Անսպասելի հաղթանակ

Գրապահարան-ից
Անսպասելի հաղթանակ

հեղինակ՝ Այզեկ Ազիմով
թարգմանիչ՝ Ջուլիետա Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ուխտագնացություն դեպի երկիր»

Տիեզերանավը ամբողջովին ծակծկված էր, ինչպես ասում են՝ իսկը մաղ։

Բայց հենց այդպես էլ նախատեսված էր։ Ըստ էության, բանն էլ հենց դա էր։

Եվ հասկանալի է, որ Հանիմեդից դեպի Յուպիտեր թռչելիս տիեզերանավը լիուլի լցված էր զուտ տիեզերական վակուումով։ Իսկ քանի որ նավում չկար եւ ոչ մի ջեռուցիչ սարք, ապա այդ տիեզերական վակուումը ուներ իր սովորական ջերմաստիճանը՝ բացարձակ զրոյից մի քիչ բարձր։

Եվ դա էլ էր համապատասխանում մտահղացմանը։ Այնպիսի չնչին բանը, ինչպես ջերմության եւ օդի բացակայությունը, ոչ ոքի չէր զարմացնում այս տիեզերանավում։

Յուպիտերի չափազանց նոսր մթնոլորտի առաջին բաժինները տիեզերանավ սկսեցին թափանցել մոլորակի մակերեւույթից դեռեւս մի քանի հազար մղոն հեռավորության վրա։ Դա մաքուր ջրածին էր։ Մթնոլորտային ճնշումն անընդհատ բարձրանում էր ու բարձրանում, հասնելով միլիոն երկրային մթնոլորտի։

Տիեզերանավը դանդաղ առաջ էր գնում դեպի իր ճանապարհորդության նպատակակետը, անցնելով գազի մոլեկուլների կուտակումների միջով, որոնք այնքան էին խտացել, որ նույնիսկ ջրածինը օժտվել էր հեղուկի խտությամբ։ Ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի յոթանասուն աստիճան ցածր էր զրոյից։ Ամոնիակի գոլորշիները, որ վեր էին բարձրանում աներեւակայելիորեն անեզր ամոնիակային օվկիանոսից, էլ ավելի էին սաստկացնում այս զարհուրելի մթնոլորտը։ Քամին, որ ծնունդ էր առել հինգ հազար մղոն բարձրության վրա ինչ֊որ տեղ, այնպիսի արագությամբ էր սուրում, որ այդպիսի մթնոլորտային երեվույթը մրրիկ անվանելը ամենամեղմ բանը կլիներ։

Տիեզերանավը դեռ չէր իջել յուպիտերյան մեծ կղզու վրա (որն իր մակերեսով յոթ անգամ գերազանցում էր Ասիային), սակայն միանգամայն ակնհայտ էր, որ Յուպիտերը այնքան էլ հաճելի աշխարհ չէ։

Եվ այնուամենայնիվ նավի անձնակազմի երեք անդամներին հաճելի թվաց։ Ի դեպ, այդ երեքին չէր կարելի ոչ մարդ անվանել եւ ոչ էլ՝ յուպիտերցի։

Նրանք պարզապես ռոբոտ էին, Երկրում ստեղծված ռոբոտ։

XX֊3֊ը ասաց․

— Սա, կարծես, մի ամայի անկյուն է։

XX֊2֊ը համաձայնեց նրա հետ եւ խոժոռ նայեց քամուց հարթված բնապատկերին։

— Հեռվում ինչ֊որ շինություններ են երեւում,— ասաց նա։— Դրանք հաստատ արհեստական ծագում ունեն։ Ես առաջարկում եմ սպասել, մինչեւ որ դրանց բնակիչները կգան մեզ մոտ։

Ընկերների կողքը կանգնած XX֊1֊ը լսում էր նրանց, բայց ոչինչ չէր ասում։ Նրան ստեղծել էին այդ երկուսից առաջ, եւ նա կիսափորձնական էր։ Դրա համար էլ քիչ էր մասնակցում խոսակցությանը։

Նրանք շատ չսպասեցին։ Երկնքից ցած սուրաց տարօրինակ կառուցվածքի մի նավ։ Նրան հետեւեցին եւս մի քանիսը։ Այնուհետեւ մոտեցավ ցամաքային փոխադրամիջոցների շարասյունը, որտեղից դուրս եկան ինչ֊որ կենդանի արարածներ։ Հայտնվեցին նաեւ տարբեր առարկաներ, որոնք, ըստ երեւույթին, զենք էին։ Որոշ առարկաներ քարշ էին տալիս մի քանի յուպիտերցիներ, մյուսներն այնքան թեթեւ էին, որ մի հոգու ուժը բավարարում էր, իսկ երրորդներն իրենք իրենց էին շարժվում։ Յուպիտերցիները, երեւի, նստած էին դրանց ներսում։

Ռոբոտները չէին կարող ճիշտը իմանալ։

— Մեզ շրջապատեցին,— ասաց XX֊3֊ը։— Որպեսզի ցույց տանք մեր խաղաղ մտադրությունները, ավելի տրամաբանական կլինի նավից դուրս գանք։ Համաձա՞յն եք։

Մյուսները համաձայնեցին նրա հետ, եւ XX֊1֊ը բացեց ծանր դուռը, որ ոչ կրկնակի էր եւ ոչ էլ հերմետիկ։ Ռոբոտների հայտնվելը իրարանցում առաջացրեց յուպիտերցիների մեջ։ Նրանք ինչ֊որ բան արեցին տիեզերանավին մոտեցրած ամենամեծ առարկային, եւ XX֊3֊ը զգաց, որ իր բերիլիումային֊իրիդիումային֊բրոնզային մարմնի վերին շերտի ջերմաստիճանը բարձրանում է։

Նա մի հայացք գցեց XX֊2֊ին։

— Զգո՞ւմ ես։ Երեւի նրանք ջերմային էներգիայի հոսք են ուղղել մեզ վրա։

— Բայց ինչո՞ւ,— զարմացավ XX֊2֊ը։

— Դա հաստատ ինչ֊որ ջերմային ճառագայթ է։ Հապա մի նայիր այնտեղ։

Ճառագայթներից մեկը մի կողմ շեղվեց եւ ընկավ զուտ ամոնիակի փայլփլուն առվակի վրա, որն իսկույն սկսեց եռալ։

XX֊3֊ը դարձավ XX֊1֊ին։

— Առաջի՛ն, սա դու նշիր մոտդ։

— Հասկանալի է, կանեմ։

Հենց XX֊1֊ին բաժին ընկավ քարտուղարի աշխատանքը, եւ նա նշումներ էր անում, պարզապես լցնելով իր հիշողության բջիջները։

— Ճառագայթի առավելագույն ջերմաստիճանը զրոյից բարձր է երեսուն աստիճան ըստ Ցելսիուսի,— ավելացրեց Առաջինը։

— Գուցե փորձենք կապվե՞լ նրանց հետ,— ընդհատեց Երկրորդը։

— Զուր տեղը ժամանակ կկորցնենք,— ասաց Երրորդը։— Յուպիտերցիներից շատ քչերը գիտեն այն ռադիոկոդը, որի օգնությամբ Յուպիտերի եւ Հանիմեդի միջեւ կապ է հաստատվում։ Ասենք, նրանք կարող են մասնագետ բերել, որը մեզ հետ շփման մեջ կմտնի։ Իսկ առայժմ հետեւենք նրանց։ Խոստովանում եմ, որ գլուխ չեմ հանում նրանց գործողություններից։

Ջերմային ճառագայթումը դադարեց, իսկ յուպիտերցիները մոտ բերին եւ գործի դրեցին մի ուրիշ զենք։ Ռոբոտների ոտքերի մոտ մի քանի պատիճներ ընկան։ Յուպիտերի ձգողականության պատճառով դրանք արագ խրվեցին գետնի մեջ։ Պատիճները ճայթյունով բացվեցին, նրանցից դուրս թափվեց եւ լճափոսեր գոյացրեց մի ինչ֊որ կապույտ հեղուկ, որն իսկույն էլ սկսեց գոլորշիանալ։

Պոռթկուն քամին քշեց տարավ այդ գոլորշիները, իսկ յուպիտերցիները շտապեցին անցնել քամու հակառակ կողմը։ Նրանցից մեկը դանդաղեց եւ իսկույն էլ սկսեց ջղաձգորեն ցնցվել, հետո մի տեսակ թուլացավ եւ անշարժացավ։

XX֊2֊ը կռացավ, մատը մտցրեց ջրափոսերից մեկի մեջ ու սկսեց նայել մատից կաթացող հեղուկին։

— Ես կարծում եմ, որ սա թթվածին է,— ասաց նա։

— Իհարկե, թթվածին է,— համաձայնեց Երրորդը։— Ինչ֊որ տարօրինակ բան է կատարվում։ Թթվածինը, որքան գիտեմ, վնասակար է այս արարածների համար։ Նրանցից մեկը զոհվեց։

Ռոբոտները լռեցին, հետո XX֊1֊ը, որն աչքի էր ընկնում պարզամտությամբ, ուստի եւ գտնում էր, որ երկաթը տաք֊տաք կծեծեն, ասաց․

— Հնարավոր է, որ այս տարօրինակ էակները նման ոչ լուրջ բաներով փորձում են ոչնչացնել մեզ։

Եվ XX֊2֊ը, ցնցվելով այդ ենթադրությունից, պատասխանեց․

— Գիտե՞ս ինչ, Առաջին, իմ կարծիքով, դու իրավացի ես։ Չէ՞ որ մեր տերերը՝ մարդիկ էլ էին ասում, որ յուպիտերցիներն ուզում են ոչնչացնել ողջ մարդկությունը, իսկ նման էակները, որոնք չարությունից այնքան ցնդել են, որ մտածում են մարդուն վնասելու մասին…— այս բառերն արտասանելիս Երկրորդի ձայնը դողաց,— անպայման կուզեն ոչնչացնել եւ մեզ։

— Ամոթ է, ինչ անտանելի բնավորություն ունեն,— ասաց XX֊1֊ը։— Խղճուկնե՜ր։

— Ըստ իս, դա շատ ցավալի է,— համաձայնվեց Երկրորդը։— Եկեք վերադառնանք տիեզերանավ։ Հերիք է, ինչ֊որ տեսանք։

Մտնելով տիեզերանավ՝ նրանք սկսեցին սպասել։ Ինչպես ասաց XX֊3֊ը, Յուպիտերը շատ ընդարձակ մոլորակ էր, եւ ռադիոկոդի մասնագետին կարող էին երկար փնտրել։ Ասենք, ռոբոտների համբերությունը անսպառ էր։

Եվ իսկապես, Յուպիտերը, ժամանակաչափի ցուցումներով, երեք անգամ պտտվեց իր առանցքի շուրջը, մինչեւ եկավ փորձագետը՝ ռադիոկոդի մասնագետը։ Բնականաբար, այստեղ ոչ արեւածագ եղավ, ոչ էլ մայրամուտ։ Հեղուկի պես խիտ երեք հազար մղոն ձգվող մթնոլորտը անթափանց խավարով պարուրել էր մոլորակը, եւ ոչ ոք չէր կարող ցերեկը տարբերել գիշերից։ Ասենք, ոչ ռոբոտների, ոչ էլ յուպիտերցիների համար տեսանելի լուսային ճառագայթումը ոչ մի դեր չէր խաղում, նրանց տեսողությունը այլ սկզբունքով էր գործում։

Ահա արդեն երեսուն ժամ յուպիտերցիները շարունակում էին տիեզերանավի պաշարումը։ Նրանք գրոհում էին համառորեն, համբերատար եւ ամենայն դաժանությամբ։ Այդ մասին իր հիշողության մեջ բազմաթիվ նշումներ արեց XX֊1֊ը։ Յուպիտերցիները անընդհատ նոր զենքեր էին գործի դնում, իսկ ռոբոտները, ուշի ուշով հետեւելով նրանց գրոհներին, ամեն անգամ վերլուծում էին դրանք։

Նրանց տեր֊մարդիկ ամեն ինչ շատ դիմացկուն էին սարքել։ Նավի եւ ռոբոտների ստեղծումը տեւել էր տասնհինգ տարի, եւ նրանց էությունը կարելի էր արտահայտել մի բառով՝ զորություն։ Անհնարին էր նրանց ոչնչացնելը, ոչ նավը, ոչ էլ ռոբոտները ամրությամբ չէին զիջում իրար։

— Ինձ թվում է, մթնոլորտը խանգարում է նրանց,— ասաց Երրորդը,— Նրանք չեն կարողանում օգտագործել ատոմային լիցքը, քանի որ իրենք կարող են պայթել այս թանձր մթնոլորտում։

— Նրանք պայթուցիկ նյութ էլ չեն կարող օգտագործել,— ասաց Երկրորդը։— Եվ դա լավ է։ Մեզ դրանք, իհարկե, ոչ մի վնաս չէին տա, բայց մի լավ կցնցեին։

— Պայթուցիկ նյութերի մասին խոսք անգամ չի կարող լինել։ Առանց գազերի ակնթարթային ընդարձակման պայթյուն չի լինում, իսկ գազը պարզապես չի կարողանա ընդարձակվել այս մթնոլորտում։

— Շատ լավ մթնոլորտ է,— փնթփնթաց Առաջինը։— Ինձ դուր է գալիս։

Այս բառերը միանգամայն բնական հնչեցին․ XX սերիայի ռոբոտներին ստեղծում էին հենց այսպիսի մթնոլորտի համար։ Արտաքուստ նրանք ոչ մի բանով նման չէին մարդուն։ Ցածրահասակ էին եւ լայն, նրանց ծանրության կենտրոնը գտնվում էր գետնի մակերեւույթից մեկ ֆուտից էլ պակաս բարձրության վրա։ Ռոբոտները ունեին վեց ոտք՝ կարճ ու հաստ, որոնք նախատեսված էին մի քանի տոննա ծանրաբեռնվածության համար այնպիսի պայմաններում, երբ ձգողությունը երկուսուկես անգամ գերազանցում է երկրային ձգողությունը։

Կշռի ավելցուկը հավասարակշռելու համար ռոբոտներին օժտել էին մի այնպիսի ռեակցիայով, որը մի քանի անգամ գերազանցում է Երկրի վրա անհրաժեշտ ռեակցիան։ Բացի այդ, ռոբոտները պատրաստված էին բերիլիումային֊իրիդիումային֊բրոնզե համաձուլվածքից, որը ոչ մի քայքայման չէր ենթարկվում։ Այս համաձուլվածքի դեմ անզոր էին բոլոր տեսակի զենքերը, բացի հազար մեգատոն հզորությամբ ատոմային զենքից։

Սպասելով ռադիոկոդի մասնագետին՝ ռոբոտներն զբաղված էին նրանով, որ բավական անվստահորեն աշխատում էին գոնե ինչ֊որ կերպ նկարագրել յուպիտերցիների արտաքինը։ XX֊1֊ը նշեց նրանց շոշափուկները եւ մարմնի շրջանաձեւ համաչափությունը, ու այլեւս անկարող էր… որեւէ բան ավելացնել։ Երկրորդն ու Երրորդը ամեն կերպ ճգնում էին օգնել նրան, բայց նույնպես անարդյունք։

— Չի կարելի ինչ֊որ բան նկարագրել,— վերջապես հայտարարեց Երրորդը,— չհամեմատելով մի այլ բանի հետ։ Ես երբեք տեսած չկամ այսպիսի արարածներ…

Այդ ժամանակամիջոցում յուպիտերցիները դադարեցին փորձել իրենց զենքը եկվորների վրա։ Ռոբոտները դուրս նայեցին նավից։ Մի խումբ յուպիտերցիներ առաջ էին գալիս տարօրինակ ցատկերով։ Ռոբոտները դուրս եկան նրանց ընդառաջ։ Յուպիտերցիները կանգ առան տասը ֆուտ հեռավորության վրա։ Երկու կողմերն էլ լռում էին եւ չէին շարժվում տեղից։

