Այն, ինչ չարժե ոչինչ
հեղինակ՝ Ռոբերտ Շեքլի |
Բայց այդ ի՞նչ ձայն էր։ Թե՞ իրեն թվաց։ Դժվար էր ասել։ Ջոն Քոլինզը փորձեց հիշել։ Ինքը հոգնած պառկել էր մաճակալին՝ վերմակի վրա, առանց թրջված կոշիկներն հանելու։ Հայացքը հառել էր խոնավ ու ճաքճքած դեղին առաստաղին՝ դիտում էր, թե ինչպես է անձրեւաջուրը դանդաղ ու ողբագին կաթկթում։
Ըստ երեւույծի այդ ժամանակ էր եղել։ Քոլինզը մահճակալի մոտ մետաղի փայլ նշմարեց։ Նա նստեց։ Հատակին մի մեքենա կար, որն ակներեւաբար հենց նոր էր հայտնվել։
Զարմանքի այդ առաջին պահին Քոլինզին թվաց, թե ինչ֊որ հեռավոր ձայն ասաց․
— Ա՛յ այդտեղ։ Լավ է։
Ձայնի մասին վստահ ասելը դժվար էր։ Բայց մեքենայի հարցում կասկած լինել չէր կարող։
Քոլինզը ծնկի եկավ ու սկսեց զննել։ Մեքենան, որի մակերեսը մոտ երեք քառակուսի ոտնաչափ էր, կամաց դզզում էր։ Գորշ մակերեւույթը հարթ էր, միայն անկյունում մի կարմիր կոճակ կար, իսկ կենտրոնում՝ պղնձե տախտակ, որի վրա գրված էր․
«Ա կարգի ուտիլիզատոր[1], համարանիշ՝ ԱԱ—1256432»։
Իսկ դրա տակ՝
«Ուշադրություն։ Այս մեքենան պետք է օգտագործեն միայն Ա կարգի իրավունք ունեցողները»։
Եվ վերջ։
Չկային բռնակներ, թվահարթակներ, անջատիչներ եւ հարմարանքներ, որոնք Քոլինզի պատկերացմամբ պիտի ունենային մեքենաները։ Միայն պղնձե տախտակ, կարմիր կոճակ ու դզզոց։
— Որտեղի՞ց լույս ընկար,— հարցրեց Քոլինզը։ Ա կարգի ուտիլիզատորը շարունակում էր դզզալ։ Քոլինզը հույս չուներ էլ, թե պատասխան կստանա։ Մահճակալի եզրին նստած, նա մտախոհ նայում էր ուտիլիզատորին։ Ինչպե՞ս վարվել։
Քոլինզը ձեռքը զգուշորեն հպեց կարմիր կոճակին, հաշվի առնելով երկնքից ընկած մեքենաների հետ վարվելու իր փորձի պակասը։ Ի՞նչ կպատահի, եթե միացնի։ Հատակը կճեղքվի՞։ Առաստաղից կանաչ մարդուկնե՞ր կթափվեն։
Սակայն Քոլինզը կորցնելու ոչինչ չուներ, նույնիսկ ավելի քան ոչինչ։ Նա թույլ սեղմեց կոճակը։
Ոչ մի փոփոխություն։
— Դե լավ, մի բան արա,— վհատվելով ասաց Քոլինզը։
Ուտիլիզատորը շարունակում էր միայն մեղմ դզզալ։
Դե ի՞նչ, միշտ էլ կարելի է այն գրավ դնել։ Ազնիվ Չարքին մետաղի համար ամենաքիչը մի դոլլար կտա։ Քոլինզը փորձեց բարձրացնել ուտիլիզատորը։ Չստացվեց։ Նա, ուժերը լարելով, նորից փորձեց, եւ կարողացավ մի անկյունը մեկ մատնաչափ պոկել գետնից։ Քոլինզը բաց թողեց մեքենան եւ, ծանր շնչելով, նստեց մահճակալին։
— Պետք է մի երկու օգնող ուղարկած լինեիր,— ասաց Քոլինզն ուտիլիզատորին։ Անմիջապես դզզոցն ուժեղացավ եւ մեքենան սկսեց ցնցվել։
Քոլինզը ուշադրությունը սրեց, բայց միեւնույն է, ոչինչ չկատարվեց։ Ինչ֊որ բան նախազգալով, նա մեկնեց ձեռքը եւ սեղմեց կոճակը։
Անմիջապես հայտնվեցին կոպիտ արտահագուստներ հագած երկու հաղթամարմին տղամարդ։ Նրանք գնահատող հայացքով նայեցին ուտիլիզատորին։ Մեկն ասաց․
— Փառք աստծո, փոքր մոդելն է։ Մեծերը տանելուց մարդու հոգին դուրս է գալիս։
Մյուսը պատասխանեց․
— Բայց մարմարի հանքից հո՞ լավ է։
Նրանք նայեցին իրենց դիտող Քոլինզին։ Ի վերջո առաջին տղամարդն ասաց․
— Լսի, մինչեւ գիշեր հո չե՞նք կանգնելու։ Ո՞ւր տանենք։
— Ո՞վ եք դուք,— մի կերպ արտաբերեց Քոլինզը։
— Էլ ո՞վ։ Տանողներ։ Չլինի՞ կարծեցիր Վանիզազգի քույրերն ենք։
— Բայց որտեղի՞ց եկաք,— հարցրեց Քոլինզը։— Եվ ինչո՞ւ։
— Մենք եկանք «Փոուհա Միննայլի տանողներ» միացյալ ընկերությունից,— ասաց տղամարդը։— Եվ եկանք, որովհետեւ դու տանողներ ուզերից։ Հիմա ո՞ւր ես ուզում տանենք։
