Ջոյի ճանապարհորդությունը

Գրապահարան-ից
Ջոյի ճանապարհորդությունը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Տարին մեկ անգամ Փեդինգթոնի կայարանապետի դուստրը լվանում էր տան կտուրը եւ բվեճները, որոնք ապրում էին տանիքում, հաճախ ընկնում էին ցած, որովհետեւ լվացված տանիքը դառնում էր սայթաքուն։

Ու փոքրիկ բու Ջոն էլ վճռեց, որ երբ հաջորդ անգամ տանիքը լվանալու լինեն, ինքը մեկ օրով կմեկնի գյուղ՝ տատիկի մոտ։ Ո՞ւմ է հաճելի տանիքից սայթաքել ու ընկնել։

Նա գնացք նստեց, որը հասնում էր մինչեւ տատիկի տուն։ Շոգեքարշի անունը Շերվուդ էր, իսկ մեքենավարինը՝ միստր Բոսթոք։

— Տոմս ունե՞ս,— հարցրեց միստր Մոսթոքը փոքրիկ բու Ջոյին։

— Իհարկե,— պատասխանեց Ջոն եւ միստր Բոսթոքին ցույց տվեց իր տոմսակը։

Նրանք ճանապարհ ընկան։

Հենց որ հասան տատիկենց կայարանը, Ջոն վազեց տատիկի մոտ։ Նա մի շատ հաճելի օր անցկացրեց տատիկի խոհանոցում եւ ջրի ծորակով «քչքչում է— չի քչքչում» խաղաց։

Շերվուդն էլ հիանալի հանգստացավ ու ածուխի պաշար տեսավ։ Իսկ միստր Բոսթոքը թեյ խմեց ու մուրաբայով հաց կերավ։

Բայց նա անզգույշ մարդ էր ու երկաթգիծը աղտոտեց մուրաբայով։ Ուստի, երբ պատրաստվում էին վերադառնալ, Շերվուդը չկարողացավ շարժվել տեղից․ անիվները ամուր կպել էին երկաթգծին։

— Օ՜հ,— ասաց նա, բայց չհուսահատվեց։— Փը՜ֆֆ,— ասաց նա։— Փը՜ֆֆ֊փը՜ֆֆ֊փը՜ֆֆ։— Բայց տեղից չկարողացավ շարժվել։

Միստր Բոսթոքը օգնության կանչեց Ջոյին։ Իսկ Ջոն էլ ձայն տվեց իր տատիկին։ Եվ բոլորը միասին՝ միստր Բոսթոքն ու տատիկը, Ջոն ու տատիկի կատուն, որի անունը Թոմ էր, սկսեցին հրել, բայց… Շերվուդը ինչպես կանգնել, այնպես էլ կանգնած մնաց տեղում։

Այդ ժամանակ էր, որ Ջոյի գլխում այսպիսի միտք ծագեց․

«Չէ՞ որ բոլոր կատուներն էլ շատ են սիրում լպստել»…

Եվ նա Թոմին ասաց․

— Գուցե երկաթգիծը մի քիչ լպստե՞ս, հը՞…

Թոմը շատ մեծ հաճույքով երկաթգծից լպստեց մուրաբան եւ վրան էլ մի կուշտ ջուր խմեց։

Երբ Ջոն վերադարձավ Փեթինգթոն կայարանը, աստղերն արդեն մարել էին, լույսը բացվում էր, եւ խեղճի քունը շատ էր տանում։ Չէ՞ որ բվեճները միշտ ցերեկով են քնում։

Նա թռավ տանիք եւ քնելուց առաջ որոշեց կարդալ իր սիրելի

Իրիկնային աստղ, վառվիր դու պայծառ…

բանաստեղծությունը։

Բայց դրա փոխարեն ստացվեց հետեւյալը․


Շերվուդյան աստղ, վառվիր դու պայծառ,
Թող գնացքները Լոնդոն սլանան։
Վառվիր շների, սեւ կատուների
Ու տղաների համար կռվազան․
Երեխաների զարթնելու ժամն է,
Փոքրիկ բվերի քնելու պահն է։