Ավազակի հեքիաթը

Գրապահարան-ից
Ավազակի հեքիաթը

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


Այս բանը պատահել է շատ առաջ, այնքան առաջ, որ նույնիսկ հանգուցյալ ծերուկ Զելինկան չի հիշում, իսկ չէ՞ որ նա ճանաչում էր իր հաստլիկ ապուպապին, թող աստված նրա հոգին լուսավորի։

Այսպես, ուրեմն, այն ժամանակները Բրենդի սարերում տիրություն էր անում նշանավոր ավազակ Զզվելիոն՝ բոլոր չարագործների չարագործը, իր քսանմեկ օգնականներով, հիսուն գողերով, երեսուն թափթփուկներով և երկու հարյուր մեղսակիցներով ու պարտակիչներով։

Եվ, պատկերացնում եք, այդ Զզվելիոն բուսոն էր պահում մեծ ճամփի եզրին Պորշիչիի, Կոստելցեի կամ էլ հենց ուղղակի Հրոնովի մոտերքում։ Երբ մի որևէ վաճառական, հարուստ հրեա կամ ասենք թե ասպետ էր անցնում իր ձին նստած, նա դուրս էր գալիս թաքստոցից, սարսափելի ձայնով գոռում նրա վրա և ունեցած֊չունեցածը խլում, ու դեռ թալանվածը պիտի ուրախ լիներ, որ Զզվելիոն իրեն չմորթեց, չգնդակահարեց կամ էլ չկախեց ծառի ճյուղից։ Այ թե ինչպիսի հոգեառն էր այդ Զզվելիոն։

Ասենք թե մի որևէ վաճառական իր համար գնում է ճամփով, ձեն է տալիս ձիերին՝ հապա՛, ձե՜զ տեսնեմ, և ուրախանում է, որ ահա Տրուտնովում իր ապրանքը կսաղացնի։ Իսկ որ մտնում է անտառ, սիրտն ահ է ընկնում․ հանկարծ ու ավազակները վրա տան։ Եվ, որպեսզի ցույց տա, թե չի վախենում, սկսում է քթի տակ մի ուրախ երգ դնդնալ։

Հանկարծ անտառից դուրս է գալիս մի զրփո մարդ, բոյը՝ սարի չափ, ավելի հաստ, քան մեր հարևան պան Շմելկալան, ու դեռ երկու գլխով էլ նրանից բարձր։ Էն տեսակ էլ բեղեր ունի, որ դրանց ետևում սֆաթ֊մֆաթը չի երևում։ Հիմի պատկերացրեք էր վաճառականին, երբ էդպես մի հսկա կանգնում է ձիերի առաջ ու բոռում․ «Քսա՛կդ կամ կյանքդ», ― և ուղղում է նրա վրա իր ատրճանակը, ի՜նչ ատրճանակ, մի ողջ թնդանոթ։

Պարզ բան է, վաճառականը տալիս է քսակը, իսկ Զզվելիոն վերցնում է նաև նրա ապրանքը, ձիերն ու բաճկոնը։ Պլոկում է նրան, ոնց որ խորովածի շամփուր, ու դեռ մտրակով էլ մի լավ մեջքը տաքացնում, որ խեղճը թեթև վազի մինչև տուն։ Ասում եմ, էլի, այդ Զզվելիոն իսկական կախաղանի թեկնածու էր որ կար։

Բայց քանի որ չորս կողմը, ինչքան աչքդ կտրի, ուրիշ ավազակ չկար (միայն Մարշովի մոտերքում ինչ֊որ մեկը գործում էր, բայց նա էլ Զզվելիոյի մոտ ոնց որ հավի ճուտ), Զզվելիոյի ավազակային գործերը շատ հաջող էին գնում, և շուտով նա շատ ու շատ ասպետներից ավելի հարստություն դիզեց։ Իսկ քանի որ նա մի փոքրիկ տղա ուներ, ուստի ծեր ավազակն սկսեց միտք անել․

«Է, ի՛նչ, արի սրան մի տեղ ուսումի տամ։ Թող էդ ինձ վրա մի երկու հազար նստի՝ ոչինչ, գրպանս թույլ է տալիս։ Թող գերմաներեն ու ֆրանսերեն սովորի, թող սովորի ասել՝ «բիտտե շոյն» ու «ժևուզեմ» և դաշնամուր նվագել, կադրիլ պարել, ափսեից ուտել, քիթը թաշկինակով մաքրել, ինչպես պահանջում է․․․ էն ո՞նց էր․․․ հա, էտիկետը։ Թեկուզ ես ընդամենը ավազակ եմ, բայց թող տղաս ետ չմնա մի որևէ կոմսի լակոտից։ Քանի որ ես էդպես եմ որոշել, ուրեմն, վերջ։

Էսպես ասաց, փոքրիկ Զզվելիոյին նստեցրեց իր առջև, ձիու վրա, և թռավ դեպի Բրոումով։ Էնտեղ տղային ցած իջեցրեց ձիուց բենեդիկտյանների վանքի առաջ և, խթաններն սպառնալից զնգզնգացնելով, գնաց ուղիղ վանահար մոտ։

― Սրբազան հայր, ― ասաց նա զարհուրելի ձայնով, ― տղայիս թողնում եմ ձեզ մոտ, որ դաստիարակեք, սովորեցնեք նրան ուտել, խնչել ու պարել, ասել «բիտտե շոյն» ու «ժևուզեմ» և մնացած բաները, ինչ որ հարկավոր է իսկական կավալերին։ Իսկ էստեղ, ― ավելացրեց նա, ― մի պարկ դուկատներ են, լուիդորներ, ֆլորիններ, պիաստրներ, ռուփիներ, դուբլոններ, չերվոնեցներ, թալերներ, արծաթե տասկոպեկանոցներ, հոլանդական ոսկեդրամներ, պիստոլներ, սովերեններ, նապոլեոնդորներ, որպեսզի նա ձեզ մոտ կարողանա իշանազնի պես ապրել։

Ասաց, շուռ եկավ կրունկների վրա, և նորից դեպի անտառ, փոքրիկ Զզվելիոյին թողնելով հայր բենեդիկտյանների խնամքին։

Եվ այդպես, փոքրիկ Զզվելիոն սկսեց հայր֊վանականների մոտ սովորել զանազան իշխանների, կոմսերի և ուրիշ հարուստ տղաների հետ։ Հաստլիկ հայր Սպիրիդոնը սովորեցրեց նրան գերմաներեն «պիտ֊շյոն» ու «գորզամա դինը»[1] ասել, իսկ պատեր Դոմինիկը նրա գլուխն էր մտցնում ամեն տեսակ ֆրանսերեն «տրեշարմե»֊ներ ու «սիլվուպլե»֊ներ․ պարոն հայր Ամադեուսը պատանի Զզվելիոյին սովորեցնում էր ռևերանսներ անել, մենուետներ ու քաղաքավարի ձևեր, իսկ հայր֊ռեգենտ Կրաուպերը նրան վարժեցրեց այնպես խնչել, որ ձայնը դուրս գա բարակ, ինչպես ֆլեյտայինը, կամ քնքուշ, ինչպես կլարնետինը, և ոչ թե փոխհարել, ինչպես կոնտրաբաս, ֆագոտ, ֆանֆարա, կամ կորնետ֊ա֊պիստոնի երիքովյան փողը և կամ ավտոմոբիլային կլաքսոնը, ինչպես սովորաբար անում էր ծեր Զզվելիոն։ Կարճ ասած, սովորեցրեց նրան բոլոր պոլիտեսներին և ընտիր ձևերին, ինչպես իսկական կավալերի։

Մի խոսքով, ժանեկազարդ ժաբոյով, սև թավշյա զգեստ հագած Զզվելիոն դարձավ շատ սիրելի մի պատանի և բոլորովին մոռացավ, որ ինքը մի ժամանակ մեծացել է Բրենդի վայրի լեռների ավազակային որջում, և որ նրա հայրը, ծեր չարագործ ու ավազակ Զզվելիոն, ցուլի մորթուց կարած շոր էր հագնում, ծածկվում ձիու տապճակով և հում միս ուտում ուղղակի մերկ ձեռքով, ինչպես վայել է բոլոր ավազակներին։

Կարճ ասած, պատանի Զզվելիոն փայլում էր իր գիտելիքներով ու դաստիարակությամբ, և հենց այն ժամանակ, երբ նա առանձնապես աչքի էր ընկավ գիտությունների մեջ, բրումովյան վանքի մոտ լսվեցին ձիու սմբակների ձայներ։ Ձիուց ցած թռավ մի փրչոտ ծառա, թմբկահարեց դարպասը, իսկ երբ եղբայր֊բարապանը նրան ներս տարավ, կոպիտ ձայնով ասաց, որ եկել է ջահել պան Զզվելիոյի ետևից, որ իբրև նրա հայրիկը՝ ծեր Զզվելիոն պատրաստվում է մեռնելու և միակ որդուն կանչում է իր մոտ՝ գործերը նրան հանձնելու համար։