Հանկարծ լսվեց մի ուժգին չրխկոց, եւ XX֊1֊ը ուրախ ասաց․

— Սա ռադիոկոդն է։ Նրանց կապի մասնագետը եկել է։

Այդպես էլ կար։ Մորզեի բարդացված այբուբենը, որը քսանհինգ տարվա ընթացքում Յուպիտերի բնակիչները եւ Հանիմեդի մարդիկ համատեղ ջանքերով վեր էին ածել զարմանալիորեն ճկուն հաղորդակցման միջոցի, վերջապես կիրառվեց մոտիկից։

Այժմ առաջ էր եկել մեկ յուպիտերցի, իսկ մյուսները ետ էին քաշվել։ Նա էլ սկսեց բանակցությունները։

— Որտեղի՞ց եք եկել,— չրխկաց նա։

XX֊3֊ը՝ որպես առավել մտավորապես զարգացած, խոսեց ռոբոտների խմբի անունից։

— Մենք Հանիմեդից ենք, Յուպիտերի արբանյակից։

— Ինչի՞ համար եք եկել,— շարունակեց յուպիտերցին։

— Մեզ ինֆորմացիա է հարկավոր։ Մենք եկել ենք այստեղ, որ ուսումնասիրենք ձեր աշխարհը եւ ստացած տեղեկությունները հասցնենք Հանիմեդ։ Եթե օգնեք մեզ…

— Դուք պետք է ոչնչացվեք,— իր չրխկոցով ընդհատեց նրան յուպիտերցին։

XX֊3֊ը լռեց եւ մտախոհ ասաց ընկերներին․

— Տեր֊մարդիկ ասում էին, որ սրանք հենց այս դիրքն էլ բռնելու են։ Շատ տարօրինակ արարածներ են։

Ինքն էլ անցնելով չրխկոցի՝ նա ուղղակի հարցրեց․

— Ինչո՞ւ պիտի ոչնչացվենք։

Յուպիտերցին, հավանաբար, իր արժանապատվությունից ցածր համարեց նման հարցին պատասխանելը։

— Եթե քսանչորս ժամվա ընթացքում դուք հեռանաք Յուպիտերից, մենք ձեզ կխնայենք… Առայժմ դուրս չենք գա մեր մթնոլորտի սահմաններից եւ չենք ոչնչացնի հակայուպիտերային հրոսակախումբը, որը հաստատվել է Հանիմեդի վրա։

— Ես կուզենայի նշել,— ասաց Երրորդը,— որ մենք՝ Հանիմեդի եւ ներքին մոլորակների բնակիչներս…

— Համաձայն մեր աստղագիտության,— ընդհատեց նրան յուպիտերցին,— գոյություն ունեն միայն Արեւը եւ մեր չորս արբանյակները։ Ոչ մի ներքին մոլորակ չկա։

Երրորդը հոգնեց վիճելուց։

— Լավ։ Թող այդպես լինի։ Մենք՝ Հանիմեդի բնակիչներս, ոչ մի ակնկալություն չունենք Յուպիտերի նկատմամբ։ Մենք բարեկամություն ենք առաջարկում։ Քսանհինգ տարի դուք Հանիմեդի մարդկանց հետ հաղորդակցվել եք ռադիոկոդի միջոցով, մի՞թե մի որեւէ պատճառ կա այսպես հանկարծակի պատերազմ հայտարարելու համար։

— Քսանհինգ տարի,— հետեւեց սառը պատասխանը,— մենք Հանիմեդի բնակիչներին համարում էինք յուպիտերցիներ։ Երբ իմացանք, որ դա այդպես չէ, որ մենք հաղորդակցվել ենք, ըստ մեր յուպիտերյան հասկացողության, ստորին կենդանիների հետ՝ որպես բանական էակների հետ, ապա որոշեցինք միջոցներ ձեռնարկել այդ խայտառակությունը վերացնելու համար։

Զրույցն այսքանով ավարտվեց։

Ռոբոտները վերադարձան նավ։

— Գործներս վատ են,— մտախոհ ասաց XX֊2֊ը։— Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ասում էին տեր֊մարդիկ։ Յուպիտերցիների մոտ ծայրաստիճան զարգացած է գերազանցության կոմպլեքսը, եւ նրանք բացարձակապես անհանդուրժողական են այն ամենի նկատմամբ, ինչը վիրավորում է նրանց կոմպլեքսը։

— Անհանդուրժողականությունը,— նկատեց Երրորդը,— կոմպլեքսի բնական հետեւանքն է։ Վատն այն է, որ նրանց անհանդուրժողականությունը մարտնչող է։ Նրանք զենք ունեն… եւ նրանց գիտությունը նշանակալի նվաճումների է հասել։

— Հիմա ես չեմ զարմանում, որ մեզ հատուկ ցուցմունք է տրված չենթարկվել յուպիտերցիների հրամաններին,— բորբոքված խոսեց XX֊1֊ը։— Դրանք սոսկալի, անտանելի, կեղծ բարձրակարգ արարածներ են։— Եվ հավատարիմ ռոբոտը ջերմեռանդորեն ավելացրեց․— Ոչ մի տեր֊մարդ իրեն այդպես չէր պահի։

— Դա ճիշտ է, բայց գործին չի վերաբերում,— ասաց Երրորդը։— Տեր֊մարդկանց ահավոր վտանգ է սպառնում։ Յուպիտերը վիթխարի մոլորակ է, այստեղի բնակիչները աներեւակայելի պաշարներ ունեն եւ իրենց թվով հարյուր անգամ գերազանցում են ամբողջ երկրային ոլորտի ազդեցության մարդկանց։ Եթե նրանք երբեւիցե ստեղծեն մի այնպիսի հզորության ուժային դաշտ, որը թաղանթ ծառայի տիեզերանավի համար, ապա հեշտությամբ կնվաճեն ողջ Արեգակնային համակարգը։ Հարցն այն է, թե որքա՞ն են առաջ գնացել այդ ուղղությամբ, ինչպիսի՞ զենք ունեն, ինչպիսի՞ նախապատրաստություն են տեսնում եւ այլն, եւ այլն։ Մեր խնդիրն է ձեռք բերել այդ տեղեկությունները։

— Ինձ թվում է, որ մենք մի քիչ պիտի սպասենք,— ավելացրեց Երրորդը։— Երեսուն ժամվա ընթացքում նրանք փորձեցին ոչնչացնել մեզ եւ ոչ մի արդյունքի չհասան։ Նրանք, հավանաբար, արեցին այն ամենը, ինչ կարողացան։ Գերազանցության կոմպլեքսը միշտ հանգեցնում է իր հեղինակությունը փրկելու անհրաժեշտությանը, եւ դրա ապացույցն է նրանց վերջնագիրը։ Նրանք ոչ մի դեպքում թույլ չէին տա, որ մենք թռչեինք, եթե կարողանային ոչնչացնել մեզ։ Բայց եթե մենք չհեռանանք իրենց մոլորակից, նրանք, հասկանալի է, չեն խոստովանի իրենց անզորությունը, այլ ավելի շուտ կձեւացնեն, իբր իրենք են ցանկացել, որ մենք մնանք։

Եվ նորից ռոբոտները հանդիպեցին ռադիոկոդի յուպիտերցի մասնագետի հետ։

Եթե XX սերիայի ռոբոտներին օժտած լինեին հումորի զգացումով, ապա նրանք գերագույն հաճույք կզգային։ Սակայն նրանք չափազանց լրջորեն էին վերաբերվում գործին։

Յուպիտերցին ասաց․

— Մենք ձեզ թույլ ենք տալիս մնալ կարճ ժամկետով, որպեսզի ինքներդ համոզվեք, որ մենք հզոր ենք։ Հետո դուք կվերադառնաք Հանիմեդ եւ ձեր ամբողջ խաժամուժին կհայտնեք, որ մեկ տարի հետո նրանց անխուսափելի կործանում է սպասում։

XX֊1֊ը ակամա նշեց, որ Յուպիտերի մեկ տարին հավասար է տասներկու երկրային տարվա։

Երրորդը անբռնազբոսիկ տոնով ասաց․

— Շնորհակալություն։ Դուք մեզ չե՞ք ուղեկցի դեպի մոտակա քաղաքը։ Մենք կուզենայինք շատ բան իմանալ։— Եվ, մի քիչ մտածելուց հետո, ավելացրեց․— Մեր նավին, հասկանալի է, չի կարելի ձեռք տալ։

Նա չէր սպառնում, այլ ուղղակի խնդրեց, որովհետեւ XX սերիայի եւ ոչ մի ռոբոտը կռվարար չէր։ Նրանց ստեղծելիս բացառել էին ամենաչնչին չափով բորբոքվելու հնարավորությունն իսկ։ Փորձարկումների երկար տարիների ընթացքում պարզվել էր, որ մարդկանց անվտանգության տեսակետից ուղղակի անհրաժեշտ է, որ XX սերիայի ռոբոտները հավասարակշռված եւ խաղաղ բնավորություն ունենան։

— Մեզ չի հետաքրքրում ձեր փտած տաշտակը,— ասաց յուպիտերցին։— Մեզանից ոչ մեկը չի պղծի իրեն՝ ձեռք տալով դրան։ Դուք կարող եք գալ մեզ հետ, բայց տասը ֆուտ հեռավորության վրա կքայլեք։ Հակառակ դեպքում՝ անմիջապես կոչնչացվեք։

— Այ քեզ գոռոզամտությո՜ւն,— շշնջաց Երկրորդը։

Նավահանգստային քաղաքը գտնվում էր վիթխարի ամոնիակային լճի ափին։ Քամին քշում էր տանում մոլեգնած փրփրադեզ ալիքները, որոնք սրընթաց գլորվում էին եւ ակնթարթաբար էլ փլվում ուժեղ ձգողականության պատճառով։ Նավահանգիստն այնքան էլ մեծ չէր, բայց ոչ մի կասկած չկար, որ կառույցների մեծ մասը գտնվում է գետնի տակ։

— Որքա՞ն բնակիչ ունեք,— հարցրեց Երրորդը։

— Սա փոքրիկ քաղաք է՝ տասը միլիոն բնակչությամբ,— պատասխանեց յուպիտերցին։

— Հասկանալի է։ Նշիր դա, Առաջին։

XX֊1֊ը ինքնաբերաբար սեւեռակեց դա իր հիշողության մեջ, շրջվեց դեպի լիճը եւ հետաքրքրությամբ նայեց։ Հետո թեւանցուկ արեց Երրորդին։

— Լսիր, իսկ սրանց մոտ ձուկ լինո՞ւմ է։

— Մեկ չի՞ քեզ համար։

— Ինձ թվում է, որ մենք պետք է տեսնենք։ Տեր֊մարդիկ հրամայել են իմանալ այն ամենը, ինչ հնարավոր է։

Երեք ռոբոտներից Առաջինը ամենապարզն էր, ուստի եւ բոլոր հրամանները բառացիորեն էր հասկանում։

— Թող Առաջինը նայի, եթե ուզում է,— ասաց Երկրորդը։— Թող տղան մի քիչ զվարճանա։ Դրանից վնաս չի լինի։

— Լավ։ Միայն ժամանակ չկորցնես։ Մենք ձկան համար չենք եկել այստեղ… Գնա, Առաջին։

XX֊1֊ը նետվեց դեպի լճափը, անցավ այն եւ ճողփյունով սուզվեց ամոնիակի մեջ։ Յուպիտերցին ուշադիր հետեւում էր նրան։

Ռադիոկոդի մասնագետը չրխկացրեց․

— Տեսնելով մեր գերազանցությունը, ձեր ընկերը, երեւի, հուսահատությունից որոշեց ինքնասպան լինել…

Երրորդը անկեղծորեն զարմացավ․

— Ոչ բոլորովին։ Նա ուզում է տեսնել, թե արդյոք կենդանի արարածներ ապրո՞ւմ են ամոնիակի մեջ։— Եվ հետո ներողություն հայցող տոնով ավելացրեց․— Մեր ընկերը երբեմն շատ հետաքրքրասեր է լինում, նա այնքան էլ խելոք չէ, ինչպես մենք, բայց դա նրա միակ թերությունն է, որը արժանի է ներողամտության։

Յուպիտերցին երկար լուռ մնալուց հետո ասաց․

— Կխեղդվի։

— Նրան ոչ մի վտանգ չի սպառնում,— հանգիստ պատասխանեց Երրորդը։— Դուք մեզ թույլ կտա՞ք մտնել քաղաք, հենց որ նա վերադառնա։

Այդ պահին լճի խորքից հեղուկի մի քանի հարյուր մետրանոց շատրվան վեր խոյացավ։ Քամին որսաց այն եւ շպրտեց ներքեւ, շուրջը սփռելով անհամար ցայտեր։ Վեր խոյացավ եւս մեկ շիթ, հետո նորից մոլեգնորեն բլթբլթաց հեղուկը, եւ դեպի ափ ձգվեց տարօրինակ փրփրահետքը։

Երկու ռոբոտն էլ ապշած նայում էին կատարվածին։

Յուպիտերցիները անշարժ քարացել էին տեղում եւ նույնպես լարված նայում էին լճին։

Լճի երեսին հայտնվեց XX֊1֊ի գլուխը։ Նա դանդաղորեն դուրս եկավ ափ։ Բայց նրա ետեւից լճում երեւաց վիթխարի չափերի մի էակ, որը, կարծես, ամբողջովին բաղկացած էր ժանիքներից, ճիրաններից եւ փշերից։ Հետո ռոբոտները տեսան, որ այդ արարածը ոչ թե ինքն է շարժվում, այլ նրան ափ է հանում XX֊1֊ը։

XX֊1֊ը բավական վեհերոտ մոտեցավ յուպիտերցուն եւ ինքը կապի մեջ մտավ նրա հետ՝ տենդագին չրխկացնելով․

— Ես շատ ցավում եմ, որ այսպես ստացվեց, բայց այդ արարածն ինքը հարձակվեց վրաս։ Ես միայն ուզում էի նկարագրել նրան։ Հուսով եմ, որ սա այնքան էլ արժեքավոր կենդանի չէ։

Նրան միանգամից չպատասխանեցին, քանի որ հրեշի հայտնվելը չափազանց նոսրացրեց յուպիտերցիների շարքերը։ Նրանք նորից մոտեցան, երբ համոզվեցին, որ կենդանին մեռած է։

XX֊3֊ը ասաց համեստորեն․

— Հուսով ենք, դուք կներեք մեր ընկերոջը։ Նա մի քիչ անշնորհք է։ Մենք չէինք ցանկանում սպանել յուպիտերյան եւ ոչ մի կենդանու։

— Նա հարձակվեց վրաս,— բացատրեց Առաջինը,— նա ինձ կծեց առանց որեւէ պատճառի։ Նայեք։— Ու ցույց տվեց երկուֆուտանոց ժանիքը, որը կոտրվել էր կծելուց։— Նա կծեց ուսս եւ քիչ մնաց քերծեր։ Ես մի թեթեւ խփեցի նրան, որպեսզի ետ քշեմ, իսկ նա… սատկեց։ Ներեցեք ինձ։

Վերջապես յուպիտերցին խոսեց, սակայն նրա չրխկոցը այնքան էլ հստակ չէր։ Նա կարծես կակազում էր։

— Սա վայրի գազան է, որը շատ հազվադեպ է պատահում ափի մոտ, բայց լիճն այստեղ շատ խորն է։

Դեռեւս իրեն անհարմար վիճակում զգացող Երրորդը ասաց․

— Եթե դուք նրան օգտագործում եք որպես սնունդ, ապա մենք ուրախ կլինեինք…

— Ոչ։ Մենք մեզ համար կարող ենք սնունդ հայթայթել առանց մի ինչ֊որ խուժ… առանց կողմնակի օգնության։ Ինքներդ կերեք դրան։

Այդժամ XX֊1֊ը հեշտությամբ մի ձեռքով բարձրացրեց հրեշի դին ու նետեց լիճը։ Իսկ Երրորդը, իմիջայլոց, ասաց․

