Բրուտի տղան

Գրապահարան-ից
Բրուտի տղան

հեղինակ՝ Ակսել Բակունց
աղբյուր՝ http://historyarmenia.org/

Քամին հալածում է մառախուղի թանձր քուլաները։ Նրանք խրտնած ոչխարի պես փախչում են ձորերով։ Մառախուղի փեշերից ցցվում են պղնձագույն ժայռերի կոնուսները։ Քարափոր տներից կապույտ ծովը ձգվում է գեպի վեր և լիզում խոնավ ժայռերը։ Լուսանում է, լեռան հետևից ելնում է արևը, մամուռից պոկվում են անձրևի կաթիլները և ջինջ արցունքի նման շողշողում։Տերրասաձև բարձրանում են ժայռերը՝ մեկը մյուսից խոժոռ և ահռելի։ Ահա մեկը՝ ռնգեղջյուրի մռութը հառել է մի ուրիշի, որ նման է վիթխարի գորտի։ Նրանց մոտ մի ժայռ՝ կարծես ծագող արևի դեմ խոնարհվել է հեթանոս քրմուհին։ Նրանցից բարձր՝ քարե արծիվը ճիգ է անում թևերը թափահարելու և չի կարողանում։

Այս մեր գյուղի, մեր Գյունեյ թաղի թիկունքն է, մի խավար լաբիրինթ, որի խոր ձորերում բարակ առուն վշշում է փրփրած հեղեղի նման, ուր ծտի ոտքի տակից գլորված ավազը խուլ արձագանքում է։

Ավելի խորը Դրնգանն է, լռակյաց, հիվանդոտ և աղքատ մարդկանց բնակավայրը, ուր ամառվա երկար արևը հազիվ մի ժամ ջերմացնում է։ Տարին բոլոր այդ ձորերում ստվեր է, խոնավություն։ Մարդիկ ապրում են քարանձավներում և բարձրանում են քարե սանդուղքներով։ Ուռենու մամռոտած փչակով ժայռից ջուր են բերել ու քարերի վրա բազմացրել ընկուզենի։ Հորդ անձրևին ավազախառն հեղեղը ահագին վշշոցով իջնում է ժայռերից, աղմկում, քամուց ընկուզենիները խշշում են, ձգում են արմատները և կռանում ձորի վրա։

Մեր Գյունեյ թաղն արևոտ է, գետի ափին։ Ճանապարհը ձգվում է գետի եզրով, անցնում կամուրջի հին կամարների վրայով և քարափի լանջով գնում դեպի քաղաքը։ Ջրաղացները սահմանն են։ Քարափի ափին նավթի պահեստն է, որի ստորոտով ջուրը շառաչելով իջնում է ջրաղացների վրա։

Արևը չորացնում է ժայռերի խոնավությունը։ Տաք ու փափուկ գոլորշի է բարձրանում աթարի դեզերից, բակերից ու բոստաններից։ Անա զիզին փեշերը շաղաթաթախ, քաղում է կանաչ պոմիդորը, գոգը լցնում։ Շեմքի առաջ չոր խսիրի վրա մեկնվել է կատուն, մռռում է, աչքերը կիսախուփ անելով։

Անա զիզին կուզեկուզ բարձրանում է քարի վրա և կանաչ պոմիդորները շարում պատուհանի փայտերին, որ ավելի շուտ կարմրեն…

Յոթ-ութ տարեկան երկու մանուկ բարձր ժայռի գլխից նայում են Գյունեյ թաղին, դողդողացող գոլորշուն, Անա զիզու բոստանին, աթարի դեզերին… Դիմացը, ընդարձակ տափարակի վրա, քաղաքն է։ Արևի տակ շողշողում են թիթեղյա կտուրները, կարծես տները ծածկված են ապակիով։ Ապակեշող տների մեջ ցոլանում է «ռուսաց ժամի» ոսկեզօծ գմբեթն ու խաչը։ Արևի ճառագայթները արտացոլում են այնպես փառահեղ, կարծես գմբեթն է արևը, որ հրդեհվում է տների և կանաչ պարտեզների մեջ։

Գետի ափին կանայք ցորեն են լվանում։ Նրանք կռացել են և ձեռքերը ջրի մեջ ետ ու առաջ են տանում։ Մի քանի կտուրների վրա դեղնին են տալիս դդումները, ամայի բակերում օրորվում է արևի տակ փռած գույնզգույն լվացքը։

Մանուկները միատեսակ են հագնված՝ երկուսն էլ տրեխավոր, չթե հասարակ շապիկ։ Նրանցից մեկի գոտին ծոպավոր է, կապույտ փնջերով։

Աջ ու ձախ խոր ձորեր են,.. Ահա Գայլաբունի ձորը՝ հատակը մութ ու խոր. վշշոց է գալիս ներքևից, ջո՞ւր է վազում, թե սառը քարանձավներում շաչում է քամին։ Քար են գցում և կռացած ականջ դնում։ Ապա լուռ իրար են նայում, նրանք չեն կարողանում որոշել՝ ջո՞ւրն է վշշում, թե՞ քամին։

Վայրի աղավնիների երամը փռռոցով անդունդից դուրս է թռչում և գլորվող քարի աղմուկից վախեցած, ճախրում արևի տակ, ապա նորից իջնում մութը։ Արևի տակ փայլփլում են նրանց ճերմակ թևերը։ Հետո ներքևից հարյուրավոր թևեր թափահարում են և հետզհետե սուզվում անդունդը։ Մանուկները լսում են լուռ և երբ այլևս ձայն չի գալիս ներքևից, կամաց հարցնում են.

— Ո՞ւր կորան…

Վեր են կենում մանուկները, հացի կապոցն առնում և բարձրանում դեպի բրուտի քարանձավները։ Մարդկանց ոտքերը և ձիերի սմբակները փորել են նեղ արահետ։ Որտեղ քարը փուխր է, փոս է ընկել։ Իսկ կարծր տեղերը պսպղում են կապույտ փայլով։ Այդ արահետի կապերն են՝ սանդուղքաձև, որոնց հասնելիս ձին գլուխը կռացնում է, հոտոտում և ապա զգուշությամբ ոտքը փոխում, ինչպես սառույցի վրա։

Եվ ինչ շատ են արահետները, որ կոշտացած ձեռքի երակների նման ցանց են կապել քարափների, ժայռերի ու քերծերի վրա, ճյուղավորվում են, բաժանվում իրարից, մեկը մի ձոր է իջնում, մյուսը բարձրանում մի քարափ, մի տեղ լայնանում, մյուս տեղը բարակում,— և դարձյալ խառնվում իրար։

Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով, վտակների ավազոտ հունով, կա գարնան ճանապարհ, կա այծի արահետ, որ բանուկ է, երբ կանաչում են քարափի ծերպերին բուսած թփերը։ Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են, դունչը մեկնում են ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։

Մանուկներր գնում են ծանոթ արահետով. մյուս կածանները նրանց անծանոթ են և երկյուղալի։ Ո՞վ գիտե ինչ մութ ձորեր են մտնում, ա՜յ, հենց այս մեկը, որ կեռմաններով իջնում է Հյումբաթի ձորը, այնտեղ, ուր ապրում է լիսեմնը, գանգուր մազերով այն կենդանին, որ գայլի նման չորեքթաթ է գնում, իսկ ծիծաղում է ինչպես մարդը։

Ջինջ ուրախություն է պատում ինձ, երբ գրում եմ այս տողերը ժայռերի մեջ կորած երկու մանուկների, գանգուր մազերով լիսեմնի և բրուտների քարանձավի մասին, որի կիսամթում բրուտը ոտքով պտտեցնում է փայտե «չարխ»-ի կլոր տախտակը և դեղին կավից կերտում գավաթ ու կուժ։

Ես և իմ ընկեր Անդոն հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար։ Գունավոր աղլուխի մեջ Անա զիզին փաթաթել է լավաշ, խորոված սիմինդր, սխտորած լոբի, մի քանի վարունգ և մի քիչ պանիր։

Բրուտի քարանձավը երկու մասից է՝ առաջինն ավելի ցածր, երկրորդը՝ բեմի չափ բարձր։ Առաջին մասում «չարխը»–ն է, ջրի կուժը և կավե ցեխը, երկրորդ մասում բերնի վրա շարված են դեռ չթրծած կժեր, կուլաներ, գավաթներ և դորակներ։ Քարանձավը դուռ չունի։ Տուն գնալուց բրուտ Ավագը մի քանի քար է դարսում իրար վրա, վերևն էլ դնում ցաքի փուշ, որպեսզի, ինչպես ինքն է ասում, «քամին խաղա» և չորացնի ամանները։

— Ա՜յ արևնիդ կծեմ, եկա՜ք,— կանչում է բրուտ Ավագը քարանձավի ներսից։ Իսկ մենք հևիհև ներս ենք մտնում։ Էլ սարսափելի չեն ժայռերը, երբ հնչում է այդ թավ, կրծքային ձայնը։

— Ա՜յ ձեզ մատաղ, էս կողմը նստեք, էղտեղ փոս է…

Դրսի արևից հետո մեր աչքերը դժվար են տեսնում քարանձավի ներսը։ Իսկ բրուտը կարծես ուրախացած մեր ներկայությունից, ավելի արագ է շարժում ձեռքերը։ Նրա ոսկրոտ մատների արանքից լպրծուն կավը հոսում է անընդմեջ, ապա մատները գրկում են կավե սյունը։ Դառնում է չարխը, ձգվում է կավե սյունը, բարակում, ապա նստում է նրա բռունցքի տակ։ Այս անգամ ձեռքը թաթախում է կավաջրի մեջ և կոխում կավե գնդի մեջ։ Անորոշ է ձևը, բայց ձեռքերը այդ հարափոփոխ զանգվածին կերպարանք են տալիս։

— Էս ա հա՜,— և ճղփում է կավը, կարծես ճահճուտում բադ է կռնչում: Թռչում են ցեխաջրի շիթերը։— Էս կուժն էլ պրծնեմ,— և տնքում է բրուտը, ամբողջ ուժով սեղմում կժի ներսը,— վեր եմ կենալու։

Արդեն չարխի վրա ֆռում է կժի նման մի բան։ Ոսկրոտ մատները սեղմում են վիզը և հլու կավը ձգվում է, բարակում է կժի վիզը։ Մնաց ունկը շինի և ոսկրով նախշի կողերը։

— Հե՜հե՜հե՜յ, Եգոր հե՜յ,— դմբդմբալով, պատեպատ գնում է նրա կանչի արձագանքը։ Բոլոր կժերը, դորակները գվգվում են։ Եգորը նրա հարևան բրուտն է. ապա լսվում է պատասխանը. Կարծես արձագանքը ետ է գալիս «հո՜ւ հո՜ւ…»։

— Անդո՛, վազի ասա գա, հաց ուտենք…

Ես մնում եմ մենակ։ Տեսնում եմ ինչպես է հագցնում ունկը, քարանձավի ճեղքից հանում է հին ոսկորներր, որոնցով նրա պապերը դորակների և կժերի վրա գծել են նույն նախշերը։ Բրուտը ոսկորի ծայրը սրբում է թևով և գծում ո՜վ գիտի որպիսի քարանձավաբնակ մարդու խազ։

Իսկ չարխը շարունակ դառնում է։ Բրուտի աջ ոտքը իջնում է փոսը, բարձրանում, մարմինն օրորվում է։ Ապա հանկարծ չրխկում է մի բան, չարխը դանդաղում է, ձեռքերը պոկում են կուժը և բարձր պահում։ Այդ բոլորը տևում է մի ակնթարթ։

— Բարի վայելում,— նույն ակնթարթում ասում է բրուտ Ավագը և քարից բռնելով դուրս գալիս փոսից։

Գինի՞ պիտի խմեն այդ կժից, թե՞ աղջիկը հարսանիքի ջուրը պիտի տանի և ո՞վ է այն հարսը, որ մեջքը օրորելով այդ կուժը պիտի կրի. բոլորին, այդ անհայտ հարսներին և աղջիկներին է ասում բրուտ Ավագը պապերից լսած խոսքը։

— Հո՜ հո՜ հո՜,— հռհռում է Եգորը, փակելով մուտքը։ Նա հանկարծակի է հայտնվում, և հռնդոցը սարսուռ է մաղում ինձ վրա։

Արև ենք դուրս գալիս։ Չոր ցեխից տախտակ դարձած գոգնոցը թխթխկացնելով, մեր հետևից լոք-լոք է անում Եգորը, կաղ ոտը քարշ տալով։

— Հը, բաջօղլի, Գյունեյ թաղը ո՞նց ա… Մեռնողն ա շա՞տ, թե ապրո՞ղը։

Ես աչքերս բարձրացնում եմ նրա կողմը և չեմ պատասխանում։ Նա նորից է հռնդում՝ «հո՜ հո՜ հո՜», բայց արևի տակ սարսափելի չէ նրա ծիծաղը։ Խղճահարություն է իջնում ինձ վրա, երբ տեսնում եմ նրա գզգզված մազերը և ցեխի շիթը այտի վրա։ Նա ինձ թվում է բարի մարդ, ինչպես բրուտ Ավագը, և ես մտածում եմ, թե ինչո՞ւ նա գյուղում չի երևում, ինչո՞ւ նրան անվանում են «շաշ»։

— Անդո, աշխարհում խելո՞քն է շատ, թե՞ սարսաղը…

— Սարսաղը։— Իսկ բրուտը բաց է անում Անա զիզու պաշարը։

— Ա՜յ մալադե՛ց,— բղավում է նա։— Պահ, պահ, խիա՜ր, կանաչ խիա՜ր,— և առողջ ատամներով կիսում է վարունգը։

… Այժմ էլ, երբ գրում եմ մեր հին Գյունեյ թաղի մասին, օրերի մշուշից մոտենում է ինձ չոլախ Եգորը, ելնում է, ինչպես մեր ժայռերը՝ սպիտակ մառախուղի միջից։ Ես տեսնում եմ նրա ցեխոտ մեջքը, խոնավությունից փտած շապիկը և կավի նման մաշկը, որ դեղնել էր քարանձավի խոնավությունից։ Եվ նորից հռնդում է անասնական խրխինջով, ցցվում են մազերը, ինչպես տատասկի թուփը։

Պրոմեթեո՞ս էր նա, բանտարկված բրուտի քարանձավներում, թե՞ մի խեղճ սատիր…

Ահա մեր գետը, մեր զուլալ գետը։ Կարող ես ջրի տակ խիճերը մեկ-մեկ համրել։ Հորթերը վախվխելով, պոչները վեր պահած, մտնում են ծանծաղուտը, ջուր խմում, սարսռալով ետ գալիս։ Սառն է ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ սառույցի հաստ շերտեր։

Իսկ երբ վարարո՜ւմ է… Կոճղեր է բերանն առնում, գազազած բաշը մեկ այս ափին տալիս, մեկ այն, նոր հուն ճեղքում՝ ավերելով բոստան ու մարգագետին։ Հին կամուրջի գերանները դողում են շյուղի նման, գետը ծանր քարեր է շպրտում կամարի հիմքերին, ասես զայրանում է, որ կամուրջն իր հոսանքը բաժանում է ճյուղերի։

Գարնան մթնկա գիշերներին ջրի վշշոցը ահարկու սարսափ է տարածում գետափի տներում, Դրնգանի ձորերում: Ջաղացները լռում են, ջաղացպանը վառած լապտերը ձեռքին գիշերը մոտենում է գետին՝ տեսնի չի բարակել։

Գյուղից ներքև, մի բարձր ժայռի մոտ, գետն արմունկ է կազմում ու կորչում ժայռերից պոկված հսկա քարերի արանքում։ Ամեն տարի հեղեղն այդ քարերի վրա կիտում է ջարդված ծառեր, կոճղեր, թփեր, թռչունների քանդված բներ։ Գետը հասնում է քարե այդ մաղին թե չէ, կորչում է, ջրերը շառաչով ներքև են թափվում և կատաղած դուրս գալիս Նեղը։

Նեղը, Լաստի խութի կարանը… Բնական այդ մեծ քարայրում, որից սև ջուր է դուրս հոսում, իբրև թե ապրում է օձերի թագավորը, գոհարապատ թագը գլխին։ Անա զիզին ձեռքերը ծնկներին է խփում և աղաչում, որ Նեղում չլողանանք, ոչ էլ կարանի մոտ, այլ բաց տեղերը, ուր գետը փռվում է և հանդարտ հոսում ավազուտի վրայով։

— Հա , զիզի, հա … Մոտիկ տեղ ենք գնում:

Եվ Անդոն, ծաղկատար երեսով իմ ընկերը, նայում է ինձ, շարժում հաստ ու կարմիր շրթունքները, ձեռքով նշան անում դեպի ներքև, դեպի գետի արմունկը, փրփուր ջրվեժների մոտ։

Կուրծքը սպիտակ ջրածտերը թռչում են քարից քար, պոչը երերում, ծվծվում ու գնդակի պես իրենց նետում ջրի երեսին պտույտ անող մժեղների երամը։ Մեզ հաճելի է դիտել, թե ինչպես նրանք թռչում են փրփուրի վրայով, կորչում ջրվեժի փոշու մեջ, նստում ցից քարերի ծայրին և անվախ ծվծվում, այնինչ շուրջը գետը կատաղությամբ կրծում է քարերը։

— Անդո, ա՜յ էն մեկին կարա՞ս խփես։

Անդոն կուզեկուզ մոտենում է, քարը բռան մեզ։ Քարի հետ ջրածիտը թռչում է և կորչում փրփուրի մեջ։

— Թե իմացա՞ր նրանք որտեղ են քնում…

— Նրանք չեն քնում։

Իսկ Անդոն օրորում է գլուխը։

— Նրանք ջրի վրա ճոճ են շինում, մեջը քնում… Թե զիզին թողար մթնով գայի, բոլորին կբռնեի…

— Բա լիսե՞մնը։

— Լիսեմնը էստեղ չի գա։ Նրա տեղը վերի ձորն է։

Ժայռերի ստվերոտ կողերը պատած են մամուռով։ Ջրի ցնցուղները թռչում են վերև, հասնում նրանց։ Ու երբ ժայռի տակով անցնում ենք, մամուռի ջուրն արճճի ծանրությամբ կաթում է մեր բաց գլխին։

— էն ի՞նչ էր ֆշշաց…

— Սո՜ւս, օձ կլինի… էստեղ օձի բներ են։ Որտեղ քեղ կա, էնտեղ էլ օձը։

Ու սարսափով, վախից զգույշ կոխելով, ցատկում ենք քարից քար, ընկնում գետափի բանուկ ճանապարհը։

— Անդո՛ քեղն ո՞վ է տնկում։

— Օձը,— լրջությամբ և մեծի շեշտով պատասխանում է ընկերս։ Եվ համոզում, որ օձը հողի մեջ թաղում է քեղի սերմը, ինչպես զիզին՝ կոտեմը, ու հետո ծլում և մեծանում է լայնեզր, ճեղքված տերևներով քեղը, որի տերևի կպած տեղը մրմռում է, այդ համոզումն արմատանում է իմ մեջ։

— Անդո, էդ քեզ ո՞վ է ասել։

— Չոլախ Եգորը։

— Բա նրան ո՞վ է ասել։

— Ո՜վ պիտի ասի։ Իրա գլխից է դուրս բերել։

Ու Նեղը չհասած, շորերս հանում ենք, կռնատակին դրած վազում։ Արդեն փրփուրների միջից մեզ են կանչում արևից խանձված մանուկները։

Անդոն քարից գցում է իրեն, օդի մեջ պտույտ անում և թաղվում փրփուրի ամենախոր տեղը։ Ապա գորտի նման դուրս է թռչում, պառկում տաքացած քարերի վրա։

— Անդո՛, կովը քեղ կուտի։

— Չէ, կսատկի։

— Գոմե՞շը։

— Չէ՛։

— Ձի՞ն։

— Չէ՛… Մենակ ուղտը կուտի։

— Բա նա չի ստակո՞ւմ։

— Չէ՛, ուղտը ոչ օձից կվախի, ոչ քեղից։ Նրա թուքը լեղի է, օձի կծածի նման կվառի։

— Ո՞վ ասեց է՛դ։

— Ուղտապանը,— և մեջքի վրա ընկնում է ջուրը։

Իսկ ես նայում եմ ամառվա հստակ երկնքին։ Մի ծուռ վիզ ամպ լողում է, կարծես տափարակում արածում է և տկլոր ուղտը։ Նայում եմ ամպին և մտածում, թե Անդոն ե՞րբ է հարցրել ուղտապանից։ Երևի նավթ առնելուց, պահեստի առաջ հաճախ չոքում են ուղտերը, որոնք տիկերով նավթ են բերում։

Մեր լողալու չափը կապտելն էր։ Խշրտոցով իրար էին կպչում մեր ատամները, և ինչքան էլ սեղմում էինք ծնոտներս, չէր հաջողվում ատամների կտկտոցին վերջ տալ։ Արևը թեքվում էր, ստվեր էր ընկնում գետի վրա ու սկսվում էր բարակ քամին։

— Է հերի՜ք… Դուրս ե՛կ։

Վերադառնում ենք այգիների ճանապարհով։ Քար ենք գցում այս թթենուն, այն ընկուզենուն, ցանկապատի վրա կախ ընկած մոշն ենք ուտում, ամեն աղբյուրից ջուր խմում, մինչև հասնենք կամուրջի գլուխը։

— Անդո, Անա զիզին հրեն դռանը։

— Դու առաջ անցի։ Որ հարցնի, ասա Մեծ ապոր բաղում թութ էինք ուտում։

Իսկ Անա զիզին երեկոյան դեմ մեր բակն էր գալիս ու մորս հանդիմանում.

— Ո՞ւր է էն փուչը… Ձեռս ընկնի, ականջը հլորեմ։ Հալավը քար ու քոլի են գցել, ճղոտել։

— Մեր անիրավն էլ գոտին է կորցրել,– պատասխանում է մայրս։

Երկուսով անիծում էին մեզ, պատմում մեր չարաճճի արարքները, թե առավոտից մինչև իրիկուն անհաց կորչում ենք այգիներում, «վաթսուն անգամ մտնում ջուրը դուրս գալիս», և կապտած վերադառնում։ Նրանք գանգատվում էին մեզանից, իսկ Անդոն գլուխը պատից վեր էր հանում և աչքով անում։

— Աղջի, ծեծած աղ չունե՞ս, մի բուռ տաս,— վերջացնում էր Անա զիզին։

Նրանք տուն էին մտնում, իսկ մենք ծլկվում էինք դեպի ձիթհանքը, մեր խաղերի իրիկվա տեղը։

Նստել եմ ծիրանի ծառի տակ, տաքանում եմ ինչպես քարը, ձյունից մրսած գետինը, ծառերը, որ դեռ մերկ են և արդեն թխանում են արևի ջերմությունից։

Մերկ ծառերի արանքից երևում է քաղաքը, գունավոր տները։ Ծխի ու փոշու կապտագույն շղարշ է փռված քաղաքի վրա։ Ավելի հստակ են երևում մոտակա կավե տները, այգիների մեջ ընկած ամայի հնձանները։

Քամին խշշացնում է չոր տերևները, որոնք թռչում են քարերի վրայով, իրար հրում, փաթաթվում ոտքերիս և քչփչում, ինչպես առվակը. գարո՜ւն է, գարո՜ւն է…

Քաղաքի կողմից քամին ձայներ է բերում։ Լսելի է, թե ինչպես մեխում են տախտակը։ Թա՛խկ, թա՛խկ, հնչում է թիթեղագործի փայտե մուրճի խուլ ձայնը։ Մի շուն կաղկանձում է։ Բլուրի վրայից ես տեսնում եմ կաղկանձող շանը, որ ոտը քարշ տալով դուրս է թռչում մի փոքրիկ հյուղակից։ Նրա հետևից դուրս է գալիս մի կին, որ ինչ-որ բան է շպրտում շան կողմը։ Մի՞թե այդ հողաթումբը տնակ է և մարդիկ են ապրում այնտեղ։ Նույնիսկ դուռ ունի, որովհետև կինը դուռը վրա է դնում և մի բան շալակած իջնում գետի կողմը։ Այնտեղ երկու կին լվացք են փռում քարերի վրա։ Նրանցից մեկը կռանում է, լվացքը լողլողում գետի մեջ, մյուսը քամու առաջ փռփռացնում է կապույտ, կարմիր լաթերը, և ապա մեկնում։ Առաջին կինը մոտենում է նրան, նա ձեռքերով ինչ-որ բան է ասում նրան։ Երևի անիծում է շանը։ Եթե այդ կինը բլրի վրա լիներ, կտեսներ, որ շունը վերադարձել է, պառկել փակ դռան առաջ, իբրև հավատարիմ պահակ և լիզում իր ցաված ոտքը։

Սև ժապավենի նման սողում է գնացքը։ Ծուխը բարդ-բարդ ետ է գնում ու նստում դաշտերի վրա։ Շոգեմեքենան սուլում է. քամին բերում է նրա խուլ փնչոցը։ Երևի հիմա ուղևորները վագոնների պատուհաններին են սեղմել իրենց ճակատը և սպասում են, թե երբ կերևան կայարանի շենքերը։ Երևի կա մի աղջիկ, որի համար ամենից դժվարը այդ րոպեներն են։ Նա էլ ունի մի խրճիթ, որ դուռը փակել ու հեռացել է։ Պերրոնի վրա կդիմավորի նրան մեկը, և աղջիկը սրտի դողով կբացի սիրո դռնակը։

Քամին խշշացնում է տերևները։ Չքանում է գնացքը… Փակում եմ աչքերս, և տերևների խշշոցը հիշեցնում է ինձ լուռ ընթերցանության ժամը դասարանում։

Դասարանում… Ծիրանի ծառը ստվեր է գցել տետրակիս վրա։ Արևի շողը փայլփլում է մատիտի ծայրին և արտացոլում եղունգիս վրա։ Մեկը բոթում է թևս.

— Մեծատառ Ժ-ն ո՞նց է։

— Է՜…

— Մի շվի կտամ։

— Այ, տե՛ս,— և ցույց եմ տալիս։

— Վերջին նստարա՛ն, լռությո՛ւն,— սաստում է ամբիոնին կռթնած ուսուցիչը։ Ճռռում են նրա կոշիկները։ Մենք թեպետ վայելչագրության տետրակի վրա գլխահակ ենք, բայց գիտենք, որ նա դեպի մեզ է գալիս։

Շատ է խանգարում ծիրանի ծառը, որ բուսել է մեր դասարանի միակ պատուհանի առաջ։ Երբ փչում է քամին, աղմկում է ծառը, ճղներով թրխկացնում պատուհանը։ Նրա ստվերն ու արևի դեղին բծերը թրթռում են իմ տետրակի վրա, օրորվում, ինչպես ջրածտի ճոճքը։

— Վազիր, զանգը տուր,— և օրապահը թռնում է տեղից։

Սկսվում է ամենից զվարթ և աղմկալի երկու րոպեն, մինչև զանգը հնչի և վազենք բակը։ Բոթում ենք իրար, կսմթում, մի խոսքով ելք է ստանում հոգնությունից և ակամա լռությունից զսպված մեր մանկական զվարթությունը։

Այս չոր ծիրանի տակ նստած, գարնան այս պայծառ օրը, երբ ուրախ արևը մեղմել է քարերի մռայլությունը, ես գրում եմ իմ մանկության, ծիրանի ծառի և իմ ընկեր Անդոյի մասին, և ինչպես դեղնած տերևները խշշալով փարվում են ոտքերիս և քչքչում, այնպես էլ երկու բարակ ձեռքեր ձգվում են դեպի ինձ և խնդրում.

— Ինձ էլ գրի՛ր։

Նուշիկն է։ Վիզը բարակ, դեղնած աղջիկը։ Նրա սև աչքերը խոշոր են ու տխուր։ Նա հաճախ է լաց լինում։ Հայր չունի, իսկ մայրը ուրիշների դռանը լվացք է անում։ Երբ ցրտում է, կամ խոնավ է գետինը, Նուշիկը ներս է մտնում, մրսած մատները գոգնոցի տակ։ Երբեմն նախաճաշ չի բերում, իսկ երբ բերում է՝ հաց է և խորոված կարտոֆիլ։

Նուշիկը մեզ հետ է լինում։ Մնացած աղջիկները վախենում են Անդոյից և նրան ձեռք չեն տալիս։ Մի անգամ Մաշոն (նրա հայրը նստում էր նավթի պահեստի առաջ և երբ հաճախորդ չէր լինում, նարդի էր խաղում «ռուսների» հետ),— Մաշոն մի անգամ դասարանում Նուշիկին ասաց, որ նրա մայրը լվացքից մի կտոր գողացել է։ Նուշիկն արտասվեց.

— Մամաս գող չի։

Ուսուցիչը ներս մտավ։ Դասն սկսվեց։ Իսկ Նուշիկի նիհար ուսերը ցնցվում էին։ Կուչ էր գալիս, կարծես մրսում էր։

— Մաշո՛,— ասաց դասամիջոցին Անդոն,— տեսնո՞ւմ ես էս դանակը։

Մաշոն տեսավ դանակը և արտասվելով վազեց ուսուցչի մոտ։

— Դու քեզ լավ չես պահում, Անդոն… Փողոցային երեխայի նման ես։

Ուսուցիչը խլեց դանակը, իսկ մյուս օրը Անա զիզի՛ն եկավ մեր տունը։

— Աղջի, մեր ղմալթին ձեր տանը չի՞…

«Ղմալթին»,— կեսը ժանգոտ դանակ էր, կոթը ոսկոր։ Անա զիզին նրանով էր քաղհանում կոտեմի մարգը։

Անդոն Մաշոյին ցույց տվեց «ղմալթու» ծայրը և վախեցրեց։

— Թե վարժապետին ասել ե՜ս…

Եվ Մաշոն վարժապետին չասաց։ Անա զիզին գարնանը ղմալթին փոխարինեց սուր ոսկրով։

Երեկո է, սարերի սպիտակ գագաթներից կապույտ ցոլք է բարձրանում։ Պարզ երևում է լեռնաշղթայի թելը։

— Հորիզոն կոչվում է երկնքի և երկրի միացման գիծը…

Կրկնում եմ մտքիս մեջ այն, ինչ շատ տարիներ առաջ բարձրաձայն պատասխանում էի աշխարհագրության դասին։

— Դու ասա, Անդոն…

Անդոն կրկնում է։

— Նստի՛ր։

Ներս է մտնում ավագ ուսուցիչը։ Ոտքի ենք կանգնում։ Մինչև շաբաթվա վերջը թոշակ չբերողը կհեռացվի դասարանից։ Ավագ ուսուցիչը գլուխը բարձրացնում է, նայում լուռ դասարանին։ Ապա նա հեռանում է։ Կապույտ գլոբուսը պտտվում է աշխարհագրության դասատվի ձեռքին, և մենք խմբով կրկնում ենք,

— Երկրագունդը կլոր է՛…

Նուշիկն ուշանում է և «է»-ն ասում է առանձին՝ դողացող ձայնով։ Աղջիկները ծիծաղում են, Նուշիկը գլուխը խոնարհում է, իսկ վարժապետը քանոնը բարձրացնում է, քանոնի հետ բացվում են մեր բերանները, և մենք նորից ենք կրկնում, որ երկրագունդը կլոր է։

Երեկոն կապույտ է։ Ծուխը ծալվեծալ փաթաթվում է ժայռին, ինչպես վայրի խաղողի որթը։ Ծխում է Դրնգանը, կրակները շարժվում են։ Այնտեղ մարդիկ իջնում են գետափի գոմերը։ Մի կով աղիողորմ բառաչում է… Գյուղը գիտե, որ բառաչողը Նարգիզն է, որի հորթը քարով է ընկել։ Կովը լիզում է հորթի խոտով լցրած մորթին և չի զգում անասնական ջերմություն։

— Անդո՛, բա թոշա՞կը։

— Թող նանը վերջացնի։

Անա զիզին կթում է բառաչող նարգիզին, խոսում է նրա հետ, աղաչում, և կովը հանդարտում է, կարծես հասկանում է նրա լեզուն։

— Նանի՛։

— Հե՜յ:

— Բա թոշակն ուզում են։ Վարժապետն ասել է…

— Նանին քեզ մատաղ։ Նարգիզն էլ ցամաքել է, որ կաթը ծախենք։ Սպասի, հրես հերդ կժերը կտանի Գետերը։

Աշնանը բրուտները կուժ ու կարաս են տանում Գետերը և բերում են բրինձ, բուրդ, ցորեն։ Գետերը հեռու է։ Չոլախ Եգորը պատմել է, որ այնտեղ բուսնում է բամբակ, որ բրնձի արտերում թևավոր օձեր կան, քարերի տակ՝ սև կարիճներ։

Երեկո է… Քաղաքի փողոցները լույս են։ Խանութներում շողշողում են պղնձե սամովարներ, հայելիներ, ափսեներ։ Անդոն հոգնել է։ Ձեռքին թաշկինակն է, մեջը թարմ ձվեր։ Վերջացել է վայելչագրության տետրը։ Իսկ ձվերը չեն առնում։

Հոգնած գնում է բարձր տների առաջով։ Մեծ, լուսավոր պատուհաններ են։ Նրանք էլ են շողշողում ինչպես խանութները։ Այնտեղ ապրում են «ռուսներ», Մաշոն, խանութի տերերը։ Այս մեկը Ներսես բեյի տունն է, իսկ նրա կողքին ապրում է պրիստավը։ Նա շատ շներ ունի, բարակ, նիհար շներ, որոնք ամբողջ օրը քնում են և թռչկոտում են, երբ պրիստավը գնում է որսի։

— Այ տղա, ի՞նչ ես ծախում,— կանչում է մի ծանոթ ձայն։

Մաշոն է։ Աղջիկն իջնում է վերևից։ Դարբասի դուռը բացվում է։

— Էս իմ տյոտյայի տունն է:

— Քանի՞ ես տալիս ձվերը,— հարցնում է կինը։ Անդոն կարմրել է։ Նա չի ուզում, որ Մաշոն իմանա, թե ինքը ձու է ծախում։ Անդոն չի ուզում, որ դասարանը խոսի։ Իսկ ուսուցիչը պահանջում է վայելչագրության տետրը։

— Ձվերը ծախու չեն,— կտրուկ ասում է Անդոն և գլուխը բարձր պահած գնում է դեպի կամուրջը, դեպի մեր թաղը։

— Ես ուսումնարան չեմ գնում,— ասում է նա առավոտյան։ Բայց Անա զիզին թախանձում է, և նա գալիս է ինձ հետ։

— Անդո, նանին քեզ մատաղ, հրես հերդ կժերը կտանի…

Հայոց «ժամը»։

Սպիտակ կամարներ և նկարներ՝ ոսկեզօծ շրջանակների մեջ։

Նուշիկի մայրը լալիս է… Մի քանի կանայք հեկեկում են, ինչպես կհեկեկան ուրիշի դագաղի վրա։

Մեր դասարանը երգում է տխուր երգեր, երկա՜ր, երկա՜ր…

Նուշիկի համար ենք երգում։ Աղջիկը ձեռքերը խաչել է, ինչպես թևերը ծալում է սառած թռչունը։ Գլուխը մի քիչ թեքել է և հանգիստ քնել։ Երեսը առաջվա դեղինն է, բայց գլխավերևը կարմիր ծաղիկներ են և սպիտակ մոմեր։ Ծաղիկների կարմիրը խաղում է նրա դեմքին, երբ թրթռում են մոմի կրակները։

Նուշիկի դագաղը հասարակ տախտակ է։ Վարպետը լավ չի ռանդել— մեխը երևում է։

— Ոտքը կծակի,— մտածում եմ ես և տխուր երգում Նուշիկի համար։

Անդոն չկա, նա չի եկել։

— Ես չեմ երգի… Չեմ ուզում։

— Դու քեզ անկարգ ես պահում,— բարկացավ ուսուցիչր։ Իսկ Անդոն լուռ հավաքեց գրքերը։ Դասարանն սպասում էր։ Ուսուցիչը նորից պահանջեց, որ նա էլ միանա խմբին, որովհետև Անդոյի ձայնը զիլ է և քաղցր։

— Չե՛մ գա,— համառեց Անդոն։

Ուսուցիչը դասացուցակը ամբիոնին խփեց և գնաց ուսուցչանոց։ Որտեղ որ է կգա ավագ ուսուցիչը։

— Անդո՛…

— Ասացի չեմ գնա։

Մտնում է «ավագը»։ Նա նրան անվանեց կամակոր, համառ, պահանջեց, որ խմբին միանա։

— Դո՛ւրս կորիր այստեղից,— գոռաց «ավագը»։ Աղջիկներից մի քանիսը գունատվեցին։ Անդոն վերցրեց գրքերը և գլուխը բարձր բռնած անցավ նստարանների արանքով։

— Անպատկա՛ ռ,— շպրտեց նրա հետևից «ավագը»։ Անդոն դասարանի դուռը պինդ փակեց։

… Մենք ուղեկցում ենք դագաղը։ Փոքրիկ փոս է։ Կարծես ծառ պիտի տնկեն։ Դագաղն իջեցնում են։ Հեռանում ենք. մնում են մայրը և հարևան կանայք։

Գերեզմանատանը շատ մանուշակներ են բուսել։ Մենք մոռանում ենք Նուշիկին և փնջեր ենք կապում։ Իբրև փոքրիկ գազան՝ պատի վրայից ներքև է թռչում Անդոն։ Աղջիկները նրանից փախչում են։

— Ես ուսումնարան էլ չեմ գնա՜,— տխուր կրկնում է իմ ընկերը։

Քաղաքից խճուղին դուրս է գալիս, սլաքի նման ձգվում, կամուրջի մոտ կեռ տալիս, ապա ոլորմոլոր բարձրանում բարձր սարը։ Ու գնում է, գնում է խճուղին, ինչպես գետը, բազմաթիվ լեռնային արահետներ խառնվում են նրան, և ինչքան գնում է, այնքան շատ է ծեծված, այնքան հին է ճանապարհը, և բազմաթիվ բանակներ, ժողովուրդներ տրորել են ճանապարհը, անցել՝ մեկը հյուսիս, մյուսը՝ հարավ։

— Բռնի էս ճանապարհը, գնա՜, գնա՜ ու չի վերջանա։ Աշխարհը մեծ է, աշխարհը ծայր չունի։

