Երկրորդ Բաժին: Փողի Փոխակերպումը Կապիտալի
{
հեղինակ՝ Կարլ Մարքս |
Բովանդակություն
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՓՈՂԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ
ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՖՈՐՄՈՒԼԱՆ
1. ԿԱՊԻՏԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՖՈՐՄՈՒԼԱՆ
Ապրանքային շրջանառությունը կապիտալի ելակետն է։ Նրա ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային արտադրությունը և զարգացած ապրանքային շրջանառությունը, առևտուրը։ Համաշխարհային առևտուրն ու համաշխարհային շուկան XVI դարում բացում են կապիտալի նոր պատմությունը։
Եթե մենք մի կողմ թողնենք ապրանքային շրջանառության իրային բովանդակությունը՝ տարբեր սպառողական արժեքների փոխանակությունը, և քննենք միայն այդ պրոցեսի ծնած տնտեսական ձևերը, ապա կգտնենք, որ փողը այդ պրոցեսի վերջին արդյունքն է։ Ապրանքային շրջանառության այս վերջին արդյունքը կապիտալի դրսևորման առաջին ձևն է։
Պատմականորեն կապիտալն ամեն տեղ կանգնած է հողային սեփականության դեմ սկզբից փողի ձևով, որպես փողային գույք, որպես վաճառականական ու վաշխառուական կապիտալ[1]։ Բայց նույնիսկ կարիք էլ չկա կապիտալի ծագման պատմությանը դիմելու համոզվելու համար, որ փողը նրա դրսևորման առաջին ձևն է։ Այդ պատմությունն ամեն օր կատարվում է մեր աչքի առջև։ Ամեն մի նոր կապիտալ առաջին անգամ բեմ դուրս գալիս, այսինքն շուկա դուրս գալիս՝ ապրանքային շուկա, աշխատանքի շուկա կամ փողային շուկա, միշտ հանդես է գալիս իբրև փող,— փող, որը որոշ պրոցեսների միջոցով պետք է փոխարկվի կապիտալի։
Փողը որպես փող և փողը որպես կապիտալ սկզբում միմյանցից տարբերում են միայն շրջանառության իրենց տարբեր ձևով։
Ապրանքային շրջանառության անմիջական ձևն է Ա—Փ—Ա՝ ապրանքի փոխարկումը փողի և փողի վերափոխարկումը ապրանքի, այսինքն՝ վաճառք հանուն գնման։ Բայց մենք այդ ձևի կողքին գտնում ենք մի ուրիշ, նրանից առանձնահատուկ կերպով տարբերվող ձև, Փ—Ա—Փ՝ փողի փոխարկումն ապրանքի և ապրանքի վերափոխարկումը փողի, այսինքն՝ գնում հանուն վաճառքի։ Փողը, որ իր շարժման պրոցեսում անցնում է այս վերջին ցիկլը, փոխարկվում է կապիտալի, դառնում է կապիտալ և իր դերով արդեն կապիտալ է։
Ավելի մոտիկից զննենք Փ—Ա—Փ շրջանառությունը։ Պարզ ապրանքային շրջանառության նման նա անցնում է երկու հակադիր փուլ։ Առաջին փուլը, Փ—Ա, այսինքն՝ գնումը, փողի փոխարկումն է ապրանքի։ Երկրորդ փուլը Ա—Փ, կամ վաճառքը, ապրանքի հակադարձ փոխարկումն է փողի։ Երկու փուլերը միասին կազմում են մի միասնական շարժում, որի մեջ փողը փոխանակվում է ապրանքի հետ, և հետո այդ նույն ապրանքը դարձյալ փոխանակվում է փողի հետ, ապրանքը գնվում է վաճառքի համար, կամ, եթե մի կողմ թողնենք գնման, ու վաճառքի ձևական տարբերությունները,— փողով ապրանք է գնվում և ապրանքով փող[2]։ Այն հետևանքը, որի մեջ լուծվում է ամբողջ պրոցեսը, փողի փոխանակումն է փողի հետ, Փ—Փ։ Եթե ես 100 ֆ. ստեռլինգով 2000 ֆ. բամբակ եմ գնում և այդ 2000 ֆ. բամբակը նորից ծախում եմ 110 ֆ. ստեռլինգով, ապա վերջին հաշվով ես 100 ֆ. ստեռլինգը փոխանակել եմ 110 ֆ. ստեռլինգի հետ, փողը փողի հետ։
Ամենից առաջ ակներև է, որ Փ—Ա—Փ շրջանառության պրոցեսը բոլորովին անհեթեթ ու անբովանդակ կլիներ, եթե այն լոկ մի որոշ շրջանցիկ ուղի լիներ տվյալ փողային արժեքը նույն փողային արժեքի հետ, օրինակ, 100 ֆ. ստեռլինգը 100 ստեռլինգի հետ փոխանակելու համար։ Անհամեմատ ավելի պարզ և հուսալի է գանձահավաքի մեթոդը, որն իր 100 ֆ. ստեռլինգը պահում է իրեն մոտ՝ փոխանակ շրջանառության վտանգներին ենթարկելու այն։ Մյուս կողմից, երբ վաճառականը 100 ֆ. ստեռլինգով գնած բամբակը կրկին վաճառում է, ապա բոլորովին անկախ այն բանից՝ այս դեպքում նա 110 ֆ. ստեռլինգ է ստանամ, թե 100 ֆ. ստեռլինգ, կամ նույնիսկ միայն 50 ֆ. ստ., նրա փողը կատարում է մի յուրահատուկ ու օրիգինալ ուղի, որը բոլորովին տարբեր է պարզ ապրանքային շրջանառությունից, երբ, օրինակ, գյուղացին հացահատիկ է վաճառում և ստացած փողով իրեն համար հագուստ է գնում։ Այսպես ուրեմն, մենք ամենից առաջ պետք է բնորոշենք Փ—Ա—Փ և Ա—Փ—Ա շրջապտույտների միջև եղած ձևական տարբերությունը։ Դրա հետ միասին երևան կգա նաև ըստ էության տարբերությունը, որը թաքնված է այդ ձևական տարբերությունների հետևում։
Նախ տեսնենք, թե ի՛նչ ընդհանուր բան կա այդ երկու ձևերի միջև։
Երկու շրջապտույտն էլ տրոհվում են միևնույն հակադիր փուլերի. Ա—Փ՝ վաճառք, և Փ—Ա՝ գնում։ Երկու փուլերից յուրաքանչյուրում միմյանց դեմ կանգնած են նույն երկու իրային տարրերը՝ ապրանքն ու փողը, և նույն երկու անձը բնորոշ տնտեսական դիմակներով — գնորդը և վաճառորդը։ Երկու շրջապտույտներից ամեն մեկը միևնույն հակադիր փուլերի միասնությունն է ներկայացնում, և երկու դեպքում էլ այս միասնությունն իրականանում է երեք կոնտրագենտների միջոցով, որոնցից մեկը միայն վաճառում է, մյուսը միայն գնում է, իսկ երրորդը փոփոխակի գնում և վաճառում է։
Սակայն Ա—Փ—Ա և Փ—Ա—Փ երկու շրջապտույտները հենց սկզբից իրարից բաժանողը շրջանառության միևնույն հակադիր փուլերի հակառակ հաջորդականությունն է։ Պարզ ապրանքային շրջանառությունն սկսվում է վաճառքով և վերջանում է գնումով, փողի՝ որպես կապիտալի, շրջանառությունն սկսվում է գնումով և վերջանում է վաճառքով։ Այնտեղ ապրանքն է կազմում շարժման ելակետն ու վերջնակետը, այստեղ փողը։ Առաջին ձևի մեջ փողն է ամբողջ պրոցեսում միջնորդի դեր կատարում, երկրորդի մեջ, ընդհակառակը, ապրանքը։
Ա—Փ—Ա շրջանառության մեջ փողը, վերջիվերջո, դառնում է ապրանք, որն իբրև սպառողական արժեք է ծառայում։ Հետևաբար, այստեղ փողը ծախսվում է վերջնականապես։ Փ—Ա—Փ հակադիր ձևի մեջ գնորդը, ընդհակառակը, փողը ծախսում է լոկ նրա համար, որ որպես վաճառորդ փող ստանա։ Ապրանքը գնելով, նա փողը նետում է շրջանառության մեջ, որպեսզի միևնույն ապրանքը վաճառելու միջոցով նորից փողը հանի այնտեղից։ Նա ձեռքից փողը բաց է թողնում միայն այն գաղտնի դիտավորությամբ, որ նորից տիրանա նրան։ Այսպիսով, փողը այսւոեղ լոկ ավանսավորվում է[3]։
Ա—Փ—Ա ձևի մեջ փողի միևնույն միավորը երկու անգամ փոխում է իր տեղը։ Վաճառորդն ստանում է փողը գնորդից և վճարում է մի ուրիշ վաճառորդի։ Ամբողջ պրոցեսը, որ սկսվում է ապրանքի համար փող ստանալով, ավարտվում է ապրանքի համար փող վճարելով։ Հակառակ ձևով է ընթանում պրոցեսը Փ—Ա—Փ ձևի մեջ։ Այստեղ ո՛չ թե միևնույն փողն է երկու անգամ փոխում տեղը, այլ միևնույն ապրանքը։ Գնորդը ապրանքն ստանում է վաճառորդի ձեռքից և նորից հանձնում է մի ուրիշ գնորդի ձեռքը։ Եթե պարզ ապրանքային շրջանառության մեջ փողի միևնույն միավորի երկակի տեղափոխությունը առաջ է բերում նրա վերջնական անցում մի ձեռքից մի ուրիշ ձեռք, ապա այստեղ միևնույն ապրանքի երկակի տեղափոխությունը փողը կրկին բերում է դեպի նրա ելակետը։
Փողի հակադարձ հոսումը դեպի իր ելակետը կախված չէ այն բանից, թե արդյոք ապրանքը իր առքի գնից թանգ է ծախվում, թե ոչ։ Այս հանգամանքը ազդում է միայն ետ հոսող, փողի գումարի մեծության վրա։ Ետ հոսելու բուն երևույթը տեղի է ունենում ամեն դեպքում, եթե միայն գնած ապրանքը իրոք կրկին վաճառվում է, այսինքն՝ եթե Փ—Ա—Փ շրջապտույտը լրիվ է կատարվում։ Հետևաբար, այստեղ մենք գտնում ենք մի շոշափելի տարբերություն փողի՝ որպես կապիտալի շրջանառության և նրա՝ որպես սոսկ փողի շրջանառության միջև։
Ա—Փ—Ա շրջապտույտը բոլորովին ավարտված է, հենց որ մի ապրանքի վաճառքից ստացված փողը տարել են մի ուրիշ ապրանք գնելով։ Եվ եթե փողի հակադարձ հոսումը դեպի իր ելակետը այստեղ, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա միայն ամբողջ պրոցեսը վերսկսվելու կամ կրկնվելու հետևանքով։ Եթե ես մի կվարտեր հացահատիկ եմ վաճառում 3 ֆ. ստեռլինգով և այդ 3 ֆ. ստեռլինգով զգեստ եմ գնում, ապա ինձ համար այդ 3 ֆ. ստեռլինգը վերջնականապես ծախսված է։ Ես այլևս նրա հետ ոչ մի առնչություն չունեմ։ Այդ փողը զգեստավաճառին է պատկանում։ Եթե ես երկրորդ կվարտեր հացահատիկը վաճառեի, ապա փողը կվերադառնար իմ ձեռքր, բայց ո՛չ թե առաջին գործարքի հետևանքով, այլ միայն նրա կրկնվելու հետևանքով։ Փողը կրկին հեռանում է ինձանից, եթե ես այդ գործարքը մինչև վերջը հասցնեմ, նոր գնում կատարելով։ Հետևաբար, Ա—Փ—Ա շրջանառության մեջ փողի ծախսումը ոչ մի առնչություն չունի նրա հակադարձ հոսման հետ։ Ընդհակառակը, Փ—Ա—Փ շրջանառության մեջ փողի հակադարձ հոսումը պայմանավորված է հենց նրա ծախսման բնույթով։ Առանց այդ հակադարձ հոսանքի ամբողջ գործառնությունը պետք է համարել ձախողված կամ պրոցեսը ընդհատված և դեռ չավարտված, որովհետև պակասում է նրա երկրորդ փուլը՝ վաճառքը, որը լրացնում և ավարտին է հասցնում գնումը։
Ա—Փ—Ա շրջապտույտի ելակետն է մեկ ապրանք, իսկ վերջնակետը՝ մի ուրիշ ապրանք, որը դուրս գալով շրջանառությունից, ընկնում է սպառման մեջ։ Այդպիսով, այդ, շրջապտույտի վերջնական նպատակն է սպառումը, պահանջմունքների բավարարումը, մի խոսքով՝ սպառողական արժեքը։ Փ—Ա—Փ շրջապտույտի ելակետն է, ընդհակառակը։ փողային բևեռը, և սա վերջիվերջո վերադառնում է դեպի նույն բևեռը։ Ուստի նրա շարժիչ մոտիվը, նրա որոշիչ նպատակը հենց փոխանակային արժեքն է։
Պարզ ապրանքային շրջանառության մեջ երկու ծայրակետերն էլ միևնույն տնտեսական ձևն ունեն։ Նրանք երկուսն էլ ապրանք են։ Եվ այն էլ հավասարարժեք ապրանքներ։ Բայց դրա փոխարեն նրանք որակապես տարբեր սպառողական արժեքներ են, օրինակ, հացահատիկ և զգեստ։ Արդյունքների փոխանակությունը, ա՛յն տարբեր նյութերի փոխանակությունը, որոնց մեջ արտահայտվում է հասարակական աշխատանքը, այստեղ կազմում է շարժման բովանդակությունը։ Այլ բան է Փ—Ա—Փ շրջանառությունը։ Վերջինս առաջին հայացքից անբովանդակ է թվում իր նույնաբանության պատճառով։ Երկու ծայրակետերն էլ միևնույն տնտեսական ձևն ունեն։ Նրանք երկուսն էլ փող են, հետևապես, որակապես տարբեր սպառողական արժեքներ չեն, որովհետև փողն ապրանքների հենց այնպիսի փոփոխված կերպարանքն է, որի մեջ մարած են նրանց բոլոր առանձնահատուկ սպառողական արժեքները։ Փոխանակել նախ 100 ֆ. ստեռլինգը բամբակի հետ, իսկ հետո այդ բամբակը նորից փոխանակել 100 ֆ. ստեռլինգի հետ, այսինքն՝ զարտուղի ճանապարհով փոխանակել փողը փողի հետ, նույնը նույնի հետ,— այդպիսի գործառնությունը նույնքան աննպատակ է, որքան և անհեթեթ[4]։ Մի փողային գումար կարող է մի ուրիշ փողային գումարից ընդհանրապես տարբերվել միայն իր մեծությամբ։ Ուստի Փ—Ա—Փ պրոցեսը իր բովանդակությամբ պարտական է ոչ թե իր ծայրակետերի որակական տարբերությանը,— քանի որ նրանք երկուսն էլ փող են,— այլ միայն նրանց քանակական տարբերությանը։ Այդ պրոցեսի հետևանքով շրջանառությունից ավելի շատ է փող դուրս բերվում, քան սկզբում նետված էր նրա մեջ։ Օրինակ, 100 ֆ. ստեռլինգով գնած բամբակը նորից վաճառվում է 100+10 ֆ. ստեռլինգով կամ 110 ֆ. ստեռլինգով։ Ուստի քննվող պրոցեսի լիակատար ձևն արտահայտվում է այսպես՝ Փ—Ա—Փ՛, որտեղ Փ' = է Փ+ΔՓ, այսինքն՝ հավասար է սկզբում ավանսավորած գումարին, պլյուս որոշ աճ։ Այս աճը կամ սկզբնական արժեքի համեմատությամբ ավելցուկը ես անվանում եմ հավելյալ արժեք (surplus value)։ Այսպիսով, սկզբնապես ավանսավորած արժեքը ո՛չ միայն պահպանվում է շրջանառության մեջ, այլև փոխում է իր մեծությունը, իրեն միացնում է մի հավելյալ արժեք, կամ ինքնաճում է [verwerthet sich]։ Եվ հենց այս շարժումն է նրան կապիտալ դարձնում։
Ճիշտ է, հնարավոր է, որ Ա—Փ—Ա-ի մեջ երկու ծայրակետերն էլ, Ա և Ա, օրինակ, հացահատիկն ու զգեստը, քանակապես տարբեր արժեքներ են։ Գյուղացին կարող է իր հացահատիկը նրա արժեքից բարձր վաճառել կամ զգեստը նրա արժեքից ցած գնել։ Մյուս կողմից, նրան կարող է խաբել զգեստավաճառը։ Սակայն այդպիսի արժեքային տարբերությունը մի ինչ-որ զուտ պատահական երևույթ է շրջանառության այդ ձևի համար։ Շրջանառության այդ ձևը, ի հակադրություն Փ—Ա—Փ պրոցեսի, բոլորովին չի կորցնում իր իմաստն ու նշանակությունը, եթե երկու ծայրակետերը, օրինակ, հացահատիկն ու զգեստը, մեկը մյուսի նկատմամբ համարժեք են։ Նրանց արժեքների հավասարությունն այստեղ, ընդհակառակը, պրոցեսի նորմալ ընթացքի պայմանն է։
Գնելու նպատակով կատարվող վաճառքի կրկնության կամ նորոգման, ինչպես և հենց այդ պրոցեսի չափն ու նպատակը այն վերջնական հետևանքն է, որ գտնվում է այդ պրոցեսից դուրս և որի էությունը սպառումն է, որոշ պահանջմունքների բավարարումը։ Վաճառելու նպատակով կատարվող գնման մեջ, ընդհակառակը, սկիզբն ու վերջը միևնույն բանն է, այն է՝ փողը, փոխանակային արժեքը, և արդեն հենց միայն դրա հետևանքով տվյալ շարժումն անվերջ է։ Ինչ էլ որ լինի, Փ-ից ստացվել է Փ + ΔՓ, 100 ֆ. ստեռլինգից՝ 100 + 10 ֆ. ստեռլինգ։ Բայց սոսկ որակական տեսակետից 110 ֆ. ստեռլինգը նույնն է, ինչ որ 100 ֆ. ստեռլինգը, այն է՝ փող։ Քանակական տեսակետից էլ 110 ֆ. ստեռլինգը մի նույնպիսի սահմանափակ արժեքի գումար է, ինչպես և 100 ֆ. ստեռլինգը։ Եթե այդ 110 ֆ. ստեռլինգը ծախսվեր որպես փող, նա իր դերից դուրս կգար։ Այն ժամանակ նա կդադարեր կապիտալ լինելուց։ Շրջանառությունից հանվելով՝ նա քարանալով գանձ է դառնում, և այստեղ արդեն այլևս ո՛չ մի ֆարտինգ չի ավելանում նրա վրա, եթե նա պառկած՝ ընկած մնա թեկուզ մինչև երկրորդ գալուստը։ Հետևաբար, երբ հարցը վերաբերում է արժեքի աճմանը, ապա աճման այդպիսի ձգտումը հատուկ է 110 ֆ. ստեռլինգին նույնպես, ինչպես և 100 ֆ. ստեռլինգին, որովհետև այղ երկու գումարն էլ փոխանակային արժեքի սահմանափակ արտահայտություններն են, և, հետևապես, երկուսն էլ միևնույն կոչումն ունեն՝ իրենց չափերը մեծացնելով մոտենալ բացարձակ հարստությանը։ Ճիշտ է, սկզբում ավանսավորած արժեքը — 100 ֆ. ստեռլինգը — մի պահ տարբերվում է շրջանառության մեջ իր վրա ավելացած 10 ֆ. ստեռլինգ հավելյալ արժեքից, բայց այդ տարբերությունը կրկին անմիջապես գոլորշիանում է։ Պրոցեսի վերջում ստացվում է ոչ թե երկակի հետևանք՝ մի կողմում 100 ֆ. ստեռլինգ սկզբնական արժեք, մյուս կողմում 10 ֆունտ ստեռլինգ հավելյալ արժեք, այլ 110 ֆ. ստեռլինգ միասնական արժեք։ Վերջինը ինքնաճման պրոցեսը նորից սկսելու համար ունի նույնքան պիտանի ձև, որքան և սկզբնական 100 ֆ. ստեռլինգը։ Շարժումն ավարտվում է փողով, որը նոր, հենց նույնպիսի շարժման սկիզբն է կազմում[5]։ Հետևապես, յուրաքանչյուր առանձին շրջապտույտի վերջը, որտեղ գնումը կատարվում է վաճառքի նպատակով, արդեն ինքնըստինքյան կազմում է մի նոր շրջապտույտի սկիզբը։ Պարզ ապրանքային շրջանառությունը — վաճառք գնման համար — որպես միջոց է ծառայում շրջանառությունից դուրս գտնվող վերջնական հետևանքին հասնելու համար,— սպառողական արժեքների յուրացման համար, պահանջների բավարարման համար։ Փողի` որպես կապիտալի շրջանառությունը, ընդհակառակը, ինքնանպատակ է, որովհետև արժեքի ինքնաճումն իրականանում է շարունակ նորոգվող այդ շարժման սահմաններում միայն։ Այս պատճառով կապիտալի շարժումը սահման չի Ճանաչում[6]։
Փողատերը, որպես այդ շարժման գիտակից կրող, դառնում է կապիտալիստ։ Նրա անձնավորությունը, կամ ավելի ճիշտ՝ նրա գրպանը — ահա այն կետը, որտեղից ելնում և ուր վերադառնում է փողը։ Այդ շրջանառության օբյեկտիվ բովանդակությունը — արժեքի աճումը — նրա սուբյեկտիվ նպատակն է, և որչափով նրա գործառնության միակ շարժիչ մոտիվը վերացական հարստության աճող յուրացումն է, այդ չափով — և միայն այդ չափով — նա գործում է որպես կապիտալիստ, այսինքն՝ որպես անձնավորված, կամքով ու գիտակցությամբ օժտված կապիտալ։ Ուստի սպառողական արժեքը երբեք չի կարելի կապիտալիստի։ անմիջական նպատակը համարել[7]։ Նմանապես` ո՛չ թե առանձին շահույթի ստացումն է նրա նպատակը, այլ շահույթի անդուլ շարժումը[8]։ Բացարձակ հարստացման այդ ձգտումը, այդ մոլեգին վազքը արժեքի հետևից[9] ընդհանուր է թե՛ կապիտալիստի և թե՛ գանձահավաքի համար, բայց մինչդեռ գանձահավաքը խելացնոր կապիտալիստ է միայն, կապիտալիստը ռացիոնալ գանձահավաք է։ Արժեքի այն անզուսպ աճմանը, որին գանձահավաքն աշխատում է հասնել փողը շրջանառությունից փրկելով[10], ավելի շրջանկատ կապիտալիստը հասնում է՝ շարունակ նորից ու նորից փողը վստահելով շրջանառությանը [Տես 10a ծանոթ.]։
Այն ինքնուրույն ձևերը — փողային ձևերը,— որ ապրանքների արժեքն ընդունում է պարզ շրջանառության պրոցեսում, լոկ ապրանքների փոխանակությանն են ծառայում և չքանում են շարժման վերջնական հետևանքի մեջ։ Փ—Ա—Փ շրջանառության մեջ, ընդհակառակը, և՛ ապրանքը, և՛ փողը գործում են լոկ որպես բուն արժեքի գոյության տարբեր եղանակներ՝ փողը որպես նրա գոյության ընդհանուր եղանակ, ապրանքը որպես հատուկ և, այսպես ասած, քողարկված եղանակ[11]։ Արժեքը շարունակ մի ձևից փոխվում է մյուս ձևին, սակայն երբեք չկորչելով այդ շարժման մեջ, և այդպիսով դառնում է ավտոմատիկ կերպով գործող մի սուբյեկտ։ Եթե ֆիքսացիայի ենթարկենք դրսևորման այն հատուկ ձևերը, որ փոփոխակի ընդունում է ինքնաճուն արժեքը իր կյանքի շրջապտույտի մեջ, ապա կստանանք այսպիսի սահմանումներ՝ կապիտալը փող է, կապիտալն ապրանք է[12]։ Բայց իրոք արժեքն այստեղ դառնում է մի որոշ պրոցեսի սուբյեկտ, որի մեջ նա շարունակ փողային ձևը ապրանքային ձևի փոխելով և հակառակը, ինքն իսկ փոխում է իր մեծությունը, իրեն՝ որպես հավելյալ արժեք ետ է մղում հենց իրենից՝ որպես սկզբնական արժեքից, ինքնաճում է։ Որովհետև այն շարժումը, որի մեջ նա հավելյալ արժեք է ավելացնում իրեն, նրա սեփական շարժումն է, հետևապես նրա աճումն ինքնաճում է։ Նա արժեք ստեղծելու մոգական ընդունակություն է ստացել, որովհետև ինքն արժեք է։ Նա կենդանի ձագեր է ծնում կամ, առնվազն, ոսկե ձվեր է ածում։
Արժեքը, իբրև ինքնաճուն սուբյեկտ այդ պրոցեսի, որի մեջ նա մերթ ընդունում, մերթ դեն է նետում փողային ձևն ու ապրանքային ձևը և միևնույն ժամանակ անփոփոխ պահպանվում և աճում է այդ կերպարանափոխությունների մեջ,— նա, արժեքը, կարիք ունի ամենից առաջ մի ինքնուրույն ձևի, որի մեջ կարելի լիներ հավաստել նրա նույնությունը հենց իրեն հետ։ Եվ այդ ձևը նա ունի միայն որպես փող։ Այս պատճառով փողը կազմում է արժեքի ինքնաճման ամեն մի պրոցեսի ելակետն ու ավարտակետը։ Արժեքը 100 ֆ. ստեռլինգ էր, հիմա 110 ֆ. ստեռլինգ է և այլն։ Բայց ինքը՝ փողն այստեղ արժեքի ձևերից միայն մեկի դերն է խաղում, որովհետև այստեղ երկու ձև կա։ Փողը չի կարող կապիտալ դառնալ՝ առանց ապրանքի ձև ընդունելու։ Այսպիսով, փողն այստեղ բանակռվով չի հանդես գալիս ապրանքների դեմ, ինչպես գանձի կուտակման ժամանակ։ Կապիտալիստն իմանում է, որ ամեն մի ապրանք, ինչպիսի ցնցոտիապատ կերպարանք էլ որ ունենա կամ ինչ վատ հոտ էլ որ արձակի, փող է հոգով և ճշմարտությամբ, ներքուստ թլփատված հրեա է և բացի այդ մի հրաշագործ միջոց է փողից ավելի շատ փող ստեղծելու համար։
Եթե պարզ շրջանառության մեջ ապրանքների արժեքը, ի հակակշիռ նրանց սպառողական արժեքի, լավագույն դեպքում ընդունում է փողի ինքնուրույն ձև, ապա այստեղ նա հանկարծակի հանդես է գալիս որպես մի ինքնազարգացող, ինքնաշարժ սուբստանց, որի համար ապրանքներն ու փողը միայն ձևեր են։ Դեռ ավելին։ Փոխանակ ապրանքների հարաբերությունները արտահայտելու, արժեքը հիմա այսպես ասած, մասնավոր հարաբերության մեջ է մտնում հենց ինքն իրեն հետ։ Նա իրեն՝ որպես սկզբնական արժեքի տարբերում է հենց իրենից՝ որպես հավելյալ արժեքից, այնպես, ինչպես հայր աստվածը տարբերվում է ինքն իրենից՝ որպես որդի աստծուց, թեև երկուսն էլ միևնույն տարիքն ունեն և փաստորեն կազմում են միևնույն անձը միայն։ Որովհետև միայն 10 ֆ. ստեռլինգ հավելյալ արժեքի շնորհիվ է, որ ավանսավորած 100 ֆ. ստեռլինգը կապիտալ է դառնում, և հենց որ նա կապիտալ է դառնում, հենց որ որդին, իսկ որդու միջոցով էլ հայրն է ծնվում, իսկույն կրկին չքանում է նրանց տարբերությունը, և նրանք երկուսն էլ դառնում են մեկ — 110 ֆ. ստեռլինգ։
Այսպիսով, արժեքը դառնում է ինքնաշարժ արժեք, ինքնաշարժ փող, և որպես այդպիսին՝ նա կապիտալ է։ Նա դուրս է գալիս շրջանառության ոլորտից, կրկին մտնում է շրջանառության մեջ, պահպանվում և բազմանում է այնտեղ, ետ է դառնում մեծացած և նորից ու նորից սկսում է միևնույն շրջապտույտը[13]։ Փ—Փ՛ փող ծնող փող — money which begets money,— ահա կապիտալի նկարագրությունը նրա առաջին մեկնաբանների մերկանտիլիստների բերանում։
Գնել վաճառելու համար, կամ ավելի ճիշտ՝ գնել ավելի թանկ վաճառելու համար, Փ—Ա—Փ՛, առաջին հայացքից ներկայացնում է կապիտալի միայն մեկ տեսակին, վաճառականական կապիտալին հատուկ ձևը։ Բայց արդյունաբերական կապիտալը ևս փող է, որ ապրանք է դառնում և հետո ապրանքը վաճառելու միջոցով նորից փոխարկվում ավելի մեծ քանակությամբ փողի։ Այն գործողությունները, որոնք կատարվում են շրջանառության ոլորտից դուրս, գնման ու վաճառքի միջև ընկած ժամանակամիջոցում, ամենևին չեն փոխում շարժման այդ ձևը։ Վերջապես, տոկոսաբեր կապիտալի մեջ Փ—Ա—Փ շրջանառությունը ներկայացված է կրճատ ձևով, իր հետևանքով առանց միջնորդավորող օղակի, այսպես ասած, իր լապիդար սեղմ ոճով, որպես Փ—Փ՛, որպես փող, որը հավասար է ավելի մեծ քանակությամբ փողի, որպես արժեք, որն ինքն իրենից ավելի մեծ է։
Այսպիսով, Փ—Ա—Փ՛-ն իրոք կապիտալի ընդհանրական ֆորմուլան է, ինչպես որ նա անմիջաբար հանդես է գալիս շրջանառության ոլորտում։
2. ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՖՈՐՄՈՒԼԱՅԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Շրջանառության այն ձևը, որով փողային հարսնյակը փոխակերպվում է կապիտալի, հակասում է վերը զարգացրած բոլոր օրենքներին, որոնք վերաբերում են ապրանքի, արժեքի, փողի ու հենց շրջանառության բնույթին։ Պարզ ապրանքային շրջանառությունից այդ ձևը տարբերվում է նույն երկու հակադիր պրոցեսին վաճառքի և գնման հակադարձ հաջորդականությամբ։ Բայց ի՞նչ հրաշքով կարող է այդպիսի զուտ ձևական տարբերությունը վերափոխել տվյալ պրոցեսի բուն էությունը։
Այդ դեռ բոլորը չէ. այդ հակառակ կարգը գոյություն ուսի միայն մեկի համար այն երեք գործարար բարեկամներից, որոնք իրար հետ գործարքի մեջ են մտնում։ Որպես կապիտալիստ, ես ապրանք եմ գնում A-ից և հետո այն վաճառում B-ին, իսկ որպես հասարակ ապրանքատեր, ես ապրանքը վաճառում եմ B-ին և հետո նորից ապրանք եմ գնում A-ից։ Այս տարբերությունը գոյություն չունի A և B գործարար բարեկամների համար։ Նրանք հանդես են գալիս լոկ որպես ապրանք գնողներ ու վաճառողներ։ Ես ինքս երկու դեպքում էլ նրանց դեմ կանգնում եմ որպես հասարակ փողատեր կամ ապրանքատեր, որպես գնորդ կամ վաճառորդ։ Կերպարանափոխությունների թե՛ մեկ և թե՛ մյուս հաջորդականության դեպքում ես նրանցից մեկի դեմ կանգնում եմ միայն որպես գնորդ, մյուսի դեմ միայն որպես վաճառորդ, մեկի դեմ՝ միայն որպես փող, մյուսի դեմ՝ միայն որպես ապրանք, բայց ես ոչ ոքի դեմ չեմ կանգնում որպես կապիտալ կամ որպես կապիտալիստ, այսինքն՝ որևէ այնպիսի բանի ներկայացուցիչ, որ ավելին նշանակեր, քան փողը կամ ապրանքը, որևէ այնպիսի բանի, որ կարողանար որևէ ուրիշ ներգործություն ունենալ, բացի այն ներգործությունից, որ հատուկ է փողին կամ ապրանքին։ A-ից գնելն ու B-ին վաճառելն ինձ համար մեկ հաջորդական շարք են կազմում։ Բայց այդ երկու ակտերի միջև եղած կապը գոյություն ունի միայն ինձ համար։ A-ն ոչ մի գործ չունի B-ի ու իմ միջև կատարված գործարքի հետ, B-ն էլ ոչ մի գործ չունի A-ի ու իմ միջև կատարված գործարքի հետ։ Եթե ես ուզենայի բացատրել իմ կոնտրագենտներին այն հատուկ ծառայությունը, որ ես մատուցում եմ գործարքների հաջորդականությունը շուռ տալով, ապա նրանք կապացուցեին ինձ, որ այդ հաջորդականության նկատմամբ հենց ես մոլորության մեջ եմ, որ ամբողջ գործարքը չի սկսվել գնումով և չի վերջացել վաճառքով, այլ, ընդհակառակը, սկսվել է վաճառքով և ավարտվել է գնումով։ Եվ, իսկապես, իմ առաջին ակտը, գնումը, վաճառք է A-ի տեսակետից, իմ երկրորդ ակտը, վաճառքը, գնում է B-ի տեսակետից։ Դրանով չբավականանալով, A-ն ու B-ն դեռ կհայտարարեն, որ այդ ամբողջ հաջորդականությունը մի բոլորովին ավելորդ ֆոկուս-մոկուս է։ A-ն կարող էր իր ապրանքը վաճառել ուղղակի B-ին, B-ն՝ կարող էր գնել ուղղակի A-ից։ Դրա հետ միասին ամբողջ գործարքը վեր է ածվում սովորական ապրանքային շրջանառության միակողմանի ակտի՝ A-ի տեսակետից վաճառքի, B-ի տեսակետից՝ գնման։ Այսպիսով, ակտերի հաջորդականությունը շուռ տալով, մենք ամենևին դուրս չեկանք պարզ ապրանքային շրջանառության ոլորտից. ուստի մենք պետք է քննենք այն հարցը, թե հենց այդ ոլորտի էությունն արդյոք թույլատրո՞ւմ է նրա մեջ մտած արժեքների աճում, հետևապես և հավելյալ արժեքի գոյացում։
Վերցնենք շրջանառության պրոցեսը նրա այն ձևով, որի մեջ նա ներկայանում է որպես պարզ ապրանքային փոխանակություն։ Այդ ձևը առկա է այն բոլոր դեպքերում, երբ երկու ապրանքատեր ապրանքներ են գնում իրարից և վճարման ժամկետը հասնելիս իրենց փոխադարձ փողային պարտավորությունների հաշվեկշիռը հավասարեցնում են։ Փողն այստեղ ծառայում է որպես հաշվեփող։ Նա արտահայտում է ապրանքների արժեքը նրանց գների մեջ, բայց մարմնապես չի կանգնում հենց իրենց՝ ապրանքների դեմ։ Որչափով հարցը վերաբերում է սպառողական արժեքներին, ակներև է, որ երկու փոխանակողներն էլ կարող են շահած լինել։ Երկուսն էլ օտարում են այն ապրանքները, որոնք, իբրև սպառողական արժեքներ, անօգուտ են իրենց համար, և ստանում են այն ապրանքները, որոնց սպառման կարիքն ունեն իրենք։ Բայց գործարքի շահավետությունը կարող է նույնիսկ դրանով չսահմանափակվել։ A-ն, որը գինի է վաճառում և հացահատիկ է գնում, հնարավոր է, որ տվյալ աշխատաժամանակում ավելի շատ գինի է արտադրում, քան հացահատիկ մշակող B-ն կարող էր գինի արտադրել նույն ժամանակամիջոցում, և հակառակը, հացահատիկ մշակող B-ն տվյալ աշխատաժամանակում ավելի շատ հացահատիկ է արտադրում, քան կարող էր այդ հացահատիկն արտադրել գինեգործ A-ն։ Այդպիսով, A-ն նույն փոխանակային արժեքի դիմաց ավելի շատ հացահատիկ է ստանում, իսկ B-ն՝ ավելի շատ գինի, քան նրանցից ամեն մեկը կստանար, եթե երկուսն էլ հարկադրված լինեին, առանց փոխանակության դիմելու, իրենք համար և՛ գինի, և՛ հացահատիկ արտադրել։ Հետևապես, սպառողական արժեքի նկատմամբ կարելի է ասել, որ «փոխանակությունը մի գործարք է, որի ժամանակ երկու կողմն էլ շահվում են»[14]։ Այլ է փոխանակային արժեքի հարցը։ «Շատ գինի ունեցող, բայց հացահատիկ չունեցող մարդը գործարք է կնքում մի մարդու հետ, որը շատ հացահատիկ ունի, բայց գինի չունի, և նրանց միջև տեղի է ունենում 50 միավորի արժեքով ցորենի փոխանակություն 50 միավորի արժեքով գինու հետ։ Այս փոխանակությունը փոխանակային արժեքի ավելացում չէ ո՛չ առաջինի, ո՛չ էլ երկրորդի համար, որովհետև փոխանակությունից առաջ արդեն նրանցից ամեն մեկը ուներ մի արժեք, որը հավասար էր այդ գործառնության միջոցով ստացածին»[15]։ Գործն ամենևին չի փոխվում նրանից, որ փողը՝ որպես շրջանառության միջոց, կանգնում է ապրանքների միջև, և գնման ակտը շոշափելիորեն բաժանվում է վաճառքի ակտից[16]։ Ապրանքների արժեքը գների մեջ արտահայտվում է նախքան նրանց շրջանառության մեջ մտնելը, հետևաբար, արժեքը շրջանառության նախադրյալն է և ոչ թե նրա հետևանքը[17]։
Պրոցեսը քննելով վերացականորեն, այսինքն՝ մի կողմ թողնելով այն հանգամանքները, որոնք չեն բխում պարզ ապրանքային շրջանառությանը ներհատուկ օրենքներից, մենք այստեղ, բացի մի սպառողական արժեքը մի ուրիշով փոխարինվելուց, կգտնենք միայն ապրանքային կերպարանափոխություն, այսինքն՝ ապրանքի ձևի հասարակ փոփոխություն։ Միևնույն արժեքը, այսինքն՝ առարկայացած հասարակական աշխատանքի միևնույն քանակը, գտնվում է միևնույն ապրանքատիրոջ ձեռքին նախ ապրանքի ձևով, հետո փողի ձևով, որին փոխարկվել է ապրանքը, և, վերջապես, այն ապրանքի ձևով, որին դարձյալ փոխարկվել է փողը։ Ձևի այսպիսի փոխակերպումը արժեքի մեծության փոփոխություն չի պարունակում։ Այն փոփոխությունը, որ այս պրոցեսում կրում է ապրանքի բուն արժեքը, սահմանափակվում է նրա փողային ձևի փոփոխությամբ։ Այս փողային ձևը գոյություն ունի նախ որպես վաճառքի համար առաջարկվող ապրանքի գին, հետո որպես փողի գումար, որը, սակայն, դրանից առաջ արդեն արտահայտված էր գնի մեջ, վերջապես, իբրև համարժեքային ապրանքի գին։ Ձևերի այդ հաջորդափոխությունն ինքնըստինքյան նույնքան քիչ է պարունակում արժեքի մեծության փոփոխություն, որքան հինգ ֆունտ ստեռլինգանոց տոմսի մանրումը սովերենների, կես սովերենների ու շիլլինգների։ Այսպես ուրեմն, որչափով ապրանքի շրջանառությունը առաջ է բերում միայն նրա արժեքի ձևի փոփոխություն, ապա նա, եթե տվյալ երևույթը մաքուր ձևով է ընթանում, առաջ է բերում համարժեքների փոխանակություն։ Նույնիսկ վուլգար քաղաքատնտեսությունը, չնայած բոլորովին չի ըմբռնում, թե ինչ բան է արժեքը, ամեն անգամ, երբ փորձում է, որքան այդ մատչելի է նրան, երևույթը մաքուր ձևով քննել, ենթադրում է, որ պահանջարկն ու առաջարկը փոխադարձաբար ծածկում են իրար, այսինքն՝ նրանց ներգործությունը ոչնչանում է ընդհանրապես։ Հետևաբար, եթե սպառողական արժեքի նկատմամբ երկու կոնտրագենտն էլ կարող են շահել, ապա փոխանակային արժեքի դեպքում երկուսն էլ շահել չեն կարող։ Այստեղ ավելի շուտ իշխում է հետևյալ կանոնը. «Որտեղ հավասարություն կա, այնտեղ շահ չկա»[18]։ Թեև ապրանքները կարող են վաճառվել այնպիսի գներով, որոնք շեղվում են նրանց արժեքներից, բայց այդպիսի շեղումը ապրանքային փոխանակության օրենքների խախտում է[19]։ Ապրանքափոխանակությունը իր մաքուր ձևով համարժեքների փոխանակություն է և, հետևապես, հնարավորություն չի տալիս արժեքի մեծացման հաշվին հարստանալու[20]։
Ուստի ապրանքների շրջանառությանը որպես հավելյալ արժեքի աղբյուր դիտելու փորձերի հետևում սովորաբար թաքնված է սպառողական արժեքի և փոխանակային արժեքի quid pro quo-ն, շփոթումը։ Այդպես է, օրինակ, Կոնդիլյակի մոտ. «Սխալ է, թե ապրանքային փոխանակության ժամանակ հավասար արժեքը փոխանակվում է հավասար արժեքի հետ։ Ընդհակառակը, երկու կոնտրագենտներից յուրաքանչյուրը միշտ ավելի փոքր արժեք է տալիս ավելի մեծի փոխարեն... Եթե մարդիկ իսկապես միշտ հավասար արժեքներ փոխանակեին, ապա կոնտրագենտներից ոչ մեկը շահ չէր ունենա։ Իրոք երկուսն էլ շահում են կամ համենայն դեպս պետք է շահեն։ Ի՞նչ ձևով։ Իրերի արժեքը սոսկ այն հարաբերությունն է, որ նրանք ունեն դեպի մեր պահանջները։ Ինչ որ շատ է մեկի համար, այն քիչ է մյուսի համար, և ընդհակառակը... Չի կարելի ենթադրել, թե մենք վաճառքի կհանենք այն իրերը, որոնք անհրաժեշտ են մեր սեփական սպառման համար... Մենք ձգտում ենք մեզ համար անօգտակար իրը տալ, որպեսզի մեզ համար անհրաժեշտը ստանանք. մենք ուզում ենք քիչը տալ շատի փոխարեն... Միանգամայն բնական էր հանգել այն եզրակացության, թե փոխանակության ժամանակ հավասար արժեքը տալիս են հավասար արժեքի փոխարեն, քանի որ փոխանակվող իրերից ամեն մեկի արժեքը հավասար է փողի միևնույն քանակին... Բայց անհրաժեշտ է հաշվի առնել գործի նաև մյուս կողմը, հարց է ձագում՝ արդյոք մենք երկուսս էլ ավելցո՞ւկը չենք փոխանակում մեզ համար անհրաժեշտ առարկայի հետ»[21]։ Ինչպես տեսնում ենք, Կոնդիլյակը ո՛չ միայն իրար հետ շփոթում է սպառողական արժեքն ու փոխանակային արժեքը, այլ զուտ երեխայական միամտությամբ զարգացած ապրանքային արտադրություն ունեցող հասարակությունը նույնացնում է մի այնպիսի հասարակակարգի, որտեղ արտադրողն ինքն է արտադրում իր գոյության միջոցները և սեփական պահանջմունքները բավարարելուց հետո մնացած ավելցուկն է միայն նետում շրջանառության մեջ[22]։ Այնուամենայնիվ, Կոնդիլյակի փաստարկը հաճախ են կրկնում արդի տնտեսագետները, հատկապես հենց այն դեպքերում, երբ պահանջվում է ապրանքային փոխանակության զարգացած ձևը, առևտուրը, ներկայացնել որպես հավելյալ արժեքի ստեղծման աղբյուր։ «Առևտուրը,— ասում են, օրինակ,— արդյունքներին արժեք է միացնում, որովհետև միևնույն արդյունքները ավելի շատ արժեք ունեն սպառողի ձեռքում, քան արտադրողի ձեռքում, ուստի և առևտուրը բառացիորեն (strictly) պետք է դիտվի որպես արտադրության ակտ»[23]։ Բայց ապրանքների համար երկու անգամ չեն վճարում, մի անգամ նրանց սպառողական արժեքի համար, մյուս անգամ՝ նրանց արժեքի համար։ Եվ եթե ապրանքի սպառողական արժեքը գնորդի համար ավելի օգտակար է, քան վաճառորդի համար, ապա նրա փողային ձևը վաճառորդի համար ավելի օգտակար է, քան գնորդի համար։ Ապա թե ոչ նա մի՞թե կծախեր ապրանքը։ Ուստի մենք կարող ենք նույնպիսի իրավունքով ասել, որ գնորդը բառացիորեն (strictly) «արտադրության ակտ» է կատարում, երբ նա, օրինակ, վաճառականի գուլպաները փող է դարձնում։
Եթե հավասար փոխանակային արժեք ունեցող ապրանքներ կամ ապրանքներ ու փող, այսինքն՝ համարժեքներ են փոխանակվում, ապա, ակներև է, որ ոչ ոք շրջանառությունից ավելի շատ արժեք չի հանում, քան դնում է նրա մեջ։ Այս դեպքում հավելյալ արժեքի գոյացում տեղի չի ունենում։ Ապարանքների շրջանառության պրոցեսն իր մաքուր ձևով պայմանավորում է համարժեքների փոխանակությունը։ Սակայն իրականում պրոցեսները մաքուր ձևով չեն կատարվում։ Ուստի ենթադրենք, թե փոխանակվում են ոչ-համարժեքները։
Ապրանքային շուկայում համենայն դեպս միայն ապրանքատերն է կանգնած ապրանքատիրոջ դեմ, և այն իշխանությունը, որ այդ անձերն ունեն իրար նկատմամբ, լոկ նրանց ապրանքների իշխանությունն է։ Ապրանքների իրային տարբերությունը փոխանակության իրային հիմքն է, նա պայմանավորում է ապրանքատերերի փոխադարձ կախումը, քանի որ նրանցից ոչ մեկը իր սեփական սպառման առարկան չունի և մյուսի սպառման առարկան ունի։ Բացի ապրանքների սպառողական արժեքների այդ իրային տարբերությունից, ապրանքների միջև կա միայն մի զանազանություն — նրանց նատուրալ ձևի ու նրանց փոխակերպված ձևի միջև, ապրանքների ու փողի միջև եղած զանազանությունը։ Այսպիսով, ապրանքատերերը տարբերվում են իրարից լոկ որպես վաճառորդներ՝ ապրանքի տերեր և որպես գնորդներ՝ փողի տերեր։
Հիմա ենթադրենք, թե վաճառորդը օժտված է մի անբացատրելի արտոնությամբ ապրանքները իրենց արժեքից բարձր վաճառելու, 110-ով, եթե նրանք 100 արժեն, այսինքն՝ գնի 10%-անոց անվանական հավելուրդով։ Այդպիսով, վաճառորդը ստանում է 10 միավորի հավասար հավելյալ արժեք։ Բայց վաճառորդ լինելուց հետո նա դառնում է գնորդ։ Երրորդ ապրանքատերը հիմա նրան հանդիպում է իբրև վաճառորդ և, իր հերթին, վայելում է ապրանքը 10%-ով ավելի թանկ վաճառելու արտոնությունը։ Մեր ապրանքատերը 10 միավոր է շահել իբրև վաճառորդ, որպեսզի իբրև գնորդ կորցնի նույն 10-ը[24]։ Ընդհանուր առմամբ ամբողջ գործը փաստորեն հանգում է այն բանին, որ բոլոր ապրանքատերերն իրենց ապրանքները միմյանց վաճառում են արժեքից 10% ավելի բարձր, իսկ այդ բոլորովին նույնն է, եթե ապրանքներն իրենց արժեքով ծախվեին։ Ապրանքների գների մի այդպիսի ընդհանուր անվանական հավելուրդը նույն նշանակությունն ունի, ինչպես, օրինակ, ապրանքային արժեքների չափումը ոսկու փոխարեն արծաթով։ Ապրանքների փողով արտահայտված անունները, կամ գները աճում են, բայց նրանց արժեքների հարաբերությունները մնում են անփոփոխ։
Ենթադրենք, ընդհակառակը, որ գնորդն ապրանքներն իրենց արժեքից ցած քնելու արտոնություն ունի։ Այստեղ մինչև անգամ կարիք չկա հիշեցնելու որ գնորդը, իր հերթին, կդառնա վաճառորդ։ Նա արդեն վաճառորդ էր, նախքան գնորդ դառնալը։ Նա արդեն որպես վաճառորդ 10% կորցրել է, նախքան որպես գնորդ 10% շահելը[25]։ Ամեն ինչ մնում է հնի պես։
Այսպես ուրեմն, հավելյալ արժեքի գոյացումը, ուստի և փողի փոխարկվելը կապիտալի ո՛չ նրանով կարող է բացատրվել, որ վաճառորդներն իրենց ապրանքները վաճառում են նրանը արժեքից ավելի բարձր, և ո՛չ էլ նրանով, որ գնորդները դրանք գնում են նրանը արժեքից ավելի ցածր[26]։
Պրոբլեմը ոչնչով պարզ բնույթ չի ստանա, եթե մենք մաքսանենգորեն օտար հարաբերություններ մտցնենք նրա մեջ, եթե, օրինակ, գնդապետ Տորրենսի հետ միասին ասենք. «Իրական պահանջարկը սպառողների ունակությունն ու հակումն (!) է՝ անմիջական կամ միջնորդական փոխանակության միջոցով ապրանքների համար կապիտալի բոլոր բաղկացուցիչ մասերի ավելի մեծ բաժին տալ, քան արժե նրանց արտադրությունը»[27]։ Շրջանառության մեջ արտադրողներն ու սպառողները միմյանց դեմ կանգնած են միայն որպես վաճառորդներ ու գնորդներ։ Պնդել, թե արտադրողների համար հավելյալ արժեքն առաջ է գալիս նրանից, որ սպառողներն ապրանքների համար նրանց արժեքից բարձր են վճարում, նշանակում է լոկ քողարկված ձևով կրկնել այն պարզ դրույթը, թե ապրանքատերը, որպես վաճառորդ, արտոնություն ունի ապրանքը գնի հավելումով վաճառելու։ Վաճառորդն ինքն է արտադրել իր ապրանքը կամ ապրանք արտադրողների ներկայացուցիչ է, բայց ճիշտ նույն կերպով գնորդն էլ է արտադրել իր փողի մեջ ներկայացված ապրանքները կամ նրանց արտադրողների ներկայացուցիչ է։ Հետևաբար, արտադրողը կանգնած է արտադրողի դեմ։ Նրանց տարբերում է լոկ այն, որ մեկը գնում է, մինչդեռ մյուսը վաճառում է։ Մենք ոչ մի քայլ առաջ չենք գնա, եթե ընդունենք, որ ապրանքատերն արտադրողի անվան տակ իր ապրանքը վաճառում է արժեքից ավելի բարձր, իսկ սպառողի անվան տակ ինքը ապրանքների համար նրանց արժեքից ավելի բարձր է վճարում[28]։
Ուստի այն պատրանքի հետևողական պաշտպանները, թե իբր հավելյալ արժեքը ծագում է գնի անվանական հավելուրդից կամ վաճառորդների՝ ապրանքները չափազանց թանկ վաճառելու արտոնությունից, ենթադրում են, թե կա մի դասակարգ, որը միայն գնում է առանց վաճառելու, հետևապես, միայն սպառում է առանց արտադրելու։ Այդպիսի դասակարգի գոյությունը այն տեսակետից, որին մենը առայժմ հասել ենք, պարզ շրջանառության տեսակետից, դեռ չի կարելի բացատրել։ Բայց առաջ անցնենք։ Այն փողը, որով այդպիսի դասակարգը շարունակ գնում է, պետք է, ակներևորեն շարունակ, այն էլ առանց փոխանակության, ձրի, որևէ իրավունքի կամ օրինականացված բռնության հիման վրա, հոսի այդ դասակարգի գրպանը հենց նույն ապրանքատերերի կողմից։ Այդ դասակարգի ներկայացուցիչներին ապրանքներն արժեքից բարձր վաճառելը — նշանակում է լոկ ձրի տված փողի մի մասը իրեն վերադարձնել[29]։ Այսպես, օրինակ, Փոքր Ասիայի քաղաքները հին Հռոմին ամեն տարի փողով հարկ էին վճարում։ Հռոմն այդ փողով ապրանքներ էր գնում նրանցից և գնում էր ուռցրած գներով։ Փոքրասիացիները խաբում էին հռոմայեցիներին՝ իրենց նվաճողներից ետ կորզելով տված հարկի մի մասը առևտրի միջոցով։ Եվ, այնուամենայնիվ, փոքրասիացիներն էին մնում խաբված։ Նրանց ապրանքների դիմաց համենայն դեպս դարձյալ նրանց սեփական փողն էին վճարում։ Այդ շատ անհարմար մեթոդ է նրանց համար, ովքեր հարստացման կամ հավելյալ արժեք ստեղծելու են ձգտում։
Ուստի մնանք ապրանքային փոխանակության սահմաններում, որտեղ վաճառորդը գնորդ է և գնորդը՝ վաճառորդ։ Գուցե մենք դժվարին կացության մեջ ենք ընկել, որովհետև մենք անձերը դիտել ենք միայն որպես անձնավորված կատեգորիաներ և ոչ թե որպես անհատներ։
A ապրանքատերը կարող է այնքան ճարպիկ խաբեբա լինել, որ միշտ խաբի իր B կամ C կոլլեգաներին, մինչդեռ վերջինները, հակառակ իրենց ցանկությանը, անկարող են փոխադարձը հատուցելու նրան։ A-ն 40 ֆ. ստեռլինգ արժեցող գինի է ծախում B-ին և այդ փոխանակությամբ 50 ֆ. ստեռլինգի հացահատիկ է ստանում։ A-ն իր 40 ֆ. ստեռլինգը դարձրել է 50 ֆ. ստեռլինգ, քիչ քանակությամբ փողից շատ փող է շինել և իր ապրանքը դարձրել է կապիտալ։ Ավելի ուշադիր դիտենք գործը։ Փոխանակությունից առաջ 40 ֆ. ստեռլինգի գինի կար A-ի ձեռքում և 50 ֆ. ստեռլինգի հացահատիկ B-ի ձեռքում, ընդամենը 90 ֆ. ստեռլինգի արժեքներ։ Փոխանակությունից հետո մենք ունենք նույն 90 ֆ. ստեռլինգի ընդհանուր արժեքը։ Շրջանառության մեջ գտնվող արժեքը ոչ մի ատոմի չափ էլ չի ավելացել, միայն փոխվել է նրա բաշխումը A-ի և B-ի միջև։ Այն, ինչ մի կողմի համար այստեղ հավելյալ արժեք է, մյուսի համար պակասող արժեք է, մի կողմի համար պլյուսը մյուս կողմի համար մինուս է։ Նույն արդյունքը կստացվեր, եթե A-ն, առանց փոխանակության պրոցեսով քողարկվելու, ուղղակի B-ից գողանար 10 ֆ. ստեռլինգ։ Ակներև է, որ շրջանառության մեջ գտնվող արժեքների գումարը չի կարելի ավելացնեք նրանց բաշխման մեջ կատարվող՝ ոչ մի փոփոխությամբ, այնպես, ինչպես հին դրամներ վաճառող հրեան չի կարող իր երկրի ազնիվ մետաղների մասսան նրանով ավելացնել, որ Աննա թագուհու ժամանակվա մի ֆարտինգը ծախի մեկ գինեով։ Որոշ երկրի կապիտալիստների ամբողջ դասակարգը չի կարող հարստանալ ինքն իր հաշվին[30]։
Ինչպես էլ շառ գանք, փոստը մնում է փաստ, եթե համարժեքներ են փոխանակվում, ոչ մի հավելյալ արժեք չի ստեղծվում, և եթե փոխանակվում են ոչ-համարժեքները, ապա դարձյալ ոչ մի հավելյալ արժեք չի առաջանում[31]։ Շրջանառությունը կամ ապրանքափոխանակությունը ոչ մի արժեք չի ստեղծում[32]։
Այստեղից հասկանալի է, թև ինչու կապիտալի հիմնական ձևի մեր արած վերլուծության մեջ, այն ձևի, որով կապիտալը իրենով որոշում է արդի հասարակության տնտեսական կազմակերպությունը, մենք առայժմ ամենևին չենք շոշափի կապիտալի ամենատարածված և, այսպես ասած, անդրջրհեղեղյան ձևերը, այսինքն՝ առևտրական կապիտալն ու վաշխառուական կապիտալը։
Բուն առևտրական կապիտալի մեջ Փ—Ա—Փ՛ ձևը, գնել ավելի թանկ վաճառելու նպատակով, երևան է գալիս ամենազուտ կերպարանքով։ Մյուս կողմից, նրա ամբողջ շարժումն ընթանում է շրջանառության ոլորտի սահմաններում։ Բայց որովհետև չի կարելի միայն շրջանառությունից ելնելով բացատրել փողի փոխարկումը կապիտալի, հավելյալ արժեքի գոյացումը, ուստի առևտրական կապիտալը անհնարին բան է թվում, քանի որ փոխանակվում են համարժեքները[33]. ուստի առևտրական կապիտալի գոյությունը կարող է բխեցվել լոկ որպես արդյունք այն բանի, որ թե՛ գնող և թե՛ վաճառող ապրանքարտադրողները երկկողմանիորեն խաբվում են պարազիտորեն նրանց մեջտեղը խցկվող վաճառականի կողմից։ Այս իմաստով է ասում Ֆրանկլինը, թե «Պատերազմը կողոպուտ է, առևտուրը՝ խաբեբայություն[34]։ Որպեսզի առևտրական կապիտալի աճումը սոսկ ապրանքարտադրողներին խաբելով չբացատրվի, անհրաժեշտ է միջակա օղակների մի երկար շարք, որը այստեղ բոլորովին գոյություն չունի մեզ համար, որովհետև մեր միակ նախադրյալը առայժմ ապրանքային շրջանառությունն ու նրա պարզ մոմենտներն են։
Այն, ինչ մենք ասացինք առևտրական կապիտալի մասին, է՛լ ավելի մեծ լափով կիրառելի է վաշխառուական կապիտալի վերաբերմամբ։ Առևտրական կապիտալի մեջ երկու ծայրակետերն էլ — փողը, որ շուկա է նետվում, և աճած փողը, որ հանվում է շուկայից — կապված են գոնե գնման ու վաճառքի միջոցով, միջնորդավորված են շրջանառության շարժումով։ Վաշխառուական կապիտալի մեջ Փ—Ա—Փ՛ ձևը կրճատված է, ծայրակետերը միանում են առանց որևէ միջնորդավորող օղակի. Փ—Փ՛, ավելի մեծ քանակությամբ փողի հետ փոխանակվող փողը մի ձև է, որ հակասում է փողի իսկ էությանը, ուստի և անբացատրելի է ապրանքային փոխանակության տեսակետից։ Այս պատճառով Արիստոտելն ասում է. «Գոյություն ունի երկակի խրեմատիստիկա՝ մեկը վերաբերում է առևտրին, մյուսը՝ էկոնոմիկային. վերջինն անհրաժեշտ է ու գովեստի արժանի, առաջինը հիմնված է շրջանառության վրա, ուստի և իրավացիորեն պախարակվում է (որովհետև հիմնված է ո՛չ թե իրերի բնության վրա, այլ փոխադարձ խաբեբայության վրա)։ Այսպիսով, բոլորն իրավացիորեն ատում են վաշխառությունը, որովհետև այստեղ փողն ինքն է ձեռքբերման աղբյուրը և օգտագործվում է ոչ այն բանի համար, որի համար նա հնարված է։ Չէ՛ որ փողն առաջացել է ապրանքային փոխանակության համար, մինչդեռ տոկոսը փողից նոր փող է շինում։ Այստեղից էլ առաջ է եկել նրա անունը («τόκος», «տոկոս» և «ծնված»)։ Որովհետև ծնվածը նման է ծնողին։ Բայց տոկոսը փողից ծնված փող է, այնպես որ ձեռքբերման բոլոր ճյուղերից նա է բնության համար ամենից գարշելին[35]։
Մեր հետազոտության ընթացքում մենք կտեսնենք, որ առևտրական կապիտալի նման տոկոսաբեր կապիտալը ևս ածանցական ձև է, և միաժամանակ կտեսնենք, թե ինչու նրանք երկուսն էլ պատմականորեն ծագել են կապիտալի արդի հիմնական ձևից առաջ։
Ինչպես տեսնում ենք, հավելյալ արժեքը չի կարող ծագել շրջանառությունից. հետևաբար, նրա գոյանալու համար պետք է շրջանառության թիկունքում կատարվի մի այնպիսի բան, որը անտեսանելի է բուն շրջանառության պրոցեսում[36]։ Բայց հավելյալ արժեքը կարո՞ղ է արդյոք որևէ ուրիշ տեղից ծագել, բացի շրջանառության պրոցեսից։ Շրջանառությունն ապրանքատերերի ապրանքային բոլոր հարաբերությունների գումարն է։ Շրջանառությունից դուրս ապրանքատերը պահպանում է միայն իր սեփական ապրանքի հետ ունեցած հարաբերությունը։ Որչափով խոսքը վերաբերում է արժեքին, այդ հարաբերությունը սահմանափակվում է նրանով, որ տվյալ անձին պատկանող ապրանքը պարունակում է որոշ հասարակական օրենքների համաձայն չափվող նրա սեփական աշխատանքի մի որոշ քանակ։ Աշխատանքի այդ քանակն արտահայտվում է նրա ապրանքի արժեքի մեծությամբ, իսկ որովհետև արժեքի մեծությունն արտահայտվում է հաշվեփողով, ուստի նա արտահայտվում է ապրանքի գնի, օրինակ, 10 ֆունտ ստեռլինգի մեջ։ Բայց նրա աշխատանքը չի արտահայտվում ապրանքի արժեքի մեջ պլյուս նրա սեփական արժեքից գերազանցող ավելցուկը, չի արտահայտվում 10-ի հավասար և միաժամանակ 11-ի հավասար գնի մեջ, չի արտահայտվում մի այնպիսի արժեքի մեջ, որն ավելի մեծ է, քան ինքը։ Ապրանքատերը կարող է իր աշխատանքով ստեղծել արժեքներ, բայց ոչ ինքնաճուն արժեքներ։ Նա կարող է ապրանքի արժեքը բարձրացնել, առկա արժեքին նոր արժեք ավելացնելով նոր աշխատանքի միջոցով, օրինակ, կաշուց կոշիկներ պատրաստելով։ Միևնույն նյութը հիմա ավելի շատ արժեք ունի. որովհետև ավելի մեծ քանակությամբ աշխատանք է պարունակում։ Ուստի կոշիկը ավելի մեծ արժեք ունի, քան կաշին, բայց կաշու արժեքը մնացել է նույնը, ինչ որ էր։ Կաշու արժեքը չի աճել, կոշիկը պատրաստելիս հավելյալ արժեք չի միացրել իրեն։ Հետևաբար, ապրանքարտադրողը չի կարող արժեքն ավելացնել շրջանառության ոլորտից դուրս, չի կարող առանց ուրիշ ապրանքատերերի հետ շփման մեջ մտնելու փողը կամ ապրանքը կապիտալ դարձնել։
Այսպես ուրեմն, կապիտալը չի կարող շրջանառությունից ծագել և նույնքան էլ չի կարող շրջանառությունից դուրս ծագել։ Նա պետք է ծագի շրջանառության մեջ և միաժամանակ ոչ շրջանառության մեջ։
Այսպիսով, մենք ստացանք երկակի հետևանք։
Փողի փոխարկումը կապիտալի պետք է բացատրվի ապրանքային փոխանակությանը ներհատուկ օրենքների հիման վրա, այսինքն՝ մեզ համար ելակետ պետք է ծառայի համարժեքների փոխանակությունը[37]։ Մեր փողատերը, որն առայժմ դեռ կապիտալիստի թրթուրն է միայն, պետք է ապրանքները գնի նրանց արժեքով, վաճառի նրանց արժեքով և, վերջիվերջո, այնուամենայնիվ, այդ պրոցեսից ավելի մեծ արժեք կորզի, քան դրել էր նրա մեջ։ Նրա փոխակերպումը թիթեռի, իսկական կապիտալիստի, պետք է կատարվի շրջանառության ոլորտում և միաժամանակ շրջանառության ոլորտից դուրս։ Սրանք են պրոբլեմի պայմանները։ Hic Rhodus, hic salta! [Ահա՛ Հռոդոսը, այստեղ էլ ցատկի՛ր։]
3. ԱՇԽԱՏՈՒԺԻ ԳՆՈՒՄՆ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ
Այն փողի արժեքի աճումը, որը պետք է կապիտալի փոխարկվի, չի կարող կատարվել հենց նույն փողի մեջ։ Որպես գնման միջոց և որպես վճարման միջոց փողը միայն իրացնում է ա՛յն ապրանքների գինը, որոնք գնվում են, կամ որոնց համար վճարում են այդ փողով. այնինչ նա, կարծրանալով իր սեփական ձևի մեջ, դառնում է արժեքի անփոփոխ մեծությունների քարացում[38]։ Այդ փոփոխությունը նույնքան քիչ կարող է ծագել շրջանառության երկրորդ գործողությունից, ապրանքի վերավաճառքից, որովհետև այդ գործողությունը միայն ապրանքը իր նատուրալ ձևից կրկին փողային ձևի է փոխարկում։ Հետևաբար, փոփոխությունը պետք է կատարվի հենց այն ապրանքի մեջ, որը գնվում է Փ—Ա առաջին գործողության մեջ, և ոչ թե նրա արժեքի մեջ, որովհետև փոխանակվում են համարժեքները, ընդ որում ապրանքների համար վճարում են ըստ նրանց իսկական արժեքի։ Այսպիսով, որոնվող փոփոխությունը կարող է ծագել միայն ապրանքի սպառողական արժեքից՝ որպես այդպիսիից, այսինքն՝ միայն նրա գործածումից։ Բայց ապրանքի գործածումից արժեք դուրս բերելը մեր ապրանքատիրոջը կհաջողվի միայն այն դեպքում, երբ նրա բախտը բերի, և նա շրջանառության ոլորտի ներսում, այսինքն՝ շուկայում մի այնպիսի ապրանք հայտնաբերի, որի հենց սպառողական արժեքն արժեքի աղբյուր լինելու արտասովոր հատկությունն ունենար,— մի այնպիսի ապրանք, որի իրական գործածումն աշխատանքի առարկայացման պրոցես, հետևաբար, արժեքի ստեղծման պրոցես լիներ։ Եվ փողատերը շուկայում գտնում է մի այդպիսի առանձնահատուկ ապրանք — աշխատունակությունը, կամ աշխատուժը։
Աշխատուժ կամ աշխատունակություն ասելով մենք հասկանում ենք ֆիզիկական ու հոգևոր այն ընդունակությունների ամբողջությունը, որ ունի մարդու օրգանիզմը, նրա կենդանի անձնավորությունը, և որ նա գործադրում է ամեն անգամ, երբ որևէ սպառողական արժեք է արտադրում։
Բայց որպեսզի փողատերը կարողանա շուկայում փաստորեն գտնել աշխատուժը որպես ապրանք, պետք է զանազան պայմաններ կատարված լինեն։ Ապրանքների փոխանակությունն ինքնըստինքյան կախման ոչ մի ուրիշ հարաբերություն չի պարունակում, բացի այն հարաբերություններից, որոնք բխում են նրա սեփական բնույթից։ Իսկ երբ այդ այդպես է, աշխատուժը շուկայում կարող է որպես ապրանք երևան գալ միայն այն ժամանակ և այն չափով, երբ և որչափով նա որպես ապրանք շուկա է հանվում կամ վաճառվում է իր սեփական տիրոջ կողմից, այսինքն՝ այն անձի կողմից, որի աշխատուժն է նա։ Որպեսզի նրա տերը կարողանա աշխատուժը որպես ապրանք վաճառել, նա պետք է այդ ուժը տնօրինելու հնարավորություն ունենա, հետևապես, պետք է իր աշխատունակության ազատ սեփականատերը լինի, ազատ անձնավորություն ներկայացնի[39]։ Աշխատուժի սեփականատերը և փողատերը շուկայում հանդիպում են իրար և հարաբերության մեջ են մտնում միմյանց հետ որպես իրավահավասար ապրանքատերեր, միմյանցից տարբերվելով միայն նրանով, որ մեկը գնորդ է, իսկ մյուսը՝ վաճառորդ, հետևապես, երկուսն էլ իրավաբանորեն հավասար անձեր են։ Այս հարաբերության երկարատև գոյությունը պահանջում է, որ աշխատուժի սեփականատերն այդ ուժը միշտ վաճառի միայն մի որոշ ժամանակով, որովհետև եթե նա աշխատուժը վաճառեր ամբողջովին, մի անգամ ընդմիշտ, ապա նա դրանով կվաճառեր հենց իրեն, ազատ մարդուց կդառնար ստրուկ, ապրանքատիրոջից կդառնար ապրանք։ Նա, որպես անձնավորություն, պետք է շարունակ պահպանի հարաբերությունը դեպի իր աշխատուժը՝ որպես իր սեփականությունը, ուստի և որպես իր սեփական ապրանքը, իսկ այդ հնարավոր է միայն այնքան, որքան նա միշտ աշխատուժը լոկ ժամանակավորապես, լոկ որոշ ժամկետով է տրամադրում գնորդին՝ օգտվելու կամ գործածելու, հետևաբար, որքան նա աշխատուժն օտարելով չի հրաժարվում աշխատուժի սեփականության իրավունքից[40]։
Երկրորդ էական պայմանը, որ անհրաժեշտ է, որպեսզի փողատերը կարողանա շուկայում գտնել աշխատուժը որպես ապրանք, այն է, որ աշխատուժի տերը պետք է զրկված լինի ա՛յն ապրանքները վաճառելու հնարավորությունից, որոնց մեջ առարկայացած է նրա աշխատանքը, և, ընդհակառակը, պետք է հարկադրված լինի որպես ապրանք վաճառելու հենց այն աշխատուժը, որ գոյություն ունի միայն նրա կենդանի օրգանիզմում։
Որպեսզի հնարավոր լինի աշխատուժից տարբեր որևէ ապրանք վաճառել, պետք է, իհարկե, ունենալ արտադրության միջոցներ, օրինակ, հումք, աշխատանքի գործիքներ և այլն։ Չի կարելի կոշիկներ պատրաստել առանց կաշի ունենալու։ Բացի դրանից, աշխատողին հարկավոր են կենսամիջոցներ։ Ոչ ոք, մինչև անգամ այն երազողը, որ «ապագայի երաժշտություն» է հորինում, չի կարող ապագայի արդյունքներով ապրել, չի կարող ապրել այն սպառողական արժեքների հաշվին, որոնց արտադրությունը դեռ ավարտված չէ. երկրագնդի վրա իր երևալու առաջին իսկ օրից մարդը պետք է ամեն օր սպառի, նախքան արտադրել սկսելը, ինչպես և ա՛յն ժամանակ, երբ նա արտադրում է։ Եթե արդյունքներն արտադրվում են որպես ապրանքներ, ապա արտադրությունն ավարտվելուց հետո նրանք պետք է վաճառվեն և միայն իրենց վաճառվելուց հետո կարող են բավարարել արտադրողի պահանջմունքները։ Արտադրության համար անհրաժեշտ ժամանակին միանում է վաճառելու համար անհրաժեշտ ժամանակը։
Այսպիսով, փողատերը իր փողը կապիտալ կարող է դարձնել միայն այն դեպքում, եթե ապրանքային շուկայում գտնի ազատ բանվոր, ազատ՝ երկակի իմաստով, այն իմաստով, որ նա ազատ անձ է և իր աշխատուժը տնօրինում է ինչպես ապրանք, և մյուս կողմից՝ որ նա ուրիշ ապրանք չունի վաճառելու, տիկ-տկլոր է ու ազատ այն բոլոր առարկաներից, որոնք անհրաժեշտ են իր աշխատուժը գործնականում կիրառելու համար։
Այն հարցը, թե այդ ազատ բանվորն ինչու է շրջանառության ոլորտում փողատիրոջ դեմ կանգնած, չի հետաքրքրում փողատիրոջը, որն աշխատանքային շուկան գտնում է պատրաստ, որպես ապրանքային շուկայի առանձին ստորաբաժանում։ Այս հարցն առայժմ մեզ ևս նույնքան քիչ է հետաքրքրում։ Մենք թեորիապես ելնում ենք իրերի փաստական դրությունից, ինչպես որ փողատերը նրանից ելնում է պրակտիկորեն։ Մի բան համենայն դեպս պարզ է։ Բնությունը մի կողմում չի արտադրում փողատերեր ու ապրանքատերեր և մյուս կողմում՝ լոկ աշխատուժի տերեր։ Այս հարաբերությունը ո՛չ բնության իսկ ստեղծած հարաբերություն է, ո՛չ էլ մի այնպիսի հասարակական հարաբերություն, որ ընդհանուր լիներ պատմական բոլոր ժամանակաշրջանների համար։ Ակներև է, որ այդ հարաբերությունն ինքը նախընթաց պատմական զարգացման հետևանք է, տնտեսական բազմաթիվ հեղաշրջումների արդյունք, հասարակական արտադրության մի ամբողջ շարք ավելի հին ֆորմացիաների կործանման արդյունք։
Այն տնտեսական կատեգորիաները ևս, որ մենք քննեցինք առաջ, նույնպես իրենց վրա կրում են իրենց պատմության հետքերը։ Ապրանք հանդիսացող արդյունքի գոյությունը ենթադրում է պատմական որոշ նախադրյալներ։ Ապրանք դառնալու համար արդյունքը պետք է արտադրվի ոչ անմիջաբար որպես կենսամիջոց հենց իրեն՝ արտադրողի համար։ Եթե մենք շարունակեինք մեր հետազոտությունը, եթե մենք հարց տայինք մեզ, թե ո՞ր պայմաններում են բոլոր արդյունքները կամ գոնե նրանց մեծամասնությունն ապրանքի ձև ընդունում, ապա կգտնեինք, որ այդ կատարվում է արտադրության միայն մեկ, միանգամայն առանձնահատուկ եղանակի, այն է՝ կապիտալիստական եղանակի հիմքի վրա։ Բայց այդպիսի հետազոտությունը դուրս կգար ապրանքի անմիջական վերլուծության շրջանակներից։ Ապրանքային արտադրությունն ու ապրանքային շրջանառությունը կարող են գոյություն ունենալ, չնայած որ արդյունքների ճնշող մասսան, որ հատկացված է անմիջական սեփական սպառման համար, ապրանքի չի փոխարկվում, և, հետևապես, արտադրության հասարակական պրոցեսը իր ամբողջ ծավալով դեռ չի ենթարկված փոխանակային արժեքի իշխանությանը։ Որպեսզի արդյունքը փոխարկվի ապրանքի, հասարակության ներսում աշխատանքի բաժանումը պետք է այն աստիճան զարգանա, որ լիովին ավարտված լինի սպառողական արժեքի ու փոխանակային արժեքի սահմանազատումը, որն անմիջական փոխանակային առևտրի ժամանակ հազիվ նոր սկսվում է։ Բայց զարգացման այդ աստիճանը պատմականորեն հատուկ է հասարակական-տնտեսական ամենատարբեր ֆորմացիաներին։
Եթե մենք մեր ուշադրությունը կենտրոնացնենք փողի վրա, ապա կտեսնենք, որ նա ապրանքային փոխանակության մի որոշ բարձր աստիճան է ենթադրում։ Փողի տարբեր ձևերը — պարզ ապրանքային համարժեքը, կամ շրջանառության միջոցը, կամ վճարման միջոցը, գանձն ու համաշխարհային փողը — արտադրության հասարակական պրոցեսի խիստ տարբեր աստիճաններ են ցույց տալիս, նայած փողի այս կամ այն ֆունկցիայի կիրառման տարբեր չափերին, այդ ֆունկցիաներից մեկի համեմատական գերակշռությանը։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս փորձը, համեմատաբար թույլ զարգացած ապրանքային շրջանառությունը բավական է, որ այդ բոլոր ձևերը կարողանային գոյանալ։ Այլ է կապիտալի հարցը։ Նրա գոյության պատմական պայմաններն ամենևին չեն սպառվում ապրանքային ու փողային շրջանառության առկայությամբ։ Կապիտալն առաջ է գալիս միայն այնտեղ, որտեղ արտադրության միջոցների ու կենսամիջոցների տերը շուկայում գտնում է ազատ բանվորի՝ որպես իր աշխատուժը ծախողի, և հենց այս մեկ պատմական պայմանն իր մեջ մի ամբողջ համաշխարհային պատմություն է կրում։ Ահա ինչու կապիտալը հենց իր ծագման պահից ազդարարում է արտադրության հասարակական պրոցեսի մի առանձին դարաշրջանի գալուստը[41]։
Հիմա մենք պետք է ավելի մոտիկից քննենք այդ յուրահատուկ ապրանքը — աշխատուժը։ Բոլոր մյուս ապրանքների նման նա ևս ունի արժեք[42]։ Ինչո՞վ է որոշվում այդ արժեքը։
Աշխատուժի, ինչպես և ամեն մի այլ ապրանքի արժեքը որոշվում է այն աշխատաժամանակով, որ անհրաժեշտ է առևտրի այդ առանձնահատուկ առարկայի արտադրության, հետևապես նաև վերարտադրության համար։ Որչափով աշխատուժն արժեք է, նրա մեջ ևս ներկայացված է լոկ առարկայացած հասարակական միջին աշխատանքի մի որոշ քանակ։ Աշխատուժը գոյություն ունի միայն որպես կենդանի անհատի ընդունակություն։ Ուստի կենդանի անհատի գոյությունը աշխատուժը պահպանելու նախադրյալն է։ Եթե անհատի գոյությունը տրված է, ապա աշխատուժի արտադրությունը հենց կենդանի անհատի վերարտադրությունը, նրա գոյության պահպանումն է։ Իր գոյությունը պահպանելու համար կենդանի անհատը կարիք ունի կենսամիջոցների մի որոշ գումարի։ Այսպիսով, աշխատուժի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը հանգում է այդ կենսամիջոցների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակին, կամ աշխատուժի արժեքն այն կենսամիջոցների արժեքն է, որոնք անհրաժեշտ են աշխատուժի տիրոջ գոյությունը պահպանելու համար։ Բայց աշխատուժն իրականանում է միայն իր արտաքին դրսևորման միջոցով և իրացվում է միայն աշխատանքի մեջ միայն։ Աշխատուժի իրականացման պրոցեսում, այսինքն՝ աշխատանքի մեջ, ծախսվում են որոշ քանակությամբ մարդկային մկաններ, ներվեր, ուղեղ և այլն, որոնք պետք է կրկին հատուցվեն։ Այդ ուժեղացրած ծախսումը ենթադրում է ուժեղացրած հատուցում[43]։ Աշխատուժի սեփականատերը, որն այսօր աշխատել է, պետք է վաղը կարողանա կրկնել միևնույն պրոցեսը ուժի և առողջության նախկին պայմաններում։ Հետևաբար, կենսամիջոցների գումարը պետք է բավական լինի աշխատող անհատին, որպես այդպիսի անհատի՝ նրան նորմալ կենսագործունեության վիճակում պահելու համար։ Իրենք՝ բնական պահանջմունքները, ինչպես սնունդը, հագուստը, վառելիքը, բնակարանը և այլն, տարբեր են, նայած այս կամ այն երկրի կլիմայական ու այլ բնական առանձնահատկություններին։ Մյուս կողմից, այսպես կոչված, անհրաժեշտ պահանջմունքների չափը, ինչպես և նրանց բավարարման եղանակները, պատմության իսկ արդյունք են մեծ մասամբ կախված են երկրի կուլտուրական մակարդակից, ի միջի այլոց, զգալի չափով նաև նրանից, թե ազատ բանվորների դասակարգը ի՛նչ պայմաններում և, ուրեմն, ինչպիսի սովորություններով ու ինչպիսի կենսական պահանջներով է ձևավորվել[44]։ Այսպես ուրեմն, մյուս ապրանքներին հակադիր՝ աշխատուժի արժեքի որոշումը պարունակում է պատմական ու բարոյական տարր։ Սակայն որոշ երկրի համար և որոշ ժամանակաշրջանի համար բանվորին անհրաժեշտ կենսամիջոցների ծավալն ու կազմը միջին հաշվով տրված մեծություն է։
Աշխատուժի սեփականատերը մահկանացու է։ Հետևաբար, որպեսզի նա անընդհատ երևան գա շուկայում, ինչպես այդ պահանջում է փողի անընդհատ փոխակերպումը կապիտալի, աշխատուժ վաճառողը պետք է հավերժացնի իրեն, «ինչպես հավերժացնում է իրեն ամեն մի կենդանի անհատ, այսինքն՝ բազմանալու միջոցով»[45]։ Մաշվելու և մեռնելու հետևանքով շուկայից չքացող աշխատուժերը պետք է շարունակ փոխարինվեն առնվազն նույն թվով նոր աշխատուժերով։ Ուստի աշխատուժի արտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցների գումարը պարունակում է նաև այդպիսի փոխարինողների, այսինքն՝ բանվորների երեխաների կենսամիջոցները և այդպիսով յուրահատուկ ապրանքատերերի այդ ռասան հավերժանում է ապրանքային շուկայում[46]։
Մարդկային ընդհանուր բնությունն այնպես վերափոխելու համար, որ նա աշխատանքի մի որոշ ճյուղի մեջ պատրաստություն ու հմտություն ձեռք բերի, զարգացած և առանձնահատուկ աշխատուժ դառնա, պահանջվում է որոշ կրթություն կամ դաստիարակություն, որը, իր հերթին, ապրանքային համարժեքների ավելի մեծ կամ ավելի փոքր գումար արժե։ Կրթության այդ ծախքերը տարբեր են՝ նայած աշխատուժի որակավորմանը։ Հետևապես, ուսուցման այդ ծախքերը, որոնք բոլորովին չնչին են սովորական աշխատուժի համար, մտնում են նրա արտադրության վրա ծախսվող արժեքների շրջանակի մեջ։
Այսպես ուրեմն, աշխատուժի արժեքը հանգում է կենսամիջոցների որոշ գումարի արժեքին։ Այդ պատճառով նա փոխվում է այդ կենսամիջոցների արժեքը փոխվելու հետ, այսինքն՝ սրանց արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի մեծությունը փոխվելու հետ։