— Շնորհակալ ենք սիրալիր առաջարկության համար, բայց մենք սննդի կարիք չունենք։ Մենք, բնականաբար, ոչինչ չենք ուտում։

Մոտ երկու հարյուր զինված յուպիտերցիների ուղեկցությամբ ռոբոտներն իջան ստորերկրյա քաղաք։ Վերեւում քաղաքը փոքր էր թվում, բայց գետնի տակ բավական պատկառելի էր ու տպավորիչ։

Ռոբոտներին նստեցրին դիստանցիոն կառավարման վագոն (քանի որ իրեն հարգող եւ պատվարժան ոչ մի յուպիտերցի այնքան չէր նվաստանա, որ «ամեն տեսակ խուժանի հետ» նստեր նույն վագոնում), եւ նրանք ահավոր արագությամբ սլացան դեպի քաղաքի կենտրոն։ Իրենց անցած ճանապարհից նրանք եզրակացրին, որ քաղաքի մի ծայրից մյուսը հիսուն մղոն է, իսկ խորությամբ՝ ութ մղոն։

— Եթե յուպիտերցիների բնակչության քանակն այսպիսին է,— տրտում ասաց Երկրորդը, — ապա մեր զեկույցը տեր֊մարդկանց այնքան էլ մխիթարական չի լինի։ Չէ որ մենք պատահաբար իջանք Յուպիտերի ընդարձակ տարածքի այս կետում․ իսկական խոշոր բնակելի կետի մոտ վայրէջք կատարելու հնարավորությունը հազարից մեկն էր։

— Տասը միլիոն յուպիտերցի,— բացակայող տեսքով ասաց Երրորդը։— Ամբողջ բնակչությունը, երեւի, հաշվվում է տրիլիոններով, իսկ դա շատ մեծ բնակչություն է նույնիսկ Յուպիտերի համար։ Նրանց մոտ, հավանաբար, լրիվ ուրբանիստական քաղաքակրթություն է, իսկ դա խոսում է գիտության վիթխարի զարգացման մասին։ Եթե նրանք ունեն ուժադաշտ…

Վագոնը կանգ առավ հրապարակում։ Մոտակա փողոցները լցված էին յուպիտերցիներով, որոնք նույնքան հետաքրքրասեր էին, ինչպես որ առհասարակ բոլոր քաղաքների բնակիչները նման պարագաներում։

Ռոբոտներին մոտեցավ ռադիոկոդի մասնագետը։

— Իմ հանգստանալու ժամն է։ Մենք ձեզ այնքան ենք ընդառաջում, որ նույնիսկ կացարան ենք տալիս մնալու համար, չնայած դա մեզ շատ մեծ անհարմարություններ է պատճառում, քանի որ, այնտեղ մնալով, դուք պղծում եք այդ կացարանը, եւ մենք ստիպված կլինենք ձեզնից հետո այն քանդել եւ նորից կառուցել։ Եվ, այնուամենայնիվ, դուք քնելու տեղ ունեք։

XX֊3֊ը ձեռքը թափ տվեց որպես բողոքի նշան եւ հատ֊հատ ասաց․

— Մենք շնորհակալ ենք, բայց, խնդրում եմ, այդքան նեղություն մի՛ կրեք։ Մենք դեմ չենք լինի, որ դուք մեզ թողնեք հենց այստեղ։ Եթե ուզում եք հանգստանալ, քնել, մենք ձեզ այստեղ էլ կսպասենք։ Ինչ վերաբերում է մեզ,— ավելացրեց նա ամենայն հանգստությամբ,— մենք ընդհանրապես չենք քնում։

Յուպիտերցին դրան ոչ մի պատասխան չտվեց։ Ի դեպ, եթե նա դեմք ունենար, ապա նրա արտահայտությունը երեւի ծիծաղելի կլիներ։ Յուպիտերցին գնաց, իսկ ռոբոտները մնացին վագոնում։ Նրանց շրջապատում էր զինված յուպիտերցիների պահակախումբը։

Անցավ բավական ժամանակ, մինչեւ որ վերադարձավ ռադիոկոդի մասնագետը։ Նա ներկայացրեց իր հետ եկած յուպիտերցիներին։

— Ինձ հետ եկել են կենտրոնական կառավարության երկու պաշտոնյա, որոնք սիրով համաձայնվեցին զրուցել ձեզ հետ։

Պաշտոնյաներից մեկը, հավանաբար, գիտեր կոդը եւ իր չրխկոցով անհամբերությունից ընդհատեց մասնագետին․

— Հե՜յ, խաժամո՜ւժ,— դիմեց նա ռոբոտներին,— հապա մի դուրս եկեք վագոնից։ Մենք ուզում ենք նայել ձեզ վրա։

Ռոբոտներն ուրախությամբ կատարեցին այդ պահանջը։ Եվ այն ժամանակ, երբ Երրորդն ու Երկրորդը թռան վագոնի աջ կողմից, Առաջինը ցած նետվեց ձախ պատի միջով։ Հենց «միջով», քանի որ չբարեհաճեց գործի դնել պատն իջեցնող մեխանիզմը եւ այն լրիվ տեղահան արեց։ Պատի ետեւից քանդվեցին երկու անիվները եւ առանցքը։ Վագոնը փլվեց, ու XX֊1֊ը շշմած նայեց շուրջը։

Վերջապես նա չրխկացրեց․

— Ներեցեք։ Հուսով եմ, որ այս վագոնն այնքան էլ թանկ չէ։

XX֊2֊ը շփոթված ավելացրեց․

— Մեր ընկերը հաճախ է անշնորհք լինում։ Ներեցեք նրան։

XX֊3֊ը անհաջող փորձ արեց հավաքելու քարուքանդ եղած վագոնը։

XX֊1֊ը նորից ներողություն խնդրեց։

— Նյութը, որից պատրաստված է վագոնը, բոլորովին դիմացկուն չէ։ Այ տեսեք։— Նա երկու ձեռքով վերցրեց մեկ քառակուսի յարդ մեծության եւ երեք դյույմ հաստության պլաստիկը, որ երկաթի ամրություն ուներ, եւ այն ծռելով, մի ակնթարթում ջարդեց։— Ես դա պիտի հաշվի առնեի,— ասաց նա։

Յուպիտերյան կառավարության ներկայացուցիչը մի քիչ իջեցրեց իր տոնը․

— Վագոնը, միեւնույն է, պետք է ոչնչացվեր, քանի որ դուք արդեն պղծել եք,— նա լռեց եւ ավելացրեց․— Մենք՝ յուպիտերցիներս, գռեհիկ հետաքրքրասիրություն չենք ցուցաբերում ստորին կենդանիների նկատմամբ, սակայն մեր գիտնականներին փաստեր են հարկավոր։

— Մենք համաձայն ենք ձեզ հետ,— խրախուսիչ արձագանքեց Երրորդը։— Դրանք մեզ էլ են հարկավոր։

Յուպիտերցին չլսելու տվեց նրա խոսքը։

— Դուք, երեւի, զանգվածի նկատմամբ զգայուն օրգան չունեք։ Ինչպե՞ս եք, հապա, պատկերացում կազմում այն առարկաների մասին, որոնք չեք կարող շոշափել։

Երրորդը հետաքրքրությամբ հարցրեց․

— Դուք ուզում եք ասել, որ Յուպիտերի բնակիչները անմիջականորեն զգո՞ւմ են զանգվածը։

— Ես չեմ եկել այստեղ, որ պատասխանեմ ձեր հարցերին… ձեր լկտի հարցերին։

— Ուրեմն, որքան ես հասկանում եմ, ոչ մեծ զանգված ունեցող առարկաները ձեզ համար թափանցիկ են նույնիսկ ճառագայթման բացակայության ժամանակ։— Երրորդը շրջվեց Երկրորդի կողմը։— Այ թե ինչպես են նրանք տեսնում։ Այս մթնոլորտը թափանցիկ է նրանց համար, ինչպես վակուումը։