Բրուտ Ավագը ինձ հողե փարչ է տվել և հողի մարդու օրհնություն։

— Ծարավես՝ կխմես։ Կուռդ դալար մնա…

Գիշերն անձրև է եկել, խոնավ է գետինը։ Կառքը աղմուկ չի հանում։

Ընկղմվում է Դրնգանը, քարերը ծածկում են մեր արևոտ թաղը, միայն գետափի տներն են երևում և ընկուզենիները։ Եվ ինչքան բարձրանում ենք, այնքան խոյանում է Ցից քարը։ Նրա տակն են բրուտների քարանձավները։

Երեկոյան հորթերը եկան, նրանց հետ հորթարած Անդոն։

— Գնո՞ւմ ես։

— Հա՛։

— Գնա:

Տխուր է Անդոն։ Հոգնել է, բայց չի գնում տուն։

— Էգուց հորթերն էն կուռը կտանեմ…

Կառքը բարձրանում է։ Սարի վրա ամպ է նստում։ Մեր թաղը չի երևում։ Շուտով այս ամպը կիջնի սարի վրայով և կփռվի մեր ձորերի վրա։

Մեկն ամպի միջից վազում է, ձեռքով անում, կանչում է։ Զարմացած կառապանը քաշում է ձիերի սանձը։ Կառքը կանգնում է։

— Անդո,— և դուրս եմ թռչում կառքից։

Գյուղի երեխաները երբ հրաժեշտ են տալիս, ոչ համբուրում են իրար, ոչ ձեռք են սեղմում։ Նրանք նայում են իրար, ինչպես մունջ մարդիկ։ Հեռացողը հեռանում է, ով մնում է տեղը, նայում է նրա հետևից մինչև սարի հետևն անցնի կամ իջնի ձորը։

Կառապանը մեզ բաժանեց։

— Ճանապարհին կուտես,— և Անդոն իր տոպրակից հանում է բոված սիմինդր, որ ամեն առավոտ պատրաստում է Անա զիզին։

— Ունեմ, քեզ պահի…

— Չէ՛, իմս առ,— և գլորվում են անիվները։

Ամպը կախվում է, Անդոն ու մեր հորթերը կորչում են ամպի մեջ։ Ձորը լցվում է կաթնագույն ամպերով։ Թաց գետինը խլացնում է վազող ձիերի դոփյունը։ Իսկ կառքը գնում է. լսվում է զանգակների ծլնգոցը, կարծես աղջիկները մանր ծափ են տալիս։

Հոգնածությունը նինջ է բերում։ Գլուխս հենում եմ մեկի տաք թևին։ Քնում եմ, ինչպես ծիծեռնակի ձագը՝ մոր թևի տակ։ Երազում կառքը ամպերի վրայով է թռչում, դեպի խոր երկինքը։

Ահա աստղերը… Նրանք մեծանում են, նրանք շարժվում են։ Նրանք աստղեր չեն, այլ դեղին ու սպիտակ գառնուկներ, որոնք ձիերից խրտնած փախչում են և զրնգում են նրանց պղնձյա զանգակները։

Աչքերս բաց եմ անում։ Մթնում է, ուրիշ սարեր են։ Մեր եկած տեղը ամպ է։ Երևի անձրև է մաղում մեր արևոտ թաղի վրա։

Քաղաքը տափարակի վրա է։

Դեպի արևելք, ուր մինչև հիմա էլ մնում են անհայտ շենքի ավերակները, տափարակը հանկարծ կտրվում է, կախվում խոր ձորի վրա, որի անդնդում մռայլ խոխոջում է մեր գյուղի գետը։

Տափարակը վերջանում է քարափի գլխին։ Ուղղաձիգ ժայռերի լանջով ընկնում է սպիտակ արահետը, որ տաք անձրևից հետո շողշողում է կրաքարի փայլով։

Միայն մարդիկ են անցնում այդ ճանապարհով։ Ոչ ոք չի կարող շալակին բեռ տանել այդտեղով։ Նեղ է, դժվարին կապեր, օձապտույտ կեռմաններ։ Իսկ ներքևը ձորի երկու ափին, այգիներ են՝ քարերի վրա, քարակույտերի մեջ։ Ձորը խոր է, ձորը տաք է… Մինչդեռ քաղաքի փողոցներում դեռ սևացած ձյուն կա,— ձորից տաք գոլորշի է բարձրանում և սառած օձերը պառկում են քարերի փափուկ մամուռի վրա։

Ձորն ահավոր է, ձորում ամայի տխրություն է։

Մի քանի քարափոր մարագներ կան, որոնց մեծ մասի դռները կանաչել են։ Նրանց տերերը վաղուց չկան, խոնավ քարայրները նրանց մահից հետո տաք հարդի շեղջակույտ չեն տեսել։ Մարագների առաջ հին թթենիներ են, դարձյալ անտիրական։ Ով սիրտ ունի, ոտքերի ջլերը պինդ են, իջնում է կեռմաններով, թափահարում թթենին, և քարերի վրա թափվում է սպիտակ, սև ու կարմիր թութը։

Այդտեղ են կարանները…

Բնական խոռոչներ են, որոնք խոր գնում են քաղաքի տակը։ Ո՞վ գիտե որտեղ է վերջը այդ մթին անցքերի։ Ամառվա շոգին այնտեղ սառն է, պատերը լպրծուն։ Բազմաթիվ ոսկորներ կան ներսը, ամբողջ կույտեր ժանիքների, ծնոտների, ողերի։ Դուք վառում եք կավե ճրագը և կռացած ներս մտնում, չոքեչոք գնում, քարերի վրայով մագլցում, կորչում քարի հետևը։ Դուք մեկնում եք ձեր ձեռքը մի դեղին կույտի, կարծում եք քար է, ձեր մատները խրվում են թաց ավազի մեջ, որ բարակ շերտով ծածկել է ոսկորների կույտը։ Եվ ճրագի լույսի տակ շողշողում է վարազի փայլուն ժանիքը ու սարսուռը քարայրի սառնության հետ թափանցում է ձեր ոսկորների մեջ։

Առաջներում քաղաքի տափարակը, մեր թաղերը, ամբողջ ձորը խիտ անտառներ են եղել, մթին խոռոչներ ու թավուտներ։ Մարդուց առաշ ձորերում ապրել են գազանները, և քարայրները եղել են նրանց որջերը։

Արևը թեքվում է սարի հետևը։ Քաղաքում զարթնում է երեկոյան աղմուկը։ Զորանոցների կողմից լսվում է գիշերա հավաքի փողի ձայնը… Բոլորովին մոտիկ կողպում են մի դարբաս։ Իսկ «ռուսաց ժամի» ոսկեփայլ գմբեթն ու խաչը դեռ լողում են արևի ալիքների մեջ։

Քարափի վրայով լայն ճանապարհ է, որ գալիս է հեռվի այգիներից, անտառից, մեր գյուղի ցրված հանդերից։ Գյուղի ճանապարհն է, որ թեև քաղաքի փեշով է անցնում, բայց չի տարբերվում գյուղի մյուս ճանապարհներից։ Նույն խոչն ու խութը, նույն քարերը, տաք փոշին, ջարդված հասկերը, չորացած խոտը և անասունների աղբը։ Նույնիսկ գետինը գյուղի հոտն ունի։ Այդ ճանապարհը միայն մեր գյուղինն է։ Առաջ, երբ քաղաքը չկար, երբ քարափի կարաններում ապրում էր գանգուր մազերով լիսեմնը, մեր ճանապարհը հեշտ էր և անցնում էր այնտեղով, ուր քաղաքի բուլվարն է և «ռուսի ժամը»։ Տարեցտարի ճանապարհը ետ է գցվել և եթե մի քիչ էլ քաղաքը հրեր, գյուղի ճանապարհը պետք է ընկներ հեղեղատի վրայով։

Ամառ երեկոները սպիտակ շորերով աղջիկներ ու տղաներ գալիս են ու քարափի վրա նստում։ Նրանք նվագում են մանդոլին, կիթառ, նրանք երգում են ռուսերեն, ապա բարձր ծիծաղում են և ձորի քարանձավներում նրանց առույգ ծիծաղն արձագանք է տալիս ահավոր կերպով, ասես ձորը քրքջում է նրանց հիմարության հանդեպ։

Ելնում են աստղերը։ Երեկոյան դեմ նրանք դեռ աղոտ են, բայց շարժվում են, կարծես տիեզերքի անհուն խորքերից նրանք մոտենում են մեզ, ինչքան մթնում է՝ այնքան ավելի մոտ են աստղերը, այնքան ավելի շողշողում են՝ դեղին, սպիտակ, կապույտ…

Անդոն պառկել է կողքի վրա։

Նրա դեմքը կոշտացել է, շրթունքները հաստ են։ Վերին շրթունքի վրա դեղին աղվամազը փայլում է, ինչպես նոր ծլած սիզախոտը։ Աչքերն են առաջվանը՝ սև, ժիր, անհանգիստ։ Նա պոկում է խոտը, թափում է։ Այդ նրան ձանձրացնում է. աչքն ընկնում է ծղնոտի փշրանքին, ծղնոտը մոտեցնում է շրթունքին։ Հանկարծ լսվում է աղջկա հնչուն ծիծաղ։ Ծիծաղում է մի առողջ կուրծք։

Գլուխս դարձնում եմ այն կողմը։

— Ճանաչեցի՞ր,— հարցնում է Անդոն։— Մաշոն է…—պատասխանում է և ծամծմում ծղնոտի կտորը։

— Թիֆլիս է կարդում… Երկու տարուց կվերջացնի գիմնազը։

— Իսկ էն տղերքն ո՞վ են…

— Էն մեկը Ներսես բեյի տղան է, էն երկուսը սմատրիտելի տղերքն են, էն կանգնածը Սոնան է։

— Նա մի դասարան ցածր էր։

— Ասում են լավ աղջիկ չի։

— Ի՞նչ է անում որ…

— Տղաների հետ միշտ գնում է բաղերը։

Այնտեղ կիթառ են նվագում։ Մաշոն երգում է, մի թավ ձայն մեղմ երկրորդում է նրան։

Անճանաչելի են թվում Սոնան, Մաշոն։ Ինչպես ընկղմվող քարը, իմ հիշողության մեջ դողդողում է մեր դասարանը, ծիրանի ոսկեզօծ ծառը և ապա սուզվում մոռացության խավար խորքը։ Նրանք ուրիշ աշխարհից են, մենք ուրիշ։

Առաջ էլ այդպես էր… Ատելություն է ծնվում իմ ներսը դեպի այդ խումբը, որ ուրախ նվագում է, երգում։ Եվ օտարի պես նայում եմ նրանց կողմը։

— Անդո՛, հիշո՛ւմ ես Նուշիկին։

— Նուշիկը լա՜վ աղջիկ էր…

— Մայրը մնո՞ւմ է։

— Հա՛, էլի լվացք է անում։

Մեր հարևանները հեռանում են, մեր խոսակցությունն ընդհատվում է։ Մաշոն մեծացել, գեղեցկացել է։ Նայեց մեր կողմը, երեսը շրջեց: Նա թափ էր տալիս փեշերը, ինչպես առաջ, երբ նստարանից վեր էր կենում։ Նրանք հեռանում են, մթնում դեռ երևում է Մաշոյի սպիտակ սիլուետը։ Ինձ թվում է, որ նա գլուխը խոնարհում է և հիշում մեր դասարանը, մեր մանկությունը։

Էլ ուրիշ շատ զգացումներ են զարթնում իմ սրտում, ջերմ զգացումներ։ Իմ սրտում էլ ատելություն չկա և ես անտարբեր նայում եմ մթնում հալվող սպիտակ շորերով Մաշոյին։

Ամեն երեկո մենք հանդիպում ենք իրար նույն տեղը՝ ես ու Անդոն։ Նա պառկում է կողքի վրա, ես նստում եմ քարին։ Նա դեպի քաղաքն է նայում, դեպի գյուղի ճանապարհը, որով անցնում են այգիներից և արտերից վերադարձող հոգնած մարդիկ և եզներ։

Ներքևը, ուր հին մարագներն են, առավոտ կանուխ հավաքվում են մշակները։ Անդոն նրանց հետ է։ Քար են ջարդում և պայթեցնում են քարափները նոր առվի համար։ Անդոն գիշերը քնում է տախտակների վրա և հսկում է մուրճերի, քլունգների կույտը։

«Իլիստրիկի» են կառուցում Բաղիրովի տղաները։ Նրանք քաղաքում տներ ու խանութներ ունեն, նրանց մեծ եղբայրը Բաքու հարստություն է դիզել և վերադարձել է մեր քաղաքը էլեկտրակայան կառուցելու քարափի տակ, ուր գետը սահանքներ է գոյացնում։

Անդոն մշակ է, քար է ջարդում ցերեկը, երեկոյան ինձ պատմում է «իլիստրիկի» մասին, մշակների մասին և այնպիսի բաներ, որ չեմ կարդացել իմ գրքերում։

Երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին։ Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը, կարծես ընծայում եմ իմ վեգերի ամենագեղեցիկը, ինչպես երեխա ժամանակ։ Նա տնտղում է իմ ընծան և կարծես դժգոհ է, որ ուզածը չեմ պատմում։

Իսկ ինքն ինչե՜ր գիտի…

Վերի գյուղի ուսուցիչն ասել է, որ պատերազմը շուտ չի վերջանա և պիտի լինի «ահեղ հեղափոխություն», որ անտառում երկու զինված մարդ հարձակվել են փոստի վրա, սպանել են ստրաժնիկին, փոստը կտրել, որ ներքի կարանում գիշերը մինչև լույս կարտ են խաղում, որ Միրզա Դավիթի տղա գիմնազիստ Վանոն ամեն օր հոր դախլից փող է գողանում և տանուլ տալիս, որ մեր հայոց լեզվի վարժապետ Մինասի տանը «կոմիտե» է նստում և նրանց ներքնահարկը լիքը զենք է…

— Ո՞վ քեզ ասաց, Անդո՛…

— Իմացել եմ։

— Չի կարող պատահի, վարժապետին իսկույն կբռնեն,— առարկում եմ ես։

— Վարժապետը զենքը հենց կառավարությունից է ստանում։

Անդոյի աշխարհն ավելի հետաքրքիր է, ավելի խորը։ Մարդիկ երկուանում են իմ աչքին. վարժապետր ցերեկը դաս է տալիս, իսկ մթանը իջնում է ներքնահարկը և փամփուշտ հաշվում, Վանին գրքերը թևի տակ առավոտը գնում է «սմատրիտելի» տունը, իսկ գիշերը կարանում թուղթ է խաղում։

— Անդո, ուզո՞ւմ ես սովորել։

— Իմ սովորելը վերջացավ։ Ապերը հրեն հիվանդ…

— Արի քեզ դաս տամ։

— Գիշեր-ցերեկ բանի եմ, ո՞նց սովորեմ… Հրես մոնտյորից թե կարողացա մի բան սովորեմ…

… Այն ամառը ես մենակ էի բարձրանում բրուտների քարայրը, նստում էի բրուտ Ավագի դռանը, ծերունին ցեխոտ ոտքով դարձնում էր չարխը և անսպառ հետաքրքրությամբ լսում իմ պատմածը։ Երբեմն Չոլախն էր գալիս։

Ամպամած մի օր մենակ իջնում էի բրուտների կածանով։ Քարերը գլորվում էին դեպի խորխորատները և նրանց աղմուկից վախեցած աղավնիները անհանգիստ ճախրում էին։

Ես զգացի մի ծանրություն, մի ծանր տխրություն։ Կարծես մի բան հասել էր, ինչպես պտուղը, ահա վայր պիտի ընկնի և թեթևացած ճյուղը պիտի ձգվի։ Ես չգիտեի, որ իմ սրտի ծանրությունն այդ մռայլ ձորերն էին, տխուր արահետը, որով շատ քիչ մարդ է անցնում։ Ինչքան իջնում էի, այնքան արագացնում էի քայլերս, կարծես հետևում թողնում էի այդ ծանրությունը։

Երբեմն, տարիներ ընդմեջ, եղել եմ մեր թաղերում։ Սակայն ամպամած այդ օրերից հետո էլ չեմ բարձրացել բրուտների ճանապարհով։ Ինձ պատմել են, որ այնտեղ էլ ոչ մի չարխ չի պտտվում, որ մի մեծ ժայռ փլվել և տակովն է արել այն քարայրը, որտեղ աշխատում էր չոլախ Եգորը։

Իմ հիշողության մթագնած հորիզոնի վրա ցցվում է դաժան մի պատկեր։ Դժվարությամբ եմ ճանաչում դիրքը, կապակցում մարդուն ու շրջապատը… Մեր քարափն է, խավար ձորը, որտեղ ոչինչ չի երևում։ Մյուս ափը լույս է։ Քարերը սպիտակ են, ինչպես ձյունի կույտերը գարնան հալոցքի գիշերը։ Կարմիր ու սև եզները նստել են քարերի մոտ, նրանք անշարժ որոճում են, և թվում է, թե քարերը կարող են եզներ դառնալ կամ թե եզները, եթե շատ նստեն, կքարանան։ Մեկը փաթաթվել է մաշված կարպետի մեջ և քարի տակ քնել է…

Որքան պրպտում եմ, չեմ կարողանում որոշել, թե ե՞րբ եմ տեսել մթին ձորի լուսավոր ափը, կանաչ խոտերի վրա հանգստացող սև եզները։

Իսկ քարափի գլխին կանգնած ստվերն իմ ընկերն է, բրուտի տղան։ Նա սեղմում է իմ ձեռքը։ Ես փողոցի անկյունից ետ եմ նայում։ Դեռ կանգնել է քարափի գլխին և դժվար է որոշել, թե որ կողմն է ուղղված նրա հայացքը։ Նա ձեռնափայտ չունի, բայց կռացել է այնպես, կարծես ծնոտը հենել է փայտին։

Նույն կառքը, նույն ճանապարհը, որ շողշողում է մթի մեջ, ինչպես փրփուր ջուրը։ Նույն զանգուլակները և տխուր ձանձրույթը։

Եվ հանկարծ մթնում վառվեցին ճրագները, կարծես միանգամից լույսի ալիքներ ծփացին քաղաքի վրա, ինչպես քամուց ծփում է հասած արտը։

Ես մտածում եմ, որ Անդոն իջել է ձորը, Դամուրի ավերակ մարագը, որ կենդանացել է, խորացել, որովհետև ներսը մեքենաներ են դարսել և պողպատներ հագցրել ժայռերին։ Հիմա բանտարկված գազանի նման մոտորը մռնչում է խոնավ քարանձավում, որի կտուրից ջուր է կաթկթում։

Անդոն կրակ է արել դուրսը, մուտքի մոտ, որտեղ քարը փորել են և խոռոչում օջախ սարքել։ Նա պղնձե սևացած թեյամանը կախել է կրակի վրա և բոցը թրթռում է ձորում։

Շուտով բոլորովին կմթնի, օջախի կրակը կհանգչի, Անդոն կփաթաթվի մեքենայի ծածկոցի մեջ և հոգնած աչքերով մինչև լույս կնայի կարմիր լամպին, պղնձյա սլաքներին և փոկերին։ Հոգնած կոպերը կծանրանան աչքերի վրա, սակայն նրա զգաստ լսողությունը կհետևի փոկերի աղմուկին։

Սարից փչում է սառը քամին։ Կառքը բարձրանում է դեպի կատարը… Ներքևում թարթում են բազմաթիվ ճրագներ, նրանք հսկում են քաղաքի վրա։ Ճրագները հանկարծ ուժեղացնում են լույսը, ապա մեղմում։ Կառքը գլորվում է սարի մյուս երեսը։ Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում քաղաքին, Գյունեյ թաղին, մեր Ցից քարին և իմ մանկության ընկեր Անդոյին։

— Երեք անգամ եթե լույսերը սպիտակեն, ուրեմն իմացիր…

Այդպես ասաց Անդոն, երբ դուրս եկանք քարանձավից։ Նա ինձ համար էր անում, այդպես ինձ էր հրաժեշտ տալիս։ Երրորդ անգամ ես չտեսա, թե ինչպես հանդարտեցին ճրագները։ Քաղաքի վրա սպիտակ, կաթնանման լույս էր… Սարի մյուս երեսը խավար էր։ Լուսինը ցածր էր, և սարի կատարը ծածկում էր ձորը լուսնի սպիտակ մանգաղից։ Կառքը գլորվում էր ցած, թվում էր, թե անդունդն ենք իջնում, անհատակ անղունդը։

Այսպես անդունդում սուզվում էր մեր Գյունեյ թաղը, երբ իջնում էր խավարը, քաղաքը ողողվում էր առատ լույսով։ Իսկ գյուղում հանգչում էր վերջին կավե ճրագը։

Քարափի գլխից Անդոն նայում էր գյուղի կողմը և դառնացած ասում, որ պղնձե լարերը չեն անցնում գետի մյուս ափը, քարերի մեջ կորած մեր խավար գյուղը:

Իբրև վաղեմի պատմագիր, դողացող ձեռքերով ես գրում եմ իմ պատմության վերքին էջերը։ Հարկավոր է պատրույգը բարձրացնել և մինչև ձեթը հատնի, ավարտել անկրկնելի օրերի պատմությունը։

Հիմա էլ մնում է մեր քարափը, իբրև հսկայի մատ՝ Ցից քարը մեր թաղի գլխին։ Ուզում եմ, որ այս անզարդ տողերը մնան այնքան, որքան կմնա մեր քարափը։

Վրա հասան դառնաշունչ օրերը, ինչպես ցուրտ աշուն։ Արտերում հասած ցորենները ծլում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում հրացանի փակաղակը։ Արճիճե կարկուտը ծեծում էր քարերն ու քարափները, հրանոթի գնդակը շառաչելով պայթում էր ծմակներում, սարսափահար անում մարդկանց ու գազաններին, ջարդում դողահար ծառերը։

Չոքեց ձմեռը, մահվան նման սառն ու անողոք։

Քաղաքում գզգզված մազերով մի մոնտյոր, մազութից սևացած շորերով, սանդուղքն ուսին, իբրև լապտերավառ, տնետուն է ման գալիս։ Մի տեղ բուքը պղնձե թելերն էր կտրատել, մյուս տեղը գնդակը փշրել էր լամպը։ Շրապնելը ճեղքել էր սյունը, սպիտակ բաժակները ցած էին կախվել և աղիողորմ զրնգում էին, երբ քամին իրար էր խառնում թելերը։

Մոնտյորն ամեն տեղ լինում էր։ Նա լսում էր, թե ինչ են խոսում տներում հավաքված մարդիկ, նա տեսնում էր, ով ինչպես է ապրում։ Մի անգամ նա տեսավ Մաշոյին ձյունի նման սպիտակ շորերով, մազերի մեջ՝ թառամած մանուշակներ։ Նա իջնում էր սանդուղքով, մի սպայի հետ թևանցուկ, իսկ Անդոն կապկպում էր էլեկտրալարը։

Կինը գլուխը վեր բարձրացրեց։ Նրա հայացքում կար պաղ անտարբերություն, կարծես սյունի վրայից նայողը Անդոն չէր, այլ անմարմին մի խրտվիլակ։ Սպան որսաց կնոջ հայացքը, զննող աչքերով նայեց վերև։ Անդոն դանդաղ կապկպեց լարերը, աչքերը չհեռացնելով սպայից։

Թշնամին էր, Լեռնա-Հայաստանի հետախույզ բաժնի սպան։ Եթե նա գիտենար, որ բոլորովին մոտիկ, սյունի տակ ընկած կաշվե պայուսակի մեջ պահված թուղթը կմատներ մոնտյորին, ինչպիսի գազանային ուրախությամբ սյունից կիջեցներ նրան և կքշեր խոնավ զնդանը։

Երբեմն ճրագները թարթում էին երկու անգամ, երեք անգամ։ Ամբողջ քաղաքն ընկղմվում էր խավարի մեջ և ապա հանկարծ լույսերը բռնկվում էին։ Անդոն էր այդպես անում, երբ նրան պատվիրում էր մեկը, որին Անդոն երբեմն տեսնում էր քաղաքի խուլ թաղերից մեկի ներքնահարկ տանը։

Եվ այդ գիշեր քաղաքի զանազան անկյուններից մի քանի հոգի զարտուղի ճանապարհներով, այգիների արանքով, իջնում էին ձորը։ Հին քարանձավում ձեթի ճրագի լույսը ճռճռվում էր սևացած պատերի վրա։ Ճրագի շուրջը նստողների ստվերները թրթռում էին պատերի վրա, կարծես ստվերները ճիգ էին անում իրենց թևերը կտրելու ճրագից։

Ամենից բարձր խոսողը մի վիթխարի տղամարդ էր, որ ցերեկը իջևանատան կամարի տակ նստած պայտ էր ծեծում։ Մեղմ, ջերմ ձայնով խոսում էր այն ընկերը, որ ապրում էր ներքնահարկ տանը և ցերեկը դնում էր սև ակնոց։ Նա հաղորդում էր տեղեկություններ զինվորների ու զենքերի մասին և հրահանգներ, որ ստացվում էին ընդհատակյա ճանապարհով։ Երբեմն քաղաք էին գալիս գյուղերից և հեռու հանքերից. գալիս էին զարտուղի ճանապարհներով, երբեմն օրը ցերեկով՝ իբրև ածխավաճառ, իբրև ձին պայտառի մոտ բերած գյուղացիներ։

Անդոն անխափան չէր լսում նրանց։ Եթե ձորում մի շշուկ լսվեր, նա դուրս էր թռչում։ Դրսի հսկողությունը նրա վրա էր։ Նրանից լավ ոչ ոք չգիտեր ձորի ժայռերը, մութ քարայրները և նեղ արահետները։

Բուքը խաղում էր ձորում։ Մրսած գայլերը իջնում էին Դրնգանի անտառից, հոտոտում մարդկանց հետքերը, մոտենում քարայրին։ Ապա սարսափահար փախչում էին մեքենայի աղմուկից, լույսից, թեթև սուլոցից փախչում էին և նորից ոռնում քնի մեջ ընկղմված թաղերի վրա։

Լուսադեմին քարանձավի մարդիկ մեկ-մեկ ցրվում էին։ Նրանք նեղ առապարներով և այգիների ճանապարհով գնում էին դեպի քաղաքի լուռ փողոցները։ Գնում էին և հետքերը կորցնում։ Ձորն իսպառ ամայանում էր։ Անդոն հանգցնում էր ձեթի ճրագը, պահում պատի ճեղքի մեջ և վերադառնում մեքենայի մոտ։

Երբեմն քարի տակից հանում էր տպագիր առաջին լոզունգը, որ ստացել էին սուրհանդակի հետ։ Նա փակում էր դուռը, թաղթը մոտեցնում կարմիր լամպին։ Խունացած թուղթը արնագույն էր դառնում և սև տառերը պողպատի սառնությամբ ասում էին.

— Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին…

Դրսում ոռնում էր բուքը։ Քաղաքի ու նրա բնակիչների վրա ծանրացել էր երկաթի խեղդող մի կափարիչ, ծանր, ինչպես ձմռան խավար գիշերը:

Պայծառ վառվում էր միայն մի կարմիր ճրագ, որի լույսի տակ մի երիտասարդ կամք հզորանում էր փշրելու խավար կափարիչը։ Ու նորից էր կարդում տպագիր թուղթը բրուտի տղան, Անա զիզու չար Անդոն։

Հնչում էր լուսաբացը։

Այն գարնանը ձյունը դժվար վեր կացավ։ Քարերը մերկացել էին, բայց նրանց հյուսիսային կողմը մնում էր ձյունը, որ լուսնյակ գիշերներին կապտին էր տալիս։

Բրուտ Ավագը էլ վեր չէր բարձրանում։ Գետերի ճանապարհը փակ էր, ամեն քարի հետևը մահ։ Էլ չէին առնում ոչ գավաթ, ո՛չ կարաս։ Նա Գյունեյ թաղի եզների հետ ման էր գալիս տաք ձորերում։ Մաշված եզները կոշտ լեզվով լիզում էին կանաչ մամուռը։

Նրանք հոգնում էին և փնչալով նստում քարերի արևադարձ կողմը, որոճում անշարժ, ինչպես քարերը։ Եզնարած Ավագը փաթաթվում էր կարպետի մեջ և կուչ գալիս եզների արանքում։

Երբեմն եզները մոտ էր քշում ձորին։ Դիմացը՝ մյուս ափին, ամբարտակն էր, քարափի տակով անցնող առուն և փայտե նովը, որով ջուրը շառաչով թափվում էր և դարձնում «իլիստրիկու մաշինը»։

Ցերեկը քարայրն ամայի էր, դուռը կողպ։ Բրուտ Ավագը նստում էր քարի գլխին, ինչպես մեկը այն հեքիաթային ձևերից, որ կերտել էր մութ տարերքի քմահաճույքը։ Այդ արձանացած մարդը ամայի ձորի վրա մաղում էր այն տխուր երգերից, որոնց հնչյունները մաքուր են, ինչպես արցունքը, և հնամյա, ինչպես անտառի խշշոցը, գետի անվախճան գանգատը։

Բառեր չկային և ինչի՞ էր պետք բառը, երբ այդ ձորում ամեն ինչ ասում էր որդու մասին, նույնիսկ քարանձավի փակ դուռը, օջախի սևացած պատերը։ Մի՞թե բառը կարող էր անոթ դառնալ և պարփակել նրա հույզերը, որ խռնվել էին, ինչպես վերևում փոթորիկի հանդիպած կռունկների երամը։

Կարմիր բանակի 84-րդ բրիգադը վրան էր զարկել լեռնաշղթայի երկարությամբ։ Հյուսիսից և արևելքից կարմիր գնդերը կիրճերով, ծերպերով առաջ էին գալիս, փշրելով սպարապետի զորամասերի հուսահատ դիմադրությունը։ Արևմտյան ճակատում, ուր անխորտակելի պարսպի պես կանգնել էր 84-րդ բրիգադը, առաջին թեթև ընդհարումներն էին։ Թնդանոթների երախները մունջ նայում էին քաղաքի կողմը։

Օղակված քաղաքը դարձել էր ռազմական ճամբար։ Ու թեև վխտում էին զինավառված խմբեր, գայլավաշտեր, սակայն նրանց բոլորի դեմքին խարանված էր անխուսափելի պարտությունը, ինչպես վախճանը՝ մահամերձի երեսին։ Մի կանաչ հիդրա ջղաձգությամբ շարժում էր ծանր մարմինը, կծկվում էր, ինչպես փախուստ փնտրող օձը։

Իսկ ռազմաճակատը մոտենում էր, ինչպես ամեհի ալիքը։

— Գալիս են,– ասում էին իրար։ Ոմանք ավելացնում էին «մերոնք», ոմանք՝ «նրանք», իսկ մնացածները միայն հաղորդում էին, որ գալիս են։

Գիշերը քաղաքում լույսեր չէին վառվում։ Լիալուսինն էր ցոլում պղնձյա լարերի վրա և պարտեզներում հոսող ջինջ առուների մեջ։

Ու մի օր, արևի հետ, թնդանոթի արկը թռավ քաղաքի վրայով և պայթեց զորանոցների մոտ։ Առաջին պայթյունը կարծես նրա համար էր, որ հաստատեր, թե գալիս են…

84-րդ բրիգադը խոսում էր արճիճի լեզվով։

Սաստկացավ խուճապը։ Գայլավաշտերը հրաման ստացան նահանջի ճանապարհը բռնելու։

Մարդիկ փակեցին դուռ և լուսամուտ, ովքեր ունեին դուռ ու լուսամուտ։ Փողոցներից դեպի տները քաշվեցին նրանք, որոնց համար զենքը ծանր բեռ էր։ Զարթնեց հույսը, թե շուտով նորից կառնեն մանգաղն ու գերանդին։

Անա զիզին քաղաքի փողոցներում մոլորվել էր վախից, անհանգստությունից։ Այդքան երկար նա երբեք չէր եղել քաղաքի փողոցներում։ Խեղճ մայրն ագահ լսում էր այն ամենը, ինչ խոսվում էր առաջխաղացող բանակի մասին։

Իր սենյակում, հետախույզ բաժնի սպան, ատամները կրճտացնելով, պատմում էր գունատ Մաշոյին, թե ամբողջ ձմեռը ձորից սիգնալ է տվել այն տղան, որ իրենց տան առաջ լուռ ու մունջ կապում էր էլեկտրալարը։ Պատմում էր և պատուհանի վրա ամրացնում գնդացիրը։

Իսկ շտապ ու շիվար Մաշոն լցնում էր սնդուկները, կողպում, կապկպում։ Նա լավ չէր հասկանում ամուսնու ասածը, ինչպես դժվար դասը…

Մյուս օրը լեռան հետևից հրետանին սկսեց ռմբակոծումը։ Քաղաքում այս ու այնտեղ լսվեցին պայթյունի որոտներ։ Եկեղեցու խաչը թեքվեց, ճոճվեց, ինչպես ճյուղը։ Ապա հանկարծ ընկավ ընկուզենու վրա և խրվեց գետին։

Միանգամայն անսպասելի կերպով ձորի կողմից քաղաք մտան չորս ձիավոր։ Նրանց առաջից գնում էր մեկը, ոսկեգույն ձիու վրա։ Նրանք մի վայրկյան կանգնեցին քաղաքի սահմանագլխում, ապա երբ որոտացին թնդանոթները, նրանցից երկուսը քշեցին գերեզմանատան կողմը, փռփռացնելով փոքրիկ կարմիր դրոշակները։ Նրանք դրոշակները խրեցին գերեզմանատան բլուրի վրա, որպես հրետանու նշանացույց։ Ապա քարափի բաշով քշեցին դեպի կամուրջը։

Այս անգամ թնդանոթը խփեց ուղիղ քարափին։ Քարից կտորներ թռան դեպի ձիավորները։ Ներքևից լսվեց պայթյուն։

— Դրոշակը շարժիր,— գոռաց ոսկեգույն ձիավորը, արագ նայելով ձորի կողմը։

Մուխի մեջ կանգուն էր էլեկտրակայանը։

Ու ձիավորը փրփրած ձին ասպանդակեց դեպի կամուրջը, որտեղով քաղաք պիտի մտներ կարմիր հեծելազորը։

Ոսկեգույն ձիավորը ճեղքեց ամայի հրապարակը և քշեց կարճ փողոցով դեպի կամուրջը։

Այդ վայրկյանին պատշգամբից արճիճ տեղաց գնդացիրը։ Մի կին ճչաց։

— Վա՜յ, բալա ջան…

Ձիավորը թեքվեց մի կողմի վրա և կախվեց, ինչպես հնձած հասկը։ Փրփրած ձին խրտնեց ու սլացավ։ Հեծվորի ոտքը մնաց ասպանդակի մեջ։ Տաք մարմինը քարեքար դիպչելով շաղ տվեց արյուն և ուղեղ։

Փողոցի մեջտեղը շնչահեղձ պառկել էր Անա զիզին և լիզում էր որդու տաք արյան առաջին շիթը… Լիզում էր հողը, արյունը, երեսը քսում էր գետնին և չանգռոտում անմռունչ գետինը։

Այն կողմերում այժմ էլ գարնանն ամպ է նստում։ Մեր Գյունեյ թաղը կորչում է, ամպի միջից երևում է Ցից քարը։ Բայց երբ քաշվում է ամպը, երևում են քաղաքի տների կտուրները։

Ռուսաց «ժամի» տեղը կանաչ պարտեզ է։ Ձորը փոխվել է։ Այնտեղ սպիտակին են տալիս եկեղեցու տաշած քարերը: Նոր հիդրոկայանն է, արևառ և ընդարձակ։ Քարափից ներքև է իջնում լայն ճանապարհը։ Գարնանը դպրոցական երեխաներին տանում են ձորը և նրանց բացատրում են, թե ինչպես են աշխատում մեքենաները։

Նորոգ երկիր, նոր մանուկներ…

Դիպվածը ինձ էլ նետեց մեր հին թաղը։ Ես հաստատ քայլերով կոխում էի այն ճանապարհները, ուր խաղալով անցել է իմ մանկությունը։ Ահա Նեղը, փրփրան ջուրը, քեղի թունավոր թփերը։ Իմ ընկեր Անդոն ասում էր, որ օձերը իրենց լեղին պատրաստում են նրա տերևից։

Բիբլիական Հովբի նման խարխուլ տան առաջ նստել էր բրուտ Ավագը։ Նա գրկեց ինձ և ինչպես կույրը, շոյեց դեմքս։

— Անդոն, իմ Անդո՜ն…

Արցունք չերևաց նրա ցավից կծկվող դեմքի վրա, թեև ձայնը խուլ հեկեկանքից դողում էր։ Կարծես աչքերի հետ ցամաքել էին արցունքի ակները։

Մեր թաղի գերեղմանատանը թաղված է Անա զիզին։ Գերեզմանաքար չկա, ո՛չ գիր, ո՛չ հուշարձան։ Գարնանը կանաչում է թումբը, մոլախոտերը խեղդում են վաղահաս ծաղիկներին, ասես ապահով են, որ չի զարթնի Անա զիզին և նրա ոսկրե «ղմալթին» էլ չի քաղհանի։

Երեկոները քարափին շարվում են ուրիշ աղջիկներ, նրանց մանդոլինը նվագում է նոր երգեր։ Եվ երբ հոգնում են, սկսում են պարզ զրույցը։ Տղաներից մեկը ցույց է տալիս ձորի ճեղքված քարը և պատմում է բրուտի տղա Անդոյի կյանքն ու մահը։

— Կարմիր հեծելազորը քաղաք մտավ կամուրջի կողմից… Հրացանների վրա նրանք բերում էին Անդոյի արյունոտ մարմինը։

Էլ ի՞նչ։ Վա՞յր դնեմ գրիչս…

Բայց ինչո՞ւ են դողում մատներս այս ծով ուրախությունից։ Որ ես ժամանակի խոր ծալքերից մի թույլ գրիչով վե՞ր հանեցի իմ մանկության ընկեր Անդոյի հերոսական դեմքը։

Ա՜խ, ինչքան նոր Անդոներ կան այս թուխ պատանիների մեջ, որոնք հին քարափի գլխին, իբրև անգիր զրույց, թերթում են սկզբի լույս էջերը։

Ու դեռ մի անգամ ևս համայն աշխարհում մեր թնդանոթները հզորագույն կշառաչեն հին խոսքը.

— Խաղաղությո՜ւն խրճիթներին, պատերա՛զմ պալատներին։

1931