Ներքին օդային գծեր

Գրապահարան-ից
14:45, 17 Նոյեմբերի 2015 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ներքին օդային գծեր

հեղինակ՝ Կարին Գրիգորյան, Վաղինակ Ղազարյան
աղբյուր՝ «Ներքին օդային գծեր»

Ներքին օդային գծեր

Տեսնում ենք շարժվող գնացքը։ Գնացքը կիսում է մեր տեսահորիզոնը։ Հորիզոնում սովետական հինգհարկանիներ են։

Քանի դեռ գնացքը չկար՝ մեր դիմաց տեսնում էինք կիսակառույց շինության ավերակները։ Չոր, երկինք ցցված որբացած սյուներ։ Նայում ենք գնացքին։ Բեռնատար վագոնների ընթացքի տեսարանը, մեր մեջքին Վարդենիս քաղաքի նախկին օդանավակայանն է։ Իսկ օդանավակայանի ավերակներն, անկեղծ ասած, բնավ պատմական տեսք չունեն։ (Մեր աչքը կրթված է միջնադարյան եկեղեցիների ավերակներով)։ Բայց հենց դրանց համար ենք եկել։

Վարդենիսի օդանավակայան

Մայրաքաղաքի պարապ արվեստագետներ, որոնք իրենք իրենց համար ինչ֊որ բաներ են հորինում, եւ հետո ուզում են, որ մյուսները հաստատեն դրանք։ Իսկ Վարդենիսում մարդիկ մոռացել են օդանավակայանի մասին, ոչինչ չգիտեն, ոչինչ չեն հիշում, ու շվարողը, զարմացողը մենք ենք։ Ի՞նչպես։ Այո, մարդիկ այստեղից օդ են բարձրացել փոքրիկ սովետական ուղղաթիռներով եւ օդանավերով։ Դա շա՜տ վաղուց էր, մոտավորապես 50 տարի առաջ։ Մենք ծնված չէինք կամ օրորոցում էինք։ Մեր դիմաց հիմա օդանավակայանի վազքուղին խոնավ է, հող է, սեւ, գյուղատնտեսական նշանակության հող։ Հողի մասին մտքի նոր թռիչքնե՞ր։ Կամ հողի նախկին նշանակության հանդեպ նոր վերաբերմո՞ւնք։ Մենք հուզված ենք, որովհետեւ մոտեցել ենք եւ գտնվում ենք մոռացված նշանակությունների տարածքում։ Ուզում ենք այս անցյալն ապրել նորովի։ Գրո՛ղը տանի, այս պատմությունը ոչ մի տեղ չի կորել, պարզապես դրա մասին աշխարհում ոչ ոք չի մտածում։ Հուզվելու կարիք չկա։ Լուսանկարային մեխանիկական հայացք եւ վե՛րջ։

✻✻✻

Ընկերոջս առաջ է մղում լուսանկարչի հետաքրքրասիրությունը, ինձ՝ անցյալը նոր լեզվի թարգմանելու հնարավորությունը։ Որոշել ենք պարզել պատմությունը Հայաստանի ներքին ավիաուղիների հերոսական կյանքի։

Այսպես, անվերադառնալի, հայտնվել ենք ծեր օդաչուների եւ նրանց հավաքած թանգարանի գրկում։ …

Բազմավաստակ, թանգարանի հիմնադիր օդաչուի բերանից օղու հոտ է գալիս եւ մարմինն օրորվում է։ Մայիսի 9֊ն է՝ Հաղթանակի օրը, իսկ մենք՝ ոչ այդ հաղթանակի պտուղները։ Ի՞նչ անենք թանգարանի հարյուրավոր կենդանի ու մեռած օդաչուների լուսանկարների հետ։ Լուսանկարենք, թե՞ լուսանկարվենք։ Նախկին օդաչուն վրդովված է մեր հարցերից։ Ափսոս, մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչ ենք կորցրել Հայաստանի նախկին օդանավակայաններում։ Նրա՝ Գասպարյանի գլխում սավառնում է մի փառահեղ պատմություն՝ 1933֊ից մինչեւ 2000֊ականներ։ Նույնիսկ մեկ ինքնաթիռ չեն թողել ցուցադրելու համար։ Հայաստանում ավիացիան մահացել է։

Օդաչուն անիծում է։

✻✻✻

Գիտենք, որ այն, ինչ փայլում էր, դարձել է ժանգ, գայլի բաժին։ Այս տարի կովերն էլ չկան, որ գայլերը գան տանեն։


Գավառի օդանավակայան


Օդանավակայանի վարչական շենքում մեռյալ դատարկությունը երկշերտ է՝ սովետական եւ հետսովետական։ Գավառի օդանավակայանը՝ օդանավերով, հետո գոմը՝ կենդանիներով, հետո՝ մենք մեր ստվերներով, ուրվականների պես թափառում ենք շենքում։ Մեր խցիկներն աշխատում են, անխոնջ արտադրում, վերաներկայում են, իսկ ներկան աղետալի է, եւ խցիկների համար սովորական։ Օդում ճոճվող մետաղական կառուցվածքները տիեզերական տրամադրություն են ստեղծում, ֆիլմային միջավայր, մենք տարվում ենք, բայց… ուշքի պետք է գանք։ Գավառ քաղաքի մարդիկ՝ հայտնի ցրտի եւ օղու հանդեպ իրենց դիմացկունությամբ, իրենց կարտոֆիլով ու բարբառով, որ ժամանակին դարձել են օդային ճանապարհների սպառողներ, սովետական արդիականության նախագծի մասնակից, եւ ընդամենը։ Բայց մենք նրանց վերագրում ենք քաղաքական հավակնություններ։ Եւ հետո կասենք, թե չունենք որեւէ հանձնարարական։

✻✻✻

Չենք թռչելու։ Թռիչքուղու երկայնքով երիտասարդ ծառեր են՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն ծիրանենիներ։

Դիմացը հսկայական սար է։ Հողի տակ՝ ներքին ջրեր։ Այստեղ, Եղեգնաձորում, կառուցել են օդանավակայան, որն անձրեւից դադարում էր գործել։ Փափուկ, սեւ հողն այժմ մեզ ուղեկցում է դեպի ճահիճը։ Նախկին վազքուղու որոշ հատվածների վրա ջրալճացումներ են։ Անցնում ենք ճահճային տարածք։ Այստեղ երգում են եղեգները։ Մարդիկ իրենց փոքրիկ քաղաքներից ուղեւորվել են Սոչի կամ Բաթումի՝ դեպի ծով։ Գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բրիգադները թռել են դեպի Բաքու, սրսկել են բերքատու այգիները եւ վերադարձել։ Ազդեցիկ առասպելներ։

Դրանք կառուցվում էին բանաստեղծներով։ Սահյանով․ «Հայաստան ասելիս թևերս բացվում են, չգիտեմ ինչու է այդպես»։ Որոշումով՝ «Կմնամ, կլինեմ այսպես»։

✻✻✻

Ստեփանավանի օդանավակայան

Բայց մենք կառուցում ենք թեթեւություն։ Պատմությունը հեղինակազրկվել, ավերվել է, թեեւ պատմությունը հիմա մեր տունն է, որտեղ ընդունում ենք Սովետական Հայաստանի առասպելներ արդիականության հրաշքների, ներքին ավիաուղիների մասին․ ո՞ւմ են պետք այդ փոքրիկ ավերակ հոգիները։ Դրանք արտասվող հոգիներ են։ Մենք հրաժարվում ենք դրանցից՝ թեթեւություն կառուցելու երազանքից դրդված։ Հրաժարվում ենք «այսպես մնալուց»։

Կառուցում ենք թեթեւ առօրյա, եւ ուզո՛ւմ ենք, եւ կարո՛ղ ենք մտածել դեպի առաջ, երեւակայել դեպի առաջ, քանի որ գնալ դեպի առաջ չենք կարողանում։

✻✻✻

Սովետական Հայաստանի տեղական ավիաուղիների կործանումը։ Մի քանի տասնամյակ հետո՝ Հայաստանի Հանրապետության ազգային ավիաուղիների սնանկացումը, քաղաքացիական ավիացիայի ավերումը։ Այնքան տխուր մի իրադրություն, որտեղ խոսել ցանկացողներ չկան։ Օդաչունե՞րը։ Նրանք մահանում են, ինչպես բոլորը։ Չենք մտածի անտերության մասին, որովհետեւ ինքնաթիռներին, շենքերին եւ տեխնիկային տերեր գտնվեցին։ Չենք մտածի հատկապես ենթակառուցվածքների մասին․ դրանք ի սկզբանե վատ էին գործել կամ չէին գործել։ Բայց մարդ ենք, ի վերջո, չենք կարող չմտածել։ Եթե նույնիսկ չենք հասցրել ապրել ու հասկանալ, մերժել կամ ընդունել, մտածում ենք այն ժամանակվա բաց ճանապարհների մասին։ Բաց ճանապարհներ, ով կպատկերացնի։ Նույնիսկ նրանք, ովքեր տեսել են, չեն կարող պատկերացնել։ Եւ չցանկանալով պատկերացնել՝ հեռանում են, տանելով իրենց հետ իրենց ավերակները։

✻✻✻

Ավերակներն անբաժան են մեր կյանքից։ Դրանք ամենուր են՝ հետ, առաջ, աջ թե ձախ։ Հայաստանի տեղական ավիաուղիների կյանքը տեւել է ավելի կարճ, քան կտեւի դրա ավերակների կյանքը։ Ավերակների կյանքի անորոշ տեւողությունը որեւէ նոր տեսողություն չի առաջարկում։ Մենք մեր կյանքը տեղավորում ենք այդ անորոշության արանքում մի տեղ։ Ավերակների շուրջ, ազատված տարածքների հաշվին, մեր շուրջ կառուցվում են նոր հնաոճ ամրոցներ։ Դրանք խեղդում են մեզ եւ ետ են մղում դեպի ավերակներ։ Դեպի երկինք նայող, անտանիք, հսկա, ներքին տարածության հաշվին ազատություն ստացած ավերակներ։ Մեռած մարմիններ, որոնցում տեղավորվում է մեր ձրիակեր երեւակայությունը, արվեստագետի մեր արարչագործությունը։ Եւ արվեստագետին սահմանված է այդքանը․

պետք է ընդունել։

Օձունի օդանավակայան

✻✻✻

Հասնում ենք Ջերմուկի օդանավակայանի վարչական շենքին, տեսնում ենք լվացքը, օդանավակայանի վերջին տնօրենի գիշերազգեստը։ Դե ինչ, տարածքն ապրում է, չնայած ցանցառ, վայրիվերո տեսք ունի։ Թռիչքուղու լայնքով ու երկայնքով արածում են կովերը։ Շուրջը օդանավակայանի տեխնիկայի մնացորդներն են։ Բակում աղբյուր կա։

Ջերմուկի օդանավակայան

Շունը հաչում է, տանտերերը տանը չեն։ Բայց մեզ ուղեկից է պետք, մեր աչքերը սովոր չեն տեսնել պետականի եւ հանրայինի այսպիսի ավերակներ։ Այսքա՜ն բացահայտ։ Դրանց հետքերը մեզանից խնամքով թաքցնում են մայրաքաղաքում։ Իսկ սարերում ամեն ինչ պարզ է։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի մասնակցենք պարզ խոսքի ստեղծմանը։ Գիտենք, որ հողը չի պատրաստվում հիմարացնել մեզ։ Մենք ամեն ինչ տեսնում ենք մեր աչքերով։ Հողի ճակատը բաց է։ Մենք տեսնում ենք այն ճանապարհը, որը դեպի թռիչքուղի էր տանում, եւ որն այժմ սալապատ չէ․ երկաթբետոնե բոլոր կառուցվածքները հանված են եւ այստեղ օդանավակայանի նախկին տնօրենը կարտոֆիլ է ցանել իր կնոջ հետ։

✻✻✻

Երբ մարդը տիեզերք թռավ, դրա մասին իմացան շատերը։ Նրանց ոտքերը, անգիտակից կերպով, գետնից մի քիչ վեր բարձրացան։ Քաղաքները մինչ այդ բնակեցվում էին գյուղացիներով, նոր գյուղերը՝ քաղաքացիներով։ Այժմ մենք փնտրում ենք նախկին թռիչքուղիները, մենք ցանկանում ենք տուն վերադառնալ։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի իջեցնենք մեր ոտքերը, հավասարեցնենք հողին մեր մեծագույն հավակնությունները։ Մենք այլեւս զինվում ենք հույսի բացակայությամբ։ Ծովինարն ասում է՝ նա ով կորցրել է հույսը` անհույս է, նա, ով զերծ է հույսից, ով երբեք չի ունեցել հույս՝ անխոցելի է։ Մենք չենք պատրաստվում թռչել, ճիշտ է, եւ ճիշտ հակառակը, առաջարկում ենք հրաժարվել թռիչքի հույսից՝ արդիականության մեծագույն առասպելից։

✻✻✻

Տեսնում ենք ներկան եւ ձգտում ենք հույսին չառնչվող գոյության։ Անկախության։

Քարտեզ .png

Կարին Գրիգորյան, 2013