Գիշերային հանդիպում

Գրապահարան-ից
Գիշերային հանդիպում

հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի
թարգմանիչ՝ Լևոն Անանյան
աղբյուր՝ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»

2002, օգոստոս


Կապույտ լեռներին չհասած, ճանապարհին Թոմաս Գոմեսը կանգ առավ բենզինի մենավոր լցակայանի մոտ։

― Մենակությունից չե՞ս նեղվում, հայրիկ,– հարցրեց Թոմասը։

Ծերուկը փալասով մաքրեց փոքրիկ բեռնատարի հողմնապակին։

― Առանձնապես չէ։

― Իսկ ինչպե՞ս է, Մարսը դո՞ւր է գալիս։

― Լավ է, միշտ մի նոր բան կա։ Երբ անցած տարի առաջին անգամ եկա, ինքս ինձ ասացի՝ գալիքի մասին կանխագուշակումներ մի՛ արա, ոչինչ մի՛ պահանջիր, ոչնչից մի՛ զարմացիր։ Երկիրը պետք է մոռանանք, այն ամենը, ինչ եղել է, պետք է մոռանանք։ Հիմա հարկավոր է ուշադիր լինել, վարժվել և հասկանալ, որ այստեղ ամեն ինչ այնպես չէ, այլ է։ Այո, այստեղ միայն մի եղանակ է, մարսյան եղանակ, ցերեկը դժոխային շոգ, գիշերը՝ դժոխային ցուրտ։ Իսկ անսովոր ծաղիկները, անսովոր անձրևը, ամեն քայլի մի անսպասելի բան կա։ Ես եկել էի հանգստանալու, մտածում էի՝ կապրեմ այնպիսի մի տեղ, ուր ամեն ինչ այլ կլինի։ Ծեր մարդու համար միջավայրը փոխելը շատ կարևոր է։ Ջահելները նրա հետ խոսելու հավես չունեն, ուրիշ ծերուկները նրան ձանձրացնում են։ Ես էլ գլխի ընկա, որ լավագույն ելքն ինձ համար այնպիսի անսովոր տեղ գտնելն է, որ եթե չծուլանաս ու շուրջդ նայես, ամենուր զվարճություններ տեսնես։ Այ, ընտելացել եմ այս լցակայանին։ Եթե գործից հոգնեմ, այստեղից դուրս կգամ և կգնամ մի որևէ հին մայրուղի, որն այսպես բանուկ չէ։ Ինձ հարկավոր է միայն ապրուստ վաստակել, այնպես որ ժամանակ մնա շուրջդ նայելու, նաև խորհելու, որ ամեն ինչ այլ կերպ է։

— Վատ չես մտածել, ծերուկ,— ասաց Թոմասը։ Նրա թուխ ձեռքերը հանգստանում էին ղեկին։ Նա հիանալի տրամադրության մեջ էր։ Տասն օր անընդմեջ նա աշխատել էր նոր ավաններից մեկում, հիմա երկու հանգստյան օր ուներ և մեկնում էր տոնակատարությանը մասնակցելու։

— Ես այլևս ոչնչից չեմ զարմանում,— շարունակեց ծերունին,— միայն Նայում եմ և վերջ։ Կարելի է ասել՝ տպավորություններ եմ կուտակում։ Եթե Մարսը այնպես, ինչպես որ կա, քո ճաշակով չէ, ավելի լավ է Երկիր վերադառնաս։ Այստեղ ամեն ինչ գլխիվայր է՝ հողը, օդը, ջրանցքները, բնիկները (ճիշտ է, ես ոչ ոքի դեռ չեմ տեսել, բայց ասում են, որ թափառում են ինչ֊որ տեղ), ժամացույցները։ Նույնիսկ իմ ժամացույցը անկարգություն է անում։ Այստեղ նույնիսկ ժամանակը գլխիվայր է։ Երբեմն ինձ թվում է, թե ինձնից բացի ուրիշ ոչ մեկը չկա այս անիծյալ մոլորակում։ Ամայի է։ Երբեմն էլ թվում է՝ ութամյա տղեկ եմ, ճստիկ, իսկ շուրջս ամեն ինչ հսկայական է։ Աստված վկա, մարդու համար սա ամենահարմար վայրն է։ Այստեղ ես առույգ եմ, ուղղակի երջանկացել եմ։ Գիտե՞ս, թե ինչ է Մարսը։ Նման է այն խաղալիքին, որ ինձ նվիրեցին ծննդյան տոներին, յոթանասուն տարի առաջ՝ գեղադիտակ էր կոչվում. ներսում ապակու կտորտանքներ էին, ուլունքներ, զանազան զիզի―պիզիներ... Իսկ երբ նրա միջով նայում էիր արևին՝ շունչդ բռնվում էր։ Ի՜նչ նախշեր էին։ Ա՛յ այդպիսին է Մարսը։ Հիացիր և մի՛ պահանջիր, որ այլ կերպ լինի։ Տե՜ր աստված, գիտե՞ս, որ այս մայրուղին մարսեցիները տասնվեց դար առաջ են կառուցել և կարգին վիճակում է։ Մի դոլար ու հիսուն սենթ ես տալու։ Շնորհակալություն և բարի գիշեր։

Թոմասը սլացավ հին մայրուղով, քթի տակ խնդմնդալով։

Դա մի երկար ճանապարհ էր լեռների ու խավարի միջով. նա ձեռքից բաց չէր թողնում ղեկը, միայն երբեմն զամբյուղից սառնաշաքար էր հանում։ Արդեն մի ժամ գնում էր, բայց չէր հանդիպել ոչ մի մեքենա, ոչ մի լույս, միայն ճանապարհի ժապավենն էր ձգվում, շարժիչն աղմկում էր, շուրջը խաղաղ Մարսն էր։

Միշտ խաղաղ Մարսն այս գիշեր ավելի անաղմուկ էր, քան երբևէ։ Թոմասի կողքով սահում էին անապատները, չորացած ծովերը և դեպի աստղերը միտող լեռնագագաթները։

Այդ գիշեր օդում զգալի էր Ժամանակի բույրը։ Նա ժպտաց, մտովի գնահատելով իր ստեղծած պատկերը։ Վատ միտք չէ։ Իսկապես, ինչպե՞ս է բուրում ժամանակը, նրանից փոշու, ժամացույցների, մարդկանց հոտ է գալիս։ Մտածենք, թե ինչպե՞ս է հնչում ժամանակը, ջրի կաթիլքի նման, որ շիթ առ շիթ հոսում է մութ քարանձավում։ Կանչող ձայնի նման է, դատարկ արկղի կափարիչին թափվող հողի թմփոցի։ Անձրևի նման է։ Շարունակենք և հարցնենք, թե ինչի նման է Ժամանակը, ձյան պես է, որ անաղմուկ իջնում է մութ ջրհորը կամ՝ հին համր կինոնկարի, որտեղ հարյուր միլիարդավոր անձինք նոր տարվա օդապարիկների պես ընկնում են ցած՝ անէություն։ Ահա թե ինչպես է բուրում Ժամանակը և թե ինչ տեսք ու ձայն ունի։ Իսկ այս գիշեր, Թոմասը ձեռքը հանեց պատուհանից, նույնիսկ թվում է՝ կարելի է շոշափել Ժամանակը։

Նա բեռնատար էր քշում Ժամանակի լեռներում։ Պարանոցը ծակեց, և Թոմասը ուշադիր առաջ նայելով՝ ուղղվեց։ Նա մտավ փոքր, մարսյան մեռած քաղաքը, անջատեց շարժիչը և հայտնվեց շրջապատող ամայության մեջ։ Շունչը պահած, նա նայում էր լուսնի լույսով ողողված ճերմակ շենքերին, որտեղ արդեն շատ դարեր մարդիկ չէին ապրում։ Հիանալի, անթերի շենքեր, թեկուզ ավերված, բայց միևնույն է՝ սքանչելի։

Շարժիչը միացնելով, Թոմասը էլի մի մղոն անցավ, հետո նորից կանգ առավ, իջավ, վերցրեց ուտելիքի զամբյուղը և բարձրացավ թմբի վրա, որտեղից կարելի էր հայացքով ընդգրկել փոշեծածկ քաղաքը։ Բացեց թերմոսը և մի գավաթ սուրճ լցրեց։ Նրա կողքով մի բու թոավ։ Լավ էր զգում իրեն, խաղաղ։ Հինգ րոպե անց Թոմասը ինչ―որ ձայն լսեց։ Վերևում, այնտեղ, ուր հին խճուղին անհետանում էր շրջադարձի ետևում, ինչ―որ շարժում նկատեց, աղոտ լույս, հետո շրշյուն լսվեց։ Գավաթը ձեռքում բռնած՝ Թոմասը շրջվեց։

Լեռներից ինչ―որ տարօրինակ բան էր մոտենում։

Դեղնականաչավուն միջատի նմանվող մեքենա էր, որ զմրուխտի պես շողալով՝ սահուն հատում էր օդը, փայլում էին սուտակե աչքերը։ Մեքենայի վեց ոտքերը հպվում էին մայրուղուն նոսր անձրևի մարող խշշոցով, իսկ ետնամասից իր մեղրագույն աչքերն էր Թոմասին հառել մի մարսեցի. նայում էր, ինչպես ջրհորի մեջ են նայում։

Թոմասը պարզեց ձեռքը և մտովի արդեն գոռացել էր՝ «ողջո՜ւյն», բայց շուրթերը չէին շարժվել, քանի որ դիմացինը մարսեցի էր։ Բայց Թոմասը լողացել էր Երկրի կապույտ գետերում, որի ափերով անցնում էին անծանոթ մարդիկ, օտար մարդկանց հետ սեղան էր նստել օտար տներում, և միշտ նրա լավագույն զենքը եղել էր ժպիտը։ Նա իր հետ ատրճանակ չէր վերցնում։ Այժմ էլ Թոմասը դրա կարիքը չէր զգում, թեկուզ սրտի խորքում վախ կար։ Մարսեցին էլ ձեռքում ոչինչ չուներ։ Սառն օդի միջով նրանք մի պահ նայեցին միմյանց։

Առաջինը Թոմասն ուշքի եկավ.

― Ողջո՜ւյն,— գոչԵց նա։

— Ողջո՜ւյն,— պատասխանեց մարսեցին իր լեզվով։

Նրանք իրար չհասկացան։

— Դուք ասացիք՝ ողջո՞ւյն,— հարցրին երկուսը միաժամանակ։

— Ի՞նչ ասացիք,— շարունակեց յուրաքանչյուրը իր լեզվով։

Երկուսն էլ խոժոռվեցին։

— Դուք ո՞վ եք,— անգլերեն հարցրեց Թոմասը։

— Ի՞նչ եք անում այստեղ,— հարցրեց անծանոթը։

― Ո՞ւր եք գնում,— հարցրին երկուսը մտահոգ։

― Իմ անունը Թոմաս Գոմես է։

— Ինձ անվանում են Մյու Քա։

Նրանք միմյանց չէին հասկանում, բայց յուրաքանչյուրը ներկայանալիս մատով խփում էր կրծքին, և իմաստը պարզ էր։

Հանկարծ մարսեցին ծիծաղեց.

― Սպասեք։

Թոմասը այնպիսի զգացողություն ունեցավ, որ ինչ―որ բան դիպավ գլխին։

― Այ այսպես,– անգլերեն ասաց մարսեցին։– Հիմա գործներս հաջող կընթանան։

― Դուք այդպես շո՞ւտ սովորեցիք իմ լեզուն։

― Ոչ, ի՞նչ եք ասում։

Երկուսն էլ չիմանալով ինչ անել, նայում էին Թոմասի ձեռքի տաք սուրճով լի բաժակին։

― Նորությո՞ւն է,– հարցրեց մարսեցին, զննելով նրան ու գավաթը, և հավանորեն երկուսին էլ նկատի առնելով։

― Կխմե՞ք մի գավաթ,― առաջարկեց Թոմասը։

― Որքան բարի եք։

Մարսեցին դուրս սահեց իր մեքենայից։ Երկրորդ բաժակը լցվեց տաք սուրճով։ Թոմասը մոտեցրեց մարսեցուն։ Նրանց ձեռքերը հանդիպեցին և ինչպես մառախուղի միջից, անցան մեկը մյուսի միջով։

— Տե՜ր աստված,— բացականչեց Թոմասը և վայր գցեց գավաթը։

― Օ՜, երկնային ուժեր,– ասաց մարսեցին իր լեզվով։

— Տեսա՞ք, ինչ եղավ,– շշնջացին նրանք։

Երկուսն էլ վախից քարացել էին։

Մարսեցին կռացավ, բայց ոչ մի կերպ չէր կարողանում վերցնել գավաթը։

— Աստվա՜ծ իմ,— բացականչեց Թոմասը։

— Տե՛ս է,— մարսեցին կրկին ու կրկին փորձում էր վերցնել գավաթը, ապարդյուն։

Նա ուղղվեց, մի պահ մտածեց, հետո գոտուց արձակեց դանակը։

― Հե՜յ,– գոռաց Թոմասը։

— Դուք չհասկացաք, բռնե՛ք,– ասաց մարսեցին և դանակը նետեց։

Թոմասն ագուցեց ձեռքերը, բայց դանակն անցավ նրանց միջով և վայր ընկավ։ Նա ուզում էր վերցնել, բայց չկարողացավ ու ցնցվելով ընկրկեց։

Նա նայեց երկնքի հենքին կանգնած մարսեցուն։

— Աստղերը,— ասաց Թոմասը։

― Աստղերը,— արձագանքեց մարսեցին՝ Թոմասին նայելով։

Մարսեցու մարմնի միջով փայլում էին վառ, ճերմակ աստղերը, նրա մարմինը կարծես զարդարված էր դրանցով, ինչպես մեդուզայի նուրբ կայծկլտուն թաղանթը։ Աստղերը մանուշակագույն աչքերի նման շողշողում էին մարսեցու կրծքին ու փորին, թանկարժեք քարերի պես՝ դաստակներին։

― Ես տեսնում եմ ձեր միջով, — ասաց Թոմասը։

― Ես էլ՝ ձեր միջով,– պատասխանեց մարսեցին, մի քայլ ընկրկելով։

Թոմասը շոշափեց իրեն, զգաց սեփական մարմնի ջերմությունը և հանգստացավ. «Ամեն ինչ կարգին է,— մտածեց նա,— ես կամ»։

Մարսեցին ձեռքը դիպցրեց իր քթին, ապա շուրթերին։

― Ես անմարմին չեմ,― ցածրաձայն ասաց նա,— կենդանի եմ։

Թոմասը մտահոգ նայեց նրան։

― Եթե ես կենդանի եմ, ուրեմն դուք մեռած եք։

― Ոչ, դուք։

― Տեսիլք եք։

― Ուրվական եք։

Նրանք մատով մեկը մյուսին էին ցույց տալիս, և աստղերի լույսը նրանց վերջույթներում շողում էր ու երփներանգվում, ինչպես դաշույնի, սառցալուլայի կամ լուսատտիկի փայլը։ Նրանք նորից ստուգեցին իրենց զգայությունները, և յուրաքանչյուրը համոզվեց, որ ողջ―առողջ է, հուզված, սրտատրոփ, շփոթված, զարմացած, իսկ մյուսը, օ, այո, անիրական է, այն տեսլական հատվածակողմը, որը որսում և ճառագայթում է հեռավոր աշխարհների լույսը...

«Ես հարբած եմ,– ինքն իրեն ասաց Թոմասը,– վաղը ոչ մեկին չեմ պատմի այս մասին, ոչ մեկին»։

Նրանք կանգնել էին հին մայրուղու վրա. երկուսն էլ անշարժ էին։

― Դուք որտեղի՞ց եք,— վերջապես հարցրեց մարսեցին։

― Երկրից։

― Դա ինչ բան է։

― Այնտեղ է,— Թոմասը գլխի շարժումով ցույց տվեց երկինքը։

― Վաղո՞ւց։

― Մի տարի առաջ ենք եկել, չե՞ք հիշում;

― Ոչ։

― Իսկ դուք, գրեթե բոլորդ, այդ ժամանակ մահացաք։ Երևի քչերն են փրկվել։

― Դա ճիշտ չէ;

― Իսկապես, բնաջնջվել եք։ Ինքս եմ տեսել դիակները։ Սևացած դիակներ սենյակներում, տներում, և բոլորը մեռած, հազարավոր մարմիններ։

― Ի՞նչ անհեթեթություն, մենք ապրում ենք։

― Պարոն, ձերոնց բոլորին հնձեց համաճարակը։ Տարօրինակ է, որ այդ մասին չգիտեք։ Դուք ինչ―որ ձևով փրկվել եք։

― Ես չեմ փրկվել, ինչի՞ց պետք է փրկվեի։ Ինչե՜ր եք ասում։ Ես գնում եմ Էնիալյան լեռների մերձակա ջրանցքի տոնին։ Նախորդ գիշերն էլ այնտեղ էի։ Մի՞թե չեք տեսնում քաղաքը,– մարսեցին պարզեց ձեռքը։

Թոմասը նայեց և ավերակներ տեսավ։

― Բայց այս քաղաքը մեռել է հազարավոր տարիներ առաջ։

Մարսեցին ծիծաղեց.

― Մեռա՞ծ է։ Երեկ այնտեղ եմ գիշերել։

― Իսկ ես նախորդ շաբաթ էի այնտեղ, անցած շաբաթ էլ և միայն ավերակներ էին։ Տեսնո՞ւմ եք ջարդված սյուները։

― Ջարդվա՞ծ; Հրաշալի տեսնում եմ՝ ուղիղ, սլացիկ սյուներ են։

― Փողոցում փոշուց բացի ոչինչ չկա,– ասաց Թոմասը։

― Փողոցները մաքուր են։

― Ջրանցքները վաղուց չորացել են, դատարկ են։

― Ջրանցքները լի են նարդոսի գինով։

― Քաղաքը մեռած է։

― Քաղաքը ապրում է,— առարկեց մարսեցին բարձր ծիծաղելով,– դուք սխալվում եք։ Տեսնո՞ւմ եք տոնակատարության լույսերը։ Այնտեղ հրաշալի մակույկներ են՝ նրբագեղ, ինչպես կանայք, և հրաշալի կանայք, որ նուրբ են մակույկների պես։ Ավազագույն մաշկով կանայք, ձեռքներին ալ ծաղիկներ։ Ես տեսնում եմ նրանց, տեսնում եմ ինչպես են վազում փողոցներով, այստեղից շատ փոքր են երևում։ Ես էլ այնտեղ եմ գնում, տոնին մասնակցելու։ Ամբողջ գիշերը մենք ջրանցքում կնավարկենք, կերգենք, կխմենք, կսիրենք։ Մի՞թե չեք տեսնում։

― Պարոն, այս քաղաքը մեռած է չորացած մողեսի պես։ Մերոնցից ում ուզում եք հարցրեք։ Ինչ վերաբերում է ինձ, ես գնում եմ Գրին―սիթի, Իլինոյսի խճուղու նոր բնակավայրը, վերջերս ենք կառուցել։ Իսկ դուք ինչ-որ բան խառնում եք։ Մենք միլիոն քառակուսի ոտնաչափ Օրեգոնյան լավագույն փայտի տախտակ ենք բերել, մի քանի տասնյակ տոննա պողպատյա մեխեր և երկու ավան ենք կառուցել, այնպիսիք, որ աչքդ չես ուզում կտրել։ Այսօր նրանցից մեկի ավարտն ենք նշում։ Երկրից երկու տիեզերանավեր են ժամանելու, մեր կանայք և հարսնացուներն են գալիս։ Ժողովրդական պարեր կլինեն, վիսկի...

Մարսեցին ցնցվեց։

― Ասում եք՝ այն կողմո՞ւմ։

― Այո, այնտեղ, որտեղ հրթիռներն են, — Թոմասը նրան մոտեցրեց թմբի ծայրին և ներքև ցույց տվեց,– տեսնո՞ւմ եք։

― Ոչ։

― Գրողը տանի, այնտեղ են, երկար, արծաթագույն։

― Չեմ տեսնում։

Հիմա էլ Թոմասը ծիծաղեց։

― Դուք կույր եք։

― Ես հրաշալի տեսողություն ունեմ, այդ դուք չեք տեսնում։

― Լավ, իսկ նոր ավանը տեսնո՞ւմ եք։

― Ոչինչ չեմ տեսնում օվկիանոսից բացի, հիմա էլ տեղատվություն է։

― Միստր, այդ օվկիանոսը գոլորշիացել է քառասուն դար առաջ։

― Դե, այդ արդեն չափազանց է։

― Բայց ճիշտ է, հավատացնում եմ։

Մարսեցու դեմքը լրջացավ.

― Սպասեք, դուք իսկապե՞ս չեք տեսնում իմ նկարագրած քաղաքը։ Ճերմակ, ճերմակ սյուներ, նրբագեղ մակույկներ, տոնական հրավառություն, ես բոլորը այնպես պարզ եմ տեսնում։ Հապա լսեք։ Ես նույնիսկ նրանց երգն եմ լսում։ Այնքան էլ հեռու չեն։

Թոմասը ականջ դրեց և շարժեց գլուխը։

― Ո՛չ։

― Իսկ ես,– ասաց մարսեցին,— չեմ տեսնում ձեր նկարագրածը։

Նրանք նորից, սրսփացին, կարծես նրանց մարմինները ծակծկեցին սառցե ասեղներով։

― Իսկ գուցե...

― Ի՞նչ։

― Դուք ասացիք՝ «երկնքից»։

― Երկրից։

― Երկիրը դատարկ հնչյուն է,– ասաց մարսեցին,– բայց մի ժամ առաջ, երբ ես անցնում էի լեռնանցքով,― նա շոշափեց պարանոցը,– ես զգացի...

― Սառնությո՞ւն։

― Այո։

― Եվ հիմա՞ էլ։

― Այո, նորից ցուրտ է։ Ինչ֊որ տարօրինակ բան է կատարվել աշխարհի, լեռների, ճանապարհի հետ, ինչ―որ անսովոր բան։ Եվ լույսը, և ճանապարհը այն չեն, և ես այնպիսի զգացում ունեցա, կարծես տիեզերքի վերջին բնակիչն եմ։

― Ինձ հետ էլ նույնը կատարվեց,— ասաց Թոմասը հուզված, նա կարծես զրուցում էր հին, լավ բարեկամի հետ, վստահելով նրան թանկ մի գաղտնիք։

Մարսեցին փակեց աչքերը և նորից բացեց։

― Այստեղ կարող է մի բացատրություն լինել։ Այստեղ Ժամանակի հարց է։ Այո՛, այո՛, դուք Անցյալի տեսապատրանքն եք։

― Ո՛չ, այդ դուք եք Անցյալից,― ասաց երկրացին մտածելուց հետո։

― Ի՜նչ վստահ եք։ Կարո՞ղ եք ապացուցել, թե ով է Անցյալից, ով՝ Ապագայից։ Հիմա ո՞ր թվականն է։

– Երկու հազար երկու։

― Այսինքն՝ ես դրանից ի՞նչ հասկանամ։

Թոմասը մտածեց ու թոթվեց ուսերը։

― Ոչինչ։

― Նույնն է, որ ես ձեզ ասեմ, թե հիմա մեր տարեթվով 4462853 թվականն է։ Բառերը ոչինչ են, ավելի՝ քան ոչինչը։ Որտե՞ղ է ժամացույցը, ըստ որի կարող ենք որոշել աստղերի դիրքը։

― Բայց ավերակները փաստ են։ Նրանք ցույց են տալիս, որ ես Ապագան եմ, ես կենդանի եմ, իսկ դուք՝ մեռած։

― Իմ ամբողջ էությունը ժխտում է նման հնարավորությունը։ Իմ սիրտը զարկում է, ստամոքսս սնունդ է պահանջում, բերանս ծարավի է ջրի։ Ո՛չ, մեզնից ոչ մեկն էլ ոչ կենդանի է, ոչ մեռած։ Ի դեպ, ավելի շատ կենդանի ենք, քան մեռած։ Իսկ ավելի ճիշտ, մենք մեջտեղում ենք։ Ահա երկու ճամփորդ հանդիպել են գիշերը, ճանապարհին։ Երկու անծանոթ, որոնցից յուրաքանչյարը իր ճանապարհն ունի։ Դուք ասում եք՝ ավերակնե՞ր։

— Այո, դուք վախենո՞ւմ եք։

— Ո՞վ է ուզում տեսնել Ապագան և ո՞վ երբևէ կտեսնի։ Մարդը կարող է միայն Անցյալին խորամուխ լինել, բայց որ... դուք ասում եք սյուները փլվել են, և ծովը ցամաքել է։ Ջրանցքները դատարկ են, աղջիկները մեռել են, ծաղիկները թոռոմել,— մարսեցին լռեց, հետո նորից նայեց քաղաքին,— բայց ահա նրանք։ Ես տեսնում եմ։ Եվ այդ էլ բավական է։ Նրանք սպասում են ինձ՝ ինչ էլ որ դուք ասեք։

Ճիշտ այդպես Թոմասին սպասում էին հրթիռները, ավանները և Երկրից եկած կանայք։

— Մենք երբեք համաձայնության չենք գա,– ասաց նա։

— Համաձայնենք համաձայնության չգալ,— առաջարկեց մարսեցին,– Անցյալ, Ապագա, մի՞թե միևնույնը չէ, միայն թե մենք երկուսս էլ կենդանի լինենք, չէ՞ որ այն, ինչ գալու է մեզնից հետո, միևնույն է՝ գալու է, վաղը լինի, թե տասը հազար տարի անց։ Որտեղի՞ց գիտեք, որ այս տաճարները ձեր քաղաքակրթության ավերակները չեն հարյուր դար հետո։ Չգիտեք։ Ուրեմն, էլ մի հարցրեք։ Սակայն գիշերը կարճ է։ Ահա տոնական հրավառությունն սկսվեց, թռչունները թռան։

Թոմասը մեկնեց ձեռքը։ Մարսեցին կրկնեց նրա շարժումը։

Նրանց ձեռքերը չդիպան, տարրալուծվեցին միմյանց մեջ։

— Մենք դեռ կհանդիպենք։

— Ո՞վ գիտե, գուցե, երբևէ։

— Կուզենայի ձեզ հետ մասնակցել ձեր տոնակատարությանը։

— Ես էլ կուզենայի ձեր նոր ավանում լինել, տեսնել տիեզերանավը, որի մասին պատմեցիք, տեսնել մարդկանց, լսել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում։

— Ցտեսություն,— ասաց Թոմասը։

— Բարի գիշեր։

Իր կանաչ մետաղյա մեքենայով մարսեցին անաղմուկ սլացավ լեռները, իսկ երկրացին շրջեց իր բեռնատարն ու գնաց հակառակ ուղղությամբ։

― Տե՛ր աստված, այս ի՜նչ երազ էր,― հառաչեց Թոմասը, ձեռքը ղեկին դրած՝ մտածելով հրթիռների, կանանց, թունդ վիսկիի, վիրջինյան պարերի, սպասվող ուրախության մասին։

― Ի՜նչ տարօրինակ տեսիլք էր,— մտաբերեց մարսեցին. ավելացնելով արագությունը և մտածելով ջրանցքների, մակույկների, ոսկեաչվի կանանց, երգերի մասին...

Մութ գիշեր էր։ Լուսինները դուրս էին եկել։ Միայն աստղերն էին առկայծում դատարկ մայրուղու վրա։ Ո՛չ ձայն կար, ո՛չ մեքենա, ո՛չ որևէ կենդանի արարած, ոչինչ։ Այդպես էր մինչև այդ ցուրտ գիշերվա վերջը։