Ամառ առանց այգաբացի - Գլուխ 4
Ամառ առանց այգաբացի | |
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 3 | Ամառ առանց այգաբացի - Գլուխ 5 ▶ |
Հուլիսի 1-ի առավոտը սգո առավոտ էր Սվասի հայության համար։ Գիշերվա ընթացքում հայկական համայնքը գլխատվել էր։ Համայնքի բոլոր քահանաները, ուսուցիչները, մասնագետները և աչքի ընկնող առևտրականները՝ ավելի քան հինգ հարյուր հոգի, խմբված էին բանտի խցերում, որտեղից ազատել էին քրեական հանցագործներին։ Իսկ ատաղձագործները կախաղաններ էին կանգնեցնում քաղաքապետարանի հրապարակում։
Վեց հոգու համար նախատեսված բանտախցում Տեր Խորենը համոզում էր իր տասնվեց բախտակիցներին աղոթել և երես չթեքել Աստծուց։ Մի հարկ ներքև Զավենը՝ հարուստ հողատերը, լացակումած ձայնով ողբում էր։ Նա գիշերային սպիտակ շապիկով էր, քանի որ նրան գիշերվա կեսին անկողնուց էին հանել և թույլ չէին տվել հագնվել։ Նրա անվերջ մենախոսությունը նյարդայնացնում էր վարսավիր Արային, սակայն նա ոչինչ չէր ասում։ Նրան ձերբակալելու եկած ոստիկանները բռնաբարել էին նրա կնոջն ու տասնչորս տարեկան դստերը իր աչքի առաջ, և ականջներում դեռևս հնչում էին նրանց ճիչերը։
Այդտեդից քիչ հեռու, ոստիկանության լուսամուտ չունեցող զնդանում Շիրակ Թևոնյանր հանգիստ մահվանն էր սպասում։ Նրա միակ ցանկությունն էր, որ այն շուտ վրա հասներ և իրեն ազատեր այրվածքների պատճառած անտանելի տանջանքներից։ Նա չգիտեր, որ ընդամենը երեք խուց այն կողմ, մի խուրձ հարդի վրա անգիտակից վիճակում պառկած էր Վարդանը։
Գիշերային խռովությունը և հատկապես ձերբակալությունները քննարկման նյութ էին դարձել շուկայում, ուր առևտուր գրեթե չկար։ Այն մարդիկ, ովքեր դեմ էին իշխանությունների վարքագծին, զգուշաբար լռում էին, իսկ մեծամասնությունը ուրախությամբ էր ընդունել այդ ձերբակալությունները։ Զորքը քաղաք էր մտել, տեղահանությունն անխուսափելի էր թվում, և ոմանք դա դիտարկում էին որպես հարստանալու միջոց։ Քանի որ այդ լքված հոդերը, դատարկված տները, կահույքն ու անասունը ի վերջո որևէ մեկի բաժինը պետք է դառնային։
Յուրաքանչյուր հայկական օջախում ողբում էին հոր, որդու, քեռու կամ քեռորդու ձերբակալությունը։ Այդ կախաղաննե՜րը, որ շտապ կերպով կանգնեցնում էին... Կարծես այդ ամենը քիչ էր, հիմա էլ զինվորները ծեծում էին բոլոր դռները և տանում էին առողջ տղամարդկանց, նույնիսկ տասնչորս տարեկան տղաներին, աշխատանքային գումարտակներ կազմավորելու համար։ Ասում էին, որ շրջանի ճանապարհներն ու կամուրջները վերանորոգման կարիք ունեին։ Ոչ ոք չէր խաբվում, և ամենուր կարելի էր ականատես լինել հրաժեշտի սրտաճմլիկ տեսարանների։ Կանայք, լացելով, նայում էին, թե ինչպես էին զինվորների ուղեկցությամբ հեռանում տղամարդիկ։
Բազմաթիվ երիտասարդներ, իրավամբ վախենալով վատթարագույնից, գիշերով լքել էին քաղաքը։ Նրանք ապաստանել էին Սվասի հարավ-արևելքում ընկած լեռներում կամ էլ միացել էին Շիրակի ջոկատից մնացած խմբին։ Դրանք իրենց առաջնորդի կորստից ապակողմնորոշված մոտ հարյուր հիսուն տղամարդ էին։ Նորեկները դեռևս գործունեության ծրագիր չունեին և տոգորված էին ընդամենը վրեժխնդիր լինելու ցանկությամբ, ինչպես նաև լքված ընտանիքներին օգնության գալու հույսով։ Տասնյակներով նրանք երդում էին տալիս և ֆիդայի էին դառնում։ Նրանք պատրաստ էին ամեն ինչի։ Նրանց պակասում էր միայն զենքը։
Թովմասը մղձավանջից արթնացավ։ Նա հարդարում էր Հուր Կրակին։ Հանկարծ նժույգը բռնեց Թովմասի օձիքից և նրան նստեցրեց իր մեջքին։ Տեղից արագ պոկվելով, նա գետին տապալեց Վարդանին, Մարոյին ու Ազնիվ խանումին, որոնք փորձում էին նրան կանգնեցնել։ Թովմասը բղավում էր, սակայն չէր համարձակվում վայր ցատկել ձիու վրայից։ Հուր Կրակը խրխնջաց, սակայն այդ խրխնջոցը ծիծաղի էր նման։ Նա մեկ թռիչքով սարեր էր հաղթահարում, ցատկում էր հեղեղատների վրայով։ Նա Թովմասին այնքան հեռու էր տարել, որ նա այլևս չէր կարող իր տունը գտնել։ Նրանց առջև հրե պատ հայտնվեց, և ձին նետվեց կրակի մեջ։ Թովմասը արթնացավ և նստեց մահճակալի մեջ։ Նա դեռ զգում էր ծխի հոտը, որից նրա քիթը ծակծկում էր։ Նա գլուխը թափ տվեց վատ երազը վանելու համար։
Առավոտ էր։ Սակայն հայրն ասել էր, որ ճամփա էին ընկնելու գիշերով։ Երեխան վազեց լուսամուտի մոտ։ Շատ ցածր ու թափանցիկ ամպերը պատել էին քաղաքը, մինչդեռ այլուր երկինքը կապույտ էր։ Ծխի հոտ էր գալիս։ Այս ժամին արոտավայրում լինելուն սովոր կովերը բառաչում էին գոմում։ Ինչ-որ բան էր պատահել։ Թովմասը համոզվեց, որ ծնողները ննջարանում չեն, և վազելով ցած իջավ։ Խոհանոցից ձայներ էին գալիս։ Երբ Թովմասը սենյակ մտավ, զրույցն ընդհատվեց։ Մայրն ու տատը դեմ դիմաց նստած էին խոհանոցի սեղանի մոտ։ Նրանք հոգնած տեսք ունեին, իսկ աչքերր կարմրած էին։ Առանց ողջունելու Թովմասը հուզված հարցրեց.
― Ո՞ւր է հայրիկը։
Խնայե՞լ նրան։ Ուշ թե շուտ իրենք ստիպված էին լինելու ճշմարտությունն ասել։ ժամանակ ձգելու համար Մարոն փորձեց նրան գրկել։ Երեխան լարվեց և դիմադրեց։
— Ո՞ւր է հայրիկը։
Մարոն ջանաց հանգիստ ձայնով խոսել.
— Նրան ձերբակալել են։ Ինչպես Տեր Խորենին։
― Ինչո՞ւ,– բացականչեց Թովմասը՝ փարվելով մորը։
― Նրան շուտով կազատեն, ես համոզված եմ։
Երեխայի ձայնը դողում էր.
― Նա բանտո՞ւմ է։
― Անկասկած։
― Ես չեմ ուզում,— հոգոց հանեց երեխան ու լաց եղավ։
Մարոն գլուխը հպեց որդու գլխին և սկսեց նրան օրորել։
Ազնիվ խանումը հեռացրեց աչքերը։ Նրա սիրտը չէր դիմանում Թովմասի վշտին։ Նա ուզում էր դուրս գալ խոհանոցից, սակայն իրեն ստիպեց նստած մնալ սեղանի մոտ։ Նա պետք է լիներ իր դստեր կողքին՝ ուժեղ ու վստահելի, որպեսզի նա տեղի չտար։ Քանի Մարոն մխիթարում էր Թովմասին, Ազնիվ խանումը մեղրով բրդուճ սարքեց երեխայի համար։
― Պետք է ուտես,– ասաց նա՝ սեղանին մի սպասք դնելով։
Թովմասը գլուխը թափ տվեց, իսկ տատը պնդեց.
― Պետք է ուժ հավաքես։ Երբ հայրդ վերադառնա, դու պետք է առողջ և առույգ լինես։
― Մեծ մայրդ իրավացի է,– հայտարարեց Մարոն՝ Թովմասին սեղանի մոտ նստեցնելով։– Ես էլ կուտեմ։
Այդքան հորդորներից հետո Թովմասը կծեց բրդուճը։ Նա դժվարությամբ էր կուլ տալիս։ Հոր բանտարկությունը, որն այդքան մեծ էր և այդքան ուժեղ, նրան աներևակայելի էր թվում։ Ինչո՞ւ։ Նա օգնում էր բոլորին, և բոլորը նրան հարգում էին։ Նա առաջնորդ էր, մայո՛ր։ Նրանք իրավունք չունեին Վարդանին բանտարկելու։ Դուրս զալով զնդանից՝ նա կպատժեր ձերբակալողներին։ Այդ միտքը նրան մի քիչ հանգստացրեց։
Կովերն անդադար բառաչում էին։ Ձիերը խրխնջացին, ու Թովմասը հիշնց իր երազը։ Նա համարեց, որ ավելի լավ էր այն չպատմել։
— Անասունները ծարավ են,– ասաց Մարոն։– Արի, Թովմաս, գնանք նրանց խնամենք։
Դա կզբաղեցներ երեխային և հատկապես կցրեր Մարոյի տագնապը։ Մարգերի վրա կռացած՝ Զեյնաբն ու Ջամիլան քաղհան էին անում բանջարանոցում։ Մարոն նրանց պատվիրեց ջուր հանել ջրհորից և ախոռ բերել։ Երբ Թովմասը Կայծակին տեսավ, շատ զարմացավ։ Նա լրիվ մոռացել էր պոնիի մասին։ Շոյելով կենդանուն՝ Թովմասը հիշեց, թե ինչպիսին էր հայրը նախօրեին՝ պոնին նվիրելու պահին և առավոտյան, երբ նա ծառս էր անում իր ձիուն աշխատանքի գնալուց առաջ։ Հիշելով իր վատ երազը՝ Թովմասը զգուշավոր հայացք գցեց Հուր Կրակի վրա և չմոտեցավ նժույգին։
Կենդանիներին ջուր տալուց և մսուրքը խոտով լցնելուց հետո, Մարոն ախոռում մնաց։ Նա խոզանակով մաքրեց իր զամբիկին և մի պահ մոռացավ որդու ներկայությունը։ Նա կարող էր մտածել միայն Վարդանի մասին։ Իբրահիմի այցելությունից ի վեր Մարոն նրան տեսնում էր զնդանում փակված։ Իսկ այժմ նա հիշեց իրենց զբոսանքը նախորդ շաբաթվա ընթացքում։ Նրանք ձի հեծած սլանում էին Հալիսի հովիտը երիզող բլուրներով։ Թովմասին թողել էին Ազնիվ խանումի խնամքին և նրանց թվում էր, որ իրենք իրենց ամուսնության սկզբնական շրջանում էին, երբ կարող էին անձնատուր լինել կրքին ցանկացած պահի։
Նա պարզորոշ մտաբերեց ձիերի դոփյունը, խոտի բուրմունքը, շլացնող լույսը, կարմրավուն ժայռերի տապը։ Նա հիշեց նաև իրեն պատած հույզը, երբ Վարդանը սրընթաց հետապնդում էր իրեն։ Նա հեշտությամբ կարող էր Մարոյին հասնել, սակայն նրան հաճույք էին պատճառում փախուստն ու հետապնդումը։ Էգ, որին հետապնդում էր իր արուն։ Քրտնած ու գրգռված Մարոն նետվեց հեղեղատը, որտեղով հոսում էր գրեթե չորացած գետակը։ Վարդանը, գիրկը բացելով, մոտեցավ Մարոյին, նրա աչքերն այրվում էին։ Ափին աճող կաղնուտում նա տիրացավ Մարոյին։ Հետո նրանք ևս մեկ անգամ երդվեցին սիրել միմյանց հավիտյան...
Մարոն ճակատը դրեց զամբիկի կողքին։
― Դու լացո՞ւմ ես, մայրիկ,– անհանգստացավ Թովմասը և մորը գրկեց։
― Ոչինչ, պարզապես հոգնել եմ։
– Դու հայրիկի մասի՞ն ես մտածում։
Մարոն լարվեց և երեխայի գլուխը սեղմեց իր կրծքին։
— Այո։ Ես մտածում եմ, թե որքան երջանիկ կլինենք, երբ նա կվերադառնա։
Մեզից և արտաթորանքից զնդանի խոնավ օդը գարշահոտ էր։ Խցի անկյունում մի խսիր էր գցված, որի հարդը փտել էր։ Վարդանը քնած էր այդ ներքնակի վրա մեռյալ քնով։ Նա արթնացավ տնքոցով։ Ամենաչնչին շարժումը անտանելի ցավ էր առաջացնում նրա մեջքի մկաններում։ Լիակատար մթության մեջ նա հատակը շոշափեց՝ հույս ունենալով գտնել ջրամանը, որը նրա կարծիքով պետք է լիներ յուրաքանչյուր խցում։ Ջուր չկար։ Նա բռունցքով հարվածեց հաստ փայտե դռանը և սպասեց։ Ոչ ոք չեկավ։ Միայն մի քանի ժամ անց դուռը բացվեց և լամպի լույսը նրան շլացրեց։
— Ես ծարավ եմ,– ասաց նա անտեսանելի բանտապանին։
Նրա ոտքերի մոտ հագուստի կապոց ընկավ։
― Հագնվի՜ր,– հրամայեց կոպիտ մի ձայն։– Քեզ սպասում են։
Վարդանը վրան քաշեց գորշ կերպասից տձև մի շապիկ և մի տաբատ, որը գոտի չուներ։ Այդ հագուստից քրտնքի ու կեղտի հոտ էր գալիս։ Վարդանն ավելի լավ վիճակում էր, քան արթնանալու պահին, միտքն արթուն էր, իսկ մարմինը վարժվել էր շարժվել՝ խնայելով ցավացող մկանները և վնասված մաշկը։ Նա դուրս եկավ միջանցք, որը լուսավորվում էր առաստաղից տեղ-տեղ կախ տված լամպերով։
― Արագացրո՛ւ,– ասաց երկրորդ պահակը։
Միջանցքի ծայրում սանդուղք կար, սակայն ոստիկաններր բանտարկյալին հրեցին այլ ուղղությամբ, ուր կիսաբաց դռան հետևում լուսավորված սենյակ էր երևում։ Առաստաղի գերաններից մեկին ամրացված ճղակները և երեք երկար նստարանները ոչ մի կասկած չէին թողնում մեծ ուղղանկյուն դահլիճի կիրառության վերաբերյալ, դա հարցաքննությունների սենյակն էր։ Վարդանը ներքուստ սարսռաց՝ հիշելով իր առավոտյան հանդիպումը ոստիկանապետի հետ։ Սակայն նրան սպասողը Մուսթաֆա Ռահմին չէր։ Սեղանի մոտ սև կոստյումով գեր մարդ էր նստած և ծխախոտ էր ծխում։ Նա հարմար նստեց աթոռին և երկար նայեց բանտարկյալին խորամանկ ժպիտը դեմքին։ Նա սեղանին դրեց արծաթապատ փոքր ատրճանակը և պահակներին նշան արեց, որ հեռանան։
― Սպասեք դռան հետևում։
Այդ ձայնը ծանոթ էր Վարդանին, սակայն նա չէր կարողանում հիշել տղամարդու դեմքը։ Վերջինս հասկացավ, որ Վարդանն իրեն չի ճանաչել։
― Գանի բեյ,– ասաց նա՝ արտաշնչելով ծխախոտի ծուխը։
Զվարճանալով՝ նա հետևեց այն տպավորությանը, որ գործեց այդ բացահայտումը բանտարկյալի վրա։ Վարդանն այնպես էր ապշել, որ քար կտրեց։ Գանի բե՜յ։ Ներքին գործերի նախարարին անմնացորդ նվիրված անձ, նրա աջ ձեռքը։ Աբդուլ Համիդ II―ի ժամանակ Գանին Կոստանդնուպոլսի ոստիկանապետն էր, և Վարդանը խնդիրներ էր ունեցել նրա հետ։ Իր ձերբակալությունը հիմա հասկանալի էր դառնում։ Նա այլևս կարող էր ոչ մի հույս չփայփայել, և Գանի բեյը հաճույքով հաստատեց Վարդանի այդ միտքը.
— Քո վերջն եկել է, Վարդան Պալյան։
Վարդանն արհամարհական տեսք ընդունեց և չպատասխանեց։
— Գիտե՞ս, թե ինչու եմ ես այստեղ։
― Դուք ուզում եք առաջին շարքերում լինել,– պատասխանեց Վարդանը առանց թաքցնելու իր արհամարհանքը։– Ուզում եք ձեր ռասիստական և մոլեռանդ տեսությունների իրականացման վկան լինել։
Այս խոսքերը Գանի բեյին վիրավորելու փոխարեն շոյեցին նրա ինքնասիրությունը, և նա գլխով արեց։
Նա երազկոտ դարձավ և շշնջաց.
― Ես այնքան երկար եմ սպասել այս պահին...
Երիտթուրքերի հեղափոխությանը նախորդած տարիներին նա հարել էր ազգայնական կազմակերպություններին և ակտիվորեն համագործակցել էր այնպիսի թերթերի հետ, որոնց նպատակն էր տարածել պանթուրանիզմի գաղափարախոսությունը։ Եվ այն ժամանակից ի վեր, որ նա կառավարության անդամ էր, երբեք առիթը բաց չէր թողել իր որդեգրած գաղափարները տարածելու համար։
Վարդանի հոգում արթնացան վրդովմունքն ու ատելությունը, և միևնույն ժամանակ նա անսահման հուսահատություն զգաց։ Ինքը կորած էր, բայց եթե իրեն գոնե հնարավորություն տրվեր ոչնչացնելու այդ հրեշին, ապա իր մահն ապարդյուն չէր լինի։ Նրա հայացքն ընկավ ատրճանակին, որը Գանի բեյը շտապ վերցրեց և ուղղեց բանտարկյալի վրա։
― Գեթ մի շարժում, և ես հաճույքով կկրակեմ։
Կարծելով, որ հասել է իր վերջին ժամը, Վարդանն ուսերը թոթվեց և հանդուգն ձայնով ասաց.
— Այժմ, երբ ես ականատեսն եմ քո հաղթանակի, ի՞նչ ես ուզում ինձնից։ Կարծում եմ, որ չես սպասում իմ շնորհավորանքներին։
— Ինչո՞ւ ոչ,— պատասխանեց Գանի բեյը, որի դեմքին լայն ժպիտ հայտնվեց։— Դու խելացի մարդ ես։ Դրա վկայությունն է այն, որ դու չփորձեցիր փաստարկել, ապացուցել քո ժողովրդի անմեղությունը, չփորձեցիր հերքել իմ փիլիսոփայությունը։
― Փիլիսոփայությո՞ւն,– փռթկաց Վարդանը հատակին թքելուց առաջ։
Վարդանի խոսքերն անտեսելով՝ Գանի բեյը շարունակեց իր միտքը.
― Դու ծանոթ ես իրավիճակին և հասկանում ես, որ հայերի համար ամեն ինչ վերջացած է։ Ոչինչ չի կարող խաթարել պատմության անողոք ընթացքը։ ժողովուրդները հայտնվում են և անհայտանում, ինչպես կայսրությունները, իսկ նրանց փոխարինելու են գալիս ավելի ուժեղ և կենսունակ ազգերը։
― Ես ցանկություն չունեմ քո ճառերը լսելու,– ասաց Վարդանը կտրուկ տոնով։
Գանի բեյը, զարմանալով այղ հանդգնությունից, ափի մեջ սեղմեց ատրճանակը։ Մի պահ նա ուզում էր կրակել։ Սակայն շտապելու կարիք չկար։ Նա ծխախոտ վառեց հանգստանալու համար։
― Երբ մեկնում էի Կոստանդնուպոլսից, մեր ներքին գործերի նախարարն ինձ խորհուրդ տվեց, որ ես անեմ ամեն ինչ քեզ չեզոքացնելու համար։ Նա գիտի, որ դու կարող ես խնդիրներ հարուցել։
― Ձեր նախարարը ինձ մեծ պատիվ է անում,— հեգնեց Վարդանը։
— Վերջ տո՛ւր,– բացականչեց Գանի բեյը՝ թափ տալով ծխախոտի մոխիրը։ Նախարարը քեզ հնարավորություն է տալիս կաշիդ փրկելու։ Ես այդքան մեծահոգություն չէի ունենա։
Նա լռեց՝ հնարավորություն տալով բանտարկյալին գիտակցելու իր խոսքերը։ Վարդանը նրան կասկածանքով էր նայում։ Նա գրեթե անտարբեր հարցրեց.
― Ինչի՞ մասին է խոսքը։
— Դու պետք է հոդվածներ գրես օտար թերթերի համար և նամակներ ուղարկես Միացյալ Նահանգներում և այլուր բարձր դիրք գրավող մարդկանց։ Դու նրանց կբացատրես ռազմական գործողությունների թատերաբեմից ազգաբնակչությանր հեռացնելու անհրաժեշտությունը և կվկայես, որ այդ տեղահանությունները լավ են կազմակերպված, ընթանում են մարդասիրական պայմաններում, կգովերգես այն գյուղերի գեղեցկությունը, ուր տեղահանվածները պետք է բնակվեն։
Վարդանը չկարողացավ ծիծաղը զսպել՝ լսելով այդ անհեթեթությունը.
― Դու լո՞ւրջ ես խոսում։ Թեկուզ մի պահ հավատացե՞լ ես, որ ես կարող եմ համաձայնել նման մեքենայության։
― Դու երբեք անհարմար չես զգացել քո երկիրն օտարների աչքերում վարկաբեկելիս։ Չես ամաչել փնովել կառավարության մեջ ներգրավված քաղաքական գործիչներին և կոչ անել եվրոպական տերություններին խառնվելու կայսրության գործերին։ Ահա քեզ հնարավորություն են տալիս մեղքերդ քավելու։
— Սո՛ւտ է։ Շատ լավ գիտես, որ ես միշտ ցանկացել եմ կայսրության առաջընթացը։
– Կայսրության անկումը, այո՛,– մռնչաց Գանի բեյը և անմիջապես մեղմացավ։ Սակայն մենք ժամանակ չունենք փուչ վեճերի վրա վատնելու համար։ Համագործակցության դիմաց դու և քո ընտանիքը կփրկեք ձեր կյանքը, չհաշված զգալի նյութական օգուտը, որ դու կքաղես։ Իսկ պատերազմից հետո կկարողանաս նոր կյանք սկսել մեկ այլ երկրում, այլ անվան ներքո, կամ էլ մեծ պաշտոն կզբաղեցնես Մեծ Թուրքիայի կառավարությունում։ Բնականաբար քո հավատարմությունը հավաստելու համար պետք է մահմեդականություն ընդունես։
Վարդանը կասկածանքով նայում էր Գանի բեյին։ Արդյո՞ք նա իսկապես սպասում էր, որ ինքը կընդուներ նման առաջարկություն։ Որ կդավաճաներ իր ժողովրդին ու կսակարկեր մի ամբողջ ժողովրդի բնաջնջումը։
– Ոչ,– պատասխանեց նա։
Մնացած բոլոր խոսքերը նրան ավելորդ էին թվում։
― Այլ ազդեցիկ հայեր չեն վարանի։
— Թո՛ղ նրանք իրենց գամեն անարգանքի սյունին, ես խղճում եմ նրանց։
Գանի բեյը մեկ այլ ծխախոտ վառեց իր դեռևս այրվող ծխախոտից և կանչեց պահակներին, որոնք եկան և կանգնեցին բանտարկյալի կողքին։
Բարձրաստիճան պաշտոնյան շարունակում էր ժպտալ և քաղցր ձայնով ասաց.
― Ես խաղամոլ եմ և քեզ ժամանակ եմ տալիս իմ առաջարկի մասին մտածելու։ Լսել եմ, որ շատ գեղեցիկ կին ունես և մի չքնաղ տղա։ Մտածիր նրանց մասին։ Երեք օրից նրանք կլքեն Սվասը։ Եթե բախտը բերի, քո կինը որևէ զինվորի կամ ավազակի բաժինը կդառնա, իսկ որդիդ կաշխատի որևէ գյուղացու մոտ, որը նրան սոված կպահի։ Այլապես... Ճանապարհը երկար է լինելու և վտանգներով լի... Սակայն քեզ ի՞նչ, այդ ժամանակ դու կիսով չափ փտած կլինես։
Վարդանը գունատվեց, սակայն իրեն զսպեց և չվիրավորեց իր դիմաց կանգնած գեր մարդուն։ Ինքը հնարավորություն ուներ ժամանակ շահելու և իրավունք չուներ այդ հնարավորությունը կորցնելու։
― Ես կմտածեմ,– մրմնջաց նա գլուխը կախելով։
― Խորհուրդ եմ տալիս լավ մտածել։ Եվ շտապիր։
― Կարո՞ղ եմ մի քանի խոսք գրել կնոջս։
― Ոչ։ Համագործակցիր մեզ հետ, և նրան հետ կստանաս։
Գանի բեյը դժվարությամբ ոտքի կանգնեց՝ սեղանին հենվելով և ասաց ոստիկաններին.
― Նրան խուցը տարեք և ուտելիք տվեք։
Մարոյի սպասումն իսկական տանջանքի էր վերածվել։ ժամերն անցնում էին հուսահատեցնող դանդաղությամբ։ Փողոցում աղմուկ լսվելուն պես նա նետվում էր լուսամատի մոտ և ամեն անգամ հուսահատություն էր ապրում։ Ինչո՞ւ էր ուշանում գնդապետ Իբրահիմը, ինչո՞ւ նորություններ չէր բերում։ Նախաճաշից հետո Մարոն ուզեց անձամբ գնալ ոստիկանապետի մոտ։ Նրան այդ ծրագրից հետ կանգնեցնելու համար անհրաժեշտ եղավ գործի դնել Ազնիվ խանումի ողջ հեղինակությանն ու Արմենի՝ Իբրահիմ Ալիզադեին գտնելու խոստումը։ Զինվորականը ոչ տանն էր, ոչ էլ շտաբում, և Արմենը նրան տոմսակներ թողեց։
Հենց այդ պահին գնդապետ Իբրահիմը հանդիպման էր գնացել ոստիկանապետ Մուսթաֆայի հետ, որը նրան հայտնել էր, որ Վարդանը մահվան էր դատապարտվել։ Երբ գնդապետը հարցրեց, թե ո՞րն է մայոր Վարդանի մեղքը, ոստիկանապետը շփոթվեց և շփոթմունքը թաքցնելու համար մի թղթապանակ բացեց։
― Պետական դավաճանություն,– վերջապես հայտարարեց Մուսթաֆա Ռահմին գրեթե խանդավառ ձայնով։
― Դուք ապացույցներ ունե՞ք,– հարցրեց Իբրահիմը, որը գիտեր իր զրուցակցի խարդախության մասին։
― Անկասկած,– բացականչեց ոստիկանը՝ սրտնեղելով հարցից։– Իսկ դա ի՞նչ կապ ունի ձեզ հետ։
― Պալյանը բանակի սպա է։ Ռազմական դատարանը պետք է որ...
Մուսթաֆա Ռահմին նրան ընդհատեց.
― Գործն արդեն նայվել է մայրաքաղաքում։
― Այդ դեպքում, ըստ սահմանադրության, դատապարտված զինվորականը կարող է ներում խնդրել սուլթանից։
— Նա հայ է և ոչ թե զինվորական,— բացականչեց Մուսթաֆան հուսահատված։
Նա ոտքից գլուխ չափեց Իբրահիմին և խորամանկ տեսքով նրան հարցրեց.
— Ասացեք, գնդապետ Իբրահիմ, դուք ի՞նչ եք մտածում գյաուրների տեղահանության մասին։
Գնդապետն իսկույն զգաց ծուղակը.
— Կառավարությունը պետք է որ իմանա, թե ինչ է անում։
Այդ խուսափողական պատասխանից հետո Իբրահիմը հրաժեշտ տվեց ոստիկանապետին։ Նա բոլորովին չէր հավատում դավաճանության այդ պատմությանը։ Վարդանի դատապարտման իսկական պատճառը Մուսթաֆա Ռահմին առանց այդ բանը ցանկանալու բացահայտել էր՝ նա հայ էր։ Գնդապետն իրեն հաշիվ տվեց, որ իր բարեկամին փրկելու հույսը չնչին է։ Միակ հույսն այն էր, որ գեներալ Ֆաքրի փաշան կամք ցուցաբերեր և չենթարկվեր այդ Գանի բեյին, որը հավակնում էր արդարադատության իրականացնել։ Եթե Իբրահիմին հաջողվեր նրան համոզել Վարդանի կողմը բռնել, ապա միգուցե... Հրապարակով անցնելիս Իբրահիմը տեսավ կախաղանները, որոնց վրա առավոտվանից տասնհինգ դիակներ էին կախված ժողովրդին դաս տալու համար։ Նա գիտեր, որ այն հայերը, որոնց քաղաքից դուրս էին տարել ճանապարհներ վերանորոգելու պատրվակով, չէին վերադառնալու։ Այդ տղամարդկանց մեծ մասի դիակներն արդեն կիտված էին մի հեղեղատում։ Նրանք սպանվել էին գլխին արձակված գնդակներով կամ էլ սվինախողխոդ էին արվել։
Գնդապետր ցավում էր որքան իր երկրի, նույնքան էլ այդ խեղճ մարդկանց համար։ Սահմանների մոտ կուտակված թշնամիների դեմ կռվելու փոխարեն պայքարում էին անմեղ քաղաքացիական անձանց դեմ։ Այդ ամենից ոչ մի լավ բան չէր կարող ստացվել։ Քրիստոնյաներից ազատվելու որոշում ընդունած կառավարությունն այն նույն կառավարությունն էր, որը սադրել էր Բալկանյան պատերազմը, որի զոհը քիչ էր մնում դառնար ինքը՝ Իբրահիմը։ Անօգուտ պատերազմ, որի պարտության խայտառակությունը կառավարությունը բարդել էր բանակի վրա։ Իսկ այսօր նույն նախարարները բռնել էին գերմանացիների կողմը։ Իբրահիմը համարում էր, որ նրանք սխալ դաշնակից էին ընտրել և ինքն իրեն հարց էր տալիս, թե արդյոք որքա՞ն սպա բանակում համամիտ կլիներ իր հետ։
Ի՞նչ էր նա ասելու Մարոյին։ Նա անկասկած սպասում էր ամուսնու ազատագրմանը, և Իբրահիմը չէր ցանկանա նրան հիասթափեցնել։ Լրջորեն մտածելուց հետո նա վճռեց գթասրտորեն խաբել նրան։ Ասել, որ Վարդանն առողջ էր և որ Ֆաքրի փաշան անձամբ զբաղվում էր նրա գործով։ Իրականում ոստիկանապետը մերժել էր Վարդանին տեսնելու Իբրահիմի խնդրանքը։ Ինչ վերաբերում էր Ֆաքրի փաշայի օգնությանը, ապա գնդապետը առաջ էր ընկնում իրադարձություններից, քանի որ գեներալին ինքը հանդիպելու էր միայն երեկոյան։
Արդեն երկրորդ օրն էր, ինչ Վարդանը բանտում էր։ Նա հենվել էր պատին և կանգնած ուտում էր իր ճաշը՝ կանաչ պղպեղի հետքերով խաշած բրինձ։ Գարշահոտությունից և խոնավությունից առավել նրա համար անտանելի էր մշտական մթությունը։ Նրան թվում էր, որ ինքն անվերջ անքուն մի գիշեր էր անցկացնում։ Ժամանակային չափանիշների բացակայությունը շփոթություն էր մտցնում նրա մտքերի մեջ և անքնությամբ տառապող մարդու պես նա անընդհատ նույն հարցերն էր իրեն տալիս, որոնք անպատասխան էին մնում։ Գանի բեյի հետ իր հանդիպումից ի վեր Վարդանն ամեն վայրկյան սպասում էր, որ իրեն վերջնագիր էին ներկայացնելու՝ համագործակցել կամ մեռնել։
Նա դեռ չէր դատարկել ճաշի ամանը, երբ զնդանի դուռը բացվեց։ Գնդապետ Իբրահիմի աչքերն արտացոլում էին նրա ձեռքի լամպի լույսը։ Նա խուց մտավ զզվանքի ծամածռությանը դեմքին և ասաց իրեն հետևող ոստիկանին.
― Մեզ մենակ թող։ Կգաս, երբ քեզ կկանչեմ։
Երբ նրանք մենակ մնացին, Իբրահիմը լամպը գետնին դրեց և, Վարդանին կրծքին սեղմելով, շշնջաց.
― Իմ խեղճ բարեկամ, այս ինչ գարշահոտ վայրում են քեզ պահում։ Իսկ այս ցնցոտինե՜րը...
Բանտարկության այս պայմանները նրան չէին զարմացնում, քանի որ օսմանյան բանտերի մեծ մասն ավելի վատ վիճակում էր։ Նրան ցնցում էր այն, որ նա Վարդանին էր տեսնում այդ խղճուկ վիճակում։ Նա Վարդանին տեսել էր միայն նրբագեղ հագուստով և հպարտ։ Այս պայմաններում մայորն իրեն պակաս տպավորիչ էր թվամ և խոցելի։
― Ես երջանիկ եմ քեզ տեսնելու, Իբրահիմ։ Ինչպե՞ս է իմ ընտանիքը։
— Նրանք լավ են։ Ես երեկ հանդիպել եմ քո կնոջը։ Նա անհանգստանում է քեզ համար, դա հասկանալի է։
Վարդանը հուզվեց և հակառակ սովորությանը չթաքցրեց հուզմունքը։ Նա սեղմեց իր ընկերոջ թևը.
― Քո նվիրվածությունը ջերմացնում է սիրտս։
Իբրահիմը խղճի խայթ էր զգում։ Ոստիկանատուն գալիս նրան թվում էր, որ ինքը ուրախալի նորություն էր բհրում իր բարեկամին։ Բանտախցի գարշահոտության և կեղտի մեջ իր բերած լուրն իրեն աննշան թվաց։ Նա Վարդանին ծխախոտ տվեց, մյուսն էլ ինքը վառեց։
― Ես հասա այն բանին, որ քեզ դատեն,– հայտարարեց նա մի քիչ կեղծ ոգեշնչությամբ։
Վարդանը հասկացավ, որ Իբրահիմը շատ էր տանջվել այդ որոշմանը հասնելու համար։ Նա ձեռքը դրեց գնդապետի ուսին.
― Հոյակապ է։ Ի վերջո, ինձ պետք է որևէ բանում մեղադրեն, պետք է ապացույցներ ներկայացնեն, և ես առիթ կունենամ պաշտպանվելու։
Վարդանի ուրախությունն անկեղծ էր։ Այդ դատավարությունը նրան զերծ կպահեր կամայականություններից, և նրա ճակատագիրը կախված չէր լինի միայն Գանի բեյի քմահաճույքից։
― Ինչպե՞ս քեզ հաջողվեց։
― Ես շեշտը դրեցի Ֆաքրի փաշայի ինքնասիրության վրա։ Նա ստիպված է ենթարկվել Գանի բեյի հրամաններին, իսկ դա նրան վրդովում և վիրավորում է։ Ստիպված լինելով զիջել հիմնականում, նա անզիջում եղավ քո հարցում։
― Եվ Գանի բեյը ենթարկվե՞ց,— զարմացավ Վարդանը։
― Պատկերացրու, որ նա գերադասում է գեներալին իր դեմ չլարել։ Գանի բեյը նրա կարիքն ունի...
Իբրահիմը խոսքը չավարտեց։ Քիչ էր մնում նա արտաբերեր «տեղահանություն» բառը։ Վարդանը նրան անհարմար վիճակից հանեց.
― Ես զգացված եմ քո հոգատարությունից, բարեկամս։
Իբրահիմը շփոթված ժպտաց և գրպանից մի շիշ հանեց ու մեկնեց Վարդանին։ Քանի վերջինս օղի էր խմում, գնդապետը մռայլ ասաց.
― Չխաբվես, դա ռազմական դատարան չի լինելու։ Դատավարությունը կվարի Գանի բեյը, և այն ամենայն հավանականությամբ կարճատև կլինի։ Ես դրան կմասնակցեմ որպես դիտորդ բանակի կողմից, սակայն չեմ կարողանա որևէ էական բան անել քեզ համար։
Վարդանը ծամածռվեց։ Մի պահ նրան համակած հույսը անհետացավ։ Իբրահիմը ուզեց մեղմել իր վերջին բառերի բարոյալքող ազդեցությունը.
— Դատավարությունը կարևոր չէ, կարևոր է այն, որ մենք ժամանակ կշահենք։
— Ժամանա՜կ,– բացականչեց Վարդանը, չկարողանալով թաքցնել հիասթափությունը։– Դրանից ի՞նչ է փոխվելու։
― Ամեն ինչ։ Գանի բեյը շրջագայում է։ Երբ նա կհեռանա գավառից, Ֆաքրի փաշան կկարողանա պահանջել, որ քեզ տեղափոխեն զինվորական բանտ, իսկ հետո՝ քեզ ազատել։ Հակառակ դեպքում ես կփորձեմ կազմակերպել քո փախուստը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ողջ մնաս։
― Ինձ հենց դա է պետք,– պատասխանեց Վարդանը գրեթե հարձակողական տոնով։– Սակայն դա ինձնից կախված չէ։
Լամպի լույսը տատանվում էր։ Վարդանը լուռ նայեց իրենց երկուսի ստվերներին, որոնք, ձգվելով պատի վրայով, անցնում էին առաստաղին։ Պատի վրա արաբերեն արձանագրություններ կային։ Մի առնետ վազելով անցավ խցի առվով, որը գտնվում էր նկուղի մի ծայրում։ Չնայած իր պատրաստակամությանը, Իբրահիմը Վարդանին ոչ մի որոշակի բան չէր կարող առաջարկել։ Վարդանը պետք է կառչեր անորոշ հույսերից։ Նա իր բարեկամին հայտնեց Գանի բեյի առաջարկության մասին։ Վրդովվելու փոխարեն Իբրահիմը դրանում հույս տեսավ Վարդանի համար.
― Եթե դատավարությունը վատ ավարտվի, համաձայնիր։
Վարդանը ցնցվեց։
― Դո՛ւ, պատվի մարդ լինելով, ուզում ես, որ ես դավաճանե՞մ իմ ժողովրդին։
― Իհարկե ո՛չ,– արդարացավ Իբրահիմը։– Ձևացիր, երկարաձգիր ժամկետները։
― Էլի ժամանա՞կ շահեմ։
Վարդանը դա ասաց դառը հեգնանքով, որի համար անմիջապես ափսոսաց։ Նրա տոնը նորից մտերմիկ դարձավ, սակայն նրա ձայնում հուսահատություն էր զգացվում։
― Ոչ, Իբրահիմ։ Նույնիսկ եթե այնքան վախկոտ լինեի, որ Գանի բեյի հետ համաձայնության գայի, դա ինձ չէր օգնի։ Հենց որ ստորագրեի նրա ուզած վոսստաթղթերը, նա կվերացներ ինձ որպես անհարմար վկայի։
Իր բարեկամի պարտվողական դիրքորոշումը տխրեցրեց Իբրահիմին։ Նա Վարդանին համարում էր գործունյա և վճռական մարդ, որն արագ էր որոշումներ ընդունում։ Որոշումներ ընդունել... Ինչպե՞ս և ինչի՞ դեմ։ Մայորն իրավունք ուներ ապագային հոռետեսորեն նայելու։ Քանի որ Վարդանը գուշակում էր գնդապետի մտքերը, ապա նա հարցրեց.
― Ինչպիսի՞ն է մնացած բանտարկյալների վիճակը։
Իբրահիմը մռայլ նայեց Վարդանին, սակայն նրա ձայնը հաստատուն մնաց.
— Նրանց կախաղան են հանում։ Օրը երեսուն հոգու։
― Տեղահանությունը ե՞րբ է սկսվելու։
— Կարծեմ վաղը չէ՝ մյուս օրը։
― Իսկ իմ դատավարությո՞ւնը։
― Վաղը։
Վարդանը դիպավ նրա թևին.
— Եթե ինձ բան պատահի, դու հոգ կտանե՞ս Մարոյի ու Թովմասի մասին։
― Իհարկե, սակայն մենք դրան դեռ չենք հասել։
Նրանք գրկախառնվեցին և երկար այդպես մնացին։ Հետո Իբրահիմը ուժգին դուռը ծեծեց.
― Հե՜յ, բացե՛ք։
Նա գետնից վերցրեց լամպն ու ասաց.
— Ես թողնում եմ խմիչքն ու ծխախոտը։ Ալլահը քեզ պահապան։
― Քեզ նույնպես, Իբրահիմ։
Դուռը փակվեց, ու Վարդանը նորից ընկղմվեց հեղձուցիչ մթի մեջ։ Միայնության զգացումն այլես այդքան ճնշող չէր, որքան Իբրահիմի այցելությունից առաջ։ Այդուհանդերձ, այժմ նա պարզորոշ զգում էր իրեն և Մարոյին բաժանող հեռավորությունը։ Հեռավորություն, որը չէր չափվում մետրերով կամ քայլերով, այլ ժամերով և օրերով։ Եվ նա զգաց, որ այդ ժամանակը սպառվելու փոխարեն երկարելու էր, եթե իհարկե վաղվա դատավարությունը դրան վերջ չտար։ Այս կամ այն ձևով...
Ազնիվ խանումը, տեսնելով թուրքական տարազ հագած Մարոյին սանդուղքի ներքևում, բարձր ճիչ արձակեց, քանի որ նա գուշակեց դստեր մտադրությունը։
― Ոչինչ չասեք,– հայտարարեց Մարոն վստահ ձայնով։
Ազնիվ խանումը բռնեց նրա ձեռքը։ Մարոն դարձավ մորը և ավելացրեց.
― Իսկ եթե ձեր ամուսնուն երեք օր շարունակ բանտում պահեի՞ն։
Մարոյի ձայնից և հայացքից մայրը հասկացավ, որ վիճաբանությունն անիմաստ է։ Նա ասաց.
― Ես քեզ կուղեկցեմ։
— Ոչ։ Ես ինձ ավելի հանգիստ կզգամ, եթե դուք մնաք Թովմասի հետ։
― Գնա Արմենի հետևից։
― Այդպիսով ես ճանապարհը կերկարացնեմ, իսկ դրա իմաստը չկա։
Մարոն գնաց դեպի ախոռը։ Ազնիվ խանումը կրնկակոխ հետևում էր նրան։ Մայրը չափազանց անհանգստանում էր դստեր համար, սակայն նա շատ լավ էր հասկանում նրա հոգեվիճակը՝ նրա ձեռնարկման դեմ ընդվզելու համար։ Եթե դա պատահեր Հակոբի հետ, ինքը նույն բանը կաներ։ Ինչպես և Մարոյին, Վարդանի դատավարությունը նրան ոչ մի հույս չէր ներշնչում։ Այս երկրի դատավարությո՜ւնը... Հատկապես այս խառը ժամանակներում։ Ամեն օր Ազնիվ խանումը վախենում էր, որ կարող էին գալ և հայտնել, որ Վարդանն այն մարդկանց թվում էր, որոնց կախաղան էին հանել լուսադեմին։
— Եթե գոնե գավառապետ Մումթազ բեյը ողջ լիներ,– հառաչեց նա։– Ոստիկանապետը նենգ մարդ է, իսկական չախկալ,– շարունակեց նա չարացած ձայնով։– Խոսելիս զգույշ եղիր։
Մարոն վարգաձիուն հետ-հետ էր քշում դեպի ձգանը։ Նա առանց ընդհատելու աշխատանքը պատասխանեց.
― Ես նրա մոտ չեմ գնում։ Գնդապետ Իբրահիմը հիշատակեց ոմն Գանի բեյի, որն իջևանել է գավառապետի նստավայրում։ Նա կարծես թե բարձրաստիճան պաշտոնյա է։
― Ես կաղոթեմ Աստծու Որդուն, որպեսզի նա քեզ հուշի այնպիսի խոսքեր, որոնք նրան կհուզեն։ Սակայն դու առանց վարանելու նրան խոշոր գումար առաջարկիր։
Մարոն զնգզնգացրեց քսակը, որը թաքցրել էր իր լայն զգեստի տակ։ Դստեր շրջահայացությունը վստահություն ներշնչեց Ազնիվ խանումին, քանի որ նա կարծում էր, որ Մարոն լուրջ կերպով չէր մտածել իր ծրագրի մասին։ Մնում էր, որ նա ապահով տեղ հասներ։
― Աղջիկներից մեկին գոնե հետդ վերցնեիր։ Այդ դեպքում քո զգեստափոխությանն ավելի հեշտ կհավատային։ Իրեն հարգոդ մահմեդական կինը մենակ տնից դուրս չի գալիս։
Այս առարկությունն արդարացի էր, և Մարոն իր հետ վերցրեց Զեյնաբին։ Դարպասից դուրս գալուց առաջ նա դեմքի ստորին մասը ծածկեց փարաջայով, որը հնարավորություն էր տալիս կռահելու նրա դիմագծերը և էլ ավելի հանելուկային էր դարձնում նրա գեղեցկությունը։ Ազնիվ խանումը նրան գրկեց և կրծքին սեղմեց.
― Զգույշ եղիր։
Մարոն կառք բարձրացավ և նստեց Զեյնաբի կողքին։
― Ես կկարողանամ գործը գլուխ բերել։
Դարպասը փակելով՝ Ազնիվ խանումը երեք անգամ խաչակնքեց։
Հայկական թաղում ճնշող հուսահատություն էր տիրում։ Տղամարդկանց բացակայության պատճառով բոլոր րնտանիքները փակվել էին իրենց տներում։ Հազվադեպ անցորդները՝ հիմնականում ծեր մարդիկ, ողբերգական տեսք ունեին։ Տեղ-տեղ թուրք առևտրականները, անտեսելով կառավարության հրամանը, ապագա տեղահանվողներից կահ-կարասի էին գնում և վճարում էին դրանց արժեքի քսաներորդ, երբեմն հարյուրերորդ մասը։ Ոստիկանները պարեկում էին թաղամասը։ Նրանցից և ոչ մեկը չկանգնեցրեց Մարոյի կառքը, և նա կարողացավ առանց դժվարության հասնել մինչև գավաոապետի նստավայրը։ Մարոն կառքը կանգնեցրեց ներքին բակում և Զեյնաբին թողեց այն հսկելու։ Քողն ուղղելով, նա մոտեցավ գլխավոր մուտքի մոտ կանգնած ոստիկանին։
—— Ես ժամադրված եմ Գանի բեյի հետ։
Ոստիկանը մատնացույց արեց նախասրահը.
— Մոտեցեք քարտուղարին, խանում։ Ձախից երկրորդ դուռը։
Մարոն նախասրահ մտավ առանց դուռը թակելու, և իր գրասեղանին կռթնած ու երազների գիրկն ընկած քարտուղարը վեր թռավ։ Նրա ձախ այտին, որը շուրջ կես ժամ հենված էր ձեռքին, կարմիր հետք էր մնացել։ Նրա նեղ ճակատին երեք կնճիռ կար, հոնքերը խիտ էին, իսկ կոպերն այտուցված։
— Ի՞նչ եք ուզում,– հարցրեց նա խիստ տեսքով։
― Ես ուզում եմ տեսնել Գանի բեյին։
― Անհնար է։ Նա աշխատում է և ոչ մեկին չի ընդունում։
― Բարի եղեք զեկուցել իմ մասին։ Մենք կտեսնենք։
Քարտուղարը գլխով բացասական նշան արեց։ Դեպի բակը նայող լուսամատի մոտ աթոռ տեսնելով, Մարոն նստեց և ասաց.
― Այդ դեպքում ես պետք է այնքան սպասեմ, մինչև նա դուրս կգա ճաշելու։
― Խանում, չի կարելի,— խնդրեց նա։— Դուք պետք է հեռանաք։
Մարոն, կրկնօրինակելով նրա շարժումր, գլխով ոչ արեց։ Տղամարդը հառաչեց և սկսեց կարգի բերել գրասեղանը։ Նա պարզապես փաստաթղթերը տեղից տեղ էր տեղափոխում, ձևանալով, թե կարդում էր։ Նրա մի քիչ լարված շարժումներից կարելի էր կռահել, որ նա նյարդայնանում էր։ Տասը րոպե անց Մարոն մոտեցավ և թանաքոտ ծծանին մի ոսկե դրամ դրեց։
― Փորձեք այնպես անել, որ նա ինձ ընդունի։
― Տեսնեմ, թե ինչ կարող եմ անել,— ասաց նա դրամը գրպանը դնելով։– Ո՞ւմ մասին պետք է զեկուցեմ։
― Մայոր Վարդանի կնոջ մասին։
Գանի բեյը Մարոյին ընդունեց հյուրասենյակում, որի լուսամուտները արևից պաշտպանված էին դրսում աճող լորենիներով, և դրանից մարմարյա պատերը կանաչ երանգ էին ստանում։ Թախտին բազմած Գանի բեյը նմանվում էր հաստլիկ բուդդայի։ Կապույտ մետաքսից կարված նրա տնային զգեստը լայն բացված էր նրա ճերմակ և անմազ կրծքին։ Նա տեղից չշարժվեց, երբ Մարոն մոտեցավ, և իր այցելուին նայեց ոչինչ չարտահայտող հայացքով։
Բազմոցի կողքին կանգնած էր տասը տարեկան մի տղա հովհարը ձեռքին և հով էր անում Գանի բեյին։ Տղան սև և գանգուր մազեր ուներ, հագի լայն շալվարը փոթերով հավաքված էր կոճերին։ առանց հրամանի նա հովհարը վայր դրեց և հեռացավ վարագուրված դռնով։
Դանդաղ շարժումով Գանի բեյը ցույց տվեց խունացած ծածկոցով բազկաթոռը։ Սենյակում զգացվում էր հաշիշի բնորոշ հոտը։ Թախտի մոտ ցածր սեղան կար, որի վրա դրված էին փոքր ծխամորճը, բյուրեղապակյա մի ջրաման, մրգեր և լոխում։ Մարոն նստեց և դեմքը բացեց։ Ցանկանալով գործի դնել իր բոլոր բարեմասնությունները՝ Մարոն տնից դուրս գալուց առաջ շպարվել էր։ Գանի բեյը նրան շատ գեղեցիկ համարեց և ափսոսաց, երբ նա քողն իջեցրեց, քանի որ դա դժվարացնում էր իր գործը։ Կանայք նրան բոլորովին չէին գրավում, սակայն նա նրանց բոլորին նմանեցնում էր իր մորը, որին պաշտում էր, և նրանց ներկայությամբ նա կորցնում էր իր կարողությունների մի մասը։ Նա շշնջաց.
— Հուրի՜... Դուք իսկական հուրի―փերի եք։
Նա սխտոր էր բուրում, իսկ գլուխը Մարոյին խոզի գլուխ հիշեցրեց։ Եվ իրենց բոլորի կյանքն ու մահը այդ ճարպագնդի ձեռքում էր։ Նա անսահման զզվանք էր հարուցում Մարոյի հոգում, որը չնայած դրան շարունակում էր համեստորեն ժպտալ։ Իսկ Գանի բեյին, որը գտնվում էր հաշիշի ազդեցության տակ, թվաց, որ նա նայում էր իրեն մայրական ջերմությամբ։ Նա ցանկանում էր, որ Մարոն լուռ մնար, քանի որ խոսելուն պես կախարդանքը կցրվեր, քանի որ ինքը կանխավ գիտեր, թե ինչի մասին էր նա խոսելու։
Սրտապնդվելով բարձրաստիճան պաշտոնյայի երանելի տեսքից, Մարոն սկսեց խոսել.
― Ես շոյված եմ, որ բարեհաճեցիք ընդունել ինձ, Գանի բեյ։ Ասում են, որ սուլթանն ականջ է դնում ձեզ, և ես մտածեցի, որ միայն դուք կկարողանայիք ուղղել այն անարդարությունը, որ պատահել է իմ ընտանիքին։
Գանի բեյը հոգոց հանեց և աչքերը կկոցեց։ Նա մատնացույց արեց թախտի կողքի տասնանկյուն սեղանը։ Մարոն այնտեղ ծխախոտատուփ տեսավ, հրահան և բյուրեղապակյա մոխրաման, որոնք կինը շտապեց տալ Գանի բեյին։ Քանի վերջինս ծխախոտ էր վառում, Մարոն շարունակեց մեղմ, սակայն վճռական ձայնով.
― Իմ ամուսնու՝ մայոր Վարդան Պալյանի ձերբակալությունն անարդարացի է։ Նրան դատելու են, սակայն այդ դատավարությունն արդարացված չէ։
Ձանձրանալով՝ Գանի բեյը ծխախոտի ծուխը ներս քաշեց, սակայն դա նրան թեթևություն չբերեց։ Նրա դեմքը քարացավ, սակայն ձայնը մեղմ էր.
— Եթե նա անմեղ է, ապա նա չպետք է վախենա դատավարությունից։
Մարոն նայեց ուղիղ նրա աչքերի մեջ և ցանկացավ ցույց տալ, որ ինքը հիմար չէր, սակայն չուզեց վիրավորել բարձրաստիճան պաշտոնյային.
― Գուցե կան մարդիկ, որոնք կուզեին նրան վնասել։ Աչքի ընկնող մարդը նախանձ է հարուցում։ Դուք, այդքան բարձր դիրք գրավելով, այդ բանը բոլորից լավ պետք է որ իմանաք, Գանի բեյ։
Մարոն չգիտեր, որ Գանի բեյն անտարբեր էր շոդոքորթության հանդեպ։ Հաշիշի գոլորշին արդեն ցրվում էր, և Գանի բեյը ձանձրացավ այդ հանդիպումից, սակայն նա չբացահայտեց իր անհամբերությունը։ Այս կինը նրան հետաքրքրել էր։ Զուր էր նա սիրալիր ձևանում, Գանի բեյն զգում էր նրա արհամարհանքը։ Բերանը քաղցրացնելու համար նա լոխում կերավ՝ առաջարկելով նաև Մարոյին։ Մարոն ձեռքը սրտին սեղմեց, իսկ աչքերը երկնքին հառեց, դա պայմանական շարժում էր, որ անում էին հրաժարվելիս։
— Իմ ամուսինը Իթթիհատի անդամ է եղել և պատգամավոր։
— Գիտեմ...— պատասխանեց Գանի բեյն առանց հետաքրքրություն ցուցաբերելու և դարձավ դեպի վարագույրը։
Նա ծափ տվեց, և լայն շալվարով տղան հայտնվեց.
― Մեզ նարնջի ըմպելիք մատուցիր։
Զրույցը շարունակելու Մարոյի բոլոր փորձերը անհաջողությամբ էին ավարտվում։ Նրա համբերությունը հատեց և նա կրկնեց.
― Իմ ամուսինը իրեն հանդիմանելու պատճառ չունի։
Տղան նրանց հյութ մատուցեց նուրբ նախշերով զարդարված մեծ բաժակներով։
— Ձեր կենացը, խանում։
― Ձեր կենացը, Գանի բեյ։
Այս շինծու քաղաքավարությունը հուսահատեցնում էր Մարոյին։ Նա գիտեր, որ Վարդանը բանտում էր այդ մարդու պատճառով, և ինքն էլ գիտեր, որ Մարոն տեղյակ էր դրան։ Մարոն բաժակը վայր դրեց և առանց վարանելու հարցրեց.
— Ինչո՞ւմ են նրան մեղադրում։
Գանի բեյր ուսերը թոթվեց և խուսափողական պատասխան տվեց.
― Ճշգրիտ չգիտեմ։ Կարծեմ, դավաճանություն։
— Դա անհեթեթություն է,–— բացականչեց Մարոն։— Վարդանը միշտ եղել է Նորին պայծառափայլություն սուլթանի հավատարիմ հպատակը։
Տղամարդու հայացքում հեգնանք հայտնվեց.
— Իսկ կառավարությանը քննադատող բոլոր այն հոդվածները, որ նա հրապարակել է օտար թերթերում տարիներ շարունակ... Դա հայրենասերի վարքագի՞ծ է, ձեր կարծիքով։
Մարոն շիկնեց.
— Այո՛։ Նա ընդամենը արդարություն և հավասարություն է պահանջել օսմանյան բոլոր քաղաքացիների համար։ Պահանջել, որպեսզի կառավարությունը կատարի իր խոստումները, դավաճանություն չէ։
Գանին թաքցնում էր իր զվարճանքը, տեսնելով կնոջ պոռթկումը։ Նա ակնարկեց.
― Պատերազմի ժամանակ, այո՞։
― Իմ ամուսինը ոչինչ չի գրել նախորդ տարվա աշնանից ի վեր։
— Համազասպ, Արիս Հակոբովիչ, Քրիս Լուսինյան՝ ահա այն կեղծանունները, որոնց ներքո ձեր ամուսինը հանդես է եկել վերջին ժամանակներս։
Գանի բեյը Մարոյին էր հետևում խորամանկ ժպիտը դեմքին։ Մարոն, առանց շփոթվելու, նույնիսկ եթե Գանի բեյի ասածը ճշմարիտ էր, շարունակեց պաշտպանել Վարդանին։
—– Դա սո՛ւտ է, ահավոր սուտ։
Ի՜նչ երջանիկ էր Մարոն, որ բոլոր վարկաբեկող փաստաթղթերն այրված էին։ Նա ոգեշնչված շարունակեց.
— Վերջին ժամանակներս, ինչպես դուք եք ասում, իմ ամուսինը ծառայել է օսմանյան բանակում։ Նա չի գրել և իր բոլոր ուժերը վատնել է վիրավոր զինվորներին բուժելու վրա։ Թուրք զինվորներին։ Եվ նա այդ բանը կշարունակեր անել, եթե նրան անարդարացի կերպով չձերբակալեին։
Գանի բեյը նոր ծխախոտ վառեց և ձևացավ, թե մտածում էր։ Նա մտածում էր այն մասին, թե մինչ ուր կարող էր հասնել այս կինը իր ամուսնուն փրկելու համար։
— Ես ընդունում եմ ձեր վկայությունը, խանում։ Բայց, ավա՜ղ, դատավարության ընթացքն ինձնից կախված չէ։
— Ես վսաահ եմ, որ դուք չափից ավելի համեստ եք, Գանի բեյ։ Ձեր ասած գեթ մի խոսքը կարող է խնդիրը կարգավորել։
— Դուք պետք է վստահեք արդարադատությանը։
Մարոն զգաց, որ իր ձեռնարկումն անհաջողության էր մատնվում։ Նա իր զգեստի ծալքերից հանեց քսակը և սեղանին դրեց այնպես, որ դրամների զնգոցից զգացվեր դրա ծանրությունը։ Գանի բեյը հոնքերը կիտեց, սակայն Մարոն գիտեր, որ նա ամենևին էլ վրդովված չէր։ Բախշիշը օսմանյան վարչակարգի բարքերի մասն էր կազմում, և ոչ ոք այդ բանը դատապարտելի չէր համարում։ Մյնուամենայնիվ նա ասաց.
― Մի վիրավորվեք, Գանի բեյ։ Սա անկասկած իմ ամուսնու դատավորների համար է, որպեսզի նրանք բարյացակամ վերաբերմունք ցուցաբերեն։
Գանի բեյը գլխով արեց, կարծես ասեր՝ «կտեսնենք»։ Սակայն Մարոն, չբավարարվելով, ավելացրեց աղերսող ձայնով.
― Միջամտեցե՛ք, Գանի բեյ, ես ձեզ պաղատում եմ։ Թույլ մի տվեք, որ նրան դատեն հիմնվելով զրպարտության վրա։
Հանդարտվելով՝ նա ասաց ավելի հանգիստ ձայնով.
— Իմ ամուսինը կիրթ մարդ է և կարող է անգնահատելի ծառայություններ մատուցել կայսրությանը։ Նա մի քանի լեզու գիտի և շատ կապեր ունի արտասահմանում։
― Մեր թշնամիների ճամբարում...
― Բանակը մասնագետների կարիք ունի, իսկ Վարդանը պատրաստ է կռվել ռազմաճակատում։
Գանի բեյը հետաքրքրությամբ նրան նայեց.
― Ուրեմն դուք նրան այդքան սիրո՞ւմ եք։
Մարոն լարվեց և կրքոտ ձայնով բացսւկանչեց.
— Կյանքիցս ավելի՛։
Այս բառերը պարունակում էին այն, ինչ միշտ անհասկանալի էր եղել Գանի բեյի համար։ Նա ի վիճակի չէր հասկանալու, որ կարելի էր ինչ―որ բան սիրել ավելի, քան սեփական անձը։ Եվ նա երբեմն ափսոսում էր, որ չէր ապրել այդ զգացումը, չնայած ինքը դա թուլության և խոցելիության նշան էր համարում։ Նայելով Մարոյի տագնապով լի աչքերին, որոնք իրենից օգնություն էին հայցում, նա հիշեց բիբլիական Սողոմեին, որը արել էր ամեն ինչ, որպեսզի գլխատեին մի տղամարդու։ Իր առջև նստած կինը ոչ մի բանի առջև կանգ չէր առնի միայն թե իր տղամարդուն իրեն վերադարձնեին։ Նա համոզված էր, որ եթե ինքը խնդրեր, որպեսզի այդ կինը մերկանար և պարեր իր առջև, ապա նա այդ բանը կաներ, չնայած որ պատվարժան կին էր։ Նվաստության ո՞ր աստիճանին ինքը կարող էր հասցնել այս կնոջը՝ նրա Վարդանին ազատելու խոստման դիմւսց։ Եվ նա իրեն երջանիկ զգաց նույնիսկ ամենագեղեցիկ պատանուն սիրելու իր անկարողության համար։ Ով տիրում է իր սրտին, տիրում է աշխարհին։
Մի պահ նա նույնիսկ մտածեց, որ Մարոյին կարելի էր որպես խայծ օգտագործել, որպեսզի նրա ամուսինը համաձայներ համագործակցել իրենց հետ, սակայն առանձնակի չէր արժևորում այդ համագործակցությունը։ Կառավարության քաղաքականությանը սատարող ազդեցիկ հայերի հոդվածների գաղափարը պատկանում էր Թալեաթ փաշային, որը հաշվի էր նստում արտասահմանի կարծիքի հետ։ Ներքին գործերի նախարարի կարծիքով այդ փաստաթղթերը մի օր շատ օգտակար կարոդ էին լինել պատմությունը կեղծելու համար։ Գանի բեյին դա չէր հետաքրքրում։ Նշանակություն ուներ միայն կայսրության գերագույն շահը և դրան հետամուտ լինելը ազատում էր հետագա բոլոր արդարացումներից։
Ստամոքսը նրան հուշեց, որ մոտենում էր նախաճաշի ժամը, և նա կարճեց զրույցը։ Նա ժպտաց Մարոյին, որը տագնապով իրեն էր նայում.
― Հանգիստ եղեք, խանում, ես կարեցածս կանեմ ձեր ամուսնու համար։
Դա այն նախադասությունն էր, որ Մարոն փափագում էր լսել։ Նա մի պահ հապաղեց, հետո նրա դեմքը լուսավորվեց։ Նա փնտրում էր այն բառերը, որոնք լավագույնս կարտահայտեին իր անսահման երախտագիտությունը։ Բարյացակամ տեսք ընդունելով՝ Գանի բեյը նրան լռելու նշան արեց.
― Խոսքերն ավելորդ են, խանում։ Ձեր պերճախոս դեմքն ամեն ինչ ասում է։ Գնացեք խաղաղությամբ։ Հենց այսօր կեսօրից հետո դուք կիմանաք, թե երբ նորից կհանդիպեք ձեր ամուսնուն, ես սուրհանդակ կուղարկեմ։
Մարոն, այնուամենայնիվ, շնորհակալական խոսքեր ասաց։
Մոտ ժամը վեցին երեք ոստիկան ներկայացան Պալյանների դարպասի մոտ։ Սասունը բարձրաձայն հաչում էր դռան շեմից։ Ընտանիքը հյուրասենյակում էր Արմենի հետ միասին, որը նոր էր եկել և դեռևս չէր հայտնել իր այցելության պատճառը։ Մարոն դիմեց աղախիններին.
― Նրանց ներս հրավիրեք,– շտապեց նա ասել Ջամիլային։– Իսկ դու, Զեյնաբ, նրանց համար զովացուցիչ ըմպելիքներ պատրաստիր։ Թովմաս, շանդ տար փակիր։
Գավառապետի պալատից վերադառնալուց ի վեր նա այրվում էր անհամբերությունից և մոր հորդորները այդ այցելության հետ չափից ավելի հույսեր չկապելու մասին ոչ մի ազդեցություն չէին ունեցել։ Նրանք բակ դուրս եկան։ Ջամիլան դեպի դարպասն էր վազում։
― Հայրիկը նրանց հետ չէ,— ասաց Թովմասը հիասթափված ձայնով։
Մարոն բռնեց նրա ուսը.
— Նրանք եկել են մեզ հայտնելու, թե երբ ազատ կարձակվի քո հայրը։
Երբ ոստիկանները ներս մտան, Զեյնաբը նրանց բալի հյութ մատուցեց։ Ենթասպան, զարմանալով, մի պահ տատանվեց բաժակը վերցնելուց առաջ և մեկ շնչով դատարկեց այն։
― Դուք լո՞ւր եք բերել,– հարցրեց Մարոն նրան մոտենալով։
— Սա Վարդան Պալյանի տո՞ւնն է,– հարցրեց ենթասպան՝ համազգեստի գրպանից մի թուղթ հանելով։
― Այո, տվեք, շուտ։
Ձեռքը մեկնած Մարոյին թուղթը հանձնելու փոխարեն նա խնամքով բացեց այն։ Բերանի անկյունի սպիի պատճառով թվում էր, թե անդադար ժպտում էր։
― Ես կկարդամ ձեզ համար,– ասաց նա և կոկորդը մաքրեց.– «Բոլոր հայերին հրամայվում է առանց տարիքի և հասարակական դիրքի խտրականության լքել քաղաքը վաղն առավոտյան։ Յուրաքանչյուր ընտանիքի կառավարությունր տրամադրում է մեկ սայլ և մեկ եզ։ Տեղահանվողները պետք է իրենց հետ տանեն միայն սննդամթերք, հագուստ և որոշ անձնական իրեր։ Տեղահանվողները քաղաքից դուրս կվերախմբավորվեն և շարասյուն կկազմեն, որը կուղեկցեն անվտանգությունն ապահովող ոստիկանները։ Յուրաքանչյուր ընտանիքի ունեցվածքը կառավարությունը կտեղափոխի նոր բնակության վայրը և կհանձնի սեփականատիրոջը»։
― Դուք շփոթել եք հասցեն, սերժանտ,– հայտարարեց Ազնիվ խանումը։
— Ի՞նչ եք ուզում ասել։
― Զինվորականների ընտանիքների վրա այս հրամանը չի տարածվում։ Դուք մայոր Վարդան Պալյանի տանն եք։
Ենթասպան ուսերը թոթվեց.
― Հրամանը նույնն է բոլորի համար։ Դուք պետք է հեռանաք վաղը մինչ կեսօր, հակառակ դեպքում ձեզ կգնդակահարեն։
― Այստեղ սխալմունք կա,– բացականչեց Մարոն։– Ես տեսել եմ Գանի բեյին և...
Ենթասպան նրան չէր լսում։ Մարոն նրա ձեռքից խլեց թուղթը։ Տեղահանության մասին հրամանը տպագրված էր գորշ թղթի վրա, և ներկը դեռևս չէր չորացել։ Մարոն այն կարդաց հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար։ Նա հասկանում էր, որ Գանի բեյն իրեն խաբել էր։ Եվ ինչպիսի՜ նենգությամբ։ Նա ճմրթեց թուղթը, գետնին նետեց ու շտապ տուն մտավ։ Նրա ոտնաձայները լսվեցին սանդուղքի վրա։
Թովմասն ուզեց մորը հետևել, սակայն կնքահայրը նրան պահեց։ Ազնիվ խանումը դուրս հրավիրեց զինվորներին՝ պատվիրելով Զեյնաբին.
— Ուղեկցի՛ր նրանց մինչև դարպասը, աղջիկս։
Հեռանալուց առաջ ենթասպան նախազգուշացրեց.
— Լուսաբացին պատրաստ եղեք, թե չէ...
Արմենը բարձրացրեց ճմրթված թուղթը և, կարդալով, հետևեց Ազնիվ խանումին հյուրասենյակ։ Տատն իր մոտ պահեց Թովմասին՝ հորդորելով չգնալ և չանհանգստացնել մորը։
― Նա մի քիչ հետո կիջնի մեզ մոտ։
― Ես հայրիկիս եմ ուզում,– լացեց երեխան։
— Քաջ եղիր, Թովմաս։ Քանի դեռ հայրդ չի վերադարձել, դու տան միակ տղամարդն ես։ Դու պետք է գիտակից լինես և մեզ օգնես։
Թովմասը հոգոց հանեց և գլխով արեց։ Նա վերցրեց պատկերազարդ գիրքը, որը նայում էր մինչ ոստիկանների գալը, սակայն այլևս այն չթերթեց։ Հետևելով Արմենի և տատի բոլոր շարժումներին՝ նա թույլ տվեց, որ Սասունը լիզեր արցունքներից թրջված իր դեմքը։
Արմենն Ազնիվ խանումին ցույց տվեց տեղահանության մասին հրամանը և տխուր ասաց.
— Ես էլ եմ այս թղթից ստացել, դրա համար էի եկել։
— Երեսպա՛շտ,— վրդովվեց Ազնիվ խանումը։— Դա հրաշք կլիներ։ Ես ասում էի Մարոյին, որ ժամանակից շուտ չուրախանար։
Դողացոդ ձեռքերով նա բացեց քթախոտի իր տուփը, և մի քիչ ծխախոտի փոշի թափվեց նրա սև կիսաշրջազգեստի վրա։
― Ի՞նչ է լինելու մեզ հետ,– հարցրեց նա ընկճված ձայնով։
Արմենը երբեք նրան այդ վիճակում չէր տեսել։
Ազնիվ խանումն իրեն հիրավի ընկճված էր զգում, կարծես նրա կյանքի բոլոր հիասթափություններն ու վշտերը վերստին գլուխ էին բարձրացրել։ Արմենը նրան շատ լավ էր հասկանում։ Ինքը նույնպես հակել էր ուսերը կյանքի ծանրության ներքո, որն էլ ավելի էր իմաստազրկվում այս նոր դժբախտությունից։ Նա չէր հասցրել պատասխանել, երբ փոքրիկ թրքուհիները տուն մտան լացելով։
— Ոստիկաններն ասացին, որ ձեզ անապատ են տանելու,― բղավեց Զեյնաբը՝ վազելով Ազնիվ խանումի մոտ։
— Եվ որ մենք չենք կարող ձեզ հետ գալ,– ավելացրեց Ջամիլան, որը նույնքան ընկճված էր, որքան իր քույրը։
Նրանք փարվեցին Ազնիվ խանումին։
― Մենք չենք ուզում ձեզնից բաժանվել,– ասաց Ջամիլան հեկեկալով։
Ծեր կնոջ մայրական բնազդն արթնացավ, և նա, կուլ տալով իր վիշտը, այնպես, ինչպես արել էր իր ողջ կյանքի ընթացքում, նորից դարձավ այն անձը, որը մխիթարում ու սիրտ է տալիս։ Նա ձեռքերը դրեց աղջիկների գլուխներին և մեղմորեն ասաց.
― Դե լավ, լավ, աղջիկներ, մի լացեք։ Մենք դեռևս չենք գնացել։
Այս խոսքերն ասելիս նա նայում էր թոռանը, որը դիտում էր այդ տեսարանը սարսափած աչքերով։
― Նրանք ասացին նաև, որ մայորը...
Ազնիվ խանումը ափը դրեց Ջամիլայի բերանին, որպեսզի նա չավարտեր նախադասությունը։ Նա հանդիմանեց աղջկան.
― Քանի անգամ եմ քեզ ասել, որ լեզուդ քեզ պահես։
Աղջիկն է՛լ ավելի դառը լացեց։ Զեյնաբը համբուրեց Ազնիվ խանումի ձեռքը և աղաչեց.
― Մեզ հետ մեր գյուղն եկեք։ Մենք ձեզ կթաքցնենք։
― Կտեսնենք,– պատասխանեց Ազնիվ խանումր հուզվելով։– Տեսեք, Թովմասն իրեն տղամարդու պես է պահում։
Երեխան, որը քիչ էր մնում լացեր, սեղմեց ատամներն ու իրեն զսպեց։ Ազնիվ խանումը զգուշորեն ազատվեց աղջիկների գրկից։ Նրա ձայնը դարձյալ հանգիստ էր և հրամայական.
― Գնացե՛ք և ճաշը պատրաստե՛ք։ Այս ամենի մասին մենք կխոսենք երեկոյան։ Թովմասը ձեզ կօգնի, այդպես չէ՞, տղաս։
Փքված տեսքով նա ժխտական շարժում արեց։ Տատը չպնդեց։ Երիտասարդ թրքուհիները գլխահակ և աչքերը տրորելով հեռացան հյուրասենյակից։
Արմենը լուսամուտից դուրս էր նայում։ Հուզումնալից պոռթկումներն ու զգացմունքների ցուցադրումը նրան դուր չէին գալիս։ Նա դրանից հուզվում էր, իսկ ինքն իրեն արգելում էր զգացմունքային լինել և խնամքով թաքցնում էր իր հոգու նրբությունը։ Նա համարում էր, որ տարիքի հետ զգացմունքայնությունը վերածվում էր լալկանության։ Թո՛ղ կանայք լացեին, դա նրանց էությունն էր։ Տղամարդը պետք է ժայռի պես լիներ, կամ գոնե այդպիսին թվար, եթե նույնիսկ իրեն անկարող և շփոթված էր զգում, ինչպես ինքն այդ պահին։
― Միգուցե դեռ կարելի՞ է փախչել,– հարցրեց Ազնիվ խանումն անվստահ ձայնով։
― Դուք շատ լավ հասկանում եք, որ նրանք դա կանխատեսել են և քաղաքը շրջապատված է զինվորներով։ Նրանք ճամբարել են նույնիսկ իմ դաշտում։
Ազնիվ խանումը հաասչեց կուրծքը ծեծելով.
― Աստված ի՜մ, Աստված ի՜մ։
Այդ բողոք―ադոթքը նրան հիշեցրեց, որ իրենք փոշու հատիկ են Բարձրյալի ձեռքում, և գիտակից մարդ դառնալուց առաջ նրա հոգում ձևավորված հավատքը նրան հույսով շաղախված խոնարհություն ներշնչեց։
― Սուրբ Գրքում գրված է, որ Տերը մեր հովիվն է։ Քանի որ նա այսպես է ցանկանում, ուրեմն մենք կգնանք ոստիկանների հետ։
― Խոսք անգամ չի կարոդ լինել, որ ես քաղաքից հեռանամ առանց Վարդանի,– ասաց Մարոն վճռական ձայնով։
Նրանք չէին նկատել նրա հայտնվելը և վեր թռան։ Եթե նույնիսկ իր սենյակում նա լացել էր, ապա դա նկատելի չէր։ Նրա դեմքը քարացել էր, իսկ աչքերը վկայում էին անկոտրում կամքի մասին։ Ազնիվ խանումը, տեսնելով նրա պահվածքը, հասկացավ, որ իրենց բարդություններ էին սպասում։
Թովմասը վազեց մոր մոտ։ Չնայած սովորաբար Մարոն դժվարությամբ էր բարձրացնում որդուն, հիմա նրան գիրկն առավ առանց տեսանելի ջանքի։
― Մի վախեցիր, սիրելիս։ Մենք այստեղ ենք, քո տատիկը, քո կնքահայրը և ես։ Քեզ ոչինչ չի պատահի։
― Ես ուզում եմ, որ հայրիկը վերադառնա,– աղերսեց նա։
― Ես նույնպես, Թովմաս։ Մենք նրան կտեսնենք, խոստանում եմ քեզ։
Նրա ձայնում այնքան վստահություն կար, որ երեխան անվարան հավատաց։
― Դու պետք է քո պոնիին դուրս բերես այգի զբոսնելու։ Նա երևի վարժանքի կարիք ունի։
Թովմասը հասկացավ, որ մեծերն ուզում էին մենակ մնալ խոսելու համար։ Այդպիսի դեպքերում նրան միշտ այգի էին ուղարկում։ Նա դուրս եկավ առանց հակաճառելու, քանի որ ցանկություն չուներ լսելու այն, ինչ նրանք պետք է ասեին։
Ազնիվ խանումը լուսամատից նայեց և համոզվեց, որ երեխան հեռանում էր դեպի ախոռը։
Նա զգուշավորությամբ հարցրեց դստերը.
— Դու ի՞նչ նկատի ունես, երբ խոսում ես «քաղաքը չլքելու» մասին։
Մարոն մի քիչ կտրուկ պատասխանեց.
― Ինձ թվում է, որ ես պարզ արտահայտվեցի։
― Իմ խեղճ երեխա,— հառաչեց Ազնիվ խանումը,— մենք ընտրություն չունենք։
― Ես Վարդանին չեմ լքի։
Մայրը փորձեց նրան համոզել.
— Մարո, շիտակ նայիր փաստերին։ Դու ոչինչ չես կարող անել քո ամուսնու համար։ Իմ կարծիքով Վարդանն ավելի լավ վիճակում է, քան մենք։ Նա օրենքները գիտի և նրա վերադասները բանակում նրան հարգում են։
― Օրենքնե՞րը,– հեգնեց Մարոն։— Այդ երբվանի՞ց է օրենքը պաշտպանում հային։
Ազնիվ խանումը, կորցնելով համբերությունր, բարկացավ, և նրա ձայնը հրամայական դարձավ.
— Եվ ի՞նչ ես դու մտադիր անել։ Փակվե՞լ այստեղ։ Նրանք դուռը կխորտակեն, կամ էլ տունը կայրեն մեզ հետ միասին։ Խելամիտ եղիր, մտածիր որդուդ մասին։ Նա քեզնից բացի այլևս ոչ ոք չունի։
— Մայրի՛կ,– ձայնը բարձրացրեց Մարոն,– ես արգելում եմ ձեզ այդպես խոսել։
— Ես դա չէի ուզում ասել,– ներողություն խնդրեց Ազնիվ խանումը մի քիչ մեղավոր տեսքով։— Համոզված եմ, որ Վարդանն իր գլուխը կազատի։ Սակայն մինչև դա տեղի ունենա...
Արմենը, որը մինչ այդ չէր խաոնվում խոսակցությանը, համարեց, որ ժամանակն է միջամտելու.
― Դե լա՛վ, լա՛վ։ Փորձենք դիտարկել իրավիճակը սառնասրտությամբ։
Նա Մարոյին նստելու շարժում արեց, սակայն վերջինս գերադասեց կանգնած մնալ։ Արմենն ասաց.
― Դու ուզում ես Սվասո՞ւմ մնալ։ Ենթադրում եմ, որ մտածել ես այդ ծրագիրն իրականացնելու հնարավորությունների մասին։
― Այո։ Գնդապետ Իբրահիմն ինձ առաջարկել էր ապաստանելու իր տանը։ Ես նրան կհարցնեմ, թե արդյոք առաջարկությունը ուժի մե՞ջ է։
Արմենը ծամածռվեց.
― Դու նրան անհարմար վիճակի մեջ կդնես։ Նրա առաջարկությունից հետո շուկայում հայտարարություններ են փակցվել առ այն, որ մահմեդականներին արգելվում է թաքցնել քրիստոնյաներին։ Նրան կարող են պատժել առանց հաշվի առնելու, որ նա գնդապետ է։
Այդ նկատառումը չսասանեց Մարոյի ինքնավստահությունր։
― Այդ դեպքում մենք կգնանք շվեյցարական մանկատուն։ Թովմասը որպես սան, իսկ ես և մայրիկը որպես աշխատողներ։ Ես շատ եմ օգնել Ռոզլեր քահանային և համոզված եմ, որ նա հաճույքով այդ ծառայությունը մեզ կմատուցի։
― Միգուցե դա ելք է,– ասաց Արմենը մտածելուց հետո։
Ազնիվ խանումը սարսափում էր այն մտքից, որ իրենք կարող էին լինել միակ հայերր թուրքերով բնակեցված Սեբաստիայում։ Առաջին անգամն էր, որ քաղաքի հայկական անվանումը նրա միտքն էր գալիս։ Հենց այն պահին, երբ այն կորստյան եզրին էր։ Ազնիվ խանումը գերադասում էր հետևել իր հայրենակիցներին գաղթի ճանապարհին։ Նա հանդգնեց ասել անվստահ ձայնով.
— Մարո, դու չպետք է հրաժարվես դիտարկել նաև վատթարագույնը...
Մարոն ուզեց հակաճառել, սակայն Արմենը նրան թույլ չտվեց.
― Թույլ տուր, որ մայրդ խոսի։ Հարկավոր է հաշվի առնել բոլոր հնարավորությունները։
― Ես գիտեմ, որ դա չի պատահի,— խոսքը շարունակեց Ազնիվ խանումը,– բայց ենթադրենք, որ քո ամուսինը... Այդ դեպքում մենք ի՞նչ ենք անելու Սվասում։ Մինչդեռ եթե լինենք մնացածների հետ...
― Մենք կսատկե՛նք,– բացականչեց Մարոն կտրուկ տոնով։
Ազնիվ խանումը դարձավ Արմենին՝ նրանից օգնություն ակնկալելով։ Վերջինս կզակը տրորեց ու հառաչեց.
― Ամեն ինչ գերադասելի է տեղահանությունից, Ազնիվ խանում։
Այս պատասխանը զարմացրեց Ազնիվ խանումին, և նա ասաց.
― Սակայն դուք և Արաքսին գնալու եք շարասյունով։
― Մենք մինչև վերջ չենք հասնի։ Համենայն դեպս իմ կինը։ Մենք դա գիտենք։ Մենք դա ընդունում ենք։ Մենք կօգնենք երիտասարդներին, քանի դեռ ուժ կունենանք։ Մնացածը Աստծու ձեռքին է։
Ծերունու խոսքերը ամրապնդեցին Մարոյի վճռականությունը։ Նա մոտեցավ մորը և հպվեց նրա ուսին։ Նրա վարքագիծն ու ձայնը հոգատար էին։
― Դուք տեսնում եք, մայրիկ, որբանոցը լավագույն լուծումն է։ Մենք Վարդանին մոտ կլինենք։
Լսելով դստեր փաստարկները, Ազնիվ խանումը համոզվում էր։ Մարոն Արմենին խնդրեց իրեն ուղեկցել Ռոզլեր քահանայի մոտ։
― Եթե, իհարկե, ժամանակ ունեք։ Ես չէի ուզենա, որ Արաքսին անհանգստանար ձեր ուշացման պատճառով։
— Ոչ, ոչ։ Որբանոցը երկու քայլի վրա է։ Նույնիսկ կարիք չկա կառքը լծելու։
Արմենն ու Մարոն գնացին։ Արմենը լայն շալվար էր հագել և գլխակապ, իսկ Մարոն սև չարսավով էր, և նրանք նման էին մահմեդական գյուղացիների։
Ազնիվ խանումը սեղան էր գցում, երբ դրսում աղմուկ լսվեց։ Նա դարձավ դեպի լուսամուտը, սակայն տխիլի թփերը փակում էին տեսադաշտը։ Թովմասը վազելով ներս մտավ.
— Տատի՜կ, տատի՜կ։ Ոստիկաննե՜ր։ Շա՜տ։
Ազնիվ խանումը դուրս եկավ։ Ութ թե ինը ոստիկան կոտրել էին դարպասը և մտել այգի։ Սասունը հաչելով վազում էր նրանց շուրջը։ Նա նետվեց դեպի ամենամոտ կանգնած ոստիկանը և փորձեց նրա ոտքր կծել։ Տղամարդը ոտքի հարվածներով քշեց նրան, և շունը, կլանչելով, դեպի տունը վազեց։ Զինվորները ծիծաղեցին։
― Սասո՜ւն,– բղավեց Թովմասը։– Նրանք Սասունին խփեցին։
Ազնիվ խանումը բռնեց թոռան օձիքից.
― Այստեղ մնա։
Շունը նրանց միացավ դռան շեմին, և Թովմասը նրան շոշափեց, որպեսզի համոզվեր, որ նա վնասվածքներ չուներ։
— Տուն գնա նրա հետ,– հրամայեց Ազնիվ խանումը,– և փակիր դուռը։
Նա դարձավ դեպի զինվորները և, բարկությունից դողալով, հարցրեց.
― Ի՞նչ եք ուզում։ Դուրս եկեք այստեղից։
Մինչ զինվորները դեպի ախոռն էին գնում, դասակի հրամանատարը մոտեցավ Ազնիվ խանումին։ Նա կանգնեց սանդուղքի տակ, բռունցքները կոնքին և հեգնական հայացքով նայեց ծեր կնոջը։ Ազնիվ խանումը չշփոթվեց.
― Ի՞նչ է սա։
― Դուք ձիեր ունեք։ Դրանք բռնագրավված են։
― Դուք իրավունք չունեք։
― Մենք ունենք բոլոր իրավունքները։ Իսկ ձեզ դրանք այլևս չեն օգնի,– պատասխանեց նա զվարճացած տեսքով։
Նա ծիծաղելով վերադարձավ ծառուղի, որտեղ նրան միացան իր մարդիկ՝ քարշ տալով երկու կովերին և երեք ձիերին։ Անծանոթ ձեռք զգալով՝ Հուր Կրակը փնչացնում էր և ծառս լինում։ Զինվորներից մեկը նրան մի քանի հարված հասցրեց հրացանի կոթով։ Դռան ապակու հետևը կանգնած Թովմասի սիրտը սեղմվեց։ Հուր Կրա՜կ։ Իր հոր սիրելի ձին։ Բացի դրանից, երեխան սարսափեց, երբ տեսավ, որ նրանք տանում էին նաև իր պոնիին՝ Կայծակին։ Նա ուզեց դուրս գալ այդ գողությունը կանխելու համար, սակայն տատը դրսից բռնել էր դռան բռնակը և չէր թողնում բացել։ Թովմասը ոտքերով հարվածում էր դռանը և բղավում իր թոքերի ամբողջ կարողությամբ։
― Սրիկաներ,– ցածրաձայն մրթմրթաց Ազնիվ խանումը։ Նրանք տանում են նույնիսկ թամբերն ու կառքը։
Թովմասի ճիչերը նրան հանեցին հավասարակշռությունից և, գլուխը կորցնելով, նա վերցրեց պատին հենած փոցխը և հարձակվեց ոստիկանների վրա։
― Շան որդինե՜ր։
Լեյտենանտը խույս տվեց հարձակումից և պատասխանեց բռունցքի հարվածով, որը դիպավ Ազնիվ խանումի դեմքին։ Հարվածից նա հետ―հետ գնաց ու ճոճվեց։ Սպան նրան ևս մեկ հարված հասցրեց, այս անգամ բաց ափով։ Ծեր կինը փռվեց ծառուղում։ Թովմասը սարսափից քարացավ, չնայած ուզում էր օգնության հասնել տատին։ Այն բանից հետո, որ զինվորները փողոց դուրս եկան, նա նետվեց տատի մոտ և շուտով նրան միացան գունատ Զեյնաբն ու Ջամիլան։
Ռոզլեր քահանան Մարոյին ու Արմենին շատ ջերմ ընդունեց, սակայն լսելով Մարոյի խնդրանքը, այլայլվեց։ Շվեյցարական մանկատան ուսուցիչները, որոնք հայեր էին, ձերբակալվել էին։ Այնտեղ աշխատող կանայք պարտավոր էին վերադառնալ իրենց ընտանիքները տեղահանության կապակցությամբ։ Մնացել էին միայն քահանան և իր կինը, նրանք պետք է զբաղվեին որբերով, որոնց օսմանյան իշխանությունները պատրաստվում էին վերցնել իրենց հոգածության տակ։
― Նրանք փակում են իմ որբանոցը,– ասաց բողոքական միսիոները։– Պատանի քրիստոնյաները մահմեդական հաստատությունում։ Սա տխուր ֆարս է։
― Իսկ ոչ ոք չի՞ կարող դրան խանգարել,– հարցրեց Արմենը։
― Ես խնդրեցի ամերիկյան հյուպատոսի միջամտությունը և, երևակայում եք, ասացին, որ դա նրա գործը չէ։
Ռոզլեր քահանան աչքերը երկնքին հւսռեց և ձեռքերը խաչեց.
— Ի՞նչ է լինելու այդ խեղճ երեխաների հետ։
Հանկարծ նա հիշեց, որ այս մարդկանց դժբախտությունը նույնքան մեծ էր։ Նրա կապույտ աչքերը թրջվեցին.
― Իսկ դո՞ւք, իմ խեղճ բարեկամներ...
Մարոն տուն էր վերադառնում մտահոգ տեսքով։ Սակայն նա հուսահատված չէր, ինչպես վախենում էր Արմենը։ Մեկ ժամ առաջ մենակ մնալով իր սենյակում, ուր նա ողբում էր Վարդանի ճակատագիրը, նա վճռել էր սարի պես ամուր լինել, պատվար դառնալ իր որդու և դաժան ճակատագրի միջև։ Նրա վճռականությունը չէր թուլացել, չնայած նա հասկացել էր, որ ստիպված էր լինելու կիսել Սվասի հայ համայնքի ճակատագիրը։ Արմենը ողջունեց երիտասարդ կնոջ իրատեսությունը։
— Վարդանը կկարողանա իր գլխի ճարը տեսնել,– ասաց նա, և մեզ կմիանա Սիրիա տանող ճանապարհին։
― Դրա հավանականությունր նվազագույն է,– ասաց Մարոն խուլ ձայնով։
― Դու իրավացի ես։ Սակայն, չնայած դրան, դու չպետք է հույսդ կտրես։
― Ես մտադիր էլ չեմ հուսահատվելու։
Արմենը թփթվւացրեց նրա ձեռքին.
― Հենց այդպես էլ պետք է մտածել։ Նման ճանապարհորդության ընթացքում մենք հնարավորություն կունենանք ծածուկ խույս տալ մեզ հսկողների ձեռքից։ Կարծում եմ, մի քանի օր անց ոստիկանների հսկողությունը կթուլանա։ Մենք դրանից կօգտվենք։
― Ո՞ւր գնալու համար։
― Ես չգիտեմ, դեռ կմտածենք։ Այնպես կանես, որ քո սայլը միշտ իմ սայլի կողքին լինի։
Փողոցները վխտում էին ոստիկաններով և զինվորներով։ Նրանք սանձերից բռնած ձիեր և ջորիներ էին տանում, իսկ իրենց առջևն էին գցել կովեր, այծեր և ոչխարներ։ Նրանք հեռանում էին հայկական թաղից։ Ուրիշներն այնտեղ էին գալիս եզներով լծված մեծ անիվներով սայլերով, որ կիրառության մեջ էին Մերձավոր Արևելքում խեթերի ժամանակաշրջանից ի վեր։
― Նրանք ժամանակ չեն կորցնում,– քրթմնջաց Արմենը։
Նա Մարոյին թողեց տան մոտ։ Զեյնաբը սպասում էր կոտրված կողպեքով դարպասի առջև։ Նա դողդոջուն ձայնով պատմեց Ազնիվ խանումի հետ պատահած տհաճ միջադեպը։
― Մանրամասներ պետք չեն,– ընդհատեց Մարոն դեպի տուն վազելով։– Մայրս սթափվե՞լ է։
— Այո։
Մարոն մորը հայտնաբերեց խոհանոցում։ Նա նստած էր թրջոցը ձախ աչքին, այտուցված շրթունքներով։ Ծեր կինը հանդիմանում էր Ջամիլային, որը գնում―գալիս էր խոհանոցում ձեռքերը ծնկներին խփելով։
― Մի՛ շարժվիր։ Քո գնալ―գալուց գլուխս պտտվում է։
Ուշադրություն չդարձնելով մոր բողոքներին՝ Մարոն զննեց նրա արդեն կապտող այտուցված աչքը։ Այտոսկրի վրա մեծ կապտուկ կար։ Մարոն անհանգստացավ.
— Վստա՞հ եք, որ կոտրվածք չկա։
— Այո,– պատասխանեց Ազնիվ խանումը մռայլ տոնով։– Նույնիսկ չի էլ ցավում։ Ես ինձ ջահել հիմարի պես պահեցի։
― Վատ չէր լինի, եթե մի քիչ պառկեիք։
― Մենք շատ գործ ունենք անելու,– պատասխանեց նա թրջոցը աչքին դնելով։– Մի գավաթ սուրճ և ես լրիվ մարտունակ կլինեմ։
Նա ոտքի կանգնեց, գնաց դեպի ջեռոցը և եզրակացրեց խուլ ձայնով.
― Թող սա մեզ դաս լինի։ Այսուհետ պետք է հնազանդ ձևանալ։ Մենք անասունից էլ վատ վիճակում ենք, և մեր կյանքը կախված է բռի էակների բարի կամեցողությունից։
Թովմասը պատսպարվել էր մի անկյունում վառարանի կողքին և աչքերը լայն բացած դիտում էր այդ տեսարանը։ Երբ մայրը երեխային մոտեցավ, նա սկսել լացել և բարակ ձայնով տնքալ։
― Կայծակը։ Նրանք Կայծակին տարան։
Մարոն բռնեց նրա ձեռքից և խոհանոցից դուրս տարավ.
― Արի, սիրելիս։ Ես պետք է քեզ բացատրեմ, թե ինչ է կատարվում։
Ընթրիքից հետո Վարդանի ձեռքերին ձեռնաշղթաներ հագցնելով տարան նկուղային այն դահլիճը, ուր երկու օր առաջ նա հանդիպել էր Գանի բեյին։ Լիակատար մթության մեջ երկու օր անցկացնելուց հետո նրա աչքերը ցավում էին միջանցքի լամպերի աղոտ լույսից։ Նա կեղտոտ էր և չորս օր չէր սափրվել։ Նա կուրծքը քորեց, փայտոջիլները վխտում էին նրա ծղոտյա ներքնակի վրա, և նա չէր կարողանում քնել նրանց խայթոցներից։ Սակայն մարմնական այդ տառապանքը անհամեմատելի էր նրան տիրող հոգեկան տագնապի հետ։ Նա տառապում էր ընտանիքի համար, որն այդ պահին իր ներկայության կարիքն ուներ։ Ի՞նչ էր լինելու նրանց հետ։ Նա ոչ մի պատրանք չուներ իր ճակատագրի վերաբերյալ։
Սենյակ մտնելով՝ Վարդանը մի նախադասության վերջը լսեց, «...ձեր անթույլատրելի միջամտությունը»։ Գանի բեյի ջղային ձայնն էր։ Իթթիհատի ներկայացուցիչը նստած էր մեծ սեղանի մոտ։ Նրա երկու կողմերում նստած էին ոստիկանապետ Մուսթաֆան և գնդապետ Իբրահիմը։ Վերջինս ողջունեց Վարդանին թաքուն աչքով անելով, որը պետք է որ սրտապնդող լիներ, սակայն նրա կիտած հոնքերը բացահայտում էին նրա մտահոգությունը։ Հավանաբար Գանի բեյը նրան էր հանդիմանում։ Մուսթաֆա Ռահմին նույնիսկ ջանք չէր գործադրում իր ուրախությունը թաքցնելու համար։ Ինչ վերաբերում է Գանի բեյին, ապա նա կարծես թե արդեն ձանձրանում էր և նայում էր ժամացույցին։ Սա էր, ուրեմն, այն դատավարությունը, որի առջև ինքը պետք է կանգներ։ Արդարադատության տնազ։
Վարդանին ուղեկցող ոստիկանները նստեցին դահլիճի խորքում դրված նստարանին, իսկ ինքը կանգնած մնաց իր դատավորների առջև։ Գանի բեյը նայեց Վարդանին զզվանքի արտահայտությունը դեմքին և հարցրեց.
― Մտածե՞լ եք իմ գթասիրտ առաջարկության մասին։
― Ես պատասխանում եմ՝ ոչ։
Անվրդով մնալով՝ բարձրաստիճան պաշտոնյան ծխախոտ վառեց խոսելուց առաջ։
― Ոստիկանապետ, կարդացեք մեղադրական փաստաթուղթը։
Մուսթաֆան հազաց և սկսեց կարդալ փաստաթուղթը, որը նա գրեթե անգիր էր արել.
«Հայ դեղագործ, պահեստազորի սպա և հայտնի լրագրող մայոր Վարդան Պալյանը մեղադրվում է Սվասի վիլայեթում զինված ապստամբություն բարձրացնելու փորձի մեջ։ Նրա գլխավոր հանցակիցն է ոմն Շիրակ Թևոնյան»։
— Սո՛ւտ է,– բացականչեց Վարդանը վրդովվելով։
― Լռությո՛ւն,— հրամայեց ոստիկանապետը։– Հակառակ դեպքում դու կվերադառնաս բանտախուց, իսկ դատավարությունը կընթանա առանց քեզ։
Գանի բեյը հեգնանքով ասաց.
― Դու հանդիպել ես Թևոնյանին հոսպիտալի քո վրանում հավանաբար եղանակի մասին խոսելու համար, այդպես չէ՞։
Վարդանը պատասխան չգտավ։ Նա սպասում էր, որ իրեն կհիշեցնեն այն հոդվածները, որոնք գրել էր օտար մամուլի համար, և ինքը նախապատրաստվել էր պաշտպանվելու, չնայած չգիտեր, թե արդյոք հնարավորություն կունենար խոսելու։ Ոստիկանապետը շարունակեց ընթերցանությունը։
«Մեղադրյալը կապ է պահպանել բազմաթիվ հակաիշխանական կազմակերպությունների հետ, որոնք դավում էին կայսրության օրինական կառավարության դեմ՝ նպատակ ունենալով աջակցելու թշնամական տերությունների ներխուժմանը երկիր»։
Վարդանը դարձյալ չկարողացավ իրեն զսպել.
— Դրանք դատարկ ենթադրություններ են։
Զայրանալու փոխարեն Գանի բեյը ժպտաց։
― Ավելի լուրջ բաներ կան։ Շարունակեք, ոստիկանապետ։
«Ավելին, Վարդան Պալյանը մեղադրվում է գավառապետ Մումթազ բեյի սպանության մեջ, որը տեղի է ունեցել Սվասի արվարձանում 1915 թ. հունիսի 30―ին»։
Մուսթաֆա Ռահմին վայր դրեց թուղթը և ձեռքերը խաչեց կրծքին։ Գնդապետ Իբրահիմը դարձավ Գանի բեյին.
― Սրանք լուրջ մեղադրանքներ են, իսկ մայոր Վարդան Պալյանը շատ լավ համարում ունի։ Դուք ապացույցներ ունե՞ք։
— Ապացույցներ և վկաներ,– պատասխանեց ոստիկանապետը։— Կարո՞ղ եմ կանչել,— ավելացրեց նա դիմելով Գանի բեյին։
― Կանչե՛ք։
― Ներս բեր վկաներին,– հրամայեց նա ոստիկաններից մեկին։
Ոստիկանը վերադարձավ երկու տղամարդկանց հետ։ Մեկը քաղաքացիական անձ էր սափրած գլխով, ինչպես ընդունված էր բանտերում, իսկ մյուսը հարբեցողի տեսքով մի կապրալ։ Մուսթաֆան դիմեց քաղաքացիական անձին.
― Անունդ ասա և զբաղմունքդ։
Տղամարդը՝ խիտ և կախ ընկած բեղերով մի քուրդ, պատասխանեց վատ թուրքերենով.
― Արփաջիօղլու Իսմայել, դանակ սրող։
Ոստիկանապետը Վարդանին ցույց տվեց.
― Այս մարդուն գիտե՞ս։
― Այո,– պատասխանեց վկան։
― Որտե՞ղ և ե՞րբ ես նրան հանդիպել։
― Չորս օր առաջ։ Ես տեսել եմ նրան Մումթազ բեյի տնից դուրս գալիս։
― Մենա՞կ։
― Ոչ, մեկ ուրիշ մարդու հետ։ Նրանք վազում էին։
— Ժամը քանի՞սն էր։
― Ես ժամը չեմ տարբերում։
― Մոտավորապե՞ս։
― Լուսաբացին։ Մուեզզինը արդեն կանչել էր առաջին աղոթքին։
― Լավ,– ասաց ոստիկանապետը,– ազատ ես։
― Կներե՞ք։
― Կարող ես գնալ։
Տղամարդը թեթևացած տեսք ուներ։
― Մեկ վայրկյան,– ասաց գնդապետը։— Ես կուզենայի հարցաքննել վկային։
Գանի բեյը կատաղի հայացք գցեց նրա վրա.
― Ոչ մի դեպքում։ Ես հիշեցնում եմ ձեզ, որ դուք այստեղ եք որպես դիտորդ և ոչ թե որպես դատապաշտպան։
Իբրահիմը շրթունքները սեղմեց՝ դրանով մատնելով իր վրդովմունքը, և Վարդանին նայեց ընկճված հայացքով։ Նա վստահ էր, որ իր բարեկամը մեղավոր չէր ո՛չ Մումթազ բեյի մահվան, ո՛չ էլ որևէ այլ հանցանքի մեջ։ Վկաները կեղծ էին։ Նրան վրդովում էր արդարադատության այդ տնազը, սակայն ոչինչ անել չէր կարող, եթե ոչ տեղեկացնել գեներալին, որը նույնպես անկարող էր որևէ բան անել։
Վարդանը սառնասրտորեն լսեց կապրալի պնդումներն այն մասին, թե ինչպես էր խուզարկել Վարդանին ձերբակալությունից հետո, իսկ դա սուտ էր, և որ նրա գրպանում հայտնաբերել էր ոստիկանապետի ցույց տված սաթե թզբեհը։
Ոստիկանապետը ճարպկությամբ վարում էր գործը Գանի բեյի խրախուսական հայացքի ներքո։ Նա կիրթ լեզվով էր խոսում և ծանրաբարո տոնով, որը նրա կարծիքով վայել էր դատավորին։
― Մենք պարզել ենք և դա կասկած չի հարուցում, որ այդ թզբեհը պատկանում էր գավառապետ Մումթազ բեյին։ Եվ դա հանդիսանում է Վարդան Պալյանի մեղքի անհերքելի վկայություն։
Կեղծ հիացական տոնով Վարդանը հայտարարեց.
— Ինչպիսի՜ պերճախոսություն։ Ափսոս, որ սղագրիչ չկա այս հոյակապ ելույթը արձանագրելու համար։
Մուսթաֆան, վիրավորվելով, բռունցքն իջեցրեց սեղանին և վեր թռավ։ Նա պատրաստվում էր հայհոյել, սակայն գերադասեց չկորցնել սառնասրտությունը Գանի բեյի ներկայությամբ։ Մակայն նրա հայացքը բավականաչափ պերճախոս էր։ Նա հևում էր, կարծես ծանր ֆիզիկական աշխատանք կատարած լիներ և Գանի բեյը ստանձնեց հերթափոխը։
― Հեգնանքը քեզ չի օգնի։ Դու ոչինչ չե՞ս կարող ասել քեզ պաշտպանելու համար։
Վարդանը գիտեր, որ ինքը կործանված էր և ոչինչ չէր շահելու փաստարկներ ներկայացնելու դեպքում։ Նա ասաց հոգնած տեսքով.
— Ես կարող էի պնդել, որ վերջին վկան ոստիկանատանը չէր, երբ ինձ այստեղ բերեցին, և որ իմ կինը, զոքանչը և երկու աղախինները կարող էին վկայել, որ ես տանն եմ եղել գավառապետի սպանության պահին։ Սակայն այդ ամենը իմաստ չունի։
Այս խաղը զվարճացնում էր Գանի բեյին։ Նա մի փաստաթուղթ վերցրեց թղթապանակից։ Անկասկած այն պատճառով, որ գնդապետ Իբրահիմը նրա կողքին էր, նա չէր հրաժարվում իր համբերատար կեցվածքից և գրեթե սիրալիր տոնից.
— Ես ունեմ քո հանցակից Շիրակ Թևոնյսւնի կողմից ստորագրված ցուցմունքը։ Նա խոստովանում է, որ քեզ հետ համաձայնության է եկել և, հատկապես, որ քեզ օգնել է Մումթազ բեյի սպանության ժամանակ։
― Պա՛հ,– ասաց Վարդանը՝ ուսերը թոթվելով։— Եթե դա իսկապես նրա ստորագրությունն է, ապա ես պատկերացնում եմ, թե ինչ մեթոդներով եք այն ստացել։ Դաժան լինելու իր հռչակը ոստիկանապետը նոր չէ, որ պետք է վաստակի։
Մուսթաֆա Ռահմիի բռունցքները սեղմվեցին։ Քիչ էր մնում կատաղությունից պայթեր։ Իբրահիմը կռացավ ցուցմունքի վրա հայացք գցելու համար։ Ստորագրության փոխարեն անընթեռնելի խզբզոց էր, սակայն մատնահետքն այն օրինականացնում էր։ Այն արյամբ էր արված։ Տատանվելուց հետո Իբրահիմը մեկ անգամ ևս միջամտեց։
— Հույս ունեմ, որ փաստերն ու վկայությունները ստուգվել են։
Բարձրաստիճան պաշտոնյայի ճարպոտ ենթակզակը դողդողաց, և նա վրդովված բացականչեց.
― Գնդապետ Իբրահի՛մ, կհամարձակվե՞ք արդյոք կասկածի տակ առնել իմ իրավասությունները և Սվասի ապագա գավառապետ, ոստիկանապետ Մուսթաֆայի ազնվությունը։
― Աստվածն ինձ պահապան,– շտապեց հավաստիացնել Իբրահիմը։– Ես ներողություն եմ խնդրում, եթե իմ խոսքերը ձեզ վիրավորական են թվացել։ Իմ միակ ցանկությունն է ծառայություն մատուցել արդարադատությանը։
― Այդ դեպքում լռեք,– պատասխանեց Գանի բեյը կտրուկ տոնով,– արդարադատությունն իր գործը շատ էլ լավ կանի առանց ձեր օգնության։
Վարդանի հանդարտությունն իր տեղը զիջեց զայրույթին.
― Արդարադատությո՜ւն։ Մի օգտագործեք այն բառերը, որոնց իմաստը դուք չգիտեք։ Այս դատավարությունը բեմադրություն է։
— Լռի՛ր, շան որդի,– ոռնաց Մուսթաֆա Ռահմին, որը վեր թռավ աթոռը շուռ տալով։
Ենթարկվելու փոխարեն Վարդանը ձայնը բարձրացրեց.
― Ձեր փաստերր շինծու են։ Ես անմեղ եմ։ Իմ միակ հանցագործությունը այն է, որ ես հայ եմ, ինչպես և նրանցը, ում դուք կախաղան եք հանում հրապարակում։ Անատոլիայով մեկ մորթվող կանանց և երեխաների մեղքը նույնպես այն է, որ նրանք հայ են։
Չկարողանալով իրեն զսպել՝ ոստիկանապետը շրջանցեց սեղանը և հարձակվեց բանտարկյալի վրա։ Վարդանը հետ մղեց հարվածը բռունցքով և հակառակորդի կզակին հարվածեց ագուցված բռունցքներով։ Մուսթաֆան օրորվելով հետ―հետ գնաց ու հենվեց սեղանին։ Վարդանը բնազդաբար էր հարվածել, սակայն չէր զղջում իր չմտածված արարքի համար։ Իր վիճակում... Պահակներից մեկը մոտեցավ և ատրճանակի կոթով հարվածեց նրա թիկունքին։ Վարդանը շնչակտուր ծնկի իջավ։ Ոստիկանապետը գրպանից ծալովի դանակ հանեց։
― Դու ինձ պատասխան կտաս,– մրթմրթաց նա ատամների արանքից։
Չոր կտտոցով դանակը բացվեց։
— Ոստիկանապետ Մուսթաֆա,— հրամայեց Գանի բեյը,– ես ձեզ արգելում եմ։
Ոստիկանապետը մի քանի վայրկյան դանակը թափահարեց Վարդանի կոկորդի մոտ։ Իր վերադասի նոր հրամանը ստանալով՝ նա վերադարձավ իր տեղը, բարձրացրեց աթոռը և նստեց։ Նա Վարդանին էր նայում ատելությամբ լի աչքերով, գիտակցելով, որ իր վրիժառության պահը գալու էր։ Իբրահիմր վախեցավ ընկերոջ կյանքի համար և հայացքով աղերսեց նրան հանգիստ մնալ։
Գանի բեյը փակեց սեղանին դրված թղթապանակը։
― Վարդան Պալյան, դու մեղավոր ես ճանաչվում սպանության և դավաճանության մեջ։ Համապատասխանաբար ես քեզ մահվան եմ դատապարտում։
Վարդանը, որը դեռ ծնկաչոք էր, վճիռը լսեց առանց իր զգացմունքները ցույց տալու։ Վճիռը վաղուց էր ընդունված և նա դա գիտեր։ Նա սպասում էր, որ Գանի բեյը կկրկներ իր առաջարկությունը։
— Դու միայն մեկ հնարավորություն ունես մահվանից խուսափելու։ Համաձա՞յն ես մեզ հետ համագործակցելու։
— Ո՛չ։
― Քո կինն ու որդին վաղը ճամփա կընկնեն բոլորի հետ միասին։
― Իսկ եթե համաձայնե՞մ գրել այն ստերը, որ դուք ինձ կթելադրեք։
— Մենք ձեր րնտանիքը կպահենք Սվասում։ Եվ դու կվերադառնաս նրանց մոտ առաքելությունդ կատարելուց հետո։
Վարդանը քմծիծաղ տվեց.
― Դուք ինձ իսկապես հիմարի տեղ եք դրել։ Հավատա՜լ ձեր խոստումներին։ Հենց որ ես ձեզ այլևս պետք չլինեմ... չրխկ, և վերջ։
Իբրահիմը ուզում էր հնարավորինս հետաձգել ճակատագրական հանգուցալուծումը։ Նա դեռ հույս ուներ փրկելու իր բարեկամին։ Նա անհողդողդ ձայնով ասաց.
― Դուք պետք է ընդունեք այդ առաջարկը, մայոր Վարդան։
Վարդանը գլուխը թափ տվեց։ Նա վճիռն ընդունել էր նախօրեին։ Իմաստ չուներ ժամանակ շահել, ինչպես պնդում էր Իբրահիմը։ Բանտում նա խիստ հսկողության տակ էր, իսկ Մարոն ու Թովմասը պատանդ կդառնային իր փախուստի փորձերը կանխելու համար։ Իրեն վերացնելուց հետո կգար Մարոյի և Թովմասի հերթը։ Նա գերադասում էր, որ նրանք աքսորվեին Ազնիվ խանումի, Արմենի ու Սվասի մյուս հայերի հետ։ Այդ դեպքում նրանք հնարավորություն կունենային վերապրելու։
Գանի բեյը ժպտաց Վարդանին.
― Մեր նախարարը կհիասթափվի։ Նա շատ էր ուզում լսել իր քաղաքականության քո գովաբանումը։
― Թո՛ղ սատանան նրան տանի։
Այդ կատաղի պատասխանը բարձրացրեց Գանի բեյի տրամադրությունը, և նա խնդրեց, որ ոստիկանապետը բերել տար մյուս դատապարտյալներին։ Ոստիկանները քարշ տալով մի բանտարկյալի բերեցին և գետնին գցեցին Վարդանի կողքին։ Շիրակ Թևոնյա՜ն։
Նա անճանաչելի էր իր կուրացված աչքերով և այլանդակված դեմքով, ուր ողջ տեղ չկար։ Նրա ծնոտը կոտրված էր և կախ էր ընկել, և ամեն անգամ շունչ քաշելիս նրա բերանի անկյուններում արյուն էր հայտնվում։ Վարդանի սիրտը խառնեց։
— Ճանաչո՞ւմ ես քո հանցակցին, Պալյան։ Ընդունիր իմ առաջարկությունը։
Վարդանի անունը լսելով՝ Շիրակը սթափվեց։ Նրա շրթունքները շարժվեցին.
― Պարոն Վարդան։
― Ես այստեղ եմ։
― Մի մտածեք իմ մասին,– ասաց Շիրակը դժվարությամբ։
― Վերջին անգամն եմ հարցնում,– ասաց Գանի բեյը,– այո՞։
Ձայնը բարձրացնելու համար գերագույն ճիգ գործադրելով՝ Շիրակը պատասխանեց.
― Վերջ տվեք։
Վարդանը սեղմեց երիտասարդի ձեռքը ի նշան վշտակցության և թքեց սեղանի ուղղությամբ։
Ոստիկանապետը մոտեցավ և ձախ թևով սեղմեց Վարդանի պարանոցը։ Մյուս ձեռքով նա բռնեց նրա մազերից և նրա դեմքը դարձրեց Շիրակի կողմը։
― Դե տե՛ս, ոնց են մեռնում,— մռնչաց նա։– Իմացիր, հաջորդը դու ես։
Նա կանչեց իր մարդկանցից մեկին.
― Նշան բռնիր գլխին։
Ոստիկանը հրացանը դրեց Շիրակի քունքին, որը սկսեց «Հայր մեր»–ը ասել։ Նրա ձայնը ամրանում էր, կարծես իր վերջին ուժերը դներ այդ աղոթքի մեջ։
― Չե՞ս փոխում վճիռդ,– հարցրեց ոստիկանապետը՝ ավելի ուժեղ սեղմելով Վարդանի պարանոցը։
Վարդանը լուռ էր։ Արագ մահ, ահա թե ինչ կարելի էր ցանկանալ Շիրակին։ Վարդանը ձայնակցեց տղային և իրեն ստիպեց չփակել աչքերը։ Նրանք հասել էին «Եվ եղիցի կամք քո» բառերին, երբ հրացանի կրակոցը ցրեց Շիրակի գանգը։ Վարդանի հագուստը արնոտվեց։
― Հիմա քո հերթն է,– ասաց ոստիկանապետը, որը նրան բաց թողեց և հեռացավ։
Իբրահիմը միջամտեց հրամայական տոնով.
― Ո՛չ։ Նրան այստեղ մի սպանեք։ Գնդակահարման դասակով։ Դա շատ լավ կլինի բանակի բարոյական վիճակի համար։
― Համամիտ եմ,– ասաց Գանի բեյը փայլող աչքերով։— Սակայն մենք նրան չենք գնդակահարի։ Կախաղան կհանենք շուկայի հրապարակում։ ժողովուրդը նույնպես օրինակի կարիք ունի։