Ամառ առանց այգաբացի - Գլուխ 16
Ամառ առանց այգաբացի | |
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 15 | Ամառ առանց այգաբացի - Գլուխ 17 ▶ |
Դևիդ Պուտնամը լուսամուտի մոտ կանգնած նայում էր, թե ինչպես էին թափվում ձյան թաց և ծանր փաթիլները, որոնք գետնին հասնելուն պես հալչում էին։ Դա հազվագյուտ երևույթ էր Կոստանդնուպոլսի համար։ Նա նյարդային շարժումով թափ էր տալիս ծխախոտի մոխիրը, որը թափվում էր բազմոցի վրա։ Նյարդայի՞ն։ Ավելի շուտ չարացած, որ ստիպված էր վատ լուր հաղորդողի դերը խաղալ։ Դռնապանը ներս բերեց գերգրգռված Վարդանին, որը մտնելուն պես հարցրեց.
— Ես ստացա ձեր ուղերձը, պարոն Պուտնամ։ Հետո՞։
— Բարև ձեզ, պարոն Պալյան։
Քարտուղարն իր այցելուին ցույց տվեց բազկաթոռը և ծխախոտը հանգցրեց մոխրամանի մեջ։ Լարված կեցվածք ընդունելով՝ նա մի քանի վայրկյան նայեց Նորին պայծառափայլության դիմանկարին և վերջապես որոշեց խոսել։
— Ես չեմ ձգձգի։ Գավառապետ Ռըզա բեյը պնդում է, որ նա օրինական կերպով ամուսնացել է ձեր կնոջ հետ, որը ցանկանամ է մնալ Այնթապում։
— Դա անհեթեթությո՜ւն է,— գոչեց Վարդանը,— անհնարի՜ն։
— Միգուցե,— անդրադարձեց Պուտնամը։— Դուք ձեր կնոջն ավելի լավ եք ճանաչում, քան ես։
— Այո։ Նա այդպես չէր վարվի։
— Այնուամենայնիվ երեք և կես տարի է անցել։
Այդ խոսքերից Վարդանը վեր թռավ։
— Պարոն Պուտնամ, ես ձեզ արգելում եմ նման բաներ հորինել։
— Ես չեմ հորինում, պարոն Պալյան, այլ փորձում եմ հասկանալ։ Ձեզնից բացի, ես այս պատմության գործող անձանցից ոչ մեկին չեմ ճանաչում։
Ձեռքի շարժումով Վարդանը հասկացրեց, որ միջադեպը մոռացված է։
— Ես նույնպես փորձում եմ հասկանալ։ Ձեր ներկայացուցիչն իմ կնոջ հե՞տ է խոսել։
— Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Ես նրանից կհարցնեմ։
Այդ պատասխանը մի քիչ հանգստացրեց Վարդանին։
— Հիմա ես գիտեմ, թե ինչ է կատարվում։ Ամեն ինչ հասկանալի է։ Մարոն ոչինչ չգիտի։ Դա ապացուցում է, որ նա պատանդ է։
— Դուք հավանաբար իրավացի եք,— ասաց Դևիդ Պուտնամը՝ նստելով բազկաթոռին, Վարդանի դիմաց։ Այդ Ռըզա բեյը երևում է ճարպիկ մարդ է, շատ ջերմ, սակայն շատ խորամանկ։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ նա միաժամանակ մի քանի խաղ է վարում։ Այս պահին նա մեզ պետք է։
Դեսպանատան քարտուղարը նայեց ուղիղ Վարդանի աչքերի մեջ և ավելացրեց.
— Ես շատ անհարմար վիճակում եմ, պարոն Պալյան։ Դուք բավականաչափ լավ գիտեք քաղաքական գործընթացը, որպեսզի չհասկանաք, որ ես չեմ կարող վնասել իմ կառավարության շահերին... անձնական գործի համար։
Վարդանը շատ լավ էր հասկանում։ Նա ցրված խաղում էր իր բեղով և ծրագրեր էր կազմում։ Պուտնամին թվաց, որ ինքը կռահեց Վարդանի հղացած միտքը.
— Դուք չե՛ք կարող, պարոն Պալյան։ Եթե գնաք և այնտեղ պատմություններ սարքեք, ապա իմ հովանավորության վրա հույս չդնեք։ Եվ բացի դրանից, մտածեք ձեր հայրենակիցների մասին, որոնք վերադարձել են տարագրությունից և փորձում են Կիլիկիայում նոր կյանք սկսել։ Այդ շրջանը շատ պայթյունավտանգ է։ Ձեր արարքը հաջողությամբ ավարտվի, թե ոչ, կարող է ամեն ինչ խաթարել։
Այդ փաստարկը անհանգստացրեց Վարդանին։ Պուտնամն ավելացրեց.
— Ձեր իրավիճակում ամենալավ տեղը մայրաքաղաքն է։
— Ի՞նչ եք ուզում ասել,— հարցրեց Վարդանը զարմացած։
— Դուք հասկանում եք, որ ես չեմ շփվում մարդկանց հետ առանց նրանց մասին տեղեկություններ հավաքելու։ Ձեր հոդվածներն արևմտյան թերթերում... մահապատժի դատապարտված լինելը Սվասում 1915 թ. ... Ներքին գործերի նախարարությունում դուք շարունակում եք դիտվել որպես ապստամբ։ Գանի բեյը...
— Այդ մարդը բազմաթիվ հանցագործություններ է կատարել հայերի դեմ, և եթե մեզնից կախված լիներ, ապա նա շատ շուտով դատարանի առջև կկանգներ։
—— Գիտեմ, սակայն նա դեռևս իշխանություն ունի։ Նա տեղյակ է, որ դուք մայրաքաղաքում եք, ինչպես նաև գիտի, որ կապեր եք պահպանում մեզ հետ։ Այստեղ նա ոչինչ չի փորձի անել ձեր դեմ, սակայն եթե հեռանաք Կոստանդնուպոլսից և գնաք երկրի խորքը...
Վարդանն իրեն ծուղակի մեջ էր զգում։ Ինքը պարտադրված էր հույսը դնել բրիտանացիների վրա, որոնք ոչ մի արդյունքի չէին հասել երկու ամսվա ընթացքում։ Նա քմծիծաղ տվեց.
— Սպասել։ Անվերջ սպասե՜լ։ Դուք դա՞ եք ինձ խորհուրդ տալու, պարոն Պուտնամ։
Չնայած նրա հեգնական տոնին, դեսպանատան քարտուղարը սիրալիր ժպտաց.
— Նոր հանգամանքներ կան, պարոն Պալյան։ Ռըզա բեյը Կոստանդնուպոլիս է գալու այս երկու շաբաթվա ընթացքում, ավելի շուտ հունվարի 27-ին։ Ես անձամբ դիմավորելու եմ նրան «Հեյդար փաշա» կայարանում։ Վստահեք ինձ, ես համապատասխան փաստարկներ կգտնեմ նրան համոզելու, որպեսզի ազատ արձակի ձեր կնոջն ու որդուն։
Այդ նորությունը չափազանց հետաքրքրեց Վարդանին, սակայն նա ցույց չտվեց և բաժանվեց Դևիդ Պուտնամից՝ նրան վստահեցնելով, որ ինքը մեծ հույսեր էր կապում նրա անձնական միջամտության հետ։ Իրականում նրան թվում էր, որ այդ քայլը ի սկզբանե անհաջողության էր դատապարտված, և ամբողջ օրը, հիվանդանոցում դեղեր պատրաստելիս, տարբեր տեսանկյուններից դիտարկում էր այն միտքը, որը ծագել էր նրա գլխում, առևանգել Ռըզա բեյին և նրան փոխանակել Մարոյի ու Թովմասի հետ։ Դա վտանգավոր էր, միգուցե և անհնարին, քանի որ Կոստանդնուպոլսի բոլոր ոստիկաններր կարող էին ընկնել իր հետևից, սակայն Վարդանն այլ լուծում չէր գտնում։ Եվ այն ամենը, ինչ նրան շատ բարդ էր թվում սկզբում, շատ հեշտ էր դառնում, երբ նա պատասխանում էր բոլոր այն հարցերին, որոնք ինքն իրեն առաջադրում էր։ Անսպասելիության գործոնը պետք է իր դերը կատարեր։ Մի քանի վստահելի համագործակիցների առկայությունը և բանտարկյալին պահելու վայրը բավական էին։
Այդ երեկո Վարդանը մնաց տանը, ուր ապրում էր իր քեռորդու հետ և քարտեզի դիմաց կանգնած, ավարտուն դարձրեց իր ծրագիրը։ Տիրանը վերադարձավ կեսգիշերից հետո, թեթևակիորեն հարբած։
— Դատավարությունները շուտով կսկսվեն։ Ափսոս, որ դու մեզ հետ չէիր այդ իրադարձությունը նշելիս։
Տեսնելով Վարդանի մտահոգ դեմքը՝ նա դադարեց ժպտալ։
— Ի՞նչ է պատահել։
— Անգլիացիներին չի հաջողվում ազատել Մարոյին ու Թովմասին։ Դու ինձ խոստացել էիր քո օգնությունը։
— Ճի՛շտ է,— ասաց Տիրանն իսկույն սթափվելով։
Նա աթոռը մոտեցրեց սեղանին, նստեց և ձեռքերը դրեց թիկնակին։
— Լսում եմ քեզ։
Վարդանը շարադրեց իր ծրագիրը։ Տիրանը ոգևորություն չցուցաբերեց, այլ հակառակը։ Նա բռնեց քեռորդու ուսը և հարցրեց բարեկամաբար.
— Ասա ինձ, Վարդան, երբևէ չե՞ս մտածել, որ կարող է Մարոն ցանկություն չունի վերադառնալու։
Վարդանը կտրուկ շարժումով ազատվեց նրա ձեռքից։ Նա բարկացած էր։
— Տիրան, դու հարբած ես։
— Ամենևին։ Ես քեզ հետ խոսում եմ եղբոր պես, Վարդան։ Դու ինձ հազար անգամ կրկնել ես, որ յուրաքանչյուր հարց պետք է քննել բոլոր տեսանկյուններից։ Դե քննի՜ր։ Գոնե մտածե՞լ ես այս հնարավորության մասին։
— Ես հրաժարվում եմ այն դիտարկել։ Մարոն կարո՞ղ էր այդպես վարվել, ի՞նչ ես կարծում։
— Դու իրավացի ես, չէր կարող։ Սակայն...
Նա շփոթված շարժում արեց։ Վարդանը կտրուկ ասաց.
— Մտքինդ ասա՜։
— Պատկերացրու իրավիճակը,— անվստահ շարունակեց Տիրանը։— Այդ մարդը անխուսափելի մահից փրկում է նրան ու Թովմասին։ Նա ամենակարող է, հանդես է գալիս որպես հովանավոր... Մարոն համոզված է, որ դու մահացել ես... Սկզբում նա պետք է վերապրեր Թովմասի հետ միասին, սակայն երեք տարվա ընթացքում, կարծելով, որ ինքն այրի է... Իսկ ինչպիսի՞ մարդ է նա։
— Ես չգիտեմ և չեմ ուզում իմանալ,— անդրադարձեց Վարդանը վրդովված։
Նա տեղից վեր կացավ ծխախոտի պարկն ու թուղթը վերցնելու։ Տիրանը գնաց խոհանոց հանքային ջուր բերելու։
Եղբոր խոսքերը պտտվում էին Վարդանի գլխում։ Նման իրավիճակ հնարավոր էր, սակայն ցանկացած այլ կնոջ դեպքում։ Իսկ ինչո՞ւ Մարոն պետք է բացառություն կազմեր։ Միայն այն պատճառով, որ ինքը չէ՞ր կարողանում նրան պատկերացնել այլ տղամարդու գրկում։
Ցրված տեսքով նա ծխախոտ փաթաթեց։ Արուսյակը, որի մահը նա դեռ սգում էր... Չէ՞ որ ինքը սիրում էր նրան առանց Մարոյին մոռանալու։ Եթե Արուսյակին չսպանեին, ապա ինքը ստիպված կլիներ ընտրելու նրանցից մեկին։ Ոչ, ինքն իրավունք չուներ Մարոյին հանդիմանելու։
Երբ Տիրանը սենյակ մտավ, Վարդանը հանգիստ ծխում էր՝ ուսումնասիրելով սեղանին փռած քարտեզը։ Տիրանը նրա առջև մի բաժակ կոնյակ դրեց։
— Ես մտածեցի, որ սա ավելի տեղին է, քան հանքային ջուրը։ Հետո՞։
— Ի՞նչը։
— Եթե պարզվի, որ Մարոն...
— Վճիռն ինքը պետք է ընդունի,— պատասխանեց Վարդանը հանգիստ և չեզոք ձայնով։— Սակայն նա պետք է կարողանա այդ ընտրությունն ազատ անել։ Եվ ինչ որոշում էլ նա կայացնի, ես ուզում եմ, որ Թովմասն ինձ հետ լինի։ Նա իմ որդին է։
Բավարարվելով այդ դիրքորոշմամբ՝ Տիրանը մի բաժակ կոնյակ խմեց և սուլեց.
— Առևանգել գավառապետի, վտանգավոր բան ես մտածել։ Ծրագիր ունե՞ս։
— Դու պետք է ինձ համար մարդ ճարես։
Նա մատը դրեց Մարմարա ծովից արևելք ընկած մի կետի վրա։
— Ադաբազարը հարյուր հիսուն կիլոմետրի վրա է։ Գնացքն այնտեղ կես ժամ է կանգնում ջրի պաշար վերցնելու և ապրանքափոխանակության համար։ Նախորդ կայարանում՝ Էսկիշեհիրում, Ռըզա բեյը հեռագիր կստանա, որ գյուղատնտեսության նախարարը ցանկանում է նրա հետ մի քանի րոպե խոսել Ադաբազարի կայարանում։ Դու նախարարը կլինես, Տիրան։ Մենք Ռըզա բեյին կնստեցնենք քո մեքենան և նրա հետ կհեռանանք։
Տիրանը, անվստահ տեսքով, քարտեզին էր նայում.
— Մի քիչ կոպիտ է։
— Հետևաբար բոլոր հնարավորություններն ունենք հաջողության հասնելու։ Ինչո՞ւ նա պետք է կասկածի։
Տիրանը ծոծրակը քորեց և մտածեց։ Թերևս Վարդանն իրավացի էր, գավառապետն այդ ծուղակը կընկներ։ Սակայն ոչ Վարդանը, ոչ էլ ինքն այդպիսի գործողությունների փորձ չունեին։ Վարդանը շարունակեց վստահ տոնով.
— Մենք երկու մեքենայի կարիք կունենանք, որոնցից մեկը պետք է շքեղ լինի։
— Հույս ունեմ, որ դու քեզ հաշիվ տալիս ես, որ այդ կայարանին հասնելը անհույս ձեռնարկում է։ ճանապարհը գրեթե անանցանելի է։
— Դա մայրաքաղաքից առաջ վերջին կայարանն է։ Մեզ պետք է միանան ևս երեք տղամարդ։ Անհրաժեշտ է ևս մեկ մեքենա՝ պատանդին այնտեղ նստեցնելու համար։ Դու կարո՞ղ ես այդ ամենը ճարել։
— Իհարկե։
Տիրանը պատասխանեց առանց տատանվելու։ Այդ գաղափարը հետզհետե նրան ավելի էր դուր գալիս։ Վերջապես կոնկրետ գործողություն։
— Ես կդիմեմ նվիրված մի ընկերոջ, որը երկու մեքենա է վարձակալում։ Կարծում եմ, նա կուզենա մասնակցել այս գործին։ Կան նաև մի երկու պինդ տղաներ, որոնց քո գաղափարը դուր կգա։
— Ես նրանց լավ կվճարեմ,— ասաց Վարդանը։
— Երբ իմանան մեր դրդապատճառները, նրանք չեն համաձայնի դրամ վերցնել։ Նրանք կօգնեն համապարտության զգացումից։ Անհաջողության դեպքում մեզ զենք պետք կգա։
Ոգևորվելով Վարդանի ծրագրից, Տիրանը կատակում էր։
— Ընկերներիդ կասես, որ գնացք չենք պայթեցնելու կամ ոստիկանատան վրա չենք հարձակվելու։ Չեմ ուզում, որ մեծ աղմուկ բարձրանա, հակառակը՝ լիակատար գաղտնիության։ Հիշիր, որ դրանից է կախված Մարոյի և Թովմասի ազատությունը։ Ուստի գտիր այնպիսի մարդկանց, որոնց նյարդերը պինդ են և որոնք կառավարում են իրենց, խելագարներ չեմ ուզում։
— Այո, այո,— խոստացավ Տիրանը։— Ի՞նչ կասեիր Սկյուտարի մասին, որպես բանտարկության վայր։ Այն ասիական մասում է։ Արվարձան, ուր հիմնականում հայեր են ապրում։ Մենք այնտեղ շատ կողմնակիցներ ունենք, և մերոնցից շատերն այնտեղ ապաստան են գտել վերջին տարիների ընթացքում: Ոստիկանությունն ավելի շուտ կփնտրի Ադաբազարի շրջակայքում։
— Հոյակապ է,— ասաց Վարդանը՝ քարտեզը ծալելով։— Գիտեի, որ կարող եմ հույս դնել քեզ վրա։
— Եթե ամեն ինչ նախատեսվածի պես ընթանա, ի՞նչ ես մտադիր անել, երբ գավառապետը մեր ձեռքում լինի։ Կդիմես անգլիացիների՞ն։
— Գերադասում եմ նրանց հետ չկապվել։ Դևիդ Պուտնամը խոսում էր «անձնական պատմության» մասին, ուստի ամեն ինչ կկատարվի անձնական կարգով։ Որևէ մեկը պետք է Մարոյին ու Թովմասին Կոստանդնուպոլիս բերի, և փոխանակումը կկատարվի որևէ գաղտնի վայրում։
Վարդանը վերցրեց կոնյակի բաժակը, որին նա դեռևս չէր դիպել և խմեց՝ նայելով քեռորդու աչքերի մեջ։ Նա ժպտում էր։
Տիրանը փռթկաց.
