Բարև, թախիծ
հեղինակ՝ Ֆրանսուազ Սագան |
Բովանդակություն
ԲԱՐԵՎ, ԹԱԽԻԾ
Մնաս բարով, թախիծ,
Եվ բարև, թախիծ,
Դու, որ լցված ես գծերի միջև այս առաստաղի
Դու, որ լցված ես աչքերի մեջը իմ սիրած մարդու
Դու չե՛ս վատթարը ամեն ցավերից,
Քանզի շրթունքն էլ ամենատխուր
Դավաճանաբար ազդարարում է
Քո գոյությունը
Մեն մի ժպիտով:
Դե, բարև, թախիծ,
Սերը սիրելի մեր մարմինների
Եվ հզորությունը միևնույն սիրո,
Որ ասես հրեշ առանց մարմնի
Դուրս է հորդեցնում քաղցրությունը իր:
Հրեշ անգլուխ,
Բայց թախծի չքնաղ, գեղեցիկ դեմքով:
Պոլ Էլյուար «Անմիջական կյանք»
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ
Այս անծանոթ զգացմունքը, որ մեղմ ձանձրույթով հալածում է ինձ, ես վարանում եմ կնքել գեղեցիկ և հանդիսավոր անունով՝ թախիծ: Դա այնպիսի համակործան և այնպիսի եսասեր զգացմունք է, որ նրանից ամաչում եմ, մինչդեռ թախիծը ես միշտ հարգել եմ: Այդ զգացմունքն ինձ անծանոթ էր, բայց գիտեի, թե ինչ է տաղտուկը, ափսոսանքը, ավելի պակաս ինձ ծանոթ էր խղճի խայթը: Իսկ հիմա, ինչ-որ բան՝ մետաքսի պես և՛ հաճելի, և՛ նյարդայնացնող, փաթաթվում է ինձ, անջատում մյուսներից:
Այս ամառ ես տասնյոթ տարեկան դարձա և կատարելապես երջանիկ էի: «Մյուսներն էին հայրս և նրա սիրուհին՝ Էլզան: Պետք է անմիջապես բացատրեմ այս իրադրությունը, որ կարող է կեղծ թվալ: Հայրս քառասուն տարեկան էր և արդեն տասնհինգ տարուց ի վեր ամուրի էր: Նա երիտասարդ, կենսառատ և կարող տղամարդ էր, և երկու տարի առաջ, գիշերօթիկից դուրս գալիս, ինձ համար դժվար չէր հասկանալ, որ նա սիրուհի ունի: Բայց դժվար էր ինձ հաշտվել այն բանին, որ վեց ամիսը մեկ փոխում է իր սիրուհիներին: Սակայն շատ շուտով նրա հմայքը, այս անհոգ, հեշտ կյանքը, իմ հակումներն այդ փաստը սովորական դարձրին ինձ համար: Հայրս թեթևորեն էր ապրում իր կյանքը. գործերի մեջ ճարպիկ էր, հեշտ ոգևորվում էր, նույնպիսի հեշտությամբ էլ սառչում, և դա կանանց դուր էր գալիս: Ես նրան իսկույն սիրեցի: Սիրեցի քնքշաբար, քանի որ նա բարի էր, վեհանձն, և իմ հանդեպ մեծ գորով էր տածում: Անհնար էր պատկերացնել ավելի լավ բարեկամ, որն ինձնով այդքան զբաղվեր: Ամռան սկզբին նա նույնիսկ այնքան ազնիվ եղավ, որ հարցրեց, թե Էլզայի՝ իր ներկայիս սիրուհու, ընկերակցությունն արդյոք տաղտկալի չի՞ լինի ինձ համար այդ արձակուրդի ընթացքում: Ես միայն քաջալերեցի նրան, քանզի գիտեի, որ կնոջ ներկայության պահանջ ունի և, բացի այդ, Էլզան մեզ չէր հոգնեցնի: Նա բարձրահասակ, շիկահեր աղջիկ էր, կիսով չափ բարձրաշխարհիկ, կիսով չափ ծախու մի կին, որ անխոս դերասանուհի էր աշխատում Շանզ Էլիզեի թատրոններում և բարերում: Նա շատ ազնիվ էր, շատ պարզ և առանց մեծ հավակնությունների: Բացի այդ, այնքան ուրախ էինք մեկնելու առիթով՝ ես ու հայրս, որ ով էլ լիներ մեզ հետ, չէինք առարկի: Միջերկրական ծովի ափին հայրս վարձել էր մեծ, ճերմակ, զմայլելի և առանձնացված մի ամառանոց, որի մասին երազում էինք հունիսի առաջին շոգերից սկսած: Ամառանոցը կառուցված էր բարձրադիր մի հրվանդանի վրա, ճանապարհից թաքնված սոճիների անտառով: Մի արահետ իջնում էր դեպի ժայռերով եզերված ոսկեգույն ծովախորշը, որտեղ ծփում էր ծովը:
Առաջին օրերն ապշեցնող էին: Շոգից թուլացած, ժամեր էինք անցկացնում լողափում և, բացառությամբ Էլզայի, որի մաշկը կարմրել և տառապանք պատճառելով պլոկվում էր, աստիճանաբար դառնում էինք բրոնզագույն: Հայրս ոտքերի բարդ շարժումներ էր անում, որպեսզի իր՝ Դոն Ժուանի վիճակին չսազող փորը մաշեցներ: Առավոտից ջրի մեջ էի, սառը, զուլալ ջուր, որտեղ գլխիվայր սուզվում էի, թպրտալով ամեն ինչ անում, որպեսզի Փարիզի բոլոր ստվերներն ու փոշիները վրայիցս լվամ: Պառկում էի ծովափին, ավազ առնում բռիս մեջ և թողնում, որ մատներիս արանքով փափուկ ու դեղին շիթով հոսի: Ես մտածում էի, թե ժամանակն էլ այդպես է հոսում, որ սա մի հասարակ միտք է և որ հաճելի է հասարակ մտքեր ունենալ: Ամառ էր:
Վեցերորդ օրն առաջին անգամ տեսա Սիրիլին: Առագաստավոր նավակ նստած լողում էր ափի երկայնքով: Մեր ծովախորշի առջև նավակը շրջվեց: Ես նրան օգնում էի նավակը շտկելու, մենք ծիծաղում էինք: Իմացա, որ անունը Սիրիլ է, որ իրավաբանության ուսանող է և որ հարևան առանձնատանը մոր հետ արձակուրդն է անցկացնում: Նա իսկապես հարավցու դեմք ուներ, շատ թուխ էր, շատ մարդամոտ, հավասարակշիռ էր ու հովանավորի ինչ-որ բան կար մեջը, որն ինձ դուր էր գալիս: Ընդհանրապես ես խուսափում էի համալսարանի ուսանողներից. նրանք կոպիտ էին, իրենք իրենցով լցված, հատկապես իրենց երիտասարդությամբ, որի մեջ տեսնում էին ապրած դրամաների կամ ձանձրույթի դրդապտճառները: Հորս բարեկամներին շատ ավելի էի գերադասում նրանցից, քառասնամյա տղամարդկանց, որոնք ինձ հետ խոսում էին սիրաբանելով ու խանդաղատանքով, ցուցաբերելով իմ հանդեպ սիրեցյալի և հոր քնքշություն: Բայց Սիրիլն ինձ դուր եկավ: Նա բարձրահասակ էր և երբեմն էլ գեղեցիկ, մի գեղեցկություն, որ վստահություն էր ներշնչում: Չնայած ես չէի բաժանում տգեղ մարդկանց հանդեպ ունեցած հորս հակակրանքը, մի զգացմունք, որը մեզ ստիպում էր հաճախ հանդուրժել տխմարների ընկերակցությունը, բայց և այնպես, արտաքին հմայքներից զուրկ մարդկանց ներկայությամբ ինձ նեղված էի զգում, կարծես բացակա լինեի. նրանց համակերպումն այն մտքին, որ կարող են դուր չգալ, ինձ թվում էր մի անպատշաճ հիվանդություն: Քանզի բոլորս ձգտում էինք մի բանի՝ դուր գալ մյուսներին: Մինչև այսօր էլ չգիտեմ, թե ինչ է թաքնված նվաճելու այդ ձգտման մեջ՝ կենսական ուժերի գերառատությո՞ւն, նկատված լինելու ցանկությո՞ւն, թե՞ ինքդ քեզ վստահ լինելու, զորեղ զգալու մի թաքուն, անխոստովանելի կարիք:
Սիրիլը գնալիս խոստացավ, որ ինձ առագաստանավակ վարել կսովորեցնի: Մտասույզ տուն եկա ճաշելու և չէի մասնակցում կամ շատ քիչ էի մասնակցում խոսակցությանը: Գրեթե չնկատեցի, որ հայրս նյարդայնացած է: Ճաշից հետո, ինչպես ամեն երեկո, բաց պատշգամբում փռվեցինք բազկաթոռների վրա: Աստղերը կարծես ցրիվ տված լինեին երկնքում: Տարտամորեն հուսալով նայում էի, ու սպասում, թե ժամանակից շուտ կսկսեն երկնքի վրա ակոսներ գծելով ցած ընկնել: Բայց դեռևս հուլիսի սկիզբն էր, և աստղերը չէին շարժվում: Մոտիկ խճերի մեջ երգում էին ծղրիդները: Նրանք պետք է որ հազարներով լինեին՝ լուսնից և տապից հարբած, որպեսզի ամբողջ գիշեր այսպես տարօրինակ երգեին: Ինձ բացատրել էին, որ ծղրիդներն ընդամենը իրար են քսում թևերը, բայց գերադասում էի կարծել, որ նրանց երգն էլ կատուների գարնանային ճիչերի պես կոկորդից է գալիս: Մենք լավ էինք զգում. միայն շորերիս տակ մնացած ավազի հատիկներն էին խանգարում նինջի գրոհներին տրվելու: Այդ պահին հայրս հազաց և շտկվեց իր բազկաթոռում:
– Մեզ մոտ հյուր է գալու,– ասաց նա:
Ես, հուսակտուր, աչքերս փակեցի: Մենք այնքա՜ն հանգիստ էինք, որ դա չէր կարող երկար տևել, մեկնումեկը պիտի գար խանգարեր:
– Շուտ ասա, թե ով,– գոռաց Էլզան, որ միշտ ծարավի էր բարձրաշխարհիկ մարդկանց ներկայության:
– Աննա Լարսենը,– ասաց հայրս և շրջվեց իմ կողմը:
Ես նայում էի նրան և շատ զարմացած էի, որպեսզի կարողանայի արձագանքել նրա ասածին:
– Ե՛ս նրան առաջարկեցի մեզ մոտ գալ, եթե շատ հոգնի այդ մոդելները ցուցադրելուց, և նա... գալիս է:
Սա արդեն մտքովս երբեք չէր անցնի: Աննա Լարսենն իմ դժբախտ մոր հին բարեկամուհիներից էր և հորս հետ գրեթե ոչ մի շփում չուներ: Այնուհանդերձ, երկու տարի առաջ, երբ պանսիոնից դուրս եկա, հայրս, որ չգիտեր ինչպես պահել ինձ, ուղարկեց նրա մոտ: Մեկ շաբաթվա ընթացքում Լարսենն ինձ ճաշակով հագցրեց և սովորեցրեց կենցաղավարության կանոնները: Ի պատասխան, նրա հանդեպ լցվեցի երախտագիտությամբ և կրքոտ հիացմունքով, որը նա ճարպկորեն կարողացավ ուղղել իր շրջապատի երիտասարդներից մեկին: Մի խոսքով, նրբանկատության առաջին դասերով և իմ առաջին սիրով ես պարտական եմ Աննա Լարսենին: Քառասուներկու տարեկանում նա շատ գայթակղիչ, շատ նրբագեղ կին էր՝ գեղեցիկ դեմքով, հպարտ, հոգնած և անտարբեր արտահայտությամբ: Այդ անտարբերությունը միակ բանն էր, որի համար կարելի էր նրան մեղադրել: Նա սիրալիր էր, բայց ոչ մարդամոտ: Նրա ամեն ինչը խոսում էր հաստատուն կամքի և հանդարտ ներքինի մասին, ինչից մարդիկ խրտնում էին: Չնայած բաժանված էր և ազատ, խոսք չկար, թե սիրեկան ունի: Այսինքն՝ մեր ծանոթների շրջապատում չէին խոսում: Նա շփվում էր նրբակիրթ, խելացի, զուսպ մարդկանց հետ, իսկ մենք՝ աղմկոտ, արկածների ծարավ մարդկանց հետ, որոնցից հայրս պահանջում էր միայն լինել գեղեցիկ կամ տարօրինակ: Կարծում եմ, որ հորս և ինձ մի քիչ արհամարհում էր զվարճալիքների և սնոտի բաների հանդեպ ունեցած մեր հակումների համար, ինչպես ամեն մի ծայրահեղությունն էր արհամարհում: Մեզ կապող միակ բանը գործնական ճաշերն էին (նա զբաղված էր նորաձևությամբ, իսկ հայրս՝ ռեկլամով), մորս հիշատակը և իմ ճիգերը, որովհետև չնայած Լարսենից քաշվում էի, բայց և մեծ հիացմունք ունեի նրա հանդեպ: Այնուամենայնիվ, նրա անսպասելի գալուստն անժամանակ էր թվում, եթե նկատի առնենք Էլզայի ներկայությունը և Աննայի պատկերացումները դաստիարակության մասին:
Էլզան հարցերի մի տարափ թափեց Աննայի՝ հասարակության մեջ գրաված դիրքի մասին և գնաց քնելու: Մենակ մնալով հորս հետ, ես նստեցի նրա ոտքերի մոտ: Նա կռացավ և ձեռքերը դրեց ուսիս.
– Քաղցրս, ինչո՞ւ ես այդպես վտիտ: Կարծես անտեր կատվի ձագ լինես: Ես կուզեի գեղեցիկ, շիկահեր աղջիկ ունենալ, մի քիչ փարթամ, ճենապակե աչքերով...
– Հարցն այդ չէ,– ընդհատեցի հորս: Ինչո՞ւ ես հրավիրել Աննային: Եվ ինչո՞ւ է նա հրավերն ընդունել:
– Աստված գիտե: Հավանաբար, քո ծեր հորը տեսնելու համար:
– Դու Աննայի սիրած տղամարդկանցից չես,– ասացի ես:– Նա շատ խելացի է, նա իրեն հարգող կին է: Իսկ Էլզա՞ն: Դու մտածե՞լ ես Էլզայի մասին: Դու պատկերացնո՞ւմ ես Աննայի և Էլզայի զրույցը: Ես չեմ պատկերացնում:
– Այդ մասին չեմ մտածել,– խոստովանեց հայրս:– Դա իսկապես սոսկալի է: Սեսիլ, սիրելիս, իսկ եթե վերադառնանք Փարի՞զ:
Նա, ծոծրակը քորելով, կամաց ծիծաղում էր: Շրջվեցի և նայեցի նրան: Նրա մուգ կապույտ աչքերը փայլում էին, աչքերի շուրջբոլորը սահմանանշված էր մանր կնճիռներով, բերանը ժպիտից բացվել էր: Այծամարդու տեսք ուներ: Ես սկսեցի նրա հետ ծիծաղել, ինչպես միշտ, երբ նա ինքն իրեն քաշում էր բարդությունների մեջ:
– Իմ սիրելի մեղսակից,– ասաց նա:– Առանց քեզ ի՞նչ կանեի:
Եվ նրա ձայնը այնպես համոզված էր, այնպես քնքույշ, որ ես հասկացա. առանց ինձ հայրս, իրոք, դժբախտ կլիներ: Մինչև ուշ գիշեր խոսում էինք սիրո և դրա կնճռոտ խնդիրների շուրջ: Հորս համար այդ բոլոր խնդիրները հորինովի էին: Նա կտրականապես մերժում էր հավատարմության, հարաբերությունների լրջության, մարդկային պարտավորությունների գաղափարները: Ինձ բացատրում էր, որ այդ բոլորը քմահաճ են ու անպտուղ: Հորիցս բացի ով էլ ասելու լիներ այդ մասին, ինձ կապշեցներ: Բայց ես գիտեի, որ այս պարագայում դա չէր բացառում ո՛չ քնքշությունը, ո՛չ անձնվիրումը, զգացմունքներ, որոնք նրա ուզելուն պես ծնվում էին, քանզի գիտեր, որ դրանք ժամանակավոր են: Այդ պատկերացումներն ինձ հրապուրում էին. արագածին, կատաղի և անցողիկ սեր: Ես դեռ այն տարիքին չէի, երբ հավատարմությունը գրավիչ է: Ես շատ քիչ բան գիտեի սիրո մասին. ժամադրություններ, համբույրներ և տաղտուկ:
ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Աննայի գալուն համարյա մեկ շաբաթ կար: Ես օգտվում էի իսկական արձակուրդի այս վերջին օրերից: Ամառանոցը վարձել էինք երկու ամսով, բայց ես գիտեի, որ Աննայի գալուց հետո անկաշկանդ հանգիստն այլևս անհնար կլինի: Աննան իրերին այնպիսի մի տեսք էր տալիս, բառերին այնպիսի մի իմաստ, որից ես ու հայրս խուսափում էինք: Նա բարձր ճաշակի և քաղաքավարության այնպիսի նորմերով էր ապրում, որ անհնար էր դառնում չնկատելու դնել նրա անսպասելի ինքնամփոփումները, նրա վիրավորված լռությունը, արտահայտությունների ձևերը: Դա և՛ գրգռիչ էր, և՛ հոգնեցնող, և, վերջին հաշվով, նաև ստորացնող էր, քանզի ես զգում էի, որ նա իրավացի էր:
Աննայի գալստյան օրը որոշվեց, որ հայրս ու Էլզան կգնան Ֆրեժյուսի կայարան՝ նրան դիմավորելու: Ես վճռականորեն հրաժարվեցի այդ ուղևորությանը մասնակցել: Հայրս վշտից պոկեց պարտեզի բոլոր թրաշուշանները, որպեսզի մատուցի Աննային: Ես նրան մի խորհուրդ տվեցի՝ ծաղկեփունջը Էլզայի միջոցով չնվիրել: Ժամը երեքին, նրանց գնալուց հետո, իջա լողափ: Ծանր շոգ էր: Ննջեցի և արթնացա Սիրիլի ձայնից: Բացեցի աչքերս. երկինքն սպիտակ էր, տոթակեզ գոլորշիով պատած: Սիրիլին չպատասխանեցի: Ո՛չ նրա հետ խոսելու ցանկություն ունեի, ոչ էլ մեկ ուրիշի: Ծանրացած ձեռքերով, չորացած բերանով, ամառվա տապից մեխվել էի ավազին:
– Հո մեռած չե՞ք,– հարցրեց նա:– Հեռվից նման էիք լքված նավաբեկորի:
Ես ժպտացի: Նա նստեց կողքիս, և սիրտս սկսեց ուժգնորեն խփել, քանի որ նստելիս ձեռքով թեթևակի դիպավ ուսիս: Վերջին շաբաթվա ընթացքում, իմ փայլուն նավարկության շնորհիվ, մի տասն անգամ ընկել էինք ջուրը, հայտնվել իրար գրկում, և ես ամենաչնչին հուզումն անգամ չէի ապրել: Բայց այս շոգը, այս կիսանինջ վիճակը, նրա ձեռքի հպումը բավական էին, որպեսզի ինչ-որ բան իմ մեջ շուռ գար: Գլուխս դարձրի նրան: Սիրիլը նայում էր ինձ: Ես սկսում էի նրան ճանաչել. նա հավասարակշռված էր, ավելի պարկեշտ, քան սովորաբար լինում են այդ տարիքում: Մեր վիճակը, երեք հոգիանոց մեր անսովոր ընտանիքը նրան շփոթեցնում էր: Նա շատ բարի էր կամ շատ ամաչկոտ, որպեսզի այդ մասին ասեր, բայց հորս ուղղված նրա ծուռ և ոխակալ հայացքներից ես զգում էի: Նա շատ կուզեր, որ ես դրանից տանջվեի: Բայց ես անտարբեր էի, և այս պահին ինձ տանջող միակ բանը սրտիս զարկերն էին ու նրա հայացքը: Նա կռացավ վրաս: Ես վերհիշեցի այս շաբաթվա վերջին օրերը, իմ վստահությունը նրա հանդեպ, նրա ներշնչած անդորրը և ափսոսացի, որ այս լայն շուրթերով խոշոր բերանը մոտենում է ինձ:
– Սիրիլ,– ասացի,– մենք այնքան լավ էինք...
Նա մեղմորեն համբուրեց ինձ: Ես նայում էի երկնքին, հետո իմ սեղմված կոպերի տակ միայն պայթող կարմիր լույսեր էի տեսնում: Շոգը, գլխապտույտը, առաջին համբույրի համը, հառաչանքները երկարատև րոպեներ դարձան: Ավտոմեքենայի ազդանշանը մեզ՝ ասես գողերի, բաժանեց իրարից: Սիրիլից անխոս հեռացա և բարձրացա դեպի տուն: Այդ վաղաժամ վերադարձն ինձ զարմացնում էր: Աննայի գնացքը դեռ չպետք է եկած լիներ: Բայցև այնպես Աննային տեսա դարատափի վրա. նա իջնում էր սեփական մեքենայից:
– Սա պարզապես Քնած գեղեցկուհու դղյակն է,– ասաց նա:– Ինչպե՜ս եք սևացել, Սեսիլ: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել:
– Ես նույնպես,-ասացի:– Իսկ դուք Փարիզի՞ց եք գալիս:
– Որոշեցի մեքենայով գալ և հիմա սաստիկ հոգնած եմ:
Ես նրան առաջնորդեցի իր սենյակ: Պատուհանը բացեցի՝ հուսալով Սիրիլի նավակը տեսնել, բայց նա անհետացել էր: Աննան նստեց մահճակալին: Նրա աչքերի շուրջը մութ բծեր նկատեցի:
– Հրաշալի է այս ամառանոցը,– հառաչեց նա:– Տանտերն ո՞ւր է:
– Էլզայի հետ գնացել է կայարան՝ ձեզ դիմավորելու:
Նա ճամպրուկը դրեց աթոռին և, դառնալով, ցնցվեց: Աննայի դեմքը միանգամից աղավաղվեց, շրթունքները դողում էին:
– Էլզա Մակենբո՞ւրը... Էլզա Մակենբուրին բերել է այստե՞ղ:
Ես չիմացա, թե ինչ պատասխանեմ: Ապշած նայում էի նրան: Այս դեմքը, որ միշտ հանդարտ էր, որ միշտ տիրապետել գիտեր իրեն, այդ աստիճան բացվել էր իմ առջև... Աննան նայում էր ինձ՝ իմ բառերից առաջացած պատկերների միջով: Վերջապես նկատեց ինձ և շրջվեց.
– Ես պետք է ձեզ նախազգուշացրած լինեի,– ասաց նա:– Բայց այնպես էի շտապում մեկնել, այնպես հոգնած էի...
– Իսկ հիմա՞...,– շարունակեցի ես մեքենայաբար:
– Հիմա ի՞նչ,– ասաց նա:
Նրա հայացքը հարցաքննող էր, արհամարհական: Կարծես ուզում էր ասել՝ ի՞նչ է պատահել որ:
– Այժմ դուք եկել եք,– ասացի ես հիմարի պես, ձեռքերս քորելով:– Ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք: Ներքևում ձեզ կսպասեմ: Եթե ուզում եք որևէ բան խմել, մենք հրաշալի բար ունենք:
Ես մրթմրթալով դուրս եկա և, ծայրաստիճան շփոթված, իջա աստիճաններով: Դեմքն ինչո՞ւ այդպես փոխվեց, ձայնն ինչո՞ւ այդպես դողաց, ինչո՞ւ այդպես թույլ զգաց իրեն: Նստեցի բազկաթոռին, փակեցի աչքերս: Փորձում էի Աննայի խիստ ու ինքնավստահ դեմքը հիշել: Հեգնական, համարձակ, տիրական դեմքը: Պարզվում է, որ նրա դեմքը հեշտությամբ կարող է խոցել. սա ինձ հուզում էր, միաժամանակ բարկացնում: Մի՞թե սիրում է իմ հորը: Մի՞թե հնարավոր է, որ Աննան սիրեր նրան: Հայրս բոլորովին նրա ճաշակով չէր: Հայրս թուլակամ էր, թեթևամիտ, երբեմն էլ անզոր: Բայց գուցե պատճառը պարզապես ճամփորդության հոգնածությո՞ւնն էր, բարոյական արժանապատվությո՞ւնը: Մի ժամի չափ նստած ենթադրություններ էի անում:
Ժամը հինգին հայրս եկավ Էլզայի հետ: Ես նայում էի, թե նա ինչպես է դուրս գալիս մեքենայից և փորձում էի գուշակել, թե Աննան կարո՞ղ է նրան սիրել: Հայրս, գլուխը ետ գցած, արագորեն գալիս էր դեպի ինձ: Նա ժպտում էր: Ես մտածեցի՝ չափազանց հավանական է, որ Աննան նրան սիրի, որ ամեն կին էլ կարող է նրան սիրել:
– Աննան այնտեղ չէր,– գոռաց հայրս:– Հուսով եմ, որ վագոնից դուրս չի ընկել:
– Նա իր սենյակում է,– ասացի ես:– Մեքենայով է եկել:
– Ահա թե ի՜նչ: Հրաշալի՜ է, մեզ մնում է միայն այս ծաղկեփունջը մատուցել նրան:
– Ինձ համար ծաղիկներ եք գնե՞լ,– լսվեց Աննայի ձայնը:– Դա հրաշալի է:
Նա հանգիստ, ժպտադեմ, մի զգեստով, որը չէիր հավատա, թե ճամպրուկից է հանել, աստիճաններով իջնում էր: Ես տխրությամբ մտածեցի, որ նա մեքենայի ձայնը լսելուն պես իջել է և որ կարող էր ավելի շուտ իջնել՝ հետս մի քիչ զրուցելու, թեկուզ իմ քննության մասին, որից, ի դեպ, կտրվեցի: Այս վերջին միտքն ինձ մխիթարեց:
Հայրս նետվեց դեպի նա և ձեռքը համբուրեց:
– Այս ծաղկեփունջը ձեռքիս և մի տխմար ժպիտ շրթունքներիս՝ քառորդ ժամ կանգնեցի կայարանի կառամատույցում: Փառք աստծուն, դուք, այնուամենայնիվ, այստեղ եք: Ծանո՞թ եք Էլզա Մակենբուրին:
Ես աչքերս փախցրի:
– Մենք կարծես թե հանդիպել ենք,– ասաց Աննան՝ անչափ սիրալիր:– Իմ սենյակը հոյակապ է, շատ ազնիվ եք, Ռեյմոն, որ ինձ հրավիրել եք, ես չափազանց հոգնած էի: Հայրս կաշվից դուրս էր գալիս: Նրան թվում էր, թե ամեն ինչ լավ է: Ճոռոմ խոսքեր էր արտասանում, շշեր բացում: Ես մեջընդմեջ տեսնում էի Սիրիլի և Աննայի կրքոտ դեմքերը, երկու դեմքեր՝ բուռն ապրումների կնիքը վրան, և մտածում էի, թե արձակուրդն, արդյոք, այսպես անդորր կանցնի՞, ինչպես հայրս էր ենթադրում:
Մեր առաջին ճաշը շատ ուրախ անցավ: Հայրս և Աննան խոսում էին իրենց ընդհանուր ծանոթների մասին, որոնք բազմաթիվ չէին, բայց անչափ գունագեղ էին: Ես հաճույքով լսում էի, մինչև որ Աննան հայտարարեց, թե հորս գործընկերը «միկրոցեֆալ» է: Դա մի մարդ էր, որը սիրում էր խմել, բայց ազնիվ էր, և նրա հետ ես ու հայրս շատ էինք ընթրել:
– Լամբարը զվարճալի է, Աննա,– առարկեց հայրս:– Նա շատ հաճելի մարդ է:
– Բայց խոստովանեք, որ նա մեծ խելքի տեր չէ, և հատկապես նրա հումորը...
– Նրա խելքը գուցե մի քիչ տարօրինակ է, բայց...
Աննան ներողամիտ հայացքով ընդհատեց ինձ.
– Այն, ինչ համարում եք խելացի տարօրինակություն, ընդամենը տարիքի տարօրինակություն է:
Նրա ձևական հղկվածությունը և ավարտվածությունն ինձ հաղթեցին: Ֆրազներ կան, որոնք ինձ համար նրբին, ինտելեկտուալ մթնոլորտ են ստեղծում, գրավում են ինձ, չնայած մինչև վերջ չեմ կարողանում դրանց խորքերը թափանցել: Այս ֆրազը լսելով ափսոսացի, որ ձեռքիս տակ թուղթ ու մատիտ չկա: Այդ մասին ասացի Աննային: Հայրս ծիծաղեց.
– Համենայն դեպս, դու հիշաչար չես:
Ես չէի կարող հիշաչար լինել, քանի որ Աննան չարակամ չէր: Նա կատարելապես անտարբեր էր. նրա դատողություններում չարությանը հատուկ մանրախնդիր ճշգրտությունը և սրությունը չկային: Եթե չար լիներ, նրա դատողություններն ավելի ծանրամարս կդառնային:
Այս առաջին երեկոյի ընթացքում Աննան կարծես թե չնկատեց Էլզայի շփոթվածությունը. Էլզան ուղղակի մտավ հորս սենյակը: Աննան մոդաների իր հավաքածուից մի սվիտեր էր բերել ինձ համար, բայց թույլ չտվեց, որ շնորհակալություն հայտնեմ իրեն: Շնորհակալության ցույցերը նրան տաղտուկ էին պատճառում, և քանի որ չէի կարողանում իմ երախտագիտությունը հայտնել, որոշեցի ավելորդ ջանքեր չթափել:
– Էլզան ինձ շատ դուր եկավ,– ասաց նա դուրս գալուց առաջ:
Նա, առանց ժպտալու, նայում էր աչքերիս մեջ, ասես այնտեղ մի կասկած էր որոնում, որն ամեն գնով անհրաժեշտ էր արմատախիլ անել: Ինձ պարտադրում էր առաջին րոպեների իր անզսպվածությունը մոռանալ:
– Այո՛, այո՛, նա հմայիչ է: Իհարկե, ջահել աղջիկ է... շատ հաճելի,– կմկմացի ես:
Աննան սկսեց քրքջալ, իսկ ես, նյարդայնացած, գնացի պառկելու: Քնեցի, մտածելով Սիրիլի մասին, որը Կաննում հավանաբար պարում էր աղջիկների հետ:
Ես հասկանում եմ, որ մոռանում եմ, ստիպում եմ ինքս ինձ մոռանալ գլխավորը՝ ծովի ներկայությունը, նրա անդադար ռիթմը, արևը: Առավել ևս չէի կարողանա նկարագրել գավառական գիշերօթիկի բակում կանգնած չորս լորենին, նրանց բույրը և կայարանի կառամատույցում սպասող հորս ժպիտը՝ երկու տարի առաջ, երբ դուրս էի գալիս գիշերօթիկից, այդ վարանած ժպիտը, որովհետև ես հյուսքեր ունեի և հագիս մի այլանդակ, գրեթե սև զգեստ էր: Ապա հրճվանքի անսպասելի, հաղթական բռնկումը մեքենայի մեջ, որովհետև հայտնաբերեց, որ ես նրա աչքերն ունեմ, նրա բերանը և պիտի դառնամ ամենասիրելի, ամենահրաշալի խաղալիքը: Ես ոչինչ չգիտեի. նա բացեց ինձ համար Փարիզը, ցուցադրեց նրա շքեղությունը, դյուրին կյանքը: Ենթադրում եմ, որ այն օրերի հաճույքներիս մեծագույն մասի համար պարտական եմ փողերին. մեքենայով արագ սլանալու հաճույքը, նոր զգեստ հագնելու հաճույքը, ձայնապնակներ, գրքեր, ծաղիկներ գնելու հաճույքը: Մինչև հիմա էլ չեմ ամաչում այդ թեթևսոլիկ հաճույքների համար և, իմիջիայլոց, համաձայն չեմ դրանք թեթևսոլիկ կոչել, պարզապես իմ ներկայությամբ այդպես էին անվանում ուրիշները: Եթե պետք էր որևէ բան ափսոսալ, որևէ բանից հրաժարվել, ապա ավելի շուտ կափսոսայի իմ թախծի, իմ միստիցիզմի նոպաների համար: Հաճույքների, երջանկության ձգտումն իմ բնավորության միակ հաստատուն և միատարր գիծն է: Գուցե ես քիչ եմ կարդացել: Գիշերօթիկում միայն բարոյախոսական գրքեր են կարդում: Փարիզում կարդալու ժամանակ չունեի. դասերից հետո ընկերներս ինձ քարշ էին տալիս կինո. դերասանների անունները ես չգիտեի, և դա նրանց զարմացնում էր: Իսկ եթե կինո չէինք գնում, նստում էինք սրճարանների արևոտ սրահներում: Ես ըմբոշխնում էի ամբոխին խառնված լինելու, խմելու, աչքերիդ մեջ նայողի հետ լինելու հաճույքը, մեկը, որ նայում է աչքերիդ մեջ, բռնում ձեռքդ, հետո տանում հեռու՝ ամբոխի մեջ: Փողոցներով քայլելով հասնում էինք տուն: Այստեղ նա ինձ քաշում էր դռան ետևը և համբուրում: Ես հայտնագործում էի համբույրի հաճույքը: Այս հուշերին ես անուն չեմ դնում. Ժան, Յուբեր, Ժակ... Բոլոր աղջիկների համար ընդհանուր անուններ: Երեկոյան ես տարիք էի առնում, հորս հետ գնում երեկույթների, որտեղ՝ խառը հասարակության մեջ չգիտեի, թե ինչ անեի, զվարճանում էի և զվարճացնում՝ իմ տարիքով: Վերադառնալիս հայրս ինձ իջեցնում էր մեքենայից մեր տան մոտ և շատ հաճախ ճանապարհում իր բարեկամուհուն: Նա տուն էր վերադառնում այն ժամանակ, երբ արդեն քնած էի:
Չեմ ուզում ասել, թե նա հատկապես ցուցադրում էր իր արկածները: Պարզապես չէր թաքցնում ինձնից, ավելի շուտ, որևէ պատշաճ կամ կեղծ բան չէր հորինում, որպեսզի արդարացներ, թե իր այս կամ այն բարեկամուհին ինչու է այդքան հաճախակի ճաշում մեզ հետ կամ ինչու է ապրում մեր տանը... բարեբախտաբար ժամանակավոր: Բոլոր դեպքերում, կարճ ժամանակից կռահում էի, թե իր «հյուրերի” հետ ինչպիսի հարաբերությունների մեջ է և նա, անկասկած, գնահատում էր իմ վստահությունը, մանավանդ որ ստիպված չէր լինում տաժանելի ճիգեր գործադրելով տանջել երևակայությունը՝ պատշաճ պատճառներ հորինելու համար: Հաշվարկն անթերի էր: Միակ սխալն այն էր, որ մի շրջան չթաքնված ցինիզմ էր ներշնչել ինձ սիրո բոլոր խնդիրների հանդեպ, որն իմ տարիքի և իմ կենսափորձի համար ավելի շատ զվարճալի էր, քան սոսկալի: Ես հաճույքով կրկնում էի հղկված բանաձևերը, ինչպես ասենք, Օսկար Ուայլդի այս խոսքերը. «Մեղքը միակ վառ բիծն է, որ շարունակում է գոյություն ունենալ այս աշխարհում»: Այնպիսի բացարձակ համոզվածությամբ էի սեփականացրել այդ միտքը, որ հազիվ թե կյանքում նույնպիսի վստահությամբ կիրառեի: Ես գտնում էի, որ պետք է իմ կյանքը դասավորեմ՝ ելնելով այդ նշանաբանից, ոգեշնչվեմ դրանով: Ես մոռանում էի, որ ժամանակի մեջ բաներ կան, որ մեռնում են, դադարում գոյություն ունենալ, որ կան առօրյա բարի զգացմունքներ: Իմ իդեալի մեջ ես պատկերացնում էի ստոր և զազիր մի կյանք:
ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Հաջորդ օրն առավոտյան արթնացա արևի շեղակի և շոգ ճառագայթից, որ տարածվել էր մահճակալիս և վերջ տվել տարօրինակ ու շփոթ երազներին: Կիսաքուն վիճակում փորձում էի այդ համառ շոգն իմ դեմքից մի կողմ վանել, հետո հրաժարվեցի: Ժամը տասն էր: Անկողնազգեստս հագիս դուրս եկա պատշգամբ և այնտեղ տեսա Աննային, որ թերթերն էր նայում: Նկատեցի, որ նրա դեմքը թեթևակի, նրբորեն ներկված է: Հավանաբար, նա երբեք լրիվ չի տրվում հանգստին: Քանի որ ինձ վրա ուշադրություն չդարձրեց, սուրճի բաժակը և նարինջը ձեռքիս հանգիստ տեղավորվեցի աստիճաններին և սկսեցի առավոտյան հաճույքները մաս-մաս վայելել. ես կծում էի նարինջը և քաղցր հյութը ցայտում էր բերանիս մեջ, հետո՝ սև սրճի տաք կումը, և տեղնուտեղը դարձյալ սառը մրգի թարմությունը: Առավոտյան արևը տաքացնում էր մազերս, հարթում մարմնիս վրա անկողնի թողած անհարթությունները: Հինգ րոպե հետո կգնամ լողանալու: Աննայի ձայնից հանկարծակիի եմ գալիս.
– Սեսիլ, ինչո՞ւ բան չեք ուտում:
– Առավոտները ես միայն խմում եմ, որովհետև...
– Դուք մի երեք կիլո պիտի գիրանաք, որպեսզի ձեր արտաքինը լավ երևա: Ձեր այտերը փոս ընկած են, ոսկորները ցցվել են: Գնացեք բուտերբրոդ բերեք և կերեք:
Սկսեցի աղաչել, որ ինձ չստիպի բուտերբրոդ ուտել, իսկ նա սկսեց ապացուցել, որ դա անհրաժեշտ է, և այդ պահին հայտնվեց հայրս՝ իր պտավոր, շքեղ խալաթը հագին:
– Ի՜նչ սքանչելի տեսարան է,– ասաց նա:– Արևից սևացած երկու փոքրիկ աղջիկ խոսում են բուտերբրոդների մասին:
– Ավա՜ղ, այստեղ ընդամենը մի փոքրիկ աղջիկ կա,– ասաց Աննան ծիծաղելով:– Ես ձեր տարիքին եմ, իմ խեղճ Ռեյմոն:
Հայրս կռացավ և համբուրեց նրա ձեռքը:
– Դու շարունակում ես խայթել,– ասաց նա քնքշորեն, և ես տեսա, թե ինչպես Աննայի թերթերունքները, ասես մի անսպասելի շոյանքից, թրթռացին:
Ես օգտվեցի առիթից և կամացուկ դուրս եկա: Աստիճանների վրա բախվեցի Էլզային: Երևում էր, որ անկողնուց նոր է ելել. կոպերն ուռած էին, իսկ արևից վառված բոսորագույն դեմքի վրա շրթունքները գունատ էին: Պետք էր, որ նրա կանգնեցնեի և ասեի, որ Աննան խնամված և թարմ դեմքով ներքևում նստած է, որ նա սկսել է առանց իր առողջությունը վնասելու չափավոր սևանալ արևի տակ: Ես պետք է նրան զգուշացնեի: Բայց նա, անկասկած, սխալ կհասկանար. Էլզան քսանինը տարեկան էր, տասներեք տարով ջահել էր Աննայից, և այս հանգամանքը մեծ առավելություն էր նրա աչքին:
Լողազգեստս հագա և վազեցի դեպի ծովախորշ: Ի զարմանս ինձ, Սիրիլն արդեն այնտեղ էր: Նստած էր իր նավակի մեջ: Նա հանդիսավորությամբ եկավ, ինձ դիմավորեց և բռնեց ձեռքերս:
– Ուզում էի երեկվա համար ներողություն խնդրել ձեզնից,– ասաց նա:
– Դա իմ մեղքով էր,– պատասխանեցի ես:
Ես բնավ նեղված չէի, որ նրա հանդիսավոր տեսքն ինձ զարմացնում էր:
– Ինքս ինձ վրա շատ զայրացած եմ,– ասաց նա՝ նավակը ջրի մեջ հրելով:
– Շատ իզուր,– զվարթությամբ ասացի ես:
– Ոչ:
Ես արդեն նավակում էի: Նա մինչև ծնկները կանգնել էր ջրի մեջ և հենվել նավեզրին, ասես դատարանի ամբիոնի մոտ լիներ: Ես հասկացա, որ մինչև չխոսի, նավակ չի նստի, ուստի և անհրաժեշտ ուշադրությամբ նայում էի նրան: Ես լավ ծանոթ էի նրա դեմքին և առանց դժվարության կարդում էի նրա մտքերը: Մտածում էի, որ քսանհինգ տարեկան է և գուցե իրեն մոլորեցնողի տեղ է դնում: Այդ միտքն ինձ ստիպեց ժպտալ:
– Մի ծիծաղեք,– ասաց նա:– Երեկ երեկոյան ինքս ինձ վրա կատաղած էի, դուք գիտեք: Չէ որ դուք անպաշտպան եք իմ առջև... Ձեր հայրը, այդ կինը վատ օրինակ են ձեզ համար... Եթե ես ամենահետին ստորը լինեի, միևնույն է, դարձյալ կվստահեիք ինձ...
Նա նույնիսկ ծիծաղելի չէր: Ես զգում էի, որ նա բարի է և պատրաստ է ինձ սիրել. ինքս էլ շատ կուզեի նրան սիրել: Ձեռքերս գցեցի նրա վզին, իսկ այտս հպեցի այտին: Նրա ուսերը լայն էին, և ես մի զորեղ մարմին էի զգում իմ դիմաց:
– Դուք ազնիվ եք, Սիրիլ,– շշնջացի ես:– Դուք իմ եղբայրը կլինեք:
Նա գրկեց ինձ, զայրույթի մի կարճ բացականչություն արձակեց և նավակից զգուշորեն դուրս հանեց: Նա բարձր պահած գրկել էր ինձ, գլուխս նրա ուսին էր: Այդ պահին ես նրան սիրում էի: Առավոտյան լույսի տակ նա էլ ինձ նման ոսկեգույն էր, ինձ նման լավն էր, ինձ նման նուրբ էր և հովանավորում էր ինձ: Երբ նրա բերանը գտավ իմը, ես էլ նրա պես սկսեցի դողալ, և մեր համբույրի մեջ ո՛չ խղճի խայթ կար, ո՛չ ամոթ, միայն շշուկներով ընդհատվող մի ագահ ճանաչում: Ես դուրս պրծա և լողացի դեպի նավակը, որը, հորձանքից քշված, հեռանում էր: Լողում էի և դեմքս պահում ջրի մեջ, որպեսզի թարմացնեմ, վերադարձնեմ նախկին վիճակին... Ջուրը կանաչ էր: Ես պարուրված էի մի անհոգ և կատարյալ երջանկությամբ:
Ժամը տասնմեկ անց կեսին Սիրիլը գնաց, և հայրս ու իր կանայք հայտնվեցին քարայծերի արահետի վրա: Նա քայլում էր երկուսի միջև, պահում նրանց և մի բնական, միայն իրեն հատուկ վայելչությամբ հաջորդաբար ձեռքը մեկնում մերթ մեկին, մերթ մյուսին: Աննան խալաթը հագից չէր հանել. մեր զննող հայացքների տակ հանգիստ հանեց և պառկեց վրան: Մեջքը նուրբ էր, ոտքերն՝ անթերի, միայն մաշկը տեղ-տեղ թեթևակիորեն թորշոմած էր: Անկասկած, դա խոսում էր տարիների խնամքի և ուշադրության մասին: Հոնքս բարձրացնելով, հավանության մի հայացք ուղղեցի հորս: Ի զարմանս ինձ, նա չպատասխանեց և փակեց աչքերը: Խեղճ Էլզան ողբալի տեսք ուներ. նա ձիթապտղի յուղ էր քսում մաշկին: Մի շաբաթ կանցնի և հայրս...
Աննան դարձավ ինձ.
– Սեսիլ, ինչո՞ւ եք այստեղ այդքան շուտ զարթնում: Փարիզում մինչև կեսօր անկողնում էիք մնում:
– Այնտեղ ես պարապում էի,– պատասխանեցի ես:– Դա ինձ հալումաշ էր անում:
Նա չժպտաց: Նա ժպտում էր միայն այն դեպքում, երբ ցանկանում էր, և ոչ թե մյուսների նման, որ քաղաքավարությունից մղված են ժպտում:
– Իսկ ձեր քննությո՞ւնը:
– Կտրվեցի,– զվարթությամբ պատասխանեցի ես:– Մաքուր կտրվեցի:
– Հոկտեմբերին պետք է անպայման հանձնեք:
– Ինչո՞ւ,– միջամտեց հայրս:– Ես երբեք դիպլոմ չեմ ունեցել: Եվ առոք-փառոք ապրում եմ:
– Դուք հենց սկզբից մի որոշ գումար ունեիք,– հիշեցրեց Աննան:
– Իմ աղջիկը միշտ էլ կկարողանա ճարել այնպիսի մի տղամարդու, որը նրան լավ ապրուստ կապահովի,– ասաց հայրս ազնվորեն:
Էլզան սկսեց ծիծաղել, բայց մեր երեքի հայացքների տակ կանգ առավ:
– Այս արձակուրդներին նա պետք է պարապի,– ասաց Աննան և աչքերը փակեց՝ ազդարարելով, որ խոսակցությունն ավարտված է:
Ես անհույս մի հայացքով նայեցի հորս: Նա փոքր ինչ շփոթված ժպիտով պատասխանեց: Ես պատկերացրի ինձ Բերգսոնի* գիրքը ձեռքիս, սև տողերը, որոնցից աչքերս շաղվում են և Սիրիլի ծիծաղը ծովափին... Այդ միտքն ինձ սարսափեցրեց: Ես սողացի դեպի Աննան և ցածրաձայն դիմեցի նրան: Նա բացեց աչքերը: Ես մի անհանգիստ, աղաչող դեմքով թեքվեցի նրա վրա, այտերս ներս ձգեցի, որպեսզի մտավոր աշխատանքից տանջված մարդու տեսք ստանամ:
– Աննա,– ասացի ես,– դուք հո չե՞ք ստիպի, հո չե՞ք ստիպի, որ այս շոգերին նստեմ պարապեմ... այս արձակուրդների ժամանակ, երբ կարող եմ լավ կազդուրվել... – Ես պետք է ձեզ «ստիպեմ»... նույնիսկ այս շոգերին, ինչպես դուք եք ասում: Մի երկու օր ինձնից նեղացած ման կգաք, բայց հետո քննությունը կհանձնեք:
– Բաներ կան, որ ստիպել չի լինի,– ասացի ես առանց ժպիտի:
Նա հեգնական և հպարտ մի հայացք նետեց վրաս, և ես անտարբերությամբ լի նորից պառկեցի ավազին: Էլզան ինչ-որ բան էր ճռվողում ծովափնյա զվարճալիքների մասին: Բայց հայրս նրան չէր լսում: Նա նստել էր կանացի մարմիններից կազմված եռանկյունու գագաթին և ինձ ծանոթ անշարժ, համարձակ հայացքով նայում էր Աննայի շրջված կիսադեմին և ուսերին: Նրա ձեռքը հանդարտ, կանոնավոր և անդադար մի շարժումով ավազը վերցնում և հոսեցնում էր մատների արանքից: Ես վազեցի դեպի ծովը, մտա ջուրը և ողբացի արձակուրդը, որը կարող էինք ունենալ, բայց չենք ունենա: Սակայն դրամայի բոլոր տարրերը կային՝ գայթակղիչ, կիսաշխարհիկ մի կին և սառը դատողությամբ մի կին: Ծովի հատակին մի սքանչելի խեցի նկատեցի՝ վարդագույն, երկնագույնի հետ: Սուզվեցի, վերցրեցի և մինչև ճաշը պահում էի ձեռքիս մեջ՝ հղկված, ողորկ խեցին: Որոշեցի, որ դա իմ թալիսմանը կլինի և մինչև ամառվա վերջը կպահեմ: Եվ չգիտեմ ինչպես ստացվեց՝ այդ խեցին ես չկորցրեցի, ինչպես սովորաբար կորցնում էի ամեն բան: Մինչև այսօր էլ իմ ձեռքին է՝ վարդագույն և գաղջ, ու լաց լինելու ցանկություն է առաջանում մեջս:
ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Հաջորդ օրերին ինձ ամենից շատ զարմացնողը Աննայի ծայրաստիճան ջերմ վերաբերմունքն էր Էլզայի հանդեպ: Էլզայի բազմաթիվ և փայլուն տխմարությունները լսելով, նա երբեք չէր արտասանում իր այն կարճ և դիպուկ արտահայտությունները, որոնց գաղտնիքը միայն ինքը գիտեր և որոնցով խեղճ Էլզային կարող էր ծաղրի առարկա դարձնել: Ինքս իմ մեջ արժանին էի հատուցում նրա համբերությանն ու վեհանձնությանը, առանց նկատելու, որ այդ վարքի մեջ խորամանկության մեծ բաժին կա խառնված: Հայրս այդ մանր կռիվներից շուտ կհոգներ: Մինչդեռ նա երախտապարտ էր Աննային և չգիտեր, թե ինչպես շնորհակալ լիներ: Այսինքն, երախտագիտությունն ընդամենը պատրվակ էր: Հայրս, անկասկած, նրա հետ վարվում էր որպես պատվարժան մի կնոջ, որպես իր աղջկա երկրորդ մոր: Նա հաճախ էր ընդգծում այս պարագան և իր տեսքով կարծես ուզում էր ասել, թե ինձ դնում է Աննայի հսկողության տակ, որ նա մասամբ պատասխանատու է իմ վարքի համար: Սրանով հայրս ուզում էր Աննային ավելի մոտեցնել մեզ, ավելի ամուր կապել մեզ հետ: Բայց միևնույն ժամանակ այնպիսի հայացքներով էր նայում նրան և այնպիսի վերաբերմունք ցույց տալիս, որոնցով դիմում են մի անծանոթ կնոջը, որին ուզում են հաճույքի մեջ ճանաչել: Երբեմն Սիրիլն էր նայում ինձ այդպիսի հայացքներով. դրանք ինձ և՛ խրտնեցնում էին, և՛ միաժամանակ ստիպում նրան գրգռել: Այս հարցում, հավանաբար, ես Աննայից ավելի տպավորվող էի. նա հորս հանդեպ ցուցաբերում էր մի անվրդով, հանդարտ մտերմություն, և դա ինձ վստահություն էր ներշնչում: Նույնիսկ սկսեցի մտածել, թե առաջին օրն սխալվել եմ, ես չէի նկատում, որ այս աներկդիմի մտերմությունը ծայրաստիճան գրգռում է հորս: Հատկապես Աննայի լռությունը... Նրա լռությունը՝ այնքա՜ն բնական, այնքա՜ն նրբանկատ: Էլզայի անդադար ճռվողյունի դեմ նա դարձել էր մի տեսակ հակաթեզ, ինչպես արևը գիշերվա դեմ: Խե՜ղճ Էլզա... Նա իսկապես ոչինչ չէր կասկածում, նա շարունակում էր մնալ հորդուն և աշխույժ և շարունակվում էր գունաթափվել արևի տակ:
Բայց մի օր, հորս հայացքը բռնելով, նա հավանաբար հասկացավ, թե ինչ է կատարվում: Ճաշից առաջ ես տեսա, թե ինչպես է շշնջում հորս ականջին: Հորս դեմքը մի պահ դժկամեց, հետո զարմանք արտահայտեց, հետո ժպտաց: Սուրճ խմելու ժամանակ Էլզան վեր կացավ, դռանը մոտենալով՝ շրջվեց դեպի մեզ և նվաղուն տեսքով, որը հաստատ ամերիկյան ֆիլմերից էր վերցրել և համեմել ֆրանսիական վայելչագեղությամբ, ասաց.
– Դուք գալի՞ս եք, Ռեյմոն:
Հայրս վեր կացավ, գրեթե կարմրեց և, սիեստի* օգտակարության մասին խոսելով, հետևեց նրան: Աննան անշարժ էր: Սիգարետը ծուխ էր արձակում նրա մատների միջև: Ես զգացի, որ պարտավոր եմ մի բան ասել.
– Ասում են, թե սիեստը լավ հանգիստ է, բայց ես կարծում եմ, որ դա սխալ է...
Ասածիս երկիմաստությունն զգալով, անմիջապես լեզուս կծեցի:
– Խնդրում եմ,– չոր ասաց Աննան:
Նա նույնիսկ չնկատեց երկիմաստությունը: Ավելի շուտ, ասածս դրել էր կոպիտ կատակի տեղ: Ես նայում էի նրան: Նրա դեմքի սարքովի հանդարտությունը և անվրդովությունն ինձ հուզեցին: Գուցե այս պահին սոսկալի խանդում էր Էլզային: Ցանկացա մխիթարել և մեջս մի ցինիկ միտք ծագեց, որը գլխովս անցնող բոլոր մյուս նման մտքերի պես գրավիչ թվաց: Ցինիզմը մի տեսակ վստահություն էր հաղորդում, ինքս իմ մեղսակիցը լինելու գինովությունն էր պարգևում: Ես չկարողացա բարձրաձայն չասել.
– Նկատի ունեցեք, որ Էլզայի արևայրուցքների պատճառով հազիվ թե մեկը կամ մյուսը կարողանան հաճույք ստանալ այդ սիեստից:
Ավելի լավ կլիներ ձայնս կտրեի:
– Ես ատում եմ նման խոսակցությունները,– ասաց Աննան:– Ձեր տարիքի համար դրանք ոչ միայն տհաճ են, այլև տխմար:
Ես ավելացրի.
– Կներեք, ես կատակ էի անում: Վստահ եմ, որ հոգու խորքում նրանք շատ գոհ են:
Աննան տանջահար դեմքով նայեց ինձ: Ես անմիջապես ներողություն խնդրեցի: Նա աչքերը փակեց և կամաց, համբերությամբ լցված մի ձայնով սկսեց խոսել.
– Դուք սիրո մասին պարզունակ պատկերացում ունեք: Դա միայն իրարից անկախ և իրար հաջորդող զգացմունքների հերթականություն չէ...
Ես նկատեցի, որ իմ բոլոր սերերն այդպիսին են եղել: Անսպասելի հուզմունք՝ մի նոր դեմք տեսնելիս, մի նոր շարժումից, մի համբույրից... Իրարից անջատ զվարթ պահեր, ահա ամբողջ հուշերս իմ ապրած սերերից:
– Դա մի ուրիշ բան է,– ասաց Աննան:– Կա հաստատուն քնքշանք, մեղմություն, ինչ-որ մեկի պահանջ... Բաներ, որոնք դուք չեք կարող հասկանալ:
Ձեռքով մի խուսափող շարժում արեց և լրագիրը վերցրեց: Շատ կուզեի, որ նա զայրանար և ոչ թե անտարբերությամբ համակերպվեր իմ զգացմունքային չքավորությանը: Ես մտածեցի, որ նա իրավացի է, որ ես ապրում էի անասունի պես, ուրիշների կամքով, որ ես խեղճ եմ և թույլ: Ես արհամարհում էի ինձ, և դա տաժանելի էր, որովհետև սովոր չէի ինքս ինձ դատել, այսպես ասած, ո՛չ հանուն լավի, ո՛չ էլ հանուն վատի: Ես քաշվեցի սենյակս: Ասես երազի մեջ լինեի: Շուռումուռ էի գալիս անկողնուս գաղջ սավանի վրա: Աննայի խոսքերը դեռ ականջներումս էին. «Դա մի ուրիշ բան է... Ինչ-որ մեկի պահանջ»: Երբևէ կյանքումս ինչ-որ մեկի պահանջ ունեցե՞լ եմ: Այդ տասնհինգ օրերի միջադեպերն այլևս չեմ հիշում: Արդեն ասել եմ այդ մասին, ոչ մի որոշակի կամ սպառնալից բան չէի ուզում տեսնել: Արձակուրդի հետագա օրերն, իհարկե, հիշում եմ ճշգրտորեն, որովհետև իմ ողջ ուշադրությունը, ողջ հնարամտությունն ուղղված էին դրանց: Բայց այն երեք շաբաթը, վերջին հաշվով այն երեք երջանիկ շաբաթը... Այդ ո՞ր օրն էր, երբ հայրս ցուցադրաբար նայեց Աննայի շրթունքներին կամ ո՞ր օրն էր, երբ կատակելով, Աննային բարձրաձայն մեղադրեց անտարբերության մեջ: Այդ ո՞ր օրն էր, երբ առանց կատակի նրա նրբամտությունը համեմատեց Էլզայի անխելքության հետ: Իմ հանգստությունը հենված էր այն տխմար մտքին, թե նրանք տասնհինգ տարուց ի վեր ծանոթ են իրար և որ եթե իրար սիրելու լինեին, վաղուց պետք է արդեն սկսած լինեին: «Բայց եթե դա տեղի ունենա,– ասում էի ինքս ինձ,– հայրս երեք ամիս սիրահարված կլինի Աննային և ի վերջո կմնան կրքոտ հուշեր և մի քիչ ստորացում»: Կարծես չգիտեի, որ Աննան այն կանանցից չէ, որոնց կարող են այդպես լքել: Բայց Սիրիլը շարունակ կողքիս էր, և դա բավական էր, որ մտքերս նրանով տարված լինեին: Մենք միասին հաճախում էինք Սեն-Տրոպեզի գինետները, պարում կլարնետի մարող հնչյունների տակ, իրար ասում սիրո խոսքեր, որոնք հաջորդ օրը մոռանում էինք, բայց որոնք քաղցր էին հնչում այդ երեկոների ընթացքում: Ցերեկները առագաստանավակով լողում էինք ափի երկայնությամբ: Հայրս երբեմն ընկերակցում էր մեզ: Հայրս նրան գնահատում էր, հատկապես այն օրվանից, երբ Սիրիլը լողի մրցումներում թողեց, որ հայրս նրան հաղթի: Նրան ասում էր «իմ փոքրիկ Սիրիլ», Սիրիլը նրան դիմում էր «մսյո» բառով, բայց ես մտածում էի, թե երկուսից ո՞րն է ավելի ջահել:
Մի անգամ կեսօրից հետո, Սիրիլի մոր հրավերով, գնացինք թեյ խմելու: Դա տարիքն առած մի կին էր՝ ժպտադեմ, հանգիստ: Նա մեզ պատմում էր իր այրիական և մայրական դժվարությունների մասին: Հայրս ցավակցական խոսքեր էր ասում, երախտագիտական հայացքներ նետում Աննային և հաճոյախոսում տարիքավոր տիկնոջը: Պետք է տեղեկացնեմ, որ նա երբեք ափսոսանք չէր հայտնում ծախսված ժամանակի համար: Աննան սիրալիր ժպտալով նայում էր այդ ներկայացումը: Տուն վերադառնալով հայտարարեց, որ այդ տիկինն սքանչելի էր: Ես անեծքներ տեղացի այդ տեսակ կանանց հասցեին: Նրանք ինձ նայեցին մի ներողամիտ և զարմացած ժպիտով, որն ինձ համբերությունից հանեց:
– Դուք չնկատեցի՞ք, թե ինքն իրենից ի՜նչ գոհ էր,– գոռացի ես:– Նա ինքն իրեն երջանիկ է համարում, որովհետև կարծում է, թե իր պարտքը կատարել է և...
– Բայց դա իրոք այդպես է,– նկատեց Աննան:– Ինչպես ասում են, նա իր մայրական պարտականությունները կատարել է...
– Իսկ իր պոռնկական իրավունքնե՞րը,– հարցրեցի ես:
– Անվայել խոսքերը տանել չեմ կարող,– հայտարարեց Աննան,– անգամ եթե դրանք պարադոքսալ են:
– Բայց դա պարադոքսալ չէ: Նա բոլորի պես ամուսնացել է իր ամուսնու հետ՝ զգացմունքներից մղված կամ դեպքերի բերումով: Մի երեխա է ունեցել, դուք երևի գիտեք, թե ինչպես են երեխա ունենում:
– Իհարկե, քո չափ չգիտենք,– հեգնեց Աննան,– բայց որոշ պատկերացումներ ունենք:
– Այսպիսով, նա դաստիարակել է իր երեխային: Նա, հավանաբար, իրեն հեռու է պահել դաստիարակության տագնապներից, կողմնակի սիրո հուզումներից: Ապրել է միլիոնավոր կանանց կյանքով և դրանով հպարտ է, դուք հասկանո՞ւմ եք: Նա եղել է բուրժուա ընտանիքի ջահել աղջիկ, մայր, բայց ոչինչ չի արել այդ վիճակից դուրս գալու համար: Եվ իր արած այս կամ այն բանով չի պարծենում, այլ նրանով, ինչը չի հասցրել անել:
– Անիմաստ բաներ ես ասում,– առարկեց հայրս:
– Բայց դա թակարդ է հիմար թռչունների համար,– գոռացի ես:– Ապրում են, հետո ասում. «Իմ պարտքը կատարել եմ»: Որովհետև ոչինչ չեն արել: Այ, եթե նա բուրժուական ընտանիքում ծնվեր, բայց փողոցային աղջիկ դառնար, այդ դեպքում արժանի կլիներ ամեն ինչի:
– Ձեր մտքերը մոդայիկ են, բայց անարժեք,– ասաց Աննան:
Նա գուցե իրավացի էր: Ես ասում էի այն, ինչ մտածում էի, բայց ճշմարիտ էր նաև այն, որ դրանք լսել էի ուրիշներից: Բայցևայնպես իմ կյանքը, հորս կյանքը հաստաստում էին այդ տեսությունը, և Աննան, արհամարհելով դա, ինձ խոցում էր: Կեղծ փայլով էլ կարելի է խաբվել, ինչպես ամեն ինչով: Բայց Աննան իմ մեջ մտածող էակ չէր տեսնում: Ինձ թվում էր, թե առանց հետաձգելու, անմիջապես պիտի նրան հակառակը համոզեմ: Մտքովս չէր անցնում, որ շատ շուտով այդ առիթը կունենամ և ես այն չեմ փախցնի: Իմիջիայլոց, հոժարակամ նշում եմ, որ մեկ ամիս հետո նույն բաների մասին ուրիշ կարծիք պիտի ունենայի, որ իմ համոզմունքները փոխվելու էին: Ուրիշ ինչպե՞ս կարող էի մեծահոգի լինել:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Եվ ահա մի օր սրա վերջը եկավ: Առավոտյան հայրս որոշեց, որ երեկոն կանցկացնենք Կաննում, կխաղանք, կպարենք: Ես հիշում եմ Էլզայի հրճվանքը: Իր համար ընտանի դարձած կազինոյի մթնոլորտում հույս ուներ, թե կվերագտնի ճակատագրական կնոջ իր անհատականությունը, որն արևի ճառագայթներից և մեր կիսամենակյաց կյանքից մի քիչ խամրել էր: Հակառակ իմ սպասումներին, Աննան դեմ չեղավ այս աշխարհիկ միջոցառմանը, նույնիսկ թվում էր, թե բավական գոհ է: Այդ պատճառով էր, որ ճաշից հետո անմիջապես բարձրացա սենյակս՝ երեկոյան զգեստս հագնելու, ի դեպ, իմ ունեցած միակ երեկոյան զգեստը: Այդ շորը, որ հայրս էր ընտրել ինձ համար, կարված էր տարաշխարհիկ մի կերպասից, ինձ համար թերևս չափազանց տարաշխարհիկ, քանի որ հայրս, չգիտես իր ճաշակի, թե սովորույթների թելադրանքով, ինձ հագցնում էր ֆաթալ կնոջ պես: Հորս հանդիպեցի ներքևում, նա փայլում էր իր նոր սմոկինգով, և ես ձեռքս գցեցի նրա վզին:
– Դու ամենագեղեցիկն ես իմ տեսած բոլոր տղամարդկանցից:
– Սիրիլից բացի,– ասաց նա, առանց հավատալու իր ասածին:– Դու էլ ամենագեղեցիկն ես իմ տեսած կանանց մեջ:
– Էլզայից և Աննայից հետո,– ասացի ես, առանց հավատալու ինքս ինձ:
– Քանի որ նրանք այստեղ չեն և ստիպում են իրենց սպասել, եկ պարիր ռևմատիզմից տառապող քո ծեր հոր հետ:
Ինչպես ամեն անգամ՝ հորս հետ որևէ տեղ գնալուց առաջ, այս անգամ էլ մի մոլեգին հրճվանք պատեց ինձ: Նա իսկապես նման չէր ծեր հայրիկի: Պարելով, ես զգում էի նրա մարմնի ջերմությունը, օդեկոլոնի և ծխախոտի ծանոթ բույրերը: Նա պարում էր ռիթմով, աչքերը կիսափակ, մի աննկատ երջանիկ, անզուսպ ժպիտ շրթունքների անկյունում:
– Դու պետք է ինձ բի-բոպ պարել սովորեցնես,– ասաց նա, մոռանալով իր ռևմատիզմը:
Նա դադարեց պարել, որպեսզի Էլզայի հայտնվելու առիթով, մեքենայաբար, ողջույնի մի փաղաքուշ շշնջոց արձակի: Էլզան, կանաչ զգեստը հագին, աստիճաններով դանդաղ իջնում էր: Դեմքին մի անտարբեր, աշխարհիկ ժպիտ կար, նրա կազինոյական ժպիտը: Նա առավելագույնն էր արել, որպեսզի իր չորացած մազերը և այրված մաշկը շահեկան լույսի տակ ներկայացներ և, անշուշտ, գովեստի էր արժանի, բայց փայլ ձեռք չէր բերել: Բարեբախտաբար, նա այդ ամենը չէր նկատում:
– Չենք գնո՞ւմ:
– Աննան դեռ չի եկել,– ասացի ես:
– Բարձրացիր տես պատրա՞ստ է,– ասաց հայրս: Մինչև հասնենք Կանն, կեսգիշեր կլինի:
Երեկոյան զգեստիս մեջ խճճվելով բարձրացա և Աննայի դուռը թակեցի: Նա ներսից կանչեց. «Մտեք»: Ես կանգնած մնացել էի շեմին: Աննայի հագին մի գորշավուն զգեստ կար, տարօրինակ մի գորշ գույնի, գրեթե սպիտակ, որ նման էր արշալույսի երկնքին և ծովային ինչ-որ երանգներ ուներ: Հասուն կնոջ բոլոր հմայքները կարծես այդ երեկո միավորվել էին Աննայի մեջ:
– Հոյակապ է,– ասացի ես:– Օ, Աննա, ի՜նչ զգեստ է:
Նա ինքն իրեն ժպտաց հայելու մեջ, այնպես, ինչպես ժպտում ենք մեկին, որին լքելու ենք:
– Այո, այս գորշ գույնը պարզապես հաջող գյուտ է,– ասաց նա:
Նա ականջս բռնեց և նայեց աչքերիս մեջ: Նրա աչքերը մուգ կապույտ էին: Ես տեսնում էի, թե ինչպես են փայլում, ժպտում:
– Դուք շատ դուրեկան աղջիկ եք, չնայած երբեմն անտանելի եք:
Ինձ առաջ թողեց՝ առանց մի խոսք ասելու իմ զգեստի մասին: Սա և՛ ուրախացրեց, և՛ վիրավորեց ինձ: Աստիճաններից իջնելիս Աննան ինքն առաջ ընկավ, և ես տեսա, թե ինչպես հայրս շտապեց մոտենալ նրան: Նա կանգ առավ ներքևում, ոտքն առաջին աստիճանի վրա, դեմքը բարձրացրած դեպի Աննան: Էլզան ևս հետևում էր Աննայի իջնելուն: Մանրամասնորեն հիշում եմ այդ տեսարանը. իմ առջև Աննայի անթերի ուսերն էին և ոսկեգույն ծոծրակը: Մի քիչ ցած՝ հորս շլացած դեմքն էր, նրա պարզած ձեռքը, իսկ հեռվում՝ Էլզայի ուրվագիծը:
– Աննա,– ասաց հայրս,– դուք անզուգական եք:
Աննան կողքանց ժպտաց և հագավ հորս մատուցած մանտոն:
– Մենք այնտեղ կհանդիպենք,– ասաց նա:– Սեսիլ, ինձ հետ եք գալի՞ս:
Աննան թողեց, որ ես վարեմ մեքենան: Գիշերային ճամփան այնքան գեղեցիկ էր, որ ես դանդաղ էի քշում: Աննան ոչինչ չէր խոսում: Թվում էր՝ նույնիսկ չի լսում ռադիոյից հնչող փողերի կատաղի նվագը: Իսկ երբ ոլորաններից մեկի վրա հորս կաբրիոլետն առաջ անցավ մեզնից, նա նույնիսկ աչք չթարթեց: Ես զգացի, որ դեպքերի ընթացքից դուրս եմ ընկել, որ նայում եմ մի ներկայացում, որտեղ այլևս դեր չունեմ:
Կազինոյում, հորս հնարքների շնորհիվ, անմիջապես իրար կորցրինք: Էլզայի հետ հայտնվեցի բարում: Մեզ հետ էր նաև Էլզայի ծանոթը՝ կիսահարբած լատինամերիկացի: Նա զբաղվում էր թատրոնով, և չնայած իր խմածությանը, հետաքրքիր էր նրան լսել, քանի որ մեծ կիրք էր տածում դեպի իր գործը: Մոտ մեկ ժամ հաճույքով լսում էի նրան, բայց Էլզան ձանձրանում էր: Թատերական հսկաներից մեկ-երկուսին ծանոթ էր, բայց բուն արվեստը նրան չէր հետաքրքրում: Նա անսպասելիորեն հարցրեց, թե որտեղ է իմ հայրը, կարծես թե ես որևէ պատկերացում ունեի այդ մասին: Հարցրեց և հեռացավ: Հարավամերիկացին մի պահ կարծես վշտացած էր, բայց վիսկիի նոր բաժինն ամեն ինչ ցրեց: Ես ոչ մի բանի մասին չէի մտածում, քանի որ քաղաքավարությունից դրդված մասնակցում էի նրա գինարբուքին: Հետագա ընթացքն ավելի ծիծաղելի դարձավ, երբ նա ցանկացավ պարել: Ես ստիպված էի ձեռքերով նրան պահել և հետևել, որ ոտքերս չտրորի, ինչը բավական մեծ ջանքեր էր պահանջում ինձնից: Մենք այնպես էինք հռհռում, որ երբ Էլզան խփեց ուսիս, և ես շրջվելով տեսա նրա Կասանդրայի դեմքը, քիչ մնաց գրողի ծոցն ուղարկեմ:
– Ես նրանց չգտա,– ասաց Էլզան:
Նա վհատված տեսք ուներ, դիմափոշին թափվել էր և մերկացրել արևայրուքները, դեմքը սրվել էր: Նա շատ խղճալի էր: Ես հանկարծ կատաղի զայրույթ զգացի հորս հանդեպ. շատ անքաղաքավարի էր պահում իրեն:
– Հա՜, ես գիտեմ, թե որտեղ են,– ժպտալով ասացի ես, կարծես խոսքը մի շատ բնական բանի մասին էր և անհանգստանալու ոչ մի պատճառ չկար:– Հիմա կգամ:
Հարավամերիկացին, իմ հենարանից զրկվելով, ընկավ Էլզայի գիրկը և, կարծես, դրանից շատ գոհ էր: Ցավով նկատեցի, որ Էլզայի մարմինն ավելի փարթամ էր և որ ես իրավունք չունեի հարավամերիկացուն մեղադրելու: Կազինոն մեծ էր, և առանց որևէ արդյունքի երկու պտույտ արեցի այնտեղ: Անցա բոլոր սրահներով և վերջապես հիշեցի մեքենաները:
Հարկ եղավ մեկ րոպեի չափ կառանատեղում որոնել: Նրանք այնտեղ էին: Ես ետևից էի մոտենում և ետադարձ հայելու մեջ նրանց տեսա: Տեսա իրար մոտեցած նրանց կիսադեմերը՝ լապտերի լուսավորության տակ զարմանալի և հանդիսավոր: Նրանք նայում էին իրար, հավանաբար խոսում էին ցածրաձայն, ես տեսնում էի նրանց շարժվող շրթունքները: Ցանկություն ունեցա ետ դառնալու, բայց, Էլզային հիշելով, բացեցի դուռը:
Հորս ձեռքը Աննայի դաստակին էր, նրանք թռուցիկ նայեցին ինձ:
– Լավ եք զգում, հա՞ – հարցրեցի ես քաղաքավարի:
– Ի՞նչ կա,– հարցրեց հայրս գրգռված տեսքով:– Ի՞նչ ես անում այստեղ:
– Իսկ դուք ի՞նչ եք անում: Արդեն մեկ ժամ է Էլզան ամենուր ձեզ է փնտրում:
Աննան, ասես չկամությամբ, հայացքը դանդաղ դարձրեց իմ կողմը:
– Մենք տուն ենք գնում: Ասացեք նրան, որ ես հոգնած էի, որ ձեր հայրն ինձ տուն տարավ: Երբ լավ զվարճանաք, կարող եք իմ մեքենայով տուն վերադառնալ:
Զայրույթից դողում էի, բառեր չէի գտնում խոսելու:
– Երբ լավ զվարճանա՜նք: Բայց մի՞թե չեք հասկանում, թե ինչեր եք խոսում: Դա զզվելի՛ է:
– Ի՞նչն է զզվելի,– զարմացած հարցրեց հայրս:
– Դու շիկահեր աղջկան բերում ես այս արևի տակ, ծովափ, որը նրա մաշկի համար վնասակար է, և երբ նա լրիվ վառվում է ու պլոկվում, լքում ես նրան: Դա շատ հեշտ է: Իսկ ես ի՞նչ պիտի ասեմ Էլզային:
Աննան հոգնած դեմքը դարձրել էր հորս կողմը: Առանց ինձ լսելու՝ ժպտում էր նրան: Իմ զայրույթի չափն անցավ:
– Գնամ... գնամ ասեմ, որ հայրս նոր կին է ճարել, որի հետ պառկում է և որ Էլզան սպասի, մինչև իր հերթը հասնի, լա՞վ:
Հորս գոռոցը և Աննայի հասցրած ապտակը հնչեցին միաժամանակ: Գլուխս անմիջապես դուրս հանեցի մեքենայի դռան միջից: Նա շատ ուժեղ էր ապտակել: – Ներողություն խնդրիր,– ասաց հայրս:
Գլուխս իսպառ կորցրած, անշարժ կանգնել էի մեքենայի մոտ: Բարեկրթությունը միշտ ուշացումով եմ հիշում:
– Եկեք այստեղ,– ասաց Աննան:
Նրա տեսքը սպառնալից չէր, և ես մոտեցա: Նա ձեռքը դրեց այտիս և մեղմորեն խոսեց, բառ առ բառ խոսեց, ասես դիմացը մի անհասկացող երեխա էր:
– Չար մի եղեք, ես վշտացած եմ Էլզայի համար: Բայց դուք բավականաչափ նրբամիտ եք և կկարողանաք այս գործը հարթել: Վաղը մենք կբացատրվենք: Ես շա՞տ ցավեցրի ձեզ:
– Բնավ,– քաղաքավարի պատասխանեցի ես:
Նրա անսպասելի քնքշությունից և դրան նախորդած իմ ծայրահեղ զայրույթից քիչ մնաց լաց լինեի: Կանգնած նայում էի, թե ինչպես են հեռանում և ինձ լրիվ դատարկված էի զգում: Միակ մխիթարությունս իմ նրբամտությունն էր: Դանդաղ քայլերով վերադարձա կազինո, որտեղ ինձ սպասում էին Էլզան և նրանից կառչած հարավամերիկացին:
– Աննան վատ զգաց,– ասացի ես անբռնազբոսիկ:– Հայրս ստիպված եղավ նրան տուն տանել: Գնանք մի բան խմենք:
Նրանք անխոս նայում էին ինձ: Ես համոզիչ փաստարկներ էի որոնում:
– Նա սրտխառնուք ուներ,– ասացի ես: Ահավոր տեսարան էր, զգեստն ամբողջովին կեղտոտվել էր:
Ինձ թվաց, որ այս մանրամասնը ճչացող ճշմարտություն է, բայց Էլզան սկսեց կամաց ու տխուր լաց լինել: Շվարած նայում էի նրան:
– Սեսիլ,– ասաց նա:– Օ՜, Սեսիլ, մենք այնքա՜ն երջանիկ էինք...
Նրա հեծկլտոցն ուժեղացավ: Հարավամերիկացին էլ սկսեց լաց լինել, շարունակ կրկնելով. «Մենք այնքա՜ն երջանիկ էինք, այնքա՜ն երջանիկ»: Այդ պահին ես ատեցի հորս և Աննային: Պատրաստ էի ամեն ինչ անել, որպեսզի Էլզան լաց չլիներ, որպեսզի նրա աչքերի սև ներկը չջրիկանար և չտարածվեր, որպեսզի հարավամերիկացին դադարեր հեծկլտալ:
– Դեռ ամեն ինչ կորած չէ, Էլզա: Գնանք ինձ հետ:
– Այս քանի օրը կգամ իրերս վերցնելու,– հեծկլտալով ասաց նա:– Մնաս բարով, Սեսիլ, մենք իրար լավ էինք հասկանում:
Ես նրա հետ նորաձևություններից ու եղանակից զատ ուրիշ բաների մասին չեմ խոսել, բայց ինձ թվաց, որ մի հին և լավ բարեկամ եմ կորցնում: Կտրուկ շրջվեցի և վազեցի դեպի մեքենան:
ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Մյուս օրն առավոտյան արթնանալը կատարյալ տառապանք էր. պատճառն, անկասկած, երեկվա վիսկին էր: Արթնացել էի՝ անկողնում լայնքին պառկած, խավարի մեջ, բերանս չորացած, ձեռքերս ու ոտքերս անզգայացած և անտանելի քրտնած: Պատուհանի փեղկերի արանքից արևի մի ճառագայթ էր թափանցում, իսկ փոշին սեղմ շարքերով բարձրանում էր դեպի այդ ճառագայթը: Ես ոչ վերկենալու, ոչ էլ անկողնում մնալու ցանկություն ունեի: Մտածեցի՝ եթե Էլզան այսօր վերադառնա, հայրս ու Աննան ինչպե՞ս պիտի նայեն նրան: Ես ստիպեցի ինձ մտածել նրանց մասին, որպեսզի վերկենամ, բայց իզուր: Վերջապես կարողացա վերկենալ և շշմած ու վշտոտ հայտնվեցի հատակի սառը սալերի վրա: Հայելին մի տխուր արտացոլում տվեց. չռված աչքեր, ուռած բերան, մի՞թե այս տարօրինակ դեմքն իմն է: Մի՞թե այս շրթունքների և այս աղավաղված դիմագծերի պատճառով է, որ ես թույլ եմ ու զզվելի, մի՞թե պատճառն այս ատելի և կամայական շրջանակներն են, որոնց մեջ խցկված եմ ես: Եվ եթե խցկված եմ այդ շրջանակների մեջ, ապա ինչո՞ւ եմ այդ մասին իմանում այսպես ցավագին, իմ բնույթին հակառակ այս ձևերով: Ինձ դուր էր գալիս, որ կարող եմ ինքս ինձ ատել, հարբեցողությունից ուռած, չորացած և տրորված այս դեմքից խորշել: Հայելու մեջ նայելով աչքերիս, «հարբեցողություն” բառն սկսեցի թույլ ձայնով արտասանել և հանկարծ նկատեցի, որ ժպտում եմ: Իրականում՝ ի՞նչ հարբեցողություն. մի քանի խղճուկ բաժակ, մի ապտակ և հեծեծանքներ: Ատամներս լվացի և իջա ներքև:
Հայրս և Աննան արդեն նստել էին բաց պատշգամբում, իրար կողքի, նրանց առջև մատուցարանն էր՝ առավոտվա նախաճաշով: Ես մի անորոշ ողջույն հղեցի և նստեցի նրանց դիմաց: Ամոթից երեսներին չէի նայում, բայց երկարաձգված լռությունն ստիպեց, որ նրանց վրա մի հայացք նետեմ: Աննայի դեմքը մի քիչ սրված էր, սիրո գիշերվա միակ հետքը: Երկուսն էլ երջանիկ ժպտում էին: Ես գտա, որ դա շատ տպավորիչ է. երջանկությունն ինձ համար միշտ հավասարազոր է եղել որևէ գործի վավերացման, հաջողության:
– Լավ քնեցի՞ր,– հարցրեց հայրս:
– Ոչինչ,– պատասխանեցի ես:– Երեկ երեկոյան վիսկի շատ խմեցի:
Սուրճ լցրեցի, մի կում արեցի, բայց անմիջապես դրեցի տեղը: Մի տեսակ բան կար նրանց լռության մեջ, մի տեսակ սպասում, որից ես վատ զգացի: Ես շատ հոգնած էի և չէի կարող այդ լռությունը երկար հանդուրժել:
– Ի՞նչ է կատարվում: Դուք խորհրդավոր տեսք ունեք:
Հայրս, աշխատելով հանգիստ երևալ, մի լուցկի վառեց: Աննան, որոշակիորեն նեղված, նայում էր ինձ:
– Ուզում եմ քեզ մի երկու բան հարցնել,– վերջապես ասաց նա:
– Մի նոր բա՞ն պիտի հայտնեմ Էլզային:
Նա հայացքը շրջեց և նայեց հորս.
– Ձեր հայրը և ես շատ կուզենայինք ամուսնանալ,– ասաց նա:
Աչքերս սկզբում հառեցի նրան, հետո՝ հորս: Մոտ մեկ րոպե նրանից ձեռքի մի նշան, աչքի մի թարթում էի սպասում, որը միաժամանակ և՛ կժխտեր, և՛ վստահություն կներշնչեր: Բայց հայրս իր ձեռքերն էր զննում: Ես մտածեցի. «Սա անհնարին է»: Բայց արդեն գիտեի, որ ճշմարիտ է:
– Դա լավ միտք է,– ասացի ես, որ ժամանակ շահեմ:
Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ. հայրս, որ այդպես համառորեն դեմ էր ամուսնության շղթաներին, մի գիշերվա մեջ որոշեց... Սա մեր ամբողջ կյանքը փոխում էր: Մենք կորցնում էինք մեր անկախությունը: Հանկարծ մեր կյանքը պատկերացրի երեքով: Աննայի բանականությամբ անսպասելիորեն զտված, հավասարակշռված կյանքը, նրա այն կյանքը, որն ինձ նախանձ էր պատճառում: Խելացի, նրբակիրթ ընկերներ, հանդարտ ու երջանիկ երեկոներ... Ես հանկարծ ատեցի հարավամերիկացիներին, Էլզային, աղմկալից ճաշերը: Գերազանցության, հանդարտության մի զգացում պատեց ինձ:
– Շատ լավ միտք է,– կրկնեցի ես և ժպտացի նրանց:
– Կատվիկս, ես գիտեի, որ դու գոհ կլինես,– ասաց հայրս:
Նա հանգիստ էր, հիացած: Սիրո հաճելի մեղկությամբ վերագծված Աննայի դեմքը թվում էր ավելի սրտաբաց, ավելի քնքույշ, այդպես նրան երբեք չէի տեսել:
– Արի այստեղ, կատվիկս,– ասաց հայրս:
Նա երկու ձեռքերը մեկնեց ինձ, քաշեց իր կողմը, Աննայի կողմը: Ես գրեթե ծնկի իջա նրանց առջև: Նրանք մի նուրբ հուզմունքով նայում էին ինձ, շոյում մազերս: Իսկ ես անդադար մտածում էի այն մասին, որ հիմա գուցե փոխվում է իմ կյանքը, և որ ես նրանց համար ընդամենը մի կատվիկ եմ, մի փոքրիկ նվիրված գազան: Ես զգացի, որ նրանք ինձնից բարձր են, անցյալով և ապագայով իրար կապված, ինձ համար անծանոթ և ինձնից հեռու կապերով: Հոժարակամ փակեցի աչքերս, գլուխս հենեցի նրանց ծնկներին, ծիծաղեցի նրանց հետ, վերստանձնեցի իմ դերը: Իսկ ինչո՞ւ պիտի երջանիկ չլինեի: Աննան սքանչելի կին էր, նրա մեջ ես ոչ մի մանր բան չէի նկատել: Նա ինձ առաջնորդ կլինի, կթեթևացնի առօրյա հոգսերը, հետագա կյանքի բոլոր հանգամանքներում ճշմարիտ ուղի ցույց կտա: Ես կատարյալ մարդ կդառնամ, հայրս էլ ինձ հետ:
Հայրս վերկացավ, որ շամպայն բերի: Ես զզվանք զգացի: Հայրս երջանիկ է. դա անկասկած, ամենակարևորն է, բայց ես այնքան հաճախ եմ տեսել, որ մի կնոջ պատճառով նա իրեն երջանիկ զգա...
– Մի քիչ վախենում էի ձեզնից,– ասաց Աննան:
– Ինչո՞ւ,– հարցրեցի ես:
Նրան լսելով, կարելի էր կարծել, թե իմ արգելքը դնելով՝ կարող էի երկու հասուն մարդկանց ամուսնությանը խանգարել:
– Անհանգիստ էի, թե կարող է վախենաք ինձնից,– ասաց նա և սկսեց ծիծաղել:
Ես էլ սկսեցի ծիծաղել, քանի որ իսկապես մի քիչ վախենում էի նրանից: Աննան ինձ հասկացրեց, որ գիտեր այդ մասին և որ այդ վախն անհիմն է:
– Այս՝ ծերերի ամուսնությունը ձեզ ծիծաղելի չի թվո՞ւմ:
– Դուք ծեր չեք,– պատասխանեցի ես՝ անհրաժեշտ համոզվածություն դնելով բառերիս մեջ, քանի որ հայրս, շիշը ձեռքին, վալս պարելով գալիս էր:
Նա նստեց Աննայի կողքին և գրկեց նրա ուսերը: Աննան մարմնով այնպես հպվեց հորս, որ ստիպված եղա աչքերս իջեցնել: Ահա թե ինչն էր Աննային մղել դեպի հայրս. հորս ծիծաղը, վստահելի և զորեղ ձեռքերը, կենսունակությունը, ջերմությունը: Քառասո՜ւն տարեկան՝ վախ միայնությունից, գուցեև զգացմունքի վերջին պոռթկումները... Աննային սովոր եմ նայել ոչ որպես կնոջ, այլ որպես անմարմին մի էության... Նրա մեջ տեսել եմ վստահություն, նրբագեղություն, խելք, բայց երբեք չեմ նկատել նրա զգացմունքայնությունը կամ թուլությունը... Ես հասկանում էի, որ հայրս հպարտ է. գոռոզ և անտարբեր Աննա Լարսենը ամուսնանում է իր հետ: Սիրո՞ւմ էր արդյոք Աննային, կարո՞ղ է, արդյոք, նրան երկարատև սիրել: Աննայի հանդեպ տածած քնքշանքն, արդյոք, կարո՞ղ եմ ջոկել Էլզայի հանդեպ տածած քնքշանքից: Ես փակեցի աչքերս. արևից շշմել էի: Մենք երեքով նստել էինք լռություններով, թաքնված վախերով և երջանկությամբ լի պատշգամբում:
Էլզան այդ օրերին չերևաց: Շաբաթն արագորեն անցավ: Երջանիկ, հրաշալի յոթ օր, ընդամենը յոթ օր: Մենք բարդ նախագծեր էինք կազմում, թե ինչպես կահավորենք բնակարանը, ինչպես կարգավորենք ժամերը: Ես և հայրս, կարգուկանոն չիմացած մարդկանց անպատասխանատվությամբ, լցնում էինք, դժվարացնում օրը և զվարճանում դրանից: Իմիջիայլոց, մի՞թե լրջորեն հավատում էինք այդ բաներին: Մի՞թե հայրս իսկապես գտնում էր, որ կարող է ամեն օր տասներկուսն անց կեսին գալ տուն, նախաճաշել ու ճաշել միևնույն տեղում և երեկոյան մնալ տանը: Սակայն նա արագորեն թաղեց իր բոհեմական սովորույթները և ներբողում էր քաղքենիական կյանքը, կարգուկանոնը, նրբաճաշակությունը, կազմակերպվածությունը: Բայց այդ բոլորը թե՛ ինձ, թե՛ հորս համար մտքի վարժանքներ էին լոկ:
Այդ շաբաթվանից ես հուշեր եմ պահել, որոնք սիրում եմ փորփրել այսօր, որպեսզի տանջանքի ենթարկեմ ինքս ինձ: Աննան նստած էր հանգիստ, ինքնավստահ, մեղմ և հայրս նրան սիրում էր: Առավոտները նրանց տեսնում էի ձեռք-ձեռքի, աչքների տակը կապույտ, միասին ծիծաղելով իջնելիս, և երդվում եմ, շատ կուզեի, որ դա ամբողջ կյանքում տևեր: Երեկոները հաճախ դուրս էինք գալիս ծովափ, որևէ սրճարանի սրահում ապերիտիվ խմելու: Ամենուրեք մեզ ընդունում էին որպես մի նորմալ, միասնական ընտանիք, և ես, որ սովոր էի միայն հորս հետ դուրս գալ և չարաճճի կամ խղճահարությամբ լի հայացքներ որսալ, ուրախ էի, որ կարող եմ իմ տարիքին համապատասխան դերում հանդես գալ: Հարսանիքը պետք է անեին Փարիզում, վերադառնալուն պես:
Խեղճ Սիրիլը չէր կարողանում մեր ընտանեկան փոփոխություններն առանց որոշակի զարմանքի ընդունել: Բայց այս օրինականացված ելքը նրան դուր եկավ: Մենք միասին նավակ էինք քշում, համբուրվում ըստ մեր ցանկության և հաճախ, երբ նրա շրթունքները դիպչում էին իմին, ես տեսնում էի Աննայի դեմքը, առավոտները թեթևակի հոգնած նրա դեմքը, մի տեսակ նվաղկոտությունը, երջանիկ անհոգությունը, որ սերն էր հաղորդել նրա շարժումներին, և ես նրան նախանձում էի: Համբույրները շուտ են ցնդում և, անշուշտ, եթե Սիրիլն ինձ ավելի պակաս սիրեր, այդ շաբաթ ես նրա սիրուհին կդառնայի:
Ժամը վեցին, դեպի կղզին կատարած ճանապարհորդությունից վերադառնալով, Սիրիլը նավակը քարշ էր տալիս ավազի վրա՝ դեպի ափ: Մենք տուն էինք գալիս սոճիների պուրակի միջով և, որպեսզի մի քիչ տաքանանք, որոշեցինք հնդկացիներ խաղալ, առաջկտրուկ վազել: Տուն հասնելուց առաջ նա միշտ բռնում էր ինձ, հաղթական ճիչով տապալում գետին, սոճու փշերի մեջ թևերս ոլորում, համբուրում: Մինչև հիմա էլ հիշում եմ այդ շնչահեղձ, այդ անպտուղ համբույրների համը և Սիրիլի սրտի բախոցն իմ սրտի դեմ, որ ավազի վրայի ալեբախությանը համընթաց խփում էր... Մեկ, երկու, երեք, չորս սրտի բախոց և ալիքների մեղմ խշշոցն ավազի վրա՝ մեկ երկու, երեք... մեկ... Ծովի աղմուկն այլևս չէի լսում, մնում էին միայն արյանս սրընթաց և հալածական մղումներն ականջներիս մեջ:
Աննայի ձայնը մի անգամ մեզ բաժանեց իրարից: Մայր մտնող արևի կարմրուն և ստվերաշատ լույսի ներքո կիսամերկ պառկել էինք իրար կողքի, և ես հասկանում էի, որ այս տեսարանը կարող է խաբել Աննային: Նա կտրուկ ձայնով իմ անունը տվեց:
Սիրիլը մի ցատկով վեր թռավ և, իհարկե, ամաչեց: Ես էլ Աննային նայելով, իմ հերթին, դանդաղ վեր կացա: Աննան դարձավ Սիրիլին և, ասես նրան չնկատելով, հատ-հատ ասաց.
– Հուսով եմ, որ ձեզ այլևս չեմ տեսնի:
Սիրիլը չպատասխանեց, խոնարհվեց վրաս և, մինչև կհեռանար, համբուրեց ուսս: Այս արարքն ինձ զարմացրեց, հուզեց, ասես ուխտ լիներ նրա կողմից: Աննան իր նույն, հանդիսավոր ու անջատված հայացքով նայում էր ինձ, ասես ուրիշ բանի մասին էր մտածում: Դա ինձ կատաղեցրեց. եթե ուրիշ բանի մասին էր մտածում, ուրեմն, իրավունք չուներ այդպես խոսելու: Քաղաքավարությունից դրդված, ամաչկոտ տեսք ընդունելով, քայլեցի նրա կողմը: Նա մեքենայորեն սոճու մի ասեղ վերցրեց վզիս մոտից և հիմա միայն, կարծես իսկապես նկատեց: Նրա դեմքին անմիջապես հայտնվեց արհամարհանքի, հոգնածության և դժկամության դիմակը, որը նրան նկատելիորեն գեղեցիկ էր դարձնում և մի քիչ վախեցնում էր ինձ:
– Դուք պարտավոր եք իմանալ, որ այդպիսի զգացմունքները մեծ մասամբ ավարտվում են հիվանդանոցում:
Նա խոսում էր կանգնած, աչքերը հառած վրաս, և ես սոսկալիորեն նեղվում էի: Նա այն կանանցից էր, որոնք կարող են ուղիղ և անշարժ կանգնած խոսել: Իսկ ես խոսելիս պիտի փռվեի բազկաթոռին, ձեռքիս որևէ առարկա խաղացնեի, սիգարետ վերցնեի, ոտքերս ճոճեի և նայեի, թե ինչպես են ճոճվում...
– Չափազանցելու կարիք չկա,– ասացի ես ժպտալով:– Սիրիլին միայն համբուրել եմ, իսկ դրանից հիվանդանոց չեն ընկնում...
– Խնդրում եմ այլևս չհանդիպեք նրան,– ասաց նա, կարծես հավատացած էր, որ ես խաբում եմ իրեն:– Մի առարկեք, դուք տասնյոթ տարեկան եք, այժմ ես ինչ-որ չափով պատասխանատու եմ ձեզ համար և թույլ չեմ տա, որ ձեր կյանքը վտանգեք: Իմիջիայլոց, դուք պետք է պարապեք, դա ձեզ համար լավ զբաղմունք կլինի կեսօրից հետո: Նա շրջվեց և իր անկաշկանդ քայլվածքով շարժվեց դեպի տուն: Իսկ ես սարսափահար մեխվել էի գետնին: Նա հավատում էր իմ ասածներին, իմ փաստարկներին, իմ հերքումներն ընդունում էր անտարբերությամբ, որն արհամարհանքից վատ է. կարծես ես գոյություն չունեմ, կարծես ինչ-որ իր եմ, որը պետք է տեղը դնել, և ոչ թե ես՝ Սեսիլը, որին ճանաչում է վաղուց, որին, վերջապես, պատժելը կարող է տառապանք պատճառել նրան: Իմ միակ հույսը հայրս էր: Նա, ինչպես միշտ, կասի. «Այդ տղան ո՞վ է, կատվիկս: Գոնե առողջ և գեղեցի՞կ է: Անառակ տղաներից հեռու մնա, աղջիկս»: Նա պետք է որ հենց այդպես ասի, այլապես իմ արձակուրդին վերջ:
Ընթրիքն անցավ մղձավանջի մեջ: Ոչ մի անգամ Աննան չասաց. «Ձեր հորը ես ոչինչ չեմ պատմի, ես խոսք տանող-բերող չեմ, բայց ինձ խոստացեք, որ լավ կպարապեք»: Այս կարգի հաշիվները նրա համար խորթ էին: Սա և՛ ուրախացնում, և՛ զայրացնում էր ինձ, քանի որ հնարավորություն էր տալիս նրան արհամարհելու: Սակայն նա խուսափեց այդ վրիպումից, ինչպեսև մյուս բոլոր վրիպումներից, և միայն ապուրն ուտելուց հետո կարծես հիշեց այսօրվա միջադեպը:
– Ռեյմոն, ես շատ կուզեի, որ ձեր աղջկան մի քանի խելոք խորհուրդներ տայիք: Այսօր երեկոյան ես նրան տեսա սոճիների անտառում, Սիրիլի հետ և, ինչպես երևում է, իրար հետ շատ մտերիմ էին:
Խեղճ հայրս փորձեց այդ ամենը կատակի տալ.
– Այս ինչե՞ր եմ լսում, հը՞: Այդ ի՞նչ էիք անում:
– Ես համբուրում էի նրան,– գոռացի բորբոքված:– Իսկ Աննան կարծեց, թե...
– Ես ոչինչ չեմ կարծում,– ընդհատեց նա:– Բայց ենթադրում եմ, որ վատ չէր լինի, եթե մի որոշ ժամանակ նրանք չհանդիպեին և որ Սեսիլը փիլիսոփայություն պարապեր:
– Իմ խեղճ փոքրիկս,– ասաց հայրս:– Հուսով եմ, որ այդ Սիրիլը լավ տղա է:
– Սեսիլն էլ լավ աղջիկ է,– ասաց Աննան:– Ուստի ես վշտացած կլինեի, եթե նրան մի բան պատահեր: Եվ եթե հաշվի առնենք այն բացարձակ ազատությունը, որ նա ունի այստեղ, այդ տղայի մշտական ընկերակցությունը և նրանց անգործությունը, ապա տհաճ պատահարն անխուսափելի է: Դուք համաձայն չե՞ք:
«Դուք համաձայն չե՞ք»-ը լսելով, ես աչքերս բարձրացրի, իսկ հայրս շփոթված իջեցրեց:
– Դուք, անշուշտ, իրավացի եք,– ասաց նա:– Իհարկե, դու պիտի պարապես, Սեսիլ: Չէ՞ որ նպատակ չունես փիլիսոփայությունից երկրորդ անգամ կտրվելու:
– Ինձ համար միևնույն է,– ասացի ես կտրուկ:
Հայրս նայեց ինձ և անմիջապես հայացքը շրջեց: Ես ամոթով մնացի: Ես գիտակցում էի, որ մեր կյանքը ոգեշնչող միակ զգացումը՝ անհոգությունը, փաստարկներ չունի ինքն իրեն պաշտպանելու:
– Ահա թե ինչ,– ասաց Աննան, սեղանի վրա ձեռքս բռնելով:– Դուք պետք է հրաժարվեք անտառային աղջկա ձեր դերից և խելոք աշակերտուհու դերն ստանձնեք, ընդամենը մեկ ամիս, կարծում եմ դժվար չէ, հա՞:
Աննան և հայրս ժպտալով նայում էին ինձ. այս պայմաններում իմաստ չուներ վիճել: Ձեռքս կամաց ետ քաշեցի:
– Այո,– ասացի ես,– դժվար է:
Ես այնպես ցածրաձայն ասացի, որ նրանք ինձ չլսեցին կամ չցանկացան լսել: Մյուս օրն առավոտյան դեմ էի առել Բերգսոնի հետևյալ նախադասությանը, որը հասկանալու համար հարկ եղավ մի քանի րոպե ծախսել. «Փաստերը և դրդապատճառներն առաջին հայացքից որքան էլ այլազան թվան, և չնայած իրերի էության մասին չի կարելի եզրակացություն կազմել նրանց վարքից ելնելով, այնուամենայնիվ, մարդկության հանդեպ մեր սիրո կարողությունն ուժ է առնում մարդկային ցեղի նախնականության սկզբունքների հետ ունեցած անքակտելի կապից»: Որպեսզի չնյարդայնանամ, այս նախադասությունն սկզբից կրկնում էի ցածրաձայն, հետո բարձրաձայն: Գլուխս բռնած ուշադիր զննում էի: Վերջապես հասկացա և ինձ զգացի նույնքան սառը, նույնքան անզոր, որքան առաջին անգամ կարդալիս: Ես չէի կարողանում շարունակել. միևնույն ջանասիրությամբ և պատրաստակամությամբ կարդում էի հաջորդ տողերը, երբ հանկարծ մեջս մի բան բարձրացավ, ինչ-որ քամի, և ինձ շպրտեց անկողնու վրա: Ես մտածում էի Սիրիլի մասին, որն ինձ էր սպասում ոսկեզօծ ծովախորշում, նավակի մեղմ ճոճյունը հիշեցի, մեր համբույրների համը և Աննայի մասին մտածեցի: Այնպես մտածեցի նրա մասին, որ սրտի բախոցով նստեցի մահճակալին և ինքս ինձ ասում էի, թե սա տխմար և հրեշավոր մի բան է, թե ես ընդամենը երես առած և թույլ մի երեխա եմ, թե իրավունք չունեմ այդպես մտածելու, թե նա վնասաբեր է ու վտանգավոր, թե անհրաժեշտ է նրան հեռու քշել մեր ճանապարհից: Հիշում էի նոր վերջացած նախաճաշը, որի ժամանակ մի խոսք չասացի: Ես նստել էի դառնացած, վիրավորանքից աղավաղված դեմքով, ինքս ինձ արհամարհելով, վստահ, որ ծիծաղելի եմ... Այո, հենց այս հարցում էի մեղադրում Աննային. նա խանգարում էր, որպեսզի կարողանամ ինքս ինձ սիրել: Ես, որ բնությունից ստեղծված էի երջանկության, սիրո, ապահով կյանքի համար, նրա պատճառով մտել էի մշտական մեղադրանքների և ծանրացած խղճի աշխարհը, և բացարձակապես անզոր լինելով ինքնազննումի մեջ, ոտով-գլխով կորել էի այդ աշխարհում: Իսկ փոխարենը նա ի՞նչ էր տալիս ինձ: Ես չափում էի նրա ուժերը. նա հորս էր ուզում նվաճել, նվաճեց: Կամաց-կամաց մեզնից կսարքի մի ամուսին և Աննա Լարսենի մի խորթ աղջիկ: Այսինքն՝ քաղաքակրթված, լավ դաստիարակված և երջանիկ արարածներ: Քանզի նա իսկապես մեզ երջանկություն էր բերում: Ես պատկերացնում էի, թե մենք, անկայուն հոգիներս, ինչպիսի հաճույքով պիտի համաձայնեինք, որ մեզ շրջանակների մեջ առնեն, որ ամենայն պատասխանատվություն վերցնեն մեր ուսերի վրայից: Նրա ազդեցությունը չափազանց զորեղ էր: Հայրս արդեն անջատվում էր ինձնից. նրա նեղված, շփոթված դեմքը, որ սեղանի մոտ շարունակ փախցնում էր ինձնից, հալածում էր ինձ, տանջում: Լացս գալիս էր, երբ հիշում էի մեր հին օրերի ընկերությունը, թե ինչպես էինք ծիծաղում, երբ արշալույսին, մեքենա նստած, Փարիզի լուսավորվող փողոցներով տուն էինք գալիս: Այդ ամենի վերջը եկել էր: Ինքս էլ իմ հերթին կընկնեի Աննայի ազդեցության տակ, նա ինձ կվերահարդարեր, ուղղություն կտար: Ես նույնիսկ տառապելու առիթ չեմ ունենա. նա խելքով կգործի, հեգնանքով, քնքշությամբ, և ես ի վիճակի չեմ լինի դիմադրելու, իսկ վեց ամիս հետո նույնիսկ հաճելի կլինեն այդ ամենը: Պետք է մի կարգին թափ տանք մեզ և խելքի գանք, որպեսզի կարողանամ հորս և նախկին կյանքը փրկել: Անցած երկու տարիները հանկարծ աչքիս առաջ եկան իրենց հմայքով. երջանիկ և խենթավուն երկու տարիներ, որ անցան գնացին, այն երկու տարիները, որոնք քիչ էր մնում այդքան հեշտությամբ մոռանայի... մտածելու ազատությունը, վատ մտածելու կամ չմտածելու ազատությունը. ապրես այնպես, ինչպես քո սրտովն է, լինես այնպես, ինչպես ինքդ ես ուզում: Ես չեմ կարող ասել. «ինքս ինձ հետ լինել», որովհետև ես կաղապարի համար ստեղծված կավ եմ, բայց գոնե իրավունք ունենամ ինձ պարտադրած կաղապարը մերժել:
Ես հասկանում եմ, որ իմ այս փոփոխությունների համար կարելի է խրթին պատճառներ գտնել, մի շարք սքանչելի բարդույթներ վերագրել ինձ՝ հորս հանդեպ տածած արյունապիղծ սերը կամ անառողջ կիրքը դեպի Աննան: Բայց հո գիտեի իրական պատճառները. շոգը, Բերգսոնը կամ թեկուզ Սիրիլի բացակայությունը: Կեսօրից մինչև ճաշ ես գտնվում էի այդ տհաճ հայտնագործումի տարբեր աստիճաններում, բայց էականն այն էր, որ մենք Աննայի իշխանության տակ էինք: Ես սովոր չէի երկար-բարակ մտածել, դա ինձ զայրացնում էր: Ճաշելիս, ինչպեսև առավոտյան, ոչ մի բառ չխոսեցի: Հայրս պարտավորված զգաց կատակելու.
– Ինչո՞ւ եմ սիրում երիտասարդներին, մարդամոտ են, զրուցասեր...
Ես կատաղի և չոր հայացքով նայեցի նրան: Ճիշտ է, նա սիրում էր երիտասարդներին, և ո՞ւմ հետ կարող էի զրուցել, եթե ոչ նրա հետ: Մենք խոսում էինք ամեն ինչի մասին՝ սիրո, մահվան, երաժշտության: Բայց նա լքել էր ինձ, ինքն իր ձեռքով զինաթափել էր ինձ: Նայում էի նրան և մտածում. «Դու առաջվա պես ինձ չես սիրում, դու ինձ դավաճանում ես»: Եվ ուզում էի այդ մտքերն անխոս հայտնել նրան: Նա էլ անսպասելիորեն տագնապած նայեց գուցե հասկացավ, որ սա խաղ չէ, որ մեր դաշինքը վտանգի մեջ է: Նա սառեց՝ հարցական արտահայտությունը դեմքին: Աննան դարձավ ինձ.
– Դուք վատ տեսք ունեք, ես խղճի խայթ եմ զգում, որ ստիպեցի ձեզ պարապել:
Ես չպատասխանեցի, ես ինքս ինձ ահավոր ատում էի, որ բորբոքել եմ այս դրաման և որ այլևս չեմ կարող մարել:
Մենք վերջացրինք ճաշը: Պատշգամբում, սրահի պատուհանից արտացոլված ուղղանկյան մեջ տեսա, թե ինչպես Աննայի ձեռքը՝ երկար ու թրթռուն ձեռքը, ճոճվեց և հորս ձեռքը գտավ: Հիշեցի Սիրիլին, ցանկացա, որ ծղրիդներով և լուսնի լույսով լի այս պատշգամբում նա ինձ գրկեր: Ցանկացա, որ ինձ շոյեն, մխիթարեն, ինքս ինձ հետ հաշտեցնեն: Հայրս և Աննան լուռ էին, նրանց սպասում էր սիրո գիշերը, իսկ ինձ՝ Բերգսոնը: Ես փորձեցի լաց լինել, ինքս իմ գութը շարժել, ինքս ինձ խղճալ, բայց իզուր: Ես խղճում էի Աննային, կարծես արդեն գիտեի, որ հաղթողը ես եմ լինելու:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ
Զարմանում եմ, թե ինչպես եմ կարողանում այդ պահից սկսած ամեն ինչ հիշել: Ես ավելի ուշադիր դարձա մյուսների և իմ հանդեպ: Տարերային կյանքը, անհոգ եսասիրությունն ինձ համար միշտ եղել են բնական շքեղություն: Միշտ այդ կյանքով եմ ապրել: Եվ ահա այս մի քանի օրն ինձ այնպես հուզեցին, որ ստիպված էի խոհերիս մեջ ընկնել և ինքս ինձ կողքից դիտել: Ես անցա ինքնազննումի բոլոր արհավիրքներով, բայց չկարողացա ինքս ինձ հետ հաշտվել: «Աննայի հանդեպ տածած իմ զգացմունքները,– մտածում էի ես,– տխմար են և ողորմելի, իսկ նրան հորիցս բաժանելու գաղափարը դաժան է»: Բայց, ի վերջո, ինչո՞ւ էի ինքս ինձ այդպես դատապարտում: Մի՞թե ինքս ինձ հետ լինելով, ես ազատ չէի զգալու այն, ինչ պատահում էր ինձ: Կյանքումս առաջին անգամ այդ «եսը” կարծես կիսված լիներ և այդ երկվությունն ինձ սաստիկ զարմացնում էր: Ես պատճառներ էի գտնում, ինքս ինձ շշնջում էի դրանք, գտնում էի, որ անկեղծ եմ, բայց հանկարծ իմ երկրորդ «եսը» մեջտեղ էր գալիս, հերքում իմ փաստարկները, գոռում երեսիս, թե խաբում եմ ինքս ինձ, չնայած իմ փաստարկները ճշմարիտ իմաստ ունեն: Բայց, արդյոք, այդ երկրորդ «եսը» չէ՞ր, որ ինձ մոլորեցնում էր: Եվ այդ հստակատեսությունն, արդյոք, իմ սխալներից ամենավատթարը չէ՞ր: Իմ սենյակում նստած, ժամերով գլուխ էի կոտրում, որպեսզի իմանամ, թե Աննայի ներշնչած վախը և անբարյացակամությունն, արդյոք, հիմք ունե՞ն, թե ես ընդամենը երես առած և եսապաշտ մի աղջիկ եմ, որը կեղծ անկախություն է երազում: Իսկ մինչ այդ, մինչ այս, ես օր-օրի վրա կամաց-կամաց նիհարում էի, լողափում միայն քնում էի, իսկ սեղանի մոտ մի տագնապալից լռություն պահպանում, որն, ի վերջո, սկսել էր նրանց ճնշել: Ես հետևում էի Աննայի ամեն մի շարժումին, սեղան նստած՝ շարունակ ասում էի ինքս ինձ. «Ահա, ձեռքը մեկնեց հորս, մի՞թե սա սեր չէ, մի սեր, որի նմանը չի եղել: Եվ այս ժպիտը՝ հասցեագրված ինձ, ի՜նչ տագնապ կա աչքերի խորքում, ինչպե՞ս կարելի է այս ամենի համար նրան ատել»: Բայց հանկարծ նա ասում էր. «Երբ վերադառնանք Փարիզ, Ռեյմոն...»: Այդ պահերին հիշելով մեր կյանքի մեջ թափանցելու և մեզ բաժանելու նրա մտադրությունը՝ ես փշաքաղվում էի: Աննան ինձ թվում էր ավելի ճարպիկ և ավելի սառը: Ինքս ինձ ասում էի. «Նա սառն է, մենք տաքսիրտ ենք, նա սիրում է իշխել, մենք սիրում ենք անկախ լինել, նա անտարբեր է մարդկանց հանդեպ, նրանցով չի հետաքրքրվում, մինչդեռ մենք մեծ սեր ունենք դեպի մարդիկ, նա զուսպ է, մենք զվարթ ենք: Մենք երկուսս իսկական կյանքով ենք ապրում, իսկ նա իր հանդարտախոսությամբ ուզում է սողոսկել մեր միջև, տաքանալ մեզնով, կամաց-կամաց նվաճել մեր անհոգության բարի ջերմությունը, ուզում է ամեն ինչ գողանալ մեզնից, ասես մի գեղեցիկ օձ լինի»: Գեղեցիկ օձ, գեղեցիկ օձ, կրկնում էի ես: Աննան հաց էր մեկնում, ես հանկարծ ուշքի էի գալիս և մտովին ասում. «Բայց սա խենթություն է, սա Աննան է, խելացի Աննան, որը մտահոգված է քեզնով: Նա պարզապես իրեն սառն է պահում, այստեղ ոչ մի հաշիվ չկա, անտարբերությամբ է, որ կարողանում է կյանքի տգեղ բաներից պաշտպանվել, դա ազնվության գրավական է»: Գեղեցիկ օ՜ձ... Ամոթից կարմրելով, նայում էի նրան և մտովի ներողություն խնդրում: Երբեմն նա հանկարծակիի էր գալիս այդ հայացքներից և զարմանքից, անորոշությունից դեմքը մռայլվում էր, խոսքը՝ կիսատ մնում: Հայացքով, բնազդաբար, հորս էր փնտրում, հայրս ցանկությամբ կամ հիացմունքով նայում էր նրան, առանց հասկանալու Աննայի տագնապների պատճառները: Ի վերջո, ես հասա այն բանին, որ մթնոլորտը դարձավ հեղձուցիչ, և ես ատում էի ինձ:
Հայրս տառապում էր այնքան, որքան ի վիճակի էր տառապելու: Այսինքն, գրեթե չէր տառապում, որովհետև խենթի պես տարված էր Աննայով. հպարտությունից և հաճույքից խենթացած էր, իսկ նա ապրում էր միայն սրանց համար: Բայցևայնպես, մի օր, երբ առավոտյան լոգանքից հետո ննջում էի լողափում, հայրս նստեց կողքիս և սկսեց նայել ինձ: Ես զգացի նրա հայացքը: Ուզում էի վերկենալ և ինձ սազող սարքովի աշխուժությամբ առաջարկել գնալ լողանալու, երբ նա ձեռքը դրեց գլխիս և ողբաձայն ասաց. – Աննա, հապա եկեք այս ճպուռին տեսեք, կաշի ու ոսկոր է դարձել, եթե պարապմունքները նրան այս օրը պիտի գցեն, ավելի լավ է դադարեցնի:
Նա հույս ուներ, որ դրանով ամեն ինչ կհարթի և, անշուշտ, եթե տասն օր առաջ լիներ, ամեն ինչ կհարթվեր: Բայց ես խորացել խճճվել էի հակասական բարդությունների մեջ, և հետկեսօրյա պարապմունքներն այլևս չէին նեղում ինձ, քանի որ Բերգսոնից զատ ոչ մի գիրք չէի բացել:
Աննան մոտենում էր: Ուշադրությունս նրա խլացած քայլերին պահած, բերանքսիվայր պառկել էի ավազին: Նա նստեց իմ մյուս կողմը և շշնջաց.
– Ճիշտ է, պարապելը նրան օգուտ չի բերում: Իմիջիայլոց, լավ կլիներ, եթե իսկապես պարապեր, ոչ թե սենյակում ետուառաջ քայլեր...
Ես շրջվեցի և նայեցի նրան: Որտեղի՞ց գիտեր, որ ես չեմ պարապում: Գուցե գուշակո՞ւմ է իմ մտքերը. ես դրան հավատում էի, նա ամեն ինչի ընդունակ էր: Այդ մտքից սարսռացի:
– Ես սենյակում ետուառաջ չեմ քայլում,– ասացի:
– Գուցե այն տղայի՞ն ես կարոտում,– հարցրեց հայրս:
– Ոչ:
Դա մի քիչ կեղծ էր: Բայց նաև ճիշտ էր, որ ես ժամանակ չէի ունենում Սիրիլի մասին մտածելու:
– Բայցևայնպես, երևում է, որ լավ չես,– խստորեն ասաց հայրս:– Աննա, տեսնո՞ւմ եք: Կարծես փետրած և փորը հանած հավ լինի, որ դրել են արևի տակ տապակելու:
– Սեսիլ, փոքրիկս,– ասաց Աննան:– Ճիգ գործեք: Մի քիչ շատ պարապեք և շատ կերեք: Այդ քննությունը շատ կարևոր է...
– Թքել եմ այդ քննության վրա,– գոռացի ես,– լսո՞ւմ եք, թքել եմ:
Հուսահատությունից ուղղակի նայում էի նրա դեմքին՝ հասկացնելու, որ խոսքն ավելի կարևոր բանի մասին էր, քան քննությունը: Ես սպասում էի, որ նա ասեր. «Իսկ ի՞նչ է պատահել», որպեսզի ինձ հարցախեղդ աներ, ստիպեր, որ ամեն ինչ պատմեմ: Եվ նա ինձ կհամոզեր, իր որոշածը կանցկացներ, բայց փոխարենն այլևս նեղված չէի լինի այդ կծու և ստորացնող զգացումներից: Աննան ուշադիր նայում էր ինձ, նրա աչքերի կապույտը սպասումից և խղճի խայթից մգացել էր: Ես հասկացա, որ նրա մտքով անգամ չի անցնում ինձ հարցաքննել, ինձ թեթևացնել ճնշող ապրումներից, նրա մտքով այդպիսի բաներ չեն անցնի, նրա կարծիքով այդպես չեն անում: Նա պատկերացնել անգամ չի կարող, թե ինչ մտքեր են ինձ տանջում, իսկ եթե պատկերացներ, միայն արհամարհանքի և անտարբերության կարժանացներ, այսինքն, այդ մտքերն ուրիշ բանի արժանի էլ չէին: Աննան միշտ գիտեր իրերն անսխալ գնահատել: Ահա թե ինչու երբեք չեմ կարողանա նրա հետ ընդհանուր լեզու գտնել:
Ես թափով նորից պառկեցի, այտս հպեցի արևից տաքացած ավազին, հառաչեցի և դողացի մի քիչ: Աննայի հանգիստ և վստահ ձեռքը դիպավ ծոծրակիս, ինձ անշարժացրեց, մինչև որ դողս անցավ:
– Մի բարդացրեք ձեր կյանքը,– ասաց նա:– Դուք, որ այդքան գոհ էիք, այդքան աշխույժ, դուք, որ ոչ մի բանի մասին չէիք մտածում, սկսել եք ապրել միայն ուղեղով և դարձել եք տխուր: Դա ձեզ չի սազում:
– Գիտեմ,– ասացի ես:– Ես երիտասարդ, անուղեղ, առողջ արարած եմ, զվարթ և տխմար:
– Գնանք ճաշենք,– ասաց նա:
Հայրս հեռացել էր, նա ատում էր նման խոսակցությունները: Ճանապարհին ձեռքս բռնեց և պահեց: Դա ամուր և սփոփող ձեռք էր. այդ ձեռքը սրբում էր սիրո իմ առաջին արցունքները, հանգստության և լիակատար երջանկության պահերին բռնում էր իմ ձեռքը, գողունի սեղմում էր նաև մեղսակցության կամ ծիծաղի պահերին: Ես սովոր էի նաև այդ ձեռքը տեսնել ղեկի վրա կամ երեկոյան՝ բանալին բռնած, բանալու անցքն ապարդյուն փնտրելիս, որևէ կնոջ ուսին, կամ սիգարետը բռնած: Սակայն այդ ձեռքն այլևս ոչինչ չէր կարող ինձ համար անել: Ես շատ ուժեղ սեղմեցի այն: Հայրս դարձավ ինձ և ժպտաց:
ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Երկու օր անցավ, և ես շարունակում էի սենյակում ետուառաջ քայլել. ուժասպառվել էի: Չէի կարողանում ազատվել այն մտքից, որ Աննան ուզում է տակնուվրա անել մեր կյանքը: Ես փորձեր էի անում Սիրիլին հանդիպելու. նա կարող էր ինձ հանգստացնել, մի փոքրիկ երջանկություն կտար, բայց ցանկություն չունեի: Նույնիսկ մի տեսակ հաճույք էի ստանում դիմացս անլուծելի հարցեր դնելով, անցած օրերը հիշելով և ապագայից վախենալով: Շատ շոգ էր. իմ սենյակում փակոցափեղկերը ծածկել էի, և կիսախավար էր տիրում, բայց դա ի վիճակի չէր անտանելի, ճնշող և քրտնեցնող տապից փրկելու: Աչքերս առաստաղին հառած, գլուխս ետ գցած պառկում էի մահճակալին և կամացուկ տեղից տեղ փոխվում, որպեսզի սավանի վրա զով անկյուն գտնեմ: Ես չէի քնում, նվագարկչի վրա դնում էի այն ձայնապնակներից մեկը, որոնք մեղեդային չեն, բայց ունեն լավ ռիթմ: Շատ էի ծխում, ինձ դեկադենտուհի էի պատկերացնում, և դա դուրեկան էր: Բայց այդ խաղը չէր կարող երկար խաբել: Ես մնում էի տխուր, մոլորված:
Մի անգամ, հետմիջեօրեին, սպասուհին բախեց իմ դուռը և խորհրդավոր կերպով հայտնեց, որ ինչ-որ մեկը ներքևում սպասում է ինձ: Ես անմիջապես մտածեցի, որ Սիրիլն է: Իջա ներքև, բայց նա չէր: Էլզան էր: Նա զեղումով սեղմեց ձեռքս: Ես նայում էի Էլզային և զարմանում նրա նոր գեղեցկությամբ: Վերջապես սևացել էր, հավասար և բաց բրոնզագույն, լավ խնամված էր և սքանչելիորեն ջահել:
– Եկել եմ իրերս տանեմ,– ասաց նա:– Խուանն այս քանի օրը մի քանի զգեստներ գնեց, բայց դրանք քիչ են:
Մի պահ մտածեցի, թե ո՞վ է Խուանը, բայց որոշեցի չխորանալ: Ես ուրախ էի Էլզային նորից հանդիպել: Նա իր հետ բերել էր վարձու կանանց, բարերի, անհոգ երեկոների մթնոլորտը, որն ինձ անցած երջանկության օրերն էր հիշեցնում: Ես հայտնեցի, որ ուրախ եմ նրան տեսնել, իսկ նա ինձ համոզում էր, որ մենք միշտ իրար հետ լեզու էինք գտնում, քանի որ ընդհանուր բաներ շատ ունեինք: Ես դրանից թեթևակի ցնցվեցի և առաջարկեցի իմ սենյակը բարձրանալ, մի բան, որը հնարավորություն կտար խուսափելու Աննային և հորս հանդիպելուց: Երբ հորս մասին հիշատակեցի, նա չկարողացավ իրեն զսպել գլուխն ակամա ճոճելուց, և ես մտածեցի, որ մինչև այժմ գուցե սիրում է նրան... չնայած Խուանին ու նրա գնած շրջազգեստներին: Մտածեցի նաև, որ երեք շաբաթ առաջ դա չէի նկատի: Իմ սենյակում նա սկսեց հիացմունքով պատմել, թե ինչպիսի արբեցնող բարձրաշխարհիկ կյանք է վարում ծովափին: Լսում էի և զգում, որ նրա նոր տեսքի հայտնությամբ ոգեշնչված՝ տարօրինակ մտքեր են ձևավորվում իմ մեջ: Վերջապես նա լռեց, հավանաբար, այն պատճառով, որ խոսակցությունը չէի բորբոքում, մի քանի քայլ արեց սենյակում և, առանց շրջվելու, անտարբեր ձայնով հարցրեց, թե «Ռայմոնը երջանի՞կ է»: Ինձ թվաց, որ իմ օգտին «գոլ խփեցին», և անմիջապես հասկացա, թե ինչու: Գլխումս հազարավոր ծրագրեր էին խառնվել, նախագծեր էին մեջտեղ եկել, ասես ընկճված լինեի իմ փաստարկների ծանրությունից: Իսկույն մտածեցի, թե ինչ պիտի պատասխանեմ նրան.
– «Երջանի՜կ» – դա չափազանց ուժեղ է ասված: Աննան շարունակ հորս ստիպում է միայն այդ բանի մասին մտածել: Նա շատ ճարպիկ է:
– Շա՜տ,– հառաչեց Էլզան:
– Դուք երբեք չեք հասկանա, թե նա ինչ է որոշել անել... Նա ամուսնանում է հորս հետ:
Էլզան սոսկումի արտահայտությունը դեմքին, դարձավ ինձ.
– Ամուսնանո՞ւմ է: Ռեյմոնն ուզում է նրա հետ ամուսնանա՞լ:
– Այո,– ասացի ես:– Ռեյմոնը պատրաստվում է նրա հետ ամուսնանալ:
Մի խենթ ծիծաղ բռնեց ինձ: Ձեռքերս դողում էին: Էլզան այնպես էր շշմել, ասես նրան հարվածել էի: Պետք չէր նրան ժամանակ տալ մտածելու և եզրակացություն անելու, որ դա շատ բնական է հորս տարիքի մարդու համար, որ նա չի կարող իր ամբողջ կյանքը սիրուհիների հետ անցկացնել: Ես առաջ թեքվեցի և, տպավորություն գործելու համար, ցածրաձայն ասացի.
– Չպետք է թույլ տալ, որ այդ բանը տեղի ունենա, Էլզա: Նա արդեն տառապում է: Դա հնարավոր բան չէ, դուք լավ եք հասկանում:
– Իհարկե,– ասաց Էլզան:
Նա կարծես հմայված էր: Դա նորից ծիծաղելու ցանկություն առաջացրեց և ձեռքերիս դողն անցավ:
– Ես ձեզ սպասում էի,– շարունակեցի ես:– Միայն դուք կարող եք Աննայի դեմ պայքարել: Միայն ձեր որակի կինը կարող է դա անել:
Ինչպես երևում էր, նա ուզում էր ինձ հավատալ:
– Բայց եթե ամուսնանում է, ուրեմն սիրում է,– առարկեց նա:
– Չէ մի՜,– մեղմորեն ասացի ես:– Նա ձեզ է սիրում, Էլզա: Փորձ չանեք ինձ համոզելու, թե չգիտեք այդ մասին:
Ես տեսնում էի, թե նա ինչպես է աչքերը թարթում, շրջվում, որպեսզի իմ տված հույսը, հրճվանքը թաքցնի: Կարծես խելացնոր վիճակում լինեի, բայց ճշգրտորեն զգում էի, թե ինչ պիտի ասեմ նրան:
– Հասկանում եք,– ասացի ես:– Աննան հորս խաբում է ընտանեկան օջախի բարեկեցությամբ, և նա էլ խաբվել է:
Իմ խոսքերը ճնշում էին ինձ... Քանզի, վերջին հաշվով, դրանք իմ ապրած զգացմունքներն էին, որ արտահայտում էի հիմա, ճիշտ է՝ պարզունակ և կոպիտ ձևով, բայց, անկասկած, նրանք համապատասխանում էին իմ ցանկություններին:
– Եթե այդ ամուսնությունը տեղի ունենա, մեր երեքիս կյանքը կքանդվի: Էլզա, պետք է փրկել հորս, նա մեծ երեխա է... Իսկական մեծ երեխա...
«Մեծ երեխա», եռանդով կրկնում էի ես: Այս բառերից մի քիչ մելոդրամայի հոտ փչեց, բայց նկատեցի, որ Էլզայի գեղեցիկ, կանաչ աչքերում խղճահարություն երևաց: Եվ ես օրհնության պես վերջացրեցի.
– Օգնեք ինձ, Էլզա: Ես սա ասում եմ հանուն ձեզ, հանուն իմ հոր և հանուն ձեր երկուսի սիրո:
Իսկ մտքումս ասացի. «...և հանուն փոքրիկ չինացիների»:
– Բայց ես ի՞նչ կարող եմ անել,– հարցրեց Էլզան:– Կարծում եմ, որ նույնիսկ անհնարին է որևէ բան անել:
– Դե, եթե կարծում եք, որ անհնարին է, ուրեմն, պետք չէ,– ասացի ես, այսպես ասած, բեկված ձայնով:
– Անառակի մեկը,– շշնջաց Էլզան:
– Շատ ճիշտ եք ասում,– ասացի ես և ինքս էլ թեքեցի հայացքս:
Էլզան աչքերիս առջև վերածնվում էր: Նրան ծաղրել էին, նա հիմա ցույց կտա այդ խարդախ կնոջը, ցույց կտա, թե ինչ կարող է անել ինքը՝ Էլզա Մակենբուրը: Իսկ հայրս սիրում է նրան, նա միշտ գիտեր այդ մասին: Նա ինքն էլ, Խուանի կողքին, չի մոռացել հորս հմայքը: Ի հարկե, նա երբեք չի խոսել ամուսնական օջախի մասին, հորս չի ձանձրացրել, փորձության չի ենթարկել նրան...
– Էլզա,– ասացի ես, քանի որ այլևս չէի կարող նրան տանել,– իմ կողմից գնացեք Սիրիլի մոտ և խնդրեք, որ ձեզ հյուրընկալեն: Նա մորը կհամոզի: Հայտնեք, որ վաղն առավոտյան կգամ նրան տեսնելու: Մենք երեքով ամեն ինչ կքննարկենք:
Երբ նա դռան շեմին էր, կատակով ավելացրի.