Այստեղ երիտասարդ Զզվելիոն արցունքն աչքերին հրաժեշտ տվեց արժանավոր բենեդիկտյան հայրերին, բոլոր մնացած ազնվականների որդիներին և ուսանողներին, և մեկնեց Բրենդի, միտք անելով, թե հայրն ինչ գործ է ուզում թողնել իրեն, և հոգու խորքում երդվելով գործն առաջ տանել աստվածավախորեն, ազնվությամբ ու բոլոր մարդկանց հանդեպ օրինակելի պարկեշտությամբ։

Այդպես նա հասավ Բրենդի, և ծառան երիտասարդ պարոնին առաջնորդեց դեպի հոր մահվան մահիճը։

Ծեր Զզվելիոն պառկած էր վիթխարի քարայրում, ցուլի մորթիների մի կույտի վրա, ծածկված ձիու տապճակով։

― Դե, ոնց է, Վինցեկ, ― դժվարությամբ խոսեց նա, ― բերո՞ւմ ես տղայիս, թամբալ։

― Սիրելի հայր, ― բացականչեց երիտասարդ Զզվելիոն, ընկնելով ծնկների վրա, ― թող տերը ձեզ պահպանի երկար տարիներ հուրախություն մերձավորների և ի պարծանս ձեր սերնդի։

― Կամա՛ց տղա, ― ասաց ծեր ավազակը, ― էսօր ես գնում եմ դժոխք և ժամանակ չունեմ էդ ծռտի֊մռտի խոսքերի համար։ Ես մտածում էի, որ էնպես մի հարստություն կթողնեմ քեզ, որ դու կկարողանաս քո քեֆին անհոգ ապրել։ Մենակ թե, թող կայծակն ինձ տեղնուտեղը չորացնի, երևում է, մեր արհեստի վերջին օրերը եկել են։

― Ա՛խ, հա՜յր, ― հառաչեց պատանի Զզվելիոն, իմ մտքով իսկ չէր անցնում, որ դուք կարիքի մեջ եք։

― Հեյվա՜խ, ― մրթմրթաց ծերունին։ ― Բանն այն է, որ ես հոդատապ ունեմ։ Ստիպված էի աշխատել տան մոտերքում։ Իսկ մոտակա ճամփով էդ սրիկա վաճառականները չէին անցնում։ Իսկ ժամանակն է, որ իմ գործով մի ավելի ջահել մեկն զբաղվի։

― Թանկագին հայր, ― ջերմությամբ ասաց պատանին, ― երդվում եմ ձեզ ամեն ինչով, որ ես կշարունակեմ ձեր գործը, և խոստանում եմ կատարել այն պատվով, սիրով ու ամենայն քաղաքավարությամբ։

― Չեմ իմանում, թե քաղաքավարությունից ինչ դուրս կգա, ― մռթմռթաց ծեր ավազակը։ ― Անձամբ ես, ճշմարիտ է, մորթել եմ միայն նրանց, ովքեր քացի են տվել։ Իսկ գլուխ տալ, տղաս, ոչ ոքի գլուխ չեմ տվել։ Հասկանո՞ւմ ես, մեր գործում էդ մի տեսակ ավելորդ է։

― Թանկագին հայր, իսկ ո՞րն է մեր արհեստը։

― Ավազակությունը, ― ասաց ծեր Զզվելիոն ու մեռավ։

Այսպես, պատանի Զզվելիոն մնաց աշխարհում մեն֊մենակ, մինչև հոգու խորքը ցնցված ինչպես ծեր հոր մահվամբ, այնպես էլ նրանով, որ երդվել էր ավազակ դառնալ։

Երեք օրից նրա մոտ եկավ նույն գզգզված ծառա Վինցեկը և ասաց, որ ուտելու բան չկա և գործի անցնելու ժամանակն է։

― Սիրելի Վինցեկ, ― լալագին ձայնով ասաց պատանի Զզվելիոն, ― չի՞ կարելի արդյոք առանց դրա մի կերպ յոլա գնալ։

― Մի հլա տե՜ս, ― պատասխանեց անքաղաքավարի Վինցեկը։ ― Էստեղ վանականներ չկան, որ քեզ համար տապակած աղունիկներ բերեն։ Չսպասես։ Ով ուզում է ուտել, պիտի աշխատի։

