Մակույկում

Գրապահարան-ից
Մակույկում

հեղինակ՝ Ջերոմ Սելինջեր
թարգմանիչ՝ Կ․ Ա․ Սիմոնյան (ռուսերենից)
աղբյուր՝ «…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ», Յավրուհրատի կայքը

ԱՐԴԵՆ ժամը հինգն էր, և աշնանային ոսկե օրը իրիկնանում էր։ Խոհարարուհի Սանդրան լուսամուտից լճին նայեց և, շուրթերը սեղմելով, շրջվեց․ մի բան, որ կեսօրից հետո երևի արդեն մի քսան անգամ կրկնել էր։ Այս անգամ, լուսամուտից հեռանալով, ցրվածության հետևանքով նա քանդեց ու նորից կապեց գոգնոցը, ջանալով շատ ամուր ձգել կապերը, այնքան ամուր, որքան թույլ կտար նրա անընդգրկելի մեջքը։ Եվ նորից իր նախկին կեցվածքն ընդունելով, մոտեցավ խոհանոցային սեղանին և նստեց միսիս Սնելլի դիմաց։ Միսիս Սնելլը արդեն ավարտել էր տունը մաքրելն ու հարդարելը, և գնալուց առաջ, սովորականի պես, թեյ էր խմում։ Միսիս Սնելլը գլխարկով էր։ Սև ֆետրից կարված այդ յուրահատուկ շինությունը նա գլխից չէր հանել ոչ միայն այս, այլև վերջին երեք ամառների ընթացքում․ նույնիսկ ամենաշոգ օրերին, արդուկելու անթիվ֊անհամար տախտակներին թեքված, և անթիվ֊անհամար փոշեկուլներով զինված, և մյուս բոլոր պարագաներում։ Այդ գլխարկի աստառին դեռևս պահպանվում էր Քարնեգի ֆիրմայի արդեն գունափոխված, բայց, կարելի է համարձակ ասել, չպարտված պիտակը։

— Շատ պետքս է, որ դրա պատճառով հուզվեմ,— երևի արդեն հինգերորդ կամ վեցերորդ անգամ հայտարարեց Սանդրան ոչ այնքան միսիս Սնելլին, որքան ինքն իրեն։— Ես արդեն վճռել եմ։ Ինչու պետք է հուզվեմ որ…

— Շատ ճիշտ է,— ասաց միսիս Սնելլը։— Քո փոխարեն ես էլ կվճռեի չհուզվել։ Ինչո՞ւ պետք է չվճռեի որ… Հոգյակս, խնդրում եմ, պայուսակս այս կողմը տուր։

Արդեն գրեթե քրքրված, բայց ներսում ոչ պակաս, քան գլխարկի աստառինն էր, ներշնչող պիտակ ունեցող կաշվե պայուսակը ընկած էր բուֆետի վրա։ Սանդրան առանց տեղից ելնելու ձգվեց դեպի պայուսակը, վերցրեց և սեղանի վրայով պարզեց միսիս Սնելլին։ Պայուսակը բանալով, միսիս Սնելլը այնտեղից մենթոլե սիգարետի մի տուփ և Սթորք֊ակումբի դրոշմանիշով լուցկի հանեց։ Ծխեց, հետո բաժակը շուրթերին մոտեցրեց և անմիջապես կրկին դրեց պնակի մեջ։

— Իմ թեյը ոչ մի կերպ չի սառչում․ սրա պատճառով ավտոբուսից եմ ուշանալու։— Նայեց Սանդրային, որն իր մռայլ հայացքը գամել էր պատի տակ դրած կաթսաների շարքին։— Թողեք այդ հուզմունքները,— հրամայեց միսիս Սնելլը։— Հուզվելուց օգուտ չկա։ Տղան կամ նրան կասի, կամ չի ասի։ Եվ վերջ։ Իսկ հուզվելուց ի՞նչ օգուտ։

— Ես չեմ հուզվում,— պատասխանեց Սանդրան։— Մտքովս էլ չի անցնում։ Միայն թե այդ երեխայի պատճառով մարդ կցնդի․ այնպես է տակնուվրա անում տունը։ Հասկանում եք, ծպտուն էլ չի հանում։ Ճիշտ եմ ասում, ծպտուն էլ չի հանում։ Հենց վերջերս, այս սեղանի վրա լոբի էի մաքրում և քիչ էր մնում ձեռքը տրորեի։ Նստած էր հենց այստեղ, սեղանի տակ։

— Ի՞նչ կա որ… Ես դրանից չէի հուզվի։

— Ուզում եմ ասել, նույնիսկ խոսքով ընկնելու իրավունք չունես․ անընդհատ պետք է աչքդ վրան պահես,— բողոքեց Սանդրան։— Գժվել կարելի է։

— Այսքան տաք թեյ խմել չեմ կարողանում,— ասաց միսիս Սնելլը։— Է՜հ, սարսափելի բան է։ Երբ զրույց անել չես կարողանում, և ընդհանրապես։

— Քիչ է մնում մարդ խենթանա։ Ճիշտ եմ ասում։ Նա ուղղակի խելքից հանում է ինձ։— Սանդրան ծնկներից թափ տվեց երևակայական փշրանքներն ու բարկացած փնչացրեց։— Չորս տարեկան էլ հազիվ լինի։

— Բայց լավ մանչուկ է,— ասաց միսիս Սնելլը։— Աչքերը խաժ, և ընդհանրապես։

Սանդրան նորից փնչացրեց․

— Քիթը հորն է քաշելու։— Վերցրեց բաժակն ու սկսեց բերանն այրելով խմել։— Ինքս էլ չգիտեմ, թե նրանց խելքին ինչ է փչել ամբողջ հոկտեմբեր ամիսն այստեղ քարշ գալու,— փնթփնթաց նա և ցած դրեց բաժակը։— Նրանք այլևս ջրին չեն էլ մոտենում։ Ճիշտ բան եմ ասում։ Կինը չի լողանում, այդ մարդը չի լողանում, մանչուկն էլ չի լողանում։ Հիմա ոչ ոք չի լողանում։ Նույնիսկ իրենց փտած մակույկով էլ չեն լողում։ Միայն իզուր տեղը փող վճարեցին։

— Դուք ինչպե՞ս եք այդքան տաք թեյը խմում։ Իսկ իմ բաժակը ոչ մի կերպ չի սառչում։

Սանդրան չարությամբ լի աչքերը հառեց պատին։

— Ես լինեի, անմիջապես քաղաք կվերադառնայի։ Առանց կատակի։ Այս որջը տանել չեմ կարողանում։— Նա անբարյացակամությամբ նայեց միսիս Սնելլին։— Ձեր գործը հեշտ է։ Ամբողջ տարին այստեղ եք ապրում։ Դուք այստեղ ծանոթներ ունեք, և ընդհանրապես։ Ձեզ համար միևնույն է, այստեղ, թե՞ քաղաքում։

— Թեկուզ խորովվեմ էլ, թեյը խմելու եմ,— ասաց միսիս Սնելլը, նայելով էլեկտրական սալօջախի վրա կախած ժամացույցին։

— Իսկ դուք իմ փոխարեն ի՞նչ կանեիք,— ուղղակի հարցրեց Սանդրան։— Ես ասում եմ, իմ փոխարեն ի՞նչ կանեիք։ Անկեղծ ասեք:

Հիմա արդեն միսիս Սնելլն իր տարերքի մեջ էր։ Նա անմիջապես ցած դրեց բաժակը։

— Դե,— սկսեց նա,— առաջին հերթին չէի հուզվի։ Եվ անմիջապես կորոնեի մի ուրիշ…

— Ես չեմ էլ հուզվում,— ընդհատեց Սանդրան։

— Գիտեմ, գիտեմ, բայց ես կորոնեի մի ավելի հարմար…


ԴՈՒՌԸ բացվեց, և խոհանոց մտավ մոտ քսանհինգ տարեկան, փոքրիկ, նիհարակազմ Բե֊Բե Թաննենբաումը՝ տանտիրուհին։ Նրա չոր, անգույն, հին մոդայով կտրած մազերը հավաքված էին չափից դուրս մեծ ականջների ետևը։ Հագել էր սև սվիտեր, ծնկներից քիչ ներքև տաբատ և բոկոտնիկ։ Անունն, իհարկե, անհեթեթ էր, և չես էլ ասի, թե լավիկն է, բայց դեմքը կենդանի էր, արտահայտիչ և սուր — այդպիսիները շուտ չեն մոռացվում։ Նա անմիջապես քայլեց դեպի սառնարանը, բացեց ու նայեց ներսը։ Կանգնել էր ոտքերը իրարից հեռու դրած, ձեռքերը ծնկներին հենած և բավականին անշնորհք սուլում էր ատամների արանքից ու թեթևակի ճոճվում էր սուլոցի տակտով։ Սանդրան և միսիս Սնելլը լռեցին։ Միսիս Սնելլը բերանից դանդաղ հանեց սիգարետը։

— Սանդրա՛…

— Այո՞, մեմ։— Սանդրան պատրաստակամ նայեց միսիս Սնելլի գլխարկի վրայով։

— Մի՞թե այլևս թթու դրած վարունգներ չունենք։ Ուզում էի տանել նրան։

— Ինչքան կար՝ կերել է,— շտապ զեկուցեց Սանդրան։— Երեկ, քնելուց առաջ կերավ վերջինը։ Առանց այդ էլ, երկու հատ էր մնացել։

— Հա՜֊ա՞։ Դե լավ։ Կայարան գնամ՝ էլի կգնեմ։ Ասացի գուցե վարունգներով խաբեմ, որ մակույկից դուրս գա։— Բե֊Բեն շրխկացրեց սառնարանի դուռը, մոտեցավ լուսամուտին և նայեց լճի կողմը:— Ուրիշ էլ ի՞նչ պետք է գնել,— հարցրեց նա, շարունակ դուրս նայելով լուսամուտից։

— Միայն հաց։

— Միսիս Սնելլ, ես չեկը դրել եմ միջանցքի սեղանին։ Շնորհակալություն։

— Շատ հաճելի է,— ասաց միսիս Սնելլը։— Ասում են, Լայոնելը տնից փախել է։— Նա քրքջաց։

— Ըստ երևույթին,— ասաց Բե֊Բեն և ձեռքերը դրեց գրպանները։

— Հեռու չի փախչի։— Եվ միսիս Սնելլը նորից քրքջաց։

Պատուհանից չհեռանալով, Բե֊Բեն փոքր֊ինչ շրջվեց, որպեսզի, այնուամենայնիվ, մեջքով չկանգնի սեղանի առաջ նստած կանանց։

— Այո,— ասաց նա և ուղղեց ականջի մոտի մազափունջը։ Հետո բացատրեց․— Երկու տարեկան հասակից նա տնից փախչում է։ Բայց առայժմ ոչ այնքան հեռու։ Քաղաքում, նա մի անգամ փախել էր մինչև Կենտրոնական զբոսայգու ասպարեզը։ Մեր տնից մի երկու թաղամաս այն կողմ։ Իսկ մի անգամ էլ պարզապես շքամուտքում էր թաքնվել։ Ուզում էր սպասել հորը և հրաժեշտ տալ նրան։

Սեղանի մոտ նստած կանայք ծիծաղեցին։

— Նյու Յորքում ասպարեզն այն վայրն է, որտեղ չմուշկներով են զբոսնում,— սիրալիրությամբ բացատրեց Սանդրան, թեքվելով դեպի միսիս Սնելլը։— Զբոսնում են երեխաները, և ընդհանրապես։

— Հա՜֊ա՜,— ասաց միսիս Սնելլը։

— Նրա երեք տարին նոր էր լրացել։ Անցյալ տարի,— ասաց Բե֊Բեն, տաբատի գրպանից սիգարետներ և լուցկի հանելով։ Մինչ նա ծխում էր, կանայք աչքները չէին կտրում նրանից։— Այ թե խառնվեցինք։ Ստիպված ամբողջ ոստիկանությունն ենք ոտքի հանել։

— Եվ գտա՞ք նրան,— հարցրեց միսիս Սնելլը։

— Պարզ է, որ գտանք,— արհամարհանքով ասաց Սանդրան։— Իսկ դուք ի՞նչ էիք կարծում։

— Գիշերը գտանք․ ժամը տասներկուսին մոտ։ Իսկ այն ժամանակ… հա՛, փետրվարի կեսը կլիներ։ Զբոսայգում արդեն երեխաներ էլ չկային։ Գուցե միայն ավազակներ, թափառաշրջիկներ և մեկ էլ խելքը թռցրածներ կգտնեիր։ Նստել էր էստրադայում, որտեղ ցերեկները նվագախումբն է նվագում, և քարի կտորներ էր գլորում հատակի ճեղքով։ Ցրտից կիսամեռ էր եղել։ Իսկ տեսքը այնքա՜ն էր խղճալի…

