Changes
/* Նոր տեղեկություններ Սիմի մասին */
― Դե չկարողացար, ուրեմն չկարողացար, ― անհոգ ասաց մարշալը և Ձերժինի համար աննկատ աչքով արեց ինձ։ Իսկ հիմա երկուսդ էլ ազատ եք, ― հայտարարեց նա և մեկնեց ինձ իր լայն ձեռքը։ ― Կլասսիկ Նիկիտիչ, շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։
==Զբոսանք==
Երբ ես ու Ձերժինը հայտնվեցինք Կարմիր հրապարակում, մի տարօրինակ զգացողություն ինձ համակեց։ Կարծես, ստացա ազատություն, որը կարող էի և չստանալ։
Մութն արդեն ընկել էր և մեր գլխավերևում բացվել էր աստղերով ծածկված երկինքը, որը մութ քաղաքի համեմատությամբ թվում էր առանձնապես պայծառ։
― Ինչպե՞ս ձեզ դուր եկավ մեր մարշալը, ― հարցրեց Ձերժինը քմծիծաղ տալով։
― Իմ կարծիքով, հետաքրքիր մարդ է, ― պատասխանեցի ես և հանկարծ տեսա երկնքում մի ինչ֊որ թռչող, լուսավոր օբյեկտ, որը դանդաղ լողում էր հրապարակի վրայով արևմուտքից արևելք։
― Նայեք, թռչում է, ― ասացի ես հրելով Ձերժինին։
― Որտե՞ղ, ― Ձերժինը վեր բարձրացրեց գլուխը և, տեսնելով օբյեկտը արագ աստղակնքեց։
Ես էլ աստղակնքեցի։ Ինքնաբերաբար անելով այդ հասկացա, որ կարծես թե, դառնում եմ իսկական կոմունյանին։
Ձերժինը որոշեց ուղեկցել ինձ և մենք շարունակեցինք ճանապարհը կտրելով Կարմիր հրապարակը թեքությամբ։ Երեկոն շատ տաք էր և ամենուրեք տիրում էր լռություն։ Փողոցներում ոչ ոք չկար։ Որքան հիշում եմ, ողջ ճանապարհի ընթացքում մեզ ոչ մի անցորդ չհանդիպեց։ Ձերժինը լռում էր, ես նույնպես։ Մտորում էի այդ օրը տեսածիս ու լսածիս մասին։
― Լսիր, ― ասացի ես Ձերժինին ինքնաբերաբար դիմելով դու֊ով։ ― Ինչո՞ւ է ձեզ այդքան հուզում Սիմ Սիմիչը։ Ենթադրենք, ձեզ անհանգստացնում են նրան երկրպագող սիմիտները, բայց ինքը՝ Սիմը, վաղուց արդեն մահացել է։ Եթե նա կենդանի լիներ, քանի՞տարեկան հիմա կլիներ․․․ քանի՞․․․
― Հարյուր տասնվեց, ― ասաց Ձերժինը։
Ճիշտ է։ Հարյուր տասնվեց․․․ Միգուցե պատահում են վայրի լեռնեցիներ, որոնք գուցեև ավելի երկար են ապրում, բայց Սիմը, ես համոզված եմ, վաղուց արդեն չկա։
Մենք կանգնած էինք հյուրանոցի մուտքի մոտ, և Ձերժինը պատրաստվում էր բացել դուռը իմ առջև։
― Սկզբում կարդա ծոցումդ եղածը, հետո կխոսենք։