Նելսոնն ու հավը

Գրապահարան-ից
Նելսոնն ու հավը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Ամառային մի տաք երեկո դեպի այն սյունը, որի վրա կանգնած է ծովակալ Նելսոնի արձանը, սահեց մի թեթեւ ամպիկ։

— Բարի եղիր, լվա ինձ,— խնդրեց նրան ծովակալ Նելսոնը։

— Հաճույքով,— պատասխանեց ամպիկը, եւ լորդ Նելսոնին անձրեւով ողողեց ու նրա դեմքից մաքրեց կուտակված փոշին։

— Շնորհակալություն,— ասաց Նելսոնը։— Դու երեւի կախարդակա՞ն ամպիկ ես։

— Թերեւս, միլորդ,— պատասխանեց ամպիկը։

— Իհարկե, կախարդական ես,— ասաց լորդ Նելսոնը։— Միայն կախարդական ամպերն են խոսել կարողանում։ Լսիր, ամպիկ, ես այսպես միայնակ շատ եմ տխրում ու ձանձրանում։ Մեկը չկա, ուրի հետ մի քիչ գոնե զրուցեմ։

— Իսկ դու հեռադիտակով նայիր,— ասաց ամպիկը,— ու եթե մեկնումեկին կտեսնես եւ կկամենաս զրուցել հետը, ես լուր կտամ նրան։

Ծովակալ Նելսոնը հեռադիտակը մոտեցրեց աջ աչքին (ձախ աչքը նա կորցրել էր ճակատամարտի ժամանակ) եւ զննեց Թրաֆալգարյան հրապարակը, հետո Սթրենդն ու Ռայթհոլլը, եւ նույնիսկ սուրբ Մարտինի նրբանցքը․ եւ հենց այդ նրբանցքում էլ տեսավ փողոցն անցնող մի հավի։

— Իսկ ինչո՞ւ է հավը կտրում֊անցնում փողոցը,— հարցրեց լորդ Նելսոնը։

— Չգիտեմ,— պատասխանեց ամպիկը։— Կանչե՞մ նրան։

— Այո, խնդրում եմ,— ասաց լորդ Նելսոնը։

Ամպիկը սահեց հավի վրայով ու ասաց․

— Քեզ հետ լորդ Նելսոնը ուզում է զրուցել։

Հավն իրեն շոյված զգաց եւ շտապեց դեպի սյունը։ Ծովակալ Նելսոնը ցած իջեցրեց նավասանդուղքը, եւ հավը բարձրացավ հուշասյան ծայրը։ Նելսոնը շատ ուրախ էր այդ հանդպիման համար։

— Անունդ ի՞նչ է,— հարցրեց նա։

— Մարթա, միլորդ,— պատասխանեց հավը։

— Հապա, ասա ինձ, Մարթա, ինչո՞ւ էիր կտրում֊անցնում փողոցը,— հարցրեց լորդ Նելսոնը։

— Գիտեք, միլորդ,— պատասխանեց Մարթան,— որեւէ մեկի նախաճաշի համար փողոցի մի կողմում հավկիթ ածելուց հետո, անցնում եմ փողոցի մյուս կողմը, որպեսզի այնտեղ էլ նախաճաշի համար որեւէ մեկը հավկիթ ունենա։

— Հավկի՜թ,— երազանքով կրկնեց լորդ Նելսոնը։

Նա խորը հառաչեց եւ այտի վրայով նույնիսկ մի կաթիլ արցունք սահեց վար։

— Մի լացեք, միլորդ,— ասաց Մարթան։— Ուզո՞ւմ եք, ես այստեղ կմնամ ու ամեն առավոտ ձեր նախաճաշի համար մի հավկիթ կածեմ։

Եվ այդպես էլ արեց։

Երբեմն ամպիկը վերադառնում ր, որպեսզի անձրեւով լվա նրանց։ Հիմա լորդ Նելսոնը զրուցակից ուներ ու այլեւս իրեն միայնակ չէր զգում, ինչպես առաջ։ Եվ, բացի այդ, ամեն առավոտ նա մի թարմ հավկիթ էր ստանում նախաճաշի համար։