Changes
/* Ջերմ հանդիպում */
Այստեղ ես հիշեցի այն տիեզերական տեսիլքը և մտածեցի, որ դա, իհարկե, միայն ու միայն պատրանք էր։
Ինձ անհագստացնում էր, օդանավակայանի շենքի ճակատին փակցված դիմանկարը, նա չափից ավելի շատ էր հիշեցնում Բուկաշևին։ Բայց մյուս կողմից, Հնգանկյունի անդամներն էլ ինձ ինչ֊որ մեկին հիշեցնում էին։ Անցնելով առաջ, պետք է ասեմ, որ ապագայի Մոսկվայում ես շատերին հանդիպեցի, որոնք շատ նման էին անցյալում հանդիպածս մարդկանց։ Երբեմն այնքան նման, որ ես գրկաբաց նետվում էի նրանց վրա, և իհարկե ընկնում անհարմար դրության մեջ։ Ինչպես ես հետագայում հասկացա, մարդու արտաքին դիմագծերի տարբերակները բնությունում, երևի թե սահմանափակ են, միայն մարդու ներքին էությունն է անկրկնելի։ Սակայն, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում և ներկայում ես հանդիպել եմ նույնիսկ շատ կրկնելի մարդկանց։ Ես դեռ մտածում էի, երբ ինձ առաջարկեցին մտնել օդանավակայանի շենքը, որտեղ (այդպես ասաց Կոմունիյ Իվանովիչը) ինձ անհամբերությամբ սպասում էին իմ ընթերցողներն ու երկրպագուները։
Մենք շարունակեցինք ճանապարհը։ Իմ և Կոմունիյ Իվանովիչի միջև քայլում էր Իսկրինա Ռոմանովնան, Կոմունիյ Իվանովիչի ձախ կողմից բադի նման ճոճվելով՝ կարճլիկ և գեր Պրոպագանդա Պարամոնովնան, իմ աջ կողմից, ուղղելով ուսերը, քայլում էր Ձերժին Գավրիլովիչը, իսկ նրա ետևից մեկ ոտքով բետոնին խփելով, մի տեսակ ծռված, ամբողջապես ցնցվելով, թափ տալով գզգզված մորուքը, ծամածռելով դեմքը ու աչքով անելով, կաղում էր հայր Զվեզդոնին։