Կենսամիջոցների մի մասը, օրինակ, սննդամթերքները, վառելիքը և այլն, ամեն օր սպառվում են, ուստի և պետք է ամեն օր փոխարինվեն։ Մյուս կենսամիջոցները՝ ինչպես հագուստը, կահույքը և այլն, գործածվում են ավելի կամ պակաս երկար ժամանակամիջոցում, ուստի և միայն ավելի երկար ժամանակամիջոց անցնելուց հետո ենթակա են փոխարինման։ Որոշ ապրանքներ գնվում են, կամ նրանց գինը վճարվում է ամեն օր, մյուսները՝ շաբաթը մի անգամ, քառորդ տարին մի անգամ և այլն։ Բայց այդ ծախսերի գումարը ինչպես էլ որ բաշխված լինի, օրինակ, մի տարվա ընթացքում, պետք է ծածկվի օրեցօր ստացվող սովորական, միջին մուտքերով։ Եթե աշխատուժի արտադրության համար ամեն օր անհրաժեշտ ապրանքների մասսան = A, յուրաքանչյուր շաբաթ պահանջվողներինը = B, քառորդ տարին մեկ անգամ պահանջվողներինը = C և այլն, ապա այղ ապրանքների օրական միջին քանակը = Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։ Ենթադրենք, որ միջին օրվա համար անհրաժեշտ այդ ապրանքային մասսան պարունակում է հասարակական աշխատանքի 6 ժամ. այն ժամանակ աշխատուժի մեջ օրական առարկայանում է հասարակական միջին աշխատանքի օրվա կեսը, այսինքն՝ աշխատուժի օրական արտադրության համար պահանջվում է կես աշխատանքային օր։ Աշխատուժի օրական արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի այդ քանակը կազմում է աշխատուժի օրական արժեքը, կամ ամեն օր վերարտադրվող աշխատուժի արժեքը։ Եթե հասարակական միջին աշխատանքի կես օրը արտահայտվում է երեք շիլլինգ կամ մեկ թալեր ոսկու մասսայի մեջ, ապա մեկ թալերն աշխատուժի օրական արժեքին համապատասխանող գինն է։ Եթե աշխատուժի տերն աշխատուժը ամեն օր վաճառում է մեկ թալերով, ապա նրա վաճառքի գինը հավասար է նրա արժեքին, և փողատերը, որ ծարավի է իր թալերը կապիտալի փոխարկելու, մեր ենթադրությամբ այդ արժեքն իսկապես վճարում է։
Աշխատուժի արժեքի ամենացածր կամ նվազագույն սահմանը կազմում է ապրանքային այն մասսայի արժեքը, որի ամենօրյա հոսանքի բացակայության դեպքում աշխատուժի կրողը, մարդը, չէր կարողանա վերանորոգել իր կյանքի պրոցեսը, այսինքն՝ ֆիզիկապես անհրաժեշտ կենսամիջոցների արժեքը։ Եթե աշխատուժի գինն ընկնում է մինչև այդ մինիմումը, ապա նա ընկնում է արժեքից ցած, որովհետև այդ պայմաններում աշխատուժը կարող է պահպանվել և արտահայտվել միայն տկարացած ձևով։ Մինչդեռ ամեն մի ապրանքի արժեք որոշվում է այն աշխատաժամանակով, որը պահանջվում է նորմալ լավորակություն ունեցող ապրանքի արտադրության համար։
Վերին աստիճանի էժանագին սենտիմենտալություն կլիներ կոպիտ համարել աշխատուժի արժեքի այդ սահմանումը, որ բխում է հենց գործի էությունից, և գանգատվել (Ռոսիի նման. «Աշխատունակությունը (puissance de travail) քննել, վերանալով արտադրության պրոցեսի ժամանակ աշխատանքը պահպանող կենսամիջոցներից, նշանակում է իր սեփական մտահերյուրանքները (être de raison) քննել։ Ով ասում է աշխատանք, ով ասում է աշխատունակություն, նա միաժամանակ ասում է՝ բանվոր ու նրա գոյամիջոցներ, բանվոր ու աշխատավարձ»[47]։ Աշխատունակությունը դեռ աշխատանք չէ, ճիշտ այնպես, ինչպես որ մարսելու ընդունակությունը դեռ փաստական մարսում չէ։ Վերջին պրոցեսը տեղի ունենալու համար, ինչպես հայտնի է, բավական չէ լավ ստամոքս ունենալը։ Ով աշխատունակության մասին է խոսում, նա չի վերանում նրա պահպանման համար անհրաժեշտ կենսամիջոցներից, որովհետև նրա արժեքն էլ հենց արտահայտում է այդ կենսամիջոցների արժեքը։ Բայց այդ հանգամանքը ոչ մի օգուտ չի բերում բանվորին, եթե նրա աշխատուժը գնորդ չի գտնում։ Ընդհակառակը, այս դեպքում նա որպես մի բնական անողոք անհրաժեշտություն է ըմբռնում այն փաստը, որ իր աշխատունակությունն արտադրելու համար կենսամիջոցների մի որոշ քանակ է պահանջվել և շարունակ կրկին ու կրկին պահանջվում է դրա վերարտադրության համար։ Այն ժամանակ նա Սիսմոնդիի հետ միասին հետևյալ հայտնագործությունն է անում. «Աշխատունակությունը... ոչինչ է, եթե նա չի վաճառված»[48]։
Այս առանձնահատուկ ապրանքի, աշխատուժի, յուրահատուկ բնությունն արտահայտվում է ի միջի այլոց նրանով, որ գնորդի ու վաճառորդի միջև պայմանագիր կնքելուց հետո աշխատուժի սպառողական արժեքը փաստորեն դեռ չի անցնում գնորդի ձեռքը։ Աշխատուժի արժեքը, ամեն մի ուրիշ ապրանքի արժեքի նման, որոշվել էր նախքան նա շրջանառության մեջ կմտներ. որովհետև աշխատուժի արտադրության վրա արդեն ծախսվել է հասարակական աշխատանքի մի որոշ քանակ, բայց նրա սպառողական արժեքը միայն նրա հետագա ակտիվ դրսևորումներն են։ Այսպիսով, ուժի օտարումն ու նրա իրական դրսևորումը, այսինքն նրա՝ որպես սպառողական արժեքի առկա գոյությունը ժամանակորեն անջատվում են իրարից։ Բայց այնպիսի ապրանքներ վաճառելիս, որոնց սպառողական արժեքի ձևական օտարումը ժամանակորեն անջատվում է նրա փաստական հանձնումից գնորդին, գնորդի փողը սովորաբար գործում է որպես վճարման միջոց[49]։ Արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող բոլոր երկրներում աշխատուժը վարձատրվում է միայն այն բանից հետո, երբ նա արդեն գործել է իր գնման պայմանագրով սահմանված ժամանակամիջոցում, օրինակ, յուրաքանչյուր շաբաթվա վերջին։ Այսպիսով, բանվորն ամեն տեղ իր աշխատուժի սպառողական արժեքը ավանսավորում է կապիտալիստին. նա թույլ է տալիս, որ իր աշխատուժը գնորդը գործադրի նախքան աշխատուժի գինը վճարելը, մի խոսքով՝ ամեն տեղ բանվորը վարկավորում է կապիտալիստին։ Որ այս վարկավորումը դատարկ հնարանք չէ, ցույց են տալիս ո՛չ միայն վարկատուի աշխատավարձի կորուստը կապիտալիստի սնանկության դեպքում[50], այլև ավելի երկարատև ներգործություն ունեցող փաստերի մի ամբողջ շարք[51]։ Սակայն բուն իսկ ապրանքային փոխանակության բնույթը չի փոխվում այն հանգամանքից, թե արդյոք փողը որպես գնման միջոց, թե որպես վճարման միջոց է գործում։ Աշխատուժի գինը, ինչպես տան վարձը, սահմանված է պայմանագիրը կնքելիս, թեև միայն հետո է իրացվելու։ Աշխատուժն արդեն վաճառված է, թեև նրա վճարը հետո է միայն ստացվելու։ Սակայն տվյալ հարաբերությունն իր մաքուր ձևով հետազոտելու համար օգտակար է ժամանակավորապես ենթադրել, որ աշխատուժի տերն այդ ուժը վաճառելու հետ միաժամանակ միշտ ստանում է նաև պայմանագրով սահմանված գինը։
Հիմա մենք ծանոթացանք, թե ինչպես է սահմանվում այն արժեքը, որ փողատերը վճարում է այդ յուրահատուկ ապրանքի՝ աշխատուժի տիրոջը։ Նրա սպառողական արժեքը, որ փողատերը, իր հերթին, ստանում է փոխանակության ժամանակ, երևան կգա միայն փաստական օգտագործման պրոցեսում, աշխատուժի սպառման պրոցեսում։ Այդ պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր իրերը, ինչպես, օրինակ, հում նյութը և այլն, փողատերը գնում է ապրանքային շուկայում և վճարում է նրանց լրիվ գինը։ Աշխատուժի սպառման պրոցեսը միաժամանակ ապրանքի ու հավելյալ արժեքի արտադրության պրոցես է։ Աշխատուժի, ինչպես և ամեն մի այլ ապրանքի սպառումը կատարվում է շուկայից կամ շրջանառության ոլորտից դուրս։ Այս պատճառով թողնենք այդ աղմկալի, հասարակության մակերեսի վրա գտնվող, բոլորի և ամեն մեկի դիտողությանը մատչելի ոլորտը և փողատիրոջ ու աշխատուժի տիրոջ հետ իջնենք արտադրության խորհրդավոր ընդերքը, որի մուտքի վրա գրված է «No admittance except on business» [Կողմնակի անձանց մուտքն արգելվում է]։ Այստեղ մենք կծանոթանանք ո՛չ միայն այն բանին, թե ֊կապիտալն ինչպես է արտադրում, այլև այն բանին, թե ինչպես են իրեն՝ կապիտալին արտադրում։ Շահույթ ձեռք բերելու գաղտնիքը վերջապես պետք է բացվի մեր առաջ։
Շրջանառության, կամ ապրանքային փոխանակության ոլորտը, որի շրջանակներում կատարվում է աշխատուժի գնումն ու վաճառքը, մարդու բնածին իրավունքների մի իսկական դրախտավայր է։ Այստեղ իշխում են միմիայն ազատությունը, հավասարությունը, սեփականությունն ու Բենթամը։ Ազատությո՜ւնը։ Որովհետև ապրանքի, օրինակ, աշխատուժի գնորդն ու վաճառորդը ղեկավարվում են միայն իրենց ազատ կամքի թելադրանքներով։ Նրանք պայմանագիր են կնքում որպես ազատ, իրավաբանորեն միատեսակ դիրքեր վայելող անձեր։ Պայմանագիրն այն վերջնական հետևանքն է, որի մեջ իրենց ընդհանուր իրավաբանական արտահայտությունն են գտնում նրանց կամքերը։ Հավասարությո՜ւնը։ Որովհետև նրանք միմյանց հարաբերում են լոկ որպես ապրանքատերեր և համարժեքը փոխանակում են համարժեքի հետ։ Սեփականությո՜ւնը։ Որովհետև նրանցից յուրաքանչյուրը տնօրինում է իրեն պատկանածը միայն։ Բենթա՜մը։ Որովհետև ամեն մեկը հոգում է միայն իր մասին։ Միակ ուժը, որ նրանց կապում է միմյանց հետ — նրանցից յուրաքանչյուրի սեփական օգուտի ձգտումն է, նրանց շահախնդրությունը, անհատական շահը։ Բայց հենց այն պատճառով, որ ամեն մեկը հոգում է միայն իր մասին և ոչ ոք չի հոգում ուրիշի մասին, նրանք բոլորը իրերի նախասահմանված ներդաշնակության հետևանքով կամ ամենախորամանկ նախախնամության ղեկավարությամբ իրականացնում են միայն իրենց փոխադարձ շահը, իրենց ընդհանուր օգուտը, իրենց ընդհանուր ակնկալումը։
Հրաժեշտ տալով պարզ շրջանառության, կամ ապրանքային փոխանակության այդ ոլորտին, որից vulgaris ֆրիտրեդերը քաղում է իր բոլոր հայացքները, հասկացողությունները, կապիտալի ու վարձու աշխատանքի հասարակության վերաբերյալ իր բոլոր դատողությունների մասշտաբը,— հրաժեշտ տալով այդ ոլորտին, մենք նկատում ենք, որ արդեն սկսում են մի քիչ փոխվել մեր dramatis personae [գործող անձերի] կերպարանքները։ Նախկին փողատերը ընթանում է առջևից իբրև կապիտալիստ, նրա հետևից գնում է աշխատուժի տերն իբրև նրա բանվոր, մեկը բազմանշանակալից կերպով ժպտում է և այրվում է գործի կպչելու ցանկությամբ, մյուսը քարշ է գալիս գլխիկոր, կամա-ակամա, ինչպես մի մարդ, որն իր սեփական կաշին է վաճառել շուկայում, ուստի և ապագայի ոչ մի հեռանկար չի տեսնում, բացի մի հեռանկարից, որ այդ կաշին դաբաղելու են։
- ↑ Այն հակադրությունը, որ կա անձնական ստորադասության ու տիրապետության հարաբերությունների վրա հիմնված հողային սեփականության իշխանության և փողի անդեմ իշխանության միջև, լավ է արտահայտված ֆրանսիական երկու առածների մեջ. «Nulle terre sans seigneur».— «L’argent n’a pas de maitre» [«Չկա հող, որ տեր չունենա»։ — «Փողը տեր չունի»։]
- ↑ «Փողով ապրանք են գնում և ապրանքով փող են գնում» (Mercier de la Rivère: «L’Ordre Naturel et Essentiel des: Sociétés Politiques», «Physiocrates», հրատ. Daire, մ. II, էջ 543)։
- ↑ «Երբ մի իր գնում են նորից վաճառելու նպատակով, ապա այդ դեպքում ծախսված գումարը կոչվում է ավանսավորված փող. իսկ եթե իրը չի գնվում վաճառելու համար, ապա փողը կարող է կոչվել ծախսված վաղ» (James Steuart: «Works» etc., edited by General Sir James Steuart, his son. London 1805, հ. I, էջ 274)։
- ↑ «Փողը չեն փոխանակում փողի հետ»,—բացագանչում է Մերսյե դե լա Ռիվիերը մերկանտիլիստների հասցեին («L’Ordre Naturel et Essentiel des Sociétés Politiques», «Physiocrates», հրատ. Daire, էջ 486)։ Մի աշխատության մեջ, որը հատկապես խոսում է «առևտրի» ու «սպեկուլյացիայի» մասին, կարդում ենք. «Ամեն մի առևտուր այլատեսակ իրերի փոխանակություն է, և օգուտը (վաճառականի՞ համար) հենց այս այլտեսակաթյունից է ծագում։ Մի ֆունտ հացը մի ֆունտ հացի հետ փոխանակելը ոչ մի ամենափոքր օգուտ չէր բերի... այստեղից էլ առաջ է գալիս օգտավետ հակադրությունն առևտրի և այն խաղի միջև, որը ներկայացնում է փողի փոխանակումը փողի հետ» (Th. Gorbet: «An Inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals; or the Principles of Trade and Speculation explained», London 1841, էջ 5)։ Թեև Կորբետը չի նկատում, որ Փ—Փ, փողը փողի հետ փոխանակելը, շրջանառության այն ձևն է, որը բնորոշ է ո՛չ միայն առևտրական կապիտալի,այլև առհասարակ ամեն մի կապիտալի համար, բայց նա համենայն դեպս ընդունում է, որ առևտրի մի տեսակ այն է՝ սպեկուլյացիայի մեջ այս ձևը համընկնում է խաղի հետ. բայց ահա հայտնվում է Մակ Կուլլոխը և գտնում, որ վաճառելու համար կատարվող ամեն մի գնում սպեկուլյացիա է, և, այսպիսով, բոլորովին չքանում է տարբերությունը սպեկուլյացիայի ու առևտրի միջև։ «Ամեն մի գործարք, որի ժամանակ մի անհատ արդյունքը գնում է նորից վաճառելու նպատակով, փաստորեն սպեկուլյացիա է» (Mac Culloch: «A Dictionary Practical etc. of Commerce», London 1S47, էջ 1009)։ Անհամեմատ ավելի միամիտ է Պինտոն — Ամստերդամի բորսայի Պինդարոսը. «Առևտուրը խաղ է (այս դրույթը նա փոխ է առնում Լոկկից) և, իհարկե, չի կարելի շահել՝ խաղալով այնպիսի մեկի հետ, որը ոչինչ չունի։ Ուստի, եթե որևէ մեկը երկար ժամանակվա ընթացքում միշտ և բոլորին տաներ, ապա նա ստիպված կլիներ իր շահույթի մեծ մասը կամովին վերադարձնել, խաղը վերսկսելու համար» (Pinto «Traité de la Circulation et du Crédit». Amsterdam 1771, էջ 231)։
- ↑ «Կապիտալը... բաժանվում է նախասկզբնական կապիտալի և շահույթի, կապիտալի աճի... թեև գործնականում հենց այդ շահույթը նորից միանում է կապիտալին և նրա հետ միասին շրջապտույտի մեջ է դրվում» (F. Engels: «Umrisse zu einer Kritik der Nationalökonomie», «Deutsch-Französische Jahrbücher»-ում, herausgegeben von Arnold Ruge und Karl Marx». Paris 1844, էջ 99)։ [Ֆ. Էնգելս. «Քաղաքատնտեսության քննադատության ուրվագծեր»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. II, էջ 306։]
- ↑ Արիստոտելը խրեմատիստիկային հակադրում է էկոնոմիկան։ Նա ելնում է էկոնոմիկայից։ Որչափով վերջինը մի բան ձեռք բերելու արվեստ է, նա սահմանափակվում է կյանքի համար անհրաժեշտ կամ տան ու պետության համար օգտակար բարիքներ ձեռք բերելով։ «Իսկական հարստությունը (ό άληθινός πλοΰτος) կազմված է այդպիսի սպառողական արժեքներից. որովհետև սեփականության այդ տեսակի այն քանակը, որ անհրաժեշտ է լավ կյանքի համար, անսահման չէ։ Սակայն կա ձեռք բերելու արվեստի մի այլ տեսակ, որը սովորաբար և միանգամայն ճիշտ կերպով խրեմատիստիկա է կոչվում. վերջինիս համար, ըստ երևույթին, հարստության ու սեփականության սահմաններ գոյություն չունեն։ Ապրանքային առևտուրը (ήκαπηλική բառացի նշանակում է մանրածախ առևտուր, և Արիստոտելը այդ ձևն է վերցնում, որովհետև նրա մեջ սպառողական արժեքն է վճռական դեր խաղում) իր բնույթով չի պատկանում խրեմատիստիկային, որովհետև այստեղ փոխանակությունը տարածվում է միայն հենց իրենց (գնորդների ու վաճառորդների) համար անհրաժեշտ առարկաների վրա»։ Ուստի,— ասում է նա այնուհետև,— ապրանքային առևտրի սկզբնական ձևը փոխանակային առևտուրն էր, բայց նրա ծավալվելու հետ անհրաժեշտորեն առաջ է գալիս փողը։ Փողի գյուտից հետո փոխանակային առևտուրը պետք է անխուսափելիորեն զարգանալով դառնար καπηλική, ապրանքային առևտուր, իսկ այս վերջինը, հակասելով իր սկզբնական տենդենցին՝ փոխարկվեց խրեմատիստիկայի, փող շինելու արվեստին։ Այնուհետև խրեմատիստիկան նրանով է տարբերվում էկոնոմիկայից, որ «նրա համար շրջանառությունը հարստության աղբյուր է» (ποιητική χρημάτων... διά χρημάτων μεταβολής)։ Խրեմատիստիկան ամբողջովին կառուցված է փողի վրա, որովհետև փողը փոխանակության այդ տեսակի սկիզբն ու վախճանն է (το γάρ νόμισμα στοιχεΐον καί πέρας τής άλλαγής έστίν)։ Ահա ինչու հարստությունը, որին ձգտում է խրեմատիստիկան, անսահման է։ Չէ՞ որ ամեն մի արվեստ, որի խնդիրը ո՛չ թե որևէ բանի միջոց է ծառայում, այլ վերջնական նպատակ է, անսահման է այդ նպատակին ավելի ու ավելի մոտենալու իր ձգտումով, այնինչ այն արվեստները, որոնք հետամուտ են որոշ նպատակի համար միջոցներ գտնելու, անսահման չեն, որովհետև հենց այդ նպատակը նրանց առջև սահման է դնում։ Այսպիսով, խրեմատիստիկան իր նպատակի համար սահման չի ճանաչում, բայց նրա նպատակը բացարձակ հարստացումն է։ Էկոնոմիկան, բայց ոչ թե խրեմատիստիկան, սահման ունի... առաջինը նպատակ է դնում բուն փողից տարբեր մի բան, մյուսը միայն փողի ավելացում է որոնում... Միմյանց փոխարկվող երկու ձևերի շփոթումը ոմանց առիթ է տվել փող պահելն ու նրա քանակն անվերջ շատացնելն էկոնոմիկայի վերջնական նպատակը համարել (Aristoteles: «De Republica», հրատ. Bekker, գիրք I, գլ. 8 և 9, տարբեր տեղերում)։ [Հմմտ. «Политика Аритотеля», գիրք I, էջ 22-26, տարբեր տեղերում։ Թարգմ. Ժեբելյովի, ՍՊԲ. 1911։]
- ↑ «Ապրանքը (այստեղ գործ է ածված սպառողական արժեքի իմաստով) չէ, որ կապիտալիստ արդյունաբերողի համար որոշիչ նշանակություն ունի... փողն է նրա վերջնական նպատակը» (Th. Chalmers: «On Political Economy etc.», 2-րդ հրատ. Glascow 1832, էջ 165, 166)։
- ↑ «Վաճառականը համարյա ոչ մի բանի տեղ չի դնում արդեն ստացած շահույթը, այլ միշտ ձգտում է նոր շահույթի» (A. Genovesi: «Lezioni di Economia Civile» (1765)։ Իտալացի տնտեսագետների Custodi-ի հրատարակություն, Parte Moderna, հ. VIII, էջ 139)։
- ↑ «Շահույթի անհագ տենչը, auri sacra fames-ն [ոսկու սրբազան ծարավն] է միշտ որոշում կապիտալիստների գործունեությունը» (Mac Culloch: «The Principles of Economy». London 1830, էջ 179)։ Ինքնին հասկանալի է, որ այդ տեսակետը Մակ Կուլլոխին և Ընկ. ամենևին չի խանգարում թեորիական դժվարությունների րոպեին, օրինակ, գերարտադրությունը ուսումնասիրելիս, միևնույն կապիտալիստին դարձնելու մի բարի քաղքենի, որին միայն սպառողական արժեքներ են հարկավոր, որին տանջում է գայլի իսկական ախորժակը կոշիկների, գլխարկների, ձվերի, քթի և ուրիշ սպառողական արժեքների նկատմամբ, որոնք նույնքան անմիջականորեն ընտանեկան օջախին են վերաբերում։
- ↑ «Σώζειν» [«փրկել»] բառը հույների բնորոշ արտահայտությունն է գանձի կուտակումն արտահայտելու համար։ Նույն կերպ էլ «to save» անգլերեն նշանակում է թե՛ «փրկել» և թե՛ «պահպանել»։
10a «Այն անվերջությունը, որին իրերը չեն հասնում մեկ ուղղությամբ առաջ շարժվելով, նրանք հասնում են շրջապտույտի միջոցով» (Galiani: [«Della Moneta», գիրք II, «Scrittori Classici Italiani di Economia Politica», հրատ. Custodi-ի, հատ. III, Milano 1803, էջ 156])։ - ↑ «Ոչ թե տվյալ նյութն է ինքնըստինքյան կապիտալ կազմում, այլ այդ նյութի արժեքը» (J. B. Say. «Traité d’Éconoinie Polilique», 3-րդ հր., Paris 1817, հ. II, էջ 429)։
- ↑ «Արտադրողական նպատակով գործադրվող շրջանառու փողը [Currency] (!) կապիտալ է» (Macleod: «The Theory and Practice of Banking». London 1855, հ. I, գլ. I, էջ 55)։ «Կապիտալը — ապրանքներն են» (James Mill: «Elements of Political Economy». London 1821, էջ 74)։
- ↑ «Կապիտալը... իրեն անընդհատ բազմապատկող արժեք է» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 88, 89)։ [Հմմտ. Симон де Сисмонди: «Новые начала политической экономии», հ. I, Соцэкгиз, 1936թ., էջ 185։]
- ↑ «Փոխանակությունը մի զարմանալի գործարք է, որի ժամանակ երկու կոնտրագենտներն էլ շահում են միշտ (!)» (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 68)։ Նույն այս գիրքը հետագայում լույս է տեսել «Traité d’Économie Politique» վերնագրով։
- ↑ Mercier de la Rivière: «L’Ordre Naturel et Essentiel», «Physiocrates», հրատ. Daire, մ. II, էջ 544)։
- ↑ «Արդյոք այդ երկու արժեքից մեկը փող է, թե նրանք երկուսն էլ սովորական ապրանք են, ինքնին ամենևին նշանակություն չունի» (Mercier de la Rivière, նույն տեղում, էջ 543)։
- ↑ «Կոնտրագենտները չեն արժեքը որոշողը. արժեքը որոշված է նրանց գործարքի մեջ մտնելուց առաջ» (Le Trosne: «De l’Intérêt Social», «Physlocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 906)։
- ↑ «Dove é eguaglità, non è lucro» (Galiani: «Della Moneta», Custodi-ի ժողովածուի IV հատորում [«Scrittori Classici Italiani di Economia Politica»] Parte moderna, էջ 244)։
- ↑ «Փոխանակությունն անշահավետ է դառնում կողմերից մեկի համար, երբ մի որևէ կողմնակի հանգամանք պակասեցնում կամ բարձրացնում է գինը. այն ժամանակ հավասարությունը խախտվում է, բայց այդ կողմնակի պատճառի և ոչ թե բուն փոխանակության հետևանքով (Le Trosne: «De l’Intérêt Social», «Physiocrates», հրատ. Daire. Paris 1346, էջ 904)։
- ↑ «Փոխանակությունն իր էությամբ հավասարության պայմանագրություն է, որը արժեքի փոխարեն հավասար արժեք է բերում։ Հետևաբար, նա հարստացման միջոց չէ, որովհետև այստեղ տալիս են ճիշտ այնքան, որքան ստանում են» (Le Trosne, նույն տեղում, էջ 903)։
- ↑ Condillac: «Le Commerce et le Gouvernement» (1776), հրատ. Daire et Molinari «Mélanges d’Économie Politique»-ում, Paris 1847, էջ 267 և 291։
- ↑ Այս պատճառով Լե Տրոնը միանգամայն ճիշտ է պատասխանում իր բարեկամ Կոնդիլյակին. «Լիովին ձևավորված հասարակության մեջ ընդհանրապես որևէ տեսակի ավելցուկ չկա» [«De l’Intérêt Social», էջ 907]։ Միաժամանակ նա Կոնդիլյակին հեգնում է այն դիտողությամբ, թե «երբ երկու փոխանակողն էլ միատեսակ պլյուս են ստանում իրենց տվածի համեմատությամբ, ապա նրանք երկուսն էլ հավասար են ստանում» [նույն տեղում, էջ 904]։ Հենց այն պատճառով, որ Կոնդիյյակը դեռ ամենաչնչին պատկերացում անգամ չունի փոխանակային արժեքի բնույթի մասին, նա պ. պրոֆեսոր Վիլհելմ Ռոշերի համար ամենահարմար ղեկավարն է, երբ վերջինն իր սեփական մանկական հասկացողություններն է մշակում։ Տե՛ս նրա «Die Grundlagen der Nationalökonomie», dritte Auflage, 1858։
- ↑ S. P. Newman: «Elements of Political Economy». Andover and New-York 1835, էջ 175։
- ↑ «Արդյունքի անվանական արժեքը մեծանալիս վաճառորդները չեն հարստանում, որովհետև ճիշտ այնքանը որքան նրանք շահում են որպես վաճառորդներ, այնքան էլ նրանք կորցնում են որպես գնորդներ («The Essential Principles of the Wealth of Nations etc.». London 1797, էջ 66)։
- ↑ «Եթե վաճառորդներն ստիպված լինեին 18 լիվրով զիջելու արդյունքների մի այնպիսի քանակ, որը 24 լիվր արժե, ապա հենց որ նրանք ստացած փողը գործադրեին գնումների համար, նրանք, իրենց հերթին, 18 լիվրով կստանային ապրանք, որի դիմաց պետք էր 24 լիվր վճարել» (Le Trosne: «De l’Intérêt Social», «Physiocrates». հրատ. Daire, Paris 1846, էջ 897)։
- ↑ «Ոչ մի վաճառորդ չի կարող շարունակ թանկացնել իր բոլոր ապրանքները, չենթարկվելով ուրիշ վաճառորդների ապրանքների համար նույնպես շարունակ ավելի թանկ վճարելու անհրաժեշտությանը. հենց նույն պատճառով ոչ մի սպառող չի կարող ավելի էժան վճարել այն ամենի համար ընդհանրապես, որ նա գնում է՝ չենթարկվելով իր ծախած իրերի գինը համապատասխանորեն պակասեցնելու անհրաժեշտությանը» (Mercier de la Rivière: «L’Ordre Naturel et Essentiel», «Physiocrates», հրատ. Daire, մ. II, էջ 555)։
- ↑ R. Torrens: «An Essay on the Production of Wealth». London 1821, էջ 349։
- ↑ «Այն միտքը, թե սպառողներն են վճարում շահույթը, անկասկած բոլորովին անհեթեթ է։ Ովքե՞ր են այդ սպառողները» (G. Ramsay:— «An Essay on the Distribution of Wealth». Edinburgh 1836, էջ 183)։
- ↑ Եթե որևէ մեկը պահանջարկի պակասություն է զգում, արդյոք պ. Մալթուսը նրան խորհուրդ կտա՞ փողն ուրիշին տալու, որ սա նրանից ապրանքներ գնի»,— հարցնում է մի զայրացած ռիկարդյան Մալթուսից, որը ինչպես և իր աշակերտ տերտեր Չալմերսը, փառաբանում է զուտ գնորդների, կամ սպառողների դասակարգի տնտեսական նշանակությունը. Տե՛ս «An Inquiry into those Principles respecting the Nature of and the Necessity of Consumption, lately advocated by Mr. Malthus etc.». London 1871, էջ 55։
- ↑ Դեստյուտ-դե-Տրասին չնայած որ, իսկ գուցե և հենց այն պատճառով, որ Membre de i’Institut [ինստիտուտի անդամ] էր, հակառակ հայացք ուներ։ Արդյունաբերական կապիտալիստները,— ասում է նա,— նրանով են շահույթ ստանում, որ «նրանք բոլոր ապրանքները ավելի թանկ են վաճառում, քան նրանց արտադրությունն է նստում։ Իսկ նրանք ո՞ւմ են վաճառում այդ ապրանքները։ Նախ, միմյանց» («Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 239)։
- ↑ «Երկու հավասար արժեքների փոխանակությունը ո՛չ ավելացնում, ո՛չ էլ պակասեցնում է հասարակության մեջ եղած արժեքների ընդհանուր մասսան։ Անհավասար արժեքների փոխանակությունը ես ամենևին չի փոխում հասարակական արժեքների գումարը, այլ մեկի գույքին միայն ավելացնում է այն, ինչ վերցնում է մի ուրիշի գույքից» (J. B. Say: «Traité d’Économie Politique». Paris 1817, հ. II, էջ 443, 444)։ Սեյը այս դրույթը համարյա բառացի վերցնում է ֆիզիոկրատներից, ընդ որում, իհարկե, ամենևին չի էլ մտահոգվում դրանից բխող հետևությունների մասին։ Թե իր սեփական «արժեքը» մեծացնելու նպատակով նա որքան հիմնավորապես է շահագործել ֆիզիոկրատների երկերը, որոնք նրա ժամանակ համարյա բոլորովին մոռացվել էին, երևում է հետևյալ օրնակից monsieur Սեյի «հռչակավոր» դրույթը՝ «Արդյունքները գնվում են միայն արդյունքներով» (նույն տեղում, հ. II, էջ 441), ֆիզիոկրատի բնագրի մեջ այսպես է ասվում. Արդյունքների համար վճարում են միայն արդյունքներ» (Le Trosne: «De l’Intérêt Social», «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 899)։
- ↑ «Փոխանակությունը առհասարակ ոչ մի արժեք չի ավելացնում արդյուքների վրա» (F. Wayland: «The Elements of Poliltical Economy». Boston 1843։ էջ 169)։
- ↑ «Անփոփոխ համարժեքների տիրապետության ժամանակ առևտուրն անկարելի կլիներ» (G. Opdyke: Treatise on Political Economy». New York 1851, էջ 66-69)։ «Իրական արժեքի ու փոխանակային արժեքի միջև եղած տարբերության հիմքը կազմում է մեկ փաստ — հենց այն, որ իրի արժեքը տարբեր է առևտրի մեջ նրա փոխարեն տրվող, այսպես կոչված, համարժեքից, այսինքն՝ որ այդ համարժեքը համարժեք չէ» (F. Engels: «Umrisse zu einer Kritik der Nationalökonomie», «Deutsch-Französische Jahrbücher»-ում. Paris 1844, էջ 95, 96) [Ф. Энгельс: Очерки критики политической экономии»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. II, էջ 302։]
- ↑ Benjamin Franklin, Works, հ. II, հրատ. Sparks, «Positions to be examined concerning National Wealth»-ում, էջ 376։
- ↑ Aristoteles: «De Republica», գիրք I, գլ. 10 [էջ 17]։ [Հմմտ. «Политика Аристотеля », գիրք I, էջ 28, § 23, թարգմ. ժեբելյովի, ՍՊԲ, 1911։]
- ↑ «Շահույթը շուկայի սովորական պայմաններում փոխանակությամբ չի ստեղծվում։ Եթե նա առաջ գոյություն չունենար, ապա այդ գործարքից հետո էլ չէր կարող գոյություն ունենալ» (Ramsey: «An Essay on the Distribution of Wealth». Edinburgh 1836, էջ 184)։
- ↑ Այս ամբողջ շարադրանքից հետո ընթերցողը հասկանում է, իհարկե, որ դա միայն մի բան է նշանակում — կապիտալի գոյացումը պետք է հնարավոր չինի նաև այն դեպքում, եթե ապրանքների գները հավասար են նրանց արժեքներին։ Կապիտալի գոյացումը չի կարող բացատրվել ապրանքային գների շեղումներով ապրանքային արժեքներից։ Եթե գներն իրոք շեղվում են արժեքներից, ապա անհրաժեշտ է նախ դրանք վերածել վերջիններին, այսինքն՝ վերանալ այդ հանգամանքից, որպես բոլորովին պատահական մոմենտից՝ ապրանքային փոխանակության հիմքի վրա կապիտալի գռյացման երևույթը մաքուր ձևով ստանալու և կապիտալն ուսումնասիրելիս չմոլորվելու համար պրոցեսի իսկական ընթացքը մթագնող այդ կողմնակի հանգամանքից։ Իդեպ հայտնի է, որ այդ վերածումը բնավ մի սոսկ գիտական, մեթոդոլոգիական եղանակ չէ։ Շուկայական գների մշտական տատանումները, նրանց բարձրացումներն ու իջեցումները փոխհատուցվում են, փոխադարձաբար ոչնչանում են և իրենք իրենց վեր են ածվում միջին գնի, որպես իրենց ներքին նորմայի։ Այս վերջինը մի ուղեցույց աստղ է, օրինակ, վաճառականի կամ արդյունաբերողի համար ամեն մի ձեռնարկության մեջ, որը ավելի կամ պակաս երկար ժամանակաշրջան է ընդգրկելու։ Հետևաբար, ապրանքատերը գիտե, որ մի բավականաչափ ավելի երկար ժամանակաշրջան ամբողջությամբ քննելիս ապրանքները վաճառվում են իրապես ոչ ցածր, ոչ էլ բարձր, այլ հենց իրենց միջին գներով։ Եթե չշահագրգռված մտածողությունը նրան ձեռնտու լիներ ընդհանրապես, ապա նա պետք է կապիտալի գոյացման պրոբլեմն այսպես դներ.— կապիտալն ինչպե՞ս կարող է գոյանալ, երբ գները կարգավորվում են միջին գնով, այսինքն՝ վերջին հաշվով ապրանքի արժեքով։ Ասում եմ՝ «վերրջին հաշվով», որովհետև միջին գները ուղղակի չեն նույնանում ապրանքների արժեքի մեծությունների հետ, ինչպես կարծում էին Ա. Սմիթը, Ռիկարդոն և ուրիշներ։
- ↑ «Փողի ձևով... կապիտալը շահույթ չի արտադրում» (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London էջ 267)։ [Հմմտ. Д. Рикардо: «Начала политической экономии и податного обложения». Соцэкгиз, 1935 թ., էջ 124։]
- ↑ Կլասիկ հնադարի ռեալ էնցիկլոպեդիաներում կարելի է հանդիպել այն անհեթեթ պնդումին, թե անտիկ աշխարհում լիովին զարգացած էր կապիտալը,— «միայն ազատ բանվորն ու վարկային հիմնարկներն էին պակասում»։ Պ-ն Մոմզենն էլ իր «Հռոմեական պատմության» մեջ մի quid pro quo-ից մյուսի մեջն է ընկնում։
- ↑ Այս պատճառով էլ տարբեր օրենսդրություններ սահմանում են աշխատանքային պայմանագրի առավելագույն ժամկետը։ Այն ժողովուրդների մեջ, որտեղ ազատ է աշխատանքը, օրենսդրությունը միշտ սահմանում է վարձման պայմանագիրը լուծելու պայմանները։ Որոշ երկրներում, հատկապես Մեքսիկայում (ամերիկյան քաղաքացիական պատերազմից առաջ նաև այն տերիտորիաներում, որոնք նվաճվեցին Մեքսիկայից, իսկ ըստ էության նաև դանուբյան պրովինցիաներում՝ Կուզայի հեղաշրջումից առաջ) ստրկությունը գոյություն ունի քողարկված ձևով, այսպես կոչված «պեոնաժի» ձևով։ Այն փոխատվությունների միջոցով, որոնք աշխատանքով են հատուցվում, ընդ որում պարտավորությունը սերնդից սերունդ է անցնում, ո՛չ միայն առանձին բանվորը, այլև նրա ամբողջ ընտանիքը փաստորեն դառնում է մի ուրիշ անձի ու նրա ընտանիքի սեփականություն։ Խուարեսը վերացրեց «պեոնաժը»։ Այսպես կոչված կայսր Մաքսիմիլիանը նորից այն մտցրեց մի դեկրետով, որը Վաշինգտոնի ներկայացուցիչների պալատում ճիշտ կերպով նշավակվեց որպես Մեքսիկայում ստրկությունը վերականգնող դեկրետ։ «Իմ առանձին մարմնական ու հոգևոր ունակությունների և տարբեր տեսակի գործունեության ունակությունների օգտագործումը ես կարող եմ սահմանափակ ժամանակով օտարել մի ուրիշ անձի, որովհետև նրանք այդպիսի սահմանափակումից հետո միայն արտաքին առնչություն են պահպանում իմ ամբողջության ու ընդհանրականության հետ։ Բայց եթե ես օտարեի աշխատանքի պրոցեսում կոնկրետացած իմ ամբողջ ժամանակը, եթե ես օտարեի իմ արտադրողական ամբողջ գործունեությունը, ապա ես ուրիշի սեփականություն դարձրած կլինեի այդ գործունեության բուն էությունը, իմ ընդհանուր գործունեությունն ու գոյությունը, իմ անձնավորությունը» (Hegel: «Philosophie des Hechts». Berlin 1840, էջ 104, § 67)։ [Հմմտ. Гегель: «Философия права», Сочинения, հ. VII, Соцэкгиз, 1934 թ., էջ 91, § 67։]
- ↑ Կապիտալիստական դարաշրջանի բնորոշ առանձնահատկությունն այն փաստն է, որ աշխատուժը բանվորի իսկ համար ստանում է նրան պատկանող ապրանքի ձև, ուստի նրա աշխատանքն էլ ընդունում է վարձու աշխատանքի ձև։ Մյուս կողմից, միայն այդ վայրկյանից սկսած աշխատանքի արդյունքների ապրանքային ձևը ընդհանրական բնույթ է ստանում։
- ↑ «Մարդու արժեքը կամ արժողությունը ինչպես և բոլոր մյուս իրերինը, նրա գինն է, այսինքն՝ նա այնքան է, որքան կարող է ստացվել նրա ուժը օգտագործելուց» (Th. Hobbes: «Leviathan», «Works»-ում, հրատ. Molesworth, London 1839—1844. հ. III, էջ 76)։[Հմմտ. Т. Гоббс: «Левиафан», СПБ, 1868, էջ 59։]
- ↑ Հին-հռոմեական villicus-ը տնտեսը, որը հսկում էր հողագործական ստրուկներին, «որի վրա ավելի թեթև աշխատանք էր ընկած, քան սևագործ բանվորների վրա, ավելի քիչ էլ կենսամթերքներ էր ստանում»։ (Th. Mommsen: «Römische Geschichte», 1856, էջ 810)։ [Теодор Моммзен: «История Рима», Соцэкгиз 1936 թ., էջ 787։]
- ↑ Հմմտ. W. Th. Thornton: «Overpopulation and its Remedy». London 1846։
- ↑ Պետտի։
- ↑ «Աշխատանքի բնական գինը... կազմում է գոյության և հաճույքի անհրաժեշտ միջոցների այն քանակը, որն ըստ տվյալ երկրի բնության ու կլիմայի պայմանների և կենսական սովորությունների անհրաժեշտ է բանվորի գոյության ու այն բանի համար, որ նա հնարավորություն ունենա այնպիսի ընտանիք պահելու, որն ընդունակ է ապահովելու աշխատանքի չթուլացող առաջարկը շուկայում» (R. Torrens: «An Essay on the Extemal Corn Trade». London 1815, էջ 62)։ «Աշխատանք» բառն այստեղ սխալմամբ գրված է աշխատուժի փոխարեն։
- ↑ Rossi: «Cours d’Économie Politique». Bruxelles 1842, էջ 370։
- ↑ Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 113։ [Հմմտ. Сисмонди: «Новые начала политической экономии», հ. I, Соцэкгиз, 1936 թ., էջ 197։]
- ↑ «Ամեն մի աշխատանք վճարվում է միայն նրա ավարտվելուց հետո», (An Inquiry into those Principles respecting the Nature of Demand etc.». [London 1821], էջ 104)։ «Առևտրական վարկի սկիզբը պետք է վերագրել այն րոպեին, երբ բանվորը — ամեն մի արտադրության սկզբնաղբյուրը — իր խնայողությունների շնորհիվ հնարավորություն է ստացել իր աշխատանքի վարձատրությանն սպասելու մինչև շաբաթական, երկշաբաթյա, ամսական, եռամսյա և այլ ժամկետների վերջը (Ch. Ganilh: «Des Systèmes d’Éconornie Politique», 2-րդ հրատ. Paris 1821, հ. II, էջ 150)։
- ↑ «Բանվորը փոխ է տալիս իր արտադրողական ուժը»,— ասում է Շտորխը, բայց նենգամտորեն ավելացնում է,— նա «որևէ ռիսկի չի ենթարկվում», բացի «իր վաստակը կորցնելուց... որովհետև բանվորը ոչ մի նյութական բան չի մտցնում արտադրության մեջ» (Storch: «Cours d’Économie Politique». Petersbourg 1815, հ. II, էջ 36, 37)։ [Հմմտ. Генрих Шторх: «Kypc политической экономии или изложение начал, обусловливающих народное благоденствие»։ Թարգմանություն Վ. Վերնադսկու, ՍՊԲ, 1881, հ. I, գիրք 3, գլ. II, էջ 193։]
- ↑ Ահա մի օրինակ։ Լոնդոնում երկու տեսակ հացավաճառանոցներ կան — «full priced», որոնք հացը վաճառում են նրա լրիվ արժեքով, և «undersellers», որոնք այն վաճառում են այդ արժեքից ցած։ Հացագործների այս վերջին խավը կազմում է նրանց ընդհանուր թվի մոտ ¾-ը (կառավարական կոմիսար Հ. Ս. Տրեմենհիրի «Report»-ում, էջ XXXII, որ վերաբերում է «Grievances complained of by the journeymen bakers etc.». London 1862)։ Այս underseller-ները գրեթե առանց բացառության այնպիսի հաց են ծախում, որը կեղծած է պաղլեղի, սապոնի, պոտաշի, կրի, դերբշիրյան քարալյուրի և ուրիշ նույնքան հաճելի, սննդարար ու առողջարար նյութերի խառնուրդով։ (Տե՛ս վերը մատնանշված Կապույտ գիրքը, այլև «Committee of 1855 on the Adulteration of Bread»-ի հաշվետվությունը և դոկտոր Հեսսելի «Adulteration Detected», 2-րդ հրատ., London 1861։) Սըր Ջոն Գորդոնը 1855 թվականի կոմիտեին տված իր ցուցմունքների մեջ հայտարարեց, թե «այդպիսի կեղծման հետևանքով չքավորը, որի օրական սնունդը երկու ֆունտ հացն է կազմում, փաստորեն այդ սննդանյութերի քառորդ մասն էլ չի ստանում այժմ, դեռ մի կողմ թողած նրա առողջության վրա կեղծման թողած վնասակար հետևանքները»։ Թե ինչու «բանվոր դասակարգի զգալի մասը», չնայած այդ կեղծումներին շատ լավ տեղյակ լինելուն, այնուամենայնիվ գնում է պաղլեղ, քարալյուր և այլն, Տրեմենհիրը (վերոհիշյալ հաշվետվության XLVIII էջը) պատասխանում է, որ նրանք ստիպված են իրենց հացագործից կամ իրենց «chandler’s shop»-ից [կրպակից] այնպիսի հաց գնել ինչպիսին կբարեհաճեն առաջարկել նրանց»։ Որովհետև նրանց աշխատավարձը վճարվում է աշխատանքային շաբաթվա վերջում միայն, ուստի նրանք էլ, իրենց հերթին, «կարող են շաբաթվա ընթացքում իրենց ընտանիքների սպառած հացի փողը միայն շաբաթվա վերջում վճարելն. և, ավելացնում է Տրեմենհիրը, վկաների ցուցմունքներով հաստատելով այդ, «անկասկածելի կերպով ապացուցված է, որ այդպիսի խառնուրդներով պատրաստված հացը թխվում է հենց այդ տեսակ գնորդների համար» («It is notorieus that bread composed of those mixtures, is made expressly for sale in this manner»). «Անգլիայի (և հատկապես Շոտլանդիայի) բազմաթիվ գյուղատնտեսական շրջաններում աշխատավարձը վճարվում է երկու շաբաթը և նույնիսկ ամիսը մի անգամ։ Այդքան երկար վճարաժամկետների պատճառով գյուղատնտեսական բանվորն ստիպված է իրեն հարկավոր ապրանքները ապառիկ գնելու... Նա պետք է բարձր գներ վճարի և նա փաստորեն կաշկանդված է տվյալ կրպակատիրոջ կողմից, որը ապրանքներ է բաց թողնում նրան պարտքով։ Այսպես, օրինակ, Ուիլտսի Հորնինգսհեմում, որտեղ աշխատավարձը տրվում է ամիսը մեկ անգամ, բանվորի վրա 2 շիլլինգ 4 պենս է նստում մի ստոն [14 ֆունտ] այնպիսի ալյուրը, որ նա ուրիշ տեղ կարող էր գնել ստոնը 1 շիլլինգ 10 պենսով» («Sixth Report» on «Public Health» by «The Medical Officer of the Privy council etc.», 1864» էջ 264)։ «Պեյզիում և Կիլմարնոկում (Արևմտյան Շոտլանդիա) չթադրոշմիչ բանվորները 1853 թվականին գործադուլի միջոցով կարողացան վճարաժամկետը կարճացնելով, մեկ ամսից դարձնել 14 օր» («Reports of the Inspectors of Factories for 31th October 1853», էջ 34)։ Հետագա մի շատ հաճելի զարգացում այն վարկի, որ բանվորն է տալիս կապիտալիստին, կարելի է համարել անգլիական բազմաթիվ ածխարդյունաբերողների մեթոդը, որոնք բանվորին ամսվա վերջին են վճարում, իսկ այդ ժամանակամիջոցում նրան փոխատվություններ են տալիս, հաճախ ապրանքներով, որոնց համար բանվորն ստիպված է լինում նրանց շուկայական գնից ավելի բարձր վճարելու (Trucksystem)։ «Ածխարդյունաբերողների մոտ ընդհանուր սովորություն է դարձել աշխատավարձը վճարել ամիսը մեկ անգամ և բանվորներին փոխատվություններ տալ ամեն շաբաթվա վերջում։ Փոխատվությունը տրվում է կրպակում (այն է՝ tommy-shop-ում, այսինքն՝ նույն ձեռնարկատիրոջը պատկանող կրպակում). բանվորները փողն ստանում են կրպակի մի անկյունում և իսկույն ետ են տալիս մյուս անկյունում» («Children's Employment Commission, 3rd Report», London 1864, էջ 38, № 192)։