Ամառ առանց այգաբացի - Գլուխ 6

Գրապահարան-ից

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 5 Ամառ առանց այգաբացի - Գլուխ 7 ▶


Հուլիսի 19-ն էր կամ 20-ը։ Վարդանը կորցրել էր օրերի հաշիվը։ Բանտախցում մնացած նրա երկու բախտակիցները ամենևին էլ չէին հետաքրքրվում ամսաթվով։ Նրանց կյանքը վերածված էր մեկ երկար օրվա, որը սկսվում էր առավոտյան, երբ նրանք խույս էին տալիս մահապատժից, և ավարտվում էր հաջորդ լուսաբացին, երբ կարող էր գալ իրենց հերթը։ Նրանք նույնիսկ չէին խոսում, և յուրաքանչյուրը ծվարել էր իր անկյունում։ Եվ նրանց լռությունն է՛լ ավելի ցավագին էր դարձնում Վարդանի մենությունը։

Նրանց խմբակային փախուստի ծրագիրը չէր իրականացել։ Ինչ-որ մեկը մատնել էր, և մետաղյա դռներն այլևս երբեք չէին բացվել նրանց բակում եղած ժամանակ։ Մահապատժի ենթարկվածների ներքնակները մնացել էին բանտախցում, և այն ավելի մեծ էր թվում, քան կար իրականում։ Նեղ լուսամատից թափանցող ճառագայթները լուսավորում էին պատի գորշ քարին Սարգիս Զորյանի փորագրած խաչն ու արձանագրությունները։ Վերջինիս մահապատժից հետո, որը տեղի էր ունեցել չորս օր առաջ, Վարդանը գրում էր այն մարդկանց անունները, որոնք դեռևս ողջ էին։ Մինչև վերջին շունչը նա լրագրող էր մնալու... Սակայն հնարավորություն չէր ունենալու ստորագրելու։

Վաղ թե ուշ ինքն էլ էր ճոճվելու պարանի ծայրին։ Ավելի շուտ վաղ, քանի որ պահակներից մեկն զգուշացրել էր, որ իր մահապատիժը ի կատար էր ածվելու այդ առավոտ։ Քաղաքապետարանի ժամացույցը ազդարարել էր ժամը վեցը, իսկ հետո յոթը։ Նա շարունակում էր սպասել, գրեթե անվրդով։ Նա այնքան երկար էր սպասել անխուսափելի վերջին, որն այդքան երկարաձգվելով կորցրել էր իմաստը և իրեն այլևս չէր վախեցնում։

Միջանցքում քայլեր լսվեցին։ Նա շտկվեց։ Դուռը բացվեց, և ներս մտավ դեղնած դեմքով մի ենթասպա.

― Վարդան Պալյան։

Վարդանը մոտեցավ։ Նրան մի գորշ շապիկ մեկնեցին։

― Ահա քո կախաղան ելնողի համազգեստը։

Առանց արձագանքելու Վարդանը հանվեց և հագավ լայն շապիկը, որը մինչև ծնկներն էր հասնում։ Բանտախցի ընկերները մոտեցան հրաժեշտ տալու։ Նրանք դժվարությամբ էին թաքցնում իրենց թեթևությունը, որ ևս մեկ անգամ խույս էին տվել մահվան ճիրաններից։ Ենթասպային ուղեկցում էին երկու ոստիկան։ Նրանք Վարդանի ձեռքերը կապեցին թիկունքում և նրան տարան առաջին հարկում գտնվող փոքր մի սենյակ, ուր վարսավիրը սրում էր ածելին։ Վարդանին նստեցրեցին մի նստարանի վրա, որի շուրջը գետինը ծածկված էր մարդկային մազերով։ Վարսավիրը սափրեց Վարդանի գլուխն ու մորուքը։

Ներս մտավ խնամքով հարդարված մազերով մի լեյտենանտ։ Բանտարկյալին ցույց տալով, հարցրեց սերժանտին.

― Պալյա՞ն։

― Այո։

Ոտքերը լայն տարածելով՝ նա կանգնեց Վարդանի առջև։ Կիպ կարված կանաչ համազգեստը նրա կեցվածքը բարետես էր դարձնում, իսկ խնամված բեղերի ծայրերը վեր էին տնկված։

― Գավառապետ Մուսթաֆա բեյը...

― Դու ուզում ես ասել Մուսթաֆա Ռահմի՞ն։

― Գավառապետ Մուսթաֆա բեյը,– պնդեց լեյտենանտը,―քեզ վերջին անգամ առաջարկում է հավատավոխ լինել և համագործակցել Իթթիհատի հետ։

Նա ցույց տվեց վարսավիրին.

― Ալին քեզ իսկույն կթլփատի։

Վարդանն ուսերը վեր քաշեց։ Սպան, ողջ կեցվածքով ընդգծելով իր անտարբերությունն այս խնդրի վերաբերյալ, ասաց.

― Համաձայնիր, սա միակ հնարավորությունն է կաշիդ պրծացնելու և փրկելու հարազատներիդ կյանքը։ Համաձայնիր և տասը րոպե անց դու նորից ազատ մարդ կլինես։

Վարդանը համառորեն լռում էր։

― Մտածիր քո կնոջ և որդու մասին, որոնք տառապում են տարագրության ճամփաներին։ Եթե նրանք իմանան, որ քո մեկ խոսքը կարող է վերջ դնել իրենց տանջանքներին և որ դու հրաժարվում ես այն արտասանել, ի՞նչ կմտածեն քո մասին։

Լեյտենանտը դաս էր արտասանում, և Վարդանին թվում էր, որ ինքը լսում էր ոստիկանապետի ձայնը, նրա ստերը։

― Մուսթաֆային կասես, որ գնա գրողի ծոցը։

― Քո կյանքն է,– պատասխանեց սպան հոնքերը վեր քաշելով։― Դեհ, ուրեմն ճամփա ընկնենք։

Բանտի բակում ձիերով լծված սայլ էր սպասում։ Մոտ տասնհինգ դատապարտյալ կանգնած էին վանդակում, որի ճաղերի վերևում մի քանի շարք փշալար կար։ Վարդանը շուրջն էր նայում՝ փախչելու աղոտ հույս փայփայելով։ Լեյտենանտը սովոր էր դատապարտյալներին մինչև կախաղան ուղեկցելուն և գրեթե աննկատ մանրամասներով գուշակում էր նրանց հոգեվճակը: Նա նկատեց, թե ինչպես էր Վարդանը շուրջը նայում և ատրճանակի փողը նրա ծոծրակին դրեց։

- Այդ մեկը քեզ չի հաջողվի։ Քեզ սպասում է նոր և լավ մոմած պարանը։

Ոստիկանների դասակի ուղեկցությամբ սայլն ուղևորվեց դեպի շուկայի հրապարակը, որտեղից լսվում Էր թմբուկների ձայնը։ Ձի հեծած լեյտենանտը գնում էր առջևից հպարտ ու ձիգ։ Վաճառասեղանների միջև միջանցք էր բացվել, և երկու կողմից հավաքվել Էր հետաքրքրված ու հուզված ամբոխը։ Ամենօրյա մահապատիժները, որոնց ձգողական ուժը չէր նվազում, ժողովրդական տոնի առիթ էին դառնում։ Հրապարակի մյուս ծայրում կառափնարանի վրա շարված էին կախաղանները։ Դրանք տասնհինգն էին։ Զինվորները ազատում էին կախաղանները նախորդ օրր մահապատժի ենթարկվածների դիակներից, կիտում էին սայլի մեջ՝ Սվասից դուրս տանելու համար։

Այդ ամենը Վարդանին չէր հետաքրքրում։ Հայացքը դարձնելով դեպի իր ներքնաշխարհը՝ նա տեսնում էր նրանց, ում սիրել էր և ովքեր շարունակում էին ապրել իր հոգում։ Վաճառասեղաններից իրեն հասնող յուրաքանչյուր բուրմունք որևէ հիշողություն էր արթնացնում, և դրանց մի մասը մանկությունից էր գալիս։ Հատկապես դեղձի հոտը, որը հասունանում էր հենց այդ ժամանակ։ Մայրը, որը դեռ շատ երիտասարդ էր, իրեն բարձրացնում էր մինչև ծառի ներքևի ճյուղերը։

― Իջեք,– հրամայեց ոստիկաններից մեկը՝ բացելով վանդակի դուռը։

Վարդանը վայր ցատկեց ու վազեց։ Կառափնարանի հետևում թաքնված մի անցում կար, որը տանում էր դեպի հարևան փողոցը։

― Սրան ողջ կբռնեք,– բղավեց լեյտենանտը։ Կապված ձեռքրերի պատճառով Վարդանը չէր կարողանում արագ վազել։ Երկու ոստիկան նրան բռնեցին մինչև անցումին հասնելը։ Լեյտենանտը մոտեցավ և մտրակով դեմքին հարվածեց։

― Բռնեք դրան մինչև պարանը վիզը գցեն։

Դիակներով լի սայլը անցավ դատապարտյալների մոտով, և նրանցից ոչ մեկը աչքերը չհեռացրեց։ Վերջը մոտ էր, և նրանք այլևս ուժ չունեին տանջվելու իրենց կանանց և երեխաների մասին մտքերից։ Նրանց բոլորին ստիպեցին ելնել կառափնարան, իսկ հետո յուրաքանչյուրը բարձրացավ իր կախաղանին հենած սանդուղքով։ Պարանի հանգույցը ճոճվում էր նրանց դեմքի առջև։ Վարդանը զգաց դահճի ձեռքն իր ուսին, իսկ հետո պարանի կոպիտ հպումը։ Իր հայրենակիցներից քանի՞սն էին կանգնել այդ սանդուղքին։ Քանի՞սն էին հոգին ավանդել հենց այն վայրում, ուր ինքը պետք է մեռներ։ Ինչի՞ մասին էին նրանք մտածում:

Թիկունքում նա լսեց լեյտենանտի ձայնը.

― Ինքս կհրեմ քո սանդուղքը։

Թմբուկների զարկերի ռիթմն արագացավ, միգուցե դա արյան բաբախո՞ւմն էր քունքերում։ Վարդանն անթարթ նայում էր Թեջիր լեռան գագաթին, որը պարզորոշ ուրվագծվում էր մուգ կապույտ երկնքի ֆոնի վրա։ Հանկարծ նա իրեն շատ միայնակ զգաց։ Ահռելի մի տարածություն բաժանում էր նրան ամբոխից, դահճից, նույնիսկ հարևան դատապարտյալներից, իսկ իր ներսում բոլոր հարազատների դեմքերն անհայտացան։ Նա գրեթե չէր զգում իր մարմինը, կարծես արդեն սկսել էր անէանալ։ Մնացել էր դեղձի կպչուն բուրմունքը։ Ինքը երբեք չէր մտածել, որ մեռնելիս մարդն այդքան միայնակ է լինում։

Գլուխը հետ գցելով՝ Վարդանն աչքերը հառեց արևին։ Դժվար էր պատկերացնել, որ այլևս այն չէր տեսնելու և չէր զգալու նրա ջերմությունը։ Կա՞ր արդյոք այլ կյանք։ Այդ պահին Վարդանը երջանիկ կլիներ, եթե վերագտներ իր մանկության կույր հավատը։ Իրատեսությունը հուշում էր, որ ինքն անէանալու էր։ Թովմաս... Մարո... Արդյոք ինքը երկա՞ր կապրի նրանց հիշողության մեջ։ Նրա հիշողության մեջ հայտնվեց մի պատկեր. Մարոն իրենց ննջասենյակի լուսամուտի մոտ, Թովմասը՝ Ազնիվ խանումի ու աղախինների հետ տան շեմին, շունը շագանակենու ստվերում, իսկ վարդերը ցայտուն ուրվագծվում էին տան սպիտակ պատին։

Նրա ոտքին դիպան։ Նա ցնցվեց ու լարվեց։ Քիչ էր մնում սանդուղքը ոտքի տակից փախչեր։ Նրա դիմաց հայտնվեց լեյտենանտը։

― Սա դու չե՞ս,― հարցրեց լեյտենանտը։

Վարդանը լսեց, թե ինչպես են իր անունը տալիս։ Նրա դիմաց հայտնվեց մի լեյտենանտ։

― Դու մայոր Վարդան Պալյա՞նն ես։

Նա կրկնեց հարցը, և Վարդանը գլխով արեց։

― Այստեղ,– բղավեց սպան։

Դահիճր թուլացրեց հանգույցը և օգնեց դատապարտյալին իջնել սանդուղքից։ Ցնցված և ոչինչ չհասկացող Վարդանը թույլ տվեց, որ իրեն ուղեկցեն կառափնարանից ցած։ Արևը նրան կուրացրել էր, և նա հազիվ Էր նշմարում լեյտենանտին, որը ողջունում էր ինչ-որ մեկին, ասելով.

- Ահա նա, պարոն գնդապետ։

Այդ դե՞մքը։ Իբրահիմ Ալիզադեն էր։

Վարդանի դիմագծերը փափկեցին։ Բարեկամը բռնեց նրա ձեռը և խիստ ձայնով ասաց.

- Հետևեք ինձ։

Վարդանը կռահեց, որ լեյտենանտի ներկայությամբ ինքը չպետք է խոսեր կամ շփվեր Իբրահիմի հետ։ Դեռևս ցնցված՝ նա չէր գիտակցում, թե ինչ էր իրականում տեղի ունեցել։ Զգում էր, որ արյունը վերստին սկսել էր հոսել իր երակներով, հետո նա ուժգին ցավ զգաց պարանոցում և խեղդվելու զգացում ունեցավ: Ասես մարմինն ապրում էր այն չարչարանքը, որին նախապատրաստվել էր։ Հետո միայն զգաց մահվան սարսափը։

Կառափնարանի առջև ոստիկաններր զսպում էին ամբոխը, որը քարացել էր։ Միրգ, ընկույզ, շերբեթ և թան վաճառող շրջիկ վաճառականներր լռել էին։ Կարծես թե բոլորը շունչը պահել էին։ Գնդապետն իր բանտարկյալին քարշ տվեց կառափնարանի հետևում գտնվող անցումով։ Նրբանցքում ծածկած կառք էր կանգնած։ Նրանք կառք նստեցին։

― Շարժվիր,– հրամայեց Իբրահիմը կառապանին հուզմունքը դավաճանող ձայնով։

Հազիվ էին վարգի անցել, երբ լսվեցին զառանցող ամբոխի բացականչությունները։

― Քիչ էր մնում...– բացականչեց գնդապետը։

Նա գրկեց Վարդանին, որն անդադար կրկնում էր.

― Իբրահիմ, Իբրահիմ, բարեկամս։ Հավատս չի գալիս։

― Դու երևի կասկածի տա՞կ առած լինեիր իմ բարեկամությունը։ Ինձ հանձնարարությամբ Սվասից հեռու էին ուղարկել։

Գնդապետն այլ մանրամասներ չհաղորդեց։ Նա ուզում էր մոռանալ Շապին-Կարահիսարի նույնիսկ անունը, ուր երեք շաբաթ տևած պաշարումից հետո բանակը սրի էր քաշել քաղաքի ամբողջ հայ բնակչությանը կանանց և երեխաների հետ միասին։

Վարագույրը քաշելով՝ Իբրահիմը գլուխը լուսամատից հանեց և, համոզվեց, որ իրենց չեն հետապնդում։ Վարդանը հասկացավ, որ ընկերն իրեն ազատել էր սեփական նախաձեռնությամբ։

― Ուրեմն ինձ վերաբերող հրաման չունե՞ս։ Դու կյանքդ ես վտանգում։

Իբրահիմը ժպտաց, և նրա դեմքը փայլում էր։ Նա նման էր երեխայի, որը հենց նոր չարություն էր արել և հպարտանում էր դրանով։ Վարդանը հուզված ավելացրեց.

― Ինչպե՞ս կկարողանամ քեզ հատուցել։ Երջանիկ է այն մարդը, ով քեզ պես ընկեր ունի։

― Դու ևս մեկ ընկեր ունես,― պատասխանեց Իբրահիմը խորհրդավոր տեսքով։– Ես միայնակ չեմ այս պատմության մեջ։

Նա հրաժարվեց ավելին ասել և կտրեց Վարդանի կապանքները։ Կառքը բռնեց ամերիկյան օրիորդաց վարժարանը տանող ճանապարհը և կառապանն արագացրեց րնթացքը։ Վարդանը վերջապես հարցրեց.

― Տեղեկություն ունե՞ս Մարոյի, իմ որդու և զոքանչիս մասին։

Իբրահիմի դեմքն այլայլվեց։

― Դժբախտաբար,– ասաց նա շփոթված ձայնով,– ես ոչինչ չկարողացա անել։ Սվասում չէի։ Այս գիշեր եմ վերադարձել։

Վարդանի ուսերը հակվեցին, և նա խորը հառաչեց։

― Իսկ գիտե՞ս, որ ճանապարհով են գնում Սվասի հայերը։

― Պարզ է, որ հետաքրքրվել եմ։ Բազմաթիվ շարասյուներ կային, որոնք գնացել են տարբեր ճանապարհներով։ Սակայն հնարավոր է, որ բոլորը կանցնեն Մալաթիայով։ Կարծում եմ, նրանք ուղևորվում են Հալեպ։

Վարդանը տխուր գլուխը ճոճեց։ Նա մրմնջաց, կարծես բարձրաձայն մտածեր.

― Երկու շաբաթվա տարբերություն... Բայց նրանք պետք է որ դանդաղ շարժվեն։

Իբրահիմը բռնեց նրա թևը.

― Դու չպետք է մտածես նրանց միանալու մասին։ Անատոլիայով մեկ տեղահանվածների քարավաններ են շարժվում։ Այդ բազմության մեջ երեք հոգի գտնելն անհնարին է։ Բանակը փակում է ճանապարհները, բնակավայրերից դուրս վխտում են ավազակները։ Չես կարողանա անցնել։

Վարդանը նայեց նրա աչքերի մեջ.

― Եթե քո ընտանիքը լիներ, ի՞նչ կանեիր։

Իբրահիմը առանց պատասխանելու գլուխը կախեց։ Նա կվարվեր այնպես, ինչպես մտադիր էր վարվել Վարդանը։

― Ձի և ատրճանակ, ահա թե ինչ է ինձ պետք։

― Դու, իհարկե, այդ ամենը կունենաս։

― Ո՞ւր ես ինձ տանում։

― Համբերություն,– պատասխանեց գնդապետը խորհրդավոր ժպիտով։

Երկվորյակ մինարեթների և բաղնիքի արանքում ծվարել էր մի հին պալատ, ուր գտնվում էր բանակի հրամանատարությունը: Կառքը բակ մտավ, որով Վարդանը բազմիցս անցել էր պաշտոնական ընդունելություններին մասնակցելու համար։ Կենտրոնական մուտքից մտնելու փոխարեն գնդապետը Վարդանին տարավ դեպի կողմնային մի դուռ, այն թևը, որը նախատեսված էր պատվավոր հյուրերի համար։ Նրանք մտան նախասրահ, որի կենտրոնում մի փոքր ավազան կար, իսկ պատերին գրված էին հատվածներ Ղուրանից և զարդարված էին սուլթանի դիմանկարներով։

Վարդանը չէր կարողանում գուշակել, թե ինչու էին իրեն այստեղ բերել։ Իբրահիմը նրան տարավ մի ավելի մեծ սենյակ, որը գորգապատ էր և կահավորված էր հին կահույքով։ Նախշազարդ, ոսկեզօծ շրջանակի մեջ տեղադրված խմբակային լուսանկարում պատկերված էին Էնվերը, Ջեմալը և Թալեաթը՝ Իթթիհատի երեք առաջնորդները։

― Հիմա կասե՞ս...

― Մի խաթարիր ուրախությունդ,– ասաց Իբրահիմը։

Չնայած անհամբերությանը, Վարդանը այլևս հարց չտվեց։

― Ես քեզ կսպասեմ նախասրահում,– ասաց Իբրահիմը։

Մենակ մնալով՝ Վարդանն ուսումնասիրեց սենյակը։ Մարմարյա կլոր սեղանի վրա չրեղեն և խմիչք էր դրված։ չկարողանալով իրեն զսպել՝ Վարդանը մի քանի թուզ կերավ և թաքուն մի կում կոնյակ խմեց հենց շշից։ Խմիչքից նրա տասմոքսը կծկվեց։ Հոգնածությունից հենվեց սեղանին։ Նա այնքան կեղտոտ էր, որ չհամարձակվեց նստել բազկաթոռին։ Բանտախցի գարշահոտությունը՝ փտած հարդի, քրտնքի ու կեղտի հոտը, ներփափանցել էր մաշկի մեջ և այնքան ուժգին էր, որ նրա սիրտը խառնեց։ Իսկ ինքն այնքան էր վարժվել այդ հոտին, որ այն չէր էլ զգում։

Սենյակի խորքում գտնվող դուռը բացվեց։ Ներս մտավ հետևակի համազգեստով մի գեներալ։ Համազգեստի բաճկոնը խնամքով կոճկված էր, և ոսկեզօծ օձիքը թաքցնում էր կրկնակզակի ծալքերը։ Նա բարձրահասակ էր, սակայն գեր և շատ դանդաղ էր քայլում։ Ծանր կոպերը գրեթե ծածկում էին նրա մանր սև աչքերը։ Փքված այտերով դեմքը բարի էր թվում։ Նա մոտեցավ Վարդանին և ձեռքը նրան մեկնեց, որը Վարդանը սեղմեց առանց լարումից ազատվելու։

― Կարծում եմ, դուք ինձ չեք հիշում, մայոր Վարդան։

Ի տարբերություն մարմնի՝ ձայնը բոլորովին չէր փոխվել։

― Հալիթ փաշա,– բացականչեց Վարդանր ապշահար։– Ներեցեք, որ ձեզ չճանաչեցի, տասը տարի է անցել։

― Այո,– ասաց զինվորականը փորը ցույց տալով,– և համեղ ուտելիքները...

Վարդանը հիշեց կրքոտ երիտասարդին, որը հայտնի էր իր հռետորական տաղանդով։ Այդ ժամանակաշրջանում նա շատ նիհար էր և ոսկրոտ։ Նրանք ծանոթացել էին, երբ երկուսն էլ «Ազատություն և առաջադիմություն» կոմիտեի անդամ էին։ Նրանք միասին էին խորհրդարանում և մտնում էին Էնվերին ու Թալեաթին հակադրվող առաջադիմականների խմբավորման մեջ։ Եվ ահա հիմա նրանցից մեկը իշխանության կողմնակիցն էր, մյուսը ջախջախված էր այդ նույն իշխանության կողմից։

Վարդանը մի պահ վարանեց և ուշադիր նայեց գեներալի աչքերի մեջ։ Արդյո՞ք Հալիթը նույնն էր մնացել, որի համար կարևորագույն բանն արդարությունն էր: Արդյո՞ք փոխվել էր միայն նրա ֆիզիկական կերպարանքը։ Աչքերը մատնում էին նրա բարությունը։ Վարդանին թվաց, որ ինքը գեներալի հայացքում հայտնաբերեց նաև այլ բան՝ մեծ հոգնություն և միգուցե հիասթափություն։ Հալիթ փաշան թևերը տարածեց։ Վարդանը տատանվում էր՝ ցույց տալով իր հագուստը։ Գեներալն ուսերը թոթվեց և գրկեց Վարդանին։

― Ես երջանիկ եմ քեզ տեսնել, Հալիթ փաշա։

― Վարդան Պալյան,– պատասխանեց մյուսը՝ Վարդանի ուսին խփելով։― Վարդան, եղբայրս։

Ժպտալով, նրանք հետ-հետ գնացին միմյանց հեռվից նայելու համար։ Նրանց ընկերությունն անխաթար էր մնացել։ Նրանցից յուրաքանչյուրը մտածեց երիտասարդության այն տարիների մասին, որ նվիրել էին նույն գաղափարների իրագործմանը։ Հալիթի դեմքը մռայլվեց։

― Ինչպիսի՜ խառնաշփոթ,– հառաչեց նա։

Վարդանը գլխով արեց։ Հալիթը գրպանից ծխախոտ հանեց և մատնացույց արեց բազկաթոռները։ Առանց առաջարկության սպասելու Վարդանը երկու բաժակ կոնյակ լցրեց։ Նրանք նստեցին և բաժակներն իրար խփեցին։

Ծխախոտի ծուխն արտաշնչելով՝ Հալիթը ցույց տվեց կառավարության երեք առաջնորդներին պատկերող լուսանկարը.

― Այս խարդախները մեզ խաբեցին։ Սակայն նրանց վերջը կգա։ Այն արդեն գաղտնի կերպով նախապատրաստվում է։

Վարդանը հուզված պատասխանեց.

― Շատ ուշ կլինի։ Հարյուր հազարավոր հայեր բնաջնջված կլինեն։

Հալիթը զննեց իր բաժակի կոնյակը և մրմնջաց.

― Խե՜ղճ մարդիկ։ Խե՜ղճ երկիր։

Կտրուկ շարժումով նա հանգցրեց ծխախոտը և մնացորդը շպրտեց ղեկավարների լուսանկարի ուղղությամբ.

― Ինչ հաճույքով եմ ես նրանց դավաճանում՝ քեզ փրկելով մահից։

― Ես քո հավերժ պարտապանն եմ, Հալիթ փաշա։

Վարդանն անդադար տեղահանության մասին էր մտածում և հարց տվեց, որի պատասխանը գիտեր.

― Այս սարսափին վերջ տալու միջոց չկա՞։

― Վախենամ, որ ոչ։ Չափավոր քաղաքական ուժերը հեռացվել են կառավարությունից։ Ինձ ուղարկում են ռուսական ճակատ այն պատճառով, որ ես հրաժարվել եմ մասնակցել տեղահանություններին, և հույս ունեն, որ ես այնտեղ կաշիս կթողնեմ։

― Եթե թշնամին ներխուժեր երկիր, դա կարագացներ Իթթիհատի անկումը։

― Պետք չէ հույս ունենալ, որ այդ բանը շուտով կպատահի։ Ես Գալիպոլիից եմ գալիս։ Քեմալ փաշան դիմադրում է ֆրանսիացիներին և անգլիացիներին։ Նա նրանց հետ կմղի դեպի ծով, դա ժամանակի խնդիր է։

Նրանք իրենց բաժակները դատարկեցին լռություն պահպանելով։ Հալիթ փաշան թեքվեց և ձեռքը դրեց Վարդանի ձեռքին։

― Իբրահիմն ինձ ասաց քո ընտանիքի մասին։ Ես անկեղծորեն ցավակցում եմ։

Վարդանի դեմքն այլայլվեց, և նա շրթունքը կծեց։

― Դու մի տղա՞ ունես։

― Թովմաս,– պատասխանեց Վարդանը՝ աչքերը լցնելով։– Նա վեց տարեկան է։

- Ամեն ինչ կորած չէ,– պատասխանեց գեներալը, որն ուզում էր հուսադրել Վարդանին։ Մի օր դու կգտնես նրանց, ես համոզված եմ։ Այս պահին ամենակարևորը այս պատմությունից դուրս պրծնելն է։

Իմանալով, որ Հալիթն ամեն ինչ կանի իր ծրագրից իրեն հետ պահելու համար, Վարդանը նրանից թաքցրեց, որ պատրաստվում էր գնալ իր ընտանիքին փնտրելու։

― Ուզո՞ւմ ես ինձ ուղեկցել Արևելյան ճակատ որպես համհարզ։ Եթե ուզենաս, կանցնես ռազմաճակատի գիծը և Արևելյան Հայաստան կգնաս։

― Ես գերադասում եմ չհեռանալ կայսրությունից։

― Իրավացի ես։ Ավելի լավ կլիներ, եթե Ստամբուլ գնայիր։ Հայերին այնտեղ առանձնապես չեն նեղում։ Դու այնտեղ ազգականներ ունես, եթե չեմ սխալվում։ Այնտեղ կարող ես միանալ մեր ընկերներին, որոնք նախապատրաստում են երեք չախկալների իշխանությունից հեռացումը։ Այդ գործում նրանց աջակցելը քո ընտանիքին ու ժողովրդին օգնելու ամենալավ ձևը կլիներ։

― Դա երկար ճանապարհորդություն կլինի,― պատասխանեց Վարդանը՝ ձևանալով, թե մտածում է։

― Ես քեզ համազգեստ կտամ, զինվորական փաստաթղթեր և միջոցներ։ Նաև գործուղման փաստաթուղթ կտամ, որը կհեշտացնի քո տեղաշարժը։

― Եթե գործը վատ ընթացք ստանա և ինձ նորից բռնեն, դու կվտանգվես, գնդապետ Իբրահիմը՝ նույնպես։

― Իսկ դո՞ւ, Վարդան։ Չէ՞ որ դու առանց տատանվելու ինձ թաքցնում էիր Բերայի քո դեղատան նկուղում մի քանի շաբաթ շարունակ, երբ ինձ փնտրում էր սուլթանի գաղտնի ոստիկանությունը։ Իսկ երբ ես ձերբակալված էի և հիվանդ էի տիֆով, չէ՞ որ դու հնարավորություն գտար ամեն շաբաթ ինձ դեղեր ուղարկելու։ Երբ Իբրահիմն ինձ հայտնեց քո ձերբակալության մասին, ես մտածված կերպով ճանապարհս շեղեցի Սվաս գալու և քեզ վարձահատույց լինելու համար։

― Հիմա էլ ես եմ քո պարտապանը և չգիտեմ, թե քեզ ինչպես շնորհակալություն հայտնեմ։

― Ողջ մնալով, Վարդան Պալյան։ Կայսրությունը կամ էլ այն, ինչ կմնա դրանից, քեզ պես մարդկանց կարիքն է զգալու։

Նրանք այլևս իրար ասելիք չունեին։ Հանգամանքները չէին նպաստում հին հուշերի վերակենդանացմանը։ Գեներալը ավարտեց զրույցը.

― Ես հիմա պետք է գնամ։ Գնդապետ Իբրահիմը քեզ կփակի զինվորական բանտում։ Այսօր երեկոյան նա քաղաքից դուրս կբերի քեզ։

Նրանք հուզված գրկախառնվեցին։

― Հիշո՞ւմ ես Ենիքյոյի այն պանդոկը, ուր մենք այնքան լավ քեֆ էինք անում։ Օրը կգա, և մենք այնտեղ կվերադառնանք։

― Թոդ Աստված քեզ օրհնի, Հալիթ փաշա։ Զգուշացիր ռուսների գնդակներից։

― Ալլահը քեզ պահապան, բայց ամեն դեպքում զգույշ եղիր։

― Մի վախեցիր, մահը երկու անգամ չի հարվածում։

✻    ✻



Ցնցոտիներով պատված, հածող հայացքներով և բթացած դեմքերով էակների անվերջանալի թափորը դժվարությամբ շարժվում էր եգիպտացորենի դաշտով։ Բույսերը, որոնց տերևները չոր խշշոց էին հանում, հասնում էին մեծահասակների ուսերին և, ծածկում էին երեխաներին։ Մոտ չորս հարյուր հոգի էին, իսկ նրանց հսկող ոստիկանները տասնհինգն էին։ Արդեն երկրորդ շաբաթն էր, ինչ դուրս էին եկել Սվասից։ Քանի՞սն էին մնացել ճանապարհներին՝ մահամերձ վիճակում ուրուրների բաժին դառնալով: Երբեմն էլ սվինն էր վերջ տալիս նրանց հոգեվարքին։

Ոչ մի ճիչ, ոչ մի լաց։ Տեղահանվածները նույնիսկ խոսելու ուժ չունեին։ Հնազանդ՝ նրանք քայլում էին հայացքները գետնին հառած, մտահոգվելով միայն հաջորդ քայլն անելու անհրաժեշտությամբ։ Նրանք խուսափում էին հեռուն նայել, քանի որ նպատակակետ չունեին։ Նրանց երթուղին կախված էր ոստիկանների քմահաճույքից, որոնք զվարճանում էին՝ ընտրելով վատթարագույն ճանապարհները և երբեմն ստիպում էին մարդկանց մի քանի անգամ նույն տեղով անցնել։

Մորը գոտկատեղից պահելով՝ Մարոն թույլ չէր տալիս, որ Ազնիվ խանումը վայր ընկներ։ Բացի դրանից, ծեր կինը հենվում Էր Թովմասի ուսին։ Նա ջերմություն ուներ և, չնայած շոգին, դողում էր։ Երբեմն ծեր կինը զառանցում էր և նրան թվում էր, որ ինքը վերադարձել էր իր երիտասարդության տարիները։ Օր օրի նրա ուժը հատում էր, և ամեն առավոտ նա արթնանում էր ավելի հյուծված, քան նախօրեին։ Երբեմն նա աղերսում Էր Մարոյին իրեն թողնել ճանապարհին։ Մարոն չէր պատասխանում և շարունակում էր համառորեն մորը քարշ տալ իր հետևից։

Քրտնաշաղախ, զրնգացող գլխով՝ Մարոն կարծես երազի մեջ քայլեր։ Միայն մեկ միտք էր զբաղեցնում նրա ուղեղը. շարունակել, վերապրել։ Նա կորցրել էր շարունակելու և վերապրելու իրեն դրդող պատճառները։ Կանգուն մնալ, առաջ գնալ, ևս մեկ օր մթնեցնել, դա արդեն բավական էր։ Կեղծ փորը խանգարում էր նրան և էլ ավելի էր հոգնեցնում։ Այդուհանդերձ, այդ փորը իրեն պահպանել էր այն բռնություններից, որոնց ենթարկվել էր կանանց մեծամասնությունը։

Արևից պաշտպանվելու համար Արմենի գլխարկը աչքերին կործած՝ Թովմասը եգիպտացորենի խակ կողր էր կրծում։ Հատիկների կեղևը մնում էր ատամների արանքում, իսկ տտիպ խմորը չորացնում էր բերանը, սակայն ստամոքսը կրկին և կրկին պահանջում էր այդ դժվարամարս կերակուրը։ Նրա կիսագուլպաների կրունկները ծակվել էին, և մաշկի ու կոշիկների հպումից կրունկներին վերքեր էին գոյացել։ Ուժասպառություն, սով, ծարավ, շոգ. Թովմասն այլևս չէր բողոքում։ Տեղահանությանը նախորդած կյանքը ջնջվել էր նրա հիշողությունից։ Նա ոչնչի մասին չէր մտածում, նույնիսկ տանջանքների հնարավոր ավարտի մասին, և օրեր շարունակ բառ անգամ չէր արտասանում։ Նա քայլում էր։ Ասես ինքը երբեք ոչինչ չէր տեսել, այս ողորմելի գոյությունից բացի։ Ասես ողջ կյանքում քայլել էր։ Գիշերն ամենավատ ժամանակն էր։ Նա այնպիսի հրաշալի երազներ էր տեսնում, որ դրանք ավելի սարսափելի էին թվում, քան ամենաահավոր մղձավանջը։

Քարավանի ձախ կողմում ձգվում էր Տահտալի լեռների շարունակությունը կազմող զառիթափ լանջերով լեռնաշղթան, որը զատվում էր մշակված արտերից փշոտ թփերով և ժայռաբեկորներով ծածկված լանջով։ Եգիպտացորենի արտից դեպի աջ հովիտն անմշակ էր և հանձնված էր այծերին։ Այդ տխուր տարածքի մեջտեղում երեք տուն թիկնել էին մեկը մյուսին։ Արդեն երկու ժամ էր, ինչ մի ավազակախումբ հետևում էր շարասյանը։ Ի՞նչ ավար էին նրանք ակնկալում այս մարդկանցից, որոնք հագի շորերից բացի ոչինչ չունեին։

― Գյաուրներ։

Պահակներից մեկի բղավոցին կրակոցներ հետևեցին։ Չորս ոստիկան վայր ընկան ձիերից, իսկ մնացածները շրջվեցին և քառատրոփ հեռացան։ Եգիպտացորենի արտում թաքնված վեց տղամարդ կրակում էին նրանց հետևից։ Տեղահանվածները կանգնել և ապշած դիտում էին այդ տեսարանը.

- Փախեք։ Բոլորդ փախեք,– բղավեց ֆիդայիներից մեկը՝ ձեռքը թափ տալով։

Ոչ ոք չշարժվեց։ Ամեն ինչ այնքան անսպասելի էր, այնքան անիրական։ Պահակախումբը հեռվում վերախմբավորվեց հակահարձակման անցնելու համար։

― Փախեք։ Նրանք հիմա կվերադառնան։

– Մերոնք են,– գոռաց մի ծերունի և ուրախությունից լաց եղավ։– Մերոնք են։

Մարոն արագ կողմնորոշվեց։ Մեկ հայացքով նա գնահատեց իրավիճակը։ Հետևում ոստիկաններն էին, իսկ առջևում մերկ հարթավայրը։ Մի կողմից գոռում-գոչյունով մոտենում էին ավազակները։ Մնում էր թփերով պատած լանջը։

― Մայրիկ, պետք է վազենք,– ասաց Մարոն Ազնիվ խանումին քարշ տալով։

― Ես չեմ կարող։ Երկուսով փախեք։

― Այդ մասին չխոսենք։ Եկե՛ք։

Թովմասը քաշում էր տատի ձեռքից, իսկ Մարոն գրեթե գրկել էր նրան։ Նրանք նետվեցին դեպի ազատություն։ Երկու հարյուր մետր մինչև առաջին թփերը։ Կամքի գերագույն լարումով Ազնիվ խանումին հաջողվեց վազել։ Կարծես ազդանշանի սպասելով՝ մնացած գերիները ցրվեցին տարբեր կողմեր։ Ոստիկանները շարժվում էին ֆիդայիների ուղղությամբ, որոնք առանց նահանջելու նրանց էին սպասում։

Թփուտներին քսան քայլ չհասած՝ Ազնիվ խանումը շնչասպառ գետնին տապալվեց։

- Հանգստանամ... Այլևս չեմ կարող։

Նրանց թիկունքում կատաղի մարտ էր ընթանում։ Մարոն կռացավ մոր վրա.

― Վեր կացեք, մայրիկ։ Եվս մեկ ջանք։

Թովմասը հուզված տեղում դոփում էր և դժվարությամբ էր դիմադրում վազքը շարունակելու գայթակղությանը, երկու քայլի վրա գտնվող թփուտներում թաքնվելու համար։

― Արագ, մայրիկ,– ասաց նա տագնապած ձայնով։

Նա հանեց ոսկե դրամներից ծանրացած գոտին և նետեց խոտին։ Մոր ձեռքն իր պարանոցին գցելով՝ Մարոն նրան շալակեց և քարշ տվեց։ Թովմասը նրան առաջնորդեց մինչև այծի արահետի սկիզբը և նրա առջև բացեց սուր փշերով ծածկված ճյուղերը։ Մարոն իր մեջ այնպիսի ուժ հայտնաբերեց, որի մասին չէր էլ կասկածում։ Մի քանի րոպե թփերի հովանու տակ առաջ գնալուց հետո նա գետնին տապալվեց։ Ազնիվ խանումը կորցրել էր գիտակցությունը։

― Տատիկ, տատիկ,– աղերսում էր Թովմասը նրա ձեռքին թփթփացնելով։– Արթնացեք, պետք է ճանապարհը շարունակել։

― Թող մի քիչ հանգստանա,– ասաց Մարոն շնչակտուր։

Մարոն բարձրացավ ժայռաբեկորի վրա՝ տեսնելու, թե ինչ էր կատարվում հովտում։ Երկու հայ մարտիկ ընկել էին։ Յոթ ոստիկան մարտից դուրս էին։ Մնացած ոստիկանները կնահանջեին, եթե մի տասն ավազակ չհամալրեին նրանց շարքերը։ Ողջ մնացած ֆիդայիները դիմդրում էին։ Նահանջելու փոխարեն նրանք պաշտպանում էին հայրենակիցների փախուստը։ Ավազակախմբի մնացած անդամները զբաղված էին այն տեղահանվածների որսով, որոնք անզգուշություն էին ունեցել փախչելու դեպի բաց դաշտը։ Հեծյալները բռնում էին նրանց, հարվածում հրացանի կոթով կամ էլ գնդակահարում էին։ Ոմանք իրենց զոհերին վայր էին գցում, իսկ ձիերը ոտնատակ էին տալիս նրանց։ Այդ մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելուց հետո նրանք գալու էին դեպի լանջը։

Ամեն վայրկյանը նշանակություն ուներ։ Ազնիվ խանումը սթափվեց։

― Թովմասի հետ գնա։

― Մենք միասին կփրկվենք, մայրիկ։

― Ողջամիտ եղիր,– աղերսեց մայրը։

― Կարո՞ղ եք մի քիչ էլ քայլել։

Ազնիվ խանումին հաջողվեց ոտքի կանգնել։ Նա հենվել էր դստեր ուսին, և նրանք տեղից շարժվեցին։ Ճանապարհը դժվարին էր, քարքարոտ և ծածկված էր չոր ճյուղերով։ Մարոն մտածեց, որ այդ ճանապարհը դժվարանցանելի կլիներ նաև ձիերի համար։ Նրանք բարձրանում էին լանջով և հեռանում էին հովտից, որտեղից կրակոցներ ու ճիչեր էին լսվում։ Նրանք ստիպված էին հաճախակի կանգ առնել Ազնիվ խանումին շունչ քաշելու հնարավորություն տալու համար, սակայն կամաց-կամաց հեռանում էին ոստիկաններից։ Մարոն ոգևորվեց, և դրանից նրա ուժերը կրկնապատկվեցին, ազատությունը երկու քայլի վրա էր։ Թովմասը հասկանում էր դա։ Եղնիկի պես ճարպկորեն նա անցնում էր ժայռերի արանքով, հետախուզում էր տեղանքը, ընտրում էր հեշտ ուղիները։

― Մեզ կհաջողվի, սիրելիս,― ասում էր Մարոն նրան ոգևորելով։

Նա օգնում էր տատին քայլել.

― Այստեղով, տատիկ։ Այստեղ նստելու հարմար ժայռ կա։

Ազնիվ խանումի կրծքավանդակը ուժեղ ցավում էր, օդն այրում էր նրա թոքերը։ Նա չէր զգում քարերից վնասված և դողացող ոտքերը։ Սակայն հերոսաբար դիմանում էր և շարունակում էր քայլել, և ավելի մեծ ճանապարհ կտրեց, քան ի վիճակի էր իրականում։ Նա իրեն մեղավոր էր զգում Մարոյին ու Թովմասին ուշացնելու համար և բարկանում էր, որ Մարոն հրաժարվում էր ճանապարհն առանց իրեն շարունակել։

Թփուտներում աղմուկ էր լսվում։ Մյուս փախստականներն էին, որոնց ուրվագծերը երբեմն նշմարվում էին։ Մարոն հանկարծ քարացավ։ Նա հիասթափված էր և մի քիչ էլ հուսահատված։ Սարի լանջը հարթ չէր, ինչպես նրանց թվացել էր հովտից։ Սի քանի հարյուր մետրի վրա մի ժայռ էր վեր խոյանում։ Ձախից, այսինքն հյուսիսային կողմից լանջը թեք էր և ավելի զառիթափ էր դառնում։ Մյուս ուղղությամբ կարծես թե իջնում էր և նույնպես զառիթափ էր դառնում, սակայն հաղթահարելի էր։

― Այնտեղով,― ասաց Մարոն։

Արևն արագ էր մայր մտնում։ Պետք էր գիշերակաց գտնել։ Մարոն զննում էր լանջը, որևէ անհարթություն կամ արտահայտված ժայռաբեկոր հայտնաբերելու հույսով։ Հեռվից նա լսեց ձիերի ոտնաձայների արձագանքը, թուրքերեն ու քրդերեն հայհոյանքներ, ձայներ։ Այդ ձայները կիսաշրջան էին անում, որր սեղմվում էր։ Նա իր վզով անցկացրեց մոր թևը և ստիպեց արագացնել քայլքը։ Ազնիվ խանումն այլևս պարզորոշ չէր գիտակցում, թե ինչ էր կատարվում իր շուրջը։

Բլրի լանջին լայն մի հեղեղատ հայտնվեց, և Մարոն դրա կողմը գնաց՝ հույս ունենալով հեռանալ հետապնդողներից։ Թփերը նոսրացան, և Մարոն տեսավ, որ բազմաթիվ փախստականներ այդ կողմն էին շարժվում։ Պարզվեց, որ անցումը փակուղի էր, որի խորքում քարանձավի մուտքն էր։ Հեծյալներն սրանց այդտեղ էին քշում, քանի որ այդտեղից ելք չկար։ Հետ դառնալու համար շատ ուշ էր։ Եթե Մարոն իրեն չզսպեր, ապա կատաղությունից կբղավեր։ Լավագույն ելքն էր գնալ և պատսպարվել քարանձավի խորքում, իսկ նոր եկածները կենդանի պատվար կկազմեին իրենց և ոստիկանների ու ավազակների միջև։

-Սա գաղտնի թունե՞լ է,– հետաքրքրված հարցրեց Թովմասը։– Ո՞ւր է այն տանում։

Մարոն մռայլ ձայնով պատասխանեց.

― Ոչ մի տեղ էլ չի տանում։

Երեխան զգաց մոր հիասթափությունը և հասկացավ, որ իրենք կրկին բանտարկյալ էին։ Նա վախեցած հետ նայեց։ Այլ տեղահանվածներ էին գալիս։ Նրանց հետևում լսվում էր սմբակների դոփյունը։

― Վազիր քարանձավի խորքը և տեղ գտիր տատիկի հասար։ Մուտքից հնարավորին չափ հեռու։

Քարանձավի մեծ և սև խոռոչը նրան վախեցնում էր, սակայն ոչ ավելի, քան ավազակները։ Նա ներս մտավ մի կնոջ և ծեր, ճաղատ մարդու հետ միասին։ Մայր մտնող արևի ճառագայթները թափանցում էին քարանձավի խորքը, որը մուտքից մոտ հիսուն քայլ այն կողմ փակված էր առաստաղից թափված քարերի կույտով։ Օդի զովությունն այնտեղ հաճելի էր։ Թովմասը մի տեղ գտավ, որր հարմար թվաց, և վերադարձավ մոր հետևից։ Քարանձավը որպես ժամանակավոր օթևան էր ծառայում սար գնացող հովիվների և իրենց հոտերի համար։ Մարոն Ազնիվ խանումին պառկեցրեց ծղոտի և չոր աթարի վրա, որը նրան կպահպաներ ժայռի սառնությունից։ Ազնիվ խանումը դողում էր։ Քարանձավի պատից ջուր էր հոսում։ Թովմասը մոտեցավ երեխաներին, որոնք պայքարում էին ժայռը լիզելու իրավունքի համար, և նրան հաջողվեց թրջել իր թաշկինակը, որը Մարոն դրեց մոր ճաքճքած շրթունքներին։

- Մայրիկ, մայրիկ։

Բազմաթիվ անգամներ կանչելուց հետո, նա մրմունջ լսեց, որն ավելի խզզոցի էր նմանվում։

― Քնել...

Մարոն պառկեց մոր կողքին և գրկեց նրան տաքացնելու համար։

✻    ✻



Օրն անվերջանալի թվաց Վարդանին։ Նա պառկեց, սակայն չկարողացավ քնել։ Անհանգիստ էր և վանդակում փակված արջի պես պատեպատ էր խփվում գլխավոր շտաբին կից զինվորական բանտի խցում, ուր նրան մենակ էին փակել։ Նա շտապում էր նետվել տեղահանվածների հետքերով, և յուրաքանչյուր կորցրած ժամը նրան է՛լ ավելի էր հեռացնում իր ընտանիքից։ Իբրահիմն ասել էր՝ «վերջին աղոթքից հետո»: Վարդանը կգերադասեր մեկնել Հալիթ փաշայի հետ հանդիպումից անմիջապես հետո, բայց նա կարող էր վարկաբեկել ընկերներին և նվազեցնել հաջողության հասնելու իր հնարավորությունները։

Պետք էր սպասել մինչև գիշեր։ Իսկ մինչև գիշերն ընկնելն ինչ ասես կարող էր պատահել։ Քանի՞ մարդ գիտեր, որ ինքը չէր մահացել կառափնարանում։ Իսկ եթե այդ պատմությունն աղմուկ բարձրացներ... Ամեն անգամ, երբ դիտանցքը չոր չխկոցով տեղաշարժ էր լինում, Վարդանը ցնցվում էր։ Պահակների համար ինքն ընդամենը բանտարկյալ էր, ինչպես և մնացածները, միայն այն տարբերությամբ, որ իրեն ավելի լավ էին կերակրում։ Դա բացառիկ բան չէր, քանի որ իրենց դատավարությանը սպասող սպաները վճարելու դեպքում կարող էին իրենց ցանկացած կերակուրը պատվիրել:

Վարդանը զբաղվեց Սվասի և Հալեպի միջև ընկած շրջանների աշխարհագրությունը վերհիշելով։ Նա մտաբերում էր քաղաքների, ճանապարհների, գետերի ու լեռնաշղթաների դիրքը։ Հալեպը գտնվում էր Սիրիական անապատի եզրին։ Չորս հարյուր կիլոմետր ուղիղ գծով և անկասկած կրկնակին՝ ոլորապտույտ ճանապարհներով։ Այնտեղ երկիրն ավելի շուտ արաբներով էր բնակեցված, քան թուրքերով։ Սակայն Վարդանը հույս ուներ իր ընտանիքին գտնել ավելի շուտ, քանի որ տեղահանվածների շարասյուները պետք է որ շարժվեին կրիայի արագությամբ։ Ըստ Իբրահիմի, Սվասի հայերը բաժանվել էին տարբեր շարասյուների, և յուրաքանչյուրն իր ճանապարհով էր գնացել։ Սակայն բոլորն էլ ուղևորվել էին դեպի Մալաթիա, ուր գտնվում էր վերահսկիչ ճամբարը։ Ինքը պետք է ուղղակի այնտեղ գնար նրանց գտնելու համար։ Առավելագույնս օգտագործելով ձիու հնարավորությունները՝ նա այնտեղ կհասներ չորս օրում։

Ընթրիքից հետո րոպեներն անվերջանալի էին թվում, իսկ ժամերը՝ հավերժություն։ Վարդանը, մթության մեջ նստած, խելագարվում էր անհամբերությունից։ Վերջապես քայլեր լսվեցին, և դուռը բացվեց։ Հեծելազորի համազգեստով երիտասարդ սպա բանտախուց մտավ։ Միջանցքի լույսի ներքո երևացին նրա լարված դիմագծերը։

― Մայոր Վարդան Պալյա՞ն։

- Այո։

Վարդանը մոտեցավ։ Զինվորականի ձեռքին ոչինչ չկար։ Իսկ խոստացված համազգե՞ստը, փաստաթղթե՞րը, զե՞նքը։ Տեսնելով, որ բանտարկյալն ինչ-որ բան է ուզում ասել, ենթասպան ափով փակեց նրա բերանը։

― Ոչ մի խոսք։ Հետևեք ինձ և արեք այն, ինչ ես կասեմ։

Դատարկ միջանցքներից ախտահանող նյութերի հոտ էր գալիս։ Նրանք իջան սանդուղքով և գնացին շենքի հետնամասը։ Երիտասարդ սպան լարված էր և դժվարությամբ բացեց ախոռի բակը տանող երկաթյա դռան կողպեքը։ Նա դուրս եկավ, հետախուզեց շրջակայքը, իսկ հետո ձեռքով արեց Վարդանին, որպեսզի նա իրեն միանար։ Ծղոտով բարձված սայլին լծած էր մի քնձռոտ ձի։

― Դուք կթաքնվեք խոտի մեջ։ Երկու տղամարդ սայլը կտանեն քաղաքից դուրս և այնտեղ կթողնեն։ Նրանք ոչինչ չգիտեն և, հրամանի են ենթարկվում առանց հարցեր տալու։ Այնպես արեք, որպեսզի նրանք ձեզ չնկատեն, և սպասեք այնքան, մինչև նրանք կհեռանան, իսկ հետո դուրս եկեք թաքստոցից։

Նա այլ կերպ էր պատկերացրել իր մեկնումը Սվասից։ Ոչ փաստաթղթեր, ոչ ձի։ Ինչ-որ բան այնպես չէր։ Նա գերադասեց իր ուղեկցի ներկայությամբ չհիշատակել Իբրահիմ Ալիզադեի անունը։ Ոչինչ։ Կարևորը ազատության մեջ հայտնվելն էր։ Մնացած հարցերն ինքը մի կերպ կլուծեր։

― Շնորհակալություն, սերժանտ,― ասաց նա՝ թաքնվելով ծղոտի մեջ։

Սպան նրան խոտով ծածկեց և առանց բան ասելու գնաց։ Ծղոտի հոտից Վարդանն ուզում էր փռշտալ։ Նա դեմքից հեռացրեց ծղոտը ավելի ագատ շնչելու և շրջակայքը տեսնելու համար։ Մոտ կես ժամ անց երկու զինվոր եկան։ Նրանք հարբած էին և բարձրաձայն էին խոսում։ Այդ ապուշները կարող էին ամեն ինչ խափանել։ Սայլը տեղից շարժվեց, անցավ բանտի պատի երկայնքով, մտավ մի մութ փողոց և, վերջապես, մուտք գործեց ավելի լայն փողոց, ուր ռեստորաններն ու սրճարանները դեռ բաց էին։ Անցորդները զարմացած նայում էին ծղոտով բարձված այդ սայլին, որն այդքան ուշ էր ճամփա ընկել։ Վարդանը վրդովված էր. փախուստի համար այնքան էլ հաջողված ձև չէր։ Նա պատրաստ էր ամեն անակնկալի դեպքում վայր ցատկել ու փախուստի դիմել։

Սակայն ոչ մի տհաճ միջադեպ տեղի չունեցավ: Շուտով նրանք անցան հին պարսպի մութ ավերակների մոտով։

― Ո՞ւր եք այդպես ճամփա ընկել,― հարցրեց հրամայական մի ձայն։

Սայլը կանգ առավ։ Քաղաքի ելքի մոտ պարեկություն անող զինվորները մոտեցան։ Վարդանն ավելի խորը թաղվեց խոտի մեջ։ Պահակներից մեկը սայլապանի քեռորդին էր, և ծիծաղելով հարցրեց.

― Հը՞, Ֆիքրեթ, բանակը թալանո՞ւմ ես։

― Ոչ թե ես, այլ ավելի բարձր կոչում ունեցող սպա։

― Հույս ունեմ, որ նա քեզ անմասն չի թողնում։

― Քեզ թվում է, որ ես գիշերը կթափառեի նրա գեղեցիկ աչքերի՞ համար։

Սայլապան զինվորները սայլից իջան և գործընկերների հետ խմեցին օղու շշի կեսը։ Ծխախոտ վառեցին ու երկար զրուցեցին։ Զրույցը համեմված էր կատակներով։ Վերջապես սայլը տեղից շարժվեց ու կամրջին հասնելուց առաջ աջ թեքվեց։ Դա Թոխատի ճանապարհն էր, ծայրահեղ դեպքում՝ Սամսունի։ Ժամանակն էր։ Վարդանը խեղդվում էր կոկորդը լցված ծղոտի փոշուց։ Նա գլուխը դուրս հանեց դեզի մեջից։ Քաղաքը կամաց-կամաց հեռանում էր, ճանապարհից մի քիչ ներքև լսվում էր Հալիսի մրմունջը։ Իսկ գետից այն կողմ խավարի մեջ թաղված էր դաշտավայրը։ Վարդանին թվաց, որ ինքը վերակենդանանում էր։

Քառորդ ժամ անց սայլը կրկին կանգ առավ։ Երկու զինվորները քաղաք էին վերադառնում ոտքով՝ հրացանները թիկունքը գցած։ Քսան քայլից նրանք կանգ առան ծխախոտ փաթաթելու։ Վարդանն անհամբերությամբ նրանց էր նայում։ Հրահանի կրակը լուսավորեց նրանց դեմքերը։

― Դու տեսա՞ր,― բացականչեց նրանցից մեկը հուզված։

― Այո։

Նրանք լցրեցին հրացանները։ Երևի նկատել էին իրենց ուղևորին կամ էլ ծուղակ էին զգացել։ Վարդանը սողալով գնաց դեպի սայլի առաջամասը։ Երկու կրակոց լսվեց, հետո՝ երրորդը։ Ձին խրտնեց ու փախավ։ Զինվորները չփորձեցին նրան կանգնեցնել։ Նրանք զննում էին իրենց սպանած հսկա օձին։ Վարդանը չկարողացավ սանձը բռնել, որը գետնին էր քարշ գալիս։ Սայլը ցնցվում էր և արդեն թեքվել էր։ Նա հազիվ հասցրեց դուրս թռչել, երբ սայլը շուռ եկավ փոսը։ Ձին ազատվեց կոտրված քեղուց և վարգեց քաղաքի ուղղությամբ։ Վարդանը ոտքի կանգնեց և թափ տվեց ծղոտի փշուրները։ Ինքն ազատ էր։

― Վարդան։

Իբրահիմի ձայնն էր։ Վարդանը չորս կողմը նայեց՝ հասկանալու համար, թե որտեղից էր ձայնը գալիս։ Մոտակա ընկուզենիներից զատվեց մի ստվեր և դուրս եկավ ճանապարհ։ Վարդանը վազեց գնդապետին ընդառաջ, բռնեց նրա ուսերից ու թափ տվեց։

― Իբրահի՜մ, Իբրահի՜մ,― ասաց նա ծիծաղելով։– Դու կյանքս փրկեցիր ու ինձ վերադարձրեցիր ազատությունը։

― Դու նույն բանը կանեիր ինձ համար։

Գնդապետի ձայնը որոշակի տագնապ էր մատնում։ Նա զգացմունքային զեղումները կարճ կապեց ու Վարդանին քարշ տվեց ծառերի հովանու տակ: Այնտեղ երկու թամբած ձի կար։ Իբրահիմը մոմ վառեց և խրեց հողի մեջ։

― Որքան շուտ փախչես, այնքան լավ։

― Բա՞ն է պատահել,– հարցրեց Վարդանը մտահոգված։

― Չգիտեմ, կանխազգացում ունեմ։

Իբրահիմն ուզեց ծիծաղով ցրել այն տագնապը, որն ինքն էլ առաջացրել էր։

― Մելեկը՝ իմ ավագ կինը, հիշեցրեց, որ այսօր երեքշաբթի է։

― Հետո ի՞նչ։

― Ադամամութը Ալլահը ստեղծել է երեքշաբթի օրը։ Մարդկային գործունեության համար անբարենպաստ օր է։

Ընդամենն այդքանը։ Վարդանը հանգստացավ։ Նա հանգստացրեց ընկերոջը.

― Սակայն ոչ գթասիրտ արարքների համար։

― Ես նույն պատասխանը տվեցի Մելեկին։ Խափանվածը քո մահապատիժն էր։

Խոսելով՝ Իբրահիմը ձիերից մեկի թամբից մի կապոց իջեցրեց։ Նա այնտեղից համազգեստ հանեց և տվեց Վարդանին։ Վարդանը հագավ այն և կապեց գոտին, որի վրա ատրճանակի պատյան կար։ Ոտքերին քաշեց սպայի երկարաճիտ կոշիկները, որոնք մի քիչ նեղում էին։

― Ահա քո զինվորական գրքույկը,– ասաց Իբրահիմը։– Դու Շաքիր Իսմայել լեյտենանտն ես։ Սա գործուղման հրամանն է՝ Հալիթ փաշայի ստորագրությամբ։ Սա էլ լիքը քսակ։

Ամեն անգամ հաջորդ իրը վերցնելիս Վարդանի ձեռքը հպվում էր Իբրահիմի ձեռքին, և Վարդանին թվաց, որ նրա ձեռքը խոնավ էր։

― Ճանապարհը դեպի Սև ծով է տանում։

― Դա իմ ուղղությունը չէ,– պատասխանեց Վարդանը վճռական տոնով։

Իբրահիմը հասկացավ.

― Ես պատահաբար չեմ ընտրել այս վայրը։ Մենք ծանծաղուտի դիմաց ենք։ Սակայն... Գիտե՞ս, գործուղման հրամանում գրված է, որ դու ուղևորվում ես դեպի Կոստանդնուպոլիս և ոչ թե դեպի հարավ։

― Այո,– պատասխանեց Վարդանը։– Անհրաժեշտության դեպքում ես միշտ կարող եմ ասել, որ Հալեպ եմ գնում «Տավրոս էքսպրեսը» նստելու համար։

― Դու ունես ամեն ինչ երկար ճանապարհորդության համար,– ասաց Իբրահիմը, թամբի պայուսակին թփթփացնելով։– Ուտելիք, ծխախոտ, սափրիչ, կողմնացույց ու քարտեզ։ Երկու օրվա ջրի պաշար։

― Սա քո ձին է,– բացականչեց Վարդանը։

― Քեզ եմ նվիրում։ Դրա հետ հեռու կգնաս։

― Ես հրաժարվում եմ, ցանկացած այլ ձի ինձ ձեռք կտա։

Վարդանը գիտեր, որ գնդապետը շատ կապված էր այդ կենդանու հետ և նրան պահպանում էր աչքի լույսի պես։ Այդ սև և փայլուն մազախավով ձին իրեն հավասարը չուներ ձիարշավում։ Իբրահիմը պնդեց.

― Չի կարելի մերժել ընկերոջ նվերը առանց նրան վիրավորելու։ Ես ավելի հանգիստ կլինեմ, եթե իմանամ, որ Յըլդըզը քեզ հետ է։ Ես հատուկ բրոնզեփայլ սանձ եմ հագցրել, որպեսզի դու տպավորություն թողնես ոստիկանների վրա։

― Շնորհակալություն, Իբրահիմ։ Ես նրան լավ կխնամեմ։

Նրանք այլևս իրար չէին տեսնելու և այդ պատճառով հրաժեշտի խոսքեր չէին գտնում։ Վարդանը ձին հեծավ։ Զգալով, որ իր մեջքին անծանոթ մարդ էր, Յըլդըզը փնչացրեց ու սմբակը գետնին խփեց։ Իբրահիմը շոյեց նրա ճակատի աստղը և ասաց.

― Մեր ճանապարհներն այսուհետ բաժանվում են, բարեկամս։ Շատ երջանիկ եմ, որ ճանաչել եմ քեզ և նույնքան էլ վշտացած եմ, որ բաժանվում եմ քեզնից։ Ես քեզ երբեք չեմ մոռանա։ Գնա քո ճակատագրին ընդառաջ։

Այս խոսքերը հասցեագրված էին ավելի շուտ Վարդանին, քան նժույգին.

― Մնաս բարով,– պատասխանեց նա խուլ ձայնով։

Նա սանձը ձգեց և իջավ դեպի գետը։ Մի փոքր հապաղելուց հետո, ձին ոտքը դրեց հոսող ջրի մեջ։ Հորիզոնի վրա փայլում էր Յուպիտերը և կարծես ճանապարհն էր ցույց տալիս։

✻    ✻



Քարանձավը լցվեց։ Մինչև մութն ընկնելը ոստիկանները հետախուզում էին հովիտը և սարերը՝ դեռևս ազատության մեջ բանվող տեղահանվածներին գերեվարելու համար։ Վերջիններս՝ հիմնականում վիրավոր, ստիպված էին անցնել քարանձավում արդեն ապաստանած մարդկանց վրայով՝ նստելու տեղ գտնելու հույսով։ Քարանձավի պատերն անդրադարձում էին նրանց տնքոցն ու լացը, և խորշը լցվում էր այդ ձայներով։ Հուսահատությունից խելագարված մի կին միալար ողբ էր անում։ Մռայլ տոնայնությամբ ճղճղան ձայնն անտանելի էր։ Տարագիրներից մեկը նրան հրամայեց, որ լռեր։ Ապարդյուն ջանք։ Մի ծերունի բարձրաձայն աղոթեց, և աղմուկը կամաց-կամաց հանդարտվեց։

Ոստիկանները նստել էին քարանձավի մուտքի մոտ վառած խարույկի շուրջը և հսկում էին տեղահանվածներին։ Նրանք տկարությամբ քննարկում էին ցերեկը տեղի ունեցած մարտը, սպանված ընկերների դիակների և ֆիդայիների հնարավոր նոր հարձակման հարցերը։ Նրանք լարված էին ու գրգռված։ Հայերը վախենում էին այն ճնշումներից, որ նրանք կգործադրեին օգտվելով առիթից։ Հանկարծ ոստիկաններն իրար խառնվեցին։ Ձիերի ոտնաձայներ և սայլերի ճռռոց լսվեց։ Քարանձավի մուտքի մոտ նստած մարդիկ լուր տարածեցին, որ եկել են բանակի բարձրաստիճան սպաներ, և այդ լուրը հասավ մինչև քարանձավի խորքը։ Տեղահանվածները քննարկում էին, թե ինչ կարող էր դա նշանակել։ Բոլորը հույս ունեին, որ բարձրաստիճան զինվորականները թույլ չէին տա ոստիկաններին իրենց հետ անմարդկային կերպով վարվել և որ վերջապես իրենք ուտելու և խմելու բան կունենային։ Որոշ չափով այդ հույսերն իրականացան։ Եթե ջուր և մթերք չբաժանվեց, ապա գոնե պահակները հանգիստ թողեցին իրենց բանտարկյալներին։

Թովմասը քնած էր տատի կողքին։ Մարոն շատ հոգնած էր, սակայն արթնանում էր յուրաքանչյուր երկու րոպեն մեկ մոր վիճակը ստուգելու համար։ Ազնիվ խանումը չէր սթափվել քարանձավ մտնելուց ի վեր։ Նրա ջերմությունն անցել էր, սակայն մոր ծանր շնչառությունն ու սրտի թույլ և դանդաղ աշխատանքն անհանգստացնում էին Մարոյին, և նա անդադար շշնջում էր նրա ականջին.

— Մայրիկ, մայրիկ։

Ազնիվ խանումը չէր արձագանքում։ Միգուցե նա լսո՞ւմ էր։ Մարոն այտը հպեց մոր այտին և շոյեց նրա մազերը։ Նա շշնջաց.

— Ես այստեղ եմ, մայրիկ, ես արթուն եմ։ Հանգստացեք և վաղն առավոտյան ձեզ ավելի լավ կզգաք։ Մենք կխնամենք ձեզ և դուք կապաքինվեք։

Լուսադեմին քարանձավում գորշ ադամամութ հաստատվեց։ Մարոն նկատեց, որ Ազնիվ խանումի ձեռքերն ու ոտքերը այտուցվել էին և սևացել, որ դեմքը շատ գունատ էր, իսկ շրթունքները՝ կապտած։ Նա այլևս ջերմություն չուներ, հակառակը՝ նրա ճակատը սառն էր։ Ո՛չ, նա չպետք է մեռներ։ Մարոն պայքարում էր իրեն համակող հուսահատության դեմ։ Հարկավոր էր որևէ բան անել, կարևոր չէր, թե ինչ, բայց գործել։ Միգուցե գիշերը եկած սպաների մեջ բժի՞շկ կար, իսկ եթե ոչ, ապա անկասկած դեղեր կունենային։ Մորն ու որդուն վստահելով իրենց կողքն աղոթող ծեր կնոջը՝ Մարոն շարժվեց դեպի քարանձավի ելքը։

Մուտքը հսկող պահակները քարանձավին մեջքով էին կանգնած և նայում էին փոսեր փորող իրենց ընկերներին։ Մնացածները, ծածկոցների մեջ փաթաթված, քնած էին գետնին։ Երկու վրան՝ մեկը մեծ, մյուսը փոքր, խփված էին քարանձավից հարյուր քայլ այն կողմ, ծածկած սայլի և կառքի միջև։ Արաբական տարազով տղամարդիկ հսկում էին վրաններն ու փոխադրամիջոցները։ Նրանց կողքին մի պատանի ուտելիք էր պատրաստում սպիրտայրոցի վրա։ Մարոն նետվեց նրանց կողմը։

― Կանգնիր,— բղավեց պահակներից մեկը։

Մարոն վազքն արագացրեց։ Ոստիկանները մի կողմ նետեցին բահերն ու քլունգներն ու նետվեցին նրա հետևից։ Մարոն անընդհատ շեղում էր ընթացքը՝ իրեն հետապնդող ոստիկաններից խուսափելու համար։ Նա բղավեց՝ դիմելով վրանի մոտ կանգնած տղամարդկանց.

― Ես ուզում եմ սպային տեսնել։

Նրանք անհաղորդ մնացին։ Ոստիկանները ցրվեցին և մի քանիսը Մարոյին շրջանցեցին նրա ճանապարհր կտրելու համար։ Դա նրանց համար խաղ էր։ Նրանք ծիծաղում էին և անպատկառ բաներ էին գոռում։ Մարոն փորձեց խույս տալ ոստիկանից։ Ոստիկանը բռնեց Մարոյի փեշից, և այն պատռվեց։ Հղիության պատրանք ստեղծող շորերը վայր ընկան՝ զվարճություն պատճառելով ոստիկաններին.

― Նա պատրաստ է հաջորդ երեխայի համար,– ասաց նրան կրնկակոխ հետևող ոստիկանը։

Նա բռնեց Մարոյի թևը, նրան ցած գցեց և ինքն էլ ընկավ նրա հետ։ Մարոն կատաղի կերպով պայքարում էր և կծեց նրա ձեռքը։ Մնացածները վրա հասան և հարձակվեցին նրա վրա։ Մարոն ճանկռտում էր նրանց դեմքերը։ Նրանք բռնեցին Մարոյի ձեռքերը, սակայն նա շարունակում էր ոտքերով խփել նրանց, ովքեր փորձում էին իրեն մոտենալ։ Նրա զգեստը պատռվել էր, և մերկ ստինքների տեսքը էլ ավելի էր գրգռում տղամարդկանց։ Տասնյակ ձեռքեր կոպտորեն շոշափում էին Մարոյի մարմինը։ Նա ապարդյուն կերպով պաշտպանվում էր և բղավում.

― Թոդե՛ք ինձ։ Թողե՛ք ինձ։ Ես ուզում եմ սպային տեսնել։

Երկու ձիավոր մոտեցել և վերևից դիտում էին այդ տեսարանը։ Ավելի երիտասարդ ձիավորը ժպտում էր, քանի որ նրան զվարճացրել էր կեղծ հղիության հնարքը և կատաղությունը, որով կինը պաշտպանվում էր։ Մարոյի հայացքը հանդիպեց տղամարդու հայացքին, և բարկությունից փայլող նրա աչքերն աղերսող դարձան։ Տղամարդու ժպիտն անհայտացավ։ Մինչ ոստիկանները փորձում էին նրան մերկացնել, Մարոն դիմեց տղամարդուն.

― Ես ուզում եմ խոսել ղեկավարի հետ։

Ոստիկաններից մեկը պոկեց նրա քողը, և նրա խիտ մազերը թափվեցին ուսերին։ Այդ դեմքը տեսնելով՝ ձիավորն ապշեց. ինքը տեսել էր այդ գեղեցկուհուն։

― Թողեք,– հրամայեց նա։

Ոստիկաններր նրան չէին լսում։ Նա նշան արեց իրեն ուղեկցող հսկային։ Տղամարդը վայր ցատկեց իր ձիուց և հարձակվողներին հետ մղեց՝ աքացի տալով և մտրակի հարվածներով։

― Դուք պարոնի խոսքերը չհասկացա՞ք, շան տղերք։

Նա ուժգին էր հարվածում։ Ոստիկաններից մեկը շրջվեց բողոքելու համար, և հսկայի ուժգին հարվածը նրան գետնին տապալեց։ Մնացածները նահանջեցին առանց սպասելու իրենց հերթին։

Ձիավորը վայր իջավ ձիուց, և սպիտակ բուռնուսով մի մարդ վազելով եկավ սանձը նրա ձեռքից վերցնելու համար։ Տղամարդը մոտեցավ Մարոյին, որն իրեն կարգի էր բերում։ Նա ղեղնականաչ բաճկոնով էր և ձիավարելու սպիտակ տաբատով։ Նա հետաքրքրությամբ նայեց Մարոյին։ Դեմքը հարթ էր, նուրբ արտահայտված այտոսկրերով, խիտ և սև հոնքերով, իսկ քունքերի մազերն ալեխառն էին։ Նա ձեռքը մեկնեց կնոջը և նրան օգնեց ոտքի կանգնելու։

― Ուզում ես ինձ հետ խոսե՞լ։

Նրա ձայնը հանդարտ էր և վստահ, ինչպիսին լինում է այն մարդու ձայնը, որը սովոր է, որ իրեն ենթարկվեն։ Այժմ, երբ Մարոն գրավել էր նրա ուշադրությունը, պետք էր գրգռել նրա հետաքրքրասիրությունը։

― Ես չպետք է այս շարասյան մեջ լինեի։ Սա սխալմունք է։

Տղամարդու կանաչին տվող աչքերում զարմանք հայտնվեց, նա ընդհատեց Մարոյին ձեռքի շարժումով։

― Հինգ րոպեից իմ վրանը կգաս։

Իր վրա՞նը։ Սակայն Մարոն իրեն չէր կարող թույլ տալ չվստահել այդ մարդուն և գլխով համաձայնության նշան արեց։ Նա ցույց տվեց ջեռոցի մոտ դրված ջրի ամանը.

― Կարո՞ղ եմ, էֆենդի։

― Իհարկե,– պատասխանեց նա,― Աբդուլա, զբաղվիր տիկնոջով։

Պատանին մի կողմ դրեց իր կաթսաները և մոտեցավ Մարոյին։ Նա գլուխը խոնարհեց նրա առջև.

― Խնդրեմ, հետևեք ինձ, խանում։

Տասներեք-տասնչորս տարեկան պատանին ժպտում էր՝ ցուցադրելով իր սպիտակ ատամները։ Նրա սև ու գանգուր մազերը նմանվում էին ոչխարի գեղմի։ Մարոն ձեռքերի ափերի մեջ ջուր վերցրեց և ագահաբար խմեց, հետո լվաց դեմքը և հնարավորինս կարգի բերեց հագուստը։ Նրան բացառիկ հնարավորություն էր ընձեռվել դիմելու մի մարդու, որն իշխանություն ուներ։ Չէր կարելի այդ հնարավորությունը բաց թողնել։ Դրանից էր կախված մոր, Թովմասի և հենց իր կյանքը։ Անհրաժեշտության դեպքում նա պատրաստ էր գործի դնել իր ողջ գրավչությունը։

Պետրին իր տիրոջը հետևեց։ Մեծ ու թիկնեղ, մազոտ ձեռքերով և հաստ վզով՝ նա ցուլի էր նման։ Կախ ընկած խիտ բեղերն ընդգծում էին նրա դիմագծերի կոպտությունը։ Նա մոտ հիսուն տարեկան էր և տասը տարով մեծ էր իր տիրոջից՝ Ռըզա բեյից։ Նրա պահվածքը բռի էր և ընդգծում էր Ռըզա բեյի նրբագեղ և վեհաշուք կեցվածքը։ Երկու տղամարդիկ տարբեր աշխարհներից էին, սակայն նրանք անհրաժեշտ էին միմյանց։ Պետրին հարցրեց.

― Ինչո՞ւ եք ձեր ժամանակը վատնում այդ կնոջ վրա, Ռըզա բեյ։ Մենք պետք է գնանք։

― Կգնանք, երբ ես կասեմ,– ասաց Ռըզա բեյը կտրուկ տոնով։

Նա իսկույն փափկեց, և նրա դեմքին թախծոտ արտահայտություն հայտնվեց։

― Գիտե՞ս ինչ, Պետրի, նախորդ գիշեր ես երազ եմ տեսել։

Պետրին շրջվեց և ջղայնությունից աչքերը երկնքին հառեց։ Ռըզա բեյի այդ փաստարկին նա ոչինչ չէր կարող պատասխանել։ Չնայած իր ահռելի հարստությանը և լավ կրթությանը (նա Մեքքայում աստվածաբանություն էր ուսանել և նույնիսկ երկու տարի սովորել էր Փարիզի համալսարանում) այդուհանդերձ, նրա տերը ավելի սնահավատ էր, քան ծեր կինը։ Պետրին դուրս եկավ վրանից, մռայլ տեսքով ասելով.

― Ես հիմա ձեզ մոտ կուղարկեմ այդ հայ կնոջը։

― Աբդուլան թող սուրճ պատրաստի։

Պետրին պատանուն գտավ ջեռոցի մոտ և նրան փոխանցեց տիրոջ հրամանը։ Մարոյի վրա արհամարհական հայացք նետելով՝ մատով վրանը մտնելու նշան արեց։ Վրանի մի մասը զբաղեցնում էր արշավային մահճակալը, իսկ մյուս մասը՝ մետաղյա մի սնդուկ։ Այդ դասավորության շնորհիվ կենտրոնում բավականաչափ լայն միջանցք էր գոյանում։ Ռըզա բեյը կանգնած էր սեղանի մոտ, որի վրա փռված էր աշխարհագրական քարտեզը։ Նա նշան արեց, որ Մարոն նստի սնդուկի վրա։ Մարոն ստիպված էր մի կողմ հրել սնդուկին դրված գիրքը և վարդագույն դեղձերով և չոր արմավներով լեցուն մի զամբյուղ, որի տեսքը գրգռեց նրա ախորժակը։

Աբդուլան բերեց սկուտեղի վրա դրված երկու գավաթ, որոնցից գոլորշի էր բարձրանում։ Առաջին գավաթը նա մատուցեց տիրոջը, իսկ երկրորդը տվեց Մարոյին։ Սո՜ւրճ։ Շաքա՜ր։ Մարոն այնքան էր շտապում, որ այրեց շրթունքները։ Նա մտածեց մոր մասին, որը սուրճ շատ էր սիրում և երկար ժամանակ զուրկ էր դրանից։ Մարոն քողը չէր հագել, և Ռըզա բեյը աչքը չէր կտրում կնոջից։ Նրա մի քիչ պղտոր հայացքը նրան մտածկոտ տեսք էր հաղորդում։ Քաղաքավարության կանոնները պահանջում էին, որ Մարոն սպասեր, որպեսզի իրեն խոսք ուղղեին։

― Տարօրինակ է,– ասաց Ռրզա բեյը ցածր և երգեցիկ ձայնով։― Նախորդ գիշեր ես մի երազ եմ տեսել, որն ինձ շատ է հետաքրքրում։ Ձի հեծած սլանում էի մի դաշտավայրով, երբ պտտահողմն ինձ թամբից պոկեց և օդ բարձրացրեց։ Ես սավառնում էի շատ բարձր լեռների վրայով։ Հանկարծ հողմը դադարեց։ Ես սկսեցի ընկնել, ընկնում էի շատ երկար՝ պտտվելով և շնչակտուր։ Ես վայրէջք կատարեցի Եփրատի փոթորկոտ ալիքների մեջ։ Չկարողանալով պայքարել հոսանքի դեմ՝ ջրի հատակն էի իջնում։ Աակայն մի ձեռք ինձ ափ քաշեց։ Երբ սթափվեցի, մի կին ծնկի էր իջել իմ կողքին։

Նա ընդմիջեց խոսքը սուրճ խմելու համար։ Մարոյի զարմանքն անսահման էր։ Ինչպիսի՜ անհեթեթություն։ Նա, ում կողքին հազարավոր մարդիկ էին տառապում և որից էր կախված նրանց ճակատագիրը, հանգիստ երազ էր պատմում։ Մինչ ինքն այստեղ նստած մանկամիտ պատմություններ էր լսում, Ազնիվ խանումը մեռնում էր քարանձավում։ Մարոն ջանք գործադրեց՝ զգալով, որ այս մարդուն պետք էր հաճոյանալ։

― Ամենահուզիչը, շարունակեց նա,– այն է, որ ինձ փրկող կինը քեզ էր նման։

― Զուգադիպություն է։

― Պատահականություն գոյություն չունի։ Անձրևի ամենաաննշան կաթիլն ընկնում է այնտեղ և այն պահին, որն ընտրել է Ալլահը։

Չիմանալով, թե ինչ պատասխանի, Մարոն գլխով արեց։

― Երազներն ուղերձներ են։ Դու կարողանո՞ւմ ես դրանք վերծանել։

― Ոչ,― պատասխանեց նա։

Մարոն իսկույն զղջաց իր պատասխանի համար։ Ինքը կարող էր այդ երազն այնպես մեկնաբանել, որ Ռըզա բեյը լավ տրամադրվեր իր նկատմամբ։

― Ի՞նչ էիր ուզում ինձ ասել։

Նրա ձայնը սառն էր։ Մարոն համարեց, որ լավ չէր լինի, եթե ինքը հենց սկզբից մոր մասին սկսեր խոսել։ Նա վստահ ձայնով ասաց.

― Ես օսմանյան բանակի սպայի կին եմ։ Ինձ չպետք է մտցնեին այս քարավանի մեջ որդուս և մորս հետ միասին։

― Քո ամուսի՞նը։

Մարոն չխոսեց Վարդանի ձերբակալության մասին։

― Նա մայոր է, բժշկական ծառայության սպա։ Ծառայում է ճակատում, և ես չեմ կարողացել նրան տեղեկացնել։

Մարոն պարանոցից ձվաձև մի մանյակ հանեց և բացեց տղամարդուն ցույց տալուց առաջ։ Արծաթյա պատյանի մի փեղկին փակցված էր Վարդանի լուսանկարը համազգեստով։

― Տեսեք։

Ռրզա բեյն ուսումնասիրում էր մյուս լուսանկարը՝ Մարոյինը, որն արվել էր Փարիզում։ Նրա հայացքր Մարոյից լուսանկարին էր անցնում, կարծես ուզում էր համոզվել, որ ցնցոտիներով այս տեղահանվածը և լուսանկարի վրա պատկերված եվրոպական հագուստով նրբագեղ կինը նույն մարդն էր։ Նա փակեց պատյանը և վերադարձրեց Մարոյին անորոշ տոնով ասելով.

― Գեղեցիկ տղամարդ է...

― Սվասի ոստիկանապետն ինձ ասել էր, որ մենք պետք է տանը մնայինք, սակայն ոստիկանները մեզ ուժով ստիպեցին գնալ։

Տղամարդը դանդաղ գլխով էր անում և մատով հարդարում բեղը։

― Իսկ հիմա,– հուզված շարունակեց Մարոն– մայրս մեռնում է։

― Ափսոս...

― Նրան բժիշկ է պետք կամ դեղ։

― Մենք այստեղ ոչինչ չունենք,– ասաց նա սրտնեղելով։

Նա սուրճի գավաթը կործեց ափսեի վրա և մեկնեց Մարոյին։

― Դու կարողանո՞ւմ ես բախտ գուշակել սուրճի նստվածքով։

Հենց այն ժամանակ, երբ ինքը խոսում էր հոգեվարքի մեջ գտնվող մոր մասին։ Այս մարդը սիրտ ունե՞ր։ Մարոն հաճոյաբար գավաթը կշպրտեր նրա դեմքին, սակայն նա հետևում էր Մարոյին տագնապած, գրեթե մանկական հայացքով։ Այս անգամ ինքը առիթը բաց չի թողնի օգտվելու նրա վստահությունից։ Մարոն առանց վարանելու ստեց.

― Այո, ես հաճախ եմ բախտ բացում։

Նա ուշադիր զննեց սուրճի մրուրի թողած հետքերը։ Իրեն անհապաղ մի գաղափար էր պետք։ Առաջին միտքը Սվասի իր տան հիշողությունն էր։ Այո՛: Ի դեպ, բաժակի եզրի մրուրի մի թանձրուք աղոտ կերպով պատեր ու տանիք էր հիշեցնում։

― Ես մեծ տուն եմ տեսնում... ճանապարհի եզրին։ Այնտեղ շատ մարդ կա... Նրանք երջանիկ են... կարծես ինչ-որ իրադարձություն են տոնում... հաղթական վերադարձ... Շուրջը ծառեր կան, իսկ կողքը տեսնում եմ...

Քիչ էր մնում Մարոն ասեր «եկեղեցու զանգակատուն», սակայն ճիշտ ժամանակին իրեն ուղղեց.

― ... մզկիթի մինարեթը։

Ռըզա բեյի դեմքը փայլում էր։ Նա Մարոյին դրամ մեկնեց։ Մարոն հրաժարվեց։ Տղամարդը զարմացավ.

― Միշտ պետք է վճարել, հակառակ դեպքում գուշակությունը չի իրականանա։ Դու պետք է իմանայիր դա։

Մարոն խորամանկեց և ցույց տվեց իր կողքին դրված զամբյուղը.

― Մրգերն ինձ համար ավելի արժեքավոր կլինեին, քան ոսկին։

― Վերցրու, ինչ կուզես,– պատասխանեց նա բարձր տրամադրությամբ։

Մարոն երեք դեղձ և մի բուռ արմավ դրեց ծնկներին ծալած չարսավի մեջ։ Նրա շարժումից սնդուկի եզրին դրված գիրքը վայր ընկավ։ Նա շտապեց բարձրացնել՝ ներողություն խնդրելով։ Նրա մարմնով դող անցավ, երբ ձեռքը հպվեց կազմի կաշվին։ Գի՜րք։ Եվ կայծակնային արագությամբ նա հիշեց Վարդանի գրադարանը։

― Ղալիբ Դեդևի, ավելի քան մեկ դար առաջ մահացած մեծ բանաստեղծի «Գեղեցկություն և սեր» ժողովածուն,― ասաց Ռըզա բեյը՝ հատորը սեղանին դնելով։

Մարոն առանց սեթևեթելու խնդրեց.