– Դուք ձեր երջանկությունն եք պաշտպանում, Էլզա:
Հանդիսավորությամբ գլխով արեց, կարծես այդ երջանկություններից մի տասնհինգ հատ չունենար, այսինքն, ներկա պահին կարծես այդքան տղամարդ չէր կարող նրան պահել: Նայում էի, թե ինչպես է իր պարող քայլվածքով գնում արևի տակ: Ես վստահ էի՝ մեկ շաբաթ հետո հայրս նորից կցանկանա նրան:
Երեքն անց կես էր, հիմա նա հավանաբար քնած է Աննայի գրկում: Իսկ Աննան ինքնամոռաց, անկողնուն տապալված, շոգից ու երջանկությունից թուլացած, հավանաբար, նույնպես քնած է... Ես, առանց մի պահ ինքս ինձ համար պարզելու, սկսեցի նախագծեր մշակել: Առանց դադարի ետուառաջ էի անում, մոտենում պատուհանին, մի հայացք նետում կատարելապես հանդարտված, ավազե ափին դեմ առած ծովին, մոտենում դռանը, շրջվում, նորից քայլում դեպի պատուհանը: Ես հաշվում էի, ծանրութեթև անում բոլոր առարկությունները. երբեք չէի գիտակցել, թե ինչ սրընթաց է մարդկային միտքը և որքան հեռու կարող է գնալ: Ես ինձ զգում էի վտանգավոր և ճարպիկ, և այն գգվանքի ալիքին, որ պարուրել էր ինձ Էլզայի հետ զրուցելու առաջին իսկ րոպեներից, ավելանում էր նաև հպարտության, թաքնված մեղսակցության և միայնության զգացումը: Հարկ կա՞ արդյոք ասելու, երբ լողափի ժամը հասավ, այս ամենից հետք անգամ չէր մնացել: Խղճի խայթից դողում էի Աննայի առջև, չգիտեի մեղքս ինչպես քավեի: Նրա պայուսակն էի տանում, երբ ծովից դուրս էր գալիս, սրընթաց շտապում էի խալաթը մատուցել: Ես նրան շշմեցրել էի հաճոյակատարությամբ և սիրալիր խոսքերով: Այս արագ փոփոխությունը, որ կատարվել էր վերջին օրերի իմ լռությունից հետո, չէր կարող նրան չզարմացնել և հաճույք չպատճառել: Հայրս հիացած էր: Աննան ժպտալով շնորհակալություն էր հայտնում, ուրախ պատասխանում էր ինձ, և ես հիշում էի «Անառակի մեկը», «Շատ ճիշտ եք ասում»-ը: Ինչպե՞ս կարող էի այս խոսքերն արտասանել, Էլզայի տխմարությունը հանդուրժել: Վաղը ես նրան խորհուրդ կտամ հեռանալ, կասեմ, որ սխալվել եմ: Ամեն ինչ կմնա առաջվա պես և, իվերջո, քննությունս կհանձնեմ: Բակալավրի վկայական ստանալն անկասկած անհրաժեշտ է և օգտակար:
– Ճիշտ է, չէ՞:
Դիմեցի Աննային:
– Ճիշտ է, չէ՞, բակալավրի վկայական ստանալն օգտակար է:
Աննան նայեց ինձ և հռհռաց: Տեսնելով, որ նա այդքան ուրախ է, ես էլ լավ զգացի:
– Դուք անկրկնելի եք,– ասաց նա:
Իսկապես որ անկրկնելի էի: Իսկ եթե նա իմանար, թե առավոտյան ի՜նչ նախագծեր էի մշակում: Սոսկալի ցանկություն ունեի նրան պատմելու այդ ամբողջը, որպեսզի տեսներ, թե ինչ աստիճանի անկրկնելի եմ: «Պատկերացրեք, որ ես Էլզային մղում եմ կոմեդիա խաղալ. նա պիտի ձևացներ, թե սիրահարված է Սիրիլին, կբնակվեր նրանց տանը, և մենք կտեսնեինք, թե ինչպես է զբոսնում նրա նավակով, կհանդիպեինք նրանց անտառում, ծովափին: Էլզան նորից գեղեցկացել է: Օ՜, իհարկե, նա ձեր գեղեցկությունը չունի, բայց այն փայլն ունի, որը տղամարդկանց ստիպում է շրջվել: Հայրս երկար չէր դիմանա, նա երբեք չէր հանդուրժի, որ իրեն պատկանող և իր կողմից լքված այդպիսի գեղեցիկ կինն այդքան շուտ մխիթարվի և, կարելի է ասել, իր աչքի առջև: Մանավանդ որ կողքի տղամարդն իրենից ջահել է: Հասկանում եք, Աննա, չնայած ձեզ սիրում է, բայց ինքն իրեն համոզելու համար նորից կձգտեր Էլզային նվաճել: Նա շատ սնափառ է կամ, եթե կուզեք, շատ վստահ չէ իր վրա: Էլզան, իմ հրահանգների համաձայն, կպահեր իրեն ինչպես հարկն է: Եվ մի գեղեցիկ օր հայրս ձեզ կդավաճաներ, իսկ դուք չէիք կարողանա այդ փաստը հանդուրժել, այդպես չէ՞: Դուք այն կանանցից չեք, որոնք կարողանում են հեշտությամբ զիջել: Այդ դեպքում դուք ստիպված կլինեիք մեկնել, դա էլ հենց իմ ուզածն էր: Այո, դա շատ տխմար է, ես ձեր դեմ քեն ունեմ Բերգսոնի, շոգի պատճառով. ես պատկերացնում եմ, որ... Ես նույնիսկ չեմ համարձակվում ձեզ պատմել այդ մասին, այնքան անհեթեթ է և ծիծաղելի: Այդ քննության պատճառով ես պատրաստ էի ձեզ գժտեցնել մեզ հետ, դուք, որ մորս բարեկամուհին եք, մեր բարեկամը: Մինչդեռ, բակալավրի վկայական ստանալը շատ օգտակար է»:
– Ճիշտ է, չէ՞:
– Ի՞նչն է ճիշտ,– հարցրեց Աննան:– Բակալավրի վկայական ստանա՞լը:
– Այո,– ասացի ես:
Այսինքն, չարժե նրան որևէ բան պատմել, գուցե նա ոչինչ չհասկանա: Կան բաներ, որոնցից Աննան գլուխ չի հանի: Ես նետվեցի ջուրը, լողացի հորս ետևից, սկսեցի նրա հետ կռվել և նորից խաղի, ջրի, մաքուր խղճի հաճույքը վայելեցի: Վաղը սենյակս կփոխեմ, դասագրքերս կառնեմ և կտեղավորվեմ ձեղնահարկում: Բայց Բերգսոնը չեմ վերցնի, կարիք չկա համը հանել: Օրը երկու ժամվա աշխատանք միայնության մեջ, լուռ ջանքեր, թանաքի բույր և թղթի խշրտոց: Հոկտեմբեր ամսին՝ փայլուն հաջողություն, հորս ապշած ծիծաղը: Աննայի հավանությունը, ավարտական վկայականը: Կլինեմ խելացի, զարգացած, Աննայի պես մի քիչ անտարբեր: Գուցե ես մտավոր անսահման կարողություններ ունեմ... Չէ որ հինգ րոպեի ընթացքում չափազանց տրամաբանված մի նախագիծ մշակեցի, ճիշտ է, նողկալի էր, բայցև չափազանց տրամաբանված: Հապա Էլզա՞ն: Ես նրա սնափառության, նրա զգացմունքների վրա խաղացի, մի քանի վայրկյանում նրան հեղաշրջեցի, նա, որ եկել էր ընդամենը իր ճամպրուկը վերցնելու: Շատ տարօրինակ է, ես Էլզային նշանի տակ առա, թույլ տեղը բռնեցի և խոսելուց առաջ հարվածը ճշտեցի: Կյանքումս առաջին անգամ այդ արտակարգ հաճույքն զգացի. կարդալ մարդու մտքերը, բացահայտել նրա թաքուն ցանկությունները, հանել լույս աշխարհ և ցավոտ տեղը խոցել: Ամենայն զգուշությամբ, ասես մատս զսպանակի վրա լիներ, փորձում էի որևէ մեկին ճանաչել, և վերջինս լարված զսպանակի պես դուրս էր ցատկում: Ես դիպել էի նպատակին: Այս բանը երբեք չեմ իմացել, միշտ բռնկվող եմ եղել: Նախկինում միայն թյուրիմացաբար կարող էի որևէ մեկին վիրավորել: Եվ հանկարծ հայտնագործում եմ մարդկային ապրումների, լեզվի զորության այս հեքիաթային մեքենան... Ափսո՜ս, որ հայտնագործեցի կեղծիքի ճանապարհին: Բայց մի օր ես էլ մեկնումեկին խենթի պես կսիրեմ և միևնույն զգուշությամբ, մեղմորեն, դողացող ձեռքով ուղի կփնտրեմ դեպի նրա սիրտը...
ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Հաջորդ օրը գնում էի Սիրիլի առանձնատուն՝ իմ բնական ուժերին ավելի պակաս վստահությամբ: Ծանր վիճակիս վախճանը նշելու նպատակով երեկ ճաշի ժամանակ շատ խմեցի և չափից դուրս ուրախ էի: Ես բացատրում էի հորս, որ դիսերտացիա կպաշտպանեմ գրականության գծով, կշփվեմ էրուդիտների հետ և կդառնամ նշանավոր ու տաղտկալի: Իսկ նա՝ հայրս, պետք է գործի դնի ռեկլամի բոլոր միջոցները, որպեսզի շուրջս աղմուկ ստեղծի և ինձ առաջ մղի: Մեկը մյուսի ետևից անհեթեթ ծրագրեր էինք մշակում և ծիծաղից թուլանում: Աննան էլ էր ծիծաղում, բայց մի քիչ զուսպ, մի տեսակ ներողամտությամբ: Իսկ ժամանակ առ ժամանակ, երբ գրական կարիերայի իմ գաղափարները դուրս էին գալիս պատշաճության սահմաններից, նա լռում էր: Հայրս՝ այս տխմար կատակներով նորից մտերմանալու համար, այնպիսի բացահայտ ուրախություն էր ապրում, որ Աննան հանդուրժում էր ասածներս: Վերջապես ինձ պառկեցրին և վերմակով ծածկեցին: Հուզված շնորհակալություն հայտնեցի և հարցրեցի, թե «առանց ձեզ ի՞նչ պիտի անեի»: Հայրս, իսկապես, չգիտեր, թե ինչ պիտի անեի, իսկ Աննան իր խստագույն կարծիքն ուներ այդ մասին: Ես նրան աղաչում էի, որ ասի, Աննան արդեն կռանում էր, որ ականջիս շշնջար, բայց այդ պահին քունս տարավ: Գիշերվա կեսին վատ զգացի: Իսկ առավոտյան արթնացումն ինձ համար ամենածանր և ամենատաժանելին էր կյանքումս: Ծանր գլխով և անհանգիստ սրտով էի քայլում դեպի սոճիների պուրակը, առանց նկատելու անհանգիստ ծովը և գրգռված ճայերին: Սիրիլն ինձ դիմավորեց այգու մուտքի մոտ: Նա ցատկեց, գրկեց ինձ և, անկապ բառեր շշնջալով, սեղմեց կրծքին:
– Սիրելիս, ես այնքան անհանգիստ էի... Ինչքա՜ն ժամանակ է, որ... Չգիտեի, թե ինչ է կատարվում քեզ հետ... Այդ կինը քեզ դժբախտացրել էր... Չգիտեի, որ ինքս էլ կարող եմ այսպես տանջվել... Ամեն օր, կեսօրից հետո, գնում էի ծովախորշ, ետուառաջ լողում... Չէի կարծում, թե կարող եմ քեզ այսպես սիրել...
– Ես էլ,– ասացի ես:
Միաժամանակ հուզված էի և զարմացած: Ափսոսում էի, որ սրտխառնուք ունեմ և չեմ կարող զգացումներս արտահայտել:
– Ի՜նչ գունատ ես,– ասաց նա:– Այսօրվանից ես կզբաղվեմ քեզնով, թույլ չեմ տա, որ այսուհետև քեզ չարչարեն:
Սիրիլի հուզումնալից խոսքերի մեջ Էլզայի բորբոքված երևակայության հետքերը նկատեցի: Ես հարցրի Սիրիլին, թե իր մայրը ինչպես է Էլզային ընդունել:
– Ես նրան ներկայացրի ինչպես իմ բարեկամուհին, որպես որբ աղջկա,– ասաց Սիրիլը:– Իմիջիայլոց, Էլզան լավ աղջիկ է: Նա ամեն ինչ պատմեց այդ կնոջ մասին: Զարմանալի է, այդպիսի նուրբ դեմք, այդպիսի ազնիվ դիմագծեր և ինտրիգան կնոջ այդպիսի վարք:
– Էլզան շատ է չափազանցրել ,– ասացի ես թույլ ձայնով:– Ես հենց ուզում էի նրան ասել...
– Ես քեզ բաներ ունեմ ասելու,– ընդհատեց Սիրիլը:– Սեսիլ, ուզում եմ քեզ հետ ամուսնանալ:
Մի պահ ես խուճապի մատնվեցի: Պետք էր մի բան անել, մի բան ասել: Ահ, եթե այս սրտխառնուքը չլիներ...
– Ես քեզ սիրում եմ,– ասաց Սիրիլը՝ մազերիս մեջ շնչելով:– Ես կլքեմ իրավաբանական ասպարեզը, քեռիս իր մոտ եկամտաբեր տեղ է առաջարկում... Ես քսանվեց տարեկան եմ, այլևս երեխա չեմ, ես լուրջ եմ խոսում: Դու ի՞նչ կասես:
Ես անհուսորեն խուսափող բառեր էի որոնում: Չէի ուզում նրա հետ ամուսնանալ: Սիրում էի նրան, բայց ամուսնանալ չէի ուզում: Ես հոգնած էի:
– Դա անհնար է,– թոթովեցի ես:– Հայրս...
– Հորդ համոզելն ինձ վրա եմ վերցնում,– ասաց Սիրիլը:
– Աննան դեմ կլինի,– ասացի ես:– Նա համարում է, որ դեռ երեխա եմ: Եվ եթե նա դեմ եղավ, հայրս էլ դեմ կլինի: Ես այնպես հոգնած եմ: Սիրիլ, այս հուզումներից հետո հազիվ եմ ոտքի վրա մնում: Եկ նստենք: Ահա Էլզան:
Էլզան խալաթը հագին, թարմ և շողշողուն, իջնում էր աստիճաններով: Նրա կողքին ինձ զգացի դժգույն և նիհար: Նրանք երկուսն էլ առողջ, ծաղկուն և բորբոքված տեսք ունեին, և դա ինձ ավելի էր ընկճում: Էլզան ինձ այնպես խնամքով նստեցրեց, ասես հենց նոր բանտից դուրս եկած լինեի:
– Ռեյմոնն ինչպե՞ս է,– հարցրեց նա:– Արդյոք գիտե՞, որ ես եկել եմ:
Նա այն երջանիկ կնոջ ժպիտն ուներ, որը ներել է և հույս ունի, որ սիրած տղամարդը կվերադառնա: Ես չէի կարող ասել, որ հայրս մոռացել է նրան, իսկ Սիրիլին՝ որ չեմ ուզում ամուսնանալ: Աչքերս փակեցի, Սիրիլը գնաց սուրճ բերելու: Էլզան խոսում էր, խոսում, նա ինձ նրբամիտ մարդու տեղ էր դնում, ինձ վրա մեծ վստահություն ուներ: Սուրճը շատ թունդ էր, բուրավետ, արևն էլ իր հերթին մի քիչ ուժ տվեց:
– Ես շատ մտածեցի, բայց ելք չգտա,– ասաց Էլզան:
– Ելք չկա,– ասաց Սիրիլը:– Նա խելքը կորցրել է, ամբողջապես Աննայի ազդեցության տակ է, անհնար է որևէ բան անել:
– Ինչո՞ւ,– առարկեցի ես:– Միջոց կա: Դուք երևակայությունից զուրկ եք:
Շոյվում էի, տեսնելով, թե ինչպիսի ուշադրությամբ են լսում իմ խոսքերը. նրանք տասը տարով ինձնից մեծ էին, բայց գլուխներում ոչ մի միտք չկար: Անփութորեն ասացի. – Դա հոգեբանական հարց է:
Ես երկար խոսեցի, բացատրեցի նրանց իմ ծրագիրը: Նրանք բերում էին այն առարկությունները, որոնք մեկ օր առաջ ինքս էի դնում իմ առջև, և այդ առարկությունները հերքելով՝ սուր հաճույք էի զգում: Դա արվում էր առանց որևէ նպատակի, բայց համոզելու ցանկությունից դրդված, աննկատ մտա խաղի մեջ: Նրանց ապացուցում էի, որ դա հնարավոր բան է: Այժմ ինձ մնում էր ետ համոզել, որ այդ բանը չանեն, սակայն նույնպիսի տրամաբանական փաստարկներ չէի կարողանում բերել:
– Այդ մեքենայությունները սրտովս չեն,– ասաց Սիրիլը:– Բայց եթե միայն այդպես կարող եմ քեզ հետ ամուսնանալ, ստիպված ընդունում եմ:
– Ճիշտն ասած, այս ամենը Աննայի մեղքով չէ,– ասացի ես:
– Դուք շատ լավ գիտեք, որ եթե նա ձեզ մոտ մնա, ապա դուք կամուսնանաք այն մարդու հետ, որին նա կցանկանա,– ասաց Էլզան:
Հավանաբար, նա ճիշտ էր: Ես պատկերացրի, որ արդեն քսան տարեկան եմ, և Աննան ինձ ներկայացնում է մի երիտասարդի՝ ինձ նման դիսերտացիա պաշտպանած, փայլուն ապագայի խոստումներով, խելացի, հավասարակշռված, վստահելի և հավատարիմ: Ի դեպ, ինչ-որ բանով Սիրիլին նմանվող: Ես սկսեցի ծիծաղել:
– Խնդրում եմ, մի ծիծաղիր,– ասաց Սիրիլը:– Ասա, որ խանդի տեսարան կսարքես, երբ տեսնես, թե ինչպես եմ Էլզային սիրահարված ձևանում: Ինչպե՞ս կարող էր այդ բանը քո մտքով անցնել, ասա, ինձ սիրո՞ւմ ես:
Նա խոսում էր շշնջալով: Էլզան խոհեմաբար հեռացել էր: Ես նայում էի Սիրիլի արևավառ, լարված դեմքին, մուգ աչքերին: Նա ինձ սիրում էր. այդ փաստը մի զարմանալի զգացմունք էր արթնացնում մեջս: Նայում էի նրա կարմիր շրթունքներին, որ այնպես մոտիկ էին ինձ... Ես ինձ այլևս բանական աղջկա տեղ չէի դնում: Նա իր դեմքն այնպես մոտեցրեց ինձ, որ մեր շրթունքներն իրար դիպչելով, միմյանց ճանաչեցին: Աչքերս բաց նստել էի, նրա տաք և պիրկ շրթունքները հպվել էին և անշարժացել իմ շրթունքների վրա: Եվ ահա մի թեթև դող անցավ նրանց վրայով, Սիրիլն ավելի ուժգին համբուրեց, որպեսզի դողը մարի, հետո նրա շրթունքներն իրարից հեռացան, համբույրը դարձավ ավելի գրոհող, տիրական, ավելի հմուտ, չափազանց հմուտ... Եվ ես հասկացա, որ ավելի ընդունակ եմ տղայի հետ արևի տակ համբուրվելու, քան դիսերտացիա պաշտպանելու: Շնչակտուր, մի քիչ հեռու քաշվեցի նրանից:
– Սեսիլ, մենք պիտի միասին ապրենք: Ես պատրաստ եմ այդ կոմեդիան խաղալ Էլզայի հետ:
Իսկ ես մտածում էի, թե արդյոք հաշիվները ճի՞շտ եմ արել: Ես այս կոմեդիայի հոգին էի, բեմադրողը: Ես կարող էի ուզած պահին ընդհատել:
– Տարօրինակ մտքեր են գալիս գլուխդ,– ասաց Սիրիլը իր ծուռ ժպիտով, որը նրա շրթունքը վերև էր քաշում և գեղեցիկ բանդիտի տեսք տալիս...
– Համբուրիր ինձ,– շշնջացի ես:– Շո՛ւտ, համբուրիր ինձ:
Ահա այսպես էի զարգացնում կոմեդիան: Հակառակ իմ կամքին, անհոգությունից կամ հետաքրքրասիրությունից մղված: Երբեմն մտածում էի, որ ավելի լավ կլիներ, եթե դա անեի հոժարակամ, ատելությամբ և մոլեգնությամբ... Այդ դեպքում գոնե կկարողանայի ինքս ինձ մեղադրել և ոչ թե ծուլությունը, արևը կամ Սիրիլի համբույրները:
Դավադիրներին լքեցի մեկ ժամ հետո՝ բավականին վատ տրամադրությամբ: Իհարկե, ինձ հանգստացնելու համար ահագին փաստարկներ ունեի: Իմ ծրագիրը կարող էր վատը լինել, իմ հայրը կարող էր այն աստիճան սիրել Աննային, որ մինչև վերջ հավատարիմ մնար: Բացի այդ, և՛ Սիրիլը, և՛ Էլզան առանց իմ օգնության ոչինչ չեն կարող անել: Խաղն ընդհատելու համար կկարողանամ ճիշտ պատճառաբանումներ գտնել, եթե հայրս հանկարծ մեր լարած որոգայթն ընկնի: Բոլոր դեպքերում հետաքրքիր է փորձել՝ իմ հոգեբանական հաշվարկներն, արդյոք, ճի՞շտ են, թե սխալ:
Եվ հետո, Սիրիլն ինձ սիրում է, ուզում է հետս ամուսնանալ. այս միտքը բավական էր, որպեսզի հաճելի գրգիռներ զգայի: Եթե նա կարողանա մեկ կամ երկու տարի ինձ սպասել, մինչև որ չափահաս դառնամ, այն ժամանակ համաձայնություն կտամ: Արդեն պատկերացնում էի, թե ինչպես եմ ապրում Սիրիլի հետ, նրա հետ մի անկողնում քնում, երբեք չեմ հեռանում նրանից: Կիրակի օրերը գնում ենք՝ Աննայի և հոր հետ միասնական ընտանիքում ճաշելու, գուցե նաև մեզ միանա Սիրիլի մայրը, որը մեր սեղանին ընտանեկան հավաքի մթնոլորտ կտա:
Աննային հանդիպեցի պատշգամբում, գնում էի լողափ՝ հորս մոտ: Ինձ նայեց այն հեգնական տեսքով, որով նայում են նախորդ օրը խմած մարդկանց: Ես հարցրեցի, թե երեկ քնելուց առաջ ի՞նչ էր ուզում ինձ հաղորդել, նա ժպտալով հրաժարվեց ասել՝ պատճառաբանելով, թե կնեղանամ: Հայրս դուրս էր գալիս ջրից՝ մկանուտ և լայնաթիկունք. նա ինձ գերազանց թվաց: Ես լողում էի Աննայի հետ. նա լողում էր հանգիստ, գլուխը բարձր էր պահում ջրից, որպեսզի մազերը չթրջվեն: Հետո երեքս բերանքսիվայր պառկեցինք իրար կողքի: Ես նրանց մեջտեղում էի՝ լուռ և հանգիստ:
Այդ պահին ծովախորշի ծայրից հայտնվեց առագաստները պարզած նավակը: Հայրս առաջինը նկատեց.
– Խեղճ Սիրիլն այլևս չկարողացավ հանդուրժել,– ծիծաղելով ասաց նա:– Աննա, ներե՞նք նրան: Ի վերջո, լավ տղա է:
Ես բարձրացրեցի գլուխս, վտանգ էի զգում:
– Բայց այդ ի՞նչ է անում,– ասաց հայրս:– Շրջանցում է հրվանդանը: Օ՜, նա մենակ չէ...
Աննան նույնպես գլուխը բարձրացրեց: Նավակն անցնում էր մեր առջևով և շրջանցում ափը: Արդեն ջոկում էի Սիրիլի դեմքը, մտովի աղաչում`հեռանալ այստեղից:
Հորս բացականչությունն ինձ ստիպեց վեր ցատկել, չնայած երկու րոպեից ավելի սպասում էի դրան:
– Բայց... Բայց դա Էլզան է: Ի՞նչ է անում այդտեղ:
Նա դարձավ Աննային.
– Արտասովոր աղջիկ է: Հավանաբար, ճանկերի մեջ է առել այդ խեղճ տղային և ծեր կնոջն ստիպել իրեն որդեգրել:
Բայց Աննան նրան չէր լսում: Նայում էր ինձ: Մեր հայացքները հանդիպեցին, հետո, ամոթից կարմրած, երեսս թաքցրեցի ավազներ մեջ: Նա ձեռքը դրեց ծոծրակիս.
– Նայեք ինձ: Դուք ինձ վրա բարկացա՞ծ եք:
Ես բացեցի աչքերս: Աննան անհանգիստ, գրեթե աղաչական հայացքով կռացել էր վրաս: Առաջին անգամն էր, որ ինձ նայում էր որպես մտածելու ընդունակ մի արարածի, և դա հենց այն օրը, երբ... Ես հոգոց հանեցի և գլուխս կատաղությամբ դարձրի հորս կողմը, որպեսզի ազատվեմ այդ ձեռքից:
Հայրս շարունակում էր նավակին նայել:
– Իմ խեղճ աղջիկ,– նորից լսեցի Աննայի ձայնը, ցածր ձայնը:– Իմ խեղճ փոքրիկ Սեսիլ, սա մի քիչ էլ իմ մեղքով է, ես չպետք է այդքան անհանդուրժող լինեի: Բայց ես բնավ ցանկություն չունեի ձեզ ցավ պատճառելու, ինձ հավատո՞ւմ եք:
Նա մեղմորեն շոյում էր մազերս և ծոծրակս: Ես անշարժ էի: Այնպիսի զգացում ունեի, ինչպիսին լինում է տեղատվության ժամանակ, երբ ալիքը ետ քաշվելու պահին ոտքերիդ տակից տանում է ավազը: Պարտության և քնքշության ցանկությունը գրավեց ինձ: Մինչ այդ ոչ մի ցանկություն՝ ոչ ցասումը, ոչ իմ սիրո կիրքն ինձ այդպես չէին գրավել: Վերջ տալ կոմեդիային, կյանքս Աննային վստահել: Մինչև հիմա այսպիսի ուժգին, այսպիսի անհաղթահարելի թուլություն չէի զգացել: Ես փակեցի աչքերս: Ինձ թվաց, թե սիրտս դադարեց խփել:
ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Հայրս զարմանքից բացի ոչինչ չարտահայտեց: Սպասուհին նրան բացատրեց, որ Էլզան եկել էր ճամպրուկը վերցնելու և անմիջապես մեկնել: Չգիտեմ, թե ինչու, մեր հանդիպման մասին ոչինչ չասաց: Դա մի գեղջկուհի էր, չափազանց ռոմանտիկ, և մեր հարաբերությունները, հավանաբար, գայթակղիչ լույսի տակ էին ներկայանում նրան: Մանավանդ որ սենյակից սենյակ իրերը նա էր տեղափոխում:
Աննան և հայրս, տանջվելով խղճի խայթից, իմ հանդեպ ցուցաբերում էին մի ուշադրություն և բարություն, որն սկզբում ինձ համար անտանելի էր, բայց շատ շուտով հաճելի դարձավ: Անկեղծ ասաց, չնայած դա իմ ձեռքի գործն էր, բայց ինձ ամենևին բավականություն չէր պատճառում ամեն քայլափոխի հանդիպել Սիրիլին և Էլզային՝ գրկախառնված, կատարյալ միասնության արտաքին բոլոր նշաններով: Այլևս չէի կարող նավակով զբոսնել, բայց կարող էի տեսնել, թե ինչպես Էլզան է դա անում, մազերը քամուն տված, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ ես... Ես հեշտությամբ ինքնամփոփ և անտարբեր տեսք էի ընդունում, երբ հանդիպում էինք: Իսկ հանդիպումները շատ հաճախ էին և ամենուր. սոճիների պուրակում, գյուղում, ճանապարհին: Աննան մի հայացք էր նետում վրաս, խոսում էր ուրիշ բաներից, ձեռքը դնում իմ ուսին, որպեսզի ինձ հանգստացներ: Ես կարծեմ ասացի, որ նա բարի է: Չգիտեմ, գուցե բարությունը նրա խելքի կամ, ավելի շուտ, նրա անտարբերության նրբացած դրսևորումն էր, բայց միշտ գտնում էր ճիշտ բառը, ճիշտ քայլը, և եթե ես իսկապես տառապեի, ավելի լավ նեցուկ հազիվ թե գտնեի:
Այսպիսով, առանց որևէ տագնապի, թողեցի, որ դեպքերն իրենք-իրենց զարգանան, որովհետև, ինչպես արդեն ասացի, հայրս խանդի ոչ մի նշան ցույց չտվեց: Դա ինձ համոզում էր, որ նա, իրոք, կապված է Աննային, բայց և հաստատելով իմ ծրագրերի անզորությունը և ունայնությունը, դժկամելու առիթ էր տալիս: Մի անգամ, փոստի ճանապարհին ես ու հայրս հանդիպեցինք Էլզային: Նա ձևացրեց, թե մեզ չի նկատել: Հայրս նրան նայեց ինչպես մի անծանոթուհու և սուլեց.
– Տե՜ս է, Էլզան ինչպես է գեղեցկացել:
– Սիրո մեջ բախտավոր է,– ասացի ես:
Հայրս զարմացած նայեց ինձ.
– Դու այդ փաստը, կարծես, ավելի հեշտ ես տանում, քան...
– Ինչ արած,– ասացի:– Նրանք հասակակիցներ են, դա երևի նրանց ճակատագիրն է:
– Եթե Աննան չլիներ, ոչ մի ճակատագիր էլ մեջտեղ չէր գա...
Նա կատաղած էր:
– Մտքովդ չանցնի, թե մի լակոտ կարող է իմ ձեռքից, հակառակ իմ ցանկության, աղջիկ խլել...
– Այնուամենայնիվ, տարիքը ճակատագրական դեր է խաղում,– ասացի ես լրջորեն:
Նա ուսերը թոթվեց: Տուն վերադարձավ մտահոգված, գուցե մտածում էր, թե Էլզան և Սիրիլը երիտասարդ են, որ իր տարիքի կնոջ հետ ամուսնանալով, դուրս է գալիս տղամարդկանց այն դասից, որոնք տարիք չունեն: Ակամա հաղթանակի զգացումը պատեց ինձ: Բայց երբ Աննայի աչքերի տակ մանր կնճիռներ տեսա և մի թեթև ծալք բերանի մոտ, ամոթահար եղա: Այնքան հաճելի էր ենթարկվել սեփական բռնկումներին և հետո զղջալ...
Մի շաբաթ անցավ: Սիրիլը և Էլզան, անտեղյակ լինելով դեպքերի ընթացքին, հավանաբար ամեն օր սպասում էին ինձ: Բայց ես չէի համարձակվում նրանց մոտ գնալ, պիտի նորից դրդեին նոր բաներ մտածելու, իսկ ես չէի ուզում: Բացի այդ, ամեն օր կեսօրից հետո բարձրանում էի սենյակս, որպեսզի, իբրև թե, պարապեմ: Իրականում ոչինչ չէի անում: Ես մի գիրք էի գտել յոգերի մասին և եռանդով ուսումնասիրում էի: Երբեմն-երբեմն ծիծաղի բռնկումներ էի ունենում և զսպում ինձ, վախենալով, որ Աննան կլսի: Ես նրան ասել էի, որ իսկապես անդադար պարապում եմ: Նրա մոտ խաղում էի սիրո մեջ հիասթափված մի աղջկա դեր, որը մխիթարվում է հետագայում գիտական ուսումնասիրություն գրելու հույսով: Ինձ թվում էր, որ նա բարձր կարծիք ունի իմ մասին, և գործը հասավ այն բանին, որ սեղանի մոտ մի քանի անգամ մեջբերումներ արեցի Կանտից, ինչից հայրս անհուսության մեջ ընկավ:
Մի անգամ, կեսօրից հետո, ես փաթաթվել էի բաղնիքի սրբիչով, որպեսզի իսկապես նմանվեմ հնդիկներին, աջ ոտքս դրել էի ձախ ազդրիս և անթարթ նայում էի հայելու մեջ՝ ոչ թե ինքս ինձ դուր գալու համար, այլ որպեսզի Յոգայի բարձրագույն վիճակին հասնեմ: Այդ պահին դուռը բախեցին: Կարծեցի, թե սպասուհին է և, քանի որ նա ոչ մի բանի ուշադրություն չի դարձնում, գոռացի, որ ներս գա:
Ներս մտավ Աննան: Նա մի պահ անշարժացավ դռան շեմին և ժպտաց.
– Այդ ի՞նչ եք խաղում:
– Յոգա,– ասացի ես:– Բայց սա խաղ չէ, սա հնդկական փիլիսոփայություն է:
Նա մոտեցավ սեղանին և գիրքը վերցրեց: Ես անհանգստացա: Գիրքը բացված էր հարյուրերորդ էջի վրա և ծայրեծայր իմ ձեռագրով գրված էր . «կիրառել չի լինի», կամ «տանջալից է»:
– Դուք չափազանց բարեխիղճ էք,– ասաց նա:– Իսկ Պասկալին նվիրված այն հռչակավոր ուսումնասիրությունը, որի մասին այդքան խոսում էիք, որտե՞ղ է:
Իսկապես, մի անգամ ընթրելիս հաճույքով խորհրդածում էի Պասկալի մտքերից մեկի շուրջ և այնպիսի տեսք էի ընդունել, ասես երկար ժամանակ մտածել էի այդ մասին և մտադիր էի լրջորեն աշխատել դրա վրա: Բնականաբար, այդ մասին ոչ մի բառ չգրեցի: Ես անշարժ նստել էի: Աննան սևեռուն նայեց ինձ և ամեն ինչ հասկացավ.
– Այն, որ չեք պարապում և հայելու առջև ծամածռվում եք, ձեր գործն է,– ասաց նա:– Բայց որ ինձ և ձեր հորն եք խաբում, դա արդեն շատ վատ բան է: Ի դեպ, ես շատ էի զարմացել, որ դուք այդպես անսպասելի սկսեցիք հետաքրքրվել մտավոր աշխատանքով...
Նա դուրս եկավ, իսկ ես բաղնիքի սրբիչի մեջ անշարժ նստել էի: Ես չէի հասկանում, թե ինչու է «խաբել որակվում: Դիսերտացիայի մասին խոսում էի, որպեսզի նրան հաճույք պատճառեմ, իսկ նա անսպասելիորեն իր արհամարհանքն է բարդում վրաս: Ես արդեն սովորել էի իմ հանդեպ ցուցաբերվող նրա նոր վերաբերմունքին, և արհամարհանքի հանգիստ ու ստորացնող այդ տոնը ինձ կատաղեցրեց: Սրբիչը վրայիցս շպրտեցի մի կողմ, հագա շալվարս, մի հին շապիկ և վազքով դուրս եկա տնից: Արևն այրում էր, բայց ես վազում էի, ինձ մղում էր կատաղությանը նմանվող մի զգացում, այն աստիճան մոլեգին, որ վստահ չէի, թե ամոթ չեմ զգում: Վազեցի մինչև Սիրիլենց դռները, շնչակտուր կանգ առա շեմին: Հետմիջօրեի շոգից տները մի տեսակ խորն էին դարձել, լուռ և ասես գաղտնիքներ էին պահում: Ես բարձրացա Սիրիլի սենյակը. մենք այստեղ միասին մտել էինք այն օրը, երբ մոր հրավերով հյուր էի եկել նրանց: Բացեցի դուռը. նա անկողնում տարածված, այտն ափին դրած քնել էր: Մեկ րոպեի չափ նայում էի նրան. առաջին անգամ նա ինձ թվաց անօգնական, և գորովագին, ցածրաձայն նրա անունը տվի. աչքերը բացեց և, ինձ տեսնելով, անմիջապես նստեց մահճակալին:
– Դո՞ւ ես: Ինչպե՞ս ես հայտնվել այստեղ:
Նշան արեցի, որ կամաց խոսի. եթե մայրը գար և ինձ տեսներ տղայի սենյակում, կարող էր կարծել, թե... այսինքն, ով էլ տեսնի, այդպես կկարծի... Ես հանկարծ խուճապ ապրեցի և քայլեցի դեպի դուռը:
– Ո՞ւր ես գնում,– գոռաց Սիրիլը:– Վերադարձիր... Սեսիլ:
Ձեռքս բռնեց և սկսեց ծիծաղելով ինձ ետ քաշել: Ես շրջվեցի ու նայեցի դեմքին. նա գունատվեց, երևի ես էլ, և թողեց ձեռքս: Բայց անմիջապես նորից բռնեց ու գրկելով տարավ իր հետ: Ես տարտամորեն մտածում էի. սա պետք է պատահեր, սա պետք է պատահեր: Հետո սիրո շուրջպարն սկսվեց՝ սարսափը խառնված ցանկությանը, քնքշանքին ու մոլուցքին, և այդ կոպիտ ցավը, դրան հաջորդած հաղթական հաճույքը: Իմ բախտը բերեց, Սիրիլն անհրաժեշտ նրբությունն ուներ, որպեսզի ինձ խնայեր ու առաջին օրվանից հնարավորություն տար այն ճանաչելու:
Նրա մոտ մի ժամ մնացի՝ խլացած ու ապշած: Ես շատ էի լսել սիրո մասին՝ որպես մի թեթև բանի, ինքս էլ այդպես էի խոսում, իմ տարիքին հատուկ անգիտությամբ: Սակայն հիմա կարծում էի, որ այլևս չեմ կարողանա այդպես խոսել, այդ անփույթ ու կոպիտ տոնով: Սիրիլն ինձ սեղմելով, շարունակում էր համոզել, որ ամուսնանանք, որ ամբողջ կյանքում միասին լինենք: Իմ լռությունը անհանգստություն պատճառեց նրան: Ես, կիսաբարձրանալով անկողնու մեջ, նայեցի նրան և ասացի. «Իմ սիրեկան»: Նա կռացավ: Շրթունքներս հպեցի նրա վզի երակին, որը շարունակում էր տրոփել և շշնջացի. «Սիրիլ, իմ սիրելի Սիրիլ, իմ սիրելի»: Չգիտեմ, արդյոք դա սե՞ր էր, որ այդ պահին տածում էի նրա հանդեպ, թե մեկ այլ զգացմունք. ես միշտ անկայուն եմ եղել և չեմ ուզում հակառակը պնդել, բայց այդ պահին նրան ինձնից ավելի շատ էի սիրում, կյանքս կտայի նրա համար: Երբ տուն էի գնում, ինձ հարցրեց, թե նեղացած չե՞մ իրենից: Ես ծիծաղեցի: Նեղանա՜լ նրանից այս երջանկության համար...» Դանդաղ քայլերով, ընդարմացած, ուժասպառ, սոճու պուրակի միջով տուն էի վերադառնում: Սիրիլին խնդրեցի, որ ինձ չճանապարհի, դա շատ վտանգավոր կլիներ: Ես վախենում էի, որ դեմքիս վրա, աչքերիս տակի կապույտների մեջ, ուռած բերանիցս, մարմնիս թրթռոցից կտեսնեն վայելքի հետքերը: Աննան տան առջև, բազկաթոռին նստած, կարդում էր: Ես պատրաստվում էի մի գեղեցիկ ստով բացատրել իմ բացակայությունը, սակայն նա ոչ մի հարց չտվեց: Նա երբեք հարց չէր տալիս: Ես լուռ նստեցի նրա կողքին, հիշելով, որ մենք կռված ենք: Նստել էի անշարժ, աչքերս կիսափակ, աշխատելով զսպել անկանոն շնչառությունս և մատներիս դողը: Ժամանակ առ ժամանակ, Սիրիլի մարմինը հիշելով, սիրտս մի պահ կանգ էր առնում:
Սեղանի վրայից մի սիգարետ վերցրեցի, լուցկին վառեցի, սակայն մարեց: Զգուշությամբ երկրորդը վառեցի: Քանի որ քամի չկար և միայն ձեռքս էր դողում, այս լուցկին էլ սիգարետիս մոտ մարեց: Մրթմրթացի ու վերցրի երրորդը: Եվ այդ պահին, չգիտեմ ինչու, այդ լուցկին ինձ համար կենաց-մահու խնդիր դարձավ: Գուցե այն պատճառով, որ Աննան, անսպասելիորեն իր անտարբերությունը մի կողմ դրած, առանց ժպտալու, ուշադիր նայում էր ինձ: Այդ պահին ամեն ինչ անհետացավ՝ ժամանակը, տարածությունը, մնացել էր միայն այդ լուցկին, գորշ տուփը՝ մատս վրան, և Աննայի հայացքը: Սիրտս կատաղած, ուժգին զարկերով սկսեց խփել, մատս կծկվեց լուցկու վրա, լուցկին բռնկվեց, և մինչև դեմքս ագահորեն կմոտեցնեի կրակին, սիգարետս կտրեց բոցը և հանգցրեց: Լուցկու տուփը գցեցի գետին, աչքերս փակեցի: Աննայի խիստ, հարցական հայացքը ծանրացել էր վրաս: Ինչ-որ մեկին ինչ-որ բան էի աղաչում, որ այս սպասումն անցներ գնար: Աննայի ձեռքերը գլուխս բարձրացրեցին, ես վախից, որ նա հայացքս կտեսնի, փակել էի կոպերս: Զգացի, թե ինչպես են հոսում հոգնածության, ձախորդության, հաճույքի արցունքները: Այդ պահին, ասես հրաժարվելով բոլոր հարցերից, Աննան, անգիտություն և հաշտություն արտահայտող մի շարժումով ձեռքերը քսեց դեմքիս և ինձ թողեց: Հետո մի վառած սիգարետ դրեց բերանս և խորասուզվեց ընթերցանության մեջ: Ես խորհրդանշական համարեցի այդ շարժումը: Փորձեցի այդ նշանակությունը տալ: Բայց հիմա, երբ մարում է լուցկիս, վերհիշում եմ այն տարօրինակ պահը, այն անդունդը, որ գոյացել էր իմ և շրջապատիս միջև: Աննայի հայացքի ծանրությունը և շուրջբոլորս տիրող դատարկությունը, այդ լարված դատարկությունը...
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Այն տեսարանը, որ պատմեցի քիչ առաջ, չէր կարող անհետևանք մնալ: Իր վրա վստահ, զգացմունքների արտահայտման մեջ չափավորված բոլոր իր նմանների պես, Աննան էլ տանել չէր կարողանում կոմպրոմիսները: Իսկ նրա ձեռքի շարժումը, հաստատուն ձեռքի այն հանգստացնող և դեմքս մեղմ շոյող շարժումը նրա համար հենց կոմպրոմիս էր: Նա ինչ-որ բան էր գուշակել. նա կարող էր ինձ ստիպել, որ ես խոստովանեի, բայց վերջին պահին անձնատուր էր եղել խղճահարությանը կամ անտարբերությանը, քանի որ նրա համար ինձնով զբաղվելը, ինձ դաստիարակելը, իմ թերությունների հետ հաշտվելու չափ դժվար էր: Միայն պարտքի զգացումից դրդված էր համաձայնել դաստիարակչուհու, խնամակալի դերն ստանձնել, ամուսնանալով հորս հետ, միաժամանակ իր վրա էր վերցնում ինձնով զբաղվելու հոգսը: Ես կգերադասեի, որ նրա մշտական անբավարարության տակ թաքնված լիներ դյուրագրգռություն կամ մեկ ուրիշ մակերեսային զգացմունք, սովորույթի ուժը շատ արագ կբթացներ այն. ուրիշի թերություններին հեշտությամբ ես հաշտվում, երբ դրանք շտկելը քո պարտքը չես համարում: Վեց ամիս հետո նա իմ հանդեպ միայն հոգածություն կտածեր, գորովալից հոգածություն: Իմ ուզածն էլ հենց դա կլիներ: Բայց Աննան երբեք այդ զգացումը չի ունենա, քանի որ պատասխանատու է զգում ինձ համար, և ինչ-որ չափով ճիշտ է, քանի որ ես դեռ դյուրաթեք եմ: Դյուրաթեք եմ, միաժամանակ՝ համառ: Այսպիսով, Աննան դժգոհ էր և ինձ զգացնել էր տալիս այդ: Մի քանի օր անց, ճաշի ժամանակ, բանավեճ սկսեց դարձյալ ամառային անտանելի պարապմունքների մասին: Ես մի քիչ անվայել պահեցի ինձ, նույնիսկ հայրս մռայլվեց, և դա վերջացավ նրանով, որ Աննան, առանց մի խոսք ասելու, բանալիով ինձ փակեց իմ սենյակում: Չէի կարծում, թե բանալիով է փակել, և քանի որ ծարավ էի, գնացի դեպի դուռը և փորձեցի բացել, սակայն դուռը չբացվեց, և ես հասկացա, որ ինձ փակել են: Կյանքումս երբեք փակված չեմ եղել. ես խուճապի մատնվեցի, մի իսկական խուճապ: Վազեցի դեպի պատուհանը, սակայն այնտեղից դուրս գալու ոչ մի միջոց չկար: Վերջնականապես շփոթված, նորից վազեցի դեպի դուռը, ամբողջ մարմնովս ընկա վրան և ուսս ցավեցրի: Այդ ժամանակ, ատամներս սեղմած, փորձեցի փականքը կոտրել: Ես չէի ուզում կանչել, որ գան բացեն: Փորձում էի մանիկյուրի ունելիով փակը բացել, սակայն՝ իզուր: Կանգնել էի սենյակի մեջտեղում, ձեռքերս անզոր կախ գցած: Անշարժ կանգնած զգում էի, թե ինչպես մտքերս պարզվելու հետ մի տեսակ խաղաղություն, հանդարտություն էր բարձրանում մեջս: Դա իմ առաջին հանդիպումն էր դաժանության հետ. զգում էի, թե մտքերիս կազմավորման հետ ինչպես է այն պտղավորվում, ամրանում մեջս: Պառկեցի մահճակալին և սկսեցի խնամքով նախագիծ մշակել: Իմ կատաղությունն այնքան քիչ էր համապատասխանում դրդապատճառին, որ կեսօրից հետո երկու, թե երեք անգամ վեր կացա, որ դուրս գամ սենյակից, սակայն փակ դռանը դեմ առնելով, զարմացա:
Ժամը վեցին հայրս եկավ, որ դուռը բացի: Երբ նա մտավ սենյակ, մեքենայորեն վեր կացա: Անխոս նայեց ինձ, իսկ ես դարձյալ մեքենայորեն ժպտացի:
– Ուզո՞ւմ ես խոսենք,– հարցրեց նա:
– Ինչի՞ մասին,– պատասխանեցի ես:– Դու ատում ես բացատրությունները: Ես՝ նույնպես: Մանավանդ որ դրանք ոչ մի բանի չեն հանգեցնում...
– Ճիշտ ես:– Նրա ուսերից կարծես բեռ ընկավ:– Պետք է, որ դու սիրալիր լինես Աննայի հետ, հանդուրժող:
Վերջին բառն ինձ զարմացրեց. ե՜ս հանդուրժող լինեմ Աննայի հանդեպ... Նա հարցը գլխիվայր շրջում էր: Հոգու խորքում նա կարծում էր, թե Աննային պարտադրում էր իր աղջկան: Եվ ոչ թե հակառակը: Ես կարող էի ամենալավ բաները հուսալ:
– Շատ տգեղ պահեցի ինձ,– ասացի ես:– Ներողություն կխնդրեմ Աննայից:
– Ասա... դու, հա՜... Երջանի՞կ ես:
– Իհարկե,– պատասխանեցի ես:– Եվ հետո, եթե չկարողանամ Աննայի հետ հաշտ ու խաղաղ ապրել, մի քիչ շուտ կամուսնանամ, ահա ամբողջը:
Ես գիտեի, որ հարցի նման լուծումը նրան կվշտացնի:
– Այդ մասին չարժե մտածել... Դու Ձյունանուշիկը չես... Դու կարո՞ղ ես այդքան շուտ հեռանալ ինձնից: Չէ որ մենք ընդամենը երկու տարի ենք միասին ապրել: Այդ միտքն ինձ համար նույնքան ծանր էր, որքան նրա համար: Ես զգացի, որ քիչ է մնում գլուխս դնեմ նրա կրծքին և կորած երջանկության, իմ չափազանցված ապրումների համար լաց լինեմ: Բայց ես նրան չէի կարող համախոհ դարձնել:
– Դու գիտես, ես շատ եմ չափազանցնում: Ես ու Աննան իրար հետ լավ ենք լեզու գտնում: Փոխադարձ զիջումների դեպքում...
– Այո,– ասաց նա:– Անկասկած...
Հավանաբար, նա էլ ինձ պես մտածեց, որ զիջումները հազիվ թե փոխադարձ լինեն, ավելի շուտ, միայն ես ստիպված կլինեմ անել:
– Դու հասկանում ես,– ասացի ես:– Ես գիտակցում եմ, որ Աննան միշտ իրավացի է: Նա իր կյանքում ավելին է հասցրել անել, քան մենք, ավելի իմաստավորված է ապրել...
Նա ակամայից մի ժխտող շարժում արեց, բայց ես շարունակեցի.
– ...կանցնի մեկ-երկու ամիս, և ես լիովին կյուրացնեմ Աննայի մտքերը, մեր միջև այլևս հիմար վեճեր չեն ծագի: Միայն թե պետք է մի քիչ համբերել:
Նա հաստատապես մոլորված նայում էր ինձ: Նաև վախեցած. իր ապագա խենթությունների մեջ նա կորցնում էր մի համախոհի և մի քիչ էլ անցյալ էր կորցնում:
– Կարիք չկա չափազանցնել,– անվստահ առարկեց նա:– Ես ընդունում եմ, որ քեզ պարտադրել են ապրել մի կյանքով, որը քո տարիքին համապատասխան չէր, բայց դա անիմաստ կամ դժբախտ կյանք չէր... ոչ: Ի վերջո, մենք այնքան էլ տխուր չէինք... հըմ... տխուր չէր... և այս երկու տարին այնքան խոտորնակ չէր: Կարիք չկա այդ բոլորն ուրանալ միայն այն պատճառով, որ Աննան ուրիշ կերպ է նայում երևույթներին:
– Ուրանալ պետք չէ, բայց պետք է վերջ տալ,– ասացի ես համոզված:
– Իհարկե,– ասաց խեղճը, և մենք իջանք ներքև:
Առանց քաշվելու ներողություն խնդրեցի Աննայից: Նա ասաց, որ դրանք մանր բաներ են և որ մեր վեճի պատճառը շոգն էր: Ես ուրախ էի և անհոգ:
Պայմանավորվածության համաձայն, Սիրիլին գտա սոճիների պուրակում: Նրան բացատրեցի, թե ինչ պիտի անի: Նա հիացմունքով և վախով լսում էր ինձ: Հետո գրկեց, սակայն շատ ուշ էր, պետք է տուն վերադառնայի: Ես զարմացա, թե ինչ դժվարությամբ բաժանվեցի նրանից: Եթե նա ուղիներ է փնտրում ինձ իրեն կապելու, ապա արդեն գտել է: Իմ մարմինը ձգտում էր նրա մարմնին, ինքն իրեն գտնում, ծաղկում էր նրա կողքին: Ես նրան կրքոտ համբուրում էի, ուզում էի նրան ցավ պատճառել, մի նշան անել, որպեսզի այս երեկոյի ոչ մի րոպեն չմոռանա և որպեսզի երազում ինձ տեսնի: Քանի որ առանց նրա գիշերը թվում է, թե վախճան չունի, առանց նրա մոտիկության, առանց նրա անսպասելի բռնկումների և երկարատև գգվանքների:
ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Հաջորդ օրն առավոտյան հորս հրավիրեցի ինձ հետ զբոսնելու: Մենք ուրախ զրուցում էինք անկարևոր բաների մասին: Տուն վերադառնալիս առաջարկեցի, որ սոճիների պուրակով անցնենք: Ժամը ուղիղ տասն անց կես էր, ճիշտ րոպեին այդտեղ էի: Հայրս քայլում էր առջևից, քանի որ ճամփան նեղ էր և լիքն էր փշոտ թփերով, որոնք մի կողմ էր տանում, որպեսզի ոտքերս չքերծեմ: Նրանց տեսնելուն պես կանգ առա և իսկույն հասկացա, որ հայրս էլ է նկատել: Ես մոտեցա: Սիրիլը և Էլզան սոճու փշերի վրա պառկած քնել էին: Նրանք հովվերգության մի կատարյալ պատկեր էին ներկայացնում: Երկուսն էլ ճշտորեն գործում էին իմ հրահանգով, բայց երբ նրանց այս վիճակում տեսա, սիրտս ցավեց: Էլզայի սերը հորս հանդեպ կամ Սիրիլի սերն իմ հանդեպ մի՞թե կարող էր խանգարել, որ երկուսն էլ հավասարապես գեղեցիկ լինեին, երկուսն էլ հավասարապես երիտասարդ և այդքան մոտիկ իրար... Նայեցի հորս. նա անշարժ, սևեռուն հայացքով, դեմքին հայտնված մի անբնական գունատությամբ նայում էր նրանց: Ես նրան թևանցուկ արեցի.
– Չարթնացնենք նրանց, գնանք:
Նա մի վերջին անգամ նայեց Էլզային, որ մեջքի վրա պառկել էր իր ջահելական ողջ գեղեցկությամբ, ոսկեգույն, շեկ, մի թեթև ժպիտ շրթներին... Ջրահարսի ժպիտ, որին հենց նոր բռնեցին... Հայրս կտրուկ շրջվեց և լայն քայլերով գնաց առաջ:
– Անառակի մեկը,– շշնջաց նա:– Անառա՛կ:
– Ինչո՞ւ ես այդպես ասում: Մի՞թե նա ազատ չէ:
– Հարցն այդ չէ: Ի՞նչ է, քեզ համար հաճելի՞ էր Սիրիլին տեսնել նրա գրկում:
– Ես այլևս նրան չեմ սիրում,– ասացի ես:
– Ես էլ Էլզային չեմ սիրում,– կատաղած գոռաց նա:– Բայցևայնպես, ինձ համար տհաճ է: Չպետք է մոռանալ, որ ես... հըմ... ապրել եմ նրա հետ: Իսկ դա ամենավատն է...
Ես գիտեի, որ դա ամենավատն է: Երևի նա էլ նույն ցանկությունն ունեցավ. նետվել նրանց կողմը, բաժանել իրարից, վերցնել իր սեփականությունը, այն, ինչն իրոք եղել է իր սեփականությունը:
– Եթե Աննան քեզ լսեր...
– Ի՞նչ: Աննան ի՞նչ լսեր... Նա հավանաբար ոչինչ չէր հասկանա կամ էլ ցնցված կլիներ, դա շատ բնական է: Բայց դո՞ւ: Չէ որ դու իմ աղջիկն ես: Մի՞թե այլևս ինձ չես հասկանում, դու էլ ես ցնցված:
Ինձ համար որքա՜ն հեշտ էր ուղղություն տալ իր մտքերին: Եվ նույնիսկ մի քիչ վախեցած էի, որ նրան այդպես լավ գիտեմ:
– Ես ցնցված չեմ,– ասացի ես:– Բայց վերջապես պետք է կարողանալ ճշմարտության երեսին նայել: Էլզայի հիշողությունը կարճ է, Սիրիլը նրան դուր է գալիս, նա քեզ համար կորած է: Մանավանդ այն վերաբերմունքից հետո, որ նրա հանդեպ ցույց տվեցիր: Այդպիսի բաները չեն ներվում....
– Եթե միայն ցանկանամ... – սկսեց հայրս և վախեցած լռեց:
– Դու ոչինչ չես կարող անել,– ասացի ես համոզված, կարծես Էլզային վերանվաճելու հնարավորությունների մասին խոսելը շատ բնական բան էր:
– Բայց մտքովս անգամ չի անցնում,– ասաց նա, սթափվելով:
– Իհարկե,– ասացի ես՝ ուսերս թոթվելով:
Այդ ուսերը թոթվելը նշանակում էր. «Անհնար է, խեղճ հայր, դու խաղից դուրս ես եկել»: Մինչև տուն հասնելը ոչինչ չխոսեց: Տուն հասնելով, Աննային գրկեց և, մի քանի վայրկյան աչքերը փակած, այդպես պահեց: Վերջինս զարմացած ժպտում էր և հնազանդ սպասում: Սենյակից դուրս եկա և ամոթից շիկնած հենվեցի միջանցքի պատին: Ժամը երկուսին լսեցի Սիրիլի կամացուկ սուլոցը և իջա լողափ: Նա ինձ անմիջապես օգնեց, որ նավակ մտնեմ և ուղղություն վերցրեց դեպի ծովի կապույտը: Ծովում ոչ մի շունչ չկար, այս արևին ոչ մեկի մտքով չէր անցել դուրս գալ լողանալու: Ափից հեռանալով, նա իջեցրեց առագաստը և դարձավ ինձ.
– Այս առավոտ...
– Լռի՜ր,– ասացի:– Օ՜, լռիր...
Նա զգուշորեն ինձ գցեց բրեզենտի վրա: Քրտինքի մեջ կորած էինք, լպրծուն և թաց, մեր շարժումներն անշնորհք էին, և փութկոտ նավակը մեր տակ կանոնավորապես ճոճվում էր: Արևը խփում էր աչքերիս: Եվ հանկարծ Սիրիլի տիրական և քնքույշ շշնջոցը լսեցի... Արևը պոկվեց, պայթեց վրաս... Որտե՞ղ էի: Ծովի խորքում, ժամանակի խորքում, հաճույքի՞ խորքում... Բարձրաձայն կանչում էի Սիրիլին, նա ինձ չէր պատասխանում, նա ինձ պատասխանելու կարիք չուներ:
Իսկ հետո աղի ջրի սառնությունն էր: Մենք ծիծաղում էինք, արևից կուրացած, թուլացած, երախտապարտ: Մենք ծով ունեինք և արև, ծիծաղ և սեր, կկարողանա՞նք, արդյոք, այս ամառը նորից վերապրել իր հորդումով և այն ուժգնությամբ, որն առաջանում էր վախից և խղճի խայթից...
Սիրո շոշափելի և մարմնական հաճույքից անդին, ես նաև մտավոր վայելքներ էի ապրում: «Սեր անել” արտահայտությունը զուտ բառային մի գայթակղություն ունի, որը հեռացնում, բաժանում է իր իմաստից: Ինձ հմայում էր «անել” բառի նյութական և կոնկրետ իմաստի միաձուլումը «սեր” բառի պոետական վերացականությանը: Առաջ այդ բառերն ասում էի առանց ամոթխածության, առանց քաշվելու, առանց զգալու նրանց համը: Այժմ զգում էի, որ ամոթխած եմ դառնում: Աչքերս իջեցնում էի, երբ հայրս մի քիչ ավելի սևեռուն էր նայում Աննային, երբ վերջինս ծիծաղում էր իր նորովի, անամոթ, կարճ ծիծաղով, որը մեզ՝ հորս և ինձ, ստիպում էր գունատվել և պատուհանից դուրս նայել: Եթե Աննային ասեին, թե ինչպես է հնչում իր ծիծաղը, մեզ չէր հավատա: Նա իրեն պահում էր ոչ իբրև հորս սիրուհի, այլ որպես բարեկամ, մտերիմ բարեկամ: Սակայն, գիշերը, անկասկած... Ես արգելում էի ինձ այդպիսի բաների մասին մտածել, հուզումնալից մտքերը ատում էի:
Օրերն անցնում էին: Գրեթե մոռացել էի Աննային, հորս և Էլզային: Բաց աչքերով՝ ասես ապրում էի քնի մեջ: Սիրալիր և հանգիստ: Սիրիլն ինձ հարցրեց. արդյոք չե՞մ վախենում հղիանալուց: Ես պատասխանեցի, որ հույսս դնում եմ իր վրա, և նա իմ պատասխանը շատ բնական գտավ: Գուցե այդ էր պատճառը, որ ես հեշտությամբ էի տրվում նրան, որովհետև պատասխանատվությունը իր վրայից չէր գցում, և եթե հանկարծ հղիանայի, մեղավորը նա կլիներ: Նա իր վրա էր վերցրել այն, ինչը ես չէի կարող վերցնել՝ պատասխանատվությունը: Իմիջիայլոց, հավատս չէր գալիս, որ իմ չոր ու մկանոտ մարմինը կարող է հանկարծ... հղիանալ: Կյանքում առաջին անգամ ուրախացա, որ աղջնակի մարմին ունեմ:
Իսկ Էլզան գնալով համբերությունը կորցնում էր: Շարունակ հարցեր էր տալիս: Ես միշտ վախենում էի, որ հանկարծ ինձ Սիրիլի կամ Էլզայի հետ բռնացնեն: Այնպես էր դասավորել, որ շարունակ հորս տեսադաշտում էր, ամենուր հանդիպում էր նրան: Էլզան հրճվում էր իր երևակայական հաղթանակներով, հորս զսպված մղումներով, որոնք իր ասելով, հայրս չէր կարողանում թաքցնել: Ես զարմանում էի. աղջիկը, որի մասնագիտությունը հեռու չէր ծախու կանանց զբաղմունքներից, այսքան ռոմանտիկ է դարձել, որևէ մանրուք, մի հայացք, մի շարժում կարող էր բորբոքել նրա երևակայությունը, նրա, որ դաստիարակվել է տղամարդկանց հստակ պահանջների կաղապարով, տղամարդկանց, որ այդ հարցերում միշտ շտապում են: Իհարկե, նա ընդունակ չէր նուրբ դերեր կատարելու, սակայն այս մեկը, որն այժմ բաժին էր ընկել, նրա աչքին կարող էր հոգեբանական բարդության գագաթ թվալ:
Հայրս օր-օրի վրա ավելի էր տարվում Էլզայով, բայց Աննան դա կարծես բնավ չէր նկատում: Հայրս առաջվանից ավելի մեղմ և ուշադիր էր Աննայի հանդեպ, և դա ինձ վախեցնում էր, որովհետև նրա այս վարքը ես բացատրում էի խղճի խայթով: Կարևորը, որ այս երեք շաբաթվա ընթացքում հանկարծ որևէ բան չպատահեր: Իսկ հետո կվերադառնանք Փարիզ, Էլզան՝ նույնպես, և եթե հայրս ու Աննան մտադրությունները չփոխեն՝ կամուսնանան: Փարիզում կլինի նաև Սիրիլը, և Աննան, ինչպես այստեղ չկարողացավ խանգարել, որ նրան սիրեմ, այնտեղ էլ չի կարողանա: Սիրիլը Փարիզում սենյակ ունի, մորից հեռու: Ես արդեն պատկերացնում էի կապույտ երկնքի վրա բացված պատուհանը, վարդագույն երկինքը՝ Փարիզի արտասովոր երկինքը, աղավնիների ղունղունոցը երկաթե ճաղերի մոտ, և Սիրիլն ու ես նեղ մահճակալի վրա...
ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Մի քանի օր անց հայրս մի երկտող ստացավ իր մի բարեկամից, որը ժամադրություն էր նշանակել Սեն-Ռաֆայելում՝ ապերիտիվ խմելու: Անմիջապես մեզ հայտնեց այդ մասին, ուրախ էր որ կարող ենք մի որոշ ժամանակով պոկվել մեր կամավոր և մի քիչ էլ ստիպողական մենակեցությունից: Ես հայտնեցի Էլզային և Սիրիլին, որ ժամը յոթին կլինենք «Արևոտ բար»-ում, և եթե ուզում են գալ, մեզ այնտեղ կտեսնեն: Հակառակի պես, Էլզան ծանոթ էր մեզ հրավիրող բարեկամին, և դա կրկնապատկեց Սեն-Ռաֆայել մեկնելու նրա ցանկությունը: Ես նախատեսում էի, թե ինչ բարդություններ կծագեն, եթե նա գա, ուստի փորձեցի ետ կանգնեցնել: Բայց իզուր:
– Շարլ Ուեբն ինձ պաշտում է,– ասաց նա մանկական պարզամտությամբ:– Եթե ինձ տեսնի, Ռեյմոնին կստիպի ինձ մոտ վերադառնալ:
Սիրիլի համար միևնույն էր՝ Սեն-Ռաֆայել գնալ, թե ոչ: Նրա համար ավելի կարևոր էր լինել այնտեղ, որտեղ ես եմ: Ես այդ տեսա նրա հայացքում և ինձ հպարտ զգացի:
Կեսօրից հետո, ժամը վեցին, ճամփա ընկանք: Աննան տարավ մեզ: Նրա մեքենան ինձ դուր էր գալիս. ամերիկյան մեծ մեքենա էր՝ բացովի ծածկով, որն ավելի շատ համապատասխանում էր ռեկլամի պահանջներին, քան Աննայի ճաշակին: Բայց իմ ճաշակին լիովին համապատասխանում էր. ներսում լիքը փայլուն բաներ կային, աշխարհից անջատված էր, անաղմուկ ընթացք ուներ, իսկ ոլորաններին մի կողմի վրա էր թեքվում: Բացի այդ, երեքով նստել էինք առջևում, և ոչ մի տեղ ես այնքան մտերիմ չէի զգում նրանց, ինչպես մեքենայում: Մեր արմունկները դիպչում էին իրար, և երեքով ենթարկվում էինք արագության, քամու, գուցե նաև միասին մեռնելու հաճույքին: Մեքենան վարում էր Աննան, կարծես խորհրդանշում էր ապագա ընտանիքը, որ պիտի կազմեինք: Կաննի երեկոյից ի վեր նրա մեքենան չէի նստել և, հիմա նստելով, ամեն ինչ վերհիշեցի:
«Արևոտ բարում» հանդիպեցինք Շառլ Ուեբին և նրա կնոջը: Ուեբը զբաղվում էր թատերական ռեկլամով, կինը մսխում էր նրա վաստակած փողերը. նա այդ անում էր կատաղի արագությամբ և հիմնականում երիտասարդ տղամարդկանց հետ: Ուեբը մտահոգված էր միայն մեկ բանով. ինչպես ծայրը ծայրին հասցնել: Ամբողջ ժամանակը վատնում էր փող աշխատելու վրա: Նրա այդ վարքի մեջ մի տեսակ անհանգիստ, տագնապած և մի քիչ էլ անվայել բան կար: Նա երկար ժամանակ Էլզայի սիրեկանն էր, քանի որ Էլզան, չնայած իր գեղեցկությանը, բացարձակապես ընչասեր չէր, և նրա այս անհոգությունը Շառլին դուր էր գալիս:
Շառլի կինը չարալեզու էր: Աննան ծանոթ չէր նրան, և ես անմիջապես նրա գեղեցիկ դեմքին տեսա արհամարհանքի և հեգնանքի այն արտահայտությունը, որը հայտնվում էր օտարների շրջապատում: Շառլ Ուեբը, սովորականի պես, շատ էր խոսում և շարունակ խուզարկու հայացքներ նետում Աննայի կողմը: Նա որոշակիորեն չեր կարողանում հասկանալ, թե Աննան ինչ գործ կարող է ունենալ կնամոլ Ռեյմոնի և նրա դստեր հետ: Ես հպարտությամբ էի լցվել այն մտքից, որ քիչ հետո պիտի իմանա: Հայրս, օգտվելով փոքրիկ դադարից, կռացավ նրա ականջին և ուղղակիորեն հայտարարեց.
