Changes
/* 1926 թվական */
⁕ ․․․Եթե կաթոլիկ հոգևորականությունը այնպես փակեր Գալիլեյի բերանը, ինչպես այսօր Կենտկոմը կփակե, հիմա ոչ թե երկիրը պիտի դառնար արևին շուրջը, այլ արևը պիտի շարունակեր պտտել երկրի բոլորտիքը։
<b<>Չորեքշաբթի 19.</b> ― Երևանի սափրիչներու 2֊րդ արտելի աշխատավորներեն մեկը կտրեր է անկուսակցական հաճախորդի մը ականջը։
― Է՜յ, զգույշ ականջներու հետ, ընկե՛ր սափրիչ։ Եթե յուրաքանչյուր սափրիչ ականջ մը կտրե, ժողովուրդն ինչո՞վ պիտի լսե այն ճառատարափը, որ կխոսվի «պլենար նիստերու», «համագումարներու» և «կոնֆերասներու» մեջ։ Ինչպե՞ս ունկնդրե այն «զեկուզումները», որ կարտասանվեն պատշգամբներեն, պատերու վրայեն, տանիքներեն, ամբիոններեն, աթոռներու վրայեն (վերջապես գետնեն թիզ մը բարձր բոլոր տեղերեն)։
Այդ է պատճառը, որ առհասարակ դերձակները բան մը ձևելու ատեն, նախքան մկրատը ձեռներնին առնելը, մեյ մը մթերքին գինը գիտնալ կուզեն․․․
==1932 ― 33 թվականներ==
<b>Ուրբաթ 23</b> ― Երևակայեցեք ոչխարաբույծ մը, որ շաբաթներ շարունակ իր հոտին աղ կերցնելեն ետքը, ծարավեն պապակած ոչխարներուն ջրի ափը քշելով՝ լեցված հրացանը ձեռքին կհայտարարե․
― Ով համարձակվի ջուր խմել, գնդակահարվե պիտի։
― Ոչխարները, սակայն, որք «ջուր» բառեն զատ մնացյալ բոլոր հասկացողություններեն զրկված են, կհարձակեն անշուշտ ջրին վրա ու կխմեն, ու ոչխարաբույծն ալ, եթե կուսակցական է, «բոլշևիկի վճռականությամբ» կսկսե գնդակահարել անասունները մեկը մյուսի ետևեն։
Ոչխարներու հանդեպ չկատարվելիք այս բանը կկատարե այսօր Խորհրդային կառավարությունը ժողովրդյան հանդեպ։
Ապրուստի բոլոր միջոցները իր ձեռքը կենտրոնացնելով և երկիրը կատարյալ սովի մատնելով՝ հրացանը ձեռքին կգնդակահարե կոոպերատիվի այն ծառայողին, որ տարիներով անվարտիք պտտելով՝ կփորձե վարտիք մը գողանալ խանութեն, նաև այն սայլապանին, որ պարկ մը ցորեն կտանե պետության պահեստեն իր սոված ընտանիքին համար, նույնպես պետական մեղվանոցի մեղվապահին, որ մեղրոտ մատը բերնին կտանե․․․ գիտնալու, թե ի՞նչ համ ունի «մեղր» ըսված բանը։
Այս առնչությամբ «Խորհրդային Հայաստանին» երրորդ երեսը կատարյալ սպանդանոց է․ հանուն «հեղափոխական օրինականության» կըսե ու կնդակահարե մարդկանց, որոց շարանին ո՛չ սկիզբ կա, ո՛չ վախճան։
Այո, կառավարական այդ պաշտոնաթերթին ուրիշ նյութ չի մնացեր․ անիկա թերթին առաջին էջին վրա «կձերբակալե», երկրորդ էջին՝ «դատի կուտա», երրորդ էջին՝ «կգնդակահարե», իսկ չորրորդ էջին վրա 10 տարվա ազատազրկման «կդատապարտե» այն «հանցավորներին», որք կազատվեն գնդակահարութունեն՝ նշանի սխալ բռնած ըլլալու համար․․․
⁕ Առուտուրը վերանալով մեր երկրեն՝ փոխանակության երկու ձև գոյություն ունի այժմս։
Պետությունը ավազակությամբ կխլե ժողովուրդին ձեռքեն իր ճակտի քրտինքով վաստակած հացը՝ ժողովուրդն ալ գողությամբ կուզե ետ խլել այն․ ձև մը, որ կկիրառեր մարդկությունը, երբ դեռ անտառաբնակ էր։
― Այսքան ետ երթալով՝ կրնա՞ այլևս Ռուսաստանն Ամերիկային «հասնել ու անցնել», ― հարցնեք գուցե։
― Այո՛, ― կպատասխանեմ։ ― Ռուսաստանն ինչքան ետ երթա՝ այնքան հաջող «կհասնե ու կանցնե»։ Չե՞ք տեսեր կրկեսի ձիերը բարձր արգելք մը թռչելու համար ինչքա՜ն հեռվեն «երիշ» կքաշեն․․․
<b>Շաբաթ 24.</b> ― Էջմիածնեն Երևան բանտարկյալ կրող ավտոն կես ճաբուն ավրվեց, ու միլիցիան նոր ավտո կպահանջե բանտարկյալները բերելու համար։ Ավտո֊կեդրոնը ոչ մեկ սարքին մեքենա չունենալուն պատճառով կհրահանգե ոտքով տեղափոխել կամ ծանր հանցավորները դնել թեթևներու ուսին բերել։
Շա՜տ աղեկ, բանտարկյալները եկան, բայց ավտո՞ն։
Այդ պատճառով միլիցիան կկարգադրե կալանավորներին իջնել և լծվելով մեքենային քաշել։
Քաղաք հասնելով՝ շոֆերը ուրախությամբ նկատեց, որ այս նոր տեսակի մոտոր գործադրելով, կաթիլ մըն իսկ բենզին չի սպառած։
⁕ Չէ՛, փաստ է, որ Ռուսաստանն իր ավտոմեքենաներով չի կրնար պարծենալ։ Ըստ Եվրոպայի տնտեսագետի մը՝ Խորհուրդները այս տեմպով եթե ավտո շինելու ըլլան, հինգ տարիեն կրնան Էջմիածնեն Երևան փոխադրել իրենց բանտարկյալներու մեկ տասներորդ մասը միայն, իսկ ամբողջ բանտարկյալները ավտոյով փոխադրելու համար տասնյակ տարիներ են պետք։ Է՛, մարդկությունը խոմ չի՞ կրնար ձեռները ծալած նստել սպասել մինչև կառավարությունը ավտո շինե, պատրաստե, նոր ինքը հանցանք գործե, մանավանդ անանկ մը երկրի մեջ, ուր ութը շարժումեն ինը «հանցանք» է։
Այլապես ժողովրդյան կմնա երթալ հանցանք գործել հոն, ուր դատարան կա, փոխադրվելու անպատեհութենեն ազատվելու համար։
⁕ Գյուղացի մը կպարծենա, որ ինքը հանցանք չի գործած այս կառավարության հանդեպ։
Ճիշտ նույն տարին երկնքեն իրար վրա անձրևներ կտեղա ու գյուղացին փոխանակ 50 փթի 500 փութ հաց կքաղե իր արտերեն։ Այդքան հաց ունեցող մը «կուլակ» կսեպվե արդեն ու իբրև ամենածանր հանցավոր՝ կաքսորվե կամ կգնդակահարվե։
Գյուղացու բռնվելն լսեցի, բայց թե ի՞նչ պատիժ ստացավ՝ չիմացա։
<b>Կիրակի 25.</b> ― Շատ բաներ կան, որ հինցեր է հիմա և փոփոխության կարիք ունի։ Մահազդն, օրինակ։
«Մայրն՝ այսինչը, հայրն և քույրը՝ այնինչը, կողբան իրենց զավակի անսպասելի մահը, որ տեղի ունեցավ ամսույս 10֊ին» և այլն, և այլն։
Ճիշտ է, կար ժամանակ, երբ մահն «անսպասելի» էր, բայց չէ՞ որ այժմ կյանքն է անսպասելի։
Մահազդը չէ այլևս, որ քեզի ծանուցի պիտի սիրելի բարեկամիդ մահը։ Սրտակից մը ունես նե, առանց մահազդի սպասելու, գործդ վերջացուցիր՝ ելիր հուղարկավորության գնա։
Ան ո՞ր «կենդանին» է հիմա, որ հուղարկի եկողի մը ձեռնունայն կդարձունե․․․
⁕ Բոլոր մեծ պետությունները Ժնև կվազեն զինաթափվելու։
Պարտված Գերմանիան, որ զենք չունի, խնդրեր է թույլ տալ իրեն զինվելու, որ ինքն ալ անոնց պես Ժնևի կոնֆերանսին զինաթափվելու երթա։
Գերմանիա պակաս խաղաղասերը չէ։
<b>Երկուշաբթի 26.</b> ― Հանցավորներին դյուրություն տալու համար կազմված են շրջիկ դատարաններ, ուր տեղնուտեղը կտանեն ու կգնդակահարեն։
Կնշանակե փոխանակ եզը տանելու դանակի մոտ, դանակը կբերեն եզին քով։ Ամենեն իրավական ձևը։
⁕ Քանի կոմունիստ սպանվե կապիտալիստական երկրներու մեջ, մեր կոմունիստական կառավարությունը այնքան նավ կկառուցե՝ ինկածներու հիշատակը հավերժացնելու մտոք։
Անանկ որ ֆաշիստական երկիրները եթե գլխի իյնային առաջվնե և երբեք կոմունիստ չդատապարտեին, այսօր հավանաբար Խորհրդային կառավարությունը ոչ մեկ նավ ունենար իր ծովուն վրա։
Ռազմագետ ըլլալու է։
<b>Երեքշաբթի 27.</b> ― Վերջին ժամանակներս կառավարությունը այնքան խոշոր հարկեր կդնե նախկին առևտրականներու վրա, որք չկրնալով վճարել՝ իրար ետևէ կկախվեն։
Բայց հազիվ թե կախվողները մեր կառավարության ձեռքեն ազատվեն։
Հարկային տեսուչը այսօր ծանր հիվանդացավ և շուտով անդիի աշխարհը երթա պիտի․․․
Բացի այս, ի տես այս մասսայական կախվողներու, օրենք մըն է հրատարակեր կառավարությունը, որով խստիվ կարգելվի կախվել առանց․․․ հարկը մուծելու, և ըստ այդ օրենքի՝ բոլոր կախվողները սովորականի կարգով, կդատապարտվեն գնդակահարության։
⁕ Պարտված Գերմանիան հուշագիր մըն է ներկայացուցեր Անգլիո, որով հավասար սպառազինության իրավունք կպահանջե Անտանտեն։
Անգլիա կմերժե նման պահանջը՝ բարեկամական թոնով հայտնված չըլլալուն համար։
Գերմանիա ետ վերցուց գրությունը՝ ժպիտով դիմելու համար։
<b>Չորեքշաբթի 28.</b> ― Իրոք որ մեր երկիրը կամաց֊կամաց «դրախտ» կդառնա կոր։
Այսօր ծակվեցավ վերջին վարտիքս ու ես արդեն մերկ եմ։
Բայց, ո՜վ Աստված, սա երկու տարի է ես խնձո՜ր չեմ կերեր, ինչո՞ւ մերկացուցիր զիս։
Կամ երբ մերկացուցիր, ինչո՞ւ չես վռնդեր «դրախտեն», երթանք քիչ մը օր ու արև տեսնանք։ Մեռանք է՛։
⁕ Բայց, ո՜վ Տեր, բան է, եթե պտուղ արգելելու միտք ունենաս, ոչ միայն խնձոր, այլև տանձ, սալոր, դամոն, սերկևիլ և մյուս բոլոր պտուղները արգելված հայտարարե։ Այս դրախտեն արտաքսվել ուզողներու թիվը այնքան մեծ է, որ խնձորի վրա կռվեն պիտի։
⁕ Քաղաքիս բոլոր կոշկակարները խանութնին կփակեն։
Խորհրդային Միության՝ կաշիի փոխարեն տախտակ գործածելուն համար, կոշիկ պատրաստելու գործը կոշկակարներեն հյուսներուն կանցնե տակավ։
Հե՜յ գիտի ժամանակ․․․
Ողորմած Լենինը իր կենդանությանը ցանկացավ ողջ Ռուսաստանն ավտոներու վրա դնել, բայց այսօր փայտե կոշիկի մեջ կդրվե։
Ու Ռուսաստանը փայտե կոշիկներով պիտի վազե, Ամերիկային «հասնե ու անցնե»․․․
Պետք չէ՞ հապա փայտե կոշիկ շինողներուն պատվեր տալ հատ մըն ալ փայտե գլխարկ՝ մեր երկրի կառավարիչի փայտե գլխուն համար։
<b>Հինգշաբթի 29.</b> ― Սա 12 տարի է Ռուսաստան նոր ժամացույց չի մտեր։ Հինցած ժամացույցները անհույս հիվանդներու նման ժամագործին մոտ կերթան ու կուգան։ Հարյուր ժամացույցին մեջ չես կրնար գտնել երկուսը, որ միևնույն ժամը ցույց տան։
Կարծիքներու կատարյալ ազատություն։
Եթե այս ազատությունը ժամացույցին փոխարեն մարդկանց գլուխներուն մեջ գոյություն ունենար, Ռուսաստանն ամենազարգացած երկրներեն մեկը կրնար սեպվիլ։
Սակայն ավա՜ղ։
Մարդիկ դարձեր են մեքենա, մեքենաները՝ մարդ․․․
⁕ Անցյալ գարնան, երբ գյուղացին ցորեն էր ցաներ՝ «կուլակային տենդենց» անվանեց կառավարությունը այդ քայլը և ծլած ցորենի արտերը կրկին վարելով՝ բամբակ ցանեց։ Այս տարի, երբ Հայաստանը սովի առջև կանգնեցավ, ու ցորենը 15 ռուբլիեն հանկարծ 120 ռուբլի բարձրացավ, բամբակ ցանելը «կուլակային տենդենց» համարվեցավ նույն կառավարության կողմեն, և սկսեցին բամբակը շուռ տալ ու ցորեն ցանել։
Կառավարությունը իր ամեն տեսակի սխալների համար կուլակին պատասխանատու կտեսնի։
Այս հաշվով բոլշևիկյան կուսակցությունը իզուր կաշխատե վերացնել կուլակությունը։
Ան ատեն ստիպված պիտի ըլլա սխալ չգործել ամենևին։
<b>Ուրբաթ 30.</b> ― Պետությունը մասնավոր առուտուրը մեռցնելու համար շուկան քաղաքեն քիլոմեթր մը հեռացուց։ Երբ տեսավ չի կրնար մրցել իր կոոպերատիվներով մասնավորին հետ, քիլոմթր մըն ալ հեռացուց։ Այսօր արդեն մասնավոր շուկան հինգ քիլոմեթր հեռու է բնակութենեն։
Ե՞րբ պետք է հասկնա այս կառավարությունը, որ մասնավոր շուկան վերացնելու միջոցը ոչ թե զայն հեռացնելն է, այլ կոոպերատիվները ապրանք լեցնելը։
⁕ Լավ է որ պետական շինարարությունը կանգ է առեր։ Այս թափով շարունակելու ըլլար նե, այսօր ողջ ազգաբնակչությունը զենք վերցներ պիտի ու պահակ կայներ կառուցված շենքերուն առջև։
Իր ժողովրդեն այսքան վախցող կառավարություն մը բնավ չի կրնար ժողովրդեն ընտրված ըլլալ։
<b>Շաբաթ 1.</b> ― Ներկա համատարած սովի բոլշևիկյան բացատրությունն այս է։
Որ շաքար չկա, այն պատճառով է, որ ժողովուրդը կուլտուրապես բարձրացեր է, ու շաքարի գործածությունը տարածված է։ Որ կոշիկ չկա, ատ անկե է, որ գյուղացիք տրեխի փոխարեն կոշիկ կհագնին։
Իսկ եթե հարցնես, թե ի՞նչն է, որ արտաքնոցները լեցված են։
― Ժողովուրդը շատ կուտե, ― պիտի պատասխանեն անշուշտ մեր նորագյուտ սովաբանները։
⁕ Անգրագետ մը, երբ ձեռք առնե խորհրդային որևէ թերթ, չի նկատեր պարապություն, վասնզի ճերմակ սյունակ չկա։ Սակայն հաճախորդ մը, որքան ալ անգրագետ ըլլա՝ կոոպերատիվ մտնելով իսկույն կնկատե պարապությունը, ինչու որ դարակներու մեջ ճերմակ թուղթեր են միայն փռված։
Մաքուր դատարկություն։
Ու հաճախ, երբ խանութին մեջ նստած մենավոր գործակատարուհին ինքզինքը կծախե, այդ ոչ թե հետին նպատակով է, այլ միմիայն խորհրդային առուտուրը փրկելու համար։
<b>Կիրակի 2.</b> ― Այսօր պառկած տեղես ելլել չեմ ուզեր։ Կյանքը մեռած է մեջս իսպառ։ Այնքան եմ մեռեր, որ մինչև չմտածեմ, չեմ զգա, թե կենդանի եմ։
Կզարմանամ, թե ինչո՞ւ Եվրոպայի ջղային հիվանդները, որ կպատրաստվին ծանր վիրահատության ենթարկվել, չեն օգտվեր Խորհրդային Ռուսաստանեն։
Այլևս ի՞նչ պետք կա մորֆինի կամ այլ թմրեցուցիչ դեղորայքի։ Կուգան, ամիս մը կապրին սա «վերելքին» երկրին մեջ, և բոլոր զգայությունին կբթացնեն։
⁕ Այսօր ողկույզ մը խաղող տուն բերելով՝ կանչեցի տղոցս ու ըսի․
― Երեխանե՛ր, սա կլոր֊կլոր բաները խաղող կկոչվին, սա սև է, կա նաև ասոր ճերմակը։ Երկրորդ հնգամյակը կմտնինք, եկող տարի եթե խաղող չգտնվե՝ հիշեցեք։
<b>Երեքշաբթի 4.</b> ― Այո՛, Երևանին մեջ խաղող չկա։ Երկիր մը, երբ առաջներ ամբողջ Կովկասը կզարմացներ իր խաղողի որակով ու քանակով, այսօր ինքը չի գիտեր, թե ի՞նչ է խաղողը։ Ինչո՞ւ, վասնզի այգիները կոլխոզ դարձան և արագ կերպով կոչնչանան անմշակ։
Այսպես երթալու ըլլա նե, շուտով պետք պիտի ունենանք մը երկրորդ անգամ նեղություն տալու Նոյ նահապետին, որ արարատն իջնա և խաղողի գյուտն ընե, հարկավ եթե սերմացու գտնե։
⁕ ․․․ Մտքիս մեջ կըսեմ․
― Ծո՛, Մովսե՛ս, ի՞նչ պետք կար այդքան տանջանք բերելու խեղճ Փարավոնին գլխուն։ «Բոլշևիկ պիտի բերեմ գլխուդ» ըսեիր նե, Փարավոնն անմիջապես պիտի արձակեր ժողովուրդն անապատ տանելու։
«Բոլշևիկ» բառին մեջ «արյուն» ա՛լ կա, «մահ» ա՛լ, «շնաճանճ» ա՛լ․․․
⁕ Եթե մարդկության պատմության մեջ չորս հատ Լենին ծնված ըլլար, այժմ հասարակածային բոլոր անտառները ճղակտոր պիտի ըլլային կապիկներու ծանրության ներքո։
<b>Չորեքշաբթի 5.</b> ― Լսեցի, որ ազգաբնակչության յուղի մատակարարումը անցնելու է «Մասլո Տրեստին»։
Անմիջապես տուն վազեցի ու ափսեի մեջ թափելով յուղի ամանի տակուցքը կանչեցի տղոցս ու ըսի․
― Զավակներս, ասիկա յուղ է, լավ նայեցեք, այլևս այսպիսի բան չեք տեսնի։ Դեղնավուն գույն ունի։ Տաքութենեն կհալե ու ցուրտեն կպնդե։ Ձյունն ալ նման հատկություն ունի, զգույշ կացեք չշփոթեք։
⁕ Գերմանիա ոտքը մեկ կոշիկի մեջ սղմած զինվելու հավասար արտոնություն կպահանջե։
<b>Հինգշաբթի 6.</b> ― Այս րոպեիս, եթե կինս իր շրջազգեստը հանած երթա ու կանգնե բարեկարգ քաղաքի մը հրապարակին վրա, անցորդները որքան ալ քարսիրտ ըլլան, անկարելի է անցնեն քովեն, առանց ողորմելու։
Քիչ մը բարեպաշտ քաղաքի մեջ այնքան ողորմություն կրնա ստանալ, որ մեզի բավե մինչև մեր կյանքի վերջը։
Կկարծեք՝ հարուստ չե՞նք։
⁕ Ֆրանսացի կոմունիստ Կաշենը կմեղադրե այն սոցիալ֊դեմոկրատներուն, որք կգրեն թե «ոչ մեկ եվրոպական պետություն միտք չունե Խորհրդային Ռուսիո վրա հարձակվելու։ Այս լուրը կտարածե Ռուսաստանը իր ժողովրդյան ահաբեկելու և լավ կողոպտելու համար։
Կաշենն իրավունք ունի․ մենշևիկները կսխալեն։ Քանի Ռուսաստանը կենդանի է ինչպե՞ս կրնա պատերազմ չըլլալ։
Դոն Քիշոտի ողջ ժամանակը ժամ մը դադար առա՞վ իր նիզակը․․․
<b>Ուրբաթ 7.</b>― Այսօր որ խանութ մտա, չկրցի սանր մը ճարել գլուխս սանրելու համար։ Գլխու խոզանակի հետամտեցի՝ ան էլ չեղավ։ Ոտքի խոզանակ կար միայն։ Առի հատ մը և տանը եղածին հետ չշփոթելու համար՝ մեկ խոզանակի ետևը գրեցի «գլխու», մյուսին ետևը՝ «ոտքի»։
Բայց ի՞նչ օգուտ գրելեն․ մեր ընտանիքին մեջ ես ու կինս կարդալ գիտենք, բայց մայրս ու երեք տղաքս գիր չեն ճանչնար, հետևաբար, ի՞նչը պիտի արգելե «գլուխով» ոտք սրբել ու «ոտքով»՝ գլուխ։
Կոոպերատիվին վարիչին կըսեմ՝ արհեստանոց մը բացեք գեթ, առտուներ մտնինք, սանրվինք, անցնինք՝ կխնդա ինքն իր մեջ։
Չէ՛, իրիկուն երթամ արմատեն խուզեմ մազերս, լմննա երթա, բե՜ ախպար, ալ չուզեցինք, մազն ալ իրենց, սանրն ալ իրենց։
⁕ Միակ օրաթերթի Կոտայքի թղթակիցը կգրե, թե գյուղացիք շարքացան մեքենայի մեջ մեղու լեցուցեր ու մեքենան փեթակի են վերածեր, իսկ մյուս գյուղատնտեսական մեքենաները դրեր են որպես պատնեշ գոմի դռան առաջ, որ անանսունները դուրս չիգան։
․․․ Կարդալ չգիտնալուն համար, «ոտքի» ու «գլխի» խոզանակները խառներ են խեղճ գուղացիները․․․
<b>Շաբաթ 8.</b> ― Պետությունը արտասահմանեն 20 «կարակուլ» ցեղի ընտիր խոյեր է բերեր, իր 4000 ոչխարները բեղմնավորելու համար։
Թեև բեղմնավորվելիք հոտի քանակը շատ մեծ է համեմատած խոյերու թվին հետ, բայց կառավարությունն ալ այդ նկատառումով առանձնացուցեր է խոյերը և «խտացուցած և ուժեղ» կեր կուտա։
Ինչպե՜ս։ Մի՞թե ուժեղ կերը կավելցունե կենդանիին սեռական կարողությունը։
Այդ հաշվով, օրինակ, հիմա երբ «պատասխանատու» կոմունիստները հատուկ խանութեն «խտացած» կեր կստանան, մի՞թե իրավունք ունին պահանջելու իրենցմե յուրաքանչյուրին համար 200 կին․ ալ անդին մեզի ի՞նչ կմնա։ Ճշմարիտ է՝ մեր կերածին նայելով մենք ոչ մեկ կնկա պետք չպիտի ունենանք, բայց ձևի համար մեկական կի՞ն ալ չունենանք․․․ կար ու կարկատանի համար։
⁕ Բայց ես այդ ազնվացեղ խոյերու տեղն ըլլայի նե, ինձի հրամցված «խտացրած կերն» ջենտլմենաբար կտանեի 4000 դամաներուս կբաժնեի ու դառնալով բոլշևիկ գյուղատնտեսին՝ երեսն ի վեր կպոռայի․
― Ընկե՛ր, ազնիվ ոչխարի ցեղ ստանալու համար պետք չէ, որ միայն արուները ուժեղ սնվեն։ Ուժեղ սնունդը որքան արուներու, նույնքան էլ էգերուն է պետք այդ նպատակի համար։
Բայց խոյերը այսպես չեն ըսեր հարկավ և աղեկ մը կշտանալով, պիտի իյնան անոթի, միայն հարդով սնվող, խեղճ ու կրակ ոչխարներու մեջ․․․
Հետաքրքիր է գիտնալ, թե անոնք կգիտակցե՞ն, որ ըրածնին «սոցիալիստական շինարարություն» է։
<b>Կիրակի 9.</b> ― Ինչքա՜ն մեղմ, որքա՜ն բարեգութ է Չեկան դեպի իր «հանցավորները»։
Չնայած որ նախապես հայտարարեր է, թե ոսկի ունեցողները բերեն ունեցածնին հանձնեն՝ այլապես բռնվողները կպատժվին, սակայն չեն պատժեր։
Անցյալներ ատաղձագործ Ղևոնդին տան մեջ 400 ոսկի բռնեց․ ոսկին գրավեց, իսկ իրեն ազատ բաց թողեց։
Այսքան էլ մեղմությո՞ւն։
⁕ Մեր հարևան Մակար բիձան ձայնը ձգեր է գլուխը, կպոռա։
Գիշերը իր արտաքնոցը մարդ է մտեր։
Կողպանքը կոտրեր, կարիքնին հոգացեր ու փախեր են։
Հանցագործություն մը, որ ներկա արտաքնոցային կրիզիսին ավելի խոշոր է, քան հարուստ տուն մը կողոպտելը։
<b>Երկուշաբթի 10.</b> ― Աշնան եղանակին անպատմելի փոշոտ են Երևանի փողոցները և երթևեկը չափազանց դժվար։ Միայն Չեկայի փողոցը լավն է, այն ալ շնորհիվ այն բազմահազար լացող կանանց արցունքի, որք իրենց բռնված մարդոց տեսության երթալու ատեն կթափին ճամբին։
Ջուր ցանելու ծախս չունի քաղաքապետարանը, կհասկնանք, բայց կրնա միջնորդել, որ ամեն փողոցի գլուխ Չեկա մը կառուցվի։ Ուրիշ կերպ՝ այսքան փոշին կշնչվի՞։
⁕ Ներկայանալի չամաշոր չունենալու համար, սա երկու շաբաթ է կուզեմ բաղնիս երթալ, չեմ հաջողեր։
<b>Երեքշաբթի 11.</b> ― Ասկե տարի մը առաջ, սեղանի նստելուն, երբ ճաշը վատ ըլլար, 18֊ի սովը, անկե առաջ քաշած ծանր օրերը մտաբերելով, կերպ մը կուլ կուտայինք պատառը։
Երեկի մեր ճաշը, սակայն, մնաց առջևնիս ու ոչ մեկ հիշողությամբ վար չգնաց։
⁕ Սա չորրորդ տարին է, որ Լուսժողկոմատը համատարած պարտադիր ուսում կհայտարարե՝ «կռիվ» հայտարարելով անգրագիտությանը։
Բայց ես ժամանակը հասած կնկատեմ, որ Լուսժողկոմատը զենքը վար դնե ու հաշտություն խնդրե, վասնզի այսպիսի կռիվը բնավ ձեռնտու չէ իրեն, և այսօր եթե պատահմամբ երկու մարդ գրագետ է մնացեր երկրին մեջ, ան ալ զոհ պիտի երթա այս անհավասար կռվին․․․
<b>Չորեքշաբթի 12.</b> ― «Պրավդայի» առաջնորդողը կըսե, որ հիմա ավելի հացահատիկ կարդյունաբերե Ռուսաստանը, քան նախապատերազմական շրջանը։
Այս տողերը կարդալով կմտածեմ՝ այսքան ուժեղ քամիին մեջ ինչքա՜ն դժվար պիտի ըլլա մեր հրեշեջներու գործը․․․
⁕ Անցյալ տարի աշնանը, ընկույզի համեմատական առատության պատճառով, տղուս մինչև 80֊ը համրանք սորվեցուցի։ Այս տարի ընկույզին հատը հինգ կոպեկ կծախվե։ Բյուջեիս նայելով, այս տարի տղաս համրանքը պիտի մոռնա։ Բայց շատ չեմ մտածեր․ դժվարը մինչև 15 տարեկանն է։ 15 տարեկանեն, երբ սկսե կարդալ մեր օրաթերթերու սուտերը, ինչքան հաշվե՝ կա։
