ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԸ

Գրապահարան-ից
ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԸ

հեղինակ՝ Գարեգին Նժդեհ
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ անհայտ


Փա՜ռք այն ոգիներին, որոնք լսեցին ժամանակի, պատմութեան եւ իրենց ազգի ձայնը ու գործի ասպարէզ իջան...


Բանտարկեալնե՜րը… Ովքե՞ր են այդ բանտուած ոգիները: Եթէ այդ հարցը առաջարկենք Ճերմակ Ցարին կամ Կարմիր Սուլթանին, նրանք «աւազակ» եւ «մարդասպան» անուններով կը մկրտեն նրանց: Այո՛, նրանք, բանտարկեալները, Ազատութեան աւազակ-ներն են, որոնք ուզեցին Ազատութիւն եւ Արդարութիւն գողանալ իրենց հրատանջ Ազգի համար:

Նրանք յանդգնեցան փշրել Հայու ձեռքն ու ոտքը կաշկանդող բռնութեան շղթաները: 

Նրանք, Հայու ազատութեան ասպետները, ցոյց տուեցին բռնակալներին, թէ Հայը այլեւս արցունքի գետեր չէ թափում, այլ՝ բողոքում է, որի ձայնից դողում են տիրանները իրանց շիրիմների խորքերում, ցոյց տուեցին, թէ Հայը այլեւս չէ բախում, այլ՝ փշրում է Ազատութեան դարպասները:

Այդ բանտուած ոգիները անվախօրէն Ռուսիայի Ձարին «Պրոկրուստ» անունով կնքեցին, երբ նա հրամայեց իւր կոզակներին՝ տապարներով ջախջախել Էջմիածնի դռները, նրանք էին, այդ Հայու անկախութեան Կարապետները, որոնք փորձեցին ջախջախել այն բռնակալների գլուխները, որոնց մէջ յղացաւ հայկական ընդհանուր կոտորածի միտքը:


Վերջապէս, այդ բանտարկեալները այն ըմբոստ ոգիներն էին, որոնք բարձրացնելով իրենց ձայնը, այսպէ՛ս խօսեցին. - Բռնակալնե՛ր, ամեն մի ազգ, ինչպէս եւ Հայը, նման է մի նորածին մանուկի, որը օրերի ընթացքում ազատւում է ծնողական կապանքներից: Ի՞նչ կը նշանակէ բռնութեան մագիլների մէջ խեղդել մի ազգ եօթն հարիւր տարի, ի՞նչ կը նշանակէ մանուկին օրօրոցի մէջ պահել մինչեւ գերեզմանի սեւ տախտակը…

Ահա՛ այն բանտարկեալները, որոնց մէջ խօսեց Ազատութեան, Արդարութեան ու Վրէժի ձայնը: Եւ նրանք վճռեցին պարզել Յեղափոխութեան Կարմիր դրօշը ու նամուսով դրօշի տակ մեռնել, քան թէ բենամուս ապրել, սողալով բռնակալների առաջ եւ լիզելով բռնութեան անարգ շղթաները: Եւ նրանք ասպարէզ իջան, ցցած իրենց դրօշը, գործեցին եւ ընկան Ձարի ու Սուլթանի դրած թակարդների մէջ:


Ու այսպէս, իրենց կարմիր գործունէութեան համար, բանտուեցան այդ խռովարար ոգիները Ռուսիայի եւ Տաճկաստանի զնդանների մէջ… Ապրում են բանտարկեալները նեղ ու խոնաւ բանտերի մէջ ու Ազատութեան ու Վրէժի ոգին աճում է նրանց սրտի մէջ, եւ եթէ շուտով հասնին Ազատութեան ալիքները եւ փշրեն նրանց բանտերի դռները, այն ժամանակ պիտի թունաւորուի բռնակալների կեանքը: Բայց աւա՜ղ, այդ կարմիր բանտարկեալների տասնեակից միայն մէկն է ազատւում, իսկ միւսնե՞րը… Ո՛հ, մութ գիշերին հարցրէ՛ք, որովհետեւ նա է տեսնում, երբ գահին հաւատարիմ կոզակի սուինը հնձում է բանտի պատերի մէջ տասնեակ բանտուածների կեանքերը: Պետերբուրգի մօտով վազող գետակին հարցրէ՛ք, որովհետեւ նա է տանում ու խեղդում դիակները կիսախողխո՛ղ…


Ի՞նչ են կտակում հայ բանատարկեալները, երբ արիզմից եւ Սուլթանիզմից ծնած մահը մօտենում է նրանց: Թող ապրէ՛ անկեղծ հայրենասէրի անունը, կեցցէ՜ Յեղափոխու-թիւնը… կեցցէ՜ Միութիւնը…


Այդ մարտիրոսները կարողանում են միայն այդքան կարճ խօսել, որովհետեւ ֆալագը շուտ կաշկանդում է նրանց լեզուները: Յաւերժական փա՜ռք այդպէս կտակողներին: Յարգա՛նք այդ Միութեան…


Որովհետեւ միայն Միութեան պարզած ձեռքը կարող է բանալ մեզ համար հայու Ազատութեան դարպասները, միայն Միութեան ձեռքի տապարը կարող է փշրել այն զնդանների դռները, որոնց մէջ բանտուած են մեր եղբայրները: Ուրեմն, Անդրանիկի եւ Մուրադի ձեռքերը թող պարզուեն միանալու համար:

Դէ՛, թող բարձրանան այդ ձեռքերը, պատրաստ եմ համբուրելու: Եւ եթէ Միութեան Աստուածը զոհ է պահանջում, ահա՛, հայրենակիցնե՛ր, ծաղիկ կեանքս զոհի սեղան բարձրացուցէ՛ք:


«Ռազմիկ», Պլովդիվ (Ֆիլիպէ), 1907թ., թիւ 132