Յուպիտերցին նորից չրխկաց։

— Իսկույնեւեթ պատասխանեք իմ հարցին, թե չէ կհրամամայեմ ոչնչացնել ձեզ։

— Մենք էներգիան ենք զգում,— իսկույն պատասխանեց Երրորդը։— Մենք կարող ենք մեզ սարքավորել՝ ցանկացած հաճախականության էլեկտրամագնիսական տատանումները զգալու համար։ Հիմա մենք տեսնում ենք հեռավոր առարկաները, ճառագայթելով ռադիոալիքներ, իսկ մոտիկ առարկաները…— Ռոբոտը լռեց, ապա հարցրեց Երկրորդին․— Կա՞ մի այնպիսի կոդային բառ, որ կնշանակի գամմա֊ճառագայթ։

— Ես այդպիսի բառ չգիտեմ։

Երրորդը նորից դիմեց յուպիտերցուն․

— Մոտիկ առարկաները մենք տեսնում ենք մեկ ուրիշ ճառագայթման օգնությամբ, որը չունի կոդային բառ։

Յուպիտերցիները նահանջեցին, եւ, չնայած ռոբոտներին ոչ մի ձայն չհասավ, նրանց բացարձակապես աննկարագրելի մարմինների տարբեր մասերի անհասկանալի շարժումներից երեւում էր, որ եռանդագին խորհրդակցում են։

Այնուհետեւ պաշտոնյան կրկին մոտեցավ։

— Հանիմեդցի արարածներ։ Որոշեցինք ձեզ ցույց տալ մի քանի գործարան, որպեսզի ծանոթանաք մեր վիթխարի նվաճումների ամենաչնչին մասնիկին։ Այնուհետեւ ձեզ թույլ ենք տալիս վերադառնալ եւ արտաքին աշխարհի ողջ խաժա… բոլոր էակներին բացատրել իրենց դրության անհուսալիությունը։

Երրորդը դարձավ Երկրորդին։

— Տեսնո՞ւմ ես սրանց հոգեբանությունը։ Նրանք ամեն կերպ ճգնում են ապացուցել իրենց գերազանցությունը։ Խոսքն այժմ գնում է հեղինակությունը փրկելու մասին։— Ապա ռադիոկոդով ասաց։— Շնորհակալություն բարյացակամության համար։

Բայց շատ շուտով ռոբոտները հասկացան, որ յուպիտերցիները իսկապես խոշոր նվաճումներ ունեն։ Դա նմանվում էր հոյակապ ցուցահանդես այցելելու։ Յուպիտերցիները ցույց էին տալիս եւ բացատրում ամեն ինչ, հաճույքով պատասխանում էին բոլոր հարցերին, եւ XX֊1֊ը իր հիշողության մեջ բազմաթիվ վշտացնող նշումներ էր անում։

Սոսկ այս մեկ փոքրիկ քաղաքի հզորությունը մի քանի անգամ գերազանցում էր Հանիմեդի ռազմական կարողությանը։ Իրենց արդյունաբերական արտադրանքով տասը այսպիսի փոքր քաղաքները կարող էին գերազանցել մարդկանցով բնակված բոլոր մոլորակներին միասին վերցրած։ Իսկ չէ որ տասը այսպիսի քաղաքներում կբնակվեր, երեւի, Յուպիտերի բնակչության ամենաչնչին մասը։

Երրորդը դարձավ Առաջինին ու արմունկով հրեց նրան։

— Ի՞նչ եղավ։

— Երեւի, նրանք ուժադաշտ ունեն, ու այնժամ մեր տեր֊մարդիկ պարտված են,— լրջորեն ասաց XX֊1֊ը։

— Վախենում եմ, որ դու ճիշտ ես։ Իսկ ինչո՞ւ ես կարծում, որ նրանք ուժադաշտ ունեն։

— Որովհետեւ նրանք մեզ ցույց չեն տալիս գործարանի աջ թեւը։ Հնարավոր է, որ այնտեղ աշխատում են ուժադաշտերի վրա։

Նրանք գտնվում էին խոշոր պողպատաձուլական գործարանում, որտեղ պատրաստում էին ամոնիակակայուն կայծքարային֊պողպատային ձուլվածքի հարյուր փուտանոց ձողեր։

— Ի՞նչ կա այն թեւում,— հանգիստ հարցրեց Երրորդը պետական պաշտոնյային։

Վերջինս բացատրեց․

— Դա բարձր ջերմաստիճանների բաժանմունքն է։ Տարբեր պրոցեսները այնպիսի ջերմաստիճաններ են պահանջում, որոնք վտանգավոր են կյանքի համար, այդ պատճառով էլ այստեղ գործում է հեռուստակառավարումը։

Պաշտոնյան ռոբոտներին բերեց ջերմություն ճառագող պատի մոտ եւ ցույց տվեց ոչ մեծ կլոր պատուհանը, որը պաշտպանված էր ինչ֊որ թափանցիկ նյութով։ Այդպիսի պատուհաններ շատ կային, եւ դրանք լուսավորվում էին աղոտ կարմիր լույսով, որ արձակվում էր հրաշունչ վառարաններից եւ ճեղքում դուրս էր գալիս թանձր մթնոլորտի միջով։

XX֊1֊ը կասկածելի մի հայացք նետեց յուպիտերցիների վրա եւ չրխկաց․

— Դուք դեմ չե՞ք լինի, եթե ես մտնեմ այնտեղ եւ նայեմ, թե ինչն ինչոց է։ Դա ինձ շատ է հետաքրքրում։

— Դա ի՜նչ երեխայություն է, Առաջին,— նախատեց նրան Երրորդը։— Նրանք ասում են ճշմարտությունը։ Ասենք, եթե շատ ես ուզում, գնա նայիր։ Բայց չուշանաս, մենք ժամանակ չունենք։

Յուպիտերցին ասաց․

— Դուք չեք պատկերացնում, թե այնտեղ ինչքան շոգ է։ Դուք կկործանվեք։

— Օ՜ ոչ,— ասես ի միջի այլոց նետեց Առաջինը։— Շոգն ինձ ոչինչ չի անի։

Յուպիտերցիները մի փոքր խորհրդակցեցին, իսկ հետո իրար անցան։ Դրվեցին ջերմապաշտպան էկրաններ, եւ դեպի բարձր ջերմաստիճանների բաժանմունքը տանող դուռը բացվեց։ XX֊1֊ը մտավ արտադրամաս եւ իր ետեւից ամուր փակեց դուռը։ Յուպիտերցիները խմբվեցին պատուհանների մոտ։

XX֊1֊ը հասավ ամենամոտ վառարանին եւ բացեց հնոցի անցքը։ Քանի որ ռոբոտը շատ կարճլիկ էր, վառարանի ներսը տեսնելու համար նա թեքեց այն։ Հալված մետաղը սկսեց լիզել կոնտեյների եզրը։ Ռոբոտը հետաքրքրությամբ նայեց հալված մետաղին, ձեռքը մտցրեց մեջը, հետո թափ տվեց հրեղեն մետաղի կաթիլները, իսկ այն, ինչ մնաց ձեռքի վրա, սրբեց՝ քսելով իր վեց ազդրերից մեկին։ Նա դանդաղ անցավ վառարանների կողքով ու հետո նոր նշան արեց, որ ուզում է դուրս գալ։

Յուպիտերցիները մի կողմ քաշվեցին։ Երբ XX֊1֊ը երեւաց դռան բացվածքում, նրա վրա ամոնիակի շիթ բաց թողեցին, որը թշշաց, բլթբլթաց եւ գոլորշացավ։ Վերջապես ռոբոտը սառեց եւ ստացավ տանելի ջերմաստիճան։

Ուշադրություն չդարձնելով ամոնիակային ցնցուղին՝ XX֊1֊ը ասաց իր եղբայրակիցներին։

— Նրանք ասացին ճշմարտությունը։ Այնտեղ ոչ մի ուժադաշտ չկա։ Սակայն դանդաղելն իմաստ չունի։ Տեր֊մարդիկ մեզ որոշակի ցուցումներ են տվել։

Նա դարձավ դեպի յուպիտերցի պաշտոնյան եւ առանց վարանելու չրխկացրեց․

— Լսեք, ձեր գիտնականները ուժադաշտե՞ր են ստեղծել։

Նման ուղղամտությունը, հասկանալի է, Առաջինի կառուցվածքային առանձնահատկությունների բնական հետեւանքն էր։ Երկրորդն ու Երրորդը գիտեին դա եւ ոչ մի դիտողություն չարեցին նրան։

