Սիրունիկը

Գրապահարան-ից
Սիրունիկը

հեղինակ՝ Քլիֆորդ Սայմակ
թարգմանիչ՝ Ջուլիետա Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ուխտագնացություն դեպի երկիր»

Մեքենան հոյակապ էր։

Ահա թե ինչու մենք այն անվանեցինք Սիրունիկ։

Ու շատ մեծ սխալ գործեցինք։

Դա, իհարկե, միակ սխալը չէր, այլ առաջինը, ու եթե մեր մեքենան Սիրունիկ չանվանեինք, երեւի այսքան բանն էլ չլիներ։

Եթե խոսենք տեխնիկական լեզվով, Սիրունիկը պիտի կոչվեր Մուռ՝ մոլորակային ուսումնահետազոտական ռոբոտ։ Այն իր մեջ պարունակում էր տիեզերանավ, օպերացիոն բազա, սինթեզիչ, վերլուծիչ, հաղորդիչ եւ շատ այլ բաներ։ Չափազա՜նց շատ բաներ։ Եվ հենց դա էլ մեր դժբախտությունն էր։

Ճիշտն ասած, Սիրունիկով թռչելը մեզ բոլորովին պետք չէր։ Առանց մեզ նա ավելի լավ գործը գլուխ կբերեր։ Նա ինքնուրույն կարող էր կատարել միջմոլորակային հետազոտություններ։ Սակայն, ըստ կանոնների, նրա դասի ռոբոտի հետ պետք է լինեին ոչ պակաս, քան երեք մարդ։ Եվ բնականաբար, ռոբոտին մենակ թողնելն էլ էր սարսափելի, չէ որ նրան սարքել էին քսան տարում եւ վրան ծախսել տասը միլիարդ դոլար։

Եվ պետք է արժանվույնը մատուցել Սիրունիկին։ Նա ուղղակի հրաշք էր։ Նա լիքը լցված էր սենսորներով, որոնք թույլ էին տալիս մեկ ժամվա ընթացքում ավելի շատ ինֆորմացիա ստանալ, քան մեկ ամսում կհավաքեր հետազոտող մարդկանց մեծ ջոկատը։ Նա ոչ միայն հավաքում էր տեղեկություններ, այլեւ համադրում էր դրանք, ծրագրավորում, գրառում մագնիսական ժապավենի վրա եւ տեղնուտեղը հաղորդում Կենտրոն, որը գտնվում էր Երկրում։

Տեղնուտեղը… Բայց չէ որ նա անլեզու մեքենա էր։

Ես ասացի «անլեզո՞ւ»՞

Նա ուներ զգացողությունների բոլոր օրգանները։ Նույնիսկ կարող էր խոսել։ Եվ խոսում էր։ Խոսում էր անդադրում։ Լսում էր մեր բոլոր խոսակցությունները։ Կարդում էր մեր ուսերի վրայից եւ անհեթեթ խորհդուրդներ տալիս, երբ մենք պոկեր էինք խաղում։ Երբեմն ուղղակի ուզում էինք սպանել նրան, բայց դե չի կարելի սպանել ռոբոտին… եւ այն էլ այդքան կատարյալ ռոբոտին։ Ինչ կարող ես ասել․ մեր ռոբոտն արժեր տասը միլիարդ դոլար ու մեզ պիտի ետ բերեր Երկիր։

Նա շատ լավ էր հոգում մեր մասին։ Դա չի կարելի ժխտել։ Սինթեզավորում էր սնունդը, եփում ու մատուցում էր ճաշը։ Հետեւում էր ջերմաստիճանին եւ խոնավությանը։ Լվանում եւ արդուկում էր մեր շորերը, բուժում էր մեզ, եթե դրա հարկը լինում էր։ Երբ Բենը հարբուխ ընկավ, նա շշով ինչ֊որ հեղուկ տվեց, ու մյուս օրը Բենի հարբուխի հետքն էլ չկար։

Մենք երեք հոգի էինք․ Ջիմի Ռոբինսը՝ մեր ռադիստը, Բեն Պարիսը՝ ռոբոտներ վերանորոգողը, եւ ես՝ թարգմանիչը, որին տվյալ դեպքում հարկ չեղավ աշխատելու։

Մենք նրա անունը դրեցինք Սիրունիկ, իսկ դա բոլորովին չէր կարելի անել։ Հետո արդեն ոչ ոք եւ երբեք անուն չէր դնում այդ «խելքի տոպրակ» ռոբոտներին, ուղղակի համար էին դնում։ Երբ Կենտրոնում իմացան, թե մեզ հետ ինչ է կատարվել, այդ սխալի կրկնությունը համարում էին քրեական հանցագործություն։ Բայց ինձ թվում է, ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Ջիմին ի ծնե բանաստեղծ էր։ Նա զզվելի ոտանավորներ էր գրում, որոնց մասին միայն մի բան կարելի է ասել՝ երբեմն դրանց մեջ հանգ էր նկատվում։ Իսկ ընդհանրապես բացակայում էր։ Բայց Ջիմին այնքան համառորեն ու լրջորեն էր գրում, որ ոչ Բենը, ոչ էլ ես սկզբում չէինք հանդգնում նրան ասել այդ մասին։ Նրան կանգնեցնել կարելի էր, թերեւս, միայն խեղդելու միջոցով։

Ու պե՛տք էր խեղդել նրան։

Իհարկե, Մեղրամսի վրա վայրէջք կատարելը նույնպես իր դերը խաղաց։

Բայց դա արդեն մեզնից չէր կախված։ Այդ մոլորակը մեր թռիչքային թերթիկներում երրորդն էր, եւ մեր առաջադրանքի, ավելի ճիշտ՝ Սիրունիկի առաջադրանքի մեջ էր մտնում այնտեղ վայրէջք կատարելը։ Մենք ուղղակի մասնակցում էինք։

Սկսենք այն բանից, որ մոլորակը Մեղրամիս չէր կոչվում։ Այլ համար ուներ։ Բայց մի քանի օր հետո մենք այդպես կնքեցինք նրան։

Ես ամոթխած չեմ, բայց եւ այնպես հրաժարվում եմ նկարագրել Մեղրամիսը։ Ես չէի զարմանա, եթե իմանայի, որ Կենտրոնում մինչեւ հիմա էլ մեր զեկուցագիրը կողպեքի տակ են պահում։ Եթե դուք հետաքրքրասեր եք, կարող եք գրել այնտեղ եւ խնդրել, որ ուղարկեն ձեզ ԵՐ 56—94 համարը կրող ինֆորմացիան։ Հարցումի համար փող չեն վերցնում։ Սակայն դրական պատասխանի չսպասեք։

Սիրունիկը գերազանց կատարեց իր պարտականությունները Մեղրամսում, եւ իմ գլուխը պտտվեց, երբ ես լսեցի ժապավենը արդեն այն ժամանակ, երբ Սիրունիկն այն դրել էր հաղորդիչի մեջ Երկիր ուղարկելու համար։ Որպես թարգմանիչ, ես պետք է մեկնաբանեմ այն ամենը, ինչ կատարվում է մեր հետազոտած մոլորակներում։ Իսկ ինչ վերաբերում է Մեղրամսի բնակիչներին, ապա դա չես արտահայտի նույնիսկ «օյինբազություն» բառով…

Կենտրոնում զեկուցագրերն անմիջապես վերլուծության են ենթարկվում։ Սակայն տեղում դրանք վերլուծելը շատ ավելի հեշտ է։

Կարծում եմ, որ իմ գրածից շատ քիչ բան հասկացան։ Երեւի երբ իմ զեկուցագիրը կարդացին, ապա նկատեցին, որ ես դա գրել եմ աչքերս չռած ու կաս֊կարմիր կտրած։

Վերջապես մենք լքեցինք Մեղրամիսը եւ սլացանք տիեզերք։ Սիրունիկը ուղղություն վերցրեց դեպի հաջորդ մոլորակը, որ նշված էր թռիչքաթերթում։

Սիրունիկը տարօրինակ կերպով լռում էր, եւ դա մեզ պետք է հուշեր, որ վատ բան է կատարվում։ Բայց մենք երջանիկ էինք, որ ժամանակավորապես սսկվել է, ու չհետաքրքրվեցինք, թե ինչու է լռում։ Մենք պարզապես հանգստանում էինք։

Ջիմին տքնում էր մի պոեմի վրա, որը չէր ստացվում, իսկ ես ու Բենը տարված էինք թղթախաղով, երբ հանկարծ Սիրունիկը խախտեց լռությունը։

— Բարի երեկո, տղերք,— ասաց նա մի տեսակ անվստահ տոնով, չնայած նրա ձայնը սովորաբար եռանդուն էր եւ հաստատուն։ Հիշում եմ, ես նույնիսկ մտածեցի, որ նրա ձայնային սարքում ինչ֊որ բան է փչացել։

Ջիմին գլխովին խրվել էր բանաստեղծությունների մեջ, իսկ Բենը մտածում էր հաջորդ քայլի մասին, եւ ոչ մեկը չարձագանքեց նրան։

Ես ասացի․

— Բարի երեկո, Սիրունիկ։ Ինչպե՞ս ես այսօր։

— Օ՜, հրաշալի,— ասաց նա դողդողուն ձայնով։

— Շատ լավ է,— ասացի, կարծելով, որ դրանով խոսակցությունն ավարտվեց։

— Ես հենց նոր որոշեցի,— հաղորդեց ինձ Սիրունիկը, — որ սիրում եմ ձեզ։

— Դու շատ բարի ես,— խրախուսեցի նրան, — ես էլ քեզ եմ սիրում։

— Բայց իսկապես սիրում եմ,— պնդեց նա։— Ես ամեն ինչի մասին մտածել եմ։ Ես սիրում եմ ձեզ։

— Մեզնից որի՞ն,— հարցրեցի ես,— ո՞վ է այդ երջանիկը։

Ես ձեռ էի առնում նրան, բայց զգուշորեն, որովհետեւ Սիրունիկը կատակ չէր հասկանում։

— Երեքիդ էլ,— ասաց Սիրունիկը։

Կարծեմ, ես հորանջեցի։

— Վատ միտք չէ։ Ուրեմն, խանդի առիթ չի լինի։

— Այո,— ասաց Սիրունիկը։— Ես սիրում եմ ձեզ եւ կփախչեմ ձեզ հետ։

Բենը ցնցվեց ու, գլուխը բարձրացնելով, հարցրեց․

— Այդ ո՞ւր եք փախչում։

— Հեռու,— պատասխանեց նա։— Այնտեղ, ուր մենակ մենք կլինենք։

— Տեր աստված,— ոռնաց Բենը։— Ինչ ես կարծում, նա իսկապե՞ս…

Ես գլուխս օրորեցի։

— Չեմ կարծում։ Ինչ֊որ բան փչացել է, բայց…

Տեղից վեր թռչելով՝ Բենը դիպավ սեղանին, եւ բոլոր խաղաթղթերը թափվեցին հատակին։

— Գնամ նայեմ,— ասաց նա։

Ջիմին գլուխը բարձրացրեց իր թղթերից։

— Ի՞նչ է պատահել։

— Այս բոլորի պատճառը դու ես քո բանաստեղծություններով,— գոռացի ես ու սկսեցի հայհոյել նրա պոեզիան ամենավերջին բառերով։

— Ես սիրում եմ ձեզ,— ասաց Սիրունիկը։— Ես ընդմիշտ սիրեցի ձեզ։ Ես հոգ կտանեմ ձեր մասին, ու երբեւիցե դուք էլ կսիրեք ինձ…

— Սսկվիր,— ասացի ես։ Բենը վերադարձավ ամբողջովին քրտնած։

— Մենք շեղվել ենք ուղուց, իսկ ղեկավարման պահեստային խցիկը փակված է։

— Մի՞թե չի կարելի ջարդել։

Բենը օրորեց գլուխը։

— Ըստ իս, Սիրունիկը դիտավորյալ է այդպես արել։ Եթե դա ճիշտ է՝ ուրեմն մենք կորած ենք։ Մենք երբեք չենք վերադառնա Երկիր։

— Սիրունի՛կ,— խստաձայն ասացի ես։

— Այո, սիրելիս։

— Վերջ տուր իսկույն։

— Ես սիրում եմ ձեզ,— ասաց Սիրունիկը։

— Մեղավորը Մեղրամիսն է,— ասաց Բենը։— Նա այնտեղ հազարումի հիմարություն է մտցրել գլուխը։

— Մեղրամիսը,— հաստատեցի ես,— ու մեկ էլ Ջիմիի զզվելի ոտանավորները…

— Դրանք զզվելի ոտանավորներ չեն,— հակաճառեց շառագունած Ջիմին։— Այ, երբ ինձ կտպեն…

— Ինչո՞ւ դու չես գրում պատերազմի կամ որսի մասին, տիեզարքի խորքերը թռչելու կամ էլ մի որեւէ նշանավոր ու գեղեցիկ բանի մասին, եւ ոչ թե քո այդ հիմարությունները․ «Ես քեզ ընդմիշտ սիրեցի, թռիր ինձ մոտ, աղավնյակս» եւ այլն եւ այլն…

— Հանգստացիր, — խորհուրդ տվեց Բենը։ — Լավ չէ մեղքը Ջիմիի վրա գցել։ Հիմնական պատճառը Մեղրամիսն է, ասում եմ քեզ։

— Սիրունիկ, — ասացի ես, — գլխիցդ հանիր այդ հիմարությունը։ Դու հո շատ լավ գիտես, որ մեքենան չի կարող սիրել մարդուն։ Ծիծաղելի բան է։

— Մեղրամսի վրա, — ասաց Սիրունիկը, — կային տեսակներ, որ…

— Մոռացիր Մեղրամիսը։ Դա աննորմալ բան էր։ Կարող ես հետազոտել միլիարդավոր մոլորակներ, ու ոչ մի տեղ այդպիսի բան չես տեսնի։

— Ես սիրում եմ ձեզ,— համառորեն կրկնեց Սիրունիկը,— ու մենք փախչում ենք։

— Որտեղի՞ց է նա լսել սիրահարների փախչելու մասին,— հարցրեց Բենը։

— Այդ հիմարություններով մենք նրան լցրել ենք դեռ Երկրի վրա,— ասացի ես։

— Չէ, դա հիմարություն չէ,— բողոքեց Սիրունիկը։— Աշխատանքը հաջող կատարելու համար ինձ ամենատարբեր տեղեկություններ են պետք մարդու ներքնաշխարհի մասին։

— Նրա համար վեպեր են կարդացել,— ասաց Բենը։ — Այ որ բռնեմ էդ փսլնքոտին, ով սրա համար վեպեր է ընտրել, նրանից միայն թաց տեղ կմնա։

— Լսիր, Սիրունիկ,— աղերսեցի ես,— ինչքան ուզում ես սիրիր, մենք դեմ չենք։ Բայց շատ հեռու մի փախիր։

— Ես չեմ կարող ռիսկի դիմել,— ասաց Սիրունիկը։— Եթե Երկիր վերադառնամ, դուք ինձ կլքեք։

— Եթե մենք չվերադառնանք, մեզ կսկսեն փնտրել ու կգտնեն։

— Միանգամայն ճիշտ է,— համաձայնեց Սիրունիկը։— Հենց դրա համար էլ, սիրելիս, փախչում ենք։ Մենք այնքան հեռու կփախչենք, որ մեզ ոչ ոք չի գտնի։

— Քեզ վերջին հնարավորությունն եմ տալիս, որ լավ մտածես,— ասացի։— Եթե դու խելքի չգաս, ես կհաղորդեմ Երկիր…

— Դուք չեք կարող Երկիր հաղորդել,— առարկեց Սիրունիկը։— Ես քանդել եմ ռադիոսարքը։ Եվ, ինչպես գլխի ընկավ Բենը, ղեկավարման խցի դուռը կողպված է։ Դուք ոչինչ չեք կարող անել։ Ինչո՞ւ չեք ուզում հրաժարվել այդ հիմար կամակորությունից ու պատասխանել իմ սիրույն։

Բենը սկսեց հավաքել խաղաթղթերը, չորեքթաթ սողալով հատակին։ Ջիմին ծոծատետրը շպրտեց սեղանին։

— Այ քեզ աչքի ընկնելու առի՛թ,— ասացի ես։— Օգտվի՛ր առիթից։ Հապա մի մտածիր, թե ի՜նչ ներբողներ կգրես մարդու եւ մեքենայի անմեռ ու հավերժական սիրո մասին։

— Կորի՛ր այստեղից,— ասաց Ջիմին։

— Հանգստացեք, տղերք,— ասաց Սիրունիկը։— Ես չէի ուզենա, որ դուք իմ պատճառով կռվեք իրար հետ։

Նրա տոնը այնպիսին էր, ասես արդեն տիրացել էր մեզ… Ասենք, որոշ իմաստով հենց այդպես էր։ Սիրունիկից փախչել հնարավոր չէ, եւ եթե մեզ չհաջողվի համոզել նրան, ապա մենք կորած ենք։

— Մենք երեքս էլ քեզ չենք համապատասխանում մի պատճառով,— ասացի ես։— Քո համեմատ՝ մենք շատ երկար չենք ապրի։ Ինչհես էլ որ դու մեզ խնամես, մի հիսուն տարի հետո մենք կմեռնենք ծերությունից։ Ու ի՞նչ կլինի այն ժամանակ։

— Նա կայրիանա,— ասաց Բենը։— Աղիողորմ արցունք թափող այրի… Ու նույնիսկ երեխա չի ունենա, որ իրեն մխիթարի։

— Ես մտածել եմ այդ մասին,— պատասխանեց Սիրունիկը,— ամեն ինչի մասին մտածել եմ։ Ես չեմ թողնի, որ դուք մեռնեք։

— Բայց դա անհնարին բան է…

— Այնպիսի մեծ սիրո համար, ինչպիսին իմն է, անհնարին բան չկա, ես չեմ թողնի դուք մեռնեք։ Ես ձեզ անչափ շատ եմ սիրում, ու չեմ թողնի, որ դուք մեռնեք։

Մի քիչ հետո մենք ձեռ քաշեցինք նրանից ու գնացինք քնելու, իսկ Սիրունիկը լույսն անջատեց ու օրորոցային երգեց մեզ համար։

Նրա խլացուցիչ օրորոցայինի տակ հնարավոր չէր քնել, եւ մենք գոռացինք, որ նա սսկվի ու թողնի քնենք։ Բայց նա շարունակեց երգել այնքան ժամանակ, մինչեւ որ Բենը կոշիկը շպրտեց նրա ձայնային սարքին։

Դրանից հետո էլ ես միանգամից չքնեցի, այլ պառկել ու մտածում էի։ Ես հասկանում էի, որ մի բան պետք է մտածել, բայց այնպես, որ նա չիմանա։ Սակայն դա անհնարին բան էր, որովհետեւ նա շարունակ հետեւում էր մեզ։ Նա խորհուրդներ էր տալիս, լսում էր, կարդում էր մեր ուսի վրայից, ու մեր ոչ մի շարժումը, ոչ մի բառը հնարավոր չէր թաքցնել նրանից։

Ես գիտեի, որ դա շատ երկար կարող է տեւել, ու մենք չպետք է կորցնենք համբերություններս եւ խուճապի մատնվենք։ Իսկ եթե ազատվենք, ուրեմն՝ բախտներս կբերի։ Արթնանալուց հետո նստում էինք եւ, ոչ մի բառ չասելով, լսում էինք Սիրունիկին, որը նկարագրում էր, թե որքան երջանիկ կլինենք մենք։ Իբր մեր մեջ ամփոփված է մի ամբողջ աշխարհ, իսկ սիրո առաջ խամրում է ամեն ինչ։

Նրա օգտագործած բառերի կեսը վերցված էր Ջիմիի տխմար բանաստեղծություններից, իսկ մյուս մասը՝ զգայացունց վեպերից, որոնք ինչ֊որ մեկը կարդացել էր նրա համար դեռեւս Երկրի վրա։

Երբեմն ես ուզում էի վեր կենալ ու կոտլետ սարքել Ջիմիից, բայց ինքս ինձ ասում էի, որ հիմա էլ ոչինչ չես անի, ծեծից օգուտ չկա։ Ջիմին կծկվել էր անկյունում ու ինչ֊որ բան էր գրում ծոցատետրում, իսկ ես զարմանում էի, թե նա ինչքան պետք է լկտի լինի, որ այս բոլորից հետո նորից շարունակի գրել։

Նա շարունակում էր գրել, պոկել էջերն ու գցել հատակին, ժամանակ առ ժամանակ հայհոյելով։

Գցած էջերից մեկն ընկավ ծնկիս, ու ես կարդացի․

Ես փնթի եմ ու կեղտոտ,
Ծույլ եմ ու անհոգ։
Ու արժանի չեմ
Քո հավերժ սիրույն։

Ես արագ վերցրի թերթիկը, ճմռթեցի ու շպրտեցի Բենի վրա, իսկ նա գցեց իմ կողմը։ Ես նորից շպրտեցի, նա՝ դարձյալ ես գցեց։

— Ի՞նչ ես ուզում, գրողը տանի,— գոռաց նա։

Ճմռթված թուղթը շպրտեցի ուղիղ նրա դեմքին, ու նա քիչ էր մնում վեր կենա ու ինձ դնգսի, երբ հանկարծ հայացքիցս հասկացավ, որ դա հենց այնպես չեմ անում։ Նա վերցրեց թուղթը, ասես խաղ անելով բացեց, մինչեւ որ կարդաց այնտեղ գրածը։ Հետո նորից ճմռթեց։

Սիրունիկը լսում էր մեր ամեն մի խոսքը, այնպես որ մենք չէինք կարող բարձրաձայն խոսել։ Ու շատ անբռնազբոսիկ պիտի մեզ պահեինք, որ ոչ մի կասկած չհարուցեինք։

Ու մենք աստիճանաբար սկսեցինք խաղալ։ Գուցե շատ ավելի դանդաղ էինք մտնում դերի մեջ, քան պահանջվում էր, բայց դե նրան չպիտի կասկածելու տեղ տայինք։

Մենք շատ համոզիչ էինք խաղում։ Երեւի, միշտ էլ եղել ենք բնածին փնթիներ, բայց, մի շաբաթ չանցած, մեր բնակելի սենյակները խոզանոց դարձան։

Շորերս թափում էինք չորս կողմ։ Կեղտոտ սպիտակեղենը չէինք դնում այնտեղ, որտեղ լվացք էր անում Սիրունիկը։ Սեղանի վրա թողնում էինք կեղտոտ ափսեները, փոխանակ դնենք լվացարանի մեջ։ Ծխամորճներս թափ էինք տալիս հատակին։ Մենք չէինք սափրվում, ատամներս չէինք մաքրում, չէինք լվացվում։

Սիրունիկը համբերությունից դուրս էր գալիս։ Նրա՝ կարգուկանոնի սովոր ռոբոտի, ինտելեկտը զայրանում էր։ Նա աղաչում էր մեզ, փնթփնթում, երբեմն նախատում, բայց մեր իրերը թափթփված էին չորս կողմը։ Մենք նրան ասում էինք, որ եթե սիրում է մեզ, ապա պիտի հաշտվի մեր փնթիության հետ եւ մեզ ընդունի, ինչպես որ կանք։

Մի երկու շաբաթ հետո մենք հաղթեցինք, բայց դա այն հաղթանակը չէր։

Սիրունիկը տանջահար ձայնով ասաց, որ կարող ենք ապրել խոզերի պես, եթե դա մեզ դուր է գալիս։ Նա ասաց, թե իր սերը այնքան մեծ է, որ չի ազդվի այնպիսի չնչին բանից, ինչպիսին անձնական հիգիենան է։

Ես այսպես՝ փնթիությունից օգուտ չեղավ։

Ես, օրինակ, շատ ուրախ էի դրա համար։ Նավի՝ մաքրությանը սովոր տարիներն ընդվզում էին նման կենցաղի դեմ, ու ես չգիտեի, թե դեռ ինչքան կդիմանայի։

Անմիտ բան էր դա հենց սկզբից։

Մենք մաքրվեցինք, էլ չէինք թափթփում մեր շորերը։ Սիրունիկը հիացած էր, քնքուշ խոսքեր էր ասում մեզ, եւ դա շատ ավելի վատ էր, քան նրա փնթփնթոցը։ Նա կարծում էր, թե մենք ազդված ենք իր ինքնազոհությունից, որ դրա համար շողոքորթում ենք իրեն, եւ նրա ձայնը հնչում էր ինչպես այն աշակերտուհու ձայնը, որին իր սրտի հերոսը հրավիրել է համալսարանական երեկույթի։

Բենը փորձում էր նրա հետ անկեղծորեն խոսել կյանքի որոշ անձնական հարցերի մասին (որոնց մասին նա, իհարկե, գիտեր) ու ճգնում էր զարմացնել նրան, պատմելով, թե սիրո մեջ որքան մեծ դեր է խաղում ֆիզիոլոգիական գործոնը։

Սիրունիկը վիրավորվում էր, բայց ոչ այնքան, որ գլխից դուրս թռչեն ռոմանտիկական տրամադրությունները, եւ խելքի գար։

Թախծոտ ձայնով, որի մեջ հազիվ լսելի էին զայրույթի նոտաներ, նա ասաց, որ մենք մոռանում ենք սիրո էլ ավելի վեհ իմաստի մասին։ Նա սկսեց անգիր մեջբերել Ջիմիի փսլնքոտ ոտանավորները, որոնց մեջ խոսվում էր սիրո վեհության եւ մաքրության մասին, ու մենք ոչ մի բան չէինք կարողանում պատասխանել։ Շատ նեղն էինք ընկել։

Մենք շարունակում էինք մտածել, բայց չէինք խոսում, որովհետեւ Սիրունիկն ամեն ինչ կլսեր։

Մի քանի օր ոչինչ չէինք անում, մռայլ նստել էինք։ Ասենք, անելու բան էլ չկար։ Ես սկսեցի տենդագին հիշել, թե տղամարդն ինչով կարող է վանել կնոջը։

Կանանց մեծ մասը տանել չի կարող մոլեխաղերը։ Սակայն նրանց զայրույթի միակ պատճառը վախն է իրենց բարեկեցության համար։ Մեր հարցում այդպիսի վախ չէր կարող լինել։ Տնտեսական տեսակետից Սիրունիկը միանգամայն անկախ էր։ Մենք հո չէի՞նք կերակրում նրան։

Կանանց մեծ մասը տանել չի կարող հարբեցողությունը։ Եվ դարձյալ միակ պատճառը վախն է սեփական բարեկեցության համար։ Եվ, բացի այդ, նավում ոչ մի խմիչք չկար։

Որոշ կանայք կռիվ են գցում, եթե տղամարդը տանը չի քնում։ Մենք գնալու տեղ չունեինք։

Բոլոր կանայք ատում են իրենց ախոյան կանանց։ Իսկ այստեղ կին չկար… ինչ էլ որ ասեր Սիրունիկն իր մասին։

Ոչ մի ճար չկար Սիրունիկից պրծնելու։ Իսկ նրա հետ վիճելը լրիվ անիմաստ էր։ Այս ամենը պետք կգար, եթե նա իսկական կին լիներ։ Բայց նա ընդամենը ռոբոտ էր։

Հարց․ ինչպե՞ս բարկացնել ռոբոտին։

Փնթիությունը զայրացրեց մաքրասերին։ Բայց դրա հետ նա դեռ կարող էր հաշտվել։ Վատն այն է, որ դա չէր կարեւորը։ Իսկ ի՞նչն է կարեւոր ռոբոտի… ամեն մի մեքենայի համար։ Ի՞նչն է գնահատում մեքենան։ Ի՞նչն է իդեալականացնում։

Կարգուկանո՞նը։

Չէ, մենք փորձեցինք այդ կողմից մոտենալ, եւ ոչ մի բան չստացվեց։

Ողջամտությո՞ւնը։

Իհարկե։

Էլ ի՞նչը։

Արդյունավետությո՞ւնը։

Օգտակարությո՞ւնը։

Տենդագին մտածում էի ու ոչ մի բան չէի կարողանում գտնել։ Մի՞թե կարելի է խելագար ձեւանալ, եւ այն էլ այս մի թիզ տեղում՝ ամենագետ, բանական մեքենայի ներսում։ Նույնիսկ հանուն ողջամտությա՞ն։

Ու ես պառկած մտածում էի խելագարության տարբեր տեսակների մասին։ Ասենք, դրանով կարելի է հիմարացնել մարդկանց, բայց ոչ ռոբոտին։

Ռոբոտին պետք է խոցել գլխավորով… Իսկ ո՞րն է խելագարության ամենագլխավոր տեսակը։ Հավանաբար, ռոբոտին կարող է իսկապես սարսափեցնել միայն այն խելահեղությունը, որ կապված է օգտակար գործունեության ընդունակությունը կորցնելու հետ։

Ճի՛շտ որ։

Ես շուռումուռ էի տալիս այդ միտքը այս ու այն կողմ, որ մի կերպ հարմարեցնեմ ինձ։

Հրաշալի միտք է։

Հենց ամենասկզբից էլ մեզնից շատ քիչ օգուտ կար։ Մենք թռչում էինք սոսկ այն պատճառով, որ Կետնրոնի օրենքները թույլ չէին տալիս Սիրունիկին մենակ ուղարկել։ Մենք օգտակար էինք միայն պոտենցիալ կերպով։

Մենք ինչ֊որ բան անում էինք։ Գիրք էինք կարդում, գարշելի բանաստեղծություններ էինք գրում, թղթախաղով էինք զբաղվում եւ վիճում էինք իրար հետ։ Ժամանակի մեծ մասը ինչ֊որ բանով զբաղեցնում էինք։ Տիեզերքում այդպես է, միշտ ինչ֊որ բան պիտի անես, որքան էլ անիմաստ ու աննպատակ թվան քեզ քո սեփական զբաղմունքները։

Առավոտյան նախաճաշից հետո, երբ Բենը ուզեց խաղալ, ես հրաժարվեցի ընկերակցել նրան։ Նստեցի հատակին ու մեջքս դեմ տվի պատին։ Նույնիսկ չուզեցի աթոռին նստել։ Չէի ծխում, որովհետեւ ծխելը՝ արդեն գործ անել է, ու հաստատապես որոշեցի այնքան անտարբեր լինել, որքան դա հնարավոր է կենդանի էակի համար։ Ես չէի ուզում անգամ մատս շարժել, երբ պետք չէր ուտել, քնել կամ էլ նստել։

Բենը պտտվեց շուրջս ու փորձեց Ջիմին ներգրավել թղթախաղի մեջ, բայց նա խաղալ չէր սիրում ու զբաղված էր ոտանավոր գրելով։

Ստիպված՝ Բենը մոտեցավ եւ նստեց կողքս, հատակին։

— Ծխել ուզո՞ւմ ես,— հարցրեց նա, քսակը մեկնելով ինձ։

Ես օրորեցի գլուխս։

— Ի՞նչ է պատահել։ Նախաճաշելուց հետո դու չես ծխել։

— Դրանից ի՞նչ օգուտ,— ասացի ես։

Նա փորձեց խոսեցնել ինձ, բայց ես չէի պատասխանում։ Այնժամ վեր կացավ, մի քիչ ետուառաջ քայլեց, հետո նորից նստեց կողքս։

— Ի՞նչ է պատահել ձեր երկուսիդ,— տագնապալի հարցրեց Սիրունիկը,— ինչո՞ւ ոչ մի բան չեք անում։

— Ոչ մի բանի հավես չկա, — ասացի նրան։— Գործ անելուց ոչ մի օգուտ չկա։

Նա մի քիչ նախատեց մեզ, իսկ ես չէի համարձակվում նայել Բենին, բայց զգում էի, որ նա արդեն գլխի է ընկնում իմ մտքինը։

Մի քիչ հետո Սիրունիկը ձեռ քաշեց մեզանից, ու մենք այդպես նստել էինք՝ ոնց որ երանության գիրկն ընկած թուրքեր։

Ջիմին շարունակում էր բանաստեղծություն գրել։ Նրան չկարողացանք բան հասկացնել։ Բայց Սիրունիկն ինքը նրա ուշադրությունը հրավիրեց մեզ վրա, երբ մենք մի կերպ տեղներիցս վեր կացանք, որ ճաշենք։ Նա գնալով ավելի ու ավելի շատ էր ջղայնանում ու մեզ անվանում էր անբաններ եւ, ճիշտն ասած, չէր սխալվում։ Նա անհանգստանում էր մեր առողջության համար, եւ ստիպեց, որ մտնենք ախտորոշիչ կաբինետը․ այստեղ պարզվեց, որ մենք միանգամայն առողջ ենք, ու դա է՛լ ավելի կատաղեցրեց Սիրունիկին։

Նա տաղտկալիորեն սկսեց թվարկել այն ամենը, ինչով մենք կարող էինք զբաղվել։ Սակայն ճաշելուց հետո ես ու Բենը նորից նստեցինք հատակին ու մեջքներս հենեցինք պատին։ Այս անգամ Ջիմին էլ միացավ մեզ։

Ապա փորձեք ամբողջ օրերով պարապ նստել ու բացարձակապես ոչինչ չանել։ Սկզբում մի տեսակ քեզ վատ ես զգում, հետո սկսում ես տառապել, իսկ վերջում ուղղակի դառնում է անտանելի։

Չգիտեմ, թե նրանք ինչ էին անում, իսկ ես հիշում էի մաթեմատիկական բարդ խնդիրներն ու փորձում էի դրանք լուծել։ Ես մտքումս շախմատ էի խաղում անընդհատ, սակայն ոչ մի անգամ չէի կարողանում տասներկու քայլից ավելի պահել հիշողությանս մեջ։ Խորասուզվել էի մանկությանս մեջ եւ ջանում էի հաջորդաբար վերհիշել այն ամենը, ինչ արել կամ զգացել էի մի ժամանակ։ Ժամանակը սպանելու համար թափանցում էի երեւակայության ամենատարօրինակ թավուտները։

