Զզզզզզզ
հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ |
Ապրում էր, չէր ապրում, աշխարհում մի հսկա կետ էր ապրում․ անունն էլ՝ Նիքի։ Նա այնքան մեծ էր, այնքան մեծ, որ քթի ծայրից մինչեւ պոչի ծայրը ձեռք֊ձեռքի տված կարող էին կանգնել երեսուներեք տղաներ ու աղջիկներ։
Ի՞նչ եք կարծում, ամենից շատ ի՞նչ էր սիրում Նիքին։ Իհարկե, մեղր։
Նիքին մի ընկերուհի ուներ, որի անունը Զզզզզզզ էր։ Այդ Զզզզզզզը սովորական մի ճանճ էր ու ապրում էր խոհանոցում, մայրիկի մոտ։
Մի անգամ Զզզզզզզը զբոսանքի դուրս եկավ առաստաղի վրա եւ հանկարծ խոհանոցային սեղանի վրա նկատեց մայրիկի թողած երկտողը․
Զզզզզզզ
զզզվելի,
սա քո տունը չէ։
Զզզզզզզը առաստաղից ցած թռավ, նստեց խոհանոցային սեղանի վրա ու կարդաց երկտողը․
Զզզզզզզ
զզզվելի,
սա քո տունը չէ։
«Չէի ասի, թե սիրալիր հյուրընկալություն է,— մտածեց Զզզզզզզը։— Ի՞նչ արած, կթռչեմ Նիքիի մոտ։ Համենայն դեպս, նա հարգում է ինձ»։
Զզզզզզզը հրաժեշտ տվեց Մուրմի փիսիկին ու դուրս թռավ պատուհանից։ Այգում նա տեսավ մեղուներին։
«Երանի մեղու լինեի,— մտածեց նա,— մեղր կհավաքեի»…
Բայց նա բնավ էլ մեղու չէր եւ մեղր հավաքել չգիտեր։ Նա շատ էր ուզում Նիքիին մեղրով հյուրասիրել։ Նստեց վարդի թփին ու սկսեց մտորել, թե ինչպես մի ելք գտնի։ Քիչ անց նրա կողքին նստեց վաղեմի ընկերուհի մեղուն, որի անունը Ժժժժժժժ էր։
— Ինչի՞ մասին ես մտածում, Զզզզզզզը,— հարցրեց մեղուն։
— Ես ուզզզում եմ քիչ մեղր ճարել,— ասաց Զզզզզզզը,— իմ բարեկամ Նիքիի համար։ Ես հիմա նրա մոտ եմ ապրելու եւ շատ կուզզզենայի անպայման մեղր նվիրել։ Բայց որտեղի՞ց մեղր ճարեմ՝ չգիտեմ։
— Դրանից հեշտ բան չկա,— ասաց Ժժժժժժժը եւ ինչ֊որ բան շշնջաց նրա ականջին։
Զզզզզզզը շատ գոհ մնաց եւ շտապեց թռչել դեպի ծով, որտեղ ապրում էր Նիքին։
Նա տեղ հասավ այն ժամանակ, երբ Նիքին ճաշից հետո ննջում էր։
Զզզզզզզը իջավ կետի մեջքին՝ զգույշ, շատ զգույշ, ոտքերի ծայրերի վրա, որպեսզի հանկարծ չարթնացնի նրան։ Հետո կողքից դրեց սափորը, վերցրեց կափարիչն ու սպասեց։
Շուտով հեռուներից նրան հասավ մի ժժժժժժժոց։ «Ժժժժժժժ»֊ը գնալով սաստկացավ, սաստկացավ ու սաստկացավ եւ, վերջապես, երեւաց մեղուն։
Մեղուն թռավ մոտեցավ սափորին եւ մի կաթիլ մեղր կաթեցրեց։ Նրա ետեւից ուրիշ մեղուներ էլ եկան, եւ ամեն մեկը մի կաթիլ մեղր կաթեցրեց։ Մեղուների մի վիթխարի բանակ եկավ, եւ շուտով սափորը բերնեբերան լցվեց մեղրով։ Հետո մեղուները հրաժեշտ տվեցին Զզզզզզզին եւ տուն վերադարձան։
Մինչ այդ Նիքին էլ արթնացավ։ Տեսնելով մեղրով լի սափորը, որը Զզզզզզզի բերած նվերն էր, նա բերանը լայն բացեց, եւ Զզզզզզզը ամբողջ մեղրը լցրեց նրա բերանը։
— Ինչ համե՜ղ է,— ասաց Նիքին եւ ամուր֊ամուր համբուրեց Զզզզզզզին։ Հետո էլ հաճույքով հորանջեց։— Ո՞ւր կորար, Զզզզզզզ,— հարցրեց նա։— Երեւի թռավ գնաց։ Ի՞նչ արած, կարելի է մի ժամ էլ քնել։
Իսկ Զզզզզզզը ոչ մի տեղ էլ չէր թռել գնացել։ Նա պարզապես կպել էր մեղրին։ Երկար տանջվելուց հետո միայն կարողացավ մեղրից պոկել նախ մի ոտքը, ապա՝ մյուսը, հետո մնացյալ բոլոր ոտքերը։ Վերջապես նա ազատվեց ու որոշեց զբոսնել կետի մեջքին։ Նիքին այնքան խոշոր էր, որ Զզզզզզզը նրա քթի ծայրից մինչեւ պոչի ծայրը գնաց մեկ ժամվա ընթացքում։
Երբ Զզզզզզզը վերադարձավ զբոսանքից, Նիքին արդեն վերջնականապես արթնացել էր, եւ նրանք սկսեցին խաղալ Զզզզզզզի սիրելի խաղը։
Զզզզզզզը նստում էր կետի քթին, Նիքին բաց էր թողնում շատրվանը եւ Զզզզզզզը ջրացայտերի հետ նետվում էր դեպի վեր։
Իսկ հանդիպող նավերի նավապետները հեռադիտակով նրանց էին նայում ու ասում․
— Այդ ճանճը ինչ լավ է զվարճանում։