Արյուն եւ փետուր

Գրապահարան-ից
Արյուն եւ փետուր

հեղինակ՝ Ժակ Պրեւեր
թարգմանիչ՝ Ալեքսանդր Թոփչյան
աղբյուր՝ «Արյուն եւ փետուր»

Խոսքեր

Քեզ համար, իմ սեր

Ես գնացի թռչունների շուկան
Եվ թռչուններ գնեցի
Քեզ համար,
իմ սեր

Ես գնացի ծաղիկների շուկան
Եվ ծաղիկներ գնեցի
Քեզ համար,
իմ սեր

Ես գնացի դարբինների շուկան
Եվ շղթաներ գնեցի,
Ծանր շղթաներ
Քեզ համար,
իմ սեր

Հետո գնացի ստրուկների շուկան
Եվ քեզ փնտրեցի,
Բայց քեզ չգտա,
Իմ սեր։

Մի էջ գիր

Երկուսին երկուս՝ չորս,
չորսին չորս՝ ութ,
ութին ութ անում է տասնվեց…
Կրկնեք ասում է ուսուցիչը բութ ու չոր
Երկուսին երկուս չորս
չորսին չորս ութ
ութին ութ անում է տասնվեց։
Բայց ահա տես
երկնքում քնարահավը հայտնվեց
երեխան նրան տեսնում է
երեխան նրան լսում է
ու կանչում․
Փրկիր ինձ
խաղա հետս
Թռչուն։
Եվ թռչունը իջնում է
եւ խաղում երեխայի հետ
Երկուսին երկուս չորս…
Կրկնեք, ասում է ուսուցիչը բութ ու չոր
եւ երեխան խաղում է
թռչունը խաղում է նրա հետ…
Չորսին չորս ութ
ութին ութ անում է տասնվեց
իսկ տասնվեցին տասնվեց ինչ է անում
տասնվեցին տասնվեց ոչինչ էլ չի անում
եւ մանավանդ ոչ երեսուներկու
ամեն դեպքում
նրանք ելնում են ու գնում
Եվ երեխան
թաքցնում է թռչունին նստարանում
եւ բոլոր երեխեքը
լսում են նրա երգը
եւ բոլոր երեխեքը
լսում են երաժշտությունը
եւ ութը ութին իրենց հերթին գնում են
եւ չորսը չորսին եւ երկուսը երկուսին
չվում են իրենց հերթին
եւ մեկին մեկը ոչ երկուս է անում ոչ մեկ
մեկին մեկը գնում է մյուսների պես։
Եվ քնարահավը խաղում է
եւ երեխան երգում է
եւ ուսուցիչը ճչում է․
Խեղկատակությանը վերջ տվեք։
Բայց բոլոր երեխաները
լսում են երաժշտությունը
եւ դասարանի պատերը
հանդարտ փլվում են։
Եվ ապակիները դառնում են ավազ
թանաքը դառնում է ջուր
նստարանները դառնում են ժայռ
գրիչը դառնում է թռչուն։

Նախաճաշ

Նա առավ սուրճը
առավ կաթը
շաքարը
խառնեց գդալով
խմեց
դատարկ բաժակը իր տեղում թողեց
Անխոս
առավ ծխախոտը
ծխի օղակներ թողեց
Անխոս
առանց նայելու
առավ գլխարկը
անձրեւաթիկնոցը
որովհետեւ անձրեւ էր գալիս
Անխոս
առանց ինձ նայելու
գնաց անձրեւի տակ
Իսկ ես
գլուխս առա ձեռքերիս մեջ
ու լացեցի։

Ինչպես թռչուն նկարել

Ամենից առաջ մի վանդակ նկարեք
դռնակը բաց
հետո նկարեք
մի ուրախ բան
մի պարզ բան
մի գեղեցիկ բան
մի օգտակար բան
թռչունի համար
հետո կտավը դրեք մի ծառի մոտ
մի պուրակի
մի պարտեզի
կամ մի անտառի մեջ
թաքնվեք ծառի ետեւը
անխոս
անշարժ…
Երբեմն թռչունը շուտ է գալիս
բայց կարող է եւ տարիներ տեւել
Որոշում տալուց հետո
չհուսահատվել
սպասել
եթե պետք է տարիներ սպասել
քանի որ թռչունի շտապելը կամ ուշանալը
ոչ մի կապ չունի
նկարի հաջողության հետ
Երբ թռչունը գա
եթե գա
լուռ ու մունջ
սպասեք որ վանդակը մտնի
եւ երբ մտնի
վրձնով զգուշորեն փակեք
հետո
մեկառմեկ վանդակները ջնջեք
ջանալով թռչունի ոչ մի փետուրին չդիպչել
Հետո ծառ նկարեք
թռչունի համար
ընտրեք ամենափարթամ ճյուղերից մեկը
նկարեք նաեւ
կանաչությունը սաղարթի
զովությունը քամու
արեւափոշին
եւ միջատների աղմուկը ամառվա տապում
հետո սպասեք որ թռչունը սկսի երգել
Եթե թռչունը չի երգում
վատ նշան է
դա նշանակում է որ նկարը վատն է
բայց եթե երգում է դա լավ նշան է
նշանակում է կարող եք ստորագրությունը նշել
Ուրեմն զգուշորեն
թռչունից մի փետուր պոկեք
եւ նկարի անկյունում ձեր անունը գրեք։

Ուղիղ ճանապարհ

Ամեն կիլոմետրին,
Ամեն տարի,
Ծերերը պնդաճակատ,
Երկաթբետոնե ցուցամատով
Երեխաներին ճամփա են նշում անընդհատ։


Արեւի խավարում

Լուի տասնչորսը, որը կոչվում էր նաեւ Արեւ Արքա,
իր թագավորության վերջին տարիներին
նստում էր շատ հաճախ ծակ աթոռին։
Մի գիշեր էլ, երբ մութ էր ահավոր,
Արեւ Արքան անկողնից ելավ,
գնաց նստեց աթոռին
եւ անհետացավ։

Առաջին օրը

Սպիտակ պաստառ պահարանում,
Կարմիր պաստառ անկողնում,
Մի երեխա մոր մեջ,
Մայրը տառապանքի մեջ,
Հայրը սպասասրահում,
Սպասասրահը տան մեջ,
Տունը քաղաքում,
Քաղաքը գիշերվա մեջ,
Մահը աղաղակի մեջ՝
Երեխան կյանքում։

Աշուն

Ծառուղու վրա մի նժույգ տապալվեց,
Տերեւները թափվեցին վրան։
Մեր սերը ցրտից սրսփաց,
Արեւը… նույնպես։

Փարիզը գիշերով

Գիշերվա մեջ իրար ետեւից վառված երեք լուցկի․
Առաջինը, որ քո դեմքը տեսնեմ ամբողջովին,
Երկրորդը, որ տեսնեմ քո աչքերը,
Երրորդը, որ քո բերանը տեսնեմ,
Եվ թող մութ լինի համատարած, որ հիշեմ այս բոլորը
Քեզ գրկումս սեղմած։

Հանդես

Լոկալ գույներ

Ինչքան լավն է գյուղն այս փոքրիկ
այս ծառերը ժայռերն այս զույգ
այս գետափը հետո ջուրը գետափի
ինչքան լավն են
Մի քիչ աղմուկ մի քիչ քամի
եւ ջուր անվերջ
Սա մի գյուղ է Բրետանի
Ձեռքերդ կրծքիդ է խաչում
որ նայես հեռուն
Իսկ առաջ գնաս
ոչինչ չես տեսնի
կդիպչես ժայռին
կամ էլ ծառին
ու ճակատդ կցավի
Աշխարհում կան բաներ որ պետք է շոշափել
Բաներ էլ կան որոնց պետք է նայես հեռվից
Բայց բոլորն էլ գեղեցիկ են
Եվ հետո այս կարմիրով
կարմիր վարդի կամ կապույտով տերեփուկի
դեղինը վաղենակի մոխրագույնը սկյուռենու
այս նուրբ ու խոնավ դյութանքով
եւ դրախտահավի քրքիջը պայթող
եւ չինացիք ուրախ տրտում ու հիանալի
Իհարկե
սա մի գյուղ է Բրետանի
Մի գյուղ առանց վարդի վարդագույնի
առանց կարմիր վարդի
մի գորշ գյուղ է առանց գորշ սկյուռենու
մի գյուղ առանց չինացու
առանց դրախտահավի
Բայց գյուղն այս դուր եկավ ինձ
ու ես շատ ուզեցի այս բոլորը նվիրել նրան
Ինչ կարեւոր է
Գուցե եւ դուր գա իրեն
այս գյուղակին
Աշխարհի ամենալավ աղջիկը
ոչինչ չէր կարող նվիրել
Ամենալավ աղջկան աշխարհի
կբերեմ այստեղ
եւ կասի որ գյուղը լավն է
ու կսիրի
Իսկ գյուղակը իր հնարավորության չափով
արեւ ու զով կանի նրան
Եվ նա կմնա այստեղ
ես էլ կմնամ այստեղ
այդ աղջկա հետ
Մեր կողքին մի շուն կլինի ու մի կատու
հետո մի ձի
մի արջ իր ծնծղայով
ու շատ կենդանիներ որոնց անունը մոռացել եմ
Տոն կլինի
կզարդարեն
լապտերներով լույսերով դրասանգով
արջը ծնղան կխփի
ամբողջ աշխարհը մի պար կպարի
եւ կերգի նույն երգ ու հանգով։