Ես, օրինակ, միլիարդի մասին գաղափար կազմեցի բացառապես խորհրդային թերթ կարդալով․․․
<b>Հինգշաբթի 13.</b> ― Երևանի «Հոկի» դռան քարերը, օրը ցերեկով խախտվեցավ, ու եթե անմիջապես սյուներ չդրվեր դռան մեջ՝ շենքը կրնար վնասվել, իր հետ վնասելով նաև մեջը եղող խուռը բազմությունը։
Իրիկունը «Հոկի» դուռը նեղ վանդակի էր նման, որոնց արանքներեն դուրս պրծան անկուսակցական պաշտոնյաները միայն։ Կուսակցականները անխտիր ներսը մնացին։
Բոլոր գաղափարներեն միայն կոմունիզմը կպարարտացունե մարդոց, և շատ իզուր է, որ ցայսօր մսագործները այս վարդապետությունը չեն օգտագործեր իրենց անասունները գիրցունելու համար․․․
⁕ Այսօր ավարտվեցավ Երևանի հրշեջ նոր շենքը։
Հետաքրքիր է, հրշեջները կրնա՞ն իրենց շենքի հրդեհը հանգցունել, թե՞ հիվանդ բժիշկի նման ուրիշ հրշեջ պիտի կանչեն։
<b>Ուրբաթ 14.</b> ― Մեր կոոպերատիվ խանութները շատ նման են ծակ ռեզինի «շիներու»։
Մեյ մըն ալ տեսար՝ պետություն, սովխոզ, կոլխոզ միացած փչեցին ուռցուցին, բայց դեռ ոտքը չքաշած՝ դատարկ է խանութը։
Կոլխոզին մեջ բարձված միրգի սայլը ինչքան ալ արագ քշես՝ անկարելի է, որ քաղաք հասնե․ միրգը կծծվե այնպես, ինչպես նվազ ջուրը ավազոտ առվի մեջ։
Շրջանեն քաղաք կհասնե միսը միայն, եթե անյուղ է, և պանիրը՝ եթե հոտած է։
⁕ Այս երկու օր է կպտտցունեմ Ամերիկայեն նոր եկած հայրենակցի մը։ Ճաշարանին մեջ խեղճին հետույքը գամի առավ ու շատ անհարմար ձևով պատռվեցավ փանթալոնը։ Փողոցին մեջ ինչքան համոզեցի, որ չամչնա և ձիգ քայլե, որ խորհրդային երկրին մեջ նման բաներ ոչ միայն ամոթ չէ, այլև պատիվ՝ չեղավ։
Խեղճ մարդը իներցիայով միշտ ձեռքը պատռվածքին վրա կսեղմեր՝ կարծելով, Ամերիկա է․․․
<b>Շանաթ 15.</b> ― Այս ուղիղ շաբաթ մըն է ես «բանվորական դիկտատուրայի» տակ կապրիմ։
Մեր բակի շենքին մեջ բերեր կապրեցունեն 15 բանվորական ընտանիք, յուրաքանչյուրը վեց անձե բաղկացյալ։
Առտվնե պատուհանիս տակ կճչան 15 ծծկեր, 15 մանկապարտեզի, 15 դպրոցի հասակ ունեցող տղաներ։ Ամեն օր գողություն կա մեջերնին։ Մեյ մըն ալ տեսար 15 կին և 8 աղջիկ միացած «պատիվ» պահանջեցին «կասկածողե» մը։ Իրար խառնվեցան 25 կնկա ձայն, ոչ, բարկացած կնկա ձայն ըսեմ, որ հասկանալի ըլլա սարսափը։ Ժամը երեքին գործատեղեն կուգան բանվորներն ու իրենց հասունացած որդիները, հայհոյելով իրարու հոգի, մարմին, կին, տղա, մեռած ու կենդանի՝ հանաքով կամ լուրջ։ Երաժշտություն մը խժաձայն։
Հա։ Եկավ իրիկունը, ապա գիշերը։
Քունի մեջեն հանկարծ վեր թռնելով՝ երկինքը կնայիմ։ Պարզ է ու աստղալից, սակայն, աս ի՞նչ հորդաներ են կշառաչեն պատուհանիս տակ։ Իմ հարցին կպատասխանե արևը, առտուն թեթև հովի օգնությամբ պատուհանես ներս բերելով ահռելի միզահոտ մը․․․
Թեև բոլշևիկյան կառավարությունը կըսե՝ համայն Ռուսաստանը բանվորական դիկտատուրա կապրե, բայց բարեբախտաբար այդ սուտ է։ Կամ ո՞վ գիտե, գուցե և ճիշտ է։ Ես Ռուսաստանը չեմ տեսեր․ համենայն դեպս, եթե հավատանք այդ կուսակցության ըսածին, կնշանակե Ռուսաստան մտնելուն պետք է թաշկինակը քթին բռնել միշտ։
⁕ Ամեն անգամ երբ Կենտկոմի քարտուղարին քով զրույցի կերթամ, կպահանջե խոսել սաստիկ կարճ, շտապ հեռագրի լեզվով, այնպես, որպես թե բառը մեկ ոսկի արժե, դուն ալ ամսական կես ոսկի կառնես։
․․․ Եվ այ այն քարտուղարը, որուն խոսած ճառերը երբեք յոթ ժամեն պակաս չեն տևեր․․․
Երկրորդ անգամ գնալուս պիտի ըսեմ․
― Ընկե՛ր, ճառիդ նոր արտահայտած միտքերը քեզի, նույն միտքերու երկրորդ, երրորդ, մինչև երեսուներորդ անգամ կրկնած միտքերն ալ քեզի, թող խոսեմ քո երեսունմեկերորդ անգամ կրկնածդ խոսքերուն չափով միայն․․․
⁕ Միջնակ տղաս հետույք հայհոյել է սորվեր մեր բակի բանվորներեն ու չմոռնալու համար իր մորը ու փոքր եղբոր վրա գործածեց այդ հայհոյանքը։
Այսօր ալ իր դասը «Լենին պապին» է պատահաբար։ Այս եռանդով եթե կրկնելու ըլլա հայհոյանքը, դպրոց երթալուն հազիվ թե սոցիալիզմի առաջնորդը զոհ չերթա տղուս սորվելու եռանդին․․․
<b>Կիրակի 16.</b> ― Մեր դրացի Արշակը ասկե տարի մը առաջ կռվով բաժնվեցավ կնոջեն ու գնաց առանձին սենյակ փնտրելու։ Երբ սենյակ չգտավ, նորեն Նոյի աղավնու նման եկավ թառեցավ իր կնկան վրա։
Երեք ամիսեն նորեն ատեց Արշակն իր կնկան և նորեն հոս հոն գնաց սենյակ ճարելու։ Նորեն չճարեց ու կրկին իր կնոջ վրա եկավ։ Չորս֊հինգ ամիսեն, երբ մարդն համարյա բոլորովին մոռցեր էր իր ատելությունը և մինչև իսկ սաստիկ կսիրեր կնկանը, դիպվածով, հանկարծ տեղ մը սենյակ պարպվեցավ։ Ու Արշակը սաստիկ չուզելով, համարյա լալով բաժնվեցավ կնոջեն ու գնաց իր նոր տունը։
Կնոջն ատել միշտ կարելի է, իսկ սենյակ ճարելը, ով Երևան ապրեր է, գիտե թե ինչքան անկարելի է․․․
⁕ ․․․ Բայց կինս իզուր տեղ կգանգատե մեր փոքրիկեն, որ ան խաղի մեջ անհարատև է։
Բոլշևիկները իրենց լոզունգներուն հետ երեք օր իրար վրա չեն խաղար և սա 12 տարվա մեջ 12 հազար լոզունգ փոխեցին, մինչդեռ մեր խեղճ Կարապետը սա մեկ տարի է իր ողորմելի փայտե ձին կնորոգե ու կխաղա։
<b>Երկուշաբթի 17.</b> ― Լսել էինք խանութպանին խնդրել՝ լավ ձմերուկ մը ջոկել, կամ կանաչ վարունգ ընտրել, բայց չէինք իմացեր, որ գրախանութին մեջ ալ գրքերը լավ կամ գեշ կըլլան։
Կարել՞ է օրինակ, գրավաճառին ըսել՝ բարեկամ, ինձի լավ «Համլետ» մը տուր։ Չի կարելի բնականոն երկրի մը մեջ, սակայն մեր երկիրը ամեն կարելիության երկիրն է․ հոս գրքերն ալ հասած պտուղին նման թարմ ու լխկված կըլլան։
Այսօր, երբ մտա Պետհրատի գրախանութը, Ռեմարկի «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է» առնելու, մեկ գործակատարը մյուսին ըսավ կամացուկ․
― Լավերեն տուր։
― Գրքին վա՞տն ալ կա, ընկե՛ր, ― ըսի չհամբերելով։
― Կա, ահա, ― ըսավ ան՝ պարզելով ինձի գիրք մը, որուն էջերը համարյա անընթեռնելի էին վատ թուղթին ու տպագրությանը համար։
Ու հանկարծ «Ամերիկային հասնելու ու անցնելու» բոլշևիկյան լոզունգն միտս ընկավ․․․
Ամերիկան, ուր որ այսօր գրքերն միատեսակ տպագրելե զատ կաշխատեն իրենց քաղաքացիները միատեսակ ծնեցունել։
Մեր երկրին մեջ ոչինչ կա միատեսակ ու ընդհանուր՝ տխմարութունեն զատ։
⁕ Մահապատիժներու «կոմպանիան» վերջացավ, ասկե վերջ պետական գույքն ազատ կարելի է գողնալ։
<b>Երեքշաբթի 18.</b> ― Բանկոոպի համար 13 կոշիկի խանութը ամենեն ուշը պիտի փակվե։ Շատ կարելի է բնավ չփակվե։ Խանութն իր կոշիկները դեռ տարի մը առաջ է ծախեր, կմնա զույգ մը միայն, որոցմե մեկը մյուսեն 12 սանթիմով մեծ է։
Բանկոոպի վարչությունը հաստատ որոշում ունի, պահել խանութի գործակատարին և ամսական 80 ռուբլի ռոճիկ տալ մինչև այն ժամանակ, երբ գտնվե մեծ ու փոքր ոտք ունեցող գնորդ մը այդ հատուկ կոշիկին համար։ Պետությունն խնայողական ռեժիմի է անցեր, անիկա չի կրնար խոտան հայտարարել բոլորովին նոր զույգ մը կոշիկ, որք ընամենը 12 սանտիմի տարբերություն ունին իրարմե։ Ան իր նյութական միջոցները ջուրեն չի հանած, որ ջուրը լեցունե։
⁕ Ըսենք, ճիշտը զրուցած՝ պետությունը չի հոս մեղավորը։ Խորհրդային գործարանին և գնորդին պահանջին միջև համաձայնություն չկա։ Փոխադարձ զիջողություններով միշտ կարելի է խոտանին վերջ տալ։ Օրինակի համար, եթե գործարանը անկարող է իր կաղապարը տաշել քիչ մը, ատոր փոխարեն կրնա մայր֊գնորդը քիչ մը անհամաչափ ոտներով տղա ծնանել։
Արդեն մենք սորվեր ենք ամեն զոհողություն մեր գործարաններեն պահանջել․․․
Համենայն դեպս, համար 13 խանութին գործակատարին շնորհավորել կարելի է յուր բախտավորությանը համար։ Անիկա այլևս անգործություն չի տեսնելու։ Այս օրինակով եթե բանկոոպի վարչությունը իր համար 14 խանութին մեջն ալ հատ մը շալվար կախե՝ ոտները մեկը մյուսեն 20 սանթիմ երկար, համար 15 խանութին մեջ ալ ակնոց մը՝ մեկ ապակին մյուսեն երկու անգամ խոշոր, կամ մեկը սև, մյուսը ճերմակ, իր խանութներեն ոչ մեկը չի փակվե ապրանքի սովեն։
<b>Չորեքշաբթի 19.</b> ― Շիրակին մեջ քաղվոր գյուղացի մը, անսալով կառավարության «հարվածային աշխատանք» կոչին, մի օրվա մեջ երկու օրվա գործ է կատարեր ու շնչահեղձ ինկեր մեռեր է։ Պաշտոնաթերթը տվավ հանգուցյալ «հարվածայինի» պատկերը և քաջալերեց հետևելու նրան։
Ճիշտ նույն թվին տրակտորիստ մը հանդիմանության կարժանանա մեքենան սովորականեն արագ քշելու համար․․․
Ասդին ալ «կենդանիները հովանավորող ընկերությունը» կարգելե ավանակներուն 50 քիլոյեն ավելի բառնալ։
Այս աղաղակող խտրության ի տես ի՞նչ կմնա մարդուն ընելու։
― Պոչ մը առնել ու ավանակներու «կոլեկտիվին» մեջ մտնել․․․
⁕ Ճապոնիա՛, եթե մտադրված ես Խորհրդային Ռուսաստանին զարնելու՝ զարկ։
Այսպես սպասողական ապրիլը չապրելեն գեշ է իրեն համար։
<b>Հինգշաբթի 20.</b> ― Դերասան Հովհաննես Աբելյանը, իր դերասանությանը վերջ տված, կովկասյան երեք հանրապետություններու մեջ իր հոբելյանը խաղալով ման կուգա՝ ի խնդիր քանի մը ռուբլիի։
Հիշյալ հանրապետությանց բոլշևիկ կառավարությունները, թեև համր ու խուլ դեպի ամեն տեսակ ազգային ու իսկական գեղարվեստական արժեքները, այնուհանդերձ «այլև այլք» ֆոնդեն քանի մը գրոշ կնետեն նման հոբելյարներուն։
Ճիշտ այնպես, ինչպես հայերեն չգիտցող անգլիացի մը կվարձատրե հայ բանաստեղծի մը։
⁕ Բայց անկախ այս բոլորեն, ես հոբելյան ըսածդ բնավ չսիրեցի։
Մարդս ինչ արհեստի ալ ծառայելու ըլլա՝ պետք է իր սև օրվա համար մտածե։ Չէ նե երիտասարդ ժամանակը դրամն աջ ձախ վատնե ու ծերանալուն, անոթի կենա հասարակության առաջ, թե ստակ տուր ուտեմ։
Ապրելու այս ձևը ինչ անուն ալ կրելու ըլլա՝ մուրացկանություն է։
<b>Ուրբաթ 21.</b> ― Այսօր «կոլխոզ» խանութներու վարիչը շուկա իջած կողպեք կհավաքեր իր խանութները փակելու համար։
Պիտի ըսեք՝ ի՞նչ պետք կա փակելու խանութ մը, երբ դատարկ է։
Ընդհակառակը․ մեզ մոտ դատարկ խանութն ավելի փականքի պետք ունի, քան լեցունը։
Այսպես՝ Լեցուն խանութ գիշերանց մտնողը կմաքրե, մինչդեռ դատարկ խանութին այցելուն՝ կկեղտոտե։
Հոն կկատարվեն խորհրդավոր սպանություններ, ապօրինի ծննունդներ ու կհղանան «կույսեր»։
Վերջապես ֆիզիկային ծանոթ յուրաքանչյուր մարդ գիտե, որ բնությունը դատարկություն չի սիրեր, անիկա բանկոոպ չէ։
⁕ Լենինականի բանտային տեսուչը, որ կուսակցական էր և 72 տեսակ հանցագործություն միաժամանակ գործեր էր, փոխանակ պատժվելու, պաշտոնի բարձրացում ունեցավ։
Ինչպես հին Հունանստանին մեջ, փաստաբան մը, պոռնիկ կնոջ մը արդարացնելու համար հայտարարեց՝ «գեղեցկությունը ինքը օրենք է», անանկ ալ ես կհայտարարեմ․ «կոմունիստն ինքն արդարություն է մեր կարգերուն մեջ»։
<b>Շաբաթ 22.</b> ― Բոլոր ամուսնացողները տարբեր ժամանակներու մեջ տարբեր հատկություններ են փնտրեր իրենց հարսնացուին մեջ։
Կուշտ դարերուն մեջ նրբահասակ, բարեձև կանայք կփնտրվեին, իսկ հիմա միայն պարարտ, միայն թիկնեղ։ Թիկնեղ, որ հերթերու դիմանան, պարարտ, որ առանց ուտելու գեթ ամիս մը ապրին։
⁕ Մեր թաղային խանութի գործակատարուհին խոշոր գիրք մըն է վերցուցեր կարդալու ու մխրճվելու մեջը։
Գրքի ծավալին նայելով մեր թաղը այս ամսուն ստանալիք չունե․․․
<b>Կիրակի 23.</b> ― Ինչպես գիտեք, մինչև հիմա, երբ դեռ կոլխոզի գոմեր չէին շինված, կենդանիները գաղափար չունեին դժոխքի մասին և հանդերձյալ կյանքով չէին ապրեր, վասնզի ոչ մեկ կենդանի բնական մահով կմեռներ։ Կենդանին մահվան նշաններ ցուցնելուն պես կմորթվեր ու մաս֊մաս կտրտվելով կանէանար։
Հիմա սակայն, շնորհիվ նոր կարգերու, շատերը կենդանիներեն բնական մահով կմեռնեին ու փառքով կթաղվեին։
Այսպես՝ ենթադրենք հոտի մը մեջ 100 ոչխար հիվանդ են և հաստատ մտադրված են սատկել։ Մորթեր չես կրնար․ պետք է սարեն իջնես ու զեկուցես «բազայի» վարիչին այդ մասին։ Բազայի վարիչը խոմ բժի՞շկ չի, պետք է հեռագրով քաղաքեն անասնաբույժ կանչվե՝ «ակտ» կազմելու համար։ Հեռագիրը, չեմ գիտեր, գուցե Ամերիկային մեջ ավտոմոբիլով կճամբեն, բայց մեզ մոտ սայլով է, օրական 15 քիլոմեթր կերթա կպառկի։ Այս ձևով չորս օր հեռագիրը կերթա, չորս օրեն ալ բժիշկը կուգա, երբ կենդանիները չկրնալով ինքզինքին զսպել, մեռած են արդեն ու զետեղված «եղբայրական գերեզմանին» մեջ։ Է, կենդանի մը, երբ բնական մահով մեռած է և օրինական ձևով թաղված, բոլոր իրավունքն ունի հանդերձյալ կյանքին մեջ արքայություն կամ դժոխք պահանջելու։
Ու մեղավորները կոլխոզի գոմ կերթան, արդարները՝ մենատնտեսի։
⁕ Հունաստանեն եկած բան․ թղթակից Մ․ Քիպապչյանը գյուղե֊գյուղ կշրջե և աջ ու ձախ դուրս մնացած կենդանիներու համար գոմեր կկառուցե․․․ թերթին մեջ։
Այսօր Եղվարդի կոլխոզ գոմի բացումը կավետե գյուղին։
Կենդանիները կգնահատեն վաստակավոր թղթակցին ջանքերը և բացման ժամանակ, կըսեն, պատկառելի եզներն անգամ, ետ֊ետ գնալով, գոմ մտնելու նախապատվությունը Քիպապչյանին տված են․․․
<b>Երկուշաբթի 24.</b> ― Սա ուղիղ մեկ շաբաթ է, կուսակցական պաշտոնաթերթը լեզվակը բռնած, կուսակցական ոգու անկումը կահազանգե իր էջերուն մեջ, վերեն ի վար։
Գիտե՞ք «կուսակցական ոգու անկում» ինչ կնշանակե։
Այդ կնշանակե, թե կուս֊մասսան զգացեր է, թե իրենց բռնած այս ճամբան դեպի սոցիալիզմ չի տաներ, հիասթափվեր է, զղջացեր ու կպատրաստվե ճշմարտությունը խոսելու, ու Կենտկոմը կուզե ոգին բարձրացունել։
Իսկ գիտե՞ք ինչ կնշանակե «ոգին բարձրացնել»։ Այդ ալ կնշանակե՝ ուղեղը հանել մասսայի գլուխեն և զգայությանց նյարդերու ծայրերը տանել Ցեկա։
Բան մը բերան դնելուն պիտի հարցնես․
― Ինչի՞ համ առնեմ։
Եթե Ցեկան սերկևիլի ըսավ, սերկևիլի համ պետք է առնես, եթե տանձի՝ տանձի։
Իսկ Ցեկայեն հեռու ինկած վայրերու համար կա ընդհանուր կանոն։
Կյանքին մեջ ինչ որ տեսնես հակառակը պիտի գործես։ Եթե գյուղի կոլխոզեն բոլորը դուրս են եկեր, բնավ մարդ չի մնացեր, պիտի գրես՝ «գյուղն ամբողջ կոլխոզ է մտեր, բնավ մարդ չի մնացեր դուրսը»։
Եթե հոկտեմբերի տոնին ոչ ոք չկա փողոցը ու գերան ձգելու տեղ կա՝ պիտի ըսես՝ «այնքան բազմություն էր լեցվեր, որ ասեղ ձգելու ճար չկար»։
Ահա այս էր կուսակցական ոգու անկում, և այս նույն ոգու բարձրացումը։
⁕ Թաղի կանայք մեծ սարսափով և զգուշությամբ կհաղորդեն իրարու, որ Գևոյին կինը տղա է բերեր։
Այս դժբախտության շուրջ կարծիքներու միաբանություն չկա։ Ոմանք կդատապարտեն կինը «արսըզ» համարելով, այլք կարդարացունեն՝ ըսելով․
― Ի՞նչ ըներ խեղճը, աղքատ կին, 20 ռուբլի ուրկե՞ գտներ վիժում կատարել տալու համար․․․
<b>Երեքշաբթի 25.</b> ― Սա անգլիական կերպաս հագնելն ալ հեշտ չի եղեր ու սարսափելի ծախսոց կկարոտե։
Ութ տարի առաջ քոստյում մը առի։ Երեք տարի անընդհատ հագա՝ չմաշվեց, բայց գույնը նետեց, ստիպված 13 ռուբլի ներկելու տվի։ Չորրորդ տարին ուտելիք ունեինք՝ գիրցա․ գիրցա ու ստիպված 20 ռուբլի դերձակի տվի քիչ մը լայնացնելու համար։ Անկե վերջ եկավ սա սոցիալիզմին շտապ հասնելու և Ամերիկային անցնելու շրջանը, երբ երկիրը աղքատացավ և ուտելիք չճարվելու հետևանքով՝ պզտիկ մարդ մը, կամ ավելի ճիշտ՝ պզտիկ կին մը կտեղավորվեր մարմնիս ու քոստյումիս միջև, այնքան նիհարեր էի։ Տվի 24 ռուբլի ալ նեղցունելու։
Սա խայտառակություն է, չէ՞։ Ափսոս չէի՞ն ռուսական կերպասները։
Երկու անգամ հագնես ու երթաս հացի հերթ կայնես՝ կոլորվի կերթա, առանց ծախս պատճառելու քեզի․․․
⁕ Երեք ճոթի հերթին մեջ կին մը ու տղամարդ մը մարեցան։
Կոոպերատիվին վարչությունը իր տեղեկագիրին մեջ կըսե․ «անոնք նոր սիրահարներ էին, որք ուխտեր էին մեռնել միասին»։
Կինը 83 տարու էր, մարդը 90։
<b>Չորեքշաբթի 26.</b> ― Այսօր սիրտս շատ էր լեցված։ Եթե Աստծու հավատայի, ծունկ չոքած պիտի աղոթեյի ու լայի։
Բայց այս անիրավ Աստվածաշունչին Աստվածն ալ շատ է առասպելական։ Կըսե Աստված առավ հող, թքեց վրան, շաղախեց ու ատկե մարդ շինեց, անունը Ադամ։ Եկեք խելքով դատենք։
Միջին ծանրության մարդ մը հինգ փութ կկշռե՞։ Այո՛։ Է, հինգ փութ ցեխ շաղախելու համար առնվազն երեք դույլ թուք է պետք։ Աստված քանի՞ օր թքե, որ այդքանը գոյացունե։ Իսկ մեկ անգամ թքածով շինված մարդն հազիվ բզեզի մեծությունն ունենա, ալ ինչպե՞ս անունը Ադամ կդրվե։
Չէ՛, եղբա՛յր, ես չեմ կրնար։ Այս տեսակ անհեթեթ սուտի հավատալու համար անպատճառ բոլշևիկ պիտի ըլլալ, պայմանով, որ սուտն ալ Ստալինը խոսե․․․
⁕ Այսօր տղոցս դաստիարակության վերաբերյալ աննշան վեճ մը ունեցա կնկանս հետ և չկրնալով զսպել ինձի՝ «տգետ» անվանեցի զինքը։
― Լավ, տգետ եմ, թող տուր ես մեռնիմ՝ գնա լուսավորյալ կին մը առ, ― ըսավ ինձի ու չկրնալով հուզմունքը պահել՝ լացավ դառնագին։
― Լա՜վ, բան մըն էր ըսի, կնիկ, դուն ալ ինչո՞ւ կուլաս, ― զղջացած ըրածիս վրա՝ ըսի մոտենալով իրեն։
― Չէ՛, ես տգետ եմ, ես պիտի մեռնիմ, ― կրկնեց կինս, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ սղմած։
― Նախ՝ տգետները հիմա չեն մեռներ․ կնիկ, ― ըսի խնդալով, ― տգետները հիմա կապրին, և փառավոր կապրին։ Հիմա կմեռնին գիտունները․ անանկ որ, եթե որոշեր ես անպատճառ մեռնիլ, աշխատիր գիտություն ձեռք բերել․․․
<b>Հինգշաբթի 27.</b> ― Ազգերի լիգան Զվիցերիո մեջ կգումարվե սա երկու տարուց ի վեր է։ Բոլոր մեծ պետությունները կուգան կնստեն, կխոսեն իրարու հետ, շահավետ գործարքներ կկատարեն, երկիրներ կուտան, երկիրներ կառնեն, սակայն այդ մեծասուտններեն ոչ մեկը չի մտածեր քանի մը թիզ երկիր նվիրել Զվիցերիո, այդ պզտիկ ու աղքատ պետությանը, որ ողջ ժողովին աչքը տնկած՝ դիվանագետներու բերնին կնայե՝ բերնի թուքը կուլ տալով։
⁕ Կոմկուսակցությունը կգանգատե, որ իր անդամները չեն աճեր։ 12 տարեկան հասակին մեջ կուսակցությունը իր արբունքը կվերջացունե ըսել է։
Եթե պառավական դեղերու հավատար, ես կառաջարկեի յախու փակցունել կռնակին․․․
<b>Ուրբաթ 28.</b> ― Տաճկաստանը և առհասարակ այն բոլոր երկրները, որք քաղաքակրթութունեն զուրկ, անկարող են իրենց բռնած տարածությունը օգտագործել հարյուր տոկոսով, և սակայն իրենց ագահ աչքերը տնկած են այս ու այն կողմեն նոր երկիրներ կորզելու, նման են այն պառաված ձիուն, որն ինչպես գարին կկլե՝ նույնությամբ կարտաթորե։
Ու ինչպես այդ անատամ ձիերուն ետևեն ճնճղուկներու տարմեր կշրջեն անոր թրիքն քջջելու ի խնդիր, անանկ ալ կոնցեսիոներ պետությունները կպտտեն Թուրքիո ու նման երկրներու ետևեն․․․
Տխմարներ, ամոթ չէ՞ ձեզի։ Զարկեք ձիու դնչին ու մաքուր գարին վայելեք։
⁕ Ոչ մեկ ատեն Հայաստանին մեջ այսքան դպրոցներ չեն եղած, և սակայն ոչ մեկ ժամանակ ժողովուրդն այսքան տգետ չի եղած։
Այնպես ինչպես ճրագը, փոխանակ լույսի, ծուխ տա։
<b>Շաբաթ 29.</b> ― Դրամն ինկած, աշխատավարձը չնչին։ Առաջ տունեն մեկը աշխատեր՝ վեցը կուտեին։ Հիմա վեցն աշխատեն, մեկը չեն կրնար կերակրել։ Այդ պատճառով բոլորը աշխատանքի կերթան։
Երեկ փողոցեն անցածս ատեն, տեսա մայր մը իր ծծկեր երեխան «մսուրը» դրած գործի երթալ կուզեր։ Տղան ներսեն կուլար, մայրը՝ դուրսեն, իրարմե անջատվել չկրնալուն համար։ Տղուն դայակը ներսեն կհորդորեր չիլալ, մոր վերակացուն՝ դուրսեն։
Բայց ի՞նչ հորդոր։
Երկուսին լացը կտրելուն համար պետք էր կաթ տալ։ Իսկ կովը՝ ցամքած։
⁕ Կսվի, թե երկրի ղեկը պիտի անցնե «աջերու» ձեռքը։
Սա կառավարությունն ալ երբեք երկու տարի մեկ կողքի չպառկեցավ, միշտ տարի մը աջ, տարի մը ձախ կողքի շուռ եկավ։ Ես ասանկ անհանգիստ կքնանայի ժամանակ մը, երբ իրիկունները կուշտ կուտեի․․․
