Գլուխ V (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)
Սպիտակ առաջնորդը | |
◀ Գլուխ IV (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ) | Գլուխ VI (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ) ▶ |
Գլուխ V
Կառլոսն անմիջապես չպատասխանեց, թամբին անշարժ նստած՝ նա մի պահ լռեց։ Թվում էր, թե նա տարակուսանքի մեջ է։ Սպաների վարմունքը, Ռոբլադոյի խոսքերը խոցել էին նրան։ Արժե՞ արդյոք մտնել այդպիսի խրթին խաղի մեջ, երբ այն, ըստ էության, արդեն ավարտվել է և այն էլ միայն նրա համար, որ բերդակալի ու Ռոբլադոյի խելքին փչել է գրգռել իրեն։ Բայց հրաժարվել նշանակում է ծաղրանքի ու բամբասանքների թիրախ դառնալ։ Գուցե հենց դրան էլ նրանք ձգտում են։
Նա հիմքեր ուներ կասկածելու նրանց չարամիտ դիտավորություններին: Նա որոշ բան գիտեր այդ երկուսի մասին, այն մասին, թե ինչպիսին են նրանք ծառայության մեջ. և մի՞թե կարող էր այդ չիմանալ: Չէ՞ որ այստեղ նրանք բարձրագույն իշխանությունն են։ Բայց գիտեր նաև այն մասին, թե ինչ մարդիկ են դրանք ծառայությունից դուրս, անձնական կյանքում, և այդ տեղեկություններն ամենևին էլ նրանց օգտին չէին խոսում։ Ինչ վերաբերում է Ռոբլադոյին, ապա որսորդը նրան չսիրելու պատճառներ ուներ, բոլորովին լուրջ պատճառներ և եթե Ռոբլադոն իմանար մի հանգամանքի մասին, ապա նա էլ Կառլոսին նույնպիսի անբարյացակամությամբ պատասխանելու միանգամայն ծանրակշիռ պատճառ կունենար։ Մինչև այսօր Ռոբլադոն նույնիսկ չգիտեր բիզոնների որսորդի գոյության մասին, որն իր ժամանակի մեծ մասն անց էր կացնում հեռավոր վայրերում։ Գուցե սպան երբեք նրան չի հանդիպել կամ, համենայնդեպս, երբևիցե նրա հետ որևէ խոսք չի փոխանակել։ Կառլոսը նրան ավելի լավ գիտեր ու արդեն երկար ժամանակ է, ինչ նրան չէր սիրում, ինչպես մենք ակնարկեցինք, դա իր պատճառներն ուներ։
Սպայի այսօրվա վարմունքը չթուլացրեց նրա նկատմամբ Կառլոսի տածած թշնամանքը։ Ընդհակառակը, նրա մեծամիտ ու ծաղրական տոնը վիրավորեց որսորդի ինքնասիրությունը:
– Կապիտան Ռոբլադո,– պատասխանեց նա վերջապես,– ես ասացի, որ չարժե այդ խաղի վրա ժամանակ կորցնել, նույնիսկ տասը տարեկան փոքրիկ տղան դա քաջություն չի համարի։ Այդպիսի դատարկ բանի համար ես իմ ձիու բերանը չեմ պատռի։ Ինչ դժվար բան է նրան կանգնեցնել այս խղճուկ առվի եզրին։ Բայց եթե...
– Բայց եթե... ի՞նչ,– անհամբերությամբ վրա բերեր Ռոբլադոն, օգտվելով դադարից ու անմիջապես գլխի ընկնելով, թե ինչ է ասելու Կառլոսը։ – Եթե դուք ուզում եք վտանգի տակ դնել ձեր դուբլոնը, իսկ ես ընդամենը մի աղքատ որսորդ եմ և դրանից ավելի չեմ կարող դնել, ապա կանեմ այն, ինչ տասը տարեկան փոքրիկ տղան, թերևս, իսկական վարպետություն կհամարի։
– Ո՞րն է դա, պարոն որսորդ,– հեգնական ծիծաղով հարցրեց սպան։
– Ամբողջ թափով սլացող ձիուն ես կկանգնեցնեմ ահա այն ժայռի եզրին։
– Ձիու երկու իրանի հեռավորության վրա՞։
– Երկո՞ւ։ Ոչ, ավելի քիչ, ճիշտ այնքան, որքան այստեղ է, առվի եզրին։
Այդ խոսքերն այնպես ցնցեցին մոտակայքում կանգնած բոլոր մարդկանց, որ մի քանի րոպե ոչ մեկը չկարողացավ որևէ բան ասել։ Դժվար էր հավատալ, որ դա լուրջ առաջարկություն է. դրա մեջ որքան վայրի ու խելացնոր խիզախություն կար: Նույնիսկ ապուշ կտրած երկու սպաները պատրաստ էին մտածելու, որ որսորդը պարզապես ծիծաղում է իրենց վրա։
