Գլուխ VI (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)

Գրապահարան-ից

Սպիտակ առաջնորդը
◀ Գլուխ V (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ) Գլուխ VII (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ) ▶


Գլուխ VI

Բոլոր նրանք, ովքեր ձիերով էին, հետևեցին որսորդին, որն ուղիղ սլանում էր հովտից դեպի վեր, դեպի սարահարթ տանող կածանը։ Այդ կածանը կտրուկ ոլորապտույտներով վեր էր բարձրանում քարափներով և, դրանից բացի, այստեղից այլ ճանապարհ չկար դեպի սարահարթ: Նույնպիսի ճանապարհ էր անցնում հակադիր քարքարոտ լանջով։ Այդտեղ կարելի էր հատել հովիտը. չորս կողմը, մի քանի մղոն հեռավորության վրա, դա սարահարթի մի կողմից մյուսը տանող միակ ճանապարհն էր։

Ընդամենը հազար ոտնաչափ էր բաժանում հովիտը սարահարթից, բայց դեպի վեր տանող կածանը ձգվում էր գրեթե մեկ մղոն երկարությամբ, և քանի որ տոնախաղերի համար նախատեսված տեղը ժայռի ստորոտներից մի քանի մղոն հեռավորության վրա էր գտնվում, ապա Կառլոսին ուղեկցում էին միայն ձիավորները, և էլի մի քանի մարդ, որոնք որոշել էին ինչ գնով էլ լինի իրենց աչքերով տեսնել այդ վտանգավոր փորձության բոլոր մանրամասնությունները։ Սպաները, հասկանալի է, կածանով բարձրացողների թվում էին: Ներքևում մնացած հանդիսականները շարժվեցին դեպի քարափները, որպեսզի բաց չթողնեն այդ տեսարանի ամենահետաքրքիր ու հուզիչ մասը։

Արդեն մեկ ժամից ավելի էր անցել, իսկ ներքևում մնացած մարդիկ դեռ սպասում էին, բայց նրանք ժամանակն իզուր չէին կորցնում։ Թղթամոլները նստեցին մոնտե խաղալու, ձեռքից ձեռք անցնելով՝ փայլփլեցին ոսկե ու արծաթե դրամները։ Ամենամոլի խաղացողների թվում էին երկու հայր միսիոներներ։ Իսկ սիրունիկ սինյորինաները սկսեցին իրենց սիրելի, հանգիստ ու պարզ չուսան։ Երկու ուժեղ աքաղաղների կռիվը (դրանցից մեկն ալկալդինն էր, մյուսը քահանայինը) լրացրեց հաջորդ կես ժամը։ Այդ մրցման մեջ հաղթող դուրս եկավ եկեղեցու ներկայացուցիչը: Նրա մոխրագույն աքաղաղը մի հարվածով սպանեց ալկալդի շիկակարմիր աքաղաղին, երկար ու պողպատի նման ամուր կտուցով նա հարվածեց հակառակորդի գլխին: Ներքևում մնացած բոլոր մարդկանց, նույնիսկ սինյորինաներին, շատ դուր եկավ այս հետաքրքիր ու հաճելի տեսարանը, բոլորին, բացի ալկալդից։

Աքլորակռիվն ավարտվեց, և բազմության ուշադրությունը նորից շեղվեց դեպի սարահարթ բարձրացող մարդկանց խումբը: Նրանք արդեն հասել էին ժայռի եզրին և նրանց շարժումներից հասկացվում էր, որ պայմանավորվում են այդ չլսված գրազի պայմանների մասին։ Եկեք միանանք նրանց։ Բիզոնների որսորդն առաջ անցավ ու ցույց տվեց այն տեղը, որտեղ ուզում էր իրագործել իր հանդուգն որոշումը։ Վերևից, սարահարթից, ժայռերը չեն երևում, և նույնիսկ հովիտը՝ հազար ոտնաչափ խորությամբ այդ վիթխարի անդունդը չես տեսնի, եթե թեկուզ մի հարյուր ոտնաչափ ետ կանգնես ժայռի եզրից։ Այստեղ ոչ մի լանջ կամ թեքատ չկա։ Ամենուրեք միատեսակ կանաչ մարգագետինը սարահարթով, տարածվել է մինչև անդունդի հենց եզրը։ Այն ամբողջովին հարթ է, խոտն այստեղ ճիմի նման խիտ է ու գետնին կպած: Այստեղ ձին ոչ մի բանի դեմ առնել չի կարող փոսեր ու քարեր չկան։ Այդպիսի վտանգ նրան չի սպառնում։

Ընտրված տեղը, ինչպես ասվեց, հրվանդանի էր նման, որն առաջ էր ցցվել խախտելով քարափի կանոնավոր ուրվագիծը: Ներքևից՝ հովտից, այդ դուրս ցցված մասն իսկույն աչքի էր զարնում։ Իսկ այստեղ, վերևում, դա սարահարթի շարունակությունն էր կազմում, որը դուրս գցած լեզվի նման առաջ էր ձգվել։

Կառլոսն ամենից առաջ մոտեցավ նրա հենց եզրին և ուշադրությամբ զննեց գետինը։ Այն շատ լավ վիճակում էր ոչ այնքան ամուր, որ ձիու սմբակները սայթաքեին, և ոչ էլ այնքան փխրուն, որ խրվեին նրա մեջ։

Կառլոսին ուղեկցում էին Վիսկարրան, Ռոբլադոն և ուրիշները։ Շատերը մոտեցան ընտրված տեղին, բայց ահավոր անդունդի եզրից պատկառելի հեռավորության վրա կանգնեցին։ Եվ չնայած նրանք արդեն երկար տարիներ է, ինչ ապրում էին այստեղ վեհասքանչ ու դաժան լանդշաֆտների մեջ. բայց չէին համարձակվում մոտենալ այդ ահավոր քարափի եզրին ու ներքև նայել։

Որսորդի ձին կանգնել էր ժայռի հենց ծայրին, և Կառլոսը հանգիստ, կարծես առվի ափին կանգնած, ցույց էր տալիս, թե որտեղ է պետք քաշել սահմանագիծը։ Ձին նույնպես անհանգստության նշաններ ցույց չէր տալիս։ Իսկույն զգացվում էր, որ նա լավ է վարժեցված ու սա նրա համար նորություն չէ։ Մերթ ընդ մերթ, ձգելով պարանոցը, նա ներքև՝ դեպի հովիտն էր նայում և այնտեղ տեսնելով իր եղբայրակիցներին, զիլ ձայնով խրխնջում էր։ Կառլոսը նրան դիտավորյալ էր պահում ժայռի պռնկին, որպեսզի մինչև դժվարին փորձությունը նա վարժվի այստեղ։

Բայց ահա սահմանագիծն էլ է արդեն քաշված. նրա և անդունդի եզրին աճած վերջին խոտերի միջև եղած հեռավորությունը ձիու երկու իրանի համապատասխանող երկարությունից էլ պակաս է։ Վիսկարրան ու Ռոբլադոն ուզում էին պակասեցնել այդ տարածությունը, բայց, որպես պատասխան, մարդկանց մեջ անհավանության շշնջյուն անցավ և նույնիսկ ցածրաձայն ու խուլ «ամոթ է» բացականչություններ լսվեցին:

Ինչի՞ էին ձգտում սպաները։ Բազմության մեջ ոչ ոք չգիտեր։ Բայց բոլորն էլ զգում էին, որ նրանք ուզում են կործանել բիզոնների որսորդին։ Դրա համար նրանցից յուրաքանչյուրն ուներ իր պատճառները: Նրանք երկուսն էլ չէին կարողանում տանել Կառլոսին։ Այդ ատելության պատճառը կամ պատճառները բոլորովին վերջերս էին ծագել, Ռոբլադոյի մոտ՝ նույնիսկ ավելի ուշ, քան բերդակալի մոտ։ Վերջին ժամվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը կատաղության էին հասցրել նրան: Նա նկատել էր, թե Կառլոսն ինչպես էր թափահարում սպիտակ թաշկինակի և, կանգնած լինելով նստարանների մոտ, տեսել, թե ում էր ուղղված հրաժեշտի այդ նշանը: Զգալով այդ ամենը, զարմանքն ու ատելությունը փոթորկեցին նրա հոգում, և նա Կառլոսի հետ սկսեց ամբարտավան ու կոպիտ խոսել։

Որքան էլ հրեշավոր լինի այդ ենթադրությունը, այնուամենայնիվ, եթե որսորդը գահավիժի անդունդը, նրանք երկուսն էլ՝ և Ռոբլադոն և Վիսկարրան միայն ուրախ կլինեն։ Անկասկած դա սարսափելի է, բայց այդպիսին էին այն ժամանակվա մարդիկ, և դրանում ոչինչ անհավանական չկա։ Ընդհակառակը, նման բարբարոս ցանկությունը, և նույնիսկ առավել անմարդկային արարքները հազվադեպ չեն նաև հիմա՝ Նոր Մեքսիկայի երկնքի տակ։

Այլոց հետ սարահարթ բարձրացած երիտասարդ անասնապահը պնդում էր, որպեսզի խաղն ընթանա ազնիվ ու բոլոր օրենքներով։ Պարզապես լինելով մի հասարակ անասնապահ, թեկուզ և հարուստ, նա քաջ մարդ էր ու Կառլոսի իրավունքներն էր պաշտպանում նույնիսկ բեղավոր սպաների մոտ։

– Լսիր Կառլոս,– բղավեց նա այն պահին, երբ լրիվ թափով առաջ էին գնում նախապատրաստությունները։– Կասկածից դուրս է, որ դու պատրաստ ես գնալու այդ խելագարությանը։ Քանի որ ինձ չհաջողվեց համոզել քեզ, ապա ես արգելք չեմ հանդիսանա քո այդ քայլին։ Բայց բոլոր դեպքերում այդպիսի դատարկ բանի համար քեզ վտանգի մի ենթարկիր։ Ահա վերցրու իմ քսակը։ Գրազ եկ որքան ուզում ես։ Այդ ասելով նա որսորդին մեկնեց լիքը քսակը. երևում էր, որ նրա մեջ շատ փող կար։

Մի պահ Կառլոսը լուռ նայեց քսակին։ Մեծահոգի առաջարկությունը ուրախացրեց նրան։ Ամեն ինչից երևում էր, որ նա խոր զգացվել է երիտասարդի առաջարկից։

– Ո՛չ,– ասաց նա վերջապես,– ո՛չ, դոն Խուան։ Ամբողջ սրտով շնորհակալ եմ քեզանից, բայց վերցնել քսակը չեմ կարող... Մեկ ոսկի դրամ, ոչ ավելի։ Ես կուզենայի բերդակալի գրազի դիմաց մեկ ոսկի դնել։

– Վերցրու որքան ուզում ես։

– Շնորհակալ եմ, դոն Խուան: Միայն մեկ ոսկի։ Մեկն էլ ես ունեմ, նշանակում է կլինի երկուսը... Երկու ոսկի։ Ազնիվ խոսք, երբեք ես այդքան մեծ փողով գրազ չեմ բռնել... Լսո՞ւմ եք։ Աղքատ որսորդը երկու ոսկի է գրավ դնում։

– Դե լավ, եթե դու չես ուզում, ապա ես այդ կանեմ... Գնդապետ Վիսկարրա,– բարձրաձայն բերդակալին դիմեց դոն Խուանը։– Կարծում եմ դեմ չեք լինի ետ վերցնեք ձեր խաղագումարը։ Կառլոսը մեկ ոսկի է դնում, իսկ ես առաջարկում եմ տասը։

– Համաձայն եմ,– չոր պատասխանեց բերդակալը։

– Կհամաձաքնվե՞ք կրկնապատկել խաղագումարը:

– Համաձայնվե՞լ,– կրկնեց Վիսկարրան կատաղած, որ ականատեսների ներկայությամբ այդպես են խոսում իր հետ։– Քառապատկենք այն, պարոն, եթե ձեզ հարմար է։

– Լավ, քառապատկենք,– անմիջապես մրցահրավերն ընդունեց դոն Խուանը։– Քառասուն ոսկի եմ դնում Կառլոսի հաղթանակի համար։ – Բավական է։ Հանեք փողերը։

Ոսկե դրամները հաշվեցին, հանձնեցին ականատեսներից մեկին ու ընտրեցին մրցության դատավորները։

Ահա արդեն բոլոր նախապատրաստություններն ավարտված են։ Հանդիսականները ետ քաշվեցին դեպի սարահարթ և հրվանդանը թողեցին բիզոնների որսորդի ու նրա ձիու տրամադրության տակ։