Յուպիտերցի պաշտոնյան աստիճանաբար ուշքի եկավ տարօրինակ շփոթությունից։ Երբ Առաջինը դուրս եկավ արտադրամասից, պաշտոնյան չէր կարողանում բութ հայացքը կտրել ռոբոտի այն ձեռքից, որը գտնվել էր հալված մետաղի մեջ։

— Ուժադա՞շտ։ Այ թե ի՜նչն է ձեզ հետաքրքրում,— դանդաղ արտասանեց նա։

— Այո,— չրխկացրեց Առաջինը։

Ռոսոտներին տարան քաղաքի ամենածայրը, եւ նրանք հայտնվեցին իրար կողք խիտ շարված կառույցների արանքում, որոնք մոտավորապես հիշեցնում էին երկրային համալսարանները։

Յուպիտերցի պաշտոնյան արագ֊արագ քայլում էր առջեւից, իսկ նրա ետեւից գնում էին ռոբոտները՝ մռայլ կանխազգացումներով համակված։ XX֊1֊ը, բոլորին իրենից առաջ թողնելով, կանգ առավ ոչ մի բանով չփակված բաժանմունքի առջեւ։

— Սա ի՞նչ է,— հետաքրքրվեց նա։

Բաժանմունքում դրված էին ցածր ու նեղ նստարաններ։ Յուպիտերցիներն ինչ֊որ բան էին անում տարօրինակ սարքերով, որոնց գլխավոր մասը մեկ դյույմանոց էլեկտրամագնիսն էր։

Յուպիտերցին շրջվեց ռոբոտի կողմը եւ անհամբերությամբ ասաց․

— Սա ուսանողական լաբորատորիա է։ Այստեղ ձեզ հետաքրքրող որեւէ բան չկա։

— Իսկ նրանք ի՞նչ են անում։

— Նրանք ուսումնասիրում են մանրադիտակային օրգանիզմները։ Դուք երբեւէ մանրադիտակ տեսե՞լ եք։

— Նա տեսել է,— միջամտեց Երրորդը,— բայց ո՛չ այդ տեսակ։ Մեր մանրադիտակները նախատեսված են էներգազգայուն օրգանների համար եւ աշխատում են լուսային էներգիայի արտացոլման սկզբունքով։ Ձեր մանրադիտակները, հավանաբար, հիմնված են զանգված մեծացնելու սկզբունքի վրա։ Շա՛տ սրամիտ է։

— Դուք չե՞ք առարկի, եթե նայեմ, թե ինչ էակներ են դրանք,— հարցրեց Առաջինը։

Նա քայլեց դեպի մոտակա նստարանը, իսկ ուսանողները, վախենալով օտարերկրացիների հետ շփումից պղծվելուց, բոլորն իրար գլխի հավաքվեցին մի անկյունում։ XX֊1֊ը մի կողմ հրեց մանրադիտակը եւ ուշադիր նայեց զննական ապակուն։ Զարմացած՝ նա վերցրեց երկրորդը, երրորդը… չորրորդը…

Հետո ռոբոտը դարձավ յուպիտերցուն։

— Այս օրգանիզմները կենդանի՞ են։ Այսքան փոքր, որդերի նման…

— Իհարկե։

— Տարօրինակ բան է։ Հենց որ նայում եմ դրանց վրա, իսկույն մեռնում են։

Երրորդը հայհոյեց կամացուկ եւ ասաց ընկերներին․

Մենք մոռացել ենք մեր գամմա֊ճառագայթման մասին։ Գնանք այստեղից, Առաջին, թե չէ կսպանենք այս սենյակում եղած բոլոր միկրոօրգանիզմներին։

Հետո դարձավ յուպիտերցիներին․

— Վախենում եմ, որ մեր ներկայությունը կործանիչ է կյանքի թույլ զարգացած ձեւերի համար։ Ավելի լավ է գնանք։ Հույս ունենք, որ ձեզ համար դժվար չի լինի մեռած օրգանիզմները փոխարինել նորով։ Դուք էլ մեզանից հեռու մնացեք, թե չէ մեր ճառագայթումը ձեզ վրա էլ կարող է վնասակար ներգործություն թողնել։

Յուպիտերցին ոչ մի բառ չասաց եւ վեհորեն առաջ շարժվեց, բայց նկատելի էր, որ այդ պահից սկսած նրա եւ ռոբոտների միջեւ ընկած տարածությունը երկու անգամ մեծացավ։

Որոշ ժամանակ անց ռոբոտները հայտնվեցին մի մեծ շինությունում։ Նրա կենտրոնում, չնայած Յուպիտերի ուժգին ձգողականությանը, առանց որեւէ տեսանելի հենարանի կախված էր մի վիթխարի մետաղյա համաձուլվածք։

Յուպիտերցին չրխկաց․

— Ահա մեր ուժադաշտը։ Վերջին նվաճումն է։ Այս անտեսանելի անոթի մեջ վակուում է։ Ուժադաշտը դիմանում է մեր մթնոլորտի ճնշմանը եւ մետաղի կշռին, որը համարժեք է երկու խոշոր տիեզերանավերի կշռին։ Դեհ, ի՞նչ կասեք։

— Որ ձեզ մոտ հնարավորություն է ստեղծվում տիեզերական թռիչքների համար,— ասաց Երրորդը։

— Միանգամայն ճիշտ է։ Ե՛վ մետաղը, ե՛ւ պլաստիկը բավականաչափ ամուր չեն վակուումի գոյացման դեպքում մեր մթնոլորտային ճնշմանը դիմանալու համար, իսկ ուժադաշտը դիմանում է… Ուժադաշտով պաշտպանված անոթն էլ հենց կլինի մեր տիեզերանավը։ Հետո մենք կհարձակվենք Հանիմեդի վրա եւ կոչնչացնենք այն խաժամուժին, որը հանդգնում է վիճարկել մեր գերազանցությունը։

— Հանիմեդի մարդիկ երբեք չեն մտածել այդ մասին,— փորձեց առարկել Երրորդը։

— Լռե՛լ,— չրխկաց յուպիտերցին։— Վերադարձեք եւ պատմեք ձերոնց, թե ինչ տեսաք այստեղ։ Այն չնչին, թույլ ուժադաշտը, ինչպիսին ձեր տիեզերանավինն է, նույնիսկ չի էլ կարելի համեմատել մեր ուժադաշտի հետ, որովհետեւ մեր ամենափոքր տիեզերանավը հարյուր անգամ հզոր եւ մեծ կլինի ձերից։

— Այդ դեպքում,— ասաց Երրորդը,— մենք այլեւս անելիք չունենք այստեղ ու կվերադառնանք, որպեսզի հաղորդենք, ինչպես դուք եք ասում, այն ամենի մասին, ինչ իմացանք։ Խնդրում եմ, մեզ տարեք մեր նավի մոտ, ու մենք հրաժեշտ կտանք ձեզ։ Բայց, ի միջի այլոց, ի գիտություն ձեզ, դուք որոշ բաներ չեք հասկանում։ Հանիմեդի մարդիկ, իհարկե, ունեն ուժադաշտեր, բայց դրանք ոչ մի կապ չունեն մեր նավի հետ։ Մենք ուժադաշտի կարիք չունենք։

Ռոբոտը դարձավ իր ընկերներին․

— Տասը երկրային տարի հետո տեր֊մարդիկ կոչնչանան։ Յուպիտերին դիմադրելը անհնարին է։ Նա շատ ուժեղ է։ Քանի դեռ յուպիտերցիները կպած էին իրենց մոլորակի մակերեսին, մարդկանց վտանգ չէր սպառնում։ Բայց այժմ նրանք ուժադաշտ ունեն… Մենք միայն կարող ենք մեր ստացած տեղեկությունները հասցնել մարդկանց, եւ միայն այդքանը։

Ռոբոտները գնացին իրենց ճանապարհով։ Քաղաքը մնաց ետեւում։ Հորիզոնում երեւաց մի մուգ բիծ՝ նրանց տիեզերանավը։

