Բժշկի մեծ հեքիաթը

Գրապահարան-ից
Բժշկի մեծ հեքիաթը

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


Արդեն շատ ջուր է հոսել այն ժամանակներից, երբ Հեյշովինա լեռան վրա կախարդի իր արհեստով էր զբաղվում կախարդ Մագիաշը։ Ինչպես գիտեք, լինում են բարի կախարդներ, որոնց անվանում են հմայողներ և չար կախարդներ, որոնց անվանում են վհուկներ կամ գրբացներ։ Մագիաշը մի տեսակ, ոնց ասեմ, ոչ այս էր, ոչ այն։ Երբեմն նա այնպես բարի էր լինում, որ բոլորովին չէր կախարդում, իսկ մեկ֊մեկ էլ այնպես սարսափելի էր կախարդում, որ ամպրոպը որոտում էր, կայծակը փայլատակում․ մեկ֊մեկ նրա խելքին փչում էր քարե կարկուտ տեղալ երկրի վրա, իսկ մի անգամ էլ նույնիսկ փոքրիկ գորտերի անձրև թափեց։

Մի խոսքով, ինչ ուզում ես ասա, այնքան էլ հաճելի չէ այդպիսի հարևան ունենալը։ Նույնիսկ նրանք, ովքեր երդվում էին աստծու անունով, թե ոչ մի կախարդի չեն հավատում, աշխատում էին հեռվից շրջանցել Հեյշովինան։ Չնայած այդ մարդիկ հավատացնում էին, թե ճամփան ծռում են, որովհետև այդտեղ ճանապարհը խիստ թեքությամբ է բարձրանում դեպի լեռը, բայց դա սոսկ պատրվակ էր։ Չէին ուզում ազնվորեն խոստովանել, որ վախենում են Մագիաշից։

Այդպես ահա, մի անգամ Մագիաշը նստել էր իր քարայրի առաջ և սալոր էր ուտում՝ մեծ֊մեծ կապտավուն, կարմիր խավով ծածկված սալորներ։ Այդ պահին նրա օգնական պեպենոտ Վինցեկը, ― իսկականից նրան կոչում էին զլիչկացի Վինցեկ Նեհլիչեկ, ― խառնում էր կրակի վրա եռացող կաթսան, որի մեջ եփվում էր ձյութից, ծծումբից, շաղգամից, պառավախոտից ու սատանի արմատից, այլև իմբիրից, այծնընկույզից, բոռի խայթերից, դժոխաքարից, առնետի բեղերից, կիկիմորայի թաթիկներից, փուչումուչ բաներից և դրանց նման ուրիշ֊ուրիշ հրաշագործ խոտերից ու արմատներից բաղկացած կախարդական ապուրը։ Իսկ Մագիաշը նայում էր միայն, թե պեպենոտ Վինցեկն ինչպես է աշխատում և իր սալորն էր ուտում եռանդով։

Բայց, ինչպես երևում է, խեղճ Վինցեկը մոռացել էր, որ հարկավոր է ապուրը խառնել․ նա տարվել էր մի ուրիշ բանով թե ինչ, միայն թե դեղը եռաց, բարձրացավ, դուրս թափվեց չորս կողմից, այրվեց, տակն առավ, որից մի զարհուրելի գարշահոտություն տարածվեց շուրջը։

«Ա՜խ, դու, ողորմերլի՜ բացբերան, ― ուզեց ձայն տալ Մագիաշը, բայց, ինչպես երևում է, շտապելուց բղավեց ոչ կոկորդից կամ էլ սալորը չընկավ այն կոկորդը, ― մի խոսքով, Մագիաշը ուղղակի կորիզի հետ միասին կուլ տվեց սալորը, և այդ կորիզը դեմ առավ մնաց նրա բկին՝ ոչ այս կողմ, ոչ այն։ Մագիաշը կարողացավ միայն վրա բերել «Ա՛խ դու, ողոր․․․» ― և ուրիշ ոչինչ։ նա խռխռացնում ու ֆշշացնում էր, ինչպես գոլորշին եռացող կաթսայում։ Նրա դեմքը լցվեց արյունով, նա ձեռքերն էր թափահարում, խեղդվում, իսկ կորիզը՝ ոչ դես, ոչ դեն, ամուր ու հիմնավորապես նստել էր կոկորդում։

Հենց որ Վինցեկը տեսավ այդ, սարսափելի վախեցավ, թե չլինի հանկարծ տերը խեղդվի, և ասաց․

― Պան շեֆ, սպասեք հենց հիմի թռչեմ Հրոնով բժշկի ետևից։

Եվ Հեյշովինայի բարձունքից ցած սլացավ։ Ափսոս, որ այդտեղ ոչ ոք չկար ժամը նշելու։ Ամենայն հավանականությամբ դա երկար տարածության վազքի համաշխարհային ռեկորդ էր։

Երբ Վինցեկը հասավ Հրոնով, բժշկի մոտ, սկզբում չէր կարողանում շունչը ետ բերել, բայց մի փոքր հանգստանալով, վրա տվեց․

― Պան դոկտոր, շուտ արեք, ինչքան կարելի է շուտ, հարկավոր է իսկույն օգնության հասնել պան կախարդ Մագիաշին, թե չէ՝ նա կխեղդվի․․․ Ախ, տե՜ր իմ, ոնց եմ հալից ընկել։

― Հեյշովինայո՞ւմ ապրող Մագիաշի, ― մրթմրթաց բժիշկը։ ― Թո՛ւ, սատանան տանի, այ թե որտեղ ոչ մի պայմանով չէի ուզենա գնալ։ Բայց քանի որ անհրաժեշտ է, ինչ կարող եմ անել․․․

Եվ սկսեց պատրստվել։

Բանն այն է, որ բժիշկը ոչ ոքի չի կարող իր օգնությունը մերժել, թեկուզ կանչելիս լինեն ավազակ Զզվելիոյի կամ էլ հենց իրեն՝ սատանի մոտ։ Այդպես է այդ պրոֆեսիան՝ բժշկությունը։

Եվ այսպես, բժիշկը վերցրեց իր բժշկական պայուսակը, որի մեջ դրված էին դանակներ ու ատամի աքցաններ, վիրակապ, փոշիներ, սպեղանի, ջարդվածքները կապելու ձողեր, բժշկական այլ ու այլ գործիքներ, և Վինցեկի հետ ճամփա ընկավ դեպի Հեյշովինա։

― Միայն թե չուշանանք, ― հուզվում էր պեպենոտ Վինցեկը։

Քայլում էին նրանք՝ մեկ֊երկու, մեկ֊երկու, անտառներով ու լեռներով, մեկ֊երկու, ճահիճներով ու մարգագետիններով, մեկ֊երկու, բլուրներով ու հովիտներով, մինչև որ պեպենոտ Վինցեկն ասաց․

― Դե, պան դոկտոր, ահա և հասանք։

― Պան Մագիաշ, ձեր խոնարհ ծառան, ― ասաց Հրոնովոյի բժիշկը։ ― Ասացեք, ձեր ի՞նչն է ցավում։

Պատասխանի փոխարեն Մագիաշը միայն խռխռացրեց, ֆսֆսացրեց, սվսվացրեց ու ցույց տվեց կոկորդը՝ իբրև թե, այստեղ դեմ է առել։

― Աա՜, ուրեմն ձեր կոկորդն է ցավում, ― ասաց բժիշկը։ ― Դե֊դե, հիմա կտեսնենք․․․ Բացեք ինչպես հարկն է, ձեր բերանը, պան Մագիաշ և ասացեք «ա՜֊ա՜֊ա՜»։

Կախարդ Մագիաշը ետ տարավ իր սև բեղերը և բերանը ամբողջ լայնությամբ բացեց, բայց «ա֊ա֊ա՜» ասել չկարողացավ, որովհետև ընդհանրապես ոչ մի ձայն հանել չէր կարող։

― Դե֊դե, ասացեք «ա՜» ― խրախուսում էր բժիշկը։ ― Ախր դա այնքան հեշտ է։

Բայց ոչինչ դուրս չեկավ։

Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― գլուխն օրորեց բժիշկը, որը պետք է ասել աղվեսի մեկն էր, փորձված թռչուն և ընդհանրապես ծեր գայլ, նրա վերնահարկը տեղն էր և, մի խոսքով, ինչպես ասում են, գլխի մեջ մի բան կար։ ― Ա՛յ֊ա՛յ֊այ, պան Մագիաշ, ուրեմն բանը շատ վատ է, եթե դուք «ա» ասել չեք կարող։ Հը՜մ, հը՜մ, վատ է, վատ է․․․

Եվ նա սկսեց քննել Մագիաշին, թխթխկացնել, հաշվել զարկերակը, նայել լեզուն, թարթիչների տակ, հայելիով լուսավորել նրա ականջներն ու քիթը և միաժամանակ քթի տակ լատիներեն բառեր քրթմնջալ։

Երբ բժիշկը վերջացրեց այս բոլոր արարողությունները, դեմքին մի սարսափելի լուրջ արտահայտություն տվեց ու ասաց․

― Պան Մագիաշ, չափազանց լուրջ դեպք է։ Այստեղ ոչինչ չի օգնի, բացի շտապ ու անհետաձգելի վիրահատումից։ Բայց ես չեմ կարող ու չեմ համարձակվում մենակ անել այդ․ դրա համար ինձ ասիստենտներ են հարկավոր։ Եթե դուք համաձայն եք վիրահատության ենթարկվել, ապա ոչինչ անել չես կարող, պետք է ուղարկել Ուպիցեի, Կոստելցեի, և Հորժիչկիի իմ բժիշկ կոլեգաների ետևից, իսկ երբ նրանք կգան, մենք բժշկական խորհուրդ կամ կոնսիլիում կսարքենք, և միայն հասուն կերպով ծանր ու թեթև անելուց հետո կարող ենք կատարել անհրաժեշտ բժշկական միջամտություն կամ operatia operandi: Լավ մտածեցեք այս մասին, պան Մագիաշ, և եթե կընդունեք իմ առաջարկությունը, անհապաղ մարդ ուղարկեցեք իմ իմ մեծարգո և գիտնական պարոն կոլեգաների ետևից։

Ի՞նչ կարող էր անել Մագիաշը։ Նա գլխով արավ պեպենոտ Վինցեկին, իսկ Վինցեկը ոտքը երեք անգամ գետնին խփեց, որպեսզի հեշտ վազի, և ահա արդեն Հեյշովինայից ցած է թռչում։ Առաջին հերթին՝ Հորժիչկի։ Հետո՝ Ուպիցե։ Իսկ այնտեղից՝ Կոստելցե։ Դե, թող նա առայժմ վազի։


Սուլթան Սուլեյմանի դստեր մասին


Մինչդեռ պեպենոտ Վինցեկը կվազեր Հորժիչկի, Ուպիցե և Կոստելեցե, Հրոմովի բժիշկը նստել էր կախարդ Մագիաշի մոտ և հետևում էր, որ իր հիվանդը չխեղդվի։ Նա հանեց մի Վիրգինական սիգար և սկսեց լուռ ծխել, որպեսզի ժամանակն ավելի ուրախ անցնի։

Երբ այդ բանն սկսեց ձանձրացնել նրան, նա հազաց զվարճության համար ու շարունակեց սիգարը փստացնել։ Հետո, որպեսզի ժամանակը կարճի, երեք անգամ հորանջեց ու աչքերը ճպճպացրեց։ Էլի մի փոքր հետո մրթմրթաց։

― Է՛հ․․․

Եվս ինչ֊որ կես ժամ անց ծմրկտաց ու ասաց․

― Հը՜մ, հը՜մ․․․

Իսկ էլի մի ժամից հետո ավելացրեց․

― Իսկ ինչ կասեք, եթե մինչև նրանց գալը մի քիչ թուղթ խաղանք հը՞, պարոն Մագիաշ։ Դուք, անշուշտ, մի ձեռք խաղաթուղթ կունենա՞ք։

Մագիաշը միայն գլուխը շարժեց բացասաբար, որ, իբրև, խաղաթուղթ չունի․ չէ՞ որ նա ոչինչ ասել չէր կարող։

― Չունե՞ք, ― ծոր տվեց բժիշկը։ ― Ափսո՜ս, ափսո՜ս․․․ Ինչ կախարդ, որ նույնիսկ խաղաթուղթ չունեք։ Այ, մեզ մոտ պանդոկում մի կախարդ ելույթ ունեցավ․․․ սպասեք, ինչպես էր անունը․․․ Նավտաստիլ էր, Բոսկո, թե Մազորելլի․․․ Մի խոսքով, խաղաթղթերով այնպիսի բաներ էր անում, որ կարող էիք միայն զարմանքից աչքներդ ճպճպացնել։ Այո, իհարկե, պետք է կարողանալ նաև կախարդել։

Ապա բժիշկը մի նոր սիգար կպցրեց ու ասաց․

― Էհ, քանի որ խաղաթուղթ էլ չունեք, ես ձեզ մի հեքիաթ կպատմեմ սուլթան Սուլեյմանի դստեր մասին, որպեսզի ժամանակն ուրախ անցնի։ Եթե դուք պատահաբար այդ հեքիաթը գիտեք, ասացեք, և ես իսկույն կընդհատեմ․․․ Զը՜նգ֊զը՜նգ֊զը՜նգ, հեքիաթն սկսվում է։

Ինչպես հայտնի է, Արջնագռավի լեռների և Սարգասյան ծովի այն կողմն ընկած են Դալամանյան կղզիները, իսկ նրանց ետևում գտնվում է անտառածածկ Շարիվարի անապատը՝ գնչուական Էլդորադո գլխավոր քաղաքով։ Այ, հենց այդտեղ, գետակի այն ափին, թե որ անցնես փոքրիկ կամուրջը և ճամփով ձախ թեքվես, ուռենու թփից և կռատուկներով ծածկված փոսից դենը տարածվում է սուլթան Սուլեյմանի մեծ և հզոր թագավորությունը։ Հիմա դուք այնտեղ՝ ոնց որ ձեր սեփական տանը, այնպես չէ՞։

Սուլեյմանի թագավորությունում, ինչպես անունն էլ ցույց է տալիս, իշխում էր սուլթան Սուլեյմանը։ Այդ սուլթանը մի հատիկ աղջիկ ուներ, անունը՝ Զուբեիդա։ Հանկարծ այդ արքայադուստր Զուբեիդան, ― ոչ դես, ոչ դեն, ― սկսեց նիհարել, ծյուրվել, հալումաշ լինել։ Մի գլուխ հազում էր, խզխզում, գունատվում, թառամում, տնքտնքում ու հառաչում, այնպես որ ուղղակի մարդու մեղքը գալիս էր։

Պարզ է, որ սուլթանն իսկույն կանչել տվեց իր պալատական կախարդներին ու հեքիմներին, գուշակներին, վհուկներին ու վհուկուհիներին, մոգերին ու աստղագուշակներին, բժիշկներին ու դեգարործներին, սափրիչներին, բաղնեպաններին ու ֆելդշերներին, բայց նրանցից ոչ ոք չկարողացավ բուժել արքայադստերը։

Թե որ այդ բանը պատահեր մեզ մոտ, ես անմիջապես կորոշեի, որ աղջիկը տառապում է անեմիայով, պլևրիտով և բրոնխիտով, բայց սուլթան Սուլեյմանի երկրում ոչ բժշկությունը, ոչ էլ քաղաքակրթությունը այնքան առաջ չէին գնացել, որպեսզի այնտեղ երևան գային լատիներեն անուններով հիվանդություններ։

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ծերունի սուլթանը ինչպիսի հուսահատության մեջ էր։

«Ա՛խ դու, Մոնթե֊Քրիստո, ― ասաց նա ինքն իրեն, ― ես հուսով էի, թե աղջիկս ինձանից ժառանգություն կստանա ծաղկուն մի թագավորություն, մինչդեռ այդ խեղճը հալվում֊մաշվում է իմ աչքի առաջ, և ես ոչնչով չեմ կարող օգնել նրան»։

Մեծ սուգ պաշարեց սուլթան Սուլեյմանի պալատն ու ողջ երկիրը։

Այդ ժամանակ յաբլոնցի մի վաճառական երևաց այդ կողմերում, մի ոմն Լյուստիդ, որը, լսելով արքայադստեր հիվանդության մասին, ասաց․

«Հարկավոր է, որ պան Սուլթանը բժիշկներ բերել տա մեր կողմերից, այսպես ասած՝ Եվրոպայից, որովհետև մեզանում բժշկությունը ավելի առաջավոր է։ Այստեղ, ձեզ մոտ, միայն հեքիմներ են, վհուկներ ու կախարդներ, իսկ այ, մեզանում, սիրելիներս, իսկական գիտնական դոկտորներ կան»։

Երբ սուլթան Սուլեյմանն այդ մասին իմացավ, կանչեց իր մոտ պան Լյուստիգին, մի շաբան արհեստական մարգարիտ գնեց նրանից արքայադուստր Զուբեիդայի համար, իսկ հետո հարցրեց․

«Պան Լյուստիգ, ձեզ մոտ ինչպե՞ս են ճանաչում գիտնական դոկտորին»։

«Շատ պարզ, ― ասաց պան Լյուստիգը, ― ճանաչում են նրանով, որ նրա ազգանվան առջևում երկու տառ է լինում՝ «դ֊ր» Մանն, «դ֊ր» Պելնար և այլն։ Իսկ եթե մարդը «դ֊ր» չի ունենում, ուրեմն գիտնական դոկտոր չի։ Հասկանալի՞ է»։

«Ա՜», ― ասաց սուլթանը և պան Լյուստիգին առատ սուլթանկա պարգևեց, ― գիտե՞ք, դա մի տեսակ ձուկ է, ― իսկ հետո դեսպաններ ճամփեց Եվրոպա՝ գիտնական դոկտորի ետևից։

«Բայց տեսեք, չմոռանաք, որ իսկական գիտնական դոկտորը միայն նա է, ում ազգանունն սկսվում է «դ֊ր»֊ով, ― հրաժեշտի ժամին ասաց նրանց սուլթանը։ ― Ուրիշներին չբերեք, ականջներդ կկտրեմ, գլուխներդ էլ հետը։ Դե, մեկնեցեք»։

Եթե ես սկսեի պատմել, թե մինչև Եվրոպա հասնելն ինչ ապրեցին ու տարան սուլթան Սուլեյմանի դեսպանները, պան Մագիաշ, դա կլիներ երկար ու բարակ հեքիաթ։ Բայց բազմաթիվ արկածներից հետո նրանք վերջապես հասան Եվրոպա և սկսեցին բժիշկ փնտրել արքայադուստր Զուբեիդայի համար։

Ահա սև անտառի միջով ձգվում է Սուլեյմանի դեսպանների մի ամբողջ թափոր, մի տեսակ չալմայավոր մամլյուկներ՝ ձիու պոչի նման հաստ ու երկար բեղերով։ Գնում են, գնում, մեկ էլ պատահում են մի մարդու՝ սղոցը դրած մի ուսին՝ կացինը՝ մյուս ուսին։

«Բարաջողում, ― ողջունում է նրանց այդ քեռին։

«Աստված օգնական, ― ասում են դեպանները։ ― Քեռի, ո՞վ եք, ի՞նչ մարդ եք»։

«Շնորհակալ եմ բարի խոսքի համար, ― պատասխանում է քեռին։ ― Ես դրովոսեկ եմ՝ փայտահատ»։

Բուսուրմաններն ականջները սրեցին ու այսպես ասին նրան․

«Ձերդ ողորմածություն, այդ դեպքում բանն ուրիշ է։ Եթե դուք բարեհաճում եք լինել դ֊ր Օվոսեկը, ― ապա մենք պետք է հրավիրենք ձեզ, որպեսզի դուք վայրկենապես, անհապաղ ու իսկույն, պրեստո, վիվաչե ու թռչեմիտո գաք մեզ հետ Սուլեյմանի թագավորությունը։ Պան սուլթան Սուլեյմանը բարեհաճեց ամենաողորմածաբար հրամայել իր պալատը հրավիրել ձեզ, բայց, եթե դուք փորձեք հրաժարվել կամ, աստված մի արասցե, դիմադրել, մենք ձեզ բռնությամբ կտանենք, ուստի, ձերդ ողորմածություն, առաջարկում ենք մեզ հետ չվիճել»։

«Սպասեք, սպասեք, ― զարմացավ փայտահատը։ ― Իսկ ես պան սուլթանի ինչի՞ն եմ հարկավոր»։

«Նա ձեզ համար աշխատանք ունի», ― պատասխանեցին դեսպանները։

«Էն ժամանակ կարելի է գալ, ― համաձայնեց փայտահատը։ ― Լավ, պարոններ, ես հենց աշխատանք եմ փնտրում։ Պիտի ասեմ ձեզ, որ աշխատանքի մեջ ուրիշներից վատ չեմ լինի»։

Դեսպաններն աչքով արեցին իրար և ասացին․

«Ձերդ ականավորություն, հենց այդ էլ հարկավոր է մեզ»։

«Սպասեցեք, ― ասաց փայտահատը։ ― Առաջին հերթին ես կուզենայի իմանալ, թե պան սուլթանը ինչպես է վարձատրելու իմ աշխատանքը։ Ես թեկուզ և չեմ պլոկի, բայց հուսով եմ, որ նա ինձ կդիմավորի իբրև բարեկամ»։

Սուլթան Սուլեյմանի դեսպանները քաղաքավարությամբ պատասխանեցին․

«Ձերդ մեծություն, ոչինչ, որ դուք դ֊ր Աթը չեք, մենք դ֊ր Օվոսեկի համար էլ ուրախ ենք։ Իսկ ինչ վերաբերում է մեր պարոն սուլթան Սուլեյմանին, ապա կարող եք հավատալ մեզ, որ նա բոլորովին էլ դ֊ր Ուհը չէ, այլ ամենասովորական բռնակալ է ու դեսպոտ»։

«Այդ դեպքում լավ, ― ասաց փայտահատը։ ― Իսկ ինչ վերաբերում է ուտեստին, ապա աչքի առաջ ունեցեք, որ ես աշխատանքի ժամանակ ուտում եմ ու խմում դևի պես, պա՞րզ է»։

«Ամեն ինչ կանենք, բարձրապատիվ պան, ― վստահեցրին նրան դեսպանները, ― որպեսզի մեր մեջ լիակատար համաձայնություն լինի»։

Հետո փայտահատին առոք֊փառոք առաջնորդեցին նավ և նրա հետ լողացին դեպի Սուլեյմանի թագավորությունը։ Երբ տեղ հասան, սուլթան Սուլեյմանն իսկույն բազմեց իր գահին ու հրամայեց նրան իր մոտ բերել։ Դեսպանները ծունքկի իջան սուլթանի առաջ և նրանցից ամենաավագն ու մեծբեղանին սկսեց․

«Ամենաողորմած տերն մեր ու տիրակալ, հրամայողդ բոլոր ուղղադավանների, պան սուլթան Սուլեյման։ Քո բարձրագույն հրամանով մենք մեկնեցինք Եվրոպա կոչվող կղզին, որպեսզի արքայադուստր Զուբեիդայի համար գտնենք ամենանշանավոր, ամենագիտուն և ամենափառապանծ դոկտորին։ Ահավասիկ նա այստեղ է, պան սուլթան։ Դա նշանավոր, անվանի բժիշկ դ֊ր Օվոսեկն է։ Եվ թող հայտնի լինի ձեզ, որ այս դոկտորն իր գիտունությամբ չի զիջում դ֊ր Ուհովոյին, սրան պետք է վճարել, ինչպես դ֊ր Ուհին, և սա ուտում ու խմում է, ինչպես դ֊ր Ակոնը։ Իսկ այդ մարդիկ, պան սուլթան, բոլորն էլ ուսյալ ու նշանավոր դոկտորներ են, որից իսկույն երևում է, որ մենք պատահել ենք ամենահարմարին․․․ Հը՜մ, հը՜մ․․․ Ահա և բոլորը։

«Ողջունում եմ ձեզ, դ֊ր Օվոսեկ, ― ասաց Սուլթան Սուլեյմանը։ ― Խնդրում եմ ձեզ նայել իմ աղջկան, արքայադուստր Զուբեիդային»։

«Ինչ կա որ, ինչո՞ւ չնայել», ― ինքն իրեն ասաց փայտահատը։ Սուլթանը առաջնորդեց նրան դեպի արքայադստեր մռայլ, մթնեցրած սենյակը, որը զարդարված էր ամենագեղեցիկ գորգերով, ուղեգորգերով ու բարձերով։ Այնտեղ պառկել ու ննջում էր գունատ, ասես ամբողջովին մոմից շինած, արքայադուստր Զուբեիդան։

«Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― կարեկցությամբ ասաց փայտահատը, ― պան սուլթան, ձեր աղջիկը ոնց որ թառամում է»։

«Հենց այդպես է որ կա», ― հառաչեց սուլթանը։

«Չորանում է, ասում եմ, ― շարունակեց փայտահատը։ ― Պարզապես բանի նման չի»։

«Ճիշտ է, ― տխրությամբ համաձայնեց սուլթանը։ ― Ոչ մի բան չի ուզում ուտել»։

«Տաշեղի պես բարակել է, ― ասաց փայտահատը։ ― Երեսին էլ արյան նմուշ չկա, պան սուլթան։ Ես կասեի, որ նա բոլորովին տկար է»։

«Իհարկե, տկար է, ― տրտմությամբ ասաց սուլթանը։ ― Ես ձեզ հենց նրա համար եմ հրավիրել, որպեսզի բուժեք սրան, քանի որ դուք դ֊ր Օվոսեկն եք»։

«Ե՞ս, ― զարմացավ փայտահատը։ ― Տե՜ր իմ աստված, ես ո՞նց կարող եմ սրան բուժել»։

«Այդ արդեն ձեր գործն է, ― խուլ ձայնով ասաց սուլթանը։ ― Դուք հենց դրա համար էլ եկել եք։ Հանաքը մի կողմ, ի նկատի ունեցեք՝ եթե չբուժեք, կհրամայեմ գլուխներդ կտրել, և վերջ»։

«Բայց ախր էդպես չի կարելի», ― փորձեց առարկել ահաբեկված փայտահատը, սակայն սուլթան Սուլեյմանը նույնիսկ թույլ չտվեց որ նա վերջացնի։

«Ոչ մի պատրվակ, ― խստությամբ ասաց նա։ ― Եվ ընդհանրապես ձեզ հետ գլուխ դնելու ժամանակ չունեմ, ես պիտի գնամ թագավորեմ։ Իսկ դուք գործի անցեք և ցույց տվեք ձեր վարպետությունը»։

Նա դուրս գնաց, նստեց գահին և սկսեց թագավորել։

«Ուրախ պատմություն է, ― ասաց ինքն իրեն փայտահատը։ ― Համա թե թաղվեցի՜։ Ախր ես ո՞նց կարող եմ լավացնել ինչ֊որ սուլթանի աղջկա։ Ե՞րբ եմ էդ գործով պարապել․․․ Ա՛խ, գրողը տանի, ի՞նչ անեմ։ Թե որ էդ աղջկան չլավացնեմ, գլուխս կկտրեն։ Այ քեզ բա՜ն։ Թե որ էս բոլորը հեքիաթի մեջ չլիներ, կասեի, որ սա հեչ բանի նման չի՝ ոչ էս, ոչ էն ― վերցնել ու մարդու գլուխ կտրել։ Սատանան ինձ գցեց էս հեքիաթի մեջ։ Կյանքումս էսպես բան չէր պատահել։ Գրողը տանի, ես էլ եմ ուզում իմանալ, թե ո՞նց դուրս կպրծնեմ էս պատմությունից»։

Խեղճ փայտահատն այսպիսի մռայլ մտքերով նստել էր սուլթանի պալատի շեմքին ու հառաչում էր։

«Է՛հ, գրողը տանի, ― ասաց նա ինքն իրեն, ― այ քեզ փորձա՜նք։ Ախր ես ո՞նց կարող եմ բժիշկ դառնալ։ Թե որ հրամայեին ծառ կտրել, էս մեկը կամ թեկուզ էն մյուսը, ― ես ցույց կտայի, թե ինչն ինչոց է․ տաշեղները դեսուդեն թռչեին։ Իսկ էնպես էլ որ մտիկ եմ տալիս, էստեղ չորս կողմ ծառերը փակել են, ոնց որ վայրի անտառում։ Սրանք արևի երես էլ չեն տեսնում։ Նշանակում է, պալատում խոնավ է, բորբոս կա, սունկեր, զիջաճճիներ․․․ Սպասեք մի, ես ձեզ ցույց կտամ, թե ոնց են աշխատում»։

Այս խոսքի հետ նա կուրտկան դեն նետեց, թքեց ափերի մեջ, վերցրեց կացինն ու սղոցը և սկսեց տապալել այն ծառերը, որոնք աճում էին սուլթանական պալատի շուրջը․․․

Իհարկե, այնտեղ աճում էին ոչ թե ինչ֊որ տանձենիներ, խնձորենիներ կամ ընկուզենիներ, ինչպես մեզանում, այլ համատարած արմավենիներ, օլեանդրներ, բանաններ, դրացեններ, լատանիաներ, ֆիկուսներ ու կարմիր ծառեր, որոնք երկինք են հասնում, և ուրիշ֊ուրիշ էկզոտիկ բուսականություն։ Մի տեսնեիք, թե մեր փայտահատն ինչպե՜ս ընկավ այդ ծառերի ջանին։ Կեսօրին արդեն պալատի շուրջը կարգին բացատ էր գոյացել։ Այդ ժամանակ փայտահատը թևքով սրբեց ճակատի քրտինքը, և, որոշելով կազդուրվել, հանեց գրպանից սև հաց ու ժաժիկ, որ տնից էր առել հետը։

Այդ ժամանակ արքայադուստր Զուբեիդան շարունակում էր քնած մնալ իր մռայլ սենյակում․ կյանքում նա դեռ երբեք այնպես անուշ չէր քնել, ինչպես փայտահատի կացնի ու սղոցի աղմուկի տակ։ Նրան արթնացրեց միայն լռությունը, որ տիրեց շուրջը, երբ փայտահատը տեղավորվեց տապալված ծառաբների կույտին և սկսեց հաց ու ժաժիկ ուտել։

Այ, հենց այդ ժամանակ էլ արքայադուստրն աչքերը բացեց ու զարմացավ․ այդ ինչի՞ց է նրա սենյակն այդպես լուսավորվել։ Առաջին անգամն էր արևն իր ողջ ուժով խուժում ներս ու մռայլ սենյակը լցնում լույսով ու փայլով։ Լույսի այդ հեղեղն ուղղակի շլացնում էր նրան, և մեկ էլ նոր կտրած ծառի այնպիսի ուժեղ ու հաճելի բուրմունք էր զգացվում, որ արքայադուստրը բավականությամբ ու խորը շնչեց։ Խեժի բուրմունքին խառնվում էր ինչ֊որ ուրիշ հոտ, որ մինչ այդ նա երբեք չէր զգացել։ Ինչի՞ հոտ էր այդ։

Նա բարձրացավ տեղից ու մոտեցավ լուսամուտին, նայեց ու ի՜նչ տեսնի՝ թավուտի փոխարեն՝ կեսօրվա արևի տակ կայծկլտացող բացատ, իսկ այնտեղ նստած է մի վիթխարի քեռի և մեծ ախորժակով ինչ֊որ սև բան է ուտում սպիտակի հետ։ Այ, հենց դրանից էլ այդպիսի դուրեկան հոտ էր գալիս։ Ինքներդ գիտեք, որ միշտ այդպես է՝ անուշ հոտ է արձակում, ինչ որ ուրիշն է ուտում։

Իշխանուհին այլևս չդիմացավ, ախորժալի բուրմունքն ստիպեց նրան ցած իջնել, դուրս գալ ազատ օդ։ Նա ավելի ու ավելի էր մոտենում ճաշող քեռուն։

Ախր հարկավոր էր գոնե տեսնել, թե այդ ի՞նչ համեղ բան է ուտում նա։

«Ա՜, իշխանուհի, ― լիքը բերանով ձայն տվեց փայտահատը։ ― Միգուցե մի կտոր հա՞ց կուզեիք ժաժիկի հետ»։

Իշխանուհին շիկնեց և հանկարծ կանգ առավ տեղում, նա ամաչում էր ասել, որ շատ կուզենար փորձել։

«Որ այդպես է, ահա, ― առաջարկեց փայտահատը և իր ծուռ դանակով հացի եզրից մի ահագին կտոր կտրեց։ ― Վերցրեք»։

Իշխանուհին աչք ածեց շուրջը՝ հո մարդ չի՞ տեսնում։

«Շնորհակալ եմ, ― ասաց նա և ատամները խրեց հացի մեջ․․․ ― Մ֊մ֊մ․․․ Ա՛խ, ինչ համով է»։

Ինքներդ էլ գիտեք, որ իշխանուհին իր ողջ կյանքում ժաժիկով հաց չէր կերել։

Հենց այդ րոպեին սուլթան Սուլեյմանը լուսամուտից դուրս նայեց։ Նայեց ու աչքերին չհավատաց․ թավուտի փոխարեն լուսավոր բացատն էր փայլում կեսօրվա արևի տակ, իսկ գերանների կույտի վրա նստել էր իշխանուհին՝ լիքը բերանով, ժաժիկից նրա շրթունքի վերևում ականջից֊ականջ ձգվող բեղեր էին գոյացել, ու նա ծամում էր ուռած այտերով։

