Դևեր, Մասն երրորդ

Գրապահարան-ից

Դևեր
◀ Դևեր, Մասն երկրորդ Դևեր, Հավելված ▶


Գլուխ առաջին. Տոնախմբություն: Առաջին բաժին

I

Տոնախմբությունը տեղի ունեցավ, չնայած անցած «շպիգուլինյան» օրվա բոլոր տարակուսանքներին։ Ես կարծում եմ, որ եթե մեռներ Լեմբկեն այդ իսկ գիշեր, տոնախմբությունն այնուամենայնիվ, կկայանար առավոտյան, այնքան շատ առանձնահատուկ նշանակություն էր դրան տալիս Յուլիա Միխայլովնան։ Ավաղ, մինչև վերջին րոպեն կուրացած վիճակում էր նա ու չէր հասկանում հասարակության տրամադրությունը։ Ոչ ոք վերջում չէր հավատում, որ հանդիսավոր այդ օրն անցնելու է առանց որևէ հսկայական արկածի, առանց «հանգուցալուծման», ինչպես արտահայտվում էին ոմանք՝ նախապես շփելով ձեռքերը։ Ճիշտ է, շատերը ջանում էին ընդունել ամենախոժոռ ու քաղաքական տեսք, բայց ընդհանուր առմամբ, ռուս մարդուն անչափ զվարճացնում է հասարակական որևիցե սկանդալային իրարանցում։ Ճիշտ է, սոսկ սկանդալի ծարավից շատ ավելի լուրջ մի բան կար մեզանում՝ հանընդհանուր ջղայնություն, անհագորեն չարամիտ, թվում էր, ամեն ինչ ահավոր ձանձրացրել է բոլորին։ Իշխում էր մի տեսակ համընդհանուր խառնիխուռն ցինիզմ, ուժից վեր, ասես լարումից առաջացած ցինիզմ։ Միայն կանայք չէին խառնվել, այն էլ մի կետում սոսկ. Յուլիա Միխայլովնայի հանդեպ անողոք ատելությամբ։ Այստեղ համընկել էին կանացի բոլոր ուղղությունները։ Իսկ նա, խեղճը, չէր էլ կասկածում, մինչև վերջին ժամը վստահ էր դեռևս, թե «շրջապատված» է և որ բոլորը դեռևս «նվիրված են ֆանատիկոսի պես»։

Ես արդեն նշել եմ, որ մեզ մոտ հայտնվել էին զանազան մարդուկներ։ Տատանման կամ անցումային խառնակ ժամանակներում միշտ և ամենուր հայտնվում են զանազան մարդուկներ։ Այսպես կոչված այն «առաջավորների» մասին չեմ ասում, որոնք միշտ բոլորից առաջ են շտապում (գլխավոր հոգսը), ու թեև շատ հաճախ հիմարագույն, բայց և այնպես փոքրիշատե որոշակի նպատակով։ Ոչ, ես խոսում եմ սոսկ խաժամուժի մասին։ Անցումային բոլոր ժամանակներում բարձրանում է ամեն մի հասարակության մեջ եղած խաժամուժը, և արդեն ոչ առանց որևիցե նպատակի, այլ նույնիսկ չունենալով մտքի նշույլ իսկ սոսկ իրենց ամբողջ ուժով արտահայտելով անհանգստություն և անհամբերություն։ Այնինչ, այդ խաժամուժը, ինքն էլ չիմանալով, համարյա միշտ ընկնում է «առաջավորների» այն փոքր խմբակի հրամանի տակ, որոնք գործում են որոշակի նպատակներով, ու սա ուղղում է այդ ամբողջ աղբն իրեն հարկավոր կողմը, եթե միայն ինքն էլ կազմված չէ կատարյալ ապուշներից, ինչ, ի դեպ, նույնպես պատահում է։ Մեզանում հիմա արդեն, երբ ամեն ինչ անցել-գնացել է, խոսում են, թե Պյոտր Ստեպանովիչին ղեկավարում էր Ինտերնացիոնալը, Պյոտր Ստեպանովիչն էլ՝ Յուլիա Միխայլովնային, իսկ վերջինս, նրա հրամանով՝ ամեն կարգի խաժամուժը։ Մեր խելոքներից ամենապատկառելիները հիմա զարմանում են իրենք իրենց վրա. այն ժամանակ ինչպե՞ս հանկարծ սխալվեցին։ Ո՞րն էր մեր խառնակ ժամանակը և ինչից ինչի էինք անցնում՝ ես չգիտեմ, ու կարծում եմ, ոչ ոք էլ չգիտե, թերևս որոշ կողմնակի հյուրեր... Իսկ այդ ընթացքում անպետքագույն մարդուկները հանկարծ գերակշռություն ստացան, սկսեցին բարձրաձայն քննադատել սրբազան ամենայն ինչ, երբ նախկինում բերան բացել իսկ չէին համարձակվի, իսկ առաջնային մարդիկ, որ մինչ այդ այնքան բարեհաջող գլխավորում էին, սկսեցին հանկարծ նրանց լսել, իսկ իրենք լուռ մնալ, ոմանք էլ՝ այնքան խայտառակ կերպով խնդմնդալ։ Ինչ-որ Լյամշիններ, Տեյլատնիկովներ, կալվածատեր Տենտետնիկովներ, տնաբույծ փսլնքոտ Ռադիշչևներ, տրտմալի, սակայն գոռոզաբար ժպտացող ջհուդիկներ, եկվոր քրքջացող ճամփորդներ, մայրաքաղաքից ուղարկված բանաստեղծներ և տաղանդի փոխարեն անթև բաճկոններով ու յուղած սապոգներով ուղարկված բանաստեղծներ, մայորներ և գնդապետներ, որոնք ծիծաղում էին իրենց կոչումների անիմաստության վրա և ավելորդ մի ռուբլու համար պատրաստ էին տեղնուտեղը ձգել իրենց թրերն ու որպես գրագիր սողոսկել երկաթուղի, փաստաբանության անցած գեներալներ, զարգացած միջնորդներ, զարգացող առևտրականներ, անհամար ճեմարանականներ, իրենցից կանանց հարց պատկերող կանայք՝ այս բոլորը մեկեն կատարյալ գերազանցություն ստացան մեզանում և ո՞ւմ նկատմամբ։ Ակումբի, հարգարժան բարձրաստիճանների, փայտի պես անթեք ոտքերով գեներալների, խստաբարո և անմատչելիագույն մեր տիկնանց հասարակության նկատմամբ։ Եվ եթե Վարվառա Պետրովնան իսկ, մինչև որդյակի հետ կատարված փորձանքը, համարյա թե կատարում էր այդ ամբողջ սրիկայախմբի մանրմունր հանձնարարությունները, ապա մեր մյուս Միներվաներին մասամբ և ներելի է այն ժամանակվա իրենց թմբիրը։ Հիմա ամեն ինչ վերագրում են, ինչպես ասացի, Ինտերնացիոնալին։ Այս գաղափարն այնքան հիմնավորվեց, որ այդ իմաստով արդեն հայտնում են եկած կողմնակի անձանց։ Դեռ վերջերս խորհրդական Կուբիկովը՝ վաթսուներկուամյա մի մարդ, Ստանիսլավը վզից կախ, եկավ առանց որևէ հրավերի ու ոգեշնչված ձայնով հայտարարեց, թե երեք ամիս ի վեր անկասկած եղել է Ինտերնացիոնալի ազդեցության տակ։ Իսկ երբ, նրա տարիքի ու վաստակի հանդեպ համակ հարգանքով հանդերձ, հրավիրեցին ավելի բավարար բացատրություն տալ, ապա նա թեև չէր էլ կարող որևիցե փաստաթուղթ ներկայացնել, բացի որ «զգացել էր իր բոլոր զգայարաններով», այդուհանդերձ, հաստատ մնաց իր հայտարարության վրա, այնպես որ նրան արդեն այլևս չհարցաքննեցին։

Մի անգամ էլ կրկնեմ։ Մեզանում մնացել էր զգուշավոր, ամենասկզբում առանձնացած և նույնիսկ կողպեքով կողպված անձանց մի փոքրաթիվ խումբ։ Բայց ի՞նչ կողպեք կդիմանա բնական օրենքին։ Ամենազգուշավոր ընտանիքներում էլ հաստատ հասակ են առնում օրիորդներ, ում պարել է պետք։ Եվ ահա, այդ բոլոր անձինք նույնպես ավարտեցին նրանով, որ ցուցակագրվեցին դաստիարակչուհիների օգտին։ Իսկ պարահանդեսը ենթադրվում էր շատ շողշողուն, չտեսնված։ Հրաշքներ էին պատմում, լուրեր էին պտտվում եկվոր, լոռնետակիր իշխանների մասին, տասը կարգադրիչների՝ ձախ ուսին վարդակապ կրող երիտասարդ պարընկերների մասին, պետերբուրգյան ինչ-ինչ շարժիչների մասին, այն մասին, որ Կարմազինովը, գումարը մեծացնելու համար, համաձայնել է իր «Merci»-ն կարդալ մեր նահանգի դաստիարակչուհու հագուստով, որ լինելու է «գրականության կադրիլ», նույնպես լրիվ զգեստավորված, և յուրաքանչյուր զգեստ պատկերելու է որևէ մի ուղղություն։ Վերջապես, նույնպես զգեստավորված, պիտի պարի ինչ-որ «ռուսական ազնիվ միտք», ինչ ինքնըստինքյան ներկայանում էր կատարյալ նորություն։ Ինչպե՞ս կարելի էր չցուցակագրվել։ Բոլորը ցուցակագրվեցին։

II

Ըստ ծրագրի, տոնական օրը բաժանված էր երկու հատվածի. գրական առավոտի՝ կեսօրից չորսը, հետո պարահանդեսի՝ ժամը իննից ամբողջ գիշեր։ Բայց այդ տնօրինման իսկ մեջ արդեն թաքնված էին անկարգության սաղմեր։ Նախ, ամենասկզբից հասարակության մեջ կայունացավ նախաճաշի մասին տեղեկությունը, գրական առավոտից անմիջապես հետո կամ նույնիսկ դրա ընթացքում, հատկապես նախաճաշի համար տրվող ընդմիջմանը, հարկավ, ձրի, ծրագրի մեջ մտնող, այն էլ շամպայնով։ Տոմսի շատ մեծ գինը (երեք ռուբլի) նպաստում էր տեղեկության կայունացմանը։ «Թե չէ, դատարկ տեղը ցուցակագրվո՞ղն էի։ Տոնախմբությունը նախատեսված է լրիվ օր, ուրեմն՝ կերակրիր։ Ժողովուրդը կսովածանա»,― այսպես էին դատում մեզ մոտ։ Ես պիտի խոստովանեմ, որ հենց Յուլիա Միխայլովնան արմատավորեց այդ կործանարար լուրն իր թեթևամտությամբ։ Մեկ ամիս առաջ, դեռևս մեծ ծրագրման առաջին հմայքի ազդեցության տակ, իր տոնախմբության մասին բլբլացնում էր առաջին պատահած մարդու մոտ, իսկ որ բաժակաճառեր են հնչելու՝ ուղարկել էր նույնիսկ մայրաքաղաքային թերթերից մեկին։ Գլխավորը, որ նրան այն ժամանակ հրապուրում էին այդ բաժակաճառերը, ինքն էր կամենում արտասանել և շարունակ հորինում էր։ Դրանք պիտի պարզաբանեին մեր դրոշը (ո՞րն էր դա, գրազ եմ գալիս՝ խեղճն այդպես էլ ոչինչ չհորինեց), թղթակցությունների տեսքով անցնեին մայրաքաղաքային թերթեր, հուզեին և հմայեին բարձրագույն ղեկավարությանը, իսկ հետո սավառնեին գավառներով մեկ՝ զարմանք ու ընդօրինակում հարուցելով։ Սակայն բաժակաճառերի համար շամպայն է պետք, իսկ քանի որ սոված փորին շամպայն խմել չի կարելի, ապա ինքնըստինքյան, անհրաժեշտ դարձավ նախաճաշը նույնպես։ Հետագայում, երբ արդեն նրա ջանքերով կազմվեց կոմիտեն ու գործի անցան ավելի լրջորեն, անմիջապես ու հստակ ապացուցվեց նրան, որ խնջույքների մասին երազելու դեպքում, շատ քիչ բան կմնա դաստիարակուհիներին, անգամ շատ հարուստ դրամահավաքի պարագային։ Այսպիսով, հարցն ունեցավ երկու ելք. բաղտասարյան խրախճանք և բաժակաճառեր, և իննսուն ռուբլու չափ՝ դաստիարակուհիներին, կամ՝ նշանակալի դրամահավաք տոնախմբության ընթացքում, այսպես ասած, սոսկ ձևի համար։ Կոմիտեն, իմիջիայլոց, միայն վախեցնել էր ուզում, ինքը, իհարկե, երրորդ որոշումը հորինեց՝ հաշտեցնող ու ողջամիտ, այն է՝ շատ օրինավոր տոնախմբություն, բոլոր առումներով, միայն թե առանց շամպայնի, այդպիսով բավական կարգին գումար էր մնում, շատ ավելի իննսուն ռուբլուց։ Բայց Յուլիա Միխայլովնան չհամաձայնեց, նրա բնավորությունն արհամարհում էր քաղքենիական միջինը։ Նա իսկույն որոշեց, որ առաջին միտքն անիրականանալի է, ապա անհապաղ ու ամբողջովին նետվել է պետք հակառակ ծայրահեղության, այսինքն, իրականացնել վիթխարի դրամահավաք՝ բոլոր նահանգներին ի նախանձ։ «Հասարակությունն ի վերջո պիտի հասկանա,― եզրափակեց նա կոմիտեական բոցաշունչ ճառը,― որ համամարդկային նպատակների ձեռքբերումը անհամեմատ բարձր է մարմնական րոպեական վայելքներից, որ տոնախմբությունն ըստ էության սոսկ մեծ գաղափարի ազդարարումն է, ուստի և պիտի բավարարվի ամենախնայողական, գերմանական պստիկ պարահանդեսով, միմիայն այլաբանության համար և եթե բոլորովին անհնար է յոլա գնալ առանց այդ անտանելի պարահանդեսի»,― հանկարծ այնքան ատեց նա դա։ Բայց նրան վերջապես հանգստացրին։ Այդ ժամանակ էլ, օրինակ, մոգոնեցին ու առաջարկեցին «գրականության կադրիլը», գեղագիտական այլևայլ բաներ՝ մարմնական վայելքները փոխարինելու համար։ Այդ ժամանակ էլ Կարմազինովը վերջապես համաձայնեց կարդալ «Merci»-ն (իսկ մինչ այդ ձգձգում ու կմկմում էր) ու դրանով ոչնչացնել ուտելիքի գաղափարն իսկ մեր անզուսպ հասարակության ուղեղներում։ Այդպիսով, պարահանդեսը վերստին դառնում էր շատ հոյակապ տոնակատարություն, թեև արդեն ոչ այն ձևով։ Իսկ որպեսզի լրիվ ամպերի մեջ չհայտնվեն, վճռեցին, որ պարահանդեսի սկզբում կարելի կլինի մատուցել չոր թխվածք և կիտրոնով թեյ, հետո զովացուցիչ և լիմոնադ, իսկ վերջում նույնիսկ պաղպաղակ, բայց միայն դա։ Իսկ նրանց համար, ովքեր միշտ և ամենուրեք անպայման քաղց, և գլխավորը՝ ծարավ են զգում, սենեկաշարի ծայրին կարելի է հատուկ բուֆետ բացել, որով և կզբաղվի Պրոխորըյչը (ակումբի գլխավոր խոհարարը) և, իմիջիայլոց, կոմիտեի խստագույն հսկողության տակ, կմատուցի, ինչ հարկավոր է, սակայն առանձին վճարով, իսկ դրա համար էլ դռան վրա մակագրությամբ կհայտարարվի, որ բուֆետը ծրագրից դուրս է։ Սակայն առավոտյան որոշեցին բուֆետ բոլորովին չբացել, որ չխանգարի ընթերցմանը, չնայած որ բուֆետը պիտի լիներ հինգ սենյակ այն կողմ ճերմակ դահլիճից, ուր Կարմազինովը համաձայնել էր կարդալ «Merci»-ն։ Հետաքրքրական է, որ այդ իրադարձությանը, այն է՝ «Merci»-ի ընթերցմանը կարծես թե չափազանց վիթխարի նշանակություն էին տալիս կոմիտեում, նույնիսկ ամենագործնական մարդիկ։ Ինչ վերաբերում է բանաստեղծական անձանց, ապա, օրինակ, ազնվական պարագլխի կինն ազդարարեց Կարմազինովին, որ ընթերցումից անմիջապես հետո ինքը հրամայելու է իր ճերմակ դահլիճի պատին մարմարե ոսկեգիր տախտակ փակցնել, որ այս-այս թվականի այսինչ ամսին, այստեղ՝ սույն դահլիճում ռուսական ու եվրոպական մեծ գրողը, գրիչը ցած դնելով, կարդաց իր «Merci»-ն և այդպիսով, առաջին անգամ հրաժեշտ տվեց ռուս հասարակությանը՝ ի դեմս մեր քաղաքի ներկայացուցիչների, և որ այդ մակագրությունը բոլորն արդեն պարահանդեսին կկարդան, այսինքն, ընդամենը հինգ ժամ անց այն բանից հետո, երբ կկարդացվի «Merci»-ն։ Ես հաստատ գիտեմ, որ գլխավորապես հենց Կարմազինովը պահանջեց, որ առավոտյան ոչ մի ձևով բուֆետ չլինի, քանի դեռ ինքը կկարդա, չնայած որոշ կոմիտեականների դիտողություններին, թե դա բոլորովին չի բռնում մեր բարքերին։

Այս վիճակում էին գործերը, երբ քաղաքում դեռևս հավատում էին բաղտասարյան խնջույքին, այն է՝ կոմիտեի հաշվին գործող բուֆետին, և հավատում էին մինչև վերջին ժամը։ Նույնիսկ օրիորդներն էին երագում բազմազան անուշեղենի և մուրաբաների, ինչ-որ չլսված բաների մասին։ Բոլորը գիտեին, որ հարստագույն դրամահավաք է իրականացել, որ ամբողջ քաղաքը պայթում է, որ գավառներից են գալիս մարդիկ ու տոմսերը չեն բավականացնում։ Հայտնի էր նաև, որ սահմանված գումարից ավելի կատարվել են նաև նշանակալի նվիրատվություններ, օրինակ, Վարվառա Պետրովնան իր տոմսի համար երեք հարյուր ռուբլի է վճարել և իր ջերմոցի բոլոր ծաղիկները՝ սրահը զարդարելու համար։ Պարագլխի կինը (կոմիտեի անդամ) իր տունն է տրամադրել և լուսավորումը, ակումբը՝ երաժշտությունը և սպասավորներին ու ամբողջ օրով զիջել իր Պրոխորըյչին։ Ուրիշ նվիրատվություններ էլ կային, թեև ոչ այդչափ խոշոր, այնպես որ նույնիսկ միտք ծագեց տոմսի նախնական գինը՝ երեք ռուբլի, դարձնել երկու։ Կոմիտեն, իրոք, սկզբից երկյուղում էր, որ երեք ռուբլով չեն գա օրիորդները, և առաջարկեց ընտանեկան տոմսեր սարքել մի կերպ, այսինքն, որ ամեն ընտանիք վճարի միայն մեկ օրիորդի համար, իսկ այդ ընտանիքին պատկանող մնացած բոլոր օրիորդները, թեկուզև տասն առանձին հոգի, անվճար մտնեն։ Սակայն բոլոր երկյուղներն իզուր էին. ընդհակառակը, հենց օրիորդներն էլ ներկայացան։ Նույնիսկ ամենաչքավոր աստիճանավորները բերում էին իրենց դուստրերին, և չափից ավելի հստակ էր, որ եթե դուստրեր չունենային, մտքներով իսկ չէր անցնի ցուցակագրվել։ Ողորմելիագույն մի քարտուղար բերել էր իր բոլոր յոթ դուստրերին, չհաշված, անշուշտ, կնոջը և ազգականուհուն էլ, և այդ անձանցից յուրաքանչյուրն իր ձեռքին ուներ մուտքի երեքռուբլիանոց տոմս։ Թեև կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հեղաշրջում էր քաղաքում։ Վերցնենք թեկուզ մի բան. քանի որ տոնախմբությունը բաժանված էր երկու մասի, ապա տիկնանց զգեստներն էլ երկուսը պիտի լինեին՝ առավոտյան ընթերցման և պարահանղեսային՝ պարերի համար։ Միջին դասից շատերը, ինչպես պարզվեց հետագայում, այդ օրվա համար ամեն ինչ, նույնիսկ տան սպիտակեղենը, անգամ սավանները և համարյա թե ներքնակները գրավ էին դրել մեր ջհուդներին, որոնք ասես դիտավորյալ, ահա արդեն երկու տարի, ահավոր շատ էին հայտնվել մեր քաղաքում և հետզհետե ավելի ու ավելի շատ էին գալիս։ Համարյա բոլոր աստիճանավորները ռոճիկները ստացան սկզբից, որոշ կալվածատերեր էլ վաճառեցին պետքական անասունը, և այդ ամենը միայն մի բանի համար, որ իրենց դուստրերին բերեն մարքիզուհու նման և ոչ մեկից վատ չլինեն։ Զգեստների հոյակապությունն այս անգամ մեր քաղաքի համար չլսված էր։ Արդեն երկու շաբաթ առաջ քաղաքը հագեցած էր ընտանեկան պատմություններով, որոնք տեղնուտեղը Յուլիա Միխայլովնայի նստավայր էին փոխանցում մեր չարախոսները։ Ձեռքից ձեռք անցան ընտանեկան ծաղրանկարներ։ Յուլիա Միխայլովնայի ալբոմում ինքս եմ տեսել նմանօրինակ մի քանի գծանկար։ Այդ ամենի մասին շատ լավ հայտնի դարձավ այնտեղ, որտեղից ելնում էին անեկդոտները, և ահա թե ինչու, թվում է ինձ, ընտանիքներում այդպիսի ատելություն գոյացավ Յուլիա Միխայլովնայի հանդեպ ամենավերջին ժամանակներս։ Հիմա բոլորը հայհոյում են, հիշելիս էլ ատամ կրճտացնում։ Սակայն հստակ էր դեռևս նախապես, որ եթե այն ժամանակ կոմիտեն ինչ-որ սխալ գործեր, մի որևէ բանում չհաջողեր պարահանդեսը, անասելի զայրույթի պոռթկում կլիներ։ Ահա թե ինչու ամեն մեկն իր մտքում սկանդալ էր սպասում, ու եթե այդպես սպասում էին, ինչպե՞ս կարող էր չիրականանալ։

Ճիշտ կեսօրին թնդաց նվագախումբը։ Լինելով կարգադրիչների, այն է՝ տասներկու «ժապավենակիր երիտասարդների» թվում, իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես սկսվեց այդ տխրահռչակ օրը։ Սկսվեց մուտքի մոտ անասելի հրմշտոցով։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ամեն ինչ խոտոր ու սխալ գնաց հենց առաջին քայլից, սկսած ոստիկանությունից։ Բուն հասարակությանը ես չեմ մեղադրում, ընտանիքի հայրերը ոչ միայն չէին հրմշտվում ու ոչ ոքի չէին բոթբոթում, չնայած իրենց աստիճաններին, այլ հակառակը, ասում էին, շփոթահար էին դեռևս փողոցում, տեսնելով մեր քաղաքի համար անսովոր ամբոխի ճնշումը, որը պաշարել էր շքամուտքը և ներխուժում էր՝ գրավելու պես, և ոչ թե պարզապես ներս մտնում։ Այդ ընթացքում կառքերը շարունակում էին գալ և ի վերջո, խցանեցին փողոցը։ Հիմա, երբ գրում եմ, հաստատ տվյալներ ունեմ պնդելու, որ մեր քաղաքի նողկալի խաժամուժից ոմանց առանց տոմսերի անց էին կացրել Լյամշինը և Լիպուտինը, գուցեև մի քանիսը կարգադրիչներից, ինչպիսին էի նաև ես։ Համենայն դեպս, եկել էին միանգամայն անհայտ անձնավորություններ՝ հավաքված գավառներից ու չգիտես էլ որտեղից։ Այդ վայրենիները, դահլիճ մտնելուն պես, տեղնուտեղը սկսել էին միաբերան (ճիշտ կարծես սովորեցրած) հարցուփորձ անել, թե որտեղ է բուֆետը և իմանալով, որ բուֆետ չկա, առանց այլևայլի և մեզանում մինչ այդ չեղած հանդգնությամբ սկսել էին հայհոյել։ Ճիշտ է, նրանցից ոմանք հարբած էին եկել։ Ոմանք վայրենու պես ապշած էին դահլիճի շքեղությունից, քանզի նման բան երբեք չէին տեսել, և ներս մտնելով, մի պահ սսկվեցին ու շուրջն էին նայում՝ բերանները բաց։ Այդ հսկայական ճերմակ դահլիճը, թեև արդեն հնամենի, բայց հիրավի հոյաշուք շինություն էր՝ վիթխարի չափերի, կրկնալուսամուտ, հին ոճով նախշանկար, ոսկենման առաստաղ, վերնասրահներ, հայելապատ պատամեջեր, մարմարյա արձաններ (ինչպիսին էլ լինեին, արձան էին), հնամենի, ծանր, նապոլեոնյան ժամանակների կահույք՝ ճերմակը ոսկով, կարմիր թավշապատ։ Նկարագրվող պահին դահլիճի ծայրին բեմահարթակ կար՝ ելույթ ունեցող գրողների համար, իսկ ամբողջ դահլիճում, թատրոնի պարտերի պես, աթոռներ էին շարված՝ հասարակության համար թողած լայն-լայն միջնաշարերով։ Սակայն զարմանքի առաջին րոպեներից հետո ծայր առան ամենաանիմաստ հարցեր և հայտարարություններ. «Կարող է, մենք դեռ չե՜նք ուզում ընթերցում... Մենք փո՜ղ ենք վճարել... Հասարակությանը խաբե՜լ են անամոթաբար... Տերերը մենք ենք, ոչ թե Լեմբկեները...»։ Մի խոսքով, ճիշտ կարծես հենց դրա համար էին ներս թողել նրանց։ Առանձնապես հիշում եմ մի բախում, որի ընթացքում աչքի ընկավ եկվոր իշխանիկը, որը երեկ առավոտյան Յուլիա Միխայլովնայի մոտ էր եղել, իր ցից օձիքներով ու փայտյա տիկնիկի տեսքով։ Յուլիա Միխայլովնայի համառ խնդրանքով նա նույնպես համաձայնել էր ձախ ուսին վարդակապ փակցնել ու դառնալ մեր ընկեր-կարգադրիչներից մեկը։ Պարզվեց, որ այդ զսպանակավոր մոմեղեն համր ֆիգուրը կարողանում էր եթե ոչ խոսել, ապա յուրովի գործել։ Երբ նրանից կպավ ու ձեռ չքաշեց մի չեչոտ ու աժդահա պաշտոնաթող կապիտան՝ պոչից քարշ տալով ամեն տեսակի թափթփուկների, թե ինչպես գնալ բուֆետ, նա աչքով արեց թաղամասի ոստիկանին։ Ցուցումն անհապաղ ի կատար ածվեց, չնայած հարբած կապիտանի հիշոցներին, նրան քաշեքաշ տարան դահլիճից։ Այդ ընթացքում վերջապես երևաց նաև «իսկական» հասարակությունը և երեք երկարուկ շարքերով ձգվեց աթոռների միջև թողած երեք անցումներով։ Անկարգ տարրը սկսեց հանդարտվել, բայց հասարակությունը, նույնիսկ «ամենամաքուրը», դժգոհ ու զարմացած տեսք ուներ, որոշ տիկնայք էլ պարզապես վախեցած էին։

Ի վերջո, տեղավորվեցին, դադարեց նաև երաժշտությունը։ Սկսեցին փռշտալ, շուրջբոլորը նայել։ Սպասում էին արդեն չափից ավելի հանդիսավոր տեսքով՝ ինչ ինքնըստինքյան միշտ վատ կանխանշան է։ Սակայն «Լեմբկեները» դեռևս չկային։ Մետաքսեղեն, թավշեղեն ու ադամանդներ էին շողշողում և վառվում բոլոր կողմերից, անուշ բուրմունք սփռվեց։ Տղամարդիկ կրում էին բոլոր շքանշանները, իսկ ծերուկները նույնիսկ մունդիրներով էին։ Վերջապես հայտնվեց նաև պարագլխի կինը՝ Լիզայի հետ։ Դեռևս երբեք Լիզան այդչափ շլացուցիչ հմայիչ չէր եղել, ինչպես այդ առավոտ, այդչափ ճոխ արդուզարդով։ Մազերը հարդարված էին խոպոպիկաձև, աչքերը փայլում էին, ժպիտ էր շողում դեմքին։ Ըստ երևույթին, նա տպավորություն գործեց, նրան զննում էին, նրա մասին փսփսում։ Ասում էին, թե աչքերով որոնում է Ստավրոգինին, բայց ոչ Ստավրոգինը կար, ոչ Վարվառա Պետրովնան։ Այն ժամանակ ես չհասկացա նրա դեմքի արտահայտությունը, ինչո՞ւ այդքան երջանկություն, բերկրանք, եռանդ և ուժ կար նրա դեմքին։ Հիշեցի երեկվա դեպքն ու դեմ առա փակուղու։ Այնինչ, «Լեմբկեները» դեռևս չկային։ Դա արդեն սխալ էր։ Հետո արդեն իմացա, որ Յուլիա Միխայլովնան մինչև վերջին րոպեն սպասել էր Պյոտր Ստեպանովիչին, առանց որի վերջին ժամանակներս քայլ գցել չէր կարողանում, թեև դա երբեք ինքն իրեն չէր խոստովանում։ Փակագծերում նշեմ, որ նախորդ օրը, կոմիտեի վերջին նիստին, Պյոտր Ստեպանովիչը հրաժարվել էր կարգադրիչի վարդակապից, ինչը շատ էր դառնացրել նահանգապետուհուն, անգամ արտասվելու աստիճան։ Ի զարմանս նրա, ապա և չափազանց շփոթմունքի (ինչ հայտնում եմ կանխավ), Պյոտր Ստեպանովիչն անհետացել էր ամբողջ առավոտ և բոլորովին չերևաց գրական ընթերցմանը, այնպես որ մինչև երեկո նրան ոչ ոք չհանդիպեց։ Հասարակությունը վերջապես սկսեց բացահայտ անհամբերություն դրսևորել։ Բեմահարթակի վրա նույնպես ոչ ոք չէր հայտնվում։ Վերջին շարքերում սկսեցին ծափահարել, ինչպես թատրոնում։ Ծերուկներն ու տարեց տիկնայք խոժոռվել էին. ակնհայտորեն արդեն չափից ավելի էին գոռոզացել «Լեմբկեները»։ Նույնիսկ հասարակության լավագույն մասում փսփսոց սկսվեց, թե տոնախմբությունը թերևս չի կայանա, որ Լեմբկեն անձամբ թերևս այնքան վատառողջ է և այլն, և այլն։ Սակայն փառք Աստծո, ի վերջո, հայտնվեցին Լեմբկեները. ամուսինը թևանցուկ էր արել կնոջը։ Խոստովանեմ, որ ես ահավոր երկյուղում էի նրանց հայտնվելուց։ Բայց խոսք ու զրույցը, ուրեմն, չքացավ, և ճշմարտությունն իր տեղը գտավ։ Հասարակությունը կարծես թե հանգստացավ։ Պարզվեց, որ Լեմբկեն կատարելապես առողջ է, ինչպես հիշում եմ, եզրակացրին բոլորը, քանի որ կարելի է պատկերացնել, թե քանի-քանի հայացք ուղղվեց նրա վրա։ Բնութագրման համար նշեմ, որ մեր բարձրաշխարհիկ հասարակության մեջ քչերն էին ենթադրում, թե Լեմբկեն ինչ-որ հիվանդություն ունի, իսկ նրա արածները համարում էին միանգամայն նորմալ ու նույնիսկ այնպես, որ երեկ առավոտվա պատմությունը հրապարակում ընդունել էին հավանությամբ։ «Այդպես էր պետք հենց սկզբից,― ասում էին բարձրաստիճանները։― Թե չէ գալիս են որպես մարդասերներ ու վերջացնում նույն ձևով, չնկատելով, որ հենց դա է պետք՝ մարդասիրության համար»,― համենայն դեպս, այսպես վճռեցին ակումբում։ Դատապարտում էին սոսկ, որ այդ ընթացքում նա բորբոքվել է։ «Դա պետք էր սառնարյուն անել, բայց դե, նոր մարդ է»,― ասում էին գիտակները։ Նույն անհագությամբ բոլոր հայացքներն ուղղվեցին նաև Յուլիա Միխայլովնայի վրա։ Անշուշտ, ոչ ոք իրավունք չունի պահանջել ինձնից՝ որպես պատմողից, չափից ավելի ստույգ մանրամասները, որոնք վերաբերում են մի կետի՝ այստեղ գաղտնիքն է, այստեղ կինն է, բայց ես մի բան գիտեմ, երեկ երեկոյան դեմ նա մտել է Անդրեյ Անտոնովիչի աշխատասենյակ ու մնացել մինչև կեսգիշերից բավական անց։ Անդրեյ Անտոնովիչը ներվել է ու սփոփվել։ Ամուսինները համաձայնել են ամեն ինչում, ամեն ինչ մոռացվել է, և երբ բացատրության ավարտին ֆոն Լեմբկեն՝ այնուամենայնիվ, ծնկի է իջել՝ սարսափով հիշելով նախանցյալ գիշերվա եզրափակիչ գլխավոր դրվագը, ապա կնոջ սքանչելի ձեռքը, ապա և շուրթերը պատնեշել են ասպետավարի նրբակիրթ, սակայն խանդաղատանքից թուլացած մարդու ապաշխարական ճառերի բոցաշունչ զեղումները։ Բոլորը տիկնոջ դեմքին երջանկություն տեսան։ Նա քայլում էր բացճակատ, հոյակապ զգեստով։ Թվում էր, թե երանության կատարին է. տոնախմբությունը՝ նրա քաղաքականության նպատակն ու պսակը, իրականացել էր։ Մինչև իրենց տեղերը հասնելը՝ ճիշտ բեմի առաջ, Լեմբկեները ողջունում էին խոնարհումներով և պատասխանում ողջույններին։ Նրանք անմիջապես շրջապատվեցին։ Պարագլխի կինը ոտքի ելավ՝ նրանց ընդառաջ... Բայց այստեղ մի գարշելի թյուրիմացություն տեղի ունեցավ, նվագախումբը հենց այնպես տուշ թնդացրեց, ոչ թե որևէ մի քայլերգ, այլ պարզապես սեղանի տուշ, ինչպես մեր ակումբում, երբ պաշտոնական ճաշկերույթին մեկնումեկի կենացն են խմում։ Հիմա ես գիտեմ, որ դա Լյամշինն էր հոգացել, որպես կարգադրիչ, իբր ներս եկած «Լեմբկեների» պատվին։ Անշուշտ, նա միշտ կարող էր պատրվակ բռնել, որ արել է հիմարավարի, կամ էլ անչափ ջանադրությունից... Ավաղ, այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ նրանք պատրվակների համար արդեն մտահոգ չեն և այսօրվա օրով ամեն ինչ ավարտում էին։ Բանը տուշով չվերջացավ․ ցավալի թյուրիմացության և հասարակության ժպիտների հետ դահլիճի ծայրին և վերնասրահներում ուռա հնչեց, դարձյալ իբր Լեմբկեի պատվին։ Ձայները քիչ էին, բայց խոստովանեմ, որոշ ժամանակ հնչեցին։ Յուլիա Միխայլովնան բռնկվեց, նրա աչքերը փայլատակեցին։ Լեմբկեն կանգ առավ իր տեղի մոտ և շրջվելով բղավողների կողմը՝ ծանրումեծ և խստահայաց գննեց դահլիճը... Նրան շուտափույթ նստեցրին տեղը։ Սարսափով նորից նրա դեմքին նկատեցի այն վտանգավոր ժպիտը, որով երեկ առավոտյան, իր կնոջ հյուրասենյակում կանգնած, նայում էր Ստեպան Տրոֆիմովիչին, նախքան նրան մոտենալը։ Ինձ թվաց, թե հիմա էլ նրա դեմքին չարագույժ մի արտահայտություն կա և ինչը ամենավատն էր՝ փոքր-ինչ ծաղրական, դա արտահայտություն էր մի էակի, որն իրեն զոհաբերում է, ինչ ուզում է լինի, միայն թե կնոջ վերին նպատակներին գոհացում տա... Յուլիա Միխայլովնան փութով ինձ իր մոտ կանչեց ու շշնջաց, որ վազեմ Կարմազինովի մոտ և աղաչեմ նրան սկսել։ Եվ ահա, նոր էի հասցրել շրջվել, կատարվեց մեկ ուրիշ նողկալիություն, միայն թե շատ ավելի գարշելի առաջինից։ Բեմին, դատարկ բեմին, դեպի ուր մինչ այդ պահն ուղղված էին բոլոր հայացքներն ու բոլոր սպասումները և ուր տեսնում էին միայն ոչ մեծ սեղան՝ աթոռով, իսկ սեղանին՝ մի բաժակ ջուր՝ արծաթյա մատուցարանով, դատարկ այդ բեմին հանկարծ հայտնվեց կապիտան Լեբյադկինի աժդահա մարմինը՝ ֆրակով ու ճերմակ փողկապով։ Ես այնքան էի ցնցված, որ աչքերիս չհավատացի։ Կապիտանը կարծես թե շշկլվեց ու կանգ առավ բեմի խորքում։ Հանկարծ մի բղավոց հնչեց հասարակության միջից. «Լեբյադկին, դո՞ւ ես»։ Կապիտանի տխմար ու կարմիր ռեխը (նա կատարելապես հարբած էր) այդ բղավոցի վրա ժպտաց լայն ու բութ։ Նա բարձրացրեց ձեռքը, ափով սրբեց ճակատը, թափ տվեց իր գզուզ գլուխը և, ասես վճռելով ոչինչ հաշվի չառնել, երկու քայլ գցեց առաջ և հանկարծ փռթկաց ոչ բարձրաձայն, բայց կլկլան, տևական, երջանիկ ծիծաղով, որից լխկլխկաց նրա ամբողջ թանձր զանգվածն ու մանրիկ աչքերը կկոցվեցին։ Դրան ի տես, հասարակության համարյա կեսը ծիծաղեց, մի քսան հոգի ծափահարեցին։ Լուրջ հասարակությունը մռայլադեմ հայացքներ փոխանակեց, բայց ամեն ինչ տևեց կես րոպեի չափ։ Հանկարծ բեմ վազեցին Լիպուտինն իր կարգադրիչի վարդակապով և երկու սպասավոր։ Նրանք զգուշությամբ թևանցուկ արեցին կապիտանին, իսկ Լիպուտինն ինչ-որ բան շշնջաց նրան։ Կապիտանը խոժոռվեց, մրթմրթաց. «Թե որ էդպես է», թափ տվեց ձեռքը, հասարակությանը դարձրեց իր վիթխարի մեջքը և հեռացավ ուղեկցողների հետ։ Բայց մի վայրկյան անց Լիպուտինը նորից բեմահարթակ թռավ։ Նրա շրթունքներին խաղում էր մշտական, ամենաքաղցրագույն ժպիտը, որ սովորաբար հիշեցնում էր քացախի և շաքարի խառնուրդ, իսկ ձեռքին՝ նամակի մի թուղթ։ Մանրիկ, բայց փութկոտ քայլերով նա մոտեցավ բեմահարթակի պռնկին։

― Պարոնայք,― դիմեց հասարակությանը,― անուշադրության պատճառով զվարճալի թյուրիմացություն եղավ, որն էլ վերացված է։ Սակայն ես հուսով լի մի հանձնարարություն եմ ստանձնել և այստեղի մեր հորինողներից մեկի խորունկ, ամենահարգալի խնդրանքը... տոգորված մարդասիրական և վերին նպատակով... չնայած իր տեսքին... նույն այն նպատակի համար, որը միավորել է բոլորիս... մեր նահանգի չքավոր ու կրթված աղջիկների արցունքները սրբելու... այս պարոնը, այսինքն, ուզում եմ ասել այստեղացի բանաստեղծը... ինքնությունը չհայտնելու ցանկությամբ... շատ կցանկանար տեսնել իր բանաստեղծությունը՝ այստեղ ընթերցված, պարահանդեսից առաջ, այսինքն, ուզում էի ասել, որ ընթերցվի։ Թեև այս ոտանավորը ծրագրի մեջ չի մտնում... քանի որ կես ժամ առաջ է բերվել... բայց մեզ (ո՞ւմ՝ մեզ։ Ես բառ առ բառ եմ մեջբերում այդ ընդհատ ու շփոթ ճառը) թվաց, որ զգացմունքների իր պարզունակությամբ, միացված նաև հոյակապ զվարթությունը, ոտանավորը կարող է կարդացվել, այսինքն, ոչ որպես լուրջ, այլ տոնախմբությանը հարիր ինչ-որ բան... Մի խոսքով, գաղափարին... Առավել ևս, որ մի քանի տող է... և ամենաբարեհաճ հասարակության թույլտվությունը կխնդրեմ։

― Կարդացեք,― մի ձայն թնդաց դահլիճի ծայրից։

― Ուրեմն, կարդա՞մ։

― Կարդացե՜ք, կարդացե՜ք,― բազմաթիվ ձայներ հնչեցին։

― Ես կկարդա՜մ-մ, հասարակության թույլտվությամբ,― վերստին ծռմռվեց Լիպուտինը՜ նույն շաքարած ժպիտով։ Այնուամենայնիվ, նա կարծես սիրտ չէր անում և ինձ թվաց նույնիսկ, թե հուզված է։ Այդ մարդկանց համակ հանդգնությամբ հանդերձ, բայց և այնպես երբեմն սայթաքում են նրանք։ Ի դեպ, ճեմարանականը չէր սայթաքի, իսկ Լիպուտինը, այդուհանդերձ, նախկին հասարակությանն էր պատկանում։

― Ես զգուշացնում եմ, այսինքն, պատիվ ունեմ զգուշացնել, որ սա, այնուամենայնիվ, ոչ թե ձոն է, ինչպես գրում էին նախկինում տոնախմբության համար, այլ համարյա թե, այսպես ասած, կատակ, բայց անտարակույս զգացմունքի առկայությամբ՝ միացված խաղացկուն զվարթությանը և այսպես ասած, ամենաիրականագույն ճշմարտությամբ։

― Կարդա՜, կարդա՜։

Նա բացեց թուղթը։ Հասկանալի է, ոչ ոք չհասցրեց նրան կանգնեցնել։ Բացի դրանից, նա հայտնվել էր կարգադրիչի իր վարդակապով։ Զրնգուն ձայնով նա արտասանեց.

― Այս կողմերի հայրենական դաստիարակչուհուն՝ տոնախմբության եկած բանաստեղծից։


Ողջույն քեզ, դաստիարակչուհի, ողջույն։
Զվարճացիր ու ցնծա,
Հետադիմուհի կլինես, թե ժորժ-սանդուհի՝
Միևնույն է, հրճվիր դու հիմա։

― Ախր, սա Լեբյադկի՜նն է գրել։ Լեբյադկի՜նն է որ կա,― մի քանի ձայներ հնչեցին։ Ծիծաղ լսվեց ու ծափեր, թեև սակավաթիվ։


Ուսուցանում ես մանկանց փսլնքոտ
Այբուբենը դու ֆրանսերեն
Ու պատրաստ ես աչքով անել
Ժամկոչին էլ, որ տանի քեզ։

― Ուռա՜, ուռա՜։


Բայց մեծ ռեֆորմների մեր այս դարում,
Քեզ ժամկոչն էլ չի տանի,
Օրիորդ, պիտի շատ ունենաս,
Կամ թե նորից՝ այբ-բենի։

― Ճի՜շտ որ, ճի՜շտ որ, այ, սա ռեալիզմ է, առանց «շատի» ոչ մի քայլ։


Սակայն հիմա, երբ տոնելով
Կապիտալ ենք հավաքել,
Քո օժիտը խաղ ու պարով
Կուղարկենք քեզ այստեղից։

Հետադիմուհի լինես, թե ժորժ֊սանդուհի
Միևնույն է, հրճվիր դու հիմի։
Քո այդ օժիտով, դաստիարակչուհի,
Թքիր դես-դեն ու հրճվիր։

Խոստովանում եմ, ականջներիս չէի հավատում։ Այնպիսի բացահայտ լկտիություն էր, որ հնարավոր չէր ներել Լիպուտինին՝ անգամ հիմարության համար։ Իսկ Լիպուտինն ամենևին էլ հիմար չէր։ Մտադրությունը հստակ էր, համենայն դեպս, ինձ համար, կարծես շտապում էին անկարգություններ գցել։ Այդ ապուշ ոտանավորի որոշ տներ, օրինակ, ամենավերջինը, այնպիսին էին, որ ոչ մի հիմարություն դա չէր կարող թույլ տալ։ Լիպուտինը կարծես թե ինքն էլ զգաց, որ չափից ավելի է վերցրել իր վրա. կատարելով իր քաջագործությունը, այնպես էր շշմել սեփական հանդգնությունից, որ նույնիսկ չէր հեռանում բեմից և կանգնած էր, ասես կամենալով ինչ-որ բան ավելացնել։ Հավանորեն, ենթադրում էր, թե մեկ ուրիշ ձևով դուրս կգա տակից, բայց նույնիսկ անպիտանների խմբակը՝ ծափահարելով արարմունքին, հանկարծակի լռեց՝ նույնպես կարծես ապշահար։ Ամենահիմարն այն էր, որ նրանցից շատերն արարմունքն ընդունեցին պաթետիկորեն, այսինքն՝ ոչ որպես պասկվիլ, այլ որպես իսկականից ռեալ ճշմարտություն դաստիարակչուհու վերաբերյալ, որպես նպատակաուղղված ոտանավոր։ Սակայն դրա ավելորդ սանձարձակությունը զարմացրեց ի վերջո նաև նրանց։ Ինչ վերաբերում է ամբողջ հասարակությանը, ապա դահլիճն ամբողջությամբ ոչ միայն խայտառակված էր, այլև ակնհայտորեն վիրավորված։ Ես չեմ սխալվում՝ տպավորությունը հայտնելով։ Յուլիա Միխայլովնան հետո ասում էր, որ մի վայրկյան էլ, ու ինքն ուշագնաց կլիներ։ Ամենահարգարժան ծերուկներից մեկը վեր կացրեց իր պառավին, և երկուսն էլ ելան դահլիճից՝ հասարակության տագնապած հայացքների ուղեկցությամբ։ Ով գիտե, գուցեև օրինակն իր ետևից տաներ նաև ոմանց, եթե այդ պահին բեմում չհայտնվեր ինքը՝ Կարմազինովը՝ ֆրակով, ճերմակ փողկապով և տետրը ձեռքին։ Յուլիա Միխայլովնան նրա վրա հառեց ցնծագին հայացք, ինչպես փրկչի վրա... Բայց ես արդեն կուլիսներում էի, ինձ Լիպուտինն էր հարկավոր։

― Դիտավորյալ արեցիք դա,― ասացի ես՝ զայրագին բռնելով նրա ձեռքը։

― Աստված վկա, ես ամենևին չէի մտածում,― կծկվեց նա՝ տեղնուտեղը սկսելով ստել ու դժբախտ ձևանալ,― ոտանավորը հենց նոր բերեցին, ու ես մտածեցի, որ իբրև ուրախ կատակ...

― Ամենևին էլ դա չեք մտածել։ Մի՞թե այդ անշնորհք աղբն ուրախ կատակ եք համարում։

― Այ-յո, համարում-մ եմ։

― Դուք պարզապես ստում եք, և ամենևին էլ քիչ առաջ չեն բերել։ Ինքներդ եք հորինել Լեբյադկինի հետ միասին, գուցե դեռ երեկ, խայտառակության համար։ Վերջին տունն անպայման ձերն է, ժամկոչի մասին՝ նույնպես։ Ինչո՞ւ նա ֆրակով հայտնվեց։ Ուրեմն, դուք նրան նաև կարդալուն էիք նախապատրաստել, եթե լիովին հարբած չլիներ։

Լիպուտինը սառնությամբ և թունալի նայեց ինձ։

― Իսկ ձե՞ր ինչ գործն է,― հարցրեց նա հանկարծ տարօրինակ հանգստությամբ։

― Ինչպե՞ս թե՝ ինչ։ Դուք էլ եք կրում այդ վարդակապը... Ո՞ւր է Պյոտր Ստեպանովիչը։

― Չգիտեմ, այստեղ է, մի տեղ, իսկ ի՞նչ։

― Այն, որ հիմա ամեն ինչ տեսնում եմ ծայրից ծայր։ Սա պարզապես դավադրություն է Յուլիա Միխայլովնայի դեմ՝ օրը խայտառակելու համար...

Լիպուտինը նորից շեղակի նայեց ինձ։

― Ախր, ձեր ի՞նչ գործն է,― քթի տակ ծիծաղեց նա, ուսերը թոթվեց ու հեռացավ։

Ասես սառը ջուր լցրին վրաս։ Իմ բոլոր կասկածներն արդարանում էին։ Իսկ ես էլ դեռ հույս ունեի, թե սխալվում եմ։ Ի՞նչ պիտի անեի։ Մեկ մտածեցի խորհրդակցել Ստեպան Տրոֆիմովիչի հետ, բայց նա կանգնած էր հայելու առաջ, զանազան ժպիտներ էր փորձում ու շարունակ նայում թղթին, որի վրա նշումներ էր արել։ Հիմա, Կարմազինովից հետո պիտի բեմ մտներ, ու ինձ հետ խոսել այլևս ի վիճակի չէր։ Վազեմ Յուլիա Միխայլովնայի մո՞տ։ Սակայն վաղ էր նրան դիմել, ավելի սաստիկ դաս էր պետք նրան, որպեսզի ապաքինվեր «շրջապատվածության» և իր հանդեպ «ֆանատիկոսային նվիրվածության» համոզվածությունից։ Նա չէր հավատա և ինձ կհամարեր ոգետես։ Եվ ինչո՞վ կարող էր նա օգնել։ «Է,― մտածեցի ես,― բայց և իրոք, իմ ի՞նչ գործն է, վարդակապս կհանեմ ու տուն կգնամ, երբ կսկսվի»։ Այդպես էլ ասացի մտքումս՝ «երբ կսկսվի», դա հիշում եմ։

Բայց պետք էր գնալ՝ Կարմազինովին լսելու։ Վերջին անգամ նայելով կուլիսների ետևը, նկատեցի, որ, այնուամենայնիվ, բավականաչափ կողմնակի մարդիկ, նույնիսկ կանայք են այդտեղ թրև գալիս, ներսուդուրս անում։ «Կուլիսների ետև» ասածը բավականին նեղվածք տեղ էր՝ հասարակությունից բաժանված թանձր վարագույրով և ետևից միջանցքով միացած մյուս սենյակներին։ Այստեղ էին սպասում մեր կարդացողներն իրենց հերթին։ Բայց այդ պահին ինձ առանձնապես զարմացրեց Ստեպան Տրոֆիմովիչին հաջորդող դասախոսը։ Նա նույնպես պրոֆեսորի նման մի բան էր (հիմա էլ ստույգ չգիտեմ, թե ով էր)՝ կամավոր հեռացած ինչ-որ հաստատությունից ինչ-որ ուսանողական պատմությունից հետո և չգիտես ինչու, մեր քաղաքում հայտնված ընդամենը մի քանի օր առաջ։ Նրան նույնպես երաշխավորել էին Յուլիա Միխայլովնային, ու նա երկյուղածությամբ էր ընդունել եկվորին։ Հիմա գիտեմ, որ մինչև ընթերցումը Յուլիա Միխայլովնայի միայն մի երեկույթին էր մասնակցել, ամբողջ երեկո լուռ մնացել՝ տանտիրուհուն շրջապատողների կատակների և պահվածքի վրա երկիմաստ ժպտալով, բոլորի վրա տհաճ տպավորություն թողնելով իր գոռոզ ու միաժամանակ երկչոտության աստիճան նեղացկոտ տեսքով։ Յուլիա Միխայլովնան ինքն էր նրան ներգրավել՝ ելույթ ունենալու։ Հիմա նա, ինչպես և Ստեպան Տրոֆիմովիչը, անկյունից անկյուն էր քայլում, ինքն իրեն մրմնջում, բայց նայում էր հատակին և ոչ թե հայելուն։ Ժպիտներ չէր փորձում, թեև հաճախակի ու ցանկասիրաբար ժպտում էր։ Պարզ էր, որ նրա հետ խոսել նույնպես չէր լինի։ Ցածրահասակ էր, արտաքնապես քառասուն տարեկան, լերկ ու ճաղատ, մոխրագույն մորուքով, վայելուչ հագնված։ Բայց ամենից հետաքրքիրն այն էր, որ ամեն շրջվելիս վեր էր տնկում աջ բռունցքը, թափահարում գլխից վեր ու հանկարծ իջեցնում՝ կարծես ջարդուփշուր անելով որևիցե հակառակորդի։ Ես սարսռացի։ Փութով վազեցի՝ Կարմազինովին լսելու։

III

Դահլիճում նորից մի վատ բան էր կատարվել։ Հայտարարում եմ նախապես, ես խոնարհվում եմ հանճարի մեծության առաջ, բայց ինչի՞ համար են մեր այդ պարոնայք հանճարներն իրենց փառապանծ տարիների ավարտին երբեմն վարվում միանգամայն փոքր տղաների պես։ Լավ, ի՞նչ մի բան կա, որ նա Կարմազինովն է ու հայտնվել է հին սենեկապետի կեցվածքով։ Մի՞թե կարելի է մի հոդվածով մեկ ամբողջ ժամ ունկնդիր պահել այնպիսի հասարակություն, ինչպիսին մերն է։ Ընդհանրապես, նկատեցի, որ թեկուզ գերհանճար, բայց հասարակական թեթև ընթերցումով չի կարելի իրենով անպատիժ զբաղեցնել հասարակությանը քսան րոպեից ավելի։ Ճիշտ է, մեծն հանճարի մուտքը դիմավորվեց չափազանց հարգալիր։ Անգամ ամենախիստ ծերուկները հավանություն և հետաքրքություն դրսևորեցին, իսկ տիկնայք՝ որոշ առումով նույնիսկ հիացմունք։ Ծափահարությունները, սակայն, կարճ տևեցին ու մի տեսակ անմիաբան էին, խառնիխուռն։ Փոխարենը՝ ետևի շարքերում և ոչ մի արարմունք, մինչև այն պահը, երբ պարոն Կարմագինովը սկսեց խոսել, այստեղ էլ համարյա ոչ մի գեշ բան չեղավ, այլ այնպես, կարծես թե թյուրիմացություն։ Նախապես հիշատակել եմ արդեն, որ նա անչափ ճղճղան ձայն ուներ, նույնիսկ մի քիչ կանացի, ըստ որում, իսկական ազնվականական տոհմիկ սվսվոցով։ Նոր էր մի քանի բառ ասել, հանկարծ ինչ-որ մեկն իրեն թույլ տվեց բարձրաձայն ծիծաղել, հավանորեն, անփորձ մի անխելք, աշխարհիկ և ոչինչ դեռևս չտեսած, նաև ի բնե ծաղրասեր։ Սակայն նվազագույն ցուցադրական բան չկար, հակառակը՝ անխելքի վրա ֆշշացրին ու նա ոչնչացավ։ Բայց ահա պարոն Կարմագինովը ծեքծեքուն ու երգեցիկ հայտարարում է, թե սկզբում հանուն և ոչնչի չէր համաձայնում ելույթ ունենալ (շատ էր պետք հայտարարել)։ «Այնպիսի տողեր կան, որոնք հորդում են սրտից այնպես, որ ասել էլ չի լինի, ուստի և նման սրբազան բաներն ամենևին չի կարելի հասարակությանը հանձնել (իսկ ինչո՞ւ ես հանձնում), բայց քանի որ իրեն հորդորեցին, ինքն արեց դա և քանի որ, բացի դրանից, ինքը ցած է դնում գրիչը և երդվել է այլևս չգրել հանուն և ոչնչի, ապա թող լինի, գրել է այս վերջին գործը և քանի որ երդվել է հանուն և ոչնչի երբեք և ոչինչ չընթերցել հասարակության համար, թող այդպես լինի, կընթերցի այս վերջին հոդվածը հասարակության համար» և այլն, և այլն, և այլն, նման ուրիշ-ուրիշ բաներ։

Բայց այս ամենը՝ ոչինչ, և ո՞վ չգիտե հեղինակային նախաբանները։ Թեև նշեմ, որ մեր հասարակության սակավ կրթվածության և վերջին շարքերի դյուրագրգռության դեպքում այդ ամենը կարող էր և ազդել։ Իսկ ավելի լավ չէր լինի՞ կարդալ մի փոքր պատմություն, կարճառոտ պատմվածք այն ձևով, ինչպես առաջ գրոտում էր, այսինքն՝ թեև հարթված ու ծեքծեքուն, բայց երբեմն էլ սրամիտ։ Դրանով ամեն ինչ կփրկվեր։ Ո՜չ-չ, ի՞նչ-չ եք ասում։ Ծայր առավ խրատաճառը։ Աստված, ի՜նչ չկար այդտեղ։ Հաստատապես կասեմ, որ նույնիսկ մայրաքաղաքային հասարակությունը կհասներ փայտացման, ո՜ւր մնաց, թե մերը։ Պատկերացրեք համարյա երկու տպագիր մամուլ ամենածեքծեքուն և անօգուտ շաղակրատանք։ Ավելին, այդ պարոնը նաև կարդում էր մի տեսակ վերևից, դառնացած, կարծես ողորմածությունից, այնպես որ ստացվում էր նույնիսկ վիրավորական մեր հասարակության համար։ Թեման... Սակայն ո՞վ կարող էր զանազանել այդ թեման։ Դա ինչ-որ հաշվետվություն էր ինչ-ինչ տպավորությունների, ինչ-ինչ հիշողությունների մասին։ Բայց ի՞նչ։ Բայց ինչի՞ մասին։ Որքան էլ կնճռոտվեցին մեր նահանգային ճակատներն ընթերցման առաջին կեսին, չկարողացան ոչինչ հաղթահարել, այնպես որ երկրորդ կեսը լսեցին սոսկ քաղաքավարությունից դրդված։ Ճիշտ է, շատ խոսվեց սիրո մասին, ինչ-որ էակի հանդեպ հանճարի սիրո մասին, սակայն խոստովանեմ, որ փոքր-ինչ անհարմար բան ստացվեց։ Հանճարեղ գրողի փոքրամարմին, հաստլիկ կազմվածքին, իմ կարծիքով, մի տեսակ հարիր չէր պատմել իր առաջին համբույրի մասին... Եվ որ կրկին ցավալի է, այդ համբույրները կնքվում էին մի տեսակ ոչ այնպես, ինչպես ամբողջ մարդկությունն է անում։ Անպայման չորս կողմը պիտի աճեր տափաստանային փշաբույս (անպայման՝ փշաբույս կամ որևէ ուրիշ խոտ, որի մասին պիտի տեղեկանալ բուսաբանության գրքից)։ Ընդ որում, երկինքն անպայման մանուշակագույն մի երանգ պիտի ունենար, որպիսին, հարկավ, մահկանացուներից ոչ մեկը չէր նկատել երբեք, այսինքն՝ բոլորը տեսել, սակայն չէին կարողացել նկատել, իսկ ահա իբր «ես տեսա և նկարագրում եմ ձեզ՝ հիմարներիդ, որպես ամենասովորական մի բան»։ Ծառը, որի տակ կնստեր հետաքրքրական զույգը, անպայման մի տեսակ նարնջագույն կլիներ։ Զույգը կնստեր մի որևէ տեղ՝ Գերմանիայում։ Հանկարծ կտեսնեին Պոմպեոսին կամ Կասիոսին՝ ճակատամարտի նախօրեին, ու երկուսին էլ կշամփրեր զմայլանքի սարսուռը։ Որևէ ջրահարս կճչար թփերի մեջ։ Եղեգնուտում Գլյուքը ջութակ կնվագեր։ Նրա նվազած պիեսը կկոչվեր en toutes letters[1], բայց ոչ ոքի հայտնի չէր լինի, այնպես որ հարկ կլիներ դրա մասին տեղեկանալ երաժշտական բառարանից։ Այդ ընթացքում կգնդվեր մեգը, այնպես կգնդվեր, այնպես կգնդվեր, որ ավելի նման կլիներ միլիոնավոր բարձերի, քան թե մշուշի։ Ու հանկարծ ամեն ինչ կչքանար, և մեծն հանճարը ձմռանը՝ ձնհալին կկտրեր-կանցներ Վոլգան։ Եկուսուկես էջ՝ այդ գետանցումը, բայց և այնպես, կընկներ սառցանցքը։ Հանճարը խեղդվում է, դուք կարծում եք, թե խեղդվե՞ց։ Մտքով իսկ չանցավ։ Այդ ամենը նրա համար էր, որ երբ արդեն լիովին սուզվել և շնչահեղձ էր, նրա առաջ մի սառցակտոր ցոլաց, պստիկ սիսեռի չափ սառցակտոր, սակայն զուլալ և թափանցիկ, «հանց սառած արցունք», ու այդ սառցակտորի մեջ արտացոլվեց Գերմանիան, կամ ավելի լավ է ասել՝ Գերմանիայի երկինքը, և արտացոլումն իր ծիածանագույն խաղով հիշեցրեց նրան հենց այն արցունքը, որը «հիշում ես, գլորվեց աչքերից քո, երբ նստած էինք զմրուխտագույն ծառի տակ և դու բացականչեցիր բերկրալի. «Չկա՜ հանցագործություն»։ «Այո,― ասացի ես արտասվախառն,― բայց թե այդպես է, ուրեմն արդարակյացներ էլ չկան»։ Մենք հեկեկացինք ու բաժանվեցինք առհավետ»։― Կինը՝ ծովափի մի անկյուն, ինքը՝ ինչ-որ անձավներ։ Եվ ահա, նա իջնում է, իջնում, երեք տարի իջնում հասնում է Մոսկվա, Սուխարևսկայա աշտարակի տակ և հանկարծ երկրի բուն ընդերքում, անձավում կանթեղ է գտնում, կանթեղի առաջ՝ մի ճգնավոր։ Ճգնավորն աղոթում է։ Հանճարը սեղմվում է փոքրիկ, վանդակապատ պատուհանին ու հանկարծ հոգոց է լսում։ Կարծում եք, ճգնավո՞րը տնքաց։ Նրա շատ պետքն է ձեր ճգնավորը։ Ո՜չ-չ, պարզապես այդ հոգոցը «հիշեցրեց կնոջ առաջին հոգոցը երեսունյոթ տարի առաջ», երբ «հիշո՛ւմ ես, Գերմանիայում նստած էինք ագաթե ծառի տակ, և դու ասացիր ինձ. «Ինչի՞ համար սիրել։ Տես, չորսբոլորը օքրախոտ է աճում և ես սիրում եմ, բայց կդադարի աճել օքրախոտը, ես էլ կդադարեմ սիրել»։ Այստեղ վերստին գնդվում է մշուշը, հայտնվում է Հոֆմանը, Շոպենից մի բան է սուլում ջրահարսը և հանկարծ, մշուշի միջից, դափնեպսակով, Հռոմի տանիքներից վեր հայտնվում է Անկուս Մարցիուսը։ Զմայլանքի սարսուռ անցավ մեր մեջքերով ու մենք բաժանվեցինք առհավետ» և այլն, և այլն։ Մի խոսքով, գուցեև այնպես չեմ վերարտադրում և չեմ կարողանում, բայց շաղակրատանքի իմաստը հենց դա էր։ Եվ վերջապես, մեր խոշոր ուղեղներն ի՜նչ խայտառակ մոլուցք ունեն բառախաղերի հանդեպ՝ վերին իմաստով։ Եվրոպացի մեծ փիլիսոփա, խոշոր գիտնական գյուտարար, աշխատավոր, նահատակ՝ ռուսական մեր մեծ հանճարի համար փութաջան և ծանրաբեռն այս բոլորը նման են նրա խոհանոցի ծառայողներին։ Նա՜ է պարոնը, իսկ նրանք ներկայանում են իրեն՝ ճերմակ գլխարկները ձեռքներում բռնած և սպասում հրամանների։ Ճիշտ է, նա գոռոզաբար ծիծաղում է նաև Ռուսաստանի վրա, և ավելի դուրեկան բան չկա, քան Եվրոպայի մեծ ուղեղների առաջ բոլոր առումներով Ռուսաստանի սնանկության մասին հայտարարելը, սակայն ինչ վերաբերում է անձամբ իրեն, է, չէ-է՜, ինքն արդեն Եվրոպայի այդ մեծ ուղեղներից վեր է սլացել, նրանք բոլորը սոսկ նյութ են իր բառախաղերի համար։ Կվերցնի ուրիշի գաղափարը, դրան կկպցնի հակաթեզը, և բառախաղը պատրաստ է։ Կա հանցագործություն, չկա հանցագործություն։ Արդարություն չկա, արդարակյացներ չկան։ Աթեիզմ, դարվինիզմ, մոսկովյան կոչնակներ... Սակայն ավաղ, ինքն արդեն չի հավատում մոսկովյան կոչնակներին։ Հռոմ, դափնիներ... սակայն ինքն անգամ դափնիներին չի հավատում... Այստեղ՝ բայրոնյան թախծի արքունական նոպա, մի ծամածռություն Հայնեից, ինչ-որ կտոր Պեչորինից՝ ու գնա՜ց, գնա՜ց, փրթփրթաց մեքենան... «Իսկ իմիջիայլոց, գովաբանեք, գովաբանեք, ես դա անասելի սիրում եմ։ Չէ որ հենց այնպես եմ ասում, թե ցած եմ դնում գրիչս։ Համբերեք, դեռ երեք հարյուր անգամ ձանձրացնելու եմ ձեզ, կհոգնեք կարդալուց...»։

Անշուշտ, ավարտվեց ոչ այդպես պատշաճ։ Բայց վատն այն է, որ դրանով էլ սկսվեց։ Վաղուց արդեն ծայր էր առել ոտքերի քստքստոց, փռշտոցներ, հազ և այն ամենն, ինչ լինում է, երբ գրական ընթերցմանը գրողը, ով ուզում է լինի, հասարակությանը զբաղեցնում է քսան րոպեից ավելի։ Բայց հանճարեղ գրողը նման բան չէր նկատում։ Շարունակում էր սվսվացնել ու լմլմալ՝ բանի տեղ չդնելով հասարակությանը, այնպես որ բոլորն սկսեցին տարակուսել։ Երբ հանկարծ վերջին շարքերում միայնակ, սակայն բարձր ձայն հնչեց.

― Տեր Աստված, սա ի՜նչ ցնդաբանություն է։

Դա դուրս թռավ ակամա և, հավատացած եմ, առանց որևէ ցուցադրականության։ Մարդը պարզապես հոգնել էր։ Բայց պարոն Կարմազինովը դադար տվեց, ծաղրաբար նայեց հասարակությանը և հանկարծ սվսվացրեց խոցված սենեկապետի կեցվածքով.

― Պարոնայք, կարծես թե ես կարգին ձանձրացրի ձեզ։

Նրա մեղքն այն էր հենց, որ խոսքն ինքը բացեց։ Քանզի դրանով պատասխանի կոչելով, դրանով իսկ հնարավորություն տվեց ամեն կարգի խաժամուժի՝ նույնպես խոսել, այսպես ասած, նույնիսկ օրինաբար, այնինչ, եթե զսպեր իրեն, ապա կփռշտային, կփռշտային ու մի կերպ կանցներ-կգնար... Գուցեև, նա ծափահարություններ էր սպասում ի պատասխան իր հարցին, սակայն ծափ չհնչեց, ընդհակառակը, բոլորը կարծես վախեցան, կծկվեցին ու սսկվեցին։

― Դուք ամենևին էլ երբեք չեք տեսել Անկուս Մարցիոսին, այդ ամենը ոճ է,― հանկարծ հնչեց մի վրդովված, նույնիսկ կարծես հիվանդացած ձայն։

― Ճիշտ է,― տեղնուտեղը միացավ մեկ ուրիշ ձայն,― հիմա տեսիլքներ չկան, այլ բնական գիտություններ։ Տեղեկացեք բնական գիտություններից։

― Պարոնայք, ամենից քիչ ես նման առարկություններ էի սպասում,― ահավոր զարմացավ Կարմազինովը։ Մեծն հանճարը Կառլսռուէում բոլորովին ետ էր վարժվել հայրենիքից։

― Մեր դարում ամոթ է խոսել, թե աշխարհը կանգնած է երեք ձկների վրա,― հանկարծ ծվծվաց մի օրիորդ։― Կարմազինով, դուք չէիք կարող քարանձավներ իջնել, ճգնավորի մոտ։ Եվ ո՞վ է հիմա խոսում անապատականների մասին։

― Պարոնայք, ինձ ամենից շատ զարմացնում է, որ դա այդպես լուրջ է։ Ի դեպ... ի դեպ, դուք միանգամայն իրավացի եք։ Ինձնից ավելի ոչ ոք չի հարգում իրական ճշմարտությունը...

Թեև նա ժպտում էր հեգնաբար, սակայն սաստիկ էր ապշահար։ Դեմքը սոսկ արտահայտում էր. «Չէ որ ես այնպիսին չեմ, ինչպես կարծում եք, չէ որ ես ձեզ եմ կողմնակից, միայն թե գովեք ինձ, գովեք շատ, հնարավորին չափ ավելի շատ, ես դա անասելի սիրում եմ...»։

― Պարոնայք, ― ի վերջո բղավեց նա՝ արդեն լրիվ խոցված,― ես տեսնում եմ, որ իմ խեղճ ստեղծագործությունն ուրիշ տեղ է ընկել։ Ես ինքս էլ, կարծում եմ, նույն տեղը։

― Նշան ես բռնել կողովին, խփել ես կովին,― կոկորդով մեկ բղավեց հիմարի մեկը, հավանորեն, հարբած, և անշուշտ, նրա վրա ուշադրություն դարձնել պետք չէր։ Ճիշտ է, անհարգալիր ծիծաղ հնչեց։

― Ասում եք՝ կովի՞ն, ― տեղնուտեղը դրանից կառչեց Կարմագինովը։ Նրա ձայնն ավելի ու ավելի էր ճղճղան դառնում։― Կողովների ու կովերի վերաբերյալ, պարոնայք, ես ինձ թույլ կտամ զսպվել։ Ես չափից ավելի եմ հարգում անգամ ցանկացած հասարակություն՝ թեկուզև անմեղ համեմատություններ թույլ տալու համար, բայց ես կարծում էի...

― Բայց և այնպես, ողորմած պարոն, դուք շատ մի...― բղավեց ինչ-որ մեկը վերջին շարքերից։

― Բայց ես ենթադրում էի, որ ցած դնելով գրիչս ու հրաժեշտ տալով ընթերցողին, կլսեն ինձ...

― Ո՜չ, ո՜չ, մենք ցանկանում ենք լսել, ցանկանո՜ւմ ենք,― վերջապես սրտապնդված մի քանի ձայն լսվեց առաջին շարքից։

― Կարդացե՜ք, կարդացե՜ք,― մի քանի տիկնանց զմայլագին ձայներ միացան և վերջապես, ծափահարություն սկսվեց, ճիշտ է, սակավ ու նվազ։ Կարմազինովը շեղակի ժպտաց ու բարձրացավ տեղից։

― Հավատացեք, Կարմազինով, որ բոլորը նույնիսկ պատիվ են համարում...― չդիմացավ նույնիսկ ինքը՝ պարագլխի կինը։

― Պարոն Կարմազինով,― հանկարծ մի թարմ, դեռատի ձայն հնչեց դահլիճի խորքից։ Գավառական ուսումնարանի շատ ջահել ուսուցչի ձայնն էր, հիանալի մի երիտասարդ էր, սուսուփուս, վեհանձն, որը դեռ վերջերս հյուր էր մեզ մոտ։ Նա նույնիսկ ելել էր տեղից։― Պարոն Կարմազինով, եթե ես երջանկություն ունենայի սիրել այնպես, ինչպես դուք նկարագրեցիք մեզ, իրավ, իմ սիրո մասին չէի գրի հասարակական ընթերցման համար նախատեսված հոդվածում...

Նա նույնիկ ամբողջովին շառագունել էր։

― Պարոնայք,― ճչած Կարմազինովը։― Ես ավարտեցի։ Բաց եմ թողնում վերջը և հեռանում։ Բայց թույլ տվեք կարդալ միայն ավարտի վեց տողերը։

― «Այո, իմ բարեկամ ընթերցող, մնաս բարով,― սկսեց նա անմիջապես, ձեռագրից կարդալով և արդեն չնստելով բազկաթոռին։― Մնաս բարով, ընթերցող։ Նույնիսկ չեմ էլ պնդում, որ բաժանվենք որպես բարեկամներ, հիրավի, ինչի՞ համար անհանգստացնել քեզ։ Նույնիսկ նախատիր, օ՜, նախատիր ինձ՝ ինչքան կամենաս, եթե դա քեզ փոքր-ինչ հաճույք կպատճառի։ Բայց ամենալավն այն կլինի, եթե մոռանանք միմյանց առհավետ։ Եվ եթե դուք բոլորդ, ընթերցողներ, հանկարծ այնքան բարի գտնվեիք, որ ծնկաչոք սկսեիք հորդորել արտասվելով, թե «Գրիր, օ՜, գրիր մեզ համար, Կարմազինով, վասն հայրենյաց, վասն սերունդների, վասն դափնեպսակների», այնժամ էլ ձեզ կպատասխանեի, անշուշտ, ամենայն հարգանքով շնորհակալություն հայտնելով. «Ոչ, հերիք է, ինչքան զբաղվեցինք միմյանցով, սիրելի հայրենակիցներ, merci։ ժամանակն է, տարբեր ճամփաներով գնանք։ Merci, merci, merci»։

Կարմազինովը հանդիսավորապես խոնարհվեց և ամբողջովին կարմրատակած, ասես, խաշել էին նրան, գնաց կուլիսների ետևը։

― Ոչ ոք էլ ծունկ չի չոքի ամենևին, երևակայություն եմ ասել է՜։

― Ինչպիսի՜ անձնասիրություն։

― Դա սոսկ հումոր էր,― ուզեց ուղղել ավելի հասկացող մեկը։

― Չէ՜, մեզ ազատեք ձեր հումորից։

― Բայց և այնպես, սա հանդգնություն է, պարոնայք։

― Ծայրահեղ դեպքում, գոնե վերջացրեց։

― Էս ի՜նչ ձանձրալի բանի եկանք։

Սակայն վերջին (ի դեպ, ոչ միայն վերջին) շարքերի այս բոլոր անբարեկիրթ բացականչությունները խլացվեցին ծափահարություններով։ Բեմ էին կանչում Կարմազինովին։ Մի քանի տիկնայք Յուլիա Միխայլովնայի և պարագլխի տիկնոջ գլխավորությամբ խռնվեցին բեմի մոտ։ Յուլիա Միխայլովնայի ձեռքին մի շքեղ դափնեպսակ հայտնվեց, ճերմակ թավշյա բարձիկի վրա, մյուսին՝ թարմ վարդերից հյուսված պսակ։

― Դափնինե՜ր,― արտասանեց Կարմագինովը՝ նուրբ և թեթևակի ծաղրական ժպիտով։― Անշուշտ, ես զգացված եմ և ընդունում եմ այս նախապես պատրաստված, բայց դեռևս թառամել չհասցրած պսակը՝ կենդանի զգացումով, սակայն հավատացնում եմ ձեզ, mesdames, որ հանկարծ այնքան իրապաշտ դարձա, որ մեր դարում դափնետերևները շատ ավելի հարմար եմ գտնում տեսնել վարպետ խոհարարի, քան իմ ձեռքերում...

― Ախր, խոհարարներն ավելի են օգտակար,― բղավեց այն նույն ճեմարանականը, որը ներկա էր Վիրգինսկու տան «նիստին»։ Կարգը փոքր-ինչ խախտվեց։ Շատերը վեր թռան տեղերից՝ տեսնելու համար դափնեպսակի արարողությունը։

― Խոհարարի համար հիմա երեք տասանոց էլ կտամ,― բարձր-բարձր մեկ ուրիշ ձայն էլ հնչեց, նույնիսկ չափազանց բարձր, համառորեն բարձր։

― Ե՜ս էլ։

― Ե՜ս էլ։

― Բայց կարող է, այստեղ բուֆետ չկա։

― Պարոնայք, սա պարզապես խաբեություն էր...

Իմիջիայլոց, հարկ է ընդունել, որ բոլոր այդ սանձարձակ պարոնայք նաև լավ վախենում էին մեր բարձրաստիճաններից, նաև դահլիճում ներկա պրիստավից։ Մի կերպ, տասը րոպեի ընթացքում, բոլորը նորից տեղավորվեցին, բայց նախկին կարգուկանոնը չէր վերականգնվում։ Եվ ահա, ծայր առնող այդ քաոսի մեջ էլ ընկավ խեղճ Ստեպան Տրոֆիմովիչը...

IV

Սակայն ես մի անգամ էլ շտապեցի կուլիսների ետևը՝ նրա մոտ ու ինձ կորցրած, հասցրի նախազգուշացնել՝ որ իմ կարծիքով, ամեն ինչ խափանվել է և որ ավելի լավ կլինի՝ բեմ չմտնի բոլորովին և հենց հիմա տուն գնա, թեկուզև աղիքային սուր խանգարում պատրվակ բռնելով, իսկ ես նույնպես կհանեմ վարդակապս ու կգնամ իր հետ։ Այդ պահին նա արդեն բեմ էր մտնում, հանկարծակի կանգ առավ, բարձրամտորեն չափեց ինձ ոտից գլուխ և հանդիսավորությամբ արտաբերեց.

― Ողորմած պարոն, իսկ ինչո՞ւ եք դուք ինձ ընդունակ համարում նման փոքրոգության։

Ես նահանջեցի։ Մեկին մեկ համոզված էի, որ առանց աղետի այնտեղից դուրս չի գա։ Մինչ ես կանգնած էի՝ կատարելապես վհատված, իմ դիմաց նորից հայտնվեց եկվոր պրոֆեսորը, որի հերթը Ստեպան Տրոֆիմովիչից հետո էր և որը քիչ առաջ շարունակ բարձրացնում էր բռունցքը ևթափով իջեցնում։ Նա դեռևս նույն ձևով գնում-գալիս էր ետուառաջ, խորասուզված ու քթի տակ ինչ-որ բան մրմնջալով թունալի, սակայն ցնծացող ժպիտով։ Այստեղ ես մի տեսակ համարյա առանց մտադրվելու (այստեղ էլ սատանան ինձ դրդեց) նրան ևս մոտեցա։

― Գիտեք ինչ,― ասացի,― շատ օրինակներ կան, որ եթե ելույթ ունեցողը հասարակությանը զբաղեցնում էսքան րոպեից ավելի, հասարակությունն արդեն չի լսում։ Կես ժամ նույնիսկ ոչ մի նշանավոր չի դիմանա...

Նա մեկեն կանգ առավ և ամբողջ մարմնով ասես ցնցվեց վիրավորանքից։ Անհուն գոռոզություն էր արտահայտում նրա դեմքը։

― Մի անհանգստացեք,― մրթմրթաց նա արհամարհանքով և անցավ կողքովս։ Այդ պահին դահլիճից լսվեց Ստեպան Տրոֆիմովիչի ձայնը։

«Էհ, բոլորիդ հերն էլ անիծած»,― մտածեցի ես ու շտապեցի դահլիճ։

Ստեպան Տրոֆիմովիչը նստեց բազկաթոռին, դեռևս շարունակվող իրարանցման մեջ։ Ըստ երևույթին, առաջին շարքերից նրան դիմավորեցին անբարյացակամ հայացքներ։ (Վերջին ժամանակներս ակումբում մի տեսակ դադարել էին նրան սիրել և նախկինից շատ ավելի պակաս էին հարգում)։ Իմիջիայլոց, արդեն լավ էր այն, որ չէին շվվացնում։ Տարօրինակ մի միտք ունեի դեռ երեկվանից, ինձ շարունակ թվում էր, թե նրան կշվվացնեն անմիջապես, երևալուն պես։ Այնինչ, նրան հիմա նույնիսկ չնկատեցին՝ առկա որոշ իրարանցման մեջ։ Եվ ինչի՞ վրա էր հույսը դրել այդ մարդը, եթե Կարմազինովի հետ այդպես վարվեցին։ Նա գունատ էր. տասը տարի չէր կանգնել հասարակության առաջ։ Հուզմունքից և նրա ներսում ինձ հայտնի շատ բաներից հստակ էր, որ ինքն էլ է բեմում իր հայտնվելը դիտում որպես իր ճակատագրի վճռում կամ նման մի բան։ Ահա թե ինչից էի վախենում։ Թանկ էր ինձ համար այդ մարդը։ Եվ ինչ կատարվեց ինձ հետ, երբ նա բացեց բերանն ու առաջին խոսքերն ասաց։

― Պարոնայք,― ասաց նա մեկեն, կարծես վճռելով գնալ ամեն ինչի և միաժամանակ համարյա դողդոջ ձայնով։― Պարոնայք։ Դեռևս այսօր առավոտյան իմ առաջ դրված էր վերջերս այստեղ տարածված ապօրինի թղթերից մեկը, և ես հարյուրերորդ անգամ ինձ հարց տվեցի. «Ինչի՞ մեջ է սրա գաղտնիքը»։

Միանգամից սսկվեց ամբողջ դահլիճը, բոլոր հայացքներն ուղղվեցին նրան, մի քանիսը՝ երկյուղով։ Բան չունեմ ասելու, կարողացավ հետաքրքրություն հարուցել առաջին իսկ խոսքից։ Նույնիսկ կուլիսների ետևից գլուխներ պարզվեցին, Լիպուտինը և Լյամշինն ագահորեն ականջ էին դրել։ Յուլիա Միխայլովնան նորից ձեռքով արեց ինձ.

― Կանգնեցրեք, ինչ գնով ուզում է լինի, կանգնեցրեք,― շշնջաց նա տագնապով։ Ես միայն ուսերս թոթվեցի՝ մի՞թե կարելի էր կանգնեցնել այլևս վճռած մարդուն։ Ավա՜ղ, ես հասկացել էի Ստեպան Տրոֆիմովիչին։

― Էհե՜, թռուցիկների մասին է,― շշնջացին դահլիճում, ամբողջ սրահն ալիքվեց։

― Պարոնայք, ես պարզել եմ ամբողջ գաղտնիքը։ Թողած էֆեկտի ամբողջ գաղտնիքը դրանց հիմարության մեջ է։ (Նրա աչքերը փայլատակեցին)։― Այո, պարոնայք, լիներ դա կանխամտածված հիմարություն, հաշվարկով կեղծված հիմարություն՝ օ՜, այդ մեկը նույնիսկ հանճարեղ կլիներ։ Բայց հարկ է կատարյալ արդարությունը հատուցել նրանց, նրանք ոչինչ չեն կեղծել։ Դա ամենամերկացված, ամենապարզամիտ, ամենահակիրճ հիմարությունն է՝ cest la betise dans son essence la plus pure, quelque chose comme un simple chimique[2]։ Մի կաթիլ անգամ խելացի ասված լիներ, և ամեն ոք իսկույն կտեսներ այդ համառոտ հիմարության համակ թշվառությունը։ Բայց հիմա բոլորը դեմ են առնում տարակուսած, ոչ ոք չի հավատում, որ դա ի սկզբանե այդքան է հիմար։ «Չի կարող պատահել, որ այստեղ ուրիշ ոչինչ չլինի»,― ինքն իրեն ասում է յուրաքանչյուրը և գաղտնիք է որոնում, խորհուրդ տեսնում, ուզում է կարդալ տողերի արանքը՝ էֆեկտը ձեռք է բերված։ Օ՜, դեռևս երբեք հիմարությունն այսպիսի ցնծալի պարգև չի ստացել, չնայած որ շատ հաճախ է արժանի եղել դրան... քանզի, en parenthese[3], հիմարությունը, ինչպես և բարձրագույն հանճարը, միանման օգտակար են մարդկության ճակատագրում...

― Քառասնական թվականների բառախաղեր,― հնչեց ինչ-որ մեկի, ի դեպ, համեստ ձայնը, բայց դրանից հետո ամեն ինչ կարծես պոկվեց տեղից։ Աղմկեցին, ժխոր բարձրացավ։

― Պարոնայք, ուռա՜։ Ես առաջարկում եմ հիմարության կենացը,― բղավեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ արդեն կատարելապես մոլեգնած, քամահրելով դահլիճը։

Ես մոտ վազեցի նրան՝ բաժակը ջուր լցնելու պատրվակով։

― Ստեպան Տրոֆիմովիչ, վերջացրեք, Յուլիա Միխայլովնան աղաչում է...

― Ոչ, դուք ինձ հանգիստ թողեք, պարապ-սարապ երիտասարդ,― կոկորդով մեկ բղավելով՝ նետվեց վրաս։ Ես փախա։― Messieurs[4],― շարունակեց նա,― ինչի՞ համար է այս հուզմունքը, ինչի՞ համար են զայրույթի բացականչությունները, որոնք լսում եմ։ Ես եկել եմ ձիթենու ճյուղով։ Ես ձեզ եմ բերել վերջին խոսքը, քանզի այս գործում վերջին խոսքի տերն եմ, և մենք կհաշտվենք։

― Կորչի՜,― բղավում էին ոմանք։

― Լռե՜ք, թող խոսի, թողեք մինչև վերջ ասի՜,― բղավում էին մյուսները։ Հատկապես հուզված էր ջահել ուսուցիչը, որը սիրտ անելով մի անգամ խոսել, կարծես արդեն չէր կարողանում կանգ առնել։

― Messieurs, այս գործի վերջին խոսքը՝ լիակատար ներումն է։ Ես կյանքս ապրած ծերունի եմ, ես հանդիսավորապես հայտարարում եմ, որ կյանքի ոգին սավառնում է առաջվա պես, և կենդանի ուժը չի սմքել երիտասարդ սերնդի մեջ։ Ժամանակակից պատանեկության եռանդը նույնքան վճիտ է և լուսավոր, ինչպես մեր ժամանակներում։ Կատարվել է լոկ մի բան. նպատակների տեղափոխում, մի գեղեցկության փոխարինումը մյուսով։ Ամբողջ երկմտությունը սոսկ մի բան է, թե որն է ավելի սքանչելի՝ Շեքսպի՞րը, թե սապոգները, Ռաֆայե՞լը, թե նավթաեռը։

― Սա մատնությո՞ւն է,― մրթմրթում էին ոմանք։

― Վարկաբեկիչ հարցեր են։

― Agent-provocateur![5]։

― Իսկ ես հայտարարում եմ, որ Շեքսպիրը և Ռաֆայելը վեր են գյուղացիների ազատագրումից, վեր են ժողովրդականությունից, վեր են սոցիալիզմից, վեր են պատանի սերնդից, վեր են քիմիայից, վեր են համարյա ամբողջ մարդկությունից, քանզի նրանք արդեն համայն մարդկության պտուղն են, իսկական պտուղը, թերևս բարձրագույն պտուղը, որպիսին կարող է միայն լինել։ Գեղեցկության ձևն արդեն ձեռք է բերված, առանց որի գուցեև ապրել չեմ համաձայնի ես... Օ՜, Աստված,― ձեռքերն իրար զարկեց նա,― տասը տարի առաջ ճիշտ այսպես բղավում էի Պետերբուրգում, բեմից, միևնույն բանն ու նույն բառերը, և ճիշտ այսպես նրանք ոչինչ չէին հասկանում, ծիծաղում և աղմկում էին, ինչպես հիմա, գաճաճ մարդիկ, ի՞նչն է ձեզ պակասում՝ հասկանալու համար։ Գիտե՞ք արդյոք, դուք գիտե՞ք արդյոք, որ առանց անգլիացու մարդկությունը դեռևս կարող է ապրել, առանց Գերմանիայի կարելի է, առանց ռուս մարդու շատ հնարավոր է, առանց գիտության կարելի է, առանց հաց կարելի է, լոկ միայն առանց գեղեցկության է անհնար, քանզի ոչնչից ոչինչ չի մնա անելու երկրիս երեսին։ Ամբողջ գաղտնիքը սա է, ամբողջ պատմությունը սա է։ Գիտությունն իսկ մի րոպե չի դիմանա առանց գեղեցկության՝ այս մասին գիտե՞ք արդյոք, ծիծաղողներ, կվերածվի բռիության, մի մեխ անգամ չեք հորինի... Չե՜մ զիջելու,― անհեթեթ ճչաց նա վերջում և բռունցքն ամբողջ թափով խփեց սեղանին։

Սակայն մինչ նա կճղճղար անիմաստ և խառնիխուռն, խախտվում էր կարգուկանոնը դահլիճում։ Շատերը վեր թռան տեղերից, ոմանք խուժեցին առաջ, բեմին մոտ։ Ընդհանրապես, այս ամենը կատարվեց շատ ավելի արագ, քան նկարագրում եմ, և չհասցրին միջոցներ ձեռնարկել։ Գուցե նաև չկամեցան։

― Ձեզ համար լավ է ամեն ինչ պատրաստ առաջներդ դնեն, երեսառածնե՜ր,― հենց բեմի մոտ ոռնաց նույն ճեմարանականը ատամները հաճույքով մերկացրած Ստեպան Տրոֆիմովիչի վրա։ Վերջինս նկատեց և մոտ ցատկեց ուղիղ բեմեզրին.

― Ես չէի՞, արդյոք, նոր ե՞ս չհայտարարեցի, որ երիտասարդ սերնդի եռանդը նույնքան մաքուր է և լուսավոր, ինչպես եղել է և որ նա կործանվում է՝ սխալվելով միայն գեղեցիկի ձևերում։ Քի՞չ է ձեզ։ Ու եթե վերցնենք, որ դա հռչակեց սպանված, վիրավորված հայրը, ապա մի՞թե, օ՜, գաճաճներ, մի՞թե կարելի է վեր կանգնել անաչառությամբ և հայացքի հանգստությամբ... Երախտամոռնե՜ր... անիրավացինե՜ր... ինչի՞, ինչի՞ համար չեք ուզում հաշտվել...

Եվ նա հանկարծ հեկեկաց հիստերիկ։ Մատներով սրբում էր հոսող արցունքները։ Ուսերը և կուրծքը ցնցվում էին հեկեկոցներից... Նա ամեն ինչ մոռացել էր աշխարհում։

Իսկական վախ համակեց հասարակությանը, համարյա բոլորը ելան տեղերից։ Արագ վեր թռավ նաև Յուլիա Միխայլովնան՝ թևանցուկ անելով ամուսնուն և բարձրացնելով նրան բազկաթոռից... Չտեսնված խայտառակություն էր ստացվում։

― Ստեպան Տրոֆիմովիչ,― բերկրանքով ոռնաց ճեմարանականը։― Այստեղ, քաղաքում և արվարձաններում հիմա թափառում է տաժանավայրից փախած Ֆեդկա Կատորժնին։ Նա թալանում է, վերջերս նաև նոր սպանություն կատարեց։ Թույլ տվեք հարցնել, եթե տասնհինգ տարի առաջ դուք նրան ռեկրուտ հանձնած չլինեիք, որպես թղթախաղի պարտքի վճար, այսինքն, ուղղակի չտարվեիք թղթախաղում, տաժանավայր կընկնե՞ր նա, մարդկանց կմորթոտե՞ր հիմա գոյության պայքարում։ Ի՞նչ կասեք, պարոն գեղագետ։

Ես հրաժարվում եմ նկարագրել հաջորդած տեսարանը։ Նախ, մոլեգին ծափեր թնդացին։ Ծափահարում էին ոչ բոլորը, դահլիճի մեկ հինգերորդ մասը, բայց ծափահարում էին կատաղած։ Մնացած ամբողջ հասարակությունը խուժեց դեպի ելքը, բայց քանի որ ծափահարող մասը խռնվում էր առաջ՝ դեպի բեմ, դրանից էլ համընդհանուր իրարանցում առաջացավ։ Տիկնայք ճչում էին, մի քանի օրիորդ լաց եղան և խնդրում էին տուն գնալ։ Իր աթոռի մոտ կանգնած Լեմբկեն վայրենատեսք ու վրա-վրա շուրջն էր նայում։ Յուլիա Միխայլովնան լիովին կորցրել էր իրեն՝ առաջին անգամ մեզ մոտ հաստատվելուց հետո։ Ինչ վերաբերում է Ստեպան Տրոֆիմովիչին, ապա առաջին պահ նա, թվում է, տառացիորեն ճզմված էր ճեմարանականի խոսքերից, բայց հանկարծ բարձրացրեց երկու ձեռքը, կարծես պարզելով հասարակության վրա, և բղավեց.

― Թոթափում եմ ոտքերիս փոշին և նզովում եմ... Վերջ... վերջ...

Եվ շրջվելով՝ վազեց կուլիսների ետևը՝ ձեռքերը թափահարելով և սպառնալով։

― Նա վիրավորեց հասարակությանը... Վերխովենսկո՜ւն,― ոռնացին կատաղածները։ Ուզեցին նույնիսկ ընկնել նրա ետևից։ Զսպելն անհնար էր, համենայն դեպս, այդ րոպեին, և հանկարծ, վերջնական աղետը ռումբի պես պայթեց ժողովվածների վրա ու տրաքեց մեջտեղում, երրորդ ճառախոսը՝ այն մոլագարը, որը շարունակ բռունցքն էր թափահարում կուլիսներում, բեմ վազեց հանկարծ։

Կատարյալ խելագարի տեսք ուներ։ Լայնաբերան, ցնծագին ժպիտով, լի անսահման ինքնավստահությամբ՝ հայացք ձգեց փոթորկված դահլիճին և թվաց, ինքն էլ է ուրախ իրարանցումից։ Նրան ամենևին չէր շփոթեցնում, որ ստիպված է ելույթ ունենալ այդպիսի խառնաշփոթի մեջ, ընդհակառակն, ըստ երևույթին, ուրախացնում էր։ Դա այնքան էր ակնբախ, որ իսկույն ուշադրություն գրավեց։

― Սա ի՞նչ նոր բան էր,― հարցեր հնչեցին,― ո՞վ է այս մարդը։ Սը՜սս, ի՞նչ է ուզում ասել։

― Պարոնայք,― ամբողջ ուժով բղավեց մոլագարը՝ կանգնած ուղիղ բեմեզրին ու համարյա նույն ճղճղան-կանացի ձայնով, ինչ Կարմազինովը, միայն թե առանց ազնվականական սվսվոցի։― Պարոնա՜յք։ Քսան տարի առաջ, կես-Եվրոպայի հետ պատերազմի նախօրեին, Ռուսաստանն իդեալի պես էր կանգնած պետական և գաղտնի բոլոր խորհրդականների աչքերում։ Գրականությունը ծառայում էր գրաքննությանը, համալսարաններում դասավանդվում էր քայլավարժություն։ Զորքը վերածվել էր բալետի, իսկ ժողովուրդը տուրքերն էր վճարում և լռում ճորտատիրական իրավունքի մտրակի տակ։ Հայրենասիրությունը վերածվեց կենդանի-մեռածից կաշառք պլոկելու։ Կաշառք չվերցնողները համարվեցին խռովարարներ, որովհետև խախտում էին ներդաշնակությունը։ Կեչու անտառակներ ոչնչացվեցին՝ օգնելու կարգուկանոնին։ Եվրոպան սրսփում էր... Սակայն Ռուսաստանը երբեք, իր ամբողջ կյանքի անիմաստ հազարամյակի ընթացքում չէր հասել նման խայտառակության...

Նա բարձրացրեց բռունցքը՝ ցնծագին ու ահեղատեսք թափահարելով գլխից վեր ու հանկարծ մոլեգնորեն ցած թողեց, ասես ջարդուփշուր անելով հակառակորդին։ Ամեհի ոռնոց հնչեց բոլոր կողմերից, խլացուցիչ ծափահարություններ թնդացին։ Ծափահարում էր արդեն համարյա դահլիճի կեսը, հափշտակվել էին ամենաանմեղ եղանակով, պատվազրկվում էր Ռուսաստանը հրապարակավ, հանրության առաջ, և մի՞թե կարելի էր չոռնալ հիացմունքից։

― Այ, սա գո՜րծ էր։ Այ, սա բան էր։ Ուռա՜։ Չէ, սա արդեն գեղագիտություն չէ։

Մոլագարը շարունակեց զմայլված.

― Այն ժամանակներից անցել է քսան տարի։ Համալսարանները բաց են ու բազմացած։ Քայլվավարժությունն առասպել է դարձել, սպաներ չեն հերիքում համալրման համար՝ հազարներով։ Երկաթուղիները կերել են ամբողջ կապիտալները և սարդոստայնի պես պատել Ռուսաստանը, այնպես որ մի տասնհինգ տարի հետո կարելի է, թերևս, ինչ-որ տեղ գնալ-գալ։ Կամուրջները վառվում են սոսկ հազվադեպ, իսկ քաղաքները կրակվում են ճշտությամբ, հերթով սահմանված կարգով, հրդեհների շրջանին։ Դատարաններում սողոմոնյան վճիռներ են կայացվում, իսկ երդվյալները կաշառքներ են վերցնում միմիայն գոյության պայքարում, երբ ստիպված են լինում մեռնել քաղցից։ Ճորտերն ազատության մեջ են և իրար են դնգսում ճիպոտներով, նախկին կալվածատերերի փոխարեն։ Օղու ծովեր ու օվկիանոսներ են խմվում՝ բյուջեին օգնելու, իսկ Նովգորոդում՝ հնամենի և անօգուտ Սոֆիայի դիմաց հանդիսավորապես կանգնեցվել է բրոնզե վիթխարի մի գունդ՝ ի հիշատակ անկարգության և անիմաստության արդեն անցած հազարամյակին։ Եվրոպան խոժոռվում է ու նորից սկսում անհանգստանալ։ Տասնհինգ տարի՝ բարեփոխումնե՜ր։ Այնինչ, Ռուսաստանը երբեք, նույնիսկ իր անմտության ամենածաղրանկարային շրջաններում, չէր հասել...

Վերջին բառերը լսել անգամ չէր լինի ամբոխի ոռնոցի մեջ։ Երևաց, թե ինչպես նորից բարձրացրեց ձեռքը և հաղթականորեն մի անգամ էլ իջեցրեց։ Ցնծությունն անցավ բոլոր սահմանները, գոռում էին, ծափ զարկում, նույնիսկ տիկնանցից ոմանք բղավեցին. «Բավակա՜ն է։ Ավելի լավ ոչինչ չեք ասի»։ Հարբածի պես էին։ Հռետորն աչք ածեց բոլորին ու կարծես հալվում էր սեփական ցնծությունից։ Հպանցիկ տեսա, որ անասելի հուզված Լեմբկեն ինչ-որ բան է կարգադրում ինչ-որ մեկին։ Լրիվ գունատված Յուլիա Միխայլովնան փութով ինչ-որ բան էր ասում մոտ վազած իշխանին... Բայց այդ րոպեին մի վեց հոգի, շատ թե քիչ պաշտոնական մարդկանց մի խումբ, կուլիսներից բեմ խուժեց, բռնեց հռետորին և քարշ տվեց բեմի ետևը։ Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր պոկվել նա, բայց պոկվեց, կրկին ցատկեց բեմեզրին և հասցրեց ամբողջ ուժով բղավել՝ թափ տալով բռունցքը.

― Բայց Ռուսաստանը դեռ երբեք չէր հասել...

Սակայն արդեն նրան քարշ տվեցին նորից։ Տեսա, թե ինչպես մի տասնհինգ հոգի նետվեցին գուցեև նրան ազատելու՝ կուլիսների ետևը, բայց ոչ բեմի վրայով, այլ կողքից՝ փշրելով բարակ միջնորմը, այնպես որ միջնորմն ընկավ... Հետո տեսա՝ աչքերիս չհավատալով, որ հանկարծ չգիտես որտեղից, բեմահարթակ նետվեց ուսանողուհին (Վիրգինսկու ազգականուհին)՝ նույն իր կապուկը կռնատակին, ճիշտ նույնպես հագնված, նույնքան կարմրատակած, նույնքան կուշտուկուռ, շրջապատված երկու-երեք կանանցով, երկու-երեք տղամարդկանցով, իր մահացու թշնամի ճեմարանականի ուղեկցությամբ։ Հասցրի լսել նույնիսկ նրա ասածը.

― Պարոնայք, ես եկել եմ, որ հայտարարեմ տարաբախտ ուսանողների տառապանքների մասին և ամենուրեք նրանց արթնացնեմ բողոքի։

Սակայն ես վազեցի։ Վարդակապս թաքցրի գրպանում և ինձ հայտնի ետնամուտքերով տնից դուրս պրծա փողոց։ Ամենից առաջ, անշուշտ, Ստեպան Տրոֆիմովիչի մոտ։


Գլուխ երկրորդ. Տոնախմբության ավարտը

I

Նա չընդունեց ինձ։ Փակվել և գրում էր։ Իմ երկրորդ զանգին և կանչին պատասխանեց դռան արանքից.

― Բարեկամս, ես ամեն ինչ վերջացրի, ո՞վ կարող է ավելին պահանջել ինձնից։

― Դուք ոչինչ չվերջացրիք, այլ նպաստեցիք, որ ամեն ինչ տապալվի։ Ի սեր Աստծո, առանց բառախաղերի, Ստեպան Տրոֆիմովիչ, բաց արեք։ Հարկավոր է միջոցներ ձեռնարկել, կարող է դեռ ձեզ մոտ գան ու վիրավորեն ձեզ...

Ես ինձ իրավունք վերապահեցի լինել առանձնապես խիստ և անգամ խստապահանջ։ Վախենում էի, որ առավել խելացնոր որևէ բան կձեռնարկի։ Սակայն, ի զարմանս, անսովոր հաստատակամության հանդիպեցի։

― Ուրեմն, առաջինը մի վիրավորեք ինձ։ Շնորհակալ եմ ձեզ՝ նախկին ամեն ինչի համար, բայց կրկնում եմ, որ ես ամեն ինչ վերջացրել եմ մարդկանց հետ՝ չար, թե բարի։ Ես նամակ եմ գրում Դարյա Պավլովնային, ում այնպես աններելի մոռացել էի մինչև հիմա։ Վաղը կտանեք դա, եթե կամենում եք, իսկ հիմա՝ «merci»։

― Ստեպան Տրոֆիմովիչ, հավատացնում եմ, որ բանն ավելի լուրջ է, քան դուք եք կարծում։ Կարծում եք, թե ինչ-որ մեկին այնտեղ ջախջախե՞լ եք։ Ոչ ոքի չեք ջախջախել, այլ ինքներդ եք փշրվել, դատարկ սրվակի պես (օ՜, ես կոպիտ էի և անբարեկիրթ՝ հիշում եմ դառնությամբ)։ Դարյա Պավլովնային գրելու պետք չունեք վճռականապես... և ի՞նչ պիտի անեք հիմա, առանց ինձ։ Ի՞նչ եք հասկանում գործնականորեն։ Հաստատ, էլի ինչ-որ բա՞ն եք մտմտում։ Դուք սոսկ մի անգամ էլ կտապալվեք, եթե ինչ-որ բան մտմտում եք...

Նա վեր կացավ և մոտեցավ ուղիղ դռանը։

― Դուք քիչ մնացիք նրանց հետ, բայց վարակվել եք նրանց լեզվից և տոնից։ Die vous pardonne, mon ami, et Dieu vous garde[6]։ Ես միշտ ձեր մեջ նկատել եմ օրինավորության սաղմեր և դուք գուցեև դեռ խելքի գաք՝ après le temps[7], անշուշտ, ինչպես և մենք բոլորս՝ ռուսներս։ Իմ անգործնականության վերաբերյալ ձեր դիտողության մասին կհիշեցնեմ վաղուցվա մտքերիցս մեկը, մեզ մոտ՝ Ռուսաստանում, ահռելի քանակությամբ մարդիկ զբաղված են հենց նրանով, որ ամենից կատաղի և մի հատուկ ձանձրացումով, ամռան ճանճերի պես, հարձակվում են ուրիշների անգործունակության վրա, դրա մեջ մեղադրելով յուրաքանչյուրին և բոլորին, բացի միայն իրենցից։ Cher, հիշեցեք, որ հուզմունքի մեջ եմ ու մի տանջեք ինձ։ Մեկ անգամ ևս merci ամեն ինչի համար և բաժանվենք իրարից, ինչպես Կարմազինովը հասարակությունից, այսինքն՝ մոռանանք միմյանց հնարավորինս մեծահոգաբար։ Խորամանկում էր նա՝ իր նախկին ընթերցողներին չափից ավելի խնդրելով մոռանալ, quanta moi[8], ես այդչափ անձնապաշտ չեմ և ամենից շատ հույս ունեմ ձեր անարատ սրտի ջահելության վրա. ի՞նչ պիտի երկար հիշեք անօգտակար ծերուկին։ «Ավելի երկար ապրեք», բարեկամս, ինչպես ինձ ցանկացավ նախորդ անվանակոչությանը Նաստասիան (ces puvres gens ont quelquefois des mots charmants et pleins de philosophie[9])։ Շատ երջանկություն չեմ ցանկանում ձեզ՝ կձանձրացնի, փորձանք էլ չեմ ցանկանում, այլ ժողովրդական փիլիսոփայությանը հետևելով, կկրկնեմ պարզապես. «Ավելի շատ ապրեք» և մի կերպ աշխատեք շատ չձանձրանալ, այս մի ապարդյուն ցանկությունն էլ ավելացնեմ իմ կողմից։ Դե, մնաք բարով և մնաք բարով լրջորեն։ Եվ մի կանգնեք իմ դռան մոտ, բացողը չեմ։

Նա ետ գնաց և ես ուրիշ ոչնչի չհասա։ Չնայած «հուզմունքին», խոսում էր սահուն, անշտապ, ծանրակշիռ և, ըստ երևույթին, ջանալով ներազդել։ Անշուշտ, նա փոքր-ինչ դառնացած էր ինձնից և մասամբ վրեժ էր լուծում, թերևս նաև երեկվա «ծածկասայլերի» և «հատակի ծուռ տախտակների» համար։ Իսկ սույն առավոտի հրապարակավ արցունքները, չնայած որոշ իմաստով հաղթանակին, նրան թողել էին փոքր-ինչ կոմիկական վիճակի մեջ՝ ինքը դա գիտեր, այնինչ, չկար մեկ այլ մարդ, որ այդչափ հոգար բարեկամների հետ փոխհարաբերությունների գեղեցկության և խստաբարո ձևերի մասին, որքան Ստեպան Տրոֆիմովիչը։ Օ՜, ես չեմ մեղադրում նրան։ Բայց չնայած բոլոր ցնցումներին, նրա մեջ մնացած հենց այդ բծախնդրությունը և ծաղրականությունն այն ժամանակ ինձ հանգստացրին, ըստ երևույթին, առօրեականի հանդեպ այդքան քիչ փոխված մարդը, հարկավ, այդ պահին հակված չէ որևիցե ողբերգական կամ անսովոր քայլի։ Այդպես խորհեցի այն ժամանակ և, Աստվա՜ծ իմ, ինչպես սխալվեցի։ Չափից ավելի բան էի աչքաթող արել...

Իրադարձություններից առաջ անցնելով, մի քանի տող մեջբերեմ Դարյա Պավլովնային ուղղված այդ նամակից, որը նա, իսկապես, վաղն ևեթ ստացավ։

«Mon enfant[10], դողում է ձեռքս, բայց ես ամեն ինչ ավարտեցի։ Դուք չկայիք մարդկանց հետ իմ վերջին մենամարտին, դուք չեկաք այդ «ընթերցմանը» և լավ արեցիք։ Սակայն ձեզ կպատմեն, որ անհատականություններից սմքած մեր Ռուսաստանում ոտքի ելավ մի եռանդուն մարդ և չնայած բոլոր կողմերից իր վրա տեղացող մահացու սպառնալիքներին, այդ հիմարիկներին ասաց նրանց իսկ ճշմարտությունը, այն է, որ իրենք հիմարիկներ են։ O, ce sont des pauvres petits vauriens et rien de plus des petits հիմարիկներ - voila le mot![11]։ Վիճակը նետված է, ես գնում եմ այս քաղաքից ընդմիշտ և չգիտեմ՝ ուր։ Բոլորը, ում սիրում էի, երես են դարձրել ինձնից։ Սակայն դուք, դուք, մաքուր և միամիտ արարած, դուք՝ հեզ մի անձնավորություն, ում ճակատագիրը քիչ էր մնացել միանար իմին՝ քմահաճ և ինքնիշխան սրտի կամոք, դուք, որ թերևս արհամարհանքով էիք նայում, երբ ես փոքրոգի արցունքներ էի թափում մեր չկայացած պսակադրության նախօրեին, դուք, ով էլ լինեք, չեք կարող ինձ նայել այլ կերպ, քան որպես զավեշտահարույց մեկին, օ՜, ձեզ, ձեզ եմ հղում իմ սրտի վերջին ճիչը, իմ վերջին պարտքը, միա՛յն ձեզ։ Ես չեմ կարող ձեզ առհավետ թողնել իմ, որպես անշնորհակալ հիմար, անտաշ ու եսամոլ մեկի մասին ձեր մտքերի հետ, ինչպես, հավանաբար, ամեն օր ձեզ պնդում է մի երախտամոռ ու դաժան սիրտ, որը, ավաղ, չեմ կարող մոռանալ...»։

Եվ այսպես շարունակ, շարունակ, խոշոր չափի չորս էջ լրիվ։

Բռունցքով երեք անգամ խփելով նրա դռանը, ի պատասխան «չեմ բացելու» նրա մերժումին ու բղավելով, որ հենց այսօր Նաստյային երեք անգամ ուղարկելու է՝ ինձ կանչելու, բայց արդեն ես չեմ գա, թողեցի նրան և շտապեցի Յուլիա Միխայլովնայի մոտ։

II

Այստեղ ականատեսը դարձա զայրացուցիչ մի տեսարանի. խեղճ կնոջը խաբում էին՝ երեսին նայելով, իսկ ես ոչինչ չէի կարող անել։ Իրականում ի՞նչ կարող էի ասել նրան։ Արդեն հասցրել էի փոքր-ինչ ուշքի գալ և կշռադատել, որ լոկ ինչ-ինչ զգացողություններ ունեմ, կասկածելի կանխազգացումներ, և ոչինչ ավելին։ Ես նրան տեսա արտասվելիս, համարյա հիստերիկ վիճակում, օդըկոլոնի թրջոցներով, ջրի բաժակը ձեռքին։ Նրա դիմաց կանգնած էր Պյոտր Ստեպանովիչը, որը խոսում էր՝ առանց լռելու, և իշխանը, որ լուռ էր, ասես փակի տակ։ Յուլիա Միխայլովնան արտասվախառն ու բղավոցներով կշտամբում էր Պյոտր Ստեպանովիչին՝ «ուխտադրժության» համար։ Ինձ անմիջապես զարմացրեց, որ այս առավոտվա ամբողջ անհաջողությունը, ամբողջ խայտառակությունը, մի խոսքով, ամեն ինչ նա վերագրում էր սոսկ Պյոտր Ստեպանովիչի բացակայությանը։

Իսկ Պյոտր Ստեպանովիչի մեջ նկատեցի կարևոր մի փոփոխություն, կարծես ինչ-որ բանով շատ էր մտահոգ նա, համարյա թե լուրջ։ Սովորաբար, երբեք լուրջ չէր թվում նա, միշտ ծիծաղում էր, նույնիսկ չարանալիս, իսկ չարանում էր հաճախ։ Օ՜, նա հիմա էլ էր չարացած, խոսում էր կոպիտ, անփույթ, զայրույթով ու անհամբերությամբ։ Հավատացնում էր, թե գլխացավ ու սրտխառնուք է ունեցել Գագանովի բնակարանում, ուր շտապ մտել էր պատահաբար վաղ առավոտյան։ Ավաղ, խեղճ կինը շատ էր ուզում նորից խաբված լինել։ Սեղանի շուրջ քննարկվող գլխավոր հարցը հետևյալն էր. լինի՞, թե՝ չլինի պարահանդեսը, այն է՝ տոնախմբության ամբողջ երկրորդ կեսը։ Յուլիա Միխայլովնան հանուն և ոչնչի չէր համաձայնում հայտնվել պարահանդեսին, «քիչ առաջվա վիրավորանքներից» հետո, այլ խոսքով, ամբողջ ուժով ցանկանում էր պարտադրված լինել ու անպայման Պյոտր Ստեպանովիչի կողմից։ Վերջինիս էր նայում, որպես մի գուշակի, և թվում էր, հենց նա հիմա հեռանար, անկողին էր մտնելու։ Սակայն Պյոտր Ստեպանովիչը չէր էլ ուզում հեռանալ, նրան էլ էր հարկավոր ամբողջ ուժով պնդել, որ պարահանդեսը կայանա այսօր և որ Յուլիա Միխայլովնան անպայման ներկա լինի...

― Դե, ի՞նչ կարիք կա լաց լինելու։ Ձեզ անպայման բե՞մ է հարկավոր։ Չարացածությունը մեկնումեկի վրա թափելո՞ւ։ Ուրեմն, ինձ վրա թափեք, միայն թե շուտ, որովհետև ժամանակն անցնում է, իսկ վճռել պետք է։ Փչացրինք ընթերցմամբ, կզարդարենք պարահանդեսով։ Ահա, իշխանն էլ է նույն կարծիքին։ Այ-յո, չլիներ իշխանը, ինչո՞վ էր վերջանալու այնտեղ։

Իշխանը սկզբում դեմ էր պարահանդեսին (այսինքն, Յուլիա Միխայլովնայի հայտնվելուն այնտեղ, իսկ պարահանդեսը, համենայն դեպս, պիտի կայանար), բայց կարծիքը երկու-երեք անգամ այդպես վկայակոչելուց հետո նա կամաց-կամաց սկսեց թնչացնել՝ ի նշան համաձայնության։

Ինձ զարմացրեց նույնպես Պյոտր Ստեպանովիչի անսովոր անքաղաքավարի տոնը։ Օ՜, ես զայրույթով ժխտում եմ ստոր բամբասանքը, որ տարածվեց հետո արդեն Պյոտր Ստեպանովիչի հետ Յուլիա Միխայլովնայի ինչ-ինչ կապերի մասին։ Նման ոչինչ չկար ու չէր էլ կարող լինել։ Յուլիա Միխայլովնայի վրա նա ազդում էր լոկ նրանով, որ ամբողջ ուժով հենց սկզբից համաձայնում էր նրա հետ՝ հասարակության և մինիստրության վրա ներազդելու նրա երազանքներում, մտել էր տիկնոջ ծրագրումների մեջ, ինքն էլ էր հորինում նրա համար, գործում կոպտագույն շողոքորթությամբ, ոտից գլուխ ցանցերով էր պատել նրան ու դարձել օդի պես անհրաժեշտ։

Ինձ տեսնելով, Յուլիա Միխայլովնան բղավեց աչքերը շողացնելով.

― Ահա, նրան հարցրեք, նա նույնպես ամբողջ ժամանակ չի հեռացել ինձնից, ինչպես և իշխանը։ Ասացեք, բացահայտ չէ՞, որ այս ամենը դավադրություն է, ստոր, խորամանկ դավադրություն, որպեսզի հնարավոր ամեն չարություն արվի իմ և Անդրեյ Անտոնովիչի նկատմամբ։ Օ՜, նրանք պայմանավորվել էին։ Օրագիր ունեին նրանք։ Դա կուսակցություն է, ամբողջ մի կուսակցություն։

― Հեռուները գնացիք, ինչպես և միշտ։ Մշտապես մի պոեմ կա գլխում։ Ի դեպ, ես ուրախ եմ, տեսնելու պարոն... (ձևացրեց, թե մոռացել է անունս), նա մեզ կասի իր կարծիքը։

― Իմ կարծիքը,― շտապեցի ես,― ամեն ինչով համընկնում է Յուլիա Միխայլովնայի կարծիքին։ Չափից ավելի բացահայտ դավադրություն էր։ Այս վարդակապը բերել եմ ձեզ, Յուլիա Միխայլովնա։ Կկայանա, թե չի կայանա պարահանդեսը, հարկավ, իմ գործը չէ, որովհետև իմ իշխանությունից դուրս է, սակայն իմ դերը, որպես կարգադրիչ, ավարտված է։ Ներեցեք իմ տաքարյունությունը, բայց ես չեմ կարող գործել ի վնաս ողջամտության և համոզմունքի։

― Լսում եք, լսում եք,― ափն ափին զարկեց Յուլիա Միխայլովնան։

― Լսեցի, և ահա թե ինչ կասեմ ձեզ,― ինձ դարձավ Պյոտր Ստեպանովիչը,― կարծում եմ, որ բոլորդ ինչ-որ բան եք կերել, որից բոլորդ էլ զառանցանքի մեջ եք։ Իմ կարծիքով, ոչինչ էլ չի կատարվել, ոչ մի այնպիսի բան, ինչ չէր եղել նախկինում և ինչ չէր կարող կատարվել այս քաղաքում։ Ի՞նչ դավադրություն։ Գեշ բան է եղել, խայտառակության աստիճան տխմար, բայց դավադրությունս ո՞րն է։ Այն էլ Յուլիա Միխայլովնայի՝ նրանց շփացրած, նրանց հովանավորուհու, նրանց բոլոր դպրոցական արարքներն անխտիր ներողի դե՞մ։ Յուլիա Միխայլովնա։ Ի՞նչ էի ձեր գլուխը լցնում ամբողջ մի ամիս՝ առանց լռելու։ Ինչի՞ց էի նախազգուշացնում։ Ձեր ինչի՞ն, ինչի՞ն էր պետք այդ ամբողջ ժողովուրդը։ Շատ պետք էր կապվել մարդուկների հետ։ Ինչի՞ համար, հանուն ինչի՞։ Հասարակությունը միավորելո՞ւ։ Բայց մի՞թե նրանք կմիավորվեն, ողորմած եղեք։

― Իսկ ե՞րբ եք դուք ինձ նախազգուշացրել։ Ընդհակառակը, դուք հավանություն էիք տալիս, նույնիսկ պահանջում էիք... Խոստովանում եմ, այնքա՜ն եմ զարմացած... Ինքներդ եք ինձ մոտ բերել բազմաթիվ տարօրինակ մարդկանց։

― Հակառակը, ես վիճել եմ ձեզ հետ, ոչ թե հավանություն տվել, իսկ մարդկանց բերելը՝ բերել եմ իսկապես, բայց արդեն երբ իրենք էին խցկվում տասնյակներով, այն էլ՝ սոսկ վերջին օրերս, «գրականության կադրիլ» պարելու համար, իսկ առանց այդ բռիների չէր լինի։ Միայն թե գրազ եմ գալիս, որ այսօր այդպիսի բռիներից մեկ-երկու տասնյակ էլ անտոմս էին անցկացրել։

― Անշո՛ւշտ,― հաստատեցի ես։

― Տեսնում եք ահա, դուք արդեն համաձայնում եք։ Հիշեք, թե վերջին ժամանակներս ի՜նչ մթնոլորտ էր տիրում այստեղ, այսինքն՝ ամբողջ քաղաքում։ Չէ որ ամեն ինչ վերածվեց սոսկ լկտիության, անամոթության, չէ որ դա սկանդալ էր՝ անդադար տարփողելով։ Իսկ ո՞վ էր խրախուսում։ Ո՞վ էր իր հեղինակությամբ կոծկում։ Ո՞վ էր բոլորին ցնդեցրել։ Ո՞վ զայրացրեց բոլոր թափթփուկներին։ Չէ որ ձեր ալբոմում այստեղի ընտանեկան բոլոր գաղտնիքներն են արտացոլված։ Դո՞ւք չէիք շոյում ձեր բանաստեղծների և նկարողների գլուխները։ Դո՞ւք չէիք ձեր ձեռքը համբուրելու տալիս Լյամշինին։ Ձեր ներկայությա՞մբ չէր ճեմարանականը հայհոյում իսկական պետական խորհրդականին և կեղտոտ սապոգներով աղտոտեց նրա դստեր զգեստը։ Էլ ի՞նչ եք զարմանում, որ հասարակությունը լարված է ձեր դեմ։

― Բայց չէ որ այդ ամենը դուք, դուք ինքներդ եք արել։ Օ՜, Աստված իմ։

― Ոչ-չ, ես ձեզ նախազգուշացնում էի, մենք վիճում էինք, լսում եք, վիճում էինք։

― Աչքերիս նայելով՝ սուտ եք ասում։

― Դե, իհարկե, ձեզ համար ի՞նչ կա նման բան ասելու։ Ձեզ հիմա զոհ է պետք, մեկնումեկի վրա չարացածությունը պիտի կոտրեք։ Էհ, ինձ վրա կոտրեք, ես ասացի։ Ավելի լավ է, ձեզ դիմեմ, պարոն... (նա շարունակ չէր կարողանում հիշել անունս)։ Մատների վրա հաշվենք, ես պնդում եմ, որ Լիպուտինից բացի, ոչ մի դավադրություն էլ չի եղել, ոչ-մի-հա-տիկ։ Ես կապացուցեմ, սակայն սկզբից Լիպուտինին քննենք։ Նա բեմ ելավ տխմար Լեբյադկինի ոտանավորով, ձեր կարծիքով, դա ի՞նչ էր, դավադրությո՞ւն։ Իսկ գիտեք, որ դա պարզապես սրամիտ կարող էր թվալ Լիպուտինին։ Լուրջ եմ ասում, լուրջ՝ սրամի՛տ։ Ուղղակի նա ելույթ ունեցավ բոլորին ծիծաղեցնելու և ուրախացնելու նպատակով, իսկ առաջինը հովանավորուհի Յուլիա Միխայլովնային, ու վերջ։ Չե՞ք հավատում։ Եվ համապատասխան չէ՞ր դա ամբողջ այն մթնոլորտին, որ մի լրիվ ամիս տիրում էր այստեղ։ Եվ ուզո՞ւմ եք՝ ամեն ինչ ասեմ. Աստված է վկա, որ ուրիշ հանգամանքներում թերևս նաև անցներ։ Կատակը կոպիտ էր, լավ, ասենք, անպարկեշտ, բայց չէ՞ որ ծիծաղելի էր, ծիծաղելի էր, չէ՞։

― Ինչպես թե։ Լիպուտինի արարքը դուք սրամի՞տ եք համարում,― սարսափելի զայրացած բղավեց Յուլիա Միխայլովնան։― Այդպիսի տխմարությունը, այդպիսի անտակտությունը, այդ ստորությունը, անազնվությունը, այդ դիտավորությունը, օ, դիտմամբ եք ասում։ Ինքներդ էլ եք նրանց հետ դավադրության մեջ՝ դրանից հետո։

― Անպայման, ետևում նստել, թաքնվել էի, ամբողջ մեքենան գործի դրել։ Եվ եթե ես մասնակցեի դավադրությանը՝ գոնե դա հասկացեք, բանը միայն Լիպուտինով չէր վերջանա։ Ուրեմն, ձեր կարծիքով, ես պայմանավորվել էի նաև հայրիկիս հետ, որ դիտմամբ այդ խայտառակությունը սարքի՞։ Դե-հ, ո՞վ է մեղավոր, որ հայրիկին թողեցին ելույթ ունենալ։ Երեկ ո՞վ էր ձեզ ետ պահում, դեռևս երե՛կ, երե՛կ։

― Oh, hier il avait tant d’esprit[12], ես այնքան հույս ունեի, և բացի դրանից, նրա շարժուձևը... Ես կարծում էի՝ նա և Կարմազինովը... և ահա՛։

― Այ-յո, և ահա։ Բայց չնայած այդ ամբողջ tant d՛esprit-ի, հայրիկը համը հանեց, իսկ եթե ես նախապես իմանայի, որ այդպես համը հանելու է, ապա ձեր տոնախմբության դեմ դավադրությանը մասնակցելու դեպքում, անկասկած չէի համոզի ձեզ երեկ, որ այծը բանջարանոց չթողնեք, այդպե՞ս է։ Այնինչ, երեկ ձեզ հակառակն էի համոզում, համոզում էի, որովհետև կանխազգում էի։ Ամեն բան կանխատեսել, հասկանալի է, հնարավոր չէր. հավանաբար, մի րոպե առաջ ինքն էլ չգիտե, թե ինչ է դուրս տալու։ Այդ նյարդային ծերուկները մի՞թե նման են մարդկանց։ Բայց դեռ կարելի է փրկել, հասարակությանը բավարարելու համար վաղն ևեթ վարչական եղանակով ու բոլոր պարագաներով երկու բժիշկ ուղարկեք նրա մոտ, որ տեղեկանան առողջության մասին, նույնիսկ այսօր էլ կարելի է, և թող ուղիղ հիվանդանոց տանեն՝ սառը թրջոցներ դնելու։ Ծայրահեղ դեպքում, բոլորը կծիծաղեն ու կտեսնեն, որ նեղանալու բան չկա։ Այդ մասին ես հենց այսօր կհայտարարեմ պարահանդեսին, քանի որ որդին եմ։ Ուրիշ է Կարմազինովի բանը, այս մեկն իսկական ավանակ դուրս եկավ ու մի ժամ ձգեց-ձգեց իր հոդվածը՝ այդ մեկն ահա, անկասկած, ինձ հետ է դավադրության մեջ։ Իբր, թող ես էլ համը հանեմ՝ Յուլիա Միխայլովնային վնասելու համար։

― Օ՜, Կարմազինովը, quelle honte[13]։ Ես վառվում, կրակվում էի ամոթից՝ մեր հասարակության համար։

― Դե-հ, ես որ չէի կրակվի, այլ հենց նրան կխորովեի։ Հասարակությունը չէ որ իրավացի է։ Իսկ ո՞վ է նորից մեղավոր՝ Կարմազինովի համար։ Ձեր վզի՞ն եմ փաթաթել նրան, թե՝ ոչ։ Մասնակցե՞լ եմ նրա երկրպագությանը, թե՝ ոչ։ Լավ, սատանան նրա հետ, իսկ ահա, երրորդ մոլագարը, քաղաքականը, դա արդեն ուրիշ խնդիր է։ Այստեղ արդեն բոլորն են վրիպել, և ոչ թե մենակ իմ դավադրությունն է։

― Ահ, մի խոսեք, դա զարհուրելի է, զարհուրելի։ Դրա մեղավորը միայն ես եմ, միայն ե՛ս։

― Իհ-հարկե, բայց այստեղ ձեզ կարդարացնեմ։ Է, ո՞վ կարող է դրանց հետևել, այդ բացահայտներին։ Նրանցից Պետերբուրգում էլ պրծում չկա։ Չէ որ նրան երաշխավորել էին ձեզ՝ այն էլ ինչպե՜ս։ Ուրեմն, համաձայնեք, որ հիմա դուք նույնիսկ պարտավոր եք ներկա լինել պարահանդեսին։ Չէ որ դա կարևոր բան է, չէ որ դուք եք նրան ամբիոն բարձրացրել։ Հենց դուք հիմա պիտի հայտնեք հրապարակավ, որ համամիտ չեք, որ կտրիճն արդեն ոստիկանության ձեռքին է, և որ ձեզ անբացատրելի ձևով խաբել են։ Դուք պիտի հայտարարեք զայրույթով, որ զոհ եք գնացել խելագար մի մարդու։ Որովհետև չէ որ խելագար է նա, և ուրիշ ոչինչ։ Այդպես էլ պիտի զեկուցել նրա մասին։ Ես այդ խայթողներին տանել չեմ կարողանում։ Թերևս ինքս ավելին եմ ասում, բայց ոչ ամբիոնից։ Նրանք էլ հենց հիմա գոռգոռում են սենատորի մասին։

― Ի՞նչ սենատոր։ Ո՞վ է գոռգոռում։

― Գիտեք, ես էլ ոչինչ չեմ հասկանում։ Յուլիա Միխայլովնա, ձեզ ոչինչ հայտնի չէ՞ ինչ-որ սենատորի մասին։

― Սենատո՞ր։

― Գիտեք, նրանք համոզված են, որ այստեղ մի սենատոր է նշանակված և որ ձեզ փոխում են Պետերբուրգից։ Շատերից եմ լսել։

― Ես էլ եմ լսել,― հաստատեցի։

― Ո՞վ է ասում,― ամբողջովին բռնկվեց Յուլիա Միխայլովնան։

― Այսինքն, առաջի՞նն ով է ասել։ Ի՜նչ իմանամ։ Իսկ այնպես՝ խոսում են։ Զանգվածն է խոսում։ Հատկապես երեկ էին խոսում։ Բոլորը մի տեսակ շատ են լուրջ, թեև ոչինչ չես հասկանա։ Իհարկե, ով ավելի խելամիտ է և իրազեկ, չի խոսում, բայց նրանցից ոմանք էլ են ականջ կախում։

― Ինչպիսի՜ ստորություն։ Եվ... ի՜նչ հիմարություն։

― Է, ուրեմն հիմա էլ հենց դուք պիտի հայտնվեք՝ այդ հիմարներին ցույց տալու համար։

― Խոստովանեմ, ինքս էլ եմ զգում, որ անգամ պարտավոր եմ, բայց... ի՞նչ, եթե մեկ ուրիշ խայտառակություն է սպասվում։ Ի՞նչ, եթե չհավաքվեն։ Չէ որ ոչ ոք չի գա, ոչ ոք, ոչ ոք։

― Չէ մի չէ՜։ Այդ նրա՞նք չեն գա։ Հապա կարել տված հագո՞ւստը, հապա օրիորդների զգեստնե՞րը։ Սրանից հետո ես հրաժարվում եմ ձեզնից, որպես կնոջից։ Այ քեզ մարդկանց իմացությո՜ւն։

― Պարագլխի կինը չի լինի, չի լինի։

― Վերջապես, ի՞նչ է եղել այստեղ։ Ինչո՞ւ չեն գա,― ի վերջո բղավեց Պյոտր Ստեպանովիչը՝ կատաղած անհամբերությամբ։

― Ամոթ, խայտառակություն՝ ահա թե ինչ է եղել։ Կատարվել է, ես չգիտեմ ինչ, բայց այնպիսի մի բան, որից հետո իմ մուտքն անհնար է։

― Ինչո՞ւ։ Վերջապես, դո՞ւք ինչում եք մեղավոր։ Ինչի՞ համար եք մեղքն առնում ձեզ վրա։ Ավելի շուտ, մեղավոր չե՞ն, արդյոք, հասարակությունը, ձեր ծերուկները, ձեր ընտանիքի հայրերը։ Պետք է, որ նրանք զսպեին սրիկաներին ու դատարկապորտներին, որովհետև միայն սրիկաներ ու դատարկապորտներ են եղել այստեղ, և ուրիշ ոչ մի լուրջ բան։ Ոչ մի հասարակության մեջ և ոչ մի տեղ միայն ոստիկանությամբ գլուխ չես հանի։ Մեզ մոտ յուրաքանչյուր ոք, ներս գալով, պահանջում է, որ հատուկ ոստիկան կարգեն՝ իրեն պաշտպանելու։ Չեն հասկանում, որ հասարակությունը պաշտպանում է ինքն իրեն։ Իսկ մեզ մոտ, նման հանգամանքներում ի՞նչ են անում ընտանիքի հայրերը, բարձրաստիճանները, կանայք, դուստրերը։ Լռում են ու փքվում։ Նույնիսկ այնքան, որ սանձեն չարություն անողներին՝ հասարակության նախաձեռնությունը չի բավականացնում։

― Ահ, ոսկի ճշմարտություն էր։ Լռում են, փքվում և... չորսբոլորը նայում։

― Իսկ եթե ճշմարտություն է, այդտեղ էլ պիտի ասեք՝ բարձրաձայն, խրոխտ, խիստ։ Ցույց տալու համար հենց, որ ջախջախված չեք։ Հենց այդ ծերուկներին և մայրիկներին։ Օ՜, դուք կարող եք, այդ շնորհքն ունեք, երբ ձեր ուղեղը պարզ է։ Դուք նրանց կխմբավորեք՝ ու բարձրաձայն ու բարձրաձայն։ Իսկ հետո՝ թղթակցություն «Գոլոս»-ին և «Բիրժեվըյե»-ին։ Սպասեք, ես ինքս գործի կանցնեմ, ամեն ինչ կկազմակերպեմ ձեզ համար։ Իհարկե, ավելի շատ ուշադրություն, հետևել բուֆետին, խնդրել իշխանին, խնդրել պարոն... Դուք հո չե՞ք կարող մեզ թողնել, monsier, երբ պետք է հենց նորից սկսել ամեն ինչ։ Է, ի վերջո, դուք՝ Անդրեյ Անտոնովիչին թևանցուկ։ Ինչպե՞ս է Անդրեյ Անտոնովիչի առողջությունը։

― Օ՜, ինչքան անարդարացի, ինչքան սխալ, ինչքան վիրավորական եք դատել միշտ այդ հրեշտակ մարդու մասին,― հանկարծ, անսպասելի պոռթկումով ու համարյա լացակումած, գոչեց Յուլիա Միխայլովնան՝ թաշկինակը մոտեցնելով աչքերին։ Պյոտր Ստեպանովիչն առաջին պահ նույնիսկ կարկամեց։

― Ողորմած եղեք, ես... ախր ես... ես միշտ...

― Դուք՝ երբեք, երբեք։ Երբեք արդարացի չեք եղել նրա նկատմամբ։

― Երբեք չես հասկանա կնոջը,― ծուռ քմծիծաղով մրթմրթաց Պյոտր Ստեպանովիչը։

― Ամենաճշմարտացի, ամենանրբակիրթ, ամենահրեշտակային մարդն է։ Ամենաբարի մարդը։

― Ողորմած եղեք, բարության վերաբերյալ՝ ես ի՜նչ... ես միշտ արժանին եմ մատուցել բարությանը...

― Երբեք։ Սակայն թողնենք։ Ես չափից ավելի անհարմար խոսեցի։ Երեկ այդ պարագլխի ճիզվիտուհին էլ մի քանի ծաղրական ակնարկումներ շպրտեց կատարվածի մասին։

― Օ՜, հիմա նա երեկվա ակնարկումների ժամանակ չունի, նրանն այսօրվանն է։ Եվ ինչի՞ համար եք այդպես անհանգստանում, որ չի գա պարահանդեսին։ Իհարկե, չի գա, թե որ այդպիսի խայտառակության տակ է մտել։ Գուցեև մեղավոր չէ, բայց և այնպես՝ վա՜րկը։ Ձեռքերը կեղտոտ են։

― Ինչ ասացիք, չհասկացա՝ ինչո՞ւ են ձեռքերը կեղտոտ,― տարակուսանքով նայեց Յուլիա Միխայլովնան։

― Այսինքն, ես չեմ հաստատում, բայց քաղաքում արդեն թնդում է, որ նա էլ հենց միացրել է։

― Այսինքն, ի՞նչ։ Ո՞ւմ է միացրել։

― Է, մի՞թե դեռ չգիտեք,― գոչեց Պյոտի Ստեպանովիչը հիանալի կեղծված զարմանքով,― է՜, Ստավրոգինին ու Լիզավետա Նիկոլաևնային։

― Ինչպե՞ս։ Ի՞նչ,― բղավեցինք բոլորս։

― Ահ, միթե չգիտեք։ Փո՛ւհ։ Ախր, այստեղ ողբերգավեպեր են ծավալվել. Լիզավետա Նիկոլաևնան պարագլխի տիկնոջ կառքից ուղղակի բարեհաճել է նստել Ստավրոգինի կառքը և «սույն վերջինիս» հետ ծլկել Սկվորեշնիկի, օրը ցերեկով։ Ընդամենը մեկ ժամ առաջ, ժամ էլ չկա։

Մենք քարացանք։ Անշուշտ, վրա պրծանք՝ հարցուփորձ անելու, թե ինչ եղավ հետո, բայց, ի զարմանս, թեև «ակամա» վկա էր եղել նա, սակայն հանգամանալի ոչինչ չկարողացավ պատմել։ Բանն իբր այսպես էր եղել, երբ պարագլխի տիկինը Լիզային և Մավրիկիյ Նիկոլաևիչին «ընթերցումից» կառքով տարել էր Լիզայի մոր տան մոտ (մայրը շարունակ հիվանդ էր ոտքերից), մուտքից ոչ հեռու, մի քսանհինգ քայլ այն կողմ, կանգնած էր եղել ինչ-որ կառք։ Երբ Լիզան ցած էր թռել՝ մուտքից ներս մտնելու, ուղիղ վազել էր դեպի այդ կառքը։ Դռնակը բացվել էր, փակվել, Լիզան բղավել էր Մավրիկիյ Նիկոլաևիչին՝ «Խնայեք ինձ», և կառքն ամբողջ թափով սուրացել էր Սկվորեշնիկի։ մեր փութկոտ հարցերին՝ «Պայմանավորվածություն եղե՞լ է։ Ո՞վ էր կառքում նստածը», Պյոտր Ստեպանովիչը պատասխանեց, թե ոչինչ չի իմանում, որ, հարկավ, պայմանավորվածություն եղել է, բայց որ իրեն՝ Ստավրոգինին կառքում չի տեսել, որ կարող էր սենեկապետը՝ ծերուկ Ալեքսեյ Եգորըյչը նստած լինել։ «Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ։ Եվ ինչո՞ւ հաստատ գիտեք, որ Լիզան Սկվորեշնիկի է գնացել» հարցին նա պատասխանեց, որ հայտնվել է այնտեղ, որովհետև անցնում էր այն կողմերով, իսկ Լիզային տեսնելով, նույնիսկ մոտ էր վազել կառքին (այդուհանդերձ, չէր տեսել, թե ով կա կառքում, այն էլ՝ նրա հետաքրքասիրության դեպքում), որ Մավրիկիյ Նիկոլաևիչը ոչ միայն չի հետապնդել, այլ նույնիսկ չի էլ փորձել կանգնեցնել Լիզային, անգամ ձեռքով զսպել է կոկորդով մեկ բղավող պարագլխի տիկնոջը. «Նա Ստավրոգինի մո՜տ գնաց, Ստավրոգինի մո՜տ»։ Այստեղ ես հանկարծ համբերությունից ելա և կատաղած բղավեցի Պյոտր Ստեպանովիչի վրա.

― Այդ դու ես ամեն ինչ սարքել, սրիկա՛։ Դու ես առավոտը զոհել դրան։ Ստավրոգինին դու ես օգնել, կառքով դո՛ւ ես եկել, դու ես նստեցրել... դու, դու, դու։ Յուլիա Միխայլովնա, ձեր թշնամին է սա, ձեզ էլ կկործանի։ Զգուշացեք։

Եվ ես գլխապատառ դուրս նետվեցի տնից։

Մինչև հիմա չեմ հասկանում և ինքս եմ զարմացած, թե ինչպես բղավեցի նրա վրա։ Սակայն կռահել էի կատարելապես, ամեն ինչ համարյա այդպես էլ կատարվել էր, ինչպես ասացի երեսին, ինչը և պարզվեց հետագայում։ Գլխավորը, չափազանց նկատելի էր ակնհայտ կեղծ այն հնարքը, որով նա հայտնեց լուրը։ Նա անմիջապես չպատմեց՝ տուն մտնելով, որպես առաջին և արտակարգ նորություն, այլ ձևացրեց, թե մենք արդեն գիտենք՝ առանց նրա էլ, ինչն անհնար էր այդքան կարճ ժամանակամիջոցում։ Իսկ եթե իմանայինք էլ, միևնույն է, չէինք կարող լռել այդ մասին, մինչ նա կխոսեր։ Չէր կարող նաև լսած լինել, որ քաղաքը «թնդում» է՝ պարագլխի տիկնոջ մասին, դարձյալ կարճ ժամանակամիջոցի պատճառով։ Բացի դրանից, պատմելիս նա մեկ-երկու անգամ մի տեսակ նենգաբար ու անփույթ ժպտաց, հավանաբար, մեզ արդեն կատարելապես խաբված հիմարների տեղ էր դրել։ Բայց ինձ նա չէր հետաքրքրում արդեն։ Գլխավոր փաստին հավատացել և դուրս էի վազել Յուլիա Միխայլովնայի մոտից՝ ինձ կորցրած։ Աղետը խոցել էր ուղիղ սիրտս։ Ինձ համար ցավալի էր, համարյա թե արտասվելու աստիճան, այո, հնարավոր է նաև, որ արտասվում էի։ Ամենևին չգիտեի՝ ինչ ձեռնարկել։ Նետվեցի Ստեպան Տրոֆիմովիչի մոտ, սակայն վրդովեցուցիչ այդ մարդը նորից չբացեց դուռը։ Նաստասյան երկյուղած շշուկով հավատացնում էր ինձ, թե պառկել է՝ հանգստանալու, բայց ես չհավատացի։ Լիգայի տանն ինձ հաջողվեց հարցուփորձ անել ծառաներին։ Նրանք հաստատեցին փախուստը, բայց իրենք ոչինչ չգիտեին։ Տան մեջ տագնապ էր տիրում։ Հիվանդ տիրուհին սկսել էր ուշագնաց լինել, իսկ նրա մոտ էր Մավրիկիյ Նիկոլաևիչը։ Ինձ անհնար թվաց դուրս կանչել Մավրիկիյ Նիկոլաևիչին։

Պյոտր Ստեպանովիչի մասին իմ հարցերին ի պատասխան, հաստատեցին, որ վերջին բոլոր օրերը եկել-գնացել է այս տուն, երբեմն օրական երկու անգամ։ Ծառաները տխուր էին և Լիզայի մասին մի առանձին հարգանքով էին խոսում՝ նրան սիրում էին։ Որ նա կործանվել, կործանվել է կատարելապես՝ ես չէի կասկածում, սակայն գործի հոգեբանական կողմը կտրականապես չէի հասկանում, հատկապես Ստավրոգինի հետ երեկվա նրա տեսարանից հետո։ Քաղաքով մեկ վազվզել ու տեղեկանալ ծանոթ, չարախինդ տներում, ուր արդեն լուրը, իհարկե, հիմա թև առել-թռչում էր, ինձ նողկալի թվաց, Լիզայի համար էլ՝ նվաստացուցիչ։ Բայց տարօրինակ է, որ շտապեցի Դարյա Պավլովնայի մոտ, ուր, ի դեպ, չընդունեցին ինձ (ստավրոգինյան տանը ոչ մեկին չէին ընդունում երեկվա օրվանից հետո)։ Չեմ իմանում, ի՞նչ կկարողանայի ասել նրան ու ինչի՞ համար գնացի։ Այդտեղից ճամփա ընկա նրա եղբոր մոտ։ Շատովն ինձ լսեց խոժոռված և լուռ։ Նշեմ, որ նրան տեսա նաև չտեսնված մռայլ տրամադրության մեջ, նա ահավոր մտազբաղ էր և ինձ էր լսում մի տեսակ ուժ գործադրելով։ Համարյա ոչինչ չասաց և սկսեց ետուառաջ քայլել, անկյունից անկյուն՝ իր խցիկում, սովորականից ավելի դոփելով սապոգներով։ Իսկ երբ արդեն իջնում էի սանդուղքով, ետևիցս ձայն տվեց, որ անցնեմ Լիպուտինի մոտ. «Այնտեղ ամեն ինչ կիմանաք»։ Բայց Լիպուտինի մոտ չգնացի, այլ ահագին ճամփա անցնելուց հետո, ետ եկա Շատովի մոտ և կիսաբաց անելով դուռը, առանց ներս մտնելու, առաջարկեցի հակիրճ և առանց որևէ բացատրության՝ այսօր չի՞ գնա Մարյա Տիմոֆեևնայի մոտ։ Ի պատասխան՝ Շատովը հայհոյեց, ու ես հեռացա։ Գրառում եմ՝ չմոռանալու համար, որ հենց նույն երեկոյան նա դիտմամբ գնացել էր քաղաքի մյուս ծայրը, Մարյա Տիմոֆեևնայի մոտ, ում վաղուց չէր հանդիպել։ Նրան տեսել էր հնարավորին չափ ողջ և առողջ, իսկ Լեբյադկինին՝ մեռելի պես հարբած, առաջին սենյակում բազմոցին քնած։ Ճիշտ ժամը իննին էր դա եղել։ Այդպես ինքն արդեն ինձ հայտնեց հաջորդ օրը՝ հևիհև ինձ հանդիպելով փողոցում։ Իսկ ես երեկոյան ժամը տասին մոտ վճռեցի գնալ պարահանդես, բայց արդեն ոչ որպես «երիտասարդ կարգադրիչ» (վարդակապս էլ մնացել էր Յուլիա Միխայլովնայի մոտ), այլ ականջ դնելու (առանց հարցուփորձ անելու) անհաղթահարելի հետաքրքրությամբ, ի՞նչ են խոսում մեր քաղաքում բոլոր այդ դեպքերի մասին ընդհանրապես։ Նաև Յուլիա Միխայլովնային էի ուզում տեսնել, թեկուզև հեռվից։ Ինքս ինձ շատ էի կշտամբում, որ երեկ այդպես դուրս պրծա նրա մոտից։

III

Այդ ամբողջ գիշերը՝ իր համարյա անհեթեթ իրադարձություններով և առավոտի ահավոր «հանգուցալուծմամբ» մինչև հիմա պատկերվում է ինձ, որպես այլանդակ, մղձավանջային երազ և կազմում, համենայն դեպս՝ ինձ համար, իմ ժամանակագրության ամենածանր կտորը։ Թեև ուշացա պարահանդեսից, բայց և այնպես հասա դրա ավարտին՝ պարերին վիճակված էր այդքան շուտ ավարտվել։ Արդեն տասնմեկին մոտ էր, երբ հասա պարագլխի տիկնոջ տան շքամուտքին, որտեղ այդ ճերմակ դահլիճը, ուր նոր էր կայացել ընթերցումը, չնայած կարճ ժամանակամիջոցին, հավաքված- հարդարված ու պատրաստ էր ծառայել որպես գլխավոր պարասրահ, ինչպես ենթադրվում էր, ամբողջ քաղաքի համար։ Բայց որքան էլ վատ տրամադրված լինեի պարահանդեսի նկատմամբ դեռ երեկ առավոտ, այդուհանդերձ, չէի կանխազգացել լրիվ ճշմարտությունը, բարձրաշխարհիկ շրջանակի և ոչ մի ընտանիք չէր եկել, նույնիսկ փոքրիշատե նշանակալի աստիճանավորներ բացակայում էին, իսկ դա արդեն արտակարգ ուժեղ կողմն էր։ Ինչ վերաբերում է տիկնանց և օրիորդաց, ապա Պյոտր Ստեպանովիչի վերջին հաշվարկները (հիմա արդեն՝ ակնհայտորեն նենգ) ծայրաստիճան սխալ դուրս եկան, հավաքվել էին չափազանց քիչ, չորս տղամարդուն հազիվ թե մի պարընկերուհի լիներ, այն էլ ինչպիսի՜։ Գնդի ավագ սպաների «ինչ-որ» կանայք, փոստատնային և պաշտոնեական զանազան աննշանություններ, երեք բուժակուհի՝ իրենց դուստրերով, երկու-երեք կալվածատիրուհի՝ չունևորներից, յոթ դուստրերը և մի ազգականուհին այն քարտուղարի, որին մի առիթով հիշատակել եմ վերը, վաճառական կանայք՝ դա՞ էր, արդյոք, սպասում Յուլիա Միխայլովնան։ Անգամ վաճառականների կեսը չէր եկել։ Ինչ մնում է տղամարդկանց, ապա չնայած մեր բոլոր երևելիների միատեղ բացակայությանը, այնուամենայիվ, նրանց զանգվածը հոծ էր, սակայն երկիմաստ և կասկածելի տպավորություն էր գործում։ Իհարկե, մի քանի շատ խաղաղ հարգալիր սպաներ էլ կային՝ իրենց կանանց հետ, մի քանի ընտանիքների ամենահնազանդ հայրեր, ինչպես օրինակ, այն նույն քարտուղարը՝ յոթ դուստրերի հայրը։ Խոնարհ ու աննշան բոլոր այդ մարդիկ եկել էին այսպես ասած, «անխուսափելիությունից», ինչպես արտահայտվեց այդ պարոններից մեկը։ Բայց մյուս կողմից՝ ժիր ու ճարպիկ մարդկանց խմբեր, դրանցից բացի, այնպիսի անձանց բազմությունը, որոնց ես և Պյոտր Ստեպանովիչը կասկածել էինք առավոտյան, որպես անտոմս ներս թողնվածների, ավելի էր շատացել։ Բոլորն առաժմ նստած էին բուֆետում, ու հայտնվելուն պես, ուղիղ բուֆետ էին գնում, որպես վաղօրոք պայմանավորված մի տեղ։ Համենայն դեպս, այդպես թվաց ինձ։ Բուֆետը տեղավորված էր սենյակաշարի վերջում, ընդարձակ սրահում, ուր հանգրվանել էր Պրոխորըյչը՝ ակումբային խոհանոցի բոլոր գայթակղություններով, ուտեստեղենի և խմիչքի հրապուրիչ ցուցադրումով։ Այստեղ ես նկատեցի մի քանիսին, համարյա պատառոտուն սերթուկներով, ամենատարակուսելի, ամենևին ոչ պարահանդեսային հագուստով, ակնհայտորեն սթափության բերված մեծ ջանքերով ու կարճ ժամանակով, հավաքված Աստված գիտե՝ որտեղից, ինչ-որ դրսեկներ էին։ Հարկավ, ինձ հայտնի էր, որ Յուլիա Միխայլովնայի հղացմամբ ենթադրվել էր պարահանդեսը կազմակերպել ամենաժողովրդավարական ձևով՝ «չմերժելով անգամ քաղքենիներին, եթե պատահեր, որ նրանցից մեկնումեկը կվճարեր տոմսի համար»։ Այս բառերը նա կարող էր համարձակ ասել իր կոմիտեում, լիովին հավատացած, որ մեր քաղքենիներից և ոչ մեկի մտքով չէր անցնի տոմս վերցնել՝ համատարած չքավորներ էին։ Բայց և այնպես, ես երկմտեցի, որ մռայլադեմ ու համարյա ցնցոտիապատ այդ սերթուկավորներին կարելի էր թողնել ներս, չնայած կոմիտեի համակ ժողովրդավարության։ Բայց և ո՞վ էր նրանց ներս թողել և ի՞նչ նպատակով։ Լիպուտինը և Լյամշինն արդեն զրկված էին կարգադրիչների իրենց վարդակապերից (թեև ներկա էին պարահանդեսին, մասնակից «գրականության կադրիլին»)։ Սակայն Լիպուտինի տեղը, ի զարմանս, գրավել էր հենց այն ճեմարանականը, որը բոլորից շատ խայտառակ արեց «առավոտը»՝ Ստեպան Տրոֆիմովիչի հետ իր կռվշտոցով, իսկ Լյամշինի տեղը՝ անձամբ Պյոտր Ստեպանովիչը, իսկ ի՞նչ կարելի էր սպասել այդ դեպքում։ Ջանացի ականջ դնել խոսակցություններին։ Որոշ կարծիքներ ապշեցնում էին իրենց վայրենությամբ։ Օրինակ, մի խմբի մեջ պնդում էին, թե Ստավրոգինի և Լիզայի ամբողջ պատմությունը Յուլիա Միխայլովնան է սարքել ու դրա դիմաց փող վերցրել Ստավրոգինից։ Նույնիսկ գումարն էին նշում։ Պնդում էին, թե նույնիսկ տոնախմբությունն է նա այդ նպատակով կազմակերպել, այդ պատճառով էլ քաղաքի կեսը չէր եկել, իմանալով ինչն ինչոց է, իսկ ինքը՝ Լեմբկեն այնպես է ապշահար, որ «խելքը թռցրել է» ու կինը հիմա ցնդած է «ման ածում»։ Ահագին էլ քրքջոց կար, խռպոտ, վայրի ու խելքը գլխին։ Բոլորը նմանապես ահավոր քննադատում էին պարահանդեսը, իսկ Յուլիա Միխայլովնային հայհոյում՝ առանց նվազագույնս քաշվելու։ Ընդհանրապես, դատարկաբանությունը խառնիխուռն էր, հախուռն գինովցած ու անհանգիստ, այնպես որ դժվար էր կշռադատել ու որևէ մտքի հանգել։ Հենց այստեղ՝ բուֆետում էլ ապաստանել էր պարզապես զվարթաբարո ամբոխը, նույնիսկ մի քանի տիկնայք կային, նրանցից, ում արդեն ոչնչով չես զարմացնի ու չես վախեցնի, անչափ սիրալիր և ուրախ, մեծ մասամբ սպաների կանայք էին՝ իրենց ամուսինների հետ։ Նրանք խմբերով նստած էին առաջին սեղանիկների շուրջ և անչափ ուրախ թեյ էին խմում։ Հավաքված հասարակության գրեթե կեսի համար բուֆետը վերածվել էր մի ջերմ հանգրվանի։ Եվ սակայն, որոշ ժամանակ անց այդ ամբողջ զանգվածը պիտի խուժեր դահլիճ։ Սարսափելի էր մտածելն իսկ։ Առայժմ ճերմակ դահլիճում իշխանի մասնակցությամբ կազմվեց երեք նոսրաշար կադրիլ։ Օրիորդները պարում, իսկ ծնողները նայում ու հրճվում էին։ Այստեղ էլ սակայն այդ պատկառելի անձանցից շատերը սկսել էին արդեն մտմտալ, թե ինչպես, ուրախացնելով իրենց դուստրերին, հեռանան ժամանակին, և ոչ այն պահին, «երբ կսկսվի»։ Կտրականապես բոլորը վստահ էին, որ անպայման սկսվելու է։ Դժվար կլիներ ինձ համար պատկերել անձամբ Յուլիա Միխայլովնայի հոգեվիճակը։ Ես նրա հետ չխոսեցի, թեև բավականաչափ մոտ էի գտնվում։ Ներս մտնելիս, իմ խոնարհումին նա չպատասխանեց՝ չնկատելով ինձ (իսկապես, չնկատելով)։ Դեմքը հիվանդագին էր, հայացքը՝ արհամարհական ու գոռոզ, սակայն թափառ և տագնապած։ Տեսանելի տանջանքով նա հաղթահարում էր իրեն՝ ինչի՞ համար և ո՞ւմ համար։ Հարկ էր, որ անպայման հեռանար, և գլխավորը, իր հետ տաներ ամուսնուն, իսկ նա մնում էր։ Արդեն դեմքից կարելի էր նկատել, որ աչքերը «լիովին բացվել են» և որ այլևս սպասելիք չունի։ Նույնիսկ իր մոտ չէր կանչում նաև Պյոտր Ստեպանովիչին (կարծես թե վերջինս էլ էր խուսափում, ես նրան տեսա բուֆետում, չափից ավելի էր ուրախ)։ Բայց այդուհանդերձ, Յուլիա Միխայլովնան մնում էր պարահանդեսին և վայրկյան անգամ իր կողքից բաց չթողեց Անդրեյ Անտոնովիչին։ Օ՜, մինչև վերջին ակնթարթը նա ամենաանկեղծ զայրույթով կժխտեր ամենայն ակնարկում ամուսնու առողջության վերաբերյալ, նույնիսկ այս առավոտյան։ Բայց հիմա նրա աչքերն այս կապակցությամբ էլ պիտի բացվեին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա առաջին հայացքից ինձ երևաց, որ Անդրեյ Անտոնովիչի տեսքն ավելի վատ է, քան առավոտյան։ Թվում էր, թե մի տեսակ ինքնամոռացության մեջ է և լիովին չի գիտակցում, թե որտեղ է գտնվում։ Երբեմն հանկարծակի շուրջն էր զննում անսպասելի խստությամբ, օրինակ, երկու անգամ՝ ինձ։ Մի անգամ փորձեց ինչ-որ բան ասել, սկսեց բարձրաձայն, բայց և չավարտեց՝ կողքին հայտնված մի խոնարհ ծերուկի համարյա թե վախը հարուցելով։ Սակայն ճերմակ դահլիճում գտնվող հասարակության այդ խոնարհ կեսը նույնիսկ, մռայլված ու վախվորած, հեռու էր մնում Յուլիա Միխայլովնայից՝ միաժամանակ խիստ տարօրինակ հայացքներ նետելով նրա ամուսնու վրա, իրենց ակնդետությամբ և բացահայտությամբ այդ մարդկանց վախեցածությանը խիստ աններդաշնակ հայացքներ։

«Ահա, հենց այդ գիծն էլ ինձ շամփրեց, ու ես հանկարծ սկսեցի կռահել Անդրեյ Անտոնովիչի մասին»,― հետագայում խոստովանել է Յուլիա Միխայլովնան անձամբ ինձ։

Այո, վերստին մեղավոր էր կինը։ Հավանաբար, առավոտյան, երբ իմ փախուստից հետո Պյոտր Ստեպանովիչի հետ վճռել էր, որ պարահանդեսը պիտի լինի և պիտի լինել պարահանդեսին, նա նորից գնացել էր «ընթերցումից» վերջնականապես «ցնցված» Անդրեյ Անտոնովիչի առանձնասենյակը, նորից գործի դրել իր բոլոր հրապուրանքներն ու նրան քարշ տվել իր հետ։ Բայց ինչպես պետք է, որ տանջվեր հիմա։ Եվ, այդուհանդերձ, չէր թողնում-գնում։ Հպարտությունն էր նրան տանջում կամ շվարել էր պարզապես՝ չգիտեմ։ Իր համակ գոռոզությամբ հանդերձ, նսեմանալով ու ժպտալով, փորձում էր խոսքի բռնվել որոշ տիկնանց հետ, սակայն վերջիններս տեղնուտեղը շփոթվում էին, գլուխ ազատում միավանկ, կասկածամիտ «այ-յո» ու «ոչ-չ» ասելով և նկատելիորեն խուսափում նրանից։

Մեր քաղաքի անառարկելի բարձրաստիճաններից միայն մեկն էր հայտնվել պարահանդեսին՝ նույն այն ծանրումեծ պաշտոնաթող գեներալը, ում մի անգամ նկարագրել եմ արդեն և որը պարագլխի տիկնոջ տանը Ստավրոգինի և Գագանովի մենամարտից հետո «հասարակության անհամբերության դուռը բացեց»։ Պատկառելի տեսքով նա գնում-գալիս էր դահլիճում, զննում ու ականջ դնում և ջանում երևցնել, որ եկել է ավելի շատ բարքերին հետևելու, քան աներկբա հաճույքի համար։ Ավարտեց նրանով, որ վերջնականապես միացավ Յուլիա Միխայլովնան և ոչ մի քայլ չհեռացավ նրանից, ըստ երևույթին, քաջալերելու և հանգստացնելու համար։ Անկասկած, անչափ բարի և շատ ազնվատոհմ մարդ էր, արդեն այնքան ծեր, որ կարելի էր դիմանալ նույնիսկ նրա խղճահարությանը։ Սակայն ինքն իրեն գիտակցել, որ այդ ծեր շաղակրատն իրեն խղճալ ու համարյա թե հովանավորել է համարձակվում, որ պատիվ է անում իր ներկայությամբ, շատ էր վրդովեցնում։ Իսկ գեներալը չէր հեռանում և շարունակ, առանց դադարի շատախոսում էր։

― Ասում են, քաղաքը կանգուն չէ առանց յոթ բարեպաշտների... կարծեմ, յոթ, չեմ հիշում սահ-ման-ված թիվը։ Չգիտեմ, թե այդ... մեր քաղաքի անտարակույս բարեպաշտներից... յոթից քանիսն են պատիվ ունեցել գալ ձեր պարահանդեսին, բայց չնայած նրանց ներկայությանը, ես սկսում եմ ինձ անվտանգ չզգալ։ Vous me pardonnerez, charmante dame, n’est-se-pas?[14]։ Ասում եմ այ-լա-բա-նո-րեն, բայց գնացի բուֆետ և ուրախ եմ, որ ողջ ետ եկա... Մեր անգին Պրոխորըյչն այնտեղ իր տեղում չէ և կարծում եմ, առավոտյան դեմ նրա կրպակը ոտնատակ կտան։ Իմիջիայլոց, կատակում եմ։ Սպասում եմ միայն, թե ինչպես է լինելու «գրական կադրիլը», հետո՝ անկողին։ Ներեցեք ծեր հոդախտավորիս, ես վաղ եմ պառկում, ձեզ նույնպես խորհուրդ կտամ գնալ «բաբայ անելու», ինչպես ասում են aux enfants[15]։ Իսկ ես չէ որ եկել եմ դեռատի գեղեցկուհիների համար... որոնց, անշուշտ, չեմ կարող ոչ մի տեղ հանդիպել այնպիսի հարուստ փնջով, այստեղից բացի... Ամեն ինչ՝ գետի պատճառով, ես այնտեղ չեմ գնում։ Մի սպայի կին կա, կարծեմ՝ եգերի... Նույնիսկ շատ լավիկն է, շատ և... ինքն էլ դա գիտե։ Այդ չարաճճիի հետ խոսեցի, աչքաբաց է և... Է՜, օրիորդներն էլ են թարմ։ Բայց միայն դա, թարմությունից բացի՝ ոչինչ։ Իմիջիայլոց, հաճույքով էի նայում։ Մատղաշներ էլ կան, միայն թե շուրթերն են հաստ։ Ընդհանրապես, կանանց դեմքերի ռուսական գեղեցկության մեջ քիչ է այն կանոնավորությունը և... և մի քիչ նման է բլիթի... Vous me pardonnerez, n’est-ce pas...[16] ի դեպ, գեղեցիկ աչքերով, ծիծղուն աչքերով։ Այդ մատղաշներն իրենց դեռատիությամբ մեկ-երկու տարի հը-մա-յիչ են, նույնիսկ երեք... իսկ հետո գիրանում են ընդմիշտ... իրենց ամուսինների մեջ առաջացնելով այն տխրալի ին-դի-ֆե-րեն-տիզ-մը, որ այնքան նպաստում է կանանց հարցի զարգացմանը... եթե միայն ես ճիշտ եմ հասկանում այդ հարցը... Հըմ։ Դահլիճը լավն է, սենյակները վատ չեն կահավորված։ Կարող էր ավելի վատ լինել։ Երաժշտությունը կարող էր շատ ավելի վատ լինել... չեմ ասում՝ պիտի որ։ Գեշ տպավորությունն այն է, որ ընդհանրապես քիչ են կանայք։ Զգեստների մասին չեմ հի-շա-տա-կում։ Վատ է, որ մոխրագույն շալվարով այն մեկն իրեն թույլ է տալիս այդքան բացահայտ կան-կան պա-րել։ Ես կներեմ, եթե նա ուրախությունից է պարում և քանի որ տեղացի դեղագործն է... բայց ժամը տասնմեկին, միևնույն է, վաղ է նաև դեղագործի համար... Այնտեղ՝ բուֆետում երկու հոգի կռվեցին, և նրանց դուրս չարեցին։ ժամը տասնմեկին պետք է որ դուրս անեն կռվարարներին, ինչպիսին էլ լինեն հասարակության բարքերը... չեմ ասում՝ ժամը երեքին, այստեղ արդեն զիջողություն է անհրաժեշտ հասարակական կարծիքին, ու եթե միայն այս պարահանդեսն ապրի մինչև ժամը երեքը։ Վարվառա Պետրովնան սակայն խոսքի տերը չեղավ և ծաղիկներ չտվեց։ Հը՛մ, հիմա նա ծաղիկների համար գլուխ չունի, pauvre mere[17]։ Իսկ խեղճ Լիզան, լսե՞լ եք։ Ասում են, խորհրդավոր պատմություն է և... և նորից Ստավրոգինն է ասպարեզում... Ես կգնայի քնելու... լրիվ դանթում եմ։ Իսկ ե՞րբ է այդ «գը-րա-կա-նու-թյան կադրիլը»։

Վերջապես, սկսվեց նաև «գրականության կադրիլը»։ Վերջին ժամանակներս քաղաքում, հենց որևէ տեղ խոսք էր բացվում առաջիկա պարահանդեսի մասին, տեղնուտեղն անպայման հանգեցնում էին այդ «գրականության կադրիլին», և քանի որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե դա ինչ բան է, ապա հարուցում էր անսահման հետաքրքրասիրություն։ Հաջողության համար ավելի վտանգավոր ոչինչ չէր կարող լինել, և ինչպիսի՜ն էր հիասթափությունը։

Բացվեցին ճերմակ դահլիճի՝ մինչ այդ փակ կողադռները, և հանկարծ մի քանի դիմակ հայտնվեց։ Հասարակությունն անհագորեն շրջապատեց նրանց։ Բուֆետը լրիվ, մինչև վերջին մարդը, միանգամից խուժեց դահլիճ։ Դիմակները շարվեցին՝ պարելու։ Ինձ հաջողվեց խցկվել առաջին գիծ և ես տեղ բռնեցի հենց Յուլիա Միխայլովնայի, Ֆոն Լեմբկեի և գեներալի ետևում։ Այդ պահին էլ Յուլիա Միախայլովնային մոտ վազեց մինչև հիմա անհետացած Պյոտր Ստեպանովիչը։

― Ամբողջ ժամանակ բուֆետում եմ եղել, հետևում էի,― շշնջաց նա մեղավոր դպրոցականի տեսքով, ըստ որում՝ դիտավորյալ կեղծված, նրան ավելի սաստիկ զայրացնելու համար։ Յուլիա Միխայլովնան շիկնեց զայրույթից։

― Գոնե հիմա ինձ չխաբեիք, հանդուգն արարած,― համարյա բարձրաձայն թռավ նրա բերանից, այնպես, որ շուրջ-բոլորը լսեցին։ Պյոտր Ստեպանովիչը ետ ցատկեց՝ չափազանց գոհ իրենից։

Դժվար կլիներ պատկերացնել առավել ողորմելի, առավել գռեհիկ, առավել ապաշնորհ ու տափակ այլաբանություն, քան այդ «գրականության կադրիլը»։ Մեր հասարակությանն ավելի քիչ համապատասխանող ուրիշ որևէ բան չէր լինի հորինել, այնինչ ասում էին՝ Կարմազինովն է հորինել։ Ճիշտ է, կազմակերպել էր Լիպուտինը՝ խորհրդակցելով հենց այն կաղ ուսուցչի հետ, որը ներկա էր Վիրգինսկու տան երեկոյին։ Սակայն Կարմազինովը, այնուամենայնիվ, գաղափարն էր տվել և ասում էին, կամեցել էր նույնիսկ զգեստափոխվել ու ստանձնել որևիցե հատուկ և ինքնուրույն դեր։ Կադրիլը կազմված էր վեց զույգ ողորմելի դիմակներից՝ համարյա դիմակ էլ չէին նույնիսկ, որովհետև նույն զգեստներով էին, ինչև բոլորը։ Այսպես, օրինակ, տարեց մի պարոն՝ ոչ բարձրահասակ, ֆրակով, մի խոսքով, այնպես, ինչպես բոլորն են հագնվում, պատկառելի ճերմակ մորուքով (թելով կապված, ու դա էր ամբողջ զգեստափոխությունը), պարելով դոփդոփում էր նույն տեղում, դեմքին՝ մեծալուրջ արտահայտություն, արագ ու մանրիկ ոտնափոխով ու համարյա չշարժվելով տեղից։ Ինչ-որ հնչյուններ էր արձակում չափավոր, բայց խռպոտած թավ ձայնով, և ահա, ձայնի հենց այդ խռպոտածությունն էլ պիտի նշանակեր հայտնի թերթերից մեկը։ Այդ դիմակի դիմաց պարում էին երկու աժդահա՝ X և Z, այդ տառերը փակցված էին նրանց ֆրակներին, բայց թե ինչ էին նշանակում այդ X-ը և Z-ը, այդպես էլ մնաց չբացատրված։ «Ռուսական ազնիվ միտքը» պատկերված էր միջին տարիքի մի պարոնի տեսքով՝ ակնոցավոր էր, ֆրակով, ձեռնոցներով և կալանդներով (իսկական ոտնակոճղեր էին)։ Այդ իմաստի կռնատակին պայուսակ կար, ինչ-որ մի «գործով»։ Գրպանից ցցված էր արտասահմանից եկած, բացած մի նամակ, որի մեջ վկայագիր կար բոլոր նրանց համար, ովքեր կասկածում էին «ռուսական ազնիվ մտքի» ազնվությանը։ Այդ ամենն արդեն ասում էին կարգադրիչները բանավոր, քանի որ գրպանից ցցված նամակը հնարավոր հո չէր կարդալ։ «Ռուսական ազնիվ մտքի» բարձրացրած աջ ձեռքին գավաթ կար, կարծես ուզում էր կենաց ասել։ Նրա երկու կողմերից համաքայլ անցնում էին երկու խուզված նիհիլիստուհիներ, իսկ vis-a-vis[18] պարում էր նույնպես տարեց մի պարոն, ֆրակով, սակայն ծանր մահակը ձեռքին ու պատկերում իբր ոչ-պետերբուրգյան, բայց ահարկու հրատարակություն, «կշրմփացնեմ, ու թաց տեղ կմնա»։ Սակայն, չնայած մահակին, ոչ մի կերպ չէր կարողանում դիմանալ «ռուսական ազնիվ մտքի»՝ իր վրա հառած ակնոցակիր հայացքին, իսկ երբ pas de deux[19] էր անում, գալարվում էր, պտտվում՝ չիմանալով, որ կողմը չքվի, հավանորեն, շատ էր տանջում խիղճը... Իմիջիայլոց, չեմ կարող վերհիշել այդ բոլոր բթամիտ հորինվածքները, ամեն ինչ նույնաբնույթ էր, այնպես որ, ի վերջո, տանջալի ամոթ զգացի։ Եվ ահա, կարծես թե ամոթի ճիշտ նույնպիսի արտահայտություն հայտնվեց բոլորի դեմքերին, նույնիսկ բուֆետից երևան եկած ամենամռայլ կերպարանքներին։ Որոշ ժամանակ բոլորը լուռ էին և նայում էին բարկացած տարակուսանքով։ Ամոթահար մարդը սովորաբար սկսում է զայրանալ և հակված է ցինիզմի։ Կամաց-կամաց գվվաց մեր հասարակությունը.

― Էս ի՜նչ բան է,― խմբերից մեկում մրթմրթաց մի բուֆետական։

― Տխմարություն։

― Ինչ-որ գրականություն։ «Գոլոսն» են քննադատում։

― Իսկ ինձ ինչ։

Մյուս խմբից.

― Ավանակնե՜ր։

― Չէ, նրանք ավանակ չեն, մենք ենք էշը։

― Ինչի՞ համար ես էշ։

― Իսկ ես էշ չեմ։

― Թե որ դու էշ չես, ուրեմն, ես իսկի չեմ։

Երրորդ խմբից.

― Մի հատ հասցնենք քամակներին, գրողի ծոցը։

― Լրիվ թափ տանք դահլիճը։

Չորրորդից.

― Ինչպե՞ս չեն ամաչում Լեմբկեները՝ նայելով։

― Ինչի՞ց ամաչեն։ Դու ամաչո՞ւմ ես։

― Ես որ ամաչում եմ, իսկ նա նահանգապետ է։

― Իսկ դու խոզ ես։

― Կյանքումս չէի տեսել այսքան սովորական պարահանդես,― հենց Յուլիա Միխայլովնայի կողքին թունալի ասաց մի տիկին՝ լսված լինելու ակնհայտ ցանկությամբ։ Քառասուն տարեկան կլիներ տիկինը, լիքը-լիքը և շպարված, մետաքսյա վառգույն զգեստով։ Քաղաքում համարյա բոլորը ճանաչում էին նրան, բայց ոչ ոք չէր ընդունում։ Պետական խորհրդականի այրի էր, ամուսինը նրան էր թողել փայտաշեն մի տուն և աղքատիկ կենսաթոշակ, սակայն այրին լավ էր ապրում, ձիեր էլ էր պահում։ Երկու ամիս առաջ ինքն էր առաջինն այցելել Յուլիա Միխայլովնային, բայց վերջինս չէր ընդունել։

― Ճիշտ այս-սպես էլ կարելի էր կանխատեսել,― ավելացրեց նա՝ հանդգնորեն նայելով Յուլիա Միխայլովնայի աչքերին։

― Իսկ եթե կարող էիք կանխատեսել, ապա ինչի՞ համար շնորհ արեցիք,― չդիմացավ Յուլիա Միխայլովնան։

― Միա-մմտությունից,― վայրկենապես շրխկացրեց կռվազան տիկինը՝ մարմնով մեկ ցնցվելով (անասելի կամենալով կռվի բռնվել), սակայն գեներալը կանգնեց նրանց միջև.

― Chere dame[20],― խոնարհվեց Յուլիա Միխայլովնայի ականջին,― ճիշտ կլինի գնալ։ Մենք նրանց սոսկ նեղում ենք, իսկ առանց մեզ նրանք շատ լավ կզվարճանան։ Դուք ամեն ինչ կատարեցիք, բացեցիք պարահանդեսը, ուրեմն, հանգիստ թողեք նրանց... Անդրեյ Անտոնովիչն էլ, կարծես, ամենևին բավա՜րար չի զգում իրեն։ Մի փորձանք չպատահի՞։

Բայց արդեն ուշ էր։

Անդրեյ Անտոնովիչը կադրիլի ամբողջ ընթացքում պարողներին էր նայում մի տեսակ զայրագին տարակուսանքով, իսկ երբ ծայր առան արձագանքումները հասարակության մեջ, սկսեց անհանգիստ նայել շուրջը։ Այստեղ առաջին անգամ նրա աչքով ընկան բուֆետային որոշ անձնավորություններ։ Հայացքն արտակարգ զարմացած էր։ Հանկարծ բարձրաձայն քրքիջ հնչեց կադրիլի խաղերից մեկի վրա. «ոչ-պետերբուրգյան ահարկու հրատարակության»՝ մահակը ձեռքին պարող հրատարակիչը, վերջնականապես զգալով, որ այլևս տանել չի կարող իր վրա հառած «ռուսական ազնիվ մտքի» ակնոցավոր հայացքը, ու չիմանալով ուր փախչել դրանից, հանկարծակի, վերջին պարադիրքին, ընդառաջ գնաց ակնոցակրին՝ ձեռքերի վրա, ոտքերը վեր, ինչ պետք է նշանակեր ողջամտության շարունակական ոտնիգլուխ այլասերումը «ոչ-պետերբուրգյան ահարկու հրատարակությունում»։ Քանի որ միայն Լյամշինն էր կարողանում քայլել ձեռքերի վրա, ապա նա էլ ստանձնել էր մահակակիր հրատարակչին ներկայացնելը։ Յուլիա Միխայլովնան ամենևին չգիտեր, որ քայլելու են՝ ոտքերը վեր։ «Դա թաքցրե՜լ էին ինձնից, թաքցրե՜լ»,― հետագայում կրկնում էր նա ինձ՝ հուսալքված ու զայրացած։ Ամբոխի քրքիջը, հարկավ, ողջունում էր ոչ այլաբանությունը, որը ոչ մեկին չէր հետաքրքրում, այլ պարզապես ձեռքերի վրա քայլելը՝ ֆրակով, ֆրակի փեշերը թափ տալով։ Լեմբկեն փրփրեց ու ցնցվեց։

― Սրիկա՜,― բղավեց նա՝ ցույց տալով Լյամշինին։― Բռնեք այդ ստորին, շրջեք... ոտքի շրջեք դրան... գլուխը... որ վերևում լինի գլուխը.... վերևում։

Լյամշինը ոտքի ցատկեց։ Քրքիջը սաստկացավ։

― Դուրս քշել բոլոր սրիկաներին, ովքեր ծիծաղում են,― մեկեն կարգադրեց Լեմբկեն։ Ամբոխը թնդաց ու դղրդաց։

― Էդպես չի կարելի, ձերդ գերազանցություն։

― Հասարակությանը չի կարելի հայհոյել-լ։

― Հիմարն ինքդ ես,― ձայն հնչեց հեռու մի անկյունից։

― Ֆլիբուստյերներ[21],― բղավեց մեկ ուրիշը հակառակ ծայրից։

Լեմբկեն արագ շրջվեց բղավոցի կողմը և ամբողջովին գունատվեց։ Մի բութ ժպիտ հայտնվեց շրթունքներին, կարծես ինչ-որ բան հասկացավ հանկարծ ու հիշեց։

― Պարոնայք,― դիմեց Յուլիա Միխայլովնան վրա շարժվող ամբոխին՝ միաժամանակ իր ետևից տանելով ամուսնուն,― պարոնայք, ներեցեք Անդրեյ Անտոնովիչին, Անդրեյ Անտոնովիչը վատառողջ է... ներեցեք... ներեցեք նրան, պարոնայք։

Ես հատկապես լսեցի, ինչպես նա ասաց «ներեցեք»։ Տեսարանը շատ արագ ընթացավ։ Բայց ես հստակ հիշում եմ, որ հասարակության մի մասն արդեն հենց այդ ժամանակ դուրս խուժեց դահլիճից, ասես վախեցած Յուլիա Միխայլովնայի հենց այդ խոսքերից հետո։ Նույնիսկ հիշում եմ կանացի հիստերիկ ու արտասվախառը մի ճիչ.

― Ա՜հ, էլի առավոտվա պես։

Ու հանկարծ սկսված այդ համարյա հրմշտոցի մեջ վերստին ռումբ պայթեց, հենց «էլի առավոտվա պես».

― Հրդեհ։ Ամբողջ Զառեչյեն է վառվում։

Չեմ հիշում միայն, թե առաջին անգամ որտեղ հնչեց այդ զարհուրելի ճիչը, սրահներում, արդյոք, կամ կարծեմ ինչ-որ մեկը ներս վազեց նախասրահի սանդուղքից, բայց դրանից հետո ծայր առավ այնպիսի մի տագնապ, որ պատմել անգամ չեմ փորձի։ Պարահանդեսի հավաքված հասարակության կեսից ավելին Զառեչյեից էր՝ այնտեղի փայտաշեն տների տերերը կամ կենվորները։ Նետվեցին դեպի պատուհանները, քաշեցին-պոկեցին թանձր շղարշե վարագույրները։ Զառեչյեն բոցավառվում էր։

Ճիշտ Է, հրդեհը դեռ նոր էր բռնկվել, սակայն բոց էր ելնում միանգամայն տարբեր երեք տեղերից՝ հենց դա էր վախեցնում։

― Հրկիզո՜ւմ է։ Շպիգուլինցինե՜րն են,― գոռում էին ամբոխի մեջ։

Մտապահել եմ մի քանի շատ բնորոշական բացականչություն.

― Այդպես էլ կանխազգում էր սիրտս, որ վառելու են, քանի օր է, զգում էր։

― Շպիգուլինցիներն են, շպիգուլինցիները, ուրիշ էլ ոչ ոք։

― Մեզ դիտմամբ են հավաքել էստեղ, որ էնտեղ կրակ տան։

Այս վերջին, ամենազարմանալի բղավոցը կանացի էր, հրդեհից տուժած Կոռոբոչկայի ոչ-դիտավորյալ, ակամա բղավոցն էր։ Բոլորը դեպի ելք խուժեցին։ Չեմ նկարագրի հրմշտոցը նախասրահում՝ մուշտակները, գլխաշորերը, վերարկուները ջոկջկելիս, վախեցած կանանց ծղրտոցը, օրիորդների լացը։ Հազիվ թե որևէ գողություն լիներ, սակայն զարմանալի չէ, որ նման խառնաշփոթի մեջ մի քանիսն այդպես էլ դուրս եկան-գնացին առանց տաք վերնահագուստի՝ չգտնելով իրենցը, ինչի մասին հետո երկար ժամանակ պատմվում էր քաղաքում՝ առասպելներով ու չափազանցումներով։ Լեմբկեին և Յուլիա Միխայլովնային ամբոխը համարյա թե ճզմել էր դռան մեջ։

― Բոլորին կանգնեցնե՜լ։ Ոչ ոքի դուրս չթողնե՜լ,― գոռում էր Լեմբկեն՝ ձեռքն ահեղատեսք պարզած խռնվածների առաջ։

― Բոլորին անխտիր խստագույն խուզարկում, անմիջապե՜ս։

Դահլիճից թունդ հայհոյանքներ թափվեցին։

― Անդրեյ Անտոնովիչ, Անդրեյ Անտոնովիչ,― բացականչում էր Յուլիա Միխայլովնան՝ կատարելապես հուսակտուր։

― Ձերբակալել առաջինին,― բղավեց ամուսինը՝ մատը սպառնագին տնկած կնոջ վրա։― Խուզարկել առաջինին։ Պարահանդեսը կազմակերպված է հրկիզման նպատակով...

Յուլիա Միխայլովնան ճչաց և ուշագնաց եղավ (օ՜, իհարկե, իսկապես ուշագնաց էր արդեն)։ Ես, իշխանը և գեներալը նետվեցինք օգնության, ուրիշներ էլ կային, անգամ տիկնանցից, ովքեր օգնեցին մեզ այդ դժվարին պահին։ Տարաբախտին դուրս տարանք այդ դժոխքից դեպի կառքը, բայց նա ուշքի եկավ, հենց մոտենում էինք տանը, և նրա առաջին ճիչը դարձյալ Անդրեյ Անտոնովիչի մասին էր։ Իր բոլոր երազանքների խորտակման հետ նրա առաջ մնացել էր սոսկ միայն Անդրեյ Անտոնովիչը։ Ուղարկեցինք՝ բժիշկ բերելու։ Նրա մոտ սպասեցի մի ամբողջ ժամ, իշխանը՝ նույնպես։ Մեծահոգության պոռթկումով, գեներալը (թեև ինքն էլ էր շատ վախեցած) ուզում էր ամբողջ գիշեր չհեռանալ «դժբախտի անկողնուց», սակայն տասը րոպե անց քուն մտավ սրահում, բժշկին սպասելիս, բազմոցին նստած, ուր և թողեցինք նրան։

Պարահանդեսից հրդեհի վայր շտապող ոստիկանապետը մեզնից հետո հասցրել էր դուրս բերել Անդրեյ Անտոնովիչին և ցանկացել նրան նստեցնել Յուլիա Միխայլովնայի հետ նույն կառքը՝ ամբողջ ուժով համոզելով նորին գերազանցությանը «դադար առնել»։ Բայց չգիտեմ ինչու, չէր համառել։ Իհարկե, Անդրեյ Անտոնովիչը լսել անգամ չէր կամեցել հանգստի մասին և շտապել հրդեհի վայր։ Բայց դա խելացի չէր։ Ավարտվել էր նրանով, որ հենց ոստիկանապետն էլ տարել էր նրան իր կառքով հրդեհի վայր։ Հետո պատմում էր, որ Լեմբկեն ամբողջ ճանապարհին թափահարում էր ձեռքերը և «էն տեսակ մտքեր բղավում, որ անսովոր լինելով հնար չէր կատարել»։ Հետագայում այդպես էլ զեկուցվեց, որ նորին գերազանցությունն այն րոպեներին, «վախի հանկարծակիությունից» արդեն սպիտակ տենդի մեջ էր ընկել։

Պատմելու չէ, թե ինչպես վերջացավ պարահանդեսը։ Մի քանի տասնյակ խրախճանասերներ, նրանց հետ նույնիսկ մի քանի տիկնայք, մնացել էին դահլիճում։ Ոչ մի ոստիկան։ Երաժիշտներին բաց չէին թողել և գնացողներին ծեծել։ Առավոտվա դեմ «Պրոխորըյչի խանութը» լրիվ սրբել էին, խմել ինքնամոռաց, կոմարինսկայա պարել՝ անվայել, սենյակներն աղտոտել, և միայն լուսադեմին այդ հրոսակների մի մասը, թունդ հարբած, հասել էր մարող հրդեհավայր՝ նոր անկարգություններ անելու... Մյուս կեսն այդպես էլ գիշերել էր սրահներում, թավշյա բազմոցներին և հատակին՝ մեռելի պես հարբած, բոլոր հետևանքներով հանդերձ։ Առավոտյան առաջին հնարավորության հետ, նրանց ոտքերից քաշեքաշ փողոց էին շպրտել։ Դրանով էլ ավարտվեց մեր նահանգի դաստիարակչուհիների օգտին կազմակերպված տոնախմբությունը։

IV

Հրդեհը վախեցրեց անդրգետյան մեր հասարակությանը նրանով հենց, որ հրկիզումն ակնհայտ էր։ Նշանակալի է, որ «վառվում ենք» առաջին ճիչի հետ իսկույն հնչեց «վառել են շպիգուլինցիները» բղավոցը։ Հիմա արդեն շատ լավ հայտնի է որ իրականում երեք շպիգուլինցի մասնակցել են հրկիզմանը, բայց և հենց դա։ Մնացած բոլորը ֆաբրիկայից կատարելապես արդարացվել են ընդհանուր կարծիքով, թե պաշտոնապես։ Այդ երեք սրիկաներից բացի (որոնցից մեկը բռնվել ու խոստովանել էր, իսկ երկուսը մինչև հիմա փախած են), հրկիզմանն անկասկած մասնակցել էր նաև Ֆեդկա Կատորժնին։ Ահա և այն ամենը, ինչ առայժմ ստուգապես հայտնի էր հրդեհի ծագման մասին։ Միանգամայն այլ բան են կռահումները։ Ինչո՞վ էին առաջնորդվել այդ երեք սրիկաները, որևէ մեկի կողմից ուղարկվա՞ծ էին, թե՝ ոչ։ Այդ ամենին դժվար է պատասխանել նույնիսկ հիմա։

Ուժեղ քամու, Զառեչյեի համարյա բոլոր շինվածքների փայտաշեն լինելու և վերջապես, երեք ծայրից հրկիզվելու հետևանքով հրդեհը տարածվել էր արագ և բռնել մի ամբողջ տարածք՝ անասելի ուժով (ի դեպ, հրկիզումը պետք է համարել ավելի շուտ երկու ծայրից սկսված, երրորդը կանխվել ու մարվել էր համարյա նույն րոպեին, բռնկվելուն պես, այս մասին՝ ստորև)։ Սակայն մայրաքաղաքային թղթակցությունների մեջ, այնուամենայնիվ, չափազանցրին մեր աղետը, վառվել էր ամբողջ Զառեչյեի մոտավորապես մեկ քառորդից ոչ ավելին (իսկ գուցեև՝ ավելի քիչ)։ Մեր հրշեջ խումբը, թեև տկար՝ քաղաքի տարածքի և բնակչության համեմատ, գործեց սակայն շատ կանոնավոր և անձնազոհ։ Այնինչ, քիչ բան կարող էր անել այդ խումբը, նույնիսկ բնակիչների համերաշխ աջակցությամբ, եթե չլիներ լուսադեմին փոխված քամին, որը կտրվել էր հանկարծակի, այգաբացից անմիջապես առաջ։ Երբ ես, պարահանդեսից փախչելուց ընդամենը մեկ ժամ անց, հասա Զառեչյե, կրակը բորբոքված էր ամբողջ ուժով։ Գետին զուգահեռ մի լրիվ փողոց բոցավառվում էր։ Լուսավոր էր, ցերեկվա պես։ Մանրամասն չեմ նկարագրի հրդեհի պատկերը, ո՞վ չգիտե դա Ռուսիայում։ Կրակվող փողոցին մերձակա նրբանցքներում անչափելի էլ իրարանցումն ու նեղվածքը։ Այստեղ հաստատապես սպասում էին կրակին, և բնակիչները դուրս էին բերում ունեցվածքը, բայց դեռ չէին հեռանում իրենց կացարաններից, այլ սպասումով նստոտում դուրս բերված սնդուկներին ու ներքնակներին՝ յուրաքանչյուրն իր պատուհանների տակ։ Տղամարդկանց մի մասը ծանր գործի մեջ էր, անխնա ջարդոտում էին ցանկապատերը, նույնիսկ ավերում կրակին մոտ ևքամու ուղղությամբ գտնվող խարխուլ խրճիթները։ Լալիս էին սոսկ արթնացած փոքրիկները, մեկ էլ ողբաձայն բղավում կանայք, որոնք հասցրել էին դուրս բերել իրենց հնոտիքը։ Չհասցրածներն առայժմ լուռ ու եռանդուն ներսուդուրս էին անում։ Կայծերն ու խանձողները թռչում էին հեռուն, դրանք հանգցնում էին ըստ հնարավորին։ Բուն հրդեհի մոտ խռնված էին հանդիսականները՝ այստեղ հավաքված քաղաքի բոլոր ծայրերից։ Ոմանք օգնում էին մարել, մյուսները նայում էին որպես սիրողներ։ Մեծ կրակը գիշերով միշտ թողնում է բորբոքող և զվարճացնող տպավորություն, դրա վրա են հիմնված հրավառությունները, սակայն հրավառության կրակները տեղաբաշխվում են գեղեցիկ, կանոնավոր ուրվագծերով և իրենց համակ անվտանգությամբ, թողնում են խաղացկուն ու թեթև տպավորություն, ինչպես շամպայնի ըմպանակից հետո։ Ուրիշ է իսկական հրդեհը, սարսափն այստեղ և այնուամենայնիվ, անձնական վտանգի որոշ զգացողությունը գիշերային կրակի որոշակիորեն զվարճացնող տպավորության հետ մեկտեղ, հանդիսականի մեջ (հարկավ, ոչ հրդեհի ճարակ քաղքենու) առաջացնում է ուղեղի որոշ ցնցում և նրա սեփական կործանարար բնազդների մի տեսակ հրահրում, որոնք, ավաղ, թաքնված են ամեն մի, նույնիսկ ամենախոնարհ ու ընտանեսեր տիտուլյար խորհրդականի հոգում։ Այդ մռայլ զգացողությունը համարյա միշտ զգլխիչ է։ «Իրավ, ես չգիտեմ, կարելի՞ է արդյոք հրդեհին նայել՝ առանց որոշակի հաճույքի»։ Բառ առ բառ սա ինձ ասել է Ստեպան Տրոֆիմովիչը՝ մի անգամ, վերադառնալով հրդեհի վայրից, ուր հայտնվել էր պատահականորեն և տեսարանի առաջին տպավորության տակ էր։ Անշուշտ, գիշերային կրակի այդ նույն երկրպագուն ինքն էլ կնետվի կրակի մեջ՝ փրկելու վառվող մանկանը կամ պառավին, բայց չէ որ դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է։

Հետաքրքրասեր ամբոխի ետևից հրմշտվելով, առանց հարցուփորձի, ես հասա գլխավորագույն և վտանգավորագույն կետին, ուր և վերջապես տեսա Լեմբկեին, ում փնտրում էի Յուլիա Միխայլովնայի հանձնարարությամբ։ Նրա վիճակը զարմանալի էր ու արտակարգ։ Կանգնած էր ջարդջրդած ցանկապատի վրա, նրանից ձախ՝ երեսուն քայլի վրա բարձրանում էր արդեն համարյա լրիվ վառված երկհարկանի փայտաշեն տան սև կմախքը՝ երկու հարկերում պատուհանների փոխարեն բացված ծակերով, թափված տանիքով, ածխացած գերանների վրա տեղ-տեղ դեռևս օձի պես գալարվող կրակներով։ Բակի խորքում, վառվող-վերջացող տնից մի քսան քայլի վրա սկսել էր կրակվել նույնպես երկհարկանի մասնաշենքը, ու դրա վրա ամբողջ եռանդով գործում էին հրշեջները։ Աջ կողմում հրշեջները և ժողովուրդը ջանում էին փրկել բավականին խոշոր փայտյա մի շինվածք, որը դեռ չէր վառվում, բայց արդեն մի քանի անգամ վառվել էր և որին անխուսափելիորեն վիճակված էր վառվել։ Լեմբկեն՝ դեմքն արած կողաշենքին, բղավում և ձեռքերն էր թափահարում, հրամաններ արձակում, որոնք ոչ մեկը չէր կատարում։ Ես մտածեցի, որ նրան այստեղ թողել-գնացել են և բոլորովին մի կողմ քաշվել նրանից։ Համենայն դեպս, նրան շրջապատած և արտակարգ խայտաբղետ հոծ ամբոխի մեջ, ուր ամեն կարգի մարդկանց հետ էին պարոններ և նույնիսկ տաճարային ավագերեցը, թեև լսում էին նրան հետաքրքրությամբ ու զարմանքով, սակայն և ոչ մեկը չէր խոսում նրա հետ ու չէր փորձում ետ քաշել նրան։ Գույնը գցած, փայլփլող աչքերով՝ Լեմբկեն ամենազարմանալի բաներ էր ասում, ի լրումն ամեն ինչի, անգլխարկ էր ու վաղուց կորցրել էր դա։

― Այս ամենը հրկիզո՜ւմ է։ Սա նիհիլի՜զմ է։ Եթե մի բան է բոցավառվում, ապա նիհիլիզմ է,― լսեցի համարյա թե սարսափած, ու թեև զարմանալու բան չկար արդեն, սակայն ակներև իրականությունը միշտ ներառում է որոշ ցնցող բան։

― Ձերդ գերազանցություն,― թաղամասային տեսուչը հայտնվեց նրա կողքին,― եթե բարեհաճեք օգտվել տնային հանգստից... Թե չէ այստեղ կանգնելն էլ է վտանգավոր ձերդ գերազանցության համար։

Այդ տեսուչին, ինչպես հետո իմացա, ոստիկանապետն էր դիտավորյալ թողել Անդրեյ Անտոնովիչի մոտ, որպեսզի հետևի նրան և բոլոր ջանքերը գործադրի՝ նրան տուն տանելու, իսկ վտանգի դեպքում անգամ ուժ գործադրի՝ հանձնարարությունն ակնհայտորեն վեր էր կատարողի ուժերից։

― Հրդեհից տուժածների արցունքները կսրբեն, բայց քաղաքը կրակի կտան։ Այս ամենը չորս սրիկա են արել, չորս ու կես։ Ձերբակալե՛լ սրիկային։ Նա այստեղ մենակ է, իսկ չորս ու կեսը զրպարտված են նրա կողմից։ Նա սողոսկում է ընտանիքների պատվի մեջ։ Տների հրդեհման համար օգտագործել են դաստիարակչուհիներին։ Ստորությո՜ւն է, ստորությո՜ւն։ Այ, ինչ է անում,― բղավեց նա՝ հանկարծ, նկատելով կրակվող կողաշենքի տանիքն ելած հրշեջին, որի տակ արդեն վառվել էր տանիքը և կրակը բոցկլտում էր չորսբոլորը։― Ցած քաշեք նրան, ցած քաշեք, նա կընկնի, կվառվի, հանգցրեք նրան... ի՞նչէ անում այնտեղ։

― Հրդեհն է մարում, ձերդ գերազանցություն։

― Անհավանական է։ Հրդեհն ուղեղների մեջ է, այլ ոչ տների տանիքներին։ Իջեցնել նրան ու ձեռ քաշել։ Ավելի լավ է ձեռ քաշել, ձեռ քաշել ամեն ինչից։ Թող ինքն իրեն, մի կերպ...։ Այ, ո՞վ է լալիս։ Պառա՜վը։ Պառավն է բղավում, ինչո՞ւ են մոռացել պառավին։

Իսկապես, այրվող կողաշենքի ցածի հարկում բղավում էր մոռացված մի պառավ, վառվող տան տիրոջ՝ վաճառականի ութսունամյա ազգականուհին։ Բայց նրան չէին մոռացել, այլ ինքն էր ետ գնացել վառվող տուն, քանի դեռ կարելի էր, դեռևս անվնաս մնացած անկյունի նեղ սենյակից իր փետրաներքնակը դուրս բերելու խելագար նպատակով։ Ծխից խեղդվելով և շոգից գոռալով, որովհետև բռնկվեց նաև նեղլիկ սենյակը, այնուամենայնիվ, նա ամբողջ ուժով ջանում էր շրջանակի կոտրած ապակու միջից զառամյալ ձեռքերով դուրս խցկել իր ներքնակը։ Լեմբկեն նետվեց՝ նրան օգնության։ Բոլորը տեսան՝ ինչպես նա մոտ վազեց պատուհանին, բռնեց ներքնակի ծայրը և ամբողջ ուժով սկսեց քաշել-հանել պատուհանից։ Փորձանքի պես հենց այդ պահին տանիքից ընկավ ջարդված տախտակը և դիպավ տարաբախտին։ Տախտակը չսպանեց նրան, ընկնելիս միայն սուր ծայրով խփվեց վզին, սակայն Անդրեյ Անտոնովիչի ասպարեզը գոցվեց, ծայրահեղ դեպքում՝ մեզ մոտ։ Հարվածը նրան ցած տապալեց, և նա ընկավ ուշագնաց։

Վերջապես, բացվեց մռայլ ու ժանտ առավոտը։ Հրդեհը նվազեց, քամուց հետո հանկարծ լռություն տիրեց, իսկ հետո մանրահատիկ, դանդաղ անձրև տեղաց, ասես մաղի միջով։ Ես արդեն Զառեչյեի ուրիշ մի հատվածում էի, հեռու այն տեղից, ուր տապալվեց Լեմբկեն, և այստեղ, ամբոխի մեջ շատ տարօրինակ խոսակցություններ լսեցի։ Բացահայտվեց մի տարօրինակ փաստ, թաղամասի ամենածայրին՝ ամայուտում, բանջարանոցների ետևում, մյուս շինություններից հիսուն քայլից ոչ պակաս հեռու, կանգնած էր մեկ հատիկ հենց նոր կառուցված փայտաշեն տուն, և հենց այդ մեկուսի տունը կրակ էր բռնել համարյա բոլորից առաջ, հրդեհի հենց սկզբում։ Եթե մինչև վերջ էլ այրվեր, ապա տարածության պատճառով չէր կարող կրակը փոխանցել քաղաքային շինություններից որևէ մեկին, և հակառակը՝ եթե ամբողջ Զառեչյեն էլ վառվեր, ապա այս մեկ հատիկ տունն անվնաս կմնար, նույնիսկ ինչպիսի քամի էլ լիներ։ Ստացվում էր, որ բոցավառվել է առանձին ու ինքնուրույն, ուրեմն՝ ոչ հենց այնպես։ Բայց գլխավորն այն էր, որ չէր հասցրել վառվել, և տան ներսում, լուսադեմին, զարմանալի բաներ ի հայտ եկան։ Այդ նոր տան տերը՝ մերձակա արվարձանում ապրող մի քաղքենի, իր նոր տանը հրդեհ տեսնելուն պես, նետվել էր այնտեղ և հարևանների օգնությամբ հասցրել էր փրկել այն՝ դեսուդեն շպրտելով կողապատի տակ շարած, կրակ տված ցախերը։ Սակայն տան մեջ կենվորներ կային՝ քաղաքում հայտնի կապիտանը՝ քրոջ հետ, նրանց մոտ էր նաև տարեց աղախինը, և ահա հենց այդ կենվորները՝ կապիտանը, նրա քույրը և աղախինն այդ գիշեր մորթվել էին բոլորով ու հավանորեն կողոպտվել։ (Հենց այստեղ էր ներկայացել ոստիկանապետը հրդեհի վայրից, երբ Լեմբկեն փրկում էր փետրաներքնակը)։ Առավոտվա դեմ լուրը տարածվեց, և ամեն կարգի մարդկանց հսկա ամբոխը և նույնիսկ հրդեհվածները Զառեչյեից խռնվեցին ամայուտում՝ նոր տան մոտ։ Դժվար էր անցնելն անգամ, այնքան էին հավաքվել։ Տեղնուտեղն ինձ պատմեցին, որ կապիտանին գտել էին՝ կոկորդը կտրած, թախտին պառկած, հագնված, և որ նրան մորթել էին հավանորեն մեռելի պես հարբած, այնպես որ նա չէր էլ լսել, իսկ արյուն էր հոսել նրանից, «ինչպես եզից», որ քույրը՝ Մարյա Տիմոֆեևնան, ամբողջովին «ծակծկված» է դանակով, իսկ ընկած է եղել հատակին՝ դռան մոտ, այնպես որ հաստատ կռիվ է տվել մարդասպանի հետ՝ արդեն արթնացած։ Նմանապես արթնացած աղախնի գլուխն էր լրիվ ջնջխված։ Տանտիրոջ պատմածով, կապիտանը դեռևս երեկ առավոտյան իր մոտ էր եկել խմած, պարծեցել ու ահագին փող էր ցույց տվել՝ մի երկու հարյուր ռուբլի։ Կապիտանի հին, քրքրված կանաչ դրամապանակը գտել էին դատարկ, հատակին գցած, բայց Մարյա Տիմոֆեևնայի սնդուկին ձեռք չէին տվել, սրբապատկերի արծաթյա մակադիրն էլ ձեռք տված չէր, տեղում էին կապիտանի հագուստները։ Երևում էր, որ գողը շտապել է և՝ կապիտանի գործերին տեղյակ, եկել է սոսկ փողը տանելու և իմացել է տեղը։ Եթե նույն րոպեին վազեվազ չգար տանտերը, ապա ցախերը՝ կրակ բռնելով, հաստատ կհրդեհեին տունը, «իսկ այրված դիակներից դժվար կլիներ իսկությունն իմանալ»։

Այսպես էր պատմվում գործը։ Ավելացվում էր մի տեղեկություն ևս. որ այդ բնակարանը կապիտանի և նրա քրոջ համար վարձել է անձամբ Ստավրոգինը, Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ գեներալ Ստավրոգինի այրու որդյակը, ինքն է եկել՝ վարձելու, շատ է համոզել, որովհետև տանտերը չի ուզել տալ և տունը նախատեսել է պանդոկի համար, բայց Նիկոլայ Վսեվոլոդովիչը գնի առաջ չի կանգնել և կես տարվա վարձն էլ գլխից է տվել։

― Հենց էնպես չեն վառվել,― լսվում էր ամբոխի մեջ։ Սակայն մեծ մասը լուռ էր։ Դեմքերը մռայլ էին, բայց մեծ, ակնհայտ բորբոքվածություն ես չնկատեցի։ Չորսբոլորը սակայն շարունակվում էին պատմությունները Նիկոլայ Վսեվոլոդովիչի և այն մասին, որ սպանվածը նրա կինն է, որ երեկ նա այստեղի առաջին տնից՝ գեներալի կին Դրոզդովայի տնից իր մոտ է քաշել-տարել օրիորդ դստերը, «անազնիվ ձևով», և որ նրա վրա բողոքելու են Պետերբուրգ, իսկ որ կինը մորթված է, ապա հավանաբար նրա համար, որ Դրոզդովայի հետ ամուսնանա։ Սկվորեշնիկին այստեղից հեռու էր ոչ ավելի, քան երկուսուկես վերստ, և, հիշում եմ, մտքովս անցավ՝ իմաց չտա՞լ այնտեղ։ Իմիջիայլոց, ես չնկատեցի, որ մեկնումեկն առանձնապես բորբոքեր ամբոխին, չեմ ուզում հոգուս մեղք անել, թեև աչքովս ընկան «բուֆետականներից» մի երեք-չորս ռեխ, որոնք լուսադեմին հայտնվել էին հրդեհի վայրում և որոնց անմիջապես ճանաչեցի։ Սակայն առանձնապես հիշում եմ մի բարձրահասակ, նիհար երիտասարդի, քաղքենիներից էր, հյուծված, ասես կուպրով ներկված, գանգրամազ փականագործ էր, ինչպես իմացա հետագայում։ Հարբած չէր, սակայն ի հակադրություն մռայլադեմ կանգնած ամբոխի, մի տեսակ կորցրած էր իրեն։ Նա շարունակ դիմում էր մարդկանց, թեև չեմ հիշում նրա խոսքերը։ Այն ամենը, ինչ ասում էր հոդաբաշխ, ավելի երկար չէր, քան «Էս ի՞նչ բան է, ախպերներ։ Ախր, էսպես էլ պիտի լինի՞» և այդ ընթացքում թափահարում էր ձեռքերը։


Գլուխ երրորդ. Ավարտված սիրավեպ

I

Սկվորեշնիկիի մեծ սրահից (հենց այն, ուր կայացել էր Վարվառա Պետրովնայի և Ստեպան Տրոֆիմովիչի վերջին հանդիպումը), հրդեհը երևում էր, ինչպես ափի մեջ։ Լուսաբացին՝ առավոտյան ժամը վեցին, աջից եզրային պատուհանի մոտ կանգնած էր Լիզան և ակնապիշ նայում էր մարող հրացոլքին։ Մենակ էր սենյակում։ Զգեստը երեկվանն էր, տոնական, որով եկել էր ընթերցմանը՝ բաց կանաչ, ճոխ, ժանեկազարդ, բայց արդեն ճմռթված, հագած շտապ ու անփույթ։ Հանկարծակի նկատելով լավ չկոճկված կուրծքը՝ նա կարմրեց, փութով ուղղեց հագուստը, վերցրեց դեռևս երեկ, մտնելիս բազմոցին գցած կարմիր գլխաշորը և ծածկեց պարանոցը։ Քանդված խոպոպիկներով փարթամ մազերը գլխաշորի տակից դուրս էին ընկել աջ ուսին։ Դեմքը հոգնած էր, մտահոգ, բայց աչքերը կրակվում էին կիտած հոնքերի տակից։ Նա նորից մոտեցավ պատուհանին, և վառվող ճակատը հպեց սառն ապակուն։ Դուռը բացվեց, և ներս մտավ Նիկոլայ Վսեվոլոդովիչը։

― Մարդ ուղարկեցի ձիով,― ասաց նա,― տասը րոպե հետո ամեն ինչ կիմանանք, առայժմ մարդիկ ասում են, որ վառվել է Զառեչյեի մի մասը, ավելի մոտ գետափին, կամրջի աջ կողմում։ Վառվել սկսել է ժամը տասներկուսին, հիմա հանդարտվում է։

Նա չմոտեցավ պատուհանին, այլ մնաց Լիզայից երեք քայլ հեռու, վերջինս չշրջվեց նրա կողմը։

― Օրացույցով դեռ մի ժամ առաջ պիտի լուսանար, իսկ համարյա գիշերվա պես է,― ասաց Լիզան բարկացած։

― Օրացույցները միշտ փչում են,― ասացվածքով նշեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ սիրալիր քմծիծաղով, բայց ամաչելով, շտապեց ավելացնել.― օրացույցով ապրելը ձանձրալի է, Լիզա։

Եվ լռեց վերջնականապես՝ բարկացած իր նոր ասած տափակության վրա։ Լիզան ծուռ ժպտաց քթի տակ։

― Դուք այնքան տրտում տրամադրության մեջ եք, որ նույնիսկ բառեր չեք գտնում։ Բայց հանգստացեք, դուք տեղին ասացիք. ես միշտ ապրում եմ օրացույցով, իմ յուրաքանչյուր քայլը հաշվարկված է օրացույցով։ Զարմանո՞ւմ եք։

Լիզան արագ շրջվեց պատուհանից և նստեց բազկաթոռին։

― Դուք էլ նստեք, խնդրեմ, մենք երկար չենք մնալու միասին, և ես ուզում եմ ասել այն ամենը, ինչ հարկավոր է ինձ... Ինչի՞ համար դուք էլ չասեք այն ամենը, ինչ ձեզ է հարկավոր։

Նիկոլայ Վսեվոլոդովիչը նստեց նրա կողքին և կամացուկ, համարյա վախենալով բռնեց ձեռքը։

― Ի՞նչ է նշանակում այս խոսելաձևը, Լիզա։ Որտեղի՞ց հանկարծ։ Ի՞նչ է նշանակում «մենք երկար չենք մնալու միասին»։ Ահա արդեն երկրորդ հանելուկային դարձվածքը կես ժամվա մեջ, քո արթնանալուց հետո։

― Դուք սկսում եք հաշվել իմ հանելուկային դարձվածքնե՞րը,― ծիծաղեց Լիզան։― Իսկ հիշո՞ւմ եք, երեկ ներս մտնելով, ես ներկայացա որպես մեռյալ։ Այ, դա հարկ համարեցիք մոռանալ։ Մոռանալ կամ չնկատել։

― Չեմ հիշում, Լիզա։ Ինչի՞ համար՝ մեռյալ։ Պետք է ապրել...

― Եվ լռեցի՞ք։ Ձեր պերճախոսությունն իսպառ չքացել է։ Ես իմ ապրելիքն ապրեցի աշխարհում, ու բավական է։ Հիշո՞ւմ եք Խրիստոֆոր Իվանովիչին։

― Չէ, չեմ հիշում,― խոժոռվեց նա։

― Խրիստոֆոր Իվանովիչի՞ն, Լոզանում։ Նա ձեզ ահավոր ձանձրացրել էր։ Բացում էր դուռն ու միշտ ասում. «Ես՝ մի րոպեով» ու ամբողջ օրը մնում։ Ես չեմ ուզում նմանվել Խրիստոֆոր Իվանովիչին և ամբողջ օրը նստել-մնալ։

Հիվանդագին տպավորություն գծագրվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչի դեմքին։

― Լիզա, ինձ ցավ է պատճառում այս վհատ խոսելաձևը։ Դա ձեզ վրա էլ է թանկ նստում։ Ինչի՞ համար է դա։ Հանուն ինչի՞։

Նրա աչքերը բոցկլտացին։

― Լիզա՜,― բացականչեց նա,― երդվում եմ, հիմա ես քեզ ավելի եմ սիրում, քան երեկ, երբ մտար ինձ մոտ։

― Ի՜նչ տարօրինակ խոստովանություն։ Ինչի՞ համար այդ երեկն ու այսօրը և երկու չափումները։

― Դու ինձ չես լքի,― շարունակեց նա, համարյա հուսալքված,― մենք կմեկնենք միասին, հենց այսօր, չէ՞։ Այդպես չէ՞։

― Այ, ձեռքս այդպես մի սեղմեք, ցավում է։ Ո՞ւր ենք գնալու միասին հենց այսօր։ Ինչ-որ տեղ, նորից «հարություն առնելո՞ւ»։ Չէ, էլ բավական են փորձերը... ու դանդաղ է ինձ համար։ Ու ի վիճակի չեմ ես, ինձ համար չափազանց է բարձր։ Եթե գնալ, ապա՝ Մոսկվա, և այնտեղ այցելություններ կանենք, մենք կընդունենք՝ ահա իմ իդեալը, դուք գիտեք։ Չեմ թաքցրել ձեզնից, դեռևս Շվեյցարիայում, թե ինչպիսին եմ ես։ Քանի որ անհնար է Մոսկվա գնալ և այցելություններ անել, որովհետև դուք ամուսնացած եք, ուրեմն պետք էլ չէ այդ մասին խոսել։

― Լիզա՜։ Այդ ի՞նչ է եղել երեկ։

― Եղել է այն, ինչ եղել է։

― Սա անհնարին է։ Սա դաժանություն է։

― Հետո՞ ինչ, որ դաժանություն է, դուք էլ դիմացեք, թե որ դաժանություն է։

― Դուք ինձնից վրեժ եք լուծում երեկվա երևակայության համար,― մրթմրթաց նա՝ չարությամբ քմծիծաղ տալով։ Լիզան բռնկվեց։

― Ինչպիսի՜ ստոր միտք։

― Ուրեմն, ինչո՞ւ ինձ նվիրեցիք... «այդչափ երջանկություն»։ Իրավունք ունե՞մ իմանալ։

― Չէ, մի կերպ յոլա գնացեք առանց իրավունքների։ Ձեր ենթադրության ստորությունը մի ավարտեք հիմարությամբ։ Այսօր ձեզ չի հաջողվում։ Ի դեպ, չե՞ք վախենում, արդյոք, աշխարհիկ կարծիքից և որ «այդչափ երջանկության» համար ձեզ կդատապարտեն։ Օ՜, եթե այդպես է, ի սեր Աստծո, մի անհանգստացեք։ Դուք ոչնչի պատճառ չեք և ոչ մեկին պատասխան չունեք տալու։ Երբ ես երեկ բացեցի ձեր դուռը, նույնիսկ չգիտեիք էլ, թե ով է ներս մտնողը։ Այստեղ հենց միայն իմ երևակայությունն է, ինչպես նոր արտահայտվեցիք, ուրիշ ոչինչ։ Դուք կարող եք համարձակ ու հաղթական նայել բոլորի աչքերին։

― Քո խոսքերը, այդ ծիծաղը ահա արդեն մի ժամ սարսափի ցուրտ են սփռում վրաս։ Այդ «երջանկությունը», որի մասին այդպես մոլեգնած ասում ես, ինձ համար... ամեն ինչ արժե։ Մի՞թե հիմա կարող եմ կորցնել քեզ։ Երդվում եմ, երեկ ավելի քիչ էի սիրում քեզ։ Իսկ ինչո՞ւ ես այսօր ամեն ինչ խլում ինձնից։ Իսկ գիտե՞ս՝ ինձ ի՞նչ է արժեցել այդ նոր հույսը։ Կյանքով եմ հատուցել դրա համար։

― Սեփակա՞ն, թե՝ ուրիշի։

Նիկոլայ Վսեվոլոդովիչն արագ ելավ տեղից։

― Դա ի՞նչ է նշանակում,― արտաբերեց նա՝ անշարժ նայելով Լիզային։

― Սեփական, թե իմ կյանքով եք հատուցել, ահա թե ինչ ուզեցա հարցնել։ Թե՞ հիմա լիովին դադարեցիք հասկանալ,― բղավեց Լիզան։― Ինչի՞ հանկարծ վեր ցատկեցիք այդպես։ Ինչո՞ւ եք այդպես նայում ինձ։ Դուք վախեցնում եք ինձ։ Ինչի՞ց եք վախենում շարունակ։ Վաղուց արդեն նկատել եմ, որ վախենում եք, հատկապես հիմա, հենց այս պահին... Աստվա՜ծ իմ, ինչպես եք գունատվում։

― Եթե դու ինչ-որ բան ես իմանում, Լիզա, ապա երդվում եմ, ես չեմ իմանում... և ամենևին էլ այն մասին չէի խոսում նոր, ասելով, թե կյանքով եմ հատուցել։

― Ես ձեզ բոլորովին չեմ հասկանում,― ասաց Լիզան՝ երկյուղած կմկմալով։

Վերջապես դանդաղ, մտազբաղ ժպիտ գծագրվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչի շրթունքներին։ Նա կամացուկ նստեց, արմունկները հենեց ծնկներին, ու դեմքը ծածկեց ձեռքերով։

― Գեշ երազ ու զառանցանք... Մենք խոսում էինք երկու տարբեր բաների մասին։

― Ես ամենևին չգիտեմ՝ ինչի մասին էիք խոսում... Մի՞թե երեկ չգիտեիք, որ այսօր հեռանալու եմ ձեզնից, գիտեի՞ք, թե՝ ոչ։ Մի ստեք, գիտեի՞ք, թե՝ ոչ։

― Գիտեի...― մեղմաձայն ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։

― Ուրեմն, էլ ի՞նչ եք ուզում։ Գիտեիք և «ակնթարթը» թողեցիք ձեզ։ Էլ ի՞նչ հաշիվներ կարող են լինել այստեղ։

― Ինձ լրիվ ճշմարտությունն ասա,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը խորունկ տառապանքով,― երբ երեկ բացեցիր իմ դուռը, գիտեի՞ր արդյոք, որ բացում ես միայն մեկ ժամով։

Լիզան ատելությամբ նայեց նրան.

― Ճիշտ որ ամենալուրջ մարդը կարող է ամենազարմանալի հարցերը տալ։ Եվ ինչո՞ւ եք այդպես անհանգստանում։ Չլինի՞ ինքնասիրությունից, որ կինն է առաջինը թողնում ձեզ, և ոչ դուք՝ նրան։ Նիկոլայ Վսեվոլոդովիչ, իմիջիայլոց, գիտեք, որ առայժմ ձեզ մոտ համոզվեցի, որ իմ նկատմամբ խիստ մեծահոգի եք, իսկ ես հենց դա չեմ կարողանում տանել։

Նիկոլայ Վսեվոլոդովիչը վեր կացավ և մի քանի քայլ արեց սենյակում։

― Լավ, թող որ այդպես վերջանա... Բայց ինչպե՞ս կարող էր այդ ամենը կատարվել։

― Ա՜յ քեզ հոգս։ Ու գլխավորը, որ ինքներդ գիտեք հինգ մատի պես ու հասկանում եք աշխարհում ամենքից լավ. ինքներդ էլ հաշվարկել եք։ Ես օրիորդ եմ, իմ սիրտն օպերայում է դաստիարակվել, հենց դրանից էլ սկսվել է, ամբողջ լուծումը դա է։

― Ոչ։

― Այստեղ ոչինչ չկա, ինչը կարող է խոցել ձեր ինքնասիրությունը, և ամեն ինչ կատարյալ ճշմարտություն է։ Սկսվեց գեղեցիկ ակնթարթից, որին ես չդիմացա։ Երեք օր առաջ, երբ ես ձեզ հրապարակավ «վիրավորեցի», իսկ դուք ինձ պատասխանեցիք այնպես ասպետավայել, եկա տուն և անմիջապես կռահեցի, որ ինձնից փախչում եք, որովհետև ամուսնացած եք և ամենևին ոչ իմ հանդեպ արհամարհանքից, ինչից ես, որպես աշխարհիկ օրիորդ, ամենից ավելի էի երկյուղում։ Ես հասկացա, որ հենց ինձ՝ անխոհեմիս խնայեցիք փախչելով։ Տեսնում եք, ինչպես եմ գնահատում ձեր մեծահոգությունը։ Այստեղ մեջ ընկավ Պյոտր Ստեպանովիչը և տեղնուտեղն ամեն ինչ բացատրեց։ Նա ինձ բացահայտեց, որ ձեզ տատանում է մեծ միտքը, որի հանդեպ մենք երկուսս կատարելապես ոչինչ ենք, այդուհանդերձ սակայն, որ ես ձեր ճամփին եմ կանգնած։ Իրեն էլ մեջ գցեց, անպայման ուզում էր երեքով և գերերևակայական բաներ ասում նավակի և թխկենու թիերի մասին՝ ինչ-որ ռուսական երգից։ Ես նրան գովեցի, ասացի, որ պոետ է ու նա դա ընդունեց հալած յուղի տեղ։ Իսկ քանի որ առանց դրա էլ գիտեի, որ միայն մի պահի կբավականացնի ինձ, բռնեցի ու վճռեցի։ Ահա և բոլորը, և բավական է, խնդրեմ, այլևս՝ առանց բացատրությունների։ Մեկ էլ տեսար, նորից գժտվեցինք։ Ոչ մեկից մի վախեցեք, ամեն ինչ ինձ վրա եմ առնում։ Ես վատն եմ, քմահաճ, ես օպերային նավակով հրապուրվեցի, ես օրիորդ եմ... Իսկ գիտեք, այնուամենայնիվ, ես մտածում էի, որ ահավոր սիրում եք ինձ։ Մի արհամարհեք անխելքիս և մի ծիծաղեք այս արցունքի կաթիլի վրա, որ նոր ընկավ։ Ես ահավոր սիրում եմ լաց լինել՝ «անձս խղճալով»։ Դե, բավական է, բավական։ Ես ոչնչի ընդունակ չեմ, դուք էլ ոչնչի ընդունակ չեք, երկու կսմիթ երկու կողմից, դրանով էլ սփոփվենք։ Ծայրահեղ դեպքում, ինքնասիրությունը չի տուժում։

― Երազ է ու զառանցանք,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ ձեռքերը կոտրատելով ու քայլելով սենյակում։― Լիզա, խեղճ աղջիկ, ի՞նչ արեցիր ինքդ քեզ։

― Այրվեցի մոմից և ուրիշ ոչինչ։ Չլինի՞ դուք էլ եք լալիս։ Ավելի վայելուչ եղեք, ավելի անզգա...

― Ինչի՞, ինչի՞ համար եկար մոտս։

― Բայց դուք, ի վերջո, չե՞ք հասկանում, թե ինքներդ ձեզ ինչ զավեշտական վիճակի մեջ եք դնում աշխարհիկ կարծիքի առաջ՝ այդպիսի հարցերով։

― Ինչի՞ համար քեզ կործանեցիր այդպես այլանդակ ու այդպես հիմար, և ի՞նչ անել հիմա։

― Եվ սա Ստավրոգի՜նն է, «արնախում Ստավրոգինը», ինչպես անվանում է ձեզ այստեղ մի տիկին, որը սիրահարված է ձեզ։ Լսեք, չէ որ արդեն ասացի, ես հաշվարկեցի իմ կյանքը սոսկ մի ժամի վրա և հանգիստ եմ։ Այդպես էլ դուք ձերը հաշվարկեք... ի դեպ, դրա պետքը չունեք, դեռևս շատ «ժամեր» ու «ակնթարթներ» կունենաք զանազան։

― Նույնքան, որքան և դու, մեծ խոսք եմ տալիս քեզ, ոչ մի ժամ ավելի քեզնից։

Նա շարունակում էր քայլել ու չէր տեսնում Լիզայի փութկոտ, ծակող, հանկարծ ասես հույսով լուսավորված հայացքը։ Սակայն լույսի ճառագայթը մարեց նույն պահին։

― Լիզա, եթե իմանայիր իմ ներկա անհնարին անկեղծության գինը, եթե միայն կարողանայի բացել քեզ...

― Բացե՞լ։ Դուք ուզում եք ինչ-որ բա՞ն բացել ինձ։ Աստված ազատի ձեր բացահայտումներից,― ընդհատեց Լիզան՝ համարյա վախեցած։

Նիկոլայ Վսեվոլոդովիչը կանգ առավ և սպասում էր անհանգստությամբ։

― Ես պիտի խոստովանեմ, որ այն ժամանակ, դեռևս Շվեյցարիայում, մի միտք կայունացավ, որ ձեր հոգում սարսափելի, կեղտոտ և արյունալի մի բան կա և... և միևնույն ժամանակ այնպիսի մի բան, որ ձեզ ահավոր ծիծաղելի դրության մեջ է դնում։ Զգուշացեք ինձ բացահայտելուց, եթե ճիշտ է. ես ծիծաղի կտամ։ Ես կքրքջամ ձեզ վրա ձեր ամբողջ կյանքի ընթացքում... Այ, նորից գունատվո՞ւմ եք։ Չեմ անի, չեմ անի, հիմա կգնամ,― նա վեր կացավ աթոռից խորշական ու արհամարհական շարժումով։

― Տանջիր ինձ, սպանիր ինձ, չարությունդ գլխիս թափիր,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը հուսալքված։― Կատարյալ իրավունք ունես։ Ես գիտեի, որ չեմ սիրում քեզ, և կործանեցի քեզ։ Այո, «ես ինձ թողեցի ակնթարթը», ես հույս ունեի... վաղուց արդեն... մի վերջին... Ես չկարողացա դիմանալ սիրտս պարուրած լույսին, երբ երեկ եկար ինձ մոտ, ինքդ, մենակ, առաջինը։ Եվ հանկարծ հավատացի... Գուցեև հիմա էլ դեռ հավատում եմ։

― Նման ազնիվ անկեղծությանը կհատուցեմ նույն ձևով, չեմ ուզում լինել ձեր սրտացավ քույրը։ Թող որ իսկապես դայակություն անեմ գուցե, եթե, ի դեպ, չկարողանամ այսօր իսկ մեռնել, բայց գոնե կգնամ, բայց ոչ ձեզ մոտ, թեև, իհարկե, ամեն տեսակի անձեռք-անոտքի գին ունեք դուք։ Ինձ միշտ թվացել է, որ դուք ինձ տանելու եք այնպիսի մի տեղ, ուր ապրում է հսկայական, չար ու մարդաբոյ մի սարդ, և մենք ամբողջ կյանքներիս ընթացքում նրան պիտի նայենք ու վախենանք նրանից։ Դրանով էլ կավարտվի մեր փոխադարձ սերը։ Դիմեք Դաշենկային, նա ձեզ հետ կգա, ուր կամենաք։

― Իսկ դուք այստե՞ղ էլ չկարողացաք չհիշել նրան։

― Խե՜ղճ շնիկ։ Կողջունեք նրան։ Իսկ նա գիտի՞, որ դեռևս Շվեյցարիայում իրեն նախատեսել էիք օր ծերության համար։ Ինչպիսի՜ հոգատարություն։ Ինչպիսի՜ հեռատեսություն։ Այ, դա ո՞վ է։

Սրահի խորքում դուռը կիսաբացվեց, ինչ-որ մեկի գլուխը ներս նայեց ու շտապ ետ քաշվեց։

― Ալեքսեյ Եգորըյչ, դո՞ւ ես,― հարցրեց Ստավրոգինը։

― Չէ, ընդամենը ես եմ,― նորից կես մարմնով ներս նայեց Պյոտր Ստեպանովիչը։― Բարև ձեզ, Լիզավետա Նիկոլաևնա, համենայն դեպս, բարի լույս։ Այդպես էլ գիտեի, որ երկուսիդ կգտնեմ այս դահլիճում։ Ես միայն ու միայն մի վայրկյանով եմ եկել, Նիկոլայ Վսեվոլոդովիչ՝ ինչ ուզում է լինի, շտապեցի մի երկու խոսք ասել... անհրաժեշտագույն... ընդամենը երկու խոսք։

Ստավրոգինը շարժվեց, բայց երեք քայլ հետո դարձավ Լիզային։

― Եթե հիմա որևէ բան լսես, Լիզա, ապա իմացիր՝ ես մեղավոր եմ։

Լիզան ցնցվեց ու վախեցած նրան նայեց, բայց Ստավրոգինը շտապ դուրս եկավ։

II

Սենյակը, որտեղից ներս էր նայել Պյոտր Ստեպանովիչը, մեծ, ձվածիր նախասրահն էր։ Մինչ նրա գալն այստեղ նստած էր Ալեքսեյ Եգորըյչը, սակայն Պյոտր Ստեպանովիչը նրան դուրս արեց։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն իր ետևից ծածկեց սրահի դուռը և կանգնեց սպասումով։ Պյոտր Ստեպանովիչն արագ ու քննախույզ նրան նայեց։

― Դե՞։

― Այսինքն, եթե արդեն գիտեք,― շտապեց Պյոտր Ստեպանովիչը, թվում է, ցանկանալով աչքերով մխրճվել հոգու խորքը,― ապա, անշուշտ, մեզնից ոչ ոք ոչնչով մեղավոր չէ և ամենքից առաջ դուք, որովհետև դա... դեպքերի... զուգորդման հետևանք է... մի խոսքով, իրավաբանորեն չի կարող ձեզ դիպչել, ու ես թռա-եկա տեղեկացնելու։

― Վառվե՞լ են։ Մորթվա՞ծ են։

― Մորթված են, բայց չեն այրվել, հենց դա է վատը, բայց ես ձեզ ազնիվ խոսք եմ տալիս, որ այստեղ էլ մեղավոր չեմ, ինչքան էլ ինձ կասկածեք, որովհետև միգուցե կասկածում եք, հը՞։ Կուզե՞ք ամբողջ ճշմարտությունը, տեսնում եք, իսկապես, մտքովս անցավ՝ ինքներդ եք դա ինձ հուշել, ոչ լրջորեն, այլ ինձ բարկացնելով (որովհետև հո չէի՞ք հուշելու լրջորեն), սակայն ես սիրտ չէի անում, ու չէի անի ոչ մի դեպքում, ոչ մի հարյուր ռուբլու համար, իսկ այստեղ ոչ մի շահ էլ չկա, այսինքն՝ ի՛նձ համար, ի՛նձ համար... (նա ահավոր շտապում էր ու խոսում էր ճռճռիկի նման)։ Բայց ահա, հանգամանքների ինչպիսի համընկնում, ես իմ ունեցածից (լսում եք, իմ ունեցածից, ձեր մի ռուբլին իսկ չկար, և գլխավորը, որ դա ինքներդ գիտեք) այդ հարբած տխմար Լեբյադկինին տվեցի երկու հարյուր երեսուն ռուբլի, երեք օր առաջ, դեռ երեկոյան, լսում եք, երեք օր առաջ և ոչ թե երեկ «ընթերցումից» հետո, նկատի ունեցեք դա. խիստ կարևոր զուգադիպություն է, քանի որ ոչինչ չգիտեի այն ժամանակ հաստատ՝ կգա, թե չի գա Լիզավետա Նիկոլաևնան ձեզ մոտ։ Իսկ իմ փողը տվեցի միայն մի պատճառով, որ երեք օր առաջ դուք աչքի ընկաք, մտածեցիք բոլորին հայտնել ձեր գաղտնիքը։ Դե, այնտեղ ես չեմ մտնում... ձեր գործն է... ասպե՜տ... բայց խոստովանում եմ, զարմացա այնպես, ասես մահակով հասցրին ճակատիս։ Բայց քանի որ այդ ողբերգություններն ինձ ձանձրացրել են խստիվս՝ նկատի առեք, ես լուրջ եմ ասում, թեև հին արտահայտություններ եմ գործածում, քանի որ այդ ամենը, ի վերջո, վնասում է իմ պլաններին, ապա ինքս ինձ խոսք տվեցի Լեբյադկիններին գլխներիցս հեռացնել և ինչ գնով էլ լինի, առանց ձեզ տեղյակ պահելու ճամփել Պետերբուրգ, մանավանդ, որ ինքն էլ էր ուզում պոկվել-գնալ այնտեղ։ Մի սխալ՝ փողը տվեցի ձեր անունից, սխա՞լ է, թե՝ ոչ։ Գուցեև, սխալ չէ, հը՞։ Իսկ հիմա լսեք, լսեցեք՝ ինչ ընթացք ստացավ այդ ամենը...― Տաքացած խոսելով, նա ընդհուպ մոտեցավ Ստավրոգինին և ուզում էր բռնել նրա սերթուկի մերակից (Աստված վկա գուցեև դիտավորյալ)։ Ստավրոգինն ուժեղ շարժումով խփեց նրա ձեռքին։

― Ինչի համար... չեղա՜վ... էդպես ձեռքս կկոտրեք... գլխավորն այնտեղ այն է, թե ինչ ընթացք ստացավ,― ճռճռաց նորից՝ ամենևին նույնիսկ չզարմանալով հարվածից։― Ես փողը տալիս եմ երեկոյից, որպեսզի ինքն ու քույրիկը վաղը լուսամութին ճամփու ընկնեն, այդ գործը հանձնարարում եմ սրիկա Լիպուտինին, որ ինքը նստեցնի և ուղարկի։ Սակայն սրիկա Լիպուտինին պետք եղավ խաղեր անել հասարակության հետ՝ գուցե լսե՞լ եք։ «Ընթերցման» ժամանա՞կ։ Դե, լսեք, լսեք, երկուսով խմում են, ոտանավորը հորինում, որի կեսը լիպուտինյան է, ֆրակ է հագցնում նրան, իսկ ինձ հավատացնում, թե արդեն ճամփել է առավոտից, նրան էլ պահում ետևի խցիկներից մեկում, որպեսզի բեմ հանի։ Սակայն սա արագ ու անսպասելի հարբում է։ Ապա՝ հայտնի խայտառակությունը, ապա՝ դրան կիսամեռ հասցնում են տուն, իսկ Լիպուտինը կամացուկ թռցնում է նրանից երկու հարյուր ռուբլին՝ թողնելով մանրը։ Բայց դժբախտաբար, պարզվում է, որ Լեբյադկինն առավոտյան արդեն երկու հարյուր ռուբլին հանել, պարծեցել է ու ցույց տվել, ուր պետք չէր։ Իսկ քանի որ Ֆեդկան հենց դրան էր սպասում, իսկ Կիրիլլովի մոտ էլ ինչ-որ բան լսել էր (հիշո՞ւմ եք, ձեր ակնարկումը), ապա վճռել է օգտվել։ Ծայրահեղ դեպքում, ուրախ եմ, որ Ֆեդկան փողը չի գտել, իսկ չէ որ հազարի հույս ուներ սրիկան։ Հրդեհի մեջ էլ է շտապել, կարծես թե ինքն էլ է վախեցել... Կհավատաք, ինձ համար այդ հրդեհը՝ ասես մահակով գլխիս հասցրին։ Չէ՜, սատանան գիտե, թե դա ինչ բան էր։ Այնպիսի ինքնագլխություն... Ահա տեսնում եք, ես ձեր առաջ եմ, այդքան բան ձեզնից սպասելով, ոչինչ չեմ թաքցնում, այո, այո, կրակի մասին այդ միտքը վաղուց արդեն հասունանում էր իմ գլխում, քանի որ դա այնքան է ժողովրդական ու տարածված։ Բայց չէ որ ես դա պահում էի ծայրահեղ ժամի, թանկագին այն ակնթարթին, երբ բոլորս ոտքի կելնենք և... Իսկ նրանք հանկարծ մտադրվել են ինքնիշխան ու առանց հրամանի հիմա, այնպիսի պահի, երբ պետք էր հենց թաքնվել ու ծպտուն չհանել։ Չէ, սա այնպիսի մի ինքնիշխանություն է... մի խոսքով, ես դեռ ոչինչ չգիտեմ, այստեղ խոսում են երկու շպիգուլյանների մասին... բայց եթե կան նաև մերոնք, եթե նրանցից մեկնումեկը դրա մեջ շահ ունեցել է՝ վայը տարել է նրան։ Տեսնում եք, ահա, թե ինչ ասել է թեկուզ մի քիչ բաց թողնել։ Չէ, այդ ժողովրդավարական խաժամուժն իր հնգյակներով վատ հենարան է։ Այստեղ հարկավոր է մի հոյակապ, կուռքային, բռնակալական կամք՝ հենված ոչ պատահական և վեր կանգնած ինչ-որ բանի վրա... Այդ ժամանակ հնգայկներն էլ իրենց ենթարկվածության պոչերը կքաշեն ու ծառայամտաբար պետք կգան հարմար առիթով։ Բայց համենայն դեպս, հիմա թեկուզև բոլոր փողերով փչում են, թե Ստավրոգինին պետք էր կնոջը կրակ տալ, դրա համար էլ քաղաքը վառվեց, բայց...

― Իսկ արդեն բոլո՞ր փողերն են փչում։

― Այսինքն, դեռևս ամենևին ոչ, և խոստովանեմ, ես բացարձակապես ոչինչ չեմ լսել, բայց դե, ի՞նչ կարող ես անել ժողովրդի՝ հատկապես հրդեհից տուժածների հետ. Vox populi vox dei։ Դժվա՞ր է հիմարագույն լուրը քամու թևին տալ... Բայց չէ որ, ըստ էության, ամենևին ոչինչ չունեք երկյուղելու։ Իրավաբանորեն դուք կատարելապես իրավացի եք, խղճի մտոք՝ նույնպես. դուք հո չէի՞ք ուզում։ Չէի՞ք ուզում։ Ոչ մի հանցանշան, միայն համընկնում կա... Գուցե Ֆեդկան հիշի այն ժամանակվա ձեր անզգույշ խոսքերը Կիրիլլովի տանը (և ինչի՞ համար ասեցիք), բայց չէ որ դա բոլորովին ոչինչ չի ապացուցում, իսկ Ֆեդկային մենք կվերացնենք։ Այսօր ևեթ ես նրան կկրճատեմ...

― Իսկ դիակները բոլորովի՞ն չեն այրվել։

― Ամենևին։ Այդ ստահակը ոչինչ չէր կարողացել սարքել, ինչպես հարկն է։ Բայց ես ուրախ եմ ծայրահեղ դեպքում, որ այդպես հանգիստ եք... որովհետև թեկուզ այդտեղ ոչ մի մեղք չունեք, ոչ նույնիսկ մտքով, բայց չէ որ համենայն դեպս։ Եվ հետո, համաձայնեք, որ այս ամենը շատ լավ կարգավորում է ձեր գործերը, դուք հանկարծակի ազատ ամուրի եք և կարող եք այս իսկ րոպեիս ամուսնանալ հսկայական փողերի տեր գեղեցկուհի օրիորդի հետ, որը, ավելացնենք՝ ձեր ձեռքերում է արդեն։ Ահա թե ինչ կարող է անել հանգամանքների հասարակ, կոպիտ համընկնումը, հը՞։

― Դուք ինձ սպառնո՞ւմ եք, հիմարի գլուխ։

― Է՛, չեղա՜վ, չեղա՜վ, հիմա արդեն հիմարի գլուխ եմ, և սա ի՞նչ տոն է։ Ուրախանալ է պետք, իսկ դուք... Ես հատկապես շտապում էի, որ շուտափույթ տեղեկացնեմ։ Եվ ինչո՞վ պիտի ձեզ սպառնամ։ Շատ պետքս են սպառնալիքները՝ ձեզ։ Ինձ պետք է ձեր բարի կամեցողությունը, ու ոչ թե վախից։ Դուք լույս եք ու արև... Այդ ես եմ ձեզնից սաստիկ վախենում և ոչ թե դուք՝ ինձնից։ Ես հո Մավրիկիյ Նիկոլաևիչը չեմ... Եվ պատկերացրեք, ես այստեղ եմ սլանում վարգաձիերի կառքով, իսկ Մավրիկիյ Նիկոլաևիչն այստեղ է՝ ձեր այգու ցանկապատի մոտ, ծայրի անկյունում... շինելով, լրիվ թրջված, պետք է որ ամբողջ գիշեր նստած լինի։ Հրաշք է, ինչքա՜ն կարող են մարդիկ խելքները թռցնել։

― Մավրիկիյ Նիկոլաևի՞չը։ Իրա՞վ։

― Իրա՛վ, իրա՛վ։ Նստած է այգու ցանկապատի մոտ։ Այստեղից, այստեղից մի երեք հարյուր քայլի վրա, կարծում եմ։ Ես շտապ անցա նրա մոտով, բայց նա ինձ տեսավ։ Դուք չգիտեի՞ք։ Այդ դեպքում շատ ուրախ եմ, որ չմոռացա հայտնել։ Այ, էդպիսին էլ հենց բոլորից շատ է վտանգավոր դեպքի բերումով, եթե հետն ատրճանակ ունի և վերջապես, գիշեր է, ցեխուջուր, բնական դյուրագրգռություն՝ որովհետև ի՜նչ վիճակում են նրա հանգամանքները, հա՛-հա՛-հա՛։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար է նստած։

― Անշուշտ, Լիզավետա Նիկոլաևնային է սպասում։

― Ահ-հա՛-ա՛։ Իսկ նա ինչո՞ւ պիտի դուրս գա։ Եվ... այս անձրևին... այ քեզ հիմար։

― Լիզան հիմա կգնա նրա մոտ։

― Էհե՜։ Այ քեզ լուր։ Նշանակում է... Բայց լսեք, չէ որ հիմա լրիվ փոխվել են նրա գործերը, հիմա նրա ինչի՞ն է պետք Մավրիկին։ Չէ որ դուք ազատ ամուրի եք ու հենց վաղը կարող եք ամուսնանալ իր հետ։ Նա դեռևս չգիտե, թողեք, ես իսկույն ամեն ինչ կդասավորեմ ձեզ համար։ Ո՞ւր է նա, պետք է նրան էլ ուրախացնել։

― Ուրախացնե՞լ։

― Այն էլ ինչպե՜ս, գնացինք։

― Իսկ դուք կարծում եք, այդ դիակների մասին չի՞ կռահի,― մի տեսակ առանձնահատուկ կկոցեց աչքերը Ստավրոգինը։

― Իհարկե, չի կռահի,― վերջացած տխմարիկի պես նշեց Պյոտր Ստեպանովիչը,― որովհետև չէ՞ որ իրավաբանորեն... Էհ, ինչ ասեմ ձեզ։ Թեկուզև կռահի։ Կանայք այդ ամենն այնքան լավ են չեզոքացնում, դուք դեռ չեք ճանաչում կանանց։ Բացի դրանից, որ հիմա ամեն շահ ունի ձեզ հետ ամուսնանալու, որովհետև չէ՞ որ, այնուամենայնիվ, ինքն իրեն խայտառակել է, բացի դրանից, ես նրան շատ բան եմ ասել «նավակի» մասին, ու հատկապես տեսա, որ հենց «նավակով» կազդես նրա վրա, նշանակում է, թե ահա ինչ տրամաչափի օրիորդ է։ Մի անհանգստացեք, նա այդ դիակների վրայով այնպես կանցնի, որ է-հե-հե՜յ, առավել ևս, որ դուք կատարելապես, կատարելապես անմեղ եք, այդպես չէ՞։ Նա միայն հետոյի համար կպահի դրանք, որ հետո ձեզ խայթի, էսպես, ամուսնության երկրորդ տարում։ Ամեն մի կին մտնելով պսակի տակ, այդ տեսակ մի բան պաշար է պահում ամուսնու անցյալից, բայց չէ որ այն ժամանակ... ի՞նչ կլինի մի տարի հետո։ Հա՛-հա՛-հա՛։

― Եթե դուք կառքով եք, ապա տարեք հիմա նրան Մավրիկիյ Նիկոլաևիչի մոտ։ Նոր նա ասաց, որ ինձ տանել չի կարողանում և գնալու է մոտիցս, և, իհարկե, ինձնից կառք չի վերցնի։

― Ահ-հա-ա՜։ Չէ, իսկականի՞ց է հեռանում։ Ինչի՞ց կարող էր դա լինել,― հիմարատեսք նայեց Պյոտր Ստեպանովիչը։

― Մի կերպ կռահել է, այս գիշեր, որ իրեն ամենևին չեմ սիրում... ինչը, իհարկե, միշտ էլ գիտեր։

― Բայց մի՞թե չեք սիրում նրան,― ընդհատեց Պյոտր Ստեպանովիչն անսահման զարմացած տեսքով։― Իսկ եթե այդպես է, ինչի՞ համար երեկ, հենց ներս մտավ նա, թողեցիք, որ մնա և որպես ազնիվ մարդ, չհայտնեցիք ուղղակի, որ չեք սիրում իրեն։ Դա ահավոր ստորություն է ձեր կողմից, և այդ նույն ստոր տեսքով ինձ եք դրել նրա առաջ։

Ստավրոգինը հանկարծ սկսեց ծիծաղել։

― Ես իմ կապկի վրա եմ ծիծաղում,― պարզաբանեց նա տեղնուտեղը։

― Ա՜, գլխի ընկաք, որ միմոսություններ եմ արել,― անասելի ուրախ ծիծաղեց նաև Պյոտր Ստեպանովիչը,― ձեզ ծիծաղեցնելու համար։ Պատկերացրեք, չէ որ ես իսկույն, հենց եկաք այստեղ, ձեր դեմքից գլխի ընկա, որ «դժբախտության» մեջ եք։ Նույնիսկ, գուցեև կատարյալ ձախողում, հը՞։ Դե, ուրեմն, գրազ եմ գալիս,― ճչաց նա՝ համարյա խեղդվելով հաճույքից,― որ ամբողջ գիշեր նստել եք սրահում, կողք-կողքի, աթոռներին և ամբողջ թանկագին ժամանակը վատնել ինչ-որ վերին ազնվության մասին վիճելով... Լավ, կներեք, ինձ ինչ կա որ. չէ՞ որ դեռ երեկ ես հաստատ գիտեի, որ մի հիմար բանով եք վերջացնելու։ Ես նրան ձեզ բերեցի միայն զվարճացնելու համար և ապացուցելու, որ ինձ հետ ձանձրանալու առիթ չեք ունենա։ Երեք հարյուր անգամ էլ դեռ պետք կգամ նման բաներում, ես ընդհանրապես սիրում եմ հաճելի լինել մարդկանց։ Իսկ եթե նա հիմա ձեզ պետք չէ, ինչը և հաշվի էի առնում, դրա համար էլ եկա, ապա...

― Ուրեմն, միայն իմ զվարճանքի՞ համար բերեցիք նրան։

― Հապա էլ ինչի՞։

― Ո՞չ, որ ստիպեք սպանեմ կնոջս։

― Ահ-հա-ա՜։ Մի՞թե դուք սպանել եք։ Այս ի՜նչ ողբերգական մարդ է։

― Միևնույն է, դուք սպանեցիք։

― Մի՞թե ես եմ սպանել։ Ձեզ ասում եմ, չէ՞, որ ոչ մի գործ անգամ չունեմ այստեղ։ Բայց դուք սկսում եք ինձ անհանգստացնել...

― Շարունակեք, դուք ասացիք. «Եթե նա հիմա ձեզ պետք չէ, ապա...»։

― Ապա թողեք ինձ, անշուշտ։ Ես նրան շատ լավ կամուսնացնեմ Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ, որին, իմիջիայլոց, ես չեմ նստեցրել այգու մոտ, դա էլ մի մտցրեք ձեր գլուխը։ Չէ որ հիմա ես նրանից վախենում եմ։ Այ, ասում եք՝ վարգաձիերով կառքը, իսկ ես, այնուամենայնիվ, նրա մոտով սլացա... ճիշտ է, եթե մոտն ատրճանակ ունենա՞ր... Լավ է, որ ես էլ իմն եմ վերցրել։ Ահա (նա գրպանից հանեց ռևոլվերը, ցույց տվեց ու իսկույն պահեց), վերցրեցի երկար ճանապարհի համար... Ի դեպ, ես դա մի վայրկյանում կդասավորեմ ձեզ համար, հատկապես հիմա նրա սիրտը տնքում է Մավրիկիի համար... համենայն դեպս, պետք է որ տնքա՝ Աստված վկա, նույնիսկ մի քիչ էլ մեղքս գալիս է։ Կհանդիպեցնեմ Մավրիկիին, ու նա տեղնուտեղը կսկսի ձեր մասին վերհիշել՝ նրա մոտ ձեզ գովել, իսկ նրան դեմ առ դեմ փնովել՝ կնոջ սիրտ է։ Ահ, նորից եք ծիծաղում։ Ես անչափ ուրախ եմ, որ այդպես ուրախացաք։ Է, ինչ, գնացինք։ Ես ուղղակի Մավրիկիից էլ կսկսեմ, իսկ դրանց... սպանվածների մասին... գիտեք, հիմա լռության չտա՞նք։ Մեկ է, հետո իմանալու է։

― Ինչի՞ մասին կիմանամ։ Ո՞վ է սպանված։ Ի՞նչ էիք ասում Մավրիկիյ Նիկոլաևիչի մասին,― հանկարծ դուռը բացեց Լիզան։

― Ա՜, ակա՞նջ էիք դրել։

― Ի՞նչ ասացիք նոր Մավրիկիյ Նիկոլաևիչի մասին։ Նա սպանվա՞ծ է։

― Ա՜, նշանակում է, չեք լսել։ Հանգստացեք, Մավրիկիյ Նիկոլաևիչը ողջ-առողջ է, ինչում կարող եք մի վայրկյանում համոզվել, որովհետև նա այստեղ է՝ ճանապարհին, այգու ցանկապատի մոտ... և կարծեմ թե ամբողջ գիշեր նստած է եղել։ Թրջված, շինելով... Ես գալիս էի կառքով, նա ինձ չտեսավ։

― Ճիշտ չէ։ Դուք ասացիք «սպանված»։ Ո՞վ է սպանված,― համառեց Լիզան տանջալի անվստահությամբ։

― Սպանված է միայն իմ կինը, նրա եղբայր Լեբյադկինը և նրանց աղախինը,― հաստատաձայն հայտնեց Ստավրոգինը։

Լիզան ցնցվեց ու ահավոր գունատվեց։

― Գազանային, տարօրինակ դեպք է, Լիզավետա Նիկոլաևնա, կողոպուտի հիմարագույն դեպք,― անմիջապես ճռճռացրեց Պյոտր Ստեպանովիչը,― միայն կողոպուտի, օգտվելով հրդեհից, ավազակ Ֆեդկա Կատորժնիի և տխմար Լեբյադկինի գործը, որը բոլորին ցույց է տվել իր փողերը... ես դա հայտնել էի շտապում... կարծես քարով զարկեցին ճակատիս։ Ստավրոգինը հազիվ-հազ կանգնած մնաց, երբ հայտնեցի։ Սենք այստեղ խորհրդակցում էինք, հայտնե՞լ ձեզ հիմա, թե ոչ։

― Նիկոլայ Վսեվոլոդովիչ, ճի՞շտ է ասում նա,― հազիվ արտաբերեց Լիզան։

― Ոչ, ճիշտ չէ։

― Ինչպե՞ս թե ճիշտ չէ,― ցնցվեց Պյոտր Ստեպանովիչը։― Սա՞ ինչ էր էլի։

― Աստվա՜ծ իմ, ես կխելագարվե՜մ,― ճչաց Լիզան։

― Դե, ծայրահեղ դեպքում հասկացեք գոնե, որ հիմա նա խելագար մարդ է,― ամբողջ ուժով բղավեց Պյոտր Ստեպանովիչը։― Չէ որ, ի վերջո, նրա կինն է սպանված։ Տեսնում եք, ինչքան է գունատ... Չէ որ ամբողջ գիշեր նա ձեզ հետ է եղել, ոչ մի րոպե չի հեռացել, ինչպե՞ս կասկածել նրան։

― Նիկոլայ Վսեվոլողովիչ, ասացեք ինչպես Աստծու առաջ, մեղավոր եք, թե ոչ, երդվում եմ, ես ձեր խոսքին կհավատամ, ինչպես Աստծո խոսքին, և ձեր ետևից աշխարհի ծայրն էլ կգնամ, օ՜, կգնամ։ Կգնամ շնիկի պես...

― Ինչի՞ համար եք նրան չարչարում ձեր երևակայական գլխով,― կատաղեց Պյոտր Ստեպանովիչը։― Լիզավետա Նիկոլաևնա, Աստված է վկա, քար մաղեք գլխիս, նա անմեղ է, հակառակը, ինքն է սպանված ու զառանցում է, տեսնում եք։ Ոչնչով, ոչնչով, նույնիսկ մտքով մեղք չունի... Ամեն ինչ միայն ավազակների ձեռքի գործն է, որոնց, հավանաբար, մի շաբաթ անց կգտնեն ու մտրակածեծ կանեն... Ֆեդկա Կատորժնին է և շպիգուլյանները, այդ մասին ամբողջ քաղաքն է գվվում, դրա համար էլ եկա։

― Այդպե՞ս է որ։ Այդպե՞ս է որ,― ամբողջ մարմնով դողալով՝ իր վերջին դատավճռին էր սպասում Լիզան։

― Ես չեմ սպանել և դեմ էի, բայց գիտեի, որ նրանք կսպանվեն և չկանգնեցրի մարդասպաններին։ Հեռացեք ինձնից, Լիզա,― ասաց Ստավրոգինը և գնաց սրահ։

Լիզան դեմքը ծածկեց ձեռքերով և դուրս եկավ տնից։ Պյոտր Ստեպանովիչն ուզում էր նետվել ետևից, բայց իսկույն ետ եկավ սրահ։

― Ուրեմն, այդպես, հա՞։ Ուրեմն, այդպես, հա՞։ Ուրեմն, դուք ոչնչից չե՞ք վախենում,― լիովին կատաղած հարձակվեց նա Ստավրոգինի վրա՝ մրմնջալով անկապ-անկապ, համարյա բառեր չգտնելով, փրփուր ի բերան։

Ստավրոգինը կանգնած էր դահլիճի մեջտեղում ու ոչ մի բառ չպատասխանեց։ Ձախ ձեռքով բռնել էր իր մազափունջն ու շփոթահար ժպտում էր։ Պյոտր Ստեպանովիչն ուժով ցնցեց նրա թևքը։

― Կործանվեցի՞ք դուք, ի՛նչ է։ Ահա, թե ինչ եք ուզում անե՞լ։ Բոլորին կմատնեք, իսկ ինքներդ կամ մենաստան կգնաք, կամ գրողի ծոցը... Բայց չէ որ ես, մեկ է, կսպանեմ ձեզ, թեկուզև չեք վախենում ինձնից։

― Ա՜, այդ դո՞ւք եք բլբլացնում,― վերջապես նրան զննեց Ստավրոգինը։ ― Վազեք,― ուշքի եկավ հանկարծ,― վազեք նրա ետևից, կառքը կանչեք, մի թողեք նրան... Դե, վազեք, վազեք։ Ուղեկցեք մինչև տուն, որ ոչ ոք չիմանա և որպեսզի այնտեղ չգնա... մարմինները... մարմինները տեսնելու... Ուժով կառք նստեցրեք։ Ալեքսե՛յ Եգորըյչ։ Ալեքսե՛յ Եգորըյչ։

― Սպասեք, մի բղավեք։ Հիմա նա արդեն Մավրիկիյի գրկում է... Չի նստի ձեր կառքը Մավրիկին... Դե, սպասեք։ Կառքից կարևոր բան կա։

Նա նորից հանեց ատրճանակը։ Ստավրոգինը լրջորեն նրան նայեց։

― Է, ինչ, սպանեք,― արտաբերեց նա կամացուկ, համարյա հաշտվողաբար։

― Փո՛ւհ, գրողը տանի, ինչպիսի՞ ստեր կառնի վրան մարդը,― ցնցվեց Պյոտր Ստեպանովիչը։― Աստված վկա, սպանել էր պետք։ Իսկականից նա պիտի թքեր ձեր վրա... Ձեզնից ի՞նչ «նավակ», դուք հին, ծակ, ցախ կրելու լաստանավ եք՝ ջարդելու ենթակա... Դե, գոնե չարությունից, գոնե չարությունից հիմա պիտի ուշքի գաք։ Է-է՜խ։ Չէ որ ձեզ համար մեկ է արդեն, թե որ ինքներդ եք գնդակ խնդրում ճակատին։

Ստավրոգինը տարօրինակ ձևով ծիծաղեց քթի տակ։

― Եթե այդպիսի ծաղրածու չլինեիք, գուցեև հիմա ասեի այո... Եթե գոնե միայն մի կաթիլ ավելի խելոք լինեիք...

― Ես որ ծաղրածու եմ, բայց չեմ ուզում, որ դուք, իմ գլխավոր կեսը, ծաղրածու լինեք։ Ինձ հասկանո՞ւմ եք։

Ստավրոգինը հասկանում էր, գուցեև միայն նա։ Չէ որ զարմացավ Շատովը, երբ Ստավրոգինը նրան ասաց, թե Պյոտր Ստեպանովիչը խանդավառ մարդ է։

― Հիմա ինձնից հեռացեք գրողի ծոցը, իսկ էգուցվա համար մի բան կքամեմ ինձնից։ Վաղը եկեք։

― Այո՞։ Այո՞։

― Ես ինչ իմանամ... Գրողի ծո՛ցը, գրողի ծո՛ցը։

Եվ դուրս եկավ սրահից։

― Իսկ գուցեև ամենալավը սա էր,― ինքն իրեն մրթմրթաց Պյոտր Ստեպանովիչը՝ պահելով ատրճանակը։

III

Նա նետվեց՝ հասնելու Լիզավետա Նիկոլաևնային։ Վերջինս դեռ շատ չէր հեռացել՝ տնից մի քանի քայլ։ Նրան ուզել էր կանգնեցնել Ալեքսեյ Եգորովիչը, որ հիմա էլ հետևում էր նրան մի քայլ հեռվից՝ ֆրակով և հարգալիր խոնարհվեց նաև առանց շլյապայի։ Համառորեն աղաչում էր Լիզային սպասել կառքին։ Ծերուկը վախեցած էր ու համարյա լալիս էր։

― Գնա, պարոնդ թեյ է ուզում, տվող չկա,― մի կողմ հրեց նրան Պյոտր Ստեպանովիչը և ուղղակի թևանցուկ արեց Լիզավետա Նիկոլաևնային։

Վերջինս ձեռքը չքաշեց, բայց, կարծես, լիովին չէր գիտակցում, դեռևս ուշքը գլխին չէր։

― Նախ և առաջ, սխալ եք գնում,― բլբլացրեց Պյոտր Ստեպանովիչը,― մենք այսպես պիտի գնանք, ոչ թե այգու մոտով։ Իսկ երկրորդը, ոտքով անհնար է, մինչև ձեր տուն երեք վերստ կլինի, իսկ դուք թեթև եք հագնված։ Եթե մի պստիկ սպասեիք։ Ես կառքով եմ, ձիերը բակում են, մի վայրկյանում կբերեմ, կնստեցնեմ ու տուն կհասցնեմ, այնպես որ ոչ ոք չի տեսնի։

― Ինչքան բարի եք...― քնքշորեն ասաց Լիզան։

― Ողորմած եղեք, նման դեպքում իմ փոխարեն ամեն մի մարդասեր, ով էլ լիներ...

Լիզան նրան նայեց ու զարմացավ։

― Աստված իմ, ես էլ կարծեցի, դարձյալ նույն ծերուկն է։

― Լսեք, ես անչափ ուրախ եմ, որ սա այդպես եք ընդունում, քանի որ այդ ամենն ահավորագույն նախապաշարմունք է, իսկ եթե բանը դրան հասավ, ավելի լավ չի՞ լինի այդ ծերուկին հիմա հրամայեմ կառքը լծի, ընդամենը մի տասը րոպե, իսկ մենք ետ գնանք ու առմուտքին սպասենք, հը՞։

― Դրանից առաջ ես ուզում եմ... որտե՞ղ են այդ սպանվածները։

― Ա՜, ահա մի նոր երևակայություն։ Դրանից էլ վախենում էի... Ոչ, մենք այդ անպետքությունն ավելի լավ է մի կողմ թողնենք, և նայելու ոչինչ չունեք։

― Ես գիտեմ՝ ուր են նրանք, այդ տունը ճանաչում եմ։

― Հետո՞ ինչ, որ գիտեք։ Բարի եղեք, անձրև է, մշուշ (ահա և սրբազան պարտականության տակ մտանք)... Լիզավետա Նիկոլաևնա, երկուսից մեկը, կամ ինձ հետ կառքով եք գնում, ուրեմն, սպասեք և ոչ մի քայլ առաջ, որովհետև եթե քսան քայլ էլ գցեք, ապա մեզ անպայման կնկատի Մավրիկիյ Նիկոլաևիչը։

― Մավրիկիյ Նիկոլաևիչը։ Ո՞ւր է նա։ Ո՞ւր։

― Դե, իսկ եթե ուզում եք նրա հետ, թերևս մի քիչ էլ կուղեկցեմ ձեզ ու ցույց կտամ, որտեղ է նստած, իսկ ես ձեր խոնարհ ծառան, հիմա չեմ ուզի նրան մոտենալ։

― Նա ինձ սպասո՜ւմ է, Աստված,― հանկարծակի կանգ առավ Լիզան, շառագույնը պատեց նրա դեմքը։

― Բայց ներեցեք, եթե նա առանց նախապաշարմունքների մարդ է։ Գիտեք ինչ, Լիզավետա Նիկոլաևնա, այս ամենն իմ գործը չէ։ Ես միանգամայն կողմնակի մեկն եմ այստեղ՝ և դուք դա գիտեք։ Բայց չէ որ ես ձեր բարին եմ ցանկանում համենայն դեպս... եթե մեր «նավակից» բան դուրս չեկավ, եթե պարզվեց, որ դա ընդամենը մի հին, փտած բեռնանավ է, ջարդման ենթակա...

― Ահ, հրաշալի է,― բացականչեց Լիզան։

― Հրաշալի, իսկ արցունքն էլ հոսում է։ Արիություն է պետք այստեղ։ Պետք է ոչնչով չզիջել տղամարդուն։ Մեր դարում, երբ կինը... թյուհ, գրողը տանի (հազիվ չթքոտեց Պյոտր Ստեպանովիչը)։ Իսկ գլխավորը, ափսոսելու բան էլ չկա, գուցեև շատ լավ ստացվի։ Մավրիկիյ Նիկոլաևիչը... մի խոսքով, զգայուն մարդ է, թեև չխոսկան, ինչը, իմիջիայլոց նույնպես լավ է, իհարկե, պայմանով, որ նախապաշարմունքներ չունենա...

― Հրաշալի է, հրաշալի,― հիստերիկ ծիծաղում էր Լիզան։

― Ա՜, գրողը տանի... Լիզավետա Նիկոլաևնա,― հանկարծ սրտնեղեց Պյոտր Ստեպանովիչը,― ճիշտն ասած, չէ որ ես այստեղ եմ ձեզ համար... թե չէ ինձ ինչ... Ես ձեզ ծառայեցի երեկ, երբ ինքներդ դա ուզեցիք, իսկ այսօր... Դե, ահա, այստեղից երևում է Մավրիկիյ Նիկոլաևիչը, ահա, նստած է, մեզ չի տեսնում։ Գիտեք, Լիզավետա Նիկոլաևնա, «Պոլինյկա Սաքսը» կարդացե՞լ եք։

― Ի՞նչ է դա։

― Այդպիսի մի վիպակ կա, «Պոլինյկա Սաքս»։ Դեռ ուսանող ժամանակ եմ կարդացել։ Ինչ-որ պաշտոնյա Սաքսը, մեծ կարողության տեր, կնոջը բանտարկում է ամառանոցում անհավատարմության համար... Ա, գրողը տանի, թքած։ Այ, կտեսնեք, որ Մավրիկիյ Նիկոլաևիչը, դեռ տուն չհասած, ձեզ առաջարկություն կանի։ Նա մեզ չի տեսնում դեռ։

― Ահ, թող չտեսնի,― հանկարծ բղավեց Լիզան ցնորվածի պես։― Գնանք, հեռանանք։ Դեպի անտառ, դաշտ։

Եվ նա ետ վազեց։

― Լիզավետա Նիկոլաևնա, սա ի՜նչ փոքրոգություն է,― ետևից վազում էր Պյոտր Ստեպանովիչը։― Եվ ինչի՞ չեք ուզում, որ նա ձեզ տեսնի։ Ընդհակառակը, ուղիղ և հպարտ նայեք նրա աչքերին... Եթե ինչ-որ բան եք մտածում այն մասին... օրիորդական... բայց չէ որ դա այնպիսի՜ նախապաշարմունք է, այնպիսի՜ ետամնացություն... Ախր, այդպես՝ ո՞ւր, ո՞ւր եք գնում։ էհ, վազում է։ Ավելի լավ է, ետ գնանք Ստավրոգինի մոտ, կառքս կվերցնենք... Ախր, ո՞ւր եք վազում։ Այնտեղ դաշտ է... Ըհը՜, ընկավ...

Նա կանգ առավ։ Լիզան թռնում էր թռչունի պես՝ չիմանալով, թե ուր, և Պյոտր Ստեպանովիչը մի հիսուն քայլ ետ էր մնացել նրանից։ Լիզան ընկավ՝ գուղձի վրա գայթելով։ Նույն րոպեին ետևից, կողքից ահավոր բղավոց լսվեց. Մավրիկիյ Նիկոլաևիչի բղավոցն էր, նա տեսել էր Լիզայի փախուստը և ընկնելն ու դաշտի միջով վազում էր դեպի նա։ Պյոտր Ստեպանովիչը մի վայրկյանում ծլկեց-հասավ ստավրոգինյան տան դարպասին, որպեսզի շուտափույթ նստի իր կառքը։

Իսկ Մավրիկիյ Նիկոլաևիչը, սաստիկ վախեցած, արդեն կանգնած էր ոտքի ելած Լիզայի կողքին՝ հակված նրա վրա, ձեռքը բռնած զույգ ափերով։ Այդ հանդիպման համակ անհավանական իրավիճակը ցնցել էր նրա բանականությունը, արցունք էր հոսում աչքերից։ Տեսել էր նրան, ում առաջ այնպես ակնածում էր, որը խելագարի պես վազում էր դաշտի միջով, այդ ժամին, այդպիսի եղանակին, մեկտակ շորով, երեկվա այդ փարթամ զգեստով, հիմա՝ ճմռթված, ընկնելուց ցեխոտված... Նա չէր կարողանում բառ իսկ արտասանել, հանեց շինելը և դողացող ձեռքերով ծածկեց Լիզայի ուսերը։ Հանկարծ նա ճչաց, զգալով, որ Լիզան շուրթերով հպվեց իր ձեռքին։

― Լիզա,― բղավեց նա,― ես ոչինչ չեմ կարողանում, բայց ինձ մի քշեք ձեր մոտից։

― Օ՜ այո, շուտ գնանք այստեղից, մի թողեք ինձ,― և ինքը բռնելով Մավրիկիյի ձեռքը քարշ տվեց նրան իր ետևից։― Մավրիկիյ Նիկոլաևիչ,― հանկարծ վախեցած իջեցրեց ձայնը,― ես այնտեղ շարունակ սրտապնդվում էի, իսկ այստեղ վախենում եմ մահից։ Ես կմեռնեմ, շատ շուտով կմեռնեմ, բայց վախենում եմ մեռնել...― շշնջում էր Լիզան՝ ամուր սեղմելով նրա ձեռքը։

― Օ՜, գոնե մեկնումեկը լիներ,― հուսահատ շուրջն էր նայում Մավրիկիյ Նիկոլաևիչը,― գոնե մի անցորդ լիներ։ Դուք կթրջեք ձեր ոտքերը, դուք... կկորցնեք գիտակցությունը։

― Ոչինչ, ոչինչ,― քաջալերում էր Լիզան նրան,― այ, այսպես, ձեր ներկայությամբ ես ավելի քիչ եմ վախենում, բռնեք ձեռքս, տարեք ինձ... Հիմա ու՞ր ենք գնում, տու՞ն։ Չէ, ես ուզում եմ սկզբից տեսնել սպանվածներին։ Ասում են՝ նրանք մորթել են նրա կնոջը, իսկ նա ասում է, թե ինքն է մորթել, չէ որ դա ճիշտ չէ, ճիշտ չէ, չէ՞։ Ես ինքս եմ ուզում տեսնել մորթվածներին... իմ պատճառով... այս գիշեր նրանց պատճառով նա դադարեց ինձ սիրել... Ես կտեսնեմ ու ամեն ինչ կիմանամ։ Շուտ, շուտ, ես գիտեմ այդ տունը... այնտեղ հրդեհ է... Մավրիկիյ Նիկոլաևիչ, մի ներեք ինձ, անպատվիս։ Ինչի՞ համար ներել ինձ։ Ինչու՞ եք լաց լինում։ Մի ապտակ հասցրեք ինձ և սպանեք այստեղ՝ դաշտում, շան պես։

― Հիմա ոչ ոք դատավոր չէ ձեզ,― հաստատակամ ասաց Մավրիկիյ Նիկոլաևիչը,― թող Աստված ձեզ ների, իսկ ես դատավոր եմ բոլորից քիչ։

Բայց և տարօրինակ կլիներ նկարագրել նրանց խոսակցությունը։ Այնինչ, գնում էին ձեռք-ձեռքի, արագ, շտապելով, կարծես կիսախելագարներ էին։ Նրանք շտապում էին ուղիղ դեպի հրդեհի վայրը։ Մավրիկիյ Նիկոլաևիչը հույսը չէր կորցնում՝ հանդիպել գոնե մի որևիցե սայլի, բայց ոչ ոք չէր երևում։ Մանրահատիկ անձրևը պատել էր շրջակայքն ամբողջովին կլանած ամենայն երանգ, ամեն ինչ վերածած համակ մշուշոտ, կապարե, անհաղորդ զանգվածի։ Վաղուց արդեն ցերեկ էր, այնինչ թվում էր, թե չի լուսացել։ Ու հանկարծ այդ ծխանման, սառը մշուշի միջից մի կերպարանք գծագրվեց՝ արտառոց ու անհեթեթ, որն ընդառաջ էր գալիս իրենց։ Պատկերացնելով հիմա, կարծում եմ, չէի հավատա աչքերիս, եթե նույնիսկ Լիզավետա Նիկոլաևնայի տեղը լինեի, այնինչ նա բերկրանքով բղավեց ու իսկույն ճանաչեց մոտեցող մարդուն։ Ստեպան Տրոֆիմովիչն էր դա։ Ինչպե՞ս էր նա հեռացել, ի՞նչ եղանակով կարող էր իրականանալ նրա փախուստի ցնորական, գլուխը մտած գաղափարը, այդ մասին՝ հետո։ Հիշատակեմ սոսկ, որ այդ առավոտ արդեն նա դողէրոցքի մեջ էր, սակայն հիվանդությունն էլ չկանգնեցրեց նրան, նա հաստատուն քայլում էր թաց հողի վրայով, երևում էր, որ կանխավ մտմտացել է իր ձեռնարկման շուրջ, ըստ կարելվույն դա ավելի լավ անելու համար՝ մենակ, իր ամբողջ գրասենյակային անփորձությամբ հանդերձ։ Հագնված էր «ճամփորդական», այսինքն՝ թևքերով շինել, լաքապատ լայն, ճարմանդավոր գոտին կապած, դրա հետ մեկտեղ նոր, բարձրաճիտք սապոգներ, շալվարի փողքերը՝ ճտքերի մեջ։ Հավանաբար, վաղուց արդեն իրեն այդպես էր պատկերացնում որպես ճամփորդ, իսկ գոտին և հուսարական փայլուն ճտքերով սապոգները, որոնցով քայլել չէր կարողանում, դեռևս մի քանի օր առաջ էր ձեռք բերել։ Լայնեզր շլյապան, պարանոցին կիպ փաթաթած գարուսե վզնոցը, աջ ձեռքի մահակը, ձախ ձեռքի չափազանց փոքր, բայց չափից ավելի խցկած պայուսակը լրացնում էին նրա հագուստը։ Ավելացրած՝ բաց անձրևանոցը, նույն աջ ձեռքում։ Այդ երեքը՝ անձրևանոցը, մահակը և պայուսակը, շատ անհարմար էր բռնել առաջին վերստը, իսկ երկրորդից՝ արդեն ծանր։

― Միթե՞ իսկապես, դուք եք,― բղավեց Լիզան՝ զննելով նրան վշտալի զարմանքով, որ փոխարինել էր չգիտակցված բերկրանքի առաջին պոռթկմանը։

― Lise,― բղավեց նաև Ստեպան Տրոֆիմովիչը՝ նետվելով դեպի նա, նույնպես համարյա զառանցագին։― Chere, chere, մի՞թե դուք էլ եք... այսպիսի մշուշի մեջ։ Տեսնում եք՝ հրացոլքը։ Vous etes mahleureuse, n’estce-pas?[22]։ Տեսնում եմ, տեսնում, մի պատմեք, բայց ինձ էլ հարցուփորձ մի արեք։ Nous somess tous mahleurex, mais il faut les pardonner tous. Pardonnos, Lise[23] և ազատ լինենք առհավետ։ Աշխարհից գլուխն ազատելու և լիակատար ազատ լինելու համար՝ il faut pardonner et pardonner, pardonner[24]։

― Բայց ինչո՞ւ եք ծնկի գալիս։

― Նրա համար, որ հրաժեշտ տալով աշխարհին, ուզում եմ, ի դեմս ձեր կերպարի, հրաժեշտ տալ իմ ամբողջ անցյալին։ Ծունկ եմ չոքում այն ամենի առաջ, ինչ գեղեցիկ է իմ կյանքում, համբուրում եմ և շնորհակալությունս հայտնում։ Հիմա ես ինձ երկու կես եմ արել, այնտեղ երկինք ճախրել երազող խելագարն է, vings deux ans![25]։ Այստեղ՝ սպանված և սառած ծերունի-դաստիարակը... chez ce marchand, s’il existe pourtant ce marchand[26]... Բայց ինչպե՜ս եք թրջվել, Lise,― գոչեց նա՝ ոտքի ցատկելով, զգալով, որ իր ծնկներն էլ թրջվեցին թաց հողի վրա,― և ինչպես կարելի է, դուք այդ զգեստո՞վ... և ոտքով, այսպիսի դաշտո՞ւմ... Դուք լալի՞ս եք։ Vous etes mahleureuse?[27]։ Բա՜, ես ինչ-որ բան լսել եմ... Բայց որտեղի՞ց եք գալիս հիմա,― երկչոտ տեսքով նա արագացնում էր իր հարցերը՝ խորին տարակուսանքով նայելով Մավրիկիյ Նիկոլաևիչին,― mais savez-vous l’heure qu’il est![28]։

― Ստեպան Տրոֆիմովիչ, այնտեղ ինչ-որ բան լսե՞լ եք սպանված մարդկանց մասին... Դա ճի՞շտ է։ ճի՞շտ է։

― Այդ մարդի՜կ։ Ես նրանց գործերի հրացոլքն եմ տեսել ամբողջ գիշեր։ Նրանք չէին կարող ավարտել ուրիշ կերպ... (Աչքերը նորից փայլատակեցին)։ Փախչում եմ զառանցանքից, ջերմախտի երազից, փախչում եմ՝ որոնելու Ռուսաստանը, existe-elle ia Russie? Bah, c’est vous, cher capitaine![29] երբեք չեմ տարակուսել, որ ձեզ կհանդիպեմ որևէ տեղ՝ վսեմ սխրանք կատարելիս... Բայց վերցրեք իմ անձրևանոցը և՝ ինչու՞ անպայման ոտքով։ Ի սեր Աստծո, գոնե անձրևանոցը վերցրեք, իսկ ես, մեկ է, ինչ-որ տեղ կառք կվարձեմ։ Ես ոտքով եմ, որովհետև Stasie-ն (այն է՝ Նաստասյան) փողոցով մեկ աղմուկ կբարձրացներ, եթե իմանար, որ մեկնում եմ, իսկ ես դուրս սողոսկեցի հնարավորինս incognito։ Ես չգիտեմ, այնտեղ՝ «Գոլոսում», գրում են ամենուրեք կատարված կողոպուտների մասին, բայց կարծում եմ, հո չի՞ կարող պատահել, որ հիմա, հենց հայտնվեցիր ճանապարհին, ավազակի կհանդիպես։ Chere Lise[30], կարծեմ ասացիք, թե ինչ-որ մեկն ինչ-որ մեկին սպանե՞լ է։ O, mon Dieu[31], ձեզ վա՜տ եք զգում։

― Գնանք, գնանք,― կարծես հիստերիայի մեջ ճչաց Լիզան՝ կրկին իր ետևից քաշելով Մավրիկիյ Նիկոլաևիչին։― Ստեպան Տրոֆիմովիչ, սպասեք,― հանկարծ ետ եկավ դեպի նա,― սպասեք, խեղճ մարդ, թողեք խաչակնքեմ։ Դուք էլ աղոթեք «թշվառ» Լիզայի համար, այնպես, թեթևակի, շատ նեղություն մի կրեք։ Մավրիկիյ Նիկոլաևիչ, վերադարձրեք այդ մանկանն իր անձրևանոցը, անպայման տվեք իրեն։ Այ, այդպես... Ուրեմն, գնացինք։ Գնացինք։

Չարաբաստիկ տանը նրանց մոտենալը համընկավ հենց այն պահին, երբ տան առաջ խռնված բավականին հոծ ամբոխն արդեն բավականաչափ լսել էր Ստավրոգինի և այն մասին, թե ինչքան էր նրան ձեռնտու՝ սպանել կնոջը։ Բայց և այնպես, կրկնում եմ, հսկայական մեծամասնությունը շարունակում էր լսել լուռ ու անշարժ։ Հունից դուրս էին գալիս միայն հարբած կոկորդ պատռողները, մեկ էլ՝ «իրենց կորցնող» մարդիկ, ձեռքերը թափահարող այն քաղքենու նման։ Բոլորը նրան ճանաչում էին որպես նույնիսկ հանդարտաբարո մարդու, բայց նա հանկարծ իրեն կորցնում ու ինչ-որ տեղ էր սուրում, եթե որևիցե բան հայտնի եղանակով ապշեցնում էր նրան։ Ես չտեսա, ինչպես տեղ հասան Լիզան և Մավրիկիյ Նիկոլաևիչը։ Առաջինը նկատեցի Լիզային՝ զարմանքից քարացած, արդեն հեռու ինձնից, ամբոխի մեջ, իսկ Մավրիկիյ Նիկոլաևիչին սկզբում անգամ չնկատեցի։ Կարծեմ, այնպիսի պահ եղավ, երբ նա Լիզայից մի երկու քայլ ետ մնաց՝ նեղվածքի պատճառով կամ էլ ետ մղեցին։ Ամբոխը ճեղքելով-անցնելով, շուրջը ոչինչ չնկատելով, ասես ջերմի մեջ, ասես հիվանդանոցից փախած՝ Լիզան, հարկավ, շատ շուտով ուշադրություն գրավեց, բարձրաձայն խոսեցին ու հանկարծ բղավեցին։ Ինչ-որ մեկը ճչաց. «Ստավրոգինների՜ց է»։ Ու՝ մյուս կողմից. «Հերիք չէ՝ կսպանեն, հետո էլ կգան նայելու»։ Մեկ էլ տեսա, որ նրա գլխից վեր՝ ետևից, բարձրացավ ու իջավ ինչ-որ մեկի ձեռքը։ Լիզան ընկավ։ Լսվեց Մավրիկիյ Նիկոլաևիչի ահավոր բղավոցը, որն օգնության նետվեց և ամբողջ ուժով խփեց Լիզայից իրեն պատնեշած մարդուն։ Բայց հենց նույն պահին էլ ետևից երկու ձեռքով նրան բռնեց այն քաղքենին։ Որոշ ժամանակ ոչինչ տեսնել չէր լինի ծայր առած տուրուդմբոցի մեջ։ Կարծեմ թե Լիզան ոտքի ելավ, բայց նորից ընկավ՝ երկրորդ հարվածից։ Ամբոխը հանկարծ ետ քաշվեց, և ոչ մեծ դատարկ շրջան գոյացավ պառկած Լիզայի շուրջ, իսկ արնաշաղախ, ցնորված Մավրիկիյ Նիկոլաևիչը կանգնած էր նրա գլխավերևում՝ գոռալով, լաց լինելով և ձեռքերը կոտրատելով։ Ամենայն ճշգրտությամբ չեմ հիշում, թե ինչ եղավ հետո, հիշում եմ միայն, որ Լիզային հանկարծ տարան, ձեռքերի վրա։ Ես վազում էի նրա ետևից, նա դեռևս կենդանի էր, դեռևս ուշքը գլխին։ Ամբոխի միջից բռնեցին քաղքենուն ու ևս երեք հոգու։ Այդ երեքը մինչև հիմա էլ ժխտում են իրենց մասնակցությունը չարագործությանը՝ համառորեն հավատացնելով, որ իրենց սխալմամբ են բռնել։ Թերևս իրավացի են։ Քաղքենին, թեպետ հաստատապես բռնված հանցանքի մեջ, բայց որպես անհասկացող մեկը, մինչև հիմա դեռ չի կարողանում հանգամանորեն բացատրել կատարվածը։ Ես նույնպես, որպես ականատես, թեև հեռվում գտնվող, պետք է հետաքննությանը տայի իմ ցուցմունքները, հայտարարեցի, որ ամեն ինչ կատարվեց ծայրաստիճան պատահականորեն, թեև լարված, բայց սակավ գիտակցող, գինովցած և հավասարակշռությունը կորցրած մարդկանց կողմից։ Այդ կարծիքին եմ և հիմա։


Գլուխ չորրորդ. Վերջին որոշումը

I

Այդ առավոտ Պյոտր Ստեպանովիչին շատերն էին տեսել, տեսնողները հիշում էին, որ նա արտակարգ բորբոքված վիճակում էր։ Ցերեկվա ժամը երկուսին շտապ մտել էր Գագանովի մոտ, որն ընդամենը մի օր առաջ էր եկել գյուղից, և տունը լի էր այցելուներով, որոնք երկար ու տաքացած խոսում էին հենց նոր կատարված իրադարձությունների մասին։ Պյոտր Ստեպանովիչը խոսել էր բոլորից շատ ու ստիպել, որ իրեն լսեն։ Մեզ մոտ նրան միշտ ընդունել են որպես «գլուխը ծակ շատախոս ուսանող», բայց հիմա նա խոսում էր Յուլիա Միխայլովնայի մասին, իսկ համընդհանուր իրարանցման մեջ թեման գրավիչ էր։ Որպես ոչ վաղուցվա և մտերմագույն խորհրդապահ, Յուլիա Միխայլովնայի մասին միանգամայն նոր և անսպասելի մանրամասներ էր պատմել նա, ոչ դիտավորյալ (և, իհարկե, անզգուշաբար) հայտնել նրա մի քանի կարծիքները քաղաքում բոլորին հայտնի անձանց մասին, որով տեղնուտեղը ինքնասիրություններ էր խոցել։ Ստացվել էր դա անհստակ և խառնիխուռն, ինչպես ոչ խորամանկ, բայց որպես ազնիվ մարդու խոսք՝ դրված տանջալի անհրաժեշտության մեջ՝ միանգամից բացատրել տարակուսանքների մի հսկա քանակություն և որն իր անհմտության պարզամտությամբ, չգիտե էլ, ինչից սկսել, ինչով վերջացնել։ Բավականաչափ նույնպես անզգուշաբար բերանից թռցրեց, թե Յուլիա Միխայլովնային հայտնի էր Ստավրոգինի ամբողջ գաղտնիքը և որ ինքն էլ հենց վարում էր խարդավանքը՝ լրիվ։ Իբր հենց իրեն՝ Պյոտր Ստեպանովիչին էլ է դրել անհարմար կացության մեջ, քանի որ ինքն էլ էր սիրահարված այդ թշվառ Լիզային, այնինչ, իրերն այնպես «դասավորեցին», որ հենց ինքն էլ համարյա նրան կառքով տարավ Ստավրոգինի մոտ։ «Այո, այո, պարոնայք, ձեզ համար հեշտ է ծիծաղել, իսկ եթե ես միայն իմանայի, եթե իմանայի ինչով է վերջանալու»,― եզրափակեց նա։ Ստավրոգինի մասին տագնապալի զանազան հարցերին ուղղակի հայտնեց, որ Լեբյադկինին առնչվող աղետը, իր կարծիքով, զուտ պատահականություն է և ամեն ինչի մեղավորն ինքը՝ փողերը ցույց տված Լեբյադկինն է։ Նա հատկապես լավ բացատրեց սա։ Ունկնդիրներից մեկը նկատել տվեց նրան, որ իզուր է «ներկայանում», որ կերել, խմել, համարյա թե քնել է Յուլիա Միխայլովնայի տանը, իսկ հիմա հենց առաջինն է նրան սևացնում, և որ դա ամենևին էլ այնքան սիրուն բան չէ, ինչպես ինքն է ենթադրում։ Սակայն Պյոտոր Ստեպանովիչն իսկույն պաշտպանեց իրեն. «Ես կերել ու խմել եմ ոչ այն պատճառով, որ փող չունեի, և մեղավոր չեմ, որ ինձ հրավիրել են այնտեղ։ Թույլ տվեք ինքս որոշեմ, թե որքանով և ինչի համար երախտապարտ լինեմ»։

Ընդհանրապես, տպավորությունը նրա օգտին մնաց։ «Թող որ մի քիչ անհեթեթ ու, անշուշտ, փուչ մարդ է, բայց դե ինչո՞վ է մեղավոր Յուլիա Միխայլովնայի հիմարությունների հարցում։ Հակառակը, ստացվում է, որ հենց ինքն էլ նրան կանգնեցրել է...»։

Ժամը երկուսին մոտ հանկարծ լուր տարածվեց, որ Ստավրոգինը, ում մասին այդքան խոսք ու զրույց կար, կեսօրվա գնացքով հանկարծակի մեկնել է Պետերբուրգ։ Դա շատ հետաքրքեց, շատերը խոժոռվեցին։ Պյոտր Ստեպանովիչն այն աստիճան էր ապշած, որ ասում են, այլայլվեց և տարօրինակ բղավեց. «Եվ ո՞վ կարող էր նրան դուրս թողնել»։ Նա տեղնուտեղը դուրս թռավ Գագանովի մոտից։ Սակայն նրան տեսնողներ եղան ևս երկու թե երեք տներում։

Մթնշաղին նա հնարավորություն գտավ թափանցել նաև Յուլիա Միխայլովնայի մոտ, թեև մեծագույն դժվարությամբ, քանի որ տանտիրուհին վճռականապես չէր ուզում ընդունել նրան։ Միայն երեք շաբաթ անց իմացա այդ հանգամանքի մասին հենց Յուլիա Միխայլովնայից, նրա՝ Պետերբուրգ մեկնելուց առաջ։ Մանրամասեր չհայտնեց, բայց սարսուռով նշեց, որ «այն ժամանակ նա զարմացրեց իրեն վերին աստիճանի»։ Ենթադրում եմ, որ նա ուղղակի վախեցրել է մեղսակցության սպառնալիքով այն դեպքում, եթե մտքովն անցնի «խոսել»։ Իսկ վախեցնելու անհրաժեշտությունը առնչվում էր այն ժամանակվա նրա մտադրություններին, որոնք, հարկավ, հայտնի չէին Յուլիա Միխայլովնային, և միայն հետո՝ հինգ օր անց կռահեց վերջինս, թե ինչու էր նա այդչափ անվստահ իր լռությանը և այնքան երկյուղում էր իր զայրույթի նոր պոռթկումներից...

Երեկոյան ժամը ութին մոտ, երբ արդեն լրիվ մթնել էր, քաղաքի ծայրամասում՝ Ֆոմին նրբանցքում, թեք ընկած փոքր տնակում, պրապորշչիկ Էրկելի բնակարանում հավաքվեցին մերոնք լրիվ կազմով, հինգ հոգով։ Ընդհանուր ժողովն այստեղ նշանակել էր անձամբ Պյոտր Ստեպանովիչը, բայց նա աններելիորեն ուշանում էր, և անդամներն արդեն մի ժամ սպասում էին։ Այդ պրապորշչիկ Էրկելը հենց այն եկվոր սպայիկն էր, որը Վիրգինսկու տան ամբողջ երեկույթին նստած էր՝ մատիտը ձեռքին, նոթատետրն առաջին։ Նա քաղաք էր եկել վերջերս, մեկուսացված կացարան վարձել քաղքենուհի երկու պառավ քույրերի պատկանող տանը, և շուտով պիտի մեկներ։ Նրա մոտ հավաքվելն ամենաանկատելի տեղն էր։ Այդ տարօրինակ տղան աչքի էր ընկնում անսովոր լռակյացությամբ, նա կարող էր տասը երեկո շարունակ նստել աղմկոտ խմբերի մեջ և ամենաանսովոր խոսակցությունները լսել՝ ոչ մի բառ չասելով, այլ հակառակը՝ իր մանկական աչքերով արտակարգ ուշադրությամբ հետևելով խոսողներին և լսելով։ Դեմքը շատ դուրեկան էր և նույնիսկ կարծես խելացի։ Հնգյակին չէր պատկանում, մերոնք ենթադրում էին, թե նա ինչ-որ տեղից ինչ-ինչ հատուկ հանձնարարություններ ունի, զուտ կատարողական առումով։ Հիմա հայտնի է, որ ոչ մի հանձնարարություն էլ չուներ ու հազիվ թե հասկանում էր իր դրությունը։ Նա սոսկ-խոնարհվում էր Պյոտր Ստեպանովիչի առաջ՝ հանդիպելով նրան վերջերս։ Եթե հանդիպեր վաղաժամ այլասերված որևէ մի հրեշի և սա որևիցե սոցիալ-վիպական պատրվակով նրան սադրեր ավազակախումբ հիմնել ու փորձելու համար հրամայեր սպանել ու կողոպտել առաջին հանդիպած մուժիկին, ապա անպայման կգնար, կհնազանդվեր։ Ինչ-որ տեղ հիվանդ մայր ուներ, ում ուղարկում էր իր աղքատիկ ռոճիկի կեսը, և մայրն ինչպե՜ս պիտի համբուրեր այդ շիկամազ խեղճ գլուխը, ինչպե՜ս պիտի դողար ու աղոթեր նրա համար։ Այսքան երկար պատմեցի, որովհետև շատ եմ խղճում նրան։

Մերոնք բորբոքված էին։ Նախորդ գիշերվա դեպքերը նրանց ապշեցրել էին, և կարծես թե լավ վախեցած էին։ Հասարակ, թեև պարբերական խայտառակությունը, որին այնքան ջանադրաբար մասնակցում էին մինչև հիմա, նրանց համար հանգուցալուծվել էր անսպասելիորեն։ Գիշերային հրդեհը, Լեբյադկինների սպանությունը, ամբոխի վայրենությունը Լիզայի հանդեպ՝ այդ ամենն այնպիսի անակնկալներ էին, որոնք չէին ենթադրում իրենց ծրագրում։ Նրանք տաքացած մեղադրում էին իրենց ուղղորդող ձեռքը՝ բռնակալության և ոչ-անկեղծության մեջ։ Մի խոսքով, մինչ սպասում էին Պյոտր Ստեպանովիչին, փոխադարձաբար այնպես լարեցին իրենց, որ կրկին որոշեցին նրանից վերջնականապես կտրական բացատրություն պահանջել, իսկ եթե նա մի անգամ էլ, ինչպես արդեն եղել էր, խուսափի, ապա նույնիսկ լուծարել հնգյակը, սակայն պայմանով, որ դրա փոխարեն հիմնեն «գաղափարների քարոզչության» նոր գաղտնի ընկերություն, արդեն իրենց կողմից, իրավահավասար և ժողովրդավարական հիմունքներով։ Լիպուտինը, Շիգալյովը և ժողովրդի գիտակն առանձնապես պաշտպանեցին այդ միտքը, Լյամշինը լուռ մնաց, թեև համաձայն տեսքով։ Վիրգինսկին տատանվում էր ու ցանկանում սկզբից լսել Պյոտր Ստեպանովիչին։ Վճռեցին լսել Պյոտր Ստեպանովիչին, սակայն վերջինս դեռ չէր երևում, նման անփութությունն ավելի էր շատացնում թույնը։ Էրկելը կատարելապես լուռ էր ու կարգադրեց միայն թեյ մատուցել, որը տանտիրուհիների մոտից ինքը բերեց՝ մատուցարանին դրված բաժակներով, առանց ինքնաեռի, ներս չթողնելով աղախնին։

Պյոտր Ստեպանովիչը հայտնվեց միայն ութն անց կեսին։ Արագ քայլերով մոտեցավ բազմոցի առաջ դրված կլոր սեղանին, որի շուրջ տեղավորվել էր խումբը։ Գլխարկը ձեռքում պահեց ու հրաժարվեց թեյից։ Տեսքը չարացած էր, խիստ և գոռոզ։ Պետք է որ իսկույն ևեթ նկատեր դեմքերից, որ «ապստամբում են»։

― Նախքան բերանս բացելը, ձեր ասելիքն ասեք, մի տեսակ ձգված եք,― ասաց նա՝ չարախնդությամբ աչք ածելով դեմքներին։

Լիպուտինը սկսեց «բոլորի անունից» և վիրավորանքից բեկվող ձայնով հայտարարեց, որ «եթե այսպես շարունակեն, ապա կարելի է սեփական գլուխները կոտրել-լ»։ Օ՜, իրենք ամենևին չեն վախենում գլուխ կոտրելուց, բայց միայն ընդհանուր գործի համար։ (Ընդհանուր իրարանցում և հավանություն)։ Ուստիև թող իրենց հանդեպ էլ անկեղծ գտնվեն, որպեսզի իրենք միշտ իմանան նախապես, «այլապես ի՞նչ կլինի»։ (Նորից՝ իրարանցում, մի քանի կոկորդային հնչյուն)։ Այդպես գործելը նվաստացուցիչ է ու վտանգավոր... Պատճառը բոլորովին այն չէ, որ վախենում ենք, այլ եթե գործում է մեկը, իսկ մյուսները սոսկ աննշան խաղաքարեր են, ապա մեկը սխալվեց՝ բոլորը կրակը կընկնեն։ (Բացականչություններ՜ այո՜, այո՜։ Ընդհանուր պաշտպանություն)։

― Գրողը տանի, իսկ ձեզ ինչ՞ է պետք։

― Իսկ ընդհանուր գործի հետ ինչ՞ կապ ունեն պարոն Ստավրոգինի մանր-մունր խարդավանքները,― փրփրեց Լիպուտինը։― Թող որ մի խորհրդավոր եղանակով նա պատկանի կենտրոնին, եթե միայն իրականում գոյություն ունի այդ երևակայական կենտրոնը, իսկ մենք դա իմանալ անգամ չենք ուզում-մ։ Այնինչ, կատարվել է սպանություն, ոստիկանությունը գրգռված է, թելի ծայրը բռնած՝ կհասնեն կծիկին։

― Կբռնվեք Ստավրոգինի հետ, մենք էլ կբռնվենք,― ավելացրեց ժողովրդի գիտակը։

― Եվ միանգամայն անօգուտ՝ ընդհանուր գործի համար,― թախծալի ավարտեց Վիրգինսկին։

― Ի՜նչ ցնդաբանություն։ Սպանությունը պատահմունք էր, Ֆեդկան է արել թալանի համար։

― Հը՜մ։ Բայց և այնպես, տարօրինակ զուգադիպություն է,― ծամածռվեց Լիպուտինը։

― Իսկ եթե կուզեք, հենց ձեր միջոցով է կատարվել։

― Ինչպե՞ս թե՝ մեր միջոցով։

― Նախ և առաջ, դուք՝ Լիպուտին, ինքներդ եք մասնակցել այդ խարդավանքին, երկրորդը և գլխավորը, ձեզ հրամայված էր ուղարկել Լեբյադկինին, և փող էր տրվել, իսկ դուք ի՞նչ արեցիք։ Եթե ուղարկեիք, ոչինչ էլ չէր լինի։

― Իսկ ինքնե՞րդ միտք չհայտնեցիք, թե լավ կլինի, նրան բաց թողնել՝ ոտանավորը կարդալու։

― Միտք հայտնելը հրաման չէ։ Հրամանն ուղարկելն էր։

― Հրամա՜ն։ Բավական տարօրինակ բառ է... Հակառակը, հենց դուք հրամայեցիք կասեցնել ուղարկումը։

― Դուք սխալվել և դրսևորել եք հիմարություն ու ինքնակամություն։ Իսկ սպանությունը Ֆեդկայի արածն է, ու նա գործել է մենակ, թալանի համար։ Դուք լսել եք, թե ինչեր են դուրս տալիս ու հավատացել։ Դուք վախեցել եք։ Ստավրոգինն այնքան հիմար չէ, իսկ ապացույցը՝ նա մեկնել է ցերեկվա ժամը տասներկուսին, փոխնահանգապետի հետ տեսակցությունից հետո։ Եթե որևիցե մի բան լիներ, նրան չէին թողնի Պետերբուրգ գնալ օրը ցերեկով։

― Բայց մենք ամենևին չենք պնդում, որ պարոն Ստավրոգինն ինքն է սպանել,― թունալի և առանց քաշվելու միացավ Լիպուտինը,― նա կարող էր նույնիսկ չիմանալ-լ, ճիշտ ինչպես ես, իսկ ձեզ անձամբ շատ լավ հայտնի է, որ ես ոչ-չինչ չգիտեի, թեև իսկույն ինքս ինձ կրակը գցեցի։

― Իսկ ո՞ւմ եք դուք մեղադրում,― մռայլադեմ նայեց Պյոտր Ստեպանովիչը։

― Հենց նրանց, ում պետք է քաղաքները կրակ տալ։

― Ամենից վատն այն է, որ դուք տակից դուրս եք գալիս։ Իմիջիայլոց, չե՞ք բարեհաճի կարդալ և ցույց տալ մյուսներին։ Սա՝ միայն ի գիտություն։

Նա գրպանից հանեց Լեբյադկինի անանուն նամակը՝ ուղղված Լեմբկեին և տվեց Լիպուտինին։ Սա կարդաց, ըստ երևույթին, զարմացավ և մտազբաղ փոխանցեց հարևանին։ Նամակն արագ շրջան կատարեց։

― Սա իսկապե՞ս Լեբյադկինի ձեռագիրն է,― նկատեց Շիգալյովը։― Նրա ձեռագիրն է,― հայտարարեցին Լիպուտինը և Տոլկաչենկոն (այն է՝ ժողովրդի գիտակը)։

― Ես ցույց տվի միայն ի գիտություն և իմանալով, որ այդպես ազդված եք Լեբյադկինի համար,― կրկնեց Պյոտր Ստեպանովիչը՝ ետ վերցնելով նամակը,― և այսպիսով, պարոնայք, ոմն Ֆեդկա միանգամայն պատահմամբ մեզ ազատում է վտանգավոր մարդուց։ Ահա, թե երբեմն ինչ է նշանակում դիպվածը։ Ուսանելի է, այդպես չէ՞։

Անդամները փութով իրար նայեցին։

― Իսկ հիմա, պարոնայք, իմ հերթն է հարցնելու,― պատկառելի տեսք ընդունեց Պյոտր Ստեպանովիչը։― Թույլ տվեք իմանալ, այդ ինչպե՞ս ձեզ թույլ տվեցիք կրակ տալ քաղաքը՝ առանց թույլտվության։

― Սա ի՜նչ բան էր։ Մե՞նք, մե՞նք ենք վառել քաղաքը։ Մեղքն ուրիշի վզին փաթաթե՜լ է սա,― բացականչություններ հնչեցին։

― Ես հասկանում եմ, որ չափը տվել-անցել եք,― համառորեն շարունակում էր Պյոտր Ստեպանովիչը,― բայց չէ որ սա Յուլիա Միխայլովնայի հետ կապված մանր-մունր խայտառակություններ չէ։ Պարոնայք, ես ձեզ հավաքել եմ այստեղ, բացատրելու վտանգավորության այն աստիճանը, որ այնքան հիմարաբար ձեր գլխին բերել եք և որը չափից ավելի է սպառնում շատ ու շատ բաների, ձեզնից բացի։

― Ներեցեք, ընդհակառակը, հիմա մենք էինք մտադիր ձեզ հայտնել բռնակալության և անհավասարության այն աստիճանի մասին, որով ընդունվել էր այդքան լուրջ և միաժամանակ տարօրինակ միջոցը՝ շրջանցելով անդամներին,― համարյա զայրագին հայտարարեց մինչ այդ լուռ մնացած Վիրգինսկին։

― Ուրեմն, դուք ժխտո՞ւմ եք։ Իսկ ես պնդում եմ, որ հրդեհել եք դուք, միայն դուք և ուրիշ ոչ ոք։ Պարոնայք, ես ստույգ տեղեկություններ ունեմ։ Ձեր ինքնակամությամբ դուք վտանգի եք ենթարկել անգամ ընդհանուր գործը։ Դուք ընդամենը սոսկ մի հանգույցն եք հանգույցների անվերջանալի շղթայում և պարտավոր եք կուրորեն ենթարկվել կենտրոնին։ Այնինչ, ձեզնից երեք հոգի հրահրել են շպիգուլյաններին՝ հրկիզման, նվազագույն իսկ հրահանգներ չունենալով, և հրդեհը տեղի ունեցավ։

― Ովքե՞ր՝ երեք հոգի։ Մեզնից ո՞ր երեքը։

― Երեք օր առաջ, գիշերվա ժամը չորսին, դուք՝ Տոլկաչենկո, սադրել եք Ֆոմկա Զավյալովին «Նեզաբուդկայում»։

― Ներող կլինեք,― ոտքի թռավ նա,― հազիվ մի խոսք եմ ասել, այն էլ առանց դիտավորության, այլ էնպես, որովհետև առավոտյան նրան ծեծել էին, և իսկույն վերջացրի, տեսա, որ հարբած է։ Եթե դուք չհիշեիք, ես բոլորովին չէի հիշի։ Խոսքից կրակ բռնել չէր կարող։

― Դուք նման եք նրան, ով կզարմանար, եթե փոքրիկ կայծից վառոդի գործարանը լրիվ հօդս ցնդեր։

― Ես խոսում էի շշուկով ու անկյունում՝ նրա ականջին, ինչպե՞ս կարող էիք իմանալ,― հանկարծ կռահեց Տոլկաչենկոն։

― Այնտեղ ես նստած էի սեղանի տակ։ Մի անհանգստացեք, պարոնայք, ես ձեր բոլոր քայլերը գիտեմ։ Դուք թունալի ժպտո՞ւմ եք, պարոն Լիպուտին։ Իսկ ես գիտեմ, օրինակ, որ չորս օր առաջ դուք կմճտոտել եք ձեր կնոջը, կեսգիշերին, ձեր ննջարանում՝ պառկելով քնելու։

Լիպուտինը բացեց բերանը և գունատվեց։

(Հետո հայտնի դարձավ, որ Լիպուտինի քաջագործության մասին նա իմացել է Լիպուտինի աղախին Ագաֆյայից, ում հենց սկզբից փող էր տալիս՝ լրտեսելու համար, ինչ հետո միայն բացահայտվեց)։

― Կարո՞ղ եմ, արդյոք, փաստ արձանագրել,― հանկարծ ոտքի ելավ Շիգալյովը։

― Արձանագրեք։

Շիգալյովը նստեց ու շտկվեց.

― Որքան ես հասկացա և չի կարելի չհասկանալ, ինքներդ սկզբում և հետո մի անգամ էլ, շատ պերճախոս, թեև չափազանց տեսականորեն, զարգացրիք Ռուսաստանի պատկերը՝ ծածկված հանգույցների անվերջանալի ցանցով։ Իրենց կողմից, գործող խմբակներից յուրաքանչյուրը, հավատափոխներ սարքելով և կողմնական բաժանմունքներով տարածվելով անսահմանորեն, խնդիր ունի պարբերական մերկացնող քարոզչությամբ շարունակապես գցել տեղական իշխանության նշանակությունը, տարակուսանք հարուցել գյուղերում, սերմանել ցինիզմ և սկանդալներ, հավատի կատարյալ կորուստ ամեն ինչի հանդեպ, լավագույնի ծարավ, վերջապես, գործելով առավելապես հրդեհներով, որպես ժողովրդական միջոց՝ պատվիրագրված պահին երկիրը գցելով, եթե պետք է, նույնիսկ հուսալքման մեջ։ Ձե՞րն են, արդյոք, այս խոսքերը, որոնք աշխատել եմ հիշել բառ առ բառ։ Ձե՞րն է, արդյոք, գործողությունների այդ ծրագիրը, որ հայտնել եք իբրև կենտրոնական, սակայն մինչևհիմա բացարձակորեն անհայտ ու մեզ համարյա թե երևակայական թվացող կոմիտեի լիազորված անձ։

― Ճիշտ է, միայն թե երկար եք ձգում։

― Ամեն մեկն իր խոսքի իրավունքն ունի։ Թողնելով մեզ կռահել, որ համընդհանուր ցանցի՝ արդեն ամբողջ Ռուսաստանը ծածկած հանգույցները հիմա արդեն մի քանի հարյուրի են հասնում, ու զարգացնելով ենթադրությունը, որ եթե ամեն մեկն անի իր գործը հաջողությամբ, ապա ամբողջ Ռուսաստանն այս-այս ժամկետի, մեկ ազդանշանով...

― Ահ, գրողը տանի, առանց ձեզ էլ շատ են գործերը,― բազմոցի մեջ շուռումուռ եկավ Պյոտր Ստեպանովիչը։

― Թույլ տվեք, ես կկրճատեմ ու կվերջացնեմ միայն հարցով. մենք արդեն տեսել ենք խայտառակություններ, տեսել ենք բնակչության դժգոհությունը, ներկա ու մասնակից ենք եղել տեղիս կառավարչության անկմանը, և ի վերջո, սեփական աչքերով տեսանք հրդեհը։ Իսկ ինչի՞ց եք դուք դժգոհ։ Ձեր ծրագիրը չէ՞ր, արդյոք։ Ինչո՞ւմ կարող եք մեղադրել մեզ։

― Ինքնակամության մեջ,― մոլեգնած բղավեց Պյոտր Ստեպանովիչը։― Քանի դեռ ես այստեղ եմ, դուք իրավունք չունեիք գործել առանց իմ թույլտվության։ Բավական է։ Մատնագիրը պատրաստ է, և գուցե վաղը կամ հենց այսօր գիշերը ձեզ կբռնոտեն։ Ահա եղածը։ Լուրը հավաստի է։

Այստեղ արդեն բոլորը բացեցին բերանները։

― Կբռնոտեն ոչ միայն որպես հրկիզման հրահրողներ, այլ նաև որպես հնգյակ։ Մատնիչին հայտնի է ցանցի ամբողջ գաղտնիքը։ Ահա թե ինչ եք բստրել։

― Միգուցե Ստավրոգինն է,― բղավեց Լիպուտինը։

― Ինչպե՜ս... ինչո՞ւ Ստավրոգինը,― կարծես հանկարծակի դեմ առավ Պյոտր Ստեպանովիչը։― Է՛, գրողը տանի,― ուշքի եկավ անմիջապես,― դա Շատովն է։ Կարծում եմ, հիմա արդեն բոլորիդ էլ հայտնի է, որ ժամանակին Շատովը պատկանել է գործին։ Ձեզ պիտի գաղտնիք հայտնեմ, որ հետևելով նրան անձանց կողմից, ում նա չէր կասկածում, ես իմացա, ի զարմանս, որ նրա համար գաղտնիք չեն թե ցանցի կառուցվածքը, թե... մի խոսքով, ամեն ինչ։ Նախկին մասնակցության մեղադրանքից իրեն փրկելու համար, նա կմատնի բոլորին։ Մինչև հիմա նա դեռևս տատանվում էր, ու ես խնայում էի նրան։ Այդ հրդեհով հիմա նրա կապերը քանդել եք, նա ցնցված է ու այլևս չի տատանվի։ Վաղն ևեթ մենք կձերբակալվենք, որպես հրկիզողներ և քաղաքական հանցագործներ։

― Ճի՞շտ է որ։ Շատովն ինչո՞ւ գիտե։

Հուզմունքն աննկարագրելի էր։

― Ամեն ինչ միանգամայն ճիշտ է։ Ես իրավունք չունեմ ձեզ հայտնել իմ ուղիները և թե ինչպես եմ բացահայտել, բայց ահա թե ինչ կարող եմ առայժմ անել ձեզ համար, մի անձնավորության միջոցով կարողացել եմ ազդել Շատովի վրա, այնպես, որ նա, ամենևին չկասկածելով, կհապաղի իր մատնագրով՝ բայց ոչ ավելի, քան մեկ օրուգիշեր։ Ավելին չեմ կարող։ Այսպիսով, դուք ձեզ ապահովված կարող եք համարել մինչև վաղը չէ մյուս օրվա առավոտ։

Բոլորը լուռ էին։

― Ի վերջո, եկեք նրան գրողի մոր ծոցն ուղարկենք,― առաջինը բղավեց Տոլկաչենկոն։

― Եվ վաղուց էր պետք անել,― չարությամբ ավելացրեց Լյամշինը՝ բռունցքով խփելով սեղանին։

― Բայց ինչպե՞ս անել,― մրթմրթաց Լիպուտինը։

Պյոտր Ստեպանովիչը տեղնուտեղը կպավ հարցից և շարադրեց իր պլանը։ Հետևյալն էր. որ իր մոտ եղած գաղտնի տպարանը հանձնելու համար Շատովին տանեն մեկուսի այն տեղը, ուր թաղված էր դա, վաղը, գիշերով, և «այնտեղ արդեն գործը գլուխ բերեն»։ Հարկավոր շատ մանրուքների մեջ մտավ, որոնք բաց ենք թողնում այժմ, հանգամանալի բացատրեց կենտրոնական միության հետ ունեցած Շատովի այն իսկական երկիմաստ հարաբերությունները, որոնք արդեն հայտնի են ընթերցողին։

― Ամեն ինչ այդպես է,― ոչ հաստատ նշեց Լիպուտինը,― բայց քանի որ նորից... նոր արկած է նույն տեսակի... ապա չափից ավելի կազդի ուղեղների վրա։

― Անկասկած,― հաստատեց Պյոտր Ստեպանովիչը,― սակայն դա էլ է նախատեսված։ Կասկածանքը լիովին մերժելու միջոցը կա։

Եվ նա նախկին ճշգրտությամբ պատմեց Կիրիլլովի ինքնասպան լինելու մտադրության մասին և թե ինչպես է խոստացել սպասել ազդանշանի, իսկ մեռնելիս՝ երկտող թողնել ու իր վրա վերցնել այն ամենը, ինչ կթելադրեն։ (Մի խոսքով, այն ամենը, ինչ արդեն հայտնի է ընթերցողին)։

― Իրեն կյանքից զրկելու նրա հաստատ մտադրությունը փիլիսոփայական է, իսկ իմ կարծիքով, խելագար՝ հայտնի է դարձել այնտեղ (Պյոտր Ստեպանովիչը շարունակում էր բացատրել)։ Այնտեղ չեն կորցնում ոչ մի թելիկ, ոչ մի հատիկ, ամեն ինչ գնում է ընդհանուր գործի օգտին։ Կանխատեսելով օգուտ և համոզվելով, որ նրա մտադրությունը միանգամայն լուրջ է, նրան միջոցներ են առաջարկվել՝ հասնելու Ռուսաստան (չգիտես ինչի համար, նա անպայման ուզել է մեռնել Ռուսաստանում), հանձնարարություն են տվել, որ նա պարտավորվել է կատարել (և կատարել է) և ավելին, պարտավորեցրել են նրան ձեզ արդեն հայտնի խոստմամբ՝ ինքնասպան լինել սոսկ այն ժամանակ, երբ իրեն կասեն։ Նա ամեն ինչ խոստացել է։ Նկատի առեք, որ նա պատկանում է գործին՝ հատուկ հիմունքներով և ցանկանում է օգտակար լինել, ավելին ձեզ բացահայտել չեմ կարող։ Վաղը, Շատովից հետո, ես նրան կթելադրեմ երկտողը, որ ինքն է Շատովի մահվան պատճառը։ Դա շատ հավանական կլինի, նրանք ընկերներ էին ու միասին էին գնացել Ամերիկա, այնտեղ գժտվել են, և այդ ամենը երկտողում կբացատրվի... և... և նույնիսկ, դատելով հանգամանքներից, կարելի կլինի ինչ-ինչ բաներ էլ թելադրել Կիրիլլովին, օրինակ, թռուցիկների մասին և գուցե նաև, մասամբ հրդեհը։ Իմիջիայլոց, այդ մասին ես կմտածեմ։ Մի անհանգստացեք, նախապաշարումներ չունի, ամեն բան կստորագրի։

Երկմտություններ եղան։ Պատմությունը երևակայական թվաց։ Իմիջիայլոց, Կիրիլլովի մասին բոլորն էլ քիչ թե շատ լսել էին, իսկ Լիպուտինը՝ բոլորից շատ։

― Հանկարծ նա միտքը փոխեց ու չուզեց,― ասաց Շիգալյովը,― էսպես թե էնպես, ամեն դեպքում, խելագար մարդ է, ուրեմն, հույս դնելը ճիշտ չի։

― Մի անհանգստացեք, պարոնայք, կուզի,― ընդհատեց Պյոտր Ստեպանովիչը։― Պայմանավորվածության համաձայն, ես պարտավոր եմ նախազգուշացնել նախորդ օրը, նշանակում է, հենց այսօր։ Ես հրավիրում եմ Լիպուտինին հիմա ինձ հետ գնալ նրա մոտ և հավաստիանալ, նա էլ, պարոնայք, ետ գալով, եթե պետք է այսօր ևեթ, ձեզ կհայտնի՝ ճիշտն եմ ասել ձեզ, թե՝ ոչ։ Ի դեպ,― հանկարծակի կտրեց խոսքն անասելի բորբոքվածությամբ, կարծես մեկեն զգաց, որ չափից ավելի է պատիվ անում՝ այդպես համոզելով ու այդքան զբաղվելով նման մարդուկների հետ,― ի դեպ, գործեցեք, ինչպես կուզեք։ Եթե չվճռեք, ապա միությունը լուծարվում է, սակայն սոսկ ձեր չլսելու և դավաճանության փաստով։ Այդպիսով, այս իսկ րոպեից բոլորս առանձին ենք։ Բայց գիտցեք, որ այդ դեպքում դուք, շատովյան մատնագրի ու դրա հետևանքների անախորժությունից բացի, ձեզ վրա եք առնում ևս մի փոքր տհաճություն, որի մասին հաստատ հայտարարված է միությունը կազմավորելիս։ Ինչ վերաբերում է ինձ, պարոնայք, ես ձեզնից այնքան էլ չեմ վախենում... Մի կարծեք, թե ես այդքան շատ եմ կապված ձեզ... Ասենք, այդ ամենը մեկ է։

― Չէ՜, մենք վճռում ենք,― հայտարարեց Լյամշինը։

― Ուրիշ ելք չկա,― մրթմրթաց Տոլկաչենկոն,― և եթե միայն Լիպուտինը հաստատի Կիրիլլովի մասին, ապա...

― Ես դեմ եմ։ Բոլոր ուժերով իմ հոգու ես բողոքում եմ նման արյունալի որոշման դեմ,― տեղից ելավ Վիրգինսկին։

― Բա՞յց,― հարցրեց Պյոտոր Ստեպանովիչը։

― Ի՞նչ բայց։

― Դուք ասացիք բայց... և ես սպասում եմ։

― Կարծեմ, ես չասացի բայց... Միայն ուզում էի ասել, որ եթե վճռում են, ապա...

― Ապա՞։

Վիրգինսկին լռեց։

― Ես կարծում եմ, կարելի է բանի տեղ չդնել կյանքի սեփական անվտանգությունը,― հանկարծ բերանը բացեց Էրկելը,― բայց եթե կարող է տուժել ընդհանուր գործը, ապա կարծում եմ, չի կարելի համարձակվել բանի տեղ չդնել կյանքի սեփական անվտանգությունը...

Նա խառնվեց ու կարմրեց։ Ինչքան էլ բոլորը զբաղված էին ամենքն իրենցով, բայց բոլորն էլ նրան նայեցին զարմանքով, այն աստիճան անսպասելի էր, որ նա նույնպես կարող է խոսք սկսել։

― Ես կողմնակից եմ ընդհանուր գործին,― մեկեն ասաց Վիրգինսկին։

Բոլորը ելան տեղներից։ Որոշվեց վաղը կեսօրին մի անգամ էլ լուրեր հայտնել միմյանց, թեկուզև բոլորը մեկտեղ չհավաքվելով և արդեն վերջնականապես պայմանավորվել։ Հայտարարվեց տեղը, ուր թաղված էր տպարանը, բաժանվեցին դերերը ու պարտականությունները։ Լիպուտինը և Պյոտր Ստեպանովիչն անմիջապես միասին ճամփա ընկան՝ Կիրիլլովի մոտ։

II

Որ Շատովը մատնելու է, մերոնք բոլորը հավատացին, բայց և որ Պյոտր Ստեպանովիչն իրենց շարժում է խաղաքարերի պես, նույնպես հավատում էին։ Իսկ հետո բոլորը գիտեին, որ վաղը, այնուամենայնիվ, լրիվ կազմով ներկա կլինեն տեղում, և Շատովի ճակատագիրը վճռված է։ Զգում էին, որ հանկարծակի, ճանճերի պես ընկել են հսկայական սարդի ոստայնը։ Չարացած էին, բայց դողում էին սարսափից։

Պյոտր Ստեպանովիչը, անկասկած, մեղավոր էր նրանց առաջ, ամեն ինչ կարող էր անցնել ավելի հեշտ ու թեթև, եթե նա թեկուզև նվազագույնս հոգ տաներ գունազարդելու իրականությունը։ Փոխանակ փաստը ներկայացնելու կարգին լույսի ներքո, հռոմեական-քաղաքացիական կամ դրա նման մի որևէ բան որպես, նա ի դերև հանեց սոսկ կոպիտ վախ և սեփական մաշկի սպառնանք, ինչ արդեն պարզապես անքաղաքավարի էր։ Հարկավ, ամեն ինչի մեջ է գոյության պայքարը, և ուրիշ սկզբունք չկա, դա հայտնի է բոլորին, թեև, համենայն դեպս...

Սակայն Պյոտր Ստեպանովիչը ժամանակ չուներ իրար տալ հռոմեացիներին, ինքն էր հունից ելած։ Ստավրոգինի փախուստը շշմեցրել ու ճզմել էր նրան։ Նա ստեց, թե Ստավրոգինը հանդիպել է փոխնահանգապետին, բանն էլ այն էր հենց, որ նա գնացել էր, առանց մեկնումեկի, անգամ մոր հետ հանդիպելու և, իրոք, տարօրինակ էր, որ նրան նույնիսկ չէին անհանգստացրել։ (Հետագայում ղեկավարությունը հարկադրված էր հատուկ պատասխան տալ դրան)։ Պյոտր Ստեպանովիչը տեղեկանում էր ամբողջ օրը, բայց առայժմ ոչինչ չէր իմացել, և երբեք այսպես չէր տագնապել նա։ Եվ կարո՞ղ էր, կարո՞ղ էր միթե այդպես միանգամից հրաժարվել Ստավրոգինից։ Ահա թե ինչու նա չէր էլ կարող չափազանց մեղմ լինել մերոնց հետ։ Բացի դրանից, նրանք իր ձեռքերն էին կապում, արդեն որոշել էր անհապաղ սլանալ Ստավրոգինի ետևից, այնինչ, հապաղել էր տալիս Շատովը, հարկ էր վերջնականորեն միաձուլել հնգյակը՝ համենայն դեպս։ «Հո հենց էնպես չեմ շպրտելու, կարող է և պետք գա»։ Ենթադրում եմ՝ այդպես էր մտածում նա։

Ինչ վերաբերում է Շատովին, ապա կատարելապես վստահ էր, որ մատնելու է։ Նա ստեց այն ամենը, ինչ ասաց մերոնց՝ մատնության մասին, երբեք չէր տեսել այդ մատնագիրը ու չէր լսել դրա մասին, սակայն հավատում էր, որ դա կա, ինչպես երկու անգամ երկու։ Նրան հենց թվում էր, որ Շատովը ոչ մի դեպքում չի դիմանա ներկա րոպեին՝ Լիզայի մահը, Մարյա Տիմոֆեևնայի մահը, և հիմա հատկապես, ի վերջո, կվճռի։ Ով գիտե, գուցեև այդպես ենթադրելու ինչ-ինչ տվյալներ ուներ։ Հայտնի էր նաև, որ նա ատում էր Շատովին անձամբ։ Ժամանակին վեճ էին ունեցել իրար հետ, իսկ Պյոտր Ստեպանովիչը երբեք չէր ներում վիրավորանքը։ Համոզված եմ նաև, որ հենց դա էր գլխավորագույն պատճառը։

Մեր քաղաքի մայթերը նեղլիկ են, աղյուսաշար, երբեմն էլ՝ կամրջակների պես։ Պյոտր Ստեպանովիչը քայլում էր մայթի մեջտեղով՝ զբաղեցնելով լրիվ և նվազագույն իսկ ուշադրություն չդարձնելով Լիպուտինի վրա, որին տեղ չէր մնում կողքին, այնպես որ սա պիտի հասներ կամ մի քայլ ետ մնացած, կամ էլ կողքից խոսելով քայլելու համար փողոցով պիտի վազեր, ցեխի միջով։ Պյոտր Ստեպանովիչը հանկարծ հիշեց, թե ինչպես վերջերս ինքն էր քայլում ցեխերի միջով, հասնելու համար Ստավրոգինին, որը, ինչպեսև ինքը հիմա, քայլում էր մեջտեղով, ամբողջ մայթը զբաղեցրած։ Նա վերհիշեց ամբողջ տեսարանը, և կատաղությունից շունչը կտրվեց։

Սակայն Լիպուտինի շունչն էլ էր կտրվում վիրավորանքից։ Թող Պյոտր Ստեպանովիչը մերոնց հետ վարվի, ինչպես ուզում է, բայց իր հե՞տ։ ՉԷ որ ինքը բոլոր մերոնցից ավելին գիտե, բոլորից ավելի մոտ է կանգնած գործին, բոլորից ավելի սերտորեն է առնչված դրան ու մինչև հիմա, թեկուզև կողմնակիորեն, բայց անընդմեջ մասնակցել է գործին։ Օ՜, նա գիտեր, որ Պյոտր Ստեպանովիչը նույնիսկ հիմա կարող է կործանել իրեն՝ ծայրահեղ դեպքում. Սակայն Պյոտր Ստեպանովիչին վաղուց էր արդեն ատում, և ոչ թե վտանգավորության, այլ նրա ներողամիտ վերաբերմունքի համար։ Հիմա, երբ հարկադրված էր գնալ նման գործի, նա չարանում էր ավելի շատ, քան մերոնք բոլորը՝ միասին վերցրած։ Ավաղ, նա գիտեր, որ վաղն անպայման «ճորտի պես» առաջինը կլինի տեղում, նաև մյուս բոլորին կբերի, ու եթե կարողանար հիմա, մինչև վաղը, որևէ կերպ սպանել Պյոտր Ստեպանովիչին, հարկավ, իրեն չկործանելով, անկասկած կսպաներ։

Խորասուզված իր զգացումների մեջ՝ նա լսում ու մանրաքայլ վազում էր իրեն տանջողի ետևից։ Երբեմն միայն անզգուշաբար և անքաղաքավարի բոթում էր նրան արմունկով։ Հանկարծ Պյոտր Ստեպանովիչը մեր ամենաերևելի փողոցում կանգ առավ ու մտավ պանդոկ։

― Այս ու՞ր,― փրփրեց Լիպուտինը,― ախր, սա պանդոկ է։

― Ուզում եմ բիֆշտեքս ուտել։

― Ի սեր Աստծո, այստեղ միշտ լիքը մարդ կա։

― Թող լինեն։

― Բայց... մենք կուշանանք։ Ժամը տասն է արդեն։

― Այնտեղից չի կարելի ուշանալ։

― Ես կուշանամ։ Նրանք ետ դառնալուս են սպասում։

― Թող սպասեն, միայն թե հիմարություն կլինի ետ գնալը նրանց մոտ։ Ձեր իրարանցման պատճառով այսօր չեմ ճաշել։ Իսկ Կիրիլլովի մոտ՝ ինչքան ավելի ուշ, այնքան ավելի լավ։

Պյոտր Ստեպանովիչն առանձին սենյակ վերցրեց։ Լիպուտինը՝ զայրացած ու նեղացած, նստեց բազմոցին՝ մի կողմի վրա և նայում էր, ինչպես է նա ուտում։ Անցավ կես ժամ ու ավելի։ Պյոտր Ստեպանովիչը չէր շտապում, ուտում էր՝ վայելումով, զանգ էր խփում, ուրիշ մանանեխ պահանջում, հետո՝ գարեջուր, ոչ մի բառ չէր արտասանում։ Խորունկ մտազբաղության մեջ էր։ Նա կարող էր երկու գործ անել՝ ուտել վայելումով և խորունկ մտազբաղ լինել։ Ի վերջո, Լիպուտինն այն աստիճան ատեց նրան, որ ուժ չուներ հայացքը կտրել նրանից։ Նյարդային նոպայի պես մի բան էր։ Հաշվում էր բիֆշտեքսի ամեն մի կտոր, որ Պյոտր Ստեպանովիչը բերանն էր դնում, ատում այն բանի համար, թե ինչպես է բացում բերանը, ինչպես է ծամում, վայելումով ինչպես է ծծում ավելի յուղոտ կտորը, ատում էր բիֆշտեքսն ինքնին։ Վերջապես, կարծես աչքերի առաջ խառնվեց ամեն ինչ, գլուխը թեթևակի պտտվեց, տաք ու պաղ էր անցնում ողնաշարով՝ հաջորդաբար։

― Դուք ոչինչ չեք անում, կարդացեք,― հանկարծ թղթի մի կտոր շպրտեց Պյոտր Ստեպանովիչը։ Լիպուտինը մոտեցավ մոմին։ Թղթի կտորը մանրատառ գրոտած էր, վատ ձեռագրով, ամեն տողի վրա ջնջումներով։ Երբ հաղթահարեց, Պյոտր Ստեպանովիչն արդեն վճարել և դուրս էր գալիս։ Մայթի վրա Լիպուտինը նրան պարզեց թուղթը։

― Թողեք ձեզ մոտ, հետո կասեմ։ Ի դեպ, իսկ ի՞նչ կասեք։

Լիպուտինն ամբողջ մարմնով ցնցվեց։

― Իմ կարծիքով... նման թռուցիկը... միմիայն ծիծաղելի անհեթեթություն է։

Չարացածությունը դուրս հորդաց, զգաց, որ կարծես իրեն բռնեցին ու տարան։

― Եթե մենք որոշենք,― ամբողջ մարմնով մանրիկ դող էր անցնում,― տարածել այսպիսի թռուցիկներ, ապա մեր հիմարությամբ և գործը չհասկանալով կստիպենք մեզ արհհամարհել։

― Հըմ։ Ես ուրիշ կերպ եմ մտածում,― հաստատաքայլ գնում էր Պյոտր Ստեպանովիչը։

― Իսկ ես՝ ուրիշ կերպ։ Մի՞թե սա ինքներդ եք հորինել։

― Դա ձեր գործը չէ։

― Կարծում եմ նույնպես, որ «Լուսավոր անձնավորությունը» ոտանավորը, ամենագարշելի ոտանավորը, որ երբևէ կարող է լինել, երբեք չէր կարող Գերցենը հորինած լինել։

― Սուտ եք ասում, լավ ոտանավոր է։

― Օրինակ, ես զարմանում եմ նաև,― շարունակելով ցատկոտել և շունչը տեղը բերել՝ իրենն էր քշում Լիպուտինը,― որ մեզ առաջարկում են գործել այնպես, որ ամեն ինչ տապալվի։ Այդ Եվրոպայում է բնական ցանկանալը, որ ամեն ինչ տապալվի, որովհետև այնտեղ պրոլետարիատն է, իսկ այստեղ մենք սոսկ սիրողներ ենք, և իմ կարծիքով, միայն փ-փոշի ենք բարձրացնում։

― Կարծում էի, դուք ֆուրյեական եք։

― Ֆուրյեն դա չի ասում, բոլորովին ուրիշ-շ բան է։

― Գիտեմ, որ ցնդաբանություն է։

― Ոչ, Ֆուրյեի ասածը ցնդաբանություն չէ... ներեցեք ինձ, ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որ մայիս ամսին ապստամբություն լինի։

Լիպուտինը նույնիսկ կոճակներն արձակեց՝ այնքան էր շոգում։

― Լավ, բավական է, իսկ հիմա, որ չմոռանաք,― ահավոր սառնասրտությամբ խոսակցությունը դարձրեց Պյոտր Ստեպանովիչը,― այս թռուցիկը պետք է ձեր ձեռքով շարեք և տպագրեք։ Շատովի տպարանը կփորենք-կհանենք, ու վաղն ևեթ դուք կընդունեք տպարանը։ Հնարավորին չափ շուտ կշարեք ու կդաջեք ինչքան կարելի է շատ օրինակներ, իսկ հետո ամբողջ ձմեռ տարածել է պետք։ Միջոցները կհայտնվեն։ Պետք է հնարավորին չափ շատ օրինակներ, քանի որ ձեզնից կպահանջեն ուրիշ տեղերից։

― Ոչ-չ, այդ մեկը կներեք, ես չեմ կարող ինձ վրա վերցնել այդպիսի... Հրաժարվում եմ։

― Բայց և այնպես, կվերցնեք։ Ես գործում եմ կենտրոնական կոմիտեի հրահանգով, դուք պարտավոր եք ենթարկվել։

― Իսկ ես գտնում եմ, որ արտասահմանյան մեր կենտրոնները մոռացել են ռուսական իրականությունը և խախտել ամենայն կապ, ուստի և միայն զառանցում են... Ես նույնիսկ մտածում եմ, որ Ռուսաստանում բազում հարյուրավոր հնգյակների փոխարեն մենք ենք միայն, որ կանք, իսկ որևիցե ցանց ամենևին չկա,― վերջնականապես շնչասպառ եղավ Լիպուտինը։

― Առավել արհամարհանք ձեր հանդեպ, որ չհավատալով գործին, վազել եք դրա ետևից... ու հիմա էլ վազում եք իմ ետևից, ինչպես քնձռոտ մի շնիկ։

― Ոչ-չ, չեմ վազում։ Մենք կատարյալ իրավունք ունենք հեռանալ և կազմել նոր միություն։

― Տըխ-խմա՛ր,― հանկարծ ահեղաձայն թնդաց Պյոտր Ստեպանովիչը՝ շողացնելով աչքերը։

Որոշ ժամանակ երկուսն էլ կանգնած էին դեմ-դիմաց։ Պյոտր Ստեպանովիչը՝ շրջվեց ու ինքնավստահ գնաց նախկին ճանապարհով։

Լիպուտինի գլխում կայծակի պես շողաց. «Շրջվեմ ու ետ գնամ։ Եթե հիմա չշրջվեմ, էլ երբեք ետ չեմ գնա»։ Այսպես մտածում էր ուղիղ տասը քայլ, բայց տասնմեկերորդ քայլին մի նոր ու խենթ միտք ցոլաց ուղեղում, նա չշրջվեց ու ետ չգնաց։

Մոտեցան Ֆիլիպպովի տանը, բայց դեռ չհասած, գնացին նրբանցքով, կամ ավելի լավ է ասել, ցանկապատի եզրով, աննշմարելի արահետով, այնպես որ ստիպված էին որոշ ժամանակ խարխափել խանդակի թեք պռնկով, որի վրա ոտքերը չէին պահում ու պետք էր բռնել ցանկապատից։ Ծռված ցանկապատի ամենամութ անկյունում Պյոտր Ստեպանովիչը հանեց տախտակներից մեկը, անցք առաջացավ, որով անմիջապես անցավ նա։ Լիպուտինը զարմացավ, բայց ինքն էլ իր հերթին անցավ։ Հետո տախտակը տեղը դրեցին։ Դա հենց այն գաղտնի անցքն էր, որով Կիրիլլովի մոտ էր սողոսկում Ֆեդկան։

― Շատովը չպիտի իմանա, որ մենք այստեղ ենք,― խստորեն շշնջաց Պյոտր Ստեպանովիչը Լիպուտինին։

III

Կիրիլլովը, ինչպես միշտ այդ ժամին, թեյ խմելու էր նստած իր կաշվե բազմոցին։ Նա չելավ ընդառաջ, բայց մի տեսակ ամբողջովին լարվեց ու տագնապած նայեց ներս եկածներին։

― Դուք չեք սխալվում,― ասաց Պյոտր Ստեպանովիչը,― ես հենց այն բանի համար եմ եկել։

― Այսօ՞ր։

― Ոչ, ոչ, վաղը... մոտավորապես այս ժամին։

Եվ նա փութով նստեց սեղանի մոտ՝ որոշ անհանգստությամբ զննելով տագնապած Կիրիլլովին։ Վերջինս, ի դեպ, արդեն հանգստացել և իր մշտական տեսքն ուներ։

― Ահա, սրանք շարունակ չեն հավատում։ Չէ՞ք բարկանում, որ Լիպուտինին բերել եմ։

― Այսօր չեմ բարկանում, իսկ վաղն ուզում եմ՝ մենակ։

― Բայց ոչ ավելի շուտ, մինչ ես կգամ, ուստիև իմ ներկայությամբ։

― Ես կուզեի ոչ ձեր ներկայությամբ։

― Դուք հիշում եք, որ խոստացել եք գրել ու ստորագրել այն ամենը, ինչ կթելադրեմ։

― Ինձ համար մեկ է։ Իսկ հիմա երկա՞ր եք մնալու։

― Մեկի հետ պիտի հանդիպեմ ու կես ժամ է մնացել, այնպես որ՝ ինչպես կուզեք, բայց այդ կես ժամը կնստեմ։

Կիրիլլովը լուռ մնաց։ Լիպուտինն այդ ընթացքում տեղավորվեց քիչ հեռվում՝ ավագերեցի դիմանկարի տակ։ Քիչ առաջվա խենթ միտքն ավելի ու ավելի էր խորանում գլխում։ Կիրիլլովը համարյա չէր նկատում նրան։ Լիպուտինը գիտեր Կիրիլլովի տեսությունը նախքան դա և միշտ ծիծաղում էր նրա վրա, բայց հիմա լուռ էր և մռայլադեմ շուրջն էր նայում։

― Ես դեմ չէի լինի թեյին,― տեղում շրջվեց Պյոտր Ստեպանովիչը,― նոր բիֆշտեքս կերա և մտածում էի թեյն էլ ձեզ մոտ խմել։

― Խմեք, ինչ ասեմ։

― Նախկինում ինքներդ էիք հյուրասիրում,― թթված նշեց Պյոտր Ստեպանովիչը։

― Միևնույնն է։ Լիպուտինն էլ թող խմի։

― Ոչ-չ, ես... չեմ կարող։

― Չեմ ուզո՞ւմ, թե՝ չեմ կարող,― արագ շրջվեց Պյոտր Ստեպանովիչը։

― Ես նրանց մոտ չեմ-մ խմի,― արտահայտիչ ձայնով հրաժարվեց Լիպուտինը։ Պյոտր Ստեպանովիչը խոժոռեց հոնքերը։

― Միստիցիզմի հոտ է գալիս, սատանան գիտե, թե ինչ տեսակ մարդիկ եք բոլորդ։

Ոչ ոք չպատասխանեց նրան, մի ամբողջ րոպե լուռ էին։

― Բայց ես մի բան գիտեմ,― կտրուկ ավելացրեց նա հանկարծ,― որ ոչ մի նախապաշարմունք մեզնից յուրաքանչյուրին չի կանգնեցնի՝ կատարելու իր պարտականությունը։

― Ստավրոգինը գնա՞ց,― հարցրեց Կիրիլլովը։

― Գնաց։

― Այդ մեկը լավ արեց։

Պյոտր Ստեպանովիչը փայլեցնելու էր աչքերը, բայց զսպեց իրեն։

― Ինձ համար նույնն է, ինչպես եք մտածում, միայն թե յուրաքանչյուրն իր խոսքի տերը լինի։

― Ես իմ խոսքի տերն եմ։

― Ի դեպ, ես միշտ վստահ եմ եղել, որ կկատարեք ձեր պարտականությունը, որպես անկախ և առաջադիմական մարդ։

― Իսկ դուք ծիծաղելի եք։

― Թող այդպես լինի, ես շատ ուրախ եմ ծիծաղեցնել։ Ես միշտ ուրախ եմ, եթե կարող եմ գոհացնել։

― Դուք շատ ուզում եք, որ ես ինքնասպան լինեմ ու վախենում եք, որ հանկարծ ու՝ չէ՞։

― Այսինքն, գիտեք ինչ, դուք ինքներդ եք ձեր պլանը միացրել մեր գործողություններին։ Ձեր պլանը նկատի առնելով, մենք արդեն ինչ-որ բան ձեռնարկել ենք, այնպես որ դուք ոչ մի կերպ չէիք կարող հրաժարվել, որովհետև մեզ կդնեք վատ վիճակի մեջ։

― Ոչ մի իրավունք չունեք։

― Հասկանում եմ, հասկանում եմ, ձեր կատարյալ իրավունքն է, իսկ մենք՝ ոչինչ, բայց միայն թե ձեր այդ կամքը կատարվի։

― Ու ես պետք է ինձ վրա վերցնեմ ձեր բոլոր գարշելիություննե՞րը։

― Լսեք, Կիրիլլով, չե՞ք վախեցել արդյոք։ Եթե ուզում եք հրաժարվել, հայտարարեք հենց հիմա։

― Ես չեմ վախենում։

― Նրա համար եմ ասում, որ շատ բան եք հարցնում։

― Շո՞ւտ եք գնալու։

― Նորի՞ց եք հարց տալիս։

Կիրիլլովն արհամարհանքով զննեց նրան։

― Ահա, տեսնում եք,― շարունակեց Պյոտր Ստեպանովիչը՝ բարկանալով, անհանգստանալով ու չգտնելով հարկավոր տոնը,― դուք ուզում եք, որ ես գնամ՝ մենակ մնալու համար, որպեսզի կենտրոնանաք, բայց այդ ամենը վտանգավոր նախանշաններ են հենց ձեզ համար, առաջինը՝ ձեզ համար։ Դուք ուզում եք շատ մտածել։ Իմ կարծիքով, ավելի լավ կլինի չմտածել, այլ էնպես։ Եվ դուք, իրավ, ինձ անհանգստացնում եք։

― Ինձ համար միայն մի բան է շատ գարշելի, որ այն պահին ինձ մոտ ձեզ նման սողուն է լինելու։

― Դե, այդ մեկը միևնույնն է։ Ես թերևս այն պահին դուրս գամ և սպասեմ առմուտքին։ Եթե դուք մեռնում եք և այդպես անտարբեր չեք, ապա... այդ ամենը շատ է վտանգավոր։ Ես կելնեմ առմուտք, ու դուք կենթադրեք, թե ես ոչինչ չեմ հասկանում ու ձեզնից անչափ ցածր մեկն եմ։

― Չէ, դուք ոչ անչափ, բայց ընդունակություններ ունեք, թեև շատ բան չեք հասկանում, քանի որ ստոր մարդ եք։

― Շատ ուրախ եմ, շատ ուրախ։ Ես արդեն ասացի, որ ուրախ եմ զվարճանք պատճառել... այսպիսի մի պահի։

― Դուք ոչինչ չեք հասկանում։

― Այսինքն, ես... համենայն դեպս, լսում եմ հարգանքով։

― Դուք ոչինչ չեք կարող, հիմա նույնիսկ մանր չարությունը կոծկել չեք կարող, թեև ձեզ համար շահեկան չէ դա ցույց տալը։ Դուք ինձ կբարկացնեք, ու հանկարծ ես կես տարի էլ կուզեմ։

Պյոտր Ստեպանովիչը նայեց ժամացույցին։

― Ես երբեք ոչինչ չեմ հասկացել ձեր տեսությունից, բայց գիտեմ, որ մեզ համար չեք հորինել դա, նշանակում է, առանց մեզ էլ ի կատար կածեք։ Գիտեմ նաև, որ դուք չեք կերել գաղափարը, այլ գաղափարն է ձեզ կերել, ուրեմնև, չեք հետաձգի։

― Ինչպե՞ս թե։ Գաղափա՞րն է ինձ կերել։

― Այո։

― Եվ ոչ թե ե՞ս՝ գաղափարը։ Դա լավ է։ Մի փոքր խելք ունեք։ Միայն թե դուք ձեռ եք առնում, իսկ ես հպարտանում եմ։

― Շատ լավ է, հիանալի։ Հենց այդպես էլ պետք է, որ դուք հպարտանաք։

― Բավական է, խմեցիք, պրծաք, հեռացեք։

― Գրողը տանի, ստիպված ենք,― տեղից ելավ Պյոտր Ստեպանովիչը։― Բայց և այնպես, վաղ է։ Լսեք, Կիրիլլով, Մյասնիչիխայի մոտ կտեսնե՞մ այն մարդուն, հասկանո՞ւմ եք։ Թե՞՝ պառավն էլ է խաբել։

― Չեք տեսնի, քանի որ նա այստեղ է, և ոչ այնտեղ։

― Ինչպե՞ս թե՝ այստեղ, գրողը տանի, որտե՞ղ։

― Խոհանոցում նստած, ուտում և խմում է։

― Ինչպե՞ս է համարձակվել,― զայրացած կարմրատակեց Պյոտր Ստեպանովիչը։― Նա պարտավոր էր սպասել... ցնդաբանությո՜ւն է։ Նա ոչ անձնագիր ունի, ոչ փող։

― Չգիտեմ։ Եկել է հրաժեշտ տալու։ Հագած֊կապած, պատրաստ։ Գնում է ու ետ չի գա։ Ասաց, որ դուք սրիկա եք և չի ուզում սպասել ձեր փողերին։

― Ա-ա՜։ Վախենում է, որ ես... ախր ես հիմա էլ կարող եմ նրան, եթե... Ո՞ւր է, խոհանոցո՞ւմ։

Կիրիլլովը բացեց մի պստիկ, խավար սենյակ տանող կողքի դուռը, որտեղից ցած իջնող երեք աստիճան տանում էր խոհանոց՝ ուղիղ այն միջնորմված խցիկը, ուր սովորաբար տեղավորվում էր խոհարարուհու մահճակալը։ Այնտեղ էլ հենց, անկյունում՝ սրբապատկերի տակ նստած էր հիմա Ֆեդկան՝ տախտակե, անսփռոց սեղանի մոտ։ Նրա առաջ՝ սեղանին, կես-շտոֆ էր դրված, ափսեով հաց և կավե ամանի մեջ՝ տավարի սառը միս ու կարտոֆիլ։ Նա վրայից ուտում էր անախորժակ և արդեն կիսահարբած էր, բայց նստած էր քուրքով ու ակներևաբար, լրիվ պատրաստ՝ ճամփա ընկնելու։ Միջնորմից այն կողմ եռալ էր սկսում ինքնաեռը, բայց ոչ Ֆեդկայի համար, այլ Ֆեդկան անպայման ինքն էր փչում-բորբոքում կրակը և պատրաստում՝ մի շաբաթ ու ավելի, արդեն ամեն գիշեր «Ալեքսեյ Նիլըյչի համար, քանի որ կարգին վարժվել են, որ գիշերները թեյը լինի»։ Ես հաստատ կարծում եմ, որ տավարի միսն ու կարտոֆիլը, խոհարարուհի չունենալու պատճառով, Ֆեդկայի համար դեռևս առավոտից հենց Կիրիլլովն էր տապակել։

― Էդ ի՞նչ է անցել մտքովդ, ― թափով ցած իջավ Պյոտր Ստեպանովիչը,― ինչի՞ չես սպասել հրամայված տեղում։

Եվ նա բռունցքով ուժեղ խփեց սեղանին։

Ֆեդկան պատկառելի տեսք ընդունեց։

― Համբերի, Պյոտր Ստեպանովիչ, համբերի,― ձևեր թափելով՝ ամեն բառն ընդգծելով սկսեց նա,― առաջին հերթին էստեղ պիտի հասկանաս, որ պատվական այցելություն ես արել պարոն Կիրիլլովին, Ալեքսեյ Նիլըյչին, որի սապոգները միշտ կարող ես մաքրել, քանի որ քո առաջ նա խելքի ծով է, իսկ դու, եղած-չեղածը՝ թյուհ։

Եվ նա, էլի ձևեր թափելով, չոր-չոր թքեց մի կողմի վրա։ Երևում էր նրա հանդգնությունը, վճռականությունը և որոշ առումով խիստ վտանգավոր շինծու հանգիստ խրատամոլությունը՝ մինչև առաջին պոռթկում։ Սակայն Պյոտր Ստեպանովիչն այլևս ժամանակ չուներ նկատելու վտանգները, նաև դրանք չէին բռնում իրերի հանդեպ նրա տեսակետներին։ Օրվա դեպքերն ու անհաջողությունները հունից լրիվ հանել էին նրան... Լիպուտինը հետաքրքրությամբ նայում էր ցած, երեք աստիճաններից վար, մթին խցիկից։

― Ուզո՞ւմ ես, թե չես ուզում իսկական անձնագիր ու կարգին փող, որ հասնես, ուր ասված է։ Հա՞, թե՝ չէ։

― Գիտես ինչ կա, Պյոտր Ստեպանովիչ, դու հենց ամենասկզբից սկսել ես խաբել, էնպես որ իմ դեմ դու իսկական սրիկա ես։ Նույն բանն է, թե մարդու վրա՝ գարշելի ոջիլ, այ թե ես քեզ ում տեղ եմ դնում։ Անմեղ արյան դիմաց ինձ մեծ-մեծ փողեր խոսք տվիր ու պարոն Ստավրոգինի համար էլ երդում կերար, չնայած որ հիմի մենակ քո անքաղաքավարությունն է դուրս գալիս։ Ես ոնց որ կամ, ոչ մի կաթիլ գործ չեմ ունեցել, էլ չասած՝ մեկուկես հազարը, որ պարոն Ստավրոգինը վերջերս երեսներիդ է շրխկացրել, որ արդեն մենք էլ ենք իմանում։ Հիմի դու ինձ նորից ես ահ տալիս ու փողեր խոսք տալիս, թե ինչ գործի համար՝ ձեն չես հանում։ Ես էլ մտքիս մեջ կասկած ունեմ, որ ինձ Պետերբուրգ ես ուղարկում, որ պարոն Ստավրոգինից, Նիկոլայ Վսեվոլոդովիչից, ինչքան չարություն որ կա մեջդ, վրեժդ հանես՝ հույսդ դրած իմ հեշտ հավատալու վրա։ Ու դրանից դուրս է գալիս, որ առաջին մարդասպանը դու ես։ Ու գիտես, թե ինչի ես արժան դարձել հենց էն մի կետով, որ քո փչացածությամբ էլ չես հավատում տեր Աստծուն, մեր իսկական ստեղծողին։ Նույն բանն է, որ կռապաշտ ես՝ թաթարի կամ մորդվայի հետ մի գծի կանգնած։ Ալեքսեյ Նիլըյչը, որ փիլիսոփա մարդ է, իսկական Աստծուն, մեր արարիչ ստեղծողին քանի-քանի անգամ բացատրել է քեզ, ու աշխարհի ստեղծման մասին էլ, էդքան էլ հետոյի ճակատագրերի, ամեն տեսակ կենդանու ու գազանի վերափոխման մասին, Հայտնության գրքից։ Բայց դու անհասկացող կռապաշտի նման, խլացած ու պապանձված, քոնն ես քշում ու պրապորշչիկ Էրկելին էլ ես նույն բանին հասցրել, ոնց որ էն խաբեբա չարագործը, որին աթեիստ են ասում...

― Է՜յ, դո՜ւ, հարբած ռեխ։ Սրբապատկերներն ինքն է պռճոկում, ու մեկ էլ՝ Աստված քարոզում։

― Գիտես ինչ կա, Պյոտր Ստեպանովիչ, ես եմ քեզ ասում, որ ճիշտ ես, պռճոկել եմ։ Բայց ես մենակ մարքարիդներն եմ հանել, ու դա, ինչ իմանաս, վայ թե իմ մի կաթ արցունքն էլ Աստծու քուրայի առաջ հենց նույն րոպեին փոխվել է, իմ մի ցավի դիմաց, ճիշտ ու ճիշտ ոնց որ էն որբինը, որը տեղ էլ չուներ՝ գլուխը դնելու։ Գրքերից գիտե՞ս, որ հին-հին օրերում մի վաճառական, ճիշտ ու ճիշտ էդպիսի աղի արցունքով ու աղոթքով, սուրբ Աստվածածնի գլխի վրայի քարն էր գողացել ու հետո, ժողովրդի առաջ ծունկ չոքած, ամբողջ փողը դրել էր նրա ոտքերի տակ, ու ամենափրկիչ մայրը ամենքի աչքի առաջ քող էր գցել նրա գլխին, էնպես որ դրանից էն ժամանակ հրաշք էր ստացվել ու պետական գրքերի մեջ հրամայվել էր հենց եղածի պես գրել։ Իսկ դու ստեր ես փչել, ուրեմն հենց Աստծու աջն ես անպատվել։ Ու թե իմ հին պարոնը չէիր եղել, որին ջահել ժամանակ ձեռներիս վրա եմ պահել, եղած-չեղածով հիմի վերջդ կտայի՝ տեղիցս էլ չշարժվելով։

Պյոտր Ստեպանովիչը սաստիկ զայրացավ։

― Ասա, այսօր հանդիպե՞լ ես Ստավրոգինին։

― Ոչ մի ժամանակ դու չես կարա ինձ հարցաքննություն անես։ Պարոն Ստավրոգինն էլ է քո առաջ զարմացած-մնացած ու իր ուզածից դուրս է խառնվել գործին, ոչ թե մեկի հրամանով կամ էլ փողով։ Ինձ դու ես վստահացրել։

― Փողը դու կստանաս, երկու հազար էլ կստանաս Պետերբուրգում՝ տեղում, բոլորը միասին, ու էլի կստանաս։

― Պատվելիս, դու սուտ ես ասում, ծիծաղս գալիս է, որ քեզ տեսնում եմ, էնքան որ հեշտ հավատացող մարդ ես։ Պարոն Ստավրոգինը քո առաջ, ոնց որ աշտիճանի վրա կանգնած լինի, իսկ դու ներքևներից անխելք շան ձագի պես հաչում ես վրան, երբ նա վերևից քեզ վրա թքելն էլ մեծ պատիվ պիտի համարի։

― Իսկ գիտե՞ս արդյոք,― փրփրեց Պյոտր Ստեպանովիչը,― որ ես քեզ, սրիկայի մեկը, չեմ թողնի մի քայլ գցես այստեղից ու կտամ ոստիկանության ձեռքը։

Ֆեդկան ոտքի թռավ ու կատաղած շողացրեց աչքերը։ Պյոտր Ստեպանովիչը քաշեց ատրճանակը։ Այստեղ արագ ու նողկալի մի տեսարան կատարվեց, նախքան Պյոտր Ստեպանովիչը կկարողանար պարզել ատրճանակը, Ֆեդկան ակնթարթորեն թափ առավ և ամբողջ ուժով խփեց նրա այտին։ Նույն վայրկյանին մեկ ուրիշ ահավոր հարվածի ձայն լսվեց, հետո՝ երրորդը, չորրորդը, բոլորը՝ այտին։ Պյոտր Ստեպանովիչը շշմել էր, աչքերը չռել, ինչ-որ բան մրթմրթաց ու հանկարծ հասակով մեկ տապալվեց հատակին։

― Էս էլ ձեզ, ձերը լինի,― հաղթական շարժումով բղավեց Ֆեդկան, ճանկեց գլխարկը, թախտի տակից քաշեց-հանեց կապոցն ու չքացավ։ Պյոտր Ստեպանովիչը խռխռացնում էր՝ անգիտակից վիճակում։ Լիպուտինը մտածեց նույնիսկ, որ սպանություն կատարվեց։ Կիրիլլովը գլխապատառ խոհանոց վազեց։

― Ջուր լցնենք վրան,― բղավեց նա և դույլից երկաթյա շերեփով ջուր վերցնելով՝ լցրեց նրա գլխին։ Պյոտր Ստեպանովիչը շարժվեց, գլուխը բարձրացրեց, նստեց ու անիմաստ հայացքով դիմացն էր նայում։

― Հը՞, ի՞նչ,― հարցրեց Կիրիլլովը։

Ընկածն ակնապիշ, դեռևս չճանաչելով, նրան էր նայում, բայց տեսնելով խոհանոցից գլուխը հանած Լիպուտինին, ժպտաց իր գեշ ժպիտով ու մեկեն ոտքի ցատկեց՝ հատակից վերցնելով ատրճանակը։

― Եթե ձեր մտքով անցնի վաղը փախչել ստահակ Ստավրոգինի պես,― մոլեգնած վրա պրծավ նա Կիրիլլովին՝ ամբողջովին գունատված, կակազելով և բառերը ոչ ճիշտ արտասանելով,― ապա ես ձեզ երկրագնդի մյուս ծայրում... կկախեմ ճանճի պես... կճզմեմ... հասկանում եք։

Եվ նա ատրճանակը դրեց ուղիղ Կիրիլլովի ճակատին, բայց համարյա նույն րոպեին, վերջապես լրիվ ուշքի գալով, ետ քաշեց ձեռքը, ատրճանակը գրպանը խոթեց և այլևս ոչ մի բառ չասելով՝ դուրս վազեց տնից։ Լիպուտինը՝ ետևից։ Սողոսկեցին քիչ առաջվա անցքից և նորից քայլեցին զառիթափով՝ ցանկապատից բռնած։ Պյոտր Ստեպանովիչն արագ քայլեց նրբանցքով, այնպես որ Լիպուտինը հազիվ էր հասնում ետևից։ Առաջին խաչմերուկին հանկարծակի կանգ առավ։

― Հետո՞,― մարտահրավերով դիմեց նա Լիպուտինին։

Լիպուտինը հիշում էր ատրճանակը և ամբողջ մարմնով դեռ դողում էր քիչ առաջվա տեսարանից, բայց պատասխանը մի տեսակ հանկարծակի ու անզսպելի դուրս թռավ նրա բերանից.

― Ես կարծում եմ... ես կարծում եմ, որ «Սմոլենսկից մինչև Տաշքենդ էլ անհամբեր չեն սպասում ուսանողին»։

― Իսկ տեսա՞ք, թե ինչ էր խմում Ֆեդկան խոհանոցում։

― Ինչ էր խմո՞ւմ։ Օղի էր խմում։

― Դե, ուրեմն, իմացեք, որ կյանքում վերջին անգամ էր օղի խմում։ Խորհուրդ եմ տալիս հիշել՝ հետագա նկատառումների համար։ Իսկ հիմա կորեք գրողի ծոցը, մինչև վաղը դուք հարկավոր չեք... Բայց տեսեք հա՜, հիմարություններ չանեք։

Լիպուտինը գլխապատառ սլացավ տուն։

IV

Արդեն վաղուց ուրիշի ազգանունով անձնագիր ուներ պահած։ Արտառոց է մտածելը նույնիսկ, որ այդ չափած-ձևած մարդուկը, ընտանիքի մանր բռնակալը, համենայն դեպս աստիճանավորը (թեև ֆուրյեական) և վերջապես, ամենից առաջ, կապիտալիստը և վաշխառուն, արդեն վաղուց ի վեր երևակայական մի միտք էր հղացել՝ համենայն դեպս, ունենալ այդ անձնագիրը, դրա օգնությամբ արտասահման ծլկելու համար, եթե... ընդունում էր, չէ՞, այդ եթե-ի հնարավորությունը, թեև, հարկավ, ինքն էլ չէր կարող երբևէ ձևակերպել, թե հատկապես ինչ կարող էր նշանակել այդ եթե-ն...

Բայց հիմա դա հանկարծ ինքնըստինքյան ձևակերպվեց, ու ամենաանսպասելի եղանակով։ Խենթ գաղափարը, որով նա մտավ Կիրիլլովի մոտ, մայթի վրա Պյոտր Ստեպանովիչից լսած «տխմար»-ից հետո, այն էր, որ վաղն ևեթ, լուսամութին, դեն կնետի ամեն ինչ ու կտարագրվի արտասահման։

Ով չի հավատա, որ նման երևակայական բաներ մեր առօրյա իրականության մեջ կատարվում են նաև հիմա, թող տեղեկանա արտասահմանում բոլոր ռուս իսկական տարագիրների կենսագրություններից։ Ոչ մեկն ավելի խելացի ու իրական չի փախել։ Ուրվականների նույն անսանձ թագավորությունն է, և ուրիշ ոչինչ։

Վազեվազ հասնելով տուն, սկսեց նրանից, որ փակվեց, հանեց ճամփորդական պայուսակը և սկսեց դասավորվել։ Նրա գլխավոր մտահոգությունը փողերն էին և թե ինչքան ու ինչպես կարող էր փրկել։ Հենց փրկել, քանզի, նրա ըմբռնումներով, արդեն ժամ իսկ չէր կարելի հապաղել և լուսամութով պետք է գտնվեր մեծ ճանապարհի վրա։ Չգիտեր նմանապես, թե ինչպես է վագոն նստելու։ Անհստակ վճռեց, որ կնստի քաղաքից երկրորդ կամ երրորդ խոշոր կայարանում, մինչև այդտեղ թեկուզ ոտքով կհասնի։ Այդպիսով, բնազդաբար ու մեքենայաբար, մտքերի պարսը գլխում, բնբնում էր պայուսակի վրա և հանկարծ կանգ առավ, թողեց ամեն ինչ և խուլ տնքոցով մեկնվեց բազմոցին։

Նա հստակ զգաց և հանկարծակի գիտակցեց, որ փախչելը փախչում է թերևս, սակայն հարցը՝ ստիպված է լինելու փախչել նախքան Շատովը, թե Շատովից հետո, բացարձակորեն ի զորու չէ վճռել, որ հիմա ինքը լոկ մի կոպիտ, անզգա մարմին է, իներցիայով շարժվող զանգված, բայց որ իրեն շարժում է կողմնակի ահավոր մի ուժ, որ թեև արտասահմանի անձնագիր ունի, թեև կարող է փախչել Շատովից (այլապես, ինչո՞ւ պիտի այդքան շտապեր), բայց որ փախչում է ոչ թե նախքան Շատովը, ոչ թե Շատովից, այլ հենց Շատովից հետո, և որ արդեն դա վճռված է, ստորագրված ու կնքված։ Անտանելի անձկությամբ, ամեն րոպե դողալով և ինքն իր վրա զարմանալով, տնքտնքալով և մեկումեջ նվաղելով, մի կերպ քարշ եկավ՝ փակված ու բազմոցին պառկած, մինչև հաջորդ առավոտյան ժամը տասնմեկը, և ահա հենց այդտեղ էլ հանկարծ հետևեց սպասվող դրդումը, որ միանգամից գործի դրեց նրա վճռականությունը։ Ժամը տասնմեկին, հենց ելավ փակվածությունից ու մտավ տնեցիների մոտ, նրանցից էլ հանկարծ իմացավ, որ ավազակ, փախած տաժանապարտ, բոլորի վրա սարսափ տարածող, եկեղեցիներ կողոպտող, ոչ ուշ անցյալի մարդասպան և հրկիզող Ֆեդկան, ում հետևում և ոչ մի կերպ չէր կարողանում բռնել մեր ոստիկանությունը, լուսածեգին գտնվել է սպանված՝ քաղաքից յոթը վերստ հեռու՝ մեծ ճանապարհից Զախարյինո տանող գյուղամիջյան ճանապարհի ոլորանին, և որ այդ մասին արդեն ամբողջ քաղաքն է խոսում։ Տեղնուտեղը գլխապատառ դուրս նետվեց տնից՝ մանրամասներն իմանալու և իմացավ, նախ, որ ջարդված գլխով Ֆեդկան, բոլոր նշաններից ելնելով, կողոպտված է և երկրորդը, որ ոստիկանությունն արդեն ուժեղ կասկածներ և նույնիսկ որոշ հաստատուն տվյալներ ունի եզրակացնելու, որ նրան սպանողը շպիգուլինյան Ֆոմկան է, հենց նա, ում հետ աներկբայորեն մորթել էր Լեբյադկիններին ու կրակ տվել և որ վեճը նրանց միջև տեղի էր ունեցել ետ դառնալու ճանապարհին արդեն, իբր Ֆեդկայի թաքցրած, Լեբյադկինից թալանած մեծ փողերի պատճառով... Լիպուտինը վազեվազ հասավ նաև Պյոտր Ստեպանովիչի բնակարանը և ետևի առմուտքին հասցրեց իմանալ, որ Պյոտր Ստեպանովիչը թեև տուն է վերադարձել գիշերվա ժամը մեկին մոտ, բայց ամբողջ գիշեր հանգիստ քնել է իր տանը, մինչև առավոտվա ժամը ութը։ Անշուշտ, կասկած լինել չէր կարող, որ ավազակ Ֆեդկայի մահվան մեջ անսովոր ոչինչ չկար և որ այդպիսի վախճաններ ամենից հաճախակի լինում են հենց նման դեպքերում, սակայն ճակատագրական բառերի զուգորդումը, թե «Ֆեդկան այս երեկո վերջին անգամ էր օղի խմում», մարգարեության անհապաղ արդարացմամբ, այն աստիճան էր նշանակալի, որ Լիպուտինը մեկեն դադարեց տատանվել։ Դրդումը տրված էր, ճիշտ կարծես քար ընկավ վրան և ճզմեց ընդմիշտ։ Դառնալով տուն, նա լուռ, ոտքով հրեց պայուսակը մահճակալի տակ, իսկ երեկոյան նշված ժամին, բոլորից շուտ ներկայացավ պայմանավորված տեղը՝ Շատովին հանդիպելու համար, ճիշտ է, դեռևս իր անձնագիրը գրպանում...


Գլուխ հինգերորդ․ Ճամփորդուհին

I

Լիզային պատահած աղետը և Մարյա Տիսոֆեևնայի մահը ճնշող տպավորություն էին գործել Շատովի վրա։ Արդեն հիշատակել եմ, որ այն առավոտ ես նրան թռուցիկ հանդիպեցի, ինձ թվաց, թե նրա խելքը տեղը չէ։ Իմիջիայլոց, հայտնեց, որ երեկ երեկոյան, ժամը իննի մոտ (ուրեմն, հրդեհից երեք ժամ առաջ) եղել է Մարյա Տիմոֆեևնայի մոտ։ Վաղ առավոտյան գնացել էր՝ դիակները տեսնելու, բայց ինչքան գիտեմ, այդ առավոտ ոչ մի ցուցմունք չէր տվել և ոչ մի տեղ։ Այնինչ, օրվա վերջին նրա հոգում իսկական փոթորիկ էր բարձրացել և... և կարծում եմ, կարող եմ հաստատապես ասել, այնպիսի պահ էր եղել մթնշաղին, որ ուզել էր վեր կենալ, գնալ ու հայտարարել ամեն ինչ։ Թե ինչ էր այդ ամեն ինչը, ինքը գիտեր։ Հարկավ, ոչնչի չէր հասնի, այլ պարզապես ինքն իրեն կմատներ։ Ոչ մի ապացույց չուներ՝ մերկացնելու համար հենց նոր կատարված ոճրագործությունը, ինքն էլ դրա վերաբերյալ սոսկ մշուշոտ կռահումներ ուներ, որոնք միայն ու միայն իր համար էին հավասար կատարյալ համոզվածության։ Սակայն նա պատրաստ էր կործանել իրեն, սոսկ «սրիկաներին ճզմելու համար»՝ նրա իսկ բառերն են։ Պյոտր Ստեպանովիչը մասամբ ճիշտ էր կռահել նրա այդ պոռթկումը և ինքն էլ գիտեր, որ խիստ վտանգում է՝ մինչև վաղը հետաձգելով իր նոր զարհուրելի մտադրության կատարումը։ Նրա կողմից, ըստ սովորության, առկա էր բավականին ինքնավստահություն և արհամարհանք բոլոր այդ «մարդուկների», առանձնապես Շատովի հանդեպ։ Նա արհամարհում էր Շատովին արդեն վաղուց, նրա «լալկան ապուշության» համար, ինչպես արտահայտվել էր նրա մասին դեռևս արտասահմանում, և հաստատ հույս ուներ նման անխարդախ մեկի հախից գալ, այն է՝ տեսադաշտից չկորցնել այդ ամբողջ օրը և ճամփան կտրել առաջին իսկ վտանգի դեպքում։ Եվ սակայն մի կարճ ժամանակով «սրիկաներին» փրկեց բացարձակապես անսպասելի, նրանց կողմից ամենևին չկանխատեսված մի հանգամանք...

Երեկոյան ժամը յոթն անց մի քիչ (հենց այն ժամանակ, երբ մերոնք Էրկելի մոտ հավաքվել, սպասում էին Պյոտր Ստեպանովիչին, բարկանում էին և հուզվում), Շատովը՝ գլխացավով ու թեթև դողէրոցքով, ձգվել-պառկել էր իր մահճակալին մթան մեջ՝ առանց մոմի։ Տանջվում էր տարակուսանքից, բարկանում, որոշում ու վերջնականապես ոչ մի կերպ վճռել չէր կարողանում և անիծելով կանխազգում, որ այդ ամենը, սակայն, ոչնչի չեն հանգեցնի։ Կամաց-կամաց մի պահ անզգայացավ թեթև քնով ու երազին մղձավանջի պես մի բան տեսավ։ Տեսավ, իբր պարաններով կապկպված է իր մահճակալին, ամբողջ մարմինն է կապկպած ու չի կարող շարժվել, այնինչ տնով մեկ թնդում են ցանկապատին, դարպասին, իր դռանը, Ֆիլիպպովի կողաշենքին հասցվող ահավոր հարվածներ, այնպես որ ամբողջ տունն է ցնցվում ու մի հեռավոր, ծանոթ, բայց իր համար տանջալի ձայն աղիողորմ կանչում է իրեն։ Նա մեկեն արթնացավ ու կռթնեց անկողնում։ Ի զարմանս, հարվածները դարպասին շարունակվում էին, ու թեև հեռվում ու ոչ այնպես ուժգին, ինչպես երազում էր պատկերվում, սակայն հաճախակի և համառորեն, իսկ տարօրինակ և «տանջալի» ձայնը, թեև ոչ ամենևին աղիողորմ, այլ հակառակը՝ անհամբեր ու բորբոքված, անդադար լսվում էր ներքևում՝ դարպասի մոտ՝ խառնված մեկ ուրիշի ավելի զուսպ և սովորական ձայնին։ Նա վեր թռավ, բացեց օդանցքը և դուրս հանեց գլուխը։

― Ո՞վ է,― ձայն տվեց նա՝ տառացիորեն փայտացած վախից։

― Եթե դուք Շատովն եք,― կտրուկ ու հաստատ պատասխանեցին նրան ներքևից,― ապա կխնդրեմ, բարի եղեք ուղղակի և ազնվորեն հայտնել՝ համաձա՞յն եք ինձ ներս թողնել, թե՝ ոչ։

Այդպես էլ կար, նա ճանաչեց այդ ձայնը։

― Marie!... Դո՞ւ ես։

― Ես եմ, ես, Մարյա Շատովան, և հավատացնում եմ ձեզ, ոչ մի րոպե ավելի չեմ կարող պահել կառապանին։

― Հիմա... միայն թե մոմը...― թույլ ձայնով բղավեց Շատովը։ Հետո նետվեց՝ լուցկի փնտրելու։ Ինչպես սովորաբար նման դեպքերում, լուցկին չէր գտնվում։ Մոմը մոմակալով գցեց ցած, ու հենց ներքևից նորից լսվեց անհամբեր ձայնը, ձգեց ամեն ինչ և գլխապատառ ցած թռավ իր թեք աստիճաններով՝ դռնակը բացելու։

― Բարի եղեք, վերցրեք պայուսակը, մինչև ես կվերջացնեմ այս անհասկացողի հետ,― ներքևում նրան դիմավորեց տիկին Մարյա Շատովան ու նրա ձեռքը խոթեց բավական թեթև, ձեռքի պարուսինե էժանագին պայուսակը՝ դրեզդենյան վարպետների սարքած բրոնզե մեխակներով։ Իսկ ինքը՝ բորբոքված, վրա պրծավ կառապանին։

― Համարձակվում եմ ձեզ հավատացնել, որ շատ եք վերցնում։ Եթե դուք մի ամբողջ ավելորդ ժամ ինձ քարշ եք տվել այստեղի կեղտոտ փողոցներով, մեղքը ձերն է, որովհետև ինքներդ չգիտեք, ուրեմն, որտեղ է այս տխմար փողոցն ու այս տխմար տունը։ Բարի եղեք վերցնել ձեր երեսուն կոպեկը և համոզվել, որ այլևս ոչինչ չեք ստանա։

― Էխ, տիկին, տիկին, ինքն էր ցույց տալիս Վոզնեսենսկա փողոցը, բայց էս Բոգոյավլենսկան է, Վոզնեսենսկոյը հրեն, ո՜ւր է էստեղից։ Խեղճ անասունի հերն անիծեցինք մենակ։

― Վոզնեսենսկայա, Բոգոյավլենսկայա՝ այդ բոլոր տխմար անունները ձեզ ավելի հայտնի պիտի լինեին, քան ինձ, որովհետև այստեղի բնակիչ եք և ամենից առաջ անարդարացի եք. ես ձեզ ամենից առաջ հայտնեցի Ֆիլիպպովի տան մասին, դուք էլ հենց հաստատեցիք, թե գիտեք։ Համենայն դեպս, կարող եք ինձ վրա դատ բացել հաշտարար դատարանում, իսկ հիմա խնդրում եմ ինձ հանգիստ թողնել։

― Ահա, ահա, հինգ կոպեկ էլ ձեզ,― Շատովը փութով գրպանից հանեց մի հինգկոպեկանոց ու տվեց կառապանին։

― Բարի եղեք, խնդրում եմ, չանեք այդ բանը,― այն է, բորբոքվելու էր madame Շատովան, բայց կառապանը շարժեց տեղից «անասունը», և Շատովը, բռնելով նրա ձեռքը, ներս տարավ դարպասից։

― Շուտ, Marie, շուտ... դատարկ բաներ են, և՝ ինչպե՜ս ես թրջվել։ Կամաց՝ այստեղ բարձրանալիս, ափսոս լույս չունեմ, սանդուղքը թեք է, պինդ բռնիր, ավելի պինդ, ահա և իմ խցիկը։ Կներես, անլույս եմ... Հիմա։

Նա հատակից վերցրեց մոմակալը, բայց երկար ժամանակ լուցկի չէր գտնում։ Տիկին Շատովան սպասումով կանգնած էր սենյակի կենտրոնում՝ լուռ և անշարժ։

― Փառք Աստծո, վերջապես,― բերկրալի բացականչեց Շատովը՝ լուսավորելով խուցը։ Մարյա Շատովան թռուցիկ զննեց կացարանը։

― Ինձ ասել էին, որ վատ եք ապրում, բայց և այնպես, կարծում էի, ոչ այսպես,― խորշանքով ասաց նա և ուղղվեց դեպի մահճակալը։

― Օ՜ֆ, հոգնել եմ,― ուժասպառ տեսքով նա նստեց կոշտ անկողնուն։― Խնդրում եմ, ցած դրեք պայուսակը և նստեք աթոռին։ Ասենք, ինչպես կուզեք, աչքի առաջ եք ցցված։ Ես ձեզ մոտ ժամանակավոր եմ, մինչև աշխատանք գտնեմ, որովհետև այստեղից ոչինչ չգիտեմ և փող էլ չունեմ։ Բայց եթե նեղություն եմ տալիս, բարի եղեք, նորից եմ խնդրում, հենց հիմա հայտնեք, ինչպես պարտավոր եք անել, եթե ազնիվ մարդ եք։ Այնուամենայնիվ, վաղը կարող եմ որևէ բան վաճառել ու վճարել հյուրանոցի վարձը, իսկ հյուրանոց ուղեկցել ինքներդ կբարեհաճեք... Օ՜ֆ, միայն թե հոգնած եմ։

Շատովն ամբողջ մարմնով ցնցվեց։

― Հարկավոր չէ, Marie, հարկավոր չէ հյուրանոց։ Ի՜նչ հյուրանոց։ Ինչի՞ համար, ինչի՞։

Շատովը ձեռքերը ծալեց պաղատագին։

― Դե, եթե կարելի է յոլա գնալ առանց հյուրանոցի, այնուամենայնիվ անհրաժեշտ է գործի մեջ պարզություն մտցնել։ Հիշեցեք, Շատով, որ ես ու դուք Ժնևում ամուսնացած ապրել ենք երկու շաբաթ ու մի քանի օր, ահա արդեն երեք տարի բաժանվել ենք, իմիջիայլոց, առանց մի հատուկ վեճի։ Սակայն մի կարծեք, թե ես վերադարձել եմ՝ վերսկսելու ինչ-որ բան նախկին հիմարություններից։ Ես վերադարձել եմ աշխատանք որոնելու, և եթե ուղիղ այս քաղաքը, որովհետև ինձ համար մեկ է։ Ես չեմ եկել՝ ինչ-որ բանի համար զղջալու, բարի եղեք, մտքներովդ չանցնի նաև այդ հիմարությունը։

― Օ՜, Marie։ Դա իզուր էր, միանգամայն իզուր,― անորոշ մրթմրթաց Շատովը։

― Իսկ եթե այդպես է, եթե այնքան զարգացած եք, որ կարող եք դա էլ հասկանալ, ապա ինձ թույլ կտամ ավելացնել, որ եթե հիմա ուղղակի ձեզ դիմեցի և եկա ձեր բնակարանը, ապա մասամբ և այն պատճառով, որ միշտ համարել եմ ձեզ ամենևին ոչ սրիկա, գուցեև շատ ավելի լավը մյուս... ապիկարներից։

Նրա աչքերը փայլատակում էին։ Պետք է որ շատ բան կրած լիներ ինչ-ինչ «ապիկարներից»։

― Եվ խնդրեմ, վստահ եղեք, որ հիմա բոլորովին չէի ծիծաղում ձեզ վրա, հայտնելով, որ բարի եք։ Ես ասում էի ուղղակի, առանց պերճախոսության, ու տանել էլ չեմ կարողանում։ Բայց դրանք դատարկ բաներ են։ Ես միշտ հուսով եմ եղել, որ բավականաչափ խելոք կլինեք՝ չձանձրացնելու համար... Օ՛ֆ, բավական է, հոգնեցի՜։

Եվ նա Շատովին նայեց երկար, տանջահար ու հոգնած հայացքով։ Շատովը կանգնած էր նրա առաջ՝ սենյակի մեջտեղում՝ հինգ քայլի վրա, երկչոտ, բայց մի տեսակ նորացած, դեմքին ինչ-որ չտեսնված շողարձակումով, նրան էր լսում։ Այդ ուժեղ և չորկող մարդը, մշտապես պոչը ցից, հանկարծ ամբողջապես փափկել ու լուսավորվել էր։ Հոգում մի անսովոր, լիովին անսպասելի բան խլրտաց։ Երեք տարվա բաժանությունը, ամուսնալուծության երեք տարիները ոչինչ դուրս չէին մղել նրա սրտից։ Եվ կարող է պատահել, այդ երեք տարվա ամեն մի օրը երագել էր նրա մասին, ինչ-որ ժամանակ իրեն «սիրում եմ» ասած թանկագին էակի մասին։ Գիտնալով Շատովին, հաստատապես կասեմ, որ երազել անգամ չէր կարող երբեք, թե որևէ կին կարող է իրեն ասել՝ «սիրում եմ»։ Նա ողջամիտ էր ու ամաչկոտ՝ վայրենության աստիճան, իրեն համարում էր սարսափելի տգեղ, ատում էր իր դեմքն ու բնավորությունը, իրեն նույնացնում ինչ-որ հրեշի հետ, որին կարելի է ման ածել և ցուցադրել միայն տոնավաճառներում։ Ի հետևանք այդ ամենի, ամեն ինչից վեր էր դասում ազնվությունը, իսկ իր համոզմունքներին նվիրվում ֆանատիկոսի պես, մռայլ էր, գոռոզ, զայրացկոտ ու ոչ-զրուցասեր։ Եվ ահա այս միակ էակը, երկու շաբաթ իրեն սիրած (նա միշտ, միշտ հավատում էր դրան) էակը, ում միշտ համարում էր անչափելի բարձր իրենից, չնայած կնոջ մոլորությունների միանգամայն սթափ ըմբռնմանը, էակը, ում կարող էր բացարձակորեն ամեն, ամեն ինչ ներել (այդ մասին հարց անգամ չէր կարող լինել, այլ նույնիսկ միանգամայն հակառակ մի բան կար, այնպես էր ըստ նրա ստացվում, որ ինքն է կնոջ առաջ մեղավոր ամեն ինչում), այդ կինը, այդ Մարյա Շատովան հանկարծ նորից իր տանն է, նորից իր առաջ... դա համարյա թե անհնար էր հասկանալ։ Այնպես էր ապշահար, այդ դեպքն ամփոփում էր նրա համար այնքան սարասափելի մի բան, միևնույն ժամանակ այնքան երջանկություն, որ նա, անշուշտ, չէր կարող, գուցեև չէր կամենում, վախենում էր ուշքի գալ։ Դա երազ էր։ բայց երբ կինը նրան նայեց այդ տանջահար հայացքով, Շատովը մեկեն հասկացավ, որ այնքան սիրելի այդ էակը տառապում է, կարող է պատահել՝ դառնացած է։ Սիրտը նվաղեց։ Նա ցավագին զննում էր կնոջ դիմագծերը՝ հոգնած այդ դեմքից վաղուց արդեն չքացել էր առաջին երիտասարդության փայլը։ Ճիշտ է, դեռևս հաճելի արտաքին ուներ, Շատովի աչքերում՝ առաջվա պես գեղեցկուհի էր (իրականում՝ քսանհինգամյա կին էր՝ բավական հուժկու կազմվածքով, միջինից բարձր հասակով, Շատովից բարձրահասակ), մուգ խարտյաշ առատ մազերով, դալուկ, ձվածիր դեմքով, խոշոր ու մգագույն աչքերով, որոնք հիմա տենդագին փայլում էին)։ Սակայն թեթևամիտ, միամիտ և բարեհոգի նախկին եռանդը՝ այնքան ծանոթ Շատովին, փոխարինվել էր մռայլ դյուրագրգռությամբ, հուսախաբությամբ, կարծես թե ցինիզմով, որին դեռևս չէր ընտելացել ու որից ինքն էր նեղվում։ Բայց գլխավորը, նա հիվանդ էր, Շատովը դա հստակ տեսավ։ Չնայած կնոջ հանդեպ իր համակ սարսափին, Շատովը մեկեն մոտեցավ և բռնեց նրա երկու ձեռքը.

― Marie... գիտես... գուցե դու շատ հոգնած ես, ի սեր Աստծո, մի բարկանա... Եթե համաձայնեիր, օրինակ, գոնե թե՞յ, հը՞։ Թեյը շատ է կազդուրիչ, հը՞։ Եթե համաձայնեիր...

― Ինչ մի համաձայնելու բան կա, պարզ է, որ կհամաձայնեմ, առաջվա երեխան եք մնացել։ Եթե կարող եք, բերեք։ Ինչ նեղվա՜ծք է ձեզ մոտ։ Ի՜նչ ցուրտ է ձեզ մոտ։

― Օ, հիմա ես՝ ցախ, ցախ... ցախ ունեմ,― լրիվ իրար անցավ Շատովը,― ցախ... այսինքն, բայց... իմիջիայլոց, թեյ էլ կլինի հիմա,― նա թափ տվեց ձեռքը մի տեսակ հուսաբեկ վճռականությամբ և ճանկեց գլխարկը։

― Իսկ ո՞ւր եք գնում։ Ուրեմն, տանը թեյ չկա՞։

― Կլինի, կլինի, կլինի, հիմա ամեն ինչ կլինի... ես...― նա գրադարակի վրայից ճանկեց ատրճանակը։

― Հիմա ես կծախեմ այս ատրճանակը... կամ գրավ կդնեմ...

― Ի՜նչ հիմարություն, ու ինչքան երկար կտևի։ Վերցրեք, ահա իմ փողերը, եթե ոչինչ չունեք, կարծեմ, ութը գրիվեն է, բոլորը։ Ձեզ մոտ ճիշտ կարծես գժատուն լինի։

― Պետք չէ, պետք չէ քո փողը, ես՝ հիմա, մի վայրկյանում, առանց ատրճանակ էլ...

Եվ նա նետվեց ուղիղ Կիրիլլովի մոտ։ Հավանաբար, դա մի երկու ժամ առաջ էր, մինչև Պյոտր Ստեպանովիչի ու Լիպուտինի գալը Կիրիլլովի մոտ։ Նույն բակում ապրող Կիրիլլովը և Շատովը համարյա չէին հանդիպում իրար, հանդիպելիս էլ չէին ողջունում ու չէին խոսում, չափից ավելի երկար էին նրանք միասին «պառկել» Ամերիկայում։

― Կիրիլլով, դուք միշտ թեյ ունենում եք, թեյ ու ինքնաեռ ունե՞ք։

Կիրիլլովը, որ քայլում էր սենյակում (իր սովորության համաձայն, ամբողջ գիշեր, անկյունից անկյուն) մեկեն կանգ առավ և ակնապիշ նայեց ներս ընկածին, ըստ որում, առանց առանձին մի զարմանքի։

― Թեյ կա, շաքար կա, ինքնաեռ էլ կա։ Բայց ինքնաեռ պետք չէ, թեյը տաք է։ Նստեք ու պարզապես խմեք։

― Կիրիլլով, մենք իրար հետ պառկել ենք Ամերիկայում... Կինս է եկել մոտս... Ես... Թեյ տվեք... Ինքնաեռ է պետք։

― Եթե կինդ է, ուրեմն ինքնաեռ պետք է։ Բայց ինքնաեռը՝ հետո։ Ես երկուսն ունեմ։ Իսկ հիմա սեղանի վրայից վերցրեք թեյնիկը։ Տաք է, շատ տաք։ Ամեն ինչ վերցրեք, շաքար վերցրեք, բոլորը... Հաց... Հաց շատ կա, բոլորը։ Հորթի միս կա։ Մի ռուբլի փող։

― Տուր բարեկամս, վաղը կվերադարձնեմ։ Ա՜խ, Կիրիլլով։

― Այն կի՞նն է, որ Շվեյցարիայում էր։ Լավ է։ Եվ որ այդպես ներս ընկաք, դա էլ է լավ։

― Կիրիլլով,― բղավեց Շատովը՝ կռնատակին առնելով թեյնիկը, իսկ երկու ձեռքերին՝ հացն ու շաքարը,― Կիրիլլով... Եթե... եթե դուք կարողանայիք հրաժարվել ձեր սարսափելի երևակայություններից ու դեն նետել ձեր անաստված զառանցանքը... օ՜, ինչ մարդ կլինեիք, Կիրիլլով։

― Երևում է, որ սիրում եք ձեր կնոջը Շվեյցարիայից հետո։ Դա լավ է, եթե Շվեյցարիայից հետո է։ Երբ թեյ պետք եկավ, նորից եկեք, ամբողջ գիշեր եկեք, ես բոլորովին չեմ քնում։ Ինքաեռը կլինի։ Վերցրեք ռուբլին, ահա։ Գնացեք ձեր կնոջ մոտ, իսկ ես կմնամ ու կմտածեմ ձեր և ձեր կնոջ մասին։

Մարյա Շատովան նկատելիորեն գոհ էր այդ շտապողականությունից և համարյա ագահաբար վրա պրծավ թեյին, բայց ինքնաեռ բերելու հարկ չեղավ, ընդամենը կես բաժակ խմեց ու մի փոքր կտոր չոր հաց կերավ։ Հորթի մսից հրաժարվեց՝ խորշանքով ու բորբոքված։

― Դու հիվանդ ես, Marie, ամեն ինչ հիվանդագին ես անում...― երկչոտ նշեց Շատովը՝ երկչոտ հոգ տանելով նրա շուրջը։

― Իհարկե, հիվանդ եմ, նստեք, խնդրում եմ։ Թեյը որտեղի՞ց վերցրիք, եթե չկար։

Շատովը պատմեց Կիրիլլովի մասին՝ թեթևակի, կարճ։ Մարյան ինչ-որ բան լսել էր նրա մասին։

― Գիտեմ, որ խելագար է։ Հերիք է, խնդրում եմ, քի՞չ հիմար մարդ կա։ Ուրեմն, Ամերիկայում եք եղել։ Լսել եմ, դուք գրել էիք։

― Այո, ես... Գրել էի Փարիզ։

― Բավական է, խնդրում եմ, մի ուրիշ բանից։ Համոզմունքներով դուք սլավոնապա՞շտ եք։

― Ես... ոչ թե որ... Ռուս լինելու անհնարինությունից դարձա սլավոնապաշտ,― քթի տակ ծուռ ժպտաց նա՝ անհարկի և ուժից վեր սրամտած մարդու լարումով։

― Իսկ դուք ռո՞ւս չեք։

― Ոչ, ռուս չեմ։

― Էհ, դատարկ բաներ են։ Նստեք, խնդրում եմ, վերջապես։ Ի՞նչ եք շարունակ գնում-գալիս։ Կարծում եք, զառանցանքի մե՞ջ եմ։ Գուցեև զառանցեմ։ Ասում եք, միայն երկուսո՞վ եք այս տանը։

― Երկուսը... ներքևում...

― Ու բոլորն էլ՝ այդքան խելոք։ Ներքևում՝ ի՞նչ։ Դուք ասացիք՝ ներքևո՞ւմ։

― Չէ, ոչինչ։

― Ի՞նչ ոչինչ։ Ես ուզում եմ իմանալ։

― Միայն ուզում էի ասել, որ հիմա այստեղ երկուսով ենք բակում, իսկ ներքևում առաջ ապրում էին Լեբյադկինները...

― Այն կի՞նը, ում այս գիշեր մորթել են,― մեկեն վեր թռավ նա։― Լսել եմ։ Հենց եկա, լսեցի։ Ձեզ մոտ հրդե՞հ է եղել։

― Այո, Marie, այո, և գուցե ահավոր սրիկայություն եմ անում այս րոպեիս, որ ներում եմ սրիկաներին...― հանկարծակի վեր կացավ նա ու սկսեց ետուառաջ քայլել սենյակում՝ ձեռքերը վեր պարզելով, ասես մոլեգնության մեջ։

Բայց Marie-ն այնքան էլ չհասկացավ նրան։ Մարյան պատասխանները ցրված էր լսում, նա հարցնում էր ու ոչ թե լսում։

― Փառավո՜ր գործեր են կատարվում ձեզ մոտ։ Օ՜հ, ինչ ստոր է ամեն բան։ Ի՜նչ սրիկա են բոլորը։ Վերջապես նստեք, խնդրում եմ, օ՜, ինչպես եք ինձ ջղայնացնում,― և գլուխն ուժասպառ դրեց բարձին։

― Marie, էլ չեմ անի... Գուցե անկողի՞ն մտնես, Marie։

Նա չպատասխանեց և անուժ՝ փակեց աչքերը։ Նրա դալուկ դեմքը ճիշտ կարծես մեռելի դեմք դարձավ։ Համարյա ակնթարթորեն քուն մտավ։ Շատովը շուրջը նայեց, հարմարեցրեց մոմը, մի անգամ էլ անհանգստությամբ նայեց Մարյայի դեմքին, ամուր սեղմեց առաջ պահած ձեռքերը և ոտնաթաթերի վրա գնաց նախասենյակ։ Սանդուղքի գլխին դեմքով հպվեց անկյանը և այդպես կանգնած էր մի տասը րոպե՝ անձայն ու անշարժ։ Ավելի երկար կկանգներ, բայց հանկարծ ներքևից կամացուկ, զգուշավոր ոտնաձայն լսվեց։ Ինչ-որ մեկը բարձրանում էր։ Շատովը հիշեց, որ մոռացել է կողպել դռնակը։

― Ո՞վ կա այդտեղ,― շշնջաձայն հարցրեց նա։

Անծանոթ այցելուն բարձրանում էր անշտապ և չպատասխանելով։ Հասնելով վեր կանգ առավ։ Մթության մեջ նրան տեսնելն անհնար էր, հանկարծ հնչեց նրա զգուշավոր հարցը.

― Իվան Շատովը դո՞ւք եք։

Շատովը տվեց իր անունը, բայց դանդաղ պարզեց ձեռքը՝ նրան կանգնեցնելու համար, սակայն այցելուն ինքը բռնեց նրա ձեռքը, և Շատովը ցնցվեց, կարծես հպվել էր սարսափելի մի սողունի։

― Կանգնեք այստեղ,― արագ շշնջաց նա,― ներս չգաք, հիմա չեմ կարող ձեզ ընդունել։ Կինս է վերադարձել։ Հիմա մոմ կբերեմ։

Երբ մոմն առած ետ եկավ, ինչ-որ ջահել սպայիկ էր կանգնած նախասենյակում։ Անունը չգիտեր, բայց մի տեղ տեսել էր։

― Էրկել,― ներկայացավ նա,― ինձ տեսել եք Վիրգինսկու մոտ։

― Հիշում եմ, նստած գրում էիք,― մեկեն բռնկվեց Շատովը՝ մոլեգնած մոտենալով նրան, բայց առաջվա պես խոսելով շշնջաձայն,― նոր դուք ինձ նշան արեցիք ձեռքով, երբ բռնեցիք իմ ձեռքը։ Բայց իմացեք, ես կարող եմ թքել այդ բոլոր նշանների վրա։ Ես չեմ ճանաչում... չեմ ուզում... Ես կարող եմ հիմա ցած գլորել ձեզ սանդուղքից... գիտե՞ք դա։

― Չէ, ես ոչինչ չգիտեմ ու բոլորովին չգիտեմ, թե ինչի համար այդպես զայրացաք,― անչարակամ ու համարյա բարեհոգաբար պատասխանեց հյուրը։― Միայն մի բան պիտի հայտնեմ ձեզ ու դրա համար եմ եկել, գլխավորը՝ ժամանակ կորցնելու ցանկություն չունեմ։ Ձեզ մոտ է սարքը, որը ձեզ չի պատկանում և որի համար հաշվետու եք, ինչպես ինքներդ գիտեք։ Ինձ կարգադրված է՝ պահանջել ձեզնից, որ վաղն ևեթ, կեսօրից հետո, ճիշտ ժամը յոթին, դա հանձնեք Լիպուտինին։ Բացի դրանից, կարգադրված է հայտնել, որ այլևս երբեք ձեզնից ոչինչ չի պահանջվի։

― Ոչի՞նչ։

― Բացարձակապես ոչինչ։ Ձեր խնդիրքը կատարվում է, և դուք հեռացված եք ընդմիշտ։ Դա հաստատապես կարգադրված է ինձ՝ հայտնել ձեզ։

― Ո՞վ է կարգադրել հայտնել։

― Նրանք, ովքեր նշանն են ինձ հայտնել։

― Դուք արտասահմանի՞ց էք։

― Դա... կարծում եմ, ձեզ համար միևնույնն է։

― Է, գրողը տանի։ Իսկ ինչու՞ ավելի շուտ չեկաք, եթե կարգադրված էր։

― Ես հետևել եմ որոշ հրահանգների և մենակ չեմ եղել։

― Հասկանում եմ, հասկանում եմ, որ մենակ չեք եղել։ Է՜... գրողը տանի։ Իսկ ինչու՞ Լիպուտինն ինքը չեկավ։

― Այսպիսով, վաղը, ես ձեզ մոտ կգամ երեկոյան ճիշտ ժամը վեցին և այնտեղ կգնանք ոտքով։ Մեր երեքից բացի, ոչ ոք չի լինի։

― Վերխովենսկին կլինի՞։

― Չէ, չի լինի։ Վերխովենսկին վաղը մեկնում է քաղաքից, առավոտյան ժամը տասնմեկին։

― Այդպես էլ մտածում էի,― կատաղած մրմնջաց Շատովը և բռունցքով խփեց իր կողին,― փախա՜վ խաբեբան։

Նա մտքերի մեջ ընկավ՝ հուզախռով։ Էրկելն ակնապիշ նրան էր նայում, լուռ սպասում էր։

― Իսկ ինչպե՞ս եք վերցնելու։ Հո չի՞ կարելի դա վերցնել ձեռքն ու տանել։

― Պետք էլ չէ։ Դուք միայն տեղը ցույց կտաք, իսկ մենք միայն կհամոզվենք, որ այնտեղ է թաղված։ Չէ որ մենք միայն գիտենք, թե ուր է այդ տեղը, բուն թաղված տեղը չգիտենք։ Իսկ դուք մի՞թե որևէ մեկին էլ եք ցույց տվել տեղը։

Շատովը նրան նայեց։

― Հապա դուք, դուք, այդքան ջահել, այդքան հիմարիկ տղա, դու՞ք էլ եք ոտով-գլխով խրվել դրա մեջ, ոչխարի պե՞ս։ Է, նրանց հենց էդպիսի նյութ է պետք։ Լավ, գնացեք։ Է-է՜խ։ Այն սրիկան բոլորիդ խաբել ու փախել է։

Էրկելը նայում էր վճիտ հայացքով ու հանգիստ, բայց կարծես չէր հասկանում։

― Վերխովենսկին փախա՜վ, Վերխովենսկի՜ն,― մոլեգնած ատամները կրճտացրեց Շատովը։

― Բայց չէ որ նա դեռ այստեղ է, չի գնացել։ Վաղը նոր կգնա,― մեղմ ու համոզիչ նշեց Էրկելը։― Ես նրան հատկապես հրավիրեցի ներկա լինել, որպես վկա, նրան էր ուղղված իմ ամբողջ հրահանգը (սրտաբաց խոսեց նա, որպես ջահել, անփորձ տղա)։ Բայց նա, ցավոք սրտի, չհամաձայնեց, մեկնելու պատրվակով։ Եվ իսկապես էլ, շտապում է մի տեսակ։

Շատովը մի անգամ էլ ցավակցաբար աչք ածեց պարզամիտի վրա, բայց հանկարծ ձեռքը թափ տվեց, կարծես մտածելով. «Արժե՞ որ խղճալ»։

― Լավ, կգամ,― ընդհատեց հանկարծակի,― իսկ հիմա հեռացեք, մարշ։

― Ուրեմն, ճիշտ ժամը վեցին ես կգամ,― բարեկրթորեն խոնարհվեց Էրկելը և անշտապ իջավ սանդուղքով։

― Տխմարիկ,― չհամբերեց և նրա ետևից բղավեց Շատովը՝ սանդուղքի գլխից։

― Ի՞նչ-չ,― արձագանքեց Էրկելն արդեն ներքևից։

― Ոչինչ, գնացեք։

― Կարծեցի, ինչ-որ բան ասացիք։

II

Էրկելն այնպիսի «տխմարիկ» էր, ում գլխավոր խելքը միայն գլուխը չէր, բայց փոքր, ենթարկված խելքը բավականաչափ էր, անգամ խորամանկության աստիճան։ Ֆանատիկոսի պես, մանկան պես նվիրված «ընդհանուր գործին», իսկ ըստ էության՝ Պյոտր Վերխովենսկուն, նա գործում էր վերջինիս հրահանգներով, իրեն տրված այն ժամանակ, երբ մերոնց մոտ նիստին պայմանավորվում էին ու վաղվա դերերը բաշխում։ Պատգամաբերի դեր տալով նրան, Պյոտր Ստեպանովիչը հասցրեց տասը րոպեի չափ խոսել նրա հետ մեկուսի։ Կատարողական մասն այդ մանրախնդիր, սակավախոհ, ուրիշի կամքին ենթարկվելու ծարավի այդ բնավորության պահանջմունքն էր՝ օ՜, հարկավ, ոչ այլ կերպ, քան հանուն «ընդհանուր» կամ «մեծ» գործի։ Սակայն դա էլ էր միևնույնը, քանզի Էրկելի նման մանր ֆանատիկոսները ոչ մի կերպ չեն կարող պատկերացնել ծառայումը գաղափարին, քան դեմքն իսկ թաթախելով դրա մեջ, ինչ նրանց ըմբռնմամբ, արտահայտում է այդ գաղափարը։ Զգայուն, սիրալիր, բարեմիտ Էրկելը գուցեև ամենաանզգան էր Շատովի գլխին խմբված մարդասպաններից և, առանց որևէ անձնական ատելության, աչքն իսկ չթարթելով, ներկա կլիներ նրա սպանությանը։ Օրինակ, նրան հրամայված էր մի լավ, իմիջիայլոց զննել Շատովի հանգամանքները՝ իր հանձնարարությունը կատարելու ժամանակ, և երբ Շատովը, սանդուղքի վրա ընդունելով նրան, բերանից թռցրեց տաքացած, շատ հավանական է՝ չնկատելով դա, որ կինն է վերադարձել իր մոտ, Էրկելի բնազդական խորամանկությունն իսկույն հերիքեց՝ հետագա նվազագույն հետաքրքրություն չդրսևորել, չնայած մտքում ցոլացած կռահմանը, որ վերադարձած կնոջ փաստը մեծ նշանակություն ունի իրենց ձեռնարկման հաջողության համար...

Ըստ էության, այդպես էլ եղավ, միևնույն այդ փաստը փրկեց «սրիկաներին» Շատովի մտադրությունից, դրա հետ մեկտեղ էլ օգնեց նրանց՝ «ազատվել» Շատովից... նախ և առաջ, փաստը հուզեց վերջինիս, հանեց նրան հունից, խլեց նրանից իր սովորական խորաթափանցությունը և զգուշավորությունը։ Սեփական անվտանգության շուրջ որևիցե միտք ամենից ավելի քիչ կարող էր հիմա միանգամայն ուրիշ բաներով զբաղված նրա գլուխը մտնել։ Հակառակը, նա հափշտակված հավատաց, որ Պյոտր Վերխովենսկին վաղը փախչում է՝ այնպե՜ս էր համընկնում դա իր կասկածներին։ Ետ գալով սենյակ, նորից նստեց անկյունում, արմունկները հենեց ծնկներին ու դեմքը ծածկեց ձեռքերով։ Դառնագին մտքեր էին տանջում նրան...

Եվ ահա, նորից բարձրացրեց գլուխը և ոտնաթաթերի վրա գնաց՝ կնոջը նայելու։ «Տե՜ր Աստված։ Վաղն ևեթ նրա տենդը կբորբոքվի, լուսադեմին, կարող է հիմա է սկսվել։ Անշուշտ, մրսել է։ Նա չի վարժվել այս զարհուրելի կլիմային, ավելացրած՝ վագոնը, երրորդ կարգ, չորս կողմը հողմ ու անձրև, ունեցածը՝ մի բարակ վերարկու, կարգին շոր չկա հագին...Ու հիմա էլ նրան լքել, թողնել այստեղ առանց օգնության։ Հապա պայուսակը, պայուսա՜կն ինչ փոքր է, թեթև, ճմլված, տասը ֆունտ։ Խեղճն ինչքան է հյուծված, ինչքան է տառապել։ Նա հպարտ է, այդ պատճառով էլ չի տրտնջում։ Սակայն բորբոքված է, բորբոքված։ Սա հիվանդությունից է, հրեշտակն էլ հիվանդ ժամանակ բորբոքված կդառնա։ Ինչ չոր ու տաք պիտի լինի ճակատը, ինչ մգած է աչքերի տակ և... և սակայն, ի՜նչ գեղեցիկ են այս ձվաձև դեմքը, այս փարթամ մազերը...»։

Եվ նա արագ փախցրեց աչքերը, ետ քաշվեց, ասես վախենալով տեսնել նրա մեջ որևէ այլ բան, քան թշվառ ու տանջահար մի էակ, ում պետք է օգնել՝ «Էլ ի՞նչ հույսեր։ Օ՜, ինչ ստոր, ինչ սրիկա է մարդը» ― և նա նորից գնաց իր անկյունը, նստում էր, դեմքը ծածկում ձեռքերով ու կրկին անրջում էր, կրկին վերհիշում... ու կրկին հույսեր էին պատկերվում։

«Օ՛ֆ, հոգնել եմ, օ՛ֆ, հոգնել եմ»,― միտքն էին գալիս նրա հոգոցները, նրա հոգնած, բեկբեկ ձայնը։ Տե՜ր Աստված։ Լքել նրան հիմա, իսկ ունեցածը ութը գրիվեն է, պարզեց իր դրամապանակը՝ հնամաշ, փոքրիկ։ Եկել է տեղ փնտրելու, ինչ է նա հասկանում այդ տեղերից, ի՞նչ են նրանք հասկանում Ռուսաստանում։ Չէ որ նրանք նման են խենթ մանուկների, ամեն ինչ իրենց իսկ ստեղծած երևակայությունն է, և բարկանում է խեղճը, թե Ռուսաստանն ինչո՞ւ նման չէ իրենց արտասահմանյան անուրջներին։ Օ՜, դժբախտներ, օ՜ անմեղներ... Բայց և այնպես, այստեղ իսկականից ցուրտ է...»։

Հիշեց, որ նա էլ բողոքեց, որ ինքը խոստացավ վառարանը վառել։ «Ցախն այստեղ է, կարելի է բերել, միայն չարթնացնեմ։ Ասենք, կարելի է։ Իսկ հորթի մի՞սն ինչպես։ Արթնացավ, գուցե ուտել ուզենա... Լավ, դա՝ հետո, Կիրիլլովն ամբողջ գիշեր քնած չէ։ Ինչով ծածկեմ նրան, այնքան խորն է քնած, բայց մրսում է՝ երևում է, ա՜խ, մրսում է»։

Եվ նա կրկին մոտեցավ՝ կնոջը նայելու։ Զգեստը թեթևակի ծալվել էր և աջ ոտքի կեսը բացվել էր, մինչև ծունկը։ Նա մեկեն շրջվեց՝ համարյա վախեցած, հագից հանեց տաք վերարկուն, մնալով հնամաշ սերթուկով, և ջանալով չնայել, ծածկեց բացված տեղը։

Ցախը վառելը, ոտնաթաթերին քայլելը, քնածին զննելը, անուրջներն անկյունում, հետո նորից քնածին նայելն ահագին ժամանակ խլեցին։ Անցավ երկու-երեք ժամ։ Եվ ահա, հենց այդ ժամանակ էլ Կիրիլլովի մոտ հասցրին լինել Վերխովենսկին և Լիպուտինը։ Վերջապես Շատովն էլ ննջեց իր անկյունում։ Լսվեց Մարյայի տնքոցը, նա արթնացել, կանչում էր իրեն։ Շատովը վեր թռավ՝ հանցագործի պես։

― Marie, ես ոնց որ քնել էի... ահ, ի՜նչ սրիկան եմ, Marie!

Կինը կռթնեց տեղում, շուրջը դիտելով զարմանքով, ասես չճանաչելով, թե որտեղ է և հանկարծ ամբողջ մարմնով ցնցվեց՝ բարկացած, զայրագին.

― Ես զբաղեցրել եմ ձեր անկողինը, ես քնել եմ՝ հոգնածությունից ինձ մոռացած։ Ինչպե՞ս համարձակվեցիք չարթնացնել ինձ։ Ինչպե՞ս համարձակվեցիք մտածել, որ ես մտադիր եմ նեղություն պատճառել ձեզ։

― Ես ինչպե՞ս կարող էի քեզ արթնացնել, Marie։

― Կարող էիք, պետք է որ։ Ձեզ համար այստեղ ուրիշ անկողին չկա, իսկ ես ձերն եմ զբաղեցրել։ Դուք ինձ չպետք է դնեիք կեղծ դրության մեջ։ Թե՞ կարծում եք, ես եկել եմ օգտվելու ձեր բարեգործություններից։ Հենց հիմա բարի եղեք մտնել ձեր անկողինը, իսկ ես կպառկեմ անկյունում, աթոռների վրա...

― Marie, այդքան աթոռ չկա, հետո էլ՝ անկողին չկա։

― Դե, ուրեմն՝ հատակին հենց։ Չէ որ ինքներդ եք ստիպված լինելու քնել հատակին։ Ես ուզում եմ հատակին, հիմա, հիմա՛։

Նա վեր կացավ, ուզում էր քայլ գցել, բայց հանկարծ ասես շատ ուժեղ, ջղաձիգ մի ցավ միանգամից խլեց նրա բոլոր ուժերն ու ամբողջ վճռականությունը, և նա բարձրաձայն տնքոցով կրկին ընկավ անկողնուն։ Շատովը մոտ վազեց, բայց Marie-ն, դեմքը թաղելով բարձի մեջ, բռնեց նրա ձեռքը ու սկսեց ամբողջ ուժով սեղմել ու կոտրել իր ձեռքերով։ Այդպես շարունակվեց մի րոպեի չափ։

― Marie, սիրելիս, եթե պետք է, այստեղ մի բժիշկ կա, Ֆրենցելը, ինձ ծանոթ է, շատ... Վազեմ կանչելու։

― Դատարկ բան է։

― Ի՞նչ դատարկ։ Marie, ասա, ի՞նչդ է ցավում։ Կարելի է ջերմախյուս դնել... ասենք, փորին... Այդ մեկն առանց բժշկի էլ կարող եմ... Կամ էլ՝ մանանեխի ծեփելիք։

― Ի՞նչ բան է սա,― հարցրեց նա՝ գլուխը բարձրացնելով ու վախեցած նայելով Շատովին։

― Այսինքն, ի՞նչ հատկապես, Marie,― չէր հասկանում Շատովը,― ինչի՞ մասին ես հարցնում։ Օ՜, Աստված, ինձ լրիվ կորցրել եմ, Marie, կներես, որ ոչինչ չեմ հասկանում։

― Էհ, վերջ տվեք, հասկանալը ձեր բանը չէ։ Ու շատ ծիծաղելի կլինեիր...― դառնագին ժպտաց կինը։― Մի բանի մասին խոսեք հետս։ Քայլեք սենյակում ու խոսեք։ Մի կանգնեք կողքս ու մի նայեք ինձ, դա հատկապես եմ խնդրում հինգ հարյուրերորդ անգամ։

Շատովը սկսեց գնալ-գալ սենյակում՝ նայելով հատակին ու ամբողջ ուժով ջանալով չնայել կնոջ կողմը։

― Չջղայնանաս, Marie, աղաչում եմ, այստեղ հորթի միս կա, հեռու չէ, նաև թեյ... Այնքան քիչ կերար նոր...

Մարյան խորշանքով ու չարացած թափ տվեց ձեռքը։ Շատովը՝ հուսահատ կծեց լեզուն։

― Լսեք, ես մտադիր եմ այստեղ կազմատուն բացել, ընկերության խելամիտ հիմունքներով։ Քանի որ այստեղ եք ապրում, ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞, թե՝ ոչ։

― Էխ, Marie, մեզ մոտ գիրք էլ չեն կարդում ու գրքեր չկան ընդհանրապես։ Եվ նա գիրք կտա՞ կազմելու։

― Ո՞վ՝ նա։

― Այստեղի ընթերցողը և այստեղի բնակիչը՝ ընդհանրապես։

― Ուրեմն, այդպես հստակ էլ ասեք, թե չէ՝ նա, իսկ ով է նա, հայտնի չէ։ Քերականություն չգիտեք։

― Սա լեզվի ոգով էր, Marie,― մրթմրթաց Շատովը։

― Ախ, դուք էլ, ձեր ոգին էլ, ձանձրացրիք։ Ինչո՞ւ չի տա կազմելու այստեղի ընթերցողը կամ բնակիչը։

― Որովհետև կարդալ գիրքը և դա կազմել՝ զարգացման ամբողջ երկու փուլ է դա, այն էլ հսկայական։ Սկզբից նա կամաց-կամաց կարդալուն է վարժվում, անշուշտ, դարերով, բայց քրքրում է գիրքը և շպրտում դա՝ համարելով անլուրջ մի բան։ Իսկ կազմն արդեն նշանակում է նաև հարգանք գրքի հանդեպ, նշանակում է, որ նա ոչ միայն կարդալն է սիրել, այլև արժանին է գնահատել։ Այդ ժամանակներին դեռևս ամբողջ Ռուսաստանը չի հասել։ Եվրոպան վաղուց է կազմելու տալիս։

― Սա թեև քթիմազություն էր, բայց և այնպես անխելք չէր ասված և ինձ հիշեցնում է երեք տարի առաջվանը։ Երեք տարի առաջ դուք երբեմն բավական սրամիտ էիք լինում։

Մարյան սա ասաց նույնչափ խորշանքով, ինչպես իր բոլոր նախորդ կամակոր դարձվածքները։

― Marie, Marie, ― խանդաղատանքով նրան դիմեց Շատովը,― օ՜, Marie, եթե իմանայիր, թե այս երեք տարվա մեջ ինչքան բան է եղել ու անցել։ Ես հետո լսեցի, որ ինձ իբր արհամարհել ես՝ համոզմունքներիս փոփոխման համար։ Իսկ ո՞ւմ եմ ես լքել։ Կենդանի կյանքի թշնամիներին, սեփական անկախությունից վախեցած զառամած ու մանր ազատականներին, մտքի ծառայամիտներին, անձի և ազատության ոսոխներին, լեշ ու դիակի ավերակ դարձած քարոզիչներին։ Ի՞նչ ունեն նրանք, ծերություն, ոսկյա միջին, ամենաքաղքենիական ու նսեմ ապաշնորհություն, նախանձոտ հավասարություն՝ առանց սեփական արժանապատվության, հավասարություն, ինչպես գիտակցում է դա սպասավորը կամ ինչպես գիտակցել է իննսուներեք թվականի ֆրանսիացին... Իսկ գլխավորը՝ ամենուրեք ապիկարներ են, ապիկարներ և ապիկարներ։

― Այո, ապիկարները շատ են,― կերկեր ու հիվանդագին ասաց Marie-ն։ Նա պառկած էր ձգված, անշարժ, ասես վախենալով շարժվել, գլուխը ետ գցած բարձին, փոքր-ինչ կողքի վրա՝ առաստաղին նայելով հոգնած, բայց վառվող հայացքով։ Դեմքը գունատ էր, շուրթերը չորացել ու ցամաքել էին։

― Դու գիտակցում ես, Marie, գիտակցում ես,― բացականչեց Շատովը։ Կինն ուզեց բացասական շարժում անել գլխով, ու հանկարծ կրկնվեց քիչ առաջվա ջղաձգումը։ Նորից գլուխը թաքցրեց բարձի մեջ և նորից ամբողջ ուժով մի լրիվ րոպե ցավեցնելու աստիճան սեղմում էր մոտ վազած և սարսափից ցնորված Շատովի ձեռքը։

― Marie, Marie! Բայց գուցե սա շատ լուրջ բան է, Marie։

― Լռեք... Ես չե՜մ ուզում, չե՜մ ուզում,― բղավում էր կինը՝ համարյա կատաղած, նորից շրջվելով՝ դեմքը դեպի վեր,― չհամարձակվեք ինձ նայել ձեր կարեկցանքով։ Քայլեք սենյակում, ասեք ինչ-որ բան, ասեք...

Շատովը, իրեն կորցրածի պես, նորից փորձեց ինչ-որ բան մրմնջալ։

― Այստեղ դուք ինչո՞վ եք զբաղվում,― հարցրեց կինը՝ խորշալի անհամբերությամբ ընդհատելով նրան։

― Մի վաճառականի գրասենյակում եմ։ Marie, եթե առանձնապես ուզենայի, ես կարող էի այստեղ կարգին փողեր ձեռք գցել։

― Ավելի լավ ձեզ համար...

― Ա՜հ, ուրիշ բան չմտածես, Marie, հենց այնպես ասացի...

― Իսկ է՞լ ինչ եք անում։ Ի՞նչ եք քարոզում։ Չէ որ դուք չեք կարող չքարոզել, բնավորությունն է այդպիսին։

― Աստծուն եմ քարոզում, Marie։

― Ում ինքներդ չեք հավատում։ Երբեք չեմ կարողացել հասկանալ այդ գաղափարը։

― Թողնենք, Marie, դա՝ հետո։

― Ի՞նչ է եղել այստեղ այդ Մարյա Տիմոֆեևնան։

― Այդ մեկն էլ մենք՝ հետո, Marie։

― Չհամարձակվեք ինձ այդ կարգի դիտողություններ անել։ Ճի՞շտ է, արդյոք, որ այդ մահը կարելի է վերագրել... այդ մարդկանց չարագործությանը։

― Անպայման այդպես է,― ատամները կրճտացրեց Շատովը։

Marie-ն հանկարծ բարձրացրեց գլուխը և հիվանդագին բղավեց.

― Չհամարձակվեք այլևս ինձ ասել այդ մասին, երբեք չհամարձակվեք, երբեք չհամարձակվեք։

Ու նորից ընկավ անկողնուն՝ նույն ջղաձիգ ցավի նոպայով։ Սա արդեն երրորդ անգամ էր, բայց այս անգամ տնքոցներն ավելի բարձրաձայն էին, դարձան գոռոց։

― Օ՜, անտանելի մարդ։ Օ՜, անհանդուրժելի մարդ,― թափահարվում էր նա՝ այլևս չխնայելով իրեն, դեն հրելով իր գլխին կանգնած Շատովին։

― Marie, ինչ ուզես՝ կանեմ ես... Կքայլեմ, կխոսեմ...

― Ախր, մի՞թե չեք տեսնում, որ սկսվեց։

― Ի՞նչը սկսվեց, Marie։

― Ես ի՞նչ իմանամ։ Մի՞թե այստեղ որևէ բան գիտեմ ես։ Օ՜, նզովք։ Օ՜, անիծյալ լիներ ամեն ինչ նախապես։

― Marie, եթե ասեիր, թե ինչ է սկսվում... թե չէ ես... ի՞նչ հասկանամ, եթե այդպես է։

― Դուք վերացական, անօգուտ շատախոս եք։ Օ՜, անիծյալ լինի ամեն ինչ աշխարհում։

― Marie! Marie!

Նա լրջորեն մտածեց, որ կինը սկսում է խելքը թռցնել։

― Վերջապես, մի՞թե չեք տեսնում, որ ես տանջվում եմ ծննդյան ցավերից,― կռթնեց կինը՝ Շատովին նայելով ահավոր, հիվանդագին, ամբողջ դեմքն այլայլված չարությամբ։― Հենց սկզբից անիծյալ թող լիներ այս երեխան։

― Marie,― բացականչեց Շատովը՝ ի վերջո գլխի ընկնելով, թե բանն ինչ է։― Marie... իսկ ինչո՞ւ սկզբից չասացիր,― մեկեն սթափվեց նա և եռանդուն վճռականությամբ ճանկեց իր գլխարկը։

― Իսկ ի՞նչ իմանայի՝ այստեղ մտնելիս։ Եվ մի՞թե կգայի ձեզ մոտ։ Ինձ ասացին, որ տասն օր էլ կա։ Ո՞ւր եք գնում, ո՞ւր եք գնում, չհամարձակվեք։

― Գնամ, տատմեր բերեմ, ես կծախեմ ատրճանակը, ամենից առաջ հիմա՝ փող։

― Չհամարձակվեք ոչինչ, չհամարձակվեք տատմեր բերել, ուղղակի մի պառավ կին, ութը գրիվեն ունեմ... Չէ որ գյուղացի կանայք ծննդաբերում են առանց տատմոր... Իսկ թե սատկեցի, ուրեմն՝ ավելի լավ...

― Տատմեր էլ կլինի, պառավ էլ։ Բայց քեզ ինչպե՞ս մենակ թողնեմ, Marie...

Սակայն հասկանալով, որ ավելի լավ է հիմա նրան մենակ թողնել, չնայած կնոջ ամբողջ մոլեգնությանը, քան հետո մնալ առանց օգնության, չլսելով նրա տնքոցները, ոչ էլ զայրագին բացականչությունները, հույսն իր ոտքերի վրա դրած՝ գլխապատառ ցած սլացավ սանդուղքով։

III

Ամենից առաջ՝ Կիրիլլովի մոտ։ Կեսգիշերվա ժամը մեկը կլիներ։ Կիրիլլովը կանգնած էր սենյակի մեջտեղում։

― Կիրիլլով, կինս ծննդաբերում է։

― Այսինքն, ինչպե՞ս թե։

― Ծննդաբերելու է, երեխա է բերում։

― Դուք... չե՞ք սխալվում։

― Օ՜, չէ, չէ, կծկումներ ունի... մի պառավ կին է պետք, որևիցե պառավ կին, անպայման հիմա... Կարելի՞ է հիմա գտնել։ Դուք շատ պառավներ ունեիք...

― Շատ ափսոս, որ ես ծնել չգիտեմ,― մտազբաղ պատասխանեց Կիրիլլովը,― այսինքն, ոչ թե ես չգիտեմ ծնել, այլ այնպես անել, որ ծնեն, չգիտեմ... կամ... Չէ, ես դա չեմ կարող ասել։

― Այսինքն, որ ինքներդ չեք կարող օգնել ծննդաբերել, բայց ես դա չեմ ասում։ Պառավ կին, մի պառավ, ես խնդրում եմ, որ կին լինի, դայակ, աղախին։

― Պառավ կլինի, մենակ գուցե ոչ հիմա։ Եթե ուզում եք, ես փոխարեն...

― Օ՜, անհնար է։ Հիմա գնամ Վիրգինսկայայի մոտ, պառավի։

― Սրիկայի մեկն է։

― Օ՜, այո, Կիրիլլով, այո, բայց նա բոլորից լավ է։ Օ՜, այո, այդ ամենը կլինի առանց երկյուղածության, առանց բերկրանքի, զզվելով, ուշունցով, սրբապղծությամբ՝ այդպիսի մեծ խորհրդի, նոր էակի աշխարհ գալու դեպքում... Օ՜, նա հիմա է արդեն անիծում երեխային...

― Եթե ուզում եք, ես...

― Չէ, չէ, իսկ առայժմ, մինչև կվազվզեմ (օ՜, ես կտանեմ Վիրգինսկիների պառավին), մեկ-մեկ մոտեցեք իմ սանդուղքին ու ականջ դրեք, բայց չհամարձակվեք ներս գնալ, դուք նրան կվախեցնեք, ոչ մի դեպքում չմտնեք, մենակ ականջ դրեք... բոլոր ահավոր դեպքերի համար։ Է, եթե ծայրահեղ բան կատարվեց, ուրեմն, մտեք։

― Հասկանում եմ։ Մի ռուբլի էլ ունեմ։ Ահա։ Ուզում էի վաղը հավ առնել, հիմա չեմ ուզում։ Շուտ վազեք, ինչքան ուժ ունեք։ Ինքնաեռը՝ ամբողջ գիշեր։

Կիրիլլովը ոչինչ չգիտեր Շատովի վերաբերյալ մտադրությունների մասին, նախկինում էլ ոչինչ չգիտեր նրան սպառնացող վտանգի աստիճանի մասին։ Գիտեր միայն, որ ինչ-ինչ հին հաշիվներ ունի «այն մարդկանց«» հետ, ու թեև ինքն էլ էր խառնված այդ գործին մասամբ՝ արտասահմանից իրեն հայտնած հրահանգներով (իմիջիայլոց, շատ մակերեսորեն, քանզի մոտիկից ոչնչի չէր մասնակցում), բայց վերջին ժամանակներն ամեն ինչ թողել էր, բոլոր հանձնարարությունները, իրեն կատարելապես հեռու էր պահում ամեն տեսակ գործերից, առաջին հերթին՝ «ընդհանուր գործից» և անձնատուր էր եղել հայեցողական կյանքին։ Պյոտր Վերխովենսկին նիստի ժամանակ թեև Լիպուտինին կանչեց Կիրիլլովի մոտ՝ հավաստիանալու, որ նա տվյալ պահին հանձն կառնի «Շատովի գործը», սակայն Կիրիլլովի մոտ բացատրվելիս ոչ մի բառ չասաց Շատովի մասին, չակնարկեց անգամ, հավանաբար համարելով ոչ-քաղաքական, իսկ Կիրիլլովին՝ նույնիսկ անբարեհույս, թողնելով մինչև վաղը, երբ ամեն ինչ կարվեր, իսկ Կիրիլլովի համար էլ արդեն «միևնույնը» կլիներ՝ համենայն դեպս, այսպես էր դատում Կիրիլլովի մասին Պյոտր Ստեպանովիչը։ Լիպուտինը նույնպես շատ լավ նկատեց, որ Շատովի մասին, չնայած խոստմանը, բառ անգամ չհիշատակվեց, սակայն Լիպուտինը չափից ավելի էր հուզված՝ բողոքելու համար։

Շատովը փոթորկի նման վազում էր դեպի Սուրավյինայա փողոց՝ նզովելով հեռավորությունը և դրա վերջը չտեսնելով։

Հարկ եղավ երկար թակել Վիրգինսկու պատուհանը՝ բոլորը վաղուց քնած էին։ Բայց Շատովն ամբողջ ուժով և առանց այլևայլի թմբկահարում էր փակոցափեղկը։ Շղթայակապ շունը բակում կապն էր պոկում և չարացած հաչում։ Ամբողջ շները միացան, մեծ շնահաչ սկսվեց։

― Ի՞նչ եք ծեծում և ի՞նչ եք ուզում, ― վերջապես պատուհանի մոտ լսվեց իր իսկ՝ Վիրգինսկու մեղմ ու «վիրավորանքին» չհամապատասխանող ձայնը։ Փեղկը բացվեց, օդանցքն էլ բացվեց։

― Ո՞վ է, ո՞ր սրիկան է,― չարացած ծղրտաց վիրավորանքին արդեն միանգամայն համապատասխան կնոջ ձայնը՝ Վիրգինսկու ազգականուհու, պառաված օրիորդի ձայնն էր։

― Ես եմ, Շատովը, կինս է վերադարձել և հիմա հենց ծննդաբերում է...

― Է, թող ծննդաբերի, հեռացեք։

― Եկել եմ Արինա Պրոխորովնային տանելու, առանց Արինա Պրոխորովնայի չեմ գնա։

― Նա չի կարող ամեն մեկի մոտ գնալ։ Գիշերները հատուկ այցելություն է... Կորեք գնացեք Մակշեևայայի մոտ ու չհամարձակվեք աղմկել,― ճղճղում էր կնոջ չարացած ձայնը։ Լսվում էր, թե ինչպես է Վիրգինսկին նրան զսպում, սակայն պառաված օրիորդը հրմշտում էր նրան ու չէր զիջում։

― Ես չեմ գնա,― նորից բղավեց Շատովը։

― Սպասեք, դե սպասեք,― բղավեց ի վերջո Վիրգինսկին՝ հանդարտեցնելով պառաված օրիորդին։― Շատով, խնդրում եմ ձեզ, մի հինգ րոպե սպասեք, արթնացնեմ Արինա Պրոխորովնային և, խնդրում եմ, մի թակեք ու մի բղավեք... Օ՜, ինչ ահավոր է այս ամենը։

Անվերջանալի հինգ րոպեից հետո հայտնվեց Արինա Պրոխորովնան։

― Ձեր կի՞նն է եկել ձեզ մոտ,― օդանցքից լսվեց նրա ձայնը և ի զարմանս Շատովի, ամենևին ոչ չոր, այլ միայն սովորականի պես հրամայական։ Բայց Արինա Պրոխորովնան ուրիշ կերպ խոսել չէր կարող։

― Այո, կինս, և ծննդաբերում է։

― Մարյա Իգնատևնա՞ն։

― Այո, Մարյա Իգնատևնան։ Իհարկե, Մարյա Իգնատևնան։

Լռություն տիրեց։ Շատովը սպասում էր։ Տան մեջ փսփսում էին։

― Նա վաղո՞ւց է եկել,― նորից հարցրեց madame Վիրգինսկայան։

― Այսօր երեկոյան, ժամը ութին։ Խնդրում եմ, շուտ արեք։

Նորից փսփսացին, նորից կարծես խորհրդակցում էին։

― Լսեք, դուք չե՞ք սխալվում։ Ի՞նքն է ուղարկել՝ ինձ կանչելու։

― Չէ, նա չի ուղարկել ձեզ կանչելու, նա մի կին է ուզում, հասարակ կին, որ ինձ ծախսերի տակ չդնի, բայց մի անհանգստացեք, ես կվճարեմ։

― Լավ, կգամ կվճարեք, թե չէ։ Ես միշտ գնահատել եմ Մարյա Իգնատևնայի անկախ զգացմունքները, թեև նա գուցե ինձ չի հիշում։ Ամենաանհրաժեշտ իրերն ունե՞ք։

― Ոչինչ չկա, բայց ամեն ինչ կլինի, կլինի, կլինի...

«Այս մարդկանց մեջ էլ ոնց որ մեծահոգություն կա,― մտածում էր Շատովը՝ գնալով Լյամշինի մոտ։― Համոզմունքները և մարդը՝ կարծեմ, շատ տարբերվող երկու բան են։ Ես գուցեև շատ եմ մեղավոր նրանց առաջ... Բոլորն են մեղավոր, բոլորն են մեղավոր և... եթե դրանում բոլորը համոզվեին...»։

Լյամշինի պատուհանը երկար թակելու հարկ չեղավ։ Ի զարմանք, նա անմիջապես բացեց օդանցքը, անկողնուց վեր թռած՝ ոտաբոբիկ, ներքնաշորերով, իրեն վտանգելով հարբուխով, իսկ նա շատ էր կասկածամիտ և մշտապես անհանգստանում էր իր առողջությամբ։ Սակայն նման նրբազգացության և շտապողականության համար առանձին պատճառ կար. Լյամշինն ամբողջ երեկո դողում էր և մինչև հիմա չէր կարողացել քնել՝ մերոնց մոտ նիստի պատճառած հուզմունքից։ Աչքին շարունակ երևում էր անկոչ և արդեն միանգամայն անցանկալի ինչ-ինչ հյուրերի այցելություն։ Շատովի մատնության լուրն ամենից շատ էր նրան տանջում... Եվ ահա, հանկարծ, ասես դիտավորյալ, ահավոր ուժեղ սկսեցին թակել պատուհանը...

Շատովին տեսնելով՝ այնքան վախեցավ, որ իսկույն փակեց օդանցքն ու ետ վազեց, անկողին մտավ։ Շատովն սկսեց կատաղած թակել ու բղավել։

― Ինչպե՞ս եք համարձակվում այդպես թակել գիշերվա կեսին,― սպառնագին, բայց սարսափից չորացած, բղավեց Լյամշինը՝ համենայն դեպս մի երկու րոպե անց վճռելով բացել օդանցքը և վերջապես համոզվելով, որ Շատովը մենակ է եկել։

― Ահա, ատրճանակը, ետ վերցրեք, տասնհինգ ռուբլի տվեք։

― Սա ի՞նչ է, դուք հարբա՞ծ եք։ Սա թալան է, ես ընդամենը կմրսեմ։ Սպասեք, բան գցեմ վրաս։

― Տվեք հիմա տասնհինգ ռուբլի։ Եթե չտաք, կթակեմ ու կգոռամ մինչև լուսաբաց։ Ես շրջանակն էլ կկոտրեմ։

― Ես էլ կգոռամ «օգնեցեք» ու ձեզ բանտ կտանեն։

― Իսկ ես անլեզո՞ւ եմ, ինչ է։ Ես չե՞մ գոռա։ Ո՞վ պիտի վախենա դրանից, ե՞ս, թե՝ դուք։

― Ու դուք կարող եք նման ստոր համոզմունքնե՞ր ունենալ... Ես չգիտեմ, թե ինչ եք ակնարկում... Սպասեք, սպասեք, ի սեր Աստծո, մի թակեք։ Ներող եղեք, գիշերն ո՞վ փող կունենա։ Լավ, ձեր ինչի՞ն է պետք փողը, եթե հարբած չեք։

― Կինս է վերադարձել մոտս։ Տասը ռուբլի ես ձեզ զիջեցի, ոչ մի անգամ չեմ կրակել, վերցրեք ատրճանակը, այս րոպեիս վերցրեք։

Լյամշինը մեքենայաբար ձեռքն օդանցքից պարզեց ու վերցրեց ատրճանակը։ Հապաղեց ու հանկարծ, գլուխն արագ հանելով օդանցքից, բլբլացրեց, կարծես իրեն կորցրած և մեջքին սարսուռ զգալով.

― Դուք ստում եք, ամենևին էլ ձեր կինը չի եկել։ Դա... դա... ուղղակի ուզում եք որևէ տեղ փախչել։

― Հիմար մարդ եք, ո՞ւր պիտի փախչեմ։ Ձեր Պյոտր Վերխովենսկին թող փախչի և ոչ թե ես։ Նոր պառավ Վիրգինսկայայի մոտ էի, և նա իսկույն համաձայնեց ինձ մոտ գալ։ Ուշքի եկեք։ Կինս տանջվում է, փող է պետք, տվեք փողը։

Լյամշինի խորամանկ ուղեղում գաղափարների ամբողջ մի հրավառություն եղավ։ Մեկեն ամեն ինչ ուրիշ ընթացք ստացավ, բայց սարսափը դեռևս թույլ չէր տալիս կշռադատել։

― Ախր, ինչպես... չէ որ դուք ձեր կնոջ հետ չեք ապրում։

― Իսկ ես ձեր գլուխը կփշրեմ նման հարցերի համար։

― Ահ, տեր Աստված, կներեք, հասկանում եմ, ինձ շշմեցրեց միայն... բայց ես հասկանում եմ, հասկանում եմ։ Բայց... բայց մի՞թե Արինա Պրոխորովնան կգա։ Դուք նոր ասացիք, որ նա գնացե՞լ է։ Գիտեք, ախր դա ճիշտ չէ։ Տեսնում եք, տեսնում եք, տեսնում եք, ինչպես եք ամեն ամեն քայլին ոչ ճիշտ բաներ ասում։

― Հիմա նա, հավանորեն, նստած է կնոջս մոտ, սպասել մի տվեք, ես մեղավոր չեմ, որ անխելք եք։

― Ճիշտ չէ, ես անխելք չեմ։ Ինձ կներեք, ոչ մի կերպ չեմ կարող...

Եվ նա, այլևս լրիվ շշկլված, սկսեց երրորդ անգամ փակել օդանցքը, բայց Շատովն այնպես գոռգոռաց, որ նա ակնթարթորեն նորից դուրս նայեց։

― Բայց սա իսկական ոտնձգություն է անձի նկատմամբ։ Դուք ինձնից ի՞նչ եք պահանջում, դե ի՞նչ, ի՞նչ՝ ձևակերպեք։ Եվ նկատի ունեցեք, ինքներդ նկատի ունեցեք, այս գիշերվա կեսին։

― Տասնհինգ ռուբլի եմ պահանջում, ոչխարի գլուխ։

― Բայց ես գուցե ամենևին չեմ ուզում ետ վերցնել ատրճանակը։ Դուք իրավունք չունեք։ Դուք գնել եք իրը, և ամեն ինչ վերջացած է, իրավունք էլ չունեք։ Այդքան գումար գիշերով ոչ մի կերպ չեմ կարող։ Որտեղի՞ց գտնեմ այդքան գումար։

― Դու միշտ փող ունենում ես, տասը ռուբլի էլ պակասեցրի՝ քեզ համար, բայց դու հայտնի ջհուդիկ ես։

― Վաղը չէ, մյուս օրն եկեք, լսում եք, վաղը չէ, մյուս օրը, առավոտյան, ճիշտ ժամը տասներկուսին և ես լրիվ կտամ, լրիվ, ճիշտ չե՞մ ասում։

Շատովը երրորդ անգամ մոլեգնած թակեց շրջանակը։

― Տասը ռուբլի հիմա տուր, իսկ հինգը՝ լուսադեմին։

― Չէ, վաղը չէ, մյուս օրն առավոտյան՝ հինգը, իսկ վաղը, Աստված է վկա, չի լինի։ Ավելի լավ կանեք, չգաք, ավելի լավ է, չգաք։

― Տուր տասը, օ՜, սրիկա։

― Ինչի՞ եք այդպես հայհոյում։ Սպասեք, լուսավորել է պետք, ահա, ապակին էլ կոտրել եք... Գիշերով ո՞վ է այդպես հայհոյում։ Ահա,― պատուհանից նա մի թղթադրամ պարզեց։

Շատովը ճանկեց՝ հինգ ռուբլիանոց էր։

― Աստված վկա, չեմ կարող, թեկուզ մորթեք, չեմ կարող, վաղը չէ, մյուս օրն արդեն ամեն ինչ կարող եմ, իսկ հիմա ոչինչ չեմ կարող։

― Չեմ գնա,― ոռնաց Շատովը։

― Ահա, էլի վերցրեք, վերցրեք, տեսնում եք՝ էլի, իսկ ավելին չեմ տա։ Թեկուզ ամբողջ ուժով գոռաք, չեմ տա, թեկուզ ինչ էլ լինի, չեմ տա։ Չեմ տա ու չեմ տա։

Նա կատաղած էր, սրտոտած, քրտնած։ Երկու թղթադրամները, որ տվեց, ռուբլիանոցներ էին։ Շատովի ձեռքին ընդամենը յոթ ռուբլի հավաքվեց։

― Էհ, սատանան քեզ հետ, վաղը կգամ։ Ծեծելու եմ քեզ, Լյամշին, եթե ութ ռուբլին չպատրաստես։

«Իսկ ես տանը չեմ լինելու, հիմար»,― ինքն իրեն արագ մտածեց Լյամշինը։

― Կանգնեք, կանգնեք, ― գազազած բղավեց նա Շատովի ետևից, որն արդեն վազում էր։― Կանգնեք, ետ եկեք։ Ասացեք, խնդրում եմ, դուք ճի՞տ ասացիք, որ ձեր կինը վերադարձել է։

― Տխմա՜ր,― թքեց Շատովը և ինչքան ուժ ուներ, վազեց դեպի տուն։

IV

Նշեմ, որ Արինա Պրոխորովնան ոչինչ չգիտեր նիստին ընդունված երեկվա մտադրությունների մասին։ Վիրգինսկին, տուն վերադառնալով ցնցված և թուլացած, չհամարձակվեց նրան հայտնել ընդունված որոշումը, բայց և այնպես չհամբերեց ու կեսը բացահայտեց՝ այն է, Վերխովենսկու հայտնած ամբողջ լուրը. Շատովի՝ անպայման մատնելու մտադրության մասին։ Բայց տեղնուտեղն էլ հայտնեց, որ ոչ լրիվ է վստահում լուրին։ Արինա Պրոխորովնան սաստիկ վախեցավ։ Ահա թե ինչու, երբ վազեվազ եկավ Շատովը՝ իրեն տանելու, չնայած հոգնած էր նախորդ ամբողջ գիշեր մի ծննդկանի հետ տանջվելուց, անմիջապես որոշեց գնալ։ Նա միշտ համոզված էր, որ «այնպիսի գարշանք, ինչպիսին է Շատովը, ի վիճակի է քաղաքացիական ստորության»։ Սակայն Մարյա Իգնատևնայի գալուստը նոր տեսակետի էր հանգեցնում գործը։ Շատովի վախը, նրա խնդրանքների հուսաբեկ տոնը, օգնության աղերսանքը հեղաշրջում էին նշանակում դավաճանի զգացմունքներում, միայն ուրիշներին կործանելու համար նույնիսկ ինքն իրեն մատնել վճռած մարդը կարծես թե ուրիշ տեսք ու ձայնի երանգ պիտի ունենար, քան ներկայացավ իրականում։ Մի խոսքով, Արինա Պրոխորովնան որոշեց անձամբ զննել՝ սեփական աչքով։ Վիրգինսկին շատ գոհ մնաց նրա վճռականությունից՝ կարծես հինգ փութ գցեցին նրա ուսերից։ Նույնիսկ հույս արթնացավ. Շատովի տեսքը խիստ անհամապատասխան երևաց նրան՝ Վերխովենսկու ենթադրությանը...

Շատովը չէր սխալվել։ Տուն դառնալով, արդեն տեսավ Արինա Պրոխորովնային Marie-ի մոտ։ Հենց նոր էր եկել, արհամարհաբար քշել սանդուղքի մոտ տնկված Կիրիլլովին, արագ-արագ ծանոթացել Marie-ի հետ, որը չէր ճանաչել նախկին ծանոթուհուն, գտել էր նրան «վատթարագույն վիճակում», այն է՝ չարացած, հուսաբեկ և «ամենափոքրոգի դրության մեջ» ու ընդամենը հինգ րոպեում վճռական դիրք գրավել նրա բոլոր առարկությունների դեմ։

― Ի՞նչ եք մի գլուխ կրկնում, թե չեք ուզում թանկ վերցնող մանկաբարձուհի,― ասում էր նա հենց այն պահին, երբ ներս մտավ Շատովը,― կատարյալ ցնդաբանություն է, կեղծ մտքեր՝ ձեր վիճակի ոչ-նորմալությունից։ Մի որևէ սովորական պառավի, ժողովրդական տատմոր օգնությամբ, հարյուրից հիսուն շանս ունեք վատ վերջացնելու, իսկ դրանից արդեն հոգսերն ու ծախսերը շատ ավելին կլինեն, քան թանկ վճարվող մանկաբարձուհու դեպքում։ Ի՞նչ գիտեք, որ ես թանկ վճարվող եմ։ Կվճարեք հետո, ես ձեզնից ավելի գումար չեմ վերցնի, իսկ հաջողությունը երաշխավորում եմ։ Իմ ձեռքի տակ չեք մեռնի, ձեզպեսներին չէ, որ տեսել եմ։ Երեխային էլ հենց վաղը կուղարկեմ որբանոց, հետո էլ՝ գյուղ, դաստիարակման, դրանով էլ գործը կվերջանա։ Իսկ հետո կկազդուրվեք, կանցնեք գործի ու շատ կարճ ժամանակում կհատուցեք Շատովին՝ կացարանի և ծախսերի համար, որոնք ամենևին էլ այդքան շատ չեն...

― Ես դա չեմ ասում... Ես իրավունք չունեմ բեռ դառնալ...

― Բանական և քաղաքացիական զգացումներ, բայց հավատացեք, որ Շատովը համարյա թե ոչինչ չի ծախսի, եթե ուզենա երևակայական պարոնից թեկուզ աննշան չափով վերածվել ճիշտ գաղափարներ ունեցող մարդու։ Պետք է սոսկ հիմարություններ չանել, թմբուկ չզարկել, լեզուն հանած վազ չտալ քաղաքով մեկ։ Նրա ձեռքը եթե չբռնես, ապա նա առավոտվա դեմ գուցեև ոտքի հանի այստեղի բոլոր բժիշկներին, հո ոտքի հանե՞ց մեր փողոցի բոլոր շներին։ Բժիշկ հարկավոր չէ, ես արդեն ասացի, որ երաշխավորում եմ ամեն բան։ Կարելի է մի պառավ կին վարձել գուցե, որպես աղախին, դա չնչին բան է։ Իմիջիայլոց, ինքն էլ կարող է որևէ բանի պետք գալ, ոչ թե մենակ հիմարությունների։ Ձեռք ու ոտքը տեղը, դեղատուն կվազի, առանց ձեր զգացմունքները վիրավորելու բարեգործությամբ։ Ի՜նչ գրողի տարած բարեգործություն։ Մի՞թե ինքը ձեզ չի հասցրել այդ վիճակին։ Մի՞թե ինքը ձեզ չի կռվացրել այն ընտանիքի հետ, ուր դաստիարակչուհի էիք՝ ձեզ հետ ամուսնանալու եսապաշտական նպատակներով։ Ախր մենք լսել ենք... Ի դեպ, հենց ինքը նոր վազեվազ եկավ, խենթացածի պես ու ձայնը գցել էր փողոցով մեկ։ Ես ոչ մեկի չեմ պարտադրում ինձ ու եկել եմ միայն ձեզ համար, այն սկզբունքից, որ մերոնք բոլորը պարտավոր են համերաշխ լինել։ Ես դա հայտնեցի նրան, տնից դեռ դուրս չեկած։ Եթե ձեր կարծիքով, ես ավելորդ եմ, ապա մնացեք բարով, միայն թե փորձանքի չգաք, որը շատ հեշտ է վերացնել։

Եվ նա նույնիսկ վեր կացավ աթոռից։

Marie-ն այնքան էր անօգնական, այնքան էր տառապած և, ճշմարիտն ասած, այնպես էր վախեցած առաջիկայից, որ չհամարձակվեց բաց թողնել նրան։ Բայց այդ կինը հանկարծ ատելի դարձավ նրան, բոլորովին այն չէր ասում, միանգամայն ուրիշ բան էր Marie-ի հոգում։ Սակայն անփորձ տատմոր ձեռքին հնարավոր մահվան մարգարեությունը հաղթեց խորշանքին։ Փոխարենը՝ այդ պահից Շատովի նկատմամբ դարձավ էլ ավելի պահանջկոտ, էլ ավելի անողորմ։ Բանը վերջապես հասավ նրան, որ արգելեց ոչ միայն նայել իրեն, այլև դեմքով դեպի իրեն կանգնել։ Գնալով սաստկանում էին ցավերը։ Նզովքները, անգամ հայհոյանքն ավելի ու ավելի կատաղած էին դառնում։

― Է, մենք նրան դուրս կուղարկենք,― կտրուկ ասաց Արինա Պրոխորովնան,― երեսին գույն չկա, միայն ձեզ է վախեցնում, մեռելի պես գունատվել է։ Ասացեք խնդրեմ, ձե՞զ ինչ է եղել, ծիծաղելի գիժ։ Այ քեզ կոմեդիա։

Շատովը չպատասխանեց, որոշել էր ոչինչ չպատասխանել։

― Տեսել եմ հիմարիկ հայրերի նման դեպքերում, նույնպես խելքները թռցնում են։ Բայց դե, նրանք համենայն դեպս...

― Վերջ տվեք կամ թողեք ինձ՝ սատկեմ։ Ոչ մի խոսք չասեք։ Չեմ ուզո՜ւմ, չե՜մ ուզում,― ձայնը գլուխը գցեց Marie-ն։

― Ոչ մի խոսք չասել չի կարելի, եթե ինքներդ խելքը չեք թռցրել, ինչպես ձեզ եմ հասկանում, այդպիսի վիճակում։ Համենայն դեպս, գործից է պետք խոսել, ասեք ինչ-որ բան նախապատրաստվա՞ծ է ձեզ մոտ։ Պատասխանեք, Շատով, նա դրա գլուխը չունի։

― Ասացեք, ի՞նչ է պետք հատկապես։

― Ուրեմն, ոչինչ չի պատրաստված։

Նա թվարկեց անհրաժեշտաբար հարկավոր ամեն ինչ, և արժանին է պետք հատուցել՝ սահմանափակվեց ամենախիստ անհրաժեշտով, չունևորության աստիճան։ Ինչ-որ բաներ ճարվեցին Շատովի մոտ։ Marie-ն հանեց բանալին ու պարզեց նրան, որ փնտրի իր պայուսակում։ Քանի որ Շատովի ձեռքերը դողդողում էին, ապա նա անծանոթ փակը բացելու վրա քիչ ավելի բնբնաց, քան պետք էր։ Marie-ն ելավ հունից, բայց երբ Արինա Պրոխորովնան փութով մոտեցավ՝ Շատովից բանալին վերցնելու, ապա ոչ մի դեպքում չթույլատրեց նայել իր պայուսակը և խելառ ճիչերով ու լացով պնդեց, որ պայուսակը բացի միայն Շատովը։

Որոշ իրերի համար հարկ եղավ վազել Կիրիլլովի մոտ։ Հենց Շատովը շրջվում էր՝ գնալու, Marie-ն սկսում էր մոլեգնած ետ կանչել նրան ու հանգստանում սոսկ այն ժամանակ, երբ սանդուղքի վրայից գլխապատառ ետ վազած Շատովը բացատրում էր, թե ընդամենը մի րոպեով է գնում՝ ամենաանհրաժեշտը բերելու և իսկույն կվերադառնա։

― Է՜, տիկին, ձեզ դժվար է գոհացնել,― ծիծաղեց Արինա Պրոխորովնան,― մե՜կ կանգնիր դեմքով դեպի պատն ու չհամարձակվես ինձ նայել, մեկ էլ՝ չհամարձակվես մի րոպե անգամ բացակայել, լաց կլինեք։ Չէ՞ որ այդպես նա ուրիշ-ուրիշ բաներ էլ կմտածի։ Լավ, խելառություններ մի արեք, ես ծիծաղում եմ։

― Նա չի համարձակվի ոչինչ մտածել։

― Տա՛-տա՛-տա՛-տա՛, եթե սիրահարված չլիներ ձեզ ոչխարի պես, լեզուն հանած վազ չէր տա փողոցներով ու քաղաքով մեկ շներին ոտի չէր հանի։ Պատուհանիս շրջանակը տեղահան արեց։

V

Շատովը Կիրիլլովին տեսավ սենյակում դեռևս անկյունից անկյուն քայլելիս, այնքան ցրված, որ մոռացել էր նույնիսկ Մարյայի գալստյան մասին, լսում ու չէր հասկանում։

― Ախ, հա՜,― հիշեց նա հանկարծ, ասես ճիգով և լոկ մի ակնթարթով կտրվելով իրեն կլանած ինչ-որ մտքից,― հա... պառավ կին... Կինը կամ պառավը։ Սպասեք, թե կինը, թե պառավը, չէ՞։ Հիշում եմ, գնացել էիր, պառավը կգա, բայց ոչ հիմա։ Վերցրեք բարձը։ Է՞լ ինչ։ Հա... Սպասեք, Շատով, դուք ունենո՞ւմ եք հավերժական ներդաշնակության րոպեներ։

― Գիտեք, Կիրիլլով, ձեզ այլևս չի կարելի գիշերները չքնել։

Կիրիլլովը սթափվեց, և տարօրինակ բան՝ խոսեց շատ ավելի սահուն, քան նույնիսկ միշտ էր խոսում, երևում էր, որ այս ամենը վաղուց արդեն ձևակերպել էր, նույնիսկ գրի առել.

― Վայրկյաններ կան, բոլորը միասին հինգ կամ վեցն են լինում, դուք հանկարծ զգում եք հավերժական ներդաշնակության առկայությունը՝ միանգամայն հասանելի։ Դա երկրային բան չէ։ Այն չեմ ասում, թե երկնային է, այլ որ մարդն իր երկրային տեսքով չի կարող դիմանալ։ Հարկ է փոխվել ֆիզիկապես կամ մեռնել։ Հստակ ու անվիճարկելի զգացմունք է։ Կարծես հանկարծ ներզգում եք համակ բնությունը և հանկարծ ասում, այո՜, սա է ճշմարիտը։ Աստված, երբ աշխարհն էր ստեղծում, ապա ստեղծման ամեն օրվա վերջում ասում էր. «Այո, ճիշտը սա է, լավ է սա»։ Դա... դա խանդաղատանք չէ, այլ միայն այնպես, բերկրանք է։ Դուք չեք ներում ոչինչ, որովհետև ներելու բան չկա արդեն։ Դուք չէ թե սիրում եք՝ օ՜, սիրուց վեր բան է դա։ Ամենից սարսափելին, որ այդպես ահավոր հստակ է և այդքան բերկրալի։ Եթե հինգ վայրկյանից ավելին լինի, ապա հոգին չի դիմանա ու պիտի չքանա։ Այդ հինգ վայրկյանում ես կյանք եմ ապրում և դրա դիմաց կտամ իմ ամբողջ կյանքը, քանի որ արժե։ Տասը վայրկյան դիմանալու համար պիտի փոխվել ֆիզիկապես։ Ես կարծում եմ, մարդս պիտի դադարի ծնել։ Ինչի՞ են պետք երեխաները, ինչի՞ է պետք զարգացումը, թե որ նպատակը ձեռք է բերված։ Ավետարանում ասված է, որ հարության ժամանակ չեն ծնելու, այլ կլինեն Աստծո հրեշտակների պես։ Ձեր կինը ծննդաբերո՞ւմ է։

― Կիրիլլով, դա հաճա՞խ է լինում։

― Երեք օրը՝ մեկ, շաբաթը՝ մեկ։

― Ընկնավորություն չունե՞ք։

― Չէ։

― Ուրեմն, կլինի։ Զգուշացեք, Կիրիլլով, ես լսել եմ, որ հենց այդպես է սկսվում ընկնավորությունը։ Մի ընկնավոր մանրամասն նկարագրել է նոպային նախորդող այդ սկզբնական զգացողությունը, ճիշտ և ճիշտ ձեզ պես. հինգ վայրկյանը նա էլ էր նշում ու ասում, որ ավելին դիմանալ չի լինի։ Հիշեք Մուհամմեդի սափորը, որը չհասցրեց դատարկվել, քանի դեռ նա ձիով թռչում-շրջում էր դրախտը՝ չէ որ դա էլ է հինգ ակնթարթ։ Շատ է հիշեցնում ձեր ներդաշնակությունը, իսկ Մուհամմեդն ընկնավոր էր։ Զգուշացեք, Կիրիլլով, ընկնավորություն է։

― Չի հասցնի,― քթի տակ կամացուկ ծիծաղեց Կիրիլլովը։

VI

Գիշերն անցնում էր։ Շատովին վռնդում էին, նախատում, ետ կանչում։ Marie-ն հասել էր իր կյանքի համար վախի վերջին աստիճանին։ Նա բղավում էր, թե ուզում է ապրել, «անպայման, անպայման» և վախենում է մեռնել։ «Պետք չէ՜, պետք չէ»,― կրկնում էր նա։ Եթե չլիներ Արինա Պրոխորովնան, շատ վատ էր լինելու։ Կամաց-կամաց նա կատարելապես տիրապետեց իր հիվանդին։ Վերջինս սկսեց լսել նրա յուրաքանչյուր բառը, ամեն մի բղավոցը՝ երեխայի պես։ Արինա Պրոխորովնան դրան հասավ խստությամբ և ոչ փաղաքշանքով, փոխարենը՝ գործում էր վարպետորեն։ Լույսն սկսեց բացվել։ Արինա Պրոխորովնան հանկարծ մոգոնեց, թե Շատովը նոր դուրս էր վազել սանդուղքի վրա և Աստծուն էր աղոթում ու սկսեց ծիծաղել։ Marie-ն նույնպես ծիծաղեց չարացած, թունալի, ճիշտ կարծես ավելի թեթևացավ այդ ծիծաղից։ Ի վերջո, Շատովին դուրս արեցին վերջնականապես։ Բացվեց խոնավ, ցուրտ առավոտը։ Շատովը դեմքով սեղմվեց պատին՝ անկյունում, ճիշտ և ճիշտ երեկվա պես, երբ ներս մտավ Էրկելը։ Նա դողում էր տերևի պես, վախենում էր մտածել, բայց ուղեղը կառչում էր մտքում պատկերվող ամեն ինչից՝ այդպես երազում է լինում։ Անուրջներն անդադար տանում էին նրան և անդադար կտրատվում, փտած թելերի պես։ Ի վերջո, սենյակից լսվեցին այլևս ոչ տնքոցներ, այլ զարհուրելի, զուտ կենդանական բղավոցներ՝ անտանելի, անդիմանալի։ Նա ուզում Էր խցել ականջները, բայց չէր կարողանում, ընկնում էր ծնկներին, անգիտակցաբար կրկնելով. «Marie! Marie!»։ Եվ ահա, վերջապես ճիչ լսվեց, նոր ճիչ էր, որից Շատովը ցնցվեց ու վեր թռավ ծնկած տեղից, փոքրիկի ճիչն էր՝ թույլ, խզված։ Նա խաչակնքվեց ու իրեն գցեց սենյակ։ Արինա Պրոխորովնայի ձեռքերի մեջ ճչում, ճստիկ թաթիկներն ու տոտիկներն էր թափահարում փոքրիկ, կարմիր, կնճռապատ էակը՝ ահավոր անպաշտպան և քամու թեթև շնչից փոշեհատիկի պես կախված, սակայն ճչացող ու իր մասին ազդարարող, որ իբր նույնպես ամենակատարյալ իրավունքն ունի ապրելու... Marie-ն պառկած էր ասես անզգա, բայց մի րոպե անց բացեց աչքերը և տարօրինակ նայեց Շատովին, բոլորովին կարծես նոր էր այդ հայացքը, հատկապես ինչպիսի՝ նա դեռ ի զորու չէր հասկանալ, բայց նախկինում երբեք չէր տեսել ու չէր հիշում կնոջ այդ հայացքը։

― Տղա՞ է։ Տղա՞,― հիվանդ ձայնով հարցրեց կինը Արինա Պրոխորովնային։

― Տղուկ է,― բղավեց նա ի պատասխան՝ փաթաթելով մանկանը։

Մի պահ, երբ արդեն փաթաթել և պատրաստվում էր դնել մահճակալի լայնքով, երկու բարձի արանքում, նա մանկանը տվեց Շատովին՝ պահելու։ Marie-ն մի տեսակ գողունի և կարծես վախենալով Արինա Պրոխորովնայից, գլխով արեց Շատովին։ Վերջինս իսկույն հասկացավ և մոտեցրեց՝ նրան ցույց տալու փոքրիկին։

― Ի՜նչ... լավիկն է...― թույլ շշնջաց կինը՝ ժպտալով։

― Փո՛ւհ, ինչպես է նայում,― զվարթ ծիծաղեց Արինա Պրոխորովնան՝ նայելով Շատովի դեմքին։― Ինչ դեմք ունի, էէ՜։

― Ուրախացեք, Արինա Պրոխորովնա... Սա մեծ բերկրանք է...― ապուշ կտրած երանական տեսքով մրմնջաց Շատովը՝ մանկան մասին Marie-ի երկու խոսքից փայլելով։

― Էդ ինչ մեծ ուրախություն է որ,― զվարճանում էր Արինա Պրոխորովնան՝ իրար անցած հավաքելով ու տաժանակրի պես աշխատելով։

― Նոր էակի հայտնվելու գաղտնիքը, մեծ գաղտնիքն ու անբացատրելին, Արինա Պրոխորովնա, և ինչքան ափսոս, որ դա չեք հասկանում։

Շատովը մրմնջում էր անկապ, արբեցած ու ցնծագին։ Կարծես ինչ-որ բան էր գնում-գալիս նրա գլխում և ինքնաբերաբար, կամքից անկախ, դուրս էր հորդում նրա հոգուց։

― Երկուսն էին, ու հանկարծ՝ երրորդ մարդը, նոր ոգի, ամբողջական, ավարտուն, ինչպես չի ստեղծվում մարդու ձեռքով, նոր միտք և նոր սեր, նույնիսկ ահավոր է... Եվ չկա ոչինչ ավելի վեր աշխարհում։

― Հո չասե՜ց։ Պարզապես օրգանիզմի հետագա զարգացում է, և ոչինչ չկա այդտեղ, ոչ մի գաղտնիք,― անկեղծորեն և ուրախ քրքջում էր Արինա Պրոխորովնան։― Էդպես՝ ամեն մի ճանճ էլ գաղտնիք է։ Բայց ահա թե ինչ. ավելորդ մարդիկ պետք չէ, որ ծնվեն։ Ամեն ինչ սկզբից էնպես փոխեք, որ նրանք ավելորդ չլինեն, հետո ծնեք նրանց։ Թե չէ, ահա, վաղը չէ, մյուս օրը նրան որբանոց են քարշ տալու... Իմիջիայլոց, այդպես էլ պետք է։

― Իմ մոտից նա երբեք չի գնա որբանոց,― հայացքը հատակին հառած, հաստատուն ասաց Շատովը։

― Որդեգրելո՞ւ եք։

― Նա իմ որդին է որ կա։

― Իհարկե, նա Շատով է, օրենքով՝ Շատով, ու կարիք չկա ներկայանաք որպես մարդկային ցեղի բարերար։ Առանց ճոռոմ խոսքերի չեն կարող։ Դե, լավ, լավ, միայն ահա թե ինչ, պարոնայք,― ի վերջո, ավարտեց նա հավաքվելը,― իմ գնալու ժամանակն է։ Ես դեռ առավոտն էլ կգամ ու երեկոյան կգամ, եթե պետք է, իսկ հիմա, քանի որ ամեն բան շատ բարեհաջող վերջացավ, ուրիշների մոտ էլ պիտի շտապել, վաղուց են սպասում։ Շատով, այնտեղ, ձեզ մոտ մի պառավ կա նստած, պառավը՝ պառավ, բայց դուք էլ մի թողեք մենակ, ամուսնյակ, նստեք կողքը, վայ թե պետք գաք։ Կարծում եմ, Մարյա Իգնատևնան էլ չի քշի ձեզ... Լավ, լավ, կատակ եմ անում...

Դարպասի մոտ, ուր ուղեկցեց նրան Շատովը, Արինա Պրոխորովնան ավելացրեց՝ արդեն մենակ Շատովին.

― Մինչև կյանքիս վերջն ինձ ծիծաղեցրիք։ Ձեզնից փող չեմ վերցնի, երազիս էլ կծիծաղեմ։ Այս գիշեր ձեզ պես ծիծաղելի ուրիշ ոչինչ չեմ տեսել։

Նա գնաց՝ միանգամայն գոհ։ Շատովի տեսքից և նրա խոսքերից պարզ օրվա պես հստակ էր, որ այդ մարդը «պատրաստվում է հայրության և վերջին լաթի կտոր է»։ Նա դիտավորյալ տուն վազեց՝ այդ մասին Վիրգինսկուն հայտնելու, թեև ավելի ուղիղ ու մոտ էր մեկ այլ ծննդկանի մոտ շտապելը։

― Marie, նա կարգադրեց քեզ որոշ ժամանակ դեռ չքնել, թեև տեսնում եմ, որ դա անասելի դժվար է...― երկչոտ սկսեց Շատովը։― Ես այստեղ, պատուհանի մոտ կնստեմ ու կհսկեմ քեզ, հա՞։

Եվ նա նստեց պատուհանի մոտ՝ բազմոցի ետևում, այնպես որ կինը ոչ մի կերպ չէր կարող տեսնել նրան։ Բայց մի րոպե էլ չանցավ, նա մոտ կանչեց և խորշանքով խնդրեց ուղղել բարձը։ Շատովը սկսեց ուղղել։ Կինը բարկացած նայում էր պատին։

― Այդպես չէ, օ՜հ, այդպես չէ... Այդ ի՜նչ ձեռքեր են։

Շատովն էլի ուղղեց։

― Կռացեք դեպի ինձ,― հանկարծ օտարոտի ասաց կինը՝ հնարավորին չափ ջանալով չնայել Շատովին։

Վերջինս ցնցվեց, բայց կռացավ։

― Էլի... այդպես չէ... ավելի մոտ,― ու հանկարծ կնոջ ձախ ձեռքը թափով գրկեց նրա վիզը, և Շատովն իր ճակատին զգաց Մարյայի պինդ, խոնավ համբույրը։

― Marie!։

Կնոջ շուրթերը դողում էին, նա զսպում էր իրեն, բայց մեկեն կռթնեց և աչքերը շողացնելով, ասաց.

― Նիկոլայ Ստավրոգինը սրիկա է։

Եվ ուժասպառ, հնձվածի պես դեմքով ընկավ բարձին՝ հիստերիկ հեկեկալով և ամուր սեղմելով Շատովի ձեռքը։

Այդ րոպեից արդեն նա չէր թողնում Շատովին հեռանալ իրենից, պահանջում էր, որ նա նստի գլխավերևում։ Խոսել կարող էր քիչ, բայց ամբողջ ժամանակ Շատովին էր նայում ու ժպտում նրան՝ խելապակասի նման։ Մի տեսակ թեթևամիտ էր դարձել հանկարծակի։ Ամեն ինչ կարծես վերածնվել էր։ Շատովը մեկ լալիս էր փոքր տղայի պես, մեկ խոսում Աստված գիտե, թե ինչ՝ խենթ, արբեցած, ոգեշնչված, համբուրում էր կնոջ ձեռքերը։ Marie-ն լսում էր զմայլված, գուցեև չհասկանալով, բայց թուլացած ձեռքով քնքշորեն խաղում էր նրա մազերի հետ, հարթում դրանք, հիանում։ Շատովը խոսում էր Կիրիլլովի մասին, այն մասին, թե ինչպես իրենք ապրել կսկսեն՝ «նորովի և ընդմիշտ», Աստծո գոյության մասին և որ բոլորն էլ լավն են... Հիացմունքով նորից վերցրեցին մանկանը՝ նայելու։

― Marie,― բղավեց Շատովը՝ ձեռքերում բռնած մանկանը,― վերջացած է հին զառանցանքի հետ կապը, խայտառակության ու մեռելների հետ։ Եկ, աշխատենք և նոր ճամփա ելնենք երեքով, այո, այո... Ախ, հա՜, իսկ ի՞նչ ենք դնելու անունը։

― Նրա՞։ Անունը՝ ի՞նչ,― կրկնեց կինը զարմանքով և հանկարծ դեմքին ահավոր տրտմություն գծագրվեց։

Նա ափերն իրար զարկեց, կշտամբանքով լի նայեց Շատովին և դեմքը թաղեց բարձի մեջ։

― Marie, քեզ ի՞նչ եղավ,― ճչաց Շատովը՝ տրտմալի վախով։

― Եվ դուք կարող էիք, կարող էիք... Օ՜, երախտամոռ։

― Marie, ներիր, Marie... Ես միայն հարցրի՝ անունն ինչ դնենք։ Ես չգիտեմ...

― Իվան, Իվան,― նա բարձրացրեց վառվող ու արցունքներից թրջված դեմքը,― մի՞թե կարող էիք ենթադրել, թե մեկ ուրիշ սարսափելի անուն կդնենք։

― Marie, հանգստացիր, օ՜, ինչպես ես հուզված։

― Նո՜ր կոպտություն։ Ի՞նչն եք վերագրում հուզմունքին։ Գրազ եմ գալիս, որ եթե ասեի անունը դնենք... այն սարսափելի անունը, դուք տեղնուտեղը կհամաձայնեիք, նույնիսկ չէիք էլ անդրադառնա։ Օ՜, երախտամոռներ, ստորներ, բոլո՛րը, բոլո՛րը։

Մի րոպե անց, իհարկե, հաշտվեցին։ Շատովը համոզեց նրան՝ քնել։ Կինը քնեց, բայց դեռևս բաց չէր թողնում Շատովի ձեռքը, հաճախ արթնանում էր, նրան նայում, ասես վախենալով, որ կգնա, ու նորից էր քնում։

Կիրիլլովը պառավին ուղարկեց՝ «շնորհավորելու», և բացի դրանից, տաք թեյ էլ էր ուղարկել, հենց նոր տապակած կոտլետներ և մսաջուր սպիտակ հացով՝ «Մարյա Իգնատևնայի» համար։ Հիվանդը մսաջուրը խմեց ագահությամբ, պառավը նորից բարուրեց փոքրիկին, Marie-ն Շատովին էլ ստիպեց կոտլետ ուտել։

Ժամանակն անցնում էր։ Շատովը՝ ուժասպառ, ինքն էլ քնեց աթոռին՝ գլուխը դրած Marie-ի բարձին։ Այդպես էլ գտավ նրանց իր խոսքի տեր Արինա Պրոխորովնան, ուրախ-ուրախ արթնացրեց նրանց, Marie-ի հետ ինչ պետք էր խոսեց, զննեց մանկանը և Շատովին նորից կարգադրեց չհեռանալ։ Ապա, սրամտելով «ամուսինների» վերաբերյալ՝ արհամարհանքի և բարձրամտության որոշ երանգով, գնաց նույնքան գոհ, ինչպես և քիչ առաջ։

Արդեն լրիվ մութ էր, երբ Շատովն արթնացավ։ Շտապ վառեց մոմն ու վազեց՝ պառավին կանչելու, բայց հազիվ էր իջել սանդուղքից, երբ ինչ-որ մեկի կամացուկ, անշտապ, դրսից իրեն ընդառաջ ելնող ոտնաձայնը զարմացրեց նրան։ Էրկելն էր։

― Չմտնեք,― շշնջաց Շատովը և փութով բռնելով նրա ձեռքը՝ ետ քաշեց դարպասի մոտ։― Սպասեք այստեղ, ես հիմա կգամ, բոլորովին, բոլորովին մոռացել էի ձեր մասին։ Օ՜, ինչպես հիշեցրիք։

Նա այնպես իրար անցավ, որ նույնիսկ չմտավ Կիրիլլովի մոտ, այլ միայն պառավին կանչեց։ Marie-ն հուսալքության և զայրույթի մեջ ընկավ, որ նա «կարող էր մտածել անգամ իրեն մենակ թողնել»։

― Բայց,― բղավեց Շատովը ոգեշնչված,― սա արդեն ամենավերջին քայլն է։ Իսկ հետո՝ նոր ճամփա, և երբեք, երբեք չենք հիշի հին սարսափի մասին։

Մի կերպ համոզեց կնոջը և խոստացավ վերադառնալ ճիշտ ժամը իննին։ Պինդ համբուրեց նրան, համբուրեց մանկանը և արագ վազեց Էրկելի մոտ։

Երկուսով ճամփա ելան դեպի ստավրոգինյան պուրակը Սկվորեշնիկիում, ուր մեկուկես տարի առաջ, մեկուսի տեղում, պուրակի ամենածայրին, այնտեղ, որտեղից արդեն սոճու անտառն էր սկսվում, թաղված էր իրեն վստահված տպարանը։ Վայրի ու ամայի տեղ էր, միանգամայն աննկատ՝ սկվորեշնիկովյան տնից բավական հեռու ընկած։ Ֆիլիպպովի տնից պիտի գնային երեքուկես, գուցեև չորս վերստ։

― Կարո՞ղ է լրիվ ոտքով ենք գնալու։ Ես կառք կվերցնեմ։

― Շատ եմ խնդրում ձեզ՝ չվերցնել,― առարկեց Էրկելը,― նրանք հենց դա էին պնդում։ Կառապանը նույնպես վկա է։

― Է՛... գրողը տանի։ Միևնույն է, միայն թե վերջացնել, վերջացնել։

Քայլեցին շատ արագ։

― Էրկել, փոքրիկ դուք տղա,― բղավեց Շատովը։― Երբևէ երջանիկ եղե՞լ եք։

― Իսկ դուք հիմա կարծես թե շատ եք երջանիկ,― հետաքրքրությամբ նշեց Էրկելը։


Գլուխ վեցերորդ. Բազում դժվարությունների գիշեր

I

Օրվա ընթացքում Վիրգինսկին երկու ժամ ծախսեց, որ վազեվազ շրջի բոլոր մերոնց մոտ ու հայտնի, որ Շատովը հաստատ չի մատնելու, քանզի կինն է վերադարձել մոտը և երեխա է ծնվել, ու «գիտնալով սիրտը մարդկային», ենթադրել չի կարելի, թե նա կարող է այդ պահին վտանգավոր լինել։ Բայց ի զարմանս, համարյա ոչ ոքի չգտավ տանը, Էրկելից ու Լյամշինից բացի։ Էրկելը դա լսեց լուռ և նրա աչքերին նայելով հստակ, իսկ ուղղակի հարցին՝ «Գնալո՞ւ է, արդյոք, ժամը վեցին, թե՝ ոչ», ամենավճիտ ժպիտով պատասխանեց, որ «իհարկե, կգնա»։

Լյամշինը պառկած էր, ըստ երևույթին լուրջ հիվանդ, գլուխը փաթաթած վերմակի մեջ։ Ներս մտած Վիրգինսկուց վախեցավ և հենց նա սկսեց խոսել, միանգամից թափահարեց ձեռքերը վերմակի տակից՝ աղաչելով հանգիստ թողնել իրեն։ Սակայն Շատովի մասին ամեն ինչ լսեց, իսկ այն լուրից, որ ոչ ոք տանը չէ, չգիտես ինչու սաստիկ զարմացավ։ Պարզվեց նմանապես, որ արդեն գիտե (Լիպուտինից) Ֆեդկայի մահվան մասին և դա պատմեց Վիրգինսկուն շտապ-շտապ ու անկապ՝ իր հերթին ապշեցնելով նրան։ Իսկ Վիրգինսկու ուղղակի հարցին՝ «Պե՞տք է գնալ, թե՝ ոչ», հանկարծ նորից սկսեց աղաչել, ձեռքերը թափահարելով, որ ինքը «մի կողմ է քաշված, ոչինչ չգիտե և որ իրեն հանգիստ թողնեն»։

Վիրգինսկին տուն վերադարձավ ընկճված և սաստիկ տագնապած, նրա համար ծանր էր և այն, որ պիտի թաքցներ ընտանիքից։ Նա սովոր էր ամեն ինչ հայտնել կնոջը, և եթե նրա բորբոքված ուղեղում այդ րոպեին մի նոր միտք չառկայծեր, հետագա գործողությունների մի նոր, հաշտեցնող պլան, ապա կարող է պատահել, պառկեր անկողնում, ինչպես Լյամշինը։ Սակայն նոր միտքը նրան գոտեպնդեց ու դա քիչ է, նույնիսկ անհամբերությամբ սկսեց սպասել ժամին և նույնիսկ հարկ եղածից ավելի շուտ ճամփա ընկավ հավաքատեղի։

Շատ մռայլ մի տեղ էր դա՝ ստավրոգինյան հսկայական պուրակի ծայրին։ Ես հետո դիտավորյալ գնացի այդ տեղը՝ նայելու, թե ինչքան մռայլ պիտի թվար դա աշնանային այն խստաշունչ երեկո։ Այդտեղից ծայր էր առնում հին, տնկովի անտառը։ Վիթխարի, դարավոր սոճիները խոժոռ ու տրտում բծերով առանձնանում էին խավարի մեջ։ Այնպիսի խավար, որ երկու քայլի վրա համարյա չէր կարելի տեսնել միմյանց, սակայն Պյոտր Ստեպանովիչը, Լիպուտինը, իսկ հետո Էրկելն իրենց հետ լապտերներ բերեցին։ Հայտնի չէ, թե ինչի համար և երբ, անհիշելի ժամանակներում, կոպիտ ու անտաշ քարերով այստեղ բավական ծիծաղելի մի քարանձավ էր սարքվել։ Անձավի ներսում սեղանը, նստարանները վաղուց արդեն փտել ու կոտրատվել էին։ Մի երկու հարյուր քայլ դեպի աջ վերջանում էր պուրակի երրորդ լճակը։ Հենց տան մոտից սկսվող այդ երեք լճակները սփռված էին մեկը մյուսի ետևից, մի վերստ ու ավելի, մինչև պուրակի ամենածայրը։ Դժվար էր ենթադրել, թե որևէ աղմուկ, բղավոց կամ նույնիսկ կրակոց կարող էր հասնել ստավրոգինյան լքյալ տան բնակիչներին։ Նիկոլայ Վսեվոլոդովիչի երեկվա մեկնելուց և Ալեքսեյ Եգորըյչի գնալուց հետո, տան մեջ ոչ ավելի, քան հինգ, թե վեց հոգի էին մնացել, այսպես ասած, հաշմանդամային բնույթի մարդիկ։ Համենայն դեպս, համարյա կատարյալ հավանականությամբ կարելի էր ենթադրել, որ եթե այդ մեկուսացված բնակիչներից մեկնումեկը լսեր էլ բղավոցներ կամ օգնության ճիչեր, ապա սոսկ վախ կհարուցեին դրանք, բայց և ոչ ոք տաք վառարանների և տաքացրած թախտերի վրայից չէր շարժվի օգնության։

Վեցն անց քսան, համարյա արդեն բոլորը, բացի Շատովի ետևից ուղարկված Էրկելից, հավաքվել էին։ Պյոտր Ստեպանովիչն այս անգամ չուշացավ, նա եկել էր Տոլկաչենկոյի հետ։ Տոլկաչենկոն խոժոռված էր ու մտահոգ, նրա շինծու և հանդուգն-պարծենկոտ ամբողջ վճռականությունը չքացել էր։ Նա համարյա չէր հեռանում Պյոտր Ստեպանովիչից և թվում էր, հանկարծակի դարձել էր անսահմանորեն նվիրված նրան, հաճախակի և իրար անցած սկսում էր փսփսալ նրա հետ, բայց սա համարյա չէր պատասխանում նրան, կամ էլ փնթփնթում ինչ-որ բան՝ օձիքն ազատելու համար։

Վիրգինսկին և Շիգալյովը հայտնվեցին Պյոտր Ստեպանովիչից նույնիսկ քիչ ավելի շուտ և նրա երևալուն պես, մի կողմ քաշվեցին իսկույն, խորն ու հստակորեն դիտավորյալ լռության մեջ։ Պյոտր Ստեպանովիչը բարձրացրեց լապտերը և զննեց նրանց անթաքույց ու վիրավորիչ ուշադրությամբ։ «Խոսել են ուզում»,― անցավ նրա գլխով։

― Լյամշինը չկա՞,― հարցրեց նա Վիրգինսկուց։― Ո՞վ ասաց, թե նա հիվանդ է։

― Ես այստեղ եմ,― արձագանքեց Լյամշինը՝ հանկարծակի դուրս գալով ծառի ետևից։ Տաք վերարկուով էր ու շալով պինդ փաթաթված, այնպես որ դժվար էր զննել նրա կերպարանքը նույնիսկ լապտերով։

― Ուրեմն, միայն Լիպուտի՞նը չկա։

Եվ Լիպուտինը լուռ ելավ քարանձավից։ Պյոտր Ստեպանովիչը նորից բարձրացրեց լապտերը։

― Ինչո՞ւ էիք մտել այնտեղ, ինչո՞ւ չէիք դուրս գալիս։

― Ես ենթադրում եմ, որ մենք բոլորս պահպանում ենք մեր շարժումների... ազատության իրավունքը,― մրթմրթաց Լիպուտինը, ի դեպ, հավանաբար ոչ այնքան հասկանալով, թե ինչ է ուզում ասել։

― Պարոնայք,― ձայնը բարձրացրեց Պյոտր Ստեպանովիչը՝ առաջին անգամ խախտելով կիսաշշունջը, ինչը տպավորություն գործեց,― կարծում եմ, դուք լավ եք հասկանում, որ հիմա ավելորդ խոսակցությունների պետքը չունենք։ Երեկ ամեն բան ասվեց ու ծամծմվեց՝ ուղղակի և որոշակի։ Սակայն գուցե, ինչպես տեսնում եմ կերպարանքներից, մեկնումեկն ուզում է ինչ-որ բան հայտարարել։ Այդ դեպքում, խնդրում եմ՝ շո՛ւտ։ Գրողը տանի, ժամանակը քիչ է, իսկ Էրկելը կարող է հիմա բերել նրան...

― Նա անպայման կբերի նրան,― հայտնի չէ, ինչի համար, ագուցեց Տոլկաչենկոն։

― Եթե չեմ սխալվում, սկզբից կլինի տպարանի փոխանցո՞ւմը,― տեղեկացավ Լիպուտինը՝ նորից կարծես չհասկանալով՝ ինչի համար է հարցը տալիս։

― Դե իհարկե, հո չե՞նք կորցնելու եղածը,― լապտերը նրա դեմքին պահեց Պյոտր Ստեպանովիչը։― Բայց չէ որ երեկ բոլորով պայմանավորվեցինք, որ իսկականից ընդունել պետք չէ։ Թող նա միայն տեղը ցույց տա ձեզ, թե որտեղ է թաղել, հետո ինքներս կփորենք-կհանենք։ Ես գիտեմ, որ մի տասը քայլի վրա է այս քարանձավի որևէ անկյունից... Բայց գրողը տանի, ինչպե՞ս եք դա մոռացել, Լիպուտին։ Պայմանավորված է, որ նրան կդիմավորեք դուք մենակ, իսկ հետո արդեն մենք դուրս կգանք... Տարօրինակ է, որ հարցնում եք, թե՞ դուք հենց այնպես։

Լիպուտինը՝ մռայլված, լռեց։ Բոլորը լռել էին։ Քամին ճոճում էր սոճիների կատարները։

― Պարոնայք, սակայն ես հուսով եմ, որ յուրաքանչյուրը կկատարի իր պարտքը,― անհամբերությամբ ընդհատեց Պյոտր Ստեպանովիչը։

― Ես գիտեմ, որ Շատովի մոտ է եկել կինը և երեխա ունեցել,― մեկեն սկսեց Վիրգինսկին՝ հուզվելով, շտապելով, հազիվ արտաբերելով բառերը և ձեռքերը թափահարելով։― Գիտնալով սիրտը մարդկային... կարելի է վստահ լինել, որ հիմա նա չի մատնի... որովհետև երջանկության մեջ է... Այնպես որ ես առավոտից եղել եմ բոլորի մոտ ու ոչ ոքի չեմ տեսել... այնպես որ գուցե հիմա բոլորովին էլ պետք չէ...

Նա կանգ առավ, շունչը կտրվում էր։

― Եթե դուք, պարոն Վիրգինսկի, հանկարծ երջանկանայիք,― քայլ գցեց նրա կողմը Պյոտր Ստեպանովիչը,― ապա կհետաձգեի՞ք, արդյոք, ոչ թե մատնությունը, խոսքը դրա մասին չէ, այլ որևէ քաղաքացիական սրտոտ սխրանք, որը մտադրվել էիք նախքան երջանկությունը, որը կհամարեիք ձեր պարտքն ու պարտականությունը, չնայած վտանգին ու երջանկության կորստին։

― Ոչ, չէի հետաձգի։ Ոչ մի դեպքում չէի հետաձգի,― սոսկալի անհեթեթ մի եռանդով արտաբերեց Վիրգինսկին՝ ամբողջովին իրար անցած։

― Ավելի շուտ կկամենայիք նորից դժբախտ լինել, քան՝ սրիկա՞։

― Այո, այո... Ես նույնիսկ միանգամայն հակառակը... կուզեի լինել կատարյալ սրիկա... այսինքն՝ չէ... թեև ամենևին ոչ սրիկա, այլ հակառակը, բոլորովին դժբախտ, քան սրիկա։

― Դե, ուրեմն, իմացեք, որ Շատովն այդ մատնությունը համարում է իր քաղաքացիական սխրանքը, իր ամենաբարձրագույն համոզմունքը, իսկ ապացույցն այն է, որ ինքն էլ մասամբ վտանգում է իրեն կառավարության առաջ, թեև, ինչ խոսք, իրեն շատ բան կներեն՝ մատնության համար։ Էդպիսի մեկն արդեն ոչ մի դեպքում չի հրաժարվի։ Ոչ մի երջանկություն չի հաղթի, մեկ օր անց խելքը գլուխը կգա, ինքն իրեն նախատելով կգնա ու կանի։ Բացի դրանից, ոչ մի երջանկություն էլ չեմ տեսնում, որ կինը երեք տարի անց եկել է նրա մոտ՝ ծնելու Ստավրոգինի երեխային։

― Բայց չէ որ ոչ ոք չի տեսել մատնագիրը,― հանկարծակի ու հաստատակամ ասաց Շիգալյովը։

― Մատնագիրը տեսել եմ ես,― բղավեց Պյոտր Ստեպանովիչը,― դա կա և այս ամենն ահավոր հիմարություն է, պարոնայք։

― Իսկ ես,― մեկեն փրփրեց Վիրգինսկին,― ես բողոքում եմ... ու բողոքում եմ ամբողջ ուժով... Ես ուզում եմ... Ահա թե ինչ եմ ուզում, ես ուզում եմ, որ երբ նա գա, բոլորս դուրս գանք և բոլորով հարցնենք՝ եթե ճիշտ է, նրանից ապաշխարանք վերցնենք, և եթե ազնիվ խոսք լինի, ապա բաց թողնենք։ Համենայն դեպս, դատ լինի, դատելով լինի։ Ոչ թե բոլորով թաքնվենք, իսկ հետո վրա պրծնենք։

― Ազնիվ խոսքով վտանգել ընդհանուր գործը՝ հիմարության գագաթնակետն է։ Գրողը տանի, պարոնայք, ինչ հիմարություն է սա հիմա։ Եվ ի՞նչ դեր եք ստանձնում վտանգի պահին։

― Ես բողոքում եմ, ես բողոքում եմ,― լարել էր Վիրգինսկին։

― Ծայրահեղ դեպքում, մի բղավեք, ազդանշանը չենք լսի։ Շատովը, պարոնայք... (Գրողը տանի, ի՜նչ հիմարություն է սա հիմա)։ Ես արդեն ասել եմ ձեզ, որ Շատովը սլավոնապաշտ է, այսինքն, ամենահիմար մարդկանցից մեկը... Իսկ իմիջիայլոց, գրողը տանի, դա միևնույն է և թքած դրա վրա։ Դուք ինձ միայն շփոթեցնում եք... Շատովը, պարոնայք, չարացած մարդ է եղել և քանի որ, այդուհանդերձ, պատկանել է միությանը, ուզեի թե չուզեի, բայց մինչև վերջին րոպեն հույս եմ ունեցել, որ նրան կարելի է օգտագործել ընդհանուր գործի համար և օգտագործել որպես չարացած մարդու։ Ես նրան պահպանել եմ ու խնայել, չնայած հստակագույն հրահանգներին... Ես նրան խնայել եմ հարյուր անգամ ավելի, քան արժեր։ Բայց նա ավարտեց նրանով, որ մատնեց։ Է, գրողը տանի, թքած... Իսկ ահա, մեկնումեկդ փորձեք ճողոպրել հիմա։ Ձեզնից ոչ մեկն իրավունք չունի լքել գործը։ Դուք կարող եք նրա հետ համբուրվել թեկուզ, եթե ուզում եք, սակայն ընդհանուր գործին դավաճանել ազնիվ խոսքով, իրավունք չունեք։ Այդպես վարվում են խոզերը և կառավարության կողմից կաշառվածները։

― Իսկ ո՞վ է այստեղ կառավարությունից կաշառվածը,― նորից քամիչով անցկացրեց Լիպուտինը։

― Կարող է պատահել՝ դուք։ Ավելի լավ կանեիք լռեիք, Լիպուտին, դուք հենց այնպես եք խոսում, սովորության համաձայն։ Կաշառվածները, պարոնայք, բոլոր նրանք են, որոնք վախենում են վտանգի պահին։ Միշտ էլ մի տխմար կգտնվի, որը վախից վերջին րոպեին վազ կտա ու կբղավի. «Ա՜յ, ներեցեք ինձ, իսկ ես բոլորին կծախեմ»։ Սակայն իմացեք, պարոնայք, որ հիմա ոչ մի մատնության դիմաց ձեզ չեն ների։ Եթե երկու աստիճան էլ իջնեն իրավաբանորեն, ապա բոլոր դեպքերում Սիբիր՝ յուրաքանչյուրիդ, բացի դրանից, չեք փախչի նաև մեկ ուրիշ թրից։ Իսկ այդ ուրիշ թուրն ավելի սուր է կառավարության ունեցածից։

Պյոտր Ստեպանովիչը կատաղած էր և ավելորդ բաներ ասաց։ Շիգալյովը հաստատաքայլ նրան մոտեցավ։

― Երեկ երեկոյից ես մտորել եմ գործի մասին,― սկսեց նա վստահ ու մեթոդաբար, ինչպես և միշտ (ու ինձ թվում է, եթե գետինն էլ բացվեր ոտքերի տակ, ապա այդ դեպքում էլ չէր ուժգնացնի առոգանությունը և նվազագույնս չէր փոխի իր շարադրանքի մեթոդականությունը),― գործի մասին մտորելով, որոշեցի, որ ծրագրվող սպանությունը ոչ միայն թանկ ժամանակի կորուստ է, որ կարող էր օգտագործվել առավել էական ու մերձակա եղանակով, այլև ավելին՝ իրենից ներկայացնում է այն կործանարար շեղումն օրինավոր ուղուց, ինչ միշտ առավելապես է վնասել գործին և տասնամյակներով շեղել հաջողությունից՝ ենթարկվելով գերակշռորեն թեթևամիտ և քաղաքական մարդկանց, փոխանակ՝ մաքուր սոցիալիստների ազդեցությանը։ Ես ներկայացել եմ այստեղ միմիայն բողոքելու ծրագրվող ձեռնարկման դեմ, ընդհանրական խրատի համար, իսկ հետո ինձ հեռու պահելու այս իսկ րոպեից, որը դուք, չգիտեմ ինչու, անվանում եք ձեր վտանգի պահը։ Ես հեռանում եմ՝ ոչ թե այդ վտանգի վախից, ոչ էլ Շատովի հանդեպ տածած զգացմունքներից, ում հետ ամենևին չեն ուզում համբուրվել, այլ միայն ու միայն որովհետև այս ամբողջ գործը, սկզբից մինչև վերջ, տառացիորեն հակասում է իմ ծրագրին։ Իսկ մատնության և կառավարության կողմից կաշառվելու վերաբերյալ իմ կողմից միանգամայն հանգիստ կարող եք լինել՝ մատնություն չի լինի։

Նա շրջվեց ու գնաց։

― Գրողը տանի, կհանդիպի նրանց և կզգուշացնի Շատովին,― գոռաց Պյոտր Ստեպանովիչը և քաշեց ատրճանակը։ Լսվեց քաշված հրահանի շրխկոցը։

― Կարող եք վստահ լինել,― նորից շրջվեց Շիգալյովը,― Շատովին հանդիպելով ճանապարհին, գուցեև ողջույն փոխանակեմ, բայց չեմ նախազգուշացնի։

― Իսկ գիտե՞ք, արդյոք, որ սրա համար կարող եք հատուցել, պարոն Ֆուրյե։

― Խնդրում եմ ձեզ նկատի առնել, որ ես Ֆուրյե չեմ։ Ինձ խառնելով այդ քաղցր-մեղցր, վերացարկված ալարկոտի հետ, դուք ապացուցում եք սոսկ, որ իմ ձեռագիրը թեև եղել է ձեր ձեռքին, բայց բացարձակորեն հայտնի չէ ձեզ։ Իսկ ձեր վրիժառության վերաբերյալ կասեմ, որ իզուր քաշեցիք հրահանը, այս րոպեին դա ամենևին շահեկան չէ ձեզ։ Իսկ եթե սպառնաք ինձ վաղվա կամ մյուս օրվա համար, ապա ավելորդ հոգսերից բացի, նորից ոչինչ չեք շահի՝ գնդակահարելով ինձ։ Կսպանեք ինձ, իսկ վաղ թե ուշ այնուամենայնիվ կհանգեք իմ համակարգին։ Մնաք բարով։

Նույն վայրկյանին պուրակից, երկու հարյուր քայլ հեռվից, լճի կողմից սուլոց լսվեց։ Լիպուտինը տեղնուտեղը պատասխանեց՝ դեռևս երեկվա պայմանավորվածությամբ, նույնպես սուլոցով (դրա համար նա, չվստահելով իր բավականաչափ անատամ բերանին, դեռևս առավոտյան շուկայում մի կոպեկով մանկական կավե սուլիչ էր գնել)։ Էրկելը հասցրել էր ճանապարհին նախազգուշացնել Շատովին, որ սուլոցներ կլինեն, այնպես որ վերջինս ոչ մի երկմտություն չունեցավ։

― Մի անհանգստացեք, ես նրանց կշրջանցեմ ու ինձ չեն տեսնի բոլորովին,― ազդու շշնջոցով զգուշացրեց Շիգալյովը և հետո, չշտապելով ու քայլքը չարագացնելով, վերջնականապես ուղղվեց դեպի տուն, խավար պուրակի միջով։

Հիմա կատարելապես հայտնի է՝ նվազագույն մանրամասներով, թե ինչպես կատարվեց այդ սարսափելի դեպքը։ Սկզբում Լիպուտինը դիմավորեց Էրկելին և Շատովին, հենց քարանձավի մոտ։ Շատովը չողջունեց նրան և ձեռքը չտվեց, բայց և իսկույն բարձրաձայն ու փութով ասաց.

― Դեհ, իսկ ո՞ւր է ձեր բահն ու մեկ ուրիշ լապտեր չկա՞։ Մի վախեցեք, այստեղ ոչ ոք էլ չկա, Սկվորեշնիկիում էլ կուզես հիմա թնդանոթ կրակիր, չեն լսի։ Այ, այստեղ է դա, ահա, այստեղ, հենց այս տեղում...

Եվ նա ոտքը խփեց իսկապես քարանձավի ետևի անկյունից տասը քայլի վրա, դեպի անտառ։ Հենց այդ րոպեին ետևից նրա վրա հարձակվեց Տոլկաչենկոն, իսկ Էրկելը, նույնպես ետևից, բռնեց նրա բազուկները։ Լիպուտինը վրա պրծավ առջևից։ Երեքով իսկույն գետին տապալեցին նրան ու սեղմեցին հողին։ Այստեղ մոտ ցատկեց Պյոտր Ատեպանովիչն իր ատրճանակով։ Պատմում են, որ Շատովը հասցրեց գլուխը դարձնել նրա կողմը և դեռ կարող էր տեսնել ու ճանաչել նրան։ Երեք լապտեր լուսավորում էին տեսարանը։ Շատովը հանկարծ բղավեց կարճ և հուսակտուր, բայց նրան թույլ չտվեցին բղավել. Պյոտր Ստեպանովիչը ատրճանակը խնամքով, պինդ դեմ արեց ուղիղ ճակատին և սեղմեց ձգանը։ Կրակոցը շատ բարձր չէր կարծես թե, ծայրահեղ դեպքում, Սկվորեշնիկիում ոչինչ չէին լսել։ Անշուշտ, լսեց Շիգալյովը, որը հազիվ երեք հարյուր քայլ հեռացած լիներ, լսեց թե՛ բղավոցը, թե՛ կրակոցը, բայց հետագայում իր իսկ վկայությամբ, չշրջվեց և նույնիսկ կանգ չառավ։ Մահը վրա հասավ համարյա վայրկենապես։ Կատարելապես տնօրինելու ընդունակություն, չեմ կարծում՝ նաև սառնարյունություն, պահպանում էր միայն Պյոտր Ստեպանովիչը։ Պպզելով, նա հապշտապ, սակայն ամուր ձեռքով խուզարկեց սպանվածի գրպանները։ Փող չկար (դրամապանակը մնացել էր Մարյա Իգնատևնայի բարձի տակ)։ Երկու-երեք թղթեր դուրս եկան՝ փուչ բաներ, գրասենյակային մի գրություն, ինչ-որ գրքի վերնագիր և արտասահմանյան պանդոկի մի հին հաշիվ՝ Աստված գիտե, թե ինչու գրպանում մնացած երկու տարի։ Պյոտր Ստեպանովիչը թղթերը դրեց իր գրպանը և, նկատելով հանկարծ, որ բոլորը խռնվել են, նայում են դիակին ու ոչինչ չեն անում, սկսեց չարացած և անհարգալի նախատել ու շտապեցնել։ Տոլկաչենկոն և Էրկելը, ուշքի գալով, վազեցին և քարանձավից իսկույն բերեցին դեռևս առավոտից այնտեղ պահած երկու քար, յուրաքանչյուրը քսան ֆունտ քաշով, արդեն պատրաստի, այսինքն՝ պարաններով ամուր կապկպված։ Քանի որ նախատեսված էր դիակը քարշ տալ մերձակա (երրորդ) լճակն ու այնտեղ ջրասույզ անել, ապա սկսեցին այդ քարերը կապել նրա ոտքերին և վզին։ Կապկպում էր Պյոտր Ստեպանովիչը, իսկ Տոլկաչենկոն և Էրկելը միայն բռնել էին և քարերն էին տալիս հերթով։ Էրկելը տվեց առաջինը, և մինչ Պյոտր Ստեպանովիչը, փնթփնթալով ու հայհոյելով, պարանով կապկպում էր դիակի ոտքերն ու դրանց միացնում առաջին քարը, Տոլկաչենկոն այդ տևական ընթացքում ձեռքերում բռնած իր քարը՝ շեղակի և ասես հարգալիր առաջ հակված ամբողջ մարմնով, որպեսզի մատուցի անհապաղ, առաջին իսկ պահանջով, ոչ մի անգամ չմտածեց իր բեռն առայժմ ցած դնել։ Երբ վերջապես երկու քարերն էլ կապված էին և Պյոտր Ստեպանովիչը վեր կացավ գետնից՝ զննելու ներկաների կերպարանքները, այդժամ հանկարծակի տարօրինակ մի բան կատարվեց՝ միանգամայն անսպասելի և բոլորին զարմացրած։

Ինչպես արդեն ասվեց, համարյա բոլորը կանգնել և ոչինչ չէին անում, բացի մասամբ Տոլկաչենկոյից և Էրկելից։ Վիրգինսկին թեև նետվել էր, երբ բոլորը նետվեցին Շատովի վրա, բայց չէր կառչել Շատովից և չէր օգնել՝ պահել նրան։ Իսկ Լյամշինր խռնվածների մեջ էր հայտնվել արդեն կրակոցից հետո։ Ապա նրանք բոլորը, ամբողջ այդ գուցեև տասը րոպե տևած իրարանցմանը դիակի հետ, կարծես թե կորցրել էին իրենց գիտակցության մի մասը։ Նրանք խմբվել էին շուրջանակի, և ամենայն անհանգստությունից և տագնապից առաջ, կարծես լոկ զարմանք էին զգում։ Լիպուտինը կանգնած էր առջևում՝ ճիշտ դիակի մոտ, Վիրգինսկին նրա ետևում՝ ուսի վրայից նայելով մի տեսակ հստակ և կարծես կողմնակի հետաքրքրասիրությամբ, անգամ բարձրացած ոտնաթաթերին, որ ավելի լավ տեսնի։ Լյամշինն էլ թաքնվել էր Վիրգինսկու ետևում և միայն մեկ-մեկ ու վախվորած նայում էր նրա ետևից ու իսկույն թաքնվում։ Իսկ երբ քարերը կապեցին, և Պյոտր Ստեպանովիչը վեր կացավ, Վիրգինսկին հանկարծ ամբողջ մարմնով սրսփաց մանրիկ դողով, ձեռքերն իրար զարկեց և վշտալի բացականչեց ամբողջ ձայնով.

― Սա այն չէր, այն չէր։ Չէ, սա բոլորովին այն չէր։

Նա գուցեև էլի ինչ-որ բան ավելացներ իր այդչափ ուշացած բացականչությանը, սակայն Լյամշինը թույլ չտվեց նրան ավարտել՝ հանկարծակի և ամբողջ ուժով գրկեց ու սեղմեց նրան ետևից և ծղրտաց մի անհավանական բղավոցով։ Լինում են վախի սաստիկ պահեր, ասենք, երբ մարդը գոռում է հանկարծ ոչ իր ձայնով, այլ այնպիսի, որ նախկինում ենթադրել էլ չէր կարելի, ու դա երբեմն նույնիսկ շատ է ահարկու։ Լյամշինը գոռում էր ոչ մարդկային, այլ մի տեսակ գազանային ձայնով։ Ավելի ու ավելի ուժեղ, ջղաձիգ պոռթկումով, ետևից սեղմված Վիրգինսկու ձեռքերով, նա ճղճղում էր անդադար ու անընդմեջ՝ աչքերը չռած բոլորի վրա, բերանն արտակարգ լայն բացած, ոտքերով էլ մանրիկ դոփդոփում էր հողը, ասես թմբկազարկ լիներ։ Վիրգինսկին այնքան վախեցավ, որ ինքն էլ գոռաց խելագարի պես, և մի տեսակ կատաղության մեջ, այնչափ չարացած, որ Վիրգինսկու պարագային ենթադրել իսկ չէր կարելի, սկսեց պոկվել Լյամշինի ձեռքերից, որքան կարող էր ետևից ճանկռոտելով ու խփելով նրան։ Էրկելն օգնեց վերջապես պոկել Լյամշինին։ Բայց երբ Վիրգինսկին վախեցած մի տասը քայլ ետ ցատկեց, Լյամշինը հանկարծ, տեսնելով Պյոտր Ստեպանովիչին, ոռնաց նորից ու նետվեց արդեն նրա վրա։ Գայթելով դիակի վրա, նա դիակի վրայով հասավ Պյոտր Ստեպանովիչին, և արդեն այնքան պինդ գրկեց նրան՝ գլխով կրծքին սեղմած, որ ոչ Պյոտր Ստեպանովիչը, ոչ Տոլկաչենկոն, ոչ էլ Լիպուտինն առաջին պահ համարյա ոչինչ չկարողացան անել։ Պյոտր Ստեպանովիչը գոռում էր, հայհոյում, բռունցքներով խփում նրա գլխին, վերջապես, մի կերպ պոկվելով քաշեց ատրճանակը և խոթեց ուղիղ դեռևս ճղճղացող Լյամշինի բաց բերանը, վերջինիս ձեռքերն արդեն պինդ բռնել էին Տոլկաչենկոն, Էրկելն ու Լիպուտինը, սակայն Լյամշինը շարունակում էր ղժղժալ, չնայած ատրճանակին, վերջապես Էրկելը, մի կերպ ծալծլելով իր ֆուլյարե թաշկինակը, ճարպկորեն խցկեց նրա բերանը, և ճղճղոցն այդպիսով դադարեց։ Այդ ընթացքում Տոլկաչենկոն մնացած պարանի կտորով կապկպեց նրա ձեռքերը։

― Սա շատ տարօրինակ է,― ասաց Պյոտր Ստեպանովիչը՝ տագնապած զարմանքով զննելով խելագարին։

Ըստ երևույթին, ապշած էր։

― Ես նրա մասին միանգամայն ուրիշ բան էի մտածում,― ավելացրեց նա մտախոհ։

Առայժմ նրա մոտ թողեցին Էրկելին։ Հարկ էր շտապել մեռյալի խնդրում, բղավոցներն այնքան էին, որ կարող էին մոտերքից լսել նաև։ Տոլկաչենկոն և Պյոտր Ստեպանովիչը վերցրին լապտերները, դիակը բռնեցին գլխի կողմից։ Լիպուտինը և Վիրգինսկին բռնեցին ոտքերից ու տարան։ Երկուքարը հետը՝ բեռը ծանր էր, իսկ տարածությունն ավելի քան երկու հարյուր քայլ կլիներ։ Բոլորից ուժեղը Տոլկաչենկոն էր։ Նա խորհուրդ տվեց համաքայլ գնալ, բայց ոչ ոք չպատասխանեց նրան, ու քայլեցին խառնիխուռն։ Պյոտր Ստեպանովիչը գնում էր առջևից և լրիվ կռացած, իր ուսին էր տանում մեռյալի գլուխը՝ ձախ ձեռքով ներքևից բռնած քարը։ Քանի որ Տոլկաչենկոն ճամփի լրիվ կեսը չկռահեց, որ օգնի նրան՝ քարը բռնելուն, Պյոտր Ստեպանովիչը, ի վերջո հայհոյանքով գոռաց վրան։ Գոռոցը հանկարծակի էր և միայնակ։ Բոլորը շարունակում էին տանել լուռ, և միայն հենց լճի մոտ Վիրգինսկին՝ բեռան տակ կռացած և ասես հոգնած այդ ծանրությունից, հանկարծ բացականչեց նորից նույնպիսի բարձր ու լալկան ձայնով.

― Սա այն չէ, չէ, ամենևին այն չէ սա՜։

Տեղը, ուր վերջանում էր այդ երրորդ, սկվորեշնիկյան բավական խոշոր լիճը, ուր հասցրին սպանվածին, պուրակի ամենաամայի և չհաճախվող անկյուններից էր, հատկապես տարվա այդ ուշ եղանակին։ Այդ ծայրին լճափը խոտածածկ էր։ Լապտերը ցած դրեցին, դիակը ճոճեցին ու գցեցին ջուրը։ Խուլ ու տևական շրմփոց լսվեց։ Պյոտոր Ստեպանովիչը բարձրացրեց լապտերը, նրա ետևում տնկվեցին բոլորը՝ հետաքրքրությամբ հետևելով, թե ինչպես է սուզվում դիակը։ Բայց արդեն ոչինչ չէր երևում՝ քարեր կապած մարմինը տեղնուտեղը չքացավ։ Ջրի մակերեսին հայտնված ջրի խոշոր շիթերն արագ մարեցին։ Գործն ավարտված էր։

― Պարոնայք,― բոլորին դիմեց Պյոտր Ստեպանովիչը,― հիմա մենք կցրվենք։ Անկասկած, դուք պիտի զգաք այն ազատ հպարտությունը, որը շաղկապված է ազատ պարտքի կատարմանը։ Իսկ եթե հիմա, ցավոք սրտի, անհանգստացած եք նման զգացումների համար, ապա անկասկած, կզգաք դա վաղը, երբ արդեն ամոթ կլինի չզգալ։ Լյամշինի չափազանց ամոթալի հուզմունքը ես համաձայն եմ դիտել որպես զառանցանք, առավել ևս, որ նա, ասում են, իսկապես վատառողջ էր առավոտից։ Իսկ ձեզ, Վիրգինսկի, ազատ խորհրդածության մի վայրկյանը ցույց կտա, որ ընդհանուր գործի շահերից ելնելով, չէր կարելի առաջնորդվել ազնիվ խոսքով, այլ պետք էր հենց այնպես, ինչպես մենք արեցինք։ Հետևանքները ձեզ ցույց կտան, որ եղել է մատնություն։ Ես համաձայն եմ մոռանալ ձեր բացականչությունները։ Ինչ վերաբերում է վտանգին, ապա ոչինչ չի կանխատեսվում։ Ոչ մեկի մտքով չի անցնի կասկածել մեզնից որևէ մեկին, հատկապես եթե կարողանաք ինքներդ ձեզ պահել, այնպես որ գլխավորը, այնուամենայնիվ, հենց ձեզնից է կախված և կատարյալ համոզմունքից, ինչում, հուսով եմ, վաղն ևեթ կհաստատվեք։ Իմիջիայլոց, հենց դրա համար էլ համախմբվել եք համախոհների ազատ միասնության առանձին կազմակերպության մեջ, որպեսզի ընդհանուր գործում միմյանց միջև կիսեք եռանդը՝ տվյալ պահին, ու եթե պետք է, հետևեք և նկատեք մեկդ մյուսին։ Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է վերին հաշվետվությամբ։ Դուք կոչված եք նորացնել լճացումից խարխլվող ու նեխող գործը, միշտ աչքի առաջ ունեցեք դա՝ առույգության համար։ Ձեր համակ քայլն առայժմ այն է, որ ամեն ինչ խորտակվի, թե պետությունը, թե նրա բարոյականությունը։ Կմնանք սոսկ մենք, որ նախապես նշել ենք մեզ իշխանության բերելու համար, խելացիներին կմիացնենք մեզ, իսկ անխելքներին կհեծնենք-կքշենք։ Դրանից դուք չպետք է նեղվեք։ Հարկ է վերադաստիարակել սերունդը՝ ազատությանն արժանի դարձնելու համար։ Դեռևս բազում հազարավոր Շատովներ են սպասվում։ Մենք կազմակերպվում ենք, ուղղությունը գրավելու համար, ինչ պարապ ընկած է ու բերանը բաց մեզ է սպասում, ամոթ էլ է ձեռքը չառնել։ Հիմա ես կգնամ Կիրիլլովի մոտ և առավոտյան կլինի այն փաստաթուղթը, որով նա, մեռնելիս, կառավարության հետ բացատրվելու ձևով, ամեն ինչ կվերցնի իր վրա։ Նման զուգորդումից ավելի հավանական ոչինչ չի կարող լինել։ Նախ և առաջ, նա թշնամություն ուներ Շատովի հետ, միասին ապրել են Ամերիկայում, նշանակում է՝ գժտվելու ժամանակ ունեցել են։ Հայտնի է, որ Շատովը փոխել է համոզմունքները, նշանակում է, նրանց թշնամությունը համոզմունքներից է և մատնության վախից, այսինքն՝ ամենաչներվողը։ Ամեն ինչ այդպես էլ կգրվի։ Վերջապես, կհիշատակվի, որ նրա մոտ, Ֆիլիպպովի տանը, բնակվել է Ֆեդկան։ Այդպիսով, այս ամենը կատարելապես կհեռացնի մեզնից ամենայն կասկած, որովհետև բոլոր այդ ոչխարի գլուխները կկորցնեն իրենց։ Պարոնայք, վաղն արդեն մենք չենք հանդիպի, շատ կարճ ժամանակով ես կբացակայեմ, գավառ եմ գնալու։ Բայց վաղը չէ մյուս օրն իմ տեղեկությունները կստանաք։ Ես ձեզ խորհուրդ կտայի հենց վաղվա օրը տներում մնալ։ Հիմա բոլորս զույգ-զույգ կգնանք տարբեր ճանապարհներով։ Տոլկաչենկո, ձեզ կխնդրեմ զբաղվել Լյամշինով և տուն հասցնել նրան։ Դուք կարող եք ներգործել նրա վրա և գլխավորը՝ բացատրել, թե ինչ աստիճան կարող է հենց իրեն վնասել իր փոքրոգությամբ։ Պարոն Վիրգինսկի, ձեր ազգական Շիգալյովին, ինչպես և ձեզ, չեմ ուզում կասկածել՝ նա չի մատնի։ Կմնա ափսոսել՝ նրա արարքի համար, բայց և այնպես, նա դեռևս չի դիմել, որ թողնում է միությունը, ուստի և դեռ վաղ է նրան թաղել։ Դե, պարոնայք, շուտ անենք, թեև ոչխարի գլուխներ են այնտեղ, բայց զգուշությունը, այնուամենայնիվ, չի խանգարի...

Վիրգինսկին ճամփա ընկավ Էրկելի հետ։ Էրկելը, Լյամշինին հանձնելով Տոլկաչենկոյին, հասցրեց նրան մոտեցնել Պյոտր Ստեպանովիչին և հայտնել, որ սա ուշքի է եկել, զղջում ու ներողություն է խնդրում և նույնիսկ չի հիշում, թե ինչ կատարվեց իր հետ։ Պյոտր Ստեպանովիչը գնաց մենակ, լճերի դիմացի կողմով, պուրակի մոտով։ Դա ամենահեռու ճանապարհն էր։ Ի զարմանս նրա, համարյա ճամփի կեսին, նրան հասավ Լիպուտինը։

― Պյոտր Ստեպանովիչ, իսկ չէ որ Լյամշինը կմատնի։

― Չէ, նա ուշքի կգա և կկռահի, որ առաջինը կգնա Սիբիր, եթե մատնի։ Հիմա ոչ ոք չի մատնի։ Դուք էլ չեք մատնի։

― Իսկ դո՞ւք։

― Անկասկած, բոլորիդ ծակը կխոթեմ, հենց իրար գաք՝ դավաճանելու համար, և դուք դա գիտեք։ Բայց դուք չեք դավաճանի։ Դրա համա՞ր եք երկու վերստ վազել իմ ետևից։

― Պյոտր Ստեպանովիչ, Պյոտր Ստեպանովիչ, չէ որ մենք գուցե էլ երբեք չհանդիպենք։

― Դա՞ որտեղից գտաք։

― Միայն մի բան ասեք ինձ։

― Իսկ ի՞նչ։ Ի դեպ, ես ուզում եմ, որ դուք չքվեք։

― Մի հատիկ պատասխան, բայց որ հաստատ լինի, մենակ մե՞նք ենք հնգյակ ամբողջ աշխարհում, թե՞ ճիշտ է, որ մի քանի հարյուր հնգյակ կա։ Ես վերին իմաստով եմ հարցնում, Պյոտր Ստեպանովիչ։

― Ձեր կատաղությունից եմ տեսնում։ Իսկ գիտե՞ք, արդյոք, Լիպուտին, որ դուք Լյամշինից ավելի վտանգավոր եք։

― Գիտեմ, գիտեմ, բայց պատասխա՜նը, ձեր պատասխանը։

― Հիմար մարդ եք։ Չէ որ հիմա արդեն, կարծեմ, ձեզ համար միևնույնը պիտի լինի՝ մի հնգյակ է, թե հազար։

― Ուրեմն, մեկն է։ Այդպես էլ գիտեի,― ճչաց Լիպուտինը։― Ամբողջ ժամանակ գիտեի, որ մեկն է, մինչև այս րոպեն...

Եվ չսպասելով ուրիշ պատասխանի, շրջվեց ու արագ անհետացավ մթության մեջ։

Պյոտր Ստեպանովիչը մի քիչ մտորեց։

― Չէ, ոչ ոք չի մատնի,― ասաց նա վճռական,― բայց խմբակը պիտի խմբակ մնա ու ենթարկվի, թե չէ ես նրանց... Բայց էս ի՜նչ անպետք ժողովուրդ է։

II

Սկզբում նա մտավ իր տուն և խնամքով, առանց շտապելու, դարսեց ճամպրուկը։ Առավոտյան ժամը վեցին շարժվում էր ճեպընթաց գնացքը։ Վաղ ժամի այդ ճեպընթացը շաբաթական մեկ անգամ էր լինում ու սահմանված էր բոլորովին վերջերս, առայժմ սոսկ որպես փորձ։ Պյոտր Ստեպանովիչը թեև նախազգուշացրեց մերոնց, որ ժամանակավորապես հեռանում է իբր թե գավառ, բայց, ինչպես պարզվեց հետագայում, նրա մտադրությունները միանգամայն ուրիշ էին։― Ճամպրուկը կողպելով՝ նա վճարեց տանտիրուհուն, ում նախապես տեղյակ էր պահել և կառքով գնաց Էրկելի տուն, որն ապրում էր կայարանին մոտ։ Իսկ հետո արդեն, գիշերվա ժամը համարյա մեկին, գնաց Կիրիլլովի մոտ, ում տուն մտավ դարձյալ Ֆեդկայի գաղտնի անցքով։

Պյոտր Ստեպանովիչի հոգեվիճակն ահավոր էր։ Իր համար չափազանց կարևոր ուրիշ-ուրիշ տհաճություններից բացի (դեռևս ոչինչ չէր կարողացել իմանալ Ստավրոգինի մասին), ինչպես թվում է, քանզի չեմ կարող հաստատ պնդել, օրվա ընթացքում ինչ-որ տեղից (ամենահավանականը՝ Պետերբուրգից) գաղտնի մի ծանուցում էր ստացել մոտ ժամանակներս իրեն սպասող ինչ-որ վտանգի մասին։ Հարկավ, այդ ժամանակի շուրջ հիմա մեր քաղաքում շատ առասպելներ են շրջում։ Բայց եթե որևիցե բան հաստատ հայտնի է, ապա սոսկ նրանց, ովքեր պարտավոր են դա իմանալ։ Ես միայն ենթադրում եմ անձնական կարծիքով, որ Պյոտր Ստեպանովիչը կարող էր ինչ-ինչ գործեր ունենալ նաև բացի մեր քաղաքից, այնպես որ իսկապես կարող էր ծանուցում ստացած լինել։ Նույնիսկ համոզված եմ, հակառակ Լիպուտինի ցինիկ և հուսաբեկ երկմտության, որ նա իսկապես էլ կարող էր երկու-երեք հնգյակ ունենալ, մերից բացի, ասենք, մայրաքաղաքներում։ Իսկ եթե ոչ հնգյակներ, ապա կապեր և հարաբերություններ՝ գուցեև, նույնիսկ շատ արտառոց։ Նրա մեկնելուց ոչ ավելի, քան երեք օր անց մեզ մոտ մայրաքաղաքից հրաման ստացվեց անհապաղ ձերբակալել նրան՝ թե հատկապես ինչ գործի համար, մեր թե ուրիշ, չգիտեմ։ Հրամանը տեղ հասավ այն ժամանակ հենց, որ սաստկացնի մեր ղեկավարությանը և մինչ այդ համառորեն թեթևամիտ հասարակությանը հանկարծ համակած սարսափի ցնցող, համարյա թե միստիկ տպավորությունը ուսանող Շատովի խորհրդավոր և բազմանշանակալի սպանության հայտնաբերման, մեր անհեթեթությունների չափը լրացրած սպանության և այդ դեպքն ուղեկցող արտակարգ հանելուկային հանգամանքների կապակցությամբ։ Սակայն հրամանն ուշացել էր. Պյոտր Ստեպանովիչն այդ ժամանակ արդեն Պետերբուրգում էր գտնվում, ուրիշի անվան տակ, որտեղից, հոտն առնելով, թե բանն ինչ է, վայրկենապես ճողոպրեց արտասահման... Իմիջիայլոց, չափից ավելի շատ առաջ անցա։

Նա մտավ Կիրիլլովի մոտ՝ չարացած ու կրակոտ տեսքով։ Գլխավոր գործից բացի, կարծես ուզում էր էլի ինչ-որ բան պոկել Կիրիլլովից, ինչ-որ բան թափել նրա վրա։ Կիրիլլովը մի տեսակ ուրախացավ նրա գալստյամբ, երևում էր, որ ահավոր երկար ու հիվանդագին անհամբերությամբ էր սպասել։ Դեմքը սովորականից գունատ էր, սև աչքերի հայացքը՝ ծանր ու անթեք։

― Ես կարծում էի, չեք գա,― ծանր-ծանր ասաց նա բազմոցի անկյունից, իմիջիայլոց, ընդառաջ չշարժվելով։ Պյոտր Ստեպանովիչը կանգնեց նրա դիմաց և, նախքան որևէ բառ արտասանելը, ակնդետ նայում էր նրա դեմքին։

― Նշանակում է, ամեն ինչ կարգին է, և մենք մեր մտադրությունից ետ չենք կանգնի, շատ ապրեք,― վիրավորական-հովանավորող ժպտաց նա։ Ուրեմն՝ ինչ,― ավելացրեց գարշելի կատակաբանությամբ,― եթե ուշացա էլ, բողոքելու տեղ չունեք, երեք ժամ նվիրեցի ձեզ։

― Ես ձեզնից ավելորդ ժամ նվեր չեմ ուզում և դու չես կարող ինձ նվիրել... հիմա՛ր։

― Ի՞նչ,― ցնցվելու վրա էր Պյոտր Ստեպանովիչը, բայց վայրկենապես տիրապետեց իրեն։― Ա՜յ քեզ նեղացկոտություն։ Է՜, կարծես գազազա՞ծ եք,― բառ առ բառ արտաբերեց նա՝ նույն վիրավորական գոռոզության տեսքով։― Նման պահին ավելի շուտ հանգստություն է պետք։ Ամենից լավը հիմա կլինի Կոլումբոսի տեղը դնել իրեն, իսկ ինձ նայել որպես մի մկան ու չնեղանալ ինձնից։ Ես դա երեկ խորհուրդ տվեցի։

― Ես չեմ ուզում քեզ նայել որպես մկան։

― Իսկ դա՞ ինչ էր, հաճոյախոսությո՞ւն։ Իմիջիայլոց, թեյն էլ է սառը, ուրեմն, ամեն ինչ գլխիվայր է։ Չէ, էստեղ մի անբարեհույս բան է կատարվում։ Բա՜, ինչ-որ բան եմ տեսնում լուսամուտագոգին՝ պնակի մեջ (նա մոտեցավ պատուհանին)։ Օհո՜, բրնձի հետ խաշած հավ... Իսկ ինչո՞ւ մինչև հիմա ձեռք տված չէ։ Նշանակում է, այնպիսի հոգեվիճակի մեջ եք եղել, որ նույնիսկ հավը...

― Ես կերել եմ, ու ձեր գործը չէ։ Լռեք։

― Օ՜, իհարկե, ըստ որում՝ միևնույն է։ Բայց հիմա ինձ համար մի բան միևնույնը չէ. պատկերացրեք, համարյա բոլորովին չեմ ճաշել, ուստի, եթե հիմա այս հավը, ինչպես ենթադրում եմ, արդեն պետք չէ... հը՞։

― Կերեք, եթե կարող եք։

― Այ, շնորհակալ եմ, հետո էլ՝ թեյ։

Նա ակնթարթորեն տեղավորվեց բազմոցի մյուս ծայրին և արտակարգ ագահությամբ վրա պրծավ կերակուրին, բայց միևնույն ժամանակ ամեն վայրկյան հետևում էր իր զոհին։ Կիրիլլովը չարացած գարշանքով նրան էր նայում անշարժ, ասես անուժ՝ փախցնել հայացքը։

― Սակայն,― մեկեն վեր թռավ Պյոտր Ստեպանովիչը՝ շարունակելով ուտել,― սակայն՝ գործի մասի՞ն։ Ուրեմն, նահանջել չկա, հը՞։ Հապա թուղթը՞։

― Ես այս գիշեր որոշեցի, որ ինձ համար միևնույնն է։ Կգրեմ։ Թռուցիկների՞ մասին։

― Թռուցիկների մասին էլ։ Իմիջիայլոց, ես կթելադրեմ։ Չէ որ ձեզ համար միևնույն է։ Մի՞թե ձեզ կարող էր անհանգստացնել բովանդակությունն այսպիսի մի պահի։

― Քո գործը չէ։

― Իհարկե, չէ։ Ի դեպ, ընդամենը մի քանի տող, որ դուք և Շատովը թռուցիկներ եք տարածել, իմիջիայլոց, Ֆեդկայի օգնությամբ, որը թաքնվում էր ձեր բնակարանում։ Այս վերջին կետը Ֆեդկայի և բնակարանի մասին խիստ կարևոր է, նույնիսկ՝ ամենակարևորը։ Տեսնում եք, ես լրիվ անկեղծ եմ ձեզ հետ։

― Շատո՞վը։ Շատո՞վը՝ ինչի համար։ Ոչ մի դեպքում՝ Շատովի մասին։

― Այ քեզ նորություն, ձեզ համա՞ր՝ ինչ։ Նրան վնասել արդեն չեք կարող։

― Կինն է եկել նրա մոտ։ Արթնացել ու մարդ էր ուղարկել, իմանալու, թե ո՞ւր է նա։

― Ուղարկել էր հարցնելու, թե ո՞ւր է։ Հըմ, սա լավ չէ։ Գուցեև էլի ուղարկի։ Ոչ ոք չպետք է իմանա, որ ես այստեղ եմ...

Պյոտր Ստեպանովիչն անհանգստացավ։

― Նա չի իմանա, քնել է նորից։ Նրա մոտ է Արինա Վիրգինսկայան։

― Էսպես, էսպես... չի՞ լսի, կարծում եմ։ Գիտեք, գուցե փակենք դռնակը։

― Ոչինչ չի լսի։ Իսկ եթե Շատովը գա, ձեզ կթաքցնեմ մյուս սենյակում։

― Շատովը չի գա։ Եվ դուք կգրեք, որ կռվել եք դավաճանության և մատնագրի համար... այս երեկո... ու նրա մահվան պատճառը։

― Նա մեռա՜ծ է,― բղավեց Կիրիլլովը՝ վեր թռչելով բազմոցի վրայից։

― Այսօր, երեկոյան ժամը ութին մոտ, կամ ավելի լավ է, երեկ երեկոյան, ժամը ութին, իսկ հիմա տասներկուսն անց է արդեն։

― Այդ դու ես սպանել նրան... Եվ դա ես երեկ էի կանխատեսում։

― Չկանխատեսելու բան չկար։ Այ, այս ատրճանակով (նա հանեց ատրճանակը, ըստ երևույթին, ցույց տալու, բայց էլ չպահեց, աջ ձեռքում բռնել էր, ասես պատրաստ)։― Բայց դուք տարօրինակ մարդ եք, Կիրիլլով, չէ որ ինքներդ գիտեիք, որ դրանով էլ կվերջանա այդ տխմար մարդու գործը։ Էլ ի՞նչ կար կանխատեսելու։ Մի քանի անգամ ծամել ու ձեր բերանն եմ դրել։ Շատովը մատնագիր էր պատրաստում՝ ես հետևում էի, ոչ մի կերպ թողնել չի կարելի։ Ձեզ էլ էր հրահանգված հետևել, հենց ինքներդ ինձ հայտնեցիք երկու շաբաթ առաջ...

― Լռիր։ Այդ բանն արել ես, որովհետև Ժնևում նա թքել է երեսիդ։

― Դրա համար էլ, ուրիշ բաների համար էլ։ Շատ ուրիշ բաների, իմիջիայլոց, առանց որևէ չարության։ Ի՞նչ կա՝ վեր թռչելու։ Ի՞նչ կարիք կա՝ ձևեր թափելու։ Օհո՜։ Ուրեմն, ահա, թե ինչ...

Նա վեր ցատկեց ու ատրճանակն առաջ պարզեց։ Բանն այն է, որ Կիրիլլովը հանկարծ լուսամոտագոգից ճանկեց իր ատրճանակը՝ դեռ առավոտից նախապատրաստած ու լցրած։ Պյոտր Ստեպանովիչը կրակելու դիրք բռնեց ու զենքն ուղղեց Կիրիլլովի վրա։

Վերջինս չարախինդ ծիծաղեց։

― Խոստովանիր, սրիկա, որ ատրճանակը վերցրել ես, որովհետև կգնդակահարեմ քեզ... Բայց ես չեմ կրակի... թեև... թեև...

Եվ նա նորից ատրճանակն ուղղեց Պյոտր Ատեպանովիչի վրա, կարծես հաշվարկելով, կարծես անուժ՝ հրաժարվել պատկերացնելու հաճույքից, թե ինչպես կգնդակահարեր նրան։ Պյոտր Ստեպանովիչը, դեռևս դիրք բռնած, սպասում էր մինչև վերջին վայրկյանը, չքաշելով ձգանը, վտանգելով իրեն՝ առաջինը գնդակ ստանալ ճակատին, «մոլագարից» սպասելի էր։ Սակայն «մոլագարն» ի վերջո իջեցրեց ձեռքը՝ շունչը կտրվելով, սրսփալով և խոսելու ուժ չունենալով։

― Խաղ արեցինք, ու հերիք էր,― զենքն իջեցրեց նաև Պյոտր Ստեպանովիչը։― Այդպես էլ գիտեի, որ խաղ եք անում, միայն թե գիտեք, որ վտանգված էիք, ես կարող էի կրակել։

Եվ նա բավականին հանգիստ նստեց բազմոցին և թեյ լցրեց իրեն, ի դեպ, թեթեակի դողացող ձեռքով։ Կիրիլլովն ատրճանակը դրեց սեղանին և սկսեց ետուառաջ քայլել։

― Ես չեմ գրի, թե սպանել եմ Շատովին և... ոչինչ չեմ գրի հիմա։ Թուղթը չի լինի։

― Չի՞ լինի։

― Չի լինի։

― Ի՜նչ ստորություն և ի՜նչ հիմարություն,― չարացածությունից կանաչ կտրեց Պյոտր Ստեպանովիչը։― Իմիջիայլոց, ես դա կանխազգում էի։ Իմացեք, որ ինձ նեղը չեք գցում։ Թեև՝ ինչպես կուզեք։ Եթե կարողանայի ձեզ ստիպել ուժով, կստիպեի։ Ի դեպ, դուք սրիկա եք,― ավելի ու ավելի չէր կարողանում իրեն զսպել Պյոտր Ստեպանովիչը։― Այն ժամանակ դուք մեզնից փող խնդրեցիք և սարեր խոստացաք... Միայն թե ես առանց արդյունքի չեմ գնա, այնուամենայնիվ, ծայրահեղ դեպքում կտեսնեմ, թե ինչպես եք ինքներդ ձեր գանգը փշրում։

― Ես ուզում եմ, որ հիմա դուրս գաս,― նրա դիմաց հաստատուն կանգ առավ Կիրիլլովը։

― Չէ՜, այդ մեկն արդեն՝ ոչ մի կերպ,― ատրճանակը նորից ձեռքն առավ Պյոտր Ստեպանովիչը,― հիմա թերևս չարության ու վախկոտության դրդմամբ ձեր գլուխը կմտնի հետաձգել ամեն ինչ ու վաղը գնալ՝ մատնելու, նորից մի քիչ փող ստանալու համար, չէ որ դրա համար կվճարեն։ Գրողը տանի ձեզ նման մարդկանց, ամեն ինչի պատրաստ եք։ Միայն թե մի անհանգստացեք, ես ամեն բան կանխատեսել եմ. ես չեմ գնա, մինչև այս ատրճանակով չփշրեմ ձեր գանգը, ինչպես ստոր Շատովինը, եթե վախենաք ու մտադրությունը հետաձգեք, գրողը տանի ձեզ։

― Անպայման ուզում ես իմ արյո՞ւնն էլ տեսնել։

― Հասկացեք, չարությունից չեմ անում դա, ինձ համար միևնույն է։ Պատճառն այն է, որ հանգիստ լինեմ մեր գործի համար։ Մարդուս վրա հույս դնել չի կարելի, ինքներդ եք տեսնում։ Ես ոչինչ չեմ հասկանում, թե որն է ինքն իրեն մեռցնելու ձեր այդ երևակայությունը։ Ես չեմ հորինել ձեզ համար, այլ ինքներդ՝ ինձնից առաջ ու այդ մասին հայտնել եք նախապես ոչ ինձ, այլ անդամներին՝ արտասահմանում։ Եվ նկատի ունեցեք, նրանցից ոչ ոք չի ստիպել խոստովանել, նրանցից ոչ մեկը ձեզ չի ճանաչել բոլորովին, այլ ինքներդ եք եկել՝ անկեղծանալու, զգացմունքայնությունից։ Է՛, ինչ արած, եթե այն ժամանակ դրա վրա հիմնվեց, ձեր իսկ համաձայնությամբ և առաջարկությամբ (նկատի առեք ձեզ համար՝ առաջարկությամբ), այստեղի գործողությունների մի պլան, որը հիմա արդեն ոչ մի կերպ փոխել չի կարելի։ Հիմա դուք ձեզ այնպես եք պահել, որ արդեն չափից ավելի գիտեք ավելորդ բաներ։ Եթե ցնորվեք ու վաղը գնաք՝ մատնելու, չէ որ դա էլ ձեռնտու չի լինի ձեզ, ի՞նչ եք մտածում այդ մասին։ Չէ-է՛, դուք պարտավորվել եք, դուք խոսք եք տվել, դուք փող եք վերցրել։ Այդ մեկը ոչ մի կերպ չեք կարող ժխտել...

Պյոտր Ստեպանովիչը սաստիկ բորբոքված էր, բայց Կիրիլլովը վաղուց արդեն չէր լսում։ Նորից մտազբաղ գնում-գալիս էր սենյակում։

― Մեղք էր Շատովը,― ասաց նա՝ կրկին կանգնելով Պյոտր Ստեպանովիչի դիմաց։

― Ախր, ես էլ եմ խղճում, թերևս, և միթե...

― Լռիր, ստորի մեկը,― ոռնաց Կիրիլլովը՝ սարսափելի և աներկիմաստ շարժում անելով,― կսպանեմ։

― Դե, դե, դե, ստեցի, համաձայն եմ, ամենևին մեղք չէր, դե բավական է, բավական,― երկյուղած վեր թռավ Պյոտր Ստեպանովիչը՝ ձեռքն առաջ պարզած։

Կիրիլլովը հանկարծակի սսկվեց և նորից սկսեց քայլել։

― Ես չեմ հետաձգի, հատկապես հիմա եմ ուզում սպանել ինձ՝ բոլորը ստոր են։

― Ա՛յ, գաղափար է։ Ինչ խոսք, բոլորը ստոր են, և քանի որ օրինավոր մարդու համար աշխարհում նողկալի է, ապա...

― Հիմար, ես էլ նույնպիսի ստոր եմ, ինչպես դու, ինչպես բոլորը և ոչ թե օրինավոր։ Օրինավոր ոչ մի տեղ չի եղել։

― Վերջապես կռահեց։ Կիրիլլով, միթե մինչև հիմա ձեր խելքով չէիք հասկանում, որ բոլորը նույնն են, որ չկա ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, այլ միայն ավելի խելոք ու ավելի անխելք, և որ եթե բոլորը ստոր են (ինչը, ի դեպ, ցնդաբանություն է), ապա ուրեմն, չպիտի լինի և անստո՞ր։

― Ա՜, դու իսկապե՞ս չես ծիծաղում,― որոշ չափով զարմացած նայեց Կիրիլլովը։― Տաքացած ու պարզ ասացիր։ Մի՞թե քեզ նմանները համոզմունք ունեն։

― Կիրիլլով, ես երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչի եք ուզում ինքնասպան լինել։ Գիտեմ միայն, որ համոզմունքից... հաստատուն։ Բայց եթե պահանջ եք զգում, այսպես ասած, սիրտը բացել, պատրաստ եմ ծառայել... Միայն պետք է նկատի առնել ժամանակը...

― Ժամը քանի՞սն է։

― Օհո՜, ճիշտ երկուսը,― ժամացույցին նայեց Պյոտր Ստեպանովիչը և գլանակ վառեց։

«Կարծում եմ, դեռ կարելի է լեզու գտնել»,― ինքն իրեն մտածեց նա։

― Ես քեզ ասելու բան չունեմ,― մրթմրթաց Կիրիլլովը։

― Հիշում եմ, ինչ-որ բան կա այդտեղ Աստծո մասին... չէ որ դուք մի անգամ ինձ բացատրել եք, նույնիսկ երկու անգամ։ Եթե ինքնասպան լինեք, կդառնաք Աստված, կարծեմ, այդպե՞ս էր։

― Այո, կդառնամ Աստված։

Պյոտր Ստեպանովիչը նույնիսկ չժպտաց, սպասում էր։ Կիրիլլովը նրբամտորեն նրան նայեց։

― Դուք քաղաքական խաբեբա եք և բանսարկու, ուզում եք ինձ հանգեցնել փիլիսոփայության և զմայլանքի և հաշտություն կայացնել, որպեսզի ցրեք զայրույթը և երբ հաշտվեմ, խնդրել ու ձեռք գցել երկտողը, թե Շատովին ես եմ սպանել։

Պյոտր Ստեպանովիչը պատասխանեց համարյա բնական պարզամտությամբ.

― Էհ, թող որ այդպիսի ստոր լինեմ, միայն թե վերջին րոպեներին ձեզ համար միևնո՞ւյնը չէ, Կիրիլլով։ Լավ, ինչի՞ համար ենք վիճում, ասացեք խնդրեմ, դուք այդպիսի մարդ եք, ես՝ այսպիսի, դրանից ի՞նչ։ Գումարած, որ երկուսս էլ...

― Ստորներ ենք։

― Այո, գուցեև ստորներ։ Չէ որ գիտեք, որ դրանք միայն բառեր են։

― Ամբողջ կյանքում չեմ ուզել, որ սոսկ բառեր լինեն դրանք։ Նրա համար եմ ապրել, որ միշտ չեմ ուզել։ Ես հիմա էլ ամեն օր ուզում եմ, որ բառեր չլինեն։

― Ինչ կա որ, ամեն մեկն ավելի լավ տեղ է փնտրում։ Ձուկը... այսինքն, ամեն մեկն էլ յուրօրինակ կոմֆորտ է փնտրում։ Շատ ու շատ հնուց է հայտնի։

― Ասում ես՝ կոմֆո՞րտ։

― Է, արժի՞ բառի համար վիճել։

― Չէ, դու լավ ասիր, թող լինի կոմֆորտ։ Աստված անհրաժեշտ է, ուստի և պիտի լինի։

― Է, շատ լավ։

― Բայց ես գիտեմ, որ նա չկա ու չի կարող լինել։

― Դա ավելի ճիշտ էր։

― Մի՞թե դու չես հասկանում, որ այդպիսի երկու մտքերով մարդուն չի կարելի ողջ մնալ։

― Ի՞նչ է, ինքնասպա՞ն լինել։

― Մի՞թե չես հասկանում, որ միմիայն այդ պատճառով կարելի է ինքնասպան լինել։ Դու չես հասկանում, որ կարող է այդպիսի մի մարդ լինել, մի հոգի ձեր հազարավոր միլիոններից, մեկը, որը չի ուզենա և չի դիմանա։

― Ես հասկանում եմ միայն, որ դուք, կարծես թե տատանվում եք։ Դա շատ վատ է։

― Ստավրոգինին նույնպես գաղափարը խժռեց,― դիտողությունը չնկատեց Կիրիլլովը՝ մռայլված քայլելով սենյակում։

― Ի՞նչ,― ականջները սրեց Պյոտր Ստեպանովիչը,― ի՞նչ գաղափար։― Անձամբ ձեզ նա ինչ-որ բան ասե՞լ է։

― Չէ, ինքս եմ կռահել. Ստավրոգինը, եթե հավատում էլ է, ապա չի հավատում, թե հավատում է։ Իսկ եթե չի հավատում, ապա չի հավատում, թե չի հավատում։

― Դե, Ստավրոգինը մի ուրիշ բան էլ ունի, դրանից ավելի խելացի...― փնթփնթաց Պյոտր Ստեպանովիչը՝ անհանգստությամբ հետևելով խոսակցության շրջվածքին և գունատված Կիրիլլովին։

«Գրողը տանի, ինքնասպան չի լինելու,― մտածեց նա,― միշտ կանխազգացել եմ։ Ուղեղի մի օտարոտի դարձ և ուրիշ ոչինչ։ Ի՜նչ տականք ժողովուրդ է»։

― Դու վերջինն ես, որ ինձ հետ է. ես չէի ուզենա քեզնից գեշ բաժանվել,― հանկարծ նվեր տվեց Կիրիլլովը։

Պյոտր Ստեպանովիչն իսկույն չպատասխանեց։ «Գրողը տանի, սա՞ ինչ բան էր նորից»,― մտածեց նա կրկին։

― Հավատացեք, Կիրիլլով, որ ես ոչինչ չունեմ ձեր դեմ, անձամբ որպես մարդու, և միշտ...

― Դու ստոր ես և սուտ է խելքդ։ Բայց ես քեզ պես եմ, և ինքնասպան կլինեմ, իսկ դու ողջ կմնաս։

― Այսինքն, ուզում եք ասել, որ այնքան եմ ցածր, որ կուզենամ ողջ մնալ։

Նա դեռևս չէր կարողանում որոշել՝ շահավետ, թե՞ անշահավետ է այդ պահին նման խոսակցություն շարունակելը, և վճռեց «անձնատուր լինել հանգամանքներին»։ Սակայն Կիրիլլովի գերազանցության և իր նկատմամբ անսքող ու մշտական արհամարհանքի երանգը նախկինում էլ միշտ ջղայնացնում էր նրան, իսկ հիմա, չգիտես ինչու, նախկինից ավելի շատ։ Գուցեև այն պատճառով, որ Կիրիլլովը, ում մի ժամ անց վիճակված էր մեռնել (այնուամենայնիվ, Պյոտր Ստեպանովիչը դա նկատի ուներ), նրան թվում էր արդեն կես-մարդու պես մի բան, այնպիսի մեկը, ում այլևս չէր կարելի գոռոզություն թույլ տալ։

― Կարծես թե դուք պարծենո՞ւմ եք իմ առաջ, որ ինքնասպան եք լինելու։

― Ես միշտ զարմացած եմ եղել, որ բոլորը ողջ են մնում,― նրա դիտողությունը չլսեց Կիրիլլովը։

― Հըմ, ընդունենք, դա գաղափար էր, բայց...

― Կապիկի մեկը, դու համաձայնում ես, որ ինձ հպատակեցնես։ Լռիր, դու ոչինչ չես հասկանալու։ Եթե Աստված չկա, ես եմ Աստվածը։

― Այ, ձեր այդ մի կետը երբեք չեմ կարողացել հասկանալ, ինչի՞ համար եք դուք Աստված։

― Եթե կա Աստված, ապա կամքը նրանն է ամբողջ, և նրա կամքից դուրս ես չեմ կարող։ Եթե չկա, ապա ամբողջ կամքն իմն է, և ես պարտավոր եմ ինքնակամությունս հայտարարել։

― Ինքնակամությո՞ւն։ Իսկ ինչո՞ւ եք պարտավոր։

― Որովհետև ամբողջ կամքը դարձել է իմը։ Մի՞թե ոչ ոք ամբողջ մոլորակի վրա, վերջացնելով Աստծու հետ և հավատալով ինքնակամությանը, չի համարձակվի ինքնակամություն ազդարարել՝ ամենալիակատար հիմքով։ Դա այդպես է, ինչպես չքավորը ժառանգություն ստացավ և վախեցավ, սիրտ չարեց մոտենալ տոպրակին՝ տիրելու համար իրեն սակավուժ գտնելով։ Ես ուզում եմ ինքնակամություն հայտարարել։ Թող որ մենակ լինեմ, բայց կանեմ։

― Եվ արեք։

― Ես պարտավոր եմ ինքնասպան լինել, որովհետև իմ ինքնակամության ամենակատարյալ կետն ինքս ինձ սպանելն է։

― Բայց չէ որ մենակ դուք չեք ձեզ սպանում։ Շա՜տ են ինքնասպանները։

― Մի պատճառ ունեն։ Բայց առանց որևիցե պատճառի, այլ սոսկ ինքնակամությունից՝ մենակ ես եմ։

«Ինքնասպան չի լինելու»,― նորից անցավ Պյոտր Ստեպանովիչի մտքով։

― Գիտեք ինչ,― նշեց նա դյուրագրգռությամբ,― ես ձեր տեղը լինեի, ինքնակամություն ցուցադրելու համար մեկ ուրիշին կսպանեի, և ոչ թե ինձ։ Օգտակար կարող էիք դառնալ։ Ես ցույց կտամ՝ ում, եթե չվախենաք։ Այդ դեպքում թերևս, այսօր ինքնասպան մի էլ եղեք։ Կարելի է պայմանավորվել։

― Ուրիշին սպանելը կլինի իմ ինքնակամության ամենաստորին կետը, ու սրա մեջ դու ես ամբողջովին։ Ես դու չեմ. ես բարձրագույն կետն եմ ուզում և կսպանեմ ինձ։

«Իր խելքով հասավ»,― չարացած մրթմրթաց Պյոտր Ստեպանովիչը։

― Ես պարտավոր եմ անհավատություն հայտարարել,― սենյակում գնում-գալիս էր Կիրիլլովը։― Ինձ համար ավելի բարձր գաղափար չկա, քան որ Աստված չկա։ Իմ կողմն է մարդկային պատմությունը։ Մարդը հենց այն է արել, որ հորինել է Աստծուն, որ ապրի՝ ինքն իրեն չսպանելով։ Դա է համաշխարհային ամբողջ պատմությունը, մինչև հիմա։ Համաշխարհային պատմության մեջ միայն ես չեմ ուզել առաջին անգամ հորինել Աստծուն։ Թող իմանան մեկընդմիշտ։

― «Չի լինելու»,― անհանգստացավ Պյոտր Ստեպանովիչը։

― Այդ ո՞վ պիտի իմանա,― հրահրեց նա։― Այստեղ ես եմ ու դուք։ Չլինի՞ Լիպուտինը։

― Բոլորը պիտի իմանան, բոլորը կիմանան։ Չկա մի գաղտնիք, որը հայտնի չդառնա։ Ահա, Նա է ասել։

Եվ նա տենդագին շարժումով մատնացույց արեց Ամենափրկչի սրբապատկերը, որի առաջ կանթեղ էր վառվում։ Պյոտր Ստեպանովիչը ծայրաստիճան բարկացավ։

― Հենց Նրան էլ, ուրեմն, դեռևս հավատում եք, կանթեղ էլ եք վառել։ Ո՞չ «համենայն դեպս»-ի համար։

Կիրիլլովը լուռ մնաց։

― Գիտեք ինչ, իմ կարծիքով, դուք տերտերից էլ շատ եք հավատում։

― Ո՞ւմ։ Նրա՞ն։ Լսիր,― կանգ առավ Կիրիլլովն անշարժ՝ կատաղած հայացքով նայելով իր դիմաց։― Մեծ գաղափար լսիր, եղել է մեկ օր երկրիս երեսին, ու երկրի մեջտեղում երեք խաչ է եղել։ Մեկը խաչի վրա այնքան է հավատացել, որ ասել է մյուսին. «Այսօր ինձ հետ կլինես դրախտում»։ Օրն ավարտվել է, երկուսն էլ մահացել են, գնացել ու չեն գտել ոչ դրախտ, ոչ հարություն։ Ասվածը չի արդարացել։ Լսիր, այդ մարդը բարձրագույնն էր ամբողջ երկրի վրա, այն ամենն էր, ինչի համար պիտի ապրեր երկիրը։ Ամբողջ մոլորակը, իր վրա եղած ամեն ինչով, առանց այդ մարդու՝ զուտ խելագարություն է։ Չի եղել ոչ նախքան, ոչ հետո նրան այդպիսի մի բան, նույնիսկ մինչև հրաշքը։ Հրաշքն էլ այն է հենց, որ չի եղել ու չի լինելու նման բան երբեք։ Իսկ եթե այդպես է, եթե բնության օրենքները չեն ափսոսել և դա, նույնիսկ իրենց հրաշքն էլ չեն ափսոսել, այլ ստիպել են նրան նաև ապրել ստի մեջ ու մեռնել հանուն ստի, նշանակում է, ամբողջ մոլորակը սուտ է որ կա և հիմնված է ստի ու հիմար քմծիծաղի վրա։ Նշանակում է, մոլորակի բուն օրենքներն են սուտ ու սատանայական վոդևիլ։ Իսկ ինչի՞ համար ապրել, պատասխանիր, եթե դու մարդ ես։

― Դա գործի մեկ ուրիշ կողմն է։ Ինձ թվում է, դուք երկու տարբեր պատճառներ եք խառնել, իսկ դա շատ է անբարեհույս։ Բայց ներեցեք, լավ, իսկ եթե դո՞ւք եք աստված։ Եթե վերջացել է սուտը և դուք կռահել եք, որ ամբողջ սուտը նրանից է, որ եղել է նախկին Աստված։

― Վերջապես հասկացար,― ցնծագին բղավեց Կիրիլլովը։― Նշանակում է, կարելի է հասկանալ, եթե նույնիսկ քեզ պես մեկը հասկացավ։ Հիմա հասկանում ես, որ բոլորի համար լրիվ փրկությունն այդ միտքը բոլորին ապացուցելն է։ Ո՞վ է ապացուցելու։ Ես։ Ես չեմ հասկանում, ինչպես կարող էր մինչև հիմա անաստվածն իմանալ, որ Աստված չկա և չսպանել իրեն հենց նույն պահին։ Գիտնալ, որ չկա Աստված և չգիտնալ միանգամից, որ ինքդ ես դարձել Աստված՝ անհեթեթություն է, այլապես անպայման կսպանես ինքդ քեզ։ Եթե գիտնաս, որ թագավոր ես, արդեն չես սպանի քեզ, այլ կապրես փառքի ամենագագաթնակետին։ Սակայն մեկը, նա, որ առաջինն է, պիտի իրեն սպանի անպայման, այլապես էլ ո՞վ կսկսի և կապացուցի։ Ես կսպանեմ ինձ անպայման, որպեսզի սկսեմ և ապացուցեմ։ Ես դեռևս սոսկ Աստված եմ ակամա և դժբախտ եմ ես, քանզի պարտավոր եմ ինքնակամություն հայտարարել։ Բոլորը դժբախտ են այն պատճառով, որ վախենում են ինքնակամություն հայտարարել։ Մինչև հիմա մարդն այն պատճառով է այնքան դժբախտ ու թշվառ, որ վախեցել է հայտարարել ինքնակամության ամենագլխավոր կետը և ինքնակամություն է արել գողունի, դպրոցականի պես։ Ես ահավոր դժբախտ եմ, քանզի ահավոր վախենում եմ։ Վախը նզովքն է մարդու... Սակայն ես հայտարարում եմ ինքնակամություն, ես պարտավոր եմ հավատալ, որ չեմ հավատում։ Ես կսկսեմ ու կավարտեմ, և դուռը կբացեմ։ Ու կփրկեմ։ Սիմիայն սա կփրկի բոլոր մարդկանց և հենց հաջորդ սերունդը կվերածնի ֆիզիկապես, քանզի ներկայիս ֆիզիկական տեսքով, ինչքան մտածել եմ, մարդը չի կարող ոչ մի կերպ մնալ առանց նախկին Աստծո։ Ես երեք տարի որոնել եմ իմ աստվածության հատկանիշը և գտել եմ. հատկանիշն իմ աստվածության՝ ինքնակամությունն է։ Դա ամենն է, ինչով կարող եմ գլխավոր կետում ըմբոստություն ցույց տալ և նոր ու ահավոր ազատությունն իմ։ Քանզի դա շատ է ահավոր։ Ես ինձ սպանում եմ՝ ցույց տալու համար ըմբոստություն և նոր ու ահավոր ազատությունն իմ։

Նրա դեմքն անբնական գունատ էր, հայացքը՝ անտանելի ծանր։ Տենդի մեջ էր կարծես։ Պյոտր Ստեպանովիչի մտքով անցավ, որ հիմա նա կընկնի։

― Տուր գրիչը,― հանկարծ միանգամայն անսպասելի բղավեց Կիրիլլովը՝ վճռական ոգեշնչմամբ։― Թելադրիր, ամեն ինչ կստորագրեմ։ Եվ որ Շատովին եմ սպանել, կստորագրեմ։ Թելադրիր, քանի դեռ ծիծաղելի է ինձ համար։ Չեմ վախենում գոռոզամիտ ստրուկների մտքերից։ Ինքդ կտեսնես, որ ամենայն գաղտնիք հայտնի է դառնում։ Իսկ դու կտրորվես... Հավատո՜ւմ եմ։ Հավատո՜ւմ եմ։

Պյոտր Ստեպանովիչը պոկվեց տեղից և ակնթարթորեն մոտ բերեց թանաքամանը, թուղթը և սկսեց թելադրել՝ որսալով պահը և սրսփալով հաջողության համար։

«Ես, Ալեքսեյ Կիրիլլովս, հայտարարում եմ...»։

― Սպասիր։ Չեմ ուզում։ Ո՞ւմ եմ հայտարարում։

Կիրիլլովը դողում էր, ինչպես տենդի մեջ։ Այդ հայտարարումը և ինչ-որ առանձնահատուկ մի միտք՝ դրա մասին, թվում է, հանկարծակի կլանեց նրան ամբողջովին, կարծես թե ինչ-որ մի ելք, դեպի ուր սուրաց ու թեկուզև մի պահ բախվեց նրա տանջահար ոգին.

― Ո՞ւմ եմ հայտարարում։ Ուզում եմ իմանալ՝ ո՞ւմ։

― Ոչ մեկին, բոլորին, առաջին մարդուն, ով կկարդա։ Ինչի՞ է պետք որոշակիությունը։ Ամբողջ աշխարհին։

― Ամբողջ աշխարհի՞ն։ Բռավո՜։ Եվ պետք չէ զղջում։ Չեմ ուզում, որ զղջում լինի, և չեմ ուզում ղեկավարությանն ուղղել։

― Է, չէ՜, պետք չէ, գրողի ծոցը ղեկավարությունը, դե գրեք, եթե լուրջ եք...― հիստերիկ բղավեց Պյոտր Ստեպանովիչը։

― Սպասիր։ Ուզում եմ վերևում մի ռեխ նկարեմ՝ լեզուն հանած։

― Է՜, ցնդաբանություն է,― բարկացավ Պյոտր Ստեպանովիչը։― Առանց նկարի էլ կարելի է այդ ամենն արտահայտել միայն երանգով։

― Երանգո՞վ։ Լավ է։ Հա, երանգո՜վ, երանգո՜վ։ Թելադրիր երանգով։

― Ես՝ Ալեքսեյ Կիրիլլովս,― հաստատուն և հրամայաբար թելադրեց Պյոտր Ստեպանովիչը՝ կռացած Կիրիլլովի ուսին ու հետևելով յուրաքանչյուր տառին, որ նա գրում էր հուզմունքից դողացող ձեռքով,― ես՝ Կիրիլլովս, հայտարարում եմ, որ այսօր, հոկտեմբերի... երեկոյան ժամը ութին, սպանել եմ ուսանող Շատովին՝ դավաճանության համար, պուրակում, և թռուցիկների ու Ֆեդկայի մասին մատնագրի համար, որը մեր երկուսի մոտ՝ Ֆիլիպպովի տանը, գաղտնի բնակվել և գիշերել է տասը օր։ Այսօր ևեթ ինքնասպան եմ լինում ատրճանակով, ոչ այն պատճառով, որ զղջում եմ ու ձեզնից վախենում, այլ որովհետև արտասահմանում մտադրություն ունեի վերջ տալ կյանքիս»։

― Այսքա՞նը,― զարմանքով ու զայրույթով բղավեց Կիրիլլովը։

― Ոչ մի բառ ավելի,― ձեռքը թափ տվեց Պյոտր Ստեպանովիչը՝ փորձելով նրա ձեռքից խլել փաստաթուղթը։

― Սպասիր,― ձեռքն ամուր թղթի վրա դրեց Կիրիլլովը,― սպասիր, ցնդաբանություն է։ Ես ուզում եմ գրել, թե ում հետ եմ սպանել։ Ֆեդկա՞ն ինչի համար։ Հապա հրդե՞հը։ Ես ամեն ինչն եմ ուզում և հայհոյել եմ ուզում, երանգո՜վ, երանգո՜վ։

― Բավական է, Կիրիլլով, հավատացնում եմ ձեզ, որ բավական է...― համարյա աղաչում էր Պյոտր Ստեպանովիչը, դողալով, որ նա չպատառոտի թուղթը։― Որպեսզի հավատան, պետք է ինչքան կարելի է, մշուշոտ լինի, հենց այդպես, հենց միայն ակնարկումներով։ Պետք է ցույց տալ ճշմարտության միայն մի փոքր անկյունը, միայն այնքան, որ բարկացնես նրանց։ Միշտ էլ իրենք իրենց ավելի ստեր կասեն, քան մենք, իսկ չէ որ դա ամենալավն է, ամենալավը։ Տվեք, հոյակապ է և այդպես, տվեք, տվեք։

Եվ նա անընդհատ ջանում էր խլել թուղթը։ Կիրիլլովը, աչքերը չռած, լսում ու կարծես աշխատում էր գլխի ընկնել, բայց կարծես դադարել էր հասկանալ։

― Է, գրողի տարած,― հանկարծակի զայրացավ Պյոտր Ստեպանովիչը,― նա դեռ չի էլ ստորագրել, ինչ եք չռել աչքերը, ստորագրեք։

― Ես ուզում եմ հայհոյել...― մրթմրթաց Կիրիլլովը, բայց առավ գրիչն ու ստորագրեց։― Ես ուզում եմ հայհոյել...

― Ստորագրեք. Vive la république[32], և բավական է...

― Բռավո,― զմայլանքից համարյա ոռնաց Կիրիլլովը։ ֊ Vive la république democratiqe, social et universelle ou la mort![33] ...Չէ, չէ, այդպես չէ։ Liberte, égalité, fratemite ou la mort![34]։ Ահա, սա ավելի լավ է, ավելի լավ,― վայելումով գրեց նա իր անվան ստորագրության տակ։

― Հերիք է, հերիք,― շարունակ կրկնում էր Պյոտր Ստեպանովիչը։

― Սպասիր, մի քիչ էլ... Գիտես, մի հատ էլ ֆրանսերեն կստորագրեմ՝ «de Kiriloff, gentilhomme russe et citoyen du monde»[35]։ Հա-հա-հա,― քրքջաց նա։― Չէ, չէ, սպասիր, ամենից լավը գտա. gentilhomme-seminariste russe et citoye du monde civilise![36] ահա թե որն է լավը ամեն տեսակ...― վեր թռավ բազմոցից և հանկարծ արագ շարժումով լուսամուտագոգից վերցրեց ատրճանակը, ձեռքում բռնած վազեց մյուս սենյակ և դուռը պինդ կողպեց իր վրա։ Պյոտր Ստեպանովիչը մի րոպե կանգնած էր՝ մտորումների մեջ, նայում էր դռանը։

«Եթե հիմա, այսպես, ուրեմն, կկրակի, իսկ որ սկսեց մտածել՝ ոչինչ էլ չի լինի»։

Առայժմ վերցրեց թուղթը, նստեց և նորից աչքի անցկացրեց։ Հայտարարության տարբերակը նորից դուր եկավ նրան.

«Իսկ ի՞նչ է պետք հիմա։ Պետք է ժամանակավորապես բոլորովին շշկլացնել նրանց և դրանով զբաղեցնել։ Պուրա՞կ։ Քաղաքում պուրակ չկա, ուրեմն իրենց խելքով կիմանան, որ Սկվորեշնիկիում է։ Մինչև հասկանան, ժամանակ կանցնի, մինչև փնտրեն՝ էլի կանցնի, իսկ որ դիակը գտնեն՝ ուրեմն, ճիշտ է գրված, ուրեմն, ամեն ինչ է ճիշտ, Ֆեդկայի մասին էլ է ճիշտ։ Իսկ ի՞նչ ասել է Ֆեդկա։ Ֆեդկան դա հրդեհն է, Լեբյադկինները, ամեն ինչ այստեղից, Ֆիլիպպովների տնից է դուրս եկել, իսկ իրենք ոչինչ չեն տեսել, իսկ իրենք ամեն բան աչքաթող են արել, այս մեկը նրանց լրիվ թափ կտա։ Մերոնց մասին մտքներով էլ չի անցնի։ Շատովը, Կիրիլլովը, Ֆեդկան ու Լեբյադկինը, և թե ինչի համար են նրանք իրար սպանել՝ ահա ևս մի պստիկ հարց նրանց համար։ Է, գրողը տանի, իսկ կրակոցը չի լսվում...»։

Նա թեև կարդում ու հիանում էր տարբերակով, բայց ամեն վայրկյան տանջալի անհանգստությամբ ականջը ձայնի էր պահել ու մեկեն ջղայնացավ։ Տագնապով նայեց ժամացույցին, ուշ էր, և տասը րոպե կլիներ, ինչ Կիրիլլովը գնացել էր... Մոմն առած՝ նա շարժվեց Կիրիլլովի կողպած դռան կողմը։ Հենց դռան մոտ մտքով անցավ, որ ահա, մոմն էլ է կարճանում և մի քսան րոպե անց լրիվ կմարի, իսկ ուրիշ մոմ չկա։ Նա բռնեց դռան փակն ու զգուշությամբ ականջ դրեց՝ թեթև հնչյուն իսկ չէր լսվում։ Նա հանկարծակի բացեց դուռն ու պարզեց մոմը, ինչ-որ բան ոռնաց ու նետվեց վրան։ Ամբողջ ուժով փակեց դուռն ու նորից դեմ ընկավ դրան, բայց արդեն ամեն ինչ խաղաղվեց՝ նորից մեռյալ լռություն էր։

Երկար ժամանակ կանգնած էր անվճռական, մոմը ձեռքին։ Այն վայրկյանին, երբ բացեց դուռը, նա շատ քիչ բան կարող էր տեսնել, բայց և այնպես երևաց սենյակի խորքում՝ պատուհանի մոտ կանգնած Կիրիլլովի դեմքը և գազանային կատաղությունը, որով նա հանկարծ վրա պրծավ իրեն։ Պյոտր Ստեպանովիչը ցնցվեց, մոմն արագ դրեց սեղանին, պատրաստ բռնեց ատրճանակը և ոտնաթաթերի վրա ետ ցատկեց հակադիր անկյունը, այնպես, որ եթե Կիրիլլովը բացեր դուռն ու շտապեր սեղանի կողմը՝ ատրճանակով, ինքը կհասցներ նշան բռնել ու քաշել ձգանը Կիրիլլովից առաջ։

Պյոտր Ստեպանովիչը հիմա արդեն ամենևին չէր հավատում ինքնասպանությանը։ «Սենյակի մեջտեղում կանգնած մտածում էր,― հողմի պես անցնում էր Պյոտր Ստեպանովիչի մտքով։― Ըստ որում, նաև մութ, ահարկու սենյակ... Նա ոռնաց ու վրա պրծավ, հնարավոր երկու բան կա. կամ ես խանգարեցի նրան հենց այն ակնթարթին, երբ պիտի քաշեր ձգանը, կամ... կամ... կամ կանգնել ու մտածում էր, թե ինչպես ինձ սպանի։ Այո, այդպես է, նա մտմտում էր... Գիտե, որ չեմ գնա իրեն չսպանած, եթե ինքը վախենա, ուրեմն, ինքն ավելի շուտ պիտի սպանի ինձ, որպեսզի ես չսպանեմ իրեն... Եվ նորից, նորից լռություն է այնտեղ։ Զարհուրելի է նույնիսկ, հանկարծ, ու դուռը բացեց... Խոզությունն այն է, որ նա հավատում է Աստծուն, տերտերից շատ ավելի շատ... Ոչ մի դեպքում ինքնասպան չի լինի... Այդպիսիք, ովքեր «իրենց խելքով են հասել», հիմա շատ են շատացել։ Սրիկա, թյուհ, սատանա, մոմը, մոմը։ Քառորդ ժամ անց կմարի, անպայման... Պիտի վերջացնել, ինչ գնով ուզում է լինի, պիտի վերջացնել... Է, ինչ, հիմա սպանել կարելի է... Այս թղթի առկայությամբ ամենևին չեն մտածի, որ ես եմ սպանել։ Կարելի է այնպես պառկեցնել հատակին ու հարմարեցնել պարպված ատրճանակը ձեռքին, որ անպայման կմտածեն, թե ինքն է... Ահ, գրողը տանի, իսկ ինչպե՞ս սպանել։ Ես դուռը կբացեմ, իսկ նա նորից վրա կպրծնի և ինձնից շուտ կկրակի։ է, գրողը տանի, անշուշտ, կվրիպի»։

Այսպես տանջվում էր նա՝ սարսռալով մտադրության անխուսափելիությունից և իր անվճռականությունից։ Ի վերջո, մոմն առավ ու նորից մոտեցավ դռանը՝ բարձրացրած ու պատրաստ պահած ատրճանակը։ Իսկ ձախ ձեռքով, որով մոմն էր բռնել, ընկավ դռան բռնակի վրա։ Բայց անհմուտ ստացվեց. բռնակը շրխկաց, ձայն ու ճռռոց հանեց։ «Ուղիղ կկրակի»,― անցավ Պյոտր Ստեպանովիչի մտքով։ Ամբողջ ուժով նա հրեց դուռը ոտքով, բարձրացրեց մոմն ու պարզեց ատրճանակը, բայց ոչ կրակոց լսվեց, ոչ բղավոց... Սենյակում ոչ ոք չկար։

Նա ցնցվեց։ Սենյակը միջանցիկ չէր, խուլպատ, և փախչելու տեղ չկար։ Ավելի բարձր պահեց մոմը և ուշադրությամբ զննեց՝ ոչ մեկը չկար։ Կիսաձայն կանչեց Կիրիլլովին, հետո՝ ավելի բարձրաձայն, ոչ ոք չպատասխանեց։

«Չլինի՞ պատուհանից է փախել»։

Իրոք, պատուհաններից մեկի օդանցքը բացված էր։ «Հիմարություն է, օդանցքով չէր կարող փախչել»։ Պյոտր Ստեպանովիչն անցավ սենյակով, ուղիղ դեպի պատուհանը։ «Ոչ մի կերպ չէր կարող»։ Հանկարծ նա արագ շրջվեց, և անսովոր մի բան ցնցեց նրան։

Պատուհանի դիմացի պատի մոտ՝ դռնից աջ, պահարան կար։ Դրա աջ կողմում՝ պատի և պահարանի կազմած անկյունում կանգնած էր Կիրիլլովը, և կանգնած էր զարհուրելի տարօրինակ՝ անշարժ, ձգված, ձեռքերը կողերին կպցրած, գլուխը վեր ցցած ու ծոծրակով պինդ սեղմված պատին, ճիշտ անկյունում, կարծես կամենալով ամբողջովին չքանալ, թաքնվել։ Բոլոր նշաններից դատելով, նա թաքնվել էր, բայց մի տեսակ հավատալ չէր լինի։ Պյոտր Ստեպանովիչը փոքր-ինչ շեղակի էր կանգնած անկյունից և կարող էր տեսնել միայն մարմնի դուրս մնացած մասերը։ Նա դեռևս սիրտ չէր անում ձախ գնալ՝ Կիրիլլովին ոտից գլուխ տեսնելու և հանելուկը հասկանալու համար։ Սիրտը սկսեց սաստիկ բաբախել... Եվ հանկարծ կատարյալ կատաղություն պատեց նրան, պոկվեց տեղից, գոռաց ու ոտքերը դոփելով՝ մոլեգնած նետվեց այդ սարսափելի տեղը։

Սակայն ընդհուպ մոտենալով՝ նա նորից կանգ առավ մեխվածի պես էլ ավելի ապշած սարսափից։ Գլխավորն ապշեցրեց այն, որ մարմինը, չնայած գոռոցին և իր մոլեգին հարձակմանը, նույնիսկ չդարձավ, չշարժվեց և ոչ մի անդամը՝ ճիշտ կարծես քարացած էր կամ մոմից պատրաստված։ Դեմքի գունատությունն անբնական էր, սև աչքերը՝ միանգամայն անթարթ և ինչ-որ կետի էին նայում տարածության մեջ։ Պյոտր Ստեպանովիչը մոմն իջեցրեց՝ բոլոր կողմերից լուսավորելով ու զննելով դեմքը։ Հանկարծ նկատեց, որ Կիրիլլովը թեև իր դիմացն է նայում, ինչ-որ կետի, սակայն շեղակի տեսնում է իրեն, նույնիսկ գուցեև հետևում։ Այստեղ մտքով անցավ կրակը մոտեցնել «այդ սրիկայի» ճիշտ դեմքին, այրել ու նայել, թե ինչ կանի նա։ Հանկարծ նրան թվաց, որ Կիրիլլովի կզակը շարժվեց և շրթունքներին կարծես թե ծաղրական ժպիտ խաղաց՝ ճիշտ կարծես կռահել էր իր միտքը։ Պյոտր Ստեպանովիչը սարսռաց և, իրեն կորցրած, ամուր բռնեց Կիրիլլովի ուսը։

Հետո կատարվեց այնպիսի մի այլանդակ ու արագընթաց բան, որ Պյոտր Ստեպանովիչը հետագայում ոչ մի կերպ չէր կարողանում վերականգնել իր հիշողությունները որևիցե հերթականությամբ։ Հազիվ էր դիպել Կիրիլլովին, սա արագ կռացրեց գլուխը և հենց գլխով գցեց նրա ձեռքի մոմը։ Մոմակալը զրնգոցով թռավ հատակին, և մոմը հանգավ։ Նույն պահին իր ձախ ձեռքի ճկույթին ահավոր ցավ զգաց։ Գոռաց և հիշում էր միայն, որ երեք անգամ ամբողջ ուժով ատրճանակով խփեց իր վրա ընկած և մատը կծած Կիրիլլովի գլխին։ Վերջապես մատը քաշեց և սկսեց գլխապատառ վազվզել՝ մթան մեջ փնտրելով ճանապարհը։ Նրա ետևից, սենյակից թռչում էին ահարկու ձայներ.

― Հիմա, հիմա, հիմա, հիմա...

Մի տասն անգամ։ Բայց նա դեռ վազվզում ու արդեն պիտի նախասենյակ դուրս գար, երբ հանկարծ բարձր կրակոց լսվեց։ Այստեղ նա կանգ առավ նախասենյակում՝ մթան մեջ ու մի հինգ րոպե տալիս-առնում էր։ Ի վերջո, նորից ետ եկավ սենյակները։ Բայց պետք էր մոմ գտնել։ Արժեր փնտրել պահարանից աջ, ձեռքից հատակին գցած մոմակալը, բայց ինչո՞վ էր վառելու մոմի մնացուկը։ Գլխում հանկարծ մի խավար հիշողություն արթնացավ, հիշեց, որ երեկ, երբ ինքը վազեց խոհանոց՝ Ֆեդկայի վրա հարձակվելու, անկյունում, դարակի վրա, կարծես թե թռուցիկ, լուցկու մի մեծ, կարմիր տուփ տեսավ։ Շոշափելով շարժվեց դեպի ձախ, խոհանոցի դռան կողմը, գտավ, անցավ նախասենյակով ու իջավ սանդուղքով։ Դարակի վրա, ճիշտ հենց այն տեղում, որ հիմա հիշեց, մթան մեջ շոշափելով գտավ լուցկու լիքը, դեռևս չօգտագործած տուփը։ Լույս չվառելով՝ շտապ ետ եկավ վերև, ու միայն պահարանի մոտ, հենց այն տեղում, որտեղից ատրճանակով խփում էր իր մատը կծած Կիրիլլովի գլխին, հանկարծ հիշեց իր կծված մատը և նույն ակնթարթին էլ համարյա անտանելի ցավ զգաց։ Ատամները սեղմած, մի կերպ վառեց մոմի մնացուկը, նորից խրեց մոմակալի մեջ և շուրջը նայեց, բաց օդանցքով պատուհանի մոտ, ոտքերը պարզած սենյակի աջ անկյունը, ընկած էր Կիրիլլովի դիակը։ Կրակոցն արձակված էր աջ քունքին, և գնդակը դուրս էր եկել ձախ կողմից վեր՝ փշրելով գանգը։ Երևում էին արյան և ուղեղի ցայտեր։ Ատրճանակը մնացել էր անձնասպանի՝ հատակին ընկած ձեռքում։ Մահը պիտի որ հասած լիներ ակնթարթորեն։ Ամեն ինչ զննելով ծայր բծախնդրությամբ, Պյոտր Ստեպանովիչը ոտքի ելավ ու ոտնաթաթերի վրա՝ փակեց դուռը, մոմը դրեց առաջին սենյակում՝ սեղանին, մտածեց ու որոշեց չհանգցնել, հասկանալով, որ դա չի կարող հրդեհ առաջացնել։ Մեկ անգամ էլ նայելով սեղանին դրված փաստաթղթին, նա մեքենայաբար ժպտաց քթի տակ և հետո արդեն, չգիտես ինչու, միշտ ոտնաթաթերի վրա, ելավ տնից։ Նորից անցավ Ֆեդկայի սողանցքով և նորից խնամքով տեղը դրեց տախտակը։

III

Ժամը ճիշտ վեցին տասը պակաս, երկաթուղու կայարանում, բավականաչափ երկար ձգված վագոնների մոտով քայլում էին Պյոտր Ստեպանովիչը և Էրկելը։ Պյոտր Ստեպանովիչը մեկնում էր, իսկ Էրկելը հրաժեշտ տալիս նրան։ Բեռը հանձնված էր, պայուսակը տարված երկրորդ կարգի վագոն, տեղը՝ չնշված։ Առաջին զանգն արդեն զարկել էր, սպասում էին երկրորդին։ Պյոտր Ստեպանովիչը բացեիբաց շուրջն էր նայում, զննում վագոններ մտնող ուղևորներին։ Բայց մոտիկ ծանոթներ չհանդիպեցին, ընդամենը ստիպված էր երկու անգամ գլխով անել, մի վաճառականի, ում ճանաչում էր հեռվից, ապա գյուղական մի երիտասարդ հոգևորականի, որը գնում էր երկու կայարան այն կողմ գտնվող իր ծխական համայնքը։ Էրկելն, ըստ երևույթին, վերջին րոպեներին կամենում էր խոսել որևէ կարևոր բանի մասին, թեև գուցե ինքն էլ չգիտեր, թե ինչի, բայց շարունակ չէր համարձակվում սկսել։ Նրան անընդհատ թվում էր, թե Պյոտր Ստեպանովիչը կարծես նեղվում է իրենից և անհամբեր սպասում հաջորդ զանգերին։

― Դուք այնքան բացեիբաց եք նայում բոլորին,― որոշ վախվորածությամբ նշեց նա՝ կարծես կամենալով զգուշացնել։

― Իսկ ինչո՞ւ ոչ։ Ինձ դեռևս չի կարելի թաքնվել։ Վաղ է։ Մի անհանգստացեք։ Միայն վախենում եմ ահա, որ սատանան Լիպուտինին չբերի։ Հոտն առած՝ կգա վազեվազ։

― Պյոտր Ստեպանովիչ, նրանք անհուսալի են,― վճռական արտահայտվեց Էրկելը։

― Լիպուտի՞նը։

― Բոլորը, Պյոտր Ստեպանովիչ։

― Դատարկ բան է, հիմա բոլորը կապված են երեկվանով։ Ոչ մեկը չի դավաճանի։ Ո՞վ կգնա բացահայտ կործանման, եթե խելքը չթռցնի։

― Պյոտր Ստեպանովիչ, բայց չէ որ նրանք խելքները կթռցնեն։

Ըստ երևույթին, այդ նույն միտքը Պյոտր Ստեպանովիչի գլխով էլ էր անցել, այդ պատճառով Էրկելի դիտողությունն ավելի բարկացրեց նրան։

― Չե՞ք վախենում նաև դուք, Էրկել։ Ձեզ վրա ես ավելի շատ հույս ունեմ, քան նրանց բոլորի։ Ես այժմ տեսա, թե ինչ արժե յուրաքանչյուրը։ Հայտնեք նրանց ամեն ինչ բանավոր հենց այսօր, ես ուղղակի ձեզ եմ հանձնարարում նրանց։ Առավոտից շրջեք բոլորի մոտ։ Իմ գրավոր հրահանգը կկարդաք վաղը կամ մյուս օրը՝ հավաքվելով, երբ նրանք արդեն ի վիճակի կլինեն լսել... բայց հավատացեք, որ վաղն ևեթ նրանք ի վիճակի կլինեն, որովհետև սարսափելի կվախենան և մոմի պես հլու կդառնան... Գլխավորը՝ գոնե դո՛ւք մի վհատվեք։

― Ահ, Պյոտր Ստեպանովիչ, ավելի լավ կլիներ, եթե չգնայիք։

― Բայց չէ որ մի քանի օրով եմ գնում, շատ շուտով ետ եմ գալու։

― Պյոտր Ստեպանովիչ,― զգուշությամբ, բայց հաստատուն արտաբերեց Էրկելը,― թեկուզև Պետերբուրգ եք գնում։ Միթե ես չեմ հասկանում, որ դուք միայն անհրաժեշտն եք անում ընդհանուր գործի համար։

― Ձեզնից պակաս բան չէի սպասում, Էրկել։ Եթե կռահել եք, որ գնում եմ Պետերբուրգ, ապա կարող էիք հասկանալ, որ հո չէի կարող նրանց ասել երեկ, այդպիսի մի պահի, թե այսքան հեռու եմ գնում՝ չվախեցնելու համար։ Ինքներդ տեսաք, թե ինչպիսին էին նրանք։ Բայց դուք հասկանում եք, որ ես գործի համար, գլխավոր և կարևոր գործի համար, ընդհանուր գործի համար եմ անում և ոչ նրա համար, որ ճողոպրեմ, ինչպես ենթադրում է Լիպուտինի նման մեկը։

― Պյոտր Ստեպանովիչ, թեկուզև՝ արտասահման, չէ որ ես կհասկանամ։ Կհասկանամ, որ դուք պետք է պահպանեք ձեր անձը, որովհետև դուք՝ ամեն ինչ եք, իսկ մենք՝ ոչինչ։ Ես կհասկանամ, Պյոտր Ստեպանովիչ։

Խեղճ տղայի ձայնը թրթռաց նույնիսկ։

― Շնորհակալ եմ, Էրկել... Այ, իմ ցավող մատին դիպաք (Էրկելն անվարժ սեղմել էր նրա ձեռքը, վնասված մատը տեսանելի փաթաթված էր սև կտորով)։― Բայց ես ձեզ իսկապես ասում եմ նորից, որ Պետերբուրգ եմ գնում՝ միայն հոտվտալու և գուցե նույնիսկ ընդամենը մեկ օրով, և իսկույն՝ ետ, այստեղ։ Վերադառնալով, ես ձևի համար կմնամ Գագանովի մոտ՝ գյուղում։ Եթե որևէ մի բանում նրանք վտանգ են ենթադրում, ապա ես առաջինը, գլխավորելով, կկիսեմ դա։ Իսկ եթե հապաղեցի Պետերբուրգում, ապա իսկույն ևեթ ձեզ իմաց կանեմ... հայտնի ճանապարհով, դուք էլ՝ նրանց։

Հնչեց երկրորդ զանգը։

― Ա, ուրեմն հինգ րոպե կա ընդամենը, մինչև շարժվելը։ Գիտեք, ես չէի ուզենա, որ այստեղի խմբակը ցրիվ գա։ Ես որ չեմ վախենում, ինձ համար մի անհանգստացեք, ընդհանուր ցանցի այդ հանգույցներից բավականաչափ ունեմ, և առանձնապես ափսոսելու ոչինչ չունեմ, բայց և ավելորդ հանգույցն էլ ոչնչի չի խանգարի։ Ի դեպ, ձեզնից ես հանգիստ եմ, թեև համարյա մենակ եմ թողնում այդ անճոռնիների հետ. մի անհանգստացեք, չեն մատնի, չեն համարձակվի... Ա-ա՜, դո՞ւ էլ այսօր,― բացականչեց նա հանկարծ միանգամայն ուրիշ, ուրախ ձայնով մի շատ երիտասարդ մարդու, որն ուրախ-ուրախ նրան մոտեցավ՝ ողջունելու։― Չգիտեի, որ նույնպես ճեպընթացով եք գնում։ Ո՞ւր, մայրիկի մո՞տ։

Երիտասարդի մայրիկը հարևան նահանգի հարստագույն կալվածատիրուհի էր, իսկ ինքը հեռավոր ազգական էր գալիս Յուլիա Միխայլովնային ու երկու շաբաթ հյուրընկալվել էր մեր քաղաքում։

― Չէ, ավելի հեռու եմ գնում, Ռ. ...Ութ ժամ վագոնում պիտի ապրեմ։ Պետերբո՞ւրգ,― ծիծաղեց երիտասարդը։

― Ինչի՞ց ենթադրեցիք, որ ես հենց ու հենց Պետերբուրգ եմ գնում,― ավելի անկեղծ ծիծաղեց Պյոտր Ստեպանովիչը։

Երիտասարդն օղակիր մատով հանդիմանեց նրան։

― Դե լավ, կռահեցիք,― խորհրդավոր շշնջաց Պյոտր Ստեպանովիչը,― Յուլիա Միխայլովնայի նամակներն եմ տանում և այնտեղ պիտի վազվզեմ երեք-չորս գիտեք ինչ անձանց մոտ, գրողը դրանց տանի, անկեղծ ասած։ Անիծված գործ է։

― Ասացեք, իսկ ի՞նչից է նա այդպես վախեցել,― շշնջաց նաև երիտասարդը։― Երեկ նույնիսկ ինձ իր մոտ չթողեց, իմ կարծիքով, ամուսնու համար վախենալու ոչինչ չունի, ընդհակառակը, նա այնքան տպավորիչ ընկավ հրդեհի ժամանակ, այսպես ասած, նույնիսկ կյանքը զոհելով։

― Ահավասիկ,― ծիծաղեց Պյոտր Ստեպանովիչը,― գիտեք, նա վախենում է, որ այստեղից արդեն գրել են... այսինքն, որոշ պարոններ... Մի խոսքով, այստեղ գլխավորը Ստավրոգինն է, այսինքն, իշխան Կ.-ը... Էհ, մի ամբողջ պատմություն է, գուցեև ինչ-որ բաներ ձեզ հայտնեմ ճանապարհին, ինչքան, ի դեպ, ասպետությունն է թույլ տալիս... Սա իմ ազգականն է՝ փոխ-պորուչիկ Էրկելը՝ գավառից։

Էրկելի վրա աչքերը թեքած երիտասարդը ձեռքը տարավ շլյապային։ Էրկելը պատասխանեց գլուխը խոնարհելով։

― Վերխովենսկի, իսկ գիտեք, ութ ժամ վագոնում՝ ահավոր վիճակ է։ Մեզ հետ, առաջին կարգով գալիս է Բերեստովը, անչափ ծիծաղելի մի գնդապետ, կալվածքներով հարևան ենք, ամուսնացած է Գարինայի հետ (nee de Garine[37]) և գիտեք, օրինավորներից է։ Նույնիսկ գաղափարներ ունի։ Այստեղ է մնացել ընդամենը երկու օրուգիշեր։ Երալաշի թունդ երկրպագու է, չխաղա՞նք, հը՞։ Չորրորդին արդեն աչքի տակ ունեմ՝ Պրիպուխլովն է, մեր տ.-ցի վաճառական՝ մորուքավոր, միլիոնատեր, այսինքն, իսկական միլիոնատեր, ես եմ ձեզ ասում... Կծանոթացնեմ ձեզ, անչափ հետաքրքիր բարիքի մի տոպրակ, մի լավ կհռհռանք։

― Մեծագույն հաճույքով երալաշ կխաղամ և անչափ սիրում եմ՝ վագոնում, բայց ես երկրորդ կարգում եմ։

― Է, վերջ տվեք, ոչ մի դեպքում։ Նստեք մեզ հետ։ Հիմա կկարգադրեմ ձեզ տեղափոխել առաջին կարգ։ Ավագ-հսկիչն ինձ լսում է։ Ի՞նչ ունեք, պայուսա՞կ։ Ծածկո՞ց։

― Հրաշալի է, գնացինք։

Պյոտր Ստեպանովիչն առավ իր պայուսակը, ծածկոցը, գիրքը և անմիջապես մեծագույն պատրաստակամությամբ տեղափոխվեց առաջին կարգի վագոն։ Էրկելն օգնում էր։ Երրորդ զանգը խփեց։

― Դե, Էրկել,― շտապելով և զբաղված տեսքով՝ վերջին անգամ ձեռքն արդեն վագոնի պատուհանից պարզեց Պյոտր Ստեպանովիչը,― ահա, նստում եմ նրանց հետ խաղալու։

― Բայց ինչի՞ համար եք ինձ բացատրում, Պյոտր Ստեպանովիչ, չէ որ ամեն ինչ կհասկանամ, ես ամեն ինչ կհասկանամ, Պյոտր Ստեպանովիչ։

― Դե, ուրեմն, մինչև հաճելիագույն...― հանկարծ շրջվեց նա երիտասարդի ձայնի վրա, որը կանչում էր նրան ծանոթացնելու խաղընկերների հետ։ Էրկելն արդեն այլևս չտեսավ իր Պյոտր Ստեպանովիչին։

Նա տուն էր վերադառնում անչափ տխուր։ Չէ թե վախենում էր, որ Պյոտր Ստեպանովիչն այդպես հանկարծակի թողեց իրենց, բայց... բայց այնպես շուտ դարձավ իրենից, երբ ձայն տվեց այդ ջահել պճնամոլը, և... և կարող էր, չէ՞, մի ուրիշ բան ասել իրեն, այլ ոչ թե «մինչև հաճելիագույն», կամ... կամ գոնե ձեռքն ավելի ամուր սեղմել։

Վերջինն էլ հենց գլխավորն էր։ Մեկ ուրիշ բան էր սկսել ծվատել նրա խեղճ սիրտը, թե ինչ, դեռ ինքն էլ չէր հասկանում, երեկվա երեկոյի հետ կապված ինչ-որ բան։


Գլուխ յոթերորդ. Ստեպան Տրոֆիմովիչի վերջին ուղևորությունը

I

Ես համոզված եմ, որ Ստեպան Տրոֆիմովիչը շատ էր վախենում, զգալով իր խելահեղ ձեռնարկման ժամկետի մոտենալը։ Ես համոզված եմ, որ նա շատ էր տառապում սարսափից, հատկապես նախօրեի գիշերը, ահավոր այն գիշերը։ Նաստասյան վերհիշեց հետագայում, որ նա պառկեց քնելու արդեն ուշ ու քնեց։ Սակայն դա ոչինչ չի ապացուցում, ասում են, մահվան դատապարտվածները շատ խորն են քնում նաև մահապատժի նախօրեին։ Թեև նա դուրս եկավ արդեն ցերեկվա լույսով, երբ նյարդային մարդը փոքր-ինչ առույգանում է (իսկ Վիրգինսկու ազգական մայորը նույնիսկ Աստծուն էր դադարում հավատալ, հենց անցնում էր գիշերը), բայց ես համոզված եմ, որ նա երբեք նախկինում առանց սարսափի չէր կարող պատկերացնել իրեն՝ մենակ, մեծ ճանապարհի վրա ու այդպիսի վիճակում։ Հարկավ, նրա մտքերում որոշ համարձակությունը, հավանորեն, մեղմում էր հանկարծահաս մենության սարսափելի զգացման առաջին անգամվա ամբողջ ուժը, որի մեջ հայտնվել էր մեկեն, Stasie-ին և իր քսան տարվա տաքուկ անկյունը թողնելուն պես։ Բայց միևնույնն է. իրեն սպասող բոլոր սարսափների ամենահստակ գիտակցմամբ հանդերձ, ամեն դեպքում նա կելներ մեծ ճանապարհ ու կգնար դրանով։ Այստեղ մի հպարտ և նրան զմայլեցնող բան կար, անկախ ամեն ինչից։ Օ՜, նա կարող էր ընդունել Վարվառա Պետրովնայի փառահեղ պայմանները և մնալ նրա ողորմածություններին կից «comme un[38] սովորական ձրիակյաց»։ Սակայն չընդունեց ողորմածությունը և չմնաց։ Եվ ահա, ինքն է թողնում նրան ու բարձրացնում «մեծ գաղափարի դրոշը» և հանուն դրա գնում է մեռնելու մեծ ճանապարհի վրա։ Հենց այսպես պիտի զգար նա, հենց այսպես պիտի ներկայանար նրան իր արարմունքը։

Քանիցս ինձ է պատկերվել ևս մի հարց․ ինչու էր նա հենց փախչում, այսինքն՝ փախչում էր ոտքերով, տառացիորեն, այլ պարզապես չմեկնեց կառքով։ Սկզբում բացատրում էի դա հիսուն տարվա անգործնականությամբ և ուժեղ զգացման ազդեցության տակ գաղափարների աներևակայելի շեղումով։ Ինձ թվում էր, որ ճամփորդական վկայականի և ձիերի (թեկուզև զանգակներով) միտքը պետք է որ նրան ներկայանար չափից ավելի հասարակ և առօրեական։ Ընդհակառակն, ուխտագնացությունը, թեկուզև անձրևանոցով, շատ ավելի գեղեցիկ և վրեժխնդրական-սիրային պիտի թվար։ Սակայն հիմա, երբ ամեն ինչ վերջացել է, ենթադրում եմ, որ այն ժամանակ ամեն ինչ տեղի էր ունեցել շատ ավելի պարզ... Նախ, նա վախեցել էր ձիեր վերցնել, որովհետև Վարվառա Պետրովնան կարող էր տեղեկանալ և նրան ուժով պահել, ինչը հաստատ կաներ, և նա հաստատ կենթարկվեր, և այդժամ մնաս բարով, մեծ գաղափար, հավերժորեն։ Երկրորդը, վկայական վերցնելու համար պետք էր ծայրահեղ դեպքում իմանալ, թե ուր ես գնում։ Բայց հենց դա իմանալն էլ նրա ամենագլխավոր տառապանքն էր այն պահին, անվանել ու նշել տեղը ոչ մի կերպ չէր կարող։ Քանզի, որևիցե քաղաք որոշելիս, մի ակնթարթում նրա ձեռնարկումը սեփական աչքում կդառնար թե անհեթեթ, թե անհնար, նա շատ էր կանխազգում դա։ Լավ, ի՞նչ է անելու նա հենց այդ քաղաքում, և ոչ մեկ ուրիշում։ Փնտրելո՞ւ է ce marchand[39]։ Բայց ինչպիսի՞ marchand։ Այստեղ նորից ցցվում էր այդ երկրորդ և արդեն ամենասարսափելի հարցը։ Ըստ էության, նրա համար ավելի սարսափելի բան չկար, քան այդ marchand-ը, ում այդպես գլխապատառ ելավ որոնելու և ում, անշուշտ, ամենից շատ վախենում էր գտնել իրականում։ Չէ, ավելի լավ է պարզապես մեծ ճանապարհը, այնպես դյուրին է ելնել ու գնալ և ոչնչի մասին չմտածել, քանի դեռ կարելի է չմտածել։ Մեծ ճանապարհն ինքնին մի երկար-երկար բան է, որի ծայրը չի երևում, ճիշտ ինչպես կյանքը մարդկային, ճիշտ ինչպես երազանքը մարդկային։ Մեծ ճանապարհի մեջ է ամփոփվում գաղափարը, իսկ ճամփորդական վկայականի մեջ էլ ի՞նչ գաղափար։ Դրա մեջ գաղափարի վախճանն է... Vive la grande route[40], իսկ հետո՝ ինչ կտա Աստված։

Լիզայի հետ հանկարծակի և անսպասելի հանդիպելուց հետո, ինչ արդեն նկարագրել եմ, ճամփան շարունակեց էլ ավելի մեծ ինքնամոռացությամբ։ Ճանապարհն անցնում էր Սկվորեշնիկիից կես վերստ հեռու, և տարօրինակ բան. սկզբում նա չնկատեց էլ՝ ինչպես մտավ ճանապարհ։ Նրա համար այդ պահին հիմնավորապես կշռադատելը կամ գոնե հստակ գիտակցելն անտանելի էր։ Մանրակաթիլ անձրևը մեկ սկսվում էր, մեկ կտրվում, բայց նա անձրևն էլ չէր նկատում։ Չնկատեց նաև, ինչպես պայուսակն առավ մեջքին և ինչպես դրանից հեշտացավ քայլելը։ Պետք է որ մեկ կամ մեկուկես վերստ անցած լիներ, երբ հանկարծ կանգ առավ ու շուրջը նայեց։ Հինավուրց, սև, անիվներով փորփրված ճանապարհը ձգվում էր նրա դեմ անվերջանալի թելի պես եզերված ուռենիներով։ Աջ կողմը մերկ տեղ էր՝ վաղուց հնձված արտեր, դեպի ձախ՝ թփուտներ, իսկ դրանցից դենը՝ անտառակ։ Իսկ հեռվում, հազիվ նկատելի, շեղակի հեռացող երկաթուղագիծն էր, որի վրա՝ ինչ-որ գնացքի թողած ծխի պատառիկը։ Ստեպան Տրոֆիմովիչը թեթևակի երկյուղեց, բայց սոսկ մի վայրկյան։ Անիմաստ մի հոգոց հանեց նա, պայուսակը դրեց ուռենու տակ և նստեց՝ հանգստանալու։ Նստելու շարժումն անելիս, ներքին դող զգաց և փաթաթվեց ծածկոցով։ Նկատեց նաև անձրևը, բացեց անձրևանոցը գլխավերևում։ Բավական երկար նստեց նա այդպես՝ հազվադեպ ճպճպացնելով շրթունքները և ձեռքում ամուր սեղմելով անձրևանոցի կոթը։ Տենդի շարանով զանազան կերպարներ էին սուրում նրա դիմաց՝ արագ-արագ փոփոխվելով։ «Lise, Lise,― մտածում էր նա,― իսկ նրա հետ՝ ce Maurise...[41]։ Տարօրինակ մարդիկ են... Բայց այդ ի՞նչ տարօրինակ հրդեհ է այնտեղ, ու ինչի մասին էին նրանք խոսում, և ի՞նչ սպանվածներ... Ինձ թվում է, Stasie-ն դեռ ոչինչ չէր հասցրել իմանալ, և դեռ սպասում է ինձ՝ սուրճ տալու... Թղթախաղո՞վ։ Մի՞թե ես թղթախաղով մարդ եմ տարվել։ Հը՜մ... մեզ մոտ՝ Ռուսաստանում, այսպես կոչված ճորտատիրական իրավունքի ժամանակ... Ա՜խ, Աստված իմ, հապա Ֆեդկա՞ն»։

Նա ամբողջ մարմնով սարսռաց վախից և շուրջը զննեց. «Է, ի՞նչ, եթե այստեղ մի որևէ թփի տակ նստած է այդ Ֆեդկան։ Չէ՞ որ ասում են. այստեղ մեծ ավազակախումբ ունի մեծ ճանապարհի վրա... Օ՜, Աստված, այդ ժամանակ ես... Այդ դեպքում ես նրան կասեմ ամբողջ ճշմարտությունը, որ մեղավոր եմ, և որ ես տասը տարի տառապել եմ նրա համար, շատ ավելի, քան ինքը զինվորության մեջ և... ես նրան կտամ դրամապանակս։ Հըմ, J’ai en tout quarante roubles; il prendra les roubles et il me tuera tout de meme[42]»։

Վախից, չգիտես ինչու, փակեց անձրևանոցը և դրեց կողքը։ Հեռվում՝ քաղաքից բերող ճանապարհին ինչ-որ սայլ երևաց, նա անհանգստությամբ սկսեց նայել։

«Grace a Dieu[43], դա սայլ է և դանդաղ է գալիս, չի կարող վտանգավոր լինել։ Այստեղի հյուծված ձիուկներից են... Ես միշտ խոսել եմ ցեղի մասին... Իմիջիայլոց, Պյոտր Իլյիչն էր ակումբում խոսում ցեղի մասին, իսկ ես այն ժամանակ նրան հիմար դրության մեջ դրեցի, et puis[44], բայց այն ինչ է ետևում և... կարծես, կնիկ կա սայլի մեջ։ Մուժիկ ու կնիկ՝ cela commence a etre rassurant։ Կնիկը՝ ետևում, իսկ մուժիկն առջևում՝ c’est très rassurant։ Սայլի ետևից կով կա պոզերից կապած, c’est rassurant au plus haut degrej[45]։

Սայլը հավասարվեց, բավական ամուր և կարգին մուժիկական սայլ էր։ Կնիկը նստած էր բերնեբերան լցված պարկի վրա, իսկ մուժիկը՝ նստիքին՝ ոտքերը կախ արած Ստեպան Տրոոֆիմովիչի կողմը։ Ետևից, իրոք, պոզերից կապված մի շեկ կով էր քարշ գալիս։ Մուժիկն ու կնիկը , աչքերը չռած, նայում էին Ստեպան Տրոֆիմովիչին, իսկ վերջինս ճիշտ նույնպես նրանց էր նայում, բայց երբ արդեն մի քսան քայլ անցել էին կողքից, հանկարծ փութով վեր ելավ ու գնաց հասնելու։ Սայլի հարևանությամբ լինելը, բնականաբար, նրան ավելի բարեհույս թվաց, սակայն հասնելով՝ տեղնուտեղը մոռացավ կրկին ամեն ինչ և կրկին ընկղմվեց իր մտքերի և պատկերացումների պատառիկների մեջ։ Նա քայլում և, անշուշտ, չէր էլ կասկածում, որ մուժիկի և կնկա համար այդ պահին ներկայացնում է ամենահանելուկային և հետաքրքրական մի բան, որպիսին կարելի է հանդիպել միայն մեծ ճանապարհի վրա։

― Թե որ հարցնելն ամոթ չի լինի, դուք ումոնցի՞ց կլինեք, որ ասենք,― ի վերջո, չդիմացավ կնիկը, երբ Ստեպան Տրոֆիմովիչը հանկարծ ցրված-ցրված նրան նայեց։ Կնիկը կլիներ մի քսանյոթ տարեկան, պնդակազմ, սևահոն ու կարմրայտ, քնքշությամբ ժպտացող կարմիր շուրթերով, որոնց տակից շողշողում էին ճերմակ, հավասարաշար ատամները։

― Դուք... դուք ի՞նձ եք դիմում,― վշտալի զարմանքով մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը։

― Ոնց որ թե վաճառական պիտի լինեք,― ինքնավստահ ասաց մուժիկը։ Դա մի թիկնեղ ու խոշոր տղամարդ էր՝ քառասունին մոտ, լայն ու ոչ-անխելք դեմքով, շեկ, լայն ու թավ մորուքով։

― Ոչ, ոչ թե վաճառական եմ, ես... ես... moi c’est autre chose[46],― մի կերպ առարկեց Ստեպան Տրոֆիմովիչը և, համենայն դեպս, մի քիչ ետ մնաց սայլից, այնպես որ քայլում էր արդեն կովի կողքով։

― Ուրեմըս, կալվածատերերից կլինի,― վճռեց մուժիկը՝ ոչ-ռուսերեն բառեր լսելով ու քաշեց երասանները։

― Մենք էլ նայում֊նայում ենք, վայ թե ման գալու՞ եք դուրս եկել,― նորից հետաքրքրվեց կնիկը։

― Այդ... այդ ի՞նձ եք հարցնում։

― Օտար տեղերից եկածները մի տեսակ չուգունից բանով են գալիս, ոնց որ թե ձեր սապոգներն էլ էստեղի բան չեն...

― Սապոգը զինվորական է,― ինքնագոհ ու նշանակալի միջամտեց մուժիկը։

― Չէ, չէ թե զինվորական եմ, ես...

«Ինչ հետաքրքրասեր կնիկ է,― ինքն իրեն բարկանում էր Ստեպան Տրոֆիմովիչը,― ու ինչպես են ինձ զննում...maisenfin[47]... Մի խոսքով, տարօրինակ է, որ կարծես մեղավոր եմ նրանց առաջ, իսկ ես ոչնչով մեղավոր չեմ նրանց առաջ»։

Կնիկը փսփսում էր մուժիկի հետ։

― Թե չեք նեղվի, մենք վայ թե ձեզ կտանենք, թե որ դուրեկան կլինի։

Ստեպան Տրոֆիմովիչը հանկարծ սթափվեց։

― Այո, այո, բարեկամներս, հաճույքով, որովհետև շատ եմ հոգնած, միայն թե ինչպե՞ս եմ բարձրանալու։

«Ի՜նչ զարմանալի է,― մտածեց ինքն իրեն,― որ այսքան ժամանակ քայլում էի այս կովի կողքով ու մտքովս չէր անցնում խնդրեմ նստել... Այս «իրական կյանքն» իր մեջ շատ բնութագրական մի բան ունի...»։

Այնինչ, մուժիկը դեռ չէր կանգնեցնում ձին։

― Բայց ո՞ր կողմն եք գնալու,― հարցրեց նա որոշ անվստահությամբ։

Ստեպան Տրոֆիմովիչը միանգամից չհասկացավ։

― Ոնց որ թե մինչև Խատովո՞։

― Խատովո՞... Չէ թե Խատովո... Ես այնքան էլ ծանոթ չեմ, թեև լսել եմ։

― Խատովո գյուղ, գյուղ է, էստեղից ինը վերստ կլինի։

― Գյու՞ղ։ C’est charmant[48], ասում եմ, չէ, որ կարծես թե լսել եմ։

Ստեպան Տրոֆիմովիչը դեռ քայլում էր, իսկ նրան դեռ չէին նստեցնում։ Հանճարեղ կռահում ցոլաց նրա գլխում։

― Գուցե մտածում եք, որ ես... Անձնագիր կա մոտս և ես պրոֆեսոր եմ, այսինքն, եթե կուզեք՝ ուսուցիչ... բայց գլխավոր։ Ես գլխավոր ուսուցիչ եմ։ Oui, c’est comme ca qu’on peut traduire[49]։ Ես շատ կուզեի նստել, և ձեզ համար կգնեմ... դրա դիմաց ձեզ կես շտոֆ խմիչք կգնեմ։

― Ձեզնից կես մանեթ կառնեմ, պարոն, ճամփեն դժվար է։

― Թե չէ մեզ համար շատ դժվար կլինի,― մեջ ընկավ կնիկը։

― Հիսուն կոպե՞կ։ Լավ, լավ, հիսուն կոպեկ։ C’est encore mieux, J’ai en tout quarande roubles, mais...[50]

Մուժիկը կանգնեցրեց սայլը, և ընդհանուր ջանքերով Ստեպան Տրոֆիմովիչին բարձրացրեցին ու նստեցրին սայլը, կնկա կողքին, պարկի վրա։ Մտքերի փոթորիկը չէր դադարում։ Մեկ-մեկ ինքն էր զգում իր համար, որ ահավոր ցրված է և մտածում է ամենևին ոչ այն մասին, ինչ պետք է ու զարմանում դրանից։ Մտքի հիվանդագին տկարության այդ գիտակցումն առանձին պահերի դառնում էր շատ ծանր և նույնիսկ վիրավորական նրա համար։

― Սա... կարծես կո՞վ է ետևից,― հանկարծակի ինքը հարցրեց կնկանից։

― Էդ ինչ եք ասում, պարոն, ոնց որ տեսած չլինեք,― ծիծաղեց վերջինս։

― Քաղաքից առանք,― միջամտեց մուժիկը,― մեր անասունը, որ ասեմ, գարնանից սատկեց՝ վարակ կար։ Չորս կողմը լրիվ սատկեցին, կեսն էլ չմնաց, կուզես գլխիդ տուր։

Եվ նա նորից շրմփացրեց անվակոսի մեջ խրված ձիուն։

― Այո, դա լինում է մեզ մոտ՝ Ռուսաստանում... և ընդհանրապես, մենք ռուսներս... է, այո, լինում է,― չավարտեց Ստեպան Տրոֆիմովիչը։

― Որ դասատու եք, ի՞նչ ունեք Խատովում։ Թե՞ էլի եք գնալու։

― Ես... այսինքն, չէ թե էլի եմ գնալու... C’est-a-dire[51], ես գնում եմ մի վաճառականի մոտ։

― Ուրեմըս, Սպասո՞վ։

― Այո, այո, հենց Սպասով։ Իմիջիայլոց, դա միևնունն է։

― Թե Սպասով եք գնում, էն էլ ոտքով, ուրեմն, ձեր սապոգներով մի շաբաթ կգնաք,― սկսեց ծիծաղել կնիկը։

― Այդպես, այդպես, դա էլ է միևնույնը, mes amis[52], միևնույնն է,― անհամբերությամբ ընդհատեց Ստեպան Տրոֆիմովիչը։

«Անտանելի հետաքրքրասեր ժողովուրդ է։ Գեղջկուհին, իմիջայլոց նրանից ավելի լավ է խոսում, և ես նկատում եմ՝ փետրվարի տասնիննից հետո նրանց խոսվածքը մի քիչ փոխվել է, և... և իր ի՞նչ գործն է։ Սպասով եմ գնում, թե Սպասով չեմ գնում։ Ի դեպ, ես նրանց վճարելու եմ, էլ ի՞նչ են կպել»։

― Թե որ Սպասով, ուրեմն՝ նավով,― ձեռ չքաշեց մուժիկը։

― Էդպես լավ կլինի,― մեջ ընկավ գեղջկուհին՝ ոգևորված,― քանի որ թե ափով գնաց, ձիով, երեսուն վերստ շրջան պիտի անի։

― Քառասուն։

― Էգուց, ժամը երկուսի մոտերքը հենց Ուստյևոյում կհասնեք նավին,― հաստատեց գեղջկուհին։ Բայց Ստեպան Տրոֆիմովիչը համառորեն լռում էր։ Լռեցին նաև հարց տվողները։ Մուժիկը խթանում էր ձիուն, գեղջկուհին՝ հազվադեպ ու կարճ դիտողություններ անում։ Ստեպան Տրոֆիմովիչը ննջեց։ Նա սաստիկ զարմացավ, երբ գեղջկուհին, ծիծաղելով բոթեց իրեն, ու նա տեսավ, որ բավականին խոշոր մի գյուղում են՝ եռապատուհան խրճիթի մուտքի առաջ։

― Ննջակո՞խ էիք, պարոն։

― Սա ի՞նչ է։ Այս որտե՞ղ եմ։ Ահ, այո։ Ահ... միևնույն է,― տնքաց Ստեպան Տրոֆիմովիչը և իջավ սայլից։

Տրտմած շուրջը նայեց։ Տարօրինակ և ինչ-որ բանով սաստիկ խորթ թվաց նրան գյուղական պատկերը։

― Իսկ հիսուն կոպեկը մոռացել էի,― դիմեց մուժիկին մի տեսակ չափից ավելի փութկոտ շարժումով։ Երևում է, արդեն վախենում էր բաժանվել նրանցից։

― Ներսում կտաք, հրամեցեք,― հրավիրեց մուժիկը։

― Էստեղ լավ է,― քաջալերեց գեղջկուհին։

Ստեպան Տրոֆիմովիչը ոտք դրեց խարխուլ առմուտքին։ «Մի՞թե սա հնարավոր է»,― մրմնջում էր նա խորունկ ու երկչոտ տարակուսանքով, բայց և մտավ խրճիթ։ «Elle l’avoulu[53]»,― ինչ-որ բան խրվեց սիրտը, և հանկարծ կրկին մոռացավ ամեն ինչ, անգամ, որ մտել է խրճիթ։

Լուսավոր, բավական մաքուր գեղջկական խրճիթ էր՝ եռապատուհան ու երկսենյակ, չէ թե քարվանսարա էր, այլ խրճիթ եկվորների համար, ուր հին սովորությամբ, կանգ էին առնում ծանոթ անցորդները։ Ստեպան Տրոֆիմովիչն առանց շփոթվելու անցավ դեպի վերի անկյունը, մոռացավ բարև տալ, նստեց և մտքերի մեջ ընկավ։ Այդ ընթացքում տաքության արտակարգ դուրեկան զգացողությունը, ճանապարհի երեքժամյա խոնավությունից հետո, մեկեն տարածվեց նրա մարմնի մեջ։ Նույնիսկ դողը, որ կարճատև ու ընդհատ անցնում էր մեջքով, ինչ միշտ լինում է նյարդային մարդկանց դողէրոցքի ժամանակ՝ ցրտից հանկարծ տաքին անցնելիս, միանգամից նրա համար դարձավ տարօրինակ դուրեկան։ Նա բարձրացրեց գլուխը, և տաք բլիթների անուշ բուրմունքը, որոնք վառարանի մոտ տապակում էր տանտիրուհին, խտղտացրեց նրա հոտառությունը։ Մանկան պես ժպտալով, դարձավ տանտիրուհուն և հանկարծ մրմնջաց.

― Դա ի՞նչ է։ Բլի՞թ։ Mais... c’est charmant[54]։

_ Չեք կամենա, պարոն,― իսկույն քաղաքավարի առաջարկեց տանտիրուհին։

― Կկամենամ, ճիշտ որ կկամենամ, և... ես ձեզնից թեյ էլ կխնդրեմ,― աշխուժացավ Ստեպան Տրոֆիմովիչը։

― Ինքնաեռը դնե՞մ։ Մեծ հաճույքով կանենք։

Կապույտ, խոշոր նախշերով մեծ ափսեով բերեցին բլիթները՝ հայտնի գեղջկական, բարակ, կեսը ցորենի ալյուրով, թարմ ու տաք յուղով ցողված, շատ համեղ բլիթներ։ Ստեպան Տրոֆիմովիչը վայելումով փորձեց։

― Ինչ յուղալի է ու ինչքան է համեղ։ Ու եթե հնարավոր է միայն, un doigt d’eau de vie[55]։

― Չլինի՞ արաղ ուզեցիք, պարոն։

― Այո, այո, մի քիչ, un toit petit rien[56]։

― Ուրեմըս, հինգ կոպեկի՞։

― Հինգ կոպեկի, հինգի, հինգի, հինգի, un toit petit rien,― երանավետ ժպիտով գլխով էր անում Ստեպան Տրոֆիմովիչը։

Խնդրեք ռամիկին մի բան անել ձեզ համար, ու նա, եթե կարող է և ուզում է, կծառայի ջանադրաբար և սրտանց, բայց խնդրեք նրան գնալ ու օղի բերել, և սովորական հանգիստ պատրաստականությունը մեկեն կդառնա մի տեսակ փութկոտ, հաճկատար, համարյա թե հարազատական հոգատարություն ձեզ համար։ Օղու գնացողը, թեև մենակ դուք եք խմելու, ոչ թե ինքը, և նախապես էլ գիտե դա, միևնույն է, մի տեսակ զգում է ձեր գալիք բավարարության մի մասը... Երեք-չորս րոպեից ոչ ավելի (պանդոկը երկու քայլի վրա էր) Ստեպան Տրոֆիմովիչի դիմաց՝ սեղանին, հայտնվեց կես շիշը և մի մեծ կանաչավուն գավաթ։

― Եվ այս բոլորն ինձ,― զարմացավ նա չափազանց։― Ես միշտ օղի ունեցել եմ, բայց երբեք չգիտեի, որ հինգ կոպեկին այսքան շատ է լինում։

Նա լցրեց գավաթը, վեր կացավ և որոշ հանդիսավորությամբ կտրեց դեպի մյուս անկյունը, ուր նստած էր պարկի վրայի իր ուղեկցուհին՝ սևահոն գեղջկուհին, որը ճանապարհին այնպես ձանձրացրել էր իր հարցուփորձով։ Գեղջկուհին շշկլվեց և հրաժարվում էր կարծես, սակայն պատշաճությամբ նախատեսված ամեն ինչ անելուց հետո, խմեց քաղաքավարի, երեք կումով, ինչպես կանայք են խմում, և դեմքին չափից ավելի տառապանք պատկերելով՝ ետ տվեց գավաթն ու խոնարհվեց։ Ստեպան Տրոֆիմովիչն էլ ծանրումեծ գլուխ տվեց ու եկավ սեղանի մոտ, նույնիսկ հպարտ տեսքով։

Այդ ամենը նրա ներսում կատարվեց ինչ-որ ոգեշնչումով։ Ինքն էլ, դեռևս մի վայրկյան առաջ, չգիտեր, որ գնալու է՝ գեղջկուհուն հյուրասիրելու։

«Ես կատարելապես, կատարելապես եմ կարողանում վարվել ժողովրդի հետ, ու դա միշտ ասել եմ նրանց»,― ինքնագոհ մտածեց նա՝ շշի մեջ մնացածը լցնելով իրեն։ Թեև գավաթը լրիվ չլցվեց, բայց օղին կենարար ջերմություն հաղորդեց նրան և մի քիչ էլ նույնիսկ գլխին խփեց։

«Je suis malade tout a fait, mais ce n’est pas trop mauvais d’etre malade.»[57]

― Չե՞ք կամենա գնել,― կնոջ մեղմ ձայն հնչեց նրա կողքին։

Նա բարձրացրեց աչքերն ու, ի զարմանս, իր դիմաց մի տիկին տեսավ՝ «սոe dame et elle en avait l’air»[58], երեսունն արդեն անց, արտաքնապես շատ համեստ, հագնված քաղաքաբնակի պես, մուգ զգեստով, մոխրագույն մեծ շալն ուսերին։ Նրա դեմքին շատ սիրալիր, Ստեպան Տրոֆիմովիչին միանգամից դուր եկած ինչ-որ բան կար։ Նա հենց նոր էր ետ եկել խրճիթ, ուր մնացել էին նրա իրերը թախտի վրա, հենց այն տեղին մոտ, որը զբաղեցրել էր Ստեպան Տրոֆիմովիչը՝ պայուսակը, որը հիշում էր, ներս մտնելիս նայեց հետաքրքրությամբ և ոչ շատ մեծ, մոմլաթե մի տոպրակ։ Այդ տոպրակից էլ հանեց գեղեցիկ կազմված գրքեր՝ կազմերին դաջված խաչերով, ու մատուցեց Ստեպան Տրոֆիմովիչին։

― Eh... mais je crois gue c’est Evangile[59], մեծագույն հաճույքով... Ա՜, հիմա հասկացա... Vous etes ce gu’on appelle[60], շրջիկ գրավաճառ եք, ես կարդացել եմ... Հիսուն կոպե՞կ։

― Երեսունհինգական կոպեկ,― պատասխանեց գրավաճառուհին։

― Մեծագույն հաճույքով։ Je n’ai rien contre PEvangile, et[61]... Վաղուց արդեն ուզում էի վերընթեռնել...

Այդ րոպեին մտքով անցավ, որ Ավետարան չի կարդացել համենայն դեպս մի երեսուն տարի ու թերևս յոթը տարի առաջ դրանից մի պատառիկ հիշեց սոսկ Ռենանի «Vie de Jesus»[62] գրքից։ Քանի որ մանր չուներ, ապա հանեց իր չորս տասը ռուբլիանոցները՝ ամբողջ ունեցածը։ Տանտիրուհին հանձն առավ մանրել և այստեղ միայն, շուրջը նայելով, Ստեպան Տրոֆիմովիչը նկատեց, որ ահագին ժողովուրդ է հավաքվել խրճիթում, և որ բոլորը վաղուց զննում են իրեն և, կարծես, իր մասին են խոսում։ Առնում-տալիս էին նաև քաղաքի հրդեհի մասին, ու բոլորից շատ՝ սայլ ու կովի տերը, քանի որ նոր էր վերադարձել քաղաքից։ Խոսում էին շպիգուլյանների մասին, հրկիզման մասին։

«Չէ որ նա ինձ հետ ոչինչ չխոսեց հրդեհի մասին, երբ բերում էր, իսկ ամեն ինչից խոսում էր»,― մի ուրիշ տեսակ անցավ Ստեպան Տրոֆիմովիչի մտքով։

― Տեր իմ, Ստեպան Տրոֆիմովիչ, ձե՞զ եմ տեսնում, պարոն։ Մտքովս էլ չէր անցնի... թե՞ չճանաչեցիք,― բացականչեց տարեց մեկը, արտաքնապես կարծես հնամենի սպասավոր լիներ՝ մորուքը սափրած, երկար, ետծալովի օձիքով շինելը հագին։

Ստեպան Տրոֆիմովիչը վախեցավ՝ լսելով իր անունը։

― Ներեցեք,― մրթմրթաց նա,― ես ձեզ այնքան էլ լավ չեմ հիշում...

― Մտահան եք արել։ Ախր, Անիսիմն եմ, Անիսիմ Իվանովը։ Լուսահոգի պարոն Գագանովի տանն եմ ծառայել, ձեզ էլ, պարոն, քանի անգամ եմ տեսել Վարվառա Պետրովնայի հետ լուսահոգի Ավդոտյա Սերգեևնայի մոտ։ Նրանից գրքեր էի բերում ձեզ ու երկու անգամ էլ պետերբուրգյան կոնֆետ եմ բերել ձեզ համար...

― Ահ, այո, հիշեցի ձեզ, Անիսիմ,― ժպտաց Ստեպան Տրոֆիմովիչը։― Այստեղ էլ ապրո՞ւմ ես։

― Սպասովի մոտերքը, Վ.-յան մենաստանում, Մարֆա Սերգեևնայի պոսադում, Ավդոտյա Սերգեևնայի քույրիկը, կարող է, բարեհաճեք հիշել, ոտքը որ կոտրեց, կառքից ցած թռչելիս, պարահանդեսի էր գնում։ Հիմա մենաստանի մոտ է ապրում, ես էլ նրա մոտ եմ, հիմա էլ, տեսնում եք, գավառ եմ գնում՝ մերոնց տեսնելու...

― Է, այո, այո։

― Ձեզ որ տեսա, ուրախացա, ինձ համար բարի եք եղել,― ցնծագին ժպտում էր Անիսիմը։― Բայց էս ո՞ւր եք ճամփա ընկել, պարոնս, ոնց որ թե մեն-մենակ... Կարծեմ թե, ոչ մի ժամանակ մենակ ճամփա չե՞ք գնացել։

Ստեպան Տրոֆիմովիչը նրան նայեց երկչոտ։

― Չլինի՞ մեզ մոտ՝ Սպասով։

― Այո, գնում եմ Սպասով։ IL me semble que tout le monde va a Spassof[63]...

― Չլինի՞ Ֆյոդոր Մատվեևիչի մոտ։ Ո՜նց կուրախանան։ Ոնց որ հնում հարգում էին ձեզ, հիմա, որ ասեմ շուտ-շուտ հիշում են...

― Այո, այո, Ֆեոդոր Մատվեևիչի մոտ էլ։

― Պետք է որ, պետք է որ։ Թե չէ, էստեղի մուժիկները զարմացել են, որ մեծ ճանապարհի վրա ձեզ ոտքով գնալուց են տեսել։ Անհասկացող ժողովուրդ են։

― Ես... Ես ասեմ... Գիտես, Անիսիմ, ես գրազ էի եկել, անգլիացիների պես, որ ոտքով եմ գնալու, ու ես...

Քրտինք երևաց նրա ճակատին և քունքերին։

― Պետք է որ, պետք է որ,― անողոք հետաքրքրասիրությամբ ականջ էր դրել Անիսիմը։ Բայց Ստեպան Տրոֆիմովիչն այլևս չէր կարող դիմակայել։ Այնպես շշկլվեց, որ ուզում էր վեր կենալ և դուրս գալ խրճիթից։ Բայց բերեցին ինքնաեռը, և նույն րոպեին ետ եկավ ինչ-որ տեղ գնացած գրավաճառուհին։ Իրեն փրկող մարդու շարժումով դիմեց նա կնոջն ու թեյ առաջարկեց։ Անիսիմը տեղը նրան զիջեց ու մի կողմ քաշվեց։

Իսկապես, մուժիկները տարակուսանքի մեջ էին։

«Ի՞նչ մարդ է սա։ Գտել են ճանապարհի վրա, ոտքով գնալիս, ասում է, թե դասատու է, արտասահմանցու պես է հագնված, իսկ խելքով՝ ոնց որ փոքր երեխա, պատասխանում է տակնիգլուխ, ճիշտ կարծես փախած լինի մի բանից, փող էլ կա մոտը»։ Միտք ծագեց տեղեկացնել ղեկավարությանը՝ «քանի որ, ինչ էլ լինի, քաղաքում էնքան էլ հանգիստ չի»։ Սակայն Անիսիմն այդ ամենը կարգավորեց տեղնուտեղը։ Դուրս գալով նախասենյակ, նա հայտնեց բոլորին, ով ուզում էր լսել, որ Ստեպան Տրոֆիմովիչը ոչ թե որ ուսուցիչ է, այլ մեծ գիտնական ու մեծ գիտություններով են զբաղվում, էստեղի կալվածատերերից են ու արդեն քսաներկու տարի կլինի, ապրում են գեներալի կին Ստավրոգինայի մոտ՝ ամեն ինչով, տան մեջ ամենագլխավոր մարդու տեղ ու չափից դուրս հարգանք ունեն լրիվ քաղաքում։ Ազնվականների ակումբում մի գիշերում մի-մի մոխրագույն ու ծիածանագույն թուղթ փող էին թողնում, աստիճանով էլ խորհրդական են, ասել է, թե զինվորական փոխգնդապետ, մենակ մի աստիճան են ցածր լրիվ գնդապետից։ Իսկ որ փող ունեն, դա էլ՝ գեներալի կին Ստավրոգինայի փողերին հաշիվ-համրանք չկա և այլն, և այլն։

«Mais c’est un dame, et très comme il faut»[64],― Անիսիմի հարձակումից հանգստանում էր Ստեպան Տրոֆիմովիչը՝ դուրեկան հետաքրքրությամբ հետևելով իր հարևանուհի գրավաճառ կնոջը, որն ի դեպ, թեյը խմում էր ափսեից ու կծովի։ «Ce petit morceau de sucre ce n’est rien...[65] նրա մեջ ինչ-որ ազնվական և անկախ, միևնույն ժամանակ մեղմ բան կա։ Le comme il faut tout pur[66], բայց միայն փոքր-ինչ ուրիշ տեսակի»։

Շուտով իմացավ նրանից, որ Սոֆյա Մատվեևնա Ուլիտինան է և ապրում է Կ.-ում, այնտեղ այրի քույր ունի՝ քաղքենիներից։ Ինքն էլ է այրի, իսկ ամուսինը՝ ծառայության համար ֆելդֆեբելից փոխպորուչիկ դարձած, սպանվել է Սևաստոպոլում։

― Բայց դուք այնքան ջահել եք, vous n’avez pas trente ans[67]։

― Երեսունչորս-ս,― ժպտաց Սոֆյա Մատվեևնան։

― Ինչպե՞ս, դուք ֆրանսերե՞ն էլ եք հասկանում։

―_ Մի քիչ, դրանից հետո չորս տարի մի ազնվական տան մեջ եմ ապրել ու այնտեղ երեխաներից սովորել։

Նա պատմեց, որ ամուսնուց հետո, ընդամենը տասնութ տարեկան, որոշ ժամանակ մնացել է Սևաստոպոլում՝ «բուժքույրության», իսկ հետո ապրել է տարբեր տեղերում, հիմա էլ շրջում է ահա և Ավետարան վաճառում։

― Mais mon Dieu[68], ձեզ հետ չէ՞ր արդյոք մեզ մոտ մի տարօրինակ, նույնիսկ շատ տարօրինակ պատմություն եղել։

Կինը կարմրեց։ Պարզվեց, որ՝ նրա հետ։

― Ces vauriens, ces maleureux...[69]― սկսեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ զայրույթից դողացող ձայնով։ Հիվանդագին ու ատելի հիշողությունը տանջալի արձագանք տվեց նրա սրտում։ Մեկ րոպե ասես մոռացության մեջ ընկավ։

«Բա՜, նորից է գնացել,― սթափվեց նա մեկեն՝ նկատելով, որ կինը դարձյալ կողքին չէ։― Նա հաճախ է դուրս գալիս ու ինչ-որ բանով է զբաղված, նկատում եմ, որ նույնիսկ տագնապած է... Bah, je deviens egoiste[70]...»։

Աչքերը բարձրացրեց ու նորից տեսավ Անիսիմին, բայց այս անգամ ամենասպառնագին իրադրության մեջ արդեն։ Ամբողջ խրճիթը լիքն էր մուժիկներով, և նրանց բոլորին, ակնհայտորեն, իր ետևից քարշ էր տվել Անիսիմը։ Այստեղ էին թե խրճիթի տերը, թե կովատեր մուժիկը, ևս երկու մուժիկ (պարզվեց՝ կառապաններ են), փոքրամարմին, կիսահարբած մեկն էլ կար՝ հագնված մուժիկավարի, միաժամանակ սափրված, նման իրեն խմելու տված քաղքենու և բոլորից շատ խոսող։ Ու բոլորն էլ խոսում էին Ստեպան Տրոֆիմովիչի մասին։ Կովատերն իրենն էր պնդում, հավատացնելով, որ գետի ափով քառասուն վերստ շրջան պիտի անեն և որ պետք է անպայման «շոգանավով»։ Կիսահարբած քաղքենին և տանտերը տաքացած առարկում էին.

― Էն պատճառով, ախպերս, որ եթե նորին գերազանցության համար, ինչ խոսք, լճի վրով, շոգանավով, ավելի մոտ կլինի, էդպես է որ կա, մենակ թե շոգանավը, հիմիկվա կարգով, վայ թե չգա էլ։

― Կգնա, կգնա, մի շաբաթ էլ ոտով պիտի գնա,― բոլորից ավելի տաքացել էր Անիսիմը։

― Էդ ասածդ ճիշտ էր, կանոնավոր չի գալիս, քանի որ ժամանակը ձմեռ է, մեկ-մեկ Ուստյևում երեք օրով սպասում են։

― Էգուց կլինի, էգուց ժամը երկուսին կհասնի։ Մինչև իրիկուն էլ պարոնս, ճիշտ ու ճիշտ կհասնի Սպասով,― փրփրել էր Անիսիմը։

«Mais qu’est ce qu’il cet homme»[71],― սարսռում էր Ստեպան Տրոֆիմովիչը՝ ահով սպասելով իրեն վիճակվածին։

Մեջ մտան նաև կառապանները, սկսեցին պայմանավորվել, մինչև Ուստյև երեք ռուբլի էին ուզում։ Մյուսները բղավում էին, որ սխալ չի լինի, որ դա գինն է հենց և որ այստեղից Ուստյևո ամբողջ ամառ այդ գնով են տարել։

― Բայց... այստեղ նույնպես լավ է... Եվ ես չեմ ուզում,― լմլմացրեց Ստեպան Տրոֆիմովիչը։

― Լավ էր, էդ մեկը ճիշտ ասիք, մեզ մոտ՝ Սպասովում, հիմա ամենից լավ է, Ֆյոդոր Մատվեևիչն էլ շատ կուրախանա ձեզնով։

― Mon Dieu, mes amis[72], այս ամենն ինձ համար այնքան է անսպասելի։

Վերջապես վերադարձավ Սոֆյա Մատվեևնան։ Բայց նա թախտին նստեց անչափ ակնկենդան և տրտում։

― Չեմ հասնելու Սպասով,― ասաց նա տանտիրուհուն։

― Ինչպե՞ս, ուրեմն դո՞ւք էլ եք Սպասով գնում,― ցնցվեց Ստեպան Տրոֆիմովիչը։

Պարզվեց, որ մի կալվածատիրուհի՝ Նադեժդա Եգորովնա Սվետլըյցինան, դեռևս կարգադրել է իրեն սպասել Խատովում ու խոստացել հասցնել Սպասով, բայց ահա, չի եկել։

― Հիմա ես ի՞նչ եմ անելու,― կրկնում էր Սոֆյա Մատվեևնան։

― Mais, ma chere et nouvelle amie[73], չէ որ ես նույնպես կարող եմ տեղ հասցնել, ինչպես և կալվածատիրուհին, այդ, ինչ են ասում, այդ գյուղը, մինչև ուր կառք եմ վարձել, իսկ վաղը, դե, իսկ վաղը միասին կգնանք Սպասով։

― Իսկ մի՞թե դուք էլ եք Սպասով գնում։

― Mais que faire, et je suis enchante![74] Ես ձեզ չափազանց ուրախությամբ տեղ կհասցնեմ, ահա, նրանք ուզում են, ես արդեն վարձել եմ... Իսկ ո՞ւմ էի ձեզնից վարձել,― հանկարծ անասելի ուզեց Սպասով գնալ Ստեպան Տրոֆիմովիչը։

Արդեն քառորդ ժամ անց տեղավորվում էին փակ, թեթև կառքի մեջ. Ստեպան Տրոֆիմովիչը՝ շատ աշխուժացած և միանգամայն գոհ, Սոֆյա Մատվեևնան՝ իր պարկով և շնորհակալ ժպիտով նրա կողքին։ Նստեցնում էր Անիսիմը։

― Գնաք բարով, պարոնս,― ամբողջ ուժով տնօրինում էր նա կառքի մոտ,― ո՜նց են ուրախանալու ձեզ տեսնելով։

― Մնաս բարով, մնաս բարով, բարեկամս, մնաս բարով։

― Ֆյոդոր Մատվեևիչին, պարոնս, թե տեսաք...

― Այո, բարեկամս, այո... Ֆեոդոր Պետրովիչին... միայն թե մնաս բարով։

II

― Գիտեք ինչ, բարեկամս, թույլ կտա՞ք ինձ ձեր բարեկամը կոչել, n’est-ce-pas?[75]― փութով սկսեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ կառքը շարժվելուն պես։― Գիտեք ինչ, ես... J’aime le peuple, c’est indispensable, mais il me semble qui je ne l’avais jamais vu de pries. Stasie... Cela va sans dire qu’elle est aussi de peuple... mais de vrai peuple...[76] այսինքն, իսկական, որը մեծ ճանապարհի վրա է, ինձ թվում է, նրանց միակ գործն է, թե ես հատկապես ուր եմ գնում... Բայց թողնենք դառնությունները։ Մի քիչ կարծես խոսքով տարվեցի, բայց սա, կարծում եմ, շտապողականությունից է։

― Կարծես թե դուք վատառողջ եք-ք,― զգաստությամբ, սակայն հարգալիր նրան էր զննում Սոֆյա Մատվեևնան։

― Չէ, չէ, պետք է միայն փաթաթվել, և ընդհանրապես մի տեսակ թարմ քամի է, նույնիսկ շատ թարմ, բայց մոռանանք դա։ Գլխավորը, դա չէի ուզենա ասել։ Chere et incomparable amie[77], ինձ թվում է, թե համարյա երջանիկ եմ, ու մեղավորը դուք եք։ Երջանկությունն ինձ օգտակար չէ, որովհետև անմիջապես անցնում եմ իմ բոլոր թշնամիներին ներելուն...

― Է ի՜նչ, չէ որ դա շատ լավ է։

― Ոչ միշտ, chere imocente. L’Evangile... Voyez-vous, désormais pous le prêcherons ensemble[78], և ես հաճույքով կվաճառեմ ձեր գեղեցիկ գրքերը։ Այո, ես զգում եմ, որ դա թերևս գաղափար է, quelque chose de très nouveau dans ce genre[79]։ Ժողովուրդը կրոնապաշտ է, c’est admis[80], բայց նա դեռևս չգիտե Ավետարանը։ Ես նրան կշարադրեմ դա... Բանավոր շարադրանքով կարելի է շտկել այդ հոյակապ գրքի սխալները, որին, անշուշտ, պատրաստ եմ վերաբերվել արտակարգ հարգանքով։ Ես օգտակար կլինեմ մեծ ճանապարհի վրա։ Ես միշտ եմ օգտակար եղել, ես միշտ ասել եմ նրանց դա eta cette chere ingrate...[81] O՜, ներենք, ներենք, ամենից առաջ ներենք բոլորին և միշտ։ Հուսանք, որ մեզ էլ կներեն։ Այո, որովհետև բոլորը և յուրաքանչյուրը մեկը մյուսի առաջ մեղավոր են։ Բոլորն են մեղավոր...

― Այ, այդ մեկը, կարծում եմ, շատ լավ հաճեցիք ասել։

― Այո, այո։ Ես զգում եմ, որ շատ լավ եմ խոսում։ Ես նրանց շատ լավ կասեմ, բայց ի՞նչ էի ուզում ասել՝ գլխավորը։ Ես շարունակ շփոթվում եմ ու չեմ հիշում... Թույլ կտա՞ք, արդյոք, չբաժանվել ձեզնից։ Ես զգում եմ, որ ձեր հայացքը և... ես զարմանում եմ նույնիսկ ձեր վարմունքից, դուք պարզասիրտ եք, դուք տառ եք ավելացնում բառերին և բաժակը լցնում ափսեի մեջ... այդ այլանդակ կծովի շաքարով։ Բայց ձեր մեջ սքանչելի մի բան կա, ձեր դիմագծերից եմ տեսնում... Օ՜, մի կարմրեք ու մի վախեցեք ինձնից, որպես տղամարդ։ Chere et uncomparable, pour moi une femme c’est tout[82]։ Ես չեմ կարող չապրել կնոջ կողքին, բայց միայն կողքին... Ես ահավոր, ահավոր շեղվեցի... Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել՝ ինչ էի ուզում ասել։ Օ՜, երջանիկ է նա, ում Աստված միշտ կին է ուղարկում, և... ես կարծում եմ նույնիսկ, որ որոշակի հիացմունքի մեջ եմ։ Եվ մեծ ճանապարհի վրա էլ կա վերին մի միտք, ահա, ահա ինչ էի ուզում ասել՝ մտքի մասին, հենց նոր հիշեցի, թե չէ չէի գտնում շարունակ։ Եվ ինչի՞ համար նրանք ճամփան շարունակել տվեցին։ Այնտեղ նույնպես լավ էր, իսկ այստեղ՝ cela devient trop froid. A propos, j’ai en tout quarante roubles et voila cet argent[83], վերցրեք, վերցրեք, ես չեմ կարողանում, կկորցնեմ և ինձնից կվերցնեն, և... Ինձ թվում է, թե քնել եմ ուզում, ինչ-որ բան է պտույտ գալիս գլխիս մեջ։ Այնպես է պտտվում, պտտվում, պտտվում։ Օ՜, ինչքան բարի եք, այդ ինչո՞վ եք ինձ ծածկում։

― Դուք հաստատ որ իսկական դողէրոց֊ցքի մեջ եք, և ես իմ ծածկոցով ձեզ ծածկեցի, միայն թե փողի մասին ես-ս...

― Օ՜, ի սեր Աստծո, n’en parlons plus, parce que cela méfait mal[84], օ՜, ինչքան եք բարի։

Նա մի տեսակ արագ կտրեց խոսքը և չափազանց շուտ քնեց տենդային, դողացող քնով։ Միջգյուղյա ճանապարհը, որով գնում էին այդ տասնյոթ վերստը, այնքան էլ հարթ չէր, և կառքը սաստիկ էր ցնցվում։ Ստեպան Տրոֆիմովիչը հաճախ էր արթնանում, արագ-արագ գլուխը բարձրացնում փոքրիկ բարձից, որ նրա գլխի տակ էր դրել Սոֆյա Մատվեևնան, բռնում էր ձեռքն ու տեղեկանում. «Դուք այստե՞ղ եք», ճիշտ կարծես երկյուղում էր, որ նա չհեռանա իրենից։ Հավատացնում էր նաև, որ երազին ինչ-որ բաց երախ է տեսնում՝ ժանիքներով և որ դա նողկալի է իր համար։ Սոֆյա Մատվեևնան չափազանց անհանգիստ էր նրա համար։

Կառապանները նրանց ուղիղ հասցրին քառապատուհան, բակում բնակելի կողաշենքեր ունեցող մի մեծ խրճիթի մոտ։ Արթնացած Ստեպան Տրոֆիմովիչը շտապեց ներս մտնել և ուղիղ գնաց տան երկրորդ, ամենաընդարձակ և լավագույն սենյակը։ Նրա քնատ դեմքն ընդունել էր խիստ հոգսաշատ արտահայտություն։ Նա տեղնուտեղը բացատրեց տանտիրուհուն՝ բարձրահասակ ու պնդակազմ, քառասնամյա մի կին էր, շատ սևամազ ու համարյա թե բեղավոր, որ իր համար պահանջում է ամբողջ սենյակը և «որ դուռը փակեն ու այստեղ այլևս ոչ ոքի ներս չթողնեն, parce que nous avons a parler»։

― Oui, jâi beaucoup a vous dire, chere amie[85]։ Ես ձեզ կվճարեմ, կվճարեմ, կվճարեմ,― ձեռքը թափ տվեց տանտիրուհու կողմը։ Թեև նա շտապում էր, բայց մի տեսակ ծանր էր շարժում լեզուն։ Տանտիրուհին լսեց մինչև վերջ անբարեհամբույր, սակայն լռեց ի նշան համաձայնության, որի մեջ, ի դեպ, սպառնագին մի կանխազգացում կար։ Ստեպան Տրոֆիմովիչը ոչինչ չնկատեց և շտապ-շտապ (նա ահավոր շտապում էր) պահանջեց, որ տանտիրուհին գնա և հնարավորին չափ շուտ ճաշ մատուցի, «նվազագույնս չհապաղելով»։

Այստեղ բեղավոր կինը չդիմացավ։

― Էստեղ ձեզ համար քարվանսարա չի, պարոն, եկող-գնացողի համար ճաշեր չենք պահում։ Խեցգետին խաշեմ, կամ էլ ինքնաեռը դնեմ, ուրիշ ոչինչ չունեմ։ Թարմ ձուկ մենակ էգուց կլինի։

Բայց Ստեպան Տրոֆիմովիչը թափահարեց ձեռքերը՝ զայրագին անհամբերությամբ կրկնելով. «Կվճարեմ, միայն թե շուտ, շուտ»։ Կանգ առան ձկնապուրի և տապակած հավի վրա։ Տանտիրուհին հայտարարեց, որ ամբողջ գյուղում հավ գտնել չի լինի, իմիջիայլոց, համաձայնեց գնալ փնտրելու, բայց այնպիսի տեսքով, կարծես անսովոր շնորհ էր անում։

Հենց նա դուրս եկավ, Ստեպան Տրոֆիմովիչն ակնթարթորեն տեղավորվեց բազմոցին և կողքը նստեցրեց Սոֆյա Մատվեևնային։ Սենյակում թե բազմոց կար, թե բազկաթոռներ, սակայն ահավոր տեսքի։ Ընդհանրապես, ամբողջ սենյակը բավականաչափ մեծ էր (միջնորմի ետևում տեղ կար մահճակալի համար), դեղին ու հին, պատառոտված պաստառներով, պատերին դիցաբանական անճոռնի վիմատիպ նկարներով, առջևի անկյունում սրբապատկերների և պղնձյա ծալովի շրջանակների երկարուկ շարքով, հավաքովի տարօրինակ կահկարասիով՝ իրենից ներկայացնում էր մի տեսակ քաղաքայինի և զուտ գյուղականի անհրապույր խառնուրդ։ Բայց նա նույնիսկ չնայեց այդ ամենին, նույնիսկ պատուհանից դուրս չնայեց՝ տեսնելու վիթխարի լիճը, որ ծայր էր առնում խրճիթից տասը սաժենի վրա։

― Վերջապես մենք առանձին ենք և ոչ ոքի ներս չենք թողնի։ Ես ուզում եմ ամեն ինչ պատմել, ամեն ինչ՝ ամենասկզբից։

Սոֆյա Մատվեևնան նույնիսկ խիստ անհանգստացած կանգնեցրեց նրան.

― Ձեզ հայտնի՞ է, արդյոք, Ստեպան Տրոֆիմովիչ...

― Comment, vous savez deja mon nom?[86]― ժպտաց նա բերկրալի։

― Նոր լսեցի Անիսիմ Իվանիչից, որ խոսում էիք իրար հետ։ Իսկ ես ահա թե ինչ կհամարձակվեմ իմ կողմից...

Ու նա արագ-արագ շշնջաց Ստեպան Տրոֆիմովիչին, աչքը՝ փակ դռանը, որ մեկնումեկն ականջ չդնի, որ այստեղ, այս գյուղում փորձանք կա։ Որ այստեղի բոլոր մուժիկները, թեև ձկնորսներ են, բայց զբաղվում են հատկապես նրանով, որ ամեն ամառ կենվորներից վարձ են վերցնում, ինչքան խելքներին փչեց։ Գյուղը ճամփի վրա չէ, խուլ տեղ է, այստեղ գալիս են միայն նրա համար, որ նավն է կանգնում գյուղում, որովհետև եղանակը մի քիչ փչացավ, ոչ մի դեպքում չի գալիս, ապա մի քանի օրում ահագին մարդ է հավաքվում, և արդեն գյուղի բոլոր խրճիթները զբաղեցվում են, տանտերերն էլ հենց դրան են սպասում, ամեն բանի համար երեք գին են ասում, այս տան տերն էլ գոռոզ է ու հպարտ, որովհետև շատ հարուստ է՝ էստեղի հասար, մենակ իր ուռկանը հազար ռուբլի արժե։

Ստեպան Տրոֆիմովիչը Սոֆյա Մատվեևնայի չափազանց ոգևորված դեմքին էր նայում համարյա կշտամբանքով և մի քանի անգամ ձեռքով արեց՝ նրան կանգնեցնելու համար։ Սակայն նա իրենը պնդեց ու մինչև վերջ ասաց։ Նրա խոսքերով, ինքն արդեն եղել էր այստեղ ամռանը, քաղաքից «շ-շատ ազնվական տիկնոջ հետ», ու նույնպես գիշերել էին, մինչև նավի գալը, նույնիսկ երկու լ-լրիվ օր, որ այնպիսի փորձանքների եկան, որ հիշելն իսկ սարսափելի է։ «Ստեպան Տրոֆիմովիչ, ահա, դուք հաճեցիք այս սենյակը մենակ ձեզ-զ համար... Այն մյուս սենյակում արդեն եկվորներ կան, տարիքով մի մարդ է ու մի ջահել, մի տիկին էլ կա՝ երեխաներով, իսկ մինչև վաղը խրճիթը լիքը կլինի մինչև ժամը երկուսը, որովհետև նավը քանի որ երկու օր չի եկել, վաղն անպայման կգա։ Ուրեմն, հատուկ սենյակի ու նրա համար, որ նրանցից ճ-ճաշել խնդրեցիք ու բոլոր եկվորներին նեղացնելու համար ձեզնից այնքան փող կուզեն, որ մայրաքաղաքներում էլ լս-սված չի...»։

Ստեպան Տրոֆիմովիչը տառապում, տառապում էր անկեղծորեն.

― Assez, mon enfant[87], աղաչում եմ ձեզ, mous avons notre argent, et apres-et après le bon Diu[88]։ Եվ ես նույնիսկ զարմանում եմ, որ դուք ձեր ըմբռնումների վեհությամբ... Assez, assez, vous me tourmentez[89],― արտաբերեց նա հիստերիկ,― մեր առջև մեր ամբողջ ապագան է, իսկ դուք... դուք ինձ վախեցնում եք ապագայի համար...

Նա անմիջապես սկսեց շարադրել ամբողջ պատմությունը, այն աստիճան շտապելով, որ սկզբից նույնիսկ հասկանալն էր դժվար։ Շատ երկար շարունակվեց դա։ Բերեցին ձկնապուրը, մատուցեցին հավը, վերջապես ինքնաեռը բերեցին, իսկ նա շարունակ խոսում էր... Փոքր-ինչ տարօրինակ և հիվանդագին էր ստացվում, բայց չէ որ հիվանդ էր նա։ Մտավոր ուժերի հանկարծական լարում էր դա, ինչ իհարկե, և դա տրտմությամբ կանխատեսում էր Սոֆյա Մատվեևնան, նրա պատմության ամբողջ ընթացքում, անմիջապես հետո պիտի վերածվեր արտակարգ ուժասպառության՝ նրա արդեն խանգարված օրգանիզմում։ Սկսեց նա համարյա թե մանկությունից, երբ «անապակ կրծքով վազվզում էր դաշտերում», միայն մեկ ժամ անց հասավ իր երկու ամուսնություններին և բեռլինյան կյանքին։ Իմիջիայլոց, ես չեմ համարձակվի ծիծաղել։ Այստեղ նրա համար հիրավի բարձրագույն մի բան կար և, նորագույն լեզվով ասած, համարյա թե գոյության պայքար։ Իր դիմաց նա տեսնում էր մեկին, ում արդեն նախընտրել էր իր համար՝ ապագա ճանապարհին և շտապում էր, այսպես ասած, հաղորդակից դարձնել։ Իր հանճարեղությունն այլևս չպիտի գաղտնիք մնար Սոֆյա Մատվեևնայի համար։ Գուցեև նա սաստիկ չափազանցնում էր՝ վերջինիս կապակցությամբ, բայց արդեն ընտրել էր նրան։ Նա չէր կարող՝ առանց կնոջ։ Հստակ տեսնում էր կնոջ դեմքից, որ նա համարյա ամենևին չի հասկանում իրեն, նույնիսկ ամենակարևորագույնը։ «Ce n’est rien, nous attendrons[90], իսկ առայժմ նա կարող է հասկանալ կանխազգացումով...»։

― Բարեկամս, ինձ ընդամենը պետք է լոկ ձեր սիրտը,― բացականչում էր նա՝ ընդհատելով պատմությունը,― և ահա հիմիկվա այդ սիրելի հմայիչ հայացքը, որով ինձ եք նայում։ Օ՜, մի կարմրեք։ Ես ձեզ ասել եմ արդեն...

Խեղճ Սոֆյա Մատվեևնայի համար հատկապես շատ էր մշուշապատ, երբ պատմությունը դարձավ համարյա մի ամբողջ դիսերտացիա առ այն, թե ինչպես ոչ ոք ու երբեք չի կարողացել հասկանալ Ստեպան Տրոֆիմովիչին և թե ինչպես են «կործանվում տաղանդները մեզ մոտ՝ Ռուսաստանում»։ Մի տեսակ շատ էին «ախր ամեն տեսակ խելոք բաները», հայտնում էր նա հետագայում վհատությամբ։ Լսում էր ակներև տառապանքով, աչքերը մի քիչ չռած։ Իսկ երբ Ստեպան Տրոֆիմովիչը նետվեց հումորի և սրամտագույն խայթոցների գիրկը՝ մեր «առաջավորների և իշխողների» վերաբերյալ, ապա փորձեց մի երկու անգամ քմծիծաղել, ի պատասխան Ստեպան Տրոֆիմովիչի ծիծաղին, սակայն արտասվելուց էլ վատ ստացվեց, այնպես որ Ստեպան Տրոֆիմովիչը վերջապես շշկլվեց և ավելի մեծ ոգևորությամբ ու չարությամբ խփեց նիհիլիստներին և «նոր մարդկանց»։ Այստեղ նա պարզապես վախեցրեց կնոջը, որը հանգստացավ սոսկ մի քիչ, ի դեպ, ամենախաբուսիկ հանգստով, երբ ծայր առավ բուն վեպը։ Կինը միշտ կին է մնում, թեկուզև միանձնուհի լինի։ Նա ժպտում էր, գլուխը ճոճում և իսկույն էլ կարգին կարմրում էր ու խոնարհում աչքերը՝ դրանով իսկ կատարյալ հիացում ու ոգեշնչում պատճառելով Ստեպան Տրոֆիմովիչին, այնպես որ նա շատ բան էլ մոգոնեց նույնիսկ։ Վարվառա Պետրովնան ստացվեց որպես սքանչելիագույն մի սևահեր («սքանչացրած Պետերբուրգն ու Եվրոպայի անչափ շատ մայրաքաղաքներ»), իսկ նրա ամուսինը զոհվեց «Սևաստոպոլում՝ գնդակից խոցված», լոկ մի պատճառով, որ կնոջ սիրուն անարժան էր զգում իրեն և զիջեց ախոյանին, այն է, նույն իրեն՝ Ստեպան Տրոֆիմովիչին... «Մի ամաչեք, իմ հեզ, իմ քրիստոնեուհի,― բացականչեց նա Սոֆյա Մատվեևնային՝ համարյա թե ինքն էլ հավատալով իր պատմածին։― Դա մի վսեմ բան էր, այն աստիճան նուրբ, որ երկուսս էլ ոչ մի անգամ չբացատրվեցինք մեր ամբողջ կյանքում»։ Իրերի նման վիճակի պատճառը հետագա պատմության մեջ դարձավ արդեն շիկահերը (եթե ոչ Դարյա Պավլովնան, ապա արդեն չգիտեմ՝ ում է նկատի ունեցել Ստեպան Տրոֆիմովիչը)։ Այդ շիկահերն ամեն ինչով պարտական էր սևահերին և, որպես հեռավոր ազգականուհի, հասակ էր առել նրա տանը։ Սևահերը, ի վերջո նկատելով շիկահերի սերը Ստեպան Տրոֆիմովիչի հանդեպ, դարձավ ինքնամփոփ։ Շիկահերը, իր կողմից, նկատելով սևահերի սերը Ստեպան Տրոֆիմովիչի նկատմամբ, նույնպես ինքնամփոփ դարձավ։ Եվ երեքը մեկտեղ, փոխադարձ մեծահոգությունից ուժասպառ, այդպես լուռ մնացին քսան տարի՝ ներամփոփված վիճակում։ «Օ՜, ինչ կիրք էր դա, այդ ի՜նչ կիրք էր,― բացականչում էր նա՝ ամենաանկեղծ զմայլանքով հեծկլտալով։― Ես տեսնում էի կատարյալ փթթումը նրա գեղեցկության (սևահերի), տեսնում էի «սրտիս մեջ բացված վերքով» ամեն օր, ինչպես էր անցնում իմ կողքով, ասես ամաչելով իր գեղեցկությունից»։ (Մի անգամ ասել էր. «ամաչելով իր գիրությունից»)։ Վերջապես, ինքը փախավ՝ թողնելով այդ ամբողջ քսանամյա զառանցագին երազը։ «Vingt ans!»[91]։ Եվ ահա, հիմա մեծ ճանապարհի վրա... Հետո, ուղեղի մի տեսակ բորբոքուն վիճակում, սկսեց բացատրել Սոֆյա Մատվեևնային, թե ինչ պիտի նշանակեր այսօրվա «իրենց այդչափ պատահական և այդքան ճակատագրական հանդիպումը՝ հուր հավիտենական»։ Սոֆյա Մատվեևնան, սաստիկ շփոթված, ի վերջո, ելավ բազմոցից, Ստեպան Տրոֆիմովիչը նույնիսկ փորձ արեց ծունկ չոքել նրա առաջ, այնպես որ կինը լաց եղավ։ Մթնշաղը թանձրանում էր, երկուսով փակ սենյակում էին մի քանի ժամ...

― Չէ, ավելի լավ է, ինձ թող-ղնեք մյուս սենյակը գնամ,― մրմնջաց նա,― թե չէ, մեկ էլ տեսար, ինչ կմտած-ծեն մարդիկ։ Նա դուրս պրծավ վերջապես։ Ստեպան Տրոֆիմովիչը նրան թողեց՝ խոստանալով անմիջապես քնել։ Հրաժեշտ տալիս բողոքեց, որ գլուխը շատ է ցավում։ Սոֆյա Մատվեևնան, դեռևս ներս մտնելիս, իր պայուսակն ու իրերը թողել էր առաջին սենյակում, մտադիր՝ գիշերել տանտերերի հետ, բայց նրան չհաջողվեց հանգստանալ։

Գիշերը Ստեպան Տրոֆիմովիչն ունեցավ ինձ և իր բոլոր բարեկամներին այնքան հայտնի խոլերինայի նոպա՝ նյարդային բոլոր լարումների և բարոյական ցնցումների սովորական արդյունքը։ Խեղճ Սոֆյա Մատվեևնան չքնեց ամբողջ գիշեր։ Քանի որ նա, հիվանդին խնամելով, ստիպված էր բավական հաճախ ներսուդուրս անել խրճիթում՝ տանտիրոջ սենյակով, ապա այնտեղ քնած անցորդները և տանտիրուհին փնթփնթացին և վերջում նույնիսկ անպատվեցին, երբ լուսադեմին նրա մտքով անցավ ինքնաեռը դնել։ Ստեպան Տրոֆիմովիչն ամբողջ նոպայի ընթացքում կիսամոռաց վիճակում էր, երբեմն կարծես աչքին երևում էր, որ ինքնաեռ են դրել, ինչ-որ բան են խմեցնում իրեն (մորի), տաքացնում են փորը, կուրծքը։ Բայց նա զգում էր համարյա ամեն րոպե, որ կինն իր կողքին է, այստեղ է, որ գնում է, գալիս, որ իջեցնում է մահճակալից ու նորից պառկեցնում։ Կեսգիշերն անց՝ ժամը երեքի մոտ, ավելի թեթևացավ, նա կռթնեց տեղում, ոտքերն իջեցրեց մահճակալից և չմտածելով ոչնչի մասին՝ փռվեց նրա առաջ, հատակին։ Սա արդեն քիչ առաջվա ծունկ չոքելը չէր, նա ուղղակի ընկել էր կնոջ ոտքերն ու համբուրում էր նրա զգեստի փեշերը...

― Թողեք, թողեք, ես ամենևին արժանի չեմ,― մրմնջում էր կինը՝ ջանալով անկողին դնել նրան։

― Իմ փրկարար,― ջերմեռանդորեն ձեռքերն էր խաչել նրա առաջ։― Vous etes noble comme une marquise![92]։ Ես՝ ես ապիկար եմ։ Օ՜, ամբողջ կյանքում ես եղել եմ անպատիվ...

― Հանգստացեք,― համոզում էր Սոֆյա Մատվեևնան։

― Քիչ առաջ ես ձեզ ամեն ինչ ստեցի՝ փառքի համար, ճոխության համար, պարապությունից՝ ամեն ինչ, մինչև վերջին բառը, օ՜, ապիկար, ապիկար։

Խոլերինան, այսպիսով, փոխարինվեց մեկ այլ նոպայով՝ հիստերիկ ինքնադատապարտմամբ։ Ես արդեն հիշատակել եմ այդ նոպաները՝ խոսելով Վարվառա Պետրովնային ուղղված նրա նամակների մասին։ Հանկարծ նա հիշեց Lise-ի մասին, երեկ առավոտյան հանդիպման մասին։ «Դա այնքան ահավոր էր և անկասկած, դժբախտություն կար, իսկ ես չհարցրի, չիմացա։ Մտածում էի միայն իմ մասին։ Օ՜, ի՞նչ եղավ նրան, չգիտե՞ք, արդյոք, ինչ եղավ նրան»,― աղաչում էր նա Սոֆյա Մատվեևնային։

Հետո երդվում էր, որ «չի դավաճանի», որ կվերադառնա նրա (այն է՝ Վարվառա Պետրովնայի) մոտ։ Մենք կմոտենանք նրա առմուտքին (այն է՝ շարունակ Սոֆյա Մատվևնայի հետ) ամեն օր, երբ նա կառք է նստում՝ առավոտյան զբոսանքի համար, և թաքուն կնայենք... Օ՜, ես ուզում եմ, որ նա խփի մյուս երեսիս, հաճույքով եմ ուզում։ Ես նրան դեմ կանեմ իմ մյուս երեսը, comme dans votre livre[93]։ Ես հիմա, հիմա միայն հասկացա, թե ինչ է նշանակում դեմ անել մյուս... «այտը»։ Նախկինում երբեք չեմ հասկացել»։

Սոֆյա Մատվեենայի համար եկան նրա կյանքի երկու սարսափելի օրերը, որոնք հիմա էլ է հիշում սարսուռով։ Ստեպան Տրոֆիմովիչն այնքան լրջորեն էր հիվանդացել, որ չէր կարող ուղևորվել նավով, որն այս անգամ հայտնվեց ճիշտ և ճիշտ կեսօրվա ժամը երկուսին։ Իսկ Սոֆյա Մատվեևնան ի զորու չէր նրան մենակ թողնել և նույնպես չգնաց Սպասով։ Նրա պատմածով, Ստեպան Տրոֆիմովիչը նույնիսկ ուրախացավ, որ նավը գնաց։

― Դե, փառավոր է, հիանալի է,― մրմնջաց հիվանդն անկողնուց,― թե չէ շարունակ վախենում էի, որ կգնանք։ Այստեղ այնքան լավ է, այստեղ ամենալավն է... Դուք ինձ չե՞ք թողնի։ Օ՜, դուք ինձ չեք թողնի։

Այնինչ, «այստեղ» ամենևին էլ այդքան լավ չէր։ Ստեպան Տրոֆիմովիչը ոչինչ չէր ուզում իմանալ նրա դժվարություններից, գլուխը լցված էր միմիայն երևակայություններով։ Իսկ իր հիվանդությունը համարում էր անցողիկ, դատարկ ու փուչ մի բան և չէր մտածում կնոջ մասին ամենևին, մտածում էր միայն, թե ինչպես են գնալու և սկսելու վաճառել «այդ գրքերը»։ Նա խնդրեց Սոֆյա Մատվեևնային իր համար Ավետարան կարդալ։

― Վաղուց արդեն չեմ կարդացել... բնագրով։ Թե չէ մեկնումեկը կհարցնի, և ես կսխալվեմ, պետք է նաև նախապատրաստվել այնուամենայնիվ։

Սոֆյա Մատվեևնան նստեց նրա կողքն ու բացեց գիրքը։

― Դուք հիանալի եք կարդում,― ընդհատեց նրան առաջին իսկ տողի վրա։― Ես տեսնում եմ, տեսնում եմ, որ չեմ սխալվել,― ավելացրեց նա անհստակ, սակայն ոգեշունչ։ Եվ ընդհանրապես, նա անընդմեջ ցնծագին տրամադրության մեջ էր։ Սոֆյա Մատվեևնան կարդաց լեռան քարոզը։

― Assez, assez, mon enfant[94], բավական է... Մի՞թե մտածում եք, որ դա բավական չէ։

Եվ նա՝ ուժասպառ, փակեց աչքերը։ Նա շատ թույլ էր, բայց դեռ գիտակցությունը չէր կորցնում։ Սոֆյա Մատվեևնան ուզում էր ելնել տեղից՝ ենթադրելով, թե հիվանդը քնել է ուզում։ Բայց նա կանգնեցրեց.

― Բարեկամս, ամբողջ իմ կյանքում ես ստել եմ։ Նույնիսկ, երբ ճիշտն եմ ասել։ Ես երբեք չեմ խոսել հանուն ճշմարտության, այլ սոսկ ինձ համար, նախկինում էլ դա գիտեի, բայց տեսնում եմ միայն հիմա... Օ՜, ո՞ւր են այն բարեկամները, ում ես վիրավորել եմ իմ բարեկամությամբ ամբողջ կյանքիս ընթացքում։ Եվ բոլորը, բոլորը։ Savez-vous[95], ես գուցեև ստում եմ նաև հիմա, հավանորեն ստում եմ նաև հիմա։ Գլխավորն այն է, որ ինքս ինձ հավատում եմ, երբ ստում եմ։ Ամենադժվարը կյանքում՝ ապրել ու չստելն է... և... և սեփական ստին չհավատալը, այո, այո, հենց դա է որ կա։ Բայց սպասեք, այդ ամենը՝ հետո... Մենք միասին ենք, միասին,― ավելացրեց նա խանդավառված։

― Ստեպան Տրոֆիմովիչ,― երկչոտ խնդրեց Սոֆյա Մատվեևնան,― մարդ չուղարկե՞նք «նահանգ»՝ բժիշկ բերելու։

Հիվանդը սաստիկ զարմացավ։

― Ինչի՞ համար։ Est-ce qui je suis si malade? Mais rien de serieux[96]։ Ու մեր ինչի՞ն են պետք կողմնակի մարդիկ։ Նաև՝ կիմանան, ու ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Ոչ ոչ, ոչ ոք՝ կողմնակիներից, մենք՝ միասին, միասին։

― Գիտեք,― ասաց նա, քիչ լռելուց հետո,― էլի ինչ-որ բան կարդացեք ինձ համար, այնպես, առանց ընտրելու, մի որևէ բան, ինչ պատահի։

Սոֆյա Մատվեևնան բացեց գիրքն ու սկսեց կարդալ։

― Ուր կբացվի, ուր կբացվի ակամա,― կրկնեց նա։

― «Եւ Լաւոդիկէի մեջ եղած եկեղեցւոյ հրեշտակին գրէ...»։

― Դա ի՞նչ էր, ի՞նչ։ Որտեղի՞ց էր դա։

― Սա Հայտնությունից է։

― O, je m՝en souviens, oui, l’Apocalypse. Lisez, lisez[97], ես գրքով կռահել էի մեր ապագայի մասին, ուզում եմ իմանալ, թե ինչ ստացվեց։ Կարդացեք Հրեշտակից, Հրեշտակից...

«Ել Լաւոդիկէի մէջ եղած եկեղեցւոյն հրեշտակին գրէ. Այսպէս կ՚ըսէ Ամէնը, հաւատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստուծոյ արարածներուն Սկիզբը։ Գիտեմ քու գործերդ, որ ոչ պաղ ես ու ոչ տաք, երանի թէ պաղ ըլլայիր կամ տաք։ Ուստի դուն որ գաղջ ես ու ոչ տաք՝ ոչ ալ պաղ, քեզ բերնէս դուրս փսխելու վրայ եմ. քանզի կ՚ըսես, Ես հարուստ եմ ու մեծցայ, և բանի մը կարօտ չեմ, ու չես գիտեր, որ դուն խեղճ ու թշուառակւսն ես, և աղքատ ու կոյր ու մերկ»։

― Դա... դա էլ է ձեր գրքում,― բացականչեց նա՝ աչքերը շողացնելով ու գլուխը վեր հանելով բարձի վրայից։― Ես երբեք չեմ իմացել այդ հսկա տեղը։ Լսում եք, ավելի շուտ սառը, սառը, քան գաղջ, քան միայն գաղջ։ Օ՜, ես կապացուցեմ։ Միայն թե մի թողեք, մի թողեք ինձ մենակ։ Մենք կապացուցենք, մենք կապացուցենք։

― Դե, ես չեմ թողնի ձեզ, Ստեպան Տրոֆիմովիչ, երբեք չ-չեմ թողնի,― կինը բռնեց նրա ձեռքերն ու սեղմեց իր ափերի մեջ՝ մոտեցնելով սրտին, արցունքակալած աչքերով նայելով նրան։ («Ախր, շատ մեղքս եկան այդ րոպեին»,― հայտնում էր նա)։ Ծերունու շրթունքները մի տեսակ ջղաձգվեցին։

― Բայց դե, Ստեպան Տրոֆիմովիչ, այնուամենայնիվ, ի՞նչ անենք-ք։ Իմաց չտա՞նք ձեր ծանոթներից կամ գուցե հարազատներից մեկնումեկին։

Բայց այստեղ Ստեպան Տրոֆիմովիչն այն աստիճան վախեցավ, որ Սոֆյա Մատվեևնան ուրախ էլ չէր, որ նորից հիշեցրեց։ Սարսռելով ու դողալով, նա աղաչում էր ոչ ոքի չկանչել, ոչինչ չձեռնարկել, նրանից խոսք վերցրեց, համոզում էր. «Ոչ մեկին, ոչ մեկին։ Սենք միասին ենք, մենակ մենք, nous partirons ensemble[98]»։

Շատ վատ էր և այն, որ տանտերերը նույնպես սկսեցին անհանգստանալ, տրտնջում էին և կպչում Սոֆյա Մատվեևնայից։ Նա վճարեց ու ջանաց ցույց տալ փողերը, ինչը ժամանակավորապես մեղմացրեց նրանց, բայց տանտերը պահանջեց Ստեպան Տրոֆիմովիչի «անձնագիրը»։ Հիվանդը ժպիտով ցույց տվեց իր փոքր պայուսակը, դրա մեջ Սոֆյա Մատվեևնան գտավ նրա պաշտոնաթողության հրամանագիրը կամ նման մի բան, որով նա ամբողջ կյանքն ապրել էր։ Տանտերը չէր հանդարտվում և ասում էր, թե «պետք է մի տեղ ընդունել տան, քանի որ մեզ մոտ հիվանդանոց չի, իսկ որ մեռավ, վայ թե էդպես էլ կլինի, փորձանքի կգանք»։ Սոֆյա Մատվեևնան խոսք բացեց նրա հետ բժշկի մասին, բայց ստացվեց, որ եթե մարդ ուղարկեն «նահանգ», կարող է այնքան թանկ նստել, որ, հարկավ, բժշկի մասին բոլոր մտքերը հարկ էր թողնել։ Նա տրտմագին ետ եկավ իր հիվանդի մոտ։ Ստեպան Տրոֆիմովիչն ավելի ու ավելի էր թուլանում։

― Հիմա մի կտոր էլ կարդացեք ինձ... խոզերի մասին,― ասաց նա մեկեն։

― Ի-ի՞նչ,― ահավոր վախեցավ Սոֆյա Մատվեևնան։

― Խոզերի մասին... հենց այդտեղ է... ces cochons...[99] ես հիշում եմ, դևերը մտան խոզերի մեջ ու բոլորը խեղդվեցին։ Անպայման կարդացեք դա ինձ, հետո ձեզ կասեմ՝ ինչի համար։ Ես վերհիշել եմ ուզում բառացի։ Ինձ պետք է բառացի։

Սոֆյա Մատվեևնան լավ գիտեր Ավետարանը և անմիջապես Ղուկասի ավետարանում գտավ այն տեղը, որը ես նույնպես բնաբան եմ դարձրել իմ ժամանակագրության համար։ Այստեղ մեջբերեմ նորից.

«Եւ այնտեղ շատ խոզերու երամակ մը կար, որոնք լեռը կ՚արածուեին ու աղաչեցին անոր որ իրենց հրաման տայ անոնց մէջ մտնելու, և հրաման տուաւ անոնց։ Ու դևերը մարդէն ելլելով՝ խոզերուն մէջ մտան և երամակը գահավէժ տեղէն ծովակը վազեց ու խեղդուեցաւ։ Եւ խոզարածները այս եղած բանը տեսնելով փախան, ու պատմեցին քաղաքը ու ագարակները։ Եվ մարդիկ ելան եղած բանը տեսնելու, ու եկան Յիսուսի, և գտան այն մարդը՝ ուրկէ դևերը ելեր էին, հագուած ու խելքը վրան Յիսուսի ոտքերուն քով նստած, ու վախցան։ Եւ անոնք որ տեսեր էին, պատմեցին անոնց թէ ինչպես դիւահարը ազատեցաւ»։

― Բարեկամս,― արտաբերեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ անասելի հուզված,― savez-vous, այդ հրաշալի և... արտասովոր կտորն ամբողջ կյանքում ինձ համար գայթակղության քար է եղել... dans ce livre[100]... այնպես որ ես այդ կտորը մանկուց եմ մտապահել։ Իսկ հիմա մի միտք անցավ, une comparaison[101]։ Ահավոր շատ մտքեր են գալիս հիմա ուղեղս, տեսնում եք, դա ճիշտ և ճիշտ նույնն է, ինչպես մեր Ռուսաստանը։ Այդ դևերը, որոնք ելնում են հիվանդից ու մտնում խոզերի մեջ, դրանք բոլոր խոցերն են, բոլոր ժանտահոտությունները, ամբողջ ապականությունը, բոլոր դևերն ու դևաճտերը՝ կուտակված մեր մեծ ու սիրելի, մեր հիվանդ Ռուսաստանում, դարեր ի վեր, դարեր ի վեր։ Oui, cette Russie, que j’aimais toujours[102]։ Սակայն մեծ միտքն ու մեծ կամքը կպսակեն նրան ի վերուստ, ինչպես և այն խելագար դիվահարին, ու դուրս կթափվեն բոլոր այդ դևերը, ամբողջ ապականությունը, այդ ամբողջ նողկանքը, որ թարախակալել է մակերեսին... և իրենք կխնդրեն՝ մտնել խոզերի մեջ։ Եվ մտել են գուցեև արդեն։ Այդ մենք ենք, մենք և նրանք ու Պետրուշան... et les autres avec lui[103], ու ես, գուցեև առաջինը՝ գլխավորելով, ու մենք՝ խելագար ու դիվոտած, ժայռից գահավեժ կնետվենք ծովը և բոլորս կխեղդվենք, ու տեղն է մեզ, քանի որ ուժներս հենց դրան էլ կպատի։ Բայց հիվանդը կապաքինվի և «Հիսուսի ոտքերի մոտ կնստի»... և բոլորը կնայեն զարմանքով... Սիրելիս, vous comprendrez après[104], և հիմա շատ է հուզում ինձ... Vous comprendrez après... Nous comprendrons ensemble[105]։

Նա զառանցել սկսեց և, ի վերջո, կորցրեց գիտակցությունը։ Այդպես շարունակվեց և ամբողջ հաջորդ օրը։ Սոֆյա Մատվեևնան՝ նսած նրա մոտ, լաց էր լինում, համարյա բոլորովին չէր քնել երրորդ գիշերը և խուսափում էր տանտերերի աչքին երևալ, նա կանխազգում էր, ինչ-որ բան սկսել էին ձեռնարկել։ Փրկությունը եկավ սոսկ երրորդ օրը։ Առավոտյան Ստեպան Տրոֆիմովիչն արթնացավ, ճանաչեց նրան ու պարզեց ձեռքը։ Սոֆյա Մատվեևնան խաչակնքվեց հույսով։ Ստեպան Տրոֆիմովիչն ուզեց դուրս նայել պատուհանից. «Tienes, un lac»[106],― արտաբերեց նա,― ահ, Աստված իմ, ես դեռ չեմ էլ տեսել սա...»։ Այդ պահին խրճիթի մուտքի մոտ դղրդաց ինչ-որ մեկի կառքը, և տան մեջ արտակարգ իրարանցում սկսվեց։

III

Անձամբ Վարվառա Պետրովնան էր ժամանել՝ քառատեղ, քառալուծ կառքով, երկու սպասավորների և Դարյա Պավլովնայի հետ։ Հրաշքը կատարվել էր պարզ ու հասարակ. հետաքրքրասիրությունից վառվող Անիսիմը, քաղաք հասնելով, հաջորդ օրը, այնուամենայնիվ, գնացել էր Վարվառա Պետրովնայի տուն, ծառաների մոտ շատախոսել, որ Ստեպան Տրոֆիմովիչին մենակ հանդիպել է գյուղում, որ մուժիկները նրան տեսել են մեծ ճանապարհի վրա՝ միայնակ, ոտքով, և, որ նա շարժվել է դեպի Սպասով, Ուստյևո, արդեն Սոֆյա Մատվեևնայի հետ։ Քանի որ Վարվառա Պետրովնան արդեն ահավոր անհանգստացած էր և ըստ կարելվույն որոնում էր փախստական բարեկամին, ապա Անիսիմի մասին անմիջապես զեկուցեցին նրան։ Լսելով Անիսիմին և գլխավորը՝ ինչ-որ մի Սոֆյա Մատվեևնայի հետ նույն կառքով Ուստյևո մեկնելու մանրամասների մասին, նա ակնթարթորեն պատրաստվել և տաք հետքերով մտել էր Ուստևո։ Նրա հիվանդության մասին դեռևս ոչինչ չգիտեր։

Թնդաց նրա խիստ ու հրամայական ձայնը, նույնիսկ տանտերերը երկյուղեցին։ Նա կանգ էր առել սոսկ տեղեկանալու և հարցուփորձ անելու համար, վստահ, որ Ստեպան Տրոֆիմովիչը վաղուց արդեն Սպասովում է։ Իսկ իմանալով, որ այստեղ է նա ու հիվանդ, հուզախռով մտավ խրճիթ։

― Դե, որտե՞ղ է նա։ Ա՜, այդ դու ես,― բղավեց՝ տեսնելով Սոֆյա Մատվեևնային, որը հենց այդ պահին հայտնվել էր երկրորդ սենյակ տանող շեմին։― Ես քո անամոթ դեմքից հասկացա, որ դու ես։ Կորի՛ր, անզգամ։ Որ հետքդ անգամ չմնա այս տանը։ Վռնդել նրան, թե չէ հուր-հավիտենական բանտում կփակեմ։ Առայժմ պահեք ու հսկեք մի ուրիշ տան մեջ։ Նա արդեն մի անգամ բանտ նստել է քաղաքում, էլի կնստի։ Ու քեզ էլ խնդրում եմ, տանտեր, ոչ ոքի չհամարձակվես ներս թողնել, քանի դեռ այստեղ եմ։ Ես գեներալ Ստավրոգինի այրին եմ և զբաղեցնում եմ ամբողջ տունը։ Իսկ դու, աղավնյակս, ամեն ինչի համար հաշիվ կտաս ինձ։

Ծանոթ հնչյունները ցնցեցին Ստեպան Տրոֆիմովիչին։ Նա սարսռաց։ Բայց Վարվառա Պետրովնան արդեն միջնորմից այս կողմում էր։ Աչքերը շողացնելով՝ ոտքով մոտ քաշեց աթոռը և ետ ընկնելով թիկնակին՝ բղավեց Դաշայի վրա.

― Դուրս արի առայժմ, տանտերերի մոտ եղիր։ Սա ի՞նչ հետաքրքասիրություն է, ու դուռն էլ պինդ փակիր ետևիցդ։

Որոշ ժամանակ լուռ և մի տեսակ գիշատչական հայացքով զննում էր հիվանդի վախեցած դեմքը։

― Դե՞, ինչպե՞ս եք ապրում, Ստեպան Տրոֆիմովիչ։ Լավ ման եկա՞ք,― մեկեն դուրս թռավ նրա բերանից մոլեգին հեգնանքով։

― Chere,― իրեն կորցրած՝ մրմնջաց հիվանդը,― ես ճանաչեցի ռուսական իրական կյանքը... Et je precherai l’Evangile...[107]

― Օ՜, անամոթ, երախտամոռ մարդ,― ճչաց նա հանկարծ՝ ձեռքերն իրար զարկելով։― Ձեզ բավական չէր ինձ խայտառակելը, կապվել եք... Օ՜ ծեր անպատկառ, անառակ։

― Chere...

Նրա ձայնը խեղվում էր և ոչինչ չէր կարողանում արտաբերել, այլ միայն նայում էր՝ աչքերը սարսափից չռած։

― Ո՞վ է նա.

― C’est un ange... C’etait plus qu’un ange pour moi[108], նա ամբողջ գիշեր... Օ՜, մի բղավեք, մի վախեցրեք նրան, Chere, chere...

Վարվառա Պետրովնան հանկարծ, աթոռը դռռացնելով, վեր թռավ, լսվեց նրա վախեցած բղավոցը. «Ջո՜ւր, ջո՜ւր»։ Ստեպան Տրոֆիմովիչը թեև ուշքի էր եկել, բայց Վարվառա Պետրովնան շարունակում էր դողալ վախից և գունատված նայում էր նրա այլայլված դեմքին, այստեղ միայն առաջին անգամ կռահեց նրա հիվանդության չափերի մասին։

― Դարյա,― շշնջաց նա հանկարծ Դարյա Պավլովնային,― անմիջապես բժիշկ կանչեք, Զալցֆիշին, Եգորըյչը թող հիմա գնա, այստեղից թող ձիեր վարձի, իսկ քաղաքից ուրիշ կառք վարձի։ Որ գիշերվա դեմ այստեղ լինի։

Դաշան նետվեց՝ հրամանը կատարելու։ Ստեպան Տրոֆիմովիչը նայում էր նույն, աչքերը չռած, վախեցած հայացքով, գունատված շրթունքները դողդողում էին։

― Համբերիր, Ստեպան Տրոֆիմովիչ, համբերիր, սիրելիս,― համոզում էր Վարվառա Պետրովնան, ինչպես երեխային,― դե, սպասիր, սպասիր, հիմա Դարյան ետ կգա ու... Ախ, Աստված իմ, տանտիրուհի, տանտիրուհի, գոնե դու արի, այ կնիկ։

Համբերությունը հատած՝ ինքը նետվեց տանտիրուհու մոտ։

― Հիմա, այս րոպեիս, դրան նորից ետ բերեք։ Բերեք, ետ բերեք նրան։

Բարեբախտաբար, Սոֆյա Մատվեևնան դեռ չէր հասցրել դուրս գալ տնից, և նոր-նոր ելնում էր դարպասից՝ պայուսակն ու կապոցն առած։ Նրան ետ դարձրին։ Այնպես էր վախեցած, որ նույնիսկ ձեռք ու ոտք դողում էին։ Վարվառա Պետրովնան ճանկեց նրա ձեռքը, ինչպես ցինը հավի ճտին, և հապշտապ տարավ Ստեպան Տրոֆիմովիչի մոտ։

― Դե, ահա նա՝ ձեզ։ Կարծեցիք, թե ուղղակի կերա նրան։ Չեմ կերել։

Ստեպան Տրոֆիմովիչը բռնեց Վարվառա Պետրովնայի ձեռքը, մոտեցրեց աչքերին, և արցունքները հորդացին՝ հեկեկոցով, հիվանդագին, ջղաձիգ։

― Լավ, լավ, հանգստացիր, սիրելիս, լավ, հարգելիս։ Ախ, Աստված իմ, դե, հան-գըս-տա-ցեք էլի,― մոլեգնած բղավեց նա։

― Օ՜, իմ հոգեհան, հոգեհան, հավերժական հոգեհան։

― Սիրելիս,― վերջապես մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը՝ դիմելով Սոֆյա Մատվեևնային,― այնտեղ մնացեք, սիրելիս, այստեղ մի բան եմ ուզում ասել...

Սոֆյա Մատվեևնան իսկույն ևեթ շտապեց դուրս գալ։

― Chere,chere...[109]― Ստեպան Տրոֆիմովիչի շունչը կտրվում էր։

― Սպասեք, մի խոսեք, Ստեպան Տրոֆիմովիչ, մի քիչ սպասեք, հանգստացեք։ Ահա ձեզ՝ ջուր։ Դե ըս-պա-սե-ցեք։

Վարվառա Պետրովնան նորից նստեց աթոռին։ Ստեպան Տրոֆիմովիչը պինդ բռնել էր նրա ձեռքը։ Երկար ժամանակ կինը թույլ չէր տալիս նրան խոսել։ Ստեպան Տրոֆիմովիչը նրա ձեռքը մոտեցրեց շրթունքներին և սկսեց համբուրել։ Վարվառա Պետրովնան սեղմել էր շուրթերը՝ նայելով անկյունին։

― Je vous aimais[110],― ի վերջո, դուրս պրծավ բերանից։ Վարվառա Պետրովնան երբեք ասվածի պես խոսք չէր լսել նրանից։

― Հը՛մ,― ի պատասխան թնչացրեց նա։

― Je vous aimais toute ma vie... vingt ans![111]

Վարվառա Պետրովնան շարունակում էր լռել՝ երկու, երեք րոպե։

― Իսկ ինչպե՜ս էիր պատրաստվում Դաշայի մոտ գնալ, օծանելիք էիր ցողում,― խոսեց նա հանկարծ՝ ահավոր շշնջոցով։ Ստեպան Տրոֆիմովիչը քար կտրեց-մնաց։

― Նոր փողկապ կապեցիր...

Կրկին՝ մի երկու րոպե լռություն։

― Սիգարիկը հիշո՞ւմ եք։

― Բարեկամս,― սվսվացրեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ սարսափած։

― Սիգարիկը, երեկոյան, լուսամուտի մոտ... լուսինը շողում էր... տաղավարում նստելուց հետո... Սկվորեշնիկիում։ Հիշո՞ւմ ես, արդյոք, հիշո՞ւմ ես,― վեր թռավ տեղից, բռնեց նրա բարձի երկու տուտերը և ցնցեց գլխի հետ միասին։― Հիշո՞ւմ ես, փուչ, փուչ, անփառունակ, փոքրոգի, հավերժորեն, հավերժորեն փուչ մարդ,― ֆշշացնում էր նա՝ իր մոլեգնած շշնջոցով, զսպելով բղավոցը։ Վերջապես ետ գցեց նրան ու ընկավ աթոռին՝ ձեռքերով ծածկելով դեմքը։― Հերիք է,― կտրուկ ասաց նա՝ շտկվելով։― Քսան տարի է անցել, ետ չես բերի, ես էլ եմ անխելք։

― Je vous aimais,― ձեռքերը կրկին միացրեց Ստեպան Տրոֆիմովիչը։

― Ինչ ես մի գլուխ aimais ու aimais ասում ինձ։ Բավական է,― նորից վեր թռավ նա։― Եվ եթե հիմա իսկույն չքնեք, ապա ես.... Ձեզ հանգիստ է պետք, հիմա քնեք, փակեք աչքերը։ Ա՜հ, Աստված իմ, գուցե նախաճաշել է ուզում։ Դուք ի՞նչ եք ուտում։ Նա ի՞նչ է ուտում։ Ահ, Աստված իմ, ո՞ւր է այն մեկը։ Ո՞ւր է նա։

Իրարանցում սկսվեց։ Բայց Ստեպան Տրոֆիմովիչը թույլ ձայնով մրմնջաց, որ ինքը, իրոք կքներ une heyre[112], իսկ հետո՝ un bouillon ... un the ... enfin, il est si heureux[113]։ Նա պառկեց և, իրոք, կարծես թե քնեց (հավանորեն, ձևացնում էր)։ Վարվառա Պետրովնան սպասեց և ոտնաթաթերի վրա ելավ միջնորմի ետևից։

Նա տեղավորվեց տանտերերի սենյակում, դուրս արեց տանտերերին և Դաշային հրամայեց մոտը բերել դրան։ Սկսվեց լուրջ հարցաքննություն։

― Հիմա, հարգելիս, պատմիր բոլոր մանրամասները։ Նստիր կողքս, այդպես։ Դե՞։

― Ես հանդիպեցի Ստեպան Տրոֆիմովիչին...

― Սպասիր, սուս։ Զգուշացնում եմ, որ եթե որևէ բան ստես կամ թաքցնես, գետնի տակից էլ քեզ կգտնեմ։ Դե՞։

― Ես Ստեպան Տրոֆիմովիչին... Հենց հասա Խատ-տովո...― համարյա շնչահեղձ էր լինում Սոֆյա Մատվեևնան...

― Սպասիր, սուս, ի՞նչ ես բլբլացնում։ Նախ և առաջ, ի՞նքդ ինչացու ես։

Նա պատմեց մի կերպ, իմիջիայլոց, ամենակարճ խոսքով, իր մասին՝ սկսելով Սևաստոպոլից։ Վարվառա Պետրովնան լսում էր լուռ, ուղիղ նստած աթոռին՝ խիստ ու համառ նայելով ուղիղ պատմողի աչքերին։

― Ինչի՞ց ես այդպես վախեցած, ինչո՞ւ ես ցած նայում։ Ես սիրում եմ, որ ուղիղ են նայում ու վիճում են ինձ հետ։ Շարունակիր։ Նա հասավ հանդիպմանը, պատմեց գրքերի մասին, թե ինչպես Ստեպան Տրոֆիմովիչը գեղջկուհուն օղի հյուրասիրեց...

― Այդպես, այդպես, փոքր մանրուք իսկ չմոռանաս,― քաջալերեց Վարվառա Պետրովնան։ Վերջապես այն մասին, թե ինչպես ճանապարհ ընկան և ինչպես էր Ստեպան Տրոֆիմովիչը շարունակ խոսում՝ «արդեն լրիվ-վ հիվանդ», իսկ այստեղ՝ ամբողջ կյանքը, ամենասկզբից, նույնիսկ մի քանի ժամ պատմեց։

― Պատմիր կյանքի մասին։

Սոֆյա Մատվեևնան հանկարծ դեմ ընկավ ու կանգնեց իսկական փակուղու առաջ։

― Ոչինչ-չ էլ չեմ կարողանա պատմել,― արտաբերեց նա՝ համարյա լաց լինելով,― ու չեմ էլ հասկացել համարյա ոչինչ։

― Սուտ ես ասում, չէիր կարող լրիվ ոչինչ չհասկանալ։

― Մի սևամազ ազնվական կնոջ մասին էր երկար պատ-տմում,― սաստիկ շառագունեց Սոֆյա Մատվեևնան՝ իմիջիայլոց, նկատելով Վարվառա Պետրովնայի շեկ մազերը և կատարելապես նման չլինելը «սևահերին»։

― Սևամա՞զ։ Հատկապես ի՞նչ։ Դե, խոսիր։

― Այն մասին, թե ինչպես էր այդ ազնվական տիկինն իրեն չափից դուրս սիրահարված, ամբողջ կյանքում, լրիվ քսան տարի, բայց միշտ չէր կարողացել սիրտը բացել ու ամաչել էր իր առաջ, քանի որ շատ էր չաղ...

― Տխմար,― մտազբաղ, սակայն վճռական ընդհատեց Վարվառա Պետրովնան։

Սոֆյա Մատվեևնան արդեն հոնգուր-հոնգուր լալիս էր։

― Ոչ մի բան էլ չեմ կարողանում լավ պատմել, որովհետև շատ էի վախեցած նրա համար ու չէի կարողանում հասկանալ, թե ինչպես այդքան խելոք մարդը...

― Նրա խելքի մասին քեզպեսները չէ, որ պիտի դատեն։ Առաջարկություն արե՞ց։

Պատմողը սրսփաց։

― Սիրահարվե՞ց քեզ։ Խոսիր։ Պսակվելու առաջարկ արե՞ց,― բղավեց Վարվառա Պետրովնան։

― Համ-մարյա թե նման մի բան եղավ,― փղձկաց նա։― Մենակ թե ես այդ ամենը բանի տեղ չդրեցի, հիվանդության պատճառով,― ավելացրեց նա հաստատ՝ աչքերը վեր հառելով։

― Ի՞նչ է անունդ, անուն հայրանունդ։

― Սոֆյա Մատվեևնա։

― Դե ուրեմն, իմացած լինես, Սոֆյա Մատվեևնա, որ դա ամենաանպետք, փուչ մի մարդուկ է... Տե՜ր Աստված, տե՜ր Աստված։ Ինձ անզգա՞մ ես կարծում։

Դիմացինն աչքերը չռեց։

― Անզգամի, բռնակալի տե՞ղ ես դրել։ Նրա կյանքը խորտակողի՞։

― Ինչպե՞ս կարող-ղ է, թե որ ինքներդ էլ եք լալ-լիս։

Իրոք, Վարվառա Պետրովնայի աչքերին արցունք կար։

― Դե, նստիր, մի վախենա։ Մի անգամ էլ աչքերիս նայիր, ուղիղ, ինչի՞ց կարմրեցիր։ Դաշա, եկ այստեղ, նայիր նրան, ի՞նչ ես կարծում, նրա սիրտը մաքո՞ւր է...

Եվ ի զարմանս, ավելի քան ի մեծ սարսափ Սոֆյա Մատվեևնայի, նա հանկարծ շոյեց իր այտը։

― Ափսոս միայն, որ անխելք է։ Տարիքին անհամապատասխան անխելք։ Լավ, սիրելիս, ես քեզնով կզբաղվեմ։ Տեսնում եմ, որ այդ ամենը դատարկ բան է։ Առայժմ մնա մոտս, քեզ համար բնակարան կվարձեն, իսկ իմ կողմից քեզ՝ ուտելիք ու ամեն ինչ... մինչև տեսնենք։

Սոֆյա Մատվեևնան վախեցած ակնարկել էր ուզում, որ ինքը պետք է շտապի։

― Շտապելու տեղ չունես։ Քո բոլոր գրքերն առնում եմ, իսկ դու նստիր այստեղ։ Չէ որ եթե ես չգայի, միևնույն է, դու նրան չէի՞ր թողնելու։

― Ոչ մի դեպքում չէի թողնի,― մեղմ ու հաստատ մրմնջաց Սոֆյա Մատվեևնան՝ աչքերը սրբելով։

Բժիշկ Զալցֆիշին բերեցին արդեն ուշ գիշերով։ Բավական պատկառելի ծերուկ էր և շատ փորձառու պրակտիկ, որը վերջերս մեզ մոտ, իր ղեկավարության հետ ինչ-որ պատվախնդիր վեճի հետևանքով, կորցրել էր ծառայողական տեղը։ Վարվառա Պետրովնան նույն ակնթարթին ամբողջ ուժով սկսեց նրան «հովանավորել»։ Նա ուշադրությամբ զննեց հիվանդին, հարցուփորձ արեց ու զգուշությամբ հայտնեց Վարվառա Պետրովնային, որ «տառապյալի» վիճակը խիստ է տարակուսելի՝ հիվանդության առկա բարդացման հետևանքով և որ պետք է սպասել «ամենայն նույնիսկ վատթարին»։ Վարվառա Պետրովնան, քսան տարում ետ վարժված լուրջ ու վճռական նույնիսկ որևիցե մտքից, այն ամեն ինչից, որ անձամբ Ստեպան Տրոֆիմովիչից էր ելնում, խորապես ցնցված էր, անգամ գունատվեց.

― Մի՞թե ոչ մի հույս չկա։

― Հնարավոր չէ, որ ամենևին որևիցե հույս չլինի, բայց...

Վարվառա Պետրովնան ամբողջ գիշեր չպառկեց քնելու, հազիվ սպասեց լույսը բացվելուն։ Հենց միայն հիվանդը բացեց աչքերը և ուշքը գլուխը եկավ (նրա ուշքը դեռ գլխին էր միշտ, թեև ժամ առ ժամ թուլանում էր), ամենավճռական տեսքով դիմեց նրան.

― Ստեպան Տրոֆիմովիչ, ամեն ինչ հարկ է նախատեսել։ Ես ուղարկել եմ՝ հոգևորական բերելու։ Դուք պարտավոր եք կատարել ձեր պարտքը...

Գիտնալով նրա համոզմունքները, Վարվառա Պետրովնան շատ էր վախենում մերժումից։ Ստեպան Տրոֆիմովիչը նայեց զարմանքով։

― Ցնդաբանությո՜ւն է, ցնդաբանությո՜ւն,― ճչաց Վարվառա Պետրովնան՝ մտածելով, որ նա հրաժարվում է արդեն։― Հիմա չարություններ անելու ժամանակը չէ։ Բավականաչափ գժություններ արել եք։

― Բայց... մի՞թե ես այդքան հիվանդ եմ։

Նա մտազբաղ համաձայնեց։ Եվ ընդհանրապես, հետագայում խորին զարմանքով իմացա Վարվառա Պետրովնայից, որ նա նվազագույնս իսկ չի վախեցել մահից։ Գուցեև պարզապես չէր հավատացել ու շարունակել էր հիվանդությունը դատարկ բան համարել։

Նա խոստովանեց և հաղորդություն ընդունեց շատ հաճույքով։ Բոլորը, և Սոֆյա Մատվեևնան, նույնիսկ ծառաները եկան շնորհավորելու նրան՝ սրբազան գաղտնիքներին հաղորդակցվելու կապակցությամբ։ Բոլորն անխտիր զուսպ լալիս էին՝ նայելով նրա սմքած ու տանջահար դեմքին և սպիտակած, դողացող շրթունքներին։

― Oui, mes amis[114], ու ես զարմանում եմ սոսկ, որ այդպես... իրար եք անցել։ Հավանաբար, ես վաղը վեր կկենամ ու մենք... ճամփա կընկնենք... Tout cette seremonie...[115] որին ես, իհարկե, արժանին եմ մատուցում... միայն թե...

― Տեր հայր, խնդրում եմ ձեզ անպայման մնալ հիվանդի մոտ,― արագ կանգնեցրեց Վարվառա Պետրովնան արդեն գնալու պատրաստված վանականին։― Հենց թեյը մատուցեցին, կխնդրեմ ձեզ անմիջապես խոսել աստվածային բաներից՝ նրա մեջ հավատը պահպանելու համար։

Վանականը սկսեց։ Բոլորը կանգնած կամ նստած էին հիվանդի անկողնու մոտ։

― Մեր մեղսալի ժամանակներում,― սահուն սկսեց վանականը՝ թեյի գավաթը ձեռքին,― Բարձրյալի հանդեպ հավատը մարդկային ցեղի միակ ապաստանն է՝ բոլոր վշտերի և կյանքի փորձությունների դեպքում, ինչպես նաև հավերժական երանությանն ապավինելիս՝ խոստացյալ արդարակյացներին...

Ստեպան Տրոֆիմովիչը կարծես ամբողջապես կենդանացավ։ Մի նուրբ քմծիծաղ սահեց շրթունքների վրայով։

― Mon pere, je vous remercie , et vous etes bien bon, mais...[116]

― Ամենևին ոչ mais, բոլորովին ոչ mais,― բացականչեց Վարվառա Պետրովնան՝ վեր թռչելով աթոռից։― Տեր հայր,― դիմեց վանականին,― սա, սա այդպիսի մարդ է, այդպիսի մարդ... մի ժամ հետո նորից է պետք նրան խոստովանեցնել։ Ահա թե ինչ մարդ է նա։

Ստեպան Տրոֆիմովիչը զուսպ ժպտաց։

― Բարեկամներս,― ասաց նա,― Աստված արդեն ինձ նրա համար է անհրաժեշտ, որ միակ էակն է, ում կարելի է հավերժորեն սիրել...

Իրականում էր նա հավատի եկել, թե՞ կատարված խորհրդի փառահեղ ծիսակատարությունն էր բորբոքել նրա խառնվածքի գեղարվեստական ընդունակությունը, սակայն նա հաստատուն և, ասում են, մեծ զգացումով արտասանեց խոսքեր՝ ուղղակի հակասող իր նախկին շատ համոզմունքներին։

― Իմ անմահությունն արդեն անհրաժեշտ է, որովհետև Աստված չի կամենա անճիշտ բան անել և լրիվ հանգցնել իմ սրտում իր հանդեպ մի անգամ բորբոքված կրակը։ Եվ ի՞նչ կա՝ սիրուց ավելի թանկ։ Սերը վեր է կեցությունից, սերը պսակն է կեցության և ինչպե՞ս կարելի է, որ կեցությունն անենթակա լինի նրան։ Եթե ես սիրեցի նրան և բերկրացի իմ սիրով, հնարավո՞ր է արդյոք, որ նա մարել տա թե ինձ, թե իմ բերկրանքը և մեզ վերածի զրոյի։ Եթե կա Աստված, ապա ես ևս անմահ եմ։ Voila ma profession de foi[117]։

― Աստված կա, Ստեպան Տրոֆիմովիչ, հավատացնում եմ ձեզ, որ կա,― թախանձում էր Վարվառա Պետրովնան,― հրաժարվեք, դեն նետեք ձեր անմտությունները գեթ մի անգամ կյանքում (կարծում եմ, նա այնքան էլ չէր հասկացել նրա profession de foi-ը)։

― Բարեկամս,― ոգևորվում էր նա ավելի ու ավելի, թեև ձայնը հաճախ էր կտրվում,― բարեկամս, երբ ես հասկացա... այդ դեմ արած այտը, ես... ես տեղնուտեղը ևս ինչ-որ բաներ հասկացա... J’ai menti toute ma vie[118], ամբողջ, ամբողջ կյանքս, ես կուզեի... ի դեպ, վաղը... Վաղը բոլորով ճամփա կընկնենք։

Վարվառա Պետրովնան արտասվեց։ Ստեպան Տրոֆիմովիչն ինչ-որ մեկին էր փնտրում հայացքով։

― Ահա նա, այստեղ է։― Վարվառա Պետրովնան բռնեց Սոֆյա Մատվեևնայի ձեռքից ու մոտեցրեց նրան։ Հիվանդը գորովալի ժպտաց։

― Օ՜, ես շատ կկամենայի նորից ապրել,― բացականչեց նա ավյունի արտակարգ հորձանքով։― Կյանքի ամեն մի րոպեն, յուրաքանչյուր ակնթարթը պիտի երանություն լինեն մարդուս համար... պետք է, անպայման է պետք։ Դա իր իսկ՝ մարդու պարտականությունն է այդպես դասավորել, դա նրա օրենքն է՝ գաղտնի, բայց անպայման գոյություն ունեցող... Օ՜, ես կուզեի տեսնել Պետրուշային... ու նրանց բոլորին... ու Շատովին։

Նշեմ, որ Շատովի մասին դեռևս ոչինչ չգիտեին ո՛չ Դարյա Պավլովնան, ո՛չ Վարվառա Պետրովնան, ո՛չ նույնիսկ քաղաքից վերջինը եկած Զալցֆիշը։

Ստեպան Տրոֆիմովիչը հուզվում էր ավելի ու ավելի, հիվանդագին, ուժերից վեր։

― Արդեն մի հավերժական միտքն առ այն, որ գոյություն ունի արդարացիագույն և երջանկագույն ինչ-որ բան, քան ես եմ, արդեն ինձ ևս պարուրում է անչափելի գորովանքով և փառքով՝ օ՜, ով ուզում է, լինի, ինչ ուզում է, արած լինի։ Սեփական երջանկությունից ավելի մարդուն անհրաժեշտ է գիտնալ և ամեն վայրկյան հավատալ, որ կա ինչ-որ մի տեղ արդեն կատարյալ ու խաղաղ երջանկություն՝ բոլորի համար ու ամեն ինչի... Աարդկային կեցության ամբողջ օրենքն այն է սոսկ, որ մարդ կարողանա միշտ խոնարհվել անչափելի մեծի առաջ։ Եթե մարդկանց զրկեն անչափելի մեծից, ապա չեն ապրի նրանք և կմեռնեն հուսալքության մեջ։ Անչափելին և անվախճանը նույնքան անհրաժեշտ են մարդուն, որքան այն փոքր մոլորակը, որի վրա նա բնակվում է... Բարեկամներս, բոլորդ, բոլորդ. կեցցե՜ Մեծն Միտքը։ Հավերժական, անպարագիծ Միտքը։ Յուրաքանչյուր մարդ, ով էլ եղավ, անհրաժեշտաբար պիտի խոնարհվի այն բանի առաջ, որն է Մեծն Միտք։ Նույնիսկ ամենախելոք մարդուն է անհրաժեշտ թեկուզև որևէ մեծ բան։ Պետրո՜ւշա... Օ՜, ինչպես եմ ուզում նորից տեսնել նրանց բոլորին։ Նրանք չգիտեն, չգիտեն, որ իրենց մեջ ևս ամփոփված է միևնույն հավերժական Մեծն Միտքը։

Բժիշկ Զալցֆիշը չկար ծիսակատարությանը։ Հանկարծակի ներս մտնելով՝ նա սարսափեց և ցրեց հավաքվածներին, պնդելով, որ չհուզեն հիվանդին։

Ստեպան Տրոֆիմովիչը վախճանվեց երեք օր անց, բայց արդեն կատարյալ անգիտակից վիճակում։ Նա մի տեսակ հանդարտ մարեց, ճիշտ վառված-վերջացած մոմի պես։ Վարվառա Պետրովնան, տեղում կատարելով հուղարկավորման կարգը, իր խեղճ բարեկամի մարմինը տեղափոխեց Սկվորեշնիկի։ Նրա գերեզմանը եկեղեցու ցանկապատից ներս է և արդեն մարմարե քար է քաշված։ Տապանագիրն ու եզրաճաղերը թողել են գարնանը։

Վարվառա Պետրովնայի ամբողջ բացակայությունը քաղաքից տևեց ութ օր։ Նրա հետ միասին, կառքում կողքը նստած, եկավ նաև Սոֆյա Մատվեևնան, կարծեմ ընդմիշտ նրա մոտ բնակվելու։ Նշեմ, որ հենց Ստեպան Տրոֆիմովիչը կորցրեց գիտակցությունը (այն նույն առավոտյան) Վարվառա Պետրովնան տեղնուտեղը նորից հեռացրեց Սոֆյա Մատվեևնային խրճիթից էլ դուրս, և հիվանդին խնամում էր ինքը, մեն-մենակ, մինչև վերջ։ Իսկ հենց հոգին ավանդեց, անմիջապես կանչեց նրան։ Սկվորեշնիկիում մշտապես բնակվելու առաջարկությունից (ավելի ճիշտ՝ հրամանից) ահավոր վախեցած Սոֆյա Մատվեևնայի ոչ մի առարկությունը նա չուզեց լսել։

― Ցնդաբանություն է ամեն ինչ, ես ինքս կգամ քեզ հետ՝ Ավետարան վաճառելու։ Հիմա ամենևին ոչ ոք չունեմ աշխարհում։

― Բայց դուք որդի ունեք,― նկատել տվեց Զալցֆիշը։

― Ես որդի չունեմ,― կտրեց Վարվառա Պետրովնան՝ ասես մարգարեաբար։


Գլուխ ութերորդ. Եզրափակում

Կատարված բոլոր վայրագությունները և հանցագործություններն ի հայտ եկան արտակարգ արագությամբ, շատ ավելի արագ, քան ենթադրում էր Պյոտր Ստեպանովիչը։ Սկսվեց նրանից, որ տարաբախտ Մարյա Իգնատևնան ամուսնու սպանության գիշերն արթնացավ լուսամութով, տեսավ բացակայությունը և աննկարագրելի հուզմունք ապրեց՝ իր կողքին չտեսնելով ամուսնուն։ Նրա հետ էր գիշերում Արինա Պրոխորովնայի՝ այն ժամանակ վարձած աղախինը։ Վերջինս ոչ մի կերպ չկարողացավ հանգստացնել նրան և հենց սկսեց լուսանալ, վազ տվեց Արինա Պրոխորովնային բերելու, հիվանդին հավատացնելով, թե նա գիտե՝ ուր է ամուսինը և երբ է վերադառնալու։ Այնինչ, Արինա Պրոխորովնան նույնպես որոշակի հոգսերի մեջ էր. ամուսնուց արդեն իմացել էր Սկորեշնիկիում գիշերային քաջագործության մասին։ Ամուսինը տուն էր եկել գիշերվա ժամը տասնմեկին ահավոր վիճակում, սարսափելի տեսքով։ Ձեռքերը կոտրատելով բերանքսիվայր ընկել էր մահճակալին ու շարունակ կրկնել՝ ջղաձիգ հեծկլտոցներից ցնցվելով. «Դա ա՜յն չէ, ա՜յն չէ, բոլորովի՜ն այն չէ»։ Հարկավ, ավարտել էր նրանով, որ խոստովանել էր ամեն ինչ իրենից ձեռ չքաշող Արինա Պրոխորովնային՝ իմիջիայլոց, ամբողջ տան մեջ միայն նրան։ Վերջինս թողել էր նրան անկողնում, խստորեն հանդիմանելով, որ «եթե ուզում է նվնվալ, ապա թող վնգա բարձի մեջ, որ մարդ չլսի, և որ հիմար կլինի, եթե վաղն ինչ-որ բան ցուցաբերի»։ Բայց և այնպես, մտքերի մեջ էր ընկել ու սկսել համենայն դեպս մաքրել ավելորդ թղթեր, գրքեր, նույնիսկ գուցեև թռուցիկներ, հասցրել էր թաքցնել կամ իսպառ ոչնչացնել։ Այդ ամենի հետ մեկտեղ կշռադատել էր, որ անձամբ ինքը, իր քույրը, մորաքույրը, ուսանողուհին, իսկ գուցեև կախականջ եղբայրիկն այնքան էլ վախենալու բան չունեն։ Երբ առավոտյան վազեվազ եկավ հիվանդապահը, նա գնաց Մարյա Իգնատևնայի մոտ, առանց երկար-բարակ մտածելու։ Իմիջիայլոց, նա անչափ ուզում էր ստուգել, թե ճի՞շտ է արդյոք այն, ինչ երեկ վախեցած ու զառանցանքի նման ցնորված շշնջոցով ամուսինն իրեն հայտնեց Կիրիլլովի հետ կապված Պյոտր Ստեպանովիչի հաշվարկների մասին՝ ի շահ ընդհանուր գործի։ Սակայն Մարյա Իգնատևնայի մոտ հասավ արդեն ուշացած. ուղարկելով աղախնին և մենակ մնալով, նա չէր համբերել, ելել անկողնուց և ձեռքն ընկածը հագնելով՝ կարծեմ շատ թեթև ու եղանակին անհամապատասխան ինչ-որ զգեստ, ինքն էր գնացել կողաշենք՝ Կիրիլլովի մոտ, հասկանալով, որ գուցե թե բոլորից ճիշտ նա կհայտնի ամուսնու մասին։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես ազդեց նոր ծննդաբերած կնոջ վրա այն, ինչ տեսավ այնտեղ։ Շատ լավ է, որ չկարդաց Կիրիլլովի՝ սեղանին, երևացող տեղ դրված մինչմահու երկտողը, իհարկե, վախից չնկատելով ամենևին։ Նա ետ վազեց իր վերնասենյակը, գրկեց մանկանը և հեռացավ տնից փողոցով։ Խոնավ առավոտ էր, մշուշ էր կանգնած։ Նման խուլ փողոցում անցորդներ չհանդիպեցին։ Նա վազում էր շարունակ, շնչակտուր, սառը և խրուտ ցեխերի միջով և վերջապես սկսեց դռներ թակել։ Մի տեղ դուռը չբացեցին, մյուսում երկար չէին բացում, անհամբերությամբ նետվեց և սկսեց երրորդ դուռը թակել։ Մեր վաճառականներից մեկի՝ Տիտովի տունն էր դա։ Այստեղ մեծ իրարանցում գցեց նա, բղավում ու անկապ հավատացնում էր, որ «իր ամուսնուն սպանել են»։ Շատովին ու նրա պատմությունը մասամբ գիտեին Տիտովների տանը, սարսափահար էին, որ նա, իր ասածով ընդամենը մեկ օրուգիշեր ծննդաբերած, այդ հագուստով ու ցրտին վազվզում է փողոցներով, հազիվ փաթաթված մանկանը գրկած։ Սկզբում մտածեցին, թե զառանցում է սոսկ, առավել ևս, որ ոչ մի կերպ չէին կարողանում պարզել, թե ով է սպանված. Կիրիլլո՞վը, թե իր ամուսինը։ Կռահելով, որ իրեն չեն հասկանում, նա պոկվեց՝ շարունակելու իր վազքը, սակայն նրան կանգնեցրին ուժով և, ասում են, նա սարսափելի բղավում էր ու կռիվ տալիս։ Գնացին Ֆիլիպպովի տուն, և երկու ժամ անց Կիրիլլովի ինքնասպանությունն ու մինչմահու երկտողը հայտնի դարձան ամբողջ քաղաքին։ Ոստիկանությունը սկսեց ծննդկանից, որի ուշքը դեռ գլխին էր։ Այդտեղ էլ պարզվեց, որ նա Կիրիլլովի երկտողը չի կարդացել, ու թե ինչու է եզրակացրել, որ ամուսինն էլ է սպանված, չկարողացան իմանալ։ Նա սոսկ բղավում էր, որ «թե որ նա սպանված է, ուրեմն, ամուսինն էլ է սպանված, նրանք միասին են եղել»։ Կեսօրին նա ընկավ ինքնամոռացության մեջ, որից այլևս դուրս չեկավ ու վախճանվեց երեք օր անց։ Մրսած երեխան նրանից էլ շուտ մահացավ։ Արինա Պրոխորովնան, տեղում չգտնելով Մարյա Իգնատևնային ու փոքրիկին և կռահելով, որ դա վատ է, ուզեց տուն շտապել, բայց կանգ առավ դարպասի մոտ և դայակին ուղարկեց՝ «հարցնելու կողաշենքում, այն պարոնից, թե նրա մոտ չէ՞ Մարյա Իգնատևնան ու չգիտե՞ ինչ եղավ նրան»։ Դայակը ետ եկավ՝ գազազած բղավելով փողոցով մեկ։ Համոզելով նրան չբղավել և ոչ մեկին չհայտնել՝ նշանավոր «կդատեն» փաստարկով, նա ծլկեց բակից։

Ինքնըստինքյան, հենց նույն առավոտյան նրան անհանգստացրել էին, որպես ծննդկանի տատմոր, բայց քիչ բան էին ձեռք բերել, նա շատ գործնական և սառնարյուն պատմեց այն ամենը, ինչ տեսել ու լսել էր Շատովի մոտ, բայց կատարված պատմության մասին պատասխանեց, որ չգիտե ոչինչ ու չի հասկանում։

Կարելի է պատկերացնել, թե ինչ իրարանցում ծայր առավ քաղաքում։ Նոր «պատմություն», նոր սպանություն։ Սակայն մի ուրիշ բան էլ կար. հստակ էր դառնում, որ կա, իսկապես կա մարդասպանների, հրահրիչ-հեղափոխականների գաղտնի ընկերություն։ Լիզայի զարհուրելի մահը, Ստավրոգինի կնոջ սպանությունը, ինքը՝ Ստավրոգինը, հրկիզումը, պարահանդեսը դաստիարակչուհիների համար, սանձարձակությունը Յուլիա Միխայլովնայի շուրջը... Նույնիսկ Ստեպան Տրոֆիմովիչի անհետացման մեջ ցանկանում էին անպայման հանելուկ տեսնել։ Շատ, շատ էին փսփսում Նիկոլայ Վսեվոլոդովիչի մասին։ Օրվա վերջին իմացան նաև Պյոտր Ստեպանովիչի բացակայության մասին և, տարօրինակ է, նրա վերաբերյալ բոլորից քիչ էին խոսում։ Այդ օրը սակայն ամենից շատ խոսում էին «սենատորի մասին»։ Ֆիլիպպովի տան մոտ համարյա ամբողջ առավոտ ամբոխ էր կանգնած։ Իսկապես, ղեկավարությունը մոլորության մեջ էր դրված Կիրիլլովի երկտողով։ Հավատացին նաև, որ Կիրիլլովն է սպանել Շատովին, «մարդասպանի» ինքնասպանությանն էլ հավատացին։ Իմիջիայլոց, ղեկավարությունը, թեև շշկլված էր, բայց ոչ բոլորովին։ Օրինակ, «պուրակ» բառը՝ այնքան անորոշ զետեղված Կիրիլլովի երկտողում, ոչ մեկին չշփոթեցրեց, ինչպես հաշվարկում էր Պյոտր Ստեպանովիչը։ Ոստիկանությունն անմիջապես նետվեց Սկվորեշնիկի, և ոչ սոսկ մի պատճառով, որ այնտեղ պուրակ կար, որպիսին մեզանում ուրիշ ոչ մի տեղ չկար, այլ նույնիսկ որոշ բնազդականությամբ, քանզի վերջին օրերի բոլոր սարսափները կամ ուղղակիորեն, կամ մասամբ կապված էին Սկվորեշնիկիի հետ։ Համենայն դեպս, ես այդպես եմ կռահում։ (Նշեմ, որ Վարվառա Պետրովնան, վաղ առավոտյան և ոչնչի մասին չիմանալով, մեկնել էր՝ Ստեպան Տրոֆիմովիչին բռնելու)։ Մարմինը գտան լճակում, նույն օրը, իրիկնադեմին, որոշ հետքերով, սպանության բուն տեղում գտնվել էր Շատովի գլխարկը՝ արտակարգ թեթևամտությամբ մոռացված մարդասպանների կողմից։ Դիակի դիտողական և բժշկական զննումները և որոշ կռահումներ առաջին քայլից կասկած հարուցեցին, որ Կիրիլլովը չէր կարող չունենալ ընկերներ։ Հստակվեց շատով-կիրիլլովյան գաղտնի ընկերության գոյությունը՝ կապված թռուցիկների հետ։ Ովքե՞ր էին այդ ընկերները։ Մերոնցից ոչ մեկի մասին այդ օրը մտքներով իսկ չէր անցնում։ Իմացան, որ Կիրիլլովն ապրում էր մենակյացի կյանքով և այնքան մեկուսի, որ նրա հետ, ինչպես հայտնված էր երկտողում, կարող էր մի քանի օր մնալ Ֆեդկան, ում ամենուրեք փնտրում էին այդպես... Գլխավորապես, բոլորին տանջում էր այն միտքը, որ ներկայացված ամբողջ խառնաշփոթից կարելի չէր ընդհանուր և կապակցող ոչինչ կորզել։ Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի՜ եզրակացությունների և մտքի ի՜նչ անկարգության կհասներ ի վերջո խուճապահարության աստիճան վախեցած մեր հասարակությունը, եթե մեկեն չպարզաբանվեր ամեն ինչ միանգամից, հաջորդ իսկ օրը, շնորհիվ Լյամշինի։

Նա չդիմացավ։ Նրա հետ կատարվեց այն, ինչ նույնիսկ Պյոտր Ստեպանովիչը վերջում սկսել էր կանխազգալ։ Տոլկաչենկոյի, իսկ հետո Էրկելի հսկողությանը հանձնարարված՝ նա հաջորդ ամբողջ օրը պառկած մնաց անկողնում, ըստ երևույթին, հնազանդ, երեսը դարձրած պատին, ոչ մի բառ չարտասանելով, համարյա չպատասխանելով, եթե խոսում էին իր հետ։ Այդպիսով, նա ոչինչ չիմացավ ամբողջ օրը քաղաքում կատարվածից։ Սակայն իրիկնադեմին, կատարվածից շատ լավ տեղյակ Տոլկաչենկոյի մտքով անցավ թողնել Պյոտր Ստեպանովիչի՝ իր վրա դրած դերը Լյամշինի կապակցությամբ և քաղաքից նահանգ գնալ, այսինքն, պարզապես փախչել, հիրավի, խելքները թռցրել էին, ինչպես նրանց բոլորի մասին գուշակել էր Էրկելը։ Ի դեպ, նշեմ, որ հենց նույն օրը Լիպուտինն էլ չքվեց քաղաքից, դեռևս կեսօրից առաջ։ Բայց այս դեպքում այնպես ստացվեց, որ նրա անհետացման մասին ղեկավարությունն իմացավ միայն հաջորդ օրը, իրիկնադեմին, երբ ուղղակի անցան նրա բացակայությունից վախեցած, բայց սարսափից լուռ մնացած ընտանիքը հարցաքննելուն։ Սակայն շարունակեմ՝ Լյամշինի մասին։ Հենց մնաց մենակ (Էրկելը՝ հույսը դրած Տոլկաչենկոյի վրա, ավելի շուտ էր գնացել իր տուն), իսկույն ևեթ դուրս վազեց տնից և, անշուշտ, շատ շուտով իմացավ իրերի դրությունը։ Անգամ տուն չմտնելով, նա նույնպես նետվեց՝ փախչելու, ուր աչքը կկտրեր։ Բայց գիշերն այնքան խավար էր, իսկ ձեռնարկածն այնքան ահավոր և դժվարագույն, որ երկու-երեք փողոց անցնելուց հետո վերադարձավ տուն ու փակվեց ամբողջ գիշեր։ Կարծեմ թե, լուսադեմին ինքնասպանության փորձ էր արել, բայց անհաջող։ Այնինչ, փակված նստեց համարյա մինչև կեսօր և հանկարծակի վազ տվեց ղեկավարության մոտ։ Ասում են, նա սողացել է ծնկաչոք, հեծկլտոցով ու ճղճղոցով, համբուրել է հատակը՝ բղավելով, թե արժանի չէ համբուրել իր դիմաց կանգնած աստիճանավորների սապոգները նույնիսկ։ Նրան հանգստացրել էին, նույնիսկ խնամել։ Ասում են, հարցաքննությունը տևել է երեք ժամ։ Նա հայտնել էր բոլոր գաղտնիքները, ամեն, ամեն ինչ՝ գիտցածը, բոլոր մանրուքները։ Առաջ էր ընկել, շտապել խոստովանել, հայտնել նույնիսկ անհարկավորը և առանց հարցերի։ Պարզվել էր, որ նա բավականաչափ գիտե և բավականին լավ էր ներկայացրել գործը. Շատովի և Կիրիլլովի ողբերգությունը, հրդեհը, Լեբյադկինների մահը և նման բաներ երկրորդական պլան մղվեցին։ Առաջին պլան եկան Պյոտր Ստեպանովիչը, գաղտնի ընկերությունը, կազմակերպությունը, ցանցը։ Այն հարցին, թե ինչի՞ համար են կատարված այսքան սպանություններ, խայտառակություններ և գարշելիություններ, նա ջերմեռանդ շտապողականությամբ պատասխանեց, «հիմքերի պարբերական սասանման համար, հասարակության և բոլոր հիմունքների պարբերական քայքայման համար, որպեսզի բոլորին վհատեցնեն և ամեն ինչ շիլաշփոթի վերածեն և այդպիսով երերված, հիվանդ ու զառամած, ցինիկ ու հավատազուրկ, սակայն որևիցե ղեկավարող մտքի և ինքնապահպանման ծարավի հասարակությունը հանկարծակի վերցնեն իրենց ձեռքը՝ բարձրացնելով խռովության դրոշը և հիմնվելով հնգյակների մի ամբողջ ցանցի վրա, որոնք այդ ընթացքում գործում էին, հավաքագրում և գործնականորեն բոլոր հնարներն ու բոլոր թույլ տեղերն օգտագործում, ինչից կարելի էր կառչել»։ Ավարտեց ասելով, որ այստեղ, մեր քաղաքում, Պյոտր Ստեպանովիչի կողմից կազմակերպվել է նման պարբերական անկարգությունների սոսկ առաջին փորձը, այսպես ասած, հետագա գործողությունների ծրագիրը՝ նույնիսկ բոլոր հնգյակների համար, և որ դա արդեն իր իսկ (Լյամշինի) միտքն է, իր կռահումը և «որ անպայման հիշեն ու այդ ամենն ի ցույց դնեն, թե ինչ աստիճանի անկեղծ և բարեմիտ է ինքը բացատրում գործը և նշանակում է, շատ կարող է պետք գալ առաջիկայում նույնիսկ՝ ղեկավարությանը ծառայելու համար»։ Հաստատական հարցին, թե շա՞տ են, արդյոք, հնգյակները, պատասխանեց, թե անհամար քանակությամբ, որ ամբողջ Ռուսաստանը պատված է ցանցով, ու թեև ապացույցներ չներկայացրեց, բայց կարծում եմ, միանգամայն անկեղծորեն պատասխանեց։ Ներկայացրեց միայն ընկերության տպագիր ծրագիրը՝ տպված արտասահմանում, և հետագա գործողությունների ծավալման համակարգի նախագիծը, թեև ձեռագիր, բայցև Պյոտր Ստեպանովիչի ձեռքով գրված։ Պարզվեց, որ «հիմքերի սասանման» մասին Լյամշինը տառացիորեն մեջբերում է այդ թղթից, չմոռանալով նույնիսկ ստորակետ ու վերջակետերը, թեև հավատացնում էր, որ դա սոսկ սեփական նկատառումն է։ Յուլիա Միխայլովնայի մասին նա զարմանալի ծիծաղելիորեն և նույնիսկ առանց հարցնելու, այլ առաջ վազելով, արտահայտվեց, թե «նա անմեղ է և որ նրան միայն հիմարացրել են»։ Սակայն նշանակալի է, որ Նիկոլայ Ստավրոգինին նա բացարձակապես պատնեշեց գաղտնի ընկերությանն ամենայն մասնակցությունից, Պյոտր Ստեպանովիչի հետ ամենայն համաձայնությունից։ (Ստավրոգինի վրա Պյոտր Ստեպանովիչի ունեցած նվիրական ու անչափ ծիծաղելի հույսերից Լյամշինը գաղափար անգամ չուներ)։ Նրա խոսքերով, Լեբյադկինների մահը կազմակերպված էր միմիայն Պյոտր Ստեպանովիչի կողմից, առանց Նիկոլայ Վսեվոլոդովիչի որևէ մասնակցության՝ նրան հանցանքի մեջ ներքաշելու և այդպիսով Պյոտր Ստեպանովիչից կախվածության մեջ մնալու խորամանկ նպատակով, սակայն երախտագիտության փոխարեն, ինչ անպայմանորեն ու թեթևամտորեն հաշվարկել էր, Պյոտր Ստեպանովիչը հարուցեց սոսկ «ազնվասիրտ» Նիկոլայ Վսեվոլոդովիչի կատարյալ զայրույթը և անգամ վհատությունը։ Ստավրոգինի մասին ավարտեց՝ դարձյալ շտապելով և առանց հարցնելու, ըստ երևույթին, դիտավորյալ ակնարկումներով, թե նա չափազանց կարևոր մեկն է, սակայն դրա մեջ ինչ-որ գաղտնիք կա, որ նա մեզ մոտ ապրել է, այսպես ասած, incognito, որ հանձնարարություններ ունի և որ շատ հնարավոր է, նորից մեզ մոտ կգա Պետերբուրգից (Լյամշինը վստահ էր, որ Ստավրոգինը Պետերբուրգում է), միայն թե միանգամայն ուրիշ տեսքով և ուրիշ հանգամանքներով և այնպիսի անձանց շքախմբով, որոնց մասին գուցեև շուտով մեզ մոտ էլ կլսեն և որ ինքն այդ ամենն իմացել է Պյոտր Ստեպանովիչից՝ «Նիկոլայ Վսեվոլոդովիչի գաղտնի թշնամուց»։

Ուշադրություն հրավիրեմ։ Երկու ամիս անց Լյամշինը խոստովանեց, որ այն ժամանակ Ստավրոգինին պատնեշել է դիտմամբ, հույս ունենալով վերջինիս հովանավորության վրա, որ Պետերբուրգում նա թեթևացում կտա իրեն՝ երկու աստիճան ձեռք բերելով, իսկ աքսորվելիս փող կտրամադրի և հանձնարարական նամակներ։ Այս խոստովանությունից երևում է, որ նա, իսկապես, խիստ չափազանցված պատկերացում ուներ Նիկոլայ Ատավրոգինի մասին։

Նույն օրը, անշուշտ, ձերբակալեցին նաև Վիրգինսկուն, տաք ձեռի տակ՝ ամբողջ տունը նույնպես։ (Արինա Պետրովնան, նրա քույրը, մորաքույրը և նույնիսկ ուսանողուհին հիմա վաղուց արդեն ազատ են արձակված, ասում են նույնիսկ, որ Շիգալյովն էլ իբր անպայման կազատվի ամենամոտ ժամանակներս, քանի որ մեղադրյալների ոչ մի կարգին չի բռնում, ի դեպ, այդ ամենն առայժմ լոկ խոսակցություն է)։ Վիրգինսկին միանգամից և ամեն ինչ խոստովանեց։ Նա հիվանդ էր և տաքության մեջ, երբ ձերբակալեցին։ Ասում են, նա համարյա ուրախացել էր. «Սրտիցս քար ընկավ»,― իբր ասել էր նա։ Ասում են նրա մասին, թե հիմա ցուցմունքներ է տալիս շիտակությամբ, բայց նույնիսկ որոշ արժանապատվությամբ և չի հրաժարվում իր և ոչ մի «լուսավոր հույսերից», միևնույն ժամանակ նզովելով քաղաքական ճանապարհը (ի հակադրություն սոցիալականի), որով հրապուրվեց այնքան ակամա ե թեթևամտորեն՝ «համընկած հանգամանքների հողմի» պատճառով։ Սպանության կատարման ժամանակ նրա վարմունքը բացատրվում է նրա համար մեղմացուցիչ իմաստով, կարծում եմ, թե նա նույնպես կարող է հուսալ իր ճակատագրի որոշ մեղմացման խնդրում։ Համենայն դեպս, այդպես են մեզանում հաստատում։

Բայց հազիվ թե մեղմել լինի Էրկելին վիճակվածը։ Վերջինս իր ձերբակալման պահից սկսած շարունակում է լռել կամ ըստ հնարավորին նենգափոխել ճշմարտությունը։ Մինչև հիմա զղջման ոչ մի բառ չեն կորզել նրանից։ Այնինչ, նույնիսկ ամենախիստ դատավորների որոշ համակրանքն է հարուցել՝ իր երիտասարդությամբ, իր անպաշտպանությամբ, հստակ վկայությամբ, որ ինքը քաղաքական գայթակղիչի սոսկ ճակատագրապաշտ զոհն է, իսկ ամենից շատ՝ մոր հանդեպ ունեցած և ի հայտ եկած վերաբերմունքով, ում նա ուղարկում է իր աննշան ռոճիկի համարյա թե կեսը։ Մայրը հիմա մեզ մոտ է՝ թուլակազմ ու տկար մի կին, տարիքին անհամապատասխան ծերացած, նա լալիս է և տառացիորեն ընկնում մարդկանց ոտքերը՝ աղաչելով որդու համար։ Ինչ-որ բան կլինի, բայց Էրկելին մեզանում շատերն են խղճում։

Լիպուտինին ձերբակալեցին արդեն Պետերբուրգում, ուր նա ապրել էր լրիվ երկու շաբաթ։ Նրա հետ համարյա թե անհավանական բան կատարվեց, ինչ դժվար է անգամ բացատրել։ Ասում են, որ նա ուրիշ ազգանունով անձնագիր էլ ուներ, արտասահման ծլկելու կատարյալ հնարավորություն և մոտը բավական խոշոր գումար, այնինչ, մնաց Պետերբուրգում և ոչ մի տեղ չմեկնեց։ Որոշ ժամանակ փնտրել էր Պյոտր Ստեպանովիչին և Ստավրոգինին, հետո հանկարծ սկսել խմել ու անառակություններ անել՝ չափից դուրս, որպես ամենայն ողջամտություն և իր վիճակի մասին ըմբռնումը կորցրած մեկը։ Նրան հենց ձերբակալել էին Պետերբուրգի հասարակաց տներից մեկում՝ հարբած։ Լուրեր են պտտվում, որ հիմա նա ամենևին չի կորցրել ոգու կորովը, իր ցուցմունքներում ստում է և նախապատրաստվում առաջիկա դատին որոշ հանդիսավորությամբ և հույսով (՞)։ Նա մտադիր է նույնիսկ խոսել դատարանում։ Տոլկաչենկոն, ձերբակալված ինչ-որ տեղ՝ գավառում, փախուստից տասն օր հետո, իրեն անհամեմատ կիրթ է պահում, չի ստում, պոչ չի խաղացնում, ասում է գիտցած ամեն ինչ, չի արդարացնում իրեն, այլ մեղադրում՝ համակ համեստությամբ, բայց նույնպես հակված է ճոռոմախոսության։ Խոսում է շատ և հաճույքով, իսկ երբ բանը հասնում է ժողովրդին և նրա հեղափոխական (՞) տարրերն իմանալուն, ապա նույնիսկ կեցվածք է ընդունում և ծարավի է տպավորություն գործելու։ Ասում են՝ նա նույնպես մտադիր է հանդես գալ դատարանում։ Ընդհանրապես, նա և Լիպուտինն այնքան էլ վախեցած չեն, ու դա անգամ տարօրինակ է։

Կրկնում եմ, այս գործը դեռևս ավարտված չէ։ Հիմա, երեք ամիս անց, մեր հասարակությունը հանգստացել է, ուշքի եկել, լիուլի զվարճացել, սեփական կարծիքն ունի և այն աստիճան, որ նույնիսկ Պյոտր Ստեպանովիչին ոմանք համարում են համարյա թե հանճար, համենայն դեպս, «հանճարեղ ընդունակությունների տեր»։ «Կազմակերպ-պությո՜ւնը»,― ասում են ակումբում՝ մատը վեր տնկելով։ Իմիջիայլոց, դա շատ անմեղ բան է, նաև՝ շատերը չեն էլ խոսում։ Մյուսները, հակառակը, չեն ժխտում նրա ընդունակությունների սրվածությունը, սակայն իրականության բացարձակ չիմացությամբ հանդերձ, ահավոր վերացականությամբ հանդերձ, միակողմանի բութ և այլանդակ զարգացմամբ, դրանից բխող վերին աստիճանի թեթևամտությամբ։ Նրա բարոյական կողմերի մասին բոլորն են համաձայն, այստեղ արդեն ոչ ոք չի վիճում։

Ճիշտն ասած, չգիտեմ, էլ ում հիշատակեմ, որևէ մեկին չմոռանալու համար։ Մավրիկիյ Նիկոլաևիչն ինչ-որ տեղ է գնացել բոլորովին։ Պառավ Դրոզդովան մանկամտության մեջ է ընկել... Ի դեպ, մնում է պատմել ևս մի մռայլ պատմություն։ Կսահմանափակվեմ սոսկ փաստերով։

Վարվառա Պետրովնան, վերադառնալով, կանգ առավ քաղաքի իր տանը։ Միանգամից վրա տվեցին կուտակված լուրերը և ահավոր ցնցեցին նրան։ Մեն-մենակ փակվեց իր տան մեջ։ Երեկո էր, բոլորը հոգնած էին և վաղ պառկեցին քնելու։ Առավոտյան աղախինը, խորհրդավոր տեսքով, մի նամակ հանձնեց Դարյա Պավլովնային։ Նամակը, ըստ նրա ասածի, դեռևս երեկ էր տեղ հասել, սակայն ուշ, երբ արդեն բոլորը պառկած էին, այնպես որ սիրտ չարեց արթնացնել։ Տեղ էր հասել ոչ փոստով, այլ անծանոթ մեկը տարել էր Սկվորեշնիկի, Ալեքսեյ Եգորըյչին։ Իսկ վերջինս ինքն էր բերել, երեկ երեկոյան, ձեռքը տվել ու իսկույն ետ գնացել Սկվորեշնիկի։

Դարյա Պավլովնան սրտատրոփ ու տևական ժամանակ նամակին էր նայում ու չէր համարձակվում բացել։ Գիտեր, թե ումից է. Նիկոլայ Ստավրոգինն էր գրել։ Ծրարի վրա կարդաց. «Ալեքսեյ Եգորըյչին՝ Դարյա Պավլովնային հանձնելու համար, գաղտնի»։

Ահա այդ նամակը, բառ առ բառ, նվազագույնս չուղղելով ռուս պարոնորդու գրելաոճի սխալները, որն այնքան էլ չէր սովորել ռուսերեն գրագիտություն, չնայած իր եվրոպական ամբողջ կրթվածությանը.

«Սիրելի Դարյա Պավլովնա,

Դուք մի ժամանակ ուզել էիք, որ ինձ «դայակություն» անեք և խոստում առաք ուղարկել ձեր ետևից, երբ պետք եղավ։ Ես գնում եմ երկու օրից հետո և չեմ գալու։ Ուզո՞ւմ եք ինձ հետ։ Անցյալ տարի ես, ինչպես Գերցենը, գրանցվեցի որպես քաղաքացի Ուրի կանտոնում, և դա ոչ ոք չգիտի։ Այնտեղ ես արդեն գնել եմ փոքր տուն։ Էլի դեռ ունեմ տասներկու հազար ռուբլի։ Մենք կգնանք և այնտեղ կապրենք ընդմիշտ։ Ես չեմ ուզում երբեք ոչ մի տեղ մեկնել։

Տեղը շատ տխուր է, կիրճ։ Սարերը նեղացնում են տեսողությունը և միտքը։ Շատ մռայլ է։ Ես՝ նրա համար, որ փոքր տուն էր վաճառվում։ Եթե ձեզ դուր չեկավ, կվաճառեմ և ուրիշը կգնեմ, ուրիշ տեղ։

Ես վատառողջ եմ, բայց զգացախաբություններից հույս ունեմ ազատվել այնտեղի օդից։ Սա՝ ֆիզիկականը, իսկ բարոյականը՝ ամեն ինչ գիտեք, բայց արդյո՞ք ամեն ինչ։

Ես ուզում եմ շատ բան պատմեմ ձեզ իմ կյանքից։ Բայց ոչ ամեն ինչ։ Նույնիսկ ձեզ՝ ոչ ամեն ինչ։ Իմիջիայլոց, հաստատում եմ, որ խղճով մեղավոր եմ իմ կնոջս մահվան մեջ։ Ես ձեզ չեմ տեսնվել դրանից հետո, այդ պատճառով եմ հաստատում։ Մեղավոր եմ նմանապես Լիզավետա Նիկոլաևնայի առաջ, բայց այդտեղ դուք գիտեք, այդտեղ դուք համարյա ամեն ինչ կանխագուշակել էիք։

Ավելի լավ է, չգաք։ Այն, որ ձեզ կանչում եմ ինձ մոտ, ահավոր ստորություն կա։ Եվ ինչի՞ համար պիտի ինձ հետ թաղեք ձեր ամբողջ կյանքը։ Ինձ դուք սիրելի եք, ու ինձ տխրության մեջ լավ էր ձեր կողքին լինել, ձեր ներկայությամբ միայն ես կարող էի բարձրաձայն խոսել իմ մասին։ Սրանից ոչինչ չի հետևում։ Դուք ինքներդ բնորոշեցիք «դայակությունը»՝ սա ձեր արտահայտությունն է, ինչի՞ համար այդչափ զոհաբերել։ Ուշադրություն դարձրեք նմանապես, որ ես ձեզ չեմ խղճում, թե որ կանչում եմ ու չեմ հարգում, թե որ սպասում եմ։ Միաժամանակ էլ և կանչում եմ, և սպասում եմ։ Համենայն դեպս, ձեր պատասխանի կարիքն ունեմ, որովհետև պետք է գնալ շատ շուտով։ Այդ դեպքում գնում եմ մենակ։

Ուրիից ոչ մի հույս չունեմ, ես ուղղակի գնում եմ։ Ես դիտավորյալ չեմ ջոկել մռայլ տեղ։ Ռուսաստանում ես ոչնչով կապված չեմ՝ այստեղ ինձ ամեն ինչ նմանապես խորթ է, ինչպես ամեն տեղ։ Ճիշտ է, ես ուրիշ տեղ այնտեղ ավելի շատ, քան չեմ սիրել ապրելը, բայց նույնիսկ այստեղ չեմ կարողացել ոչինչ ատել։

Ես ամեն տեղ փորձել եմ իմ ուժը։ Դուք ինձ խորհուրդ եք տվել դա՝ «որպեսզի ճանաչեմ ինձ»։ Ինձ համար փորձերին և ցույց տալու առումով, ինչպես նախկինում ամբողջ իմ կյանքում, պարզվեց, որ անսահման է դա։ Ձեր աչքի առաջ ես դիմացա ձեր եղբորից ստացած ապտակին, խոստովանեցի ամուսնությունս բոլորին։ Սակայն ինչին ծառայեցնեմ այդ ուժը՝ ահա թե ինչ չեմ տեսել երբեք, հիմա էլ չեմ տեսնում, չնայած ձեր քաջալերանքներին Շվեյցարիայում, որոնց հավատացի։ Ես դարձյալ նույնպես, ինչպես նաև առաջներում, կարող եմ ցանկանալ բարի գործ անել և դրանից բավարարություն եմ զգում, դրա կողքին չարն էլ եմ ուզում և էլի բավարարություն եմ զգում։ Բայց մեկն ու մյուս զգացումն էլ առաջվա պես միշտ շատ մանր է, իսկ շատ երբեք չի լինում։ Իմ ցանկությունները չափից դուրս անուժ են, ղեկավարել չեմ կարող։ Գերանով կարելի է գետն անցնել, իսկ տաշեղով չէ։ Սա, որպեսզի չմտածեք, թե Ուրի եմ գնում ինչ-որ հույսերով։

Ես առաջվա պես չեմ մեղադրում ոչ ոքի։ Ես փորձեցի մեծ անառակություն և սպառեցի դրա մեջ ուժերս, բայց ես չեմ սիրում և չեմ ուզում անառակությունը։ Դուք վերջին ժամանակներս ինձ հետևում էիք։ Գիտե՞ք արդյոք, որ ես նայում էի նույնիսկ մեր ժխտողներին չարությամբ, նրանց հույսերին նախանձելուց։ Բայց դուք իզուր էիք վախենում, ես չէի կարող այդտեղ ընկեր լինել, որովհետև ոչինչ չէի բաժանում։ Իսկ ծիծաղի համար, չարությունից նմանապես չէի կարող, և ոչ թե այն պատճառով, որ վախենում էի ծիծաղելիից, ես ծիծաղելիից չեմ կարող վախենալ, այլ այն պատճառով, որ համենայն դեպս, ունեմ օրինավոր մարդու սովորություններ և նողկում էի։ Բայց եթե նրանց հանդեպ չարություն ունենայի և նախանձ ավելի, ապա կարող է և գնայի նրանց հետ։ Դատեցեք, թե ինչքան հեշտ էր ինձ համար և ես ինչքան դեսուդեն ընկա։

Սիրելի բարեկամ, նուրբ ու մեծահոգի արարած, որը ես կռահել եմ։ Գուցե դուք երազում եք ինձ տալ այնքան սեր և ձեր սքանչելի հոգուց այնքան սքանչելի բաներ պարպել ինձ վրա, որ հույս ունեք հենց դրանով իմ առաջ վերջապես նպատակ դնել։ Ոչ, ավելի լավ է, զգուշանաք, իմ սերը կլինի նույնքան մանր, ինչպես և ինքս, իսկ դուք դժբախտ։ Ձեր եղբայրն ինձ ասել է, որ ով կորցնում է իր կապերն իր հողի հետ նա կորցնում է նաև իր աստվածներին, այսինքն իր բոլոր նպատակները։ Ամեն ինչի մասին կարելի է վիճել անվերջանալի, բայց իմ միջից դուրս է եկել միայն ժխտում, առանց որևէ մեծահոգության և առանց որևէ ուժի։ Նույնիսկ ժխտում դուրս չի եկել։ Ամեն ինչ միշտ մանր ու նվազ։ Մեծահոգի Կիրիլլովը չդիմացավ գաղափարին և ինքնասպան եղավ, բայց չէ որ ես տեսնում եմ, որ նա մեծահոգի էր, քանի որ խելքը տեղը չէր։ Ես երբեք չեմ կարող կորցնել բանականությունս և երբեք չեմ կարողանա հավատալ գաղափարին այն աստիճան, ինչքան նա։ Ես նույնիսկ զբաղվել գաղափարով այդ աստիճան չեմ կարող։ Երբեք, երբեք ես չեմ կարող ինքնասպան լինել։

Ես գիտեմ, որ պիտի սպանեի ինքս ինձ, մաքրեի երկրիս երեսից, ինչպես մի ստոր միջատի, բայց ես վախենում եմ ինքնասպանությունից, քանի որ վախենում եմ մեծահոգություն ցույց տալ։ Ես գիտեմ, որ դա կլինի էլի խաբեություն՝ վերջին խաբեությունը խաբեությունների անվերջանալի շարանում։ Որ ի՞նչ օգուտ ինքդ քեզ խաբելուց, միայն թե մեծահոգությո՞ւն խաղաս։ Զայրույթ և ամոթ իմ մեջ երբեք չի կարող լինել, ուրեմն նաև հուսալքություն։

Ներեցեք, որ այսքան շատ եմ գրում։ Ես ուշքի եկա և սա ակամա էր։ Էսպես հարյուր էջը քիչ է և տասը տողը բավական։ Բավական է և «դայակության» կանչելու տասը տողը։

Ես այն ժամանակից, որ մեկնեցի, ապրում եմ վեցերորդ կայարանում, վերակացուի մոտ։ Նրա հետ ծանոթացել եմ հինգ տարի առաջ, Պետերբուրգում, կերուխումի ժամանակ։ Որ ես այնտեղ եմ ապրում, ոչ ոք չգիտի։ Գրեք նրա անունով։ Կցում եմ հասցեն։

Նիկոլայ Ստավրոգին»։

Դարյա Պավլովնան տեղնուտեղը գնաց և նամակը ցույց տվեց Վարվառա Պետրովնային։ Վերջինս կարդաց և Դաշային խնդրեց հեռանալ, որ մի անգամ էլ կարդա առանձին, բայց մի տեսակ շատ շուտով ետ կանչեց նրան։

― Գնալո՞ւ ես,― հարցրեց համարյա երկչոտ։

― Գնալու եմ,― պատասխանեց Դաշան։

― Պատրաստվիր։ Միասին ենք գնում։

Դաշան նայեց հարցական։

― Իսկ ի՞նչ պիտի անեմ հիմա այստեղ։ Միևնույնը չէ՞ արդյոք։ Ես նույնպես կգրվեմ՝ Ուրի գնալու և կապրեմ կիրճում... Մի անհանգստացիր, չեմ խանգարի։

Սկսեցին արագ-արագ պատրաստվել, որ հասցնեն միջօրեի գնացքին։ Բայց կես ժամ չանցած, Սկվորեշնիկիից հայտնվեց Ալեքսեյ Եգորըյչը։ Նա զեկուցեց, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը «մեկ էլ» եկել է վաղընթաց գնացքով, առավոտյան ու գտնվում է Սկվորեշնիկիում, բայց «այնպիսի տեսքով, որ հարցերին չեն պատասխանում, անցան բոլոր սենյակներով և փակվել են իրենց կողմում...»։

― Նրանց հրամաններին հակառակ, որոշեցի գալ ու զեկուցել,― ավելացրեց Ալեքսեյ Եգորյըչը շատ պատկառազդու տեսքով։

Վարվառա Պետրովնան խորաթափանց նայեց նրան ու հարցուփորձ չարեց։ Վայրկենապես կառքը մատուցեցին։ Նա գնաց Դաշայի հետ։ Ճանապարհին, ասում են, հաճախակի խաչակնքվում էր։

«Իրենց կողմում» բոլոր դռները բաց էին, և ոչ մի տեղ Նիկոլայ Վսեվոլոդովիչը չերևաց։

― Չըլլինի՞ վերնահարկն է,― զգուշորեն արտասանեց Ֆոմուշկան։

Հատկանշական է, որ Վարվառա Պետրովնայի ետևից «իրենց կողմը» մտան մի քանի սպասավոր, իսկ մյուս ծառաները բոլորը սպասում էին սրահում։ Նախկինում երբեք չէին համարձակվի իրենց թույլ տալ վարվելակարգի նման խախտում։ Վարվառա Պետրովնան տեսնում էր և լուռ էր։

Բարձրացան և վերնահարկ։ Այնտեղ երեք սենյակ կար, բայց ոչ մեկում ոչ ոք չկար։

― Չլինի՞ թե էնտեղ են գնացել,― ինչ-որ մեկը ցույց տվեց վերևի փոքր սենյակի դուռը։ Իրոք, այդ փոքր սենյակի մշտապես փակ դուռը բաց էր կրնկի վրա։ Ստիպված էին բարձրանալ համարյա տանիքի տակ, փայտյա երկարուկ, շատ նեղ ու շատ թեք սանդուղքով։ Այնտեղ էլ մի փոքրիկ սենյակ կար։

― Ես այնտեղ չեմ գնա։ Ինչի՞ համար պիտի այնտեղ հասներ,― ահավոր գունատվեց Վարվառա Պետրովնան՝ հայացքը պտտելով ծառաների վրա։ Վերջիններս նրան էին նայում ու լուռ էին։ Դաշան դողում էր։

Վարվառա Պետրովնան վեր նետվեց սանդուղքով, Դաշան՝ ետևից, բայց սենյակ մտնելուն պես բղավեց ու ընկավ ուշագնաց։

Ուրի կանտոնի քաղաքացին կախված էր հենց այդտեղ՝ դռան ետևում։ Սեղանիկի վրա թղթի պատառիկ կար, մատիտով գրված էր. «Ոչ ոքի չմեղադրել, ես ինքս եմ արել»։ Նույն սեղանիկին դրված էր նաև մուրճը, մի կտոր օճառ և մի խոշոր մեխ, հավանորեն, որպես պահեստի միջոց։ Մետաքսյա ամուր թոկը, հավանորեն վաղօրոք ընտրված ու պահված, որով կախվել էր Նիկոլայ Վսեվոլոդովիչը, լավ օճառված էր։ Ամեն ինչ նշանակում էր կանխամտածվածություն և գիտակցություն՝ մինչև վերջին րոպեն։

Մեր բժիշկները, դիակը հերձելով, կատարելապես ու հաստատուն ժխտեցին խելագարությունը։


  1. Կատարելապես (ֆրանս.)։
  2. Դա հիմարություն է իր ամենամաքրագույն էությամբ, քիմիական տարրի պես մի բան (ֆրանս.)։
  3. Իմիջիայլոց (ֆրանս.)։
  4. Պարոնայք (ֆրանս.)։
  5. Գործակալ-սադրիչ (ֆրւսնս.)։
  6. Թող ների ձեզ Աստված, բարեկամս, և Աստված ձեզ պահապան (ֆրանս.)։
  7. Ժամանակի ընթացքում (ֆրանս.)։
  8. Ինչ վերաբերում է ինձ (ֆրանս.)։
  9. Այդ չքավոր մարդիկ երբեմն սքանչելի արտահայտություններ են ունենում՝ լի փիլիսոփայական իմաստով (ֆրանս.)։
  10. Զավակս (ֆրանս.)։
  11. Դրանք ողորմելի, մանր սրիկաներ են և ուրիշ ոչինչ, ողորմելի հիմարներ, այդպես է որ կա (ֆրանս.)։
  12. Օ, երեկ նա այնքան էր սրամիտ (ֆրանս.)։
  13. Ինչպիսի ամոթ (ֆրանս.)։
  14. Սքանչելիագույն, ինձ կներեք, չէ՞ (ֆրանս)։
  15. Երեխաներին (ֆրանս)։
  16. Դուք ինձ կներեք, չէ՞ (ֆրանս)։
  17. Խեղճ մայր (ֆրանս)։
  18. Դեմ դիմաց (ֆրանս.)։ Այստեղ՝ պարազույգ։
  19. Պա դե դյո (ֆրանս.) - երկտարր պարաձև։
  20. Թանկագին տիկին (ֆրանս.)։
  21. Ծովահեններ։
  22. Դուք դժբախտ եք, ճիշտ է, չէ՞ (ֆրանս)։
  23. Մենք բոլորս էլ դժբախտ ենք, բայց բոլորին հարկ է ներել։ Ներենք, Լիզա (ֆրանս)։
  24. Հարկ է ներել, ներել և ներել (ֆրանս)։
  25. Քսաներկու տարի (ֆրանս)։
  26. Այդ վաճառականի մոտ, եթե միայն գոյություն ունի նա, այդ վաճառականը (ֆրանս)։
  27. Դուք դժբա՞խտ եք (ֆրանս)։
  28. Բայց գիտե՞ք, արդյոք, ժամը քանիսն է հիմա (ֆրանս)։
  29. Գոյություն ունի՞, արդյոք, Ռուսաստանը։ Բա՜, այդ դուք եք, թանկագին կապիտան (ֆրանս.)։
  30. Թանկագին Լիզա (ֆրանս.)։
  31. Օ, Աստված իմ (ֆրանս.)։
  32. Կեցցե հանրապետությունը (ֆրանս.)։
  33. Կեցցե ժողովրդավարական, սոցիալական և համաշխարհային հանրապետությունը, կամ՝ մահ (ֆրանս.)։
  34. Ազատություն, հավասարություն, եղբայրություն, կամ՝ մահ (ֆրանս.)։
  35. Կիրիլլով՝ ռուս ազնվական և աշխարհի քաղաքացի (ֆրանս.)։
  36. Ռուս ազնվական-ճեմարանական և քաղաքակիրթ աշխարհի քաղաքացի (ֆրանս.)։
  37. Ծննդյամբ՝ Գարինա (ֆրանս.)։
  38. Որպես մի (ֆրանս.)։
  39. Այդ վաճառականին (ֆրանս.)։
  40. Կեցցե մեծ ճանապարհը (ֆրանս.)։
  41. Այդ Մավրիկիյն (ֆրանս.)։
  42. Մոտս ընդամենը քսան ռուբլի կա, նա կվերցնի այդ ռուբլիները և այնուամենայնիվ, ինձ կսպանի (ֆրանս.)։
  43. Փառք Աստծո (ֆրանս.)։
  44. Եվ հետո (ֆրանս.)։
  45. Դա սկսում է ինձ հանգստացնել... դա շատ հանգստացուցիչ է... դա հանգստացուցիչ է վերին աստիճանի (ֆրանս.)։
  46. Ես՝ միանգամայն ուրիշ եմ (ֆրանս.)։
  47. Բայց վերջապես (ֆրանս.)։
  48. Հիանալի է դա (ֆրանս.)։
  49. Այո, դա հենց այդպես կարելի է թարգմանել (ֆրանս.)։
  50. Դա՝ ավելի լավ, ես ընդամենը քառասուն ռուբլի ունեմ, բայց... (ֆրանս.)։
  51. Այսինքն (ֆրանս.)։
  52. Բարեկամներս (ֆրանս.)։
  53. Նա սա էր ուզում (ֆրանս.)։
  54. Բայց... դա հիանալի է (ֆրանս.)։
  55. Մի փոքր օղի (ֆրանս.)։
  56. Շատ քիչ (ֆրանս.)։
  57. Ես կատարելապես հիվանդ եմ, բայց այնքան էլ վատ չէ հիվանդ լինելը (ֆրանս.)։
  58. Նա հենց տիկնոջ տեսք էլ ուներ (ֆրանս.)։
  59. Է... Սա կարծեմ թե Ավետարան է (ֆրանս.)։
  60. Դուք, ինչպես ասում են, գրավաճառ եք (ֆրանս.)։
  61. Ես ոչինչ դեմ չունեմ Ավետարանին, և... (ֆրանս.)։
  62. «Հիսուսի կյանքը» (ֆրանս.)։
  63. Ինձ թվում է, թե բոլորը գնում են Սպասով (ֆրանս.)։
  64. Չէ որ սա տիկին է և բավականին օրինավոր (ֆրանս.)։
  65. Այդ շաքարի կտորը, այդ մեկը՝ ոչինչ... (ֆրանս.)։
  66. Մեծագույն չափով օրինավոր (ֆրանս.)։
  67. Մեծագույն չափով օրինավոր (ֆրանս.)։
  68. Երեսուն տարեկան էլ չկաք... (ֆրանս.)։
  69. Բայց, տեր իմ Աստված (ֆրանս.)։
  70. Այդ սրիկաները, այդ թշվառականները... (ֆրանս.)։
  71. Բայց ի՞նչ է պետք այս մարդուն (ֆրանս.)։
  72. Աստված իմ, բարեկամներս (ֆրանս.)։
  73. Բայց իմ թանկագին և նոր բարեկամ (ֆրանս.)։
  74. Իսկ ինչ արած, ես հիացած եմ (ֆրանս.)։
  75. Ճիշտ չէ՞ արդյոք (ֆրանս.)։
  76. Ես սիրում եմ ժողովրդին, դա անհրաժեշտ է, բայց ինձ թվում է, թե ես երբեք չեմ տեսել մոտիկից։ Նաստասյան... ինչ ասեմ, նա էլ է ժողովրդից... բայց իսկական ժողովուրդը... (ֆրանս.)։
  77. Թանկագին և աննման բարեկամ (ֆրանս.)։
  78. Թանկագին միամիտ... Ավետարանը.... Գիտեք ինչ, այսուհետև մենք դա կքարոզենք միասին (ֆրանս.)։
  79. Բացարձակապես մի նոր բան է այդ տեսակի մեջ (ֆրանս.)։
  80. Դա հաստատված է (ֆրանս.)։
  81. Եվ այն թանկագին երախտամոռ կնոջը (ֆրանս.)։
  82. Թանկագին և աննման, ինձ համար կինն ամեն ինչ է (ֆրանս.)։
  83. Շատ է ցրտում։ Իմիջիայլոց, ես ընդամենը քառասուն ռուբլի ունեմ, ահա այդ փողը (ֆրանս.)։
  84. Այլևս չխոսենք այդ մասին, որովհետև դա ինձ դառնացնում է (ֆրանս.)։
  85. Որովհետև մենք պիտի խոսենք։ Այո, ես ձեզ շատ բան պիտի ասեմ, թանկագին բարեկամ (ֆրանս.)։
  86. Ինչպե՞ս, դուք արդեն իմ անո՞ւնը գիտեք (ֆրանս.)։
  87. Բավական է, զավակս (ֆրանս.)։
  88. Մենք փող ունենք, իսկ հետո, իսկ հետո Աստված կօգնի (ֆրանս.)։ (ֆրանս.)։
  89. Բավական է, բավական է, դուք ինձ տանջում եք (ֆրանս.)։
  90. Դա՝ ոչինչ, մենք կսպասենք (ֆրանս.)։
  91. Քսան տարի (ֆրանս.)։
  92. Դուք ազնվազարմ եք, ինչպես մարքիզուհի (ֆրանս.)։
  93. Ինչպես ձեր գրքում (ֆրանս.)։
  94. Բավական է, բավական, զավակս (ֆրանս.)։
  95. Գիտեք ինչ (ֆրանս.)։
  96. Մի՞թե ես այդքան հիվանդ եմ։ Չէ որ լուրջ ոչինչ չկա (ֆրանս.)։
  97. Օ, ես հիշում եմ դա, այո, Հայտնությունն է, կարդացեք, կարդացեք (ֆրանս.)։
  98. Մենք ճամփա կելնենք միասին (ֆրանս.)։
  99. Այդ խոզերը (ֆրանս.)։
  100. Դուք գիտեք... այդ գրքում (ֆրանս.)։
  101. Մի համեմատություն (ֆրանս.)։
  102. Այո, Ռուսաստանում, որը ես միշտ եմ սիրել (ֆրանս.)։
  103. Եվ մյուսներն էլ նրա հետ (ֆրանս.)։
  104. Դուք հետո կհասկանաք (ֆրանս.)։
  105. Դուք հետո կհասկանաք... մենք միասին կհասկանանք (ֆրանս.)։
  106. Ահա թե ինչ, այստեղ լիճ կա (ֆրանս.)։
  107. Եվ ես պիտի Ավետարան քարոզեմ... (ֆրանս.)։
  108. Հրեշտակ է նա... Ինձ համար նա ավելին է, քան հրեշտակը (ֆրանս.)։
  109. Սիրելիս, սիրելիս... (ֆրսւնս.)։
  110. Ես ձեզ սիրում էի (ֆրանս.)։
  111. Ես ձեզ սիրել եմ ամբողջ կյանքում... քսան տարի (ֆրանս.)։
  112. Մի ժամ (ֆրանս.)։
  113. Մսաջուր, թեյ... վերջապես, ինքն այնքան երջանիկ է (ֆրանս.)։
  114. Այո, բարեկամներս (ֆրանս.)։
  115. Այս ամբողջ ծիսակատարությունը (ֆրանս.)։
  116. Տեր հայր, ես շնորհակալ եմ ձեզնից, դուք շատ բարի եք, բայց... (ֆրանս.)։
  117. Ահա իմ հավատի խորհրդանիշը (ֆրանս.)։
  118. Ես ստել եմ իմ ամբողջ կյանքում (ֆրանս.)։