Կալիգուլա
հեղինակ՝ Արծրուն Պեպանյան |
Բովանդակություն
Գլուխ առաջին
Խավարին տարփալիորեն տրված Կապիտոլիումի իմպերատորական պալատի սյունազարդ պատշգամբում, որից ներս կեսարի աղոտ լուսավորված ննջարանն էր, մութ բազմոցին ձյութի պես սև, գլխահակ մի ուրվական էր հազիվ նշմարվում, որն իր գրկի մեջ օրորում էր իր պես սև մի մարմին, ու տղամարդու խեղդվող հեկեկանք էր տարածվում եթերի մեջ, որն այդ օրը խիտ էր կաթնամշուշով։
Վահանակիր ու նիզակազեն գիշերապահներ էին երբեմն անցուդարձում ցածում՝ նոճեզր լճակների երկյուղած հայելիների վրա արտացոլեցնելով իրենց ջահերը։ Անտեղյակ էին նրանք հանկարծամահությանը Դրուսիլիայի, որ նոր-նոր հոգեզերծվել էր գրկում սիրելի եղբոր՝ իմպերատոր Գայոս Կեսար Գերմանիկոսի, ում հետ կառավարել էր երկիրը խաղաղորեն ամբողջ երեք տարի։ Ու ժամանակը կարճելու համար գիշերապահները շշուկով միմյանց պատմություններ էին անում Տիբերիոսի վաղ պատերազմների և կամ Հրեաստանում պատահած զարմանահրաշ իրադարձությունների մասին, կատակում ու ծիծաղում կիսաձայն, իսկ այդ նույն ժամանակ քրոջ արագորեն պաղող մարմինը կրծքին սեղմած՝ աշխարհից թաքուն իր վիշտն էր ողբում տիրակալն այդ նույն աշխարհի։ Ոչ ոք չէր տեսնում նրա դեմքը՝ արտասուքով ողողված, չէր լսում հոգու խորքից ելնող խոսքերը սրտակեղեք, որ անէանում էին խավարի մեջ՝ տաք ինչ-որ բանի դիպչող ձյունեփաթիլի նման.
― Դու մենակ ես թողնում ինձ, տառապանքի՛ իմ ընկեր և իմ սիրուհի՛, որ չունեիր քո նմանը լուսնի տակ։ Ես ինչպե՞ս եմ դիմանալու վշտին այս ժանտ, ինչպե՞ս եմ ապրելու այսուհետ առանց քեզ։ Եվ ինչի՞ս է պետք լուսաբացը՝ այլևս անիմաստ, երբ արթնանալով՝ աստվածային քո դեմքը չեմ տեսնելու անկողնուս մեջ, չեմ արբենալու այլևս սիրուց քո հորդուն, ծիծաղը չեմ լսելու քո հրայրքոտ ու խորհուրդները՝ իմաստուն։ Տառապանքի իմ ընկեր և իմ կեսարուհի, դու մենակ ես թողնում ինձ ու սիրտս պատռվում է, ահա, ողբից մեր սուրբ ընտանիքի, որից միայն ես մնացի աշխարհի դեմ այս անողոք։
Նա գլուխը թաղեց քրոջ վարսերի մեջ ու ցնցվեց անձայն։ Հետո քնքշորեն հարդարեց նրա մազերը, համբույր դրոշմեց լուսնագունած նրա դեմքին։
― Հիշու՞մ ես՝ որքան երջանիկ էր մեր ընտանիքը, Դրուսիլիա՛, որքա՜ն փաղաքուշ էին մեր ծնողները,― այս խոսքերի հետ երանության թույլ մի ալիք երևակվեց վշտից տանջահար նրա դեմքին,― մեր մայր Ագրիպինան մեզ դայակներին չէր հանձնում և ինքն էր բոլորիս տանում զբոսանքի ու կարդում մեզ համար զարմանահրաշ պատմություններ, որ լսում էինք կլանված։ Երբ դու հիվանդացար դեղնախտով, նա այնպե՜ս էր տառապում քեզ համար, այնպե՜ս էր տառապում, որ հյուծվել ու փոխվել էր անճանաչելիորեն։ Օ՜, որքա՜ն գեղեցիկ էր նա, Դրուսիլիա, նու՜րբ. հիշու՞մ ես, մենք, վառվռուն մանուկներ, տնտղում էինք հանդիսություններին պալատ մտնող բոլոր կանանց, և նա միշտ ամենահմայիչն էր․․․ Իսկ մեր հայր Գերմանիկո՜սը․․․ Հիշու՞մ ես, երբ վերադառնում էր նա արշավանքից, մեզ նվերներ էր բերում բազմազան, ու չորսիս բազուկներին ու մեջքին առած՝ պտտում սրահներում։ Մենք երջանկությունից ճռվողում էինք թռչունների նման և ընկնելու ահից գրկում նրա պիրկ պարանոցը, որին գալլական նետի հիշատակ սպի կար մեծ։ Հիշու՞մ ես, մենք խմբվում էինք նրա շուրջը և խնդրում պատմել կռիվների մասին, ու մենք բոլորս փայտյա սրեր ունեինք, որով կոտորում էինք աներևույթ գալլերին․․․
Նա ափով սրբեց դեմքն ողողած արցունքները։ Նրա հոգին փոթորկվում էր քսան տարվա վաղեմության հուշերից։
― Ի՜նչ հայր ունեինք մենք, Դրուսիլիա, ի՜նչ հայր։ Ամենքը խոսում էին նրա արժանիքներից. նա գեղեցիկ էր ու քաջ, բարի էր անօրինակ, գիտեր ժողովրդի համակրանքը շահել և նրա սիրուն արժանանալ։ Հիշու՞մ ես, նա հունական կատակերգություններ էր գրել, որոնք մենք արտասանում էինք Ներոնի և Դրուսոսի հետ։ Նա մեծ փառք ուներ, բայց իրեն պահում էր որպես հասարակ քաղաքացի և շրջում էր առանց լիկտորների։ Նրան ամենքն էին սիրում, ու երբ նա որևէ տեղ էր ժամանում կամ մեկնում, դիմավորողների կամ ճանապարհողների շատությունից նրա կյանքը վտանգի տակ էր դրվում երբեմն։ Հիշու՞մ ես, երբ նա վերադարձավ Գերմանիայից, նրան դիմավորելու ելան պրետորիանների բոլոր կոհորտաները, թեև երկուսին էր հրամայված, իսկ հռոմեացի ժողովուրդը քսան մղոնի վրա դուրս էր թափվել դիմավորելու նրան։ Այն ժամանակ ասում էին, թե Օգոստոսը երկար ժամանակ տատանվել էր՝ չնշանակե՞լ արդյոք նրան իր ժառանգորդ, հետո Տիբերիոսին կարգադրեց որդեգրել նրան, որտեղից էլ սկսվեց մեր տան դժբախտությունը։
Նա դառնորեն գլուխն օրորեց, ու դեմքը կնճռոտվեց ջղաձգումից։ Եվ կուլ տալով արցունքները՝ անորոշ հայացքով նայեց դեպի խավարի խորքերը։
― Նա միակն էր հռոմեացիներից, ում արժանիքներով հավասարեցնում էին Ալեքսանդրին, և նրա չափ էլ ապրեց՝ մեռնելով նույն կերպ՝ թույնից։ Այն օրը, երբ նա մեռավ, Անտիոքի բնակիչները նրա կյանքն ավարտելու համար աստվածների վրա զայրացած՝ քարկոծեցին տաճարները, շրջեցին բագինները, ոմանք փողոց շպրտեցին տնային իրերը, ոմանք ծածուկ նետեցին-լքեցին նորածին մանուկներին՝ որպես դժբախտ օր ծնվածների։ Նույնիսկ բարբարոսները, որ պատերազմում էին միմյանց կամ մեր դեմ, դադարեցրին կռիվները, ասես միավորված ընդհանուր և բոլորի սրտին մոտ վշտով. որոշ իշխաններ սափրեցին իրենց կանանց գլուխները՝ որպես մեծագույն վշտի նշան, արքայից արքան հրաժարվեց իր մեծամեծների հետ որսորդությունից ու խնջույքներից։ Իսկ Հռոմում ժողովուրդը, ընկճված ու վշտաբեկ նրա հիվանդության մասին լուրից, սպասում ու սպասում էր նոր սուրհանդակների, և երբ մի երեկո լուր տարածվեց, թե նա նորից առողջ է, մարդիկ բազմությամբ, ջահերով ու զոհակենդանիներով նետվեցին Կապիտոլիում և քիչ էր մնում խորտակեին տաճարի դռները՝ ծարավի կատարելու իրենց ուխտը։ Ասում էին, թե Տիբերիոսն ինքը կեսգիշերին արթնացել է ցնծագին երգերից, որ լսվում էր ամեն կողմից. «Ո՛ղջ է, առո՛ղջ է Գերմանիկոսը. փրկված է Հռոմը և աշխարհն է փրկված»։ Իսկ երբ, վերջապես, հայտնի դարձավ, որ նա այլևս չկա, ոչ մի հորդորանք, ոչ մի հրամանագիր չէր կարող մեղմել ժողովրդի վիշտը, և նրա համար շարունակում էին ողբալ նույնիսկ սատուրնալիայի տոներին։ Եվ ամենքն ասում էին, թե բարձրացել է նա վեր ու դարձել աստղ՝ Հուլիոս Կեսարի նման։
Նրա կոկորդը սեղմվեց հոր մահը վերապրելու տառապանքից, ու ակամա նայեց երկինք, ասես հարազատ աստղն էր որոնում այնտեղ։ Ապա պինդ սեղմելով Դրուսիլիային գրկի մեջ, որպեսզի նա չսահմռկեր հետագա իր խոսքերից, շարունակեց՝ արտասվելով.
― Նրա մահից հետո մեր մայր Ագրիպինան, ում երակներով Օգոստոսի արյունն էր հորդում, բացատրություն էր պահանջում Տիբերիոսից, և արյունով շաղախված այդ հրեշի կարգադրությամբ պրետորիանների պրեֆեկտ Սեյանոսն այնպես հարվածեց նրան, որ աչքերից մեկը դուրս թռավ խոռոչից։ Օ՜, սարսափելի էր, Դրուսիլիա,― նա մի պահ գլուխը թաքցրեց քրոջ վարսերի մեջ, ասես նույն պատկերը հայտնվում էր աչքերի դեմ, ու դող համակեց նրան։― Ես այդժամ սրահում էի՝ վարագույրների ետևում, և ճչոցով ինձ չմատնելու համար մատերս կծեցի։
Անձրև մաղեց այդ միջոցին, երբեմն հեռու-հեռվում կայծակն էր թրատում մռայլ երկնակամարը, և իմպերատորական պարտեզի թաց ու ողորկ արձանները պսպղում էին նոճիների սաղարթների մեջ խճճված ցոլքերից։
― Մեր մայր Ագրիպինան իրեն սովի մատնեց, բայց Սեյանոսն ուժով նրա բերանը կերակուր էր լցնում ու ծեծում։ Նա մեռավ քաղցից ու վերքերից, ու որպեսզի մենք չմխիթարվեինք գոնե նրա շիրիմին այցելելով՝ թաղեցին նրան հեռավոր Պանդատերա կղզում։
Ատելության բռնկումից նրա ատամներն իրար զարնվեցին, և նա առժամանակ անկարող էր խոսել։
― Այսպես մենք որբացանք, Դրուսիլիա։ Մեր ավագ եղբայր Ներոնը, որ նոր էր տասնվեցը բոլորել, փոխարինում էր մեր ծնողներին՝ որքան կարող էր, բայց Սեյանոսի դրդմամբ Տիբերիոսը և՛ նրան, և՛ մեր մյուս եղբայր Դրուսոսին հայրենիքի թշնամի ճանաչեց ու բանտարկեց։ Օ՜, Դրուսիլիա, դրանից հետո եղավ սարսափելին. Տիբերիոսն ինձ, տասնամյա տղեկիս, պարտադրում էր ներկա լինել խոշտանգումներին ու մահապատիժներին, որ նրա համար կազմակերպում էին ամեն օր։ Ես անկարող էի տանել զարհուրելի այդ տեսարանների սարսափը, ունկերս խլանում էին մեռնողների սրտակեղեք կանչերից,― սոսկալի՜ էր,― մեռնողների արյունը ցայտում էր դեմքիս, քանի որ Տիբերիոսն ինձ դիտավորյալ մոտ էր կանգնեցնում։ Ես բղավում էի ամբողջ ուժով, Դրուսիլիա, փորձում էի փախչել, բայց նրանք բռնում էին ինձ, ես իմ թույլ ձեռքերով ծածկում էի դեմքս, բայց Սեյանոսի կարգադրությամբ պրետորիանները բացում էին աչքերս։ Ես թպրտում էի սարսափից ու ջղաձգվում, իսկ Տիբերիոսը քահ-քահ ծիծաղում էր ու կանչում սրահով մեկ, թե ի դեմս ինձ՝ իժ է սնուցանում հռոմեական ժողովրդի և Ֆաետոն՝ ողջ աշխարհի համար։
Սեյանոսի հրամանով իմ անկողնում, զգեստապահարանում, լոգարանում, ուր հնարավոր էր, մարդկային արնածոր վերջույթներ էին քողարկում, և ես ամեն վայրկյան սարսափի մեջ էի։ Իմ լվացարանում ջրի փոխարեն արյուն էին լցնում, լուսամուտներին ահասարսուռ դիմակ փակցնում։ Չկար մեկը, ում բողոքեի կամ օգնություն խնդրեի, և մահն ինձ համար բաղձալի փրկություն էր, բայց նրանք սպառնացել էին, թե կսպանեն քեզ, եթե վերջ տամ կյանքիս։ Ու ապրում էի միայն հանուն քեզ։
Մեր դժբախտ եղբայր Դրուսոսին, ում սովի էին մատնել, քաղցն այնպես էր տանջել, որ նա ներքնակի միջի ծղոտն էր կրծել-կերել։ Երբ նա մեռնում էր, Սեյանոսն ինձ քարշ տվեց նրա խուցը, ու ես սրտակեղեք լալիս էի, Դրուսիլիա։ Դու հիշու՞մ ես Դրուսոսին, քույր իմ. նա այնքան սիրունատես էր, որ Լիվիան Վեներայի տաճարին էր ընծայել նրա պատկերը Կուպիդոնի տեսքով, իսկ մյուսն իր ննջարանում էր դրել Օգոստոսը և ներս մտնելիս ամեն անգամ համբուրում էր այն։ Մինչդեռ այն, ինչ ես տեսա խցում, սահմռկեցուցիչ էր. ես քեզ երբեք չեմ պատմել այդ մասին՝ խղճալով քեզ, ու հիմա էլ չեմ ուզում պատմել, որպեսզի չմթագնեմ դեպի աստվածներ տանող քո ուղին։
Նա ետ տարավ Դրուսիլիայի դեմքը ծածկող մազափունջը, փաղաքշեց նրա դեմքը, ճակատի փղոսկրե սպիտակությունը, նուրբ պարանոցը, ուսերի աստվածային կորությունը և գլուխը նրա գլխին հպած՝ օրորեց քնքշորեն։ Արտասուքի խոշոր կաթիլներ էին գլորվում նրա աչքերից՝ արծաթյա գնդիկների նման։
― Այսպես Դրուսոսը մեռավ քաղցից, իսկ Ներոնը ստիպված էր վերջ տալ կյանքին, երբ սենատի կամքով նրա մոտ հայտնվեց դահիճը՝ օղակով ու կախելու կեռերով․․․
Գիշերները ես չէի կարողանում քնել, Դրուսիլիա, քանի որ խավարի միջից ինձ այցի էին գալիս խոշտանգվածները՝ պատա-ռոտված մարմիններով ու արնաշաղախ, և ունկերիս մեջ անվերջ նրանց հեծեծանքն էր հնչում։ Ես նաև եղբայրներիս տառապանքն էի լսում, Դրուսիլիա. երբ նստում էի ճաշի, լսում էի՝ ինչպես է Դրուսոսը ծղոտ կրծում, և անկարող էի հաց ուտել։ Երբ պառկում էի քնելու և փակում աչքերս՝ կախահանված Ներոնն էր հայտնվում հայացքիս դեմ, ու վեր էի թռչում անկողնուց տագնապահար։ Ես սարսափում էի գիշերից և աղոթում էի անդադրում, որ այն արագ անցնի։ Հաճախ էլ տեսիլների սահմռկումին չդիմանալով՝ փախչում էի պալատից ու զգեստափոխված քարշ գալիս արվարձանների ետնախորշերում, զվարճավայրերում, ուր տեսիլները խուսափում են այցելել։ Բայց Տիբերիոսի ջանքերն իզուր չէին անցնում. ես հետզհետե վարժվում էի դաժանություններին ու դառնում գիշատիչ գայլ. իմ մեջ առաջանում էր անհագուրդ ձգտում դեպի արյունը, տանջանքները, և արդեն տասներկու տարեկանում ինքս էի իրականացնում մահապա-տիժները, ու ինձ՝ որպես խեղկատակի, Տիբերիոսը ցուցադրում էր ասիացի իր հյուրերին։
Նա խորը հոգոց հանեց ու ինչ-որ բան հիշելով, լռեց մի քանի վայրկյան։
― Նա դադարեց տանջել ինձ սոսկ այն բանից հետո, երբ իր որդիները զոհվեցին կռվում, և ես մնացի իմպերատորական տան միակ չափահաս տղամարդը. նա ինձ խնայեց, որպեսզի իր մահից հետո հաջողեցնեմ Տիբերիոս կրտսերի պրինցեպս դառնալը։ Բայց յոթնամյա տառապանքը հոգեպես խեղել էր ինձ արդեն, և եթե դու քո փաղաքշանքով չմեղմեիր վայրենության իմ բռնկումները, ես վաղուց ցնորված կլինեի անդառնալիորեն։ Դու գիտեիր, Դրուսիլիա, Տիբերիոսի նպատակը, տեսնում էիր, թե ինչպես եմ ես հետզհետե վերածվում գազանի, ինչպես են իմ աչքերը, մարդկանց տեսնելով, լցվում արյունով, ասես մի հրեշ լինեի ես։ Դու տեսնում էիր իմ կործանումը և տառապում։ Աշխարհում ես ունեի միայն քեզ, դու դա գիտեիր և տանջվում էիր ինձ օգնելու անկարողությանդ պատճառով։
Հիշու՞մ ես, երբեմն դու ինձ կանչում էիր զբոսանքի, պատմում մեր ծնողների, եղբայրների, աստղերի, աստվածների, հերոսների մասին, փորձում էիր զվարճացնել ինձ, որպեսզի նվազեցնեիր խոշտանգումների ազդեցությունն իմ պատանեկան հոգուն, իսկ ես, հիմարս, քեզ պատմում էի իմ գործած դաժանությունների մասին՝ որպես քաջագործության։ Դու լաց էիր լինում ու փարվելով ինձ՝ հեկեկում անզուսպ. դա միակ երևույթն էր, որ փշաքաղեցնում էր ինձ՝ գազանիս, Դրուսիլիա, քանի որ այդ պահին ես կարծես լսում էի մեր մայր Ագրիպինայի ձայնը։ Ես նայում էի քեզ, արցունքներից խոնավ քո աչքերին, ու ինձ թվում էր, թե քո փոխարեն իմ առջև մեր մայրն է, ում այնպես ջերմորեն սիրում էինք մենք։
Ամեն ինչ չէ, որ հասկանում եմ ես այս լուսնի տակ, Դրուսիլիա, ու երբ փոքր էի, անբացատրելի մի մղում ունեի մեր մայր Ագրիպինայի նկատմամբ. սա ես ոչ մեկին չեմ խոստովանել։ Ես ուզում էի անվերջ տեսնել նրան ու հմայվածի պես փնտրում էի նրան պալատի սրահներում։ Նրա մարմնից ինձ խենթացնող բույր էի առնում, ու երբ նա ինձ քնեցնելու էր գալիս իմ մահիճ՝ ուժ չէի գտնում իմ մեջ՝ այդքան մոտիկից նայելու նրա վայելուչ դեմքին, և անէանում էի տաք սրահ բերված սառույցի նման․․․
Երբ մեր մորն աքսորեցին, ես,― անկարող եմ մոռանալ,― տանջվում էի նրա բույրի պակասից և գաղտագողի պահվում էի նրա երբեմնի զգեստարաններում, ուր հյուլեներ էին մնացել նրա բուրմունքից․․․ Դու փարվում էիր ինձ, ու ինձ թվում էր, թե ես Ագրիպինայի գրկում եմ. ես քեզանից առնում էի նրա բույրը, որի բացակայությունն աշխարհն ինձ համար դարձրել էր անգույն։ Ես անկարող էի հասկանալ՝ ի՞նչ է կատարվում ինձ հետ, և ավելի ու ավելի էի ուզում ընկղմվել քո գրկի մեջ, ուր ես ինձ զգում էի տաս տարեկան. այդքան էի, երբ նրան սպանեցին։
Նա ազատություն տվեց հեկեկանքին և համբուրում էր քրոջ շուրթերը, դեմքը, աչքերը, պարանոցը։
― Քո գրկում ես գտնում էի նաև մխիթարանք, սփոփանք, մոռացում, ինչպես և՝ հանգստաբեր բերկրանք, որից նվաղում էր իմ մեջ խլրտացող մոլեգնությունը՝ ինչպես ծարավն է նվաղում ջրից։ Ես ակամա զգում էի փաղաքշանքիդ փրկարար լինելը և ձգվում էի դեպի քեզ, ինչպես գիշերաթիթեռը՝ ջահի լույսին, ինչպես գինեմոլը՝ լի գավաթին։ Ես լսում էի քո ձայնը, որ ինձ մոռացում էր բերում, ու մոռացած ինքս ինձ՝ արցունքն աչքերիս տենդորեն համբուրում էի քեզ, քո մարմինը. ես չէի գիտակցում, թե ինչ եմ անում։ Դու, անշուշտ, զգում էիր դա, տեսնում էիր, որ քո փաղաքշանքը միակ ուղին է՝ փրկելու ինձ, և արտասվում էիր մենության մեջ, որպեսզի ես չտեսնեմ դա ու չխորշեմ իմ արարքների ստորությունից․․․ Որքան դաժան էր վարվում ինձ հետ Տիբերիոսը, դու այնքան նրբացնում էիր փաղաքշանքդ, մինչդեռ ես, խեղանդամված հիմարս, գազանս, ում մեջ մեռցրել էին ամեն զգացմունք, անտեղյակ քո զոհաբերումներին՝ կենակցեցի քեզ հետ՝ ինքս էլ չհասկանալով այդ։ Օ՜, Դրուսիլիա, ես որքա՜ն ուշ հասկացա քո զոհաբերության ահռելիությունը. դառն արցունք թափելով՝ դու զոհաբերում էիր քեզ՝ հանուն իմ փրկության։ Իմ աստվածային քույր, իմ Իսիս, որ ինձանից կրտսեր լինելով՝ եղար ինձ մայր, սիրուհի, հանուն ինձ գնացիր զոհողության. ինչպե՞ս եմ ապրելու ես առանց քեզ․․․
Առատորեն հորդացող արցունքները լվանում էին նրա դեմքը, և նա ցնցվում էր՝ զսպելու համար մինչ կոկորդ բարձրացած գոռոցի պոռթկումը։
― Հիշու՞մ ես՝ կատարվեց հրաշք. այն օրից, երբ գիշերը կիսեցիր իմ անկողինը, դաժան տեսիլները դադարեցին այցի գալ ինձ։ Հրաշքներն աստվածներն են կերտում, Դրուսիլիա, և դա նշան էր. նրանք իրե՛նք էին հուշել քեզ վարվել այդ կերպ։ Իսկ հիմար մարդիկ, որ չէին գիտակցում քո արարքի վեհությունը, ասում էին, թե շնանում ես ինձ հետ։ Դրուսիլիա, ի՛նչ հիմար բառ են հորինել՝ իրենց նման՝ շնանալ․․․ Նրանց վայրահաչոցները մեղմելու համար ես ամուսնացրի քեզ, բայց չդիմացա կարոտին։ Ես սիրահարված էի քեզ, ես սիրում եմ քեզ, Դրուսիլիա, ինչպես Օսիրիսն էր սիրում իր քույր Իսիսին. մի՞թե անբարո է անել այն, ինչ իրենք՝ աստվածներն են անում․․․
Այդ պահին հրաշք եղավ՝ ամպերն արագորեն հեռացան միմյանցից, ասես աներևույթ մի ուժ հալածում էր նրանց, և լիալուսինը հսկա ջահի պես բոցավառվեց պալատի վերևում։ Գայոս Կեսար Գերմանիկոսը գլուխը դանդաղորեն ետ թեքեց ու երկինք նայելով՝ հառաչանքով ասաց.
― Օ՜, Դիանա՝ աստվածուհի Լուսնի, ինչու՞ չէիր գալիս՝ մխիթարելու ինձ։ Ինչու՞ էիր թաքնվել ամպերի ետևում։ Դու չե՞ս թախծում իմ սիրելիի համար։ Ինչու՞ թույլ տվեցիր այսպես դաժան վարվեն ինձ հետ՝ թողնելով, որ սգամ բոլոր հարազատներիս մահը։
Նա լուսնի լույսի տակ մի վերջին անգամ նայեց քրոջ չքնաղ դեմքին, որն անգամ մահն էր անկարող եղել աղճատել, ելնելով՝ նրա մարմինը երկինք պարզեց ու գոչեց.
― Դրուսո՜ս, Ներո՜ն, մա՜յր իմ՝ Ագրիպինա, օ՜, հա՛յր իմ՝ դուք երկա՜ր չէիք այցելել ինձ. փայփայե՛ք նրան մեռյալների աշխարհում՝ նա այնքա՜ն է լացել ձեր համար։
Նա չէր արտասվում այլևս ու չէր դողում վշտից և ոչ էլ վաղորդյան պաղությունից. նա կանգնած էր որպես արձան ու այդպես մնաց այնքան, մինչև իր տոհմի Մաներն առան իրենց մոտ Դրուսիլիայի հոգին։
Գլուխ երկրորդ
Սպասավորներն առավոտյան կեսարի ննջարանը դատարկ գտան։ Կարծեցին, թե նա, իր սովորության համաձայն, այս անգամ՝ գուցե նաև վշտից, պլեբեյի է կերպափոխվել ու դուրս եկել գիշերը քաղաքում թափառելու և ուր որ է՝ կվերադառնա։ Երբ կոենային նա պալատ չեկավ, պրետորիանների պրեֆեկտ Մակրոնին լուրջ անհանգստություն համակեց, քանի որ կեսարը երբեք այդքան չէր ուշացել, բայց և հուսադրում էր պրեֆեկտն ինքն իրեն, թե գուցե թափառումներից հոգնած ու վշտից ուժասպառ՝ քնել է նա որևէ խուլ անկյունում, ինչպես եղել էր ոչ մեկ անգամ։
Կեսարը չեկավ նաև երեկոյան։ Ու երբ մութն ստվարացրեց պրետորիանների տագնապը, փոքրիկ խմբերով զգուշությամբ, որպեսզի ժողովուրդն անհաղորդ մնար նրա անհետացումին, զննեցին գիշերային պանդոկներն ու արվարձանները, ապա՝ Լավերնայի պուրակը, սակայն նրան ոչ մի տեղ չպատահեցին։
Կեսարը պալատ չեկավ նաև հաջորդ օրը։
Քրմական կոլեգիան ստիպված եղավ հետաձգել Դրուսիլիայի թաղումը, բայց քանի որ նա չեկավ անգամ չորրորդ օրը, կեսարուհուն հուղարկավորեցին առանց նրա ներկայության և հասարակական հուզումներից զգուշանալով՝ քողարկեցին նրա անհետանալն ու տարածեցին, թե իբր կեսարը սաստիկ տկարացել է վշտից ու անկարող է ելնել անկողնուց։
Պրետորիանները շարունակում էին խուզարկել քաղաքն ահագնացող բծախնդրությամբ, նրանք քրքրեցին անգամ Սուբուռայի կատակոմբները, ուր վերջին աղքատներն էին ապրում և ուր զինվորական չէր մտել հանրապետության վախճանից հետո, սակայն կեսարը ոչ մի տեղ չկար։
Վեցերորդ օրը նրա անհետացումի լուրը Կապիտոլիումի բարձունքից սողաց ցած, ու ողջ քաղաքը սարսռաց տագնապից։ Եվ տագնապի ծնունդ հազար ենթադրություններ հեղեղեցին Հռոմի փողոցները, շուկաները, նավահանգիստը, հասարակական վայրերն ու ինսուլաները։ Անհետացումի հնարավոր և անհավանական բոլոր պատճառները քննելու հետ մեկտեղ ամենուրեք, թեև հայտնի չէր հաստատապես՝ կեսարը ո՞ղջ է, թե՞ մեռած, քննում էին կայսրության նրա երեք տարիներն ու նրա վարքն ընդհանրապես։ Նրա հայր Գերմանիկոսի հրամանատարությամբ Գալլիայում և Գերմանիայում կռված վետերաններն առանձնակի քաղցրությամբ հիշում էին նրա ճամբարային մանկությունը, երբ նրան հանդերձավորում էին զորականի՝ հատուկ իր համար կարված զգեստով, ու մեծ կոշիկների պատճառով կատակով նրան «կալիգուլա» անվանում։
Բոլորը վառ հիշում էին, որ երբ նա ելավ Միզանեյից, ապա, չնայած սգի մեջ էր և ուղեկցում էր Տիբերիոսի դին, իտալական քաղաքներում ժողովուրդը դիմավորում էր նրան ցնծացող հոծ բազմության բագիններով, զոհերով, բոցավառ ջահերով ու ճանապարհում նրան բարի ցանկություններով՝ անվանելով և՛ «աչքի լույս», և՛ «աղավնյակ», և՛ «պատկեր», և՛ «զավակ»։ Իսկ երբ նա հասավ Հռոմ, սենատի և կուրիա ներխուժած ամբոխի միահամուռ վճռով իսկույնևեթ նրան հանձնարարվեց բարձրագույն և լիակատար իշխանությունը, հակառակ Տիբերիոսի կտակի, որը նրան նշանակել էր իր անչափահաս թոռան համաժառանգ։
Այդ ժամանակ ժողովրդի ցնծությունն այնպիսին էր, որ երեք ամսում մորթվեցին ավելի քան հարյուր վաթսուն հազար զոհակենդանիներ։
Երբ նա մի քանի օրից պետության գործերով մեկնեց Կամպանյան կղզիներ, բոլորն աղոթում էին հանուն նրա շուտափույթ վերադարձի, բաց չէին թողնում ամենափոքր իսկ առիթը՝ արտահայտելու տագնապ ու հոգատարություն նրա բարեկեցության մասին։ Եվ երբ նա փոքր-ինչ տկարացել էր այդ ճամփորդությունից, մարդիկ գիշերները խմբվում էին իմպերատորական տան շուրջը. կային այնպիսիները, ովքեր գրավոր երդումներ էին տալիս մահու չափ մարտնչել հիվանդի առողջանալու համար կամ հանուն նրա տալ իրենց կյանքը։ Քաղաքացիների անսահման սերը լրացնում էր օտարերկրացիների հիանալի բարեհաճությունը։ Արտավանը, պարթևական արքան, որը մշտապես բացահայտ ատելություն ու արհամարհանք էր տածում Տիբերիոսի նկատմանբ, այժմ ինքն էր խնդրում Գայոսի բարեկամությունը, և բանակցությունների գնաց կոնսուլական լեգատի հետ ու անցնելով Եփրատը՝ պատիվներ մատուցեց հռոմեական արծիվներին, լեգեոնների նշաններին և կեսարների պատկերներին․․․
Հիշում էին, որ կեսար դառնալու առաջին իսկ օրից նա ինքն էլ անում էր հնարավոր ամեն բան, որպեսզի մարդկանց մեջ սեր հարուցի իր նկատմամբ։ Դառն արցունքներ թափելով՝ նա ժողովրդի առջև արտասնած գովաբանական ճառով հարգանքի տուրք մատուցեց Տիբերիոսին և հանդիսավորությամբ թաղեց։ Ապա մեկնեց Պանդատերա և Պոնտիական կղզիները, իր իսկ ձեռքերով հավաքեց մոր և եղբայրների աճյունները, ամփոփեց սափորների մեջ և բերեց Հռոմ, որտեղ ամենաերևելի հեծյալները ժողովրդի բազմության միջով երկու պատգարակով դամբարան մտցրին դրանք։ Ի հիշատակ նրանց՝ սահմանեց ամենամյա ժողովրդական ծեսեր, իսկ ի պատիվ մոր՝ նաև կրկեսախաղեր, որտեղ վերջինիս պատկերը հատուկ մարտակառքով տանում էին թափորի առջևից։ Հորը ևս նա հարգանք մատուցեց՝ ի հիշատակ նրա սեպտեմբեր ամիսն անվանելով Գերմանիկոս։ Նա ներում շնորհեց դատապարտյալներին ու աքսորյալներին. անցյալ ժամանակներից մնացած բոլոր մեղադրանքների համար նա թողություն հայտարարեց, իսկ իր կյանքի դեմ մահափորձի մասին մատնության գիրը նա նույնիսկ չընդունեց, հայտարարելով, որ ինքը ոչնչով և ոչ մեկի մեջ ատելություն առաջացնել չէր կարող և որ մատնիչների համար իր ականջները խուլ են։
Սպինտրիաներին, հրեշավոր հաճույքների հնարողներին, որոնց Տիբերիոսը տեղ էր տալիս անգամ իր պալատում, վտարեց Հռոմից,― նրան աղերսանքով ու դժվարությամբ համոզեցին ջրախեղդ չանել նրանց։ Տիտոս Լաբիենոսի, Կրեմուցիոս Կորդոսի, Կասսիոս Սևերոսի աշխատությունները, որոնք ոչնչացված էին սենատի որոշումներով, նա թույլատրեց որոնել-գտնել, պահպանել և ընթերցել, հայտարարելով, որ իր համար ամենից կարևոր է այն, որ ոչ մի իրադարձություն չվրիպի հետնորդներից։
Տերության դրության մասին հաշվետվությունները, որը հրապարակում էր Օգոստոսը, իսկ Տիբերիոսը դադարեցրել էր, նա կրկին հրամայեց հրապարակել։ Պաշտոնատար անձանց թույլատրեց ազատ վարել դատերը՝ ոչինչ չհարցնելով իրեն։
Հեծյալների ցուցակները նա ստուգում էր խստորեն և մանրակրկիտ, բայց ոչ անխնա. ովքեր իրենց արատավորել էին խայտառակությամբ կամ անպատվությամբ՝ նա բոլորի ներկայությամբ խլում էր ձին, ովքեր պակաս մեղք ունեին, նրանց պարզապես բաց էր թողնում՝ անունները հրապարակելով։ Որպեսզի դատավորների համար աշխատելն ավելի հեշտ լինի, նրանց չորս դեկուրիաներին միացրեց նաև հինգերորդը։ Նա հայտարարել էր, թե ժողովրդին է վերադարձնելու պաշտոնատար անձանց ընտրելու իրավունքը՝ վերականգնելով ժողովրդական ժողովները, որ դադարել էին գոյություն ունենալ դեռ Օգոստոսի օրոք։
Տիբերիոսի կտակով նախատեսված նվերները, թեև այն անվավեր էր հայտարարվել, ինչպես նաև Հուլիա Օգոստոսուհու կտակով նախատեսվածը, որ Տիբերիոսը թաքցրել էր, նա հաշվեց ու վճարեց ազնվորեն և առանց վերապահության։ Հրդեհներից տուժած շատերի վնասները նա փոխհատուցեց, նաև խոստացել էր ազատել Իտալիան առուվաճառքից գանձվող կես տոկոսանոց հարկից։
Եթե նա թագավորներին էր վերադարձնում նրանց թագավորությունները, ապա վճարում էր անցյալ բոլոր հարկերն ու եկամուտները։ Որպեսզի ցույց տա, որ ինքը ոչ մի բարի գործ առանց խրախուսանքի չի թողնի, նա ութ հարյուր հազար սեստերցիում տվեց մի ազատարձակ կնոջ, քանզի ամենադաժան խոշտանգումների ենթարկվելով հանդերձ չէր մատնել իր պատրոնի հանցագործությունները։
Նրա այդ բոլոր գործերի համար սենատը, այլ պատիվների թվում, նրան ոսկյա վահան էր նվիրաբերել. ամեն տարի, սահմանված օրը, քրմական կոլեգիումները պետք է այդ վահանը սենատի ուղեկցությամբ և երգասացությամբ մտցնեին Կապիտոլիում, որտեղ ազնվատոհմիկ տղաներն ու աղջիկները գովաբանելու էին կառավարողի առաքինությունները։ Առաջարկ էր եղել նրա իշխանության գլուխ անցնելու օրը անվանել Պարիլիաներ, որպես Հռոմի երկրորդ հիմնադրման օր, բայց նա համեստորեն հրաժարվել էր նման մեծարանքից։
Նա հասցրել էր երկու անգամ համաժողովրդական բաշխում կատարել՝ երեք հարյուրական սեստերցիում յուրաքանչյուրին։ Նույնքան էլ՝ հյուրասիրություն սենատորների ու հեծյալների և նույնիսկ նրանց կանանց ու երեխաների համար։ Երկրորդ հյուրասիրության ժամանակ տղամարդկանց բաժանել էր ճոխ տոգաներ, իսկ կանանց ու երեխաներին՝ կարմիր պարեգոտներ։
Ժողովրդին զվարճացնելու նպատակով նա գլադիատորական մարտեր էր կազմակերպել, երբեմն Տավրոսի ամֆիթատրոնում, երբեմն՝ սեպտայում. մենամարտերի ընդմիջումներին նա ելույթի էր հանել տալիս բռնցքամարտիկների ջոկատներ Աֆրիկայից ու Կամպանիայից՝ երկու մարզերի ծաղիկը։ Թատերական ներկայացումներ ևս հաճախակի էր կազմակերպել, տարատեսակ և տարբեր տեղերում, երբեմն նույնիսկ գիշերները՝ ջահեր վառելով քաղաքով մեկ։ Հանդիսախաղերի ժամանակ նա իր օթյակից նետում էր ամեն տեսակ նվերներ, ուտելիքներով զամբյուղներ բաժանում յուրաքանչյուրին։
Նա ավարտել էր Տիբերիոսի կիսատ թողած կառույցները՝ Օգոստոսի տաճարը և Պոմպեոսի թատրոնը։ Սկսել էր ջրմուղ կառուցել Տիբուրի մարզից և ամֆիթատրոն՝ սեպտայի մոտ։ Սիրակուզայում նա վերականգնել էր հնությունից փլված պարիսպները և աստվածների տաճարը։ Սամոսում կառուցում էր Պոլիկրատեսի պալատը, Միլեթում՝ Դիդիմեական տաճարը, Ալպիական լեռներում քաղաք էր հիմնադրում, փորում էր Իսթմոսի պարանոցը Աքայայում։ Այս ամենի համար բոլորը սիրում էին նրան, անվանում «բարեպաշտ», «բարի և մեծագույն կեսար», ու թեև ընդամենը քսանինը տարեկան էր՝ նրան կոչում էին նաև «զորաց հայր»․․․
Ու նրա խորհրդավոր անհետացումն անորոշություն ու համր վիշտ էր բերել Հռոմին, և մարդիկ չգիտեին՝ ողբա՞ն արդեն նրա մահը, թե՞ շարունակեն աղոթել աստվածներին նրա վերադարձի համար։ Այս անորոշությունը սպանել էր հասարակական կյանքը քաղաքում. սենատն ինքն իրեն ազատ էր արձակել ժամանակավորապես, Պորցիևյան բազիլիկան, ուր սովորաբար օտար երկրներից եկած առևտրականները պայմանագրեր էին կնքում ստրկավաճառների և արդյունաբերողների հետ, մոռացել էր իր գործարար եռուզեռը։ Եվ այդ պատճառով Եգիպտոսից ցորեն, ապակի, վուշ և պապիրուս, Փոքր Ասիայից՝ կաշի ու մթերք, Կիպրոսից՝ պղինձ, Հնդկաստանից՝ թանկարժեք քարեր ու փղոսկր, Փյունիկիայից բրդե գործվածքներ բերած առևտրական նավերն անհույս օրորվում էին նավահանգստում£ Փուլվիոսի բազիլիկում անգործության էր մատնված կուրուալային դատարանը։
Ամեն առավոտից քաղաքը վերածվում էր թաղման ոչ մի տեղ չգնացող գերհսկա թափորի, որը տարալուծվում էր միայն գիշերվա մեջ։
Կեսարի անհետացումի տասնհինգերորդ օրը լուրեր հասան քաղաք, թե նրան տեսել են Կամպանյան դաշտերում միայնակ թափառելիս, և նա չի արձագանքել իրեն ուղղված դիմումներին։ Այս լուրը ցրեց քաղաքին համակած անորոշությունը և աննախադեպ զվարթություն բերեց իր հետ։ Բայց նաև խոր կարեկցանքով շաղախված տրտմություն. ամենքը տառապեցին կայսեր համար, որ նա անկարող է դիմանալ վերջին հարազատի կորստին։ Ու տաճարներում աղոթեցին հանուն նրա հանդարտության։ Դա քիչ համարելով՝ եռահարկ հարթակների վրա առատ զոհեր մատուցեցին Յուպիտերին ու Յունոնին, Մարսին ու Նեպտունոսին, չորս հարյուր տաղանդ ոսկի նվիրաբերեցին Վեներային, Միներվային եռօրյա խաղեր խոստացան կեսարի վերադարձն արագացնելու համար։ Ամբողջ երկու օր Սիբիլյան սուրբ գրքերը մանրակրկիտ ընթերցած քրմերի կոլեգիումն ի լուր ամենքի հայտարարեց, թե բարի կեսարի վերադարձն արագացնելու համար հարկավոր է մաքրագործել քաղաքը, ու այր, թե կին՝ վարսերին մրտենու ճյուղերից պսակներ, ամբողջ երեք օր շրջում էին փողոցներում և զոհ մատուցում ամեն դարպասի մոտ, խարույկ վառում հրապարակներում, բակերում ու պուրակներում՝ սրբազան ծխով ողողելու համար եթերը։ Եվ որպեսզի մաքրագործումը կատարյալ լիներ ու բարի հոգիները չբանտվեին տներում, բոլոր դռները բացվեցին, ամենքը՝ օտար և անծանոթ, միախառնվեցին, ճամփորդներին քաղցր խոսքերով հրավիրում էին տուն և պատվում, մոռանում վեճ ու նեղսրտություն. այն ամենը, ինչ կարող էր հաճո չլինել աստվածներին։
Իննօրյա աղոթքից հետո, երբ ավագ քրմերը հարցում արին աստվածահորը՝ բավարարվա՞ծ է նա իրենց խոստումներից ու նվերներից, ամենքը տեսան, թե ինչպես շարժվեց Զևսի արձանի գլուխը, և լսեցին նրա ձայնը, որ նման էր ընդերքից եկող խուլ դղրդյունի£
Ու սպասեցին կեսարին համբերատարորեն։
Կալիգուլան վերադարձավ յոթանասուներորդ օրը՝ անխնամ, քրքրված ու խունացած հագուստով։ Ոչ մեկին ոչինչ չասաց իր գտնվելու վայրի և նպատակի մասին, իսկ մերձավորների հարցերը թողնում էր անպատասխան, և Հռոմը հեղեղվեց պարապ մտքի ծնունդ նոր վարկածներով։
Նա այլևս նախկին կենսուրախ կեսարը չէր, դարձել էր ինքնամփոփ, ժամերով առանձնանում էր իր սենյակում ու կարդում Սիրակուզայից իր հետ բերած ինչ-որ գրքեր, որոնց միայն Մակրոնն էր տեսել։
Սիրակուզայից կեսարը մենակ չէր վերադարձել, այլ մի ասիացու ուղեկցությամբ։ Նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտեր և անհնար էր իմանալ, քանի որ ապրում էր խիստ մեկուսի, շփվում էր միայն կեսարի հետ, ժլատ էր խոսքի մեջ, ասես ամեն բառի համար նրանից հարկ էին պահանջելու։ Իսկ կեսարը նրա վերաբերյալ հարցերին միշտ նույն կերպ էր արձագանքում.
― Նա եկել է անցյալից և գնում է ապագա։
Ասիացին, որ Նուրծ Րա անունն ուներ, քառասուն-քառասունհինգ տարեկան կլիներ, իմաստունի լայն ճակատով, որ կնճռապատ էր մշտապես, արծվային խոշոր քթով, մտախոհ դեմքով, ասես Ատլանտի պես աշխարհի բեռն իր ուսերին էր կրում։
Նրան ոչ մեկը չէր տեսել ժպտալիս, հանդիսություններին զուսպ էր, իսկ կրկեսում, ուր միշտ նստում էր կեսարի կողքին, իրադարձություններին հետևում էր արձանի սառնությամբ։
Նրա պահվածքի խորհրդավորությունը հետզհետե նրա անունը շուրջառեց ասեկոսեներով ու լեգենդատիպ պատումներով, թե իբր նա իրականում չորս հարյուր տարեկան է և մարդկային կյանքի տաս տարին նրա համար մեկի է համարժեք։ Իբր նա որպես քուրմ պատահել է Հնդկաստանից վերադարձող Ալեքսանդրին և աղերսել շրջանցել Բաբելոնը, հայտնելով, թե նա այնտեղ կգտնի իր մահը։ Իբր անազատ գրագրի կերպարանքով հանդիպել է Հուլիոս Կեսարին նրա մահվան օրը և փորձել հայտնել նրան դավադրության մասին։ Տարօրինակ այս պատմություններին քչերն էին հավատում, այնուհանդերձ, Նուրծ Րաի անձն ակամա ակնածանք էր հարուցում նրան հանդիպողների սրտերում։
Գլուխ երրորդ
Ուշ երեկոյան, երբ պալատի պահակետերի գիշերային շրջայցն ավարտելուց հետո Մակրոնը պատրաստվում էր հանգիստ առնել, նրան լուր բերին, թե կեսարը սպասում է իրեն։ Զարմացած տարաժամ այդ հրավերից՝ նա հագնվեց ու գնաց կեսարի հարկաբաժին՝շարունակ մտորելով անակնկալ հրավերի հնարավոր պատճառների մասին։
Էքսադրումում, ի զարմանս իրեն, սպասավոր ստրուկներ չկային և ոչ էլ նոմենկլատոր, դա սկզբում անհանգստացրեց նրան, բայց հետո մտածեց, թե գուցե կեսարն է այդպես կամեցել, և հրավերի մեջ խորհրդավորություն տեսավ։ Բայց քանի որ օրը նրան բավականին հոգնություն էր բերել՝ կասկածներով ու վարկածներով ինքն իրեն տանջել չկամեցավ ու իրեն զբաղեցնելու համար զննեց սրահն այնպիսի մի հայացքով, ասես առաջին անգամ էր պալատում հայտնվել։
Օջախի դեղնակարմիր լույսն աշխուժորեն խաղում էր առաս-տաղը պահող ոսկեզօծ սյուներին, և դրանք շողարձակում էին որպես փոքրիկ արեգակներ։ Մարմարե շախմատաձև հատակը փայլեցված էր արմավենու յուղով այնպես փութաջանորեն, որ նրա վրա գրեթե չաղավաղված գծերով արտացոլվում էին պոնտական մայրեփայտե ցածր պահարանախումբը, գորգազարդ պատի տակ դրված կաշեպատ երկտեղ բազմոցը, միոտանի կլոր սեղանն ու նրա շուրջը բոլորաձև շարված անբազկակալ, կրիայի խեցեմորթով երեսքաշված գահավորակները։
Փարոսյան դեղնափետուր սոխակներ էին ծլվլոցով ոստոստում գրկաչափ ծաղկամանի մեջ դրված պինիայի ճյուղերին, մետաքսածածկ որմնախորշերից աստվածների մարջանե արձաններ էին նայում անորոշ հեռուն։
Զույգ խնկամաններից սպիտակ ծխի անուշաբույր քուլաներ էին ելնում վեր, որ անէանում էին՝ առաստաղին չհասած։
Երկու կարգ լամպերով առատորեն լուսավորված արևելյան պատի երկայնքով, ցածր պատվանդաններին դրված էին կեսարի նախնիների արձանները, իսկ դրանց թիկունքում ոսկե շուրջառներով նկարների հարուստ հավաքածու էր. այստեղ կարելի էր տեսնել պտուղներ և հասկեր բռնած պառավ Ֆիդեսին, երկանիվ մարտակառքին թևավոր վիշապներ լծած Տրիպտոլեմոսին, Վիրտոսին՝ լիազեն ամազոնուհու տեսքով, Ասալանտայի հետ զուգավորվող Մելեագրոսին, մարտի դաշտից Պատրոկլեսի դին դուրս բերող Մենելաոսին։ Կար նաև մի բնանկար, պատկերված այնպիսի խաբուսիկ իրական հեռանկարով, որ նայողին թվում էր, թե լուսամուտի բացվածքից տեսնում է արևով ողողված լայնածիր աշխարհը։
Կեսարը չէր երևում, ոչ էլ նրա ազատարձակ Դուրսենուսը սովորականի նման եկավ իրեն զբաղեցնելու, և Մակրոնը չգիտեր ինչպես փարատեր ժամանակը։
Սրահում ցուրտ չէր ամենևին, բայց նա մոտեցավ օջախին և թույլ խոնարհվելով՝ ափերն ակամա պարզեց դեպի կրակը։ Այդ նույն միջոցին կեսարի սենյակից պլեբեյի թաղիքե գլխարկ դրած մի տղամարդ դուրս եկավ, որ սպիտակ եզրազարդերով երկնագույն տունիկա էր կրում, իսկ ձեռքին թիկնոց ուներ բռնած։ Մակրոնին անհասկանալի էր նրա հայտնվելը պալատում, քանզի իր պրետորիաններն աչալրջորեն հսկում էին ելումուտը, և խոժոռ հայացքով զննում էր պլեբեյին՝ ձեռքերը շարունակելով տաքացնել կրակի վրա։
― Չե՞ս ճանաչում արդեն կեսարիդ, Մակրո՛ն,― ասաց պլեբեյը հանկարծ՝ դեմքին չարաճճի ժպիտ խաղացնելով։
Կեղծամի մեջ դժվարությամբ ճանաչելով կեսարին՝ Մակրոնը գրեթե ճչաց.
― Բայց ինչու՞ ծպտված, կեսար։
Կալիգուլան մատը հպեց շուրթերին, որպեսզի Մակրոնը ոչինչ այլևս չասեր բարձրաձայն։ Ապա մոտենալով՝ շշնջաց.
― Մեզ սպասում են Մահվան Վեներայի պանդոկում. անանուն մի նամակ եմ ստացել, ուր առաջարկում են երկրորդ պահնորդության ավարտին իմ հանձնակատարին տրամադրել, իրենց ասելով, անչափ կարևոր ինչ-որ գրություններ։ Ու որոշեցի ինքս գնալ՝ որպեսզի չտանջեմ ինձ անհամբեր սպասումով։ Թեպետ չեմ կարողանում հասկանալ, թե գաղտնի ի՞նչ գործի մասին կարող է խոսք լինել. կարծես թե չեմ ձանձրացրել Հռոմին, որ ցանկանան դավել իմ դեմ։
― Բայց, կեսար, Մահվան Վեներան Էսքվիլինում է, ուր գիշերային կյանքն անվտանգ չէ ամենևին և ուր պատրիկներ չեն հաճախում. ծպտված պրետորիաններ վերցնենք մեզ հետ,― անհանգստացավ Մակրոնը՝ Կալիգուլայի դեմքի արտահայտությունից կռահելով, որ անհնար է այլևս համոզել նրան հրաժարվել քաղաք դուրս գալու մտքից։
Կալիգուլան լսել անգամ չկամեցավ թիկնապահների մասին ու Մակրոնին պարզեց թիկնոցը և մի թասակ՝ պրեֆեկտի պճնազարդ զգեստները քողարկելու համար։
Գաղտնի ելարանով նրանք դուրս եկան պալատից ու խավարամած նրբանցքներով գնացին Օգոստոսի ֆորումի ուղղությամբ։
Ապակեծածկ ջահեր բռնած հեծյալ գիշերապահներ էին պատահում նրանց, տղամարդաորսի ելած հերարձակ հետերաներ, հանձնակատար ստրուկներ։
Պորցիևյան բազիլիկի մոտ ծառայությունից ազատ մի խումբ պրետորիաններ միմյանց գրկած՝ օրորվում էին ու երգում։ Նրանց ձեռքին գինու սափորներ էին երևում, և խմում էին՝ արնագույն հեղուկը ծորեցնելով հագուստին։ Նրանց հետ կիսահարբած պոռնկուհիներ կային։
Անհամբերությունը կեսարին ստիպում էր արագացնել քայլերը, և Մակրոնը հազիվ էր հասնում նրա ետևից։
Նրանց ճանապարհն անցնում էր Հին քաղաքի տարածքով, և փողոցներն այստեղ խիստ նեղ էին՝ սալարկված գրկաչափ քարերով։ Երկու կողմից եզերված լինելով տների բարձր ետնապատերով՝ դրանք արևի երես չէին տեսնում և իրենց մեջ զովություն էին պահում ամռան ամենատապ օրերին անգամ։
Երբ հասան Մեկենասի այգիներին, Մակրոնը կեսարի համար անհանգստանալով՝ առաջարկեց գնալ շրջանցիկ ճանապարհով, որը թեև մի փոքր երկար էր, բայց լուսավորված էր լապտերներով ու հսկվում էր վիգիլների կողմից, քանի որ այդտեղով էր անցնում գլխավոր ջրատարը։
Կալիգուլան չկամեցավ ժամանակ կորցնել և անահ մտավ այգի, ուր կատարյալ խավար էր հսկա ծառերի միահյուսված սաղարթների պատճառով։
Նրանք մտան պանդոկ և անկարող էին տեսնել, թե ինչ է կատարվում ներսում, քանի որ էբենոսե սկահակներից առատորեն ելնող ծխի գունավոր քուլաները միախառնվելով՝ ողողել էին սրահը ծիածանագույն շղարշով, և ջահերն աղոտ էին երևում հեռվում թարթափող աստղերի նման։
Վուշե բարակ զգեստ հագած մի պատանի բազմալեզու խիտ աղմուկի, գինու բույրի, մարդկային մարմինների հոտի և գավաթներով ծանրացած սեղանների միջով ուղեկցեց նրանց ազատ մի սեղանի մոտ։
Ոստրե պատվիրեցին և ֆալերյան գինի, որը դեռ Հուլիոս Կեսարի ժամանակներում զուտ ազնվական խմիչք էր համարվում և Օգոստոսի օրոք էր դարձել հանրամատչելի՝ այն դեպքից հետո, երբ Ակտիումի հաղթանակից անչափ ոգևորված կեսարն այդ խմիչքի հարյուր տակառ հանեց իմպերատորական տան մառաններից։
Երբ նրանց աչքերը վարժվեցին աղջամուղջին, որոնող հայացքով շուրջը նայեցին և հարբած դեմքեր նշմարեցին սեղանների շուրջ. բոլորը նայում էին դեպի սրահի խորքը, ուր, բարձր բեմի վրա, մերկացած մի խումբ մարմիններ օրգիա էին պատկերում։ Երկու խափշիկ տարածվել էին մի եգիպտուհու վրա և ագահորեն ծծում էին նրա ստինքները£ Քիչ հեռու պիրկ ազդրերով ու ընդգծված հետույքով շիկահեր մի կին դեպի իրեն էր ձգում բեղմորուսի մեջ կորած ճաղատ մի տղամարդու, իսկ սա սափորից գինի էր հեղում բազում մերձեցումներից ուժասպառված մի այլ կնոջ ազդրերի միացման տեղը և արյունոտված աչքերով նայում, թե ինչպես է կարմիր հեղուկը վտակների բաժանվելով՝ ողորկ մարմնի վրայով սահում ցած£ Վավաշոտ հայացքով չորրորդ մի կին, որի սեփ?սև մարմնի վրա մարգարտի նման ճերմակին էին տալիս գեղաշար ատամներն ու պտուկները, ճաղատին քաշում էր իր կողմը, և կանայք միմյանց նայում էին կրքով առլեցուն հայացքով£ Ջահել մի դերասան քայլում էր նրանց միջև և սիմբալի նվագակցությամբ երգում Կատուլլոսի սիրային տաղերը.
Եկ ապրենք, Լեսբիա, քանի դեռ կանք,
Սիրենք, քանի սիրում է հոգին,
Չի տրվի մեզ մեկ ուրիշ կյանք՝
Ուշք չդարձնենք չար բամբասանքին։
Իջնում է արեգը կապույտով անափ,
Երեկվա ուղին նա լավ է հիշել,
Մայրամուտը սիրում եմ անչափ՝
Բերում է այն սիրառատ գիշեր։
Համբուրիր ինձ, Լեսբիա, հազար անգամ,
Եվս մեկ հազար, էլի մեկ հարյուր,
Շունչ առնենք մի պահ, տուր ինձ նույնքան
Ջերմ ու սիրառատ հազար համբույր։
Իսկ երբ հաշիվը մեր ջինջ համբույրի
Հասնի մի ողջ բյուրի՝
Համբուրիր ուժգին՝ չար աչքը չհամրի,
Չնյութի դավ՝ սերը մեր չմարի։
Հազիվ էր երգն ավարտվել, երբ նրանց սեղանին մոտեցավ գոտկատեղին փայտյա սուր խրած պնդակազմ մի ռուդարիուս և ձեռքում բռնած կաշվե փոքրիկ պայուսակն անխոս պարզեց թաղիքե գլխարկ դրած կեսարին։
Կալիգուլան դադարեց ոստրե ուտել, շուրթերը սրբեց ասեղնագործ վարշամակով և անհագ հետաքրքրասիրությամբ ու նաև նկատելի հուզմունքով՝ հարցրեց.
― Ի՞նչ է սա։
Նա ասես զգուշանում էր ձեռքը մեկնել պայուսակին։
Ռուդարիուսը պայուսակը դրեց սեղանին ու պատասխանեց, թե ինքը ոչնչից տեղյակ չէ և որ մի անծանոթ հենց նոր իրեն չորս աս տվեց խնդրանքը կատարելու համար։
Նրա պահվածքից հստակ երևում էր, որ անտեղյակ է, թե ում հանձնարարությունն է կատարում, և հավատացին նրա խոսքին։
Կեսարը մի քանի ոսկեդրամ դրեց սեղանին, ու երբ ռուդարիուսը հեռացավ, զգուշությամբ, ասես ներսում լարված նետ կամ թե օձ կարող էր քողարկված լինել, բացեց պայուսակն ու խունացած մագաղաթների կապկպված երեք փաթեթ տեսավ այնտեղ։
― Հին գրառումնե՞ր, ի՞նչ են բերում արդյոք անցյալից,― ասաց ինքն իրեն ու զսպելով հուզումը, որից սեղմվում էր կոկորդը՝ քանդեց փաթեթներից մեկի քուղերը։
Նա մագաղաթի մի կտոր դուրս բերեց պայուսակից, փռելով սեղանին՝ հարթեցրեց ափով, ապա մոտ բերեց լուսակալը։
Մակրոնը, որ անբացատրելի մի անհանգստությամբ հետևում էր կեսարի դեմքի արտահայտությանը, նկատեց, թե ինչպես նա այլայլվեց ակնթարթորեն, պարանոցի մկաններն ուռան արյան առատ հորձանքից և աչքերն արնագունեցին։
Կալիգուլան արագ շարժումներով քանդեց մյուս փաթեթի քուղերը ևս ու դուրս քաշելով էլի մի քանի գրություն, հապճեպ աչքի անցկացրեց դրանք։
― Չի՛ կարող պատահել, օ՜, անմահ աստվածներ,― նա ջղաձգորեն սեղմեց բռունցքները և բացականչեց այնպես ուժգին, որ պանդոկում գտնվողները շրջվեցին նրա կողմը, իսկ նվագածուները սսկվեցին։
Նա դողում էր ցասումից, կոկորդը սեղմվում էր և բառեր չէր գտնում հանկարծահաս զայրույթն արտահայտելու համար։
Մակրոնը ձեռքն ակամա տարավ դաշույնին ու ցատկի պատրաստվող հովազի հայացքով մերթ նայում էր իրենց կողմը դարձած լարված դեմքերի բազմությանը, մերթ մագաղաթները կրծքին սեղմած, ասես պատրաստվում էին դրանք խլել, կեսարին։
― Ի՞նչ է գրված այդտեղ,― հարցրեց նա կիսաձայն։
― Մատնագրեր են,― արտաբերեց Կալիգուլան՝ արագ վերագտնելով իրեն և գիտակցելով, թե որտեղ է գտնվում ինքը։― Տիբերիոսի արխիվից հանված մատնագրեր են՝ հարազատներիս ու նաև իմ դեմ։ Օ՜, էրինիսներ, ուրեմն դավե՞լ են ընտանիքիս դեմ, ուրեմն Տիբերիոսի կա՞մքը չի եղել միայն՝ մահվան ուղարկել հարազատներիս։ Ուրեմն հրահրե՞լ են նրան ոճրի։ Որքա՛ն էլ շատ են. զզվա՛նք։― Նա կտրուկ ելավ տեղից.― Գնա՛նք այստեղից, Մակրոն. անհամբերությունը տանջում է ինձ։
Գինովցած հայացքների ուղեկցությամբ նրանք փութով ելան պանդոկից և հատելով Մեկենասի այգին, առաջին իսկ նրբանցքով թեքվեցին դեպի Տիբրոս։
Նրանք գնում էին անխոս. կեսարին անհասկանալի էր, թե ինչպե՞ս կարող էին այդ գրությունները հայտնվել իր մոտ, իսկ Մակրոնը, որ քայլում էր մի փոքր ետ ընկած, զարհուրում էր այն աղետից, որ բերելու էր Հռոմին դիվային պայուսակը։
Առաջին պատահած լապտերի մոտ կեսարը կանգ առավ, պայուսակից դուրս բերեց մի խուրձ մագաղաթ և թրթռացող լույսի տակ զննեց դրանք։ Ու տեսնելով Մակրոնի զարմանքը, ասաց.
― Դրուսիլիան ինձ հավատացնում էր, թե մինչ ես Տիբերիոսի դիակն ուղեկցում էի Կապրիից Հռոմ, նա իմ անունից ֆորումում հրապարակավ այրել է կեսարի արխիվի՝ մեր ընտանիքին վերաբերող մագաղաթները։ Նա երդվում էր աստվածներով, թե դրանցից ոչինչ չի կարդացել ու ձեռք չի տվել՝ ցանկանալով մեկընդմիշտ հանգստացնել մատնիչների ու վկաների վախը. դու, անշուշտ, հիշում ես դա, Մակրոն։ Այդ դեպքում ի՞նչ է նշանակում սա. ինձ խաբել և ուրի՞շ թղթեր են այրել։
Կրակի հետքեր որոնող հայացքով նա շարունակ զննում էր գրությունները, կարծելով, թե ինչ-որ մեկը գուցե դրանք աննկատ հանել է խարույկից չորս տարի առաջ։
― Ինչպե՞ս հասկանամ սա ես, Մակրոն, ― դեմքի անօգնական արտահայտությամբ դիմեց նա պրեֆեկտին, թեպետ գիտեր հաստատապես, որ Մակրոնը չունի իր հարցի պատասխանը, քանզի նա էլ իր հետ մեկուսացած էր եղել Կապրիում։― Եվ հետո, ո՞վ և ի՞նչ նպատակով է այս մատնագրերը հանձնում ինձ։
Մակրոնին այլ խնդիր էր զբաղեցրել, և կեսարին ոչ մի վարկած չներկայացրեց։ Ու շարունակեցին քայլել մտախոհ։ Երբ հասան գետափ, Մակրոնը հանկարծ կանգ առավ և պայուսակից բռնելով՝ ասաց թախանձանքով.
― Այս գրությունները դժբախտություն են բերելու քեզ, կեսար, դրանք կլանելու են քո հանգիստը, և անկարող ես լինելու ապրել այլևս մարդկանց մեջ։ Եկ Տիբրոս նետենք դրանք՝ առանց կարդալու. թող ծովը կլանի այն, ինչպես կլանել է շատ ավելի մեծ գաղտնիքներ։
― Անկարելի է, Մակրոն,― պատասխանեց Կալիգուլան առարկություն չհանդուրժող տոնով և պայուսակը պատսպարեց բազուկներով։― Ես միշտ սրտնեղում էի Դրուսիլիայից՝ զրպարտիչների անուններն այրելու համար, քանի որ չիմանալով նրանց, գուցե և ընդունեի նրանց ինձ մերձավոր, իսկ այդ կերպ տառապանք կբերեի հարազատներիս ուրվականներին, որն առավել անտանելի է, քան այժմ ինձ սպասվող անհանգստությունը։
― Անցյալը՝ անցյալ է, կեսա՛ր,― համառեց Մակրոնը՝ փորձելով կտրել նրա ճամփան,― այդ մարդկանցից շատերին, անշուշտ, զրպարտության են մղել խաբեությամբ, սպառնալիքով, օգտվել են նրանց թուլություններից, ոմանց մատնության է մղել վախը, իսկ գուցե մահվան սարսափը. դու լավ էիր ճանաչում Սեյանոսին։ Անկարելի է հիմա, քսան տարի անց, ամենը ճշտորեն պարզել, և ժամանակից խունացած այդ գրություններն աղետ են բերելու Հռոմին։ Դա անկասկած է։ Նետի՛ր դրանք Տիբրոս, ահա՛, տե՛ս, ինչպիսի աղմուկով է գետն այսօր խշշում, ասես ինքն է աղերսում այդ մասին. հանձնի՛ր նրան, կեսա՛ր, աղետաբեր գաղտնիքը։
Կալիգուլան կանգ առավ և խավարի մեջ փնտրելով պրեֆեկտի աչքերը, ասաց՝ դրանց մեջ նայելով.
― Ես պիտի իմանա՛մ ճշմարտությունը, Մակրո՛ն։ Ես չեմ կարող թաղել ճշմարտությունը՝ այսքան մոտ լինելով նրան։ Ես գիտեմ արդեն, որ եղել են զրպարտիչներ ու մատնիչներ, և նրանք մի քանի հարյուր են։
Հաստատելու համար ասվածը՝ նա ափը դրեց պայուսակին։
― Ինչպե՞ս կարող եմ ապրել՝ դեն նետելով գրություններն այս. կասկածը տանջելու է ինձ և չեմ վստահելու այլևս որևէ մեկին։ Կարո՞ղ եմ, ասա՛, դիմանալ այդպիսի վիճակին։
Մակրոնը ոչինչ չէր կարողանում գտնել առարկելու, բայց և նահանջել չէր ուզում, ու ինքն էլ չհասկանալով ինչպես, կառչեց պայուսակից և ջանաց կասեցնել կեսարին։
― Հեռու՛ մնա, ― ասաց Կալիգուլան խիստ տոնով,― և մի՛ խաբվիր հագուստիս. քո առջև կեսա՛ր է կանգնած։
Պրեֆեկտը սթափվեց միանգամից և գլուխը դառնորեն օրորելով՝ դժկամությամբ հետևեց նրան։
Երբ գաղտնաելքով մտան պալատ ու առանձնացան տաբիլինում, կեսարն արագորեն պոկեց վրայից կեղծամը, ազատվեց պլեբեի հագուստից և անհամբեր շարժումներով պայուսակի պարունակությունը փռեց կաղնեփայտե մեծ սեղանին. Մակրոնն աղետի սպասումով կծկվեց կրիայի խեցեմորթով պատված բազմոցին և կեսարից աննկատ՝ աղոթք էր մրմնջում։
Սրահում այնքան էլ լուսավոր չէր, և Կալիգուլան վառեց կանթեղների խուրձը, որ բրոնզե շղթաներով կախված էր առաստաղից, մոտ քաշեց եռոտանի փղոսկրե գահավորակը և մագաղաթներին նայեց այնպիսի հայացքով, ասես կամենում էր այրել դրանք ներքին մի կրակով։ Ապա կույտից դուրս քաշեց մի գրություն, և նրա դիմաց նստած Մակրոնը պարզորոշ տեսավ, թե ինչպես է նա գունատվում հետզհետե՝ հայացքը մագաղաթի վրայով սահեցնելով։
― Օ՜, Քերեա․․․ դու՞, շու՛ն, դու մատնագի՞ր ես արել Դրուսոսի դեմ․․․ Եքիդնա՛, Կերբերո՛ս,― կեսարի դեմքը կնճռոտվեց ցասումից, աչքերը վրեժխնդրություն էին ճառագում,― իսկ ես քեզ, բռի հեծյալի՛դ, սենատոր դարձրի, պրետորիանների ցենտուրիոն կարգեցի․․․
Նա մատերի ջղաձիգ շարժումներով մագաղաթը ճմրթեց ափերի մեջ, կարծես իրեն խայթել ուզող օձ էր խեղդում, ապա անհուն ատելությամբ նետեց այն հատակին, որպես զզվելի մի իր ու մի քանի վայրկյան ցասկոտ հայացքը չէր կտրում մագաղաթից, ասես գտնում էր, թե ավելի դաժան կարող էր վարվել դրա հետ։
Հետո նրա հայացքն ակամա ընկավ սեղանին փռված մագաղաթներից մեկի կնիքին։
― Ինչպե՞ս, Ատալո՞ս, քո կնի՞քն է այս,― նա զգուշությամբ ձեռքն առավ մագաղաթն ու սկսեց կարդալ այն շունչը պահած,-ի՞նչ, և դու զրպարտե՞լ ես իմ մորը,― նրա ձայնը նվաղեց, նա քարացավ զարմանքից, ապա ակամայից ճանկռտեց իր դեմքը, ասես մղձավանջային երազի մեջ էր և իրեն ցավ պատճառելով՝ պիտի արթնանար քնից։― Օ՜, շանթե՛ր, օ՜, ամպրոպներ․․․ Բայց չէ՞ որ նա օգնել էր քեզ մեծապես, սողու՛ն, նրա խնդրանքո՛վ հայրս քեզ լեգեոնի հրամանատար կարգեց։ Որպիսի՜ ապերախտություն․․․
Նրա ձեռքերը բռունցքվեցին ու զզվանքի մի արտահայտություն աղավաղեց դեմքը։
Նա սկսեց կարդալ գրություն գրության ետևից ու սոսկումով շպրտել հատակին։
― Դու՞, Կասիո՛ս, զրպարտե՞լ ես Ներոնին․․․, Սկիպիո՞ն, ոջի՛լ, Տիբերիոսին իմ խոսքն ես հասցրե՞լ. ճիճու՛, ահա թե ինչու՞ էիր ձևանում իմ հոր հավատարիմ բարեկամ ու անվերջ տրտնջում Տիբերիոսից։ Քո այդ խաղը մի նպատակ է ունեցել միայն՝ դժգոհության խոսքեր կորզել իմ շուրթերից․․․ Օ՜, ողբ․․․ Կատիլինա՞, դու դեռ Անտիոքի՞ց ես հորս դեմ գրել․․․ ո՛րդ, ախր հայրս էր Տիբերիոսին համոզել փոխկուսակալ կարգել քեզ․․․ Օ՜, Նեմեսի՛ս,― նա ափերով բռնեց գլուխն ու օրորում էր դառնությամբ,― օ՜, վրեժխնդրության չքնաղ դիցուհի, և դուք, էրինիսնե՛ր՝ ծնված Ուրանոսի արյան կաթիլներից, խորհուրդ տվեք ինձ՝ ինչպե՞ս վարվել․․․
Նա անշարժացավ աչքերը փակ, և Մակրոնին թվաց, թե նա չի շնչում այլևս։
Անիմանալի ներքին մի ուժ հանգիստ չէր տալիս կեսարին և դրդում էր շարունակել կարդալ մատնագրերը։ Ու նա զզվանքով ձեռքը տարավ դեպի սեղանը։
― Պուբլիո՞ս․․․ դու՞ էլ ես դավել, օ՜, արհամարհա՛նք, և դու թերմերում առաքինությունների մասի՞ն ես ճառում․․․ Օ՜, Կլավդիոս, այս ի՞նչ եմ իմանում. դու դավել ես եղբո՞րդ դեմ․․․ օ՜, նողկանք, օ՜, գարշանք. չկա ոչինչ սուրբ մարդկանց համար․․․
Նա ատելությունից կծոտում էր շրթունքները, նրա ռունգերը պայթել էին ուզում։ Իսկ Մակրոնը մթագնել էր կուպրի պես։
― Սերգիու՞ս, ի՞նչ, ուրեմն այդ դու՞ էիր մարդկային կտրված վերջույթներ թաքցնում իմ ննջարանում․․․
Կալիգուլան ափով տրորեց դեմքը, որը պատվում էր սառը քրտինքի ցողով։
― Օ՜, աստվածնե՛ր, անկարելի՜ է. ժանտա՛խտ, ահա ո՛վ է թունավորել հորս։ Ես քեզ, Պիզո՛ն, իմ խնջույքների անբաժանելի մասնակիցն եմ դարձրել ու տեղ տվել իմ օթոցին, մինչդեռ դու․․․ օ՜, ճշմարտությու՛ն, այս որքա՜ն արագ ես մաշվում դու․․․ Օ՜, Կերբերո՛ս՝ քրքրի՛ր մարմինս. ես խաբվա՛ծ եմ եղել դաժանաբար, ու քանի՜ տարի։
Նա գունատվեց արձանի պես, ցանկացավ ոռնալ հոգու ցավից, բայց կոկորդը հուզումից այնպես էր սեղմվել, որ որևէ ձայն արտաբերել չկարողացավ։ Փութով, ասես հապաղումը ճակատագրական կարող էր լինել, նա գորգածածկ պատը բռնած զենքերի առատ հավաքածուից մի սուր պոկեց, երախակալը սոսկումով շպրտեց հատակին և ինքնատիրապիտումը կորցրած՝ սկսեց խոցել սեղանին փռված մատնագրերը, կարծես դրանք կենդանի էակներ էին և կարելի էր սպանել։ Բայց դա նրան հանգստություն չբերեց ամենևին, և անկառավարելի շարժումներով շուռ տվեց սեղանը, ապա սուրը մոլեգնությամբ նետեց դեպի դուռը, որ խրվեց դրվագազարդերի մեջ։
Սրահում լարված լռություն հաստատվեց, և կեսարը կանգնած էր այդ լռության մեջ անշարժ՝ որպես արձան։ Հետո նույն արձանային դանդաղությամբ նա շրջվեց դեպի Մակրոնը և արնագունած աչքերով նրան նայելով, ասաց օգնություն աղերսող ձայնով.
― Դու ոչինչ չե՛ս ասում, Մակրո՛ն, ասես այստե՛ղ չես դու. այս ի՞նչ է կատարվել, աստվածներն ինչպե՞ս են տարել ոճրի այս բեռը․․․, Նեմեսիսը, որ իմաստավորում է կյանքը սուրբ վրեժի տենչով, ինչու՞ չի ոչնչացրել այս Քաղաքը, ցիրուցան արել՝ որպես ավազափոշի և մաքրել Իտալիան խայտառակության հուշերից։
Նա փլվեց գահավորակին, դեմքն առավ ափերի մեջ և ցնցվում էր տենդահարի նման։
― Օ՜, աստվածներ, օ՜, որպիսի՛ նվաստացում. հարազատներիս մահվան ուղարկողների հետ ես ամբողջ երեք տարի խնջույքի եմ եղել, առատ նվերների եմ արժանացրել նրանց, պաշտոնների կարգել, լատիֆունդիաներ նվիրել․․․ և նրանք այդ ողջ ընթացքում իրենց մեջ ծաղրե՜լ են ինձ, անվանարկե՜լ․․․ օ՜, էրինիսնե՛ր, ես թե անտեղյակ էի՝ դու՛ք ինչպե՞ս եք տարել այս ամենը. չէ՞ որ ձեզ արարել են պատժի համար․․․
Անզորության արցունքներ հոսեցին նրա աչքերից։ Նա մի քանի րոպե այդպես վշտահար նայեց հատակին անհասցե հայացքով, հետո գլուխը բարձրացրեց ու հարցրեց խուլ մի ձայնով, որն ասես գալիս էր երկրի խորքերից.
― Եվ ի՞նչ է մնում ինձ անել, Մակրոն։ Ես կարո՞ղ եմ շարունակել ապրել այնպես, ինչպես ապրել եմ։
Մակրոնը չուզեց հիշեցնել նրան իր համառումը Տիբրոսի ափին և իր պնդումը, թե մատնագրերը կարդալուց հետո նա անկարող կլինի ապրել մարդկանց մեջ։ Չուզեցավ, քանի որ դա ոչինչ այլևս չէր փոխի, և կարեկցալից հայացքով կեսարին նայելով՝ ասաց.
― Բայց, կեսար, դու ուզում ես սպանել ողջ հռոմեական ժողովրդի՞ն։
Կեսարը մի պահ չհասկացավ նրա խոսքերի իմաստը, ապա դեմքը կնճռոտելով՝ մտովի հաշվեց, թե մատնագրերի համար քանի մարդ է պատժի ենթակա, իսկ դրանցից շատերը գրված էին խմբային, և մոլորություն իջավ նրա վրա։ Թուլացած հենվեց գահավորակի թիկնակին և երկինք նայելով՝ կանչեց տխրաձայն.
― Օ՜, անմահ աստվածներ, ինչու՞ թույլ չտվեցիք Տիբերիոսին նաև իմ կյանքն առներ և ես չմնայի տառապանքի այս լեռան տակ․․․
Գլուխ չորրորդ
Լուսադեմին մոտ Մակրոնն արթնացավ զգույշ ցնցումից և աչքերը բացելով՝ իր գլխավերևում տեսավ ջահ բռնած Դուրսենուսին, որն այլայլված ու հազիվ զսպելով արցունքները՝ ասաց, թե կեսարի հետ արտառոց ինչ-որ բան է կատարվում. նա պահում է իրեն ցնորվածի պես ու խոսում է ինչ-որ ուրվականների հետ, որոնց միայն ինքն է տեսնում։
― Օ՜, չա՛րք, եղավ այն, ինչից երկյուղում էի,― տագնապած կանչեց Մակրոնը, վեր թռավ անկողնուց, քնատ-քնատ առնվեց պրեֆեկտի կաշվե զգեստների մեջ, որ սրահի մի անկյունում հագցված էր իր իսկ արձանին, ու փութով ելավ միջանցք։
― Նա որևէ մեկին տեսնել չի կամենում, իր ննջարանից դուրս է վռնդել բժշկողներին, որ դեռ Դրուսիլիայի կամքով ազատ մուտք ունեին նրա մոտ, իսկ ինձ սպառնում էր այրել ջահով։
Դուրսենուսն անկեղծորեն ցավում էր կեսարի համար, ում Կապրիում սպասարկել էր տասը տարի և ում պարտական էր ազատության համար։
― Նա ջարդել է բոլոր զարդերն ու արձանները, շուռ տվել հայելիները, կանչելով, թե դրանց միջից ուրվականներ են երևում, որ տանջում են իրեն։
Եռամոմ լուսակալը գլխից վեր պահած՝ Դուրսենուսը շտապ քայլերով առաջնորդում էր Մակրոնին, և նրան թվում էր, թե հապղումը կործանարար կարող է լինել։
Նրանք անցան անվերջանալի թվացող միջանցքով, որ մի կողմից եզերված էր պարտեզին նայող կամարաձև բացվաքաշարով, իսկ մյուս կողմում մարմարե նարնջագույն պատը ծածկված էր Քամիլլոս Երկայնաբազուկի արշավանքը հավերժացնող իրականաչափ զարդաքանդակներով։
Երբ թեքվեցին դեպի կեսարի հարկաբաժին, շփոթահար այս ու այն կողմ վազվզող սպասավոր ստրուկներ պատահեցին նրանց, իսկ ննջարանի դռների մոտ բժշկող Սպուրիննան էր անհանգիստ անցուդարձում՝ հերախռիվ գլուխը կրծքին մտահոգ խոնարհած։
Մոտեցող կալիգաների տագնապալի չքչքոցը կտրեց Սպուրիննային ծանր խոհերից, ու տեսնելով Մակրոնին՝ անչափ կարևոր լուր հաղորդողի լրջությամբ ընդառաջ եկավ նրան ու նրա հետ նորեն դեպի ննջարան գնալով, ասաց՝ դեմքին տառապանքի մլար։
― Տարօրինա՛կ է, անբացատրելի, Մակրոն. ես ճանաչում եմ նրան դեռ Գերմանիայից, ուր նա եկել էր հոր հետ, և այսպիսի վարք չեմ տեսել։ Այդ ե՛ս Դուրսենուսին ուղարկեցի քո ետևից, քանի որ կեսարը կատաղության, թե ինքնամոռացումի մեջ իրեր է շպրտում ամենքի վրա, ով փորձում է ներս մտնել։ Իսկ քո կարծիքի հետ նա հաշվի է նստում։ Բայց, Մակրոն, ես լսում եմ նրա խոսքերն ահա արդեն քառորդ ժամ և անկարող եմ հասկանալ նրա բորբոքումի պատճառը։
Սպուրիննան դեմքը մոտեցրեց պրեֆեկտի ականջին ու շշնջաց.
― Ասես չար ոգի է մտել նրա մարմնի մեջ, ու եթե այդպես է․․․
Նա չշարունակեց և դեմքի անբացատրելի մի արտահայտությամբ նայեց Մակրոնին։
Մտնելով ննջարան՝ Մակրոնն այն հիմնովին տակնուվրա արված գտավ, ասես բարբարոսներ էին անցել այդտեղով։ Առագաստի մետաքսե շղարշներն անգթորեն պատառոտված էին, կաղնեփայտե բարձր մահճակալից անկողինը շուռ էր տրված, նախշազարդ ոտնակը շպրտված էր մի կողմ, ուր մորթածածկ բազմոցն էր։ Ջարդված սափորներ, արձանիկներ ու էբենոսյա մի քնար էին անկյուններում շաղ ընկած, ասես դրանցով հարվածել էին պատերին։ Եռոտանի ոսկեձույլ աշտանակը, զույգ խնկամանները ու կորոտն սեղանը խճճված էին լուսամուտի տակ, հատակին ընկած ջահերը դեռևս վառվում էին՝ արյան բծերի նման երկարելով մարմարե սալիկներին, ծխի դեղնավուն քուլաներ էին ելնում վեր և օդը բռնված էր նարդոսի, կինամոնի, զմուռսի խիտ բույրով։ Պնակիտներ, մոմած տախտակ ու գրիչներ էին թափված ամենուր։ Պատերից մեկի տակ, անմիջապես Մակրոնի դիմաց, նստած էր կեսարի սիրելի կապիկը՝ գլուխը թաթերի մեջ առած. Ռեմուսը պրեֆեկտին նայում էր այնպիսի ողբերգական հայացքով, ասես քիչ առաջ ականատես էր եղել սահմռկեցուցիչ իրադարձության։
Մեռելային լռության մեջ արձանացած՝ Մակրոնը ներքին ահեղ տագնապով շուրջը նայեց և ավերումի մեջ չգտավ կեսարին։ Այդ նույն միջոցին մի ճիչ, թե ռազմականչ խլացրեց նրան. լուսամուտները քողարկող հակնթագույն վարագույրի ետևից կտրուկ ոստյունով առաջ նետվեց Կալիգուլան, ասես դարան էր մտել, ու գալլական լայնաշեղբ դաշույնով սկսեց թրատել իր առջևի դատարկությունը։
― Հեռացե՛ք, հեռացե՛ք, հանգիստ թողեք ինձ,― կանչում էր նա՝ արագ շարժումներով խոցոտելով եթերը, ասես շուրջառված էր մահաշունչ ուրվականներով։― Դուք լավ գիտեք, որ ես ամենն արել եմ պարտադրանքով և կամ խելազրկության մեջ։ Հեռու՛ մնացեք՝ ես չեմ ուզում նորից սպանել ձեզ։
Նրա դեմքն այլայլված էր, հայացքը՝ անհստակ, աչքերի մեջ արյան կարմրություն էր շողում, և Մակրոնին ակնհայտ էր, որ կեսարն Ատեի որոգայթների մեջ է։
Մերթ նախահարձակ լինելով, մերթ պաշտպանվելով, որպես հմուտ զինվորական, թափթփված իրերի վրայով Կալիգուլան նահանջեց դեպի բազմոցը և դրա թիկունքում պատսպարվելով, ձեռքն ընկած առարկաները նետեց լուսամուտների ուղղությամբ։ Ապա վերջապես նկատելով պրեֆեկտին՝ կանչեց տագնապալի.
― Զգուշացի՛ր, Մակրոն, նրանք մոտենում են քեզ, նրանք արդեն քո թիկունքում են, նրանք ուզում են ցողել քեզ արյամբ։ Մակրո՜՜ն․․․
Ամեհի ոստյունով Կալիգուլան ցատկեց բազմոցի վրայով և թիկունքով պաշտպանելով պրեֆեկտին՝ արագորեն թրատեց նրա շուրջը, ասես հենց նոր նրան մահ էր սպառնում ամեն կողմից։ Հետո Մակրոնի ձեռքը բռնելով՝ նրան ուղղակի քարշ տվեց դեպի բազմոցը, որի թիկունքում պատսպարվեցին երկուսով։
Մակրոնը զգուշորեն հպվեց կեսարին, անչափ մոտիկից նայեց նրա աչքերի մեջ. իր առջև ուրիշ մարդ էր ասես։
― Տու՛ր ինձ դաշույնը, Գայո՛ս,― ասաց՝ ձայնին կարելվույնս մտերմություն հաղորդելով,― դու արթմնի երազում ես. ցնցի՛ր քեզ, և ամենը կանցնի։
Կալիգուլան մատերը դրեց շուրթերին ու շշնջաց.
― Լռի՛ր, նրանք կարող են գուշակել մեր անելիքը։
Մակրոնը չգիտեր՝ ինչպես սթափեցնել նրան։
― Նրանք գրոհում են ինձ վրա, Մակրոն, բոլորը, ում տանջամահել եմ մանուկ հասակում,― կիսաձայն ասաց կեսարը։― Նրանք գալիս են՝ պատառոտված շորերով, պոկված գլուխներով, կտրված ձեռքերով։ Նրանք քիթ չունեն, և խոռոչից արյուն է հորդում։ Նրանց շուրթերը կտրված են. դա ե՛ս եմ արել Տիբերիոսի օրոք, ու նրանք հռհռում են՝ սահմռկեցնելով։ Նրանք ուզում են խեղդել ինձ իրենց մարմինների ծանրության տակ և իրենց արյան մեջ. տե՛ս, հատակը ցողված է արյունով, որից որդեր են ծլում արագորեն։
Կալիգուլան զգուշությամբ գլուխը դուրս հանեց բազմոցի թիկունքից և հետախուզող հայացքով նայեց շուրջը։
― Նրանք կարծես թե գնացին,― ասաց փոքր ինչ հանգստացած, բայցևայնպես դաշույնը հարվածի պատրաստ պահած՝ դանդաղ դուրս եկավ բազմոցի ետևից։― Այո՛, Մակրոն. մի՛ երկյուղիր այլևս։― Նա քայլեց դեպի սրահի կենտրոնը։― Բայց սպասիր, ինչ-որ զեփյուռ եմ զգում, որ բոլոր կողմերից գալիս է դեպի ինձ։
Նա ետ գցեց գլուխը և աչքերը փակ՝ ձեռքերը տարածեց կողքի թռչնի նման, ասես զեփյուռն ավելի լավ զգալու համար։
Մակրոնը շվարած կեսարին էր նայում ու մտովի աղերսում աստվածներին՝ դուրս բերել նրան Ատեի գրկից։
Ռեմուսն անհանգիստ ճչալով՝ թաքնվեց վարագույրների ետևում։
― Այն ահագնանում է, Մակրոն, տե՛ս, ծածանում է հագուստս։ Ես զգում եմ, Մակրոն, ես զգում եմ՝ ուրվականների նոր երամ է գալիս դեպի ինձ։ Ես զգում եմ՝ Չար ուժերը չեն այս անգամ նրանց ուղարկել ինձ այցի։ Բայց ես մրսում եմ, Մակրո՛ն։
Նա կծկվեց ցրտահարվածի նման, բայց շարունակում էր սևեռուն հայացքով առջևը նայել։
― Ահա՛, Մակրոն, նրանք մոտենում են, ես կարծես թե ճանաչում եմ նրանց։ Օ՜, այո, ահա՛, գալիս է մայրս։ Դու չե՞ս տեսնում նրան, Մակրոն, ա՜խ, սոսկալի՜ է.― նա դողաց փշաքաղությունից ու ետ-ետ գնաց,― նրա աչքը կախ է ընկել Սեյանոսի հարվածից, Մակրոն, և արյուն է լերդացած դեմքին։ Սոսկալի է։ Մի՛ մոտեցիր, մա՛յր իմ, մի՛ մոտեցիր, ես սարսափու՛մ եմ, ես քեզ սիրում եմ և չեմ կարող տեսնել քեզ այդպիսին։
Նա ահաբեկված սեղմվեց պատին և անօգնական նայեց շուրջը։
Եվ ասես եթերի մեջ նոր կերպարանք տեսնելով՝ շշնջաց քնքշորեն.
― Հա՞յր․․․ իմ սիրելի՜ հայր, որքա՜ն եմ կարոտել քեզ։
Կալիգուլան մի պահ դարձավ դեպի պրեֆեկտն, ապա ձեռքերը պարզեց լուսամուտների ուղղությամբ.
― Նա եկավ, Մակրոն, նա գունա՞տ է, օ՜, այո, տե՛ս, նրան Պիզոնը թույն է հրամցրել գինու հետ։ Դու չե՞ս կարող օգնել նրան, Մակրոն, ― խնդրեց սրտակեղեք.― տե՛ս, նա գալարվում է ցավից, նա օգնություն է աղերսում ինձանից․․․ Հա՜յր․․․
Կեսարը գրկաբաց գնաց դեպի լուսամուտները, բայց հանկարծ կանգ առավ և վշտահար դեմքով պրեֆեկտին նայելով՝ արտաբերեց արցունքների միջից.
― Նա չքացավ, Մակրոն, ես չկարողացա օգնել նրան։ Նա նորից կմեռնի։
Կալիգուլան լուռ իր առջևը նայեց մի քանի ակնթարթ, ասես սպասում էր հոր վերահայտնությանը, հետո միանգամից շրջվեց դեպի աջ՝ այնպես, կարծես մոտեցող ոտնաձայներ էր լսել։ Խոշորացած աչքերով նայեց եթերի մեջ ու տենդահարի նման դողդողալով՝ շշնջաց, ակամա կակազելով.
― Դրուսո՜ս, եղբա՛յր իմ հարազատ, քեզ այս ինչպե՜ս են սովահարել։
Ապա հեծեծալով՝ նա պտտվեց այնպես, ասես իր առջև մարդ լիներ կանգնած, որին զննել էր ուզում բոլոր կողմերից։
― Դու տեսնու՞մ ես, Մակրոն, թե Սեյանոսն ինչպես է աղճատել նրա աստվածային գեղեցկությունը. նա նիհար է՝ որպես կմախք, աչքերը փոս են ընկել, շուրթերը կարճացել ու բացել են մթամած ատամները։ Որքա՜ն գունատ է նա, Մակրոն։ Տես, նա ուտելիք է աղերսում։― Կալիգուլան շուրջը նայեց.― Բայց ես ոչինչ չունեմ ինձ մոտ, եղբա՛յր իմ։ Սպասի՛ր, ես հիմա,― նա փութով դարձավ դեպի պրեֆեկտը,― արա՛գ, թող սկուտեղներով համադամ բերեն նրան։ Զա՛նգ հնչեցրու, Մակրոն։
Ու տեսնելով, որ պրեֆեկտը շվարած իրեն է նայում, նետվեց դեպի մահճակալն ու քաշեց շողշողուն քուղը։
― Այսպե՜ս, համբերիր մի քիչ, եղբայր իմ, հիմա կգան սպասավորները և ես կփրկեմ քեզ։
Նրա դեմքին մեծագործության բավականություն շողաց, և սպասումով նստեց բազմոցին։ Բայց հանկարծ ոռնաց այնպես աղեկտուր, ասես իր մարմինը ծվատեցին դաշույններով.
― Ներո՜՜ն, այս ի՞նչ են արել քեզ, եղբա՛յր իմ։
Նա ափերով դեմքը ծածկեց, դառը հեկեկաց ու սահելով բազմոցից՝ ծնկի եկավ։
Այդ միջոցին Դուրսենուսը վախվորած կիսաբացեց ննջարանի դուռը, սակայն Մակրոնը, կեսարից աննկատ, նշաններով նրան հասկացրեց մենակ թողնել իրենց։
Կալիգուլան մի քանի րոպե մնաց ծնկաչոք և այդ ընթացքում ցնցվում էր անձայն հեկեկանքից. նրա ձեռքերը կախված էին ուսերից այնպես թույլ, ասես թրատված լինեին։ Հետո հանկարծ նա դադարեց ցնցվել, գլուխը մտածկոտ ու դանդաղ բարձրացրեց և լսողությունը լարած՝ կնճռոտված դեմքով նայեց անսահման հեռուն։ Ու անշարժացավ այդպես մի քանի վայրկյան։
― Այս ի՞նչ աղմուկ է դրսում, Մակրոն, այս ի՞նչ ձայներ են հասնում ինձ,― հարցրեց նա՝ ցնորված հայացքով նայելով պրեֆեկտին, և լռելով՝ նորից լարեց լսողությունը։
― Օ՜, ահա՛, պարզ է ինձ ամենը. այդ խենթացած ամբոխն է ողջունու՜մ Տիբերիոսին. դու լսու՞մ ես նրանց ձայները։ «Տիբերիո՛ս, Տիբերիո՜ս»՝ կանչում են նրանք. համբուրում են երևի հիմա այնտեղ նրա մաշիկները, ձեռքերը, մատանին կեսարական. պաշտում են նրան երևի որպես գթասիրտ աստծո, որ չկարգադրեց իմ մորը քարշ տալ Ժեմոնիներով։ Դու լսու՞մ ես նրանց,― դարձավ նա վերստին Մակրոնին,― նրանք հռհռում են, երգում, նրանք ծաղրում են ինձ՝ որ անկարող եմ վրեժի։
Թուլացող գիշերահողմի մարմին փշաքաղեցնող սվսվոցի հետ միախառնված բազմության խուլ բվվոց էր արձագանքվում սրահում, որը զարմացրեց Մակրոնին։
― Դու չե՞ս հավատում ինձ,― ասաց Կալիգուլան ու ելնելով՝ համր քայլերով մոտեցավ լուսամուտներին, ապա, ասես վարագույրի ետևում ծպտված դավադիրներ կարող էին լինել, զգուշությամբ ետ տարավ այն։
― Ահա՛, ահա՛ նրանք, ― ձեռքն առաջ պարզելով՝ կանչեց նա,― նրանք հոշոտեցի՛ն իմ ընտանիքը և հիմա ջահերով գալիս են խրախճանքի։
Մակրոնը շփոթված մոտեցավ լուսամուտներին ու ցածում, նախարշալուսային մուժի մեջ ջահեր բռնած բազմություն տեսավ, որ պարարտ շիթերով ու զվարթ աղմուկով բոլոր կողմերից հորդում էր դեպի Կրկես։ Նրանք ինչ-որ երգ էին երգում, որի բառերն անհնար էր զանազանել։
Մի պահ նրան թվաց, թե ամենը տեսիլք է. այդ մտքից նա փշաքաղվեց և ակամա շոշափեց իրեն։ Հետո, դեմքն ապակուն հպած՝ մի քանի վայրկյան ուշադիր նայեց դուրս ու գոչեց՝ թեթևացած շունչ քաշելով.
― Բայց դա հեծյալների դա՛սն է, կեսար, որ գալիս է տեղեր զբաղեցնելու հանդիսությունների համար. չէ՞ որ Բոնա Դեայի տոնն է այսօր։
Դեմքին խոր տարակուսանք՝ Կալիգուլան շրջվեց դեպի Մակրոնը, ապա բացեց լուսամուտն և ջանաց իմաստավորված կանչեր որսալ բազմության բվվոցի մեջ։
Մակրոնը ճիշտ էր։
Նա անխոս հեռացավ լուսամուտից և սրահը տնտղեց այնպիսի մի հայացքով, ասես անտեղյակ էր, թե ով է ավերել այն։
― Ի՞նչ է հապա ամենն այս, ― հարցրեց նա ինքն իրեն և ուժահատ նստելով մահճակալին, գետնատարած իրերին նայում էր զարմանքով։
Ուժգնացող աղմուկը խանգարում էր նրան վերագտնել իրեն, և ափերով ունկերը բռնած՝ ասաց թախանձանքով.
― Հեռացրու՛ նրանց ինձանից, Մակրոն. անկարող եմ լսել նրանց կանչերը խրախճալի։ Նրանք խլացնում են ինձ, նրանց զվարթ ձայնն ինձ վրեժի՛ է դրդում։
Մակրոնը գոցեց լուսամուտը, քաշեց վարագույրները։
― Նրանց կանչերը չեն նվաղում, Մակրոն, ասես աղմուկն այդ իմ ներսից է գալիս,― տրտնջաց կեսարը և պառկելով՝ բարձեր սեղմեց ունկերին։
Նա փակեց աչքերն ու անշարժացավ, և Մակրոնին թվաց, թե վերջապես խոնջություն համակեց նրան։ Բայց չէր հասցրել ուրախանալ այդ մտքից, երբ կեսարը հանկարծ կտրուկ շարժումներով նստեց անկողնում, դեմքն ափերի մեջ առած՝ օրորեց գլուխը և արտաբերեց դառնաձայն.
― Օ՜, չե՜մ կարող, չե՛մ կարող այլևս։
Հաջորդ ակնթարթին նա կերպարանափոխվեց, ատելություն շողաց նրա աչքերում, «Կորե՛ք գրողի ծոցը ձեր ջահերով և ճղճիմ նպատակներով»՝ գոչեց զարհուրելիորեն, որից լուսամուտները երերացին, ապա բարձերը ցասումով խփեց պատին, ճանկեց գետնին ընկած աշտանակն ու դռները ջարդելով՝ դուրս թռավ ննջարանից։
Ամենը կատարվեց այնքան արագ, որ Մակրոնը չհասցրեց որևէ կերպ կաշկանդել նրան։
― Պրետորիաննե՛ր, ինձ մո՛տ, ճիպոտներո՛վ, մտրակներո՛վ,― կանչեց Կալիգուլան ողջ ձայնով և սուրաց երկար միջանցքով, ուր քիչ մնաց ոտնատակեր ոսկեթել ցանցիկով մազերը հավաքած մի ստրկուհու, որ երկաթյա մատուցարանի մեջ բոցավառվող կրակ էր տանում։― Ու՞ր եք, պոռնիկի՛ ծնունդներ։
Նրա կանչն արձագանքվեց պալատում հարյուր անգամ, մի քանի զինվոր դուրս նետվեցին հարակից սենյակներից՝ հընթացս հագնելով սաղավարտները և ամրացնելով սրերը։
Նա հասավ աստիճաններին, որ լուսակալների սղության պատճառով վատ էր լուսավորված։
― Ու՞ր եք, Կերբերոսի նմանակներ, ջա՛հ բերեք,― նա աշտանակը զայրույթով զարկեց աստիճաններին, որ զրնգուն աղմուկով իջավ մինչև գետնահարկ։― Հարպիաները լափե՛ն ձեզ, ձրիակեր շներ, խռմփացնում եք անշուշտ պոռնիկների ծոցում։
Շնչակտուր պրետորիաններ էին միանում նրան, մյուսներն իրար անցած՝ անկանոն ձայնում էին միմյանց, ջահեր բռնած դուրս հորդում բոլոր ելքերից, ու երբ կեսարը հայտնվեց պալատի բակում, հինգ մանիպուլ արդեն նրան էին սպասում։
Հարյուրավոր ջահեր էին վառվում նրանց շարքերում, ու սպիտակ փետրափնջերով նրանց միահասակ սաղավարտները, դրվագազարդ լանջազրահները, զենքերն ու սրնքապանները փայլփլում էին խավարի մեջ դեղնավուն ցոլքերով, վահաններով կիսածածկված, մինչև ծնկներն իջնող կաշվե արնագույն զգեստներն ամեհիություն էին հաղորդում նրանց շարքերին։ Մերկացրած սուրը կրծքին սեղմած զինավառ ցենտուրիոններ էին խրոխտ կանգնած մանիպուլների առջև՝ պատրաստ կատարելու ցանկացած հրաման։
Պրետորիանների զգաստ տեսքը փոքր-ինչ մեղմեց կեսարի զայրույթը, և նա չնախատեց նրանց, այլ ձեռքը պարզելով ոչ մի վտանգ չակնկալող բազմության ուղղությամբ՝ հրամայեց.
― Ցրե՛ք դրանց, քշե՛ք, ճիպոտահարե՛ք բանսարկուների այդ ամբոխը, թող կորչե՛ն գրողի ծոցը և պապանձվեն. ես չե՛մ ուզում վրեժ լուծել նրանցից։
Եվ չսպասելով, որ Մակրոնը հրահանգի պրետորիաններին կատարել իր հրամանը, առաջին շարքի մի զինվորից խլեց ջահն ու գլխից վեր պահած՝ վազեց դեպի Ժեմոնիները։ Ամեհի ոստյուններով ցած իջավ աստիճաններով, որի երկու կողմում անհնազանդ ստրուկների և հանցագործների դիակներ էին կախված փայտյա սյուներից՝ ի տես և ի սարսափ ամենքի։ Մի քանի անգամ նա քիչ մնաց ընկներ գլխիվայր, բայց հրաշքով պահեց իրեն։ Սակայն բլրի ստորոտին, ուր ավարտվում էին Ժեմոնիները և սկսվում էր փողոցը, մթան մեջ նա սխալ հաշվարկեց աստիճանները և տապալվեց այնպես միանգամից, ասես նրա ուսերին անչափելի բեռ դրեցին հանկարծակի։ Թափից նա սահեց ցողածածկ սալահատակի վրայով երեսն ի վար, ջահն ընկավ ձեռքից ու ոստոստալով՝ հրե անկանոն պարույր գծեց խավարի մեջ։
Ցավը բորբոքեց նրան համակած կատաղությունը, նա ջահն առավ գետնից, որ ավելի շատ ծխում էր, քան այրվում և սուրաց Վուրկանալ հրապարակով, ուր գումարվում էին պատրիկների ժողովները։ Խավարի մեջ թույլ նշմարվող սպիտակավուն ժապավեն էր վազում նրա ետևից. դա ջահն էր մխում։ Շրջադարձելով Հուլիոս Կեսարի բազիլիկի մոտ, նա հատեց Օգոստոսի ֆորումը և սլացավ դեպի Եզան նրբանցքը, որը Կրկես տանող ամենակարճ ուղին էր։
Նրբանցքի բերանին ասպարակիր երկու գիշերապահ կտրեցին նրա ճամփան, բայց ճանաչելով՝ արագ ետ քաշվեցին ու ապշած նայում էին քամու պես սուրացող կեսարի ետևից։
Հևասպառ պրետորիաններ հասան նրբանցք։
― Ի՞նչ է պատահել,― անհանգստացած հարցրին գիշերապահները։
― Չարք է մտել կեսարի մարմին,― պատասխանեցին նրանց առանց կանգ առնելու։
Նրբանցքն անկարող էր բոլորին թողնել իր միջով, և Մակրոնն արագ վազքով երեք մանիպուլ տարավ շրջանցիկ ճանապարհով՝ կարգադրելով ընթացքում ուղղել զրահն ու զենքերը, որ հախուռնվել էին Ժեմոնիներով իջնելիս։
Դուրս գալով նրբանցքից՝ Կալիգուլան բազմությանը պատահեց Կրկեսի մատույցներում։ Նրանց զվարթ տեսքն ավելի գրգռեց նրան ու հանկարծ մռնչաց ինչպես վիրավոր գազան, դեմքը ծամածռվեց այլայլումից, շանթեր ելան աչքերից ու պարանոցի երակները պրկվեցին սև օձերի պես։ Հաջորդ ակնթարթին նա մղվեց դեպի բազմությունն այնպիսի թափով, ասես իր մարմնով պիտի ջախջախեր նրանց՝ որպես ամեհի մի բաբան։ Նա մխրճվեց մարդկային խիտ շարքերի մեջ ու սկսեց անխնա հարվածել նրանց և այրել կրակով։
Հռոմեացիները սկզբում դա ընկալեցին որպես կատակ, կարծելով, թե կեսարական զգեստների մեջ ծպտված մի դերասան անակնկալ է հրամցնում իրենց Բոնա Դեայի տոնի առթիվ։ Եվ ողջույնի ու քաջալերանքի ուրախ կանչեր լսվեցին բազմության միջից, բոլոր կողմերից հետաքրքրասերների խմբեր մղվեցին դեպի վաղորդյան զավեշտը։ Բայց երբ ճանաչեցին կեսարին ու հարյուրավոր ջահերի ներքո տեսան նրա դեմքը, որ նման էր թատրոնի ողբերգակ դիմակի, փշաքաղվեցին։
Նրանց անհասկանալի էր կեսարի վարքը, ու ետ էին քաշվում, միմյանց հրմշտելով սեղմվում նրա առջև սպունգի պես, ջանում խուսափել հարվածներից՝ փորձ չանելով պաշտպանվել, քանզի նա պոնտիֆեկ էր ու անձեռնմխելի՝ սրբազան կուռքերի նման։
Պրետորիաններ հասան հրապարակ ու նրա կյանքի համար անհանգստացած՝ ահեղ գոչյունով նետվեցին բազմության վրա, այդպես էլ չհասկանալով, թե նրանց ո՞ր մեղքի համար է պատիժը։
Այդ նույն միջոցին Հին Տիբուրտական դարպասի մոտի զորանոցից սոսկալի դղիրդով եկավ քաղաքային գվարդիայի հեծելազորը, որը պալատի առջև օրորվող ջահերի ծովը տագնապի նշան էր ընկալել։
― Ծեծե՛ք սրանց՝ թատրոնի այս գժերին,― հեծյալ պրետորիանների փայլփլող սաղավարտները նկատելով՝ կանչեց կեսարը ոգևորված։― Քշե՛ք սրանց, ծեծե՛ք, թող կորչե՛ն այստեղից։
Եվ Մակրոնը հեծելազորը մարտաշարքերով տարավ բազմության վրա, հետևակ ջոկատներն առաջացան թևերից։
Մտրակներ շառաչեցին օդում, ճիպոտներ ու մահակներ իջան անպաշտպան մարդկանց վրա։ Գիշերը բռնվեց լացով, ճիչերով, օգնության կանչերով։ Հռոմեացիները նետվեցին դեպի Կրկես՝ խառնաշփոթի մեջ տրորելով կանանց ու տարեցներին, որոնց հետո կոխրճում էին ձիերը։ Փրկության մի հույս էր վառվում բոլորի սրտերում, և խուճապահար ներս էին խցկվում Կրկեսի դռներից՝ պատսպարվելու համար այնտեղ։ Բայց քչերին բախտը ժպտաց, քանի որ ահագնացող հորձանքը վայրկյաններ անց խցանեց մուտքը այնպես, որ որևէ մեկն անկարող էր այլևս փրկվել։ Իսկ պրետորիանները վարժ ու անխնա ծեծում էին նրանց, երկարոտն նժույգները ճեղքում էին նրանց շարքերը, ինչպես նավն է անցնում ջրի միջով։ Հեծյալ ջոկատները, որ տարածվելու տեղ չունենալով՝ կաշկանդում էին միմյանց, ցրվեցին հրապարակով մեկ։
Բոլոր կողմերից շրջապատվելու վտանգը սարսափեցրեց հռոմեացիներին, և նրանք մտրակներից թիկնոցով պաշտպանվելով՝ Կրկեսի կոր պատերի տակով մղվեցին դեպի հրապարակ մտնող նրբանցքները, հուսալով դրանցով հասնել Պանթեոն կամ Իսիսի և Սարապիսի տաճար, որտեղից կարելի կլիներ արդեն փախչել Մարսյան դաշտ և թաքնվել թավուտներում։ Բայց այդտեղ ևս նրանց փորձություն էր սպասվում. Պինցիայից հանդիսության եկող բազմությունն աղմուկի ձայն լսելով՝ հետաքրքրասիրությունից դրդված, շտապել էր հասնել Կրկես ու շեղվելով Տրիումֆի փողոցից՝ հեղեղել էր մյուս բոլոր ուղիները։
Անհուսություն տիրեց նրանց։ Մի քանիսը փորձեցին բաղեղներից կառչելով՝ ելնել սյուների վրա, կանայք վայնասուն բարձրացրին։ Այս ու այնտեղ պրետորիանների դեմ կռվողներ էին երևում, այրում էին նրանց ջահի բոցով, սալաքարեր էին քանդում հանում փողոցներից ու նետում նրանց վրա, ջանում էին խլել ճիպոտներն ու մտրակները նրանց ձեռքից, իրենց մարմնով ծածկում էին կանանց, բայց անկարող էին դիմագրավել կուռ շարքերով առաջացող վահանակիր զինվորներին, որոնք ամեն րոպե համալրում էին ստանում քաղաքային զորանոցներից։ Իսկ հեծելազորը կոխկրտում էր նրանց։
Դիմադրելը հետզհետե դառնում էր անիմաստ. տղամարդիկ լալիս էին անզորությունից, ոմանք, ցանկանալով խուսափել մտրակների հարվածներից, թիկունքը պրետորիաններին դարձրած, ճանկռտում էին փախուստի ճամփան փակողներին, ելնում նրանց վրա ու սողում սեղմումից գերխիտ բազմության վրայով։ Շատերը մտրակածեծ ընկնում էին գետին, դարսդարսվում միմյանց վրա, և պրետորիանները քայլում էին նրանց մարմիններից գոյացած բուրգերի վրայով։ Բազմության աղեկտուր աղաղակի միջից լսվում էր Կալիգուլայի զրնգուն ձայնը.
― Ճիվաղնե՛ր, Եքիդնայի վիժվածքնե՛ր, Սեյանոսի քսու արբանյակնե՛ր, այդ դուք չէի՞ք դեկրետով փառաբանում Տիբերիոսի գթասրտությունը, որ նա չհրամայեց մորս քարշ տալ Ժեմոնիներով և Տիբրոս նետել։ Դուք չէի՞ք առաջարկել նրան մորս ծննդյան օրը համարել չարաբաստիկ։ Դուք չէի՞ք մատնագրեր սարքում եղբայրներիս դեմ, դուք չէի՞ք նրանց հրահրում դժգոհել Տիբերիոսից, ապա նրանց խոսքը հասցնում կեսարին, դուք չէի՞ք արյունապիղծ կանչում Դրուսիլիայի ետևից և փակում բոլոր դռները նրա առջև։ Եկել է հատուցման ահեղ ժամը, դե՝ ստացե՛ք ձեր պատիժը։
Մակրոնը, որ խառնաշփոթի մեջ կեսարին կորցրել էր տեսադաշտից, երկու թիկնապահի օգնությամբ ճեղքելով բազմությունը՝ մղվեց ձայնի ուղղությամբ։
Կեսարը բավականին խորացել էր բազմության մեջ։
― Հեռու՛ քաշվեք,― հոխորտում էր Մակրոնը, հրում, բռունցքներով հարվածում իրեն կաշկանդողներին, սայթաքում գետնատարած մարմինների վրա։
Նրան սեղմում էին բոլոր կողմերից, նա առանց ասպարի էր, և բազմությանը միախառնված զինվորների մետաղե զրահները ջարդում էին նրա կողերը, մտրակների անկանոն հարվածներ էին բաժին ընկնում նրան։ Քարեր էին թռչում նրա գլխավերևով։ Ձիեր էին ծառս լինում ջահերից այրված ռունգերով՝ սպառնալով շուռ գալ նրա վրա։
Կեսարի ձայնը Մակրոնը լսում էր արդեն մոտիկից, ու ոտքերի վրա ձգվելով՝ տեսավ, թե ինչպես է նա երեք թե չորս պրետորիանների հետ մտրակում բազմությանը։
Նրան թիկնապահների հետ տեսնելով՝ Մակրոնը թեթևացած շունչ քաշեց։
Շրջապատման վտանգ զգացած պինցիացիները այդ նույն պահին արագ ետ քաշվեցին իրենց եկած ճանապարհներով ու գլխապատառ վազելով՝ տարրալուծվեցին քաղաքում։ Կրկեսի մոտ մտրակահարվող բազմության առջև փախուստի ուղի բացվեց, և ամբարտակ խորտակած հեղեղի պես այն ակնթաթորեն հորդաց դեպի Տիբրոս՝ իր հետ քշելտանելով նաև պրետորիաններին։
Հանկարծահաս և ուժգին հրմշտոցից Մակրոնն իր շուրջը գտնվողների հետ գետին տապալվեց, հետո մի քանի րոպե մարդիկ ու ձիեր էին անցնում նրա վրայով։ Նա հազիվ հասցրեց գլուխը պաշտպանել ձեռքերով և ինչ-որ հրաման էր բղավում, բայց նրա ձայնն անլսելի էր աղմուկի մեջ։
Երբ ամենը խաղաղվեց, Մակրոնը գլուխը բարձրացրեց ու նոսրացած հրապարակում գետնատարած հարյուրավոր մարմիններ նշմարեց, ոմանք պառկած էին անշարժ, մյուսները մղկտում էին և տրորում վերքերը։ Կանայք ձայնում էին իրենց ամուսիններին։ Մի քանիսը շաղ եկած դրամ էին հավաքում։
Մակրոնը դժվարությամբ ոտքի ելավ և գետնից մի ջահ վերցնելով՝ լուսավորեց շուրջը։ Երերալով քայլելով՝ զննեց վիրավորներին։ Կեսարին չգտավ նրանց մեջ։ Մեջքի շրջանում սուր ցավ զգաց և կամեցավ դառնալ պալատ, բայց կեսարի համար անհանգստությունը նրան տարավ դեպի Տիբրոս։ Գնաց մինչև գետափ, ճանապարհին զննելով պատահող բոլոր մարդկանց։ Այստեղ նա մոլորվեց՝ չիմանալով բարձրանա՞լ դեպի Պոմպեոսի թատրոն, թե՞ իջնել գետի հոսանքով։ Ավենտինից նրան անկանոն ձայներ հասան, և գնաց այդ ուղղությամբ։
Տիբրոսի չորրորդ շղթայակամուրջի մոտ սմբակների անհանգիստ ոտնաձայն հասավ նրան, մի քանի կրակներ սահեցին նավահանգստի ջրի վրայով, ապա ջահի լույսը խավարից խլեց երկու զինվորների հետ եկող մի ցենտուրիոնի։
― Որտե՞ղ է կեսարը,― հարցրեց Մակրոնը տագնապած։
― Նա ոչ մի տեղ չկա, պրեֆե՛կտ,― պատասխանեց ցենտուրիոնը մոլորված,― անհետացավ այնպես հանկարծակի, ասես գետնի տակն անցավ։
Նրա ձին անհանգիստ դոփում էր տեղում։
Մակրոնը հուսահատ նայեց խավարի մեջ, մի պահ չգիտեր ինչ անել, ապա ցենտուրիոնին կարգադրեց գնալ Տուլլիոսի պարսպի ուղղությամբ, որտեղ ջահերի անկանոն շարժում նկատվեց, իսկ նրա ուղեկիցներից պահանջեց որոնել մյուս ցենտուրիոններին և նրանց հայտնել իր հրամանը՝ բաժանել քաղաքը չորս մասերի և ստուգել բոլոր փողոցները, պուրակներն ու այգիները, ինչպես արվել էր Դրուսիլիայի մահվանը հաջորդած օրերին։
Երբ զինվորները հեռացան սրարշավ, Մակրոնը ետ դարձավ եկած ճանապարհով՝ նպատակ ունենալով ստուգել Կրկեսի մերձակայքը։
Այս անգամ նա տնտղեց նաև նրբանցքները։ Անհեծյալ նժույգներ էին պատահում նրան, որ ջահի լույսից տագնապած՝ քառատրոփ անէանում էին խավարի մեջ՝ ձիգ վրնջոցով մատնելով իրենց ուղին։ Տների դարպասների մոտ թաքնված հռոմեացիներ էր նա հայտնաբերում, ովքեր նրան ճանաչելով՝ կծկվում էին սարսափահար։
Թափառական շներ էին ոռնում այս ու այնտեղ ահաբեկ։
Կեսարին ոչ մի տեղ չգտնելով՝ Մակրոնը որոշեց փնտրել նրան Տրիումֆի փողոցի պուրակում, որը հետզհետե նեղանալով՝ գետեզրի մոտերքից ձգվում էր մինչև Կրկեսի հրապարակ։
Ծառուղիների մարմարախիճը սարսափազդու ղրճղրճում էր նրա ոտքերի տակ, ամեն թփի ետևում նրան թաքնված տղամարդ էր երևում։ Լուսակալի շիկավուն բոցը փռփռալով տարուբերվում էր գիշերասյուքից, և նա պատսպարում էր այն իր մարմնով։ Օրորվող արմավենիներն ասես խափշիկ բազմաձեռ պարուհիներ լինեին. քառուղիների բարձր ծաղկամանները, որոնց մեջ նարգիզներ էին փթթում, կտրված գլուխներ էին թվում, մրտենիների խուզված թփերը շուռ տված կարասներ լինեին ասես, ջահի լույսից կաթնագունած ալեբաստրե պորտիկի արձանները տագնապած հետևում էին նրան պատվանդանների վրայից։
Հագուստի կտորտանք, պատռված փոկերով սանդալներ, արծաթե հերակալներ ու սաղավարտներ էին շաղ եկած գետնին։
Աջ կողմում, նոճիներով ու պինիաներով եզերված բացատում, ուր քարե բոլորաձև նստարաններ էին, գետնին տարածված տղամարդու մարմին նշմարվեց։
Մակրոնը մոտ վազեց տագնապով և զգուշավորությամբ, ու նրա սիրտը ճմլվեց սարսուռից. կեսարի նույն սիկիոնե կոշիկները, երկնագույն տունիկան, կարճ կտրած մազերով կլորավուն գլուխը։
Միջատներ վազեցին նրա թիկունքով։
― Կեսա՞ր,― շշնջաց պրեֆեկտն այլայլված ու ջահը պահեց տղամարդու վրա։
Արձագանք չեղավ։ Մակրոնը ծնկի եկավ ու հուզմունքից դողալով՝ շրջեց տղամարդուն մեջքի վրա։
Նրա դեմքն անճանաչելի էր դարձել քունքի պատռվածքից հորդացած արյան պատճառով, որից կարմիր էր ներկվել նաև զգեստը։ Մակրոնը հագուստի թևքով զգուշորեն մաքրեց լերդանալ սկսած արյունը։ Տղամարդը շնչում էր ծանր, ու մինչ Մակրոնը մաքրում էր նրա դեմքը, բացեց աչքերը և մարող հայացքով եթերի մեջ նայելով՝ շշնջաց.
― Բայց ինչու՞ եղավ այսպես․․․
Մակրոնը, որ այդ միջոցին նրա հագուստին քվեստորական տարբերանշան էր նկատել, ոչինչ չկարողացավ պատասխանել։ Նա փորձեց բարձրացնել քվեստորին, բայց սա շուրթերն անուժ ու համրորեն կծկեց ցավից։ Այդ պահին միայն Մակրոնը նկատեց, որ նրա ոտքը կոտրված է սրունքից։ Արագ շարժումներով նոճու մի ճյուղ կտրեց, ափերով շոշափելով վերքը՝ հագուստի կտորտանքներով կապեց այն սրունքին երկու տեղից։ Հետո, դուրս գալով պուրակից, Կրկեսի հրապարակում խմբված վիգիլներին կարգադրեց բժշկողի մոտ տանել քվեստորին։
Այստեղ նա զգաց, որ հետզհետե խորացող թուլություն է համակում իրեն, որից երերում էր թունդ գինովցածի նման։ Բայց հպարտությունը թույլ չտվեց պրետորիան կամ թե վիգիլ ուղեկից հայցել, և ողջ ուժերը լարելով՝ քայլեց դեպի Կապիտոլիում՝ ինքն իրեն հուսադրելով, թե գուցե կեսարը մեկ այլ ճանապարհով վերադարձել է պալատ։
Երբ հասավ Ժեմոնիների ստորոտին, թուլությունը կլանեց նրա ողջ մարմինը։ Բազրիքին հենվելով՝ բարձրացավ մի քանի աստիճան։ Նրան թվաց, թե աշխարհը պտտվում է իր շուրջը, իսկ Ժեմոնիներն օրորվում էին, ինչպես դրոշը՝ քամուց, երկինքը ճնշում էր նրան, ինչպես Երկիրը՝ Ատլանտին, և նա կորացավ ահռելի այդ ծանրությունից։ Զգաց, թե մարմինն ինչպես է ջերմանում, ասես Հեփեստոսը քուրա էր վառել իր ներսում։ Հետո սառցանման մի ցրտություն սկսեց բարձրանալ ոտքերով վեր՝ դեպի սիրտ։ Օգնություն աղերսող հայացքով նա շուրջը նայեց, բայց խաչերից կախված դիակներից զատ ոչինչ չտեսավ։ Ընկնելով բազրիքի վրա և թևով գրկելով այն, նա վեր ելավ կրիայի արագությամբ։
Պալատի բակում անհանգիստ ետևառաջող Նուրծ Րաին տեսնելով՝ նա հասկացավ, որ կեսարը չի վերադարձել։
Նուրծ Րաի օգնությամբ նա հասավ իր հարկաբաժին և առանց հանվելու՝ տապալվեց մահճակալին։ Թե որքան քնեց՝ պատկերացում չուներ, արթնացավ ոչմենակության զգացողությունից. կեսարն անխոս կանգնած էր նրա գլխավերևում՝ գունատ, հագուստն ամբողջովին կորած փոշու մեջ։
Գլուխ հինգերորդ
Մակրոնը ցանկացավ ելնել, բայց զարմանքով նկատեց, որ մարմինը համառում է ենթարկվել իրեն։ Կալիգուլան ձեռքի մտերմիկ շարժումով նրան հասկացրեց, որ կարող է մնալ պառկած, ապա խոնարհվելով նրա վրա՝ հարցրեց խորհրդանշանակ տոնով.
― Չե՞ս հարցնում, թե ու՞ր էի գիշերը։
Մակրոնը պարզ տեսավ, որ կեսարի դեմքից չքացել է իմաստուն հանդարտության փայլը, և կապույտ աչքերում վրդովմունքի ու վրեժխնդրության համր արտահայտություն է սառել։ Նա տառապած տեսք ուներ, սպիտակ երիզներով երկնագույն տունիկան խունացել էր արյան ու քրտինքի առատ բծերից, սիկիոնե կոշիկների երբեմնի կուրացուցիչ ճերմակությունից հետք անգամ չկար։ Գերագույն քրմի փղոսկրե հմայիլը՝ նրա անձեռնմխելիության և բոլոր ապրողաց հոգիների վրա իշխանության խորհրդանիշը, չարագուշակ փայլով պսպղում էր կրծքին, և գույների երանգներն անկանոն հաջորդում էին միմյանց։
― Ես գնացի Մարսյան դաշտ,― պատասխանեց կեսարն ինքն իր հարցին այնպիսի տոնով, կարծես թախանձանքով դիմել էին իրեն,― փորեցի Սեյանոսի գերեզմանը, դուրս թափեցի նրա ոսկորները, կապեցի միմյանց տունիկայիս գոտիով և քարշ տվեցի Կարմենտական ճանապարհի սալաքարերի վրա, մինչև մաշվելով՝ վերացան։
Լսածից Մակրոնը ցնցվեց ու սառը դող համակեց նրան՝ պատկերացնելով կեսարին Հռոմ եկող ճանապարհին միայնակ թափառելիս։ Եվ նայում էր նրան կարեկցանքով ու անակնկալության զարմանքով։ Իսկ Կալիգուլան հանդարտ տարածվեց վագրենիով պատված լայն բազմոցին և մտքերի մեջ ընկած՝ լուռ նայեց առաստաղին, ուր որսի տեսարան էր պատկերված։ Հետո կարծես հանկարծ հիշելով, որ սրահում ինքը մենակ չէ, ասաց, հայացքը առաստաղից չկտրելով.
― Ես Կապիտոլիում եկա մենակ։ Դարպասապահ զինվորները կամեցան ուղեկցել ինձ, բայց մերժեցի նրանց։ Ես մտա քաղաք ու գալով դեպի Տրիումֆի փողոց, սպասում էի, թե հռոմեացիք վրեժ կլուծեն ինձանից գիշերվա համար, գոնե կընդվզեն ինչ-որ կերպ, կդժգոհեն, կբողոքեն, բայց, տարօրինակ էր, ինձ տեսնելով՝ նրանք ամայացնում էին փողոցները, խցկվում տներն ու նրբանցքները, ասես ժանտախտ էի բերում ես ինձ հետ, թաքցնում էին իրենց հայացքները, քանի դեռ ես չէի անցել իրենց մոտից։ Նրանք նայում էին գոտուս, որ ինքնամոռաց քարշ էի տալիս իմ ետևից, որպես կախարդական մի իրի, և ասես հմայված լինեին աստվածային անիմանալի ինչ-որ զորությունից։
Բոնա Դեայի տաճարի մոտ սրբազնագործության եկած հավատացյալների պատահեցի, հարյուրավոր քվիրիտների՝ Հուլիոսի բազիլիկում, նաև սենատորների, որ սյունաշարերի մոտ խմբված՝ զրուցում էին. երեկվա իմ վարքն էին քննում անշուշտ։ Ես ուզում էի, որ նրանք կտրեն իմ ճամփան և բացատրություն պահանջեն, ինչպես վայել է արժանապատիվ քվիրիտներին, բայց իմ հայտնվելուն պես ամենքն այնպես արձանացան, ասես ձեռքիս բռնած ունեի Գորգոյի գլուխն օձավարս։
Կալիգուլան դադար տվեց, ասես ժամանակ էր տալիս Մակրոնին՝ ամբողջությամբ պատկերացնելու իրեն պատահածը։ Իսկ պրեֆեկտը լսում էր նրան ահագնացող սարսուռով։
― Ես օրորվում էի անքնությունից և ապրումների տառապանքից,― շարունակեց կեսարը՝ դիրքը չփոխելով,― և ոտքերս հազիվ քարշ տալով՝ անցա նրանց միջով գլխահակ ու հետևում էի նրանց շարժումներին աչքերի եզրերով, սակայն այդպես էլ ոչ մեկը չմոտեցավ ինձ։ Եթե հասարակ մարդկանց գուցե թե զսպում էր պատկառանքն իմ դիրքի հանդեպ, հապա սենատորնե՞րը․․․ չէ՞ որ կուրիայում նրանք շատ են վիճաբանել ինձ հետ։
Կալիգուլան կրկին ընդմիջեց, ասես սպասում էր Մակրոնի պատասխանին, ապա ձեռքերը հավաքելով գլխի տակ, ասաց.
― Ես Քաղաքի միջով անցա տասն ասպարեզ՝ հետիոտն, թույլ ու անզեն, և ոչ ոք չըմբոստացավ, նույնիսկ նախատինքի անհամարձակ շշուկներ չհասան ինձ։ Մինչդեռ արժանի էի դրան, Մակրո՛ն, քանզի վրեժ էի առել անմեղներից։
Կալիգուլան հայացքը վար բերեց առաստաղից և նայեց պրեֆեկտին, կարծես կամենալով պարզել նրա արձագանքը։
Մակրոնի համար նույնպես անսպասելի էր հռոմեացիների այդպիսի վարքը, և դեմքը կնճռոտած՝ փորձում էր բացատրություն գտնել կատարվածին։ Ու երկար մտածելուց հետո ասաց անհաստատ տոնով.
― Նրանք երկյուղել են հետագա պատժից, կեսա՛ր։
― Պատժի՞ց,― Կալիգուլան նստեց բազմոցին՝ Մակրոնի դեմքը տեսնելու համար, ասես համոզվել էր ուզում, թե արդյո՞ք պրեֆեկտը դա լուրջ ասաց։― Ես դա այնքան էլ լավ չեմ հասկանում, Մակրո՛ն։ Իմ պրետորիաններն ընդամենը տաս կոհորտա են՝ ինը հազար սուր, որից չորսն է Քաղաքում, իսկ իրենք միլիոն են։ Թող այդ միլիոնից մեկին զոհաբերեին՝ ինձանից ազատվելու համար։ Իսկ հիմա՞. այդ միլիոնը շարունակելու՞ է ապրել նվաստացած, ձևացնելով, թե ոչինչ էլ չի՞ պատահել։
Նա տարակուսանքով ձեռքերը կողք տարածեց ու ավելացրեց.
― Բայց մի՞թե արժանապատվությունը բարձր չէ ապրելու տենչից, Մակրո՛ն։
Մակրոնը մտորում էր կեսարի ասածների շուրջ, իսկ Կալիգուլան վերստին տարածվեց բազմոցին ու անորոշ հայացքով նայեց անսահման հեռուն։
― Հիշու՞մ ես, Մակրոն,― ասաց նա տևական լռությունից հետո,― երբ մենք Կապրիում էինք, դու պատմում էիր ինձ Ալեքսանդրի պատանի թիկնապահների մասին, որոնք պատրաստ էին հանուն արքայի զրկվել կյանքից ցանկացած պահի ու ոչ մեկ անգամ այդպես վարվել են՝ օտար դեսպանների առջև արքայի նշանով խողխողելով իրենց՝ խորին ակնածանք հարուցելով դեսպանների մոտ մակեդոնական բանակի ոգու հզորության հանդեպ։ Դա տասներկու տարի առաջ էր։ Այդ պատմությունն ինձ հուզել էր անչափ, և այդ ժամանակից տղամարդու իմ իդեալը մակեդոնացի պատանիներն են, որոնց անունները չեն պահպանվել։
Քեզ ոչինչ չեմ ասել, բայց ահա արդեն տասներկու տարի ձգտում եմ ինքս ինձ դարձնել այդպիսին և չերկնչել մահվան առջև, քանի որ, իմ համոզմամբ, միայն այդպես է վայել ապրել տղամարդուն։ Կեսարը չպիտի աղերսի կյանքի համար, քանզի եթե այդպիսին չլինի ինքը, չի ունենա իրավունք դա պահանջել մյուսներից։ Եվ, ահա, օրեր առաջ մի Երազ եկավ ինձ այցի. անկարող եմ ասել՝ Բարի էր այն, թե Չար։ Իբր մահվան էին դատապարտել ինձ ու պիտի նիզակահարեին։ Ես խնդրեցի դահիճներին՝ չկապկպել ինձ ու չփակել աչքերս, ասելով, թե առանց այդ միջոցների կընդունեմ մահը։ Ու կանգնեցի նրանց դեմ (իսկ դահիճները յոթ-ութ քայլի վրա էին) և փորձեցի հանգստությամբ նայել նրանց մահալի նիզակներին, որ ուղղված էին դեպ ինձ ու հաջորդ ակնթարթին մխրճվելու էին կուրծքս։ Բայց իմ մեջ ուժ չգտնվեց նայել մահվան աչքերի մեջ այդչափ մոտիկից ու ծնկներս ծալվեցին, ընկա գետին և թպրտում էի ավազուտներում օձի պատահած դաշտամկան նման։ Ես փորձում էի ուժ գտնել իմ մեջ՝ ողջ հասակով կանգնելու նիզակներին դեմ հանդիման, և ջանում էի ներշնչել ինձ, որ արժանապատիվ մահը վեր է կյանքից, բայց, միևնույն է, անիմանալի ինչ-որ էություն կաշկանդում էր ինձ։
Նա շրջվեց բազմոցի վրա և գլուխն ափին հենած՝ նայեց պրեֆեկտին։
― Դու ասում ես՝ երկյուղե՞լ են պատժից, այսինքն չե՛ն կամեցել վտանգել իրենց կյանքը։ Բայց չէ՞ որ ես էլ ի՛մ կյանքն էի վտանգում, Մակրոն, այն էլ՝ առավել մեծ չափով։ Ես կարող էի սպասել դարպասապահների մոտ և Քաղաք մտնել պրետորիանների կոհորտայի հետ, բայց չարեցի։ Ու եթե հռոմեացիներից որևէ մեկը փորձեր բռնանալ կյանքիս վրա, կհաջողեր ու կսպաներ ինձ հաստատապես, քանի որ, ասացի, անզեն էի և ուժասպառ՝ մահու չափ։ Նա գուցե թե նաև կարողանար փրկվել, քանի որ մոտերքում վիգիլ չկար։ Ասում ես՝ երկյուղել են։ Երկյուղել են ու ապրու՛մ են հիմա նվաստացումի մեջ, իրենց չե՛ն վտանգել հանուն արժանապատվության, մինչդեռ ես զրկել էի ինձ փրկության հույսից, թեև վտանգի գնալու որևէ վեհ նպատակ չկար իմ առջև այդ պահին։
― Այդ դեպքում ի՞նչը ստիպեց քեզ հրաժարվել դարպասապահ զինվորների ծառայությունից,― հարցրեց Մակրոնը։
― Գուցե չհավատաս, բայց ես այդ Երազից հետո ստուգել էի ուզում ինձ, ցանկանում էի պարզել, թե ինչպե՞ս կպահեմ ինձ իրականության մեջ, երբ մահը մոտենա, կկարողանա՞մ Ալեքսանդրի թիկնապահների նման ինձ ամբողջությամբ տրամադրել մահին։ Հռոմեացիները չսպառնացին ինձ ոչնչով, բայց Կապիտոլիումի ճանապարհին ինձ համար կարծես թե միևնույն էր՝ ողջ կմնա՞մ, թե՞ ոչ։
Մորփեոսը նրա հոգնատանջ մարմինը հետզհետե առնում էր իր իշխանության տակ, նա դադար տվեց, ապա քունը դժվարությամբ հաղթահարելով՝ շարունակեց կիսաձայն.
― Անփորձանք հասնելով ֆորում՝ դառնանալով հասկացա, որ հռոմեացիները նվաստացումը գերադասում են արժանապատվությունից։ Դա անչափ ծանր էր ինձ համար, Մակրոն, ու ես հուսադրում էի ինձ, թե հիմա, ֆորումում, նրանք կընդվզեն, կփակեն իմ ճամփան։ Եվ դավադիր դեմքեր էի փնտրում տաբերնաների վարագույրների ետևում, տաճարների ծածկահարթակներում, բազիլիկի սյուների թիկունքում, Կրկեսի հրապարակում. ես այնպե՜ս էի ուզում սպանեին նրանք ինձ, Մակրոն, որպեսզի հռոմեական ժողովուրդը չմեռներ պատվազրկությունից․․․ Ես խղճում եմ նրանց․․․
Այս վերջին նախադասությունը Կալիգուլան արտաբերեց խոր կարեկցանքով, և Մակրոնը տառապանք տեսավ նրա աչքերում, որպիսին ունենում է արքան իր բանակի ծանր պարտությունից հետո։
Այդ միջոցին սրահ մտավ պրետորիանների ցենտուրիոն Քերեան և դռների մեջ փետրազարդ սաղավարտը գլխից առնելով՝ պատվի առավ ու զեկուցեց, թե կեսարի հրամանը կատարված է և դամբարան է դրված սենատոր Կասիոսի գերեզմանին։
Կալիգուլան ցենտուրիոնին ունկնդրեց անհույզ, մինչդեռ տասն օր առաջ ինքն էր ցանկացել Անտիոքում ժանտախտից մեռած Կասիոսի դամբարանը կառուցել կեսարական տան միջոցներով։ Եվ անտարբեր հայացքով չափելով իր առջև կանգնած ցենտուրիոնին, որ կտրտած եզրերով կաշվե զգեստ էր հագել զրահի տակից ու կնեմիդներ էին գրկում նրա պիրկ սրունքները, արտաբերեց քնատ.
― Երբեմն մարդիկ կենդանության օրոք մեզ այնքան հոգս չեն պատճառում, որքան՝ մեռնելուց հետո։
Քերեային անհասկանալի էր կեսարի վարքի փոփոխությունը և ակամա նայեց իր զորապետին, ասես Մակրոնի դեմքի արտահայտությունն օգնելու էր իրեն՝ հասկանալու հանելուկը։
Կեսարը կամեցավ ազատ արձակել ցենտուրիոնին, բայց ինչ-որ բան հիշելով՝ հապճեպ շարժումներով նստեց բազմոցին։
― Քերեա՞, այդ դու՞ ես,― կանչեց նա ահեղաձայն, ու նրա աչքերում դաժան ատելություն ցոլաց։
Քերեան, որ հեռանալու թույլտվության էր սպասում, ձգվեց ակամայից, թեև մինչ այդ էլ կանգնած էր զգաստ, բռունցքված ձեռքով հարվածեց զրահին ու շունչը պահեց, որպեսզի որևէ աննշան շարժում անգամ չխաթարի իր նվիրվածությունը կեսարին։
― Մոտ արի՛,― կարգադրեց Կալիգուլան խիստ տոնով։
Ցենտուրիոնը վետերան ռազմիկի լայն ու հատու քայլվածքով եկավ դեպի կեսարն ու արձանացավ նրա առջև։
Կալիգուլան ոտքի ելավ, և ցենտուրիոնը զայրույթի փոթորիկ տեսավ նրա աչքերում ու անխուսափելի աղետ կանխագուշակեց, բայց չհասցրեց կողմնորոշվել, թե հարվածը որտեղից է իջնելու իր վրա, քանզի այդ նույն պահին որպես որոտ նրա ունկերում պայթեց կեսարի ձայնը.
― Մի՞թե Ներոնն իսկապես վատաբանել էր Տիբերիոսին, Քերեա՛։
Պրետորիանը վայրկենապես ծեփի գույն ստացավ, նրա խրոխտ կեցվածքը ճմռթվեց և մահվան սարսափն աչքերի մեջ՝ քարացավ։ Նա հաստատապես վստահ էր եղել, որ մատնագրերն այրված են, իսկ կենդանի վկա, որքան ինքը գիտեր, վաղուց չկա։ Անիմաստ էր գուշակել, թե ինչպե՞ս է կեսարը տեղեկացել քսանամյա վաղեմության իրադարձություններին, քանի որ դա ոչինչ չէր փոխի։ Բացի այդ, անակնկալությունից նրա միտքն արգելակվել էր, սիրտը սառել էր կարծես, և խեղճացած էր ու կորացած այնպես անօգնական, ասես ոչ թե կանգնած էր ոտքերի վրա, այլ պահվում էր աներևույթ ինչ-որ լարերի կամ թե պարանների միջոցով։ Իսկ աչքերն անփայլ էին ու անկյանք, կարծես արդեն մորթել էին նրան։
Կալիգուլան թողեց նրան շփոթության մեջ, մոտեցավ լուսամուտներին և նայելով դուրս՝ երկինքն ամպերով ծրարված գտավ։ Մակրոնը նրա դեմքը չէր տեսնում, բայց կռահեց, որ նա կռվում է ինքն իր դեմ՝ զսպելու համար վրեժխնդրության տենչը։
― Չէ՛ր վատաբանել, Քերեա. քո շփոթությունը դա է հաստատում,― ասաց վերջապես կեսարը՝ շրջվելով դեպի ցենտուրիոնը։― Ես, իհարկե, հասկանում եմ, դու դա անել չես ցանկացել, քեզ ստիպել են, մահվամբ սպառնացել. Սեյանոսին ճանաչելու դժբախտությունը ես էլ եմ ունեցել։
Քերեայի սարսափահար դեմքին թույլ կենդանություն նշմարվեց. նա գիտեր, որ քարկոծամահն է զրպարտչի պատիժն օրենքով։
― Ուզու՞մ ես ապրել,― հարցրեց կեսարը հատու՝ մոտենալով ցենտուրիոնին և կանգնելով նրա դեմ։
Քերեայի լեզուն կապ ընկավ հարցի անսպասելիությունից, բացեց բերանը, սակայն ոչինչ արտաբերել չկարողացավ, և աճապարեց վերուվարել գլուխը՝ երկյուղելով, թե պատասխանի հապաղումը ճակատագրական կարող է լինել։
― Ես քեզ կյանք կբաշխեմ, ― ասաց կեսարը՝ անբացատրելի մի հայացքով նայելով Քերեային,― բայց դու պիտի քավես մեղքերդ։
Ցենտուրիոնը ծնկի եկավ նրա առջև՝ պատրաստ նվաստանալու։
― Ահա՛ քո փրկությունը,― գոչեց կեսարը զայրույթով և նրա դեմքին մոտեցնելով անպատկառ ձևով ծալված իր մատները՝ կարգադրեց.― համբուրի՛ր։
Քերեան խղճահարություն հայցող հայացքով վարից նայեց կեսարին, բայց նրա աչքերը սոսկալիորեն արնագունած տեսնելով՝ հեկեկաց, արցունքն աչքերին՝ մի քանի վայրկյան նայեց իր դեմքի առջև պահված մատներին ու համբուրեց հեծկլտալով։
― Այսպե՜ս,― ծոր տվեց Կալիգուլան գոհունակությամբ, ― ոտքի՛ ել և հիշի՛ր. նույն կերպ ես վարվելու ամեն անգամ, երբ պատահես ինձ. լինենք մենք երկուսով, թե մարդկանց մեջ։
― Կեսա՜ր,― կանչեց Քերեան աղիողորմ,― մի՛ ոչնչացրու ինձ այդպես դաժանորեն։
― Դաժանորե՞ն,― կեսարն ուսերը թոթվեց՝ նայելով իր առջև ծնկի եկած զորականին,― բայց սա ընդամենը մեղքի մեղմ հատուցու՛մ է, Քերեա, և դու ինքդ էլ դա գիտես։ Այդպես չէ՞։
Ցենտուրիոնը չարձագանքեց։
― Այդպես է,― նրա փոխարեն պատասխանեց Կալիգուլան,― ու եթե երբևէ կդժգոհես իմ պայմանից, ասա ինձ, և այդժամ ես կկարգադրեմ սպանել քեզ, որին արժանի ես դու Տասներկու տախտակների օրենքով։
Քերեան գունատ ու հսկա ամպի դանդաղությամբ դուրս եկավ սրահից։
Երբ մնացին երկուսով, այդ ժամանակ միայն Կալիգուլան նկատեց, որ Մակրոնի դեմքն ալիքվել է այլայլումից։
― Ի՞նչ պատահեց քեզ,― հետաքրքրվեց անկեղծորեն՝ կարծելով, թե անուժությունը ցավեր է բերում նրան։
Մակրոնը հայացքը հեռացրեց նրանից և նայեց լուսամուտից դուրս։
Կեսարը կրկնեց հարցը։
― Ատելությունն արյամբ է շղարշել քո զգոնությունը և կուրացրել քո աչքերը,― ասաց պրեֆեկտը դառնությամբ՝ գլուխը դժգոհ տարուբերելով բարձերի վրա,― և դու չես երկյուղում, ահա, աստվածների զայրույթից։ Դու առաջվանը չես, և բանականությունը պարտվել է այլևս ատելության ծնունդ վրեժին, մինչդեռ այն խոհեմ ուղեկից չէ կյանքում. բերում է կարճակյաց ու թվացյալ բավարարում միայն, որին հաջորդում է ուշացած զղջումը։ Հիշիր, եթե տրվես վրեժին, ապա հին մատնագրերին կավելանան նորերը և շատերը կփորձեն օգտվել առիթից ու իրենց թշնամիներից ազատվել քո ձեռքով, ինչպես մոլորեցրին Տիբերիոսին. մոռացե՞լ ես, թե որպիսի դառնությամբ էր նա կյանքի մայրամուտին զղջում զրպարտանքներին տրվելու համար։ Եվ, հետո, ի՞նչ երաշխիք, որ հանուն արդար վրեժի մերկացված քո սուրը չի կտրի անմեղ գլուխներ ևս. չէ՞ որ ինքդ ես խոստովանել ինձ, որ Տիբերիոսի դաժանության հետևանքով տանջանքապաշտ ես դարձել։
Կեսարը կամեցավ առարկել նրան, բայց Մակրոնը շարունակեց.
― Այս պահին դու ատում ես մարդկանց ու տենչում սպանել բոլորին, ինչը հասկանալի է, բայց դրա հնարավորությունն ունենալով՝ չե՛ս կարող հագուրդ տալ տենչանքիդ ․․․
Կալիգուլայի դեմքին մի մեծ հարցական հայտնվեց։
― Չե՛ս կարող, քանի որ եթե ոչնչացնես նրանց, կմեռնես նաև ինքդ։ Որքան էլ տխուր է խոստովանել, հավերժանալու այլ ուղի չկա՝ մարդկանց հիշողության մեջ մնալուց բացի (դու ինքդ ես Կապրիում խոստովանել, թե սարսափում ես՝ քեզ վրա ևս տարածվի Սապֆոյի հեգնանքը)։ Սա աստվածների ամենամեծ թերացումն է, սակայն այդպես է։
― Բայց մի՞թե իմ արարքները համարժեք են նրանց գործած ոճրին, Մակրոն, մի՞թե դրանք վրեժ են, ― զարմանքով հարցրեց կեսարը,― օ՜, ո՛չ, իհարկե, ո՛չ, դա վրեժ չէ, Մակրո՛ն,― նա ձեռքերը կողք տարածեց անհամաձայնությունից։
Նա մոտ գնաց և նստեց պրեֆեկտի մահճակալի եզրին, ասես նրա դեմքն ավելի մոտիկից տեսնելու համար։
― Վրեժ չէ, Մակրոն, բայց նրանք համառորեն ինձ դրդում են վրեժի. գիտե՞ս ինչ հաղորդեց ինձ Նուրծ Րան, ում պատահեցի պալատի մուտքի մոտ,― նայելով Մակրոնի աչքերի մեջ՝ ասաց նա խորհրդանշանակ տոնով,― այս առավոտից Քաղաքում լուրեր են տարածվում, թե իբր ամոթալի կապերի մեջ եմ Մարկոս Լեպիդոսի, մնջկատակ Մնեստերոսի, էլի ինչ-որ պատանիների հետ։
Մակրոնի դեմքն ակամա կնճռոտվեց։
― Այո՛, Մակրոն, այո՛,― Կալիգուլան փարատեց պրեֆեկտի տարակուսանքը և շարունակեց անափ վրդովմունքով.― Դու գրեթե չես հեռանում իմ կողքից և գիտես իմ մասին ամեն ինչ. ասա՛, ես այդպիսի՞ն եմ։ Կամ մի՞թե իսկապես նախաճաշերի և գինարբուքների ժամանակ իմ աչքի առջև կարևոր գործերով հարցաքննություններ են տարվում և խոշտանգումներ կատարվում, և այնտեղ կանգնած է լինում գլխատելու վարպետ մի զինվոր, որպեսզի նրա գլուխը, ում կամենամ, կտրի, ինչպես առավոտից բարբաջում է բազմությունը հավաքատեղերում։ Եվ մի՞թե ճիշտ է այն, որ գլադիատորական դպրոցից Միրմիլոնը փայտե սրերով կռվելով իմ դեմ, դիտավորյալ իբր ընկել է իմ առջև՝ հաղթանակն ինձ շնորհելու թաքուն մտադրությամբ, իսկ ես երկաթե դաշույնով սպանել եմ նրան ու ձեռքիս արմավենու ճյուղ՝ վազել հաղթաշրջանը։ Ասա՛, չէ՞ որ դու՛ ինքդ Միրմիլոնին սպանեցիր հավասար մարտում, երբ նա պարծեցավ, թե հերթով կարող է հաղթել իմ բոլոր պրետորիաններին։
Կալիգուլան Մակրոնին նայում էր այնպիսի մի հայացքով, ասես բոլոր այդ հերյուրանքները նա է տարածում։
― Եվ մի՞թե ես զոհ մատուցելիս հագնվել եմ իբրև մորթողի օգնական և երբ կենդանին մոտեցրել են զոհասեղանին, մուրճի հարվածով սպանել եմ մորթողին։ Մի՞թե Պուտեոլքում կամրջի օծման ժամանակ ես ափից բազմաթիվ մարդկանց եմ կանչել ինձ մոտ և նետել ծովը, և հետո նրանց, ովքեր փորձել են կառչել նավացռուկներից՝ կեռաձողերով ու թիերով հրել եմ խորքը։ Մի՞թե ես իմ տատ Անտոնիային ասել եմ նրա կենդանության օրոք. «Մի՛ մոռանար, որ ես կարող եմ անել, ինչ ուզում եմ և ում հետ որ ուզում եմ», կամ էլ մի՞թե իմ խորթ եղբորը, Տիբերիոսի թոռ Տիբերիոսին, ես թունավորել եմ, դեռ անգամ՝ իբր իմանալով, որ նա դեղ է ընդունել թունավորված լինելու երկյուղից, բացականչել եմ՝ «Ինչպե՞ս, հակաթու՞յն, կայսեր դե՞մ»։ Մի՞թե ես պարապ ժամանակ մարդ եմ կիսում սղոցով, Մակրո՛ն․․․
Այս վերջին նախադասությունը Կալիգուլան արտաբերեց գրեթե ճչալով, նրան համակած զայրույթը վերածվում էր ցասումի ու նրա ձեռքերը բռունցքվեցին, ասես դրանց մեջ դաշույններ կային։
Իրեն տիրապետել կարողանալու նպատակով նա ելավ մահճակալից ու դժվարությամբ շնչելով, ասես եթերը խտացած լիներ, քայլեց սրահում։ Հետո, երբ փոքր-ինչ հանդարտվեց, ասաց.
― Թվարկե՞մ էլի նման անհեթեթություններ, որոնցով բռնված է Հռոմն այս առավոտից, թե՞ այդքանը բավական է, որպեսզի հասկանաս ինձ ու դադարես դատապարտել։
Եվ չսպասելով Մակրոնի պատասխանին, խորհրդածեց բարձրաձայն.
― Ինչու՞ են նրանք վերագրում ինձ Օգոստոսի,― չէ՞ որ նա՛ էր ամուսինների ներկայությամբ նրանց կանանց տանում իր ննջարանը,― Տիբերիոսի,― այդ նա՛ է հանգստի կամ խնջույքի պահին տանջամահել մարդկանց,― Հուլիոս Կեսարի,― այդ նա՛ էր ուզում հազար կին ունենալ,― արատները։
― Մոմոսի հնարքներն են, անշուշտ,― արձագանքեց Մակրոնը, ցանկանալով հանդարտացնել նրան։― Ոչ մի տիրակալ կամ թե նշանավոր այր չի խուսափել նման պատմություններից, և աստվածատուր բոլոր շնորհքներից զուրկ բազմությունը նախանձից ու չարամտությունից արատավորել է նրանց անունը՝ նրանց իրենց աստիճանի իջեցնելու մարմաջով։ Բամբասկոտ այդ բազմությունը Ալեքսանդրին քնեցնում էր իր մատռվակ Բագոասի հետ, Հուլիոս Կեսարին՝ Մավրիտանիայի թագավոր Բուգոդի, Օգոստոսին՝ նույն Կեսարի․․․
― Սակայն նրանցից և ո՛չ մեկից բազմությունը հրեշ չձուլեց մեկ օրվա մեջ,― առարկեց կեսարը բորբոքված, ապա հարցրեց․― Իսկ դու գիտե՞ս, թե ինչու՞ են նրանք այսօր ուզում արատավոր տեսնել ինձ, երբ աստվածացնում էին դեռ մեկ օր առաջ, ինչու՞ են նրանք ինձ այդպես զազրելի և արնախում ներկայացնում։
Մակրոնը չգիտեր ինչ պատասխանել։
Կեսարը գինի լցրեց իրեն երկկանթ սափորից։
― Մոմոսի հնարքնե՜րն են,― կրկնեց նա Մակրոնի պարզաբանումը թույլ հեգնանքով։― Ո՛չ, սա սովորական չարախնդություն չէ, Մակրո՛ն, և կամ՝ նախանձ։ Թող Զևսը լսի խոսքերս և այս պահին շանթահարի ինձ, եթե սխալվում եմ, բայց եթե հիմա կեղծամ դրած իջնես Քաղաք և փորձես նրանց հակառակն ասել՝ կծաղրեն քեզ, քանզի նրանք բոլորն ուզում են, որ ես իրականում լինեմ այնպիսին, որպիսին իրենց հորինվածքներում եմ։ Նրանք ուզում են, որ իրենց այս զառանցանքները ճշմարտություն լինեն։ Նրանք դա տենչում են, և գիտե՞ս ինչու․․․
Նա եկավ, խոնարհվեց պրեֆեկտի վրա և ասաց կարևոր գաղտնիք բացահայտողի խորհրդավորությամբ.
― Ինձ որպես հրեշ ներկայացնելը նրանց փրկությունն է, Մակրոն. դա միակ միջոցն է՝ քողարկելու իրենց փոքրոգությունը։ Չէ՞ որ այդկերպ նրանք կարող են արդարանալ ամենուր, ասելով, թե անհնար է կռվել մի կեսարի դեմ, ով հրեշ է արնախում ու դև։ Դա օգնում է նրանց՝ տանելի դարձնել նվաստացումը, դա օգնում է նրանց՝ ապրել, և նրանք էլի՛ են հերյուրանքներ հորինելու։
Կալիգուլան լռեց մի քանի վայրկյան, ապա, հեռանալով Մակրոնից, արտաբերեց դառնաձայն.
― Նրանք ամենուր ներկայացնում են ինձ որպես հրեշի ու չեն հասկանում հիմարաբար, որ այդ կերպ մի օր իրական հրեշ կդարձնեն ինձ․․․
Այդ միջոցին Մակրոնը զգաց, թե ինչպես է մի ջերմություն տարածվում մարմնով, ապա ուժերը սկսեցին արագորեն լքել նրան, ինչպես ավազանն է դատարկվում փականը բացելիս, և բերկրալի մի ընդարմություն կլանեց նրան. նա չլսեց կեսարի վերջին բառերը․․․
Գլուխ վեցերորդ
Իրարանցումի մեջ Մակրոնի կողերը ջարդվել էին ու ներքին արնահոսություն էր ունեցել։ Նա անկարող էր որևէ շարժում անել, իսկ երեկոյան կորցրեց գիտակցությունը։ Նրա կյանքի համար անհանգստացած՝ Կալիգուլան կանչեց Հռոմի լավագույն բժշկողներին, նրանց, ովքեր վիրահատում էին, նրանց, ովքեր կրակի զորությամբ մարմնից վանում էին ոգիներին չար, նրանց, ովքեր դիմում էին աստղերին, նրանց, ովքեր օձի նման թույն էին քամում ծաղիկներից և ջրի մեջ լուծված դիակի փոշի խմեցնում։
Ամբողջ երեք օր նրանք անդադրում փորձում էին ետ կանչել պրեֆեկտի հոգին, և Կալիգուլան հոգնածություն ու ինքն իրեն մոռացած՝ բժշկողների հետ լվանում էր Մակրոնի մարմինը հատուկ թուրմերով, արյուն թողնում նրա մեջքից և հոգեդարձի սպասումով անքուն գիշերներ լուսացնում նրա մահճի մոտ։
Այս ողջ ընթացքում մտերիմ մարդու կյանքի հանդեպ ունեցած տագնապն ամբողջությամբ զբաղեցրել էր նրա միտքը, և նա ոչ մի անգամ չհիշեց անհասկանալի կերպով հայտնված մատնագրերի մասին, բայց երբ մահվան ուրվականը հեռացավ Մակրոնի մահճից և անէացավ պրեֆեկտին կորցնելու սարսափը, նրա հոգին հետզհետե պարուրեց այն նույն ժանտ թուխպը, որ իրեն ափերից հանել էր Բոնա Դեայի տոնի լուսաբացին։ Նա չէր կարողանում գտնել պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է այդուհետ ապրելու հռոմեացիների մեջ, ու քանի որ իմպերատորական պալատն անգամ լի էր իր հարազատների մահվան պատճառ հանդիսացած մատնիչներով, որոնց պատահել սոսկալիորեն չէր ուզում, փակվեց ննջարանում։
Բայց մենակությունը փրկություն չէր կարող բերել նրան ամենևին։ Ստեղծված կացության մեջ իրեն չէր օգնի ո՛չ խորհուրդը, ո՛չ արբեցումը, ո՛չ անգամ Դրուսիլիան, եթե հրաշքով կենդանանար։ Անողոք իրականությունը նրան երկու ելք էր թողել, մեկը մյուսից անիրագործելի. նա կամ պիտի ձևացներ, թե ամենից տեղյակ չէ, որն անհնարին էր թեկուզ այն պատճառով, որ մատնիչները պատահելու էին իրեն ամեն քայլափոխի, կամ վրեժ էր լուծելու բոլորից, իսկ դա կնշանակեր մահվան ուղարկել գրեթե ողջ արիստոկրատիային։
Եթե տանջալի միայնության առաջին օրերին նա դժվարությամբ, բայցևայնպես կարողանում էր խուսափել վրեժխնդրության մոլուցքին տրվելուց, ապա, շատ չանցած, այն սկսեց համակել իրեն աճող դյուրությամբ։ Սկզբում նա կարծում էր, թե դա հետևանք է այլընտրանքի բացակայության, բայց հետո, հետևելով իր մտքերին և զգացողություններին, սարսափով հայտնաբերեց, որ կատարվում է շատ ավելի ահավոր մի բան. իր մեջ հառնում է Տիբերիոսի ստեղծած գազանը, իժը, Ֆաետոնը։ Նա միշտ կարծել էր, թե Դրուսիլիայի օգնությամբ ու նաև տարիների ծանրությունից գազանն այդ մեռել է իր մեջ վերջնականապես, բայց, ահա, համոզվում էր տխրությամբ, որ սխալված է եղել. այն սոսկ քնած էր մարմնի հեռու մի անկյունում ու հոգեկան ցնցումից հառնում էր ժամ առ ժամ՝ որպես Լաոոկոնին խժռած ծովային հրեշ։ Նա պարզ զգում էր, թե ինչպես է այն զարկերակների միջով դուրս ելնում իր սրտից ու դողի տեսքով տարածվում մարմնի մեջ։ Զգում էր, թե ինչպես է իր հոգին կերպափոխվում սոսկալի ճռինչով։ Նա նայում էր հայելու մեջ և տեսնում, թե ինչպես են օրն օրի աղավաղվում իր դիմագծերը, նրա ռունգերն արյան հոտ էին որոնում, տանջանքի կանչեր էր տենչում լսել, իսկ աչքերի մեջ ցան էր ուրվագծվում կարմրաթել։ Նա ափով տրորում էր դեմքը, հուսալով այդ կերպ վերադարձնել իրեն իր տեսքը։ Նա մտաբերում էր իր պատանեկությունը և զարհուրում այն արարածից, որին կարող էր վերածվել։
Նա կռվում էր ինքն իր դեմ, ծակծկում էր մատները, որպեսզի ցավը կաշկանդեր գազանին, արյուն էր թողնում դաստակներից, որպեսզի այն դուրս գար իր մարմնից։ Ծնկի էր գալիս ռազմակառքին գրիֆոններ լծած Նեմեսիսի արձանի առջև և աղերսում հանել իր սրտի միջից վրեժի ահագնացող թույնը և դարձնել իրեն անզգա՝ որպես ատլանտ։ Ջահեր էր վառում՝ մաքրելու համար օդն ուրվականներից, յուղ էր լցնում լուսակալների մեջ անդադրում՝ բորբոքելու համար կրակը, աքիսի մոխրաջուր էր խմում, սխտոր էր դնում անկյուններում սենյակի և աղոթում։ Ու աղերսում էր Դրուսիլիային՝ գալ իրեն օգնության, որ լուսնի միջից նայում էր իրեն, գալարվելով անկողնում՝ կանչում էր նրան անշոշափելի եթերից՝ հանդարտություն բերելու իր հոգուն։ Բայց ամենն անօգուտ էր, և հետզհետե աղաղակներ ու քայլեր սկսեցին հետապնդել նրան, դեմքեր էին նայում նրան գիշերը խավարի միջից՝ այլակերպված դիմագծերով, հարազատներն էին հառնում հայացքի դեմ՝ մահամերձության մեջ ու վրեժ աղերսում․․․
Գիշերը սարսափ էր բերում նրան, իսկ լուսաբացը՝ խորացող անհուսություն, քանզի նա վերստին ջախջախվում էր «Ինչպե՞ս ապրել այսուհետ մարդկանց մեջ» հարցադրումին բավելով։ Նա չուներ և չէր կարողանում գտնել պատասխանը, բայց և ակնհայտ էր, որ միայնությունը իժ է դարձնում իրեն։ Նա դա սարսափելիորեն չէր ուզում ու մի օր լքեց ննջարանը, որը երկու շաբաթ իրեն բանտ էր եղել, այդպես էլ չիմանալով՝ ի՞նչ անել։
Ոչ մեկին ոչինչ չասելով՝ նա գաղտնաելքով միայնակ իջավ քաղաք։ Ծանոթ որևէ մեկին պատահել չէր ուզում և Վուրկանալ հրապարակի մատույցներից մի նեղ փողոցով թեքվեց դեպի Տիբրոս։
Ճանապարհը երկու կողմից եզերված էր երկհարկ տներով, որոնք բոլորը փողոցահայաց կրպակ կամ փոքրիկ խանութ ունեին, ուր աշխույժ առևտուր էր գնում։ Բոկոտն մի աղջնակ սափորներ էր վաճառում ավանակին հարմարեցված տախտակների վրայից, երկու տղեկ վաճառքի բերված գառներ էին խուճապով հանում մայթի վրա, քանզի եզներ լծած մի բեռնասայլ էր գալիս դիմացից, ու սայլապանի խռպոտ կանչը խլանում էր սակարկումի աղմուկի, գնորդ հրավիրող մանչուկների բղավոցների մեջ։
Կալիգուլան սակայն ոչինչ չէր տեսնում, նա ոչինչ չէր լսում ու չէր մտածում ոչնչի մասին. նրան թվում էր, թե շուրջբոլորն առնված է ամեն ինչ քողարկող, ամեն ձայն խլացնող անեզր ծովափրփուրի մեջ, թվում էր, թե ծովափրփուրն այդ թափանցել է նաև իր մեջ ու սառեցրել սիրտը՝ կասեցնելով ամեն միտք։ Նրան թվում էր՝ ոչ թե ինքն է քայլում, այլ ծովափրփուրն է սահում դեպի ետ։ Ինքն էլ չէր հասկանում, թե ինչու, բայց համատարած այդ ետընթացը նրան փոքրիշատե հանգստություն էր բերում։
Նրան ճանաչեցին, ու լռությունն ամեն շշուկ ու շարժում խեղդող վիշապի նման նրա առջևից սողաց փողոցի երկարությամբ։ Հռոմեացիները, արձանի պես համրացած, նրան նայում էին զարմանքից կլորացած աչքերով. ոչ մի կեսար երբևէ չէր անցել անշուք այս փողոցով, այն էլ՝ առանց թիկնապահ։ Բայց նրանց առավել շատ զարմացնում էր կեսարի անխնամ տեսքը, որպիսին տեսել էին նրան միմիայն Դրուսիլիայի կորստից հետո, երբ վերադառնում էր Սիրակուզայից։
Կալիգուլան չէր զգում նաև հաստատված համրությունը, նա քայլում էր ու չէր զգում իր քայլելը, ասես գինովցած լիներ, իսկ բազմությունը, ուսերը թոթվելով, ապշանքով նայում էր նրա ետևից։
Տիբրոսի ափին ինչ-որ մի բնազդ կամ թե պահապան ոգի նրան վերադարձրեց իրականություն, այլապես գահավիժելու էր ալեզուսպ պատնեշից։
Ներքին մի ձայն նրան հուշեց, թե գետի հոսանքին հետևելը կօգնի իրեն խուսափել պալատում թողնված մտքերի հալածումից։ Այդ հույսով նա նստեց կախովի տաղավարում ու բարձրից նայեց Տիբրոսի ջրերին։ Նա այն զգացողությունն ուներ, թե դրանք իրենց հոսանքի հետ իրենից պոկված տառապանքի բեկորներ են տանում։
Մանրաձկան որբ մի վտառ էր թափառում ափեզրով, արևն էր ջարդոտվում ալիքների մեջքին՝ կուրացուցիչ ցոլքերով ողողելով եթերը։ Թեթև հով էր գալիս Օստիայի կողմից՝ ծովաղի բույրով հագեցած։ Ճայեր էին թրատում երկինքը ուրախ կանչերով։
Կալիգուլան զգաց, թե ինչպես ներքին մի լույս տարածվում է իր մարմնով՝ կերպափոխելով իրեն, ինչպես երկիրն է փոխվում, երբ արև է շողում մռայլ ամպերի ճեղքից։
Թովիչ մի մեղեդու ձայն հասավ նրան, ու շուրջը նայեց՝ պարզելու համար, թե ո՞վ է նվագում։ Նրա հայացքը կանգ առավ Տիբերինյան կղզու դիտաշտարակի վրա, ու քաղցր մի հուշ պարուրեց նրա հոգին. Գերմանիկոսն ամեն անգամ արշավից վերադառնալով իրեն ու Դրուսիլիային բերում էր այստեղ՝ աշտարակի բարձունքից տեսնելու Հռոմ եկող ու հեռացող նավերը․․․
Դրուսիլիային հիշելով՝ նա արագ հասկացավ, որ մտքերի անկառավարելի ընթացքը կտանի հիմա իրեն մանկություն, ինչը սոսկալիորեն չէր ուզում, և կամենալով խուսափել այդ ամենից, ելավ ու մոլոր քայլեց գետեզրով։
Ջուրն աղմուկով ճեղքելով՝ եգիպտական մի բեռնանավ անցավ նրա կողքով, որ ցորեն ու վուշ էր բերում։ Կալիգուլան երկար ճամփորդությունից հոգնած դեմքեր տեսավ տախտակամածին, ու այդ պահին հանկարծ մտաբերեց, որ ամիսներ առաջ առևտրական դասին խոստացել է հրովարտակով ազատել նրանց առքուվաճառքից կեսարական տան համար գանձվող հարկից։ Խոստումի իրականացման ձգձգումը հետևանք էր պալատական սենեկապետ Էմիլիոսի առարկության, որը դժգոհում էր, թե առանց այդ էլ դժվարությամբ է հոգում կեսարական տան ծախսերը, փաստելով, թե միայն պրետորական կոհորտաները արժենում են յոթ միլիոն դենարե։
«Հարկավոր է պրետորիանների քանակը պակասացնել հազարով,― որոշեց Կալիգուլան ու մտքերով տարված՝ չնկատեց, թե ափեզրից ինչպես թեքվեց դեպի Տրիումֆի փողոց։― Անցիումի և Հերկուլանիումի կոհորտաներն առանց այդ էլ անգործության են մատնված, քանզի այնտեղ հազվադեպ եմ լինում»։
Քվեստորներն իրեն համոզել էին, թե այդ հարկի վերացման դեպքում առևտուրը կաշխուժանա և հացաբաշխման դժվարություններ չեն լինի այլևս, որ հետևանք էին Եգիպտոսում եղած երաշտի։
Փողփողացող ալ կարմիրի առատությունն ու ոսկեգույնի ծփանքը գրավեցին նրա ուշադրությունը։ Նա սթափվեց և իրեն գտնելով կուրիայի բակում՝ քարացավ զարմանքից, չհասկանալով, թե ինչպես հայտնվեց այդտեղ։ Հարյուր պրետորիան էր ծածկահարթակի մոտ զորաշարքով կանգնած՝ Մակրոնի գլխավորությամբ։ Սենատորներ էին ներսուդուրս անում, որ նկատելով իրեն, խմբվեցին դռների մոտ։ Պճնազարդ իր դեսպակն էր կառանել սեզերի մեջ՝ ութ խափշիկներով բոլորված։
― Դու հետևե՞լ ես ինձ,― նետեց Կալիգուլան՝ վրդովված հայացքով նայելով Մակրոնին։
― Ո՛չ, ամենևին,― պատասխանեց պրեֆեկտը ձգվելով ու առանց վիրավորանքի նշույլի,― ես ընդամենը հաշվարկեցի, թե ու՞ր կարող են կեսարին տանել մոլոր քայլերը ։
Կալիգուլան ոչինչ չասաց նրան։
Վայրը, ուր նա չէր կամենա հայտնվել բոլորից առավել, կուրիան էր, քանզի այնտեղ զրպարտիչների էր պատահելու։ Բայց իր կամքից անկախ ահա կանգնած էր կուրիայի բակում ու ետ դառնալ անկարող էր. ի՞նչ կասեր այդ դեպքում պրետորիաններին, մուտքի մոտ խռնված սենատորներին։
Նա մի տեսակ թախիծով ու անզոր հայացքով ետ նայեց իրեն բերած ճանապարհով, ապա ձգեց պարեգոտի ճարմանդն ու մարտի տարվող գլադիատորի նման հարկադրված՝ ներս անցավ կուրիայի դռնից։
Սենատորները ոտքի ելան՝ ողջունելու նրան։
Մակրոնը մնաց կանգնած դահլիճի լայն մուտքի մոտ, իսկ չորս պրետորիան քարացան Պոմպեոսի արձանի պատվանդանի առջև։
Կալիգուլան բազմեց պրինցեպսական ոսկեձույլ գահավորակին ու բեմ ելած սկսնակ դերասանի նման փորձեց դեմքեր չտեսնել բազմության մեջ։ Նա օգնության կանչեց բոլոր աստվածներին, անտառների ոգիներին, գետերի նիմփաներին, իր տոհմի Մաներին՝ անզգայացնելու իրեն, և ջանաց շղարշել հայացքի դեմն անշոշափելի, անթափանց մշուշով ու պատկերացնել, թե իրեն հասնող ձայները գալիս են ոչ թե կուրիայից, այլ ընդերքից։ Նրան դա հաջողվեց, քանի որ մեծ էր տենչանքը, սակայն ինքնախաբեությունը չէր կարող երկար տևել, և նա հետզհետե միմյանց հետ զրուցող դեմքեր սկսեց տեսնել։ Հետո հոգեկերտ մշուշը հալվեց միանգամից։ Նրա առջև, սենատորական կարմրաեզր պարեգոտի մեջ առնված, անհոգ բազմել էին Ատալոսը, Կասիոսը, Սկիպիոնը։ Բոլորաձև նստած հազար պատրիկների մեջ նրա հայացքն արագ գտավ նաև Պուբլիոսին, Սերգիուսին, ապա՝ Օպիոսին, Պոլիոնին, Կատիլինային, Կլավդիոսին, հետո նա կորցրեց հաշիվն ու զարհուրեց մատնիչների մեծաթիվությունից։ Նրանց մատնագրերը հառնեցին նրա հայացքի դեմ, ապա և հարազատները պատկերացան սահմռկեցուցիչ դեմքերով։ Սոսկումով զգաց, թե ինչպես է խլրտում իր մեջ Տիբերիոսի գազանը, ատելությունն ինչպես է տարածվում մարմնի մեջ դողի տեսքով։ Աչքերը դուրս թռչել էին ուզում խոռոչներից, սիրտը նեղվում էր վանդակի մեջ ոսկրե, նրան թվում էր, թե հուր է շնչում, և բոցե լեզուներ էր տեսնում հայացքի դեմ։ Սառը քրտինք էր պատում դեմքն անվերջ, որ ջանում էր սրբել վարշամակով։ Նրա ունկերում, հետզհետե ուժգնանալով, արձագանքվում էին հարազատների ձայները, որ կանչում էին հանդիմանանքով. «Մի՞թե քո մեջ մեռել է տղամարդը»։
Կալիգուլան ձեռքն աննկատ տարավ պարեգոտի տակ, ուր դաշույն ուներ, և ծակծկեց մատները, հուսալով այդ կերպ ազատվել տանջող տեսիլներից։ Սկզբում դա օգնում էր, և ցավը վանում էր տեսիլները, բայց հետզհետե գազանը, բավարարում տենչացող վրեժը, շուրջը պտտվող հարազատների սարսափազդու ուրվականները հաղթահարեցին նրա մարող դիմադրությունը։ Նրանց կանչերը խլացնում էին իրեն, քաշում էին նրանք իր ձեռքերից, հրում թիկունքից, որ դադարի մնալ նստած՝ վերջին ստրուկի պես երկչոտ. անգլուխ ճիվաղներ էին սեղմում կոկորդը ու փորձում խեղդել․․․
Կալիգուլան տենդորեն ծակծկում էր ձեռքը, իսկ այն արյունլվա էր արդեն ամբողջովին ու ցավ չէր զգում այլևս․․․
― Սեյանոսի քսու արբանյակնե՛ր,― ոռնաց նա հանկարծ ողջ ուժով և նետեց սոսկումով սենատորների վրա մականն իր փղոսկրյա, ապա ելնելով՝ շպրտեց և աթոռը պրինցեպսական։
Մակրոնն ու չորս պրետորիանները նետվեցին դեպի պրինցեպսական հարթակ, կեսարի ձայնի վրա տագնապով կուրիա մտան ևս քսան զինվորներ, և սենատորները զարմանքից քարացած ու ոչինչ չհասկանալով՝ ահաբեկված նայում էին մերթ կեսարին, մերթ սպառազեն թիկնապահներին։
Ցասումից դողալով՝ Կալիգուլան գրեթե վազելով իջավ պրինցեպսական բարձունքից և արնաշաղախ ափը սենատորներին պարզած՝ անունները տալով ոտքի կանգնեցրեց ու վերջին լուտանքները թափեց բոլոր նրանց վրա, ում մատնագրերը հասել էին իրեն, հիշեցնելով յուրաքանչյուրին, թե ինչ են գրել նրանք Տիբերիոսին իր հարազատների մասին, ու նաև անողոք ամոթանք տվեց այդ ամենից հետո իրենից նվերներ ու պատիվներ ընդունելու համար։
Հանկարծակի եկած սենատորները համրացել էին ու գունատվել Մարսյան դաշտի արձանախմբերի պես, իսկ Կալիգուլան կատաղությամբ համակված՝ խռովահույզ ետ ու առաջ էր քայլում նրանց առջև։ Նա ուզում էր էլի ինչ-որ բառեր ասել՝ պարպելու համար զայրույթը, բայց ծնոտները դողում էին հուզումից, քունքերը՝ տրաքվում արյան հորձանքից, ձեռքերը սեղմվում ջղաձիգ, և նա սենատորներին էր նայում արնագունած աչքերով։ Մի պահ կամեցավ հրամայել կոտորել բոլորին, իսկ դա թույլ էր տալիս օրենքը և իր իշխանությունը, անգամ շրջվեց դեպի պրետորիանները, որոնք զգաստացան իր հայացքից և շոշափեցին սրերի դաստակները, բայց պատժի այդ ձևն իրեն կբերեր ակնթարթային բավարարում միայն ու երբ դուրս գար կուրիայից՝ վրեժը գոհացած կլիներ արդեն, ավարտված կլիներ նաև սենատորների տառապանքը, մինչդեռ ինքն ուզում էր նրանց տառապանքը տևական լիներ, այնքան, որքան նրա՛նք էին տառապեցրել իրեն։
Նա պատժի իրեն գոհացնող ձև էր որոնում, նա տեսել էր տանջանքի բազում եղանակներ, ինքն էր իրականացրել դրանք մանուկ հասակում, բայց դրանց և ո՛չ մի տեսակն այդ պահին չէր թվում նրան բավարար։
Նա հանկարծ հիշեց, որ երեկոյան Պիզոնի որդու հարսանիքն է և ինքը հրավեր է ստացել դեռ Բոնա Դեայի տոնից առաջ։ Մակրոնը, որ լարված հայացքով հետևում էր կեսարի ամեն շարժումին, նկատեց, թե ինչպես նրա դեմքի վայրագ կատաղությունն ակնթարթորեն փոխարինվեց խոր արհամարհանքի արտահայտությամբ։
Կալիգուլան կնճռոտված խորհեց մի պահ, ապա դարձավ սենատորներին ու ասաց թունոտ.
― Դուք լավ գիտեք, թե ինչ պատիժ է ձեզ սպասվում հին սովորույթով. ձեր պարանոցից կբռնեն եղանով և կգանակոծեն, մինչ որ մեռնեք, և մարմինները ձեր Տիբրոս կձգեն, որպես կեր ձկներին․․․
Նա դադար տվեց մի պահ և խոժոռ հայացքը սահեցրեց բոլորաձև դահլիճի վրայով։
― Բայց ես բարի եմ անչափ և թույլ կտամ ձեզ քավել ձեր մեղքերը. ես գնում եմ խնջույքի հիմա՝ Պիզոնին հյուր, և դուք պիտի ուղեկցե՛ք իմ դեսպակը՝ ջահեր բռնած վազելով իմ կողքից․․․
Սենատորները, որ կանգնած էին մինչ այդ գլխահակ, շփոթահար միմյանց նայեցին, իսկ Մակրոնն անկարող եղավ զսպել զարմանքը և արտաբերեց ակամա.
― Որպես վերջին ստրու՞կ․․․
Կալիգուլան շրջվեց դեպի պրեֆեկտը.
― Դու ուզում ես ասե՞լ, որ ազնվատոհմիկի համար նվաստացումը ահավոր պատի՞ժ է, մահից էլ ծա՞նր։ Այդպես է, չեմ առարկի, և հարգելով նրանց դիրքը՝ առաջարկում եմ նրանց, ահա, ընտրել նվազ ահավոր պատիժ՝ անձնասպան լինել ու արյամբ մաքրել գործած ոճիրը, այն՝ ինչ պահանջում է օրենքը և ինչպես վարվել են այս Քաղաքում յոթ հարյուր տարի։
Այս ասելով՝ Կալիգուլան քամահրալից հայացքով չափեց սոսկումին տրված սենատորներին, ապա քայլելով դեպի ելքը՝ դիմեց Մակրոնին.
― Եթե Քաղաքի հայրերի մեջ լինեն այնպիսիք, որ կկամենան արժանապատվորեն խուսափել նվաստացումից, բայց անձնասպանվելու ուժ չեն ունենա, բարի եղիր և օգնի՛ր նրանց։
Մակրոնը շվարած մերթ հեռացող կեսարին էր նայում, մերթ սենատորներին։
Կալիգուլան ելավ կուրիայից և ծանր աշխատանքից ուժասպառված մարդու նման ընկողմանեց դեսպակի մեջ։ Նա ոչինչ չհրահանգեց, և պատգարակակիրներն իրենց տեղերը զբաղեցնելով՝ անշարժացան արձանի նման։
Քիչ անց Մակրոնը փութով ետ քաշեց դեսպակի վարագույրները և զեկուցեց՝ զարմանքից այլայլված.
― Նրանք բոլո՛րը նվաստացումը գերադասեցին մահից, կեսար, բո՛լո՛րը. որևէ մեկը չդաշունահարե՛ց իրեն և փորձ չարեց անգամ։
― Մի՞թե որևէ մեկը․․․,― գլուխը կտրելով բարձերից՝ կեսարը փշաքաղված նայեց Մակրոնին։
Մի պահ նա չհավատաց ունկերին, ապա ափով բռնեց դեմքը և հոգոց հանելով՝ ասաց ինքն իրեն.
― Արժանապատվությունը մեռա՛վ այս Քաղաքում։
Այդ միջոցին կուրիայից սկսեցին դուրս գալ սենատորները՝ գլխահակ ու գունատ։ Կալիգուլան զզվանքախառն մի հայացքով նայեց նրանց, ապա դարձավ պրեֆեկտին.
― Տեսնել չեմ կարող այս ամենը, Մակրո՛ն։ Ջահեր բեր նրանց համար. եթե ստրուկի նման ապրելը գերադասում են մահից՝ թող ապրեն։
Խափշիկները պատգարակն առան ուսերին, և Կալիգուլան, տարածվելով մորթիների վրա, ամուր գոցեց վարագույրները. նա ուզում էր մեռնել, բայց չտեսնել Իտալիան այդպես հեշտությամբ խայտառակված։ Նրա սիրտը լցվում էր տանջող զգացողություններով, նա տենչաց անէանալ, աշխարհը թվաց նրան գաղջ և պիղծ, ու ներքին մի ձայն հուշեց նրան փրկության միջոցը։
Կիսաբացելով վարագույրը՝ նա ձայնեց պատգարակի հետ ընթացող Դուրսենուսին և կարգադրեց գինի բերել իրեն տաբերնաներից։ Ու այդ պահին նկատեց, որ հոգեմաշ վրեժխնդրությունը խեղդվում է իրեն համակած ապշանքի ծովում։
Հետո, երբ ցանկությունը կատարված էր, արագ շարժումներով մի կողմ նետեց գավաթն ու գինին նեղվիզ սափորից հընթացս հեղեց բերանի մեջ։ Նա խմում էր ծարավ մարդու կրքոտությամբ, ասես կոկորդը չորացած լիներ, ինչպես Մանլիուսի ջրանցույցը՝ վերջին երաշտի ժամանակ, և այնպիսի տենչանքով, ասես հապաղումը մահվան էր հավասարազոր։
Մարմնով տարածվող երջանկաբեր թմրություն սկսեց համակել նրան, և մրմնջալով, աղոթում էր Բաքոսին՝ հմայել իրեն որքան հնարավոր է արագ։
Զարմանքի կանչեր էին հասնում նրան, ողջույնի աղաղակներ։ Նա զգաց, որ պլեբեյների երգող բազմություն է կպել երթի պոչից։
― Ոչխարայի՛ն բազմություն, էությամբ բու՛թ,― արտաբերեց նա թունոտ,― որ նախանձին տրված՝ չի տեսնում, թե ինչպես է ինքը մեռնում։
Երբ տեղ հասան, նա գինովացել էր արդեն այնչափ, որ դժվարությամբ ելավ պատգարակից։ Ազատ արձակեց սենատորներին և ասաց նրանց, թե սենատն այլևս գոյություն չունի իր համար ու ինքը նրանց նման փոքրոգիների հետ պետական հարցեր չի քննի և որ իր Ինսիկատուս ձին սենատոր կոչվելու ավելի մեծ արժանիքներ ունի, քանզի երբեք թույլ չի տվել նվաստացնել իրեն։
Դուրսենուսին հենվելով՝նա ներս անցավ շքամուտքից։
Ծառաներ ընդառաջ վազեցին նրան՝ ցուցանելու համար խնջույքի սրահ տանող ուղին, մի քանիսը շտապեցին իմաց տալ Պիզոնին աստվածային հյուրի ժամանումը։
Կալիգուլան սակայն չհետևեց սպասավորներին, այլ մտազբաղ մոտեցավ գավաթակերպ ավազանիկին, որի մեջ հավաքվում էր երդիկից թափանցող անձրևաջուրը։
Նա հենվեց սյուներից մեկին և շոշափեց պարանոցն այնպես, ասես աներևույթ մի ձեռք խեղդում էր իրեն, ապա արձակեց պարանոցն ընդգրկող ճարմանդները։ Դժվարությամբ շնչելով՝ խոնարհվեց ավազանի վրա, բայց իր դեմքն այնտեղ տեսնել չկարողացավ, քանի որ ջրի հայելին օրորվում էր ծառաների հախուռն քայլերից, ու նաև ինքն էր երերում։ Դող համակեց նրան, և կծկվեց, ասես աստվածներն այդ պահին ատրիում իջան սառը հողմերով։
― Զզվելի է,― շշնջաց նա՝ երկու ձեռքով գրկելով ավազանը,― օդը հագեցած է նվաստացումով, որից խեղդվում եմ։
Հետո նա ափի կտրուկ շարժումով փշրեց թրթռացող ու անհստակ իր արտացոլումը և հառաչեց դառնաձայն.
― Մեռնե՜լ եմ ուզում․․․
Գլուխ յոթերորդ
Առաջին զգացողությունը, որ ունեցավ աչքերը բացելով՝ խումհարի բերած ծանր թմրությունն էր։ Եվ երբ մթագնած հայացքի դեմ անորոշությունից հետզհետե առանձնացան իրեր ու պատկերներ, և հասկացավ, որ լուսաբացը դիմավորում է Պալատինիումի իր առանձնատանը, թեթևացած շունչ քաշեց՝ գոհությամբ մտածելով. «Օ՜, գրողը տանի, այդ ամենն ուրեմն Չար Երա՞զ էր սոսկ, որ այցի էր եկել ինձ քնի մեջ։ Օ՜, որպիսի երջանկություն»։
Նրան պարուրած հանգստության դեմ խումհարի թմրությունը ոչինչ էր, և նա, երանավետ ժպիտը դեմքին, թույլ տվեց Մորփեոսը վերստին իշխի իրեն։ Բայց հանկարծ ոչմենակության զգացողություն համակեց նրան, ու սարսուռով շրջվելով՝ իր անկողնում քնած ջահել մի կնոջ տեսավ, որի կպրագույն վարսերն անբռնազբոս տարածվել էին ոսկով ասեղնագործված վուշե ծածկոցին։ Կալիգուլան կտրուկ շարժումով, ասես պառկած էր մեխերի վրա, նստեց անկողնում, դեն նետեց ծածկոցն ու գոչեց զայրույթախառն տագնապով.
― Ո՞վ ես դու։
Արթնանալով նրա ձայնից՝ կինն իր մարմինը մերկ գտավ և մի պահ կամեցավ ծածկոցը ետ քաշել դեպի իրեն, բայց երկյուղեց ընդդիմանալ կեսարի կամքին ու քարացավ՝ ձեռքն այդպես էլ անօգնական դեպի ազդրերը պարզած։
― Ո՞վ ես դու,― հարցը կրկնեց Կալիգուլան՝ սևեռուն ու խիստ նայելով կնոջ աչքերի մեջ։
Կինը ապշած նրան նայեց մի պահ՝ դեմքին տարակուսանքի ակնհայտ կնճիռներ, ապա արտաբերեց անհամարձակ.
― Իմ անունը Լիդիա է, օգոստափառ կեսար, Լիդիա Օրեստիլլա։
Դա ոչինչ չասաց կեսարին, և մռայլված հայացքով զննելով կնոջ դեմքը՝ հարցրեց.
― Եվ ինչպե՞ս ես հայտնվել իմ անկողնում։
Լիդիան համոզվեց վերջնականապես, որ կեսարի հիշողությունից ջնջվել է երեկվա երեկոն, և շիկնելով, կարծես կատարվածի համար ինքն էր մեղավորը, ասաց երկյուղած.
― Ես քո կինն եմ։
Կալիգուլայի աչքերը խոշորացան միանգամից, զգաց, թե ինչպես խումհարի թմրությունը հալվեց զարմանքի հորձանքի առջև։
Լիդիան, տեսնելով նրա այլայլումը, շտապեց պարզաբանել, քանի դեռ կեսարը չէր տրվել Ատեին.
― Երեկ իմ հարսանիքն էր Պիզոն կրտսերի հետ, և աստվածային կեսարն ամենքի ներկայությամբ հայտարարեց, թե ես դուր եմ գալիս իրեն ու վերցնում է ինձ՝ որպես իրեն կին։
Նրա խոսքերից Կալիգուլան ցնցվեց այնպես, ասես իրեն օձ խայթեց, հետո անզգա աչքերով նայեց Լիդիայի միջով։
― Ուրեմն ամենը Չար երազ չէ՞ր,― հարցրեց ինքն իրեն, ապա վշտահար մարդու նման ափով բռնեց դեմքը,― և մղձավանջը, որ պատկերանում էր ինձ, իրականությու՞ն է․․․ Ուրեմն կուրիան ցնո՞րք չէր սոսկ, և դեսպակս անէության մե՞ջ չէ, որ ուղեկցեցին սենատորները՝ ջահակիր։ Օ՜, Հադես, օ՜, չարչարանքներ․․․
Նա պատրաստ էր իր իշխանությունն ու կարողությունը զոհել, միայն թե երեկը երազ լիներ և այսօրն էլ չլիներ երեկվա շարունակությունը։ Բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, անհասկանալի էր նրան ու անբացատրելի, ու դա փրկարար մի հույս հարուցեց նրա հոգում, թե Լիդիան խաբկանք է, մարմնավորված ուրվական։ Եվ նա, ուշադիր զննելով կնոջ դեմքը, շոշափեց վարսերը, ծնոտը, որն ուրվականների մոտ մեղրամոմից է, ու համոզվելով, որ Լիդիան իրական է, հարցրեց գունատված.
― Բայց չէ՞ որ դու կի՛նն էիր ուրիշի․․․
― Այո՛,― հաստատեց Լիդիան, որ չէր կարողանում հասկանալ, թե կեսարն ինչու տնտղեց իրեն,― և երբ Մակրոնն իր զարմանքը հայտնեց, դու՛, աստվածային կեսար, հրովարտակով հայտարարեցիր ամենքին, թե քեզ համար կին ես գտել Հռոմուլոսի և Օգոստոսի օրինակով, հիշեցնելով, որ և՛ Էրսիլիան, և՛ Լիվիան, մինչ կդառնային Հռոմի տիրուհի, երկուսն էլ արդեն կնության էին գնացած։
― Օ՜, հարպիաներ, լափե՛ք ինձ,― բացականչեց Կալիգուլան ամբողջովին հուսաթափ և նիզակահար զինվորի նման փլվելով բարձերին՝ փակեց աչքերն ու անշարժացավ։
Լիդիան անշրշյուն դեպի իրեն քաշեց ծածկոցը և զարմանքից կլորացած աչքերով կեսարին էր նայում։ Իսկ նա գունատ էր արձանի պես, և մի պահ Լիդիային թվաց, թե նա դադարել է շնչել։ Բայց Լիդիային համակած տագնապն արագ չքացավ, քանզի կեսարը հազիվ նկատելի շարժեց գլուխը։ Շարունակելով մնալ փակ աչքերով, ասես խուսափում էր նայել իրականությանը, Կալիգուլան հարցրեց նրան կիսաձայն.
― Եվ որևէ մեկը չընդդիմացա՞վ ինձ։
― Ամենքը շփոթվել էին,― ասաց Լիդիան՝ իր մեջ համարձակու-թյուն գտնելով ուշադիր զննել նրա դեմքը,― և հետո, նրանք վախենում էին քեզանից, ինչպես իրենց նախնիները՝ Միհրդատից։ Ու միայն Մակրոնը տրտնջաց՝ հիշեցնելով օգոստափառիդ, որ Պիզոնը Հռոմի երևելի քաղաքացիներից է, կոնսուլյարիս, զորապետ։
Կալիգուլան լուռ սպասում էր պատումի ավարտին։ Լիդիան հասկացավ դա և շարունակեց.
― Բայց մի՞թե նա արժանավոր է իմ հայր Գերմանիկոսից,― ասացիր այդ ժամանակ դու, կեսար, ելնելով օթոցից և աղմուկով շրջելով սեղանը,― ով հնազանդեցրել էր Գերմանիան և ում Օգոստոսը նույնիսկ մտադիր էր եղել իրեն հետնորդ նշանակել։ Եվ հետո,― ասացիր,― ես նրան մահվա՛ն չեմ ուղարկում, թու՛յն չեմ հրամցնում գինու մեջ լուծված կամ մրգահյութի, ինչպես Պիզոնն է վարվել իմ հոր հետ։
Լիդիայի աչքերում սարսուռ երևաց, ինչպես եղել էր երեկ՝ այդ լուրն առաջին անգամ լսելիս։
― Ամենքը կարկամեցին սարսուռից, իմանալով, թե ով է մահվան ուղարկել Գերմանիկոսին, և կարծում էին, թե կհրամայես թրատել Պիզոնին, բայց դու ասացիր, թե մահվան չես ուղարկի նրան, նրա որդուց չես խլի հոր կյանքը, ինչպես վարվել էին քեզ հետ, այլ նրա գերդաստանից կխլես սոսկ կին, որպիսին լի է Հռոմում։
Կալիգուլան պառկած էր մեռելային անշարժությամբ, և Լիդիան խոնարհ ծառայի պես սպասեց նրա հետագա կարգադրություններին։
― Դու ազատ ես, դարձիր Պիզոնի մոտ, և ներիր ինձ․․․,― ասաց ի վերջո կեսարը՝ ներում հայցող հայացքով նայելով Լիդիային, բայց կինը համարձակվեց ընդհատել նրան ու արտաբերեց խոնարհորեն.
― Աստվածներին իր զորությամբ հավասար կեսարին, ով նաև բոլոր քրմերից գլխավորն է, վայել չէ ներում խնդրել, քանզի նրա արարքները արդարացի են, ինչպես արդարացի են բոլոր վճիռները Զևսի, ում կողքին Արդարությունն ու Արդարադատությունն են մշտապես բազմած։
Կալիգուլան չարձագանքեց, և Լիդիան կեսարի դեմքի արտահայտությունից հասկացավ, որ նա կամենում է մենակ մնալ իր մտքերի հետ։ Ծածկոցով պատսպարվելով՝ Լիդիան անշշուկ առնվեց տունիկայի մեջ, ամուրազարդ հայելու առջև կարգի բերեց իրեն, հետո մի քանի քայլ արեց դեպի ելքը, բայց հանկարծ շրջվեց և զարմանքն աչքերին՝ նայեց կեսարին։
Կալիգուլային անհասկանալի էր նրա վարքը։
Լիդիան ետ եկավ դեպի կեսարն ու ափով ակամա շոյելով մահճակալի զարդաքանդակները, ասաց՝ ձայնին մտերմիկ երանգ հաղորդելով.
― Ինչու՞ են մարդիկ քեզ ներկայացնում որպես հրեշ, երբ դու իրականում այդպիսին չես։
Կալիգուլան լրջացավ և նայում էր երկար վարսերը հյուսած ոսկե ժապավեններից փայլող նրա դեմքին։
― Ողջ Քաղաքն է խոսում, թե իբր դու հանգիստ չես տալիս ոչ մի անվանի կնոջ, ամուսինների հետ նրանց իբր կանչում ես ճաշկերույթի, և երբ կանայք անցնում են քո օթյակի մոտով, սևեռուն և անշտապ իբր զննում ես նրանց, ինչպես ստրկավաճառ, իսկ երբ մեկնումեկը ամոթից կախում է գլուխը, ձեռքով բարձրացնում ես նրա դեմքը։ Եվ հետո էլ, առաջին իսկ ցանկության դեպքում իբր դուրս ես գալիս սրահից և մոտդ կանչում նրան, ով ամենից շատ է դուր եկել քեզ, իսկ վերադառնալուց հետո, իբր դեմքիդ դեռևս վայելքի հետքեր, բարձրաձայն գովաբանում ես կամ վատաբանում նրան, մանրամասն թվարկելով, թե ինչ լավ ու վատ բան ես գտել նրա մարմնի մեջ և ինչպիսին է նա անկողնում։
Կալիգուլան դառնությամբ քմծիծաղեց՝ լսելով իր մասին տարածվող անհեթեթ այդ լուրը։
― Երեկ ինքս էլ համոզված էի դրանում,― խոստովանեց Լիդիան,― և քո վճռից հետո ինձ սարսափ էր պատել, բայց, ահա՛, տեսա, որ ամենն այդ չարախոսություն է. ես քո անկողնում էի՝ արդեն որպես քո կին, բայց դու չտիրացար ինձ գիշերը, և անձեռնմխելի ազատ ես արձակում հիմա։
Կալիգուլան գլուխը կտրեց բարձերից և Լիդիային նայելով՝ խորհեց մի պահ, ասես երկմտում էր՝ լինե՞լ արդյոք անկեղծ, ապա արտաբերեց տխրությամբ.
― Դրուսիլիայից հետո ես անկարող եմ այլևս սիրել որևէ կնոջ։
Լիդիայի աչքերում անհուն կարեկցանք երևաց։
Կալիգուլան զգաց, թե ինչպես մինչ երեկ իրեն անծանոթ կնոջ հանդեպ անբացատրելի մի խանդաղատանք մեղմ կարկաչյունով լցվում է իր սիրտը,― գուցե թե այն պատճառո՞վ, որ Լիդիան որոշ նմանություն ուներ իր մայր Ագրիպինային,― և ասաց՝ հոգոց հանելով.
― Ես դա չեմ կարող, Լիդիա, եթե անգամ ցանկանամ. երբ երեխա էի, Տիբերիոսն ինձ ստիպում էր խոշտանգել և սպանել մարդկանց, ու Դրուսիլիայի մահվանից հետո երբ փորձում եմ փաղաքշել որևէ կնոջ, իմ սպանած բոլոր մարդկանց հոգիներն այդ պահին հավաքվում են իմ մարմնում և ես զարհուրանքով հայտնաբերում եմ, որ ոչ թե ես, այլ նրանք են իմ ձեռքերի միջոցով գուրգուրում իմ գրկում գտնվող կնոջը, ասես այդ կերպ նրանք դեռ ուզում են ապրել, ունենալ այն, ինչից ինքս զրկել եմ նրանց։
Լիդիայի համար այս ամենն ավելի քան սարսափելի էր, և նա սարսուռից արձանացավ մի պահ։
Կեսարը զղջաց նրան տառապեցնելու համար և չգիտեր ինչպես ցրեր նրան համակած տագնապը։ Բայց Լիդիան արագ վերագտավ իրեն, ապա մոտեցավ ու կեսարի աչքերի մեջ նայելով՝ քնքուշ իր մատերով շոյեց նրա մկանուտ պարանոցը և խոնարհվելով՝ մի ջերմ համբույր դրոշմեց նրա շուրթերին՝ ասելով.
― Երբ դու ազատ արձակեցիր ինձ, կարծում էի, թե վերագտնում եմ կորսված իմ երջանկությունը, մինչդեռ հիմա հասկացա, որ ես կորցնում եմ այն իրականում։
Հետո, ասես ամաչելով իր արարքից, սյուքի պես թեթև դուրս սահեց ննջարանից՝ տանելով իր հետ կեսարի մտքերը։
Երանության փայլ աչքերի մեջ՝ Կալիգուլան մեկ րոպեի չափ անհասցե հայացքով նայեց դեպի Լիդիային կլանած դռները, ապա արտաբերեց դառնությամբ.
― Երջանկությու՜ն․․․ ես վաղու՜ց դուրս եմ այն ուղեծրից, Լիդիա, որի ներսում պարփակված է մարդկային երջանկությունը։
Տրտմության այս խոսքերն ասես ազդանշան էին, և անհանգիստ մտքերը հողմի պես արագ պարուրեցին նրան՝ նրա սրտից դուրս մղելով բոլոր զեղումները։ Երեկվա ծանր իրականությունն էր պատկերանում նրա հայացքի դեմ, ու նա, ունկերն ափերով սեղմած՝ տարուբերում էր գլուխը դառնությամբ, ասես այդ կերպ կարող էր երեկը մղձավանջային երազի վերածել։ Բայց ոչինչ չէր օգնում նրան ու նա իրեն տեսնում էր կուրիայում, սենատորներն էին երևում նրան՝ գլխիկոր կանգնած, խնջույքի ինչ-որ սրահ էր սահում փակ աչքերի առջևով․․․
Կատարված իրադարձությունների սահմռկելիությունը, չմարած վրեժխնդրությունը, հետագայի անորոշությունը, խումհարի թմրությունը անպարզելի մի խառնաշփոթ էին ստեղծել նրա հոգում և հեղեղված չորս գետերի նման հորդում էին նրա վրա ու նրան թվում էր, թե խեղդվում է ջրապտույտի մեջ հայտնված անվարժ լողորդի նման։
Նա անվերջ շուռումուռ էր գալիս անկողնում, ասես մարմնի որևէ դիրք կարող էր մեղմել իրեն համակած անհանգստությունը։ Նա մեղքի իր բաժինն էր որոնում Իտալիայի խայտառակվածության մեջ, բայց և չգիտեր՝ ինչի՞ համար դատապարտեր իրեն. որտեղի՞ց իմանար ինքը, որ սենատորներից գոնե մեկը մահը չի նախընտրի պատվազրկությունից, գոնե չի ձևացնի անգամ, թե արժանապատվությունը իրեն համար վեր է ամեն ինչից․․․ Եթե որևէ մեկը նրանցից այդպես վարվեր, ինքը գուցե թե չնվաստացներ նրանց այդպես խստորեն․․․
Նա կամեցավ անէանալ. ինչպես երեկ,― փրկության այլ ուղի չէր տեսնում,― ու որոնող հայացքով շուրջը նայեց։ Գինու երկկանթ մի սափոր նկատեց մետաքսապատ որմնախորշում, որին զմրուխտե անվերջանալի վազ էր քանդակված։ Սառսռելով ու ցնցվելով՝ նա խմեց այնքան, որ հաղթահարվի խումհարի թմրությունը, ապա երերուն քայլերով մոտեցավ լուսամուտներին և մռայլված հայացքն ակամա սահեցրեց ալեբաստրե շրջապարսպի մեջ առնված համապատկերի վրայով։
Երկու կողմերից սյունազարդ ճեմասրահով եզերված պարտեզ էր փռված պալատի դեմ, ուր ծույլ?ծույլ ղունղունում էին կուշտ սիրամարգերը՝ երկար, կախ ընկած ագիներով սրբելով կիպարիսի կանոնավոր շարքերի միջով ձգվող ծառուղու խճազարդ հատակի փոշին£ Թասաձև զույգ ավազաններից աջ, մշտադալար ճյուղերը նազելիորեն փռած արմավենիներով, թանձրասաղարթ դափնիներով ու բուրումնավետ պինիաներով կազմված ուղղանկյունաձև բացատի կենտրոնում հաճելիորեն խոխոջում էր Ալբանոյի ստորոտից անագապղնձե խողովակներով պարտեզ հասած կենարար ջուրը, որ քարակերտ առյուծի բաց երախից թափվում էր ամառային ձկնարանի մեջ£ Ճեմասրահի վերից վար ակոսներ ունեցող սյուների խարիսխների մոտ խեցե զամբյուղներ էին դրված, որոնց մեջ փթթում էին դամասկոսյան վարդեր ու նարգիզներ, լինոսներ, մարգարտածաղիկներ ու հիրիկներ, իսկ սյուները կանաչել էին բաղեղի դալար ընձյուղներից£
Ստվերածածկ հարթակում, փափուկ գլխադիրով փղոսկրե աթոռին, միջին տարիքի մի պատրիկ էր ննջել՝ եգիպտական արնագույն կերպասի մեջ փաթաթված (կեսարը ճանաչեց իր հորեղբայր Կլավդիոսին)։ Նրա թիկունքում կանգնել էր քաթանե լայն զգեստ հագած երիտասարդ մի ստրուկ և զով էր բերում փետրե հովհարով։
Շրջապարսպից անդին, ցածում, նախակեսօրյան հանդարտությամբ տարածվել էր Ավենտինը։ Կավե ծխնելույզներից ու հացթուխների գործատներից սպիտակ ծուխ էր քուլա?քուլա դուրս ժայթքում և անեզր ժապավենի պես ձգվում երկինք£ Էոսի արցունքն էր պսպղում տանիքների վրա, և քաղաքը նմանվում էր հազարաբեկոր հայելու£ Գիշերահողմը քշել տարել էր ամպամեգը, և երկնակամարը ջինջ էր մանկան աչքի պես£ Փողոց մաքրող ստրուկներ էին երևում այստեղ?այնտեղ, որ լայնաբերան թիերը քսքստացնելով ու միմյանց խանգարելով՝ խլվլում էին մրջյունների նման£
Վեներայի տաճարի գմբեթի վրայից երևում էր ֆորումի մի հատվածը, ուր կեսարը բազմություն տեսավ։
«Հռոմում խաղաղություն է,― արտաբերեց ակամա,― կարծես ոչինչ էլ չի եղել, կարծես չի խեղդվել երեկ Քաղաքն այս խայտառակության ծովում․․․ Իսկ նրանք, ահա՛, բամբասու~մ են․․․»։
Քաղաքի տեսքն անհաճո հույզեր էր ծնում նրա հոգում, ու նա, շրջվելով, բազուկները կրծքին հավաքած՝ քայլեց սրահում, ակամա շարունակելով խորհել կիսատ թողնված մտքերի վրա։ Եթե հռոմեացիներից գոնե մեկը մահը նախընտրեր պատվազրկությունից, կամ գոնե ձևացներ՝ ինքը գուցե թե այլ կերպ վարվեր։ Բայց ի՞նչ իմանար ինքը, որ հռոմեական ընտրանին այդպես անմռունչ նվաստանար իր առջև, թույլ կտար իրեն՝ վազել դեսպակի կողքից որպես վերջին ստրուկ. չէ՞ որ մինչ այդ նրանք կտրիճ էին իրենց ճառերում և վեճերում։ Ի՞նչ իմանար, որ ամենքը դիմակ դրած դերասան են և նրանց ճառերը, տրակտատներն ու գրքերը սոսկ քող են՝ կոծկելու համար իրենց իրական էությունը․․․
Փշաքաղեցնող մի միտք հանկարծ նրան ստիպեց կանգ առնել, ու կնճռոտվելով և հոնքերը կիտելով՝ նայեց անսահման հեռուն. իսկ հիմա ճանաչու՞մ է ինքը նրանց, արդյո՞ք այսօր նրանց մասին ունեցած իր կարծիքը վերջնականն է և ճշմարիտ. արդյո՞ք վաղն ինքը չի հայտնվի մի նոր մոլորության մեջ․․․ Ու՞մ է, վերջապես, կառավարում ինքը՝ որպես կեսար։
Նա ակամա շրջվեց դեպի լուսամուտները, ասես բոլոր հռոմեացիները հավաքված էին այնտեղ։
Նա զգում էր, որ դեռ երեկ իրեն ափերից հանած վրեժխնդրությունը հետզհետե նահանջում է հեղեղի պես ուժգնացող մի մոլուցքի առջև, և նրա սրտում անդիմադրելի ձգտում էր ահագնանում՝ պարզել, թե ի՞նչ է թաքնված իրականում ամեն օր կրվող մարդկային դիմակների ետևում և որքա՞ն են նրանք ապականվել՝ հեռանալով աստվածներից։
Ու մարդկանց փորձարկելու մեկը մյուսից դաժան մտքեր էին ծնվում նրա սրտում, բայց նա կարողանում էր հեռու վանել դրանք իրենից։ Սակայն իր իսկ դեմ կռվելը հետզհետե դարձավ դժվարին, քանզի Տիբերիոսի իժը սկսեց հառնել նրա հոգում ու տարածվել մարմնով, որից շունչը կտրվեց, կոկորդը սեղմվեց, ատամները կափկափեցին անկառավարելի և արյան բույր առավ եթերից։ Նա հեռացավ լուսամուտներից ու հայելիներից, որպեսզի չտեսնի այլակերպվող իր արտացոլումը։ Դա դեռ ամենը չէր. նա տխրությամբ զգում էր, որ ներքին ինչ-որ ուժեր խլում են իրենից բոլոր այլ մտքերը և մղում գործողությունների, ու ինքն անկարող էր չհնազանդվել․․․
― Օ՜, անեծք,― դառնությամբ կանչեց նա՝ շուրթերն արյունոտելու աստիճան կծոտելով և բռունցքված ձեռքերով եթերը թրատելով,― և որպիսի՜ դժբախտություն՝ սեփական երակներում կրել երկու արյուն, որոնք կատաղի են մեկը մյուսից։ Ի~նչ կարող եմ անել ես բոցե այդ խառնուրդի դեմ, որ այրում է մարմինս ներսից՝ որպես հսկա մի քուրա․․․
Ուրվականներ սկսեցին երևալ նրան․․․
Նա հանձնվեց իրեն կլանող կրքերին։
Զանգ հնչեցրեց։ Դուրսենուսին չմատնելու համար իր հոգու այլայլումը, նորեն գինի լցրեց իրեն։
― Կանչի՛ր ինձ մոտ Մակրոնին,― կարգադրեց կանչի վրա ներս մտած ազատարձակին։
Գլուխ ութերորդ
Մակրոնը ներս մտավ ու վարժ շարժումով գլխից առավ փետրափնջերով զարդարուն սաղավարտը։
Ոսկե գամերով ու շղթայիկներով որմզնդեղնի կարմիր կաշվե զգեստն ամուր սեղմում էր նրա հզոր կուրծքը և ավարտվում մերկ ծնկներից վեր, սպիներով ծածկված պիրկ բազուկները վկայում էին նրա մարտական փառավոր ուղու մասին։ Նրա հագուստի զարդերը պսպղում էին աստղափնջերի նման, մավրիտանական արմավենու յուղով օծված նրա շահմար մազերը փայլում էին նուրբ կապույտ ցոլքերով։
Մակրոնի դեմքին խոր զարմանք էր դրոշմված, և Կալիգուլան նայեց նրան կարևոր նորության սպասող հայացքով։
― Տարօրինակ է, զարմանալի,― սաղավարտը կողին սեղմած՝ պրեֆեկտն արագ քայլերով եկավ դեպի կեսարը,― երբ զրպարտագիր արած նոբիլներին հայտնեցի քո պայմանը՝ կամ պատժվում են նրանք հրապարակավ՝ իրենց գործած ոճրի համար ըստ օրենքի, կամ իրենց կանանց ուղեկցում են Օգոստոսի պալատ՝ հանուն հայրենիքի բարօրության այնտեղ վճարով տրվելու ամեն ցանկացողի, կարծում էի, թե վերջապես կխոցվի նրանց արժանապատվությունը և կապստամբեն, կհեղեղեն փողոցները կամ էլ իրենց պատվազրկությունը չտեսնելու համար Տիբրոս կնետվեն Մանլիուսի կամրջից, ինչպես լինում էր Տիբերիոսի խելառության տարիներին։ Եվ հուզումներից զգուշանալով՝ պրետորիանների ծպտյալ խմբեր էի տեղավորել գլխավոր փողոցներում։ Բայց, օ՜, կեսար, դու չես հավատա անշուշտ ինձ, ինչպես ես չէի ուզում հավատալ սեփական աչքերիս. նրանք բոլորն ինքնակամ իրենց կանանց բոզության բերեցին Պալատինիում՝ սահմանված վերջնաժամկետից դեռ բավականին վաղ։
Սարսուռ անցավ Կալիգուլայի դեմքի վրայով, որը Մակրոնը նկատեց պարզորեն։ Լսածից ապշահար՝ նա մի պահ քարացավ տեղում, ապա ճչաց այնպես ուժգին, ասես խոցեցին իրեն դաշույնով.
― Չի՛ կարող պատահել. Մակրո՛ն, դու այդ ինչե՞ր ես ասում․․․
Նա գլուխը բռնած քայլեց սրահում, և նրա հայացքի առջև պատկերանում էր Պալատինիումում կատարվածը։
― Բայց դա խաղ էր, Մակրոն,― Կալիգուլան չէր հանդարտվում,― ես ընդամենն ուզում էի փորձել նոբիլներին, ես վստահ էի, որ նրանք կընդվզեն, ես սոսկ ուզում էի բորբոքել նրանց, որ նրանց հոգիներում հառներ արժանապատվությունը․․․ Ո՛չ, անհնար է, Մակրո՛ն. ինչպե՞ս կարող է դա պատահել։ Դու կատակում ես․․․
Պրեֆեկտը կանգնած էր խրոխտ ու ձիգ, և նրա լռությունը փարատում էր փրկարար ամեն կասկած։
― Ես սրիկա եմ, Մակրոն, ես բռնացա նրանց վրա և ոչնչացրի նրանց բոլորին որպես մարդ,― խոստովանեց Կալիգուլան դառնությամբ և ձեռքերով հուսահատ հարվածեց եթերին։― Դու ճիշտ էիր՝ վրեժը խոհեմ ուղեկից չէ կյանքում. այն շղարշում է բանականությունը, այն բերում է կարճակյաց բավարարում, որին հաջորդում է տառապանքը։
― Այո՛, կեսար, այդպես է,― հաստատեց Մակրոնը,― բայց ո՛չ դու, և ո՛չ ես չենք բռնացել նրանց վրա. նրանց մոտ ես գնացել եմ միայնակ՝ առանց պրետորիանների, ու եթե նրանք չհնազանդվեին, ապա, ինչպես ինքդ էիր հրամայել, նրանցից և ո՛չ մեկը չէր պատժվի։
Մակրոնը նկատեց, որ իր խոսքերը սպասված ազդեցությունն են ունենում կեսարի վրա, և շարունակեց.
― Ո՞վ կարող էր պատկերացնել, թե նրանք կհնազանդվեին այդպես հլու, ու երբ նրանք Պալատինիում եկան իրենց կանանց հետ, ես շփոթվել էի այնպես, որ չգիտեի՝ ինչպես վարվել։ Բայց այդ պահին, կեսար, մի ձայն լսեցի իմ ներսից, որ ազդու էր այնպես, ասես աստվածներից էր գալիս, և․․․
Կալիգուլան, որ դադարել էր մեղադրել իրեն, ակամա մոտեցավ ջահեր, դաշույն և նիզակ բռնած եռագլուխ Հեկատեի մարդահասակ արձանին ու պտտվեց նրա շուրջը՝ մտացիր հայացքով նայելով աստվածուհու միանման երեք դեմքերին, ձեռքը պահեց քարե ջահերից մեկի վրա՝ ասես ջերմանալ էր ուզում։ Այդ արձանը նա պատվիրել էր Դրուսիլիայի խորհրդով, որպեսզի աստվածուհին բարի լիներ իր հանդեպ և չտանջեր գիշերային մղձավանջերով։
Կեսարի արձագանքին սպասող Մակրոնը նրան համակած լռությունից գուշակում էր, որ հոգու փոթորիկ է սկիզբ առնում նրա ներսում։
Կալիգուլան դանդաղ շրջվեց ու Մակրոնին նայեց այնպիսի մի հայացքով, որից կյանքում ամեն ինչ տեսած պրեֆեկտը փշաքաղվեց։
― Թող սենատորներն ու բոլոր նրանք, ում կանայք հիմա Օգոստոսի պալատում են, հավաքվեն Պալատինիումում,― կարգադրեց նա՝ բառերը հատ հատ արտասանելով։
Մակրոնը կանանցից ամենագեղանիներին կեսարական պարտեզում մերկ կանգնեցրել էր շատրվանների մեջ՝ որպես նիմփա, և ջուրը ծորում էր նրանց ողորկ մարմինների վրայով ու նրանք փայլփլում էին որպես ոսկեկերտ արձաններ։ Իսկ պալատում կիսամութ էր, ուր բոլոր դռները բաց էին և մետաքսե կիսաթափանց վարագույրների ետևում ամենուր մերձեցող զույգեր էին, ու եթերը բռնված էր տարփանքի կանչերով։
Կալիգուլան մտավ պալատ ու մռայլադեմ շրջեց միջանցքներում՝ քամահրանքով ու սարսուռով նայելով սրահներից ներս։ Նոբիլները համրացած հետևում էին նրան։
Նա չէր կարողանում հավատալ, չէր ուզում հավատալ, որ ամենն այս իրականություն է և ո՛չ մղձավանջային տեսիլ. մի՞թե իրենց ամուսինների հայացքի առջև շնացող այս լրբերը պարկեշտության խորհրդանիշ հանդիսացած այն մատրոնաներն, հանդիսության ում հրավիրելը ինքը պատիվ էր համարել իր համար. այլոց հետ կենակցող իրենց կանանց ոչխարի պես նայող այս մարդուկները մի՞թե կուրիայում արժանապատվությունից ճառող այն այրերն են, ում գրքերը ջերմեռանդորեն սերտում էր ինքը քերական դպրոցում։
Նա չէր ուզում հավատալ, բայց և անկարող էր հերքել, ջնջել անողոք իրականությունը, որ տարածված էր իր շուրջը։
Նա սրտխառնոց ունեցավ, սառը քրտինք պատեց նրան ու չընկնելու համար՝ հենվեց դռներից մեկի շրջանակին։ Նրան թվաց, թե կուրացուցիչ մի լույս պայթյունով ողողեց պալատը, ու նա իր հայացքի առջև տեսավ իրեն պատանի՝ Տիբերիոսի պալատում մարդկանց դաժանաբար խոշտանգելիս։ Մի զարհուրելի ժպիտ տեսավ նա իր դեմքին, որից սարսռեց։
Նա ցնցեց իրեն՝ սարսափելի տեսարաններից ազատվելու համար, հետո զգաց, թե ատելությունն ինչպես է օդի հետ միախառնված զարկերակներով տարածվում մարմնի մեջ։
Նա շրջվեց դեպի նոբիլներն ու նրանց նայեց այն նույն ժպիտով, որը քիչ առաջ տեսել էր իր առջև։
― Ահա՛, նայե՛ք,― արտաբերեց նա թունոտ,― ձեր կանայք պոռնի՛կ են, ու ոչ թե ե՛ս այդպիսին դարձրի նրանց, ինչպես կարծում եք հիմարաբար, այլ նրանք պոռնիկ էին ի սկզբանե և ամոթխածության ու պարկեշտության կեղծ քող էին կրում։ Ես ընդամենը պատռեցի՛ այն։
Բազմությունը քարացած լսում էր նրան։
Նրանց համրությունը գրգռեց կեսարին, և նա կանչեց զայրույթով.
― Պոռնիկ եք նաև դու՛ք, դուք պոռնիկի արու տեսակն եք, իսկ ձեր պոռնկության հավաստումն այն է, որ ես, ահա, ողջ-ողջ կանգնած եմ ձեր առջև, մինչդեռ ինձ սպանելն ի՞նչ է. ամենքդ գիտեք, որ գիշերները հաճախ թափառում եմ Քաղաքում միայնակ։
Որևէ արձագանք չեղավ։
Նա բազմությանը նայեց Լինկեյոսի՝ ժայռեր ճեղքող հայացքով, ապա քամահրալից շարժումով շրջվելով՝ քայլեց միջանցքով։
Նոբիլները ստվերի պես հետևեցին նրան։
Սրահներից մեկում նա գեղամարմին մի կնոջ տեսավ, որ ջանադրաբար ու հմտորեն բավարարում էր միանգամից չորս տղամարդու։ Կինը մորեմերկ էր, և միակ զգեստը, որ կրում էր, ունկերին շողշողացող ոսկեձույլ գրիֆոններն էին, որ արծվի փոխարեն կնոջ դեմք ունեին և փքուն կրծքեր՝ ինչպես իրենն էր։
«Հռոմը միայն պոռնիկնե՜ր է ծնում»,― մտածեց ակամա Կալիգուլան՝ կիսաթափանց վարագույրի ետևից հետևելով կնոջ վարժ շարժումներին և նույնպես ակամա շշնջաց ինքն իրեն.
― Աստվածներն արարել են կնոջը որպես գեղեցի՜կ դատարկություն։
― Նաև հմայի՛չ,― արձագանքեց Մակրոնը վավաշոտ ձայնով ու կռահելով կեսարի հարցը՝ ավելացրեց փութով.― Գիշերային զվարճատեղերի պոռնիկներից է նա, նրան մատրոնաներն են հրավիրել՝ իրենց հեշտանքի ձևեր սովորեցնելու։ Բոլորը նրան Ցեզոնիա են կոչում, որ բարբարոսական լեզուներից մեկով պոռնկուհի է նշանակում։ Նրա հետ կենակցել է երևի ողջ Հռոմը։
Մակրոնը շիկահերների հատուկ ցուցակ ուներ և ամեն ինչ գիտեր նրանց մասին։
― Նաև սենատորնե՞րը,― հետաքրքրվեց Կալիգուլան՝ շարունակելով հետևել կնոջ շարժումներին։
Դրական պատասխան ստանալով՝ նա մի պահ մտածկոտ հայացքը թափառեցրեց նոբիլների վրայով, ապա մեծ հայտնագործություն արած մարդու ոգևորությամբ ետ քաշեց վարագույրն ու մոտեցավ մերձեցողներին։
― Որպիսի՜ վարպետություն,― ոսկեբռնակ մտրակի կոթով շոյելով Ցեզոնիայի թիկունքը՝ արտաբերեց նա,― որպիսի՜ փութաջանություն. դու հայտնություն ես ինձ համար, անփոխարինելի գանձ։
Հանկարծակի եկած տղամարդիկ իրենց վայելքը խանգարողին մի պահ նայեցին խոժոռված, բայց նրա տարօրինակորեն խանդավառ տեսքը զգուշավորություն ծնեց նրանց հոգում, իսկ երբ նկատեցին կեսարական մատանին, քարացան Կապիտոլիումի արձանախմբերի նման։
Ձեռքի հանդարտ շարժումով Կալիգուլան հանգստացրեց նրանց՝ հորդորելով.
― Նեղվելու հարկ չկա, քվիրիտներ, ներողամիտ եղեք
ձեր կեսարի հանդեպ և մի՛ ընդհատեք. ես հաճույքով կհետևեմ ձեզ։
Տղամարդկանց խիստ անհարմար էր մերձենալ կեսարի հայացքի առջև, բայց և անկարող էին չհնազանդվել նրան։
― Հրաշալի՜ է, կատարյալ. այս կինը ծնված է պոռնկության համար, ինչպես իմ հորեղբայր Կլավդիոսը՝ ապուշության,― պտտվելով մերձեցողների շուրջը՝ կրկնում էր Կալիգուլան, քաջալերում նրանց, ասես գլադիատորական մարտ էր դիտում։
― Նայի՛ր, Մակրոն, նայի՛ր, ― կանչում էր նա՝ խոնարհվելով բավարարումներից հևասպառ պոռնկուհու վրա,― որպիսի՜ կատարյալություն, որպիսի՜ արվեստ. ոչնչությու՛ն է Պատրիասոսի նկարն այս պատկերի դեմ։
Իսկ երբ թուլացած հնգյակը հևասպառ տարածվեց գորգազարդ հատակին, նա ոսկեդրամի անձրև տեղաց նրանց վրա և ափը պարզելով՝ արտաբերեց կատակերգակ դերասանի նման.
― Եվ ակնթարթն այս փիլիսոփայական հարյուր տրակտատ արժե․․․
Հետո, ասես սթափվելով, նա դարձավ պրեֆեկտին և ասաց՝ նախատինք հաղորդելով խոսքին.
― Իսկ դու ասում էիր, թե նրանք կսպանե՛ն ինձ, մինչդեռ Հռոմը տարփանքին է տրված, ահա՛։ Մարդիկ ճագարի նման են, Մակրոն, երբ սահմանափակում ես նրանց ազատությունը, սկսում են մերձենալ միմյանց անհագորեն։ Դա երևի թե օգնում է համակերպվել նվաստացմանը։
Մակրոնը չպատասխանեց և արտառոց իրադարձության սպասումով՝ ակնդետ հետևում էր կեսարին։
Կալիգուլան տղամարդկանց նշան արեց հեռանալ, իսկ ինքը կանգնելով Ցեզոնիայի գլխավերևում՝ հրամայեց.
― Վե՛ր կաց։
Կինը, արագ շնչելով, հնազանդ ու մերկ կանգնեց նրա առջև։
Կալիգուլան կես քայլ ետ գնաց՝ նրան ավելի լավ զննելու համար, հայացքով տնտղեց գոլորշի արձակող, դեռ չպաղած նրա ստինքները, որոնց վրա սերմնահեղուկի կաթնագույն շիթեր էին փայլում, ազդրերը, գավակը և ասաց հանդիսավոր.
― Ես հռոմեացիների համար իրենց արժանի կեսարուհի էի փնտրում, որ լիներ պոռնի՛կ՝ իրենց նման։
Ցեզոնիային անհասկանալի էր կեսարի վարքը, իսկ Մակրոնը, որ դռների մեջ կանգնած՝ քարացել էր զարմանքից, հազիվ կարողացավ արտաբերել.
― Ինչպե՞ս, կեսարի կինը․․․,― նա անկարող գտնվեց իրեն թույլ տալ արտաբերել պոռնիկ բառը,― դա չլսված բան է․․․ իսկ ի՞նչ կասի ժողովուրդը։
― Ժողովու՞րդը,― ընդգծված արհամարհանքով արձագանքեց Կալիգուլան և գլխով ցույց տալով վարագույրի ետևից իրեն նայող դեմքերի ծովին՝ ավելացրեց.― դու սրա՞նց նկատի ունես, կամ գուցե նրա՞նց, ովքեր ինքնամոռաց շնանում են մյուս սրահներում. այդպիսի ժողովրդի կարծիքին հարկավոր է վերաբերվել որպես թաշկինակի, Մակրո՛ն։
Մակրոնի դեմքի կնճիռները, միևնույն է, չէին հարթվում, ու տեսնելով դա, Կալիգուլան հարցրեց.
― Կուզե՞ս ցույց տամ հիմա քեզ, թե ինչպիսի՛ն է քո ասած այդ ժողովուրդի ընտրանին։
Եվ չսպասելով պրեֆեկտի պատասխանին՝ նա բռնեց Ցեզոնիայի ձեռքն ու հանդիսավոր, ասես իրեն դեսպաններ ու թագավորներ էին սպասում, դուրս բերեց նրան միջանցք և դիմեց բազմությանը.
― Ես, Հռոմեական պետության պրինցեպս և գերագույն քուրմ Գայոս Կեսար Գերմանիկոսս, ընդունում եմ Ցեզոնիային որպես իմ կին. վերաբերվե՛ք նրան այսուհետ ինչպես ձեր կեսարուհու։
Նրա պահվածքից ապշահար՝ Մակրոնը սարսուռախառն զզվանքով նայում էր, թե ինչպես են նոբիլները խոնարհվում և շինծու ժպիտներով պատիվներ մատուցում դեռ երեկվա իրենց հարճին, որ շվարած կանգնած էր նրանց առջև անսքող մերկությամբ։
― Դու դառնում ես Տիբերիոս,― ակամա շշնջաց Մակրոնը՝ դատապարտող հայացքով նայելով կեսարին։
― Ես դառնում եմ Տիբերիո՞ս,― մտածկոտ պատասխանեց Կալիգուլան, որ լսել էր պրեֆեկտի խոսքերը։ Հետո, ամենքին մոռացած, մտախոհ քայլեց սրահում՝ ափով ծնոտը բռնած ու խոսելով ինքն իր հետ.
― Ես դառնում եմ Տիբերիո՞ս, ո՜հ, այո՛, ես դառնում եմ Տիբերիո՛ս, ես դառնու՛մ եմ Տիբերիոս։ Դու ճիշտ ես. դառնու՛մ եմ։ Դու ճիշտ ես, Մակրոն, Տիբերիոս դառնու՛մ են. Տիբերիոս հնարավոր չէ ծնվել։
Նա դադարեց քայլել և դարձավ դեպի պրեֆեկտը.
― Իսկ ի՞նչն է կեսարին Տիբերիոս դարձնում, Մակրո՛ն. դու խորհե՞լ ես այս մասին։
Ու ինքն էլ պատասխանեց՝ առաջ պարզած ափը սահեցնելով Ցեզոնիային շրջապատած նոբիլների վրայով.
― Բազմությու՛նը, Մակրոն։ Ահա՛, տե՛ս, այսպիսի հաճությամբ նվաստանում են տիրակալի առջև, որը միայն զզվանք կարող է ծնել։ Զզվանքն այդ հիմա դաջված է քո դեմքին, ես տեսնում եմ, այն նաև պարուրել է իմ հոգին, որպես թունավոր մի օձ։ Եվ հաճախ տիրակալն իրեն զսպել չկարողանալով, ավելի է նվաստացնում նրանց, ասես պարզելու համար, թե ունի՞ արդյոք ստորին սահման ստորաքարշությունը։
Այս ասելով՝ Կալիգուլան ձայնեց Ցեզոնիային ու նրա ձեռքը բռնած՝ խորացավ պալատի մեջ։ Բազմությունը հոտի նման անտրտունջ հետևեց նրանց։
Նրանք հայտնվեցին Խնջույքի սրահում, որն Օգոստոսը կառուցել էր Անցիումի հաղթանակի պատվին և նախատեսված էր հազար հյուրի համար։
Կանայք այստեղ միավորվել ու բազմանդամ օրգիայի էին տրված։
Կալիգուլան մոտեցավ նրանց և զզվանքով զննում էր գետնատարած մարմինները, ասես կամենում էր ճանաչել մատրոնաներին, իսկ նրանք այնպես էին տրվել հեշտանքին, որ չէին նկատում իրեն։
Հեշտասիրության մարմնացում Տիբերիոսը, որ անառակության գաղտնի բներ էր պահում իր պալատներում, ուր աղջիկներն ու տղաները նրա մարող տռփանքը գրգռելու համար փոխնիփոխ երեքական հոգով զուգավորվում էին միմյանց հետ, իսկ անտառներում ու պուրակներում ամենուր սարքել էր տվել Վեներայի վայրեր, որտեղ քարանձավներում ու ժայռերի մեջ զույգ սեռի երիտասարդները բոլորի առջև պատկերում էին այծամարդերի ու հավերժահարսերի՝ կխենթանար, տեսնելով, թե վայելքի ինչ հնարամտություններ են նրանք հորինել։
Կալիգուլան ապշահար հետևում էր նրանց շարժումներին, ինքն իրեն մոռացած՝ անցնում նրանց շարքերի միջով։ Նա պատկերացնել անգամ չէր կարող, թե այսպես անեզր է մարդկային լրբությունը։
Տռփանքի ճիչերը, տնքոցները, բավականության աղաղակներն ու քրքիջները հետզհետե կանգնեցրին ամեն միտք նրա սրտում, և նա քայլում էր սրահի միջով անհույզ և անզգացմունք, ինչպես լինում է երազում, ու կեսարական նրա պարեգոտի փեշերը քսվում էին դեռ երեկ պարկեշտության համբավ ունեցած մատրոնաների ազդրերին, ստինքներին ու հետույքներին մերկ։
Նա հանկարծ կանգ առավ, ուշադիր նայեց ոտքերի մոտ գալարվող մարմիններին։
― Նայի՛ր, Ցեզոնիա,― դիմեց կեսարուհուն՝ մատնացույց անելով փարթամ ստինքներով մի կնոջ,― որպիսի՛ անհագ կրքով է Էնիան համբուրում իրեն բաժին ընկած առնանդամը, ասես Արևելքից բերած անուշեղեն է համտեսում, մինչդեռ օր առաջ պարկեշտության խորհրդանիշ էր այլոց համար։
Կալիգուլան շրջվեց դեպի Ցեզոնիան և վայրի կիրք տեսավ սիրաբանվող անհաշիվ զույգերին նայող նրա դեմքին։
― Քեզ դու՞ր է գալիս ամենն այս,― հարցրեց ու թեթևակի հրելով նրան դեպի գետնատարած մարմինները՝ ավելացրեց.― կարող ես միանալ նրանց։
Ցեզոնիան, անկարող զսպել աչքերի հրացայտությունը, նայեց կեսարին մոլորված՝ փորձելով հասկանալ նրա իրական վերաբերմունքը։ Կալիգուլան խորիմաստ գլխով արեց նրան։ Ցեզոնիան նոբիլների հայացքների առջև օրգիային տրված մերկ տղամարդկանցից մեկին նշաններով հասկացրեց մոտենալ իրեն ետևից, իսկ ինքը, չորեքթաթ տարածվելով մարմինների կույտի վրա, գլխի իշխող շարժումներով հեռացրեց մի քանի կանանց և պիրկ մի առնանդամի գլուխ օղակելով իր հյութեղ շուրթերով, սկսեց բավականությամբ խաղալ դրա հետ։ Նա երբեմն գլուխը թեքում էր և ծորուն ժպիտով նայում կեսարին, ասես զգացնել տալով, որ ոչ թե հանուն իր բավականության, այլ կեսարի կամքի իրականացման է այդկերպ վարվում։ Իսկ Կալիգուլան, որ քամահրանքով հետևում էր Ցեզոնիայի շարժումներին, ձեռքը պարզեց դեպի նա և դիմեց նոբիլներին.
― Ահա՛, ձեզ արժանի՛ կեսարուհի. դու՛ք էլ նույնն եք անում ձեր ամենօրյա կյանքում։
Հետո, նողկանքի մի արտահայտություն դեմքին, դարձավ Մակրոնին.
― Ցեզոնիային անչափ դուր եկավ առնանդամը, հրամայիր կտրել այն, հագցնել ոսկե շղթային, և թող նոբիլների ուղեկցությանբ պալատ գա նա՝ այն պարանոցին որպես զարդ գցած։
Եվ անկարող լինելով այլևս նայել կրքերին տրված բազմությանն ու այլոց հետ մերձեցող իրենց կանանց նայող նոբիլներին, ելավ սրահից։ Այն զգացողությունն ուներ, թե պալատում օդ չկար, և խեղդվում էր։ Նա շտապեց դեպի պալատի ելքը։ Ափերով փակեց ունկերը, որպեսզի տռփանքի կանչերը չհասնեն իրեն։ Բայց դա չօգնեց բոլորովին, և նա արագացրեց քայլերը, ապա միջանցքներով վազեց խելագարի պես։
Նրան թվում էր, թե բոլոր սրահների ու ննջարանների ճիչերը, կանչերն ու քրքիջը միախառնվելով՝ հորդում են իր ետևից վարար գետի պես, թվում էր, թե այդ ձայներն ինչ-որ կախարդանքով կամ մոգությամբ հետզհետե ուժգնանում են, սպառնալով խլացնել իրեն։ Նա հընթացս պոկեց վրայից պարեգոտը, որը կաշկանդում էր շարժումները և ասես ծանր մի բեռ լիներ իր համար։
Դուրս գալով պալատից, նա հապճեպ շարժումներով արձակեց պարանոցը սեղմող ճարմանդները, կարծես դրանք խանգարում էին իրեն շնչել, և նույն այդ պահին նրա աչքովն ընկան շատրվանների մեջ կանգնած կանայք։
― Կորե՛ք այստեղից, պոռնիկներ,― պոռթկաց նա՝ բռերով մարմարախիճ նետելով նրանց վրա, իսկ երբ կանայք չքվեցին, իջավ շատրվանների մեջ և հուսալով, թե պաղությունը կմեղմի իրեն համակած նողկանքը՝ գլուխը մտցրեց ավազաններից մեկի մեջ և ափերով ջուր շփեց իր վրա։
Հետո, ամբողջովին թրջված, փլվեց քարե նստարանին և գլուխը տարուբերելով՝ շշնջաց դառնաձայն .
― Եվ ես սրանց կա՞յսրն եմ. օ՜, զզվա՛նք։
Գլուխ իներորդ
Նա կարծում էր, թե հռոմեացիք նվաստացումին տրվել էին անակնկալությունից և սթափվելով՝ կընդվզեն անպայմանորեն ու կդավեն իր դեմ, գուցե թե բախումներ լինեն վիգիլների հետ կամ էլ, արյունահեղությունից խուսափել կամենալով՝ սեցեսիայի դիմեն, ինչպես վարվել էին ոչ մեկ անգամ։ Սակայն բողոքի որևէ դրսևորում չեղավ, ու քաղաքը խաղաղ էր այնպես անվրդով, ասես ոչինչ տեղի չէր ունեցել, փոխարենը հռոմեացիք կերպափոխվեցին անճանաչելիորեն։ Նրանք քծնել էին փորձում իրեն ամեն քայլափոխի ու շողոքորթել, փառաբանել էին տենչում իրեն իր իսկ ներկայությամբ՝ որպես անսխալական տիրակալի, միմյանց ոտնատակելով՝ ջանում էին արժանանալ իր հայացքին և բարեհաճությանը։ Մատնագրեր էին ուղարկում իրեն, հանդիպումների ժամանակ վատաբանում այլոց։
Տիբերիոսի երբեմնի զինակիցները, որ մինչ այդ գովերգում էին նախորդ կեսարին թերմերի սրահներում, մի անլսելի հրամանով սկսեցին վատաբանել նույն փութաջանությամբ, և դա դիտավորյալ անում էին իր մերձավորների ներկայությամբ, հուսալով, որ իրենց խոսքերը կհասնեն իրեն։
«Ի՞նչն է ստիպում նրանց սողալ իմ առջև,― հարցնում էր Կալիգուլան ինքն իրեն խորին տարակուսանքով,― չէ՞ որ ես մահվամբ չեմ սպառնում նրանց և ոչ էլ ունեցվածքն եմ պատրաստվում խլել։ Ի՞նչն է նրանց դրդում մատնել միմյանց, զրպարտել և կարծել հիմարաբար, թե այդ կերպ ապահովում են իրենց գոյությունը, որ անգոյությունից էլ զազիր է։ Մի՞թե չեն գիտակցում, որ հարուցում են իմ զզվանքն իրենց հանդեպ, որ ատելության մայրն է։ Եվ մի՞թե սրանք, որ տրակտատներ են գրում քաջության մասին, բայց իրականում փոքրոգի են, ժառանգն են Էնեասի, ում համար կարևորը համայնքի շահն էր, հետո՝ տոհմի, ընտանիքի և վերջում միայն՝ սեփական, և ում համար կյանքի նպատակն այդ կյանքը հայրենիքին զոհաբերելն էր։ Սրանք, ահա, լուսնի տակ մի շահ են ճանաչում միայն՝ իրենց անձնականը, հանուն որի կարող են զոհել և՛ տոհմ, և՛ համայնք, և՛ արժանապատվություն, ու պատրաստ են կառչել կյանքից ամենամեծ ստորությունն անգամ տանելով, քանզի վաղուց արդեն ապրելը նրանց համար գերադասելի է մահից բոլոր հանգամանքներում։
Ո՞վ ամորձատեց հռոմեացիներին, ո՞վ դարձրեց նրանց այսպիսին։ Տիբերիո՞սը, գուցե թե Սուլլա՞ն. չէ՞ որ Քամիլլոսի օրոք քաջարի էին դեռ և կաղնեպսակի արժանանալու պատիվը վեր էր անգամ ապրելու տենչից,― փորձում էր հասկանալ Կալիգուլան։― Իսկ գուցե հանրապետության կորու՞ստն ամորձատեց նրանց, երբ նրանք դադարեցին վճռել երկրի բախտը. չէ՞ որ Հուլիոս Կեսարից առաջ հաստատակամ էին և տերը իրենց իրավունքների։ Ի՞նչ պատահեց նրանց. պատմության ո՞ր պահին կորցրին նրանք տղամարդությունը։ Իսկ գուցե այսպիսին դարձան հազար տարի ամեն օր ստրուկների հետ շփվելու՞ց. չէ՞ որ շփումը վարակիչ է, և հետո, չէ՞ որ նրանք իրենց երեխաներին դաստիարակության են տալիս ստրուկներին»։
Մակրոնը, որ հիվանդության վերսկսվելու պատճառով կրկին անկողնուն էր գամվել, այն կարծիքին էր, թե հռոմեացիների արժանապատվության կորստի մեղավորն Օգոստոսն է և թե նա է ամորձատել ժողովրդին՝ նրանից աննկատ խլելով նրա իրավունքները՝ դրա դիմաց քաղաքը հեղեղելով գրաված երկրների հարստությամբ և Հռոմին բերելով ներքին խաղաղություն, որը խարխլված էր եղել քանի տարի։
― Օգոստոսը դա հաջողեց, քանի որ դաս էր առել Հուլիոս Կեսարի փորձից և խորամանկ էր, իսկ Կեսարը զոհվեց, որովհետև ձգտում էր հռոմեացիներին սանձել միանգամից,― ասում էր նրան Մակրոնը։― Հետո, երբ հռոմեացիք հասկացան կատարվածը, ուշ էր արդեն, քանի որ երկիրը բռնված էր Օգոստոսի պրետորական կոհորտաներով, որոնք կասեցնում էին ընդվզումի ամեն նախաձեռնություն, իսկ հազար լրտես, որ վխտում էին ամենուր, մատնում էին արտաբերված ամեն խոսք։ Այսպես՝ քառասուն տարի։ Իսկ հետո արդեն Տիբերիոսը վերջնականապես զրկեց հռոմեացիներին պաշտոնյաներ ընտրելու իրավունքից, ինչը նոբիլները ողջունեցին, քանի որ այլևս հանուն քվեների ստիպված չէին լինի սիրաշահել պլեբսին և ծախսատար բաշխումներ անել, ու աստվածացրին Տիբերիոսին, չհասկանալով, որ այդ կերպ իրենք իրենց դարձնում են խոցելի, անուժ և հլու, քանի որ չէր լինի այլևս իրենց թիկունքում ժողովուրդը, որից երկյուղել էին Հռոմի բոլոր կառավարիչները, թագավորներն անգամ։ Բայց դա դեռ ամենը չէ. հռոմեական ժողովրդի ամորձատումը ավարտին հասցրին հռոմեացի կանայք՝ հայրենիքի համար կյանքը զոհելու պատրաստ քաջարի այրից գերադասելով երկնչողներին, ի՛նչ է թե այս վերջինների կյանքի տևականությունն ավելի հաստատ էր, ու նաև իրենց այդպիսի ամուսիններին ի ցույց դնելով իրենց զավակներին՝ որպես ընդօրինակման արժանի կերպար։
Կալիգուլան ոչ մի կերպ չէր ուզում համաձայնել Մակրոնի հետ, բայց պրեֆեկտը, որ ծառայությունը սկսել էր Օգոստոսի օրոք, անձամբ էր տեսել, թե զինական հաղթություններից խանդավառված ու պերճանքին տրված հռոմեացիք ինչպես էին, իրենք էլ չնկատելով, տրվել Օգոստոսի խորամանկություններին և հետզհետե կորցրել հազար տարի ունեցած իրենց ազատությունները։
Օգոստոսն իր կուռքն էր, ու ծանր էր մտածելը, թե հռոմեական զենքի փառքն աշխարհում տարածած Օկտավիանոսն իրականում մեծագույն ոճրագործ է, քանզի սեփական անվտանգությունն ապահովել է իր իսկ ժողովրդի անդարձելի ստորացմամբ. Օգոստոսն, ահա, չկա այլևս, բայց երբեմնի հզոր ազգը, նվաստացման վարժեցվելով, ոչխարային բազմության է վերածվել։
«Որպիսի՜ կարճամտություն, որպիսի՜ ոճիր,― մտորում էր նա դառնությամբ՝ թափառելով պալատի պարտեզում։― Եվ ահա թե ի՛նչ աղետ է գալիս ժողովրդին, երբ նրա տիրակալն առնչություն չունի հավերժին և նրա կյանքը սահմանափակված է անձնական իղձերով սոսկ, որոնք ոչինչ են տիեզերքի ահռելիության հանդեպ»։
Այսպիսին էր նրա հոգու առաջին արձագանքը Մակրոնի պնդումին, բայց, հետզհետե, քննելով վերջին ամսում կատարված իրադարձությունները, եկավ այն մտքին, թե արդարացի չէ ամենը տիրակալի քմայքով պայմանավորելը և երբեմն տիրակալի վարքը հպատակներն իրենք են որոշում։ Հպատակներն են տիրակալին դարձնում բարեպաշտ կամ հրեշ, որպիսին որ իրենք են։ Այսպես նա մտածում էր ո՛չ ամենևին իր անձը պատասխանատվությունից դուրս դնելու համար. իր՝ ժողովուրդ պաշտող կեսարի կերպափոխման այլ բացատրություն չէր կարողանում գտնել։ Մի՞թե այն, որ վրեժի ակնթարթային բռնկումն իր հոգում վերաճեց մարդկանց նվաստացնելու անհագուրդ տենչանքի, նաև հռոմեացիների մեղքով չեղավ. լինեին նրանք փոքր-ինչ քաջարի և փորձեին ընդդիմանալ՝ ինքն ա՛յլ կերպ կվարվեր։ Եվ մի՞թե այն, որ նվաստացնելու տենչանքն իր հոգում վերածվում է անկառավարելի ատելության, նաև նրանց մեղքով չէ. եթե նրանք իրենց ստրկամտությունը քողարկելու համար չհորինեին համբերատարություն բառը և չմխիթարեին իրենց, թե տոկուն են, այլ ըմբոստանային, ատելությունը հեռու կմնար իրենից։ Եվ արդյո՞ք Օգոստոսի չարության առասպելը բազմությունը չի հորինել սեփական թուլությունը քողարկելու համար։ Այն, որ նույն այդ բազմությունն իրեն ներկայացնում է որպես արնախում հրեշ, ապացույցը չէ՞ իր մտքերի։ Եվ հետո բազմությունը դատապարտում էր նաև Տիբերիոսին՝ նրա վայրագությունների համար, բայց որևէ մեկը փորձե՞լ է պարզել, թե Տիբերիոսն ի՛նքն ինչու՞ դարձավ այդպիսին. չէ՞ որ նա էլ բարի կեսար էր եղել առաջին ամիսներին։
Ի՛նքը ևս Տիբերիոսին հրեշ էր համարել, ու երբ Կապրիում կեսարը վատ էր խոսում հռոմեացիների մասին, այն ժամանակ ինքը դա վերագրում էր Տիբերիոսի քմայքներին, բայց արդեն իրեն պարզ էր նրա դաժանության պատճառը ու նաև հեռանալը քաղաքից. Տիբերիոսը տեսել էր այն, ինչ տեսնում էր ինքը։
Նա նոր էր միայն հասկանում, թե ինչու՞ Տիբերիոսը, պետական գործերով մի անգամ դուրս գալով Կապրիից, Հռոմի պարիսպները հեռվից տեսնելուն պես հրամայեց ետ դարձնել իրեն անհապաղ. նա չէր կամացել վերստին հայտնվել նողկանք հարուցող ճահճի մեջ, որ կոչվում է քաղաք։
Նա հասկանում էր արդեն նաև Սուլլային, որ մի վաղ լուսաբաց (Նուրծ Րան ասում է՝ մտքերը մարդուն տանջում են խավարի մեջ) ելավ քաղաքից և չվերադարձավ այլևս՝ մենության խաղաղությունը գերադասելով ամենքին իշխելու ունայնությունից։ Նրանք երկուսն էլ՝ Տիբերիոսը և Սուլլան, հեռացան, քանի որ երկյուղում էին խեղդվել քծնանքի ծովում, նրանք զզվել էին ամեն քայլափոխի անարժանապատիվ դեմքեր տեսնելուց, ինչպես տեսնում է, ահա, ինքը։
«Իսկ գուցե փրկությունն իսկապես փախուստի մե՞ջ է»,― հարցնում էր նա ինքն իրեն՝ անկարող լինելով մնալ այլևս քծնանքի գաղջության մեջ։ Նա անդիմադրելիորեն ճգնել էր տենչում մի հեռավոր անկյունում՝ Սուլլայի կամ Տիբերիոսի նման կյանքի մնացորդն այնտեղ երանությամբ այրելու համար․․․
Մի վաղ լուսաբաց նա հեռացավ Անցիում, ուր ծնվել էր։ Պրետորիանները նրա սեղանին մի հրովարտակ գտան, ուր նա կարգադրում էր չփնտրել իրեն և պրինցեպսի իր իշխանությունը հանձնում էր իր կապիկին՝ նրան հռչակելով որպես Ռեմուս Առաջին կեսար։
Գլուխ տասներորդ
Կյանքն Ացիումում անպատկերացնելի հանդարտ էր. չկար այնտեղ կեղծավորություն, ստորաքարշություն, քծնանք. մարդկային այդ արատները թողնվել էին Հռոմում, որ բաց կրքերի տարածք է, ուր մարմնական և զազիր այլ հաճույքներից զատ ոչինչ չեն ճանաչում. քաղաքը մարդուն դարձնում է քսու, ծախու, քաղաքում ապրելու համար պիտի սողաս կամ տրորես, որ նույնն է․․․
Նա արձակել էր սպասավորներին և տեղի պրետորիաններին, ու ապրում էր խնձորենիների անեզր այգու մեջ ծվարած միահարկ տան մեջ, որ Գերմանիկոսն էր հիմնել իր ծննդյան առիթով։ Նա ինքն էր իր սնունդը հայթայթում, ու քանի որ Կապրիում Տիբերիոսն իրեն վարժեցրել էր ժուժկալության, դա առանձնակի հոգս չէր նրա համար։
Նա շրջում էր թավուտներում, և թփերը կառչելով իրենից՝ պոկումտանում էին իր հետ բերած մտատանջության ծվենները։ Նա պառկում էր խոտերի մեջ, տարածում ձեռքերը և թույլ տալիս՝ երկնքի խորությունը կլանի իրեն։ Դադարում էր այդժամ փակված լինել մարմնի մեջ, լուծվում էր ասես եթերում անեզր, դառնում էր ինքն էլ եթեր, արևի շող, մեգ, նա և՛ կար, քանի որ ամենուր էր, և՛ չկար, քանզի չէր զգում մարմինն իր։ Դա ետմահն էր, և ոչ միայն սարսափելի չէր, այլ երանելի էր անչափ։
Մարդկանց իշխելը ոճիր էր թվում նրան ու պիղծ գործ՝ անհոգության պարգևած երանության հանդեպ, և նա տենչում էր դառնալ անտառի ոգի ու մնալ թևածելու հավերժ այնտեղ՝ կանաչի մեջ զմրուխտե, և քամին սոսափեր թևերը՝ տերևների նման, ու կայծկլտար շողն արևի սաղարթների միջից և գետնասնկե խոնավությունը խաշամի բույրի հետ ելներ երկինք. նա ուզում էր անէանալ որպես աննյութ ոգի, և ուրիշ ոչինչ հարկավոր չէր նրան․․․
Առաջին անգամ կյանքում նա զգաց, թե որքա՜ն չքնաղ կարող է լինել բնությունն առանց մարդու․․․ Ու սարսռաց իր այդ զգացողությունից։
Նա չէր հասկանում այլևս մարդկային մարմաջը երկար ապրելու. ինչու՞ տառապեցնելով սեփական սիրտը՝ դիմավորել արշալույսը քսան հազար անգամ ու մայրամուտը ճամփել նույնչափ՝ օրերի մեջ իմաստ չունենալով, երբ կարելի է աշխարհը ճանաչել ու կյանքի բերկրանքը առնել թիթեռի նման մեկ օրում․․․
Որքան էլ ջանում էր մոռանալ անցյալը, այնուամենայնիվ հիշողությունները երբեմն-երբեմն այցելում էին նրան, և Անցիումի հեռվից քննելով վերջին ամիսների իրադարձությունները, եկավ այն համոզումին, որ իր արարքներն ամենևին իր կամքի արդյունքը չէին, ինչպես կարծել էր, այլ ամենը նախասահմանված էր վերուստ։ Երբ Մակրոնը Բոնա Դեայի տոնի նախօրեին փորձում էր համոզել իրեն Տիբրոս նետել զրպարտագրերով լի պայուսակը, եղավ մի պահ, որ ցանկացավ դա անել, բայց օտար մի ձայն, որ հասկանալի չէր՝ գալիս էր իր ներսից, թե՝ եթերից, ստիպեց իրեն փոխել վճիռը։ Ու հիմա, հիշելով այդ գիշերը, նա գտնում էր, որ աստվածներն են իրեն արգելել տեղի տալ Մակրոնի խնդրանքին։ Իսկ Մակրոնի վիրավորվե՞լը․․․ Նա կարծում էր, թե դա պատահականություն չէր ամենևին, այլ աստվածներն այդ կերպ կամեցել են պրեֆեկտին հեռու պահել իրենից, որպեսզի նա իր համառությամբ չկաշկանդի իրեն։ Եվ, վերջապես, ոչնչացված մատնագրերի հարություն առնելը, որից էլ սկսվեց ամեն ինչ․․․ Բայց հանուն ո՞ր նպատակի։ Եվ ո՞րն էր իմաստը տառապանքի ծովի միջով իր անցնելու։ Այս հարցերի պատասխանը նա չուներ, և աստվածային նշանի սպասումով առատ զոհեր մատուցեց Զևսի մունետիկ Բեային ու քնեց բաց երկնքի տակ, ինչպես ընդունված էր։
Երկու արծիվների ուղեկցությամբ մի լույս իջավ գիշերը նրա վրա, ու նա փակ աչքերով տեսավ ոսկեթև սանդալ հագած Բեային, որ ասաց.
― Դարձիր Հռոմ, ու հայտնի կդառնա քեզ այնտեղ աշխարհ գալու քո առաքելությունը։
Նա դժկամությամբ ընդունեց վերադարձի մասին Զևսի պատգամը, քանի որ զզվանք էր ապրում, պատկերացնելով, թե որպիսի ճահճի մեջ է նորից հայտնվելու։
Բեան նրան այցի եկավ հաջորդ գիշերը ևս։
Նա գնաց Անցիումի գուշակների մոտ, հարցում անելու, և նրանք միաբերան ասացին, թե բոլոր նշանները նրան հարկադրում են Հռոմ վերադառնալ անհապաղ․․․
Ռեմուսը հռոմեացիներին արժանի կեսար էր եղել, և Կեսարը նրանց գտավ երջանկության մեջ։ Մատրոնաները վերաբացել էին Պալատինիումի անառականոցը և շնանում էին այնտեղ կատվային ագահությամբ, Աֆրիկայից այդ նպատակով բերել էին տվել կանայք ու պատանիներ։ Չտեղավորվելով պալատում՝ անառականոցները տարածվել էին պուրակներում ու սրբազան դաշտերում։ Կիրքը սպանել էր ամեն սրբություն, արժանապատվության ծվենները խեղդամահ էին արվել, փողն էր դարձել միակ աստվածը բոլորի, որի միջոցով կարելի էր գնել ամեն ինչ։ Իշխանություն ունեցողները դարձել էին բորենի, և հոշոտում էին միմյանց ու մնացյալին այնպիսի վայրագությամբ, ասես Հռոմը երբեք չէր իմացել օրենք և կարգ։ Իսկ իր բացակայության մասին ամբոխը մի լեգենդ էր հորինել, թե իբր ինքն Անցիում է գնացել բոլորի աչքից հեռու խրախճանքին տրվելու, իբր ինքն այնտեղ այնպիսի նախաճաշեր է տվել, որոնց չի բավականացրել ցերեկը, և խնջույքներ, որոնց չի հերիքել գիշերը, և Ավրորան իրեն ու իր խոհակիցներին ամեն առավոտ գտել է օթոցներին մրափած կամ շքեղ ամառանոցի անթիվ ննջարաններում պարուհիների հետ առանձնացած. իսկ այդ պարուհիներին իբր առասպելական գներով ձեռք է բերել ասիական արքունիքներից և ոսկեզարդ կառքով ման է տվել իր հետ։
Քաղաք հասնելուն պես նա, մտրակածեծ անելով պոռնիկներին, ցրեց անառականոցները, ապա պաշտոնազրկեց իշխանավորների կեսին, իշխանազանցություն արած երեք հազար պրետորիանների ուղարկեց Գալլիա՝ ծառայելու այնտեղ որպես հասարակ զինվոր։ Բայց դրանք ամենևին հանդարտություն չբերին նրան. նրա հետ կատարվում էր անօրինակ մի երևույթ, նա սարսափով զգում էր, որ կարողանում է նայելով մարդկանց աչքերի մեջ՝ ակնախոռոչներից թափանցել նրանց մարմին և կարդալ նրանց մտքերը։ Այնպես որ, ոչինչ քողարկել իրենից հնարավոր չէր։ Հետո եղավ առավել անսովորը՝ բոլոր մարդկանց արարքներն ու մտքերը սկսեցին հայտնվել նրան նաև եթերի միջոցով, ինչպես աղոթքներն են հասնում աստվածներին։ Իսկ այդ մտքերն ու արարքները մեծավ մասամբ զազիր էին ու ապական։ Դրանք լցվում էին իր ներսը, պարուրում իրեն աքցանի պես, ծանրանում հոգուն կապարե ամպի նման, և շնչահեղձ էր լինում, խեղդվում՝ ասես ճահճում։
Զզվելի է վերևում լինելը, որտեղից երևում է ամեն ինչ։ Եթե այլոք տեսնում են միայն իրե՛նց շուրջը եղած աղտեղությունը և դրանո՛վ կարծիք կազմում իրերի և երևույթների էության մասին, ապա նա, որ ճակատագրի հեգնանքով վեր էր ամենքից, տեսնում էր բոլորին, իմանում ամեն ինչ ու սարսռում էր՝ տեսնելով, թե որքան է խեղված մարդկությունը։
Ասիայում պատժի մի ձև կա. մահվան դատապարտվածի թիկունքից ամուր կապում են ժանտախտակիր մի դիակ ու թողնում ամայի վայրում։ Ոչ ոք չի հանդգնում մոտենալ նրան ու քանդել կապանքները, և նա քարշ է տալիս իր հետ իր մահը։ Այդպես էլ ասես իր թիկունքից էր ժանտախտ կապված. ամեն ակնթարթ զգում էր նրա ծանրության ահավորությունն ու դիահոտը, բայց ոչինչ չէր կարող օգնել նրան ազատվել այդ վիճակից, ոչ միայնությունը, ոչ խնջույքները, ոչ արշավանքը. մարդկանց մտքերն ու արարքները գտնում էին նրան ամենուր և պարուրում իրեն, իսկ ինքը ոչ մի կերպ պաշտպանվել չէր կարող։ Ու նա խղճում էր աստվածներին, որ նույնպես իմանում են մարդկանց մասին ամեն ինչ։
Նա չէր ուզում կեսարը լինել մարդու մի տեսակի, որից աստվածներն են անգամ խորշում։ Չէր ուզում ապրել այդ մարդկանց մեջ, որ անմիտ էին այնքան, որ տոնում էին Ակտիումի և Սիցիլիայի հաղթանակները, ասես այնտեղ թշնամու էին հաղթել և ոչ թե իրար էին մորթել հանուն հետագա վայելումների։ Որ պոետներ ունեին, որոնց անվանը փառք էին բերում ոչ թե իրենց գործերը, այլ իրենց գոյությունը սոսկ, ու մոռացվում էին նրանք՝ դեռ չմեռած։
Նա նայում էր կեսարական իր բարձունքից, և նրան թվում էր, թե Չար մի ուժ զրկել է մարդկանց Մտքից. ամենքն անասնացել և ուտելն ապրելու միջոցից դարձրել էին նպատակ. վայրի գազանի պես նրանց համար ևս գլխավորն իրենց ձագերին կուշտ պահելն էր, որն ապահովելու համար պատրաստ էին խժռել իրենց նմանների ձագերին, որպիսի արարք չկա անգամ նույն այդ գազանների մոտ, քանզի յուրաքանչյուր կենդանի բնազդով զգում է, որ իր ձագերի գոյատևումը որոշվում է իր ցեղակիցների քանակով և ուժով։ Իսկ մարդը, ահա, զրկել է իրեն պարզունակ այդ հաշվարկն անելու ունակությունից։ Մինչդեռ աստվածները շնորհ էին արել և նրա՛նց, բոլոր արարածներից միա՛յն նրանց, օժտել բանականությամբ, որպեսզի նրանք ունենան աստված դառնալու կամ դեպի աստվածները գնալու հնարավորություն։ Բայց, ահա, արարումի նպատակը վաղուց մոռացած՝ նրանք հիմարաբար բանականությունն օգտագործում են իրենց անասնացումը կատարյալ դարձնելու համար։
Նրանք բոլորը զրկված էին Մտածելու շնորհից, և ինքը մենմիայնակ մտածում էր նրանց փոխարեն։ Եվ որքա՜ն ծանր բեռ է դա՝ մտածել ամենքի փոխարեն և ամենքի համար․․․
Նա օգնության էր կանչում բոլոր սրբերին, անտառների ու դաշտերի ոգիներին, նախնիների ուրվականներին և աղերսում ելք ցույց տալ իրեն։ Առատ զոհեր էր մատուցում Զևսին՝ հայտնելու համար իրեն իր առաքելության իմաստը։ Բայց նրա աղերսները մնում էին անարձագանք, և մտատանջությունը շարունակում էր խեղդել նրան, ինչպես օձերը՝ Լաոկոնին։
Երբեմն նրան թվում էր, թե խելագարվում է, նրա ուսերին դրված էր մի ծանրություն, որին դիմանալ անկարող էին ոսկորները։ Հոգին, որ աշխարհը կազմող մարմինների ատոմների հետ առնչվող շարժուն ատոմների համախումբ է, տանջվում էր այդ առնչությունից։ Նա չէր հասկանում՝ ինչ էր կատարվում իր հետ, երբեմն անկարող էր լինում կառավարել իրեն, և գիշերներն անկեղծամ թափառում էր քաղաքում միայնակ։ Ու նրա համար միևնույն էր՝ կսպանեի՞ն իրեն ավազակները, թե՞ ոչ, նրա համար միևնույն էր՝ ապրու՞մ էր, թե՞՝ ոչ։ Ամենքը քնած էին կամ տրված վայելքին, իսկ նա մինչ աստղակաթ, մինչ արևի ելնելը օվկիանոսից, տառապում էր՝ մտածելով նրանց փրկության մասին։ Ամենքը որոնումի մեջ էին, թե էլի ինչպես խաբեն մեկմեկու, էլ ու՞մ առջև ծռմռվեն, սողան, ստրկանան՝ հանուն հազար ասի և կամ մեկի վիլլայի շքեղաշուք, իսկ նա տանջվում էր մտածումից՝ ինչպե՞ս դարձի բերել նրանց, և հոգու ուժն ու օրերն էլ դրա վրա էր ծախսում։ Տանջվում էր և չէր հասկանում, թե ինչու՞ աստվածները տառապանքի համար ընտրեցին իրեն. մի՞թե քիչ դառնություն էր տեսել ինքը կյանքում։ Չէր հասկանում, թե ինչու՞ է մարդկության փրկության մտահոգությունը պատել իրեն. չէ՞ որ ուներ բոլոր հիմքերն ատելու նրանց․․․
Մի առավոտ, երբ անքնությունից և գիշերային թափառումներից ուժասպառ, Տիբրոսի եզերքով վերադառնում էր պալատ, Ֆաբրիցիուսի կամրջի մոտ մարդկանց ստվար հոսք պատահեց նրան։ Ակամա հետևեց նրանց ու նրանց հետ հասավ ֆորում։ Այստեղ արդեն, թեև օրվա երրորդ ժամն էր, ասեղ գցելու տեղ չկար. նախորդ երեք օրերը ավգուրներն անհաճո էին համարել աստվածների համար, և Կաստորի, Սատուրնի, Յունիոսի տաճարները պաշարված էին զոհ մատուցելու եկած քվիրիտների հոծ բազմությամբ£ Եռօրյա ընդմիջումից հետո Պորկիևյան բազիլիկան վերստին թաղվել էր գործարար եռուզեռի մեջ. Աֆրիկայից, Սիցիլիայից, Հունաստանից եկած առևտրականներն աղմուկով պայմանագրեր էին կնքում ստրկավաճառների ու արդյունաբերողների հետ£ Բրոնզե քառաձի մարտակառքով պսակված Փուլվիոսի բազիլիկում, որ հրապարակի մյուս թևում էր, երկարատև ընդմիջման ընթացքում կուտակված հարցերի քննման էր անցել կուրուալային դատարանը£
Ֆորումը երկու կողմերից եզերող տաբերնաների առջև զվարթ աղմուկով առևտուր էին անում պլեբեյներն ու մեծահարուստների ստրուկները, ռոստրաների մոտ մունետիկները կարդում էին վերջին որոշումները, թևերը փռփռացնելով ու հավաքվածներին նրբափետուրներով ցողելով՝ ցորենավաճառների կրպակների վրա անվերջ վերուվարում էր ձյունաճերմակ աղավնիների քաղցած երամը£
Առանց հրմշտելու շարժվելն անհնարին էր, և բազմերանգ ամբոխի գլխավերևում օրորվող պերճաշուք պատգարակները նմանվում էին անհողմ օվկիանոսի վրա տարուբերվող առագաստանավերի£ Տաբերնաների մոտ մուրացկան մի ծերունի բռնվել էր գողության մեջ, և երկու վիգիլ նրան քարշ էին տալիս մոտակա էրգաստուլ. խառնամբոխի մեջ երեխային կորցրած սիրունատես մի կին անձայն արտասվելով՝ խելագարի պես դեսուդեն էր նետվում. սյունաշարի մոտ, կոտրատվելով, թռվռում էին արձակ մազերով հետերաները՝ առատաձեռն զուգընկեր ճարելու հույսով. ոսկեփայլ տաճարների տանիքներից սառն ու անտարբեր հայացքով այս ամենին հետևում էին քրոնոսածին և անմահ աստվածների մարմարակերտ արձանները£
«Հանուն ինչի՞ է ապրում մարդկային բազմությունն այս,― մտախոհ հայացքով հետևելով ամբոխի վարքին՝ մտածեց Կալիգուլան,― հանուն այդ ո՞ր վեհ նպատակի են նրանք ելել անկողնուց։ Այն բեռնակիրը, որ ալյուրի պարկ է տանում կորացած մեջքին, ինչո՞վ է իմաստավորում իր ապրած օրը. քարշ տված պարկերի քանակո՞վ․․․ (Նուրծ Րան ասում է՝ մարդը համարվում է մեռած, երբ անկարող է այլևս անել ավելի վեհ գործ, քան արել է մինչ այդ)։ Այդ բեռնակիրը կարծես թե ողջ է, քանի որ շարժվում է, բայց միայն արտաքուստ է այդպես. նա վաղուց մեռել է իրականում, քանի որ չի զբաղեցնում նրան հավերժանալու տառապանքը»։
Բազմությունը հրմշտում էր նրան, սպառնում ոտնատակել, իսկ նա ջանում էր իրարանցումի մեջ չկորցնել բեռնակրին։
«Նա չի՛ ողջունում սկսվող օրը, երբ դուրս է գալիս տնից։ Նա զզվում է լուսաբացից, հիշելով, թե ինչ ծանրություն է բերելու օրն իր հետ։ Նա ատում է օրը և գոհանում գիշերվա գալով, որ մահվան դուստրն է։ Նա ատում է կյանքը և անիծում իր աշխարհ գալը, բայց եթե փորձես կտրել աննպատակ օրերի շարանը և փրկել նրան անիմաստությունից, կսողա նա ոտքերիդ տակ, գթություն կաղերսի, որ հետո էլի անիծի սկսվող օրը»։
Սենեկային ինքը չէր սիրում, քանզի նրա խոսքն ասես անկիր ավազ լինի ու նաև չի համընկնում գործին, բայց մի հարցում համամիտ էր նրա հետ. մահը մարդու առջևում չէ ամենևին, ինչպես կարծում են հիմարաբար, այլ թիկունքում, և ապրած օրերը մահվան սեփականությունն են․․․
Մի մազոտ մսավաճառ կտրեց նրա ճամփան։
«Իսկ սա՞։ Ամեն լուսաբաց սա նույն ճամփով գնում է շուկա, ետ գալիս նոր գնած մի արջառի հետ, մորթում, վաճառում ու գիշերը քնում՝ սպասելով հաջորդ օրերի միապաղաղությանը․․․ Նրա կյանքը չափվում է մորթած արջառներով․․․ Եվ միայն։ Բայց մի՞թե հանուն այդ մանր նպատակի արժեր ծնվել ու ծանրանալ երկրի վրա․․․»։
Ջայլամի փետրափնջերով զարդարված շքեղաշուք մի դեսպակի ուղեբաց ստրուկ, որ դանդաղումի համար արժանացել էր տիրոջ հոխորտանքին, գոռգոռալով ու մտրակի կոթով բազմությանը հեռու վանելով՝ գալիս էր դեպի Կալիգուլան, և քանի որ մտքերով տարված կեսարը չէր նկատել ո՛չ դեսպակը, ո՛չ ստրուկին, նրանք բախվեցին միմյանց։ Ու մինչ Կալիգուլան կշրջվեր, ստրուկն իր առջև հնամաշ հագուստով մի աղքատի տեսնելով՝ մտրակի շառաչուն մի հարված իջեցրեց նրա գլխին։ Սոսկալի ցավից Կալիգուլան կծկվեց ու հազիվ զսպելով ճիչը՝ անշարժացավ մի պահ։ Հաջորդ ակնթարթին ստրուկը վեր շպրտվեց մեկ կանգունի չափ և տապալվեց աշտարակից նետված ավազե պարկի պես անդիմադիր։
Զայրացած մի նոբիլի փքուն դեմք երևաց դեսպակի վարագույրների միջից ու լուտանք թափելով երթը խանգարող աղքատի վրա՝ լիկտորներին հրամայեց դեն շպրտել նրան իր ճանապարհից։ Այդ լսելով՝ Կալիգուլան, բոլորովին չզգուշանալով հնարավոր հարվածներից, մի ցատկով հայտնվեց դեսպակի մոտ և կառչելով նոբիլի հագուստից՝ դուրս քաշեց նրան ու քարշ տվեց սալաքարերի վրայով։
― Մեսելենա՞, սա՞ է քաջության քո հրապարակը,― բորբոքված կանչեց նա,― իսկ կուրիայում, ուր գեթ մեկ տղամարդու կարիքը կար, դու միզել էիր շորերիդ մեջ․․․
Նոբիլը ճանաչեց նրա ձայնը և ահաբեկ, ասես մորթելու էին իրեն, բազմության ծաղրող քրքիջի ներքո սողեսող փախավ դեպի ցորենավաճառների կրպակները։
Կալիգուլան թքեց հեռացող նոբիլի ուղղությամբ, շանթող մի հայացքով նայեց լիկտորներին, ապա, կարգի բերելով հագուստները՝ շարունակեց առաջանալ ֆորումով։ Բազմությունը տարակուսած հայացքով մի քանի ակնթարթ հետևեց նրան, չհասկանալով կատարվածը։
Վերսկսված խլրտոցը ջնջեց տեղի ունեցածի բոլոր հետքերը։
Մարդկային հոսանքը նրան տարավ դեպի ֆորումի կենտրոն։ Նա նկատեց, թե կոկիկ հագած մի քվիրիտ ինչպես մի ոսկեզարդ թռցրեց ակնավաճառի սեղանից ու չքմեղ հայացք դեմին՝ հեռացավ հանգիստ քայլերով։
«Այս գողը հանուն ինչի՞ է ապրում,― հարցրեց Կալիգուլան ինքն իրեն. ներքին մի զայրույթ կլանում էր նրան։― Կամ այն բանսարկու՛ն, որ բազիլիկում իր նմաններին գլխին հավաքած՝ դավեր է նյութում անշուշտ ինչ-որ մեկի դեմ, այն քսու գրչա՛կը, որ շուրթերը լիզելով՝ տեր է որոնում, այն ընչաքաղց քվիրի՛տը, որ տաբերնաներին նայում է չռված աչքերով՝ ասես կամենում է կլլել ամեն ինչ, այս հաստավիզ պատրի՛կը, որ լպիրշ է ու նեղմիտ, այս կավա՛տը, որ ուռել է արյուն ծծած տզրուկի նման․․․ Ինչու՞ են նրանք ապրում, ինչու՞ են աստվածները թողնում նրանց ապականել աշխարհը»։
Նա մի դանդաղ պտույտ գործեց տեղում և շուրջը նայելով՝արտաբերեց հուսահատ.
― Օ՜, չարք, և որքա՜ն մեծաթիվ են․․․
Սյուների տակ մի ցմփոր դրամափոխ իր հաստության տակառին նստած՝ հաճախորդ էր կանչում։
Հոգնածությունից երերալով՝ Կալիգուլան մոտ գնաց նրան ու զննեց այնպիսի մի հայացքով, ինչպես նայում են ծախու անասունին։
«Սա՛, որ ասես հղի լինի իր կնոջից,― մտածեց,― ինչու՞ է ապրում, հանուն ո՞ր վեհ նպատակի։ Հանուն կուտակումի՞, պարարտ սնունդի՞, իր նման անասունի ավելացմա՞ն․․․ Սրա գոյությունը ծաղր չէ՞ արդյոք աստվածներին, որ հանդուրժում են ամեն տականքի։ Եվ աշխարհի ինչի՞ն են պետք սրա զավակները, որ լինելու են գծուծ՝ հորից առավել, ու ճղճիմ։ Ինչու՞ ամեն ճիվաղ պիտի իրավունք ունենա ապականել աշխարհը՝ բազմացնելով իր նմանին․․․»։
Իրեն նոր-նոր այցելած այս մտքի վրա խորհելով՝ նա հեռացավ դրամափոխից և թեքվեց դեպի ռոստրաները։
«Իսկ այն փողոց մաքրողնե՛րը. նրա՞նք ինչու են ապրում,― նորահայտ ու կպչուն միտքը հանգիստ չէր տալիս նրան,― հանուն ո՞ր վեհ գործերի։ Հապա մունետիկնե՛րը, վաշխառունե՛րը, սենատորնե՛րը և, ի վերջո, ե՛ս, որ կոչվում եմ կառավարիչ այս խառնամբոխի. ի՞նչ ենք անում բոլորով աշխարհում այս, ուր լցվել ենք բյուրերով՝ որպես բեռ և օրեր ենք այրում անմիտ․․․ Օրե՜ր ենք այրում անմիտ, մինչդեռ այդպես ապրել, դեռ Դեմոկրիտն էր ասում, նշանակում է դանդաղորեն մահանալ։ Ինչու՞ են ամենքը կուրացած այսքան, որ չեն զգում իրենց մահանալը ու մեղվային այս բվվոցը, որի մեջ չկա և՛ իմաստ, և՛ վեհություն, համարում են կյանք։ Եվ ինչո՞վ են տարբերվում սարդերից, առնետներից և կամ շներից, որ նույնպես սերունդ տալու անդիմանալի և անմիտ նպատակն ունեն. մի՞թե բանականությամբ աստվածներն օժտել են մարդուն, որ ապրի որպես սարդ, առնետ և կամ շուն․․․»։
Ռոստրաների մոտ աշխուժություն էր, տղամարդկանց մի խումբ հրճվանքով վիճում էր, ընդհատում մեկ-մեկու, քաշքշում։
«Եվ գոհեր կան այստեղ լայնաժպիտ ու երջանիկներ․․․ Երջանիկնե՜ր․․․ այս կեղտի մեջ․․․ օ՜, հեռու, հեռու նրանցից՝ թափառող իմ հայացք, քանզի փչացած են նրանք ամենքից առավել․․․ Եվ ի՞նչն է շարժում մարդկանց այսպես ժրաջանորեն,― հարցրեց Կալիգուլան ինքն իրեն՝ անցնելով նրանց մոտով,― այդ ի՞նչ անիմանալի նպատակ է խանդավառում նրանց, երբ Ալեքսանդրն իր կյանքով ապացուցեց, որ ամեն ինչ ունայն է, ամեն գաղափար և նպատակ՝ անիմաստ, և անհեթեթություն է՝ ձգտել որևէ բանի։ Ավելի մեծ հաջողություն, քան նա էր հասել, անպատկերացնելի է, և այս մարդիկ որքան էլ ջանան՝ ո՛չ նրանք, ո՛չ իրենց ժառանգները փառքով և կարողությամբ չեն հասնի նրան։ Նա տիրում էր աշխարհին, ու լուսնի տակ ամեն ինչ իրենը կարող էր լինել, եթե ցանկանար. ոսկի, կին, պալատներ, վայելքներ, լծասարքեր, սթարներ, զենքեր, նավեր։ Նա տիրում էր այդ ամենին, բայց դա երջանկություն չէր բերում նրան, քանզի նրան ակնհայտ էր դարձել, որ աստվածների շնորհած կյանքի իմաստն այդ ամենի մեջ չէ բոլորովին։ Ու նա, կյանքի անիմաստությունը տանել չկարողանալով, հեռացավ ինքնակամ։ Եվ հիմա առավել անհասկանալի է, որ այս մարդիկ բյուր և բյուր անգամ փոքր հարստության և նվազ դիրքի հասնելը դարձնում են կյանքի նպատակ իրենց համար և հանուն այդ փոքր նպատակի հոշոտում միմյանց․․․ Ինչու՞ նրանք անկարող են իրականությանը նայել լուսնի բարձրությունից, որ հսկա քար է՝ շիկացած անվերջ պտույտից․․․ Այնտեղից նշմարելի չեն անգամ զորքի շարժումը, քաղաքի եռակի մեծացումը, փոթորիկը ծովում։ Եվ մարդկանց ծնունդը, մանր նպատակների համար նրանց հևքն ու մահը, որ էական չեն իրերի դրության համար այստեղ, ոչինչ են առավել ևս տիեզերքի համար։ Եվ այն մարդիկ, որ չեն հարցնում իրենց, թե տիեզերքից նշմարելի լինելու համար ի՞նչ է հարկավոր անել, իրականում մեռած են տիեզերքի համար ․․․»։
Նա ելավ ռոստրաների ծածկահարթակի վրա և բարձրից նայեց բազմությամբ հեղեղված ֆորումին։
«Ինչու՞ է մարդն այսպես ապականված,― խորհեց տխրությամբ,― ինչու՞ մարդն էլ աստվածների նման չի սնվում նեկտարով և ըմբոշխնում գոյության երանությունը՝ առանց իր նմանին ստրկացնելու կամ իր նմանի առջև ստրկանալու։ Չէ՞ որ մարդուն ստեղծել են աստվածների կերպարանքով՝ աստվածների նման երկրի վրա անխռով ապրելու համար․․․ Իսկ նրանք, ահա, դա մոռացած, տրվել են որկորին ու վայելքին, և դեռ չմեռած՝ մեռած են արդեն աշխարհի ու աստվածների համար։ Մեռած են, քանի որ նրանց չի հուզում հավերժանալը և անմիտք անասունի նման ապրում են սոսկ ներկա օրով․․․»։
Նա անկարող էր այլևս այդչափ մոտ լինել մարդկանց ու հազիվ քայլելով՝ դուրս եկավ ֆորումից։
Տղամարդու մի ծանոթ դեմք տեսավ նա առջևից անցնող դեսպակի կիսաբաց վարագույրի ետևում։ Նոբիլը, նրա հայացքին պատահելով, շրջվեց ու նայում էր լարված հետաքրքրությամբ։ Հետո դեսպակը դանդաղեցրեց ընթացքը, ու կարծես թե նոբիլն ինչ-որ բան ասաց ուղեբաց իր ստրուկին։ Եվ, իսկապես, ստրուկը լայն քայլերով հասավ Կալիգուլայի ետևից և ասաց՝ հևալով.
― Ներող եղիր, պարոն, բայց իմ տերը, կոնսուլյարիս Մարկոս Հորտենզիոս Մավզելը, կամենում է իմանալ, թե որտե՞ղ է տեսել քեզ և ինչո՞վ կարող է օգնել։
Կալիգուլան ուշք չդարձրեց նրան։
Ստրուկը, քայլելով նրա ետևից, կրկնեց.
― Իմ տերը, կոնսուլյարիս Մարկոս Հորտենզիոս Մավզելը, կամենում է իմանալ, թե որտե՞ղ է տեսել քեզ․․․
― Երազու՛մ,― առանց շրջվելու պատասխանեց Կալիգուլան կտրուկ ու չոր, և ստրուկը նրա ձայնի մեջ տիրական երանգ որսալով՝ փշաքաղվեց և խոնարհվելով՝ ներում հայցեց իր կամքից անկախ նեղություն տալու համար, այդպես էլ չհասկանալով՝ ո՞վ է իր դեմ կանգնած։
Կալիգուլան առնվեց նեղ մի նրբանցքի մեջ, որ սակավամարդ էր, քանզի երկու կողմից եզերված էր տների ետնապատերով. տների ներս տանող լայն խորշեր էին բացվում նրբանցքի վրա։
Անիմանալի մի ուժ նրա կամքից անկախ ետ տարավ ժամանակը, և Կալիգուլան իր առջև կրկին տեսավ պատգարակը։ Կանացի հագուստի մետաքսե շղարշներ նկատեց Մավզելի կողքին ու մի ձայն հասավ իրեն։ Ձայնն այդ ծանոթ թվաց, ու միտքը լարելով՝ ջանաց հիշել, թե ու՞մ կարող էր պատկանել այն։ Անկասկած էր՝ ինքը ճանաչում էր պատգարակում քողարկված կնոջը, ավելին, վստահ էր, որ մի միջադեպ կամ պատմություն է կապում նրան իրեն։
«Ո՞վ կարող էր լինել»։
Կալիգուլան կանգ առավ ու ետ նայեց, բայց պատգարակը վաղուց հեռացել էր։
Մավզելն իր կնոջ հետ չէր. դա հաստատ էր. Վալերիայի ձայնն ինքը կճանաչեր միանգամից։
Գուցե թե մի կուրտիզանուհի՞ էր նրա հետ։ Պրեցիա՞ն էր երևի թե։ Ո՛չ, նա այդպես չի ծիծաղում, նրա ձայնն ավելի առինքնող է, մի տեսակ ցանկագրգիռ։ Նոդիա՞ն․․․
Մտքի լարումից Կալիգուլայի դեմքը կնճռոտվեց։ Այդ պահին նա վերջապես ճանաչեց ձայնը և գլուխն ափերով բռնած՝ կանչեց այնպես ցավալի, ասես խոցեցին իրեն.
― Լիդիա՞, օ՜, դու՛, պոռնի՛կ․․․ օ՜, ո՛չ՝ չկա ոչինչ սուրբ այս Քաղաքում։ Իսկ ես, հիմարս, քո պատկերը պահում էի հոգուս մեջ և պաշտում քեզ ամենքից թաքուն՝ որպես երազանքիս կին։ Քա՛ծ․․․
Նա թքեց գետնին։ Ու մոռացած, որ այդ պահին ինքը ոչ թե կեսար է, այլ սովորական մի աղքատ, շուրջը նայեց՝ իր պրետորիաններին հրամայելու էրգաստուլ քարշ տալ ընտանեկան առագաստը պղծող կնոջը։
Զայրույթից նրա շունչը կտրվում էր, մարմին ցնցող մի դող համակեց նրան, և անկարող լինելով այլևս մնալ ոտքի վրա, փլվեց խորշերից մեկի աստիճաններին։
― Շնանա՜լ, շնանա՜լ,― արտաբերեց այնպիսի մարող ձայնով, ասես բացված երակներից հորդել էր ողջ արյունը,― ահա՛ միակ իղձը և տենչանքը հեշտանքի գերի այս բազմության։ Ահա՛ միակ զբաղմունքն ամենքի և իմաստը կյանքի․․․ Որպիսի՜ մանրություն, որպիսի՜ նվաստություն։ Եվ մանրությունն այդ շղարշելու, իրենց կրքերի չնչինությունը կոծկելու համար կոչում են այն ․․․ սեր։ Սե՜ր, սե՜՜ր․․․,― կրկնեց նա քամահրանքով,― ի՞նչ է դա. էգի ձգտում սոսկ, զզվանքին նախորդող վայելում ու սին զմայլանք, և միա՛յն։ Եվ միա՛յն. արժանի՞ է անցողիկ այդ տենչանքը համարվելու կյանքի իմաստ և նպատակ։ Սե՜ր․․․ Որպիսի մանրությու՜ն․․․ լուսնի տակ միայն իրենց ու իրենց էգին տեսնող կարճամիտ պոետների մոգոնվածք. նսեմանա՜լ էգի առջև՝ նրան ունենալու համար, խորտակե՜լ աշխարհը՝ հանուն էգի, գնե՜լ նրան․․․ Օ՜, ոչնչությու՜ն, ոչնչություն ու երիցս ոչնչություն․․․ և դեռ քի՛չ է՝ ամեն ծնվող, հազիվ ոտքի ելած, մորմոքվում է ի՛ր էգի որոնումով, համարելով այն երջանկության միակ պայման․․․ Սե՜ր․․․ ճոռոմ խոսքեր, կեղծավորություն, անասնական բնազդ․․․ Որպիսի՜ մանրություն՝ աշխարհը փոքրացնել մի էգի մարմնի չափ ու պարփակվել մանրիկ այդ աշխարհում՝ մոռացած և՛ վեհություն, և՛ աստված, և՛ կյանքի իրական իմաստ․․․ Որքա՞ն է հարկավոր կույր լինել, չտեսնելու համար, որ տիեզերքի ահռելիության հանդեպ միևնույն է բոլորովին, թե դու, որ սոսկ մի չնչին հյուլե ես, ո՛ր էգի հետ կմերձենաս․․․
Նա դադար տվեց, ապա ցնցեց գլուխը, ափով տրորեց դեմքը։
― Օ՜, Դրուսիլիա, այս ի՞նչ մտքեր են այցելում ինձ,― նա նայեց շուրջը զարմացած հայացքով, ― այս ինչե՞ր եմ ասում ես, այս ո՞վ է խոսում իմ բերանով․․․ Ես պղծու՞մ եմ քո հիշատակը․․․ Օ՜, ո՛չ, ո՛չ, ո՛չ դա,― նա կտրուկ շարժումներով գլխից առավ պիլեումն ու նետեց փոշիների մեջ,― տանջե՛ք ինձ, չար ոգիներ, հոշոտեք, կտոր-կտոր արե՛ք մարմինս, բայց մի՛ խլեք նրան իմ հուշերից․․․
Հետո, փոքր-ինչ խաղաղվելով՝ թուլացած գլուխը հենեց պատին ու շշնջաց.
― Այս ի՞նչ արեցին մարդիկ ինձ հետ, Դրուսիլիա։ Եվ ո՞վ եմ ես հիմա, ասա ինձ, ես մա՞րդ եմ, ճիվա՞ղ, հրե՞շ․․․ ես ոչինչ չեմ հասկանում այլևս․․․ Ինչու՞ տառապանքի լեռն այս ծանրացավ ի՛մ ուսերին. մի՞թե քիչ էի տանջվել ես կյանքում․․․ Ինչու՞ ես էլ կույր չեմ ամենքի նման․․․ Ես հոգնե՜լ եմ, Դրուսիլիա, ես հարբե՜լ եմ ուզում․․․ Օգնի՛ր ինձ, քույր իմ, դարձրու ինձ սայլապան մի բիրտ և կամ մունետիկ հասարակ, միայն թե կարողանամ դադարել նայել այլևս մարդկանց հոգիներից ներս․․․ Օ՜, նողկալի՜ է․․․
Այդ միջոցին ոտնաձայն լսվեց թիկունքից, ու շրջվելով, Կալիգուլան դեպի փողոց եկող խիստ բարետես, ջահել մի կին տեսավ՝ հինգ-վեց տարեկան մանչուկի ձեռքից բռնած։ Նա հագել էր նուրբ եզրազարդերով ծովագույն կարճափեշ տունիկա, որ պահվում էր մարմնի վրա աջ ուսի միակ ճարմանդով և ավարտվում սլացիկ ազդրերին։ Մյուս ուսը զերծ էր հագուստից, և տունիկան կիսաբացել էր նրա ողորկ կուրծքն այնպես, ասես հագուստը ցանկացած պահի կարող էր ցած սահել ու մերկացնել նրան։ Մոխրագույն փարթամ վարսերը բրգաձև հավաքված էին ծոծրակից վեր, ուր պահվում էին զույգ հերակալներով. այդպես նրա երկար պարանոցն ավելի էր ընդգծվում, իսկ նրբորեն գծագրված անրակների վրայով սահող մարգարտաշար վզնոցը կրծքի զարկերից պսպղում էր ձյունեփաթիլի նման։ Ալկարմիր ժապավեն էր թիկունքով իջնում՝ ընդգծելով մաշկի ճերմակությունը, իսկ սանդալների ոսկեթել քուղերը զույգ օձի նման գալարվելով՝ ընդգրկում էին նրա քանդակածո սրունքները։ Նա թովիչ էր աստվածուհու նման, նա կարծես աստվածուհի էր, ու նազելի գլուխն այնպես փառահեղորեն էր նստում ուսերին, որ Լիսիպոսը կխենթանար նրա տեսքից£
Այդպիսի պատկեր Կալիգուլան տեսել էր հունական սափորանկարներում և միշտ կարծել, թե մարմնի նման համաչափություն և հմայք մարդկային երևակայությու՛նը միայն կարող է ծնել, իսկ իրականության համար այն անհասանելի է։
Կամար հոնքերի տակ փայլեցնելով գինեգույն աչքերը, որոնցում անիմանալի թովչանք էր խայտում, կինը մի պահ նայեց աստիճաններին նստած անծանոթ աղքատին ու նրա սևեռուն հայացքի մեջ անհասկանալի մի արտահայտություն տեսնելով, անհանգստացած քաշեց տղեկի թևից և հեռացավ փողոցով արագ քայլերով։
Մի բույր հորդեց Կալիգուլայի մոտով, որից ռունգերը թրթռացին։ Նա անշարժում նայում էր կնոջ ետևից, իսկ կինը ստեպ-ստեպ ահաբեկ մի հայացք էր նետում ետ ու էլ ավելի արագացնում քայլերը։
«Աստվածները կնոջն արարել են նրան հաղթահարելու համար, հաղթահարել չկարողացողները դառնում են պոետ, հաղթահարողները․․․»,― Կալիգուլան ակամա մտաբերեց Նուրծ Րաի խոսքերը, բայց չավարտեց այն և շարունակ նայում էր կնոջ ետևից, մինչև որ նա, թեքվելով մեկ այլ փողոց, անհետացավ տեսադաշտից։
Հետո ուժերը վերջնականապես լքեցին նրան, կոպերը իջան ու Մորփեոսը զրկեց նրան իր մարմինը զգալու կարողությունից։
Երբ արթնացավ, արևն արդեն տների թիկունքն էր անցել։ Ծանրորեն, ասես երկանաքարեր էր պտտել մի ողջ օր, ելավ ու օրորվելով իջավ փողոցն ի վար։
Թաղման մի թափոր կտրեց նրա ճամփան։ Վշտից աղաղակող կանայք էին գնում աճյունի ետևից ու մռայլադեմ տղամարդիկ։
Ցնորված մի հայացքով նա ուղեկցեց թափորը, ապա կանչեց նրանց ետևից.
― Ողբացեք ողջերի՛ համար, որ անիմաստ օրեր են վատնում կյանք կոչվող միապաղաղության մեջ այս ու կառչում դրանից, հասկանալի չէ, թե հանուն ինչի՞։ Հանուն անիմաստությա՞ն, միօրինակությա՞ն, մանր իղձերի՞․․․
Տղամարդիկ շրջվեցին ու մաշված շորերով, խռիվ եկած մազերով տանջահար մի աղքատ տեսան փողոցի մեջ կանգնած, և նրան խենթի տեղ դնելով՝ շարունակեցին իրենց ճամփան․․․
Երեկոն նրան պատահեց Սուբուռայի ետնախորշերի մոտ։ Դա աղբակույտերով ծածկված, լքված մի տարածք էր, ուր առատ աճած եղինջի միջից նշմարվում էին երբեմնի ինչ-որ կառույցի հետքեր։ Երկինք նայող մութ խոռոչներ էին սևին տալիս այս ու այնտեղ, որ կուլ էին տալիս դեպի իրենց եկող տրորված արահետներ։
Այդտեղ՝ գետնի տակ, լյումպենն էր ապրում։
Սուբուռայում իր ակամա հայտնվելու մեջ Կալիգուլան նախախնամության շունչ տեսավ, ու եթե մեկ ուրիշ անգամ կխորշեր նույնիսկ մոտենալ խոռոչներին, ապա այժմ, համոզված, որ աստվածներն են իրեն ուղղորդում, առաջ գնաց արահետներից մեկով։ Խոռոչը, որից նա ներս անցավ, հետզհետե վերածվեց մութ թունելի, այնքան ցածր, որ հնարավոր չէր քայլել առանց խոնարհվելու։ Լույս չէր թափանցում այնտեղ, խավարին պարտված դալուկ ու հազվադեպ ջահեր էին պատերին, որ անտանելի հոտ էին արձակում և ծուխ։ Նրա աչքերը մրմռում էին ծխից, ռունգերը սեղմվում էին գաղջությունից։ Այն զգացողությունն ուներ, թե դոնդողանման զզվելի մի բան խցանել է կոկորդը, և դժվարությամբ էր շնչում։ Առաստաղից նեխահոտ ջուր էր կաթկթում նրա հագուստին, և զգուշորեն առաջանալով լպրծուն գետնի վրայով, նա քաջալերում էր իրեն՝ կրկնելով Նուրծ Րաի խոսքերը. «Թե ուզում ես իմանալ՝ ի՞նչ է գարշահոտությունը, գոնե մեկ անգամ պիտի լինես աղբանոցում»։
Քիչ անց թունելի երկու կողմերում որջի մեծության հողափոր խոռոչների շարքեր նշմարվեցին, որոնց մեջ, գետնին լցված գունատ ծղոտի վրա երեխաներ էին քնած։
Քրտինքի, բաց արտաքնոցի, ջահերի, գաղջության հոտ էր ծանրացած ամենուր՝ դուրս գալու ելք չունենալով։
Ինչ-որ ուրվականներ ընդառաջ եկան նրան, ցնցոտիների մեջ ու ոսկրոտ դեմքով. եթե չխոսեին, կկարծեր նրանք քայլող դիակներ են։
Կալիգուլան նրանց տեսել էր երեք տարի առաջ, երբ ետնախորշերից դուրս էին հորդացել Տիբերիոսի դին դիմավորելու։ Այն ժամանակ նրանք միախառնված էին հետերաներին և գլադիատորներին ու նրանց տեսքը սոսկալի չէր այնքան։
Ջահ պահեցին նրա վրա, տնտղեցին խոժոռ հայացքով։ Ասաց, թե գերի է և չկամենալով ստրուկ լինել, փախել է Հռոմ եկած նավի վրայից ու պատսպարվելու տեղ է որոնում։ Ուշադիր զննեցին նրան, շոշափեցին զգեստները, հոտոտեցին մարմինը և այն խնամված գտնելով՝ նայեցին նրա աչքերի մեջ կասկածամիտ հայացքով։
― Գրագիր եմ եղել Դիրաքիոնում,― հորինեց Կալիգուլան,― տիրոջս հետ մեկնում էի Հոնիա՝ ուխտագնացության, ծովահենները խլեցին մեր տրիրեմը, իսկ ինձ վաճառեցին հռոմեացիներին։
Նրան առաջնորդեցին բոլորաձև մի անձավի միջով, որի անկյուններում էտրուսկյան սյուների հետքեր էին մնացել, իսկ թաղակապ առաստաղից սարդոստայնի խրձեր էին կախված։
Հագուստի ծվեններով պատված կաղոտն ու անդամահատ մարդկային անխնամ կերպարանքներ էին կտրում նրա ճամփան ու զննելով՝ փնչացնում նրա վրա վտանգի հոտ առած նժույգի նման։
― Գրագիր եմ եղել Դիրաքիոնում, տիրոջս հետ մեկնում էի Հոնիա ուխտագնացության, ծովահենները խորտակեցին մեր տրիրեմը, իսկ ինձ վաճառեցին հռոմեացիներին,― ամեն անգամ կրկնում էր Կալիգուլան, հուսալով վայրկյան առաջ ազատվել գարշաբույր մռութների զննումից։
Բայց նրան չէին լսում, քանի որ անհոդաբաշխ աղմուկ էր խտացել եթերում, ուր միախառնված էին մեղեդու բեկորներ, այսուայնտեղ խմբված մարդկանց վեճի ձայներ, մի խելագարի ճիչ, որ դույլի մեջ կրակ առած՝ մոտենում էր բոլորին ու սպառնում այրել, ասելով, թե ինքը Հեփեստոսն է, հիվանդի տնքոց, կանացի զրնգուն ծիծաղ՝ վաստակավոր պոռնիկի ելևէջներով, քրքիջ, զայրույթի պոռթկում, տրտունջ։
Թոքախտավորներ կային հեռու մի անկյունում ու նրանց հեռվից հաց էին նետում։
Մի նեղ միջանցք դուրս բերեց նրանց անձավից, հետո վար իջան հողափոր աստիճաններով ու գետնատարած հարյուրավոր մարմինների պատահեցին, որոնք ոտնաձայներից անհանգստացած՝ անլսելի մի հրամանով շարժվեցին որդերի նման։
Կալիգուլային պառկելու տեղ տվեցին։ Նա նստեց հատակին, ու քրտինքի և կեղտի մի սուր հոտ դաղեց նրա կոկորդն այնպես ուժգին, ասես եռացրած կուպր լցրին իր ներսը։ Նրա աչքերն արցունքոտվեցին, խեղդվելուց փրկվելու համար զգեստն ամուր սեղմեց դեմքին։
Մի աղոտ լույս էր թրթռում պատի վրա, այնքան թույլ, որ թվում էր, թե հարյուրավոր մարդկանց շնչառությունից առաացած եթերի հոսանքն ուր որ է կմարի այն։ Նվաղ այդ լույսի ներքո նա զննեց շուրջը։ Մազոտ դեմքեր նշմարեց նա, քրջապատ մարմիններ։
«Ինչպե՞ս են ապրում այս որջում,― հարցրեց նա ինքն իրեն,― և մարդի՞կ են արդյոք սրանք, որ թափթփված են հատակին ջախջախված բանակի պես, թե՞ անձրևորդ կամ խլուրդ։ Եվ ի՞նչն է փշրել նրանց կամքն այսպես, ու անդարձելի՞ է արդյոք ավերումն այդ»։
Երեխայի քնատ լացի ձայն հասավ նրան, որից ցնցվեց, ասես սառը ջուր լցրին վրան։
«Եվ ինչու՞ է թշվառը, ստրուկը զավակ ունենում, երբ գիտի հաստատապես, որ նրան դատապարտում է ի ծնե թշվառության,― մտորում էր Կալիգուլան՝ հայացքով որոնելով մանկանը։― Վայրի գազանին երբ վանդակում են, հրաժարվում է ձագեր ունենալ։ Այսինքն նա, լինելով գազան, հոգում է իր ժառանգի մասին՝ չծնելով այն․․․ Այս որքա՜ն է այլասերվել մարդը, որ կորցրել է բնությունից եկած կենդանական արժանապատվությունն անգամ․․․»։
― Ինչու՞ չես քնում, պառկի՛ր,― դժգոհ մի ձայն լսվեց խավարի միջից։
Որքան էլ ջանաց, Կալիգուլան չկարողացավ պարզել, թե ով ասաց դա, քանզի ամենքն անշարժ էին մեռելի պես։
― Ինչպե՞ս եք կարողանում ապրել այսպես,― հարցրեց նա՝ դիմելով իրեն հասած ձայնի ուղղությամբ։
Մի խուլ հառաչանք եղավ արձագանքը, ապա լսվեց անձավի մեկ այլ հատվածից.
