Ահա Մարդը (Ecce Homo)

Գրապահարան-ից
Ահա Մարդը (Ecce Homo)

հեղինակ՝ Գարեգին Նժդեհ
աղբյուր՝ «Ազատ խօսք», Սոֆիա, 1935թ., թիւ 85

Նրան, որը խմեց ե՛ւ հայ տառապանքի բաժակից

Ճշմարտութիւն լինելուց աւելի պարադոքս է Գէօթէի խօսքը այն մասին, թէ մենք չենք կարող ճանաչել մարդը, երբ նա գալիս է մեզ մօտ - նրան ճանաչելու համար պէտք է երթանք նրա մօտ:

Եավորովը - որ խմեց ե՛ւ հայ տառապանքի բաժակից - Հայաստանը չտեսած ճանաչեց եւ խորազգաց յափշտակութեամբ երգեց մեր «Միշտ էլ քաջ»ը:

Հայն իր բնաշխարհիկ օրօրանում չտեսած՝ նա ճանաչեց հայութիւնը, քանզի նա սովորական բանաստեղծի ձիրքերից ուրիշ մի բան ունէր իր մէջ - խոր յայտնատեսութիւն աշխարհի եւ մարդու հանդէպ:

Նա իր սրտի լարերը թրթռացուց տառապող ու պայքարող հայութեան համար:

Ծնունդ մի կայտառ եւ ռազմաշունչ ցեղի՝ նա եղաւ մէկն այն սակաւաթիւ բանաստեղծներից, որոնք ամենայն իրաւամբ գրաւում են առաջին տեղը ոգու հերոսների փաղանգում:

Ծնած «աշխարհ-ծովէն», ինչպէս իր մասին ասում է ինքը - նա եղաւ երգիչը ողբերգօրէն զարհուրհելիի, սրբազանի եւ հերոսականի: Եւ յանուն ստրուկ եւ անիրաւուած Հայրենիքի, պայքարեց երգերով - պայքարեց մահուան, թուրքի եւ աշխարհի անսրտութեան դէմ: Նա եղաւ մէկը մարդու ամենազգայուն որդիներէն, որի կրծքի տակ արդարութեան առիւծը մռնչեց, մինչեւ որ կը լքէր մեր աշխարհը, որը այնքան անիծեց:

Ապրեց «գոյութեան ուրագանի» մէջ, եւ տառապեց, տառապեց գերմարդկօրէն: Եւ տառապանքի զայրուցքի մէջ յաճախ աղաղակեց. «Ես չեմ ապրում - այրւում եմ ես»: Որպէս պրոմէթէիստ՝ նա ըմբոստացաւ մարդկային անարդար ճակատագրի, քաղաքական բռնութեան եւ ընկերային անարդարութեան դէմ:

Նա տկարութիւն չունեցաւ մարդկային գոյութեան բարդ առեղծուածները լուծել իմաստասիրօրէն միայն: Աստուածօրէն զգայուն՝ նա հոգեւին զինակցեց մարդ-եղբօր, մարդ-ըմբոստին եւ մարդ-տառապողին: Եւ նրա կեանքն եղաւ համախաչելութիւն: Նա խաչուեց բոլոր խաչեցեալների հետ:

Նա խմեց եւ տառապանքի բաժակէն եւ աստուածային արբեցութեամբ աղաղակեց. «Արբէ՛ք ի սմանէ»: «Հայեր»ի եղերաշունչ քնարերգակը երգեց ե՛ւ հայ ցաւը: Նա երգեց եւ մեր «ճանապարհ աչին», իսկ երգելէ առաջ, ապրեց, ապրեց խորապէ՛ս: Նրա համար՝ տառապանքն եղաւ աստուածային հեշտանք; Չէ՞ որ, «բանաստեղծի նման Աստուած ալ՝ որպէսզի ստեղծէ, հարկ եղաւ նախ լալ»: (*)

Նա երգեց հայ պանդխտութիւնը, եւ այդ ո՛չ թէ որպէս մի բանաստեղծական քմայք, ո՛չ թէ որպէս մի մարդասիրական շարժուձեւ, ո՛չ թէ իր ճակատը զարդարող լուսապսակին փառքի մի նոր ճառագայթ աւելացնելու ցանկութեամբ: Ո՛չ, ո՛չ, նա յանուն տառապողի գիտցաւ արհամարհել դափնին ու ջահիլութեան գինին:

