«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ» բաժնետիրական ընկերություն

Գրապահարան-ից
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ» բաժնետիրական ընկերություն

հեղինակ՝ Ավետիս Հարությունյան
աղբյուր՝ «Գյադաների ժամանակը»

Այդ բանը պիտի պատահեր։ Վերջապես խոստովանեցին ու ձեւակերպեցին Քոչարյանի ձգձգվող մանկության երազանքը։ Եւ արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ նրա նպատակը ոչ թե Արցախի համար կարգավիճակ ու խաղաղություն գտնելն է, ինչը խոստանալով՝ իշխանությունը զավթեց, ոչ թե Հայաստան պետության գործառույթների ապահովումն է՝ քաղաքականությանը, դիվանագիտությանը, տնտեսագիտությանը հայտնի միջոցներով, այլ հայ ժողովրդից բաժնետիրական ընկերություն ստեղծելը։

Ի դեպ, ամեն հայ գյուղացի պատանի, երբ թեւակոխում է սեռական հասունացման շրջան (հատկապես որ տասը գրքից ավելի է կարդացած լինում) զարմանքով տեսնում է՝ հայ ազգի փրկության բանալին հեսա գրպանում դրած․ Բյուրականն ու ֆիզիկայի ինստիտուտը միացյալ ուժերով լազերային զենք են ստեղծում՝ թուրքերի հարցը միանգամից լուծելու համար, մեկ էլ (որ հայերը այլ խնդիր չունենան) աշխարհի հայերը միանում, ամիսը մարդա տասը դոլար «իջնում են»։ Եթե նորմալ մարդկանց մոտ առաջին լազերային մտագարությունը, գարնանն ու աշնանը սրվելով, ի հայտ է գալիս նաեւ ուշ տարիքում, ապա փող հավաքելու մտասեւեռումը՝ անցնում ինստիտուտի երրորդ կուրս չհասած, ինչ խոսք, բնավ դուրս չի գալիս բնածին ավանտյուրիստների եւ տոհմիկ դրամաշորթների գլխից։ Երբ մարդը, քաղաքական գործիչը, պետությունը իրեն դուրս է դնում ողջամտության սահմաններից, համակեցության եւ բիզնեսի օրենքներից, վաղ թե ուշ հանգում է ազգովին փող հավաքելով «գործ դնելու»՝ փողոցի կոշիկ մաքրողի մակարդակի գաղափարին։

Գաղափարը հրապարակեց Հրանտ Վարդանյանը, բայց վստահ եղեք, որ հեղինակը Քոչարյանն է, ինչպես «Արմենիկումի» փուչ գաղափարինը։ Նա լավ է ճանաչում իր կլիենտ֊կուսակցությանը, որը սովետական տարիներից հետը բերած անխելքությամբ շարունակում է հավատալ պետական հեռուստատեսությանը եւ որը իր մեծուփոքրով (ամոթ էլ է ասել) հավատաց այդ զառանցանքին։ Այսինքն, բանականությունը իսպառ կորցնելով՝ սկսեց մտքով անցկացնել, թե մի բան, որ ուժից վեր է այդ գործի վրա տասնյակ ու տասնյակ միլիարդներ ծախսած աշխարհի խոշորագույն երկրների խոշորագույն գիտական կենտրոնների՝ արդեն մարդու բջջից մարդ սարքելու ընդունակ գիտնականների համար, այդ բանը հնարավոր է, որ գլուխ բերվի թշվառ Հայաստանում, իրենց իսկ ասպարեզում անհայտ երկու ջեբկիրի ձեռքով։

Ի՞նչ է, հայտնագործությունը կոպե՞կ է, որ փողոցում գտնես։ Բայց ժողովուրդը այդ կուտը կերավ։ Ժողովուրդը հո չգիտի, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը էջը 12 հազար դոլարով տպագրում է ինչ բանդագուշանք ասես, վայրկյան իսկ չկասկածելով, որ դրանով հիմարացնում է դժբախտ մի ազգի։ Եւ երբ մարդիկ ջղաձիգ ցնցումներով, բայց փորձում են մոռանալ այդ ամոթալի սպասման երկու տարին, դարձյալ հիշեցնում են նրանց համազգային խայտառակության այդ հանդեսը պարզունակ երկու քայլով՝ իրենք լուր են սարքում Կոլյայի մահվան մասին, իրենք էլ հերքում արդեն «Հայլուրով»։ Միաժամանակ կշտամբում են ազգի լավը չուզողներին, նաեւ ներշնչում միամիտներին, որ գանդոնի արտադրողներն ու մեր «ազգային հանճարի» մրցակիցները (միլիոնավոր հիվանդների կոտորվելու գնով) դեմ են, որ հայերը միլիարդներ աշխատեն։ Հայերիս, մի խոսքով, շնչել չեն թողնում։

Այ, սա հայ մարդու սիրած նեյնիմն է։ Իսկ հրաշքի սպասում են երեխաները։ Նաեւ ազգի մի տեսակ։ Հրաշքի հավատում են նրանք, ովքեր օրը֊օրի, տարին տարվա վրա կառուցած չեն լինում իրենց տունը, երկիրն ու բախտը։ Կառուցած չեն լինում ու սպասում են հրաշքի։ Ժամանակին ճակատամարտից խուսափած են լինում կամ շահած ճակատամարտից ձեռնունայն են մնացած լինում եւ հետագայում մնում են լազերի հույսին։ Անշուշտ, կարելի է պնդել, որ սովից բանականությունը կորցրած մարդուն այլ բան չի մնում, քան ապավինել հրաշքին։ Առարկություն չկա, բայց պիտի օգնեք տողերիս հեղինակին հասկանալ, թե 1988 ոչ սոված թվականի աշնանը Արարատցի հայրենասեր, հասուն տղամարդկանց մի խումբ՝ իրենց «գիտական ղեկավար», դեռ «չբացահայտված» դաշնակցականների հետ ի՞նչ բանականությամբ էին առաջնորդվում, երբ սպասում էին թռչող ափսեի վայրէջքին։

Այո, պատրաստվում էին աստեղային պատերազմի ընդդեմ Ադրբեջանի։ Ոչ թե հենց այնպես կանգնել սպասում էին, այլ Արարատին մերձ սարերից մեկի վրա փորում, բետոն թափում, հատուկ վայրէջքի դաշտ էին կառուցում՝ Ադրբեջանի դեմ մեր պայքարում դաշնակցության խնդրանքով մեզ օգնության շտապող թռչող ափսեի համար։ Այդ տարիներին շատ հիվանդություններ սրվեցին, ժողովրդի երեւակայությունը սահմաններ չէր ճանաչում։ Անցած բաներ են։ Բայց ես սարսափում եմ մեզ սպասող ապագայից, որովհետեւ այդ մարդկանցից ոմանք հետագայում պետական֊քաղաքական գործիչներ դարձան ու գնալով շատացան, եւ այդ չարաբաստիկ թռչող ափսեի «սաբաբ» դաշնակցություն կուսակցությունը այսօր Հայաստանի պետական գաղափարախոսության հայրն է։

Սարսափելի է, քանի որ բացառված չէ, որ «Արմենիկում» կոչվածը ժողովրդին հիմարացնելու նպատակ ունենալուց բացի արդյունք էր նաեւ թռչող ափսեի նման մի մտագրության։ Ի՞նչ իմանաս։ Վերջին հաշվով ի՞նչ երաշխիք կա, որ ռմբակոծության տարիներ ապրած մեր գործիչները մի քանի ակնհայտ ու ոչ ակնհայտ կոնտուզիա չեն ստացել։ Խելացի ազգերը առաջավոր գծից մարդկանց չեն բերում նշանակում վարչապետ ու նախագահ, այլ առաջնահերթ բուժում են կամ ուղարկում վերականգնման կենտրոն։ Հո պատահական չի՞, որ մարդը գիշերները վեր է թռչում ու գոչում, թե ինքը «վոյին» է։ Դեռ լավ է՝ չի խոսում Սպարտայի բարբառով։