Խղճի խայթ

Բամի վրա միայնակ մի կին է կանգնած՝ համապատասխան լուսավորումով։

Կիսախավարում հոգեբանների խումբը սկսում է իր զննումը։

ԽՈՒՄԲԸ

Խեղճ կին
շնացող հիվանդ անկիրք
եւ այդքանն էլ կարծես քիչ էր
շռայլոէ
Խեղճ կին
որ երբ մտածում է
թե ամուսինն ամեն ինչ գիտի
գունատվում է
ինչպես գինին է գունատվում մի կաթիլ ջրից
Խեղճ կորած կին
կորած
ինչպես կայարանում պահ տված
ճամպրուկներից մեկում կորած զարթուցիչը
որ գիշեր ցերեկ
վեցն անց տասնհինգ
հանկարծ զանգում է
Այս պատմությունն էլ արեցինք
որ ժամանակ անցնի
Բայց եւ այնպես պարզ է ամեն ինչ
Սա էլ մյուսների պես մի մարդ է
եւ անասուն ինչպես մեծ մասը
Բայց նա մի նամակ ստացավ
ուր ամեն ինչ գրված էր
Եվ հիմա թեւերը թափահարում է ողբերգականորեն
Ինչպես թատրոնում կթափահարեին
եւ թափահարում է որ ինքն էլ ժամանակ շահի
մինչեւ որ անի այն
ինչ անելու հավես չունի
բայց որ կանի
բայց որ պետք է անի
որովհետեւ այսպիսի դեպքերում
այդպես են անում
Իսկ պահը խիստ ողբերգական է
եւ սիրտ կտրատող
Չես կարող միանգամից սպանել այս կնոջը
որի հետ ապել ես երկար
Եվ գազաններ վարժեցնողը

(Թատերական այս պիեսի գործողությունը կատարվում է գազանանոցում)։

նստում է արկղի ծայրին
որտեղ պիթոններն են քնել
Եվ նա մտածում է ու հածում զանազան բաների վրա որոնք
կապ չունեն տվյալ իրողության հետ

Իսկ կինը առջեւը կանգնած
դողալով նայում է նրան
ինչպես մոմի բոցը քամու առաջ աշնան
կամ պարզապես
ինչպես մի կին աննշան
որ գիշերվա մեջ ձմռան
սրթրթալով
աննպատակ
անձրեւի ու ձյան տակ
սպասում է տաք տրամվայի
Մի զրահամորթ
անհամարձակ
վարանոտ
ու խոնավ թեփի մեջ
անդադար պտտվում է նրանց մոտ
Խեղջ Օգյուստ
Ուրիշները սուրճի մրուրի մեջ ապագա են գուշակում
իսկ դու թաց թեփի միջից անցյալդ ես կանչում
Ու ինչպես պիթոններն են փայտե արկղում ծուլորեն օղակ֊
օղակ ոլորվում այնպես էլ օրերը շաբաթները եւ տարիներն են
սողալով դանդաղորեն իրենց հուշերը եւ ապաշավները գալարում
Օգյուստի գլխում…

Բայց հանկարծ
թշվառ ատամնաբույժը սկսում է հեծկլտալ
Բայց ինչու թշվառ ատամնաբույժը
Որ թշվառ է հասկացանք
բայց ինչու ատամնաբույժը
արդարացիորեն հարցնում են մարդիկ
Գուցե շատ պարզ ու պարզ
որովհետեւ չկա այստեղ գաղտնիք
Այն ինչ պատահել է գազաններ վարժեցնողին
նույն հաջողությամբ
վաղ թե ուշ
կարող էր ապրել
մի ատամնաբույժ
մի օդաչու
մի անուժ կամ մեծ մի դերասան
Թշվառության առջեւ բոլորս եղբայրներ ենք
Եվ վերջապես
Դատարկ տեղը չխոսենք
քանի որ խոսքը գազաններ վարժեցնողի մասին է

Հանգցրեք լույսերը

Երկու ծիծեռնակ լուսնի տակ
Դռան վերեւում բնի մեջ կանգնած
համբուրվում են
ու լսում գիշերը
Իսկ գիշերը ողջ սպիտակ է
իսկ լուսինը սեւ
Երկիրը լուսնագույն
Մի ցնդած ձնեմարդ
լուսնի դուռն է ծեծում
Հանգցրեք լույսերը
երկու սիրահար
սիրում են իրար
հրապարակում
Հանգցրեք լույսերը
կամ թող մարդիկ գան տեսնեն
Ես քայլում էի հենց այնպես
երբ դիպա նրանց
Մեկը շրջազգեստն իջեցրեց
մյուսն աչքերը գցեց ցած
բայց նրա աչքերը զույգ
փայլում էին ինչպես քարը շիկացած

Երկու ծիծեռնակ լուսնի տակ
դռան վերեւում բնի մեջ կանգնած
համբուրվում են
ու լսում գիշերը։

Ապարդյուն

Մի ջադու փնթփնթում է անվերջ
ու անիվ է քշում այգում
եւ ճչում որ ձմեռ է հավերժ որ ամեն ինչ պրծել է արդեն
որ հաշիվը պարզ է զառն ուրիշինն է
պատարագն արված է խաղն ավարտված է
բեմը թափուր է վարագուրված է
Ապարդյուն է
ապարդյուն
Ինձ բարեկամ են անվանում մարդիկ
որ ատում են ինձ
կամ բարեկամներս հին ու գիրացած
ժամացույցը ձեռքին հսկում են ինձ
ու աղաչում են հասկանամ այն
ինչ իրենք են հասկացել
Ապարդյուն է
ապարդյուն
Բարեկամներս իսկական
Բոլորը
գնացին անդարձ
միանգամից
մի հարվածից մեռան
Մարդիկ եղան
որ դեռ ողջ են հիմա
ու հռհռում են բերանները բաց
Նրանք կանչում են միմյանց
հետո դառնում կանչում են ինձ
Ապարդյուն է
ապարդյուն
Ոմանք մեռել էին մինչեւ մեռնելը
կամ էլ կային մարդիկ
որ սգում էին մանկության հուշերը
Հետո այլոք օրինակելի ու կիրթ
սպանում էին իրար որ տեսնեն գալիքը
եւ հետո ճամփան ուղիղ
եւ ուղին հեշտ
արձաններն աղի
եւ հայրենիքը վտանգի մեջ
Արդեն այգու խորքից
լսվում է ձայնը փողի
այգին փակվել է
թմբուկը ծակվել է
Ապարդյուն է
ապարդյուն

Այգին մնում է բաց նրանց համար
ովքեր սիրում են այգին։

Ջրահեղձը

Ժամանակից հանված
մոռացված
նորից գտնված
մի հատվածում
նա պատմում էր իր մահվան մասին
ու պատմում հենց այնպես
ասես ոչինչ չկար
Ու հետո ժամանակի այդ հատվածից էլ առաջ
նա վերադառնում էր
ու ասում
որ մահը
այնքան էլ վատ բան չէ
Մահը համը ունի հին օրերի
համը ունի
անցնող եկող մահվան
Սակայն այդ մահն էր կյանքի հետ գնում գալիս
ինչպես կյանքն էր մահվան հետ
գնում գալիս
Ով էր այդ արարածը
մահին ձուլված այնպես
ինչպես մահը նրան
Գուցե եւ գեղեցիկ էր
գուցե կյանքն էր
ժամանակից հանված մի հատվածի դիմակով
հանված ինչ որ տեղում
ինչ որ տեղից
մարդու կողմից
Գուցե գիշերն էր
Օրվա պես գեղեցիկ
Գուցե օրն էր
գեղեցիկ ինչպես գիշերը
Գուցե
դեռ չծնված
դեռ ծնվող
բայց մեռած ապագան էր
Գուցե աշխարհն էր
Գուցե մարդիկ էին
զուգված
այս աշխարհի հազվագյուտ
ու մոռացվող տոների համար
Ջրասույզի համար մահը ծովն է
իսկ ծովի համար ջրասույզը
գուցե
իր կյանքի փոքրիկ կաթիլն է
Բայց թե հարցնեք ջրասույզին
ծովի մասին
մահվան կյանքի
կյանքի սիրո
կյանքի մահվան
սիրո կյանքի մասին
Ծովի ամենափոքրիկ փրփուրը
ամենից հեռու
իր հին ու նոր ջրերով
կժպտա անպատասխան
ոչ ջրասույզի փոխարեն կխոսի
ոչ էլ ջրասույզի մասին։

Պատերազմ

Կտրում եք
տխմարներ
կտրում եք
Ջահել ծառերն անտառի հին կացնով
սպանում եք
Կտրում եք
տխմարներ
կտրում եք
Բայց հին ծառերն անտառի փտած արմատով
սարքովի սաղարթով
պահում եք
Եվ ազդարարում
ծառերը Չարի եւ Բարու
ծառերը Հաղթանակի
ծառերը Ազատության
Եվ անապատ անտառից գարշահոտ է փչում
թռչուններն են չվում
բայց դուք մնում եք քայլերգ երգելու
Դուք մնում եք այդտեղ
տխմարներ
քայլերգ երգելու եւ դոփելու։

Հասարակության մեջ խնդալու համար

Գազաններ վարժեցնողը
անհողդողդ
գլուխն առյուծի երախը խրեց
Իսկ ես
անվարան
զույգ մատներս միայն
Բարձր խավի բերանը տարա
Եվ նա չհասցրեց կծել
այլ պարզապես
փորում փտած
ոսկե մաղձը
ոռնոցով փսխեց
Ուրախալի եւ օգտակար
այս մասխարան
հաջողացնելու համար
մատները խնամքով
զվարճանքում պետք է լվանալ
Ամեն մեկին իր կրկեսը։

Երեխաները որ սիրում են իրար

Երեխաները որ սիրում են իրար
համբուրվում են կանգնած
դռների մոտ գիշերվա
Ու անցորդները որ անցնում են մատնացույց են անում
նրանց
Բայց երեխաները սիրում են իրար
սիրում են իրենց համար
Ու գիշերում
միայն ստվերն է նրանց դողում
որ կատաղեցնում է կատաղությունը անցորդների
նրանց նախանձը նրանց արհամարհանքը նրանց քրքիջը
նրանց կատաղությունը
Բայց երեխաները սիրում են իրար
Սիրում են իրենց համար
Նրանք գիշերից հեռու են
ու ավելի բարձր են քան լույսը
Ուրիշ է նրանց լույսը
Առաջին սիրո լույսն է կուրացուցիչ։

Արյուն եւ փետուր

Հուշերիս թռչուն
իմ արյունը չէր որ հոսեց
այլ քոնը
Հուշերիս թռչուն
ես ափս փակեցի
Հուշերիս թռչուն
դու գեղեցիկ ու թեւաբեկ հավք
դու չես վերադառնա
ափիս մեջ կտցնելու
հատիկները մոռացման։

Ցլամարտ

(Հատված)

Լսիր կով
փոքրիկ կով
հորթուկ
Մի օր մարդիկ քեզ կտանեն ցլի մոտ
ու հետո կծլեն
հաճույքներ
երջանկություն
երեխեք
որոնց ասում են ցլիկ կամ հորթ
ինչպես երբեմն ասում են քեզ
Դու կլիզես նրանց
դու կանես ամեն ինչ
գուցե չպահելով ոչ մի հուշ
քո ապրած կյանքից
Հետո մի օր կգան մարդիկ
կնայեն հորթերին
ու կասեն լավն են
գեղեցիկ
Ու կտանեն
կմորթեն
կուտեն
Եվ դու կմնաս մենակ
մյուս կովերի հետ
Եվ հետո մարդիկ կգան
մի ուրիշ ցլի հետ
եւ ամեն ինչ
կլինի առաջվա պես
Երեւույթի լավ ու վատ կողմերով
կծերանաս մի օր
ու կսկսես մեռնել
Մարդիկ գլուխ կցնցեն
ու քեզ կծեծեն
իսկ կաշիդ կծախեն
Քեզանից բան ման կսարքեն
կոշիկ
ճամպրուկ
Ու մարդիկ ճամփա կգնան
ճամպրուկով։

Անձրեւ եւ արեւ

Խաբված սիրահարներ

Ես ճրագն էի
Դու լույսը
Իսկ ով ծախեց պատրույգը։