Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 5931 բայտ, 21:04, 16 Հունիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
— Սե՛մ,— սարսափահար բացականչեց Ֆրոդոն: Նա մտքերի մեջ էր ընկել և սթափվեց չափազանց ուշ:
— Փրկե՛ք ինձ,— գոռաց Սեմը՝ սպիտակելով ինչպես կավիճը, ապա կարմրելով մինչև մազերի ծայրը: — Նորից դու՛րս տվեցի: Քանի անգամ է ծերուկս ասել. «Բերանդ մեծ բացելու դեպքում ոտքովդ փակի՛ր»: Եվ ճի՛շտ էր ասում: Ա՜խ, չարն ինձ տանի, այս ի՜նչ արեցի:
 
Լսեցեք ինձ, պարոն,— դիմեց նա Ֆարամիրին՝ հավաքելով իր ողջ քաջությունը: — Դուք իրավունք չունեք նեղացնելու տիրոջը, նա մեղավոր չէ, որ իր ծառան ապուշ է: Դուք էնքան լավ էիք խոսում, հատկապես էլֆերի մասին, դե, ես էլ բերանս չափից ավելի բացեցի: Սակայն, ինչպես ասում են, խոսքը պետք է գործով ապացուցել: Էնպես որ գործով ցույց տվեք: Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա:
 
— Այոոո՜, երևում է ստիպված եմ ցույց տալ,— տարօրինակ ժպիտը շուրթերին դանդաղ ու ցածր ձայնով ասաց Ֆարամիրը: — Հըմ... Ահա և բոլոր հանելուկների պատասխանը: Համիշխանության Մատանին, որը համարվում էր ընդմիշտ կորած, գտնվել է: Ուրեմն Բորոմիրը փորձել է ուժով խլել այն ձեզանից, իսկ դուք փախե՞լ եք: Փախել եք ու եկել ուղիղ ինձ մոտ: Լքված երկիր, երկու կոլոտիկ, զորք իմ հրամանատարության տակ և իմ առջև՝ Մատանիների Մատանին: Դեհ, ցույց տուր քեզ գործի մեջ, Ֆարամի՛ր, Գո՛նդորի զորավար: Հը՛մ:
 
Նա կանգնեց ողջ հասակով մեկ՝ խիստ ու տիրական, և նրա մոխրագույն աչքերը փայլատակեցին: Ֆրոդոն ու Սեմը վեր թռան աթոռներից և մեջքով սեղմվեցին պատին՝ ջղաձգորեն ժոժափելով սրերի բռնակները: Լիակատար լռություն տիրեց. բոլորը լուռ ու զարմացած նայում էին նրանց: Բայց Ֆարամիրը կրկին նստեց բազկաթոռին, կամացուկ ծիծաղեց, և հանկարծ նորից խոժոռվեց:
 
— Խե՛ղճ Բորոմիր, ինչպիսի՛ ծանր փորձության միջով է նա անցել,— գոչեց նա: — Որքան վիշտ պատճառեցիք դուք ինձ, երկու թափառականներդ հեռավոր երկրից, որ կրում եք ձեզ հետ կործանումը մարդկության... Սակայն ես դատում եմ հոբիթների մասին ավելի ճիշտ, քան դուք՝ մարդկանց: Մենք՝ գոնդորցիներս, միշտ ասում ենք ճշմարտոթյունը: Մենք հազվադեպ ենք պարծենում և պահում ենք մեր խոստումը նոիյնիսկ մահվան սպառնալիքի տակ: «Եթե տեսնեի այդ իրը ճանապարհին ընկած, չէի կռանա այն վերցնելու համար»՝ այդպիսին էին իմ խոսքերը: Ուստի եթե նույնիսկ այժմ այն ցանկանամ՝ չէ՞ որ ես չգիտեի, թե խոսքն ինչի մասին է՝ ասածս ինձ համար հավասար է երդման, իսկ երդումը չի կարելի խախտել: Սակայն ես չեմ փափագում այն: Գուցե այն պատճառով, որ լավ գիտեմ. «Փորձանքներ կան, որոնցից ավելի լավ է հեռու մնալ»: Հանգստացեք և նստեք: Իսկ դու մխիթարվիր, Սեմուայս: Թեև դու բերանիցդ թռցրիր, բայց դա, իմ կարծիքով, նախանշված էր ճակատագրով: Դու հավատարիմ և նվիրված սիրտ ունես՝ այն ավելի հեռատես է, քան քո աչքերը: Եվ այս անգամ էլ քեզ հուսախաբ չարեց: Հնարավոր է դու նույնիսկ օգնեցիր քո սիրելի տիրոջը. կաշխատեմ անել ինձանից կախված ամեն ինչ, որ քո բերանմացությունը ծառայի նրա օգտին: Դեհ, մխիթարվիր: Սակայն այլևս Դրա մասին բարձրաձայն չխոսես: Թող այսօրվա վրիպումն առաջինն ու վերջինը լինի:
 
Հոբիթները կրկին նստեցին աթոռներին և լռեցին: Ռազմիկները վերադարձան իրենց զրույցին և գինուն՝ որոշելով, որ իրենց հրամանատարը պարզապես անզգույշ կատակ արեց և վախեցրեց փոքրիկներին, բայց այժմ ամեն ինչ անցած է:
 
— Վերջապես մենք հասկացանք իրար, Ֆրոդո,— ասաց Ֆարամիրը: — Եթե դու, ինքդ չուզենալով, վերցրել ես այդ իրը ուրիշների խնդրանքով, ապա ընդունիր իմ հարգանքն ու կարեկցանքը: Եվ ես զարմանում եմ քո վրա. այդպիսի զենք ես կրում և նույնիսկ չես փորձում կիրառել դրա զորությունը: Դուք իմ առջև նոր աշխարհ եք բացում, որի մասին ես ոչինչ չգիտեի: Եթե բոլոր կոլոտիկները նման են ձեզ՝ երկուսիդ, ապա հավանաբար ձեր երկրում խաղաղություն և բարգավաճություն է տիրում: Եվ այգեպաններն էլ մեծ հարգանք են այնտեղ վայելում:
 
Վստահելի
1342
edits