Նա երգեց մեր տարագրութիւնը, որովհետեւ մէկն էր մեր ժամանակների մարդու ամենազգայուն որդիներից եւ չէր կարող չերգել աշխարհի ցաւերէն ամենավսեմն ու հերոսականը: Ապրելով «սկիզբն ու վախճանը ողջ մարդկային խռովքին», նա չէր կարող չարձագանգել այն մեծ ողբերգութեան, որ մասնաւորապէս 19-րդ դարու վերջերին բաժին ինկաւ Հայաստանին եւ իր որդիներին: Նա երգեց աշխարհի եւ իր բախտի դէմ ոտքի ելած հայութիւնը: Նա զինակցեց մեզ, որովհետեւ զաւակն էր այն մեծ սրտի տէր ժողվուրդին, որ արիութիւն ունեցաւ իր քաղաքա-կանութեան մէջ խաչը դնել: Նա մեր ցեղի պաշտպանութեան ի խնդիր իր սուրը պիտի տար, եթէ զօրական լինէր: Չէ՞ որ նրա կեանքում անբաժան մնացին «բանաստեղծի քնարը եւ զինուորի զրահը»: Նա մեզ իր աստուածաշունչ քնարը տրամադրեց, քանզի երգիչ էր: Նա Հայաստանը չտեսած, մեզ համար եղաւ ու կը մնայ այն, ինչ որ է Պայրոնը Հելլադայի համար:

Եւ այդ այն ժամանակ, երբ աշխարհին շանթահարելու կարող բազուկներն անշարժ, շրթունքները համր մնացին Հայաստանի համար մարդկայնօրէն մի բան ասելու կամ անելու պրոբլեմի առջեւ, երբ եւրոպական մարդկութիւնը տմարդութիւնը ունեցաւ քանիցս իր մատը խրելու Քրիստոս-Հայաստանի արնահոս վէրքերի մէջ եւ մնալու անկարեկիր: Աստուա՜ծ իմ, որքա՞ն փոքրիկ են մեծ պետութեանց մեծագոյն քաղաքագէտները Եավորովի առջեւ, որոնք յաճախ կը զլանան երկու գունատ խօսք ասել ի պաշտպանութիւն անիրաւուած հայրենիքների: Եւ այդ այն ժամանակ, երբ առաջին քրիստոնեայ ժողովրդի հայրենիքէն կը բարձրանար յիսուսեան աղաղակը. «Էլի, էլի, լամա սափաքթանի»: Եւ այդ այն ժամանակ, երբ հազարամեայ մշակոյթի եւ խաչի տէր ժողովրդի կացութիւնը իրենից կը ներկայացնէր բեւեռներից կազմուած մի անկողին, որի վրայ բռնադատուած էր պառկելու հայը: Եավորով երգեց իր «Հայեր»ը եւ իր երգը թեւ առեց, թռաւ անցաւ իր հայրենիքի սահմաններից դուրս, համայն հայութեան երախտագի-տութիւնը նուաճելու համար:

Ահա՛ թէ ինչո՞ւ, 1912ին, երբ պատերազմական շեփորը ոտքի հանեց Պալքանեան ազգերը, մարդկութեան - թուրք կոչուած - ամենէն անմարդկային մասի դէմ, Անդրանիկի եւ իմ կանչին որպէս հոգեբանական արձագանգ՝ հայ գաղթաշխարհի բոլոր ծայրերէն կամաւորներ հասան, ուխտելով Քրիստափորի գերեզմանի վրայ եւ հայ եւ պուլկար դրօշակ-ների տակ ճամբայ ընկան՝ հայ արիւնը խառնելու պուլկար որդիների արեան: Եւ ընկան նրանք, ընկան Եավորովի հայրենիքի համար, ընկան ժպտադէմ:

Ահա՛ թէ ինչո՞ւ, երբ վաղը Արեւելքում խորտակուին բռնութեան վերջին գահերը - սեւ թէ կարմիր - երբ ազատութեան հրեշտակն այցելէ Արարատի սգաւոր փէշերը՝ անկախ Հայաստանի մայրաքաղաքում Հայ գրչի, սրի եւ խաչի հերոսների կոթողների կողքին, կը բարձրանայ եւ Եավորովի արձանը: Եւ Արարատեան վեհափառ արեւը իր արշալոյսին եւ վերջալոյսին, համբուրելով կ’ոսկեզօծէ մարդկայնութեան միւռոնով օծուած նրա ճակատը:

«Դու պիտի գաս, սպասուա՛ծ օր»,- ասում է Եավորովի մի տողը:

Այո՛, պիտի գա՛յ, չուշանա՛յ այդ օրը, քանզի նա այնքան անխուսափելի է, որքան եւ արշալոյսը: Նա պիտի գայ. իսկ, մինչեւ այդ, ես, երկու ազգերի զինուորը, մտովի կը համբուրեմ երկու հայրենիքների վշտակիրի քնարը: