Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
Այդ ժամանակից ի վեր Սեմը սկսեց նկատել,որ Գոլլումը կրկին փոխվում է: Նա ավելի շատ էր քծնում հոբիթներին՝ ցույց տալով նրանց իր անսահման նվիրվածությունը, բայց Սեմին անհանգստացնում էր նրա տարօրինակ հայացքը, երբ նա գաղտնի նայում էր իրենց և հատկապես Ֆրոդոյին: Եվ բացի այդ, գնալով ավելի հաճախակի էր վերադառնում իր հին, գոլլումյան խոսելաոճին: Սակայն Սեմին ավելի շատ մտահոգում էր Ֆրոդոն: Նա չափազանց հոգնած տեսք ուներ, սպառվելու աստիճան հոգնած ու հյուծված: Ֆրոդոն այդ մասին ոչինչ չէր խոսում, նա առհասարակ գրեթե ոչինչ չէր խոսում և ոչ մի բանից չէր դժգոհում, սակայն քայլում էր կորացած, ասես ինչ-որ անտանելի բեռի տակ կռացած և, թվում էր, թե այդ բեռը գնալով ավելի է ծանրանում: Սեմն անընդհատ խնդրում էր Գոլլումին կանգ առնել ու սպասել տիրոջը:
Եվ իսկապես, Մորդորի դարպասին մոտենալուն զուգընթաց Ֆրոդոյի պարանոցից կախված Մատանին գնալով ծանրանում էր, կորացնում նրան ու սեղմում գետնին: Բայց Ֆրոդոյին ավելի շատ անհանգստացնում էր Աչքը. այդ նրա, այլ ոչ թե մատանու պատճառով էր Ֆրոդոն կծկվում ու գլուխը քաշում ուսերի մեջ: Նա ինքն իր մեջ Աչք էր անվանում ուժասպառ անող զգացողությունը, որ իրեն փնտրում է թշնամական սարսափազդու կամքը, որի համար ոչինչ են բոլոր երկնային ու երկրային արգելքները՝ մշուշ, ամպեր, ժայռեր, որը ուր որ է կգտնի, կբացահայտի ու կմոխրացնի իր ոչնչացնող հայացքով: Այդ հայացքից թաքնվել հնարավոր չէ, վերջին պատնեշները դարձել են բարակ և անհուսալի: Ֆրոդոն ճշգրիտ գիտեր, թե որտեղ է ակունքը այդ մահացու կամքի, գիտեր այնպես, ինչպես փակ աչքերով զգում ես թե որտեղից են ընկնում կիզիչ արևի ճառագայթները: Մահացու ճառագայթը այրում էր նրա դեմքը, այդ պատճառով էլ Ֆրոդոն կախում էր գլուխը: Գոլլումը նույնպես, դատելով ամեն ինչից, դրա նման ինչ-որ մի բան էր զգում: Բայց ինչ էր կատարվում նրա չորացած սրտում, ինչն էր նրան ավելի շատ տանջում՝ մշտապես փնտրող Աչքը, Մատանու հանդեպ տածած կարոտը, որը ստանալու համար պետք է միայն ձեռքը մեկնել, թե նվաստացուցիչ խոստումը, որ տվել էր ոչ այնքան իր սեփական կամքով, որքան սառը պողպատի հանդեպ տածած վախից՝ դա հոբիթները չգիտեին: Չնյայած Ֆրոդոն այդ մասին չէր էլ մտածում, իսկ Սեմը հիմնականում մտածում էր տիրոջ մասին՝ գրեթե չնկատելով իր մտավախությունները: Այժմ նա քայլու էր Ֆրոդոյի հետևից և ոչ մի վայրկյան չէր կորցնում նրան իր տեսողությունից. օգնում էր, երբ նա սայթաքում էր և փորձում ուրախացնել անփույթ կատակներով: Երբ լույսը բացվեց, հոբիթները ապշեցին, տեսնելով, թե ինչքան են մոտեցել ու մեծացել չարագուշակ լեռները: Այժմ Մորդորի պարիսպները բոլորովին այլ տեսք ունեին: Դա արդեն ոչ թե պարզապես հորիզոնում երևացող, իր մեջ անորոշ սպառնալիք թաքցնող ամպերի պատ էր, այլ հսկայական սև աշտարակների շարք, որոնք մռայլ հսկում էին առջևում տարածված ամայի տարածքը: Ճահիճները վերջացան, բայց շուրջը դեռ սևին էին տալիս տորֆապատ բծերն ու ձգվում էին ցեխապատ ճաքճքած հողերը: Առջևում սկսվում էին երկար, հարթ լանջեր, մերկ ու ամայի, իսկ ավելի վեր՝ Մորդորի դարպասի դիմաց, տարածվում էր մեռյալ անապատը: Քանի դեռ շարունակվում էր մոխրագույն, մռայլ օրը, Հոբիթներն ու Գոլլումը որդերի պես կծկվել էին մի մեծ, սև քարի տակ՝ թաքնվելով Թևավոր Սարսափի դաժան, սրատես աչքերից: Ճանապարհորդության մնացած մասն անցավ վախի մթնոլորտում: Հոբիթների հիշողության մեջ ոչինչ էր մնացել, բացի շարունակ աճող վախից, և ոչնչով հնարավոր չէր սփոփվել ու հանգստանալ: Երկու գիշեր նրանք քարշ էին գալիս այդ տաղտկալի, անճանապարհ տեղանքով: Օդն այստեղ չոր էր, հագեցած դառնությամբ, շնչելը դժվարանում էր, կոկորդը չորանում էր: Գոլլումի հետ ճանապարհորդության հինգերորդ առավոտյան նրանք կրկին կանգ առան: Արջևում, մոխրագույն մշուշում, վեր էին խոյանում հսկայական լեռները, որոնց գագաթները թաղված էին ամպերի մեջ: Լեռների ստորոտն ամրացված էր հզոր, անառիկ ժայռերով ու հողմահար բլուրների երկար շղթաներով, որոնցից ամենամոտին հասնելու համար դեռ տասներկու մղոն պետք էր քայլել: Ֆրոդոն նայեց շուրջն ու սարսափեց: Իհարկե նողկալի էին Մեռյալ Ճահիճներն ու չորացած անապատը, բայց հարյուր անգամ ավելի հրեշավոր էր այն, ինչը բացվում էր նրա աչքերի արջև լուսաբացի շողերի ներքո: Ինչքան էլ տհաճ լինեին Մեռյալ Ճահիճները, այնտեղ գոնե գարունը կարողանում էր թափանցել, պարուրել կանաչավուն շղարշով, իսկ այստեղ ո՛չ գարուն, ո՛չ էլ ամառ չէր կարող լինել: Այստեղ կենդանության ոչ մի նշույլ չկար, նույնիսկ կեղտով սնվող բորբոս չկար: Ամեն տեղ ծխում էին մոխրով ծածկված, կամ սպիտակավուն ցեխով լցված փոսերը, և թվում էր, թե այդ ամենը լեռներն են փսխել: Ցերեկային լույսը, ասես չուզենալով, լուսավորում էր անվերջանալի շարքերով ձգվող քարակույտերի դամբանաբլուրներն ու այրված, մոխրացած հողերը՝ ասես գերեզմանոց առանց մեռելների: Այդպիսին էր Մորդորի առջև տարածված անապատը՝ ստրուկների չարքաշ աշխատանքի հավերժ հուշարձան, որը կմնա նույնիսկ այն ժամանակ, երբ չարի բոլոր գործերը մոխիր կդառնան: Ոչինչ և ոչ ոք չէր կարող բուժել այդ պղծված վայրը: Միայն Մեծ Ծովի ալիքները կաող էին ծածկել այն տեսողությունից և մոռացության մատնել: — Սիրտս խառնում է,— ասաց Սեմը: Ֆրոդոն ոչինչ չասաց: Նրանք հապաղում էին, ասես չցանկանալով խորասուզվել քնի մեջ, որտեղ նրանց սպասվում են ծանր մղձավանջներ, թեև գիտեին, որ դեպի առավոտ տանող միակ ճանապարհը անցնում է այդ մղձավանջների միջով: