայց Հաջողակը ողջ և առողջ մնաց իր գաղտնի ապաստարանում։ Ճիշտն ասած, ոչ ոք էլ առանձին ուշադրություն չէր դարձնում Էրի Բրեմ ի խրճիթի վրա, քանի որ մարդիկ պատկերացնել անգամ չէին կարող, թե Ջոն Ռենդոլֆին սպանողը այնտեղ է թաքնված։ Խուզարկություններն ավարտվեցին, և Հաջողակը անգործ շրջում էր տան մեջ, խաղաթղթերով անվերջ վիճակ էր բաց անում և անհամար քանակությամբ սիգարեթներ ծխում։ Չնայած իր անկայուն բնավորությանը, մտերմունակությանը և ուրախ զրույցի նկատմամբ ունեցած հակումին, նա շատ շուտ վարժվեց չխոսկան Էրիին։ Եվ եթե նրանք խոսում էլ էին, ապա միայն ու միայն հետապնդողների դիտավորության միասին, ճանապարհների վիճակի ու շների գնի մասին․ ասենք դրանց մասին էլ հազվադեպ էին զրուցում և այն էլ մի քանի խոսք փոխանակելով։ Հաջողակը ձեռնարկեց մի այնպիսի սիստեմ ստեղծելուն, որը թղթախաղում կապահովեր շահելը, և երկար ժամեր ու օրեր նա խառնում ու բաժանում էր թղթերը, խառնում ու բաժանում, բազմիցս զանազան կոմբինացիաներ գրանցում, նորից խառնում թղթերը ու նորից բաժանում։ Բայց վերջ ի վերջո այս զբաղմունքն էլ նրան ձանձրացրեց և, գլուխը սեղանին դրած, նա մտքով տարվում էր դեպի Նոմի աղմկալի խաղատները, որտեղ անընդհատ, նույնիսկ գիշերները տենդագին գործում էին բանկ բռնողներն ու պահակները, իսկ պտուտախաղի գնդիկը պտտվելուց չէր դադարում երբեք։ Այդպիսի պահերին նա առանձնապես սուր էր զգում իր մենակությունն ու ձախորդությունը և երկար նստում էր անշարժ, անթարթ հայացքը հառած մի կետի։ Իսկ երբեմն նրա մեջ եռացող կատաղությունը ելք էր գտնում դժգոհության կրքոտ պոռթկումների մեջ, կյանքը շատ էր հարվածել նրան, և նրա ամեն մի հպումը այլևս անտանելի էր դարձել։

— Կյանքը կեղտոտ խաղ է,— սիրում էր կրկնել նա, և ամեն անգամ այդ արտահայտությունը բողոքի մի նոր հորձանք էր առաջացնում նրա մեջ։— Ես շահելու հեռանկար չեմ ունեցել երբեք,— դժգոհում էր նա։— Ինձ հիմարացրել են դեռևս ծնվելուս պահին և խաբել են նույնիսկ մայրական կաթ տալիս։ Երևում է մորս վիճակվել է գաղտնաբծերով նշված թղթերով խաղալ, և ես ծնվել եմ որպես նրա տանուլ տալու վկայություն։

Բայց մի՞թե նա իրավունք ուներ ինձ մեղադրելու իր տանուլ տալու մեջ և ինձ վրա նայելու որպես խփված խաղաթղթի։ Բայց չէ՞ որ նա հենց այդպես է վարվել, այո՛, այո՛, հենց այդպես։ Ինչո՞ւ նա գոնե մեկ անգամ խաղը տանելու հնարավորություն չի տվել ինձ։ Ինչո՞ւ այդ չեն արել ուրիշները։ Եվ ինչո՞ւ ես Սիեթլ եկա։ Ինչո՞ւ եմ Նոմ հասնելու համար թավալվել տախտակամածին և խոզի պես ապրել այնտեղ։ Ինչո՞ւ ես մտա «Էլդորադո»։ Չէ՞ որ գնում էի դեպի Մեծ Փիթր և այնտեղ մտա սոսկ լուցկու համար։ Ինչո՞ւ ես ինքս լուցկի չունեի։ Ինչո՞ւ ուզեցի ծխել։ Ահա տեսնում եք, թե ինչպես ամեն ինչ, ամեն մի մանրուք ասես թուղթ առ թուղթ իմ դեմ է դասավորվել։ Գրազ եմ գալիս մի պարկ ոսկով, որը ես երբեք չեմ ունեցել, որ այդպես կանխամտածված է եղել դեռևս իմ ծնվելուց առաջ։ Դեռևս իմ ծնվելուց առաջ ահա թե ինչու։ Ահա թե ինչու Ջոն Ռենդոլֆը խաղագումարը նշանակեց ու միաժամանակ շարժեց խաղանիշը։ Տեղն է նրան, անիծվի նա։ Չէ՞ որ կարող էր լեզուն իրեն քաշել և բախտս փորձելու հնարավորություն տալ ինձ։ Նա գիտեր, որ ես կարող եմ խաղաբանկը տանել։ Ինչո՞ւ ես ինձ չտիրապետեցի։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ։

Եվ Հաջողակ Լա Պեռլը թավալվում էր հատակին, իզուր բողոքելով իր ճակատագրից։

Հուսահատության այդպիսի պահերին Էրին սովորաբար համր ու անշարժ էր լինում, ու միայն նրա գորշ աչքերն էին խամրում, հայացքը պղտորվում, ասես վկայելով նրա անտարբերությունը Լա Պեռլի զեղումների նկատմամբ։

Հաջողակը շատ լավ հասկանում էր, որ իր և Էրիի միջև ոչ մի ընդհանուր բան չի եղել և շատ անգամ զարմանում էր, թե ինչու Բրեմը փրկեց իրեն։

Սակայն սպասումի ժամանակը մոտենում էր վախճանին։ Մարդկանց արյան ծարավն անգամ չի կարող ընդդիմանալ ոսկու ծարավին։ Ջոն Ռենդոլֆի սպանությունն արդեն քաղաքի պատմության սեփականությունն էր դարձել։ Եթե մարդասպանը հայտնվեր, Նոմի բնակիչները, անկասկած, կթողնեին իրենց գործը, որպեսզի արդար դատաստան տեսնեին, բայց Հաջողակ Լա Պեռլի որոնումներն այլևս առաջնակարգ խնդիր չէին նրանց համար։ Գետակների հատակին ոսկի կար, ծովածոցի ավազը դեռևս չէր արժեզրկվել, իսկ երբ ծովը սառույցից ազատվի, մարդիկ, ուսապարկերը բեռնելով, կգնան այն կողմերը, որտեղ տառացիորեն չնչին գներով կարող են երկրային բոլոր բարիքները գնել։

Եվ ահա մի անգամ երեկոյան Հաջողակը Էրի Բրեմին օգնեց լծելու շները, և նրանք ձյունածածկ կածանով գնացին դեպի հարավ։ Ճիշտն ասած՝ ոչ կտրուկ դեպի հարավ, քանի որ Սենթ֊Մայքլ ամրոցի մոտ ափից թեքվեցին դեպի արևելք, անցան բլրաշարքով և Անվիքի մոտ դարձրին Ցուքոնի կողմը, գտնվելով նրա գետաբերանից շատ հարյուրավոր կիլոմետրեր վերև։ Նրանք Կոյուքուկի, Թանանայի և Մինուքի մոտով սլացան դեպի հյուսիս֊արևելք, երկու անգամ հատեցին Բևեռային շրջագիծը, Ֆորտ Յուքոնի մոտ շրջանցելով Մեծ Ոլորանը, և հարթավայրով ուղղվեցին դեպի հարավ։ Դա հոգնեցուցիչ ճանապարհորդություն էր, ու Հաջողակը տարակուսում էր, թե ինչու Էրին մեկնեց իր հետ միասին, քանի դեռ սա չէր ասել, թե ինքը հողամասեր ունի Իգլում, որտեղ մարդիկ են աշխատում։ Իգլը գտնվում էր գրեթե սահմանի մոտ, նրանից մի քանի մղոն այն կողմ, Քյուդաքի ամրոցի զորանոցների վրա բրիտանական դրոշակն էր փողփողում։ Այնուհետև գնացին Դոուսոն, Պելլի Ֆայվ Ֆինգերս, Ուինդի-Արմ, Եղջերվի Լեռնանցք, Լինդերմեն, Չիլկութ և Դայա։

Իգլը անցնելուց հետո հաջորդ առավոտյան նրանք վաղ արթնացան։ Դա նրանց վերջին ընդհանուր կանգառն էր, այստեղ նրանք բաժանվելու էին։ Հաջողակը թեթևություն էր զգում։ Շուրջն արդեն ամեն ինչ գարուն էր գուշակում, և օրերն անգամ երկարել էին։ Այժմ նա պետք է գնար Կանադայի տերիտորիայով։ Ազատությունը կողքին էր, արևը վերադառնում էր, և նա ամեն մի նոր օրվա հետ մոտենում էր իսկական կյանքին։ Աշխարհը մեծ էր, և ապագան նորից պայծառ լույսով էր ներկայանում նրան։ Նախաճաշի ժամանակ նա ուրախ սուլում էր ու մի թեթև երգ երգում, մինչ Էրին լծում էր շներն ու իրերը դասավորում։ Բայց երբ արդեն ամեն ինչ դասավորված էր, և Հաջողակը պատրաստվում էր ճանապարհ ընկնելու, Էրին մնացած փայտը քաշեց խարույկի մոտ ու նստեց վրան։

— Դուք Սատկած Ձիերի Կածանի մասին երբևէ լսե՞լ եք։

Նրա հայացքը դարձավ մտախոհ։ Հաջողակը գլուխն օրորեց, ներքուստ դժգոհելով ուշացման համար։

— Երբեմն լինում են հանդիպումներ, որոնք դժվար է մոռանալ,— ցածր ձայնով ու դանդաղ շարունակեց Էրին։— Ես մի մարդու հետ հենց այդպիսի մի հանդիպում ունեցա Սատկած Ձիերի Կածանում։ Շատ կյանքեր խլեց 1897 թվականին Ձյունապատ Լեռնանցքով հանդերձանք փոխադրելը. իզուր չէ, որ այդպիսի անուն են տվել կածանին։ Առաջին իսկ սառնամանիքից ձիերը սատկում, էին ճանճերի նման և լեշերի ամբողջ տարեր էին գոյացել Սագուեյից մինչև Բեննեթ ընկած ճանապարհին։ Ձիերը սատկում էին Ժայռոտ լեռներում, կոտորվում էին լեռնապարի վրա և սովից սատկում Լճերում։ Նրանք կորցնում էին կածանը, որը միայն անունով էր այդպիսին, պոկվում նրանից, բեռան հետ միասին սուզվում գետի մեջ և փշրվում հսկայական գլաքարերի վրա։ Նրանք ոտքերն էին ջարդում ժայռերի ճեղքերում ու ողնաշարը փշրում, ընկնելով իրենց վրա բարձված հակերի ծանրության տակ, խրվում էին ճահճուտները, խեղդվում լպրծուն տիղմի մեջ, կամ ճահիճներում գերանամածների մնացորդների վրա ընկնելով, փորները ճղում։ Մարդիկ մահու չափ ծեծում էին ձիերին, իսկ երբ ձիերն ընկնում էին՝ ափ էին վերադառնում ու նորերը գնում։ Որոշ ձիատերեր նույնիսկ նեղություն չէին կրում վերջ տալու դժբախտ կենդանիների կյանքին և նրանց թողնում էին բախտի քմահաճույքին, նրանց վրայից պոկելով միայն թամբերն ու պայտերը։ Սատկած Ձիերի Կածանով անցած ու ողջ մնացած մարդկանց սրտերը քար էին դարձել, մարդիկ գազանացել էին։

Հենց այնտեղ էլ ես պատահեցի Քրիստոսի սիրտն ու համբերությունն ունեցող մարդուն։ Դա մի շատ լավ, ազնիվ մարդ էր։ Դադարքների ժամանակ նա շտապում էր ձիերի վրայից վերցնել բեռը, որպեսզի կենդանիները նույնպես կարողանային հանգստանալ։ Նա հարյուր, իսկ երբեմն էլ ավելի դոլլար էր վճարում կենդանիների մեկ ցենտներ կերի համար։ Իր վերմակներով նրանց տրորված մեջքներն էր ծածկում, այն դեպքում, երբ ուրիշ տերերի պատկանող ձիերի թամբերի տակ թարախակալած խոր վերքեր կային։ Երբ պայտերը մաշվում էին, մարդիկ դժբախտ կենդանիներին այնքան էին քշում, մինչև նրանց սմբակները արյունլվա փալաս էին դառնում։ Իսկ նա կարող էր վերջին դոլլարը պայտամեխի վրա ծախսել։ Ես այդ գիտեմ, որովհետև մենք ծածկվում էինք նույն վերմակով, ուտում էինք նույն ամանից ու եղբայրներ էինք դարձել հենց այն կածանի վրա, որտեղ մարդիկ կորցնում էին բանականությունը և մեռնում աստծուն անիծելով։ Որքան էլ նա հոգնած էր լինում, այնուամենայնիվ, միշտ ժամանակ էր գտնում թուլացնելու սանձը կամ ձգելու փորքաշը, և հաճախ, երբ նա նայում էր տառապանքների այդ անծայրածիր ծովին, աչքերն արցունքով էին լցվում։ Լեռնանցքում, որտեղ կենդանիները վեր էին բարձրանում հետևի ոտներին կանգնելով և իզուր փորձելով առջևի ոտները ժայռին հենել պատն ի վեր մագլցող կատվի նման, ամբողջ ճանապարհը ծածկված էր ժայռերից ընկած ձիերի կմախքներով։ Եվ ահա նա այդ զարհուրելի դժոխքի մեջ խոսքով ու շոյանքով քաջալերում էր կենդանիներին՝ հետևելով, մինչև կանցներ ամբողջ քարավանը։ Եվ եթե որևէ ձի ընկնում էր, նա դադարեցնում էր շարժումը, սպասելով մինչև նա ոտքի կանգնի, և այդ պահին ոչ ոք չէր համարձակվում հակաճառել նրան։

Չվերթի վերջում մի մարդ, որը հիսուն ձի էր սատկացրել, ուզեց նորերը գնել․ մենք նայեցինք նրան և հայացքներս շրջեցինք մեր ձիերի՝ Արևելչան Օրեգոնի լեռնաչին պոնիների վրա։ Նա հինգ հազար դոլլար էր առաջարկում (այն ժամանակ մեր գրպանում մի գռոշ անգամ չկար), բայց մենք հիշեցինք լեռնապարի լանջերին աճող թունավոր կանաչը, լեռնանցքը, և այն մարդը, որը իմ եղբայրն էր համարվում, առանց մի բառ ասելու, առանձնացրեց իր ձիերին, հետո նայեց ինձ, ու մենք իրար հասկացանք, ես մի կողմ քշեցի նրա ձիերը, նա իմ ձիերը, և մենք մինչև վերջինը գնդակահարեցինք բոլորին, այն դեպքում, երբ այդ սրիկան, որը հիսուն կենդանի էր ոչնչացրել, պայթում էր ճչալուց, աշխարհիս երեսին եղած բոլոր հայհոյանքները թափելով մեր գլխին։ Եվ այսպես, այն մարդը, որին ես Սատկած Ձիերի Կածանում վարժվել էի իմ հարազատ եղբայրը համարել...

— Այդ մարդը Ջոն Ռենդոլֆն էր,— կեղծ ժպտալով, նրա խոսքն ավարտեց Հաջողակը։

Էրին գլխով արեց։

— Ուրախ եմ, որ հասկացաք,— ասաց նա։

— Ես պատրաստ եմ,— հայտարարեց Հաջողակը, ու նրա դեմքը նորից մթագնեց։— Գործի անցնենք և հնարավորին չափ շուտ։

Էրի Բրեմը ոտքի կանգնեց։

— Ես իմ ամբողջ կյանքում հավատացել եմ աստծուն։ Հավատացած եմ, որ աստված արդարացի է։ Գիտեմ, որ այժմ նա նայում է վերևից՝ մեր բախտը վճռելով։ Ես գիտեմ, նա ուզում է, որ իմ աջ ձեռքը կատարի իր կամքը։ Եվ նրա նկատմամբ ունեցած իմ հավատն այնքան ուժեղ է, որ ես պատրաստ եմ հավասար պայմաններով մենամարտել ձեզ հետ, և թող ամենաբարձյալը իր դատաստանն անի։

Այս լսելիս Հաջողակի սիրտը ուրախությունից թրթռաց։ Նա ոչինչ չգիտեր աստծու մասին, որին երկրպագում էր Էրին, բայց հավատում էր Պատահականությանը, որն այն պահից ի վեր, երբ ինքը գիշերով փախչում էր ձյունաթմբերի միջով, ոչ մի անգամ չհրաժարվեց իրեն օգնելուց։

— Բայց մենք միայն մի ատրճանակ ունենք,— առարկեց նա։

— Կկրակենք հերթով,— պատասխանեց Էրին, հանելով Լա Պեռլի ատրճանակի թմբուկը և զննելով։

