«Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» Տասը հնդկացիներ
հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ |
Երեկոյան ուշ, երբ Նիքն ու Գարնըրների ընտանիքը տուն էին գալիս Անկախության օրվա տոնակատարությունից, ճամփին ընկած ինը հարբած հնդկացի տեսան։ Տղան հիշում էր՝ իրոք, նրանք ինն էին, քանի որ աղջամուղջի մեջ Ջո Գարեըրը ձիերին կանգնեցրեց, ցատկեց վար ու մի հնդկացու բարձրացրեց անվակոսի տակից։ Նա քնել էր՝ դեմքն ավազի մեջ խրած։ Ջոն քարշ տվեց նրան դեպի ճամփամերձ թփուտներն ու կրկին բարձրացավ ֆուրգոն։
— Սա,— ասաց Ջոն,— իններորդն է, ինչ քաղաքից դուրս ենք եկել։
— Ա՜խ, էդ հնդկացիները…,— ասաց միսիս Գարնըրը։
Նիքը ետեւի նստոցին էր՝ Գարնըրի երկու որդիների հետ։ Նա ֆուրգոնի լուսանցքից նայում էր այն հնդկացուն, որին Ջոն քարշ տալով հանել էր ճամփից։
— Բիլլի Թեյբշո՞ն էր,— հարցրեց Կարլը։
— Չէ՛։
— Իսկ շալվարը հենց ոնց որ Բիլլիինը լինի։
— Բոլոր հնդկացիներն էլ նույնատիպ շալվար են հագնում, էլի։
— Նրան ես իսկի չտեսա՛ էլ,— ասաց Ֆրենկը։— Հայրիկն էնպես արագ իջավ ու բարձրացավ ֆուրգոն, որ ոչ մի բան էլ չտեսա։ Կարծեցի՝ ֆուրգոնը օֆի վրայով անցավ։
— Կարծում եմ՝ շատ հնդկացիներ էսօր օձերի վերջը կտան,— ասաց Ջո Գարնըրը։
— Ա՜խ, էդ հնդկացիները…,— ասաց միսիս Գարնըրը։
Նրանք առաջ շարժվեցին։ Ճամփան թեքվեց մայրուղուց ու բարձրացավ բլուրն ի վեր։ Ձիերը հազիվ էին քաշում, տղաներն իջան ֆուրգոնից ու ոտքով ճամփա ընկան։ Ճամփան ավազուտ էր։ Նիքը բլրի գագաթից նայեց ետ՝ դպրոցի շենքին։ Նա տեսավ Փիթոսքիի[1], իսկ Լիթլ Թրեվըրս Բեյի ուղղությամբ էլ՝ Հարբըր Սփրինգսի լույսերը։ Նրանք նորից ֆուրգոն բարձրացան։
— Էստեղ մի քիչ մանրախիճ պիտի լցվի, ա՜յ էս մասում,— ասաց Ջո Գարնըրը։ Ֆուրգոնն այժմ անցնում էր անտառամիջյան ճամփով։ Ջոն ու միսիս Գարնըրը նստել էին կողք կողքի՝ առջեւում։ Նիքը նստել էր ետեւում՝ երկու տղաների միջեւ։ Ճամփան այս մասում արդեն հարթվում էր։
— Ա՜յ հենց էստե՛ղ էր, որ հայրիկը ժանտաքիսին տրորեց։
— Չէ՛, ավելի հեռու էր։
— Ի՞նչ կապ ունի, թե որտեղ էր,— առանց շրջվելու ասաց Ջոն։— Միեւնույնը չի՞, թե որտեղ ժանտաքիս տրորես։
— Անցյալ գիշեր ես երկուսին տեսա,— ասաց Նիքը։
— Էդ որտե՞ղ։
— Ներքեւում՝ լճի մոտերքը։ Նրանք լճի ափին սատկած ձուկ էին ման գալիս։
— Դրանք երեւի ջրարջեր են եղել,— ասաց Կարլը։
— Չէ՛, ժանտաքիս էին։ Ի՞նչ է, ես ժանտաքիսը չե՞մ ճանաչում։
— Կիմանա՜ս, բա ո՞նց,— ասաց Կարլը։— Դու հնդկացի աղջկա ետեւից ես ման գալիս։
— Վե՛րջ տուր հիմար֊հիմար դուրս տալուդ, Կա՛րլ,— ասաց միսիս Գարնըրը։
— Դե, ասենք, դրանցից նո՛ւյն հոտն է փչում։
Ջո Գարնըրը ծիծաղեց։
— Վե՛րջ տուր ծիծաղիդ, հա՞, Ջո,— ասաց միսիս Գարնըրը։— Ես թույլ չե՛մ տա Կարլին էդպես խոսել։
— Հնդկացի աղջիկ ունե՞ս, Նիքի,— հարցրեց Ջոն։
— Չէ՛։
— Հա՛, հայրիկ, ունի,— ասաց Ֆրենկը։— Փրուդենս Միտչելն է։
— Ճի՛շտ չի։
— Ամեն օր գնում է նրան տեսնելու։
— Չէ՛, չեմ գնում։— Մթան մեջ երկու տղաների միջեւ նստած՝ Նիքը հոգու խորքում երջանիկ զգաց, որ բորբոքվում է Փրուդընս Միտչելի պատճառով։— Իսկի էլ իմ աղջիկը չի՛,— ասաց նա։
— Հլա մի սրա՜ն տեսեք,— ասաց Կարլը։— Նրանց ամեն օր իրար հետ եմ տեսնում։
— Իսկ Կարլը ոչ մեկի ետեւից էլ չի՛ վազում,— ասաց մայրը,— անգամ՝ հնդկացու։
Կարլը լուռ էր։
— Կարլը աղջիկների հետ լեզու չի՛ գտնում,— ասաց Ֆրենկը։
— Դու լռի՛, հա՞։
— Կեցցե՛ս, Կարլ,— ասաց Ջո Գարնըրը։— Աղջիկները ոչ մի լավ բանի չեն հասնցի։ Հորի՛ցդ օրինակ վերցրու։
— Էդ հիմի՛ ես ասում,— միսիս Գարնըրը թեքվեց ամուսնու կողմը, երբ ֆուրգոնը ցնցվեց։— Իսկ ժամանակին քիչ ընկերուհիներ չունեիր։
— Գրա՛զ կգամ, որ հայրիկը երբեք հնդկացի ընկերուհի չի ունեցել։
— Դե՝ եսիմ,— ասաց Ջոն։— Դու ավելի լավ է ձեռքիցդ Փրուդիին բաց չթողնե՛ս, Նիքի։
Կինը ինչ֊որ բան շշնջաց նրա ականջին, ու Ջոն ծիծաղեց։
— Ինչի՞ վրա ես ծիծաղում,— հարցրեց Ֆրենկը։
— Չասե՛ս, Գարնըր,— զգուշացրեց կինը։ Ջոն նորից ծիծաղեց։
— Նիքին թող Փրուդիին իրա՛ն պահի։ Իմ կնիկն էլ վատ աղջիկ չի։
— Համա՜ թե բան գտար խոսելու, հա՜,— ասաց միսիս Գարնըրը։
Ավազի մեջ ձիերը հազիվ էին ֆուրգոնը քաշում։ Մթան մեջ Ջոն թափահարում էր մտրակը։
— Շարժվե՛ք, առա՜ջ։ Էգուց ավելի դժվար կլինի։
Ձիերը, ֆուրգոնը ցնցելով, երկարավուն բլրով ներքեւ սլացան։ Ագարակի մոտ բոլորն իջան։ Միսիս Գարնըրը բացեց դուռը, ներս մտավ ու ետ դարձավ՝ լամպը ձեռքին։ Կարլն ու Նիքը բեռներն իջեցրին ֆուրգոնի ետնամասից։ Ֆրենկը նստեց առջեւի մասում, ֆուրգոնը քշեց ցախատուն ու արձակեց ձիերին։ Նիքը վեր բարձրացավ աստիճաններով ու բացեց խոհանոցի դուռը։ Միսիս Գարնըրը վառարանն էր վառում։ Նա շրջվեց՝ շարունակելով կերոսին լցնել փայտի վրա։
— Ցտեսությո՛ւն, միսիս Գարնըր,— ասաց Նիքը։— Շնորհակալություն, որ ինձ հետներդ բերիք։
— Չարժե՛, Նիքի։
— Ես հրաշալի ժամանակ անցկացրի։
— Քեզ համար միշտ էլ ուրախ ենք։ Միգուցե մնայի՞ր՝ միասին ընթրեինք։
— Չէ՛, ավելի լավ է գնամ։ Հայրիկը երեւի ինձ է սպասում։
— Ուրեմն՝ գնա։ Կարլին տուն ուղարկիր, լա՞վ։
— Լա՛վ։
— Բարի՛ գիշեր, Նիքի։
— Բարի՛ գիշեր, միսիս Գարնըր։
Նիքը բակ դուրս եկավ ու իջավ ցախատուն։ Ջոն եւ Ֆրենկը կովերին էին կթում։
— Բարի՛ գիշեր,— ասաց Նիքը։— Հոյակապ ժամանակ անցկացրի։
— Բարի՛ գիշեր, Նիք,— խորքից ձայն տվեց Ջո Գարնըրը։— Ընթրիքին չե՞ս մնալու։
— Չէ՛, չե՛մ կարող։ Կարլին կասե՞ք՝ մայրդ կանչում է։
— Լա՛վ։ Բարի՛ գիշեր, Նիքի։
Նիքը բոբիկ քայլում էր ցախատան ներքեւի մարգագետնի կածանով։ Այն հարթ էր, ու ցողը սառեցնում էր նրա բաց ոտքերը։ Մարգագետնի վերջում նա մագլցեց ցանկապատը, կտրեց֊անցավ հեղեղատը։ Ոտքերը թաց էին ճահճացեխից։ Հետո բարձրացավ հաճարենու անտառով, մինչեւ որ տնակի լույսերը երեւացին։ Նա թռավ ցանկապատի վրայով ու շրջանցելով տունը՝ գնաց դեպի մուտքը։ Պատուհանից տեսավ, որ հայրը, սեղանի մոտ, լամպի լույսի տակ՝ գիրք է կարդում։ Նիքը բացեց դուռն ու ներս մտավ։
— Հը՞, Նիքի,— ասաց հայրը,— լա՞վ ժամանակ անցկացրիր։
— Հոյակա՛պ, հայրիկ։ Շա՜տ ուրախ տոն էր։
— Քաղցած ե՞ս։
— Էն էլ ո՜նց։
— Բա կոշիկներդ ո՞ւր են։
— Գարնըրների ֆուրգոնում թողեցի։
— Գնացինք խոհանոց։
Նիքի հայրը լամպը ձեռքին առաջ անցավ։ Նա կանգ առավ ու բարձրացրեց սառցատուփի կափարիչը։ Նիքը մտավ խոհանոց։ Հայրը ափսեի մեջ դրած հավի սառած մի կտոր բերեց, մի սափոր կաթ եւ դրեց սեղանին՝ Նիքի առջեւ։
— Կարկանդակ էլ կա,— ասաց նա։— Էդքանը հերի՞ք է։
— Լրի՛վ։
Հայրը նստեց աթոռին՝ մոմլաթածածկ սեղանի մոտ։ Նրա հսկայական ստվերը տարածվեց խոհանոցի պատին։
— Գնդախաղը ով տարա՞վ։
— Փիթոսկին։ Հինգով՝ երեք։
Հայրը նստած նայում էր, թե տղան ինչպես է ուտում, հետո սափորից կաթ լցրեց նրա բաժակը։ Նիքը խմեց եւ անձեռոցիկով սրբեց բերանը։ Հայրը ձեռքը մեկնեց պահարանին դրված կարկանդակին։ Նա մի մեծ կտոր կտրեց Նիքի համար։ Հապալասով կարկանդակ էր դա։
— Բա դու ի՞նչ էիր անում, հայրիկ։
— Առավոտը դուրս եկա ձուկ բռնելու։
— Իսկ ի՞նչ բռնեցիր։
— Ընդամենը՝ մի պերկես։
Հայրը շարունակ նայում էր Նիքին։
— Բա ճաշից հետո ի՞նչ արեցիր,— հարցրեց Նիքը։
— Զբոսնելու գնացի հնդկացիների ավան։
— Մարդ տեսա՞ր էնտեղ։
— Բոլոր հնդկացիները քաղաք էին գնացել՝ խմելու։
— Էդպես էլ մարդ չտեսա՞ր։
— Փրուդիիդ տեսա։
— Որտե՞ղ էր որ։
— Անտառում, Ֆրենկ Ուոշբըրնի հետ։ Պատահաբար տեսա։ Վատ ժամանակ չէին անցկացնում։
Հայրը չէր նայում նրան։
— Ի՞նչ էին անում որ։
— Դե, ես առանձնապես չնայեցի էլ։
— Ասա՛, ի՞նչ էին անում նրանք։
— Չգիտե՛մ,— ասաց հայրը։— Միայն լսեցի, թե ինչպես էին բզբզում։
— Էդ ո՞նց իմացար, որ նրանք են։
— Տեսա՛։
— Դու կարծեմ ասացի՞ր, որ չնայեցիր։
— Չէ՛, տեսա նրանց։
— Ո՞վ էր հետը,— հարցրեց Նիքը։
— Ֆրենկ Ուոշբըրնը։
— Իսկ նրանք… նրանք…
— Նրանք՝ ի՞նչ։
— Իսկ նրանք ուրա՞խ էին։
Հայրը վեր կացավ սեղանից եւ խոհանոցից դուրս եկավ։ Երբ ետ դարձավ, Նիքը նստած էր՝ հայացքը հառած ափեին։ Նա լաց էր եղել։
— Մի կտոր էլ կուտե՞ս։— Հայրը վերցրեց դանակը, որ կարկանդակը կտրի։
— Չէ՛,— ասաց Նիքը։
— Մի կտոր էլ կեր։
— Չէ՛, էլ չեմ ուզում։
Հայրը հավաքեց սեղանը։
— Իսկ անտառի ո՞ր մասում էին նրանք,— հարցրեց Նիը։
— Ավանից քիչ վեր։— Նիքը ափսեին էր նայում։ Հայրն ասաց․— Լավ կանես գնաս քնելու, Նի՛ք։
— Լա՛վ։
Նիքը գնաց իր սենյակը, հանվեց ու մտավ անկողին։ Նա լսեց հոր ոտնաձայնը կողքի սենյակից։ Նիքը պառկեց՝ դեմքը բարձի մեջ թաղած։
«Սիրտս փշրվա՛ծ է,— մտածում էր նա։— Զգում եմ, որ սիրտն իմ փշրվա՛ծ է»։
Քիչ անց նա լսեց, թե ինչպես հայրը փչեց֊հանգցրեց լամպն ու մտավ իր սենյակը։ Տղան լսում էր, թե ինչպես է դրսում քամին ծառերի մեջ պար բռնում, եւ զգում, որ ցուրտը ծածկափեղկերից ներս է սողոսկում։ Դեռ երկար պառկած էր նա՝ դեմքը բարձի մեջ թաղած, որոշ ժամանակ անց մտքից լողաց֊չքացավ Փրուդընսի պատկերն, ու նա վերջապես քնեց։ Երբ զարթնեց կեսգիշերին, լսեց տան կողքի հաճարենիների մեջ թափառիկ քամու սուլոցի եւ լճափին վազվզող ալիքների ձայնն ու կրկին փակեց աչքերը։ Առավոտյան ուժեղ քամի էր փչում, եւ ալիքները՝ փոթորկված, դեպի ափն էին վազում, ու նա դեռ երկար պառկած էր արթուն, մինչեւ որ հիշեց, որ սիրտն իր փշրված է այլեւս։- ↑ Փիթոսքի— քաղաք Միչիգան լճի մոտ