«Փա՜ռք քեզ, աստված, ― թեթևացած հառաչեց սուլթան Սուլեյմանը։ ― Ուրեմն, ճիշտ որ աղջկաս համար իսկական, գիտուն դոկտոր են ճարել»։

Եվ այդ օրվանից, Մագիաշ, իշխանուհին սկսեց իսկապես կազդուրվել։ Նրա դեմքին սկսեց կարմրություն խաղալ, իսկ ուտել սկսեց ջահել գայլի ձագի նման։

Ու թող հայտնի լինի ձեզ, որ այդ բոլորը թարմ օդի ու արևի ազդեցությունից էր։ Եվ այս բանը ես պատմեցի ձեզ, որովհետև ահա դուք ապրում եք այս քարանձավում, ուր արև ներս չի նայում ու քամի չի խաղում, իսկ այդ, պան Մագիաշ, շատ վատ է։ Ահա թե ես ինչ էի ուզում ասել ձեզ։


✴ ✴ ✴


Նոր էր Հրոնովի բժիշկը սուլթան Սուլեյմանի դստեր հեքիաթն ավարտել, երբ պեպենոտ Վինցեկը վերադարձավ, իր հետ բերելով Հորժիչկիի բժշկին, Ուպիցեի բժշկին և Կոստելցեի բժշկին։

― Բերո՜ւմ եմ, բերում, ― բղավեց նա դեռևս հեռվից։ ― Համա թե տանջվեցի, հա՜․․․

― Ողջունում եմ ձեզ, կոլեգաներ, ― ասաց հրոնովցի բժիշկը։ ― Ահա մեր պացիենտը՝ պան գրբաց Մագիաշը։ Ինչպես, անշուշտ, տեսնում եք, սրա դրությունը խիստ ծանր է։ Պացիենտը պնդում է, որ ինքը կուլ է տվել սալոր, կամ սև սալորի կորիզ։ Իմ համեստ կարծիքով, սրա հիվանդությունը կարելի է անվանել սուր սալորիտ։

― Հը՜մ, հը՜մ, հը՛մ, ― ասաց Հորժիչկիի բժիշկը։ ― Իսկ ես հակամետ եմ կարծելու, որ սա խեղդող սալորիտ է։

― Չեմ կամենում վիճել հարգելի կոլեգաներիս հետ, ― ասաց Կոստելցեի բժիշկը, ― սակայն ըստ իս, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է կոկորդային կորիզասալորիտին։

― Պարոնայք, ― խոսեց Ուպիցեի բժիշկը, ― ես առաջարկում եմ համաձայնել հետևյալ դիագնոզին․ պան Մագիաշի մոտ նկատվում է սուր, խեղդող սալորակոկորդային կորիզասևասալորիտ։

― Դե, պան Մագիաշ, շնորհավորում եմ ձեզ, ― ասաց Հորժիչկիի բժիշկը։ ― Դա խիստ հազվադեպ և ծանր հիվանդություն է։

― Հետաքրքիր դեպք է, ― բացատրեց Ուպիցեի վժիշկը։

― Կոլեգաներ, ― խոսեց Կոստելցեի բժիշկը, ― իմ պրակտիկայում հաճախ են պատահել հետաքրքիր դեպքեր։ Լսե՞լ եք օրինակ, թե ես ինչպես բուժեցի Կրահորկի լեռան անտառի ոգուն։ Եթե չեք լսել, ուրեմն պատմեմ ձեզ։


Անտառոգու գլխին եկածը


Շատ տարիներ սրանից առաջ Կռահորիկի անտառում ապրում էր մի Անտառոգի։ Պիտի ասեմ, որ դա ամենազզվելի ճիվաղներից մեկն էր, որին երբևէ կարելի է հանդիպել աշխարհում։

Մարդը գիշերն անցնում է անտառով, և հանկարծ ինչ֊որ տեղից մեկն աղաղակում է, ճղավում, ոռնում, տզզում կամ զարհուրելի ձայնով քրքջում։ Հասկանալի է, որ մարդը լեղաճաք է լինում։ Այնպիսի սարսափ է պատում նրան, որ նա փախչում է խելակորույս, ասես ուր որ է՝ հոգին պիտի ավանդի։

Ահա, տարեցտարի այդ անտառոգին այդպիսի օյիններ էր սարքում Կրահորկիում։ Այնպես էր ահաբեկել բոլորին, որ մարդիկ վախենում էին մութն ընկնելուց հետո քիթներն անգամ ցույց տալ այնտեղ։

Եվ ահա մի անգամ ինձ մոտ, հիվանդանոց է գալիս մի տարօրինակ մարդ՝ բերանը մինչև ականջները, վիզն ինչ֊որ լաթով փաթաթած, և սկսում է ֆսֆսացնել, խռխռալ, խռմփալ, ֆշշացնել ու խորդալ։ Ոչ մի խոսք չես կարող ջոկել։

«Ի՞նչ է պատահել ձեզ», ― հարցնում եմ։

«Պան դոկտոր, ― ֆսսացնում է այդ հերոսը, ― ես ոնց որ թե խռպոտել եմ»։

«Ես այդ տեսնում եմ, ― ասում եմ։ ― Իսկ ո՞վ և որտեղացի՞ եք։

Պացիենտը մի փոքր վարանելով, խոստովանեց․

«Ես, ձեր թույլտվությամբ, Կրահորկիի Անտառոգին եմ որ կամ»։

«Ա՜, ― ասում եմ, ― ուրեմն այդ դո՞ւք եք այն սրիկան ու անամոթը, որը մարդկանց ահաբեկում է անտառում։ Այդպես էլ հարկավոր է ձեզ, գրողը տանի։ Եվ դուք կարծում եք, որ ես կբուժե՞մ ձեր ֆարինգիտներն ու լարինգիտները, կամ կատարրի կոկորդը, այսինքն, ուզում էի ասել՝ կոկոկորդի կատարրը, որպեսզի դուք կարողանաք հետագայում էլ բղավել ու ոռնալ անտառում և մարդկանց լեղաճաք անել։ Ոչ, ոչ, ինչքան ուզում եք խռխռացեք ու ֆսֆսացեք, գոնե մարդիկ հանգիստ կլինեն։

Այստեղ այդ անտառոգին սկսեց աղաչել, պաղատել․

«Ի սեր աստծու, պան դոկտոր, աղաչում եմ ձեզ, բուժեցեք իմ կոկորդը։ Ես ինձ այսուհետև լավ կպահեմ, չեմ վախեցնի մարդկանց»։

«Հենց այդ էլ ես խորհուրդ եմ տալիս ձեզ, ― ասում եմ։ ― Բղավելով կոկորդներդ պատռել եք, դրա համար էլ կորցրել եք ձեր ձայնը, պարզ է։ Ձեզ համար անտառում գոռալը վնասակար է, սիրելիս․ այնտեղ ցուրտ է ու խոնավ, իսկ ձեր շնչառական օրգանները խիստ զգայուն են։ Չգիտեմ, չգիտեմ, թե ինչ պիտի անեք․․․ Կատարրը դեռ մի կերպ կարելի է բուժել, բայց դուք ստիպված կլինեք ընդմիշտ թողնել մարդկանց վախեցնելու սովորությունը և տեղափոխվել անտառից հեռու մի տեղ, այլապես ձեզ ոչ մի բան չի օգնի»։

Անտառոգին շփոթվեց ու ծոծրալը քորեց։

«Այդ դժվար է։ Եթե վախեցնելը թողնեմ, ինչո՞վ եմ ապրելու։ Ախր ես ոչ մի ուրիշ արհեստ չգիտեմ, բացի գոռալուց ու բղավելուց, այն էլ քանի դեռ ձայնս տեղն է»։

«Այո, սիրելիդ իմ, ― ասում եմ նրան, ― այնպիսի հազվագյուտ կոկորդով, ինչպիսին ձերն է, ես իբրև երգիչ օպերա կգնայի, կամ շուկա՝ իբրև առևտրական, կամ էլ կրկես՝ իբրև հրավիրող։ Պարզապես ափսոս է, որ այդպիսի հզոր, առաջնակարգ ձայնը կորչում է այս խուլ վայրերում։ Դուք այդ մասին չեք մտածել։ Հավանորեն, ձեզ քաղաքում ավելի բարձր կգնահատեին»։

«Ես էլ եմ երբեմն այդ մասին մտածել, ― խոստովանեց Անտառոգին։ ― Ի՞նչ արած, փորձեմ որևէ այլ տեղ հաստատվել, միայն, անշուշտ, երբ ձայնս կվերականգնվի»։

Եվ այդպես, կոլեգաներ, ես նրա բուկը յոթ քսեցի, պատվիրեցի կոկորդը ողողել մարգանցովկայով ու քլորակալիով, ստրեպտոցիդ ընդունել և կոմպրես դնել վզին։ Այդ օրվանից, Կրահորկիում Անտառոգու հետքն անգամ չի նկատվում։ Ինչպես երևում է, նա իսկապես փոխադրվել է մի այլ տեղ և այլևս մարդկանց չի վախեցնում։


Հավլովիցկի ջրային ոգու դեպքը


― Ինձ մոտ էլ հետաքրքրական բժշկական մի դեպք է տեղի ունեցել, ― խոսեց Ուպիցեի բժիշկը։ ― Մեր կողմերում, Ուպա գետակում, հավալովիցկի կամուրջից այն կողմ, ուռենու և լաստենու արմատների ներքևում ապրում էր մի ծեր ջրի ոգի՝ Իուդալ անունով։ Նա խիստ անմարդամոտ արարած էր, մռթմռթան, քրթմնջացող ու մարդախույս։ Երբեմն հեղեղումներ էր սարքում, մեկ֊մել էլ խեղդում էր երեխաներին, երբ նրանք լողանում էին։ Մի խոսքով, մարդիկ նրան տանել չէին կարող և չգիտեին, թե ոնց ազատվեն նրանից։

Մի անգամ աշնանը մի ծերուկ իմ ընդունարանը մտավ․ հագել էր կանաչ բաճկոն, իսկ վզին կարմիր լաթ էր փաթաթել, և հազում էր, փռշտում, փնչացնում, քիթը մաքրում, հառաչում ու կոտրատվում։

«Պան դոկտոր, կամ ես մրսել եմ, կամ փետացել․ մեկ էստեղս է ծակում, մեկ էստեղս շամփրում, գոտկատեղս ջարդվում, հոդերս քաշվում են, էնպես եմ հազում, որ կուրծքս պայթում է, ու քթիցս էլ էնպես է հոսում, ոնց որ դույլից։ Միգուցե դուք ինձ օգնե՞ք»։

Ես նրան լսեցի ու ասում եմ․

«Պապիկ, ռևմատիզմ ունեք։ Ես մի քսուկ կտամ, որը, ի գիտություն ձեզ, կոչվում է «լինիմենտում»։ Բայց այդ դեռ բոլորը չէ։ Դուք ամբողջ ժամանակ պիտի ապրեք տաք և չոր տեղում, հասկանալի՞ է»։

«Հասկանալի է, ― քրթմնջաց ծերուկը։ ― Ինչ վերաբերում է տաք և չոր տեղին, ապա, պարոն, դրանից բան դուրս չի գա»։

«Իսկ ինչո՞ւ դուրս չի գա», ― հարցնում եմ ես։

«Դե, ― ասում է պապիկը, ― որովհետև ես, պան դոկտոր, Հավլովիցկի ջրային ոգին եմ։ Էդ ինչպե՞ս կարող եմ ջրի մեջ ինձ համար տաք և չոր տեղ ստեղծել։ Չէ՞ որ ես իմ քիթը մաքրում եմ ջրի երեսով, ջրի մեջ քնում եմ ու ջրով էլ ծածկվում։ Եվ միայն հիմի է, ծերությանս օրերում, որ փափուկ ջուր եմ փռում տակս, և ոչ թե կոշտ ջուր, որպեսզի պարկելիս կողերս չցավեն։ Էնպես որ, ինչ վերաբերում է տաք ու չոր տեղին, պիտի ասեմ, որ այդ մի փոքր դժվար է»։

«Ոչ մի բանով օգնել չեմ կարող, հայրիկ, ― ասում եմ, ― սառը ջրում ձեր ռևմատիզմը միայն ավելի կսրվի։ Ինքներդ էլ գիտեք, որ ծերացած ոսկորները տաքություն են սիրում։ Ի դեպ, քանի՞ տարեկան եք, պան ջրային ոգի»։

«Օ՛խ֊օ՛խ֊օ՛խ, ― մռթռթաց ոգին։ ― Ախր, պան դոկտոր, ես կռապաշտական ժամանակներից էստեղ եմ ու էստեղ։ Երևի հազար տարի լինի, միգուցե և ավելին․․․ Այոոս, տարինե՜ր, տարինե՜ր»։

«Ահա, տեսնում եք, ― խորհուրդ եմ տալիս նրան, ―ձեր տարիքում, պապիկ, ժամանակն է արդեն թոնրի կշտից չհեռանալ։ Սպասեցեք, կարծես միջոցը գտա։ Դուք երբևէ լսե՞լ եք տաք աղբյուրների մասին»։

«Լսելը լսել եմ, ― քրթմնջում է ծեր ջրային ոգին, ― բայց էստեղ կարծես թե ոչ մի հատ դրանից չկա»։

«Այստեղ չկա, ― ասում եմ, ― դրա փոխարեն Տեպիցեում կա, Պիշտյանահում՝ նույնպես, և էլի ինչ֊որ տեղ, միայն թե խոր գետնի տակ։ Եվ թող հայտնի լինի ձեզ, որ այդ տաք աղբյուրներն ուղղակի ստեղծված են ծեր, ռևմատիզմ ունեցող ջրային ոգիների համար։ Դուք պարզապես կբնակվեք այդպիսի տաք աղբյուրների մեջ իբրև տաքջրյա ոգի և կբուժեք ձեր ռևմատիզմը»։

«Հը՜մ֊հը՜մ, ― մտքի մեջ ընկավ ծերուկը։ ― Իսկ ի՞նչ պիտի անի, իսկապես, այդպիսի ջրային ոգին»։

«Շատ քիչ բան, ― ասում եմ։ ― Նա պետք է շարունակ այդ ջուրը երկրի խորքերից դուրս մղի ու հետևի, որ այն չսառչի, իսկ տաք ջրի ավելցուկը բաց թողնի ազատ հոսելու։ Ահա և բոլորը»։

«Ինչ կա որ, այդ կարելի է, ― քրթմնջում է Հավլովիցկի ջրային ոգին։ ― Դե, ես գնամ, որևէ տաք աղբյուր ճարեմ ինձ համար։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, պան դոկտոր»։

Եվ անհետացավ ընդունարանից, միայն իր ետևից մի ջրագուբ թողնելով հատակին։

Եվ գիտեք, կոլեգաներ, Հավլովիցկի ջրային ոգին խելացի մարդ դուրս եկավ․ նա լսեց իմ խորհուրդը, բնակություն հաստատեց Սլովակիայում, մի տաք աղբյուրի մեջ, և այժմ երկրի խորքից այնքան տաք ջուր է հանում, որ տաք շատրվան է խփում այնտեղ։ Եվ այդ տաք ջրերում լողանում են մարդիկ ու ռևմատիզմից բուժվում։ Շատ ու շատ է օգնում, ամբողջ աշխարհից այնտեղ են գալիս բուժվելու։ Պան Մագիաշ, օրինակ վերցրեք նրանից և ամեն ինչում լսեք բժիշկներին։


Ջրահարսի դեպքը


― Այո, ինձ հետ էլ մի այդպիսի հետաքրքիր դեպք է պատահել, ― խոսեց հորժիչեկցի բժիշկը։ ― Մի անգամ գիշերը քնել էի ոնց մեռած, մեկ էլ լսում եմ, որ մեկը լուսամուտը ծեծում է ու ձայն տալիս․

«Բժի՛շկ, բժի՛շկ»։

Բաց եմ անում լուսամուտն ու հարցնում․

«Դե, ինչ է պատահել այդտեղ։ Ես մեկնումեկին հարկավո՞ր եմ»։

«Այո, ― մթության միջից պատասխանում է մի քնքուշ ու վեհերոտ ձայն։ ― Քո օգնությունն է անհրաժեշտ, շուտ արի»։

«Այդ ո՞վ է այդտեղ, ― հարցնում եմ։ ― Ով է ինձ կանչում»։

«Ես, գիշերվա ձայնը, ― պատասխանում են խավարի միջից։ ― Լուսնկա գիշերվա ձայնը։ Գնանք»։

«Գալիս եմ, գալիս», ― ասում եմ ես ոնց որ երազի մեջ և արագ հագնվում։ Դուրս եմ գալիս փողոց, իսկ այնտեղ ոչ ոք չկա։

Մի տեսակ ինձ վատ զգացի, բարեկամներ։

«է՛յ, ― շշնջացի ես կիսաձայն, ― ո՞վ կա այստեղ։ Ո՞ր կողմ գնամ ես»։

«Իմ ետևից, իմ ետևից», ― հեծկլտաց նույն քնքուշ ու անտեսանելի ձայնը, և ես գնացի դեպի այն կողմ, ուր նա կանչում էր ինձ՝ ցողապատ մարգերով ու սև անտառներով ― առանց ճանապարհը ջոկելու։

Լուսնյակ գիշեր էր, և ողջ աշխարհը քարացել էր պաղ գեղեցկության մեջ։ Կոլեգաներ, ես մեր շրջանը հինգ մատիս պես գիտեմ, բայց այդ լուսնկա գիշերը նա ինձ թվաց երազի պես կախարդական։ Հո պատահո՞ւմ է երբեմն, որ հենց քթիդ տակ մի ամբողջ աշխարհ ես հայտնաբերում։

Արդեն երկար ժամանակ է, ինչ գնում էի այդ ձայնի ետևից, վերջապես ասացի ինքս ինձ․ «Սպասիր, սա ոնց որ Ռատիբորժի հովիտը լինի․․․»։

«Այստեղ, բժիշկ, այստեղ», ― կանչում էր ինձ ձայնը։

Դա հնչում էր այնպես, ասես գետում ալիքը ճողփաց ու փայլեց, ու մեկ էլ տեսնեմ՝ կանգնած եմ Ուպա գետի ափին, լուսնի լույսով ողողված արծաթաշող մարգագետնում։ Մարգագետնի մեջտեղում ճերմակին է տալիս մի բիծ՝ կամ այն է ինչ֊որ մարմին, կամ այն է՝ պարզապես մշուշ։ Լսում եմ լացի ձայն ասեմ, թե պարզապես ջրի աղմուկ՝ չգիտեմ։

«Այդպես, այդպես, ― ասում եմ ես հանգստացուցիչ տոնով, ― ո՞վ ենք և մեր ի՞նչն է ցավում»։

«Ա՛խ, բժիշկ, ― դողդոջուն ձայնով պատասխանեց լուսավոր բիծը, ― ես պարզապես վիլա եմ, մի փոքրիկ ջրահարս։ Իմ քույրերը պարում էին մարգագետնում, ես էլ նրանց հետ, ու մեկ էլ, չգիտեմ ինչպես, կամ այն է՝ սայթաքեցի, ոտքս դիպցնելով լուսնի ճառագայթին, կամ այն է՝ սահեցի, ոտքս դնելով ցողի կաթիլներից անդրադարձող շողքին, ― չգիտեմ, ինչ պատահեց ինձ, միայն թե ահա պառկել ու չեմ կարողանում վեր կենալ, ոտքս էլ ցավում է ու ցավում․․․»։

«Դե, օրիորդ, ― ասում եմ ես նրան, ― ձեր ոտքը կամ դուրս է ընկել, կամ կոտրվել է։ Մենք այդ կկարգավորենք․․․ Ուրեմն, նշանակում է, դուք մեկն եք այն ջրահարսերից, որոնք պարում են այս մարգագետնո՞ւմ։ Ահա թե ի՜նչ․․․ Եվ եթե ժերնովցի կամ սլատինցի որևէ ջահել է պատահում ձեզ, դուք նրան պարեցնում եք այնքան, մինչև որ մահվան դուռն եք հասցնում, այնպես չէ՞։ Հը՜մ, հը՛մ․․․ Իսկ չգիտե՞ք, այ աղջիկ, որ դա խայտառակություն է․․․ Հապա ոնց։ Այդպիսի չարաճճիությյունները ձեզ լավ բանի չեն հասցնի։ Ահա թե դրանք, այդ պարերը, ինչով են վերջանում»։

«Ա՛խ, բժիշկ, ― հեծկլտաց լուսավոր բիծը, ― թե իմանայիք, ոտքս ինչպե՜ս է ցավում»։

«Հասկանալի է, որ ցավում է, ― ասում եմ։ ― Երևի ջարդված է»։

Եվ ծունկի իջա հավերժահարսի առաջ, որպեսզի ոտքը կապեմ։

Կոլեգաներ, իմ օրում հարյուրավոր ու հարյուրավոր ջարդվածքներ եմ բուժել, բայց ջրահարս բուժել՝ դա մի փորձանք է, ուրիշ ոչինչ։ Ախր նրա մարմինն ու ոսկորները լուսնի լույսից են, ձեռքով բռնել հնարավոր չէ՝ այնքան որ քնքուշ են, քաշից զուրկ, ինչպես զեփյուռը կամ մշուշը։ Դե արի ու փորձիր ձգել, ուղղել ու կապել։ Ասում եմ ձեզ, ուղղակի դժոխային աշխատանք է։ Փորձեցի սարդոստայնով կապել, բայց ջրահարսը տնքաց․

«Վայ, կտրում է, ոնց որ մետաղալար»։

Ուզեցի ջարդված ոտքը ամրացնել խնձորենու ծաղկաթերթով, իսկ նա լաց եղավ։

«Ա՛խ, ա՛խ, քարի պես ճնշում է»։

Դե, նման դեպքում ի՞նչ կարող ես անել։ Եվ ահա ստիպված էի վերջիվերջո մաքրել ճպուռի թևերին եղած մետաքսյա փայլը և դրանից երկու վիրաթիթեղ պատրաստել։ Ապա լուսնի ճառագայթը բաժանեցի ծիածանի յոթ գույների և ամենաբարակ՝ կապույտ շողիկով այդ թիթեղիկները կապեցի ջրահարսի ջարդված ոտին։ Այնպիսի տաժանակիր աշխատանք էր, որ ես մինչև իսկ քրտնեցի, լուսնի լույսն ավելի տաք էր թվում, քան օգոստոսյան արևը։

Իսկ երբ, վերջապես, ամեն ինչ արված էր, ես նստեցի ջրահարսի մոտ ու ասացի․

«Ամեն ինչ կարգին է, օրիորդ, հիմա ձեզ հանգիստ է հարկավոր։ Չհամարձակվեք այս ոտքը շարժել, քանի դեռ չի կպել։ Բայց ահա թե ինչ․ լսեցեք, սիրելիս, ես զարմանում եմ ձեր և ձեր քույրերի վրա։ Ինչո՞ւ եք մինչև հիմա այստեղ մնացել։ Չէ՞ որ, հավանորեն, աշխարհի բոլոր ջրահարսերը վաղուց, շատ վաղուց ավելի լավ տեղ են գտել իրենց համար․․․»։

«Ո՞րտեղ», ― շշնջաց ջրահարսը։

«Որտե՞ղ, ― ասացի ես։ ― Հասկանալի է, կինոյոմ, այնտեղ ուր նկարներ են հանում, գիտե՞ք։ Նրանք խաղում են ու պարում կինոնկարներում, ահագին փողեր են ստանում, հետո ողջ աշխարհը հիանում է նրանցով։ Ախր դա սքանչելի գործ է, օրիորդ։ Վաղուց է, ինչ բոլոր ջրային ոգիները, ― և՛ կանայք, և՛ տղամարդիկ, ― այնտեղ են։ Եթե դուք տեսնեիք այդ ջրահարսերի հագուստներն ու զարդերը ― հրա՜շք ― այլևս երբեք այսպիսի հասարակ շոր չէիք հագնի, ինչպիսին որ հիմա հագել եք։

«Ի՜նչ եք ասում, ― զայրացավ ջրահարսը։ ― Ախր այս շորը գործված է լուսատիտիկների ճառագայթներից»։

«Ճիշտ է, ― ասացի ես, ― բայց վաղուց է, ինչ այսպիսի հագուստ չեն հագնում, տարազները հիմա բոլորովին ուրիշ տեսակ են»։

«Քղանցքատուտո՞վ», ― դողալով հարցրեց ջրահարսը։

«Չեմ երաշխավորում, ― պատասխանեցի ես, ― ես դրա մասնագետ չեմ։ Եվ արդեն իմ մեկնելու ժամն է, հիմա որտեղ որ է կլուսանա, իսկ որքան ինձ հայտնի է, դուք, ջրահարսերդ, հայտնվում եք միայն, քանի դեռ մութն է, այնպես չէ՞․․․ Դե, աստված ձեզ հետ, օրիորդ, իսկ կինոյի մասին մի մոռանաք»։

Ես այլևս այդ ջրահարսին չտեսա։ Հավանորեն, ջարդված ոտքի ոսկրը հաջողությամբ կպավ։ Բայց ինչ եք կարծում, այդ օրվանից ջրահարսերն ու վիլաները դադարեցին Ռատիբորժի հովտում երևալ։ Իսկ ո՞ւր գնացին նրանք։ Պարզ է, որ՝ կինո։ Ի դեպ, ինքներդ ուշադրություն դարձրեք․ կինոյում մեզ թվում է, թե էկրանին օրիորդներ ու տիկիններ են շարժվում, մինչդեռ չէ՞ որ նրանք ոչ մի մարմին չունեն, շոշափել չի կարելի՝ ամեն ինչ միայն ճառագայթներից է։ Այստեղից էլ պարզ երևում է, որ նրանք ոչինչ չեն, բայց եթե ջրահարսեր։ Եվ դրա համար է, որ կինոյում լույսը հանգցնում են, որպեսզի մութ լինի․ չէ՞ որ ջրահարսերն ու մյուս թափանցիկ արարածները սաստիկ վախենում են լույսից և երևում են միայն մթության մեջ։

Այստեղից երևում է նաև, որ ոչ ուրվականները, ոչ էլ մյուս հեքիաթային արարածները մեր օրերում չեն կարող ապրել, եթե իրենց համար մի այլ, ավելի խելացի զբաղմունք չգտնեն։ Դրա համար նրանք որքան ուզես հնարավորություն ունեն։


✴ ✴ ✴


Աստվա՜ծ իմ, տղերք, բոլոր այս պատմությունների պատճառով, քիչ մնաց, որ մենք մոռանայինք կախարդ Մագիաշին։ Իսկ նա ինքը չէր կարող ոչ ձայն հանել, ոչ ծպտուն՝ ախր մինչև հիմա էլ սալորը դեռ նրա կոկորդում է։ Նա կարող էր միայն սարսափից քրտնել, աչքերը պտտեցնել ու մտածել․ «Այս բժիշկները, վերջապես, ե՞րբ պիտի օգնեն ինձ»։

― Այսպես, պան Մագիաշ, ― ասաց վերջապես Կոստելցեի բժիշկը, ― հիմա մենք կանցնենք վիրահատության։ Բայց նախ պետք է ձեռքներս լվանանք, որովհետև վիրաբուժության մեջ գլխավորը մաքրությունն է։

Եվ չորս բժիշկներն էլ սկսեցին ձեռքները լվանալ՝ նախ տաք ջրով, հետո մաքուր սպիրտով, հետո բենզինով, հետո կարբոլկայով, ապա սպիտակ խալաթներ հագան, ― վա՛յ, տե՜ր իմ աստված, տղերք, հիմա կսկսվի վիրահատությունը։ Ով վախենում է նայել, ավելի լավ է թող աչքերը կկոցի։

― Վինցեկ, ― կարգադրեց Հորժիչեկի բժիշկը, ― բռնիր պացիենտի ձեռքերը, որպեսզի չշարժվի։

― Դուք պատրա՞ստ եք, պան Մագիաշ, ― հանդիսավոր կերպով հարցրեց Ուպիցեի բժիշկը։

Մագիաշը միայն գլխով արավ։ Նա սարսափից քիչ էր մնում լեղապատառ լիներ։

― Եվ այսպես սկսում ենք, ― ձայն տվեց Հրոնովի բժիշկը։ Մեկ․․․ երկու․․․ երեք․․․

Նույն րոպեին Կոստելցեի բժիշկը թափ առավ ու այնպիսի մի հարված հասցրեց կախարդ Մագիաշի մեջքին, որ՝

Մի դղրդյուն լսվեց, ասես ամպը որոտաց, և մարդիկ Նահոդայում, Ստարկոչում և նույնիսկ Ամիրժիցայում նայեցին երկնքին՝ արդյոք ամպրոպ չի՞ սկսվում։

Երկիրն այնպես ցնցվեց, որ Ավատանովիցում փլվեց լքված հանքահորի բովանցքը, իսկ Նահոդայում կոստյոլի զանգակատունը օրորվեց։

Ամբողջ շրջանում, ― մինչև Տրուտնով ու Պոլիցե, թերևս նույնիսկ ավելի հեռուն, ― բոլոր աղավնիները ահաբեկված թռան, բոլոր շները վախից ներս ընկան տները, իսկ կատուները վառարանների վրայից ներքև ցատկեցին։

Իսկ սալորը դուրս նետվեց Մագիաշի կոկորդից այնպիսի հսկայական ուժով ու արագությամբ, որ անցավ Պորհուրիցեից այն կողմ, և միայն Պրշոլոուչի մոտերքում ցած ընկավ, ըստ որում դաշտում սպանեց երկու եզների և երեք սաժեն, երկու արմունկաչափ, մեկ և կես ոտնաչափ, յոթ մատնաչափ ու չորս թզաչափ խորությամբ թաղվեց հողի մեջ։

Նոր էր սալորը դուրս պրծել Մագիաշի կոկորդից, որ նրա ետևից դուրս թռան նաև բառերը․

― ․․․ մելի՜ բացբերան։

Դա հենց այն խոսքի կեսն էր, որը դեմ էր առել, մնացել Մագիաշի կոկորդում, երբ նա պեպենոտ Վինցեկին ուզեց ասել․

«Ա՛խ դու, ողորմերլի բացբերան․․․»։

Ճիշտ է, խոսքերն արդեն այնքան էլ հեռու չթռան, այլ ընկան գետին անմիջապես Իոզեֆովկայից դենը և ջարդեցին ծերացած տանձի մի ծառ։

Հետո Մագիաշն ուղղեց բեղերը և ասաց․

― Խոնարհաբար շնորհակալ եմ ձեզանից։

― Չարժե, միահամուռ պատասխանեցին չորս բժիշկները։ ― Վիրահատությունը հաջող անցավ։

― Միայն թե, ― անմիջապես վրա բերեց Ուպիցեի բժիշկը, ― որպեսզի վերջնականապես ազատվեք այդ հիվանդությունից, ձեզ անհրաժեշտ է ևս մի երկու հարյուր տարի հանգստանալ։ Ես ձեզ ստիպողաբար հանձնարարում եմ կլիման ու միջավայրը փոխել, ինչպես արավ Հավլովիցկի ջրային ոգին։

― Համաձայն եմ պան կոլեգայիս հետ, ― ասաց Հրոնովի բժիշկը։ ― Լիակատար առողջացման համար ձեզ անհրաժեշտ են արև և օդ, ինչպես Սուլեյմանի դստերը։ Ուստի ես հույժ խորհուրդ կտայի ձեզ ապրել Սահարա անապատում։

― Ինչ վերաբերում է ինձ, ― ավելացրեց Կոստելցեի բժիշկը, ― ապա ես ևս նույն կարծիքի եմ։ Պան Մագիաշ, Սահարա անապատը օգտակար կլինի ձեզ հենց թեկուզ միայն նրանով, որ այնտեղ չի աճում ոչ մի սալորենի, որը կարողանար լուրջ կերպով սպառնալ ձեր առողջությանը։

― Միանում եմ իմ մեծարգո կոլեգաներին, ― եզրափակեց Հորժիչեկի բժիշկը։ ― Իսկ քանի որ դուք կախարդ եք, պան Մագիաշ, ապա կարող եք համենայն դեպս այդ անապատն էլ ուսումնասիրել ու մտածել այն մասին, թե ինչպես ոչնչից ջուր ստեղծել, որպեսզի այնտեղ ցորեն աճի և մարդիկ կարողանան ապրել ու աշխատել։ Ահա այդ իրոք որ շատ լավ հեքիաթ կլիներ։

Ի՞նչ էր մնում անել կախարդ Մագիաշին։

Նա քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեց չորս բժիշկներին, կապկպեց իր կախարդական ունեցվածքը և Հեյշովինայից տեղափոխվեց Սահարա անապատ։

Այդ օրվանից մեզանում չկա ոչ մի գրբաց, ոչ մի վհուկ, բայց կախարդ Մագիաշը մինչև հիմա էլ ողջ֊առողջ է ու միտք է անում, թե ինչպե՞ս անապատում դաշտեր ու անտառներ, քաղաքներ ու գյուղեր ստեղծի։ Տղաներ, ամենայն հավանականությամբ դուք կապրեք մինչև այն ժամանակը, երբ այդ բոլորը այնտեղ կլինի։