Լիլիթի դուստրը
հեղինակ՝ Անատոլ Ֆրանս |
Փարիզից մեկնեցի երեկոյան և վագոնում անցկացրի երկարատև ու ձնառատ խաղաղ մի գիշեր։ Վեցը տանջալիորեն տաղտկալի ժամ սպասելով կայարանում, միայն կեսօրից հետո գտա գյուղական մի երկանիվ կառք, որպեսզի Արտիգ հասնեմ։ Ճանապարհի երկու կողմից, մերթ իջնելով, մերթ բարձրանալով, ձգվել էր բլրավետ հարթավայրը․ մի ժամանակ այն եսել էի արևի պայծառ լույսի տակ՝ ծաղկուն ու բերկրալից, իսկ հիմա ծածկված էր ձյան թանձր քողով, որի վրա սևին էին տալիս կորացած խաղողի վազերը։ Կառապանը ծուլորեն ձայն տալով քշում էր իր պառավ ձիուկին, և մենք ընթանում էինք անսահման լռության մեջ սուզված, որը մերթ ընդ մերթ խզում էր թռչունների սրտաճմլիկ կանչը։ Մահու թախծի մեջ աղոթք էի մրմնջում․ «Տե՛ր, ողորմա՜ծ տեր, թողություն տուր ու պահպանիր ինձ հուսահատությունից և, այդքան զանցանքներից հետո, թույլ մի տուր ընկնել այն մեղքի մեջ, որը չես ներում»։ Եվ ահա հորիզոնի վրա տեսա մայր մտնող արևի առանց ճառագայթների հրակարմիր սկավառակը, ինչպես արնաթաթախ հյուր և, հիշելով Գողգոթայի քավության զոհին, զգացի, որ հույսը թափանցեց հոգիս։ Երկանիվ կառքը որոշ ժամանակ դեռ շարունակում էր ընթանալ ճռճռացող ձյան վրայով։ Վերջապես կառապանը մտրակի կոթով ցույց տվեց ինձ Արտիգի զանգակատունը, որը ստվերի պես վեր էր խոյացել կարմրավուն մշուշի մեջ։
― Ձեզ եկեեցու մոտի ունն է պետք չէ՞,― ասաց նա։― Ուրեմն, ճանաչո՞ւմ եք պարուն կյուրեին։
― Ճանաչում էր ինձ, երբ երեխա էի։ Սովորում էի նրա մոտ, երբ դպրոցական էի։
― Նա, երևի, գիտուն մարդ է։
― Կյուրե Սաֆրակը, հարգելիս և՛ գիտուն, և՛ առաքինի մարդ է։
― Ասում են։ Ասում են և այլ բան։
― Իսկ ի՞նչ են ասում։
― Ինչ ասես, ասում են։ Իմ մասին ինչ ուզում են թող դուրս տան։
― Բայց և այնպես՝ ի՞նչ։
― Կան մարդիկ, որ հավատում են, իբր պարոն կյուրեն կախարդ է և կարող է ամեն տեսակի կախարդանք անել։
― Ի՜նչ անհեթեթություն։
― Դա իմ գործը չէ, պարոն։ Իսկ եթե պարոն Սաֆրակը կախարդ չէ և կախարդանք չի անում, ապա ինչո՞ւ է գրքեր կարդում։
Սայլակը կանգնեց կյուրեի տան մոտ։ Ես բաժանվեցի տխմար կառապանից ու հետևեցի սպասուհուն, որն ինձ առաջնորդեց ճաշասենյակ, որտեղ սեղանն արդեն գցված էր։ Կյուրե Սաֆրակը խիստ փոխվել էր այն երեք տարիների ընթացքում, որ չէի տեսել նրան։ Նրա բարձր իրանը կորացել էր։ Ախշեցնում էր իր նիհարությամբ։ Տանջահար դեմքին փայլում էին խորաթափանց աչքերը։ Քիթն ասես երկարել էր և կախվել փոքրացած բերանի վրա։
Նրա վզովն ընկա ու, բուռն արտասվելով, բացականչեցի։
― Հա՜ր իմ, հա՜յր իմ, ձեզ մոտ եմ եկել, քանզի մեղք եմ գործել։ Հա՜յր իմ, իմ նախկին ուսուցիչ, ձեր խորիմաստ ու խորհրդավոր իամստություն սարսափեցնում էր ինձ, բայց դուք սփոփում էիք հոգիս, քանզի ինձ էիք բացում ձեր սիրառատ սիրտը, ուստի փրկե՛ք ձեր զավակին, որ անդունդի եզրին է կանգնած։ Ո՜վ իմ միակ բարեկամ, միակ ուսուցիչ, փրկե՛ք լուսավորե՛ք ինձ։
Նա գրկեց ինձ, ժպտաց անսահման բարությամբ, որում վաղ պատանեկության շրջանում համոզվել էի բազմիցս և, մի քայլ հետ գնալով, ասես ինձ ավելի լավ տեսնելու համար, ասաց․ «Թող աստված պահապան լինի քեզ»,― ողջույնելով ինձ իր երկրի սովորությոի համաձայն, քանզի պարոն Սաֆրակը ծնվել էր Գարոննայի ափին՝ նշանավոր այն խաղողի այգիների շրջանում, որոնք ասես մարմնավորում են նրա հոգին՝ շռայլ ու բուրումնալից։
Բորդոյում, Պուատյեում և Փարիզում փայլուն կերպով փիլիսոփայություն դասավանդելուց հետո, իր համար խնդրել էր միակ պարգևը՝ աղքատ ծխական մի համայնք այն վայրում, որտեղ ծնվել էր և ուզում էր մեռնել։ Ահա արդեն վեց տարի քահանայություն էր անում Արտիգ խուլ գյուղում, խոնարհ բարեպաշտությունը զուգակցելով մեծ գիտունությանը։
― Թող աստված պահապան լինի քեզ, որդյակս,― կրկնեց նա։― Ստացա այն նամակը, որտեղ հաղորդում էիք ձեր գալստյան մասին։ Շատ հուզեց ինձ։ Ուրեմն չեք մոռացել ձեր ծեր ուսուցչին։
Ուզում էի նրա ոտքերն ընկնել, և կրկին շշուկով ասացի․ «Փրկե՛ք ինձ, փրկե՛ք»։ Բայց նա ձեռքի տիրական և միաժամանակ մեղմ շարժումով ընդհատեց ինձ․
― Արի,― ասաց նա,― վաղը կպամտեք այն ամենը, ինչ ձեր սրտում է։ Իսկ հիմա տաքացեք, հետո կընթրենք, հավանաբար և՛ մրսել եք, և՛ քաղցած եք։
Սպասուհին բերեց խոր մի ճաշաման, որից անուշաբույր գոլորշի էր բարձրանում։ Նա սև մետաքսե գլխաշորով մի պառավ էր, որի կնճռոտ դեմքին զարմանալիորեն զուգակցվել էին բնական գեղեցկությունն ու զառամության տգեղությունը։ Ես մեծ տագնապի մեջ էի, սակայն այդ խաղաղ կացարանի անդորրը, բուխարու աշխուժորեն այրվող չոր ճյուղերի ճրթճրթոցը, ճերմակ սփռոցի, բաժակների, ցված գինու, տաք կերակրատեսակների ստեղծած հարմարավետությունը աստիճանաբար համակեց հոգիս։ Ճաշի ընթացքում գրեթե մոռացա, որ եկել էի այդ տուն, որպեսզի զղջումի առատ ցողով մեղմացնեի տանջալի խղճի խայթը։
Պարոն Սաֆրակը վերհիշեց վաղուց անցած գնացած օրերը, որ անց էինք կացրել քոլեջում, որտեղ նա փիլիսոփայություն էր դասավանդում։
― Արի,― ասաց նա,― դուք իմ լավագույն աշակերտն էիք։ Ձեր հարցախույզ միտքը միշտ առաջ էր անցնում ուսուցչի մտքից։ Այդ իսկ պատճառով ես իսկույն կապվեցի ձեզ։ Ես սիրում եմ քրիստոնյայի համարձակությունը։ Անկարելի է, որ վեհերոտ լինի հավատքը, երբ անաստվածությունը հանդես է գալիս անզույսպ հանդգնությամբ։ Եկեղեցում հիմա միայն գառներ են մնացել, իսկ նրան առյուծներ են պետք։ Ո՞վ կվերադարձնի մեզ երևելի ու գիտուն այրերին, որոնց հայացքն ընդգրկում էր բոլոր գիտությունները։ Ճշմարտությունը արևի է նման, միայն արծիվը կարող է նայել նրան․․․
― Ա՛խ, պարոն Սաֆրակ, դուք էլ հենց համարձակ նայում էիք ճշմարտության երեսին, և ոչ մի բան չէր կարողանում կուրացնել ձեզ։ Հիշում եմ, որ ձեր դատողությունները երբեմն շփոթմունք էին պատճառում ձեր եղբայրակիցներից նունիսկ նրանց, ովքեր հիանում էին ձեր սրբակյաց վարքով։ Նորամուծություններից չէիք վախենում։ Այսպես, օրինակ, դուք հակամետ էիք ընդունել բնակելի բազմաթիվ աշխարհների գոյությունը։
Աչքերը բռնվկեցին։
― Իսկ ի՞նչ կասեն վեհերոտ հոգիները, երբ կարդան իմ գիրքը։ Արի, այս չքնաղ երկնքի տակ, այս ծայրամասում, որ աստված առանձին սիրով է ստեղծել, խորհել ու աշխատել եմ։ Ձեզ հայտնի է, որ լեզուներ բավական լավ գիտեմ․ եբրայերեն, արաբերեն, պարսկերեն և հնդկական մի քանի բարբառ։ Ձեզ հայտնի է նաև, որ այստեղ տեղափոխեցի հին ձեռագրերով հարուստ գրադարանս։ Լրջորեն ուսումնասիրեցի հին Արևելքի լեզուներն ու ավանդույթները։ Աստված կամենա, հսկայական աշխատանքս ապարդյուն չի մնա։ Վերջերս ավարտեցի «Աշխարհի ստեղծման մասին» գիրքը, որն ուղղում ու հաստատում է կրոնական մեկնությունները, որոնց աստվածամերժ գիտությունը անխուսափելի պարտություն էր կանխագուշակել։ Արի, տիրոջն իր մեծ ողորմածությամբ հաճո եղավ, որ գիտությունն ու հավատը, վերջիվերջո, հաշտվեն։ Աշխատելով նրանց մերձեցման վրա՝ ելակետ ընդունեցի հետևյալ միտքը․ Կտակարանը՝ աստվածաշունչ գիրքը, մեզ ասում է ճշմարտությունը, սակայն ամբողջ ճշմարտությունը չի ասում։ Եվ ինչպես կարող էր ամբողջ ճշմարտությունը բացահայտել, քանի որ նրա միակ նպատակն էր՝ սովորեցնել մեզ այն, ինչ անհրաժեշտ է մեր հավիտենական փրկության համար։ Այս մեծ խնդրից բացի նրա համար ոչ մի բան գոյություն չունի։ Նրա մտահղացումը պարզ է և միաժամանակ վիթխարի։ Այն ընդգրկում է մեղսագործությունն ու քավությունը։ Դա մարդու աստվածային պատմությունն է։ Այն համապարփակ է ու սահմանափակ։ Նրա մեջ չկա մի բան, որ կարող է բավարարել աշխարհիկ հետաքրքրասիրությունը։ Սակայն անկարելի է, որ աստվածուրաց գիտությունը հաղթանակի այսուհետ ևս, չարաշահելով աստծո լռությունը։ Ժամանակն է ասել։ «Ո՛չ, կտակարանը չի ստում, քանզի այն ամեն ինչ չի ասում»։ Ահա ճշմարտություն, որ հռչաում եմ ես։ Հենվելով երկրաբանության, նախապատմական հնագիտության, արևելյան կոսմոգոնիայի, խեթական ու շումերական հուշարձանների, խալդական ու բաբելոնական ավանդույթների, թալմուղում պահպանված հնադարյան լեգենդների վրա, ապացուցում եմ Ադամից առաջ եղած մարդկանց գոյությունը[1], որոնց մասին «Գիրք թագավորացի» աստվածաշունչ հեղինակը չի հիշատակում միայն այն պատճառով, որ նրանց գոյությունը ոչ մի կապ չունի ադամորդիների հավիտենական փրկության հետ։ Բացի այս, «Գիրք թագավորացի» առաջին գլուխների մանրակրկիտ ուսումնասիրությունը համոզեց ինձ, որ աշխարհի երկու ստեղծում է եղել, մեկը մուսից բազում դարերով անջատ, ընդ որում՝ երկրորդը, այսպես ասած, երկրի մի անկյունի, պարզապես հարմարեցնում է Ադամի և նրա սերունդների պահանջներին։
Նա մի ակնթարթ լռեց և, մեղմ, զուտ կրոնական հանդիսավորությամբ շարունակեց․
― Ես, անարժան քահանաս, աստվածաբանության դոկտոր Մարցիա Սաֆրակս, մեր սուրբ մայր Եկեղեցու հնազանդ որդիս, ամենայն համոզվածությամբ հավաստում եմ, եթե դա հաճո է նորին սրբազան պապին ու սուրբ ժողովներին, որ աստծո պատկերով ստեղծված Ադամը երկու կին է ունեցել, որոնցից Եվան երկրորդն էր։
Այդ տարօրինակ խոսքերը վերջիվերջո շեղեցին մտքերս, անհասկանալի հետաքրքրություն առաջացրին։ Նույնիսկ հիասթափվեցի, երբ պ֊ն Սաֆրակը, արմունկներով հենվելով սեղանին , ասաց․
― Այդ մասին բավական է։ Հնարավոր է, որ երբևիցե կարդաք իմ գրքերը, որը կպարզաբանի ձեզ այս խնդիրը։ Ես պարտավոր էի, ենթարկվելով խիստ կարգադրությանը, իմ երկասիրությունը քննարկման ներկայացնել արքեպիսկոպոսին ու խնդրել նրա հավանությունը։ Ձեռագիրը հիմա գտնվում է թեմական կառավարչությունում, և օրեցօր սպասում եմ պատասխանի, որը, ամենայն հավանականությամբ, պետք է որ բարենպաստ լինի․․․ Որդյակս, ճաշակեք մեր անտառների սնկերը և մեր այգիների խաղողի գինին, իսկ հետո ասացեք, որ մեր երկրամասը երկրորդ ավետյաց երկիրը չէ, որի համար առաջինը կարծես նախատիպ է հանդիսացել։
Այդ պահից ի վեր մեր զրույցն ավելի սովորական դարձավ, և անցանք ընդհանուր հիշողությունների։
― Այո՛, որդայակս,― ասաց պ֊ն Սաֆրակը,― դուք իմ սիրելի աշակերտն էիք։ Տերը թույլ է տալիս նախապատվություն, եթե ան հիմնված է արդարացի կարծիքի վրա։ Ես իսկուն ձեր մեջ նկատեցի իսկական մարդու ու քրիստոնյայյի հակումներ։ Դա չի նշանակում, որ թերություններ չունեիք։ Դուք աչքի էիք ընկնում չհավասարակշռված, անվճռական բնավորությամբ, ձեզ շփոթեցնելը հեշտ էր։ Ձեր հոգու խորքում հասունանում էին բուռն ցանկություններ։ Ձեզ սիրում էի ձեր խռովահույզ հոգու համար նույնքան, որքան իմ մի այլ աշակերտի՝ հակառակ արժանիքների համար։ Պոլ դ՝Էրվին թանկ էր ինձ մտքի իր անսասան կայունությամբ ու անդավաճան սրտով։
Լսելով այդ անունը, շիկնեցի, գունատվեցի և դժվարութամբ զսպեցի ինձ, որ չգոռամ, բայց, երբ ուզում էի պատասխանել, չկարողացա խոսել։ Պ֊ն Սաֆրակը, կարծես, չնկատեց հուզմունքս։
― Եթե հիշողությունս չի դավաճանում նա ձեր լավագույն բարեկամն էր,― ավելացրեց նա։― Առաջվա պես մտերիմ եք, այնպես չէ՞։ Լսել եմ, դիվանագետի ճանապարհն է ընտրել, որը հրաշալի ապագա է խոստանում նրան։ Կուզենայի, որ Վատիկան ուղարկեն, երբ լավագույն ժամանակներ գան։ Նա ձեր առաջին ու նվիրված բարեկամն էր։
― Հա՛յր իմ,― ասացի ես ջանք գործադրելով,― Պոլ դ՝Էրվիի և մեկ այլ անձնավորության մասին վաղը կխոսեմ ձեզ հետ։
Պարոն Սաֆրակը սեղմեց ձեռքս։ Բաժանվեցինք, և ես հեռացա ինձ համար պատրաստված սենյակը։ Պառկեցի նարդոսաբույր անկողնում և երազ տեսա, իբր երեխա եմ, ծնկի եմ իջել մեր քոլեջի մատուռում և հիանում եմ երգչախմբի տեղերը զբաղեցնող ճերմակափայլ հագուստներով կանանցով, և հանկարծ գլխավերևիս ամպից մի ձայն է լսվում․ «Արի, կարծում ես նրանց սիրում ես աստծով։ Բայց դու աստծուն ես սիրում միայն նրանցով»։
Առավոտյան արթնանալով՝ տեսա պ֊ն Սաֆրակին սնարիս մոտ կանգնած։
― Արի,― ասաց նա,― եկեք պատարագի, որ այսօր պիտի մատուցեմ ձեզ համար։ Ժամերգությունից հետո պատրաստ եմ լսել այն, ինչ ուզում եք պատմել ինձ։
Արտիգի տաճարը ռոմանական ոճի փոքր մի եկեղեցի է, որը դեռ իր ծաղկումն ապրեց Ակվիտանիայում, XII դարում։ Քսան տարի առաջ վերականգնեցին և կից զանգակատուն կառուցեցին, որը սկզբնական պլանով չէր նախատեսվել, բայց աղքատության պատճառով, եկեղեցին պահպանել էր իր մերկ պատկերը նվիրական մաքրությամբ։ Միացա, որքան որ թույլ էին տալիս մտքերս, քահանայի աղոթքներին, հետո միասին վերադարձանք տուն։ Նախաճաշեցինք հաց ու կաթով, իսկ հետո գնացինք պ֊ն Սաֆրակի սենյակ։
Աթոռը մոտեցնելով բուխարուն, որի վերևում կախված էր խաչելությունը, առաջարկեց ինձ նստել, և նստելով կողքիս, պատրաստվեց լսել։ Դրսում ձյուն էր գալիս։ Սկսեցի այսպես․
― Հա՛յր իմ, արդեն տասը տարի է, ինչ, դուրս գալով ձեր խնամակալությունից, աշխարհ մտա։ Հավատքս պահպանեցի, բայց, ավա՛ղ, անմեղությունս՝ ոչ։ Ի դեպ, հարկ չկա նկարագրել կյանքս, դուք առանց այդ էլ գիտեք, դուք իմ հոգևոր ուսուցիչն եք, խղճիս կառավարը։ Ընդ որում, իսկույն ուզում եմ անդրադառնալ այն իրադարձությանը, որ տակնուվրա արեց ամբողջ կյանքս։ անցյալ տարի ծնողներս որոշեցին ամուսնացնել ինձ, և ես սիրով համաձայնվեցի։ Աղջիկը, որ նկատի էին առել ինձ համար, համապատասխանում էր այն բոլոր պահանջներին, որ սովորաբար ներկայացնում են ծնողները։ Բացի այդ, լավիկն էր, դուր էր գալիս ինձ․ այդպիսով, հաշվենկատ ամուսնության փոխարեն, պատրաստվում էի ամուսնանալ սրտի թելադարանքի համաձայն։ Առաջարկս ընդունվեց։ Նշանդրեքը կայացավ։ Թվում էր, ապահովված էի երջանկությամբ ու հանգիստ կյանքով, բայց ահա նամակ ստացա Պոլ դ՝Էդրվիից, որ, վերդառնալով Կոստանդնուպոլսից, հայտնում էր իր Փարիզ ժամանելու և ինձ տեսնելու ցանկության մասին։ Փութացի նրա մոտ և տեղեկացրի իմ առաջիկա ամուսնության մասին։ Նա սրտանց շնորհավորեց ինձ։
― Ուրախ եմ երջանկությանդ համար, սիրելիս։
Ասացի, որ հույս ունեմ ամուսնությանս վկա կդառնա, հաճույքով համաձայնվեց։ Ամուսնությունը նշանակված էր մայիսի տասնհինգին, իսկ նա ծառայության էր վերադառնալու հունիսի առաջին օրերին։
― Հիանալի է,― ասացի ես։― Իսկ դու ինչպե՞ս ես։
― Օ, ես․․․ ― պատասխանեց նա ուրախ ու միաժամանակ տխուր ժպիտով,― ինձ համար ամեն ինչ փոխվեց․․․ Խելագարվում եմ․․․ կին․․․ Արի, ես շատ երջանիկ եմ կամ էլ շատ դժբախտ․ ի՞նչ երջանոկություն կարող է լինել, եթե այն գնված է վատ արարքի գնով։ Ես խաբել եմ, հուսահատության հասցրել հարազատ ընկերոջս, այնտեղ Կոստանդնուպոլսում խլեցի․․․
Պ֊ն Սաֆրակն ընդհատեց ինձ․
― Որդյակս, գործ չունեք ուրիշների զանցանքների հետ և անունները մի տվեք։
Խոստացա և շարունակեցի պատմությունս։
― Պոլը չհասցրեց վերջացնել, երբ ներս մտավ մի կին։ Հավանաբար նա էր։ Կապտավուն երկար պենյուարով էր, և տնավարի էր պահում իրեն։ Կփորձեմ մի խոսքով հաղորդել այն սարսափելի տպավորությունը, որ նա թողեց ինձ վրա։ Ինձ թվաց, թե նա մեր էությունից չէ։ Զգում եմ, թե որչափ այդ բնորոշումը ճշգրիտ չէ և որքան վատ է այն հաղորդում իմ միտքը, բայց, հնարավոր է, հետագայում ավելի հասկանալի դառնա։ Հիրավի, նրա անսպասելիորեն կայծանետ ոսկեփայլ աչքերի արտահայտությունում, առեղծվածային ֊պտացող բերանի նուրբ կորվածքում, թուխ ու միաժամանակ ճերմակավուն մաշկում, խիստ, բայց այնուամենայնիվ ներդաշնակ մարմնագծերի վետվետանքներում, քայլվածքի եթերային թեթևության մեջ, մերկ ձեռքերում, որոնք ասես անտեսանելի թևեր ունեին, վերջապես նրա ենչալի ու անընկալելի ողջ պատկերում մարդկային բնությանն օտարոտի ինչ֊որ բան զգացի։ Նա և՛ ավելի, և՛ պակաս կատարյալ էր, քան սովորական կանայք, որ ստեղծել է աստված իր ահեղաշունչ ողորմածությամբ, որպեսզի մեր ուղեկցուհիները դառնան այս աշխարհում, ուր վտարված ենք բոլորս։ Նրան տեսնելու պահից հետո հոգիս համակեց ու տոգորեց մի զգացում․ ինձ համար անսահման ատելի դարձավ այն աեմնը, ինչ այդ կնոջից դուրս էր։
Երբ նա հայտնվեց, Պոլը թեթևակի կիտեց հոնքերը, սակայն, սթափվելով, իսկույն փորձեց ժպտալ։
― Լեյլա, ներկայացնում եմ ձեզ լավագույն ընկերոջս։
Լեյլան պատասխանեց․
― Ես ճանաչում եմ պարոն Արիին։
Այդ բառերը պիտի որ տարօրինակ թվային, քանզի վստահ կարող էի ասել, որ երբեք չէինք հանդիպել, բայց արտահայտությունը, որով նա արտասանեց այդ բառերը, շատ ավելի տարօրինակ էր։ Միայն անբիծ հոգին կարող էր այդպես մտածել, այդպես արտահատյվել։
― Իմ բարեկամ Արին,― ավելացրեց Պոլը,― ամիսուկես հետո ամուսնանում է։
Այդ խոսքերի վրա Լեյլան նայեց ինձ, և ես նրա ոսկեփայլ աչքերում հստակ կարդացի․ «Ո՛չ»։
Հեռացա խիստ խռովված, և բարեկամս ամենափոքր ցանկություն իսկ չարտահայտեց պահելու ինձ։ Ամբողջ օրը աննպատակ թափառեցի փողոցներում՝ հուսաբեկությունն ունայնացած սրտումս, և ահա երեկոյան, պատահաբար հայտնվելով բուլվարում, ծաղկի խանութի առաջ, հիշեցի հարսնացուիս և որոշեցի սպիտակ եղրևանում մի շյուղ գնել նրա համար։
Նոր էի վերցրել եղրևանին, երբ ինչ֊որ մեկի փոքրիկ ձեռքը խլեց ինձնից, և տեսա Լեյլային, որ ծիծաղեց ու դուրս եկավ խանութից։ Նա կարճ գորշավուն շրջազգեստով էր, նույնպիսի գորշավուն ժակետով ու կլոր գլխարկով։ Կոստյումը՝ փողոցի համար, փարիզուհու համար սովորական, ճիշտն ասած, բոլորովին չէր սազում Լեյլայի հեքիաթային գեղեցկությանը, և դիմակահանդեսի զգեստ էր թվում։ Ինչևիցե, տեսնելով նրան հենց այդպիսին, զգացի, որ սիրում եմ նրան ինքնամոռաց սիրով։ Ուզում էի հասնել նրան, բայց անհետացավ անցորդների, կառքերի արանքում։
Այդ վայրկյանից ի վեր այլևս գոյություն չունեի։ Մի քանի անգամ անցա Պոլի մոտ, բայց Լեյլային չտեսա։ Պոլն ուրախությամբ էր ընդունում ինձ, սակայն նրա մասին չէր խոսում։ Խոսելու բան չունեինք, և ես հեռանում էի թախիծով, և ահա մի օր Պոլի լակեյն ասաց ինձ․ «Պարոն Էրվին տանը չէ։ Միգուցե կկամենայիք տիրուհո՞ւն տեսնել»։ «Այո՛»,― պատասխանեցի ես։ Օ՜, հա՛յր իմ։ Մի բառ, միայն մի բառ, և չկա՜ն այնպիսի արյունաթոր արցունքներ, որ կարողնային այն քավել։ Ներս մտա։ Նրան գտա հյուրասենյակում․ կիսապառկած էր բազմոցին, ոտքերը տակը ծալած, ոսկու պես դեղնավուն շրջազգեստով։ Տեսա նրան․․․ ո՛չ, ոչինչ չտեսա։ Հանկարծ կոկորդս չորացավ, չկարողացա խոսել։ Զմռնենու և անուշահոտությունների բույրը երանությամբ ու ցանկասիրությամբ արբեցրեց ինձ, կարծես խորհրդավոր Արևելքի ամբողջ բուրմունքը շոյեց թրթռացող ռունգներս։ Ո՛չ, նա հիրավի մի կին էր ոչ մեր էության․ մարդկային բնությունից ոչ մի բան չէր երևում նրա մեջ։ Դեմքը ոչ մի զգացմունք չէր արտահայտում ո՛չ բարի, ո՛չ չար բացի ցանկասիրությունից, միաժամանակ զգայուն ու ոչ երկրային։ Նա, իհարկե, նկատեց շփոթմունքս և, անտառի առվակների խոխոջից ավելի թափանցիկ ու հստակ ձայնով հարցրեց․
― Ձեզ ի՞նչ է պատահել։
Ընկա ոտքերն ու, բուռն արտասվելով, բացականչեցի․
― Անչափ սիրո՜ւմ եմ ձեզ։
Այնժամ նա գրկաբաց ընդունեց ինձ և լուսավորեց հեշտասեր ու ջինջ հայացքով։
― Ինչո՞ւ առաջ չասացիք, բարեկամս։
Խոսքերով անհաղորդելի մի ակնթարթ․․․ Ես գրկումս սեղմեցի Լեյլային։ Եվ ինձ թվաց, թե երկուսով սլանում ենք երկինք ու մեզնով լցնում այն։ Զգացի, որ աստծո եմ նմանվում, որ հոգուս մեջ աշխարհի ողջ գեղեցկությունն է, բնության ողջ ներդաշնակությունը, աստղերը, անտառներն իրենց մեղեդիներով, առվակները, ծովերի ընդերքը։ Մի ամբողջ հավերժություն ամփոեցի համբույրիս մեջ։
Այդ խոսքերի վրա պ֊ն Սաֆրակը, որ արդեն որոշ ժամանակ նկատելի դժգոհությամբ էր լսում ինձ, վեր կացավ, թիկունքով շրջվեց դեպի բուխարին, փարաջան բարձրացրեց մինչև ծնկները՝ ոտքերը տաքացնելու համար և խիստ, արհամարհանքի հասնող տոնով, ասաց․
― Դուք ողորմելի աստվածանարգող եք։ Ձեր մեղքն ատելու փոխարեն, թողություն եք խնդրում՝ միայն անչափ հպարտությունից ու ինքնավայելչությունից։ Այլևս չեմ լսում ձեզ։
Այդ խոսքերից աչքերս արցունքներով լցվեցին, և սկսեցի ներողություն խնդրել նրանից։ Տեսնելով, որ անկեղծորեն զղջում եմ, թույլ տվեց շարունակել խոսակցությունս, պայմանով, որ անզիջում լինեմ ինքս իմ նկատմամբ։
Շարունակեցի պատմությունս, ինչպես հետագայում կպարզվի, վճռելով հնարավորին չափ կրճատել այն։
― Հա՛յր իմ, Լեյլայի մոտից հեռացա խղճի խայթից տանջվելով։ Բայց հաջորդ օրը նա եկավ մոտս, և սկսվեց երանությամբ ու անտանելի տառապանքներով լի մի կյանք։ Ես խանդում էի նրան Պոլի նկատմամբ, որին խաբել էի, և հույժ տառապում էի։ Չեմ կարծում, որ աշխարհում պանդից ավելի նվաստացուցիչ տառապանք լինի, որը զազրելի պատկերներով է համակում մեր հոգին։ Լեյլան նույնիսկ անհրաժեշտ չէր համարում ստել, որպեսզի թեթևացներ այդ տանջանքները։ Նրա վարքագիծն ընդհանրապես անբացատրելի էր․․․ Ես չեմ մոռանում, որ խոսում եմ ձեզ հետ, և ինձ թույլ չեմ տա վիրավորել այդպիսի հարգարժան քահանայի լսելիքը։ Կասեմ միայն, որ Լեյլան անմասնակից էր սիրո այն բերկրանքներին, որ պարգևում էր ինձ։ Բայց թունավորում էր ամբողջ էությունս պագշոտության թույնով։ Առանց նրա չէի կարող ապրել և վախենում էի կորցնել նրան։ Լեյլային բոլորովին անծանոթ էր այն, ինչ մենք բարոյական զգացում ենք կոչում։ Դա չի նշանակում, թե նա չար էր կամ դաժան․ ըդնահակառակը քնքուշ էր ու հեզ։ Խելացի էր, բայց նրա խելքը տարբերվում էր մեր խելքից։ Լռակյաց էր, հրաժարվում էր անցյալին վերաբերող հարցերին պատասխանել։ Չգիտեր այն, ինչ գիտենք մենք։ Բայց դրա փոխարեն գիտեր բաներ, որ անհայտ են մեզ։ Մեծացած լինելով Արևելքում, հնդկական ու պարսկական բազմաթիվ լեգենդներ էր հիշում, որ անսահման հմայքով պատմում էր իր միալար ձայնով։ Լսելով տիեզերքի սքանչելի այգաբացի մասին նրա պատմությունը, կարելի էր կարծել, թե աշխարհի պատանեկության ժամանակակիցն էր։ Մի անգամ նրան ակնարկեցի այդ մասին, և նա, ժպտալով պատասխանեց․
― Ես ծեր եմ, ճիշտ է։
Պարոն Սաֆրակը այդպես էլ չհեռացավ բուխարուց, որոշ պահից ի վեր փոքր֊ինչ առաջ էր շարժվել, ամենաաշխույժ ուշադրություն արտահայտլեով իր ողջ կեցվածքով։
― Շարունակե՛ք,― ասաց նա։
― Մի քանի անգամ, հա՛յր իմ, Լեյլային հարցրեցի իր հավատքի մասին։ Պատասխանում էր, որ դավանանք չունի և այն պետք չէ իրեն․ որ իր մայրն ու քույրը աստծո դուստրեր են, բայց ոչ մի կրոնով կապված չեն նրան։ Պարանոցին կրում էր մի պտղունց կավով հուռութ, որ, իր ասելով, պահում էր մոր նկատմամբ տածած կաթոգին սիրուց։
Հազիվ էի արտասանել վերջին բառերը, երբ պ֊ն Սաֆրակը, գունատ ու դողալով, վեր թռավ տեղից և, սեղմելով ձեռքս, գոչեց․
― Նա ճշմարտությունն էր ասում։ Գիտեմ, հիմա գիտեմ, թե ով է նա։ Արի, ձեր հոտառությունը չի խաբել ձեզ, դա կին չի եղել։ Շարունակե՛ք, շարունակե՛ք, խնդրում եմ։
― Հա՛յր իմ, գրեթե վերջացրի։ Ավա՜ղ, Լեյլայի սիրուց ամուսնալուծ եղա, խաբեցի լեվագույն բարեկամիս, վիրավորեցի աստծուն։ Իմանալով Լեյլայի դավաճանության մասին՝ Պոլը վշտից կորցրեց իրեն։ Սպառնաց սպանել Լեյլային, բայց նա հեզությամբ ասաց․
― Փարձեց, բարեկամս, կցանկանայի մեռնել, բայց չեմ կարող։
Կես տարի պատկանում էր ինձ․ հետո, մի գեղեցիկ առավոտ հայտարարեց, թե վերադառնում է Պարսկաստան և այլևս ինձ չի տեսնի։ Լաց եղա, հառաչեցի, աղաղակեցի։
― Դուք երբեք չեք սիրել ինձ։
Նա քնքշանքով պատասխանեց․
― Չեմ սիրել, բարեկամս։ Բայց քանի՜ կին, որոնք ինձնից ավելին չեն սիրել ձեզ, չեն տվել ձեզ այն, ինչ ես տվեցի։ Դուք պետք է երախտապարտ լինեք ինձ։ Մնաք բարով։
Երկու օր կատաղության վիճակից ընկնում էի բթացման վիճակի մեջ։ Հետո, հիշելով հոգու փրկության մասին, եկա ձեզ մոտ, հայր իմ։ Եվ ահա ձեր առջև եմ։ Սրբագործե՛ք, բարձրացրե՛ք, հորդորե՛ք ինձ։
Վերջացրի։ Պ֊ն Սաֆրակը, գլուխը հենելով ձեռքին, մտորեց։ Նա առաջինը խզեց լռությունը․
― Որդյակս, ձեր պատմությունը հաստատում է իմ մեծ հայտնագործությունները։ Ահա թե ինչը կարող է խաղաղեցնել մեր ժամանակակից սկեպտիկների գոռոզամտությունը։ Լսեք ինձ։ Հիմա մենք ապրում ենք հրաշալի դարում, ինչպես մարդկային ցեղի առաջնեկներ։ Ուստի լսե՛ք, լսե՛ք։ Ադամը, ինչպես արդեն ասել եմ ձեզ, առաջին կինն ուներ, որի մասին ոչինչ չի ասված Աստվածաշնչում, բայց թալմուդում ասված է։ Լիլիթ էին կոչում նրան։ Նա ստեղծվել էր ոչ թե Ադամի կողոսկրից, այլ կավից, որից կերտված էր Աֆամն ինքը, և նրա մարմնից ու արյունից չէր։ Լիլիթը կամովի հեռացավ նրանից։ Ադամը դեռ չգիտեր, թե ինչ բան է մեղքը, երբ Լիլիթը հեռացավ նրանից և մեկնեց այն վայրերը, ուր տարիներ հետո բնակվեցին պարսիկները, իսկ այն ժամանակներում պարում էին մարդկանցից ավելի բանական ու ավելի գեղեցիկ Ադամի նախորդները։ Նշանակում է, Լիլիթը մասնակից չի եղել մեր նախահոր մեղսագործությանը, չի արատավորվել նախասկզբնական մեղքով, այդ իսկ պատճառով չի նզովվել, ինչպես Եվան և իր սերունդը։ Նրա վրա չեն ծանրացել տառապանքն ու մահը, նա հոգի չունի, որի փրկության համար պիտի հոգա, նրան հայտնի չեն ո՛չ բարին, ո՛չ էլ չարը։ Ինչ էլ որ անի՝ ո՛չ լավ է, ո՛չ վատ։ Խորհրդավոր միավորումից ծնված նրա դուստրերն անմահ են, ինչպես ինքը և, ինչպես նա, ազատ են իրենց արարքներով և մտքերով, քանզի չեն կարող ո՛չ աստծուն հաճելի լինել, ո՛չ էլ զայրացնել նրան։ Ուստի, որդյակս, որոշ անտարակուսելի նշաններով իմանում եմ, որ ձեզ կորստյան մղող այդ էակը Լեյլան է, Լիլիթի դուստրը։ Աղոթե՛ք, վաղը կընդունեմ ձեր խոստովանությունը։
Նա մի պահ մտորեց, այնուհետև գրպանից մի թերթ թուղթ հանեց և ասաց․
― Երեկ, ձեզ բարի գիշեր մաղթելուց հետո, ձյան պատճառով ուշացած փոստատարը տխուր մի նամակ հանձնեց ինձ։ Պարոն առաջին փոխերեցը րում է, որ գիրքս դառնություն է պատճառել արքեպիսկոպոսին և հոգում մթագնել կարմելիտների տոնակատարության հրճվանքը[2]։ Այդ երկասիրություը, նրա ասելով, լիքն է եկեղեցու հայրերի կողմից արդեն դատապարտված հանդուգն ենթադրություններով ու հայացքներով։ Նորին սրբազանությունը չի կարող հավանություն տալ այդքան վնասաբաեր իմաստակություններին։ Ահա թե ինչ են գրում ինձ։ Բայց նորին սրբազանությանը կպատմեմ ձեր արկածը։ Դա կապացուցի նրան, որ Լիլիթը գոյություն ունի և որ դա իմ երևակայության ծնունդը չէ։
Պարոն Սաֆրակից խնդրեցի մի վայրկյան ևս ուշադրության արժանացնել ինձ։
― Լեյլան, հայր իմ, հեռանալիս ինձ մոտ թողեց նոճու մի կեղև, որի վրա ստիլոսով բառեր են գրված, որ չեմ հասկանում։ Ահա այդ յուրօրինակ հմայիլը։
Պարոն Սաֆրակը վերցրեց նուրբ կեղևաշերտը, ուշադիր զննեց, ապա ասաց․
― Գրված է ծաղկման դարաշրջանի պարսկերենով, և թարգմանելը դժվար չէ․
Լեյլայի՝ Լիլիթի դստեր, աղոթքը․
Տե՛ր, մահ առաքիր ինձ, որպեսզի գնահատեմ կյանքը։
Տե՛ր, զղջում պարգևիր ինձ, որպեսզի ճաշակեմ վայելքը։
Տե՛ր, ինձ դարձրու այնպիսին, ինչպիսին են Եվայի դստրերը։
Ծանոթագրություններ
- ↑ ապացուցում եմ Ադամից առաջ եղած մարդկանց գոյությունը, որոնց մասին «Գիրք ծննդոցի» Աստվածաշնչի հեղինակը․․․ ― «Գիրք ծննդոց»― Աստվածաշնչի առաջին գիրքը, ուր պատմվում է աշխարհի ստեղծման մասին։
- ↑ ․․․կարմելիտների տոնակատարության հրճվանքը։― Կարմելիտներ֊վանականների ուխտ, որ աչքի էր ընկնում խիստ կարգ ու կանոնով։