Երրորդ Բաժին: Շահույթի Նորմայի Անկման Տենդենցի Օրենքը

Գրապահարան-ից
Երրորդ հատոր: Գիրք երրորդ - Կապիտալիստական Արտադրության Ամբողջական Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ անհայտ (ռուսերենից)
աղբյուր՝ «Կապիտալ»

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՅԻ ԱՆԿՄԱՆ ՏԵՆԴԵՆՑԻ ՕՐԵՆՔԸ

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՕՐԵՆՔՆ ԻԲՐԵՎ ԱՅՍՊԻՍԻՆ

Տվյալ աշխատավարձի ու բանվորական օրվա տվյալ տևողության դեպքում մի փոփոխուն կապիտալ, որ հավասար է, օրինակ, 100-ի,— ներկայացնում է շարժման մեջ դրվող բանվորների մի որոշ թիվ. նա ինքն այս թվի ցուցանիշն է։ Թող, օրինակ, 100 ֆ. ստ. լինի 100 բանվորի աշխատավարձը, ասենք, 1 շաբաթվա համար։ Եթե այս 100 բանվորը նույն քանակությամբ անհրաժեշտ աշխատանք, որքան և հավելյալ աշխատանք են կատարում, ուրեմն իրենց համար, այսինքն իրենց աշխատավարձի վերարտադրության համար օրական նույնքան ժամանակ են աշխատում, որքան և կապիտալիստների համար, այսինքն հավելյալ արժեքի արտադրության համար, ապա նրանց արտադրած ամբողջ արդյունքի արժեքը կլինի = 200 ֆ. ստ., իսկ նրանց արտադրած հավելյալ արժեքը կանի 100 ստ.։ Հավելյալ արժեքի նորման՝ -ն կկազմի 100%։ Սակայն հավելյալ արժեքի այս նորման, ինչպես արդեն տեսանք, կարտահայտվի շահույթի շատ տարբեր նորմաներով, նայած հաստատուն կապիտալի՝ c-ի ու ընդսմին ամբողջ կապիտալի՝ C-ի տարբեր չափերին, որովհետև շահույթի նորման = ։ Հավելյալ արժեքի նորմայի 100% լինելու դեպքում

եթե c = 50, v = 100, ապա p´ = = 66%,
» c = 100, v = 100, ապա p´ = = 50%,
» c = 200 v = 100, ապա p´ = = 33%,
» c = 300, v = 100, ապա p´ = = 25%,
» c = 400, v = 100, ապա p´ = = 20%։

Այսպիսով ուրեմն, հավելյալ արժեքի նորման, աշխատանքի շահագործման անփոփոխ աստիճան է դեպքում, կարտահայտվեր շահույթի մի ընկնող նորմայով, որովհետև հաստատուն կապիտալի նյութական ծավալին զուգընթաց, թեև ոչ միևնույն հարաբերությամբ, աճում է հաստատուն կապիտալի, ուրեմն նաև ամբողջ կապիտալի արժեքի ծավալը։

Արդ, եթե ընդունենք այնուհետև, որ կապիտալի կառուցվածքի այս աստիճանական փոփոխությունը կատարվում է ոչ միայն առանձին արտադրական ոլորտներում, այլ ավելի կամ պակաս չափերով արտադրության բոլոր, կամ թե գոնե վճռող ոլորտներում, այնպես որ ուրեմն նա իր մեջ պարփակում է մի որոշ հասարակության պատկանող ամբողջ կապիտալի օրգանական միջին կառուցվածքի փոփոխություններ, ապա հաստատուն կապիտալի՝ փոփոխունի համեմատությամբ կատարվող այս աստիճանական աճման հետևանքը պետք է անհրաժեշտորեն լինի շահույթի ընդհանրական նորմայի մի աստիճանական անկում, անփոփոխ ընդունելով հավելյալ արժեքի նորման կամ աշխատանքի շահագործման աստիճանը կապիտալի կողմից։ Բայց, ինչպես տեսանք, արտադրության կապիտալիստական եղանակի մի օրենք է այն, որ արտադրության այդ եղանակի զարգացմանը զուգընթաց տեղի է ունենում փոփոխուն կապիտալի մի հարաբերական նվազում հաստատուն կապիտալի համեմատությամբ ու ընդսմին՝ շարժման մեջ դրված ամբողջ կապիտալի համեմատությամբ։ Այս լոկ այն է նշանակում, որ բանվորների նույն այն թիվը, բանվորական ուժի նույն այն քանակը, որին կարելի է տիրապետել արժեքային տվյալ մեծությունն ունեցող մի փոփոխուն կապիտալի միջոցով, կապիտալիստական արտադրության ներսում զարգացող արտադրական յուրահատուկ մեթոդների հետևանքով միևնույն ժամանակում շարժման մեջ է դնում, վերամշակում, արտադրողաբար սպառում է աշխատամիջոցների, մեքենաների ու ամեն տեսակի հիմնական կապիտալի, հումքի ու օժանդակ մատերիալի մշտապես աճող մի մասսա, ուրեմն և իր արժեքային մեծությամբ մշտապես աճող մի հաստատուն կապիտալ։ Հաստատուն կապիտալի և ուրեմն ամբողջ կապիտալի համեմատությամբ տեղի ունեցող՝ փոփոխուն կապիտալի այս հարատև հարաբերական նվազումը նույնն է, ինչ որ հասարակական կապիտալի միջին օրգանական կառուցվածքի պրոգրեսիվ բարձրացումը։ Այս նմանապես լոկ մի այլ արտահայտությունն է աշխատանքի հասարակական արտադրողականության պրոգրեսիվ զարգացման, որը երևան է գալիս հենց նրանով, որ մեքենաների ու ընդհանրապես հիմնական կապիտալի աճող գործադրման միջոցով միևնույն ժամանակում բանվորների միևնույն թվի կողմից, այսինքն, ավելի քիչ աշխատանքով, ավելի շատ հումք ու օժանդակ մատերիալ է արդյունքների փոխարկվում։ Հաստատուն կապիտալի արժեքային մեծության այս աճմանը — թեև սա լոկ հեռավոր կերպով է արտահայտում այն սպառողական արժեքների իրական մասսայի աճումը, որոնցից կազմված է հաստատուն կապիտալն իր իրեղեն բովանդակությամբ — համապատասխանում է արդյունքի մի աճող էժանացում։ Ամեն մի անհատական արդյունք, ըստինքյան քննած, աշխատանքի մի ավելի փոքր գումար է պարունակում, քան արտադրության ավելի ցած աստիճանի պայմաններում, երբ աշխատանքի վրա ծախսված կապիտալն անհամեմատ ավելի մեծ համամասնություն է կազմում արտադրամիջոցների վրա ծախսվածի նկատմամբ։ Հետևաբար այս գլխի սկզբում բերված ենթադրական շարքը կապիտալիստական արտադրության իրական տենդենցն է արտահայտում։ Այս արտադրությունը փոփոխուն կապիտալը հաստատունի համեմատությամբ հարատևորեն ու հարաբերաբար նվազեցնելուն զուգընթաց առաջ է բերում ամբողջ կապիտալի մի վերընթաց ավելի բարձր օրգանական կառուցվածք, որի անմիջական հետևանքն է լինում, որ աշխատանքի շահագործման անփոփոխ ու նույնիսկ բարձրացող աստիճանի պայմաններում հավելյալ արժեքի նորման արտահայտվում է շահույթի մշտապես ընկնող մի ընդհանրական նորմայով։ (Ստորև ցույց կտրվի, թե ինչու այս անկումը երևան է գալիս ոչ թե այս բացարձակ ձևով, այլ ավելի շուտ՝ պրոգրեսիվ անկման տենդենցի ձևով)։ Այսպիսով ուրեմն, շահույթի ընդհանրական նորմայի անկման պրոգրեսիվ տենդենցն արտադրության կապիտալիստական եղանակի լոկ մի յուրահատուկ արտահայտությունն է աշխատանքի հասարակական արտադրողականության պրոգրեսիվ զարգացման համար։ Սրանով դեռ չի ասվում, թե շահույթի նորման ժամանակավորապես չի կարող ընկնել ուրիշ պատճառներից էլ, այլ սրանով իբրև արտադրության կապիտալիստական եղանակի էությունից բխող ու ինքնըստինքյան հասկանալի մի անհրաժեշտություն ապացուցվում է, որ հավելյալ արժեքի ընդհանրական միջին նորման իր զարգացման ընթացքում պետք է արտահայտվի շահույթի մի ընկնող ընդհանրական նորմայով։ Որովհետև գործադրվող կենդանի աշխատանքի մասսան միշտ նվազում է այդ նույն աշխատանքի միջոցով շարժման մեջ դրվող առարկայացած աշխատանքի, արտադրողաբար սպառվող արտադրամիջոցների մասսայի համեմատությամբ, ապա այս կենդանի աշխատանքի այն մասն էլ, որն անվճար է և առարկայացած է հավելյալ արժեքի մեջ, պետք է մշտապես նվազող հարաբերության մեջ լինի գործադրվող ամբողջ կապիտալի արժեքային մեծության նկատմամբ։ Բայց հավելյալ արժեքի մասսայի և գործադրված ամբողջ կապիտալի արժեքի այս հարաբերությունն է կազմում շահույթի նորման, որն այսպիսով ուրեմն միշտ պետք է ընկնի։

Մինչև այժմ շարադրածից հետո որքան էլ պարզ է երևում օրենքը բայց և այնպես, ինչպես կտեսնենք հետագա մի բաժնում, մինչայժմյան ամբողջ քաղաքատնտեսությանը չի հաջողվել հայտնագործել այդ օրենքը։ Նա տեսնում էր երևույթը և չարչարվում էր այն բացատրելու հակասական փորձերի վրա։ Բայց նկատի ունենալով այն մեծ կարևորությունը, որ այս օրենքն ունի կապիտալիստական արտադրության համար, կարելի է ասել, որ սա է կազմում այն խորհրդավոր գաղտնիքը, որի լուծման շուրջը պտույտ է գալիս ամբողջ քաղաքատնտեսությունն Ադամ Սմիթից սկսած, և որ Ադամ Սմիթից հետո տարբեր դպրոցների միջև եղած զանազանությունը հենց այս գաղտնիքի լուծման տարբեր փորձերն են կազմում։ Սակայն, մյուս կողմից, եթե նկատի առնենք, որ թեև մինչայժմյան քաղաքատնտեսությունը խարխափելով թրև էր գալիս հաստատուն ու փոփոխուն կապիտալի տարբերության շուրջը, բայց անզոր գտնվեց այդ տարբերությունը որոշակի ձևակերպելու, որ նա հավելյալ արժեքը երբեք չէր պատկերացնում շահույթից անջատ ու ոչ էլ ընդհանրապես շահույթը զուտ կերպարանքով, անընդունակ լինելով զանազանելու շահույթը սրա տարբեր բաղադրամասերից, որոնք ինքնուրույնանում են մեկը մյուսի հանդեպ, ինչպես են՝ արդյունաբերական շահույթը, առևտրական շահույթը, տոկոսը, հողային, ռենտան. որ նա երբեք հիմնովին չի վերլուծել կապիտալի օրգանական կառուցվածքում եղած տարբերությունները, հետևաբար նույնքան քիչ է վերլուծել շահույթի ընդհանրական նորմայի գոյացումը — այս ամենը նկատի առնելով, այլևս չի կարելի առեղծվածային համարել այն պարագան, որ քաղաքատնտեսությանը երբեք չհաջողվեց այս առեղծվածի լուծումը։

Մենք դիտմամբ ենք այս օրենքն ավելի առաջ շարադրում, քան շարադրած կլինեինք շահույթի տրոհումը մեկը մյուսի հանդեպ ինքնուրույնացած տարբեր կատեգորիաների։ Այն հանգամանքը, որ այս օրենքի ձևակերպումը հնարավոր է անկախ շահույթի տրոհումից այն տարբեր մասերի, որոնք բաժին են ընկնում տարբեր կատեգորիաների անձերի, ուղղակի ապացուցում է այն անկախությունը, որ այս օրենքն իր ընդհանրականությամբ ունի հիշյալ տրոհման նկատմամբ ու շահույթի կատեգորիաների այն փոխադարձ հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագում են նույն տրոհումից։ Շահույթը, որի մասին մենք այստեղ խոսում ենք, լոկ մի ուրիշ անունն է բուն իսկ հավելյալ արժեքի, որն այստեղ ներկայացվում է ամբողջ կապիտալի նկատմամբ ունեցած առնչությամբ միայն, փոխանակ ներկայացվելու փոփոխուն կապիտալի առնչությամբ, որից ծագում է նա։ Հետևաբար շահույթի նորմայի անկումն արտահայտում է բուն իսկ հավելյալ արժեքի ընկնող հարաբերությունը կանխավճարված ամբողջ կապիտալի նկատմամբ, ուստի և անկախ է այս հավելյալ արժեքի որևէ բաշխումից տարբեր կատեգորիաների միջև։

Մենք տեսանք, որ կապիտալիստական զարգացման մի աստիճանի վրա, երբ կապիտալի կառուցվածքն է c : v = 50 : 100, հավելյալ արժեքի 100 %-անոց նորման արտահայտվում է շահույթի 66%-անոց նորմայով, և որ զարգացման այն ավելի բարձր աստիճանի վրա, երբ c : v = 400 : 100, հավելյալ արժեքի միևնույն նորման արտահայտվում է շահույթի լոկ 20%-անոց նորմայով։ Ինչ որ վերաբերում է զարգացման այն տարբեր աստիճաններին, որոնք միմյանց հաջորդում են մի երկրում, վերաբերում է նույնպես զարգացման այն տարբեր աստիճաններին, որոնք իրար կողքի միաժամանակ գոյություն ունեն տարբեր երկրներում։ Չզարգացած երկրում, որտեղ կապիտալի առաջին կաոուցվածքն է միջինը հանդիսանում, շահույթի ընդհանրական նորման կլիներ = 66%, այնինչ երկրորդ կառուցվածքի, զարգացման շատ ավելի բարձր աստիճանի վրա գտնվող երկրում կլիներ = 20%։

Շահույթի ազգային երկու նորմայի տարբերությունը կարող էր չքանալ ու նույնիսկ գլխիվայր շրջվել, եթե ավելի քիչ զարգացած երկրում աշխատանքն ավելի անարտադրողական լիներ, ուրեմն աշխատանքի մի ավելի մեծ քանակ ներկայանար միևնույն ապրանքի մի ավելի փոքր քանակի մեջ, ավելի մեծ փոխանակային արժեք՝ ավելի քիչ սպառողական արժեքի մեջ, հետևաբար եթե բանվորն իր ժամանակի մի ավելի մեծ մասը գործադրած լիներ իր սեփական կենսամիջոցների կամ թե սրանց արժեքի վերարտադրության համար ու մի ավելի փոքր մասը հավելյալ արժեք ստեղծելու համար, եթե նա հավելյալ աշխատանք ավելի քիչ մատակարարեր, այնպես որ հավելյալ արժեքի նորման ավելի ցած լիներ։ Եթե, օրինակ, ավելի պակաս առաջադեմ երկրում բանվորն իր բանվորական օրվա -ում աշխատեր իր իսկ համար, իսկ -ում կապիտալիստի համար, ապա վերևի օրինակի ենթադրական պայմաններում միևնույն բանվորական ուժը կվարձատրվեր 133 և լոկ 66-անոց մի հավելույթ կմատակարարեր։ 133 փոփոխուն կապիտալին կհամապատասխաներ 50-անոց մի հաստատուն կապիտալ։ Հետևաբար հավելյալ արժեքի նորման հիմա արդեն կլիներ 66 : 133 = 50%, իսկ շահույթի նորման՝ 66 : 183, կամ մոտավորապես 36½%։

Որովհետև այն տարբեր բաղադրամասերը, որոնց որ տրոհվում է շահույթը, մենք դեռ չենք հետազոտել, ուրեմն նրանք դեռ գոյություն չունեն մեզ համար, ուստի մենք առաջուց հետևյալը պետք է նկատենք՝ լոկ թյուրիմացություններից խուսափելու համար։ Զարգացման տարբեր աստիճանների վրա կանգնած երկրները համեմատելիս, այսինքն՝ այնպիսիները, որոնք զարգացած կապիտալիստական արտադրություն ունեն, ու այնպիսիները, որտեղ աշխատանքը ձևականորեն դեռ չի ենթարկված կապիտալին, թեև բանվորն իրականում շահագործվում է կապիտալիստի կողմից (օրինակ՝ Հնդկաստանում, որտեղ ռայոտը վարում է իր տնտեսությունն իբրև ինքնուրույն գյուղացի, հետևաբար նրա արտադրությունն իբրև այսպիսին դեռ ենթարկված չի կապիտալին, թեև վաշխառուն տոկոսի ձևով կարող է նրանից կորզել ոչ միայն նրա ամբողջ հավելյալ արժեքը, այլև նույնիսկ — կապիտալիստորեն ասած — նրա աշխատավարձի մի մասը), նման համեմատության դեպքում շատ սխալ կլիներ, եթե մենք ուզենայինք շահույթի ազգային նորմայի բարձրությունը տոկոսի ազգային մակարդակով չափել։ Հիշյալ տոկոսի մեջ պարփակված է ամբողջ շահույթն ու շահույթից մի բան էլ ավելի, փոխանակ, ինչպես այդ տեղի ունի զարգացած կապիտալիստական արտադրություն ունեցող երկրներում, արտահայտելու արտադրված հավելյալ արժեքի կամ շահույթի մի համապատասխան մասը։ Մյուս կողմից, տոկոսադրույքն այստեղ գլխավորապես որոշվում է այնպիսի հարաբերություններով (վաշխառուների փոխատվություններն ազնվականներին, հողային ռենտայի տերերին), որոնք ամենևին կապ չունեն շահույթի հետ, ընդհակառակը, ցույց են տալիս լոկ, թե վաշխառուն ինչ համամասնությամբ է յուրացնում հողային ռենտան։

Կապիտալիստական արտադրության զարգացման տարբեր աստիճանների վրա գտնվող և ուրեմն կապիտալ ի օրգանական տարբեր կաոուցվածք ունեցող երկրներում հավելյալ արժեքի նորման (շահույթի նորման որոշող գործոններից մեկը) կարող է ավելի բարձր կանգնած լինել այն երկրում, որտեղ նորմալ բանվորական օրն ավելի կարճատև է, քան այն երկրում, որտեղ նա ավելի երկարատև է։ Առաջին. եթե 10-ժամյա անգլիական բանվորական օրն իր ավելի բարձր լարունության շնորհիվ հավասար է 14-ժամյա ավստրիական մի բանվորական օրվա, ապա բանվորական օրվա նույնահավասար բաշխման [կեսօր՝ անհրաժեշտ, կեսօր՝ հավելյալ աշխատանք։— Խմբ.] դեպքում անգլիական 5 ժամվա հավելյալ աշխատանքը կարող է ավելի բարձր արժեք ներկայացնել համաշխարհային շուկայում, քան 7 ժամվա ավստրիական հավելյալ աշխատանքը։ Եվ երկրորդ, Անգլիայում բանվորական օրվա մի ավելի մեծ մասը կարող է հավելյալ աշխատանքի ժամանակ կազմել, քան Ավստրիայում։

Շահույթի ընկնող նորմայի օրենքը, որի մեջ հավելյալ արժեքի միևնույն կամ նույնիսկ մի բարձրացող նորմա է արտահայտվում, ուրիշ խոսքով ասած, նշանակում է հետևյալը. եթե վեր առնենք հասարակական միջին կապիտալի մի որոշ քանակ, օրինակ, 100-անոց մի կապիտալ, ապա սրա մշտապես մի ավելի ու ավելի մեծ մասն է մարմնանում աշխատամիջոցների մեջ ու նույնի մշտապես մի ավելի ու ավելի փոքր մասը՝ կենդանի աշխատանքի մեջ։ Որովհետև արտադրամիջոցներին միակցվող կենդանի աշխատանքի ամբողջ մասսան այսպիսով ուրեմն նվազում է այս արտադրամիջոցների արժեքի համեմատությամբ, ուստի անվճար աշխատանքն ու արժեքի այն մասն էլ, որի մեջ մարմնանում է նա, նվազում է կանխավճարված ամբողջ կապիտալի արժեքի համեմատությամբ։ Կամ թե.— ծախսված ամբողջ կապիտալի մի համապատասխան ավելի ու ավելի փոքր մասն է փոխարկվում կենդանի աշխատանքի, և հետևաբար այս ամբողջ կապիտալը, իր մեծության համեմատությամբ, մշտապես ավելի ու ավելի քիչ հավելյալ աշխատանք է ներծծում, թեև գործադրված աշխատանքի անվճար մասի հարաբերությունը նույնի վճարված մասի նկատմամբ կարող է միաժամանակ աճել։ Փոփոխուն կապիտալի հարաբերական նվազումն ու հաստատունի աճումը, թեև երկու մասն էլ բացարձակորեն աճում են, ինչպես ասել ենք, աշխատանքի բարձրացող արտադրողականության մի ուրիշ արտահայտություն է միայն։

Վերցնենք 100-անոց մի կապիտալ, որ կազմված է 80 c + 20 v-ից, վերջինս = 20 բանվորի։ Հավելյալ արժեքի նորման թող լինի 100%, այսինքն բանվորներն աշխատում են կես օրն իրենց համար, կես օրը՝ կապիտալիստի համար։ Ասենք թե ավելի պակաս զարգացած մի երկրում կապիտալը = 20 c + 80 v, և այս վերջինը = 80 բանվորի։ Բայց այս բանվորները բանվորական օրվա -ն են գործադրում իրենց համար, իսկ լոկ -ը՝ կապիտալիստի համար։ Մյուս բոլոր պայմանները հավասար ենթադրելով, տեսնում ենք, որ բանվորներն առաջին դեպքում արտադրում են 40-անոց մի արժեք, երկրորդում՝ 120-անոց։ Առաջին կապիտալն արտադրում է 80 c + 20 v + 20 m = 120. շահույթի նորման = 20%. երկրորդ կապիտալը 20 c + 80 v + 40 m = 140. շահույթի նորման = 40%։ Այսպիսով ուրեմն, շահույթի նորման երկրորդ դեպքում երկու անգամ ավելի բարձր է, քան առաջինում, թեև առաջին դեպքում հավելյալ արժեքի նորման = 100%, կրկնապատիկ ավելի բարձր, քան երկրորդում, որտեղ նա 50% է միայն։ Բայց սրա փոխարեն մի նույնահավասար կապիտալ առաջին դեպքում յուրացնում է միմիայն 20 բանվորի, իսկ երկրորդում՝ 80 բանվորի հավելյալ աշխատանքը։

Շահույթի նորմայի պրոգրեսիվ անկման օրենքը կամ թե կենդանի աշխատանքի կողմից շարժման մեջ դրվող առարկայացած աշխատանքի համեմատությամբ յուրացվող հավելյալ աշխատանքի հարաբերական նվազման օրենքն ամենևին չի բացառում, որ աճի հասարակական կապիտալի կողմից շարժման մեջ դրվող ու շահագործվող աշխատանքի բացարձակ մասսան, ուրեմն և այդ կապիտալի կողմից յուրացվող հավելյալ աշխատանքի բացարձակ մասսան։ Այդ օրենքը նմանապես չի բացառում, որ առանձին կապիտալիստների հրամանատարության տակ գտնվող կապիտալներն իշխեն աշխատանքի և ուրեմն հավելյալ աշխատանքի մի աճող մասսայի վրա — վերջինս նույնիսկ այն դեպքում, եթե կապիտալիստների հրամանատարության տակ գտնվող բանվորների թիվը չի էլ աճում։

Եթե մենք վեր առնենք, օրինակ, երկու միլիոնանոց մի տվյալ բանվոր բնակչություն, այնուհետև իբրև տվյալ ընդունենք միջին բանվորական օրվա տևողությունն ու լարունությունը, ինչպես և աշխատավարձը, իսկ սրա հետ էլ անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի միջև եղած հարաբերությունը, ապա այս երկու միլիոնի ամբողջ աշխատանքը, այս թվում նաև նրա հավելյալ աշխատանքը, որ մարմնանում է հավելյալ արժեքի մեջ, միշտ արժեքային միևնույն մեծությունը կարտադրի։ Բայց այս աշխատանքը շարժման մեջ դնող հաստատուն կապիտալի — հիմնական ու շրջանառու կապիտալի աճող մասսայի հետ ընկնում է այս նորաստեղծ արժեքի մեծության հարաբերությունն այս կապիտալի արժեքի նկատմամբ, որն աճում է այս կապիտալի մասսայի հետ, թեև ոչ միևնույն համամասնությամբ։ Այս հարաբերությունը, ուրեմն նաև շահույթի նորման ընկնում է, չնայած որ կապիտալն առաջվա նման իշխում է կենդանի աշխատանքի միևնույն մասսայի վրա և հավելյալ աշխատանքի նույնահավասար մասսա է ներծծում։ Հարաբերությունը փոխվում է ոչ թե այն պատճառով, որ կենդանի աշխատանքի մասսան է նվազում, այլ այն պատճառով, որ կենդանի աշխատանքի կողմից շարժման մեջ դրվող արդեն առարկայացած աշխատանքի մասսան է աճում։ Նվազումը հարաբերական է, ոչ թե բացարձակ, և շարժման մեջ դրվող աշխատանքի ու հավելյալ աշխատանքի բացարձակ մեծության հետ իրոք ոչ մի կապ չունի։ Շահույթի նորմայի անկումն առաջ է գալիս ամբողջ կապիտալի փոփոխուն բաղադրամասի ոչ թե բացարձակ, այլ լոկ հարաբերական նվազումից, առաջ է գալիս հաստատուն բաղադրամասի համեմատությամբ նրա կրած նվազումից։

Արդ, միևնույնը, ինչ որ ասվեց աշխատանքի տվյալ մի մասսայի ու հավելյալ աշխատանքի մասսայի մասին, իր զորությունը պահպանում է նաև բանվորների մի աճող թվի և ուրեմն, մեր ընդունած ենթադրական պայմաններում, ընդհանրապես կապիտալի հրամանատարության տակ գտնվող աշխատանքի մի աճող մասսայի ու մասնավորապես նրա անվճար մասի, հավելյալ աշխատանքի վերաբերմամբ։ Եթե բանվորական բնակչությունը երկու միլիոնից բարձրանում է երեքի, եթե նրա աշխատավարձի համար վճարվող փոփոխուն կապիտալը, որ առաջ երկու միլիոն էր, հիմա նույնպես երեքի է բարձրանում, իսկ հաստատուն կապիտալը, ընդհակառակը, 4-ից բարձրանում է 15 միլիոնի, ապա տվյալ ենթադրական պայմաններում (հաստատուն բանվորական օր ու հավելյալ արժեքի հաստատուն նորմա) հավելյալ աշխատանքի, հավելյալ արժեքի մասսան աճում է կիսով չափ, 50%-ով, 2 միլիոնից բարձրանալով 3-ի։ Այնուամենայնիվ, չնայած հավելյալ աշխատանքի, ուրեմն նաև հավելյալ արժեքի բացարձակ մասսայի 50%-ով տեղի ունեցած այս աճմանը, փոփոխուն կապիտալի հարաբերությունը հաստատունի նկատմամբ 2 : 4-ից կընկներ 3 : 15-ի, իսկ հավելյալ արժեքի հարաբերությունն ամբողջ կապիտալի նկատմամբ հետևյալ կերպ կներկայանար (միլիոններով).

I. 4 c + 2 v + 2 m, C = 6, p´ = 33%,

II. 15 c + 3 v + 3 m, C = 18, p´ = 16

Մինչդեռ հավելյալ արժեքի մասսան աճել է կիսով չափ, շահույթի նորման, առաջվանի համեմատությամբ, կիսով չափ ընկել է։ Բայց շահույթը հասարակական կապիտալի նկատմամբ հաշված հավելյալ արժեքն է միայն, ուստի և շահույթի մասսան, նրա բացարձակ մեծությունը, վերցրած հասարակական մասշտաբով, հավասար է հավելյալ արժեքի բացարձակ մեծությանը։ Հետևաբար շահույթի բացարձակ մեծությունը, նրա ամբողջ մասսան 50%-ով կաճեր, չնայած շահույթի այս մասսայի և կանխավճարված ամբողջ կապիտալի հարաբերության վիթխարի նվազմանը, կամ թե չնայած շահույթի ընդհանրական նորմայի վիթխարի նվազմանը։ Կապիտալի կողմից զբաղեցրած բանվորների թիվը, այսինքն նրա կողմից շարժման մեջ դրված աշխատանքի բացարձակ մասսան, ուրեմն նրա ներծծած հավելյալ աշխատանքի բացարձակ մասսան, այսինքն նրա արտադրած հավելյալ արժեքի մասսան, հետևապես և նրա արտադրած շահույթի բացարձակ մասսան կարող է այսպիսով աճել և աճել պրոգրեսիվ կերպով, չնայած շահույթի նորմայի պրոգրեսիվ անկմանը։ Այս ոչ թե միայն կարող է տեղի ունենալ։ Անցողական տատանումները չհաշված կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա այս այսպես էլ պետք է լինի։

Արտադրության կապիտալիստական պրոցեսն էապես կուտակման պրոցես է միաժամանակ։ Ինչպես մենք ցույց տվինք, կապիտալիստական արտադրության զարգացման պրոցեսում արժեքի այն մասսան, որը պետք է պարզապես վերարտադրվի, պահպանվի, աշխատանքի արտադրողականության բարձրանալու հետ միասին բարձրանում և աճում է, նույնիսկ եթե գործադրվող բանվորական ուժը մնում է անփոփոխ։ Բայց աշխատանքի հասարակական արտադրողական ուժի զարգացման հետ ավելի արագորեն աճում է արտադրվող սպառողական արժեքների մասսան, որոնց մի մասը կազմում են արտադրամիջոցները։ Եվ այն լրացուցիչ աշխատանքը, որի յուրացման միջոցով այս լրացուցիչ հարստությունը կարող է ետփոխարկվել կապիտալի, կախված է այս արտադրամիջոցների (կենսամիջոցներն էլ ներառյալ) ոչ թե արժեքից, այլ նրանց մասսայից, քանի որ աշխատանքի պրոցեսում բանվորը գործ ունի արտադրամիջոցների ոչ թե արժեքի հետ, այլ նրանց սպառողական արժեքի հետ։ Սակայն ինքը կուտակումը և նրա հետ տրված՝ կապիտալի համակենտրոնացումը, արտադրողական ուժի բարձրացման նյութական միջոց են։ Մյուս կողմից, արտադրամիջոցների այս աճումը ենթադրում է բանվորական բնակչության աճում, ենթադրում է լրացուցիչ կապիտալին համապատասխանող և նույնիսկ նրա պահանջմունքներից ընդհանրապես ու ամբողջությամբ առած միշտ գերազանցող բանվորական մի բնակչության ստեղծում, ենթադրում է ուրեմն բանվորների մի գերբնակչություն։ Լրացուցիչ կապիտալի այս ժամանակավոր հավելույթը, որ կգերազանցեր նրա հրամանատարության տակ գտնվող բանվորական բնակչությունից, երկու կերպ կներգործեր։ Նա մի կողմից աստիճանաբար կբազմացներ բանվորական բնակչությունը աշխատավարձը բարձրացնելով, ուրեմն մեղմացնելով այն ազդեցությունները, որոնք կրճատում, ոչնչացնում են բանվորների աճը և հեշտացնում ամուսնությունները։ Իսկ մյուս կողմից, կիրառելով այնպիսի մեթոդներ, որոնք հարաբերական հավելյալ արժեք են ստեղծում (մեքենաների մուծում ու կատարելագործում), ավելի մեծ արագությամբ առաջ կբերեր մի արհեստական հարաբերական գերբնակչություն, որն իր հերթին — քանի որ կապիտալիստական արտադրության պայմաններում թշվառությունը բնակչություն է ծնում — նորից բնակչության թվի մի իրապես արագ բազմացման ջերմոց կհանդիսանար։ Այսպիսով ուրեմն, կուտակման կապիտալիստական պրոցեսի բնությունից — որն արտադրության կապիտալիստական պրոցեսի լոկ մի մոմենտն է — հետևում է ինքնըստինքյան որ արտադրամիջոցների այն աճած մասսան, որը նախանշված է կապիտալի փոխարկվելու համար, միշտ առձեռն պատրաստ գտնում է համապատասխանորեն աճած և նույնիսկ հավելութային բանվորական մի բնակչություն, որը նա կարող է շահագործել։ Հետևաբար արտադրության ու կուտակման պրոցեսի զարգացման պայմաններում անհրաժեշտորեն պետք է աճի յուրացվելու ընդունակ ու յուրացվող հավելյալ աշխատանքի մասսան, ուրեմն և հասարակական կապիտալի կողմից յուրացվող շահույթի բացարձակ մասսան։ Բայց արտադրության ու կուտակման միևնույն օրենքները հաստատուն կապիտալի մասսայի հետ միասին աճող արագությամբ բարձրացնում են նաև այս կապիտալի արժեքը, բարձրացնում են ավելի արագ տեմպերով, քան կապիտալի փոփոխուն մասի արժեքը, այն մասի, որը փոխանակվում է կենդանի աշխատանքի հետ։ Այսպիսով, ուրեմն, միևնույն օրենքները հասարակական կապիտալի համար առաջ են բերում շահույթի աճող բացարձակ մասսա ու շահույթի ընկնող նորմա։

Մենք այստեղ բոլորովին մի կողմ ենք թողնում այն պարագան, որ կապիտալիստական արտադրության առաջադիմության ու հասարակական աշխատանքի արտադրողական ուժի այդ առաջադիմությանը համապատասխանող զարգացման պայմաններում, ինչպես և արտադրաճյուդերի, ուրեմն նաև արդյունքների քանակի բազմապատկման դեպքում արժեքի միևնույն մեծությունն սպառողական արժեքների ու վայելքների պրոգրեսիվորեն աճող մի մասսա է ներկայացնում։

Կապիտալիստական արտադրության ու կուտակման զարգացման ընթացքը պայմանավորում է մշտապես ավելի ու ավելի մեծ մասշտաբով ու ընդսմին ավելի ու ավելի մեծ չափեր ունեցող աշխատանքային պրոցեսներ և կապիտալի համապատասխանորեն աճող կանխավճարումներ ամեն մի առանձին ձեռնարկության համար։ Ուստի կապիտալների հարաճուն համակենտրոնացումը (որին միաժամանակ ուղեկցում է կապիտալիստների աճող թիվը, սակայն ավելի փոքր չափով) ներկայացնում է արտադրության այդ եղանակի թե նյութական պայմաններից մեկը և թե նրա առաջ բերած հետևանքներից մեկը։ Համակենտրոնացման հետ ձեռք-ձեռքի տված, նրա հետ փոխադարձ ներգործության մեջ գտնվելով, տեղի է ունենում ավելի կամ պակաս չափով անմիջական արտադրողներ հանդիսացող խավերի հարաճուն սեփականազրկումը։ Այսպիսով առանձին կապիտալիստների նկատմամբ հասկանալի է դառնում, որ նրանք բանվորների ավելի ու ավելի մեծ բանակների վրա են հրամանատարություն անում (որքան էլ որ նրանց փոփոխուն կապիտալն ընկնի հաստատունի համեմատությամբ), որ նրանց կողմից յուրացվող հավելյալ արժեքի և ուրեմն շահույթի մասսան աճում է շահույթի նորմայի անկման հետ միաժամանակ ու չնայած այս անկմանը։ Հենց այն պատճառները, որոնք բանվորական բանակների մասսաները համակենտրոնացնում են առանձին կապիտալիստների հրամանատարության տակ, այդ իսկ պատճառները հորդալիորեն բազմացնում են նաև գործադրվող հիմնական կապիտալի, ինչպես և հումքի ու օժանդակ մատերիալների մասսան, բազմացնում են ավելի արագ կերպով, քան գործադրվող կենդանի աշխատանքի մասսան։

Այնուհետև այստեղ հարկավոր է լոկ հիշատակել այն մասին, որ տվյալ բանվորական բնակչության դեպքում, եթե հավելյալ արժեքի նորման աճում է, լինի այս՝ բանվորական օրվա երկարացման կամ թե լարունացման շնորհիվ, թե արժեքային արտահայտությամբ վերցրած աշխատավարձի անկման շնորհիվ, որն առաջանում է աշխատանքի արտադրողական ուժի զարգացման հետևանքով,— հավելյալ արժեքի մասսան, ուրեմն նաև շահույթի բացարձակ մասսան պետք է աճի, չնայած փոփոխուն կապիտալի հարաբերական նվազմանը հաստատունի համեմատությամբ։

Հասարակական աշխատանքի արտադրողական ուժի միևնույն զարգացումը, նույն այն օրենքները, որոնք երևան են գալիս ամբողջ կապիտալի համեմատությամբ, փոփոխուն կապիտալի հարաբերական անկման մեջ և ընդսմին արագացող կուտակման մեջ, այնինչ մյուս կողմից կուտակումը ետադարձորեն դառնում է արտադրողական ուժի հետագա զարգացման ու փոփոխուն կապիտալի հետագա հարաբերական նվազման ելակետ, նույն այս զարգացումը,— մի կողմ թողած ժամանակավոր տատանումները,— արտահայտվում է կիրառվող ամբողջ բանվորական ուժի պրոգրեսիվ աճման մեջ, հավելյալ արժեքի և ուրեմն շահույթի բացարձակ մասսայի սաստկացող մեծացման մեջ։

Արդ, ի՞նչ ձևով պետք է արտահայտվի միևնույն պատճառներից ծագող այս երկակի օրենքը՝ շահույթի նորմայի նվազման ու շահույթի բացարձակ մասսայի համաժամանակյա մեծացման օրենքը։ Այստեղ գործ ունենք մի օրենքի հետ, որը հիմնված է նրա վրա, որ տվյալ պայմաններրում հավելյալ աշխատանքի և ուրեմն հավելյալ արժեքի յուրացվող մասսան աճում է, և որ շահույթն ու հավելյալ արժեքը միևնույն, մեծությունն են ներկայացնում, եթե քննության ենք առնում ամբողջ կապիտալը, կամ թե առանձին կապիտալը դիտում ենք իբրև ամբողջ կապիտալի մի սոսկական մաս։

Վեր առնենք կապիտալի համապատասխան մի մաս, որի վրա հաշվում ենք շահույթի նորման, օրինակ, 100։ Այս 100-ը թող ներկայացնի ամբողջ կապիտալի միջին կառուցվածքը, ասենք՝ 80 c + 20 v։ Մենք այս գրքի երկրորդ բաժնում տեսանք, թե ինչպես տարբեր արտադրաճյուղերում շահույթի միջին նորման որոշվում է ոչ թե կապիտալի ամեն մի առանձին ճյուղին հատուկ կառուցվածքով, այլ նրա հասարակական միջին կառուցվածքով։ Հաստատուն կապիտալի համեմատությամբ և ուրեմն 100-անոց ամբողջ կապիտալի համեմատությամբ փոփոխուն կապիտալը հարաբերաբար նվազում է, և այս նվազման հետ միասին ընկնում է շահույթի նորման աշխատանքի շահագործման անփոփոխ ու նույն իսկ բարձրացող աստիճանի պայմաններում, փոքրանում է հավելյալ արժեքի հարաբերական մեծությունը, այսինքն նրա հարաբերությունը կանխավճարված 100-անոց ֊ամբողջ կապիտալի արժեքի նկատմամբ։ Բայց միմիայն այս հարաբերական մեծությունը չի, որ փոքրանում է։ 100-անոց ամբողջ կապիտալի ներծծած հավելյալ արժեքի կամ շահույթի մեծությունը փոքրանում է բացարձակորեն։ Հավելյալ արժեքի 100%-անոց նորմայի դեպքում 60 c + 40 v կառուցվածք ունեցող մի կապիտալ արտադրում է հավելյալ արժեքի և ուրեմն շահույթի 40-անոց մի մասսա. 70 c + 30 v կառուցվածք ունեցող կապիտալը՝ շահույթի 30-անոց մի մասսա. 80 c + 20 v կառուցվածք ունեցող կապիտալի դեպքում շահույթն ընկնում է 20-ի։ Այս անկումը վերաբերում է հավելյալ արժեքի և ուրեմն շահույթի մասսային և բխում է նրանից, որ 100-անոց ամբողջ կապիտալն ընդհանրապես ավելի փոքր քանակությամբ կենդանի աշխատանք է շարժման մեջ դնում, իսկ շահագործման անփոփոխ աստիճանի դեպքում նաև ավելի քիչ հավելյալ աշխատանք, ուստի և ավելի քիչ հավելյալ արժեք է արտադրում։ Եթե վեր առնենք հասարակական կապիտալի, ուրեմն հասարակական միջին կառուցվածք ունեցող կապիտալի մի որևէ համապատասխան մաս և սրանով չափենք հավելյալ արժեքը — իսկ այս արվում է շահույթի ամեն մի հաշվարկման ժամանակ — ապա կտեսնենք, որ հավելյալ արժեքի հարաբերական նվազումն ու նրա բացարձակ նվազումը նույնն են ընդհանրապես։ Վերևի օրինակներում շահույթի նորման 40%-ից ընկնում է 30%-ի ու 20%-ի, որովհետև իրոք որ նույն կապիտալի արտադրած հավելյալ արժեքի և ուրեմն շահույթի մասսան բացարձակապես ընկնում է 40-ից 30-ի ու 20-ի։ Քանի որ կապիտալի արժեքային մեծությունը, որի համեմատությամբ չափվում է հավելյալ արժեքը, տրված է և = է 100, ապա այս անփոփոխ մեծության նկատմամբ հավելյալ արժեքի կազմած հարաբերության նվազումը հավելյալ արժեքի ու շահույթի բացարձակ մեծության նվազելու մի ուրիշ արտահայտությունը միայն կարող է լինել։ Այս մի նույնաբանություն է իսկապես։ Բայց որ այս նվազումը հանդես է գալիս, այս բխում է, ինչպես ապացուցել ենք, արտադրության կապիտալիստական պրոցեսի զարգացման բնությունից։

Բայց մյուս կողմից նույն այն պատճառները, որոնք հավելյալ արժեքի և ուրեմն տվյալ մի կապիտալի բաժին ընկնող շահույթի ու հետևաբար նաև տոկոսապես հաշված շահույթի նորմայի բացարձակ նվազում են առաջ բերում, այդ նույն պատճառներն առաջացնում են հասարակական կապիտալի կողմից (այսինքն կապիտալիստների ընդհանրության կողմից) յուրացվող հավելյալ արժեքի և ուրեմն շահույթի բացարձակ մասսայի աճում։ Արդ, ի՞նչպես պետք է այս արտահայտվի և ի՞նչպես կարող է այս արտահայտվել, կամ թե ի՞նչ պայմաններ կան ներփակված այս երևութական հակասության մեջ։

Եթե հասարակական կապիտալի ամեն մի համապատասխան մաս = 100, և ուրեմն հասարակական միջին կառուցվածք ունեցող ամեն մի 100-անոց կապիտալ մի տվյալ մեծություն է, և հետևաբար նրա համար շահույթի նորմայի նվազումը համընկնում է շահույթի բացարձակ մեծության նվազման հետ, համընկնում է հենց այն պատճառով, որ այն կապիտալը, որի համեմատությամբ սրանք չափվում են, այստեղ մի հաստատուն մեծություն է, ապա, ընդհակառակը, հասարակական ամբողջ կապիտալի, ինչպես և առանձին կապիտալիստների ձեռքում գտնվող կապիտալի մեծությունը մի փոփոխուն մեծություն է, որը ենթադրված պայմաններին համապատասխանելու համար պետք է փոփոխվի իր փոփոխուն մասի նվազման հակառակ հարաբերությամբ։

Երբ նախընթաց օրինակում կապիտալի տոկոսային կառուցվածքը = էր 60 c + 40 v, սրան բաժին ընկնող հավելյալ արժեքը կամ շահույթը 40 էր, և ուրեմն շահույթի նորման՝ 40%։ Ընդունենք, որ այս կառուցվածքն ունեցող կապիտալի ամբողջ գումարը եղել է մի միլիոն։ Այս դեպքում, ամբողջ հավելյալ արժեքը և ուրեմն ամբողջ շահույթը կկազմեր 400 000։ Եթե հետո կառուցվածքը դառնում է 80 c + 20 v, ապա աշխատանքի շահագործման անփոփոխ աստիճանի պայմաններում ամեն մի 100-ին բաժին ընկնող հավելյալ արժեքը կամ թե շահույթը = է 20։ Բայց որովհետև հավելյալ արժեքը կամ շահույթը, ինչպես ցույց ենք տվել, ըստ իր բացարձակ մասսայի աճում է, չնայած շահույթի այս նվազող նորմային կամ թե ամեն մի, օրինակ, 100-անոց կապիտալի կողմից նվազող չափերով հավելյալ արժեք արտադրելուն, և աճելով հասնում է, ասենք, 400 000-ից 440 000-ի, ապա այս հնարավոր է միմիայն այն պատճառով, որ ամբողջ կապիտալը, որը գոյացել է այս նոր կառուցվածքի հետ միաժամանակ, աճելով հասել է 2 200 000-ի։ Շարժման մեջ դրված ամբողջ կապիտալի մասսան աճել է 22%-ով, այնինչ շահույթի նորման ընկել է 50%-ով։ Եթե կապիտալը միայն կրկնապատկվեր, ապա նա շահույթի 20%-անոց նորմայով կկարողանար հավելյալ արժեքի ու շահույթի լոկ նույնպիսի մի մասսա արտադրել, ինչպիսին կարտադրեր 1 000 000-անոց հին կապիտալը 40%-ով։ Եթե կապիտալը կրկնապատկից պակաս աճեր, ապա նա հավելյալ արժեք կամ թե շահույթ ավելի քիչ կարտադրեր, քան առաջ 1 000 000-անոց կապիտալը, որն իր հավելյալ արժեքը 400 000-ից 440 000-ի բարձրացնելու համար, պահպանելով իր նախկին կառուցվածքը, պետք է 1 000 000-ից աճեր մինչև 1 100 000։

Այստեղ երևան է գալիս արդեն առաջ շարադրած այն օրենքը, թե փոփոխուն կապիտալի հարաբերական նվազման հետ, ուրեմն աշխատանքի հասարակական արտադրողական ուժի զարգացման հետ ամբողջ կապիտալի մի հարաճունորեն ավելի մեծ մասսա է հարկավոր՝ բանվորական ուժի միևնույն քանակը շարժման մեջ դնելու և հավելյալ աշխատանքի միևնույն մասսան ներծծելու համար։ Հետևաբար, նույն այն հարաբերությամբ, որով զարգանում է կապիտալիստական արտադրությունը, զարգանում է մի հարաբերաբար ավելորդ բանվորական բնակչության կարելիությունն էլ, և այդ ոչ թե այն պատճառով, որ հասարակական աշխատանքի արտադրողականությունը նվազում է, այլ այն պատճառով, որ նա աճում է։ Ուրեմն հիշյալ կարելիությունն առաջ է գալիս ոչ թե աշխատանքի ու կենսամիջոցների կամ թե այս կենսամիջոցների արտադրության միջոցների միջև եղած մի բացարձակ անհամաչափությունից, այլ մի այնպիսի անհամաչափությունից, որն աշխատանքի կապիտալիստական շահագործման ծնունդ է՝ կապիտալի պրոգրեսիվ աճման ու բնակչության աճման նկատմամբ նրա ունեցած հարաբերաբար նվազող պահանջմունքի անհամաչափությունից։

Եթե շահույթի նորման ընկնում է 50%-ով, ապա նա ընկնում է կիսով չափ։ Ուստի որպեսզի շահույթի մասսան նույնը մնա, կապիտալը պետք է կրկնապատկվի։ Որպեսզի շահույթի մասսան շահույթի նվազող նորմայի պայմաններում նույնը մնա, այն բազմապատկիչը, որը ցույց է տալիս ամբողջ կապիտալի աճումը, պետք է հավասար լինի այն բաժանարարին, որը շահույթի նորմայի անկում է ցույց տալիս։ Եթե շահույթի նորման 40-ից ընկնում է 20-ի, ամբողջ կապիտալը, ընդհակառակը, պետք է աճի 20 : 40 հարաբերությամբ, որպեսզի հետևանքը նույնը մնա։ Եթե շահույթի նորման 40-ից ընկներ 8-ի, ապա պետք է կապիտալն աճեր 8 : 40 հարաբերությամբ, այսինքն հնգապատիկ։ 1 000 000-անոց մի կապիտալ 40%-ով արտադրում է 400 000, և 5 000 000-անոց մի կապիտալ 8%-ով արտադրում է նույնպես 400 000։ Կապիտալի այս աճումն անհրաժեշտ է, որպեսզի ստացվի նախկին հետևանքը։ Ընդհակառակը, հետևանքի աճման համար պահանջվում է, որ կապիտալն աճի ավելի մեծ համամասնությամբ, քան շահույթի նորման է ընկնում։ Ուրիշ խոսքով ասած. որպեսզի ամբողջ կապիտալի փոփոխուն բաղադրամասը ոչ միայն բացարձակապես նույնը մնա, այլ և բացարձակորեն աճի, չնայած որ նրա տոկոսային հարաբերությունն ամբողջ կապիտալի նկատմամբ ընկնում է, ամբողջ կապիտալը պետք է աճի ավելի մեծ համամասնությամբ, քան ընկնում է փոփոխուն կապիտալի տոկոսային հարաբերությունը։ Ամբողջ կապիտալը պետք է այնքան աճի, որ նրա նոր կառուցվածքի դեպքում բանվորական ուժի գնման համար հարկավոր լինի ոչ թե կապիտալի հին փոփոխուն մասը միայն, այլ և մի հավելուրդ։ Եթե 100-անոց կապիտալի փոփոխուն մասը 40-ից ընկնում է 20-ի, ապա ամբողջ կապիտալը պետք է աճի 200-ից ավելի բարձր, որպեսզի կարողանա 40-ից ավելի մեծ փոփոխուն կապիտալ գործադրել։

Նույնիսկ այն դեպքում, եթե բանվորական բնակչության շահագործվող մասսան անփոփոխ մնար, և բանվորական օրվա տևողությունն ու լարունությունը միայն բարձրանային, ապա գործադրվող կապիտալի մասսան պետք է մեծանար, որովհետև նա պետք է նույնիսկ մեծանար հենց նրա համար, որ շահագործման հին հարաբերությունների ու կապիտալի փոփոխված կառուցվածքի պայմաններում կարողանար գործադրել աշխատանքի միևնույն մասսան։

Այսպիսով ուրեմն, աշխատանքի հասարակական արտադրողական ուժի միևնույն զարգացումն արտադրության կապիտալիստական եղանակի առաջադիմության պրոցեսում արտահայտում է մի կողմից շահույթի նորմայի պրոգրեսիվորեն աճող անկման տենդենցի մեջ ու մյուս կողմից՝ յուրացվող հավելյալ արժեքի կամ թե շահույթի բացարձակ մասսայի մշտական աճման մեջ, այնպես որ, ընդհանրապես վերցրած, փոփոխուն կապիտալի ու շահույթի հարաբերական նվազմանը համապատասխանում է սրանց երկուսի բացարձակ մեծացումը։ Ինչպես ցույց տվինք, այս երկկողմանի ներգործությունը կարող է արտահայտվել միայն նրանում, որ ամբողջ կապիտալը պրոգրեսիվորեն ավելի արագ է աճում, քան ընկնում է շահույթի նորման։ Կապիտալի ավելի բարձր կառուցվածքի դեպքում կամ թե հաստատուն կապիտալի հարաբերաբար ավելի ուժեղ մեծացման միջոցին, մի բացարձակորեն աճած փոփոխուն կապիտալ գործադրելու համար ամբողջ կապիտալը պետք է աճի ոչ միայն ավելի բարձր կառուցվածքի համեմատ, այլ էլ ավելի արագ։ Սրանից հետևում է, որ ինչքան ավելի է զարգանում արտադրության կապիտալիստական եղանակը, այնքան կապիտալի միշտ ավելի ու ավելի մեծ քանակ է պահանջվում, որպեսզի հնարավոր լինի բանեցնել թե միևնույն առկա բանվորական ուժը և թե սրա համեմատությամբ ավելի աճած մի բանվորական ուժ։ Այսպիսով, ուրեմն, աշխատանքի բարձրացող արտադրողականությունը կապիտալիստական հիմքի վրա անհրաժեշտորեն ստեղծում է պերմանենտ ու երևութական բանվորական մի գերբնակչություն։ Եթե փոփոխուն կապիտալը կազմում է ամբողջ կապիտալի -ը միայն՝ առաջվա ½-ի փոխարեն, ապա միևնույն բանվորական ուժը բանեցնելու համար ամբողջ կապիտալը պետք է եռապատկվի, իսկ որպեսզի կրկնապատիկ բանվորական ուժ բանեցվի, նա պետք է վեցապատկվի։

Մինչայժմյան քաղաքատնտեսությունը, որն անզոր գտնվեց շահույթի ընկնող նորմայի օրենքը բացատրելու, մատնանշում է ինչպես առանձին կապիտալիստի, այնպես էլ հասարակական ամբողջ կապիտալի վերաբերմամբ շահույթի աճող մասսան, շահույթի բացարձակ մեծության աճումն՝ իբրև մի տեսակ մխիթարության հիմունք, բայց այս էլ հիմնվում է լոկ ընդհանուր դատողությունների ու կարելիությունների վրա։

Որ շահույթի մասսան որոշվում է երկու գործոնով, առաջին՝ շահույթի նորմայով, ու երկրորդ՝ այն կապիտալի մասսայով, որը գործադրվում է շահույթի տվյալ նորման ստանալու համար,— այս նույնաբանություն է միայն։ Որ, հետևաբար, շահույթի մասսան ըստ հնարավորության կարող է աճել, չնայած որ շահույթի նորման միաժամանակ ընկնում է, այս էլ նույն այդ նույնաբանության մի արտահայտությունն է լոկ և չի նպաստում մի քայլ անգամ առաջ գնալու, որովհետև նույնպես հնարավոր է և այնպիսի դեպք, երբ կապիտալն աճում է՝ առանց շահույթի մասսայի աճելուն և երբ նա կարող է աճել նույնիսկ շահույթի մասսայի ընկնելու դեպքում։ 100-ը 25%-ով տալիս է 25, 400-ը 5%-ով տալիս է միայն 20[1]։ Բայց եթե նույն այն պատճառները, որոնք շահույթի նորման գցում են, զարկ են տալիս կուտակմանը, այսինքն լրացուցիչ կապիտալ կազմվելուն, և եթե ամեն մի լրացուցիչ կապիտալ լրացուցիչ աշխատանք է շարժման մեջ դնում ու լրացուցիչ հավելյալ արժեք է արտադրում, եթե մյուս կողմից շահույթի նորմայի սոսկական անկումը ենթադրում է, որ հաստատուն կապիտալն ու ընդսմին ամբողջ հին կապիտալն աճել է, ապա այս ամբողջ պրոցեսը դադարում է խորհրդավոր լինելուց։ Հետագայում կտեսնենք, թե հաշվարկման ինչ դիտավորյալ կեղծիքների էին դիմում, որ խաբեբայությամբ ազատվեն այն դրույթից, ըստ որի շահույթի մասսայի մեծացումը հնարավոր է շահույթի նորմայի նվազման հետ միաժամանակ։

Մենք ցույց տվինք, թե ինչպես նույն այն պատճառները, որոնք առաջ են բերում շահույթի ընդհանրական նորմայի անկման տենդենցը, պայմանավորում են կապիտալի արագացած կուտակում ու հետևապես նրա կողմից յուրացվող հավելյալ աշխատանքի (հավելյալ արժեքի, շահույթի) բացարձակ մեծության կամ ամբողջ մասսայի աճում։ Ինչպես մրցման մեջ և ուրեմն մրցման գործակալների գիտակցության մեջ ամեն ինչ այլաշրջված է ներկայանում, այնպես էլ այլաշրջված է ներկայանում այս օրենքը, որի տակ ես հասկանում եմ արտաքուստ միմյանց հակասող երկու երևույթների միջև, եղած ներքին ու անհրաժեշտ այս կապը։ Ակներև է, որ վերևում շարադրված համամասնությունների դեպքում այն կապիտալիստը, որն ավելի մեծ կապիտալ ունի իր տրամադրության տակ, շահույթի ավելի մեծ մասսա է ձեռք բերում, քան մի փոքր կապիտալիստ, որն ըստ երևույթին ավելի բարձր շահույթ է հայթայթում։ Մրցման ամենամակերևութային քննությունը ցույց է տալիս այնուհետև, թե որոշ հանգամանքներում, ինչպես, օրինակ, ճգնաժամի ժամանակաշրջաններում, եթե ավելի խոշոր կապիտալիստն ուզում է տեղ նվաճել շուկայում, վտարել ավելի փոքրերին, ապա նա հենց այսպես էլ վարվում է գործնականորեն, այսինքն իր շահույթի նորման դիտմամբ գցում է՝ ավելի փոքր կապիտալիստներին ասպարեզից վտարելու համար։ Հատկապես նաև վաճառականական կապիտալը, որի մասին հետո կխոսենք ավելի մանրամասն, հանդես է բերում երևույթներ, որոնք շահույթի անկումը ներկայացնում են իբրև գործի ու ընդսմին կապիտալի ընդարձակման հետևանք։ Սխալ ըմբռնման փոխարեն իրոք գիտական արտահայտությունը մենք կտանք հետագայում։ Նման մակերևութային հայացքները ստացվում են շահույթի այն նորմաների համեմատությամբ, որոնք ձեռք են բերվում արտադրության առանձին ճյուղերում, նայած թե ինչ չափով են նրանք ենթարկված ազատ մրցման կամ թե մոնոպոլիայի ռեժիմին։ Այն ամբողջ տափակ պատկերացումը, որն իշխում է մրցման գործակալների գլուխներում, մենք գտնում ենք մեր Ռոշերի մոտ, որի կարծիքով, շահույթի նորմայի այս իջեցումն «ավելի խելացի ու մարդավայել է»* [Տես 1 ծան. հետո]։ Շահույթի նորմայի նվազումն այդտեղ ներկայացված է իբրև կապիտալի աճման հետևանք ու սրա հետ շաղկապված՝ կապիտալիստների այն հաշվառքի հետևանք, թե շահույթի ավելի փոքր նորմայի դեպքում իրենց գրպանած շահույթի մասսան ավելի մեծ կլինի։ Այս ամենի (բացի Ա. Սմիթի ասածներից, որոնց մասին՝ հետո) հիմքն այն է, որ կապիտալի իդեոլոգները բոլորովին գաղափար չունեն այն մասին, թե ինչ է առհասարակ շահույթի ընդհանրական նորման, ինչպես և այն բիրտ պատկերացումը, թե գներն իրապես որոշվում են նրանով, որ ապրանքների իրական արժեքի վրա կամայական կերպով ավելացվում է շահույթի մի ավելի կամ պակաս մեծություն ներկայացնող մասը։ Որքան էլ բիրտ են այս պատկերացումները, սակայն և այնպես նրանք անհրաժեշտորեն բխում են այն այլաշրջված ձևից ու այլաշրջված եղանակից, որով կապիտալիստական արտադրության իմանենտ օրենքները երևան են գալիս մրցման մեջ։



Այն օրենքը, թե շահույթի նորմայի անկմանը, որի պատճառն արտադրողականության զարգացումն է, շահույթի մասսայի մի աճում է ուղեկցում, այս օրենքն արտահայտվում է և նրանում, որ կապիտալի կողմից արտադրված ապրանքների գնի անկմանն ուղեկից է նրանց մեջ պարունակվող ու նրանց վաճառքի միջոցով իրացվող շահույթի մասսայի մի հարաբերական բարձրացում։

Որովհետև արտադրողականության զարգացումն ու այդ զարգացմանը համապատասխանող կապիտալի ավելի բարձր կառուցվածքն արտադրամիջոցների մշտապես ավելի ու ավելի մեծ քանակ է շարժման մեջ դնում աշխատանքի մշտապես ավելի ու ավելի փոքր քանակի միջոցով, ուստի ամբողջ արդյունքի համապատասխան ամեն մի մաս, յուրաքանչյուր առանձին ապրանք կամ թե արտադրված ամբողջ մասսայի համար ապրանքաչափի դեր խաղացող ապրանքի մի որոշ քանակ ավելի քիչ կենդանի աշխատանք է կլանում և այնուհետև ավելի քիչ առարկայացած աշխատանք է պարունակում թե գործադրված հիմնական կապիտալի մաշվածքի և թե գործածված հումքի ու օժանդակ մատերիալի ձևով։ Հետևաբար ամեն մի առանձին ապրանք արտադրամիջոցների մեջ առարկայացած ու արտադրության ժամանակ նոր միակցված աշխատանքի մի ավելի փոքր գումար է պարունակում։ Ուստի առանձին ապրանքի գինն ընկնում է։ Բայց և այնպես շահույթի այն մասսան, որ պարունակվում է առանձին ապրանքի մեջ, կարող է աճել, եթե բացարձակ կամ թե հարաբերական հավելյալ արժեքի նորման աճում է։ Ապրանքը ավելի քիչ նոր միակցված աշխատանք է պարունակում, բայց նրա անվճար մասն աճում է վճարված մասի համեմատությամբ։ Սակայն այս տեղի է ունենում որոշ սահմաններում միայն։ Արտադրության զարգացման ընթացքում առանձին ապրանքի մեջ նոր միակցած կենդանի աշխատանքի վիթխարիորեն սաստկացած բացարձակ նվազման հետ բացարձակորեն կնվազի նույն ապրանքի մեջ պարունակվող անվճար աշխատանքի մասսան էլ, որքան էլ որ սա աճի հատկապես հենց վճարովի մասի համեմատությամբ։ Չնայած հավելյալ արժեքի նորմայի աճմանը, ամեն մի առանձին ապրանքի բաժին ընկնող շահույթի մասսան շատ կնվազի աշխատանքի արտադրողականության զարգացմանը զուգընթաց. և այս նվազումը ճիշտ այնպես, ինչպես շահույթի նորմայի անկումը, միմիայն կդանդաղի հաստատուն կապիտալի տարրերի էժանանալու և այս գրքի առաջին բաժնում մեջբերված այն մյուս հանգամանքների հետևանքով, որոնք շահույթի նորման բարձրացնում են, հավելյալ արժեքի տվյալ ու նույնիսկ իջնող նորմայի պայմաններում։

Այն հանգամանքը, որ ընկնում է առանձին ապրանքների գինը, որոնց գումարից կազմված է կապիտալի ամբողջ արդյունքը, ուրիշ ոչինչ չի նշանակում, քան այն, որ աշխատանքի մի տվյալ քանակ իրացվում է ապրանքների մի ավելի մեծ մասսայի մեջ, ուրեմն ամեն մի առանձին ապրանք առաջվանից ավելի քիչ աշխատանք է պարունակում։ Այս տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ հաստատուն կապիտալի մի մասի, հումքի և այլոց գինը բարձրանում է։ Բացի առանձին դեպքերից (օրինակ, եթե աշխատանքի արտադրողականությունը համաչափորեն էժանացնում է ինչպես հաստատուն, այնպես և փոփոխուն կապիտալի բոլոր տարրերը), չնայած հավելյալ արժեքի բարձրացած նորմային շահույթի նորման կընկնի 1) այն պատճառով, որ նոր միակցված աշխատանքի մի ավելի փոքր ընդհանուր գումարի նույնիսկ մի ավելի մեծ անվճար մասն ավելի փոքր է, քան մի ավելի մեծ ընդհանուր գումարի համապատասխանորեն մի ավելի փոքր անվճար մասն էր, և 2) այն պատճառով, որ կապիտալի ավելի բարձր կառուցվածքը նրանով է արտահայտվում առանձին ապրանքի մեջ, որ սրա արժեքի այն մասը, որը ներկայացնում է նոր միակցված աշխատանքն ընդհանրապես, ընկնում է արժեքի այն մասի համեմատությամբ, որը հումքի, օժանդակ մատերիալի, այլ և հիմնական կապիտալի մաշվածքի մեջ է ներկայանում։ Առանձին ապրանքի գնի տարբեր բաղադրամասերի հարաբերության այս փոփոխությունը գնի այն մասի նվազումը, որի մեջ ներկայանում է նոր միակցված կենդանի աշխատանքը, ու գնի այն մասի աճումը, որի մեջ ներկայանում է առաջուց առարկայացած աշխատանքը,— այս փոփոխությունն այն ձևն է, որով առանձին ապրանքի գնի մեջ արտահայտվում է փոփոխուն կապիտալի նվազումը հաստատունի համեմատությամբ։ Ինչպես որ այս նվազումը բացարձակ է տվյալ մեծության կապիտալի, օրինակ, 100-ի համար, այնպես էլ նա բացարձակ է նաև, յուրաքանչյուր առանձին ապրանքի, իբրև վերարտադրված կապիտալի համապատասխան մասի համար։ Սակայն շահույթի նորման, եթե հաշվվում է առանձին ապրանքների գնատարրերի վերաբերմամբ միայն, այլ կերպ կներկայանար, քան, իրապես է։ Եվ ահա ինչ պատճառով.—

[Շահույթի նորման հաշվվում է գործադրված ամբողջ կապիտալի վերաբերմամբ, բայց մի որոշ ժամանակվա, փաստորեն մի տարվա համար։ Մի տարում արտադրած ու իրացրած հավելյալ արժեքի կամ թե շահույթի հարաբերությունն ամբողջ կապիտալի նկատմամբ, տոկոսապես հաշված շահույթի նորման է։ Հետևաբար շահույթի այս տարեկան նորման անհրաժեշտորեն հավասար չի շահույթի այն նորմային, որի հաշվարկման հիմքը կազմում է ոչ թե տարին, այլ տվյալ կապիտալի պտույտի ժամանակաշրջանը. միմիայն այն դեպքում, եթե այս կապիտալը տարվա մեջ ճիշտ մի անգամ է պտույտ գործում, շահույթի երկու նորմաները համընկնում են։

Մյուս կողմից՝ մի տարվա ընթացքում ստացած շահույթը միևնույն տարվա ընթացքում արտադրված ու ծախված ապրանքների շահույթների գումարն է միայն։ Արդ, եթե մենք շահույթը հաշվենք ապրանքների արտադրության ծախքի վրա, ապա կստանանք շահույթի մի նորմա = , որտեղ p-ն մի տարվա ընթացքում իրացրած շահույթն է, իսկ k-ն՝ միևնույն ժամանակում արտադրված ու ծախված ապրանքների արտադրության ծախքերի գումարը։ Ակնհայտ է, որ շահույթի այս նորման լոկ այն ժամանակ կարող է համընկնել շահույթի իրական նորմայի հետ,— շահույթի մասսան՝ բաժանած ամբողջ կապիտալով,— եթե k = C, այսինքն, եթե կապիտալը տարվա մեջ պտույտ է գործում ճիշտ մի անգամ։

Վեր առնենք մի արդյունաբերական կապիտալի երեք տարբեր կացություն։

I. 8 000 ֆ. ստ.-անոց կապիտալն արտադրում և ծախում է տարեկան 5 000 հատ ապրանք, հատը 30 շիլլինգով, ուրեմն նրա տարեպտույտն անում է 7 500 ֆ. ստ.։ Ապրանքի ամեն մի հատին ստացվում է 10 շիլլինգ շահույթ = 2 500 ֆ. ստ. տարեկան շահույթ։ Հետևաբար ամեն մի հատի մեջ պարունակվում է 20 շիլլինգ կանխավճարած կապիտալ ու 10 շիլլինգ շահույթ, ուրեմն շահույթի նորման հատին անում է = 50%։ Պտույտ գործած 7 500 ֆ. ստ. գումարին գալիս է 5 000 ֆ. ստ. կանխավճարած կապիտալ ու 2 500 ֆ. ստ. շահույթ. պտույտին ընկնող շահույթի նորման` -ն նմանապես = 50%։ Ընդհակառակը, ամբողջ կապիտալի վրա հաշվելով, շահույթի նորման

II. Թող կապիտալը բարձրանա 10 000 ֆ. ստ.-ի։ Ենթադրենք, աշխատանքի բարձրացած արտադրողականության հետևանքով նա կարողանում է տարեկան արտադրել 10 000 հատ ապրանք, յուրաքանչյուրը 20 շիլլինգ արտադրության ծախքով։ Թող նա այդ ապրանքը ծախի 4 շիլլինգ շահույթով, ուրեմն հատը 24 շիլլինգով։ Այն ժամանակ տարեկան արդյունքի գինը = է 12 000 ֆ. ստ., որից 10 000 ֆ. ստ.-ը՝ կանխավճարած կապիտալ ու 2 000 ֆ. ստ.-ը՝ շահույթ։ Հատին ընկնող -ն = է , տարեպտույտինը = , ուրեմն երկու դեպքում էլ = 20%, և որովհետև ամբողջ կապիտալը հավասար է արտադրության ծախքերի գումարին, այն է 10 000 ֆ. ստ., ապա -ն իրական շահույթի նորման էլ այս անգամ = 20%։

III. Թող աշխատանքի մշտապես աճող արտադրողականության պայմաններում կապիտալը բարձրանա 15 000 ֆ. ստ.-ի և հիմա տարեկան արտադրի 30 000 հատ ապրանք, յուրաքանչյուրը 13 շիլլինգ արտադրության ծախքով, որոնք ծախվեն 2 շիլլինգ շահույթով, ուրեմն հատը 15 շիլլինգով։ Այսպիսով տարեպտույտը = 15 շիլլինգ × 30 000 = 22 500 ֆ. ստ., որից 19 500-ը՝ կանխավճարած կապիտալ ու 3 000 ֆ. ստ.-ը՝ շահույթ։ Ուրեմն

։

Ընդհակառակը,

։

Ինչպես տեսնում ենք, միմիայն II դեպքում, որտեղ պտույտ գործած կապիտալային արժեքը հավասար է ամբողջ կապիտալին, ապրանքի մի հատին կամ թե պտուտագումարին բաժին ընկնող շահույթի նորման նույնն է, ինչ որ ամբողջ կապիտալի վրա հաշված շահույթի նորման։ I դեպքում, որտեղ պտուտագումարն ամբողջ կապիտալից ավելի փոքր է, շահույթի նորման, ապրանքի արտադրության ծախքի վրա հաշված, ավելի բարձր է։ III դեպքում, որտեղ ամբողջ կապիտալը պտուտագումարից ավելի փոքր է, շահույթի նորման ավելի ցածր է իրական, ամբողջ կապիտալի վրա հաշված շահույթի նորմայից։ Այս դրույթն ընդհանրական նշանակություն ունի։

Վաճառականական պրակտիկայում պտույտը սովորաբար ճիշտ չի հաշվվում։ Ընդունում են, որ կապիտալն արդեն մի պտույտ է գործել, հենց որ իրացվող ապրանքագների գումարը հասնում է գործադրված ամբողջ կապիտալի գումարին։ Բայց կապիտալը լոկ այն ժամանակ կարող է մի լրիվ պտույտ ավարտել, երբ իրացած ապրանքների արտադրության ծախքի գումարը հավասարվում է ամբողջ կապիտալի գումարին։— Ֆ. Է.]։

Այստեղ ևս նորից երևան է գալիս, թե կապիտալիստական արտադրության պայմաններում որքան կարևոր է առանձին ապրանքը կամ թե մի որևէ ժամանակամիջոցի ապրանքային արդյունքը դիտել ոչ թե ինքնըստինքյան, մեկուսացած, իբրև սոսկական ապրանք, այլ իբրև կանխավճարված կապիտալի արդյունք ու այն ամբողջ կապիտալի հարաբերությամբ վերցրած, որն արտադրում է այս ապրանքը։

Արդ, թեև շահույթի նորման պետք է հաշվվեր, համեմատելով արտադրված ու իրացված հավելյալ արժեքի մասսան ոչ միայն կապիտալի սպառված մասի հետ, որը վերահայտնվում է ապրանքների մեջ, այլ համեմատելով կապիտալի նշած մասի հետ, պլյուս կապիտալի չսպառված, բայց գործադրված այն մասը, որը շարունակում է ծառայել արտադրության մեջ,— սակայն և այնպես շահույթի մասսան կարող է հավասար լինել շահույթի կամ թե հավելյալ արժեքի այն մասսային միայն, որը պարունակվում է բուն իսկ ապրանքների մեջ և պետք է իրացվի այդ ապրանքների վաճառքի միջոցով։

Եթե արդյունաբերության արտադրողականությունը բարձրանում է, ապա առանձին ապրանքի գինն ընկնում է։ Նրա մեջ հիմա ավելի քիչ աշխատանք է պարունակվում, ավելի քիչ՝ թե վճարված ու թե անվճար աշխատանք։ Ասենք թե միևնույն աշխատանքը հիմա արտադրում է, օրինակ, եռապատիկ արդյունք. այս դեպքում առանձին արդյունքին -ով ավելի քիչ աշխատանք է ընկնում։ Եվ որովհետև շահույթն առանձին ապրանքի մեջ պարունակվող աշխատանքի այս մասսայի լոկ մի մասը կարող է կազմել, ուստի առանձին ապրանքին բաժին ընկնող շահույթի մասսան պետք է նվազի և այս էլ որոշ սահմաններում, նույնիսկ այն դեպքում եթե հավելյալ արժեքի նորման բարձրանում է։ Համենայն դեպս ամբողջ արդյունքին բաժին ընկնող շահույթի մասսան շահույթի սկզբնական մասսայից ցած չի իջնի, եթե միայն կապիտալը գործադրում է բանվորների միևնույն մասսան, ինչ որ առաջ, ու շահագործման աստիճանը մնում է անփոփոխ։ (Այս կարող է տեղի ունենալ նաև այն դեպքում, եթե շահագործման ավելի բարձրացած աստիճանի պայմաններում ավելի սակավաթիվ բանվորներ են գործադրվում)։ Որովհետև միևնույն հարաբերությամբ, որով նվազում է առանձին արդյունքին բաժին ընկնող շահույթի մասսան, ավելանում է արդյունքների թիվը։ Շահույթի մասսան մնում է միևնույնը, միայն թե այլ կերպ է բաշխվում ապրանքների գումարի վրա. և այս ամենևին չի փոխում նոր միակցված աշխատանքի միջոցով ստեղծված արժեքի քանակի բաշխումը բանվորների ու կապիտալիստների միջև։ Աշխատանքի միևնույն մասսան կիրառելու պրոցեսում շահույթի մասսան լոկ այն դեպքում կարող է բարձրանալ, եթե անվճար հավելյալ աշխատանքն աճում է, կամ թե աշխատանքի շահագործման անփոփոխ աստիճանի դեպքում՝ եթե բանվորների թիվն աճում է։ Կամ թե չէ այն դեպքում, եթե այս երկու պայմանն էլ միասին են ներգործվում։ Այս բոլոր դեպքերում — որոնք սակայն մեր նախադրյալի համաձայն ենթադրում են հաստատուն կապիտալի աճում փոփոխունի համեմատությամբ ու գործադրված ամբողջ կապիտալի մեծության աճում — առանձին ապրանքը շահույթի ավելի փոքր մասսա է պարունակում, և շահույթի նորման ընկնում է նույնիսկ այն դեպքում, եթե առանձին ապրանքի վրա է հաշվվում. նոր միակցված աշխատանքի մի տվյալ քանակ ներկայացվում է ապրանքների մի ավելի մեծ քանակի մեջ. առանձին ապրանքի գինն ընկնում է։ Վերացականորեն քննած՝ առանձին ապրանքի գնի անկման դեպքում, որն առաջ է գալիս աճած արտադրողականության հետևանքով, և ուրեմն այս ավելի էժան ապրանքների թվի միաժամանակյա շատացման դեպքում շահույթի նորման կարող է նույնը մնալ, եթե, օրինակ, արտադրողականության բարձրացումը համաչափորեն ու միաժամանակ է ներգործում ապրանքների բոլոր բաղադրամասերի վրա, այնպես որ ապրանքների ամբողջ գինն ընկնում է նույն հարաբերությամբ, որով աշխատանքի արտադրողականությունն է բարձրանում, և մյուս կողմից ապրանքի գնի տարբեր բաղադրամասերի փոխադարձ հարաբերությունը մնում է միևնույնը։ Շահույթի նորման կարող էր բարձրանալ նույնիսկ այն ժամանակ, եթե հավելյալ արժեքի նորմայի բարձրացման հետ շաղկապված լիներ հաստատուն ու մանավանդ հիմնական կապիտալի տարրերի արժեքի մի զգալի նվազում։ Բայց իրականում, ինչպես արդեն տեսանք, շահույթի նորման ժամանակի ընթացքում ընկնում է։ Սակայն առանձին ապրանքի գնի անկումը ոչ մի դեպքում չի թույլատրում որևէ եզրակացություն անելու շահույթի նորմայի մասին։ Ամեն ինչ հանգում է այն բանին, թե որքան մեծ է ապրանքի արտադրությանը մասնակցող կապիտալի ամբողջ գումարը։ Թող, օրինակ, մի կանգուն գործվածքի գինը 3 շիլլինգից ընկնի 1 շիլլինգի. եթե մենք գիտենք, որ գնի այդպիսի անկումից առաջ նրա 1 շիլլինգը հաստատուն կապիտալ էր, մանվածք և այլն, շիլլինգը՝ աշխատավարձ , շիլլինգը՝ շահույթ, իսկ գնի անկումից հետո 1 շիլլինգը հաստատուն կապիտալ է, շիլլինգը՝ աշխատավարձ, և շիլլինգը՝ շահույթ, ապա մենք դեռ չգիտենք, արդյոք շահույթի նորման միևնույնն է մնացել, թե՞ ոչ։ Այս կախված է նրանից, թե աճե՞լ է արդյոք ու որչափ՝ կանխավճարված ամբողջ կապիտալը, և սա քանի կանգուն ավելի է արտադրում տվյալ ժամանակում։

Արտադրության կապիտալիստական եղանակի բնությունից առաջացող այն երևույթը, որ աշխատանքի աճող արտադրողականության պրոցեսում առանձին ապրանքի կամ թե ապրանքի տվյալ մի քանակի գինն ընկնում է, ապրանքների թիվը մեծանում, առանձին ապրանքին հասնող շահույթի մասսան ու ապրանքի ամբողջ գումարին հասնող շահույթի նորման նվազում են, բայց ապրանքի ամբողջ գումարին բաժին ընկնող շահույթի մասսան աճում է — այս երևույթը մակերևութորեն քննելիս միմիայն հետևյալն է ներկայացնում. առանձին ապրանքին հասնող շահույթի մասսայի անկում, ապրանքի գնի անկում, շահույթի մասսայի աճում, այն ապրանքների աճած ամբողջ քանակի համար, որ արտադրում է հասարակական ամբողջ կապիտալը և կամ առանձին կապիտալիստը։ Այս երևույթը տվյալ դեպքում այնպես է ըմբռնվում, իբր թե կապիտալիստն իր ազատ կամեցողությամբ է ավելի քիչ շահույթ վերցնում առանձին ապրանքներից, բայց իրեն փոխհատուցում է, արտադրելով ապրանքների ավելի մեծ քանակ։ Այս հայացքը հիմնվում է այն պատկերացման վրա, իբր թե շահույթը ծագում է վաճառքից, օտարացումից (profit upon alienation) մի պատկերացում, որն իր հերթին հետևցրած է վաճառականական կապիտալի հայացքներից։

Մենք առաջ, առաջին գրքի չորրորդ ու յոթերորդ բաժնում, տեսանք, որ աշխատանքի արտադրողականության հետ աճող ապրանքային մասսան ու առանձին ապրանքի էժանացումն իբրև այսպիսիք (որչափով այս ապրանքները չեն մտնում բանվորական ուժի գնի մեջ իբրև որոշիչ տարրեր), չեն ազդում առանձին ապրանքի մեջ եղած վճարովի ու անվճար աշխատանքի հարաբերության վրա, չնայած գնի անկմանը։

Որովհետև մրցման մեջ ամեն ինչ կեղծ, այլաշրջված ձևով է պատկերանում, ուստի առանձին կապիտալիստը կարող է երևակայել, 1) որ նա առանձին ապրանքին բաժին ընկնող իր շահույթը քչացնում է՝ ապրանքի գինն իջեցնելով, բայց ավելի մեծ շահույթ է ձեռք բերում ապրանքային այն ավելի մեծ մասսայի շնորհիվ, որ ինքը վաճառում է. 2) որ նա ինքը սահմանում է առանձին ապրանքների գինը և ամբողջ արդյունքի գինը որոշում է բազմապատկման միջոցով, այն ինչ սկզբնական պրոցեսը բաժանումն է (տես I գիրք, X գլուխ, 282—284 էջ), բազմապատկումը ճիշտ է լոկ երկրորդ հերթին, քանի որ ենթադրվում է նրան նախորդող բաժանում։ Գռեհիկ տնտեսագետն ուրիշ բան չի անում իրոք, բայց եթե մրցման մեջ ընդգրկված կապիտալիստների տարօրինակ պատկերացումները թարգմանում է մի առերևույթ ավելի թեորետիկ, ընդհանրականացնող լեզվի և կաշվից դուրս է գալիս՝ այս պատկերացումների ճշտությունը կերտելու համար։

Ապրանքային գների անկումն ու էժանացած ապրանքների աճող մասսային բաժին ընկնող շահույթի մասսայի մեծացումն իրապես լոկ մի այլ արտահայտություն է այն օրենքի, ըստ որի շահույթի նորման ընկնում է շահույթի մասսայի մեծանալու հետ միաժամանակ։

Այն խնդրի հետազոտությունը, թե շահույթի ընկնող նորման որքան կարող է համընկնել բարձրացող գների հետ, նույնքան քիչ է վերաբերում այստեղին, որքան այն կետը, որ քննված է ավելի առաջ, I գիրք, 282—284 էջերում, հարաբերական հավելյալ արժեքի առնչությամբ։ Այն կապիտալիստը, որը կիրառում է արտադրության ավելի կատարելագործված, բայց դեռ չընդհանրացած եղանակներ, ծախում է շուկայի գնից ցածր, բայց իր անհատական արտադրության գնից բարձր. այսպիսով շահույթի նորման նրա համար բարձրանում է, մինչև որ մրցումը հավասարեցնում է այս. հավասարեցման այս ժամանակաշրջանում առաջ է գալիս ծախսված կապիտալը մեծացնելու մի նոր պահանջ. նայած այս մեծացման աստիճանին, նոր պայմաններում կապիտալիստը հիմա ի վիճակի կլինի մինչև այդ զբաղեցրած բանվորական մասսայի մի մասը, գուցե և ամբողջ մասսան կամ թե բանվորների մի ավելի մեծ մասսա աշխատեցնելու, հետևաբար շահույթի միևնույն կամ թե մի ավելի մեծ մասսա արտադրելու։

ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱԿԱԶԴՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Եթե մենք դիտում ենք հասարակական աշխատանքի հենց միմիայն վերջին 30 տարում տեղի ունեցած արտադրողական ուժերի վիթխարի զարգացումը բոլոր նախկին ժամանակաշրջանների համեմատությամբ, եթե դիտում ենք հատկապես հիմնական կապիտալի այն վիթխարի մասսան, որը, բուն մեքենաներից զատ, մտնում է արտադրության հասարակական պրոցեսի ընդհանրության մեջ, ապա մինչև այժմ տնտեսագետներին զբաղեցնող այն դժվարության փոխարեն, թե ինչպես պետք է բացատրել շահույթի նորմայի անկումը, հանդես է գալիս հակառակ դժվարությունը, թե ինչպես բացատրել այն երևույթը, որ այս անկումն ավելի մեծ չափերի չի հասնում կամ թե ավելի արագ չի կատարվում։ Պետք է ենթադրել, որ այստեղ դեր են խաղում հակագործող ազդեցություններ, որոնք խաչաձևում և վերացնում են ընդհանրական օրենքի ներգործությունը և նրան տալիս են լոկ մի տենդենցի բնույթ։ Ահա ինչու շահույթի ընդհանրական նորմայի անկումը մենք նշանակել ենք իբրև անկման տենդենց։ Այս պատճառների մեջ ամենից ընդհանրականները հետևյալներն են.

I. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Աշխատանքի շահագործման, աստիճանը, հավելյալ աշխատանքի ու հավելյալ արժեքի յուրացումը մեծացվում է հատկապես բանվորական օրը երկարացնելու և աշխատանքը լարունացնելու միջոցով։ Այս երկու կետն էլ հանգամանորեն հետազոտված են I գրքում՝ բացարձակ ու հարաբերական հավելյալ արժեքի արտադրությանը նվիրած գլուխներում։ Աշխատանքի լարունացման շատ մոմենտներ կան, որոնք ենթադրում են հաստատուն կապիտալի աճում՝ փոփոխունի հետ համեմատած, հետևաբար շահույթի նորմայի անկում են պարփակում իրենց մեջ, ինչպես, օրինակ, երբ մի բանվոր պետք է հսկի մեքենաների մի ավելի մեծ քանակի։ Այստեղ — ինչպես և այն մեթոդների մեծամասնության կիրառման ժամանակ, որոնք հարաբերական հավելյալ արժեքի արտադրությանն են ծառայում — միևնույն պատճառները, որոնք հավելյալ արժեքի նորմայի աճում են առաջ բերում, կարող են իրենց մեջ պարփակել հավելյալ արժեքի մասսայի մի անկում, որքան որ խնդիրը վերաբերում է գործադրված ամբողջ կապիտալի տվյալ մեծությանը։ Բայց կան լարունացման ուրիշ մոմենտներ, ինչպես, օրինակ, մեքենաների սաստկացրած արագությունը, որոնք միևնույն ժամանակվա մեջ չնայած ավելի շատ հումք են գործադրում, բայց ինչ վերաբերում է հիմնական կապիտալին, թեև մեքենաներն ավելի արագ են մաշվում, սակայն և այնպես այս հանգամանքն ամենևին չի ազդում նրանց արժեքի ու նրանց շարժման մեջ դնող աշխատանքի գծի հարաբերության վրա։ Հատկապես բանվորական օրվա երկարացումը, արդի արդյունաբերության այս հայտնադործումն է հենց, որ մեծացնում է յուրացվող հավելյալ աշխատանքի մասսան՝ առանց էապես փոփոխելու գործադրվող բանվորական ուժի և նրա կողմից շարժման մեջ դրվող հաստատուն կապիտալի հարաբերությունը և որն ավելի շուտ հարաբերաբար նվազեցնում է հաստատուն կապիտալը։ Ինչպես առաջ արդեն ցույց ենք տվել — հենց այս է կազմում շահույթի նորմայի անկման տենդենցի բուն գաղտնիքը — հարաբերական հավելյալ արժեք ստեղծելու մեթոդներն ընդհանրապես ու ամբողջությամբ առած հանգում են հետևյալին. մի կողմից աշխատանքի տվյալ մասսայից ըստ կարելվույն շա՛տ փոխարկել հավելյալ արժեքի, մյուս կողմից ըստ կարելվույն քիչ աշխատանք գործադրել ընդհանրապես՝ կանխավճարված կապիտալի համեմատությամբ. այնպես որ միևնույն պատճառները, որոնք թույլատրում են աշխատանքի շահագործման աստիճանը բարձրացնել, արգելում են կապիտալի միևնույն գումարով նույնքան աշխատանք շահագործել, որքան առաջ։ Սրանք են այն հակամարտ տենդենցները, որոնք հավելյալ արժեքի նորմայի մի բարձրացում առաջ բերելով հանդերձ, միաժամանակ առաջ են բերում տվյալ կապիտալի կողմից արտադրվող հավելյալ արժեքի մասսայի և ուրեմն շահույթի նորմայի անկում։ Այստեղ պետք է նմանապես հիշատակել կանանց ու մանուկների աշխատանքի մասսայական մուծումը, որչափով որ ամբողջ ընտանիքը պետք է հավելյալ աշխատանքի առաջվանից ավելի մեծ մի մասսա մատակարարի կապիտալին, եթե նույնիսկ ընտանիքին տրվող աշխատավարձի ամբողջ գումարն աճելիս լինի, մի երևույթ, սակայն, որը երբեք ընդհանրական լինել չի կարող։ Ամեն ինչ, որ գործադրված կապիտալի անփոփոխ մեծության դեպքում զարկ է տալիս հարաբերական հավելյալ արժեքի արտադրությանը մեթոդները սոսկ բարելավելու միջոցով, ինչպես, օրինակ, երկրագործության մեջ, միևնույն ներգործությունն է ունենում։ Թեև գործադրված հաստատուն կապիտալն այստեղ չի մեծանում փոփոխունի համեմատությամբ, որչափով որ մենք վերջինս զբաղված բանվորական ուժի ցուցանիշ ենք նկատում, բայց և այնպես արդյունքի մասսան աճում է կիրառված բանվորական ուժի համեմատությամբ։ Միևնույնն է տեղի ունենում, եթե աշխատանքի արտադրողական ուժը (արդյոք նրա արդյունքը բանվորների սպառման մե՞ջ է մտնում, թե՞ հաստատուն կապիտալի տարրերի մեջ, միևնույն է) ազատվում է հաղորդակցությունները դժվարացնող արգելքներից, կամայական կամ թե ժամանակի ընթացքում խանգարիչ դարձած սահմանափակումներից, ամեն տեսակի կապանքներից ընդհանրապես, ընդորում սրանով միառժամանակ բոլորովին չի փոխվում փոփոխուն և հաստատուն կապիտալի հարաբերությունը։

Կարող է հարց բարձրանալ այն մասին, թե այն պատճառների մեջ, որոնք կասեցնում են շահույթի նորմայի անկումը, բայց վերջին հաշվով միշտ արագացնում են այն, արդյոք հաշվվո՞ւմ են հավելյալ արժեքի ժամանակավոր, բայց մշտապես կրկնվող, մերթ այս, մերթ այն արտադրաճյուղում դուրս ցայտող ու ընդհանրական մակարդակից վեր ընթացող բարձրացումներն այն կապիտալիստի համար, որը գյուտեր և այլն է օգտագործում՝ նախքան սրանք լայն տարածում կստանային։ Այս հարցին պետք է դրական պատասխան տալ։

Հավելյալ արժեքի այն մասսան, որ արտադրվում է տվյալ մեծության կապիտալի կողմից, արդյունք է երկու գործոնի — հավելյալ արժեքի նորմայի, բազմապատկած այն բանվորների թվով, որոնք աշխատեցվում են շահագործման տվյալ նորմայով։ Հետևաբար հավելյալ արժեքի տվյալ նորմայի դեպքում հավելյալ արժեքի մասսան կախված է բանվորների թվից, իսկ բանվորների տվյալ թվի դեպքում՝ հավելյալ արժեքի նորմայից, ընդհանրապես ուրեմն փոփոխում կապիտալի բացարձակ մեծության ու հավելյալ արժեքի նորմայի բարդ հարաբերությունից։ Սակայն, ինչպես տեսանք, նույն այն պատճառները, որոնք բարձրացնում են հարաբերական հավելյալ արժեքի նորման, միջին հաշվով նվազեցնում են գործադրվող բանվորական ուժի մասսան։ Բայց պարզ է, որ մեծացումը կամ փոքրացումն այստեղ հանդես է գալիս՝ նայած այն որոշ հարաբերությանը, որի մեջ կատարվում է այս հակադիր շարժումը, և որ շահույթի նորմայի փոքրանալու տենդենցը հատկապես թուլանում է բացարձակ հավելյալ արժեքի նորմայի բարձրացման հետևանքով, որն առաջ է գալիս բանվորական օրվա երկարացումից։

Շահույթի նորմայի քննարկման ժամանակ մենք գտանք ընդհանրապես, որ շահույթի նորմայի այն անկմանը, որը գործադրվող ամբողջ կապիտալի բարձրացող մասսայի հետևանք է, համապատասխանում է շահույթի մասսայի մեծացումը։ Հասարակության ամբողջ փոփոխուն կապիտալը նկատի առնելով, տեսնում ենք, որ նրա արտադրած հավելյալ արժեքը հավասար է արտադրած շահույթին։ Հավելյալ արժեքի բացարձակ մասսայի հետ միասին աճել է նաև հավելյալ արժեքի նորման. առաջինն աճել է այն պատճառով, որ հասարակության գործադրած բանվորական ուժի մասսան է աճել, երկրորդը՝ այն պատճառով, որ այս աշխատանքի շահագործման աստիճանն է բարձրացել։ Բայց տվյալ մեծության, օրինակ, 100-անոց կապիտալի համեմատությամբ հավելյալ արժեքի նորման կարող է աճել, մինչդեռ հավելյալ արժեքի մասսան միջին հաշվով կընկնի, որովհետև նորման որոշվում է այն հարաբերությամբ, որով մեծանում է կապիտալի փոփոխուն մասի արժեքը, իսկ մասսան, ընդհակառակը, որոշվում է այն հարաբերական մասով, որ փոփոխուն կապիտալը կազմում է ամբողջ կապիտալի մեջ։

Հավելյալ արժեքի նորմայի բարձրացումը — որովհետև սա մասնավորապես տեղի է ունենում նաև այնպիսի պարագաներում, երբ, ինչպես վերևում նշված է, հաստատուն կապիտալի ոչ մի մեծացում կամ թե ոչ մի համամասնական մեծացում չի կատարվում փոփոխունի համեմատությամբ — մի գործոն է, որով որոշվում է հավելյալ արժեքի մասսան, որոշվում է ուրեմն նաև շահույթի նորման։ Այս գործոնը չի վերացնում ընդհանրական օրենքը, բայց նա այն է անում, որ այս օրենքն ավելի շատ գործում է իբրև տենդենց, այսինքն իբրև մի օրենք, որի բացարձակ իրականացումը կասեցվում, դանդաղեցվում, թուլացվում է հակազդող պարագաների շնորհիվ։ Բայց որովհետև միևնույն պատճառները, որոնք բարձրացնում են հավելյալ արժեքի նորման (նույնիսկ բանվորական ժամանակի երկարացումը խոշոր արդյունաբերության մի հետևանք է), ձգտում են տվյալ կապիտալի գործադրած բանվորական ուժը քչացնելու ուստի միևնույն պատճառները ձգտում են թե շահույթի նորման փոքրացնելու և թե այս փոքրացման պրոցեսը դանդաղեցնելու։ Եթե մի բանվոր հարկադրվում է կատարելու մի այնպիսի աշխատանք, որը միմիայն երկու հոգի կարող են կատարել ռացիոնալ կերպով, և եթե այս տեղի է ունենում այնպիսի պարագաներում, երբ սա կարող է փոխարինել մի եռյակի, ապա մեկը նույնքան հավելյալ աշխատանք կմատակարարի, ինչքան որ առաջ մատակարարում էին երկուսը, և ըստ այնմ էլ կբարձրանա հավելյալ արժեքի նորման։ Բայց նա նույնքան չի մատակարարի, որքան առաջ՝ երեքը, և այդպիսով հավելյալ արժեքի մասսան կընկնի։ Բայց սրա անկումը համակշռվում է կամ թե սահմանափակվում է հավելյալ արժեքի նորմայի բարձրացումով։ Եթե ամբողջ բնակչությունը բանում է հավելյալ արժեքի բարձրացած նորմայով, ապա հավելյալ արժեքի մասսան աճում է, թեև բնակչությունը նույնն է մնում։ Հավելյալ արժեքի մասսան է՛լ ավելի է մեծանում բնակչության աճման դեպքում. և չնայած որ այս շաղկապված է զբաղված բանվորների թվի մի հարաբերական անկման հետ, որը տեղի է ունենում ամբողջ կապիտալի մեծության համեմատությամբ, այնուամենայնիվ այս անկումը չափավորվում կամ թե կասեցվում է հավելյալ արժեքի նորմայի բարձրացման հետևանքով։

Այս կետը թողնելուց առաջ պետք է մի անգամ էլ ընդգծենք, որ կապիտալի տվյալ մեծության դեպքում հավելյալ արժեքի նորման կարող է աճել, թեև նրա մասսան ընկնում է, և ընդհակառակը։ Հավելյալ արժեքի մասսան հավասար է իր նորմային, բազմապատկած բանվորներիդ թվով. բայց նորման բնավ չի հաշվվում ամբողջ կապիտալի համեմատությամբ, այլ միմիայն փոփոխուն կապիտալի համեմատությամբ, իրապես միմիայն մի բանվորական օրը նկատի ունենալով։ Ընդհակառակը, կապիտալային արժեքի տվյալ մեծության դեպքում շահույթի նորման երբեք չի կարող բարձրանալ կամ թե ընկնել, եթե հավելյալ արժեքի մասսան նմանապես չի բարձրանում կամ թե չի ընկնում։

II. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱՆԿՈՒՄԸ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՈՒԺԻ ԱՐԺԵՔԻՑ ԱՎԵԼԻ ՑԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԻ

Այս լոկ էմպիրիկ կերպով է այստեղ հիշատակվում, որովհետև սա,— ինչպես և շատ ուրիշ խնդիրներ, որ այստեղ կարող էին մեջ բերվել,— իրոք ոչ մի առնչություն չունի կապիտալի ընդհանրական վերլուծման, հետ, այլ վերաբերում է մրցման հետազոտությանը, որի մասին մենք չենք խոսելու այս երկի մեջ, սակայն աշխատավարձի այդ իջեցումը մեկն է այն ամենազգալի պատճառներից, որոնք կասեցնում են շահույթի նորմայի անկման տենդենցը։

III. ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՏԱՐՐԵՐԻ ԷԺԱՆԱՑՈՒՄԸ

Այն ամենը, ինչ որ այս գրքի առաջին բաժնում ասվել է այն պատճառների մասին, որոնք հավելյալ արժեքի հաստատուն նորմայի դեպքում կամ թե հավելյալ արժեքի նորմայից անկախ բարձրացնում են շահույթի նորման,— վերաբերում է այս կետին։ Ուրեմն հատկապես և այն դեպքը, երբ — ամբողջ կապիտալը քննության առնելիս — հաստատուն կապիտալի արժեքը նույն հարաբերությամբ չի աճում, ինչպես նրա նյութական ծավալը։ Օրինակ, բամբակի այն մասսան, որ եվրոպական մի առանձին մանաբանվոր վերամշակում է ժամանակակից գործարանում, ամենավիթխարի չափով աճել է բամբակի այն մասսայի համեմատությամբ, որ առաջ վերամշակում էր մի եվրոպական մանորդ ճախարակի օգնությամբ։ Բայց վերամշակվող բամբակի արժեքը նույն հարաբերությամբ չի աճել, ինչ որ նրա մասսան։ Սույնը կարելի է ասել մեքենաների ու հիմնական կապիտալի այլ տարրերի մասին։ Կարճ ասած՝ միևնույն զարգացումը, որը հաստատուն կապիտալի մասսան մեծացնում է փոփոխունի համեմատությամբ, աշխատանքի բարձրացած արտադրողականության հետևանքով իջեցնում է հաստատուն կապիտալի տարրերի արժեքը և ուրեմն արգելք է լինում, որ նրա արժեքը, որը թեև մշտապես աճում է, աճի այն համամասնությամբ, որով աճում է նրա նյութական ծավալը, այսինքն այն արտադրամիջոցների նյութական ծավալը, որոնք շարժման մեջ են դրվում բանվորական ուժի միևնույն քանակով։ Առանձին դեպքերում հաստատուն կապիտալի տարրերի մասսան կարող է մինչև անգամ աճել այն ժամանակ, երբ նրա արժեքը նույնն է մնում, կամ թե նույն իսկ ընկնում է։

Ասածիս հետ կապ ունի առկա կապիտալի (այսինքն նրա իրեղեն տարրերի) արժեքի անկումը, որ առաջ է գալիս արդյունաբերության զարգացման պրոցեսում։ Սա էլ մեկն է մշտապես ներգործող այն պատճառներից, որոնք շահույթի նորմայի անկումը կասեցնում են, թեև այդ նույն պատճառով որոշ պարագաներում շահույթի մասսան կարող է կրճատվել, եթե կրճատվում է այն կապիտալի մասսան, որը շահույթ է բերում։ Այստեղ նորից պարզվում է, որ նույն այն պատճառները, որոնք առաջացնում են շահույթի նորմայի անկման տենդենցը, այս տենդենցի իրականացումը նաև չափավորում են։

IV. ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԳԵՐԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Հարաբերական գերբնակչության գոյացումն անբաժանելի է աշխատանքի արտադրողականության զարգացումից և արագացվում է այս զարգացմամբ, որն արտահայտվում է շահույթի նորմայի նվազման մեջ։ Հարաբերական գերբնակչությունն այնքան ավելի ակնբախ է մի երկրում, որքան ավելի է զարգացած այնտեղ արտադրության կապիտալիստական եղանակը։ Նա է դարձյալ պատճառը մի կողմից այն բանի, որ բազմաթիվ արտադրաճյուղերում հարատևում է աշխատանքի ավելի կամ թե պակաս թերի ենթարկումը կապիտալին և ավելի երկար է հարատևում, քան առաջին հայացքից այս համապատասխանում է զարգացման ընդհանուր մակարդակին. այս՝ հետևանք է շուկայում գտնվող կամ թե ազատ արձակված վարձու բանվորների էժանության ու բազմության և այն ավելի մեծ դիմադրության, որ մի շարք արտադրաճյուղեր, իրենց բնության համաձայն, ցույց են տալիս ձեռնաշխատանքի փոխարկմանը մեքենայական աշխատանքի։ Մյուս կողմից՝ բացվում են նոր արտադրաճյուղեր, հատկապես պերճանքի առարկաների համար, արտադրաճյուղեր, որոնց համար պատվանդան է ծառայում հենց հիշյալ հարաբերական գերբնակչությունը, որը հաճախ զրկված է լինում աշխատանքից՝ ուրիշ արտադրաճյուղերում հաստատուն կապիտալի գերակշռության հետևանքով։ Իրենց հերթին այս արտադրաճյուղերը հիմնվում են կենդանի աշխատանքի տարրի գերակշռության վրա ու միմիայն աստիճանաբար են անցնում զարգացման այն ուղին, որն արդեն անցել են ուրիշ արտադրաճյուղեր։ Երկու դեպքում էլ փոփոխուն կապիտալն ամբողջ կապիտալի մի նշանավոր մասն է կազմում, և աշխատավարձը միջինից ցած է լինում, այնպես որ թե հավելյալ արժեքի նորման ու թե հավելյալ արժեքի մասսան արտասովոր կերպով բարձր են լինում այս արտադրաճյուղերում։ Արդ, որովհետև շահույթի ընդհանրական նորման կազմվում է առանձին արտադրաճյուղերի շահույթի նորմաների հավասարեցման միջոցով, ուստի դարձյալ միևնույն պատճառը, որ շահույթի նորմայի ընկնող տենդենց է ծնում, այստեղ առաջ է բերում այս տենդենցի մի հակակշիռ, որն ավելի կամ պակաս չափով ջլատում է նրա ներգործությունը։

V. ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Որչափով որ արտաքին առևտուրը մասամբ էժանացնում է հաստատուն կապիտալի տարրերը, մասամբ էլ անհրաժեշտ կենսամիջոցները, որոնց փոխարկվում է փոփոխուն կապիտալը, նույն չափով նա բարձրացնում է շահույթի նորման, որովհետև բարձրացնում է հավելյալ արժեքի նորման և գցում է հաստատուն կապիտալի արժեքը։ Նա ընդհանրապես ներգործում է այս իմաստով, ստեղծելով արտադրության ծավալն ընդլայնելու հնարավորություն։ Այսպիսով նա արագացնում է մի կողմից կուտակումը, իսկ մյուս կողմից՝ փոփոխուն կապիտալի նվազումը հաստատունի համեմատությամբ, հետևաբար արագացնում է նաև շահույթի նորմայի անկումը։ Նմանապես էլ արտաքին առևտրի ընդարձակումը, թեև արտադրության կապիտալիստական եղանակի մանկության շրջանում եղել է սրա պատվանդանը, սակայն կապիտալիզմի զարգացման ընթացքում, արտադրության այս եղանակին հատուկ ներքին անհրաժեշտությամբ, մշտապես ընդարձակվող շուկայի նկատմամբ նրա ունեցած պահանջմունքի հետևանքով, դարձել է արտադրության կապիտալիստական եղանակի սեփական արգասիքը։ Այստեղ նորից երևան է գալիս ներգործության միևնույն երկվությունը (Ռիկարդոն արտաքին առևտրի այս կողմը բոլորովին անտեսել է)։

Մի ուրիշ հարց — որն իր առանձնահատուկ բնույթի շնորհիվ մեր հետազոտության սահմաններից դուրս է իսկապես— հետևյալն է. արդյոք շահույթի ընդհանրական նորման բարձրան՞ւմ է շահույթի այն ավելի բարձր նորմայի հետևանքով, որ տալիս է արտաքին ու մանավանդ գաղութային առևտրի մեջ ներդրված կապիտալը։

Կապիտալները, որոնք արտաքին առևտրի մեջ են դրված, կարող են շահույթի մի ավելի բարձր նորմա տալ այն պատճառով, որ նրանք այստեղ նախ՝ մրցում են այն ապրանքների հետ, որոնք արտադրվում են ուրիշ երկրներում արտադրության պակաս նպաստավոր պայմաններում, այնպես որ ավելի առաջադեմ երկիրն իր ապրանքները ծախում է սրանց արժեքից բարձր գնով, թեև ավելի էժան, քան, մրցող երկրները։ Որչափով որ ավելի առաջադեմ երկրի աշխատանքն այս դեպքում գնահատվում է իբրև ավելի բարձր տեսակարար կշիռ ունեցող աշխատանք, շահույթի նորման բարձրանում է, որովհետև այն աշխատանքը, որը չի վարձատրվում իբրև որակապես ավելի բարձր աշխատանք, ծախվում է իբրև այսպիսին։ Միևնույն հարաբերությունը կարող է ստեղծվել թե այն երկրի վերաբերմամբ, ուր ապրանքներ են ուղարկվում, և թե այն երկրի վերաբերմամբ, որտեղից ապրանքներ են բերվում. այսինքն այս երկիրն ավելի մեծ քանակությամբ առարկայացած աշխատանք է տալիս in natura [բնեղենով], քան ստանում է, և ընդսմին այնուամենայնիվ ապրանքներն ավելի էժան է ստանում, քան կարող էր ինքն արտադրել։ Ճիշտ այնպես, ինչպես այն գործարանատերը, որը մի նոր գյուտ օգտագործում է սրա ընդհանրական դառնալուց առաջ, ավելի էժան է ծախում, քան իր մրցորդները, բայց և այնպես ծախում է իր ապրանքի անհատական արժեքից բարձր, այսինքն իր կիրառած աշխատանքի ավելի բարձր մասնահատուկ արտադրողական ուժը դարձնում է հավելյալ աշխատանք։ Այսպիսով նա մի լրացուցիչ շահույթ է իրացնում։ Մյուս կողմից, ինչ վերաբերում է գաղութներում և այլուր ներդրած կապիտալներին, ապա նրանք կարող են շահույթի ավելի բարձր նորմաներ տալ այն պատճառով, որ այնտեղ ավելի ցած զարգացման հետևանքով ավելի բարձր է կանգնած շահույթի նորման, նույնպես և ավելի բարձր է կանգնած աշխատանքի շահագործումը՝ ստրուկներ, կուլիներ և այլն բանեցնելու հետևանքով։ Դժվար էր կռահելը, թե ինչո՞ւ շահույթի այն ավելի բարձր նորմաները, որ այսպիսով տալիս են որոշ ճյուղերում ներդրված կապիտալները և հայրենիք են ուղարկվում, այստեղ, եթե միայն մոնոպոլիաներն արգելք չեն լինում, ինչո՞ւ չպետք է մասնակցեն շահույթի ընդհանրական նորմայի հավասարեցմանը և ուրեմն ինչո՞ւ համապատասխանորեն չպետք է այն բարձրացնեն[2]։ Դժվար է այս կռահելը մանավանդ այն դեպքում, եթե կապիտալի գործադրման տվյալ ճյուղերն ազատ մրցման օրենքներին են ենթարկված։ Ռիկարդոյին, ընդհակառակը, գործն այսպես է պատկերանում։ Արտասահմանում ավելի բարձր գնով վաճառած ապրանքից ստացվող փողով այնտեղ ապրանքներ են գնվում և իբրև փոխհատուցում հայրենիք են ուղարկվում. ուրեմն այս ապրանքները ծախվում են երկրի ներսում, և հետևաբար այս հանգամանքը կարող է արտադրության տվյալ նպաստավոր ոլորտների համար առառավելը մի ժամանակավոր արտակարգ վնաս լինել մյուս ոլորտների համեմատությամբ։ Այս իլյուզիան չքանում է, հենց որ մի կողմ ենք թողնում փողային ձևը։ Բարենպաստ պայմաններում գտնվող երկիրը փոխանակության ժամանակ ավելի շատ աշխատանք է ետ ստանում ավելի քիչ աշխատանքի փոխարեն, թեև այս տարբերությունը, այս հավելուրդը, ինչպես առհասարակ լինում է աշխատանքի ու կապիտալի միջև տեղի ունեցող փոխանակության ժամանակ, մի հայտնի դասակարգի կողմից է գրպանվում։ Այսպիսով ուրեմն, որչափով շահույթի նորման ավելի բարձր է այն պատճառով, որ նա ավելի բարձր է գաղութային երկրում ընդհանրապես, նույնը բարենպաստ բնական պայմաններում կարող է ձեռք-ձեռքի տված ընթանալ ապրանքների ցածր գների հետ։ Հավասարեցում տեղի է ունենում, բայց ոչ թե հավասարեցում հին մակարդակի ուղղությամբ, ինչպես կարծում է Ռիկարդոն։

Բայց միևնույն արտաքին առևտուրը երկրի ներսում զարգացնում է արտադրության կապիտալիստական եղանակը և ընդսմին զարկ է տալիս փոփոխուն կապիտալի նվազմանը հաստատունի հանդեպ, այլև մյուս կողմից առաջ է բերում գերարտադրություն արտասահմանի համեմատությամբ, ուրեմն հետագա ընթացքում դարձյալ հակադիր ներգործություն է ունենում։

Եվ այսպիսով ուրեմն, ընդհանրապես ստացվում է հետևյալը. նույն այն պատճառները, որոնք տանում են դեպի շահույթի ընդհանրական նորմայի անկում, առաջացնում են նաև հականերգործություններ, որոնք կասեցնում, դանդաղեցնում և մասամբ ջլատում են այս անկումը։ Նրանք չեն վերացնում օրենքը, բայց թուլացնում են նրա ներգործությունը։ Առանց սրա անհասկանալի կլիներ ոչ թե շահույթի ընդհանրական նորմայի անկումը, այլ ընդհակառակը, այս անկման հարաբերական դանդաղությունը։ Այսպիսով ուրեմն, օրենքը գործում է լոկ իբրև տենդենց, որի ներգործությունն ակնբախ հանդես է գալիս որոշ հանգամանքներում ու երկար ժամանակաշրջանների ընթացքում միայն։

Նախքան առաջ գնալը հիմա մենք ուզում ենք նորից կրկնել բազմաթիվ անգամ շարադրած երկու դրույթ՝ հնարավոր թյուրիմացությունից խուսափելու համար։

Առաջին. Այն նույն պրոցեսը, որն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման ընթացքում ապրանքների էժանացում է առաջ բերում, առաջ է բերում նաև ապրանքների արտադրության համար գործադրվող հասարակական կապիտալի օրգանական կառուցվածքի փոփոխություն ու սրա հետևանքով՝ շահույթի նորմայի անկում։ Այսպիսով ուրեմն առանձին ապրանքի հարաբերական ծախքի, այլ և այս ծախքի այն մասի նվազումը, որը մեքենաների մաշվածքն է ներկայացնում, չպետք է նույնացնել հաստատուն կապիտալի բարձրացող արժեքի հետ՝ փոփոխունի համեմատությամբ, թեև, ընդհակառակը, հաստատուն կապիտալի վրա կատարվող հարաբերական ծախքի ամեն մի նվազում նրա իրեղեն տարրերի անփոփոխ կամ թե աճող ծավալի դեպքում նպաստում է շահույթի նորմայի բարձրացմանը, այսինքն նպաստում է հաստատուն կապիտալի արժեքի համապատասխան նվազմանը՝ համեմատած փոփոխուն կապիտալի հետ, որը գործադրվում է ընկնող համամասնությամբ։

Երկրորդ. Այն հանգամանքը, որ այն առանձին ապրանքները, որոնց ամբողջությունից կազմված է կապիտալի արդյունքը, միակցված կենդանի նոր աշխատանք են պարունակում մի նվազող հարաբերությամբ իրենց մեջ պարունակվող հումքի ու իրենց վրա սպառված աշխատամիջոցների նկատմամբ, հետևաբար այն պարագան, որ նոր միակցվող կենդանի աշխատանքի մի մշտապես նվազող քանակ է առարկայանում ապրանքների մեջ, որովհետև սրանց արտադրության համար ավելի քիչ աշխատանք է պահանջվում հասարակական, արտադրողական ուժի զարգացմանը զուգընթաց,— այս պարագան կապ չունի այն հարաբերության հետ, որով ապրանքի մեջ պարունակվող կենդանի աշխատանքը տրոհվում է վճարված ու անվճար մասերի։ Ընդհակառակը։ Թեև ապրանքի մեջ պարունակվող միակցված կենդանի աշխատանքի ընդհանուր քանակը նվազում է, բայց անվճար մասն աճում է վճարվածի համեմատությամբ վճարված մասի բացարձակ կամ համամասնական նվազման հետևանքով. որովհետև արտադրության միևնույն եղանակին, որը նվազեցնում է ապրանքի մեջ միակցված կենդանի աշխատանքի ընդհանուր մասսան, ուղեկցում է բացարձակ ու հարաբերական հավելյալ արժեքի բարձրացումը։ Շահույթի նորմայի անկման տենդենցը շաղկապված է հավելյալ արժեքի նորմայի, ուրեմն, աշխատանքի շահագործման աստիճանի բարձրացման տենդենցի հետ։ Ուստի չկա ավելի անհեթեթ բան, քան շահույթի նորմայի անկումն աշխատավարձի նորմայի բարձրացմամբ բացատրելը, թեև այս ևս կարող է տեղի ունենալ իբրև բացառություն։ Միմիայն հասկանալով այն հարաբերությունները, որոնք գոյացնոււմ են շահույթի նորման, վիճակագրությունն ընդունակ կդառնա տարբեր դարաշրջաններում ու երկրներում եղած աշխատավարձի նորմայի իրական վերլուծությանը ձեռնարկելու։ Շահույթի նորման ընկնում է ոչ թե այն պատճառով, որ աշխատանքը պակաս արտադրողական է դառնում, այլ այն պատճառով, որ նա ավելի արտադրողական է դառնում։ Երկուսն էլ, հավելյալ արժեքի նորմայի բարձրացումն ու շահույթի նորմայի անկումը, առանձնահատուկ ձևեր են լոկ, որոնց մեջ իր կապիտալիստական արտահայտությունն է ստանում աշխատանքի աճող արտադրողականությունը։

VI. ԱԿՑԻՈՆԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾԱՑՈՒՄԸ

Վերևի հինգ կետին կարելի է ավելացնել հետևյալն էլ, որի վրա, սակայն, մենք դեռ չենք կարող ավելի հանգամանորեն կանգ առնել։ Կապիտալիստական արտադրության առաջադիմության հետ, որն արագացող կուտակման հետ ձեռք-ձեռքի տված է ընթանում, կապիտալի մի մասը լոկ իբրև տոկոսաբեր կապիտալ է նկատի առնվում և գործադրվում։ Եվ այս ոչ այն իմաստով, որ կապիտալ վարկտարող ամեն մի կապիտալիստ բավականանում է տոկոսներով, այնինչ արդյունաբերական կապիտալիստը՝ ձեռնարկատիրական շահույթ է գրպանում։ Այս ոչ մի կապ չունի շահույթի ընդհանրական նորմայի բարձրության հետ, որովհետև նրա համար շահույթը = է տոկոսի + ամեն տեսակի շահույթ + հողային ռենտան, և նրա բաշխումն այս առանձին կատեգորիաների մեջ նշանակություն չունի շահույթի ընդհանրական նորմայի համար։ Այլ այն իմաստով, որ այս կապիտալները, թեև ներդրված են խոշոր արտադրողական ձեռնարկությունների մեջ, բոլոր ծախքերը հանելուց հետո տալիս են միայն մեծ կամ փոքր տոկոսներ, այսպես կոչված դիվիդենդներ, օրինակ, երկաթուղային գործում։ Հետևաբար նրանք չեն մասնակցում շահույթի ընդհանրական նորմայի հավասարեցմանը, որովհետև նրանք շահույթի մի ավելի փոքր նորմա են տալիս, քան շահույթի միջին նորման է։ Եթե նրանք մասնակցեին, ապա սա շատ ավելի ցած կընկներ։ Թեորիապես քննելիս կարելի է հիշյալը հաշվի առնել, և այս դեպքում կստացվի շահույթի մի ավելի փոքր նորմա, քան այն, որ առերևույթ գոյություն ունի և որն իրոք որոշիչ է կապիտալիստների համար,— որովհետև այս ձեռնարկություններում է, որ հաստատուն կապիտալը փոփոխունի համեմատությամբ ամբողջ կապիտալի մեծագույն մասն է կազմում։

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՕՐԵՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՈՒՄԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս գրքի առաջին բաժնում մենք տեսանք, որ երբ հավելյալ արժեքի նորման արտահայտվում է շահույթի նորմայի ձևով, նա միշտ թվում է ավելի ցած, քան իր իսկական մեծությունն է։ Հիմա մենք տեսանք, որ հավելյալ արժեքի նույնիսկ բարձրացող նորման տենդենց ունի շահույթի մի ընկնող նորմայի մեջ արտահայտվելու։ Շահույթի նորման լոկ այն դեպքում հավասար կլիներ հավելյալ արժեքի նորմային, եթե c = 0, այսինքն եթե ամբողջ կապիտալը ծախսվեր աշխատավարձի վրա։ Շահույթի ընկնող նորման լոկ այն դեպքում է հավելյալ արժեքի ընկնող նորմա արտահայտում, եթե հաստատուն կապիտալի արժեքի ու հաստատուն կապիտալը շարժման մեջ դնող բանվորական ուժի քանակի միջև եղած հարաբերությունն անփոփոխ է մնում, կամ եթե այս վերջինս հաստատուն կապիտալի արժեքի համեմատությամբ մեծանում է։

Ռիկարդոն կարծում էր, թե նա շահույթի նորման է քննում, այնինչ իրոք քննում էր հավելյալ արժեքի նորման միայն, և այս էլ լոկ այն ենթադրությամբ, թե բանվորական օրն իր լարունությամբ ու տևողությամբ մի հաստատուն մեծություն է։

Շահույթի նորմայի անկումն ու արագացած կուտակումը լոկ այն չափով են միևնույն պրոցեսի տարբեր արտահայտություններ, որչափով երկուսն էլ արտադրողական ուժի զարգացումն են արտահայտում։ Կուտակումն իր հերթին արագացնում է շահույթի նորմայի անկումը, որչափով որ առաջացնում է աշխատանքների համակենտրոնացումը մեծ մասշտաբով ու սրա հետ կապիտալի մի ավելի բարձր կառուցվածք է առաջ բերում։ Մյուս կողմից շահույթի նորմայի անկումն դարձյալ արագացնում է կապիտալի համակենտրոնացումն ու նրա կենտրոնացումը՝ սեփականազուրկ անելով ավելի մանր կապիտալիստներին, ունեզրկելով անմիջաբար արտադրողների վերջին մնացորդը, որոնց մոտ ունեզրկման համար դեռ մի ինչ-որ բան է մնում։ Սրա հետևանքով մյուս կողմից արագացվում է կուտակումն ըստ կապիտալի մասսայի, թեև շահույթի նորմայի հետ ընկնում է նաև կուտակման նորման։

Մյուս կողմից՝ որչափով որ ամբողջ կապիտալի արժեքի մեծացման նորման, շահույթի նորման, կապիտալիստական արտադրության խթանն է (ինչպես որ կապիտալի արժեքի մեծացումը նրա միակ նպատակն է), շահույթի նորմայի անկումը դանդաղեցնում է նոր ինքնուրույն կապիտալների գոյացումը և այսպիսով սպառնալիք է հանդիսանում արտադրության կապիտալիստական պրոցեսի զարգացման համար, նա նպաստում է գերարտադրությանը, սպեկուլացիային, ճգնաժամերին, ինչպես և հավելութային բնակչության առաջացմանը՝ հավելութային կապիտալի հետ միասին։ Ուստի տնտեսագետները, որոնք, ինչպես և Ռիկարդոն, արտադրության կապիտալիստական եղանակը բացարձակ են համարում, զգում են այստեղ, որ արտադրության այս եղանակը հենց ինքը սահմաններ է ստեղծում իր համար, և այս պատճառով էլ այս սահմանները վերագրում են ոչ թե արտադրությանը, այլ բնությանը (ռենտայի ուսմունքի մեջ)։ Բայց շահույթի ընկնող նորմայի հանդեպ տածած նրանց սարսափի մեջ կարևորն այն զգացումն է, թե արտադրության կապիտալիստական եղանակն արտադրողական ուժերի զարգացման մեջ գտնում է մի սահման, որը ոչ մի կապ չունի հարստության արտադրության, իբրև այսպիսու, հետ. և այս յուրահատուկ սահմանը վկայում է արտադրության կապիտալիստական եղանակի սահմանափակության ու լոկ պատմական, անցողիկ բնույթի մասին. վկայում է, որ նա հարստություն արտադրելու համար արտադրության բացարձակ եղանակ չի ամենևին, այլ, ընդհակառակը, զարգացման մի որոշ աստիճանի հասնելով, բախման մեջ է մտնում իր հետագա զարգացման հետ։

Համենայն դեպս Ռիկարդոն ու նրա դպրոցը քննում են արդյունաբերական շահույթը միայն, որի մեջ պարփակված է նաև տոկոսը։ Բայց հողային ռենտայի նորման էլ անկման տենդենց ունի, թեև նրա բացարձակ մասսան աճում է, և նա հարաբերաբար էլ կարող է աճել արդյունաբերական շահույթի համեմատությամբ։ (Տես Էդ. Ուեստին [Ed. West: «Essay on Application of Capital to Land», London 1815], որը Ռիկարդոյից առաջ է շարադրել հողային ռենտայի օրենքը)։ Եթե մենք քննության առնենք ամբողջ հասարակական կապիտալը՝ C-ն և տոկոսն ու հողային ռենտան հանելուց հետո մնացած արդյունաբերական շահույթը նշանակենք, տոկոսը՝ z ու հողային ռենտան՝ r, ապա ։ Մենք տեսանք, որ թեև կապիտալիստական արտադրության զարգացման ընթացքում m-ն, հավելյալ արժեքի ամբողջ գումարը, միշտ աճում է, բայց -ն նույնպես միշտ նվազում է, որովհետև C-ն ավելի արագ է աճում, քան m-ն։ Հետևաբար ոչ մի հակասություն չկա այն բանի մեջ, որ -ը, z-ն ու r-ն յուրաքանչյուրն ըստինքյան միշտ կարող են աճել, մինչդեռ -ն, ինչպես և -ն, -ն ու -ն յուրաքանչյուրն ըստինքյան կարող է ավելի ու ավելի փոքրանալ, կամ թե -ը z-ի համեմատությամբ, և կամ r-ը -ի համեմատությամբ ու կամ հենց -ի ու z-ի համեմատությամբ աճի հարաբերաբար։ Բարձրացող ամբողջ հավելյալ արժեքի կամ շահույթի՝ m = p-ի, բայց և միաժամանակ շահույթի ընկնող նորմայի՝ -ի դեպքում -ը, z և r մասերի մեծությունների հարաբերությունը, այն մասերինը, որոնց տրոհվում է m = p քանակը, ամբողջ գումարի՝ m-ի սահմանների ներսում կարող է փոխվել, ինչպես ասես, առանց սրանով ազդելու m-ի կամ թե -ի մեծության վրա։

-ի, z-ի ու r-ի փոխադարձ փոփոխությունը m-ի սոսկ տարբեր բաշխումն է տարբեր ռուբրիկաների միջև։ Այս պատճառով էլ -ն, -ն, կամ թե -ն, անհատական արդյունաբերական շահույթի նորման, տոկոսի նորման ու ռենտայի հարաբերությունն ամբողջ կապիտալի նկատմամբ, կարող է մեկը մյուսի համեմատությամբ բարձրանալ, թեև -ն, շահույթի ընդհանրական նորման, ընկնում է. մնում է այն պայմանը միայն, որ բոլոր երեքի գումարը լինի ։ Եթե շահույթի նորման 50%-ից ընկնում է 25%-ի, եթե, օրինակ, կապիտալի կառուցվածքը հավելյալ արժեքի նորմայի 100% լինելու դեպքում 50 c + 50 v-ից փոխվելով դառնում է 75 c + 25 v, ապա առաջին դեպքում 1 000-անոց մի կապիտալ կտա 500 շահույթ, իսկ երկրորդում 4 000-անոց մի կապիտալ 1 000 շահույթ։ m-ը կամ թե p-ն կրկնապատկվել է, բայց -ը նվազել է կիսով չափ։ Եվ եթե առաջ 50%-ից ստացվում էր 20 շահույթ, 10 տոկոս, 20 ռենտա, ապա -ն կազմում էր 20%, = 10%, = 20։ Եթե շահույթի 25%-ի փոխարկվելու դեպքում հարաբերությունները նույնն են մնում, ապա = 10%, = 5%, = 10%։ Հիմա, եթե, ընդհակառակը, -֊ն ընկնի 8%-ի և -ն՝ 4%-ի, ապա -ն կբարձրանա 13%-ի։ r-ի համեմատական մեծությունը կբարձրանա -ի ու z-ի համեմատությամբ, սակայն և այնպես -ը նույնը կմնա։ Երկու ենթադրության դեպքում էլ -ի, z-ի ու r-ի գումարը կբարձրանար, որովհետև նա արտադրվում է չորս անգամ ավելի մեծ մի կապիտալի միջոցով։ Ի միջի այլոց, Ռիկարդոյի այն ենթադրությունը, թե արդյունաբերական շահույթը (պլյուս տոկոսը) սկզբնապես պարունակում է ամբողջ հավելյալ արժեքը, պատմականորեն ու տրամաբանորեն սխալ է։ Ընդհակառակը, կապիտալիստական արտադրության առաջադիմությունն է միայն, որ 1) հենց սկզբից արդյունաբերական առևտրական կապիտալիստների ձեռքն է տալիս ամբողջ շահույթը՝ հետագայում բաշխելու համար, ու 2) ռենտան վեր է ածում շահույթից վեր անցնող հավելույթի։ Հետո, այս կապիտալիստական պատվանդանի վրա նորից աճում է ռենտան, որը շահույթի (այսինքն իբրև ամբողջ կապիտալի արդյունք դիտվող հավելյալ արժեքի) մի մասն է, բայց ոչ արդյունքի այն առանձնահատուկ մասը, որ գրպանում է կապիտալիստը։

Անհրաժեշտ արտադրամիջոցները, այսինքն կապիտալի բավարար կուտակումն առկա ենթադրելով, տեսնում ենք, որ հավելյալ արժեքի ստեղծումն ուրիշ ոչ մի սահման չունի, բացի բանվորական բնակչությունից, եթե տրված է հավելյալ արժեքի նորման, ուրեմն աշխատանքի շահագործման աստիճանը, և ուրիշ ոչ մի սահմանի չի բախվում, բացի աշխատանքի շահագործման աստիճանից, եթե տրված է բանվորական բնակչությունը։ Եվ արտադրության կապիտալիստական, պրոցեսն էապես հենց արտադրություն է հավելյալ արժեքի, որը ներկայացվում է հավելյալ արդյունքի կամ թե արտադրված ապրանքների այն համապատասխան մասի մեջ, որի մեջ առարկայացած է անվճար աշխատանքը։ Երբեք չպետք է մոռանալ, որ այս հավելյալ արժեքի արտադրությունը — իսկ նույնի մի մասի ետփոխարկումը կապիտալի կամ կուտակումը կազմում է հավելյալ արժեքի այս արտադրության մի անբաժանելի մասը — կապիտալիստական արտադրության անմիջական նպատակն է ու որոշիչ դրդապատճառը։ Ուստի երբեք չպետք է կապիտալիստական արտադրությունը ներկայացնել իբրև մի արտադրություն, որ նրան չի համապատասխանում, այսինքն այնպիսի արտադրություն, որի անմիջական նպատակն է սպառումը կամ թե կապիտալիստների համար սպառման միջոցներ պատրաստելը։ Այսպես դատելիս միանգամայն անտեսվում է նրա մասնահատուկ բնույթը, որն արտահայտվում է նրա ամբողջ ներքին էությամբ։

Այս հավելյալ արժեքի հայթայթումը կազմում է արտադրության անմիջական պրոցեսը, որը, ինչպես ասվեց, ուրիշ ոչ մի սահման չունի, բացի վերևում նշվածներից։ Հենց որ հավելյալ աշխատանքի մզելի քանակն առարկայացած է ապրանքների մեջ, հավելյալ արժեքն արտադրված է։ Բայց հավելյալ արժեքի այս արտադրությամբ ավարտված է արտադրության կապիտալիստական պրոցեսի առաջին գործողությունը միայն, արտադրության անմիջական պրոցեսը։ Կապիտալը ներծծել է անվճար աշխատանքի ահա այս-ինչ քանակը։ Պրոցեսի զարգացման հետ, որն արտահայտվում է շահույթի նորմայի անկման մեջ այս կերպով արտադրված հավելյալ արժեքի մասսան հասնում է հրեշավոր չափերի։ Հիմա գալիս է պրոցեսի երկրորդ գործողությունը։ Ապրանքային ամբողջ մասսան, ամբողջ արդյունքը, թե այն մասը, որ հաստատուն ու փոփոխուն կապիտալն է փոխհատուցում, ու թե այն մասը, որ հավելյալ արժեքն է ներկայացնում, պետք է ծախվի։ Եթե այս տեղի չի ունենում կամ թե տեղի է ունենում մասամբ միայն, կամ թե չէ՝ լոկ այնպիսի գներով, որոնք արտադրության գներից ցածր են, ապա թեև բանվորը շահագործվել է, բայց նրա շահագործումն իբրև այսպիսին չի իրացվում կապիտալիստի համար, կարող է շաղկապված չլինել մզված հավելյալ արժեքի ոչ մի իրացման հետ, կամ թե շաղկապված լինել նույնի մասնակի իրացման հետ, կապիտալիստի կապիտալի հենց մասնակի կամ թե ամբողջական կորստի հետ։ Անմիջական շահագործման ու սրա իրացման պայմանները նույնը չեն։ Նրանք չեն համընկնում ոչ միայն ըստ ժամանակի ու տեղի, այլ տարբեր են և ըստ իրենց էության։ Առաջինները սահմանափակված են հասարակության արտադրողական ուժով միայն, երկրորդները՝ տարբեր արտադրաճյուղերի համամասնականությամբ ու հասարակության սպառողական ուժով։ Բայց այս վերջինը չի որոշվում ոչ բացարձակ արտադրողական ուժով, ոչ էլ բացարձակ սպառողական ուժով, այլ որոշվում է բաշխման անտագոնիստական հարաբերությունների պատվանդանի վրա հաստատված սպառողական ուժով, հարաբերությունների, որոնք հասարակության խոշոր բազմության սպառումը վեր են ածում մի մինիմումի, որ ավելի կամ պակաս նեղ սահմաններում է միայն փոփոխվում։ Այնուհետև, նա սահմանափակված է կուտակման ձգտումով, կապիտալը մեծացնելու և ընդլայնված մասշտաբով հավելյալ արժեք արտադրելու ձգտումով։ Այս է կապիտալիստական արտադրության օրենքը, որն արգասիք է բուն իսկ արտադրության մեթոդների մշտական ռևոլուցիաների, առկա կապիտալի արժեքի անկման, որը մշտապես շաղկապվում է հիշյալ ռևոլուցիաների հետ, մրցման ընդհանրական պայքարի ու այն անհրաժեշտության, որը թելադրում է արտադրությունը կատարելագործել ու նրա մասշտաբն ընդարձակել սոսկ իբրև ինքնապահպանման միջոց՝ կործանման սպառնալիքի տակ։ Ուստի շուկան պետք է միշտ ընդարձակվի, այնպես որ նրա ներքին կապերն ու շուկան կարգավորող պայմաններն ավելի ու ավելի են ընդունում արտադրողներից անկախ մի բնական օրենքի բնույթ, ավելի ու ավելի են անվերահսկելի դառնում։ Ներքին հակասությունը ձգտում է հարթվելու՝ արտադրության արտաքին ասպարեզն ընդարձակելու միջոցով։ Բայց որքան ավելի է զարգանում արտադրողական ուժը, այնքան ավելի է սա հակասության մեջ մտնում այն նեղ պատվանդանի հետ, որի վրա հաստատված են սպառման հարաբերությունները։ Հակասություններով լի այս պատվանդանի վրա ամենևին հակասություն չի այն, որ կապիտալի հավելուրդը շաղկապված է բնակչության աճող հավելուրդի հետ. որովհետև թեև այս երկուսը միաբերելիս կաճեր արտադրված հավելյալ արժեքի մասսան, բայց հենց սրանով էլ ավելի կուժեղանար այս հավելյալ արժեքի արտադրության պայմանների ու նույնի իրացման պայմանների միջև եղած հակասությունը։

Եթե տրված է շահույթի մի որոշ նորմա, շահույթի մասսան միշտ կախված է կանխավճարված կապիտալի մեծությունից։ Այս դեպքում, սակայն, կուտակումը որոշվում է շահույթի այս մասսայի այն մասով, որը կապիտալի է ետփոխարկվում։ Բայց որովհետև այս մասը հավասար է շահույթին, մինուս կապիտալիստների կողմից սպառված եկամուտը, ուստի հիշյալ մասը կախված կլինի ոչ միայն այս մասսայի արժեքից, այլ և այն ապրանքների էժանությունից, որ կապիտալիստը կարող է գնել նույն մասով, այն ապրանքների, որոնք մասամբ մտնում են կապիտալիստի սպառման, նրա եկամտի մեջ, մասամբ էլ նրա հաստատուն կապիտալի մեջ (աշխատավարձն այստեղ տրված է ենթադրվում)։

Կապիտալի այն մասսան, որ բանվորը շարժման, մեջ է դնում և որի արժեքը նա պահպանում է իր աշխատանքով, պահպանում է այնպես, որ այդ արժեքը վերահայտնվում է արդյունքի մեջ, կապիտալի այդ մասսան միանգամայն տարբեր է այն արժեքից, որ միակցում է բանվորը։ Եթե կապիտալի մասսան = է 1 000, և միակցված աշխատանքը = 100, ապա վերարտադրված կապիտալը = 1 100։ Եթե մասսան = 100, և միակցված աշխատանքը = 20, ապա վերարտադրված կապիտալը = 120։ Շահույթի նորման առաջին դեպքում = 10%, երկրորդում = 20%։ Եվ այնուամենայնիվ 100-ից կարող է ավելի շատ կուտակվել, քան 20-ից։ Եվ այսպիսով կապիտալի հորձանքը թավալվում է դեպի առաջ (մի կողմ թողած նրա արժեքի անկումն արտադրողական ուժի բարձրացման հետևանքով) կամ թե նրա կուտակումն աճում է այն մասսայի համեմատ, որ նա ունի արդեն, և ոչ թե շահույթի նորմայի բարձրության համեմատ։ Շահույթի բարձր նորման, որչափով որ նա հիմնվում է հավելյալ արժեքի բարձր նորմայի վրա, հնարավոր է այն ժամանակ, երբ բանվորական օրը շատ երկար է, թեև աշխատանքն անարտադրողական լինի։ Թեև աշխատանքն անարտադրողական է, բայց նա հնարավոր է, որովհետև բանվորների պահանջմունքները շատ չնչին են, սրա համար էլ միջին աշխատավարձը շատ ցած է։ Աշխատավարձի ցածրությանը կհամապատասխանի բանվորների եռանդազրկությունը։ Ընդսմին կապիտալը կուտակվում է դանդաղ, չնայած շահույթի բարձր նորմային։ Բնակչության աճումը կանգ է առնում, և այն բանվորական ժամանակը, որ նստում է արդյունքը, մեծ է, թեև բանվորին վճարվող աշխատավարձը փոքր է։

Շահույթի նորման ընկնում է ոչ թե այն պատճառով, որ բանվորն ավելի քիչ է շահագործվում, այլ այն պատճառով, որ գործադրվող կապիտալի համեմատությամբ ընդհանրապես ավելի քիչ աշխատանք է կիրառվում։

Եթե շահույթի նորմայի ցածրացումն, ինչպես ցույց տվինք, համընկնում է շահույթի մասսայի բարձրացման հետ, ապա աշխատանքի տարեկան արդյունքի մի ավելի մեծ մասը կյուրացվի կապիտալիստի կողմից «կապիտալ» կատեգորիայի տակ (իբրև գործադրված կապիտալի փոխհատուցում) ու համեմատաբար մի ավելի փոքր մասը՝ «շահույթ» կատեգորիայի տակ։ Այստեղից է առաջ գալիս հայր Չոմերսի այն երևակայությունը, թե տարեկան արդյունքի որքան ավելի փոքր մասսան են կապիտալիստները ծախսում իբրև կապիտալ, այնքան ավելի մեծ շահույթ են նրանք կլանում, ընդսմին պետական եկեղեցին այն ժամանակ նրանց օգնության է գալիս՝ հոգալու, որ հավելյալ արդյունքի մի խոշոր մասը կապիտալացնելու փոխարեն սպառվի։ Տերտերը շփոթում է պատճառն ու ներգործությունը։ Բայց չէ՞ որ շահույթի մասսան նույնիսկ ավելի փոքր նորմայի դեպքում աճում է՝ ծախսված կապիտալի մեծության հետ միասին։ Սակայն այս միաժամանակ պահանջում է կապիտալի համակենտրոնացում, որովհետև արտադրապայմանները հիմա պահանջում են մեծազանգված կապիտալի գործադրում։ Այս պայմանավորում է կապիտալի կենտրոնացումը նմանապես, այսինքն մանր կապիտալիստների կլանվելը մեծերից ու առաջինների զրկումը կապիտալից։ Այս դարձյալ աշխատապայմանների անջատումն է, բայց միայն երկրորդ կարգի անջատումն արտադրողներից, որոնց թվին դեռ պատկանում են այս մանր կապիտալիստները, որովհետև սեփական աշխատանքը դեռ մի որոշ դեր է խաղում նրանց մոտ. կապիտալիստի աշխատանքն ընդհանրապես հակառակ հարաբերության մեջ է գտնվում նրա կապիտալի մեծության նկատմամբ, այսինքն այն աստիճանի նկատմամբ, որով նա կապիտալիստ է հանդիսանում։ Մի կողմից աշխատապայմանների ու մյուս կողմից՝ արտադրողների այս անջատումն է միմյանցից, որը կապիտալի գաղափարն է կազմում և որն սկսվում է կապիտալի սկզբնական կուտակման հետ (I գիրք, XXIV գլուխ), այնուհետև իբրև մշտական պրոցես երևան է գալիս կապիտալի կուտակման ու համակենտրոնացման մեջ և վերջապես այստեղ արտահայտվում իբրև արդեն առկա կապիտալների կենտրոնացում սակավաթիվ ձեռքերում ու իբրև շատերի կապիտալազրկում (հիմա այս ձևն է ընդունում ունեզրկումը)։ Այս պրոցեսը շուտով խորտակման կհասցներ կապիտալիստական արտադրությանը, եթե կենտրոնաձիգ ուժերի կողքին հակընթաց տենդենցները մշտապես նորից ու նորից ապակենտրոնացնող ներգործություն չունենային։

II. ԲԱԽՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ՈՒ ԱՐԺԵՔԻ ԻՆՔՆԱՃՄԱՆ ՄԻՋԵՎ

Աշխատանքի հասարակական արտադրողական ուժի զարգացումը երևան է գալիս երկու կերպ. առաջին՝ արդեն արտադրված արտադրողական ուժերի մեծության մեջ, այն արտադրապայմանների արժեքի ծավալի ու մասսայի ծավալի մեջ, որոնցում տեղի է ունենում նոր արտադրությունը, և արդեն կուտակված արտադրողական կապիտալի բացարձակ մեծության մեջ. երկրորդ՝ ամբողջ կապիտալի համեմատությամբ կապիտալի այն մասի հարաբերական փոքրության մեջ, որը ծախսվում է աշխատավարձի վրա, այսինքն այն կենդանի աշխատանքի հարաբերական փոքրության մեջ, որ պահանջվում է տվյալ կապիտալի վերարտադրության ու նրա արժեքի մեծացման համար, մասսայական արտադրության համար։ Այս էլ կապիտալի համակենտրոնացում է ենթադրում միաժամանակ։

Կիրառվող բանվորական ուժի վերաբերմամբ արտադրողական ուժի զարգացումը երևան է գալիս դարձյալ երկու կերպ. առաջին՝ հավելյալ աշխատանքի աճման մեջ, այսինքն այն անհրաժեշտ բանվորական ժամանակի կրճատման մեջ, որ պահանջվում է բանվորական ուժի վերարտադրության համար։ Երկրորդ՝ այն բանվորական ուժի քանակի (բանվորների թվի) նվազման մեջ, որ ընդհանրապես կիրառվում է տվյալ կապիտալը շարժման մեջ դնելու համար։

Այս երկու շարժումն էլ ոչ միայն ձեռք-ձեռքի տված են ընթանում, այլ և փոխադարձորեն միմյանց պայմանավորում են, երկուսն էլ այնպիսի երևույթներ են, որոնց մեջ արտահայտվում է միևնույն օրենքը։ Սակայն շահույթի նորմայի վրա նրանք ներգործում են հակադիր ուղղությամբ։ Շահույթի ամբողջ մասսան հավասար է հավելյալ արժեքի ամբողջ մասսային, շահույթի նորման = Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։ Բայց հավելյալ արժեքն իբրև ընդհանուր գումար որոշվում է նախ իր նորմայով, և երկրորդ՝ այս նորմայի գոյության պայմաններում միաժամանակ կիրառված աշխատանքի մասսայով, կամ, որ միևնույնն է, փոփոխուն կապիտալի մեծությամբ։ Մի կողմից աճում է մի գործոնը, հավելյալ արժեքի նորման. մյուս կողմից (հարաբերաբար թե բացարձակորեն) նվազում է մյուս գործոնը, բանվորների թիվը։ Որչափով որ արտադրողական ուժի զարգացումը կրճատում է կիրառվող աշխատանքի վճարովի մասը, նա բարձրացնում է հավելյալ արժեքը, բարձրացնելով նրա նորման. սակայն որչափով նա քչացնում է տվյալ կապիտալի կողմից կիրառվող աշխատանքի ընդհանուր մասսան, նա քչացնում է մյուս գործոնը՝ բանվորների թիվը, որով բազմապատկվում է հավելյալ արժեքի նորման՝ հավելյալ արժեքի մասսան ստանալու համար։ Երկու բանվոր, որոնք օրական աշխատում են 12 ժամ, չեն կարող հավելյալ արժեքի միևնույն մասսան մատակարարել, ինչ որ 24 բանվորը, որոնցից յուրաքանչյուրը միմիայն 2 ժամ է աշխատում, եթե նույնիսկ նրանք կարողանային ապրել լոկ օդով և ուրեմն ամենևին կարիք չունենային իրենց համար աշխատելու։ Այսպիսով ուրեմն, բանվորների թվի սահմանափակումն աշխատանքի շահագործման աստիճանի բարձրացմամբ համակշռելը որոշ անանցանելի սահմաններ ունի այս տեսակետից. ուստի նա թեև կարող է շահույթի նորմայի անկումը կասեցնել, բայց ոչ վերացնել։

Հետևապես արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ ընկնում է շահույթի նորման, այնինչ գործադրվող կապիտալի մասսայի աճման հետ շահույթի մասսան մեծանում է։ Եթե շահույթի նորման տրված է, այն բացարձակ մասսան, որով կապիտալն աճում է, կախված է սրա առկա մեծությունից։ Բայց մյուս կողմից, եթե տրված է այս մեծությունը, ապա այն հարաբերությունը, որով աճում է կապիտալը, այսինքն նրա աճման նորման, կախված է շահույթի նորմայից։ Արտադրողական ուժի բարձրացումը (որը, բացի սրանից, ինչպես հիշել ենք, միշտ ձեռք-ձեռքի տված է ընթանում առկա կապիտալի արժեքի անկման հետ) ուղղակի կարող է կապիտալի արժեքային մեծությունը բարձրացնել միմիայն այն դեպքում, եթե նա շահույթի նորման բարձրացնելով շատացնում է տարեկան արդյունքի արժեքի այն մասը, որը կապիտալի է ետփոխարկվում։ Որչափով որ նկատի է առնվում աշխատանքի արտադրողական ուժը, ապա (որովհետև այս արտադրողական ուժն անմիջաբար ոչ մի կապ չունի առկա կապիտալի արժեքի հետ) այս կարող է պատահել միմիայն այն դեպքում, երբ արտադրողականության բարձրացման հետևանքով կամ աճում է հարաբերական հավելյալ արժեքը կամ թե նվազում է հաստատուն կապիտալի արժեքը, ուրեմն էժանացվում են այն ապրանքները, որոնք մտնում են կամ բանվորական ուժի վերարտադրության մեջ, կամ թե հաստատուն կապիտալի տարրերի մեջ։ Բայց սրանք երկուսն էլ առկա կապիտալի արժեքի անկում են պարփակում իրենց մեջ և երկուսն էլ ձեռք-ձեռքի տված են ընթանում փոփոխուն կապիտալի նվազման հետ՝ հաստատունի համեմատությամբ։ Երկուսն էլ պայմանավորում են շահույթի նորմայի անկումը և երկուսն էլ դանդաղեցնում են այդ անկումը։ Այնուհետև, որչափով որ շահույթի նորմայի բարձրացումը առաջ է բերում աշխատանքի պահանջարկի ուժեղացում, նա ներգործում է բանվորական բնակչության բազմանալու վրա և միաժամանակ, ուրեմն, շահագործման համար պիտանի այն մատերիալի բազմանալու վրա, որը միայն կապիտալը կապիտալ է դարձնում։

Բայց աշխատանքի արտադրողական ուժի զարգացումն անուղղակի կերպով նպաստում է առկա կապիտալային արժեքի մեծանալուն, որովհետև նա մեծացնում է այն սպառողական արժեքների մասսան ու բազմազանությունը, որոնց մեջ ներկայանում է միևնույն փոխանակային արժեքը և որոնք կազմում են կապիտալի նյութական սուբստրատը, նրա իրեղեն տարրերը, այն ռեալ առարկաները, որոնցից կազմված է հաստատուն կապիտալն անմիջաբար ու փոփոխունը՝ գոնե միջնորդապես։ Գոյություն ունեցող միևնույն կապիտալով ու միևնույն աշխատանքով ստեղծվում են ավելի շատ իրեր, որոնք կարող են կապիտալի փոխարկվել, անկախ իրենց փոխանակային արժեքից, իրեր, որոնք կարող են ծառայել այն նպատակին, որ լրացուցիչ աշխատանք, ուրեմն և լրացուցիչ հավելյալ աշխատանք ներծծեն և ուրեմն լրացուցիչ կապիտալ կազմեն։ Աշխատանքի այն մասսան, որ կապիտալը կարող է իր հրամանատարության տակ առնել, կախված է ոչ թե կապիտալի արժեքից, այլ հումքի, օժանդակ մատերիալի ու մեքենաների մասսայից, հիմնական կապիտալի տարրերի ու կենսամիջոցների այն մասսայից, որոնցից կազմված է կապիտալը անկախ իր արժեքից։ Ընդորում կիրառվող աշխատանքի, ուրեմն և հավելյալ աշխատանքի մասսայի աճման հետ միասին աճում է նաև վերարտադրվող կապիտալի արժեքն ու այդ արժեքին նորից վերակցվող լրացուցիչ արժեքը։

Բայց կուտակման պրոցեսի մեջ ներառված այս երկու մոմենտները չի կարելի քննության առնել միմիայն խաղաղ մերձակցության այն դրության մեջ, որում նրանց քննում է Ռիկարդոն։ Նրանք պարունակում են մի հակասություն, որը բարձրաբարբառ երևան է գալիս հակասող տենդենցների ու երևույթների մեջ։ Հակամարտ գործոնները միաժամանակ գործում են մեկը մյուսի դեմ։

Բանվորական բնակչության իրական բազմացման այն դրդապատճառների հետ միաժամանակ, որոնք ծագում են հասարակական ամբողջ արդյունքի այն մասի մեծացումից, որը գործում է իբրև կապիտալ, ակտիվ դեր են խաղում նաև այն գործոնները, որոնք լոկ հարաբերական գերբնակչություն են ստեղծում։

Շահույթի նորմայի անկման հետ միաժամանակ աճում է կապիտալների մասսան և սրա հետ ձեռք-ձեռքի տված ընթանում է առկա կապիտալի արժեքի անկումը, որը կանգնեցնում է շահույթի նորմայի այդ անկումը և կապիտալային արժեքը մղում է դեպի ավելի արագ կուտակում։

Արտադրողական ուժի զարգացման հետ միաժամանակ բարձրանում է կապիտալի օրգանական կառուցվածքը, այսինքն տեղի է ունենում փոփոխուն մասի հարաբերական նվազումը հաստատունի համեմատությամբ։

Այս տարբեր ազդեցությունները մերթ երևան են գալիս գլխավորապես կողք-կողքի, տարածության մեջ, մերթ գլխավորապես ժամանակի մեջ՝ մեկը մյուսին հետևելով. հակամարտ գործոնների բախումը պարբերաբար ելք է գտնում ճգնաժամերի մեջ։ Ճգնաժամերը միշտ էլ ներկայացնում առկա հակասությունների լոկ ժամանակավոր բռնի մի լուծում, ներկայացնում են բռնի ժայթքումներ, որոնք լոկ մի ակնթարթ նորից վերականգնում են խանգարված հավասարակշռությունը։

Բոլորովին ընդհանուր ձևով արտահայտված՝ հակասությունն այն է, որ արտադրության կապիտալիստական եղանակը պարունակում է արտադրողական ուժերի բացարձակ զարգացման մի տենդենց, մի կողմ թողած արժեքն ու սրա մեջ պարփակված հավելյալ արժեքը, այլ և մի կողմ թողած այն հասարակական հարաբերությունները, որոնց ներսում տեղի է ունենում կապիտալիստական արտադրությունը. այնինչ մյուս կողմից նրա նպատակն է գոյություն ունեցող կապիտալային արժեքի պահպանումն ու այս արժեքի մաքսիմալ մեծացումը (այսինքն այս արժեքի մշտապես ավելի արագորեն կատարվող աճումը)։ Նրա մասնահատուկ բնույթն արտահայտվում է այն ձգտման մեջ, որ առկա կապիտալային արժեքը գործադրի իբրև այս արժեքն ըստ կարելույն ամենամեծ չափով աճեցնելու միջոց։ Այն մեթոդները, որոնցով նա հասնում է սրան, տանում են դեպի շահույթի նորմայի նվազում, առկա կապիտալի արժեքի անկում ու աշխատանքի արտադրողական ուժերի զարգացում՝ արդեն արտադրված արտադրողական ուժերի հաշվին։

Առկա կապիտալի արժեքի պարբերական անկումը, արտադրության կապիտալիստական եղանակի այս իմանենտ միջոցը, որով շահույթի նորմայի անկումը կանգնեցվում է և նոր կապիտալ գոյացնելով կապիտալային արժեքի կուտակումն արագացվում, կապիտալի արժեքի այդ անկումը խախտում է արդեն գոյություն ունեցող հարաբերությունները, որոնցում կատարվում է կապիտալի շրջանառության ու վերարտադրության պրոցեսը, ուստի և նրան ուղեկից են արտադրության պրոցեսի հանկարծակի կանգառումներն ու ճգնաժամերը։

Հաստատուն կապիտալի հանդեպ փոփոխունի կրած հարաբերական նվազումը, որ ձեռք-ձեռքի տված ընթանում է արտադրողական ուժերի զարգացման հետ, զարկ է տալիս բանվորական բնակչության աճմանը և միաժամանակ արհեստական գերբնակչություն է ստեղծում շարունակ։ Կապիտալի կուտակումը, վերցրած ըստ արժեքի, դանդաղում է շահույթի նորմայի անկման հետևանքով, և միաժամանակ սպառողական արժեքների կուտակումն ավելի է արագացվում, այնինչ այս վերջինն իր հերթին արագացնում է ըստ արժեքի վերցրած կուտակման ընթացքը։

Կապիտալիստական արտադրությունը միշտ ձգտում է իրեն իմանենտ [ներհատուկ] այս սահմանները հաղթահարելու, բայց նա հիշյալները հաղթահարում է այնպիսի միջոցներով միայն, որոնք այս սահմանները նորից ու ավելի հզոր մասշտաբով կանգնեցնում են նրա դեմ։

Կապիտալիստական արտադրության իսկական սահմանը հենց ինքը կապիտալն է, այսինքն՝ կապիտալը և նրա արժեքի ինքնամեծացումը հանդես են գալիս իբրև արտադրության ելակետ ու վերջնակետ, իբրև դրդապատճառ, ու նպատակ. արտադրությունն արտադրություն է միմիայն կապիտալի համար, և ոչ թե ընդհակառակը, այսինքն՝ արտադրամիջոցները սոսկ միջոցներ չեն արտադրողների հասարակության կենսական պրոցեսի մշտական ընդլայնման համար։ Ուստի այն սահմանները, որոնց մեջ միայն կարող է տեղի ունենալ կապիտալի արժեքի պահպանումն ու մեծացումը, մի պրոցես, որը հիմնվում է արտադրողների խոշոր մասսայի սեփականազրկման ու աղքատացման վրա,— այս սահմանները մշտապես հակասության մեջ են մտնում արտադրության այն մեթոդների հետ, որ կապիտալը պետք է կիրառի իր նպատակին հասնելու համար և որոնք ձգտում են արտադրության անսահմանափակ ընդլայնմանը, ձգտում են աշխատանքի հասարակական արտադրողական ուժերի անպայման զարգացմանը, արտադրությունը դարձնելով ինքնանպատակ։ Միջոցը — հասարակական արտադրողական ուժերի անպայման զարգացումը — հարատև բախման մեջ է մտնում սահմանափակ նպատակի՝ առկա կապիտալի արժեքի մեծացման հետ։ Հետևաբար, եթե արտադրության կապիտալիստական եղանակը մի պատմական միջոց է նյութական արտադրողական ուժը զարգացնելու և սրան համապատասխանող համաշխարհային շուկա ստեղծելու համար, ապա նա միաժամանակ իր այս պատմական խնդրի ու իրեն հատուկ հասարակական արտադրական հարաբերությունների միջև մշտապես ստեղծվող հակասությունն է։

III. ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՎԵԼՈՒՅԹ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Շահույթի նորմայի անկման հետ միասին աճում է կապիտալի այն մինիմումը, որ առանձին կապիտալիստին պահանջվում է աշխատանքի արտադրողական կիրառման համար. պահանջվում է ինչպես աշխատանքի շահագործման համար ընդհանրապես, այնպես էլ նրա համար, որ կիրառվող բանվորական ժամանակն ապրանքների արտադրության համար անհրաժեշտ ժամանակ լինի, որ նա չգերազանցի ապրանքների արտադրության համար պահանջվող հասարակականորեն անհրաժեշտ միջին բանվորական ժամանակից։ Եվ միաժամանակ աճում է համակենտրոնացումը, որովհետև որոշ սահմաններից այն կողմ խոշոր կապիտալը շահույթի ցած նորմայով ավելի արագ է կուտակվում, քան փոքր կապիտալը՝ շահույթի բարձր նորմայով։ Այս աճող համակենտրոնացումը, մի հայտնի բարձրության հասնելով, իր հերթին դարձյալ շահույթի նորմային մի նոր անկման է հասցնում։ Ցիրուցան մանր կապիտալների մասսան սրա հետևանքով մղվում է արկածների ուղին՝ սպեկուլացիայի, վարկամոլուցքի, ակցիոներական մոլուցքի, ճգնաժամերի ուղին։ Կապիտալի այսպես կոչված գերառատություն ասելով միշտ հասկացվում է էապես այն կապիտալի գերառատությունը, որի համար շահույթի նորմայի անկումը չի համակշռվում շահույթի մասսայով — և միշտ այսպես են լինում նոր գոյացող կապիտալի թարմ ծիլերը — կամ թե այն գերառատությունը, երբ սեփական գործունեության անկարող հենց այս կապիտալները վարկի ձևով դրվում են խոշոր ձեռնարկների ղեկավարների տրամադրության տակ։ Կապիտալի այս գերառատությունը բողբոջում է նույն այն հանգամանքներից, որոնք հարաբերական գերբնակչություն են առաջ բերում, ուստի և նա այս վերջինս լրացնող մի երևույթ է, թեև սրանք երկուսն էլ կանգնած են հակադիր բևեռներում. չզբաղված կապիտալը՝ մի կողմում և չզբաղված բանվորական բնակչությունը՝ մյուսում։

Հետևաբար կապիտալի, ոչ թե առանձին ապրանքների, գերարտադրությունը — թեև կապիտալի գերարտադրությունը միշտ ապրանքների գերարտադրություն է պարփակում իր մեջ — ուրիշ ոչինչ չի նշանակում, քան կապիտալի գերկուտակում։ Հասկանալու համար, թե ինչ է այս գերկուտակումը (սրա ավելի մանրամասն հետազոտությունը տրվում է ներքևում), հարկավոր է լոկ ենթադրել, որ գերկուտակումը բացարձակ է։ Իսկ կապիտալի գերարտադրությունը ե՞րբ բացարձակ կլիներ։ Եվ այն էլ մի այնպիսի գերարտադրություն, որը տարածվեր արտադրության ոչ այս կամ այն և կամ թե մի քանի զգալի ոլորտների վրա, այլ բացարձակ լիներ հենց ըստ իր ծավալի, ուրեմն ըծդգրկեր արտադրության բոլոր ոլորտները։

Կապիտալի գերարտադրությունը բացարձակ կլիներ այն դեպքում, եթե կապիտալիստական արտադրության նպատակին հատկացվող լրացուցիչ կապիտալը = 0։ Բայց կապիտալիստական արտադրության նպատակը կապիտալի արժեքի մեծացումն է, այսինքն հավելյալ աշխատանքի յուրացումը, հավելյալ արժեքի, շահույթի արտադրությունը։ Ուրեմն, հենց որ կապիտալն աճեր բանվոր բնակչության նկատմամբ մի այնպիսի հարաբերությամբ, որ անկարելի լիներ ոչ այն բացարձակ բանվորական ժամանակը երկարացնել, որ մատակարարում է այս բնակչությունը, ոչ էլ ընդլայնել հարաբերական, հավելյալ բանվորական ժամանակը (վերջինս առանց այն էլ իրագործելի չի մի այնպիսի դեպքում, երբ աշխատանքի նկատմամբ եղած պահանջարկն այնքան սաստիկ է, որ աշխատավարձի բարձրացման տենդենց է ստեղծվում), ուրեմն երբ աճած կապիտալը, հավելյալ արժեքի լոկ նույնքան կամ թե նույնիսկ ավելի քիչ մասսա արտադրեր, քան իր աճումից առաջ,— ապա կառաջանար կապիտալի մի բացարձակ գերարտադրություն, այսինքն աճած կապիտալը՝ C + ΔC-ն, ավելի շատ շահույթ չէր արտադրի կամ նույնիսկ ավելի քիչ շահույթ կարտադրեր, քան C կապիտալը ΔC-ով աճելուց առաջ։ Երկու դեպքում էլ շահույթի ընդհանրական նորմայի մի ուժեղ ու հանկարծակի անկում տեղի կունենար, բայց այս անգամ այդ անկումը տեղի կունենար կապիտալի կառուցվածքի մի այնպիսի փոփոխության հետևանքով, որը պայմանավորված կլիներ ոչ թե արտադրողական ուժի զարգացումով, այլ փոփոխուն կապիտալի փողային արժեքի բարձրացումով (աշխատավարձի բարձրացման հետևանքով) և հավելյալ աշխատանքի ու անհրաժեշտ աշխատանքի հարաբերության համապատասխան նվազումով։

Իրականում գործը կընդուներ մի այնպիսի ընթացք, որ կապիտալի մի մասն ամբողջովին կամ մասամբ պարապ ընկած կմնար (որովհետև սա նախ պետք է արդեն գործող կապիտալն իր դիրքերից դուրս քշեր, որպեսզի կարողանար իր արժեքն ընդհանրապես բարձրացնել), իսկ մյուս մասն անգործ կամ թե կիսազբաղ կապիտալի ճնշման շնորհիվ կաշխատեր շահույթի ավելի ցածր նորմայով, որպեսզի բարձրացնի իր արժեքը։ Այս դեպքում նշանակություն չէր ունենա, եթե լրացուցիչ կապիտալի մի մասը բռներ հնի տեղը, և սա էլ այսպիսով մի տեղ գրավեր լրացուցիչ կապիտալի մեջ։ Մենք միշտ էլ մի կողմում կունենայինք հին կապիտալային գումարը, մյուսում՝ լրացուցիչը։ Շահույթի նորմայի անկմանն ուղեկից կլիներ շահույթի մասսայի մի բացարձակ նվազում, որովհետև մեր ենթադրության համաձայն՝ կիրառվող բանվորական ուժի մասսան չէր կարող աճել և հավելյալ արժեքի նորման չէր կարող բարձրանալ, ուրեմն և հավելյալ արժեքի մասսան չէր կարող աճել։ Իսկ շահույթի նվազած մասսան ստիպված կլինեին հաշվել առաջվանից ավելի մեն գումար կազմող՝ ամբողջ կապիտալի համեմատությամբ։ — Բայց եթե նույնիսկ ենթադրենք, թե գործարկված կապիտալը շարունակում է իր արժեքն աճեցնել շահույթի հին նորմայով, ուրեմն շահույթի մասսան մնում է նույնը, ապա այս վերջինը դարձյալ կհաշվեին աճած ամբողջ կապիտալի համեմատությամբ, իսկ այս դարձյալ շահույթի նորմայի մի անկում է նշանակում։ Եթե 1 000-անոց մի ամբողջական կապիտալ 100-անոց մի շահույթ է տվել, իսկ 1 500-ի բարձրանալուց հետո էլ միմիայն 100 է տալիս, ապա երկրորդ դեպքում 1 000-ը միայն 66 է տալիս։ Հին կապիտալի արժեքի մեծացումը բացարձակորեն կնվազեր։ Կապիտալը, որ = 1 000, նոր պայմաններում ավելի չէր տա, քան առաջ տալիս էր մի կապիտալ, որ = էր 666։

Բայց պարզ է, որ հին կապիտալի արժեքի այս փաստական անկումը չէր կարող առանց պայքարի տեղի ունենալ, որ ΔC լրացուցիչ կապիտալն առանց պայքարի չէր կարող գործել իբրև կապիտալ։ Շահույթի նորման կընկներ ոչ թե կապիտալի գերարտադրության հետևանք հանդիսացող մրցման շնորհիվ, այլ ընդհակառակը, որովհետև շահույթի նորմայի անկումն ու կապիտալի գերարտադրությունը միևնույն պայմաններից են ծագում, հիմա հանդես կգար մրցման պայքարը։ ΔC-ի այն մասը, որ գործող հին կապիտալիստների ձեռքում գտնվելիս կլիներ, սրանք ավելի կամ պակաս չափով պարապ ընկած կթողնեին, որպեսզի իրենց սկզբնական կապիտալի արժեքը չընկնի և չսահմանափակվի նրա տեղն արտադրության ասպարեզում կամ թե նրանք հիշյալ մասը կգործադրեին այնպես, որ կանգ չառնելով նույնիսկ ժամանակավոր կորստի առաջ, լրացուցիչ կապիտալի պարապընկածությունը փաթաթեն նորեկ կապիտալիստների ու ընդհանրապես իրենց մրցորդների վզին։

ΔC-ի այն մասը, որը նոր ձեռքերում գտնվելիս կլիներ, կձգտեր իր տեղը գրավելու հին կապիտալի հաշվին, և այս մասամբ գլուխ կբերեր նրանով, որ հին կապիտալի մի մասը նա պարապ ընկած կթողներ, սրան կստիպեր հին տեղն իրեն զիջելու և նույնիսկ գրավելու լոկ մասամբ գործադրվող կամ թե միանգամայն չգործադրվող լրացուցիչ կապիտալի տեղը։

Հին կապիտալի մի մասը պետք է պարապ ընկած մնար բոլոր պարագաներում, մի պարապընկածություն կապիտալի այն հատկության տեսակետից, որ նա պետք է մշտապես գործի և իր արժեքը մեծացնի իբրև կապիտալ։ Թե այս պարապընկածությունը հատկապես նրա որ մասը կընդգրկեր, այս կվճռեր մրցման պայքարը։ Քանի դեռ ամեն ինչ լավ է ընթանում, մրցումը, ինչպես այդ ցույց տրվեց շահույթի ընդհանրական նորմայի հավասարման առնչությամբ, գործում է իբրև կապիտալիստների դասակարգի գործնական եղբայրություն, այնպես որ ընդհանուր ավարը կապիտալիստները բաշխում են իրենց դասակարգի անդամների միջև՝ յուրաքանչյուրի ներդրած փայի մեծության համեմատ։ Բայց հենց որ խնդիրը վերաբերում է այլևս ոչ թե շահույթը բաժանելուն, այլ վնասույթը բաշխելուն, ապա ամեն մեկը ձգտում է, որքան կարելի է, վնասույթի իր բաժինը պակասեցնելու և ուրիշների վզին փաթաթելու։ Վնասույթն անխուսափելի է կապիտալիստների դասակարգի համար։ Բայց թե նրանցից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, որքան պետք է կրի հիշյալ վնասույթից, ընդհանրապես ինչ չափով պետք է մաս ունենա նրանից, այս խնդրի լուծումը դառնում է ուժի ու խորամանկության հարց, և այս դեպքում մրցումը փոխարկվում է թշնամացած եղբայրների միջև տեղի ունեցող մի կռվի։ Այն ժամանակ դուրս է ցայտում ամեն մի առանձին կապիտալիստի ու կապիտալիստների դասակարգի շահերի միջև եղած հակադրությունը ճիշտ այնպես, ինչպես որ առաջ մրցման հետևանքով գործնականորեն երևան էր գալիս այս շահերի նույնությունը։

Արդ, ինչպես կարող է վերացվել նորից այս բախումը և ի՞նչպես կարող են դարձյալ վերականգնվել կապիտալիստական արտադրության «առողջ» շարժմանը համապատասխանող հարաբերությունները։ Վերացման եղանակն արդեն, պարունակվում է այն բախման սոսկ բացահայտման մեջ, որի վերացման մասին է խոսքը։ Միջոցն այն է, որ պարապ ընկած է թողնվում կամ նույնիսկ ոչնչացվում է մի կապիտալ, որն իր արժեքով հավասար է ամբողջ ΔC լրացուցիչ կապիտալին կամ գոնե սրա մի մասին, թեև, ինչպես արդեն երևան է գալիս բախման շարադրանքից, այս վնասույթի բաշխումը երբեք հավասարաչափ չի տարածվում առանձին անհատական կապիտալների վրա, այլ վճռվում է մրցման պայքարի մեջ, որի ժամանակ վնասույթը շատ անհավասար ու շատ տարբեր ձևով է բաշխվում, նայած առանձին առավելություններին կամ թե արդեն նվաճած դիրքերին, այնպես որ մի կապիտալ պարապ ընկած է մնում, մի ուրիշը ոչնչանում է, մի երրորդը լոկ հարաբերական վնասույթ է կրում կամ թե միմիայն արժեքի վաղանցուկ անկման է ենթարկվում և այլն։