Այն ժամանակ պատանի Զզվելիոն վերցրեց ամենալավ պիստոլետները, թռավ ձիու մեջքին և դուրս եկավ մեծ ճանապարհ, որը տանում է դեպի Բատնեվիցի։ Այնտեղ նա դարան մտավ և սկսեց սպասել, թե երբ որևէ վաճառական կանցնի, որպեսզի թալանի նրան։ Եվ իսկապես մեկ֊երկու ժամից հետո ճամփին երևաց մի մահուդավաճառ, որը գնում էր Տրուտնով։

Երիտասարդ Զզվելիոն դուրս եկավ թաքստոցից ու խոնարհաբար գլուխ տվեց։ Մահուդավաճառը զարմացավ, որ մի այդպիսի գեղեցիկ պարոն գլուխ է տալիս իրեն, բայց ինքն էլ գլուխ տվեց ու ասաց․

― Առողջություն եմ ցանկանում, ձերդ ողորմածություն։

Զզվելիոն ավելի մոտեցավ ու նորից գլուխ տվեց։

― Ներեցեք, ― ասաց նա քաղաքավարությամբ։ ― Հուսով եմ, որ ես ձեզ չխանգարեցի։

― Ի՜նչ եք ասում, աստված ձեզ հետ, ― պատասխանեց մահուդավաճառը։ ― Իսկ ես ինչո՞վ կարող եմ ծառայել ձեզ։

― Աղաչում եմ ձեզ, պարոն, ― շարունակեց Զզվելիոն, ― մի վախենաք։ Ես ավազակ եմ, բրենդցի զարհուրելի Զզվելիոն։

Մահուդավաճառը փորձված, խորամանկի մեկն էր, և բոլորովին չվախեցավ։

― Այ քեզ բա՜ն, ― ուրախ ասաց նա։ ― Ուրեմն, նշանակում է, մենք կոլեգաներ ենք։ Ախր ես էլ եմ ավազակ, կոստելցի արնախում Չեպելկան։ Մի՞թե դուք ինձ չեք ճանաչում։

― Պատիվ չեմ ունեցել, ― շփոթված պատասխանեց Զզվելիոն։ ― Ես առաջին անգամ եմ այստեղ, պան կոլեգա։ Հենց նոր եմ ժառանգել հորս գործը։

― Ըհը՜, ― ասաց պան Չեպելկան, ― ուրեմն, դուք բրենդցի ծեր Զզվելիոյի ժառանգն եք։ Էդպես, էդպես։ Դա հին, նշանավոր ավազակային ֆիրմա է։ Խիստ սոլիդ ձեռնարկություն, պան Զզվելիո։ Շնորհավորում եմ ձեզ։ Բայց գիտե՞ք ինչ կա։ Ախր ես ձեր հանգուցյալ հայրիկի մեծ բարեկամն էի։ Մի անգամ մենք հանդիպեցինք իրար, և նա ասաց ինձ․ «Լսիր, արնախում Չեպելկա։ Մենք քեզ հետ հարևան ենք ու կոլեգաներ, ուրեմն, արի ազնվորեն բաժանենք մեր ունեցվածքը։ Կոստելցեից մինչև Տրուտնով ընկած մեծ ճանապարհը կլինի քոնը, էդտեղ էլ դու մեն֊մենակ կթալանես։ Էդպես ասաց, ու մենք ձեռք֊ձեռքի տվինք։

― Ա՛խ, հազար անգամ ներողություն եմ խնդրում, ― քաղաքավարությամբ պատասխանեց պատանի Զզվելիոն։ ― Ես իսկապես գաղափար չունեմ, որ այստեղ ձեր տեղամասն է։ Անկեղծորեն ցավում եմ, որ ներս եմ ընկել ձեր տերիտորիան։

― Դե, առաջին անգամը չի հաշվվում, ― ասաց խորամանկ Չեպելկան։ ― Եվ էլի ձեր հայրիկն ահա թե ինչ ասաց․ «Ականջ դիր, արնախում Չեպելկա, թե որ ես կամ իմ մարդկանցից մեկնումեկը էստեղ երևանք, դու կարող ես վերցնել նրա պիստոլետները, գլխարկը ու կամզոլը, որպեսզի նա հիշի, որ քո տնտեսությունն է»։ Էսպես ասաց քո ծերունի հայրիկը։

― Այդ դեպքում, ― պատասխանեց պատանի Զզվելիոն, ― ես հարկադրված եմ խոնարհաբար խնդրելու ձեզ, որպեսզի ընդունեք այս պիստոլետները, իսկական ջայլամի փետուրով իմ բերետը՝ ի հիշատակ և ապացույց իմ խորագույն հարգանաց, այլև իմ ափսոսնաքները, որ այսպիսի տհաճություն պատճառեցի ձեզ։

― Ինչ կա որ, կարգն էդպես է, ― ասաց Չեպելկան, ― եղած֊չեղածը դեսը տուր։ Առաջին անգամ ներվում է։ Մենակ թե, սիրելիս, էլ քեզ էս կողմերում չտեսնեմ․․․ Նո՛, նո՛, ― դարձավ նա ձիուն։ ― Աստված քեզ հետ, պան Զզվելիո։

― Թող աստծու օրհնությունը ձեզ վրա լինի, ազնիվ ու բարի մարդ, ― նրա ետևից ձայն տվեց պատանի Զզվելիոն և վերադարձավ Բրենդի ոչ միայն առանց ավարի, այլև առանց սեփական կամզոլի։

Այնտեղ էլ Վինցեկը մի լավ հայհոյեց նրան ու խստիվ պատվիրեց, որ նա հետևյալ անգամ առանց ավելորդ խոսքերի մորթի ու թալանի առաջին պատահած մարդուն։

Եվ ահա հետևյալ օրը պատանի Զզվելիոն իր բարալիկ սուսերով դարան մտավ Զբեչնիկի մոտ, մեծ ճանապարհին։ Որոշ ժամանակ հետո ճամփին երևաց ամեն տեսակ բարիքով բեռնված մի վիթխարի սայլ։

― Պատանի Զզվելիոն դուրս եկավ դարանից ու բղավեց․

― Շատ եմ ցավում, պարոն, բայց ստիպված եմ սպանել ձեզ։ Խնդրում եմ աղոթել աստծուն և արագ պատրաստվել մեռնելու։

Սայլապանը ընկավ ծնկներին, սկսեց աղոթել ու միտք անել, թե ո՞նց դուրս պրծնի այդ փորձանքից։ Կարդաց «Հայր մեր»֊ը մեկ անգամ, երկու անգամ, բայց ոչ մի խորամանկություն միտքը չեկավ։ Արդեն տասներորդ, քսաներորդ անգամ կրկնեց, սակայն անօգուտ։

― Դե, պարոն, ― գոչեց պատանի Զզվելիոն, աշխատելով ահեղ տեսք ընդունել, ― պատրա՞ստ եք մահ ընդունելու։

― Ի՜նչ եք ասում, ― ատամները կափկափելով պատասխանեց սայլապանը։ ― Ախր ես մեղքի մեջ կորել եմ․ երեսուն տարի է՝ ժամ չեմ գնացել, հայհոյել եմ մարդկանց ու աստծուն, ճան եմ խաղացել, մի խոսքով, ամեն քայլափոխի հոգուս մեղք եմ արել։ Այ, թե որ ես կարենայի Պոլիցեում խոստովանել, միգուցե աստված մեղքերս ներեր ու հոգիս չուղարկեր դժոխք․․․ Գիտե՞ք ինչ, իսկույն դիպչեմ Պոլիցե, մեղքերս խոստովանած ետ գամ, էն ժամանակ էլ դուք ինձ սպանեք։

― Լավ, ― համաձայնեց Զզվելիոն։ ― ես ձեզ կսպասեմ այստեղ, սայլի մոտ։

― Ըհը, ― ասաց սայլապանը։ ― Միայն թե խնդրում եմ ձին էլ տաք, որ շուտ գնամ, ետ դառնամ։

Մեր քաղաքավարի ավազակը դրան էլ համաձայնեց։ Սայլապանը նստեց Զզվելիոյի ձին և մեկնեց Պոլիցե, իսկ Զզվելիոն արձակեց նրա ձիերն ու բաց թողեց արածելու։

Բայց այդ սայլապանը խաբեբայի մեկն էր։ Նա չգնաց Պոլիցե խոստովանելու, այլ հասավ միայն մոտակա պանդոկը և պատմեց այնտեղ, որ մեծ ճանապարհի վրա նրան մի ավազակ է սպասում։ Նա սրտապնդվելու համար մի լավ կոնծեց, առավ իր հետ երեք ծառաների ու եկավ հարձակվեց Զզվելիոյի վրա։ Նրանք չորս հոգով մի սարսափելի տուր տվին խեղճ Զզվելիոյին և հետապնդեցին մինչև լեռները։ Այսպես ահա քաղաքավարի ավազակը ջարդված ու թալանված վերադարձավ իր քարայրը։

Երրորդ անգամ Զզվելիոն մեծ ճանապարհ դուրս եկավ Նահոդայի մոտերքում և սկսեց սպասել, թե բախտն ինչ ավար կուղարկի։ Մեկ էլ տեսավ՝ բրեզենտով ծածկված մի սայլ՝ վրան՝ մի առևտրական, որը նախշուն մեղրաբլիթներ էր տանում Նահոդայի տոնավաճառ։

Այստեղ պատանի Զզվելիոն դուրս եկավ թաքստոցից ու բղավեց․

― Անձնատո՛ւր, բարի մարդ, ես ավազակ եմ։ (Այդպես էր սովորեցրել նրան գզգզված Վինցեկը)։

Մարդը կանգնեցրեց ձին, ծոծրակը քորեց, հետո բարձրացրեց բրեզենտն ու ասաց․

― Է՛յ, պառավ, մի տես էդ ի՞նչ ավազակ է։

Իսկույն բրեզենտը ետ գնաց, նրա տակից դուրս եկավ մի հաստլիկ կին, ձեռքերը կանթեց կողքին ու հարձակվեց պատանի Զզվելիոյի վրա։

― Ա՛խ, դու, անամոթ, անտաշ, անօրեն, ավազակ, ա՛խ, դու, աքսորական, բանդիտ, բաշիբոզուկ, բռնավոր, ա՛խ, դու, գազան, գող, դատարկապորտ, դմբո, ա՛խ, դու, եսամոլ, զոզո, զռագլուխ, էշի քամի, ընկնավոր, ա՛խ դու, թալանչի, թամբալ, թաթար, թոկից փախած, թուրք, ա՛խ, դու, ճպռոտ, իննուվեց, իշախառանչ, լալոշ, լաքոշ, լոբի, ա՛խ, դու, լոդր, լպուզ, խմբլոշ, խոզի մռութ, խուլիգան, խրտվիլակ, ո՞նց ես սիրտ անում հարձակվել ազնիվ ու պատավավոր մարդկանց վրա։

― Ներեցեք, տիկին, ― շփոթված թոթովեց Զզվելիոն, ― ես գաղափար իսկ չունեի, թե կառքում կին կա․․․

― Իսկույն երևում է, որ կա, ― շարունակեց առևվտրական կինը, ― ու էն էլ ի՜նչ տեսակ կին․․․ Ա՛խ, դու ծալպակաս, ծլլաքիթ, ծրտոտ, Կայեն, ախ, դու, կերցավ, կռոտ֊մռոտ, հերետիկոս, հրեշ, հաստագլուխ, ձարպակաս, ձրիակեր․․․

― Հազար ներողություն, տիկին, եթե ես ձեզ վախեցրի, ― աղաչում էր Զզվելիոն խիստ շփոթված։ ― Տրեշարմե, մադամ, սիլվուպլե, հավատացնում եմ ձեզ, անկեղծորեն ցավում եմ, որ, որ․․․

― Չքվի՛ր էստեղից, անամոթ, ― ճչում էր արժանավոր կինը, ― քանի դեռ չեմ ասել, որ դու ղազարոս ես, ղնջո, ճախբերան, ճեղ֊ծամոն, ճիվաղ, Մահմեդ, մարդակեր, մարդասպան, մուռտառ, նավսոտ, նեռ նզովից արմատ, շաշ, շոռաչք, ոջլոտ, ոճրագործ, ոսկրացավ, ուրբաթախոս, ջարդարար, ջրատար, Ռինալդո Ռինալդինի,[2] սատանա, սևագլուխ, ստահակ, սրիկա․․․

Պատանի Զզվելիոն շարունակությունն այլևս չլսեց, որովհետև սկսեց ճղել և շունչ առավ միայն Բրենդում։ Բայց այնտեղ էլ նրան թվում էր, թե քամին ականջին է հասցնում «Վագր, վախյան, վիժվածք, տախտակապակաս, տաճիկբերան, տանձակոթ, ցավագար, ցուցանք, փայտոջիլ, փորխոց, քաչքոտ, քոսոտ, քրիստոսավաճառ, օձփոր, օրապակաս, ֆսֆսան․․․»։

Գնալով գործերը վատանում էին։ Ռատիբորժիցայի մոտ պատանի ավազակը մի ոսկե կառք կանգնեցրեց, բայց նրա մեջ նստած էր տեղի իշխանադուստրը, այնպիսի չքնաղ մի արարած, որ Զզվելիոն սիրահարվեց նրան և վերցրեց նրանից, ― այն էլ իշխանադստեր համաձայնությամբ, ― միայն անուշահոտ յուղերով ցողված թաշկինակը։ Սակայն, հասկանալի է, թաշկինակի անուշահոտությամբ Բրենդի ավազակային բանդան չէր կարող կշտանալ։

Մի ուրիշ անգամ նա Սուխովերշիցայի մոտերքում հանդիպեց մի մսագործի, որն իր կովը տանում էր Ուպիցե մորթելու, և ուզեց սպանել նրան, բայց մսագործն սկսեց խնդրել, որ Զզվելիոն նրա հայրական պատվերը հաղորդի իր բոլոր տասներկու որբուկներին։ Եվ նա այնպիսի աղեկտուր, գեղեցիկ ու սրտաշարժ խոսքեր ասաց, որ Զզվելիոն չկարողացավ արցունքները պահել և ոչ միայն բաց թողեց մսագործին իր կովի հետ, այլև տասներկու դուկատ տվեց նրան, որպեսզի վերջինս, ի հիշատակ ահեղ ավազակ Զզվելիոյի, իր տղաներից յուրաքանչյուրին մեկական ոսկի ընծայի։ Մինչդեռ այդ սրիկա մսագործը ծեր ամուրիի մեկն էր և նույնիսկ մի կատու չուներ, էլ ուր մնաց թե մի դյուժին երեխա։

Դե, կարճ ասած, ամեն անգամ, երբ Զզվելիոն պատրաստվում էր որևէ մեկին թալանելու կամ սպանելու, դյուրազգացությունն ու քաղաքավարությունը անպայման խանգարում էին նրան, և նա ոչ միայն ոչ ոքից ոչինչ չէր վերցնում, այլև իր ողջ ունեցվածքն էր կորցնում։

Վատ էին գնում նրա գործերը, շատ վատ։ Բոլոր օգնականները գզգզված Վինցեկի հետ միասին փախան, գերադասելով մյուս մարդկանց նման ազնվորեն աշախատել։ Վինցեկն ինքը գործի մտավ Հրոնովի ջրաղացում, որը մինչև հիմա էլ կանգնած է եկեղեցու ետևում։

Պատանի Զզվելիոն մեն֊մենակ մնաց Բրենդի իր ավազակային քարանձավում։ Քաղցը տանջում էր նրան, և նա սկսեց միտք անել, թե ո՞ւր գնա, ի՞նչ անի։ Հենց այստեղ էլ հիշեց Բրոումովի բենեդիկտյան վանքի վանահորը, որը շատ էր սիրում իրեն, և ճամփա ընկավ նրա մոտ՝ խորհուրդ հարցնելու։

Եկավ, ծունկի իջավ, արտասվեց ու պատմեց, որ ահա երդվել էր հորը՝ ավազակ դառնալ, բայց քանի որ նուրբ և ազնիվ դաստիարակություն է ստացել, ոչ մի կերպ չի կարող ոչ սպանել, ոչ թալանել։ Ուրեմն, ի՞նչ անի, ո՞նց իր գլուխը պահի։

Այդ ամենը լսելով, վանահայրը վերցրեց տասներկու պտղունց բռնոթի և տասներկու անգամ մտածեց, ապա ասաց․

― Սիրեցյալ զավակդ իմ, գովում եմ քեզ քո բարության ու քաղաքավարության համար, բայց ավազակ լինել դու չես կարող, քանզի դա մեղք է մահացու, ապա՝ քո բանը չէ։ Արդ, որպեսզի պահպանած լինես հորդ տված երդումը, այսուհետև ևս կթալանես մարդկանց, միայն թե ազնիվ ճանապարհով։ Գնա մտիր ծառայության ճանապարհային մաքս գանձողի պաշտոնով։ Կհսկես ճանապարհին, և հենց որ մեկնումեկը երևա, կհարձակվես վրան ու կպահանջես երկու կրեյցեր մաքսը։ Ահա և բոլորը։ Ըստ որում, դու կարող ես քո գործը կատարել ամենայն քաղաքավարությամբ, որին միայն ընդունակ ես։

Ապա վանահայրը նամակ գրեց Տրուտնով, շրջանի պարոն պետին, որով խնդրում էր բարեհաճել պատանի Զզվելիոյին նշանակելու որևէ տեղ ճանապարհային մաքս գանձողի պաշտոնով։ Երիտասարդ Զզվելիոն այդ նամակը հետը ճամփա ընկավ դեպի Տրուտնով, շրջանային կառավարչություն, և շուտով գանձողի պաշտոն ստացավ Զալեսյեում։

Այսպես, քաղաքավարի ավազակը դարձավ մեծ ճանապարհի մաքս հավաքող․ նա կանգնեցնում էր կառքերն ու սայլակները և ամենայն քաղաքավարությամբ գանձում երկու կրեյցեր մաքսը։

Շատ տարիներ հետո մի անգամ Բրումովի վանքի վանահայրը որոշեց գնալ Ուպիցե՝ այնտեղի քահանային այցելության։ Նա արդեն նախապես ուրախանում էր, որ Զալեյսեի մոտ, պահակատանը, կտեսնի քաղաքավարի Զզվելիոյին և կիմանա, թե ոնց է ապրում։ Եվ, իսկապես, ուղեփակոցի մոտ նրա կառքը կանգնեցրեց մի բեղավոր մարդ, ― դա ոչ այլ ոք էր, բայց եթե Զզվելիոն, ― և, ինչ֊որ փնթփնթալով, պարզեց իր ձեռքը։

Վանահայրը ձեռքը գրպանը տարավ, սակայն, քանի որ փոքր֊ինչ չաղ էր, ստիպված մի ձեռքով պահեց փորը, որպեսզի մյուս ձեռքը շալվարի գրպանը տանի, իսկ դրա համար ժամանակ էր հարկավոր։

Այստեղ Զզվելիոն որ չբղացեց․

― Դե՛, ի՞նչ պատահեց։ Ինչքա՜ն կհրամայեք սպասել մինչև որ դուք այդ դժբախտ երկու գրոշը կհանեք։

Վանահայրը ստուգեց քսակը և ասաց․

― Ա՛հ, տեր իմ, ախր ինձ մոտ ոչ մի կրեյցեր չկա։ Խնդրում եմ ձեզ, եղբայր, մանրեք այս դրամը։

― Ա՜, սատանան տանի, ― բղավեց Զզվելիոն։ ― Եթե փող չունեք, ո՞ր գրողի ծոցն եք գնում։ Տվե՛ք երկու կրեյցերը, կամ ետ դարձեք։

― Զզվելիո, Զզվելիո, ― տխրությամբ ասաց վանահայրը, ― մի՞թե դու ինձ չես ճանաչում։ Եվ ո՞ւր կորավ քո քաղաքավարությունը։

Զզվելիոն շփոթվեց, նոր միայն ճանաչելով վանահորը։ Քիչ մնաց, որ նա մի նոր զարհուրելի կոպտություն թույլ տար, բայց իրեն զսպեց ու ասաց․

― Ձերդ արժանապատվություն, մի զարմանաք, որ ես այժմ դարձել եմ անքաղաքավարի։ Ո՞վ է տեսել և որտեղ, որ երբևէ պահակները, մաքս գանձողները, ոստիկանները կամ դատական կատարածուները մի փոքր փնթփնթան չլինեն։

― Ինչ որ ճիշտ է, ճիշտ է ― համաձայնեց վանահայրը։ ― Այդպիսի մեկին դեռ ոչ ոք երբևէ չի տեսել։

― Տեսնո՞ւմ եք, ― մրթմրթաց Զզվելիոն։ ― Իսկ հիմա, ձերդ արժանապատվություն, ռադ եղեք գրողի ծոցը։

Այստեղ վերջանում է քաղաքավարի ավազակի հեքիաթը։ Նա ինքն էլ, երևի, արդեն մեռած լինի։ Բայց նրա ժառանգներին դուք կհանդիպեք շատ ու շատ պաշտոններում և իսկույն էլ կճանաչեք, որովհետև նրանք շատ են սիրում առանց որևէ պատճառի գոռգոռալ ու հայհոյել։ Իսկ դա չէ՞ որ լավ բան չէ։




  1. Աղավաղված գերմաներեն «բիտտե շյոն» ― խնդրեմ, «գեհորզամեր դիներ» ― ձեր խոնարհ ծառան։
  2. Գերմանացի գրող, Քրիստինա Ավգուստ Վուլպիուսի (1762-1827) համանուն վեպի հերոսը։ Նրա անունը դարձել է ազնիվ ավազակի հասարակ անուն։