Զեկուցագիր երրորդ մոլորակի մասին

Գրապահարան-ից
Զեկուցագիր երրորդ մոլորակի մասին

հեղինակ՝ Արթուր Քլարկ
թարգմանիչ՝ Ջ․ Թորոսյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Լուսնափոշին»


Ներքում բերվող հատվածը (որ նոր է վերծանվել Միջմոլորակային հնագիտական հանձնաժողովի հանձնարարությամբ) Մարսի վրա հայտնաբերված ամենանշանակալի վավերագրերից մեկն է։ Այն մեզ նոր հարուստ տեղեկություններ է տալիս մեր անհետացած հարևանների գիտական գիտելիքների և մտածումների մասին։ Վավերագիրը վերաբերվում է Մարսյան քաղաքակրթության վաղ ուրանի դարաշրջանին (այսիքն մարսեցիների պատմության վերջին շրջանին)․ դա նշանակում է, որ այն գրված է մեր թվականությունից ավելի քան հազար տարի առաջ։
Թարգմանությունը կարելի է միանգամայն ստույգ համարել, թեև որոշ տեղերում նկատվել են դժվար մեկնաբանելի դարձվածքներ։ Որտեղ անհրաժեշտ է նկատվել, ավելի պարզ լինելու համար, մարսյան տերմիններն ու չափի միավորները փոխարինված են երկրայինով։


(Ծանոթ․ թարգմ․)


Երկիր մոլորակը մեզ մոտենալու կապակցությամբ վերստին սկիզբ առավ վիճաբանություն, թե արդյոք կյանք կա տիեզերքի մեր մերձավոր հարևանի վրա։ Այս հարցը ապարդյուն քննարկվել է բազում հարյուրամյակներ, սակայն աստղագիտական նոր սարքերը մեզ հնարավորություն տվեցին ստանալու միանգամայն արժանահավատ տվյալներ մյուս մոլորակների վերաբերյալ։ Մենք դեռևս չենք կարող վերջնականապես դատողություններ անել երկրային կյանքի լինելու կամ չլինելու մասին, բայց ներկայումս շատ ավելի ստույգ տեղեկություններ ունենք Երկրի մասին, և բանավեճը կարելի է տանել գիտականորեն։ Գործը բարդանում է նրանով, որ չենք տեսնում Երկիրը, երբ այն մոտենում է մեզ։ Այդ ժամանակ Երկիրը գտնվում է մեր և Արևի միջև ու մեզ է նայում իր ստվերակողմով։ Նրա լուսավորված մակերեսի նշանակալի մասը դիտելու համար հարկադրված ենք սպասել, մինչ Երկիրը հեռադիտակով մեզ երևում է որպես շողացող մահիկ, որի մոտ կախված է մի հսկայական լուսին։ Աչքի է զարնում այդ երկու երկրային մարմինների գույների տարբերությունը․ լուսինը արծաթափայլ֊սպիտակ է, Երկիրը հիվանդոտ կապտա֊կանաչավուն գույնի։(Մակդիրի իսկական իմաստը հայտնի չէ, համենայն դեպս, նա այնքան էլ գովասանական չէ։ Առաջարկվում են տարբերակներ․ «գարշելի», «թունալի»։ ― Ծանոթ․ թարգմ․)։

Երկրի պտտվելուն համեմատ (նրա օրը ընդամենը կես ժամով է կարճ մերինից) մոլորակի տարբեր մասերը դուրս են գալիս ստվերից ու լուսավորվում են։ Երկարատև դիտումները հնարավորություն տվեցին կազմելու ամբողջ մակերևույթի քարտեզը, և պարզվեց մի զարմանալի հանգամանք․ Երկիր մոլորակի երկու֊երրորդից ավելին ծածկված է հեղուկով։

Բուռն վիճաբանությունները շարունակվեցին շատ հարյուրամյակներ, բայց այժմ մենք համարյա հավատացած ենք, որ այդ հեղուկը՝ ջուր է։ Թեպետ ջուրը հազվադեպ է Մարսի վրա, մենք համոզիչ վկայություններ ունենք, որ հեռավոր անցյալում մեր մոլորակի ոչ֊փոքր մասը ծածկված է եղել այդ յուրօրինակ միացության հսկայական քանակությամբ։ Այստեղից հետևում է, որ Երկիրը ներկայումս նույն վիճակում է, ինչպես մեր աշխարհը բազում միլիարդավոր տարիներ առաջ։ Մենք դեռևս չենք կարող որոշել երկրային «օվկիանոսների» (այսպիսին է գիտական անվանումը) խորությունը, բայց որոշ աստղագետներ պնդում են, որ նրանց հաստությունը հասնում է ոչ ավելի, ոչ պակաս՝ երեք հարյուր մետրի։

Այնուհետև Երկիր մոլորակը շրջապատված է շատ ավելի թանձր մթնոլորտով, քան մերն է․ հաշվումները ցույց են տալիս, որ նա տասը անգամ ավելի խիտ է։ Մինչև վերջին ժամանակներս հնարավոր չէր դատողություններ անել երկրային մթնոլորտի բաղադրության վերաբերյալ, բայց այժմ լուսակադիտակը լուծել է այդ խնդիրը։ Պատասխանը ապշեցուցիչ էր։ Երկիրը պարուրող գազի քողը հարուստ է թունավոր ու քիմիականորեն ակտիվ թթվածին տարրով, որը համարյա բացակայում է մեր օդի մեջ։ Երկրի մթնոլորտում շատ ածխածնագազ, ինչպես նաև ջրագոլորշիներ կան․ նրանք ծնում են հսկայական ամպեր, որոնք երբեմն պահպանվում են բազում օրեր և ստվերարկում են մոլորակի լայնածավալ տարածություններ։

Քանի որ Երկիրը մի քսանհինգ տոկոսով ավելի մոտ է Արևին, քան Մարսը, ջերմաստիճանը նրա մակերևույթի վրա շատ ավելի բարձր է, քան մեզ մոտ։ Մեր խոշորագույն աստղադիտակներին հարմարեցված ջերմաէլեմենտները վկայում են այն, որ երկրային հասարակածի շրջաններում ջերմությունը ահագին չափերի է հասնում։ Ավելի բարձր լայնություններում պայմանները բարենպաստ են, իսկ երկու բևեռներում եղած սառցե մեծ գլխարկները նշան են այն բանի, որ այնտեղ միանգամայն տանելի ջերմություն է լինում։ Սառցե գլխարկները, ի տարբերություն մերի, նույնիսկ ամռանը չեն վերանում ամենևին, որը խոսում է նրանց վիթխարի չափերի մասին։

Երկիրը ավելի խոշոր է Մարսից (նրա տրամագիծը երկու անգամ մեծ է), այդ պատճառով էլ նրա ձգողականությունը ավելի ուժեղ է, այնպես որ 77 կիլոգրամ քաշ ունեցող մարդը Երկրի վրա կկշռի 225 կիլոգրամ, այսինքն երեք անգամ ավելի։ Հզոր գրավիտացիան պետք է ունենա բազմաթիվ կարևոր հետևանքներ, բոլորը նույնիսկ չի էլ կարելի կանխատեսել։ Համենայն դեպս, խոշոր օրգանիզմները բացառվում են, նրանք կճզմվեին սեփական ծանրության տակ։ Պարադոքսային է, որ երկրի վրա կան շատ բարձր լեռներ, քան մեզ մոտ․ դա նույնպես վկայում է այն, որ խոսքը, ըստ երևույթին երիտասարդ, պրիմիտիվ մոլորակի մասին է, որի կուսական մակերևույթը դեռևս չի քայքայվել ողողամաշումից (էռոզիա)։

Բոլոր այս լավ ստուգված փաստերը թույլ են տալիս դատելու, թե արդյոք կարող է կյանք լինել Երկրի վրա։ Սակայն համբերող լինենք և չժխտենք առաջին հայացքից նույնիսկ ամենաանհավանական ենթադրությունները, քանի դեռ նրանք չեն հակասում գիտական օրենքներին։

Երկրային կյանքի հնարավորության դեմ եղած լուրջ առարկություն է (շատ մասնագետներ նույնիսկ գտնում են, որ դա բավական է)՝ մթնոլորտի բարձր թունավորությունը։ Գիտնականները դեռևս չեն կարողանում պատասխանել, թե որտեղից է Երկրի վրա այդ ամբողջ թթվածինը։ Այդ տարրը քիմիապես այնքան ակտիվ է, որ սովորաբար չի կարող լինել ազատ վիճակում։ Օրինակի համար, մեզ մոտ նա երկաթի հետ միացությունների մեջ կազմում է գեղեցիկ կարմիր անապատներ, որոնք ընդարձակ տարածություններ են զբաղեցնում մոլորակի վրա։ Երկիր վրա այդպիսի մարզեր չկան, այստեղից էլ նրա անդուր կանաչավուն գույնը։

Ինչպես երևում է, Երկրի վրա տեղի է ունենում մեզ համար անհայտ մի ինչ֊որ պրոցես, որն արձակում է թթվածին։ Վառ երևակայություն ունեցող որոշ գրողներ ենթադրում են, որ թթվածին են արտադրում երկրային օրգանիզմները նյութափոխանակության ընթացքում։ Մինչ այդ միտքը չափազանց ֆանտաստիկ համարելն ու մերժելը, ավելորդ չէր լինի նշել՝ նման մի երևույթ էլ նկատվում է մարսյան բուսականության նախնական, ներկայումս անհետացած շատ տեսակների մոտ։ Եվ, այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ Երկրի վրա հիրավի լինի անչափ բուսականություն, որն արտադրեր այդ ամբողջ ազատ թթվածինը։ (Ով֊ով, մենք գիտենք, որ դա այդպես է։ Երկրի ամբողջ թթվածինը արտադրում են բույսերը, ի սկզբանե մեր մոլորակի մթնոլորտը, ինչպես այժմ Մարսի վրա, թթվածին չէր պարունակում։ ― Ծանոթ․ թարգմ․)։

Նույնիսկ եթե ենթադրենք, որ Երկրի վրա կան էակներ, որոնք ի վիճակի են ապրելու նման թունավոր ու քիմիապես ակտիվ մթնոլորտում, թթվածնի առատությունը պետք է ունենա երկու հետևանք ևս։ Առաջինը քիչ նկատելի է, այն պարզվել է միայն վերջին տեսական նրբին հետազոտություններից հետո, և ներկայումս լիովին հաստատվել է դիտարկումներով։

Ըստ երևույթին, որոշակի բարձրության վրա (երեսուն, քառասուն կամ հիսուն կիլոմետր ) Երկրի մթնոլորտային թթվածինը գոյացնում է գազ, որը կոչվում է օզոն, ի տարբերություն սովորական թթվածնից, մոլեկուլի մեջ պարունակվում է ոչ թե երկու, այլ երեք ատոմ։ Թեև այդ գազը շատ չէ և նա բավականին հեռու է գտնվում մոլորակի մակերևույթից, նրա ազդեցությունը երկրային պայմանների վրա խիստ մեծ է։ Նա գրեթե ամբողջովին կլանում է Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, փակելով նրանց ճանապարհը դեպի Երկիր։

Սակայն դա բավական է, որպեսզի Երկրի վրա անհնարին լինեն մեզ հայտնի կենսաձևերը։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որը անարգել հասնում է Մարսի մակերևույթին, անհրաժեշտ է մեր առողջության համար և մեզ տալիս է անհրաժեշտ էներգիայի մեծ մասը։ Նույնիսկ, եթե մենք կարողանայինք էլ տանել Երկրի դառը մթնոլորտը, մենք կոչնչանայինք առանց կենսականորեն անհրաժեշտ ճառագայթման։

Շատ ավելի աղետաբեր է թթվածնի մեծ կոնցենտրացիայի մյուս հետևանքը։ Նրա հետ է կապված մի ահավոր երևույթ, որը մեզ մոտ հայտնի է միայն լաբորատորիաներում և գիտնականների կողմից ստացել է «կրակ» անունը։

Տարածված շատ տարրեր երկրային մթնոլորտը հիշեցնող պայմաններում բուռն ռեակցիայի մեջ են մտնում նրա հետ, որը շարունակվում է մինչև նյութի լիակատար օքսիդացումը։ Ընդսմին անջատվում են չտեսնված քանակությամբ ջերմություն և լույս, ինչպես նաև վնասակար գազերի ամպեր։ Լաբորատոր պայմաններում այդ երևույթը տեսնողները այն նկարագրում են որպես մի զարհուրելի երևույթ․ մեր բախտը բերել է, որ այն անհնար է Մարսի վրա։

Մինչդեռ Երկրի վրա նա այն պետք է սովորական երևույթ լինի, և մենք չենք պատկերացնում մի օրգանիզմ, որը կարողանար ապրել նման պայմաններում։ Երկրի ստվերոտ կողմը դիտելիս, հաճախ ես տեսնում շիկացած շրջաններ, որտեղ մոլեգնում է կրակը։ Ճիշտ է, որոշ լավատես հետազոտողներ գտնում են, որ լույսը քաղաքներից է, սակայն այդ տեսությունը անընդունելի է։ Լուսային աղբյուրները շատ փոփոխական են, որպես կանոն, նրանք կապված չեն որևէ տեղի հետ և շուտ հանգչում են։ (Անտարակույս, խոսքը անտառային հրդեհների և հրաբխային ժայթքումների մասին է, որոնք ծանոթ չէին մարսեցիներին։ Ճակատագրի դառը հետևանք․ ևս մի քանի հազար տարի՝ և Մարսի աստղագետները իսկապես կտեսնեին մեր քաղաքների լույսերը։ Ժամանակի իմաստով մենք միմյանցից ետ ընկանք մեր մոլորակի տարիքի ինչ֊որ միլիոնավոր մասի չափով։ ― Ծանոթ․ թարգմ․)։

Խիտ, խոնավությամբ հագեցած մթնոլորտը, հզոր գրավիտացիան և Արևին մոտիկ գտնվելը՝ Երկիրը դարձնում են կլիմայական ուժեղ հակադրությունների աշխարհ։ Մոլորակի ընդարձակ տարածությունների վրա նկատվել են աներևակայելի ուժգնության փոթորիկներ, ընդ որում դրանք հաճախ ուղեկցվում են էլեկտական հուժկու պարպումներով՝ Մարսի վրա զգայուն ռադիոընդունիչները հեշտությամբ են որսում դրանք։ Դժվար է հավատալ, որ որևէ կենսաձև կարողանա դիմանալ բնության այդպիսի ջղաձգումներին, իսկ դրանք Երկրի վրա տեղի են ունենում գրեթե մշտապես։

Թեպետ Երկրի ձմռան և ամռան ջերմստիճանների միջև եղած տարբերությունը այնքան էլ մեծ չէ, ինչպես մեզ մոտ, սակայն դրանից բխող անհարմարությունները շատ ավելին են այնտեղ։ Մարսի վրա ամեն մի շարժունակ կենսաձև կարող է խույս տալ ձմռանից։ Չկան ո՛չ լեռներ, ո՛չ ծովեր, որոնք խանգարեին այդ բանը։ Մեր մոլորակը Երկրից փոքր է, իսկ մեր տարին երկրայինից ավելի երկար է՝ դա հեշտացնում է սեզոնային տեղափոխությունները, բավական է նահանջել օրվա ընթացքում տասնհինգ կիլոմետր միջին արագությամբ։ Մեզ ոչինչ չի ստիպում մնալ տեղում, և քչերն են, որ ձմեռում են։

Այլ բան է Երկրի վրա։ Եթե հաշվի առնենք մոլորակի մեծությունը, և կարճատև տարին (որը հավասար է մեր վեց ամսվան)․ երկրային էակները պետք է տեղափոխվեն օրվա մեջ մոտ ութսուն կիլոմետր արագությամբ, որպեսզի խուսափեն դաժան ձմեռվանից։ Նույնիսկ եթե մի րոպե ընդունենք, որ նման արագությունը ընդհանրապես հնարավոր է (դա խիստ անհարմար է զորեղ ձգողականության պայմաններում), լեռներն ու օվկիանոսները անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծում։

Որոշ գիտա֊ֆանտաստիկ գրողներ պատասխանը փնտրում են այն բանում, թե իբր Երրկի վրա կարող են լինել օրգանիզմներ, որոնք տեղափոխվեն օդով։ Ի հաստատումն այդ խիստ կասկածելի մտքի, նրանք ընդգծում են, որ խիտ մթնոլորտը հնարավորություն է տալիս համեմատաբար հեշտությամբ թռչելու, սակայն լռում են այն մասին, որ մեծ ձգողականությունը ի չիք է դարձնում այդ կարծեցյալ առավելությունը։ Որքան էլ հրապուրիչ լինի թռչող կենդանիների մասին միտքը, իրեն հարգող ոչ մի կենսաբան չի կարող լրջորեն ընդունել այդ բանը։

Շատ ավելի հիմնավոր է թվում մյուս տեսությունը։ Այն ասում է, որ եթե Երկրի վրա կան կենդանիներ, ապա նրանք ապրում են միայն լայնարձակ օվկիանոսներում, որոնք զբաղեցնում են մոլորակի մեծ մասը։ Ենթադրում են, որ մեր մոլորակի վրա կյանքը սկզբում ծագել է մի ժամանակ գոյություն ունեցած մարսյան ծովերում․ այնպես որ, դա ամենևին էլ ֆանտաստիկա չէ։ Բացի այդ օվկիանոսներում Երկրի կենդանիները զերծ կլինեն վիթխարի ձգողականությունը հաղթահարելու անհրաժեշտությունից։ Ու թեպետ մեզ համար դժվար է երևակայել այնպիսի օրգանիզմներ, որոնք կարողանային ապրել ջրում, այնուամենայնիվ, մեր կարծիքով Երկրի վրա օվկիանոսները շատ ավելի բարենպաստ միջավայր են կյանքի գոյության համար, քան ցամաքը։

Բոլորովին վերջերս այս հետաքրքիր ենթադրությանը լուրջ հարված հասցրեց մաթեմատիկական ֆիզիկան։ Ինչպես հայտնի է, Երկիրը ունի միայն մի հսկայական լուսին՝ թերևս, երկրային երկնքի ամենաճաճանչափայլ մարմիններից մեկը։ Այն մոտավորապես երկու հարյուր անգամ մեծ է մեր ամենախոշոր արբանյակից, և չնայած հսկայական հեռավորությանը, նրա ձգողականությունը պետք է որ նկատելիորեն ազդի մոլորակի վրա, մասնավորապես երկրային օվկիանոսների ջրի վրա, ստիպելով նրանց մակարդակը փոփոխել մի քանի մետրով։ Ինչպես երևում է, «մակընթացության֊տեղատվության» ուժերի պատճառով, Երկրի բոլոր ցածրավայրերը որվա մեջ երկու անգամ ողողվում են։ Դժվար է պատկերացնել օրգանիզմների (ջրային կամ ցամաքային) առկայությունը նման պայմաններում, երբ ծովն ու ցամաքը անընդմեջ փոխվում են։