— Գնացեք,— ասաց Քոլինզը։— Ես ձեզ հետո կկանչեմ։
Տանողներն ուսերը թոթվեցին եւ անհետացան։ Մի քանի րոպե Քոլինզը սեւեռուն նայում էր այն կետին, որտեղ մի վայրկյան առաջ նրանք էին կանգնած։ Հետո հայացքը փոխադրեց Ա կարգի ուտիլիզատորին, որը նորից մեղմ դզզում էր։
Ուտիլիզատո՞ր։ Ավելի լավ անուն կարելի է գտնել։
Ցանկությունները կատարող մեքենա։
Չի կարելի ասել, թե Քոլինզը ցնցված էր։ Երբ հրաշքը տեղի է ունենում, միայն սահմանափակ մտածողության տեր մարդիկ ի վիճակի չեն լինում ընդունել կատարվածը։ Քոլինզն իհարկե, այդպիսին չէր։ Նա ամբողջ էությամբ պատրաստ էր հրաշքն ընդունելու։
Քոլինզն ամբողջ կյանքում տենչացել, հուսացել ու աղոթել էր, որ մի հրաշք կատարվի իր հետ։ Դպրոցում երազում էր, թե մի առավոտ կարթնանա ու կտեսնի, որ կարողանում է տնային աշխատանքը կատարել առանց սովորելու ձանձրալի անհրաժեշտության։ Բանակում նա ուզում էր, որ մի կախարդ կամ ջին փոխի հրամանները, եւ իրեն, փոխանակ ստիպելու, որ մյուսների նման շարային վարժություններ անի, նշանակեն հանգստյան սենյակի գլխավոր։
Բանակից հետո Քոլինզը խուսափել էր աշխատանքից, որին պատրաստ չէր հոգբանորեն։ Նա թափառում էր, հուսալով, որ հեքիաթային հարուստ անձնավորության թելադրված կլինի փոխել կտակը եւ իրեն թողնել Ամեն ինչ։
Ճիշտ է, այնքան էլ լրջորեն չէր սպասում, թե մի բան կլինի։ Բայց երբ եղավ, նա պատրաստ էր։
— Ես կուզեի հազար դոլլար փոքր, չցուցակագրված թղթադրամներով,— զգուշորեն ասաց Քոլինզը։ Երբ դզզոցն ուժեղացավ, սեղմեց կոճակը։ Նրա առջեւ հայտնվեց մեկ, հինգ եւ տասը դոլարանոցների հնամաշ կույտ։ Ու թեեւ թղթադրամները ճռճռան չէին, բայց անշուշտ իսկական էին։
Քոլինզը վերցրեց մի բուռ, շպրտեց դեպի վերեւ եւ դիտեց, թե թղթի կտորներն ինչպես են գեղեցիկ իջնում ու պառկում հատակին։ Նա պառկեց մահճակալին ու սկսեց ծրագրեր կազմել։
Նախ, հարկավոր էր մեքենան տանել Նյու֊Յորքից, գուցե մինչեւ անգամ նահանգից եւ գնալ այնպիսի տեղ, որտեղ ուրիշի գործերի մեջ քիթները խոթող հարեւաններ չէին լինի։ Այս տեսակ ապրանքի հետ կապված եկամտահարկը պետք է որ կլորիկ թիվ կազմեր։ Գուցե, երբ գործերը կարգավորվեին, գնար Կենտրոնական Ամերիկա, կամ…
Սենյակում կասկածելի աղմուկ լսվեց։
Քոլինզը վեր թռավ։ Պատի մեջ անցք էր բացվում, որի միջով ինչ֊որ մեկը ճգնում էր ներս գալ։
— Հեյ, ես ոչինչ չեմ խնդրել,— ասաց Քոլինզը մեքենային։
Անցքը լայնացավ, եւ երեւաց մի գեր, կարմրադեմ տղամարդ, որն արդեն անցել էր պատի կեսը եւ զայրացած շարունակում էր ճանապարհ հարթել։
Այդ պահին Քոլինզը հիշեց, որ մեքենան սովորաբար տեր է ունենում։ Եվ այդ տերը, ով էլ որ լինի, այնքան էլ հաճույքով չի ընդունի ցանկությունների կատարող իր մեքենայի կորուստը։ Այդ կորուստը վերականգնելու համար նա ամեն քայլի կդիմի։ Գուցե նույնիսկ…
— Պաշտպանի՛ր ինձ,— ուտիլիզատորի վրա գոռաց Քոլինզը եւ ամբողջ ուժող սեղմեց կարմիր կոճակը։
Հայտնվեց վառ գույնի պիժամայով մի ցածրահասակ, ճաղատ մարդ։
— Սանիսա Լիք, «ժամանակային պատնեշի պաշտպանության» ծառայությունից,— քունը գլխին հորանջելով եւ աչքերը տրորելով ասաց նա։— Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։
— Հեռացրե՛ք նրան այստեղից,— բղավեց Քոլինզը։ Կարմրադեմ մարդը, ձեռքերը կատաղորեն թափահարելով, արդեն անցքից դուրս էր գալիս։
Լիքը պիժամայի գրպանից մի կտոր փայլուն մետաղ հանեց։ Կարմրադեմ մարդը գոռաց․
— Սպասե՛ք։ Դուք չե՛ք հասկանում։ Այդ մարդը…
Լիքը մետաղի կտորով նշան բռնեց նրա վրա։ Կարմրադեմ մարդը ճչաց ու չքվեց։ Մի ակնթարթում անհետացավ նաեւ անցքը։
— Սպանեցի՞ք նրան,— հարցրեց Քոլինզը։
— Իհարկե ոչ,— ասաց Լիքը, մետաղի կտորը գրպանը դնելով։— Ես պարզապես նրան ետ շպրտեցի իր ժամանակահատվածը։ Այդ ճանապարհը նա այլեւս չի փորձի։
— Ուզում եք ասել ուրի՞շ ճանապարհ կփորձի,— հարցրեց Քոլինզը։
— Հնարավոր է,— պատասխանեց Լիքը։— Նա կարող է միկրոտեղափոխում փորձել, կամ նույնիսկ կենդանացում։— Նա ուշադիր նայեց Քոլինզին։— Սա ձեր ուտիլիզատորն է, այնպես չէ՞։
— Իհարկե,— սկսելով քրտնել, ասաց Քոլինզը։
— Եվ դուք Ա կարգի իրավունք ունեցո՞ղ եք։
— Բնականաբար,— ասաց Քոլինզը։— Եթե ոչ, ի՞նչ գործ ունեի ուտիլիզատորի հետ։
— Մի նեղացեք,— քնկոտ ձայնով ասաց Լիքը,— ուղղակի ընկերական հարց եմ տալիս։— Նա գլուխը դանդաղ օրորեց։— Ա՜յ թե ման եք գալիս դուք՝ «Ա»֊երդ։ Երեւի ետ եք եկել այստեղ պատմական գիրք գրելու։
Քոլինզը հանելուկային ժպտաց։
— Դե լավ, ես գնացի,— լայն հորանջով ասաց Լիքը։— Գիշեր֊ցերեկ ոտքի վրա եմ։ Ավել լավ էր հանքում լինեի։
Եվ նա հորանջելու կեսից չքվեց։
Անձրեւը շարունակում է թմբկահարել տանիքին։ Օդափոխման անցքի միջից առաջվա պես լսվում էր հարեւանների խռմփոցը։ Քոլինզը նորից մեն֊մենակ էր մեքենայի հետ…
… Եվ հատակին թափթփված փոքր թղթադրամներով հազար դոլլարի։
Նա քնքշորեն շոյեց ուտիլիզատորը։ Լավ են ապրում այդ Ա կարգի իրավունք ունեցողները։ Մի բա՞ն ես ուզում։ Անունը տուր եւ կոճակը սեղմիր։ Պարզ է, որ իսկական տերը շատ կափսոսի։
Լիքն ասաց, որ նա կարող է ուրիշ ճանապարհ փորձել։ Ի՞նչ ճանապարհ։
Ա՛հ, ինչ ուզում է, թող անի։ Կամաց շվշվացնելով, Քոլինզը հավաքեց թղթադրամները։ Ժամանակն էր օգտվել Ցանկություն կատարող մեքենայից։
Հաջորդ մի քանի օրերը մեծ փոփոխություններ բերեցին Քոլինզի ճակատագրում։ «Փոուհա Միննայլի» տանողների օգնությամբ նա ուտիլիզատորը տարավ հյուսիս։ Այնտեղ նա գնեց Ադիրոնդաք լեռնաշղթայի մոռացված սարերից մեկը։ Հենց որ ստացավ թղթերը, գնաց իր տիրույթը՝ ճանապարհից մի քանի մղոն հեռու։ Տանողները, որոնցից քրտինքը հոսում էր առվի նման, Քոլինզի հետեւից քարշ էին տալիս ուտիլիզատորը, խիտ մացառուտների միջով ճանապարհ հարթում եւ միապաղաղ ձայներով անիծում․
— Դրեք այստեղ ու կորեք,— ասաց Քոլինզը։ Վեջրին օրերը շատ էին նպաստել նրա ինքնավստահության ամրապնդմանը։
Տանողները հոգնած հառաչեցին եւ չքվեցին։ Քոլինզը շուրջը նայեց։ Բոլոր կողմերից, ուր մարդու աչքը կտրում էր, կեչիների եւ սոճիների թավուտներ էին։ Օդը քաղցր էր, խոնավ։ Ծառերի գագաթներին ուրախ ճռվողում էին թռչունները, մերթընդմերթ մի սկյուռ էր սուրում֊անցնում կողքով։
Բնությո՜ւն։ Նա միշտ էլ սիրել էր բնությունը։ Այս տեղը շատ հարմար կլիներ մեծ, կարգին տուն կառուցելու՝ լողավազանով, թենիսի հրապարակով եւ, գուցե, փոքրիկ օդանավակայանով։
— Ես տուն եմ ուզում,— վճռականորեն հայտարարեց Քոլինզը եւ սեղմեց կարմիր կոճակը։
Հայտնվեց մոխրագույն կոստյումով եւ պենսնեով մի մարդ։
— Այո, սըր,— ասաց նա, աչքերը կկոցած ծառերին նայելով,— բայց ավելի կոնկրետ։ Որեւէ դասակա՞ն բան եք ուզում՝ ասենք բունգալո, ռանչո, բնակարան, առանձնատուն, ամրոց կամ պալատ։ Թե՞ պարզ ու հասարակ, օրինակ՝ իգլու[2] կամ խրճիթ։ Քանի որ «Ա» եք, կարող եք որեւէ խիստ ժամանակակից բան պատվիրել՝ ասենք Կիսադեմ, կամ Նոր լայնարձակ, կամ Սուզված փոքրածավալ։
— Հը՞,— ասաց Քոլինզը։— Չգիտեմ։ Դուք ի՞նչ կառաջակրեիք։
— Փոքրիկ դղյակ,— անմիջապես պատասխանեց պենսնեով մարդը,— բոլորն էլ, սովորաբար, դրանից են սկսում։
— Իրո՞ք։
— Իհարկե։ Հետո տեղափոխվում են տաք երկրներ եւ պալատ կառուցում։
Քոլինզն ուզում էր էլի հարցեր տալ, բայց միտքը փոխեց։ Ամեն ինչ շատ հարթ էր ընթանում։ Այդ մարդիկ կարծում էին, թե ինքը «Ա» է եւ ուտիլիզատորի իսկական տերը։ Կարիք չկար խորտակել նրանց պատրանքները։
— Հետեւեք, որ ամեն ինչ տեղը տեղին լինի,— ասաց նա։
— Իհարկե, սըր։ Ես միշտ էլ այդպես եմ վարվում։
Օրվա մնացած մասը Քոլինզն անցկացրեց բազմոցին թիկնած։ Նա սառույցով վիսկի էր խմում, մինչդեռ «Մաքսիմա Օլֆ» շինարարական ընկերության աշխատակիցները նյութավորեցին սարքավորումները եւ սկսեցին կառուցել տունը։ Շուտով վեր խոյացավ քսան սենյականոց մի դղյակ, որը Քոլինզին տվյալ հանգամանքներում բավական համեստ շինություն թվաց։ Դղյակը կառուցված էր շատ բարեխղճորեն՝ նախագծել էր Դեգմայի Միգը, կահավորել՝ Թոուիգը, ջրավազանը «Մուլա» տեսակի էր, իսկ պարտեզը՝ «Վիերյեն»։
Երեկոյան աշխատանքներն ավարտվեցին, բանվորների փոքրիկ ջոկատը հավաքեց իր սարքավորումները եւ չքվեց։
Քոլինզը կարգադրեց իր խոհարարին թեթեւ ընթրիք պատրաստել։ Հետո նստեց լայն, զով հյուրասենյակում ու սկսեց մտածել կատարվածի մասին։ Նրա դիմաց տեղ էր գտել մեղմ դզզացող ուտիլիզատորը։
Քոլինզը սիգար վառեց եւ ներշնչեց անուշահոտ բուրմունքը։ Միանգամից խաչ քաշեց բոլոր գերբնական բացատրությունների վրա։ Չար ոգիներն ու սատանաներն այս ամենի հետ կապ չունեին։ Տունը կառուցել էին սովորական մարդիկ, որոնք բոլորի նման հայհոյում էին, ծիծաղում ու անիծում։ Ուտիլիզատորը պարզապես մեքենա էր, այն աշխատում էր ինչ֊ինչ գիտական հիմունքներով, ոք Քոլինզը չէր հասկանում եւ չէր էլ ուզում հասկանալ։
Գուցե ուրիշ մոլորակի՞ց էր եկել։ Դժվար թե։ Հո միայն իր համար անգլերեն չէի՞ն սովորի։
Ուտիլիզատորը հավանաբար եկել էր Երկրի ապագայից։ Բայց ինչպե՞ս։
Քոլինզն ավելի խոր թիկնեց եւ ծուխը դուրս փչեց։ Ամեն ինչ հնարավոր է։ Ուտիլիզատորը կարող է պարզապես ընկած լինել անցյալ։ Ավելի բարդ է այն, որ այդ գործիքը կարող է ոչնչից ստեղծել ամեն ինչ։
— Ի՛նչ հրաշալի ապագա,— մտածեց Քոլինզը։— Ցանկություններ կատարող մեքենաներ։ Այ քեզ առաջադիմություն։ Հարկավոր է միայն մտածել ուզածիդ մասին։ Մեկ, երկուս եւ պատրաստ է։ Ժամանակի ընթացքում, իհարկե, կարմիր կոճակը կվերացնեն։ Եվ ձեռքի աշխատանքը լրիվ կվերանա։
Իհարկե, պետք է յոթ չափել, մեկ կտրել։ Գոյություն ունի տեր… եւ ուրիշ «Ա»֊եր։ Նրանք կփորձեն մեքենան խլել իրենից։ Երեւի այդ «Ա»֊երը ժառանգական արտոնություն ոնեցող խումբ են…
Քոլինզն աչքի պոչով ինչ֊որ շարժում նշմարեց եւ նայեց ուտիլիզատորին։ Մեքենան դողդողում էր, ինչպես տերեւն աշնան քամուց։
Մռայլ խոժոռվելով, Քոլինզը մոտեցավ ուտիլիզատորին, որի շուրջը տաքությունից գոլորշու թույլ ամպ էր գոյացել։ Չլինի՞ երկար աշխատելուց տաքացել է։ Գուցե մի դույլ ջուր…
Հանկարծ նա նկատեց, որ ուտիլիզատորը նկատելիորեն փոքրացել է։ Մակերեսը հազիվ երկու քառակուսի ոտնաչափ էր եւ այն էլ աստիճանաբար նվազում էր։