Հանկարծ յուպիտերցին ասաց․

— Արարածներ, ուրեմն ասում եք, թե չունե՞ք ուժադաշտ։

— Մենք դրա կարիքը չունենք,— անտարբեր ասաց Երրորդը։

— Այդ դեպքում ինչո՞ւ ձեր նավը չի պայթում տիեզերական տարածությունում ներքին մթնոլորտային ճնշման պատճառով։

Ու նա շարժեց իր շոշափուկը, ասես մատնացույց անելով Յուպիտերի մթնոլորտը, որը քսան միլիոն ֆունտ ուժով ճնշում էր գործադրում մեկ քառակուսի դյույմի վրա։

— Դե, դա շատ հեշտ է բացատրվում։ Մեր նավը հերմետիկ չէ։ Ճնշումը ներսից եւ դրսից նույնն է։

— Նույնիսկ տիեզերքո՞ւմ։ Ձեր նավի մեջ վակուո՞ւմ է։ Դուք ստում եք։

— Ինքներդ նայեք մեր նավը։ Նա չունի ուժադաշտ եւ ոչ էլ հերմետիկ է։ Ի՜նչ արտառոց բան կա այստեղ։ Մենք չենք շնչում։ Մեր էներգիան ատոմային է։ Մեզ համար միեւնույն է՝ ճնշում կա, թե չկա, եւ վակուումում մենք մեզ շատ լավ ենք զգում։

— Բայց չէ որ տիեզերքում բացարձակ զրո է։

— Դա ոչ մի դեր չի խաղում։ Մենք ինքներս ենք կարգավորում մեր սեփական ջերմաստիճանը։ Միջավայրի ջերմաստիճանից ոչ մի կախում չունենք։— Երրորդը լռեց։— Դե հիմա ինքներս կհասնենք մեր նավին։ Ցտեսություն։ Հանիմեդի մարդկանց մենք կհաղորդենք ձեր պատգամը՝ ոչնչացնող պատերազմ։

Բայց յուպիտերցին հանկարծ ասաց․

— Սպասեցեք։ Ես շուտով ետ կգամ։

Նա շրջվեց ու շտապեց քաղաքի կողմը։

Ռոբոտները նայեցին նրա ետեւից ու լուռ սպասեցին։ Յուպիտերցին ետ եկավ երեք ժամ հետո։ Երեւում էր, որ նա շատ էր շտապում։ Նավից տասը ֆուտ հեռավորության վրա նա ամբողջ մարմնով իջավ գետնին ու սկսեց տարօրինակ կերպով սողալ։ Նա ոչ մի բառ չասաց, մինչեւ մոտեցավ այնքան, որ քիչ մնաց ռոբոտներին կպչեր իր առաձգական մաշկով։ Եվ միայն այդ ժամանակ հնչեց նրա խուլ պատկառանքով լի ռադիոկոդը։

— Մեծարգո պարոնայք, ես կապվեցի մեր կենտրոնական կառավարության ղեկավարի հետ, որին այժմ հայտնի են բոլոր տվյալները, ու կարող եմ ձեզ հավատացնել, որ Յուպիտերը միայն խաղաղություն է ցանկանում։

— Ի՞նչ,— հարցը կրկնեց Երրորդը։

— Մենք պատրաստ ենք վերականգնել կապը Հանիմեդի հետ,— վրա տվեց յուպիտերցին,— եւ խոստանում ենք տիեզերք դուրս գալու ոչ մի փորձ չանել։ Մեր ուժադաշտը կկիրառվի միայն Յուպիտերի վրա։

— Բայց…— սկսեց Երրորդը։

— Մեր կառավարությունը ուրախությամբ կընդունի Հանիմեդի բոլոր ներկայացուցիչներին, եթե մեր ազնվազարմ եղբայրները՝ մարդիկ, ցանկանան նրանց ուղարկել այստեղ։

Թեփուկավոր շոշափուկը մեկնվեց դեպի ռոբոտները, եւ ապշահար Երրորդը սեղմեց այն։ Երկրորդն ու Առաջինը սեղմեցին իրենց մեկնած մյուս երկու շոշափուկները։

Յուպիտերցին հանդիսավորությամբ ասաց․

— Թող հավերժ խաղաղություն լինի Յուպիտերի եւ Հանիմեդի միջեւ։

Մաղի պես ցանցկեն տիեզերանավը նորից դուրս եկավ տիեզերք։ Ճնշումն ու ջերմաստիճանը դարձյալ զրո էին, եւ ռոբոտները նայում էին վիթխարի, սակայն աստիճանաբար նվազող գնդին՝ Յուպիտերին։

— Նրանք հաստատ անկեղծ են,— ասաց XX֊2֊ը,— եւ այն, որ նրանք լրիվ շուռ եկան հարյուր ութսուն աստիճանով, շատ մխիթարական է, թեեւ ես ոչինչ չեմ հասկանում։

— Ըստ իս,— նկատեց XX֊1֊ը,— յուպիտերցիները ժամանակին սթափվեցին եւ գլխի ընկան, որ տեր֊մարդկանց վնասելու հենց միայն մտահղացումը արդեն անասելի չարիք է։ Այնպես որ նրանք իրենց միանգամայն բնական պահեցին։

XX֊3֊ը հառաչեց եւ ասաց․

— Լսիր, այստեղ բանը հոգեբանության մեջ է։ Այս յուպիտերցիների մոտ աներեւակայելիորեն զարգացած է գերազանցության զգացումը, եւ քանի որ նրանք չեն կարող մեզ ոչնչացնել, ապա ցանկացան պահպանել գոնե իրենց հեղինակությունը։ Նրանց ամբողջ ցուցահանդեսը, նրանց բոլոր բացատրությունները պարզապես յուրատեսակ պարծենկոտություն էր, որի նպատակն էր ապշեցնել մեզ եւ ստիպել, որ վախենանք իրենց հզորությունից։

— Այդ ամենը ես հասկանում եմ,— ասաց Երկրորդը,— բայց…

— Բայց այդ ամենը շրջվեց հենց իրենց դեմ,— շարունակեց Երրորդը։— Նրանք համոզվեցին, որ մենք ավելի ուժեղ ենք։ Մենք չենք խեղդվում, չենք ուտում եւ չենք քնում, հալած մետաղը մեզ չի վնասում։ Նույնիսկ սոսկ մեր ներկայությունը կործանիչ եղավ Յուպիտերի կենդանի էակների համար։ Նրանց վերջին հաղթաթուղթը ուժադաշտն էր։ Եվ երբ նրանք իմացան, որ մենք դրա կարիքը չունենք եւ կարող ենք ապրել վակուումում բացարձակ գրոյի պայմաններում, նրանց կամքը կոտրվեց։— Երրորդը լռեց եւ ապա ավելացրեց,— իսկ երբ կամքը կոտրվում է, ապա գերազանցության կոմպլեքսն անհետանում է ընդմիշտ։

Մյուս ռոբոտներն ընկան մտքերի մեջ, ապա Երկրորդն ասաց․

— Եվ այնուամենայնիվ դա համոզիչ չէ։ Նրանց ի՜նչ, թե մենք ինչի ենք ընդունակ։ Մենք ընդամենը ռոբոտներ ենք։ Նրանք հո մե՞զ հետ չէին կռվելու։

— Հենց բանն էլ դա է, Երկրորդ,— հանգիստ ասաց Երրորդը։— Ես հենց նոր գլխի ընկա։ Գիտե՞ք արդյոք, որ մեր սեփական սխալի պատճառով զուտ պատահաբար նրանց չասացինք, որ մենք ռոբոտ ենք։

— Նրանք մեզ չհարցրին,— ասաց Առաջինը։

— Միանգամայն ճիշտ է։ Դրա համար էլ նրանք մտածում էին, որ մենք մարդ ենք, եւ որ բոլոր մարդիկ էլ մեզ նման են։

Նա մի անգամ էլ նայեց Յուպիտերին եւ մտախոհ ավելացրեց․

— Զարմանալի չէ, որ նրանք վախեցան կռվել։