— Իսկ խաղաթղթերը կորոշեն, թե ով է առաջինը կրակելու։

Թղթախաղի մասին մտածելիս Հաջողակի հոգին ջերմացավ, և նա Էրիի լռին հավանությամբ գրպանից հանեց խաղաթղթերը։ Պատահականությունը հիմա էլ կօգնի իրեն, և նա դրանում չէր կասկածում։ Երբ թուղթ էր քաշում, որպեսզի որոշվի, թե ով է բաժանելու, նա մտածում էր այն մասին, որ արևը նորից լուսավորում է իրեն, և հրճվանքից դողաց, երբ տեսավ, որ ինքն է բաժանելու։ Նա թղթերը խառնեց, բաժանեց, և Էրին քաշեց ագռավի զինվորը։ Նրանք սկսեցին խաղալ։ Էրին ոչ մի խաղթաթուղթ չուներ, իսկ նրա ձեռքում կար մեկնոց և երկուսնոց։ Կյանքը նորից ժպտում էր նրան, երբ նրանք հիսուն քայլ չափեցին։

— Եթե աստված պահի պատժող ձեռքը, ու դուք ինձ սպանեք, այն ժամանակ վերցրեք շներն ու հանդերձանքը։ Իմ գրպանում կգտնեք ձևակերպված գնման կայքագիր,— ասաց Էրին և ուսերն ուղղելով ու շտկվելով, կանգ առավ հիսուն մետրանոց ճանապարհի եզրին, ուղիղ նայելով հակառակորդի դեմքին։

Հաջողակը աչքերը կկոցեց՝ իր լույսով օվկիանոսը ողողած արևից շրջվելով, ու նշան բռնեց։ Նա չէր շտապում։ Երկու անգամ, երբ գարնանային քամու պոռթկումը ճոճեց սոճիների կատարները, նա զենքը ցած իջեցրեց։ Հետո չոքեց մի ծնկի վրա, ատրճանակը սեղմեց երկու ձեռքով ու կրակեց։ Էրին մի քայլ արեց, ձեռքերը վեր բարձրացրեց, օրորվեց տեղում և ընկավ ձյան մեջ։ Բայց Հաջողակը հասկացավ, որ գնդակը սրտից բավականաչափ հեռու է դիպել, հակառակ դեպքում հակառակորդը մի քայլ անգամ անել չէր կարողանա։

Երբ Էրին, ցավը հաղթահարելով, դժվարությամբ ոտքի կանգնեց և պահանջեց ատրճանակը, Հաջողակը ևս մեկ անգամ կրակելու ցանկությամբ համակվեց։ Բայց նա անմիջապես այդ միտքը իրենից վանեց։ Առանց այդ էլ Պատահականությունը շատ բարեհաճ էր եղել իր նկատմամբ, մտածում էր նա, և եթե ինքը հիմա փորձի խարդախել, հետո ստիպված կլինի հատուցել։ Ոչ, ինքը ազնիվ խաղ կանի։ Բացի այդ, Էրին լուրջ վիրավորված է և հազիվ թե կարողանա ծանր ատրճանակը ձեռքում պահել ու ճիշտ նշան բռնել։

— Դե, որտե՞ղ է հիմա ձեր աստվածը,— քմծիծաղ տվեց նա, ատրճանակը հանձնելով վիրավորին։

— Աստված իր վերջին խոսքը դեռ չի ասել,— պատասխանեց Էրին։— Պատրաստվեցեք լսելու այն։

Հաջողակը կանգնեց դեմքով դեպի Բրեմը, բայց ցանկանալով նշանառության տարածությունը փոքրացնել, շրջվեց կողքի։ Էրին օրորվում էր հարբածի պես, սպասելով քամու պոռթկումների միջև ընկած դադարին։ Ատրճանակը չափազանց ծանր էր, նա վախենում էր, որ չի կարողանա այն պահել, ինչի վրա և հույս էր դրել Հաջողակը։ Ատրճանակը սեղմելով, նա ձեռքը գլխից վեր բարձրացրեց և այնուհետև սկսեց դանդաղորեն իջեցնել։ Եվ այն պահին, երբ ատրճանակի նշանառության հատիկը հավասարվեց Հաջողակի ձախ կրծքամասին, Էրին ձգանը սեղմեց։ Հաջողակը ոչ մի շարժում չարեց, բայց անմիջապես խամրեց ու հանգավ ուրախ ֆրիսկոյի վերաբերյալ երազանքը, իսկ երբ արևի լույսով ողողված ձյունը հանկարծ սևացավ ոտքերի տակ, խաղամոլը վերջին անգամ գրեթե շշնջյունով անիծեց Պատահականությանը, որի հետ խաղալիս ինքն այնքան դաժանորեն խաբվեց։