— Ողորմա՜ծ աստված,— ասաց միսիս Սնելլը։— Բայց ախր ինչո՞ւ։ Այսինքն, ուզում եմ ասել, ախր ինչո՞ւ է տնից փախչում։

Բե֊Բեն ծխի մի ծուռ օղակ բաց թողեց, որը դիպչելով ապակուն տարտամացավ։

— Այդ օրն այգում երեխաներից մեկը նրան հոտած էր կանչել։ Ծայրահեղ դեպքում, կարծում ենք, որ պատճառը դա է եղել։ Ճիշտն ասած, չգիտեմ, միսիս Սնելլ։ Ինքս էլ չեմ հասկանում։

— Եվ դա վաղո՞ւց է,— հարցրեց միսիս Սնելլը։— Այսինքն, ուզում եմ ասել, երբվանի՞ց է սկսել փախչել։

— Երկուս ու կես տարեկան հազիվ լիներ և արդեն թաքնվում էր նկուղի լվացարանի տակ,— հանգամանորեն պատասխանեց Բե֊Բեն։— Մեր ապրած տունը մեծ է, իսկ նկուղում լվացքատուն կա։ Ինչ֊որ մի Նաոմի, նրա ընկերուհին, ասել էր, թե ինքը մի շիշ ունի, որտեղ որդ կա նստած։ Ծայրահեղ դեպքում այսքանը կարողացանք դուրս կորզել նրանից։— Բե֊Բեն հառաչեց և հեռացավ լուսամուտից․ նրա սիգարետի ծայրին մոխիրը երկարել էր։ Քայլեց դեպի ապակեպատ դուռը։— Մի անգամ էլ փորձեմ,— ասաց նա հրաժեշտի փոխարեն։

Սանդրան և միսիս Սնելլը ծիծաղեցին։

— Շտապեք, Միլդրեդ,— ծիծաղի միջից ասաց Սանդրան միսիս Սնելլին։— Թե չէ ավտոբուսից կուշանաք։

Բե֊Բեն իր ետևից փակեց ապակեպատ դուռը։


ԲԵ֊ԲԵՆ կանգնել էր մարգագետնում, որը մի փոքր թեքությամբ իջնում էր դեպի լիճը։ Մայրամուտի արևը լուսավորում էր նրա մեջքը։ Մոտ երկու հարյուր յարդ հեռավորության վրա, հոր մակույկի նավախելին նստել էր որդին՝ Լայոնելը։ Առագաստները հանված էին, և մակույկը կամրջակների նկատմամբ ուղիղ անկյան տակ, նրանց ծայրից կապված ճոճվում էր։ Մոտ հիսուն ֆուտ այն կողմ լողում էր մոռացված կամ լքված ջրային դահուկը, բայց շուրջը ոչ մի տեղ դահուկավորներ չկային։ Միայն հեռու֊հեռվում դեպի Առագաստանավի ծովածոցն էր լողում մարդատար մոտորանավակը։ Չգիտես ինչո՛ւ, Բե֊Բեին ոչ մի կերպ չէր հաջողվում Լայոնելին պարզ տեսնել։ Չնայած այնքան էլ չէր տաքացնում արևը, բայց այնպես պայծառ էր լուսավորում, որ հեռվում ամեն ինչ, թե՛ տղան, թե՛ մակույկը թվում էր պղտոր, և ջրի մեջ խրած ձողի պես կեռումեռ։ Մեկ֊երկու րոպե անց Բե֊Բեն դադարեց նայելուց։ Նա ճմռեց սիգարետը, նետեց և քայլեց դեպի կամրջակները։

Հոկտեմբեր ամիսն էր, և տախտակամածն այլևս մարդու դեմքին կրակատապ չէր արտաշնչում։ Բե֊Բեն քայլում էր կամրջակի վրայով, և ատամների արանքից «Քենթուկցի պստիկը» սուլում։ Հասավ մինչև ծայրը, պպզեց ու նայեց Լայոնելին։ Թիակով էլ կարելի էր հասնել նրան։ Լայոնելը չնայեց էլ մորը։

— Է՜յ, նավապե՛տ,— ձայն տվեց Բե֊Բեն։— Է՜յ, բարեկամ։ Ծովահե՛ն։ Պառաված շո՛ւն։ Ես եկա՜։

Լայոնելը չէր նայում, բայց հանկարծ ուզեց ցույց տալ, թե ինչպիսի հմուտ նավավար է ինքը։ Նա չամրացրած ղեկը հրեց դեպի աջ որքան կարող էր և անմիջապես կողով սեղմեց։ Այդ ընթացքում նա շարունակում էր աչքը չկտրել իր մակույկի հատակից։

— Այդ ես եմ,— ասաց Բե֊Բեն։— Փոխծովակալ Թաննենբաումը։ Ծնյալ Գլասս։ Գնանք ստերմաֆորներն ստուգելու։

— Դու ծովակալ չես,— լսվեց պատասխանը։— Դու կին ես։

Երբ Լայոնելը խոսում էր, գրեթե միշտ, նախադասության կեսից շունչը չէր հերիքում և ամենակարևոր բառը հնչում էր մյուսներից ոչ թե ուժեղ, այլ ավելի թույլ։ Թվում էր, թե Բե֊Բեն ոչ միայն լսում, այլև ջանում էր տեսնել այն ամենը, ինչ ասում էր որդին։

— Քեզ ո՞վ է այդպիսի բան ասել,— հարցրեց Բե֊Բեն։— Քեզ ո՞վ է ասել, թե ես ծովակալ չեմ։

Լայոնելն ինչ֊որ բան ասաց, բայց նրա խոսքը տեղ չհասավ։

— Ո՞վ,— հարցը կրկնեց Բե֊Բեն։

— Հայրիկը։

Բե֊Բեն դեռ պպզած էր, և նրա ծնկները ցցվել էին փեշի տակից։ Պարզելով ձախ ձեռքը, նա ընկավ տախտակամածին․ այսինքն էլ հեշտ բան չէր այդ դիրքում հավասարակշռությունը պահելը։

— Քո հայրը հրաշալի տղա է,— ասաց նա։— Միայն թե նա, ըստ երևույթին աշխարհի ամենացամաքային առնետն է։ Միանգամայն ճիշտ է, ցամաքում ես կին եմ, այս բացարձակ ճշմարտություն է։ Բայց ես նավաստու հոգի ունեմ, և ծովն ինձ կանչում է միշտ…

— Դու ծովակալ չես,— ասաց Լայոնելը։

— Ինչ ասացի՞ք։

— Դու ծովակալ չես։ Այնուամենայնիվ, դու կին ես։

Խոսակցությունն ընդհատվեց։ Լայոնելը նորից որոշեց իր նավի ուղղությունը փոխել։ Այժմ երկու ձեռքով էր վրա պրծել ղեկին։ Նա հագել էր խակի գույնի տաբատ, և բաց օձիքով ու կարճ թևքերով մաքուր ճերմակ շապիկ։ Շապիկի կրծքին մի նկար կախ՝ Ջերոմ ջայլամը ջութակ է նվագում։ Տղան արևի տակ խիստ խանձվել էր և նրա գագաթի մազերը, որոնք ճիշտ այնպիսին էին, ինչպես մոր վարսերը, նկատելիորեն գունափոխվել էին։

— Շատ֊շատերն են կարծում, թե ես ծովակալ չեմ,— ասաց Բե֊Բեն, որդուն զննելով։— Որովհետև այդ մասին ձայնս գլուխս գցած չեմ հայտարարում բոլոր խաչմերուկներում։— Ջանալով հավասարակշռությունը չկորցնել, նա տաբատի գրպանից հանեց սիգարետի տուփն ու լուցկին։— Տրամադրություն էլ չկա մարդկանց հասկացնելու, թե ինչպիսի աստիճան ունեմ ես։ Եվ այն էլ փոքրիկ տղաներին, որոնք վրաս էլ չեն նայում, երբ խոսում եմ հետները։ Ի դեպ, նման պարագաներում մարդկանց խայտառակ կերպով վռնդում են նավատորմից։

Առանց սիգարետը կպցնելու, նա հանկարծ վեր կացավ, ուղղվեց, աջ ձեռքի բթամատն ու ցուցամատը իրար միացնելով օղակ դարձրեց և, մոտեցնելով բերանին, շեփորահարի պես ինչ֊որ մի ազդանշան փչեց։ Լայոնելն անմիջապես բարձրացրեց գլուխը։ Հավանաբար գիտեր, որ այդ շեփորը իսկական չէ, բայց, համենայն դեպս, զգաստացավ և նույնիսկ բացեց բերանը։ Բե֊Բեն իրար ետևից երեք անգամ փչեց այդ ազդանշանը, որն առավոտյան ու երեկոյան ազդանշանների ինչ֊որ խառնուրդ էր։ Հետո հանդիսավոր կեցվածքով հեռավոր ափին պատիվ տվեց։ Ու երբ, վերջապես, Բե֊Բեն կրկին պպզեց կամրջակի եզրին, դեմքից էլ հայտնի էր, որ մինչև հոգու խորքը հուզված է ծովային ազնիվ այդ սովորույթից, որը անհասանելի բան է սովորական մահկանացուների և փոքրիկ տղաների համար։ Մի րոպե նա մտախոհ նայեց լճի երևակայական հեռուները։ Հետո կարծես հիշեց, որ ինքն այստեղ մենակ չէ, և փքված ցած նայեց․ նայեց Լայոնելին, որը բերանը բաց դեռ նստել էր։

— Սա գաղտնի ազդանշան է, որը լսել թույլատրվում է միայն ծովակալներին։— Նա վառեց սիգարետը և բաց թողնելով ծխի բարակ ու երկար մի շիթ, փչեց֊հանգցրեց լուցկին։— Եթե որևէ մեկն իմանար, որ այս ազդանշանը քո ներկայությամբ եմ տվե՜լ…— Նա օրորեց գլուխն ու նորից ծովային գայլի իր սուր հայացքով ընդգրկեց հորիզոնը։

— Նորից փչիր։

— Հնարավոր չէ։

— Ինչո՞ւ։

Բե֊Բեն ուսերը թոթվեց։

— Այս կողմերում ամեն տեսակի միչմաններ են թրևում, այդ մեկ։— Նա փոխեց դիրքը և նստեց հնդկացու պես՝ ոտքերը խաչելով։ Ձգեց գուլպաները։ Եվ գործարար տոնով շարունակեց․— Դե՛, հիմա տե՛ս։ Եթե դու ինձ ասես, թե ինչու ես տնից փախել, քեզ համար կփչեմ այն բոլոր գաղտնի ազդանշանները, որոնք հայտնի են ինձ։ Լա՞վ։

Լայոնելն անմիջապես հայացքը փախցրեց։

— Ո՛չ,— ասաց նա։

— Ինչո՞ւ։

— Հենց այնպես։

— Ինչո՞ւ «հենց այնպես»։

— Որովհետև չեմ ուզում,— ասաց Լայոնելն ու վճռականորեն շրջեց ղեկը։

Բե֊Բեն ձեռքի ափով արևից պաշտպանեց աչքերը․ արևը կուրացնում էր։

— Դու ինձ ասացիր, որ այլևս տնից չես փախչելու,— ասաց նա։— Չէ՞ որ մենք պայմանավորվեցինք, և դու ասացիր, որ այլևս չես փախչելու։ Դու խոստացար ինձ։

Լայոնելն ինչ֊որ պատասխանեց, բայց շատ կամաց։

— Ի՞նչ,— հարցրեց Բե֊Բեն։

— Ես չխոստացա։

— Ոչ, խոստացար։ Դու խոսք տվիր։

Լայոնելը նորից փորձեց երթուղուց շրջել իր նավը։

— Եթե դու ծովակալ ես,— ասաց նա,— հապա որտե՞ղ է քո նավատորմը։

— Իմ նավատո՞րմը։ Շատ լավ է, որ այդ մասին հարցրեցիր,— ասաց Բե֊Բեն և կամեցավ մակույկ նստել։

— Ե՛տ գնա,— հրամայեց Լայոնելը, բայց ոչ այնքան հաստատ տոնով ու առանց գլուխը բարձրացնելու։— Այստեղ ոչ ոքի չի կարելի։

— Չի՞ կարելի։— Բե֊Բեն, որ արդեն ոտքը դրել էր նավախելին, հնազանդ ետ քաշվեց։— Ոչ մեկին չի կարելի։— Նա նորից հնդկացու պես նստեց կամրջակին։— Իսկ ինչո՞ւ։

Լայոնելն ինչ֊որ պատասխանեց և դարձյալ շատ կամաց։

— Ի՞նչ,— հարցրեց Բե֊Բեն։

— Որովհետև չի թույլատրվում։

Բե֊Բեն լուռ նայեց տղային․ երկա՜ր նայեց։

— Ինձ համար այդ լսելը շատ տխուր բան է,— ասաց նա, վերջապես։— Ես այնպես էի ուզում քեզ հետ մակույկ նստել։ Կարոտել եմ քեզ։ Շատ եմ կարոտել։ Ամբողջ օրը տանը մենակ նստած՝ մեկը չկար, որ հետը խոսեի։

Լայոնելը ղեկը չպտտեց։ Նա աչքը հառել էր բռնակի վրայի ճեղքին։

— Սանդրայի հետ զրուցեիր,— ասաց նա։

— Սանդրան զբաղված է,— ասաց Բե֊Բեն։— Ես չեմ ուզում Սանդրայի հետ զրուցել, ես ուզում եմ քեզ հետ խոսել։ Ես ուզում եմ քեզ հետ միասին նստել մակույկում և խոսել։

— Կամրջակից խոսիր։

— Ի՞նչ։

— Կամրջակից խոսիր։

— Չեմ կարող։ Հեռու է։ Ուզում եմ քեզ ավելի մոտ լինել։

Լայոնելը ամբողջ ուժով ձգեց ղեկը։

— Նավ բարձրանալ չի կարելի,— ասաց նա։

— Ի՞նչ։

— Նավ բարձրանալ չի կարելի։

— Դե լավ, դու ինձ ասա, թե ինչո՞ւ ես փախել տնից,— հարցրեց Բե֊Բեն։— Եվ այն էլ՝ խոստանալուց հետո։

Նավախելի նստարանի մոտ ընկած էր դիմակը։ Պատասխանի փոխարեն Լայոնելը աջ ոտքի մատներով բռնեց այն և արագ, ճարպիկ մի շարժումով նետեց ջուրը։ Դիմակն անմիջապես սուզվեց։

— Հրաշալի էր,— ասաց Բե֊Բեն։— Կեցցե՛ս։ Քեռի Ուերիի դիմակն էր դա։ Շատ կուրախանա։— Ներս քաշեց սիգարետի ծուխը։— Առաջ այդ դիմակով քեռի Սեյմուրն էր սուզվում։

— Ի՞նչ անեմ։

— Պարզ է։ Ես այդպես էլ հասկացա,— ասաց Բե֊Բեն։

Մատների արանքում բռնած սիգարետը ծռվել էր։ Հանկարծ մի այրուցք զգալով, Բե֊Բեն սիգարետը նետեց ջուրը։ Հետո ինչ֊որ բան հանեց գրպանից։ Դա խաղաթղթերի կապուկի մեծությամբ, ճերմակ թղթով փաթաթած և կանաչ ժապավենով կապած մի փաթեթ էր։

— Բանալիների շղթայիկ է,— ասաց Բե֊Բեն, իր վրա զգալով Լայոնելի հայացքը։— Ճիշտ հայրիկի ունեցածի պես է։ Միայն թե սրա վրա ավելի շատ բանալիներ կան։ Տասը հատ…

Լայոնելը ղեկը բաց թողնելով, ձգվեց առաջ։ Նա պարզեց բուռը։

— Նետի՛ր,— խնդրեց նա։— Ի՞նչ կլինի։

— Մի րոպե, սիրելիս։ Դեռ պետք է մի քիչ մտածեմ։ Ես ջուրն եմ նետելու այս շղթայիկը։

Լայոնելը բերանը բաց նայեց նրան։ Հետո փակեց բերանը։

— Դա իմ շղթայիկն է,— ասաց նա անվստահ։

Բե֊Բեն, նայելով տղային, ուսերը թոթվեց։

— Նետում ես՝ նետիր,— ասաց տղան։

Եվ առանց հայացքը մորից կտրելու, նստեց տեղն ու շոշափեց իր ետևի ղեկը։ Աչքերից էր հայտնի, նա ամեն բան հասկացել էր։ Մայրն այդպես էլ գիտեր․ տղան կհասկանա։

— Բռնի՛ր,— նա փաթեթը ճարպկորեն նետեց որդու գոգը։

Լայոնելը նայեց փաթեթին, վերցրեց ու նորից նայեց և հանկարծ նետեց ջուրը։ Ու անմիջապես հայացքը հառեց Բե֊Բեին․ աչքերում կար ո՛չ թե մարտահրավեր, այլ արցունք։ Եվս մի պահ և նրա շուրթերը աղավաղվեցին ջարդված ութի պես, և տղան հուսահատ լաց եղավ։

Բե֊Բեն թատրոնում անշարժ նստելուց ոտքը թմրած մարդու պես զգուշությամբ վեր կացավ և իջավ մակույկ։ Մի վայրկյան հետո նա արդեն նստել էր նավախելին։ Ծնկների մեջ էր առել նավավարին, մեղմ օրորում էր նրան, համբուրում ծոծրակը և ինչ֊որ շատ օգտակար խորհուրդներ տալիս։

— Նավաստիները չեն լալիս, տղա՛ս։ Նավաստիները երբեք չեն լալիս։ Գուցե լալիս են այն ժամանակ, երբ իրենց նավն է խորտակվել։ Կամ երբ վթարի են ենթարկվել և լաստով ուզում են փրկվել, բայց խմելու ջուր էլ չունեն և…

— Սանդրան… միսիս Սնելլին ասաց… որ մեր հայրիկը… մի մեծ… ու կեղտոտ… հուդա է…

Բե֊Բեն հառաչեց, նա տղային իջեցրեց ծնկներից, կանգնեցրեց իր դիմաց և մազերը ետ տարավ նրա ճակատից։

— Սանդրան հենց այդպես էլ ասաց, հա՞։

Լայոնելը գլխով արեց։ Նա ավելի մոտեցավ, և առանց լացը ընդհատելու կանգնեց Բե֊Բեի ոտքերի արանքում։

— Դա այնքան էլ սարսափելի բան չէ,— ասաց Բե֊Բեն, ծնկներով սեղմեց որդուն և ամուր գրկեց։— Դա դեռ մեծ դժբախտություն չէ։— Թեթևակի կծեց որդու ականջը։— Իսկ դու գիտե՞ս, թե ինչ բան է հուդան, տղաս։

Լայոնելը հապաղեց, չգիտես՝ դժվարանո՞ւմ էր խոսել, թե՞ չէր ուզում։ Համենայն դեպս, նա լռում էր, հեկեկում և հեծկլտում։ Քիչ հետո միայն Բե֊Բեի տաք վզին փաթաթվելով, նա խուլ, բայց պարզորոշ ասաց․

— Կախարդ հուդա… հեքիաթներում է լինում… վհուկի պես…

Բե֊Բեն թեթևակի մի կողմ հրեց տղային, որպեսզի ոտքից գլուխ նայի նրան։ Եվ հանկարծ, բռնեց նրա գոտին (տղան նույնիսկ վախեցավ), քաշեց, բայց չապտակեց, չկսմթեց, միայն խնամքով հարդարեց նրա շապիկը։

— Գիտե՞ս ինչ,— ասաց նա։— Հիմա մենք քաղաք կգնանք․ թթու դրած վարունգ և հաց կգնենք, հենց մեքենայի մեջ էլ կուտենք, իսկ հետո կայարան կգնանք հայրիկին դիմավորելու․ նրան տուն կբերենք և կստիպենք, որ մեզ մակույկով զբոսանքի տանի։ Եվ դու էլ նրան կօգնես առագաստներն ամրացնելու։ Լա՞վ։

— Լավ,— ասաց Լայոնելը։

Նրանք տուն վերադարձան ոչ թե քայլելով, այլ վազում էին մեկը մյուսից առաջ անցնելով։ Առաջինը Լայոնելը տեղ հասավ։