– Մի նորություն ունեմ, բարեկամս: Աննան և ես հոկտեմբերի հինգին ամուսնանում ենք:
Շառլ Ուեբը, ապշած, հայացքը մեկ հորս էր ուղղում, մեկ՝ Աննային: Ես հրճվում էի: Նրա կինը շփոթված էր թվում. նա միշտ թուլություն ուներ հորս հանդեպ:
– Ողջունում եմ,– վերջապես հուժկու ձայնով գոռաց Ուեբը:– Հոյակապ միտք է: Սիրելի տիկին, դուք ծանրաբեռնվում եք այս ստահակին պահելու հոգսով... Դուք անկրկնելի եք... Գարսոն... Մենք պիտի նշենք սա:
Աննան հանգիստ և անբռնազբոս ժպտում էր: Հանկարծ Ուեբի դեմքը ճառագայթեց: Ես շրջվելու կարիք չունեի:
– Էլզան՜: Աստված իմ, սա Էլզա Մակենբուրն է, նա ինձ չնկատեց: Ռեյմոն, հապա տես, թե այս աղջիկն ինչպես է գեղեցկացել...
– Իհարկե, կգեղեցկանար,– երջանիկ սեփականատիրոջ պես ասաց հայրս:
Հետո նա ամեն ինչ հիշեց և դեմքը մռայլվեց:
Աննան չէր կարող հորս ձայնի շեշտը չնկատել: Մի արագ շարժումով հայացքը հորս վրայից դարձրեց ինձ և արդեն բերանը բացել էր, որպեսզի մի բան ասեր, երբ ես թեքվեցի և ասացի.
– Աննա, ձեր նրբագեղությունն այստեղ ավերներ է գործում. այնտեղ մի տղամարդ կա, որն աչքերը չի կտրում ձեզնից:
Ես սա ասացի մտերմական երանգով, այսինքն, բավական բարձր, որպեսզի հայրս կարողանար լսել: Նա անմիջապես գլուխը դարձրեց և նկատեց խնդրո առարկա տղամարդուն:
– Այդպիսի բաներ չեմ սիրում,– ասաց նա և Աննայի ձեռքը բռնեց:
– Ի՜նչ լավն են,– հեգնական գորովանքով ասաց մադամ Ուեբը:– Շառլ, դուք չպետք է խանգարեիք այդ սիրահարների անդորրը: Բավական էր միայն փոքրիկ Սեսիլին հրավիրել:
– Փոքրիկ Սեսիլը հազիվ թե գար,– շիտակորեն պատասխանեցի ես:
– Իսկ ինչո՞ւ: Դուք մտերիմ եք ճարե՞լ ձկնորսների մեջ:
Նա մի անգամ ինձ տեսել էր ավտոբուսի տոմսավաճառի հետ զրուցելիս և այդ օրվանից ինձ համարում էր «ապադասակարգայնացած»:
– Այո, այո,– պատասխանեցի ես, ջանալով ուրախ երևալ:
– Եվ լա՞վ որս է ընկել ձեր ցանցը:
Վատն այն էր, որ նա իրեն սրամիտ մարդու տեղ էր դրել: Ես սկսեցի զայրանալ:
– Թյունիկ* որսալ չեմ սիրում,– ասացի ես:– Բայց որս լինում է:
Լռություն տիրեց: Աննայի ձայնը հնչեց, ինչպես միշտ հավասարակշռված.
– Ռեյմոն, խնդրում եմ, մատուցողին ասեք, թող ծղոտներ բերի: Նարնջի հյութը խմել չի լինում:
Շառլ Ուեբը զովացուցիչ խմիչքների թեման բռնեց և շարունակեց զարգացնել: Հայրս ծիծաղից թուլանում էր, ես դա զգում էի, տեսնելով, թե ինչպես է գլուխը բաժակի մեջ խոթում: Աննան աղաչող հայացքով նայեց ինձ: Տեղնուտեղը որոշեցինք միասին ճաշել, ինչպես հաճախ է լինում այն մարդկանց հետ, որոնք ուր որ է պիտի վիճեն:
Ճաշելիս շատ խմեցի: Ուզում էի մոռանալ Աննայի հայացքը, երբ նայում էր հորս և երախտագետ հայացքը, երբ նայեց ինձ: Մադամ Ուեբի բոլոր խայթոցներին պատասխանում էի մի երանավետ ժպիտով: Այդ տակտիկան նրան շփոթեցրեց: Նա դարձավ ագրեսիվ: Աննան ինձ նշան էր անում զուսպ լինել: Նա սոսկում էր սկանդալներից և զգում էր, որ մադամ Ուեբը պատրաստվում է այդպիսի մի բան անել: Ինձ համար դա մի արտառոց բան չէր, մեր միջավայրում սկանդալները սովորական երևույթ էին: Այդ պատճառով էլ, առանց լարվածության, լսում էի մադամ Ուեբի ցրույցները:
Ճաշից հետո գնացինք Սեն-Ռաֆայելի գիշերային բարերից մեկը: Մեր հասնելուց անմիջապես հետո հայտնվեցին Էլզան ու Սիրիլը: Էլզան կանգ առավ դռան մոտ, բարձրաձայն խոսեց հանդերձասրահի կնոջ հետ և Սիրիլի ուղեկցությամբ մտավ սրահ: Ես նկատեցի, որ նա իրեն պահում է ոչ թե որպես մի սիրահարված աղջիկ, այլ որպես մի թեթևաբարո կին, բայց նա բավականին գեղեցիկ էր և կարող էր իրեն այդ թույլ տալ:
– Այդ ջահելն ո՞վ է,– հարցրեց Շառլ Ուեբը:– Իսկական երեխա է:
– Սերն է,– թոթովեց կինը:– Սիրո մեջ երջանիկ է...
– Ի՜նչ եք ասում,– մեջ ընկավ հայրս:– Հերթական խենթությունն է:
Ես նայեցի Աննային: Նա հանգիստ, անբռնազբոս նայում էր Էլզային, ինչպես, ասենք, իր գծագրած զգեստները ցուցադրող մանեկեններին կնայեր կամ երիտասարդ կանանց: Առանց անբարյացակամության: Մի պահ հիանում էի մանրախնդրության և խանդի այդ բացակայությամբ: Իմիջիայլոց, ես չէի պատկերացնում, թե Էլզայի ինչի՞ն պիտի խանդեր: Նա Էլզայից հարյուր անգամ ավելի գեղեցիկ և ավելի նուրբ էր: Եվ քանի որ հարբած էի, այդ մասին ասացի նրան: Աննան հետաքրքրված նայեց ինձ: – Ասում եք, որ ես Էլզայից ավելի գեղեցի՞կ եմ: Դուք այդպե՞ս եք կարծում:
– Իհարկե:
– Դա միշտ հաճելի է լսել: Բայց դուք դարձյալ շատ եք խմում: Տվեք ձեր բաժակը: Տխուր չե՞ք, որ Սիրիլն այստեղ նստած է: Իմիջիայլոց, երևում է, որ նա ձանձրանում է: – Նա իմ սիրեկանն է,– աշխուժորեն ասացի ես:
– Դուք իսկապես հարբած եք: Բարեբախտաբար, վերադառնալու ժամանակն է:
Մենք թեթևությամբ հրաժեշտ տվեցինք Ուեբներին: Մադամ Ուեբին ես ասացի «սիրելի տիկին»՝ ամենայն լրջությամբ: Հայրս նստեց ղեկի մոտ: Գլուխս ընկավ Աննայի ուսին:
Ես մտածում էի, որ Աննան մեր բոլոր ծանոթներից և Ուեբներից շատ ավելի լավն է, ավելի արժանավոր է, ավելի խելացի: Հայրս քիչ էր խոսում: Իհարկե, Էլզայի հայտնությունն էր հիշում:
– Քնա՞ծ է,– հարցրեց Աննային:
– Ինչպես մի մանուկ: Նա այսօր իրեն տանելի էր պահում: Միայն թե թյունիկներին վերաբերող ակնարկը շատ ուղղակի էր...
Հայրս ծիծաղեց: Լռություն տիրեց: Ես նորից հորս ձայնը լսեցի.
– Աննա, ես ձեզ սիրում եմ, միայն ձեզ եմ սիրում: Հավատո՞ւմ եք ինձ:
– Այդքան շատ մի ասեք, ես սկսում եմ վախենալ...
– Տվեք ձեր ձեռքը:
Ես ուզում էի վեր կենալ և առարկել. «Ո՛չ, միայն թե ո՛չ հիմա, երբ անդունդի վրայով ենք գնում»: Բայց ես մի քիչ հարբած էի՝ Աննայի օծանելիքի բույրը, մազերիս հետ խաղացող ծովի քամին, Սիրիլի քերծած տեղը ուսիս վրա, որ եղավ իրար սիրելիս... Երջանիկ լինելու և լռելու այնքան պատճառներ կային: Ես քնում էի: Այս ժամին Էլզան և խեղճ Սիրիլը, հավանաբար, դժվարությամբ ճամփա են ընկել մոտոցիկլետով, որը նրան մայրն էր նվիրել ծննդյան տարեդարձի առթիվ: Այս մտքից, չգիտես ինչու, լացս եկավ: Այս մեքենան այնքան փափուկ էր, այնքան հարմարավետ, իսկականն էր քնելու համար... Իսկ մադամ Ուեբի քունը հիմա չի տանում: Նրա տարիքին, իհարկե, գուցե ես էլ երիտասարդ տղաներին վճարեմ, որ ինձ սիրեն, որովհետև սերն ամենաքաղցր, ամենաճշմարիտ բանն է: Եվ կարևոր չէ, թե ինչ գին ես տալիս: Կարևորն այն է, որ չար և նախանձ չդառնաս, ինչպես մադամ Ուեբն է նախանձում Էլզային և Աննային: Ես կամացուկ ծիծաղեցի: Աննան ուսը մի քիչ թեքեց. «Քնեք»,– ասաց նա հրամայական տոնով: Ես քնեցի:
ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Մյուս օրն առավոտյան արթնացա հրաշալի տրամադրությամբ: Միայն մի թեթև հոգնածություն էի զգում և ծոծրակս մի փոքր ցավում էր երեկվա խմիչքից: Ինչպես ամեն առավոտ, արևը ողողել էր անկողինս: Վերմակը գցեցի մի կողմ, գիշերանոցս հանեցի և մերկ մեջքս դեմ տվի արևին: Այտս հենել էի ափիս և դիմացս, առաջին պլանում տեսնում էի անկողնուս սպիտակեղենի մեծ ծալքերը, ավելի հեռուն՝ սալահատակի վրա, մի վարանող ճանճ: Արևը մեղմ էր և տաք, ինձ թվում էր, թե մաշկիս միջով թափանցում է մինչև ոսկորներս և հատուկ խնամք տածում ինձ տաքացնելու: Որոշեցի ամբողջ առավոտն այսպես անշարժ պառկել:
Երեկվա երեկույթը կամաց-կամաց հստակվում էր հիշողությանս մեջ: Հիշում էի, թե ինչպես ասացի Աննային, թե Սիրիլն իմ սիրեկանն է, և դա ինձ ծիծաղ պատճառեց. հարբած վիճակում կարող ես ճշմարտությունն ասել, ոչ ոք քեզ չի հավատա: Հիշում եմ նաև մադամ, Ուեբին, և իմ վեճը նրա հետ: Այդ տեսակ կանայք ինձ համար սովորական էին: Այդ միջավայրում և այդ տարիքում իրենց անգործությամբ և կյանքից ավելին խլելու իրենց անհագ ծարավով զզվելի էին: Անվրդով Աննայի հետ համեմատած՝ նա ավելի տաղտկալի և զզվելի թվաց, քան էր: Այսինքն, այդպես էլ պիտի լիներ. հորս ծանոթ կանանց մեջ չէի գտնում որևէ մեկին, որ կարողանար համեմատվել Աննայի հետ: Այդպիսի մարդկանց հետ հաճելի երեկոներ անցկացնելու համար պիտի կամ մի քիչ գինով լինես, և նրանց հետ վիճելով հաճույք ստանաս, կամ ամուսիններից մեկնումեկի հետ մտերիմ լինես: Հորս համար դա շատ պարզ էր. նա և Շառլ Ուեբը որսորդներ էին: «Կարո՞ղ ես գուշակել, թե այս երեկո ում հետ եմ պառկելու: Փոքրիկ Մարսի, որ նկարահանվել էր Սորելի ֆիլմում: Մտնում եմ Դյուպյուիի մոտ և...»: Հայրս հռհռում է, ձեռքը խփում նրա ուսին: «Երջանիկ մարդ ես, նա գրեթե Էլիզի չափ գեղեցիկ է»: Դպրոցականների զրույց: Ինձ դուր էր գալիս, որ նրանք այդպիսի եռանդ էին դնում, այդպիսի բորբոքված երևակայություն: Եվ նույնիսկ սրճարանների սրահների անվերջանալի երեկոները, երբ Լոմբարը տխուր խոստովանում էր հորս. «Ես միայն նրան եմ սիրում, Ռեյմոն: Հիշո՞ւմ ես, այն գարնանը, նրա մեկնումից առաջ... Հիմարություն է, երբ տղամարդն իր ողջ կյանքը նվիրում է մի կնոջ»: Այդ զրույցներում մի կողմից անվայել, ստորացնող մի բան կար, մյուս կողմից էլ՝ մարդկային էր, երբ երկու տղամարդ, մի-մի բաժակ գինի առաջները դրած, իրենց սիրտն են բացում:
Աննայի բարեկամները, հավանաբար, իրենց մասին չեն պատմում: Այսինքն, նրանք հազիվ թե այսպիսի արկածների մեջ ընկած լինեն: Իսկ եթե որևէ բան պատմել են, հավանաբար, ամոթից ծիծաղելով: Ես զգում էի, որ կարող եմ Աննայի հետ բաժանել այն հանդուրժողականությունը, որը նա ցուցաբերում էր մեր ծանոթների հանդեպ, այն սիրալիր և կպչուն զիջողամտությունը... Միաժամանակ պատկերացնում էի, որ երեսուն տարեկանում ավելի շատ մեր ծանոթների նման կլինեմ, քան Աննային: Այդ լռությունը, զսպվածությունը, խոհականությունն ինձ համար հեղձուցիչ կլինեին: Ընդհակառակը, մի տասնհինգ տարի հետո ես մի քիչ հագեցած կլինեմ, կթեքվեմ հմայիչ, ինձ նման կյանքից արդեն մի քիչ հագեցած տղամարդու կողմը և կասեմ.
– Իմ առաջին սիրեկանի անունը Սիրիլ էր: Այն ժամանակ ես տասնութ էլ չկայի, և ծովափին շատ շոգ էր...
Հաճույքով պատկերացնում էի այդ տղամարդու դեմքը: Հորս նման մանր կնճիռներ կունենար... Դուռը թակեցին: Անմիջապես բաճկոնակս հագա և գոռացի. «Մտե՛ք»: Աննան էր, զգուշորեն բռնել էր բաժակը:
– Ես մտածեցի, որ սուրճի կարիք կզգաք... Հուսով եմ՝ շատ վատ չեք:
– Հոյակապ եմ,– ասացի ես: Ինչպես երևում է, երեկ երեկոյան մի քիչ չափն անցա:
– Ինչպես ամեն անգամ, երբ մի տեղ ենք գնում...,– նա սկսեց ծիծաղել:– Բայց պիտի խոստովանեմ, որ ինձ զբաղեցրիք... Շատ տաղտկալի երեկո էր:
Ես ո՛չ արևն էի նկատում, ո՛չ սուրճի համը: Աննայի հետ զրուցելիս ամբողջովին կլանվում էի, մոռանում իմ գոյությունը, չնայած միայն նա էր, որ ստիպում էր ինքս իմ հանդեպ պահանջկոտ լինել: Նա ինձ ստիպում էր հագեցած և դժվարին պահեր ապրել:
– Սեսիլ, այդ Ուեբի և Դյուպյուիի նման մարդիկ ձեզ հաճելի՞ են:
– Նրանց ապրելակերպը շատերի համար հաճելի չէ, բայց զվարճալի մարդիկ են:
Աննան էլ սկսեց հատակի վրա քարշ եկող ճանճին նայել: Ես մտածեցի, որ այդ ճանճը հավանաբար հաշմանդամ է: Աննայի թերթերունքները երկար էին և ծանր, նրա համար դժվար էր ներողամիտ երևալ:
– Դուք երբեք չե՞ք նկատել, թե նրանց զրույցները որքան միապաղաղ են... ինչպես ասեմ... որքան ծանրամարս...: Մի՞թե ձեզ չեն ձանձրացնում այդ զրույցները գործարքների, աղջիկների, երեկույթների մասին:
– Գիտեք ինչ,– ասացի:– Ես տասը տարի ապրել եմ մենաստանում, և քանի որ այս մարդիկ բարքերի հարցում շատ մանրախնդիր չեն, ապա այժմ ինձ հմայում են: Չհամարձակվեցի ասել, որ այդ կյանքն ինձ դուր է գալիս:
– Բայց արդեն երկու տարի է... – ասաց նա:– Այսինքն, այստեղ դատողություններ պետք չէ անել, մանավանդ բարոյական, սա զգայական խնդիր է, վեցերորդ զգայարանի...
Հավանաբար, ես այդ զգայարանը չունեի: Ես հստակորեն գիտակցում էի, որ այս հարցում ինչ-որ բան ինձ պակասում է:
– Աննա,– անսպասելիորեն հարցրեցի ես:– Դուք ի՞նչ կասեք, ես խելացի՞ եմ:
Հարցի անմիջականությունից զարմացած, նա սկսեց ծիծաղել.
– Իհարկե: Բայց ինչո՞ւ եք հարցնում:
– Եթե տխմարի մեկը լինեի, դուք միևնույն պատասխանը կտայիք, հառաչեցի ես:– Ինձ երբեմն զգացնել եք տալիս ձեր գերազանցությունը:
– Դա տարիքի հարց է,– ասաց նա:– Շատ տխուր կլիներ, եթե ձեզնից մի քիչ ավելի ինքնավստահ չլինեի: Կարող էի ձեր ազդեցության տակ ընկնել:
Նա ծիծաղեց: Ես սրտնեղած էի:
– Դա բնավ վատ չէր լինի:
– Դա աղետ կլիներ,– ասաց նա:
Նա հանկարծ դադարեց կատակով խոսել և նայեց ուղիղ աչքերիս: Մի տեսակ վատ զգացի: Մինչև հիմա էլ չեմ կարողանում ընտելանալ այն մարդկանց, որոնք հետդ խոսելիս նայում են ուղիղ աչքերիդ կամ կիպ մոտենում, որպեսզի վստահ լինեն, թե ուշադիր եք լսում իրենց: Ի դեպ, նրանք սխալվում են, որովհետև այդ պարագայում ես մտածում եմ միայն օձիքս ազատելու, նրանցից մի կողմ քաշվելու մասին, շարունակ ասում եմ՝ «այո, այո” և հարմար առիթ եմ փնտրում որպեսզի սենյակի մյուս ծայրը փախչեմ: Նրանց համառությունը, անհամեստությունը, բացառիկության հավակնությունը կատաղեցնում են ինձ: Աննան, բարեբախտաբար, ստիպված չէր վերոհիշյալ ձևով գրավելու իմ ուշադրությունը, նա բավարարվում էր այնքանով, որ գլուխն առանց թեքելու նայում էր աչքերիս մեջ, և ես չէի կարողանում այլևս անտարբեր, անհոգ տեսքով շարունակել զրույցը:
– Դուք գիտե՞ք, թե Ուեբի տիպի տղամարդկանց վերջն ինչ է լինում:
Ես մտովի ասացի. «և իմ հոր տիպի»:
– Մարգինալ են դառնում,– պատասխանեցի զվարթորեն:
– Նրանք հասնում են մի տարիքի, երբ այլևս գայթակղիչ չեն, երբ, ինչպես ասում են, այլևս «մարզավիճակում չեն»: Այլևս խմել չեն կարող, բայց ուշքն ու միտքը դարձյալ կանայք են. միայն թե ստիպված են այդ կանանց վճարել, բազմաթիվ մանր հարցերում զիջել, որպեսզի խուսափեն միայնությունից: Նրանք ծիծաղելի են ու դժբախտ: Նրանք դառնում են սենտիմենտալ ու պահանջկոտ... Ես շատերին եմ տեսել, թե ինչպես են այս ճանապարհով գնացել և խորտակվել:
– Խեղճ Ուեբ,– ասացի:
Ես մոլորված էի: Եվ, իսկապես, նման վախճան սպասում էր և հորս: Այսինքն, կսպառնար, եթե Աննան չմտահոգվեր նրա համար:
– Դուք այդ մասին չեք մտածել,– ասաց Աննան կարեկցական ժպիտով:– Ապագան ձեզ չի մտահոգում, ճի՞շտ է: Դա երիտասարդության մենաշնորհն է:
– Խնդրում եմ ձեզ, իմ երիտասարդությունը աչքս մի խոթեք,– ասացի ես:– Իմ երիտասարդությունը հնարավորին չափ քիչ եմ ծառայեցնում իմ նպատակներին: Ես այն կարծիքին չեմ, թե երիտասարդությունն ինչ-որ մենաշնորհների իրավունք է տալիս կամ արդարացնում ամեն ինչ: Ես դրան կարևորություն չեմ տալիս:
– Իսկ ինչի՞ն եք կարևորություն տալիս: Ձեր հանգստությո՞ւնը, ձեր անկախությո՞ւնը:
Ես խուսափում էի այդպիսի խոսակցություններ վարել, հատկապես Աննայի հետ:
– Ոչինչ: Չէ որ գիտեք, ես գրեթե չեմ մտածում,– պատասխանեցի ես:
– Դուք և հայրդ ինձ մի քիչ զայրացնում եք: «Ես երբեք ոչ մի բանի մասին չեմ մտածում... առանձնապես մի բան անել չեմ կարող... ոչինչ չգիտեմ»: Ձեզ դուր է գալի՞ս այդպես ապրելը:
– Ինձ դուր չի գալիս: Ես ինձ չեմ սիրում և չեմ ուզում սիրել: Բայց պահեր են լինում, երբ դուք բարդացնում եք իմ կյանքը և այդ պատճառով քիչ է մնում ձեր դեմ քեն պահեմ:
Նա, մտքերի մեջ ընկած, սկսեց քթի տակ ինչ-որ եղանակ երգել: Մեղեդին ինձ ծանոթ էր, բայց չէի կարողանում հիշել, թե ինչ երգ է:
– Այդ ի՞նչ երգ է, Աննա: Չեմ կարողանում հիշել և նյարդայնանում եմ:
– Չգիտեմ,– նա նորից ժպտաց, այս անգամ մի քիչ սրտաբեկ:– Մնացեք անկողնում, հանգստացեք, ես գնամ՝ ընտանիքի մտավոր մակարդակի ուսումնասիրությունը մեկ ուրիշ տեղ կատարեմ:
«Իհարկե,– մտածեցի ես:– Հորս համար դա հեշտ է»: Անգամ այստեղ պառկած, ես լսում եմ նրա ձայնը. «Ես ոչ մի բանի մասին չեմ մտածում, Աննա, որովհետև ձեզ սիրում եմ»: Եվ Աննան, որքան էլ խելացի լիներ, այդ պատասխանը պետք է նրան ընդունելի թվար: Եվ դանդաղորեն ու հաճույքով նորից պառկեցի ու գլուխս թաղեցի բարձի մեջ: Հակառակ Աննային ասածիս, ես շատ էի խորհում: Ի վերջո, նա գույները խտացնում էր: Քսան տարի հետո հայրս վիսկիի և գունագեղ հիշողությունների հանդեպ թուլություն ունեցող մի հմայիչ, սպիտակահեր, վաթսունամյա տղամարդ կլինի: Մենք միասին տեղ-մեղ կգնանք: Ես նրան իմ խենթությունների մասին կպատմեմ, իսկ նա ինձ խորհուրդներ կտա: Ես գիտակցում էի, որ Աննային հանում եմ մեր ապագայից: Չէի կարողանում, ինձ չէր հաջողվում նրա համար տեղ գտնել այնտեղ: Չէի կարողանում պատկերացնել, թե մեր խառնափնթոր բնակարանում՝ մերթ դատարկ, մերթ ծաղիկներով լցված մի բնակարան, որտեղ անծանոթ մարդիկ դեսուդեն են նետվում, հնչում են անծանոթ ձայներ, որտեղ մշտապես ինչ-որ մեկի իրերն են ընկած, այդ բնակարանում չէի կարողանում պատկերացնել այն կարգուկանոնը, այն լռությունը, այն ներդաշնակությունը, որոնք Աննան իր հետ ամենուր տանում է որպես ամենաթանկագին բարիք: Ես վախենում էի, որ ձանձրույթից կմեռնեմ այնտեղ: Իսկ այն օրվանից ի վեր, երբ Սիրիլի շնորհիվ ճանաչեցի իրական և մարմնական սերը, ես ամենից քիչ վախենում եմ Աննայի ազդեցությունից: Դա ընդհանրապես ինձ ազատագրեց բազմաթիվ վախերից: Բայց ամենից շատ վախենում էի անդորրից և ձանձրույթից: Ինձ և հորս ներքին հանգստության համար արտաքին անհանգստություն էր պետք: Բայց Աննան երբեք չէր կարողանա այդ հանդուրժել:
ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Աննայի և իմ մասին շատ եմ պատմում, բայց գրեթե ոչինչ չեմ ասում հորս մասին: Ոչ թե, որ այս պատմության մեջ գլխավոր գործող անձը նա չէր և ոչ էլ, որ նա ինձ քիչ էր հետաքրքրում: Կյանքումս ոչ մեկին այդպես չեմ սիրել, ինչպես նրան, և այդ շրջանում ինձ հուզող բոլոր զգացմունքների մեջ նրա հանդեպ ունեցածս ամենակայունն էր, ամենախորը և ինձ համար ամենաթանկագինը: Ես նրան շատ լավ գիտեի, ուստի չէի կարող հեշտությամբ դատել նրա մասին և հետո՝ մենք իրար չափազանց նման էինք: Բայցևայնպես, առաջին հերթին նրա բնավորությունը պիտի բացատրեմ, որպեսզի արդարացնեմ նրա վարքը: Նա ոչ եսասեր էր, ոչ էլ՝ փառասեր: Բայց թեթևամիտ էր, անբուժելիորեն թեթևամիտ: Նույնիսկ չեմ կարող ասել, թե ընդունակ չէր խոր զգացմունքների կամ պատասխանատվության: Իմ հանդեպ տածած նրա սերը թեթևամիտ զբաղմունք չէր կամ էլ հայրական ծանոթ մի սովորույթ: Նա ինձ համար ավելի շատ էր տառապում, քան մեկ ուրիշի: Ես էլ. այն օրը ես հուսահատություն ապրեցի, որովհետև հայրս կարծես հրաժարվում էր ինձնից, կարծես աչքից հեռացնում էր... Նա երբեք ինձ չի զոհել հանուն իր կրքերի: Շատ հաճախ, ուշ երեկոյան ինձ տուն ուղեկցելու համար ձեռքից բաց էր թողնում այն, ինչ Ուեբը կանվաներ մի «սքանչելի առիթ»: Բայց, դրանից դուրս, չեմ ժխտում, որ նա տրվում էր իր վայելքներին, անկայուն սերերին, դյուրին կյանքին: Նա իր միտքը չէր ծանրաբեռնում: Ամեն ինչին փորձում էր ֆիզիոլոգիական բացատրություն տալ, այդ բացատրությունը համարելով խելքին ավելի մոտիկ. «Ինքդ քեզնից զզվո՞ւմ ես: Շատ քնիր, քիչ խմիր»: Երբ որևէ կնոջ հանդեպ ուժգին ցանկություն էր ծագում նրա մեջ, դարձյալ այդպես էր դատում. ոչ ձգտում էր իր ցանկությունը սանձել, ոչ էլ բարդացնել զգացումները: Նա մատերիալիստ էր, բայց նրբանկատ, ըմբռնող և, վերջապես, բարեհոգի:
Էլզայի հանդեպ հայտնված ցանկությունից նեղվում էր, բայց ոչ առանձնապես շատ, ինչպես կարող էր թվալ: Նա չէր մտածում, թե «Ես կդավաճանեմ Աննային: Իսկ դա նշանակում է, որ նրան չեմ սիրում»: Ընդհակառակը. «Ցավոք սրտի, Էլզան ինձ սաստիկ ձգում է, ի՞նչ արած: Պետք է նպատակիս արագ հասնեմ, այլապես բարդություններ կծագեն Աննայի հետ»: Եվ չնայած դրան, սիրում էր Աննային, պաշտում էր նրան: Աննան մեծ փոփոխություններ մտցրեց հորս կյանքում, մի կողմ մղեց այն թեթևաբարո և տխմարավուն կանանց, որոնց հետ վերջին տարիներս հանդիպում էր: Միևնույն ժամանակ հագուրդ էր տալիս նրա սնափառությանը, նրա զգացմունքայնությանը և զգացումներին, որովհետև հասկանում էր հորս, օժանդակում նրան իր խելքով և փորձով: Բայց ես շատ վստահ չեմ, որ հայրս հասկանում էր, թե Աննան ինչպիսի լուրջ զգացմունքներ ուներ իր հանդեպ: Հայրս գտնում էր, որ նա իդեալական սիրուհի է և իդեալական մայր՝ ինձ համար: Բայց, արդոք, երբևէ «իդեալական կին համարել է նրան և այդ հասկացության հետ կապված բոլոր պարտավորություններն ընդունե՞լ է: Կասկածում եմ: Ես վստահ եմ, որ Սիրիլի և Աննայի համար նա, ինչպես և ես, զգացմունքայնության տեսանկյունից անկատար էինք: Սակայն դա չէր խանգարում հորս, կրքերով լեցուն մի կյանք ապրել, որովհետև այդպես ապրելը բնական էր համարում և իր ամբողջ կենսունակությունը դնում էր դրա մեջ:
Երբ Աննային մեր կյանքից դուրս շպրտելու ծրագրերն էինք կազմում, չէի մտածում հորս մասին. ես գիտեի, որ նա կմխիթարվի, ինչպես միշտ էր մխիթարվում: Գժտությունը նրա վրա ավելի էժան կնստի, քան կարգավորված կյանքը: Փաստորեն նրան, ինչպեսև ինձ, կործանել և տապալել կարող էին միայն սովորույթը միօրինակությունը: Նա և ես միևնույն ցեղից էինք, և ես երբեմն հավատացնում էի ինձ, որ մենք ազնվացեղ քոչվորներ ենք, երբեմն էլ՝ կերուխում անողների խեղճ ու այլասերված մի ցեղ:
Տվյալ պահին նա տառապում էր, առնվազն տրտմում. Էլզան նրա համար դարձել էր անցած կյանքի խորհրդանիշ, երիտասարդ կյանքի, հատկապես իր երիտասարդության խորհրդանիշը: Ես զգում էի, որ նա մեծ ցանկություն ունի Աննային ասելու. «Սիրելիս, թույլ տվեք մեկ օր բացակայել: Պետք է որ գնամ այդ աղջկա մոտ և համոզվեմ, որ դեռևս շարքից դուրս չեմ եկել: Բավական է նորից զգամ նրա մարմնական բավարարվածությունը, որպեսզի հանգստանամ»: Բայց նա չի կարող ասել, ոչ թե որ Աննան խանդոտ է կամ խորապես առաքինի և նրա հետ այդպիսի խոսակցություններ չես վարի, այլ պարզապես հորս հետ միայն հետևյալ պայմաններով է համաձայնել ապրել. որ անառակ կյանքի շրջանն ավարտվել է, որ նա այլևս դպրոցական չէ, այլ մի տղամարդ, որին վստահում է իր կյանքը, հետևաբար, նա պարտավոր է իրեն կարգին պահել և ոչ թե սեփական քմահաճույքների ստրուկը լինել: Այս հարցում Աննային մեղադրել չէր լինի, դա շատ բնական և առողջ հաշիվ էր, բայցևայնպես դա հորս չէր խանգարում Էլզային ցանկանալ: Օր-օրի վրա նրան ցանկանում էր ավելի ուժգին, կրկնապատկված ձգտումով, ինչպես արգելված պտուղն են ցանկանում:
Եվ, իհարկե, այդ օրերին ես ամեն ինչ կարող էի կարգավորել: Բավական էր Էլզային ասել, որ զիջի հորս և մի որևէ պատճառ գտնելով, Աննային հետս տանեի Նիցցա կամ մի այլ տեղ՝ ամբողջ օրը միասին անցկացնելու: Վերադարձին հորս կտեսնեինք հանգստացած և օրինական սիրո հանդեպ քնքշությամբ լի, այն սիրո, որ Փարիզ վերադառնալուց հետո պետք է լիներ: Չէ՞ որ նաև այս հարցը կար. Աննան եթե չամուսնանար, մյուսների պես սիրուհի էր դառնալու, այսինքն՝ ժամանակավոր: Այս բանը Աննան չէր հանդուրժի: Ես դա լավ գիտեի, նրա արժանապատվության, իր անձի հանդեպ ունեցած հարգը ինչպե՜ս է դժվարացնում մեր կյանքը...
