Քառասուներորդ մղոնում

Գրապահարան-ից
Քառասուներորդ մղոնում

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

Հազիվ Մեծ Ջիմ Բելդենի մտքովն անցներ, թե ինչի կհասցնի իր կարծես բոլորովին անմեղ այն դիտողությունը, թե որքան «հետաքրքրական բան է» սառցասեղների կույտը։ Լոն Մաք-Ֆեյնի մտքով ևս չէր անցնում այդ, երբ նա ի պատասխան հայտարարեց, թե ավելի հետաքրքրական է ծովահատակի սառույցը. Բեթլզի մտքով էլ չէր անցնում, երբ նա անմիջապես վեճի բռնվեց, պնդելով, թե ոչ մի հատակի սառույց էլ գոյություն չունի. դա պարզապես հորինված բան է, ինչպես բոբոլը, որով վախեցնում են երեխաներին։

— Եվ այդ ասում ես դո՞ւ,— ճչաց Լոնը,— որ այնքա՜ն տարիներ անցկացրել ես այդ տեղերում։ Ես էլ ինչքա՜ն եմ քեզ հետ միասին կերել մի ամանից։

— Ախր դա հակասում է առողջ դատողությանը,— պնդում էր Բեթլզը,— լսի՛ր, չէ որ ջուրը սառույցից տաք է...

— Տարբերությունը մեծ չէ, եթե սառույցը կոտրենք։

— Այնուամենայնիվ, ջուրն ավելի տաք է, քանի որ չի սառչում։ Իսկ դու ասում ես՝ այն սառչում է հատակին։

— Ախր ես հատակի սառույցի մասին եմ ասում, Դևիդ, միայն ու միայն հատակի սառույցի։ Երբեմն պատահում է՝ լողում ես հոսանքն ի վար, ջուրը թափանցիկ է ապակու պես, ու հանկարծ կարծես արևը ծածկվեց ամպով. տեսնում ես ջրում պղպջակների նման սկսում են վեր բարձրանալ սառցակտորներ. ու դեռ աչքդ չթարթած, ամբողջ գետը ափից ափ, ոլորանից ոլորան սպիտակում է, ինչպես գետինը առաջին ձյունից։ Քեզ հետ այդպիսի բան չի՞ պատահել։

— Օհո՜, պատահել է, այն էլ շատ անգամ, երբ ղեկաթին բռնած քնել եմ։ Միայն թե սառույցը միշտ դուրս է եկել կողքով անցնող որևէ վտակից, պղպջակների պես տակից չի բարձրացել։

— Իսկ արթուն ժամանակ ոչ մի անգամ այդպիսի բան չե՞ս տեսել։

— Ոչ։ Դո՛ւ էլ չես տեսել։ Դա հակասում է առողջ դատողությանը։ Բոլորն էլ քեզ նույն բանը կասեն։

Բեթլզը դիմեց վառարանի շուրջը նստածներին, բայց ոչ ոք չպատասխանեց նրան, և վեճը շարունակվեց միայն նրա ու Լոն Մաք-Ֆեյնի միջև։

— Հակասում է, թե չի հակասում, բայց այն, ինչ քեզ ասում եմ՝ ճշմարտություն է։ Անցյալ տարի աշնանը ես ու Սիտկա Չարլին այդպիսի մի տեսարանի հանդիպեցինք, երբ լողում էինք Վստահության Ամրոցից ներքև ընկած սահանքներով։ Իսկական աշնանային եղանակ էր, արևը խաղում էր ոսկեգույն խեժափիճիների ու դողդոջուն կաղամախիների մեջ, գետի ծածանքր փայլատակում էր, իսկ հյուսիսից արդեն առաջ էր շարժվում ձմռան կապտավուն մշուշը։ Դու ինքդ էլ լավ գիտես, թե դա ինչպես է լինում. գետը ափերի երկայնքով սկսում է ծածկվել սառցաթաղանթով, իսկ ինչ-որ տեղ գետախորշերում արդեն զգալի սառույցներ են հայտնվում։ Օդը մի տեսակ զրնգուն է և ասես կայծկլտում է։ Եվ դու զգում ես, թե ինչպես ամեն անգամ այդ օդը շնչելիս կենսական ուժերդ ավելանում են։ Ու այդ ժամանակ է, բարեկամս, որ աշխարհը թվում է նեղ, և դու ուզում ես գնալ ու գնալ։

Հա, բայց ես շեղվեցի։

Այսպես ուրեմն, մենք թիավարում էինք, սառցի ոչ մի նշան չնկատելով, չհաշված ջրապտույտների մոտ եղած առանձին փոքրիկ սառցակտորները, երբ մեկ էլ հանկարծ հնդկացին բարձրացնում է իր թիակն ու բղավում, «Լոն Մաք-Ֆեյն։ Ապա մի ցած նայիր։ Այսպիսի բան լսել էի, բայց երբեք մտքովս չէր անցնում, թե սեփական աչքով կտեսնեմ»։

Դու գիտես, որ Սիտկա Չարլին, ինչպես և ես, երբեք չի ապրել այդպիսի վայրերում, այնպես որ դա մեզ համար նոր բան էր։ Թողեցինք թիավարելը, կախ ընկանք նավակողերից ու նայում ենք փայլատակող ջրի մեջ։ Գիտես, դա ինձ հիշեցրեց այն օրերը, որ ես անցկացրել Էի մարգարիտ որոնողների հետ, երբ ինձ վիճակվում էր ծաղկող այգիների նմանվող կորալյան խութեր տեսնել ծովի հատակին։ Ուրեմն, մենք տեսանք հատակի սառույցը․ գետի հատակին ընկած ամեն մի քարը ծեփված էր սառույցի ողկույզներով, ինչպես սպիտակ կորալներով։

Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևումն Էր։ Մենք չէինք հասցրել շրջանցել սահանքը, որ նավակի շուրջը ջուրը սկսեց կաթի նման ճերմակել, մակերևույթի վրա ծածկվելով մանր շրջանակներով, ինչպես լինում է այն ժամանակ, երբ գարնանը բարձրանում է ձամբռիկ ձուկը կամ անձրև է գալիս գետի վրա։ Դա հատակի սառույցն էր դուրս լողում։ Աջից, ձախից, բոլոր կողմերից, ինչքան որ աչքդ կտրում էր, ջուրը ձածկված էր այդպիսի շրջանակներով։ Ասես թե նավակը առաջ էր շարժվում թանձր շիլայի միջով, որը սոսնձի պես կպել էր թիակներին։ Ես շատ եմ նավարկել այդ սահանքներով, և՛ դրանից առաջ, և՛ հետո, բայց այդպիսի բան երբեք չէի տեսել։ Այդ տեսարանը ամբողջ կյանքում չեմ մոռանա։

— Խոսիր, խոսիր,— չոր-չոր վրա բերեց Բեթլզը։— Մի՞թե կարծում ես կհավատամ նման առասպելներին։ Պարզապես աչքերդ շաղվել էին, և օդը բացել էր լեզուդ։

— Բայց ես իմ աչքով եմ տեսել։ Եթե Սիտկա Չարլին այստեղ լիներ՝ նա կհաստատեր։

— Բայց փաստը մնում է փաստ, և այն հաշվի չառնել հնարավոր չէ։ Հակաբնական բան է, որ սկզբում սառչի այն ջուրը, որը շատ է հեռու օդից։

— Բայց ես իմ աչքով եմ․․․

— Բավական է։ Ինչ ես հա նույն բանն ասում,— համոզում էր նրան Բեթլզը։

Բայց Լոն Մաք-Ֆեյնի մեջ արդեն սկսում էր եռալ զայրույթը, որ հատուկ էր նրա կելտական դյուրաբորբոք բնավորությանը․

— Ի՞նչ է, ուրեմն ինձ չե՞ս հավատում։

— Քանի որ դու այդքան համառում ես՝ ոչ. առաջին հերթին ես հավատում եմ բնությանն ու փաստերին։

— Նշանակում է՝ դու ինձ մեղադրում ես ստախոսության մե՞ջ,— սպառնալից ասաց Լոնը։— Լավ կլիներ կնոջիցդ հարցնեիր, սիվաշուհուց։ Թող նա ասի՝ ես ճիշտ եմ խոսո՞ւմ, թե ոչ;

Բեթլզը բռնկեց կատաղությունից։ Հոլանդացին ակամա շատ խիստ կպավ նրա ինքնասիրությանը. բանն այն է, որ Բեթլզի կինը, մոր կողմից հնդկացուհի, մորթեղենի առևարով զբաղվող ռուսի աղջիկ էր, և ինքր նրա հետ պսակվել էր Նուլաթոյի ուղղափառ եկեղեցում, այստեղից մի հազար մղոն հեռու, Յուքոնով ներքև․ այսպիսով, նա իր ծագումով շատ բարձր Էր սովորական բնիկ կանանցից՝ սիվաշուհիներից։ Դա մի նրբություն էր, նրբերանգ, որի նշանակությունը կարող է հասկանալի լինել միայն արկած որոնող հյուսիսցուն։

— Այո, դա հենց այդպես էլ կարող ես հասկանալ,— հաստատեց Բեթլզը վճռական տեսքով։

Նույն ակնթարթում Լոն Մաք-Ֆեյնը նրան գլորեց հատակին, վառարանի շուրջը նստածները վեր թռան տեղներից, և մի կես տասնյակ տղամարդիկ անմիջապես կանգնեցին հակառակորդների միջև։

Բեթլզը ոտքի կանգնեց, սրբելով արյունոտ շրթունքը։

— Կռվելը նորություն չէ։ Իսկ դու չե՞ս կարծում, որ ես դրա համար քեզ կհատուցեմ։

— Կյանքում դեռ ոչ ոք ինձ չի մեղադրել ստախոսության մեջ,— արժանապատվությամբ պատասխանեց Լոնը։— Եվ անիծյալ լինեմ ես, եթե քեզ չօգնեմ, որ ուզածդ ձևով հաշիվ մաքրես ինձ հետ։

— Քո մոտինն էլի նույն 38—55-ն է՞։

Լոնը գլխով արեց, հաստատելով նրա ասածը։

— Լավ կլիներ, որ դու ավելի հարմար տրամաչափի ճարեիր քեզ համար։ Իմ ատրճանակը ընկույզի մեծությամբ ծակ կբացի քո մարմնի մեջ։

— Մի՛ անհանգստանա։ Թեև իմ գնդակների ծայրերը փափուկ են, բայց դիպուկ են խփում և մյուս կողմից դուրս են գալիս բլիթի պես տափակած։ Ե՞րբ քեզ հետ հանդիպելու հաճույքը կունենամ։ Իմ կարծիքով ամենահարմարտեղը սառցանցքն է։

— Վատ տեղ չէ։ Այնտեղ կգաս ճիշտ մեկ ժամ հետո և ստիպված չես լինի ինձ երկար սպասել։

Երկուսն էլ հագան թաթմանները և, առանց ընկերների հորդորանքներին ուշադրություն դարձնելու, դուրս եկան Քառասուներորդ Մղոնի պահակաշենքից։ Թվում է, թե դատարկ բանից սկսվեց, բայց այդքան դյուրաբորբոք ու համառ բնավորությամբ մարդկանց մոտ չնչին թյուրիմացությունները արագորեն վերաճում են խոշոր վիրավորանքների։ Դրանից բացի, այն տարիներին դեռ չէին կարողանում ոսկեբեր շերտերը ձմռանը մշակել, և խիստ փչանում էր Քառասուներորդ Մղոնի բնակիչների բնավորությունը, որոնք արկտիկական երկարատև սառնամանիքների պատճառով փակված էին իրենց ավանում և տառապում էին շատակերությունից ու հարկադրյալ պարապությունից, նրանք դառնում էին դյուրագրգիռ, ինչպես մեղուներն աշնանը, երբ փեթակները լցված են մեղրով։

Այն ժամանակ Հյուսիսային Երկրում արդարադատություն գոյություն չուներ։ Թագավորական հեծյալ ոստիկանությունը նույնպես դեռևս ապագայի գործ էր։ Ամեն մեկը ինքն էր չափում վիրավորանքը և ինքն էլ սահմանում պատիժը, երբ գործը իրեն էր վերաբերում։ Որևէ մեկի դեմ համատեղ գործողությունների անհրաժեշտություն հազվադեպ էր առաջանում, և Քառասուներորդ Մղոն ճամբարի ամբողջ մռայլ պատմության ընթացքում ութերորդ պատվիրանը խախտելու դեպք չէր եղել։

Մեծ Ջիմ Բելդենը անմիջապես ժողով գումարեց։ Բիրյուկ Մաքենզին դարձավ նախագահ, իսկ քահանա Ռուբոյի մոտ հատուկ սուրհանդակ ուղարկեցին՝ խնդրելով իր մասնակցությամբ օգնել գործին։ Խորհրդակցողների դրությունը երկակի էր, և նրանք այդ հասկանում էին։ Ուժի իրավունքով, որը նրանց կողմն էր, նրանք կարող էին միջամտել ու կանխել մենամարտը, սակայն նման վարմունքը, լիովին համապատասխանելով նրանց ցանկությանը, կհակասեր համոզմունքներին։ Այն ժամանակ, երբ պատվի պարզունակ օրենքները ճանաչում էին հարվածին հարվածով պատասխանելու յուրաքանչյուրի իրավունքը, նրանք չէին կարող հաշտվել այն մտքի հետ, որ այնպիսի երկու լավ ընկերներ, ինչպես Բեթլզն ու Մաք-Ֆեյնն էին, պետք է հանդիպեն մահացու մենամարտում։ Մարտահրավերը չընդունած մարդը, նրանց հասկացողությամբ, վախկոտ էր, բայց այժմ, երբ նրանք դրան հանդիպեցին կյանքում, ուզում էին, որ մենամարտը տեղի չունենա։

Խորհրդակցությունն ընդհատվեց մեկի շտապ քայլերով, ձյան վրա մոքասինների ճռճռոցով ու բարձրաձայն կանչերով, որոնց հաջորդեց ատրճանակի կրակոցը։ Դռներն իրար հետևից բացվեցին և ներս մտավ Մեյլմյութ Քիդը՝ ծխացող ատրճանակը ձեռքին, ցնծացող հայացքով։

— Տեղնուտեղը վեր գցեցի։— Նա մի նոր փամփուշտ դրեց և ավելացրեց։— Քո շունն է, Բիրյուկ։

— Դեղին Ժանի՞քը,— հարցրեց Մաքենզին։

— Չէ, մյուսը, Կախականջը։

— Գրողը տանի։ Ախր նա առողջ էր։

— Դուրս արի, տես։

— Եվ ի վերջո այդպես էլ հարկավոր էր։ Իմ մտքով էլ էր անցնում, որ Կախականջի վերջը վատ կլինի։ Այսօր առավոտյան վերադարձավ Դեղին Ժանիքը և խիստ կծոտեց նրան։ Հետո Դեղին Ժանիքը քիչ մնաց ինձ այրիացներ։ Հարձակվեց Զարինկայի վրա, բայց նա փեշով խփեց նրա մռութին ու փախավ. գլուխը պրծացրեց պատառոտված շորով և մի լավ թավալվեց ձյան մեջ։ Դրանից հետո շունը նորից անտառ փախավ։ Հույս ունեմ, այլևս չի վերադառնա։ Ինչ է, քո շո՞ւնն էլ է սատկել։

— Այո, մեկը, ոհմակի ամենալավը՝ Շուքումը։ Առավոտյան հանկարծ կատաղեց, բայց շատ հեռու չփախավ։ Հանդիպեց Սիակա Չարլիի լծվածքի շներին, որոնք նրան քարշ տվեցին փողոցով մեկ։ Իսկ հիմա նրանցից երկուսը կատաղել են ու դուրս պրծել լծվածքից, ինչպես տեսնում ես, նա իր գործն արեց։ Եթե մենք որևէ բան չձեռնարկենք, գարնանը կտեսնենք, որ շներից շատերը չկան։

— Մարդիկ նույնպես։

— Իսկ ինչո՞ւ։ Որևէ մեկին բա՞ն է պատահել։

— Բեթլզն ու Լոն Մաք-Ֆեյնը վիճեցին ու մի քանի րոպե հետո հաշիվներր մաքրելու են ներքևում, սառցանցքի մոտ։

Ամեն ինչ մանրամասնորեն պատմեցին նրան, և Մեյլմյութ Քիդը, որ վարժվել էր իր ընկերների անառարկելի հնազանդությանը, որոշեց կպչել այդ գործին։ Նրա գլխում արագորեն հասունացավ գործողության ծրագիրը. նա այն շարադրեց ներկա գտնվողներին, որոնք խոստացան ճշտությամբ կատարել նրա ցուցումները։

— Ինչպես տեսնում եք,— ասաց նա վերջում,— մենք նրանց բոլորովին էլ չենք զրկում իրար վրա կրակելու հնարավորությունից, բայց ես հավատացած եմ, որ նրանք իրենք չեն ցանկանա, երբ կհասկանան մեր ծրագրի ամբողջ սրամտությունը։ Կյանքը խաղ է, իսկ մարդիկ՝ խաղացողներ։ Նրանք պատրաստ են խաղաթղթի վրա դնելու ամբողջ կարողությունը, եթե հազարից թեկուզ մեկը շահելու հեռանկար կա։ Բայց նրանցից խլեք այդ միակ հեռանկարը, և նրանք այլևս չեն խաղա։— Նա շրջվեց դեպի այն մարդը, որի հոգացողության տակ էր գտնվում պահակակետի տնտեսությունը։— Կես դյույմանոց ամենալավ պարանից մի տասնութ ոտնաչափ կտրիր ինձ համար։ Մենք մի այնպիսի խաղ կսարքենք, որ Քառասուներորդ Մղոնում հավիտյան աչքի առաջ կունենան,— հայտարարեց նա։ Հետո նա պարանը փաթաթեց թևին և ընկերների ուղեկցությամբ ճիշտ ժամանակին ոտքը դուրս դրեց շեմից, որպեսզի հանդիպի միջադեպի գլխավոր մեղավորների հետ։

— Ինչո՞ւ նա մեջ գցեց կնոջս,— մռնչաց Բեթլզը ի պատասխան իրեն հանգստացնելու բարեկամական փորձի։— Դա հարկավոր չէր,— հայտարարեց նա վճռականորեն։— Դա հարկավոր չէր,— կրկնեց նա, Լոն Մաք-Ֆեյնին սպասելու անհամբերությունից ետ ու առաջ քայլելով։

Իսկ Լոն Մաք-Ֆեյնը բորբոքված դեմքով խոսում էր ու խոսում․ նա բացեիբաց ըմբոստացել էր եկեղեցու դեմ։

— Եթե այդպես է, հայր իմ,— գոռում էր նա քահանայի երեսին,— եթե այդպես է, ապա ես հանգիստ սրտով կփաթաթվեմ կրակե վերմակներով ու կպառկեմ վառվող ածուխներից պատրաստված մահճում։ Այն ժամանակ ոչ ոք չի համարձակվի ասել, թե Լոն Մաք-Ֆեյնին մեղադրել են ստախոսության մեջ, իսկ նա վիրավորանքր կուլ է տվել, առանց մատը մատին խփելու։ Եվ ինձ հարկավոր չէ ձեր օրհնությունը։ Թեկուզ կյանքս օրինավոր եղած չլինի, բայց սրտով ես միշտ իմացել եմ, թե ինչն է լավ և ինչը՝ վատ։

— Լոն, ախր դա սիրտը չէ,— ընդհատեց նրան հայր Ռուբոն։— Դա գոռոզությունն է, որ քեզ մղում է մերձավորի սպանության։

— Ա՜հ, դուք, ֆրանսիացիներդ,— պատասխանեց Լոնը։— Եվ հետո շրջվելով, որ գնա, հարցրեց.— Ասացեք, եթե բախտը ինձ ժպտա, հոգեհանգիստ կկատարե՞ք։

Բայց քահանան պատասխանելու փոխարեն ժպտաց և իր մոքասիններով քայլեց քուն մտած գետի ձյունածածկ տարածությամբ։ Սահնակահետքի լայնությամբ դեպի սառցանցք էր տանում տասնվեց դյույմից ոչ ավելի մի տրորված արահետ։ Նրա երկու կողմում փռված էր խոր ու փափուկ ձյունը։ Մարդկանց լռակյաց շարանը շարժվում էր կածանով, նրանց հետ քայլող քահանան իր սև սքեմով ինչ-որ թաղման տեսք էր տալիս թափորին։ Քառասուներորդ Մղոնի համար տաք ձմեռային օր էր, կապարե երկինքը կախ էր ընկել երկրի վրա, իսկ ջերմաչափի սնդիկը ցույց էր տալիս զրոյից քսան աստիճան ցածր, մի բան, որը անսովոր էր տարվա այդ եղանակի համար։ Բայց այդ տաքությունը չէր ուրախացնում։ Քամի չկար, անշարժ կախված մռայլ ամպերը ձյուն էին գուշակում, իսկ ձմեռային քնով շղթայված անտարբեր հողը քարացել էր անվրդով սպասողական վիճակում։

Երբ մոտեցան սառցանցքին, Բեթլզը, որը, ըստ երևույթին, մտքում տանջվում էր գժտության համար, վերջին անգամ գոռաց յուրայիններին՝ «Դա հարկավոր չէր»։ Լոն Մ աք-Ֆեյնը շարունակում էր մռայլ լռություն պահպանել։ Նա չէր կարողանում խոսել. վրդովմունքը խեղդում էր նրան։

Բայց և այնպես, փոխադարձ վիրավորանքից վերանալով, երկուսն էլ հոգու խորքում զարմանում էին իրենց ընկերների վրա։ Նրանք ենթադրում էին, թե ընկերները կվիճեն, կբողոքեն, և այդ լուռ համակերպումը խիստ վիրավորում էր նրանց։ Ավելի մեծ կարեկցանք կարելի էր սպասել այնքան մոտիկ ընկերներից, և երկուսի հոգում էլ աճում էր վիրավորանքի անորոշ մի զգացում. նրանց զայրացնում էր, որ ընկերները կարծես տոնակատարության են եկել ու առանց բողոքի որևէ խոսք ասելու պատրաստ են նայել, թե իրենք ինչպես են իրար սպանելու։ Պարզվում է, որ Քառասուներորդ Մղոնում այնքան էլ չեն սիրել իրենց։ Ընկերների վերաբերմունքը շփոթեցնում էր նրանց։

— Մեջք-մեջքի, Դևիդ։ Ի՞նչ հեռավորությունից ենք կրակելու, հիսո՞ւն, թե հարյուր քայլ։

— Հիսուն,— վճռականորեն պատասխանեց նա. դա ասվեց շատ հստակ, թեև դժգոհ տոնով։

Հանկարծ իռլանդացու սուր աչքը ընկավ պարանին, որը անփութորեն փաթաթված էր Մեյլմյութ Քիդի ձեռքին, և նա մի ակնթարթում զգաստացավ։

— Իսկ ի՞նչ ես ուզում անել այդ պարանով։

— Դե, դե, շտապեցեք,— ասաց Մեյլմյութ Քիդը, պատասխանի չարժանացնելով նրան, և նայեց ժամացույցին։— Ես պատրաստվել էի հաց թխելու և չեմ ուզում, որ խմորը նստի, բացի դրանից, ոտքերս արդեն մրսում են։

Մնացածները նույնպես, ամեն մեկը իր ձևով, սկսեցին անհամբերություն ցուցաբերել։

— Հա, բայց ինչի՞ համար է պարանը, Քիդ։ Դա բոլորովին նոր է, և հետո, քո հացերն այնքան էլ ծանր չեն, որ պարանով դուրս քաշելու կարիք լինի։

Այդ ժամանակ Բեթլզը շուրջը նայեց։ Հայր Ռուբոն բերանը ծածկեց թևքով․ նա նոր սկսեց հասկանալ, թե որքան ծիծաղելի դրություն է։

— Ոչ, Լոն, այս պարանը մարդու համար է նախատեսված։

Մեյլմյութ Քիդը, ցանկանալու դեպքում, կարող էր շատ ազդեցիկ խոսել։

— Ի՞նչ մարդու համար,— խոսակցությունն սկսում էր հետաքրքրել Բեթլզին։

— Երկրորդի համար։

— Իսկ ո՞ւմ նկատի ունես։

— Լսիր, Լոն, դու էլ լսիր, Բեթլզ։ Մենք քննարկեցինք ձեր այդ փոքրիկ վիճաբանությունը և մի որոշում կայացրինք։ Մենք դիտենք, որ ձեր մենամարտն արգելելու իրավունք չունենք...

— Ա՜յ դա ճիշտ է։

— Եվ մենք մտադիր էլ չենք։ Սակայն մենք կարող ենք և այնպես կանենք, որ այդ մենամարտը առաջինն ու վերջինը լինի Քառասուներորդ Մղոնի ճամբարում։ Թող դա Յուքոնում դաս լինի ամեն մի չեչակոյի համար։ Ձեր երկուսից նա, ով կենդանի կմնա, կկախվի մոտակա ծառից։ Իսկ հիմա գործի անցեք։

Լոնը թերահավատությամբ ժպտաց, հետո նրա դեմքն աշխուժացավ.

— Դևիդ, չափիր հիսուն քայլ․ կհեռանանք ու կկրակենք այնքան ժամանակ, մինչև որ մեզնից մեկնումեկը մեռած ցած կգլորվի։ Նրանք չեն համարձակվի այդ անել։ Դու գիտես, որ դա մեր յանկիի սարքած խաղն է։ Նա պարզապես ուզում է մեզ վախեցնել։

Նա առաջ գնաց, ինքնագոհ քմծիծաղ տալով, բայց Մեյլմյութ Քիդը կանգնեցրեց նրան.

— Լոն։ Վաղո՞ւց ես ինձ ճանաչում։

— Վաղուց, Քիդ,

— Իսկ դո՞ւ, Բեթլզ։

— Հունիսին, վարարման ժամանակ, կլինի հինգ տարի։

— Եղե՞լ է թեկուզ մեկ անգամ, որ ես իմ խոսքը չկատարեմ։ Գուցե ուրիշների՞ց եք լսել այդ մասին։

Երկուսն էլ գլուխները շարժեցին բացասաբար, միևնույն ժամանակ աշխատելով հասկանալ, թե ինչ էր թաքնված նրա խոսքերի տակ։

— Նշանակում է՝ իմ խոսքի վրա կարելի է հույս դնել։

— Ինչպես պարտավորագրի վրա,— ասաց Բեթլզը։

— Ստույգ բան է, և ոչ թե դրախտային երանության հույս,— անմիջապես հաստատեց Լոն Մաք-Ֆեյնը։

— Ուրեմն լսեցեք։ Ես՝ Մեյլմյութ Քիդս, ձեզ խոսք եմ տալիս,— իսկ դուք գիտեք, թե դա ինչ է նշանակում,— որ նա, ով կենդանի կմնա, կկախվի մենամարտից տասը րոպե հետո,— նա մի կողմ քաշվեց, ինչպես, գուցե Պոնտացի Պիղատոսը՝ ձեռքերը լվանալուց հետո։

Լուռ կանգնել էին Քառասուներորդ Մղոնի մարդիկ։ Երկինքն ավելի էր ցածրացել, գետնին շաղ տալով սառնամանիքի բյուրեղյա փոշին՝ հրաշագեղ ու շնչի պես վաղանցիկ երկրաչափական փոքրիկ մարմիններ, որոնց այնուամենայնիվ վիճակված էր գոյություն ունենալ այնքան ժամանակ, մինչև որ արևը, վերադառնալով, կանցնի իր հյուսիսային ճանապարհի կեսը։ Ինչպես Բեթլզը, այնպես էլ Լոնը մեկ անդամ չէ, որ ստիպված էին եղել հուսահատ ռիսկի դիմել, սակայն, վտանգավոր գործ ձեռնարկելով, շուրթերին անեծք կամ կատակ, նրանք միշտ հոգում պահել են հաստատ հավատը Երջանիկ Պատահականության նկատմամբ։ Բայց այս անգամ այդ ողորմած աստվածության մասնակցությունը բացառվում էր բոլորովին։ Նրանք սևեռուն նայում էին Մեյլմյութ Քիդի դեմքին, իզուր փորձելով կռահել նրա իսկական մտադրությունը. և այն անթափանց էր Սֆինքսի դեմքի պես։ Եվ որքան շատ րոպեներ էին անցնում տանջալից լռության մեջ, այնքան նրանք ավելի շատ կարիք էին զգում որևէ բան ասելու։

Շան ոռնոցը միանգամից խզեց լռությունը, այն գալիս էր Քառասուներորդ Մղոնի կողմից։ Չարագուշակ ձայնը սաստկանում էր, համակվելով հուսահատությամբ ու հոգեվարքի թախիծով, և վերջապես լռեց։

— Գրողը տանի,— Բեթլզը բարձրացրեց իր տաք բաճկոնի օձիքն ու անօգնական հայացքով շուրջը նայեց։

— Շահավետ խաղ ես մտածել, Քիդ,— բացականչեց Լոն Մաք-Ֆեյնը։— Ամբողջ շահածը՝ հաստատությանը, իսկ խաղացողին՝ ոչ մի գռոշ։ Սատանան ինքը չէր կարող այդպիսի բան հնարել, ու թող անիծվեմ ես, եթե այդ քայլին դիմեմ։

Երբ Քառասուներորդ Մղոնի բնակիչները սառցի մեջ փորված աստիճաններով ափ էին բարձրանում և պահակակետ գնալիս փողոցը կտրում, կարելի էր լսել խուլ քմծիծաղներ ու որսալ խորամանկ թարթումներ, որոնք հազիվ էին նկատվում եղյամով պատած թարթիչների տակ։ Նորից լսվեց շան երկարաձիգ ու սպառնալից ոռնոցը։ Անկյունում սուր ձայնով ճչաց մի կին։ Ինչ-որ մեկը բղավեցի «Ահա՜ նա»։ Եվ սրընթաց բազմության մեջ մխրճվեց մի հնդկացի տղա, իսկ հետո՝ մի կես տասնյակ վախեցած շներ, որոնք այնպիսի արագությամբ էին սլանում, ասես մահն ինքն էր ընկել նրանց հետևից։ Հետո սրարշավ անցավ Դեղին Ժանիքը՝ գորշ մազերը ցցած։ Բոլորը, յանկիից բացի, փախուստի դիմեցին։ Տղան սայթաքեց ու ընկավ։ Բեթլզը մնաց ճիշտ այնքան, որքան հարկավոր էր տղայի մորթե հագուստի եզրերից բռնելու համար, ու նրա հետ միասին նետվեց դեպի պատի տակ բարձր շարված վառելափայտը, ուր արդեն կարողացել էին հասնել նրա մի քանի ընկերները։ Դեղին ժանիքը, շներից մեկին հետապնդելուց հետո, արդեն վերադառնում էր արագ ոստյուններով։ Փախչող կինը, վախից խելքը թռցրած, ցած գցեց Բեթլզին և շարունակեց վազել փողոցով։ Մեյլմյութ Քիդը արագ, առանց նշան բռնելու, կրակեց Դեղին Ժանիքի վրա։ Կատաղած շունը ոստնեց և, օդում պտույտ գործելով, ընկավ մեջքի վրա, բայց անմիջապես վեր թռավ ու մի թռիչքով անցավ իրեն Բեթլզից բաժանող տարածության կեսը։

Բայց երկրորդ ճակատագրական թռիչքը տեղի չունեցավ։ Լոն Մաք-Ֆեյնը ցած թռավ փայտաշարից, Դեղին Ժանիքին հանդիպեց օդում։ Նրանք գետին գլորվեցին, Լոնը բռնեց շան կոկորդից և երկարած ձեռքով նրա դունչը պահեց որոշ հեռավորության վրա։ Գարշահոտ թուքը ցայտեց նրա դեմքին։ Եվ այդ միջոցին էլ Բեթլզը, որ ատրճանակը ձեռքին սառնասրտորեն հարմար պահի էր սպասում, վճռեց մենամարտի ելքը։

— Դա ազնիվ խաղ էր, Քիդ,— ասաց Լոնը, ոտքի կանգնելով ու թաթմանների միջից ձյունը թափ տալով,— և շահումը իսկապես ինձ ընկավ։

Երեկոյան, այն ժամանակ, երբ Լոն Մաք-Ֆեյնը, որոշելով եկեղեցու ամենաներող գիրկը վերադառնալ, գնում էր դեպի հայր Ռուբոյի տունը, Մեյլմյութ Քիդը և Մաքենզին զբաղված էին մի երկար, բայց գրեթե անարդյունք խոսակցությամբ։

— Մի՞թե դու այդ բանը կանեիր,— համառում էր Մաքենզին,— եթե նրանք այնուամենայնիվ մենամարտեին։

— Եղե՞լ է մի դեպք, որ ես իմ խոսքը չկատարեմ։

— Ոչ, բայց խոսքը դրա մասին չէ։ Պատասխանիր։ Դու այդ կանեի՞ր։

Մեյլմյութ Քիդը ուղղվեց։

— Գիտես ինչ, Բիրյուկ, ես ինքս եմ անընդհատ այդ հարցը ինձ տալիս և...

— Եվ ի՞նչ...

— Եվ ահա մինչև հիմա պատասխանը գտնել չեմ կարողանում։