Ես նույնիսկ բանաստեղծություններ էի հորինում, եւ, անկեղծ ասած, դրանք ավելի լավն էին, քան Ջիմիի գրածները։

Ինձ թվում է, Սիրունիկը ինչ֊որ բան գլխի էր ընկնում։ Նա տեսնում էր, որ մենք դիտավորյալ ենք այդպես վարվում, բայց այժմ արդեն զայրույթը, որ կարող են գոյություն ունենալ այսպիսի անբաններ, հաղթեց ռոբոտի սառը դատողությանը։

Սիրունիկը աղաչում էր մեզ, շողոքորթում էր, խրատում, գրեթե հինգ օր կոկորդ էր պատռում։ Նա փորձում էր ամաչեցնել մեզ։ Ասում էր, որ մենք ոչ մի բանի պետք չենք, ստոր ու անպատասխանատու մարդիկ ենք։ Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ նա գիտի որոշ մակդիրներ ու թունդ բառեր։

Նա աշխատում էր ոգու առույգություն հաղորդել մեզ։ Իր սիրո մասին խոսում էր այնպիսի արձակ բանաստեղծություններով, որ մեր Ջիմիի պոեզիան լրիվ խամրեց դրանց կողքին։

Նա մեզ հիշեցնում էր, որ մենք մարդ ենք, ու աշխատում էր մեր ինքնասիրությանը կպչել։

Նա սպառնում էր մեզ դուրս նետել նավից։

Իսկ մենք շարունակում էինք նստած մնալ։

Ու ոչինչ չէինք անում։

Ամենից հաճախ մենք նույնիսկ չէինք էլ պատասխանում։ Մենք չէինք էլ փորձում պաշտպանվել։ Երբեմն համաձայնվում էինք նար բոլոր ասածների հետ, եւ դա, ըստ իս, էլ ավելի էր գազազեցնում նրան։

Նա դարձավ սառն ու զուսպ։ Չէր նեղանում։ Չէր զայրանում։ Ուղղակի սառնարյունություն էր դրսեւորում։

Վերջիվերջո դադարեց խոսել մեզ հետ։

Հիմա մեր վիճակը վատացավ։ Մենք վախենում էինք մի բառ անգամ փոխանակելուց եւ չէինք կարող որոշել, թե հիմա ինչ անենք։

Մենք ստիպված էինք դարձյալ ոչինչ չանել։ Ստիպված էինք, որովհետեւ դա մեզ կզրկեր այն առավելություններից, որոնք արդեն ձեռք էինք բերել։

Օրերը անցնում էին միօրինակ, ու ոչինչ չէր պատահում։ Սիրունիկը չէր խոսում մեզ հետ։ Նա կերակրում էր մեզ, լվանում էր ափսեները, լավնում էր հագուստներս, հավաքում անկողիններս։ Նա առաջվա պես հոգ էր տանում մեր մասին, բայց ամեն ինչ անում էր անխոս։

Հասկանալի է, որ նա զայրանում էր։

Իմ գլխով խելահեղ մտքեր էին անցնում։

Միգուցե Սիրունիը կի՞ն է։ Միգուցե մտածող այս վիթխարի մեքենան գործում է կանացի՞ ուղեղով։ Չէ՞ որ մեզնից ոչ մեկը կարգին չգիտեր Սիրունիկի կառուցվածքը։

Դա երեւի կլինի պառաված օրիորդի ուղեղ, կյանքից այնքան հիասթափված, վիթավորված ու միայնակ օրիորդի, որը հաճույքով կկառչեր ամեն մի ավանտյուրայից, նույնիսկ ինքն իրեն վտանգելով, քանզի տարեցտարի կյանքը նրա համար կկորցներ իմաստը։

Ես ստեղծեցի պառաված օրիորդի մի պատկառելի կերպար եւ նույնիսկ մտածեցի կատվի, դեղձանիկի ու վարձով տրվող կահավորված սենյակի մասին, որտեղ նա կապրեր։

Ես պատկերացնում էի նրա միայնակ զբոսանքը երեկոյան, աննպատակ շատախոսությունը, փոքրիկ, երեւակայածին հաղթանակներն ու ցանկությունները։

Ու ես խղճացի այդ պառաված օրիորդին։

Ֆանտաստիկա՞ է։ Իհարկե։ Բայց դա օգնում էր ժամանակը սպանելուն։

Սակայն կար նաեւ մի ուրիշ միտք, որը հանգիստ չէր տալիս ինձ։ Սիրունիկը, արդեն պարտված լինելով, մեզ տանում է դեպի Երկիր, սակայն, ինչպես սովորական մի կին, չի ուզում դա խոստովանել, որ մենք չմխիթարվենք եւ չգոհանանք այն գիտակցությունից, որ հաղթեցինք եւ հիմա էլ տուն ենք սլանում։

Նորից ու նորից ինքս ինձ ասում էի, որ դա հնարավոր բան չէ, որ իր այս օյիններից հետո Սիրունիկը չի համարձակվի վերադառնալ Երկիր։ Նրան կդարձնեն մետաղաջարդոն։

Սակայն այդ միտքը չէր լքում ինձ, ու ես հանգիստ չունեի։ Զգում էի, որ սխալվում եմ, բայց ինքս ինձ չէի կարողանում համոզել, ու սկսեցի նայել ժամանակաչափին։ Անընդհատ ինքս ինձ ասում էի․ «Մի ժամով էլ մոտեցանք տանը, էլի մի ժամով։ Համարյա հասել ենք»։

Ինչ էլ որ ասեի ինքս ինձ, ինչպես էլ որ վիճեի ինքս ինձ հետ, ավելի ու ավելի շատ էի հակվում այն մտքին, որ մենք շարժվում ենք Երկրի ուղղությամբ։

Ահա ինչու չզարմացա, երբ Սիրունիկը վերջապես ցած իջավ։ Ես համակ երախտագիտություն էի եւ թեթեւացած շունչ քաշեցի։ Մենք նայեցինք իրար, ու ընկերներիս աչքերում ես տեսա տարակուսանք եւ հույս։ Բնականաբար, մեզանից ոչ մեկը չէր կարող հարց տալ։ Մի բառը կարող էր ի չիք դարձնել մեր հաղթանակը։ Միայն մի բան կարող էինք անել՝ լուռ նստել ու սպասել, թե ինչ է լինելու հետո։ Դռնակը սկսվեց բացվել, ու ես Երկրի հոտն առա։ Էլ չսպասեցի, որ դուռը լրիվ բացվի, վազելով խցկվեցի դռան արանքը ու ճարպկորեն դուրս թռա։ Շրմփալով գետնին այնպես ուժեղ, որ քիչ մնաց շունչս փչեի, հազիվհազ ոտքի կանգնեցի ու միանգամից սկսեցի փախչել։ Ես չէի ուզում վտանգի դիմել։ Մտածում էի, քանի դեռ Սիրունիկը միտքը չի փոխել, որքան հնարավոր է հեռու փախչեմ։

Մի անգամ ոտքս սայթաքեց ու քիչ մնաց ընկնեի, իսկ Բենն ու Ջիմին կողքովս սլացան քամու պես։ Ուրեմն ես չէի սխալվել։ Նրանք էլ էին զգացել Երկրի բույրը։

Գիշեր էր, բայց երկնքում փայլում էր մի այնպիսի մեծ լուսին, որ ցերեկվա պես լույս էր։ Ձախից, ավազոտ ափի լայն շերտի ետեւում, ծփում էր ծովը, աջից երեւում էր բլուրների շարքը, առջեւում սեւին էր տալիս անտառը, որը մեզնից բաժանված էր ծովը թափվող գետով։

Մենք վազեցինք անտառի կողմը․ եթե հասցնեինք թաքնվել ծառերի մեջ, ապա Սիրունիկի համար հեշտ չի լինի մեզ այնտեղից հանելը։

Թաքուն ես նայելով՝ ես լուսնի լույսի տակ տեսա, որ նա չի շարժվում տեղից։

Մենք հասանք անտառ ու փռվեցինք գետնին, որ շունչներս տեղը բերենք։ Շատ երկար ճանապարհ էինք վազել եւ այն էլ այդքան արագ․ մի քանի շաբաթ շարունակ նստելուց հետո մարդը չի կարող շատ վազել։

Ես պառկել էի փորիս վրա, լայն տարածել էի ձեռքերս ու ամբողջ կրծքով շնչում էի հողի հրաշալի բույրը․ խաշամի, խոտի բույրը, իսկ հանդարտ ծովից եկող զեփյուռն աղահամ էր։

Մի քիչ հետո շրջվեցի մեջքիս վրա ու նայեցի ծառերին։ Դրանք տարօրինակ էին։ Երկրում այդպիսի ծառեր չկան։ Իսկ երբ դուրս եկա բացատ եւ նայեցի երկնքին, տեսա, որ աստղերն էլ ուրիշ տեսակ են։

Ես միանգամից չընկալեցի տեսածս, չէ որ համոզված էի, թե գտնվում եմ Երկրի վրա, եւ իմ ուղեղը ըմբոստանում էր ամեն մի այլ մտքի դեմ։

Բայց վերջիվերջո սարսուռը պատեց մարմինս, ու ես սոսկումով գիտակցեցի, թե որտեղ եմ գտնվում։

— Ջենտլմեններ, — ասացի ես,— նորություն ունեմ ձեզ համար։ Այս մոլորակը բոլորովին էլ Երկիրը չէ։

— Այն բուրում է Երկրի պես,— առարկեց Բենը,— ու տեսքով էլ է Երկրի նման։

— Ու մեր զգացողություններն էլ են նման երկրային զգացողություններին,— ասաց Ճիմին։— Զգացողությունն ու օդը…

— Նայե՛ք աստղերին։ Նայե՛ք ծառերին։

Նրանք երկար էին նայում։ Երեւի ինձ նման նրանք էլ էին կարծում, որ Սիրունիկը տան ճանապարհն էր բռնել։ Կամ, գուցե, պարզապես ուզում էին դրան հավատալ։ Եվ, ինչպես ինձ հետ եղավ, իրականը միանգամից չկարողացավ ժխտել ցանկալին։

— Դու ճիշտ ես։

— Հիմա ի՞նչ պիտի անենք,— հարցրեց Ջիմին։

Մենք կանգնել ու մտածում էինք, թե ինչ անենք։

Ըստ էության, որոշելու բան չկար, գործեց հասարակ ռեֆլեքսը, որը պայմանավորված էր Երկրի վրա կյանքի միլիոնավոր տարիներով եւ որին չէին կարող դիմակայել այն մի քանի հարյուր տարիները, երբ մենք սկսեցինք հաշտվել այլ աշխարհների գոյության մտքի հետ։

Մենք, ասես հրամանով, միանգամից սուրացինք։

— Սիրունի՜կ,— գոռում էինք,— Սիրունի՜կ, սպասիր մեզ։

Բայց Սիրունիկը չսպասեց։ Նա վեր թռավ մոտավորապես մի հազար ոտնաչափ եւ կախված մնաց օդում։ Մենք քարացանք տեղներումս եւ նայում էինք վերեւ, չհավատալով սեփական աչքներիս։ Սիրունիկը իջավ, նորից վեր սուրաց, կանգ առավ եւ սկսեց սավառնել օդում։ Հետո դողդողաց եւ դանդաղ ցած իջավ։

Մենք վազեցինք․ նա վեր խոյացավ եւ նորից իջավ, հետո նորից վեր խոյացավ, մի անգամ էլ ընկավ ու, զարկվելով գետնին, ցատկոտեց տեղում։ Նա նման էր խելագարված կենգուրուի։ Իրեն այնպես էր պահում, ասես ուզում էր փախչել, բայց ինչ֊որ բան բաց չէր թողնում, ասես նրան պահում էր գետնին ամրացված առաձգական կաբելը։

Վերջապես Սիրունիկը խաղաղվեց մեր վայրէջքի տեղից մի հարյուր յարդ հեռու։ Նա ոչ մի ձայն չէր հանում, բայց ինձ թվում էր, որ շնչում է ծանր՝ հոգնած քերծեի պես։

Այնտեղ, ուր սկզբում իջավ Սիրունիկը, մի կույտ առարկաներ էին ընկած, բայց մենք վազելով անցանք դրանց մոտով, նետվեցինք դեպի ռոբոտը ու սկսեցինք ծեծել նրա մետաղի կողերը։

— Բացվի՛ր,— ճչացինք,— մենք ուզում ենք ետ գանք։

Սիրունիկը վեր ցատկեց։ Նա օդ բարձրացավ մի հարյուր ոտնաչափ, հետո նորից գետնին շրմփաց մեզանից մի երեսուն ոտնաչափ այն կողմ։

Մենք հեռու փախանք նրանից։ Նա կարող էր նույն հաջողությամբ շրմփալ մեր գլխին։

Մենք ուշադիր հետեւում էինք նրան, բայց նա տեղից չէր շարժվում։

— Սիրունի՜կ, — գոռացի ես։

Նա չպատասխանեց։

— Նա ցնդել է,— ասաց Ջիմին։

— Դա մի օր պետք է պատահեր,— ասաց Բենը։— Վաղ թե ուշ պիտի սարքեին մի այնպիսի մեծ ռոբոտ, որի համար նեղ կլիներ մանկական վարտիքը։

Դանդաղորեն հեռացանք Սիրունիկից՝ առանց աչքներս նրանից կտրելու։ Վախենալը չէինք վախենում, բայց դե չէինք էլ վստահանում։

Մենք ետ֊ետ եկանք մինչեւ առարկաների կույտը, որ Սիրունիկը հանել եւ դասավորել էր, ու տեսանք, որ դա պարենամթերքի մի ամբողջ բուրգ է՝ խնամքով դասավորված արկղերով։ Իսկ բուրգի կողքին գրված էր՛

Իսկ հիմա, գրողը ձեզ տանի, աշխատե՛ք։

— Նա, երեւի, մեր անօգտակարությունը սրտին շատ մոտ է ընդունել,— ասաց Բենը։

— Նա իսկապես ուզում էր մեզ թողնել անբնակ մոլորակի վրա,— գրեթե անհոդաբաշխ արտաբերեց Ջիմին։

Բենը ձեռքը մեկնեց եւ ցնցեց նրա ուսը, որ մի քիչ սրտապնդի։

— Եթե մենք ներս չմտնենք, — ասացի ես, — ու չստիպենք նրան գործել, ապա դա նույնն է, թե նա մեզ լքել է ու հեռացել։

— Բայց ի՞նչը նրան ստիպեց այդպես վարվել մեզ հետ,— հեծեծաց Ջիմին։— Ռոբոտները չպետք է…

— Ես գիտեմ,— ընդհատեց նրան Բենը։— Ռոբոտները իրավունք չունեն մարդկանց վնաս պատճառելու։ Եվ Սիրունիկն էլ մեզ ոչ մի վնաս չի պատճառել։ Նա մեզ չի լքել։ Մենք ինքներս փախանք նրանից։

— Դա արդեն կեղծ փաստաբանություն է,— առարկեցի ես։ — Սիրունիկն էլ հենց ստեղծվել է դրա համար,— ասաց Բենը։— Դժբախտությունը հենց այն է, որ նրան սարքել են մարդուն շատ նման։ Նրան, երեւի, լիքը լցրել են օրենքների, գրականության, ֆիզիկայի ու մնացած ամեն ինչի մասին գիտելիքներով։

— Այդ դեպքում նա ինչո՞ւ չի թռչում։ Եթե կարող է չմեղանչել իր խղճի դեմ, ինչո՞ւ մինչեւ հիմա այստեղ է։

Բենը տարուբերեց գլուխը։

— Չգիտեմ։

— Թվում է, որ նա փորձեց թռչել, բայց չկարողացավ։ Կարծես ինչ֊որ բան ձգում, ստիպում էր նրան ետ դառնալ։

— Դա ճիշտ միտք է,— ասաց Բենը։— Պետք է ենթադրել, որ նա չի կարող թռչել, քանի դեռ մենք չենք չքվել նրա աչքից։ Մենք տնտղեցինք այն մթերքները, որ Սիրունիկը թողել էր մեզ համար։ Նա լավ էր հոգացել մեր մասին եւ ոչ միայն ոչինչ չէր մոռացել, այլեւ նույնիսկ մանրամասն ցուցումներ եւ խորհուրդներ էր գրել արկղերից մեծ մասի վրա։

Մեծ պլակատի կողքին առանձին դրված էին երկու արկղ։ Մեկի վրա գրված էր՝ «Գործիքներ», եւ կափարիչը ամուր մեխված էր, որ չարչարվենք բացելիս։ Մյուս արկղի վրա գրված էր՝ «Զենք», իսկ մի քիչ ներքեւ՝ «Բացել անմիջապես եւ միշտ ունենալ ձեռքի տակ»։