Թերեւս պատահականություն էր, բայցեւ՝ խորհրդանշական, որ Քոչարյանը Հ․Վարդանյանի ելույթի նույն օրը, նույն ծրագրով սպառնաց ներդրումների հնարավոր խանգարողներին։ Հայերը պիտի արդեն սովորած լինեին, որ երբ ասում է՝ խանգարեցին, խանգարում են, չխանգարեք՝ ուրեմն ծրագիրը փուչ է։ Իսկ նա դա ասում է միշտ։ Բայց հայերը չեն սովորում։ Ասենք, ի՞նչ նշանակություն ունի՝ սովորում են թե չեն սովորում․ նա իր համար հոխորտում, հայը իր համար քոչում է։ Այս խանգարելու հանգամանքի վրա արժե հատուկ կանգ առնել, որպեսզի բոլորի համար պարզ լինի նրա հետագա քայլերի հաջորդականությունը։

Սկզբում նրան խանգարում էր Սամվել Բաբայանը։ Իբր, բանը հասնում էր անգամ ձեռ բարձրացնելուն։ Հետո, երբ առոք֊փառոք բերվեց դրվեց վարչապետ, չէր անցել շաբաթ՝ անկապ բերանը բացեց ու հոխորտաց, թե՝ եթե իրեն խանգարեն, դուռը կշրխկացնի կգնա։ Մամուլը իրար անցավ, մամուլը խանդաղատանքից հալվեց եւ աճապարեց ժողովրդին աչքալուսանք տալ, թե՝ բա չե՞ք ասի, որ ոչ թե հերթական վարչապետ է եկել, այլ Ղաչաղ Ռոբը, որը թալանողներից պիտի խլի ու ժողովրդին վերադարձնի ժողովրդի հարստությունը… Այստեղ սկսեց «խանգարել» նախագահը։ Եւ երբ Լեւոնին արանքից հանեց, պարզվեց, որ խանգարում են ՀՀՇ֊ն ու Վանոն։ Գործ հարուցեց ու գնաց ընտրությունների։ Եւ տեղնուտեղը հասկացավ, որ «Հայաստանի պրոբլեմը Հայաստանի քաղաքական ուժերն են»։ Այդ պրոբլեմը դատարանով, շանտաժով, կաշառքով, ընտրակաշառքով լուծեց մեկ տարում։

Ընտրություններից անմիջապես հետո սկսեցին խանգարել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։ Դրությունը փրկեց Արամ Սարգսյանը ու անմիջապես էլ սկսեց խանգարել։ Եւ երբ ոչ մի խանգարող չէր մնացել, մտավորականությունն էլ զգուշացված էր, որ «չնվնվա», կանխարգելիչ նկատառումով (վրա էր հասնում 27֊ի գործը դատարան ուղարկելու ժամկետը) անդրադարձավ ԱԺ֊ին, խառնեց իրար, նվաստացրեց անթասիբ֊անգլուխ մնացած ամբոխին եւ հիմա ինչ ուզի, ոնց կուզի կանի։

Ամենահետաքրքիրը, սակայն, բուն խանգարողին մատուցելն է, ինչի գործընթացը սկսվում է «Հայ ժողովուրդ» բաժնետիրական ընկերությունների ստարտով։ Հաշվարկն անսխալ է, եթե հայերը փողերը չեն մեկտեղում, ուրեմն երկիրն ու ազգը փրկելու ծրագիրը կործանողը հայ բուրժուազիան է։ Բայց այստեղ թակարդ կա Քոչարյանի համար։ Դրանից հետո արդեն «խանգարող» չի մնում։ Մնում է ինքը, բայց դե այնպես ստացվեց․ գուցե պատճառն այն էր, որ ինքը անելիք չունենալով Հայաստանում, պիտի մի բանով զբաղվեր եւ ողջ եռանդը դրեց «խանգարողներին» շարքից հանելու վրա եւ քանի որ նյութը չափից ավելի փուխր դուրս եկավ, իր համար էլ անսպասելի քաղաքական շահարկումների պաշարը սպառեց երեք տարում։ Իսկ գուցե թերագնահատում ենք նրա ոխակալ միտքը։ Գուցե էլի բան կա վերացնելու։ Ի վերջո, բնակչության կեսից ավելին մնացել է Հայաստանում…

Համենայն դեպս, «հայ ժողովուրդ» բաժնետիրական ընկերության թեմայով ջուր ծեծելու՝ երեք ամսից մեկ տարի ժամանակ կա։

Կապված անամոթության աստիճանից։ Ո՞րն է այս գաղափարի հմայքը Հայաստանի զույգ իշխողների համար։ Հմայքն ու մեխը։ Այն, որ մասնակիցները գերշահույթ պիտի չստանան։ Եթե կարողանային թաքցնել իրենց այս ամենանվիրական միտքը, պիտի կասկածեինք, որ ամոթի մի նշույլ պահպանվել է։ Պարզվում է, որ քողարկվելու կարիք չկա։ Գերշահույթի ազատ ոլորտ չկա։ Գերշահույթ ստանում են ծխախոտից, խմիչքից, բենզինից, երաշխավորված շահույթ՝ բանակի մատակարարումից։ Այդ ազգապահպան ոլորտները իրենք երկուսով արդեն տնօրինում են։ Այս մասին վաղօրոք հայտարարվում է, որ թյուրիմացություն չլինի, այն դեպքի համար, եթե հանկարծ դրսից միամիտ մեկը լուրջ ընդունի կամ առիթից օգտվելով՝ փորձի խցկվել առանձնաշնորհյալ ոլորտները։

Հ․Վարդանյանը, ի դեպ, չթաքցրեց, որ փողերը պիտի իրեն բերեն։ Հասկանալի է, որ անհամեստություն է անում։ Աբշագը, ըստ կարգի, տնօրինելու է Սահմանադրությամբ գողը, իսկ Հրանտին կմնա այն չափով, որչափ մնում էր ծխախոտի գործարանի պահեստապետ եղած ժամանակ՝ ձախ եկամուտից։ Ասել է թե՝ ամեն «Սալյուտի» տուփի համար մեր հավելավճարի 20 տոկոսի չափով։ Երեսուն կոպեկի դիմաց 40 վճարելով եւ օրը 1֊2 տուփ ծխելով՝ մեր սերնդի ամեն ծխող տղամարդ միայն Հրանտին մուծել է 500֊1000 դոլար։ Այո, ուրիշի գրպանի փողերը հաշվելը պարկեշտ զբաղմունք չէ, բայց մեր հազարներից գոյացած նրա միլիոնների մասով գուցե թե կարող էինք ակնկալել, որ սույն հայրենասերը (որ տեր է կանգնել նաեւ բանտ նետած գեներալի բիզնեսին), ոտքի կանգնեցներ, ասենք, Հայաստանի էլեկտրամեքենաշինությունը, այլ ոչ թե ծխախոտի արտադրությունը, ինչի անհրաժեշտությունը երբեք չի եղել։

Հասկանալի է դարձյալ, որ խելացի չէ մարդուն խորհուրդ տալ փողը որտեղ դնի եւ որտեղից հանի։ Բայց քանի որ Հայաստանի հայերով այդ փողի հետ կապ ունեցել ենք (նաեւ մեր առողջության հաշվին), նաեւ այն պատճառով, որ մեր ջղերը քայքայեցին այն տարիներին, երբ Հրանտի նմանները Հայաստանում չէին, այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, կարծում եմ, իրավունք ունենք ակնկալելու, որ նրանք գոնե ձենները կտրած իրենց փողը սարքեն ու չխոսեն հայերից ու Հայաստանից։ Մեղք ենք։