<b>Կիրակի 30.</b> ― Բժիշկը պզտիկ աղջկաս համար ձկան յուղ է նշանակեր, բան մը, որ ինչ ըրինք չկրցինք խմցունել։ Այդ պատճառով մայրը ամեն կերակուրին մեջ քանի մը կաթիլ կլեցունե։
Երեկ բորանիին մեջ կերևի շատ էր լեցուցեր։ Մեյ մըն ալ տեսա որձկաց աղջիկս ու վրա՜ս, գլուխս ողջ բորանի շինեց․․․
Այսպես կվարվեն նաև այժմու վարժապետները։ Կուզե հաշվապահություն ավանդեն, կուզե քիմիա կամ աստղաբաշխություն, ամեն առարկայի մեջ պիտի «լենինիզմ» խառնեն, հակասական աշակերտի ճաշակին ու ախորժակին։
Սակայն թող զգույշ մնան վարժապետները իմ օրն չիյնալու օր մը․․․
<b>Երկուշաբթի 31.</b> ― Այսօր շատ ծանր բարձված ավանակի մը տեր առանց պատճառի սկսեց խարազանի տալ խեղճ կենդանիին գլուխը։
Այս տեսարանը, եթե քիչ մը գերեզմանոցի քովը կատարվեր, անկարելի էր, որ կենդանիներուն հովանավորող Հովհանես Մալխասյանը կարենար համբերեր իր գերեզմանին մեջ և չհարձակվեր իշապանին վրա։
― Մա՛րդ, ինչո՞ւ կծեծես խեղճ կենդանիին, ― հանդիմանական դարձա իշապանին։
― Ես ինքզինքս հարվածային եմ հայտարարեր, ընկե՛ր, այդ պատճառով կհարվածեմ։
― Հա՜, ներողություն։
⁕ Չոպանյանը նորեն Փարիզեն ելլեր կուգա կաթողիկոսական ընտրությանը մասնակցելու համար։
Ինչքան կհիշեմ՝ բոլոր կաթողիկոսական ընտրությանց մասնակցած է այս մարդը։
Այս անգամ լավ կընե, որ մեկ անգամեն երկուսն ընտրե, որ ամեն անգամ ստիպված չըլլա Փարիզեն ելլել Հայաստան գալ։
Հիմակվա կաթողիկոսները մեկ տարի չեն դիմանար, ըսես Խորհրդային ապրանք ըլլան․․․
<b>Երեքշաբթի 1.</b> ― Այսօր կերակուրիս պնակին մեջ միսի կտոր նշմարեցի ու մնացի զարմացած․
― Կնիկ, կերակուրը միսո՞վ ես եփեր։
― Խոմ նո՞ր չէ․ սա շաբաթ մըն է միս կուտես։
― Հի՞։ Յա նախապես չըսե՞ս, որ քիչ մը սնունդ առնենք, կնիկ․․․
⁕ Համառ կերպով կխոսվե, որ Հայառը Հայաստանի համայն քահանայության ֆարաջացու պիտի բաց թողու, կաթողիկոսական ընտրությանը հագնելու համար։
Բայց կհավատացնեմ ձեզի, որ ընտրութունեն վերջը պիտի հանե ֆարաջաները վրաներեն։
Ճիշտ այսպես պատահեցավ համաշխարհային պատերազմնին ատեն գերմանական բանակին հետ։ Երբ Վիլհելմը ճակատ կայցելեր, զինվորներին նորեր հագցուցին, գնալուն՝ անմիջապես հանեցին։
<b>Չորեքշաբթի 2.</b> ― Հայաստանի համալսարանի դասախոս պրոֆ․ երկրաբան Աբդալյանը, գաղտնի սահմանն անցնելով, Տաճկաստան փախավ։ Ժամանակ մը Սուլթան Համիդի երկրին հայերը Ռուսաստան կփախնեին ծածուկ։ Ժամանակ մըն ալ ցարական Ռուսաստանեն սահմանադրական Տաճկաստան փախան հայեր։ Ինչպես կտեսնեք, փախնողին ետևի կողմը միշտ բռնակալ մըն է եղեր նստած։
Բայց մի մոռնաք, որ Տաճկաստանը այն երկիրն է, ուր կոտորվեցավ մեկ միլիոն հայություն։ Ու այսօր, երբ հայ մը կփախնե այն երկիրը, ուր հայերը կկոտորվին, այդ նշան չէ՞, որ սահմանեն ասդին կոտորածեն ավելի գեշ բան մը տեղի կունենա։
⁕ Ցմահ բանտարկությունը և մահվան պատիժն ամեն օրենսգրքերու մեջ համազոր պատիժներ են և իրարով փոխարինելի։ Մենք բանտարկված ենք այս երկրին մեջ և մեր կամքով թողնել անկարող ենք՝ մենք մահվան դատապարտվածներ ենք։
<b>Հինգշաբթի 3.</b> ― Այս տարի Աստվածածնի տոնին, կռվի հետևանքով երեք հոգի սպանվեցան։ Նույն ամսվա մեջ քաղաքի զանազան մասերուն մեջ 13 սպանության դեպք արձանագրվեցավ։ Կառավարությունը եթե իրոք կուզե սպանությանց դեմն առնել, պետք է օրենք մը հրատարակե, որով սպանողները պարտավոր են սպանվածներու թաղման հոգսը քաշել։ Թաղումը Երևանին մեջ այնքան դժվար է ու այնքան անտանելի, որ սարսափեն ոչ մեկը իր սուրը պատենեն չի հաներ։
Միայն նման օրենքի վատն այն կըլլա, որ կարող է պատահել, ճիշտ է, սպանելու ցանկությունը մեռնե ժողովրդին մեջ, բայց ատոր փոխարեն սպանվելու ցանկությունն ավելնա։
Դուք չեք գիտեր, թե որքան շահամոլ ու ծույլ է մեր ժողովուրդը․․․
⁕ Բարեկամուհի մը ունիմ, որ տղա ունենալու համար սա երրորդ տարին է հանքային ջուրեր բուժվելու կերթա։ Իր չորրորդ երթին միայն, կես ճամբին միտը կիյնա, որ ախար մա՜րդ չունի ու ետ կդառնա։
Բայց ըստ իս, մարդ ունենալեն հետո ալ ծննդաբերության հարցը լիակատար չի կրնար լուծվել։ Պետք է նաև երրորդ պայման մը՝ այդ երեխան փաթթելու համար շոր ունենալն է։ Ասիկա ամենևին երկրորդական հանգամանք մը չէ, մեր երկրին մեջ ասիկա է առաջնակարգ հանգամանքը։
Առանց մարդու կարելի է բեղմնավորվել (Մարիամ Աստվածածին), հիվանդ արգանդով հնարավոր է հղանալ, բայց առանց բարուրի անհնար է։
Տվեք թոփ մը կտոր, և պատահած ամուլը ինն ամիսեն ձեզի երեխա մը կուտա․․․
<b>Ուրբաթ 4.</b> ― Անցյալներ կմեռնե անծանոթի մը կինը։ Կելնե վշտացյալին մխիթարանքի երթալու իր ընկերներեն մեկը։ Ու որովհետև դժվար էր, այդ պատճառով երկար ճամբան կընտրե մխիթարանքի որևէ խոսք գտնելու հույսով։
Տուն հասնելուն, միակ մխիթարանքը, որ կրցեր էր գտնել, այդ այն էր թե՝
― Մի՛ մտածե, մենք մահկանացուներ ենք, շուտով իմ կինն ալ կմեռնի․․․
― Հա՞, եթե այդպես է, հիմա գնա՝ նոր այն ատեն եկուր մխիթարանքի։ Ան ատեն ես իսկապես որ պիտի դժբախտանամ, ― կպատասխանե մեռածին ամուսինը․․․
⁕ Քանի որ կենդանի մարդն ինքզինքը չի կրնար մեռած երևակայել, ու մեռած մարդն էլ ինքզինքը կենդանի տեսնել, ուրեմն մեռածն ու կենդանին ոչ միայն միևնույն անձը չեն, այլև անծանոթներ են։
Ես մեռնելես վերջ անծանոթ մըն եմ ինձի և ինձի չեմ ճանչնար։
<b>Շաբաթ 5.</b> ― Գրասեղանիս վրա բացիկ մը կա, որ Թունիս քաղաքը կներկայացնե։ Թեև երևելի տեղ մը չէ, բայց որովհետև մարդիկ հոն ազատ կապրեն, ուզենան կհարստանան, ուզենան կաղքատանան ու ոչ մեկ պատիժ չեն կրեր, այդ պատճառով ժամերով կնայիմ այդ նկարին ու երևակայությամբ կսլանամ Թունիս։
Բայց ետքեն զգալով, որ ըրածս հանդգնություն է և Չեկան կրնա հետևել ինձի․ կամացո՜ւկ մը հայացքս կհեռացունեմ բացիկեն․․․
Ես վախկոտ չեմ, բայց զգուշությունը աղեկ բան է․․․
⁕ Այսօր կինս 200 ընկույզ էր առեր կոոպերատիվեն։ Ջարդեցինք ու երկու հարյուրեն միայն մեկը սաղ դուրս եկավ, ան ալ ես ետ դարձուցի, կարծելով թե խանութը սխալմամբ է տվեր։
<b>Կիրակի 6.</b> ― Նոր դպրոցը կտարբերվե հինեն նաև անով, որ տարեվերջին վերեն կհրահանգվե դպրոցներուն, թե ո՞ր դասարանը որքա՞ն թույլ աշակերտ է ունենալու (ճիշտ այնպես ինչպես գյուղերու մեջ կնախասահմանվե կուլակներու թիվը)։ Անանկ որ, ուսումնական տարին ավարտելով, ուսուցիչը չի դներ աշակերտներու առաջադիմության նիշերը և կսպասե Լուսբաժնի հրամանին։ Այս սիստեմը թեև կհակասե իրականությանը, սակայն «պլանաչափություն» կմտցնե գործին մեջ, գաղափար մը, որուն համար հոգին կուտա սա կուսակցությունը։
Ասկե զատ թույլ աշակերտ «ունեցող» ուսուցիչը պարտավոր է ամառը պարապել ու հասցունել։ Բնական է, եթե թողնվեր ուսուցչի կամքին, անոնք բնավ թույլ աշակերտ չպիտի «ունենային»՝ պարապելու վախեն դրդված։
Չէ՛, մի՛ ըսեք, լավ կողմեր շատ ունի աս ռեժիմը։
⁕ Աս ամռան գյուղեն վերադարձին հետերնին հավ մըն են բերեր մերոնք։
Պատուհանես կնայիմ, հարևան թուրքի աքաղաղը խեղճ գեղջկուհիին երեսն անգամ չի ուզեր նայել։
Մի՞թե կենդանիներու մեջ ալ գյուղացի֊քաղաքացի կա․ միևնույն փետուրե կարված զգեստներ, միևնույն երկարությամբ պոչերը ետևնին․․․
Ու մեկեն հանկարծ կմտածեմ։ Եթե հավերն ալ մարդոց նման զգեստցու ձեռք բերելու համար կոոպերատիվի դռան հերթ կայնելու ըլլային՝ թեթև հրում մը շարքի ետևեն՝ ետևի կեցողին կտուցը առաջինին ետևը մտնելով, շղթայվեին պիտի իրար, կազմելով մեկ միացյալ հերթ։
Հետո ալ կմտածեմ։ Ի՜նչ լավ է, որ մարդիկ կտուց չունին։ Երևի Աստված այս անպատեհությունն ի նկատ ունենալով է, որ թռչուններուն փետուր է պարգևեր։
Հապա սոցիալի՞զմը։
Ինչպե՞ս պիտի «սոցիալիզմ» կառուցեն» թռչունները, երբ զրկված են հերթի կենալու հնարավորութենեն․․․
<b>Երկուշաբթի 7.</b> ― Գյուղացին քիլո մը կարագ կծախեր։
― Քիչ մը մազ կա մեջը։ Մազերը ջոկեք՝ հրաշալի կարագ է, ― կըսեր ան մոտեցող հաճախորդուհուն։
― Մազը հանե՞նք, ալ ի՞նչ կմնա մեջը, ― վրա բերավ մեկը։
― Ախպե՛ր ջան, բերածը եթե իբրև բուրդ ծախես ավելի կշահես, քան կարագ, ― ավելցուց մյուսը։
⁕ «Վնասարարությունն» այսպես կըլլա ահա։
Մեր պետական գործարանները այնքան բուրդ չունին, որ ծիտերու ու աղավնիներու բուները կքակեն՝ մեջի բուրդերը օգտագործելու, ասոնք մաքուր բուրդեր կբերեն քաղաք և իբրև յուղ կծախեն․․․
<b>Երեքշաբթի 8.</b> ― Լենինականեն Երևան գալուն, երկաթուղին ժամեր շարունակ տաճկական սահմանագիծը քերելով կանցնե։ Միջակ խոսող կոմունիստ ճառախոսի մը թուքը հեշտությամբ Թուրքիա կրնա ցայտել։ Այնքան մոտիկ է։
Ամեն անգամ այդ ճամբան անցնելուս կզարմանամ ու կապշեմ։
Ինչպե՞ս, այդ ինչպե՞ս կրնան այսքան ազատ ու այսքան բռնակալ երկրներ քով քովի ապրիլ, առանց զիրար հրմշտելու։
Կտեսնեմ Տաճկաստանի դաշտերու մեջ կարածեն ընտանի անասուններ ու կհարցնեմ ինքս ինձի․
― Ծո, մի՞թե ազատ երկրին մեջ ալ անասուն կըլլա։ Երկրի մը մեջ, ուր մամուլի ազատություն կա, ուզածդ կրնաս կարծել առանց բանտարկվելու, այլ կուսակցության պատկանել՝ առանց գնդակահարվելու, ինչո՞ւ անասուն ըլլա։
Չէ՛, Տաճկաստանը լավ առևտրական չե․ ան պետք է իր երկրի բոլոր չորքոտանիներուն երկու ոտքի վրա կանգնեցունե, որ վայելեն քաղաքական ազատությունը, իսկ եթե անասունի կարիք ունի, կրնա ուզածին չափ ներմուծել իր «մեծ հարևանի» երկրեն։
Սահմանին ասդին Ստալինը 150 միլիոն անասուն ունի, որք կերի պակասեն կմենին․․․
⁕ Եթե Թուրքիա իր անասունները լիկվիդացիայի ենթարկե, պոչը այնքան կառատանա, որ մեզ յուրաքանչյուրիս երկուսական պոչ կհասնի։
<b>Չորեքշաբթի 9.</b> ― Մաքսիմ Գորկու անվան դպրոցեն անցնելուս՝ տեսա ուսուցիչը կզբաղվեր թույլ աշակերտներու հետ։
Ուս․ ― Շաքարը ճերմակ բան մըն է, որ ջուրին մեջ կհալե․․․
Աշ․ ― Գիտենք։ Մեր բարբառով ձյուն կըսվե։
Ուս․ ― Ձյունն ուրիշ բան է։ Ձյունի լուծույթը անհամ է, իսկ շաքարինը՝ քաղցր։
Աշ․ ― Ընկե՛ր, «քաղցր» ի՞նչ ըսել է․․․
Ուս․ ― Քաղցրը տեսակ մը համ է․․․ Դուք մեղր տեսե՞ր եք։
Աշ․ ― Ոչ։
Ուս․ ― Չամի՞չ։
Աշ․ ― Ոչ։
Ուս․ ― Թո՞ւզ։
Աշ․ ― Ոչ։
Ուս․ ― Արմա՞վ։
Աշ․ ― Ոչ։
Ուս․ ― Ան ատեն «քաղցրն» տեսակ մը համ է, որ․․․ Հին ատենները, երբ մարդիկ թեյ կխմեյին, շատ ծանոթ գաղափար էր քացրությունը։
Աշ․ ― Թե՞յ։ Թեյի մասին ես լսեր եմ տատիցս։ Հիվանդները միայն կխմեին։
Ուսուցիչը գլուխը հուսահատ կտանե֊կբերե։
Ուս․ ― Տղա՛ք, դժվար է պարապել հետերնիդ, շա՜ը թույլ եք դուք։
Աշ․ ― Ինչպե՞ս թույլ չըլլանք, ընկե՛ր, առտվնե հաց չենք դրեր բերաննիս։
⁕ Այսօր Ռոստովեն հին ընկերներես մեկը եկավ և խնդրեց քանի մը օր ապրիլ մեզ մոտ։
― Խնդրե՜մ, ― պատասխանեցի ես սիրալիր, ― ապրելդ առանձին ծախս չի մեզի, ապրե ինչքան կուզես։ Միայն չխաբես․ ապրելու պատրվակով մտնես տունս ու հանկարծ․․․ մեռնիս։ Ատիկա անազնվություն է ու չեմ ընդուներ։ Մենք աղքատ մարդիկ ենք ու եթե դրամ ունենանք մենք ինքներս կմեռնինք․․․
<b>Հինգշաբթի 10.</b> ― Ես երկար կմտածեմ երբեմն ու չեմ կրնար հասկնալ, թե ինչո՞ւ մեկ տարի կանայք իրենց շրջազգեստները կիջեցունեն մինչև ոտքի ճաները, մյուս տարի հանկարծ ծունկներեն ալ վեր կհանեն։ Եթե մարդոց ճաշակին հարմարվել կուզեն, մարդիկ չեն ուզեր, որ կանայք առհասարակ որևէ զգեստ հագնեն։
― Կանա՛յք, վերջնականապես կհայտարարեմ, որ այս է մեր ճաշակը, եթե չեք կրնար գոհացում տալ մեզի, այս թանկ ու կրակ տարին իզուր տեղ մի՛ կարճացունեք ու երկարացրեք շրջասզգեստներդ։ Խեղճ եք, մեղք եք։
⁕ Ննջեցյալներու տերեր, ձեր սիրելիի գերեզմանը փորել տալու ատեն, լավ նայեցեք բոլորտիք չեկիստ թաղված չըլլա, ապա թե ոչ, ձեր սիրելին իր ողջ հանդերձյալ կյանքին մեջ բառ մը չպիտի խոսի․․․ վախեն։
<b>Ուրբաթ 11.</b> ― Թերթավաճառի կրպակ էի մտել այսօր այսօր թերթերը նայելու։ Հաճախորդ մը, մոտենալով 50 կոպեկ տվավ ու 10 օրինակ «Խորհրդային Հայաստան» պահանջեց, ու հետևյալ խոսակցությունը բացվեց մեջերնին։
― Մեկե ավելի չի տրվեր, ― նկատեց խանութի վարիչը։
― Բայց մենք լրագրի պետք ունինք։
― Հիվանդ ունի՞ք տանը։
― Ողջ ընտանյոք փորհարինքով կտառապանեք։
― Թերթը ուրիշ նպատակներու չի գործածվեր։
― Յա, ի՞նչ նպատակի կգործածվե։
― Միայն կարդալու։
― Կարդալո՞ւ, չեմ փորձած։ Կեցիր այսօր տանեմ փորձեմ։
⁕ Անգլիացիք, ֆրանսիացիք ողջ երկրագունդը ճանչնալով, հիմա կաշխատեն արևի, լուսնի ու աստղերու հետ ծանոթանալ, իսկ հոս, Խորհրդային Միության մեջ ապրողներուս համար Անգլիան ու Ֆրանսիան իրենք մոլորակներ են՝ Նեպտունի ու Հրատի չափ հեռավոր ու անծանոթ։
Եվրոպացիք անծանոթները ծանոթանալով են զբաղված, մերոնք ծանոթները անծանոթանալով։
<b>Շաբաթ 12.</b> ― Մեր բակեն մեջ լվացքի չվան ենք կապեր 3-4 տակ, սեփական կարիքներու համար։
Հանրակացարանի բանվորները ամենայն օր կօգտագործեն այդ պարանը փռելով ամեն տեսակ լվացքի շորեր, ու ամեն երթևեկելուն պետք է գլուխդ խոնահես անոնց շապիկին, վարտիքին ու սավաններուն առջև։
― Ի՞նչ խայտառակություն է սա, ― համբերությունս հատած, պոռացի վերջապես ես։
― Է՜, ի՞նչ կպոռաս, ― ձայնեցին չորս կողմե լվացարարները, ասոնք բանվորի շորեր են և ամեն տեղ փռվելու իրավունք ունին։
Տեսա, որ հետները խոսել չեմ կրնար, ըսի փաստաբան մը տեսնեմ, թե դատով կրնա՞մ արգելել։
Փաստաբանը վախցավ իմ մտադրութենես ու բարեկամաբար խորհուրդ տվավ լռել։
― Մենք բանվորական դիկտատուրայի տակ կապրինք, որն օրենքով արտոնված է իր լվացքն ամեն տեղ փռել, ― ըսավ ու ավելցուց․
― Անցուդարձիդ ոչ միայն պիտի խոնարհես անոր չամաշորին առջև, այլև երեսիդ խաչ հանես․․․
⁕ Աստվա՛ծ, կարծեմ դուն Մովսեսին ըսած ես «ինձմե ի զատ ուրիշ Աստված չունենաք»։ Այսօր կհայտարարեմ, որ ինձմե անկախ պատճառներով քեզի պաշտել չեմ կրնար։ Դուն բարկացար Ահարոնի շինած միակ ոսկի հորթին վրա։ Բարկություն ունեիր, թող պահեիր մեզի համար, մենք որ այսօր հորթի փոխարեն ողջ նախիր մը կպաշտենք։
<b>Կիրակի 13.</b> ― Սոցիալիզմը, ինձի կթվի, տաք երկրին մեջ ավելի կհաջողե, քան ցուրտ։ Սոցիալիստական Ռուսաստանն ամենեն շատ հագուստե կնեղվե, վասնզի ցուրտ է իր երկիրը։ Հասարակածային երկրին մեջ՝ մարդիկ միայն քանի մը սանթիմեթր ճոթի պետք ունին ամոթնին ծածկելու համար, իսկ Խորհրդային գործարանները այդքանը միշտ կրնային հայթայթել։ Կամ ամոթի զգացմունքը ի՞նչ տնտեսական ֆակտոր է որ․ դժվարն եկավ, կառավարությունը բոլորին աչքերը կհանե ամոթնին չտեսնելու համար։ Ըսեր եմ չէ՞, կարևորը նպատակն է։ Թող սոցիալիզմին հասնեն մարդիկ, թող կույր ըլլան։ Ավելին։ Կարելի՞ է սոցիալիզմին հասնել առանց կույր ըլլալու։ Կույր ոչ միայն աչքով, այլև մտքով։ Վասնզի չտեսնել մարդու հոգեբանության անհատական կառուցվածքը, սա կնշանակե կույր ըլլալ այն բոլոր զգայարաններով, որով մարդիկ կտեսնեն ու կիմանան։
⁕ Եթե մեր պետությունն ըսե, թե սուտ չեմ խոսեր, գրպանես կհանեմ թղթադրամ ռուբլանոց մը և կըսեմ․
― Հոս գրեր ես՝ «հավասար է ոսկե ռուբլու», մինչդեռ քսանհինգ թուղթը նոր մեկ ոսկի է։ Ուրեմն 25 անգամ սուտ կխոսիս միայն մեկ ռուբլիին մեջ։ Հաշվե՝ քանի՞ միլիարդ փող ես տպեր, այնքան միլիարդ անգամ ստախոս ես։
<b>Երկուշաբթի 14.</b> ― Այսօրվա թերթին մեջ նկարված էին Սարդարապատի այն գեղջկուհիներու պատկերները, որք հարյուր քիլո բամբակ են ժողովեր մեկ օրվա մեջ՝ ի քաջալերություն։
Նկարին մեջ բոլոր կանայք անխտիր, իրենց կամքեն անկախ կժպտան։ Կարծես մեկը հրացանը կրակի պատրաստ բռնած՝ «ժպտա», թե չէ կրակեցի» ըսեր է։
Անպատճառ։ Ու եթե կընդունենք, որ ժպտացնելու համար հրացան է քաշեր խմբագրությունը, ըսել է, թե 100 քիլո բամբակ հավաքելու համար թնդանոթ քաշած պիտի ըլլա ապաքեն․․․
⁕ Հիմա, երբ նորածին մը աշխարհ գալով կճչա՝ կհասկնամ, բայց ես չեմ կրնար բացատրել, թե Ցարի ժամանա՞կն ինչու կսարսափեին կյանքեն։
<b>Երեքշաբթի 15.</b> ― Եթե ճշմարիտ է, որ ամբողջ Ռուսաստանը տափաստան է և ոչ մի քարի կտոր չկա՝ երանի անոնց հացի մեջ քար չկա կնշանակե։ Ճշմարիտ է՝ լեռը գեղեցկություն կուտա երկրին, բայց տեղական ժողովուրդին բերանն ալ ատամ չի ձգեր։
Դիպվածով մը օտար քաղաք ինկած կույր մը ինչպես գերագույն զգուշությամբ կխարխափե գետինը, անանկ ալ մենք ատամներով կխարխափենք մեր ծամած հացը։ Կույրը անդունդե կվախնա, մենք քարաժայռե։
Շատ անգամ կմտածեմ՝ ողջ ատամներս հանեմ պահեմ, ռեժիմը փոխվելուն նոր դնեմ գործածեմ։
Մեր պետությունը քրիստոնյա չըլլալուն, բոլոր իրավունքն ունի հաց ուզողին քար տալու։
⁕ «Խորհրդային Հայաստանի» ճերմակ թերթ մը, երբ ոչինչ կա վրան գրված, արժե քսան կոպեկ, իսկ գրվելեն հետո՝ հինգ կոպեկ։
Մի՞թե լրագրին խոսքը լռելեն չորս անգամ պակաս արժե։
Սողոմոնը, որ կըսեր՝ լռելը հիմար զրույցեն ավելի արժե, ես չէի հավատար․․․
<b>Չորեքշաբթի 16.</b>― Անգրագիտությունը լիկվիդացիայի ենթարկելու նպատակով գյուղերու մեջ բացված են «լիկկայաններ», ուր գրաճանաչության կտրվեն մեծահասակ գյուղացիներ և կանայք։
― Սա տարի մըն է կաշխատեմ, չեմ կրնար հասկցնել, որ «ա»֊ն երեք ատամ ունի, ― կպատմե «լիկկայանի» վարժուհին։ ― «Ա» ըսելով անպատճառ եղան մը կպատկերացնեն իրենց միտքեն մեջ 80֊ամյա սանիկներս։ Իսկ անիծյալ եղանն ալ այդ ետ ինկած գյուղին մեջ երբեք բնական մատներ չունի։ Ոմանց մոտ չորս մատ ունի, ոմանց՝ հինգ կամ երկու։ Իմ կարծիքով, ― կըսե վարժուհին, ― եղանագործ հյուսներն ու տառերու նոր ձև մշակող հանրապետական հանձնաժողովը «ա»֊ին ատամներուն թիվի մասին պետք է ընդհանուր համաձայնության գան։
Եղանին մատներն ալ պետք է երկաթե ըլլան, վասնզի հաճախ փայտե եղաններու ակռաները երեք կըլլան, և առաջին տարին գյուղացին «ա»֊ն ճիշտ կսորվե, բայց երկրորդ ու երրորդ ավարտական տարին թափվելով կմնա մեկ ակոս եղանին վրա, ու գյուղացին, դպրոցն ավարտելով, կյանք կմտնի՝ տանելով իր հետ մեկ ատամանի «ա» մը․․․
⁕ Անցյալ տարի ներկա էի Ջաթղռանի «լիկկայանի» ավարտական հանդեսին։ Նորավարտները նեղություն կքաշեն քիչ մը գրքին գլխիվայրն ու շիտակը որոշելուն վրա։ Եթե վարժուհին ուղիղ ձևով դներ ձեռներնին՝ ջուրի պես կկարդային․․․
<b>Հինգշաբթի 17.</b> ― Այլևս հագնելու շոր չունինք։
Անցյալներ կնկաս հետ նստեցինք և խորհեցանք, թե ի՞նչ պիտի ընենք։ Խնդիրը ծանրակշիռ էր, վասնզի ոչ դրամ ունինք, ոչ ալ կտոր կճարվի։ Վերջեն․
― Կնիկ, ― ըսի, ― քանի կա, կհագնենք մինչև վերջին թելը, ապա տեսնելով, որ տկլոր պիտի մնանք, ընտանյոք հանդերձ ինքնասպան կըլլանք։
Այսօր կինս արցունքոտ աչքերով սենյակս մտավ և հայտնեց, որ այլևս վարտիք չունիմ։
― Ինչպես, վարտիքը մեկե՞ն վար թափվեցավ, ― հարցուցի, ու պաղ քրտինքը մը սկսեց հոսել կռնակիս վրա։
― Վերնամասը քրքրվեր է ամբողջովին։
― Վերնամասը քրքրվեր է՝ վարեն թիզ մը կտրե, վերը կարկատե, քիչ մըն ալ ապրինք։ Չըլլա՞ր։
― Կըլլա՞։
― Ինչո՞ւ չըլլար։ Յա՜, պզտիկ ծակի մը համար ելնենք մեռնի՞նք։ Թիզ մը կարե, վեր կարկատե։ Մաշվեց, թիզ մըն ալ կարե, հետո՝ ևս մեկ թիզ, վերջեն՝ թիզ մըն ալ․․․
― Եթե երկարահասակ մեկն ըլլայիր․․․ ընդամենը երեք թիզ վարտիք ունիս՝ կուզես չորս թիզ կարկատա՞ն հանել։
― Օ՜ֆ, կնիկ։ Վարտիքը կարճ է՝ աջ մասը կտրե, ձախին վրա դիր, հետո ալ ձախ մասը կկտրես աջ ոտքին վրա կդնես, դուն մանևրել ըսածդ չգիտե՞ս։ Կոոպերատիվները ինչպե՞ս մեկ կաղամբի տոլման չորս խանութի մեջ կծախեն։ Վարտիքինը խոնջան է․ խոնջան որ եղավ, մնացյալը հոգ չէ։ Դուն խոնջան ամուր ըրե, կնիկ, տես ես դեռ անով քանի՜ տարի կապրիմ։