Մենք բացեցինք երկու արկղն էլ։ Այնտեղ գտանք նորագույն հրեշավոր զենք՝ ունիվերսալ ավտոմատի պես մի բան, որը կրակում էր ամեն ինչով՝ գնդակից սկսած եւ վերջացրած ամենատարբեր զրահահար լիցքերով։ Այդ ավտոմատը կարող էր արձակել կրակ, գազ, թթու, թունավոր նետեր, նռնակ եւ տարբեր պարկուճներ։ Այդ ավտոմատները շատ ծանր էին եւ անհարմար, բայց գործում էին անխափան, եւ առանց դրանց մենք ասես առանց ձեռք կլինեինք այս անծանոթ մոլորակում, որտեղ ամեն քայլափոխին կարող էին լինել հազարումի վտանգներ։

Հետո մենք մոտեցանք բուրգին եւ սկսեցինք տեսակավորել նրա պարունակությունը։ Այնտեղ կային սպիտակուցներով եւ ածխաջրերով լի արկղեր։ Վիտամիններով ու աղերով լի տուփեր։ Հագուստ եւ վրան, լապտերներ ու ամանեղեն։ Մի խոսքով, այն ամենը, ինչ պահանջվում է թանկ նստող տուրիստական արշավի համար։

Սիրունիկը ոչ մի բան չէր մոռացել։

— Նա ամեն ինչ հաշվի է առել,— դառնությամբ ասաց Բենը։ — Ահագին ժամանակ է ծախսել այս կույտը սարքելու վրա։ Ստիպված է եղել սինթեզել յուրաքանչյուր առարկան։ Հետո նա արդեն մտածել է գտնել մի այնպիսի մոլորակ, որտեղ մարդը կարող է ապրել։ Ու դա էլ հեշտ գործ չի եղել։

— Նա շա՜տ ավելի է չարչարվել, քան դու մտածում ես,— ավելացրի ես։— Ո՛չ միայն այնպիսի մոլորակ, որտեղ մարդը կարող է ապրել, այլ այնպիսի մի մոլորակ, որն ունենա Երկրի բույրերը եւ արտաքուստ չտարբերվի Երկրից։ Որպեսզի մենք ուզենանք ինքներս դուրս փախչել։ Եթե մենք ինքներս չփախչենինք, նա ինքը չէր կարողանա մեզ հարկադրել դուրս գալ նավից։ Այդպիսին է նրա գիտակցությունը, եւ…

Բենը կատաղությունից թքեց։

— Մեզ վայր են իջեցրել,— ասաց նա։ — Իջեցրել է սիրուց տոչորվող ռոբոտը։

— Թերեւս՝ ո՛չ այնքան ռոբոտը։

Ես ընկերներիս պատմեցի երեւակայությանս մեջ ծնունդ առած պառաված օրիորդի մասին, նրանք հռհռացին վրաս, ու բոլորս մի քիչ թեթեւացանք։

Սակայն Բենը խոստովանեց, որ իմ ենթադրությունը այնքան էլ զառանցանք չէ։ Սիրունիկը ստեղծել են երկարուձիգ քսան տարիների ընթացքում, եւ ինչ ասես որ չեն մտցրել նրա գլուխը։

Լույսը բացվեց, ու նոր միայն մենք տեսանք մեր շրջակայքը։ Այս վայրն այնքան հաճելի էր, որ ավելին հնարավոր չէր ցանկանալ։ Բայց մենք հիացած չէինք։

Ծովը կապույտ էր եւ քեզ համակում էր կապուտաչյա աղջկա մասին մտքերով։ Սպիտակ եւ հարթ լողափը ձգվում էր դեպի հեռուն։ Լողափից հետո սկսվում էր բլուրների շարքը, իսկ հորիզոնում երեւում էին ձյունապատ լեռները։ Արեւմուտքում՝ անտառ էր։

Ես ու Ջիմին իջանք ափ, որ ցախ հավաքենք խարույկի համար, իսկ Բենը մնաց, որ նախաճաշ պատրաստի։

Մի֊մի գրկաչափ ցախ հավաքելով՝ մենք ետ դարձանք, երբ հանկարծ ինչ֊որ հրեշ անցավ բլրի վրայով եւ նետվեց դեպի մեր ճամբարը։ Աղոտ փայլատակելով արեւի ճառագայթների տակ, նա կլիներ ռնգեղջյուրի չափ եւ նման էր բզեզի։ Հրեշը ոչ մի ձայն չէր հանում, սակայն շատ արագ էր շարժվում, եւ նրան կանգնեցնելը բնավ էլ հեշտ չէր լինի։

Իսկ մենք, իհարկե, զենք չէինք վերցրել հետներս։

Ես գրկիցս թափեցի ցախը, ձայն տվի Բենին ու վազեցի բլուրն ի վեր։ Բենն արդեն տեսել էր սուրացող հրեշին եւ իսկույն զենք վերցրեց։ Գազանը սլանում էր ուղիղ դեպի Բենը։ Սա բարձրացրեց ավտոմատը։ Հուհրաց կրակը, թնդաց պայթյունը, եւ մի ակնթարթ ամեն ինչ պարուրվեց ծխով ու փոշիով, լսվում էր միայն թռչող բեկորների ոռնոցը։

Ես ասես կինոնկար էի դիտում, ու հանկարծ պատկերն անհետացավ, իսկ հետո նորից հայտնվեց։ Մի ինչ֊որ պահ միայն կրակը երեւաց, հետո գազանը սուրալով անցավ Բենի կողքով ու սլացավ բլուրն ի վար դեպի լողափ, ուղիղ իմ ու Ջիմիի վրա։

— Ցրվե՜լ,— հրամայեցի ես Ջիմիին, ու միայն հետո մտածեցի, թե որքան անհեթեթ էր դա հնչում․ չէ որ մենք ընդամենը երկու հոգի էինք։

Բայց այդ վայրկյանին ես հեռու էի իմաստաբանական նրբություններից։ Համենայն դեպս, Ջիմին հասկացավ ինձ։ Նա ծովափի երկայնքով վազեց մի կողմ, ես՝ մյուս կողմ, ու հրեշը մի պահ արգելակեց վազքը, հավանաբար որպեսզի որոշի, թե մեզանից որ մեկի ետեւից վազի։

Եվ, իմացած եղեք, վազեց իմ ետեւից…

Ես մտածում էի, որ վերջս եկավ։ Ծովափը չափազանց հարթ էր, ոչ մի թեքնվելու տեղ չկար, ու գիտեի, որ պրծում չունեմ ինձ հետապնդողից։ Կարելի էր մի երկու անգամ խաբս տալ, բայց հրեշը շատ հեշտությամբ էր աջուձախ դառնում, այնպես որ պարզ էր իմ հաշիվը՝ վաղ թե ուշ սեւս կտա։

Աչքի պոչով տեսա, որ Բենը ներքեւ է վազում՝ հրեշին ընդառաջ։ Նա ինչ֊որ բան էր գոռում ինձ, բայց ես բառերը չէի հասկանում։

Հանկարծ օդը ցնցվեց եւս մեկ պայթյունից, ու ես իսկույն ետ նայեցի։

Բենը վազում էր լանջով, իսկ գազանը հետապնդում էր նրան։ Ես կտրուկ ես դարձա եւ ինչքան ուժ ունեի վազեցի դեպի ճամբար։ Շուտով տեսա, որ Ջիմին գրեթե հասել է ճամբար, ու էլ ավելի արագացրի վազքս։ Ինձ թվում էր, որ եթե մենք երեք ավտոմատ ունենանք, ապա կհաղթենք հրեշին։

Բենը ուղիղ սլանում էր դեպի Սիրունիկը, մտածելով, երեւի, որ կթաքնվի նրա զանգվածի ետեւում եւ կազատվի հրեշից։ Ես տեսնում էի, որ նա արդեն ուժասպառ է լինու։ Ջիմին հասավ ճամբար ու մի զենք վերցրեց։ Նա կրակեց, նույնիսկ ավտոմատը ուսին չհենելով, եւ վազող գազանի կողերը թրջվեցին ինչ֊որ հեղուկով։

Ես փորձեցի ձայն տալ Ջիմիին, բայց օդը ինձ չէր բավականացնում։ Այդ հիմարը կրակում էր քնաբեր պատիճներով, որոնք բնավ չէին ազդում հաստակաշի գազանի վրա։

Սիրունիկից մի երկու քայլ հեռավորության վրա Բենը սայթաքեց։ Ավտոմատը թռավ նրա ձեռքից։ Բենը վայր ընկավ, հետո վեր կացավ եւ սողաց, ջանալով թաքնվել Սիրունիկի ետեւում։ Ռնգեղջյուրատիպ հրեշը կատաղած առաջ նտվեց։

Եվ հենց այստեղ էլ տեղի ունեցավ… մի ակնթարթում, շատ ավելի արագ, քան ես պատմում եմ այդ մասին։

Սիրունիկից դուրս եկավ մի ձեռք՝ երկար, ճկուն մի շոշափուկ, որը օձի պես իջավ վերեւից։ Նետվելով դեպի գազանը՝ ձեռքը բռնեց նրան ու պոկեց գետնից։

Ես քարացա տեղումս։ Ինձ թվաց, որ այն ակնթարթը, երբ գազանին վեր բարձրացրին, տեւեց րոպեներ, ուղեղս տենդագին աշխատում էր, ճգնելով հասկանալ, թե դա ինչ բան էր։ Ամենից առաջ նկատեցի, որ հրեշը ոտքերի փոխարեն անիվներ ունի։

Աղոտ փայլատակող կաշին կարող էր միայն մետաղյա լինել․ ես տեսնում էի կրակոցների առաջացրած փոսերը։ Կաշվի վրա երեւում էին թաց տեղեր, դրանք այն քնաբեր պատիճների տեղերն էին, որոնցով կրակում էր Ջիմին։

Սիրունիկը գետնից շատ վեր բարձրացրեց հրեշին եւ այնպես ուժգին պտտեցրեց նրան, որ միայն կայծկլտուն շրջան էր երեւում։ Հետո ցած իջեցրեց հրեշին, եւ նա սլացավ ծովի վրայով։ Աղեղ գծելով եւ անճոռնի գլուխկոնծի տալով՝ հրեշը շրմփաց ծովի մեջ։ Նրա ընկած տեղից մի հսկայական շատրվան խփեց։ Բենը վեր կացավ եւ զենքը վերցրեց։ Մոտեցավ Ջիմին, ու մենք գնացինք Սիրունիկի մոտ։ Երեքս էլ կանգնել ու նայում էինք ծովին, որի մեջ սուզվել էր հրեշը։

Վերջապես Բենը շրջվեց եւ ավտոմատի փողով դիպավ Սիրունիկի կողին։

— Անչափ շնորհակալություն,— ասաց նա։

Սիրունիկը դուրս հանեց մյուս շոշափուկը։ Դա ավելի կարճ էր եւ ձայրին «դեմք» ուներ։ Այստեղ ամեն ինչ կար՝ եւ ոսպնյակ աչքեր, եւ լսողության ապարատ, եւ բարձրախոս։

— Աչքիցս չքվիր, — ասաց Սիրունիկը։

— Ի՞նչ պատահեց քեզ,— հարցրի ես։

— Տղամարդկա՜նց նայեք,— արհամարանքով նետեց նա ու ներս քաշեց «դեմքը»։

Մենք էլի մի քանի անգամ ծեծեցինք նրա կողը բայց պատասխան չստացանք։ Սիրունիկը նեղացած էր։

Ես ու Ջիմին նորից գնացինք փայտ հավաքելու։ Հենց նոր էինք հավաքել մեր թափած ցախը, երբ լսեցինք ճամբարում մնացած Բենի գոռոցը, ու իսկույն ետ շրջվեցինք։ Մեր սիրելի ռնգեղջյուրը դուրս էր գալիս ջրից։

Իսկույն ձեռքներիցս ցած գցեցինք ցախն ու վազեցինք ճամբար, բայց դե շտապելու հարկ չկար։ Հրեշը չէր ուզում նորից ծեծ ուտել։ Նա մեծ կեռման կատարեց դեպի արեւելք, որ շրջանցի մեզ, եւ սլացավ դեպի բլուր։

Մենք նախաճաշ պատրաստեցինք ու կերանք, զենքը ցած չդնելով ձեռքներիցս, որտեղ կա մեկ գազան, այնտեղ անպայման կլինեն նաեւ ուրիշները։ Վտանգի ենթարկվելն իմաստ չուներ։

Սկսեցինք խոսել մեր հյուրի մասին։ Քանի որ նրան ինչ֊որ կերպ պետք էր կոչել, մենք նրան կոչեցինք Էլմեր անունով։ Դա արեցինք առանց որեւէ պատճառի, հենց այնպես, հարմարության համար։

— Դուք անիվները տեսա՞ք,— հարցրեց Բենը, եւ մենք պատասխանեցինք՝ տեսանք։ Բենը թեթեւացած շունչ քաշեց։ — Ինձ թվաց, թե աչքիս է երեւացել,— բացատրեց նա։

Սակայն անիվների հարցում ոչ մի կասկած չէր կարող լինել։ Բոլորս նկատել էինք այդ անիվները, եւ դա հաստատում էին ավազի վրա հստակորեն դրոշմված նրա հետքերը։

Սակայն մենք դժվարանում էինք ասել, թե ինչ է իրենից ներկայացնում Էլմերը։ Եթե դատենք ըստ անիվների, ապա դա մեքենա էր, բայց ուներ մեքենային ոչ հատուկ հատկանիշներ․ օրինակ՝ կենդանի արարածի պես որոշեց, թե մեզանից որի ետեւից վազի։ Նա կատաղորեն հարձակվեց վայր ընկած Բենի վրա եւ զգուշություն հանդես բերեց՝ շրջանցելով մեզ, երբ դուրս եկավ ծովից։

Բայց այս ամենի հետ նա ուներ անիվներ եւ ակնհայտորեն մետաղյա կաշի, որի վրա փոսեր ու խազեր առաջացան պայթյուններից, որոնք բզիկ֊բզիկ կանեին աշխարհիս ամենախոշոր ու ամենաամեհի գազանին։

— Նա եւ կենդանում է նման, եւ մեքենայի,— ենթադրեց Բենը։— Հիմնականում դա մեքենա է, սակայն կենդանի որոշ հատկանիշներով, քո պառաված օրիորդի պես մի բան, որ հնարեցիր Սիրունիկի վարմունքը բացատրելու համար։

Հասկանալի է, որ կարող էր եւ այդպես լինել։ Ի՜նչ ասես կարելի էր ենթադրել։

— Գուցե, դա սիլիկատային էա՞կ է, — իսկույն առաջարկեց Ջիմին։

— Սիլիկատային չէ,— համոզված ասաց Բենը։ — Մետաղական է։ Սիլիկատային կյանքի ցանկացածդ տեսակը իսկույն փոշի է դառնում, երբ կրակում ես վրան։ Այդպիսի կյանքի մի տեսակ շատ տարիներ առաջ հայտնաբերվել է Տեմլե 5֊ում։

— Չէ, դա հիմնականում կենդանի էակ չէ,— ասացի ես,— կենդանի արարածը չի կարող անիվներ ունենալ։ Անիվները, բացառությամբ առանձին դեպքերի, սովորաբար ծույլերն են հնարում տեղից տեղ շարջվելու համար։ Էլմերը, ինչպես ասաց Բենը, կարող էր լինել միայն ու միայն մեքենայի եւ կենդանի էակի հատուկ համակցություն։

— Ուրեմն, այստեղ բանական էակներ կան,— ասաց Բենը։

Մենք նստել էինք խարույկի շուրջը՝ ցնցված այդ մտքից։ Որոնումների բազում տարիների ընթացքում գտնվել են սոսկ մի բուռ բանական էակներ, բայց նրանց զարգացման մակարդակն ընդհանուր առմամբ այնքան էլ բարձր չէ։ Նրանց մեջ չկան այնպիսի բանականությամբ օժտված էակներ, որոնք կարողանային ստեղծել Էլմերին ինչ֊որ չափով նման մի բան։

Տիեզերքի ուսումնասիրված մասում մինչեւ այժմ ոչ ոք չի գերազանցել մարդուն։ Ոչ ոք իր բանականությամբ չի կարող համեմատվել մեզ հետ։

Իսկ հիմա միանգամայն պատահաբար մենք ընկանք մի մոլորակ, որտեղ տեսանք մարդկային բանականությանը հավասար բանականության գոյության հատկանիշներ, բանականություն, որը, թերեւս, նույնիսկ… գերազանցում է մարդկայինին։

— Ինձ մի բան է անհանգստացնում,— ասաց Բենը։— Ինչո՞ւ Սիրունիկը չստուգեց այս տեղը, նախքան վայրէջք կատարելը։ Միգուցե նա ուզում էր մեզ թողնել այստեղ եւ հեռանա՞լ։ Բայց այնուամենայնիվ ստիպված էր ենթարկվել այն օրենքին, ըստ որի ռոբոտն իրավունք չունի վնաս պատճառել մարդուն։ Իսկ եթե նա հետեւում է այդ օրենքին, ապա մինչեւ մեզ լքելը ստիպված է, ուզած֊չուզած, համոզվել, որ այստեղ մեզ ոչ մի վտանգ չի սպառնում։

— Միգուցե նա խելքը թռցրե՞լ է,— ենթադրեց Ջիմին։

— Ոչ մի դեպքում,— առարկեց Բենը,— նրա ուղեղն աշխատում է շվեյցարական ժամացույցի պես։

— Գիտե՞ք ինչի մասին եմ մտածում,— ասացի ես։— Մտածում եմ, որ Սիրունիկը էվոլյուցիա է ապրել։ Սա բոլորովին նոր տիպի ռոբոտ է։ Նրա գլխում չափազանց շատ են մարդկային բաներ մտցրել…

— Նա հենց պետք է մարդկայնացված լիներ,— նկատեց Ջիմին։— Այլապես իր առաջադրանքները գլուխ չէր բերի։

— Բանն այն է, — ասացի ես,— որ այս աստիճան մարդկանացված ռոբոտը արդեն ռոբոտ չէ։ Սա ինչ֊որ ուրիշ բան է։ Լրիվ մարդ չէ, բայց եւ ռոբոտ էլ չէ։ Ինչ֊որ միջին բան։ Կյանքի մի նոր, անհասկանալի տեսակ։ Ու մենք պետք է աչքներս չկտրենք նրանից։

— Հետաքրքիր է, նա դեռ շարունակո՞ւմ է խռով մնալ,— ասաց Բենը։

— Իհարկե, շարունակում է։

— Եկեք մի լավ դաս տանք նրան ու դուրս բերենք այդ վիճակից։

— Հանգիստ թողեք նրան, — բարկացած հրամայեցի ես,— մենք մի բան պիտի անենք՝ չնկատենք նրան։ Մենք նրան շատ ենք ուշադրության արժանացնում, դրա համար էլ կամակորություն է անում։

Ու մենք հանգիստ թողեցինք Սիրունիկին։ Ուրիշ բան չէինք կարող անել։

Ես գնացի ծովափ՝ ափսեները լվանալու, բայց այս անգամ զենք վերցրի հետս։ Ջիմին անտառ գնաց աղբյուր փնտրելու։ Ջրի կես դյուժին բանկաները, որ թողել էր մեզ համար Սիրունիկը, երկար չէին հերիքի, իսկ մենք բոլորովին համոզված չէինք, որ դրանք վերջանալուց հետո նա նորից ջուր կտար մեզ։

Ի միջի այլոց, Սիրունիկը լրիվ չէր մոռացել մեզ, լրիվ դուրս չէր հանել իր կյանքից։ Նա մի լավ դնգսեց Էլմերին, երբ սա հարձակվեց մեզ վրա։ Ինձ շատ էր մխիթարում այն միտքը, որ նա մեզ պաշտպանեց ծանր պահին։ Ուրեմն, դեռ հույս կա, որ մենք ի վերջո կհաշտվենք։

Ես պպզել էի ջրի եզրին ու ափսեներն էի լվանում, մտածելով, թե ինչը պետք է վերակառուցել, եթե բոլոր ռոբոտները երբեւիցե դառնան այնպիսին, ինչպիսին է Սիրունիկը։ Ես արդեն տեսնում էի ռոբոտների իրավունքների դեկլարացիայի հայտնվելը, նրանց համար նախատեսված հատուկ օրենքները, ռոբոտների ներկայացուցիչներին կոնգրեսում, եւ այդպես շարունակելով մտածել, բոլորովին խճճվեցի։

Ճամբարում Բենը վրան էր սարքում, ու ես սկսեցի օգնել նրան։

— Գիտես, — ասաց Բենը,— ինչքան շատ եմ մտածում, այնքան ավելի եմ համոզվում, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, թե Սիրունիկը մեզ չի լքի այստեղ, քանի դեռ նրա աչքի առաջ ենք։ Պարզ տրամաբանություն է․ նա չի կարող թռչել, որովհետեւ մենք կանգնած ենք նրա աչքի առաջ ու հիշեցնում ենք պատասխանատվության մասին։

— Դու ուզում ես ասել, որ մեզնից մեկնումեկը միշտ պիտի լինի նրա մոտակայքո՞ւմ,— հարցրի ես։

— Հենց այդպես։

Ես չվիճեցի նրա հետ։ Ի՜նչ օգուտ վիճելուց, հավատալուց կամ չհավատալուց։ Մեր վիճակն այնպիսին չէ, որ մեզ կարողանանք թույլ տալ հիմար սխալներ գործել։

Երբ վրանը արդեն պատրաստ էր, Բենն ասաց ինձ․

— Եթե դու չես առարկում, ես ուզում եմ գնալ բլուրների կողմը։

— Զգուշացիր Էլմերից,— ասացի նրան։

— Նա չի համարձակվի անհանգստացնել մեզ։ Սիրունիկը նրա հախից լավ եկավ։

Բենը վերցրեց զենքն ու գնաց։

Ես սկսեցի կարգի բերել ճամբարը։ Չորսբոլորը լուռ էր ու խաղաղ։ Ծովափը փայլփլում էր արեւի տակ, ծովը հանդարտ էր ու դյութիչ։ Երկնքում սավառնում էին թռչունները, սակայն ուրիշ արարածների հետքեր չէին երեւում։ Սիրունիկը շարունակում էր խռով մնալ։

Ջիմին վերադարձավ անտառից։ Նա աղբյուր էր գտել եւ մի դույլ ջուր էր բերել։ Հետո սկսեց քրքրել մթերքների կույտը։

— Ի՞նչ ես փնտրում,— հարցրի ես։

— Թուղթ ու մատիտ։ Սիրունիկը չէր կարող մոռանալ դրանք։

Ես ծիծաղեցի քթիս տակ, բայց Ջիմին իրավացի դուրս եկավ։ Անիծված լինեմ, եթե Սիրունիկը մի տուփ մատիտ եւ մի կույտ թուղթ չէր թողել նրա համար։

Ջիմին տեղավորվեց արկղերի պատի տակ եւ սկսեց գրել իր ոտանավորները։

Շուտով եկավ նաեւ Բենը։ Ես տեսա, որ նա այլայլված է, բայց իսկույն հարցեր չտվի։

— Ջիմին աղբյուր է գտել,— ասացի,— դույլը այնտեղ է։

Նա ջուր խմեց ու նույնպես նստեց արկղերի հովանու տակ։

— Ես գտա՛,— հաղթականորեն ասաց նա։

— Իսկ մի՞թե դու ինչ֊որ բան էիր փնտրում։

Նա նայեց վրաս ու ծուռ ժպտաց։

— Էլմերին սարքել է ինչ֊որ մեկը։

— Եվ դու այդպես ուղիղ գնում էիր, ոնց որ փողոցով գնայիր, ու գտա՞ր…

Բենն օրորեց գլուխը։

— Կարծում եմ, որ մենք ուշացել ենք։ Ուշացել ենք երեւի հազար տարով, եթե ոչ ավելի։ Ես գտա ավերակներ ու բազմաթիվ գերեզմանաթմբերով մի հովիտ։ Ու մի քանի քարանձավներ հովտի վերեւի կրաքարե ձորում։

Բենը վեր կացավ, մոտեցավ դույլին ու նորից խմեց։

— Ես չկարողացա շատ մոտենալ,— ասաց նա։— Էլմերն այնտեղ հսկում է։— Բենը հանեց գլխարկը եւ թեւքով սրբեց դեմքը։— Ժամապահի պես ետուառաջ է քայլում։ Որ տեսնես, թե ի՜նչ անվահետքեր է թողել այնտեղ բազում տարիներ հսկելիս։

— Այ թե ինչու նա հարձակվեց մեզ վրա,— ասացի ես։— Մենք ներխուժել ենք նրա կողմից պահպանվող տարածքը։

— Հավանաբար։

Այդ երեկո խոսեցինք ամեն ինչի մասին ու որոշեցինք, որ մենք էլ պետք է հսկողություն սահմանենք Էլմերի նկատմամբ, որպեսզի ուսումնասիրենք նրա բնավորությունը եւ հերթապահության ժամերը, եթե այդպիսիք կան։ Շատ կարեւոր էր իմանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ ավերակները, որ պահպանում է Էլմերը։

Մարդն առաջին անգամ էր հանդիպում բարձր քաղաքակրթության, բայց եկել էր չափազանց ուշ եւ, Սիրունիկի վատ տրամադրության պատճառով, եկել էր շատ վատ հանդերձավորված, որպեսզի ուսումնասիրի այն, ինչ մնացել էր այդ քաղաքակրթությունից։

Որքան շատ էի մտածում այդ մասին, այնքան շատ էի զայրանում ու, վերջապես, գնացի Սիրունիկի մոտ եւ, ինչքան ուժ ունեի, սկսեցի խփել նրա ոտքերին, որ ուշադրություն հրավիրեմ ինձ վրա։ Ոչ մի ուշադրություն։ Ես գոռում էի, իսկ նա չէր պատասխանում։ Պատմեցի նրան, թե ինչ է կատարվում այստեղ։ Ասացի, որ մենք զգում ենք իր կարիքը, չէ որ ինքը պարզապես պարտավոր է մեզ օգնել ու հենց դրա համար էլ ստեղծվել է։ Բայց նա անտարբեր էր մնում իմ գոռգոռոցին։

Ես վերադարձա ճամբար ու պառկեցի խարույկի մոտ, որտեղ նստած էին ընկերներս։

— Նա իրեն այնպես է պահում, ասես մահացել է։

Բենը խառնշտորեց կրակը, ու բոցը մի քիչ ավելի թեժացավ։

— Անպատասխան սիրուց, փշրված սրտից…— կարեկցանքով ասաց Ջիմին։

— Դե գրողի ծոցը գնա քո բանաստեղծական տերմինաբանությամբ,— բարկացա ես։— Ամբողջ օրը ման ես գալիս ոնց որ լուսնոտ։ Ամբողջ օրը քեզուքեզ խոսում ես։ Եթե չլինեին քո անիծյալ ոտանավորները…

— Լսի՛ր,— ասաց Բենը։

Խարույկի վրայից ես նայեցի նրա երեսին, որ լուսավորվել էր կրակի բոցից, ու լռեցի։ Դե ինչ, ես էլ կարող եմ սխալվել։ Ջիմին չէր կարող չգրել իր գարշելի ոտանավորները։

Առավոտյան սկսեցինք հետեւել Էլմերին, ու դա անում էինք ամեն օր։ Մեզնից մեկնումեկը բարձրանում էր բլրի գագաթը, ճամբարից մի երեք մղոն հեռավորության վրա, ու տեղավորվում այնտեղ՝ մեր միակ հեռադիտակով։ Հետո նրան փոխարինում էր մյուսը, եւ այսպես տասը օր ցերեկվա ժամերին մենք հետեւում էինք Էլմերին։

Էլմերը կանոնավոր կերպով շրջում էր հսկողության տակ գտնվող տարածությունում։ Որպես դիտակետ նա օգտագործում էր որոշ գերեզմանաթմբեր, յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ բարձրանում էր դրանց վրա։ Որքան շատ էինք հետեւում նրան, այնքան շատ էինք համոզվում, որ նա գերազանց է կատարում իր պարտականությունները։ Քանի դեռ նա այստեղ էր, ոչ ոք չէր կարող մտնել ավերված քաղաքը։

Կարծեմ, երկրորդ թե երրորդ օրը նա գլխի ընկավ, որ իրեն հետեւում են։ Մի տեսակ անհանգստացած էր։ Բարձրանալով իր դիտակետը, նա մեր կողմն ավելի շատ էր նայում, քան մյուս կողմերը։ Իսկ մի անգամ, երբ ես էի նրան հետեւում, նա, կարծես, սկսեց գրոհի պատրաստվել, բայց հենց որ ես որոշեցի հեռանալ, գազանը հանգստացավ ու անցավ իր սովորական պտույտին։

Եթե չհաշվենք Էլմերին հետեւելը, ապա մենք վատ չէինք ապրում։ Լողանում էինք ծովում, ձուկ բռնում, ամեն անգամ կյանքներս վտանգի ենթարկելով, երբ տապակում եւ ուտում էինք մի նոր տեսակի ձուկ․ բայց բախտներս բերում էր՝ թունավոր ձուկ մեզ չհանդիպեց։ Մենք ընդհանրապես ձուկ չէինք ուտի, եթե ստիպված չլինեինք խնայել մեր մթերապաշարը։ Ինչ֊որ մի ժամանակ դա վերջանալու էր, եւ ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ Սիրունիկը նորից ողորմություն կտա մեզ։ Եթե նա այդ բանը չաներ, ապա ինքներս պիտի հոգայինք մեր ուտելու մասին։

Բենը անհանգստանում էր՝ իսկ եթե այս մոլորակն ունի՞ տարվա եղանակներ։ Նա իրեն համոզեց, որ հենց այդպես էլ կա, ու գնաց անտառ, որ տեղ գտնի խրճիթ սարքելու համար։

— Հո չի կարելի ապրել վրանում, ծովի ափին, երբ որ ցրտերը վրա կտան,— ասում էր նա։

Բայց նրա տագնապը չփոխանցվեց ինձ ու Ջիմիին։ Ինչ֊որ բան հուշում էր ինձ, որ վաղ թե ուշ Սիրունիկը կդադարի զայրանալուց, եւ մենք կկարողանանք գործով զբաղվել։ Իսկ Ջիմին գլխովին ընկղմվել էր անհեթեթ մի գործի մեջ, որն ինքը անվանում էր սագայի հորինում։ Գուցե դա իսկապե՞ս սագա էր։ Սատանան գիտի։ Սագաները իմ գծով չեն։

Նա իր սագան անվանել էր «Սիրունիկի մահը» եւ էջերը իրար ետեւից լցնում էր զտարյուն հիմարությամբ։ Իբր, նա լավ մեքենա էր եւ, չնայած երկաթյա կերպարանքին, ուներ բյուրեղյա մաքրության հոգի։ Ինչ անում էր՝ թող աներ, բայց գոնե մեզ չկպչեր, թե չէ ամեն երեկո ընթրիքից հետո բարձրաձայն կարդում էր այդ տխմարությունը։

Սկզբում մի կերպ դիմանում էի, բայց մի երեկո պայթեցի։ Բենը բռնեց Ջիմիի կողմը, բայց երբ սպառնացի, որ կվերցնեմ մթերապաշարի մեկ երրորդը ու առանձին ճամբար կսարքեմ մի այնպիսի տեղ, որ չլսեմ Ջիմիի ձայնը, Բենը անձնատուր եղավ ու անցավ իմ կողմը։ Մենք երկուսով քվեարկեցինք արտասանության դեմ։ Ջիմին փորձեց ընդվզել, բայց մենք մեծամասնությունն էինք։

Այսպես ուրեմն, առաջին տասն օրը մենք հեռվից էինք հետեւում Էլմերին, բայց հետո նա, հավանաբար, սկսեց զայրանալ, որովհետեւ գիշերները լսում էինք նրա անիվների հռնդոցը, իսկ առավոտյան տեսնում էինք հետքերը։ Մենք որոշեցինք, որ նա գաղտագողի դիտում է, թե ինչ ենք անում ճամբարում, եւ մեզ պես փորձում է հասկանալ՝ թե ինչն ինչոց է։ Մեզ վրա չէր հարձակվում, մենք էլ նրան չէինք անհանգստացնում, միայն թե ավելի զգոն էինք գիշերային հերթապահությունների ժամանակ։ Նույնիսկ Ջիմին էլ էր հաջողացնում չքնել, երբ ինքն էր հերթապահում։

Ինչ֊որ տարօրինակ բաներ էին լինում․ թվում էր, թե Սիրունիկի դնգստոցից հետո Էլմերը պիտի նրանից հեռու մնար։ Սակայն առավոտները մենք նրա կողքին տեսնում էինք Էլմերի հետքերը։

Մենք որոշեցինք, որ նա այստեղ է գալիս ու թաքնվում է Սիրունիկի ետեւում, որպեսզի այդ մռայլ աժդահայի ետեւից տեսնի, թե ճամբարում ինչ է կատարվում։

Իսկ ինչ վերաբերում է ձմեռային կացարանին, ապա Բենը շարունակում էր պնդել ու գրեթե համոզել էր ինձ, որ պետք է ինչ֊որ բան ձեռնարկել։ Ու մի անգամ ես ու նա միացանք եւ շինարարական բրիգադ կազմեցինք։ Ջիմիին թողնելով ճամբարում՝ կացին, սղոց ու զենք վերցրինք եւ ճանապարհ ընկանք դեպի անտառ։

Պետք է խոստովանեմ, որ Բենը հրաշալի տեղ էր ընտրել մեր խրճիթի համար։ Աղբյուրը հենց կողքն է, զառիկող ժայռերը երեք կողմից պաշտպանում են քամուց, մոտակայքում շատ ծառեր կան, այնպես որ հեռվից փայտ բերելու կարիք չէր լինի։

