Շաբաթվա երկրորդ կիրակին

Գրապահարան-ից
13:56, 2 Մայիսի 2015 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Շաբաթվա երկրորդ կիրակին

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Ծանր լույս»

Այդ երեխան բաց դռների գիժ է։ Նա ամբողջ օրը սենյակի դուռը թակում է ներսից։ Ծնողները տանը լինելիս դուռը ներսից են փակում, միջանցք ելնելիս դրսից են փակում: Նրանք այնպես միանգամից են գյուղից քաղաք ընկել, որ քաղաք ասելով՝ փակ դուռ են հասկանում։ (Նրանք օրինավոր կենվորներ են։ Երբ վաղը տանտեր դառնան, նրանց կենվորներն էլ են երեխաներին սենյակում փակելու։ Նրանց նմանները երեք սենյակից մեկը տալիս են վարձով և կյանքում այդպես մնում են կենվոր՝ ուրիշի, ապա սեփական տանը)։ Ու այդ երեխան, երկու տարեկան այդ հրեշտակը առանց հոգնելու, առանց լացի դուռը օրնիբուն թակում է ներսից։
Մայրը այսօր անփույթ եղավ ու այդ երեխան գտավ իմ դուռը։ Ինչո՞ւ նոր գտավ իմ անփակ գուռը։ Ես տանը կանուխ եղած կա՞մ — կամ նա ուրիշ անդամ միշանցք ելած կա՞,— անշուշտ ելած կա, իմ դռան տեղը չգիտե՞ր — գիտեր, խաղալիքների տեղը հո վաղուց գիտեր, ուրեմն ինչու հենց այսօր գտավ իմ անփակ դուռը... Ես եմ երեխայի դեմ փակ եղել: Խոզությունն իմ մեջ է եղել, և երկու տարեկան մանուկը դա զգացել է։
Իսկ երբ երեխաներիս կարոտը հանկարծ լցվեց աչքերս, երբ կոտրն ընկա ու հայացքս փափկեց, այդ երեխան հրեց դուռս, տանու կատվի պես սլկաց ներս, մահճակալի տակից դուրս քաշեց խաղալիքների թեթև արկղը, պարունակությունը ցփնեց հատակին և ամիս ի վեր ամայի տունս տան նման եղավ։ Եվ ես հասկացա, որ երեքշաբթին աշխատանքային օր չէ ինձ համար։
Է, առավոտվա սուրճս այնտեղ չէ՝ տանը կխմեմ, ամենօրյա սուրճի սեղանի խոսքուզրույցին այսօր էլ չեմ մասնակցի, հակառակ դեպքում՝ խոսք կբանամ երկրորդ, երրորդ բաժակի ժամին... Երրորդին որ՝ կհասցնեմ։ Միևնույն է՝ գնալ պետք է։ Հետո ինչ, որ գործատեղը անելիք չկա: Հո չի կարելի մարդկանց թողնել ինքնահոսի։ Հարկավոր է, որ առավոտները միասնաբար հանվեն տներից, իրիկունները արձակվեն ի բաց... Թող աղջիկներն ու տղաները կինո գնան, կանայք թող խանութների ցուցափեղկերը երկրպագեն, տղամարդիկ խորտկարաններով տրանզիտ գնան, թող երևակայեն, թե ազատ են ուզածն անելու, թող աքլորանան,— վերջը գիտակից ամոլի նման իրենք իրենց ականջը բռնած, քաշվելու են ընտանեկան սովոր լծի տակ։ Գիտակցությունն էլ եթե չօգնեց, մեկ է՝ սերը, քաղցը, քունը, պարպված գրպանը տղամարդկանց տուն է տանելու։
Ասում եմ՝ «Բալիկ, աշխատանքից ուշանում եմ»։ Ինձ համար այնպես ասում եմ։ Ես նստած եմ բազկաթոռին, նա խաղալիքները թողել, եկել կանգնել է թիկունքիս ու թիկնակի միջև, մի ձեռքին որդուս դեղնափոր ձուկն է, մյուսը անկշիռ դրել է ուսիս, պատուհանից երևացող ծիրանի ճյուղին սարդը այս գիշեր ոստայն է կապել՝ արևելքի մանուկ շողերը թելերը դարձրել են ոսկի, ոստայնի միջով երևացող աշխարհը երևի թե նման է այս երեխային ամեն ակնթարթ պատկերվող աշխարհ-հեքիաթին, և ես կապ չունեմ այդ աշխարհի հետ, ես չեմ տեսել, համենայնդեպս չեմ հիշում այդպիսի աշխարհ, մի ինչ-որ երեսան տարում ես վերածվել եմ կույր, հիվանդոտ անասունի, իմ աչքերը աշխարհի դեմ այսպես բացվում են տարին մե-երկու անգամ, արևելքի այս զվարթ ժամին, ես այս երեխայի աշխարհից չեմ, նրա ցեղից չեմ, ես ինձ զգում եմ հոգնած ու մեծահոգի շուն, որ թույլ է տալիս երեխաներն իրեն հեծնեն և ծուլորեն երջանիկ է և ծուլորեն էլ անչար է, անչարությունն էլ կգնահատի երկու տարեկան երեխան միայն և որը երբեք ուժ չեն ունենա գնահատելու մեծացած թուլեքը նրա, ինչքան էլ սիրեն նրան, որովհետև նրանք երազել են ու երազում են բարեհոգի քոսոտի տեղ մի ժանիքավոր, մի գայլակերպ, պատառի համար կռիվ անող, սարսափ տարածող հայր ունենալ:
...Լսիր, ասում եմ, իմ ականջին ասելու նման փափուկ ասում եմ՝ քեզ մի ձաղկիր այս պայծառ ժամին, օրն սկսեցիր քեզ ձաղկելով՝ օրվա վերջին ոտի տակ կտան։ Շուն մի հաչեցրու, վեր կաց գնա աշխատանքի։ Քանի տանտիրոջդ գործի գնալու ժամը չի հասել, վեր կաց գնա վերին կանգառ, նա նստում է վարի կանգառից։ Հանդիպես էլ, նա քեղանից վարձ չի ուզելու (այդքան չի իջնի քո մակարդակին), միայն քթի տակ կբարևի, մեկ էլ եթե հեռախոսի մոտ կանչող լինի, կասի՝ տանը չի։
...Այս էլ երկու տարի եղավ, որ մտմտացիր-մտմտացիր, բայց չբարձրացար մի օր, ասես՝ հարգելիներս, դուք Ստենֆալ, Բալզակ, Օ'Հենրի կարդացած մարդ եք, հիշեք, որ... Ես ձեզ խնդրում եմ... Ես ձեզանից քիչ բան եմ ուզում. ուզում եմ, որ մեր առևտուրը ազնիվ լինի։ Ես ձեր ճորտը չեմ։ Ես աշխատավարձիս վաթսուն տոկոսը տալիս եմ ձեզ առանց չարության, դուք իմ փողն ինձնից առնում եք ու բարևում եք կիսաբերան... Չեղավ, չէ՞, չեղավ։
Չէ, հարմարը կենվորների համքարություն ստեղծելն է, կամ տանտերերին չափի բերող ահաբեկչական խումբ, կամ... Ամենաճիշտն այն կլինի, որ չկարդաս դրսի գրողի, հին գրողի... «Ես տանտիրուհու դուստրն եմ, պարոն, դուք այս գիշեր վատ քնեցիք, կուզե՞ք թեյը ռոմով մատուցեմ»... «Երիտասարդ բարեկամս, խավարում մի կարդացեք, լամպը վառեք, անհոգ կացեք»։ Հիմարությունները գլուխդ լցրել, եկել լռվել ես քսաներորդ դարավերջում, Արևելքի ու Արևմուտքի ոտքի տակ ընկած Հայաստանում՝ ի՜նչ ես երազում...
Հոգս չունենայիր, մի քիչ էլ լինեիր դատարկ՝ միտքդ զբաղվեր հոգեվերաբնակություն-սփոփանքով. հետևյալ անգամ ի՞նչ կերպարանքով այս աշխարհ գաս, որ ազատ լինես սենյակի վարձից, աշխատավարձից, որևէ վարձից։ Տեսնես հոգիդ ի՞նչ անասունի մեջ է մտնելու։ Արդյո՞ք կովի... Հետաքրքիր է, սեռը փոխել կա՞ — պետք է հարց տրվի գիտուն տղերքին։ Այսինքն, դա էական չէ։ Կարևորն այն է, որ ընտանի կենդանիներով ես բավարարվելու (վայրին արագ վերանում է), եթե, իհարկե, վռազուկ ծնունդ եղար։ Իսկ եթե չեղար, անտուն հոգիդ, ա՜խ, անմարմին մորմոքով թափառելու է ոլորտներում ու ձե՛ն է տալու, տենչալու է մի որդ, մի ճիճու, որ թեկուզ այդ կերպարանքով մեկ էլ աշխարհ գա։
Տիեզերական թախիծդ թող։ Ասում եմ՝ թախիծդ թող օրագիր պահող օրիորդներին, վեր կաց գնա սենյակ ճարի, երեխաները լավ չէ մեծանան դառը շնչի տակ. ոսկրախտ կունենան, կտառապեն հոդացավով, մաղձով կլցվեն, անլիարժեքության զգացումից ծուռվիզ կմնան, թաղում ծեծ կուտեն թուրքի գյուղ մտածի նման։
...Թա՜ղ եմ ասել... Ութ տարեկան աղջիկները հայհոյում են տղաների պես, իսկ տարեկից տղաները ուշունցի պատանի աստվածներ են։
— Բոշե՜ք,— մեկ էլ պայթում է կռվազան մի ճիչ, և երեխաների երկսեռ հրոսակը բոշեքին հալածում է կեռուծուռ փողոցներով։ Հալածվողները հասնում են եկեղեցուն է դիրք են բռնում շիրմաքարերը, և սկսվում է քարկոծումը։ Փոքրաթիվ պաշտպանվողները նեղվում են, սեղմվում են զսպանակի պես և համալրում ստանալով՝ անցնում են հակահարձակման։ Հետապնդումը փոխում է ուղղությունը։ Կիսամերկ, թուխ, փնթի սելավը հորդում է փողոցներով և այնպիսի հայհոյանք է օդը բռնում, որ եկեղեցու խունացած խաչը կշտամբանքով ճոճվում է շիրմաքարին թարխուն ծախող կնոջ աչքին։
— Ձեր խե՜րը թաղեմ,— երկյուղածորեն դրստում է լավաշի դարսը լավաշ ծախողը։ Քարերից մեկի վրա տղամարդիկ թուղթ են խաղում։ Ցածրիկ, փոքր մի ուրիշ քարի նարդի է դրված, իսկ խաղացողները նստած են պուճուր քարը ծնողաբար մեջները առած երկու հավասար բարձր քարերին... Բայց հին գերեզմանոցի շիրմաքարերն ավելի հարմար են գալիս լավաշի դարսին — ոչ բարձր են, ոչ՝ ցածր, մեջքները՝ հարթ ու իսկը լավաշի բոյին։ Ճիշտ է, քիչ նեղ են, բայց լայները հեռու են հրապարակի անցուդարձից։
Ամառվա իրիկնաժամին, երբ շները ելած են լինում հեղձուկ բներից ու ծածկերի տակից, կին ու աղջիկ տներից դուրս են թափվում, նստոտում անմայթ փողոցների վրա բացվող դռների շեմին, փեշները վեր են քաշում, արևածաղկի սերմ են չրթում ու թքում մեքենաների դողերի տակ։
Լեն ու լույս տվող ծնկներից, ասֆալտի տապից, արևառած ամեն, ամեն ինչից մի գոլ ծուլություն, մի ծույլ հեշտանք է կախվում օդում և օրը գայթակղելով՝ քարշ տալիս դեպի զով կեսգիշեր: Իսկ նրանք, որ դեռ երեկ հայհոյում էին տարեկից տղաներից էլ կատաղի, հիմա, ամռան իրիկվա այս փափուկ ժամին, հաստասրունք ու կրակված աչքերով, զույգերով, խումբ-խումբ ճեմում են ուշունցի աստվածների սևեռուն հայացքների տակ։ Երբ մութը ընկնի, եկեղեցու հրապարակից ու փողոցներից նրանք կչքանան և եղրևանու թփերի մեջ, փայտաշեն զուգարանների անլույս արահետներին կհամբուրվեն հևիհև, թաց ու ահով։
Այս հին, հովվերգական Քանաքեռում առավոտ է։ Արևի շողն առած սարդոստայնը աչքերիդ փառ է կապել և ապագայի մասին մտածում ես ինչպես հայը՝ կիրակնօրյա խաշի։
Երեսունդ անց է՝ ուժդ տեղը, երեխաներ ունես՝ մանկապարտեզ են գնում, կինդ բնակարանի հերթում կա՝ կստանաք, աշխատավարձ ես ստանում՝ միջին միութենական, տանտերդ սենյակ գտնելու համար ժամանակ է տվել մի ամբողջ ամիս, դու էլ ահա փնտրում ես։ Մի ամսում կարելի է առանձնատուն կառուցել, ինչ մնաց սենյակ չճարես, այն էլ Երևանում։ Նայիր հանդիպածդ երկհարկանի տան առաջին կամ գետնահարկի պատուհաններին՝ եթե վարագույր չկա — ազատ է, եթե երեխաներ ունենալդ տանտիրոջ դուրը եկավ, գինը՝ քո, մտիր ու ապրիր։ Քանի դեռ օրդերի գերին չես դառել, ծտի պես ապրիր ուզածդ թաղում — ընկերոջը ինքներս ենք ընտրում, հարևանին մեզ քաղսովետն է տալիս։
Տեղդ նեղ չէ, որ պատահած ծակուռի մեջ ստիպվես ապրել, անկախ, բծախնդրորեն տներին նայում, անցնում ես առաջ, հինգից մեկի դեմ կանգնում, հարցնում ես ունե՞ք– չունե՞ք-ի՞նչ արժե... Կիրակի օրով հենց այնպես շուկա մտածի նման, երբ որևէ բանի սուր կարիք չունես և շուրջդ նայում ես իբրև դեղագետ, երբեմն էլ ցրված, հարցնում ես՝ ինչ արժե, գուցե թե մի բան, այնուամենայնիվ, առնես։
Ուրեմն, այսպես քայլում էիր՝ երեքշաբթին կիրակի արած, սենյակ էիր փնտրում՝ ձեռքերդ դարսած մեջքիդ, ծխախոտը բերանիդ մեջ խաղացնելով... Այստեղ ցից քիթդ մի գարշահոտ բանի առավ։ Այստեղ ետևից լենքին խփեցին ծնկածալերիդ։ Այստեղ շուռ եկան ու թքեցին քո լավատես–լեն ճակատին։
Առերևույթ բան չպատահեց։ Հերթական տունն էր, որի առաջ շահագրգռված հապաղեցի։ Շենքի տեսքը ասում էր, որ բաղնիք, զուգարան, ջեռուցում կա, բարձր պարիսպն ու փակ դարպասը երաշխիք էին էներգոցանցի տեսուչի ներխուժման դեմ,— ուրեմն լույսը գողանում են, հետևաբար գիշերները գիրք կարդալուս ծուռ չեն նայի... Թակեցի կանաչ դարպասը։ Ներսից հաչոցով պատասխանեցին։ Լավ նշան չէր, բայց տրամադրությունս շատ էր բարձր նշաններից։ Դարպասը բացեց տարիքոտ մի կին, լսեց, ասաց՝ «տեսնեմ ամուսինս տա՞նն է» ու դարպասը երեսիս ծածկեց։ Ես ժպտացի կանաչ դարպասի ու իր ապրանքը թանկի տվող տանտիրոջ վրա։ Եկավ, ասաց՝ «Տանը չի, բայց սենյակը տես» և շանը սաստեց, ինձ բակով տարավ։
Տանտիրուհու հետ մտանք սենյակ և զույգ փոքր պատուհաններից հավեր դուրս թռան։
Դարպասից դուրս գալուց հետո մտածում էի, թե առաջին պահ ես պիտի որ ցնցված լինեմ։ Սենյակ կոչվածը մառանահարկի ձախ թևն էր։ Աջ թևը, դատելով դռնից, կողպեքից, բուն մառանն էր։ Մառանահարկին հասնելու համար մենք անցել էինք երկրորդ հարկի այն կեսի տակով, որ հանգչում էր սյուների վրա և արևելքից լույսը փակում էր։ Հարավ կողմից խուլ հիմնապատ էր, արևմուտքից նույն պատից էր, լույսը ընկնում էր հյուսիս կողմի քառորդ չափսի պատուհաններից, որից դենը հավանոցն էր։ Հավանոցը երեք կողմից ցանցապատված էր, չորրորդ կողմ ունենալով շենքի պատը, այսինքն՝ այդ սենյակի միակ պատը, որի վրա լուսամուտ կար։ Եվ հավանոցի գարշահոտը սենյակի մեջ էր։ Եվ ամեն ինչից երևում էր, որ այստեղ առաջ մարդիկ են ապրել։
Մի պահ պիտի որ նայած լինեմ այդ կնոջ դեմքին։ Համենայն դեպս, անվրդով մի դեմք եմ հիշում։ Այստեղ մնացի հազիվ մեկ րոպե։ Մտածում էի՝ դեռ մի քանի տեղ կհասցնեմ նայել, բայց դուրս գալուն պես կարծես ետևից ծնկածալերիս լենքին խփեցին։ Այսօր այսքանը բավական է։ Եվ, առհասարակ, եղածն ինձ մի քանի շաբաթ բավական է։
Իմ հարաճուն զայրույթի մեջ ես մտածում էի այդ կնոջ մասին՝ գոնե չիմանար երեխաներ ունենալս։ Առաջին խոսքով հարցրած չլիներ ու մտածեր՝ գյուղացի, հավուճիվի սովոր տղա է, տուն է գալու քնելու համար, դուրս է գալու թառաժաժից առաջ, տվածն ինչ է՝ քառասուն ռուբլի...
Իմ անտուն կյանքում շատ բան եմ տեսել։ Պատահել է, մի սենյակ են առաջարկել, որում լույսի միակ աղբյուրը էլեկտրական մերկ լամպն է եղել։ Խնդացել, թողել հեռացել եմ։ Բայց այստեղ ես պապանձվեցի։ Փողոցում միտս էի բերում այդ կնոջ դեմքը... ճիվաղի բնավ նման չէր, նույնիսկ վանող բան չկար վրան, մի կին էր հորաքրոջս ու քրոջս նման, որը, թվում էր, հիմա կասի՝ «սոված կլինես, մի բան կեր գնա»։ Համոզված էի, որ սիրասուն մայր ու տատ է, որ երեխա եղած տունր չի մտնի առանց գրպանը մի անուշ բան դնելու... Կարող է մի քիչ ժլատ լինել, կարող է լավ էլ ընչաքաղց լինել, բայց որ ինձ՝ անծանոթիս, առաջին անգամ տեսած մարդուն, մարդ չի համարի, դա իմ ըմբռնողությունից վեր բան էր։
Այնուամենայնիվ, ես ուզում էի հասկանալ նրան։ Իմ՝ շուկայի օրենքն հարգողիս, իրապաշտիս, պատրանքներից վաղ թոթափվածիս ամբողջ սթափությամբ ջանացի հասկանալ նրանց, բայց ուղեղս շիկացավ բռնությունից, սմքեց, քար կտրեց, հրաժարվեց աշխատելուց՝ ի՞նչը հասկանաս։
Ես զգում էի, որ ուռչում եմ՝ թարախի պալար, դառնում եմ ազգիս թշնամի, երկրիս համար վտանգավոր, վերածվում եմ ծայրահեղական սինլքորի, ինձ չէր կարելի փողոցում քայլել, չէր կարելի մարդկանց մեջ լինել, որովհետև այդ վիճակում զինվորագրվում են ջարդարարական հարյուրյակներին, լավագույն դեպքում ձայն են տալիս հանուն որևէ գույնի տեռորի։