Changes
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
Այդպես երգեց Գենդալֆը և հանկարծ կերպարանափոխվեց: Նա դեն նետեց հին թիկնոցը, ուղղվեց, գավազանով խփեց հատակին և հստակ, սառը ձայնով գոչեց. –Իմաստունը խուսափում է խոսել այն մասին, ինչը չգիտի, Գրի՛մա, Գա՛լմոդի որդի: Դու վերածվել ես անուղեղ ճիճուի, օձի՛, որ ֆշշացնում է տեղի և անտեղի: Դե լռի՛ր և թաքցրո՛ւ փտած լեզուդ: Ես նրա համար չեմ անցել կրակի և մահվան միջով, որ արդարանամ ինչ որ ստոր, քծնող ծառայի առաջ: Նա բարձրացրեց գավազանը և լսվեց ամպրոպի որոտը: Պատուհաններից ընկնող արևի լույսը խավարեց, դահլիճն ընկղմվեց թանձր խավարի մեջ: Օջախի կրակը արագորեն հանգավ և միայն մի կույտ ածուխներ մնացին: Ամեն ինչ թաղվեց մթության մեջ, բացի Գենդալֆի բարձրահասակ, ճերմակ ուրվագծից, որ կանգնած էր օջախի մոտ, բոսորագույն ածուխների լույսի ներքո: Մթության մեջ լսվեց Օձի Լեզվի ֆշշոցը. –Ախր ես զգուշացնում էի, չէ՞, տիրակա՛լ, որ անհրաժեշտ է խլել նրա գավազանը: Բթամիտ և դավաճան Գայման խորտակեց մեզ: Լույսի խուրձ բռնկվեց. բոլորին թվաց, թե կայծակը խփեց տանիքին, հետո լռություն տիրեց: Օձի լեզուն բերանքսիվայր պառկած էր հատակին: –Իսկ հիմա լսի՛ր ինձ Թեոդե՛ն, Թե՛նգելի որդի,– գոչեց Գենդալֆը,– դու օգնությո՞ւն էիր փնտրում: –Նա բարձրացրեց գավազանը և ցույց տվեց առաստացի անցքը: Խավարը սկսեց ցրվել և ամպերի հետևից երևաց կապույտ երկինքը: –Արիացի՛ր, Ռոհիրիմների՛ տիրակալ, Սև ստվերը դեռ ամենազոր չէ: Լսի՛ր իմ խոսքերը: Ավելի լավ օգնություն քեզ ոչ ոք չի առաջարկի: Ես պատրաստ եմ դառնալ քո խորհրդատուն, իսկ դու պատրա՞ստ ես լսել իմ խորհուրդները: Սակայն իմ խոսքերը բոլորի ականջների համար չեն: Դո՛ւրս արի տանդ շեմքից և շուրջդ նայիր: