Ոճիր և պատիժ, Հինգերորդ մաս

Գրապահարան-ից

Ոճիր և պատիժ
◀ Ոճիր և պատիժ, Չորրորդ մաս Ոճիր և պատիժ, Վեցերորդ մաս ▶


Բովանդակություն

I

Դունեչկայի ու Պույլխերիա Ալեքսանդրովնայի հետ Պյոտր Պետրովիչի ճակատագրական բացատրությանը հաջորդած առավոտը իր զգաստացուցիչ ազդեցությունն ունեցավ նաև Պյոտր Պետրովիչի վրա։ Նա մեծագույն անախորժությամբ ստիպված եղավ հետզհետե իբրև կատարված և անդառնալի փաստ ընդունել այն, ինչ որ դեռ նախորդ օրը նրան համարյա ֆանտաստիկ դեպք էր թվում, ու թեև կատարվել էր, բայց և այնպես կարծես թե անհնարին էր։ Խայթված ինքնասիրության սև օձը ամբողջ գիշեր կրծում էր նրա սիրտը։ Անկողնից վեր կենալով, Պյոտր Պետրովիչը իսկույն նայեց հայելուն։ Նա վախենում էր, թե չլինի՞ գիշերվա ընթացքում մաղձը տարածվել է մարմնով մեկ։ Սակայն այդ կողմից առայժմ ամեն ինչ բարեհաջող էր, ու դիտելով իր նրբին, սպիտակ և վերջին ժամանակներում մի քիչ ճարպակալած դեմքը, Պյոտր Պետրովիչը մի ակնթարթ նույնիսկ սփոփվեց, լիովին համոզված լինելով, որ կարող է իր համար հարսնացու գտնել որևէ ուրիշ տեղ, թերևս ավելի լավը, բայց իսկույն ուշքի եկավ և ուժեղ թքեց մի կողմ, որով լռին, բայց սարկաստիկ ժպիտ առաջացրեց իր երիտասարդ բարեկամ ու բնակակից Անդրեյ Սեմյոնովիչ Լեբեզյատնիկովի դեմքին։ Պյոտր Պետրովիչը նկատեց այդ ժպիտը և մտքում իսկույն կշտամբեց իր երիտասարդ բարեկամին։ Վերջին ժամանակներում նա շատ անգամ էր մտքում կշտամբել Լեբեզյատնիկովին։ Նրա բարկությունը կրկնապատկվեց, երբ նա հանկարծ մտածեց, որ հարկավոր չէր նախորդ օրվա դեպքը հաղորդել Անդրեյ Սեմյոնովիչին։ Դա երեկվա երկրորդ սխալն էր, որ նա կատարել էր բորբոքված, ջղայնացած վիճակում, ավելորդ սրտաբացություն էր ցուցաբերել... Այնուհետև այդ ամբողջ առավոտը հակառակի պես մի անախորժությունը հաջորդում էր մյուսին։ Նույնիսկ սենատում նրան ինչ֊որ անհաջողություն էր սպասում մի գործի վերաբերյալ, որի մասին հոգում էր ինքը։ Նրան առանձնապես ջղայնացրել էր շուտափույթ ամուսնության նկատառումով իր վարձած և իր հաշվով նորոգված բնակարանի տերը. այս բնակարանատերը, ինչ֊որ հարստացած գերմանացի արհեստավոր, ոչ մի կերպ չէր համաձայնում խախտել հենց նոր կնքված պայմանագիրը և պահանջում էր պայմանագրում հիշատակված ամբողջ տուժանքը, չնայելով, որ Պյոտր Պետրովիչը համարյա բոլորովին նորոգված բնակարանը վերադարձնում էր նրան։ Ճիշտ նույնպես կահույքի խանութում ոչ մի կերպ չէին ուզում վերադարձնել թեկուզ մի ռուբլի, արդեն գնված, բայց բնակարան չտեղափոխած կահույքի գրավականից։ «Հո կահույքի համար չե՞մ ամուսնանալու», բարկությամբ մտածում էր Պյոտր Պետրովիչը, ու միևնույն ժամանակ նրա մեջ հեռավոր մի հույս էր առկայծում. «Մի՞թե իսկապես այս ամենը անդարձ կորավ ու վերջացավ, մի՞թե չի կարելի նորից հաշտվելու փորձ անել»։ Դունեչկայի վերաբերյալ միտքը մի անգամ էլ գայթակղիչ կերպով ճմլեց նրա սիրտը։ Նա տանջանքով անցկացրեց այդ րոպեն, և, իհարկե, եթե կարելի լիներ այժմ հենց միայն ցանկությամբ ոչնչացնել Ռասկոլնիկովին, ապա Պյոտր Պետրովիչը անհապաղ կհայտներ այդ ցանկությունը։

«Բացի դրանից, սխալ էր նաև այն, որ ես նրանց բոլորովին փող չէի տալիս», մտածում էր նա՝ տխուր վերադառնալով Լեբեզյատնիկովի խցիկը, «գրողը տանի, ինչու էի այդպես ժլատացել։ Այստեղ նույնիսկ ոչ մի հաշվենկատություն էլ չկար։ Ես մտածում էի նրանց խեղճ վիճակում պահել, համբերությունից հանել, որպեսզի ինձ վրա նայեին իբրև նախախնամության վրա, իսկ նրանք ա՛յ թե ինչ արեցին... Թյո՛ւ.. Ոչ, եթե այս ամբողջ ժամանակ նրանց տայի, զորօրինակ, մի հազար հինգ հարյուր ռուբլի, օժիտի համար, ու առնեի նվերներ, զանազան զարդատուփեր, մատանիներ, գործվածքներ և այլ բաներ Կնոպի կամ անգլիական խանութից, գործը ավելի լավ կգնար և... հաստատուն կլիներ։ Հիմա այդպես հեշտությամբ ինձ չէին մերժի։ Դրանք այնպիսի մարդիկ են, որ անպայման պարտականություն կհամարեին մերժման դեպքում վերադարձնել թե նվերները և թե փողը. վերադարձնելն էլ հեշտ չէր լինի, կափսոսեին, խղճի կգային, կասեին՝ ինչպե՞ս կարելի է հանկարծ վռնդել մի մարդու, որը մինչև հիմա այդպես առատաձեռն ու քաղաքավարի է եղել․․․ հը՛մ, վրիպել եմ»։ Ու նորից ջղայնանալով, Պյոտր Պետրովիչը իրեն հիմար անվանեց, իհարկե, մտքում։

Հանգելով այդ եզրակացության, նա տուն էր վերադարձել երկու անգամ ավելի չարացած ու ջղայնացած, քան դուրս էր եկել։ Կատերինա Իվանովնայի սենյակում հոգեհացի համար կատարվող պատրաստությունը մասամբ նրան էլ էր հետաքրքրել։ Նա դեռ երեկ էլ էր լսել այդ հոգեհացի մասին. նույնիսկ հիշում էր, որ կարծես իրեն էլ էին հրավիրել. բայց, իր հոգսերով զբաղված, նա այդ ամենը անուշադրությունից էր դուրս թողել։ Շտապելով այդ մասին տեղեկանալ տիկին Լիպպևեխզելից, որը Կատերինա Իվանովնայի բացակայությամբ (սա գերեզմանոցումն էր) սեղան սարքելով էր զբաղված, Պյոտր Պետրովիչը իմացավ, որ հոգեհացը հանդիսավոր է լինելու, որ հրավիրված են այդ տան համարյա բոլոր բնակիչները, նույնիսկ այնպիսիները, որոնց հետ հանգուցյալը ծանոթ չէր, որ հրավիրված է նույնիսկ Անդրեյ Սեմյոնովիչ Լեբեզյատնիկովը, չնայելով, որ նա գժտված էր եղել Կատերինա Իվանովնայի հետ, և վերջապես, հրավիրված է նաև ինքը՝ Պյոտր Պետրովիչը, և ոչ միայն հրավիրված է, այլև սպասվում է նույնիսկ մեծ անհամբերությամբ, որովհետև բոլոր հյուրերից նա գրեթե ամենակարևորն է։ Ինքը՝ Ամալյա Իվանովնան մեծ հարգանքով էր հրավիրված, չնայելով եղած բոլոր անախորժություններին, դրա համար էլ այժմ զբաղված էր սեղանի պատրաստությամբ, որը նրան հաճույք էր պատճառում, նա զուգվել-զարդարվել էր, հագածը թեև սգաշոր էր, բայց բոլորովին նոր էր, մետաքսից կարված, և նա հպարտանում էր դրանով։ Այդ բոլոր փաստերն ու տեղեկությունները Պյոտր Պետրովիչին մտածելու որոշ առիթ տվին, և նա այդպես մտազբաղ անցավ իր սենյակը, այսինքն՝ Անդրեյ Սեմյոնովիչ Լեբեզյատնիկովի սենյակը։ Բանն այն է, որ նա նաև իմացել էր, որ Ռասկոլնիկովն էլ է հրավիրված։

Անդրեյ Սեմյոնովիչը չգիտես ինչու այդ ամբողջ առավոտը նստած էր տանը։ Այդ պարոնի և Պյոտր Պետրովիչի միջև ինչ֊որ տարօրինակ, բայց և մասամբ բնական հարաբերություններ էին առաջացել։ Պյոտր Պետրովիչը նույնիսկ չափից դուրս արհամարհում և ատում էր նրան համարյա հենց այն օրվանից, երբ տեղավորվեց նրա մոտ, բայց միևնույն ժամանակ կարծես թե մի քիչ վախենում էր նրանից։ Պյոտր Պետրովիչը Պետերբուրգ ժամանելուն պես նրա մոտ իջևանել էր ոչ միայն ժլատորեն խնայողություն անելու միտումով, թեև դա համարյա գլխավոր պատճառն էր, այլև այստեղ ուրիշ պատճառ էլ կար։ Դեռ գավառում նա լսել էր, որ Անդրեյ Սեմյոնովիչը, իր նախկին սանը, ամենաառաջավոր երիտասարդ պրոգրեսիստներից է և նույնիսկ զգալի դեր է խաղում որոշ հետաքրքրական և արտառոց խմբակներում։ Դա ապշեցրեց Պյոտր Պետրովիչին։ Ահա հենց այդ զորեղ, ամեն ինչ գիտեցող, բոլորին արհամարհող և բոլորին մերկացնող խմբակները Պյոտր Պետրովիչին ինչ-որ մի առանձին վախ էին պատճառում, որը, սակայն, բոլորովին անորոշ էր։ Իհարկե, նա ինքը, այն էլ գավառում, չէր կարող այդ տեսակ բաների մասին թեկուզև մոտավորապես ճիշտ գաղափար կազմել։ Նա, ինչպես և բոլորը, լսել էր, որ առանձնապես Պետերբուրգում գոյություն ունեն ինչ֊որ պրոգրեսիստներ, նիհիլիստներ, անարդարությունները մերկացնողներ և այլն, և այլն, բայց, ինչպես և շատերը, անհեթեթության չափ աղճատում և չափազանցնում էր այդ անունների իմաստն ու նշանակությունը։ Արդեն մի քանի տարի էր, որ նա ամենից շատ վախենում էր մերկացումից, և այդ նրա մշտական, չափազանցրած անհանգստության ամենագլխավոր հիմքն էր, մանավանդ երբ նա երազում էր իր գործունեությունը փոխադրել Պետերբուրգ։ Այս առումով նա, ինչպես ասվում է, վախեցած էր, ինչպես երբեմն վախեցած են լինում փոքրիկ երեխաները։ Մի քանի տարի առաջ գավառում, դեռ նոր սկսելով իր գործունեությունը, նա իմացավ, թե ինչպես չարաչար մերկացվեցին բավական նշանավոր նահանգական երկու գործիչներ, որոնցից մինչ այդ նա կառչում էր և որոնք նրան հովանավորում էին։ Մերկացվածներից մեկի գործը ուղղակի խայտառակ վերջավորություն ունեցավ, իսկ մյուսի գործը քիչ մնաց նույնիսկ մեծ գլխացավանքի պատճառ դառնար։ Ահա թե ինչու Պյոտր Պետրովիչը Պետերբուրգ ժամանելուն պես որոշեց անմիջապես տեղեկանալ, թե ինչումն է բանը, ու եթե հարկավոր է, ապա համենայն դեպս առաջ վազել և հաճոյանալ «մեր երիտասարդ սերունդներին»։ Այս դեպքում նա հույս էր դնում Անդրեյ Սեմյոնովիչի վրա, ու այցելելով, օրինակ, Ռասկոլնիկովին, արդեն սովորել էր մի կերպ կլորացնել ուրիշից լսած մի քանի ֆրազներ...

Իհարկե, նա կարողացավ արագությամբ գլխի ընկնել, որ Անդրեյ Սեմյոնովիչը չափազանց գռեհիկ ու ցանցառամիտ մարդ է։ Բայց դա բնավ չփոխեց Պյոտր Պետրովիչի համոզմունքը և չքաջալերեց նրան։ Եթե նա նույնիսկ հավատացած լիներ, որ բոլոր պրոգրեսիստներն էլ նույնպիսի հիմարներ են, ապա այդ դեպքում էլ չէր անցնի նրա անհանգստությունը։ Իսկապես ասած, նա ամենևին էլ գլուխ չուներ այդ բոլոր ուսմունքների, մտքերի, սիստեմների հետ (որոնցով Անդրեյ Սեմյոնովիչը հարձակվում էր նրա վրա)։ Նա իր սեփական նպատակն ուներ։ Նրան հարկավոր էր շուտափույթ և անհապաղ տեղեկանալ, թե այստեղ ի՞նչ է պատահել և ինչպես է պատահել, այդ մարդիկ ուժ ունե՞ն, թե՞ ոչ, ինքը վախենալո՞ւ է որևէ բանից, թե՞ ոչ։ Եթե ինքը այսինչ գործը ձեռնարկի, իրեն կմերկացնե՞ն, թե՞ չեն մերկացնի։ Իսկ եթե կմերկացնեն, ապա ինչի՞ համար և առհասարակ հիմա ինչի՞ համար են մերկացնում։ Դեռ ավելին, արդյոք չի՞ կարելի որևէ կերպ հաճոյանալ նրանց և իսկույն խաբել, եթե նրանք իսկապես ուժեղ են։ Հարկավո՞ր է դա, թե՞ հարկավոր չէ։ Արդյո՞ք չի կարելի, զորօրինակ, հենց նրանց միջոցով որևէ բան սարքել իր կարիերայի օգտին։ Մի խոսքով, հարկավոր էր հարյուրավոր հարցեր լուծել։

Այդ Անդրեյ Սեմյոնովիչը նիհար և գեղձախտավոր, կարճահասակ մի մարդ էր, ծառայել էր ինչ-որ մի տեղ, տարօրինակության չափ բաց-շիկահեր էր, կոտլետի ձևի այտամորուքով, որով շատ էր հպարտանում։ Բացի դրանից, նրա աչքերը համարյա միշտ ցավում էին։ Նա բավական փափկասիրտ էր, բայց խոսում էր միանգամայն ինքնավստահորեն և երբեմն էլ նույնիսկ խիստ գոռոզաբար, որ իր կերպարանքի համեմատությամբ համարյա միշտ ծիծաղելի էր դուրս գալիս։ Ամալյա Իվանովնայի աչքում նա բավական պատվավոր հյուրերից մեկն էր համարվում, այսինքն՝ հարբեցողություն չէր անում և բնակարանավարձը կանոնավոր էր վճարում։ Չնայած այդ բոլոր հատկություններին, Անդրեյ Սեմյոնովիչը իրոք մի քիչ թեթևամիտ էր։ Նա սիրով էր հարել պրոգրեսին և «մեր երիտասարդ սերունդներին»։ Նա մեկն էր գռեհիկների անթիվ ու այլադեմ լեգիոնից, տկար օրապակասներից և ոչ մի բան լրիվ չսովորած խևերից, որոնք անպայման, վայրկենապես հարում են ամենամոդայական, բերնեբերան անցնող գաղափարին, որպեսզի անմիջապես գռեհկացնեն այն, որպեսզի իսկույն ծաղրանկարի վերածեն այն ամենը, ինչին հենց իրենք երբեմն միանգամայն անկեղծորեն են ծառայում։

Չնայելով, որ Լեբեզյատնիկովը նույնիսկ շատ բարի էր, այնուամենայնիվ նույնպես սկսել էր մասամբ չհանդուրժել իր բնակակից և նախկին խնամակալ Պյոտր Պետրովիչին։ Երկուստեք այդ եղավ մի տեսակ պատահականորեն և փոխադարձաբար։ Որքան էլ ցանցառամիտ էր Անդրեյ Սեմյոնովիչը, այնուամենայնիվ սկսեց հետզհետե նկատել, որ Պյոտր Պետրովիչը նրան խաբում է և ծածուկ արհամարհում, և «բոլորովին ուրիշ տեսակի է այդ մարդը»։ Անդրեյ Սեմյոնովիչը փորձեց նրա առջև շարադրել Ֆուրյեի սիստեմը և Դարվինի թեորիան, բայց Պյոտր Պետրովիչը, մանավանդ վերջին ժամանակներում, սկսեց մի տեսակ ծաղրանքով լսել նրան, իսկ ամենավերջին օրերում նույնիսկ նախատինք էր կարդում նրա հասցեին։ Բանն այն է, որ նա բնազդաբար սկսում էր հասկանալ, որ Լեբեզյատնիկովը ոչ միայն գռեհիկ է ու ցանցառամիտ, այլև գուցե ստախոս է, որ նա ամենևին էլ կարևոր կապեր չունի նույնիսկ իր խմբակում, ու հենց միայն ուրիշներից լսած խոսքերն է մեջտեղ բերում։ Ավելին, իր պրոպագանդային գործն էլ թերևս կարգին չգիտե, որովհետև ինչ-որ չափից դուրս շշկլվում է, ուրեմն էլ որտեղի՜ց կարող է մերկացնող լինել։ Ի դեպ, անցողակի հիշատակենք, որ Պյոտր Պետրովիչը այդ մեկ ու կես շաբաթում (մանավանդ սկզբում) Անդրեյ Սեմյոնովիչից նույնիսկ խիստ տարօրինակ գովասանքներ էր ընդունում, օրինակ, չէր առարկում և լռում էր, երբ Անդրեյ Սեմյոնովիչը ակնարկում էր, որ իբր թե նա պատրաստ է օժանդակելու հետագայում Մեշչանսկայա փողոցում արագորեն նոր «Կոմունա» կազմակերպելու գործին. կամ, օրինակ, չի խանգարի Դունեչկային, եթե սա ամուսնության հենց առաջին ամսում սիրեկան գտնի, կամ չի մկրտի իր ապագա երեխաներին և այլն, և այլն՝ հար և նման բաներ։ Պյոտր Պետրովիչը ըստ իր սովորության չէր առարկում իրեն վերագրվող նման հատկությունների դեմ և թույլ էր տալիս նույնիսկ այդ կերպ էլ իրեն գովաբանել, այնքա՜ն հաճելի էր նրան ամեն տեսակ գովասանքը։

Պյոտր Պետրովիչը, որ այդ առավոտ ինչ-որ պատճառներով մի քանի հինգ տոկոսանոց բանկնոտներ էր մանրել, նստած էր սեղանի առաջ և թղթադրամների ու գանձարանային տոմսերի կապոցներ էր հաշվում։ Անդրեյ Սեմյոնովիչը, որ համարյա երբեք փող չէր ունենում, քայլում էր սենյակում և այնպես էր ձևացնում, թե անտարբերությամբ և նույնիսկ արհամարհանքով է նայում այդ բոլոր կապոցներին։ Պյոտր Պետրովիչը ոչ մի կերպ չէր հավատա թե Անդրեյ Սեմյոնովիչը իսկապես կարող է անտարբերությամբ նայել այդ փողերին, իսկ Անդրեյ Սեմյոնովիչը իր հերթին դառնությամբ մտածում էր, թե Պյոտր Պետրովիչը թերևս իրոք ընդունակ է այդ կերպ մտածելու իր մասին, ու թերևս ուրախ է, որ կարող է թղթադրամների դարսված կապոցներով ջղայնացնել ու ձեռ առնել իր երիտասարդ բարեկամին՝ հիշեցնելով նրա ոչնչությունը և իբր թե նրանց երկուսի միջև գոյություն ունեցող ամբողջ տարբերությունը։

Նա տեսնում էր, որ այս անգամ Անդրեյ Սեմյոնովիչը չափազանց ջղայնացած է և անուշադիր, չնայելով, որ սկսել է նրա առջև շարադրել իր սիրած թեման նոր, առանձին «Կոմունա» հիմնելու մասին։ Կարճ առարկությունները և դիտողությունները, որ Պյոտր Պետրովիչը անում էր համրիչի չխկչխկոցի ընդմիջումներին, բոլորովին բացահայտ ծաղրանք էին արտահայտում, այն էլ դիտավորյալ անքաղաքավարությամբ։ Բայց «մարդասեր» Անդրեյ Սեմյոնովիչը Պյոտր Պետրովիչի այդ տրամադրությունը վերագրում էր նախորդ օրը Դունեչկայի հետ գժտվելու տպավորությանը և մեծ ցանկություն ուներ շուտափույթ խոսք բացել այդ թեմայի շուրջ, նա այդ առթիվ առաջադիմական և պրոպագանդայի բնույթի որոշ բաներ ուներ ասելու, որ կարող էր սփոփել իր հարգելի բարեկամին և «անկասկած» օգուտ բերել նրա հետագա գործունեությանը։

— Ի՞նչ հոգեհաց է կազմակերպվում այդ․․․ այրիացած կնոջ մոտ,— հանկարծ հարցրեց Պյոտր Պետրովիչը՝ Անդրեյ Սեմյոնովիչին, ընդհատելով նրա ճառի ամենահետաքրքիր տեղում։

— Իբր թե չգիտեք, ես հո երեկ էի ձեզ հետ խոսում հենց այդ թեմայի շուրջ և արտահայտվում էի այդ բոլոր ծեսերի մասին։ Ես լսել եմ, որ նա ձեզ էլ է հրավիրել։ Դուք ինքներդ երեկ խոսում էիք նրա հետ․․․

— Ես ոչ մի կերպ չէի սպասում, որ այդ աղքատ, հիմար կինը քելեխի համար կծախսի ամբողջ փողը, որ ստացել էր այն մյուս հիմարից․․․ Ռասկոլնիկովից։ Անցնելիս նույնիսկ զարմացա, մեծ պատրաստություն է տեսել, գինի ինչքան ուզես, կանչված է մի քանի մարդ, սատանան գիտե, թե ինչ է դա,— շարունակեց Պյոտր Պետրովիչը՝ հարցուփորձ անելով իր բարեկամին։ Ինչ-որ նպատակով նա ձգտում էր իր բարեկամին խոսեցնել այդ ուղղությամբ։— Ի՞նչ, դուք ասում եք, որ ի՞նձ էլ է հրավիրել,— հանկարծ ավելացրեց նա՝ բարձրացնելով գլուխը։— Այդ ե՞րբ է եղել։ Չեմ հիշում։ Սակայն ես չեմ գնա։ Ի՞նչ գործ ունեմ այնտեղ։ Ի միջի այլոց, երեկ ես այդ կնոջը ասացի, որ նա, որպես աստիճանավորի աղքատ այրի կին, թերևս կարող է նրա տարեկան ռոճիկի չափ փող ստանալ իբրև միանվագ նպաստ։ Հա դրա համար չէ՞, որ նա հրավիրում է ինձ, քա՛հ֊քա՛հ։

— Ես էլ մտադիր չեմ գնալ,— ասաց Լեբեզյատնիկովը։

— Էլ ինչպե՞ս գնալ, ձեր սեփական ձեռքերով եք դնքսել նրան։ Իհարկե, անհարմար է, քա՛հ֊քա՛հ-քա՛հ։

— Ո՞վ է դնքսել, ո՞ւմ,— հանկարծ շփոթվեց և նույնիսկ կարմրեց Լեբեզյատնիկովը։

— Դե դուք, էլի, Կատերինա Իվանովնային, մի ամիս առաջ, թե ինչ։ Երեկ լսեցի... Ահա քեզ և համոզմունքներ... Կանանց հարցն էլ ձախողվեց։ Քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։

Ու Պյոտր Պետրովիչը կարծես սփոփվելով, դարձյալ սկսեց չխկացնել համրիչի հատերը։

— Այդ բոլորր դատարկ բան է և զրպարտություն է,— տաքացավ Լեբեզյատնիկովը, որը մշտապես վախենում էր այդ պատմությունը հիշեցնելուց,— բանը ամենևին էլ այդպես չի եղել։ Ուրիշ կերպ է եղել... Դուք սխալ եք լսել, դա բամբասանք է։ Այն ժամանակ ես միայն պաշտպանվում էի։ Նա առաջինը իր ճանկերով հարձակվեց ինձ վրա... Նա պոկեց ամբողջ այտամորուքս։ Ամեն մարդու էլ թույլատրվում է պաշտպանել իր անձնավորությունը։ Այն էլ ասած, ես ոչ ոքի թույլ չեմ տա բռնանալ ինձ վրա... Սկզբունքով թույլ չեմ տա, որովհետև այդ արդեն համարյա բռնակալություն է։ Ի՞նչ անեի ես, անշարժ կանգնեի՞ նրա առաջ։ Ես նրան միայն ետ հրեցի։

— Քա՛հ-քա՛հ֊քա՛հ,— Լուժինը շարունակում էր ծիծաղել չարախնդությամբ։

— Դուք այդ մեջտեղ եք բերում, որովհետև ինքներդ վրդովված եք ու չարացած... Իսկ դա հիմար բան է և ամենևին, ամենևին չի վերաբերում կանանց հարցին։ Դուք այդ սխալ եք հասկանում։ Ես նույնիսկ մտածում էի՝ եթե ընդունված է, որ կինը տղամարդուն հավասար է ամեն ինչով, նույնիսկ ուժով (այդ արդեն ապացուցում են), ապա ուրեմն այստեղ էլ պետք է հավասարություն լինի։ Իհարկե, հետո ես մտածեցի, որ էապես այդպիսի հարց չպետք է լինի, որովհետև տուրուդմբոց էլ չպետք է լինի, ապագա հասարակության մեջ աներևակայելի են տուրուդմբոցի դեպքերը... Իհարկե, տարօրինակ կլիներ տուրուդմբոցի մեջ էլ հավասարություն փնտրել։ Ես այնքան էլ հիմար չեմ․․․ Թեև ի միջի այլոց տուրուդմբոցը կա... այսինքն՝ հետո չի լինի, իսկ հիմա դեռ կա... Թյո՜ւ, գրողը տանի, ձեզ հետ մարդ շշկլվում է։ Այդ անախորժության պատճառով չէ, որ ես քելեխի չեմ գնա։ Ես ուղղակի սկզբունքով չեմ գնա, որպեսզի չենթարկվեմ քելեխների գարշ նախապաշարմունքին, այ թե ինչ։ Ասենք, գուցե և կարելի է գնալ հենց այնպես, ծիծաղելու համար... Ափսոս որ տերտերներ չեն լինի։ Եթե լինեին, անպայման կգնայի։

— Այսինքն՝ նստել ուրիշի աղուհացին ու հենց տեղնուտեղը թքե՞լ դրա վրա, այսինքն՝ նաև ձեզ հրավիրողների վրա... Այդպե՞ս է, թե ինչ։

— Ամենևին էլ չթքել, այլ բողոքել։ Ես օգտակար նպատակ եմ հետապնդում։ Ես կարո՞ղ եմ անուղղակի կերպով օժանդակել մարդկանց զարգացմանը և պրոպագանդային։ Ամեն մարդ պարտավոր է մարդկանց զարգացնել և պրոպագանդել, ու թերևս որքան դա խիստ լինի, այնքան լավ։ Ես կարող եմ գաղափար, հատիկ սերմանել․․․ Այդ հատիկից կաճի փաստը։ Ինչո՞վ եմ ես նրանց վիրավորում։ Սկզբում կվիրավորվեն, իսկ հետո իրենք էլ կտեսնեն, որ ես իրենց օգուտ եմ բերել։ Մեզանում մեղադրում էին Տերեբևային (որը հիմա կոմունայում է), թե նա հեռացավ ընտանիքից և... տղամարդու հանձնվեց, ապա մորն ու հորը գրեց, որ չի ուզում նախապաշարմունքների ենթարկվել և քաղաքացիական ամուսնության է դիմում, և իբր թե դա չափազանց կոպիտ վերաբերմունք է դեպի ծնողները, կարելի էր խնայել նրանց, ավելի մեղմ գրել։ Իմ կարծիքով այդ բոլորը դատարկ բան է, ամենևին էլ հարկավոր չէր մեղմ գրել, ընդհակառակը, ընդհակառակը, հենց այդպես էլ պետք էր վարվել։ Հրե՛ն, Վարենցը յոթ տարի ապրեց ամուսնու հետ, թողեց նրան ու երկու երեխաներին և ամուսնուն իսկույն գրեց՝ «Ես գիտակցեցի, որ չեմ կարող ձեզ հետ երջանիկ լինել։ Երբեք չեմ ների ձեզ, որ դուք ինձ խաբում էիք, ինձնից թաքցնում էիք, որ գոյություն ունի հասարակության ուրիշ կառուցվածք՝ կոմունաների միջոցով։ Ես վերջերս այդ բոլորը իմացա մի մեծահոգի մարդուց, որին հանձնվեցի և նրա հետ մեկտեղ կոմունա եմ հիմնում։ Շիտակ եմ ասում, որովհետև ձեզ խաբելը անպատվաբեր եմ համարում։ Ապրեցեք ինչպես որ ձեզ հաճելի է։ Ինձ վերադարձնելու հույս մի ունենաք, դուք շատ եք ուշացել։ Ձեզ երջանկություն եմ ցանկանում»։ Ահա թե ինչպես են գրվում այսպիսի նամակները։

— Դա հենց այն Տերեբևա՞ն է, որի մասին դուք ասում էիք, թե երրորդ անգամ է ամուսնացել քաղաքացիական կարգով։

— Ընդամենը միայն երկրորդ անգամ, եթե դատենք ինչպես հարկն է՝ թեկուզև չորրորդ, տասնհինգերորդ անգամ լիներ, այդ բոլորը դատարկ բան է։ Ավելի քան երբևէ, ես այժմ ցավում եմ, որ հայրս ու մայրս մեռել են։ Ես մի քանի անգամ նույնիսկ երազում էի, որ եթե նրանք դեռ կենդանի լինեին, ես նրանց կդաղեի իմ հակաճառություններով։ Հենց այդպես էլ կվարվեի... Ես հո ինքնուրույնացած մարդ էի։ Ես նրանց ցո՛ւյց կտայի, ես նրանց կզարմացնեի, ափսոս որ ոչ ոք չկա։

— Որպեսզի զարմացնե՞ք, քա՛հ-քա՛հ։ Էհ, թող դա այնպես լինի, ինչպես որ դուք եք ցանկանում,— ընդհատեց Պյոտր Պետրովիչը,— իսկ դուք ա՛յ թե ինչ ասեք, դուք հո ճանաչում եք հանգուցյալի այդ լղարիկ աղջկան։ Ճի՞շտ է այն, ինչ որ ասում են նրա մասին, հը՞։

— Ի՛նչ կա որ։ Ըստ իս, այսինքն՝ իմ անձնական համոզմամբ, դա կնոջ ամենանորմալ վիճակն է որ կա։ Ինչո՞ւ չի կարելի այդպես լինել։ Այսինքն distinguons[1]։ Այժմյան հասարակության մեջ, իհարկե, դա այնքան էլ նորմալ չէ, որովհետև ստիպողական է, իսկ ապագա հասարակության մեջ միանգամայն նորմալ կլինի, որովհետև ազատ կլինի։ Հիմա էլ նա դրա համար իրավունք ուներ, նա տառապում էր, իսկ դա նրա ֆոնդն էր, այսպես ասած՝ կապիտալը, և նա լիակատար իրավունք աներ տնօրինելու այդ կապիտալը։ Հասկանալի է, որ ապագա հասարակության մեջ ֆոնդերի կարիք չի լինի, բայց նրանց դերը այլ նշանակություն կունենա, պայմանավորված կլինի ներդաշնակորեն ու նպատակահարմար ձևով։ Ինչ վերաբերում է անձնապես Սոֆյա Սեմյոնովնային, ապա ներկայումս ես նրա արարմունքները համարում եմ եռանդուն և կտրական բողոք հասարակության կառուցվածքի ղեմ և դրա համար խորապես հարգում եմ նրան, նույնիսկ ուրախանում եմ նրան նայելիս։

— Իսկ ինձ պատմել են, որ հենց դուք նրան դուրս էիք արել այստեղից, բնակարանից։

Լեբեզյատնիկովը նույնիսկ կատաղեց.

— Այդ էլ ուրիշ բամբասանք է,— բղավեց նա։— Ամենևին, ամենևին այդպիսի բան չի եղել։ Դա բոլորովին սուտ է։ Դա այն ժամանակ Կատերինա Իվանովնան էր մոգոնել, որովհետև ոչինչ չէր հասկացել։ Ես բնավ չեմ նեղել Սոֆյա Սեմյոնովնային։ Ես աշխատում էի առանց որևէ շահախնդրության զարգացնել նրան, իր մեջ բողոք հարուցել... Ինձ միայն բողոքն էր հարկավոր, իսկ Սոֆյա Սեմյոնովնան ինքնին չէր կարող մնալ այստեղի բնակարաններում։

— Կոմունա՞ էիք կանչում, ինչ է։

— Դուք շարունակ ծիծաղում եք և շատ անհաջող, թույլ տվեք սա ասել ձեզ։ Գուք ոչինչ չեք հասկանում։ Կոմունայում այդպիսի դերեր չկան։ Կոմունան հենց նրա համար է կազմակերպվում, որ այդպիսի դերեր չլինեն։ Կոմունայում այդ դերը կփոխի այժմյան իր ամբողջ էությունը, ու ինչ-որ այստեղ հիմար բան է, այնտեղ խելացի կլինի, ինչ-որ այստեղ, ներկա հանգամանքներում, անբնական է, այնտեղ բոլորովին բնական կլինի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի պայմաններում և ինչպիսի միջավայրում է գտնվում մարդը։ Ամեն ինչ միջավայրից է, իսկ մարդը ինքը ոչինչ է։ Սոֆյա Սեմյոնովնայի հետ ես հիմա էլ համերաշխ եմ, դա կարող է ձեզ համար ապացույց լինել, նա ինձ երբեք չի համարել իր թշնամին և իրեն վիրավորող։ Այո, հիմա ես նրան կոմունա եմ կանչում, միայն թե բոլորովին, բոլորովին այլ հիմունքներով։ Ի՞նչ եք ծիծաղում։ Մենք ուզում ենք հիմնել մեր, առանձին կոմունան, միայն թե ավելի լայն հիմունքներով, քան առաջվա կոմունաները։ Մենք մեր համոզմունքներով ավելի հեռու ենք գնացել։ Մենք ավելի շատ բան ենք ժխտում։ Եթե Դոբրոլյուբովը գերեզմանից դուրս գար, ես կվիճեի նրա հետ։ Իսկ Բելինսկուն հո կգլորեի։ Իսկ առայժմ ես շարունակում եմ զարգացնել Սոֆյա Սեմյոնովնային։ Նա հիանալի, հիանալի բնավորություն ունի։

— Եվ դուք օգտվում եք հիանալի բնավորությունից, չէ՞։ Քա՛հ-քա՛հ։

— Ո՛չ, ո՛չ, օ՛, ո՛չ, ընդհակառակը։

— Հիմա է՜լ ընդհակառակը։ Քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Բա՛ն ասացիք, էլի։

— Հավատացեք, ախր ի՞նչ պատճառներով ես այդ պետք է թաքցնեի ձեզնից, ասացեք խնդրեմ։ Ընդհակառակը, նույնիսկ ինձ էլ տարօրինակ է թվում, որ նա իմ առջև խիստ քաշվում, ինչ֊որ երկչոտությամբ ողջախոհ և ամոթխած է լինում։

— Եվ դուք, իհարկե, զարգացնում եք նրան... քա՛հ-քա՛հ-քա՛հ, ապացուցում եք, որ այդ բոլոր ամոթխածությունները դատարկ բաներ են, այնպես չէ՞․․․

— Բնավ ոչ, բնավ ոչ։ Օ՛, որքա՜ն դուք կոպիտ կերպով, նույնիսկ հիմարաբար եք հասկանում «զարգացում» բառը, ներեցեք ինձ։ Դուք ոչինչ չեք հասկանում։ Աստված իմ, որքա՜ն դուք... ետ եք մնում։ Մենք կնոջ ազատություն ենք փնտրում, իսկ դուք այ թե ինչեր եք մտածում... բոլորովին մի կողմ թողնելով ողջախոհության և կանացի ամոթխածության հարցը, որպես ինքնին անօգուտ և նույնիսկ նախապաշարմունքային բաներ, ես միանգամայն, միանգամայն հնարավոր եմ համարում նրա ողջախոհությունը իմ հանդեպ, որովհետև այդ է նրա ամբողջ կամքը, նրա ամբողջ իրավունքը։ Հասկանալի է, որ եթե նա ինքը ինձ ասեր՝ «ես ուզում եմ ունենալ քեզ», ապա ես իմ գործը հաջողված կհամարեի, որովհետև այդ աղջիկը ինձ շատ է դուր գալիս, նրա հետ, իհարկե, ոչ ոք ու երբեք այնպես քաղաքավարի ու բարեկիրթ ձևով չի վարվել, ինչպես ես, այնպես հարգանքով չի վերաբերվել դեպի նրա արժանիքը, ինչպես ես․․․ Ես սպասում եմ ու հույսով սփոփվում, ուրիշ ոչինչ։

— Ավելի լավ է դուք նրան մի որևէ բան նվիրեցեք։ Գրազ եմ գալիս, որ դուք այդ մասին չեք էլ մտածել։

— Ոչ-ի՜նչ չեք հասկանում, էլի եմ ասում ձեզ։ Դե իհարկե, նրա վիճակն այդպես է, բայց այստեղ մի ուրիշ հարց կա, բոլորովին ուրիշ։ Դուք պարզապես արհամարհում եք նրան։ Տեսնելով փաստը, որը ձեր սխալ կարծիքով արժանի է արհամարհման, դուք արդեն հրաժարվում եք մարդկային արարածին մարդասիրաբար նայելուց։ Դուք դեռ չգիտեք, թե նա ինչպիսի բնավորություն ունի։ Ես շատ եմ ցավում, որ նա վերջին ժամանակներս վերջ է տվել ընթերցանության ու այլևս ինձնից գրքեր չի վերցնում։ Իսկ առաջ վերցնում էր։ Ցավում եմ նույնպես, որ իր ամբողջ էներգիայով և բողոքելու վճռականությամբ հանդերձ, որը նա մի անգամ արդեն ապացուցել է, նրա մեջ կարծես դեռ քիչ է ինքնուրույնությունը, այսպես ասած՝ անկախությունը, քիչ է ժխտողականությունը, որոնցով կարողանար բոլորովին կտրվել որոշ նախապաշարմունքներից և... հիմարություններից։ Չնայած դրան, մի շարք հարցեր նա շատ լավ է հասկանում։ Օրինակ, նա հիանալի հասկացավ ձեռքը համբուրելու հարցը, այսինքն այն, որ եթե տղամարդը համբուրում է կնոջ ձեռքը, դրանով վիրավորում և իրեն հավասար չի համարում նրան։ Այս հարցը քննարկվեց մեզ մոտ ու ես դա իսկույն հաղորդեցի նրան։ Ֆրանսիական բանվորների ասոցիացիայի մասին նա նույնպես ուշադրությամբ լսեց։ Հիմա ես նրան բացատրում եմ ապագա հասարակության մեջ ազատորեն սենյակները մտնելու հարցը։

— Իսկ դա ի՞նչ բան է։

— Վերջին ժամանակներս քննարկվեց այն հարցը, թե արդյոք կոմունայի անդամը իրավունք ունի՞ ամեն ժամանակ մտնել մյուս անդամի, տղամարդու կամ կնոջ սենյակը... ու որոշվեց, որ ունի...

— Լավ, իսկ եթե մեկը կամ մյուսը այդ րոպեին անհրաժեշտ պահանջներով է զբաղվա՞ծ, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։

Անդրեյ Սեմյոնովիչը նույնիսկ բարկացավ։

— Դուք էլի այդ մասին եք խոսում... Դուք ուզում եք հենց միայն այդ անիծված «պահանջները» մեջտեղ բերել,— ատելությամբ գոչեց նա,— թյո՛ւ, որքա՜ն եմ ես վրդովվում և սրտնեղում, որ շարադրելով սիստեմը, ձեզ վաղաժամ եմ հիշեցրել այդ անիծված պահանջները։ Գրողը տանի։ Դա փորձաքար է ձեզ նման բոլոր մարդկանց համար, որոնք նախքան գործի էությունն իմանալը դա ծաղրի առարկա են դարձնում։ Եվ իբր թե իրավացի են։ Չգիտես ինչով են հպարտանում։ Թյո՛ւ։ Ես մի քանի անգամ պնդում էի, որ նորեկներին այդ ամբողջ հարցը կարելի է բացատրել ոչ այլ կերպ, քան վերջում, երբ նրանք արդեն յուրացրել են մեր սիստեմը, երբ մարդը արդեն զարգացած է և նրան ուղղություն է տրված։ Ասացեք խնդրեմ, դուք ի՞նչ, ի՞նչ արհամարհելի բան եք գտնում թեկուզ հենց աղբահորերը մաքրելու մեջ։ Ես առաջինը պատրաստ եմ մաքրելու ամեն տեսակ աղբահորեր։ Այստեղ նույնիսկ ոչ մի ինքնազոհություն էլ չկա։ Այստեղ կա սոսկ աշխատանք, հասարակությանը օգտակար ազնիվ գործունեություն, որը արժե ուրիշ ամեն մի գործունեության և շատ ավելի բարձր է, օրինակ, մի որևէ Ռաֆայելի կամ Պուշկինի գործունեությունից, որովհետև օգտակար է։

— Եվ ավելի ազնիվ է, ավելի ազնիվ, քա՛հ-քա՛հ-քա՛հ։

— Ի՞նչ ասել է ավելի ազնիվ։ Ես այդպիսի արտահայտությունները չեմ հասկանում մարդկային գործունեությունը որոշելու իմաստով։ «Ավելի ազնիվ», «ավելի մեծահոգի», այդ ամենը դատարկ բան է, անհեթեթություն, հին, նախապաշարմունքային խոսքեր, որոնք ես բացասում եմ։ Ազնիվ է այն ամենը, ինչ որ օգտակար է մարդկությանը։ Ես հասկանում եմ միայն մի բառ՝ օգտակար է։ Ինչքան կուզեք քրքջացեք, դա այդպես է։

Պյոտր Պետրովիչը շատ էր ծիծաղում։ Նա արդեն վերջացրեց հաշվելը և փողը դրեց գրպանը։ Սակայն դրա մի մասը չգիտես ինչու դեռ մնում էր սեղանի վրա։ Այդ «աղբահորերի հարցը», չնայած իր ողջ գռեհկության, արդեն մի քանի անգամ Պյոտր Պետրովիչի և նրա երիտասարդ բարեկամի միջև պառակտման ու անհամերաշխության առիթ էր դարձել։ Ամբողջ անմտությունն այն էր, որ Անդրեյ Սեմյոնովիչը իրոք բարկանում էր։ Լուժինը զվարճանում էր դրանով, իսկ տվյալ րոպեին նա առանձնապես ուզում էր մի քիչ չարացնել Լեբեզյատնիկովին։

— Դուք երեկվա ձեր անհաջողության պատճառով եք այդպես նենգում և ինձ ձեռ առնում,— վերջապես ասաց Լեբեզյատնիկովը։ Չնայած իր ողջ «անկախության» և բոլոր «բողոքներին», նա ընդհանրապես չէր համարձակվում հակաճառել Պյոտր Պետրովիչին և առհասարակ նրա հանդեպ ինչ-որ հարգանք էր տածում, որը դեռ անցած տարիներից իր համար սովորական էր դարձել։

— Ավելի լավ է դուք այ թե ինչ ասեք,— գոռոզաբար և սրտնեղելով նրան ընդհատեց Պյոտր Պետրովիչը,— արդյոք դուք կարո՞ղ եք... կամ ավելի լավ է ասել՝ արդյո՞ք դուք իսկապես այնքան մոտիկ եք այդ դեռահաս անձնավորությանը, որպեսզի նրան խնդրեք հենց հիմա մի րոպեով գալ այստեղ, այս սենյակը։ Կարծեմ բոլորն էլ վերադարձել են գերեզմանոցից... Ես լսում եմ նրանց ոտնաձայները... Ինձ հարկավոր է տեսնել նրան, այդ աղջկան։

— Դա ձեր ինչի՞ն է պետք,— զարմանքով հարցրեց Լեբեզյատնիկովը։

— Այնպես, էլի, հարկավոր է։ Այսօր֊վաղը ես կմեկնեմ այստեղից, դրա համար էլ կցանկանայի նրան մի բան հաղորդել... Մեր խոսակցության ժամանակ դուք էլ կարող եք այստեղ լինել։ Դա նույնիսկ ավելի լավ է։ Թե չէ աստված գիտե, թե ինչ կմտածեք։

— Ես ոչինչ էլ չեմ մտածի... Ես հենց այնպես հարցրի, ու եթե դուք գործ ունեք, ապա չկա ավելի հեշտ բան, քան նրան կանչելը։ Հիմա կգնամ։ Հավատացած եղեք, որ ես ձեզ չեմ խանգարի։

Իսկապես, հինգ րոպե հետո Լեբեզյատնիկովը վերադարձավ Սոնեչկայի հետ։ Վերջինս ներս մտավ չափազանց զարմացած և ըստ իր սովորության, երկչոտելով։ Նա միշտ երկչոտում էր նման դեպքերում և խիստ վախենում էր նոր անձնավորություններից ու նոր ծանոթություններից, վախենում էր առաջ էլ, դեռ մանկությունից, իսկ հիմա է՛լ ավելի էր վախենում... Պյոտր Պետրովիչը նրան դիմավորեց «սիրալիր ու քաղաքավարի», սակայն ինչ-որ ուրախ մտերմավարությամբ, որը Պյոտր Պետրովիչի կարծիքով, վայել էր այնպիսի հարգևոր ու պատկառելի մարդուն, ինչպես ինքը, մի այնպիսի դեռահաս ու որոշ իմաստով հետաքրքիր էակի նկատմամբ, ինչպես Սոնյան։ Պյոտր Պետրովիչը շտապեց «քաջալերել» նրան ու նստեցրեց սեղանի մոտ, իր դիմաց։ Սոնյան նստեց, նայեց շուրջը, նայեց Լեբեզյատնիկովին, սեղանին դրված փողերին, հետո հանկարծ էլի Պյոտր Պետրովիչին ու այլևս աչքը չկտրեց նրանից, կարծես գամվեց նրան։ Լեբեզյատնիկովը քայլեց դեպի դուռը։ Պյոտր Պետրովիչը վեր կացավ, Սոնյային նշան արեց, որ մնա նստած, ու դռան մոտ կանգնեցրեց Լեբեզյատնիկովին։

— Այդ Ռասկոլնիկովը այնտե՞ղ է, եկե՞լ է,— շշնջալով հարցրեց նրան։

— Ռասկոլնիկո՞վը։ Այնտեղ է։ Ի՞նչ կա որ։ Այո, այնտեղ է... Հենց հիմա եկավ, ես տեսա․․․ Ի՞նչ կա որ։

— Ես ձեզ առանձնապես խնդրում եմ մնալ այստեղ, մեզ հետ, ինձ մենակ չթողնել այդ... աղջկա հետ։ Դատարկ բան է, բայց աստված գիտե ինչեր կասեն։ Ես չեմ ուզում, որ Ռասկոլնիկովը այնտեղ բան ասի... Հասկանո՞ւմ եք, թե ես ինչի մասին եմ խոսում։

— Հասկանում եմ, հասկանում եմ,— հանկարծ գլխի ընկավ Լեբեզյատնիկովը։— Այո, դուք իրավացի եք... Իմ անձնական համոզմունքով դուք, իհարկե, ավելորդ երկյուղ եք զգում, բայց և այնպես... դուք իրավացի եք։ Խնդրեմ, ես կմնամ։ Ես կկանգնեմ լուսամուաի մոտ և ձեզ չեմ խանգարի... Ըստ իս, դուք դրա համար իրավունք ունեք...

Պյոտր Պետրովիչը ետ դարձավ, նստեց բազմոցին, Սոնյայի դիմաց, ուշադիր նայեց նրան և հանկարծ խիստ պատկառելի, նույնիսկ մի փոքր խիստ տեսք ընդունեց։ Որպես թե՝ «դու ինքդ ուրիշ բաներ չմտածես, ա՛յ աղջիկ»։ Սոնյան վերջնականապես շփոթվեց։

— Նախ և առաջ խնդրում եմ ձեզ, Սոֆյա Սեմյոնովնա, իմ կողմից ներողություն խնդրեք ձեր շատ հարգելի մայրիկից... Կարծեմ այդպես է, չէ՞ ձեզ մոր տեղ է գալիս Կատերինա Իվանովնան,— ասաց Պյոտր Պետրովիչը խիստ լուրջ տոնով, բայց և բավական սիրալիր։ Երևում էր, որ նա միանգամայն բարեկամական դիտավորություններ ունի։

— Ճիշտ այդպես է, այո, մոր տեղ է գալիս,— հապճեպ ու երկչոտ պատասխանեց Սոնյան։

— Հա՛, դե ուրեմն իմ կողմից ներողություն խնդրեցեք, որ ես ինձնից անկախ պատճառներով ստիպված եմ բացակայել, ներկա չլինել ձեր հացկերույթին... այսինքն հոգեհացին, չնայած ձեր մայրիկի սիրալիր հրավերին։

— Լավ, կասեմ, հենց հիմա,— ու Սոնյան հապճեպ վեր թռավ աթոռից։

— Այդ դեռ բոլորը չէ,— կանգնեցրեց նրան Պյոտր Պետրովիչը՝ ժպտալով նրա պարզամտության և պատշաճությունները չգիտենալու վրա,— դուք ինձ քիչ եք ճանաչում, ամենասիրելի Սոֆյա Սեմյոնովնա, եթե մտածեցիք, թե ես միայն ինձ վերաբերող, աննշան այդ պատճառով կանհանգստացնեի և ինձ մոտ կկանչեի մի այնպիսի անձնավորության, ինչպիսին դուք եք։ Ես ուրիշ նպատակ ունեմ։

Սոնյան հապճեպ նստեց։ Սեղանից չհավաքած գորշ ու ծիածանագույն թղթադրամները դարձյալ երևացին նրա աչքերին, բայց նա իսկույն դեմքը շուռ տվեց դրանցից ու դարձրեց դեպի Պյոտր Պետրովիչը։ Ուրիշի փողերին նայելը հանկարծ սարսափելի անվայել թվաց նրան, մանավանդ նրան։ Նա հայացքը հառեց Պյոտր Պետրովիչի ոսկե լոռնետին, որ վերջինիս ձախ ձեռքին էր, և ապա մեծ, մասսիվ, դեղին քարով ու չափազանց գեղեցիկ մատանուն, որ այդ ձեռքի միջամատին էր, ու հանկարծ էլի շուռ տվեց հայացքը, ու չգիտենալով ինչ անել, դարձյալ ուղիղ նայեց Պյոտր Պետրովիչի աչքերին։ Աոաջվանից է՛լ ավելի լուրջ տեսք ընդունելով, Պյոտր Պետրովիչը շարունակեց իր խոսքը։

— Երեկ այնպես պատահեց, որ ես հարևանցիորեն մի երկու խոսք փոխանակեցի դժբախտ Կատերինա Իվանովնայի հետ։ Այդ բավական էր իմանալու համար, որ նա, եթե կարելի է այսպես արտահայտվել, գտնվում է հակաբնական վիճակում...

— Այո... հակաբնական վիճակում,— իսկույն վրա բերեց Սոնյան։

— Կամ ավելի պարզ ու հասկանալի կլինի ասել՝ հիվանդ վիճակում։

— Այո, պարզ ու հասկ... այո, հիվանդ է։

— Այդպես։ Եվ ահա մարդասիրական զգացմունքիք և֊և֊և, այսպես ասած, կարեկցությունից դրդված, ես կցանկանայի իմ կողմից որևէ բանով օգտակար լինել՝ նախատեսելով նրա անխուսափելիորեն դժբախտ ճակատագիրը։ Կարծեմ այդ ամբողջ աղքատ ընտանիքը հիմա միայն ձեր խնամքին է մնացել։

— Թույլ տվեք հարցնել,— հանկարծ վեր կացավ Սոնյան,— երեկ դուք ի՞նչ եք բարեհաճել նրան ասել թոշակ ստանալու հնարավորության մասին։ Դեռ երեկ նա ինձ ասել է, որ դուք հանձն եք առել նրա համար թոշակ հաջողացնել։ Դա ճի՞շտ է։

— Ամենևին ոչ, որոշ իմաստով դա նույնիսկ անհեթեթություն է։ Ես միայն ակնարկել էի, որ ծառայության մեջ մեռած աստիճանավորի այրին կարող է ժամանակավոր օգնություն ստանալ, եթե միայն միջնորդություն լինի։ Բայց կարծեմ ձեր հանգուցյալ ծնողը ոչ միայն չի ծառայել սահմանված ժամկետում, այլև վերջին ժամանակներում բոլորովին չի ծառայել։ Մի խոսքով, թեպետև կարող էր հույս լինել, բայց այդ հույսը անհաստատ կլիներ, որովհետև սույն դեպքում էապես օգնության ոչ մի իրավունք գոյություն չունի, նույնիսկ ընդհակառակը... Իսկ նա արդեն սկսել է թոշակի մասին մտածել, քա՛հ-քա՛հ։ Աշխույժ տիկին է։

— Այո, թոշակի մասին... որովհետև նա դյուրահավատ է ու բարի և բարությունից ամեն բանի հավատում է և... և... այդպիսի խելքի է... Այո, դե, ներեցեք,— ասաց Սոնյան և դարձյալ վեր կացավ, որ գնա։

— Ներեցեք, դուք դեռ բոլորը չեք լսել։

— Այո, չեմ լսել,— քրթմնջաց Սոնյան։

— Դե ուրեմն նստեցեք։

Սոնյան սարսափելի շփոթվեց ու նստեց նորից, երրորդ անգամ։

— Տեսնելով նրա այդ վիճակը, դժբախտ, փոքրահասակ երեխաներով ծանրաբեռնված լինելը, ինչպես ես արդեն ասել եմ, կցանկանալի որևէ բանով, ուժերիս ներածին չափ օգտակար լինել, այսինքն, ինչպես ասում են, ուժերիս ներածին չափ, ոչ ավելի։ Զորօրինակ, կարելի էր նրա օգտին բաժանորդագրություն, կամ, այսպես ասած, վիճակախաղ կազմակերպել... կամ որևէ նման մի բան, ինչպես և այդպիսի դեպքերում կազմակերպում են մերձավորները կամ թեկուզ և կողմնակիները, ովքեր ցանկանում են օգնություն ցույց տալ։ Ես մտադիր էի հենց սա հաղորդել ձեզ։ Դա թերևս հնարավոր է։

— Այո, լավ... Դրա համար աստված ձեզ...— թոթովում էր Սոնյան՝ ակնապիշ նայելով Պյոտր Պետրովիչին։

— Հնարավոր է, բայց... մենք այդ հետո կանենք, այսինքն՝ կարելի էր այսօր էլ սկսել։ Երեկոյան կտեսնվենք, կպայմանավորվենք և, այսպես ասած, հիմք կդնենք։ Եկեք ինձ մոտ ժամը յոթին։ Հուսով եմ, որ Անդրեյ Սեմյոնովիչը նույնպես կմասնակցի... Բայց... այստեղ կա մի հանգամանք, որը պետք է նախապես և մանրակրկիտորեն հիշատակել։ Հենց դրա համար էլ ես ձեզ անհանգստացրի, Սոֆյա Սեմյոնովնա, ու այստեղ կանչեցի։ Եմ կարծիքն այն է, որ չի հարելի փողը տալ անձամբ Կատերինա Իվանովնային, դա վտանգավոր է. դրա ապացույցը հենց այսօրվա հոգեհացն է։ Վաղվան օրվա համար չունենալով, այսպես ասած, մի պատառ ուտելիք և... ոտնաման ու այլ բաներ, այսօր գտնվում է Յամայկայի ռոմ ու կարծեմ նույնիսկ մադերա և սուրճ։ Անցնելիս ես տեսա։ Հենց վաղը դարձյալ ձեր վզին կընկնի ամեն ինչ, մինչև վերջին պատառ հացը, դա արդեն անհեթեթություն է։ Դրա համար էլ բաժանորդագրությունը, ըստ իմ անձնական կարծիքի, պետք է այնպես կատարվի, որ դժբախտ այրին, այսպես ասած, ոչինչ չիմանա փողերի մասին, այլ գիտենայիք, զորօրինակ, միայն դուք։ Ճիշտ չե՞մ ասում։

— Ես չգիտեմ։ Նա այդ անում է միայն այսօր... Կյանքումը մի անգամ... Նա շատ էր ուզում հոգեհաց տալ, պատիվ անել, հարգել հանգուցյալի հիշատակը... Նա շատ խելացի է։ Սակայն ինչպես որ դուք կամենաք, ես շատ, շատ շնորհակալ կլինեմ ձեզնից... ու նրանք բոլորն էլ, որբերն էլ շնորհակալ կլինեն... աստված ձեզ հաջողություն կտա...

Սոնյան չվերջացրեց խոսքը և լացեց։

— Այդպես։ Ուրեմն դա նկատի ունեցեք, իսկ հիմա բարի եղեք ձեր ազգականուհու շահերի համար առայժմ ուժերիս ներածին չափ մի գումար ընդունել անձամբ ինձնից։ Շատ և շատ եմ ցանկանում, որ իմ անունը ընդսմին չհիշատակվի։ Ահա... այս պես ասած... Ինքս հոգսեր ունենալով, չեմ կարող ավելին տալ...

Ու Պյոտր Պետրովիչը խնամքով բացեց և Սոնյային մեկնեց տասը ռուբլիանոց մի թղթադրամ։ Սոնյան վերցրեց, շիկնեց, վեր թռավ, ինչ֊որ փնթփնթաց ու շտապեց հրաժեշտ տալ։ Պյոտր Պետրովիչը քաղաքավարությամբ նրան ուղեկցեց մինչև դուռը։ Վերջապես, Սոնյան հուզված ու տանջված դուրս թռավ սենյակից և Կատերինա Իվանովնայի մոտ վերադարձավ չափից դուրս շփոթված։

Այդ տեսարանի ամբողջ ընթացքում Անդրեյ Սեմյոնովիչը մերթ կանգնած էր լինում պատուհանի մոտ, մերթ քայլում էր սենյակով մեկ՝ չցանկանալով ընդհատել խոսակցությունը. իսկ երբ Սոնյան գնաց, նա հանկարծ մոտեցավ Պյոտր Պետրովիչին ու ձեռքը ցնծությամբ մեկնեց նրան.

— Ես ամեն ինչ լսեցի և ամեն ինչ տեսա,— ասաց նա՝ առանձնապես շեշտելով վերջին բառը։— Դա ազնվություն է, այսինքն՝ ես ուզում էի ասել՝ մարդասիրություն է։ Դուք ցանկանում էիք խուսափել շնորհակալությունից, ես այդ տեսա։ Խոստովանում եմ ձեզ, սկզբունքով ես չեմ կարող համակրել մասնավոր բարեգործությունը, որովհետև դա ոչ միայն բոլորովին էլ արմատախիլ չի անում չարիքը, այլ նույնիսկ է՛լ ավելի է սնում այն։ Բայց և այնպես չեմ կարող չխոստովանել, որ հաճույքով էի նայում ձեր վարմունքին, այո, այո, այդ ինձ դուր է գալիս։

— Էհ, այդ բոլորը դատարկ բան է,— փնթփնթաց Պյոտր Պետրովիչը՝ մի փոքր հուզվելով և ուշադիր նայելով Լեբեզյատնիկովին։

— Ոչ, դատարկ բան չէ։ Այն մարդը, որ վիրավորված է ու վրդովված, ինչպես դուք երեկվա դեպքի պատճառով, ու միևնույն ժամանակ ընդունակ է մտածելու ուրիշների դժբախտության մասին, այդ մարդը․․․ արժանի է հարգանքի, թեև իր վարմունքով սոցիալական սխալ է կատարում․․․ Ես այդ նույնիսկ չէի սպասում ձեզնից, Պյոտր Պետրովիչ, մանավանդ նկատի առնելով ձեր հասկացողությունները, օ՜, որքա՜ն են ձեզ խանգարում ձեր հասկացողությունները, որքա՜ն է ձեզ հուզում, օրինակ, երեկվա անհաջողությունը,— բացականչում էր բարեսիրտ Անդրեյ Սեմյոնովիչը դարձյալ զգալով խիստ համակրանք դեպի Պյոտր Պետրովիչը,— ամենաազնիվ, ամենասիրելի Պյոտր Պետրովիչ, ախր ձեր ինչի՞ն, ինչի՞ն է պետք, որ անպայման լինի այդ ամուսնությունը, այդ օրինական ամուսնությունը։ Ձեր ինչի՞ն է պետք ամուսնության այդ օրինականությունը։ Եթե կուզեք, խփեցեք ինձ, ես ուրախ եմ, ուրախ եմ, որ դա չհաջողվեց, որ դուք ազատ եք, որ դուք այնքան էլ կորած չեք մարդկության համար, ուրախ եմ․․․ Տեսնո՞ւմ եք, ես այդ չեմ թաքցնում։

— Այդ ինձ հարկավոր է, որովհետև ես չեմ ուզում ձեր քաղաքացիական ամուսնությամբ կնոջ դավաճանության զոհ լինել և ուրիշների երեխաներին խնամել, ահա թե ինձ ինչի համար է հարկավոր օրինական ամուսնությունը,— ասաց Լուժինը՝ որևէ բան պատասխանելու համար։ Նա առանձնապես մտազբաղ էր։

— Երեխաների՞ն, դուք հիշեցիք երեխաների՞ն,— ցնցվեց Անդրեյ Սեմյոնովիչը ինչպես ռազմական շեփորը լսած մարտական նժույգ,— երեխաները, դա սոցիալական հարց է, առաջին կարևորության հարց է, ես համաձայն եմ, բայց երեխաների հարցը այլ կերպ կլուծվի։ Ոմանք նույնիսկ բոլորովին բացասում են երեխաներին, ինչպես և ամեն ակնարկ ընտանիքի վերաբերյալ։ Երեխաների մասին մենք հետո կխոսենք, իսկ հիմա զբաղվենք դավաճանության հարցով։ Խոստովանում եմ ձեզ, որ դա իմ թույլ տեղն է։ Այդ վատթար, հուսարական, պուշկինյան արտահայտությունը նույնիսկ աներևակայելի է ապագա բառապաշարում։ Եվ ի՞նչ է դավաճանությունը։ Օ՛, ինչպիսի՜ մոլորություն։ Ի՞նչ դավաճանություն, ի՞նչ բան, ա՛յ քեզ դատարկ բան։ Ընդհակառակը, քաղաքացիական ամուսնության դեպքում, դա չի էլ լինի։ Դավաճանությունը, դա միայն բնական հետևանք է ամեն մի օրինական ամուսնության, այսպես ասած՝ դրա ուղղումն է, բողոք է, այնպես որ տվյալ իմաստով նույնիսկ ամենևին էլ ստորացուցիչ չէ։ Ու եթե ես երբևէ օրինական կարգով ամուսնանամ, մի բան, որ անհեթեթություն է, ապա ես նույնիսկ ուրախ կլինեմ ձեր հիշատակած, երիցս անիծված այդ դավաճանության համար, այդ դեպքում ես կասեմ իմ կնոջը՝ «Ընկերս, մինչև այժմ ես միայն սիրում էի քեզ, իսկ հիմա քեզ հարգում եմ, որովհետև դու կարողացար բողոքել»։ Դուք ծիծաղո՞ւմ եք։ Այդ նրանից է, որ դուք անզոր եք նախապաշարմունքներից ձեռք քաշելու։ Գրո՛ղը տանի, ես հո հասկանում եմ, թե ինչպիսի անախորժություն է լինում, երբ օրինական ամուսնությամբ կապվածները խաբում են միմյանց, բայց չէ՞ որ դա անարգ փաստի անարգ հետևանք է, երբ ստորացրած են լինում թե՛ մեկը և թե՛ մյուսը։ Իսկ երբ դավաճանությունը բացահայտ է լինում, ինչպես քաղաքացիական ամուսնության դեպքում, այն ժամանակ, էապես գոյություն էլ չի ունենում, աներևակայելի է և նույնիսկ վերանում է այդ անունը։ Ընդհակառակը, ձեր կինը միայն կապացուցի, թե ինչպես հենց ինքը հարգում է ձեզ, գտնելով, որ դուք ընդունակ չեք խանգարելու նրա երջանկությունը և այնքան եք զարգացած, որ նրանից վրեժ չեք առնի նոր ամուսնու համար։ Գրողը տանի, ես երբեմն երազում եմ, որ եթե ինձ մարդու տան, թո՛ւ, եթե ես ամուսնանամ (լինի դա քաղաքացիական թե օրինական ամուսնություն, այդ միևնույն է), ես ինքս կարծես թե սիրեկան կբերեի կնոջս մոտ, եթե նա երկար ժամանակ սիրեկան չգտներ. «Ընկերս,— կասեի ես իմ կնոջը,— ես քեզ սիրում եմ, բայց նաև ցանկանում եմ, որ դու ինձ հարգես», ա՛յ թե ինչ...

Պյոտր Պետրովիչը քրքջում էր, բայց առանց որևէ հափշտակության։ Նա նույնիսկ քիչ էր լսում։ Նա իրոք ինչ-որ ուրիշ բան էր մտածում և նույնիսկ Լեբեզյատնիկովն էլ ի վերջո այդ նկատեց։ Պյոտր Պետրովիչը նույնիսկ հուզված էր, շփում էր ձեռքերը, մտածմունքի մեջ ընկնում։ Անդրեյ Սեմյոնովիչը հետո վերհիշեց ու հասկացավ այդ ամենը...


II

Դժվար կլիներ ճշտությամբ նշել այն պատճառները, որոնց հետևանքով Կատերինա Իվանովնայի խանգարված գլխում ծագեց այդ անհեթեթ հոգեհացը կազմակերպելու միտքը։ Հիրավի, դրա վրա ծախսվեց համարյա տասը ռուբլի այն քսան ռուբլուց ավելի գումարից, որ ստացվել էր Ռասկոլնիկովից, հատկապես Մարմելադովի թաղման համար։ Գուցե Կատերինա Իվանովնան հանգուցյալի հանդեպ իրեն պարտավոր էր համարում «ինչպես հարկն է» հարգել նրա հիշատակը, որպեսզի բոլոր տնվորները, մանավանդ Ամալյա Իվանովնան, գիտենան, որ հանգուցյալը «ոչ միայն ամենևին էլ նրանցից վատ չի եղել, այլ գուցե շատ ավելի լավ է եղել», որ նրանցից ոչ ոք իրավունք չունի նրա հանդեպ «իր քիթը բարձրացնել»։ Գուցե այստեղ առավելապես ազդեցություն ուներ աղքատի այն առանձնահատուկ հպարտությունը, որի հետևանքով մեր կենցաղում բոլորի և յուրաքանչյուրի համար պարտադիր հասարակական որոշ ձեսերի համար շատ չքավորներ վերջին ուժերն են լարում և ծախսում խնայված վերջին կոպեկները, որպեսզի միայն «ետ չմնան ուրիշներից» և որպեսզի այդ ուրիշները նրանց որևէ կերպ «չպարսավեն»։ Միանգամայն հավանական է նաև այն, որ Կատերինա Իվանովնան հատկապես այս դեպքում, հատկապես այն պահին, երբ ինքը կարծես թե մոռացված էր բոլորի կողմից, ուզեց ցույց տալ այդ բոլոր «չնչին ու վատթար տնվորներին», որ ինքը ոչ միայն «գիտե ապրել և գիտե հյուրեր ընդունել», այլև նույնիսկ ամենևին էլ այդպիսի վիճակի համար չի դաստիարակվել, այլ դաստիարակված է գնդապետի «ազնվականական, կարելի է նույնիսկ ասել՝ արիստոկրատական տանը», ու ամենևին էլ ստեղծված չէ հատակ ավլելու և գիշերները երեխաների շորեր լվանալու համար։ Հպարտության և սնափառության այդ մոլուցքները երբեմն համակում են բոլորովին աղքատ ու ընկճված մարդկանց ու երբեմն նրանց համար գրգռիչ, անզսպելի պահանջ են դառնում։ Իսկ Կատերինա Իվանովնան ամենևին էլ ընկճվածներից չէր. կարելի էր նրան ուղղակի սպանել այլևայլ հանգամանքներով, բայց անկարելի էր նրան ընկճել բարոյապես, այսինքն՝ վախեցնել և նրա կամքը ենթարկել ուրիշին։ Մյուս կողմից նրա մասին Սոնեչկան միանգամայն իրավացիորեն ասում էր, որ նրա խելքն ու միտքը խանգարվում է։ Ճշմարիտ է, դեռ չէր կարելի այդ ասել դրականապես և վերջնականորեն, բայց հիրավի, վերջին ժամանակներում, ամբողջ վերջին տարում նա այնքան էր տանջվել, որ մասամբ խելքը թռցրել էր։ Ինչպես բժիշկներն են ասում, թոքախտի ուժեղ զարգացումը նույնպես նպաստում է մտավոր ունակությունների խանգարման։

Բազմաքանակ և բազմատեսակ գինիներ չկային, մադերա նույնպես, դա չափազանցրած էր, բայց գինի կար։ Բերված էր օղի, ռոմ և լիսաբոնյան գինի, բոլորը ամենավատ որակի, սակայն բավականաչափ քանակությամբ։ Բացի կուտյայից, կային երեք֊չորս տեսակ խորտիկներ (ի միջի այլոց նաև բլիններ), բոլորը Ամալյա Իվանովնայի խոհանոցից․ բացի դրանից, երկու ինքնաեռ էր դրված, ճաշից հետո թեյ ու փունջ խմելու համար։ Գնումները տնօրինել էր ինքը՝ Կատերինա Իվանովնան, նրան օգնել էր տնվորներից մեկը, մի ինչ֊որ խղճուկ լեհ։ Աստված գիտե, թե սա ինչի համար էր ապրում տիկին Լիպպևեխզելի տանը։ Նա անմիջապես ներկայացավ Կատերինա Իվանավնային, նրա հանձնարարությունները կատարելու համար, ու ամբողջ նախորդ օրը և այդ ամբողջ առավոտյան դես֊դեն էր վազում գլուխը կորցրած ու լեզուն հանած, կարծես առանձնապես ջանալով, որ այս վերջին հանգամանքը նկատելի լինի։ Ամեն մի դատարկ բանի համար նա րոպե առ րոպե գալիս էր Կատերինա Իվանովնայի մոտ, նույնիսկ վազ էր տալիս նրան փնտրելու խանութաշարքում, նրան շարունակ անվանում էր «պանի խորունժինա» (տիկին կոռնետուհի) և ի վերջո սաստիկ ձանձրացրեց Կատերինա Իվանովնային, թեև սա սկզբում ասում էր, որ առանց այդ «ծառայակամ և մեծահոգի մարդու» ինքը բոլորովին կկորչեր։ Կատերինա Իվանովնայի բնավորությանը հատուկ էր հենց առաջին հանդիպած, պատահական մարդուն անմիջապես լավագույն, հիանալի հատկություններ վերագրել, այնպես գովաբանել նրան, որ մարդ նույնիսկ ամաչում էր, գովասանքի համար մեջտեղ բերել այլևայլ հանգամանքներ, որոնք ամենևին էլ գոյություն չունեին, միանգամայն անկեղծորեն ու պարզամտությամբ հավատալ դրանց գոյության, հետո էլ հանկարծ միանգամից հիասթափվել, շշպռել, նախատել և հրելով վռնդել այն մարդուն, որին ինքը ընդամենը մի քանի ժամ առաջ տառացիորեն երկրպագում էր։ Բնությունից նա ծիծաղկոտ, ուրախ և խաղապասեր բնավորություն ուներ։ Բայց իր գլխին շարունակ դժբախտություններ և ձախորդություններ էին թափվել, նա մոլեգնաբար ցանկանում էր ու պահանջում, որ բոլորը խաղաղ և ուրախ ապրեն և չհամարձակվեն այլ կերպ ապրել։ Ահա թե ինչու իր կյանքում ամենաթեթև դիսոնանսը, ամենաչնչին անհաջողությունը նրան իսկույն կատաղության էր հասցնում, և նա մի ակնթարթում, ամենավառ հույսերից ու ֆանտազիաներից հետո, սկսում էր անիծել իր բախտը, պոկել ու դեն շպրտել այն ամենը, ինչ որ լինում էր իր ձեռքի տակ, ու գլուխը խփել պատին։ Չգիտես ինչու Ամալյա Իվանովնան էլ հանկարծ նրա աչքում արտասովոր նշանակություն ստացավ և նրա կողմից արտասովոր հարգանքի արժանացավ, գուցե դա այն պատճառով էր, որ ձեռնարկվել էր այդ հոգեհացը, և Ամալյա Իվանովնան սրտանց որոշել էր մասնակցել բոլոր գլխացավանքներին. նա հանձն էր առել սեղան գցել, սփռոց, անձեռոցիկներ, ամանեղեն և այլ իրեր բերել և իր խոհանոցում ուտելիք պատրաստել։ Նրան ամեն ինչ լիազորել էր Կատերինա Իվանովնան ու թողել էր իր փոխարեն տնօրինություն անելու, իսկ ինքը գնացել էր գերեզմանոց։ Հիրավի, ամեն ինչ շատ լավ էր պատրաստված, սեղանը ծածկված էր նույնիսկ բավական մաքուր սփռոցով, ամանները, պատառաքաղները, դանակները, ըմպանակները, բաժակները, թասերը՝ այդ ամենը, իհարկե, հավաքովի էր, զանազան ձևի ու չափի, բերվել էր այլևայլ տնվորներից, բայց որոշ ժամին ամեն ինչ իր տեղն էր, ու Ամալյա Իվանովնան զգալով, որ գործը հիանալի է կատարել, գերեզմանոցից վերադարձողներին դիմավորեց նույնիսկ մի փոքր հպարտ տեսքով, զուգված֊զարդարված, սգո նոր ժապավեններով պճնած գլխադիրով ու սև շրջազգեստով։ Այդ հպարտությունը թեև ըստ արժանվույն էր, բայց չգիտես ինչու դուր չեկավ Կատերինա Իվանովնային. «Հիրավի, կարծես թե առանց Ամալյա Իվանովնայի չէինք կարողանա սեղան գցել», մտածում էր նա։ Նրան դուր չեկավ նաև նոր ժապավեններով պճնած գլխադիրը. «Այդ հիմար գերմանուհին հո չի՞ հպարտանում նրանով, որ ինքը տանտիրուհին է և գութ է արել օգնելու աղքատ տնվորներին։ Գո՜ւթ է արել, ասացեք խնդրեմ, Կատերինա Իվանովնայի հայրիկի մոտ, որը գնդապետ էր և քիչ էր մնում նահանգապետ դառնար, երբեմն սեղան էր բացվում քառասուն մարդու համար, այնպես որ մի որևէ Ամալյա Իվանովնայի կամ ավելի լավ է ասել Ամալյա Լյուդվիգովնայի այնտեղ խոհանոց էլ չէին թողնի...»։ Սակայն Կատերինա Իվանովնան որոշեց առայժմ չարտահայտել իր զգացմունքները, թեև մտածում էր, որ անպայման հարկավոր է հենց այդ օրը վռնդել Ամալյա Իվանովնային և նրան ցույց տալ իր իսկական տեղը, թե չէ նա աստված գիտե թե ինչեր կերևակայի, իսկ առայժմ Կատերինա Իվանովնան նրա նկատմամբ սառը վերաբերմունք էր ցույց տալիս։ Կատերինա Իվանովնային մասամբ ջղայնացնում էր նաև մի ուրիշ անախորժություն. թաղմանը կանչված տնվորներից համարյա ոչ մեկը դրան չէր մասնակցել, բացի լեհից, որը կարողացել էր նաև վազ տալ գերեզմանոց, իսկ հոգեհացին, այսինքն՝ ուտելու֊խմելուն ներկայացան միայն աննշան և աղքատ տնվորները, նրանցից շատերը նույնիսկ անվայելուչ էին հագնված, ուղղակի խուժաններ էին։ Իսկ այն տնվորները, որոնք հասակով ավելի մեծ ու ավելի պատկառելի էին, բոլորն էլ ասես դիտմամբ, ասես պայմանավորված լինելով, բացակայում էին։ Օրինակ, Պյոտր Պետրովիչ Լուժինը, կարելի է ասել՝ բոլոր տնվորներից ամենապատկառելի մարդը, չեկավ հոգեհացին, այնինչ դեռ նախորդ օրվա երեկոյան Կատերինա Իվանովնան բոլորին, այսինքն Ամալյա Իվանովնային, Պոլեչկային, Սոնյային և լեհին ասում էր, որ նա առավելապես ազնիվ ու մեծահոգի մարդ է, ահագին կապեր ու կարողություն ունի, եղել է իր առաջին ամուսնու բարեկամը, ընդունվում էր իր հոր տանը, խոստացել է բոլոր միջոցները գործադրել իր համար խոշոր թոշակ հաջողացնելու նպատակով։ Այստեղ հիշատակենք, որ եթե Կատերինա Իվանովնան պարծենում էր որևէ մեկի կապերով ու կարողությամբ, այդ անում էր առանց որևէ հետաքրքրության, առանց որևէ անձնական հաշվենկատության, բոլորովին անշահախնդիր, այսպես ասած՝ զգացմունքների հորդությունից դրդված, հաճույք ստանալով հենց միայն գովաբանելուց ու գովաբանվողին մեծ արժանիքներ վերագրելուց։ Լուժինից բացի, հավանորեն «նրանից օրինակ վերցնելով», չեկավ նաև «այդ վատթար սրիկա Լեբեզյատնիկովը»։ «Ախր նա ի՞նչ է իրեն երևակայում։ Նրան հրավիրել են միայն գթասրտությունից դրդված, այն էլ Պյոտր Պետրովիչի հետ մի սենյակում ապրելու և նրա ծանոթը լինելու պատճառով, այնպես որ, անհարմար կլիներ չհրավիրել»։ Չեկավ նաև մի բարեկիրթ տիկին, իր «պառաված աղջկա» հետ։ Թեև սրանք ընդամենը երկու շաբաթ էին ապրել Ամալյա Իվանովնայի սենյակներում, բայց արդեն մի քանի անգամ գանգատվել էին, որ իրենց խանգարում է Մարմելադովների սենյակից լսվող աղմուկը, մանավանդ երբ հանգուցյալը հարբած վերադառնում էր տուն։ Կատերինա Իվանովնան այդ իմացավ հենց Ամալյա Իվանովնայից, երբ սա լեզվակռիվ անելով Կատերինա Իվանովնայի հետ և սպառնալով դուրս անել նրա ամբողջ ընտանիքը, ամբողջ կոկորդով մեկ բղավում էր, որ նրանք անհանգստացնում են «ազնիվ տնվորներին, որոնց կրունկն էլ չարժեն»։ Կատերինա Իվանովնան որոշել էր հիմա դիտմամբ հրավիրել այդ տիկնոջը և նրա աղջկան, որոնց «կրունկն էլ իբր թե չարժեր ինքը», մանավանդ որ մինչև այժմ, պատահմամբ հանդիպելով նրան, այդ տիկինը գոռոզաբար երես էր դարձնում, թող ուրեմն նա իմանար, ոո այստեղ «ազնվորեն են մտածում և զգացմունքներ տածում, հրավիրում անհիշաչարությամբ», և թող նրանք տեսնեն, որ Կատերինա Իվանովնան սովոր է եղել այլ վիճակում էլ ապրել։ Կատերինա Իվանովնան ենթադրում էր սեղանի շուրջ նրանց հետ անպայման խոսել այդ մասին, ինչպես նաև իր հանգուցյալ հայրիկի համարյա թե նահանգապետ լինելու մասին, ու դրա հետ մեկտեղ անուղղակիորեն ակնարկել, որ հանդիպումների ժամանակ չպետք էր երես դարձնել և որ դա չափազանց հիմար բան է եղել։ Չեկավ նաև մի հաստափոր փոխգնդապետ (ըստ էության պաշտոնաթող շտաբս-կապիտան), բայց պարզվեց, որ դեռ նախորդ օրվա առավոտից նա «հալից ընկած էր եղել»։ Մի խոսքով, եկել էին միայն՝ լեհը, հետո մի խղճուկ, սակավախոս գրասենյակային ծառայող կեղտոտված ֆրակով, բշտիկավոր դեմքով, գարշելի հոտով, հետո մի խուլ ու համարյա բոլորովին կույր ծերուկ, որը մի ժամանակ ծառայել էր մի ինչ-որ փոստատան, և որին ինչ֊որ մեկը անհիշելի ժամանակներից և հայտնի չէ ինչի համար պահում էր Ամալյա Իվանովնայի տանը։ Եկավ նաև մի հարբած պաշտոնաթող պարուչիկ, էապես զորքի պարենավորման աստիճանավոր, որը բոլորովին անվայելուչ ու բարձր քրքիջ էր աձակում և «երևակայեցեք», առանց ժիլետի էր։ Ինչ֊որ մեկն էլ եկավ և ուղղակի սեղան նստեց նույնիսկ առանց Կատերինա Իվանավնային բարևելու և, վերջապես, մի անձնավորություն էլ հագուստ չունենալու պատճառով եկավ խալաթ հագած, բայց դա արդեն այնքան անպատշաճ էր, որ Ամալյա Իվանովնայի և լեհի ջանքերով հաջողվեց նրան դուրս անել։ Լեհը իր հետ բերել էր ինչ֊որ ուրիշ երկու լեհերի, որոնք բնավ և երբեք չէին ապրել Ամալյա Իվանովնայի տանը և որոնց մինչև այժմ ոչ ոք չէր տեսել այդ տան սենյակներում։ Այս ամենը չափազանց անախորժ ջղայնություն պատճառեց Կատերինա Իվանովնային։ «Որ այդպես է, էլ ո՞ւմ համար էին կատարվում բոլոր պատրաստությունները»։ Տեղ չլինելու պատճառով երեխաներին նստեցրին ոչ թե սեղանի շուրջ, այլ ետին անկյունում, ուր նրանց համար ուտելիք դրեցին սնդուկի վրա, երկու փոքրիկներին նստեցրին հատարանին. Պոլեչկան որպես նրանցից մեծը, պետք է հսկեր, կերակրեր նրանց ու սրբեր այդ «ազնվատոհմ երեխաների» քթիկները։ Մի խոսքով, Կատերինա Իվանովնան ակամայից պետք է բոլորին դիմավորեր կրկնապատկված ծանրակշռությամբ և նույնիսկ արհամարհանքով։ Նա մի առանձին խստությամբ նայեց մի քանիսներին և գոռոզաբար հրավիրեց սեղան նստել։ Չգիտես ինչու, գտնելով, որ բոլոր չեկածների համար պետք է պատասխանատու լինի Ամալյա Իվանովնան, նա հանկարծ սկսեց վերջինիս հետ չափազանց անփույթ վարվել. Ամալյա Իվանովնան անմիջապես դա նկատեց և խիստ վիրավորվեց։ Այդպիսի սկիզբը լավ վախճան չէր խոստանում։ Վերջապես նստեցին։

Ռասկոլնիկովը ներս մտավ համարյա հենց այն րոպեին, երբ մյուսները վերադարձան գերեզմանոցից։ Կատերինա Իվանովնան չափազանց ուրախացավ նրա գալու համար, նախ՝ այն պատճառով, որ նա բոլոր հյուրերի մեջ միակ «կրթված մարդն էր» և «ինչպես հայտնի է, պատրաստվում էր երկու տարուց հետո այստեղի համալսարանում պրոֆեսորի ամբիոն գրավել», երկրորդ, այն պատճառով, որ նա անմիջապես և քաղաքավարությամբ ներողություն խնդրեց, որ հակառակ իր ցանկության, չկարողացավ մասնակցել թաղման։ Կատերինա Իվանովնան ուղղակի նետվեց դեպի։ Ռասկոլնիկովը, նստեցրեց սեղան, իր ձախ կողքին (աջ կողքին նստեց Ամալյա Իվանովնան)։ Չնայած անընդհատ իրարանցման և ուտելիքները կանոնավոր մատուցելու և բոլորին հասցնելու հոգսերին, չնայած տանջալից հազին, որը ամեն րոպե ընդհատում և խեղդում էր նրան և կարծես առանձնապես ուժեղացել էր վերջին երկու օրում, նա անընդհատ դիմում էր Ռասկոլնիկովին և գրեթե շշնջալով, հապճեպորեն թափում իր մեջ կուտակված բոլոր զգացմունքները և իր ամբողջ արդարացի ցասումը ձախողված հոգեհացի նկատմամբ, ցասումը հաճախ փոխարինվում էր ամենաուրախ, ամենաանզուսպ ծիծաղով հավաքված հյուրերի, գլխավորապես հենց տանտիրուհու հասցեին։

— Ամեն ինչի համար այդ կկուն է մեղավոր։ Դուք հասկանում եք, թե ում մասին եմ խոսում. սրա մասին, սրա մասին,— ու Կատերինա Իվանովնան գլխով ցույց տվեց տանտիրուհուն։— նայեցեք նրան. չռել է աչքերը, զգում է, որ մենք իր մասին ենք խոսում, բայց չի կարողանում հասկանալ, ու չռել է աչքերը։ Ի-ի֊ի՜հ, բո՛ւ է, բո՛ւ, քա՛հ-քա՛հ֊քա՛հ... Քխա՛֊քխա֊քխա։ Եվ ի՞նչ է ուզում ցույց տալ իր գլխադիրով․ քխա՛-քխա՛-քխա՛։ Դուք նկատեցի՞ք, ուզում է բոլորին ցույց տալ, թե ինձ հովանավորում և պատիվ է անում իր ներկայությամբ։ Ես նրան, իբրև կարգին կնոջ, խնդրել էի հրավիրել ավելի լավ մարդկանց և հատկապեա հանգուցյալի ծանոթներին, իսկ նա տեսեք թե ում է բերել, ինչ-որ ծաղրածուներ են, կեղտոտ-փնթիներ։ Նայեցեք անմաքուր դեմք ունեցող այն մեկին, ինչ-որ երկոտանի փսլնքոտ է։ Իսկ այդ լեհե՜րը, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, քխա՛-քխա՛-քխա՛։ Ոչ ոք, ոչ ոք ու երբեք նրանց այստեղ չի տեսել, ես էլ երբեք չեմ տեսել, դրանք ինչո՞ւ են եկել, հարցնում եմ ձեզ։ Նստել են առոք-փառոք, կողք֊կողքի։― Պա՛ն, է՛յ,― հանկարծ նա բարձրաձայն դիմեց լեհերից մեկին,— բլիններ վերցրե՞լ եք, էլի վերցրեք, գարեջուր խմեցեք, գարեջուր։ Օղի չե՞ք ուզում։— Նայեցեք, վեր թռավ, գլուխ է տալիս, նայեցեք, նայեցեք, խեղճերը երևի բոլորովին քաղցած են։ Ոչինչ, թող ուտեն։ Գոնե չեն աղմկում, միայն թե ես վախենում եմ տանտիրուհու արծաթե գդալների համար․․․

— Ամալյա Իվանովնա,— համարյա լսելի ձայնով հանկարծ դիմեց նա տանտիրուհուն,— եթե ձեր գդալները գողանան, ես դրանք համար պատասխանատու չեմ, նախազգուշացնում եմ ձեզ.— քա՛հ-քա՛հ֊քա՛հ,— քրքջաց Կատերինա Իվանովնան՝ նորից դիմելով Ռասկոլնիկովին, նորից նրան գլխով ցույց տվեց տանտիրուհուն, իր արտառոց վարմունքից ուրախացած։— Չհասկացավ, էլի չհասկացավ։ Նստել է բերանը բացած, նայեցեք, բու է, իսկական բու, նոր ժապավեններ կապած բվեճ է, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։

Այստեղ ծիծաղը դարձյալ վերածվեց անտանելի հազի, որը տևեց հինգ րոպե։ Թաշկինակը մի քիչ արյունոտվեց, ճակատին քրտինքի կաթիլներ և այտերին կարմիր բծեր դուրս տվին։ Նա Ռասկոլնիկովին լուռ ցույց տվեց արյունը, ու հազիվ շունչ առնելով, իսկույն սկսեց դարձյալ թունդ ոգևորությամբ փսփսալ նրա ականջին։

— Տեսե՛ք, է՛, կարելի է ասել, որ ես դրան միանգամայն նրբամիտ հանձնարարություն տվի՝ հրավիրել այն տիկնոջն ու նրա աղջկան, հասկանո՞ւմ եք, թե ում մասին եմ խոսում։ Այստեղ հարկավոր էր առավելապես քաղաքավարի վարվել, առավելագույն ճարտարությամբ գործել, իսկ սա այնպես արեց, որ այդ եկվոր հիմար կինը, այդ գոռոզ արարածը, այդ աննշան գավառացին, որը մայորի ինչ-որ այրի կին է ու եկել է թոշակի մասին հոգալու և ատյանների շեմքերը մաշելու, որը հիսունհինգ տարեկան հասակում սև է ներկում իր մազերը, սպիտակ ու կարմիր ներկեր է քսում երեսին (դա հայտնի է)․․․ Հենց այդպիսի արարածը ոչ միայն չբարեհաճեց գալ, այլև ոչ ոքի չուղարկեց ներողություն խնդրելու, թե ինքը չէր կարող գալ, ինչպես այդպիսի դեպքերում պահանջում է ամենասովորական քաղաքավարությունը։ Չեմ կարող հասկանալ, թե ինչո՞ւ Պյոտր Պետրովիչն էլ չեկավ։ Իսկ ո՞ւր է Սոնյան, ո՞ւր գնաց։ Ահա վերջապես նա էլ եկավ։ Հը՛, Սոնյա, որտե՞ղ էիր։ Տարօրինակ է, որ դու նույնիսկ հորդ թաղման օրը այդպես անճշտապահ ես։ Ռոդիոն Ռոմանովիչ, թողեք նա նստի ձեր կողքին։ Ահա քո տեղը, Սոնեչկա․․․ Ինչ որ ուզում ես վերցրու։ Դոնդող վերցրու, լավն է։ Հիմա բլիններ կբերեն։ Երեխաներին տվե՞լ եք։ Պոլեչկա, այդտեղ կա՞ ամեն ինչ. քխա՛֊քխա՛֊քխա՛։ Լա՛վ։ Լյոնյա, խելոք կաց, իսկ դու, Կոլյա, ոտքերդ մի թափ տա. նստիր, ինչպես որ պետք է նստի ազնվատոհմ երեխան։ Հա՛, դու ի՞նչ ես ասում, Սոնեչկա։

Սոնյան շտապեց իսկույն նրան հաղորդել, որ Պյոտր Պետրովիչը ներողություն է խնդրում։ Նա աշխատում էր բարձր խոսել, որպեսզի բոլորը կարողանային լսել, գործ էր ածում ամենաընտիր ու քաղաքավարի խոսքեր, որ իբր թե ասել էր Պյոտր Պետրովիչը, գունազարդում էր նրա արտահայտությունները։ Սոնյան ավելացրեց, որ Պյոտր Պետրովիչը պատվիրել էր անպայման հաղորդել, թե հենց որ հնարավոր լինի, ինքը անմիջապես կգա, որպեսզի խոսի գործերի մասին և պայմանավորվի, թե ինչ կարելի է անել և ձեռնարկել հետագայում և այլն, և այլն։

Սոնյան գիտեր, որ դա կհանդարտեցնի և կհանգստացնի Կատերինա Իվանովնային, դուր կգա նրան, և որ գլխավորն է, նրա հպարտությունը բավարարված կլինի։ Սոնյան նստեց Ռասկոլնիկովի կողքին, հապճեպ գլուխ տվեց և հարևանցիորեն, հետաքրքրությամբ նայեց նրան։ Սակայն մնացած ամբողջ ժամանակվա ընթացքում մի տեսակ խուսափում էր նրան նայելուց և նրա հետ խոսելուց։ Նա կարծես նույնիսկ մտացրիվ էր, թեև շարունակ նայում էր Կատերինա Իվանովնայի դեմքին, որպեսզի գոհացներ նրան։ Նա էլ, Կատերինա Իվանովնան էլ սգաշորով չէին, որովհետև սև շոր չունեին. նա հագած էր ինչ-որ մուգ֊դարչնագույն շոր, իսկ Կատերինա Իվանովնան՝ իր միակ, չթե, թուխ և զոլավոր շրջազգեստը։ Պյոտր Պետրովիչին վերաբերող լուրը գոհունակությամբ ընդունվեց։ Փքված լսելով Սոնյային, Կատերինա Իվանովնան նույնպիսի փքվածությամբ հարցրեց, թե ինչպես է Պյոտր Պետրովիչի առողջությունը։ Այնուհետև անմիջապես և համարյա լսելի ձայնով շշնջաց Ռասկոլնիկովի ականջին, որ իրոք տարօրինակ կլիներ, եթե Պյոտր Պետրովիչի պես հարգարժան ու պատկառելի մարդը լիներ այսպիսի «արտասովոր կոմպանիայում», չնայած նույնիսկ նրա ամբողջ նվիրվածությանը իր, Կատերինա Իվանովնայի ընտանիքին և նրա հին բարեկամությանը իր՝ Կատերինա Իվանովնայի հայրիկի հետ։

— Ահա թե ինչու ես առանձնապես շնորհակալ եմ ձեզնից, Ռոդիոն Ռոմանիչ, որ դուք նույնիսկ այսպիսի պայմաններում չխորշեցիք իմ աղուհացից,— համարյա լսելի ձայնով ավելացրեց նա,— սակայն ես հավատացած եմ, որ միայն դեպի իմ խեղճ հանգուցյալ ամուսինը տածած ձեր առանձնահատուկ բարեկամությունը ձեզ դրդեց կատարել ձեր խոսքը։

Այնուհետև նա հպարտ ու փքված նայեց իր հյուրերին ու հանկարծ մի առանձին հոգատարությամբ հարցրեց սեղանի մյուս կողմում նստած խուլ ծերունուն, թե «արդյոք էլի տապակած չի՞ ուզում և արդյոք լիսաբոնյան գինի տվե՞լ են նրան»։ Ծերունին չպատասխանեց և երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե իրեն ինչ են հարցնում, թեև հարևանները ծիծաղի համար սկսեցին բոթել նրան։ Նա միայն շուրջն էր նայում բերանը բացած, որով էլ ավելի հրահրեց ընդհանուր զվարճությունը։

— Այ քեզ դմբոյի մեկը։ Նայեցեք, նայեցեք, ինչի՞ համար են դրան բերել։ Ինչ վերաբերում է Պյոտր Պետրովիչին, ապա նրա նկատմամբ ես միշտ վստահ եմ եղել,— շարունակեց Կատերինա Իվանովնան՝ դիմելով Ռասկոլնիկովին,— և, իհարկե, նա նման չէ...— կտրուկ, բարձրաձայն և չափազանց խիստ տեսքով դիմեց նա Ամալյա Իվանովնային, որը դրանից նույնիսկ երկչոտեց,— նման չէ ձեր այն պճնվող, թեթևսոլիկ տնվորուհիներին, որոնց իբրև խոհարարուհի էլ չէին ընդունի հայրիկիս տանը, իսկ հանգուցյալ ամուսինս այդպիսիներին ընդունելով, իհարկե, պատիվ կաներ նրանց, այն էլ շնորհիվ միայն իր անսպառելի բարության։

— Այո, սիրում էր խմել, շատ էր սիրում,— հանկարծ գոչեց պարենավորման պաշտոնաթող աստիճանավորը՝ քամելով օղու տասներկուերորդ ըմպանակը։

— Հանգուցյալ ամուսինս իրոք ուներ այդ սովորությունը, և դա բոլորին հայտնի է,— մեկ էլ հանկարծ նրան կպավ Կատերինա Իվանովնան,— բայց նա բարի և ազնիվ մարդ էր, սիրում և հարգում էր իր ընտանիքը։ Վատ էր միայն այն, որ նա իր բարության շնորհիվ չափից դուրս վստահում էր ամեն տեսակ անառակ մարդկանց և աստված գիտե թե ում հետ էր խմում, այնպիսիների հետ, որոնք նրա կոշկատակերին էլ չարժեին։ Երևակայեցեք, Ռոդիոն Ռոմանովիչ, մի անգամ նրա գրպանում մեղրաբլիթե աքլորիկ գտանք, գալիս է գիտակցությունը կորցնելու չափ հարբած, բայց երեխաներին չի մոռացել։

— Աք֊լո֊րի՞կ։ Դուք հաճեցիք ասել աք-լո-րի՞կ,— բղավեց պարենավորման պարոն աստիճանավորը։

Կատերինա Իվանովնան նրան պատասխանի չարժանացրեց։ Նա միտք արեց ինչ-որ բանի մասին և շունչ առավ։

— Երևի դուք, ինչպես և բոլորը, կարծում եք, թե ես նրա հետ չափից դուրս խիստ էի վարվում,— շարունակեց Կատերինա Իվանովնան՝ դիմելով Ռասկոլնիկովին։— Բայց այդ ճիշտ չէ։ Նա ինձ հարգում էր, նա ինձ շատ, շատ էր հարգում, բարեհոգի մարդ էր։ Երբեմն ես այնպե՜ս էի խղճում նրան։ Մեկ էլ տեսար նստում է մի անկյունում, նայում է ինձ, մեղքս գալիս է, ուզում եմ փաղաքշել նրան, հետո էլ մտածում եմ՝ «որ փաղաքշես, էլի կհարբի». միայն խստությամբ կարելի էր շատ թե քիչ զսպել։

— Հըմ, այո, լինում էին մազերը քաշքշելու դեպքեր, հաճախ էին լինում,— դարձյալ գոչեց պարենավորման աստիճանավորը ու էլի մի գավաթ օղի կոնծեց։

— Օգտակար կլիներ ոչ միայն որոշ հիմարների մազերը քաշքշել, այլև նրանց ցախավելով դուրս շպրտել։ Ես հիմա հանգուցյալի մասին չեմ խոսում,— պարենավորման աստիճանավորին ցասկոտ պատասխանեց Կատերինա Իվանովնան։

Նրա այտերի կարմիր բծերը է՛լ ավելի էին կարմրատակում, կուրծքը ելնում ու իջնում էր։ Էլի մի րոպե, և նա արդեն հիստերիկայի մեջ կընկներ։ Շատերը քթների տակ ծիծաղում էին, ըստ երևույթին դա հաճելի էր շատերին։ Ոմանք բոթում էին զորքերի պարենավորման աստիճանավորին և ինչ-որ փսփսում նրա ականջին։ Ակներև էր, որ ուզում էին կռվեցնել նրանց։

— Թույլ տվեք հարցնել, դուք այդ ի՜՞չ եք ակնարկում,— հարցրեց պարենավորման աստիճանավորը,― այսինքն՝ ո՞ւմ վերաբերյալ... Դուք հիմա... բարեհաճեցեք արտահայտվել... Ասենք, հարկավոր չէ, դատարկ բան է։ Դե այրի կին է, էլի, որրևայրի է, ներում եմ... Փա՛ս։— Եվ նա դարձյալ օղի կոնծեց։

Ռասկոլնիկովը նստել էր և լուռ, զզվանքով էր լսում։ Նա ուտում էր միայն քաղաքավարությունից դրդված, որպեսզի չվիրավորեր Կատերինա Իվանովնային, որը րոպե առ րոպե պատառներ էր դնում նրա ափսեին։ Ռասկոլնիկովը ակնապիշ նայում էր Սոնյային։ Սոնյան հետզհետե ավելի էր անհանգստանում և մտահոգվում. նա էլ էր նախազգում, որ հոգեհացը խաղաղ չի վերջանա, ու վախով էր հետամտում Կատերինա Իվանովնայի սաստկացող ջղայնությանը։ Ի միջի այլոց նրան հայտնի էր, որ հենց ինքը, Սոնյան էր գլխավոր պատճառը, որով երկու եկվոր կանայք այնպես արհամարհանքով էին վերաբերվել Կատերինա Իվանովնայի հրավերին։ Նա Ամալյա Իվանովնայից լսել էր, որ մայրը նույնիսկ վիրավորվել էր հրավերից և հարցրել՝ «Ես ինչպե՞ս կարող եմ իմ դստերը նստեցնել, այդ տեսակ աղջկա կողքին»։ Սոնյան նախազգում էր, որ դա արդեն որևէ կերպ հայտնի է Կատերինա Իվանովնային, իսկ իրեն, Սոնյային, հասցրած վիրավորանքը է՛լ ավելի մեծ վիրավորանք էր անձնապես Կատերինա Իվանովնայի, նրա երեխաների, նրա հայրիկի հասցեին, մի խոսքով, մահացու վիրավորանք էր, ու Սոնյան գիտեր, որ հիմա Կատերինա Իվանովնան չի հանգստանա, «մինչև որ չասի այդ թրևող թեթևսոլիկներին, թե ինչ են նրանք», և այլն, և այլն։ Հակառակի պես ինչ-որ մեկը սև հացից շինած, մեջտեղից, սլաքով ծակված երկու սիրտ դրեց ափսեի մեջ, սեղանի մյուս ծայրից ուղարկեց Սոնյային։ Կատերինա Իվանովնան վրդովվեց և անմիջապես բարձրաձայն ասաց, որ դրանք ուղարկողը, իհարկե, «հարբած ավանակ է»։ Ամալյա Իվանովնան էլ նախազգալով ինչ-որ վատ բան և դրա հետ մեկտեղ մինչև հոգու խորքը վիրավորվելով Կատերինա Իվանովնայի գոռոզությունից, հավաքվածների անախորժ տրամադրությունը ցրելու և միաժամանակ բոլորի աչքում իրեն բարձրացնելու համար, ռուսերեն կոտրատելով, սկսեց առանց որևէ առիթի պատմել, թե ինչ-որ իր ծանոթը, «դեղատան ծառայող Կառլը» գիշերը գնում էր կառքով, «կառապանը ուզում էր նրան սպանել, Կառլը նրան շատ, շատ խնդրեց, որ չսպանի, ու լացեց, ձեռքերը ձալեց, վախեցավ, ու վախից սրտաճաք եղավ»։ Կատերինա Իվանովնան թեև ժպտաց, բայց իսկույն դիտողություն արեց, թե Ամալյա Իվանովնան չպետք է ռուսերենով անեկդոտներ պատմի։ Վերջինս է՛լ ավելի վիրավորվեց և առարկեց, որ իր «ֆատերը (հայրը) Բեռլինում շատ, շատ պատկառելի մարդ էր և հաճախ ձեռքերը գրպաններ էր խոթում»։ Ծիծաղկոտ Կատերինա Իվանովնան չհամբերեց և քա՛հ-քա՛հ քրքջաց, այնպես որ Ամալյա Իվանովնան արդեն կորցրեց վերջին համբերությունը և հազիվ էր զսպում իր բարկությունը։

— Ա՛յ քեզ բվե՜ճ,— գրեթե զվարճացած դարձյալ փսփսաց Կատերինա Իվանովնան Ռասկոլնիկովի ականջին,― ուզում էր ասել ձեռքերը գրպաններն էր դնում, բայց դուրս եկավ որ ձեռքերը ուրիշների գրպաններն էր խոթում, քխա՛֊քխա՛, Դուք նկատե՞լ եք, Ռոդիոն Ռոմանովիչ, որ Պետերբուրգում ապրող այդ բոլոր օտարերկրացիները, այսինքն՝ գլխավորապես գերմանացիները, որոնք ինչ֊որ տեղերից գալիս են մեզ մոտ, մեզնից ավելի հիմար են։ Համաձայնեցեք, մի՞թե կարելի է պատմել այդպիսի բան, թե «դեղատան ծառայող Կառլը վախից սրտաճաք եղավ», թե նա (փսլնքոտը) փոխանակ կառապանի ձեռքերը կապելու, «ձեռքերը ծալեց ու լացեց, շատ խնդրեց չսպանել իրեն»։ Ա՛յ քեզ թեթևսոլիկի մեկը, կարծում է, թե դա շատ հուզիչ է, ու մտքովն էլ չի անցնում, թե որքան հիմար է ինքը։ Իմ կարծիքով պարենավորման այդ հարբած աստիճանավորը նրանից շատ ավելի խելացի է. գոնե նկատում ես, որ հարբեցողի մեկն է, խմելուց է թռցրել խելքը, իսկ մյուսները բոլորն էլ հո կարգին են, լուրջ են... Ի-ի՜հ, նստել է աչքերը չռած։ Բարկանում է, բարկանում, քա՛հ-քա՛հ֊քա՛հ, քխա՛-քխա՛֊քխա՛։

Ուրախ տրամադրված Կատերինա Իվանովնան սկսեց զանազան մանր-մունր բաներ պատմել ու հանկարծ խոսեց այն մասին, թե ինչպես ինքը թոշակի միջոցով իր հայրենի Տ․․․ քաղաքում անպայման պանսիոն կբանա ազնվական աղջիկների համար։ Կատերինա Իվանովնան այդ մասին դեռ չէր հաղորդել Ռասկոլնիկովին և իսկույն տարվեց ամենահրապուրիչ մանրամասնությունների շարադրմամբ։ Հայտնի չէ, թե ինչ կերպ հանկարծ նրա ձեռքն ընկավ հենց այն «գովասանաթերթը», որի մասին Ռասկոլնիկովին հաղորդել էր դեռ հանգուցյալ Մարմելադովը, գինետանը նրան բացատրելով, որ Կատերինա Իվանովնան, իր կինը, ինստիտուտն ավարտելիս՝ շալով պարել էր «նահանգապետի և այլ անձանց ներկայությամբ»։ Այդ գովասանաթերթը հիմա ակներևաբար պետք է վկայագիր լիներ պանսիոն հիմնելու նկատմամբ Կատերինա Իվանովնայի իրավունքի մասին, և որ գլխավորն է, պատրաստ էր պահվում «երկու պճնվող թեթևսոլիկներին» ամաչեցնելու համար, եթե նրանք գային հոգեհացին, և պարզ ապացուցելու նրանց, որ Կատերինա Իվանովնան ազնվական տանից է, «նույնիսկ կարելի է ասել, արիստոկրատական տանից, գնդապետի աղջիկ է և անշուշտ ավելի լավն է, քան արկածներ որոնող ուրիշ կանայք, որոնք այնքան շատացել են վերջին ժամանակներում»։ Գովասանաթերթը իսկույն անցավ հարբած հյուրերի ձեռքերը, Կատերինա Իվանովնան այդ չէր արգելում, որովհետև գովասանաթերթում իրոք en toutes lettres[2] նշված էր, որ նա արքունի խորհրդականի և կավալերի դուստր է, հետևաբար իրոք որ համարյա գնդապետի դուստր է։ Ոգևորվելով, Կատերինա Իվանովնան անմիջապես շարադրեց Տ... քաղաքում ապագա սքանչելի ու հանգիստ կյանքի բոլոր մանրամասնությունները, հիշատակեց գիմնազիայի ուսուցիչներին, որոնց հրավիրելու է իր պանսիոնում դասեր ավանդելու համար, մի պատվարժան ծերունու, ֆրանսիացի Մանգոյին, որը ինստիտուտում ֆրանսերեն էր սովորեցնում հենց իրեն, Կատերինա Իվանովնային, և որը հիմա էլ դեռ ապրում է Տ... քաղաքում և անշուշտ ձեռնտու վճարով կաշխատի իր մոտ։ Վերջապես, բանը հասավ նաև Սոնյային, «որը Կատերինա Իվանովնայի հետ կմեկնի Տ... և այնտեղ ամեն կերպ կօգնի նրան»։ Բայց այստեղ հանկարծ մեկը փռթկաց սեղանի մյուս ծայրում։ Կատերինա Իվանովնան թեև աշխատեց այնպես ցույց տալ, թե չի լսել սեղանի մյուս ծայրում եղած ծիծաղը, բայց անմիջապես, դիտմամբ բարձրացնելով ձայնը, սկսեց ոգևորությամբ խոսել այն մասին, որ Սոֆյա Սեմյոնովնան անկասկածելի ընդունակություներ ունի նրան որպես օգնական ծառայելու համար, հիշատակեց նրա «հեզությունը, համբերատարությունը, անձնուրացությունը, ազնվությունը և կրթությունը», ընդ որում շոյեց նրա այտը և տեղից քիչ բարձրանալով, երկու անգամ պինդ համբուրեց նրան։ Սոնյան շիկնեց, իսկ Կատերինա Իվանովնան հանկարծ լացեց, մտածելով, որ «նա թույլ նյարդեր ունի և հիմար է, որ նրա տրամադրությունը խիստ փչացած է, որ ժամանակն է վերջացնել հացկերույթը, և որովհետև ուտելիքը արդեն վերջացել է, հարկավոր է թեյ մատուցել»։ Ամալյա Իվանովնան բոլորովին վիրավորված լինելով, որ ոչ մի մասնակցություն չի ունեցել ամբողջ խոսակցությանը և որ իրեն նույնիսկ բոլորովին չեն լսում, այդ իսկ րոպեին հանկարծ ռիսկ արեց դիմել վերջին փորձին և թաքուն տխրությամբ համարձակվեց Կատերինա Իվանովնային հաղորդել չափազանց կարևոր և խորիմաստ մի դիտողություն այն մասին, որ ապագա պանսիոնում պետք է հատուկ ուշադրություն դարձնել աղջիկների (դի վեշե) սպիտակեղենի մաքրության վրա և որ «անպայման պետք է լինի մի լավ դամա (դի դամե) որը լավ հսկի սպիտակեղենին» և երկրորդ՝ որ «ջահել աղջիկները բոլորն էլ գիշերները ծածուկ կերպով ոչ մի ռոման (վեպ) չկարդան»։ Կատերինա Իվանովնան, որ իրոք վրդովված էր և խիստ հոգնած և որին արդեն բոլորովին ձանձրացրել էր հոգեհացը, իսկույն «կտրեց» Ամալյա Իվանովնայի խոսքը, ասելով, որ վերջինս «դատարկ բան է բարբաջում» և ոչինչ չի հասկանում և որ դի վեշենների (մաքուր սպիտակեղենի) մասին հոգալը ոչ թե ազնվականական պանսիոնի վերատեսչուհու, այլ հանդերձապահի գործն է․ իսկ ինչ վերաբերում է ռոմաններ կարդալուն, ապա դա նույնիսկ ուղղակի անվայելուչ բան է և ինքը խնդրում է, որ Ամալյա Իվանովնան լռի։ Ամալյա Իվանովնան կարմրատակեց, ու չարանալով, ասաց, որ ինքը միայն «բարիք էր ցանկանում», «շատ ու շատ բարիք էր ցանկանում» և որ «բնակարանի համար վաղուց իրեն գելդ (փող) չի վճարվում»։ Կատերինա Իվանովնան անմիջապես «սաստեց» նրան, ասելով, թե նա ստում է, «ոչ մի բարիք էլ չի ցանկանում», որովհետև դեռ երեկ, երբ հանգուցյալը դեռ սեղանի վրա էր, նա, տանտիրուհին իրեն տանջում էր բնակարանի համար։ Ամալյա Իվանովնան, շարունակելով ռուսերեն կոտրատել, ասաց, որ ինքը հրավիրել էր «այն կանանց, բայց նրանք չեկան, որովհետև նրանք ազնվաբարո կանայք են և չեն կարող գալ ոչ ազնվաբարո կանանց մոտ»։ Կատերինա Իվանովնան իսկույն ևեթ «շեշտեց», թե որովհետև Ամալյա Իվանովնան փնթիի մեկն է, ուստի և չի կարող դատողություն անել, թե ինչ է իսկական ազնվությունը։ Ամալյա Իվանովնան այդ չհանդուրժեց և անմիջապես հայտարարեց, թե իր «ֆատերը Բեոլինում շատ, շատ պատկառելի մարդ էր ու ման էր գալիս ձեռքերը գրպանները դրած ու հաճախ բերանով փո՛ւֆ, փո՛ւֆ էր անում», ու իր ֆատերին իսկությամբ ներկայացնելու համար Ամալյա Իվանովնան աթոռից վեր թռավ, ձեռքերը դրեց գրպանները, ուռցրեց այտերը ու սկսեց բերանով ինչ-որ անորոշ, փո՛ւֆ֊փո՛ւֆի նմանվող ձայներ հանել։ Բոլոր տնվորները քա՛հ֊քա՛հ քրքջում էին, ու նախազգալով գոտեմարտը, հավանության բացականչություններով դիտմամբ խրախուսում էին Ամալյա Իվանովնային։ Բայց Կատերինա Իվանովնան արդեն չէր կարող այդ բանը տանել և անմիջապես, ի լուր ամենքի «կտրուկ» ասաց, որ Ամալյա Իվանովնան գուցե և երբեք հայր չի ունեցել, որ Ամալյա Իվանովնան ուղղակի պետերբուրգյան հարբեցող չուխոնուհի է և անշուշտ առաջներում մի որևէ տեղ խոհարարուհի է եղել, թերևս դրանից էլ վատ բան։ Ամալյա Իվանովնան կարմրատակեց խեցգետնի պես ու ճղճղալով ասաց, որ Կատերինա Իվանովնան ինքը գուցե «ամենևին էլ ֆատեր չի ունեցել, իսկ ինքը Բեռլինում ֆատեր ուներ, որը երկար սերթուկ էր հագնում և շարունակ փո՛ւֆ, փո՛ւֆ, փո՛ւֆ էր անում»։ Կատերինա Իվանովնան արհամարհանքով ասաց, որ իր ծագումը բոլորին հայտնի է, որ հենց այդ գովասանաթերթում տպագիր տառերով նշված է, որ իր հայրը գնդապետ էր, իսկ Ամալյա Իվանովնայի հայրը (եթե նա իրոք ինչ-որ հայր է ունեցել) հավանորեն Պետերբուրգի մի որևէ չուխոն էր, կաթ էր ծախում, ավելի ճիշտ է այն, որ ամենևին էլ հայր չի եղել, որովհետև դեռ մինչև այժմ էլ հայտնի չէ, թե ինչ է Ամալյա Իվանովնայի հայրանունը, Իվանովնա՞, թե՞ Լյուդվիգովնա։ Ամալյա Իվանովնան բոլորովին կատաղելով և բռունցքը խփելով սեղանին, ճչաց-ճղճղաց, որ ինքը Ամալյա Իվանովնա է և ոչ թե Լուդվիգովնա, որ իր հոր անունը Իոհան էր և նա բուրմայստեր էր, որ Կատերինա Իվանովնայի հայրը երբեք և ամենևին էլ բուրմայստեր չի եղել։ Կատերինա Իվանովնան աթոռից վեր կացավ և խիստ տոնով, առերևույթ հանգիստ ձայնով (թեև բոլորովին սփրթնած էր և հուզմունքից ելնում ու իջնում էր կուրծքը) ասաց, որ եթե նա թեկուզ միայն մի անգամ էլ համարձակվի «իր քոսոտ ֆատերիշկային համեմատել նրա հայրիկի հետ, ապա ինքը, Կատերինա Իվանովնան, կպոկի նրա գլխագիրը ու կտրորի ոտքերով»։ Այդ լսելով, Ամալյա Իվանովնան սկսեց վազվզել սենյակում և ամբողջ ուժով մեկ գոռալ, որ ինքը տանտիրուհի է, և Կատերինա Իվանովնան «հենց այս րոպեիս պետք է հեռանա բնակարանից». այնուհետև սկսեց սեղանից հավաքել արծաթե գդալները։ Աղմուկ ու շրմփոց բարձրացավ, երեխաները լացեցին։ Սոնյան նետվեց Կատերինա Իվանովնային զսպելու, բայց երբ Ամալյա Իվանովնան հանկարծ ինչ-որ բղավեց դեղին տոմսի մասին, Կատերինա Իվանովնան ետ հրեց Սոնյային ու նետվեց դեպի Ամալյա Իվանովնան, որպեսզի անհապաղ ի կատար ածեր իր սպառնալիքը գլխադիրի նկատմամբ։ Այդ րոպեին դուռը բացվեց, և սենյակի շեմքում հանկարծ հայտնվեց Պյոտր Պետրովիչ Լուժինը։ Նա կանգնած էր և խստաբարո, ուշադիր հայացքով նայում էբ հավաքվածներին։ Կատերինա Իվանովնան արագ մոտեցավ նրան։


III

— Պյոտր Պետրովիչ, գոնե դուք պաշտպանեցեք,— գոչեց նա,— հասկացրեք այդ հիմար արարածին, որ չպետք է համարձակվի այդպես վարվել ազնվաբարո, դժբախտացած կնու հետ, որ դրա դեմ դատարան կա... Ես հենց գեներալ-նահանգապետին կդիմեմ... սա պատասխան կտա... հիշելով իմ հոր աղուհացը, պաշտպանեցեք որբերիս...

— Ներեցեք, տիկին... ներեցեք, ներեցեք, տիկին,— առարկում էր Պյոտր Պետրովիչը,— ինչպես և հայտնի է ձեզ, ես բոլորովին էլ պատիվ չեմ ունեցել ճանաչելու ձեր հայրիկին․․․ ներեցեք, տիկին (մեկը բարձրաձայն քրքջաց), ու մտադիր չեմ մասնակցելու ձեր և Ամալյա Իվանովնայի անընդհատ երկպառակություններին․․․ Ես իմ գործով եմ եկել... ու ցանկանում եմ անհապաղ բացատրվել ձեր խորթ աղջկա, Սոֆյա... Իվանովնայի հետ... Կարծեմ այդպե՞ս պետք է անվանել նրան։ Թույլ տվեք անցնել...

Ու Պյոտր Պետրովիչը անցնելով Կատերինա Իվանովնայի կողքից, քայլեց դեպի դիմացի անկյունը, ուր գտնվում էր Սոնյան։

Կատերինա Իվանովնան տեղնուտեղը մնաց կանգնած, ասես կայծակնահար եղավ։ Նա չէր կարողանում հասկանալ, թե Պյոտր Պետրովիչը ինչպես կարող էր ուրանալ նրա հայրիկի աղուհացը։ Մի անգամ մոգոնելով այդ աղուհացը, նա արդեն ինքը սրբությամբ հավատում էր դրան։ Կատերինա Իվանովնային ապշեցրեց նաև Պյոտր Պետրովիչի պաշտոնական, սառը, նույնիսկ ինչ-որ արհամարհական սպառնալիքով լեցուն տոնը։ Ու բոլորն էլ նրա երևալուն պես հետզհետե սսկվեցին։ Բացի այն, որ «գործիմաց և լուրջ» այդ մարդը ամենևին սազական չէր ամբողջ խմբին, երևում էր, որ նա եկել է մի ինչ-որ կարևոր բանի համար, որ հավանորեն մի ինչ-որ արտասովոր պատճառ էր նրան բերել այդպիսի մարդկանց մոտ և որ ուրեմն այժմ ինչ֊որ բան է պատահելու, ո՛վ գիտե ինչ է լինելու։ Ռասկոլնիկովը, որ կանգնած էր Սոնյայի կողքին, մի կողմ անցավ, տեղ բանալով նրա համար։ Պյոտր Պետրովիչը կարծես նրան բոլորովին չնկատեց։ Մի րոպե հետո շեմքում երևաց նաև Լեբեզյատնիկովը, նա սենյակ չմտավ, այլ կանգ առավ ինչ-որ մի առանձին հետաքրքրություն, համարյա զարմանք արտահայտող դեմքով, ունկնդրում էր, բայց կարծես երկար ժամանակ չէր կարողանում ինչ-որ բան հասկանալ։

— Ներեցեք, որ ես գուցե խանգարում եմ, բայց բավական կարևոր գործ կա,— ասաց Պյոտր Պետրովիչը առայժմ անորոշ մտքով, առանձնապես չդիմելով որևէ մեկին,— ինձ համար նույնիսկ ուրախալի է բոլորի ներկայությունը։ Ամալյա Իվանովնա, ձեզ, որպես տանտիրուհու, խոնարհաբար խնդրում եմ ուշադրություն դարձնել Սոֆյա Իվանովնայի հետ իմ հետագա խոսակցության վրա։ Սոֆյա Իվանովնա,— շարունակեց նա՝ ուղղակի դիմելով խիստ զարմացած և արդեն նախապես վախեցած Սոնյային,— իմ սեղանից, իմ բարեկամ Անդրեյ Սեմյոնովիչ Լեբեզյատնիկովի սենյակից, ձեր այցելությունից անմիջապես հետո չքացավ ինձ պատկանող հարյուր ռուբլիանոց պետական մի թղթադրամ։ Եթե դուք որևէ կերպ գիտեք և մեզ ցույց կտաք, թե հիմա այն որտեղ է գտնվում, ապա ազնիվ խոսքով հավատացնում եմ ձեզ ու բոլորին վկա եմ վերցնում, որ գործը հենց դրանով էլ կվերջանա։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ շատ լուրջ միջոցների դիմել, այդ դեպքում... ինքներդ ձեզ կշտամբեք։

Սենյակում խոր լռություն տիրեց։ Լռեցին նույնիսկ լացող երեխաները։ Սոնյան կանգնել էր մեռելի պես գունատ, նայում էր Լուժինին և չէր կարողանում որևէ բան պատասխանել։ Նա կարծես դեռ ոչինչ չէր հասկանում։ Անցավ մի քանի վայրկյան։

— Դեհ, ի՞նչ կասեք,— հարցրեց Լուժինը՝ ակնապիշ նայելով նրան։

— Ես չգիտեմ... Ես ոչինչ չգիտեմ...— վերջապես, թույլ ձայնով ասաց Սոնյան։

— Հա-ա՞, չգիտե՞ք,— նորից հարցրեց Լուժինը ու էլի մի քանի վայրկյան լռեց։— Լավ մտածեցեք, օրիորդ,— ասաց նա խստորեն, բայց կարծես դեռ էլի հորդորանքով,— կշռադատեցեք, ես համաձայն եմ ձեզ դեռ ժամանակ տալ մտածելու համար։ Հաճեցեք նկատի առնել, որ եթե ես հավատացած չլինեի դրանում, ապա, իհարկե, շնորհիվ իմ փորձառության, ռիսկ չէի անի այսպես ուղղակի մեղադրել ձեզ, որովհետև ուղղակի և բացահայտ, բայց սուտ կամ նույնիսկ սխալմամբ թույլ տրված մեղադրանքի համար որոշ իմաստով ես ինքս եմ պատասխանատու։ Ես այդ գիտեմ։ Այսօր առավոտյան իմ կարիքների համար ես մանրեցի հինգ տոկոսանոց մի քանի բանկնոտ, ճիշտ երեք հազար ռուբլի գումարով։ Հաշիվը գրված է և գտնվում է իմ քսակում։ Անդրեյ Սեմյոնովիչը վկա է, որ ես գալով տուն, սկսեցի հաշվել փողերը, ու հաշվելով երկու հազար երեք հարյուր ռուբլի, դրեցի քսակիս մեջ, իսկ քսակը սերթուկիս կողագրպանումն է։ Սեղանի վրա մնում էր թղթադրամներով մոտ հինգ հարյուր ռուբլի, դրանց մեջ երեք հատ հարյուր ռուբլիանոց։ Այդ պահին դուք եկաք (իմ կանչելով), ու հետո շարունակ գտնվում էիք ինձ մոտ, չափազանց շփոթված էիք, այնպես որ խոսակցության ժամանակ նույնիսկ երեք անգամ վեր կացաք ու չգիտեմ ինչու շտապում էիք գնալ, թեև մեր խոսակցությունը դեռ չէր վերջացել։ Անդրեյ Սեմյոնովիչը կարող է վկայել այդ ամենը։ Հավանորեն դուք ինքներդ, օրիորդ, չեք մերժի վկայել և հայտարարել, որ ես Անդրեյ Սեմյոնովիչի միջոցով ձեզ կանչել էի միայն նրա համար, որպեսզի ձեզ հետ խոսեի ձեր ազգականուհու, Կատերինա Իվանովնայի ողբալի և անօգ վիճակի մասին (ես չկարողացա գալ նրա մոտ, հոգեհացին), ինչպես և այն մասին, թե որքան օգտակար կլիներ նրա համար բաժանորդագրություն, վիճակախաղ կամ նման մի բան կազմակերպել։ Դուք ինձ շնորհակալություն հայտնեցիք և նույնիսկ արտասվեցիք (ես ամեն ինչ պատմում եմ այնպես, ինչպես որ եղել է, որպեսզի նախ՝ այդ ամենը հիշեցնեմ ձեզ և երկրորդ՝ ձեզ ցույց տամ, որ իմ հիշողությունից ոչինչ չի վրիպել)։ Այնուհետև ես սեղանից վերցրի տասը ռուբլիանոց մի թղթադրամ և տվի ձեզ, որպես իմ կողմից սկզբնական օժանդակություն ձեր ազգականուհուն։ Անդրեյ Սեմյոնովիչը տեսավ այդ ամենը։ Այնուհետև ես ձեզ ճանապարհեցի մինչև դուռը, դուք դարձյալ ինչ-որ շփոթված էիք։ Ես ու Անդրեյ Սեմյոնովիչը խոսեցինք մոտ տասը րոպե, որից հետո Անդրեյ Սեմյոնովիչը գնաց, իսկ ես նորից մոտեցա սեղանին, որի վրա դրված էին փողերը, ես նպատակ ունեի հաշվել դրանք ու առանձին տեղավորել, ինչպես և առաջ ենթադրել էի։ Ես զարմանքով տեսա, որ թղթադրամներից մի հարյուր ռուբլիանոց էր պակասում։ Դե ուրեմն հաճեցեք դատել, ես ոչ մի կերպ չեմ կարող կասկածել Անդրեյ Սեմյոնովիչի նկատմամբ, նույնիսկ ամոթ եմ համարում նման բան ենթադրել։ Ես նաև չէի կարող փողերը սխալ հաշվել, որովհետև ձեր գալուց մի րոպե առաջ վերջացնելով հաշվելը, ես գտա, որ հանրագումարը ճիշտ է։ Ինքներդ համաձայնեցեք, որ հիշելով ձեր շփոթմունքը, հեռանալու հապճեպությունը, ձեր ձեռքերը որոշ ժամանակ սեղանի վրա պահելը, վերջապես, նկատի առնելով ձեր հասարակական վիճակը և դրա հետ կապված սովորությունները, ես, այսպես ասած, սարսափելով և նույնիսկ կամքիս հակառակ ստիպված եղա ձեր նկատմամբ կասկած տանել, իհարկե դաժան, բայց արդարացի կասկած։ Նաև ավելացնում եմ և կրկնում, որ թեև ես դրանում միանգամայն հավատացած եմ, բայց և այնպես հասկանում եմ, որ իմ այս մեղադրանքը կարող է ինձ համար որոշ չափով վտանգավոր լինել։ Բայց, ինչպես տեսնում եք, ես այս բանից ձեռք չքաշեցի. ես ընդդիմացա, և ահա թե ինչ պատճառով։ Միայն և միայն ձեր սև ապերախտության պատճառով, օրիորդ։ Ինչպե՜ս։ Ես ձեզ հրավիրում եմ ձեր աղքատ ազգականուհուն օժանդակելու նպատակով, ես ձեզ տրամադրում եմ ուժերիս ներածին չափ օգնություն, տասը ռուբլի, իսկ դուք տեղնուտեղը, հենց նույն պահին այդպես եք վարվում ինձ հետ։ Ոչ, այդ արդեն լավ չէ։ Անհրաժեշտ է խրատել։ Լավ մտածեցեք. այդ դեռ քիչ է, որպես ձեր իսկական բարեկամ (հարկավ, այս պահին դուք չեք կարող ավելի լավ բարեկամ ունենալ), խնդրում եմ ձեզ՝ ուշքի եկեք։ Այլապես անողոք կլինեմ։ Դեհ, ուրեմն ի՞նչ։

— Ես ձեզնից ոչինչ չեմ վերցրել,— սարսափահար շշնջաց Սոնյան,— դուք ինձ տվիք տասը ռուբլի, ահա, վերցրեք։— Սոնյան գրպանից հանեց թաշկինակը, գտավ դրա կապված ծայրը, քանդեց կապը, հանեց տասը ռուբլիանոց թղթադրամը ու մեկնեց Լուժինին։

— Իսկ մնացած հարյուր ռուբլին վերցնելը դուք այնպես էլ չե՞ք խոստովանում,— կշտամբանքով ու կտրուկ ասաց Լուժինը՝ չընդունելով թղթադրամը։

Սոնյան նայեց շուրջը։ Բոլորը սարսափ և խստություն, ծաղրանք ու ատելություն արտահայտող դեմքերով նրան էին նայում։ Սոնյան դարձավ դեպի Ռասկոլնիկովը... Սա ձեռքերը ծալած կանգնել էր պատի մոտ և բորբ հայացքով զննում էր նրան։

— Ախ, տեր աստված,— հառաչեց Սոնյան։

— Ամալյա Իվանովնա, պետք է հայտնել ոստիկանությանը, ուստի և խոնարհաբար խնդրում եմ ձեզ, առայժմ մեկին ուղարկեցեք դռնապանին կանչելու,— կամացուկ և նույնիսկ սիրալիր ասաց Լուժինը։

— Գոտ դեր բարմհերցիգե[3], ես այդպես էլ գիտեի, որ նա է գողացել,— ձեռքերն իրար զարկեց Ամալյա Իվանովնան։

— Դուք այդպես էլ գիտե՞իք,— վրա բերեց Լուժինը,— ուրեմն առաջ էլ որոշ հիմք եք ունեցել այդպես եզրակացնելու։ Խնդրում եմ ձեզ, հարգելի Ամալյա Իվանովնա, միտներդ պահեցեք ձեր խոսքերը, որոնք, սակայն, վկաների ներկայությամբ ասացիք։

Հանկարծ բոլոր կողմերից բարձր խոսակցություն սկսվեց։ Բոլորը շարժվեցին տեղերից։

— Ինչպե-ե՜-ես,— հանկարծ ուշքի գալով գոչեց Կատերինա Իվանովնան և գլխապատառ նետվեց դեպի Լուժինը,— ինչպե՜ս, դուք նրան գողությո՞ւն եք վերագրում, հա՞, նրա՞ն, Սոնյայի՞ն։ Ա՛խ, ստոր մարդ։— Եվ նա արագ մոտեցավ Սոնյային, հյուծված ձեռքերով պինդ գրկեց նրան։

— Սոնյա, ինչպե՞ս համարձակվեցիր նրանից տասը ռուբլի վերցնել, ա՛յ հիմար։ Տուր, տեսնեմ, տուր իսկույն այդ տասը ռուբլին։

Ու Սոնյայից վերցնելով թղթադրամը, Կատերինա Իվանովնան ճմռթեց այն և ուժգին շպրտեց Լուժինի երեսին։ Գնդիկը դիպավ Լուժինի աչքին և ընկավ հատակին։ Ամալյա Իվանովնան նետվեց փողը վերցնելու։ Պյոտր Պետրովիչը զայրացավ։

— Զսպեցեք այդ խելագարին,— բղավեց նա։

Այդ րոպեին դռան մոտ, Լեբեզյատնիկովի կողքին երևացին էլի մի քանի մարդիկ, որոնց մեջ էին նաև երկու եկվոր կանայք։

— Ինչպե՜ս, խելագա՞ր, ե՞ս եմ խելագարը, հիմար,— ճղճղաց Կատերինա Իվանովնան։— Խելագարը դու ինքդ ես, դատական խլուրդ, ստոր մարդ։ Սոնյա՞ն, Սոնյա՞ն պիտի վերցնի դրա փողը։ Սոնյա՞ն է գող, հա՞։ Նա դեռ քեզ ցույց կտա, հիմարի մեկը,— ու Կատերինա Իվանովնան հիստերիկաբար քրքջաց։— Ա՜յ քեզ հիմարի գլուխ,— նետվեց նա բոլոր կողմերը՝ ամենքին մատնացույց անելով Լուժինին։— Ինչպե՜ս, դու է՞լ, անամոթ,— դիմեց նա տանտիրուհուն,— դու է՞լ ես պնդում, որ նա «գողացել» է, ստոր արարած, կրինոլին հագած պրուսական խրտվիլակ։ Ա՛յ քեզ բան, ախր նա սենյակից դուրս էլ չի եկել, ու հենց որ եկավ, ա՛յ ստոր մարդ, իսկույն նստեց իմ կողքին, բոլորն էլ տեսան։ Հենց Ռոդիոն Ռոմանովիչի մոտ էլ նստեց... Խուզարկեցեք նրան։ Քանի որ նա սենյակից ոչ մի տեղ չի գնացել, ուրեմն փողը պետք է իր մոտը լինի։ Դե փնտրիր, է՛, փնտրիր, փնտրիր։ Եթե չգտնես, բարեկամ, ապա պատասխան կտաս։ Թագավորի մոտ, թագավորի մոտ, հենց ողորմած թագավորի մոտ կգնամ, ոտքերը կընկնեմ, կգնամ հենց այժմ, հենց այսօր, ես որբ եմ, ինձ կթողնեն նրա մոտ։ Դու կարծում ես չե՞ն թողնի, ո՛չ, ստում ես, կհասնեմ, կհասնեմ նրա մոտ։ Դու Սոնյայիս խեղճությո՞ւնն էիր հաշվի առել, հա՞, դու դրա վրա՞ էիր հույս դրել։ Իսկ ես հո ճարպիկ եմ, բարեկամ։ Գլխկոնծի կգաս։ Փնտրի՛ր, դե փնտրիր, է՛, փնտրի՛ր։

Ու Կատերինա Իվանովնան մոլեգնաբար քաշքշում էր Լուժինին դեպի Սոնյան։

— Ես պատրաստ եմ, ու պատասխանատու եմ դրա համար... բայց զսպվեցեք, տիկին, զսպվեցեք։ Ես շատ լավ եմ տեսնում, որ դուք ճարպիկ եք։ Այդ․․․ այդ ինչպե՞ս կարելի է անել,— մրթմրթում էր Լուժինը,— այդ պետք է անել ոստիկանության ներկայությամբ... ասենք հիմա էլ բավական շատ վկաներ կան․․․ Ես պատրաստ եմ․․․ Բայց ախր դա դժվար է տղամարդու համար... սեռերի տարբերության պատճառով․․․ Գուցե օգնության գար Ամալյա Իվանովնան․․․ Սակայն գործը այդպես չի արվում․․․ հապա ի՞նչ անել։

— Ում որ կուզեք։ Ով ուզում է թող խուզարկի,— բղավում էր Կատերինա Իվանովնան,— Սոնյա, շուռ տուր գրպաններդ։ Այդպես, այդպես։ Նայիր, հրեշ, մի գրպանը դատարկ է, մեջը թաշկինակն էր, տեսնո՞ւմ ես։ Ահա մյուս գրպանը, ահա, տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես։

Ու Կատերինա Իվանովնան չէ թե շուռ տվեց, այլ ուղղակի երկու գրպանն էլ մեկը մյուսի ետևից դուրս քաշեց։ Բայց երկրորդ, աջ գրպանից հանկարծ դուրս թռավ թղթի մի կտոր և օդում ծուռ գիժ քաշելով, ընկավ լուժինի ոտքերի տակ։ Բոլորը այդ տեսան, շատերը ճչացին։ Պյոտր Պետրովիչը հիացավ, հատակից երկու մատով վերցրեց թուղթը, բարձրացրեց այնպես, որ բոլորը տեսնեն, ու բաց արեց։ Դա ութ տակ ծալված հարյուր ռուբլիանոց թղթադրամ էր։ Պյոտր Պետրովիչը պտտեց ձեռքը՝ բոլորին ցույց տալով թղթադրամը։

— Գող, կորիր֊գնա իմ բնակարանից։ Ոստիկանություն, ոստիկանություն կանչեցեք,— ճղճղաց Ամալյա Իվանովնան,— դրանց պետք է Սիբիր քշել, կորեք այստեղից։

Բոլոր կողմերից բացականչություններ լսվեցին։ Ռասկոլնիկովը լսում էր աչքերը Սոնյային հառած, երբեմն էլ մի ակնթարթ նայելով Լուժինին։ Սոնյան կանգնել էր նույն տեղում, ասես ուշագնաց վիճակում։ Նա համարյա նույնիսկ զարմացած էլ չէր։ Հանկարծ նրա ամբողջ դեմքը կարմրատակեց. նա ճչաց ու ձեռքերով ծածկեց դեմքը։

— Ոչ, այդ ես չեմ արել, ես չեմ վերցրել, ես չգիտեմ,— սիրտ կտրատող լացուկոծով գոչեց նա ու նետվեց դեպի Կատերինա Իվանովնան։ Վերջինս գրկեց նրան և պինդ սեղմեց իրեն, կարծես ուզում էր նրան կրծքով պաշտպանել բոլորից։

— Սոնյա, Սոնյա, ես չեմ հավատում, տեսնո՞ւմ ես, չեմ հավատում,— գոչում էր (չնայած ակներև փաստին) Կատերինա Իվանովնան՝ նրան, ինչպես երեխայի, օրորելով իր գրկում, նրան համբուրում էր անընդհատ, վերցնում էր նրա ձեռքերը, դնում իր երեսին, համբուրում։— Դու ինչպե՞ս կարող էիր վերցնել, ի՞նչ հիմար մարդիկ են սրանք. օ, տեր աստված, հիմարներ եք դուք, հիմարնե՛ր,— ճչում էր Կատերինա Իվանովնան՝ դիմելով բոլորին,— ախր դուք դեռ չգիտեք, չգիտեք, թե ինչպիսի աղջիկ է սա, ինչպիսի սիրտ ունի։ Սա՞ գողանա, հա՞։ Ախր սա իր վերջին շորը կհանի, կծախի, ոտաբոբիկ ման կգա և ունեցածը ձեզ կտա, եթե ձեզ հարկավոր լինի, ա՛յ թե ինչպիսին է սա։ Դեղին տոմս էր ստացել, որովհետև իմ երեխաները բոլորովին քաղցած էին, մեզ համար էր իրեն ծախել... Ա՛խ, հանգուցյալ, հանգուցյալ, ա՛խ, հանգուցյալ, տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես։ Ա՜յ քեզ հոգեհաց։ Տե՛ր աստված, դե պաշտպանեցեք սրան, ի՞նչ եք բոլորդ էլ կանգնել։ Ռոդիոն Ռոմանովիչ, դո՞ւք ինչու չեք պաշտպանում, դուք է՞լ եք հավատում, ինչ է։ Դուք բոլորդ էլ, բոլորդ էլ, բոլորդ էլ չարժեք սրա ճկույթը։ Տեր աստված, վերջապես, պաշտպանեցեք, էլի՛։

Խեղճ, թոքախտավոր, որբևայրի Կատերինա Իվանովնայի լացը կարծես թե ուժեղ տպավորություն թողեց ներկաների վրա։ Ցավից ծռմռված, թառամած, թոքախտային այդ դեմքի վրա, այդ չորացած, արնակալած շուրթերին, այդ խռպոտ֊ճղճղան ձայնի մեջ, երեխայի լացի նմանվող այդ աղիողորմ լացի մեջ, պաշտպանության այդ դյուրահավատ և միաժամանակ հուսահատական աղերսանքի մեջ այնքա՜ն խղճալիություն, այնքա՜ն տառապանք կար, որ կարծես թե բոլորն էլ խղճացին դժբախտ կնոջը։ Գոնե Պյոտր Պետրովիչը իսկույն ևեթ խղճաց։

— Տիկին, տիկին,— բացականչեց նա ազդու ձայնով,— այս փաստը ձեզ չի վերաբերում։ Ոչ ոք չի համարձակվի ձեզ մեղադրել, թե դուք այդպիսի դիտավորություն եք ունեցել կամ նրա հետ համաձայնության եք եկել, մանավանդ որ հենց դուք շուռ տվիք գրպանը և հայտնաբերեցիք թղթադրամը, հետևաբար դուք ոչինչ չգիտեիք։ Միանգամայն և միանգամայն պատրաստ եմ ցավելու, որ այսպես ասած, աղքատությունը ստիպել էր Սոֆյա Սեմյոնովնային այդպիսի քայլ անել, բայց օրիորդ, ինչո՞ւ դուք չէիք ուզում խոստովանել։ Խայտառակությունի՞ց էիք վախենում։ Առաջին քա՞յլն էր։ Գուցե շփոթվա՞ծ էիք։ Հասկանալի է, շատ հասկանալի... Բայց ինչի՞ համար էր հարկավոր այդպես վարվել։ Պարոններ,— դիմեց Լուժինը բոլոր ներկաներին,— պարոններ, ցավելով և, այսպես ասած, կարեկցելով, ես պատրաստ եմ նույնիսկ հիմա էլ ներել չնայելով ինձ հասցրած վիրավորանքներին։ Թող այս ամոթանքը ձեզ խրատ լինի ապագայի համար, օրիորդ,— դիմեց նա Սոնյային,— իսկ ես այս գործը անհետևանք եմ թողնում և կարճում եմ, թող այդպես էլ լինի։ Բավական է։

Պյոտր Պետրովիչը խեթ֊խեթ նայեց Ռասկոլնիկովին։ Նրանց հայացքները իրար հանդիպեցին։ Ռասկոլնիկովի բորբ հայացքը պատրաստ էր մոխրացնելու նրան։ Այնինչ Կատերինա Իվանովնան կարծես էլ ոչինչ չէր լսում, նա խելահեղորեն գրկում և համբուրում էր Սոնյային։ Երեխաները ամեն կողմից նույնպես փարվեցին Սոնյային, իսկ Պոլեչկան, որը այնքան էլ չէր հասկանում գործի էությունը, կարծես ամբողջովին սուզվել էր արցունքների մեջ, հեկեկում էր և լացից ուռած իր սիրունիկ դեմքը սեղմում Սոնյայի ուսին։

— Ինչպի՜սի ստորություն է դա,— հանկարծ դռնից լսվեց բարձր մի ձայն։

Պյոտր Պետրովիչը արագ ետ նայեց։

— Ինչպիսի՜ ստորություն,— կրկնեց Լեբեզյատնիկովը՝ անթարթ նայելով նրա աչքերին։

Պյոտր Պետրովիչը կարծես նույնիսկ ցնցվեց։ Բոլորը այդ նկատեցին։ (Հետո դա հիշում էին)։ Լեբեզյատնիկովը ներս մտավ։