Կառլոսի ցույց տված ժայռը բարձրադիր սարահարթի մի մասն էր կազմում, որի ուղղաձիգ պատերն իջնում էին դեպի հովիտը։ Այն հրվանդանի էր նման և կարծես հատուկ դուրս էր ցցվել ներքևից, հովտից, լավ երևալու համար։ Ժայռը նման էր ալեկործան պատնեշի, որը բարձր էր ճիշտ այնքան, որքան ամբողջ ժայռոտ զառիթափը: Նրա եզրին խոտ էր երևում. դա վերևում, սարահարթի վրա փռված տափաստանի կանաչ ծայրամասն էր։ Հարթ, հողաթմբերից ու փոսերից զուրկ պատը ուղղաձիգ իջնում էր դեպի հովիտը։ Այն ամբողջովին ծածկված էր հորիզոնական գծերով, այդ իրար էին հաջորդում կրաքարի ու ավազաքարի շերտերը։ Ուղիղ հազար ոտնաչափ էր ընկած հովտի կանաչ մարգագետինների ու անդունդի եզրի միջև: Ներքևից մինչև վերև ընկած տարածությունն աչքերով չափելը թույլ ջղերով մարդու համար այնքան էլ հեշտ գործ չէր. վերևից ներքև կարող է նայել միայն ամենախիզախ մարդը։ Ահա թե ինչպիսին էր այն ժայռը, որի եզրին Կառլոսը որոշել էր կանգնեցնել իր ձին։ Միանգամայն հասկանալի էր, թե ինչու նրա առաջարկն այդպես ցնցեց բոլորին։ Բայց ահա ինչ-որ բացականչություններ խախտեցին լռությունը։
– Դա անհնար է: Նա խելագարվել է։ Պարզապես կատակում է: Նա ծիծաղում է պարոն զինվորականների վրա։
Կառլոսը, հեծած իր ձիուն, անվրդով շարժում էր սանձն ու սպասում պատասխանի։
Երկար սպասելու հարկ չեղավ։ Վիսկարրան ու Ոոբլադոն մի քանի հապճեպ խոսքեր փոխանակեցին, և Ռոբլադոն անհամբերությամբ բղավեց.
– Ես ընդունում եմ գրազը։
– Ես նույնպես մեկ ոսկի եմ դնում,– ավելացրեց Վիսկարրան:
– Սինյորներ,– նկատելի դառնությամբ խոսեց Կառլոսը։– Դժբախտաբար ես երկուսի հետ միանգամից գրազի մեջ մտնել չեմ կարող։ Ահա այս մեկ դուբլոնն է իմ ամբողջ ունեցվածքը, և հիմա հազիվ թե որևէ մեկը փոխադարձաբար ինձ մեկ դուբլոն էլ տա։
Այդ խոսքերն արտասանելիս Կառլոսը ժպտալով հայացքն ուղղեց դեպի ամբոխը. բայց մարդիկ ի վիճակի էին նրա ժպտին ժպիտով պատասխանելու։ Սարսափը պատել էր նրանց: Նրանք համոզված էին, որ խելացնոր որսորդին անխուսափելի կործանում է սպասում։ Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն արձագանքեց.
– Ես նույնիսկ քսան ոսկի կտամ, Կառլոս, ցանկացած այլ բանի համար, բայց ոչ սրա։ Չէ՞ որ դա անմտություն է։
Դա այն նույն երիտասարդ անասնապահն էր, որն արդեն մեկ անգամ պաշտպանել էր Կառլոսին։
– Շնորհակալ եմ, դոն Խուան,– պատասխանեց որսորդը։– Ես գիտեմ, դու միշտ պատրաստ ես ինձ դրամ փոխ տալու։ Միևնույն է, շնորհակալ եմ։ Մի վախենա։ Ես կշահեմ ոսկին։ Քսան տարի ես ձի եմ նստել, ոչ նրա համար, որ ինչ-որ մի աչուպինո ծիծաղի վրաս։
– Պարոն,– միաձայն բղավեցին Վիսկարրան ու Ռոբլադոն միանգամից բռնելով սուսերակոթերն ու կատաղորեն կիտելով հոնքերը։
– Օհ, ներեցեք պարոններ,– չթաքցրած ծաղրանքով ասաց Կառլոսը։– Դա պատահմամբ դուրս թռավ բերանիցս։ Ազնիվ խոսք, ես ոչ ոքի չէի ուզում վիրավորել։
– Այդ դեպքում լեզուդ քեզ պահիր, բարեկամ: Եթե մեկ անգամ էլ այդպիսի խոսք դուրս թռչի բերանիցդ, գլուխդ ուսերիդ վրա չի մնա,– սպառնաց Վիսկարրան։
– Շնորհակալ եմ, պարոն բերդակալ,– ծիծաղելով պատասխանեց Կառլոսը:– Հավանաբար ես հաշվի կառնեմ ձեր խորհուրդը։
Կատաղած բերդակալը պատասխանի փոխարեն հայհոյեց. բայց Կառլոսը դրա վրա ուշադրություն չդարձրեց, որովհետև այդ պահին նրա քույրը, որը հենց նոր էր լսել եղբոր անմիտ մտադրության մասին, դուրս ցատկեց սայլակից ու հուսահատորեն նետվեց դեպի եղբայրը։
– Օ՛հ, Կառլոս,– բղավեց նա, փաթաթվելով հեծյալի ոտքերին։– Մի՞թե դա ճիշտ է։ Ո՛չ, չի կարող պատահել։
– Ի՞նչ ես ուզում, քույր իմ,– ժպտալով հարցրեց Կառլոսը։
– Ի՞նչ է, դու...
Ձայնը դավաճանեց նրան, և նա միայն կարողացավ հայացքով ցույց տալ անդունդը։
– Իհարկե, Ռոսիտա։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ամոթ է, հարազատս, մի անհանգստանա։ Հավատա, վախենալու ոչինչ չկա։ Ես այդ վաղուց արդեն արել եմ։
– Կառլոս, սիրելիս։ Ես գիտեմ, դու հիանալի ձիավար ես, ոչ ոք այստեղ քեզ հետ չի կարող համեմատվել։ Բայց մտածիր, թե որքան դա վտանգավոր է... Ողորմած Աստված։ Մտածիր...
– Քույր իմ։ Մի խայտառակիր ինձ մարդկանց առաջ։ Գնա և հարցրու մայրիկին։ Լսիր, թե ինչ կասի նա։ Կտեսնես, որ նա չի անհանգստանա։ Ու որսորդը շարժվեց դեպի սայլակը։ Քույրը հետևեց նրան։
Խեղճ Ռոսիտա։ Այդ պահին քո վրա էին սևեռված մի մարդու աչքեր, որն առաջին անգամ էր տեսնում քեզ, և այդ աչքերի մութ խորքերում փայլում էր մի կրակ, ոչ մի լավ բան չխոստացող կրակ։ Քո բարեկազմ կեցվածքը, հրեշտակային չքնաղ դեմքը և, գուցե, հենց քո վիշտը ստիպեցին ավելի արագ բաբախել մի սրտի, որի տիրոջ սերը կարող էր միայն կործանում բերել նրան, ում կփորձեր սիրել նա։ Դա գնդապետ Վիսկարրայի սիրտն էր։
– Ապա մի նայեցեք, Ռոբլադո,– ցածրաձայն դիմեց նա իր ենթակային ու բոլոր այլանդակ գործերի մասնակցին:– Նայեցեք ահա այնտեղ։ Չքնաղագույն գեղեցկուհի: Ապա մի նայեք է՜։ Այ քեզ իսկական Վեներա. դա այնքան հաստատ է, որքան այն, որ ես քրիստոնյա եմ ու զինվոր։ Կուզենայի իմանալ, թե որտեղի՞ց նա հայտնվեց։
– Ազնիվ խոսք, ես սրան երբեք չեմ տեսել,– պատասխանեց կապիտանը։– Հավանաբար նա այդ տղայի քույրն է։ Այդպես էլ կա։ Լսեցեք նրանց։ Սրանք միմյանց քույր ու եղբայր են կոչում: Նա իսկապես բավականին լավիկն է։
– Այ դժբախտություն,– խոր շունչ քաշեց բերդակալը։– Սա իսկական գյուտ է։ Իսկ ես արդեն բթացել էի, բոլորովին բթացել այստեղի տաղտկալի միապաղաղությունից։ Լավ է, որ վերջապես զվարճության մի միջոց գտնվեց։ Այժմ ես, թերևս, կարող եմ մեկ ամիս ևս համբերել։ Ի՞նչ եք կարծում, նա ինձ բավական է մեկ ամբողջ ամիս։
– Հազիվ թե... եթե բանն այնպես գնա, ինչպես ուրիշների հետ։ Մի՞թե դուք արդեն ձանձրացել եք Ինեսից։
– Հա՜հա՜: Նա չափից ավելի է սիրում ինձ, իսկ ես դա տանել չեմ կարող։ Ես գերադասում եմ, որ ինձ մի քիչ ավելի սառը վերաբերվեն։
Եթե այդպես է, ապա այս շիկահեր օրիորդը, թերևս, ավելի հարմար է ձեզ։ Բայց տեսեք, նրանք հեռացան։
Մինչ սպաները զրուցում էին, Կառլոսն ու իր քույրը մոտեցան այն սայլակին, որի վրա նրանց պառավ մայրն էր նստած։
Բերդակալը, կապիտանն ու բազմաթիվ այլ հանդիսականներ հետևեցին նրանց, շրջապատեցին ու սկսեցին ականջ դնել։
– Մայրիկ, նա ուզում է համոզել ինձ,– լսվեց Կառլոսի ձայնը: Նա արդեն մորը պատմել էր իր մտադրությունը:– Առանց ձեր համաձայնության ես ոչինչ չեմ անի։ Բայց լսեցեք, մայրիկ, իմ խոստումով ես արդեն կիսով չափ կապված եմ և կուզենայի անպայման կատարել այն։ Չէ՞ որ դա պատվի հարց է, մայրիկ:
Վերջին խոսքերն արտասանվեցին բարձրաձայն ու հաստատ, ուղղակի պառավ կնոջ ականջի մեջ. նա, հավանաբար, լավ չէր լսում։
– Ո՞վ է քեզ համոզում,– հարցրեց նա՝ բարձրացնելով գլուխն ու նայելով շրջապատող մարդկանց։– Ո՞վ։
– Ռոսիտան, մայրիկ։
– Ռոսիտան թող թել հյուսի ու շալեր գործի՝ այդ է նրա գործը։ Իսկ դու, զավակս, կարող ես մեծ գործեր... սխրանքներ կատարել: Այո՛, սխրանքներ։ Մի՞թե երակներումդ հորդ արյունը չի հոսում։ Այ նա՜... նա սխրանքներ էր գործում, այո... հա՜հա՜հա՜։
Այդ կնոջ տարօրինակ ծիծաղն ու խելագար հայացքը ցնդեցին հանդիսականներին։
– Գնա՛,– բղավեց նա՝ ետ գցելով իր ճերմակ մազափունջն ու թափահարելով ձեռքերը։– Գնա Կառլոս որսորդ բիզոնների, և արևից խանձված վախկոտներին ցույց տուր, թե ինչի է ընդունակ ազատ ամերիկացին։ Դեպի ժայռը, դեպի ժայռը։
Տալով այդ սարսափելի հրամանը՝ նա նորից նստեց սայլակում ու լռեց։
Կառլոսն այլևս նրան ոչինչ չհարցրեց։ Մոր արտասանած կտրուկ խոսքերը նրա մոտ այս վեճը որքան կարելի է շուտ ավարտելու բուռն ցանկություն առաջացրին: Նա նկատեց, որ մոտակայքում հավաքված հանդիսականներից մեկը այդ խոսքերն ականջի ետև չգցեց։
Սպաները, հոգևորականներն ու ալկալդը բազմանշանակալից հայացքներ փոխանակեցին։
Քրոջը նորից նստեցնելով սայլակի մեջ ու հրաժեշտի համբույր տալով նրան, Կառլոսը թռավ թամբի վրա ու առաջ սլացավ։ Փոքր-ինչ հեռանալով՝ նա ձգեց ձիու սանձն ու հայացքն ուղղեց դեպի այն նստարանները, ուր նստած էին քաղաքի սինյորներն ու սինյորինաները։ Այնտեղ իրարանցում էր տիրում: Նրանք արդեն լսել էին սպասվող փորձության մասին, շատերը պատրաստ էին որսորդին համոզելու միջոցով ետ պահել այդ վտանգավոր խաղից։
Դրանց մեջ էր նաև նա, ում սիրտը, թվում էր, ուր որ է կպայթի։ Սարսափն ու հուզմունքը պատել էին նրան ճիշտ այնպես, ինչպես Կառլոսի քրոջը, բայց այդ մասին նա ոչինչ չէր կարող ասել իրեն շրջապատող մարդկանց: Նա ստիպված էր լռությամբ տանջվել ու համբերել։ Կառլոսն այդ գիտեր: Նա հանեց իր կրծքի տակ պահված սպիտակ թաշկինակն ու թափահարեց այն՝ կարծես ինչ-որ մեկին ուղարկելով իր վերջին «մնաս բարով»ը։ Պատասխանեցին նրան, թե ոչ դժվար է ասել, բայց մի վայրկյան անց նա շրջեց ձիուն ու սլացավ դեպի ժայռը։
Ինչպիսի՜ ենթադրություններ ասես չէին անում սինյորներն ու սինյորինաները, ինչպես նաև գեղջուկ գեղեցկուհիներն այն մասին, թե արդյոք ո՞ւմ ուղարկվեց հրաժեշտի այդ ողջույնը։ Բազմաթիվ կռահումներ արվեցին, շատ անուններ տրվեցին, դատողություններ ու բամբասանքներ սկսվեցին։ Բայց նրանցից միայն մեկը գիտեր, թե ում հրաժեշտ տվեց Կառլոսը, և նրա հոգին փոթորկվում էր սիրուց ու սարսափից։