Բայց բոլոր պարագաներում էլ հավասարակշռությունը կվերականգնվեր ավելի մեծ կամ թե ավելի փոքր ծավալ ունեցող կապիտալ պարապ թողնելու կամ թե նույնիսկ ոչնչացնելու միջոցով։ Այս կտարածվեր մասամբ կապիտալի նյութական սուբստանցիայի վրա. այսինքն արտադրամիջոցների մի մասը, հիմնական ու շրջանառու կապիտալի մի մասը չէր գործարկվի, չէր գործի իբրև կապիտալ. արդեն արտադրության պրոցեսին անցած ձեռնարկությունների մի մասը կանգառման կմատնվեր։ Թեև այս կողմից ժամանակը հարվածում է և վատացնում բոլոր արտադրամիջոցները (բացի հողից), բայց այստեղ, արտադրամիջոցների ֆունկցիաների կիրառման դադարի հետևանքով նրանց շատ ավելի սաստիկ ու իրական կործանում տեղի կունենար։ Սակայն այս դեպքում գլխավոր ներգործությունն այն կլիներ, որ այս արտադրամիջոցները կդադարեին իբրև արտադրամիջոցներ գործելուց. տեղի կունենար նրանց, իբրև արտադրամիջոցների, ֆունկցիաների կիրառման մի ավելի կարճատև կամ թե ավելի երկարատև խանգարում։

Գլխավոր խանգարումը, և այն էլ ամենասուր բնույթով, տեղի կունենար կապիտալի վերաբերմամբ, և որչափով սա արժեքի հատկություն ունի, տեղի կունենար ուրեմն կապիտալային արժեքների վերաբերմամբ։ Կապիտալային արժեքի այն մասը, որը գոյություն ունի հավելյալ արժեքի կամ շահույթի մեջ ունենալիք ապագա բաժինների վկայագրերի ձևով միայն, իրականում ներկայացնում է արտադրության վերաբերմամբ տրված տարբեր ձևերի սոսկական պարտագրեր և անմիջապես կորցնում է իր արժեքը շնորհիվ այն եկամտի նվազման, որի հույսով նա գոյություն ուներ։ Կանխիկ ոսկու և արծաթի մի մասը մնում է պարապ ընկած, չի գործում իբրև կապիտալ։ Շուկայում գտնվող ապրանքների մի մասը կարող է իր շրջանառության պրոցեսն ու վերարտադրության պրոցեսը կատարել այդ ապրանքների գների վիթխարի իջեցման միջոցով միայն, ուրեմն այն կապիտալի արժեքի անկման միջոցով, որ նա ներկայացնում է։ Ավելի կամ պակաս չափով ընկնում է նաև հիմնական կապիտալի տարրերի արժեքը։ Սրան ավելանում է այն, որ գների որոշ ենթադրական հարաբերությունները պայմանավորում են վերարտադրության պրոցեսը, ուստի վերջինս գների ընդհանրական անկման հետևանքով կանգ է առնում և կազմալուծվում է։ Վերարտադրության պրոցեսի այս կազմալուծումն ու կանգառումը ջլատում է փողի իբրև վճարման միջոցի այն ֆունկցիան, որը տրված է լինում կապիտալի զարգացման հետ միաժամանակ՝ հիմնվելով գների վերոհիշյալ ենթադրական հարաբերությունների վրա, հարյուրավոր կետերում կտրատում է որոշ ժամկետներում կատարելիք վճարումների պարտագրերի շղթան, է՛լ ավելի է սաստկանում կապիտալի հետ միաժամանակ զարգացող վարկային սիստեմի զուգահեռ կործանման հետևանքով, և այսպիսով հասցնում է հզոր ու սուր ճգնաժամերի, արժեքի հանկարծակի բռնի անկման և վերարտադրության պրոցեսի իրական կանգառման ու փլուզման, սրա հետ էլ՝ վերարտադրության իրական սահմանափակման։

Բայց սրա հետ միաժամանակ ուրիշ գործոններ էլ ակտիվության մեջ կդրվեին։ Արտադրության կանգառումը բանվոր դասակարգի մի մասին կզրկեր աշխատանքից և բանվորության զբաղված մասին էլ սրանով կդներ այնպիսի պայմանների մեջ, որոնց շրջանակներում նա ստիպված կլիներ կրելու աշխատավարձի մի անկում, նույնիսկ միջինից էլ ցած. այս հանգամանքը կապիտալի համար ճիշտ նույն ներգործությունը կունենար, ինչ որ այն դեպքում, եթե միջին աշխատավարձի պայմաններում հարաբերական կամ բացարձակ հավելյալ արժեքը բարձրացվեր։ Ծաղկման շրջանը կնպաստեր ամուսնություններին բանվորների շարքերում և կնվազեցներ երեխաների մահացումը, հանգամանքներ, որոնք անկախ նրանից, թե որքան են նպաստում բնակչության իրական աճմանը, իրապես աշխատող բնակչության ոչ մի բազմացում չեն պարփակում իրենց մեջ, բայց կապիտալի նկատմամբ բանվորների ունեցած հարաբերության վրա ճիշտ այնպես են ներգործում, որ կարծես թե իրոք զբաղված բանվորների թիվն աճել է։ Մյուս կողմից՝ գների անկումն ու մրցման պայքարն ամեն մի կապիտալիստի կթելադրեին նոր մեքենաներ, աշխատանքի կատարելագործված նոր մեթոդներ, նոր կոմբինացիաներ կիրառելով իր ամբողջ արդյունքի անհատական արժեքը սրա ընդհանրական արժեքից վեր բարձրացնելու, այսինքն աշխատանքի տվյալ քանակի արտադրողական ուժը բարձրացնելու, փոփոխուն կապիտալի հարաբերությունը հաստատունի նկատմամբ գցելու և սրանով բանվորներին ազատ արձակելու, կարճ ասած՝ մի արհեստական գերբնակչություն ստեղծելու։ Այնուհետև, հաստատուն կապիտալի տարրերի արժեքային անկումը հենց ինքը մի գործոն կլիներ, որ շահույթի նորմայի բարձրացում կառաջացներ։ Գործադրվող հաստատուն կապիտալի մասսան կաճեր փոփոխունի համեմատությամբ, բայց այս մասսայի արժեքը կարող էր ընկնել։ Արտադրության ասպարեզում առաջացած կանգառումն արտադրության մի հետագա ընդլայնում կնախապատրաստեր, ընդլայնում՝ կապիտալիստական սահմաններում։

Եվ այսպիսով շրջագիծը նորից բոլորված կլիներ։ Կապիտալի այն մասը, որ գործունեության կանգառման հետևանքով իր արժեքը կորցրած կլիներ, դարձյալ ձեռք կբերեր իր հին արժեքը։ Համենայն դեպս, շնորհիվ արտադրության պրոցեսի ընդլայնված պայմանների, շնորհիվ ընդլայնված շուկայի ու բարձրացած արտադրողական ուժի նորից կկատարվեր միևնույն արատավոր շրջապտույտը։

Բայց նույնիսկ մեր արած ծայրահեղ ենթադրության դեպքում կապիտալի բացարձակ գերարտադրությունը բացարձակ գերարտադրություն չի ընդհանրապես, արտադրամիջոցների բացարձակ գերարտադրություն չի։ Նա արտադրամիջոցների մի գերարտադրություն է լոկ այն չափով, որչափով որ սրանք գործում են իբրև կապիտալ և հետևաբար իրենց աճած մասսայի համեմատ ենթադրում են արժեքի մի համապատասխան մեծացում, այդ արժեքի ինքնաճում, և պետք է մի լրացուցիչ արժեք ստեղծեն։

Բայց և այնպես այս կլիներ գերարտադրություն, որովհետև կապիտալն անընդունակ կլիներ աշխատանքը շահագործելու մի այնպիսի աստիճանով, որը պայմանավորվում է արտադրության կապիտալիստական պրոցեսի «առողջ», «նորմալ» զարգացմամբ, մի այնպիսի աստիճանով, որը գործադրվող կապիտալի աճող մասսային զուգընթաց գոնե շահույթի մասսան է շատացնում, և որն ուրեմն բացառում է այն հնարավորությունը, որ շահույթի նորման ընկնի նույն չավով, որով կապիտալն է աճում, կամ թե մանավանդ շահույթի նորման ավելի արագ ընկնի, քան կապիտալն է աճում։

Կապիտալի գերարտադրությունն ուր ոչինչ չի նշանակում երբեք, քան արտադրամիջոցների — աշխատամիջոցների ու կենսամիջոցների — գերարտադրություն, որոնք կարող են գործել իբրև կապիտալ, այսինքն կարող են շահագործման տվյալ աստիճանի պայմաններում գործադրվել աշխատանքի շահագործման նպատակով. ընդորում շահագործման այս աստիճանի անկումը տվյալ մի կետից ցած՝ արտադրության, կապիտալիստական պրոցեսի խանգարումներ ու կանգառումներ, ճգնաժամեր, կապիտալի խորտակում է առաջ բերում։ Ոչ մի հակասություն չկա այն բանի մեջ, որ կապիտալի այս գերարտադրությանն ուղեկից է լինում ավելի կամ պակաս չափով խոշոր հարաբերական գերբնակչություն։ Միևնույն հանգամանքները, որոնք բարձրացրել են աշխատանքի արտադրողական ուժը, շատացրել ապրանքային արտադրանքի մասսան, ընդարձակել շուկաները, արագացրել կապիտալի կուտակումը թե ըստ մասսայի ու թե ըստ արժեքի և գցել շահույթի նորման, այդ միևնույն հանգամանքները մի հարաբերական գերբնակչություն են ստեղծել ու ստեղծում են մշտապես, բանվորների մի գերբնակչություն, որն ավելցուկ կապիտալի կողմից չի բանեցվում հենց աշխատանքի շահագործման ցած աստիճանի պատճառով, որի պայմաններում միայն բանվորները կարող էին աշխատանքի դրվել, կամ թե համենայն դեպս շահույթի այն ավելի ցած նորմայի պատճառով, որ կստացվեր շահագործման տվյալ աստիճանի պայմաններում։

Եթե կապիտալն արտասահման է ուղարկվում, ապա այս տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ նա երկրի ներսում բացարձակապես չէր կարող գործարկվել։ Այս տեղի է ունենում այն պատճառով, որ նա արտասահմանում կարող է շահույթի ավելի բարձր նորմայով գործարկվել։ Բայց այս կապիտալը բացարձակորեն ավելցուկ կապիտալ է զբաղված բանվորական բնակչության համար ու տվյալ երկրի համար ընդհանրապես։ Ավելցուկ կապիտալն իբրև այսպիսին գոյություն է ունենում հարաբերաբար ավելցուկ բնակչության կողքին, և այս մի օրինակ է, թե ինչպես սրանք երկուսն էլ գոյություն են ունենում կողք-կողքի և փոխադարձաբար միմյանց պայմանավորում են։

Մյուս կողմից՝ շահույթի նորմայի անկումը, որ շաղկապված է կուտակման հետ, անհրաժեշտորեն մրցման պայքար է առաջ բերում։ Շահույթի նորմայի անկումը շահույթի բարձրացող մասսայով համակշռելը նշանակություն ունի հասարակության ամբողջ կապիտալի համար միայն և սարք ու պատրաստ ձեռնարկություններ ունեցող կապիտալիստների համար։ Ինքնուրույն կերպով գործող ավելադիր նոր կապիտալը համակշռման այսպիսի պայմաններ բնավ չի գտնում, նա պետք է նախ նվաճի այս պայմանները և այսպիսով ուրեմն շահույթի նորմայի անկումն է մրցման պայքար առաջ բերում կապիտալների միջև, ոչ թե ընդհակառակը։ Մրցման այս պայքարն անշուշտ ուղեկցվում է աշխատավարձի վաղանցուկ բարձրացումով ու այս բարձրացման հետևանքով առաջացող՝ շահույթի նորմայի հետագա ժամանակավոր անկումով։ Նույնը երևան է գալիս ապրանքների գերարտադրության, շուկաների գերալցման մեջ։ Քանի որ կապիտալի նպատակը ոչ թե պահանջմունքների բավարարումը, այլ շահույթ արտադրելն է և քանի որ նա այս նպատակին հասնում է այնպիսի մեթոդներով միայն, որոնք արտադրվող արդյունքի մասսան սահմանում են արտադրության մասշտաբի համաձայն, ոչ թե ընդհակառակը — ապա միշտ պետք է մի երկպառակություն հանդես գա կապիտալիստական պատվանդանի վրա հիմնված սպառման սահմանափակ չափերի ու կապիտալիստական արտադրության միջև, որը միշտ ձգտում է իրեն ներհատուկ այս շրջանակներից դուրս գալու։ Այնուհետև, քանի որ կապիտալն ապրանքներից է կազմված, ուրեմն կապիտալի գերարտադրությունն իր մեջ ապրանքների գերարտադրություն է պարփակում։ Ահա որտեղից է առաջ գալիս այն տարօրինակ երևույթը, որ նույն այն տնտեսագետները, որոնք ժխտում են ապրանքների գերարտադրությունը, կապիտալի գերարտադրությունը խոստովանում են։ Երբ ասում են, որ տեղի է ունենում ոչ թե ընդհանրական գերարտադրություն, այլ տարբեր արտադրաճյուղերի միջև անհամամասնություն, ապա այս ուրիշ ոչինչ չի նշանակում, քան այն, որ կապիտալիստական արտադրության ներսում առանձին արտադրաճյուղերի համամասնականությունն իբրև մշտական պրոցես ի հայտ է գալիս անհամամասնականությունից, որովհետև այստեղ ամբողջ արտադրության փոխադարձ կապն արտադրության գործակալների վզին բռնի փաթաթվում է իբրև կույր օրենք, և ոչ թե նրանց կոլեկտիվ բանականության կողմից ըմբռնված և ուրեմն նրանց հնազանդված օրենք, որն արտադրության պրոցեսը ենթարկել է նրանց ընդհանուր վերահսկողությանը։ Այնուհետև պահանջվում է ընդսմին, որ այն երկրները, որտեղ արտադրության կապիտալիստական եղանակը զարգացած չի սպառեն ու արտադրեն մի այնպիսի չափով, որը հատուկ է արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող երկրներին։ Եթե ասում են, որ գերարտադրությունը միմիայն հարաբերական է, ապա այս լիովին ճիշտ է. բայց արտադրության կապիտալիստական ամբողջ եղանակն արտադրության լոկ մի հարաբերական եղանակ է հենց, որի սահմանները բացարձակ չեն, բայց նրա համար, նրա պատվանդանի վրա բացարձակ են։ Ապա թե ոչ, ի՞նչպես կարող էր պահանջարկ չլինել նույն այն ապրանքների համար, որոնց կարիքն զգում է ժողովրդի բազմությունը, և ի՞նչպես հնարավոր կլիներ այն, որ այս պահանջարկը պետք է լինում արտասահմանում, հեռավոր շուկաներում փնտրել, որպեսզի կարելի լինի երկրի ներսում բանվորներին վճարել անհրաժեշտ կենսամիջոցների միջին քանակը։ Որովհետև միմիայն այս մասնահատուկ, կապիտալիստական փոխադարձ կապի մեջ ավելցուկ արդյունքը մի այնպիսի ձև է ստանում, որով նրա տերն այդ արդյունքն սպառման համար կարող է տրամադրել լոկ այն ժամանակ, երբ նա իր համար կապիտալի է ետփոխարկվում։ Վերջապես երբ ասվում է, թե բավական է, որ հենց իրենք կապիտալիստները փոխանակեն ապրանքներն իրենց միջև և սպառեն, ապա մոռանում են կապիտալիստական արտադրության ամբողջ բնույթը, մոռանում են, որ խնդիրը վերաբերում է կապիտալի արժեքի մեծացմանը, և ոչ թե նրա սպառմանը։ Կարճ ասած, բոլոր առարկությունները, որոնք արվում են գերարտադրության ակնբախ երևույթների դեմ (երևույթների, որոնք բնավ հաշվի չեն առնում այս առարկությունները), հանգում են այն բանին, որ կապիտալիստական արտադրության սահմաններն ամենևին սահմաններ չեն արտադրության համար ընդհանրապես, ուստի նաև սահմաններ չեն արտադրության այս մասնահատուկ, կապիտալիստական եղանակի համար։ Բայց արտադրության այս կապիտալիստական եղանակի հակասությունն արտադրողական ուժերը բացարձակորեն զարգացնելու նրա տենդենցն է հենց, որ միշտ բախման մեջ է մտնում արտադրության այն մասնահատուկ պայմանների հետ, որոնցում շարժվում է կապիտալը և որոնցում միայն շարժվել կարող է։

Ճիշտ չէ այն պնդումը, իբր թե չափից դուրս շատ կենսամիջոցներ են արտադրվում առկա բնակչության համեմատությամբ։ Ընդհակառակը։ Չափից դուրս քիչ կենսամիջոցներ են արտադրվում՝ բնակչության բազմությանը վայելչաբար ու մարդկորեն բավարարելու համար։

Ճիշտ չէ այն պնդումը, իբր թե չափից դուրս շատ արտադրամիջոցներ են արտադրվում՝ բնակչության աշխատունակ մասին զբաղեցնելու համար։ Ընդհակառակը։ Նախ՝ արտադրվում է բնակչության չափից դուրս մի խոշոր մաս, որը փաստորեն աշխատունակ չի, որն իր գոյության պայմանների շնորհիվ ստիպված է ուրիշների աշխատանքը շահագործելու, կամ թե այնպիսի զբաղմունքների դիմելու, որոնք արտադրության այդ թշվառ եղանակի պայմաններում միայն կարող են աշխատանք համարվել։ Երկրորդ՝ արտադրամիջոցներ չեն արտադրվում բավարար չափով, չեն արտադրվում այնքան, որ աշխատունակ ամբողջ բնակչությունն աշխատի ամենից արտադրողական պարագաներում, որ հետևաբար նրա բացարձակ բանվորական ժամանակը կրճատվի՝ բանվորական ժամանակի ընթացքում գործադրվող հաստատուն կապիտալի մասսայի ու էֆեկտիվության ներգործությամբ։

Բայց պարբերաբար չափից դուրս շատ աշխատամիջոցներ ու կենսամիջոցներ են արտադրվում, որպեսզի որոշ շահույթի մի նորմա ստանալու համար հիշյալները կարողանան գործադրվել, որպես բանվորների շահագործման միջոց։ Չափից դուրս շատ ապրանքներ են արտադրվում, որպեսզի կարողանան նրանց մեջ պարունակվող արժեքն ու սրա մեջ պարփակված հավելյալ արժեքն իրացնել կապիտալիստական արտադրության շնորհիվ արված բաշխման պայմաններում ու սպառման հարաբերություններում և ետփոխարկել նոր կապիտալի, այսինքն չափից դուրս շատ, որպեսզի կարողանան այս պրոցեսը կատարել առանց մշտապես վերանորոգվող պայթյունների։

Ճիշտ չէ այն պնդումը, իբր թե չափից դուրս շատ հարստություն է արտադրվում։ Այլ պարբերաբար չափից դուրս շատ հարստություն է արտադրվում սրա կապիտալիստական, հակադիր ձևերով։

Արտադրության կապիտալիստական եղանակի սահմանը երևան է գալիս՝

1) նրանում, որ աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը շահույթի նորմայի անկման ձևով ստեղծում է մի օրենք, որը մի հայտնի կետի հասնելով, արտադրողական ուժի սեփական զարգացման հետ ամենասուր հակադրության մեջ է մտնում, ուստի և միշտ պետք է ճգնաժամերի միջոցով հաղթահարվի.

2) նրանում, որ արտադրության ընդարձակման կամ թե սահմանափակման վերաբերմամբ վճռող նշանակություն ունի ոչ թե կապիտալիստական արտադրության հարաբերությունը հասարակական պահանջմունքների նկատմամբ, հասարակականորեն զարգացած մարդկանց պահանջմունքների նկատմամբ, այլ անվճար աշխատանքի յուրացումն ու այս անվճար աշխատանքի հարաբերությունն առարկայացած աշխատանքի նկատմամբ ընդհանրապես, կամ կապիտալիստորեն արտահայտած՝ շահույթն ու այս շահույթի հարաբերությունը գործադրված կապիտալի նկատմամբ, հետևաբար շահույթի նորմայի մի որոշ բարձրություն։ Ուստի կապիտալիստական արտադրության նկատմամբ սահմանները մեջտեղ են գալիս արտադրության ընդարձակման մի այնպիսի աստիճանի վրա, որն արտադրության այլ ձևերի դեպքում, ընդհակառակը, շատ ու շատ անբավարար կերևար։ Արտադրության կապիտալիստական եղանակը կանգ է առնում ոչ թե այն ժամանակ, երբ այդ թելադրվում է պահանջմունքների բավարարումով, այլ երբ շահույթի արտադրումն ու իրացումն են պահանջում այս կանգառումը։

Եթե շահույթի նորման ընկնում է, ապա մի կողմից կապիտալը ճիգեր է թափում այն ուղղությամբ, որ առանձին կապիտալիստն ավելի կատարելագործված մեթոդների և այլոց շնորհիվ իր առանձին ապրանքների անհատական արժեքն իջեցնի նրանց հասարակական միջին արժեքից ցած և այսպիսով, շուկայի գնի տվյալ բարձրության պայմաններում, մի արտակարգ շահույթ ձեռք բերի, մյուս կողմից՝ հրապարակ է ելնում սպեկուլացիան, որի համար պարարտ հող են ներկայացնում արտադրության նոր մեթոդների, կապիտալի նոր ներդրումների, նոր արկածների մոլեգին փորձերը, որոնց նպատակն է ապահովել մի այնպիսի արտակարգ շահույթ, որը շահույթի ընդհանրական միջինից անկախ է և բարձրանում է սրանից վեր։

Շահույթի նորման, այսինքն կապիտալի հարաբերական աճն ամենից առաջ կարևոր է կապիտալի բոլոր նոր, ինքնուրույն կերպով խմբավորվող ճյուղերի համար։ Եվ եթե նոր կապիտալներ ստեղծելը վիճակված լիներ բացառապես սակավաթիվ, արդեն պատրաստի խոշոր կապիտալների, որոնց համար շահույթի մասսան գերակշռում է նրա նորման, ապա արտադրությունը կենդանացնող հուրը կհանգչեր։ Արտադրությունը կընկղմվեր քնի մեջ։ Շահույթի նորման կապիտալիստական արտադրության շարժիչ ուժն է, և լոկ այն է արտադրվում ու այնքան, ինչ ու որքան որ կարող է շահույթով արտադրվել։ Այստեղից էլ առաջ է գալիս անգլիական տնտեսագետների վախը շահույթի նորմայի անկման հանդեպ։ Այն հանգամանքը, որ շահույթի նորմայի անկման սոսկ հնարավորությունն անհանգստացնում է Ռիկարդոյին, ցույց է տալիս, որ նա խորապես ըմբռնում է կապիտալիստական արտադրության պայմանները։ Ռիկարդոյի մեջ նշանավորն այն է հենց, ինչի համար նրան հանդիմանում էին, այն է, որ նա «մարդկանց» մասին հոգ չանելով՝ կապիտալիստական արտադրությունը քննելու ժամանակ միմիայն արտադրողական ուժերի զարգացումն աչքի առաջ ունի,— մարդկանց ու կապիտալային արժեքների ինչ զոհաբերությունների գծով էլ որ կատարվի այդ զարգացումը։ Հասարակական աշխատանքի արտադրողական ուժերի զարգացումը ներկայացնում է կապիտալի պատմական խնդիրն ու արդարացումը։ Հենց սրանով նա անգիտակցաբար նյութական պայմաններ է ստեղծում մի ավելի բարձր արտադրաձևի համար։ Ռիկարդոյին անհանգստացնում է այն, որ շահույթի նորման, կապիտալիստական արտադրության խթանը և կուտակման պայմանն ու մղիչը, վտանգվում է հենց արտադրության զարգացման հետևանքով։ Իսկ քանակային հարաբերությունն ամեն ինչ է այստեղ։ Փաստորեն սրա հիմքում մի ավելի խոր բան կա, որը նա աղոտ կերպով լոկ կռահում է։ Այստեղ զուտ տնտեսական եղանակով, այսինքն բուրժուական տեսակետից, կապիտալիստական ըմբռնման շրջանակներում, բուն իսկ կապիտալիստական արտադրության տեսակետից, երևան է գալիս սրա սահմանափակությունը, սրա հարաբերականությունը, այն, որ կապիտալիզմն արտադրության ոչ թե բացարձակ, այլ պատմական մի եղանակ է, որը նյութական արտադրապայմանների զարգացման մի որոշ սահմանափակ դարաշրջանի է համապատասխանում։

IV. ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

Որովհետև աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը շատ անհավասար է կատարվում արդյունաբերության տարբեր ճյուղերում և կատարվում է անհավասար կերպով, ոչ միայն ըստ աստիճանի, այլ և հաճախ հակադիր ուղղությամբ, ապա սրանից հետևում է, որ միջին շահույթի (= հավելյալ արժեքի) մասսան պետք է շատ ցած կանգնած լինի այն մակարդակից, որ կարելի էր սպասել, հաշվի առնելով արտադրողական ուժերի զարգացումը արդյունաբերության ամենից առաջադեմ ճյուղերում։ Որ արտադրողական ուժի զարգացումն արդյունաբերության տարբեր ճյուղերում կատարվում է ոչ միայն շատ տարբեր համամասնություններով, այլ և հաճախ հակադիր ուղղությամբ, այս երևույթը միմիայն մրցման, անիշխանությունից ու արտադրության բուրժուական եղանակի առանձնահատկությունից չի, որ առաջ է գալիս։ Աշխատանքի արտադրողականությունը շաղկապված է նաև բնական պայմանների հետ, որոնք հաճախ ավելի պակաս առատաբեր են դառնում նույն հարաբերությամբ, որով բարձրանում է արտադրողականությունը, որչափով այս վերջինս կախված է հասարակական պայմաններից։ Այստեղից էլ առաջ է գալիս հակադիր շարժում այս տարբեր ոլորտներում, մի տեղ՝ առաջադիմություն, մի այլ տեղ՝ հետադիմություն։ Կարելի է հիշեցնել, օրինակ, հենց տարվա եղանակների սոսկական ազդեցությունը, որից կախված է բոլոր հումքերի մեծագույն մասի քանակը, անտառաստանների ջնջումը, ածխահանքարանների ու երկաթահանքարանների ուժասպառումը և այլն։

Եթե հաստատուն կապիտալի շրջանառու մասը, հումքը և այլն միշտ ըստ մասսայի աճում է աշխատանքի արտադրողական ուժի համեմատ, ապա նույնը տեղի չի ունենում հիմնական կապիտալի,— շենքերի ու լուսավորման, ջեռուցման հարմարանքների և այլոց վերաբերմամբ։ Թեև իր մարմնի աճող չափերին զուգընթաց մեքենան բացարձակապես ավելի է թանկանում, բայց հարաբերաբար ավելի էժանանում է։ Եթե հինգ բանվոր տասնապատիկ ավելի ապրանք են արտադրում, քան առաջ, սրա պատճառով հիմնական կապիտալի ծախսումը չի տասնապատկվում, թեև հաստատուն կապիտալի այս մասի արժեքն աճում է արտադրողական ուժի զարգացման հետ, բայց աճում է ոչ երբեք նույն հարաբերությամբ։ Մենք արդեն շատ անգամ ենք մատնանշել հաստատուն կապիտալի՝ փոփոխունի նկատմամբ ունեցած հարաբերության տարբերությունը, ինչպես այս արտահայտվում է շահույթի նորմայի անկման մեջ, ու միևնույն հարաբերության տարբերությունը, ինչպես այս արտահայտվում է առանձին ապրանքի ու սրա գնի վերաբերմամբ՝ աշխատանքի արտադրողականության զարգացմանը զուգընթաց։

[Ապրանքի արժեքը որոշվում է այն ամբողջ — անցյալ ու կենդանի — բանվորական ժամանակով, որ մտնում է նրա մեջ։ Աշխատանքի արտադրողականության, բարձրացումը հենց այն է, որ կենդանի աշխատանքի բաժինը նվազում է, իսկ անցյալ աշխատանքինն՝ աճում, բայց աճում է մի այնպիսի հարաբերությամբ, որ ապրանքի մեջ պարունակվող աշխատանքի ամբողջ գումարը նվազում է, որ ուրեմն կենդանի աշխատանքն ավելի շատ է նվազում, քան անցյալ աշխատանքն ավելանում է։ Ապրանքի արժեքի մեջ մարմնացած անցյալ աշխատանքը — կապիտալի հաստատուն մասը — կազմված է լինում մասամբ հիմնական կապիտալի մաշվածքից, մասամբ էլ շրջանառու, ամբողջովին ապրանքի մեջ մտած, հաստատուն կապիտալից — հումքից ու օժանդակ մատերիալներից։ Հումքի ու օժանդակ մատերիալների հետ կապված արժեքային մասը պետք է կրճատվի աշխատանքի արտադրողականությանը զուգընթաց, որովհետև այս արտադրողականությունը տվյալ մատերիալների նկատմամբ երևան է դալիս հենց նրանում, որ սրա արժեքն ընկնում է։ Ընդհակառակը, աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման բնորոշ կողմը հենց այն է, որ հաստատուն կապիտալի հիմնական մասն աճում է շատ ուժեղ կերպով, և սրա հետ էլ աճում է նույնի արժեքի այն մասը, որ ներկայացնում է ապրանքներին փոխանցված մաշվածքի արժեքը։ Որպեսզի արտադրության մի նոր մեթոդ արտադրողականության իրական բարձրացում ներկայացնի, պետք է առանձին ապրանքին հիմնական կապիտալի մաշվածքի դիմաց արժեքի մի ավելի փոքր լրացուցիչ մաս փոխանցի, քան արժեքի այն հանելի մասը, որ տնտեսվում է կենդանի աշխատանքի նվազման հետևանքով, մի խոսքով՝ այդ մեթոդը պետք է իջեցնի ապրանքի արժեքը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ նա պետք է այսպես ներգործի նույնիսկ այն ժամանակ, երբ, ինչպես պատահում է առանձին դեպքերում, բացի հիմնական կապիտալի մաշվածքի լրացուցիչ մասից, ապրանքի արժեքի կազմության մեջ մտնում է արժեքի մի լրացուցիչ մասն էլ, որը համապատասխանում է քանակորեն աճած կամ թե ավելի թանկ հումքին և կամ օժանդակ մատերիալին։ Արժեքի բոլոր հավելուրդներից պետք է գերակշռի արժեքի այն նվազումը, որ կենդանի աշխատանքի կրճատումից է ծագում։

Ըստ այսմ թվում է, թե ապրանքի մեջ մտնող աշխատանքի ամբողջ քանակի այս նվազումը պետք է աշխատանքի արտադրողական ուժի էական հատկանիշը լիներ, ինչ հասարակական, պայմաններում էլ կատարվեր արտադրությունը, միևնույն է։ Մի հասարակության մեջ, որտեղ արտադրողներն իրենց արտադրությունը կարգավորում են առաջուց կազմված պլանի համաձայն, նույնիսկ ապրանքային պարզ արտադրության, ժամանակ աշխատանքի արտադրողականությունը կչափվեր անպայման այս մասշտաբով։ Բայց հարցն ինչպե՞ս է լուծվում կապիտալիստական արտադրության պայմաններում։

Ենթադրենք, կապիտալիստական մի որոշ արտադրաճյուղ իր ապրանքի նորմալ հատն արտադրում է հետևյալ պայմաններում. հիմնական կապիտալի մաշվածքը հատին անում է ½ շիլլինգ կամ մարկ. հումքի ու օժանդակ մատերիալի վրա գնում է 17½ շիլլինգ. աշխատավարձի վրա՝ 2 շիլլինգ, և հավելյալ արժեքի 100%-անոց նորմայի դեպքում հավելյալ արժեքն անում է 2 շիլլինգ։ Ամբողջ արժեքը = 22 շիլլինգ կամ մարկ։ Պարզության համար ընդունում ենք, որ այս արտադրաճյուղի մեջ կապիտալը հասարակական կապիտալի միջին կառուցվածքն ու որ ուրեմն ապրանքի արտադրության գինը համընկնում է նրա արժեքի հետ, իսկ կապիտալիստի շահույթը արտադրած հավելյալ արժեքի հետ։ Այս դեպքում ապրանքի արտադրության ծախքը = ½ + 17½ + 2 = 20 շիլլինգ, շահույթի միջին նորման՝ = 10%, իսկ ապրանքի հատի արտադրության գինը, որ հավասար է նրա արժեքին, = 22 շիլլինգ կամ մարկ։ Ենթադրենք հնարվում է մի մեքենա, որն ապրանքի ամեն մի հատի համար պահանջվող կենդանի աշխատանքը կրճատում է կիսով չափ, բայց փոխարենը եռապատկում է արժեքի այն մասը, որ համապատասխանում է հիմնական կապիտալի մաշվածքին։ Այս դեպքում կստանանք. մաշվածք = 1½ շիլլինգ, հումք ու օժանդակ մատերիալ առաջվա նման 17½ շիլլինգ, աշխատավարձ՝ 1 շիլլինգ, հավելյալ արժեք 1 շիլլինգ, ընդամենը 21 շիլլինգ կամ մարկ։ Ապրանքի արժեքը հիմա իջել է 1 շիլլինգով. նոր մեքենան որոշակի բարձրացրել է աշխատանքի արտադրողական ուժը։ Բայց կապիտալիստին գործն այսպես է պատկերանում. նրա արտադրության ծախքն է՝ 1½ շիլլինգ մաշվածք, 17½ շիլլինգ հումք ու օժանդակ մատերիալ, 1 շիլլինգ աշխատավարձ, ընդամենը 20 շիլլինգ, ինչպես որ առաջ էր։ Որովհետև շահույթի նորման նոր մեքենայի գործադրման հետևանքով անմիջապես չի փոխվում, ուստի կապիտալիստը պետք է արտադրության ծախքից վեր 10% ստանա, որն անում է 2 շիլլինգ. ուրեմն արտադրության գինն անփոփոխ է մնում, = 22 շիլլինգ, բայց արժեքից ավելի է 1 շիլլինգով։ Կապիտալիստական պայմաններում արտադրող մի հասարակության համար ապրանքը չի էժանացել, նոր մեքենան ամենևին կատարելագործում չի ներկայացնում։ Հետևաբար կապիտալիստը ոչ մի շահ չունի նոր մեքենան մտցնելու համար։ Եվ որովհետև նոր մեքենան մտցնելով նա իր մինչայժմյան, դեռ չմաշված մեքենաները պարզապես կզրկեր արժեքից, այդ մեքենաները սոսկ հին երկաթեղենի կվերածեր, ուրեմն դրականապես վնասույթ կկրեր, ուստի նա շատ զգուշանում է իր համար ուտոպիական հանդիսացող այս հիմարությունից։

Այսպիսով ուրեմն, աշխատանքի բարձրացող արտադրողական ուժի օրենքը կապիտալի համար բացարձակ նշանակություն չունի։ Այո արտադրողական ուժը կապիտալի համար բարձրանում է ոչ թե այն ժամանակ, երբ ընդհանրապես կենդանի աշխատանքից, այլ երբ կենդանի աշխատանքի վճարված մասից միայն ավելի շատ է տնտեսվում, քան միակցվում է անցյալ աշխատանքից, ինչպես որ այս կարճ նշված է արդեն I գրքում, XIII գլուխ, 2, էջ 357—358։ Այստեղ արտադրության կապիտալիստական եղանակը մի նոր հակասության մեջ է ընկնում։ Նրա պատմական կոչումը մարդկային աշխատանքի արտադրողականության անզուսպ, երկրաչափական պրոգրեսիայով առաջ մղվող ծավալումն է։ Նա այս կոչմանը դավաճանում է ամեն անգամ, երբ, ինչպես տվյալ դեպքում, արգելակում է արտադրողականության զարգացումը։ Սրանով նա լոկ ապացուցում է նորից, որ զառամում է և որ ավելի ու ավելի է մոտենում նրա վախճանի մոմենտը][3]։



Կապիտալի այն բարձրացող մինիմումը, որ արտադրողական ուժի բարձրանալուն զուգընթաց անհրաժեշտ է դառնում մի ինքնուրույն արդյունաբերական ձեռնարկություն հաջողությամբ վարելու համար, մրցման պրոցեսում երևան է գալիս այսպես. հենց որ արտադրական նոր ու ավելի թանկ հարմարանքը մուծվում է ընդհանրականորեն, ավելի մանր կապիտալների համար ապագայում արտադրության մեջ մտնելը բացառվում է։ Մեքենական գյուտերի սկզբում միայն արտադրության տարբեր ոլորտներում կարող են ինքնուրույն կերպով գործել ավելի մանր կապիտալները։ Մյուս կողմից՝ շատ խոշոր ձեռնարկությունները, որոնք հաստատուն կապիտալի արտակարգորեն բարձր համամասնություն ունեն [փոփոխունի նկատմամբ], ինչպես, օրինակ, երկաթուղիները, շահույթի ոչ թե միջին նորմա են տալիս, այլ նրա մի մասը միայն, մի որոշ տոկոս։ Ապա թե ոչ, շահույթի ընդհանրական նորման էլ ավելի ցած կընկներ։ Ընդհակառակը, կապիտալների խոշոր միացումն ակցիաների ձևով այստեղ գործադրման անմիջական ասպարեզ է գտնում։

Կապիտալի աճումը, հետևաբար կապիտալի կուտակումը լոկ այն չափով է շահույթի նորմայի նվազում պարփակում իր մեջ, որչափով որ այս աճման հետ հանդես են գալիս կապիտալի օրգանական բաղադրամասերի հարաբերության այն փոփոխությունները, որ քննել ենք վերևում։ Սակայն չնայած արտադրության եղանակի մշտական, ամենօրյա հեղաշրջումներին, ամբողջ կապիտալի մերթ այս ու մերթ այն ավելի խոշոր կամ թե ավելի փոքր մասը մի որոշ ժամանակաշրջանի ընթացքում շարունակում է կուտակվել, հենվելով հիշյալ բաղադրամասերի տվյալ միջին հարաբերության պատվանդանի վրա, այնպես որ նրա աճումով չի պայմանավորվում ոչ մի օրգանական փոփոխություն, ուրեմն և շահույթի նորմայի անկման ոչ մի պատճառ։ Արտադրության հին մեթոդների վրա հիմնվող՝ կապիտալի այս մշտական խոշորացումը, ուրեմն և արտադրության ընդարձակումը, որը տեղի է ունենում հանդարտ, մինչդեռ նրա կողքին արդեն նոր մեթոդներ են մտցվում, դարձյալ մի պատճառ է, որի շնորհիվ շահույթի նորման նվազում է ոչ նույն չափով, որով աճում է հասարակության ամբողջ կապիտալը։

Բանվորների բացարձակ թվի աճումը, չնայած փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսվող, կապիտալի հարաբերական նվազմանը, տեղի է ունենում ոչ բոլոր արտադրաճյուղերում և բոլոր ճյուղերում էլ ոչ հավասարաչափ։ Երկրագործության մեջ կարող է կենդանի աշխատանքի տարրի նվազումը բացարձակ լինել։

Պետք է ասել, որ միայն արտադրության կապիտալիստական եղանակի պահանջմունքից է բխում այն պարագան, որ վարձու բանվորների թիվը բացարձակորեն մեծանում է, չնայած այդ թվի հարաբերական նվազմանը։ Արտադրության այդ եղանակի համար բանվորական ուժերն արդեն ավելորդ են դառնում, հենց որ այլևս անհրաժեշտ չի լինում նրանց օրական 13—15 ժամ բանեցնելը։ Արտադրողական ուժերի մի այնպիսի զարգացումը, որը կպակասեցներ բանվորների բացարձակ թիվը, այսինքն իրականում ամբողջ ազգին հնարավորություն կտար իր ամբողջ արտադրությունը մի ավելի կարճ ժամանակում կատարելու, ռևոլուցիա առաջ կբերեր, որովհետև բնակչության մեծամասնությունը տիրաժ դուրս կգար։ Սրա մեջ նորից երևան է գալիս կապիտալիստական արտադրության առանձնահատուկ սահմանը, ինչպես և այն, որ նա արտադրողական ուժերի զարգացման ու հարստություն արտադրելու մի բացարձակ ձև չի ամենևին, այլ, ընդհակառակը, մի հայտնի կետի հասնելով՝ բախման մեջ է մտնում այս զարգացման հետ։ Մասնականորեն այս բախումը երևան է գալիս պարբերական ճգնաժամերի մեջ, որոնք առաջանում են բանվորական բնակչության մերթ այս ու մերթ այն մասի ավելորդ դառնալուց իր հին պրոֆեսիաներում։ Կապիտալիստական արտադրության սահմանը բանվորների ավելադիր ժամանակն է։ Բացարձակ ավելադիր ժամանակը, որ շահում է հասարակությունը, նրան չի հետաքրքրում։ Արտադրողական ուժի զարգացումը նրա համար կարևոր է լոկ այն չափով, որչափով որ սա բանվոր դասակարգի հավելյալ բանվորական ժամանակն է մեծացնում, և ոչ թե այն չափով, որչափով նյութական արտադրության համար պահանջվող բանվորական ժամանակն է նվազեցնում ընդհանրապես. այսպիսով կապիտալիստական արտադրությունը շարժվում է հակադրությունների մեջ։

Մենք տեսանք, որ կապիտալի աճող կուտակումը նրա աճող համակենտրոնացում է պարփակում իր մեջ։ Այսպիսով աճում է կապիտալի իշխանությունը, կապիտալիստի մեջ անձնավորված արտադրության հասարակական պայմանների առանձնացումն իրական արտադրողներից։ Կապիտալն ավելի ու ավելի է հանդես գալիս իբրև հասարակական մի զորություն, որի ֆունկցիաներն իրագործում է կապիտալիստը և որը բնավ ոչ մի առնչություն չունի այն ամենի հետ, որ կարող է ստեղծել մի առանձին անհատի աշխատանքը,— նա հանդես է գալիս իբրև օտարացած, ինքնուրույնություն ձեռք բերած հասարակական զորություն, որն իբրև իր ու իբրև կապիտալիստի իշխանություն այս իրի միջոցով հանդիպադրվում է հասարակությանը։ Այն հակասությունը, որ կա ընդհանրական, հասարակական ուժ դարձած կապիտալի ու այս հասարակական արտադրապայմանների վրա առանձին կապիտալիստների ունեցած մասնավոր իշխանության միջև, զարգանալով ավելի ու ավելի աղաղակող է դառնում և այս հարաբերության լուծումն է պարփակում իր մեջ, որովհետև նա միաժամանակ իր մեջ պարփակում է արտադրապայմանների փոխարկումը ընդհանրական, կոլեկտիվ, հասարակական արտադրապայմանների։ Այս փոխարկումը հետևանք է կապիտալիստական արտադրության պայմաններում տեղի ունեցող արտադրողական ուժերի զարգացման ու այն եղանակի, որով կատարվում է այս զարգացումը։



Ոչ մի կապիտալիստ արտադրության մի նոր մեթոդ չի կիրառում կամովին, որքան էլ որ ավելի արտադրողական լինի այն և որքան էլ բարձրացնի հավելյալ արժեքի նորման, եթե հիշյալ մեթոդը նվազեցնում է շահույթի նորման։ Բայց արտադրության ամեն մի այսպիսի նոր մեթոդ էժանացնում է ապրանքները։ Ուստի կապիտալիստն ապրանքներն սկզբնապես ծախում է նրանց արտադրության գնից բարձր, գուցե և նրանց արժեքից բարձր գնով։ Նա գրպանում է այն տարբերությունը, որը գոյանում է իր ապրանքների արտադրության ծախքերի ու ավելի բարձր արտադրության ծախքերով արտադրված մնացած ապրանքների շուկայի գների միջև։ Նա կարող է այսպես վարվել, որովհետև այո ապրանքների արտադրության, համար հասարակականորեն պահանջվող բանվորական ժամանակի միջին քանակն ավելի մեծ է, քան արտադրության նոր մեթոդի կիրառման պայմաններում պահանջվող բանվորական ժամանակը։ Նրա արտադրության պրոցեդուրան ավելի բարձր է կանգնած, քան միջին հասարակականը։ Բայց մրցումն ընդհանրականացնում է նոր մեթոդը և այն ենթարկում ընդհանրական օրենքին։ Այն ժամանակ տեղի է ունենում շահույթի նորմայի անկումը — գուցե սկզբում արտադրության հենց այս ոլորտում, իսկ այնուհետև շահույթի նորման հավասարվում է մյուսների հետ,— հետևաբար շահույթի նորմայի անկումը միանգամայն անկախ է կապիտալիստների կամքից։

Այս կետի վերաբերմամբ պետք է դեռ նկատել, որ նույն այս օրենքն իշխում է արտադրության նաև այն ոլորտներում, որոնց արդյունքը ոչ ուղղակի և ոչ էլ անուղղակի չի մտնում բանվորի սպառման մեջ կամ թե նրա կենսամիջոցների արտադրապայմանների մեջ. ուրեմն նա իշխում է արտադրության նաև այն ոլորտներում, որոնցում ապրանքների ոչ մի էժանացում չի կարող մեծացնել հարաբերական հավելյալ արժեքը, էժանացնել բանվորական ուժը (անշուշտ հաստատուն կապիտալի էժանացումն այս բոլոր ճյուղերում կարող է բարձրացնել շահույթի նորման բանվորի նույնահավասար շահագործման դեպքում)։ Հենց որ արտադրության նոր մեթոդն սկսում է տարածվել,— և սրանով ապացույց է տրվում փաստորեն, որ այս ապրանքները կարող են ավելի էժան արտադրվել,— ապա այն կապիտալիստները, որոնք աշխատում են հին արտադրապայմաններում, ստիպված են լինում իրենց արդյունքը սրա լրիվ արտադրության գնից ավելի ցած ծախելու, որովհետև այս ապրանքի արժեքն ընկել է սրա արտադրության համար պահանջվող բանվորական ժամանակը հասարակականից ավելի մեծ է։ Մի խոսքով — իսկ այս հանդես է գալիս իբրև մրցման ներգործություն — նրանք պետք է նմանապես արտադրության նոր մեթոդ մտցնեն, որի կիրառման դեպքում փոփոխուն կապիտալի հարաբերությունը հաստատունի նկատմամբ փոքրանում է։

Այն բոլոր պարագաները, որոնք ներգործում են այն իմաստով, որ մեքենաների գործադրումն էժանացնում է նրանցով արտադրված ապրանքների գինը, միշտ հանգում են աշխատանքի այն քանակի նվազմանը, որ կլանվում է մի առանձին ապրանքի կողմից. իսկ երկրորդ՝ նրանք հանգում են մեքենաների մաշվածքի այն մասի նվազմանը, որի արժեքը մտնում է առանձին ապրանքի մեջ։ Որքան ավելի դանդաղ է կատարվում մեքենաների մաշվածքը, այնքան ավելի շատ ապրանքների վրա է բաշխվում նա, այնքան ավելի մեծաքանակ կենդանի աշխատանք են փոխարինում մեքենաները մինչև իրենց վերարտադրության ժամկետը։ Երկու դեպքում էլ բարձրանում են հիմնական հաստատուն կապիտալի քանակն ու արժեքը փոփոխունի համեմատությամբ։

«Իր շահույթներից խնայողություն կատարելու այն ընդունակությունը, որ հատուկ է տվյալ ազգին, այլ հավասար պայմաններում փոխվում է շահույթի նորմայի փոխվելու հետ.— այդ ընդունակությունը մեծ է, եթե շահույթի նորման բարձր է, փոքրանում է՝ եթե շահույթի նորման ցած է, բայց երբ շահույթի նորման իջնում է, մյուս պայմաններն արդեն միևնույնը չեն մնում... Շահույթի ցած նորմային սովորաբար ուղեկից է կուտակման արագ թափը բնակչության թվի համեմատությամբ, ինչպես Անգլիայումն է... շահույթի բարձր նորմային՝ կուտակման ավելի դանդաղ թափը բնակչության թվի համեմատությամբ»։ Օրինակ՝ Լեհաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և այլն։ (Richard Jones: «An Introductory Lecture on Political Economy», London, 1833, էջ 50 և հաջ.)։ Ջոնսն իրավացի մատնանշում է, որ չնայած շահույթի ընկնող նորմային, կուտակման ձգտումն ու սրա հնարավորությունն աճում են։ Նախ՝ աճող հարաբերական գերբնակչության պատճառով։ Երկրորդ՝ որովհետև աշխատանքի աճող արտադրողականության հետ աճում է միևնույն փոխանակային արժեքով արտահայտվող սպառողական արժեքների մասսան, ուրեմն կապիտալի իրեղեն տարրերի մասսան էլ։ Երրորդ՝ որովհետև արտադրության բազմազան նոր ճյուղեր են հիմնվում։ Չորրորդ՝ վարկային սիստեմի, ակցիոներական ընկերությունների ու այլոց զարգացման հետևանքով, այլ և սրանց հետ զուգորդված այն դյուրության շնորհիվ, որով փողը կարելի է լինում կապիտալի փոխարկել, անձամբ արդյունաբերական կապիտալիստ չդառնալով։ Հինգերորդ՝ պահանջմունքների ու հարստության ձգտման աճումը։ Վեցերորդ՝ հիմնական կապիտալի աճող մասսայական ներդրումը և այլն։

Կապիտալիստական արտադրության երեք գլխավոր իրողությունը սրանք են.

1) Արտադրամիջոցների համակենտրոնացումը սակավաթիվ ձեռքերում, որի հետևանքով նրանք դադարում են անմիջական բանվորների սեփականություն լինելուց և, ընդհակառակը, փոխարկվում են արտադրության հասարակական ուժերի (Potenze), թեև սկզբում կապիտալիստների մասնավոր սեփականություն են կազմում։ Կապիտալիստները բուրժուական հասարակության Trustees [հավատարմատարներն] են, բայց իրենք են գրպանում այս Trasteeschaft-ի [հավատարմատար ընկերության] բոլոր պտուղները։

2) Բուն իսկ աշխատանքի կազմակերպումը, իբրև հասարակական աշխատանքի կազմակերպում կոոպերացիայի, աշխատանքի բաժանման ու աշխատանքը բնագիտության հետ շաղկապելու միջոցով։

Երկու կողմից էլ արտադրության կապիտալիստական եղանակը վերացնում է մասնավոր սեփականությունն ու մասնավոր աշխատանքը թեև հակադիր ձևերով։

3) Համաշխարհային շուկա ստեղծելը։

Բնակչության համեմատությամբ վիթխարի արտադրողական ուժը, որ զարգանում է արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում, և կապիտալային արժեքների (ոչ միայն սրանց նյութական սուբստրատի) աճումը, որը կատարվում է թեև ոչ միևնույն հարաբերությամբ, ինչ որ արտադրողական ուժի զարգացումը, բայց շատ ավելի արագ, քան աճում է բնակչությունը,— սրանք երկուսն էլ հակասում են թե աճող հարստության համեմատությամբ ավելի ու ավելի նեղ դարձող պատվանդանին, որի համար է գործում այս վիթխարի արտադրողական ուժը, ու թե այս ուռճացող կապիտալի արժեքի մեծացման պայմաններին։ Այստեղից էլ առաջ են գալիս ճգնաժամերը։



  1. «Մենք կարող էինք սպասել նաև, որ ինչքան էլ կապիտալի շահույթի նորման ընկնի, որպես կապիտալի կուտակման հետևանք հողագործության մեջ և որպես աշխատավարձի բարձրացման հետևանք, այնուամենայնիվ շահույթի ընդհանուր քանակը պետք է աճի։ Այսպես, օրինակ, ենթադրելով, որ ամեն մի 100 000 ֆունտ ստերլինգի հաջորդականն կուտակման ժամանակ նորման, մշտապես ընկնելով, 20 տոկոսից կիջնի 19-ի, 18-ի, 17-ի և այլն, պետք է սպասել, որ շահույթի ամբողջ գումարը, որը ստանում են կապիտալի այս հաջորդական տերերը, միշտ պետք է աճեր, որ նա 200 000 ֆ. ստ. կապիտալի դեպքում ավելի մեծ կլիներ, քան 100 000 ֆ. ստ. կապիտալի դեպքում, էլ ավելի մեծ կլիներ 300 000 ֆ. ստ. կապիտալի դեպքում և այլն, մեծանալով կապիտալի յուրաքանչյուր աճման դեպքում, չնայած իջնող նորմային։ Սակայն այս պրոգրեսիան ճիշտ է միայն որոշ ժամանակաշրջանների համար, այսպես, օրինակ, 19 տոկոսը 200 000 ֆ. ստ.-ից ավելի է, քան 20 տոկոսը 100 000 ֆ. ստ.-ից և 13 տոկոսը 300 000 ֆ. ստ.-ից նույնպես ավելի է, քան 19 տոկոսը՝ 200 000 ֆ. ստ.-ից, բայց երբ կուտակվող կապիտալը մի ինչ-որ գումարի է հասնում և շահույթն ընկնում է, հետագա կուտակումը նվազեցնում է շահույթի ընդհանուր գումարը։ Ենթադրենք, օրինակ, որ կուտակումը հասել է 1 000 000 ֆ. ստ. և շահույթը = 7 տոկոսի, այս դեպքում շահույթի ամբողջ գումարը կանի 70 000 ֆ. ստ., հիմա եթե միլիոնանոց կապիտալի վրա ավելացվի 100 000 ֆ. ստ., և շահույթն իջնի մինչև 6 տոկոս, ապա կապիտալի տերերը կստանան 66 000 ֆ. ստ. շահույթ կամ 4 000 ֆ. ստ. ավելի պակաս, թեև կապիտալի ամբողջ գումարն աճելով 1 000 000 ֆ. ստ.-ից հասել է 1 100 000 ֆ. ստ.-ի։ [„On the Principles of Political Economy“, գլ. VII] (Works, ed. by Mac Culloch, 1852. էջ 68—69) [տես ռուս. հրատարակություն. Д. Рикардо. „Начала политич. экономии“. 1935, գլ. VI, էջ 69]։ Իրապես այստեղ Ռիկարդոն ընդունել է, որ կապիտալը 1 000 000-ից բարձրանում է 1 100 000 ի, ուրեմն աճում է 10%-ով. այնինչ շահույթի նորման 7-ից ընկնում է 6-ի, ուրեմն 14-ով։ Hinc illae lacrimae [ահա թե նա ինչու է արցունք թափում]։
    * [„Die grundlagen der Nationalökonomie“ — «Քաղաքատնտեսության հիմունքները» — Stuttgart, 1857, էջ 190։— Խմբ.
  2. Ա. Սմիթն այս դեպք ում իրավացի է Ռիկարդոյի հանդեպ, որն ասա մ է. «Նրանք պնդում են, թե շահույթի հավասարությունը կիրագործվի շահույթի ընդհանուր բարձրացմամբ. իսկ ես կարծում եմ, որ ավելի բարենպաստ պայմաններում գտնվող առևտրական ճյուղի շահույթն արագորեն կընկնի մինչև ընդհանուր մակարդակը» ([D.Ricardo: „On the Principles on Political Economy“]. Works ed. by Mac Culloch [London, 1852], էջ 73). [Д. Рикардо: „Начала политической экономии“, 1935, стр. 73].
  3. Վերևի հատվածը փակագծերի մեջ է դրված այն պատճառով, որ թեև վերամշակված է Մարքսի ձեռագրի մի ծանոթագրությունից, բայց շարադրանքի մի քանի կետերով դուրս է գալիս սկզբնագրում գտնվող նյութի սահմաններից։— Ֆ. Է.։