Changes
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
–Իզենգա՞րդ,– միաձայն բղավեցին բոլորը:
–Այո, Իզենգարդ,– կրկնեց Գենդալֆը: –Ես գնում եմ այնտեղ: Ցանկացողները կարող են գալ ինձ հետ: Այնտեղ մենք բավականին հետաքրքիր բաներ կտեսնենք և կիմանաք:
–Եթե նույնիսկ Մարկի բոլոր ռազմիկները հավաքվեն, բուժվեն նրանց վերքերը և անցնի հոգնածությունը, մենք չափազանց քիչ ենք Սարումանի ամրոցը գրավելու համար,– խոժոռվեց Թեոդենը:
–Եվ այնուամենայնիվ ես գնում եմ Իզենգարդ,– անվրդով կրկնեց Գենդալֆը: –Ճիշտ է կարճ ժամանակով, որովհետև արևելքում թանձրանում է խավարը: Սպասիր ինձ Էդորասում, թագավո՛ր, լուսինը դեռ չնորված ես այնտեղ կլինեմ:
–Ոչ,– պատասխանեց Թեոդենը: –Լուսաբացից առաջ՝ սև ժամին ես թերագնահատեցի քեզ, բայց հիմա մենք էլ չենք բաժանվի: Ես կգամ քեզ հետ, եթե դա է քո խորհուրդը:
–Ես պետք է զրուցեմ Սարումանի հետ, և ինչքան հնարավոր է արագ,– բացատրեց Գենգալֆը: –Սարումանը քեզ շատ չարիք է պատճառել, թագավո՛ր, և ես ուզում եմ, որ դու ներկա լինես այդ զրույցին: Բայց եթե գնում ենք, ապա ինչքան արագ ճանապարհ ընկնենք, այնքան լավ:
–Իմ ռազմիկները ճակատամարտում հոգնել են,– ասաց Թեոդենը, և ճիշտ ասած ես էլ եմ հոգնել: Մենք երկար ճանապարհ ենք անցել և անքուն գիշեր անցկացրել: Ավա՜ղ, բայց ես ծեր եմ, և Օձի լեզուն դրանում մեղավոր չէ: Դա այնպիսի հիվանդություն է, որը նույնիսկ Գենդալֆը չի կարող բուժել:
–Այդ դեպքում բոլորը, ողքեր գալու են մեզ հետ թող հիմա հանգստանան,– համաձայնվեց Գենդալֆը: –Մթնշաղին ճանապարհ կընկնենք: Ճիշտն ասած ավելի լավ, թող մեր արշավը ինչքան հնարավոր է գաղտնի մնա: Բայց շատ մարդ չվերցնես հետդ, Թեոդեն, մենք գնում են ոչ թե կռվելու, այլ բանակցելու:
Թագավորը մի քանի հեծյալ ընտրեց, որոնք ճակատամարտում անվնաս էին մնացել, կարգադրեց նրանց ընտրել ամենաարագավազ ձիերին և սլանալ Ռոհանի բոլոր ծայրերը ու հաղորդել բոլորին հաղթանակի լուրը: Բոլորին՝ և ծերերին և երիտասարդներին կարգադրված էր շտապել Էդորաս: Լիալուսնից երկու օր հետո բոլոր ռոհանցիները, ովքեր ընդունակ էին զենք կրելու, պետք է ներկայանային հավաքին: Թագավորն իր հետ Իզենգարդ գնալու համար ընտրեց Էոմերին և իր թիկնապահներից քսան հոգի: Գենդալֆի հետ գնալու ցանկություն հայտնեցին նաև Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին: Չնայած վնասվածքին թզուկը չցանկացավ մնալ:
–հարվածն այնքան էլ ուժեղ չէր,– ասաց նա,– և սաղավարտը պաշտպանեց ինձ: Ոչ, դատարկ քերծվածքի պատճառով ես այստեղ չեմ մնա:
–Քանի դեռ հանգստանում ենք ես կզբաղվեմ քո վերքով,– ասաց Արագորնը:
Թագավորը վերադարձավ Հորնբուրգ և քնեց խաղաղ քնով, ինչպես չէր քնել երկար տարիներ: Թիկնապահները նույնպես գնացին հանգստանալու: Մնացած բոլորը, բացառությամբ վիրավորները, գնացին հողին հանձնելու զոհվածների մարմինները:
Ոչ մի օրք կենդանի չէր մնացել: Ամբողջ մարտի դաշտը ծածկված էր նրանց անհամար դիակներով: Բայց Լեռնեցիներից շատերը գերի էին հանձնվել. նրանք մահու չափ վախեցած էին և ներում էին աղերսում: Ռոհանցիները վերցրեցին զենքերը նրանց ձեռքից և ուղարկեցին աշխատելու: