Լաքզյան բանալին
հեղինակ՝ Ռոբերտ Շեքլի |
Ռիչարդ Գրեգըրը նստած էր իր փոշոտ գրասեղանի առջեւ ԱԱԱ Առաջնակարգ Միջմոլորակային Դեզակտիվացիոն ծառայության գրասենյակում։ Համարյա կեսօր էր, բայց Արնոլդը՝ նրա գործընկերը, դեռ չէր հայտնվել։ Գրեգըրը փասիանս էր բացում, խաղն անսովոր բարդ էր ստացվել։
Նախասենյակում բարձր դղրդյուն լսվեց։
ԱԱԱ Առաջնակարգի դուռը բացվեց եւ Արնոլդը գլուխը ներս խոթեց։
— Շուտ ես գալիս, խոսք չկա,— ասաց Գրեգըրը։
— Ես հենց նոր մեզ համար կարողություն եմ վաստակել,— ասաց Արնոլդը։ Նա կրնկի վրա բացեց դուռը եւ ձեռքի թատերական շարժումով ներս հրավիրեց։— Բերե՛ք, տղաներ։
Չորս քրտնած բանվոր փղիկի մեծության մի քառակուսի սեւ մեքենա ներս քարշ տվին։
— Ահա, սա է,— հպարտ ասաց Արնոլդը։ Նա վճարեց բանվորներին եւ կանգ առավ՝ ձեռքերը մեջքին, կիսախուփ աչքերը մեքենայից չհեռացնելով։
Գրեգըրը խաղաթղթերը դանդաղ, հոգնած մի կողմ դրեց, որպես մի մարդ, որն ամեն ինչ տեսել է։ Հետո տեղից ելավ ու քայլեց մեքենայի շուրջը։
— Լավ, հանձնվում եմ։ Ասա, ի՞նչ է։
— Միլիոն դոլար,— ասաց Արնոլդը։
— Այո, իհարկե։ Բայց ի՞նչ է։
— Ձրի արտադրիչ,— ասաց Արնոլդը։ Նա հպարտ ժպտաց։— Ես այս առավոտ անցնում էի Ջոի «Միջաստղային հնոտիի հանձնման կետի» կողքով, եւ ահա սա այնտեղ դրված էր պատուհանի գոգին։ Համարյա ձրի նստեց։ Ջոն մինչեւ իսկ չգիտեր, թե սա ի՞նչ է։
— Ես նույնպես,— ասաց Գրեգըրը։— Իսկ դո՞ւ։
Արնոլդը չորեքթաթ էր կանգնել, ճգնելով կարդալ մեքենայի առջեւի մասում փորագրված հրահանգը։ Առանց վեր նայելու, նա հարցրեց․
— Դու լսել ես Մելջե մոլորակի մասին, այնպես չէ՞։
Գրեգըրը գլխով արեց։ Մելջեն գալակտիկայի հյուսիսային ծայրամասում գտնվող մի երրորդ կարգի մոլորակ էր, առեւտրական երթուղիներից բավական հեռու։ Մի ժամանակ Մելջեն վերին աստիճանի առաջադեմ քաղաքակրթություն էր ունեցել, որը հնարավոր էր դարձել այսպես կոչված մելջեական Հին գիտության շնորհիվ։ Հին գիտության արգասիքները դարեր առաջ կորել էին, թեեւ մերթ այստեղ, մերթ այնտեղ անցյալի որեւէ վկայություն էր հայտնվում։
— Եվ սա Հին գիտության արտադրա՞նք է,— հարցրեց Գրեգըրը։
— Ճիշտ այդպես։ Սա մելջեական Ձրի արտադրիչ է։ Կասկածում եմ, որ ամբողջ տիեզերքում սրանից հինգ կամ վեց հատից ավելի լինի։ Այս մեքենան կրկնօրինակել հնարավոր չէ։
— Ի՞նչ է արտադրում,— հարցրեց Գրեգըրը։
— Ի՞նչ իմանամ,— ասաց Արնոլդը։— Խնդրում եմ, մի րոպե այստեղ տուր մելջեերեն֊անգլերեն բառարանը։
Աշխատելով համբերությունը չկորցնել, Գրեգըրը քայլեց դեպի գրադարակը։
— Դու չգիտես, թե ինչ է արտադրում…
— Բառարան։ Շնորհակալ եմ։ Ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ է արտադրում։ Կարեւորը, որ ձրի՛ է։ Այս մեքենան էներգիան խլում է օդից, տիեզերքից, արեւից, որտեղից ասես։ Ոչ միացնում ես, ոչ վառելիք լցնում, ոչ էլ հետեւում, որ չփչանա։ Աշխատում է անվերջ։
Արնոլդը բացեց բառարանը եւ սկսեց փնտրել արտադրիչի առջեւում գրված բառերը։
— Ձրի էներգիա…
— Այդ գիտնականները հիմար չէին,— ասաց նա, թարգմանությունը գրի առնելով ծոցատետրում։— Արտադրիչը էներգիան պարզապես օդից է խլում։ Ուստի, իրոք, նշանակություն չունի, թե ինչ է արտադրում։ Միշտ էլ կարող ենք մեքենան վաճառել, իսկ ստացածը, ինչ էլ որ լինի, զուտ եկամուտ կմնա։
Գրեգըրը սեւեռուն նայեց իր ճարպիկ, ցածրահասակ գործընկերոջը եւ նրա երկար, անուրախ դեմքը սովորականից ավելի տխուր դարձավ։
— Արնոլդ,— ասաց նա,— ուզում եմ քեզ մի բան հիշեցնել։ Նախ եւ առաջ, դու քիմիկոս ես։ Ես՝ էկոլոգ։ Մենք ոչինչ չգիտենք մեքենաների եւ առավել եւս բարդ այլմոլորակային մեքենաների մասին։
Արնոլդը ցրված գլխով արեց եւ պտտեց սկավառակը։ Արտադրիչը չոր կլկլոց արձակեց։
— Ավելին,— ասաց Գրեգըրը, մի քանի քայլ նահանջելով,— մենք մոլորակային դեզակտիվացիոնիստներ ենք։ Չե՞ս մոռացել։ Մենք պատճառ չունենք…
Արտադրիչը սկսեց անկանոն հազալ։
— Հիմա հասկացա,— ասաց Արնոլդը։— Այստեղ գրված է «Մելջեական Ձրի արտադրիչ՝ Գլոթենի լաբորատորիաների մի նոր նվաճում։ Երաշխավորում ենք, որ այս արտադրիչը չի փչանում, չի ջարդվում եւ զուրկ է բոլոր թերություններից։ Էներգիայի աղբյուրի հետ միացնելու կարիք չի զգում։ Սեղմեք առաջին կոճակը եւ մեքենան կսկսի գործել։ Գործողությունը կանգնեցնելու համար օգտագործեք Լաքզյան բանալի։ Մելջեական Ձրի արտադրիչը հավերժ ու անխափան աշխատանքի երաշխիք ունի։ Թերություն նկատելու դեպքում խնդրում ենք մեքենան անմիջապես վերադարձնել Գլոթենի լաբորատորիաներ»։
— Երեւի պարզ չարտահայտվեցի,— ասաց Գրեգըրը։— Մենք մոլորակային…
— Ի՜նչ ձանձրալի մարդ ես,— ասաց Արնոլդը,— մեքենան գործի ենք գցում եւ վերջ։ Ահա առաջին կոճակը։
Մեքենան սկսեց չարագուշակ զնգալ, որին հետեւեց խուլ ու հաստատուն դռդռոց։ Մի քանի րոպե շարունակ ոչինչ տեղի չունեցավ։
— Պետք է տաքանա,— անհամբերությամբ ասաց Արնոլդը։ Հետո մեքենայի ներքեւի մասի բացվածքից գորշ փոշի սկսեց թափվել։
— Երեւի թափուկներն են,— մրթմրթաց Գրեգըրը։ Բայց փոշին տասնհինգ րոպե շարունակ տարածվում էր հատակով մեկ։
— Հաջողությո՛ւն,— հանկարծ գոչեց Արնոլդը։
— Ի՞նչ է, իմացա՞ր,— հարցրեց Գրեգորը։
— Գաղափար անգամ չունեմ։ Ես պետք է մի քանի փորձ անեմ։
Հաղթական ժպտալով, Արնոլդը փորձանոթի մեջ մի քիչ փոշի հավաքեց եւ շտապեց դեպի իր գրասեղանը։
Գրեգըրը մնաց կանգնած արտադրիչի առջեւ, դիտելով, թե գորշ փոշին ինչպես է հորդում։ Ի վերջո նա ասաց․
— Չանջատե՞նք, մինչեւ կպարզենք, թե ինչ է։
— Իհարկե ոչ,— ասաց Արնոլդը։— Ինչ էլ լինի, փող կարժենա։— Նա վառեց իր բունզանյան այրիչը, փորձանոթի մեջ թորած ջում լցրեց ու գնաց աշխատելու։
Գրեգըրն ուսերը թոթվեց։ Նա սովոր էր Արնոլդի խելապտույտ արարքներին։ Այն պահից, երբ ստեղծվել էին ԱԱԱ Առաջնակարգը, Արնոլդը արագ հարստանալու ուղի էր որոնում։ Նրա հնարքների հետեւանքով սովորաբար աշխատանքն ավելի էր շատանում, քան եթե հնաոճ եղանակներով գործեին, բայց Արնոլդն այդ շուտ էր մոռանում։
Էհ, մտածեց Գրեգըրը, գոնե այդպես կյանքն ավելի աշխույժ է դառնում։ Նա նստեց գրասեղանի առջեւ եւ սկսեց մի բարդ փասիանս բացել։
Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում գրասենյակում լռություն էր տիրում։ Արնոլդը քրտնաջան աշխատում էր, ավելացնելով քիմիկատներ, ռեակտիվներ եւ ստուգելով արդյունքները գրասեղանին դրված մի քանի հաստափոր գրքերի միջոցով։
Գրեգըրը սանդվիչներ ու սուրճ բերեց։ Ուտելուց հետո նա սկսեց ետուառաջ քայլել, դիտելով մեքենայից անվերջ հորդացող գորշ փոշին։
Արտադրիչի դռռոցը ուժեղացավ եւ փոշին սկսեց թափվել հաստ շիթով։
Ուտելուց մի ժամ անց Արնոլդը ոտքի ելավ։
— Վե՛րջ,— հայտարարեց նա։
— Ի՞նչ է, պարզեցի՞ր,— հարցրեց Գրեգըրը, մտածելով, որ գուցե կյանքում մի անգամ Արնոլդն ինչ֊որ կարգին բան է ճարել։
— Պարզեցի,— ասաց Արնոլդը,— սա թանգրիս է։ Նա սպասումով նայեց Գրեգըրին։
— Ինչպե՞ս, թանգրի՞ս։
— Միանգամայն ճիշտ է։
— Այդ դեպքում գուցե բարի լինես ասել, թե ի՞նչ է այդ թանգրիսը,— բղավեց Գրեգըրը։
— Կարծում էի գիտես։ Թանգրիսը մելջեցիների հիմնական կերակուրն է։ Մեծահասակ մելջենցին տարվա ընթացքում մի քանի տոննա թանգրիս է օգտագործում։
— Ինչպե՞ս, կերակո՞ւր,— Գրեգըրը նորից, այս անգամ հարգանքով, նայեց գորշ փոշու հաստ շերտին։ Մի մեքենա, որն օրվա մեջ քսանչորս ժամ անընդմեջ ուտելիք է արտադրում, կարող է փող վաստակելու շատ լավ միջոց լինել։ Հատկապես եթե մեքենան երբեք սպասարկմքն կարիք չի գզալու եւ վրադ ոչ մի սենթ չի նստում։
Արնոլդն արդեն բացել էր հեռախոսագիրքը։
— Ահա,— նա համար հավաքեց։— «Միջաստղային ըննդամթերքի կորպորա՞ցիա»։ Նախագահին, խնդրում եմ։ Ի՞նչ, նա չի… Այդ դեպքում փոխնախագահին։ Դա կարեւոր է… Ինչպե՞ս… Դե լավ, ձեզ կասեմ։ Ես հնարավորություն ունեմ ձեզ մատակարարել համարյա անսահմանափակ քանակությամբ թանգրիս՝ մելջեցիների հիմնական կերակուրը։ Ճիշտ այդպես։ Գիտեի, որ ձեզ կհետաքրքրի։ Այո, իհարկե, կսպասեմ։
Նա շրջվեց դեպի Գրեգըրը։
— Այս կորպորացիաները կարծում են, թե կարող են… այո՞ այո, այո, ճիշտ այդպես։ Դուք զբաղվում եք թանգրիսի վաճառքով, այնպես չէ՞… Հիանալի է, հրաշալի։
Գրեգորը մոտեցավ, փորձելով լսել, թե գծի այն կողմում ինչ են ասում։ Արնոլդը հեռու հրեց նրան։
— Գի՞նը։ Իսկ շուկայական միջին գինն ինչքա՞ն է։ Դե տոննան հինգ դոլար շատ չէ, բայց… Ի՞նչ։ Տոննան հինգ սե՞նթ։ Կատակո՞ւմ եք։ Եկեք լրջանանք։
Գրեգըրը հեռացավ եւ հոգնած փլվեց բազկաթոռի մեջ։ Նա անկիրք լսում էր Արնոլդի ձայնը․— Այո, այո։ Ա՜, ես չգիտեի… Հասկանում եմ։ Շնորհակալություն։
Արնոլդը կախեց լսափողը։
— Կարծես թե,— ասաց նա,— Երկրի վրա թանգրիսի մեծ պահանջարկ չկա։ Այստեղ ընդամենը մի հիսուն մելջեցի է ապրում, իսկ թանգրիսի փոխադրումը հյուսիսային ծայրամասեր անասելի թանկ է նստում։
Գրեգըրը բարձրացրեց հոնքերը եւ նայեց արտադրիչին։ Վերջինս գործում էր ամբողջ թափով՝ թանգրիսը հորդում էր, ինչպես ջուրը՝ բարձր ճնշման խողովակից։ Մեքենայի առջեւ արդեն կես ոտնաչափ խորությամբ կույտ էր գոյացել։
— Ոչինչ,— ասաց Արնոլդը։— Այն կարող է օգտագործվել մի այլ բանի համար։— Նա վերադարձավ դեպի գրասեղանը եւ մի քանի ուրիշ հաստափոր գրքեր բացեց։
— Մինչեւ պարզելը չանջատե՞նք,— հարցրեց Գրեգըրը։
— Իհարկե ոչ,— ասաց Արնոլդը։— Ձրի է, մի՞թե չես հասկանում։ Մեզ համար փող է վաստակում։
Նա սուզվեց իր գրքերի մեջ։ Գրեգըրը կրկին սկսեց քայլել, բայց պարզվեց, որ մինչեւ կոճերը հասնող թանգրիսի միջով ճանապարհ հարթելը դժվար է։ Նա ծանր ընկավ աթոռին, մտածելով, թե ինչու ժամանակին չզբաղվեց դեկորատիվ այգեգործությամբ։
Երեկոն նոր էր վրա հասել, իսկ մկնագույն փոշին սենյակով մեկ մի քանի ոտնաչափ խորությամբ շերտ էր կազմել։ Մի քանի գրիչ, մատիտ, մի պայուսակ ու մի փոքրիկ պահարան արդեն կորել էին այդ շերտի տակ եւ Գրեգըրը սկսում էր մտածել, թե արդյոք հատակը ծանրությանը կդիմանա՞։ Նա ստիպված էր արահետ բացել դեպի դուռը, թղթերի զամբյուղը գործածելով որպես գոգաթիակ։
Արնոլդն ի վերջո փակեց գիրքը հոգնած, սակայն բավարարված։
— Կա՛ ուրիշ գործածություն։
— Ի՞նչ։
— Թանգրիսն օգտագործվում է որպես շինանյութ։ Գիտես, մի քանի շաբաթ բաց օդում մնալուց հետո այն գրանիտի պես կարծր է դառնում։
— Ոչ, չգիտեի։
— Զանգիր որեւէ շինարարական ընկերություն։ Հենց հիմա այս հարցը կլուծենք։
Գրեգըրը զանգեց «Թոլեդո֊Մարսյան շինարարական ընկերություն» եւ ասաց ոմն միստր ՕʼԹուլի, որ պատրաստ է նրանց ապահովել թանգրիսի համարյա անսահմանափակ քանակությամբ։
— Ա՜, թանգրիս,— ասաց ՕʼԹուլը։— Հիմա որպես շինանյութ առանձին մասսակայություն չի վայելում։ Գիտեք, ներկ չի պահում։
— Ոչ, չգիտեի,— ասաց Գրեգըրը։
— Փաստ է։ Ես ձեզ ասեմ, թե ինչ է պետք անել։ Ինչ֊որ խելառ ցեղ այդ թանգրիսն ուտում է։ Ինչո՞ւ չեք…
— Մենք գերադասում ենք վաճառել որպես շինանյութ,— ասաց Գրեգըրը։
— Դե ինչ, կարծում եմ մենք կարող ենք գլեն։ Էժան շինությունների համար պետք կգա։ Մեկ տոննային տասնհինգ կտանք։
— Դոլա՞ր։
— Սենթ։
— Ես ձեզ իմաց կանեմ,— ասաց Գրեգըրը։
Առաջարկը լսելով, նրա գործընկերը գլուխը խորաթափանց շարժեց։
— Ամեն ինչ լավ է։ Ենթադռենք մեր այս մեքենան օրական տասը տոննա է արտադրում, ամեն օր, տարիներ շարունակ։ Հիմա կտեսնենք։— Նա արագ մի քանի հաշվում կատարեց լոգարիթմական քանոնով։— Դա կազմում է տարեկան մոտավորապես հինգ հարյուր հիսուն դոլար։ Հարուստ չենք դառնա, բայց դա կհեշտացնի բնակարանային վարձը մուծելը։
— Բայց այստեղ թողնել չի կարելի,— ասաց Գրեգըրը՝ տագնապահար նայելով թանգրիսի անվերջ հաստացող կույտին։
— Իհարկե ոչ։ Կարող ենք գյուղում մի պարապ հողամաս գտնել եւ սա թողնել այնտեղ միացրած։ Նրանք կարող են իրենց ուզած ժամանակ գալ եւ տանել շինանյութը։
Գրեգըրը զանգահարեց ՕʼԹուլին եւ ասաց, որ ուռախ կլինի գործարք կնքել։
— Շատ բարի,— ասաց ՕʼԹուլը։— Դուք մեր գործարանի տեղը գիտեք, երբ սիրտներդ ուզի, ապրանքը բերեք։
— Մենք բերե՞նք։ Ես կարծում էի, որ դուք…
— Տոննան տասնհինգ սենթ արժեցող ապրա՞նքը։ Ոչ, մենք ձեզ լավություն ենք անում հենց միայն ձեզնից վերցնելով։ Դուք բերեք։
— Վատ է,— ասաց Արնոլդը, երբ Գրեգըրը լսափողը կախեց,— տեղափոխելու գինը…
— Շատ ավելի է, քան տոննայի համար տասնհինգ սենթը,— ասաց Գրեգըրը։— Ավելի լավ է այդ բանն անջատես, մինչեւ որոշենք, թե ինչ պետք է անել։
Արնոլդը ճանապարհ հարթեց դեպի արտադրիչը։
— Հիմա, տեսնեմ,— ասաց նա։— Անաջատելու համար ես պետք է օգտագործեմ Լաքզյան բանալի։— Նա սկսեց զննել մեքենայի առաջամասը։
— Դե մի ուշացրու, անջատիր,— ասաց Գրեգըրը։
— Մի րոպե սպասիր…
— Անջատելո՞ւ ես, թե՞ ոչ։
Արնոլդն ուղղվեց եւ շփոթված քմծիծաղեց։
— Այնքան էլ հեշտ չէ։
— Ինչո՞ւ։
— Անջատելու համար Լաքզյան բանալի է հարկավոր։ Իսկ մենք դրանից կարծես թե չունենք։
Դրանից հետո մի քանի ժամ շարունակ Գրեգըրն ու Արնոլդը լսափողը ցած չէին դնում։ Նրանք կապվում էին թանգարանների, գիտահետազոտական ինստիտուտների, քոլեջների հնէաբանական ֆակուլտետների եւ էլ ում հետ պատահեր։ Լաքզյան բանալի ոչ ոք երբեք չէր տեսել, ոչ էլ որեւէ մեկը լսել էր դրա մասին։
Հուսահատ, Արնոլդը զանգահարեց Ջոին՝ «Միջազգային հնոտիի» տիրոջը եւ գտավ նրան առանձնատանը, որը կառուցված էր երկնաքերի կտուրին։
— Չէ, ոչ մի Լաքզյան բանալի չունեմ,— ասաց Ջոն։ Քո կարծիքով ինչո՞ւ մեքենան այդքան էժան ծախեցի։
Արնոլդը խոսափողը դրեց, եւ նրանք սառած նայեցին միմյանց։
Մելջեական Ձրի արտադրիչն ուրախ֊զվարթ դուրս էր կրկակում անարժեք փոշու շիթը, որի տակ անհետացել էին երկու աթոռ եւ ջեռուցման մի խողովակ։ Գորշ թանգրիսն արդեն հասնում էր գրասեղանի բարձրությանը։
— Ինչ փոքրի՛կ, սիրունի՛կ փող աշխատելու հարմարանք,— ասաց Գրեգըրը։
— Մենք մի բան կմտածենք։
— Մե՞նք։
Արնոլդը վերադարձավ իր գրքերին եւ անցկացրեց գիշերվա մնացած մասը թանգրիսի օգտագործման մի ուրիշ ձեւ որոնելով։ Գրեգըրը ստիպված էր գորշ փոշին զամբյուղով տեղափոխել միջանցք, որպեսզի գրասենյակը չհեղեղվեր։
Եկավ առավոտը, եւ արեւն ուրախ շողաց մկնագույն փոշիով պատած ապակիների միջով։ Արնոլդը ոտքի ելավ ու հորանջեց։
— Լավ նորություն չկա՞,— հարցրեց Գրեգըրը։
— Վախենում եմ, որ ոչ։
Գրեգըրը մի կերպ գնաց սուրճ բերելու։ Երբ վերադարձավ, շենքի կառավարիչը եւ երկու հաղթահասակ կարմրադեմ ոստիկան գոռգոռում էին Արնոլդի վրա։
— Դուք միջանցքը պիտի մաքրե՛ք այդ ավազից, մի բուռ անգամ չպիտի մնա,— ճչում էր կառավարիչը։
— Այո, եւ օրենք գոյություն ունի այս թաղամասում գործարանների աշխատանքն արգելելու մասին,— ասաց կարմրադեմ ոստիկաններից մեկը։
— Սա գործարան չի,— բացականչեց Գրեգըրը,— սա մելջեական Ձրի…
— Ասում եմ գործարան է,— ասաց ոստիկանը։— Եվ ասում եմ՝ անմիջապես կանգնեցրեք աշխատանքը։
— Դա էլ հենց խնդիրն է,— ասաց Արնոլդը։— Մենք ոնց որ թե չենք կարողանում անջատել։
— Չեք կարողանում անջատե՞լ։— Ոստիկանը կասկածանքով նայեց նրանց։— Ինձ երեխայի տե՞ղ եք դնում։ Ասում եմ պետք է անջատեք։
— Պարոն սպա, երդվում եմ ձեզ…
— Լսի, խելոք, ես մի ժամից ետ կգամ։ Այդ բանը կանջատես եւ այս կեղտը կմաքրես, թե չէ ծանուցագիր կտամ դատարան։
Ոստիկանները եւ կառավարիչը հեռացան։
Գրեգորը եւ Արնոլդը նայեցին մեկմեկու, հետո Ձրի արտադրիչին։ Թանգրիսն այժմ հասել էր գրասեղանի վերին մասին եւ շարունակվում էր անընդմեջ ավելանալ։
— Անե՛ծք,— ասաց Արնոլդը ձայնի հիստերիկ երանգով,— մի ձեւ պետք է լինի այս հարցը լուծելու։ Պետք է շուկա լինի։ Ձրի՛ է, ասում եմ։ Այս փոշու ամեն մի հատիկը ձրի՛ է, ձրի՛, ձրի՜։
— Հանգիստ,— ասաց Գրեգըրը, հոգնած շարժումով մազերից ավազը թափ տալով։
— Չե՞ս հասկանում։ Եթե մի բան ձրի է եւ անսահմանափակ, ապա պետք է կիրառում ունենա։ Այս ամենը ձրի է…
— Դուռը բացվեց ու ներս եկավ սեւ գործնական կոստյումով մի նիհար, բարձրահասակ մարդ, ձեռքին մի փոքրիկ, անծանոթ գործիք։
— Ուրեմն այստեղ է,— ասաց մարդը։
Գրեգըրը ցնցվեց հանկարծակի օտարոտի մտքից։
— Լաքզյան բանալն՞ է,— հարցրեց նա։
— Ի՞նչ բանալի։ Ոչ, չեմ կարծում,— ասաց մարդը։— Սա հոսքաչափ է։
— Ա՜,— ասաց Գրեգըրը։
— Եվ կարծես թե ինձ բերել է այնտեղ, որտեղ պետք է,— ասաց մարդը։— Ես միստր Գարսթերզն եմ։— Նա Գրեգըրի գրասեղանի վրայից մաքրեց փոշին, մի վերջին անգամ նայեց իր հոսքաչափին եւ սկսեց մի տպված բլանկ լրացնել։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Արնոլդը։
— Ես «Մեթրոփոլիթենի էներգետիկ ընկերությունից» եմ, ասաց Գարսթերզը։— Սկսած երեկվանից, մենք մեզ մոտ էներգիայի հանկարծակի հսկայական կորուստ հայտնաբերեցինք։
— Այստեղի՞ց էր,— հարցրեց Գրեգըրը։
— Ձեր այդ մեքենայից, — ասաց Գարսթերզը։
Նա լրացրեց բլանկը, ծալեց ու դրեց գրպանը։
— Շնորհակալություն աջակցության համար։ Ձեզ սրա համար, իհարկե, հաշիվ կուղարկեն։ — Որոշ դժվարությամբ նա բացեց դուռը, հետո շրջվեց ու մի անգամ եւս նայեց Ձրի արտադրիչին։
— Երեւի դա ինչ֊որ վերին աստիճանի թանկարժեք բան է սարքում,— ասաց նա, —որպեսզի արդարացնի էներգիայի այդքան ծախսը։— Ի՞նչն է։ Պծատինի փոշի՞։
Նա ժպտաց, բարեկամաբար գլխով արեց եւ հեռացավ։
Գրեգըրը շրջվեց դեպի Արնոլդը։— Ձրի էներգիա, չէ՞։
— Հա, ասաց Արնոլդը,— ուղղակի խլում է էներգիա մոտակա աղբյուրից։
— Ես էլ եմ այդպես կարծում։ Էներգիա է վերցնում օդից, տիեզերքից, արեւից։ Եվ էներգետիկ ընկերություններից, եթե ձեռքի տակ է։
— Այդպես է երեւում։ Բայց հիմնական սկզբունքը…
— Գրողի ծո՛ցը այդ հիմնական սկզբունքը,— գոչեց Գրեգըրը։— Մենք չենք կարող անջատել այս անիծյալ բանն առանց Լաքզյան բանալու, ոչ ոք Լաքզյան բանալի չունի, մենք խեղդվում ենք անարժեք փոշու մեջ, այնքան անարժեք, որ նույնիսկ տեղափոխեու ծախսը չի հանում եւ երեւի այնքան էներգիա ենք կլանում, ինչքան ունենում է միջին մեծության արեգակը։
— Պետք է լուծում լինի,— մռայլ ասաց Արնոլդը։
— Այո՞։ Դե գտիր։
Արնոլդը նստեց այնտեղ, որտեղ առաջ իր գրասեղանն էր եւ, աչքերը փակեց։ Դուռը բարձրաձայն թակեցին, լսվեցին դայալից ձայներ։
— Փակիր դուռը,— ասաց Արնոլդը։
Գրեգըրը դուռը փակեց։ Արնոլդը մի քանի րոպե եւս մտածեց, հետո ոտքի կանգնեց։
— Ոչինչ կորած չէ,— ասաց նա։— Մենք, այնուամենայնիվ, կարողություն կվաստակենք այս մեքենայի միջոցով։
— Արի ուղղակի ոչնչացնենք,— ասաց Գրեգըրը։— Նետենք օվկիանոսը կամ մի այլ բան։
— Ոչ։ Ես հիմա գիտեմ։ Արի, ես տիեզերանավը գործի դնենք, որ տաքանա։
Հաջորդ երեք օրերը ԱԱԱ Առաջնակարգում տենդագին էին ու անհանգիստ։ Գրեգըրն ու Արնոլդը ստիպված էին անասելի թանկ գնով մարդիկ վարձել, որպեսզի նրանք շենքը մաքրեն թանգրիսից։ Հետո առաջ եկավ շարունակ մկնագույն փոշի ժայթող մեքենան տիեզերանավ տեղափոխելու հարցը։ Բայց ի վերջո, ամեն ինչ արված էր։ Ձրի արտադրիչը տեղ ստացավ նավամբարում եւ սկսեց արագորեն լցնել այն թանգրիսով, իսկ նավը դուրս եկավ արեգակնային համակարգից եւ սկսեց արագացում ստանալ։
— Սա շատ տրամաբանական է,— բացատրում էր Արնոլդը,— բնականաբար, երկրի վրա թանգրիսի շուկա գոյություն չունի։ Հետեւաբար, Երկրում թանգրիս վաճառելու փորձերն անօգուտ են։ Բայց Մելջե մոլորակում…
— Ինձ ինչ֊որ դուր չի գալիս,— ասում էր Գրեգըրը։
— Իմ ծրագիրը չի կարող ձախողվել։ Թանգրիսը Մելջե տեղափոխելը չափազանց թանկ արժի։ Բայց չէ՞ որ մենք Մելջե ենք փոխադրում մեր ամբողջ գործարանը։ Ապրանքը կարտադրվի անընդմեջ։
— Իսկ եթե ասենք շոկայի պահանջարկը ցա՞ծր է,— հարցրեց Գրեգըրը։
— Ինչքա՞ն ցածր կարող է լինել։ Սա մելջեցիների համար հացի պես բան է։ Հիմնական կերակրատեսակ։ Անհաջողություն լինել չի կարող։
Երկու շաբաթ տիեզերքում անց կացնելուց հետո վերջապես հեռվում երեւաց Մելջեն։ Բայց մոլորակին շուտ չհասան։ Թանսգրիսը ամբողջութովին հեղեղել էր նավամբարը։ Նավամբարի դուռն ամուր փակել էին, բայց աճող ճնշումը սպառնում էր պայթեցնել նավի պատերը։ Ստիպված էին ամեն օր տոննաներով թանգրիս դուրս թափել, սակայն դա ժամանակ էր խլում եւ ջերմության ու օդի կորուստ էր տեղի ունենում։
Ուստի, երբ սպիրալաձեւ վայրէջք կատարեցին, տիեզերանավում մի մատնաչափ ազատ տեղ չկար (ամեն ինչ լեփ֊լեցուն էր թանգրիսով), թթվածինը հազիվ էր հերիքում եւ ահավոր ցուրտ էր։
Վայրէջքն ավարտելուն պես նավ բարձրացավ նարնջագույն մաշկով մի հաղթամարմին մաքսավոր։
— Բարի գալուստ, — ասաց նա։— Հազվագյուտ են այցելուներ լինում մեր անկարեւոր, փոքրիկ մոլորակում։ Երկա՞ր եք կամենում մնալ։
— Հավանաբար,— ասաց Արնոլդը։— Մենք պատրաստվում ենք գործ բացել։
— Գերազանց է,— ասաց պաշտոնավորը, երջանիկ ժպտալով։— Մեր մոլորակը կարիք ունի նոր արյան, նոր նախաձեռնությունների։ Իսկ կարո՞ղ եմ տեղեկանալ ձեր գործի բնույթի մասին։
— Մենք թանգրիս ենք վաճառելու, մելջեցիների հիմնական…
Պաշտոնավորի դեմքը մթնեց։
— Ինչ եք վաճառելո՞ւ։
— Թանգրիս։ Մենք Ձրի արտադրիչ ունենք եւ…
Մաքսավորը սեղմեց դաստակին ամրացված սարքի մի կոճակը։
— Ցավում եմ, բայց դուք պետք է անմիջապես հեռանաք։
— Բայց մենք ամեն ինչ ունենք՝ անձնագրեր, մաքսային վկայականներ…
— Իսկ մենք ունենք օրենքներ։ Դուք պետք է անմիջապես թռնեք֊գնաք եւ ձեզ հետ վերցնեք ձեր Ձրի արտադրիչը…
— Մի րոպե, լսեք,— ասաց Գրեգըրը,— այս մոլորակի վրա պետք է որ ազատ նախաձեռնություն լինի։
— Ոչ, թանգրիսի արտադրության համար չկա։
Դրսում տասից ավելի տանկեր դղրդյունով մոտեցան եւ նավի շուրջ շղթա կազմեցին։ Մաքսավորը դիմեց դեպի աստիճանները։
— Սպասե՛ք,— հուսահատ գոչեց Գրեգըրը։— Երեւի վախենում եք անհավասար մրցակցությունից։ Ուրեմն վերցրեք Ձրի արտադրիչը որպես նվեր։
— Ո՛չ,— բղավեց Արնոլդը։
— Այո՛։ Միայն փորեք֊հանեք եւ վերցրեք ձեզ։ Ձեր աղքատներին կերակրեք դրանով։ Մի օր մեզ համար արձան կկանգնեցնեք։
Հայտնվեց տանկերի երկրորդ շարասյունը։ Գլխավերեւում հայտնվեցին հնաոճ ռեակտիվ օդանավեր եւ սկսեցին ցածր սավառնել վայրէջքի հրապարակի վրայով։
— Գնացե՛ք այս մոլորակից,— գոռաց մաքսավորը։ Մի՞թե լուրջ կարծում եք, որ կարող եք Մելջեում թանգրիս վաճառել։ Նայեք ձեր շուրջը։
Նրանք նայեցին։ Վայրէջքի հրապարակը գորշ էր ու փոշոտ, շինությունները նույն գունաթափ գորշությունն ունեին։ Ետեւում տարածվել էին մկնագույն դաշտերը, որոնք ձգվում֊հասնում էին մինչեւ ցածր գորշ սարերը։
Բոլոր կողմերում, ինչքան մարդու աչքը կկտրեր, ամեն ինչ թանգրիսային գորշություն ուներ։
— Ուզում եք ասել,— հարցրեց Գրեգըրը,— որ ամբողջ մոլորակը…
— Ինքներդ դատեք,— ասաց մաքսավորը, ոտքը դնելով աստիճաններին։— Այստեղ գործել է Հին գիտությունը, իսկ միշտ գտնվում են հիմարներ, որոնք քիթները խոթում են դրա արգասիքների մեջ։ Իսկ հիմա հեռացեք։ Բայց եթե երբեւէ Լաքզյան բանալի ճարեք, վերադարձեք եւ ասեք գինը։