Օ՜հ, դեռ որքա՜ն քաղցր է կյանքն ինձ համար, դեռ արքա՜ն չեմ ուզեր մեռնիլ։
⁕ Հայ թագավորը մեռնելուն ըսեր է․
«Ա՜խ, ո՞վ տայր ինձ գծուխն ծխանի և զառավոտն նավասարդի․․․»
Թող ան ինձի զույգ մը շապիկ֊վարտիք տա, ես իրեն ուզածին չափ «ծուխ» և առավոտ տամ․․․
==1933 թվական==
<b>Կիրակի 11.</b> ― Պետական թատրոնը Շեքսպիրին «Վենետիկի վաճառականը» ներկայացնելու համար արտասահմանեն դերասան հրավիրել կուզի, վասնզի խորհրդային սահմաններում ֆունտ մը միս ունեցող դերասան չկա․․․
⁕ Քաղաքիս մեջ բաղնիք չկա, ու ողջ բնակչությունը սաստիկ կնեղվե կեղտեն։ Կոմունալ տնտեսությունը չի կրցեր բաղնիքները ժամանակին վառելիքով ապահովել ու իր ամբողջ հույսը դրեր է Պողոս Աբելյանի, Գրիգոր Չուբարյանի ու Տիգրան Հախումյանի վրա։
Ճշմարիտ է, այս երեք մարդիկ զարմանալի լիզողներ են, կընդունենք, բայց ինչպե՞ս կարելի է 110 հազար ազգաբնակչության մաքրության գործը երեք լիզողներու վստահել․․․
⁕ Ամաթեոս դաշնակցական Հովհանես Քաջազնունին, որ «Դաշնակցությունը ընելիք չունի» ըսելով, Խորհրդային Հայաստան եկավ՝ «ընելիք» ունեցող բոլշևիկյան կուսակցությանը օգնելու, այսօր տեսա հայառին խանութին մեջ, քափ ու քրտինքին մեջ կճզմվեր՝ ութ հարյուր գրամ հաց առնելու համար։
Կհարցնեմ․
― Մի՞թե հերթին մեջ ցամաք հացի համար ժամերով ճզմվելը «ընելիք» է։ Մի՞թե դաշնակցությունն այդքան էլ անելիք չուներ, որ լքեց իր կուսակցությունը։
<b>Երկուշաբթի 12.</b> ― Այսօր դեղագործին հետ ահագին կռվեցա։
Ես իրմե աչքի դեղ կուզեմ, անիկա ականջի դեղ կառաջարկե։
― Աղբա՛ր, ― կըսեմ, ― աչքի մեջ ականջի դեղ կլցվի՞։
― Ի՞նչ կա որ, ― կըսե, ― աչքն ու ականջը ինչքա՜ն հեռու են իրարմե որ։ Ի՞նչ ընենք, որ աչքի դեղ չունինք․․․
Այս գիծը, կերևի առհասարակ, խորհրդային առուտուրին հատուկ է։
Անցյալները գյուղացի ուսուցիչ մը Մոլոտովի պատկերը կուզեր առնել, գրավաճառը Ռաձուտակինը կուտար՝ ըսելով․
― Հոգ չէ, անոնք շատ մտերիմ ընկերներ են․․․
Նման առուտուր Աստվածաշնչի մեջ ալ կարելի է հանդիպել։
Կհիշե՞ք, որ Լաբանը Ռաքելին փոխարեն Լիան կառաջարկեր Հակոբին․․․
⁕ Բայց շուտով դեղորեից վերաբերյալ բոլոր վեճերը վերջ կգտնեն։ Առբաժինը ստանդարտ դեղ մըն է հնարեր, որ հինգ զգայարանները միասին կբժշկե․․․
<b>Երեքշաբթի 13.</b> ― Բան մը, որ նշանակալից է արժե հիշատակել, այդ այն է, որ փողոցային շքերթները սա տարի մըն է դադարեր է։
Առաջներ, բավական էր, որ Ստալինը խոսք մը արտասաներ (որու մեջ ըլլար ենթակա, ստորոգելի ու լրացումներ), կուսակցությունը անմիջապես «ցուցմունք» կանվաներ ու բազմությունը փողոցը քշելով՝ զույգ֊զույգ կքալեցներ քաղաքի փողոցներուն մեջ, տոնել ուզելով այն։
Հիմա, Ստալինը նկատի ունենալով, որ ժողովուրդն ի վիճակի չի ոտքի կենալու, այդ պատճառով կա՛մ չի խոսեր, կա՛մ ալ, եթե խոսե, միտք չի դներ մեջը․․․
⁕ Կուսակցությունը, վերջերս, նկատելի կերպով կխուսափե հավաքույթներե։
Այսպես անոթի, չորս մարդ իրար մոտ կանգնած պարագային, փորերնին ձայն կուտան իրարու և անանկ քառաձայն մը կկազմեն, որուն կրնա նախանձել առաջնակարգ կոմպոզիտորն անգամ։
Երաժշտությունն, այո, խորհրդային արվեստ է։
<b>Չորեքշաբթի 14.</b> ― Ամիս մը առաջ մեռավ մեր դիմացի տան թամբագործը, սրտի լայնացումեն։
Կինը սրտնեղած անկողին մտավ ու փոխանակ նորեն բժիշկ կանչելու, սկսեր է իր մեռած մարդուն դեղգիրները մեկ առ մեկ «ռեփեթե» ընել։
Կըսեն․
― Կնիկ, ի՞նչ կընես, մարդդ սրտի լայնացումեն մեռավ, դուն սրտի նեղություն ունիս։ Միևնույն դեղը կարելի՞ է գործածել, սխալ տրված դեղը չէ՞ որ մահացու է։
― Մեր դեղատանց դեղը ո՛չ կմահացնե, ո՛չ կառողջացունե․ ատիկա ջուր է՝ ջրե բժիշկներով մատուցված, ― կպատասխանե հիվանդ այրին՝ ավելցունելով, ― եթե ջրի ծորակի վրա հերթ չըլլար՝ դեղգիրը ծորակը կղրկեի ուղղակի, որի ջուրը ավելի մաքուր է, հետևաբար, և ավելի բուժիչ։
⁕ Բայց կինը այդ դեղգիրներով առողջացավ։
Եթե հարցունեք, թե ինչպե՞ս եղավ, որ միևնույն դեղգիրը գործածելով մարդը մեռավ, կինն առողջացավ՝ կըսեմ․
― Ինչպես միևնույն ծաղիկեն մեղուն մեղր կհավաքե, օձը՝ թույն, անանկ ալ միևնույն դեղով մեկը կրնա մահ գտնել, մյուսը՝ կյանք։
<b>Հինգշաբթի 15.</b> ― Առտու վեր ենք կեցեր մարդ ու կին, դեմ դեմի նստեր։
― Ի՞նչ ուտենք այսօր, ― կըսեմ ես։
― Ի՞նչ ուտենք այսօր, ― կըսե կինս։
Եղբայրս Գանձակեն գրություն մըն է ղրկեր չորս վկաներով հաստատելու։
Կերթամ մեր նախկին պաշտոնակից Մամբրեի քով։ Առտվան ժամի ինն է արդեն։ Ներս կմտնամ սենյակը՝ Մամբրեն նստած կնկան դիմաց։
― Ի՞նչ ուտենք այսօր, ― կըսե մարդը կնկան։
― Ի՞նչ ուտենք այսօր, ― կվերադարձունե կինը մարդուն։
Ստորագրել տալով՝ երկրորդ վկա Ռուբենին տունը կերթամ։
― Ի՞նչ ուտենք այսօր, ― կըսե մարդը կնկան։
― Ի՞նչ ուտենք այսօր, ― կըսե կինը մարդուն։
― Ժամը տասը կմոտիկնա, ու դեռ չե՞ք վերջացուցեր ձեր «ի՞նչ ուտենք այսօրը»։ Գիշերս ո՞ւշ եք պառկեր, ինչ է, ― կհարցունեմ ու ստորագրել տալով՝ կառնեմ թուղթը Զավենին երթալու։
Զավենին հետ շատ մոտ չեմ։
― Ներեցեք, ― ըսի, ― թուղթ մըն եմ բերեր ձեզի ստորագրելու, եթե ձեզի նեղություն չէ հարկավ․․․
― Շտա՞պ է պետք, ― հարցուց Զավենը ու ետև դարձավ՝ բան մը ըսելու կնկանը։
Ըստ երևույթին խանգարեր էի իրենց խոսակցությունը, ուստի․
― Ո՛չ, ― ըսի, ― ամենևին։ Ձեր «ի՞նչ ուտենք այսօր»֊ը վերջացուցեք, նոր․․․
― Ի՞նչ իմացար՝ ուտելու մասին կխոսեինք։
― Ներեցեք, ինչո՞ւ այդպիսի բան կհարցնեք ինձի։ Ես ձեզ վրա շատ լավ կարծիք ունիմ և համարեր եմ օրինակելի մարդ։ Իսկ օրինավոր մարդը առտուն վեր կելնե ժամը ութին, կլվացվե, թարմ ուղեղով կնստե մտածելու, թե ի՞նչ պիտի ուտե այսօր։
Մարդը այլասեր էր․ վերցուց նախ թուղթս ստորագրեց, նոր «ի՞նչ ուտենքին» անցավ։
Չորրորդ վկան՝ Գրիգորը, կին չուներ, որ հարցուներ։ Խորասուզված նստած էր գրասեղանին առջև մեն մենակ։
Երբ ներս մտա իր սենյակը, անիկա հայացքը երեսիս նետեց ու վասնզի աչքերը շիլ էր, ուստի առանձին֊առանձին, յուրաքանչյուր աչքի մեջ կարդացի․
― Ի՞նչ ուտենք այսօր։
― Ի՞նչ ուտենք այսօր։
⁕ Այսօր փողոցին մեջ, Հունաստանեն եկած գաղթական մը կծախեր հրաշալի փայլուն կոշիկ մը։ Այնպես որ բոլոր անցորդները ետև կդառնային ու կոշիկին կնայեին զարմացած։
Խեղճը, կերևի, Հայաստանը դրախտ է պատկերացուցեր և բերեր է հոս հագնելու, բայց դժոխք գտնելով՝ ոտեն հաներ կծախե։
<b>Ուրբաթ 16.</b> ― Աղբահանության խնդրով Քաղխորհուրդ մտա։ Նախագահին տեղակալը «հինգ րոպես սպասիր» ըսավ։
Այդ հինգ րոպեին մեջ, հաջորդաբար, վեց թերթերու լրահավաքներ ներս եկան ու ինֆորմացիա պահանջեցին։
― Մենք այս տարի պիտի կառուցենք երեք հարկանի հյուրանոց մը, վաթսուն սենյակե բաղկացած։ Քաղաքին մաքրությանը համար վարձեր ենք վեց սայլ, և օրական տասնութ սայլ աղբ կերթա քաղաքեն դուրս։ Աբովյանին սալահատակումը սկսված է արդեն և շուտով կավարտվե։ Պողոս֊Պետրոս եկեղեցին տեղը շինվելու է կինո մը՝ 1500 մարդու համար, ― ըսավ տեղակալը մեկ շունչով և ճամբու դրեց առաջին թերթի լրահավաքին։
― Մեզի ի՞նչ կուտաք, ― առաջացավ երկրորդ օրաթերթին աշխատակիցը, ծոցատետրը հանելով։
― Ոչինչ, ― պատասխանեց տեղակալը, ― եղածը տվի արդեն, գնա դուն ալ նույնը գրե։
― Մեր թերթը խոմ արտատպությամբ չի՞ զբաղվելու։ Մեզի ալ նորություն տվեք, ― ըսավ երկրորդ լրահավաքը սպառնական։
― Նորություն որ չունինք, ի՞նչ տանք։
― Ինչո՞ւ չունիք։ Կրնաք մեր թերթին մեջ հարկ մըն ալ դնել կառուցվող հյուրանոցի վրա և ընել չորս հարկանի։ Վեց սայլերը, երեք ոտք դառնալու փոխարեն, կրնան քիչ մը արագ շարժվել և տասնութի փոխարեն քսանչորս սայլ աղբ թափել․․․ մեր թերթին մեջ։ Քաղխորհուրդը խորհրդային թերթի մը բարգավաճումը և տարածումը չունի՞ նկատի։
― Շատ աղեկ, գրե չորս հարկանի, և թող սայլապանները չորս ոտք դառնան օրական։
Լրահավաքը ուրախացած առավ լուրերը ու վազեց անմիջապես քաղաքին ավետելու այս բոլորը։
Առաջ եկավ երրորդ թերթին ռեպորտյորը․
― Մեր լուրերն ալ կուտա՞ք։
― Չունինք։ Այսքանով մեր այս տարվա շինարարությունը կավարտենք։
― Չունի՞ք։ Ինչո՞ւ «Ավանգարդին» համար հարկ մը կավելցունեք հյուրանոցին վրա, որն ընդամենը ութ հարյուր բաժանորդ ունի, ինչո՞ւ չեք ուզեր հարկ մըն ալ մեր թերթին համար դնել վրան, որն 2500 բաժանարդի տեր է։
― Շատ աղեկ, գնա հինգ հարկանի շինե հյուրանոցը։
― Շնորհակալ եմ։ Իսկ աղբը․․․
― Աղբը՝ դե, մեր անուժ եզներով օրը չորս ոտք հազիվ դառնա, պայթեցունե՞նք եզներն, ինչ է։
― Ինչո՞ւ, կարելի է թեթև բառնալ քիչ մը և հինգ ոտք դառնալ։
― Լավ, թող այդպես ըլլա, ― ձայնեց տեղակալը, և բեռ մը ազատվողի զվարթությամբ չորրորդ լրահավաքին դարձավ քաղցր ժպիտով։
― Դուն ալ վաղը եկուր։ Քիչ մը շուտ։ Գիշերս կմտածեմ, թե ուրիշ ինչ կարելի է շինել, կաղաչեմ քեզի։
― Իսկ այսօր պարա՞պ լույս ընծայենք թերթերնիս։ Կուզեք, որ դաշնակցությունը մատի փաթաթան շինե ան և տարիներով գրե, թե խորհրդային կառավարությունը բան մը չի շիներ։
― Ի՞նչ տամ՝ չեմ գիտեր։
― Մեզի ալ՝ հարկ մը հյուրանոց ու ոտք մը աղբ․․․
― Վեց հարկանի հյուրանոց կըլլա՞։
― Ինչո՞ւ չըլլար։ Ամերիկային մեջ իննսուն հարկանի տուն կշինեն։ Իսկ մենք կուզենք «հասնել ու անցնել»․․․ զայն․․․
― Լա՜վ, ըսենք հարկ մըն ալ ձեր թերթին համար շինեցինք, իսկ ա՞ղբը։ Տեսնենք դեռ քաղաքիս մեջ այդքան աղբ գոյություն ո՞ւնի։
― Ի՜նչ կըսեք, ընկ․ Մելիքսեթյան, ― զարմացավ լրահավաքը։ Երևանն ամբողջովին աղբ է։ Եվ ըստ իս, պետք է ողջ քաղաքը կրել դուրս, ընտրել, եթե քանի մը մաքուր բան կա, ներս բերել, մնացյալը նույնությամբ թողնել տեղը․․․ Աղբի՞ն ինչ։
― Շատ աղեկ, գնա տար, բայց ոչ բոլորը, ուրիշ թերթերու ալ թող քիչ մը․․․
Այս եղանակով բավարարվեցին նաև հինգերորդ, վեցերորդ լրահավաքները ու գացին։
Դուրս եկա տեղակալին առանձնասենյակեն ու կըսեմ ինքս ինձի․
― Ափսոս՝ վեց օրաթերթ գոյություն ունի քաղաքիս մեջ։ Եթե, գեթ, քսան մը ըլլար՝ այսօր Երևան եկող օտարականը կրնար քսան հարկանի հյուրանոցի մը մեջ բազմել ու նայել մաքուր քաղաքին։
⁕ Այսօր ակնոց առի։ Աչքիս լույսը տկարացեր է։ Սնունդ չկա։ Եթե այսպես շարունակենք ապրիլ, կուրանանք պիտի և խարխափելով պիտի երթանք դեպի սոցիալիզմը։
Արդեն սոցիալիզմի ճամբան կույրերը միայն կրնան գտնել։
Ստալինը եթե կույր չըլլար, դեպի սոցիալիզմ այսքան ճամբա չէր կտրե․․․
<b>Շաբաթ 17.</b> ― Դավալուի ոչխարաբուծական կայանը իր տեղեկագրով կիմացունե Սովխոզ վարչությանը, որ ոչխարները կուտեն֊կուտեն՝ չեն գիրանար։
Չեկան, քաղաքական բնույթ տալով խնդրին, քննություն կձեռնարկե, որմե կպարզվե, թե նախահաշվով ոչխարներու սահմանված խոտը․․․ վարչությունն է կերեր։
Հանցանք մը, որ եթե քննվեր քաղաքացիական դատարանին մեջ, վարչության անդամները խիստ պատժվեին պիտի։
Բայց վերջիններս արդարացան, և նույն օրն ևեթ մորթվեցան չորս ոչխար, որք բացարձակապես անմեղ էին (կամ անմեղները կպատժե, մեղավորները կարձակե)։
⁕ Անասնապահական սովխոզները, ինչպես կերևի, անտեղյակ են բոլշևիկյան տնտեսական քաղաքականությանը։
Եթե խոտը իրենց բերնեն չի ավելնա՝ ոչխարներին կերցունելու, կրնան «վարչական միջոցներու» դիմել՝ զանոնք գերցունելու։
Սովխոզը չի՞ տեսներ, թե ինչպե՞ս կոմիսարները մեղր ու կարագ կուտեն ու կստիպեն անոթի ժողովրդյան․․․ չաղանալ։
<b>Կիրակի 18.</b> ― Ուսուցիչ բարեկամ մը ունիմ, որ քանի ժամանակե ի վեր Աճառյանի «Արմատական բառարանը» գնել կուզե։ Բառարանն ալ սպառեր է ու չի ճարվեր այլևս։
Երեկ պատահեցա վարժապետիս, որն ուրախ֊ուրախ ազդարարեց, թե հայտնաբերեր է այդպիսի բառարան մը պառաված աղջկա մը քով, բայց նզովյալն այնքան թանկ կըսե, որ ինքզինքս եթե ծախեմ՝ անկարող պիտի ըլլամ գնելու։ Վերջը իմ օգնությունը կխնդրեր։
― Դրամով չեմ կրնար օգնել քեզի, բայց խելքով կօգնեմ, ― ըսի։
― Ինչպե՞ս։
― Աղջիկը քանի՞ տարեկան է։
― Քառասունհինգ կըլլա։
― Գեղեցի՞կ է։
― Ճիշտը խոսած, երեսին չնայեցա։
― Անգամ մըն ալ այցելե, անանկ է նե, բառարանի տիրոջը, երեսին նայե, եթե քիչ մըն ալ քիչ դուրեկան ըլլա, մի նայե, ուղղակի առ այդ աղջկան։
Այսօր կոոպերատիվները հինգ կոպեկի պիտանի ապրանքին վրա տասնհինգ ռուբլու «դավեսկա» կդնեն։ Իսկ այդ աղջիկը այնքան անարժեք բան է, որ կարելի է առանց երկար մտածելու առնել․․․
⁕ Այսօր պաշտոնատունես քսան գրամանոց բուլկի մը բերի տուն ու չեմ գիտեր որու տամ։ Իննսուն տարեկան մայրս կըսե՝ ինձի տուր ուտեմ, քիչ մը ուժ գա վրաս՝ մեռնիմ։
Երեք տղաներս՝ մեզի տուր, որ մեծնանք։
Միջանկյալ ըսեմ, որ մայրս իր մահամերձ դրությունը կչարաշահե հանդեպ խեղճ պզտիկներուս, որոնց հանդեպ ավելի պարտավոր կզգամ ինքզինքս՝ զանոնք աշխարհ բերելուս համար։
Մայրս անիրավացի է։ Ինչպես ներկա քիմիական պատերազմներուն մեջ այլևս «ճակատ» և «թիկունք» գոյություն չունի, և վերեն սավառնող օդանավը որպես սպառնալիք կախված է բոլորի գլխուն հավասարապես, անանկ ալ մահամերձ պառավին ու նորածին երեխայի մեջի տարբերությունն է վերացեր։
Ճիշտ է, սավառնակ չկա մեր գլխուն վրա, բայց ատոր փոխարեն, այսօր սոցիալիստական սովը կսավառնե մեր գլխավերևը՝ սպառնալով հավասարապես բոլորին։
Ու ես բուլկին մորս չտվի։
<b>Կիրակի 18.</b> ― Քաղաքիս միլիցիական ողջ կազմն, այս շաբաթ մըն է, ինչ Աբովյան փողոցին մեջտեղը կեցած, սուլիչ բերնին, երթևեկող բազմությանը դեպի պողոտային երկու կողմերի մայթերը կքշե, թրամվեյին ճամբան չխափանելու համար։
Երևանը Թիֆլիսը կկապե ասով։
Եթե Թիֆլիսին փողոցներու վրա քալելը կարգելվե, դա միանգամայն հիմնավոր է։ Քամիի արագությամբ իրար հաջորդող թրաամվեյի վագոններն ու օթոմոպիլները իրական վտանգ մըն են մայթեն շեղվող ճամբորդին համար։
Իսկ Երևա՞նը։
Երևանի թրամվեյին տակ ցանկանաս անգամ, չես կրնար իյնալ։ Ընդամենը չորս վագոն ունի, որն դքդքալով հազիվ ժամվա մը մեջ կերթա կայարանն ու կդառնա և կուզե, որ իր տակը մարդ իյնա․․․
Եթե ուշագնաց մը անգամ պառկած ըլլա իր ռելսերուն վրա, մեկ ժամեն դարձյալ ուշքի կուգա։ Ի ծնե կույրն անգամ, եթե կոմունիստ չէ, կրնա իր աչքը բանալ այդքան ժամանակվա մեջ։
Բայց որո՞ւ հոգ։ Միլիցիան կշարունակե շվացնել ու «քաղաքացի, մայթին անցիր» պոռալ։
Որոշված է «վարչական միջոցներով» Երևանը Թիֆլիս դարձնել։
⁕ ․․․Հետո ալ կելնեն կըսեն, թե՛ Հայաստանն ու Վրաստանը եղբայրական ֆեդերացիա է, թե՛ մենք կուզենք մեր դիմացինը բախտավոր ըլլա ավելի, թե՛ չենք նախանձե զիրար․․․
<b>Երկուշաբթի 19.</b> ― Շատ ճիշտ է ասված՝ մինչև խելոքը մտածե, գիժը գետը կանցնե։
Դիվանագիտության մեջ այդ գիժը Ճապոնիան է։
Եվրոպայի չորս մեծ պետությունները մեռան Լոզանին մեջ Զվիցերիո կաթը խմել ու ճառեր արտասանել, թե ինչ է համաձայնության գան և քիչ մը ավար ձեռք բերեն։ Ճապոնիան խուլ ու համրի նման, լեզուն ատամի տակ սղմած, Չինաստան մտած՝ քաղաք քաղաքի ետևե կգրավե։ Ու երբ եվրոպացիք կհարցնեն՝ հե՜յ, ընկեր, ատ ի՞նչ կընես։ Ես ձեր լեզուն չեմ հասկնար՝ կըսե ան ու կշարունակե իր գրավումները։
Այս գրավումները, սակայն, ամենեն շատ Ամերիկայի շահերուն կզարնե, ու շատ շուտ Ամերիկան պատերազմ հայատարարեր պիտի Ճապոնիա․․․ Եթե Խաղաղ օվկիանոսը չըլլար իրենց մեջ ընկածը։
⁕ Այսօր կինս շուկայեն կես քիլո հաց էր գներ, որն պանիրի համ կուտար։
Զարմացախառն ուրախությամբ, երբ կվերլուծեինք պատճառը, հասկցվեցավ, որ հաց ծախող գյուղացին մեթրո մը հեռու պանիր ծախող մըն է նստած եղեր, որմե ալ հացը պանիրի համ է առեր։
Կինս քիչ մը գաղտնիք պահել չի գիտեր։ Ինձի մնար՝ ես այս գյուտը ոչ մեկի չէի ըսի, ու օր մը պանիրի քով դրված հացեն կառնեինք՝ պանիրի համ կիմանայինք, օր մը յուղ ծախողի քովեն հաց կգնեինք և յուղի մասին գաղափար կունենայինք ու այս միջոցով մասնակից կըլլայինք ողջ աշխարհի բարիքին․․․
<b>Երեքշաբթի 20.</b> ― Աստված շատ իմաստուն կերպով է ստեղծել մարդուն։
Անիկա նախատեսելով գալիք էպոխան՝ երկու երես է ստեղծեր, մեկով կուսակցականի հետ խոսելու, մյուսով՝ անկուսակցականի։ Մեկով խնդալու, մյուսով լալու համար։ Երկու ականջ է տվեր, մեկով կուսակցականի «վերելքն» ունկնդրելու, մյուսով ժողովրդյան անկումի աղաղակը ըմբռնելու։ Երկու աչք է տվեր․ մեկով «խորհրդային շինարարությունը» տեսնելու, մյուսով երկրի ամայությունը դիտելու։
Ճշմարիտ է, մեկ քիթ է տվեր, բայց քիթն ունի երկու ծակ, որոցմե մեկով կրնաս հոտոտել խորհրդային ճաշարանը՝ ու «ֆո՜ւ, ի՜նչ գարշահոտություն» ըսել, մյուսով ձայնել՝ «փա՜, ի՜նչ պատվական հոտ, ի՜նչ համադամ կերակուրներ։
Բերանը միայն մեկ հատ է ստեղծեր Աստված, ան ալ մեծ սխալ մը չի գործածը։
Ես, զորօրինակ, հոժարակամ իմ բերանը կուսակցությանը կնվիրեմ։
Թող տան ինձի ուտելիք, ես ուտեմ՝ ամբողջ արդյունքը՝ իրենց․․․
⁕ Հինգամյա Նաթանիս, որն կանգնած գրասեղանիս առջև կդիտի աշխատանքս, կըսեմ․
― Բալա՛ս, դուն ալ որ մեծնաս, դպրոց երթաս՝ ինձի նման կկարդաս։
― Յա՜, ― կըսե ան՝ չխաբվել աշխատելով, ― կարդալու համար դպրո՞ց է պետք, թե՞ ակնոց։
Ահա քեզի պզտիկ բոլշևիկ մը, որն գտել է գիտնական դառնալու կարճ ճամբան։
<b>Չորեքշաբթի 21.</b> ― Շատ բանի գաղափարը ավելի քաղցր է, քան բուն ինքն առարկան։
Ատոնցե մեկն է մոր գաղափարը։
Հիմա, երբ կերգեմ Շահազիզին «Ես լսեցի մի անուշ ձայն, իմ ծերացած մոր մոտ էր» երգը, մոր կարոտեն քիչ կմնա, որ լամ, սակայն, երբ կնայեմ կենդանի՝ իննսուն տարեկան մորս, իր դարն ապրած, եսասեր, փնթփնթան, կեղտոտ, որկրամոլ, բամբասող, երախտամոռ և անկարեկից այդ պառավին, որն օրն ի բուն թախտի ծայրին նստած է, ու որուն համար կյանք կնշանակե ուտել և քնել միայն՝ աչքս վեր դարձունելով կըսեմ․
― Աստվա՛ծ, ի՞նչ կընես, գործերդ քիչ մը խելոք բռնե։ Ամեն անգամ, երբ կենսատու գարուն կբերես, աշնան խռիվները ծառերեն վար առ, որ տեղը նորը բողբոջի։
Այսօր ամենահետին, մինչև իսկ Հայաստանի համալսարանն ավարտող այգեգործը գիտե, որ տանձը, երբ հասավ, վար առնել պետք է։
Եթե քառասունհինգ կամ հիսուն տարեկան մարդ ես, մորդ սիրելու համար, անոր պատկերը առնվազն 25-30 տարի ետ տանելու ես, որ սիրելի ըլլա քեզի։
Մայրը դիտելու է մանուկի աչքերով միայն։
<b>Հինգշաբթի 22.</b> ― Եվ ինչո՞ւ միայն մոր գաղափարը։
Սոցիալիզմն ալ ինչքան հեռու ըլլա, այնքան քաղցր կուգա, ինչքան մոտիկ՝ այնքան գանելի։
Աստծո գաղափարն ալ այնպես չէ՞։ Մտածե՞ր եք այն անհարմար կացությանը մասին, երբ օր մը հանկարծ Աստվածը ելլի, փեշերը հավաքե ու իր անհաս հեռավորութենեն գա կողքդ նստե։
Սիրո ասպարեզին մեջ այդպես չէ՞։ Քեզմե հեռու փախչող աղջկանը դուն ավելի չե՞ս սիրեր, քան այն, որ իր ոտքովը կուգա գիրկդ իյնալու։
Առածը չի՞ ըսեր՝ «այնտեղ լավ է, ուր դու չկաս»։
Սուրբերեն միայն Լենինն ու Ստալինը կենդանյոք պաշտվեցան։ Մնացյալները, օրինակ՝ Սուրբ Սարգիսը, Սուրբ Մինասը, Բարսեղ Կեսարացին, մինչև չմեռան, չպաշտվեցան։
⁕ Պլատոնը շատ իրավացի է իր փիլիսոփայության մեջ։ Եթե խորը դիտողություն ունինք, դուք հանձինս առարկայի կամ նյութի՝ անոր իդեան է, որ կսիրեք։
<b>Ուրբաթ 23.</b> ― Այսօր երկու հարյուր գրամ շաքար տվին մեզի․ այնքան կարծր, որ իրիկունը թեյ խմելու համար առտունց շուտ պետք էր բերանը դնել։
Իսկ երբ մենք շաքար կունենանք, քիչ մը երկար կնստենք ու մանկավարժական վեճ մը կստեղծենք սովորաբար, քանի մը նույն հարցով շահագրգռված բարեկամներուս հետ։
Մենք մեր երեխաներուն կարգի հրավիրելու համար պառավով կվախեցնենք սովորաբար։ Ինչ֊որ ֆանտաստիկ պառավ մը՝ մեծ տոպրակ կողքին, որը կպտտե փողոցները ու որու տունեն լացի ձայն գա, ներս կմտնե, կդնե տոպրակն ու կտանե անհայտ ուղղությամբ։
Մեծ մասը ժողովականներեն դեմ կարտահայտվե մեզի՝ այն կարծիքն ունենալով, որ տղային վախով չպիտի կրթել, վասնզի, կըսեին, մանուկը փոքրուց վախի ազդեցությանը վարժված (այնպես ինչպես խմիչքին սովրածները այլևս չեն հարբեր), մեծանալով, այլևս Չեկայի սարսափները քիչ կուգան ազդելու, ու խեղճ Չեկան իր տրամադրության տակ չունենալով գնդակահարութենեն ավելի ազդու պատիժ մը՝ միանգամայն անճրկե պիտի ապագա սերունդը վախցնելու գործին մեջ։
Վեճը երկու ժամ կես տևեց։ Եթե նյութի սպառելուն կամ բերնի շաքարին հալելու նայեինք, մինչև լուսաբաց կրնայինք նստել դեռ։ Բայց քնել է պետք, որ առտու շուտ վեր կենանք և սկսենք խորհել՝ թե ի՞նչ ուտենք այսօր․․․
⁕ Ես չեմ հասկնար, թե ինչո՞ւ բոլշևիզմի գաղափարական հակառակորդները կժխտեն մեկ երկրի մեջ սոցիալիզմ կառուցելու հնարավորությունը։
Ո՞վ ըսավ, որ մեկ երկրի մեջ սոցիալիզմ կառուցել չի կարելի։
Այսօր տեսա սատանի քամի։ Փողոցին մեջ ողջ օդը քարացած կանգնած էր, իսկ ընդամենը կես մեթրո տեղի վրա պտուտահողմը ահագին կենդանություն էր մտցուցեր՝ հավաքելով ու դեպի վեր տանելով աղբն ու փոշին այդ պզտիկ տարածության վրա։
Իսկ Ռուսաստանն ոչ թե կես մեթրո տեղ է, այլ աշխարհիս մեկ վեցերորդը։
Այդքան տարածության վրա, որ պտուտահողմն իջնա՝ երկրի կյանքն ամբողջ երկինք կհառնե․․․
<b>Շաբաթ 24.</b> ― Պետական թատրոնին ռեժիսոր Գուլակյանը Շեքսպիրին «Մակբեթը» ներկայացուց ամբողջովին «բարեփոխված»։
Վարժապետ մը կատաղած, ներկայացման ավարտին սկսեր էր (միայն ստորոգելիներով) հայհոյել (ենթական գորությամբ հասկցնելու պայմանով) ու պոռալ․․․ ականջիս։
― Աղբա՜ր, մենք եկանք Շեքսպի՞ր լսելու, թե Գուլակյան։ Այսքան անխիղճ փոփոխությո՞ւն կըլլա։ Լսվա՞ծ բան է, որ մեռած հեղինակի մը գործեր փոփոխության ենթարկվեն։
― Իզուր ես այդքան տաքացեր, բարեկա՛մս, ― ըսի թևը մտնելով։ ― Փոփոխությունը այնքան քիչ է, որու մասին չարժե խոսել։ Շեքսիպիրի հերոսներու արտաքինն ու զգեստները անփոփոխ էին։ Բոլոր անձներն բեմ ելան իրենց սեփական քիթերով, ականջներով ու աչքերով։ Կմախքը հերոսներու անփոփոխ էր ամբողջովին, փոխված էր միայն․․․ լեզուն։ Այսքան պզտիկ բան, որու մասին չարժե խոսել։
⁕ ․․․Եթե հանդերձյալ կյանք իրոք գոյություն ունի, և Շեքսպիրը անդիի աշխարհին մեջ կապրե տակավին, կերևակայեմ, թե ի՜նչ զայրույթով պիտի գա, Լենինին դուրս կանչե դժոխքեն ու անգլիական բոքսի հրավիրելով, քիչ մը «բարեփոխե» անոր կողերը, որ մյուս անգամ թույլ չիտա իր լեզուն Գուլակյանի ձեռքով «Մակբեթին» բերանը խոթելու․․․
<b>25.Կիրակի 25.</b> ― Դուրս ելա այսօր քիչ մը զբոսնելու։ Ընդամենը հիսուն մեթրո տեղ էի քալել, երբ երեք խումբ զեղծարարներ, սվինավոր զինվորներով շրջապատված, դատի կտարվեն։
Բայց Երևանը քանի՜ փողոց ունի․․․
⁕ Ամենաանճար զինագործն անգամ, երբ տեսնե, թե հրացանին անխտիր բոլոր գնդակները կվրիպեն նշանեն, փոխանակ փամփուշտները քանդելու՝ հրացանը ուսումնասիրության կառնե։
<b>Երկուշաբթի 26.</b> ― Ես դատ մը կհիշեմ, որ չնաշխարհիկ էր և խորհրդային պատմության մեջ անջնջելի պիտի մնա։
Ատիկա դաշնակցական Սահակ Ստեփանոսյանին հրապարակային դատն էր, որը կմեղադրվեր թքով իրեն կպցված սպանության մը մեջ։
Երբեք մեղադրյալ մը այնքան անմեղ, այնքան անվախ, այնքան պատկառելի, այնքան բարոյական ու պատրաստությամբ այնքան բարձր չի եղած զինքը դատողներեն, ինչպես Ստեփանոսյանը։
Պետական մեղադրող Արամայիս Երզնկյանը, իր խոզի դունչովը այնքան ցածր էր Սահակին տիտանական հասակն ի վեր ցեխ նետելու, որ ամբողջ ցեխը իր գլխուն կթափեր կրկին։
Բայց Ստեփանոսյանին մեկ վարքին չհավնեցա։
Անիկա, երբ տեսավ թե իր անճարակ դատավորները կուզեին անպատճառ դատապարտել զինքը ու կդժվարանային մեղադրանքը ձևակերպել, պետք է ինքը օգնության հասներ անոնց։
Վասնզի յուրաքանչյուր ասպետի պարտքն է օգնել իրեն թույլերուն․․․
⁕ Թեև, այնուամենայնիվ, Ստեփանոսյանը դատապարտվեցավ նախ գնդակահարության, ապա տաս տարվա բանտարկության, բայց ուրիշ բան էր, եթե ձևակերպված հանցանքով մը ըլլար․․․
<b>Երեքշաբթի 27.</b> ― Առաջները կմեղադրեի Աստծուն, որ բոլշևիկներուն ալ իր կերպարանքով է ստեղծեր։
Հիմա, մանավանդ, երբ վերջիններս չեն հավատար Աստծո գոյությանը։
― Լավ, ― կրնար ըսել Աստված, ― գոյություն չունիմ չէ՞, տվեք ուրեմն իմ կերպարանքն ինձ, գացեք ձեզի նոր կերպարանք ճարեք։
Բայց ես այսօր կտեսնեմ, որ Աստված ավելի բոլշևիկ է, քան ներկա բոլշևիկները։
Աստված կըսե՝ «ես վրեժխնդիր եմ ու մինչև յոթը պորտ վրեժ կհանեմ ձեր սերունդեն»։ Մինչդեռ Ռուսաստանի բոլշևիկները միայն երկու պորտ վրեժխնդիր կըլլան՝ կուլակին կաքսորեն, տղուն դպրոցեն կարձակեն։
Եհովան կըսե՝ «ինձմե ի զատ ուրիշ Աստված չունենաս»։ Մինչդեռ մեր բոլշևիկները իրավունք ունին երկու աստված ունենալու՝ Լենին ու Ստալին։
Աստված զոհի ատեն կսիրե ամենաընտիրը ու Կայենին ատեց միմիայն անոր համար, որ մաքուր ցորյան չբերավ իրեն։
Բոլշևիկ կոմիսարներն ալ կպահանջեն, որ բանկոոպ իջած ամենաընտիր ապրանքը իրենց տունը ղրկվե առանձին կարգով։
Աստված հանցավոր մարդկությանը ջրհեղեղով բնաջնջեց և մեկ ընտանիք միայն փրկեց, մինչդեռ բոլշևիկներու օրոք այսօր մեկե ավելի ընտանիքներ ողջ ու առողջ կպտտեն։
Աստված նույնպես դասակարգային կռվի սիրահար է եղեր՝ ստեղծելով առաջին մարդու կողքեն կին մը և օձ մը։
Աստծո որդի Քրիստոսը Մագդա մըն է սիրեր, մինչդեռ մերոնք՝ երկրի բոլոր գեղեցիկ կանանց․․․
Չէ՜, նմանությունը անհերքելի է, և Աստծո անունը «հին բոլշևիկներու» ցանկին մեջ չմտցնելը ցայսօր՝ զուտ վրիպակի արդյունք պետք է համարել․․․
⁕ ․․․Չորնա՛ թող, սա մեր փողոց սալահատակող վարպետին ձեռքը։ Երեկվա կերածս դեռ չէի մարսած, ըսի լավ է, այսօր ալ գործի կերթամ՝ նոր վաղը կճաշեմ։ Բայց մեր սալահատակները այնքան խորդուբորդ են, որ կարելի՞ է անցնել առանց մարսելու։ Դեռ երկու քայլ չըրած՝ հանկարծ գխտացի ու ստիպված կես ճամբայեն տուն դարձա․․․
<b>Չորեքշաբթի 28.</b> ― Չէ՛, մի մեղադրեք բոլշևիկները, երբ իրենք մեղր ու կարագ կուտեն, իսկ մեզի երեք հարյուր գրամ քարի կաց կուտան։ Այսպիսի խտրություն մենք մեր տանին մեջ ալ կընենք։
Օրինակ՝ հայրս ես, ինքդ պապիրոսը բերնիդ, կծեծես հինգ տարեկան տղուդ, որ նույնպես ծխախոտը փաթթած լրագրի մը թուղթին մեջ ծխել կուզե։
Ինքդ ողջ որը կնկատ կհամբուրես, բայց տղադ, որ աղջկա մը ծուռը նայե, «դե՜» կպոռաս սպառնական։
Եթե պատճառաբանես՝ անոնք ալ արբունքի հասնելով և մեզի պես դառնալով, կվայելեն այդ բարիքները ապագային՝ ես ալ կըսեմ․
― Մենք ալ, երբ զառամենք այնքան, որ ուղեղնիս թուլնա և ցնդենք բոլշևիկներու նման, ան ատեն մենք ալ մեղր, կարագ ու ճերմակ հաց ուտելու համար արբունքի կհասնենք․․․
⁕ Այսօր ճաշին տպարանի բանվորական ճաշարանը գացի։
Պնակներն այնքան խորն էին ու գդալները այնքան կարճ, որ չկրցա իմանալ, թե․․․ քանի՞ բրինձ կար ապուրին մեջը։
<b>Հինգշաբթի 29.</b> ― Երևակայեցեք սոցիալիստական քաղաք մը, որ արտաքնոց չունի։
Հասարակական վայրերու, հասարակական գույքի մասին օրնիբուն ճառող պետություն մը, իր մայրաքաղաքին մեջ հասարակականորեն սնվող ժողովուրդին իր կերածը հասարակականորեն արտահայտելու հնարավորութենեն զրկեր է։
Մինչդեռ այդ հաստատությունը կրնար ամենաբանուկը ըլլալ պետական մյուս բոլոր հաստատությանց մեջ, ուր կյանքը տակավ կմեռնի արդեն։
Պետքարանը սոցիալիստական շինարարության մեջ մեծ դեր ունի կատարելիք։
Կուսակցությունը հիմա ո՛չ սպառնալիքով, ո՛չ դատով կրնա իր անդամներն բջիջի նիստին բերել։ Իսկ եթե վայելուչ պետքարան մը շինվի, որու ճամբի վրա շարված ըլլան բջիջի բոլոր ժողովարանները, այնպես, որ պետք ունեցող մը ստիպված ըլլա անպատճառ անցնել այդ ժողովասրահներեն, հետո Քաղխորհուրդն ալ իր տված հացին մեջ քիչ մը լուծողական խառնե (տեմպն արագացնելու համար)՝ սոցիալիզմի կառուցումն ապահովված պիտի ըլլա անպատճառ և լսարանն ապահովված լսող կադրերով։
Ուրիշ բան է, թե կրնան պատահել մարդիկ, որք իսպառ հրաժարեն պետքարանեն և բարվոք համարեն իրենց վարտիքը կեղտոտել, քան գլուխը, սակայն, ատոնք բացառություններ կըլլան, իսկ բացառությունը օրենք չէ․․․
⁕ «Պտուղբանջար» տրեստի զեղծարարներեն մեկուն, երբ դատարանը հարց կուտա․
― Ի՞նչ ըրիր, արտասահման ուղարկվելիք (էքսպորտ) երեք արկղ ընտիր դեղձի քոնսերվը, երբ կես ճամբեն ետ վերադարձավ։
― Մեկ արկղը ժողկոմխորհի նախագահ Տեր֊Գաբրիելյանին տունը ղրկեցի, մեկը՝ քարտուղար Խանջյանին, մեկալը՝ Երզնկյանին։
Հանցավորներ, որք, սակայն, նստած չեն դատապարտյալներու աթոռին։
Ինչո՞ւ։
Անշուշտ, ոչ խորհրդային դատարանին աչառությանը համար, այլ ամենայն հավանականությամբ աթոռ չըլլալու համար։
Վասնզի վերջերս մեղադրյալները ավելի շատ են, քան մեղադրյալի աթոռները, այդ պատճառով դատարանը կարգադրեր է, կըսեն, յուրաքանչյուր մեղադրյալ իր աթոռը հետը բերե․․․
<b>Կիրակի 1.</b> ― Այսօր ապրիլի մեկն է։ Առաջներ, երբ սուտ խոսելու սովորություն չկար, մարդիկ՝ սուտի գաղափարը աշխարհիս երեսեն ջնջելու համար, ապրիլի մեկին կխաբեին զիրար։
Հիմա ապրիլի մեկին խաբելն ավելորդ է դարձել այլևս։ Վասնզի անհատներն այլևս առնելիք֊տալիք չունին իրարու հետ, իսկ կառավարությունը, ոչ թե մեկ ամիս ու այն ալ ամսվա մեկ օր, այլ տարվա ամբողջ տասներկու ամիսը և ամսվա մեջ երեսուն օր կխաբե ժողովրդյան անդադար։
Հիմիկվա ռեժիմին կհարմարեր ապրիլի մեկին ոչ թե խաբել, այլ ճիշտը խոսել՝ տարվա մեջ գեթ օր մը իրականություն ըսած ըլլալուն համար, և, մանավանդ, ճշմարտախոսության գաղափարը գեթ անհետանալու վտանգեն ազատելու համար․․․
⁕ «Տորգսինի» առաջ, ալյուր գնողների հերթին մեջ, մարդ մը ճզմվելով, մեռավ։
Ի՞նչ է «Տորգսինի» խանութ, գիտե՞ք։ Այդ խանութը կառավարությունը ստեղծեր է ժողովուրդեն ոսկի հանելու համար։
Ժողովուրդ՝ ավելի փխրուն ոսկեհանք, և ավելի քիչ տաքությամբ հալվող, քան Լենայի ոսկեհանքերը։
<b>Երկուշաբթի 2.</b> ― Գյուղացի մը կերթա Մոսկվա՝ կուսակցական համագումարի։ Հոնտեղ ճառախոսը կրակ կթափե բերնեն՝ խորհրդային շինարարության մասին։ Ավարտին, երբ կուզե գիտնալ, թե ունկնդրողներու կողմե հասկանալի եղա՞վ իր ճառը, դուրս կուգա մեր գյուղացին ու կհայտնե, թե ամեն բան հասկցավ, բացի «տեմպեն»։
― Տե՞մպ, ― կըսե ճառախոսը, ― այս րոպեիս բացատրեմ։ Բացեք պատուհանը։
Պատուհանը կբացվե, որկե կերևի խոշոր շինություն մը՝ ինը հարկանի։
― Կտեսնա՞ս սա տունը, ― կդառնա ճառախոսը գյուղացուն, ― ասիկա նախկին ցարական ռեժիմեն օրոք մեկ տարվա մեջ կառուցվեցավ։
Հիշյալ գյուղացին գյուղը վերադառնալով, նույն ճառը նույնությամբ կզեկուցե գյուղական ժողովին մեջ։ Այստեղ կհայտնվե դարձյալ գյուղացի մը, որ կհայտնե, թե «տեմպը» չի հասկցեր։ Ան ատեն զեկուցողը բանալ կուտա պատուհանը, որն կբացվե գյուղի գերեզմանոցին վրա, կըսե՝ մատը դեպի գերեզմանոցը պարզելով․
― Կտեսնես սա։ Նախկին կառավարությունների օրոք ասանկ գերեզմանոց մը հարյուր տարիեն հազիվ շինվեր, բայց մեր բոլշևիկյան կառավարությունը մեկ տարվա մեջ շինեց․․․
⁕ Այսօր մեր պաշտոնյաներեն մեկուն հացի քարտերը կորսվեցավ։ Բարեկամները գունդ առ գունդ ցավակցության կուգան։
<b>Չորեքշաբթի 3.</b> ― Թիֆլիսին մեջ հայ մը ու վրացի մը կսկսեն իրենց ազգային պարծանքները հրապարակ բերել ու հպարտանալ անոնցմով։
― Մենք, ― կըսե հայը, ― դերասան Փափազյան մը ունինք, որն երբ սկսե խաղա, 160 միլիոն ազգաբնակչություն միանգամեն կուլա։
⁕ Հացի քարտը կորսնցնող պաշտոնակիցս այսօր կորսնցուցեր էր նաև իր գլուխը։ Հինգ անձ ընտանիք, որմե չորսը մանր երեխաներ, անոթի նստեր են տանը։
Վախեն ժամ մը անգամ ձեռքս ծոցս կտանեմ և կշոշափեմ քարտս։ Գիշերները ներքնակիս տակը կպահեմ, և հաճախ, ավելի ապահով ըլլալու համար․․․ երկուսով կպառկինք վրան։
<b>Հինգշաբթի 4.</b> ― Մոսկվային մեջ սկսվեցավ անգլիացի ինժեներներու դատը, որք կմեղադրվեն էլեկտրական ֆրոնտում վնասարարություն և պետական դավաճանություն կատարելու մեջ։
Կորա՜ն ոտով գլխով։
Չեկան դեռ անգլիացու արյունի համը չէ տեսեր։
Եվ իրոք որ, միշտ միևնույն ուտելիք ուտելը ախորժակը կփակե մարդու։
Չեկայի համար կյանքը ան ատեն միայն կսկսե, երբ իր ճաշացուցակին մեջ մտնե շաբաթվա մեկ օր ֆրանսիացի, օր մը գերմանացի, հետո առաջին տեսակը իտալացի, երկրորդը՝ չեխ (տես չխրթմա) ու իբրև դեսերտ՝ վրան ալ խումբ մը ֆինլանդացի, որոց համար վաղուց է ախորժակ սրեր։
Բայց դատն կերևի երկար պիտի տևե։ Համբերություն է հարկավոր։
Լավ չէ՞ր, նախ գնդակահարել «հանցավորները», ապա պարապ ժամանակը նոր սկսել դատել․․․
<b>Ուրբաթ 5.</b> ― Ես դեմ էի սոցիալիզմին մինչև օրս և այն կածիքն ունեի առհասարակ, որ կյանքը գոյության կռիվ է, և կենդանի արարածներն ստեղծված են զիրար ուտելու համար։
Այսօրվա կրկեսին մեջ, սակայն, անանկ մը երևույթի ականատես եղա, որ կարծես, կարծիքս սկսվեց տատանել։
Կրկեսին մեջ, գերմանացի դերասան մը, յոթն ամեհի առյուծներու մեջ, միևնույն վանդակում եղբայրաբար կապրեր ու կխաղար հետերնին, առանց այդ գազաններին կերակուր դառնալու։
Բան մը, որ ես երևակայել չէի կրնար։
Ու կհավատացունեմ, որ եթե գտնվի դերասան մըն ալ, որ վարժեցունե բոլշևիկներուն մարդ չսպանել, ես իմ համոզումը սոցիալիզմի հնարավորության մասին հիմնահատակ փոխեմ պիտի․․․
⁕ Կառուցող բանվորներու ճաշարանեն կիմացունեն բանկոոպի վարչությանը, որ կերակուր եփելու համար ո՛չ միս ունեն, ո՛չ յուղ, ո՛չ ձեթ։
Վարչությունը ասոր վրա շտապ վարպետ կղրկե ճաշարանին պատերը ճերմակցնելու և առհասարակ մաքրությանը հոգ տանելու։
Ճիշտ այնպես, ինչպես այսօր բժիշկները ամեն տեսակ հիվանդության լուծողական կուտան հիվանդին դատարկ ստամոքսը մաքրելու համար․․․
<b>Շաբաթ 6.</b> ― Առինջ գյուղի հորթարածին կուսակցությունը հանկարծ «առաջ քաշեց»։ Այնքան հանկարծ, որ խեղճը ժամանակ չունեցավ հետը վերցունել իր մախաղը, որուն մեջ կային՝ կայծքարը, հրահանը, սրինգն ու կարգ մը անհրաժեշտ իրեր։
Ատանկ հանկարծական առաջ քաշման կարելի է հանդիպել երկաթուղիի կամ թրամվեյի մեջ, երբ մեքենավարը առանց նախազգուշացնելու մեկեն կքշե մեքենան, հանկարծակի ցնցումեն թռցնելով ուղևորներու գլխարկը, կամ կեցողները նստողներու գոգը թափելով։
Հորթարածն այժմ հանուր Հայաստանի անասնապահական ֆերմայի դիրեկտորն է։
Առաջին ամիսը առաջ քաշված հովիվը ավտոն նստավ ավանակ հեծնելու նման։
Շատ անգամ մոռնալով, որ ինքը դիրեկտոր է արդեն, տեղ մը՝ փոխանակ ավտոյի, ոտքով կերթար կարգադրություն մը ընելու։ Ետքեն, հիշելով, որ ավտոյով պիտի գար, իր սխալն ուղղելու համար ետ կուգար և անգամ մըն ալ մեքենայով կերթար նույն կարգադրությունը կրկնելու։
Առաջին ամսին իր շարժուձևը կարգի բերելով, երկրորդ ամսուն սկսեց լեզուն մաքրել։
Պաշտոնական ժողովներուն «աղա Գևո» կամ «Գևո ջան» կըսեր բոլոր Գևորգներուն, փոխանակ կուսակցականներուն՝ «ընկեր», անկուսակցականներուն «քաղաքացի» ըսելու։
Կամաց֊կամաց, լավ էր, վարժվեցավ։
Առաջ, որ իր ավանակին փալան և հորթերուն վզկապ հազիվ կշիներ, այժմ շատ հաջող «սոցիալիզմ կշիներ» ապագա մարդկության համար։
⁕ Եթե ամբողջ մեր պետական կազմն հովիվներե կազմված ըլլար՝ մենք փրկված էինք, վասնզի անոնք իներցիայով, մեզի ալ անասուն կարծելով, պիտի կերակրեին․․․ սխալմամբ։
<b>Կիրակի 7.</b> ― Սա չորս տարի է մեծ պետությանց ներկայացչությունը Լոզան կուգա զինաթափվելու, բայց ցայսօր ոչ մեկ պետություն զենք մը չնետեց գետին։ Մինչդեռ սա մեր ճաշարաններեն, ինքնաբերաբար, առանց կոնֆերանսի, դանակներն ու պատառաքաղները վերացան, այլևս կտրելիք և բերան տանելիք բան չունենալուն համար։
⁕ Երկու քաղծացներ, վիճելով, փողոցեն կանցնեին։ Մեկը անոնցմե հույս չուներ, թե երբևիցե այս ժողովուրդը ընդունակ ըլլա ապստամբելու, մյուսը հակառակվելով՝ կըսեր․
― Չէ՛, կսխալիս, կապստամբե, կեցիր թող դանակը ոսկորին հասնե։
Խե՜ղճ մարդ, չի գիտեր, որ կառավարությունը բոլոր «դանակները» հավաքեր է «ոսկորին» չհասնելու համար․․․
<b>Երկուշաբթի 8.</b> ― Անցյալ օր փողոցին մեջ պատասխանատու կոմունիստ մը տեսա ու հետը խոսեցի։
Այդ կուսակցականը ինձի հետ համաձայնեց, որ հիմա գրականություն գոյություն չունե Խորհրդային Միության մեջ, որ եղածը գրականություն չէ, այլ աղբ, որ պետք է դուրս թափել, որ այսպես երկիր կառավարել չի կարելի, որ ասիկա ոչ թե «վերելք» այլ սարսափելի վայրէջք է դեպի նախապատմություն, և այլն, և այլն։
Այսօր նույն կոմունիստը բեմին վրա գովեստով կխոսե խորհրդային գրականության նվաճումներուն վրա և իշխանությունը «բանվորական» ու ժողովրդին սիրելի կհռչակե։
Չեմ հասկնար։
Կնշանակե՝ այս մարդիկ գրամոֆոններ են, որոց ասեղի տակ ինչ եղանակ դնես, այն կերգեն։
Այդ վնաս չունե, թող այդպես ըլլա, պայմանով սակայն, որ իրենցմե կոմունիստական կուսակցության պատկանելու ստաժը հարցնելու ատեն՝ չըսեն «12 տարի», այլ տարրական ազնվությունը կպահանջե, որ այդ 12 տարիեն հանեն այն օրերը կամ ժամերը, երբ համաձայն են եղեր դաշնակցականներու, մենշևիկներու կամ էսեռներու հետ։ Եթե տակը բան մը մնաց, նոր կոմունիստ համարեն ինքզինքնին․․․
⁕ Եղունգս երկարեր է՝ դանակ չունիմ, որ կտրեմ։
Ես գիտեմ, վաղ֊մյուս օր Չեկան բռնեց նե ինձի, հարցնե պիտի, թե ինչո՞ւ եղունգ կպահես․․․ առանց թույլտվության։
<b>Երեքշաբթի 9.</b> ― Այսօր Մոլորովն ու Ստալինը հրաման մըն են փակցուցեր օրաթերթերու ճակատին խոշոր տառերով, որով կարգելե կոլտնտեսական գյուղացոց գիշերներ ժողով գումարել և կհրահանգե առտուներ շուտ ելլել ու գործի կենալ, քանի գարնանացանը չի ավարտված։
Գարնանացանն ավարտելով, պետք է ջրվի արտերը, ուրեմն ջրելու ժամանակ ալ չի կարելի խոսել, ջուրն ավարտվեց՝ կուգա խաղի, կալսելու որևէ ժամանակ, եթե հաշվի առնենք, որ ձմեռն ալ գյուղացին կարպետ կգործե։ Ուրեմն ե՞րբ պետք է խոսե կոլտնտեսական գյուղացին։
Այս հրամանը չի՞ նշանակեր արդյոք, որ իրենք՝ այդ կոմունիստական զույգ առաքյալները, կխոստովանեն, թե ժողով, խոսք ու ճառ ավերող է այլևս, գործ, գործ է պետք։
Եթե կխոստովանեն այս, կնշանակե սխալ գրված շարադրության մը նման, վերեն վար գիծ պետք է քաշել տասն ու հինգ տարվա կոմունիստական կառավարությանը վրա։
Վասնզի այդ կառավարությունը տասն ու հինգ տարի միայն ժողով գումարեց, ճառեց ու խոսեց․․․
⁕ Ծերունի գրող մը, գլուխը պատուհանեն հանելով, կըսե ինձի․
― Մերկ եմ, ադամա մերկ, զգեստ չունիմ, որ դուրս գամ օդ առնելու։
― Հոբելյանիդ խնդիրը դիր, ― կպատասխանեմ վարեն։
― Ատով ի՞նչ կըլլա որ, զգեստ կուտա՞ն հոբելյարին։
― Զգեստ չեն տար, բայց այնքան «Լենինի», «Ստալինի», «Աշխատանքի հերոսի», «Հարվածայինի» և այլ դրոշներ կկախեն վրադ, որ այլևս զգեստի կարիք չես ունենա։
― Այդ դրոշները տաք կպահե՞ն մարդու։
Ինչո՞ւ չէ, կրնաս ձմեռային «պսմաչ», «կումաչ» դրոշներ պահանջել․․․
<b>Չորեքշաբթի 10.</b> ― Ինչպես գիտեք, ամեն կոլտնտեսական մեկ կթան կով անհատորեն պահելու իրավունք ունի, որն իր կոլեկտիվի մեջ դրած հինգ կովը մոռցած, հույսը սեփականին է դրեր։
Այս աշնան խոտի բերքը բաժնելու ատեն, ողջ բերքը կոլտնտեսականները բաժներ և տարել են տուն իրենց սեփական կովին համար ու մոռցեր են համայնական գոմին ալ բան մը ձգել։ Եվ ի՞նչ։ Այսօր համայնական կովերը ու եզները անոթութենե փրկելու համար, վարչությունը կոլտնտեսության անդամ գյուղացիներեն վերստին շուկայի գներով կգնե այդ խոտը և կկերակրե հանրային անասունները։
⁕ Քաղաքացի մը իր ընկերոջ հետ տաք վեճի ժամանակ շարունակ ձեռքը ծոցը կտաներ։
Վիճակիցը վախնալով, որ իր ախոյանը կպատրաստվե ատրճանակ քաշել, միլիցիայի կդիմե։
Միլիցիան խուզարկելով այս «վտանգավոր» քաղաքացուն, հայտնաբերեց անոր․․․ հացի քարտը։
<b>Հինգշաբթի 11.</b> ― Դարվինի տեսակներու ծագման թեորիան եթե շիտակ ըլլար, հիմա արդեն մարդիկ փոքրիկ դույլերով պիտի ծնվեին, վասնզի հիմա առանց դույլիկի ոչ մեկը չի պտտեր, և դույլն այնպես անբաժան է մարդուց, ինչպես մարմնի որևէ վերջավորությունը։
Առանց գլխի կարելի է տունեն դուրս ելլել, ինչու որ գլուխի մեջ կերակուր չի լեցվի, բայց դույլն շատ կարևոր անդամ մըն է ճաշարանեն «կերակուր» բերելու համար։
Փողոցին մեջ կարելի է տեսնել մարդիկ, որք գլխարկի տեղ դույլեր դրած դեպի ճաշարան կվազեն։
Քանի՞ մարդ կգտնաս այս երկրի մեջ, որ դույլն ու գլխարկը զանազանելու չափ ուշք մնացած ըլլա գլխին մեջ․․․
⁕ Ճապոնիան բարձրացեր է չինական պարիսպին վրա և կպատրաստվե արդեն թռչել ներս։
Չինական բանակը բոլոր կակուղ բաներն անդին կքաշե, որ վար թռնելուն ոտքը կոտրե․․․
Եվ այս գործողությունը բոլշևիկյան մամուլի բարբառով «կատաղի դիմադրություն» կկոչվե։
<b>Ուրբաթ 11.</b> ― Երևակայեցեք պզտիկ տղա մը կամ եթե պզտիկ երևակայել չեք կրնար, կարելի է մեծ, բայց խելագար երևակայել, որ կպահանջե քեզի վար առնել բարձր պատեն կախած ատրճանակը, որ անով քեզի․․․ սպանե։
Ես բոլշևիկյան Ռուսաստան չեմ տեսեր և անոր տարիքը չեմ գիտեր, բայց համենայն դեպս կամ երեխա, կամ խենթ ըլլալու է այդ պետությունը, վասնզի ճիշտ վերևը հիշածս պզտիկին նման, եվրոպացիներին, որք կապիտալիստներ են ու հակառակ իրենց «սոցիալիստական» ռեժիմին, իր երկիրը կկանչե, որ իր համար զենք պատրաստեն, իրենց կապիտալիստական ռեժիմը կործանելու համար։
Ասոնք ալ, այդ մասնագետները կուգան Ռուսաստան, կլրտեսեն երկիրը և խոշոր ամսականներ առնելով, իրենց երկիրը կերթան, փայտե հրացաններով զինելով այս մեծ երեխային։ Օրերս Մոսկվային մեջ տեղի ունեցող անգլիական ինժեներներու դատը այդ միայն կապացուցե։
⁕ Այդ տարի քաղաքիս քանդվելիք տուներու ցանկին մեջ ընկեր է պետական շենք մը, որի կառուցումը տակավին չէր վերջացեր․․․
Հոս ես կհավնեմ արդեն Քաղխորհուրդին խելքը։ Իհարկե, ավելի աժան, ավելի ձեռնտու է պետությանը կիսավարտ շենքերը քանդել, քան շինել, լմնալեն վերջը․․․
Ասիկա «բոլշևիկյան ճկունություն կկոչվե», որն կկիրառե կուսակցությունը նաև իր ճառերուն մեջ՝ սա տարբերությամբ միայն, որ ջնջված ճառերը ձրի են, իսկ քանդված տուները մեկ֊երկու միլիոնի կնայե։
<b>Շաբաթ 12.</b> ― Նկատե՞ր եք, երբ մարդ կմոռնա իր ստամոքսին գոյությունը, այլևս անոթություն չի զգար։ Այսպես կպատահե ինձ հետ նաև ատամիս ու ականջիս ցավի ատենները։
Բնական է, երբ ոչինչ չունիս, ի՞նչդ պիտի ցավե։
Բայց ցավն այն է, որ վերջերս, քաղաքիս մեջ սպասվող որովայնային տիֆին պատճառով, առբաժինը սրսկումներ կկատարե, ու ամեն անգամ թերթը բացած ժամանակ, երբ աչքս կիյնա առբաժնի հայտարարության «որովայն» բառին, անմիջապես կքաղցեմ։
Ես սարսափով կերևակայեմ մարդակազմության դասատուներու վիճակը, երբ պաշտոնի բերմամբ, օրական առնվազն վաթսուն անգամ «ստամոքսը» հիշեն պիտի։
Իմ բանը խեր է, ես շաբաթ անգամ մը թերթը ձեռք կառնեմ, իսկ շաբաթ անգամ մը ուտելու չափով ուտելիքով ապահովված եմ։
⁕ Քաղխորհուրդը քաղաքը մաքրող սայլապաններուն «դիրեկտիվ» է տվեր կես կանգունեն ավելի չփորել գետինը՝ «քաղաքը շատ փոս կիյնա» ըսելով։
<b>Կիրակի 13.</b> ― Եթե ուրիշ արգելքներ չըլլան, արտաքնոցը բավական է, որ սոցիալիզմ չիրականանա։
Ուղիղ մեր դիմաց պետական տուն մը կբարձրանա, որու բնակիչները բացառապես կոմունիստներ են ու կօգտվեն համայնական պետքարանեն։
Ոչ մեկը այդ օգտվողներեն իր պարտքը չի սեպեր հսկել պետքարանին մաքրությանը, և ամենայն օր կագ ու կռիվ կերթա մեջերնին, և յուրաքանչյուրը կաշխատե ավելի կեղտոտել ի հաշիվ իր դրացիի։
Եթե Լենինի խոսքով բնորոշենք, պիտի ըսենք․
«Մարդուն հատուկ եսասիրություն, գումարած կուլտուրական ցածր մակարդակ՝ հավասար է մեր դիմացի տան արտաքնոցը»։
Սոցիալիզմն դուրսի, ցուցադրական զգացմունք կամ գաղափար է, բայց մարդս իր մեջ (կամ արտաքնոցում) միայն էգոիստ է։
Ինչպես ժողովրդին իրական կամքը միայն գաղտնի քվեարկությամբ կիմացվե, անանկ ալ մարդուս էությունը իր առանձնության մեջ միայն դիտե։
Եթե այսօր Ռուսաստանին մեջ գաղտնի քվեարկությամբ հարցվի ժողովրդյան, թե համաձա՞յն է ներկա ռեժիմին․ կհավատացունեմ ձեզի, որ ինքը՝ Ստալինը, սև քվե պիտի տա իր իսկ ռեժիմին․․․
⁕ Ասով հարկավ ըսել չեմ ուզեր, թե սոցիալիզմն անհնար բան է։ Ո՛չ։
Սոցիալիզմն հնարավոր է, բայց միմիայն այն պարագային, երբ մարդիկ սկսեն ուրիշի բերնով ուտել՝ իրենք կշտանան և ընկերոջ շուրթերով սիրած կնոջը համբուրեն՝ իրենք սիրով արբենան․․․
<b>Երկուշաբթի 14.</b> ― Ինչպես Աստծո համար կլսվե «ամեն տեղ է», անանկ ալ մեր Բանգյուղտեսչությունը «ամեն տեղ» պիտի ըլլա, որ իր ֆունկցիան լրիվ կատարե։
Ճաշարանին մեջ տեսար մեկը մեծ պատառ տարավ բերանը։
― Բանգյուղտեսչության ուշադրությունը կհրավիրեմ, ― հավա՜ր կկանչե մյուս օրը թերթը։
Դերձակներու արտելը վերարկուին մեկ գրպանը քիչ մը մեծ կարեց մյուսեն՝
― Բանգյուղտեսչությո՜ւն, հասիր․․․
Պետհրատին գրախանութը մատիտին ծայրը քիչ մը երկար հանեց՝
― Բանգյուղտեսչությո՜ւն, նայե պետական հարստությունը ինչպե՜ս կմսխվե։
Կոնսերվի գործարանի բանվորները դեղձը թանձր կկեղևեն՝
― Բանգյուղտեսչությո՜ւն․․․
Բանգյուղտեսչությունը, որն եվրապական պետությանց մեջ Պետական կոնտրոլ կկոչվե, այնքան ասանկ պզտիկ խնդիրներով կզբաղեցունեն, որ այլևս ժամանակ չի ունենա հարյուր հազարներու հասնող զեղծմանց համար։
Եթե քեզի միևնույն ժամին յոթը տեղե ժողովի կանչեն, մեկը ընդունելով, վեցը մերժես պիտի, չէ՞։ Լա՜վ։ Երբ մտածես, թե վեց ժողովներու օգտակար չես կրնար ըլլալ, նեղսրտութենեդ յոթներորդն ալ չե՞ս մերժե ու հանգիստ նստես տունդ՝ կնկադ հետ զրույց ընելու։ Կընե՜ս։
Ահա այս է պատճառը, որ Աստվածն ու Բանգյուղտեսչությունը ոչ թե «ամեն տեղ», այլ «ոչ մեկ տեղ» ալ չեն ու տուներնին նստած զրույց կընեն իրեց կողակիցներու հետ․․․
⁕ Այսօր բանկոոպը հին գինի էր ստացեր ու միայն «հին բոլշևիկներուն» կուտար։
Այս եղավ հակաքրիստոնեությո՞ւն։
<b>Երեքշաբթի 15.</b> ― Ատաղձագործ Գրիգորը՝ իմ նախկին աշակերտը և արդի կոմունիստը, հանկարծ առաջ քաշվեցավ որպես թերթի խմբագիր ու շվարեր կեցեր էր։
― Եկուր քովս, ես կօգնեմ քեզի, ― ըսի իրեն՝ այսօր ճամբին պատահելով։
― Ուրագ ու սղոց ալ բերե՞մ հետս, ― հարցուց անմեղ տղան՝ սիրտ առնելով։
― Ոչ, ― ըսի, ― երկու ականջ միայն բեր հետդ և լսե՝ ինչ պիտի ըսեմ։
Ու երբ քովս եկավ որոշված ժամին․
― Դու նախ և առաջ պիտի սորվես խմբագրականներ գրել, որք ստանդարտ մասերե բաղկանա պիտի, իրար միացած․․․
― Պտուտակո՞վ, թե սոսինձով։
― Ո՛չ պտուտակ, ո՛չ սոսինձ։ Չէ՞ որ խմբագրածդ օրաթերթ է, ու յուրաքանչյուր օր պիտի քանդես֊շարես։ Թուքով պիտի կպցունել։ Արդ՝ առաջին մասի մեջ կգրես, թե սոցիալիզմն ի՜նչ հաղթանակներ է տարեր Խորհրդային Միության մեջ և ինչպես կուլակները ճզմված են (կամաց ճզմե չմեռցունես, քիչ վարը անոնք «կատղեն» պիտի ու «սանձարձակ» դառնան)։ Ճզմեցի՞ր, դե անմիջապես Լենինեն կամ Ստալինեն ցիտատ մը բեր այդ մասին։ Բերի՞ր՝ վերջացած է առաջին մասը։
Երկրորդ մասին մեջ ճզմված ու ջախջախված կուլակները հանկարծ գլուխ կբարձրացունեն ու կը «գազազեն»։ Գազազեցա՞ն, բեր ցիտատ մըն ալ այդ մասին և փակե երկրորդ մասը։
Երրորդ մասին մեջ բեր օրինակներ, թե ինչպես կան կոմունիստներ, որք չեն նկատեր այս բանը, որք «կթերագնահատեն» կուլակային վտանգը։ Ապա չորրորդ մասին մեջ գրե այն «ընկերներու մասին», որք չեն թերագնահատեր, գովե հօրինակ այլոց, պահպանել մը ըսե ու վերջակետ դիր։ Խմբագրականը պատրաստ է։ Եվ դու կրնաս տարի մը ամբողջ այս խմբագրականը տպել՝ մասերն ետ ու առաջ դնելով։
― Ամեն օր կուլակները «ջախջախվեն» ու «կատղե՞ն»։
― Ի՞նչ վնաս։ Ատիկա հաճելի մարմնամարզ մըն է, որ կուժովցունե անոնց մկանները, իսկ քուկինն էլ՝ գրիչը։
⁕ Ժամանակե մը ի վեր կոմունիզմը, կպած Գերմանիո, կհյուծեր զանի։ Վարչապետ Հիտլերը սակայն, «ախտահանիչ կամերային» միջոցով հիմնապես մաքրեց երկիրը այդ պարազիտներե։ Ինչպես կըսեն՝ Գերմանիա «քրտնեց լավցավ»։
Այո՛, առողջացավ Գերմանիա, ախորժակը բացվեցավ ու հիմա իր գաղութները կուզե, որ ուտե, կազդուրվե․․․
<b>Չորեքշաբթի 16.</b> ― Գյուղի կուսակտիվը, կուսակցության նոր «դերեկտիվի» համաձայն, «կարմիր անկյուններու» և «խրճիթ ընթերցարաններու» տարիներե ի վեր փակված դուռները բանալով, ականատես եղավ հետաքրքիր տեսարանի։
Սարդերը, առանց պետական օգնության, առանց բջիջի նիստերու, առանց համագումարներու և գործուղմանց՝ ավելի շատ թել էին հյուսեր այդ մոռացված հաստատությանց դուռ ու պատուհաններին, քան Լենինականի տեքստիլի մանարանը իր ողջ նորագույն կառուցմամբ։ Ավելին։
Այդ սարդերը, իրենց «շինարարության» ընթացքին, ավելի քիչ ճանճերու արյուն էին ծծեր՝ քան տեքստիլը կծծե իր բանվորներուն։
Մասնավոր ձևով այդքան հաջողությո՜ւն։
Եվ ասիկա դեռ գյուղական աննշան փոքրիկ «խրճիթներուն» մեջ։ Հապա վաղ մյուս օրը, եթե քաղաքի կուսակտիվը, սույն փորձեն քաջալերված, ըսկսե քաղաքիս կոոպերատիվ «փակ բաշխիչները» ուսումնասիրել կամ Կենտգործկոմի ու Գավգործկոմի նման հարյուրավոր գործածութենե ինկած պաշտոնատուներու դուռները բանա, կերևակայե՞ք, ինչպիսի՜ հարստություն կգտնե։
Ու եթե կառավարությունը սոցիալիզմ կառուցել չցանկանար, այլ միայն ժողովրդին բարօրությունը ցանկար՝ ես պիտի առաջարկեի անմիջապես փակել Լենինականի «Տեքստիլը», այն հաստատ համոզումով, որ տաս տարվա ընթացքին մեզի շապկացու մը չտվող «Տեքստիլը» սարդերու հանձնվելով՝ մենք մեկ տարիեն, շապիկ ալ կունենանք, վարտիք ալ․․․
⁕ Մարդուս օրգանիզմը ժամացույցին ճիշտ հակառակն է։ Կանգնած ժամացույց աշխատեցունելու համար պետք է մաքրեն ներսը, իսկ կանգնած մարդուն աշխատեցունելու համար պետք է լեցունես ներսը․․․
Բոլշևիկները իրենց բանվորներուն ժամացույցի սիստեմով աշխատցունել կուզեն․․․
<b>Հինգշաբթի 17.</b> ― Եթե պատահի, որ ես խորհրդային վարժապետ դառնամ, և աշակերտներս հարցունեն ինձի՝ ի՞նչ բան է կոլտնտեսություն և խորհտնտեսություն՝ պիտի պատասխանեմ․
― Սիրելի՛ աշակերտներ, կոլտնտեսությունն ու խորհտնտեսությունը այն կապույտ ակնոցն է, որ բոլշևիկյան կուսակցությունը կդնե ի ծնե կույր աչքերուն։
Չկա այդ տնտեսություններեն մեկը, որ ինքն իրեն կշտացունե, ալ չեմ խոսեր կառավարության բերք տալու մասին։
Չկա մեկը, դեպի մարդկության բարօրություն, հետևաբար, և դեպի սոցիալիզմ տանող ատ «ազդակներեն», որ իր չորս ցենտներ սերմացուն հինգ շինե և ինը ոչխարը տաս շինե։
Բայց բոլոր այդ տնտեսություներեն, իրենց նախապես տրված հարյուր ցենտներ ցորենը տասի են իջեցուցեր, հազար ոչխարեն քսանն են թողեր։
Չե՞ք հավատար, ահա ձեզի փաստ, բերված այսօրվա «Խորհրդային Հայաստանեն»։
«Ղարաքիլիսեի Համզաչիմանի խորհտնտեսությունը, ― կըսե թերթը, ― անցյալ տարի ստացավ յոթ հազար փութ գարի, որմե երեք հազարը գողցվեցավ, հազարը վարչության անդամները բաժնեցին իրենց մեջ, իսկ երեք հազարը մնաց անձրևի տակ, ամբողջովին փտեց ու թափեցին։ Ուներ 350 ցեղական խոզ, որոցմե 200֊ը սատկեցավ մեկ ձմեռվա մեջ, 70֊ը կիսաքաղց, սատկելու կպատրաստվե, իսկ առողջներեն ոչ մեկը չծնեց՝ վարազ չունենալու պատճառով»։
Սոցիալիստական այս բոլոր տնտեսությունները՝ սովխոզներն ու կոլխոզները, անվարազ խոզեր են ու հազիվ թե բոլշևիկ կառավարության համար խոճկոր մը մը ծնեն։
Ու այսքան պարզ ճշմարտություն մը չտեսնելու համար, կույր մը ապաքեն ի ծնե ըլլալու է և ծնված կույր ծնողներե․․․
⁕ Աղթալայի գյուղատնտես֊պլանավիկը կմեղադրվե, որ իր կազմած «պլանին» մեջ առաջվնե կորոշե, թե 130 ոչխարեն, մեկ տարվա մեջ, քառասունն իրավունք ունին մեռնելու, մինչդեռ թիվը մեծ է, մեռնելու համար քսանն էլ կբավե։
Ասկե երկու բան։
Նախ կիմանամ, որ ոչխարներն ալ մահկանացու են (ոչխարին մեռածը չեն տեսեր, մորթվածն են տեսեր)։
Երկրորդ՝ եթե գյուղատնտեսին որոշելովը պիտի մեռնե կամ չմեռնե ոչխարը, ինչո՞ւ անանկ պլան մը չգծել, որու մեջ ոչ մեկ ոչխար մեռնե․․․
<b>Ուրբաթ 18.</b> ― Այսօր կրկեսն իր տասնչորս առյուծները կերակրելու համար, թերթին մեջ տպված հայտարարությամբ մը, գործե ինկած անպետք ձիեր կուզե։
Արդեն սա շաբաթ մըն է, գերմանացի դերասանը չի կրնար մոտենալ իր առյուծներուն, կենդանիք անոթի են ու կվախնա հարձակում կրելե։
Բայց անպետք ձի․․․ հազիվ թե գտնի կրկեսը։ Ձիու միայն կաշին շատ բան արժե։
Կրկեսը, եթե կուզե իր առյուծներու կերակրման գործը հաստատուն հողի վրա դնել, պետք է Չեկայի ու Գերագույն դատարանի հետ պայման կապե, որ բոլոր մահապարտներու վճիռը իրեն տան «ի կատար ածելու»։
Հիմա, երբ սկսված է «վնասարարներու» դատը և «օգոստոսի 7֊ի օրենքը», ծոծրակ քորելի ժամանակ չունի, հիմա, այդ զույգ հաստատությունները կրնան ոչ թե տասնչորս, այլ չորս հարյուր առյուծ կերակրել։
Պայմանով սակայն, որ հետագային կրկեսը իրեն հանդիսատես ճարե․․․
⁕ Բայց վախկո՜տ գերմանացի դերասան։
Ընդամենը տասնչորս քաղցած առյուծ կվախնա խաղցունել այն ժամանակ, երբ Ստալինը 160 միլիոն քաղցած ժողովուրդ․․․ կխաղցունե։
<b>Շաբաթ 19.</b> ― Կառավարությունը որոշեր է «հարվածային» բանվորներուն լավ ճաշ տալ, ոչ հարվածայիններուն՝ վատ։ Եվ որովհետև լավ ճաշ գոյություն չունի, ապա ուրեմն թարգմանելով այս որոշումը մեր լեզվով՝ կստացվե հետևյալը։
Հարվածայիններուն վատ ճաշ տալ, մյուսներին ոչինչ չիտալ։
Այս է պատճառը, որ երեկ «հարվածային» մը, մեկ քարի տեղ երկուսը շալակած ըլլալուն համար, հինգ հարկանի շենքեն վար ինկավ։
Բայց կառավարությունը նորեն չէր դրժեր օր օրենքը՝ «լավ ճաշ կուտար»․․․ եթե բանվորին բերանը հայտնի ըներ։
⁕ Այնքան եմ սորված ժամացույցով ճաշել, որ սա երկու օր է ժամացույցս կանգ է առեր, ու ես անոթություն չեմ զգար․․․
<b>Կիրակի 20.</b> ― Ծեր գյուղացի մը ներս կանչեցի՝ մածուն առնելու։ Տեսնելով իննսունամյա մորս, իր հանգուցյալ պառավը հիշեց և մածունի պուտուկը ուսեն ցած դնելով՝ «դիրթլիմիշ» եղավ քիչ մը։
― Ողորմի քեզի, պառա՛վ։ Ա՜խ, կըսեր, կարդալ, գրել սորվիմ, նոր մեռնիմ։ Ես ալ, տեսնելով իր սորվելու եռանդը, «Լիկկայան» ղրկեցի։ Ընդունակ էր շատ։ Տարվա մը մեջ սորվեցավ «ա»֊ին երեք ատամ ունենալը։ Վարժուհին՝ չմոռնալու համար, մեր եղանն էր ցույց տվեր և ըսեր՝ «Նայե՛, եղանը քանի ատամ ունենա, «ա»֊ալ՝ նույնքան»։ Ու պառավս շատ ընդունակ էր։ Երբ ալ հարցնեիր իրեն՝
― Գյուլնա՛ր, «ա»֊ն քանի՞ ատամ ունի։
Անմիջապես փայտե եղանին նայելով՝ «երեք» կըսեր։
Դե, այն ատենները բոլշևիկը դեռ նոր էր մտեր մեր երկիրը, դեռ հարուստ էինք, ու մեր եղանը երեք ատամ ուներ։
Երկրորդ տարին, մեկ կողմեն աղքատությունը, մյուս կողմեն եղանը՝ դե փայտ է, ատամ կթափե, բան․․․ մնաց երկու ատամ ընդամենը։ Ու պառավիս «ա»֊ն երկրորդ տարին արդեն երկու ատամ ուներ։ Երրորդ տարին գեշ էր՝ եղանին մեկ ակռան ալ թափվելու հետևանոք, Գյուլնարիս «ա»֊ն մնաց մեկ ատամանի։ Իսկ չորրորդ տարին, երբ պիտի ավարտեր Լիկկայանը և վկայական առներ, մեր եղանին վրա այլևս ատամ չեր մնացեր․․․
Ա՜խ, անիծվի թող աղքատությունը, անիծվի։
Հարուստ չըլլա՞ս, որ հինգ ատամանի երկաթե եղան առնես, դնես կնկանդ առջև ու մինչև մահն ալ իր «ա»֊ն հինգ ատամ ունենա․․․
Թեև, ըսենք, ան ալ բան մը չէր։ Այս տարի բոլոր հինգ ատամանի եղան ունեցողներուն իբր «կուլակ» Սիբիր ղրկեցին․․․
==1935 թվական==
<b>Երեքշաբթի 20.</b> ― Աղին կայարանին մեջ կգոցվե կնոջ մը ճամպրուկ՝ իրերով 4000 ռուբլու արժողությամբ։ Գողը կբռնվի։ Գյուղացի մըն էր, որն գուշակելով, թե իր ունեցվածքը վաճառվի պիտի ի հատուցումն գողացված ապրանքի, անմիջապես կհավաքե իր կայքն ու կոլխոզ կմտնե։
Կինը Թիֆլիս կապրեր։ Տասնութ անգամ երթալ գալով, դատը Երևան փոխադրելով ու 1300 ռուբլի ծախս կատարելով՝ վերջապես դատարանեն հետևյալ վճիռը կհաջողե ձեռք բերել։
Կոլխոզ մտցուցած անասուններուն ու գույքին ձեռք չի տալ։ Գողությունի արժեքը մաս֊մաս գանձել կոլխոզեն ստացած տարեկան եկամուտեն՝ 25 տոկոսի չափով․․․
Ու եթե հաշվենք, որ կոլխոզեն ստացած գողին եկամուտը լավագույն պարագային զերո է՝ կինն ստանա պիտի զերոյի մեկ չորրորդ մասը․․․
Ուրեմն, ո՛չ պատժել, ո՛չ կայքն «աճուրդի հանել»։
Հետևաբար, ինչո՞ւ գողություն չպատահի մեր երկրին մեջ։
⁕ Կխորհեմ՝ լավատեսությունն հոռետեսութենեն աղեկ է։
Կին մը տեսա, որ այսօրվանե՝ այսինքն՝ վաղ գարնանե, կալոշ կառներ ձմեռվա համար։
Ըսել է այդ կինն հույս ունի մինչև ձմեռն ապրիլ․․․ այս ռեժիմին տակը։
<b>Չորեքշաբթի 21.</b> ― Ըստ նոր օրենքի, ուրեմն, 12 տարեկանեն վեր հանցավոր երեխաները պիտի պատժվեն ինչպես50 տարեկան չափահասներ։ Այսինքն՝ չորս գործողության վերաբերյալ խնդրի մը մեջ 14 սխալ գործող աղեկ մը, պիտի հասկնա աշխարհիս չարն ու բարին այնպես, ինչպես կյանքն ամբողջովին ճաշակած 70-ամյա զառամյալը։
Պետք է սպասել ուրեմն, 13 տարեկան պզտիկներու շարան դեպի բանտ, աքսոր ու գնդակահարություն․․․
Ինչի արդյունք է սույն հակամարդկային «օրենքն»՝ չեմ հասկնար։ Ամենայն հավանականությամբ բոլշևիկյան Մողոքը, ձանձրանալով հասակավորի միսին, մատղաշ միսի կարոտ է քաշեր․․․
Այլապես, պզտիկն համեմատած չափահասին՝ ինքնին սխալ մըն է արդեն։
Զանոնք կոտորելու համար պետք կա՞ նոր սխալներու սպասել։
⁕ Ներկա ուտելիքի սովին ժամանակ ստամոքսին մեջ ճիճու ունենալը բնավ չի քաշվեր։
Տաժանելի աշխատանքով, ստորանալով ու ամեն տեսակ ցածությամբ սնունդ կլլես, որ որդերն ուտե՞ն։
<b>Հինգշաբթի 22.</b> ― Օպերայի դռանը ռուս մը տեսա, որ ամենապակասը 90 քիլո կկշռեր։
Եթե ի նկատի առնենք, որ 30 քիլո կշռողներն ալ «մարդ» կկոչվեն և կրնան մարդկային բոլոր բարեմասնություններն ունենալ, ապա, ուրեմն, ռուսին 60 քիլո ծանրությունն զուր բեռ է իր համար։
Վաթսուն քիլո ծանրությունն ամենազիջող բեռնակիրն վեց ռուբելն պակասով չի փոխադրեր շուկայեն տունդ, որ ընդամենը տասը րոպեի ճամբա է։ Երևակայեցեք՝ սա ռուսը քանի՞ միլիոն ռուբլի համալչեք կկորցունե՝ ամբողջ կյանքի տևեղությամբ այս բեռը կրելով․․․
⁕ Գերմանիա, որ ասկե շաբաթ մը առաջ կպոռար, թե Արևելյան պակտը չեմ ստորագրեր, ես Ռուսաստանին վրա հարձակվեմ պիտի, սանկ֊նանկ, այսօր, երբ Ռուսաստանն Գերմանիո կողմ տանելով ականջին փսփսաց՝ կստորագրե Արևելյան պակտը։
Արդյոք ի՞նչ խոստացավ։
<b>Ուրբաթ 23.</b> ― Այսօր ոչ մեկ ընելիք ունիմ։ Պիտի նստեմ պատուհանս ու անցուդարձողներուն մտիկ ընեմ։
Ահա լայն վերարկուով ու երկար քիթով մեկը ամենաշտապ քայլերով կերթա ուր որ։
Երկու բան կրնա առիթ տալ նման քայլվածքին՝ կա՛մ աս մարդը զզված իր կնոջեն, Զագս կերթա զայն թողնելու, կա՛մ պահեստապետ մըն է ու մոռցել է դուրս գալեն առաջ դուռը կողպել։
Այլապես ի՞նչը առիթ տա պիտի այս մարդուն հապշտապ քալել երկրի մը մեջ, ուր մարդիկ հեռանկարնին կորսնցուցած, ո՛չ իրենց ուր երթալիքը գիտեն, ո՛չ ինչ ընելիքը։
⁕ Ես այս քայլերով կհեռանամ այս երկրեն, եթե ճամբա տան։
<b>Շաբաթ 24.</b> ― Ժամանակ մը պետությունը տուներն համայնացուց ու տան֊տրեստին հանձնեց կառավարումը։ Տուն֊տրեստն տեսնելով, որ իրեն հանձնված այդ տուները հարբածներու նման իրար վրա կթավալեն տարեց֊տարի, ու ինքը այդքանի հենակներ հայթայթելն ալ անգամ չի կրնար, միջի նստողներուն կհայտարարե այսօր․
― Տունը ձերն է, նորոգեցեք, նստեցեք։
Ասիկա շատ կնմանե այն բանին, ինչ որ անհույս, մեռնելու հիվանդներուն բժիշկները տուն՝ իրենց հարազատներուն կղրկեն՝ մեռնելու։
Այս օրինակով ընթանալով, հեռու չեմ տեսներ այն օրը, երբ կառավարությունը, «սոցիալիզմ շինելեն» հույսը կորցրած, ձեռք քաշե վերջապես անօգուտ փորձերե ու հայտարարե ժողովրդյան․
― Ամեն մարդ իր համար սոցիալիզմ շինե՝ ապրե։
⁕ Բայց մեր կառավարությունը իր սխալն խոստովանելու սովորությունը չունի։ Անիկա սխալ չի գործեր։ Ամեն բան միայն սոցիալիզմի համար կընե։ Ու եթե վաղը սոցիալիզմի համար պահանջվե, որ սոցիալիզմն իսպառ պետք է վերանա երկրեն, անմիջապես կհամաձայնե։
Ու ըստ ինձ ալ անանկ է։ Սոցիալիզմ կառուցելու ամենալավ ձևը սոցիալիզմն աշխարհեն վերացնելն է․․․
<b>Կիրակի 25.</b> ― Աներորդուս հանեցին իր բնակարանեն ու լրտեսի մը տվին այն։
Որոշված է գաղտնի։ Ամեն բակին մեջ լրտես մը բնակելու է՝ ժողովրդյան տրամադրությունը օր ավուր Չեկային հայտնելու համար։
Բայց լրտեսը ժողովրդին պինչը մտցնելն սխալ է։
Ինչպես սարի ստորոտ կեցած ճամբորդն չի կրնար լեռան մեծության վրա գաղափար մը կազմել, անանկ ալ ժողովրդյան զայրույթի մեծությունը միայն հեռվեն կարելի է տեսնել․․․
⁕ Բժիշկ մը, անցյալ տարի չկրնալով տոկալ ռեժիմին, էլեկտրական հոսանքով ինքզինքը սպանեց։ Այս գարնանը, գերեզմանոցը քանդելու հետևանքով, երբ հարազատները կերթան դիակը փոխադրելու, սարսափով կտեսնեն, որ մեռյալն շուռ է եկեր բերանքսիվայր, ճեղքեր զգեստն ու երեսը ու բռնած դագաղի կողերը կամեցեր է դուրս գալ․․․
Այսօրվա ողջ քաղաքի խոսակցությունն այդ է։ Ամեն ոք բացատրություն մը կուտա, բայց ոչ մեկին չի կարելի հավատալ։
Ըստ իմ բացատրության՝ ննջեցյալ մը մեռնելով, գացեր սխալ ինֆորմացիա է տվեր խեղճ բժշկին, թե բոլշևիկյան կառավարությունը կործանվեր է, ու բժշկին մեջ բուռն ցանկություն է առաջացեր արթննալ ու գեթ օր մը ազատ ապրիլ, նոր մեռնիլ։
Սա ամենահավանական կթվի բոլոր հայտնված կարծիքներեն։
<b>Երկուշաբթի 26.</b> ― Այն հանգամանքն, որ ամիս անգամ մը Հայաստանի պրոլետ֊պոետները Մոսկվա կերթան՝ իրենց գրվածները «մասսայականացնելու», սաստիկ դժգոհություն է հարուցեր պրոլետ֊արձակագիրներու մեջ։
Անոնք կըսեն․
― Պոետներուն ստեղծագործությունները ամբողջն ալ տասը, տասնհինգ ոտ ունեցող ոտանավորներ են, թող իրենք երթան, ինչո՞ւ հեղինակները տանեն։ Արձակագիրները պետք է Մոսկվա երթան, ինչու որ անոնք հեղինակներ են բացառապես ոտներե զուրկ ստեղծագործությանց։
Այա առթիվ կագ ու կռիվ Գրողներու տանը մեջ։
Բայց ըստ իս, արձակագիրներն իրավացի չեն։
Ինչո՞ւ։
Նախ այն բանի համար, որ ոտներ, այո՛, ունին պոետներուն ոտանավորները, սակայն պետք է ստուգել, թե արհեստական չե՞ն անոնք։
Հաշմանդամ զինվոր մը քալել կրնալու համար, ոտներեն գեթ մեկը բնական ըլլալու է։ Այդ՝ հետո ալ ի՞նչ նշանակություն ունի ոտք չունենալը՝ թրթուրները ոտք չունին, բայց տեղն եկած պարագային ոտանավորներեն ավելի արագ կերթան․․․
Եթե գրվածք մը հեղինակն ինքը պիտի մասսայականացունե, ըսել է՝ մենք հիմա անծանոթ պիտի ըլլայինք Շեքսպիրի գործերուն, վասնզի այդ գործերուն հեղինակը վաղուց չկա այլևս։
<b>Երեքշբաթի 27.</b> ― Ժողկոմխորհի նախագահ Ավ․ Գալոյանը իր մեծադիր լուսանկարը ծայրեծայր շարեր է Աբովյան փողոցի խանութներու ցուցափեղկերուն մեջը։
Կանցնեմ խանութներուն առջևեն, կնայիմ այդ նկարներին ու կըսեմ ինքս ինձ․
― Ի՜նչ կատարելության է հասեր սա լուսանկարչական արհեստը, որ Գալոյանի նման պզտիկ մարդու մը նկարը հաջողած է այսքան խոշոր քաշել․․․
⁕ Ֆրանսա բոլշևիկյան Ռուսաստանի հետ դաշն պիտի կապե եղեր Գերմանիո դեմ։
Ամբողջ դիվանագիտությունը ակնապիշ սա դաշնին կնայե, տեսնելու, Ֆրանսիա ինչպե՞ս պիտի գրկե սա ժանտախտը՝ առանց ինքզինքը վարակելու։
<b>Չորեքշաբթի 28.</b> ― Քաղխոհուրդին բուսապատման տրեստին քաղաքիս կանաչապատման վրա թափած տարիներու աշխատանքը, Տիգրան Մուշեղյանը, այսօր մեռնելով, բոլորը սրբեց տարավ՝ թույլ տալով, որ 80 պսակ դրվե իր վրան։
Եթե կոմունիստ պաշտոնյա չըլլար հանգուցյալը ու հալալ աշխատանքի ընդունակ՝ այսքան կանաչով աղվոր կով մը կրնար պահել անդիի աշխարհին մեջ։
Խոսքս միայն Մուշեղյանին չի վերաբերեր։ Տիգրան Մուշեղյանը ոչ միայն «անուն» ուներ, այլև ազգանուն, ու հետևաբար արժանի իրեն ցուցուցած բոլոր հարգանքին։
Կխոսեմ ընդհանրապես։
Միայն թե այս տարի այլևս կոմունիստ չի կրնար մեռնիլ, ինչու որ կանաչ չի մնացեր ծառին վրա։
Կզարմանամ։ Բոլշևիկյան կառավարությունը ամենահետին գյուղական կոլխոզներու համար որոշում ունի հանած, թե իր ունեցած անասուններեն քանի՞սն իրավունք ունին մեռնելու որոշյալ տարին, քանի՞սն ապրելու (պլան), իսկ ինչո՞ւ կծուլանա իր շարքայիններու մահվան ու կենաց խնդիրին մեջ օրինաչափություն մտցնելու, որպեսզի յուրաքանչյուրը անոնցմե, իր մեռնելուն փունջ մը կանաչ տանի հետը։
Բոլշևիկին՝ մեռած, թե կենդանի, անտառ է պետք․․․
<b>Հինգշաբթի 29.</b> ― Մեկական կիլոգրամ միս կուտան մեզի՝ Հայաստանի խորհրդայնացման 15֊ամյակն հավերժացնելու համար։
Տղամարդկանց հերթը, խանութեն ելած, քանի մը անգամ իր շուրջը պլլված հսկայական օձի կնմանե։ Կանանց հերթը խանութին երկրորդ դուռնեն կելնե ու կերթա անհայտ ուղղությամբ։
Հղի կանայք արտոնված են անհերթ առնելու։ Ստերջ կանայք նախանձով ու ափսոսանքով կնային այդ երջանիկներուն ու գլուխնին կերերցունեն։
Մոտեցա այդ դժբախտներեն միույն։
― Ամուսնացա՞ծ ես, քույր, ― հարցուցի։
― Այո՛, ― պատասխանեց։
― Գնա տուն, հղացիր, եկուր։
― Կհասցնե՞մ արդյոք, ― ըսավ կինն թերահավատ։
― Հարյուր տոկոսով վստահ եղիր։
― Անանկ է նե վազեմ։
― Առանց վազելու, շատ դանդաղ, այլապես կրնաս հղացածդ չծնանել, նախքան որ հերթը քեզի գա։ Վասնզի, իրավ է՝ հղի կանանց հերթը կարճ է քիչ մը, բայց նորեն բավական բան է։
⁕ Այսօր շատ տգեղ կին մը եկեր կքսմսվեր ինձի։ Որքան աշխատեցի, չկրցի սիրել։ Զայն սիրելու համար «բոլշևիկյան վճռականություն» էր պետք, որը չունեի․․․
<b>Ուրբաթ 30.</b> ― Երկու հեղինակ, խոսելով, Պետհրատ կերթային՝ հոնորար ստանալու։
― Ես, ― կըսեր մեկ հեղինակը, ― առնելիքս գանձելու համար ամեն անգամ Պետհրատ գալուս փետուր մը կքաշեի միակ հավիս վրայեն, գիտնալու համար, թե որքա՞ն եմ գացեր եկեր։ Այսօր դեռ առնելիքս մեկ տասներորդը չառած․․․ հավիս վրա փետո՜ւր չի մնացեր։
― Ափսոս հավը, ― պատասխանեց երկրորդ հեղինակը։ ― Պետհրատի նման աղքատ հաստատության մը համար հավը քիչ է, թավամազ կատու կամ ձմեռվա աղվես մը ձեռք ձգելու ես․․․
⁕ Ֆրանսա֊խորհրդային դաշնությունը ստորագրվեցավ վերջապես։
Ալ դյուրին է երևակայել Ռուսաստանը Ֆրանսա այցելելուն որպեսի՜ զգուշություն է բանցունելու, որ բերնեն «կոմունիզմ» բառը չփախցունե։
Ֆրանսա երթա կապիտալիզմ փառաբանե, իր երկիր գա՝ կոմունիզմ քարոզե, չխախտելու համար յուրաքանչյուր երկրի օրենք։
Առտնին կյանքի վերածելով, ըսել է՝ գամ քո տուն, կնիկդ սիրեմ, գամ իմ տուն, կնիկս սիրեմ։
<b>Շաբաթ 1.</b> ― «Ձրի, ընդհանուր և պարտադիրը» մեր երկրին մեջ ոչ թե ուսումն է, այլ աղքատությունը։
Կառավարությունը չորս աչքով կհսկե, որ ժողովուրդն աղքատ ըլլա։
Բազմաթիվ անտուն մարդիկ քանի մը ռուբլի իրար բերած կուզեն պարտեզ մը կամ տուն մը առնել տեղավորվել՝ կվախնան դրամը դուրս հանել։
― Ուրկե՞ քեզի այդ դրամը, ― հարցնե պիտի միլիցապետը, ու լեզուդ կապվի մնա։
Ծանոթ բեռնակիր մը գիտեմ, որ 15 տարվա չարքաշ խնայողությամբ 2700 ռուբլի էր գոյացուցեր ու պզտիկ տուն մը գներ։ Հաջորդ օրը անմիջապես միլիցիատուն կկանչվե բացատրություն տալու այդքան դրամի մասին։
Հանցավոր բեռնակիրը, պատմելով, որ կյանքին մեջ չի ծխեր, չի խմեր, պոռնկատուն չի գացեր ու իրմե անկախ, միանգամայն պատահական այդքան դրամ է խնայվեր, կխնդրե ներել իրեն։
Ու գործն կքննվե տակավին։
Արձանագրելով այս փաստը՝ կմտածեմ։ Ընդամենը 2700 ունենալու համար (որն ոսկով 5 ֆունտ անգլիական ըսել է) երբ մեկը կդատվե, ի՞նչ պիտի ըլլար Ռոտշիլդի կամ Ռոկֆելերի վիճակը, երբ հանկարծ մեր երկիրն իյնային։
Գուցե և անպատիժ մնային։ Վասնզի խորհրդային օրենսգիրքը դեռ այդքան խոշոր հանցանքի համար պատիժ չի նախատեսած։
Այո՛, ընդհանուր ու պարտադիր են աղքատությունը, թշվառությունը ու անխելքությունը։
<b>Կիրակի 2.</b> ― Մեռնելու համար մեր տարվա չորս եղանակները շատ անհարմար են։
Ձմեռը չես ուզեր մեռնիլ՝ վախնալով, որ հավիտյանս սրսռաս պիտի գերեզմանիդ մեջ, ամառը կվախնաս շնչահեղձ ըլլալ։ Գարունը ապրելու սեր կզարթեցունե մեջդ՝ աշունն արդեն իր բարիքներով մնացյալ երեք եղանակներու եզրակացությունն է ըսես, ինչպե՞ս կրնաս մեռնիլ։
Հինգերորդ՝ մեռնելու համար սանկ եղանակ մը եթե ստեղծեր Աստված, գեշ չէր ըլլա։
⁕ Այսօր ֆրանս֊ խորհրդային դաշնության մանրամասները կար թերթին մեջ։ Ուրեմն ճիշտ է՝ կնքվեցավ։
Ողորմած մայրս միշտ կըսեր․
― Ոչինչ կա աշխարհիս մեջ անպետք ու ավելորդ։ Աղբն անգամ պետք է պահել խնամքով, օր մը, երբ այգի կունենանք, պետք պիտի գա ձեզի։
Ամենայն հավանականությամբ Ֆրանսան այգի է առեր, որ այսօր բոլշևիկյան Ռուսաստանին պետքն ունեցավ․․․
<b>Երկուշաբթի 3.</b> ― Բեռնակիր մըն աթոռներու խոշոր կույտ մը շալկած, փողոցեն երթալուն ժամանակ, հանկարծ չվանը կտրեցավ ու աթոռները գետնին թափվեցան։ Այս նկատելով երթևեկող բազմությունը, անմիջապես չորս կողմեն վրան հարձակվեցավ ու մեյ մեկ աթոռ վերցնելով․․․ նստավ վրան։
Մեղադրյալները թեև բռնված ու դատի են տրված, իհարկե, բայց դատարանը ի՞նչ պիտի վճռե։ Չի կրնար ծեծել՝ շատ֊շատ բանտ նստեցունե պիտի։ Է՛, ժողովուրդին ցանկությունն ալ նստելն է՝ թող նստե, թող բանտը նստե։
Այնքան որ հոգնած է կայնելե, այնքան որ աթոռ չկա այս երկրին մեջ․․․
⁕ Խորհրդային ունկնդիր մասսան այնքան է մեքենայացեր, միայն «Ստալին» բառը լսելուն այնքան կծափահարե, որ Կրեմլին մեջ արտասանած բուն իրեն Ստալինին այսօրվա ճառը ոչ մեկ ծափ չի վաստկեր։ Մինչդեռ այդ ճառը 800 բառերե կբաղկանար և ուրիշի մը բերնով արտասանելու ժամանակ, առնվազն 700 ծափ շահեր պիտի։
Բնական է, որ Ստալինը չկարողանա ինքզինքն «մեծ առաջնորդ» անվանել կամ «ինչպես մեր հանճարեղ ուսուցիչ Ստալինը կըսեր»՝ գործածել։
<b>Երեքշաբթի 4.</b> ― Մեղա՜ քեզի, ինչպես մարդս անհիշաչար է դեպի մեռնողին պակասությունը։
Ժամանակով Ղազար անունով զզվելի տնատեր մը ունեինք։ Հայհոյաբան, կոնծող, գող ու ծակաչք։ Երկու ամիս անգամ մը տան վարձքին վրա հավելում մը բարդելու գեշ սովորություն ալ ուներ մանավանդ։
Հա՛, քանի մը օր առաջ լսեցի, որ մեռեր է Ղազարը։ Իր բոլոր պակասությունները «էհ, ինչ ընենք՝ Աստված իրեն այդպես է ստեղծեր» ըսելով՝ արդարացուցի և սրտանց ցավեցա իր մահվան առթիվ։
Այսօր, սակայն, տեսա Ղազարին սովորականի համաձայն իր ճերմակ ավանակը հեծած կդառնար այգիեն։
Սխալ էր, ըսել է, չէր մեռեր։
Ու որովհետև չէր մեռեր, արդարացումս ետ վերցուցի ու առաջվա նման սկսեցի ատել զինքը և իր մահը ցանկալ։
Զարմանալի բան։
Ուրեմն, կնշանակե, եթե այս ռեժիմն օր մը մեռնե, նույնպե՞ս պիտի արդարացունեմ իր ոճիրները ու ցավեմ վրան․․․
Օ՜, ո՛չ։ Եթե պիտի ափսոսամ, ավելի լավ է բնավ չմեռնե այս ռեժիմը, որ միշտ ոճրագործ համարեմ զինքը, ատեմ ամբողջ հոգովս ու ցանկամ, որ մեռնե․․․
⁕ Ողնաշարս կցավի կոր։ Սա շաբաթ մը կաշխատեմ գիշերները քրտնել քիչ մը՝ չեմ հաջողեր։
Գիշերս, երբ անքուն, միտքս հոս֊հոն սավառնելով լուսացունել կճգնեի, ինքզինքս հանկարծ բոլշևիկ ենթադրեցի։
Ու քրտինքս սկսեց առվակի պես հոսել վրայես․․․ ամոթեն։
Այսօր ոսկորներս կրնամ շարժել արդեն։
<b>Չորեքշաբթի 5.</b> ― Այսօր կլրանա 47 տարիքս։ Այդ առթիվ երբ կանդրադառնամ կյանքին առհասարակ, երբ 47 տարու կյանքս շուռ կուտամ սեղանիս վրա՝ տեսնելու համար, թե մասնավորապես ինչե՞ էր բաղկացած այն, զարմանքես կշվարիմ։
Կտեսնեմ Ստեփան անունով ծերունի դարբին մը՝ իր ավանակին նստած, օրական երկու անգամ կանցնի մեր փողոցեն։ Հաստ ու խմորաձև քիթով, փոս ինկած աչքերով։ Ընկերոջս՝ Գասպարին, կտեսնեմ, որուն հետ յոթը տարի միևնույն նստարանին վրա նստեցինք քով֊քովի, ծխական դպրոցին մեջ։ Շուն մը ուներ՝ անունը Ալաբաշ, դրացիք թունավորեցին նախանձեն։ Ահա մեր թաղի հացթուխը, որ կկանչեր աքաղաղի պես։ Ապա աղջիկ մը Լուսիկ անունով, որուն ետևեն տարիներ ինկած բան մը կուզեի ըսել, չէի գիտեր ինչ, և որն նոր հիմա միտքս կուգա, երբ Լուսիկին ակռաներն թափվել է իսպառ ու 28 տարեկան տղայի մայր է արդեն ու որուն այլևս բան ըսելու հարկ չկա․․․
Ահա ութը ճերմակ, քնքույշ ճագարիկներ, որոնց սակայն պիտի մորթեի, պահելու հարմարութեննիս վերջացած ըլլալուն պատճառով։ Կգալարվիմ խճահարութունես, սակայն կմորթեմ։ Այնուհետև, նորեն աղջիկ մը, այս անգամ Գոհար անունով։ Եկեր առանց որևէ վարձի բնակություն է հաստատեր սիրտիս մեջ։ Մարդու կերթա Գոհարը, և ուրիշ աղջիկ մը կուգա տեղ բռնելու մեջս։
Ահա մեռավ մեր կրոնի ուսուցիչը ու դագաղին միջեն իր դուրս ցցված կոշիկները երբեք դուրս չեն գար մտքես։
Սա ամենախոշորներն են, կան ավելի մանր բաներ, որոնք գրչի վրա չեն գար։
Ուրեմն ի՞նչ։ Իմ մեջ ապրած են Ստեփան մը, Գասպար մը, հացթուխ, զանազան աղջիկներ, մեռելի կոշիկ, իսկ ես կարծեր եմ, թե ես եմ ապրած։
Ի՞նչ եմ ես ուրեմն։ Հյուրանոց մը։ Ո՜չ, հյուրանոցեն բան մըն ալ անդին։ Ես գոմ եմ եղած պարզապես՝ ավանակներու, շուներու ու ճագարներու։
Ա՜յդ է եղեր կյանքը․․․
⁕ Ու այս րոպեիս մեր դիմացի տան թրքուհին, որ կտուրի կանաչին վրա իր փոշոտ գորգը թափ կուտա, ինչո՞ւ կվախնա վար գլորվելեն։ Թող գլորվե, թող փշրե իր գանգը բակի սալահատակին վրա․ չէ՞, մեռնիլ չի կրնար, քանի ես կենդանի եմ։
Այո՛։ Եթե հիմա հաջողեի ապրիլ 17 տարեկան գեղուհի մը սրտին մեջ, վերջ կուտայի կյանքիս, ավելի երկար ապրելու համար․․․
⁕ Առօրյային մեջ ալ այդպես է։ Տնվորները ավելի երջանիկ կապրին հիմա, քան սեփական տուն ունեցողները։
<b>Հինգշաբթի 6.</b> ― Բավական ժամանակ է կաշխատեմ սկզբունք մը ունենալ, չեմ հաջողեր։
Իմ տառապանքը ոչ թե սկզբունքի սովեն կառաջանա, այլ անոնց առատութենեն։
Երբ Հայաստանին մեջ եմ, հայերով շրջապատված՝ կըսեմ․
― Ի՞նչ տարբերություն հային ու տաճիկին միջև, մարդը մարդ է։
Ես ինտերնացիոնալիստ եմ։
Բայց ահա տաճիկներու մեջ կապրիմ, ու աչքս բնազդաբար հայ մը կփնտրե իր շուրջը, ականջը հայերեն բառ մը լսել կճգնե, ու չգտնելով ու չլսելով՝ հայի սաստիկ կարոտ կքաշեմ։
Ես նացիոնալիստ եմ։
Հետո։ Կտեսնեմ, թե ինչպես գործարանատեր մը հավաքած խումբ մը կյանքին մեջ չհաջողած մարդոց կաշխատցունե ու կապրեցունե զանոնք, ինքն ալ ապրելով միաժամանակ, հարկավ։
Կհավնիմ գործարանատիրոջը ու ես կապիտալիստ եմ։
Ապա գործերս անհաջող կերթան ու կմտնիմ այդ նույն մարդու գործարանը կաշխատեմ։
Առտուն կտեսնեմ անիկա ավտոմոբիլով գործարան կուգա, ես՝ ծակ կոշիկով։ Ան նստած կտանի իր գործերը, ես՝ կեցած։ Կնախաճաշե ութ տեսակեն, ես ունեմ հաց, պանիր ու սուրճ միայն։ Ամառ գալուն պես ամենաթանկ ամառանոցը կերթա իր ընտանիքին հետ, մինչ ես անկարող եմ հիվանդ երեխայիս լեռ տանել։
Ես սոցիալիստ եմ։
Բացի այդ, ձմեռը կուզեմ, որ տարին տասներկու ամիս ամառ ըլլա, իսկ ամառը, երբ լեզուս կանգուն մը կկախվե շոգեն, կըսեմ՝ է՛հ, ախպա՛ր, ափսոս չէ՞ ձմեռը։
Դե համմե՛, եկուր ու ընդհանրապես որոշե, չմե՞ռն է լավ, թե՞ ամառը, կապիտալի՞զմը, թե սոցիալիզմը, նացիոնալիզմը, թե ինտերնացիոնալիզմը։
Եվ ի՞նչ պետք կա, որ անպատճառ մարդս մեկ սկզբունք մը պիտի ունենա։
Շատեն ի՞նչ վնաս։
⁕ Ատամներս կարգով կշարժեն բերանիս մեջ ու կսպասեմ տեսնելու, թե անգլիական դիվանագիտությունը ֆրանս֊խորհրդային բլոկի՞ն կողմը կհակե, թե Գերմանիո կողմը՝ ընդդեմ Խորհրդային Միությանը։
Վասնզի եթե Անգլիա Գերմանիո կողմը չպիտի հակե, Գերմանիան Խորհրդային Ռուսաստանին վրա չպիտի հարձակվե ու մենք չպիտի ազատվենք բոլշևիկներու լուծեն՝ չարժե զուր տեղ ատամնաբույժի երթալ ատամները ամրացնելու։ Ամրացնես՝ ի՞նչ ուտես այս սով երկրին մեջ։
<b>Ուրբաթ 7.</b> ― Մամուլն երեկվե սկսեր է արդեն «մասսայականուցնել» Ստալինի ճառը։
Իսկ «մասսայականացունելը» գիտե՞ք ինչ կնշանակե։ Ըսեմ։ «Մասսայականացունել» ըսել է՝ այդ ճառը փռել արևին տակ, աղվոր մը չորցունել, ապա ծեծել սանդի մեջ փոշի դարձունել ու այնուհետև արտասանված յուրաքանչյուր խոսքին մեջ մեկ թեյի գդալ ցանել, խոսվածքին Ստալինի համ հաղորդելու համար։
Ճիշտ այնպես, ինչպես կարմիր պղպեղը՝ կերակուրի համար։
Բայց պղպեղեն բանն ուրիշ է։
Անցյալ աշնան ֆունտ մը պղպեղ առի, ծեծեցի, այնքան ուժեղ է, որ փոքրիկ պտղունց մը հսկա կաթսա մը կերակուր կհամեմե։
Իսկ Ստալինի ճառը՝ չէ։ Անհամ է շատ։ Խոշոր կերակուրի գդալով անգամ ցանես՝ պզտիկ ճառ մը չի համեմեր․․․
⁕ Կոշիկներս հնակարկատին տարա։ Գրիգոր է անունը և հոգու անմահությանը կհավատա։
― Գրիգո՛ր, ― կըսեմ, ― կմեռնես ու կտեսնես, որ ատանկ բան չկա։
― Եթե հավատքը հոգու անմահության մասին կրցա պահել մինչև մահվանս րոպեն, ալ անդին, անհոգ մնա, անմահ եմ ու անմահ։ Մեռնելեն ետքը մարդուս համոզումներն փոփոխության չեն ենթարկվեր այլևս, ― պատասխանեց վարպետն ու գործի անցավ։
<b>Շաբաթ 8.</b> ― Ես հաճախ դատարան կերթամ։ Հոն նկատած եմ՝ մարդ ու կնկա միջև եղած դատերեն իննսուն տոկոսը հօգուտ կանանց կվճռվին։ Վասնզի, դատավորներն էրիկ մարդիկ են բացառապես։ Տղամարդիկ, եթե դատը շահել կուզեն, պետք է անպատճառ կին դատավորներ նստեցունեն դատավորին աթոռին վրա, անմեղությունը չի փրկեր իրենց։
Կին դատավոր մը նստեցուր, ինքդ ալ դատի օրը աշխատիր քիչ մը սև աչք ու սև հոնք ունենալ ու վստահ կերպով դատարանը մտիր։ Ինչքան ալ ծեծած ըլլաս կնիկդ՝ իրավունքը քուկին կողմն է։ Իսկ եթե քիչ մըն ալ թիկնեղ ես՝ զարկ սպանիր կնկանդմ ավելի շատ կարդարանաս։
Երկրի մը մեջ, ուր օրենքները մարտի եղանակներու պես օրական տասն անգամ կփոփոխվեն ու ոչինչ չկա կայուն ու անփոփոխ, խոսքը կպատկանե միայն ու միայն դատողին անձնական նախասիրությանը ու ճաշակին։
⁕ Այսօր քիլո մը թարմ ձուկ ինկավ ձեռքս։ Խանութեն տուն գալուս, մտքիս մեջ կտապակեմ ձկները, քանի մը տեսակ կանաչի կառնեմ, շիշ մը կարմիր գինի ու կպատրաստվեմ ուտել, երբ պոլսեցի գաղթական մը ձեռք կերկարի․
― Ողորմեցե՜ք ինչով կրնաք, փոխարենը Աստված ձեզի արքայություն տա թող։
Ես ձուկը չեմ տար, բայց գինին և կանաչին սիրով կնվիրեմ կարոտյալին ու կանցնեմ առաջ։
Պիտի ըսեք ողորմությունդ երևակայական էր, բայց չէ՞ որ մուրացիկին խոստացած արքայությունը նույնպես գոյություն չունի․․․
<b>Կիրակի 9.</b> ― Կառավարությունը կազմակերպեր է շրջիկ առուտուր և զամբյուղները շաքարահացով լեցուցած՝ կպտտցունե փողոցները՝ քիլոն 13 ռուբլի։ Որպես թե ժողովուրդն, որ խմորեղեն չի գներ, ոչ թե անոր համար է, որ թանկ է, իր քսակին անմատչելի, այլ չի կրնար ճարել կամ հեռու տեղ անկարող է երթալ գնել։
Եվ այս բանն կհայտարարե թերթին մեջ իբր «միննեթ» ժողովրդյան վրա։
Ո՜վ աճապարար կառավարություն․․․
Դուն խմորեղենին քիլոն իջեցուր երեք ռուբլի ու տար քաղաքեն վեց քիլոմեթր հեռու դիր, գնորդը կերթա ու կտանե։ Իսկ 13 ռուբլով ոչ թե փողոցները, այլ իր բերանն ալ խոթես, չի կրնար կուլ տալ։
Այդ իսկ պատճառով չորս դին լեցուն է խմորեղենով։
Ու եթե միսին քիլոն 50 ռուբլի շինե ու չորս դին պտտցունե, միսով ալ պիտի լեցվի մեր երկիրը, ու մամուլը կրնա շեփորել, թե ժողովուրդն այնքան է կշտացեր միսեն, որ վրան չի նայեր այլևս։ Այնինչ բնակչությունը միս բառին վրա ամեն անգամ թուք կուլ կուտա․․․
⁕ Կոտայքի Առինջ գյուղը, ուր «Ցարի հետամնաց ժամանակները» 283 կով կկթվեր, այսօր երկու կով միայն ունի․․․
Եվ այս բանը բոլշևիկյան բառով «վերելք» կկոչվե։
<b>Երկուշաբթի 10.</b> ― Այս չորս օր է աչք չենք բանար «Ստալինի ճառեն»։ Առտվնե մինչև իրիկուն առանց րոպե դադարի՝ «Ստալինի ճառ»։ Կտպվե տպարանին մինչև օրս ծանոթ բոլոր ձևի տառերով ու ծիածանի բոլոր գույներով։ Կխոսեն այդ մասին ոչ միայն օրաթերթեր, կխոսեն նաև շաբաթաթերթեր, որք շաբաթե մը առաջ չպիտի լեզու առնեին, կխոսեն ամսաթերթեր, որք ամիսե մը միայն պիտի լռեին այդ ճառի մասին, ինքնզինքնին չեն կրնար զսպել նույնիսկ տարեթերթեր, որք կպատրաստվեն օր առաջ լույս տեսնել, տպելու համար այս «դարագլուխ կազմող ճառը»։
Մինչև օրս չեղավ Ստալինի բերնեն ելած խոսք մը, որ «դարագլուխ» չկազմեր։
Եվ որովհետև Ստալինը տարին երկու անգամ ճառ կխոսե, ըսել է՝ Խորհրդային տարին ունի երկու «դար»՝ իր «գլուխներով»։
Իսկ գիտե՞ք՝ ինչ է ճառին ողջ բովանդակությունը։
Կադրերը կորոշեն ամեն ինչ։
Ըսել կուզե՝ սոցիալիզմ շինելու համար պետք են իրենց գործին գիտակ մարդիկ։
Ահա բոլորը։
Եվ ասիկա «լողունգ մըն է, որ կստեղծե դարագլուխ»։ Լոզունգ մը, սակայն, որն հասարակության ու աննշանության պատճառով ես ավելի «դարապոչ» կկոչեի, քան «գլուխ»։
«Որպես հզոր մրրիկ մը տարածվեց մեր երկրի վրա ընկ․ Ստալինի ճառը», կգրե «Խորհրդային Հայաստանը»։
Ճիշտ է, այո, եթե «մրրիկն» քամի հասկնանք՝ իսկը որ քամի, ու քամի են ա՛լ ավելի անոսր․․․
⁕ Քանի կուսակցական մասսան կհիմարանա, Ստալինն այդքան կմեծնա, քանի մասսան կոչխարանա, այնքան Ստալինն կհավվանա․․․
<b>Երեքշաբթի 11.</b> ― Այսօրվա հեռագիրը լուր բերավ «Մաքսիմ Գորկի» խոշոր օդանավին աղետը Մոսկվային մեջ, որուն զոհ է գացեր 50֊ե ավելի մարդ։
Չորս դին ցավակցություն։ Կառավարությունը ինկած հերոսներու անունները հրամայել է արձանագրել կեդրոնական աերոակումբին հուշատախտակին վրա։
Ասանկ տախտակի մը ստեղծումը ենթադրել կուտա, թե կառավարությունը զոհերի նոր էջ մը կբանա, ու բոլոր օդաչուները կամաց֊կամաց պատրաստվեն պիտի օդեն վար գլորվելու։
Հետաքրքիր է մե՞ծ է այդ «տախտակը», թե՞ փոքր։
Երանի փոքր ըլլար։ Վասնզի մեծ տախտակ լեցնելու համար շատ զոհ է պետք․․․
Հետո։
Կառավարությունը իր թշնամիներուն ուրախանալ թույլ չտալու համար որոշեր է մեկի փոխարեն երեք «Մաքսիմ Գորկի» շինել՝ մեկը Լենինի անունով, մեկը՝ Ստալինի, մեկալը Մաքսիմ Գորկիին։
Ահա ձեզի աղետ մը, որ բախտավորության կփոխվե, մեկի փոխարեն երեք օդանավ պարգևելով կառավարությանը։
Լավ չըլլա՞ր, որ այդ շինվելիք երեքն ալ կործանենք ու տեղը ինը օդանավ կառուցենք․․․
⁕ Ֆրանսական արտաքին գործերու մինիստր Լավալն եկավ Մոսկվա, բարեկամական դաշն կապեց Լիտվինովին հետ ու գնաց։
Հիմա բարեկամներ են։ Գերմանիո գլխի վրայեն Լավալը Լիտվինո՜վ կպոռա, Գերմանիայի աստիեն Լիտվինովը ջա՜ն կպոռա ի պատասխան։
Թող իր մեջ պատռվե Գերմանիան․․․
<b>Չորեքշաբթի 12.</b> ― Մենատնտես կույր մը կա, Խաչիկ անունով, առանձին կմուրա։
― Խաչիկ, ― կըսեմ, ― ինչո՞ւ չես մտներ կույրերու պետական կոլեկտիվը։
― Վասնզի հոն կստիպեն «տեսնել» սոցիալիստական շինարարությունը, ― կպատասխանե ի ծնե կույրը ու կավելցունե։ ― Շատ ուրախ եմ կույր ծնված ըլլալուս համար, քանի որ աչք ունեցողները սխալ կտեսնեն։ Իսկ, հարկավ, ավելի լավ է ոչինչ չտեսնել, քան սխալ ինչ տեսնել, ինչպես կըսե Սողոմոն Իմաստունը։
⁕ Այն փաստը, որ հիմա բացառապես դերասաններն են սկսած պիես գրել (Ջանան, Վաղարշյան), կնշանակե ոչ թե բովանդակության հետ գործ ունինք այլևս, այլ՝ ձևի։
Այդ կնշանակե հավի չգոյության պատճառով՝ աքլորները կփորձեն ձու ածել։
Փաստաբանի հարցուցեք․ դերասանն իրավունք ունի՞ բովանդակություն ունենալ․․․
<b>Հինգշաբթի 13.</b> ― Հայկոոպի ակումբին մեջ Լենինի գիպսե ձուլված կիսանդրին տեսա, որի գագաթը կոտրած ըլլալով կերևար գլխի դատարկությունը։
Չգիտեմ ով է ձուլել կիսանդրին, բայց քանդակագործը անգերազանցելի հանճարեղությամբ ներսի կողմեն պատկերած է իրականը․․․
⁕ Այնտեղ կդատվեն հայկոոպի քսանչորս զեղծարարները, որոց մեկ քանիսին կսպառնա մահվան պատիժ։
Զարմանալի բան։ Մարդուն մեկ քիլո աղ կերցնելեն վերջը, ըսենք, գետը կգցեն ու կպատվիրեն բերանն ամուր գոցել, որ պատահմամբ ջուր կուլ չիտա։
Բոլորը 3-4 երեխայի ու կնկա տեր, տված ամսական ռոճիկնին հինգ օրվա ապրուստ, կարոտ կաթիլ մը յուղի, կտոր մը շաքարի կամ պանիրի, կուզեն, որ հազարավոր քիլո այդ մթերքներեն ծախելու ժամանակ պատառ մը չդրվի բերաննին։ Եվ որովհետև դրած են, սպանվեն պիտի։
Եղա՞վ։
<b>Ուրբաթ 14.</b> ― Յենուկիձեն, 65 տարեկան, ամենահին բոլշևիկը, Կենտգործկոմի մեջ ամենապատասխանատու պաշտոնյան, Լենինի, Ստալինի, բարձակիցը, այսօր հանկարծ օդանավով արտասահման կփախչե հրաժարվելով իր քաղաքական դավանանքեն։
65 տարեկան Յենուկիձեն մեկ տարեկան է հիմա, ըսել է։ Վասնզի նոր միայն մարդ դարձավ, նոր դպրոց պիտի մտնե ու սկսե մարդկային այբուբենեն։
Ըսեր եմ անգամ մը, կարծեմ, որ բոլշևիզմը երեխայի դավանանք է, որ կուսակցականի խելահաս դառնալուն պես կլքե։
Լենինը եթե կենդանի ըլլար՝ ան ալ պիտի փախչեր, ինչպես Տրոցկին։
Իսկ այն կուսակցականներն, որոնք հասակն առնելով հանդերձ, չեն խելափոխվեր, ատոնք «մոպս» ցեղի շուներ են, որք մեծնալու սովորություն չունին։
Բայց կուսակցությունն ինչպե՜ս ծածկվի պիտի այս ամոթը։ Յենուկիձեն նկարված է ոչ միայն առանձին, այլև Ստալինի կողքին, քով քովի։ Փորել հանել նկարը չըլլար, փորված աչքին նայելն անհարմար է քիչ մը։ Նորեն միակ ելքը կմնա կապել լաթով մը, ցույց տալու համար, որ ոչ թե փորված է աչքը, այլ կցավե ժամանակավոր․․․
⁕ Հրաման լույս տեսավ, որ կուսակցական ժողովները Լենինգրադի, Մոսկվայի մեջ 12 ժամ տևեն, իսկ Խարկովի, Կիևի ու Օդեսայի մեջ՝ ութական ժամ։
Առ քեզի փախչել․․․
<b>Շաբաթ 15.</b> ― Գերմանիա բերանը փակ, գլուխը կախ Անգլիո, Ճապոնիո, Լեհաստանի հետ դաշինքներ կկնքե և լուրջ պատերազմի կպատրաստվե Ռուսիո դեմ, իսկ Ռուսիա անվերջ տարեդարձի հանդեսներով է զբաղված։
Գերմանիա անձայն օդանավ կկառուցե գիշերային հարձակման համար, Ռուսիա աղջիկներու ձեռք ծաղկեփունջ կուտա՝ Վորոշիլովին մատուցելու համար։
Գերմանիա Ափրիկեի մեջ լուրջ գործողությանց կպատրաստվե, Ռուսիա կհրամայե կուսակցական ժողովները տասներկու ժամ ըլլան։
Նախկին ծույլ, կալվածատիրական երկիրը ժամը 12֊ին վեր ելլեր անկողնեն, մեկին նախաճաշեր է, քներ, վեր ելլեր, ճաշեր։
Այս բավական չէր, սոցիալիզմ շինելն ալ վրա տվավ։ Այսքան արատով լեցված երկիրն իրավունք ունի՞ գոյություն ունենալ։
<b>Կիրակի 16.</b> ― Մեզի արգելված է օտարերկրացու հետ որևէ խոսք փոխանակել։ Եթե Եվրոպացի այցելուին հետ խոսել կամենաս՝ պիտի Չեկայեն մեկը պահանջես, իրեն հետ խոսես և խնդրես, որ թարգմանե։ Նույնը և օտարը քեզի հետ։ Առանց չեկիստ միջնորդի իրար հետ ո՛չ հազալ, ո՛չ փռշտալ․․․
Անցյալներ անգլիացի շատ գեղեցիկ տիկին մը կայցելե մեր թանգարանը։ Թանգարանին անկուսակցական վարիչը, ապշած այս գեղեցկութենեն, կուզե սիրո առաջարկ ընել, բայց ուղղակի խոսելն արգելված է իրեն։ Ուստի դառնալով թարգման չեկիստին՝ կխնդրե հայտնել իր սերը։ Տիկինն կընդունե հրավերը, բայց ի՞նչ օգուտ։ Չէ՞ որ ամեն տեսակ հարաբերություն արգելված է։
Ուստի, ճարահատ, ի՞նչ ընե խեղճ թանգարանապետը, կհանձնարարե չեկիստին տիկնոջ հետ պառկել ու ստացած տպավորությունը թարգմանել իրեն․․․
⁕ Կոոպերատիվները կոճակ՝ որքան կուզես։ Բայց թե կոճակն առնե ժողովուրդն ինչի՞ վրա կարե, այդ չի գիտեր։
<b>Երկուշաբթի 17.</b> ― Լավալն եկավ Ռուսաստան հարսնատես։ Իրար կենաց կերան֊խմեցին և Ֆրանսան ու Ռուսաստանը նշանվեցան․․․
Երկու ամիս է անցեր, բայց Ֆրանսա իր հարսը տանելու խոսք չըներ։
Ծովերի թագուհին մատ է թափ տվեր ապաքեն։
Ու Ռուսաստանն շվարեր կեցեր է։ Չի գիտեր՝ սպասե՞ Ֆրանսային, թե՞ ուրիշի մը առնե։
⁕ Քանի Ռուսաստանի դրությունը կվատթարանա՝ այնքան Ստալինն շատ կխնդա նկարներուն մեջ։ Բայց բոլոր նշաններեն կերևի, որ «մեծ առաջնորդն» դեմ է առեր փակուղիի ու առաջնորդելիք տեղ չունե այլևս։
Մեյ մըն ալ տեսար դարձավ իր հոտին թե՝
― Ներողություն, ընկերներ, սխալ ճամբով եկանք, տասնյոթ տարի՝ ե՛տ։
<b>Երեքշաբթի 18.</b> ― Երկու մարդ խիտ սվինավորներով շրջապատած՝ Չեկա բերին։
― Տեսնես՝ ի՞նչ հանցանք ունին խեղճերը, ― կհարցնեմ պատվական անցորդի մը։
― Ի՞նչ պիտի, ― կպատասխանե անցորդը, ― մեզ մոտ հիմա միայն երեք հանցանք գոյություն ունի՝ կա՛մ կոոպերատիվի հաշիվը կեղծել, կա՛մ կնոջն սպանել, կա՛մ սահմանն անցնել։ Տարվողները վերջիններից էին, կճանչնամ։ Պոլսեցիներ էին, որք փախնելուն բռնվեր էին։
Խե՜ղճ մարդիկ։ Մեկն այնքան ծեր էր, որ ինքնիրան կգլորվեր։ Մեռնելու ժամանակը։ Բռնվելով՝ երևի մեռնիլ ալ չպիտի կրնա թշվառականը․․․
⁕ Զարմանալի բան։ Չսիրած ամուսիններու թույլ կտրվի անմիջապես բաժանվիլ, չսիրած կառավարութենեն չեն ձգեր հեռանալ։
<b>Չորեքշաբթի 19.</b> ― Գերմանիա ու Ճապոնիա Ռուսաստանին պաշարման օղակը կսղմեն կոր։ Կարծես թե մոտ է ազատության ժամը։
Եթե ազատվեմ, անմիջապես եկեղեցի կերթամ կմկրտվեմ ու «մարդ» անունը կառնեմ վրաս։
<b>Չորեքծաբթի 26.</b> ― Շաբաթ մըն էր սար էի գացեր։ Օ՜հ, ինչպե՜ս բնական է հոն ամեն բան և որքան ազատ։ Հոն ծաղիկները իրենց ուրույն գույնն ու հոտը ունին, թռչունները սեփական լեզվով կճռվողեն, ու գայլերը առանց սոցիալիզմ կեղծելու՝ ուղղակի կլափեն իրենցմե անզոր գազաններուն։
Ու հիմա, որ քաղաք կիջնամ, պաղ ջուրը մտնողի մը նման կզզվեմ։
Հոս ոչ մեկը սեփական դեմքն ունի ու իր լեզվովը կխոսե․․․
Օ՛ն ուրեմն, սկսեմ ոչինչ չտեսնել ու ոչինչ չլսել։
⁕ Ճապոնական զինվորները մտեր են մեր սահմանը և երկու հոգու սպաներ։
Բայց չի ըսեր, թե սա պատերազմ է։
Եթե ըսեր պատերազմ է, խորհրդային կառավարությունը գիտեր՝ ինչ կբերեր Ճապոնիո գլխուն․․․
<b>Հինգշաբթի 27.</b> ― Բան է, կըսեմ, եթե կարգերը փոխվեն, ու բոլոր «մեծ առաջնորդները» մկան ծակերը մտնեն, կսկսվի հայտարարություններ տպել թերթերուն մեջ հետևյալ բովանդակությամբ․ «Մկան ծակ մը, իր բոլոր հարմարություններով կփոխեմ նույն տարածությամբ ուրիշ մկան ծակի մը հետ։ Դիմել Ստալինին կամ ընկերներուն․․․»
Կխորհեմ, թե լավ ընդունելություն պիտի ընեն մուկերը բոլշևիկներուն։
Եթե բոլշևիզմն, գետնի տակը անցնելով, հետը տանի նաև իր գրականությունը, մուկերը երկար սերունդներ կրծելու բան կունենան։
⁕ Ժնևին մեջ տեղի ունեցող Ազգերու լիգայի խորհրդի նստաշրջանը վերջացավ, ու պետություններն արձակուրդի առթիվ տուներնին գացին։
Զարմանք բան։ Ողջ տարին «զինաթափվեցին» սա պետությունները, բայց զվիցերացի ծառան, երբ ավլե նիստերու դահլիճը՝ հավանաբար, զենքի կտոր իսկ չգտնե հատակին․․․
<b>Ուրբաթ 28.</b> ― Այսօր կլրանա իմ «զտման» ու «ստուգման» եռամյակը։
Ճիշտ երեք տարի առաջ, այսօր, ինձի բեմ հանած, կպոռային, կսպառնային ու կանպատվեին, որ «աշխարհայացք» չունիմ։
Որքան աղերսեցի, թե ի՞նչ ընեմ, աշխարհ չեմ ճանչնար, չեմ ճանչած, որ «հայացք» ունենամ վրան, չեղավ։ Չէ՛, պիտի ունենաս։ Առաջ դաշնակցական, ապա պիտի թքնես այդ «աշխարհայացքին» վրա ու ընդունես «մարքսիստականը»։
Վահ։ Ինչե՜ր քաշեցի, մինչև հաջողեցա «աշխարհայացք» չունենա՛լ վերջապես․․․
⁕ Նոր գերեզմանոց էին գացեր։ Ինչքա՜ն երկար է ու զարհուրելի ճամբան։
Կմտածեմ։ Այսքան ճամբա կտրելեն վերջը, արժե՞ արդյոք նորեն վերադառնալ դեպի կյանք։
<b>Շաբաթ 29.</b> ― Հիմա ալ հիվանդանոցը վիժում չի կատարեր։ Կուսակցության հրամանով՝ հղիները պարտավոր են անպատճառ ծնել, վասնզի ըստ Ստալինի՝ «մարդն ամեն ինչ է»։
Լա՜վ, «ամեն ինչ է», ամա, ծնողները օրորոց դնելու տեղ չունին, այնքան սղմված կապրին։
Այս կապակցությամբ, ինչպես կիմանամ, մեր թաղի ութ հղիներ, որք այսօր֊վաղ են, դիմումով մը Քաղխորհրդի նախագահեն տեղ կպահանջեն՝ ծնվելիքները տեղավորելու։ Քաղխորհուրդը ժամանակ է խնդրած մտածելու։ Իսկ երբ Քաղխորհուրդը «կմտածե»՝ տղաները ծնվելիք չունին, ըսել է։ Արգանդի բնակիչները այս տարի «կմնան» նույն դասարանին․․․
⁕ Բայց նործաինները կրնան բնավ աշխարհ չգալ։ Ըստ դատական օրինաց, մեկը, եթե որևէ տեղ կապրե, ոչ մեկը իրավունք ունի վտարելու բնակչին իր տեղեն։
<b>Կիրակի 30</b> ― Շիրվանզադեի մահվանը, Խորհրդային Հայաստանի կառավարության պետ Ա․ Գալոյանը հայտարարեց, թե «Շիրվանզադեն մերն է» (ըսել ուզելով, որ դաշնակցությանը չէ)։
Բայց իմ կարծիքով սխալ հայտարարություն է սա, վասնզի գրողը ոչ թե կուսակցությանց մեջ կբաժանվե, այլ բացառապես իր ընթերցողներուն։
Եթե անգամ կուսակցությանց մեջ բաժնենք, ամենաքիչը կոմկուսակցությանը կպատկանե։ Շիրվանզադեն գրած է մարդկայնորեն, մարդկային բաներու մասին։ Խորհրդային կուսակցությանը կրնա պատկանել գրողի մարմինը միայն, վասնզի վերջի ինը տարին կեցուց֊խմցուց։ Սակայն, անդին 50 տարի ալ Բաքվի բուրժուազիան պահեց։ Միևնույն մարմնին մեջ կոմունիստն ու բուրժուան ինչպե՞ս կրնան միաժամանակ մաս ունենալ։ Չեմ հասկնար։
Համենայն դեպս, Շիրվանզադեն Խորհրդային կառավարությանը չի կրնար պատկանել։
Խորհրդային կառավարությունը այսօր կա, վաղը չկա, իսկ Շիրվանզադեն հավիտյան կապրի։
Երևակայեցեք՝ երեք օրվա կյանք ունեցող թիթեռը իր սեփականությունը հռչակե 100 տարի ապրող փղին․․․
⁕ Այսօր սեխ մը առի, չափազանց անհամ դուրս եկավ։ Ես ալ կերա որպես վարունգ։
<b>Երկուշաբթի 1.</b> ― «Մեծ պետություն» Իտալիան սանձերը կտրած Հաբեշստանի վրա հարձակվել կուզեր։
Անգլիա, Ֆրանսա, Ճապոնիա սկիզբը լռեցին, Իտալիո ահագին պատրաստութենեն վերջը նոր ցուցամատը բարձրացուցին։
Զարմանալի մարդիկ։ Չէիք ցանկա՝ սկզբեն ըսեիք․ խեղճ Իտալիա ինչու ծախսոց տակ նետեցիք։
<b>Երեքշաբթի 2.</b> ― Քաղաքիս մեջ աթոռ չի ճարվեր։ Հինգ հոգի երկու աթոռ միայն ունինք։ Ճաշելուն երեքը միշտ կկայնե։
Իսկ կայնած վիճակով գիտե՞ք որքան շատ կուտվե․․․
==Անթվագիր թերթի պատառիկ==
<b>Երկուշաբթի 27.</b> ― Կառավարությունը կզիջե բանտարկության տարիները այն բանտարկյալներուն, որք կուզեն ֆիզիկական աշխատանք տանել իր համար, օրական 10 ժամ։
Էժան վաճառք։
Ո՞ր 15 տարին վճռած բանտարկյալը հինգ տարի չի աշխատե՝ նույնիսկ 12 ժամ օրական։
Եթե քեզի 100 տարի բանտ որոշեն, 50 տարի չե՞ս աշխատե բանտարկողներու համար։
Կաշխատես։
Կառավարությանը կմնա չվնասվելու և քիչ մը ավելի շահելու համար՝ բռնած հանցավորին 200 տարու վճիռ տալ, որ գեթ հարյուր տարու աշխատանքը ապահովե յուրաքանչյուր բանտարկյալին․․․
<b>Չորեքշաբթի 28.</b> ― Պողոս աղային գացի։ Կտրել են խեղճի երկու ոտքերը ամբողջովին, և երբ աթոռին նստե այսուհետ, այլևս ոչինչ չունի վար կախելու․․․
Մեռավ Պողոս աղային ուղիղ կեսը։ Ու ամեն անոնք, որ մտադիր են վերջնույս մահվան դեպքին դամբանական խոսելու, պարտավոր են ըսելիքին կեսը արդեն արտասանել։ Տալ ոտներու բաժինը հիմա՝ ըսել կուզեմ։
Վասնզի տարբերություն դնել գլխուն ու ոտին միջև, ան ալ մեր ապրած ռեժիմին մեջ, իսպառ անհնար է։
Հիմա մարդիկ կապրին ավելի իրենց ոտներուն, քան գլխին շնորհիվ։ Ոտներն են, որ ողջ օրը հերթերու մեջ կկոխրտվին ու կտրորվին՝ փշուր մը հաց, կտոր մը օճառ ու սանթիմ մը ճոթ ձեռք բերելու համար։
Խե՜ղճ, խե՜ղճ Պողոս աղա, աղվոր խոհարար, քանի՜ անգամներ վայելած եմ քո ֆստախով փիլավները։
Ինչո՞վ պիտի ապրես այսուհետ։
․․․Թշվառական բժիշկ, եթե անպայման կուզեիր կտրել անկե, ավելի աղեկ չէ՞ր փոխանակ ոտնին, կտրեիր անոր վերի վերջավորութենեն բան մը։
<b>Հինգշաբթի 29.</b> ― Այգին պտույտի ելած պահուն չգիտնալով՝ կեղտոտության վրա նստեցա։ Իրիկունը, երբ մեկ կողմե կնիկս կեղտը կմաքրեր, մյուս կողմե սաստիկ վեճ մը փրթավ մեր մեջ, վճռելու համար, թե այգիին մեջ ես մարդո՞ւ, թե՞ անասունին կեղտոտության վրա եմ նստեր։
Զննության տվյալները հոգուտ երկու տարբեր կարծիքներու ալ հավասարապես կխոսեր, և մենք պառկեցանք առանց եզրակացության։
Ինչո՞ւ տարբեր «ելույթ» ունենան մարդն ու կենդանին, երբ միևնույնը կուտեն․․․
Խե՜ղճ կենդանիներ, դուք ալ մարդու նման անտերության մատնվեցաք․․․
<b>Ուրբաթ 30.</b> ― Կարգ մը հակահեղափոխականներ, ի նկատի առնելով այն հանգամանքը, որ պատասխանատու կոմունիստները իրենց հատուկ խանութեն կստանան ճերմակ հաց, մեղր, յուղ, ձու, բրինձ, շաքար, զգեստ, կոշիկ և այն բոլոր բարիքները, որ ստեղծեր է Աստված, ան ատեն, երբ մնացյալ ժողովուրդը կստանա միայն 300 գրամ կուպրե հաց, սկսեր են տարածել այն կարծիքը, որպես թե կոմունիստները իրենց այս վարքով կատեն իրենց իսկ դավանած հավասարության գաղափարը։
Սակայն, ես սխալ կգտնամ սա վերաբերմունքը, ըստ իս սպանել մեկը չի նշանակեր ատել զայն։ Կապիկները, օրինակի համար, իրենց սրտին վրա սեղմելով, կսպանեն իրենց ձագերուն, ոչ թե ատելուն, այլ զանոնց սաստիկ սիրելուն համար․․․
⁕ Երկու տեղ միայն Երևանին մեջ ամեն օր ժամացույցի ճշտությամբ միս կգտնվե՝ գազանանոցը և «պատասխանատուներու» խանութը։
<b>Հինգշաբթի 2.</b> ― Երեկ զորահանդեսին մեր կառավարությունը հանդես բերավ զարհուրելի ուժ։
Այսօր նույն կառավարությունը ազգաբնակչության հացի օրական նորման 200 գրամի իջեցուց։
Ասանկ սոված կառավարություն մը, երբ սուր կշողցունե արտաքին թշնամիին դեմ, պարզապես ըսել կուզե․
― Դուն հանգիստ տեղդ նստե, ես ինքս ինձի կսպանեմ․․․
― Այո՛, բնաջնջվելու համար թշնամիին «միննեթը» չի քաշեր, ըսել կուզեմ․․․
Առածը կըսե՝ Աստված, որ մեկին կործանել ուզե, նախ խելքը կառնե գլուխեն։
Ինչպես կտեսնամ, առածները իրենց բոլոր ըսածները չեն կատարեր, վասնզի սա 13 տարի է Աստված բոլշևիկներու խելքն առեր է, բայց չի կործաներ․․․
<b>Շաբաթ 16.</b> ― «Ի լրումն» խորհրդային կառավարության երկու տարի առաջ հրատարակած «մսի արգելքի»՝ այսօր կհայտարարվի «մսի ազատություն»։ Ըստ այդ օրենքի՝ գյուղացին իր անասունի տերն է։ Ուզենա կմորթե, ուզենա կծախե։
Կատարյալ ազատություն այն ժամանակ, երբ երկրին մեջ այլևս անասո՜ւն չի մնացեր։
Նման այն ներման, որ կուտա բռնավոր մը, տարի մը առաջ կախված մեկ հանցավորին։
Ասոնց ռեժիմն է այդ․ «սոցիալիստական շինարարություն» անունը տալով քանդել երկիրը հիմն ի վեր, ապա ի «լրումն»֊ով մը կապիտալիստական կարգեր հաստատել, որ քիչ մը զինվե՝ ուրիշ խոսքով անանկ մը կվարվեն, որ միշտ քանդելիք բան մը ունենան երկրին մեջ։
Դրություն մը հար և նման այն հեծյալին, որ տեսնելով ավանակին դադրելը, քանի մը կանգուն տեղ վար կիջնե և ետևեն կքաշե կենդանիին՝ ետքեն ավելի խիստ հեծնելու կամ բոլշևիկյան լեզվով՝ սոցիալիստական շինարարության անցնելու համար։