Այս ամենն ասում են այն մասին, որ մեր հարևան Երկիրը անհյուրընկալ աշխարհ է, այնտեղ չի կարող լինել Մարսի վրա հայտնի և ոչ մի կենսաձև։ Նույնիսկ բուսականությունը հազիվ թե կարողանար դիմանալ հարատև անձրևներին ու մրրիկներին․ ճիշտ է, շատ աստղագետներ որոշ շրջաններում կարծես նկատել են գունափոխություններ, որոնք նրանք վերագրում են բույսերի ամենամյա ծաղկումին։

Ինչ վերաբերում է կենդանիներին, ապա դա դատարկ կռահում է, որը հերքվում է փաստերով։ Նույնիսկ, եթե նրանք կան էլ, պետք է օժտված լինեն վիթխարի ուժով ու զորեղ մարմնով, որպեսզի հաղթահարեն ձգողականությունը․ կարելի է ենթադրել, որ նրանք ունեն մի քանի զույգ ոտքեր և քայլում են շատ դանդաղ։ Նրանց անճոռնի մարմինը պետք է ծածկված լինի հաստ զրահով՝ վատ եղանակից և օքսիդացնող մթնոլորտից պաշտպանվելու համար։ Հաշվի առնելով այս ամենը, կարելի է միանգամայն դեն նետել Երկրի վրա բանական կյանքի գոյության հնարավորությունը։ Ստիպված ենք հաշտվել այն մտքի հետ, որ մենք միակ բանական էակներն ենք արեգակնային ողջ համակարգում։

Ռոմանտիկներին, որոնք դեռևս հույս ունեն ստանալ ավելի լավատեսական պատասխան, մնում է սպասել մինչև Երրորդ մոլորակը մեզ բաց անի իր վերջին գաղտնիքները։ Դա տեղի կունենա շատ շուտով․ հրթիռային շարժիչների փորձերը ցույց են տվել, որ կարելի է ստեղծել տիեզերանավ, որը ի վիճակի լինի պոկվել Մարսից և տիեզերական անհունի միջով հասնել մեր առեղծվածային հարևանին։ Ուժեղ ձգողականությունը մեզ հնարավորություն չի տա ինջնել Երկրի վրա, բայց մենք կարող ենք պտտվել փոքր բարձրության վրա և միլիոնավոր անգամ մոտիկ հեռավորությունից, քան այն, որ այժմ մեզ բաժանում է, դիտել մանրամասները։ Մենք կուղարկենք նաև ռադիոյով կառավարվող ռոբոտներ։

Վերջապես ստացվել է ատոմային միջուկի անսպառ էներգիան, և շուտով մենք կօգտագործենք այդ ահեղ ուժը, որպեսզի դուրս պրծնենք մեր աշխարհի շղթաներից։ Երկիրը իր գիգանտ արբանյակով միայն առաջինն են այն երկնային մարմինների շարքում, որոնք կուսումնասիրեն ապագա հետազոտողները։ Այնուհետև կհաջորդեն․․․

(Ցավոք սրտի, այստեղ ձեռագիրը ընդհատվում է։ Մնացածը այնքան այրված է, որ չի կարելի կարդալ, ― ըստ երևույթին, ջերմամիջուկային պայթյունից, որը կործանել է Կայսրական գրադարանն ու ողջ Ուաս քաղաքը։ Ուշագրավ զուգադիպություն․ այն արկերը, որոնք վերջ են տվել մարսյան քաղաքակրթությանը, արձակվել են մարդկության պատմության դասական շրջանի կարևորագույն իրադարձություններից մեկի ժամանակ։ Մարսից վաթսունհինգ միլիոն կիլոմետր հեռավորության վրա հույները գրոհում էին Տրոյան, գործադրելով ոչ այնքան էլ կատարյալ զենք։ ― Ծանոթ․ թարգմ․)։