Երկու կրակոց
հեղինակ՝ Լևոն Խեչոյան |
Երբ ավագ հորեղբայր Սարգիսը երրորդ անգամ մեր ծերացած շանը դրեց ապրանքատար գնացքի վագոնը եւ ուղարկեց պատահական հեռուները, հայրս, այդ օրը գյուղից հեռացող դռնփակ վագոնից լսվող շան ոռնոցն ականջների մեջ, առա վոտից մինչեւ ուշ գիշեր սարսափելի խմեց գյուղի ճաշարանում։ Պատերը բռնած դուրս էր եկել ճաշարանից ու դեմը՝ քիչ հեռվում տեսել էր օդեղեն, օդի մեջ վառվող, օդի միջով գնացող մի կրակ։ Գնացել էր կրակի ետեւից, կրակը գնացել, հասել էր Մամբրեի տան դուռը։
Երբ այդ գիշեր հայրս քնեց պատերազմի հերոս Մամբրեի կնոջ հետ, ամբողջ գյուղով մտածում էին, որ լուրն առած Մամբրեն կգա ու կգնդակահարի հորս։ Բայց նավթաբազայի պահակ Մամբրեն, հրացանն ուսած, ջորին ետեւը գցած, սովորականի նման եկավ, ճաշեց ու գնաց իր գործին։ Գյուղացիք կասկածեցին նրա հերոս լինելուն ու շքանշանների ճշմարտացիությանը, հասկացան, որ այսքան տարիներ Մամբրեի խստությունը դեմքի վրա է՝ առերեւույթ, հետո հիշեցին, որ նրա պահակության այս քան երկար տարիների ընթացքում ոչ մի անգամ չեն տեսել, որ նա ջորին նստած գյուղի միջով անցնի֊դառնա։ Ասին՝ ջորին պահում է, որ հետը զրույց անի, եւ անունը դրին Ջորի Մամբրե։
Երբ գյուղացիք պատահական զրույցների մեջ նրա կնոջ անունը հիշելիս սկսեցին կոչել բոզ Ուղափ, դպրոցի տնօրեն Ասքանազը, որին նույնիսկ գիշերով, ցեխ օրերին չէին տեսել սեփական կնոջը թեւանցուկ, գյուղի միջով անցնելիս, էլ չսպասեց, մանկխորհի նիստ հրավիրեց ու հորս կանչեց դպրոց։ Ասել էր՝ դիպլոմ չունես։ Հայրս ասել էր՝ կրակը որ չլիներ, ոչինչ էլ չէր պատահի։
Ֆիզիկայի եւ քիմիայի ծեր ուսուցիչները ապացուցել էին, որ լողացող կրակի մասին հորս տեսությունը բարբաջանք է, ուղեղի հիվանդություն, բուրժուական իդեալիզմին հարող մտա ծողություն եւ մարքսիզմի հիմքերը խարխլող։ Գրականության ուսուցչուհին ասել էր՝ մի րոպե էլ ենթադրենք, թե կրակը եղել է, բա ինչո՞ւ մի անգամ էլ Ասքանազ Երեմիչին չի տարել բոզ Ուղափի տունը։ Վերջում նիստի մասնակիցներից ներողություն է խնդրել «բոզ» բառի համար։ Եվ նկարչության ուսուցիչ հորս ազատել էին աշխատանքից։ Ասել էին՝ մարդ պիտի հոգով մաքուր լինի, ոչ թե մեղքերը գցի շան ու կրակի վրա։
Մայրս նեղացած, այլեւս չվերադառնալու որոշումով, գնացել էր հորանց տուն։ Բայց երբ նրա եղբայրները գյուղի կամրջի մոտ ուզածի չափ ծեծել էին հորս, մայրս այդ օրը վերադարձավ տուն, պաղ շուրթերով համբուրեց ճակատս, նրա շուրթերի սառնությունից հասկացա, որ նա տուն է եկել ինձ համար, եւ հայրս այս աշխարհում միայնակ է։
Մենք՝ հորս հետ երկու շաբաթ անընդհատ յուղաներկով նկարած մերոնց միամիտ կեցվածքով դիմանկարները կապում էինք ու տանում Ախալքալաքի շուկան, շարում ձու եւ հավ վաճառողների դույլերի ու արկղերի կողքին։ Մի անգամ հարցրի․ «Մի՞թե օդեղեն կրակ կա, շարժվող»։ Ասաց․ «Չգիտեմ, լավ չեմ հիշում, մեկ էլ որ տեսա, քեզ անպայման կպատմեմ…»։ Երկու շաբաթվա ընթացքում նրա ամենալավ կտավները վաճառեցինք։ Ախալցխա յի կողմից եկած վրացի միրգ վաճառողներն առնում էին պճնազարդ հագուստներով մերոնց դիմանկարները՝ շփոթած Թամար թագուհու հետ։
Մի օր՝ վերադարձին, հայրս ասաց՝ էլ չենք գնա։ Այդ օրը գյուղի ճաշարանում նա դարձյալ հարբեց․ այս անգամ վաճառած կտավների համար ու երեկոյան տուն գալով՝ հարձակվեց ավագ հորեղբայր Սարգսի վրա, որը միայն պաշտպանվում էր հորս թույլ հարվածներից։ Իսկ հայրս ամեն մի հարվածի հետ գոռում էր՝ քո ոտքերը լիզող շունն ո՞ւր է։ Սարգիսս երկու անգամ մեր ծերացած շանը դրել էր ապրանքատար գնացքի վագոնի մեջ եւ ուղարկել անհայտ ուղղությամբ։ Երկու անգամ էլ ութ֊տասը օր անց, վերադարձել էր շունը, թավալվել նրա առաջ ու լիզել ոտքերը։ Երրորդ անգամ նա ավտոդող էր գցել վագոնի մեջ ու շանը պինդ կապել դողից, եւ գյուղից հեռացող դռնփակ վագոնից լսվում էր շան աղեկտուր ու ձիգ ոռնոցը, եւ նա այլեւս չվերադարձավ գյուղ։
Տատս, սարսափած ավագ եղբոր վրա հարձակված հորս արարքից, մի երկու անգամ ապտակեց հորս ու նրան անվանեց՝ դուրս ընկած անառակ շուն։ Մի քանի հոգով նրան քաշքշելով ուզում էին դուրս գցել, իսկ նա ամաչում էր, որ ես այդ ամենը տեսնում եմ։ Աջից, ձախից պաշտպանվելով՝ գոռում էր՝ տղայի մոտ մի արեք։ Մի քանի անգամ դրսից բռունցքներով հարվածեց դռանը, ու տատիս գոռաց․ «Աբա, մանչու դեմ մի արեք, մանչը մեղք է…»։ Ներսից չէին պատասխանում, հետո երկար ու պաղ լռու թյուն էր քսվում մեր դրսի դռանը։ Մայրս դաշտային աշխատանքներից շատ էր հոգնում, պառկելուն պես քնեց ու քնի մեջ տնքում էր, իսկ ես ցանկանում էի դրսում՝ մութ լռության մեջ մնացած հորս թափառող կրակը կրկին գտնել։
Այդ գիշեր՝ պաղ մթան մեջ, նրան դարձյալ երեւացել էր օդեղեն կրակը, եւ նրա ետեւից կրկին գնացել էր բոզ Ուղափի տունը։
Զվարթն ասում էր՝ ինքը գիտե, որ հայրս եկեղեցին նկարազարդելու է Ուղափի «պատվին»։ Նա ինքը չէր լսել, նրան ասել էր Էսթերը, իսկ Էսթերի ընկերուհու հարեւանը՝ Լիլիթը լսել էր Պերճուհուց, որ բոզ Ուղափի հետ միեւնույն գոմում կովկիթ էր։ Միայն Զվարթը չէր այդ կարծիքին, այդպես էին մտածում ամբողջ գյուղում։
Գյուղի եկեղեցին դուռ չուներ, մենք հորս հետ ազատ ելումուտ էինք անում։ Այդ օրը հայրս ասաց, որ աշխարհահռչակ Միքելանջելոն էլ է եկեղեցու պատերին նկարներ արել։ Ու նա պատերին վստահ ծաղկազարդ գծանկարներ էր անում։ Բայց այդ օրը գյուղի հրավիրած արտահերթ նստաշրջանը կտրականապես որոշեց եկեղեցուն դուռ դնել՝ կողպեքով։ Մի քանի ակտիվիստ կուսակցականներ կարճ ժամանակում գործը վեր ջացրին։
Նստաշրջանն օրակարգում ունեցել էր երկու հարց՝ ա) դաշտային մկների դեմ պայքար կազմակերպելու մասին, բ) Ալաշկերտցոնց Սիմոնը՝ որպես հակահասարակական տարր։ Վերջինիս վերաբերյալ իր որոշումն արձանագրել էր․ «Ելնելով վերոհիշյալ դեպուտատների զեկուցումներից՝ պարզ է դառնում, որ Ալաշկերտցոնց Սիմոնի խելառությունը քանի գնում, վտանգավոր է դառնում գյուղի կանանց համար, ուստի նրա բանտարկության համար եկեղեցուն դուռ դնել…»։
Ալաշկերտցոնց Սիմոնն ապրում էր սրա֊նրա գոմում, մի փոր հացով աշխատում էր ում համար պատահեր։ Ապրիլ, մայիս ամիսներին վազում էր փողոցով անցնող կանանց հետեւից ու բարձրացնում նրանց փեշերը։ Այդ ամիսներին նրան գցում էին անդուռ եկեղեցին ու ասում էին՝ դուրս չգաս, թե չէ կամորձատենք, դուռն էլ փակ է։
Խելառ Սիմոնը հավատում էր դռան փակ լինելուն, երկու ամիս նստում էր եկեղեցում, մինչեւ որ նրա միջից կորում էր շրջազգեստ բարձրացնելու ցանկությունը։ Տղաներով հավաք վում էինք եկեղեցու դռանը, ասում էինք, որ շուտով նրան ամորձատելու են, ու նա մուսուլման է դառնալու, որ Ուղափն այլեւս նրան այդ վիճակով տեսնել չի ցանկանա։ Սիմոնը զայրանում էր, եկեղեցու երեւակայական ճաղերից էր բռնում, թափահարում, թունդ հայհոյում աշխարհի մուսուլման ազգին ու մեզ, իսկ մենք ճիպոտահարում էինք եկեղեցու պատերը, երեւակայական դռան ճաղերը ու հայհոյել սովորում։ Նա շատ էր վախենում գլխաբաց մնալուց, նրա կարծիքով գլխաբաց մնալը նշանակում էր մուսուլման դառնալ։ Բանտարկությունից ազատ օրերին, երբ արդեն խելոքացած էր լինում, գնում էր կոլտնտեսության ֆերման եւ առավոտից իրիկուն աշխատում էր բոզ Ուղափի համար։ Գյուղացիներից մեկնումեկը կուզեկուզ մոտենում էր նրան ու թռցնում գլխարկը, մեկ էլ գյուղով մեկ տարածվում է նրա աղերսագին կանչը՝ շափխաս տարա՜ն, հե՜յ, Ուղափ, հասի՜, հե՜յ։ Հավաքվածները ծիծաղում, հռհռում էին։ Ծերունիներն ասում էին՝ ջարդը տեսած մարդուն տանջելը աստծո առաջ մեղք է։ Իսկ հաջորդ օրվանից արտահերթ հրավիրված նիստի որոշմանը տեղյակ գյուղացիները փողոցում այլեւս չէին բարեւում հորս։ Նույնիսկ նրա հույս ներշնչող աշակերտները, որոնց հետ անհատական պարապմունքներ էր անցկացնում տանը, այլեւս չեկան մեր տուն ու փողոցում չտեսնելու էին տալիս նրան։ Պիպոն վարսավիրանոցի պատուհանից տեսել է, որ հայրս գնում է մազերը կտրելու, կողպեքը ձեռքին դուրս է եկել, ասել է․ «Երվանդիս փոքր մանչը էրթիկից ներս է ընկել, գնում եմ հիվանդանոց, կարող է ապելացի անեն։ Մեծ բերան Սեթոյի աղջկանից հարս կլինի՞, երեխա պահող կլինի՞, մի ասա՝ երեխան կտուրը ինչ գործ ունի։ Ես ձեր ցեղը…»։
Հայրս երկար կանգնեց եկեղեցու փակ դռան առաջ ու որոշեց բարձրանալ եկեղեցու գմբեթ՝ ծռված խաչն ուղղելու։ Նա եկեղեցու բարձունքում խաչի մոտ աշխատում էր, իսկ մենք, հավաքված գյուղացիների հետ, ձեռքով աչքներիս շվաք արած, նայում էինք նրան։ Լուրը հասել էր մեր տուն, հունցելը կիսատ թողած, խմորոտ ձեռքերով տատս, ավագ հորեղբայր Սարգիսս նրան խնդրում էին, որ ցած իջնի։ Խոստանում էին, որ այսօրվանից տան դուռը բաց կթողնեն, եւ երբ ուզի՝ հայրս կարող է տուն գալ։ Մայրս չկար… Գյուղխորհրդի նախագահ Միսակի պատվե րով մի քանի հոգի, պարաններն առած, մագլցեցին սանդուղքով վեր, բայց կեսին չհասած՝ նորից ցած իջան․ բարակ ու երկար սանդուղքը սարսափելի ճոճվում էր։ Միսակը գոռաց հորս, խոստացավ, որ եթե ցած իջնի, եկեղեցու դուռը բացել կտա, ու հայրս բոզ Ուղափի չէ, ուզում է՝ Ախալքալաքի բոշա կանանց պատվին թող նկարազարդի, հետո սպառնաց, որ եթե ցած չիջնի, շրջկենտրոնից հրշեջ մեքենա կանչել կտա եւ ծեծելով կիջեցնեն։ Հայրս շուռ եկավ, մի քանի անգամ թփթփացրեց հետույքին։ Գյուղացիք, Միսակին նման վիրավորանք հասցնելուց հիացած, ծիծաղում էին։ Ինչ֊որ մեկն առաջարկեց եկեղեցու զանգերը քաշել, ասին՝ այնտեղ էդ ձենին երկար չի դիմանա, իր ոտքով կիջնի։
Երկար տարիներ լռած զանգերը՝ անտակտ ու անկապ, երկար, շատ երկար դղրդում էին։ Արդեն երեկոյան կողմ հայրս թափահարում էր ձեռքը, որ դադարեցնեն, ինքն իջնելու է։ Դեմքին սարսափելի տանջանք կար ու հոգնածություն։ Զանգերը շարունակում էին դղրդալ, զանգ քաշողները սպասում էին հեռվում կանգնած Միսակի որոշմանը։ Միսակը հապաղում էր, գյուղ խորհրդի նախագահ Միսակը ծխում էր ու հապաղում։ Հայրս գրպանից սպիտակ թաշկինակ հանեց, հավաքվածները ծիծաղում էին, ինքն էլ ծիծաղեց։ Այդ պահին օդեղեն կրակը հանկարծ շրջան շրջանի ետեւից պտտվեց գմբեթի շուրջը։ Ֆիզիկայի ծեր ուսուցիչը ահաբեկված ժողովրդին գոռաց, որ չվախենան՝ դա պոչավոր, տեղից տեղ շարժվող կայծակ է։ Օդե ղեն կրակը, երկու շրջան անելով գմբեթի շուրջը, հեռանում էր։ Հայրս հապշտապ, անկայուն քայլերով գնաց նրա ետեւից։ Այդ օրը աշխարհը ներկող մի կարմիր գույն եկել, թպրտում էր նյարդերիս մեջ։
Սալերի վրա ջարդված հորս մարմնի շուրջը հավաքվածները, քարերի արանքով վազող կարմիր գույնից սարսափած, լռում էին։ Գյուղի հեռավոր թաղերից հանկարծ լսվեց սահմռկեցուցիչ մի աղաղակ՝ շափխաս տարա՜ն, հե՜յ, Ուղա՜փ, հե՜յ։
Հորս ջարդված դին տարան տուն, ու գյուղացիներից ոչ մեկը չէր հավատում, որ կյանքն այդքան շատ սիրող հայրս այդպես ինքնիրեն վերջ տար։ Ասում էին՝ տեսա՞ք, նույնիսկ ծիծաղեցնելու համար թաշկինակն էր թափ տալիս։ Նրանք այն կարծիքին էին, որ ոտքն է սղացել կամ օդի միջով հոսող չարաբաստիկ կրակն է նրան գցել։ Նրանց այդ միտքը հաստատող մի կարեւոր փաստ եւս պարզվեց․ հոսող կրակը հեռանալիս՝ գյուղի հեռավոր թաղերում գտել էր խելառ Սիմոնին ու իր հետ տարել նրա գլխարկը։
Այդ օրը, արդեն մթնով, հերարձակ Ուղափը, ամուսնու հրացանը ձեռքին, մտել էր եկեղեցու բակը ու երկու անգամ կրակել էր գմբեթի վրա։
Հաջորդ օրն առավոտյան արնաթաթախ մի թռչուն էր նստած դպրոցի բակի խնձորենու ծառին։ Քանի որ գյուղացիներից ոչ մեկը չէր տեսել, որ արագիլը ծառին նստի, համարեցին, որ դա հրեշտակ է՝ արագիլի կերպարանքով՝ հորս ոգին։ Ասում էին՝ բոզ Ուղափը եկեղեցու խաչի շուրջը դեռ սավառնող հորս ոգուն անվրեպ խոցել, սպանել է գմբեթին արձակած գնդակներով։
Հետո շատ ուշ, տարիներ անց ծնվեց տղաս։ Նա պարբերաբար՝ ամիսը մեկ֊երկու անգամ, աղաղակելով քնից վեր էր թռչում ու ասում, որ հարազատ մի մարդ եկեղեցու գմբեթից ցած է ընկ նում․ ձեռքին սպիտակ թաշկինակ կար։ Մայրս հորս պատ մու թյունը համարում էր մեր տոհմի սեւ կետերից մեկը եւ արգելել էր տղայիս որեւէ բան պատմել։ Նա այդպիսի օրերին լացա կու մած տղային պառկեցնում էր կողքին, սառը տեղաշորի մեջ ու համո զում, որ այդպիսի բան չի կարող պատահել․ մեզ որտեղի՞ց նման հարազատ։