― Թույլ տվեք ինձ Սվաս վերադառնալ, և ես բժիշկ կգտնեմ մորս բուժելու համար։

― Անհնար է։ Դու պահակախմբի կարիք կունենաս ողջ և առողջ տեղ հասնելու համար։ Բացի դրանից, չէ՞ որ քո մայրը հիվանդ է, նա կկարողանա՞ այդպիսի ճանապարհորդություն կատարել։

― Ես ազգականներ ունեմ Կոստանդնուպոլսում,― պնդեց Մարոն։

― Ստամբուլը հեռու է,― պատասխանեց նա մտամոլոր։– Թող ես մտածեմ։

Այս հայուհին նրան դուր էր գալիս իր նրբենի պահվածքով և բարեկիրթ խոսքով։ Իր վճռականությամբ նույնպես։ Կարելի էր կռահել, որ դա կիրթ կին էր, և նրա գեղեցկությունը աչքի էր զարնում, չնայած նա նիհարել էր զրկանքներից, աչքերի տակ կապտուկներ ուներ, մազերը հարդարված չէին, իսկ հագին ցնցոտիներ էին։ Ռըզա բեյի համար գեղեցկությունն ամեն ինչից վեր էր։ Նրան վերադարձնելով լուսանկարը՝ Ռըզա բեյը կորստի զգացում էր ապրել։ Ի՞նչ կզգար, երբ տեսներ, որ նա հեռանում էր ընդմիշտ։ Նա ուզում էր այդ կնոջը, իսկ ինքը սովոր էր վերցնել այն ամենը, ինչ ուզում էր։ Ավելի կարևոր բան կար՝ իր երազը։ Այս կինն էր, որ իրեն փրկել էր ջրից։ Նույն հայացքը, նույն շուրթերը։ Դա նշանակում էր, որ այդ կինը կոչված էր ինչ-որ դեր կատարելու իր կյանքում։ Իսկ այդ մեծ տո՞ւնը ճամփեզրին, իսկ մարդի՞կ, ծառե՞րը, մզկի՞թը։ Նա նկարագրել էր այն կալվածքը, ուր ինքն ապրում էր Այնթապում։ Բոլոր այս նշանները չէին խաբում։ Սակայն ինչպես բացատրել հաղթական վերադարձը։ Միգուցե ինքն այդ բանն իմանար, երբ այս կինը նորից նայեր իր բաժակը։

― Քո տեղը տարագիրների մեջ չէ։ Ես քեզ վերցնում եմ իմ հովանու տակ։ Մենք հենց հիմա կգնանք։

Մարոյի աչքերում արտասուքներ հայտնվեցին, սակայն նա վերջնագիր ներկայացրեց.

― Մորս և որդուս հետ միասին։

Ռըզա բեյր չափից ավելի երջանիկ էր՝ նրան որևէ բան մերժելու համար։

― Մենք կանցնենք Դերենդեով, և այնտեղ քո մորը կբուժեն։ Քանի՞ տարեկան է որդիդ։

― Վեց։

― Ի՞նչ է նրա անունը։

― Թովմաս։

― Իսկ քո՞նը։

― Մարո Պալյան։

― Անունը բավական է։ Մարո... Ես սիրում եմ հնչեղ անուններ։

― Իսկ ձե՞ր անունն ինչ է։

― Ռըզա բեյ։

Մարոն վեր կացավ և խոնարհվեց։ Նա Ռըզա բեյին ոսկի առաջարկեց՝ իր մոր ոսկով լցոնած գոտին։ Նա շփոթված հրաժարվեց։

― Շնորհակալություն մի հայտնիր։ Պարզապես ես կատարուոմ եմ իրական հավատացյալի գթասիրտ լինելու պարտականությունը։

Մարոն կառչեց այդ խոսքերից.

― Քարանձավում մարդիկ մեռնում են սովից ու ծարավից։

Ռըզա բեյի դեմքին դժգոհ արտահայտություն հայտնվեց։ Առանց այդ բանը ցանկանալու Մարոն դիպել էր նրա ցավոտ տեղին։ Այն, ինչ նա տեսել էր վերջին շաբաթվա ընթացքում, իր վերահսկողական առաքելության օրերին, տանջում էր իրեն։ Այդ դաժանությունն ու անիմաստ մահերը։ Եվ այդ ամենի պատասխանատվության մի մասն իր վրա էր։ Ռըզան համաձայնել էր վերահսկել տեղւսհանությունները երկրի հարավում, առանց կշռադատելու հետևանքները։ Մի բան էր փոխանցել մայրաքաղաքից եկած հրամանները գավառապետներին, քաղաքապետներին, վճռել յուրաքանչյուր քաղաքի տեղահանման ժամկետը, թղթի վրա գծել ուղերթները, քարտեզի վրա նշել այն վայրերը, ուր պետք է տեղադրվեին վերահսկողական ճամբարները։ Եվ լրիվ այլ բան էր սեփական աչքերով տեսնել այդ միջոցառումների հետևանքները մարդկային էակների վրա։

Ռըզա բեյը, որր մեծացել էր արաբական միջավայրում և սիրում էր նրանց, մերժում էր պանթուրանիզմի գաղափարը։ Նրա ժառանգական կալվածքում շատ արաբներ էին աշխատում։ Կիրառել պանթուրանիզմը, նշանակում էր դուրս մղել արաբներին կայսրությունից և խզել կապերը մնացած մահմեդական աշխարհի հետ։ Հակառակը՝ հարկավոր էր միավորել տարբեր ժողովուրդներին իսլամի դրոշի տակ։ Քրիստոնյաներին բնաջնջելը նույնպես սխալ էր։ Իսլամը, ավելի շուտ, պահանջում էր նրանց դավանափոխ անել համոզմունքով կամ ուժ գործադրելով։ Ռըզա բեյն այդպես էր վարվել իր հայ կառավարիչների ու բանվորների հետ և այդպիսով վաստակել էր իր հոգու փրկությունը և, բացի դրանից, իրեն չէր զրկել ազնիվ ու որակյալ աշխատողների ծառայություններից։

Ռըզան ներքուստ համոզված էր, որ երիտթուրքերի կառավարությունը վերջերս սխալ ճանապարհով էր շարժվում։ Եվ նրանց գործողություններին իր մասնակցությունը հակառակ էր իր կրոնական համոզմունքներին։ Այդպիսին էր այն գինը, որ պետք էր վճարել կառավարման մեջ կարևոր պաշտոն ստանալու համար։ Որպես ավագ որդի Ռըզան մինչ այդ կառավարել էր ընտանեկան ունեցվածքը։ Նրա պապն ու հայրը իրենց արդեն իսկ նշանակալից ունեցվածքին հավելել էին բամբակի պլանտացիաներ Այնթապի շրջակայքում։ Ռըզան դրան ավելացրել էր ցիտրուսային բույսերի պլանտացիաներ Անթալիայի շրջանում։ Քառասունվեց տարեկան հասակում արդեն ժամանակն էր մտածելու հասարակական կյանքի մասին։ Նրա ընտանիքի բազմաթիվ սերունդներ ծառայել էին սուլթանին որպես գավառապետներ, նախարարներ, և նրանց շարքում նույնիսկ մեկ վեզիր էր եղել։

Պետրին ներս նտավ։ Նրա դաժան հայացքից Մարոն սարսռաց։ Մարոն աղերսող ձայնով կրկնեց.

― Մարդիկ ծարավ են ու սոված։

Ռըզան ժպտաց Մարոյին և նրա դեմքին կարեկցանք հայտնվեց.

― Ես այդ կապակցությամբ արդեն հրահանգներ եմ տվել, այդպես չէ՞, Պետրի։

― Այո,– պատասխանեց վերջինս, քանի որ նա չէր համարձակվի հակաճառել իր տիրոջը։

Ռըզա բեյն ասաց Մարոյին.

― Վերադարձիր մորդ մոտ։ Քո հետևից մարդ կուղարկեմ։

Մարոն ձեռքը կրծքին դրեց.

― Անսահման շնորհակալ եմ ձեզնից։

Երբ Մարոն գնաց, Պետրին բացականչեց.

― Ի՞նչ հրահանգ։

― Լսո՞ւմ ես ինձ, թող այդ խեղճ մարդկանց խմելու և ուտելու բան տան։

Պետրին ցնցվեց այդ կարեկցող տոնից։ Ռըզան, որին նա ճանաչում էր նրա ծնված օրից, միշտ զարմացնում էր իրեն։ Նա անկանխատեսելի էր ու փոփոխական, մերթ գառ էր, իսկ մեկ վայրկյան հետո առյուծի էր փոխակերպվում։ Նրանց ճակատագրերը շատ վաղուց էին միմյանց հետ կապվել։ Պետրին Ռըզայի հոր ընկերն էր։ Աշխատելով Աբդուլ Համիդի գաղտնի ոստիկանությունում, նա իմացել էր, որ երիտթուրքերին հարած Ռըզայի դեմ մահափորձ էր նախապատրաստվում։ Պետրին զգուշացրել էր նրան, և Ռըզան փախել էր Մեդինա, իսկ հետո Փարիզ։ Երբ տեղի էր ունեցել երիտթուրքերի հեղափոխությունը, եկել էր Պետրիին փրկելու Ռըզա բեյի հերթը, և բանեցնելով իր ազդեցությունն ու կապերը, ազատել էր նրան կախաղանից։ Նա Պետրիին ծառայության էր վերցրել որպես համհարզ և վստահված անձ, նրան բաժին էին ընկնում կեղտոտ գործերը։

― Ի՞նչ է կատարվում, Ռըզա բեյ,– հարցրեց Պետրին՝ ջանալով պահպանել բարեկամական տոնը։– Ես չեմ հասկանում։

― Իսկ ի՞նչ կարիք կա, որ հասկանաս,― չոր տոնով պատասխանեց Ռըզան։– Դու պետք է ենթարկվես։

Պետրիին մնում էր միայն համաձայնել։

― Ջուր դեռ ոչինչ, բայց ուտելիք...

― Հարևան գյուղերում մթերք բռնագրավիր։

Պետրին չկարողացավ իրեն զսպել և բարկացած բացականչեց.

― Մեր գյուղացիներից մթերք բռնագրավե՞մ քրիստոնյաներին տալու համար։

Ռըզայի խիստ հայացքը նրան ստիպեց զղջալ իր անզսպության համար։ Պետրին մեջքը ծռեց.

― Հրամայողը դուք եք։ Իմացեք, որ դա ժամեր կտևի։

― Մենք կհետաձգենք մեր մեկնումը,– պատասխանեց Ռըզա բեյը՝ նշան անելով, որ դա կարևոր չէ։

✻    ✻



Ծանոթանալով Սվասի գավառապետի ներկայացրած ապացույցներին, գեներալ Ֆաքրի փաշան՝ շրջանի ռազմական պարետը, այլ ելք չուներ, քան հրամայել ձերբակալել գնդապետ Իբրահիմ Ալիզադեին և նրան հանձնել քաղաքացիական արդարադատության ձեռքը։ Իր լավագույն սպային։ Եվ, բացի դրանից, իր մտերիմ ընկերոջը։ Չնայած իր կոչմանը, նա ոչինչ չէր կարող անել Իբրահիմի համար, թեպետ հավանություն էր տալիս նրա վարքագծին։ Ինչպես բարձրաստիճան սպայության մեծամասնությանը, այնպես էլ Ֆաքրի փաշային կցված էր Իթթիհատի մի գործակալ՝ պահապան մի հրեշտակ, որը պարտավոր էր հսկել նրա նվիրվածությունը պանթուրանիստական քաղաքականությանը, որ որդեգրել էր կառավարությունը։

Գնդապետ Իբրահիմին անմիջապես տարան ոստիկանության բաժնի նկուղը, այն սենյակը, ուր տեղի էր ունեցել իր բարեկամ Վարդանի դատավարությունը։ Նրան մերկացրին ու պառկեցրին նստարանին՝ ամուր կապելով։ Ոստիկանները հեռացան և նրան մենակ թողեցին երկու դահիճների հետ։ Առանց շտապելու դահիճները տոպրակից հանեցին իրենց գործիքները և դարսեցին սեղանի վրա։ Հետո հանեցին իրենց շապիկները և ծխախոտ վառեցին։ Նրանք հանգիստ խոսում էին գնվելիք ավանակի մասին։

Իբրահիմն անթարթ նայում էր կախված լամպին և ջանում էր չմտածել այն մասին, թե ինչ էր իրեն սպասում։ Քսան րոպե անց ներս եկավ Մուսթաֆա Ռահմին։ Գավառապետի պաշտոնը նրան մեծ ուրախություն էր պատճառում, սակայն նա որոշակի հուզմունքով էր մտնում ոստիկանության շենքը, ուր իշխել էր այդքան տարի։ Նա կգերադասեր այդտեղ գալ այլ հանգամանքների բերումով։ Գանի բեյը կզայրանար իմանալով այդ անիծյալ Պալյանի փախուստի մասին և կարող էր Մուսթաֆային մեղադրել։ Նա մոտեցավ նստարանին՝ ուսումնասիրելով ձերբակալվածի մկանուտ և բարեկազմ մարմինը, հետո թքեց գնդապետի դեմքին։

― Քոսոտ շուն։

Մուսթաֆան մատները ճտճտացրեց ու հանգստացավ։

― Ոստիկանության լեյտենանտ Յըլմազը մեզ պատմել է, թե ինչպես ես դու մահապատժի դատապարտված Վարդան Պալյանին փախցրել մահապատժի վայրից։ Ժխտո՞ւմ ես դա։

Իբրահիմը գիտեր, որ արժանի էր կախաղանի կամ էլ գնդակահարության, սակայն ցանկանում էր խույս տալ կտտանքներից։ Մուսթաֆան ուզում էր, որ ինքը խոսեր, դե ինքն էլ կխոսեր։

― Չեմ ժխտում, արել եմ։

― Ինչո՞ւ։

― Բարեկամական զգացմունքներից դրդված։ Նրա դատավճիռն անարդարացի էր։

― Հանցակիցներ ունեի՞ր։

Հալիթ փաշայի անունր ոչինչ չէր փոխելու։

― Մենակ էի։

― Ի՞նչ ես արել Պալյան կոչեցյալի հետ։

― Ես նրան ջորի տվեցի և քաղաքից դուրս տարա։

― Ո՞ւր գնաց։

― Դեպի ծովափ։

Իբրահիմը վստահ էր ստում։ Նրա համար կարևոր չէր, որ Մուսթաֆան իրեն վախկոտ կարող էր համարել։

― Ի՞նչ գիտես նրա մտադրությունների մասին։

― Կարծում եմ, որ նա ուզում էր Ռուսաստան գնալ։

― Նա այնտեղ որևէ մեկի՞ն պետք է միանար։

― Չգիտեմ։

― Զենք ունե՞ր։

― Այո, ատրճանակ։

― Ինչպե՞ս էր հագնված։

― Գյուղացու շորերով էր։

― Դու նրան փաստաթղթեր տվե՞լ ես։

― Այո։ Մի քրդից էի գնել։

― Ո՞ւմ անունով էին փաստաթղթերը։

― Ալիօղլու Իզզետին։

― Էլ ի՞նչ ունես ասելու։

― Ոչինչ։

― Լավ,– ասաց Մուսթաֆան հեռանալով Իբրահիմից։

Իբրահիմը մտածեց, որ խուսափել էր տհաճություններից, սակայն Մուսթաֆան վերադարձւսվ ճիպոտը թափահարելով։ Նրա կկոցած աչքերի մեջ անհանգստացնող փայլ կար։ Նա քմծիծաղ տվեց.

― Իմ կարծիքով, դու շատ հեշտ ես խոսում։

Նա սկսեց հարվածել Իբրահիմի ներբաններին։ Իբրահիմը սեղմում էր ատամները չբղավելու համար, սակայն ցավն անտանելի էր դառնում։ Այն կրակի պես տարածվում էր ոտքերի երակներով և հասնում էր սրտին, որն անհավասար էր բաբախում։ Իբրահիմը չկարողացավ ճիչը զսպել։

― Սպասեք, ես ուրիշ բան ունեմ ասելու։

― Երբ քեզ կհարցնեն, այն ժամանակ էլ կասես։

Նա ուժգնացրեց հարվածներև, և քիչ անց Իբրահիմի ոտքերը արնաշաղախ զանգված դարձան։ Մուսթաֆան քրտինքը սրբեց ճակատից և ասաց.

― Դե հիմա խոսիր։

Իբրահիմն այլևս մտադիր չէր խոսելու։ Նրա չարչարանքն այնքան մեծ էր, որ նոր հարվածները ոչինչ չէին վախի։ Սակայն նա սխալվում էր։

― Եղունգները,– հրամայեց Մուսթաֆան դահիճներին։

Նրանք մեկ առ մեկ պոկեցին Իբրահիմի եղունգները, իսկ հետո մատները ջախջախեցին մուրճով։ Իբրահիմը նոր մանրամասներ հայտնեց։ Նման հարցաքննությունների մեծ փորձը Մուսթաֆային հնարավորություն էր տալիս գուշակել սուտ պատասխանները, և այդ ժամանակ նա հարձակվում էր իր զոհի վրա։ Ի վերջո, Իբրահիմն ամեն ինչ ասաց։ Նա հևում էր այլայլված դեմքով։ Նա աներևակայելի տանջանքներ էր կրում։ Նրա սիրտն ուժգին բաբախում էր կրծքավանդակում և նորմալ ռիթմը չէր վերականգնվում։ Ամենից շատ Իբրահիմը վախենում էր, որ կտտանքը կվերսկսվեր։

Մուսթաֆա Ռահմին ցնծում էր։ Նա գիտեր այն, ինչ իրեն պետք էր. լեյտենանտ Շաքիր Իսմայել, ուղղությունը՝ Հալեպ։ Մնում էր միայն նախազգուշացնել Գանի բեյին հեռագրով և երկրով մեկ տարածել հետախուզության հայտարարությունը։ Նա դեմքը մոտեցրեց հարցաքննվողի դեմքին.

― Կարծում էի, որ դու ավեփ երկար կդիմադրեիր։ Ինչպիսի՜ սխալմունք։

Նա բռնեց Իբրահիմի պարանոցից և սեղմեց այնքան, մինչև գնդապետի սիրտը դադարեց բաբախելուց։

✻    ✻



Երբ Մարոն վերադարձավ քարանձավ, նրա սիրտը խառնեց։ Մեզի, կղանքի և կեղտոտ մարմինների հոտը խառնվել՝ գարշահոտություն էր դարձել։ Քարավանը լքելու մտքից առաջացած թեթև ոգևորությունը հօդս ցնդեց այդ տանջանքների տեսարանից։ Նա իրեն մեղավոր զգաց, որ մյուսներին թողնում էր իրենց ճակատագրին։

― Մայրիկ,― բացականչեց Թովմասը, որը սպասում էր մոր վերադարձին քարանձավի մուտքի մոտ,― տատիկն արթնացել է։

― Փառք Աստծու։

Մարոն մոտեցավ որդուն և կարծես հարված ստանար։ Թովմասի նիհարած դեմքին աչքերը չափից ավեփ մեծ էին թվում, և դրանց կրակը մարել էր։ Եվս մեկ շաբաթ, և նա կնմանվեր կմախք հիշեցնող այն երեխաներին, որոնք եկել էին Երզնկայից։ Փրկել նրան, ահա թե որն էր Մարոյի պարտքը։ Ինքը չպետք է ամաչեր, եթե միջոցներ էր ձեռնարկում այդ բանն անելու համար։ Նա չէր կարող Թովմասին անմիջապես հայտնել բարի լուրը, քանի որ բոլորի դեմքերը դարձան նրա կողմը։ Այդ դեմքերն այլևս ոչինչ չէին արտահայտում և լրիվ բթացել էին։

― Նրանք մեզ ջուր կտան,– հայտարարեց նա բարձրաձայն։

― Ջո՜ւր... ջո՜ւր...

Կախարդական բառը տարածվեց քարանձավում։

― Որտե՞ղ էիր, մայրիկ,– հարցրեց Թովմասը՝ նայելով նրա պատռված հագուստին։― Ոստիկանները քեզ նեղացրե՞լ են։

― Ոչ, սիրելիս, ամեն ինչ լավ է։

Նա շտապում էր հասնել քարանձավի խորքը, սակայն չէր կարողանում արագ քայլել անձավը բերնիբերան լցրած մարդկանց պատճառով։ Մարոն անհանգստանում էր Ազնիվ խանումի համար։

― Տատիկը խոսո՞ւմ էր։ Ի՞նչ ես կարծում, նա իրեն ավելի լա՞վ էր զգում։

― Նա կմեռնի,– պատասխանեց երեխան դողացող ձայնով։

― Հիմարություններ մի ասա։

― Բուժակ կանայք այդպես ասացին։

Մարոն շշնջաց նրա ականջին.

― Մի անհանգստացիր, Թովմաս, մենք նրան բժշկի մոտ կտանենք։

Երկու պառավ եռուզեռի մեջ էին Ազնիվ խանումի կողքին։ Նրանք նստեցրել էին նրան և աղոթում էին։ Նրանցից մեկը սիում էր նրա մեջքը, իսկ մյուսը չորացած ձիթենու ճյուղ էր վառել և դրանով խաչի նշաններ էր անում հիվանդի գլխի և մարմնի շուրջը։

― Սա քեզ կլավացնի։ Այս ճյուղն օրհնվել է եկեղեցում Ծաղկազարդի տոնի օրը։ Այս ծուխը քշում է չար ոգիներին։

Ազնիվ խանումի աչքերը փակ էին։ ճանաչելով Գալստյան այրուն, որը մի կողմ նետեց այրվող ճյուղը, Մարոն բռնեց նրա ուսերից և հեռացրեց մորից.

― Ի՞նչ եք նրան արել։

Նա հիշել էր Արաքսու ձեռքի թույնի սրվակի մասին։

― Բացի աղոթելուց և մեռոն քսելուց ոչինչ չեմ արել։

Նա ձայնն իջեցրեց.

― Մայրդ երկար չի ձգի։

― Հանգիստ թողեք մեզ,― հրամայեց Մարոն։

Նա պառկեցրեց Ազնիվ խանումին, որը ծանր էր շնչում, և նրա ճաքճքած շրթունքների արանքից օդի բարակ շիթ էր անցնում։ Նրա կիսաբաց օձիքից քաֆուրի հոտ էր գալիս։

― Տատիկը կմեռնի,– ասաց Թովմասը սարսափած տեսքով։

― Լռիր,– պատասխանեց Մարոն անհամբերությամբ։

Նա երեխային մի դեղձ ու արմավներ տվեց, որոնք նա վերցրեց աչքերին չհավատալով։ Նա դրանք փորին սեղմեց և ծածկեց ափերով՝ վախեցած հայացքներ գցելով շուրջը։ Ոչ ոք չէր տեսել իր մրգերը։ Նա պպզեց, դեմքը դեպի պատն արեց ու ագահաբար կերավ։

Մարոյի բազում կանչերից հետո Ազնիվ խանումը ի վերջո կենդանության նշաններ ցույց տվեց մատները շարժելով։ Մարոն դեղձից մի կտոր կծեց և քսեց Ազնիվ խանումի շրթունքներին։ Ազնիվ խանումը հյութը կուլ տվեց և նրա բերանը բացվեց։ Մարոն ճզմում էր դեղձը և մոր բերանն էր լցնում մրգահյութը։ Ազնիվ խանումը աչքերը կիսաբաց արեց և խոսեց խզզոցներով ընդհատվող ձայնով.

― Մարո...

― Ես այստեղ եմ, մայրիկ, ես այստեղ եմ։

― Մարո... ես... ես...

― Ես սպայի հետ խոսեցի։ Նա մեզ կտանի Դերենդե, ուր բժիշկ կա։

― Ուշ է։

― Ոչ։ Դուք այնտեղ կհասնեք։

― ... Հոգնած եմ... այլևս շարժվել...

― Մի խոսեք, հանգստացեք։

Ազնիվ խանումը ծանր շնչելով փակեց աչքերը և քնեց։ ժամեր շարունակ Մարոն նստած էր նրա կողքին՝ ձեռքն իր ձեռքում։ Ե՞րբ էին իրենք գնալու։ Հոգեվարքի մեջ գտնվող իր տատի տեսքից ազդված, Թովմասը նստած էր իր անկյունում, երբ Մարոն նրան կանչեց աղոթելու։ Երբ ի զարմանս բոլորի պահակները քարանձավի մուտքի մոտ սկսեցին ուտելիք բաժանել, Թովմասն այնտեղ վազեց։ Նա կատաղի կերպով պայքարեց, մինչև որ իր բաժինը ստացավ։ Նա կարծես փոքրիկ գազան լիներ, որը ամեն ինչի էր պատրաստ վերապրելու համար։ Նա մորը տվեց մի կտոր հաց, մի լոլիկ, երկու ծիրան և մի տիկ ջուր։ Մարոյին հաջողվեց մի քիչ ջուր խմեցնել Ազնիվ խանումին, որը կարծես վերակենդանացավ։ Ծեր կնոջ աչքերը փոս էին ընկել, իսկ այտերի մաշկը կարծես թափանցիկ լիներ։ Նա նայեց թոռանը, որը ծնկի էր իջել իր կողքին։

― Պետք է ուտես, տատիկ։ Ուժ հավաքես։

― Ես քեզ եմ տալիս իմ բաժինը, Թովմաս։

Երեխան համբուրեց տատի այտերը.

― Մի մահացիր, տատիկ։ Դու իրավունք չունես։

― Դու կհոգաս մորդ մասին։

Նրա ձայնը թուլանում էր։ Նա նայեց դստեր աչքերի մեջ.

― Մարո... սա վերջն է։

― Ոչ,– պատասխանեց Մարոն հպվելով մոր այտին,– դուք ձեզ ավելի լավ եք զգում, դուք խոսում եք։

― Սա Աստծու շնորհն է։

Նա փորձեց ձեռքը բարձրացնել.

― Օգնիր ինձ։

Մարոն բռնեց նրա ձեռքը, և Ազնիվ խանումը մատով խաչի նշան արեց իր թոռան և դստեր ճակատներին.

― Թող Աստծու օրհնությունը ձեզ վրա լինի։

Թովմասը սկսեց լացել.

― Մի լքիր մեզ, տատիկ։

― Ձեռքս բռնիր ու աղոթիր ինձ հետ։

Երեխան ենթարկվեց։ Ազնիվ խանումը լուռ շարժում էր շրթունքները, իսկ Թովմասի կծկված կոկորդից խոսքերը դժվարությամբ էին դուրս գալիս.

― Հայր մեր, որ երկնքում ես...

Մարոն ակամա իր ձայնը խառնեց որդու ձայնին։ Նա չէր կարողանում համակերպվել այն էակի մահվան հետ, որն իրեն ծնել էր, կերակրել, գուրգուրել, պահպանել մինչև հասուն տարիքը։ Նա ուզում էր, որ մայրն ապրեր, շնչեր մինչև մոտակա քաղաքը, հետո մինչև հաջորդ հանգրվանը և այդպես շարունակ, մինչև կհասնեին որևէ ապահով վայր։ Նա իրավունք չուներ իրենց լքելու հիմա, երբ ամեն ինչ պետք է որ կարգավորվեր։

Ազնիվ խանումի շրթունքներն անշարժացան, և նա սեղմեց իր դստեր ձեռքը։ Մարոն նրա շրթունքները համբուրեց և նրան բարձրացրեց։ Նա մորը շատ ամուր էր պահել, որպեսզի թույլ տաար այն աշխարհ գնալու։

― Մայրիկ, մայրիկ,– աղաչեց նա՝ վերագտնելով իր մանկական ձայնը։– Մայրի՜կ։

Ազնիվ խանումն այլևս չէր շնչում։ Մարոն նրան օրորեց, շոյեց դեմքն ու մազերը։ Նա ցածրաձայն լացում էր։ Թովմասն իրեն լքված էր զգում։ Նա դեմքը դրեց մոր կրծքին և գրկեց նրան։ Չնկատելով իրենց շրջապատած մարդկանց, որոնք ծնկի էին իջել Ազնիվ խանումի հոգու փրկության համար աղոթելու, Մարոն և նրա որդին միայնության մեջ իրենց ցավն էին ապրում։

― Արի,– հրամայեց խռպոտ մի ձայն։

Աղոթքն ընդհատվեց։ Մարոն գլուխը բարձրացրեց։ Ծնկաչոք մարդկանց վերևում երեում էր Պետրին։

― Մայրս մեռավ։

― Ռըզա բեյը քեզ է սպասում։

― Մայրս մեռավ,– կրկնեց նա։– Ես պետք է նրան թաղեմ։

― Մնա նրա հետ, եթե ուզում ես։ Ռըզա բեյը գնում է։

Նա շրջվեց և գնաց դեպի ելքը։

Հանկարծ Մարոն հասկացավ, որ ինքը ձեռքից բաց է թողնում փրկվելու վերջին հնարավորությունը։ Նա մոր գլուխը գետնին դրեց, խաչեց նրա ձեռքերը և վերջին անգամ համբուրեց։

― Արի,– ասաց նա Թովմասին՝ բռնելով նրա թևից։

Եվ նա վազեց Պետրիի հետևից։