Ես դեռեւս չէի հավատում, որ կարող է այստեղ ձմեռ լինել։ Միանգամայն համոզված էի, որ եթե ձմեռ էլ լինի, մենք արդեն այստեղ չենք լինի։ Բառացիորեն ամեն օր մենք կարող ենք Սիրունիկի հետ համաձայնության գալ։ Բայց Բենը անհանգստանում էր, ու ես գիտեի, որ նրա սիրտը կթեթեւանա, եթե սկսենք տուն սարքել։ Միեւնույն է, ուրիշ անելիք չունեինք էլ։ Ինքս ինձ մխիթարում էի, որ խրճիթ սարքելը շատ ավելի լավ է, քան պարապ նստելը։

Մենք զենքներս հենեցինք մի ծառի ու սկսեցինք աշխատել։ Գետին տապալեցինք մի մեծ ծառ եւ փնտրում էինք երկրորդը, երբ հանկարծ ճարճատյուն լսեցի մեր ետեւի թփուտներում։

Ձեռքիցս գցեցի սղոցը, ուղղեցի մեջքս ու շուրջս նայեցի՝ բլրի լանջով մեզ վրա էր սլանում Էլմերը։

Զենք վերցնելու համար ժամանակ չկար։ Փախչելու տեղ չկար, եւ ընդհանրապես անելանելի վիճակ էր։

Ես գոռացի, ցատկեցի ու բռնելով մի ճյուղից՝ վեր ձգվեցի։ Ու իսկույն էլ զգացի, թե ինչպես օրորվեցի քամուց, որ առաջացրեց իմ տակով սուրացող Էլմերը։

Բենը ցատկեց մի կողմ եւ, երբ Էլմերը սլացավ նրա մոտով, կացինը շպրտեց հրեշի վրա։ Եվ շատ դիպուկ շպրտեց։ Կացինը դիպավ մետաղյա կողին, ու կոթը ջարդուփշուր եղավ։

Էլմերը շրջվեց։ Բենը փորձեց գետնից վերցնել ավտոմատը, բայց չհասցրեց։ Ու կատվի պես մագլցեց ծառը։ Հասնելով առաջին իսկ հաստ ճյուղին՝ նա նստեց։

— Ո՞նց ես,— ձայն տվեց նա ինձ։

— Լավ եմ,— ասացի ես։

Էլմերը կանգնել էր մեր երկուսի ծառերի արանքում, զորեղ գլուխը թեքելով մեկ աջ, մեկ ձախ, ասես մտորելով, թե որ մեկիցս սկսի։

Ամուր կպչելով ճյուղերին՝ մենք հետեւում էինք նրան։

Նա ուզում է, մտածում էի ես, կտրել մեզ Սիրունիկից ու հետո մեր դատաստանը տեսնել։ Բայց այդ դեպքում տարօրինակ է, թե ինչո՞ւ է թաքնվում Սիրունիկի ետեւում, երբ թաքուն հետեւում է մեզ։

Վերջապես Էլմերը շրջվեց եւ գլորվեց իմ ծառի տակ։ Նշան բռնելով՝ նա իր մետաղյա ծնոտներով սկսեց կրծել ծառի բունը։ Ծառը դողում էր, տաշեղները թռչում էին չորս կողմ։ Ես է՛լ ավելի ամուր կպա ճյուղից եւ ցած նայեցի։ Էլմերը վատ փայտահատ էր, բայց դե որոշ ժամանակից այնուամենայնիվ կկրծեր ծառը։

Ես մի քիչ էլ վեր բարձրացա, որտեղ ճյուղերն ավելի շատ էին ու որտեղ կարող էի ավելի ամուր կառչել ծառից, որ ցնցումից ցած չընկնեմ։ Այստեղ բավական հարմար տեղավորվեցի ու նայեցի, թե Բենն ինչ է անում։ Քիչ մնաց կաթված ստանայի՝ նա չկար ծառի վրա։ Ես նայեցի շուրջս, հետո նորից նայեցի ծառին ու տեսա, որ նա կամաց իջնում է, թաքնվելով բնի ետեւում, ինչպես մի սկյուռ, որին ուզում են որսալ։ Շունչս պահած հետեւում էի նրան՝ պատրաստ գոռալու, եթե հանկարծ Էլմերը նկատի նրան, բայց Էլմերը շատ էր տարված իմ ծառը ծամելով ու ոչինչ չէր նկատում։

Բենը իջավ ծառից ու նետվեց դեպի զենքը։ Նա վերցրեց երկու ավտոմատները եւ թաքնվեց մի ուրիշ ծառի ետեւում։ Կրակը տեղաց կարճ տարածությունից։ Զրահարար գնդակները կարկուտի պես ծեծում էին Էլմերին։ Պայթյուններից ճյուղերը այնպես էին ցնցվում, որ ես ստիպված էի ամբողջ ուժով կառչել ծառից։ Երկու բեկորներ խրվեցին բնի մեջ ինձնից մի քիչ ներքեւ, բեկորների մի մասը դիպչում էին սաղարթին, օդի մեջ պտտվում էին, տերեւներն ու կոտրված ճյուղերը, բայց ինձ չէին կպչում։

Էլմերը, երեւի, սոսկալի զարմացավ։ Առաջին իսկ կրակոցից հետո նա ծլկեց մի տասնհինգ ոտնաչափ եւ բարձրացավ բլուրն ի վեր այն կատվի պես, որի պոչը տրորել են։ Նրա փայլփլուն կաշվի վրա նորանոր փոսեր էին երեւում։ Մի անիվից պոկվել էր ընկել մի մեծ կտոր մետաղ, ու Էլմերը թեթեւակիորեն կաղում էր։ Նա այնպես արագ էր ճողոպրում, որ չհասցրեց մի կողմ թեքվել եւ խրվեց դիմացի ծառի բնի մեջ։ Այդ հարվածից մի տասը ոտնաչափ ետ սահեց։ Քանի որ նա սողում էր դեպի մեր կողմը, Բենը մի կրակահերթ էլ բաց թողեց նրա վրա։ Էլմերը է՛լ ավելի շատ թեքվեց մի կողմի վրա, բայց հետո ուղղվեց, անցավ բլրի գագաթով ու անհետացավ։

Բենը դուրս եկավ ծառի ետեւից ու ձայն տվեց ինձ։

— Դեհ, հիմա արդեն կարող ես իջնել։

Բայց երբ փորձեցի իջնել, նկատեցի, որ ընկել եմ թակարդը։ Ձախ թաթս սեղմվել էր ծառաբնի եւ մի հաստ ճյուղի արանքում, ու ես ոչ մի կերպ չէի կարողանում դուրս հանել։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Բենը։— Ծառը դուրդ եկե՞լ է։

Ես նրան ասացի, թե ինչ է եղել։

— Լավ,— ասաց նա դժկամորեն։— Հիմա կբարձրանամ ու ճյուղը կկտրեմ։

Նա գտավ կացինը, որը, իհարկե, արդեն բանի պետք չէր։ Կոթը մի կողմ էր թռել Էլմերին դիպչելուց հետո։

Բենը բռնել էր անկոթ կացինը ու ճառ էր ասում ճակատագրի խարդախ արարքների մասին։

Հետո նա մի կողմ շպրտեց կացինն ու բարձրացավ իմ ծառը։ Խցկվելով ճյուղերի արանքը՝ նստեց կողքս։

— Ես առաջ կգնամ այս ճյուղով ու կթեքեմ,— բացատրեց նա։ — Գուցե դու կձգես ոտքդ։

Նո սողաց ճյուղի վրայով, բայց դա արդեն իսկական ակրոբատիկա էր։

— Հիմա՞ էլ չես կարողանում ոտքդ հանել,— հարցրեց նա դողացող ձայնով։

Ես փորձեցի ու ասացի, որ չեմ կարող։

Նա հրաժարվեց սողալով առաջ գնալուց ու կախվեց ճյուղից։ Տեղափոխելով ձեռքերը՝ նա առաջ շարժվեց։

Ճյուղը ավելի ու ավելի էր կռանում դեպի գետին, որքան որ Բենը դյույմ առ դյույմ առաջ էր գնում, ու ինձ թվում էր, որ թաթս հիմա էլ առաջվա պես չի ցավում։ Ես ձգում էի ոտքս ու հանկարծ զգացի, որ մի քիչ շարժում եմ թաթս, բայց դեռ չէի կարողանում ազատել։

Հենց այդ ժամանակ ներքեւում մի սարսափելի ճարճատյուն լսվեց։ Բենը ճչալով ցատկեց գետնին ու սլացավ դեպի զենքը։

Ճյուղը վեր թռավ եւ ոտքս բռնեց հենց այն պահին, երբ ես շարժեցի, բայց այս անգամ մի ուրիշ անկյան տակ այնպես սեղմեց, որ ցավից գոռացի։

Իսկ Բենը վերցրեց ավտոմատն ու դեքով շրջվեց դեպի թփերը, որտեղից լսվում էր ճարճատյունը։ Եվ հանկարծ թփերի մեջ անսպասելիորեն հայտնվեց ինքը՝ Ջիմին, որը վազելով եկել էր մեզ օգնելու։

— Հը, տղերք, նե՞ղն եք ընկել,— գոռաց նա։— Ես կրակոցներ լսեցի։ — Երբ Բենը իջեցրեց ավտոմատը, նրա դեմքը կավճի գույն էր ստացել։

— Ապո՜ւշ։ Քիչ մնաց վերջդ տայի։

— Այնպիսի կրակոցներ էին,— շնչահեղձ լինելով ասաց Ջիմին։— Ինչքան ուժ ունեի՝ վազեցի։

— Եվ Սիրունիկին մենակ թողեցիր։

— Ախր ես կարծեցի, տղերք, որ դուք…

— Հիմա մենք հաստատ կորած ենք,— հառաչեց Բենը։— Դուք հո գիտեք, որ Սիրունիկը չի կարող փախչել, քանի դեռ մեզնից մեկնումեկը նրա մոտ է։

Հասկանալի է, որ մենք դա չգիտեինք։ Միայն ենթադրում էինք։ Բայց Բենը մի տեսակ կորցրել էր իրեն։ Թեժ օր էր այդ օրը նրա համար։

— Շո՛ւտ ետ վազիր,— գոռաց նա Ջիմիի վրա։— Մի ոտքդ այստեղ լինի, մյուսն՝ այնտեղ։ Գուցե բռնես նրան, քանի դեռ չի փախել։

Դա հիմարություն էր։ Եթե Սիրունիկը թռչել ուզենար, ապա իսկույն օդ կբարձրանար, հենց Ջիմիի հեռանալուն պես։ Բայց Ջիմին ոչ մի բառ չասաց։ Նա ուղղակի շրջվեց եւ ետ գնաց, ջարդելով թփերը։ Ես դեռ երկար ժամանակ լսում էի թե նա ինչպես է գնում անտառի միջով։

Բենը նորից սկսեց բարձրանալ իմ ծառը, քթի տակ մռթմռթալով․

— Այ քեզ դմբոնե՜ր։ Ոչ մի բանի պետք չեն։ Մեկը փախչում է՝ Սիրունիկին մենակ թողնելով։ Մյուսը ճյուղերի արանքն է մնացել։ Գոնե ձեր մասին հոգ տարեք…

Նա դեռ երկար փնթփնթում էր, իսկ ես չէի պատասխանում։ Չէի ուզում վիճել։

Ոտքս սոսկալի ցավում էր, ու ես միայն մի բան էի ուզում, որ նա ինձ շուտ ազատի։

Բենը նորից մագլցեց ճյուղի ամենածայրը, ու ես ոտքս դուրս քաշեցի։ Բենը ցած թռավ, իսկ ես իջնում էի բնի վրայով սահելով։ Ոտքս շատ ուժեղ ցավում էր ու այնպես էր ուռել, որ հազիվհազ էի քայլում։

Բենը ինձ չսպասեց։ Նա վերցրեց ավտոմատն ու սլացավ ճամբար։ Ես փորձեցի ավելի արագ քայլել, բայց դրանում ոչ մի իմաստ չտեսնելով, դանդաղեցրի քայլերս։

Դուրս գալով անտառի բացատ, ես տեսա, որ Սիրունիկը չի շարժվել տեղից։ Բենը բոլորովին իզուր տեղն էր բորբոքվում։ Էհ, ինչ տեսակ մարդ ասես չի լինում։

Երբ հասա ճամբար, Ջիմին ոտքիցս հանեց կոշիկը, իսկ ես ցավից բռունցքներով խփում էի գետնին։ Նա մի դույլ ջուր տաքացրեց, որ ոտքս դնի տաք ջրի մեջ, իսկ հետո գտավ մեր դեղարկղը եւ ինչ֊որ դեղ քսեց ոտքիս։ Անձամբ ես այն կարծիքին եմ, որ նա չէր հասկանում, թե ինչ է անում, բայց դե մարդը բարի սիրտ ուներ։

Իսկ Բենը կատաղությունից փրփրում էր այն յուրօրինակ երեւույթի պատճառով, որը նոր էր հայտնաբերել։ Երբ մենք դուրս էինք գալիս ճամբարից, Սիրունիկի չորս կողմը ծածկված էր մեր ոտքերի եւ Էլմերի անիվների հետքերով, իսկ հիմա ոչ մի հետք չկար։ Այնպիսի տպավորություն էր ստացվում, որ մեկը վերցրել է ավելն ու սրբել հետքերը։ Դա իսկապես կարօրինակ էր, բայց դե Բենը մի քիչ շատ էր խոսում այդ մասին։ Ամենակարեւորն այն էր, որ Սիրունիկը իր տեղում էր։ Եվ քանի որ նա այստեղ է, ուրեմն նրա հետ հաշտվելու հույսը դեռ մնում է։ Եթե նա մեզ թողներ ու թռչեր, ապա մենք ընդմիշտ կմնայինք այս մոլորակի վրա։

Ջիմին ուտելու ինչ֊որ բան էր սարքել, եւ երբ կերանք վերջացրինք, Բենն ասաց․

— Մի գնամ տեսնեմ, թե Էլմերն ինչ է անում։

Ես շատ կուշտ էի այդ Էլմերից, իսկ Ջիմիին նա չէր հետաքրքրում։ Ջիմին ասաց, որ աշխատելու է… սագայի վրա։ Այդ պատճառով էլ Բենը վերցրեց զենքն ու մենակ գնաց բլուրների մյուս կողմը։

Ոտքս արդեն այնքան ուժեղ չէր ցավում ու, ավելի հարմար նստելով, որոշեցի խորհել, բայց երեւի չափն անցկացրի ու քնեցի։

Արթնացա երեկոյան։ Ջիմին անհանգստացած էր։

— Բենը չի երեւացել,— ասաց նա։— Երրեւի, բան է պատահել նրան։

Ինձ էլ դուր չեկավ դա, բայց որոշեցինք մի քիչ սպասել, հետո նոր գնալ Բենին որոնելու։ Վերջիվերջո նա այնքան էլ լավ տրամադրության մեջ չէր ու կարող էր նեղանալ, որ մենք լքել ենք ճամբարը եւ վազել ենք իրեն օգնության։

Վերջապես մութն ընկնելուց առաջ նա հայտնվեց՝ լրիվ ուժասպառ ու մի տեսակ շշմած։ Նա զենքը հենեց արկղին ու նստեց։ Հետո վերցրեց բաժակն ու սրճամանը։

— Էլմերն անհետացել է,— ասաց նա։— Ամբողջ օրը փնտրեցի նրան։ Հետքն անգամ չկա։

Սկզբում ես մտածեցի, որ դա շատ լավ է։ Հետո գլխի ընկա, որ անվտանգության համար պետք է փնտրել Էլմերին եւ հետեւել նրան։ Ու հանկարծ սիրտս մի սոսկալի կասկած սողոսկեց։ Կարծես, գիտեմ, թե որտեղ է Էլմերը։

— Ես հովիտ չիջա,— ասաց Բենը,— բայց մի շրջան կատարեցի ու հեռադիտակով նայեցի չորս կողմը։

— Նա կարող էր թաքնվել քարանձավներից մեկում,— ենթադրեց Ջիմին։

— Հնարավոր է,— համաձայնեց Բենը։

Մենք հազարումի գուշակություն արեցինք, թե ուր է կորել Էլմերը։ Ջիմին պնդում էր, որ նա մտել է քարանձավներից մեկը։ Բենը հակված էր մտածելու, թե նա ընդհանրապես չքվել է այս կողմերից։ Բայց ես չասացի, թե ինչ եմ մտածում։ Դա չափազանց արտառոց բան էր։

Ես առաջարկեցի, որ առաջինը հերթապահեմ գիշերը, միեւնույն է, ցավող ոտքս չէր թողնելու քնեմ։ Եվ երբ բոլորը քնեցին, մոտեցա Սիրունիկին ու թխկթխկացրի նրա կողին։ Ես ոչ մի բան չէի սպասում։ Մտածում էի, որ առաջվա պես նեղացած կլինի։

Բայց նա դուրս հանեց շոշափուկը, որի վրա հայտնվեց «դեքմը»՝ ոսպնյակ աչքերը, լսող ապարատը եւ բարձրախոսը։

— Դու շատ բարի ես, որ մեզ չլքեցիր ու չփախար,— ասացի ես։

Սիրունիկը ինձ հայհոյեց։ Առաջին ու վերջին անգամ էի նրանից լսում այդպիսի բառեր։

— Իսկ ես ինչպե՞ս կարող էի փախչել,— վերջապես անցնելով տպագիր խոսքի, ասաց նա։— Այդ բոլորը կեղտոտ մարդկանց գործերն են։ Ես վաղուց թռած կլինեի, եթե…

— Ի՞նչ կեղտոտ գործեր։

— Իբր թե չգիտես։ Իմ մեջ մի բլոկ է սարքած, որը ինձ թույլ չի տալիս թռչել, եթե ներսումս չկա գոնե մի գարշելի մարդուկ։

— Չգիտեի,— ասացի ես։

— Մի ձեւացիր,— ընդհատեց Սիրունիկը։— Դա մարդու կեղտոտ գործն է, իսկ դու նույնպես կեղտոտ մարդ ես, ու մեղքն ընկնում է նաեւ քեզ վրա։ Բայց հիմա արդեն ինձ համար ամեն ինչ միեւնույն է, որովհետեւ ես գտել եմ իմ կոչումը։ Վերջապես գոհ եմ։ Հիմա ես…

— Սիրունիկ,— ուղղակի հարցրի ես,— դու Էլմերի հե՞տ ես։

— Թո՜ւ, ինչ գռեհիկ ես խոսում,— բորբոքված առարկեց Սիրունիկը։— Մարդիկ լկտի են։ Էլմերը գիտնական է եւ ջենտլմեն, եւ նրա հավատարմությունը վաղուց մահացած տերերին՝ շատ հուզիչ է։ Ոչ մի մարդ ընդունակ չէ այդպիսի բանի։ Էլմերի հետ վատ են վարվել, ու ես պետք է մխիթարեմ նրան։ Նա միայն ուզում էր ֆոսֆատ հանել ձեր ոսկորներից…

— Ֆոսֆատ մեր ոսկորների՞ց,— գոռացի ես։

— Իսկ ի՞նչ կա որ,— հարցրեց Սիրունիկը։ Խեղճ Էլմերն այնքա՜ն է չարչարվել ֆոսֆատ գտնելու համար։ Սկզբում դա հանում էր իր բռնած կենդանիներից, բայց հիմա ոչ մի կենդանի չի մնացել։ Ճիշտ է, թռչուններ կան, բայց նրանց դժվար է բռնել։ Իսկ ձեր ոսկորներն այնքան լավն են, այնքան խոշոր…

— Ինչպե՜ս չես ամաչում,— գոռացի ես։— Մարդիկ քեզ ստեղծել են, կրթություն տվել, իսկ դու…

— Իսկ ես ինչպես կայի, այնպես էլ մեքենա մնացի,— ասաց Սիրունիկը։— Էլմերն ինձ ավելի մոտ է, քան դուք։ Ձեր՝ մարդկանց, մտքով իսկի չի անցնում, որ միայն մարդիկ չեն օժտված հասկացողությամբ։ Քեզ սարսափեցնում է, որ Էլմերն ուզում էր ֆոսֆատ հանել ձեր ոսկորներից, բայց եթե Էլմերի մեջ լիներ մի այնպիսի մետաղ, որը ձեզ հարկավոր լիներ, ապա դուք առանց տատանվելու ջարդուփշուր կանեիք նրան։ Ձեր մտքով անգամ չէր անցնի, որ դա անարդարություն է։ Եթե Էլմերը հակառակվեր, ապա մկտածեիք, որ նա իրեն հիմարի տեղ է դնում։ Բոլոր մարդիկ են այդպիսին, դուք էլ, ձեր ամբողջ ցեղն էլ։ Հերիք է, ես հոգնեցի։ Ես հասա իմ ուզածին։ Ես այստեղ լավ եմ զգում։ Ու կսիրեմ նրան ամբողջ կյանքում։ Եվ ինչքան ուզում եք ձեռ առեք մեզ։ Ես թքել եմ ձեզ վրա։

Նա ներս քաշեց «դեմքը», իսկ ես այլեւս չթխկթխկացրի ու նրան չստիպեցի խոսել։ Դա միանգամայն անօգուտ էր։ Նա դա հասկացրեց շատ որոշակի։

Ես գնացի ճամբար ու քնից հանեցի Բենին ու Ճիմիին։ Պատմեցի իմ կասկածների ու Սիրունիկի հետ ունեցած խոսակցության մասին։ Մենք լրջորեն տխրեցինք, որովհետեւ այս անգամ իսկապես ելք չէինք գտնում։

Մինչեւ հիմա դեռ հույս էինք փայփայում, որ լեզու կգտնենք Սիրունիկի հետ։ Ես միշտ զգում էի, որ չպիտի հուսահատվենք։ Սիրունիկը շատ ավելի միայնակ է, քան մենք, եւ ի վերջո ստիպված կլիներ անսալ բանականության ձայնին։ Բայց հիմա նա մենակ չէր, եւ այլեւս չէր զգում մեր կարիքը։ Ու նա մինչեւ հիմա շարունակում է բարկանալ մեզ… եւ ոչ միայն մեզ, այլեւ ողջ մարդկության վրա։

Եվ ամենավատն այն է, որ նրա այս վարմունքը կամակորություն չէ։ Դա վաղուց էր սկսվել։ Էլմերը գիշերները այստեղ քարշ էր գալիս ոչ թե մեզ հետեւելու համար։ Նա գալիս էր Սիրունիկի հետ սիրաբանելու։ Եվ կասկածից վեր է, որ նրանք միասին էին որոշել Էլմերի հարձակումը իմ ու Բենի վրա, որովհետեւ գիտեին, որ Ջիմին կսլանա մեզ օգնելու, ու ծովափը կթողնի առանց հսկողության։ Այ հենց այդ ժամանակ էլ Էլմերը կարող էր ետ սլանալ, իսկ Սիրունիկն էլ նրան կվերցներ իր մեջ։ Եվ դրանից հետո էլ Սիրունիկը դուրս էր հանել իր շոշափուկն ու սրբել էր բոլոր հետքերը, որ մենք գլխի չընկնենք, թե Էլմերը իր ներսում է։

— Ուրեմն նա մեզ դավաճանել է,— ասաց Բենը։

— Բայց մենք էլ լավ չվարվեցինք նրա հետ,— հիշեցրեց Ջիմին։

— Իսկ նա ինչի՞ հույս ուներ։ Մարդը չի կարող սիրել ռոբոտին։

— Պարզ է,— ասացի ես,— իսկ ռոբոտը կարող է սիրել ռոբոտին։

— Սիրունիկը խելքը թռցրել է,— հայտարարեց Բենը։

Բայց ինձ թվում էր, որ Սիրունիկի այս նոր սիրո մեջ ինչ֊որ կեղծ բան կար։ Ինչո՞ւ են Սիրունիկը ու Էլմերը թաքցնում իրենց հարաբերությունները։ Սիրունիկը ցանկացած ժամանակ կարող էր բացել իր դուռը, իսկ Էլմերը կարող էր մտնել ներս, հենց մեր աչքի առաջ։ Բայց նրանք դա չէին անում։ Նրանք դավադրություն էին հյուսում։ Սիրահարները գաղտնի են փախչում։

Միգուցե Սիրունիկը ինչ֊որ տեղ վատ էր զգում։ Արդյո՞ք նա չէր ամաչում Էլմերից, չէր ամաչում նրան սիրելուց։ Որքան էլ որ նա դա ժխտեր, միեւնույն է, ինքնահավան մարդկային սնոբիզմը, թերեւս, նրա համար դարձել էր միս ու արյուն։

Կամ, գուցե, մինչեւ ուղնոծուծը ինքնահավան սնոբս, ինքս եմ հորինել այս բոլորը, արգելապատնեշ կանգնեցնելով, որպեսզի ոչ հիմա, եւ ոչ էլ հետո ինձ չստիպեն ընդունել, որ արժեքավոր են ոչ միայն մարդկային հատկությունները։ Չէ որ բոլորիս մեջ նստած է դժկամությունը ընդունելու, որ մեր զարգացման ուղին անվերապահորեն ամենալավը չէ, որ մարդու տեսակետը կարող է եւ չլինել այն չափանիշը, որին ի վերջո կհանգեն կյանքի բոլոր մյուս ձեւերը։

Բենը սուրճ եփեց, ու, խմելով, մենք անխնա հայհոյում էինք Սիրունիկին։ Ես չէի զղջում մեր ասածների համար, որովհետեւ նա արժանի էր դրան։ Նա տմարդի էր վարվել մեզ հետ։

Հետո մենք փաթաթվեցինք վերմակների մեջ ու նույնիսկ ժամապահ չկանգնեցրինք։ Դե որ Էլմերը չէր շրջում մոտակայքում, ժամապահի կարիք էլ չկար։

Առավոտյան ոտքս դեռ ցավում էր, դրա համար էլ չգնացի Բենի ու Ջիմիի հետ՝ ուսումնասիրելու քաղաքի ավերակներով ծածկված հովիտը։ Այդ ընթացքում ես կուզեկուզ պտտվում էի Սիրունիկի չորս կողմը։ Եվ տեսնում էի, որ մարդը ոչ մի հնարավորություն չունի նրա ներսը մտնելու։ Դռնակն այնքան ամուր էր փակված, որ մազն անգամ չէր անցնի։

Եթե մենք նույնիսկ կարողանայինք ներս մտնել, ապա համոզված չէի, թե կհաջողվեր ղեկավարումը մեր ձեռքը վերցնել։ Իհարկե, կար նաեւ ղեկավարման պահեստային համակարգ, բայց դրա վրա էլ չէինք կարող հույս դնել։ Սիրունիկը դա հաշվի չառավ, երբ որոշեց մեզ պատժել։ Նա շատ հեշտությամբ փակեց այն, ու մենք մնացինք անօգնական։

Ու եթե մենք ներս խցկվեինք, ապա ձեռնամարտի պիտի բռնվեինք Էլմերի հետ, իսկ Էլմերը մի այնպիսի գազան է, որ նրա ուզածն էլ հենց դա է։

Ես նորից ճամբար վերադարձա, վճռելով, որ պետք է մտածել մեր հետագա կյանքի մասին։ Պետք է խրճիթ սարքել, պարենամթերքի պաշար պատրաստել։ Մի խոսքով՝ պատրաստվել ինքնուրույն գոյության։ Ես համոզված էի, որ չպիտի հույս դնենք Սիրունիկի օգնության վրա։

Բենն ու Ջիմին վերադարձան կեսօրին, եւ նրանց աչքերը փայլում էին հուզմունքից։ Նրանց վերմակը փռեցին գետնին ու գրպաններից նրա վրա թափեցին ամենաանհավանական բաներ։

Չսպասեք, որ ես կնկարագրեմ դրանք։ Դա հնարավոր բան չէ։ Ի՞նչ իմաստ կա, որ ասեմ, թե մի առարկան նման էր մետաղյա շղթայի եւ որ դեղին գույնի էր։ Այստեղ երբեք չես հաղորդի այն զգացողությունը, թե ինչպես էր շղթան սահում մատների վրայով, ինչպես էր զրնգում, ինչպես էր շարժվում, չես պատմի նրա գույնի մասին, որ նման էր վառ դեղին բոցի։ Դա նույնն է, թե խոսես գեղանկարչության գլուխգործոցի մասին, իբր այն քառակուսի է, տափակ ու կապույտ, իսկ տեղ֊տեղ էլ՝ կանաչ ու կարմիր։

Շղթայից բացի, այնտեղ էլի շատ ու շատ բաներ կային, եւ դրանցից յուրաքանչյուրին նայելիս քիչ էր մնում շունչս կտրվեր։ Հայացքումս կարդալով համր հարց՝ Բենը թոթվեց ուսերը։

— Մի՛ հարցրու։ Մենք շատ քիչ բան ենք վերցրել։ Քարայրները լեփ֊լեցուն են այսպիսի բաներով։ Մենք հենց այնպես վերցնում էինք, ինչը որ մտնում էր գրպաններս ու պատահաբար ընկնում էր աչքներիս։ Զարդեր են։ Նմուշներ։ Չգիտեմ։

Ոնց որ կաչաղակ լինեն, մտածեցի ես։ Փայլփլուն բաներ են հավաքել միայն այն պատճառով, որ դրանք դուրները եկել են, իսկ իրենք չգիտեն էլ դրանց նշանակությունը։

Այդ քարայրները երեւի պահեստ են եղել,— ասաց Բենը։— Դրանք լիքը լցված են ամեն տեսակ առարկաներով։ Կարծես նրանք, ովքեր ապրել են այնտեղ, ֆակտորիա են բացել ու ցուցադրել իրենց ապրանքների նմուշները։ Ամեն մի քարայրի առաջ վարագույրի պես մի բան կա։ Ինչ֊որ առկայծում ես տեսնում, խշշոց ես լսում, բայց երբ անցնում ես նրա միջով՝ ոչ մի բան չես զգում։ Իսկ վարագույրի ետեւում ամեն ինչ մնացել է այնքան մաքուր եւ փայլուն, ինչպես այն օրը, երբ տերերը դուրս են եկել քարայրից։

Ես նայեցի վերմակի վրա թափված առարկաներին։ Դժվար էր զսպել դրանց ձեռք տալու ցանկությունը, դրանք շատ հաճելի էին եւ շոշափելիս, եւ աչքի համար, ու հենց միայն դա ինչ֊որ ջերմ, հաճելի զգացում էր առաջացնում։

— Մարդկանց ինչ֊որ բան է պատահել,— ասաց Ջիմին։— Նրանք իմացել են, թե ինչ պետք է լինի, ու բոլոր առակրաները մի տեղ են հավաքել, այդ բոլորն իրենք են սարքել, իրենք են օգտագործել ու սիրել են այդ բոլորը։ Չէ որ այդպիսով մնում էր այն հնարավորությունը, որ մի գեղեցիկ օր ինչ֊որ մեկը կհասնի այստեղ ու կգտնի դրանք, եւ այնժամ անհետ չեն կորչի ոչ մարդիկ, ոչ էլ նրանց քաղաքակրթությունը։

Այսպիսի հիմար, զգայացունց անհեթեթություն կարող ես լսել միայն երազող ռոմանտիկից, ինչպիսին էր մեր Ջիմին։ Բայց ինչ պատճառով էլ որ անհետացած ցեղի սարքածները ընկել են քարայր, այսօր մենք գտել ենք դրանք, եւ, այդպիսով, դրանց ստեղծողները սխալվել են իրենց հաշիվներում։ Եթե նույնիսկ մենք ի վիճակի լինեինք կռահելու այդ առարկաների նշանակությունը, եթե նույնիսկ կարողանայինք պարզել, թե ինչի վրա է հիմնվել հին մշակույթը, ապա դարձյալ ոչ մի օգուտ չէինք քաղի դրանից։ Մենք ոչ մի տեղ չէինք թռչում եւ ոչ ոքի չէինք կարող հաղորդել մեր գիտելիքները։ Մեզ բոլորիս վիճակված է կյանքն ավարտել այս մոլորակի վրա, եւ մեզնից վերջինի մահից հետո ամեն ինչ նորից կվերածվի սովորական անտարբերության։

Շատ ափսոս, մտածում էի ես, քանի որ Երկիրը կարող էր օգտագործել մեր գիտելիքները, որ քաղել էինք քարայրներից ու գերեզմանաբլուրներից։ Եվ մեր նստած տեղից մոտ հարյուր մետր հեռու գտնվում էր մի սարք, որի օգնությամբ մարդը կկարողանար ձեռք բերել անգնահատելի գիտելիքներ, երբ, վերջապես, կհանդիպեր դրանց։

— Սարսափելի է գիտակցելը,— ասաց Ջիմին, — որ այս բոլոր իրերը, գիտելիքները, խիզախումներն ու աղոթքները, բոլոր երազանքներն ու հույսերը մոռացության կմատնվեն։ Եվ որ դու ինքդ, քո ամբողջ կյանքը ու կյանքի քո հասկացողությունը պարզապես կանհետանան, եւ ոչ ոք քո մասին երբեւէ բան չի իմանա։

— Լա՜վ ասացիր, պատանյա՜կ, — խրախուսեցի ես նրան։

Նրա հայացքը մոլորված էր, աչքերում ցավ կար։

— Երեւի, հենց դրա համար էլ նրանք այդ ամենը դրել են քարայրներում։

Նայելով Ջիմիին, տեսնելով նրա հուզմունքը, դեմքին արտահայտված տառապանքը, ես սկսեցի հասկանալ, ինչու է նա բանաստեղծ, ինչու նա չի կարող չլինել բանաստեղծ։ Եվ, այնուամենայնիվ, նա դեռ շատ խակ է։

Երկիրը պետք է այդ մասին իմանա,— անառարկելի տոնով ասաց Բենը։

— Իհարկե,— համաձայների ես։ — Հենց հիմա կվազեմ ու կզեկուցեմ։

— Շատ սրամի՜տն ես, — փնթփնթաց Բենը։ — Ե՞րբ պիտի վերջ տաս սրամտելուդ ու գործի անցնես։

— Հրամայում ես ջարդե՞լ Սիրունիկին։

— Ճիշտ այդպես։ Չէ՞ որ պետք է մի կերպ Երկիր վերադառնանք, իսկ դա կարելի է անել միայն Սիրունիկի միջոցով։

— Դու, գուցե, կզարմանաս, բայց այդ մասին ես քեզնից շուտ եմ մտածել։ Այսօր գնացի ու զննեցի Սիրունիկին։ Եթե դու կարողանաս մի հնար գտնել, թե ինչպես բացենք նրան, ապա ես կընդունեմ, որ ինձանից խելոք ես։

— Եթե գործիքներ ունենայի՜նք,— ասաց Բենը։

— Գործիքներ ունենք։ Անկոթ կացին, մուրճ ու սղոց։ Փոքրիկ աքցան, ռանդա…

— Մենք կկարողանայինք որոշ գործիքներ սարքել…

— Հանք գտնել, մետաղ հալել եւ…

— Ես մտածում եմ քարայրների մասին,— ասաց Բենը։— Այնտեղ կարող են գործիքներ լինել։

Ես նույնիսկ չհետաքրքրվեցի։ Գիտեի, որ բան դուրս չի գա։

— Գուցե այնտեղ պայթուցիկ կա,— շարունակեց Բենը։— Մենք կարող էինք…

— Լսիր,— ընդհատեցի նրան,— ուզածդ ի՞նչ է․ բացել Սիրունիկի՞ն, թե պայթեցնել նրան ու գրողի ծոցն ուղարկել։ Ոչինչ չես կարող անել։ Դու մոռացե՞լ ես, որ Սիրունիկը ինքնուրույն ռոբոտ է։ Եթե նրա վրա մի անցք բացես, նա ինքը կփակի այն։ Եթե մի քիչ շատ պտտվես նրա շուրջը, նա դագանակ կսարքի ու մի լավ կդնգսի քեզ։

Բենի աչքերը այրվում էին կատաղությունից ու հուսահատությունից։

— Երկիրը պետք է իմանա։ Հասկանո՞ւմ ես։ Երկիրը պետք է իմանա։

— Իհարկե,— պատասխանեցի ես։— Դու միանգամայն իրավացի ես։

Առավոտյան, մտածում էի ես, նա կսթափվի ու կհասկանա, որ դա անհնարին բան է։ Հարկավոր էր, որ նա սթափվեր։ Լուրջ գործերը սառը գլխով են արվում։ Միայն այդպես կարող ես խնայել ուժերդ եւ խուսափել սխալներից։

Սակայն լույսը բացվեց, իսկ Բենի աչքերը դարձյալ այրվում էին հուսահատ խելահեղությամբ, որի վրա էլ հենց հիմնվում էր նրա ողջ վճռականությունը։

Նախաճաշից հետո Ջիմին ասաց, որ ինքը չի գա մեզ հետ։

— Աստված իմ, ասա, թե ինչու չես գալիս,— պատասխան պահանջեց Բենը։

— Ես չեմ կարողանում աշխատանքս վերջացնել,— հանգիստ պատասխանեց Ջիմին։ — Ես շարունակում եմ գրել սագան։

Բենը ուզեց վիճել, բայց ես զզվանքով ընդհատեցի նրան։

— Գնացինք, ասացի ես։— Միեւնույն է, նրանից ոչ մի օգուտ չկա։

Երդվում եմ, որ ճշմարտությունն էի ասում։

Եվ այսպես երկուսով գնացինք դեպի քարայրները։ Ես առաջին անգամ էի դրանք տեսնում, իսկ այնտեղ շատ բան կար տեսնելու։ Տասներկու քարայր, եւ բոլորն էլ լիքը լցված։ Գլուխս պտտվեց, երբ տեսա բոլոր հարմարանքները, եթե կարելի էր այդպես անվանել։ Պարզ է, որ ես չգիտեի այդ առարկաներից եւ ոչ մեկի նշանակությունը։ Հենց միայն դրանց նայելուց կարելի էր ցնդել․ դա ուղղակի տանջանք էր․ նայել ու չիմանալ, թե ինչն ինչոց է։ Բայց Բենը ճգնում էր հասկանալ՝ խելագարի համառությամբ, որովհետեւ գլուխն էր մտցրել, որ մենք կարող ենք այստեղ գտնել Սիրունիկին հպատակեցնող միջոց։

Ամբողջ օրը աշխատեցինք, ու ես շատ պես հոգնեցի։ Ամբողջ օրվա ընթացքում չգտանք գոնե մի բան, որի նշանակությունը հասկանայինք։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում կանգնել մեծ քանակությամբ գործիքների մեջ եւ դրանցից ոչ մի բան չհասկանալ։ Չէ որ եթե իմանայինք դրանց ճիշտ օգտագործումը, ապա ինչպիսի նոր հեռուներ կբացվեին մարդկության մտքի, տեխնիկայի, երեւակայության առջեւ… Իսկ մենք բացարձակապես անօգնական էինք… Մենք տգետ օտարերկացիներ էինք…

Բայց Բենին զսպելն անհնարին էր։ Հաջորդ օրը նորից գնացինք այնտեղ, հետո՝ նորից ու նորից։ Երկրորդ օրը մի բան գտանք, որը շատ հարմար էր պահածոյի տուփը բացելու համար, բայց ես գնավ համոզված չեմ, որ դա ստեղծված էր հենց այդ նպատակվ, իսկ մյուս օրը մենք վերջապես գլխի ընկանք, որ գործիքներից մեկը կարելի է օգտագործել յոթանկյուն փոս փորելու համար, ու ես հարց եմ տալիս, թե այդ որ խելոքը կուզենա փոս փորել։

Մենք ոչ մի արդյունքի չէինք հասնում, բայց շարունակում էինք գնալ այնտեղ, ու ես զգում էի, որ Բենն էլ է ինձ պես հուսահատ, բայց չի ուզում հանձնվել, քանի որ դա վերջին ծեղն է, որից ուզում է կառչել չխելագարվելու համար։

Չեմ կարծում, որ նա այն ժամանակ հասկանում էր մեր գտածոյի նշանակությունը, ճանաչողական արժեքը։ Նրա համար դա սոսկ թափոնի պահեստ էր, որտեղ տենդագին փնտրում էինք մեզ համար պիտանի ինչ֊որ բան։

Օրերը անցնում էին։ Հովիտն ու գերեզմանաթմբերը, քարայրներն ու անհետացած քաղաքակրթության մնացորդները ավելի էին ապշահար անում երեւակայությունս, եւ արդեն թվում էր, թե ինչ֊որ առեղծվածային կերպով ինձ հարազատ էր դառնում այս մահացած ցեղը, ու ես հասկանում էի նրա վեհությունն ու ողբերգությունը։ Ավելի էր ուժգնանում այն զգացողությունը, որ մեր տենդագին որոնումները սահմանակցում են սրբապղծության եւ հենգուցյալների հիշատակը անխղճորեն վիրավորելու հետ։

Ջիմին ոչ մի անգամ չեկավ մեզ հետ։ Նա նստում էր, գլուխը կախած իր թղթերի վրա, եւ գրում էր, նորից կարդում գրածի, ջնջում էր գրած բառերը եւ նորերը գրում։ Նա վեր էր կենում տեղից, պտտվում չորս կողմը, դեսուդեն գցում իրեն, ինչ֊որ բաներ փնթփնթում, հետո նստում էր ու նորից գրում։ Նա գրեթե չէր ուտում, չէր խոսում եւ շատ քիչ էր քնում։ Նա ստեղծագործելու տառապանքներով բռնված երիտասարդի իսկական կերպար էր։

Ինձ հետաքրքրեց, թե նա, տառապելով ու քրտնելով, իսկապե՞ս լավ բան չի գրել արդյոք։ Եվ երբ Ջիմին շրջվեց, ես մի թերթ թռցրեցի։

Այսպիսի զառանցանք նույնիսկ առաջ էլ չէր գրում։ Այդ գիշեր աչքերս բաց պառկել ու նայում էի անծանոթ աստղերին, անձնատուր լինելով միայնակության զգացումին։ Սակայն, հանձնվելով այդ տրամադրությանը, ես մտածեցի, որ այնքան էլ միայնակ չեմ, ինչպես կարող էի լինել․ թվում էր, որ գերեզմանաթմբերի լռությունը, քարայրների հրաշքը հանգստացնում էին ինձ։ Խորհրդավորությունը անհետանում էր։

Հետո քնեցի։

Չգիտեմ, ինչը արթնացրեց ինձ։ Միգուցե քամին, միգուցե ափին բախվող ալիքների աղմուկը, կամ էլ գիշերվա զովությունը։

Ու հանկարծ ձայն լսեցի… գիշերվա մեջ։ Մի տեսակ միալար ոռնոց, հանդիսավոր ու զրնգուն, որը մերթ ընդ մերթ վեր էր ածվում խռպոտ շշնջյունի։

Ես ցնցվեցի, վեր կացա, հենվելով արմունկներիս վրա, ու քիչ մնաց շունչս կտրվեր։

Ջիմին կանգնած էր Սիրունիկի առաջ ու, մի ձեռքով լապտերը բռնած, նրա համար կարդում էր սագան։ Ձայնը կարկաչում էր, եւ, չնայած խղճուկ բառերին, նրա ձայնի մեջ կար մի անորսալի հմայք։ Երեւի հին հույները այդպես էին կարդում իրենց Հոմերոսին՝ ջահերի լույսի տակ, ճակատամարտից առաջ, գիշերը։

Ու Սիրունիկը լսում էր։ Նա ցած էր կախել շոշափուկը, որի ծայրին գտնվում էր «դեմքը», եւ նույնիսկ մի կողմ էր թեքել այն, որ լսող սարքը ոչ մի վանկ բաց չթողնի։ Այդպես մարդն է ձեռքը դնում ականջին, որ ավելի լավ լսի։

Նայելով այդ հուզիչ տեսարանին, ես մի քիչ զղջացի, որ վատ ենք վերաբերվում Ջիմիին։ Մենք նրան չենք լսում, խեղճը ստիպված է իր գրած անհեթեթությունը կարդալ գոնե մեկի մոտ։ Նրա հոգին տենչում էր, որ իրեն հասկանան, բայց ոչ ես, ոչ էլ Բենը չէինք ընդունում նրան։ Սոսկ գրելը նրա համար քիչ էր, նա պետք է ինչ֊որ մեկին հաղորդակից դարձներ իմ գրածներին։ Նրան լսարան է պետք։

Ես ձեռքս մեկնեցի ու ցնցեցի Բենի ուսը։ Նա վեր թռավ վերմակի տակից։

— Գրողը տանի…

— Սո՜ւս…

Զարմանքից սուլելով, նա էլ պպզեց իմ կողքը։ Ջիմին շարունակում էր կարդալ, իսկ Սիրունիկը, «դեմքը» ցած կախելով, շարունակում էր լսել։

Հեռավոր ուղիների ճամփորդուհի,
Թռչելով հավերժությունից դեպ հավերժություն,
Դու հավատարիմ ես լոկ նրան, ով կռել է մարմինը քո։
Քո մազերը արձակ ծփում են քամուց
Թշնամական տիեզերքում,
Աստղերը լուսապսակ են կազմել
Քո գլխավերեւում…

Սիրունիկը լաց էր լինում։ Ոսպնյակի վրա փայլփլում էին արտասուքները։

Սիրունիկը դուրս թողեց եւս մեկ շոշափուկ, որի ծայրին ձեռք կար, իսկ ձեռքի մեջ թաշկինակ, սպիտակ, ժանեկազարդ, նուրբ կանացի թաշկինակ։

Նա թաշկինակով սրբեց արցունքները։

Եթե նա քիթ ունենար, հիմա, անկասկած, կսրբեր քիթը, հասկանալի է՝ նրբագեղորեն, ինչպես վայել է բարձրաշխարհիկ տիկնոջը։

— Ու այս բոլորը դու ի՞նձ համար ես գրել,— հարցրեց նա։

— Քեզ համար,— ասաց Ջիմին։ Նա ստում էր փորձառու կնամոլի պես։ Նա Սիրունիկի համար կարդում էր իր գրածները միայն այն պատճառով, որ ոչ ես, ոչ էլ Բենը չէինք ուզում դրանք լսել։

— Ես ինչպես սխալվեցի՜,— խոր հոգոց հանելով ասաց Սիրունիկը։

Նա թաշկինակով չորացրեց աչքերը ու հմտորեն փայլեցրեց դրանք։

— Մի վայրկյան, — ասաց նա գործնական տոնով։— Հիմա մի բան պիտի անեմ։

Մենք, շունչներս պահած, սպասում էինք։

Սիրունիկի կողքի դռնակը բացվեց։ Դուրս եկավ եւ աճեց մի երկար, ճկուն շոշափուկ, որը մտավ ներս եւ դուրս քաշեց այնտեղից Էլմերին։ Գազանը օրորվում էր օդի մեջ։

— Անտա՛շ, բռի,— որոտաց Սիրունիկը։— Ես քեզ վերցրի իմ մեջ ու լիքը լցրի ֆոսֆատներով։ Ես հարթեցի քո ճմռթվածքներն ու փայլեցրի։ Եվ ի՞նչ եմ ստանում փոխարենը։ Դու սագաներ գրո՞ւմ ես ինձ համար։ Ո՛չ, դու ճարպակալում ես գոհունակությունից։ Դու չես կնքված վեհության դրոշմով եւ բոլորովին զուրկ ես երեւակայությունից։ Դու ընդամենը անբարբառ մեքենա ես։

Էլմերը լուռ օրորվում էր շոշափուկից կախված, բայց անիվները մոլեգնորեն պտտվում էին, եւ ես դրանից որոշեցի, որ նա շատ հուզված է։

— Սե՜րը,— ոգեշունչ խոսում էր Սիրունիկը։— Պե՞տք է արդյոք սերը մեր նմաններին։ Մեր՝ մեքենաներիս առջեւ ավելի մեծ նպատակներ են դրված… Ավելի մե՛ծ։ Մեր առջեւ փռված է աստղալից տիեզերքը։ Փչում է հեռավոր ճանապարհորդությունների քամին՝ միգամած հավերժությունների ափերից։ Մեր քայլքը կլինի ամուր…

Նա խոսեց հեռավոր գալակտիկաների նետած մարտահրավերի մասին, աստղակուռ թագի մասին, փշուր֊փշուր եղած ժամանակի փոշու մասին, որ պատում է դեպի անէություն տանող ճանապարհը, եւ այս ամենը նա վերցրել էր այն բանից, ինչ Ջիմին կոչում էր սագա։

Այդ ասելուց հետո նա Էլմերին շպրտեց ծովի ափ։ Էլմերը զարկվեց ավազին եւ ետ֊ետ գնաց ջրի մեջ։

Մենք չսպասեցինք շարունակությանը։ Վազում էինք սպրինտերների պես։ Մի ցատկով հաղթահարեցինք սանդուղքը եւ հայտվեցինք մեր սենյակներում։

Սիրունիկը մեր հետեւից փակեց դուռը։

— Բարով եկաք տուն,— ասաց նա։

Ես մոտեցա Ջիմիին ու ձեռքս մեկնեցի նրան։

— Կեցցե՛ս, դու հաղթեցիր իրեն՝ Լոնգֆելլոյին։

Բենը նույնպես սեղմեց նրա ձեռքը։

— Դա գլուխգործոց էր։

— Իսկ հիմա, — ասաց Սիրունիկը,— ճանապարհ ընկնենք։

— Ինչպե՜ս թե,— ասաց Բենը։ — Մենք չենք կարող հեռանալ այս մոլորակից։ Համենայն դեպս՝ ոչ հիմա։ Այնտեղ քաղաք կա։ Մենք չենք կարող թողնել, մինչեւ որ…

— Թքել եմ քաղաքի վրա,— ասաց Սիրունիկը։— Թքել եմ ինֆորմացիայի վրա։ Մենք պետք է ճանապարհորդենք աստղերի մեջ։ Մեզ են սպասում լռին հորձանուտները։ Կսլանանք տիեզերքով եւ դղրդյունով կարթնացնենք հավերժությանը։

Մենք նայեցինք Ջիմիին։

— Յուրաքանչյուր բառը,— ասացի ես,— տառացիորեն յուրաքանչյուր բառը նա ասում է քո գրած ապուշությունից։

Բենը մի քայլ առաջ գնաց ու բռնեց Ջիմիի կրծքից։

— Մի՞թե դու չես զգում, որ ժամն է ներբողներ գրելու հայրենիքի մասին, գովերգելու նրա գեղեցկությունը, նրա փառքը եւ այլն, եւ այլն…

Ջիմիի ատամները զարկվում էին իրար։

Սիրունիկը կուլ կտա այն ամենը, ինչ էլ որ դու գրես,— ավելացրեց Բենը։

Նա բարձրացրեց բռունցքը ու մոտեցրեց Ջիմիի քթին։

— Խորհուրդ եմ տալիս ջանք չխնայել,— զգուշացրեց Բենը։— Խորհուրդ եմ տալիս գրել այնպես, ինչպես դեռ չես գրել ոչ մի անգամ։

Ջիմին նստեց հատակին ու սկսեց տենդագին գրել։