Changes
'''1917 — 19...'''
1917 թվականի գարնանը, երբ բժիշկ Ռիչարդ Դայվերը առաջին անգամ եկավ Ցյուրիխ, քսանվեց տարեկան էր՝ հիանալի տարիք տղամարդու համար, ամուրիի իսկական ծաղկուն հասակ։ Նրա երիտասարդական տարիները համընկան պատերազմական օրերի հետ, սակայն դա չէր անհանգստացնում Դիքին, որովհետև նա արդեն իրենից չափազանց մեծ արժեք էր ներկայացնում, չափազանց մեծ կապիտալ֊ներդնում՝ գնդակի բաժին դառնալու համար։ Տարիներ անց նրան թվում էր, որ նույնիսկ ցյուրիխյան իր մենաստանում թեթևակի անգամ չէր խուսափել արտաքին աշխարհից, բայց դրա մասին երբեք վերջնական կարծիք չկազմեց և 1917 թվականին ծիծաղում էր այդ մտքի վրա, ներողամտորեն ասելով, որ պատերազմը կողքովն անցավ։ Տեղական խորհրդի որոշմամբ՝ նա Ցյուրիխ եկավ ավարտելու ուսումը և կոչում ստանալու, ինչպես ծրագրել էր։
Ապրիլյան խոնավ օր էր. երկար, շեղ ամպերը կախվել էին Ալբիշորն գետի վրա, և ջուրը ծանծաղ տեղերում թվում էր անշարժ։ Ցյուրիխը որոշ չափով ամերիկյան քաղաք է հիշեցնում։ Ժամանելուց երկու օր էր անցել, երբ Դիքն ինչ֊որ բանի կարոտ զգաց։ Ի վերջո հասկացավ. իրեն պակասում են ֆրանսիական ավարտուն նրբանցքները, որոնցից այն կողմ, թվում է, թե ոչինչ չկա։ Ցյուրիխում երբեք չես մոռանում Ցյուրիխի սահմաններից դուրս եղածը՝ քաղաքի տանիքները հայացքդ տանում էին դեպի զանգակների զնգզնգոցով ողողված արոտավայրերը, իսկ նրանցիցքիչ հեռու գծագրվում էին բլրագագաթները. այսպիսով, կյանքն իրենից ներկայացնում էր ուղղահայաց բարձունք՝ դեպի բացիկներում պատկերված երկնակամարը։ Ալպերի երկրում՝ խաղալիքի, ճոպանուղու, կարուսելի, մեղմ ղողանջի հայրենիքում, կյանքը երկրային չէր, ինչպես Ֆրանսիայռւմ, ուր խաղողի որթատունկերն աճում են մարդու ոտքերի տակ։