Բայց ես Էլզային չխնդրեցի հորս զիջել, ոչ էլ Աննային խնդրեցի ուղեկցել ինձ Նիցցա: Ուզում էի, որ այդ գաղտնի ցանկությունը հորս սկսեր նեղել և մղեր սխալ քայլի: Չէի կարող հանդուրժել այն արհամարհանքը, որ Աննան ցուցաբերում էր մեր անցած կյանքի հանդեպ, նրա դյուրին արգահատանքը այն երջանկության հանդեպ, որ մերն էր՝ հորս և իմը: Ես ոչ թե ուզում էի նրան ստորացնել, այլ ստիպել, որ կյանքի հանդեպ ունեցած մեր հայացքներն ընդունի: Թող իմանա, որ հայրս նրան խաբել է և թող երևույթը սթափ գնահատի, որպես զուտ մարմնական քմահաճույք, և ոչ թե հարված՝ ուղղված իր արժանապատվությանը: Իսկ եթե ամեն գնով ուզում է իրավացի լինել, ուրեմն, թող թույլ տա, որ մենք էլ մեղավոր լինենք:
Ես նույնիսկ ձևացնում էի, թե հորս տառապանքները չեմ նկատում: Հատկապես պետք չէր, որ նա վստահեր ինձ, խոստովաներ, ստիպեր, որ իր համախոհը դառնամ, խոսեմ Էլզայի հետ և մի կողմ տանեմ Աննային:
Ստիպված էի ձևացնել, թե նրա սերը Աննայի հանդեպ, ինչպեսև ինքը Աննան սրբազան են ինձ համար: Եվ պետք է ասեմ, որ դա առանց դժվարության էի անում: Մտածելով, որ հայրս կարող է Աննային դավաճանել, սոսկում էի, միաժամանակ տարտամ հիացմունք ապրում:
Այդպես մենք շարունակում էինք երջանիկ օրեր ապրել: Ես շատացրեցի՝ Էլզայի հանդեպ հորս ունեցած ցանկությունը բորբոքելու առիթները: Աննայի դեմքին նայելիս այլևս խղճի խայթ չէի զգում: Երբեմն մտածում էի, որ կհաշտվի եղելության հետ և մեր հետագա կյանքը ավելի շատ մեր ճաշակներին կհամատասխանի, քան նրա: Մյուս կողմից էլ, հաճախ հանդիպում էի Սիրիլին, և մենք գաղտնի սիրում էինք իրար: Սոճիների բույրը, ծովի աղմուկը, նրա մարմնի շփումները... Նա սկսել էր զղջալ այն դերի համար, որ ստիպել էի նրան խաղալ: Դա արդեն զզվեցրել էր նրան, նա համաձայնել էր, հավատալով, թե դա օգտակար է մեր սիրո համար: Այդ ամենն ինձնից բավական երկդիմություն, ներքին լռություն էր պահանջում, բայց բոլորովին կարիք չէր զգացվում ճիգերի կամ ստի (իսկ ես արդեն ասել եմ, որ սովոր էի միայն իմ կատարած արարքների համար ինձ դատել):
Ես արագ եմ անցնում այս շրջանի վրայով, որովհետև, հիշողությունս լարելով, վախենում եմ, թե այնպիսի բաներ կհիշեմ, որոնք կարող են ինձ տխրություն պատճառել: Հենց մտաբերում եմ երջանիկ Աննայի ծիծաղը, նրա սիրալիր վերաբերմունքն իմ հանդեպ, ասես, ինչ-որ բան գոտկատեղիցս ներքև հարվածում է ինձ և սաստիկ ցավ պատճառում, ինքս իմ հանդեպ ունեցած կատաղությունից շնչահեղձ եմ լինում: Ես այնքան մոտիկ եմ այսպես կոչված խղճի խայթին, որ փրկվելու համար ստիպված եմ հասարակ գործողությունների օգնությանը դիմել. սիգարետ վառել, ձայնապնակ դնել, բարեկամներից մեկին զանգել: Աստիճանաբար սկսում եմ ուրիշ բանի մասին մտծել: Բայց ինձ դուր չի գալիս, որ ստիպված եմ հիշողությանս մնացորդներից կառչել, մտքիս անհոգությանն ապավինել, փոխանակ կռվելու դրանց դեմ: Ես չեմ սիրում այս հատկանիշներս խոստովանել, նույնիսկ, եթե դրանցով կարելի է հպարտանալ:
ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Տարօրինակ է, ճակատագիրը սիրում է մեզ ներկայանալ շատ սովորական և անարժան տեսքով: Այդ ամառ նա ընտրել էր Էլզայի կերպարանքը: Եթե կուզեք՝ մի գեղեցիկ դեմք, ավելի շուտ գրավիչ: Բացի այդ, Էլզան մի արտասովոր, մի վարակիչ, ինքնամոռաց ծիծաղ ուներ, որը հատուկ է մի քիչ տխամարավուն մարդկանց:
Նրա ծիծաղի ազդեցությունը հորս վրա վաղուց էի նկատել: Այժմ աշխատում էի առավելագույն չափով օգտագործել այդ ծիծաղը, երբ նա Սիրիլի հետ միասին հանդիպում էր հորս: Ես նրան ասում էի. «Հենց որ տեսնեք, որ ես ու հայրս մոտենում ենք, ոչինչ մի խոսեք, միայն ծիծաղեք»: Եվ այդ զմայլելի ծիծաղը լսելուն պես հորս դեմքը մի ակնթարթում կատաղության արտահայտություն էր ստանում: Բեմադրողի դերը դեռ շարունակում էր ինձ գրավել: Իմ հարվածները երբեք չէին վրիպում, քանի որ, երբ տեսնում էինք Սիրիլին և Էլզային միասին, իրենց երևակայական, բայց բավական համոզիչ կապը բացեիբաց ցուցադրելիս, ես և հայրս միասին գունատվում էինք, հորս դեմքից, ինչպես և իմ, ամբողջ արյունը հոսում էր ներքև. դա խորքերից եկող տիրելու ցանկությունն էր՝ ցավից ավելի ուժգին: Սիրի՜լը, Սիրի՜լը Էլզայի վրա թեքված... Այդ տեսարանը ներսս քանդում էր, մինչդեռ ամեն ինչ ես էի նախապատրաստել՝ Սիրիլի և Էլզայի հետ: Բառերով հեշտ է ասել, բայց երբ Սիրիլի կիսադեմն էի տեսնում, նրա արևավառ և ճկուն վիզը՝ թեքված Էլզայի ինքնամատույց դեմքին, ինչ ասես կտայի, միայն թե այլևս չտեսնեի: Մոռանում էի, որ այս ամենն իմ ցանկությամբ է կատարվում:
Սակայն այս միջադեպերից դուրս մեր առօրյան լցված էր վստահությամբ, քնքշությամբ և, ցավով եմ արտասանում այս բառը՝ Աննայի երջանկությամբ: Ես նրան երբեք այդքան երջանիկ չէի տեսել, նա տրվում էր մեզ՝ եսամոլներիս, և բնավ չէր կասկածում մեր կատաղի ցանկությունների և ստոր խաղերի մասին: Հենց դա էր իմ հաշվարկը: Հորս իրեն ամուր կապելու համար նա բնազդորեն, հպարտությունից և զսպվածությունից մղված, հեռու էր մնում ամեն տեսակի տակտիկական քայլերից և նրա միակ կոկետությունն այն էր, որ գեղեցիկ էր, խելացի և նուրբ: Հետզհետե սկսեցի նրան խղճալ: Խղճահարությունը հաճելի զգացում է և ռազմական երաժշտության պես թելադրող: Մի՞թե կարելի էր ինձ մեղադրել դրա համար:
Մի անգամ առավոտյան չափից դուրս հուզված սպասուհին մի երկտող բերեց Էլզայից. «Ամեն ինչ կարգավորվում է, եկեք»: Ինձ թվաց, թե աղետ է պատահել. հանգուցալուծումները ես ատում եմ: Վերջապես Էլզային գտա լողափում, նրա դեմքը ցնծում էր:
– Մեկ ժամ առաջ հանդիպեցի ձեր հորը:
– Ի՞նչ ասաց:
– Ասաց, որ սաստիկ ցավում է կատարվածի համար, որ նա իրեն ստահակի պես է պահել: Ճիշտ է, չէ՞:
Ստիպված համաձայնեցի:
– Հետո ինձ հաճոյախոսեց, այնպես, ինչպես միայն ինքը կարող է անել... Գիտեք, մի տեսակ անփույթ տոնով, ցածրաձայն, կարծես տառապելով էր ասում... մի տեսակ էր...
Ես նրան հանեցի հովվերգության քաղցր գրկից.
– Մտքինն ի՞նչ էր:
– Ոչինչ... Այսինքն, ոչ, ինձ հրավիրեց գյուղ՝ միասին թեյ խմելու, և որպեսզի ապացուցեմ, որ ես հիշաչար կին չեմ, որ լայնախոհ եմ, ժամանակակից հայացքների տեր, ես...
Հորս պատկերացումները շիկահեր կանանց լայնախոհության մասին ինձ զվարճացրին:
– Ինչո՞ւ եք ծիծաղում, գնա՞մ այնտեղ, թե ոչ:
Քիչ մնաց ասեի, որ դա ինձ չի հետաքրքրում: Հետո մտածեցի, որ իր խաղերի հաջողության «մեղավորը” ինձ է համարում: Արդարացի էր դա, թե ոչ, բայց ինձ զայրացրեց: Ես նեղն էի ընկել:
– Չգիտեմ, Էլզա, դա կախված է ձեզնից: Մի հարցրեք շարունակ, թե ինչ պիտի անեք, կարծես իմ դրդմամբ եք...
– Հապա ո՞ւմ դրդմամբ,– հարցրեց նա:– Ձեր շնորհիվ էր, որ ...
Նրա ձայնում զգացվող հիացմունքն ինձ անսպասելիորեն վախեցրեց:
-Գնացեք, եթե շատ եք ուզում, բայց ի սեր Աստծո, այդ մասին այլևս մի պատմեք ինձ:
– Բայց... պետք է նրան ազատել այդ կնոջից... Սեսիլ:
Ես փախա: Հայրս ինչ ուզում է թող անի, Աննան ինչպես ուզում է թող կծիկը քանդի: Իմիջիայլոց, ես ժամադրված էի Սիրիլի հետ: Ինձ թվում էր, որ այս կաշկանդող վախից միայն սերը կարող է ինձ փրկել:
Սիրիլն անխոս ինձ գրկեց, տարավ իր հետ: Նրա կողքին ամեն ինչ հեշտանում էր, լցվում կրքով, հաճույքով: Մի քիչ ուշ, նրա կողքին պառկած, գլուխս նրա ոսկեգույն քրտնած մարմնին դրած, ինքս էլ ուժասպառ և նավաբեկյալի պես մոլորյալ, ասացի, որ ինքս ինձ ատում եմ: Ես դա ասացի ժպտալով, քանի որ այդ ճշմարտությունն ինձ ցավ չէր պատճառում, այլ՝ ճակատագրին հնազանդվելու մի հաճելի զգացում: Իմ խոսքերը նա լուրջ չընդունեց:
– Դատարկ բաներ են: Ես այնպես եմ սիրում քեզ, որ կարող եմ ստիպել մտքերդ փոխես: Ես սիրում եմ քեզ, այնպե՜ս եմ սիրում...
Այդ նախադասության ռիթմը ճաշի ամբողջ ընթացքում հետապնդում էր ինձ . «Ես սիրում եմ քեզ, այնպես եմ սիրում»: Ահա թե ինչու, հակառակ իմ ճիգերին, այդ ճաշի մանրամասները շատ վատ եմ հիշում: Աննայի հագին մանուշակագույն զգեստ կար՝ աչքի տակի բծերին, նրա աչքերի գույնին համապատասխան: Հայրս, որոշակիորեն թեթևացած, ծիծաղում էր: Իրադրությունը նրա համար դեպի լավն էր գնում: Անուշեղեն ուտելիս հայտարարեց, որ երեկոյան գյուղ պիտի գնա: Ես ինձուինձ խնդացի: Հոգնել էի ու հանձնվել ճակատագրի քմահաճույքին: Միայն մի ցանկություն ունեի՝ լողանալ:
Ժամը չորսին իջա լողափ: Բակում հանդիպեցի հորս, պատրաստվում էր գյուղ մեկնել: Նրան ոչինչ չասացի: Նույնիսկ խորհուրդ չտվեցի, որ զգույշ մնա:
Ջուրը տաք էր և հաճելի: Աննան չէր հայտնվում, նա հավանաբար զբաղված էր իր մոդելներով, նկարում էր իր սենյակում, մինչդեռ հայրս սիրաբանում էր Էլզայի հետ: Երկու ժամ հետո, երբ արևն այլևս չէր տաքացնում, ես բարձրացա պատշգամբ, նստեցի բազկաթոռին, մի թերթ վերցրեցի:
Այդ պահին հայտնվեց Աննան. նա գալիս էր պուրակից: Նա վազում էր, իմիջիայլոց, շատ վատ, անճոռնի, արմունկները մարմնին սեղմած: Ես անսպասելիորեն, անվայել կերպով մտածեցի, որ մի պառավ է վազում, որ հիմա կընկնի: Ես ապշած կանգնել էի. նա անհետացավ տան ետևում, վազեց դեպի գարաժ: Այդ ժամանակ ամեն ինչ հասկացա և ինքս էլ վազեցի, որպեսզի նրան պահեմ:
Նա արդեն իր մեքենայի մեջ էր և շարժիչը միացրել էր: Վազելով վրա հասա և կախվեցի մեքենայի դռնից:
– Աննա,– ասացի ես:– Աննա, մի գնացեք, սա թյուրիմացություն է, իմ մեղքով է, ես ձեզ կբացատրեմ:
Նա ինձ չէր լսում, իմ կողմը չէր նայում, նա թեքվել էր, որպեսզի արգելակիչը ազատեր:
– Աննա, դուք մեզ շատ եք պետք:
Այդ պահին նա ուղղվեց. դեմքն այլայլված էր: Նա լալիս էր: Եվ ես հանկարծ գիտակցեցի, որ ձեռք եմ բարձրացրել կենդանի և զգայուն արարածի վրա, ոչ թե մի վերացական էության: Մի ժամանակ նա ջահել աղջիկ է եղել, երևի մի քիչ ինքնամփոփ, հետո կին է դարձել: Դարձել է քառասուն տարեկան, սիրել է մի տղամարդու և հույս է ունեցել, որ նրա հետ տասը տարի, գուցեև քսան տարի երջանիկ կապրի: Իսկ ես... այս դեմքը, այս դեմքը... սա իմ գործն է: Ես ցնցված էի, դռան մոտ կանգնած, ամբողջ մարմնով դողում էի:
– Դուք ոչ մեկի կարիքը չունեք,– շշնջաց նա:– Ո՛չ դուք, ո՛չ նա:
Շարժիչը միացավ: Ես հուսահատության մեջ էի, նա չպետք է այդպես մեկներ:
– Ներեցեք ինձ, աղաչում եմ...
– Ձեզ ներեմ, ինչո՞ւ:
Արցունքներն առատորեն հոսում էին աչքերիցս: Նա կարծես թե չէր նկատում, դեմքն անշարժ էր.
– Իմ խե՜ղճ աղջիկ...
Նա ձեռքը մի պահ դրեց այտիս և մեկնեց: Մեքենան անհետացավ տան ետևը: Ես կորած էի, մոլորված, գլուխս կորցրած... Ամեն ինչ այնպես արագ կատարվեց: Եվ ի՜նչ էր դարձել նրա դեմքը, նրա դեմքը...
Ետևիցս քայլեր լսեցի: Հայրս էր: Նա հասցրել էր Էլզայի շրթներկի հետքերը սրբել և սոճիների ասեղները վրայից թափ տալ: Շրջվեցի և հարձակվեցի նրա վրա.
– Կեղտո՛տ, կեղտո՛տ:
Սկսեցի հեծկլտալ:
– Ի՞նչ է պատահել: Մի՞թե Աննան... Սեսիլ, ասա՛ ինձ, Սեսիլ...
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Մենք միայն ընթրիքին հանդիպեցինք՝ երկուսս էլ իրար դեմ առ դեմ հայտնվելուց անձկալի ապրումների մեջ: Ես բոլորովին քաղցած չէի, նա նույնպես: Երկուսս էլ զգում էինք. անհրաժեշտ է, որ Աննան վերադառնա: Անձամբ ես չէի կարող տանել նրա այլայլված դեմքի հուշը, որ տեսա մեկնումից առաջ, նրա թախիծը և իմ մեղավորությունը: Ես մոռացել էի իմ սարքած խաղերը և այնքան լավ մշակված ծրագիրս: Ես կատարելապես մոլորված էի, ճամփից շեղված ու լքված սայլակի պես, նույնը կարդում էի հորս դեմքին:
– Ի՞նչ ես կարծում,– ասաց նա:– Երկա՞ր ժամանակով է լքել մեզ:
– Երևի Փարիզ է մեկնել,– պատասխանեցի ես:
– Փարիզ...,– շշնջաց հայրս մտախոհ:
– Գուցե այլևս երբեք չտեսնենք նրան...
Նա մոլորված նայեց ինձ և սեղանի վրայից ձեռքս բռնեց.
– Պատկերացնում եմ, թե ինչպես բարկացած ես ինձ վրա: Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ կատարվեց: Էլզայի հետ վերադառնում էինք անտառով, հա... Մի խոսքով, ես նրան համբուրեցի, և Աննան հավանաբար այդ պահին մեզ տեսավ...
Ես նրան չէի լսում: Երկու անձնավորություն՝ Էլզան և հայրս, սոճիների ստվերում իրար փաթաթված, ինձ համար նրանք ասես ոդևիլի հերոսներ լինեին, ասես աննյութեղեն էին, ես նրանց չէի տեսնում: Այդ օրվա միակ կենդանի բանը, դաժանորեն իրական բանը Աննայի դեմքն էր, նրա դեմքը վերջին պահին, ցավով կնքված դեմքը, դեմք, որին դավաճանել էին: Ես մի սիգարետ վերցրի հորս տուփից, վառեցի: Եվս մի բան, որն Աննան հանդուրժել չէր կարող. երբ ուտելու ժամանակ ծխում էին: Ես ժպտացի հորս. – Ես լավ հասկանում եմ, դու մեղավոր չես... Ինչպես ասում են, մի րոպեով գլուխդ քամուն տվիր: Բայց պետք է, որ Աննան մեզ ների, ավելի շուտ՝ քեզ ների:
– Ինչպե՞ս անենք,– ասաց նա:
Նա շատ դժբախտ տեսք ուներ, ես նրան խղճացի, հետո ինձ խղճացի: Ինչպե՞ս կարող էր Աննան այսպես մեզ լքել, մի՞թե ուզում է մեզ պատժել զուտ նրա համար, որ մի սովորական խենթություն է արվել: Մի՞թե նա պարտավորություններ չունի մեր հանդեպ:
– Մենք նրան կգրենք,– ասացի ես:– Եվ ներողություն կխնդրենք նրանից:
– Դա հանճարեղ գաղափար է,– գոռաց հայրս:
Վերջապես նա միջոց գտավ երեք ժամ մեզ տանջող անգործությունից դուրս բերելու:
Ընթրիքը կիսատ թողնելով, սփռոցը և ափսեները մի կողմ հրեցի, հայրս գնաց մի մեծ լամպ բերեց, գրիչներ, թանաքաման ու իր անվանական թուղթը, և մենք նստեցինք դեմ-դիմաց, միայն թե չէինք ժպտում. այնքան էինք ինքներս մեզ համոզել, որ այս կերպ կվերադարձնենք Աննային: Պատուհանի առջև մի չղջիկ կորագծեր էր անում: Հայրս գլուխը թեքեց և սկսեց գրել:
Այդ երեկոյի ընթացքում բարի զգացմունքներով հորդուն նամակները, որ գրում էինք Աննային, չեմ կարողանում հիշել առանց իմ հանդեպ ուղղված դաժան հեգնանքի, տանջալից զգացումի: Լամպի լույսի տակ, երկուսով, ջանասեր և անշնորհք աշակերտների նման, լռության մեջ աշխատում էինք այս անկարելի տնային հանձնարարությունը կատարել: «Վերադարձնել Աննային»: Այնուամենայնիվ, այդ թեմայով գրված երկու գլուխգործոց ստեղծվեց՝ լցված անկեղծ ներողություններով, քնքշանքով ու զղջումով: Նամակս վերջացնելով, ես գրեթե համոզված էի, որ Աննան չի կարողանա իմ աղերսանքներին դիմադրել, որ հաշտությունն ուր որ է կլինի: Ես արդեն պատկերացնում էի ներումի տեսարանը՝ ամոթի և հումորի զգացումով լցված... Դա տեղի կունենա Փարիզում՝ մեր հյուրասրահում, Աննան ներս կմտնի և...
Հեռախոսը զանգեց: Ժամը տասն էր: Մենք իրար նայեցինք զարմանքով, հետո հույսով, Աննան է, նա զանգում է, որ ասի, թե մեզ ներել է, թե վերադառնում է: Հայրս ցատկեց դեպի հեռախոսը և հրճվալից ձայնով գոռաց. «Ալո՜»:
Իսկ հետո նվազ ձայնով ասում էր միայն՝ «Այո, այո, դա որտե՞ղ է, այո»: Ես էլ վեր կացա, մեջս վախ էր արթնացել: Նայում էի հորս, նրա ձեռքին, որ մեքենայորեն երեսին էր քսում: Վերջապես լսափողը զգույշ կախեց և դարձավ ինձ.
– Նա ավտովթարի է ենթարկվել, Էստերելի ճանապարհին: Նրա հասցեն միանգամից չեն կարողացել գտնել: Զանգել են Փարիզ, իսկ այնտեղ տվել են այս հասցեն... Նա մեքենայորեն էր խոսում, միևնույն երանգով, և ես չհամարձակվեցի ընդհատել:
Վթարը պատահել է ամենավտանգավոր տեղում: Այդտեղ արդեն շատերն են ջախջախվել... Մեքենան հիսուն մետրից ընկել է անդունդ: Միայն հրաշքով կկարողանար այդտեղից...
Այդ գիշերվա մնացած ժամերը ես հիշում եմ որպես մի մղձավանջ: Մեքենայի լույսերի տակից դուրս ցատկող խճուղին, հորս անշարժ դեմքը... հիվանդանոցի դուռը... Հայրս չթողեց, որ նրան նայեմ: Ես նստած էի սպասասրահում, մի նստարանին և նայում էի Վենետիկը ներկայացնող լիտոգրաֆիան: Ոչ մի բանի մասին չէի մտածում: Հիվանդապահուհիներից մեկն ինձ ասաց, որ ամռան սկզբից այդ տեղում արդեն վեց վթար է եղել: Հայրս չէր գալիս:
Եվ ես մտածեցի, որ Աննան իր մահով մեկ անգամ էլ ընդգծեց, որ տարբերվում է մեզնից: Եթե մենք ինքնասպանություն գործելու լինեինք (մի պահ ընդունենք, թե այդքան քաջություն կունենայինք), հայրս և ես մի գնդակ կարձակեինք մեր գլխին և բացատրական երկտող կթողնեինք, որպեսզի մեղավորներին հավերժորեն քնից-հանգստից զրկենք և արյունը պղտորենք: Բայց Աննան մեզ մի փառավոր և մեծահոգի նվեր արեց, մի հսկայական հույս թողնելով մտածելու, որ դա վթար էր: Վտանգավոր մի վայր, անկայուն մեքենա: Եվ մենք, մեր բնավորության թուլությունից մղված, շատ շուտով կընդունենք այդ նվերը: Եվ, իմիջիայլոց, եթե այսօր խոսում եմ ինքնասպանության մասին, ապա միայն այդքանն արդեն ռոմանտիկ է իմ կողմից: Մի՞թե կարելի ինքնասպան լինել այնպիսի արարածների համար, ինչպիսին ես և հայրս ենք, մարդիկ, որոնք ոչ մեկի կարիքը չունեն՝ ո՛չ մեռածների, ո՛չ ողջերի: Այսինքն, ես և հայրս այդ մասին խոսում էինք որպես մի դժբախտ պատահարի:
Մյուս օրը, ժամը երեքին մոտ վերադարձանք տուն: Էլզան և Սիրիլն աստիճաններին նստած ապասում էին մեզ: Նրանք վեր կացան մեզ դիմավորելու՝ երկու ծիծաղաշարժ և մոռացված կերպարանքներ: Ո՛չ մեկը, ոչ էլ մյուսը չէին ճանաչում և չէին սիրում Աննային: Նրանք կանգնել էին՝ իրենց սիրային պստիկ պատմություններով, իրենց գեղեցկության կրկնակի հրապույրներով, իրենց նեղված տեսքով: Սիրիլը մի քայլ արեց դեպի ինձ և ձեռքը դրեց իմ ուսին: Ես նայում էի նրան. ես նրան երբեք չէի սիրել: Նա ինձ համար լավ և գրավիչ տղա էր, ես սիրել եմ նրա պարգևած հաճույքը, բայց ես նրա կարիքը չունեի: Ես շուտով կմեկնեմ, կլքեմ այս տունը, այս տղային, այս ամառը: Հայրս կողքիս էր, թևանցուկ արեց և մտանք տուն:
Տանը Աննայի ժակետն էր, նրա ծաղիկները: Նրա օծանելիքի բույրը, նրա սենյակը: Հայրս պատուհանի փեղկերը փակեց, մի շիշ վերցրեց սառնարանից և երկու բաժակ: Մեր վիճակի համար դա միակ դեղն էր: Ներողություններով լի մեր նամակներն ընկած էին սեղանին: Ես շպրտեցի դրանք: Նամակները սահուն իջան պարկետի վրա: Հայրս, որ լիքը բաժակը ձեռքին մոտենում էր ինձ, վարանեց, հետո խուսափեց դրանց վրայով քայլել: Դա խորհրդանշական էր և վատ ճաշակի արտահայտություն: Բաժակս վերցրեցի և մի թափով խմեցի: Սենյակը կիսախավարի մեջ էր: Պատուհանի մոտ հորս ստվերն էր: Ծովը զարկվում էր ափին:
ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Թաղումը Փարիզում էր, արևոտ օր, հետաքրքրասերների ամբոխ, սգո սև գույն: Հայրս ու ես սեղմում էինք Աննայի ծեր ազգականների ձեռքերը: Ես նայում էի նրանց հետաքրքրասիրութամբ: Նրանք անպայման տարին մեկ անգամ կգային մեզ մոտ թեյ խմելու: Հորս նայում էի կարեկցանքով: Ուեբն անպայման տարածած կլիներ ապագա ամուսնության լուրը: Սիրիլին տեսա, մուտքի մոտ սպասում էր ինձ: Ես խուսափեցի նրան հանդիպել: Նրա հանդեպ ունեցած հիշաչար զգացումս ոչնչով չէր արդարանում, սակայն չէի կարողանում զսպել... Մեզ շրջապատող մարդիկ սգում էին անհեթեթ ու եղերական միջադեպը, և քանի որ ես ինչ-որ չափով կասկածում էի, թե դա վթար է, այդ ցավակցական խոսակցությունները ինձ հաճույք էին պատճառում:
Վերադարձի ճանապարհին, մեքենայի մեջ, հայրս բռնեց ձեռքս և սեղմեց: Ես մտածում էի. «Դու այլևս ոչ ոք չունես ինձնից բացի, ես էլ ոչ ոք չունեմ քեզնից բացի, մենք մենակ ենք և դժբախտ», և առաջին անգամ լաց եղա: Դրանք բավականին քաղցր արցունքներ էին և չէին հիշեցնում այն դատարկությունը, այն սոսկալի հոգեկան դատարկությունը, որ ես ապրում էի հիվանդանոցում՝ Վենետիկը պատկերող լիտոգրաֆիան նայելիս: Հայրս անխոս, այլայլված դեմքով, թաշկինակ տվեց ինձ:
Մի ամիս շարունակ մենք ապրում էինք երկուսով, ինչպես մի ամուրի և մի որբուհի. նախաճաշում էինք միասին, ճաշում էինք միասին, ոչ մի տեղ չէինք գնում: Երբեմն թեթևակի խոսք էր բացվում Աննայի մասին . «Հիշո՞ւմ ես այն օրը, երբ...»: Նրա մասին խոսում էինք զգուշությամբ, հայացքը փախցնելով, վախենում էինք, որ հանկարծ մի օր մեր մեջ մի բան շուռ կգա և մեզնից մեկնումեկը հանկարծ մի անդարմանելի բան կարտասանի: Այս զգուշությունը, այս փոխադարձ նրբանկատությունը վարձահատույց եղավ: Շուտով մենք կարողացանք Աննայի մասին խոսել բնական տոնով, ինչպես, ասենք մի մարդու, որը մեզ համար սիրելի է, որի հետ երջանիկ էինք, բայց որին Աստված կանչել է իր մոտ: «Պատահականության” փոխարեն գրում եմ «Աստված». բայց «Աստծուն” մենք չէինք հավատում: Շնորհակալ ենք այնքանով, որ այդ վիճակում կարող էինք պատահականությանը հավատալ:
Հետո մի օր ընկերոջս մոտ ծանոթացա նրա ազգականներից մեկին, որն ինձ դուր եկավ, որին ես դուր եկա: Մի շաբաթ շարունակ, սիրո առաջին օրերին հատուկ անզգուշությամբ և անհոգությամբ, նրա հետ գնում էի ամեն տեղ, և հայրս, որ միայնությունը դժվար էր տանում, սկսեց նույնը անել բավական մեծ հավակնություններ ունեցող մի կնոջ հետ: Եվ առաջվա կյանքն սկսվեց, ինչպեսև պետք է լիներ: Երբ հայրս և ես հանդիպում ենք, ծիծաղում ենք միասին և խոսում մեր նվաճումների մասին: Նա, իհարկե, կասկածում է, թե իմ և Ֆիլիպի հարաբերությունները պլատոնիկ են, իսկ ես գիտեմ, որ նոր բարեկամուհին բավական թանկ է նստում նրա վրա: Բայց մենք երջանիկ ենք: Ձմեռը վերջանալու վրա է, անցյալ տարվա ամառանոցն արդեն չենք վարձի, կվարձենք մեկ ուրիշը՝ Ժուան-լը-Պենի մոտ:
Միայն թե երբեմն, արշալույսին, երբ դեռ պառկած եմ անկողնում, իսկ Փարիզի փողոցներում միայն մեքենաների աղմուկն է, հիշողությունս մոլորեցնում է ինձ, առջևս է կանգնում անցած ամառը և հետը կապված բոլոր հուշերը: Աննա՜, Աննա՜, ցածրաձայն ու երկար-երկար կրկնում եմ ես խավարի մեջ: Ինչ-որ բան է մեջս բարձրանում. ես փակում եմ աչքերս և մեջս բարձրացող այդ բանը կոչում իր անունով. բարև, թախիծ: Վերջ