— Եվ դուք համարձակվեցիք ինձ վկա՞ բերել,— ասաց նա՝ մոտենալով Պյոտր Պետրովիչին։

— Այդ ի՞նչ է նշանակում, Անդրեյ Սեմյոնովիչ, դուք ինչի՞ մասին եք խոսում,— մրթմրթաց Լուժինը։

— Այն է նշանակում, որ դուք... զրպարտիչ եք, ահա թե ինչ են նշանակում իմ խոսքերը,— տաքացած վրա բերեց Լեբեզյատնիկովը՝ իր կարճատես աչքերը խստորեն հառելով նրա վրա։ Նա սարսափելի զայրացած էր։ Ռասկոլնիկովը իր հայացքը ուղղակի գամեց նրան՝ ասես որսալով ու կշռադատելով յուրաքանչյուր բառը։ Դարձյալ լռություն տիրեց։ Պյոտր Պետրովիչը համարյա նույնիսկ կորցրեց իրեն, մանավանդ առաջին ակնթարթում։

— Եթե դուք այդ ինձ եք ասում․․․— սկսեց նա կակազելով,— բայց ի՞նչ է պատահել ձեզ, խելքդ տե՞ղն է։

— Խելքս տեղն է, իսկ դուք... խարդախ եք։ Օ՛, ինչպիսի՜ ստորություն է դա։ Ես ամեն ինչ լսում էի, ես դիտմամբ սպասում էի, որ ամեն ինչ հասկանամ, որովհետև, ճիշտն ասած, դա այնքան էլ խելքի մոտիկ բան չէ... Բայց ինչի՞ համար դուք արեցիք այդ ամենը, չեմ հասկանում։

— Ես ի՞նչ արեցի որ։ Վերջ պիտի տա՞ք ձեր այդ անհեթեթ հանելուկներին, թե՞ գուցե խմած եք։

— Գուցե դուք եք խմում, ստոր մարդ, և ոչ թե ես։ Ես երբեք էլ օղի չեմ խմում, որովհետև դա դեմ է իմ համոզմունքներին։ Երևակայեցեք, նա ինքը իր սեփական ձեռքերով այդ հարյուրանոցը տվեց Սոֆյա Սեմյոնովնային, ես այդ տեսա, ես վկա եմ, ես կերդվեմ։ Նա, նա տվեց,— կրկնում էր Լեբեզյատնիկովը՝ դիմելով բոլորին և ամեն մեկին։

— Դուք գժվե՞լ եք, ինչ է, համբակ,— ճղճղաց Լուժինը,— նա ինքը այստեղ է, ձեր առաջ. նա ինքը այստեղ, հենց այժմ բոլորի ներկայությամբ հաստատեց, որ բացի տասը ռուբլուց, ինձնից ոչինչ չի ստացել։ Ուրեմն ես էլ ինչպե՞ս կարող էի թղթադրամը նրան տալ։

— Ես տեսա, տեսա,— գոչում ու պնդում էր Լեբեզյատնիկովը,— ու թեև սա դեմ է իմ համոզմունքներին, բայց ես պատրաստ եմ հենց այժմ դատարանում ամեն կերպ երդվել, որովհետև ես տեսա, թե ինչպես դուք թղթադրամը ծածուկ գցեցիք նրա գրպանը։ Միայն թե ես, հիմարս, մտածեցի, թե դուք բարեգործությունից դրդված գցեցիք։ Դռան մոտ, հրաժեշտ տալու պահին, երբ նա շուռ եկավ, և երբ դուք մի ձեռքով սեղմեցիք նրա ձեռքը, մյուս, ձախ ձեռքով թղթադրամը ծածուկ գցեցիք նրա գրպանը։ Ես տեսա, տեսա։

Լուժինը սփրթնեց։

— Ինչո՞ւ եք ստում,— հանդգնաբար բղավեց նա,— դուք լուսամուտի մոտ կանգնած, ինչպե՞ս կարող էիք տեսնել թղթադրամը։ Այդ միայն երևացել է... ձեր կարճատես աչքերին։ Դուք զառանցում եք։

— Ոչ, չեմ զառանցում։ Թեև ես հեռու էի կանգնած, բայց ամեն, ամեն ինչ տեսա, ու թեև պատուհանի կողքից իսկապես դժվար էր նկատել թղթադրամը, բայց ես մի այլ առիթով հաստատ գիտեի, որ դա հենց հարյուրանոց թղթադրամ էր, որովհետև երբ դուք Սոֆյա Սեմյոնովնային տասը ռուբլի տվիք, ես տեսա, որ հենց այդ պահին սեղանից մի հարյուրանոց վերցրիք (ես այդ տեսա, որովհետև այդ րոպեին մոտիկ էի կանգնած, ու որովհետև ես այդ մասին էի մտածում, դրա համար էլ չմոռացա, որ թղթադրամը ձեր ձեռքումն է)։ Դուք այն ծալեցիք և շարունակ պահում էիք ձեր ձեռքում։ Հետո ես այդ մոռացա, բայց երբ դուք վեր կացաք, թղթադրամը աջ ձեռքից դրեցիք ձախ ձեռքի մեջ ու քիչ մնաց վայր գցեիք, այստեղ ես դարձյալ հիշեցի այն, որովհետև դարձյալ հղացա նույն միտքը, այն է՝ դուք ուզում եք ինձնից ծածուկ բարերարություն անել նրան։ Կարող եք պատկերացնել, թե ինչպես ես սկսեցի հետամտել, ու տեսա, թե ինչպես ձեզ հաջողվեց թղթադրամը խոթել նրա գրպանը։ Ես տեսա, տեսա, ես կերդվեմ։

Քիչ էր մնում Լեբեզյատնիկովը շնչասպառ լիներ։ Ամեն կողմից զանազան բացականչություններ լսվեցին, որոնք մեծ մասամբ զարմանք էին արտահայտում, բայց լսվում էին նաև ցասկոտ բացականչություններ։ Բոլորը սպառնալից շարժվեցին դեպի Պյոտր Պետրովիչը։ Կատերինա Իվանովնան հապճեպ մոտեցավ Լեբեզյատնիկովին։

— Անդրեյ Սեմյոնովիչ, ես ձեր նկատմամբ սխալվել էի։ Պաշտպանեցեք Սոնյային։ Միայն դուք եք նրա կողմը։ Նա որբ է, ձեզ աստված ուղարկեց։ Անդրեյ Սեմյոնովիչ, աղավնյակ, պատվելի։

Ու Կատերինա Իվանովնան համարյա չգիտակցելով, թե ինչ է անում, Լեբեզյատնիկովի առջև ծունկ չոքեց։

— Անհեթեթություն,— բղավեց կատաղության չափ զայրացած Լուժինը,— դուք հա՛ անհեթեթություն եք դուրս տալիս, պարոն։ «Մոռացա, հիշեցի, հիշեցի հա՛ մոռացա»,— ի՞նչ է դա, ուրեմն ես թղթադրամը դիտմա՞մբ եմ դրել նրա գրպանը։ Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով։ Ես ի՞նչ առնչություն ունեմ այդ...

— Ինչի համա՞ր, ա՛յ, հենց դա ես ինքս էլ չեմ հասկանում, բայց որ իսկական փաստն եմ պատմում, դա ճիշտ է։ Նողկալի, հանցավոր մարդ, ես բնավ չեմ սխալվում, ես շատ լավ եմ հիշում, որ հենց այն պահին, երբ ես շնորհակալություն էի հայտնում և սեղմում ձեր ձեռքը, այդ առիթով գլխումս հարց ծագեց՝ ինչի՞ համար դուք թղթադրամը ծածուկ դրեցիք նրա գրպանը։ Այսինքն՝ ինչո՞ւ ծածուկ։ Մի՞թե հենց միայն այն պատճառով, որ ուզում էիք դա թաքցնել ինձնից, գիտենալով, որ ես հակառակ համոզմունքներ ունեմ և ժխտում եմ մասնավոր բարեգործությունը, որը ոչինչ արմատապես չի բուժում։ Ու որոշեցի, որ դուք իսկապես ինձնից քաշվում էիք այդպիսի խոշոր գումար տալ, ու բացի դրանից,— մտածեցի ես,— գուցե ուզում էիք նրան սյուրպրիզ անել, զարմացնել նրան, երբ նա իր գրպանում ամբողջ հարյուր ռուբլի գտներ (որովհետև որոշ բարեգործներ այնքան էլ չեն սիրում ուռցնել իրենց բարերարությունները, ես այդ գիտեմ)։ Հետո էլ մտածեցի, թե դուք ուզում եք նրան փորձել, այսինքն թե երբ նա գտնի փողը, արդյոք կգա՞ շնորոհակալություն հայտնելու։ Հետո էլ կարծեցի, թե ուզում եք խուսափել շնորհակալությունից, ու ինչպես ասում են, աջ ձեռքը չպիտի իմանա, թե ինչ է անում ձախը... Մի խոսքով, այդպիսի բաներ... Ու էլ ինչ մտքեր ասես, որ չէին ծագում գլխումս, այնպես որ ես որոշեցի այդ բոլորը հետո կշռադատել, բայց և այնպես անքաղաքավարություն համարեցի ձեզ հայտնել, թե գիտեմ գաղտնիքը։ Սակայն գլխումս էլի մի հարց ծագեց, չլինի՞ թե Սոֆյա Սեմյոնովնան կորցնի փողը, նախքան դա կգտնի իր գրպանում․ ահա թե ինչու ես որոշեցի գալ այստեղ, կանչել նրան և հայտնել, որ իր գրպանը հարյուր ռուբլի են դրել։ Դրանից առաջ մտա տիկիններ Կոբիլյատնիկովաների մոտ, որպեսզի նրանց տայի Դրական մեթոդի ընդհանուր հետևությունը և մանավանդ խորհուրդ տայի կարդալ Պիդերիտի (ի միջի այլոց նաև Վագների) հոդվածը. հետո եկա այստեղ, ուր ահա թե ինչ է կատարվում։ Եվ մի՞թե, մի՞թե ես կարող էի մտածել այդ ամենի մասին և այդպիսի դատողություններ անել, եթե իսկապես տեսած չլինեի, որ դուք հարյուր ռուբլի դրեցիք նրա գրպանը։

Երբ Անդրեյ Սեմյոնովիչը վերջացրեց իր երկար ու բարակ դատողությունները և իր խոսքի վերջում այդպիսի տրամաբանական հետևություն արեց, սարսափելի հոգնեց, դեմքից նույնիսկ քրտնքի կաթիլներ էին գլորվում։ Ավա՜ղ, նա չէր էլ կարողանում ռուսերեն կարգին բացատրել իր մտքերը (ուրիշ ոչ մի լեզու չգիտեր), այնպես որ նա ամբողջովին մի տեսակ հյուծվեց, իր փաստաբանական սխրանքից հետո կարծես նույնիսկ նիհարեց։ Այնուամենայնիվ նրա ճառը արտաքո կարգի տպավորություն թողեց։ Նա խոսում էր այնպիսի ոգևորությամբ, այնպիսի համոզվածությամբ, որ ըստ երևույթին բոլորն էլ հավատացին նրան։ Պյոտր Պետրովիչը զգաց, որ իր բանը վատ է։

— Իմ ի՞նչ գործն է, թե ձեր գլխում ինչ-որ հիմար հարցեր են ծագել,— գոչեց նա։— Դա ապացույց չէ։ Դուք կարող էիք այդ ամենը զառանցել երազում, պրծավ-գնաց։ Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք ստում եք, պարոն։ Ստում և զրպարտում եք իմ դեմ որևէ ոխ ունենալու պատճառով, այն է՝ չարացած լինելով, որ ես չէի համաձայնվում ձեր ազատամտական և հակակրոնական, սոցիալական առաջարկներին, այ թե ինչ։

Բայց այդ սեթևեթությունը օգուտ չբերեց Պյոտր Պետրովիչին։ Ընդհակառակը, բոլոր կողմերից փնթփնթոց լսվեց։

— Հը՛մ, ա՛յ թե որտեղից բռնեց,— գոչեց Լեբեզյատնիկովը։— Ստո՛ւմ ես։ Կանչիր ոստիկանությանը, իսկ ես երդում կտամ։ Միայն թե չեմ կարողանում հասկանալ ինչի՞ համար է նա այդպիսի ստոր արարք թույլ տվել։ Օ, ողորմելի, ստոր մարդ։

— Ես կարող եմ բացատրել, թե նա ինչի համար է այդպիսի արարք թույլ տվել, ու եթե հարկավոր է, ինքս էլ երդում կտամ,— վերջապես, կտրուկ ձայնով ասաց Ռասկոլնիկովը և առաջ եկավ։

Ըստ երևույթին նա հաստատակամ էր ու հանգիստ։ Հենց միայն մի հայացք նետելով նրա վրա, բոլորը հասկացան, որ նա իրոք գիտե գործի էությունը և դա իր վախճանին է հասել։

— Հիմա ամեն ինչ բոլորովին պարզվեց ինձ համար,— շարունակեց Ռասկոլնիկովը՝ դիմելով ուղղակի Լեբեզյատնիկովին։— Այս պատմության հենց սկզբից ես ենթադրեցի, որ այստեղ մի ինչ-որ խարդախություն կա, ես այդ ենթադրեցի մի քանի առանձնահատուկ հանգամանքների հետևանքով, որոնք միայն ինձ են հայտնի և որոնք այժմ ես կբացատրեմ բոլորին, դրանց մեջ է գործի ամբողջ էությունը։ Իսկ դուք, Անդրեյ Սեմյոնովիչ, ինձ համար ամեն ինչ վերջնականապես պարզեցիք ձեր անհերքելի ցուցմունքով։ Բոլորին, բոլորին խնդրում եմ լսել, այս պարոնը (նա ցույց ավեց Լուժինին) վերջերս ուզում էր մի աղջկա, այն է՝ իմ քրոջը, Ավդոտյա Ռոմանովնա Ռասկոլնիկովային։ Բայց ժամանելով Պետերբուրգ, նա երեկ չէ մյուս օրը մեր առաջին տեսակցության ժամանակ գժտվեց ինձ հետ, ու ես նրան վռնդեցի իմ սենյակից, այդ կարող են վկայել երկու հոգի։ Այս մարդը խիստ չար է․․․ Երեկ չէ մյուս օրը ես դեռ չգիտեի, որ նա ապրում է այստեղի համարներում, ձեզ մոտ, Անդրեյ Սեմյոնովիչ, որ ուրեմն հենց մեր գժտվելու օրը, այսինքն՝ նույնպես երեկ չէ մյուս օրը, նա տեսել էր, թե ինչպես ես, իբրև հանգուցյալ պարոն Մարմելադովի բարեկամ, նրա կնոջը, Կատերինա Իվանովնային մի քիչ փող էի տվել թաղման համար։ Սա իսկույն նամակ էր գրել մորս և հայտնել, թե ես ամբողջ փողը տվել եմ ոչ թե Կատերինա Իվանովնային, այլ Սոֆյա Սեմյոնովնային, և ամենաստոր արտահայտություններով հիշատակել էր... Սոֆյա Սեմյոնովնայի բնավորությունը, այսինքն՝ ակնարկել էր Սոֆյա Սեմյոնովնայի նկատմամբ իմ առնչության բնույթը։ Այս ամենը, ինչպես դուք հասկանում եք, նպատակ ուներ ինձ կռվեցնել մորս ու քրոջս հետ, նրանց համոզել, թե ես անազնիվ նպատակներով վատնում եմ նրանց վերջին փողերը, որոնցով նրանք օգնում են ինձ։ Երեկ երեկոյան մորս, քրոջս և նրա ներկայությամբ ես վերականգնեցի ճշմարտությունը, ապացուցելով, որ փողը տվել էի Կատերինա Իվանովնային, թաղման համար, և ոչ թե Սոֆյա Սեմյոնովնային, որ Սոֆյա Սեմյոնովնայի հետ երեկ չէ մյուս օրը ես նույնիսկ ծանոթ էլ չէի, նույնիսկ երեսն էլ չէի տեսել։ Այնուհետև ես ավելացրի, որ սա, Պյոտր Պետրովիչ Լուժինը, իր բոլոր արժանիքներով չարժե Սոֆյա Սեմյոնովնայի հենց միայն ճկույթին, Սոֆյա Սեմյոնովնայի, որի մասին նա այդպիսի վատ կարծիք է արտահայտում։ Նրա այն հարցին, թե արդյոք ես Սոֆյա Սեմյոնովնային կնստեցնեի՞ իմ քրոջ կողքին, ես պատասխանեցի, որ ես այդ արդեն արել եմ հենց նույն օրը։ Սաստիկ չարանալով, որ մայրս ու քույրս չեն ուզում իր զրպարտությունների հիման վրա գժտվել ինձ հետ, նա սկսեց մեկը մյուսի ետևից աններելի հանդգնություններ ասել մորս և քրոջս։ Տեղի ունեցավ վերջնական պառակտում, ու նրան վռնդեցին։ Այս ամենը կատարվեց երեկ երեկոյան։ Հիմա հատուկ ուշադրություն եմ խնդրում, պատկերացրեք, որ եթե նրան հաջողվեր հիմա ապացուցել, որ Սոֆյա Սեմյոնովնան գող է, ապա մորս ու քրոջս ապացուցած կլիներ, որ իր կասկածանքները համարյա իրավացի էին, թե նա արդարացիորեն էր բարկացել, որ ես հավասար եմ համարել քրոջս և Սոֆյա Սեմյոնովնային, թե հարձակվելով ինձ վրա, նա դրանով պաշտպանում, ուրեմն և պահպանում էր իմ քրոջ և իր հարսնացուի պատիվը։ Մի խոսքով, այդ կերպ նա նույնիսկ կկարողանար ինձ վերստին կռվեցնել հարազատներիս հետ և, իհարկե, հույս ուներ կրկին հաճոյանալ նրանց։ Էլ չեմ խոսում այն մասին, որ նա վրեժ էր առնում անձամբ ինձնից, որովհետև հիմք ունի ենթադրելու, որ Սոֆյա Սեմյոնովնայի պատիվն ու երջանկությունը թանկ են ինձ համար։ Ահա նրա ամբողջ դիտավորությունը։ Ահա թե ես ինչպես եմ հասկանում այս գործը։ Ահա ամբողջ պատճառը, ուրիշ պատճառ չի կարող լինել։

Ռասկոլնիկովը այսպես կամ համարյա այսպես վերջացրեց իր խոսքը, որ հաճախ ընդհատվում էր լարված ուշադրությամբ լսող ներկաների բացականչություններով։ Բայց, չնայելով բոլոր ընդհատումներին, նա խոսեց խիստ տոնով, հանգիստ, ճիշտ, պարզ, կտրուկ։ Նրա հատու ձայնը, նրա համոզված տոնը և խստաբարո դեմքը բոլորի վրա մեծ տպավորություն թողին։

— Այդպես է, այդպես է, դա այդպես է,— ցնծությամբ պնդում էր Լեբեզյատնիկովը։— Պետք է որ այդպես լինի, որովհետև հենց որ Սոֆյա Սեմյոնովնան մտավ մեր սենյակը, նա, Լուժինը, ինձ կանչեց դեպի պատուհանը և այնտեղ կամացուկ հարցրեց՝ «Այստե՞ղ է Ռասկոլնիկովը, դուք նրան չտեսա՞ք Կատերինա Իվանովնայի հյուրերի մեջ»։ Հետևաբար նրան անպայման հարկավոր էր, որ դուք այստեղ լինեիք։ Դա հենց այդպես է, որ կա։

Լուժինը լռում էր և արհամարհանքով ժպտում։ Սակայն նա խիստ սփրթնած էր։ Թվում էր, որ նա միտք էր անում, թե ինչպես դուրս պրծնի։ Գուցե նա հաճույքով կթողներ ամեն ինչ ու կհեռանար, բայց տվյալ րոպեին դա գրեթե անկարելի էր, այդ կնշանակեր ուղղակի խոստովանել իր դեմ ուղղված մեղադրանքների արդարացիությունը և այն, որ ինքը իսկապես զրպարտել էր Սոֆյա Սեմյոնովնային։ Բացի դրանից, ներկա գտնվողները, որոնք առանց այն էլ արդեն հարբած էին, չափազանց հուզվում էին։ Պարենավորման աստիճանավորը, որ այնքան էլ չէր հասկանում այդ ամենը, բոլորից ավելի բարձր էր բղավում և Լուժինի համար խիստ անհաճելի միջոցներ էր առաջարկում։ Բայց կային նաև չխմած տնվորներ․ դրանք եկել էին բոլոր սենյակներից։ Երեք լեհերը խիստ ցասկոտում էին և անդադար գոռում՝ «անպիտան պարոն», ու լեհերեն ինչ-որ սպառնալիքներ էին քրթմնջում։ Սոնյան լարված լսում էր, բայց կարծես նա էլ լավ չէր հասկանում այդ ամենը, կարծես ուշաթափությունից էր սթափվել։ Նա աչք չէր կտրում Ռասկոլնիկովից, զգալով, որ նրանից է կախված իր ամբողջ պաշտպանությունը։ Կատերինա Իվանովնան խռպոտ ու դժվարությամբ էր շնչում, ու թվում էր, որ գտնվում է սարսափելի ուժասպառ վիճակում։ Առավելապես հիմար դրության մեջ էր Ամալյա Իվանովնան, կանգնել էր բերանը բացած և ոչինչ չէր հասկանում։ Նա միայն տեսնում էր, որ Պյոտր Պետրովիչը բռնվել է։ Ռասկոլնիկովը նորից խոսելու թույլտվություն խնդրեց, բայց այդ նրան թույլ չտվին. բոլորը բղավում էին և հայհոյանքներով ու սպառնալիքներով խռնվում Լուժինի շուրջը։ Բայց Պյոտր Պետրովիչը չվախեցավ։ Տեսնելով, որ Սոնյային մեղադրելու գործը բոլորովին տանուլ է տրված, նա ուղղակի լկտիության դիմեց.

— Թույլ տվեք, պարոններ, թույլ տվեք, մի նեղեք, թողեք անցնեմ,— ասում էր նա՝ ճեղքելով ամբոխը,— ու խնդրում եմ թողնել սպառնալիքները. հավատացնում եմ ձեզ, որ այդ իզուր է, ոչինչ չեք անի, ես վախկոտներից չեմ, ընդհակառակը, հենց դուք, պարոններ, պատասխան կտաք, որ բռնությամբ քողարկեցիք քրեական գործը։ Դատարանում մարդիկ կույր չեն և... հարբած չեն լինում ու չեն հավատա երկու մոլի անաստվածներին, գրգռիչներին ու ազատամիտներին, որոնք անձնական վրեժից դրդված, ինձ մեղադրում են այնպիսի բաների համար, որոնք հենց իրենց պետք է վերագրել և այդ հենց իրենք են հիմարաբար խոստովանում։ Այո։ Դե թույլ տվեք անցնել։

— Անմիջապես ձեր հոտը պետք է կտրվի իմ սենյակից․ բարհհաճեցեք հեռանալ և մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Իզուր չէ՞ր, որ ես կաշվից դուրս էի գալիս, դրան բացատրում իմ համոզմունքները... ամբողջ երկու շաբաթվա ընթացքում...

— Ախր ես ինքս էլ, Անդրեյ Սեմյոնովիչ, ժամ առաջ ձեզ ասել եմ, որ մեկնում եմ, իսկ դուք ինձ դեռ պահում էիք․ իսկ հիմա միայն կավելացնեմ, որ դուք հիմար եք։ Ցանկանում եմ, որ դուք բուժեք ձեր խելքը և ձեր կարճատես աչքերը։ Թույլ տվեք անցնել, պարոններ։

Նա ամբոխի միջով առաջ անցավ. բայց պարենավորման աստիճանավորը չէր ուզում նրան բաց թողնել այդպես հեշտությամբ, միայն հայհոյանքներ կերցնելով. նա սեղանից մի բաժակ վերցրեց, թափ առավ ու շպրտեց դեպի Պյոտր Պետրովիչը, սակայն բաժակը դիպավ Ամալյա Իվանովնային։ Սա ճչաց, իսկ պարենավորման աստիճանավորը թափ առնելուց կորցնելով հավասարակշռությունը, ծանր փռվեց հատակին, սեղանի տակ։ Պյոտր Պետրովիչը անցավ իր սենյակը ու կես ժամից նա արդեն տանը չէր։ Բնությունից երկչոտ Սոնյան առաջ էլ գիտեր, որ իրեն ավելի հեշտ է կործանել, քան ուրիշ որևէ մեկին, ու ամեն մեկը համարյա կարող էր անպատիժ վիրավորել նրան։ Բայց և այնպես մինչև այդ րոպեն նրան թվում էր, որ կարելի է փորձանքից խուսափել որևէ կերպ՝ զգուշությամբ, հեզությամբ, խոնարհվելով բոլորի և ամեն մեկի առաջ։ Նրա հիասթափությունը չափազանց ծանր էր։ Իհարկե, նա կարող էր համբերությամբ և գրեթե անտրտունջ տանել ամեն ինչ, նույնիսկ այդ բանը։ Բայց առաջին րոպեին խիստ ծանր էր նրա տրամադրությունը։ Երբ անցավ առաջին վախը և առաջին շշմածությունը, երբ նա պարզ հասկացավ ու կշռադատեց ամեն ինչ, չնայած իր հաղթանակին և արդարացման, անզորության ու վիրավորանքի զգացումը տանջալից ճմլեց նրա սիրտը։ Նա հիստերիկայի մեջ ընկավ։ Վերջապես, չդիմանալով իր այդ վիճակին, սենյակից դուրս նետվեց և վազեվազ գնաց տուն։ Այդ եղավ Լուժինի հեռանալուց համարյա անմիջապես հետո։ Երբ բաժակը զարկվեց Ամալյա Իվանովնային, ու ներկաները բարձրաձայն քրքջացին, սա էլ չդիմացավ ուրիշների մեղքով իրեն հասած գլխացավանքին։ Կատաղածի պես, ճղճղոցով հարձակվեց Կատերինա Իվանովնայի վրա, գտնելով, որ այդ ամենի համար նա է մեղավոր։

— Չքվիր իմ բնակարանից, հենց այժմ, մա՛րշ,— և այս ասելով, սկսեց Կատերինա Իվանովնայի իրերից վերցնել այն ամենը, ինչ֊որ ձեռքն էր ընկնում, ու շպրտել հատակին։ Առանց այդ էլ սաստիկ ընկճված, համարյա ուշագնաց, շնչասպառ, գունաթափ Կատերինա Իվանովնան վեր թռավ անկողնից (որի վրա էր ընկել ուժասպառ վիճակում) և հարձակվեց Ամալյա Իվանովնայի վրա։ Բայց կռիվը խիստ անհավասար էր. վերջինս նրան ետ շպրտեց ինչպես մի փետրիկ։

— Սա ի՞նչ բան է։ Բավական չէ, որ այդպես անխղճորեն զրպարտեցին, դեռ այդ փուչ արարածն էլ է հարձակվում ինձ վրա։ Ամուսնուս թաղման օրը, իմ աղուհացից հետո երեխաներիս հետ դուրս են քշում բնակարանից, փողոց են շպրտում։ Հապա ես ո՞ւր գնամ,— հեկեկալով ու շնչասպառ ճչում էր խեղճ կինը։— Տե՛ր աստված,— բղավեց նա հանկարծ, աչքերը կրակ կտրած,— մի՞թե արդարություն չկա։ Հապա դու ո՞ւմ պետք է պաշտպանես, եթե ոչ մեզ, որբերիս։ Դե հիմա կտեսնենք։ Աշխարհում կա դատաստան և արդարություն, կա, ես կգտնեմ։ Հենց հիմա, սպասիր դու, անխիղճ արարած։ Պոլեչկա, մնա երեխաների մոտ, ես շուտով կգամ։ Սպասեցեք ինձ թեկուզ փողոցում։ Կտեսնենք, աշխարհում կա՞ արդարություն, թե ոչ։

Ու գլխին գցելով հենց այն կանաչ, դրադեգամե գլխաշորը, որ Ռասկոլնիկովի հետ խոսելիս հիշատակել էր հանգուցյալ Մարմելադովը, Կատերինա Իվանովնան անցավ դեռ սենյակում խռնվող տնվորների անկարգ ու հարբած ամբոխի միջով ու արցունքներն աչքերին, հեծկլտալով, վազեց փողոց, հետապնդելով անորոշ մի նպատակ՝ ինչ֊որ մի տեղ, հենց հիմա, անմիջապես և ինչ կերպ էլ լինի արդարություն գտնել։ Պոլեչկան վախվխելով, երեխաների հետ կուչ եկավ անկյունում, սնդուկի վրա, և երկու փոքրիկներին զրկած, դողդողում էր, սպասում մոր վերադարձին։ Ամալյա Իվանովնան սենյակով մեկ այս ու այն կողմ էր ընկնում, ճզճղում, ճչում, ձեռքն ընկած բոլոր իրերը շպրտում հատակին, աղմուկ-աղաղակ բարձրացնում։ Տնվորները բղավում էին այս ու այն կողմից, ոմանք պատմում էին իրենց գիտեցածը տեղի ունեցած իրադարձության մասին, մյուսները վիճում էին ու հայհոյանք թափում․ ոմանք էլ սկսեցին երգել․․․

«Հիմա էլ իմ գնալու ժամանակն է»,— մտածեց Ռասկոլնիկովը։— «Հապա, Սոֆյա Սեմյոնովնա, տեսնենք հիմա դուք ի՞նչ եք ասելու»։

Եվ նա գնաց Սոնյայի բնակարանը։


IV

Ռասկոլնիկովը Սոնյայի գործունյա և աշխույժ փաստաբանն էր ընդդեմ Լուժինի, չնայելով, որ այնքա՜ն սարսափելիորեն տանջվում էր հոգեպես։ Բայց առավոտյան այդչափ տանջվելով, նա կարծես ուրախ էր, որ առիթ կա իր տպավորությունները փոխելու, որոնք անտանելի էին դարձել, էլ չխոսենք այն մասին, թե ինչպիսի հաճույքով ու անկեղծությամբ էր նա ձգտում պաշտպանել Սոնյային։ Բացի դրանից, նրան սպասում ու երբեմն սարսափելի անհանգստացնում էր առաջիկա տեսակցությունը Սոնյայի հետ, նա պետք է հայտներ Սոնյային, թե ով էր սպանել Լիգավետային, նախազգում էր, որ խիստ տանջվելու է, ու կարծես դա վանում էր ձեռքերով։ Դրա համար էլ, երբ նա Կատերինա Իվանովնայի սենյակից հեռանալիս բացականչեց՝ «Հապա, Սոֆյա Սեմյոնովնա, տեսնենք հիմա դուք ինչ եք ասելու», ապա ակներևաբար դեռ գտնվում էր զվարթության, աշխուժության և քիչ առաջ Լուժինի դեմ տարած հաղթության բերկրանքի ինչ-որ առերևույթ հուզվածության վիճակում։ Բայց նրան տարօրինակ բան պատահեց։ Երբ նա հասավ Կապերնաումովի բնակարանը, հանկարծակի ուժասպառություն և վախ զգաց։ Նա մտազբաղ կանգ առավ դռան առաջ և ինքն իրեն տարօրինակ հարց տվեց՝ «Արդյո՞ք պետք է ասել, թե ով է սպանել Լիզավետա յին»։ Հարցը տարօրինակ էր, որովհետև նա հանկարծ, միաժամանակ զգաց, որ որ ոչ միայն չի կարելի չասել, այլև անկարելի է նույնիսկ կարճ ժամանակով հետաձգել այդ րոպեն։ Նա դեռ չգիտեր, թե ինչու է անկարելի, նա այդ միայն զգաց, ու անհրաժեշտության հանդեպ իր անզորության տանջալից գիտակցությունը համարյա ճզմեց նրան։ Որպեսզի էլ դատողություններ չաներ և չտանջվեր, նա արագ բացեց դուռը և շեմքից նայեց Սոնյային։ Վերջինս նստել էր սեղանին կրթնած և դեմքը ձեռքերով ծածկած, սակայն տեսնելով Ռասկոլնիկովին, հապճեպ վեր կացավ ու գնաց նրան ընդառաջ, կարծես սպասում էր նրան։

— Առանց ձեզ ի՞նչ կլիներ իմ վիճակը,— իսկույն ասաց նա՝ սենյակի մեջտեղում կանգնելով Ռասկոլնիկովի առաջ։ Ակներև էր, որ հենց միայն այդ էր ուզում ասել նրան։ Այնուհետև գտնվում էր սպասողական վիճակում։

Ռասկոլնիկովը մոտեցավ սեղանին և նստեց այն աթոռին, որից Սոնյան հենց նոր էր վեր կացել։ Սոնյան կանգնեց նրա առջև, երկու քայլ հեռավորությամբ, ճիշտ այնպես, ինչպես նախորդ օրը։

— Ի՞նչ կասեք, Սոնյա,— հարցրեց Ռասկոլնիկովը ու հանկարծ զգաց, որ ձայնը դողում է,— ամբողջ գործը հո հանգում էր «հասարակական դիրքին ու դրա հետ կապված սովորություններին»։ Դուք այդ հասկացա՞ք։

Սոնյայի դեմքին տանջանք արտահայտվեց։

— Միայն թե ինձ հետ մի խոսեք այնպես, ինչպես երեկ,— ասաց նա,— էլի մի սկսեք։ Առանց այդ էլ քիչ չեն տանջանքները...

Սոնյան իսկույն ժպտաց, վախենալով, որ գուցե այդ կշտամբանքը դուր չգա Ռասկոլնիկովին։

— Ես հիմարություն արեցի, որ այնտեղից եկա։ Հիմա այնտեղ ի՞նչ է կատարվում։ Հիմա ուզում էի գնալ, բայց մտածում էի, որ... դուք կգաք։

Ռասկոլնիկովը նրան պատմեց, որ Ամալյա Իվանովնան նրանց դուրս է անում բնակարանից, ու Կատերինա Իվանովնան գնացել է ինչ-որ տեղեր, «արդարություն փնտրելու»։

— Ախ, աստված իմ,― բացականչեց Սոնյան,— գնանք այնտեղ, շուտ...

Եվ նա վերցրեց իր թիկնոցը։

— Միշտ միևնույն բա՜նը,— ջղայնացած գոչեց Ռասկոլնիկովը։— Ձեր մտքերում հենց նրանք են որ կան։ Եղե՛ք ինձ հետ։

— Հապա... Կատերինա Իվանովնա՞ն։

— Կատերինա Իվանովնան, իհարկե, ձեզ չի մոռանա, ինքը կգա ձեզ մոտ, քանի որ տանից դուրս է գնացել,— դժգոհությամբ ավելացրեց Ռասկոլնիկովը։— Եթե ձեզ այստեղ չգտնի, դուք դրա համար մեղավոր կլինեք...

Սոնյան տանջալից անվճռականությամբ նստեց աթոռին։ Ռասկոլնիկովը լռում էր, մտազբաղ նայում հատակին։

— Ըստ երևույթին Լուժինը չէր ուզում ձեզ չարչարել,— սկսեց նա առանց Սոնյային նայելու։— Իսկ եթե նա այդ ուզենար կամ դա որևէ կերպ նրան հարկավոր լիներ, նա ձեզ բանտ կնստեցներ, եթե չլինեինք ես ու Լեբեզյատնիկովը, այնպես չէ՞։

— Այո,— թույլ ձայնով ասաց Սոնյան,— այո,— մտացրիվ անհանգիստ կրկնեց նա։

— Բայց ես իրոք կարող էի և ներկա չլինել, իսկ Լեբեզյատնիկովը բոլորովին պատահմամբ վրա հասավ։

Սոնյան լուռ էր։

— Իսկ եթե բանտ ընկնեիք, ի՞նչ կլիներ։ Հիշո՞ւմ եք, թե ես երեկ ինչ էի ասում։

Սոնյան դարձյալ չպատասխանեց։ Ռասկոլնիկովը մի փոքր լռեց։

— Ես կարծում էի, թե դուք էլի կբղավեք՝ «ախ, մի խոսեք, վերջ տվեք»,— ծիծաղեց նա, բայց այդ ծիծաղը բռնազբոսիկ էր։— Հը՛, դարձյա՞լ լռություն,— մի րոպե անց հարցրեց նա։— Չէ՞ որ հարկավոր է խոսել որևէ բանի մասին։ Ինձ համար հետաքրքիր կլիներ իմանալ, թե դուք հիմա ինչպես կլուծեիք մի «հարց», ինչպես ասում է Լեբեզյատնիկովը։ (Ռասկոլնիկովը կարծես սկսում էր շփոթվել)։ Չէ, իսկապես, ես լուրջ բան եմ ասում։ Երևակայեցեք, Սոնյա, թե դուք նախապես գիտեիք Լուժինի բոլոր մտադրությունները, գիտեիք (այսինքն հաստատապես), որ դրանց պատճառով բոլորովին կկործանվեին Կատերինա Իվանովնան ու երեխաները, դուք նույնպես, իբրև հավելում (քանի որ դուք ձեզ ոչ մի բանի տեղ չեք դնում, ասում եմ՝ իբրև հավելում)։ Պոլեչկան նույնպես... որովհետև նա նույն ճանապարհով է գնալու։ Դե ուրեմն ասացեք, եթե այդ ամենը հիմա ձեր լուծմանը թողնեին, այսինքն թե ովքեր պիտի ապրեին, Լուժի՞նը պետք է ապրեր և նողկալիություններ աներ, թե՞ Կատերինա Իվանովնան պետք է մեռներ, ապա դուք ի՞նչ լուծում կտայիք, հարցնում եմ ձեզ, նրանցից ո՞վ պետք է մեռներ։

Սոնյան անհանգստությամբ նայեց Ռասկոլնիկովին. նրան թվաց, թե մի ինչ֊որ առանձին իմաստ կա այդ անհաստատ և հեռվից մի ինչ-որ բանի մոտեցնող խոսքերում։

— Ես արդեն նախազգում էի, որ դուք որևէ այդպիսի հարց կտաք,— ասաց նա՝ զննողաբար նայելով Ռասկոլնիկովին։

— Լավ, թող այդպես լինի. բայց այնուամենայնիվ ինչպե՞ս կարելի է լուծել այդ հարցը։

— Ինչո՞ւ եք հարցնում այնպիսի բաների մասին, որոնք չեն կարող լինել,— զզվանքով ասաց Սոնյան։

— Ուրեմն ավելի լավ է, որ Լուժինը ապրի և նողկալիություննե՞ր անի։ Դուք այդ է՞լ չհամարձակվեցիք լուծել։

— Ես հո չե՞մ կարող աստծու կանխատեսումը իմանալ,... Եվ ինչո՞ւ եք դուք հարցնում այն, ինչ-որ չի կարելի հարցնել։ Ինչի՞ համար են այդպիսի դատարկ հարցերը։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ դա իմ վճռից կախված չինի։ Եվ ո՞վ է ինձ դատավոր կարգել, թե ով պետք է ապրի և ով չապրի։

— Դե որ աստծու կանխատեսումն է մեջտեղ գալիս, էլ այստեղ ոչինչ չես կարող անել,— մռայլ քրթմնջաց Ռասկոլնիկովը։

— Ավելի լավ է ուղղակի ասեք, թե ինչ եք ուզում,— տանջալից գոչեց Սոնյան,— դուք էլի ինչ-որ բան եք ակնարկում... Մի՞թե ինձ տանջելու համար եք եկել։

Սոնյան չկարողացավ իրեն զսպել ու հանկարծ դառն լացեց, Ռասկոլնիկովը մռայլ տխրությամբ նայում էր նրան։ Անցավ հինգ րոպե։

— Դու հո իրավացի ես, Սոնյա,— վերջապես, կամացուկ ասաց նա։ Հանկարծ նա փոխվեց, նրա շինծու֊լկտի և անզոր֊վրդովեցուցիչ տոնը չքացավ։ Նույնիսկ ձայնն էլ հանկարծ թուլացավ։— Հենց ինքս երեկ քեզ ասացի, թե ներողություն խնդրելու համար չեմ գա, բայց ահա բանը հենց նրանով սկսեցի, որ ներողություն եմ խնդրում... Լուժինի ու կանխատեսման մասին ես հենց այնպես էի խոսում... Ես ներողություն էի խնդրում, Սոնյա...

Ռասկոլնիկովը փորձեց ժպտալ, բայց նրա դալուկ ժպիտը ինչ-որ անզոր ու անավարտ բան արտահայտեց։ Նա թեքեց գլուխը և ձեռքերով ծածկեց դեմքը։

Ու հանկարծ նրա սրտում Սոնյայի նկատմամբ ինչ-որ դառն ատելության տարօրինակ, անակնկալ զգացում առաջացավ։ Ասես զարմանալով և ինքն էլ վախենալով այդ զգացումից, նա հանկարծ բարձրացրեց գլուխը և ակնապիշ նայեց Սոնյային. բայց տեսավ, որ վերջինս անհանգստությամբ և համարյա տանջալից հոգատարությամբ իրեն էր նայում, այստեղ սեր կար. իր ատելությունը չքացավ ինչպես ուրու։ Դա այլ բան էր. նա մի զգացմունքը մյուսի տեղ էր ընդունել։ Դա միայն նշանակում էր, որ եկել է այն րոպեն։

Դարձյալ ձեռքերով ծածկեց դեմքը և կախեց գլուխը։ Հանկարծ նա գունատվեց, աթոռից վեր կացավ, նայեց Սոնյային, ու ոչինչ չասելով, մեքենայաբար նստեց նրա անկողնին։

Նրա զգացմամբ այդ րոպեն զարհուրելի նման էր այն րոպեին, երբ ինքը օղակից հանելով կացինը, կանգնել էր պառավի ետևում և զգում էր, որ արդեն «էլ ոչ մի ակնթարթ չի կարելի կորցնել»։

— Ի՞նչ պատահեց ձեզ,— հարցրեց սարսափեի վախեցած Սոնյան։

Ռասկոլնիկովը ոչինչ չէր կարող ասել։ Նա ամենևին, ամենևին չէր ենթադրում այդ կերպ հայտնել, ու ինքն էլ չէր հասկանում, թե հիմա իր հետ ինչ էր կատարվում։ Սոնյան կամացուկ, մոտեցավ նրան, նստեց անկողնին, նրա կողքին՝ շարունակ նայելով նրան։ Սոնյայի սիրտը խփում էր ու նվաղում։ Դրությունը անտանելի դարձավ. Ռասկոլնիկովը իսպառ գունատված իր դեմքը դարձրեց դեպի Սոնյան. նրա շուրթերը անզոր ծռմռվում էին՝ ջանալով ինչ֊որ բան ասել։ Սոնյայի սրտով սարսափ անցավ։

— Ի՞նչ պատահեց ձեզ,— հարցրեց նա՝ մի քիչ ետ քաշվելով Ռասկոլնիկովից։

— Ոչինչ, Սոնյա։ Մի՛ վախենա... Դատարկ բան է. ճիշտն ասած, դատարկ բան է,— փնթփնթաց Ռասկոլնիկովը իրեն կորցրած, զառանցող մարդու տեսքով։— Ինչո՞ւ եկա քեզ տանջելու,— ավելացրեց նա հանկարծ, նայելով Սոնյային։— Իսկապես, ինչո՞ւ։ Ես ինձ շարունակ տալիս եմ այս հարցը, Սոնյա...

Նա գուցե և այդ հարցը ինքն իրեն տալիս էր քառորդ ժամ առաջ, բայց հիմա այդ ասաց բոլորովին ուժասպառ, հազիվ գիտակցական վիճակում, զգալով իր ամբողջ մարմնի անընդհատ դողը։

— Ա՜խ, որքա՜ն եք դուք տանջվում,— կարեկցաբար ասաց Սոնյան, աչքերը նրան հառած։

— Այդ բոլորը դատարկ բան է... Ա՛յ թե ինչ, Սոնյա (չգիտես ինչու նա երկու վայրկյանի չափ թույլ ու անզոր ժպտաց), հիշո՞ւմ ես, թե ես երեկ ինչ էի ուզում ասել քեզ։

Սոնյան անհանգիստ սպասում էր։

— Գնալիս ես ասացի, որ գուցե առմիշտ հրաժեշտ եմ տալիս քեզ, բայց եթե այսօր գամ, քեզ կասեմ․․․ թե ով է սպանել Լիզավետային։

Սոնյան հանկարծ սկսեց դողալ ամբողջ մարմնով։

— Ահա և եկել եմ ասելու։

— Ուրեմն երեկ դուք այդ լո՞ւրջ էիք ասում...— դժվարությամբ շշնջաց Սոնյան,— իսկ որտեղի՞ց գիտեք,— կարծես հանկարծ ուշքի գալով, արագ հարցրեց նա։

Սոնյան սկսեց դժվարությամբ շնչել։ Նրա դեմքը ավելի ու ավելի էր գունատվում։

— Գիտեմ։

Սոնյան մի րոպեի չափ լուռ էր։

— Գտե՞լ են նրան, թե ինչ,— երկչոտ հարցրեց նա։

— Ոչ, չեն գտել։

— Հապա ինչպե՞ս դուք այդ գիտեք,— դարձյալ հազիվ լսելի և դարձյալ գրեթե րոպեական լռությունից հետո հարցրեց Սոնյան։

Ռասկոլնիկովը դեմքը դարձրեց նրան և ակնապի՜շ, ակնապիշ նայեց նրա աչքերին։

— Գլխի՛ ընկիր,— ասաց նա նախորդ ծռմռվող ու անզոր ժպիտով։

Սոնյայի ամբողջ մարմնով ասես սահեց ջղաձգությունը։

— Ախր դուք․․․ ինձ․․․ ինչո՞ւ եք դուք ինձ այդպես... վախեցնում,— ասաց նա երեխայի պես ժպտալով։

— Ուրեմն ես նրա հետ մոտիկ ընկեր եմ․․․ եթե գիտեմ,— ասաց Ռասկոլնիկովը՝ շարունակելով նայել նրա դեմքին, ասես անկարող էր աչք կտրել նրանից,— նա այդ Լիզավետային... սպանել չէր ուզում... նրան... անակնկալ սպանեց... նա ուզում էր պառավին սպանել... երբ ներս մտավ, պառավը մենակ էր... Հետո եկավ Լիզավետան․․․ Նա․․․ Լիզավետային էլ սպանեց։

Անցավ ևս մի զարհուրելի րոպե։ Երկուսն էլ շարունակ իրար էին նայում։

— Ուրեմն չե՞ս կարող գլխի ընկնել,— հարցրեց նա հանկարծ, այնպիսի զգացումով, որ կարծես թե զանգակատնից ներքև էր նետվում։

— Ո֊ո՛չ,— հազիվ լսելի շշնջաց Սոնյան։

— Հապա՛, լա՛վ նայիր։

Ու հենց որ նա այդ ասաց, դարձյալ առաջվա ծանոթ մի զգացում անակնկալ սառեցրեց նրա հոգին, նա նայում էր Սոնյային, ու հանկարծ վերջինիս դեմքի փոխարեն կարծես տեսավ Լիզավետայի դեմքը։ Նա պարզ հիշում էր Լիզավետայի դեմքի արտահայտությունը այն պահին, երբ ինքը կացինը ձեռքին մոտենում էր նրան, իսկ Լիզավետան նրանից ետ էր քաշվում դեպի պատը, ձեռքը դեպի առաջ պարզած, դեմքին բոլորովին մանկական վախ, իսկ և իսկ ինչպետ փոքրիկ երեխաները, երբ սրանք հանկարծ սկսում են վախենալ որևէ բանից, անշարժ ու անհանգիստ նայում են իրենց վախեցնող առարկային, ետ են քաշվում, թաթիկները դեպի առաջ պարզած, պատրաստվում են լաց լինելու։ Այժմ համարյա նույնը պատահեց նաև Սոնյային. նույն անզորությամբ, նույն վախով մի քանի վայրկյան նայում էր նա Ռասկոլնիկովին, ու հանկարծ ձախ ձեռքը դեպի առաջ պարզելով, թեթևակի, հազիվհազ մատները հենեց նրա կրծքին ու դանդաղ վեր կացավ մահճակալից, հետզհետե ավելի ետ քաշվելով Ռասկոլնիկովից և շարունակ անթարթ նայելով նրան։ Սոնյայի սարսափը հանկարծ անցավ նաև Ռասկոլնիկովին. ճիշտ նույնպիսի վախ երևաց նաև նրա դեմքին, ճիշտ նույնպես նա էլ սկսեց նայել Սոնյային, նույնիսկ համարյա նույնպիսի մանկական ժպիտը դեմքին։

— Գլխի ընկա՞ր,— վերջապես, շշնջաց Ռասկոլնիկովը։

«Տե՛ր ասաված»,— թռավ Սոնյայի կրծքից սարսափելի մի ճիչ։ Նա ուժասպառ ընկավ անկողնին, դեմքը բարձին։ Բայց մի ակնթարթից արագությամբ քիչ բարձրացավ, արագությամբ մոտեցավ Ռասկոլնիկովին, վերցրեց նրա ձեռքերը, դրանք պինդ սեղմեց իր բարալիկ մատներով, սկսեց դարձյալ անշարժ, ասես անկողնին կպած, նայել նրա դեմքին։ Այդ վերջին, հուսահատական հայացքով նա ուզում էր իր համար գեթ մի որևէ վերջին հույս նշմարել ու որսալ։ Բայց հույս չկար, ոչ մի կասկած չէր մնում, ամեն ինչ այդպես էր, որ կար։ Նույնիսկ հետո էլ, հետագայում, երբ նա վերհիշում էր այդ րոպեն, նրան տարօրինակ ու զարմանալի էր թվում, թե ինչու հենց ինքը այդպես միանգամից տեսավ, որ արդեն ոչ մի կասկած չկա։ Չէ՞ որ նա, օրինակ, չէր կարող ասել, թե ինքը մի որևէ նման բան էր նախազգում։ Այնինչ հիմա, հենց որ Ռասկոլնիկովը այդ ասաց, նրան, Սոնյային թվաց, թե իսկապես ինքը կարծես թե նախազգում էր հենց այդ բանը։

— Բավական է, Սոնյա, բավական է, մի տանջիր ինձ,— տառապալից խնդրեց Ռասկոլնիկովը։

Նա բոլորովին, բոլորովին չէր մտածում այդ կերպ խոստովանել իր արարքը, բայց այդպես դուրս եկավ։

Կարծես ինքն իրեն մոռանալով, Սոնյան վեր թռավ, ու հեծկլտալով հասավ սենյակի մեջտեղը. բայց արագ ետ դարձավ ու դարձյալ նստեց Ռասկոլնիկովի կողքին, ուսը համարյա հպելով նրա ուսին։ Հանկարծ, ասես խոցվելով, նա ցնցվեց, ճչաց ու նրա առջև ծունկ չոքեց, ինքն էլ չգիտենալով, թե ինչի համար է այդ անում։

— Այդ ի՞նչ, ի՞նչ փորձանք եք բերել ձեր գլխին,— հուսաբեկ ասաց նա, ու վեր կենալով, ընկավ Ռասկոլնիկովի վզովը, գրկեց նրան և պինդ, պինդ սեղմեց ձեռքերով։

Ռասկոլնիկովը ետ քաշվեց և տխուր ժպիտով նայեց նրան։

— Տարօրինակ ես դու, Սոնյա, գրկում ես ու համբուրում, երբ ես քեզ ասել եմ այդ բանը։ Դու քեզ կորցրել ես։

— Հիմա արար֊աշխարհում քեզնից ավելի դժբախտ մարդ չկա,— մոլեգնաբար բացականչեց Սոնյան՝ չլսելով նրա դիտողությունը, ու կարծես հիստերիկայի մեջ ընկնելով, հանկարծ հոնկուր֊հոնկուր լաց եղավ։

Ռասկոլնիկովին վաղուց անծանոթ մի զգացում հորդեց նրա հոգու մեջ և միանգամից թեթևացրեց այն։ Նա չէր դիմադրում այդ զգացումին. նրա աչքերից երկու արցունք դուրս եկան ու կախվեցին արտևանունքներից։

— Դու ինձ հո չե՞ս թողնի,— ասաց նա՝ համարյա հարկադրված նայելով Սոնյային։

— Ոչ, ոչ, երբե՛ք և ոչ մի տեղ,— գոչեց Սոնյան,— քեզ հետ կգամ, ուր ասես կգամ։ Օ՛, տեր աստված,.. օ՛ֆ, ես դժբախտ եմ․․․ Ինչո՞ւ, ինչո՞ւ առաջ ես քեզ չէի ճանաչում։ Ինչո՞ւ դու առաջ չէիր գալիս։ Ա՛խ, տեր աստված։

— Ահա և եկել եմ։

— Հիմա՜։ Ի՜նչ անել հիմա... Լինենք միասին, միասին,— կրկնում էր Սոնյան կարծես կիսաուշագնաց վիճակում և նորից գրկելով նրան,— քեզ հետ միասին տաժանակիր աշխատանքի կգնամ։

Ռասկոլնիկովը հանկարծակի ցնցվեց ու նրա շուրթերին նշմարվեց ատելության և համարյա գոռոզության նախորդ ժպիտը։

— Ես, Սոնյա, գուցե և դեռ չեմ ուզում տաժանակիր աշխատանքի գնալ,— ասաց նա։

Սոնյան շեշտակի նայեց նրան։

Դժբախտի նկատմամբ առաջին, կաթոգին ու տանջող կարեկցանքից հետո դարձյալ նրան ապշեցրեց սպանության սարսափելի միտքը։ Ռասկոլնիկովի խոսքերի փոխված տոնի մեջ հանկարծակի նա զգաց, որ առկա է մարդասպանը։ Նա ապշած նայում էր վերջինիս։ Նրան դեռ ոչինչ հայտնի չէր, թե ինչու, ինչպես և ինչի համար էր այդ եղել։ Այժմ նրա գիտակցության մեջ միանգամից բռնկվեցին այդ բոլոր հարցերը։ Ու դարձյալ նա չհավատաց, «Սա, սա մարդասպա՞ն, մի՞թե այդ հնարավոր է»։

— Այս ի՞նչ է, որտե՞ղ եմ ես կանգնած,— ասաց նա խորին տարակուսանքով, կարծես դեռ ուշքի չեկած,— ախր ինչպե՞ս դուք, դուք, այդպիսի մարդ լինելով... կարող էիք նման բան անել... Այս ի՞նչ բան է։

— Հա՛, էլի, կողոպտելու համար եմ արել։ Վերջ տուր, Սոնյա,— հոգնածորեն և նույնիսկ սրտնեղելով պատասխանեց Ռասկոլնիկովը։

Սոնյան կանգնել էր ասես շշմած, սակայն հանկարծ գոչեց․

— Դու քաղցա՞ծ էիր․․․ Դու․․․ ուզում էիր օգնե՞լ մորդ, հա՞։

— Ոչ, Սոնյա, ոչ,— քրթմնջաք Ռասկոլնիկովը՝ շուռ գալով ու կախելով գլուխը,— ես այնքան էլ քաղցած չէի... ես իսկապես ուզում էի օգնել մորս, բայց․․․ դա ևս այնքան էլ ճիշտ չէ․․․ Մի՛ տանջիր ինձ, Սոնյա։

Սոնյան ձեռքերն իրար զարկեց։

— Բայց մի՞թե, մի՞թե այդ ճշմարտություն է։ Տեր աստված, ախր դա ի՞նչ ճշմարտություն է։ Ո՞վ կարող է դրան հավատալ․․․ Եվ ինչպե՞ս է որ, ինչպե՞ս է որ դուք ինքներդ ձեր վերջին ունեցածը տալիս եք ուրիշին, բայց սպանել եք կողոպտելու համար։ Օ-օ՛ֆ,— հանկարծ գոչեց Սոնյան,— այն փողերը, որ տվիք Կատերինա Իվանովնային․․․ այն փողերը․․․ Տե՛ր աստված, մի՞թե այն փողերն էլ...

— Ոչ, Սոնյա,— հապճեպ ընդհատեց Ռասկոլնիկովը,— դա ուրիշ փող էր, հանգստացիր։ Այդ փողը մայրս էր ուղարկել մի վաճառականի միջոցով, ու ես ստացա հիվանդ վիճակում և հենց նույն օրը տվի Կատերինա Իվանովնային․․․ Ռազումիխինը տեսավ... հենց նա էլ ստացել էր ինձ հանձնելու համար... Այդ փողերը իմն էին, իմ սեփականը, իսկական իմն էին։

Սոնյան տարակուսանքով էր լսում նրան և ամեն կերպ ջանում էր որևէ բան հասկանալ։

— Իսկ այն փողերը... ասենք ես նույնիսկ չգիտեմ էլ, թե արդյոք այնտեղ փող կար,— կամացուկ և մի տեսակ մտազբաղ ավելացրեց Ռասկոլնիկովը,— ես այն ժամանակ պառավի վզից հանեցի զամշե մի քսակ... լիքը լցված, պինդ քսակ․․․ ու չբացեցի, չնայեցի, երևի ժամանակ չունեցա... իսկ իրերը, ինչ֊որ ճարմանդներ, շղթայիկներ,— այդ բոլոր իրերը և քսակը հենց մյուս օրվա առավոտյան թաքցրի Վ... պողոտայի մի բակում, քարի տակ․․․ Այդ ամենը հիմա էլ այնտեղ է գտնվում․․․

Սոնյան լսում էր բոլորովին լարված։

— Ինչո՞ւ այդպես․․․ դուք հո ասացիք, որ կողոպտելու համար էիք սպանել, հապա ինչո՞ւ ոչինչ չեք վերցրել,— զարմանքով հարցրեց նա։

— Չգիտեմ․․․ ես դեռ չեմ որոշել, թե արդյոք վերցնե՞մ, թե չվերցնեմ այդ փողերը,— դարձյալ մտախոհ պատասխանեց Ռասկոլնիկովը, ու հանկարծ ուշքի գալով, արագորեն ու կարճ քմծիծաղ տվեց։— Օ՛ֆ, ես հիմա ինչպիսի՛ հիմարություն դուրս տվի, հը՞։

«Հո խելագար չէ՞»,— անցավ Սոնյայի մտքով։ Բայց նա իսկույն վանեց այդ միտքը, ոչ, այստեղ ուրիշ բան կա։ Նա ոչինչ, ոչինչ չէր հասկանում։

— Գիտե՞ս, Սոնյա,—— հանկարծ ինչ֊որ ոգեշնչմամբ ասաց Ռասկոլնիկովը,— գիտե՞ս ինչ կասեմ քեզ. եթե ես սպանած լինեի քաղցածության պատճառով,— շարունակեց նա՝ շեշտելով յուրաքանչյուր բառը և խորհրդավոր, բայց շիտակությամբ նայելով Սոնյային,— ապա ես այժմ... երջանիկ կլինեի։ Դու այդ լավ իմացիր։

— Քո ինչի՞ն է պետք,— մի ակնթարթից գոչեց նա նույնիսկ ինչ֊որ հուսալքմամբ,— քո ինչի՞ն է պետք, եթե ես այժմ խոստովանեի, որ վատ բան եմ արել։ Քո ինչի՞ն է պետք այդ հիմար մանրախնդրությունը իմ նկատմամբ։ Ա՛խ, Սոնյա, մի՞թե հիմա ես դրա համար եմ եկել քեզ մոտ։

Սոնյան էլի ուզում էր մի բան ասել, բայց լռեց։

— Երեկ ես նրա համար էի քեզ կանչում, որ ինձ համար միայն դու ես մնացել։

— Ո՞ւր էիր կանչում,— երկչոտ հարցրեց Սոնյան։

— Գողություն անելու և մարդ սպանելու համար չէի կանչում, մի անհանգստանա, այդպիսի բան չի լինի,— կծու քմծիծաղ տվեց Ռասկոլնիկովը,— մենք տարբեր մարդիկ ենք... Գիտե՞ս, Սոնյա, ես միայն հիմա, միայն այս րոպեիս հասկացա, թե երեկ քեզ ուր էի կանչում։ Իսկ երեկ ինքս էլ չէի հասկանում, թե ուր եմ կանչում։ Միայն մի բանի համար էի կանչում, միայն մի բանի համար էի եկել, այն է՝ որ դու չթողնես ինձ։ Չե՞ս թողնի, Սոնյա։

Սոնյան սեղմեց նրա ձեռքը։

— Ինչո՞ւ, ինչո՞ւ ես քեզ այդ ասացի, ինչո՞ւ հայտնեցի,— մի րոպե հետո հուսաբեկ բացականչեց Ռասկոլնիկովը անսահմանորեն տանջալից նայելով Սոնյային,— ահա դու ինձնից բացատրություններ ես սպասում, նստել ես ու սպասում ես, ես այդ տեսնում եմ. իսկ ես ի՞նչ ասեմ քեզ. դու ոչինչ չես էլ հասկանա, այլ միայն կտանջվես... իմ պատճառով։ Ա՛յ, դու լալիս ես և էլի գրկում ես ինձ, ինչի համար ես գրկում, նրա համա՞ր, որ ես չդիմացա տանջանքին ու եկա այն ուրիշի վրա գցելու որպես թե՝ «Դու էլ տանջվիր, իմ բեռը ավելի թեթև կլինի»։ Եվ մի՞թե դու կարող ես սիրել այսպիսի մարդուն։

— Բայց չէ՞ որ դու էլ ես տանջվում, — գոչեց Սոնյան։

Դարձյալ նույն զգացմունքը հորդեց Ռասկոլնիկովի հոգու մեջ և դարձյալ մի ակնթարթ ամոքեց այն։

— Սոնյա, իմ սիրտը չար է, դու այդ գիտցիր. դրանով կարելի է շատ բան բացատրել։ Ես հենց նրա համար եմ եկել, որ չար եմ։ Կան այնպիսիները, որոնք չէին գա։ Իսկ ես վախկոտ եմ և... ստոր։ Էլ, թող այդպես լինի... Այս ամենը այն չէ, ինչ որ պետք է լինի... Հիմա խոսել է հարկավոր, իսկ ես չեմ կարողանում սկսել...

Ռասկոլնիկովը լռեց և մտածմունքի մեջ ընկավ։

— Է՛-է՛-հե՛, մենք տարբեր մարդիկ ենք, չենք սազում իրար,— դարձյալ գոչեց նա։— Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ ես եկա։ Այս բանը ես ինձ երբեք չեմ ների։

— Ոչ, ոչ, այդ լավ է, որ եկար,— բացականչում էր Սոնյան,— լավ է, որ ես այդ գիտենամ, շատ ավելի լավ է։

Ռասկոլնիկովը տխուր նայեց նրան։

— Դե ինչ անենք որ,— ասաց նա մի փոքր մտածելուց հետո,— հենց այդպես է որ կա։ Ահա թե ինչ. ես ուզում էի Նապոլեոն դառնալ, դրա համար էլ սպանեցի... Հիմա հասկանալի՞ է։

— Ո-ո՛չ,― միամտաբար ու երկչոտ շշնջաց Սոնյան,— միայն թե... խոսիր, խոսիր։ Ես կհասկանամ, ես կմտածեմ և ամեն ինչ կհասկանամ,— ավելացրեց նա։

— Կհասկանա՞ս։ Լավ, կտեսնենք։

Ռասկոլնիկովը լռեց ու երկար մտածում էր։

— Բանը այ թե ինչումն է. մի անգամ ես ինձ այսպիսի հարց տվի. եթե, օրինակ, իմ տեղը Նապոլեոնը լիներ և իր կարիերան սկսելու համար չլիներ ոչ Տուլոնը, ոչ Եգիպտոսը, ոչ էլ Մոնբլանով անցնելը, այլ այդ բոլոր գեղեցիկ ու հոյակապ բաների փոխարեն լիներ մի որևէ ծիծաղելի պառվիկ, կոլեգիական ռեգիստրատորի այրի կին, որին պետք էր սպանել, որպեսզի նրա սնդուկից հաներ փողերը (կարիերայի համար, հասկանո՞ւմ ես), ապա նա արդյոք կանե՞ր այդ բանը, եթե ուրիշ ելք չլիներ։ Արդյոք նրան չէ՞ր կասեցնի այն, որ դա ամենևին էլ հոյակապ բան չէ և... մեղսագործություն է։ Ես քեզ ասում եմ, որ ես շատ երկար գլուխ կոտրեցի այդ «հարցի» վրա, այնպես որ սարսափելի ամոթահար եղա, երբ, վերջապես, կռահեցի (հանկարծակի), որ ոչ միայն չէր կասեցնի, այլև նրա մտքովն էլ չէր անցնի, որ դա հոյակապ բան չէ... և նույնիսկ ամենևին էլ չէր հասկանա, թե այստեղ ինչ կասեցում կարող է լինել։ Ու եթե նրա համար ուրիշ ճանապարհ չլիներ, ապա առանց երկար մտածելու այնպես կխեղդեր պառավին, որ սա ծպտուն հանել էլ չէր կարողանա... Դե ես էլ... ձեռք քաշեցի մտահոգությունից... խեղդեցի... ինչպես որ կաներ այն հեղինակավոր անձնավորությունը... Եվ դա ճիշտ այդպես էլ եղավ։ Դու ծիծաղո՞ւմ ես։ Այո, Սոնյա, այստեղ ամենից ծիծաղելին գուցե այն է, որ դա հենց այդպես էլ եղավ...

Սոնյան ամենևին էլ չէր ծիծաղում։

— Ավելի լավ է դուք այդ ամենը ասեք պարզապես... առանց օրինակների,— էլ ավելի երկչոտ և հազիվ լսելի խնդրեց նա։

Ռասկոլնիկովը դեմքը դարձրեց նրան, տխուր նայեց ու վերցրեց նրա ձեռքերը։

― Դու դարձյալ իրավացի ես, Սոնյա։ Այդ ամենը հո դատարկ բան է, համարյա միայն շաղակրատանք, տեսնում ես էլի. դու գիտես, որ մայրս համարյա ոչինչ չունի։ Քույրս պատահմամբ է կրթություն ստացել և ստիպված է այստեղ ու այնտեղ դաստիարակչուհի լինել։ Նրանք հենց միայն ինձ վրա էին հույս դրել։ Ես ուսանում էի, բայց միջոցներ չունենալու պատճառով ստիպված եղա համալսարանից դուրս գալ։ Եթե մի կերպ դիմանայի, կարող էի հուսալ, որ մի տասը-տասներկու տարի հետո (եթե բարենպաստ հանգամանքներ լինեին) կդառնամ որևէ ուսուցիչ կամ աստիճանավոր, տարեկան հազար ռուբլի ռոճիկով... (նա կարծես սերտած բան էր ասում)։ Իսկ այն ժամանակ մայրս հյուծված կլիներ հոգսերից ու վշտից, և ինձ այնուամենայնիվ չէր հաջողվի հանգստացնել նրան, իսկ քույրս... քույրս կարող էր է՛լ ավելի վատ վիճակում լինել... Եվ ի՞նչ հաճույք է ամբողջ կյանքումդ ամեն ինչ անտեսել և ամեն ինչից երես դարձնել, մորը մոռանալ և խոնարհությամբ տանել քրոջ աննախանձելի վիճակը։ Ինչի՞ համար։ Մի՞թե նրա համար, որ նրանց թաղելով, նոր հարազատներ՝ կին ու երեխա ունենաս ու հետո սրանց էլ առանց մի գրոշի և առանց մի պատառ հացի թողնես։ Եվ ահա ես որոշեցի տիրանալ պառավի փողերին, առանց մորս չարչարելու դրանք օգտագործել իմ առաջին տարիների համար, համալսարանում ինձ ապահովելու համար, ավարտելուց հետո իմ առաջին քայլերի համար, և այդ ամենը անել լայն չափով, արմատապես, այնպես, որ բոլորովին նոր կարիերա ստեղծեի և նոր, անկախ ճանապարհով ընթանայի... Դե... էլ ուրիշ ոչինչ... Դե իհարկե, ես վատ բան արեցի, որ սպանեցի պառավին․․․ Դե, բավական է։

Ինչ֊որ անզորությամբ նա վերջացրեց իր խոսքը ու կախեց գլուխը։

— Օֆ, բանը այդ չէ, այդ չէ,— տխուր բացականչում էր Սոնյան,— մի՞թե այդ հնարավոր է... ոչ, խնդիրը այդ չէ, այդ չէ...

— Ինքդ ես տեսնում, որ այդ չէ... բայց ես հո անկեղծորեն պատմեցի, ասացի ճշմարտությունը։

— Ախր դա ի՞նչ ճշմարտություն է, օֆ, տեր աստված։

― Չէ՞ որ ես ոջիլ եմ սպանել, Սոնյա, անօգտակար, գարշելի, վնասակար ոջիլ։

— Մարդը ոջի՞լ է։

— Ախր ես էլ գիտեմ, որ ոջիլ չէ,— պատասխանեց Ռասկոլնիկովը՝ տարօրինակ նայելով Սոնյային։— Ասենք, որ դատարկ բան եմ դուրս տալիս, Սոնյա, վաղուց եմ այսպես անում...— ավելացրեց նա։— Այստեղ բոլորովին ուրիշ է բանը, դու ճշմարիտ ես ասում։ Այստեղ բոլորովին, բոլորովին այլ պատճառներ կան... Ես վաղուց ոչ ոքի հետ չեմ խոսել, Սոնյա... Հիմա գլուխս սաստիկ ցավում է...

Ռասկոլնիկովի աչքերը տենդային փայլ էին արձակում։ Նա գրեթե սկսում էր զառանցել, շուրթերին դողում էր անհանգիստ ժպիտը։ Խռովահույզ հոգեվիճակը արդեն նրան սարսափելի ուժասպառության էր հասցրել։ Սոնյան հասկացավ, թե նա ինչպես է տանջվում։ Նրա գլուխն էլ էր սկսում պտտվել։ Ու տարօրինակ էր խոսում Ռասկոլնիկովը, կարծես թե ինչ-որ բան էր հասկացվում, բայց... «բայց ախր ի՞նչ էր այդ, ի՞նչ էր, օֆ, տեր աստված»։ Ու Սոնյան վշտանում էր հուսաբեկ վիճակում։

— Ոչ, Սոնյա, այստեղ ուրիշ բան կա,— դարձյալ սկսեց Ռասկոլնիկովը, կարծես մտքերի անակնկալ մի շրջադարձ ապշեցրեց ու գրգռեց նրան,— այստեղ ուրիշ բան կա։ Ավելի լավ է... ենթադրիր (այո, այդ իրոք ավելի լավ է), որ ես ինքնասեր եմ, նախանձոտ, չար, նողկալի, վրիժառու և․․․ գուցե հակված եմ խելագարության։ (Թող այդպես լինի, խելագարության մասին առաջ խոսում էին, ես նկատել եմ)։ Քիչ առաչ ես քեզ ասացի, որ համալսարանում մնալու միջոցներ չունեի։ Բայց գիտե՞ս, գուցե և կարող էի մնալ։ Մայրս կուղարկեր ուսման վարձը, ինչ֊որ հարկավոր էր, իսկ կոշիկների, հագուստի, հացի փողը անշուշտ ինքս կվաստակեի։ Դասեր էին լինում, հիսունական կոպեկ էին առաջարկում։ Հո աշխատում է Ռազումիխինը։ Բայց ես չարացա ու չուզեցի։ Այո, չարացա (դա լավ բառ է)։ Ես այն ժամանակ սարդի պես քաշվեցի իմ անկյունը։ Դու հո եղել ես իմ որջում, տեսել ես այն... Գիտե՞ս արդյոք, Սոնյա, որ ցածր առաստաղները և նեղլիկ սենյակները հոգի ու միտք են ճնշում։ Օ, որքան էի ես ատում այդ որջը։ Բայց և այնպես, չէի ուզում այնտեղից դուրս գալ։ Դիտմամբ չէի ուզում։ Օրերով դուրս չէի զալիս և չէի ուզում աշխատել, նույնիսկ ուտել էլ չէի ուզում, շարունակ պառկած էի լինում։ Եթե Նաստասյան ուտելիք էր բերում, ուտում էի, իսկ եթե չէր բերում, օրը այդպես էլ անցնում էր։ Չարացած լինելով, դիտմամբ ուտելիք չէի խնդրում։ Գիշերը լույս չկա, պառկում եմ մթության մեջ ու չեմ ուզում մոմ գնելու փող վաստակել։ Հարկավոր էր սովորել, իսկ ես գրքերս ծախել էի. սեղանիս վրա, թղթերի, տետրակների վրա հիմա էլ մատի հաստությամբ փոշի է նստած։ Ես ավելի լավ էի համարում և սիրում էի պառկել ու մտածել։ Շարունակ մտածում էի․․․ Ու հաճախ տարօրինակ, զանազան երազներ էի տեսնում, կարիք չկա ասելու, թե ինչ երազներ էին։ Միայն թե երևակայությանս մեջ այնպիսի բաներ էին պատկերանում, որ... Չէ՛, բանը այդ չէ, ես դարձյալ այնպես չեմ պատմում, ինչպես պետք է։ Գիտե՞ս, ես այն ժամանակ հաճախ ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչո՞ւ այսպես հիմար եմ. եթե ուրիշները հիմար են, ու եթե ես հաստատ գիտեմ, որ հիմար են, ապա ինչո՞ւ ինքս չեմ ուզում խելոք լինել։ Հետո ես իմացա, Սոնյա, որ եթե սպասեմ, մինչև որ բոլորը խելոքանան, ապա դա շատ երկար կտևի... Հետո ես նաև իմացա, որ այդ երբեք էլ չի լինի, որ մարդիկ չեն փոխվի և ոչ ոք նրանց չի վերափոխի, ու չարժե դրա համար գլուխ ցավեցնել։ Այո, դա այդպես է։ Այդ նրանց օրենքն է... օրենքն է, Սոնյա։ Դա այդպես է... Ու հիմա ես գիտեմ, Սոնյա, որ ով ամուր և ուժեղ է մտքով ու ոգով, նա էլ իշխում է նրանց վրա։ Ով շատ համարձակ է, նա էլ իրավացի է նրանց աչքում։ Ով կարող է շատ բաների վրա թքել, նա էլ օրենսդիր է նրանց մոտ, իսկ ով բոլորից ավելի համարձակություն է ցուցաբերում, նա բոլորից ավելի իրավացի է։ Այդպես է եղել մինչև այժմ ու միշտ էլ այդպես կլինի։ Միայն կույրը այս չի տեսնի։

Այդ ասելով, Ռասկոլնիկովը թեպետև նայում էր Սոնյային, բայց արդեն էլ չէր մտահոգվում՝ արդյո՞ք նա կհասկանա, թե՞ ոչ։ Նա ամբողջովին բռնվել էր տենդով։ Նա ինչ-որ մռայլ հրճվանքով էր համակվել։ (Հիրավի, նա երկար ժամանակ ոչ ոքի հետ չէր խոսել)։ Սոնյան հասկացավ, որ այդ մռայլ կատեխիզիսը նրա համար հավատ ու օրենք է դարձել։

— Ես այն ժամանակ գլխի ընկա, Սոնյա, որ իշխանություն է տրվում միայն նրան, ով համարձակվում է կռանալ ու վերցնել այն։ Այստեղ միայն, միայն մի բան կա, բավական է սոսկ համարձակվել։ Ես այն ժամանակ կյանքումս մի միտք հղացա, որը ինձնից առաջ դեռ ոչ ոք ու երբեք չէր հղացել։ Ոչ ոք։ Հանկարծ ինձ արևի պես պարզ պատկերացավ այն, թե ինչպե՞ս է, որ մինչև այժմ ոչ մեկը, անցնելով այս ամբողջ անհեթեթության կողքից, չի համարձակվել և չի համարձակվում ուղղակի բռնել այդ ամենի պոչից ու շպրտել սատանայի ծոցը։ Ես... ես ուզեցի համարձակվել, ու սպանեցի... Ես միայն համարձակվել ուզեցի, Սոնյա, ահա ամբողջ պատճառը։

— Օ, լռեցեք, լռեցեք,— գոչեց Սոնյան՝ ձեռքերն արագ զարկելով։— Դուք հեռացել եք աստծուց, և աստված հարվածել է ձեզ, մատնել սատանային...

— Ի դեպ, Սոնյա, երբ ես պառկած էի լինում մթության մեջ և ինձ այլևայլ բաներ էին պատկերանում, սատանան շփոթեցնում էր ինձ, հը՞։

— Լռեցեք, մի ծիծաղեք, աստծուն անարգող, դուք ոչինչ, ոչինչ չեք հասկանում։ Օ՜, տեր աստված, սա ոչինչ, ոչինչ չի հասկանա։

— Լսիր, Սոնյա, ես ամենևին էլ չեմ ծիծաղում. ես հո ինքս էլ գիտեմ, որ սատանան էր ինձ մոլորեցրել։ Լռիր, Սոնյա, լռիր,— մռայլ ու կտրուկ կրկնեց Ռասկոլնիկովը։— Ես ամեն ինչ գիտեմ։ Այդ ամենը ես կշռադատում, այդ ամենի մասին մտածում էի, երբ պառկած էի լինում մթության մեջ... Այդ ամենի մասին ինքս ինձ հետ վիճում էի, բաց չթողնելով անգամ վերջին, ամենաչնչին հանգամանքները, ես ամեն, ամեն ինչ գիտեմ։ Ու այն ժամանակ ինձ այնպես էր ձանձրացրել, այնպես էր ձանձրացրել այդ ամբողջ շաղակրատանքը։ Ես ուզում էի ամեն ինչ մոռանալ և ամեն ինչ նորից սկսել, Սոնյա, ու վերջ տալ շաղակրատանքին։ Եվ մի՞թե դու կարծում ես, թե ես այդ արել եմ հիմարաբար, առանց մտածելու։ Ես այդ արել եմ խելամտորեն, և հենց դա էլ կործանեց ինձ։ Եվ մի՞թե դու կարծում ես, թե ես չգիտեի, որ եթե սկսել էի ինքս ինձ հարցեր տալ և հարցաքննել արդյո՞ք իրավունք ունեմ իշխանություն ունենալու, ապա ուրեմն չունեմ այդ իրավունքը։ Կամ եթե հարց եմ տալիս՝ արդյո՞ք ոջիլ է մարդը, ապա ուրեմն մարդը ոջիլ չէ ինձ համար, այլ ոջիլ է նրա համար, ում մտքով էլ այդ չի անցնում, ով առանց այդպիսի հարցեր տալու է ընթանում... Եթե ես օրերով գլուխ էի կոտրում, թե արդյո՞ք այդպիսի բան կաներ Նապոլեոնը, ապա պարզ զգում էի, որ Նապոլեոն չեմ... Ես դիմացա այդ ամբողջ շաղակրատանքի պատճառած ամբողջ, ամբողջ տանջանքին, Սոնյա, ու ցանկացա ուսերիցս բոլորովին թոթափել այն. Սոնյա, ես ուզեցի սպանել առանց կազուիստիկայի, սպանել ինձ համար, միայն ինձ համար։ Ես չէի ուզում ստել նույնիսկ ինքս ինձ, ես նրա համար չսպանեցի, որ օգնեի մորս, դա անհեթեթություն է. նրա համար չսպանեցի, որ միջոցներ և իշխանություն ստանալով, մարդկության բարերար դառնայի։ Այդ դատարկ բան է։ Ես սոսկ սպանեցի, սպանեցի ինձ համար, միայն ինձ համար, իսկ թե այնուհետև արդյո՞ք կդառնայի որևէ մեկի բարերարը, թե՞ ամբողջ կյանքումս սարդի պես բոլորին կորսայի իմ ոստայնով ու բոլորից կքամեի կենդանի հյութերը, դա պետք է որ ինձ համար միևնույն լիներ այն րոպեին... Ու գլխավորը փողերը չէին, որ հարկավոր էին ինձ, Սոնյա, երբ ես սպանեցի, ոչ այնքան փողեր էին հարկավոր, որքան մի ուրիշ բան... Ես հիմա գիտեմ այդ ամենը․․․ Հասկացիր ինձ․ գուցե գնալով նույն ճանապարհով, ես էլ երբեք սպանություն չէի կատարի։ Ինձ հարկավոր էր ուրիշ բան իմանալ, ուրիշ բան էր ինձ սպանության դրդում, այն ժամանակ ինձ հարկավոր էր իմանալ և շուտափույթ իմանալ, թե արդյո՞ք ես ոջիլ եմ, ինչպես բոլորը, թե՞ մարդ եմ, արդյո՞ք կարող եմ խախտում կատարել, թե՞ չեմ կարող։ Արդյո՞ք կարող եմ կռանալ ու վերցնել ինչ-որ հարկավոր է ինձ։ Արդյո՞ք իրավազուրկ արարած եմ, թե՞ իրավունք ունեմ...

— Իրավո՞ւնք, սպանելու իրավո՞ւնք ունեք,— ձեռքերն իրար զարկեց Սոնյան։

— Է՛֊է՛֊հե՛, Սոնյա,— ջղայնորեն գոչեց Ռասկոլնիկովը, ուզում էր ինչ-որ առարկել, բայց արհամարհանքով լռեց։— Մի ընդհատիր ինձ, Սոնյա։ Ես ուզում էի քեզ միայն մի բան ասել, սատանան ինձ դրդեց այդ անել, հետո էլ ինձ բացատրեց, որ ես այնտեղ գնալու իրավունք չունեի, որովհետև ես ճիշտ նույնպիսի ոջիլ եմ, ինչպես և բոլորը։ Նա ծիծաղեց ինձ վրա, ու ես էլ այժմ եկել եմ քեզ մոտ։ Ընդանիր հյուրին։ Եթե ես ոջիլ չլինեի, մի՞թե կգայի քեզ մոտ։ Լսիր․ այն ժամանակ, երբ ես գնում էի պառավի մոտ, ես միայն փորձ անելու համար էի գնում... Այդպես էլ գիտցիր։

— Ու սպանեցի՜ք, սպանեցի՜ք։

— Եվ ինչպե՞ս սպանեցի։ Մի՞թե այդպես են սպանում։ Մի՞թե այդպես են գնում սպանելու, ինչպես որ ես այն ժամանակ գնացի։ Ես քեզ երբևէ կպատմեմ, թե ինչպես գնացի․․․ Մի՞թե ես պառավին սպանեցի։ Ես ինձ սպանեցի և ոչ թե պառավին։ Հենց այնպես էլ ինձ ջախջախեցի առհավետ... Իսկ այն պառավին սատանան սպանեց և ոչ թե ես․․․ բավական է, բավական է, Սոնյա, բավական է, թող ինձ․․․— գոչեց նա հանկարծ ջղաձգական թախծով,— թող ինձ։

Նա արմունկները հենեց ծնկներին ու ձեռքերով, ասես աքցանով, սեղմեց գլուխը։

— Ինչպիսի՜ տանջանք,— ծանր հառաչեց Սոնյան։

— Հիմա ի՞նչ անեմ, ասա,— հարցրեց Ռասկոլնիկովը հանկարծ բարձրացնելով գլուխը ու հուսալքումից այլանդակորեն ծամածռված դեմքը դարձնելով ու նայելով նրան։

— Ինչ անե՞ս,— բացականչեց Սոնյան, հանկարծ վեր թռավ տեղից, ու մինչև այժմ արցունքներով լեցուն նրա աչքերը փայլեցին։— Վեր կաց։ (Նա բռնեց Ռասկոլնիկովի ուսից. վերջինս քիչ բարձրացավ՝ համարյա ապշած նայելով նրան)։— Հիմա, հենց այս րոպեիս գնա, կանգնիր մի որևէ տեղ, սկզբում երկրպագիր հողը, որ պղծել ես դու, հետո էլ երկրպագիր ամբողջ աշխարհին, դեպի բոլոր կողմերը, ու բարձրաձայն ասա բոլորին՝ «Ես մարդ եմ սպանել»։ Այդ դեպքում աստված քեզ դարձյալ կյանք կտա։ Կգնա՞ս, կգնա՞ս,— հարցնում էր Սոնյան ամբողջովին դողալով, ասես նոպայով բռնված, նրա ձեռքերից բռնած, ամուր սեղմելով դրանք, հրացայտ աչքերը նրան հառած։

Ռասկոլնիկովը զարմացավ և նույնիսկ ապշեց նրա հանկարծակի ոգևորությունից։

― Դու տաժանակիր աշխատա՞նքն ես ակնարկում, ինչ է։ Սոնյա։ Գնամ մատնե՞մ ինձ,— մռայլ հարցրեց նա։

— Տառապանք ընդունել և դրանով քավել հանցանքդ, ահա թե ինչ է հարկավոր։

— Ոչ, ես նրանց մոտ չեմ գնա, Սոնյա։

― Հապա ինչպե՞ս, ինչպե՞ս պիտի ապրես։ Ինչո՞վ պիտի ապրես,— բացականչում էր Սոնյան։— Մի՞թե հիմա այդ հնարավոր է։ Ինչպե՞ս պիտի խոսես մորդ հետ (օ, հիմա ի՛նչ է լինելու նրանց դրությունը)։ Բայց դու հո թողել ես մորդ ու քրոջդ։ Թողել ես, էլի, թողել ես։ Օ, տեր աստված,— գոչեց նա,— չէ՞ որ նա ինքը գիտե այդ ամենը։ Առանց հարազատների ինչպե՞ս կարելի է ապրել։ Հիմա ի՞նչ կլինի քո վիճակը։

— Երեխա մի լինի, Սոնյա,— մեղմ ասաց Ռասկոլնիկովը։— Ես ինչո՞վ եմ մեղավոր ինձ հետապնդողների հանդեպ։ Ինչո՞ւ գնամ և ի՞նչ ասեմ նրանց... Այդ բոլորը միայն պատրանք է... Նրանք միլիոնավոր մարդկանց հոգեհան են անում և դեռ այդ առաքինություն են համարում։ Նրանք ստոր ու սրիկա են, Սոնյա... Չեմ գնա։ Եվ ի՞նչ պիտի ասեմ. պիտի ասեմ, որ սպանեցի, իսկ փողերը վերցնել չհամարձակվեցի՞, հա՞, քարի տա՞կ թաքցրի,— կծու քմծիծաղելով ավելացրեց Ռասկոլնիկովը,— բայց չէ՞ որ նրանք կծիծաղեն ինձ վրա, կասեն՝ հիմար ես, որ չես վերցրել։ Վախկոտ ես ու հիմար։ Նրանք ոչինչ, ոչինչ չեն հասկանա, Սոնյա, և արժանի չեն հասկանալու։ Ինչո՞ւ գնամ։ Չեմ գնա, երեխա մի լինի, Սոնյա․․․

— Կտանջվես, կտանջվես,— կրկնում էր Սոնյան՝ հուսահատական աղերսանքով ձեռքերը մեկնելով նրան։

— Ես գուցե դեռ զրպարտել եմ ինքս ինձ,— մռայլադեմ, կարծես մտազբաղ ասաց Ռասկոլնիկովը,— գուցե ես դեռ մարդ եմ և ոչ թե ոջիլ, ու շտապել եմ ինքս ինձ մեղադրել... Ես դեռ կպայքարեմ։

Նրա շուրթերին գոռոզության ժպիտ երևաց։

— Շատ կտանջվես, այն էլ ամբողջ կյանքումդ։

— Կընտելանամ...— մռայլ ու մտախոհ ասաց Ռասկոլնիկովը։— Լսիր,— մի րոպե հետո ավելացրեց նա,— բավական է լաց լինել, ժամանակն է գործի մասին խոսել, ես եկել եմ քեզ ասելու, որ հիմա ինձ փնտրում են, որսում․․․

— Ախ,— վախեցած ճչաց Սոնյան։

— Էլ ինչ ես ճչում։ Ինքդ ես ցանկանում, որ ես տաժանակիր աշխատանքի դատապարտվեմ, իսկ հիմա վախեցա՞ր։ Միայն թե գիտցիր, ես նրանց չեմ հանձնվի։ Ես դեռ կմաքառեմ նրանց դեմ, ու ոչինչ էլ չեն անի։ Չունեն իսկական հանցանշաններ։ Երեկ ես մեծ վտանգի մեջ էի ու մտածում էի, որ արդեն կորած եմ. այսօր գործը շտկվեց։ Նրանց բոլոր հանցանշանները երկսայրի են, այսինքն՝ ես կարող եմ նրանց մեղադրանքները շուռ տալ հենց իմ օգտին, հասկանո՞ւմ ես, և այդպես էլ կանեմ, որովհետև ես հիմա խրատվել եմ... Բայց ինձ անշուշտ բանտ կնստեցնեն։ Եթե չլիներ մի դեպք, գուցե և այսօր նստեցնեին, երևի նույնիսկ դեռ այսօր էլ նստեցնեն... բայց ոչինչ, Սոնյա, կնստեմ, ու բաց կթողնեն... որովհետև չկա ոչ մի իսկական ապացույց և չի լինի, խոսք եմ տալիս։ Իսկ այն, ինչ որ ունեն, չի կարող մարդուն պատժելու հիմք լինել։ Էհ, բավական է... Ես միայն ուզում էի, որ դու գիտենաս... Ես կաշխատեմ մի կերպ այնպես անել, որ քույրս ու մայրս փոխեն իրենց կարծիքը իմ մասին և չվախենան... Ասենք, քույրս հիմա կարծեմ ապահովված է... ուրեմն և մայրս... էլ ուրիշ ոչինչ։ Սակայն դու զգույշ եղիր։ Երբ ես բանտարկված լինեմ, կգա՞ս ինձ տեսնելու։

— Օ, կգամ, կգամ։

Նրանք նստել էին կողք-կողքի, տխուր և ընկճված, ասես փոթորկից հետո երկուսն էլ ամայի ծովափ շպրտված։ Ռասկոլնիկովը նայում էր Սոնյային և զգում էր, թե ինքը որքա՛ն շատ է սիրված նրա կողմից, ու որքան էլ այդ տարօրինակ էր, հանկարծ նրան ծանր ու ցավագին թվաց այն, որ այդպես սիրում են իրեն։ Այո, դա տարօրինակ ու սարսափելի զգացում էր։ Գնալով Սոնյայի մոտ, նա զգում էր, որ վերջինս իր ամբողջ հույսն է, ամբողջ սփոփանքը. նա ուզում էր թոթափել իր տանջանքների գեթ մի մասը, ու հանկարծ հիմա, երբ Սոնյան ամբողջ սրտով նվիրվել էր իրեն, նա զգաց ու գիտակցեց, որ ինքը հիմա անհամեմատ ավելի դժբախտ է, քան եղել էր առաջ։

— Սոնյա,— ասաց նա,― ավելի լավ է մի՛ գա ինձ տեսնելու, երբ ես բանտում լինեմ։

Սոնյան չպատասխանեց, նա լալիս էր։ Անցավ մի քանի րոպե։

— Վզիդ խաչ կա՞,— ասես հանկարծ հիշելով, անակնկալ հարցրեց Սոնյան։

Ռասկոլնիկովը սկզբում չհասկացավ հարցը։

— Երևի չկա, չէ՞։ Առ, վերցրու այս կիպարիսե խաչը։ Ես մի ուրիշն ունեմ, պղնձից է, Լիզավետայինն է։ Ես ու Լիզավետան փոխանակություն էինք կատարել, նա ինձ տվել էր իր խաչը, իսկ ես նրան իմ մի փոքրիկ սրբապատկերը։ Ես հիմա Լիզավետայինը կկրեմ, իսկ սա՝ քեզ։ Վերցրու... Իմն է, հո իմն է,— խնդրում էր Սոնյան։ Չէ՞ որ միասին կգնանք տանջվելու, միասին էլ խաչ կկրենք...

— Տուր,— ասաց Ռասկոլնիկովը։ Նա չէր ուզում վշտացնել Սոնյային։ Բայց նա իսկույն ետ քաշեց խաչը վերցնելու համար մեկնած ձեռքը։

— Հիմա չէ՛, Սոնյա։ Ավելի լավ է հետո,— ավելացրեց նա, որպեսզի հանգստացներ Սոնյային։

— Այո, այո, այդպես ավելի լավ է,— սրտանց վրա բերեց Սոնյան,— երբ տանջվելու գնաս, այն ժամանակ էլ կվերցնես։ Կգաս ինձ մոտ, ես սա կախ կտամ վզիցդ, կաղոթենք ու կգնանք։

Այդ վայրկյանին մեկը երեք անգամ ծեծեց դուռը։

— Սոֆյա Սեմյոնովնա, կարելի՞ է մտնել,— լսվեց այդ մեկի խիստ ծանոթ, քաղաքավարի ձայնը։

Սոնյան վախեցած նետվեց դեպի դուռը։ Շեմքում երևաց պ. Լեբեզյատնիկովի շիկահեր կերպարանքը։


V

Լեբեզյատնիկովը անհանգիստ տեսք ուներ։

— Ես ձեզ մոտ եմ եկել, Սոֆյա Սեմյոնովնա։ Ներեցեք ... Ես այդպես էլ կարծում էի, որ դուք այստեղ կլինեք,— հանկարծ դիմեց նա Ռասկոլնիկովին,— այսինքն ես... նման բան չէի կարծում... բայց գիտեի, էլի՛... Ը֊ը... գիտե՞ք, Կատերինա Իվանովնան խելագարվեց,— թողնելով Ռասկոլնիկովին, հանկարծ ասաց նա Սոնյային։ Սոնյան ճչաց։

— Այսինքն՝ դա գոնե այդպես է թվում։ Ի միջի այլոց... Մենք չգիտենք այնտեղ ինչ անենք, ա՛յ թե ինչ։ Կատերինա Իվանովնան վերադարձավ, կարծեմ նրան ինչ֊որ տեղից վռնդել էին, գուցե և խփել... Գոնե այդպես է թվում... Նա գնացել էր Սեմյոն Զախարիչի պետի մոտ, սա տանը չէր եղել, ճաշում էր մի ինչ֊որ ուրիշ գեներալի մոտ... Երևակայեցեք, Կատերինա Իվանովնան գնում է այնտեղ, այդ մյուս գեներալի մոտ, ուր ճաշում էին... և, երևակայեցեք, այնպես էլ համառում է, դուրս է կանչում Սեմյոն Ջախարիչի պետին, այն էլ կարծեմ հենց ճաշասեղանից։ Կարող եք պատկերացնել, թե այնտեղ ինչ կատարվեց։ Իհարկե, Կատերինա Իվանովնային դուրս արեցին. նա պատմում է, որ հենց ինքը հայհոյեց պետին և ինչ-որ մի բան շպրտեց նրա վրա։ Այդ կարելի է նույնիսկ ենթադրել... Զարմանալի է, որ նրան չեն բռնել։ Հիմա նա այդ պատմում է բոլորին, նաև Ամալյա Իվանովնային, միայն թե դժվար է հասկանալ, ճղճղում է ու ծեծկվում... Ա՛խ, հա՛, նա ասում է, ճչում, թե որովհետև հիմա բոլորը ձեռք են քաշել իրենից, ուստի ինքը կվերցնի երեխաներին ու կգնա փողոց, երգեհոն կտանի. երեխաները կերգեն ու կպարեն, ինքը նույնպես, ու փող կհավաքի, ամեն օր այդպես կանի գեներալի պատուհանի տակ... «Թող տեսնեն,— ասում է,— թե ինչպես աստիճանավոր հոր երեխաները իբրև մուրացկաններ թրևում են փողոցներում»։ Բոլոր երեխաներին ծեծում է, նրանք լալիս են։ Լյոնյային սովորեցնում է «Խուտորոկ» երգը, տղային էլ սովորեցնում է պարել։ Պոլինա Միխայլովնային՝ նույնպես։ Պատառոտում է բոլոր շորերը, նրանց համար իբր թե դերասանական գդակներ է պատրաստում. ինքը ուզում է վերցնել լագանը ու զարկել դրան, երաժշտության փոխարեն... Ոչինչ չի ուզում լսել... Երևակայեցեք, ի՞նչ կլինի։ Դա ուղղակի խելքի մոտիկ բան չէ։

Լեբեզյատնիկովը էլի կշարունակեր պատմել, բայց Սոնյան, լսելով նրան, հազիվ շունչ առնելով, հանկարծ վերցրեց թիկնոցը, գլխարկը, հապճեպ հագնելով, դուրս վազեց։ Ռասկոլնիկովն ու Լեբեզյատնիկովը հետևեցին նրան։

— Անպայման խելագարվել է,— ասում էր նա Ռասկոլնիկովին՝ նրա հետ դուրս գալով փողոց,— ես չէի ուզում վախեցնել Սոֆյա Սեմյոնովնային, դրա համար էլ ասացի՝ «այդպես է թվում», բայց դա անկասկած է։ Ասում են, դա նրանից է, որ թոքախտավորի ուղեղի վրա ինչ֊որ բշտիկներ են դուրս տալիս, ափսոս, որ ես թժշկություն չգիտեմ։ Ես փորձեցի նրան հորդորել, բայց նա ոչինչ չի ուզում լսել։

— Դուք նրան բշտիկների մասին բա՞ն ասացիք։

— Այսինքն՝ ոչ այնքան բշտիկների մասին։ Այն էլ ասած՝ նա դրանից ոչինչ չէր հասկանում։ Ես ահա թե ինչ եմ ասում, եթե մարդուն տրամաբանորեն համոզես, որ էապես նա ոչ մի բանի համար չպետք է սուգ անի, ապա նա սուգ չի անի։ Դա պարզ է։ Իսկ դուք համոզված եք, թե սո՞ւգ կանի։

— Այդ դեպքում ապրելը շատ հեշտ կլիներ,— պատասխանեց Ռասկոլնիկովը։

— Ներեցեք, ներեցեք. իհարկե, Կատերինա Իվանովնայի համար բավական դժվար է այդ հասկանալ. բայց արդյոք հայտնի՞ է ձեզ, որ Փարիզում արդեն լուրջ փորձեր են կատարվել, թե արդյոք հնարավո՞ր է բուժել խելագարներին՝ գործելով միայն տրամաբանական համոզմամբ։ Այնտեղ մի պրոֆեսոր, վերջերս մեռած մի լուրջ գիտնական, երևակայել է, որ այդպես կարելի է բուժել։ Նրա հիմնական միտքն այն է, որ խելագարների օրգանիզմում առանձին խանգարումներ չկան, որ խելագարությունը, այսպես ասած, տրամաբանական սխալ է, դատողության սխալ, իրերի նկատմամբ սխալ հայացք։ Նա աստիճանաբար հերքում էր հիվանդին ու երևակայեցեք, ասում են, որ դրական հետևանքների էր հասնում։ Բայց որովհետև նա այնուհանդերձ դուշեր էր օգտագործում, ուստի այդ բուժման հետևանքները, իհարկե, կասկածի են ենթարկվում... Գոնե այդպես է թվում...

Ռասկոլնիկովը արդեն վաղուց չէր լսում։ Հասնելով իր տունը, նա գլխով արեց Լեբեզյատնիկովին ու դարձավ դեպի դարպասը։ Լեբեզյատնիկովը սթափվեց, նայեց շուրջը ու հեռացավ։

Ռասկոլնիկովը մտավ իր խցիկը և կանգ առավ մեջտեղում։ «Ինչո՞ւ ես վերադարձա այստեղ»։ Նա դիտեց դեղնավուն, քրքրված պաստառներր, փոշին, իր բազմոցը․․․ բակից ինչ֊որ հատու, անընդհատ թխկոց էր լսվում, երևի մի տեղ մեխ էին խփում․․․ Նա մոտեցավ պատուհանին, բարձրացավ ոտնաթաթերի վրա ու լարված ուշադրությամբ երկար դիտեց բակը։ Սակայն բակը դատարկ էր, թխկացնողները չէին երևում։ Ձախ կողմում կից շենքի մի շարք պատուհանները բաց էին. դրանց գոգերին վտիտ խորդենու ծաղկամաններ էին դրված։ Սենյակներում սպիտակեղեն էր կախված... Այդ ամենը ծանոթ էր նրան։ Նա ետ դարձավ նստեց բազմոցին։

Դեռ երբեք, երբեք նա իրեն այդպես սարսափելի մենակ չէր զգացել։

Այո, նա մի անգամ էլ զգաց, որ գուցե իսկապես ատի Սոնյային, ու հենց այժմ, երբ նրան է՛լ ավելի դժբախտ է դարձրել։ «Ինչո՞ւ ես գնացի նրա մոտ, նրան տխրեցնելով, ինչո՞ւ ինձ այդպես անհրաժեշտ է մաշել նրա կյանքը, օ՛, ստորությո՛ւն»։

— Ես մենակ կմնամ,— հանկարծ ասաց նա վճռականապես,— և նա չպիտի գա բանտ, ինձ տեսնելու։

Հինգ րոպե հետո նա բարձրացրեց գլուխը և տարօրինակ ժպտաց։ Տարօրինակ մի միտք հղացավ. «Գուցե տաժանակրության մեջ իրոք ավելի լավ կլինի», հանկարծ մտածեց նա։

Նա չէր հիշում, թե որքան էր նստել իր խցիկում, գլխի մեջ խռնվող անորոշ մտքերով։ Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ Ավդոտյա Ռոմանովնան։ Նա սկզբում կանգ առավ շեմքին ու նայեց եղբորը, ինչպես ժամ առաջ վերջինս կանգ էր առել ու նայել Սոնյային։ Հետո Ավդոտյա Ռոմանովնան ներս մտավ ու նստեց եղբոր դիմաց, աթոռին, նախորդ օրվա իր տեղում։ Ռասկոլնիկովը լուռ և կարծես առանց որևէ բան մտածելու նայեց նրան։

— Մի բարկանա, եղբայրս, ես միայն մի րոպեով եկա,— ասաց Դունյան։ Նրա դեմքի արտահայտությունը խոհուն էր, բայց ոչ խիստ։ Հայացքը պայծառ էր ու մեղմ։ Ռասկոլնիկովը տեսնում էր, որ նա սիրելուց է եկել իր մոտ։

— Եղբայրս, ես հիմա ամեն, ամեն ինչ գիտեմ։ Դմիտրի Պրոկոֆիչը ինձ ամեն ինչ բացատրել է ու պատմել։ Քեզ հետապնդում ու տանջում են հիմար ու նողկալի կասկածանքից դրդված... Դմիտրի Պրոկոֆիչը ինձ ասել է, որ ոչ մի վտանգ չկա, որ դու իզուր ես դա այդպիսի սարսափով ընդունում։ Ես այլ կերպ եմ մտածում և լիովին հասկանում եմ, որ դու չափազանց զայրացած ես և այդ զայրույթը կարող է առմիշտ հետքեր թողնել։ Ես վախենում եմ դրանից։ Ես քեզ չեմ պարսավում և չեմ համարձակվում պարսավել, որ դու թողիր մեզ, ու ներիր ինձ, որ օր առաջ կշտամբել էի քեզ։ Ես ինքս զգում եմ, որ եթե այդպիսի մեծ վիշտ ունենայի, նույնպես կհեռանայի բոլորից։ Ես այդ մասին ոչինչ չեմ ասի մայրիկին, բայց շարունակ կխոսեմ քո մասին և քո անունից կասեմ, որ դու շատ շուտով կգաս։ Նրա մասին մի մտատանջվիր. ես նրան կհանգստացնեմ. բայց դու էլ մի տանջիր նրան, գոնե մի անգամ եկ. հիշիր, որ նա մայր է։ Իսկ հիմա ես եկել եմ ասելու (Դունյան վեր կացավ), որ եթե ես քեզ երբևիցե հարկավոր լինեմ, կամ քեզ հարկավոր լինի... իմ ամբողջ կյանքը, թե ինչ... ապա կանչիր ինձ, ես կգամ։ Ցտեսություն։

Դունյան կտրուկ շուռ եկավ ու քայլեց դեպի դուռը։

— Դո՛ւնյա,— նրան կանգնեցրեց Ռասկոլնիկովը, վեր կացավ ու մոտեցավ նրան,— այդ Ռազումիխինը, Դմիտրի Պրոկոֆիչը, շատ լավ մարդ է։

Դունյան մի քիչ շիկնեց։

— Մի՞թե,— հարցրեց նա՝ մի րոպե սպասելով։

— Նա գործունյա, աշխատասեր, ազնիվ և ուժեղ սիրելու ընդունակ մարդ է... Գնաս բարով։ Դունյա։

Դունյան թունդ կարմրեց, հետո հանկարծ անհանգիստ հարցրեց.

— Այդ ի՞նչ է, եղբայրս, մի՞թե մենք առմիշտ բաժանվում ենք, որ դու ինձ... այդպիսի բաներ ես ասում։

— Միևնույն է... գնաս բարով...

Ռասկոլնիկովը ետ դարձավ ու մոտեցավ պատուհանին։ Դունյան մի փոքր կանգնեց, անհանգիստ նայեց նրան ու գնաց տագնապալից վիճակում։

Ոչ, Ռասկոլնիկովը սառը չէր վերաբերվում նրան։ Եղավ մի ակնթարթ (ամենավերջինը), երբ նա շատ ուզեց պինդ գրկել քրոջը և նրան հրաժեշտ տալ, նույնիսկ ասել ամեն ինչ, բայց սիրտ չարեց նույնիսկ ձեռք տալ նրան։

«Հետո թերևս ցնցվի, հիշելով, որ ես հիմա իրեն գրկեցի, կասի, թե ես գողացա իր համբույրը»։

«Իսկ սա արդյո՞ք կդիմանա, թե՞ չի դիմանա»,— մի քանի րոպե հետո մտքում ավելացրեց նա։— «Ոչ, չի դիմանա. այդպիսիները չեն կարող դիմանալ։ Նրանք երբեք չեն դիմանում»։

Եվ նա մտածեց Սոնյայի մասին։

Պատուհանից հով փչեց։ Դրսում լույսը արդեն աղոտանում էր։ Նա հանկարծ վերցրեց գլխարկը ու խցիկից դուրս գնաց։

Նա, իհարկե, չէր կարող և չէր էլ ուզում հոգալ իր հիվանդագին վիճակի մասին։ Բայց այդ ամբողջ անընդհատ տագնապը և այդ ամբողջ հոգեկան զարհուրանքը չէին կարող անհետևանք մնալ։ Ու եթե նա դեռ չէր տառապում իսկական ջերմախտով, ապա գուցե հենց այն պատճառով, որ այդ ներքին, անընդհատ տագնապը նրան դեռ պահում էր ոտքերի վրա և գիտակցության մեջ, բայց մի տեսակ արհեստականորեն, առժամապես։

Նա թափառում էր աննպատակ։ Արևը մայր էր մտնում։ Վերջին ժամանակներում նա մի ինչ֊որ առանձնահատուկ թախիծ էր զգում։ Դրա մեջ չկար առանձնապես մաշող, այրող մի բան. բայց կար ինչ֊որ մշտական, հավերժական բան, նախազգացվում էին այդ պաղ, մեռցնող թախծի անե՛լք տարիներ, նախազգացվում էր ինչ֊որ մի մշտնջենականություն «մի արշին տարածության» վրա։ Իրիկնաժամերին այդ զգացումը սովորաբար սկսում էր ավելի շատ տանջել նրան։

— Դե արի ու այսպիսի հիմար, զուտ ֆիզիկական, իրիկնաժամերին զգացվող տկարությամբ ձեռնպահ մնա հիմարություն անելուց։ Չէ՛ թե Սոնյայի, այլ Դունյայի մոտ էլ կգնաս,— սրտնեղելով մրթմրթում էր նա։

Նրան կանչեցին։ Նա նայեց շուրջը․ Լեբեզյատնիկովը աճապարանքով մոտեցավ նրան։

— Երևակայեցեք, ես եղա ձեզ մոտ, փնտրում եմ ձեզ։ Երևակայեցեք, Կատերինա Իվանովնան կատարել է իր մտադրությունը ու տարել երեխաներին։ Ես ու Սոֆյա Սեմյոնովնան հազիվ գտանք նրանց։ Ինքը զարկում է թավային, երեխաներին ստիպում է երգել ու պարել։ Երեխաները լալիս են։ Կանգ է առնում փողոցների խաչմերուկներում և խանութների առաջ։ Հիմար ամբոխը ընկել է նրանց ետևից։ Գնանք։

— Հապա Սոնյա՞ն,— անհանգիստ հարցրեց Ռասկոլնիկովը՝ հապճեպ հետևելով Լեբեզյատնիկովին։

— Ուղղակի կորցրել է իրեն։ Այսինքն՝ ոչ թե Սոֆյա Սեմյոնովնան, այլ Կատերինա Իվանովնան է իրեն կորցրել. ասենք, Սոֆյա Սեմյոնովնան էլ է գլուխը կորցրել։ Իսկ Կատերինա Իվանովնան բոլորովին կատաղել է։ Ասում եմ ձեզ, վերջնականապես թռցրել է խելքը։ Նրանց ոստիկանատուն կտանեն։ Կարող եք պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն կունենա։ Հիմա նրանք ջրանցքի ափին են, ու կամրջի մոտ, Սոֆյա Սեմյոնովնայի բնակարանից հեռու չեն։ Հիմա կհասնենք։

Ջրանցքի ափին, կամրջի մոտակայքում, Սոնյայի ապրած տանից երկու տուն այն կողմ մի խումբ մարդիկ էին հավաքվել։ Շատ էին մանավանդ փոքրիկ տղաներն ու աղջիկները։ Դեռ կամրջից լսվում էր Կատերինա Իվանովնայի խռպոտ, կերկերուն ձայնը։ Եվ իսկապես, այդ մի տարօրինակ տեսարան էր, որը կարող էր հետաքրքրել փողոցային հասարակությանը։ Կատերինա Իվանովնան իր հնամաշ շրջազգեստով էր, դրադեդամե շալով, ծղնոտե ճմռթված գլխարկով, որը մասամբ այլանդակորեն գնդվել ու մի կողմ էր ծռվել, իրոք որ նա իսկական կատաղության էր հասել։ Նա հոգնած էր ու շնչասպառ էր լինում։ Նրա հոգնատանջ, թոքախտային դեմքը է՛լ ավելի տանջալից էր, քան երբևէ (այն էլ ասած՝ փողոցում, արևի տակ թոքախտավորը միշտ ավելի հիվանդ ու այլանդակ է թվում, քան տանը), բայց նրա խռովահույզ վիճակը շարունակվում էր և նա յուրաքանչյուր րոպե էլ ավելի ջղագրգիռ էր դառնում։ Նա հարձակվում էր երեխաների վրա, բղավում էր, տեղնուտեղը, հենց մարդկանց ներկայությամբ համոզում, սովորեցնում էր նրանց, թե ինչպես պետք է պարել և ինչ երգել, սկսում էր նրանց բացատրել, թե այդ ինչի համար է հարկավոր, հուսալքվում էր նրանց անհասկացողությունից, ծեծում էր նրանց... Հետո էլ, այդ ամենը չվերջացնելով, դիմում էր հավաքվածներին, եթե նկատվում էր դիտելու համար կանգ առած, մի քիչ լավ հագնված մարդ, իսկույն սկսում էր նրան բացատրել, թե ահա ինչ դրության են հասել «ազնվական, նույնիսկ կարելի է ասել արիստոկրատական տան երեխաները»։ Եթե ամբոխի միջից ծիծաղ կամ մի որևէ վիրավորական խոսք էր լսում, անմիջապես հարձակվում էր այդ հանդուգն մարդկանց վրա ու սկսում էր հայհոյել նրանց։ Ոմանք իրոք ծիծաղում էին, ոմանք էլ օրորում գլուխները. առհասարակ բոլորի համար հետաքրքիր էր նայել խելագարված կնոջը ու սարսափահար երեխաներին։ Լեբեզյատնիկովի հիշատակած թավան չկար. գոնե Ռասկոլնիկովը այդ չտեսավ, բայց թավա զարկելու փոխարեն Կատերինա Իվանովնան սկսում էր երգի տակտով ծափ տալ իր վտիտ ձեռքերով, երբ Պոլեչկային ստիպում էր երգել, իսկ Լյոնյալին և Կոլյային՝ պարել, նույնիսկ ինքն էլ էր սկսում ձայնակցել, բայց ամեն անգամ ձայնը խզվում էր տանջալից հազից, նա կրկին հուսալքվում էր դրանից, անիծում իր հազը և նույնիսկ լալիս էր։ Նրան առավելապես զայրացնում էին Կոլյայի և Լյոնյայի լացն ու վախը։ Նա փորձել էր երեխաներին այնպես հագցնել, ինչպես հագնվում են փողոցային երգիչներին ու երգչուհիները։ Տղայի գլխին դրել էր ինչ֊որ կարմիր ու սպիտակ լաթերից կարած չալմա, որով նա պետք է թուրքի նմանվեր։ Լյոնյայի համար պատշաճ կոստյում չէր գտնվել, նրա գլխին դրված էր հանգուցյալ Սեմյոն Զախարիչի կարմիր, գարուսից գործված գդակը (կամ ավելի լավ է ասել թասակը), իսկ գդակին կպցրած էր ջայլամի մի կտոր սպիտակ փետուր, որը պատկանել էր դեռ Կատերինա Իվանովնայի տատին ու մինչև այժմ սնդուկում պահպանվել իբրև տոհմական հազվագյուտ առարկա։ Պոլեչկան իր սովորական շրջազգեստով էր։ Նա վախով ու շփոթված նայում էր մորը, նրանից չէր հեռանում, թաքցնում էր իր արցունքները, կռահում էր մոր խելագարությունը և անհանգիստ նայում շուրջը։ Փողոցն ու ամբոխը սարսափելի վախեցնում էին նրան։ Սոնյան կրնկակոխ գնում էր Կատերինա Իվանովնայի ետևից, լալիս էր և ամեն րոպե աղերսում նրան տուն վերադառնալ։ Կատերինա Իվանովնան անողոք էր։

— Բավական է, Սոնյա, բավական է,— արագ-արագ ասում էր նա՝ հազիվ շնչասպառ լինելով։— Ինքդ էլ չգիտես, թե ինչ ես խնդրում, կարծես երեխա լինես։ Ես արդեն քեզ ասացի, որ չեմ վերադառնա այն հարբեցող գերմանուհու մոտ։ Թող ամբողջ Պետերբուրգը, բոլորը տեսնեն, թե ինչպես ողորմություն են խնդրում այն ազնիվ հոր երեխաները, որը իր ամբողջ կյանքում ծառայում էր հավատարմությամբ և բարեխղճությամբ և կարելի է ասել, որ մեռավ ծառայության մեջ։ (Կատերինա Իվանովնան արդեն մոգոնել էր այդ ֆանտազիան և կուրորեն հավատում էր դրան)։ Թող, թող սա տեսնի այն անպիտան գեներալը։ Դու հիմար ես, Սոնյա, հիմա ի՞նչ պիտի ուտենք, ասա։ Մենք քեզ շատ ենք պլոկել, ես այդ այլևս չեմ ուզում։ Ախ, Ռոդիոն Ռոմանովիչ, այդ դո՞ւք եք,— գոչեց նա՝ տեսնելով Ռասկոլնիկովին ու մոտենալով նրան,— խնդրում եմ այս հիմարին բացատրեք, որ սրանից ավելի խելացի բան չի կարելի անել։ Մինչև իսկ երգեհոնով թրևողներն էլ են վաստակում, իսկ մեզ բոլորը նրանցից կտարբերեն, կիմանան, որ մենք մուրացկանության հասցրած որբերի աղքատ, ազնվական ընտանիք ենք, իսկ այն գեներալը կկորցնի պաշտոնը, կտեսնեք։ Մենք ամեն օր կգնանք ու կերգենք նրա պատուհանի տակ, իսկ երբ թագավորը անցնի, ես ծունկ կչոքեմ, սրանց բոլորին կկանգնեցնեմ իմ առջև, ցույց կտամ նրանց ու կասեմ՝ «Պաշտպանիր, հայր»։ Նա որբերի հայր է, նա գթառատ է, կպաշտպանի, այ, կտեսնեք, իսկ այն գեներալին... Լյոնյա, tenez-vous droite[4]։ Դու, Կոլյա, հիմա էլի պիտի պարես։ Ի՞նչ ես տզզում։ Էլի տզզում է։ Ախր ինչի՞ց ես վախենում, հիմար։ Տեր աստված, ինչպե՞ս վարվեմ սրանց հետ, Ռոդիոն Ռոմանիչ։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե որքան անհասկացող են սրանք։ Ախր սրանց հետ ի՞նչ կարող ես անել․․․․

Եվ նա գրեթե լալով (այդ չէր խանգարում նրա անընդհատ, անլռելի, արագ-արագ խոսելուն), Ռասկոլնիկովին ցույց էր տալիս լացող երեխաներին։ Ռասկոլնիկովը փորձեց համոզել, որ նա տուն վերադառնա, ու կարծելով, որ կազդի նրա ինքնասիրության վրա, ասաց, որ նրան վայել չէ թափառիկ երգեհոնահարների պես շրջել փողոցներում, որովհետև նա պատրաստվում է ազնվական աղջիկների պանսիոնի դիրեկտոր լինել։

— Պանսիոնի՞, քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Որտեղից հասնես դրան,— գոչեց Կատերինա Իվանովնան՝ ծիծաղից անմիջապես հետո սկսելով հազալ,— ոչ, Ռոդիոն Ռոմանիչ, անցել է երազանքը, բոլորը թողել են մեզ... Իսկ այն գեներալը... Գիտե՞ք, Ռոդիոն Ռոմանիչ, ես նրա վրա թանաքաման շպրտեցի. սպասավորների սենյակում թուղթ ու թանաք էի դրված հյուրերի ստորագրության համար. ես էլ ստորագրեցի, հետո թանաքամանը շպրտեցի նրա վրա ու փախա։ Օ, ստոր մարդիկ։ Է՛հ, թքած նրանց վրա. հիմա սրանց ես ինքս կկերակրեմ, ոչ ոքից օգնություն չեմ խնդրի։ Բավական է տանջենք սրան (նա մատնանշեց Սոնյային)։ Պոլեչկա, ինչքա՞ն ենք հավաքել, ցույց տուր. ինչպե՞ս, ընդամենը միայն երկու կոպե՞կ։ Օ, զզվելի մարդիկ։ Ոչինչ չեն տալիս, միայն ետևներիցս են վազում լեզուները հանած։ Հը՛, ինչո՞ւ է ծիծաղում այն տխմարը (նա մատնացույց արեց ամբոխի մեջ գտնվող մի մարդու)։ Այդ ամենը նրանից է, որ Կոլյան այսպես անհասկացող է։ Ուղղակի գլխացավանք է սա։ Ի՞նչ ես ուզում, Պոլեչկա, ինձ հետ ֆրանսերեն խոսիր parlez-moi francais[5]։ Չէ՞ որ ես քեզ սովորեցրել եմ, դու հո գիտես մի քանի ֆրազ... Այլապես ո՞վ կիմանա, որ դուք ազնվական ընտանիքից եք, դաստիարակված երեխաներ եք և ամենևին էլ այնպես չեք, ինչպես բոլոր թափառաշրջիկ երգեհոնահարները։ Մենք հո մի որևէ «Պետրուշկա» (տիկնիկ) չե՞նք ներկայացնում փողոցներում, այլ ազնվականական ռոմանս ենք երգում... Ա՛խ, հա՛, ի՜նչ պիտի երգենք։ Դուք շարունակ ընդհատում ենք ինձ, իսկ մենք... Գիտե՞ք, Ռոդիոն Ռոմանիչ, մենք այստեղ կանգ ենք առել, որ երգ ընտրենք, այնպիսի մի բան, որ Կոլյան կարողանա պարել․․․ որովհետև այս բոլորը մենք չենք նախապատրաստել, կարող եք պատկերացնել հետևանքը. հարկավոր է առաջուց պայմանավորվել, փորձեր անել, իսկ հետո կգնանք Նևսկի, ուր բարձր հասարակության ավելի շատ մարդիկ են լինում և մեզ իսկույն կնկատեն։ Լյոնյան գիտե «Խուտորոկ» երգը... Բոլորն էլ հենց միայն այդ «Խուտորոկն» են երգում։ Մենք պետք է շատ ավելի ազնվական մի որևէ բան երգենք... Հը՛։ Պոլյա, ի՞նչ հիշեցիր, գոնե դու մորդ օգնեիր։ Օֆ, հիշողությունս թույլ է, թույլ, թե չէ ես մի որևէ բան կհիշեի։ Իսկապես, հո չե՞նք երգելու «Հուսարը թրին հենվելով» երգը։ Ախ, եկեք երգենք ֆրանսերեն «Cing sous»[6]֊ը։ Ես հո ձեզ սովորեցրել եմ, սովորեցրել։ Գլխավորն այն է, որ դա ֆրանսերեն է, ուրեմն իսկույն կտեսնեն, որ դուք ազնվական երեխաներ եք, և դա շատ ավելի հուզիչ կլինի... Կարելի է նույնիսկ երգել «Malborough s’en va-t֊en guerre», որովհետև դա բոլորովին մանկական, բոլորովին մանկական երգ է ու երգվում է բոլոր արիստոկրատական տներում, երբ օրոր են ասում երեխաներին.


Malborough s’en va-t-en guerre
Ne sait quand reviendra[7]...

սկսեց նա երգել... բայց ոչ, ավելի լավ է «Cing sous»-ը։ Դեհ, Կոլյա, ձեռքերդ դիր կողքերիդ, շուտ, իսկ դու, Լյոնյա, նույնպես պտտվիր հակառակ կողմը, իսկ ես ու Պոլեչկան կերգենք ու ծափ կտանք։


Cing sous, cing sous,
Pour monter notre ménage[8]...

Քխա՛֊քխա՛֊քխա՛ (և նա նվաղեց հազից)։ Շտկիր շորդ, Պոլեչկա, ուսերիցդ ընկնում է,— ասաց նա հազալով, շունչ առնելով։— Հիմա առանձնապես հարկավոր է, որ դուք ձեզ վայելուչ և նրբավարի պահեք, որպեսզի բոլորը տեսնեն, որ դուք ազնվական երեխաներ եք։ Ես ասել էի, որ հարկավոր է լիֆչիկը ավելի երկար, այն էլ երկտակ անել։ Դու, Սոնյա, այն ժամանակ խորհուրդ էիր տալիս՝ «կարճ, հա՛ կարճ կարել», ահա և բանից դուրս եկավ, որ երեխային իսպառ այլանդակեցինք... Հը՛, էլի՛ դուք բոլորդ լալիս եք։ Ախր ինչո՞ւ, հիմարներ։ Դե, Կոլյա, շուտ, շուտ, շուտ սկսիր, ա՛խ, սա ինչ անտանելի երեխա է...

Cing sous, cing sous—

Էլի՛ սոլդա՛թ։ Հը՛, ի՞նչ ես ուզում։

Հիրավի, ամբոխի միջով առաջ եկավ մի քաղաքապահ։ Բայց միևնույն ժամանակ մոտեցավ համազգեստով ու շինելով մի պարոն, մոտ հիսուն տարեկան, պատկառելի մի աստիճանավոր, կրծքին շքանշան (վերջինը խիստ հաճելի էր Կատերինա Իվանովնային և ազդեց քաղաքապահի վրա)։ Նա առանց որևէ բան ասելու, մի երեք ռուբլիանոց, կանաչավուն թղթադրամ տվեց Կատերինա Իվանովնային։ Նրա դեմքը անկեղծ կարեկցություն էր արտահայտում, Կատերինա Իվանովնան ընդունեց թղթադրամը և քաղաքավարությամբ, նույնիսկ հանդիսավորությամբ դլուխ տվեց նրան։

— Շնորհակալ եմ ձեզնից, հարգելի պարոն,— գոռոզաբար ասաց նա,— այն պատճառները, որոնք մեզ դրդեցին․․․ վերցրու փողը, Պոլեչկա։ Տեսնո՞ւմ ես, հո կան ազնիվ ու մեծահոգի մարդիկ, որոնք իսկույն պատրաստ են օգնել դժբախտության մատնված, աղքատ ազնվականուհուն։ Հարգելի պարոն, դուք հո տեսնում եք ազնվական որբերին, կարելի է նույնիսկ ասել հենց արիստոկրատական կապեր ունեցողներին։ Իսկ այն գեներալը նստել էր ու անտառակաքավներ էր ուտում... սկսեց ոտքերը հատակին խփել, որ ես իրեն անհանգստացրի... «Ձերդ գերազանցություն,— ասում եմ ես,— պաշտպանեցեք որբերին, դուք հո լավ եք ճանաչում հանգուցյալ Սեմյոն Զախարիչին,— ասում եմ նրան,— ու քանի որ նրա մահվան օրը ստորներից ամենաստոր մեկը զրպարտեց նրա աղջկան...», էլի՛ այդ սոլդաթը. պաշտպանեցեք,— դիմեց նա աստիճանավորին,— այդ սոլդաթը ի՞նչ գործ ունի ինձ հետ։ Մենք արդեն մի ուրիշ սոլդաթից, Մեշչանսկայա փողոցից փախանք այստեղ... Հը՛, ուզածդ ի՞նչ է, հիմար։

— Այն է, որ արգելված է փողոցներում անկարգություն անել։

— Անկարգը դու ինքդ ես։ Միևնույն է, թե ես երգեհոնով եմ ման գալիս, քո ի՞նչ գործն է։

— Երգեհոնի համար պետք է թույլտվություն ունենալ, իսկ դուք ինքնագլուխ եք վարվում և այդպիսով շփոթեցնում ժողովրդին։ Որտե՞ղ եք բարեհաճում ապրել։

— Ինչպե՛ս թե թույլտվություն,— գոչեց Կատերինա Իվանովնան։— Ես այսօր ամուսնուս եմ թաղել, այստեղ ի՞նչ թույլտվություն կարող է լինել։

— Տիկին, տիկին, հանգստացեք,— միջամտեց աստիճանավորը,— գնանք, ես ձեզ տուն կհասցնեմ... այստեղ, ամբոխի մեջ այդ վայել չէ... Դուք անառողջ եք...

— Հարգելի պարոն, հարգելի պարոն, դուք ոչինչ չգիտեք,— ճղճղաց Կատերինա Իվանովնան,— մենք պետք է Նևսկի պողոտա գնանք։ Սոնյա, Սոնյա։ Որտե՞ղ է նա։ Նույնպես լալիս է։ Ախր ի՞նչ է պատահել ձեզ բոլորիդ։ Կոլյա, Լյոնյա, ո՞ւր եք փախչում,— հանկարծ վախվխելով ճչաց նա,— ա՛խ, հիմա՛ր երեխաներ։ Կո՛լյա, Լյո՛նյա, ո՞ւր եք վազում, է՞...

Այնպես պատահեց, որ Կոլյան ու Լյոնյան չափազանց վախենալով փողոցի ամբոխից և խելագարված մոր արարքներից, վերջապես, տեսնելով քաղաքապահին, որը ուզում էր նրանց բռնել և ինչ-որ տեղ տանել, հանկարծ, ասես պայմանավորված լինելով, բռնեցին իրար ձեռքից ու փախան։ Խեղճ Կատերինա Իվանովնան ճչալով ու լալով ընկավ նրանց ետևից։ Այլանդակ ու ողորմելի տեսք ուներ այդ վազող, լացող, շնչասպառ կինը։ Սոնյան ու Պոլեչկան վազեցին նրա ետևից։

— Ետ բեր նրանց, Սոնյա, ետ բեր։ Օ, հիմար ապերախտ երեխաներ... Պոլյա, բռնի՛ր նրանց... Չէ՞ որ ձեզ համար ես...

Ամբողջ թափով վազելիս նա սայթաքեց ու ընկավ։

— Վնասվեց, արյուն է գալիս։ Ա՛խ, տեր աստված,― ճչաց Սոնյան՝ թեքվելով նրա վրա։

Բոլորը վրա հասան, շրջապատեցին նրան։ Ռասկոլնիկովը և Լեբեզյատնիկովը առաջին մոտ վազողներից էին. վրա հասավ նաև աստիճանավորը, հետո էլ քաղաքապահը, որը փնթփնթաց՝ «այ քեզ բան», ու ձեռքը թափ տվեց, զգալով, որ գլխացավանք է լինելու։

— Հեռացե՛ք, հեռացե՛ք,— դիմում էր նա շուրջը խռնվող մարդկանց։

— Մեռնում է,— գոչեց մեկը։

— Խելագարվել է,— ասաց մի ուրիշը։

— Տեր աստված, պահպանիր,— խաչակնքելով ասաց մի կին։— Աղջկան ու տղային բռնեցի՞ն։ Հրե՛ն, բերում են, մեծ աղջիկն է բռնել... ա՛յ քեզ գժեր։

Երբ լավ զննեցին Կատերինա Իվանովնային, տեսան, որ նա ամենևին էլ քարի չի զարկվել ու վիրավորվել, ինչպես կարծում էր Սոնյան, այլ սալահատակին թափված արյունը նրա կրծքից, կոկորդից է հոսել։

— Ես այդ բանը գիտեմ, տեսել եմ,— ասաց աստիճանավորը Ռասկոլնիկովին ու Լեբեզյատնիկովին,— դա թոքախտ է. այդպես ժայթքում է արյունը և խեղդում հիվանդին։ Դեռ վերջերս ես տեսա, թե ինչպես իմ ազգականուհու կոկորդից հանկարծակի... մեկ ու կե՜ս բաժակ արյուն հոսեց... Սակայն ի՞նչ պիտի անել, հիմա կմեռնի։

— Նրան ինձ մոտ, ինձ մոտ բերեք,— աղերսում էր Սոնյան,— ես մոտիկ եմ ապրում... հրե՛ն այն տանը, այստեղից երկրորդ տանը... Շուտ, շուտ բերեք ինձ մոտ...— դիմում էր նա բոլորին։— Բժիշկ կանչեցեք... Ա՛խ, տեր աստված։

Աստիճանավորի ջանքերով այդ գործը կարգավորվեց, նույնիսկ քաղաքապահն էլ էր օգնում Կատերինա Իվանովնային տանելուն։ Համարյա մեռած վիճակում նրան տարան Սոնյայի սենյակը ու պառկեցրին անկողնին։ Արյունահոսությունը դեռ շարունակվում էր, բայց նա կարծես թե սկսում էր ուշքի գալ։ Բացի Սոնյայից, իսկույն սենյակ մտան Ռասկոլնիկովն ու Լեբեզյատնիկովը, աստիճանավորն ու քաղաքապահը, որը մինչ այդ քշել-հեռացրել էր ամբոխին, թեև մի քանիսը նրանց ուղեկցեցին մինչև սենյակի դուռը։ Պոլեչկան ձեռքերից բռնած ներս բերեց Կոլյային ու Լյոնյային, որոնք դողում ու լալիս էին։ Ներս եկան նաև Կապերնաումովները, ինքը Կապերնաումովը, կաղ և մի աչքը կույր, տարօրինակ տեսքով մի մարդ՝ կոշտ ու բիզ-բիզ մազերով ու այտամորուքով, նրա կինը, ինչ֊որ առմիշտ վախեցած տեսքով, ու նրանց մի քանի երեխաները՝ մշտական զարմանքից ընդարմացած դեմքերով ու բաց բերաններով։ Բոլորի մեջ հանկարծ հայտնվեց նաև Սվիդրիգայլովը։ Ռասկոլնիկովը զարմացած նայեց նրան, չհասկանալով, թե նա որտեղից բուսավ. ամբոխի մեջ նրան չէր տեսել։

Խոսեցին բժշկի ու քահանայի մասին։ Աստիճանավորը թեպետև շշնջաց Ռասկոլնիկովի ականջին, որ բժիշկը հիմա կարծես թե ավելորդ է, բայց կարգադրեց կանչել։ Գնաց ինքը՝ Կապերնաումովը։

Մինչ այս, մինչ այն, Կատերինա Իվանովնան շունչ էր առնում, արյունահոսությունը առժամ դադարեց։ Նա հիվանդագին, բայց սևեռուն և խորաթափանց հայացքով նայում էր դալկադեմ ու դողդող Սոնյային, որը նրա ճակատից թաշկինակով սրբում էր քրտնքի կաթիլները, վերջապես, Կատերինա Իվանովնան խնդրեց քիչ բարձրացնել իրեն։ Նրան նստեցրին անկողնին՝ բռնելով երկու կողմից։

— Երեխաները ո՞ւր են,— հարցրեց նա թույլ ձայնով։— Դու նրանց բերի՞ր, Պոլյա։ Օ, հիմարներ... ինչո՞ւ փախաք... օ՛ֆ։

Նրա չորացած շրթունքները դեռ արյունոտ էին։ Նա այս ու այն կողմ նայեց։

— Այ թե դու ինչպես ես ապրում, Սոնյա։ Քեզ մոտ ես ոչ մի անգամ չէի եղել... Հիմա եղա...

Նա տանջալից նայեց Սոնյային։

— Մենք քեզ հալումաշ արեցինք, Սոնյա․․․ Պոլյա, Լյոնյա, Կոլյա, եկեք այստեղ... Ահա և սրանք բոլորը, Սոնյա, վերցրու սրանց... իմ ձեռքից... բավական է ես տանջվեմ... Ամեն ինչ վերջացավ։ Ը֊ը՛մ... պառկեցրեք ինձ, թողեք գոնե հանգիստ մեռնեմ...

Նրա գլուխը դարձյալ իջեցրին բարձին։

— Ի՞նչ, քահանա՞.., հարկավոր չէ... Դուք ո՞րտեղից մի ավելորդ ռուբլի ունենաք... Ես մեղքեր չունեմ․․․ Աստված առանց այդ էլ պետք է ների․․․ Ինքը գիտե, թե ես ինչպես էի տանջվում․․․ Իսկ եթե չների, հարկավոր էլ չէ․․․

Նա ավելի ու ավեչի էր բռնվում ուժեղ զառանցանքով։ Երբեմն ցնցվում էր, նայում շուրջը, մի րոպե ճանաչում էր բոլորին, բայց իսկույն գիտակցությունը փոխարինվում էր զառանցանքով։ Նա խռպոտ ու դժվար էր շնչում, կոկորդում կարծես ինչ-որ բան էր խլթխլթում։

— Ես նրան ասում եմ՝ «ձերգ գերազանցություն․․․»,— թոթովում էր նա՝ յուրաքանչյուր բառից հետո շունչ առնելով,— այդ Ամալյա Լյուդվիգովնան... ա՛խ, Լյոնյա, Կոլյա, ձեռքերդ դրեք կողքերիդ, շուտ, շուտ, պարեցեք, գլիսսե, պա-դը֊բասկ։ Դոփիր տոտիկներովդ․․․ սիրունիկ երեխա եղիր։

Du hast Diamanten und Perlen[9]․․․․․

Հետո ո՞նց է. այ, երգեինք...


Du hast die schönsten Augen.
Madchen, was willst du mehr[10]

Հա՛, էլի՛, ոնց չէ, was willst du mehr, գլխից բան է հանում ապուշը... Ա՛խ, հա՛, էլի մի ռոմանս,

Միջօրեի տապին, Դաղստանի հովտում․․․

Ախ, որքան էի սիրում... Ես պաշտելու չափ սիրում էի այս ռոմանսը, Պոլեչկա... Գիտե՞ս, հայրդ... դեռ փեսացու էր, երբ այդ երգում էր... Է՜յ օրեր... Ա՛յ, մենք երգեցինք։ Հա՛, ինչպե՞ս է, ինչպե՞ս է... Ես մոռացել եմ, դե հիշեցրեք, ինչպե՞ս է, — նա չափազանց հուզված էր և ճգնում էր բարձրանալ տեղից։ Վերջապես, սարսափելի, խռպոտ, կերկերող ձայնով, ճղճղալով ու յուրաքանչյուր բառի վրա շնչասպառ լինելով, ինչ-որ սաստկացած վախը դեմքին նա սկսեց․


Միջօրեի տապին․․․ Դաղստանի... հովտում․․․
Գնդակը կրծքումս․․․

Ձերդ գերազանցություն,— հանկարծ ճչաց նա սրտաճմլիկ ձայնով ու արտասվելով,— պաշտպանեցեք որբերին։ Ճաշակելով հանգուցյալ Սեմյոն Ջախարիչի աղուհացը․․․ Կարելի է նույնիսկ ասել՝ արիստոկրատական աղուհացը․․․ Պա՛հ,— ցնցվեց նա՝ հանկարծ սթափվելով և սարսափահար նայելով բոլորին, բայց իսկույն ճանաչեց Սոնյային։— Սոնյա, Սոնյա,— ասաց նա հեզ ու փաղաքուշ, կարծես զարմանալով, որ նրան տեսնում էր իր առջև,— Սոնյա, սիրելիս, դու է՞լ ես այստեղ։

Նրան դարձյալ մի քիչ բարձրացրին։

— Բավական է... ժամը հասավ․․․ մնաս բարով, դժբախտ աղջիկ... յաբույին հալից գցեցինք․․․ ուժասպառ եղավ,— հուսաբեկ ու զայրագին գոչեց նա ու գլուխը գցեց բարձին։

Նա կրկին անզգայացավ, բայց այդ վերջին անզգայացումը երկար չտևեց։ Նրա դեղնադալուկ, գոսացած դեմքը ետ ընկավ, բերանը բացվեց, ոտքերը ջղաձգաբար ձգվեցին։ Նա խոր, խոր շունչ առավ ու մեռավ։

Սոնյան ընկավ նրա դիակին, գրկեց նրան ու այդպես էլ անշարժացավ՝ գլուխը հպելով հանգուցյալի չորացած կրծքին։ Պոլեչկան ընկավ մոր ոտքերին, սկսեց համբուրել դրանք և հոնկուր֊հոնկուր լաց լինել։ Կոլյան ու Լյոնյան դեռ չհասկանալով պատահածը, բայց ինչ֊որ շատ սարսափելի բան նախազգալով, գրկվեցին, ու նայելով իրար, հանկարծ միասին, միանգամից բացեցին բերանները ու սկսեցին ճչալ և լաց լինել։ Երկուսն էլ դեռ նույն տարազով էին. մեկի գլխին՝ չալմա, մյուսի գլխին թասակ՝ ջայլամի փետուրով։

Եվ ի՞նչ կերպ էր եղել, որ այն «գովասանաթերթը» ընկել էր անկողնի վրա, Կատերինա Իվանովնայի կողքին։ «Գովասանաթերթը» հենց այդտեղ էր, բարձի մոտ։ Ռասկոլնիկովը տեսավ այն։

Նա անցավ դեպի պատուհանը։ Լեբեզյատնիկովը մոտեցավ նրան։

— Մեռավ,— ասաց Լեբեզյատնիկովը։

— Ռոդիոն Ռոմանիչ, ուզում եմ ձեզ երկու կարևոր խոսք ասել,― մոտենալով ասաց Սվիդրիգայլովը։ Լեբեզյատնիկովը նրան անմիջապես տեղ զիջեց և քաղաքավարությամբ մի կողմ քաշվեց։ Սվիդրիգայլովը զարմացած Ռասկոլնիկովին տարավ ավելի հեռու, մինչև անկյունը։

— Ամբողջ գլխացավանքը, այսինքն՝ թաղումը և այլ բաները ես վերցնում եմ ինձ վրա։ Գիտե՞ք, միայն թե փող լինի, իսկ ես հո ձեզ ասել եմ, որ ավելորդ փող ունեմ։ Այդ երկու ճուտիկներին և այդ Պոլեչկային ես կտեղավորեմ որևէ որբախնամ լավ հիմնարկներում և մինչև նրանց չափահասությունը յուրաքանչյուրին կհատկացնեմ հազար հինգ հարյուր ռուբլի կապիտալ, որպեսզի Սոֆյա Սեմյոնովնան բոլորովին հանգիստ լինի։ Նրան էլ կազատեմ իր այժմյան վիճակից, որովհետև լավ աղջիկ է, այնպես չէ՞։ Դե ուրեմն այդպես էլ հաղորդեցեք Ավդոտյա Ռոմանովնային, որ նրա տասը հազարը ես հենց այդ նպատակով էլ կօգտագործեմ։

— Իսկ ի՞նչ նպատակներով եք այդպիսի առատաձեռնությամբ բարեգործություն անում,— հարցրեք Ռասկոլնիկովը։

— Հը՛մ, կասկածոտ մարդ եք, էլի,— ծիծաղեց Սվիդրիգայլովը։— Ես հո ասացի, որ իմ այդ փողերը ավելորդ են։ Ես այդ մարդասիրաբար եմ անում, մի՞թե դա հնարավոր չեք համարում։ Չէ՞ որ նա «ոջիլ» չէր (Սվիդրիգայլովը մատնացույց արեց անկյունը, ուր գտնվում էր հանգուցյալը), նման չէր մի որևէ վաշխառու պառավի։ Համաձայնեցեք, որ այդպես է։ «Արդյո՞ք իսկապես Լուժինը պետք է ապրի ու նողկալիություններ անի, թե՞ Կատերինա Իվանովնան պետք է մեռնի»։ Ու եթե ես չօգնեմ, հո «Պոլեչկան էլ, զորօրինակ, նույն ուղղությամբ, հենց Սոնյայի ճամփով կգնա»․․․

Սվիդրիգայլովը այդ ասաց ինչ֊որ նենգամտությամբ, հրճվալից խարդախություն արտահայտող տեսքով, աչքերը Ռասկոլնիկովին հառած։ Ռասկոլնիկովը գունատվեց ու սարսռեց՝ լսելով Սոնյային հենց իր ասած խոսքերը։ Նա արագ ետ քաշվեց և ապշած նայեց Սվիդրիգայլովին։

— Դուք այդ... որտեղի՞ց եք լսել,— հազիվ շունչ առնելով, շշնշաց նա։

— Ես հո ապրում եմ այստեղ, այս պատի ետևում, մադամ Ռեսսլիխի բնակարանում։ Այստեղ Կապերնաումովն է, իսկ այնտեղ մադամ Ռեսսլիխը, իմ հին ու հավատարիմ բարեկամուհին։ Հարևան եմ։

— Դո՞ւք։

— Ես,— ծիծաղից երերալով շարունակեց Սվիդրիգայլովը,— ու կարող եմ ձեզ ազնվաբար հավատացնել, հաճելի Ռոդիոն Ռոմանիչ, որ դուք չափազանց հետաքրքրել եք ինձ։ Ես հո ասել էի, որ մենք կհանդիպենք, նախագուշակել էի այդ, և ահա հանդիպեցինք։ Ու կտեսնեք, թե ես որքան լավ մարդ եմ։ Կտեսնեք, որ դեռ կարելի է ապրել ինձ հետ․․․



  1. Տարբերենք (ֆրանս․)։
  2. Լրիվ (ֆրանս.)։
  3. Ողորմած աստված (գերմ․)։
  4. Ուղիղ կանգնեցեք (ֆրանս․)։
  5. Ինձ հետ ֆրանսերեն խոսիր (ֆրանս․)։
  6. Հինգ գրոշ (ֆրանս․)։
  7. Մայլբրուդը գնում է պատերազմ, չգիտե երբ կվերադառնա (ֆրանս․)։
  8. Հինգ գրոշ, հինգ գրոշ մեր տնտեսության կառուցման համար․․․ (ֆրանս․)։
  9. Դու ունես ալմաստներ և մարգարիտ (գերմ․)։
  10. Դու ունես չքնաղագեղ աչքեր, Աղջիկ, էլ ինչ ես ուզում (գերմ․)։