Տե՛րի։ Կամ գուցե «Ա»֊ները։ Երեւի սա Լիքի ասած միկրոտեղափոխումն է։ Քոլինզը հասկացավ, որ եթե շտապ մի բան չանի, ցանկություն կատարող մեքենան այնքան կփոքրանա, որ կանհետանա։
— Լիքի «Պահխպանության ծառայություն»,— շուտասելուկով վրա բերեց Քոլինզը։ Նա սեղմեց կոճակը եւ անմիջապես ձեռքը ես քաշեց։ Մեքենան շատ տաք էր։
Սենյակի անկյունում հայտնվեց Լիքը՝ հագին սպորտային շորեր, ձեռքին գոլֆի մական։
— Հիմա ի՞նչ է, պետք է ամեն անգամ հանգստիս պահին…
— Մի բա՛ն արա,— գոռաց Քոլինզը, մատնացույց անելով ուտիլիզատորը, որն այժմ ընդամենը մի քառակուսի ոտնաչափ մակերես ուներ եւ մուգ կարմիր գույն էր ստացել։
— Ոչինչ չեմ կարող անել,— ասաց Լիքը։ Ես իրավասու եմ զբաղվել միայն ժամանակային պատով։ «Միկրոկարգավորման ընկերությանը» դիմեք։— Նա տարուբերեց մականը եւ անհետացավ։
— Միկրոկարգավորո՛ւմ,— ասաց Քոլինզը եւ ձեռքը մեկնեց կոճակին։ Ապա Շտապ ետ քաշեց։ Ուտիլիզատորն այժմ ընդամենը չորս մատնաչափ լայնություն ուներ եւ բոսորագույն փայլ էր ստացել։ Կոճակը, որ ասեղի չափ էր դարձել, հազիվ էր երեվում։
Քոլինզը շրջվեց, շտապ մի բարձ ճանկեց եւ սեղմեց կոճակի վրա։
Հայտնվեց եղջերաշրջանակ ակնոցով մի աղջիկ, ձեռքին նոթատետր ու մատիտ։
— Ո՞ւմ հետ կուզեիք պայմանավորվել,— հանգիստ հարցրեց նա։
— Շտապ օգնեք ինձ,— բղավեց Քոլինզը, տեսնելով, թե թանկագին ուտիլիզատորն ինչպես է ավելի ու ավելի փոքրանում։
— Միստր Վերգընը ճաշում է,— ասաց աղջիկը, մատիտը մտածկոտ կրծելով։— Նա իրեն դե֊զոնացրել է։ Չեմ կարող հետը կապվել։
— Իսկ ո՞ւմ հետ կարող ես կապվել։
Աղջիկը նայեց նոթատետրին։
— Միստր Վիսը Դիեգյան տարածքաժամանակային հատվածում է, իսկ միստր Էլզիսը պատեոլիտյան Եվրոպայում դաշտային աշխատանք է անում։ Եթե այդքան շտապում եք, գուցե դիմեք «Տեղափոխակետային գործակալությանը»։ Այն ավելի փոքր ընկերություն է, բայց…
— Տեղափոխակետային գործակալություն։ Օʼքել, չքվիր։— Քոլինզը խանձված բարձր սեղմեց ուտիլիզատորին։ Ոչինչ չկատարվեց։ Ուտիլիզատորն այժմ հազիվ կես քառակուսի մատնաչափ մակերեւույթ ուներ, եւ Քոլինզը հասկացավ, որ բարձը չի դիպչում համարյա անտեսանելի կոչակին։
Մի պահ Քոլինզը մտածեց, թե գուցե թողնի, որ ուտիլիզատորն անհետանա։ Երեւի ժամանակը եկել էր։ Կարելի էր վաճառել տունը, կահույքը եւ շատ կարգին ապրել…
Ո՛չ։ Ինքը դեռ ոչ մի կարեւոր բան չի ուզել։ Նրանց չի հաջողվի ուտիլիզատորն առանց պայքերի խլել իրենից։
Կամք գործադրելով, որպեսզի աչքերը բաց պահի, Քոլինզը կարծրացած մատով սեղմեց շիկացումից սպիտակած կոճակը։
Հայտնվեց մի նիհար, քրջոտ հագնված ծերուկ, ձեռքին վառ գույնի ինչ֊որ առարկա, որ զատկի ձու էր հիշեցնում։ Ծերուկը ձուն ցած շպրտեց, այն պայթեց, նարնջագույն ծուխ արձակելով։ Անսահման փոքրացած ուտիլիզատորը կլանեց այդ ծուխը։ Քոլինզը քիչ էր մնում խեղդվեր ծխից։ Ապա ուտիլիզատորը սկսեց վերստանալ իր նախկին չափերը։ Շուտով մեքենան նորմալ տեսք ստացավ՝ այն ակներեւորեն անվնաս էր։ Ծերուկը գլխով արեց։ Մենք շքեղ չենք,— ասաց նա,— բայց հուսալի ենք։— Նա կրկին գլխով արեց եւ անհետացավ։
Քոլինզին թվաց, թե հեռվից իր ականջին զայրալից գոռոց հասավ։
Թուլացած, նա նստեց հատակին, մեքենայի դիմաց։ Այրված մատը ցավից բաբախում էր։
— Լավացրու ինձ,— չորացած շրթունքներով մրթմրթաց Քոլինզը եւ անվնաս ձեռքով սեղմեց կոճակը։