— Վարդան Պալյան՝ հրոսակախմբի առաջնորդ։ Ես երբեք չէի հավատա։ Քեզ բոլորովին նման չէ։
—– Ես շարունակում եմ դեմ լինել բռնությանը, Տիրան։ Հանգամանքներն են ինձ ստիպում անձամբ հետամուտ լինելու արդարությանը։
— Դա հոդվածներ գրել չէ, Վարդան։ Գիտակցո՞ւմ ես։
— Ես երեք տարի շարունակ Անատոլիայով մեկ փնտրել եմ Մարոյին ու Թովմասին, իսկ այժմ, երբ գիտեմ, թե որտեղ են նրանք, ոչնչի առջև կանգ չեմ առնի։
— Ռըզա բեյը կուզենա վրեժխնդիր լինել։ Առևանգումը հանցագործություն է, և Արևմուտքի ներկայացուցիչները ոչ մի պատճառ չեն ունենա խանգարելու սուլթանի կառավարությանը քեզ պատժելու։ Եվ դուք երեքդ ստիպված կլինեք թաքնվել։
Այդ հեռանկարը կարծես թե չհուզեց Վարդանին։
— Ես մի փոքր գաղափար ունեմ, որի շնորհիվ ոստիկանությունը պետք է որ չխառնվի այս գործին։ Եթե այն իրեն չարդարացնի, ապա ես իմ ընտանիքի հետ կհեռանամ երկրից։
Նա նայեց Տիրանի աչքերին.
— Դու տատանվո՞ւմ ես։ Կգերադասեիր ձեռնպա՞հ մնալ։ Ես քեզ կհասկանամ։
— Ես կգերադասեի, որ ինձ քառատեին։ Ի վերջո խոսքը Մարոյի և Թովմասի մասին է։
Վարդանը նրան սեղմեց իր գրկում և ասաց.
— Հայս ունեմ՝ որ չեմ ափսոսա, որ քեզ ներքաշել եմ այս պատմության մեջ։
— Ես երբեք չէի համաձայնի զրկվել քեզ հետ աշխատելու բերկրանքից։
Առևանգման այս պատմության մեջ Տիրանը տեսնում էր իրենց ուսանողական տարիների արկածների շարունակությունը։ Վարդանն անհանգստացավ, զգալով, որ եղբայրն այդ պատմությունն ընկալում էր որպես զվարճանք, և ինքն իրեն խոստացավ, որ կհետևեր նրան և կաշխատեր, որպեսզի ոչինչ իր աչքից չվրիպեր։ Այդ գիշեր նա դժվարությամբ քնեց, մտովի ստուգելով իր ծրագրի յուրաքանչյուր փուլը, փնտրելով թույլ օղակները և կազմելով ճշգրտման կարիք ունեցող մանրամասների ցանկը։ Կամաց—կամաց ոգևորությունը տիրեց նրան, վերջապես նա այն տպավորությունն ուներ, որ իր ճակատագիրն իրենից էր կախված։
Փափազյանի ավտոմեքենան՝ վերջին մոդելի «Ռենոն», որը հանգիստ կարող էր գյուղատնտեսության նախարարի մեքենայի տեղ անցնել, կանգ առավ քաղաքի ծայրամասում՝ ասիական ափին։ Դա երկրորդ մեքենայի հետ հանդիպման վայրն էր, որր հենց այդ պահին անցնում էր Բոսֆորը ձկնորսական մի նավի կապված լաստանավով։ «Ռենոն» նույն ձևով էր անցկացվել ասիական ափ գիշերով Փափազյանի եղբոր կողմից, որը ձկնորս էր Գումգափուամ՝ Մարմարա ծովի հյուսիսային ափին գտնվող մի արվարձանում։
Վարդանը դուրս եկավ մեքենայից մի քիչ քայլելու համար։ Նրան հետևեց Հակոբը՝ Տիրանի ընկերը, որին վերջինս ընտրել էր որպես ազգային անվտանգության գործակալի դերակատար։ Ճամփեզրին աճող ծառերի մերկ ճյուղերի մեջ սուլում էր քամին, իսկ մթության մեջ, ոչ հեռու շառաչում էր Մարմարա ծովը։ Մեքենայի ղեկի դիմաց նստած Փափազյանը մի ծխախոտ փաթաթեց, հետո իջեցրեց ապակին ծուխը դուրս թողնելու համար։ Նա հայացք գցեց իր գործընկերների վրա, որոնք հայտնվեցին լապտերի լույսի մեջ, և գլխով արեց.
— Դուք շատ նման եք նախարարի և նրա թիկնապահի։ Նույնիսկ սուլթանը կհավատար։
Հակոբը մուգ կոստյում էր հագել և եզրավոր գլխարկ, իսկ Վարդանը մոխրագույն կոստյում, որը նրան շատ ներկայանալի էր դարձնում։
Վարդանը, փրփրած ծովին նայելով, խորը շունչ քաշեց հանգստանալու համար։ Արդեն մեկ շաբաթ էր, ինչ ամեն ինչ պատրաստ էր, և տղամարդկանցից յուրաքանչյուրը կատարելապես գիտեր իր դերը։ Տիրանը լավ կազմակերպիչ էր։ Փափազյանը, հիսուն տարեկան մի հսկա՝ կախ ընկած խիտ բեղերով, շատ հանգիստ մարդ էր, որին ոչինչ չէր կարող հավասարակշռությունից հանել և որը վարում էր մեքենան աչքի ընկնող վարպետությամբ։ Մնացածները՝ Հակոբն ու Ավետիսը, երկուսն էլ երեսունին մոտ, ընդհատակում էին երեք տարի ի վեր և վտանգից չէին վախենում։ Համարելով, որ նրանք ոստիկանների ավելի էին նման, Վարդանը վճռել էր ինքը կատարել նախարարի դերը, իսկ Տիրանը լինելու էր իր քարտուղարը, գնալու էր Ռըզա բեյին գնացքում հանդիպելու և բերելու էր մինչև մեքենան։
Ամեն ինչ արված էր պատահականություններից խուսափելու համար։ Մի քանի օր առաջ Վարդանը ձի էր վերցրել և ուսումնասիրել էր մինչև Ադաբազար տանող ճանապարհն ու կայարանի մատույցները։ Նա այցելել էր նաև այն վայրը, ուր իրենք պետք է պահեին պատանդին։ Այդուհանդերձ նա այնպիսի տագնապի մեջ էր, որ երկու օր չէր կարողանում քնել։ Հնարավոր էր, որ ոստիկանությունը հետևում էր իր գործընկերներին, և ծրագիրը կարող էր ձախողվել, ինչպես նաև գավառապետը կարող էր լավ թիկնապահներ ունենալ, կամ էլ ուրիշ գնացք նստել։ Վարդանը գիտեր, որ ձախողումը զրոյի կհավասարեցներ Մարոյին ու Թովմսաին վերագտնելու իր հնարավորությունները։
Հակոբը դիպավ նրա ուսին և ասաց.
— Ի՞նչ ես մտածում։
— Ճանապարհը երկար է և վատ վիճակում։ Ցավալի կլիներ, եթե մեքենայի խափանման պատճառով...
— Մի մտածիր, բարեկամ, ամեն ինչ լավ կանցնի։
— Ես սովոր չեմ նման ձեռնարկումների, իսկ բախտախաղի են դրված իմ ամենաթանկագին էակները,— պատասխանեց Վարդանը։
Հակոբը ծխախոտ վառեց, և հրահանի լույսի ներքո Վարդանը տեսավ նրա նիհար դեմքը, իսկ կկոցած աչքերը ոչ մի հուզմունք չէին արտահայտում։ Հակոբն ասաց.
— Ես արդեն մի քանի շատ ավելի վտանգավոր գործողությունների եմ մասնակցել և կարող եմ ասել, որ դրան երբեք չես սովորում։ Լարումը մեզ զգոն է պահում, ինչը նման է դերասանի հուզմունքին բեմելից առաջ։
Վարդանը հիշեց, որ Հակոբը նախքան քաղաքական ասպարեզ ոտք դնելը պատրաստվում էր նվիրվել թատրոնին և որ նա մի քանի անգամ բեմ էր դուրս եկել։
— Դու թատրոնը չե՞ս կարոտում։
Տղամարդը հումորով նկատեց.
— Սիրելիս, աշխարհը բեմ է, իսկ կյանքը՝ պիես, որը վերջ չունի։ Մենք բոլորս դերասաններ ենք, սակայն հանդիսատես չկա։
Ընթացքը դանդաղեցնող մեքենայի աղմուկը Վարդանին ազատեց պատասխանելու անհրաժեշտությունից։ Երկրորդ մեքենան նույնպես Փափազյանին էր պատկանում, որն այն վարձով էր տալիս մայրաքաղաքում գտնվող օտարերկրացիներին։ Այնտեղ երեք հոգի տեսնելով՝ Վարդանը զարմացավ։ Մոտենալով, նա ճանաչեց Արամին՝ մինչև ականջներն իջնող մեծ գլխարկով։ Տիրանը, որը նստած էր ղեկի մոտ, դուրս եկավ և ուրախ հայտարարեց.
— Մենք պատրաստ ենք, գնացինք։
Վարդանը վրդովված մատնացույց արեց Արամին.
— Սա ի՞նչ է։ Մենք երբեք չենք խոսել նրա մասնակցության մասին։
— Դե լավ... Մտածեցի, որ կարող և օգտակար լինել։ Նա արագաշարժ է, ուժեղ և խելացի։ Նա հաճախ է իմ հանձնարարությունները կատարում կամ էլ մարդկանց է հետևում իմ պատվերով։
Վարդանը փրփրել էր, սակայն իրեն զսպեց։ Նա չէր կարող տղային հետը տանել, սակայն չէր կարող նաև ճանապարհին թողնել։ Նա դուռը բացեց և մատը տնկելով Արամի վրա, որը նստած էր առջևի նստարանին, ասաց.
— Կնստես հետևի նստարանին և տեղիցդ չես շարժվի մինչև Կոստանդնուպոլիս վերադառնանք։ Հասկացա՞ր։
Արամը, մեղավոր տեսքով, ուսերը հակեց, և նրա սև վերարկուն է՛լ ավելի նեղ թվաց։
— Զենք ունե՞ս,— հարցրեց Վարդանը ձեռքը պարզելով։
Տղան, ափսոսանքով, նրան մեկնեց սև ու փայլուն «Լյուգերը»:
— Շատ լավ։ Ավետիսին տուր։
Արամը դիմադրեց.
— Բայց... բայց... սա իմն է։
— Արա, ինչ ասում եմ։
— Իսկ եթե դրա կարիքը զգա՞մ,— հարցրեց Արամը աղերսող տեսքով։
— Պաշտպանության հարցում հույսդ դիր ինձ վրա,— ասաց Ավետիսը, որը նստում էր ղեկի մոտ։
Նա ատրճանակը վերցրեց տղայի ձեռքից, դրեց նստարանի տակ և զվարճացած ժպտաց Վարդանին.
— Արամը շատ խելոք կլինի, երաշխավորում եմ։
Նրա կանաչ աչքերը փայլփլում էին, և նա զարմանալիորեն հանգիստ էր։ Նա մաքուր սափրվել էր և հարդարել էր բեղերը, կարծես պատրաստվում էր պարահանդեսի գնալ, և այդ աննշան մանրուքը թուլացրեց Վարդանի լարվածությունը։
— Ես այլևս երեխա չեմ,— մռայլ հայտարարեց Արամը և, դուրս գալով մեքենայից, միացավ Հակոբին երկրորդ նստարանի վրա։
Վարդանը նրան ասաց մեղմացած ձայնով.
— Համաձայն եմ։ Եվ հիմա եկել է ժամանակն այդ բանն ապացուցելու։
Իր գործընկերների ձեռքերը սեղմելուց հետո Վարդանը միացավ Տիրանին «Ռենոյում»: Փափազյանը օսմանյան դրոշն էր ամրացնում շարժիչի կափարիչի վրա։
— Ադաբազա՞ր, պարոն նախարար,— հարցրեց նա ծաղրական տոնով։
Վարդանը ծիծաղելու տրամադրություն չուներ, բայց Տիրանը միացավ խաղին.
— Քշեք, բարեկամս։ Եվ ջանք թափեք շատ չկեղտոտել Նորին պայծառափայլության մեքենան։
Ձմեռային անձրևներից թրջված ճանապարհը պատված էր խորը փոսերով և «Ռենոյի» զսպանները տնքում էին։ Փոսերը շրջանցելով՝ Փափազյանը քշում էր հնարավորին չափ արագ։
— Դիմացկուն մեքենա է,— ասաց նա վստահ ձայնով, ներքուստ աղոթելով, որ ոչ մի անակնկալ չպատահեր։
Նրան ավելի շատ անհանգստացնում էր իրենց հետևող մեքենան, որն ավելի հին էր և որը վարում էր պակաս փորձված վարորդ։ Նա հաճախակի նայում էր հայելուն, ուր երևում էր հետևի մեքենան։ Ավետիսը բավական լավ էր վարում և շուտով Փափազյանն անհոգ տեսքով սկսեց սուլել։
Վարդանը ստեպ—ստեպ գրպանի ժամացույցին էր նայում։
— Մինչև գնացքի ժասանումր դեռ յոթ ժամ կա,— ասաց Տիրանը, որը հասկանում էր եղբոր հոգեվիճակը։
Փափազյանը շրջվեց և ասաց.
— Իսկ մենք այնտեղ կհասնենք հինգ ժամից։
Գունատ լուսաբացի լույսի ներքո Մարմարա ծովն արտացոլում էր արճճե երկինքը, և դա մռայլ տեսք էր հաղորդում շրջակայքին, ուր ցրված էին հյուղակները։
Կեսճանապարհին Ավետիսի վարած մեքենայի անիվը պայթեց, և անհրաժեշտ եղավ այն փոխել։ Փափազյանը օգտվեց կանգառից վառելիք լցնելու և յուղի մակարդակը ստուգելու համար։ Պատահարը խլեց մոտ կես ժամ, և դա ավելացրեց լարումը, որն արդեն տիրել էր բոլորին, և երբ քիչ անց այծերի հոտը փակեց նրանց ճանապարհը, Փափազյանը պոռթկաց։ Նա անհամբերությամբ սեղմում էր շչակին և, գլուխը լուսամատից հանելով, անպատվեց հովիվներին, որոնք ապշել էին առանց ձիերի շարժվող երկու կառքերի տեսարանից։
Վարդանը թփթփացրեց նրա ուսին.
— Հանգստացեք, վերջին այծերն արդեն անցնում են ճանապարհը։
Կարմրած դեմքով վարորդր ցածրաձայն փնթփնթաց և է՛լ ավեփ ուժեղ սեղմեց ղեկը։ Երբ ճանապարհը վերջապես ազատվեց, նա կտրուկ տեղից պոկվեց։
Որքան մոտենում էին իրենց նպատակակետին, այնքան բոլորի լարումն ահագնանում էր, բացառությամբ Վարդանի, որի տագնապը խաղաղվում էր։ Վիճակը նետված էր։ Անխուսափելիության առջև նա այնքան հանդարտ էր, որ նույնիսկ ինքն էր զարմացած։ Նա լիովին կառավարում էր իրեն, սակայն ներքին դող էր զգում:
Ադարազարի ծայրամասում Փափազյանը կանգ առավ նշենիներով շրջապատված աղբյուրի մոտ։ Աղբյուրի շուրջը խմբված քողածածկ կանայք, տեսնելով պաշտոնական մեքենան, ցրվեցին։ Գնացքի գալուն մնացել էր մեկուկես ժամ, եթե, իհարկե, այն չուշանար, իսկ դա շատ հնարավոր էր։ Քանի Փափազյանն ու Արամը մաքրում էին ցեխոտված «Ռենոն», Վարդանը զրուցեց իր գործընկերների հետ՝ որքան համոզվելու, որ նրանց վճռականությունը չէր թուլացել, այնքան էլ յուրաքանչյուրին հատկացված դերը ճշգրտելու համար։
Ադաբազարր՝ փոքրիկ գորշ մի քաղաք, որը շրջապատված էր քարքարոտ դաշտերով, իր հարաբերական բարեկեցությամբ պարտական էր երկաթգծին և կարտոֆիլի մշակությանը։ Այդ օրը շուկայի օր չէր, և այդ խոնավ ու սառը առավոտյան փողոցները դատարկ էին, իսկ տղամարդիկ խմբված էին սրճարանում, ուր վառարան էր վառվում։
Քարածխի մեծ կույտը մասամբ քողարկում էր կայարանը, որը տոլածածկ տանիքով տախտակներից կառուցված և պիստակի գույնի ներկած ուղղանկյունի մի շինություն էր։ Շենքից ոչ հեռու արձակուրդ գնացող կամ էլ զորացրված և տուն վերադարձող մոտ քսան անզեն զինվոր տաքանում էին կրակի շուրջը, որը նրանք թեժ էին պահում շոգեքարշի համար նախատեսված քարածխով։ Բեռնակիրները բարձում էին շարժակազմի վերջին վագոնները սայլերով բերված ապրանքով։ Երկաթգծի երկու ծառայողներ հենվել էին կայարանի պատին և ծխում էին։
Մեքենաները կիսաշրջան կատարեցին և կանգ առան կառամատույցից ոչ հեռու՝ պատրաստ տեղից շարժվելու։ Ճանապարհից բավականին հեռու գտնվելով, նրանք չէին գրավի ուղևորների և գյուղացիների ուշադրությունը։ Փափագյանն անջատեց «Ռենոյի» շարժիչը։ Մեքենաների հայտնվելը հետաքրքրեց զինվորներին և սայլապաններին, սակայն տեսնելով շարժիչի կափարիչին ամրացված դրոշը, նրանք չմոտեցան։ Վարդանն իջեցրեց ապակին։ Երկաթգծի երկայնքով ձգվող հեռագրական լարը դողում էր քամուց։ Տիրանը գրպանից հանեց կոնյակի շիշը և փոխանցեց մնացածներին, իր շուրթերին տանելուց առաջ։ Նրանք լուռ սպասում էին։ Քիչ անց երեք կառք հայտնվեց, որոնցից իջան ուղևորներ իրենց ճամպրուկներով։ Քաղաքից եկած ձի հեծած ոստիկանը պատվի առավ «Ռենոյի» մոտով անցնելիս։ Վարդանն իր բաճկոնի գրպանից հանեց ատրճանակը, որը նրան էր տվել Տիրանը, և դրեց նստարանին։ Նա իրեն զսպեց և չնայեց ժամացույցին, սակայն նրա շարժումը չվրիպեց Տիրանի ուշադրությունից, որը շշնջաց.
— Ավելի քան քառորդ ժամ։
Մի քանի հետաքրքրասերներ մոտեցան՝ տղամարդիկ, տղաներ, ավանակ հեծած գյուղացիներ։
Վարդանին թվում էր, որ ժամանակը շատ դանդաղ էր անցնում։ Գնացքն ուշանում էր. քսան, երեսուն րոպե, ավելի քան մեկ ժամ։ Կհասցնեի՞ն իրենք արդյոք մայրաքաղաք հասնել մութն ընկնելուց առաջ։
Վերջապես լսվեց շչակի սուլոցը, և հորիզոնում ծխի սև քուլաներ հայտնվեցին։ Մնում էր հուսալ, որ Ռըզա բեյը գնացքում էր և ստացել էր հեռագիրը, որը նրան էր սպասում նախորդ կայարանում։ Տիրանը հառաչեց։ Նա դեպի Վարդանը դարձրեց լարված դիմագծերով իր դեմքը։
— Մտածիր Մարոյի ու Թովմասի մասին,— ասաց Վարդանը։— Նրանց ազատությունը մեզնից է կախված։
Տիրանը թուքը կուլ տվեց և ձեռքը ազդրին խփեց.
— Անցավ։ Ես պատրաստ եմ։
Շոգեքարշի աղմուկը լսելի դարձավ։ Հակոբը դուրս եկավ Ավետիսի մեքենայից և դիրք գրավեց կայարանի դռան մոտ՝ պատրաստ չեզոքացնելու յուրաքանչյուրին, ով կուզեր միջամտել։ Տիրանը նրան հետևեց հեռվից և խառնվեց կառամատույցի ուղևորներին։ Գնացքը դանդաղեցրեց ընթացքը, պողպատյա անիվները սահեցին գծերի վրա, իսկ ծխնելույզից գոլորշի դուրս եկավ։ Վարդանը հետ չնայեց, որպեսզի գավառապետը չտեսներ իր դեմքը մեքենային մոտենալիս։ Փափազյանը հայելու մեջ հետևում էր անցուդարձին.
— Տիրանը խոսում է կայարանի պետի հետ։ Լավ է, նա գնում է վագոններից մեկի ուղղությամբ։
Տիրանը, ուժգին բաբախող սրտով, քրտնած ափերով, մոտեցավ այն բաժանմունքին, որը նրան ցույց էր տվել ծառայողը։ Գանգուր մազերով երիտասարդ մի արաբ գլուխը դուրս հանեց և շուրջը նայեց, կարծես ինչ—որ մեկին փնտրեր։
— Ռըզա բեյի բաժանմունքը սա՞ է։
Տղան հաստատող նշան արեց և անհայտացավ ներսում։ Դռնակը բացվեց, և սև կոստյումով բարձրահասակ մի մարդ նայեց Տիրանին տիրական հայացքով։
— Հարգանքներս Ձերդ պայծառափայլություն,— ասաց վերջինս գլուխը թեքելով։
— Բարև ձեզ։
— Ես պարոն նախարարի քարտուղարն եմ։ Նա ձեզ է սպասում մեքենայի մեջ, Ձերդ պայծառափայլություն։
- Ուղեկցիր ինձ,— պատսախանեց գավառապետը, որը վայր ցատկեց կառամատույցին առանց սպասելու, որ Տիրանն իջեցներ աստիճանը։
Երիտասարդ արաբը պատրաստվում էր տիրոջը հետևելու, սակայն Ռըզա բեյը նրան ասաց, որ հսկեր իր իրերը։ Հրամայական շարժումներով Տիրանը մի կողմ էր մղում հետաքրքրասերներին և ուղևորներին գավառապետի ճանապարհը հարթելու համար։ Աչքի պոչով նա տեսավ, թե ինչպես էր Հակոբը հետևում իրենց։ Դա ճակատագրական պահ էր, նույնիսկ ամենաաննշան միջադեպը կարող էր ամեն ինչ խաթարել։ Պատեհ կլինե՞ր, որ ինքը խոսեր գավառապետի հետ։ Վարդանը չէր ասել այդ մասին։ Լռությունը խախտեց Ռըզա բեյը.
— Դուք գիտ՞եք, թե ինչ է ուզում նախարարը։
Պատրաստի պատասխան կար.
— Նախ, նա ուզում է ձեզ ողջունել։ Նա այդ բանը Ստամբուլում կաներ, սակայն նա շրջայցեր է կատարում շրջաններում։ Ուզում է նաև տեղեկանալ ձեր գավառի գյուղատնտեսական արտադրանքի մասին։ Մենք դարձյալ լուրջ դժվարությունների առաջ ենք կանգնած։
— Ես դա շատ լավ գիտեմ,— պատասխանեց Ռըզա բեյը ցրված ձայնով։
Նա նայում էր ավտոմեքենային, որի մոդելը նրան ծանոթ չէր։
— Սա ո՞ր մակնիշի ավտոմեքենա է։
— «Ռենո», Ձերդ պայծառափայլություն, Ֆրանսիայում է արտադրվել։
Մեքենայի մեջ Փափազյանը շշնջաց.
— Պատրաստվիր, նրանք գալիս են։
Վարդանը սեղմեց ատրճանակի կոթը։ Տիրանը բացեց դուռը, և Ռըզա բեյը նստեց մեքենան, ասելով.
— Պարոն նախարար...
Նա լռեց, տեսնելով իր վրա ուղղված զենքի փողը, փորձեց նահանջել, սակայն Տիրանը նրան խանգարեց։ Չհասկանալով, թե ինչ է կատարվում, Ռըզա բեյն ասաց.
— Դուք սխալ եք գործում։
— Լռիր,— չոր տոնով պատասխանեց Տիրանը։
Գավառապետը ուշադիր նայեց Վարդանին, որը խուզարկում էր նրան համոզվելու համար, որ նա զինված չէր։ Հանկարծ նրա աչքերը զարմանքից լայնացան։ Նա ճանաչեց իրեն առևանգողին։ Նա իսկույն հանգիստ ձևացավ և աչքերը հառեց վարորդի ծոծրակին, սակայն վայրկյան տևած այդ զարմանքը չվրիպեց Վարդանի ուշադրությունից։
Ավետիսը պտտում էր «Ռենոյի» ունկը շարժիչը գործի դնելու համար։ Փափազյանը հողմի պես պոկվեց տեղից, իսկ երկրորդ մեքենան նրանց պետք է հետևեր, երբ Ավետիսը կզգուշացներ Ռըզա բեյի ծառային, որ նրա տերը վճռել էր շարունակել ճանապարհը նախարարի հետ մեքենայով և մարդ կուղարկեր նրա հետևից «Հեյդար փաշա» կայարան։
Տիրանը կապեց պատանդի ձեռքերը, որը չէր դիմադրում։ Ամեն ինչ ընթանում էր նախատեսվածի պես, այդուհանդերձ Վարդանը զգուշանալով հաճախակի հետ էր նայում։ Մյուս մեքենան չէր երևում և Ադաբազարից դուրս գալուց հետո Փափազյանը դանդաղեցրեց ընթացքը, որպեսզի գործընկերներն իրենց հասնեին։
Ռըզա բեյը աչքի պոչով ուսումնասիրում էր առևանգողին, որպեսզի մտովի համեմատեր իրենց երկուսին, որ սիրում էին նույն կնոջը։ Վարդանը նույնպես թաքուն ուսումնասիրում էր մյուսին և մտածում էր Մարոյի մասին։ Այս տղամարդը հաճելի արտաքին ուներ, Վարդանն ընդունում էր դա, և, անկասկած, նրա վարվելաձևը, ինչպես նաև ձայնը, կարող էին գայթակղել։ Գուցե սկզբում նա Մարոյին տիրացել էր ուժով, սակայն հետո, ամիսնե՞ր, մեկ տարի՞ անց։ Մարմինը վարժվում է, իսկ սիրտը հետևում է մարմնին։ Սիրահարվե՞լ էր նա արդյոք իր բանտապանին։
Նրանց հայացքները հանդիպեցին։ Ե՛վ մեկի, և՛ մյուսի՝ խանդով սնվող հետաքրքրասիրությունը հաղթում էր հակակրանքը։ Ռըզա բեյը ձևականորեն վրդովվեց, կարծես չգիտեր, թե ով էր իրեն առևանգել։
— Դուք իրավունք չունեք։ Ես գավառապետ եմ։ Դուք պատասխան կտաք։ Ոստիկանությունն ու բանակը կնետվեն ձեր հետքերով։ Թողեք ինձ այստեղ ճամփեզրին ու փախեք։ Խոստանում եմ, որ չեմ բողոքի։ Ձեր խելահեղ ծրագիրը հաջողություն չի բերի և այդ ժամանակ...
— Եվ այդ ժամանակ,–—պատասխանեց Վարդանը,— մենք միասին կզոհվենք, դուք և ես։
Հենց այդպիսի պատասխան կտար Ռըզա բեյը, եթե ինքը լիներ իրեն առևանգողի փոխարեն։ Իմանալով, որ Մարոյի ամուսինը մտավորական էր և դեղագործ, Ռըզա բեյը նրա ամուսնուն պատկերացնում էր որպես նրբամարմին, մի քիչ երկչոտ մարդ, սակայն նա տեսնում էր մարզիկի մարմնով մեկին, որը վճռական էր և պատրաստ ամեն ինչի։ Հետո նա հիշեց, որ Վարդանը երկու անգամ խույս էր տվել Պետրիից և որ երեք տարի շարունակ նա գնացել էր այն շրջանները, ուր նրան փնտրում էին։ Իրենից անկախ Ռըզան հիացավ այդ մարդու կամքով և նրա ցուցաբերած արիությամբ։ Իմաստ չուներ փորձել նրա վրա տպավորություն թողնել։ Ինքն այլ մեթոդի կդիմեր։ Ինքը բարեկամական կեցվածք կընդուներ և փրկիչ կձևանար։ Գուցե ինքն ի վերջո պետք է զիջե՞ր Վարդանի պահանջներին։ Ամեն դեպքում վերջինիս վիճակը կայուն չէր, և Ռըզան կփորձեր որոշ առավելություններ ստանալ:
Վարդանը շարունակեց.
— Անիմաստ է ձևանալը, գավառապետ։ Ես հենց նոր ձեր դեմքի արտահայտությունից հասկացա, որ դուք գիտեք, թե ով եմ ես։
Ռըզա բեյը թեթևակիորեն ժպտաց.
— Դա զարմանքի արտահայտություն էր, պարոն Պալյան։ Մենք կարծում էինք, որ դուք կախաղան էիք հանվել Սվասում։
Վարդանը չէր հավատում նրա և ոչ մի խոսքին և այդ «մենք»–ը, որի մեջ մտնում էր նաև Մարոն, նրան ցավ պատճառեց։ Այդուհանդերձ, նա պահպանեց իր սառը տոնը։
— Դուք գիտեք նաև, թե ինչու եմ ձեզ առևանգել։ Դուք ազատ կարձակվեք միայն այն ժամանակ, երբ իմ կինն ու որդիս ազատ կլինեն։
—— Ազա՞տ,— ասաց Ռըզան վիրավորված ձևանալով։— Սակայն նրանք միշտ էլ ազատ են եղել։ Ես նրանց գտել եմ կիսամեռ վիճակում տեղահանության ճանապարհին, նրանց ապաստանել եմ և վերաբերվել եմ, ինչպես իմ ընտանիքի անդամներին։ Նրանք կարծում էին, որ իրենք միայնակ էին մնացել աշխարհում։ Եվ ո՞ւր կարող էին նրանք գնալ պատերազմից ավերված այս երկրում։
Ամենևին չխաբվելով գավառապետի անկեղծ տոնից, Վարդանը, այդուհանդերձ, գիտակցում էր, որ այդ մարդու շնորհիվ էր, որ Մարոն ու Թովմասը ողջ էին մնացել տեղահանության և պատերազմի տարիներին։ Կարո՞ղ էր ինքը քեն պահել նրա դեմ, որ նա չէր պատասխանել անգլիացիների հարցումներին։
Վարդանը շատ էր ուզում տեղեկանալ Մարոյի, Թովմասի մասին, սակայն նրա համար տհաճ էր հարցեր տալ իր պատանդին, քանի որ այդ դեպքում իր դիրքերը կթուլանային նրա աչքերում։ Ռըզան հասկացավ և առիթը բաց չթողեց իր բարի կամքն ապացուցելու համար։ Նա ծանրակշիռ ասաց.
— Մարոն շատ լավ է։ Թովմասը...
Նրա ձայնը կտրվեց և Վարդանն անհանգստացած բացականչեց.
— Թովմա՞սը։ Ի՞նչ է նրան պատահել։
— Շուտով երկու տարին կլրանա... Նա անհայտացել է ձիով զբոսանքի ժամանակ։ Մենք նրան այլևս չենք տեսել։ Ես ցավում եմ։
Վարդանը, ապշած, զննում էր Ռըզա բեյի դեմքը, կարծես հերքման սպասեր։ Գուցե գավառապետը ցանկանում էր Թովմասին պահել իր մոտ Մարոյի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Սակայն պատանդի աչքերը համոզեցին այդ ենթադրության անհիմն լինելու մեջ։ Վարդանի սիրտը պատռվում էր անանուն մի վշտից, և նա ատամները սեղմեց չհառաչելու համար։ Վախենալով, որ Վարդանի զայրույթն իր դեմ կուղղվեր, Ռըգա բեյն ավելացրեց ցավակցական տոնով.
— Ես Թովմասին սիրում էի հարազատ որդուս պես։ Նա երջանիկ էր իմ տանը։ Ես ամեն ինչ արեցի նրան գտնելու համար, Ալլահը վկա։ Գործի դրեցի բանակը, փոխհատուցում խոստացա։
Տիրանը դուրս էր նայում լուսամուտից, Փափազյանը հետևում էր ճանապարհին, սակայն խոսակցության ոչ մի բառը չէր վրիպում նրանց ուշադրությունից։
— Եթե նա երջանիկ էր, ինչպես դուք եք ներկայացնում, ապա ինչո՞ւ պետք է փախչեր,— հարցրեց Վարդանը հատու տոնով։
— Դա փախուստ չէր։ Նա ձիավարում էր անապատի եզրին, մենակ։ Կարծում եմ, նրան տարել են քոչվորները։
Վարդանը կախեց գլուխը և ամփոփվեց լռության մեջ, որը ոչ մեկը չհամարձակվեց խախտել։ Թովմա՜ս, իսկ ինքը կարծում էր, որ շուտով տեսնելու էր նրան։ Թովմասը, այդքան փոքր և անապատում մոլորված, ո՞ւմ ձեռքերում։ Վարդանը հիշեց Կապադովկիայի քարանձավի որբերին և մտածեց այն փոքր փոսի մասին, որն ինքր խճով էր լցրել։ Մահացա՜ծ, իր որդի՞ն։ Ո՛չ։ Ինքը չէր կարող դա հանդուրժել, ոչ էլ ընդունել։ Երկո՜ւ տարի։ Որտե՞ղ է նա այսօր։ Ի՞նչ վիճակում։ Ծառա՞ է որևէ դաժան գյուղացու տանը, հովի՞վ Քրդստանի լեռներում, ուղտապանի ստրո՞ւկ։ Այդ մտքերը երկար էին տանջում Վարդանին, որրը դողում էր անզորությունից։ Ուստի նա պետք է գտներ Մարոյին նրա հետ անասելի մի վիշտ վերապրելու համար։
— Նա ողջ է...— շշնջաց նա առանց իրեն հաշիվ տալու, որ բարձրաձայն էր խոսում։
— Ես նույնպես համոզված եմ,— պատասխանեց Ռըզա բեյը։
Լսելով այդ ձայնը՝ Վարդանը ցնցվեց և գլուխը դարձրեց իր պատանդի կողմը, որը շարունակեց.
— Իմ կարծիքով, Թովմասն ի վերջո մանկատուն է ընկել։ Ես կապվել եմ Կիլիկիայի ու Սիրիայի բոլոր միսիոներների հետ։ Ցավոք, ես միայն բացասական պատասխաններ եմ ստացել։
Վարդանն այդ խոսքերն ընկալեց որպես անթույլատրելի ներխուժում իր վշտի մեջ և պատասխանեց կտրուկ տոնով.
— Իսկ ինչո՞ւ միսիոներները պետք է հայ երեխային հանձնեին հենց այն մարդուն, որը պատասխանատու էր այդքան հայերի տանջանքների և մահվան համար։
Ռըզա բեյը հենց սկզբից վախենում էր, որ իրեն առևանգողները այդ թեմային կանդրադառնային և փաստարկներ էր նախապատրաստել։
— Դա սուտ է, վստահեցնում եմ ձեզ։
— Գուցե դուք կապ չունեք տեղահանությունների հետ։
Մտածելով Իթթիհատի որոշ անդամների դեմ Կոստանդնուպոլսում շուտով սկսվող դատավարության մասին՝ Ռըզա բեյն այս առևանգման մեջ հետապնդումից խուսափելու միջոց տեսավ։ Վարդան Պալյանն անկասկած կապեր կունենար դատախազների շրջանում։ Իր ռազմավարության սկզբնական փուլում Ռըզան վստահորեն պաշտպանվեց.
— Որպես պաշտոնյա ես կատարում էի կառավարության հրամանները։ Ես մեղավոր չեմ այն դաժանությունների համար, որոնք տեղի են ունեցել։ Հակառակը, բազմաթիվ անգամներ միջամտել եմ Բարձր Դռան առջև, որպեսզի դրանց վերջ տան։ Ես պահել եմ իմ նամակների պատճենները։ Ես կարեցածս եմ արել, որպեսզի տեղահանությունները ընթանային մարդասիրական պայմաններում։ Այն հայերը, որոնց թաքցրել և հովանավորել եմ, և այն օտարերկրացի միսիոներները, որոնց ես դրամ և սննդամթերք եմ տվել, որպեսզի նրանք կարողանային օգնել տեղահանվածներին, կարող են վկայել դրա մասին։ Նույնիսկ եպիսկոպոսը...
— Հերիք է,— հրամայեց Վարդանը՝ ընդհատելով նրան։— Մենք հիմա լաց կլինենք, լսելով ձեր բարեսիրական գործունեության մասին։ Իսկ այն երիտասարդ կի՞նը, որին մի քանի ամիս առաջ սպանել էր Ուրգուպում ձեր մարդը՝ Պետրին։
Զարմացած Ռըզա բեյը բացականչեց.
— Ես երբեք չեմ լսել այդ գործի մասին։ Ալլահը վկա, երդվում եմ։ Իմ օգնականը շատ հաճախ իր նախաձեռնությամբ է գործում, երբեմն նույնիսկ իմ տված հրամաններին հակառակ։ Այս դեպքում ես ոչնչից տեղյակ չեմ, կրկնում եմ։ Երդվում եմ մորս արևով։
Տիրանը, զգալով իր եղբոր վրդովմունքը, Ռըզա բեյին նշան արեց լռելու։
— Աչքակապը,— ասաց Փափազյանը։
Տիրանը գրպանից մի մեծ թաշկինակ հանեց և կապեց պատանդի աչքերը, որի հանդարտությունն ու խոսքերը նրան զարմացնում էին։ Ռըզա բեյը բոլորովին նման չէր կոպիտ և բիրտ անձնավորության, դյուրագրգիռ ու անկանխատեսելի էակի, որպիսին նա պետք է լիներ ըստ Վարդանի հավաքած տեղեկությունների ծրագրի նախապատրաստության ընթացքում։ Հակառակը, գավառապետը քաղաքակիրթ բարքերով մարդ էր երևում։ Տիրանը գերադասում էր, որպեսզի իր հակառակորդները պակաս հարգարժան լինեին, և նա գուշակում էր, որ Ռըզայի ազնվական վարքագիծը շփոթեցնում էր Վարդանին։
Մութն ընկնում էր, և նրանցից յուրաքանչյուրր զգում էր ճանապարհին անցկացրած անվերջանալի ժամերի հոգնությունը։ Նրանք ստիպված եղան դադար առնելու մեքենաների բաքերը բենզին լցնելու համար, իսկ հետո ճանապարհը շարունակեցին ավելի դանդաղ ընթացքով, քանի որ լուսարձակները լավ չէին լուսավորում փոսերը։ Վարդանը լուռ մնաց մինչև Սկյուտար հասնելը։
Մեքենաները կանգ առան Ամերիկյան կանացի վարժարանի ցանկապատի առջև։ Դրա պահակը՝ Տիրանի ընկերներից մեկը, եկավ, բացեց դարպասը և ուղեկցեց լույսերը հանգցրած մեքենաները մինչև քարաշեն փոքր տունը, որը գտնվում էր վարժարանի մեծ այգու խորքում։ Քարե նկուղը, ուր հաճախ էին թաքնվում սուլթանի ոստիկանությունից փախչող դիմադրողները, որպես բանտ էր ծառայելու գավառապետի համար։ Անվտանգության համար Ռըզա բեյին պետք է շղթայով գամեին պատի մեջ ամրացրած օղակին։ Նկուղ իջնելուց հետո Ռըզա բեյի աչքակապը, հանեցին և արձակեցին ձեռքերը։ Նա տեսավ Վարդանին՝ մոմակալը ձեռքին, և Տիրանին, որը ստուգում էր շղթայի ամրությունը։ Նա մի հայացք գցեց նկուղին, որի հարմարությունները սահմանափակվում էին ծղոտե ներքնակով և գիշերանոթով։ Նա նայեց երկու տղամարդկանց, որոնց նա ասաց առանց վախ կամ հուզմունք ցուցաբերելու.
— Ծարավ եմ։
— Մենք ձեզ ջուր կբերենք,— պատասխանեց Տիրանը։
Նրանք փակեցին դուռը և ամրացրեցին դարձեկով։
Ճաշասենյակում նրանց գործընկերները էժանագին սպիտակ գինի էին խմում, որը տվել էր Րաֆֆին։ Չնայած Րաֆֆին ծեր չէր, ընդամենը հիսունութ տարեկան, նա լրիվ ճաղատ էր։ Բարձրահասակ ու գեր, նա երջանիկ միայնության մեջ ապրում էր այդ տանը, որը նրան էր տրամադրել վարժարանի տնօրինությունը։ Նա ոսպով ապուր էր պատրաստել և պնդում էր, որ բոլորը ճաշի մնային։
— Ես նաև հաց ունեմ, այծի պանիր և ձիթապտուղ։
Տիրանն ու Ավետիսը Կոստանդնուպոլիս էին շտապում։
Փափազյանն ասաց, որ եղբայրն իրեն էր սպասում մեքենաները գիշերվա ընթացքում մյուս ափ տեղափոխելու համար։ Վարդանը, որը Հակոբի հետ պետք է մնար պատանդին հսկելու համար, ուղեկցեց ընկերներին մինչև դարպաս և շնորհակալություն հայտնեց օգնության համար։
— Առանց փոխօգնության հայերը ոչ մի հույս չեն կարող ունենալ որևէ բանի հասնելու,— պատասխանեց Փափազյանը նրա ձեռքը սեղմելով։
— Ծառայություն՝ ծառայության դիմաց,— ասաց Վարդանը։
— Դու չե՞ս ուզի, որ ես քեզ հետ մնամ,— հարցրեց Արամը, որի համար այդ օրը որպես զվարճանք էր անցել։— Դու տեսա՞ր, որ ես կարող եմ ինձ տղամարդու պես պահել։
Վարդանը թփթփացրեց նրա ուսին.
— Ճիշտ է։ Բայց գնա հանգստանալու, դու դա վաստակել ես։
Տիրանը շատ գոհ էր.
— Գործը գլուխ եկավ։ Մարոն շուտով մեզ հետ կլինի,— ասաց նա իր քեռորդուն, որը բանալիով փակում էր դարպասը։
Երբ Վարդանը տուն վերադարձավ, Հակոբը ապուրի երկրորդ ափսեն էր ուտում։
— Ես քեզ չսպասեցի, որովհետև կարող էի սովից ուշաթափվել,— արդարացավ նա հորանջելով։
Նա զննում էր հյուրասենյակի բազմոցը, որի վրա պետք է քներ, և ավելացրեց.
— Քեզ կարող եմ խոստովանել։ Ամբողջ գիշերը աչք չեմ փակել։ Հուզմունքից։
Վարդանը խոստովանեց, որ ինքն էլ չէր քնել։ Երբ նա ասաց, ուր ուզում էր ուտելիք և ջուր տանել բանտարկյալին, Րաֆֆին պնդեց, որ Վարդանը նախ ուտեր։
— Ձեր գավառապետը թող մի քիչ սպասի։ Դա նրան ավեփ զիջող կդարձնի։
Վարդանը նստեց սեղանի մոտ։ Րաֆֆին մի աման ճաշ տվեց և նստեց նրա դիմաց մի բաժակ կոնյակով։ Հակոբն իր ճաշը կերավ ու գնաց հյուրասենյակ բազմոցին պառկելու։ Պահակը նայում էր Վարդանին և լեզվով շոշավտւմ էր ներքևի ատամնաշարի երեք ոսկյա ատամները։
— Րաֆֆի... Մենք միասին չե՞նք աշխատել ժամանակին։
— Այո,—— պատասխանեց պահակը, ուրախանալով, որ հյուրն իրեն հիշեց։
— Դուք հետևում էիք կարգ ու կանոնին ժողովների ժամանակ։
— Ճիշտ է։ Իսկ դուք, պարոն Պալյան, հոյակապ ճառեր էիք արտասանում։
Րաֆֆին մռայլ դեմքով դատարկեց բաժակն ու ասաց.
— Տեսա՛ք, թե դա մեզ ինչ օրը գցեց։ Այդ անիմաստ աշխատանքը...
— Ի՞նչ իմանայինք, պարոն Րաֆֆի։ Իրավիճակը գուցե վատթար լիներ, եթե 1908 թ. ոչինչ չանեինք։
Պահակը դարձյալ լեզուն անցկացրեց իր ոսկյա ատամների վրայով և համաձայնեց։
Հյուրասենյակից խռմփոց էր լսվում։
— Ես կհետևեմ նրա օրինակին,— ասաց պահակը,— քանի որ արթնանում եմ աքաղաղների կանչի հետ։
Երկրորդ հարկ բարձրանալուց առաջ նա Վարդանին ցույց տվեց նրա համար նախապատրաստած սենյակը, որը գտնվում էր նկուղ տանող դռան մոտ։ Վարդանը սկուտեղի վրա ուտելիք դրեց և իջավ բանտարկյալի մոտ։ Ռըզա բեյը, որը պառկել էր, ոտքի կանգնեց, լսելով բանալու ձայնը։ Վարդանը մոմը դրեց սեղանին։ Ռըզա բեյը վերցրեց սկուտեղը և, նստելով ներքնակի վրա, այն տեղավորեց ծնկներին և հաճույքով նայեց ուտելիքին։ Նա հատկապես զգացվեց, տեսնելով մեկ բաժակ կոնյակը։ Վարդանը հենվեց պատին և գլանակ փաթաթեց, որը մոմից վառեց։ Ռըզան բաժակը բարձրացրեց Վարդանի ուղղությամբ որպես լուռ կենաց։
Վարդանը նայում էր ախորժակով ուտող Ռըզա բեյին։ Նա հետին պլան էր մղել Թովմասի անհայտանալու վիշտը։ Այս պահին կարևոր էր ավարտել իր ձեռնարկածը և կարգավորել Մարոյի ազատագրության հարցը։ Նա հետին պլան էր մղել նաև այն զգացմունքները, որ իրեն կարող էր ներշնչել այդ մարդը՝ իր պատանդը։ Նա ջանում էր անտարբեր մնալ այն մարդու հանդեպ, որը եղել էր իր կնոջ սիրեկանը։
— Ձեր կյանքը Մարոյի ազատության դիմաց,— ասաց նա վճռականորեն, երբ բանտարկյալը սկուտեղը գետնին դրեց։
Այդ տոնը Ռըզային դուր չեկավ, քանի որ նա սովոր չէր, որ իրեն վերջնագրեր ներկայացնեին։ Որքան հպարտությունից դրդված, այնքան էլ հաշվենկատությունից ելնելով, նա պատասխանեց շատ ակնարկներ պարունակող ձայնով.
— Ինչո՞ւ եք այդքան վստահ, որ Մարոն ուզում է հեռանալ իմ տնից ձեզ միանալու համար։ Նա իմ տանն այնպիսի կյանք է վարում, որի նմանը դուք նրան չեք կարող ապահովել։
— Օ՜,— փռթկաց Վարդանը, որին այդ խոսքերր վիրավորեցին։— Բանտարկություն ոսկյա վանդակում և դուք դա կյա՞նք եք անվանում։
— Ապահովություն, բարեկեցություն, անհոգ կյանք, ծառաներ... Էլ ի՞նչ կարող է ցանկանալ կինը։
— Ազատություն, ինքնուրույնություն։ Ես բավականաչափ լավ եմ ճանաչում Մարոյին իմանալու համար, որ նա շնչահեղձ է լինում չարսավի տակ և որ նա մահացու ձանձրանում է ձեր հարեմում։
Վերջին խոսքերը Վարդանը գիտակցաբար արհամարհական տոնով արտասանեց։ Ռըզա բեյը լարվեց, սակայն պահպանեց հանգստությունը։ Յուրաքանչյուրը փորձում էր սասանել մյուսի հանդարտությունը։
— Նա փոխվել է այս չորս տարիների ընթացքում։ Դա այլևս այն կինը չէ, որին դուք ճանաչում էիք։
— Չեմ հավատում։
— Առանց ձեզ մոռանալու նա սովորել էր ապրել առանց ձեզ, ինչպես կրկին ամուսնացած այրին։
— Դա նրան նման չէ։ Մարոն այլ մշակույթի ներկայացուցիչ է, նա եվրոպական դաստիարակություն է ստացել։ Ինչպե՞ս կարող եք դուք նրան հասկանալ։
Ռըզա բեյը վրդովվեց.
— Ես սովորել եմ Եվրոպայում։
Գոհ մնալով, որ դիմացինը խաղի մեջ է ներգրավվում, Վարդանը ժպտաց։ Վստահ լինելով իր ուժերին, նա հայտարարեց.
— Մարոն պետք է վճիռ կայացնի։ Եթե նա գերադասի մնալ Այնթապում, ես կընդունեմ նրա որոշումը։
Ռըզայի դեմքը մռայլվեց, և Վարդանը հասկացավ, որ գավառապետը գիտեր Մարոյի պատասխանը։ Ռըզա բեյը ներքուստ ընդունեց իր պարտությունը։ Ինքը միջոցներ կգտներ ձախողելու Վարդանի ծրագրերը։ Ամեն դեպքում նա համաձայն էր կորցնել Մարոյին, եթե դրա դիմաց ստիպված չլիներ փախչել երկրից, ինչպես արել էին Իթթիհատի նախկին ղեկավարները։ Դրա դիմաց նա պատրաստ էր ցանկացած զիջման։ Կարևոր էր նախ համոզել իր բանտապանին իր բարի կամքի մեջ։
— Համաձայն եմ։ Ի՞նչ ձևով եք դուք մտադիր իրականացնել փոխանակումը։
— Ձեր տանը կա՞ այնպիսի մարդ, որը կազատեր Մարոյին պարզապես ձեզնից հեռագիր ստանալով, որևէ մեկը, որը կիմանար, որ հրահանգը ձեզնից է գալիս, հեռագրի մեջ գտնելով այնպիսի բառեր, որոնց մասին գիտեք միայն դուք երկուսդ։
— Իմ մայրը։
— Դուք պետք է հատկապես նշեք, որ ոստիկանությունը չպետք է տեղյակ լինի գործին։
Ռըզան ծամածռվեց.
— Գրաքննությունը դեռևս վերացված չէ։ Իշխանությունները կտեղեկանան հեռագրի բովանդակությանը։
— Ես գիտեմ։ Բրիտանացիները ձեզ կարծես թե գնահատում են։ Համոզված եմ, որ ձեր կյանքը փրկելու համար նրանք կհամաձայնեն հեռագիրը կոդով ուղարկել Այնթապ և վերծանած օրինակը հանձնել ձեր մորը։
— Անկասկած։ Ամեն դեպքում չէի ուզենա չափից դուրս պարտական լինել անգլիացիներին։ Կգերադասեի, որպեսզի այս գործը կարգավորվեր մեր երկուսի միջև։
— Ես նույնպես։
— Ինչպե՞ս անենք։
Վարդանը ձևացավ, թե մտածում է, հետո ասաց.
— Ձեր ընտանիքից որևէ մեկը կուղեկցի իմ կնոջը այստեղ և ինձ կհանձնի նրան ձեր ազատության դիմաց։
Ռըզա բեյը գլխով արեց։ Վարդանն ավելացրեց.
— Գիտեմ, որ ոստիկանությունը զգաստ կլինի, և ես կձեռնարկեմ ապահովության բոլոր միջոցները։ Ձեր ապահովության համար ավելի լավ կլինի, եթե չփորձեք որևէ բան ձեռնարկել։
— Պարոն Պալյան,— բացականչեց Ռըզա բեյը լուրջ տոնով և ձեռքը սրտին դնելով,— ես երբեք չեմ անի այնպիսի բան, որը կվտանգեր Մարոյի կյանքը։ Ես նրան շատ եմ սիրում։ Կարծելով, որ նա այրի էր, ցանկանում էի նրա հետ ամուսնանալ, սակայն նա մերժեց իմ առաջարկը և ես հարգեցի նրա վճիռը։
Համոզված, որ Ռըզան ճշմարտությունն էր ասում, Վարդանը նրան ընդհատեց ձեռքի շարժումով։ Նա գերադասում էր փոխել խոսակցության նյութը.
— Ի՞նչ պետք է գրեմ այդ հեռագրում, որպեսզի ձեր մայրն իմանա, որ այն ձեզնից է։
— Ստորագրեք. «Ռըզա՝ այգաբացի ձեր գառնուկը»։ Նա ինձ այդպես էր անվանում երեխա ժամանակ։
Օրվա բուռն իրադարձություններից ու հուզմունքից Ռըզան շատ էր հոգնել, սակայն իրեն ապահով էր զգում։ Նա կարող էր չվախենալ այս մարդուց, որը կռացել էր սկուտեղը վերցնելու։ Եթե ինքը շարունակեր զգուշությամբ խաղը տանել, ապա ինքն անվնաս դուրս կգար այս պատմությունից։
— Պարոն Պալյան, ես ուզում եմ ձեզ գործարք առաջարկել։
— Գործա՜րք,— զարմացավ Վարդանը։– Դու մի տե՛ս։
— Չե՞ք վախենում, որ ոստիկանությունը ձեզ կարող է հետապնդել իմ ազատագրումից հետո։ Դուք և ձեր կինը հանգիստ չեք ունենա Ստամբուլում։
— Դա իմ հոգսն է։
Այդ պատասխանի սառնությունից թևաթափ չլինելով, Ռըզա բեյը շարունակեց.
— Վախենում եմ, որ ինձնից կպահանջեն ներկայանալ Պատերազմի հանցագործների հանձնաժողով։ Ես ոչինչ չունեմ ինձ հանդիմանելու, սակայն հաճելի չէ հայտնվել մեղադրյալի նստարանի վրա նույնիսկ այն դեպքում, եթե արդարացվելու ես, ինչպես կլինի իմ դեպքում։ Իմ համբավը կարատավորվի այդ կասկածից։
— Ես պետք է այնպես անեմ, որպեսզի ձեր գործը չհանձնվի Հանձնաժողովին, իսկ դուք էլ, այդ դեպքում, իմ դեմ բողոք չեք ներկայացնի ոստիկանությանը։ Դուք դա՞ եք առաջարկում։
Ռըզա բեյը ժպտաց.
— Դուք արագ եք հասկանում, պարոն Պալյան։ Ծխախոտ կտա՞ք։
Վարդանը նրան տվեց ծխախոտի տուփը և թղթի գրքույկը։
— Ո՞վ է ձեզ ասել, որ ես նման իշխանություն ունեմ հնարավոր դատավորների վրա։
— Եթե դուք՝ հռչակ ունեցող հայ մարդ, պաշտպանեք ինձ և հաստատեք, որ ունեք իմ անմեղության ապացույցները, ապա ո՞վ կհամարձակվի ինձ դատապարտել։
Վարդանը մտածեց այդ առաջարկության մասին և շշնջաց.
— Իսկ եթե ինձնից այդ ապացույցները պահանջե՞ն։
— Ես դրանք կտրամադրեմ առանց վարանելու։ Դրանք գոյություն ունեն։ Ես չեմ հոխորտում։
Առաջարկությունը գրավիչ էր, քանի որ գավառապետի հանցանքի հանդեպ նվազագույն կասկածի դեպքում Հանձնաժողովը նրան կարդարացներ։
— Դուք ինձ պետք է անհապաղ տաք ձեր բարի կամքի վկայությունը՝ բրիտանական դեսպանատանն ուղղված՝ մի նամակ, ուր կխնդրեք անգլիացիներին համագործակցել ինձ հետ, և տեղեկացնել օսմանյան կառավարությանը, որ իրենք կզբաղվեն ձեր ազատագրության հարցով։
— Թուղթ ու գրիչ։ Դա մի քանի րոպեի գործ է։
Վարդանը սկուտեղը բարձրացրեց առաջին հարկ և պահարանի դարակներից մեկում գրելու պարագաներ գտավ։ Ռըզա բեյը ծխախոտը հանգցրեց խոնավ գետնին և սկսեց գրել բրիտանական դեսպանատան քարտուղարին հասցեագրված փաստաթուղթը։
— Դուք այդքան սիրո՞ւմ եք կյանքը,— հարցրեց Վարդանը՝ հեգնական երանգ տալով ձայնին։
— Այո, և ես դրանից չեմ ամաչում,— պատասխանեց Ռըզա բեյը առանց աչքը կտրելու թղթից։— Ես երեք կին ունեմ և տասը զավակ, որոշակի կարողություն և առողջություն։ Ես վաստակել եմ երկար և երջանիկ ապրելու իրավունքը։
Նամակը Վարդանին հանձնելուց հետո Ռըզան ասաց.
— Մենք թշնամիներ չենք, պարոն Պալյան։ Ես, ինչպես և դուք, շահագրգռված եմ, որպեսզի այս պատմությունը արագ ու անխափան կարգավորվի։
— Ձեր կյանքը, այո՞։
— Դա և այլ բան։
Վարդանը կասկածեց, որ այդ «այլ բանը» կապ ուներ Մարոյի հետ և, գուցե, այն վշտի հետ, որ զգում էր գավառապետը նրան կորցնելու մտքից։ Առանց ավելորդ խոսքերի Վարդանը նրան տվեց բրդյա վերմակը, որր բերել էր թղթի և թանաքի հետ, ու փակեց դուռը։ Մենակ մնալով՝ նա նորից հիշեց Թովմասին և կրկին զգաց հոր տառապանքը։
Հենց հաջորդ օրր Կոստանդնուպոլսի թերթերը գրեցին Այնթապի գավառապետի առևանգման մասին։ Իրեն Կոստանդնուպոլիս տանող նավում Վարդանն իր հարևանի ուսի վրայից կարդաց այն մանրամասները, որ հաղորդում էր թերթը, այսինքն գրեթե ոչինչ։ Լրագրողը քննարկում էր այն պատճառները, որոնք դրդել էին անհատ առևանգողներին այդպես գործելու, և առաջ էր քաշում երկու հնարավոր բացատրություն, դրանք կամ կառավարությանն ընդդիմադիր ուժերն էին, որոնց դրդապատճառները քաղաքական էին, կամ էլ պարզապես ավազակներ էին, որոնք հույս ունեին փրկագին ստանալու։
Տիրանը տանը չէր, սակայն Վարդանին նամակ էր թողել։ Բրիտանական դեսպանատան քարտուղարը ուզում էր շտապ տեսնել Վարդանին։ Հագուստը փոխելուց և սափրվելուց հետո նա գնաց բրիտանական դեսպանատուն, ուր Դևիդ Պուտնամն անմիջապես իրեն ընդունեց իր գրասենյակում։ Այնտեղ էր արդեն բրդյա կոստյումով մի մարդ։ Նա ծխամորճ էր ծխում և մի կողմ էր քաշվել, կարծես աննկատ մնալու համար։
Դևիդ Պուտնամը, որն ակնհայտորեն նյարդայնացած էր, նրանց միմյանց ներկայացրեց.
— Պարոն Վարդան Պալյան։ Պարոն Գրեգորի Միլտոն։
Միլտոնը գլխով արեց, իսկ Վարդանն ասաց.
— Շատ հաճելի է, պարոն Միլտոն։ Հետախուզական ծառայությո՞ւն, եթե չեմ սխալվում։
Միլտոնը հանդարտորեն գլխով արեց։ Քարտուղարը առանց Վարդանին նստել առաջարկելու մատը վրան տնկեց.
— Ռըզա բեյի առևանգումը ձե՞ր գործն է։
Քարտուղարի վրդովված տեսքը զվարճացնում էր Վարդանին։
— Ինչո՞ւ եք այդպես մտածում, պարոն Պուտնամ։
— Դուք միակ մարդն եք, որին դա կարող է օգուտ բերել։ Դե խոստովանեք, որ ձեր գործն է։
— Գուցե և...
Պուտնամը աչքերը երկնքին հառեց և ձեռքերն իրար խփեց.
— Ինչո՞ւ չսպասեցիք, որ ձեր կինը վերադարձվեր մեր ջանքերով։
Վարդանը թեթևակիորեն ժպտաց.
— Պարոն Պուտնամ, դուք ինձ ասացիք, որ դա մասնավոր գործ է, որը չպետք է խանգարեր ձեր դիվանագիտական ջանքերին։ Ուստի ես վճռեցի այդ հարցը մասնավոր կերպով լուծել։
Քարտուղարը, անհարմար վիճակում հայտնվելով, թաքուն հայացք նետեց Միլտոնի վրա, որը մեքենայաբար լցնում էր ծխամորճը։ Նա հառաչեց.
— Դուք ձեզ շատ վատ վիճակի մեջ եք դրել, պարոն Պալյան։ Եվ մենք մեր կամքին հակառակ դառնում ենք ձեր հանցակիցները։ Իմ պարտքն է ամեն ինչ հայտնել օսմանցիներին։
— Սակայն, իհարկե, դուք դա չեք անի,— ասաց Վարդանը համոզված տոնով։– Խաղի կանոնները և մյուս կողմից ձեր շահը։
— Մեր շա՞հը,— բացականչեց Պուտնամը հեգնանքով։— Ո՞րն է մեր շահը այս պատմության մեջ։
Միլտոնը մոտեցավ և նստեց, մնացած երկուսին նշան անելով հետևել իր օրինակին։ Վարդանը նստեց բազկաթոռին, որը ձվաձև սեղանով բաժանված էր Միլտոնի և Պուտնամի բազկաթոռներից:
— Դուք մեզ վիսկի կհյուրասիրե՞ք, պարոն Պուտնամ,— ասաց Միլտոնը։
Նա մի քիչ խուլ ձայնով էր խոսում և դանդաղ էր արտաբերում բառերը։ Քարտուղարը լարվեց, համարելով, որ իր աշխատակցի խնդրանքը գրեթե որպես հրաման էր հնչում։ Արդեն մի քանի շաբաթ էր, ինչ նրանց միջև իշխանական պայքար էր մղվում, որը սակայն դուրս չէր գափս քաղաքակիրթ ձևերի շրջանակից։
Մինչ քարտուղարը կլցներ բաժակները, Միլտոնը նայեց ուղիդ Վարդանի աչքերի մեջ։
— Իմ գործընկերը ձեզ հարց տվեց, որի պատասխանն ինձ նույնպես հետաքրքրում է։ Ի՞նչ օգուտ կարող ենք մենք քաղել ձեր գործողություններից։
– Ձեր միջամտությունը Բարձր դռան կողմից բարեհաճ ընդունելության կարժանանա։ Դուք կշահեք Ռըզա բեյ գավառապետի երախտագիտությունը և, համապատասխանաբար, նրա կողմից համագործակցության ավելի մեծ պատրաստակամությունը։ Նա համաձայն է ազատ արձակել կնոջս իր ազատության դիմաց և հույս է դնում Բրիտանիայի թագավորի ներկայացուցիչների վրա ձևական կողմը դյուրին դարձնելու համար։
Վարդանը գրպանից հանեց նամակը և մեկնեց Պուտնամին, որը սեղանին դրեց երեք բաժակ վիսկի և մեկ կուժ ջուր։
— Այն գրված է գավառապետի ձեռքով։
Միլտոնը վերցրեց նամակը և, աչքերը կկոցելով, փորձեց վերծանել։ Հետո նա այն տվեց քարտուղարին և ասաց.
— Ճիշտ է։ Ռըզա բեյը մեզ խնդրում է օգնել պարոն Պալյանին։
Իր գործրնկերոջ վարքագծից վիրավորված Պուտնամը շրթունքներն էր կրծում։ Քանի նա կարդում էր, Միլտոնը հարցրեց Վարդանին.
— Իրականում ի՞նչ եք մեզնից սպասում։
— Շատ բան չեմ սպասում, պարոն Միլտոն։ Գավառապետն ու ես վճռել ենք մեր վեճը կարգավորել խաղաղ կերպով, առանց ներքաշելու իշխանություններին։ Ես մի հեռագիր եմ բերել, որը հասցեագրված է Ռըզա բեյի մորը։ Դուք պետք է այն ուղարկեք Այնթապ՝ ձեր մարդկանց, որպեսզի նրանք հեռագիրը հանձնեն այդ տիկնոջը և մեզ բերեն նրա պատասխանը։ Այդ ամենը պետք է կոդավորված լինի, որպեսզի օսմանցիները ոչինչ չկասկածեն։
— Այդքան բա՞ն,— հարցրեց Պուտնամը, որն ուզում էր գործընկերոջ կողմից զավթված նախաձեռնությունն իրեն վերադարձնել։
— Գրեթե։ Դուք պետք է հայտնեք նաև սուլթանի կառավարությանը, որ առևանգողները կապ են հաստատել ձեր դեսպանատան հետ և որ դրանք պարզապես փրկագին պահանջող ավազակներ են։
Քարտուղարը ձեռքով բացասական շարժում արեց.
— Ներքին գործերի նախարարը կցանկանա, և իրավացի կլինի, այդ գործով ինքը զբաղվել։
— Ոչ, եթե դուք ասեք, որ Անգլիան կվճարի փրկագինը, որովհետև նա շահագրգռված է Ռըզա բեյի ազատագրությամբ։ Քանի որ պատերազմը թանկ է նստել, ապա օսմանյան կառավարությունը ձեզ ազատ գործելու հնարավորություն կտա։ Կարևորն այն է, որ նրանք հավատան, որ դա քրեական հանցագործություն է։
Երկու անգլիացիները հարցական հայացք փոխանակեցին։ Միլտոնը հայտարարեց.
— Ազատագրվելով, գավառապետը կբացահայտի իրականությունը։
— Ամենևին, հավատացեք իմ խոսքին։
Քարտուղարը հոնքերը կիտեց.
— Հույս ունեմ, որ դուք նրան չեք վերացնելու։
— Ոչ։ Սակայն Ռըզա բեյը լուռ կմնա, քանի որ խոսքը իր ապագայի մասին է։ Երբ կինս ինձ հետ կլինի, նա կհանձնվի դեսպանատուն։ Այդ ժամանակ դուք կարող եք լրագրողներ հավաքել և այս ամենից մեծ քաղաքական օգուտ քաղել, որը կշարժի ֆրանսիացիների նախանձը։
Դեսպանատան աշխատողների դեմքի արտահայտությունից Վարդանը հասկացավ, որ նրանք իր առաջարկը գրավիչ էին համարում։ Այդուհանդերձ, նրանցից ոչ մեկը չէր հանդգնում համաձայնել և պատասխանատվությունն իր վրա վերցնել։
— Եթե ցանկանում եք այս առաջարկը քննարկել առանց վկաների և խորհրդակցել ձեր գործընկերների հետ, ես կարող եմ հեռանալ։
Դևիդ Պուտնամը թեթևություն զգալով, պատասխանեց.
— Դա իսկապես անհրաժեշտ է։ Սակայն ձեզ նեղություն մի տվեք, պարոն Պալյան, մենք ինքներս դուրս կգանք։ Եթե ցանկանում եք, կարող եք վիսկի խմել։
Նրանք դուրս եկան։ Մոտ քսան րոպե տևած սպասումը չանհանգստացրեց Վարդանին, քանի որ առաջարկը չափից ավեփ շահավետ էր անգլիացիների համար, որպեսզի նրանք մերժեին։
— Մենք համաձայն ենք ձեզ հետ համագործակցելու,— հայտարարեց Դևիդ Պուտնամը՝ մտնելուն պես։– Այդպես չէ՞, պարոն Միլտոն։
Վերջինս համաձայնության նշան արեց և առաջարկեց բաժակ բարձրացնել թագավորի առողջության համար։ Հետո նա վերջապես վառեց իր ծխամորճը։
— Մենք կհամագործակցենք, պարոն Պալյան,— ասաց նա,— սակայն եթե հանկարծ ինչ-որ դժվարություն ծագի, ապա մեր օգնության վրա հույս չդնեք։ Այդ դեպքում մենք ուղղակի կժխտենք, որ տեղյակ ենք եղել։
Վարդանը սպասում էր բրիտանացիների նման դիրքորոշմանը։ Նա գլխով արեց և գրպանից հանեց ծալված մի թերթիկ։
— Ես համաձայն եմ։ Ահա հեռագրի տեքստը։
Ռըզա բեյի առևանգման լուրը Այնթապում շփոթություն առաջացրեց։ Նրա երեք կանայք և նրա ծեր դայակր նույն ձևով արձագանքեցին, ճիչեր, արցունքներ, հուսահատություն։ Մարոն անկեղծորեն տխրել էր։ Երեխաները սկզբում լացեցին, իսկ հետո սկսեցին իրար հարցեր տալ և զարմանալ, որ ինչ-որ մեկը կարող էր իրենց հորը թշնամաբար վերաբերվել։ Այդ նույն հարցերը նրանք մեծերին ուղղեցին, սակայն պատասխան չստացան։ Միայն Բույուկ խանումն էր նորությունն ընդունել անվրդով։ Նա որդու բացակայությամբ ղեկավարում էր տունը և չպետք է իրեն կորցներ՝ վշտին անձնատուր լինելով։ Լուռ տանջվելով՝ նա իր հարսների և թոռների ներկայությամբ լավատեսություն էր ցուցաբերում, որի միակ հիմքը նրա ցանկությունն էր, որպեսզի այդ դժբախտությունը բարենպաստ ձևով հանգուցալուծվեր։ Անհանգստությունից նա չէր կարողանում քնել և ջանում էր ազատվել տագնապից, կրկնելով.
— Ոչինչ, փրկագին են ուզելու և ազատելու են Ռըզա բեյին, հենց որ մենք վճարենք։
Կամ էլ.
— Ոստիկանությունը նրան շուտ կգտնի, և մեղավորները կճոճվեն պարանի ծայրին։ Չէ՞ որ նա գավառապետ է։
Եվ երբ հարսներից կամ թոռներից որևէ մեկը լաց էր լինում նրա ներկայությամբ, նա բարկանում էր և ուղարկում էր նվնվալու իրենց սենյակներում։ Ընտանիքի մնացած անդամների մռայլ դեմքերը չտեսնելու համար Բույուկ խանումը փակվել էր Ռըզայի գրասենյակում, ուր նա իրեն ավեփ մոտ էր զգում որդուն և կարող էր անկաշկանդ տրվել իր վշտին։ Լուսամուտից նա հետևում էր բակին, հույս ունենալով, որ ամեն րոպե կարող էր սուրհանդակ գալ։
Պետրին, որն ապաքինվում էր Աֆիոնում ստացած վերքերից, նստած էր նախասրահում Բույուկ խանումի տրամադրության տակ։
Երեք ամիս առաջ Ռըզա բեյը նրան պատվիրել էր հետևել Մարոյին և խոչընդոտել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու նրա փորձերին, և այդ զբաղմունքը նրան նվաստացնում էր։ Նա համոզված էր, որ եթե ինքն ուղեկցեր իր տիրոջը Կոստանդնուպոլիս, ապա այս ամենը չէր պատահի։
— Պետրի՛,— լսվեց Բույուկ խանումի տիրական ձայնը։
Պետրին մտավ գրասենյակ, ուր շոգ էր շիկացած մանղալի պատճառով։ Նա կարծում էր, որ Բույուկ խանումն ուզում էր, որ ինքը զանգահարեր քաղաքապետարան կամ որևէ գեներալի։ Առավոտից ի վեր ծեր կինը ժամը մեկ կանչում էր Պետրիին և, մատով ցույց տալով Ռըզա բեյի սեկրետերին դրված հեռախոսը, ասում էր.
— Տե՛ս նորություն չունե՞ն։
Այս անգամ կանչելու պատճառն այլ էր։ Լուսամատի մոտ կանգնած կինը ջղային շարժումներով դուրս էր ցույց տալիս.
— Ո՞վ է սա։
Նա ցույց էր տալիս բակ մտնող բրիտանական բանակի համազգեստով մի ձիավորի։ Պետրին ճանաչեց գնդապետ Թոմպսոնին, որը հաճախ էր այցելում գավառապետին։
— Անգլիացիների կապավոր սպան է Այնթապից, Բույուկ խանում։
— Գնա տես, թե ի՞նչ է ուզում,— ասաց նա ձեռքով արագ շարժում անելով։
Պետրին վազեց դեպի մուտքի դուռը։ Բացի մեջքի ցավից, որ նա զգում էր ձախ ձեռքը շարժելիս, նրա վերքերն այլ հետևանքներ չէին թողել։ Անգլիացին իր ձիուն հանձնեց ծառային և միացավ Պետրիին դռան շեմին և կատարյալ թուրքերենով խնդրեց իրեն շտապ տանել Բույուկ խանումի մոտ։
— Նորությունը լա՞վն է, թե վա՞տ։
— Ավելի շուտ՝ լավ,— պատասխանեց լեյտենանտը խուսափողաբար։
Այցելուին ընդունելու համար Բույուկ խանումը դեմքը ծածկեց։ Որդու սեղանի մոտ նստած նա ներքուստ դողում էր, սակայն արտաքուստ շատ հանգիստ էր թվում։ Այդուհանդերձ, նրա ձայնն ավելի սուր էր, քան սովորաբար։
— Այստեղ մնա,— հրամայեց նա Պետրիին, որն ուզում էր գնալ։
Վստահության այդ նշանը հուզեց Պետրիին, և նա կանգնեց ծեր կնոջ կողքին, մի քիչ հետ քաշված։
— Հարգանքներս, խանում,— ասաց լեյտենանտը, գլուխը խոնարհելով։
Սենյակում չափից ավեփ շոգ էր, և նրա ճակատին քրտնքի կաթիլներ հայտնվեցին։ Առանց տուրք տալու ձևականություններին, Բույուկ խանումն ասաց.
— Խոսե՛ք, արա՛գ, պարոն։
— Ձեր որդի գավառապետը կարծես թե լավ է,— պատասխանեց լեյտենանտ Թոմպսոնը իր համազգեստի գրպանից ծրար հանելով։ Ձեզ հեռագիր է ուղարկել։
Պետրին վերցրեց ծրարը և տվեց ծեր կնոջը։ Նա այն բացեց սադափե կոթով թուղթկտրիչով և հարցրեց.
— Ինչո՞ւ է հեռագիրն ինձ հասել ձեր միջոցով։
— Առևանգողները կապ են հաստատել Կոստանդնուպոլսի մեր դեսպանատան հետ։
Բույուկ խանումը նախ նայեց ստորագրությանը։ Ստորագրություն չկար, իսկ ձեռագիրն իր որդունը չէր, սակայն վերջին ողջույնը՝ «այգաբացի ձեր գառնուկ», միայն Ռըզան կարող էր թելադրել։ Լեյտենանտ Թոմպսոնը նայեց ծեր կնոջը, որը հեռացնում և մոտեցնում էր թերթիկը աչքերի համար հարմար հեռավորություն ընտրելու համար։ Կարդալու ընթացքում նրա աչքերը չար արտահայտություն ստացան, և նա հասկացավ, որ ինքը պետք է որ շատ գունատ լիներ իր քողի տակ։
— Այդ կի՛նը, այդ կի՛նը,— բացականչեց նա բարակ ձայնով, ձեռքը սեղանին խփելով։— Հենց որ նրան տեսա, հասկացա, որ նա դժբախտություն է բերելու։
Պետրին չէր կարողանում զսպել հետաքրքրասիրությունը, սակայն չէր համարձակվում հարցեր տալ և նայում էր Թոմպսոնին, որը պահպանում էր սառնասրտությունը։ Բույուկ խանումի աշխույժ աչքերը դիմացը դրված նամակից անցնում էին անգլիացի լեյտենանտի վրա։ Նրա շնչառությունն արագ էր ու աղմկոտ, և նա հազիվ էր զսպում վրդովմունքը։ Նա մտածելու բան չուներ, քանի որ Ռըզա բեյի հրամանները շատ հստակ էին, սակայն նա պատասխանի համար ուզում էր ձևակերպում գտնել, որը կխնայեր նրա ինքնասիրությունը։ ժամանակ շահելու համար նա հրամայեց Պետրիին.
— Կարդա՛։
Վերջապես ինքը կիմանար, թե ինչ էր պատահել։ Նա արագ կարդաց նամակը, կարմրեց, երկրորդ անգամ կարդաց և դրեց գրասեղանին։ Կատաղությունից նա սեղմեց ծնոտներն ու ատամները կրճտացրեց։ Պալյա՜ն։ Դա կարող էր միայն նա լինել։ Նորից նա։
— Թույլ տվեք, ես այնտեղ գնամ, Բույուկ խանում։ Ես Ռըզա բեյին կբերեմ։
Առանց իրեն նեղություն տալու Պետրիին պատասխանելու, նա նայեց անգլիացի սպային և հարցրեց.
— Ե՞րբ է հաջորդ գնացքը Ստամբուլ մեկնում։
— Երկու օրից, խանում։
Նա գլխով արեց։ Թոմպսոնը շարունակեց.
— Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դուք ընդունում եք պայմանները, խանում։ Ես պետք է պատասխան ուղարկեմ Կոստանդնուպոլիս։
— Մենք ընտրություն չունենք։ Պետրին կուղեկցի կնոջը։
Իր բավարարությունը վատ թաքցնելով, Պետրին հարցրեց անգլիացուն։
— Ի՞նչ է այդ «Թոքաթլյանը», որ հիշատակվում է նամակում։
— Հյուրանոց է մայրաքաղաքում։ Դուք այնտեղ կիջևանեք և կսպասեք, որ առևանգողները ձեզ տեղեկացնեն, թե որտեղ է տեղի ունենալու փոխանակումը։
— Ես կարդալ գիտեմ,— կտրուկ տոնով ասաց Պետրին։
Բույուկ խանումը հարցրեց.
— Լեյտենանտ, ո՞վ գիտի այս նամակի բովանդակության մասին։
— Միայն բրիտանական դիվանագետները։ Մենք գործում ենք որպես միջնորդներ, որովհետև հարգում ենք Ռըզա բեյին և ցանկանում ենք հնարավորինս շուտ նրան ազատագրված տեսնել։
— Շնորհակալություն,— ասաց նա իրեն ստիպելով քաղաքավարի լինել,— մենք գնահատում ենք ձեր օգնությունը։ Իմ որդին հրամայում է, որ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ իշխանությունները տեղեկացված չլինեն։ Ուրեմն պետք է այդպես էլ վարվել։
— Լռությունը մեր մասնագիտության մասն է կազմում, խանում։
Բույուկ խանումը փնթփնթաց հազիվ լսելի ձայնով.
— Չէի ուզենա, որ իմանային, որ այս ամենը տեղի է ունեցել անհավատ կնոջ պատճառով։
Լեյտենանտը զսպեց ժպտալու իր ցանկությունը։
— Պաշտոնական վարկածը կլինի՝ առևանգում փրկագին ստանալու համար։
Նա հրաժարվեց Բույուկ խանումի զուտ քաղաքավարությունից առաջարկած սուրճից, պատճառաբանելով, որ հանդիպում ուներ, և շտապեց դուրս, քանի որ սենյակի շոգից լրիվ քրտնել էր։
Երբ Բույուկ խանումը մենակ մնաց Պետրիի հետ, նրան հանձնարարականներ տվեց.
— Ոչ մեկին ոչ մի խոսք։ Ես կհանգստացնեմ Ռըզա բեյի կանանց և երեխաներին առանց ճշմարտությունն ասելու։ Ուզում եմ, որ Մարոն ոչինչ չիմանա մինչև մեկնելու պահը։
— Ամեն ինչ ձեր ասածով կլինի, Բույուկ խանում։
— Պետրի,— ասաց նա բարեկամաբար, ինչպես երբեք չէր խոսել նրա հետ,— դու Ռըզա բեյին շատ վաղուցվանից ես ծառայում, գրեթե նրա ընկերն ես։ Կատարիր այս հանձնարարականները տառացիորեն։ Ես հավատում եմ քեզ։
Ձեռքը սրտին դնելով՝ Պետրին խորը խոնարհվեց.
— Ձեր ցանկությունը հրաման է ինձ համար, Բույուկ խանում։
Ծեր կինը հետ ընկավ բազմոցի թիկնակին և խորը հոգոց հանեց։ Պետրին անձայն հեռացավ։
Սաֆիյեն, Մակբուլեն, Լեյլան ու Էմինեն, չկարողանալով մենակ մնալ իրենց սենյակներում, հավաքվել էին հյուրասենյակում, ուր ժամանակին Մարոն դասավանդում էր երեխաներին։ Այն պահից, որ Ռըզա բեյի մոտալուտ վերադարձի հույսը փոխարինելու էր եկել նրա առևանգման բոթին, նրանք սպասումն անվերջանալի էին համարում, և ոչ մի զբաղմունք չէր սփոփում նրանց անհամբերությունը։ Նրանք, իրար ընդհատելով, քննարկել էին Բույուկ խանումի հաղորդած սուղ տեղեկությունները, բազմիցս շեշտել էին իրենց համակած վախն ու ցավը առևանգման լուրը ստանալու պահին և այն թեթևությունն ու ուրախությունը, որ ապրում էին այժմ։ Լռությունը նրանց համար անտանելի էր։ Հիմա նրանցից յուրաքանչյուրը դրվագներ էր հիշում Ռըզայի հետ իրենց կյանքից, կրկնում էր նրա ասած բարի խոսքերը, ակնարկներով ընդգծում էր իր մտերմությունը իրենց բոլորի ամուսնու հետ։ Ինչ վերաբերում է Էմինեին, ապա նա հիշում էր Ռըզա բեյի մանկությունը, կրկնում էր այն ծիծաղելի պատմությունները, որ բոլորն անգիր գիտեին, սակայն նորից էին լսում հիացմունքով։
Մարոն նրանց անուշադիր էր լսում։ Նա հիշում էր հանդիպումը նրա հետ քարանձավի մոտ, ուր մահանում էր իր մայրը։ Դա այնքան վաղուց էր։ Նա այս կալվածքում այնքան վաղուց էր ապրում, որ Ռըզային նախորդող իր անցյալը այնքան անիրական, այնքան աղոտ էր թվում, կարծես երազ լիներ, որն անհայտանում է արթնանալուն պես։ Այն կի՞նն էր ինքն արդյոք, որն ամուսնացել էր Աֆիոնում, ապրել էր դեղագործի հետ Կոստանդնուպոլսում, նրանից երեխա էր ունեցել Սվասում։ Իմացե՞լ էր արդյոք ինքն այլ բան, քան աշխարհից կտրված փափկասուն, կիսավանական այս կյանքն այլ կանանց ընկերակցությամբ, որոնք իր քույրերն էին դարձել։
— Անե՜, նայի՛ր։
Նուրհանը վագում էր նրա մոտ, որպեսզի ցույց տար իր գծագրած տառերը։ Աչքերը բարձրացնելով՝ նա ցնցվեց։ Մի պահ նրան թվաց, որ ինքը Թովմասին էր տեսնում, և նրա անցած կյանքի հիշողությունը ցավագին կերպով վերադարձավ։ Եվ այժմ ներկան էր անիրական թվում։
— Անե՞,— ասաց երեխան, որը թափահարում էր թերթիկները մոր չտեսնող հայացքի առջև։
Մարոն նորից ցնցվեց և ժպտաց՝ ուսումնասիրելով որդու նկարը։ Նուրհանն ընդամենը երկուս ու կես տարեկան էր, սակայն արդեն կարողանում էր վերարտադրել պատերին գրված Ղուրանի սուրահները և պարսկական խալիների բարդ նախշերը։ Էմինեն ասում էր, որ նա բնատուր տաղանդ ուներ։
— Շատ լավ է, թանկագինս,— ասաց Մարոն և կռացավ նրան համբուրելու։
Երեխան գնաց, նորից տեղավորվեց գետնին և վերցրեց մատիտները։ Պահեր կային, երբ Նուրհանը զարմանալի կերպով նման էր լինում Թովմասին։ Գուցե Մարոյին դա թվո՞ւմ էր, քանի որ բոլորը միաբերան ասում էին, որ նա Ռըզա բեյի պատճենն էր։ Թովմասի կորստյան բաց վերքը դարձյալ մի քիչ տանջեց Մարոյին։ Մարոն հույսը չէր կորցնում և նրան խրախուսում էր էմինեն, որը սուրճի բաժակում տեսնում էր, որ Թովմասն առողջ էր։ Մարոն ինքն իրեն ասում էր, որ պատերազմն ավարտվելուց հետո ավելի հեշտ կլիներ գտնել ավագ որդուն։ Նա կուզեր շրջել շրջանով մեկ և փնտրել նրան, գոնե կապվել միսիոներների և հաղթանակած բանակների հետ, որպեսզի նրանք փորձեին իմանալ նրա գտնվելու վայրը, սակայն Ռըզա բեյը նրան արգելում էր դա անել և ինքն էր ձեռնարկում բոլոր քայլերը, քանի որ, ինչպես ինքն էր ասում, իր պաշտոնը հեշտացնում էր գործը։
Հրադադարից հետո Մարոն պակաս ազատ էր, քանի որ անընդհատ գտնվում էր ատելի Պետրիի հսկողության տակ։ Երեք ամսվա ընթացքում նա ոչ մի անգամ դուրս չէր եկել կալվածքից։ Այն պատրվակով, որ հաղթանակող բանակը խառնակ իրավիճակ էր ստեղծել շրջանում, Ռըզա բեյը թույլ չէր տալիս տան կանանց բաղնիք հաճախել։ Մարոն կասկածում էր, որ դա արվում էր, որպեսզի ինքը քաղաք չգնար։
Շատ մոտ ամպերը գոռացին։ Նուրհանը թողեց իր նկարը, վազեց Մարոյի մոտ և դեմքը թաքցրեց նրա փեշի մեջ։ Մարոն գրկեց երեխային և գլուխը քնքշորեն շոյեց.
— Մի վախեցիր, թանկագինս,— շշնջաց նա երեխայի ականջին։— Ես այստեղ եմ և քեզ կպաշտպանեմ։
Հենց որ մայրը նրան գրկեց, Նուրհանը դադարեց դողալ։ Լեյլան հեգնական տոնով ասաց.
— Մեծ տղա ես, իսկ աղմուկից վախենում ես։ Նայիր Աթիլլային, նա վախկոտ չէ։
Վիրավորված Մարոն ուզեց պատասխանել, որ տասնհինգ ամսական Աթիլլան դեռևս կրծքից չէր կտրվել, սակայն չուզեց Լեյլային հնարավորություն տալ իր թույնը թափելու։ Հատկապես, որ երրորդ կնոջ գիրուկ երեխան, որին վերջինս խանդաղատությամբ էր վերաբերվում, դեռևս չէր քայլում և մի քիչ թերհաս էր թվում։
— Պիրի խոջայի դասը պետք է որ ավարտվի և երեխաները շուտով կգան մզկիթից,— հայտարարեց Սաֆիյեն, որը վախենում էր վիճաբանությունից։
Նա լուսամատից դուրս նայեց, ուր փայլեց կայծակը։ Դրան հետևեց որոտը։
— Այս փոթորիկից հետո վերջապես արև դուրս կգա,— ավելացրեց նա։
Արդեն մեկ շաբաթ էր, ինչ հորդառատ և սառը անձրև էր տեղում և առաջին կինը կարոտել էր իր զբոսանքներն այգում։ էմինեն ձեռքը տարավ զգեստի գրպանը և այնտեղից համայիլ հանեց, լաթե եռանկյունի էր, որի մեջ թղթի վրա գրված հատվածներ կային Ղուրանից.
— Սա մեզ կպահպանի վտանգից։
— Դու էլ, քո նախապաշարմունքներով,— ասաց Մակբուլեն արմավը բերանը տանելուց առաջ։
— Փաստ է, որ իմ համայիլները բոլորին պաշտպանել են տիֆից։
Դուռը բացվեց, և մի աղախին հայտարարեց.
— Մարո խանում, տիկինը կանչում է ձեզ։
Մարոն վեր կացավ։
— Ո՞ւր ես գնում, մայրիկ,— հարցրեց Նուրհանը։
— Տատիկի մոտ,— ասաց Մարոն նրա մազերը խառնելով։— Ես երկար չեմ բացակայի։ Մնա Էմինեի հետ։
Նա հետևեց աղախնին մինչև մուտքի նախասրահը։ Բույուկ խանումը կանգնած էր Պետրիի հետ, որի հագին անձրևանոց կար։
— Դուք ինձ կանչե՞լ եք, Բույուկ խանում։
Ծեր կինը կկոցեց աչքերը և ասաց չոր ձայնով.
— Դու գնում ես։
— Ներեցե՞ք,— հարցրեց Մարոն, չհասկանալով։
— Դու հենց հիմա հեռանում ես այստեղից։
Մարոն զարմացած էր։
- Բայց...
— Ամեն ինչ ասված է,— հատեց Բույուկ խանումը թունոտ տոնով։
— Դու գնում ես Կոստանդնուպոլիս ամուսնուդ մոտ։ Նա է, շան որդին, առևանգել Ռըզային։
Ապշած Մարոն չէր կարողանում ընկալել իր լսածի նշանակությունը։ Բույուկ խանումը նշան արեց Այլային, որը կանգնած էր ճաշասենյակի դռան մեջ։ Երեք տարի շարունակ Մարոյին ծառայող հայուհին, որը նրան որպես մայր էր ընկալում, լալիս էր։ Նրա ձախ ձեռքին ծալված մի վերարկու կար, իսկ աջ ձեռքում պաստառից ճամպրուկ ուներ, ուր նա տեղավորել էր Մարոյի հագուստն ու անձնական իրերը։
Իրերը տեսնելով՝ Մարոն սթափվեց։
— Նուրհան,— բացականչեց նա ձեռքերը մեկնելով դեպի դասասենյակը։
— Նա այստեղ է մնում,— պատասխանեց Բույուկ խանումը։— Նա Ռըզայի որդին է։
— Դա ի՛մ երեխան է։ Ի՛մն է։
— Հերի՛ք է։
— Ես առանց նրա չեմ գնա,— ընդդիմացավ Մարոն։
Նա ցանկացավ վերադառնալ Նուրհանի մոտ, սակայն Պետրին փակեց ճանապարհը՝ սպառնալով նրան բարձրացրած ձեռքով։ Նա ոռնաց.
— Հանգի՛ստ, մենք գնում ենք։
Մարոն շրջվեց դեպի Բույուկ խանումը և ծնկի իջավ, աղերսելով.
— Բույուկ խանո՜ւմ։ Բույուկ խանո՜ւմ։ Դուք չեք կարող այդպես վարվել։ Դուք մայր եք և պետք է ինձ հասկանաք։ Դուք չեք կարող ինձ գրկել Նուրհանից։ Ես արդեն կորցրել եմ Թովմասին։
Նա զուր փորձեց բռնել նրա ձեռքը։ Ռըզա բեյի մայրը զզվանքով հեռացավ այդ աղերսող կնոջից և ասաց Պետրիին.
— Դո՛ւրս տար նրան այստեղից։
Պետրին բռնեց Մարոյի մեջքից։ Մարոն փորձում էր ազատվել, հարվածեց նրան և սարսափած բղավեց.
— Նուրհա՜ն։ Նուրհա՜ն։
Պետրին գետնից պոկեց և տարավ բղավող կնոջը։ Բույուկ խանումը գնաց այն սենյակը, ուր գտնվում էին հարսները, որպեսզի թույլ չտար նրանց միջամտելու և որպեսզի Նուրհանն իր աչքի առաջ լիներ։
— Իրերը բեր,– հրամայեց Պետրին աղախնին, երբ դուրս էր գալիս։
Նա հազիվ էր Մարոյին պահում։ Երբ Պետրին Մարոյին տանում էր դեպի անձրևի տակ սպասող կառքը, բակը լցվեց նրա հուսահատ ճիչերով։ Պետրին նրան հրեց կառքի մեջ և բարձրացավ նրա հետևից։ Քանի որ Մարոն փորձում էր մյուս դուռը բացել, Պետրին բռնեց նրա թևը և կոպտորեն հրեց դեպի նստարանը։ Մարոն շարունակում էր ամբողջ ձայնով կանչել Նուրհանին։ Պետրին նրան լռեցրեց ապտակ հասցնելով, որից նա գրեթե ուշաթափվեց։ Կատաղությունից ու վշտից դողալով՝ Այլան շպրտեց վերարկուն ու ճամպրուկը կառքի հատակին և տուն փախավ։ Կառապանը մտրակեց ձիերին, և կառքը շարժվեց կայծակի ու որոտի ուղեկցությամբ։
Օրեր շարունակ գնացքը Մարոյին հեռու էր տանում Նուրհանից, այն շրջանից, ուր նրա համոզմամբ գտնվում էր Թովմասը, և նրա տառապանքն ահագնանում էր անիվների յուրաքանչյուր պտույտի հետ։ Նրա արցունքները հատել էին, և նա լռության պատվար էր կառուցել իր և իրեն հեգնական հայացքով նայող Պետրիի միջև։ Շոգեքարշի շչակը Մարոյին չարագուշակ էր թվում, կարծես այդ ճիչը իր հոգու խորքից դուրս գար։ Ի՞նչ մեղք էր ինքը գործել Աստծու հանդեպ, որ նա իրեն դատապարտել էր սիրած էակների հավերժ կորստին։ Նա այն զգացումն ուներ, որ իր կյանքն անհաջողությունների շարան էր։ Ինչպե՞ս էր ինքը ուժ գտնում շարունակելու ապրել։ Ինչպե՞ս կարող էր նա նոր կյանք սկսել, ինչպես իրենից սպասում էին։
Բաժանմունքի անկյունում նստարանի ծայրին կծկված Մարոն շատ փոքր էր թվում իր սև շրջազգեստով, որը պարուրում էր նրան ոտքից մինչև պարանոցը։ Շագանակագույն չարսավը թաքցնում էր նրա դեմքը՝ նմանեցնելով նրան բոլոր քողածածկ կանանց, բաց թողնելով միայն աչքերն ու ափերը։ Ուժասպառ՝ նա փակեց աչքերը և քնեց, երազելով այլևս երբեք չարթնանալ։
Պետրին իրենց երկուսի համար մեկ բաժանմունք էր վերցրել, որպեսզի կարողանար անընդհատ հսկել Մարոյին։ Նրան հաճույք էր պատճառում այդ կնոջ տառապանքը, որին արհամարհում էր իր ողջ էությամբ։ Այն պահից, որ նա մտել էր Ռըզայի վրանը, և այն պահից, որ վերջինս թույլ չէր տվել ոստիկաններին բռնաբարելու նրան, Պետրիի հոգում ատելություն էր ծնունդ առել, որը նա չէր կարողանում բացատրել։ Լիրբ հայուհի, որը տրվել էր իր և իր երեխայի կյանքը փրկելու համար, որը բանեցրել էր իր հմայքը Ռըզայի սիրտը շահելու և գավառապետի սիրուհին դառնալու համար։
Վագոնի տարուբերումից Մարոյի գլուխը շարժվեց, և չարսավը նրա գլխից սահեց։ Գունատությունը չէր նվազեցնում նրա արտակարգ գեղեցկությունը։ Մինչդեռ նա շպարված չէր և զարդ չէր կրում։ Պետրին մի բոլ նրան նայեց, մի բան, որ հազվադեպ էր հնարավորություն ունեցել անելու։ Նրա երկար արտևանունքները, փքր այտերը, որոնք կարծես խավով պատված լինեին, բարակ և մի քիչ վեր տնկված քիթը և փքը շրթունքներով այդ գրգռիչ բերանը։ Պետրին ցավ զգաց։ Մարոյի գեղեցկությո՜ւնը... ահա թե ինչու էր նա ատում Մարոյին։ Այդ գեղեցկությունն իր համար չէր։ Դրան տիրանալու համար ինքը պետք է բռնաբարեր երիտասարդ կնոջը Ռըզայի վրանի առաջ մնացած ոստիկանների հետ։ Եվ տարիներ շարունակ Մարոյի ներկայությունն Այնթապում մշտական հիշեցում էր, որ ինքը երբեք չէր լինելու հարուստ և հարգված տեր, այլ լինելու էր օգնական, ծառա, որը մեջք էր թեքում իր տիրոջ առջև, որից նա ստանում էր մնացած ծառաների վրա իշխելու իրավունք։ Ռըզային պատիվ և գեղեցկություն, իսկ իրեն՝ ստոր գործերը և գյուղացի աղջիկներ։ Սակայն ինքը Ռըզայից առավել ուներ առաջնորդի ոգի և ղեկավարելու կարողություն։ Ծագո՜ւմը...
Հոգնածությունից աչքերի տակ հայտնված կապտուկներն ու արցունքներն է՛լ ավելի էին ընդգծել այդ կնոջ գրգռիչ գեղեցկությունը։ Քնած կնոջ դեմքի արտահայտությունը Պետրիին արհամարհական թվաց։ Նա կատաղություն զգաց։ Նա ուզում էր նրան գետնին տապալել բաժանմունքի նստարանների միջև և իրեն ենթարկել, նրան նվաստացնել մինչև իր տեղահանվածի կարգավիճակը, որի կոչումն էր բավարարել բռի ոստիկանների կրքերը։ Մի քանի վայրկյան նա քննում էր իրեն գրգռող այդ գաղափարը, սակայն վախը, որ Ռըզան կիմանար այդ արարքի մասին և կպատժեր, խանգարեց գործի անցնելու։ Եվս մեկ անգամ նա ստիպված էր մեջքը ծռել, և նրա ատելությունը Մարոյի նկատմամբ էլ ավելի սաստկացավ։
Գնացքը մեկ ժամով կանգ առավ Աֆիոն-Գարահիսարի կայարանում։ Մարոն լուսամուտից կռացած հուզմունքով նայում էր այդ քաղաքին, ուր նա ամուսնացել էր գրեթե տասներկու տարի առաջ և փորձում էր գտնել որևէ ծանոթ դեմք կառամատույցին խռնված ամբոխի մեջ։ Հիշողությունների տարափի ներքո նա դարձավ լուսամատից և հենվեց նստարանի կաշվե թիկնակին։
Շրջիկ վաճառականները, վերցնելով զամբյուղները, շտապեցին դեպի գնացքը և լուսամատից լուսամուտ վազելով առաջարկում էին իրենց ապրանքը։ Պետրին հաց, պանիր, միրգ և հանքային ջուր գնեց։ Նա մռայլ էր, քանի որ այդ քաղաքը նրան հիշեցնում էր իր ստացած վերքերը և Մարոյի ամուսնուն վերացնելու անհաջող փորձը։
— Մենք չենք իջնելու,– հայտարարեց նա։
— Ես պետք է անպայման թարմանամ,– աղերսեց Մարոն։
Պետրին իր բաճկոնի փեշը մի կողմ տարավ և ցույց տվեց գոտու տակից դուրս ցցված ատրճանակի կոթը.
— Եթե փախչելու փորձ անես, ես քեզ հաճույքով կսատկացնեմ։ Հագի՛ր չարսավդ։
Նա դժկամությամբ ուղեկցեց Մարոյին մինչև կանացի զուգարանը և սպասեց դռան մոտ՝ ծխելով իր տիրոջ գրասենյակից վերցված սիգարը։ Վերադարձի ճանապարհին նա ծխախոտ և թերթ գնեց, որը սկսեց կարդալ բաժանմունք վերադառնալուն պես։ Մարոն ուտելուց հրաժարվեց, սակայն մի քանի բաժակ ջուր խմեց։ Այդ հա՜մը։ Այդ նույն համն ուներ Պալյանների կալվածքում բխող աղբյուրի ջուրը։ Այս ճանապարհորդությունը բոլորովին նման չէր այն ճանապարհորդությանը, որի մասին երազում էր Ռըզա բեյի տանը հայտնվելուց հետո։ Դա պետք է լիներ վերադարձ Կոստանդնուպոլսի իր ազգականների մոտ՝ ուրախ փախուստ Թովմասի հետ։ Նա տարօրինակ զգացում ուներ, որ իրեն կրկին տեղահանում էին։ Ինքը գրեթե ամեն ինչ այնտեղ էր թողնում՝ որդի, մեկ այլ որդու հիշատակը, մի տղամարդ, որն իրեն սիրում էր։ Առջևոըմ անհայտություն էր։ Երբ գնացքը տեղից շարժվեց, Մարոն դողաց՝ մտածելով, որ իրենք անցել էին Այնթապից մայրաքաղաք տանող ճանապարհի կեսը։ Ինքը հայտնվելու էր այլ իրականության մեջ։ Ինքը չէր վերադառնում դեպի անցյալը, ուր ապրում էին իր սիրած էակները, քանի որ այդ անցյալն անհայտացել էր տեղահանության և պատերազմի տառապանքների մեջ, այլ մուտք էր գործում անհաստատ մի ապագա։
Այսքան տարիներից հետո Վարդանը չէր կարող նույնը մնացած լինել։ Ինչպիսի՞ն էր նա դարձել։ Իսկ ի՞նքը։ Ինքը մնում էր նրա կինը, անկասկած, սակայն այս երկար բաժանումը... Մարոն չէր պատկերացնում, թե ինչպես պետք է վերականգնեին իրենց համատեղ կյանքի բնականոն ընթացքը, և այդ միտքը նրան ճնշում էր։ Ինքը չէր կարողանա նայել Վարդանի աչքերին և չտեսնել դատավորի հանձին նրա։ Ինքը ներկայանալու էր առանց իրենց որդու, հուսահատված, քանի որ իրենից խլել էին մյուս տղամարդու երեխային, և այդ մյուս տղամարդու փաղաքշանքներից պղծված մարմնով։ Մեղավո՜ր։ Եվ այդուհանդերձ անմեղ... Իսկապե՞ս անմեղ։ Առաջին անգամ Մարոն իրեն հարց տվեց, թե արդյոք նա չէ՞ր սիրում Ռըզային, և չէր գտնում այդ հարցի պատասխանը։
Կյանքի ծանրությունից ջախջախված՝ նա կծկվեց նստարանի անկյունում, լուսամուտից հեռու։ Նա այլևս չէր կարողանում իրեն հասկանալ։ Իրականում միգուցե բոլորի համար գերադասելի կլիներ, եթե նա մինչև կյանքի վերջը մնար Այնթապի տանը, ուր ինքն իրեն կարող էր որպես զոհ ընկալել։ Եվ նա կպահպաներ իր պաշտելի Նուրհանին և կշարունակեր պահպանել Թովմասի հիշատակը և կապրեր նրան մի օր տեսնելու հույսով։ Նուրհան, Թովմաս, որոնք, այդուհանդերձ, տարբերակված լինելով իր սրտում, այսօր խառնվում էին նույն սիրո մեջ։
Նա լուռ լալիս էր։ Պետրին, որը շշից օղի էր խմում, բարձրաձայն ծիծաղեց.
— Դու լացում ես ամուսնուդ գտնելո՞ւ, թե Ռըզա բեյին կորցնելու համար։
Մարոն չպատասխանեց։
— Ամուսիններ, որոնք իրար գտել են... Օ՜, ինչպիսի հուզիչ տեսարան։ Ես երջանիկ եմ, որ ներկա կլինեմ դրան; Քնքուշ կինը, որը եղել է ուրիշի սիրուհին և նույնիսկ նրան երեխա է պարգեել։ Ասա ինձ, դու հաճույք ստանո՞ւմ էիր Ռըզա բեյից։
Նա նորից ծիծաղեց, իսկ Մարոն դեմքը չարսավով ծածկեց։
— Եթե դա կարող է քեզ մխիթարել, ապա ամուսինդ նույնպես իրեն զուրկ չի պահել։ Նա կին ուներ Ուրգուպում, մի այրի, որն իրեն Հալիդե էր կոչում։ Նա հայուհի էր, ինչպես և դու, իսկական անունն էլ Արուսյակ էր։ Ավելի երիտասարդ էր, քան դու, և ավելի գեղեցիկ։ Հիշիր, Արուսյակ։ Ոնց որ հուրի լիներ։
Նա ուրախ տեսքով ծխախոտ փաթաթեց։
— Օ՜, շատ հաճելի կլինի ձեզ միասին տեսնել։
«Թոքաթլյան» հյուրանոցի համարի լուսամատից Մարոն նայում էր Բերայի զլխավոր փողոցին և աչքերին չէր հավատում։ Նա հազիվ էր ճանաչում փողոցը, չնայած շենքերը չէին փոխվել 1913 թ. իր վերջին այցելությունից ի վեր։ Դա երևի նրանից էր, որ մեքենաների երթևեկության աղմուկը, եվրոպական հագուստի առատությունը, գույնզգույն ցուցանակները, հարուստ խանութները, մի խոսքով՝ արդիականությունը հակասության մեջ էին կալվածքի առօրյայի հետ, որը հարմարեցված էր նախորդ դարի ռիթմին և գտնվում էր էլ ավելի հին ավանդույթների իշխանության ներքո։ Դա էր պատճառը, որ Մարոն չէր կարողանում ազատվել այն զգացումից, որ ինքը երազի մեջ էր։ Քիչ էր մնում հավատար, որ ինքը կախարդանքով տեղափոխվել էր այլ վայր, ինչպես լինում էր Սաֆիյեի այդքան սիրած հեքիաթներում։ Պետրիի ձայնը նրան վերադարձրեց իրականության գիրկը։
— Եթե ամուսինդ շուտով մեզ հետ չկապվի, ապա ստիպված կլինենք քնել նույն անկողնում, սիրունս։
Մարոն իրեն նեղություն չտվեց պատասխանելու և շարունակեց դուրս նայել։ Պետրին մեկ սենյակ էր վարձել, քանի որ չէր ուզում ոչ մի վայրկյան իր գերուհուն աչքաթող անել։ Եվ քանի որ վախենում էր ծուղակներից, նա պահանջել էր, որ ճաշը սենյակ բերեին։ Ըստ հրահանգի՝ նրանց հետևից մեքենա պետք է գար և տաներ այն վայրը, որ պետք է տեղի ունենար փոխանակումը։ Պետրին հուզվում էր և անդադար ծխում։ Նա կգերադասեր դիմել ոստիկանության օգնությանը, սակայն Բույուկ խանումը բազմիցս նրան զգուշացրել էր այդ բանը չանել։ Հետևաբար պետք է իր ուժերին ապավիներ և փոխեր իր վարքագիծը՝ ելնելով հանգամանքներից։
Մութն ընկնելուց հետո, երբ Պետրին կարծում էր, որ փոխանակումը տեղի կունենար հաջորդ օրը, կարմիր համազգեստով մի ծառայող ծեծեց դուռը և հայտնեց, որ իրենց հարցնում էին նախասրահում։ Պետրին կրկին զենքը ստուգեց և հագավ անձրևանոցը։ Մարոն չարսավը գլխին գցեց և վերցրեց ճամպրուկը։ Դուռը բացելիս Պետրին խռպոտ ձայնով ասաց.
— Գառան պես խելոք կպահես քեզ և ամեն ինչ լավ կլինի։
Նա բռնեց Մարոյի ենթադաստակից և հետևեց ծառայողին՝ ծիծաղկոտ աչքերով մի պատանու, որը նրանց ուղեկցեց նախասրահ և մոտեցրեց սյանը հենված մի տղամարդու։ Երբ տղան գնաց, Ավետիսը խնդրեց կնոջը դեմքը բացել, որպեսզի համոզվեր, որ դա հենց Մարոն էր, որի լուսանկարը նրան ցույց էր տվել Վարդանը։ Համոզվելով՝ նա ասաց.
— Հետևեք ինձ։
— Ո՞ւր ենք գնում,— հարցրեց Պետրին։
Առանց պատասխանելու Ավետիսը գնաց դեպի դուռը։ Պետրին հետևեց նրան՝ ավելի ուժգին սեղմելով Մարոյի ձեռքը։ Նա կիսաբաց արեց իր վերարկուն՝ պատրաստ լինելով ցանկացած անակնկալի։ Փողոց դուրս գալով՝ Ավետիսը նշան արեց մի մեքենայի, որը սպասում էր ոչ հեռու։ Պետրին և նրա պատանդը նստեցին հետևի նստարանին, Ավետիսը՝ վարորդի կողքին։ Փափազյանն իսկույն տեղից պոկվեց, արագ բարձրացավ փողոցով մինչև Տակսիմ պուրակը և շարժվեց դեպի Հարբիյե թաղը։ Պետրին, լարվելով, փորձում էր հիշել իրենց անցած ճանապարհը։
Հարբիյե՜։ Սա այն թաղն էր, ուր ապրում էին Մեսրոպյանները։ Վարդանին նորից տեսնելու մտքից Մարոյին խելահեղ մի վախ պատեց։ Այն պահից ի վեր, որ նա առավոտյան ոտք էր դրել Կոստանդնուպոլիս, նրա ուղեղն ամբողջությամբ զբաղված էր Վարդանով, սակայն տագնապը գերակշռում էր ուրախությանը։ Այս քաղաքում էր ծնունդ առել և հասունացել իրենց սերը, այստեղ էին նրանք հասել կատարյալ մտերմության, իսկ այժմ Մարոյին թվում էր, որ ինքը հանդիպման էր գնում օտար մարդու հետ։
Մութն ընկել էր, և Հարբիյե թաղից մի քանի կիլոմետր այն կողմ տեղադրված բուլղարական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Շիշլիի հայկական գերեզմանատան ծառերի տակ խոնավ էր։ Անմշակ դաշտերով շրջապատված այդ ամայի վայրը Վարդանն ընտրել էր, որովհետև մեկուսացած էր և ապահով։ Մուտքի մոտ գտնվող շինություններից մեկում ապրող պահակը Տիրանի ծանոթն էր։
Վարդանն ու Ռըզա բեյը քամուց պատսպարվել էին սպիտակ մարմարից գերեզմանաքարի հետևում, որի ճակատը զարդարված էր թևերը պարզած հրեշտակներով։ Նրանք սպասում էին մթության քողի տակ։ Հակոբի մեքենան, հանգցրած լուսարձակներով, կանգնած էր տասը մետրի վրա՝ կենտրոնական ծառուղում։ Տիրանն ու Արամը պատսպարվել էին քիչ այն կողմ գտնվող մահարձանների հետևում և զինված էին անակնկալներին դիմագրավելու համար։
Գերեզմանատան պարսպի երկայնքով շարված սոճիների ճյուղերի մեջ քամու սուլոցր գրավեց Վարդանի ուշադրությունը։ Հեթանոսական շրջանի հայկական առասպելի համաձայն այդ աղմուկը գերբնական ազդեցություն ուներ մարդկանց վրա։
— Կարո՞ղ եմ ծխել,– հարցրեց Ռըզա բեյը ցածրաձայն։
Քանի որ նա սնահավատ էր, այդ դեկորը ուժեղ ազդեցություն էր թողել նրա վրա։ Այն ընդգծում էր պահի դրամատիկ բնույթը։
— Ծխեք,– պատասխանեց Վարդանը, որն ավելորդ էր համարել կապել պատանդի ձեռքերը։
Ռըզա բեյը ծխատուփից մի ծխախոտ վերցրեց, մյուսն էլ առաջարկեց Վարդանին։ Վերջինս վերցրեց ծխախոտը և, վառելով, հրահանը տվեց Ռըզային։
— Վերցրեք, ձերն է։ Ես այն ձեզնից վերցրել էի Ադաբազարում։
— Շնորհակալություն, սա հիշատակ է։
Վարդանի երկու այցելություններից հետո նրա և բանտարկյալի միջև հաստատվել էին սառը քաղաքավարի հարաբերություններ, որոնք այնուամենայնիվ երանգավորված էին փոխադարձ հարգանքով։ Ռըզա բեյը Վարդանին ո՛չ ատելություն էր ներշնչում, ո՛չ էլ քեն, միայն անհաղթահարելի խանդ։ Ռըզայի տեսակետից Վարդանի արարքը բնական էր, սակայն եթե նա փիլիսոփայաբար էր ընկալում իր պարտությունը, այդուհանդերձ տանջվում էր, որ այդ խաղում խաղադրույքը Մարոն էր։ Եվ այս գերեզմանատանը, երբ սպասումը ձգձգվում էր, նրանցից յուրաքանչյուրը գիտեր, որ իրենք մտածում էին նույն կնոջ մասին։ Ռըզան կտեսներ նրան, տանջվելով, որ դա վերջին անգամ էր, իսկ Վարդանը կրկին կտեսներ նրան առանց վստահ լինելու այն զգացմունքների վրա, որ այդ կինն ուներ իր հանդեպ։
— Պատմեք Թովմասի մասին,— ասաց Վարդանը։
Ռըզան զարմացավ և մի քիչ հապաղեց։
— Ես մի որդի ունեմ՝ Քենան, որը մոտավորապես Թովմասի տարիքին է։ Նրանք կապված էին եղբայրների պես։ Երկուսն էլ հաճախ էին ինձ ուղեկցում ձիավարելիս։ Ես Թովմասին ազնվացեղ ձի էի տվել, և նա շատ շուտ կատարյալ ձիավոր դարձավ։ Նա ուժեղ, գեղեցիկ և խելացի տղա է։ Ես համոզված եմ, որ նա...
Նա լռեց, քանի որ սուլիչի ձայնը խախտեց լռությունը։ Պահակն այդ ձևով զգուշացնում էր մեքենայի ժամանման մասին։ Լսվեց մետաղյա դարպասի ճռռոցը, շարժիչի ձայնը, իսկ հետո մեքենայի լապտերը լուսավորեց մահարձանները, խաչերն ու գերեզմանները, որոնց միջև վեր էին խոյանում ծառերի սև բները։
— Առանց պատմությունների,– ասաց Վարդանը Ռըզային, նրան թեթևակիորեն հրելով դեպի ծառուղին։
Մեքենան կանգնեց աոաջին մեքենայից հիսուն մետրի վրա, սակայն լապտերը վառ թողեց ծառուղին լուսավորելու համար։ Պետրին, ատրճանակը ձեռքին, դուրս եկավ մեքենայից՝ իր հետևից քարշ տալով Մարոյին, որի ձեռքին ճամպրուկ կար։ Նրանց դիմացից բղավոց լսվեց.
— Առա՛ջ շարժվեք։
Մարոն ճանաչեց Վարդանի ձայնը, և նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա երկու տղամարդ տեսավ լապտերի լույսի մեջ, և նրան ժամանակ պետք եղավ նրանց տարբերելու համար։ Վարդանն ու Ռըզան նման էին իրար, բեղերը, դեմքի և մազերի գույնր և նրանց մուգ հագուստը շփոթմունքի առիթ էին տալիս։ Այդ երկու տղամարդկանց կողք կողքի տեսնելով, Մարոն ցնցվեց և զգաց, որ ոտքերը թուլանում են։
Պետրին անշարժացավ և ձախ ձեռքով Մարոյին պահեց իր դիմաց որպես վահան։ Նա ատրճանակը մոտեցրեց կնոջ քունքին։ Նրա մեջքի սպիները ցավում էին, և նա դա վերագրեց խոնավությանը։ Ավետիսը, իր մեքենայում նստած, բարձրացրեց ատրճանակի ձգանը, պատրաստ միջամտելու։ Այդտեղից քիչ հեռու Արամը, տեսնելով Արուսյակին սպանողի կիսադեմը, լարվեց։ Նա հրացանի փողը ուղղեց դեպի Պետրիի գլուխը։ Նրա մատը դողում էր ձգանի վրա։ Ծառուղու մյուս ծայրում Տիրանը շշնջաց ատամների արանքից.
— Առա՜ջ շարժվիր, շան որդի։
Նա ինքն իրեն հարցրեց, թե արդյոք այդ քողածածկ կինը Վարդանի՞ կինն էր։
Սոճիների բների արանքում փչող քամին ուժգնացավ։ Լարումը մեծ էր։ Սխալ կամ կտրուկ շարժում և փոխհրաձգություն կսկսվեր։
— Առաջ շարժվիր,– հրամայեց Վարդանը։
Պետրին Մարոյին հրեց իր դիմաց։ Մեքենայի լույսերից գրեթե կուրացած Վարդանը տեսնում էր միայն նրա ուրվագիծը, սակայն ճանաչեց Մարոյի քայլվածքը, նրա կոնքի թեթեակի ճոճումը, այնքան աննշան, որ երևի միայն ինքն էր նկատում։ Նա ավելի էր հուզվում, քան Ռըզայի առևանգման ժամանակ։
Մարոն քայլում էր փայլող խճի վրայով։ Նրան նայող երկու զույգ աչքերը՝ մեկը տխուր, մյուսը տենդագին, շփոթեցնում էին նրան։ Խաղաքարտի վրա էր դրված իր կյանքը, և ինքր խոսքի իրավունք չուներ։ Ավելի վատ...
— Հերիք է,– ասաց Վարդանը հրամայական տոնով։
Նա իջեցրեց զենքը։
Պետրին կանգ առավ՝ մատը ատրճանակի ձգանին։ Նա հանեց պատանդի չարսավը և գետնին գցեց։ Մարոն այնքան գունատ էր, որ նրա դեմքը երևում էր մթության մեջ։ Վարդանը զգաց, որ շունչը կտրվում էր։ Մարոն ավելի գեղեցիկ էր, քան իր հիշողության մեջ։
— Թո՛ղ, որ գա,— ասաց նա։— Ես ազատում եմ քո տիրոջը։
Պետրին կատարեց հրամանը։ Մարոյին մոտենալով՝ Ռըզան ծածկեց Վարդանին, և Մարոն տեսնում էր միայն այն մարդու հուսահատ դեմքը, որն ավելի քան երեք տարի եղել էր իր հովանավորն ու սիրեկանը։ Թե ինչպիսի՞ն էր իր դեմքի արտահայտությունը, ինքը չէր էլ պատկերացնում։ Մոռացվել էին այն դեպքերը, երբ Ռըզա բեյը խիստ էր իր նկատմամբ, մոռացվեց, որ ինքն իրեն բանտարկյալ էր զգում, որ նա իրեն թույլ չէր տվել կապվել իր ընտանիքի հետ։ Հիմա նա հիշում էր նրա քնքշությունը և նրա սերը Թովմասի նկատմամբ։
Երբ նրանք դեմ դիմաց հայտնվեցին, դանդաղեցրին քայլերը։ Ռըզայի հայացքում անսահման տխրություն կար։
Վարդանը նկատեց այդ հապաղումը և զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Արդյոք նրանք խոսո՞ւմ էին։ Նա շատ հեռու էր, չէր կարող նրանց լսել։ Իսկ մեքենայի լույսերից շլացած, նա չէր կարողանում տեսնել Մարոյի դեմքի արտահայտությունը։ Սակայն նրան թվաց, որ նա կծել էր շրթունքը։ Նրա արյունը սառեց։
Մարոն անշարժացավ և խեղդված ձայնով շշնջաց.
— Նուրհանը...
— Նա կլինի քո կենդանի հիշատակը,— պատասխանեց Ռըզան՝ նայելով Մարոյի աչքերին։
Անկարող լինելով դիմանալ այդ ողբերգական պահին՝ Մարոն շարունակեց քայլել։ Մեկ քայլ, և ամեն ինչ վերջացավ։ Մեջքը դարձնելով անցյալին՝ Մարոն գնում էր դեպի Վարդանը, որը նույնքան հուզված էր, որքան ինքը։ Հենց որ Մարոն մոտեցավ Վարդանին, նա գրկեց նրա ուսերը, վերցրեց ճամպրուկը և նրան տարավ դեպի մեքենան։
Պետրին բարձրացրեց զենքը և ասաց Ռըզային, որը փակում էր իր տեսադաշտը.
— Պառկե՛ք։
— Ոչ,— բղավեց Ռըզան և մեկ քայլ անելով կանգնեց Պետրիի դիմաց, որը մի կողմ էր գնում կրակելու համար։
Կրակոց լսվեց։
Մարոն ճչաց և շրջվեց, չնայած նրան խանգարելու Վարդանի ճիգերին։
Պետրին, Արամի գնդակից ջախջախված գլխով, վայր տապալվեց Ռըզա բեյի ոտքերի մոտ։
— Նրան ոչինչ չի պատահի,— ասաց Վարդանը։— Արի՛, այս ամենը մեզ այլևս չի վերաբերում։
Նա Մարոյին նստեցրեց մեքենայի հետևում և նստեց նրա կողքին։ Մարոն գլուխը դրեց ամուսնու կրծքին և փակեց աչքերը ոչինչ չտեսնելու համար։ Մեքենան հավասարվեց Ռըզային, որին միացել էին Տիրանը, Արամը, Ավետիսը և Փափազյանը։ Ռըզա բեյը, որը և՛ ազդված էր Պետրիի մահից, և՛ բարկացած էր նրա վրա, իրեն շրջապատող մարդկանց ասում էր, որ նրանք թաքցնեին այդ մարմինը։ Վարդանը Հակոբին նշան արեց, որպեսզի նա չկանգներ։