― Կեսա՛րն է մեղավորը մեր այս թշվառության։
― Ինչպե՞ս,― Կալիգուլայի մկանները պրկվեցին ակամա,― նա գուցե թե տեղյակ էլ չէ ձեր այս վիճակին։
Բայց նրա առարկումը խլացավ դժգոհության ծովի մեջ, քանզի նույն ակնթարթին, լուտանքներ թափելով անատամ բերաններից, կանչեցին բոլոր կողմերից.
― Այո՛, այո՛, կեսա՛րը, այդ նա է պատճառը մեր դժբախտության։
Ոմանք նստեցին տեղում, մի քանիսը ոտքի ելան ու աղմկում էին՝ բռունցքները դեպի նորեկը պարզած։
Կալիգուլան համբերատարորեն սպասեց մինչև նրանք հանդարտվեցին, ապա հարցրեց տարակուսած.
― Եթե այդպես է, ինչու՞ չեք ընդվզում հապա, ապստամբում. մի՞թե այսպես ապրելը գոհացնում է ձեզ։
― Բայց նա կպատժի մեզ,― պատասխանեցին նրան վախվորած։
― Թող ձեզանից մի քանիսին էլ պատժի. նրա բանտերում վիճակն ավելի բարվոք է, քան այստեղ,― ասաց Կալիգուլան,― բայց գոնե մյուսները լավ ապրելու հույս կունենան։
― Իսկ եթե նա սպանի՞ մեզ,― արձագանքեցին սարսափած, իսկ ոտքի ելածները զբաղեցրին իրենց տեղերը խոնավ դարմանի վրա, ― նա հրեշ է, գազան, նա ճաշի ժամին սենատորներին է կիսում սղոցով, ամեն օր մի կույս է փչացնում և հետո արյունը խմում նրանց։
Կալիգուլան դժվարությամբ զսպեց զայրույթի պոռթկումը և դիմեց նրանց.
― Դուք հազար եք, հիսունը ձեզանից թող մեռնի, բայց մնացյալը կապրեն արժանավայել։
Մահվան մասին լսելով, լյումպենը հանկարծորեն սսկվեց ու քարացավ։ Հետո դանդաղ, կարծես չար մի ուժից քողարկել կամենալով իրենց շարժումները, պառկեցին հատակին։ Կալիգուլան ապշած նայում էր նրանց, ապա ասաց.
― Հող պահանջեք նրանից և կամ խնդրեք զինվորագրել բանակին. չէ՞ որ ազատ մարդ եք դուք։
― Մենք հիմար չենք, որ ինքնակամ մահվան գնանք և ոչ էլ գրաստ, որ տանջվենք նրա դաշտերում,― արագ պատասխանեց նրան մի ձայն,― լավ է մենք մեր հացը աղբանոցներից ճարենք, քան թե վտանգվենք՝ հանուն լիության։
Հավանության կանչեր լսվեցին բոլոր կողմերից, և Կալիգուլան զարմանքով նկատեց, որ ինքը չի զգում այլևս օդի գաղջությունը. նրան արդեն խեղդում էր շատ ավելի զորեղ մի զգացողություն. դա նողկանքն էր․․․
Նա ելավ կատակոմբներից այնպես ճնշված, ասես մերձավոր հարազատ էր կորցրել։ Հևում էր հարյուր մղոն քայլած զինվորի նման, օրորվում հարբածի պես։ Սրտից սկիզբ առնող դող համակեց նրան, որ վաղորդյան պաղությունից չէր, այլ արդյունք էր իր ներսում ուռչած նողկանքի մաղձի։ Բերանը լայն բացած՝ նա օդ էր փնտրում շնչելու համար։ Նա հենվեց տներից մեկի պատին ու կծկվելով՝ ործկաց, ասես մաղձն այդ կարող էր դուրս թռչել կոկորդից ու հանգստություն բերել իրեն։
Նրա ռունգերում ետնախորշերի գաղջությունն էր մնացել, հագուստներից գարշելի հոտ էր առնում, որից չազատվեց Աքաղաղի աղբյուրի մոտ առատ լվացվելուց, գրեթե լողանալուց հետո անգամ։
― Չէ՛, Մակրո՛ն,― արտաբերեց նա գլուխը տարուբերելով և այնպիսի տոնով, ասես պրեֆեկտը գալիս էր իր հետ. ջրի կաթիլներ էին պսպղալով թափվում խոնավությունից մգացած նրա վարսերից ու հագուստից,― վճռվա՛ծ է, վե՛րջ. նրանք ավարտված մարդիկ են, ու չի՛ կարելի այլևս թույլ տալ մարդու այդ տեսակը տարածվի երկրի վրա։ Նրանք ա՛ղբ են, Մակրոն, մարդկային աղբ, նրանք գոյություն չունեն, նրանց չի կարելի թույլ տալ վխտալ Քաղաքի մեջ. նրանց առատությունը սպանում է կարեկցանք և գութ։
Օրորվելով և ուժահատ, տների պատերին հենվելով ու լուսակիրներից կառչելով նա հասավ Հուլիոս Կեսարի՝ աստվածների արձաններով զարդարուն բազիլիկին։ Ոլորուն ու թաց մի հետք էր գնում նրա ետևից, իսկ խավարագույն լռությունը լցվում էր առարկություն չհանդուրժող նրա խոսքերով.
― Վճռվա՛ծ է, վե՛րջ, Մակրոն, այլևս չեմ զիջի քո պնդումին, թե աստվածներն են կառավարում աշխարհը և տնօրինում մարդկանց ճակատագրերը ու եթե կատակոմբներում մարդիկ ապրում են դեռ, ուրեմն այդպես են կամենում աստվածները, այլապես նրանք իրե՛նք կոչնչացնեին մարդու այդ տեսակը։ Դու մոռանում ես, Մակրո՛ն, որ աստվածները չորս անգամ ոչնչացրել են մարդկային ցեղը՝ կատարյալ էակներ արարելու հույսով։ Եվ մարդու այս տեսակն էլ վաղուց արդեն ոչնչացված կլիներ, եթե մարդկային ծագում ունեցող դավաճանությունը չթափանցեր նաև Օլիմպոս և Պրոմեթևսին դեմ չհաներ նրանց վերացնելու Զևսի ձգտումին։ Պրոմեթևսը բոլոր ժամանակների ամենամեծ չարագործն է, Մակրոն. դու դա չես ընդունում, բայց այդպես է։ Նրա չարագործության հետևանքը դեռ նոր է երևալու, երբ բազմանալու հետ ապականվելով՝ մարդու այս տեսակը պատուհաս կդառնա աշխարհի համար, և ոչինչ այդժամ չի փրկի աշխարհը կործանումից։
Նա կանգ առավ ու վարից նայեց բարձր պատվանդաններին դրված արձաններին։
― Անզոր կլինեք նաև դուք՝ աստվածներ։ Դուք չեք ուզում այս անգամ ինքներդ ոչնչացնել մարդկանց, քանի որ ձեր ձեռքերն արյունոտ են բավականին, և աշխարհի կարգավորումը թողել եք մարդկանց։ Այսպես ասում էր դեռ Ալեքսանդրը, ում ինքներդ էիք ուղարկել երկիր, և ով շրջելով աշխարհը, պարզեց, որ մարդկությունը պղծվել է անդառնալիորեն և նրան անհնար է դարձի բերել առանց արյան գետերի, առանց ոչնչացնելու նրա ապականված հատվածը, որ հաշվվում է բյուրերով։
Նա դադար տվեց և նայեց աստվածների դեմքերին, ասես սպասում էր իր խոսքերի հաստատումին։ Հետո մոլոր քայլեց դեպի բազիլիկի ելքը, ինքն իրեն խոսելով.
― Այսօր, ահա, ինձ ևս պարզ դարձավ, ինչպես այնժամ՝ Ալեքսանդրին, որ ապականությունը խորն է օվկիանոսից և բարի գործն ու խելամիտ խոսքը՝ աստվածների գլխավոր զենքերը, անկարող են փոխել այլևս իրերի և երևույթների էությունը։ Ամենն անուժ է վաղուց, ու աշխարհին վաղընջական իր անաղարտությունը վերադարձնելու մի ուղի կա միայն․․․
Անկիրք և անզգացմունք մի հայացքով, ասես ինքն իր մարմնի հետ չէր, նա նայեց քնած փողոցին, ապա արձանանալով հանկարծահաս մի զգացողությունից՝ շշնջաց տագնապած.
― Իսկ գուցե դա՞ է աշխարհ գալու իմ առաքելությունը, որը պիտի իմանայի Անցիումից վերադառնալով։
Նա չհասցրեց սարսռել այդ հայտնությունից, քանի որ նույն միջոցին ոտնաձայներ հասան նրան։ Շրջվեց ու երկու մութ ուրվական նկատեց սյուների միջև, որ անհետացան անմիջապես։ Մի պահ կարծեց, թե ուշացած անցորդներ են, և ստուգելու համար կասկածները՝ թեքվեց դեպի անձուկ մի նրբանցք։ Ուրվականներն ասես դրան էին սպասում և դուրս գալով սյուների ետևից, արագացրին քայլերը։ Երբ նրանք հասան նրբանցքի բերանին, Կալիգուլան ահեղ գոչյունով խավարի միջից նետվեց նրանց վրա ու, մինչ ուրվականները կսթափվեին, վետերան լեգեոների հմտությամբ սրտից խոցեց նրանցից մեկին։ Աղեկտուր մի ճիչ թրատեց խավարն ու մարեց այնպես հանկարծակի, ինչպես հայտնվել էր։ Մյուս ուրվականը կամեցավ փախչել, բայց Կալիգուլան վարից ելնող շեղակի հարվածով կտրեց նրա կոկորդը, ապա դաշույն բռնած բռունցքը ետ բերելով՝ պատռեց և դեմքը։ Ուրվականն ակամա բռնեց պարանոցը, ասես կարող էր այդ կերպ փրկել իրեն մահից։ Այդ միջոցին Կալիգուլան խոցեց նրա որովայնը, ու երբ ուրվականը ցավից խոնարհվեց, արմունկի զորեղ հարվածով տապալեց նրան, ոտքը դրեց նրա թիկունքին ու գլուխը կտրելով՝ մազերից բռնած նետեց փողոցի սալահատակի վրա և սոսկումով գոռաց քաղաքով մեկ.
― Վե՛րջ, սա՛ է լինելու ճակատագիրը բոլոր վիժվածքների. դա ասում եմ ե՛ս՝ Գայոս Կեսար Գերմանիկոսս, ու երդվում, ահա՛, Հադեսում թափառող հարազատներիս ուրվականներով։
Նա արյունոտված ափերն ամուրն սեղմեց կրծքին, որպես երդման նշան։
Գլուխ տասնմեկերորդ
Վահաններ, սրեր ու սաղավարտներ առկայծեցին լուսնի լույսի տակ և ստվարանալով պալատի բակում, հանդարտ գետի նման ցած հոսեցին Ժեմոնիներով։ Ու պրետորիանների սևազգեստ երեք մանիպուլ ուրվագծվեց արդեն փողոցներում, ուր լապտերներ էին վառվում աղոտ։
Նրանք անաղմուկ գնացին Օգոստոսի ֆորումի ուղղությամբ, ապա, աննկատ մնալու համար, նեղ նրբանցքներով շրջանցեցին այն ու երկատվեցին պալեստրայի մոտ. մանիպուլներից գնաց դեպի Կարմենտական դարպաս և եկավ քաղաքից, իսկ երրորդը Տիբրոսին հասնելով՝ շրջվեց դեպի Սուբուռա։ Արվարձաններից երկու հարյուր կանգուն հեռու այս զորաջոկատը մասնատվեց տասնյակների և անէացավ միհարկանի տների միջև ձգվող նեղլիկ փողոցներում, հրաման ունենալով պաշարել կատակոմբների բոլոր մուտքերը։ Երբ ամենն արված էր, հարյուր ջահ վառվեց միանգամից, ու մերկացրած սրերով պրետորիանները բոլոր մուտքերից խուժեցին ետնախորշեր։
Լյումպենին նրանք գտան գետնատարած քնած և սկսեցին խոցոտել վարժ շարժումներով ու այնպես արագ, որ հազիվ էին հասցնում սուրը դուրս քաշել նրանց մարմիններից։ Բայց որքան էլ նրանք գործում էին անաղմուկ, լյումպենն արթնացավ, ու մահալի մի վայնասուն, պատերից արձագանքվելով և ուժգնանալով խլացնելու չափ, հեղեղեց ետնախորշերը։ Պրետորիանները մոլորվեցին մի պահ, չիմանալով փակե՞ն ականջները խլանալուց փրկվելու համար, թե՞ շարունակեն կատարել կեսարի հրամանը։ Սոսկալի աղմուկը նյարդայնացնում էր նրանց, ու նրանք, զայրույթով համակվելով, նետեցին վահանները, բազկակալները, կնեմիդներն ու լանջազրահները, որ կաշկանդում էին իրենց, և սկսեցին մոլագարի պես տենդորեն թրատել աջ ու ձախ՝ իրենց փրկությունը տեսնելով վայրկյան առաջ բոլորին մորթելու մեջ, որը բաղձալի լռությունը կբերեր իրենց։ Դիվային մի իրարանցում սկսվեց, սրեր էին փայլում ջահերի լույսերից, մերկ մարմիններ էին խուճապահար դեսուդեն նետվում, որոնց բոլոր ելքերում պրետորիաններ էին դիմավորում։ Աղաղակելով ու միմյանց ոտնատակելով՝ լյումպենը բոլոր կողմերից հորդաց դեպի ընդարձակ այն անձավը, ուր գիշերել էր կեսարը, և հուսահատությունից, թե կատաղությունից՝ հագուստ, իրեր ու քարեր էր նետում պրետորիանների վրա, հող էր շպրտում նրանց աչքերի մեջ, փորձում էր հանգցնել ջահերը, ճանկռտել նրանց դեմքերը։ Բայց այդ ջանքերը ոչինչ էին պրետորիաների փորձառության դեմ, և անխնա մորթոտելով՝ առաջանում էին նրանք խիտ շարքերով, որպես փշե մի ամեհի արարած։ Ճիչերը հետզհետե մարեցին, մեռնողների խռխռոց բռնեց եթերը, ոտքերի տակ ջարդվող ոսկորների խրշտոց էր լսվում, արյան լճակներ էին խոնավ գետնի վրա․․․
Հետո, ինչպես կարգադրված էր, պրետորիանները դիակները դուրս հանեցին և ալեզուսպ պատնեշի վրայից նետեցին Տիբրոս։ Երկու հարյուր ստրուկներ եկան ապա և ժրաջանորեն մաքրեցին կատակոմբները կեղտից ու արյունից, ամենուր անուշահոտություն սփռող ջահեր դրեցին։
Կեսարը Սուբուռա եկավ երրորդ ժամին, Օգոստոսի ութակիր դեսպակով, պճնված այնպես բծախնդրորեն, ասես տրիումֆ էր ընդունելու։ Նա կատակոմբ իջավ միայնակ. նրան թվում էր, թե ուղեկիցների ներկայությունը կնվազեցնի վայելումի աստիճանը, մինչդեռ ինքն անհագորեն արբենալ էր ուզում սպասվող իրականությունից։
Իրեն ծանոթ խորշերը զերծ էին այլևս խեղճությունից ու խտացած նվաստացումից։ Հողափոր որջերը դատարկ էին ու ողողված ջահերի լույսով, և նրա սիրտն ակամա ուռչում էր աստվածահաճո իր արարքի բավականությունից։ Գոհունակության փայլն աչքերի մեջ՝ նա զննեց բոլոր անձավները, ասես ստուգելու համար, թե որևէ տեղ չի՞ թաքնվել լյումպենը։
Նա հայտնվեց այն նույն անձավում, ուր գիշերել էր։ Այն այլևս անշունչ էր և անուշահոտությամբ պարուրված։ Նա նայեց շուրջը, անկյունները, ուր երեկ թոքախտավորներն էին ընկած, ապա ձեռքերը պարզեց դեպի աստվածներն ու կանչեց խրոխտաձայն.
― Ես մաքրեցի՛ ընդերքն աղբից, և երկի՛րը կմաքրեմ հիմա։
Երբ ելավ ետնախորշերից՝ նրան զեկուցեցին, որ մյուս երկու մանիպուլներին հաջողվել է աննկատ շրջապատել Լավերնայի պուրակը, որն ավազակների ու գողերի որջի էր վերածվել Տիբերիոսի բացակայության տարիներին, և նետահարելով՝ ոչնչացրել բոլորին։
Այդ լուրը խանդավառեց նրան, և դեսպակը թողնելով՝ զորաջոկատն արագ քայլքով առաջնորդեց Հռոմի փողոցներով դեպի քաղաքային բանտ։
Զարմացած հռոմեացիներ էին խմբվում մայթերին և զգուշությունից տարածություն պահպանելով, հետևում պրետորիաններին՝ անտեղյակ, թե ի՞նչ է կատարվել Սուբուռայում և թե ու՞ր է կեսարն առաջնորդում թիկնապահներին այդպես հապճեպ ու, որ տարօրինակ էր և չտեսնված՝ նա հետիոտն էր, որպես հասարակ մի մահկանացու։
Տեղ հասնելով՝ Կալիգուլան հրամայեց բոլոր բանտարկյալներին բերել էրգաստուլի բակ ու տեղեկացավ նրանցից, թե ինչի համար են պատիժ կրում։ Թեթև զանցանք գործածներին ազատ արձակեց, սպառնալով, թե հաջորդ անգամ մահվան կուղարկի անհապաղ, իսկ մնացյալին առավ պրետորիանների քառանկյան մեջ ու տարավ Կրկեսի ուղղությամբ։
Բանտարկյալների տեսքը գրգռեց անցորդների հետաքրքրասիրությունը, և նրանք կառչեցին երթի պոչից՝ դատարկելով փողոցներն ու հասարակական հավաքատեղիները։
Կալիգուլան ճեպընթաց մունետիկներ ուղարկեց հրապարակներն ու շուկաները՝ կարգադրելով ամենքին կանչել հանդիսության, իսկ վիգիլներին հանձնարարեց բանտարկյալների մերձավորներին բերել Կրկես։
Հռոմի պարապ բազմությունը, որ չէր մոռացել Բոնա Դեայի տոնի լուսաբացը, զարմանք ապրեց կեսարի հրավերից ու զգուշացավ, բայց հետո, պարզելով, որ քաղաքային զորանոցներում հանդարտություն է և այնտեղի պրետորիանները մտադիր չեն ելնել քաղաք, ստվար խմբերով շտապեցին Կրկես՝ ակնկալելով ականատես լինել արտառոց իրադարձության, որից զրկված էր արդեն քանի ամիս։
Հազիվ էր Կրկեսը հասցրել երփներանգվել մարդկային հագուստներից՝ շեփորներ հնչեցին սենատորական օթյակներից ու գալարափողեր, և երբ եթերը բռնած անհոդաբաշխ աղմուկն անէացավ ջերմ ավազի մեջ ընկած ջրե կաթիլի պես ակնթարթորեն, արենայի արևմտյան դարպասները բացվեցին ճռնչալով և հետաքրքրասիրության անհամբերությունից ոտքի ելած հռոմեացիք լարարիումների կողմից դեպի ասպարեզի կենտրոն քշվող մի քանի հարյուր մարդու տեսան։
Զարմանքի առաջին վայրկյաններից հետո նրանց ճանաչեցին։ Ու կալանավորների հարազատները, աղետ կանխազգալով, սկսեցին լալ աղեկտուր ու մազերը պոկել գլխներից։ Իսկ նրանք, ովքեր տուժել էին այդ նույն կալանավորներից, հայհոյում էին, բղավում ողջ ուժով, սպառնում բռունցքներով ու լարարիումներից պահանջում անհապաղ խոշտանգել նրանց։ Այսուայնտեղ, ուր տուժածներն ու ողբացողները հարևանությամբ էին, կռիվ բռնկվեց. նրանք բռունցքներով ու թիկնոցներով հարվածում էին միմյանց սաստկացող կատաղությամբ, լուտանքներ տալիս, զարդեր, գավազաններ, հովհարներ ու արևանոցներ նետում միմյանց վրա։ Համատարած ժխորի մեջ քչերը նկատեցին կեսարի հայտնությունն իր օթյակում, որ թափուր էր եղել քանի ամիս։ Այդ նույն միջոցին դարպասների միջից, փոշու ամպ բարձրացնելով, արենա խուժեց ներս խուժեց առյուծների ստվար մի խումբ, և ամենքը քարացան սոսկումից։ Լարարիումները ետ քաշվեցին փութով, և գազանները, մարդկանց անզեն խումբ նկատելով, միմյանց ոտնատակելով սուրացին դեպի նրանք։ Ամենը կատարվեց այնքան արագ, որ կալանավորները հազիվ հասցրին ցրիվ գալ արենայում, սակայն արգելապատնեշի թիկունքում փրկություն գտնելու նրանց հույսերն ի դերև եղան, քանզի լարարիումները փակեցին նրանց ճամփան, դաղելով նրանց նիզակների շիկացած ծայրակալներով։
Կալանավորների հարազատներից մի քանիսն ընկան ուշագնաց, մյուսները սոսկումով ծածկեցին դեմքը՝ անկարող լինելով տեսնել, թե ինչպես են առյուծները հոշոտում իրենց հայրերին ու եղբայրներին։ Ու ականջ ծակող մի ողբ բռնեց եթերը։ Բայց պրետորիանները սաստեցին նրանց և ուժով պարտադրեցին նայել սպանդին, որպեսզի այդուհետ լրջորեն հետևեին իրենց մերձավորների վարքին, քանզի, ինչպես հայտնեցին, կեսարի կամքով բանտերը վերացվել են և մահվան պատիժ է սպասվում արդեն օրինազանցներին․․․
Երեկոյան բոլոր զրպարտիչներին ու նրանց հրահրողներին բերեցին ֆորում և պատժեցին նրանց մտրակելով ու գանահարելով, ապա անցկացրին նրանց բազմությամբ ափեափ լի ամֆիթատրոնի ասպարեզով։ Հետո բեռնեցին նրանց նավերի վրա ու քաղաքն այդ արատից ազատելու համար աքսորեցին նրանց ամենավայրի կղզիները։ Երբ վրա հասավ գիշերը, պրետորիանները, պլեբեյի հագուստի մեջ ծպտված, դուրս եկան շրջելու քաղաքում՝ որպես ուշացած անցորդներ, հրաման ունենալով տեղում սպանել իրենց կամ այլոց կամքի վրա բոլոր բռնացողներին ու կողոպտիչներին։
Հաջորդ օրը երեկոյան Կալիգուլան կանչեց Տիբերիոսի լրտեսներին, իսկ նրանց թիվն անցնում էր հազարից, և հարյուր աս խոստանալով ամեն լուրի համար, պահանջեց շրջել քաղաքում ու հայտնել իրեն բոլոր նրանց անունները, ովքեր փողի դիմաց անարդար վճիռ կկայացնեն, կաշառք կվերցնեն, հարկ կթաքցնեն, ուրիշի ունեցվածքը կյուրացնեն, գողություն կամ այլ հանցանք կգործեն, կխանգարեն հասարակական կարգը, կշողոքորթեն, կքծնեն, խաբեությամբ կամ խարդախությամբ կզբաղվեն, կնեղեն այլոց կամ կբռնանան նրանց կամքի վրա։ Եվ սպառնաց, թե կեղծ լուրի համար կսպանի նրանց՝ իրենց մերձավորների հետ միասին։ Պրետորիաններին կարգադրեց գիշերները ծածկասայլեր հանել քաղաք և լրտեսների նշած անձանց հավաքելով՝ տանել Ֆուցիևյան լիճն արհեստական՝ որպես կեր գլադիատորական ծովամարտերի համար աճեցվող կոկորդիլոսներին։
Մնացյալի ընչաքաղցությունը և կուտակման մոլուցքը զսպելու համար նա հարկեր սահմանեց գնվող ու վաճառվող ցանկացած ապրանքի համար, ամենքին պարտադրեց ճանաչել իրեն որպես իրենց զավակներին հավասար համաժառանգ, և որդու իրավունքով սկսեց վերցնել նրանցից այն ամենը, ինչ ավելորդ էր համեստ կյանքի համար։ Ապացուցելու համար, որ այդ կերպ հավաքված գումարներն իր կարիքների համար չեն օգտագործվելու ամենևին և դրանք ոչինչ են իր համար ու նաև կամենալով ցույց տալ, թե որքան մեծ անմտություն է դրամ կուտակելու տենդին տրվելը՝ կարգադրեց այդ փողերով կառուցել անիմաստ շինություններ՝ պատնեշներ բարձրացնել խոր ու փոթորկոտ ծովում, կայծքարե ժայռերում անցումներ փորել, հարթավայրերը հողակիտումներով բարձրացնել մինչև լեռները, իսկ լեռները քանդումներով հավասարեցնել հողին։
Նա հրովարտակով դադարեցրեց ձրի հացաբաժանումները քաղաքում, քանզի գտնում էր, որ անաշխատ հացը ստրկացնում է մարդուն, հող տվեց բոլոր պլեբեյներին Կամպանիական դաշտում, իսկ քանի որ նրանք ծուլացել էին դարավոր անգործությունից, կարգադրեց բռնությամբ աշխատանքի վարժեցնել նրանց։
Հրամայեց ետ բերել զորքերը Գերմանիայից՝ նպատակ ունենալով վերացնել բանակ կոչեցյալ չարիքը, որ պատերազմներում ոչնչացնում էր արժանավորներին, ու երկրի վրա ապրելու էին թողնվում միայն սողացողները։
Այդժամ նրան լուր բերին, թե զրպարտության արատն անուղղելի է և աքսորյալները կղզիներում էլ են զրպարտություն անում, ու պրետորիանների մանիպուլ ուղարկեց այնտեղ՝ պահանջելով մահապատժի ենթարկել նրանց մանր, հաճախակի հարվածներով, որպեսզի նրանք զգան, որ մեռնում են։
Բոլոր կավատներին ուղարկեց Աֆրիկա՝ ջրանցք փորելու։ Պոռնիկներին թողեց ապրել, քանի որ իրեն անհայտ էր նրանց հակումի շարժառիթը, բայց ո՛չ քաղաքում. նրանց բոլորին, ու նաև Ցեզոնիային, ուղարկեց Ալիոի ափը, այնտեղ մեկուսացած ապրելու, և որպես հարկ սահմանեց մեկ հարաբերության գինը։ Նույնը պահանջեց նաև նրանցից, ովքեր պոռնիկ էին եղել, բայց օրինական ամուսնության մեջ էին. անցյալը չպիտի մոռացվեր, որպեսզի զսպեր մյուսներին․․․
Մակրոնը, տեղեկանալով այս ամենին, խոր սարսուռ ապրեց և ջանում էր ետ պահել նրան հետագա արնահեղությունից, փորձելով համոզել, թե արվածը բավական է և մահվան երկյուղն այդուհետ կսաստի ստոր կրքերը հռոմեացիների մեջ։ Բայց անկողնուն գամված լինելը խանգարում էր նրան լրջորեն ազդել կեսարի մտքերի վրա։ Իսկ Կալիգուլան որևէ կասկած չուներ, որ Զևսն է իրեն ուղղորդում, և աստվածահոր հետ առնչությունը խանդավառեցնում էր նրան։ Մյուս կողմից՝ մարդկության ապականված հատվածի հանդեպ տածած ատելությունը, որ խլացրել էր նրա մյուս հույզերն ու իղձերը, անդադրում նրան հրահրում էր գործողությունների։ Մակրոնի հետ նա համաձայն էր. մահվան երկյուղը կսաստի ստոր կրքերը, բայց դա բավարար լինել չի կարող աշխարհը կարգի բերելու համար, այդ կերպ կրքերը կսաստվեն, բայց չեն վերանա, և վաղ, թե ուշ, հարմար առիթի դեպքում, կհառնեն նորից Յասոնի ցանած հրեշատամների պես։ Ստոր կրքերը ոչնչացնել է պետք, գտնում էր նա միանշանակորեն։ Ու ողջ օրը նա մենմիայնակ, մռայլ շրջում էր պալատի սրահներում, պարտեզի լճակների շուրջ, թափառում պուրակում, իսկ գիշերները բարձրանում էր պալատի տանիքի ամառային տաղավար ու հետևում պրետորական ջոկատների ջահերի շարժումին։
Մի առավոտ նա կեղծամ դրած իջավ Կապիտոլիումից՝ հուսալով քաղաքը տեսնել արդեն մարդկային աղբից մաքրված, բայց ֆորումում նախկին գաղջությունը պատահեց նրան, ստորաքարշության նույն չափն ու այլասերվածությունը, ասես աշխարհը կարգի բերելու համար ինքը ոչինչ էլ չէր արել։
Մտածեց, թե ինչ-որ մի թյուրիմացությամբ քաղաքի այդ հատվածը գուցե դուրս է մնացել լրտեսների ուշադրությունից ու ներքին մի տագնապ սրտում՝ հևասպառ գնաց դեպի Պալատինիումի շուկաները։ Սակայն այստեղ էլ նույն պատկերն էր, հոգիների նույն գաղջությունը։ Նա նայում էր շուրջը խելագարի պես, մարդկանց հրմշտելով՝ խցկվում էր տաբերնաները, արհեստանոցները, շնչակտուր վազում փողոցից փողոց։ «Ինչպե՞ս կարող է պատահել,― հարցնում էր նա ինքն իրեն,― անհնար է. ինքս եմ ամեն գիշեր հետևել ծածկասայլերի երթին»։
Նա խեղդվում էր օդի պակասությունից, ու Տուլիոսի պարսպի տակով, գետեզրով վազեց դեպի նավահանգիստ, տենչալով գոնե այնտեղ գտնել իր որոնած մաքրությունը։
Պատկերը նույնն էր, նույն ստորաքարշ, գծուծ, ամբարտավան ու զազիր հոգիները։
Նա թևաթափ ու մոլոր ետ դարձավ, չիմանալով՝ ու՞ր գնալ այլևս։
«Մի՞թե այսքան մեծաթիվ են հոգով այլասերվածները, ովքեր իրենց գոյությամբ աղավաղում են աշխարհը»,― մտածում էր նա, քայլելով մարդաշատ փողոցներով։ Նա խեղդվում էր նրանց առատությունից և տենչում անընդհատ գործող նիզակահար մի մեքենա ունենալ ձեռքին, որ խոցեր նրանց բոլորին անխտիր։ Թե պատահում էր նրանցից որևէ մեկին մոտիկից, հայացքն ակամա ընկնում էր նրա պարանոցին, և առաջին միտքը, որ ծագում էր սրտում, գլխատելն էր, ու պատկերացնում էր երանությամբ, թե ինչպես կանջատվի պիղծ գլուխը մարմնից։ Եվ ափսոսում էր, որ մարդկության խեղված հատվածը մեկ ընդհանուր պարանոց չունի. կտրելով այն՝ մեկ հարվածով կազատեր աշխարհն աղետից։ Ափսոսում էր, որ աստված չէր, այլապես կկարողանար վճիռն իրականացնել շանթերով, երկրի տատանումով, ցրտով կամ թե ջրհեղեղով։ Նա շատ քիչ մարդկանց էր պատահում, ում կուզենար թողնել ապրելու աշխարհի վրա, և դա վշտացնում էր նրան։
Շրջելով մարդկանց մեջ, նա լսում էր, թե իրենց խեղճությունը կոծկելու համար ինչպես էին նրանք կեղծ լուրեր տարածում, թե իբր ինքը մարդկանց սպանում է նրանցից ունեցած երկյուղից և որ իբր չորս թե հինգ դավադրություն է բացահայտվել։ Իբր ինքը վախկոտ է այնքան, որ ամենափոքր իսկ ամպրոպի ու կայծակի դեպքում փակում է աչքերն ու փաթաթում գլուխը, իսկ եթե ամպրոպն ավելի ուժեղ է լինում, անկողնուց դուրս է թռչում և պահվում մահճակալի տակ։ Իբր Մեսսենայից հանկարծ փախել է կեսգիշերին՝ սարսափահար եղած Էթնայի խառնարանի ծխից ու դղրդյունից։ Իբր երբ լուր է տարածվել գերմանացիների ապստամբության մասին, նետվել է նավատորմ նախապատրաստելու փախուստի համար, հուսալով ապաստան գտնել անդրծովյան պրովինցիաներում, եթե հաղթողները գրավեն Ալպերը։ Իբր ինքն իր Ինսիկատուս նժույգին այնպես է պահպանում ամեն մի անհանգստությունից, որ ամեն անգամ ձիարշավների նախօրյակին զինվորներ է ուղարկում անդորր հաստատելու նրա հարևանությամբ. ձիու համար ոչ միայն ախոռ է իբր կառուցել մարմարիոնից և մսուր՝ փղոսկրից, ոչ միայն ծիրանի ծածկոցներ և մարգարտյա մանյակներ է տվել, այլ նույնիսկ պալատ է առանձնացրել սպասավորներով ու կահավորանքով, որտեղ նրա անունից հյուրեր է հրավիրում և հաճույքով ընդունում, իբր պատրաստվում է Ինսիկատուսին անգամ կոնսուլ դարձնել։ Իբր ցնորված է ինքը ու խելագար, քանի որ Ցեզոնիան իբր մի դեղ է տվել իրեն, որն իր մեջ սեր պիտի հրահրեր, բայց խելահեղություն է առաջ բերել։
Նա վարժվել էր արդեն նման բամբասանքներին և արհամարհանքով էր վերաբերվում դրանց, բայց այդ օրը անհանգստություն համակեց նրան, մտածելով, որ տարիներ անց, երբ չեն լինի այլևս և՛ ինքը, և՛ բամբասկոտ բազմությունը, հորինովի այդ պատմություններն են մնալու ժամանակի մեջ, քանզի ինքը մե՛կն է, նրանք՝ միլիո՛ն։
Երկար քայլելուց հոգնած՝ նա մտավ էժան մի պանդոկ։ Մարդաշատ էր այն ու աղմկոտ։ Գինի պատվիրեց, բայց հազիվ էր հասցրել տեղավորվել սեղանի շուրջ, երբ հանկարծահաս հանդարտություն իջավ ամենքի վրա։ Նա դարձավ դեպի ելքը և զինավառ երկու պրետորիան տեսավ։ Նրանք, գինովացած ու ամբարտավան քայլվածքով պտույտ գործեցին սեղանների միջև ու զննելով սսկված բազմությանը՝ դուրս եկան։
Զգուշավոր խոսակցություններ սկիզբ առան այս ու այնտեղ, և Կալիգուլան, որ համակ ուշադրությամբ որսում էր ամեն շարժում և շշուկ, լսեց, թե ինչպես պատկառազդու մի այր տրտնջաց.
― Եթե կեսարը նպատակ ուներ մաքրել աշխարհը մարդկային աղբից, ապա պիտի սկսեր իր պրետորիաններից։ Առաջին օրերին եթե նրանք Ֆուցիևյան լիճ էին տանում տականքներին, ինչը բարի մարդիկ ողջունում էին սրտի խորքում, ապա այժմ ոչնչացնում են անմեղներին ու երևելիներին․․․
Կալիգուլան սփրթնեց լսածից ու հազիվ զսպեց իրեն, որպեսզի չճչար։
― Իմ զարմիկ Դոմիցիանոսին, առաքինի մի մարդու, պրետորիանները երեկ գիշեր տարան սոսկ այն պատճառով, որ չքնաղ կին ուներ, ու կինն այդ հիմա ցենտուրիոն Գլաբրոսի ինսուլայում է,― խորին տրտմությամբ հավելեց նրա զրուցակիցը, ապա, զգուշորեն շուրջը նայելով՝ շշնջաց.― Իսկ երեք օր առաջ նույն այս պանդոկում պրետորիաններն առանց որևէ պատճառի մորթեցին երկու քվիրիտի։ Երբ եկավ նրանց ցենտուրիոնը, խաբեցին, թե սպանվածները դավ էին նյութում կեսարի դեմ, իսկ մինչ այդ մահվամբ էին սպառնացել, եթե մատնենք իրենց։ Տիտուս Ավրելիոսի, ով անբիծ ու պատվելի մի մարդ էր և ճարտասանություն էր ուսուցանում պատանիներին, ընտանիքի բոլոր չափահաս անդամներին մահվան տարան, որպեսզի տիրանան Հերկուլանիումի նրա վիլլային։ Ու տարածեցին, թե որդիների հետ նա պղծել էր ուզում Ագրիպինայի դամբարանը։ Մարկոս Սետեգան, ում արիության կաղնեպսակ էր շնորհել Գերմանիկոսն ինքը, պրետորիանները տարան տնից, քանի որ նա հանդգնել էր մերժել իր դստեր ձեռքը խնդրած մի հարյուրապետի։
Կալիգուլան զգաց, թե ինչպես է նվաղում սիրտը, հետո շնչառությունը կտրվեց, ասես թոքերն իսպառ ազատվեցին օդից, և նա պարանոցը պրկելով՝ ջղաձգորեն օդ էր փնտրում։
Գլուխ տասներկուերորդ
Նոմենկլատոր ստրուկը խոնարհ շարժումներով բացեց տաբիլինիումի դռները և բազուկները կրծքին հավաքած՝ անշարժացավ որպես ագալմատոլիթե մի արձան։ Կալիգուլան սրահ մտավ այլայլված և գունատ այնպես, ասես կորցրել էր իր ողջ արյունը։ Նա օրորվում էր գինովացածի պես, ու երբ դռները փակվեցին նրա թիկունքում, կացնահարվածի նման անդիմադիր՝ փլվեց բազմոցին, անուժությունից փակվեցին նրա աչքերը։ Քիչ անց փափուկ մի բանի հպում զգաց նա իր կրծքին։ Բացելով աչքերը՝ Ռեմուսի կենսուրախ մռութը տեսավ հայացքի դեմ։
Տիրոջ դեմքի արտահայտությունից կապիկն զգաց նրա խիստ մտահոգ լինելը, և ակնթարթորեն կերպափոխվելով՝ կարեկից մի հայացքով նայեց նրան։
― Ամեն ինչ զուր էր, Ռեմուս,― հառաչեց Կալիգուլան տխրաձայն՝ ափով քնքշորեն շոյելով կապիկի գլուխը,― և անիմաստ. արյու՛նը, որ թափեցի, տառապա՛նքը, որ կրեցի, ձգտու՛մը, որ փայփայեցի․․․
Կապիկը սևեռուն նայում էր նրա աչքերի մեջ, ասես այդ կերպ ուզում էր դուրս քաշել-կլանել տիրոջը համակած տրտմությունը։
Կալիգուլան գլուխը վշտաբեկ տարուբերեց բազմոցի ծիրանե ծոփքերի վրայով։
― Ամենն անիմաստ էր, Ռեմուս․․․ իմ պրետորիանները, ում միջոցով կարգի էի ուզում բերել աշխարհը, անվստահելի են, այլասերված՝ ամենքի նման. նրանք յուրացրել են սպանվածների գույքը, գինետներում անմեղ մարդկանց են մորթել ու տարածել, թե իմ հրամանն է դա։ Եվ որ սոսկալին է՝ նրանք ոչնչացրել են շատերին սակավաթիվ այն մարդկանցից, ում թողնելու էի ապրելու աշխարհում՝ որպես աստվածային նոր էակների նախահայրեր․․․ Օ՜, Ռեմու՜ս, Ռեմու՜ս, դու չգիտես, թե որքա՜ն երջանիկ ես, որ մարդ չես ծնվել և ունակ չես ճանաչելու նրանց․․․
Կալիգուլան դադար տվեց մի պահ, և ապա, ասես կապիկը սպասում էր իր խոսքի ավարտին, շարունակեց՝ զայրույթից ատամները ստեպ-ստեպ միմյանց սեղմելով.
― Ես սպանեցի պրետորիաններից յուրաքանչյուր երրորդին. ցած նետեցի իմ իսկ ձեռքով նրանց Տարպեյան ժայռի կատարից, իսկ բոլոր լրտեսներին, քանի որ նրանք կեղծ լուրեր էին բերել՝ այդ կերպ ազատվելու համար իրենց ախոյաններից, հրամայեցի մորթել պալատի լճակի ափին, որն արնալեցուն է այս պահին։ Օ՜, բայց դա չէ, որ վհատեցրեց ինձ, Ռեմուս. հանուն աշխարհի անաղարտացման ես պատրաստ էի մեն-միայնակ ոչնչացնել թեկուզ միլիոն մարդու․․․ Ես պարզեցի ահավորը․․․ Ես գիտեի, որ ստորաքարշությամբ ստեղծված հացով սնված երեխան նվազ պիտանի է աշխարհին, և վաղուց մտածում էի մեկուսացնել նրանց իրենց ծնողներից։ Բայց այսօր իջա Քաղաք ու հռոմեացի երեխաների հոգու ներսը նայելով՝ զարհուրեցի իմ տեսածից. նրանց վտիտ մարմինների մեջ քնած էին բոլոր արատները մարդկային․․․
Կալիգուլայի ձայնը բեկբեկվեց, կարծես հենց նոր նա իմացավ չարաղետ այդ լուրը։ Եվ անզորությունից կծոտեց շուրթերը, ափով տրորեց դեմքը։
― Ես չգիտեմ՝ դա անցել էր նրանց ծնողների՞ց, թե՞ Չար մի ուժ էր վարվել այդկերպ, բայց ակնհայտ է, որ արատներն այդ զարթնելու են քնից՝ նրանց չափահասության հետ, և ոչինչ անկարող կլինի խանգարել դրան՝ ո՛չ դաստիարակությունը, ո՛չ օրինակը, ո՛չ կատարյալ մեկուսացումը հասարակությունից․․․ Ինձ անհայտ է արմատը Չարի, և ես չգիտեմ՝ ինչպե՞ս ազատել աշխարհը նրանից,― Կալիգուլան տարակուսանքով ձեռքերը կողք տարածեց։― Մարդկությանը կարգի բերել անհնար է, Ռեմուս, և անիրականանալի խնդիր էր դրված իմ առջև։ Դառն է խոստովանելը ու նաև ծիծաղելի, բայց ես էտրուսկյան հեքիաթի այն միամիտին եմ հիմա նման, որ փորձում էր խմելով ցամաքեցնել գետը հորդառատ․․․ Մարդկությանը կարգի բերել անհնար է, Ռեմուս, և չեմ հասկանում այլևս, թե ո՞րն է իմաստն ապրելուս։ Մինչ այժմ ինձ ոգեշնչում էր աշխարհը կարգի բերելու ձգտումը, իսկ հիմա՞․․․ Հիմա ժամանակն անիմաստ հոսում է իմ կողքով, և ես չունեմ այլևս անելիք աշխարհում այս՝ ընդլուսնյա։
Նա հառաչեց տխրաձայն։
― Ինչո՞վ եմ լցնելու իմ օրերը մնացյալ։ Այլոց նման ե՞ս էլ կյանքի իմաստ դարձնեմ ինձանից հետո մեկ-երկու զավակ թողնելը,― (որպիսի մանր նպատակ. սոսկ երկու մարդու ավելացում աշխարհում ապրող հարյուր միլիոնի մեջ),― և արմունկներով հրհրե՞մ ամենքին, ճնշե՞մ կամ նվաստանա՞մ՝ հանուն զավակներիս կուշտության։ Բայց մի՞թե ամենից հետո, որ կատարվեց, կարող եմ տրվել այսպիսի նպատակներին, Ռեմուս։ Օ՜, ոչ, դա սոսկալի է մահից։ Ես լավ է մեռնեմ․․․ մեռնեմ հենց հիմա, մեռնեմ դաշույնից, ինչպես բոլոր Գայոս Կեսարները նախորդ ․․․ Ես տենչում եմ հիմա, որ նրանց նման ինձ էլ դավը տանի․․․ Երկրային կյանքը ոչինչ է ինձ համար այլևս և չարժե այն արտասուքի։ Եվ ինչու՞ են մարդիկ սոսկում մահից, Ռեմուս. չե՜մ հասկանում. չէ՞ որ աշխարհին դրանից ոչինչ չի պատահում և ոչնչություն է դա աշխարհի համար. եթե ես չլինեմ այլևս՝ մի՞թե որևէ բան կփոխվի աշխարհում. արևին ոչինչ չի պատահի, Տիբրոսն անխափան իր ջրերը կտանի ծով, թռչուններն իրենց կեռմանները կօրորեն օդում․․․ Այդ դեպքում արժե՞ տառապել ոչնչության կորստի համար․․․
Մի հզոր լույս շողարձակեց այդ պահին սրահում։ Կալիգուլան, մտքերից կտրվելով, դարձավ դեպի լույսն, ու նրա հայացքի դեմ, կուրացնող ցոլքերի մեջ, պատկերացավ Ագրիպինան, այնքան իրական և հմայիչ, որ չէր կարողանում հասկանալ՝ աննյութ ուրվակա՞ն է իր առջև, թե՞ մարմին։
Հաճելի մի ժպիտ էր փեռեկում Ագրիպինայի շուրթերը, մեղմ մի հով օրորում էր նրա զգեստները. վարսերի մեջ ադամանդազարդ հերակալ էր պսպղում, որից մանուշակագույն մի քող էր իջնում մարմարի հատակին։
Կալիգուլան մոլորված շուրջը նայեց մի պահ, ասես կամենում էր վերջնականորեն պարզել՝ երազու՞մ է ինքը, թե՞ արթուն, ապա ոտքի ելնելով՝ հարցրեց հուզված.
― Մա՞յր, դու՞, ինչու՞ ես եկել։
Ագրիպինան չարձագանքեց, այլ ափերն առաջ պարզեց ու թովիչ մի հայացքով նայեց որդուն։
Անակնկալից ու խորհրդավորությունից Կալիգուլայի շունչը կտրվում էր, և հմայվածի պես գնաց դեպի մայրը, ամեն ակնթարթ երկյուղելով, թե նա կանէանա նորեն։ Ու չնկատեց, թե ինչպես ոտքը խճճվեց հատակին թափված իրերի մեջ, որոնցով Ռեմուսն էր խաղացել, կորցրեց հավասարակշռությունը և ձեռքերը ջղաձիգ կողք տարածեց, ասես կառչել էր ուզում եթերից։ Նա ընկավ ու գլուխը դիպավ եռոտանի մարդահասակ աշտանակին. հարվածից այն աղմուկով շուռ եկավ նրա կողքին և այրվող յուղերի հետ կրակը տարածվեց հատակին։
― Այս պիղծ պալատի մեջ իրերն են անգամ իմ մահն ուզում, մայր,― շշնջաց Կալիգուլան նվաղող ձայնով ու անշարժացավ։
Ռեմուսն աղիողորմ ճչալով ու մազերը գլխից պոկելով՝ պտտվում էր նրա շուրջը։
Կալիգուլային նախ զարմանք համակեց, որ անկումն իր անսովոր երկար է տևում, հետո նրան թվաց, թե աներևույթ ինչ-որ ուժեր իրեն առան իրենց թևերին և տարան խավարի միջով։ Շատ չանցած՝ միայն գծերից բաղկացած աննյութական ու շարժուն մարմիններ երևացին նրան, որ անկարող է մարդն ստեղծել և կամ նկարագրել, քանի որ չափն այնտեղ սոսկ երեք չէր։ Անկշիռ էին դրանք, կարծես թե սնամեջ, սարսափելիորեն տարածական և մութ անսահմանության մեջ ձևափոխվում էին անդադար՝ հրամանով մի անլսելի կամ թե օրենքով անիմանալի։
Կալիգուլան տեսնում էր անչափ մոտիկից հարափոփոխ մարմիններն այդ, և ասես լողում էր դրանց միջև։ Նրա համար և՛ հետաքրքիր էր անչափ, և՛ զարմանալի, որին նաև երկյուղ էր խառնված։
Նա անցավ մարմինների կողքով, հետո եթերը միանգամից ողողվեց պայծառ լույսով ու նրա առջև՝ ցածում, սփռվեց ահռելիորեն հսկա մի թագ՝ ատամնավոր եզրազարդերով։ Նա տեսնում էր թագը թռչնի բարձրությունից, այն գրավում էր իրեն ինչ-որ խորհրդավորությամբ, և բազեի պես ճախրելով, բազեից էլ թեթև, սահեց ցած՝ զննելու այն, բայց հանկարծ պտտվելով՝ թագը նրա աչքերի առջև վերածվեց ատամնավոր բարձրաբերձ շրջապարսպի։ Նա չհասցրեց հասկանալ՝ ի՞նչ է կատարվում ցածում, երբ շրջապարիսպը նույն կերպ պտտվելով՝ կերպափոխվեց սրագագաթ կիպարիսներով եզերված բացատի։ Հետո տարօրինակ մեղեդու խուլ ձայներ հասան նրան, որը հնարավոր չէր նվագել որևէ գործիքով։ Այդ ձայնը գալիս էր բոլոր կողմերից, որն անհնար է ընդլուսնյա նյութական աշխարհում։
Թռչնի նման եթերի մեջ ճախրելով՝ նա ակամա զննում էր շուրջբոլորը՝ պարզելու համար, թե ո՞վ է նվագում, և հայացքի դեմ լեռների վրա դարսդարսված գունատ ամպեր տեսավ, որոնք հանկարծ սկսեցին տատանվել դոնդողի նման. ասես անտեսանելի հսկա մի ձեռք օրորում էր նրանց։ Ամպերի միջից ողորկ, գերանի նման երկար մի իր դուրս թռավ, ասես արձակված էր այն կատապուլտից, ու թեքությամբ սլացավ դեպի վեր՝ ձիուց էլ արագ, նետից էլ արագ, քամուց էլ արագ։ Զարմացած նայում էր Կալիգուլան վեր ու նրան թվում էր, թե ինքն էլ է սլանում ճիշտ նույն թեքությամբ և արագությամբ, ու այն զգացողությունն ուներ, թե ինքը երկատված է ու միաժամանակ նաև ամպերից ելած տարօրինակ իրի մեջ է։
Դեպի վեր շարժումը տևեց բավական երկար, հետո նա իրեն գտավ անեզր ու մութ տարածության մեջ։ Մի լույս ծագեց խավարի միջից ու սլանալով վեր՝ անհետացավ։ Հետո երկրորդը, երրորդը։ Այն զգացողությունն ունեցավ, թե սարսափելիորեն հեռացել է երկրից, անգամ ավելի վեր է, քան չծնվածների հոգիներն են լինում։ Նա զգում էր, որ իրենից վեր ու իր շուրջը անսահմանի մեջ լուծված անըմբռնելի և անշոշափելի ինչ-որ էություն կա, որը երկյուղ էր ծնում նրա հոգում։ Թույլ, եթերը բռնած դժժոց էր հասնում նրան, որից թրթռում էին հոգու ատոմները ու, ինքն էլ չէր հասկանում, թե ինչու, դժժոցն այդ նրան ամենակարող էր թվում։ Նա այն զգացողությունն ուներ, թե անըմբռնելի այդ էությունն ի՛նքն է որոշում աշխարհի և մարդկանց ճակատագիրը․․․
Կալիգուլան դանդաղ կտրեց գլուխը հատակից ու հայացքի դեմ տեսնելով Ռեմուսի տագնապած մռութը՝ արտաբերեց տխրաձայն.
― Օ՜, հարպիաներ, ես դեռ ո՞ղջ եմ․․․ անե՛ծք․․․
Եվ դեմքին խոր հիասթափության արտահայտություն՝ նորից անշարժացավ։ Այդպես մնաց առժամանակ, ասես ուշքի էր գալիս, ապա ծանրացած շարժումներով նստեց հատակին, որպես հասարակ մի մատռվակ։
― Տարօրինակ էր,― ասաց նա Ռեմուսին՝ գլուխը խոր տարակուսանքով օրորելով,― այն, ինչ պատկերացավ ինձ, տարօրինակ էր, անբացատրելի ու երանելի, և ափսոսում եմ վերադարձիս համար։
Հետո որոնող հայացքով մի պահ շուրջը նայեց և շարունակեց շշուկով, ասես աներևույթ ինչ-որ ոգիներ կարող էին լսել իրեն.
― Կարծես թե այն Աստված էր, Ռեմու՛ս՝ նոր Աստված, որին տեսնել հնարավոր չէ, որը մարմին չէ ու տարածված է եթերի մեջ, որում նաև մենք ենք։ Նա մենակ է, նա միակն է ու չկա ոչինչ նրան հավասար։
Կալիգուլան լռեց և հայացքը դեպի անորոշ հեռուն հառելով՝ արձանացավ մեկ րոպեի չափ։ Հետո հանկարծ ելավ հապճեպ ու ասես ինչ-որ բանից ահաբեկված՝ գրկեց Ռեմուսին։ Կապիկը երկյուղ և զարմանք տեսավ նրա աչքերի մեջ։
Ռեմուսին կրծքին սեղմած՝ Կալիգուլան մի պահ նայեց վեր, ապա հայացքը դանդաղ ետ բերելով՝ շշնջաց.
― Ես գիտեմ արդեն, Ռեմուս, թե ո՞րն է աշխարհի դժբախտության պատճառը. դա ե՛ս չեմ պարզել ամենևին, դա ինձ հուշեցին, երբ անզգա էի, իսկ թե ո՞վ՝ ինքս էլ չգիտեմ։
Նա դադար տվեց ու խիստ կարևոր լուր հաղորդողի խորհրդավորությամբ նայեց Ռեմուսի աչքերի մեջ։
― Գիտե՞ս ով է մեղավոր, որ մարդիկ այսպիսին են,― հարցրեց։
Ռեմուսը համակ ուշադրությամբ հետևում էր նրա շուրթերի շարժումներին։
Կալիգուլան զգուշությամբ շուրջը նայեց, ապա արտաբերեց նույն խորհրդավորությամբ.
― Աստվածնե՛րը։
Ռեմուսը չարձագանքեց նրան։
― Այո՛, այո՛, աստվածները,― կրկնեց Կալիգուլան՝ այս անգամ արդեն համարձակ։― Գիտեմ, դու մտածում ես, թե անարգում եմ աստվածներին, Ռեմուս, և մտահոգ ես, որ չեմ երկյուղում Աիդում սպասվող տանջանքներից, բայց, Ռեմուս, ինքդ էլ տեսնում ես, իմ տանջանքներն այստեղ ավելի ծանր են ու ահավոր, և դրանցից ազատվելու համար պատրաստ եմ մեռնել անգամ, ու սա սին խոսք չէ ամենևին։
Ռեմուսը կիտված հոնքերի տակից նայում էր նրան։
― Չե՞ս հավատում,― բորբոքվեց Կալիգուլան և բաց թողնելով կապիկին՝ պտտվեց տեղում, ասես փնտրում էր ինչ-որ մեկին, ու կանչեց.
― Օ՜, մա՛հ, ես թքե՛լ եմ քո վրա, ու՞ր ես, լսու՞մ ես ինձ, դու՝ Գորգո՛, կնոջ գլխով։
Ապա արագ քայլելով շրջեց սրահում, նայեց մահճակալի, վարագույրների, բազմոցի ու բազկաթոռների ետևը, կարծես մահը կարող էր այնտեղ լինել, շուռ տվեց պահարանը։
― Դե, ե՛կ, ճիվաղ, ուղարկիր քո Եքիդնային և Կերբերոսին՝ թող հոշոտեն ինձ,― ոչինչ չգտնելով՝ գոչեց նա ու տունիկան պատռեց կրծքի վրա, որ դյուրացնի իր հոգին առնելը,― ես արհամարհում եմ քեզ։
Հետո, փոքր-ինչ հանդարտվելով՝ մոտեցավ լուսամուտներին ու ետ քաշեց վարագույրը։ Անշտապ զննեց երկինքը, ապա հայացքը տարածեց Հռոմի վրայով։ Եվ ասաց խիստ մտածկոտ.
― Որպիսին աստվածներն են եթերում, այդպիսին էլ մարդիկ են երկրի վրա, Ռեմուս։
Նա սպասեց մի պահ, ասես որպեսզի Ռեմուսը հասցներ ըմբռնել իր ասածը, և շարունակեց ափսոսանքով.
― Ինչու՞ պարզագույն այս միտքն ինձ այցի չէր գալիս ավելի վաղ. այդ դեպքում ես անմտություն չէի ունենա փորձել փոխել մարդկանց։
Նա դժգոհությամբ տարուբերեց գլուխը ու բացելով դուռը՝ ելավ սրահից։
Պալատը, որի պարտեզահայաց պատշգամբում հայտնվեց նա, կամարաձև չորս մուտք ուներ, եզրերի երկուսը՝ միջանցիկ£ Անմիջապես մուտքերի վերևում՝ երկրորդ հարկում, խորանների մեջ դիցուհիների մարդահասակ արձաններ էին դրված. առաջ եկած տանիքը պահող կրկնակի սյուներն ավարտվում էին հոնիատիպ խոյակներով, որոնց հարուստ զարդանախշերի մեջ նշմարելի էին բաց երախով ցուլի գլուխներ£
― Որպիսին աստվածներն են եթերում, այդպիսին էլ մարդիկ են երկրի վրա,― կրկնեց Կալիգուլան՝ նայելով երկինք,― և զու՛ր ես դու, Զևս, սրտնեղում նրանցից ու կամենում ոչնչացնել։ Դա չի փոխի ոչինչ և մարդու նոր սերունդը կլինի ապականված, որպիսին այժմ է, քանի որ ապականված եք դուք՝ աստվածներդ։ Ա՛յ, դու, Ապոլոն,― ցասումնալից շարժումով նա ձեռքը պարզեց վեր,― որ ոչնչացրիր դժբախտ Նիոբեի զավակներին, ինչ է թե նա նախատել էր քո մայր Լետոյին, Տրոյայի տակ հույներին պատժեցիր ժանտախտով, որ կռվում էին հանուն արժանապատվության, մորթազերծեցիր Մասիասին, ինչ է թե հանդգնել էր նա երաժշտական մրցույթի մեջ մտնել քեզ հետ, խեղեցիր Կասանդրային, որ հրաժարվել էր տրվել քո հաճույքներին, իսկ Դափնեն ճարահատյալ ծառ դարձավ քո վավաշոտ հալածանքներից փրկվելու համար, դու՛, որ անգործությունից նետահարելով՝ մահ ես բերում արժանավոր մարդկանց, մի՞թե կարող ես նոր սերնդի համար ընդօրինակման արժանի լինել և կամ մեծարանքի։
Կալիգուլան սպասեց մի պահ, ասես պատասխանելու էին իրեն, ապա շարունակեց՝ հայացքը չկտրելով երկնքից.
― Դու՛, Ափրոդիտե, կախարդանք ես դրել կանացի մարմնի մեջ, որ արբեցնում է ամենքին ու մոռացնել տալիս թե իրենց, և թե աստվածներին։ Դու, որ ոչ միայն դավաճանել ես քո ամուսնուն ու զավակներ ունեցել տարբեր հայրերից, այլև քո տաճարներում քրմուհիներին պարտադրում ես փողով տրվել ամեն պատահած մարդու, ի՞նչ կարող ես սովորեցնել մարդկանց՝ անառակությունից զատ։ Դու պոռնի՛կ ես, և ոչ՝ աստված, ու քեզ նման պոռնիկներն են հիմա կուռքեր դարձել մարդկանց համար։
Նա նորից դարձավ աստվածահորը.
― Իսկ դու՛, Զևս, որ բարոյականություն ես պահանջում մարդկանցից, ինքդ այդպիսի՞ն ես արդյոք։ Համրե՞լ ես դու երբևէ քո կանանց. օգնե՞մ քեզ. ահա՝ Հերա, Լետո, Դեմետրա,― նա սկսեց համրել՝ վեր պարզած ձեռքի մատերը հերթով բացելով,― Մայա, Դիոնե, Թեմիս, Եվրինոմեք, Սեմելե, Իո, Եվրոպե, Ալկմենե, Դանայա, Կալիստո, Սելենե, Պերսեփոնե, Էլարա, Նեմեսիս, Յուռուրնա, Ափրոդիտե, Անտիոպե․․․ Դե, ասա՛ ինձ, լինելով այդպիսին՝ մի՞թե իրավունք ունես դու պարկեշտություն պահանջել ուրիշներից։ Կամ մի՞թե կարող ես խոհեմության կոչել, երբ ինքդ խանդից սպանեցիր գեղեցկատես Ադոնիսին, ինչ է թե նա նվաճել էր սերն Էրիգոնեի, որին ձգտում էիր նաև դու։ Դե, ասա՛, ի՞նչ են սովորելու մարդիկ քեզանից։
Նրան հետզհետե զայրույթ էր համակում, որից դողում էր տենդահարի նման։ Եկել էր պահը՝ վրեժխնդիր լինելու իրեն բաժին ընկած տառապանքների համար, և նա գոչեց ցասումով.
― Դու ձևացնում ես, թե աշխարհը կարգի բերելով ես մտահոգված, բայց այդ ո՞վ էր, որ Ատեին ցած նետեց Օլիմպոսից, որ հիմա մարդկանց ստիպում է խելացնոր արարքներ կատարել, ու երբ ուզում ես կործանել մեկին, նրա միջոցով զրկում ես բանականությունից։ Դու խոհեմություն ես պահանջում մարդկանցից, բայց անկարող ես դա հաստատել քո՛ իսկ տանը, ուր կռվում են անգամ միմյանց դեմ և ուր անհաշտություն է հավերժական. չէ՞ որ քո դուստր Աթենասն էր, որ մարտի պահին ուղղեց Դիոմեդեսի ձեռքը և սա խոցեց Արեսին։ Դու անգամ գողերի՛ն հովանավորող աստվածուհի ունես քո տան մեջ և դեռ հանդգնում ես պարկեշտությու՞ն պահանջել մարդկանցից։
Նրա ձայնից պարտեզի սիրամարգերն անհանգիստ ղունղունոցով թաքնվեցին մրտենիների թփերի մեջ, թռչունների տագնապած երամ ելավ օդ նոճիների պուրակից, իսկ պալատի մուտքերի մոտ հերթապահող պրետորիանները տարակուսած միմյանց նայեցին։
Նրա կոկորդը սեղմվեց արյան ուժգին հորձանքից, ձեռքերը բռունցքվեցին ակամա։
― Դու, Զևս, և քո աստվածները պատերազմներում հովանավորում եք մեկ կամ մյուս կողմին՝ մարդկանց խելամտության կոչելու փոխարեն։ Դու քո կողքին նստեցրել ես Արդարությանն ու Արդարադատությանը և նրանց միջոցով քո բոլոր արարքները ներկայացնում ես որպես անհրաժեշտություն, մինչդեռ դու ամենամեծ անարդարն ես և կարելի է քեզ գնել զոհերի առատությամբ։ Դու և քո աստվածները դժգոհում եք, որ մարդիկ խորամանկ են ու խաբեբա, բայց ո՞վ է նրանց այդպիսին դարձրել. Հերմե՛ս, սա ես քե՛զ եմ ասում։ Իսկ դու՛, Զևս, եթե իսկապես ուզում էիր մարդիկ ապրեին անբիծ, ինչու՞ էիր հապա հողածին Պանդորային ուղարկում նրանց մեջ։ Դու ի՛նքդ ես կյանքն այսպիսին դարձրել, դու ի՛նքդ ես մեղավորը մարդկանց արատավորության։ Դու ի՛նքդ ես նրանց դարձրել նյութապաշտ՝ պահանջելով շքեղ տաճարներ կառուցել քեզ համար, մինչդեռ նրանք երկրպագում էին քեզ մինչ այդ բացատներում, սարերում ու բաց տեղերում՝ պարզ զոհարանների վրա․․․
Որոտ եղավ այդ պահին ուժգին, ու թեև երկինքն անամպ էր, կայծակ զարկեց պատշգամբին, որից պալատը երերաց այնպես սաստիկ, որ Կալիգուլան հազիվ կարողացավ մնալ ոտքերի վրա։ Սկիհներ ու արձաններ շրջվեցին սրահում և փշրվեցին աղմուկով։ Ռեմուսը ճչոցով թաքնվեց մահճակալի տակ։
Քամի եղավ հանկարծահաս, որ դյուրությամբ խոնարհում էր պարտեզի նոճիները սրագագաթ։ Պտտահողմ ծագեց հեռվում՝ Կարմենտական ճանապարհի վրա, և դաշտերի փոշին օդ հանելով՝ գալարեց դեպի քաղաք՝ որպես ամեհի մի ալիք։
― Դու զայրանու՛մ ես, Զևս,― գոչեց կեսարը քամահրանքով,― դու զայրանու՛մ ես, ուրեմն ես իրավացի եմ։ Դու պարտվա՛ծ ես, Զևս, քո իշխանությանը վերջ կգա շուտով։ Այդ դու՛ ես պատճառն աշխարհի դժբախտության, և աշխարհը կազատվի քեզանից։ Քո անունը նշանակում է՝ գոռոզ, մեծամիտ, անբարտավան. մահկանացուները սարսափում են դա ասել քո երեսին, բայց ահա ե՛ս, Գայոս Կեսար Գերմանիկո՛սս, ասում եմ դա քեզ։ Դու, Զևս, որ ինքդ հայրասպա՛ն ես, զարմանու՞մ ես, որ երկրի վրա որդին ելնում է հոր, եղբայրը՝ եղբոր դեմ․․․
Նորից շանթ եղավ, ու վառվող երկնքում պատկերացավ Զևսը՝ սոսկալիորեն մռայլված։ Պրետորիանները նետեցին զենքերն ու ծնկի եկան զարհուրած, մի քանիսը նրանցից տարածվեցին գետնին։ Սակայն աստվածահոր հայտնությունը բոլորովին չահաբեկեց կեսարին, և շարունակեց խոսքն այնպես, ասես ոչինչ էլ չէր եղել.
― Դուք, աստվածներդ, ինձանից պահանջում էիք ոչնչացնել մարդկանց, տրտնջալով, թե այլասերված են անդառնալիորեն, բայց այդ մարդիկ դու՛ք եք, քանզի նրանք այնպիսին են, որպիսին ինքներդ եք։ Այդ մարդիկ ձեր հայելիներն են, նայելով նրանց՝ դուք տեսնում եք ձեզ, ու թե խորշում եք՝ ապա ինքներդ ձեզնից։ Ես, ահա՛, նայում եմ վեր, ուր դուք եք, և խորշում եմ ձեզանից։
Սարսափահար դեմքեր հայտնվեցին պալատի լուսամուտներում, որ լսածից պապանձված՝ քարացել էին արձանների պես։ Միայն Նուրծ Րան էր նայում նրան անհողդողդ մի հայացքով։
Կալիգուլան, որ չէր նկատել նրանց, շարունակեց բորբոքված.
― Դուք արարել եք ինձ ու տարել տառապանքի դաժան ուղիով, որպեսզի հլու կատարեմ պատգամը ձեր՝ ոչնչացնեմ մարդկանց, բայց ճշմարիտ ուղին այլ է, և աշխարհը կարգի բերելու համար ձե՛զ է հարկավոր ոչնչացնել՝ որպես միակ ելք։ Ու դա ես կանեմ։ Ես կոչնչացնեմ քո իշխանությունն աշխարհի վրա, Զևս, կավերեմ քո բոլոր մեհյանները, հենց հիմա ես բանագնացներ կուղարկեմ երկրի բոլոր ծայրերը՝ բերելու այստեղ քո և աստվածներիդ բոլոր արձանները և իմ ձեռքով կջախջախեմ դրանք, իսկ այժմ, ահա՛, որպեսզի չկասկածես խոստումիս իրականանալիությանը, կգնամ ու ի՛նքս կփշրեմ Կապիտոլիումի քո արձանը։ Դա ես կանե՛մ. երդվում եմ Ստիգսի ջրերով։
Քամին ուժգնացավ ու փռփռացնում էր նրա զգեստները, սպառնալով պոկել նրան պատշգամբից, և Կալիգուլան ստիպված եղավ կառչել բազրիքից ու կծկվել։ Այդ նույն միջոցին Կարմենտական ճանապարհից եկող փոշին ապտակի պես զարնվեց նրան, լցվեց աչքերը, բերանը, շնչուղիները։ Մնալով բազրիքից կառչած, Կալիգուլան հագուստի փեշով պաշտպանեց դեմքը, ապա իր կամքի վրա այսպիսի բռնացումից ամբողջովին ափերից դուրս եկած՝ ողջ հասակով կանգնեց հողմին դեմհանդիման և գոռաց ամբողջ ուժով՝ ափը տարածելով աղմուկի վրա պալատի կամարների տակ հավաքվող բազմության վրայով.
― Անօգու՛տ է՝ դու պարտվա՛ծ ես արդեն, թեկուզ ոչնչացնես ինձ ինքդ կամ դա անես մարդկային այս ճիվաղների ձեռքով։ Դու արի՛ ես ձևանում, բայց իրականում երկչոտ ես. չէ՞ որ այդ դու՛ էիր, որ հրաժարվեցիր չքնաղագեղ Թետիսից, ի՛նչ է թե գուշակել էին, որ նրա որդին զորեղ է լինելու հորից։ Եթե դու երկյուղում ես քո իսկ զավակից, ինչպե՞ս կարող ես լինել աստված ամենակարող և արդար տերը աշխարհի։
Ու հապշտապ, ասես աներևույթ ինչ-որ ուժեր խանգարելու էին իրեն, նա ներս անցավ սրահ և դռները ջարդելով՝ խելագարի պես սուրաց դեպի պալատի ելքը։
Միջանցքներում նրան դեմ հանդիման դուրս եկավ Կլավդիոսը, որ ստրուկի ուղեկցությամբ վերադառնում էր ճաշասրահից։
― Պահպանի՛ր առողջությունդ, հորեղբայր. այն քեզ դեռ պետք է գալու,― նետեց կեսարը հընթացս՝ սուրալով նրա կողքով։
Կլավդիոսը չհասկացավ նրա խոսքերի իմաստը և հանդիպման անակնկալությունից գունատված՝ հազիվ հասցրեց փրկվել ոտնատակվելուց, ու ոսկեզօծ սյանը սեղմվելով՝ շունչը պահած և քարացած նայում էր կեսարի ետևից։
― ․․․ Պահպանի՛ր, շուտով կեսա՛ր ես դառնալու քո նմանների,― լսվեց Կալիգուլայի ձայնն արդեն ներքին հարկաբաժնից, ու հեռացող մի դիվային քրքիջ ցնցեց պալատը։
Գլուխ տասներեքերորդ
Պրետորիաններ շտապեցին նրա ետևից, թեև նա ոչ մեկին չէր ձայնել, ու դեռ շքամուտքի աստիճաններին վահաններով և իրենց մարմիններով պատսպարելով հողմից, ուղեկցեցին նրան՝ չիմանալով, թե ուր։
Քամին ծածանում էր նրանց ալ թիկնոցները դրոշի նման, հուժկու գրոհներով ջանում խլել վահանները նրանց ձեռքից, ու չտապալվելու համար պրետորիանները հընթացս կառչում էին միմյանցից, կծկվում։
Որոտ եղավ նորից, ու երկիրը ցնցվեց ալեբախված նավի նման, սալարկը ճեղքվեց նրանց առջև կանգունաչափ. ընդերքից ելած բոցե լեզուներ քսվեցին նրանց կալիգաներին։ Շիկացած քարեր թափվեցին եթերից՝ ծծմբի խեղդող հոտ արձակելով, ու պրետորիաններից մի քանիսն անձայն մի հրամանով կեսարին առան վահանների տակ։ Երկու թիկնապահ տապալվեց քարերի հարվածներից, երրորդին հողմը պոկեց խմբից ու թավալեց դեպի Ժեմոնիների աստիճանամերձ բազրիքները։ Մնացյալը կրիա կազմած, քամու դեմ մաքառելով ու քարերից պաշտպանվելով, կրիայի պես դանդաղ գնացին դեպի տաճարները։
Երբ անցնում էին Միներվայի տաճարի մոտով, Կալիգուլան կարգադրեց մուրճ բերել իրեն։
Հսկա կառույցներով եզերված տաճարային հրապարակում հողմն արդեն սաստիկ չէր. երկու զինվոր առանձնացան՝ բերելու պահանջվածը։
Եթերն այդ միջոցին ողողվեց կուրացուցիչ փայլով, ասես աստղեր էին այրվում երկնքում, շանթեր թափվեցին ամենուր՝ պատառոտելով երկիրը։ Տարերքի ահից տաճարների ծածկահարթակներում խռնված քրմերն ու սրբազնագործության եկած քվիրիտները մեկ մարդու նման ծնկի իջան աստվածների զայրույթի առջև ու փոշի ցանելով իրենց վրա՝ աղոթեցին միացված ափերը հայացքի դեմ պահած։ Իսկ անվրդով իր ճամփան գնացող կեսարի շքախումբն ասես հրե ծովի մեջ լողացող առասպելական մի խենթ էակ լիներ, որի վրա խտացած լույսեր էին թափվում։
Զևսի տաճարի ծածկահարթակի վրա, ուր ապահով էր արդեն քարե հարվածներից, պրետորիանները քանդեցին կրիան և այնտեղ հավաքված բազմությանը հեռացրին դռներից։
Մռայլված հոնքերի տակից ահեղորեն շուրջը նայելով՝ կեսարն առաջացավ բացված միջանցքով։ Քրմապետական հմայիլը չարագույժ փայլով տարուբերվում էր նրա կրծքին։
Նրա աստվածային վեհությունից երկյուղած՝ քրմերը հեզորեն կողմ էին քաշվում և անիմանալի տագնապ աչքերում՝ աղոթում անձայն, վարսերին ոսկյա սանրեր կրող և արմավենիների ոստեր բռնած հիերոդուլները, երբ նա անցնում էր, ծնկի էին գալիս ու համբուրում գետինը, որ դեռ պահում էր նրա մարմնի ջերմությունը։
Կալիգուլան չլվաց ձեռքերը սրբազան ջրով, ինչպես ընդունված էր, արագ քայլերով անցավ դռների միջով և մտավ տաճար։ Բազմությունն անշշուկ սողաց նրա ետևից։
Նեղ երդիկից ներս թափանցած երերացող լույսն անզոր էր փարատել խավարը, և բազմաթիվ ջահեր էին վառվում զանգվածեղ առաստաղը պահող կորնթոսյան սյուների վրա ու աշտանակներ՝ անկյուններում։
Քիչ առաջ զոհաբերություն էր կատարվել, և բագիններից մեկի մոտ պսակներով ու ժապավեններով զարդարված սևաբուրդ մի ամիկ էր ընկած։ Իսկ խորքում, ուր ջահերն առատ էին և օդը բռնված էր նեկտարի բույրով, քանդակազարդ քարե գահին վեհորեն բազմել էր Զևսը՝ կողք տարածած ձախ ձեռքին արծվակերպ գավազան, իսկ մյուսում՝ թևավոր մոյրա կրող գունդ էր։
Աստվածահոր փառահեղ ու առնական տեսքը կախարդանքի պես մի պահ ներգործեց կեսարի վրա, և միայն իրեն լսելի մի ձայն հուշեց ծնկի գալ ու խոնարհվել՝ ինչպես եղել էր միշտ։ Մուրճը նույնիսկ փոքր ինչ սահեց նրա թուլացած ափի միջով, բայց հաջորդ ակնթարթին նա ցնցվեց կաթվածահարի պես, աչքերն արնագունեցին նկատելիորեն՝ ասես իր առջև ոխերիմ թշնամու զորաշարք էր, մկանները պրկվեցին անիմանալի մի զգացողությունից ու գոռալով ողջ ուժով, որն ավելի շուտ վիրավոր առյուծի մռնչյուն էր հիշեցնում, մարտի նետվող վետերան լեգեոների նման ատելությունից կուրացած՝ սուրաց դեպի Զևսը և հուժկու մի հարվածով թռցրեց արձանի առաջ պարզած ձեռքը։ Հարվածի թափից նա թեքվեց և կիսապտույտ գործելով՝ դժվարությամբ պահեց հավասարակշռությունը, ապա մուրճը ետ բերեց ու ջարդեց մյուս ձեռքը ևս։ Հետո, կանգնելով այլևս անպաշտպան Աստվածահոր առջև, նայեց նրան այլայլված հայացքով ու հևասպառ. նրա աչքերը պսպղում էին ատելությունից։
― Ես կոչնչացնե՛մ քեզ,― նետեց թունոտ և ծանր երկաթը սոսկումով իջեցրեց Զևսի գլխին այնպես արագ, ասես արձանը կարող էր հասցնել խոցել իրեն։
Սարսուռի հողմ անցավ կեսարի ետևից տաճար մտած սպասավորների դեմքերի վրայով, սարսափի մի ճիչ պատառոտեց եթերը, մի քանիսը նրանցից ցած սահեցին ուշագնա, մյուսներն արագ ծածկեցին երեսները՝ չտեսնելու համար սրբապղծությունը։
Աղմուկի վրա Կալիգուլան դարձավ դեպի բազմությունը։ Նրա դեմքն այնքան ահարկու էր, որ սրբազնագործության եկած կանայք փախան տաճարից, իսկ մնացյալը սեղմվեցին դեպի պատերը, սոսկ պրետորիանները մնացին իրենց տեղում կանգնած, որ Աստվածահոր հանդեպ ունեցած պատկառանքից հանել էին սաղավարտներն ու պահել ձեռքերի վրա։
― Զևսն այլևս աստված չէ,― ասաց Կալիգուլան նրանց վստահ,― նա ոչինչ է այլևս,― և որպես հավաստում իր խոսքերի՝ մուրճով հարվածեց արձանի դեմքին։ Կարծր գրանիտը ետ մղեց հարվածը, մնալով անվնաս։ Դա բորբոքումի նոր ալիք ծնեց նրա հոգում։
― Դու աստված չե՛ս, Զևս, դու այլևս աստվա՛ծ չես,― կանչեց նա ինքնամոռաց՝ հարված հարվածի ետևից հասցնելով արձանին։― Մեզ նո՛ր աստված է հարկավոր, որը Թանատոսի նման կլինի անկաշառ, չի լինի մարդակերպ, չի ունենա կին և ընտանիք ու չի սնվի մարդու պես, քանի որ եթե ունենա պահանջմունք, չի կարող այլևս լինել արդար ու երանելի։ Նրա միտքը երբևէ չի տրվի վայելքին, չի երկյուղի ոչնչից և այդ արատները նրանից չեն անցնի մարդկանց։ Մենք կունենա՛նք այդ Աստվածը, մենք կգտնե՛նք նրան ու կգնա՛նք դեպի նա՝ որպես մոլորյալ զավակներ։ Իսկ դու աստված չես. իմ պատկերն է ամենուր դրվելու քո արձանների վրա, ես կզուգեմ դրանք իմ հագուստներով ու մարդկանց կստիպեմ երկրպագել ինձ՝ որ քեզ մոռանան։
Նա զարկում էր ահագնացող խելահեղությամբ, ու ամեն զարկի հետ շանթ էր հարվածում տաճարի տանիքին, որ ահաբեկում էր պապանձված բազմությանը։
Նա հարվածում էր անդադար, որպես ջրով կամ թե հողմով գործող մի մեքենա, և չէր զգում հոգնություն. ասես մկաններն անզգայացրել էին սառույցով։ Քրտինք էր ծորում նրա դեմքից, որից աչքերը մրմռում էին, խոնավացումից մարմնին կպած հագուստն ընդգծում էր մկանների պիրկ կծկումները, որոնցից ատելություն էր ճառագում։
Ստվարացած բազմությունն անձայն աղոթում էր. ոչ ոք չէր ուզում օգնության հասնել նրան, քանի որ սարսափում էին աստվածների հոր արձանի վրա ձեռք բարձրացնելուց, ու նաև ոչ ոք չէր հանդգնում կաշկանդել նրան, քանզի երկյուղում էին նրա զայրույթից։
Բեկորներ էին թռչում բոլոր ուղղություններով, և բազմության սարսափահար աչքերի առջև Զևսի փառահեղ գլուխն այլակերպվում էր հետզհետե ու վերանում։
― Դու աստվա՛ծ չես, դու չկա՛ս, գոյություն չունե՛ս,― խանդավառ կանչում էր Կալիգուլան ամեն անգամ, երբ հաջողվում էր մեծ բեկոր պոկել արձանից։
Երբ վերջապես արձանը մնաց առանց գլխի, Կալիգուլան ետ գնաց մի քանի քայլ և անչափ մեծ գործ արած մարդու ինքնագոհ հայացքով զննեց այն։ Արվածը դուր եկավ իրեն, և դարձավ պրետորիաններին.
― Գնացե՛ք Մարսյան դաշտ, գնացե՛ք և ոչնչացրե՛ք աստվածների բոլոր արձանները։
Թիկնապահները վարանեցին անհապաղ կատարել կեսարի կամքը և մոլորված՝ ցենտուրիոնին էին նայում, իսկ նրա դեմքը կերպասի գույն էր ստացել. նա Մակրոնից հրաման ուներ ոչ մի դեպքում կեսարին չթողնել բազմության դեմ մենակ ու անպաշտպան։ Նրա հոգին աղետ էր կանխագուշակում, և կարծում էր, թե կեսարն ի՛նքը ձգտում է անպաշտպանության։
― Ու՞մ եմ ասում, ո՛րդ,― որոտաց Կալիգուլան ցենտուրիոնի վրա՝ ոտքը գետին զարկելով,― այս որքա՞ն ես լկտիացել, որ հանդգնում ես արեն չկատարել կեսարիդ հրամանը։
Ցենտուրիոնը ձգվեց՝ ձեռքը զրահին զարկելով ու գլխահակ դուրս եկավ։ Իրեն հետևած թիկնապահներին տաճարի բակում կարգադրեց զորաշարք կազմել, ու նրանք արցունք տեսան նրա աչքերում։
Այդ նույն միջոցին Կալիգուլայի հայացքն ընկավ նշանավոր հռոմեացիների կիսանդրիներին, որ մարդահասակ պատվանդանների վրա շարված էին պատերի երկայնքով։ Նա հոգնաբեկ ու դանդաղաքայլ մոտեցավ և ուշադիր զննելով բոլոր արձանները, հարցրեց այնպես, ասես դրանք կարող էին պատասխանել իրեն.
― Ո՞ւմ եք ծառայել, քվիրիտնե՛ր, և հանուն ո՞ր վեհ գործի. դու՛, աշխարհը թամբած Հուլիոս Կեսար կամ թեկուզ դու՝ Օկտավիանոս, որ նաև Օգոստոս ես կոչվում, հանուն անցողիկ մեծարումի փա՞ռքն եք ավելացրել պիղծ աստվածների՝ ձեր պիղծ գործերով։ Ի՞նչ եք բերել աշխարհին արյունից, ավերից, ստրկացումից բացի. ցոփությու՛ն, այլոց կեղեքումով ստեղծված պերճանքի մեջ շնացու՛մ, նյութի առջև ստորացու՛մ։ Ու դրա համար փառաբանու՞մ են ձեզ՝ ձեր հիշատակը ոչնչացնելու փոխարեն։ Օ՜, ոչ,― նա գլուխը տարուբերեց սուր ցավ ապրող մարդու նման,― անարդարությունն այս հիմա վերջ կունենա. ես կոչնչացնեմ ձե՛զ էլ, և դուք այլևս պանեգիրիկոսներ չեք լսի տաճարում այս՝ այլև՛ս անանուն․․․
Այս ասելով նա խելահեղ խանդավառությամբ մուրճի հարվածներով այլանդակեց կիսանդրիներից մի քանիսը, մնացյալը տապալեց, ապա, արդեն բոլորովին ուժասպառ, փլվեց շրջված կիսանդրիներից մեկին ու արտաբերեց դառնությամբ.
― Օ՜, ինչու՞ եմ ապրում հինգերորդ սերնդի մարդկանց մեջ,
Ինչու՞ չեմ մեռել առաջ կամ ծնվել հետո․․․
Նա մեջքը հենեց պատին ու հայացքը, որի մեջ կանգ էր առել ժամանակը, հառեց երդիկից դուրս։ Վայրկյան անց նրա դեմքը չէր արտահայտում այլևս ո՛չ տառապանք, ո՛չ ափսոսանք, ո՛չ բավականություն. ասես անտես մի ոգի առել էր նրանից բոլոր հույզերը, ու նա կարծես թե տաճարում չէր։
Բազմության անզգույշ աղմուկը նրան ետ բերեց իրականություն։ Դանդաղ, ասես մկանները քարացել էին, Կալիգուլան, գլուխը չկտրելով պատից, հայացքը դարձրեց դեպի տաճարի ելքը, և մարդիկ նրան գունագեղ հագուստներով պճնված արձանախումբ երևացին, որոնց մոռացել էր տապալել։
«Այս մարդիկ ինձ չեն հասկանա,― մտածեց նա ակամա՝ անկիրք մի հայացքով նայելով նրանց, ― այս մարդիկ ինձ չեն հասկանա երբեք ու այդպես էլ կխարխափեն խավարի մեջ։ Նրանց աչքե՜րը․․․, օ՜, ինչպե՜ս են նայում ինձ. նրանք ամենքը կարծում են, թե ե՛ս եմ իրենց անառակ դարձրել, մինչդեռ այդպիսի՛ն են իրենք իրականում. նրանց թվում է, թե ե՛ս եմ մեղավորն իրենց ստրկամտության, վավաշոտության, ծախուության, արատավորության, մինչդեռ իրենք այդպիսի՛ն եղել են նույնիսկ մինչ իմ այս աշխարհ գալը․․․ Նրանք բոլորն իրենց սրտերում փայփայում են մի միտք՝ հիմարաբար կարծելով, որ եթե ես չլինեմ, իրենք պարկեշտ կլինեն ու քաջարի։ Նրանք բոլորը համակված են ինձ մեռած տեսնելու տենչով, նրանք բոլորն իմ մահն են ուզում ․․․ ինձանից ո՛չ առավել»։
Կալիգուլան գետնին գցեց մուրճը, որ մեքենայորեն շարունակում էր պահել ձեռքում, էլի մի պահ նայեց բազմությանը, ապա պատին հենվելով, ելավ ու դժվարությամբ քայլելով, գնաց դեպի տաճարի դռները՝ ինքն իրեն խոսելով.
― Ձեր մեջ մեռնելն ինձ համար գերադասելի է ձեզ հետ ապրելուց։ Ես հոգնել եմ խելացնոր հևքից այս, ես հոգնել եմ խելագարվելուց։ Ես հոգնել եմ ձեր որդության գաղջությունից, որից մարմինս պատվում է ցավաբեր ցանով։ Ես իմ մահո՛վ կապացուցեմ ձեր հույսերի սնանկությունը, ու դուք կիմանաք, որ ձեր վիճակի ողորմելիության պատճառն իմ գոյությունը չէ ամենևին․․․ Ես հոգնել եմ իմ գոյությունից, ես, որ ապրողներից առաջի՛նը զգացի իրական Աստծո շունչը, գնում եմ դեպի Նա, որ միակն է և ստեղծել է աշխարհն այս։ Ես նվիրում եմ ինձ Նրան, ես դառնում եմ քուրմ՝ իմ Աստծո համար․․․
Նրա կիսակենդան հայացքից սարսափած բազմությունը հրմշտվելով դուրս հորդաց բակ, կարծես զինավառ փաղանգ էր գալիս դեպի իրենց։
― Բանական ամեն մարդ, դառնալով կեսարը մարդու ձեր տեսակի, խելագարվելու է անխուսափելիորեն,― հայացքով հալածելով ետ-ետ սողացող բազմությանը՝ Կալիգուլան դիմեց նրանց,― ինչպես պատահեց ինձ հետ։ Եվ աղետից այդ խուսափելու մի հնար կա միայն. ձեր կեսարն ի սկզբանե՛ խելառ պիտի լինի։ Ես գիտեմ այդպիսի մեկին, որ արժանի է ձեզ. իմ խորթ հորեղբայր Կլավդիոսն է դա։ Այո՛, այո՛, Կլավդիոսը, հենց նա,― քամահրալից մի ժպիտ ակոսեց նրա դեմքը։― Նրա մայր Անտոնիան ասում էր, որ նա այլանդակն է մարդկանց մեջ, որ բնությունը սկսել է նրան, բայց չի ավարտել, և ցանկանալով որևէ մեկին կշտամբել բթամտության համար, ասում էր՝ «իմ Կլավդիոսից էլ հիմար է»։ Կլավդիոսն, իհարկե, տարածում է, թե հիմար է ձևանում, երկյուղելով, թե կոչնչացնեմ իրեն, բայց ձևացող հիմար չի լինում. դուք դա գիտեք։ Ես նրան չեմ ոչնչացրել դիտավորյալ, որպեսզի կեսար կարգեմ ձեր այս խառնամբոխի գլխին, և այնժա՛մ միայն դուք հստակ կիմանաք, թե ի՛նչ ասել է խելառություն։ Ու երանի կտաք ինձ։
Կալիգուլան դուրս եկավ տաճարից և ծածկահարթակի բարձրությունից շուրջը նայեց։
Օրը պարզվել էր ու դարձել արևամած, երկնքից թափված քարերը հալվել՝ անէացել էին և թանձր ծուխ էր վեր ելնում այս ու այնտեղ։ Ցածում տարածված քաղաքը երևում էր անաղարտ՝ ինչպես ափի մեջ։
Հռոմի տեսքը գրգռեց նրան, և թևերն առաջ պարզելով՝ կանչեց նա արհամարհալից.
― Ողջու՛յն քեզ, ատելի՛ Քաղաք՝ բույն մողեսների և որդերի։ Օ՜, որքան ճիշտ էիր դու, էրգաստուլում սովահարված Յուգուրթա, երբ ասում էիր, թե պիղծ Քաղաքն այս ի՛նքը պատրաստ է ծախվելու, եթե գտնվի հարմար գնորդ։ Օ՜, Ակկա Լարենցիա, դու, որ խնամում էիր ջրաբեր զույգին, չգիտեի՞ր արդյոք, թե որպիսի աղետ ես բերում աշխարհին։ Իսկ դուք, անիծյա՛լ սագեր, եթե ձեր հիմար աղմուկով չխախտեիք անդորրը գիշերվա, ճղճիմ այս Քաղաքի տեղում դաշտեր կլինեին հիմա կանաչազարդ և հողը ծանրացած չէր լինի մարդուկներով, որ խորանալ գիտեն կյանքի իմաստի փնտրտուքի մեջ սոսկ այնքան, որքան իրենց առնանդամի երկարությունն է։
Նա իջավ աստիճաններով ու առաջացավ երկու մասի բաժանված բազմության միջով՝ անհասցե և աննպատակ։
Ինչ-որ բան ասես խեղդում էր նրան, և նա բռնեց կոկորդը։
Բազմությունը համր ու լուռ ուղեկցեց նրան։
― Ու ես չէի խեղդվի, ահա, առատությունից մարդուկների, որ աշխարհ են գալիս անմիտ շարժումից ու բազմանում անմիտք ու անիմաստ՝ կյանքը հագեցնելով մանր գայթակղություններով։ Մարդուկնե՜ր, որ ինձ համար գոյություն չունեն և բեռ են ինձ համար։ Մարդուկնե՜ր, որ դեռ չմեռած՝ մեռած են արդեն, քանի որ ապրում են առանց Աստված և մոռացել են՝ ի՞նչ է հավերժը, վեհը, ու անասունի նման սերունդ տալու պարզունակ ու միակ խնդրով են տարված։ Մարդուկնե՜ր, որ միայն իրե՛նց են տեսնում աշխարհում ու չեն գիտակցում, որ ապականված իրենց Քաղաքին քամու բերած ավազն է իշխելու, և սուրբ Ալբանոն այս կողմից տեսնելը երազանք է դառնալու իրենց համար․․․ Եվ հեռու չէ ժամն այդ։
Նա հանկարծ կանգ առավ, մի պահ մտախոհ նայեց հեռուն, ապա ասաց ինքն իրեն ցածրաձայն.
― Իսկ գուցե ճշմարիտն իրե՞նք են, իսկ միակ հիմարը՝ ե՞ս, որ իմաստ եմ ուզում գտնել կյանքի մեջ, երբ գուցե թե անիմա՞ստ է այն ի սկզբանե․․․
Մի քանի ակնթարթ խորհեց իր հարցի վրա, ապա զննող հայացքով ակամա շուրջը նայեց ու ակնհայտորեն դառնացավ իր առջև մարդկանց տեսնելուց։ Ձեռքերը պարզեց դեպի երկինք ու շշնջաց կիսաձայն.
― Օ՜, տա՛ր ինձ, Տե՛ր, տա՜ր․․․
Եվ քարացավ այդ դիրքով մի քանի րոպե։ Հետո, ասես սթափվելով, կտրուկ մոտեցավ բազմությանը և հարցրեց.
― ․․․ Իսկ ու՞ր են դավադիրները։
Ամեն շարժում կանգ առավ, ու բոլորը գունատվեցին։
― Գուցե դու՞ ես դավադիր, Պիզո՛ն,― նա կանգնեց կոնսուլյարիսի առջև և ուշադիր հետևում էր նրա դեմքի արտահայտությանը։― Ո՞չ։ Իսկ ինչու՞ ես դողում։ Իսկ դու՞, Սիլանո՛ս,― մարդկանց կոպտորեն հրելով՝ նա խորացավ բազմության մեջ ու գնաց դեպի քաղաքային պրետորը,― դու՞ էլ դավադիր չես․․․ Ո՞չ։ Բայց չէ՞ որ ես ոչնչացրել եմ քո ընտանիքը ու քեզ դիտավորյալ թողել ողջ՝ որպես զգուշացում ամենքին, որ պատժելի է ամեն զրպարտություն, քանի դեռ ես կամ։ Հապա դու՞, Սաբինո՛ս,― դարձավ նա սենատի ցենզորին, որ Սիլանոսից երկու քայլի վրա էր, ու շանթող մի հայացքով չափեց նրան։― Այդ դեպքում ինչու՞ ես տոգայով, երբ ամենքը տունիկա են կրում. դաշու՞յն ես պահել հագուստիդ տակ։ Ո՞չ․․․ Բայց ինչու՞։ Ես լա՞վ կեսար եմ քեզ համար։ Ստու՛մ ես,― Կալիգուլան պոռթկաց ցասումից և ջղաձգորեն ցենզորի հագուստը հավաքեց ափերի մեջ՝ նրա կրծքի վրա։ Ու մոտեցնելով նրան իրեն, ատամների արանքից շպրտեց թունոտ՝ ցենզորի՝ մահվան սարսափից ուռած աչքերի մեջ նայելով․― Չէ՞ որ դու և այս բոլոր մարդուկները ծածուկ ինձ խելագար եք անվանում ու արնախում հրեշ։
Նա անհուն զզվանքով Սաբինոսին նետեց մնացյալի վրա, ասես գարշահոտ մի իր լիներ այն։ Հետո լարված հայացքը լուռ սահեցրեց հռոմեացիների վախվորած դեմքերի վրայով և ասաց քամահրանքով.
― Հրե՜շ. դու՛ք ինձ դարձրիք այդպիսին ձեր խեղճությամբ, և ահա չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ կերպ նվաստացնեմ ձեզ, որ տղամարդը հառնի ձեր մեջ։
Այդ նույն պահին նա զգաց, թե ինչպես թիկունքից հարվածեցին իրեն և դանակի սառը շեղբն ինչպես սողաց պարանոցի միջով ու սարսռեցրեց՝ ոսկորներին քսվելով։ Նա ակամա ցնցվեց հարվածից, ապա արձանացավ, ասես խլեցին իրենից շարժվելու ունակությունը, ու արտաբերեց անհուն մի արհամարհանքով, որից կնճռոտվեց դեմքը.
― Թիկունքի՜ց, պոռնիկի տղերք. դիմացից կռվելու քաջություն այդպես էլ չունեցա՛ք, մինչդեռ ես մենակ եմ, ահա, ու անզեն․․․
Եվ անկարող լինելով թեքել գլուխը, նա ամբողջ մարմնով շրջվեց դանդաղ, որպես շարժուն պատվանդանի վրա դրված քարե արձան, ու իր առջև տեսավ արյունոտ դաշույն բռնած Քերեային, որը նրա հայացքից ահաբեկված՝ ետ-ետ գնաց, ու զենքը վայր ընկավ դողացող մատների արանքից։
― Օ՜, Հռո՛մ, ողբա՜մ քեզ,― կանչեց Կալիգուլան աղիողորմ,― եթե պարիսպներիդ ներսում Քերեա՜ն է մնացել քեզ որպես արժանապատվության վերջին հույս։
Մուգ, գրեթե սև արյունն առատ շիթերով իջնում էր նրա թիկունքին ու ներծծվում վուշե տունիկայի մեջ, լղոզելով կեսարական տունը խորհրդանշող ոսկեթել նախշազարդերը։ Նա այն զգացողությունն ուներ, ասես չպաղած մոխրով դաղում էին պարանոցը, հետո շուրթերը չորացան, որպես թե անապատի տաք ավազահողմ էր կլանում իրեն։
Նա քայլ արեց դեպի Քերեան և առաջ պարզելով անպատկառ ծալված մատները, դիմեց նրան.
― Համբուրե՞ս գուցե մի վերջին անգամ, ճիճու՛, որպես հիշատակ քո կեսարից։
Անտանելի մի սրտխառնուք ստիպեց նրան կծկվել, ասես թունավոր ինչ-որ բան էր կերել։ Սառը քրտինք պատեց նրան, արյունը, լճանալով անրոսկրերի փոսորակներում, կաթկթաց նրա ձեռքերին։ Որովայնը բռնած՝ Կալիգուլան նայեց բազմությանը, որ օրորվել էր սկսել իր հայացքի առջև, ու ասաց զզվանքով.
― Այնպե՜ս կուզենայի հետ տալ ձեզ վրա, բայց կերակուրն եմ ափսոսում։
Դաշույնների հախուռն հարվածներ իջան նրա վրա։ Միմյանց հրմշտելով՝ հռոմեացիք կատաղությամբ խփում էին նրա թիկունքին, գլխին, դեմքին։
Կալիգուլան կծկվեց հարվածների թափից, բայց արժանապատվությունը նրան ստիպեց կանգնել դավադիրների դեմ ողջ հասակով։
― Ես ո՛ղջ եմ, սողուններ,― գոչեց նա և ջանաց ուղղվել, սակայն նրա մկանները կտրտված էին արդեն ու միախառնված հագուստի ծվեններին։ Նա պաշտպանվելու որևէ փորձ չարեց, ասես խառնիխուռն թևաթափահարումներն իրեն ոչ թե մահ, այլ զով էին բերում։
― Ես չե՛մ մեռնելու՝ որքան էլ խոցեք. դուք ինձ կսպանեք, բայց չե՛ք կարող մեռցնել ձեր խայտառակության հուշը. ու քանի դեռ այն կա, ես ապրելու եմ։
Արնաքամությունից ուժասպառ՝ նա ծնկի եկավ։ Դավադիրներն ինքնամոռաց մոլեգնությամբ դաշունահարում էին նրան։
― Դուք ինձ պատմությանը որպես խելառ կմատուցեք՝ ձեր ոչնչությունը քողարկելու համար,― կանչեց Կալիգուլան մարդկային խուռնված կույտի միջից արդեն նվաղող ձայնով,― բայց դա չի հաջողվի, քանզի ճշմարիտը կհայտնվի նորից, երբ Աստվածը երկրի վրա կլինի երկու հազար տարեկան, իսկ դա ակնթարթ է Նրա համար։
Նրա դեմքին քամահրական համր ժպիտ երևակվեց, որն այլայլվեց անմիջապես հոգեվարքի ջղաձգումից, և նա անշնչացած տարածվեց մարջանե սալահատակին, որ ինքն էր կառուցել, ու արտաբերեց մի քանի բառ, որ չլսեց ոչ ոք.
― Աշխարհը մնաց կարգի բերելու․․․
Վերջ