Մի պահ դզզոցն ուժեղացավ, հետո նորից թուլացավ։ Վառված մատը միանգամից դադարեց ցավել եւ Քոլինզը տեսավ, որ այրվածքներ չկան՝ նույնիսկ աննշան սպի չի մնացել։
Քոլինզը մի բաժակ լիքը բրենդի լցրեց, խմեց եւ անմիջապես պառկեց քնելու։ Ամբողջ գիշեր երազում նրան հսկայական Ա տառ էր հետապնդում, բայց առավոտյան նա մոռացավ այդ մասին։
Մեկ շաբաթից Քոլինզը հասկացավ, որ անտառների մեջ դղյակ կառուցելն ամենասխալ բանն է եղել։ Ստիպված էր պահապանների մի ամբողջ վաշտ վարձել, որպեսզի հեռու քշի հետաքրքրասերներին եւ որսորդներին, որոնք չգիտես ինչու ցանկանում էին ճամբար խփել նրա պարտեզներում։
Բացի այդ, «Եկամտահարկերի դեպարտամենտը» սկսեց աշխույժ հետաքրքրություն դրսեւորել նրա գործերի նկատմամբ։
Սակայն, ամենակարեւորը, Քոլինզը հայտնաբերեց, որ ինքը բնության այնքան էլ սիրահար չէ։ Թռչունները եւ սկյուռները շատ լավ բաներ էին, բայց նրանց չէր կարելի հետաքրքիր զրուցակիցներ անվանել։ Ծառերն էլ, չնայած իրենց վեհագեղությանը, լավ բաժակակիցներ չէին։
Քոլինզը որոշեց, որ ինքը հոգու խորքում քաղաքի տղա է։
Ուստի «Փոուհա Միննայի» տանողների, «Մաքսիմա օլֆ» շինարարական ընկերության, «Ջագթըն ակընթարթային» ճանապարհորդական բյուրոյի եւ ում որ հարկն է տված բավական գումարի օգնությամբ, Քոլինզը տեղափոխվեց Կենտրոնական Ամերիկայի մի փոքրիկ հանրապետություն։ Այնտեղ, քանի որ կլիման ավելի տաք էր, իսկ եկամտահարկ չկար, նա մի մեծ, նրբագեղ, միտումնավոր շքեղ պալատ կառուցեց։
Պալատում կար այն ամենն, ինչ սովորաբար լինում է պալատնվերում՝ ձիեր, շներ, սիրամարգեր, նաժիշտներ, թիկնապահներ, պահապաններ, երաժիշտներ, բազմաթիվ պարուհիներ եւ այլն։ Միայն երկու շաբաթ Քոլինզը կորցրեց իր կացարանն ուսումնասիրելու վրա։
Առժամանակ ամեն ինչ լավ էր ընթանում։
Մի առավոտ Քոլինզը մոտեցավ ուտիլիզատորին, չիմանալով ինչ խնդրի՝ սպորտային ավտոմեքենա՞, թե միգուցե ցեղական կովերի փոքրիկ նախիր։ Նա կռացավ, որպեսզի սեղմի գորշ մեքենայի կարմիր կոճակը…
Եվ հանկարծ ուտիլիզատորը ետ ցատկեց։
Մի պահ Քոլինզին թվաց, թե աչքին է երեւում եւ նա մտքում որոշեց վերջ տալ նախաճաշից առաջ շամպայն խմելուն։ Հետո մի քայլ առաջ գնաց եւ ձեռքը մեկնեց կարմիր կոճակին։
Ուտիլիզատորը ճարպկորեն խույս տվեց եւ վարգով դուրս գնաց սենյակից։
Քոլինզը սուրաց նրա ետեւից, հայհոյելով տիրոջը եւ «Ա»֊երին։ Երեւի սա Լիքի ասած կենդանացումն է՝ տերն ինչ֊որ ձեւով կարողացել է մեքենային շարժունակություն հաղորդել։ Ոչինչ։ Հարկավոր է միայն ետեւից հասնել, կոճակը սեղմել եւ «Կենդանացման գործակալությունից» մեկնումեկին կանչել։
Ուտիլիզատորը սլանում էր դահլիճով, Քոլինզը կրկնակոխ հետեւում էր նրան։ Դռան ծանր ոսկե բռնակը փայլեցնող մի լակեյ բերանը բաց նայում էր․
— Բռնի՛ր,— գոռաց Քոլինզը։
Լակեյն անշնորհք կտրեց ուտիլիզատորի ճանապարհը։ Մեքենան հմտորեն խաբս տվեց եւ նետվեց դեպի գլխավոր դուռը։
Քոլինզը մի կոճակ սեղմեց, եւ դուռը շրխկոցով փակվեց։
Ուտիլիզատորը թափ հավաքեց, հարվածեց դռանը եւ դուրս թռավ։ Ազատության մեջ հայտնվելով, ցակտոտեց պարտեզի ջրախողովակի երկայնքով, հավասարակշռությունը վերականգնեց եւ դիմեց դեպի գլխավոր ճանապարհը։ Քոլինզը հեւիհեւ վազում էր։ Եթե հաջողվեր մի քիչ ավելի մոտենալ…
Հանկարծ ուտիլիզատորը օդ ցատկեց։ Մի երկար պահ կախված մնաց օդում, հետո ընկավ գետնին։ Քոլինզը նետվեց կոճակի վրա։
Ուտիլիզատորը խույս տվեց, մի քանի քայլ վազեց ու նորից ցատկեց։ Մի քանի վայրկյան կախված էր գլխավերեւու՝ քսան ոտնաչափ բարձրության վրա, հետո մի քիչ վեր լողաց, նորից անշարժացավ, կատաղորեն պտտվեց ու ընկավ։
Քոլինզը վախենում էր, որ երրորդ թռիչքի ժամանակ այն կշարունակի բարձրանալը, մինչեւ կանհետանա։ Երբ ուտիլիզատորը դժկամությամբ իջավ գետին, Քոլինզը պատրաստ էր։ Նա նետվեց ու սեղմեց կոճակը։ Ուտիլիզատորը այլեւս չհասցրեց խույս տալ։
— Կենդանացման գործակալությո՛ւն,— հաղթական բղավեց Քոլինզը։
Տեղի ունեցավ փոքր պայթյուն եւ ուտիլիզատորը հնազանդ լռվեց տեղում։ Կենդանացման նշույլ իսկ չմնաց։
Քոլինզը ճակատը սրբեց, նստեց մեքենայի վրա։ Ժամ առ ժամ ավլեի վտանգավոր է դառնում։ Ավլեի լավ է մի կարգին ցանկություն հայտնի հիմա, քանի դեռ հնարավորություն կա։
Արագ֊արագ, իրար ետեւից, նա ուզեց հինգ միլիոն դոլլար, երեք գործով նավթահոր, կինոստուդիա, կատարյալ առողջություն, եւս քսանհինգ պարուհի, անմահություն, սպորտային ավտոմեքենա եւ ցեղական կովերի նախիր։
Քոլինզին թվաց, թե կամացուկ փռթկոց լսվեց։ Նա նայեց շուրջը։ Ոչ ոք չկար։
Երբ ետ շրջվեց, ուտիլիզատորը չքվել էր։
Քոլինզի բերանը բաց մնաց։ Եվ, հաջորդ վայրկյանին, չքվեց ինքը։
Երբ աչքերը բացեց, տեսավ, որ կանգնած է գրասեղանի առաջ։ Դիմացը նստած էր մարմնեղ, կարմրադեմ այն մարդը, որը փորձել էր պատի միջով սենյակ մտնել։ Նա զայրացած տեսք չուներ։ Ավելի շուտ հնազանդ էր, նույնիսկ մելամաղձոտ։
Քոլինզը մի պահ լուռ կանգնեց, ափսոսելով, որ ամեն ինչ վերջացավ։ Տերը եւ «Ա»֊երը վերջապես բռնեցին իրեն։ Բայց գերազանց ժամանակ անցկացրեց։
— Դե,— ասաց Քոլինզը,— ձեր մեքենան ետ ստացաք։ Էլ ի՞նչ եք ուզում։
— Իմ մեքենա՞ն,— կասկածանքով ասաց կարմրադեմ մարդը,— դա իմ մեքենան չէ, սըր։ Ամենեւին։
Քոլինզն ապշած նայեց նրան։
— Ինձ հիմարի տեղ մի դրեք, միստր։ Դուք՝ Ա կարգի իրավունք ունեցողներդ, ուզում եք պահպանել ձեր մենաշնորհը, այնպես չէ՞։
Կարմրադեմ մարդը թղթերը ցած դրեց։
— Միստր Քոլինզ,— սառնորեն ասաց նա,— իմ անունը Ֆլայն է։ Ես քաղաքացիների պաշտպանության միության գործակալ եմ՝ անշահախնդիր մի կազմակերպություն, որի նպատակը ձեզ պես անհատներին սխալ դատողություններից եւ արարքներից ետ պահելն է։
— Ուզում եք ասել, թե դուք «Ա»֊երից մեկը չե՞ք։
— Դուք չարաչար սխալվում եք, սըր,— հանգիստ ու արժանապատվորեն ասաց Ֆլայնը։— Ա կարգի իրավունք ունեցողները սոցիալական խումբ չեն, ինչպես ձեզ թվում է։ Ա կարգը պարզապես ապառիկ գնումների կարգ է։
— Ի՞նչ,— դանդաղ հարցրեց Քոլինզը։
— Ապառիկ գնման կարգ։— Ֆլայնը նայեց ձեռքի ժամացույցին։— Մենք շատ ժամանակ չունենք, ուստի հնարավորին չափ համառոտ կասեմ։ Մեր դարը, միստր Քոլինզ, ապատենտրոնացման դար է։ Մեր հինմարկները, արդյունաբերական եւ կենցաղային սպասարկման օբյեկտները ցիրուցան են եղած տիեզերքով ու ժամանակով մեկ։ «Ուտիլիզացիոն գործակալությունը» կարեւոր կապող օղակ է, որն ապահովում է իրերի եւ ծառայությունների տեղից տեղ փոխադրումը։ Հասկանալի՞ է։
Քոլինզը գլխով արեց։
— Ապառիկ արեւտուրն, իհարկե արտոնություն է։ Բայց, ի վերջո, ամեն ինչի համար պետք է վճարել։
Քոլինզին դուր չեկավ իր լսածը։ Վճարե՞լ։ Այս ապագան այնքան էլ առաջադիմական չէ։ Ոչ ոք վճարելու մասին չէր խոսել։ Ինչո՞ւ հիմա հանկարծ հիշեցին։
— Ինչո՞ւ ինձ ոչ ոք չկանգնեցրեց,— հուսահատ հարցրեց Քոլինզը։— Նրանք պետք է իմանայի որ ես իրավունք չունեմ։
Ֆլայնը գլուխն օրորեց։
— Ապառիկ առեւտուրն առաջարկություն է, ոչ թե օրենք։ Քաղաքակիրթ աշխարհում անհատն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու։ Շատ ներողություն, սըր։— Նա կրկին նայեց իր ժամացույցին եւ Քոլինզին տվեց իր ձեռքի թուղթը։— Բարի չէի՞ք լինի ընթերցեք այս հաշիվը եւ ասել, արդյոք ամեն ինչ կարգի՞ն է։
Քոլինզը վերցրեց թուղթը եւ կարդաց․
Մի պալատ, իր պատկանելություններով… 450000000 վարկ։
«Փոուհա Մինայլի» տանողների ծառայությունները… 111000 վարկ։
122 պարուհի ……… 122000000 վարկ։
Կատարյալ առողջություն ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 888234051 վարկ։
Նա արագ աչքի անցկացրեց ցուցակը։ Ամբողջն իրար հետ կազմում էր տասնութ բիլիոն վարկից մի քիչ ավել։
— Սպասե՛ք, մի րոպե,— գոռաց Քոլինզը։— Ինձնից չեք կարող այդքան բան պահանջել։ Ուտիլիզատորն իմ սենյակում պատահաբար հայտնվեց։
— Հենց այդ փաստի վրա էլ ուզում եմ հրավիրել նրանց ուշադրությունը,— ասաց Ֆլայնը։— Ո՞վ գիտե։ Գուցե պահանջները չափավոր են։ Փորձելը վնաս չի տա։
Քոլինզը զգաց, որ հատակը ոտքերի տակ օրորվում է։ Ֆլայնի դեքմը սկսեց հալվել։
— Ժամանակը սպառվեց,— ասաց Ֆլայնը։— Հաջողություն եմ ցանկանում։
Քոլինզը փակեց աչքերը։
Երբ նորից բացեց, կանգնած էր մի ամայի հարթավայրում, որ շրջապատված էր սրածայր լեռներով։ Ցուրտ քամին ձաղկում էր նրա երեսը, երկինքը պողպատի գույն ուներ։
Կողքը մի քրջոտ հագնված մարդ էր կանգնած։
— Առ, — ասաց նա եւ Քոլինզի ձեռքը մի քլունգ տվեց։
— Սա ի՞նե է։
— Սա քլունգ է,— համբերությամբ բացատրեց քրջոտ հանված մարդը։— Իսկ այ այնտեղ հանքն է, որտեղ դու, ես եւ մի քանի ուրիշները մարմար ենք հանելու։
— Մարմա՞ր։
— Իհարկե։ Միշտ կան ապուշներ, որոնք պալատ են ուզում,— ծուռ ժպիտով ասաց Քոլինզը զրուցակիցը։— Կարող ես իձ անվանել Ջանգ։ Մենք որոշ ժամանակ իրար հետ կլինենք։
Քոլինզն աչքերն անմտորեն թարծեց․
— Ինչքա՞ն։
— Ինքդ հաշվիր։ Աշխատանքիդ դիմաց ամսեկան հիսուն վարկ պարտքիցդ կհանվի։
Քլունգն ընկավ Քոլինզի ձեռքից։ Չի կարող պատահել։ Մի՞թե իր պես այդպես կվարվեն։ «Ուտիլիզացիոն գործակալությունը» պետք է իր սխալը հասկացած լինի։ Չէ՞ որ հենց իրենք էին սխալվել, թույլ տալով, որ մեքենան ընկնի անցյալ։ Մի՞թե չեն հասկանում։
— Սա սխալմո՛ւնք է,— ասաց Քոլինզը։
— Ոչ մի սխալմունք,— պատասխանեց Ջանգը։— Նրանք աշխատուժի սուր կարիք ունեն։ Ստիպված որտեղից ասես հավաքագրում են։ Արի։ Առաջին հազար տարուց հետո կսովորես։
Քոլինզն արդեն Ջանգի ետեւից գնում էր հանք։ Նա կանգ առավ։
— Առաջին հազար տարո՞ւց։ Ես այդքան չեմ ապրի։
— Իհարկե կապրես,— հավատացրեց Ջանգը։— Անմահություն ես ստացել, չէ՞։
Այո, ստացել էր։ Ինքն անմահություն էր խնդրել մեքենայի անհետանալուց անմիջապես առաջ։ Թե՞ նրանք էին մեքենան ետ վերցրել այն բանից հետո, երբ ինքն անմահություն ուզեց։
Քոլինզը մի բան հիշեց։ Տարօրինակ է, բայց նա չէր հիշում, որ Ֆլայնի տված հաշվի մեջ անմահության մասին գրված լիներ։
— Իսկ անմահությունը վրաս ինչքան են հաշվել,— հարցրեց նա։
Ջանգը նայեց Քոլինզին ու ծիծաղեց։
— Միամիտ֊միամիտ մի խոսիր, բարեկամս։ Մինչեւ հիմա պետք է հասկացած լինեիր։
Նրանք մոտենում էին հանքին։
— Նրանց մոտ դա միակ բանն է, որ չարժե ոչինչ։