Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը

Գրապահարան-ից
Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը

հեղինակ՝ Օնորե դը Բալզակ
թարգմանիչ՝ Լեմվել Մարության
աղբյուր՝ Լիտոպեդիա

ՆՈՐԻՆ ՊԱՅԾԱՌԱՓԱՅԼՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆ ԱԼՖՈՆՍՈ ՍԵՐԱՖԻՆՈ ԴԻ ՊՈՐՑԻ

Թույլ տվեք Ձեր անունը դնել խորապես փարիզյան մի երկի ճակատին, որ մտահղացված է Ձեր տանը, վերջին օրերում: Մի՞թե բնական չէ Ձեզ մատուցել Ձեր պարտեզում բուսած պերճախոսության ծաղիկները՝ ցողված մորմոքի արցունքներով, որ ինձ զգալ տվին հայրենիքի կարոտը, որը դուք մեղմում էիք, երբ ես թափառում էի Boschetti-ում, ուր կնձնիներն ինձ հիշեցնում էին Շանզ Էլիզեն: Գուցե այդպիսով ես կարողանամ քավել իմ մեղքը, որ Duomo տաճարի դիմաց երազել եմ Փարիզը, Porta-Renza-ի մաքուր ու վայելչակերտ սալահատակների վրա կարոտել մեր այնքան ցեխոտ փողոցները: Երբ հրատարակության համար պատրաստ կունենամ մի քանի գրքեր, որոնք արժանի կլինեն ձոնվելու միլանուհիներին, ես երջանիկ կլինեմ այնտեղ հիշատակել իտալական ձեր հին բանասացներին այնքան սիրելի դարձած անունները, որ ես ընտրել եմ մեր սիրած կանանց անուններից և որոնց հիշելու համար ես խնդրում եմ մտաբերել։

Անկեղծորեն Ձեզ նվիրված
Դը Բալզակին

Գլուխ առաջին. Ինչպես են սիրում աղջիկները

1824 թվականին, Օպերայի վերջին պարահանդեսում, բազմաթիվ դիմակներ հիանում էին մի երիտասարդի գեղեցկությամբ, որն այնպիսի քայլվածքով էր անցուդարձ անում միջանցքներում ու զբոսասրահում, ասես չնախատեսված հանգամանքների բերումով ժամադրությանը ուշացած մի կնոջ էր որոնում։

Մերթ անփույթ, մերթ փութկոտ այդ քայլվածքի գաղտնիքը հայտնի է միայն պառավ կանանց և մի շարք մոլի դատարկաշրջիկների։ Հանդիպումների այդ ահագին ժամադրավայրում հազվադեպ է մարդը մարդուն ուշադիր դիտում. շահագրգռությունները շատ են կրքոտ, պարապությունն անգամ մտազբաղ է։ Երիտասարդ դենդին այնքան էր տարված իր անհանգիստ որոնումով, որ չէր նկատում իր հաջողությունը՝ որոշ դիմակների հեգնախառն հիացմունքի բացականչությունները, լուրջ զմայլումները, կծու larzo-ները[1], ամենաքնքուշ խոսքերը, նա այդ բոլորը ո՛չ լսում էր և ո՛չ էլ տեսնում։

Թեև գեղեցկությամբ նա դասվում էր այն բացառիկ մարդկանց շարքը, որոնք Օպերայի պարահանդես են գալիս արկած որոնելու համար և սպասում են դրան ճիշտ այնպես, ինչպես Ֆրասկատիի կենդանության օրով մարդիկ ռուլետի բախտավոր խաղագումարին էին սպասում, այնուամենայնիվ երևում էր, որ նա քաղքենիորեն վստահ է այդ երեկոյի բարեհաջող ելքին։ Թվում էր, նա հերոսն է եռանձնյա այն միստերիանևրից մեկի, որոնց մեջ է օպերայի դիմակահանդեսի ամբողջ իմաստը, և հայտնի են բոլոր նրանց, ովքեր միստերիայում իրենց դերն ունեն. քանի որ երիտասարդ կանանց Օպերա գալը լոկ նրա համար է, որպեսզի հետո ասեն, թե՝ «Ես այնտեղ եղել եմ». իսկ պրովինցիայի մարդկանց, անփորձ երիտասարդների և օտարականների համար Օպերան, պարահանդեսների ժամանակ, պետք է թվա խոնջանքի ու տաղտկության պալատ։ Մերթ դանդաղաշարժ, մերթ փութկոտ այդ ամբոխը, որն անցուդարձ է անում, օձագալար պտտվում ու շուռ գալիս, բարձրանում է ու իջնում և որը մրջնակույտ է հիշեցնում, այդ մարդկանց համար նույնքան անըմբռնելի է, որքան Բորսան` Ստորին Բրետայնի գյուղացու համար, որն անտեղյակ է մայր մատյանի գոյությանը։

Տղամարդիկ Փարիզում, հազվագյուտ բացառությամբ, երբեք դիմակահանդեսի զգեստներ չեն հագնում։ Դոմինո հագած տղամարդը ծիծաղելի է թվում։ Դրանում բացահայտվում է ազգի ոգին։ Իրենց բախտավորությունը թաքցնել ցանկացող տղամարդիկ կարող են Օպերայի պարահանդեսը գնալ, բայց չերևալ այնտեղ, իսկ ովքեր ստիպված են դիմակով մտնել այնտեղ, իսկույն դուրս են գալիս։

Զվարճալի տեսարան է ներկայացնում այն հրմշտոցը, որ պարահանդեսի բացման պահից առաջանում է Օպերայի մուտքի մոտ, երբ դուրս եկող մարդկանց հոսանքը ջանում է խուսափել ներս մտնողների հետ բախվելուց։ Այսպիսով, դիմակավոր մարդիկ այն խանդոտ ամուսիններն են, որոնք գալիս են իրենց կանանց լրտեսելու, կամ հաջողակ կնորսներ, որոնք չեն կամենում հետապնդվել իրենց կանանց կողմից. երկու դրություն, որ հավասարապես ծաղրելի է։

Այդ երիտասարդին, նրանից աննկատ, հետևում էր ավազակի դիմակով, գեր ու թիկնեղ մի մարդ, որ տակառի պես գլորվում էր։

Օպերայի ամեն մի մշտայցելու այդ դոմինոյի մեջ կռահում էր որևէ մի աստիճանավորի, բորսային միջնորդի, բանկիրի, նոտարի կամ ինչ-որ բուրժուայի, որ կասկածում է իր անհավատարիմ կնոջը։ Արդարև, բարձրաստիճան հասարակության մեջ ոչ ոք հետամուտ չի լինում նվաստացուցիչ ապացույցների։ Արդեն բազմաթիվ դիմակներ ծիծաղելով իրար ցույց էին տվել այդ չարագուշակ անձին, ոմանք նրան կծու խոսքեր էին նետել, մի քանի երիտասարդներ ծաղրել էին նրան, բայց այդ թիկնեղ մարդու կեցվածքն արտահայտում էր բացահայտ արհամարհանք իրեն ուղղված դատարկ սրամտությունների նկատմամբ, նա քայլում էր երիտասարդի հետևից, ինչպես հետապնդված մի վարազ, որն անտարբեր է թե՛ իր ականջների մոտ սուլող գնդակների և թե՛ իր վրա հաչող շների հանդեպ։ Թեպետ առաջին հայացքից զվարճությունն ու անհանգստությունը զգեստավորված են միևնույն տարազով՝ վենետիկյան հռչակավոր սև պարեգոտով, և Օպերայի պարահանդեսում ամեն ինչ խառնաշփոթ է թվում, այնուամենայնիվ, Փարիզյան հասարակության տարբեր խավերն այնտեղ հանդիպում, ճանաչում են միմյանց և զննում իրար։

Որոշ կարգի խորազնին մարդկանց համար կան այնքան ճշգրիտ նշաններ, որ շահագրգռությունների այդ Դյութամատյանը կարդացվում է ինչպես զվարճալի մի վեպ։

Մշտայցելուների համար այդ մարդը չէր կարող բախտավոր սիրեկանի մեկը համարվել. այդ դեպքում նա պիտի կրեր կարմիր, սպիտակ կամ կանաչ գույնի հատուկ մի նշան, որը վկայում է նախապես պայմանավորված երջանկաբեր ժամադրության մասին։ Գուցե խնդիրը վերաբերում էր որևէ վրեժխնդրությա՞ն։ Անզբաղ մարդիկ, տեսնելով, թե ինչպես դիմակը խիստ մոտիկից հետևում է այդ բախտավոր երիտասարդին, իրենց հայացքը վերստին ուղղում էին նրա գեղեցիկ դեմքին, որի վրա վայելքն աստվածային լուսապսակն էր դրել։ Երիտասարդը հետաքրքրություն էր շարժում, որը գնալով ավելի էր բորբոքվում։

Բացի այդ, ամեն ինչ նրա մեջ խոսում էր աշխարհիկ կյանքի սովորույթների մասին։ Մեր ժամանակաշրջանի ճակատագրական օրենքի համաձայն, թե' ֆիզիկական և թե՛ բարոյական տեսակետից քիչ բան է տարբերում որևէ դուքսի կամ պերի ամենանրբաճաշակ ու նրբակիրթ զավակներից մեկին այդ չքնաղ երիտասարդից, որին, դեռ երեկ, Փարիզում խեղդում էին թշվառության երկաթյա ձեռները։

Նրա գեղեցկությունը և երիտասարդությունը կարող էին քողարկել խորունկ վիհեր, ինչպես պատահում է շատ երիտասարդների հետ, որոնք կուզենային Փարիզում ինչ-որ դեր խաղալ, առանց, սակայն, իրենց հավակնությունների համար անհրաժեշտ միջոցներ ունենալու, և որոնք ամեն օր, ամբողջ խաղագումարը շահելու նպատակով, ամեն ինչ վտանգում են խաղի մեջ, իրենց զոհաբերելով այս արքայական քաղաքի ամենապաշտելի աստծուն` դիպվածին։ Չնայած դրան, նրա հագուստը, շարժուձևերն անբասիր էին, զբոսասրահի դասական մանրահատակի վրա նա ոտքը դնում էր ինչպես Օպերայի մշտայցելու։ Ո՞վ չի նկատել, որ այնտեղ, ինչպես Փարիզի բոլոր գոտիներում, կա ուրույն մի կեցվածք, որը մատնում է, թե ո՛վ եք դուք, ի՛նչ եք անում, որտեղի՛ց եք գալիս և ի՛նչ եք ուզում։

— Ինչպիսի՜ գեղեցիկ երիտասարդ։ Այստեղ կարելի է շրջվել ու նրան նայել,— ասաց մի դիմակ, որի մեջ պարահանդեսի մշտայցելուները հեշտությամբ կճանաչեին բարեկիրթ մի կնոջ։

— Մի՞թե դուք նրան չեք հիշում,— պատասխանեց տղամարդը, որը թևանցուկ էր արել կնոջը։— Չէ՞ որ տիկին դյու Շատլեն նրան ներկայացրել է ձեզ...

— Ինչպե՜ս, ուրեմն դա դեղագործի որդին է, որին նա սիրահարվել էր, և որը լրագրող դարձավ, օրիորդ Կորալիի սիրեկա՞նը։

— Ես կարծում էի նա այնքան է ցած ընկել, որ այլևս ուժ չի ունենա նորից վեր բարձրանալու, և չեմ հասկանում, թե ինչպես կարողացավ վերստին երևալ Փարիզի հասարակության մեջ,— ասաց կոմս դյու Շատլեն։

— Իշխանի հովեր ունի,— ասաց դիմակը,— և դժվար թե դա շնորհն է այն դերասանուհու, որի հետ նա ապրում էր։ Իմ զարմուհին, որ նրան հասարակության մեջ մտցրեց, չկարողացավ նրան փայլ տալ. ես շատ կուզենայի ճանաչել այդ Սարժինի սիրուհուն։ Պատմեցեք ինձ նրա կյանքից մի որևէ բան, որպեսզի ես կարողանամ նրան խարդավանել։

Այս զույգը, որ փսփսալով հետևում էր երիտասարդին, թիկնեղ դիմակի հատուկ ուշադրության առարկան դարձավ։

— Թանկագին պարոն Շարդոն,— ասաց Շարանտի պրեֆեկտը, բռնելով դենդիի թևը,— թույլ տվեք ձեզ ներկայացնել մի տիկնոջ, որը կամենում է վերականգնել ծանոթությունը ձեզ հետ։

— Թանկագին կոմս Շատլե,— պատասխանեց երիտասարդը,— այդ տիկինը մի ժամանակ ինձ սովորեցրեց, թե որքան ծիծաղելի է այն անունը, որ դուք տալիս եք ինձ։ Արքայի հրամանագրով ինձ վերադարձված է մայրական գծով իմ նախնիների Ռյուբամպրե անունը։ Թեպետ թերթերն այդ փաստի մասին ծանուցել են, բայց դա վերաբերում է այնպիսի մի խեղճ անձնավորության, որ ես չեմ կարմրում երբեք այն հիշեցնելու իմ բարեկամներին, թշնամիներին ու իմ նկատմամբ անտարբեր մարդկանց. դուք ազատ եք ձեզ դասելու ո՛ւմ կողմն ուզում եք։ Սակայն ես վստահ եմ, որ դուք չեք դատապարտի այն քայլը, որ ինձ թելադրեց ձեր կինը, երբ նա դեռ սոսկ տիկին դը Բարժետոն էր։

Մարկիզուհու ժպիտը շարժող այդ նրբին ծաղրը ջղային սարսուռ պատճառեց Շարանտի պրեֆեկտին։

— Դուք նրան կհայտնեք,— ավելացրեց Լյուսիենը,— որ հիմա իմ տոհմանիշն է. հրավառ ծիրանագույն վահան, մեջտեղը, կանաչ դաշտի վրա, մոլեգին ցուլ՝ արծաթից։

— Արծաթից՝ մոլեգի՞ն,— կրկնեց Շատլեն։

— Տիկին մարկիզուհին ձեզ կբացատրի, եթե դուք այդ չգիտեք, թե ինչու այդ հին տոհմանիշն ավելին արժե, քան սենեկապետի բանալին և կայսրության ոսկե մեղուները, որ նկարված են ձեր տոհմանիշի վրա՝ ի մեծ հուսահատություն տիկին Շատլեի, ծնյալ Նեգրպելիս դ’Էսպար...— աշխուժորեն ասաց Լյուսիենը։

— Քանի որ դուք ինձ ճանաչեցիք, ես չեմ կարող այլևս ձեզ խարդավանել և չեմ կարողանա ձեզ արտահայտել, թե ինչ աստիճան գրգռում եք իմ հետաքրքրությունը,— մեղմ ձայնով ասաց մարկիզուհի դ’Էսպարը Լյուսիենին, զարմացած այդ մարդու հանդգնության ու ինքնահավանության վրա, որին մի ժամանակ ինքն արհամարհել էր։

— Ուրեմն, թույլ տվեք ինձ, տիկին, մնալով այս խորհրդավոր կիսաստվերում, պահպանել ձեր միտքն զբաղեցնելու իմ միակ հնարավորությունը,— ասաց Լյուսիենը, ժպտալով այն մարդու պես, որը չի կամենում վտանգել իր հաստատ հաջողությունը։

Մարկիզուհին տհաճություն արտահայտող ակամա մի շարժում արեց, զգալով, որ Լյուսիենը, ինչպես անգլիացիներն են ասում, կտրեց նրան իր շիտակությամբ։

— Շնորհավորում եմ ձեզ, ձեր դրության փոփոխության առթիվ,— ասաց կոմս դյու Շատլեն Լյուսիենին։

— Եվ ես ընդունում եմ շնորհավորանքն այնպես, ինչպես դուք այն ուղղում եք ինձ,-պատասխանեց Լյուսիենը` ծայրահեղ բարեշնորհությամբ խոնարհվելով մարկիզուհու առաջ։

— Ինքնահաճ,— ցածր ձայնով ասաց կոմսը տիկին դ’Էսպարին։

— Նրան հաջողվել է տիրանալ իր նախնիների անվան։

— Երբ երիտասարդ տղամարդկանց ինքնահաճությունը դիպչում է մեզ, այդ գրեթե միշտ խոսում է մեծ երջանկության մասին, իսկ ձեր տարիքի մարդկանց համար դա անհաջողություն է վկայում։ Այդ պատճառով ես կուզեի իմանալ, թե մեր բարեկամուհիներից ո'վ է իր հովանավորության տակ առել այս գեղեցիկ թռչունին, թերևս այն ժամանակ հնարավորություն ունենայի զվարճանալու այս երեկո։ Իմ ստացած անստորագիր գրությունը, անշուշտ, մի չարամտություն է, պատրաստված մի որևէ մրցակցուհու կողմից, որովհետև այնտեղ խոսքը վերաբերում է այս երիտասարդին. նրա հանդգնությունը թելադրված է որևէ մեկի կողմից. հետևեցե'ք նրան։ Ես գնում եմ թևանցուկ անելու դուքս դը Նավարենին, այնպես որ ինձ հեշտությամբ կգտնեք։

Այն պահին, երբ տիկին դ’Էսպարը մոտենում էր իր ազգականին, խորհրդավոր դիմակը կանգնեց նրա ու դուքսի միջև և շշնջաց նրա ականջին.

— Լյուսիենը սիրում է ձեզ, նա է գրության հեղինակը. ձեր պրեֆեկտը նրա ամենամեծ թշնամին է, մի՛թե Լյուսիենը կարող էր նրա ներկայությամբ բացատրվել։

Անծանոթը հեռացավ` տիկին դ’Էսպարին պատճառելով կրկնակի զարմանք։ Մարկիզուհին աշխարհիկ հասարակության մեջ չէր ճանաչում ոչ ոքի, որն ընդունակ լիներ խաղալու այդ դիմակի դերը. նա երկյուղ զգաց որոգայթից և գնաց-նստեց աննկատ մի տեղ։

Կոմս դյու Շատլեն, որի փառասիրական «դյուն» Լյուսիենը կրճատել էր այնպիսի կանխամտածությամբ, որն զգացնել էր տալիս վաղուց երազված վրիժառությունը, հեռվից հետևեց այդ սքանչելի դենդիին և հանդիպեց մի երիտասարդի, որի հետ հնարավոր համարեց խոսել սրտաբաց։

— Ասացեք տեսնեմ, Ռաստինյա՛կ, դուք տեսե՞լ եք Լյուսիենին։ Նա անճանաչելի է դարձել։

— Եթե ես նրա պես սիրունատես տղա լինեի, նրանից է՛լ ավելի հարուստ կլինեի,— պատասխանեց երիտասարդ պճնասերը թեթև, բայց խորամանկ տոնով, որն արտահայտում էր նուրբ հեգնանք։

— Ո՛չ,— ասաց հաստամարմին դիմակը նրա ականջին, այդ միավանկ բառը շեշտելու իր հատուկ ձևով, նրան վերադարձնելով հազար հեգնանք՝ մեկի փոխարեն։

Ռաստինյակը, որ վիրավորանք կուլ տվող մարդ չէր, կարծես շանթահար եղավ, երբ տեսավ, թե ինչպես դեպի լուսամուտի խորշն է քշվում` բռնված երկաթյա մի ձեռքով, որից անհնար էր ազատվել։

— Մայրիկ Վոքեի հավանոցից դուրս եկած աքլորիկ, դո'ւք, որ սիրտ չարիք տիրանալու հայրիկ Տայֆերի միլիոններին, երբ ամենադժվարին գործն արդեն կատարված էր, իմացե'ք, ձեր անձնական ապահովության համար, եթե Լյուսիենի հետ չվերաբերվեք այնպես, ինչպես սիրած եղբոր հետ, դուք մեր ձեռքումն եք, մինչդեռ մենք ձեր ձեռքում չենք լինի։ Լռությո'ւն և անձնվիրություն, հակառակ դեպքում ես կմտնեմ խաղի մեջ՝ տապալելու ձեր շանսերը։ Լյուսիեն դը Ռյուբամպրեն հովանավորված է այսօրվա ամենամեծ իշխանության` եկեղեցու կողմից։ Ընտրություն կատարեցեք կյանքի ու մահվան միջև։ Սպասում եմ պատասխանին։

Ռաստինյակը գլխապտույտ ունեցավ այն մարդու նման, որ, անտառում քնած լինելով, զարթնում է քաղցած էգ առյուծի կողքին։ Նա ահ զգաց, բայց վկաներ չկային։ Ամենաարիասիրտ մարդն անգամ այդ պահին անձնատուր է լինում վախի զգացումին։

— Միայն նա կարող է գիտենալ… և համարձակվել…— շշնջաց Ռաստինյակը։

Դիմակը սեղմեց Ռաստինյակի ձեռքը, որպեսզի խանգարի նրան խոսքն ավարտել։

— Գործեցեք այնպե'ս, ինչպես եթե նա լիներ,— ասաց դիմակը։

Ռաստինյակն այդ ժամանակ վարվեց այնպես, ինչպես կվարվեր միլիոնատերը մեծ ճանապարհի վրա հանդիպելով մի ավազակի, որը հրացանի փողն է դեմ անում, նա անձնատուր եղավ։

— Իմ թանկագին կոմս,— ասաց նա` կրկին Հյատլեին մոտենալով,— եթե դուք թանկ եք գնահատում ձեր դիրքը, ապա Լյուսիեն դը Ռյուբամպրեի հետ վարվեցեք որպես մի մարդու, որը ձեզնից ավելի է բարձրանալու մի օր։

Դիմակն աննշմարելի մի ժեստով բավականություն արտահայտեց և նորից հետևեց Լյուսիենին։

— Սիրելիս, դուք շատ շուտ փոխեցիք ձեր կարծիքը նրա մասին,— պատասխանեց պրեֆեկտը՝ արդարացի զարմանքով։

— Այո, շատ շուտ, ճիշտ այն մարդկանց նման, որ կենտրոնին են պատկանում, բայց հանկարծ քվեարկում են հօգուտ աջերի,— պատասխանեց Ռաստինյակը պրեֆեկտ դեպուտատին, որը ոչ շատ վաղուց դադարել էր քվեարկել հօգուտ նախարարության։

— Մի՞թե հիմա կարծիքներ գոյություն ունեն։ Կան միայն շահեր,— առարկեց դե Լյուպոն, որը լսում էր նրանց,— ինչի՞ մասին է խոսքը։

— Պարոն դը Ռյուբամպրեի մասին, որին Ռաստինյակն ուզում է ինձ ներկայացնել որպես կարևոր մի անձնավորություն,— ասաց դեպուտատը գլխավոր քարտուղարին։

— Թանկագին կոմս,— պատասխանեց դե Լյուպոն լուրջ տոնով,— պարոն դը Ռյուբամպրեն մեծագույն արժանիքներով օժտված երիտասարդ է և այնպիսի ամուր նեցուկ ունի, որ ես ինձ շատ երջանիկ կհամարեի, նրա հետ վերականգնելով իմ ծանոթությունը։

— Հիմա նա կընկնի մեր ժամանակաշրջանի ստահակների որոգայթը,— ասաց Ռաստինյակը։

Երեք զրուցակիցները թեքվեցին մի անկյուն, որտեղ հավաքվել էին մի քանի սրամիտ, ավելի կամ նվազ չափով հռչակավոր մարդիկ և բազմաթիվ պճնասերներ։ Այդ պարոնները դիտողություններ, սրամտություններ ու չարախոսություններ էին փոխանակում` ցանկանալով զվարճանալ կամ սպասելով որևէ զվարճության։ Իր կազմով չափազանց արտառոց այդ խմբի մեջ կային մարդիկ, որոնց հետ Լյուսիենը մի ժամանակ կապված էր առերևույթ բարյացակամությամբ ու թաքուն չարակամությամբ լի հարաբերություններով։

— Ա՜, Լյուսիե՛ն, զավակս, հոգյակս, ահա մենք նորից փետրավորվել ենք, կարկատվել։ Այդ որտեղի՞ց։ Նշանակում է, մենք նորից մեր նժույգը թամբել ենք շնորհիվ այն ընծաների, որ ուղարկված են Ֆլորինի բուդուարից։ Կեցցե'ս, կտրիճս,— ասաց նրան Բլոնդեն՝ թողնելով Ֆինոյի թևը և մտերմաբար գրկելով Լյուսիենին` նրան սեղմեց իր կրծքին։

Անդոշ Ֆինոն տնօրենն էր մի հանդեսի, որին Լյուսիենն աշխատակցել էր գրեթե ձրի, հանդես, որը Բլոնդեն հարստացնում էր իր աշխատակցությամբ, իր խորհուրդների իմաստությամբ և հայացքների խորությամբ։ Ֆինոն ու Բլոնդեն մարմնավորում էին Բերտրանին ու Ռատոնին, միայն այն տարբերությամբ, որ Լաֆոնտենի կատուն վերջ ի վերջո նկատում է, որ խաբվել է, իսկ Բլոնդեն, իմանալով հանդերձ, որ խաբված է, շարունակում էր ծառայել Ֆինոյին։

Բլոնդեին, գրչի այդ փայլուն condotière-ին[2], իրոք որ վիճակվեց երկար ժամանակ ստրկության մեջ մնալ։ Ֆինոն բիրտ մի կամք էր թաքցնում անճոռնի արտաքինի, անպատկառ տգիտության ներքո, որը մի փոքր սրամտությամբ էր համեմված, ինչպես սևագործ բանվորի հացն է համեմվում սխտորով։ Նա գիտեր պաշար հավաքել, հասկաքաղ անելով այն, ինչ գրականագետների ու քաղաքական գործիչների վարած անփույթ կյանքի դաշտերում էր սփռված լինում` մտքեր ու ոսկի։ Բլոնդեն, ի դժբախտություն իր, բոլոր ուժերն ի սպաս դրեց ախտամոլություններին ու ծուլությանը։ Մշտապես կարիքի մեջ լինելով, նա պատկանում էր այն ականավոր մարդկանց ողբալի դասին, որոնք ամեն ինչ անում են ուրիշների հարստության համար և ոչինչ` իրենց համար, մեկն այն Ալադիններից, որոնք փոխ են տալիս իրենց կանթեղը։ Այս հիանալի խորհրդատուներն ունենում են պայծառ ու սուր միտք, երբ հարցն անձնական շահին չի վերաբերում։ Նրանց մոտ գլուխն է գործում և ոչ թե ձեռքը։ Այդտեղից է բխում նրանց սանձարձակությունը, այդտեղից էլ հենց առաջ են գալիս այն կշտամբանքները, որ նրանց վրա տեղում են ավելի սահմանափակ խելքի տեր մարդիկ։ Բլոնդեն կիսում էր քսակն այն ընկերոջ հետ, որին նախորդ օրը վիրավորել էր. նա ճաշում, բաժակ էր զարկում ու քնում այն մարդու հետ, որին վաղը կարող էր խեղդել։ Նրա զվարճալի պարադոքսներն արդարացնում էին ամեն բան։ Բովանդակ աշխարհն ընդունելով որպես մի կատակ, նա չէր ուզում, որ իրեն էլ լուրջ ընդունեն։ Երիտասարդ, սիրված, գրեթե հռչակված, երջանիկ, նա չէր մտահոգվում Ֆինոյի նման կուտակելու հարստություն, որը հասուն տարիքում անհրաժեշտ է մարդուն։

Լյուսիենը հիմա մեծագույն արիություն կցուցաբերեր, եթե կտրեր Բլոնդեին այնպես, ինչպես քիչ առաջ կտրեց տիկին դ'Էսպարին ու Շատլեին։ Դժբախտաբար, նրա մոտ սնափառության վայելքները խանգարում էին հպարտության դրսևորումներին, որն անշուշտ մեծ գործերի հիմքն է կազմում, նրա սնափառությունը հաղթանակել էր նախորդ հանդիպման ժամանակ, նա իրեն ցույց էր տվել հարուստ, երջանիկ և արհամարհանքով լի՝ երկու անձնավորությունների հանդեպ, որոնք մի ժամանակ արհամարհել էին իրեն, երբ ինքը խեղճ էր ու դժբախտ. բայց նա, որպես պոետ, մի՞թե կարող էր փորձված դիվանագետի նման միանգամից խզել կապերը երկու առերևույթ բարեկամներից, որոնք ապաստան էին տվել իրեն, երբ ինքը թշվառության մեջ էր, որոնց տանը գիշերել էր իր ձախորդության օրերին։ Նվաստացուցիչ ընկերականությամբ էին կապված եղել Ֆինոն, Բլոնդեն և ինքը, անձնատուր լինելով այնպիսի խրախճանքների, որոնք խժռում էին լոկ նրանց պարտատերերի փողերը։ Լյուսիենն էլ, շատ Փարիզեցիների նման վարվեց այնպես, ինչպես այն զինվորները, որոնք չեն կարողանում ի գործ դնել իրենց արիությունը. նա նորից վտանգեց իր արժանապատվությունը՝ պատասխանելով Ֆինոյի ձեռնասեղմումին, չմերժելով Բլոնդեի փաղաքշանքր։ Երբ մեկը թրծված է կամ դեռ թրծվում է ժուռնալիստիկայում, դաժան անհրաժեշտությամբ հարկադրված է գլուխ տալ այն մարդկանց, որոնց նա արհամարհում է, հարկադրված է ժպտալ ոխերիմ թշնամուն, հաշտվել ամեն տեսակի ստորությունների հետ, աղտոտել ձեռքը՝ ցանկանալով իրեն վիրավորանք հասցնողներին վճարել իրենց իսկ դրամով։ Ժամանակի ընթացքում սովորում են անտարբեր նայել կատարվող չարիքին, թույլ են տալիս, որ այն կատարվի, սկսում են դրան հավանություն տալ, ի վերջո, իրե՛նք են կատարում նույնը։ Այսպիսով, հոգին, անդադար արատավորվելով ամոթալի ու անվերջ գործարքներով, մանրանում է, ազնիվ մտքերի զսպանակները ժանգոտվում են, գռեհկության ծխնիները մաշվում են ու սկսում են իրենք իրենց պտտվել։

Ալցեստները դառնում են Ֆիլինտներ, բնավորությունը փխրուն է դառնում, տաղանդը եղծվում, գեղեցիկ գործերի նկատմամբ եղած հավատը մարում։ Այն մարդը, որ երազում էր հպարտանալ իր գրքերի էջերով, ուժերը վատնում է չնչին հոդվածների վրա, որոնք հետագայում նրա խղճմտանքին են ծանրանալու որպես հոռի արարքներ։ Լուստոյի, Վեռնուի նման նրանք հրապարակ են գալիս, որպեսզի դառնան մեծ գրողներ, մինչդեռ դառնում են խղճուկ գրչակներ։ Այդ պատճառով, ամեն տեսակ գնահատանքից վեր են այնպիսի մարդիկ, որոնց բնավորությունը իրենց տաղանդի բարձրության վրա է. ինչպիսիք են դ’Արթեզները, որ գիտեն հաստատորեն քայլել գրական կյանքի խութերի միջով։

Լյուսիենը չկարողացավ դիմադրել Բլոնդեի սուտ փաղաքշանքներին, մի մարդու, որի միտքր նրա վրա անդիմադրելի հմայքով էր ներգործում, որը պահպանում էր ապականիչի իր գերազանցությունը աշակերտի հանդեպ և, բացի այդ, կոմսուհի դը Մոնկոռնեի հետ ունեցած կապի շնորհիվ լավ դիրք ուներ աշխարհիկ հասարակության մեջ։

— Ժառանգությո՞ւն ենք ստացել որևէ հորեղբորից,— ծաղրական եղանակով հարցրեց Ֆինոն Լյուսիենին։

— Ձեզ նման ես էլ եմ տխմարներին խուզում,— նույն տոնով նրան պատասխանեց Լյուսիենը։

— Երևի պարոնը որևէ ամսագիր կամ լրագիր է հիմնել,— հարեց Անդոշ Ֆինոն այնպիսի լպիրշ ինքնավստահությամբ, ինչպիսին շահագործողն է ցուցաբերում շահագործվողի նկատմամբ։

— Ես ավելի լավ բան եմ ձեռք բերել,— պատասխանեց Լյուսիենը, որի սնափառությունը, գլխավոր խմբագրի ակնհայտ գերազանցությունից վիրավորված, ուժ էր ստանում իր նոր դրությունից։

— Իսկ ի՞նչ եք ձեռք բերել, թանկագինս…

— Ես պարտիա ունեմ։

— Լյուսիենի պարտիա՞ կա,— հարեց Վեռնուն քմծիծաղով։

— Տեսնո՞ւմ ես, Ֆինո, այս տղան քեզնից առաջ է անցել, ես այդ կանխագուշակել էի, երբ քեզ ասում էի, թե Լյուսիենը տաղանդավոր է, իսկ դու նրա հետ լավ չվարվեցիր, չարչարեցիր նրան։ Դե՛, հիմա կերա՞ր, այ դու հաստագլուխ,— հարեց Բլոնդեն։

Մշկայծայմի նման խորամանկ Բլոնդեն Լյուսիենի շեշտի, շարժուձևերի և արտահայտության մեջ քիչ գաղտնիքներ չնշմարեց. նրան փաղաքշելով հանդերձ, միաժամանակ իր խոսքերով կարողացավ ավելի ձգել սանձը։ Նա ուզում էր իմանալ Լյուսիենի` Փարիզ վերադառնալու պատճառները, նրա մտադրություններն ու ապրելու միջոցները։

— Ծունկի եկ՛ մի գերազանցության առջև, որ դուք երբեք չեք ունենա, ինչքան էլ Ֆինո լինես,— շարունակեց նա։— Ընդունիր պարոնին, և ընդունիր անմիջապես, այն ուժեղ մարդկանց շարքը, որոնց պատկանում է ապագան. նա մերոնցից է։ Նա սրամիտ է ու գեղեցիկ, և մի՞թե նրան ևս չի վիճակված հաջողության հասնել հենց քո quibuscumque viis[3]-ով։ Ահա՛ նա միլանյան հիանալի հանդերձանքում ունի հզոր, կիսամերկ դաշույն ու ասպետական դրոշ։ Սատանա՛ն տանի, Լյուսիեն։ Որտեղի՞ց ես թռցրել այս ժիլետը։ Միայն սերը կարող է ճարել նման կտորներ։ Իսկ տուն ունե՞նք։ Ներկայումս ես կարիք ունեմ իմ բարեկամների հասցեներին, ես գիշերելու տեղ չունեմ։ Ֆինոն այս երեկո ինձ վտարեց` սիրային հաջողության գռեհիկ պատրվակով։

— Թանկագինս,— պատասխանեց Լյուսիենը,— ես կիրառում եմ մի աքսոմիա, որով կարելի է հանգիստ ապրել. fuge, late, tace[4]։ Ես ձեզ թողնում եմ։

— Բայց ես քեզ չեմ թողնի, մինչև որ դու չհատուցես սրբազան մի պարտք՝ քո խոստացած համեստ ընթրիքը, ի՞նչ կասես, հը՞։— Ասաց Բլոնդեն, որը շատ մեծ հակում ուներ դեպի լավ կերուխումը և սիրում էր, որ իրեն հյուրասիրեն, երբ փող չէր ունենում։

— Ի՞նչ ընթրիք,— հարցրեց Լյուսիենը` անհամբերության շարժում անելով։

— Մի՞թե դու չես հիշում։ Ահա թե ինչպե՛ս կարելի է նկատել բարեկամի հարստացումը. նա կորցրել է հիշողությունը։

— Նա գիտե, թե ինչ է մեզ պարտք, ես երաշխավորում եմ նրա խղճի համար,— ասաց Ֆինոն` ձայնակցելով Բլոնդեի կատակին։

— Ռաստինյա'կ,— ասաց Բլոնդեն, թևանցուկ անելով երիտասարդ պճնասերին, երբ սա մոտենում էր զբոսասրահի խորքին, այն սյունի մոտ, որտեղ կանգնած էին կարծեցյալ բարեկամները,— ընթրիքի մասին է խոսքր։ Դուք մեզ հետ կլինեք... Միայն թե պարոնը,— շարունակեց նա լրջորեն` ցույց տալով Լյուսիենին,— համառորեն չժխտի պատվի իր պարտքը. նա այդ կարող է անել։

— Ես երաշխավորում եմ, որ պարոն դը Ռյուբամպրեն անընդունակ է այդ բանին,— ասաց Ռաստինյակը, որը համոզված էր, որ դա միստիֆիկացիա է։

— Ահավասիկ և Բիսիուն,— գոչեց Բլոնդեն,— նա էլ կլինի մեզ հետ, ոչ մի բան կատարյալ չէ առանց նրա։ Առանց նրան Շամպայնի գինուց կպչուն է դառնում լեզուն, և անհամ է թվում ամեն ինչ, նույնիսկ սրամտությունների պղպեղը։

— Բարեկամնե՛րս,— ասաց Բիսիուն,— ես տեսնում եմ, որ դուք հավաքված եք օրվա հրաշալիքի շուրջը։ Մեր թանկագին Լյուսիենը վերսկսում է Օվիդիոսի Կերպարանափոխությունները։ Այնպես, ինչպես աստվածները կանանց հրապուրելու համար կերպարանափոխվում էին, դառնալով տարօրինակ բանջարեղեններ ու նման բաներ, նա Շարդոնը[5] փոխել, դարձրել է ազնվական, որպեսզի հրապուրի... ո՞ւմ։ Կարլոս X-ին։ Հոգյակ Լյուսիեն,— ասաց Բիսիուն` բռնելով Լյուսիենի բաճկոնի կոճակից,— մի լրագրող, որ իշխանազուն է դառնում, արժանի է մի լավ խառնաժխորի։ Եթե ես նրանց տեղր լինեի,— ասաց անողոք ծաղրողը` ցույց տալով Ֆինոյին ու Վեռնուին,— քեզ հուպ կտայի թերթում, դու նրանց կբերեիր մի հարյուր ֆրանկ և սրամտությունների տասը սյունակ։

— Բիսիո՛ւ,— ասաց Բլոնդեն,— Ամֆիտրիոնր մեզ համար նվիրական է խրախճանքից չորս ժամ առաջ և տասներկու ժամ հետո. մեր անվանի բարեկամը մեզ ընթրիք է տալիս։

— Ինչպե՛ս, ինչպե՛ս,— ասաց Բիսիուն,— կա՞ ավելի անհրաժեշտ բան, քան մոռացությունից փրկել մի մեծ անուն և խղճուկ արիստոկրատիային պարգևել տաղանդավոր մի մարդ։ Լյուսիե՛ն, դու վայելում ես մամուլի հարգանքը, այն մամուլի, որի ամենագեղեցիկ զարդն էիր դու, և մենք քեզ կպաշտպանենք։ Ֆինո՛, առաջնորդող հոդված «Փարիզյան նորույթներ»-ի բաժնում։ Բլոնդե՛, նենգավոր մի ճառ՝ քո թերթի չորրորդ էջում։ Հայտարարենք մեր ժամանակի գեղեցկագույն գրքի՝ «Կարլոս IX-ի նետաձիգի», լույս ընծայումը։ Աղերսենք Դորիային, որ շուտով հրատարակի «Մարգարտածաղիկները», ֆրանսիական Պետրարկա|Պետրարքայի աստվածային այդ սոնետները։ Տանենք մեր բարեկամին՝ համբավներ ստեղծող ու կործանող դրոշմաթերթից պատրաստված վահանի վրա։

— Եթե ուզում ես ընթրել,— ասաց Լյուսիենը Բլոնդեին, որպեսզի ազատվի այդ խմբից, որն սպառնում էր մեծանալ,— ինձ թվում է, որ հին բարեկամի հետ խոսելիս հարկ չկա հիպերբոլների ու պարաբոլների դիմելու, նա բնավ էլ պարզամիտ չէ։ Վաղը երեկոյան կլինենք Լուանտեի մոտ,— արագ վրա բերեց նա և սլացավ դեպի մոտեցող կինը։

— Օ՜, օ՜, օ՜,— արտասանեց Բիսիուն՝ երեք տարբեր տոներով և ծաղրական եղանակով, կարծես ճանաչելով այն դիմակը, որին մոտենում էր Լյուսիենը։— Սա արժանի է հաստատման։

Եվ նա հետևեց այդ գեղեցիկ զույգին, անցավ նրա առջևից, զննեց սրաթափանց աչքով և վերադարձավ ի մեծ գոհունակություն բոլոր այդ նախանձոտների, որոնք շահագրգրռված էին իմանալ, թե որտեղի՞ց է առաջ եկել Լյուսիենի բախտի փոփոխությունը։

— Բարեկամնե՛րս, դուք վաղուց ի վեր ծանոթ եք պարոն դը Ռյուբամպրեի երջանիկ սիրո բախտին,— ասաց նրանց Բիսիուն.— դա դե Լյուպոյի նախկին «առնետն» է։

Այժմ մոռացված, բայց մեր դարի սկզբում տարածված անառակություններից մեկը՝ «առնետներ» կոչվածների նկատմամբ եղած բուռն հակումն էր։ Արդեն հնացած «առնետ» անունը տրվում էր տասը կամ տասնմեկ տարեկան աղջիկներին, որևէ թատրոնի, ավելի հաճախ Օպերայի ֆիգուրանտուհիներին, որոնց շվայտասերները մշակում էին ախտամոլության ու ապականության համար։ «Առնետը» դժոխային մանկլավիկի նման մի բան էր, էգ-մանչ, որին ներվում էր ամեն տեսակ արարքներ։ «Առնետ»-ի համար ոչինչ արգելված չէր, պետք էր նրանից զգուշանալ, ինչպես վտանգավոր մի կենդանուց. նա աշխուժություն էր մտցնում կյանքում, ինչպես մի ժամանակ Սկապենը, Սգանարելն ու Ֆրոնտեն հին կատակերգություններում։ «Առնետը» շատ թանկ էր նստում, նա չէր բերում ո՛չ պատիվ, ո՛չ օգուտ և ո՛չ էլ բավականություն, «առնետների» մոդան այնպես է մոռացվել, որ հիմա քչերը կիմանան Ռեստավրացիային նախորդած ժամանակաշրջանի էլեգանտ կյանքի այդ ինտիմ մանրամասնությունները, եթե մի շարք գրողներ չվերածնեին «առնետներին» որպես նոր թեմա։

— Ինչպե՜ս, Լյուսիենը մեռցնելով Կորալիին՝ հափշտա¬կում է Տորպիլի՞ն,— գոչեց Բլոնդեն։

Լսելով այդ անունը, ըմբիշի կազմվածք ունեցող դիմակը կատարեց մի շարժում, որը թեև զուսպ էր, բայց նկատվեց Ռաստինյակի կողմից։

— Այդ անհնարին է,— պատասխանեց Ֆինոն։— Տորպիլը ոչ մի գրոշ չունի, որ տա նրան. Նաթանն ինձ ասաց, որ նա Ֆլորինից փոխարինաբար հազար ֆրանկ է վերցրել։

— Օ՜, պարոնա՛յք, պարոնա՛յք...— գոչեց Ռաստինյակը` փորձելով պաշտպանել Լյուսիենին այդ ստոր մեղադրանքներից։

— Է՜, ի՛նչ,— բացականչեց Վեռնուն,— Կորալիի նախկին պահծուն մի՞թե այդքան բծախնդիր է…

— Օ՜, այդ հազար ֆրանկը,— ասաց Բիսիուն,— ինձ ապացուցում է, որ մեր բարեկամ Լյուսիենն ապրում է Տորպիլի հետ…

— Ինչպիսի անփոխարինելի կորուստ գրականության, գիտության, արվեստի և քաղաքականության ընտրյալ դասի համար,— ասաց Բլոնդեն։— Տորպիլը ցնծության միակ աղջիկն է, որից կարելի է ձևել գեղանի մի կուրտիզանուհի, կրթությունը նրան չի փչացրել. նա ո՛չ կարդալ գիտե, ո՛չ էլ գրել, նա մեզ կհասկանար։ Մենք մեր ժամանակաշրջանին կպարգևեինք Ասպազիայի ոգով օժտված հոյակերտ մի ֆիգուր, առանց որի չկա մեծ դար։ Նայեցեք, թե ինչպես դյու Բարրին պատշաճում է տասնութերորդ դարին, Նինոն դը Լանկլոն՝ տասնյոթերորդին, Մարիոն դը Լորմը՝ տասնվեցերորդին, Իմպերիան՝ տասնհինգերորդին, Ֆլորան՝ հռոմեական հանրապետությանը, որը նրան դարձրեց իր ժառանգորդուհին և այդ ժառանգությամբ կարողացավ վճարել պետական պարտքը։ Ինչ կլիներ Հորացիոսը առանց Լիդիայի, Տիբուլիոսը՝ առանց Դելիայի, Կատուլը՝ առանց Լեզբիայի, Պրոպերդիոսը՝ առանց Ցինտիայի, Դեմետրիոսը՝ առանց Լամիայի, որոնք հիմա էլ նրանց փառքն են կազմում։

— Օպերայի զբոսասրահում ճառող Բլոնդեն շատ է հիշեցնում Դեբա թերթը,— ասաց Բիսիուն հարևանի ականջին։

— Իսկ առանց բոլոր այս տիրակալուհիների ի՞նչ կլիներ կեսարների կայսրությունը,— շարունակեց Բլոնդեն։— Լաիսն ու Ռոդոպան՝ դա Հունաստանն է ու Եգիպտոսը։ Ասենք նրանք բոլորը պոեզիան էին այն դարի, որի մեջ ապրում էին։ Այդ պոեզիան, որ պակասում էր Նապոլեոնին, որովհետև նրա մեծ բանակի այրին զուտ զորանոցային կատակ էր, չպակասեց Ռևոլյուցիային, որն ունեցավ իր տիկին Տալիեն։ Այժմ Ֆրանսիայում, ուր ձգտում կա գահակալելու, անշուշտ թափուր մի գահ կա։ Մենք կարող կլինենք ընդհանուր ուժերով թագուհի ստեղծել։ Տորպիլին ես կպարգևեի մի մորաքույր, քանի որ նրա մայրը, այդ ստուգապես հայտնի է, մեռել է անառակության դաշտում։ Դյու Տիյեն կվճարեր նրա առանձնատան համար, Լուստոն՝ կառքի, Ռաստինյակը՝ լակեյներին, դե Լյուպոն՝ խոհարարի, Ֆինոն գլխարկների համար (Ֆինոն չկարողացավ զսպել մի շարժում, ստանալով դիմահար այդ սրամտությունը[6])։ Նրա համար Վեռնուն գովազդ կաներ, Բիսիուն՝ սրամտություններ կհորիներ։ Արիստոկրատիան կգար զվարճանալու մեր Նինոնի մոտ, որտեղ, մահացու հոդվածների սպառնալիքով, մենք կհրավիրեինք արտիստներին։ Նինոն II-ը կլիներ հանդգնությամբ փառավոր և ճոխությամբ շշմեցուցիչ։ Նա կունենար սեփական համոզմունքները։ Նրա մոտ կընթերցվեին դրամատիկական արգելված գլուխգործոցներ. հատուկ պատվեր կտրվեր նման գործերի, եթե հարկ լիներ։ Նա չէր լինի լիբերալուհի. կուրտիզանուհիները բնույթով միապետական են։ Ա՜հ, ինչպիսի՜ կորուստ, նա կոչված է գրկելու իր ամբողջ դարը, մինչդեռ սիրաբանություն է անում ինչ-որ երիտասարդի հետ։ Լյուսիենը նրան կդարձնի իր որսի շունը։

— Քո հիշած տիրակալուհիներից և ոչ մեկը քարշ չի եկել փողոցներում,— նկատեց Ֆինոն,— իսկ այդ սիրունիկ «առնետը» թավալվել է ցեխում։

— Ինչպես շուշանի սերմն աղբահողում,— վբա բերեց Վեռնուն,— այնտե՛ղ է նա գեղեցկացել, այնտե՛ղ փթթել։ Այդտեղից է բխում նրա գերազանցությունը։ Մի՞թե հարկավոր չէ ամեն բան փորձել՝ ամեն առիթով ծիծաղելու և ուրախանալու համար։

— Նա իրավացի է,— ասաց Լուստոն, որը մինչ այդ լուռ դիտում էր։— Տորպիլը գիտի ծիծաղել և ծիծաղեցնել։ Մեծ գրողների և մեծ դերասանների այդ արվեստը պատկանում է նրանց, ովքեր թափանցել են հասարակական կյանքի բոլոր խորությունները։ Տասնութ տարեկան հասակում այդ աղջիկը ճաշակել է արդեն ամենաբարձր ճոխությունը, ամենահետին թշվառությունը, ճանաչել ամեն կարգի տղամարդկանց։ Նա կարծես ձեռքում ունի կախարդական այն փայտիկը, որով գրգռում է անասնական բոլոր կրքերը, որ բռնորեն զսպված են այն տղամարդկանց մոտ, որոնք դեռ ազնիվ սիրտ ունեն, թեպետ զբաղվում են քաղաքականությամբ, գրականությամբ ու արվեստով։ Փարիզում չկա մի կին, որ նրա պես կարողանա անասունին ասել. «Դո՛ւրս արի»։ Եվ անասունը լքում է իր որջն ու թավալվում ցոփության մեջ։ Տորպիլը ձեզ հագեցնում է մինչև կոկորդը, հրահրում է խմելու, ծխելու։ Մի խոսքով այդ կինը այն աղն է, որ երգել է Ռաբլեն, աղ, որ երբ նյութի վրա ես նետում, կենդանացնում է այն և բարձրացնում մինչև արվեստի հրաշալի ոլորտները. նրա հագուստն ավելի է ընդգծում նրա փառահեղ մարմինը։ Հարկ եղած դեպքում նրա մատներից գոհարներ են թափվում, ինչպես շուրթերից՝ ժպիտներ. նա գիտի ամեն մի երևույթ դիտել ստեղծված հանգամանքների լույսի տակ, նրա խոսքը փայլատակում է դիպուկ բառերով, նա տիրապետում է ամենագունագեղ և ամեն ինչ գունավորող նմանաձայնության գաղտնիքին, նա...

— Դու հարյուր սուի ֆելիետոն ես կորցնում,— ընդհատեց Լուստոյին Բիսիուն,— Տորպիլն անհամեմատ ավելի լավն է դրանից. դուք բոլորդ առավել կամ նվազ չափով եղել եք նրա սիրեկանները, բայց ձեզնից ոչ ոք չի կարող ասել, որ նա եղել է ձեր սիրուհին. նա միշտ կարող է ձեզ տիրանալ, բայց դուք երբեք չեք տիրանա նրան։ Դուք ջարդում եք նրա դուռը և ինչ-որ բան եք աղերսում նրանից…

— Օ՜, նա ավելի վեհանձն է, քան ավազակախմբի այն պետը, որ իր գործերին հմուտ է, և ավելի նվիրված, քան դպրոցական լավագույն ընկերը,— ասաց Բլոնդեն։— Նրան կարող ես վստահել քո քսակն ու գաղտնիքը։ Իսկ ես նրան թագուհի կընտրեի հենց բուրբոնյան իր այն անտարբերության համար, որ նա ցուցաբերում է ընկած ֆավորիտի նկատմամբ։

— Նա իր մոր նման չափից ավելի թանկ է,— ասաց դե Լյուպոն։

— Գեղանի Հոլանդուհին կարող էր կուլ տալ Տոլեդոյի արքեպիսկոպոսի հասույթները, նա արդեն խժռել է երկու նոտարի։

— Եվ սնուցել է Մաքսիմ դը Տրային, երբ սա դեռ մանկլավիկ էր,— ասաց Բիսիուն։

— Տորպիլը չափազանց թանկ է, ինչպես Ռաֆայելը, ինչ¬պես Կարմենը, ինչպես Տալիոնին, ինչպես Լաուրենսը, ինչպես Բուլը, ինչպես թանկ էին բոլոր հանճարեղ արվեստագետները...— ասաց Բլոնդեն։

— Եսթերը երբեք այդպիսի բարեկիրթ կնոջ արտաքին չի ունեցել,— ասաց այդ ժամանակ Ռաստինյակը, ցույց տալով դիմակին, որին Լյուսիենը թևանցուկ էր արել։— Գրազ եմ գալիս, որ դա տիկին դը Սերիզին է։

— Կասկած չկա,— բացականչեց դյու Շատլեն։— Այժմ հասկանալի է դառնում պարոն դը Ռյուբամպրեի հաջողության գաղտնիքը։

— Ա՜հ, եկեղեցին գիտի ընտրել իր ղևտացիներին, դեսպանության ինչպիսի՜ չքնաղ քարտուղար կլիներ նա,— ասաց դե Լյուպոն։

— Մանավանդ որ,— շարունակեց Ռաստինյակը,— Լյուսիենը տաղանդավոր մարդ է։ Այս պարոններն այդ մասին մեկից ավելի ապացույցներ ունեն,— ավելացրեց՝ նայելով Բլոնդեին, Ֆինոյին և Լուստոյին։

— Այո, այդ տղան այնպիսին է, որ հեռու կգնա,— ասաց Լուստոն, որ նախանձից տրաքվում էր,— մանավանդ որ ունի այն, ինչ մենք անվանում ենք մտքի անկախություն...

— Դո՛ւ ես ձևավորել նրան,— ասաց Վեռնուն։

— Դե՛ լավ,— ասաց Բիսիուն` նայելով դե Լյուպոյին,— դիմում եմ Պետական խորհրդի գլխավոր քարտուղարի և զեկուցողի հիշողությանը, այս դիմակը Տորպիլն է, գրազ եմ գալիս մի ընթրիքով...

— Ես ընդունում եմ գրազը,— ասաց դյու Շատլեն, որը ցանկանում էր ճշմարտությունն իմանալ։

— Լա՛վ ուրեմն, դե Լյուպո,— ասաց Ֆինոն,— փորձեք ճանաչել ձեր նախկին «առնետին» իր ականջներից։

— Կարիք չկա վիրավորել դիմակին,— հարեց Բիսիուն։

— Տորպիլն ու Լյուսիենը զբոսասրահ վերադառնալիս կմոտենան մեզ, և ես հանձն եմ առնում ապացուցել ձեզ, որ այդ նա է։

— Ուրեմն վերստին ջրի երես է բարձրացել մեր բարեկամ Լյուսիենը,— ասաց Նաթանը` միանալով խմբին։— Ես կարծում էի, որ նա Անգուլեմ էր գնացել անվերադարձ։ Արդյո՞ք որևէ գաղտնի միջոց չի փնտրել պարտատերերի դեմ։

— Նա արել է այն, ինչ քեզ շատ ուշ է հաջողվելու,— պատասխանեց Ռաստինյակը,— նա վճարել է բոլոր պարտքերը։

Հաստամարմին դիմակը գլուխը թոթվեց՝ ի նշան հավանության։

— Երբ երիտասարդն այդ տարիքին ծանրաբարո է դառնում, նա ինչ-որ չափով իրեն կողոպտում է, զրկվում հանդգնությունից, պարզապես ռանտիե է դառնում,— հարեց Նաթանը։

— Օ՜, նա միշտ էլ կլինի իշխանազուն և երբեք չի կորցնի մտքի վեհությունը, որը նրան բարձր կդասի առերևույթ և գերազանց շատ մարդկանցից,— պատասխանեց Ռաստինյակը։

Նույն պահին լրագրողները, դենդիները, դատարկապորտներն իրենց գրազի առարկան էին զննում այնպես, ինչպես ձիավաճառներն են զննում ծախու ձին։ Այդ դատավորները, որոնք հմտացել էին Փարիզյան անառակությունների երկարատև փորձով, զերծ էին նախապաշարումներից, և նրանցից յուրաքանչյուրն իր տեսակի մեջ հավասարապես ապականված էր և հավասարապես ապականող, խելահեղ փառասիրություններին անձնատուր, ամեն ինչ ենթադրելու, ամեն ինչ կռահելու սովոր այդ մարդիկ իրենց հայացքը սևեռել էին դիմակավոր կնոջը, որին միայն իրենք կարող էին ճանաչել։ Միայն նրանք և Օպերայի մի քանի մշտայցելուները կարող էին կանանց անճանաչելի դարձնող սև դոմինոյի երկար պա¬տանքի մեջ, կնգուղի տակ, վայրահակ լայն վզնոցի ներքո նկատել մարմնի բարեկազմությունը, կեցվածքի ու քայլվածքի առանձնահատկությունները, իրանի շարժումը, գլուխը պահելու կերպը, հասարակ աչքերի համար աննշմարելի այնպիսի բաներ, որ միայն նրանց համար էր հեշտ տեսանելի։ Հակառակ այդ անձև ծածկույթի, նրանք, ուրեմն, կարող էին դիտել ամենահուզիչ պատկերներից մեկը՝ իսկական սիրով ոգեշնչված կնոջը։ Փույթ չէ, թե ով էր այդ կինը՝ Տորպի՞լը, դքսուհի դը Մոֆրինյո՞զը, թե՞ տիկին դը Սերիզին, հասարակական սանդուղքի վերևի կամ ներքևի աստիճանը, այդ արարածը հիասքանչ մի ստեղծագործություն էր, երջանիկ երազների փայլատակում։ Երիտասարդ ծերերը, ինչպես նաև ծեր երիտասարդներն այնպիսի բուռն հուզումով համակվեցին, որ նախանձեցին Լյուսիենին՝ կնոջն աստվածուհու վերափոխելու իր ձիրքի համար։ Դիմակն իրեն զգում էր այնպես, ասես մենակ էր Լյուսիենի հետ. այդ կնոջ համար այլևս գոյություն չունեին տասնյակ հազարավոր մարդիկ, փոշիով հագեցած ծանր օդը։ Ո՛չ, նա գտնվում էր սիրո երկնակամարի տակ, ինչպես Ռաֆայելի մադոնաները՝ ոսկե պսակի հովանու ներքո։ Նա չէր զգում արմունկների հրմշտոցը, նրա հայացքի բոցը հուրհրատում էր դիմակի երկու ճեղքից և միաձուլվում Լյուսիենի աչքերին, վերջապես, նրա մարմնի թրթռումը կարծես ներդաշնակվում էր իր բարեկամի շարժմանը։ Որտե՞ղ էր ակունքն այն կրակի, որ շողշողում էր սիրատարափ կնոջ շուրջը և տարբերում նրան բոլորից։ Որտեղի՞ց էր օդանույշի այդ թեթևությունը, որը կարծես ժխտում էր ձգողականության օրենքը։ Արդյոք այդ սավառնող ոգի չէ՞ր։ Երջանկությունը մի՞թե ֆիզիկական հատկություններ ունի. դոմինոյի միջից զգացվում էին կուսական միամտությունն ու մանկական հեզանազությունը։ Թեպետ այդ երկու արարածները քայլում էին կողք-կողքի, բայց նրանք նման էին ամենաճարտար արձանագործների այն քանդակին, որտեղ Ֆլորան և Զեֆիրան քնքշորեն իրար են փարվել։ Բայց դա ավելի էր, քան քանդակագործությունը, արվեստների այդ ամենավեհը. Լյուսիենը և իր չքնաղ դոմինոն հիշեցնում էին թռչուններով ու ծաղիկներով շրջապատված այն հրեշտակներին, որոնց Ջիովաննի Բելլինիի վրձինը պատկերել է աստվածամոր նկարի վրա. Լյուսիենը և այդ կինը պատկանում էին երևակայության աշխարհին, որը վեր է արվեստից, ինչպես պատճառը վեր է հետևանքից։

Երբ այդ կինը ինքնամոռաց անցնում էր խմբի մոտից, Բիսիուն ձայն տվեց.

— Եսթե՛ր։

Տարաբախտ կինը այդ կանչի վրա արագ շուռ եկավ, ճանաչեց նենգամիտ մարդուն և այնպես խոնարհեց գլուխը, ինչպես մահամերձը վերջին հառաչն արձակելիս։ Սուր մի քրքիջ բարձրացավ, և խումբը ցրվեց բազմության մեջ, ինչպես վախեցած դաշտամկներն են ճանապարհի եզրից փախչում իրենց բները։ Միայն Ռաստինյակը չհեռացավ, որպեսզի առիթ չտա մտածելու, թե ինքը խուսափում է Լյուսիենի փայլատակող հայացքից. նա կարողացավ հիանալ երկու էակի թեկուզ թաքուն, բայց խորունկ վշտով. նախ՝ խեղճ Տորպիլի, որն ասես շանթահար էր եղել, ապա հանելուկային դիմակի, որը խմբից միակն էր, որ մնացել էր տեղում։ Եսթերը թուլություն զգալով իր ոտքերում, ինչ-որ բան ասեց Լյուսիենի ականջին։ Լյուսիենը բռնելով նրան՝ պահեց, և միասին անհետացան։ Ռաստինյակը, մտորումների մեջ խորասուզված, հայացքով ուղեկցեց այդ գեղեցիկ զույգին։

— Որտեղի՞ց է ծագում նրա Տորպիլ մականունը,— ասաց մի մռայլ ձայն, որը ցնցեց Ռաստինյակին, որովհետև այլևս այդ ձայնը կեղծված չէր։

— Նշանակում է նա նորից է փախել…— մեկուսի ասաց Ռաստինյակը։

— Լռի՛ր, թե չէ կխեղդեմ քեզ,— պատասխանեց դիմակը` փոխելով ձայնը։— Ես գոհ եմ քեզնից, դու խոստումդ կատարեցիր, որի համար էլ կարող ես հույս դնել մեր օգնության վրա։ Այսուհետև եղիր լուռ, ինչպես շիրիմ, բայց նախքան լռելը, պատասխանիր իմ հարցին։

— Ի՞նչ ասեմ, այդ աղջիկն այնքան գրավիչ է, որ կարող էր գերել Նապոլեոն կայսրին և նույնիսկ դժվար գայթակղվող այնպիսի մի մարդու, ինչպիսին դու ես,— պատասխանեց Ռաստինյակը՝ հեռանալով։

— Սպասի՛ր,— ասաց դիմակը,— ես կապացուցեմ քեզ, որ դու ոչ մի անգամ և ոչ մի տեղ ինձ չես տեսել։

Մարդը դիմակը հանեց, Ռաստինյակը մի րոպե վարանեց, ոչինչ ընդհանուր չգտնելով այդ մարդու և այն հրեշավոր անձնավորության միջև, որի հետ մի ժամանակ ծանոթացել էր Վոքեի պանսիոնում։

— Սատանան օգնել է ձեզ փոխելու ամեն ինչ ձեր մեջ, բացի աչքերից, որոնք չեն կարող մոռացվել,— ասաց Ռաստինյակը։

Երկաթյա ձեռքը սեղմեց նրա բազուկը` հրամայելով հավիտենական լռություն պահպանել։



Գիշերվա ժամը երեքին դե Լյուպոն և Ֆինոն, շիկ հագնված, Ռաստինյակին գտան նույն տեղում, հենված այն սյանը, որի մոտ նրան թողել էր ահարկու դիմակը։ Ռաստինյակը խոստովանել էր ինքն իրեն. նա եղել էր միաժամանակ և' քահանա, և' զղջացող, և' դատավոր, և' մեղադրյալ։ Նրան ընթրիքի տարան, և տուն վերադարձավ թունդ հարբած, բայց լռակյաց։

Լանգլադ փողոցը, ինչպես և նրա հարևան փողոցներն այլանդակում են Պալե-Ռոյալը և Ռիվոլի փողոցը։ Փարիզի ամենափայլուն թաղամասերից մեկի այդ կտորը դեռ երկար ժամանակ կպահպանի այն պղծությունը, որ այնտեղ թողել են հին Փարիզի աղտեղություններից գոյացած բլրակները, որոնց վրա մի ժամանակ ալրաղացներ կային։ Այդ նեղ, խավար ու կեղտոտ փողոցները, ուր ծաղկում են ոչ այնքան մաքուր արհեստներ, գիշերները խորհրդավոր և հակասություններով լի տեսք են ընդունում։ Անցնելով Սենտ-Օնորե, Նյով-դե-Պտի-Շան և Ռիշելյո փողոցների լուսավորված վայրերից, որտեղ մշտապես բազմություն է խռնված լինում, որտեղ փայլում են արդյունաբերության, արվեստի լավագույն հրաշալիքները, գիշերային Փարիզին անծանոթ մարդը սոսկալի երկյուղով է համակվում, երբ ընկնում է այդ նրբափողոցների ցանցը, որոնք զուրկ են այն հորդառատ լույսից, որը նույնիսկ արտացոլվում է երկնքում։ Գազի լապտերների լուսե հեղեղին հաջորդում է թանձր խավարը։ Հեռվից հեռու փողոցի դժգույն մի լապտեր աղոտ ու ծխոտ լույսն է սփռում, որը չի թափանցում խավար նրբափողոցները, անցորդներ հատուկենտ են և քայլում են շտապ։ Կրպակները փակ են, իսկ եթե բաց են, ապա կասկածելի տեսք ունեն. կա'մ կեղտոտ ու վատահամբավ մութ գինետուն է, կա'մ սպիտակեղենի մի կրպակ, որ օդեկոլոն է վաճառում։ Անառողջ սառնությունը ձեր ուսին է նետում իր տամուկ վերարկուն։ Կառքերը հազվադեպ են անցուդարձ անում։ Կան չարագուշակ անկյուններ, որոնց մեջ առանձնապես աչքի են ընկում Լանգլադ փողոցը, Սեն-Գիյոմի պասաժի ծայրը և փողոցների մի քանի անկյունները։

Քաղաքային վարչությունը դեռևս ոչինչ չի կարողացել անել, որպեսզի առողջացնի այդ ահռելի բորոտանոցը, որովհետև պոռնկությունը վաղուց ի վեր այստեղ է հաստատել իր գլխավոր կայանը։ Գուցե և լավ է Փարիզի աշխարհիկ հասարակության համար, որ այդ նրբափողոցները պահպանում են իրենց նողկալի տեսքը։ Ցերեկով այդ փողոցներով անցնելիս անհնար է երևակայել, թե դրանք ինչի են վերածվում գիշերը. այնտեղ հածում են արտառոց էակներ, ասես ընկած ինչ-որ անծանոթ աշխարհից. կիսամերկ և սպիտակ ֆիգուրներ են ուրվագծվում պատերին, խավարը կենդանանում է։ Պատերի ու անցորդների միջև սողոսկում են քայլող ու շշնջացող ստվերներ։

Մի քանի կիսաբաց դռներից քրքիջ է պոռթկում։ Ականջին են դիպչում այնպիսի բառեր, որ Ռաբլեն կհամարեր սառած, մինչդեռ նրանք հալչում են։ Նրանց արձագանքում են սալահատակի քարերը։ Շփոթ աղմուկ չէ դա, այլ ինչ-որ բան է նշանակում։ Եթե աղմուկը խռպոտ է, կնշանակի ձայն է, իսկ եթե երգ է, ապա նրա մեջ մարդկային ոչինչ չկա և մոտ է սուլոցին։ Հաճախ շվոցներ են լսվում։ Վերջապես, կոշիկների կրունկների դոփյունի մեջ անգամ գրգռիչ ու ծաղրական ինչ-որ բան կա։ Այդ բոլորը միասին գլխապտույտ են առաջացնում։ Մթնոլորտային պայմաններն այստեղ այլ են. Ձմռանը տաք է, ամռանը՝ ցուրտ։ Բայց ինչ եղանակ էլ լինի, այդ տարօրինակ վայրը մշտապես ներկայացնում է միևնույն տեսարանը՝ Բեռլինցի Հոֆմանի ֆանտաստիկ աշխարհը։ Նույնիսկ ամենաբծախնդիր, հաշվենկատ մարդն այնտեղ իրական ոչինչ չի գտնում, երբ հեռանալով այդ նեղ անցքերից, նորից հայտնվում է վայելուչ փողոցներում, որտեղ անցորդներ, կրպակներ և լապտերներ կան։ Վարչությունը և ժամանակակից քաղաքականությունը, լինելով ավելի մեծամիտ կամ ավելի ամոթխած, քան անցյալ ժամանակների թագուհիներն ու թագավորները, որոնք չէին վախենում զբաղվել կուրտիզանուհիներով, չեն համարձակվում բացեիբաց զբաղվել մայրաքաղաքների այդ խոցով։ Իհարկե, ներգործության միջոցները ժամանակի հետ փոփոխվում են, և զգուշությամբ պետք է կիրառել անհատին ու նրա ազատությանը վերաբերող միջոցառումները. բայց, թերևս, հարկավոր կլիներ լայնախոհություն ու համարձակություն ցուցաբերել զուտ նյութական պայմանների՝ լույսի, օդի, բնակարանի հարցում։

Բարոյագետը, արվեստագետը և իմաստուն ադմինիստրատորը պիտի ափսոսան Պալե-Ռոյալի հնամենի Փայտյա գալերեաները, ուր խմբվում էին այս ոչխարները, և հիմա հայտնվում են այնտեղ, ուր զբոսնողներ կան, իսկ արդյոք լավ չէ՞ր լինի, եթե զբոսնողները գնային այնտեղ, ուր ոչխարներն են գտնվում։ Ի՞նչ է պատահել։ Հիմա ամենափայլուն բուլվարները, կախարդական այդ զբոսավայրերը, երեկոներին կարծես արգելված են ընտանիքավորների համար։ Հանրային զբոսավայրերը փրկելու համար ոստիկանությունը չկարողացավ օգտագործել այն հնարավորությունները, որ ունեն որոշ պասաժներ։

Օպերայի պարահանդեսում մի բառով գետնահարված աղջիկը, մեկ թե երկու ամիս էր, ինչ բնակվում էր Լանգլադ փողոցում, նողկալի արտաքինով մի տան մեջ։ Ահագին մի շենքի պատին կպած, վատ սվաղված այդ տունը, որ շատ նեղ էր, խիստ բարձր և փողոցին նայող պատուհաններով, ավելի շատ թութակի թառի էր նման։ Նրա յուրաքանչյուր հարկում կային երկու սենյակից բաղկացած բնակարաններ։ Տունն ուներ մի նեղ սանդուղք, որը կպած էր հենց պատին և տարօրինակ ձևով լույս էր ստանում լուսամուտների բացվածքներից, որոնց միջով դրսից երևում էին սանդուղքի աստիճանները։ Ամեն մի հարթակի վրա դրված էր կեղտաջրի տաշտ, մի բան, որ Փարիզի գարշելի առանձնահատկություններից մեկն է հանդիսանում։

Կրպակն ու երկրորդ հարկն այդ ժամանակ պատկանում էին մի թիթեղագործի. տանտերն ապրում էր առաջին հարկում, մնացած չորս հարկերն զբաղեցնում էին շատ համեստ գրիզետուհիներ, որոնք արժանացել էին տանտիրոջ և դռնապանուհու հարգանքին ու բարեհաճությանը սոսկ այն պատճառով, որ դժվար էր վարձով տալ այդպես յուրահատուկ կառուցված և վատ տեղադրված մի տուն։ Այդ թաղամասի նշանակությունը բացատրվում է այդ տան նման բավական մեծ քանակությամբ տների գոյությամբ, որոնք պիտանի չեն առևտրի համար և օգտագործվում են ապօրինի, անկայուն կամ անազնիվ արհեստներով զբաղվող մարդկանց կողմից։

Դռնապանուհին տեսել էր, թե ինչպես գիշերվա ժամը երկուսին օրիորդ Եսթերին կիսամեռ վիճակում տուն էր բերել մի երիտասարդ, և ցերեկվա ժամը երեքին խորհրդակցում էր մի գրիզետուհու հետ, որը պատրաստվում էր ինչ-որ տեղ գնալ զվարճանալու և կառք նստելուց առաջ անհանգստությունն էր հայտնել Եսթերի համար, որովհետև կենդանության նշան ցույց տվող ոչ մի ձայն չէր լսել նրա սենյակից։

Եսթերը հավանաբար դեռ քնած էր, բայց այդ քունը կասկածելի էր թվում։ Դռնապանուհին, մենակ լինելով իր խցում, ցավում էր, որ չի կարող գնալ տեղեկանալու, թե ինչ է կատարվում չորրորդ հարկում, որտեղ գտնվում էր օրիորդ Եսթերի բնակարանը։ Այն պահին, երբ նա որոշում էր թիթեղագործի որդուն վստահել ներքնահարկում պատի մեջ սարքված, խորշի նմանվող իր խուցի հսկողությունը, մուտքի դռանը մի կառք կանգ առավ։

Ոտքից մինչև գլուխ թիկնոցի մեջ փաթաթված մի մարդ, որն ամեն կերպ ջանում էր թաքցնել զգեստն ու ինքնությունը, դուրս գալով կառքից՝ օրիորդ Եսթերին հարցրեց։ Այդ ժամանակ դռնապանուհին հանգիստ շունչ քաշեց. մենակյացուհու սենյակի լռությունը և հանդարտությունը նրան լիովին հասկանալի դարձան։ Երբ այցելուն սանդուղքով բարձրանում էր հենց դռնապանուհու խցիկի վերևում գտնվող աստիճաններից, վերջինս նկատեց անծանոթի կոշիկները գարդարող արծաթյա ճարմանդները։ Դռնապանուհուն թվաց, թե նշմարում է նաև պարեգոտի սև ծոպերը. նա դուրս եկավ և հարցուփորձ արեց կառապանին, որի էությունը պատասխա¬նից ավելի պերճախոս էր։ Քահանան բախեց դուռը, ոչ մի պատասխան չստացավ. նրա ականջին հասան մեղմ տնքոց¬ներ, և նա դուռը հրեց այնպիսի ուժով, որը հավանորեն գթասիրության արդյունք էր, թեև մի ուրիշի մոտ դա կարելի էր բնավորության գիծ համարել։ Նա նետվեց երկրորդ սենյակը և ներկված գիպսից պատրաստված կույսի արձանիկի առաջ տեսավ Եսթերին՝ ծնկաչոք կամ ավելի ճիշտ՝ գետնահար, ձեռքերը ծալած։ Գրիզետուհին մահանում էր։ Կրակարանի փայտածուխի մարող կրակը անխոս վկան էր այդ ահավոր լուսաբացի պատմության։ Դոմինոյի կնգուղն ու կրկնոցը ընկած էին հատակին։ Անկողինը չէր խաթարված։ Խեղճ արարածը, սրտում մահացու վերք, անշուշտ ամեն ինչ նախապատրաստել էր Օպերայից վերադառնալուց հետո։ Մոմակալի վրա, մոմի հալոցքի միջից դուրս ցցված պատրույգը վկայում էր, թե Եսթերը որքան է խորասուզված եղել վերջին խորհրդածությունների մեջ։ Արցունքով թրջված թաշկինակն ապացուցում էր այդ Մագդաղինեի հուսահատության անկեղծությունը՝ պիղծ կուրտիզանուհու դասական դիրքում։ Այդ կատարյալ զղջումը շարժեց քահանայի ժպիտը։ Կյանքին վերջ դնելու մեջ անփորձ Եսթերը բաց էր թողել դուռը, առանց հաշվի առնելու, որ մեծ քանակությամբ ածուխ էր պետք, որպեսզի երկու սենյակների օդը հեղձուցիչ դառնար։ Ածխահոտը թմրեցրել էր նրան, սանդուղքի կողմից ներս խուժող թարմ օդն աստիճանաբար նրան զգացնել էր տալիս իր տառապանքները։ Քահանան, խորասուզված մռայլ խորհրդածությունների մեջ, այդ աղջկա աստվածային գեղեցկության հանդեպ անտարբեր, ասես իր առջև անասուն լիներ ընկած, կանգնած դիտում էր, նկատելով, թե ինչպես աստիճանաբար աղջիկը ուշքի էր գալիս։ Անծանոթի աչքերն ակներև անտարբերությամբ սահում էին գետին փռված մարմնից դեպի շրջապատի առարկաները։

Նա դիտեց այդ սենյակի կահավորումը, կարմիր սալերով պատած, փայլեցրած սառը հատակը, որ հազիվ էր ծածկված խղճուկ, մաշված գորգով։ Ներկված փայտից հնաձև մի անկողնակալ՝ ծածկված կարմիր, վարդաձև նախշեր ունեցող դեղին մոմլաթե վարագույրով։ Լոկ մի բազկաթոռ և երկու աթոռ, նույնպես ներկված փայտից և ծածկված նույն մոմլաթով, որն օգտագործված էր նաև լուսամուտների վարագուրման համար. ժամանակի ընթացքում կեղտից սևացած մոխրագույն ֆոնով ու մանր ծաղիկներով պաստառներ, կարմիր փայտից մի աշխատասեղան, բուխարի՝ վրան դարսված խոհանոցային ամենացածր որակի պարագաներ, երկու ոչ լրիվ խուրձ փայտ լուսամուտի քարե գոգում՝ մկրատների ու զարդերի հետ խառը թափված ապակյա պաճուճանքներ, կեղտոտ մի բարձիկ՝ գնդասեղների համար, անուշահոտություն բուրող սպիտակ ձեռնոցներ, սքանչելի մի գլխարկ՝ նետված ջրով լի դույլի վրա, մի Տեռնո շալ՝ լուսամուտում խցկված, վայելչագեղ մի շրջազգեստ` մեխից կախված, կարծր, առանց բարձերի փոքրիկ մի օթոց, մաշված, անորակ մույկեր և գողտրիկ ոտնամաններ, թագուհիների նախանձը շարժող բոտիններ, եզրերը թափված, սովորական ճենապակյա ափսեներ, որոնց մեջ դեռ մնում էին ճաշի մնացորդները, մելքիորից, փարիզյան չքավորների այդ արծաթ սպասները, կարտոֆիլով ու կեղտոտ սպիտակեղենով լի մի զամբյուղ, որի երեսին բոլորովին մաքուր շղարշե գլխանոց էր գցված, էժանագին հայելիով մի պահարան` բաց ու դատարկ, որի դարակներում թափթփված էին գրավատան անդորրագրեր։ Այդպիսին էր աչքի զարնող այդ մռայլ ու զվարթ, խղճուկ ու փարթամ իրերի ամբողջական պատկերը։

Խեցիների հետ խառը պերճանքի այդ հետքերը, աղջկա գնչուական կյանքին այնքան համապատասխան այդ տնտեսությունը, իր անկարգ սպիտակեղենի մեջ գետնահար այդ աղջիկը՝ ասես լծասարքը վզին, սանձափոկերով խճճված, կոտրված քեղու տակ անշունչ ընկած մի ձի էր։ Այդ տարօրինակ տեսարանր մի՞թե չէր հարկադրում քահանային մտորումների մեջ ընկնել։ Մի՞թե դա չէր վկայում, որ այդ մոլորված արարածը պետք է անշահախնդիր եղած լիներ, քանի որ, կապված լինելով հարուստ երիտասարդի հետ, համակերպվել էր այդ աղքատությանը։ Կահավորանքի այդ անկարգությունն արդյո՞ք նա կենցաղի անկարգությանն էր վերագրում։ Կարեկցանք ու սարսա՞փ էր զգում նա արդյոք, շարժվո՞ւմ էր արդյոք նրա գութը։ Ով էլ որ նրան տեսներ բազուկները կրծքին խաչաձևած, դեմքը մտատանջ, շրթունքները սեղմված, հայացքը դաժան, պիտի մտածեր, որ այդ մարդը համակված է մթին, չար զգացումներով, հակասական խորհրդածություններով, չարագուշակ ծրագրերով։ Նա, իհարկե, անտարբեր էր այդ աղջկա սքանչելի կրծքի հանդեպ, որը գրեթե ճզմված էր կորացած մարմնի ծանրության տակ, և Պպզած Վեներայի նրա սքանչելի ձևերի հանդեպ, որոնք որոշակի գծագրվում էին սև շրջազգեստի տակից, որովհետև մահամերձը ամբողջապես կծկվել էր։ Ո՛չ խոնարհված գլուխր, որ հետևից ցույց էր տալիս սպիտակ, քնքուշ ու ճկուն պարանոցը, ո'չ բնության կերտած ու զարգացրած ուսերը, ո՛չ մի բան չէր հուզում անծանոթին։ Եսթերին նա վեր չէր բարձրացնում, կարծես չէր լսում նրա սրտամաշ հառաչանքները, որոնք նշան էին կյանքի վերադարձի։ Սակայն, երբ աղջիկը հեկեկաց և սարսափահար մի հայացք նետեց, միայն այն ժամանակ անծանոթը բարեհաճեց բարձրացնել և տանել նրան անկողին, և այդ կատարվեց այնպիսի թեթևությամբ, որը վկայում էր նրա ահռելի ուժը։

— Լյուսիե՜ն,— մրմնջաց աղջիկը։

— Սերը վերակենդանանում է, ուրեմն կինն էլ կվերակեն¬դանանա,— ասաց քահանան մի տեսակ դառնությամբ։

Փարիզյան անառակության զոհն այդ ժամանակ տեսավ իր ազատարարի զգեստը և, այն երեխայի նման, որ գտնում է ըղձալի խաղալիքը, ժպտաց, ասելով.

— Ուրեմն, ես պիտի չմեռնեմ, մինչև չհաշտվեմ երկնքի հետ։

— Դուք կարող եք քավել ձեր մեղքերը,— ասաց քահանան, ջրով թրջելով աղջկա ճակատը, մի անկյունում գտնված քացախի սրվակից նրան շնչել տալով։

— Ես զգում եմ, որ կյանքն ինձ լքելու փոխարեն, հորդում է իմ մեջ,— ասաց Եսթերը, քահանայի խնամքին արժանանալուց հետո երախտագիտությունն արտահայտելով անկեղծ ժպիտով։

Այդ գրավիչ մնջախաղը, որ Գրացիաները գործադրում էին հրապուրելու համար, լիովրն արդարացրեց այդ տարօրինակ աղջկա մականունը։

— Այժմ դուք ձեզ ավելի լավ եք զգում, այնպես չէ՞,— հարցրեց եկեղեցականը` մի բաժակ շաքարաջուր տալով։

Թվում էր, թե այդ մարդը ծանոթ է գրիզետուհիների կյանքին. նա ամեն ինչ գիտեր։ Նա այնտեղ վարվում էր այնպես, ինչպես իր տանը։ Ամենուրեք իրեն իր տանը զգալու այդ շնորհքը հատուկ է միայն թագավորներին, թեթևաբարո աղջիկներին ու գողերին։

— Երբ ձեզ բոլորովին լավ զգաք,— հարեց այդ տարօրինակ քահանան՝ կարճատև լռությունից հետո,— դուք ինձ կասեք, թե ինչ պատճառներ են ստիպել ձեզ դիմելու այդ նոր ոճրին` ինքնասպանության փորձին։

— Իմ պատմությունը շատ պարզ է, հայր իմ,— պատասխանեց աղջիկը։— Երեք ամիս առաջ ես ապրում էի անառակության մեջ, որն ինձ բաժին է ընկել իմ ծնվելու օրից։ Ես ամենահետին արարածն էի, ամենաստորը, հիմա ես բոլորից ամենադժբախտն եմ։ Թույլ տվեք ինձ ձեզ ոչինչ չպատմել իմ խեղճ մոր մասին, որին սպանեց…

— Մի կապիտան, վատահամբավ մի տան մեջ,— ասաց քահանան` ընդհատելով իր ապաշխարողուհուն...— Ինձ հայտնի է ձեր ծագումը, և համոզված եմ, որ եթե ձեր սեռին պատկանող մեկը կարող է թողություն ստանալ ամոթալի կյանքի համար, ապա այդ դո'ւք եք, քանի որ լավ օրինակներ չեք ունեցել։

— Ավա՜ղ, ես չեմ մկրտվել, և ոչ մի կրոն ինձ չեն ուսուցանել։

— Նշանակում է, տակավին ամեն ինչ դարմանելի է,— շարունակեց քահանան,— միայն թե ձեր հավատքը, ձեր զղջումը լինեն անկեղծ և առանց հետին մտքերի։

— Իմ սրտում միայն Լյուսիենն է և Աստված,— ասաց Եսթերը հուզիչ միամտությամբ։

— Դուք կարող էիք ասել Աստված ու Լյուսիենը,— պատասխանեց քահանան ժպտալով։— Դուք ինձ հիշեցնում եք իմ այցելության նպատակը։ Այդ երիտասարդի վերաբերմամբ ինձնից ոչինչ մի թաքցրեք։

— Այդ նա՞ է ուղարկել ձեզ,— հարցրեց աղջիկն այնպիսի սիրատարփ արտահայտությամբ, որը կարող էր հուզել որևէ այլ քահանայի։— Օ՜, նա կանխազգացել է դժբախտությունը։

— Ո'չ,— պատասխանեց քահանան,— ոչ թե ձեր մահով, այլ ձեր կյանքով են մտահոգված։ Դե', պատմեցեք ձեր հա¬րաբերությունների մասին։

— Կարճ ասած…— սկսեց աղջիկը։

Եկեղեցականի կտրուկ տոնից դողում էր խեղճ աղջիկը, բայց նա մի կին էր, որին վաղուց չէր զարմացնում կոպտությունը։

— Լյուսիենը Լյուսիենն է,— շարունակեց աղջիկը,— գեղեցկագույն երիտասարդը և լավագույնը բոլոր մահկանացուներից, բայց եթե դուք նրան ճանաչում եք, իմ սերը պետք է ձեզ միանգամայն բնական թվա։ Ես նրան հանդիպեցի պատահաբար, սրանից մի երեք ամիս առաջ, Պորտ-Սեն-Մարտեն թատրոնում, ուր ես գնացել էի իմ ազատ օրը, որովհետև շաբաթվա մեջ մի ազատ օր ունեինք տիկին Մեյնարդիի հաստատության մեջ, որտեղ ես ապրում էի։ Հաջորդ օրը, դուք հասկանում եք, ես դուրս եկա առանց թույլտվության։ Սերը թափանցել էր իմ սիրտը և ինձ այնպես էր կերպարանափոխել, որ թատրոնից վերադառնալուց հետո ինքս ինձ չէի ճանաչում։ Ես գարշում էի ինձնից, Լյուսիենին այդ բոլորը հայտնի չէր։ Փոխանակ նրան ասելու ամբողջ ճշմարտությունը, ես նրան տվի այս բնակարանի հասցեն, ուր այն ժամանակ ապրում էր իմ բարեկամուհիներից մեկը, որը բարեհաճությամբ այն ինձ զիջեց։ Ես երդվում եմ ձեզ սրբությամբ...

— Երբե՛ք չպետք է երդվել։

— Մի՞թե երդում է, երբ ասում են սրբությամբ։ Ուրեմն այդպես, այդ օրվանից սկսած ես խելագարի նման աշխատել եմ այս սենյակում, քսանութ սուով շապիկներ եմ կարել, որպեսզի ապրեմ ազնիվ աշխատանքով։ Մի ամբողջ ամիս ես միայն կարտոֆիլ եմ կերել, որպեսզի մնամ ողջամիտ և արժանի լինեմ Լյուսիենին, որն ինձ սիրում և հարգում է, ինչպես ամենաառաքինի աղջկան։ Ես համապատասխան հայտարարություն ներկայացրի ոստիկանությանը՝ իմ իրավունքները վերականգնելու վերաբերյալ և հիմա երկու տարով գտնվում եմ վերահսկողության տակ։ Նույն այդ ոստիկանությունը, որ այդքան հեշտությամբ մարդկանց արձանագրում է պատվազրկության ցուցակում, խիստ դժվարահաճ է դառնում, հենց որ հարկ է լինում չնշել անունը ցուցակից։ Ես երկնքից խնդրում էի, որ օգնի ինձ իմ վճիռն ի կատար ածելու։ Ապրիլին ես տասնինը տարեկան կդառնամ. այդ տարիքում դեռ կարելի է հույսեր ունենալ։ Ինձ թվում է, որ երեք ամիս է, ինչ ծնվել եմ... Ես ամեն առավոտ աղոթում էի բարի Աստծուն և խնդրում նրանից, որ նա այնպես անի, որպեսզի Լյուսիենը չիմանա իմ անցած կյանքի մասին։ Ես գնեցի սուրբ կույսի այս արձանիկը, որ տեսնում եք, ես նրան աղոթում էի իմ ձևով, որովհետև ոչ մի աղոթք չգիտեմ. ես չգիտեմ ո'չ կարդալ, ո'չ գրել. երբեք ոչ մի եկեղեցի չեմ մտել. ես Աստծուն տեսել եմ միայն թափորների ժամանակ, այն էլ հետաքրքրությունից մղված։

— Իսկ ի՞նչ եք ասում կույսին։

— Ես նրա հետ խոսում եմ այնպես, ինչպես Լյուսիենի հետ, հոգու զեղումով, որից Լյուսիենն արտասվում է։

— Ահ, նա լալի՞ս է։

— Ուրախությունից,— ասաց աղջիկն աշխուժորեն։— Խե՜ղճ տղա, մենք իրար այնպես լավ ենք հասկանում, ասես երկուսիս հոգին մեկ է։ Նա այնքան ազնիվ է, այնքան քնքուշ, այնքան քաղցր իր սրտով, իր մտքով ու շարժուձևով... Նա ասում է, որ ինքը պոետ է, ես ասում եմ, որ նա աստված է... Ներողություն, բայց դուք՝ քահանաներդ, դո՛ւք՝ չգիտեք, թե ինչ է սերը։ Բացի այդ, միայն մենք՝ տղամարդկանց բավականին ճանաչող կանայքս, կարող ենք գնահատել Լյուսիենի նման մարդուն։ Լյուսիենի նման մարդը, հավատացեք ինձ, նույնքան հազվագյուտ է, ինչքան չմեղանչած կինը. երբ հանդիպում ես նրան, միայն նրան ես սիրում։ Բայց նման էակի պետք է իր նման ընկերուհի։ Ես ուզում էի արժանի լինել իմ Լյուսիենի սիրույն։ Այդտեղից է բխում իմ դժբախտությունը։ Երեկ, Օպերայում, ես հանդիպեցի երիտասարդ տղամարդ¬կանց, որոնք այնքան կարեկցոտ են, որքան վագրը՝ գթասիրտ, ավելին, դեռ վագրի հետ ես կարող էի լեզու գտնել։ Անմեղության քողը, որ ես կրում էի, ընկավ, նրանց քրքիջը խոցեց իմ սիրտն ու հոգին։ Մի կարծեք, որ ինձ փրկել եք. ես վշտից կմեռնեմ։

— Ձեր անմեղության քո՞ղը...— ասաց քահանան։— Ուրեմն, դուք Լյուսիենի վերաբերմամբ եղել եք չափազանց խիստ...

— Օ՜, հայր իմ, դուք, որ նրան ճանաչում եք, ինչպե'ս եք նման հարց տալիս ինձ,— պատասխանեց Եսթերը` հպարտությամբ ժպտալով։— Աստծուն չեն հակառակում։

— Մի՛ սրբապղծեք,— ասաց եկեղեցականը մեղմ ձայնով։ — Ոչ ոք չի կարող նմանվել Աստծուն. ճշմարիտ սիրո համար հակակրելի է չափազանցությունը. ձեր պաշտամունքի առարկայի նկատմամբ անարատ ու ճշմարիտ սեր չեք տածել։ Եթե ձեր մեջ վերափոխություն լիներ, որով պարծենում եք, դուք ձեռք կբերեիք այն առաքինությունները, որ պատանեկության արժանիքն են հանդիսանում. դուք կճանաչեիք ողջախոհության բերկրությունը, անարատության հմայքը, որ դեռատի աղջկա փառքն են կազմում։ Ո՛չ, դուք չեք սիրում։

Եսթերը սոսկումի մի շարժում կատարեց, որը քահանան նկատեց, բայց չխախտեց խոստովանահոր սառնասրտությունը։

— Այո', դուք նրան սիրում եք հանուն ձեզ, ոչ թե հանուն նրա. դուք սիրում եք հանուն անցողիկ հաճույքների, որոնք հրապուրում են ձեզ, և ոչ թե հանուն սիրո։ Եթե այդ մտադրությամբ եք տիրացել նրան, ապա դուք չեք զգացել այն սրբազան սարսուռը, որ ներշնչում է մի էակ, որի վրա Աստված գրել է ամենապաշտելի կատարելությունների դրոշմը. մտածե՞լ եք արդյոք, որ դուք անպատվում եք նրան ձեր արատավոր անցյալով, որ այլասերելու եք մի երեխայի ձեր հրեշավոր վայելքներով, որոնք ձեզ արժանացրել են մի մականվան, որը հռչակված է անառակությամբ։ Դուք հետևողական չեք եղել ինքներդ ձեր նկատմամբ և ձեր անցողիկ կիրքը…

— Անցողի՜կ,— կրկնեց աղջիկը` բարձրացնելով աչքերը։

— Ուրիշ ի՞նչ անունով կոչել այն սերը, որ հավիտենական չէ, որը մեզ չի միացնում սիրածի հետ նաև հանդերձյալ աշխարհում։

— Ա՜հ, ես ուզում եմ կաթոլիկուհի լինել,— ճչաց Եսթերը, այնպիսի ընկճված, բայց ուժգին տոնով, որ եթե Փրկիչը լսեր նրան, թողություն կշնորհեր։

— Հնարավո՞ր է միթե, որ մի աղջիկ, որը ո'չ եկեղեցու, ո'չ էլ գիտության մկրտությունն է ստացել, որը չի սովորել ո'չ կարդալ, ո'չ գրել, ո'չ աղոթել, որին մի քայլ անելիս սալահատակի քարերն են բարձրանում մեղադրելու համար, որն աչքի է ընկնում լոկ անցողիկ գեղեցկությամբ, որը գուցե վաղը հիվանդությունը խլի, հնարավո՞ր է միթե, որ այդ ընկած, ապականված արարածը, որը գիտե իր փչացածության մասին (եթե անտեղյակ լինեիք և չսիրեիք այդպես բուռն, ավելի շուտ ներման կարժանանայիք), հնարավո՞ր է միթե, որ ինքնասպանության և դժոխքի այդ ապագա զոհը դառնա Լյուսիեն դը Ռյուբամպրեի կինը։

Ամեն մի նախադասություն դաշույնի մի հարված էր, որ մխրճվում էր Եսթերի սրտի խորքը։ Հուսահատության մատնված աղջկա հեկեկանքները, որ ավելանում էին ամեն մի խոսքի հետ, նրա հորդառատ արտասուքները վկայում էին, թե լույսն ինչպիսի ուժով էր թափանցում վայրենու գիտակցության նման անարատ նրա մտքում, նրա արթնացող հոգում, նրա ամբողջ էության մեջ, որի վրա անառակությունը կեղտոտ սառույցի շերտ էր կապել, մի սառույց, որ այժմ հալչում էր հավատքի արևից։

— «Ինչո՞ւ ես մեռած չեմ»,— նրա ուղեղը ծվատող մտքերի հորձանուտում նա կորցրել էր իրեն և միայն այդքան էր կարողանում արտահայտել։

— Աղջի'կս,— ասաց ահարկու դատավորը,— կա մի սեր, որ չեն խոստովանում մարդկանց, բայց դրա խոստովանությունը հրեշտակները երջանկության ժպիտով են ընդունում։

— Ո՞րն է այդ։

— Անհույս սերը, որ կյանք է ներշնչում, մղում է անձնվիրության, ազնվացնում ամեն մի արարք՝ իդեալական կատարելության հասնելու նպատակով։ Այո', հրեշտակները հավանություն են տալիս այդ սիրույն, նա տանում է դեպի Աստծո ճանաչողությունը։ Անդադար կատարելագործվել՝ արժանի լինելու համար նրա'ն, որին սիրում են, հազարավոր թաքուն զոհաբերություններ կատարել նրա համար, պաշտել նրան հեռվից, տալ իր արյունը կաթիլ առ կաթիլ, նրան զոհաբերել ինքնասիրությունը, նրա հանդեպ չունենալ ո'չ հպարտության և ո՛չ էլ բարկության զգացմունք, նրանից ամեն ինչ թաքցնել, մինչև անգամ դաժան խանդը, որ սերն է վառում մեր սրտում, նրան տալ այն, ինչ նա փափագում է, թեկուզ ի վնաս մեզ, սիրել այն, ինչ նա է սիրում, հայացքը մշտա¬պես հառել նրան, հետևել նրան՝ առանց նրա գիտությանը. այդպիսի մի սեր կրոնը ձեզ կներեր, այդ սերը չէր մեղանչի ո՛չ աստվածային և ո՛չ էլ մարդկային օրենքների առաջ, և կառաջնորդեր մի այլ ուղիով, և ոչ թե ձեր աղտոտ հեշտասիրությունների ճանապարհով։

Լսելով այդ զարհուրելի դատավճիռը, որն արտահայտված էր մի խոսքով (և ինչպիսի՜ խոսքով, և ինչպիսի՜ շեշտով էր այն արտահայտված), Եսթերը համակվեց միանգամայն օրինական անվստահությամբ։ Այդ խոսքը նման էր շանթի հարվածի, որին անմիջապես հետևում է ամպրոպի վերահաս պայթյունը։ Նա նայեց այդ քահանային, և նրա սիրտը պատեց այնպիսի սարսուռ, որը համակում է ամենասրտոտներին անգամ, երբ նրանք գտնվում են մոտալուտ և անակնկալ վտանգի դիմաց։ Այդ պահին այդ մարդու արտահայտությունից ոչ ոք չէր կարող կռահել այն, ինչ տեղի էր ունենում նրա հոգում, և առավել անվեհեր մարդիկ ավելի շուտ կսարսռեին, քան որևէ հույս կտածեին, տեսնելով նրա երբեմնի վառ դեղին աչքերը, վագրային աչքերը, որոնք կյանքի դաժանությունից և այլ զրկանքներից ասես հիմա թեթևորեն շղարշված էին, ինչպես ամառվա կեսերին թեթև մշուշն է պարուրում երկնակամարը. այդ ժամանակ երկիրը գաղջ է ու լուսավոր, բայց թեթև մշուշը նրան դարձնում է տարտամ, գոլորշու նման թափանցիկ, նա գրեթե անտեսանելի է։ Զուտ իսպանական լրջություն, խոր կնճիռներ, որոնք ավելի գարշելի էին` պատառոտված անվահետքերի նմանող և սոսկալի ծաղկատարությունից առաջացած սպիների պատճառով։ Նրա դեմքի դաժանությունն է՛լ ավելի էր ընդգծում իր անձի նկատմամբ անհոգ քահանայի չոր կեղծամը, լերկ, սևակարմիր կեղծամը։ Ըմբիշի նրա իրանը, հին զինվորի նրա ձեռքերը, նրա թիկնեղությունը, հուժկու ուսերը հիշեցնում էին այն արձանասյուները, որ միջին դարի ճարտարապետները դրել են իտալական մի քանի պալատներում, և որոնց անկատար նմանությանը մենք հանդիպում ենք Պորտ-Սեն-Մարտենի ֆասադում։ Նվազ սրաթափանց մարդիկ պիտի մտածեին, որ բուռն կրքերը կամ անսովոր պատահարներն էին այդ մար¬դուն նետել եկեղեցու գիրկը։ Արդարև, միայն ամենաշշմեցուցիչ շանթի հարվածները կարող էին նրան փոխակերպել, եթե, ընդհանրապես, նման բնավորությունն ընդունակ լիներ փոխակերպվելու։

Կանայք, որոնք այնպիսի մի կյանք են վարել, որից Եսթերն արդեն վճռականորեն հրաժարվել էր, ի վերջո լիակատար անտարբերություն են ցուցաբերում տղամարդկանց արտաքինի նկատմամբ։ Այդպիսի կանայք նման են ժամանակակից գրական քննադատին, որը մի քանի նկատառումներով կարող է նրանց հետ համեմատվել, քանի որ սա էլ լիակատար անտարբերություն է ցուցաբերում արվեստի կանոններին։ Նա այնքան երկեր է կարդացել, այնքան երկեր են անցնում նրա ձեռքից, այնքան է վարժված գրոտված էջերին, այնքան հանգուցալուծումներ է վերապրել, տեսել այնքան դրամաներ, այնքան հոդվածներ է գրել, առանց մտածածն արտահայտելու, այնքան հաճախ է դավաճանել արվեստի շահերին՝ ի հաճույս բարեկամության կամ թշնամության, որ սկսում է ամեն ինչից զզվել, բայց, այնուամենայնիվ, շարունակում է դատել։ Այդպիսի գրողը միայն հրաշքով կարող է լիարժեք երկ ստեղծել, ինչպես կուրտիզանուհու սրտում ազնիվ ու մաքուր սեր փթթելու համար հրաշք է հարկավոր։

Սուրբարանի նկարներից ցած իջած այդ քահանայի շարժուձևերն այնքան թշնամական թվացին արտաքինին նշանակություն չտվող խեղճ աղջկան, որ զգաց, թե իր վրա նայում են ոչ թե որպես հոգածության կարոտ մի անձի, այլ ավելի շուտ որպես նյութվող ինչ-որ ծրագրի համար անհրաժեշտ գործիքի։ Ի վիճակի չլինելով զանազանել անձնական շահագրգռության նենգությունը գթասրտության շնորհից, որովհետև պետք է զգույշ լինել բարեկամի տված կեղծ դրամը ճանաչելու համար, նա իրեն զգաց գիշատիչ, վայրագ մի թռչունի մագիլներում, թռչուն, որ երկարատև պտույտներից հետո նրա վրա էր նետվում, և, ահավոր սոսկումի մեջ, տագնապալի ձայնով Եսթերն ասաց.

— Ես կարծում էի, թե քահանաները կոչված են մեզ մխիթարելու, մինչդեռ դուք սպանում եք ինձ։

Անմեղության այդ ճիչը լսելով, եկեղեցականը մի շարժում արեց և լռեց. նա ամփոփեց մտքերը, նախքան պատասխանելը։ Մի րոպեում, այդքան տարօրինակորեն իրար հանդիպած երկու անձերը գաղտնաբար զննեցին միմյանց։ Քահանան հասկացավ աղջկան, մինչդեռ աղջիկը չհասկացավ քահանային։ Նա անշուշտ հրաժարվեց ինչ-որ ծրագրից, որը սպառնում էր խեղճ Եսթերին, և վերադարձավ նախկին վճռին։

— Մենք հոգու բժիշկ ենք,— ասաց նա մեղմ ձայնով,— և գիտենք, թե ինչպիսի դարման է պետք հոգու հիվանդության համար։

— Շատ բան պետք է ներել դժբախտներին,— ասաց Եսթերը։ Նա կարծեց, որ սխալված է և, անկողնից դուրս սահելով, ծնկաչոք ընկավ այդ մարդու ոտքերի առաջ, անհուն հեզությամբ համբուրեց նրա պարեգոտի քղանցքները և նրան ուղղեց արտասվաթոր աչքերը։

— Ես կարծում էի, թե արդեն շատ բանի եմ հասել,— ասաց նա։

— Լսեցե՛ք, զավակս, ձեր կործանարար համբավը սգի մեջ է գցել Լյուսիենի հարազատներին. նրանք վախենում են, իսկ դրա համար հիմքեր կան, որ դուք նրան քարշ կտաք զեխության մեջ, խենթությունների վիհը...

— Դա ճիշտ է, այդ ե'ս նրան տարա պարահանդես, որպեսզի շարժեմ նրա հետաքրքրությունը։

— Դուք բավականին գեղեցիկ եք, որպեսզի նա ցանկանա ձեզնով փայլել աշխարհիկ հասարակության աչքում, որպեսզի հպարտությամբ ձեզ ցույց տա, ինչպես շքերթի մի նժույգի։ Եթե նա իր դրա՜մը միայն մսխեր... Բայց նա վատնելու է իր ժամանակը, իր ուժը. նա կսառի այն գեղեցիկ ապագայի նկատմամբ, որ ուզում են ստեղծել նրա համար։ Փոխանակ օրերից մի օր դառնալու դեսպան, հարուստ, հիացմունքի արժանի, հռչակավոր մարդ, նա կլինի ընկած մի կնոջ սիրեկան, ցոփ ու շռայլ ապրող այն մարդկանց նման, որոնք իրենց տաղանդը խեղդում են Փարիզի տիղմի մեջ։ Իսկ դուք, ժամանակավորապես բարձրանալով ամենավերին ոլորտները, վաղ թե ուշ կվերադառնաք ձեր նախկին կյանքին, որովհետև ձեր մեջ չկա այն կայունությունը, որը ձեռք է բերվում լավ կրթությամբ, որպեսզի դիմադրեք ախտամոլությանը և մտածեք ապագայի մասին։ Դուք ձեր հարաբերությունը չեք խզի բարեկամուհիների հետ, ինչպես չեք խզել այն մարդկանց հետ, որոնք այս գիշեր խայտառակեցին ձեզ Օպերայում։ Լյուսիենի իսկական բարեկամները, նրան ներշնչած ձեր սի¬րուց տագնապած, հետևել են նրան և ամեն ինչ իմացել։ Սարսափահար, նրանք ինձ ուղարկել են ձեզ մոտ՝ իմանալու ձեր մտաղրությունները և վճռելու ձեր բախտը. թեև նրանք բավականին ուժեղ են, որպեսզի խոչընդոտներից մաքրեն այդ երիտասարդի ճանապարհը, բայց և այնպես զուրկ չեն գթասրտությունից։ Իմացեք այդ, աղջի'կս, Լյուսիենի կողմից սիրված մի անձնավորություն իրավունք ունի նրանց հարգան¬քը վայելելու, ինչպես ճշմարիտ քրիստոնյան պաշտում է տիղմը, եթե պատահաբար այնտեղ ճառագայթում է աստվածային լույսը։ Ես եկել եմ, որպեսզի կատարեմ միջնորդի իմ պարտքը մի բարի գործում։ Եթե ես ձեզ գտնեի միանգամայն փչացած, լկտիությամբ ու նենգամտությամբ համակ¬ված, ապականված մինչև ուղնուծուծը, խուլ զղջման ձայնի հանդեպ, ես ձեզ կթողնեի զոհ դառնալու նրանց մոլեգնու¬թյանը։ Ես լսեցի, թե դուք ինչպիսի բուռն տենչով եք ձգտում ձեռք բերել քաղաքական ու քաղաքացիական այն ազատու¬թյունը, որ ոստիկանությունը, հենց հասարակության շահերից ելնելով, դժվարանում է տալ. ես այն բերել եմ ձեզ, ահա',— ասաց քահանան` գոտուց դուրս քաշելով պաշտոնական մի թուղթ։

— Ձեզ տեսել են երեկ, իսկ այս բնութագիրն այսօրվա թվականն է կրում. դուք տեսնում եք, թե որքան զորավոր են այն մարդիկ, որոնք շահագրգռված են Լյուսիենով։

Տեսնելով այդ թուղթը` Եսթերն այնպիսի պարզամտությամբ ցնցվեց անակնկալ երջանկությանն ուղեկցող դողով, որ նրա շրթունքներին սառեց ցնորամիտներին հատուկ մի ժպիտ։

Քահանան լռեց և նայեց աղջկան, ցանկանալով համոզվել, թե այդ դեռատի արարածը, զրկված լինելով այն սարսափելի ուժից, որ այլասերված մարդիկ քաղում են իրենց ապականվածությունից, եթե վերստին ձեռք բերեր իր բնական փխրությունն ու քնքշությունը, կկարողանա՞ր արդյոք դիմանալ այդքան տպավորությունների։ Եթե Եսթերը ստախոս կուրտիզանուհի լիներ, նա կոմեդիա կխաղար, բայց նորից դառնալով անմեղ ու անկեղծ, նա կարող էր մեռնել, ինչպես վիրահատման ենթարկված կույրն ուժեղ լույսից կարող է վերստին կորցնել տեսողությունը։ Նույն պահին այդ մարդու առջև բացվեց մարդկային բնավորությունն ամբողջ խորությամբ, սակայն նա մնաց անդրդվելի ու ահարկու՝ իր անդորրության մեջ. դա ցուրտ, ձյունածածկ և երկնահաս մի լեռ էր, անայլայլ ու բարձրաբերձ, գրանիտե զառիթափներով, բայց և այնպես բարեգութ։ Այդպիսի աղջիկները հարափոփոխ էակներ են, նրանք, առանց պատճառի, փութկոտ անվստահությունից անցնում են լիակատար վստահության։ Այդ իմաստով, նրանք անասուններից ցածր են։ Լինելով ծայրահեղ ամեն ինչում, թե' ուրախության և թե՛ հուսահատության մեջ, թե' հավատի, թե' անհավատության մեջ, նրանք գրեթե բոլորն էլ կխելագարվեին, եթե բարձր մահացությունը չխժռեր նրանց, և եթե երջանիկ պատահականությունները նրանց վեր չբարձրացնեին այն տիղ¬մից, որի մեջ նրանք ապրում են։

Այդ զարհուրելի կյանքի թշվառության խորքը թափանցելու համար հարկավոր էր տեսնել քահանայի առաջ ծնրադիր Տորպիլի մոլեգին էքստազը, համոզվելու համար, թե մարդ արարածը, առանց կորցնելու իր գիտակցությունը, մինչև ուր կարող է հասնել իր խենթության մեջ։ Խեղճ աղջիկը փրկարար թղթին նայում էր այնպիսի արտահայտությամբ, որպիսին դուք չեք գտնի Դանթեի մոտ, և որը գերազանցում էր նրա Դժոխքի պատկերացումները։ Բայց արցունքները նրան հանգստացրին։ Եսթերը վեր կացավ, իր բազուկներով փաթաթվեց այդ մարդու վզին, գլուխը թեքեց նրա կրծքին և արտասվելով համբուրեց այն կոշտ կտորը, որը ծածկում էր նրա երկաթյա սիրտը, ասես ուզում էր թափանցել այնտեղ։ Նա գրկեց այդ մարդուն, նրա ձեռքերը ողո¬ղեց համբույրներով։ Երախտագիտության սրբազան մի պոռթկումով նա գործի դրեց իր կատվային փաղաքշանքները, նրան շռայլեց ամենաքնքուշ մականուններ և իր քնքուշ թոթովանքների մեջ հազար անգամ կրկնեց՝ «Տվեք այդ» խոսքը, և ամեն անգամ տարբեր ինտոնացիաներով. նա այդ մարդուն պարուրեց իր գգվանքներով, նրան ուղղեց իր աղերսական հայացքներն այնպիսի արագությամբ, որ ճանկեց նրան առանց դիմադրության հանդիպելու. վերջապես, նա մեղմեց քահանայի բարկությունը։ Վերջինս հասկացավ, թե ինչով էր այդ կինն արժանացել իր մականվանը. նա հասկացավ, թե ինչ դժվար է ընդդիմանալ այդ սքանչելի արարածին, նա իսկույն կռահեց Լյուսիենի սերը և այն, ինչ կարող էր հմայել պոետին։ Նման մի կիրք, իր հազարավոր գրավչությունների մեջ թաքցնում է տեգաձև մի կեռիկ, որը խրվում է արվեստագետների վսեմ հոգու մեջ։ Այդ կրքերը, որոնք անբացատրելի են ամբոխի համար, կատարելապես բացատրելի են գեղեցիկ իդեալի այն ծարավով, որով աչքի են ընկնում ստեղծագործողները։ Մի՞թե դա չի նշանակում մի փոքր նմանվել այն հրեշտակներին, որոնց հանձնարարված է մեղավորներին ներշնչել լավագույն զգացումներ։ Մի այդպիսի էակի մաքրագործումը մի՞թե ստեղծագործություն չի նշանակում։ Ինչքա՜ն հրապուրիչ է բարոյական և ֆիզիկական գեղեցկությունների միջև դաշնություն ստեղծելը։ Ինչպիսի՜ հպարտություն է զգում մարդը, երբ այդ հաջողվում է նրան։ Ինչքա՜ն գեղեցիկ է վաստակը, երբ նրա զենքը միայն սերն է։ Այդ դաշնությունը, որի փայլուն օրինակներն են տվել Արիստոտելը, Սոկրատը, Պլատոնը, Ալկիբիադեսը, Կեթեգոսը, Պոմպեոսը, և որը այնքան հրեշավոր է գռեհիկ մարդու աչքում, խարսխված է այն զգացումի վրա, որը Լյուդովիկոս XIV-ին ներշնչեց կառուցել Վերսալը և որը մարդ¬կանց նետում է ամեն տեսակ կործանարար ձեռնարկումների մեջ. ժահահոտ ճահիճը վերածել հոսուն ջրերով օղակված բուրումնալի պարտեզի, մի լիճ սարքել բլրի գագաթին, ինչպես արեց իշխան դը Կոնտին Նուանտելում, կամ ստեղծել շվեյցարական բնապատկերներ՝ Կասանում, ինչպես իրագործեց կապալառու Բերժըրեն։ Մի խոսքով, դա արվեստ է, որ ներխուժում է բարոյականության մեջ։

Քահանան, ամաչելով, որ գգվանքներին տեղի է տալիս, կտրուկ ետ հրեց Եսթերին. վերջինս ամոթահար նստեց, որովհետև քահանան ասաց նրան.

— Դուք դեռ կուրտիզանուհի եք։

Այս ասելով՝ քահանան սառնությամբ թուղթը նորից խրեց գոտու մեջ։ Իր գլխում միայն մի ցանկություն ունեցող երե¬խայի նման, Եսթերը հայացքը հառել էր գոտուն, որտեղ գտնվում էր փաստաթուղթը։

— Զավա՛կս,— շարունակեց քահանան մի փոքր լռությունից հետո,— ձեր մայրը հրեուհի էր, և դուք մկրտված չեք, բայց ձեզ սինագոգ էլ չեն տարել, դուք գտնվում եք եկեղեցու նախադռանը, այնտեղ ուր նորածին մանուկներն են...

— Նորածին մանուկնե՜րը,— կրկնեց աղջիկը հուզմունքով։

— ...Ինչպես ոստիկանության ցուցակներում դուք սոսկ մի թիվ եք հասարակական կեցությունից դուրս,— սառնասրտորեն շարունակեց քահանան։— Եթե սերը, որ պատահականորեն է դիպել ձեզ, մի երեք ամիս առաջ ձեզ հավատացրել է, որ դուք նոր եք ծնվում, ապա պետք է զգաք, որ այդ օրվանից դուք իրոք գտնվում եք նորածինի վիճակում, ուստի պետք է վարվեք այնպես, ինչպես եթե երեխա լինեիք, դուք պետք է ամբողջապես փոխվեք, և ես հանձն եմ առնում ձեզ անճանաչելի դարձնել։ Ամենից առաջ դուք պիտի մոռանաք Լուսիենին։

Խեղճ աղջկա սիրտը փշրվեց այդ խոսքերից. նա իր աչքերը հառեց քահանային, և մերժում արտահայտող շարժում արեց. նա այլևս չկարողացավ խոսել, փրկարար մարդու մեջ նորից տեսնելով դահճին։

— Գոնե կհրաժարվեք նրան տեսնելուց,— շարունակեց քահանան։— Ես ձեզ կտանեմ մի հոգևոր հաստատություն, ուր լավագույն ընտանիքների աղջիկներն իրենց կրթությունն են ստաում. դուք այնտեղ կդառնաք կաթոլիկուհի. այդտեղ ձեզ կուսուցանեն քրիստոնեական բարեպաշտության պատվիրանները, կսովորեք կրոնը, այնտեղից կարող եք դուրս գալ որպես կատարյալ, պարկեշտ, մաքուր բարեկիրթ մի աղջիկ, եթե...— քահանան բարձրացրեց մատը և մի փոքր դադար տվեց։

— Եթե,— շարունակեց նա,— դուք ուժ ունենաք այստեղ թողնելու Տորպիլին։

— Ա՜հ,— բացականչեց խեղճ աղջիկը, որի համար ամեն մի խոսքը կարծես դրախտի դռները հուշիկ բացող երաժշտության ձայներ լինեին։ Ա՜հ, եթե հնարավոր լիներ թափել այստեղ իմ ամբողջ արյունը և ստանալ նորը…

— Ակա՛նջ դրեք ինձ։

Աղջիկը լռեց։

— Ձեր ապագան կախված է նրանից, թե դուք ինչպիսի ուժով կմոռանաք ձեր անցյալը։ Մտածեցե՛ք ձեր պարտավորությունների լրջության մասին. Տորպիլին մատնող ամեն մի խոսքը, ամեն մի շարժումը կսպանեն Լյուսիենի կնոջը, դա թեկուզ լինի երազում արտասանված մի բառ, ակամա մի միտք, անհամեստ մի նայվածք, անհամբերության մի ժեստ, անառակության որևէ վերհուշ, որևէ վրիպում, գլխի մի շար¬ժում, որը մատնելու է այն, ինչ դուք գիտեք, կամ ինչ որ ճանաչել եք ի դժբախտություն ձեր...

— Շարունակեցե՛ք, շարունակեցե՛ք, հայր իմ,— ասաց աղջիկը սրբուհու հուզավառությամբ։— Քայլել շիկացած երկաթե ոտնամաններով և ժպտալ, ապրել փշերից հյուսված սեղմիրան հագին և պահպանել պարուհու վայելչությունը, ուտել մոխրաշաղախ հաց, խմել օշինդր, ամեն ինչ քաղցր կլինի, հեշտ։

Նա նորից ծունկի եկավ, համբուրեց քահանայի կոշիկները` առատ արցունքներով թրջելով դրանք, գրկեց նրա ոտքերը և հպվեց դրանց, անմիտ խոսքեր թոթովելով իր արցունքների միջից, որոնք ուրախությունից էին բխում։ Նրա գեղեցիկ ու խարտյաշ մազերը գորգի նման փռվեցին ոտնե¬րի տակ այդ երկնային պատգամախոսի, որը Եսթերին երևաց մռայլ ու խիստ, երբ ոտքի կանգնելիս նայեց նրան։

— Ինչո՞վ եմ ես ձեզ վիրավորել,— սարսափահար ասաց աղջիկը։— Ես լսել եմ ինձ նման մի կնոջ մասին, որն օծանելիքներով լվացել է Հիսուս Քրիստոսի ոտքերը։ Ավա՜ղ, առաքինությունն ինձ այնպես է աղքատացրել, որ ես ար¬տասուքներից բացի այլ ոչինչ չունեմ ձեզ տալու։

— Մի՞թե դուք ինձ չհասկացաք,— պատասխանեց քահանան անողոք ձայնով։— Ես ձեզ ասացի, որ այն հաստատությունից, ուր ես ձեզ առաջնորդելու եմ, պետք է կարողանալ դուրս գալ ֆիզիկապես ու բարոյապես այնքան փոխված, որ բոլոր նրանք, տղամարդ թե կին, որոնք ճանաչում են ձեզ, չկարողանան «Եսթեր» կանչել և հարկադրել ձեզ գլուխը թեքել։ Երեկ սերը ձեզ ուժ չտվեց այնպես խոր թաղելու ցնծության աղջկան, որպեսզի նա այլևս երբեք չհայտնվի. բայց նա հանդես է գալիս նորից մի պաշտամունքի մեջ, որը պատշաճ է միայն Աստծուն։

— Մի՞թե նա չի ուղարկել ձեզ ինձ մոտ,— ասաց աղջիկը։

— Եթե ձեր կրթության ընթացքում Լյուսիենը ձեզ տեսնի, ամեն ինչ կորած կլինի,— շարունակեց քահանան,-լա՛վ մտածեցեք այդ մասին։

— Իսկ նրան ո՞վ կսփոփի,— հարցրեց աղջիկը։

— Դուք նրան ինչո՞վ էիք սփոփում,— հարցրեց քահանան, որի ձայնն այդ հանդիպման ընթացքում առաջին անգամ դողաց։

— Չգիտեմ, նա հաճախ տխուր էր գալիս։

— Տխո՞ւր,-հարցրեց քահանան,— նա ձեզ ասե՞լ է, թե ինչու։

— Երբե՛ք,— պատասխանեց աղջիկը։

— Նա տխուր էր՝ ձեզ նման աղջիկ սիրելու համար,— բացականչեց քահանան։

— Ավա՜ղ, նա չէր կարող չտխրել,— պատասխանեց աղջիկը խոր հեզությամբ,— ես իմ սեռի ամենաարգահատելի արարածն եմ, և ես նրա աչքում շնորհի կարող էի արժանանալ միայն իմ սիրո ուժով։

— Այդ սերը պետք է ձեզ արիություն ներշնչի՝ կուրորեն ինձ հնազանդվելու։ Եթե հենց այսօր ես ձեզ տանեմ այն հաստատությունը, ուր ձեզ պիտի կրթեն, ապա այստեղ ամեն ոք Լյուսիենին ասելու է, որ դուք կիրակի օրը դուրս եք եկել մի քահանայի հետ։ Հնարավոր է, որ նա գտնի ձեր հետքը։ Դռնապանուհին, մի շաբաթ ինձ չտեսնելով, կմոռանա ինձ։ Ուրեմն, մի շաբաթ հետո, այսինքն` հաջորդ կիրակի, երեկոյան ժամը յոթին, դուք գաղտնի դուրս կգաք այստեղից և կնստեք մի կառք, որը ձեզ կսպասի Ֆրոնդյոր փողոցի ծայրում։ Այդ մի շաբաթվա ընթացքում խույս տվեք Լյուսիենից. պատրվակներ գտեք նրան չընդունելու համար, և երբ նա գա, բարձրացեք մի բարեկամուհու մոտ. եթե ես իմանամ, որ դուք տեսնվել եք նրա հետ, այն ժամանակ ամեն ինչ վերջացած կլինի, ես նույնիսկ չեմ վերադառնա։ Մի շաբաթ բավական է պատշաճ մի բաժինք պատրաստելու և պոռնիկի ձեր տեսքից ազատվելու համար,— ասաց քահանան, բուխարու վրա դնելով մի քսակ։— Ձեր արտաքինի, ձեր հա¬գուստի մեջ կա Փարիզցիներին այնքան ծանոթ մի բան, որ նրանք իսկուն կասեն, թե ով եք դուք։ Երբեք չե՞ք հանդիպել փողոցում, բուլվարներում համեստ ու առաքինի դեռատի մի աղջկա իր մոր հետ քայլելիս։

— Օ՜, այո՛, տարաբախտաբար։ Մեզ համար զարհուրելի տանջանք է, երբ տեսնում ենք մայր ու աղջիկ միասին քայլելիս. դա զարթեցնում է մեր սրտի ծալքերում թաքնված խղճի սուր խայթը։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչն է ինձ պակասում։

— Այդպես ուրեմն, դուք գիտեք, թե առաջիկա կիրակի ինչպես պետք է պահեք ձեզ,— ասաց քահանան` վեր կենալով։

— Օ՜,— ասաց աղջիկը,— նախքան հեռանալը սովորեցրեք ինձ մի իսկական աղոթք, որպեսզի ես կարողանամ աղոթել Աստծուն։

Հուզիչ բան էր տեսնել այդ քահանային, որը կրկնել էր տալիս աղջկան «Ave Maria»-ն և «Pater noster»[7]-ը ֆրանսերեն։

— Ինչքա՜ն գեղեցիկ է,— ասաց Եսթերը, երբ մի անգամ անսխալ կրկնեց կաթոլիկական հավատքի այդ երկու հոյա¬կապ ու հանրածանոթ աղոթքները։

— Ինչպե՞ս է ձեր անունը,— հարցրեց աղջիկը քահանային, երբ սա հրաժեշտ էր տալիս։

— Կարլոս Էրրերա. ես իսպանացի եմ և վտարված իմ երկրից։

Եսթերը բռնեց նրա ձեռքր և համբուրեց։ Նա այլևս կուրտիզանուհի չէր, այլ մի հրեշտակ, որ բարձրանում էր անկումից։



Արիստոկրատական ու կրոնական դաստիարակությամբ հռչակված մի հաստատության մեջ, այդ տարվա մարտի սկզբներին, երկուշաբթի առավոտ, սանուհիները նկատեցին, որ իրենց հիանալի խմբին ավելացավ նորեկ մի սանուհի, որի գեղեցկությունն անառարկելիորեն մթագնում էր ոչ միայն իր ընկերուհիներին, այլև այն մասնակի կատարյալ գեղեցկությունները, որ կարելի էր գտնել նրանցից յուրաքանչյուրի մոտ։ Ֆրանսիայում չափազանց հազվագյուտ է, եթե չասենք անհնարին, հանդիպել հիասքանչ այն երեսուն կատարելիություններին, որ, ասում են, նկարագրված են պարսկական բանաստեղծություններում կամ քանդակված` արևելյան կանանոցների պատերին, և որոնք անհրաժեշտ են մի կնոջ լիակատար գեղեցկության համար։ Եթե Ֆրանսիայում քիչ կան անբասիր գեղեցկություններ, ապա հանդիպում են առանձին հմայիչ գծեր։ Ինչ վերաբերում է այդ գծերի հիասքանչ միասնությանը, որ քանդակագործը փորձում է վերարտադրել, և վերարտադրված է մի քանի հազվագյուտ քանդակներում, ինչպես Դիանան և Կալիպիգան, ապա դա եղել է Հունաստանի և Փոքր Ասիայի մենաշնորհը։

Եսթերը դուրս էր եկել մարդկության այդ օրորանից, գեղեցկության հայրենիքից. նրա մայրը հրեուհի էր։ Հրեաները թեպետ շատ հաճախ խաթարվում են այլ ժողովուրդների հետ ունեցած շփումից, իրենց բազմաթիվ ցեղերի մեջ ունեն երակներ, ուր պահպանվել է ասիական գեղեցկության վսեմ նախատիպը։ Երբ նրանք զուրկ են վանող տգեղությունից, ապա ներկայացնում են հայկական դեմքերի հոյակերտ գծերը։ Եսթերն արևելյան արքայական կանանոցում մրցանակ կշահեր. նրա մոտ երեսուն գեղեցկությունները ներդաշնակորեն միաձուլված էին։ Նրա յուրահատուկ կյանքը, չխաթարելով նրա բարեձևությունը, մաշկի թարմությունը, նրան օժտել էին ինչ-որ հատուկ կանացիությամբ. դա արդեն իսկ պտուղների ողորկ ու ամուր հյուսվածքը չէ, և ոչ էլ հասունության ջերմ գույնը, այլ, թերևս, ծաղկափթթում է։ Եթե նա շարունակեր ապրել անառակության մեջ, նա կգիրանար։

Հորդառատ այդ առողջությունը, մարմնի կատարյալ զարգացումը մի արարածի, որի մոտ հեշտանքը փոխարինում է բանականությանը, անշուշտ մեծապես կհետաքրքրեր բնախոսներին։ Շատ դեռատի աղջիկների համար հազվագյուտ, եթե չասենք անհնարին մի պատահականությամբ, Եսթերի ձեռքերն անհամեմատ ազնվակերտ, փափուկ էին, թափանցիկ և սպիտակ, ինչպես են կնոջ ձեռքերը երկրորդ ծննդաբերությունից հետո։ Նա ուներ հենց այնպիսի ոտքեր ու մազեր, որոնք իրավացիորեն հռչակված են դքսուհի դը Բերրիի մոտ. մազեր, որ ոչ մի վարսավիր չէր կարողանա բռնել իր ձեռքում, այնքան առատ էին դրանք ու խիտ և այնքան երկար, որ գետին սփռվելով՝ կոհակավորվում էին, որովհետև Եսթերն ուներ այն միջին հասակը, որ խաղալիքի թեթևություն էր տալիս նրան, որին կարելի էր բարձրացնել, գետին դնել, էլի՛ վերցնել և ձեռքերի վրա տանել, առանց հոգնություն զգալու։ Չինական թղթի պես նուրբ և համպարի ջերմ գույնով մաշկը կապտավուն երակներով երանգավորված, ատլասի պես փայլուն էր, բայց ոչ չոր, քնքուշ էր, բայց ոչ տամուկ։ Ծայրահեղորեն նյարդային, բայց արտաքուստ զուսպ Եսթերը իսկույն ուշադրություն էր գրավում աչքի ընկնող մի հատկանիշով, որ դեմքերի վրա բոլորից ավելի վարպետորեն դրոշմում էր Ռաֆայելը, որովհետև Ռաֆայելն այն նկարիչն է, որ խոր ուսումնասիրել և բոլորից ավելի լավ է վերարտադրել հրեական գեղեցկությունը։

Նրա դիմագծերի այդ հրաշագեղ առանձնահատկությունը ստեղծվում էր հոնքերի աղեղի կորությունից, աղեղ, որ կամար էր հիշեցնում, և որի ներքև աչքն ապրում էր ասես իր շրջանակից անկախ։ Երբ երիտասարդությունը իր մաքուր ու թափանցիկ գույներն է տալիս թևավոր հոնքերով պսակված այդ հիասքանչ կամարին, երբ լույսը, թափանցելով նրա շրջանագծի տակ, բաց վարդագույն ստվերով է պարուրում այն, այնտեղ ամփոփվում են քնքշության գանձեր, որոնք գոհացում են սիրահարին և հուսահատության մատնում նկարչին։ Բնության վերջին ճիգերով են ստեղծվում այդ լուսաշող ծալքերը, ուր ստվերն ընդունում է ոսկեփայլ երանգ, այդ հյուսվածքը, որ պիրկ է նյարդի պես և զգայուն, ինչպես ամենաքնքուշ թաղանթը։ Այստեղ հանգստացող աչքը կարծես կախարդական ինչ-որ ձու է իր մետաքսաթել բնում, բայց ժամանակի ընթացքում, երբ կրքերը մոխրացնում են այդ նրբին գծերը, երբ վշտերը կնճռոտվելով՝ ակոսում են այդ քնքուշ հյուսվածքը, այն ժամանակ այդ հրաշալիքը վեր է ածվում սոսկալի մի մելամաղձոտության։

Եսթերի ծագումը մատնում էր նրա խիտ կոպերով աչքերի արևելյան կերտվածքը, որոնց գորշ սպիտակագույնը լույսի տակ ստանում էր ագռավի սև թևերի կապույտ թույրը։ Միայն նրա հայացքի արտակարգ քնքշությունն էր մեղմում աչքերի փայլը։ Անապատներից եկած ցեղերի զավակները միայն իրենց աչքերի մեջ ունեն բոլորին հմայելու կարողությունը, որովհետև կինը միշտ էլ մեկին հմայում է։ Նրանց աչքերը, անտարակույս, պահպանում են ինչ-որ բան այն անսահմանությունից, որին նրանք հայել են։ Արդյոք կանխատես բնությունը նրանց չի՞ օժտել ինչ-որ արտացոլող ցանցաթաղանթով, որպեսզի նրանք կարողանան դիմանալ ավազուտների միրաժներին, արևի լավային և եթերի կիզիչ լազուրին։ Կամ թե նրանք էլ, մարդկային մյուս էակների պես, ինչ-որ բան չե՞ն ժառանգում իրենց միջավայրից, որտեղ նրանք զարգանում են և դարերով պահպանում յուրացրած հատկությունները։ Ցեղերի խնդրի մեծ լուծումը թերևս հենց դրանումն է։ Բնազդները կենդանի իրողություններ են, որոնց պատճառը գտնվում է ինչ-որ անհրաժեշտության մեջ։ Կենդանական տարատեսակություններն այդ բնազդների վարժության հետևանք են։ Համոզվելու համար այդ ճշմարտության մեջ, որը վաղուց են որոնում, բավական է մարդկանց հոտի նկատմամբ կիրառել իսպանական և անգլիական ոչխարների հոտերի վրա կատարված դիտողության փորձը։ Հարթավայրերի մարգագետիններում, որտեղ խոտն առատ է, ոչխարներն արածում են խմբերով, իսկ լեռներում, ուր խոտը սակավ է՝ բաժան-բաժան։ Փորձեցեք ոչխարների այդ ցեղերը հեռացնել իրենց հայրենիքից, տեղափոխել Շվեյցարիա կամ Ֆրանսիա և դուք կտեսնեք, որ լեռնային ոչխարը ցածրադիր խիտ մարգագետնում դարձյալ առանձին է արածելու, հարթավայրի ոչխարները կարածեն խմբովին, թեկուզ և լեռանա վրա։ Մի քանի սերունդներ աննշան չափով են փոխում ձեռք բերած ժառանգական բնազդը։ Հարյուր տարի անց՝ լեռնային ոգին նորից հանդես կգա անհնազանդ գառնուկի մեջ, ինչպես հազար ութ հարյուր տարվա տարագրությունից հետո Արևելքը փայլում էր Եսթերի աչքերում և կերպարանքում։ Նրա հայաց֊քը վտանգավոր հմայք չուներ, այլ սփռում էր քաղցր ջերմություն, նա հուզում էր առանց զարմացնելու, և ամենաբիրտ կամքն անգամ հալչում էր նրա բոցերի մեջ։ Եսթերը հաղթել էր ատելությանը, նա զարմացրել էր Փարիզի անառակներին, վերջապես, այդ հայացքը և նրա հաճելի մաշկի քնքշությունը նրան արժանացրել էին այն սոսկալի մականվանը, որը, հենց նոր, քիչ էր մնացել նրան գերեզման իջեցներ։ Ամեն ինչ նրա մեջ ներդաշնակ էր հրաշեկ ավազուտների փերու կերպարին։ Ուներ բարձր, ազնվակերտ ճակատ։ Նրա քիթը արաբների քթի նման նուրբ էր, բարակ, մի քիչ վեր բարձրացած, պարզորոշ գծագրված ռունգներով։ Նրա կարմիր ու թարմ բերանը մի վարդ էր, որը ոչ մի բիծ չէր խաթարում, խրախճանքները նրա վրա ոչ մի հետք չէին թողել։ Կզակը, կերտված այնպես, որ կարծես սիրավառ մի քանդակագործ էր հղկել նրա ուրվագիծը, կաթի պես սպիտակ էր։ Միակ բանը, որ նա չէր կարողանում կարգի բերել, և որը մատնում էր ընկած կուրտիզանուհուն, նրա փչացած եղունգներն էին, որոնք ժամանակ էին պահանջում վայելուչ տեսք ստանալու համար, այնքան դրանք ձևատվել էին տնային ամենագռեհիկ հոգսերից։ Դեռատի սանուհիները սկզբում նախանձեցին գեղեցկության այդ հրաշալիքներին, բայց ի վերջո հիացան դրանցով։

Մի շաբաթ էլ չէր անցել, ինչ նրանք կապվեցին միամիտ Եսթերի հետ, որովհետև նրանց մեջ հետաքրքրություն էին հարուցել այդ տասնութ տարեկան աղջկա թաքուն դժբախտությունները, մի աղջիկ, որը ո՛չ կարդալ գիտեր, ո՛չ էլ գրել, որի համար ամեն գիտություն, ամեն կրթություն նորություն էր, և որը փառքի էր հասցնելու արքեպիսկոպոսին՝ հրեուհուն կաթոլիկական հավատքին դարձնելու համար, և վանքին առիթ էր տալու հանդիսավոր մկրտություն կատարել։ Սանուհիները ներեցին նրան իր գեղեցկության համար, կրթությամբ նրանից գերազանց համարելով իրենց։ Եսթերը շուտով յուրացրեց այդ խիստ բարեկիրթ աղջիկների շարժուձևերը, ձայնի մեղմությունը, կեցվածքն ու շարժումները, վերջապես, նա վերստին գտավ իր իսկական էությունը։ Փոփոխությունն այնպես կատարյալ էր, որ իր առաջին այցելության ժամանակ, աշխարհի ոչ մի բանի վրա չզարմացող Էրրերան զարմացավ, իսկ հաստատության ղեկավարուհին շնորհավորեց նրան այդպիսի սանուհի ունենալու համար։ Վանքի դաստիարակչուհիներն իրենց ուսուցման ասպարեզում երբեք չէին հանդիպել այդպիսի հաճելի մի բնավորության, այդպիսի քրիստոնեական հեզության, այդպիսի անկեղծ համեստության, ոչ էլ սովորելու այդպիսի մեծ ցանկության։ Երբ մի որևէ աղջիկ կրել է այն տառապանքները, որոնք ընկճել էին խեղճ պանսիոներուհուն, և սպասում է վարձատրության, ինչպես իսպանացին էր խոստացել Եսթերին, դժվար է պատկերացնել, որ այդ աղջիկը չգործի այնպիսի հրաշքներ, որոնք լինում էին եկեղեցու գոյության առաջին օրերին, և որ ճիզվիտները վերակենդանացրել են Պարագվայում։

— Նա խրատական օրինակ է հանդիսանում,— ասաց ավագուհին՝ համբուրելով Եսթերի ճակատը։ Էապես կաթոլի¬կական այդ խոսքով ամեն ինչ ասված էր։

Դասամիջոցներին, Եսթերն զգուշությամբ ընկերուհիներին հարցնում էր ամենահասարակ աշխարհիկ բաների մասին, որոնք նրա համար նույնքան նոր ու զարմանալի էին, ինչպես երեխայի առաջին տպավորությունները։ Երբ նա իմացավ, որ իր մկրտության և իր առաջին հաղորդության օրը պիտի հագնի սպիտակ զգեստ, կրի սպիտակ, սնդուսե կապ, սպիտակ ժապավեններ, սպիտակ ոտնամաններ, սպիտակ ձեռնոցներ, որ նրա մազերը կհյուսվեն սպիտակ ժապավեններով, նա հեկեկաց՝ զարմացնելով ընկերուհիներին։ Դա լեռան վրա Եֆթայեի հետ տեսարանի կատարյալ հակապատկերն էր։ Կուրտիզանուհին վախեցավ, որ հանկարծ իր ով լինելը կկռահեն, և այդ սոսկալի տխրությունը մռայլեց այն ուրախությունը, որ նա կանխապես ճաշակում էր. և որովհետև նրա լքած բարքերի և այն բարքերի միչև, որոնց հարել էր նա, նույնքան մեծ տարածություն կար, որքան վայրենության և քաղաքակրթության միջև, դրա համար էլ նա իր նազելիությամբ, միամտությամբ ու խորությամբ հիշեցնում էր ամերիկյան պուրիտանների հիասքանչ հերոսուհուն։ Բացի այդ, առանց իմանալու, նա իր սրտում թաքցնում էր մի սեր, որը կրծում էր նրան, տարօրինակ մի սեր, ամեն ինչ ճաշակած կնոջ մի ցանկություն, որը անփորձ կույսի ցանկությունից ավելի անզուսպ էր, թեպետ այդ երկու ցանկություններն էլ ունեն միևնույն ակունքը և հասցնում են նույն վախճանին։

Առաջին ամիսներին, փակված կյանքի նորությունը, ուսման մեջ հանդիպած անակնկալները, ձեռագործով զբաղվելը, կրոնական արարողությունները, սրբազան ուխտի ջերմեռանդությունը, իր ներշնչած խանդաղատանքների քաղցրությունը, վերջապես վերազարթնած իմացականության ունակությունների վարժությունները, ամեն ինչ, նույնիսկ իր հիշողությանը տիրապետելու ճիգերը, օգնում էին նրան զսպելու վերհուշները, որովհետև նա պետք էր շատ բան մոռանար և շատ բան սովորեր։ Գոյություն ունեն մի քանի հիշողություններ. մարմինն ունի իր հիշողությունը, սիրտը՝ իր։ Հայրենաբաղձությունը, օրինակի համար, ֆիզիկական հիշողության հիվանդությունն է։ Երրորդ ամսվա ընթացքում, թևատարած՝ դեպի դրախտը ձգտող այդ կուսական հոգու ուժը ոչ թե զսպվեց, այլ արգելակվեց խուլ դիմադրությամբ, որի պատճառը ինքը Եսթերն էլ չգիտեր։ Շոտլանդական ոչխարների նման, նա ուզում էր արածել մեկուսի, չկարողանալով հաղթահարել անառակությունից զարգացած բնազդները. Փարիզի ցեխոտ փողոցնե՞րն էին արդյոք կանչում, որոնցից նա հրաժարվել էր։ Թերևս, զազրելի սովորությունների փշրված շղթայի օղակները դեռ թաքուն մնում էին նրան կառչած, և նա զգում էր դրանք, ինչպես, բժիշկների ասելով, հին զինվորներն են տանջվում արդեն վիրահատված վերջավորություննեի ցավերից։ Գուցե մինչև ուղնուծուծը նա այնպես էր ներծծված ծայրահեղ ախտամոլությամբ, որ սուրբ ջրերը չէին կարողանում հասնել այնտեղ թաքնված դևին։ Գուցե ինքը, որին Աստված կարող էր ներել մարդկային սերը սրբազան սիրուն միաձուլելու համար, պետք է որ հանդիպեր նրան, որի համար թափվում էին այդքան ճիգեր։ Չէ՞ որ մի սերը նրան հասցրել էր մյուսին։ Թերևս նրա մեջ կատարվում էր կենսական ուժի տեղափոխություն, որը հղի էր անխուսափելի տվայտանքներով։ Ամեն ինչ այդ բնագավառում լի է տարակուսանքով և խավարով. գիտությունը չի կամեցել ուսումնասիրել այդ թեման՝ համարելով այն խիստ անբարոյական, խիստ անվանարկիչ, կարծես թե բժիշկն ու գրողը, քահանան ու քաղաքական գործիչը կասկածից վեր չեն։ Այնուամենայնիվ, մի բժիշկ արիություն ունեցավ ձեռնամուխ լինելու գիտական փորձերի, որոնք նրա մահվան պատճառով անավարտ մնացին։ Գուցե մռայլ մելամաղձությունը, որ համակել էր Եսթերին և մթագնում էր նրա երջանիկ կյանքը, բխում էր մասամբ այդ բոլոր պատճառներից։ Եվ, անընդունակ լինելով գիտակցել դրանք, նա տառապում էր, ինչպես այն հիվանդները, որոնք գաղափար չունեն ո՛չ բժշկությունից, ո՛չ վիրաբուժությունից։ Տարօրինա՜կ երևույթ։ Առատ և առող¬ջարար սնունդը, որը փոխարինել էր զզվելի ու գրգռիչ սննդին, չէր կազդուրում Եսթերին։ Մաքուր և կանոնավոր կյանքը, ուր չափավոր աշխատանքին հետևում էր հանգիստը, և որը փոխարինել էր այն անկարգությանը, ուր զվարճությունները նույնքան սոսկալի էին, որքան չարչարանքները, այդ կյանքը ճզմում էր երիտասարդ պանսիոներուհուն։ Ամենակենարար հանգիստը, խաղաղ գիշերները, որ փոխարինել էին ընկճող հոգնածությանը և դաժանագույն հուզումներին, տենդ էին առաջացնում, որի ախտանիշները վրիպում էին պանսիոներուհիներին բուժող միանձնուհու ուշադրությունից։ Վերջապես, բարիքն ու երջանկությունը, որ բռնել էին չարիքի և դժբախտության տեղը, ապահովությունը, որ փոխարինել էր անհանգստությանը, նույնքան կործանարար էին Եսթերի համար, որքան նրա անցյալ թշվառությունները կործանարար նրա դեռատի ընկերուհիների համար։ Բուսնելով անառակության հողում, անառակության մեջ էլ նա զարգացել էր։ Նրա դժոխային ծննդավայրը դեռ տիրապետող էր հակառակ իր անխորտակելի կամքի գերագույն հրամաններին։ Այն, ինչ Եսթերն ատում էր՝ կյանք էր, ինչ սիրում էր` մահ։ Նա այնպիսի ջերմեռանդ հավատք ուներ, որ երկյուղածությունից հրճվում էր նրա հոգին։ Նա սիրում էր աղոթել։ Իր հոգին բացել էր ճշմարիտ կրոնի պայծառությունների առաջ և այն ընդունում էր առանց ճիգերի, առանց տարակուսանքների։ Նրան դաստիարակող քահանան հիացմունքի մեջ էր, բայց Եսթերի մարմինը մշտապես ընդվզում էր իր հոգու դեմ։

Տղմոտ լճակից որսացել էին ծածաններ ու գցել մարմարյա մի ավազանի հիանալի զուլալ ջրի մեջ, որպեսզի բավարարեին տիկին դը Մենտընոնի քմայքները, որը նրանց կերակրում էր թագավորական սեղանի փշրանքներով. ծածանները հյուծվում էին։ Նվիրվածությունը հատուկ է կենդանիներին, բայց մարդը երբեք նրանց չի օժտի շողոքորթության բորոտությամբ։ Մի պալատ ական մատնանշեց այդ լռին ընդդիմադրությունը Վերսալում. «Ինձ նման,— ասաց այդ չթագադրված թագուհին,— դրանք էլ կարոտում են իրենց ճահիճը»։ Այդ խոսքի մեջ է Եսթերի ամբողջ պատմությունը։

Երբեմն խեղճ աղջիկը, ներքին մղումով, վազվզում էր վանքի հոյակապ պարտեզներում, մտատանջ անցնում մեկ ծառից մյուսը, հուսահատորեն նետվում մութ անկյունները, այնտեղ որոնելով ի՞նչ, ինքն էլ այդ չգիտեր, բայց ենթարկ¬վում էր դիվային գայթակղությանը, կոկետություններ անում ծառերի հետ, ասում այնպիսի խոսքեր, որ նա արդեն չէր արտասանում։ Պատահում էր, որ երեկոները լորդուի նման սողում էր պատերի երկայնքով, առանց շալի, ուսերը բաց։ Հաճախ, մատուռում, արարողության ժամանակ, նա կանգնում էր, աչքերը սևեռած խաչելությանը, և բոլորը հիացումով նրան էին նայում, արտասուքները հորդում էին, բայց նա լալիս էր կատաղությունից. սրբազան տեսիլների փոխարեն, որ նա ուզում էր տեսնել, նրա առաջ հառնում էին այն բոցավառ գիշերները, երբ ինքը ղեկավարում էր խրախճանքները (ինչպես Հաբենեկը Կոնսերվատորիայում ղեկավարում է Բեթհովենի սիմֆոնիաները), սանձարձակ շարժուձևերով, անզուսպ քրքիջներով հագեցած գիշերները, մոլեգին, խոլական, անասնական գիշերներ։

Արտաքուստ նա քնքուշ էր, ինչպես կույսը, որը հողին է կպած միայն կանացի տեսքով, իսկ ներսում մոլեգնում էր մի տիրական Մեսսալինա։ Միայն նրան էր հայտնի հրեշտակի դեմ սատանայի մղած այդ պայքարի գաղտնիքը. երբ ավագուհին Եսթերին կշտամբում էր, որ նա ավելի արվեստով էր իր մազերը հարդարում, որը չէր պատշաճում կանոնին, նա գրավիչ ու փութկոտ հնազանդությամբ փոխում էր իր սանրվածքը, պատրաստ էր նույնիսկ կտրելու իր մազերը, եթե մայր-ավագուհին հրամայեր այդ։ Հայրենաբաղձությունը հուզական գրավչություն ուներ այդ աղջկա մեջ, որը կնախ¬ընտրեր կործանվել, քան վերադառնալ պիղծ երկիրը։ Նա դժգունեց, փոխվեց, նիհարեց։ Ավագուհին չափավորեց ուսու¬ցումը և իր մոտ կանչեց այդ փոքրիկ հետաքրքիր արարածին՝ հարցաքննելու համար։ Եսթերը երջանիկ էր, նա անհուն հրճվանք էր զգում իր ընկերուհիների շրջանում. նա կենսական ոչ մի մասում խաթարում չէր զգում, բայց նրա կենսունակու¬թյունը ամբողջապես խաթարված էր։ Նա ոչինչ չէր ափսոսում, ոչինչ չէր ցանկանում։ Ավագուհին զարմացած իր սանուհու պատասխանների վրա, չգիտեր ինչ մտածեր, տեսնելով, որ աղջիկը ենթակա է հյուծող մի նվաղկոտության։

Հենց որ դեռատի սանուհու վիճակը դարձավ վտանգավոր, բժիշկ կանչվեց, բայց այդ բժիշկը ծանոթ չէր Եսթերի նախկին կյանքին և չէր կարող կասկածել այդ մասին. նա աղջկան միանգամայն առողջ գտավ, որովհետև ոչ մի հիվան¬դություն չբացահայտեց։ Հիվանդը պատասխանեց այնպես, որ հերքվեցին բժշկի բոլոր ենթադրությունները։ Մնում էր մի միջոց՝ լուծելու գիտնականի կասկածը. նրա մեջ մի սոսկալի միտք ծագեց. Եսթերը համառորեն հրաժարվեց բժշկի քննությունից։ Տեսնելով դրության վտանգավորությունը, ավագու¬հին կանչել տվեց աբբա Էրրերային։

Իսպանացին եկավ, տեսավ Եսթերի հուսահատական վիճակը և առանձին կարճ զրույց ունեցավ բժշկի հետ։ Այդ գաղտնի զրույցից հետո գիտության մարդը հայտարարեց հոգևորականին, որ փրկության միակ միջոցը ճանապարհորդությունն էր Իտալիա։

Աբբահայրը համաձայնեց, որ այդ ճանապարհորդությունը տեղի ունենա Եսթերի մկրտությունից ու առաջին հաղորդությունից առաջ։

— Դեռ որքա՞ն ժամանակ է հարկավոր,— հարցրեց բժիշկը։

— Մի ամիս,— պատասխանեց ավագուհին։

— Նա կմեռնի,— առարկեց բժիշկը։

— Այո՛, բայց շնորհով ու հոգու փրկությամբ լուսավորված,— ասաց աբբան։

Կրոնական հարցը Իսպանիայում վեր է քաղաքական, քաղաքացիական ու կենսական հարցերից, ուստի բժիշկը այլևս ոչինչ չառարկեց իսպանացուն. նա դարձավ ավագուհուն, բայց ահեղ աբբան բռնեց նրա ձեռքը, որպեսզի ետ պահի։

— Ոչ մի խոսք, պարոն,— ասաց նա։

Բժիշկը, հակառակ իր կրոնասիրությանը և միապետական հայացքներին, Եսթերի վրա նետեց գորովալի գթասիրությամբ մի քնքուշ հայացք։ Այդ աղջիկը գեղեցիկ էր, ինչպես իր ցողունի վրա հակված շուշանը։

— Թո՛ղ Աստծու օրհնությունն իջնի, ուրեմն,-բացականչեց նա, և դուրս եկավ։

Հենց նույն օրը, երբ տեղի ունեցավ այդ խորհրդակցությունը, Եսթերի հովանավորը նրան տարավ «Ռոշե դը Կանկալը», որովհետև աղջկան փրկելու ցանկությունն այդ քահանային ներշնչել էր ամենատարօրինակ հնարներ. նա փորձեց երկու ծայրահեղ միջոց` ընտիր մի ճաշ, որը կարող էր խեղճ աղջկան հիշեցնել իր խրախճանքները, ապա Օպերան, որը նրան պիտի ներկայացներ աշխարհիկ մի քանի պատկերներ։ Հարկավոր եղավ այդ մարդու ճնշող հեղինակությունը, որպեսզի դեռատի սրբուհին համաձայներ այդպիսի սրբապղծությունների։ Էրրերան այնպես էր ծպտվել զինվորականի հագուստով, որ Եսթերը դժվար ճանաչեց նրան. նա հոգ տարավ, որ իր ուղեկցուհին քող վերցնի, և նրան տեղավորեց մի օթ¬յակում, որտեղ աղջիկը կարող էր հեռու մնալ մարդկանց հա¬յացքներից։ Այդ միջոցը, որն անվտանգ էր հաստատուն առաքինության համար, շուտով սպառեց իր ուժը։ Սանուհին խորշանք զգաց իր հովանավորի ճաշկերույթներից, կրոնական գարշանք՝ դեպի թատրոնը, և վերստին ընկավ իր տխուր մտածումների մեջ։

— Նա մեռնում է Լյուսիենի սիրուց,— ասաց ինքն իրեն Էրրերան, որն ուզում էր թափանցել այդ հոգու խորքը և իմանալ այն ամենը, ինչ կարելի էր նրանից պահանջել։

Եվ ահա վրա հասավ մի պահ, երբ այդ խեղճ աղջիկը կարող էր հենվել սոսկ իր բարոյական ուժի վրա, երբ մարմինը պատրաստ էր տեղի տալու։ Քահանան հաշվեց այդ րոպեի մոտենալը՝ գործնական այն ահավոր կորովամտությամբ, որով դահիճները մի ժամանակ աչքի էին ընկնում՝ հարցաքննելու իրենց արվեստի մեջ։ Նա իր սանուհուն գտավ պարտեզում, նստարանի վրա, որթատունկից հյուսված մի տաղավարի մոտ, ապրիլյան շոյող արևի տակ։ Թվում էր, թե նա մրսում է և եկել է տաքանալու այնտեղ. ընկերուհիները հետաքրքրությամբ դիտում էին թորշոմած խոտի գույնի նրա գունատությունը, մեռնող գազելի նրա աչքերը և նրա մելամաղձոտ կեցվածքը։

Իսպանացուն ընդառաջ գնալու համար Եսթերը վեր կացավ այնպիսի շարժումով, որը ցույց էր տալիս, թե նրա մեջ որքան քիչ կյանք կար, ավելին՝ որքան քիչ հակում դեպի կյանքը։ Այդ խեղճ բոհեմուհին, այդ վիրավոր, վայրի ծիծեռնակը, երկրորդ անգամ շարժեց Կարլոս Էրրերայի գութը։ Այդ մռայլ դեսպանը, որին Աստված պետք է ուղարկած լիներ սոսկ իր վրեժխնդրությունների իրագործման համար, հիվանդին դիմավորեց մի ժպիտով, որը ինչքան դառնություն, նույնքան քաղցրություն էր արտահայտում, ինչքան վրիժառություն՝ նույնքան գթասիրություն։ Եսթերը, որ այդ գրեթե վանական կյանքում հակված էր խորհրդածության, խորասուզված ինքն իր մեջ, տեսնելով իր հովանավորին, երկրորդ անգամ անվստահության զգացում ունեցավ, բայց առաջին անգամվա նման իսկույն հանգստացավ նրա խոսքերից։

— Դե՛ լավ, սիրասուն զավակս, ինչո՞ւ դուք երբեք ինձ հետ չեք խոսում Լյուսիենի մասին։

-Ես ձեզ խոստացել էի,— պատասխանեց աղջիկը` ամբողջ մարմնով ջղային սարսուռ զգալով,— ես ձեզ երդվել էի բնավ չարտասանել այդ անունը։— Սակայն, դուք չեք դադարել նրա մասին մտածելուց։

— Այդ է, պարոն, իմ միակ մեղքր։ Ամեն ժամ ես նրա մասին եմ մտածում, և երբ դուք երևացիք, մտքումս նրա անունն էի արտասանում։

— Անջատումը ձեզ սպանում է։

Պատասխանի փոխարեն, Եսթերը խոնարհեց գլուխը այն հիվանդի նման, որն զգում է գերեզմանի շունչը։

— Նորի՞ց տեսնել նրան…,— ասաց քահանան։

— Այդ կնշանակեր ապրել,— պատասխանեց Եսթերը։

— Նրա մասին մտածում եք միայն հոգո՞վ։

— Ահ պարոն, սերն անբաժանելի է հավետ։

— Նզովյա՛լ ցեղի դուստր, ես ամեն ինչ արի քեզ փրկելու համար։ Ես քեղ թողնում եմ քո բախտին, դու վերստին կտեսնես Լյուսիենին։ — Ինչո՞ւ եք նզովում իմ երջանկությունը։ Մի՞թե ես չեմ կարող սիրել Լյուսիենին և միաժամանակ նվիրվել առաքինությանը, որը նույնքան եմ սիրում, որքան նրան։ Մի՞թե ես պատրաստ չեմ այստեղ մեռնելու դրա համար, ինչպես պատրաստ կլինեմ մեռնելու նրա՛ համար։ Մի՞թե ես չեմ հանգչում այդ երկու մոլեռանդությունների համար. առաքինության համար, որն ինձ արժանի է դարձնում նրան, նրա՛ համար, ով ինձ նետել է առաքինության գիրկը. այո՛, ես պատրաստ եմ մեռնել, առանց նրան տեսնելու, պատրաստ եմ ապրելու, նրան նորից տեսնելով։ Թո՛ղ Աստված լինի իմ դատավորը։

Նրա դեմքը նորից կենդանացավ, գունատությունը ոսկե¬փայլ երանգ ստացավ։ Եսթերի թովիչ գեղեցկությունը վերականգնվեց նորից։

— Երբ դուք կլվացվեք մկրտության ջրով, հենց հաջորդ օրը կտեսնեք Լյուսիենին, և եթե հավատում եք, որ կարող կլինեք նրա հետ առաքինի ապրել՝ նվիրվելով նրան, դուք այլևս չեք անջատվի իրարից։

Քահանան հարկադրված եղավ բարձրացնել Եսթերին, որի սրունքները ծալվում էին։ Խեղճ աղջիկն ընկավ, կարծես հողը սահեց նրա ոտքերի տակից. աբբահայրը նրան նստեցրեց նստարանին, և երբ աղջիկը վերստացավ խոսելու ունակությունը, ասաց.

— Բայց ինչո՞ւ ոչ այսօր։

— Դուք ուզում եք սրբազանին զրկե՞լ ձեր մկրտության և դարձի հանդեսից։ Դուք չափազանց մոտ եք Լյուսիենին և հեռու՝ Աստծուց։

— Այո, ես ուրիշ ոչ մի բանի մասին չէի մտածում։

— Դուք երբե՛ք չեք պատկանի որևէ կրոնի,— ասաց քահանան խոր հեգնանքով։ — Աստված բարի է,— հարեց աղջիկը,— նա կարդում է իմ սիրտը։

Եսթերի ձայնի, նայվածքի, շարժուձևերի և կեցվածքի մեջ պոռթկացող միամտությունից հաղթահարված՝ Էրրերան առաջին անգամ համբուրեց նրա ճակատը։

— Անառակները դիպուկ մականուն են տվել քեզ. դու կգայթակղեցնեիր նույնիսկ հայր Աստծուն։ Անհրաժեշտ է ևս մի քանի օր, իսկ հետո, դուք՝ երկուսդ էլ, ազատ կլինեք։

— Երկո՜ւսս էլ,— կրկնեց աղջիկը զմայլագին ուրախությամբ։

Այդ տեսարանր զարմացրեց հեռվից դիտող սանուհիներին և դաստիարակչուհիներին, որոնք տեսնելով Եսթերի կերպարանափոխությունը, կարծեցին, թե ներկա են եղել կախարդական ինչ-որ գործողության։ Աղջիկն ամբողջապես փոխված էր և կյանքով առլեցուն։ Նա նորից հայտնվեց սիրո իր իսկական էությամբ, նազելի, պչրուն, հրապուրիչ, զվարթ. վերջապես նա հարություն առավ։

Էրրերան բնակվում էր Կասետ փողոցում, Սեն-Սյուպլիս եկեղեցու մոտ, որի ծխին էր պատկանում. խստաշունչ ու չոր ոճով կառուցված այդ եկեղեցին հարմար էր այդ իսպանացուն, որի կրոնը մոտ էր դոմինիկյանների ուխտի կանոնադրությանը։

Ֆերդինանդ VII-ի նենգավոր քաղաքականության կամավոր այդ զոհը վնասում էր կոնստիտուցիայի գործին, հաստատ իմանալով, որ իր անձնվիրությունը արքունիքին՝ կարող է վարձատրվել միայն Rey netto[8] վերականգնման ժամանակ։ Կարլոս Էրրերան հոգով ու մարմնով նվիրվեց camarilla[9]-ին այն պահին, երբ կորտեսների տապալման մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Աշխարհիկ հասարակության աչքում նման վարքագիծը վեհ հոգու նշան էր։ Անգուլեմի դուքսի ար¬շավանքն ավարտվել էր, իշխում էր Ֆերդինանդ թագավորը, իսկ Կարլոս Էրրերան չշտապեց Մադրիդ՝ պահանջելու իր ծառայությունների վարձատրությունը։ Դիվանագիտական լռությամբ պաշտպանվելով հետաքրքրասիրությունից, Փարիզում մնալը պատճառաբանելով Լյուսիեն դը Ռյուբամպրեի նկատմամբ ունեցած բուռն սիրով, որին և երիտասարդը պարտական էր իր ազգանունը փոխելու վերաբերյալ թագավորական հրամանագիրը։

Բացի այդ, Էրրերան շատ մութ կյանք էր վարում, հետևելով այն հոգևորականների ավանդական ապրելակերպին, որոնք ունեն գաղտնի միսիաներ։ Նա իր կրոնական պարտավորությունները կատարում էր Սեն-Սյուպլիս եկեղեցում. տնից դուրս էր գալիս միայն գործով, այն էլ միշտ երեկոները և կառքով։ Նրա օրն անցնում էր Իսպանիայում ընդունված ցերեկային քնով՝ նախաճաշի և ճաշի միջև եղած հանգստով, այսինքն՝ այն ժամերին, երբ Փարիզն աղմկալից է ու գործարար։ Իսպանական սիգարն էլ իր դերն ուներ և խլում էր այնքան ժամանակ, որքան ծխախոտը։ Ծուլությունը նույնքան լավ դիմակ է, որքան լրջախոհությունը, որը նույնպես դիմակ է։ Էրրերան ապրում էր տան մի թևի երկրորդ հարկում, իսկ Լյուսիենն զբաղեցնում էր մյուս թևը։ Այդ երկու բնակարանները բաժանվում և միաժամանակ միանում էին ընդունելության հատկացված մի հարկաբաժնով, որի վաղեմի փարթամությունը հավասարապես պատշաճում էր թե' եկեղեցու խստակրոն սպասավորին և թե' երիտասարդ պոետին։ Այդ տան բակը մռայլ տեսք ուներ։ Մեծ, սաղարթախիտ ծառեր ստվերում էին պարտեզը։ Լռությունն ու համեստությունը հատուկ են քահանաների բնակած տներին։ Էրրերայի բնակարանը կարելի էր նկարագրել մի բառով՝ դա խուց էր, Լյուսիենի բնակարանը փայլում էր շքեղությամբ ու հարդարված էր նրբաճաշակ փարթամությամբ և պարունակում էր այն ամենը, ինչ պահանջում է մի դենդիի, պոետի, գրողի, փառասերի, ախտամոլի կենցաղը։ Արատավոր, միաժամանակ գոռոզ ու սնափառ կենցաղը մի մարդու, որն անկարգ է, բայց ծարավի է կարգուկանոնի, մեկն այն անկատար հանճարներից, որոնք օժտված են ցանկանալու և հղանալու կարողությամբ, որ թերևս միևնույն բանն է, բայց որոնք ուժ չունեն կենսագործելու։

Էրրերան ու Լյուսիենը մի ամբողջ քաղաքականության մարմնացումն էին։ Դրանում էր, անշուշտ, նրանց կապի գաղտնիքը։

Ծերունիները, որոնց մոտ կենսական եռանդը փոխադրված է շահերի ոլորտը, հաճախ կարիք են զգում գեղեցիկ մի գործիքի, երիտասարդ ու կրքոտ մի դերասանի, իրագործելու համար իրենց մտադրությունները։ Ռիշելյոն չափազանց ուշ սկսեց փնտրել սպիտակ, չքնաղ դեմքով բեղավոր մի երիտասարդի, որպեսզի նրան նետեր այն կանանց մեջ, որոնց ինքը պետք է զվարճացներ։ Ջահել թեթևսոլիկներից չհասկացված` նա հարկադրված եղավ արտաքսել իր տիրակալի մորը և ահաբեկել թագուհուն, նախապես վարձելով հրապուրել թե' մեկին և թե' մյուսին, թեև նա այնպես չէր կերտված, որ դուր գար թագուհիներին։

Ինչ էլ ուզում է լինել, փառասիրական կյանք վարողը անխուսափելիորեն բախվելու է մի կնոջ, և այն էլ մի այնպիսի ժամանակ, երբ նման հանդիպումը միանգամայն անսպասելի է։

Որքան էլ հզոր լինի խոշոր քաղաքական գործիչը, նրան մի կին է հարկավոր, որին հակադրի մի այլ կնոջ, ինչպես հոլանդացիներն են ադամանդ հղկում ադամանդով։ Հռոմը, իր հզորության շրջանում, հպատակվում էր այդ անհրաժեշտությանը։ Նկատենք նաև, թե իտալացի կարդինալ Մազարինին որքա՜ն հզոր էր ֆրանսիական կարդինալ Ռիշելյորից։ Ռիշելյոն ընդդիմադրության է հանդիպում ազնվապետների կողմից ու գործի է դնում կացինը և իր իշխանության ծաղկման շրջանում ուժասպառ մեռնում է մի մենամարտում, ուր նրան զինակից էր միայն մի կապուցինյան։ Մազարինին մերժված էր բուրժուազիայի ու ազնվականության միացյալ ուժերի կողմից, որոնք զինված էին ու երբեմն էլ հաղթական, և որոնք փախուստի մատնեցին թագավորական ընտանիքին, բայց Աննա Ավստրիացու սպասավորը ոչ ոքի գլուխը չի կտրում, կարողանում է հպատակեցնել բովանդակ Ֆրանսիային, հղկում է Լյուդովիկոս XIV-ին, որն ավարտեց Ռիշելյոյի գործը՝ Վերսալի մեծ պալատում ոսկեզօծ լարով խեղդելով ազնվականությանը։

Տիկին Պոմպադուրի մահով կործանվեց Շուազյոլը։ Էրրերան օգուտ էր քաղել այդ նշանավոր օրինակներից, նա իրեն ըստ արժանվույն հատուցել էր, ավելի վաղ, քան այդ արել էր Ռիշելյոն։ Հանձին Լյուսիենի չէ՞ր ընտրել արդյոք մի Սեն-Մարի, բայց՝ հավատարիմ Սեն-Մարի։ Ոչ ոք չէր կարող պատասխանել այս հարցերին և ոչ էլ չափել այդ իսպանացու փառասիրությունը, ինչպես հնարավոր չէր նախատեսել, թե ինչպիսին կլիներ նրա վախճանը։ Նրանք, որ նման հարցեր էին տալիս և բացահայտել էին երկար ժամանակ թաքուն մնացած այդ կապը, ձգտում էին բացել այն սոսկալի գաղտնիքը, որին Լյուսիենը իրազեկ եղավ միայն մի քանի օր առաջ։ Կարլոսը կրկնակի փառասեր էր. նրա վարքագիծն այդ էր ապացուցում նրան ճանաչող մարդկանց, որոնք կարծում էին, թե Լյուսիենը այդ քահանայի ապօրինի զավակն է։

Տասնհինգ ամիս հետո այն երեկոյից, երբ Լյուսիենը երևաց Օպերայում, շատ վաղ նետվելով մի հասարակության մեջ, որտեղ աբբան ուզում էր երիտասարդին տեսնել միայն այն ժամանակ, երբ նրան վերջնականապես զինած կլիներ աշխարհիկ հասարակության դեմ, Լյուսիենն իր ախոռում ուներ երեք սքանչելի նժույգ, հատուկ մի փակ կառք՝ իրիկվա համար, մի կաբրիոլետ ու մի տիլբուրի՝ առավոտվա համար։ Նա ճաշում էր քաղաքում։ Էրրերայի կանխատեսություններն իրականացվել էին։ Զեխությունը աիրապետել էր իր աշակերտին. բայց նա անհրաժեշտ էր համարում խափանել այն խելացնոր սերը, որ Լյուսիենը պահում էր իր սրտում Եսթերի նկատմամբ։ Մոտ քառասուն հազար ֆրանկ ծախսելուց հետո ամեն մի նոր խենթություն Լյուսիենին է՛լ ավելի ուժգնակի էր մղում դեպի Տորպիլը. նա համառորեն փնտրում էր նրան, և որովհետև նրան չէր գտնում, ուստի այդ աղջիկը նրա համար դառնում էր այն, ինչ որսը՝ որսորդի համար։

Էրրերան կարո՞ղ էր կռահել պոետի սիրո բնույթը։ Բավական է, որ այդ զգացումը կիզելով սիրտը և տիրապետելով այդ հասակավոր երեխայի ամբողջ էությանը, հասնի նրա գիտակցությանը, պոետը սիրո ուժով այնքան կբարձրանա մարդկությունից, ինչքան բարձր է իր երևակայության զորու¬թյամբ։ Իր հոգևոր բնության քմայքի շնորհիվ օժտված լինելով իրականությունը պատկերներով արտահայտելու հազվագյուտ ունակությամբ, պատկերներ, որոնց մեջ դրոշմված են և՛ զգացում, և՛ միտք, նա սիրույն է նվիրում իր հոգու թևերը, նա զգում է ու պատկերում, գործում է ու խորհրդածում, նա մտովի բազմապատկում է զգացողությունները, ապագայի վերաբերյալ իր երազներում և անցյալի իր վերհուշերում նա եռակի վերապրում է ներկայի երանությունը, նա դրա մեջ մտցնում է ոգու նրբին վայելքները, որոնք նրան դարձնում են արվեստագետների իշխան։ Պոետի կիրքը այդ ժամանակ դառնում է վեհագույն մի պոեմ, որի մեջ մարդկային զգացումների ուժը երբեմն դուրս է գալիս հնարավորի սահմաններից։

Այդ ժամանակ պոետը իր սիրուհուն չի՞ դնում այնպիսի բարձր մակարդակի վրա, որտեղ կանայք չէին ուզենա գտնվել. լամանշեցի վսեմ ասպետի նման, նա գեղջուկ աղջկան կերպարանափոխում է իշխանադստեր։ Պոետն ունի կախարդական գավազան և ինչին հպվում է, այն դարձնում է հրաշալի, և այդպիսով հեշտասիրությունը բարձրացնում իդեալականի սքանչելի աշխարհը։ Այդ պատճառով նման սերը կրքի մի նմուշ է. նա ծայրահեղ է ամեն ինչում՝ հույսի, հուսահատության, զայրույթի, տխրության և ուրախության մեջ, նա թռչում է, ոստնում, սողում. նա նման չէ հոգեկան այն հուզումներից ոչ մեկին, որ զգում են սովորական մարդիկ. քաղքենիական սիրո համեմատությամբ դա այն է, ինչ ալպյան լեռների հավերժահոս գետը՝ հովտի առվակի հանդեպ։ Այդ սքանչելի հանճարներն այնքան հազվադեպ են հասկացված լինում, որ իրենք իրենց վատնում են խաբուսիկ հույսերով, հյուսվում են իդեալական սիրուհիների որոնման ճանապարհին՝ մահանում են գրեթե միշտ, ինչպես այն գեղեցիկ միջատները, որոնք, սիրո տոնի համար բնության ամենապոետիկական քմայքով պճնազարդված, ընկնում են անցորդի ոտքերի տակ և ճզմվում կուսական վիճակում։ Բայց կա և այլ վտանգ։ Երբ նրանք հանդիպում են իրենց ոգուն համապա¬տասխան մի տիպարի, որը հաճախ մի հացավաճառուհի է, այն ժամանակ նրանք վարվում են Ռաֆայելի նման, գեղեցիկ միջատի նման, նրանք մահանում են Ֆորնարինայի ոտքերի մոտ։

Լյուսիենը հասել էր դրան։ Նրա պոետական բնավորությունը, որն ամեն բանում, և՛ բարու, և' չարի մեջ երբեք չափավորություն չգիտեր, հանձին այդ աղջկա տեսել էր մի հրեշտակի, մի աղջկա, որին անառակությունը ավելի շուտ միայն քսվել էր, բայց որը չէր անառակացրել. Լյուսիենը նրան մշտապես տեսնում էր ձյունաթույր, թևավոր, անարատ ու խորհրդավոր, ինչպիսին Եսթերն իրոք դարձել էր հանուն նրա, կռահելով, որ իր սիրահարը ուզում է, որ ինքը լինի հենց այդպիսին։

1825 թվականի մայիսի վերջերին Լյուսիենը կորցրեց իր ամբողջ աշխուժությունը. նա այլևս տանից դուրս չէր գալիս, ճաշում էր Էրրերայի հետ, մտախոհության մեջ էր ընկնում, աշխատում էր, կարդում դիվանագիտական տրակտատների հավաքածուն. թուրքական ձևով նստում էր բազմոցին. օրական քաշում էր երեք-չորս նարգիլե։ Նրա սպասյակը ավելի շատ զբաղված էր այդ գեղեցիկ անոթի խողովակները մաքրելով և դրանք հոտավետելով, քան Բուլոնյան անտառի զբոսանքից առաջ ձիերը մաքրելով և վարդերով պճնելով։

Այն օրը, երբ իսպանացին տեսավ Լյուսիենի դժդունած դեմքը, որի վրա նշմարեց զսպված սիրո խենթությունից առաջ եկած հիվանդության հետքերը, ուզեց թափանցել այդ մարդու սրտի խորքը, որի վրա հիմնել էր իր կյանքի բարեկեցությունը։

Մի գեղեցիկ երեկո Լյուսիենը, բազկաթոռում փռված, պարտեզի ծառերի արանքից դիտում էր մայրամուտը` դանդաղորեն ու համաչափ արտաշնչելով անուշահոտ ծուխը, ինչպես անում են մտահոգ բոլոր ծխողները. նա իր անրջանքից զարթնեց արձակված խորունկ մի հառաչանքից։ Շուռ եկավ և տեսավ աբբահորը, կանգնած, բազուկները կրծքին խաչաձև։

— Դու այստե՞ղ ես,— ասաց պոետը։

— Եվ բավական ժամանակ,— պատասխանեց քահանան,— իմ մտքերը հետևում էին քո մտքերի թռիչքին...

Լյուսիենը հասկացավ այդ խոսքը։

— Ես ինձ երբեք չեմ վերագրել այնպիսի բրոնզյա բնա¬վորություն, ինչպիսին քո բնավորությունն է։ Կյանքն ինձ համար հաջորդաբար մե՛կ դրախտ է, մե՛կ դժոխք, բայց երբ, պատահմամբ, նա ոչ ա՛յս է, ոչ ա՛յն, ինձ ձանձրացնում է, և ես տաղտուկ եմ զգում...

— Ինչպե՞ս կարելի է ձանձրանալ, երբ այնքան հոյակապ ակնկալիքներ ունես...

— Երբ չես հավատում այդ ակնկալիքներին, կամ երբ դրանք շա՛տ են մշուշապատ...

— Թո՛ղ հիմարություններդ,— ասաց քահանան։— Ավելի արժանավայել է թե' քեզ և թե' ինձ, որ դու բանաս սիրտդ։ Մեր միջև կա այն բանը, ինչ չպետք է լինի՝ մի գաղտնիք։ Այդ գաղտնիքը տևում է արդեն տասնվեց ամիս։ Դու սիրում ես մի կնոջ։

— Հետո՞։

— Պիղծ մի աղջկա, Տրոպիլ մականունով։

— Հետո՛ ինչ։

— Զավակս, ես քեզ թույլատրել էի ունենալ մի սիրուհի, բայց պալատական շրջանի մի կին, երիտասարդ, գեղեցիկ, ազդեցիկ, առնվազն կոմսուհի։ Ես քեզ համար ընտրել էի տիկին դ'Էսպարին, որպեսզի առանց խղճի խայթի, նրան դարձնեինք քո հաջողության գործիքը, որովհետև նա երբեք չէր ապականի քո սիրտը և ազատ կթողներ այն... Սիրել վարնոց մի պոռնիկի, երբ չունես թագավորներին հատուկ ուժ՝ նրան ազնվացնելու համար, ահռելի սխալ է։

— Մի՞թե ես առաջինն եմ, որ, հրաժարվելով փառասիրությունից, գնում եմ խելացնոր սիրո զառիվայրով։

— Բարի,— ասաց քահանան, նարգիլեի bacchinetto[10]-ն, որ Լյուսիենը գետին էր գցել, բարձրացնելով և տալով նրան։— Ես հասկանում եմ, թե ինչ ես ակնարկում։ Մի՞թե չի կա¬րելի միացնել փառասիրությունն ու սերը։ Երեխա՛, հանձին ծեր Էրրերայի, դու ունես մի մայր, որի նվիրվածությունն անսահման է…

— Ես այդ գիտեմ, բարեկամս,— ասաց Լյուսիենը բռնելով նրա ձեռքը և թոթվելով այն։

— Դու ձգտում էիր հարստության խաղալիքներն ունենալ, դու դրանք ունես։ Դու ուզում ես փայլել, ես քեզ ուղղում եմ դեպի իշխանություն տանող ճանապարհը, ես համբուրում եմ շատ աղտոտ ձեռքեր, որպեսզի քեզ առաջ մղեմ, և դու առաջ կգնաս։ Եվս մի որոշ ժամանակ, և քեզ չի պակասի ոչինչ այն ամենից, ինչ դուր է գալիս տղամարդկանց ու կանանց։ Քո քմայքներից կանացիացած, բայց առնական ես քո ոգով. ես քեզ հիմնովին հասկացել եմ և ամեն բան ներում եմ։ Բավական է դու մի խոսք ասես, և կբավարարվեն քո անցողիկ կրքերը։ Ես վեհացրել եմ քո կյանքը, դրան տալով քաղաքականության և իշխանության դրոշմը, որն այն դարձնում է մարդկանց մեծամասնության պաշտամունքի առարկա։ Դու կլինես նույնքան մեծ, որքան փոքր ես հիմա. բայց հարկավոր չէ փշրել այն հաստոցը, որով մենք դրամ ենք կտրում։ Ես քեզ թույլատրում եմ ամեն բան, բացի այն սխալներից, որ կործանարար են քո ապագայի համար։ Երբ ես քո առջև բաց եմ անում Սեն-Ժերմեն արվարձանի սալոնների դռները, քեզ արգելում եմ թավալվել առուների մեջ։ Լյուսիե՛ն, ես կլինեմ երկաթի պես ամուր քո շահերի համար, քե՛զ համար. հանուն քեզ ես ամեն ինչ կհանդուրժեմ։ Դրա համար կյանքի խաղում քո կատարած սխալը ես վերածել եմ հմուտ խաղացողի քայլի... Լյուսիենը մոլեգին շարժումով բարձրացրեց գլուխը։

— Ե՛ս եմ առևանգել Տորպիլին։

— Դո՞ւ,— գոչեց Լյուսիենը։

Անասնական մոլեգնության նոպայի մեջ՝ պոետը վեր կացավ, ոսկեզօծ և թանկագին քարերով զարդարված bacchilieto-ն շպրտեց քահանայի երեսին և այնպիսի ուժգնությամբ հրեց նրան, որ ըմբիշը գետին տապալվեց։

— Ե՛ս,— ասաց իսպանացին, վեր կենալով և պահպանելով իր ահարկու լրջությունը։

Սև կեղծամն ընկել էր։ Ողորկ մի գանգ, ինչպիսին կմախքի գլուխն է, մատնեց այդ մարդու իսկական կերպարանքը, որ զարհուրելի էր։ Լյուսիենը նստեց բազմոցին, ձեռքերը կախ, ընկճված, բութ հայացքով նայելով աբբահորը։

— Ե՛ս առևանգեցի նրան,— շարունակեց քահանան։

— Ի՞նչ արիր նրան։ Դու նրան հափշտակել ես դիմակահանդեսի հաջորդ օրը...

— Այո, հաջորդ օրը, այն բանից հետո, երբ տեսա, որ քեզ պատկանող էակին վիրավորում են ստահակները, որոնց նույնիսկ չէի կամենա ոտքով խփել։

— Ստահակնե՜ր... իսկ ինչո՞ւ չես ասում հրեշներ,— ասաց Լյուսիենը՝ ընդհատելով նրան։— Նրանք այնպիսի հրեշներ են, որոնց համեմատությամբ գիլյոտինով գլխատվողները հրեշտակներ են։ Գիտե՞ս, թե այդ խեղճ Տորպիլը ինչ է արել նրանցից երեքի համար։ Այդ երեքից մեկը երկու ամիս նրա սիրեկանն է եղել։ Եսթերն աղքատ էր և իր հացը փնտրում էր փողոցում, իսկ տղամարդը ոչ մի գրոշ չուներ, հասել էր այն դրությանը, ինչպես ես, երբ դուք ինձ հանդիպեցիք գետի եզերքին. այդ կտրիճը գիշերները վեր էր կենում, մոտենում պահարանին, որտեղ գտնվում էին այդ աղջկա ճաշի մնացորդները, և ուտում էր դրանք։ Ի վերջո Եսթերը հայտնաբերում է այդ արարքը, ամաչում նրա փոխարեն, ջանում է շատ մնացորդներ թողնել և երջանիկ էր դրա համար. նա այդ միայն ինձ է պատմել, կառքում, Օպերայից վերադառնալիս։ Երկրորդը գողություն էր կատարել, բայց, նախքան կբացահայտեին գողությունը, Եսթերը նրան փոխ էր տալիս հարկավոր գումարը, որպեսզի սա տեղը դնի, բայց մոռանում էր վերադարձնել խեղճ աղջկանից վերցրածը։ Ինչ վերաբերում է երրորդին, Եսթերը նրա բախտը սարքեց՝ խաղալով փայլուն մի կոմեդիա, որը Ֆիգարոյի հանճարին էր սազական. կեղծելով, որպես թե նրա կինն է, Եսթերը դարձավ սիրուհին մի շատ ազդեցիկ մարդու, որը նրան համարում էր քաղքենուհիներից ամենից առաքինին։ Մեկին՝ կյանք, մյուսին՝ պատիվ, երրորդին` դիրք, որը հիմա ամեն ինչ է։ Եվ ահա տե՛ս, թե նրանք ինչպես վարձատրեցին նրան...

— Ուզո՞ւմ ես, որ նրանք մեռնեն,— ասաց Էրրերան, որի աչքերում արտասուքի կաթիլներ երևացին։

— Դու էլ բա՜ն ասացիր։ Ես քեզ գիտեմ...

— Ո՛չ, իմացիր բոլորը, ցասկոտ պոետ,— ասաց քահանան,— Տորպիլը գոյություն չունի այլևս։

Լյուսիենը նետվեց Էրրերայի վրա, որպեսզի բռնի նրա կոկորդը, և այն էլ այնպիսի ուժգնությամբ, որ կարող էր գետին տապալել մի ուրիշի, բայց իսպանացու ձեռքը զսպեց պոետին։

— Դե՛, լսի՛ր,— ասաց Էրրերան սառնությամբ,— ես նրան դարձրել եմ պարկեշտ, մաքուր, բարեկիրթ, կրոնասեր մի կին, կարգին կին. նա բռնել է կրթության ուղին։ Քո սիրո ազդեցությամբ նա կարող է և պետք է դառնա մի Մինոն, մի Մարիոն դը Լորմ, կամ մի դյու Բարրի, ինչպես ասում էր այն լրագրողը Օպերայում։ Դու կա՛մ նրան բացեիբաց կըն¬դունես որպես քո սիրուհին, կա՛մ կմնաս քո ստեղծագործության վարագույրի հետևում, մի բան, որ ավելի խոհական կլինի։ Թե՛ մեկ և թե' մյուս որոշումը քեզ օգուտ, փառք, հաճույք և հաջողություն կբերի, բայց եթե դու այնքան մեծ քա¬ղաքագետ ես, որքան մեծ պոետ, Եսթերը քեզ համար միայն սիրուհի կլինի, իսկ հետագայում գուցե մեզ որոշ դժվար կա¬ցությունից ազատի, նա իր ամբողջ քաշով ոսկի է։ Խմի՛ր, բայց մի՛ հարբիր։ Եթե քո կրքի երասաները ես չվերցնեի իմ ձեռքը, ի՜նչ կլիներ քո վիճակը։ Տորպիլի հետ միասին երկուսով կթավալվեիք թշվառության ցեխի մեջ, որտեղից քեզ դուրս եմ քաշել... Ահա՛, կարդա՛,— ասաց Էրրերան նույն այն պարզությամբ, ինչպես «Մանլիոսի» մեջ կասեր Տալման, որին նա երբեք չէր տեսել։

Պոետի ծնկներին ընկավ մի թուղթ, որը նրան դուրս բերեց այդ անսովոր պատասխանի առթիվ զգացած հիացական վի¬ճակից։ Նա վերցրեց այդ թուղթը և կարդաց օրիորդ Եսթերի գրած առաջին նամակը,

։«Պարոն աբբա Կարլոս Էրրերային։

։Իմ թանկագին խնամակալ, մի՞թե չեք հավատա, որ ինձ մոտ երախտագիտության զգացումը բարձր է սիրուց, տեսնելով որ ես իմ շնորհակալությունները հայտնելու համար է, որ օգտագործում եմ առաջին անգամ իմ մտքերն արտահայտելու կարողությունը, փոխանակ այն նվիրելու մի սիրո նկարագրության, որը Լյուսիենը թերևս մոռացել է։ Բայց ձեզ՝ Աստծու մարդուն, ես կասեմ այն, ինչ չեմ համարձակվի ասելու նրան, որը, ի բախտավորություն ինձ, դեռ կապված է հողին։

։Երեկվա հանդիսավոր արարողությունները երանությամբ համակեցին ինձ, ուստի և իմ բախտը ես նորից հանձնում եմ ձեր ձեռքը։ Եթե ես պետք է մեռնեմ իմ սիրածից հեռու, ապա կմեռնեմ մաքրագործված, ինչպես Մագդաղինե, և իմ հոգին կլինի նրա պահպանիչ հրեշտակի մրցակցուհին։ Կարո՞ղ եմ երբևէ մոռանալ երեկվա տոնը։ Ինչպե՜ս կարելի է հրաժարվել այն փառավոր գահից, ուր ես բարձրացա։ Երեկ ես լվացի իմ բոլոր աղտեղությունները մկրտության ջրի մեջ, և ճաշակեցի մեր փրկչի սուրբ մարմինը, ես դարձել եմ նրա խորհրդատուփերից մեկը։ Այդ պահին, ես լսում էի հրեշտակների երգերը, ես ավելին էի, քան կին, ես ծնվում էի լուսաճաճանչ կյանքում, երկրային ցնծությունների մեջ, մարդկանց հիացմունքին արժանացած, խնկաբույր ամպի և արբեցուցիչ աղոթքների մեջ, ես զարդարված էի ինչպես մի կույս՝ երկնային փեսացուի համար։ Ինձ արժանի զգալով Լյուսիենին, մի բան, որ հույս չունեի, ես հրաժարվեցի ամեն տեսակ անմաքուր սիրուց, և չեմ ուզում քայլել այդ ճամփաներով, բացի առաքինության ճամփից։ Եթե իմ մարմինն ավե¬լի տկար է, քան իմ հոգին, ապա թո'ղ կործանվի այն։ Եղե՛ք իմ բախտի տնօրենը, և եթե ես մեռնեմ, ասացեք Լյուսիենին, որ մեռել եմ հանուն նրա, վերածնվելով Աստծո համար։

։։։։։։։։։։Այս կիրակի երեկոյան»։

Լյուսիենն աբբահորն ուղղեց արտասուքով մշուշված իր աչքերը։

— Դու գիտե՞ս հաստլիկ Կարոլին Բելֆյոյի բնակարանը՝ Տեբու փողոցում,— շարունակեց իսպանացին։— Այդ աղջիկը, որին լքեց դատական աստիճանավորը, սոսկալի կարիքի մեջ էր, նրան կալանք էր սպառնում. ես գնեցի նրա բնակարանը իր ամբողջ կահավորումով, և նա դուրս եկավ այնտեղից իր լաթերով։ Եսթերը, այդ հրեշտակը, որն ուզում էր բարձրանալ երկինք, իջել է այնտեղ և սպասում է քեզ։

Նույն րոպեին Լյուսիենը լսեց, որ բակի մեջ դոփում են իր ձիերը, նա ուժ չունեցավ արտահայտելու իր հիացմունքը այդ նվիրվածության համար, որ միայն ինքը կարող էր գնահատել. նա նետվեց այն մարդու բազուկների մեջ, որին վիրավորանք էր հասցրել, ամեն ինչ դարմանեց մի նայվածքով և իր զգացմունքների անբարբառ մի զեղումով. հետո սանդուղքից ցած իջավ, իր սպասյակի ականջին շշնջաց Եսթերի հասցեն, և ձիերը սլացան, ասես իրենց տիրոջ կիրքը ուժ էր տալիս նրանց ոտքերին։


Հաջորդ օրը մի մարդ, որին, հագուստից դատելով, անցորդները կարող էին ծպտյալ ժանդարմի տեղ ընդունել, զբոսնում էր Տեբու փողոցում, մի տան դիմաց, որտեղից կարծես նա սպասում էր ինչ-որ մեկի դուրս գալուն։ Նա քայլում էր այնպես, ինչպես քայլում են հուզված մարդիկ։ Դուք հաճախ կհանդիպեք Փարիզում նման զբոսամոլների, ազգային գվարդիայի մի դասալիքի հետապնդող իսկական ժանդարմների, կամ խուզարկու մարդկանց, որոնք պատրաստվում են մեկին ձերբակալել, պարտատերերի, որոնք որոգայթներ են լարում իրենց տանը փակված պարտապանների դեմ, խանդոտ ու կասկածամիտ սիրեկանների ու ամուսինների, հօգուտ իրենց բարեկամների հետապնդում կատարող բարեկամների, բայց հազվադեպ կհանդիպեք վայրի ու բիրտ մտքերով համակված մի դեմքի, որպիսին մռայլ ըմբիշն էր, որ անցուդարձ էր անում օրիորդ Եսթերի լուսամուտի տակ՝ վանդակում փակված արջի անհանգիստ արտորանքով։ Կեսօրին բացվեց մի լուսամուտ, և սպասուհին ետ հրեց փափուկ ծածկույթներով փեղկերը։ Մի քանի րոպեից հետո Եսթերը, գիշերային շորերով, մոտեցավ լուսամուտին՝ թարմ օդ շնչելու համար. նա հենված էր Լյուսիենի ուսին. ով նրանց տեսներ, կընդուներ անգլիական նրբակերտ զարդանկարի տեղ։ Եսթերն իսկույն նկատեց իսպանացի քահանայի զայրագին աչքերը, և խեղճ արարածը, ասես գնդակահար, ահի ճիչ արձակեց։

— Ահա այն ահարկու քահանան,— ասաց աղջիկը` մատնանշելով նրան Լյուսիենին։

— Նա՜,— ասաց Լյուսիենը ժպտալով,— նա նույնպիսի քահանա է, ինչպիսին դու ես...

— Հապա ի՞նչ է,— ասաց Եսթերը սարսափած։

— Նա հանդուգն, ճարպիկ մի մարդ է, որը միայն սատա¬նային է հավատում,— ասաց Լյուսիենը։

Եթե Եսթերի փոխարեն սակավ նվիրված մի ուրիշ անձնավորություն լսած լիներ կեղծ քահանայի գաղտնիքները մերկացնող այդ ակնարկը, Լյուսիենը կարող էր ընդմիշտ կործանվել։ Հազիվ էին սիրահարները հեռացել ննջասենյակի լուսամուտից և ուղղվել դեպի ճաշասենյակը, ուր նրանց նախաճաշ էր մատուցվել, երբ հանդիպեցին Կարլոս Էրրերային։

— Ինչո՞ւ ես եկել այստեղ,— կտրուկ ասաց Լյուսիենը։

— Ձեզ օրհնելու,— պատասխանեց այդ հանդուգն մարդը` կանգնեցնելով զույգին և նրանց հարկադրելով մնալ բնակա¬րանի փոքրիկ սրահում։— Լսեցե՛ք ինձ, հոգյակներս։ Զվարճացե՛ք, երջանի՛կ եղեք, այդ շատ լավ է։ Բախտավորությո՛ւն, ինչ գնով ուզում է լինի, ահա իմ պատվիրանը։ Բայց դո՛ւ,— ասաց նա Եսթերին,— դո՛ւ, որին ես դուրս եմ հանել տիղմից և որի մարմինն ու հոգին լվացել եմ, կարծում եմ, խոչընդոտ չես դառնա Լյուսիենի ճանապարհին... Ինչ վերաբերում է քեզ,— շարունակեց նա` մի փոքր դադարից հետո նայելով Լյուսիենին,— հիմա արդեն բավականաչափ պոետ չես, որ գնաս դեպի նոր մի Կորալի։ Մենք արձակ ենք գրում։ Ի՞նչ կարող է դառնալ Եսթերի սիրեկանը։ Ոչի՛նչ։ Եսթերը կարո՞ղ է դառնալ տիկին դը Ռյուբամպրե։ Ո՛չ։ Ուրեմն, հոգյակս,— ասաց նա, իր ձեռքը դնելով Եսթերի ձեռքին, իսկ սա այնպես սարսռաց, կարծես մի օձ պարուրեց նրան,— աշխարհիկ հասարակությունը չպետք է իմանա, որ դուք գոյություն ունեք. այդ հասարակությունը հատկապես պիտի անգիտանա, որ մի որևէ օրիորդ Եսթեր սիրում է Լյուսիենին, և որ Լյուսիենը սիրահարված է նրան... Այս բնակարանը կլինի ձեր բանտը, բալիկս։ Եթե դուք կամենում եք դուրս գալ, իսկ ձեր առողջությունը կպահանջի այդ, դուք կզբոսնեք գիշերը, այն ժամերին, երբ ձեզ չեն կարող տեսնել, որովհետև ձեր գեղեցկությունը, ձեր երիտասարդությունը և վանքում ձեռք բերված բարեկրթությունը շատ շուտով նկատելի կլինեն Փարիզում։ Այն օրը, երբ աշխարհիկ հասարակության մեջ որևէ մեկն իմանա,— ասաց նա ահարկու մի շեշտով, որին ուղեկցում էր է՛լ ավելի ահարկու մի նայվածք,— որ Լյուսիենը ձեր սիրեկանն է, և որ դուք նրա սիրուհին եք, այդ օրը կլինի ձեր նախավերջին օրը։ Այս երիտասարդի համար մենք ձեռք ենք բերել մի հրամանագիր, որը նրան թույլ է տալիս կրել իր մայրական տոհմային անունը և տոհմանիշը։ Բայց այդ դեռ բոլորը չէ. մարկիզի տիտղոսը մեզ չի վերադարձված, և որպեսզի այն ստանանք, նա պետք է ամուսնանա ազնվական տոհմից մի աղջկա հետ, որի համար թագավորն այդ շնորհը կանի մեզ։ Այդ ամուսնությունը Լյուսիենին կմտցնի պալատական աշխարհը։ Այս երեխան, որին ես կարողացա տղամարդ դարձնել, նախ կդաոնա դեսպանության քարտուղար, հետագայում կլինի դեսպան Գերմանիայի արքունիքներից մեկում, և, օգնությամբ Աստծու կամ իմ (որը ավելի հավանական է), նա կնստի պերության աթոռին…

— Կամ մեղադրական աթոռին…— ասաց Լյուսիենը` ընդհատելով այդ մարդուն։

— Լռի՛ր,— գոչեց Կարլոսը` իր լայն ձեռքով փակելով Լյուսիենի բերանը։ Ապա թեքվելով նրա ականջին` շշնջաց.

— Ինչպե՜ս կարելի է նման գաղտնիք վստահել մի կնոջ...

— Եսթերը կի՞ն,— բացականչեց «Մարգարտածաղիկների» հեղինակը։

— Էլի՞ սոնետներ կամ սին խոսքեր,— ասաց իսպանացին։— Բոլոր այդ հրեշտակները վաղ թե ուշ կին են դառնալու. կինը միշտ էլ ունենում է այնպիսի պահեր, երբ միաժամանակ թե՛ կապիկ է և թե՛ երեխա, երկու էակ, որ կարող են սպանել մեզ՝ ծիծաղելու համար։ Եսթե՛ր, գոհարս,— ասաց նա սարսափած դեռատի պանսիոներուհուն,— ես ձեզ համար գտել եմ մի սպասուհի, որը դստեր նման ինձ նվիրված է։ Ձեր խոհարարուհին կլինի մի մուլատուհի, մի բան, որ լավ երանգ կտա որևէ տան։ Եվրոպայի և Ասիայի հետ մեկտեղ, դուք այստեղ կապրեք ամսական հազարֆրանկանոց մի տոմսով և կապրեք որպես թագուհի... թատրոնի։ Եվրոպան եղել է դերձակուհի, մոդիստուհի, ստատիստուհի. Ասիան ծառայել է որկրամոլ մի լորդի մոտ։ Ի դեմ այդ երկու արարածների՝ դուք կունենաք երկու ըղձանույշ։

Տեսնելով Լյուսիենին փոքր մանուկի պես կանգնած այն մարդու կողքին, որ առնվազն մեղավոր էր իր սրբապղծության ու խաբեության համար, սիրով սրբացած Եսթերի սիրտը կուչ եկավ սոսկումից։ Առանց պատասխանելու, նա Լյուսիենին քարշ տվեց ննջասենյակ, որտեղ նրան ասաց.

— Նա սատանա՞ է։

— Ավելի վատը... ինձ համար,— հարեց Լյուսիենը ուժգնակի,— բայց եթե դու ինձ սիրում ես, աշխատի՛ր ձևացնել, որ նվիրված ես այդ մարդուն և հնազանդվիր նրան մահվան ահով։

— Մահվա՞ն...— ասաց աղջիկը։ է՛լ ավելի սարսափած։

— Մահվա՛ն,— կրկնեց Լյուսիենը,— ավա՜ղ, իմ փոքրիկ այծյամ,— ոչ մի մահ չի կարող համեմատվել այն մահվան հետ, որ ինձ է սպասում, եթե...

Լսելով այդ խոսքերը` Եսթերը գույնը գցեց և զգաց, որ ուշաթափվում է։

— Այդ ի՛նչ է,— բղավեց կեղծ եկեղեցականը,— դուք դեռևս չե՞ք պոկոտել մարգարտածաղիկների բոլոր թերթիկները։

Եսթերն ու Լյուսիենը վերադարձան, և խեղճ աղջիկը, առանց նայելու խորհրդավոր մարդուն, ասաց.

— Ձեզ կհնազանդվեն այնպես, ինչպես հնազանդվում են Աստծուն, պարոն։

— Լավ,— պատասխանեց Կարլոսը,— դուք կարող եք որոշ ժամանակ շատ երջանիկ լինել, և... կունենաք միայն տնային ու գիշերային արդուզարդերը. դա մեծ խնայողություն կլինի։

Երկու սիրահարներն անցան ճաշասրահ, բայց Լյուսիենի հովանավորը մի շարժում արեց, և գեղեցիկ զույգը կանգ առավ.

— Քիչ առաջ ես խոսեցի ձեր սպասուհիների մասին, զավա՛կս,— ասաց նա Եսթերին,— ես այժմ պետք է նրանց ներկայացնեմ ձեզ։

Իսպանացին երկու անգամ զանգահարեց։ Հայտնվեցին երկու կին, որոնց նա անվանում էր Եվրոպա ու Ասիա, և միայն այն ժամանակ հեշտ եղավ կռահել այդ մականունների պատճառը։

Ասիան, որ թվում էր, թե Ճավա կղզում է ծնվել, ուներ մալայացիներին հատուկ պղնձագույն, տախտակի պես տափակ, սարսափելի դեմք, որի վրա քիթը կարծես ուժեղ ճնշմամբ ներս էր գնացել։ Կզակի ոսկորների տարօրինակ դասավորությունը այդ կերպարանքի ներքևի մասին տալիս էր խոշոր տեսակի կապիկների դնչի նմանություն։ Ճակատը, թեև փոս ընկած, վկայում էր մի իմացականություն, որ արդյունք է խորամանկության դիմելու վարժության։ Երկու վառ, փոքրիկ աչքերն ունեին վագրի աչքերի հանդարտություն, բայց նրանք ուղիղ չեն նայում մարդու դեմքին։ Կարծես թե Ասիան վախենում էր սարսափեցնել իրեն շրջապատողներին։ Կապտավուն շրթունքների արանքից երևում էին շլացուցիչ սպիտակությամբ, բայց անկանոն ատամներ։ Անասնական այդ դեմքի ընդհանուր արտահայտությունը ստորությունն էր։ Մազերը, որոնք պսպղուն էին, ինչպես դեմքի մաշկը, շրջանակված էին երկու սև երիզներ ունեցող շքեղ մի գլխա¬շորով։ Չափազանց սիրուն ականջները զարդարված էին երկու խոշոր սև մարգարիտներով։ Փոքրահասակ, թիկնեղ Ասիան նման էր այն արտառոց արարածներին, որ չինացիք նկարում են իրենց շիրմաների վրա, կամ ավելի ճիշտ՝ նման էր հնդկական կուռքերին, որոնց տիպարը, կարծես թե չպետք է գոյություն ունենա իրականում, բայց որոնք, այնուամենայնիվ, հանդիպում են ճանապարհորդներին։ Տեսնե¬լով բրդյա շրջազգեստի վրա սպիտակ գոգնոց հագած այդ հրեշին, Եսթերը սարսռաց։

— Ասիա,— կանչեց իսպանացին։— Կինը գլուխը բարձրացրեց այնպիսի շարժումով, որ կարող է համեմատվել տիրոջը նայող շան հայացքին,— ահա ձեր տիրուհին։

Ապա նա մատով ցույց տվեց Եսթերին, որը ցայգազգեստով էր։ Ասիան նայեց այդ դեռատի պարիկին` գրեթե ցավատանջ արտահայտությամբ, բայց միաժամանակ թաքնված մի շող, ասես հրդեհի մի կայծ, նրա խիտ թարթիչների միջից թռավ դեպի Լյուսիենը, որը հագել էր տնային լայն պարեգոտ, ֆրիզի նուրբ քաթանից շապիկ և կարմիր անդրավարտիք, գլխին թուրքական ֆես, որի տակից խոշոր խոպոպներով դուրս էին պրծնում խարտյաշ մազերը, նա աստվածային մի կերպար էր։ Իտալական հանճարը կարող է հղանալ Օթելլոյի պատմությունը, իսկ անգլիական հանճարը բեմ հանել այն, բայց բնությունը միայն իրավունք ունի մի հայացքով ավելի հոյակապ ու ավելի կատարյալ արտահայտելու խանդը։ Այդ նայվածքը, որ Եսթերը նկատեց, նրան հարկադրեց բռնել իսպանացու բազուկը և այնտեղ խրել իր եղունգները, ինչպես կաներ կատուն, անհատակ անդունդն ընկնելուց խուսափելու համար։ Այն ժամանակ իսպանացին անծանոթ լեզվով երեք-չորս բառ ասաց ասիական այդ հրեշին, որը ծնկաչոք սողաց դեպի Եսթերը և համբուրեց նրա ոտքերը։

— Սա՛,— ասաց իսպանացին Եսթերին,— սոսկ մի խոհարարուհի չէ, այլ մի վարպետ-խոհարար, որը նախանձից խելքահան կաներ Կարեմին։ Ասիան գիտե ամեն ինչ պատրաստել։ Նա ձեզ համար լոբուց կպատրաստի մի հասարակ կերակուր, որ դուք կարող եք կասկածել, թե հրեշտակներն են համեմել այն։ Ամեն առավոտ ինքը կգնա շուկա և դևի պես կկռվի, որպեսզի ամեն ինչ գնի իր իսկական արժեքով։ Նա իր գաղտնապահությամբ հետաքրքրասերներին կձանձրացնի։ Քանի որ ձեզ պիտի դնեն Հնդկաստանում ապրած անձնավորության տեղ, Ասիան ձեզ կօգնի, որ այդ առասպելը ճշմարտանման լինի, որովհետև նա այն Փարիզուհիներից է, որոնք ծննդավայրն ընտրում են ըստ ցանկության։ Բայց ես կարծում եմ, թե հարկ չկա, որ դուք օտարուհի ձևանաք… Եվրոպա, ի՞նչ կասես այդ մասին։

Եվրոպան Ասիայի կատարյալ հակապատկերն էր, որովհետև նա նման էր սիրուն մի սուբրետուհու, որ Մոնրոզը շատ կփափագեր ունենալ որպես խաղընկերուհի։ Նրբամարմին, արտաքուստ թեթևսոլիկ, աքիսի գողտրիկ դնչով, սուր քթով Եվրոպան դիտողին թվում էր Փարիզյան ապականվածություններից խոնջացած մի կերպարանք, հում գետնախնձորով սնված, ավշային ու նյարդոտ, մեղկ ու կպչուն մի աղջկա տմույն կերպարանք։ Մանրիկ ոտքը առաջ դրած, ձեռքերը գոգնոցի գրպաններում, նա ամբողջապես կայտռում էր, թեև անշարժ էր, բայց մեծ էր նրա աշխուժությունը։ Միաժամանակ լինելով թե՛ գրիզետուհի և թե՛ ֆիգուրանտուհի, նա, հակառակ իր երիտասարդությանը, պետք էր շատ արհեստներ փորձած լիներ։ Բոլոր մադըլոնետների փչացածությունը յուրացրած լինելով, կարող էր թերևս կողոպտած լինել իր ծնողներին և քսված լինել դատական ոստիկանության նստարաններին։

Ասիան ուժեղ զարհուրանք էր ներշնչում, բայց մի րոպեում կարելի էր բացահայտել նրա էությունը. նա ուղղակի Լոկուստից էր սերում, մինչդեռ Եվրոպան ներշնչում էր մի տեսակ անհանգստություն, որը գնալով աճում էր՝ նրա ծառայություններն ընդունելիս. թվում էր, թե նրա ապականվածությունը սահման չունի, նա կարող էր, ինչպես ժողովուրդն է ասում, ամեն ծակուծուկ մտած և դուրս եկած լինել։

— Տիկինը կարող է լինել Վալանսիենից,— ասաց Եվրոպան մի փոքր չոր շեշտով,— ես այնտեղացի եմ,— ապա դիմելով Լյուսիենին, իմաստակ մարդու տոնով ասաց,— պարոնը կկամենա՞ մեզ հաղորդել այն անունը, որ մտադիր է տալ տիկնոջը։

— Տիկին Վան Բոգսեկ,— պատասխանեց իսպանացին` տեղափոխելով Եսթերի ազգանվան տառերը։— Տիկինը Հոլանդիայում ծնված հրեուհի է, մի վաճառականի այրի, տառապում է փայծաղի հիվանդությամբ, որը Ճավայից է բերել իր հետ... Մեծ հարստություն չունի, որպեսզի հետաքրքրություն չհարուցի։

— Ապրուստի համար ունի վեց հազար ֆրանկ եկամուտ, և մենք պիտի գանգատվենք նրա ժլատությունից,— ասաց Եվրոպան։

— Ճիշտ այդպես,— ասաց իսպանացին` շարժելով գլուխը։— Անիծված խեղկատակուհիներ,— շարունակեց ահարկող ձայնով, նկատելով, որ Ասիան ու Եվրոպան փոխանակում են այնպիսի նայվածքներ, որ իրեն դուր չեկան,— հասկացա՞ք, թե ես ձեզ ինչ ասացի։ Դուք սպասավորելու եք մի թագուհու. պարտավոր եք նրան ցույց տալ այն հարգանքը, ինչ պետք է մատուցել թագուհուն, փայփայելու եք նրան այնպես, ինչպես կփայփայեիք վրեժխնդրությունը, դուք նրան պիտի նվիրված լինեք այնպես, ինչպես ինձ եք նվիրված։ Ո՛չ դռնապանը, ո՛չ հարևանները, ո՛չ տան բնակիչները, մի խոսքով աշխարհում ո՛չ ոք չպետք է իմանա, թե ինչ է կատարվում այստեղ։ Մեր պարտքն է կանխել ամեն տեսակ հետաքրքրասիրություն, եթե այդպիսին ծագի։ Իսկ տիկինը,— ավելացրեց նա` իր մազոտ ձեռքը դնելով Եսթերի բազկին,— տիկինը պիտի խուսափի ամենափոքր անխոհեմություն գործելուց, հարկ եղած ղեպքում, դուք կխափանեք նման փորձեր, բայց... միշտ էլ հարգանքով։ Եվրոպա՛, դուք պետք է դրսի հետ կապ պահպանեք տիկնոջ արդուզարդի վերաբերմամբ և ջանաք այդ անել խնայողաբար։ Վերջապես, ո՛չ ոք, նույնիսկ ամենաաննշան մարդը, չպետք է ոտք դնի այս բնակարանը։ Ամեն ինչ պետք է կատարեք երկուսով։— Գեղուհի՛ս,— դարձավ նա Եսթերին,— երբ դուք ցանկանաք իրիկունները դուրս գալ կառքով, այդ մասին կասեք Եվրոպային, նա գիտե որտեղ որոնել ձեր սպասավորներին, որովհետև դուք կունենաք նաև հանձնարարություններ կատարող մի սպասավոր, էլի՛ իմ ճաշակով, ինչպես այս երկու ստրկուհիները։

Եսթերն ու Լյուսիենը ոչ մի խոսք չէին գտնում ասելու, նրանք լսում էին իսպանացուն և նայում այդ երկու զարմանահրաշ տիպերին, որոնց նա իր հրամաններն էր տալիս։ Ի՞նչ գաղտնիքի էին նրանք պարտական իրենց այդ հպատակու¬թյամբ, նվիրվածությամբ, որ գրված էր այդ երկու դեմքերին, մեկը այնքան չարամտորեն կայտառ, մյուսը` այնքան խորունկորեն դաժան։ Իսպանացին կռահեց Եսթերի ու Լյուսիենի մտքերը։ Նրանք Պոլ և Վիրժինի նման ասես ընդարմացած էին երկու գարշելի օձերի տեսքից. իսպանացին մեղմ ձայնով ասաց նրանց ականջին.

— Դուք կարող եք վստահ լինել նրանց վրա` ինչպես ինձ վրա, ոչ մի գաղտնիք մի՛ թաքցրեք նրանցից, դա կշոյի նրանց։ Գնա աշխատի'ր, իմ փոքրիկ Ասիա,— ասաց նա խոհարարուհուն։— Դու էլ, գողտրիկս, մի սեղանսպաս ևս ավե¬լացրու,— ասաց Եվրոպային,— համենայն դեպս, մի մեծ բան չէ, որ զավակներն իրենց հայրիկին նախաճաշ տան։

Երբ երկու կանանց դուրս գալուց հետո դուռը ծածկվեց, և իսպանացու ականջին հասավ նրանց անցուդարձի աղմուկը, սեղմելով իր լայն բռունցքը, նա ասաց Լյուսիենին ու երիտասարդ աղջկան.

— Ես նրանց, ա՛յ, այսպես եմ պահում։

Այդ խոսքն ու այդ շարժումը սարսուռ էին ազդում։

— Դրանց որտեղի՞ց գտար,— գոչեց Լյուսիենը։

— Է՜, սատանան տանի,— պատասխանեց իսպանացին,— ես նրանց չեմ բերել գահի պատվանդանի մոտից։ Եվրոպան դուրս է եկել ցեխից և վախենում է վերադառնալ այնտեղ... Երբ նրանք ձեզ չեն գոհացնի, սպառնացե՛ք նրանց պարոն աբբայի անունով, և դուք նրանց կտեսնեք դողահար, ինչպես մկներ, որոնց հետ խոսում են կատվի մասին։ Ես վայրի գազաններ զսպող եմ,— ավելացրեց նա ժպտալով։

— Դուք ինձ վրա դևի տպավորություն եք թողնում,-բացականչեց Եսթերը` քնքշորեն սեղմվելով Լյուսիենին։

— Զավա՛կս, ես փորձեցի ձեզ նվիրել երկնքին, բայց զղջացյալ աղջիկը միշտ էլ խաբկանք կլինի եկեղեցու համար. եթե այդպիսի մեկը գտնվեր, նա վերստին կուրտիզանուհի կդառնար դրախտում։ Ձեր շահն այն է, որ դուք ձեզ մոռացնել եք տվել և նմանվել եք կարգին կնոջ. հիմա դուք սովորել եք այն, ինչ երբեք չէիք կարող ուսանել այն նողկալի միջավայրում, որտեղ ապրում էիք... Դուք ինձ ոչնչով պարտական չեք,— ասաց նա՝ Եսթերի դեմքին տեսնելով երախտագիտության քաղցր արտահայտություն,— ես ամեն ինչ արել եմ նրա' համար... (նա ցույց տվեց Լյուսիենին)։ Դուք եղել եք ու կմնաք թեթևաբարո աղջիկ և կմեռնեք որպես այդպիսին, որովհետև հակառակ անասնաբույծների հրապուրիչ տեսություններին, այս աշխարհում ծնվողը չի փոխվում. ինչպես կա, այդպես էլ կմնա։ Սապատներին գիտակ մարդը իրավացի է. դուք սիրո սապատ ունեք։

Իսպանացին, ըստ երևույթին, ճակատագրտպաշտ էր, ինչպես Նապոլեոնը, ինչպես Մոհամեդը և քաղաքական խոշոր գործիչներից շատերը։ Տարօրինա՜կ բան. համարյա բոլոր ակտիվ մարդիկ հակում ունեն դեպի ճակատագրակա¬նությունը, ինչպես մտածողների մեծամասնությունը հակված է դեպի նախախնամությունը։

— Ես չգիտեմ, թե ինչ եմ,— պատասխանեց Եսթերը, հրեշտակային հեզությամբ,— բայց ես գիտեմ, որ սիրում եմ Լյուսիենին և կմեռնեմ նրան պաշտելով։

— Եկե՛ք նախաճաշելու,— ասաց իսպանացին,— և աղոթեցե՛ք Աստծուն, որ Լյուսիենը շուտով չամուսնանա, որովհետև այն ժամանակ դուք նրան այլևս չեք տեսնի։

— Նրա ամուսնությունը իմ մահը կլինի,— ասաց Եսթերը։

Նա թույլ տվեց, որ կեղծ քահանան առաջ անցնի, որպեսզի կարողանա աննկատելիորեն թեքվել Լյուսիենի ականջին՝ հարցնելու համար.

— Մի՞թե դա քո կամքն է, որ ես մնամ այդ մարդու իշխանության տակ` շրջապատված այդ երկու բորենիներով։

Լյուսիենը գլուխը թեքեց։ Խեղճ աղջիկը զսպեց տխրությունը և ուրախ ձևացավ, թեև զարհուրելիորեն ճնշված էր։ Հարկ եղավ ավելի քան մի տարի տևող մշտական ու անձնվեր հոգածություն, մինչև նա վարժվեց այդ երկու ահարկու արարածներին, որոնց Կարլոս Էրրերան անվանում էր պահապան շներ։


Փարիզ վերադառնալուց հետո Լյուսիենը դարձել էր այնպես շրջահայաց, որ կարող էր գրգռել և գրգռեց իր նախկին բոլոր բարեկամների նախանձը, որոնց նկատմամբ նա չէր գործադրում ոչ մի այլ վրիժառություն, քան այն, որ կատաղեցնում էր նրանց իր հաջողություններով, իր անբասիր կեցվածքով և բոլորին իրենց պատկառելի հեռավորության վրա պահելու վարվելակերպով։ Այդքան ընկերասեր ու այդքան, սրտաբաց պոետը դարձավ սառը, զգուշավոր։ Դը Մարսեն` Փարիզյան երիտասարդության ճանաչված այդ տիպարը, իր ասածների կամ արարքների մեջ այնքան չափված-ձևված չէր, որքան Լյուսիենը։ Ինչ վերաբերում էր խելքին, լրագրողը ժամանակին տվել էր դրա ապացույցը։ Դը Մարսեն, որին հակադրում էին Լյուսիենին՝ գերադասելով պոետին, փոքրոգություն ունեցավ այդ բանից նեղանալու։

Լյուսիենը, որ շնորհի էր արժանացել այն մարդկանց մոտ, որոնք գաղտնաբար իրենց ձեռքում էին պահում իշխանությունը, լքեց գրական փառքի հասնելու ամեն մի միտք և անտարբեր վերաբերվեց իր իսկական խորագրով վերահրատարակված «Կարլոս IX-ի նետաձիգը» վեպի հաջողությանն ու այն աղմուկին, որ առաջ բերեց Դորիայի հրատարակությամբ «Մարգարտածաղիկներ» խորագրով սոնետների իր ժողովա-ծուն՝ սպառված մի շաբաթվա ընթացքում։

— Դա հետմահու հաջողություն է,— պատասխանեց նա օրիորդ դե Տուշին, որը գովաբանում էր նրան։

Ահարկու իսպանացին երկաթյա բազուկներով պահում էր իր արարածին այն ուղու վրա, որը համբերատար քաղաքագետների համար ավարտվում է հաղթանակի ծնծղաներով ու ավարներով։

Լյուսիենը Մալաքե քարափի վրա վարձեց Բոդընորի ամուրիական հարկաբաժինը, որպեսզի ավելի մոտ լինի Տեբու փողոցին, իսկ նրա խորհրդատուն զբաղեցրեց նույն տան չորրորդ հարկի երեք սենյակները։ Լյուսիենն ուներ երկու ձի՝ մեկը հեծնելու, և մյուսը` լծելու համար, մի սպասավոր ու մի ախոռապան։ Երբ նա քաղաքում չէր ճաշում, ճաշում էր Եսթերի տանը։ Կարլոս Էրրերան այնպես լավ էր հետևում Մալաքե քարափի տան սպասավորներին, որ Լյուսիենի ծախսը ընդամենը տասը հազար ֆրանկից չէր անցնում։ Տասը հազար ֆրանկը բավականացնում էր Եսթերին՝ Եվրոպայի և Ասիայի մշտական, անբացատրելի նվիրվածության շնորհիվ։ Լյուսիենը խիստ զգուշավորություն էր բանեցնում Տեբու փողոց գնալիս և այնտեղից վերադառնալիս։ Միշտ գնում էր կառքով, վարագույրներն իջեցրած, և շարունակ կառքով էր մտնում բակ։ Ուստի, Եսթերի նկատմամբ ունեցած կիրքը և Տեբու փողոցում գոյություն ունեցող տունը, միանգամայն անհայտ լինելով աշխարհիկ հասարակությանը, չէին վնասում իր ձեռնարկումներին և հարաբերություններին։ Նա երբեք իր բերանից մի անզգույշ խոսք բաց չէր թողնում այդ փափուկ խնդրի մասին։ Այն սխալները, որ նա գործել էր Կորալիի հետ, Փարիզում առաջին անգամ ապրելու ժամանակաշրջա¬նում, նրան փորձառու էին դարձրել։ Ամենից առաջ նրա կյանքը ձեռք էր բերել բարեկիրթ կանոնավորություն, որի հետևում կարելի է թաքցնել շատ գաղտնիքներ. նա երեկոն անց էր կացնում աշխարհիկ հասարակության մեջ, այնտեղ մնալով մինչև գիշերվա ժամը մեկը. նրան կարելի էր տանը գտնել առավոտվա ժամը տասից մինչև ցերեկվա մեկը, ապա նա գնում էր զբոսնելու Բուլոնյան անտառում և այցելություններ կատարում մինչև ժամը ինը։ Նրան հազվադեպ էին տեսնում ոտքով գնալիս. այդպիսով նա խուսափում էր իր նախկին ծանոթներից։ Երբ նրան ողջունում էին մի քանի լրագրողներ կամ նախկին ընկերներից ոմանք, նա պատասխանում էր քաղաքավարությամբ խոնարհելով գլուխն այնպես, որ չկարողանային նեղանալ, բայց այդ շարժման մեջ նկատվում էր այնպիսի խորունկ արհամարհանք, որ անթույլատրելի է ֆրանսիական քաղաքավարության կանոններով։ Այդպիսով, նա արագորեն ազատվեց այն մարդկանցից, որոնց չէր ուզում այլևս ճանաչել։ Երբեմնի ատելության զգացnւմն արգելում էր Լյուսիենին այցելել տիկին դ’Էսպարին, որը բազմաթիվ անգամ ցանկացել էր տեսնել նրան իր տանը. եթե երբեմն այդ տիկնոջը հանդիպում էր դքսուհի դը Մոֆրինյոզի կամ օրիորդ դե Տուշի տանը, կոմսուհի դը Մոնկոռնեի մոտ կամ որևէ այլ տեղ, նրբին քաղաքավարություն էր ցուցաբերում նրա հանդեպ։ Հավասար ատելություն էր տածում Լյուսիենի նկատմամբ նաև ինքը` տիկին դ’Էսպարը, և դա Լյուսիենին հարկադրում էր ուշիմ լինել, որովհետև, ինչպես հետո կտեսնենք, Լյուսիենը բորբոքել էր այդ ատելությունը մի վրիժառությամբ, որի համար արժանացել էր Կարլոսի հանդիմանությանը։

— Դու դեռևս բավականաչափ ուժեղ չես որևէ մեկից վրեժխնդիր լինելու համար,— ասել էր նրան իսպանացին։— Երբ կիզիչ արևի տակ ճանապարհ են գնում, կանգ չեն առնի քաղելու թեկուզ ամենագեղեցիկ ծաղիկը...

Լյուսիենին իրոք փայլուն ապագա էր սպասում, և նա շատ մեծ առավելությամբ էր օժտված, այնպես որ այն երիտասարդները, որոնց վախեցնում կամ վիրավորում էր նրա՝ Փարիզ վերադառնալը և անմեկնելի հաջողությունը, կարող էին տարվել նրա հետ շատ վատ կատակ անելու մտքով։ Լյուսիենը գիտեր, որ շատ թշնամիներ ունի, իրազեկ էր նաև բարեկամների այդ չար տրամադրություններին։ Այդ պատճառով էլ աբբան իր որդեգրին հիանալիորեն հեռու էր պահում աշխարհիկ հասարակության մատնություններից և երիտասարդության համար այնքան ճակատագրական անխոհեմություններից։ Լյուսիենը պարտավոր էր աբբահորը պատմել և պատմում էր օրվա ամենափոքր անցուդարձերը։ Այդ մենտորի խորհուրդների շնորհիվ նա զինաթափում էր ամենանուրբ հետաքրքրասիրությունը՝ աշխարհիկ հասարակության հետաքրքրասիրությունը։

Պահպանելով անգլիական լրջություն և ամրացնելով դիվանագետների շրջահայեցողությունն ամրապնդող ռեդուտները, նա ոչ ոքի իրավունք կամ առիթ չէր տալիս ծանոթանալու իր գործերին։ Երիտասարդի նրա գեղեցիկ դեմքը, վերջ ի վերջո, աշխարհիկ հասարակության մեջ ստացավ անկիրք ու անզգա մի արտահայտություն, ինչպես իշխանուհու դեմքն է պաշտոնական ընդունելությունների ժամանակ։ 1829 թվականի կեսերին առաջ եկավ նրա ամուսնության հարցը դքսուհի դը Գրանլյոյի ավագ դստեր հետ. դքսուհին ուներ չորս աղջիկ, որոնց պետք էր կարգել։ Ոչ ոք չէր կասկածում, որ այդ ամուսնության հետևանքով Լյուսիենը արժանանալու է թագավորի շնորհին և ստանալու է մարկիզի տիտղոս։ Այդ ամուսնությունը պիտի վճռեր Լյուսիենի քաղաքական բախտը, որովհետև, հավանաբար, նա դեսպան նշանակվեր Գերմանիայի արքունիքներից մեկում։ Հատկապես վերջին երեք տարիներում Լյուսիենի կյանքը աչքի էր ընկնում անխոցելի անբասիրությամբ. ահա թե ինչու դը Մարսեն նրա մասին ասել էր հետևյալ տարօրինակ խոսքը.

— Այս տղայի թիկունքին խիստ ուժեղ մի մարդ է կանգնած։

Այդպիսով, Լյուսիենը դարձել էր գրեթե նշանակալից մի դեմք։ Բացի այդ, Եսթերի նկատմամբ ունեցած կիրքը շատ օգնեց նրան՝ ծանրախոհ մարդու դեր խաղալու համար։ Այդ տեսակի սովորույթը փառասերներին հեռու է պահում շատ հիմարություններից. գոհացված սերը թույլ չի տալիս, որ ֆիզիոլոգիականը ներգործի բարոյականի վրա։ Իսկ ինչ վեբարերում է Լյուսիենի վայելած երջանկությանը, դա փողազուրկ, քաղցած, ձեղնահարկում ապրող բոլոր պոետների երազների իրականացումն էր։

Եսթերը, սիրահարված կուրտիզանուհու այդ իդեալը, հիշեցնելով Կորալիին, այն դերասանուհուն, որի հետ պոետն ապրել էր մի տարի, միաժամանակ ամբողջապես ջնջում էր նրա պատկերը Լյուսիենի հիշողությունից։ Բոլոր սիրող ու անձնվեր կանայք ձգտում են ձեռք բերել առանձնություն, խորհրդավորություն, ծովի խորքում թաղված մարգարիտի կյանք, բայց նրանցից շատերի համար դա լոկ չքնաղ քմայք է, թեմա՝ շաղակրատության համար, մի ապացույց իրենց սիրո, որ երազում են տալ, բայց չեն տալիս. մինչդեռ Եսթերը մշտապես, իր առաջին երանությունների վաղորդայնին, շարունակ ապրելով Լյուսիենի աոաջին օրվա նման հրկիզող հայացքի ներքո, չորս տարվա ընթացքում ոչ մի հետաքրքրասիրություն չցուցաբերեց։ Նա իր ամբողջ միտքը գործադրում էր, որպեսզի մնար իսպանացու ճակատագրական ձեռքով նշված ծրագրի սահմաններում։ Ավելին. ամենաարբեցուցիչ վայելքների մեջ նա չչարաշահեց այն անսահման իշխանությունը, որ սիրված կնոջն են պարգևում սիրող տղամարդու վերածնվող ցանկությունները, որպեսզի Լյուսիենին հարցաքննի Էրրերայի մասին, որը, ի դեպ, իրեն մշտապես ահ էր ազդում. Եսթերը չէր համարձակվում նույնիսկ մտածել նրա մասին։ Այդ անբացատրելի մարդու իմաստուն բարերարությունները, մի մարդ, որին նա պարտական էր բարեկիրթ կնոջ իր հմայքով ու վարքագծով, իր հոգևոր վերածնությամբ, խեղճ աղջկան թվում էին դժոխքի կանխավճարներ։

— Ես մի օր պիտի հատուցեմ այդ բոլորի համար,-սարսափով ասում էր նա յուրովի։

Գիշերային լավ եղանակներին նա դուրս էր գալիս զբոսնելու վարձու կառքով։ Նա գնում էր Փարիզի շուրջը գտնվող անտառները՝ Բուլոն, Վենսեն, Ռոմենվիլ կամ Վիլ-դ’Ավրե, գնում էր շտապ, անշուշտ աբբայի պահանջով, հաճախ Լյուսիենի հետ, երբեմն Եվրոպայի հետ մենակ։ Նա զբոսնում էր այնտեղ աներկյուղ, որովհետև, երբ Լյուսիենը չէր լինում, նրան ուղեկցում էր հատուկ հանձնարարությունների մի բարձրահասակ սպասավոր, որը հագնված էր այդ կարգի սպասավորի պճնվածությամբ, դանակով սպառազեն. սրա թե՛ արտաքինը և թե՛ ջղուտ մկանները բացահայտում էին ահարկու, ըմբշային մի մարմնակազմ։ Այդ թիկնապահը, անգլիական նորաձևության համաձայն, զինված էր նաև ձեռ¬նափայտով, մի տեսակ մարտական մահակով, որը հայտնի է գավազանով կռվողներին, և որով նրանք կարողանում են միաժամանակ ետ մղել մի քանի հարձակվողների։ Աբբահոր հրամանի համաձայն, Եսթերը ոչ մի խոսք չէր փոխանակում այդ սպասավորի հետ։ Երբ տիրուհին ցանկանում էր վերադառնալ, Եվրոպան բղավում էր, թիկնապահ սպասավորը շվացնում էր կառապանին, որը մշտապես գտնվում էր պատ¬կառելի հեռավորության վրա։ Երբ Լյուսիենը զբոսնում էր Եսթերի հետ, Եվրոպան ու թիկնապահ սպասավորը նրանցից մի հարյուր քայլ ետ էին մնում, ինչպես դժոխային այն մանկլավիկները, որոնց մասին պատմվում է «Հազար ու մեկ գիշերների» մեջ, և որպիսիք կախարդն է պարգևում իր հովանավորյալներին։

Փարիզցիները և մանավանդ փարիզուհիներն անծանոթ են աստղալից գիշերով անտառում զբոսնելու հրապույրին. լռությունը, լուսնի խաղերը, մենությունը լոգանքի պես հանգստացնում են մարդուն։ Եսթերը սովորաբար մեկնում էր երեկոյան ժամը տասին, զբոսնում մինչև տասներկուսը, մեկը և տուն վերադառնում ժամը երկուսևկեսին։ Նա երբեք տասնմեկից շուտ վեր չէր կենում։ Լողանում էր, խնամքով զբաղվում արդուզարդով, որը անծանոթ է Փարիզի կանանց մեծամասնությանը, որովհետև դա շատ ժամանակ է պահանջում։ Այդպես են վարվում միայն կուրտիզանուհիները, լորետուհիները կամ ազնվական կանայք, որոնք պարապ են ամբողջ օրը։

Եսթերը հազիվ էր պատրաստ լինում, երբ գալիս էր Լյուսիենը, և նա ամեն անգամ երիտասարդին ներկայանում էր որպես նոր փթթած մի ծաղիկ։ Իր պոետի երջանկությունից բացի նա ուրիշ հոգս չուներ։ Նա պատկանում էր իր սիրածին, որպես նրա իրը, այլ խոսքով՝ նա Լյուսիենին լիակատար ազատություն էր տվել։ Երբեք հայացքը չէր հառում այն ոլորտից դուրս, որտեղ փայլում էր ինքը։ Աբբահայրն էր խստորեն պատվիրել այդպես վարվել, որովհետև շրջահայաց քաղաքագետի ծրագրերի մեջ մտնում էր այն, որ Լյուսիենը կապեր հաստատի։ Երջանկությունը պատմություն չունի, և բոլոր երկրների բանասացները այդ այնպես լավ են հասկացել, որ «Նրանք երջանիկ էին» խոսքերով են ավարտում սիրային բոլոր արկածները։ Դրանով միայն կարելի է բացատրել, թե ինչ միջոցներով է ձեռք բերվել իրոք ֆանտաստիկ այդ երջանկությունը Փարիզի կենտրոնում։

Դա երջանկություն էր իր գեղեցկագույն ձևով, մի պոեմ էր, չորս տարի տևող սիմֆոնիա։ Նման դեպքերում բոլոր կանայք կասեին. «Այդ շատ է»։ Ո՛չ Եսթերը, ո՛չ էլ Լյուսիենը չասացին, թե՝ «Այդ ավելին է»։

Վերջապես «Նրանք երջանիկ էին» բանաձևը նրանց համար ավելի հասկանալի եղավ, քան կախարդական հեքիաթներում, որովհետև նրանք երեխաներ չունեին։

Այդպիսով, Լյուսիենը կարող էր ապրել աշխարհիկ հասարակության մեջ, անձնատուր լինելով պոետի իր քմահաճույքներին, ավելի ճիշտ` իր դիրքից բխող պարտականություններին։ Դանդաղորեն առաջանալով իր ճանապարհով, նա գաղտնի ծառայություններ էր մատուցում քաղաքական մի քանի գործիչների, մասնակցելով նրանց աշխատանքներին։ Այդ բանում նա խիստ գաղտնապահ էր։ Նա շատ էր լինում տիկին դը Սերիզիի մոտ, որի հետ, ինչպես սալոններում էին ասում, նա սերտորեն կապված էր։ Տիկին դը Սերիզին Լյուսիենին խլել էր դքսուհի դը Մոֆրինյոզից, որը, ասում են, այլևս չէր ափսոսում նրան, մի բառ, որով կանայք վրեժխնդիր են լինում ուրիշի նախանձելի բախտավորության համար։

Լյուսիենը գտնվում էր, այսպես ասած, արքունի հոգևորականության ծոցում և մտերմության մեջ էր մի քանի կանանց հետ, որոնք մոտիկ էին Փարիզի արքեպիսկոպոսին։ Համեստ ու զուսպ, նա համբերությամբ սպասում էր։ Այնպես որ Լյուսիենի մասին դը Մարսեյի ասած խոսքը միայն պարզ մի դիտողություն չէր. և դա այն մարդն էր ասում, որն այդ ժամանակ ամուսնացած էր և հարկադրում էր իր կնոջը վարել այնպիսի մի կյանք, ինչպիսին Եսթերն էր վարում։ Բայց Լյուսիենի դրության ստորջրյա վտանգները բավակա¬նաչափ կբացատրվեն այս պատմության ընթացքում։



Այսպիսին էին հանգամանքները, երբ օգոստոսյան մի գեղեցիկ գիշեր բարոն դը Նյուսինգենը Փարիզ էր վերադառնում Ֆրանսիայում հաստատված օտարերկրացի մի բանկիրի կալվածքից, որի մոտ նա ճաշկերույթի էր հրավիրված։ Այդ կալվածքը Փարիզից ութ մղոն հեռավորության վրա էր՝ Բրիի խորքում։ Եվ քանի որ բարոնի կառապանը պարծեցել էր, որ տիրոջն այնտեղ կտանի ու ետ կբերի նրա սեփական ձիերով, ուստի, երբ գիշերը վրա հասավ, կառապանն իրեն թույլ տվեց դանդաղ ընթանալ։ Ահավասիկ այսպես էր անասունների, սպասավորների ու նրանց տիրոջ դրությունը՝ Վենսենի անտառը մտնելիս։ Կառապանը, բորսայի հռչակավոր արքայի մառանում առատորեն խմելով, թունդ հարբել էր և քնել, թեև սանձերը ձեռքին էր պահում անցորդներին մոլորեցնելու համար։ Կառքի հետևում նստած սպտսավորը խռմփացնում էր, ինչպես Գերմանիայի, փայտյա փոքրիկ ֆիգուրների, հռենոսյան թունդ գինիների և հոլերի այդ երկրի, հոլը։

Բարոնը փորձեց խորհել. բայց Գուռնե կամրջից սկսած, հետճաշյա քաղցր մրափը փակել էր նրա աչքերը։ Սանձերի թուլությունից ձիերը հասկացան կառապանի վիճակր, նրանք լսեցին հետևում նստած սպասավորի միալար բասը, տեսան, որ իրենք իրենց տերն են, և օգտագործեցին քառորդ ժամ տևող այդ ազատությունն` իրենց ուզածի պես գնալու համար։ Որպես խելացի ստրուկներ, նրանք կարող էին առիթ տալ գողերին՝ կողոպտելու Ֆրանսիայի ամենահարուստ կապիտալիստներից մեկին, ամենաճարպիկ այն մարդուն, որի դասին պատկանողներին, վերջ ի վերջո, արտահայտիչ կերպով անվանել են գիշատիչներ։

Վերջապես, դառնալով դրության տերը և մղվելով հետաքրքրությունից, որ հատուկ է ընտանի կենդանիներին, ձիերը կանգ առան ինչ-որ խաչմերուկի վրա, ուրիշ ձիերի դիմաց, որոնց, անկասկած, ձիու լեզվով ասացին. «Ո՞ւմ եք պատկանում դուք։ Ի՞նչ եք անում։ Բախտավո՞ր եք արդյոք»։ Երբ կառքը կանգ առավ, նիրհած բարոնն արթնացավ։ Նա նախ կարծեց, որ չի հեռացել իր եղբայրակցի պուրակից, հետո մնաց զարմացած՝ երկնային մի տեսիլքով՝ հենց այն ժամանակ, երբ նա պաշտպանված չէր իր սովորական զենքով՝ հաշվենկատությամբ։

Այնպիսի պայծառ մի լուսնկա էր, որ կարելի էր ազատ կարդալ մինչև անգամ իրիկնային թերթը։ Անտառի լռության և այդ թափանցիկ լույսի մեջ բարոնը տեսավ միայնակ մի կնոջ, որը, վարձու կառքը բարձրանալիս, նայեց այդ քնած կառքի բացառիկ տեսարանին։ Այդ հրեշտակի տեսքից բարոն դը Նյուսինգենը ասես ներքին մի լույսով լուսավորվեց։ Նկատելով, որ իրենով հիանում են, վախեցած մի շարժումով կինն իջեցրեց քողը։ Թիկնապահը խռպոտ մի ճիչ արձակեց, որի նշանակությունը կառապանը շատ լավ հասկացավ, որովհետև կաոքը նետի պես սլացավ։ Ծերունի բանկիրին սոսկալի մի հուզմունք համակեց։ Ոտքերից խուժող արյունը այրում էր նրա գլուխը, իսկ գլխից հորդում էր սիրտը. կոկորդը սեղմվում էր, դժբախտը վախեցավ, թե ստամոքսի խանգարում ունի, և, չնայած այդ հիմնավոր երկյուղին, նա ոտքի կանգնեց։

Գառատրո՛պ, աբուշի՛ մեկ, այդ էր բակաս, որ կնես,— բղավեց նա,— հառյո՛ւր ֆռանգ, եդե հասցնես այդ գառքին։

«Հարյուր ֆրանկ» խոսքը լսելով, կառապանը զարթնեց, հետևի սպասավորն էլ անկասկած այն լսեց իր քնի մեջ։ Բարոնը կրկնեց իր հրամանը, կառապանը քառարշավ բաց թողեց իր ձիերը և Տրոնի ուղեկալի մոտ հասավ մի կառքի, որը մոտավորապես նման էր այն կառքին, որի մեջ Նյուսինգենը տեսել էր աստվածային անծանոթուհուն. բայց այնտեղ բազմել էր ինչ-որ հարուստ վաճառատան գլխավոր գործակատար՝ Վիվիեն փողոցի մի կարգին կնոջ հետ։

Այդ սխալմունքն ընկճեց բարոնին։

Հազդագլուխ, քո պոխարեն, եթե ես պերեի Շորշին (արտասանեցեք Ժորժին), նա լաֆ կգդներ այդ կնոչը,— ասաց նա սպասավորին, երբ մաքսային ծառայողները զննում էին կառքը։

— Է՜հ, պարոն բարոն, ես կարծում եմ, որ հայդուկի տեսքով հետևում նստածը սատանան էր, որ այս կառքը խցկեց իր կառքի փոխարեն։

Սադանա կոյություն չունի,— ասաց բարոնը։

Բարոն Նյուսինգենը, իր ասելով, վաթսուն տարեկան էր, նա կատարելապես անտարբեր էր կանանց նկատմամբ, առավել ևս իր կնոջ նկատմամբ։ Նա պարծենում էր, որ ինքը երբեք չի ճանաչել այն սերը, որ հարկադրում է գժություններ անել։ Նա բախտավորություն էր համարում, որ վերջացրել է բոլոր հաշիվները կանանց հետ, որոնց մասին առանց քաշվելու ասում էր, թե նրանցից ամենահրեշտակայինն անգամ չարժե իր գինը, եթե նույնիսկ ձրի է տրվում։ Նա իրեն այնպես հղփացած էր ձևացնում, որ այլևս ամսական երկու հազար ֆրանկ հազիվ էր վճարում խաբված լինելու հաճույքի համար։ Օպերայի իր օթյակից սառն աչքերով նա հանգիստ նայում էր բալետախմբին։ Երիտասարդ պառավների և պառաված աղջիկների այդ վտանգավոր պարսից, փարիզյան զվարճությունների այդ ընտրյալներից ոչ մեկի հայացքը չէր ընկնում այդ կապիտալիստի վրա։

Անասնական սեր, կեղծ ու էդոիստական սեր, վայելուչ ու սնափառ սեր, նրբացած սեր, զսպված ու ամուսնական սեր, էքսցենտրիկ սեր, այդ բոլորը բարոնը գնել էր, բոլորը ճաշակել, բացառությամբ իսկական սիրո։ Այդ սերը նոր էր խոյացել նրա վրա, ինչպես արծիվը՝ որսի վրա, ինչպես նա ընկավ Գենցի՝ նորին պայծառափայլություն իշխան Մետեռնիխի այդ մտերմի վրա։ Բոլորին հայտնի է այն հիմարություները, որ այդ ծեր դիվանագետը կատարեց դերասանուհի Ֆաննի Էսլերի համար, որի փորձերը նրան ավելի էին զբաղեցնում, քան եվրոպական շահերը։

Կինը, որ հենց նոր էր տակնուվրա արել այդ չհրկիզվող արկղը, Նյուսինգենին ներկայացել էր որպես մի ամբողջ սերնդի բացառիկ տիպար։ Հայտնի չէ, թե Տիցիանի սիրուհին, Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզան, Ռաֆայելի Ֆորնարինան նույնքան գեղանի՞ էին, որքան աստվածային Եսթերը, որի մեջ ամենաբծախնդիր փարիզցու ամենափորձված աչքն անգամ չէր կարող նկատել կուրտիզանուհու ամենափոքր նշանն իսկ։

Ամենից ավելի բարոնին շշմեցրեց վերին աստիճանի ազնվական ու վեհաշուք տեսքը Եսթերի, որը սիրված էր, շրջապատված էր փարթամությամբ, վայելչագեղությամբ և սիրով։ Երջանիկ սերը սուրբ հաղորդություն է կանանց համար. այդ ժամանակ նրանք բոլորն էլ հպարտ են դառնում, ինչպես կայսրուհիները։ Ութ գիշեր շարունակ բարոնը գնաց Վենսենի անտառը, ապա Բուլոնյան անտառը, այնուհետև Վիլ-դ’Ավրեի անտառը, հետո Մեդոնի անտառը, վերջապես, եղավ Փարիզի բոլոր ծայրամասերում, բայց չկարողացավ հանդիպել Եսթերին։ Հրեուհու այդ վսեմ կերպարը, որը, ինչպես ասում էր ինքը, «հռեշտակային գերբար էր», մշտապես նրա աչքերի առջևն էր։ Երկու շաբաթից հետո նա կորցրեց ախորժակը։ Դելֆին դր Նյուսինգենը և դուստր Ավգուստան, որին մայրը սկսել էր հասարակության մեջ տանել, սկզբում չնկատեցին բարոնի մեջ տեղի ունեցած փոփոխությունը։ Մայրն ու աղջիկը պարոն դը Նյուսինգենին տեսնում էին միայն առավոտյան` նախաճաշին, երեկոյան` ճաշի ժամանակ, երբ բոլորը տանն էին ճաշում, իսկ այդ լինում էր միայն այն ժամանակ, երբ Դելֆինի մոտ հյուրեր էին գալիս։ Բայց երկրորդ ամսի վերջումt համակված հայրենաբաղձությունը հիշեցնող զգացումով, բարոնն անհամբերության տենդով բռնված և միլիոնի անզորությունից զարմացած, նիհարեց և թվաց այն աստիճան ծանր հիվանդ, որ Դելֆինը այրիանալու թաքուն հույսեր փայփայեց։ Նա կեղծավորաբար սկսեց խղճալ ամուսնուն և հարկադրեց իր աղջկան տանը նստել։ Նա ամուսնու գլխին հարցեր տեղաց. բարոնը պատասխանեց այն անգլիացիների նման, որոնք բռնված են ձանձրախտով, և գրեթե չէր պատասխանում։ Դելֆին դը Նյուսինգենը համարյա բոլոր կիրակիներին մեծ ճաշկերույթ էր տալիս։ Նա այդ օրն էր ընտրել ընդունելության համար, նկատի առնելով, որ բարձր հասարակության մեջ այդ օրը ոչ ոք ներկայացում չի հաճախում, և մարդիկ ընդհանրապես քիչ են զբաղված լինում։ Առևտրականների ու քաղքենիական դասի ներխուժումը կիրակին դարձնում է Փարիզում նույնքան անիմաստ, որքան այն ձանձրալի է Լոնդոնում։ Ուրեմն, բարոնուհին ճաշկերույթի հրավիրեց հռչակավոր Դեպլենին, որպեսզի խորհրդակցի նրա հետ, հակառակ հիվանդի կամքին, որովհետև Նյուսինգենն ասում էր, որ իրեն հիանալի է զգում։ Ռաստինյակը, դը Մարսեն, դյու Տիյեն, տան բոլոր բարեկամները հասկացրել էին բարոնուհուն, որ Նյուսինգենի նման մարդը չպետք է հանկարծամահ լինի. նրա անսահման գործարքները պահանջում էին զգուշավորություն, պետք էր ճիշտ իմանալ, թե ինչպես վարվել։ Այդ պարոնները ճաշի էին հրավիրված, ինչպես նաև կոմս Գոնգրըվիլը, Ֆրանսուա Կելլերի աները, ասպետ դ’Էսպարը, դե Լյուպոն, Դեպլենի աշակերտներից դոկտոր Բիանշոնը, որին Դեպլերն ամենից շատ էր սիրում, Բոդենորն ու իր կինը, կոմս Մոնկորնեն ու իր կինը, Բլոնդեն, օրիորդ դե Տուշը և Կոնտին, և, վերջապես, Լյուսիեն դը Ռյուբամպրեն, որի նկատմամբ Ռաստինյակը, հինգ տարի է, ինչ ջերմ բարեկամություն ուներ, բայց պաշտոնական լեզվով ասած` ըստ հրամանի։

— Մենք հեշտությամբ չենք ազատվի սրանից,— ասաց Բլոնդեն Ռաստինյակին, երբ տեսավ, որ Լյուսիենը հյուրասենյակ է մտնում ավելի գեղեցիկ, քան երբևէ, և հագնված հմայելու աստիճան շլացուցիչ։

— Ավելի լավ է նրա հետ բարեկամանալ, որովհետև նա վտանգավոր է,— ասաց Ռաստինյակը։

— Նա՞,— ասաց դը Մարսեն։— Ես վտանգավոր եմ հա¬մարում միայն այն մարդկանց, որոնց դրությունը պարզորոշ է, իսկ նրա դրությունն ավելի շուտ դեռևս սասանման չի ենթարկվել, բայց անսասան չէ։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ միջոցներով է ապրում նա։ Ո՞րտեղից է նրա հարստությունը։ Ես համոզված եմ, որ նա վաթսուն հազար ֆրանկ պարտք ունի։

— Նա գտել է իսպանացի շատ հարուստ մի քահանա որպես հովանավոր, որը շատ բարյացակամ է նրա նկատմամբ,— պատասխանեց Ռաստինյակը։

— Նա ամուսնանում է դը Գրանլյոյի ավագ դստեր հետ,— ասաց օրիորդ դե Տուշը։

— Այո,— ասաց ասպետ դ’Էսպարը,— բայց նրանից պա¬հանջվում է գնել երեսուն հազար ֆրանկ եկամուտ տվող մի հողամաս՝ որպես երաշխիք իր կարողության, որը նա պետք է ներկայացնի հարսնացուին. իսկ դրա համար նրան հարկավոր է մեկ միլիոն, որը ոչ մի իսպանացու ոտքի տակ չի թափած։

— Դա շատ թանկ է, որովհետև Կլոտիլդը խիստ տգեղ է,— ասաց բարոնուհին։

Տիկին դը Նյուսինգենը սովորություն էր դարձրել օրիորդ դը Գրանլյոյին անվանել իր անունով, ասես թե ինքը, ծննդյամբ Գորիո, ընդունված էր այդ հասարակության մեջ։

— Ո՛չ,— առարկեց դյու Տիյեն,— դքսուհու դուստրը մեզ նմանների համար երբեք տգեղ չէ, մանավանդ, երբ նա բերում է մարկիզի կոչում և դիվանագիտական մի պաշտոն. բայց այդ ամուսնության ամենամեծ խոչընդոտը տիկին դը Սերիզիի խելացնոր սերն է Լյուսիենի նկատմամբ. նա հավանաբար շատ է վատնում այդ երիտասարդի վրա։

— Ես այլևս չեմ զարմանում Լյուսիենին այդպես մտահոգ տեսնելով, որովհետև տիկին դը Սերիզին անշուշտ նրան մի միլիոն չի տա, որպեսզի նրան ամուսնացնի օրիորդ դը Գրանլյոյի հետ։ Լյուսիենը անտարակույս չի իմանում ինչպես դուրս պրծնի ստեղծված դրությունից,— ասաց դը Մարսեն։

— Այո, բայց օրիորդ դը Գրանլյոն նրան պաշտում է,— ասաց կոմսուհի դը Մոնկորեն,— և երիտասարդ աղջկա օգնությամբ, հավանաբար, ավելի նպաստավոր պայմաններ կառաջադրվեն։

— Ինչպե՞ս պիտի վարվի նա Անգուլեմում ապրող իր քրոջ և փեսայի հետ,— հարցրեց ասպետ դ’Էսպարը։

— Ի՜նչ եք ասում,— վրա բերեց Ռաստինյակը,— նրա քույրը հարուստ է, և հիմա նրան կոչում են տիկին Սեշար դը Մարսակ։

— Եթե դժվարություններ էլ կան, այնուամենայնիվ, նա շատ գեղեցիկ տղա է,— ասաց Բիանշոնը՝ վեր կենալով, որպեսզի ողջունի Լյուսիենին։

— Բարի օր, թանկագին բարեկամ,— ասաց Ռաստինյա¬կը` ջերմորեն սեղմելով Լյուսիենի ձեռքը։

Դը Մարսեն, որին Լյուսիենը ողջունեց բոլորից առաջ, բարևն ընդունեց սառնությամբ։ Ճաշից առաջ Դեպլենն ու Բիանշոնը, շարունակ կատակելով բարոն դը Նյուսինգենի հետ, քննեցին նրան և գտան, որ նրա հիվանդությունը միանգամայն հոգեկան բնույթի է, բայց ոչ ոք չկարողացավ կռահել պատճառը, որովհետև անհավատալի էր թվում, որ բորսայի այդ խորամիտ քաղաքագետը կարող է սիրահարված լինել։ Երբ Բիանշոնը, սիրուց բացի, այլ բան չգտավ բարոնի հիվանդության պատճառը բացատրելու համար, և այդ մասին երկու խոսք ասաց Դելֆին դը Նյուսինգենին, վերջինս ժպտաց այն կնոջ նման, որ շատ լավ գիտեր իր ամուսնու ինչ լինելը։ Այնուամենայնիվ, ճաշից հետո, երբ իջան պարտեզ, տան մտերիմները շրջապատեցին բանկիրին և ուզեցին պարզել այդ անսովոր պարագան, լսելով, որ Բիանշոնը հաստատում է, թե Նյուսինգենը պետք է որ սիրահարված լինի։

— Բարոն,— ասաց դը Մարսեն,— գիտեք, որ դուք նկատելի նիհարել եք, և ձեզ վրա կասկածում են, որ խախտել եք ֆինանսիստի կենցաղային օրենքները։

Երպեկ,— ասաց բարոնը։

— Այո՛, այո՛,— առարկեց դը Մարսեն,— համարձակվում են ենթադրել, որ դուք սիրահարված եք։

Այդ չիշդ է,— խղճալիորեն պատասխանեց բարոնը։— Ես հարաչում եմ անցանոտ մի բանի համար։

— Դո՛ւք, սիրահարվա՞ծ։ Դուք թեթևսոլիկ եք,— ասաց ասպետ դ’Էսպարը։

Սիռահարված լինել իմ տառիքում, ես գիդեմ, որ շադ ցիցախելի է, պայց ինչ անեմ, այդբես է եխել։

— Աշխարհիկ կնո՞ջ,— հարցրեց Լյուսիենը։

— Բայց,— ասաց դը Մարսեն,— բարոնը կարող է այսպես նիհարել միայն անհույս մի սիրո համար. նա հնարավորություն ունի գնելու բոլոր կանանց, որոնք ցանկանում են կամ կարող են վաճառվել։

Ես պնավ նրան շեմ չանաչում,— պատասխանեց բարոնը։— Եֆ ես գարոխ եմ ցեզ ասել, կանի որ դիկին դը Նիսենգենը հյուռասռահում է, մինչեֆ հիմա ես չեմ իմացել, թե ինչ է սերը. Սեր... ես կարցում եմ, որ դռանից եմ նիխաում։

— Որտե՞ղ եք հանդիպել այդ դեռատի անմեղությանը,— հարցրեց Ռաստինյակը։

— Նրա նշաննե՞րը,— հարցրեց դը Մարսեն։

Սբիդակ գազի կլխանոց, վառդագույն շրջագգեստ, սպիտակ շառֆ, սբիդակ քոխ... իսգաբես հռեշդակային գերբռրանք։ Հուռ աչկեր, դեմկի գույնը արևելքի։

— Դուք երազ եք տեսել,— ժպտալով ասաց Լյուսիենը։

Այդ չիշդ է, ես քնած էի, ինչբես մի սնդուգ... լիկը մի սնդուգ,— ասաց Նյուսինգենը շարունակելով,— ես գյուխից վերադառնում էի չաշից հետո, իմ բառեգամի մոդից…

— Աղջիկը մենա՞կ էր,— ասաց դյու Տիյեն` ընդհատելով գիշատչին։

— Այո,— ասաց բարոնը տխուր տոնով,— գառքի եդեֆում նսդաց հայդուգից եֆ մի սբասուհուց զադ...

— Լյուսիենի արտահայտությունից երևում է, որ ճանաչում է նրան,— բացականչեց Ռաստինյակը` նշմարելով Եսթերի սիրեկանի ժպիտը։

— Ո՞վ չի ճանաչի այն կանանց, որոնք ընդունակ են կեսգիշերին հանդիպել Նյուսինգենին,— ասաց Լյուսիենը՝ կրնկի վրա շուռ գալով։

— Նշանակում է՝ այդ կինը աշխարհիկ հասարակության մեջ չի լինում,— ասաց ասպետ դ’Էսպարը,— չէ՞ որ բարոնը կճանաչեր հայդուկին։

Ես նրան ոչ մի դեխ չեմ դեսել,— պատասխանեց բարոնը,— եֆ ահա կառասուն oր է, որ ես նրան պնդրում եմ ոսդիգանության միջոցով, որը չի գդնում։

— Ավելի լավ է, այդ կնոջը ձեռք բերել մի քանի հարյուր հազար ֆրանկով, քան ձեր կյանքի գնով. ձեր տարիքին, գոհացում չգտնող կիրքը վտանգավոր է,— ասաց Դեպլենը,— դրանից կարելի է մեռնել։

— Այո,— պատասխանեց Նյուսինգենը Դեպլենին,— ես ինչ ուդում եմ, ինց զնունդ չի դալիս, օդն ինց թֆում է մախացու։ Ես կնում եմ Ֆինդենի անդառը, դեսնելու այն տեխը, ուր ես նրան դեսել եմ... եֆ, ահա իմ գյանքը։ Ես չգարոխացա զբախվել վերջին պոխառուդյամբ։ Ես տիմեցի իմ ընգերակիցներին, որոնք խխչացին ինց։ Մի միլիոնի կնով գուզեմ չանաչել այդ կնոջը. ես կշախեի, բայց այլևս պորսա չեմ կնում... Հառցրեք դու Դիյեին։

— Այո,-պատասխանեց դյու Տիյեն,— նա գործերից գարշանք է զգում, նա բոլորովին փոխվել է, դա մահու նշան է։

Սիռո նշան,— հարեց Նյուսինգենը,— ինց համառ այդ միեֆնույն է։

Միամտությունը այդ ծերունու, որ դադարել էր գիշատիչ լինելուց և իր կյանքում առաջին անգամ էր տեսնում ավելի սուրբ ու նվիրական բան, քան ոսկին, հուզեց նրա շուրջը խմբված այդ հղփացած մարդկանց. ոմանք ժպիտներ փոխանակեցին, մյուսները նայեցին Նյուսինգենին, իրենց դեմքի վրա արտահայտելով այս միտքը. «Այդպիսի ուժեղ մարդը ինչպե՜ս կարող է հասնել այս դրության…»։ Հետո բոլորը վերադարձան հյուրասրահ` զրուցելով այդ դեպքի մասին։ Իրոք, դա մի այնպիսի դեպք էր, որ ընդունակ էր առաջ բերելու ամենամեծ սենսացիան։ Տիկին դը Նյուսինգենը սկսեց ծիծաղել, երբ Լյուսիենը նրան բաց արեց բարոնի գաղտնիքը, բայց, լսելով իր կնոջ ծաղրանքները, բարոնը թևանցուկ արավ նրան և տարավ դեպի լուսամուտի խորշը։

Դիկին,— շշուկով ասաց նա իր կնոջը,— ես ցախրանքի խոսկ ասե՞լ եմ ցեր կրգերի մասին, ինչո՞ւ դուկ ցախրում եք իմը։ Մի լաֆ կին նման դեբկում կօկնի իր ամուսնուն՝ դրյուդյունից դուրս գալու, առանց ցախրանքի, ինչբես դուկ եք անում...

Ծեր բանկիրի արած նկարագրությունից Լյուսիենը ճանա¬չել էր իր Եսթերին։ Արդեն շատ նեղսրտած այն բանի համար, որ հասկացել էին իր ժպիտի իմաստը, նա օգտվեց սուրճի ժամանակ ծայր առած ընդհանուր խոսակցությունից և հեռացավ։

— Իսկ ո՞ւր է պարոն դը Ռյուբամպրեն,— հարցրեց բարոնուհի դը Նյուսինգենը։

— Նա հավատարիմ է իր նշանաբանին. «Quid me continebit»,— ասաց Ռաստինյակը։

— Որը նշանակում է. «Ով կարող է ինձ պահել», կամ՝ «Ես անզսպելի եմ». որն ուզում եք, ընտրեցեք,— հարեց դը Մարսեն։

— Այն պահին, երբ պարոն բարոնը խոսում էր անծանո¬թուհու մասին, Լյուսիենը չկարողացավ զսպել իր ժպիտը, որն ինձ թույլ է տալիս մտածել, որ նա ճանաչում է այդ կնոջը,— ասաց Հորաս Բիանշոնը` չգիտակցելով այդքան բնական մի դիտողության վտանգավորությունը։

«Լա՜ֆ»,— ասաց ինքն իրեն գիշատիչը։

Բոլոր անհույս հիվանդների նման, բարոնը ընդունում էր այն ամենը, ինչ հուսալի էր թվում, և նա վճռեց լրտեսություն կազմակերպել Լյուսիենի դեմ, բայց բոլորովին այլ մարդկանց և ոչ թե Լուշարի՝ Փարիզի առևտրական այդ ամենաճարպիկ կատարածուի միջոցով, որին նա դիմել էր մի երկու շաբաթ առաջ։

Նախքան Եսթերի մոտ գնալը, Լյուսիենը պետք է այցելեր դը Գրանլյոյի ապարանքը և այնտեղ անցկացներ մի երկու ժամ. այդ ժամերը օրիորդ Կլոտիդ-Ֆրեդերիկ դը Գրանլյոյին դարձնում էին Սեն-Ժերմեն արվարձանի ամենաերջանիկ աղջիկը։ Խոհեմությունը, որ այդ երիտասարդ փառասերի բնորոշ գիծն էր, նրան թելադրեց Կարլոս Էրրերային անմիջապես իրազեկ դարձնել այն տպավորության մասին, որ նրա ակամա ժպիտից էր առաջացել, երբ բարոնը նկարագրում էր Եսթերի պատկերը։ Բացի այդ, բարոնի սերը Եսթերի նկատմամբ, և անծանոթուհուն որոնելու համար ոստիկանությանը գործի դնելու նրա մտադրությունը բավականաչափ նշանակալից իրադարձություններ էին, որպեսզի այդ մասին հաղորդվեր այն մարդուն, որը ապաստան էր գտել սքեմի ներքո, ինչպես մի ժամանակ ոճրագործները ապաստան էին գտնում եկեղեցիներում։ Եվ Սեն-Լազար փողոցից, որտեղ այն ժամանակ բնակվում էր բանկիրը, դեպի Սեն-Դոմինիկ փողոցը, ուր գտնվում էր դը Գրանլյոյի ապարանքը, ճանապարհը Լյուսիեին տարավ Մալաքե քարափի տան մոտով։ Նա իր ահարկու բարեկամին գտավ աղոթագիրքը ծխացնելիս, այսինքն՝ ծխամորճ ծխելիս, պառկելուց առաջ։

Այդ մարդը, որն ավելի շուտ օտարոտի էր, քան օտարա¬կան, ի վերջո հրաժարվել էր իսպանական սիգարներից, գտնելով, որ դրանք թույլ են։

— Դրությունը լրջանում է,— պատասխանեց իսպանացին, երբ Լյուսիենը բոլորը պատմեց։— Բարոնը, որը Լուշարին օգտագործում է աղջկան փնտրելու համար, կարող է լրտեսներ ուղարկել քո ետևից, և ամեն ինչ հայտնի կդառնա։ Ինձ հազիվ թե հերիքի գիշերն ու առավոտը, որպեսզի խաղաքարտերս դասավորեմ մի պարտիայի համար, որ խաղալու եմ բարոնի դեմ, որին պետք է ամենից առաջ ապացուցեմ ոստիկանության անզորությունը։ Երբ մեր գիշատիչը կորցնի իր ոչխարին գտնելու ամեն հույս, ես ինձ վրա եմ վերցնում այդ ոչխարը նրան վաճառելու գործը, ինչքան որ նա կարժենա նրա համար…

— Ծախե՜լ Եսթերին,-թացականչեց Լյուսիենը, որի առաջին պոռթկումը միշտ էլ հիասքանչ էր։

— Դու մոռանո՞ւմ ես, ուրեմն, մեր դրությունը,— բղավեց Կարլոս Էրրերան։

Լյուսիենը գլուխը խոնարհեց։

— Փող չկա այլևս,— շարունակեց իսպանացին,— և պետք է հատուցել վաթսուն հազար ֆրանկի պարտքը։ Եթե դու ուզում ես ամուսնանալ Կլոտիդ դը Գրանլյոյի հետ, ապա այդ տգեղ աղջկա համար պարտավոր ես գնել մի միլիոն ֆրանկ արժեցող մի կալվածք, որպեսզի ապահովվի նրա ժառանգությունը՝ այրիանալու դեպքում։ Եվ ահա, Եսթերը մի որս է, որի ետևից ես բաց կթողնեմ այդ գիշատիչին այնպես, որ մի մի¬լիոն մզեմ նրանից։ Դա ի՛մ գործն է...

— Եսթերը երբե՛ք չի համաձայնի…

— Դա ի՛մ գործն է։

— Նրա համար դա մա՛հ է։

— Դա հուղարկավորության գրասենյակի գործն է։ Թեկուզ և, հետո՛ ինչ...— բղավեց այդ վայրենի մարդը` իրեն հատուկ ժեստով ընդհատելով Լյուսիենի էլեգիաները։— Որքան գեներալներ մահացան իրենց ծաղիկ հասակում Նապոլեոնի համար,— հարցրեց նա՝ մի պահ լռությունից հետո։— Կին ճարել կարելի է ուզած ժամանակ։ 1821 թվականին քեզ համար Կորալին անփոխարինելի էր, բայց և այնպես, Եսթերը հանդիպեց։ Այդ աղջկանից հետո գալու է… գիտե՞ս ով… անծանոթ կինը։ Ահա դա է բոլոր կանանցից գեղեցկագույնը, և դու նրան կճարես այն մայրաքաղաքում, որտեղ դը Գրանլյոյի փեսան կլինի դեսպան և կներկայացնի Ֆրանսիայի թագավորին... Եվ հետո, ասա տեսնեմ, պարոն մանուկ, մի՞թե Եսթերը կմեռնի դրանից։ Վերջապես, օրիորդ դը Գրանլյոյի ամուսինը ինչո՞ւ չի կարող պահել Եսթերին։ Բացի այդ, թույլ տուր ինձ գործել. ամեն ինչի մասին մտածելու հոգսը թող ինձ վրա. միայն թե, մեկ կամ երկու շաբաթ պետք չէ տեսնես Եսթերին, և այդ ժամանակաընթացքում դու չես գնալու Տեբու փողոցը։ Դե՛, գնա սիրաբանելու քո փրկության խարիսխի վրա, և լա՛վ խաղա քո դերը. Կլոտիլդին տար այն բոցակեզ նամակը, որ դու գրել ես այս առավոտ, և նրանից ինձ բեր ջերմագին մի նամակ։ Նամակագրությամբ նա իր զրկանքները կթեթևացնի։ Մեր աղջիկն իմ գործին հարմարում է։ Եսթերը դրանից մի փոքր կտխրի, բայց հրամայի՛ր նրան, որ հնազանդվի։ Հարցը վերաբերում է մեր առաքինության զգեստին, մեր պատվավորության վերարկուին, այն շիրմային, որի ետևում բոլոր մեծ մարդիկ թաքցնում են իրենց ստորությունները… Խնդիրը վերաբերում է իմ գեղեցիկ եսին, քե՛զ, որի վրա երբեք չպետք է որևէ կասկածի ստվեր ընկնի։ Դիպվածը մեզ ավելի լավ ծառայեց, քան իմ միտքը, որը երկու ամիս շարու¬նակ պարապ էր պտտվում։

Մեկառմեկ նետելով այդ ահարկու խոսքերը, ինչպես ատրճանակի հարվածներ, Կարլոս Էրրերան հագնվում էր` մտադրվելով դուրս գալ։

— Քո ուրախությունը ակներև է,— բացականչեց Լյուսիենը,— դու երբեք չես սիրել խեղճ Եսթերին և բերկրությամբ սպասում ես նրանից ազատվելու ժամին։

— Դու երբեք չես հոգնել նրան սիրելուց, այնպես չէ՞... Դե՛ լավ, ես էլ երբեք չեմ հոգնել նրան նզովելուց։ Բայց մի՞թե ես միշտ էլ չեմ վարվել այնպես, ասես անկեղծորեն կապված լինեմ այդ աղջկան, ե՛ս, որ, Ասիայի օգնությամբ, նրա կյանքը պահում եմ իմ ձեռքում։ Ռագուի մեջ մի քանի թունավոր սունկեր, և ամեն ինչ վերջացած կլիներ... Սակայն Եսթերն ապրում է... նա երջանիկ է. գիտե՞ս ինչու, որովհետև դու նրան սիրում ես։ Երեխա մի՛ լինի։ Ահա չորս տարի է, որ մենք մի դիպվածի ենք սպասում, դա լինելու է կա՛մ հօգուտ, կա՛մ ի վնաս մեզ, ուրեմն, հարկավոր է դրսևորել ողջ տաղանդը՝ փետրատելու համար այն թռչունը, որ բախտն այսօր մեզ է նետում։ Ռուլետի այս խաղի մեջ կա լավը և վատը, ինչպես ամեն ինչում։ Գիտե՞ս, թե ինչի մասին էի մտածում, երբ դու ներս մտար։

— Ո՛չ…

— Ինչպես Բարսելոնում, այստեղ էլ, Ասիայի օգնությամբ, դառնալ ժառանգորդը մի պառավ բարեպաշտուհու։

— Ոճի՞ր։

— Ինձ միայն այդ միջոցն էր մնում ապահովելու համար քո երջանկությունը։ Պարտատերերն իրար են անցել։ Եթե հետապնդվես դատական կատարածուների կողմից, և քեզ վտարեն դը Գրանլյոյի ապարանքից, ի՞նչ կլինի քո վիճակը։ Վրա կհասնի սատանային հատուցելու ժամը։ Կարլոս Էրրերան ձեռքի մի շարժումով պատկերեց իրեն ջրի մեջ նետող մարդու ինքնասպանության տեսարանը, ապա Լուսիենին սևեռեց խորաթափանց մի հայացք, որով ուժեղ մարդիկ իրենց կամքը թելադրում են թույլ հոգիներին։ Այդ կախարդիչ հայացքը, փշրելով ամեն մի արգելք, վկայում էր, որ Լյուսիենն ու իր խորհրդատուն կապված են ոչ միայն կյանքի ու մահվան գաղտնիքով, այլև զգացումներով, որոնք այնքան են վեր սովորական զգացումներից, որքան այդ մարդը բարձր էր կանգնած իր արգահատելի դրությունից։

Հարկադրված լինելով ապրել հասարակությունից դուրս, որտեղ օրենքն ընդմիշտ արգելել էր նրան վերադառնալ, ախտամոլությունից և կատաղի, զարհուրելի դիմադրություններից հյուծված, բայց օժտված հոգեկան կորովով, որը կրծում էր նրան, այդ գարշելի և մեծ, մութ ու հռչակավոր, կյանքի տենդով բռնված մարդը վերապրում էր Լյուսիենի վայելչագեղ մարմնի մեջ, Լյուսիենի, որի հոգին դարձել էր իր հոգին։ Հա¬սարակության մեջ նա հանդես էր գալիս այդ պոետի միջոցով, որին օժտում էր կայունությամբ ու երկաթյա կամքով։ Նրա համար Լյուսիենն ավելին էր, քան որդին, ավելին քան սիրած կինը, ավելին՝ քան ընտանիքը, ավելին՝ քան իր կյանքը, նա իր վրեժխնդրությունն էր, և որովհետև ուժեղ հոգիները զգացմունքն ավելի բարձր են գնահատում, քան գոյությունը, ուստր և Լյուսիենի հետ կապվել էր անքակտելի կապերով։

Լյուսիենի կյանքը գնելով այն պահին, երբ հուսահատության մեջ ընկած պոետը պատրաստվում էր ինքնասպանության, Էրրերան նրան առաջարկել էր դժոխային այն պայմանագիրը, որի օրինակներին հանդիպում ենք լոկ վեպերի մեջ, բայց որոնց հնարավորությունը հաճախ է ապացուցված դատավարություններում, դատական հռչակավոր դրամաներում։ Լյուսիենին շռայլելով փարիզյան կյանքի բոլոր վայելքները, ապացուցելով նրան, որ դեռ կարող է իրեն համար գեղեցիկ ապագա ստեղծել, նա այդ երիտասարդին դարձրել էր իր իրը։

Բացի այդ, ոչ մի զոհաբերություն ծանր չէր այդ սարսափելի մարդու համար, երբ խնդիրը վերաբերում էր իր երկրորդ ես-ին։ Ուժեղ մարդ լինելով հանդերձ, նա այնքան էր թույլ իր սիրեցյալի հանդեպ, որ ի վերջո նրան հաղորդեց իր գաղտ-նիքները։ Թերևս սոսկ հոգեկան այդ համախոհությունը է՛լ ավելի էր ամրացնում նրանց կապը։

Այն օրվանից, երբ Տորպիլն առևանգվել էր, Լյուսիենը գիտեր, թե ինչպիսի զարհուրելի հիմքի վրա է խարսխված իր երջանկությունը։

Իսպանական քահանայի այդ պարեգոտը թաքցնում էր Ժակ Կոլենին, տաժանակրության այն հռչակավոր մարդկանցից մեկին, որը տասը տարի առաջ, Վոտրեն քաղքենիական անվան տակ, ապրում էր Վոքեի պանսիոնում, որտեղ էին Ռաստինյակն ու Բիանշոնը։ Ժակ Կոլենը, որի մականունն էր Մահապուրծ, փախչելով Ռոշֆորից, այնտեղ վերստին բանտարկվելուց համարյա անմիջապես հետո, հետևեց համբավավոր կոմս դը Սենտ-Էլենի օրինակին, սակայն վերափոխելով այն ամենը, ինչ թերի էր Կոնյարի համարձակ արարքի մեջ։ Այլափոխվել, դառնալ ազնիվ մարդ, բայց շարունակել տաժանակիրի կյանքը, դա մի խնդիր է, որի երկու եզրերն այնքան են հակասում իրար, որ, վերջ ի վերջո, կարող է ճակատագրական վախճան ունենալ հատկապես Փարիզում, քանի որ, խցկվելով մի որևէ ընտանիքում, դատապարտյալը տասնապատկում է այդ այլափոխության վտանգները։ Բացի այդ, չէ՞ որ ամեն տեսակ հետապնդումներից ազատ լինելու համար հարկավոր է վեր կանգնել կյանքի առօրյա շահագրգռություններից։ Աշխարհիկ մարդը ենթակա է պատահականությունների, իսկ պատահականությունները հազվադեպ են սպառնում այն մարդկանց, որոնք շփում չունեն աշխարհիկ հասարակության հետ։ Այնպես որ, ծպտյալի համար պարե¬գոտը ամենից ապահովն է, երբ այն կարելի է լրացնել օրինակելի, մենակյաց ու անզբաղ մի կյանքով։

«Այսպիսով, ես քահանա եմ դառնալու»,— ինքն իրեն ասաց քաղաքացիական այդ մեռյալը, որն ուզում էր անպայ¬ման վերակենդանանալ սոցիալապես և բավարարել կրքերը, որոնք նույնքան տարօրինակ էին, որքան ինքը։

Քաղաքացիական պատերազմը, որ 1812 թվականի կոնստիտուցիայով բռնկվեց Իսպանիայում, ուր մեկնել էր այդ եռանդուն մարդը, նրան հնարավորություն տվեց թաքուն, դարանակալ սպանել իսկական Կարլոս Էրրերային։ Իշխանազուն մի մարդու ապօրինի զավակ այդ քահանան, որը վաղուց ի վեր լքված էր հոր կողմից և անգիտակ, թե որ կնոջն է պարտական իր կյանքը, քաղաքական հանձնարարություններ ուներ կատարելու Ֆրանսիայում՝ Ֆերդինանդ VII թագավորի կողմից, որին մի եպիսկոպոս էր նրան ներկայացրել։ Եպիսկոպոսը, միակ մարդր, որը հետաքրքրվում Էր Կարլոս Էրրերայով, վախճանվեց, երբ եկեղեցու այդ կամավոր զոհը ճանապարհորդում էր Կադիքսից Մադրիդ և Մադրիդից Ֆրանսիա։ Երջանիկ՝ այն բանի համար, որ հանդիպել է այդպիսի բաղձալի մի անձնավորության և այն էլ իր ցանկացած պայմաններում, Ժակ Կոլենը վերքերով ջնջեց կռնակի ճակատագրական տառերը և փոխեց իր դեմքը քիմիական ինչ-որ լուծույթներով։ Այդպես կերպարանափոխվելով այդ քահանայի դիակի առաջ նախքան այն ոչնչացնելը, նա որոշ չափով կարողացավ նմանվել իր կրկնակին. որպեսզի կատարյալ լինի այդ այլափոխությունը, որը գրեթե նույնքան զարմանահրաշ էր, որքան այն, ինչի մասին պատմվում է արաբական հեքիաթի մեջ, ուր մի դերվիշ, լինելով ծեր, կախարդական խոսքերով ուժ է ստանում մտնելու երիտասարդ մարդու մարմնի մեջ, տաժանակիրը, որը իսպաներեն խոսում էր, սովորեց լատիներեն այնքան, որքան կարող էր իմանալ անդալուզյան մի քահանա։ Լինելով երեք տաժանավայրերի գանձապահ, Կոլենը հարուստ էր այն ավանդներով, որ վստահված էին նրա ճանաչված, թեպետև հարկադրյալ ազնվությանը. նման ընկերակիցների միջև սխալանքը լուծվում է դաշույնի հարվածներով։ Այդ գումարին նա միացրեց եպիսկոպոսի կողմից Կարլոս Էրրերային տրված դրամները։ Իսպանիայից հեռացնելուց առաջ նա կարողացավ տիրանալ բարսելոնցի մի բարեպաշտուհու գանձին, նրան թողություն շնորհելով և խոստանալով ըստ պատկանելույն վերադարձնել գումարները, որոնք գողացված էին այդ կնոջ կողմից՝ սպանության ճանապարհով, և ապաշավող այդ կնոջ հարստությունն էին կազմում։ Դառնալով քահանա, ունենալով գաղտնի հանձնարարություններ, որոնց շնորհիվ Փարիզում կապահովվեին ուժեղ հովանավորություններ, Ժակ Կոլենը վճռել էր իր կերպարանափոխությունը մատնող ոչ մի քայլ չանել և անձնատուր լինել իր նոր գոյության բախտին, երբ Անգուլեմից Փարիզ տանող ճանապարհին նա հանդիպեց Լյուսիենին։ Այդ տղան կեղծ աբբային երևաց որպես իշխանության հասնելու գեղեցիկ մի գործիք, և նրան փրկեց ինքնասպանությունից՝ ասելով.

— Հանձնվեցե՛ք Աստծո մարդուն, ինչպես հանձնվում են սատանային, և դուք կունենաք մի նոր ճակատագրի բոլոր հնարավորությունները։ Դուք կապրեք, ինչպես երազում, և վատթարագույն զարթոնքը կլինի մահը, որ դուք փնտրում էիք…

Միությունն այդ երկու էակների, որոնց վիճակված էր միաձուլվել, հիմնվեց այդ ուժեղ դատողության վրա, որը Կարլոս Էրրերան ամրապնդեց հմուտ մի մեղսակցությամբ։ Օժտված լինելով ապականության հանճարով, նա ոչնչացրեց Լյուսիենի պարկեշտությունը, նրան սուզեց դաժան կարիքի մեջ և դուրս հանեց այնտեղից՝ շնորհիվ հոռի կամ ստոր արարքներ գործելու՝ երիտասարդի լուռ համաձայնությանը, թողնելով Լյուսիենին միշտ անաղարտ, ուղղամիտ և ազնիվ` աշխարհիկ հասարակության աչքում։ Լյուսիենը սոցիալական փայլուն փառքի մարմնացումն էր, որի ստվերում ուզում էր ապրել այդ խաբեբան։

— Ես հեղինակն եմ, դու կլինես դրաման, եթե դու հաջողություն չունենաս, ինձ կսուլեն,— ասաց նա Լյուսիենին այն օրը, երբ նրան խոստովանեց իր սրբապիղծ ծպտվածության գաղտնիքը։

Կարլոսը զգուշաբար էր անցնում մի խոստովանությունից մյուսը, գաղտնիքների ստորությունը չափելով իր հաջողությունների աստիճանի և Լյուսիենի կարիքների հետ։ Այնպես որ, Մահապուրծն իր վերջին գաղտնիքը բաց արեց միայն այն ժամանակ, երբ Փարիզյան վայելքների սովորույթը, հաջողությունները, բավարարված սնափառությունը Լյուսիենին ստիպեցին պոետի իր թուլակամ հոգով ու մարմնով հանձնվել նրան։

Այնտեղ, ուր Ռաստինյակը, երբեմն, ենթարկվելով այդ դևի փորձությանը, կարողացել էր դիմադրել, Լյուսիենը ընկճվեց, որովհետև նա ավելի խոր էր խճճվել խաղի մեջ, իսկ որ գլխավորն է, արբել էր այն երջանկության գիտակցությամբ, որ հասարակության մեջ բարձր դիրք է նվաճել։ Չարիքը, որի պոետական կերպարը անվանվում է դև, այդ կիսականացի տղամարդու նկատմամբ գործադրեց իր ամենահրապուրիչ գայթակղությունները և սկզբում շատ տալով, քիչ բան պահանջեց նրանից։

Կարլոսի գլխավոր փաստարկը հավիտենական գաղտնիք էր, որ Տարտյուֆը խոստանում է Էլմիրին։ Կրկնվող ապացույցներն այն անսահման անձնվիրության, որպիսին Սեիդն էր տածում Մոհամեդին, ավարտեցին ոմն Ժակ Կոլենի կողմից Լյուսիենին նվաճելու սոսկալի գործը։ Արդեն ոչ միայն Եսթերն ու Լյուսիենը կլանել էին այն բոլոր ավանդները, որ վստահված էին տաժանավայրերի բանկիրի ազնվությանը, և որոնց համար նա զարհուրելի սպառնալիքի տակ էր, որովհետև կարող էին նրանից հաշիվ պահանջել, այլև դենդին, կեղծ կրոնավորը և կուրտիզանուհին նույնպես պարտքեր էին արել։ Այն պահին, երբ Լյուսիենը հաջողության էր հասնելու, բավական էր մի փոքրիկ խիճ ընկներ այդ երեք անձնավորություններից մեկի ոտքի տակ, որպեսզի խորտակվեր այնքան հանդգնորեն կառուցված երջանկության ֆանտաստիկ շենքը։

Օպերայի պարահանդեսում Ռաստինյակը ճանաչեց Վոքեի պանսիոնի Վոտռենին, բայց նա գիտեր, որ իրեն մահ է սպառնում, եթե գաղտնապահ չլիներ. այդ պատճառով տիկին դը Նյուսինգենի սիրեկանը Լյուսիենի հետ այնպիսի հայացք¬ներ էր փոխանակում, որոնց առերևույթ բարեկամության ներքո, երկուստեք երկյուղ էր թաքնված։ Վտանգի պահին Ռաստինյակը, իհարկե, մեծ հաճույքով սայլ կտրամադրեր՝ Մահապուրծին կառափնարան տանելու համար։ Այժմ ամեն ոք կարող է կռահել, թե ինչպիսի մռայլ ուրախությամբ համակվեց Կարլոսը, իմանալով բարոն դը Նյուսինգենի սիրո մասին, և թե ինչպես նրա կոփվածքի տեր մարդը, խաղի բոլոր հաշիվներն անելուց հետո, պիտի ջանար օգտվել խեղճ Եսթերից։

— Մի՛ մտածի,— ասաց նա Լյուսիենին,— սատանան հո¬վանավորում է իր ողորմածին։

— Բայց դու ծխում ես վառոդի տակառին նստած։

— Incedo per ignes[11],— պատասխանեց Կարլոսը՝ ժպտալով։— Դա իմ արհեստն է։

Գրանլյոների տոհմը երկու ճյուղի բաժանվեց անցյալ դարի կեսերին. մեկ ճյուղը, դքսային տոհմը, դատապարտված է անհետանալու, քանի որ այժմյան դուքսը միայն աղջիկներ ունեցավ, մյուս ճյուղը Գրանլյո դերկոմսերն են, որոնք պետք է ժառանգեն իրենց ավագ ճյուղի տիտղոսն ու տոհմանիշը։ Դքսային ճյուղի տոհմանիշը կրում է կարմիր ֆոնի վրա երեք ոսկեզօծ սակրեր, կամ մարտական տապարներ, վահանի լայնքով, Caveo non tirneo[12] նշանաբանը, որն այդ տոհմի բովանդակ պատմությունն է։

Դերկոմսերի տոհմանիշի վահանը բաժանված է չորս մասի, ինչպես Նավարենների մոտ. Կարմիր ֆոն, վահանի լայնքին ատամնավոր ոսկե շերտ և զարդարված ասպետական սաղավարտով, «Մեծ գործեր, մեծ տոհմ» նշանաբանով։

Այժմյան դերկոմսուհին, որն այրի է 1813 թվականից, ունի մի տղա ու մի աղջիկ։ Թեպետ տարագրությունից նա վերադարձել էր գրեթե քայքայված, բայց մի հավատարմատարի՝ Դերվիլի նվիրվածության շնորհիվ վերստին տիրացել էր բավականաչափ մեծ կարողության։ 1804 թվականին Ֆրանսիա վերադառնալով, դուքս և դքսուհի Գրանլյոները արժանացան կայսրի հաճության, ուստի Նապոլեոնը նրանց տեսնելով իր արքունիքում, Գրանլյոների տոհմին վերադարձրեց այն բոլոր կալվածքները, որ տարեկան քառասուն հազար լիվր եկամուտ էին ապահովում։ Սեն-Ժերմեն արվարձանի բոլոր իշխանազուններից նրանք, որոնք Նապոլեոնի համակրությանն արժանացան, դուքսն ու դքսուհին-(Աժուդաների ավագ ճյուղից, որ ազգակից էր Բրագանցաներին), միակն էին, որ չուրացան Նապոլեոնին և նրա բարերարությունները։ Լյուդովիկոս XVIII-ը գնահատեց այդ հավատարմությունը, մինչդեռ Սեն-Ժերմեն արվարձանը դա հանցանք համարեց Գրանլյոների համար. թերևս Լյուդովիկոս XVIII-ը դրանով կամենում էր գրգռել իր եղբորը։ Հավանական էր համարվում երիտասարդ դերկոմս Գրանլյոյի ամուսնությունը Մարի-Աթենայիսի, դքսի կրտսեր դստեր հետ, որն այդ ժամանակ ինը տարեկան էր։ Սաբինը, նախավերջին դուստրը, Հուլիսյան հեղափոխությունից հետո ամուսնացավ բարոն դյու Գենիկի հետ։ Ժոզեֆինը, երրորդ դուստրը, դարձավ տիկին դ’Աժոլդա-Պինտո, երբ մարկիզը կորցրեց առաջին կնոջը, օրիորդ դը Ռոշֆիդին aliàs[13] Ռոշգյուդ։ Անդրանիկ դուստրը 1822 թվականին վանք մտավ։ Երկրորդ դուստրը, օրիորդ Կլոտիլդ-Ֆրեդերիկը, որն արդեն քսանյոթ տարեկան էր, լրջորեն սիրահարված էր Լյուսիեն դը Ռյուբամպրեին։

Ավելորդ է ասել, թե դուքս դը Գրանլյոյի ապարանքը, Սեն-Դոմինիկ փողոցի գեղեցկագույն առանձնատներից մեկը, ինչպիսի հմայք ուներ Լյուսիենի աչքում. ամեն անգամ, երբ ահագին դարպասի դռները շուռ էին գալիս իրենց ծխնիների վրա, որպեսզի ներս թողնեն Լյուսիենի կառքը, նա զգում էր սնափառ այն բավականությունը, որի մասին խոսել է Միրաբոն։

— Թեպետ իմ հայրը մի հասարակ դեղագործ էր Աւմոյում, սակայն ես ընդունվում եմ այստեղ...

Այսպես էր մտածում Լյուսիենը։ Ուստի, կեղծ աբբահոր հետ ունեցած կապից բացի, նա հոժար էր ուրիշ շատ հանցանքներ գործել, որպեսզի պահպաներ գլխավոր մուտքի սանդուղքներից բարձրանալու իրավունքը, որպեսզի լսեր, թե ինչպես են զեկուցում իր մասին՝ «Պարոն դը Ռյուբամպրե», այն մեծ հյուրասրահում, որը Լյուդովիկոս XIV-ի ժամանա¬կաշրջանում էր կառուցված, Լյուդովիկոս XIV-ի ոճով, Վերսալի հյուրասրահի օրինակով, և որտեղ հավաքվում էր ընտրյալ հասարակությունը, Փարիզի սերուցքը, և որն այն ժամանակ անվանվում էր՝ փոքրիկ արքունիք։

Ազնվազարմ պորտուգալուհին, մեկն այն կանանցից, որոնք շատ չեն սիրում դուրս գալ տանից, իր ժամանակի մեծ մասը շրջապատված էր Շոլյոններ, Նավարեններ, Լենոնկուրներ հարևաններով։ Գեղանի բարոնուհի դը Մակյումերը (ծննդյամբ դը Շոլյո), դքսուհի դը Մոֆրինյոզը, տիկին դ’Էսպարը, տիկին դը Կամպը, բրետայնցի Գրանլյոների ազգական օրիորդ դե Տուշը հաճախ էին այցելում նրան՝ պարահանդես մեկնելիս կամ օպերայից վերադառնալիս։ Դերկոմս դը Գրանլյոն, դուքս դը Ռետորեն, մարկիզ դը Շոլյոն, որը ապագայում պիտի դառնար դուքս դը Լենոնկուր-Շոլյո, նրա կին Մադլեն դը Մորսոֆը, դուքս դը Լենոնկուրի թոռը, մարկիզ դ’Աժուդա-Պինտոն, իշխան դը Բլամոն-Շովրին, մարկիզ դը Բոսեանը, վիդամ դը Պամյեն, Վանդենեսները, ծերունի իշխան դը Կադինյանը և նրա որդին՝ դուքս դը Մոֆրինյոզը, մշտայցելուներ էին այդ մեծաշուք սալոնի, որտեղ ամեն ինչ պալատական օդով էր շնչում, ուր վարվելակերպը, ձևը, սրամտությունը համապատասխանում էին մեծամեծերի ազնվազարմությանը, որոնց բարձր աստիճանի արիստոկրատական նիստ ու կացը վերջ ի վերջո հարկադրեց մոռացության տալ նրանց հաճոյակատարությունը Նապոլեոնի հանդեպ։

Պառավ դքսուհի դ’Յուքսելը, դը Մոֆրինյոզի մայրը, այդ սալոնի պատգամախոսուհին էր, մի սալոն, որտեղ տիկին դը Սերիզին ոչ մի կերպ չկարողացավ ընդունվել, թեպետ ծագումով նա դը Ռոնկերոլ էր։

Տիկին Մոֆրինյոզն էր խնդրել իր մորը՝ հովանավորել Լյուսիենին, որի համար գժվում էր վերջին երկու տարում, և նրա շնորհիվ Լյուսիենի առաջ բացվեցին դը Գրանլյոների ապարանքի դռները, որտեղ հրապուրիչ պոետը կարողացավ դիմանալ շնորհիվ արքունի հոգևորականության ազդեցության և Փարիզի արքեպիսկոպոսի պաշտպանության։ Այնուամենայնիվ, նա այնտեղ ընդունվեց միայն այն ժամանակ, երբ թագավորական հրամանագրով իրավունք ստացավ կրելու Ռյուբամպրե տոհմի անունը և տոհմանիշը։

Դուքս դը Ռետորեն, ասպետ դ’Էսպարը և մի քանի ուրիշներ, նախանձելով Լյուսիենին, պարբերաբար նրա դեմ էին լարում դուքս դը Գրանլյոյին, նրան պատմելով Լյուսիենի նախկին կյանքի վերաբերյալ անեկդոտներ։ Բայց բարեպաշտ դքսուհին, շրջապատված լինելով բարձրաստիճան եկեղեցականներով, ինչպես նաև Կլոտիլդ դը Գրանլյոն, պաշտպանեցին երիտասարդին։ Այդ չարակամությունները Լյուսիենը վերագրեց այն արկածին, որ ունեցել էր տիկին դ’Էսպարի զարմուհու, տիկին դր Բարժետոնի հետ, որը դարձել էր կոմսուհի դյու Շատլե։ Հետո, զգալով այդպիսի հզոր մի ընտանիքում ընդունվելու անհրաժեշտությունը, և հետևելով իր մտերիմ խորհրդատուի թելադրանքին՝ հրապուրելու Կլոտիլդին, Լյուսիենը ցուցաբերեց նորելուկի արիություն. նա այնտեղ երևաց շաբաթվա մեջ հինգ օր, սիրալիր կուլ տվեց նախանձից բխած վիրավորանքները, դիմացավ լպիրշ հայացքներին, սրամտորեն պատասխանեց ծաղրանքներին։ Նրա համառությունը, նրա հմայիչ կերպարը, նրա հաճոյակատարությունը վերջ տվին երկմտություններին և նվազեցրին խոչընդոտները։ Առաջվա պես լավագույն հարաբերությունների մեջ լինելով դքսուհի դը Մոնֆրինյոզի հետ, որի` կրքի բուռն շրջանում գրած սիրատոչոր նամակները պահվում էին Կարլոս Էրրերայի մոտ, լինելով տիկին դը Սերիզիի պաշտամունքի առարկան, օրիորդ դե Տուշի ցանկալի հյուրը, գոհ այն բանով, որ այդ երեք ապարանքների դռները բաց են իր առաջ, Լյուսիենը աբբահորից սովորեց իր հարաբերությունների մեջ լինել խիստ զգուշավոր։

— Չի կարելի սերտ կապված լինել միաժամանակ բազմաթիվ ընտանիքների հետ,— ասում էր նրան իր մտերիմ խորհրդատուն։— Ով լինում է ամենուրեք, նա ոչ մի տեղ բուռն հետաքրքրություն չի գտնի։ Մեծավորները հովանավորում են միայն նրա՛նց, ովքեր մրցակցում են իրենց կահկարասիի հետ, նրա՛նց, որոնց տեսնում են ամեն օր, և որոնք գիտեն դառնալ անհրաժեշտ մի իր, ինչպես բազմոցը, որի վրա նստում են։ Սովոր լինելով Գրանլյոների հյուրասրահը դիտել որպես ռազմադաշտ, Լյուսիենը վերապահում էր իր սրամտությունը, դիպուկ բառերը, աշխարհիկ նորույթները, քծնողի իր շնորհներն այն երեկոների համար, որ նա անց էր կացնում այնտեղ։ Լինելով շողոքորթ, փաղաքուշ և Կլոտիլդի միջոցով նախապես իմանալով վտանգավոր խութերն ու դրանցից խուսափելու միջոցը, Լյուսիենը շոյում էր պարոն դը Գրանլյոյի մանր մոլությունները։ Կլոտիլդը նախ սկսեց նախանձել դքսուհի դը Մոֆրինյոզի բախտավորությանը, ապա խելակորույս սիրահարվեց Լյուսիենին։ Գնահատելով նման ամուսնության բոլոր առավելությունները, Լյուսիենը խաղաց սիրահարի իր դերը, ինչպես կխաղար Արմանը, «Ֆրանսիական կոմեդիա»-ի վերջին ժամանակների «առաջին սիրահարը»։ Նա Կլոտիլդին գրում էր նամակ¬ներ, որոնք, անտարակույս, գրական առաջնակարգ գլուխգործոցներ էին, և Կլոտիլդը պատասխանում էր նրան, ամեն կերպ ջանալով թղթի վրա արտահայտել իր մոլեգին սերը, որովհետև նա չէր կարող այլ կերպ սիրել։ Ամեն կիրակի Լյուսիենը պատարագի էր գնում սուրբ Թովմաս Աքվնացու եկեղեցին, իրեն ցուցաբերում էր որպես ջերմեռանդ կաթոլիկ ու միապետական և կրոնական ճառեր էր արտասանում, որոնք հիացմունք էին պատճառում։ Բացի այդ, Կոնգրեգացիայի գործը պաշտպանող թերթերում, նա առանց վարձատրության գրում էր հույժ նշանակալից հոդվածներ, ստորագրելով միայն Լ. սկզբնատառով։ Նա գրեց քաղաքական բրոշյուրներ, որոնք հարկավոր էին կա՛մ Կարլոս X-ին, կա՛մ արքունի հոգևորականությանը, չպահանջելով ոչ մի վարձա¬տրություն։

— Թագավորը,— ասում էր նա,— արդեն այնքան շատ բան է արել ինձ համար, որ ես նրան իմ արյունով եմ պարտական։

Այնպես որ, մի քանի օր էր արդեն, ինչ հարց էր հարուց¬վել Լյուսիենին նշանակել պրեմիեր-մինիստրի անձնական քարտուղար, բայց տիկին դ’Էսպարն այնքան մարդիկ պայքարի հանեց Լյուսիենի դեմ, որ Կարլոս X-ի ֆակտոտում Ժակը տատանվում էր որոշում ընդունել։ Ոչ միայն Լյուսիենի գոյավիճակը բավականաչափ պարզ չէր, այլև «Ինչո՞վ է նա ապրում» բառերը, որ ամեն ոք շշնջում էր, տեսնելով նրա բարձրացումը, իրենց պատասխանն էին պահանջում, բացի այդ, բարյացակամ հետաքրքրասիրությունը, չարամիտ հետաքրքրասիրության պես, մի հետախուզությունից մյուսին անցնելով, մեկից ավելի խոցելի տեղեր են բացահայտում այդ փառասերի զրահի վրա։ Կլոտիլդ դը Գրանլյոն իր հոր ու մոր նկատմամբ ակամա լրտեսի դեր էր խաղում։ Մի քանի օր առաջ նա Լյուսիենին տարել էր լուսամուտի խորշը հայտ¬նելու նրան իր ծնողների առարկությունների մասին։

— Երբ դուք կունենաք միլիոնի արժողությամբ մի հողամաս, դուք կստանաք իմ ձեռքը, այս է եղել իմ մոր պատասխանը,— ասել էր Կլոտիլդը։

— Նրանք հետագայում կարող են քեզ հարցնել, թե որտեղի՛ց է այդ փողը,— ասել էր Կարլոսը Լյուսիենին, երբ վեր¬ջինս նրան հաղորդել էր այդ, իբր թե վերջին, խոսքը։

— Իմ փեսան պետք է, որ կարողություն ձեռք բերած լինի,— դիտել էր տվել Լյուսիենը,— հանձին նրա, մենք ունենք պատասխանատու մի հրատարակիչ։

— Ուրեմն, պակասում է միայն միլիոնը,— բացականչել էր Կարլոսը,— ես կմտածեմ այդ մասին։

Որպեսզի լավ բացատրվի Լյուսիենի դրությունը Գրանլյոյի ապարանքում, բավական է ասել, որ նա երբեք այնտեղ չէր ճաշել։ Ո՛չ Կլոտիլդը, ո՛չ դքսուհի դ’Յուքսելը, ո՛չ տիկին դը Մոֆրինյոզը, որը միշտ բարյացակամ էր Լյուսիենի նկատմամբ, չկարողացան ծեր դքսից ձեռք բերել այդ շնորհը, որովհետև այդ ազնվականը անվստահություն էր տածում նրան, որին նա անվանում էր «Պարոն դը Ռյուբամպրե»։ Հյուրասրահի ողջ հասարակության կողմից նկատված այդ նրբին ակնարկը ցավոտ վերքեր էր հասցնում Լյուսիենի ինք¬նասիրությանը. նա զգում էր, որ իրեն միայն հանդուրժում են այստեղ։ Աշխարհիկ հասարակությունը իրավունք ունի պահանջկոտ լինելու, որովհետև նա հաճախ է խաբվել։ Բոլոր հնարամտություններն անզոր են տևականորեն ամրացնելու վիճակը մի մարդու, որն ուզում է Փարիզում աչքի ընկնել, բայց չունի հաստատուն կարողություն և որոշակի զբաղմունք։ Որքան բարձրանում էր Լյուսիենը, այնքան որոշակի ուժ էր ստանում, «Ինչո՞վ է նա ապրում» հարցը։ Տիկին դը Սերիզիի մոտ, որին պարտավոր էր գլխավոր դատախազ դը Գրանվիլի և մի նախարարի, ինչպես նաև Գերագույն ատյանի նախագահ կոմս Օկտավ դը Բովանի պաշտպանության համար, նա հարկադրված էր ասել.

— Ես սոսկալի պարտքեր եմ արել։

Ապարանքի բակը մտնելիս, որտեղ նա գտնում էր իր սնափառությունների օրինական բավարարումը, նա ինքն իրեն դառնությամբ ասում էր, հիշելով Մահապուրծի խոսքերը.

«Զգում եմ, որ ամեն ինչ ճարճատում է իմ ոտքերի տակ»։

Նա սիրում էր Եսթերին, իսկ օրիորդ դը Գրանլյոյին ուզում էր որպես կին։ Արտառո՜ց դրություն. պետք էր մեկին ծախել մյուսին ձեռք բերելու համար։ Միակ մարդը, որ կարող էր այդ գործարքը գլուխ բերել այնպես, որպեսզի չտուժեր Լյուսիենի պատիվը, այդ կեղծ իսպանացին էր. հարկավոր չէ՞ր արդյոք, որ նրանք երկուսն էլ հավասարապես զգույշ լինեին մեկը մյուսի նկատմամբ։ Կյանքում երկու անգամ չի կնքվում նման մի պայմանագիր, երբ կողմերից յուրաքանչյուրը հեր¬թով կա՛մ իշխում է, կա՛մ հպատակվում։

Լյուսիենը ցրեց իր ճակատը մթագնող ամպերը և զվարթ ու շողշողուն հայացքով մտավ դը Գրանլյոյի ապարանքի հյուրասրահը. այդ պահին լուսամուտները բաց էին, պարտեզի բուրմունքը պարուրում էր հյուրասրահը, սրահի մեջտետղում դրված՝ քանդակազարդ թաղարը ուշադրություն էր գրավում իր բրգաձև ծաղկեփնջով։ Դքսուհին, նստած փափուկ բազմոցին, զրուցում էր դքսուհի դը Շոլյոյի հետ։ Բազմաթիվ կանայք կազմում էին մի խումբ, որն աչքի էր ընկնում նրանով, որ ամեն մեկը յուրատեսակ էր արտահայտում իր շինծու վիշտը։ Աշխարհիկ հասարակության մեջ ոչ ոք չի կարեկցում ուրիշի դժբախտությանը կամ տառապանքին, այնտեղ ամեն ինչ միայն արտաքին երևույթ է... Տղամարդիկ անցուդարձ էին անում հյուրասրահում կամ պարտեզում։ Կլոտիլդն ու Ժոզեֆինը զբաղված էին թեյասեղանի մոտ։ Վիդամ դը Պամիեն, դուքս դը Գրանլյոն, մարկիզ դ’Աժուդա-Պինտոն, դուքս Մոնֆրինյոզը անկյունում վիսկ (sic) էին խաղում։ Լյուսիենը, որի գալու մասին հայտնել էին, անցավ հյուրասրահի միջով և մոտեցավ ողջունելու դքսուհուն, միաժամանակ հարցնելով նրա տխրության պատճառը։

— Տիկին դը Շոլյոն հենց նոր վշտալի մի լուր է ստացել. նրա փեսան, բարոն դը Մակյումերը, Սորիայի նախկին դուքսը, մահացել է։ Այդ տխուր դեպքի մասին գրել են երիտասարդ դուքս դը Սորիան ու իր կինը, որոնք մեկնել էին Շանտեպլյոր՝ խնամելու իրենց եղբորը։ Լուիզը սրտաճմլիկ վիճակում է։

— Կինն իր կյանքում միայն մի անգամ է այդպես սիրված լինում, ինչպես Լուիզն էր սիրված իր ամուսնուց,— ասաց Մադլեն դը Մորսոֆը։

— Հարուստ այրի կլինի,— նկատեց պառավ դքսուհի դ’Յուքսելը, նայելով Լյուսիենին, որի դեմքն ընդունեց անզգա արտահայտություն։

— Խե՜ղճ Լուիզ,— ասաց տիկին դ’Էսպարը,— ես նրան հասկանում և խղճում եմ։

Մարկիզուհի դ’Էսպարը մտախոհ դեմք ընդունեց, ձևացնելով, թե ինքն էլ զգայուն սիրտ ունի։ Թեպետ Սաբին դը Գրանլյոն ընդամենը տասը տարեկան էր, հասկացողի պես նայեց մորը, բայց նրա աչքերի ծաղրական հուրը մարեց մոր խիստ հայացքից։ Ահա թե ինչ է նշանակում զավակներին լավ դաստիարակելը։

— Եթե իմ աղջիկը նույնիսկ կարողանա դիմանալ այս հարվածին,— մայրական քնքշությամբ ասաց տիկին դը Շոլյոն,— այնուամենայնիվ, ես հանգիստ չեմ լինի նրա ապագայի համար։ Լուիզը շատ է ռոմանտիկ։

— Ես չգիտեմ, — ասաց պառավ դքսուհի դ’Յուքսելը,-որտեղի՞ց են մեր աղջիկները ժառանգել բնավորության այդ գիծը…

— Մեր օրերում,— ասաց մի ծեր կարդինալ,— դժվար է սիրտն ու աշխարհիկ պայմանականությունները հաշտեցնել։

Լյուսիենը, որ ոչինչ չուներ ասելու, մոտեցավ թեյասեղա¬նին՝ ողջունելու դը Գրանլյո օրիորդներին։ Երբ Լյուսիենը մի քանի քայլ հեռացավ կանանց խմբից, մարկիզուհի դ’Էսպարը թեքվեց և շշնջաց դքսուհի դը Գրանլյոյի ականջին.

— Դուք, ուրեմն, հավատում եք, որ այդ տղան շա՞տ է սիրում ձեր անուշիկ Կլոտիլդին։

Այդ հարցի չարանենգությունը հասկանալի կլինի միայն այն ժամանակ, երբ թեթևակի ուրվագծվի Կլոտիլդի կերպարը։ Քսանյոթ տարեկան այդ աղջիկը նույն այդ պահին ոտքի վրա էր, և նրա կեցվածքը հնարավորություն էր տալիս մարկիզուհի դ’Էսպարին հեգնական հայացքով դիտելու Կլոտիլդի ազազուն ու բարակ կազմվածքը, որը կատարելապես նման էր ծնեբեկի։ Խեղճ աղջկա կուրծքն այնպես տափակ էր, որ ոչ մի օժանդակ միջոց, մոդեստուհիների լեզվով ասած՝ «խաբող ֆիշյուներ» չէին կարող օգնել նրան։ Այդ պատճառով էլ Կլոտիլդը չէր ճգնում ծածկել թերությունները և նույնիսկ հերոսաբար ընդգծում էր դրանք, որովհետև նա չափազանց վստահ էր իր անվան առավելություններին։ Նա կրում էր խիստ նեղ շրջազգեստ, որը նրա իրանին տալիս էր գծերի խստություն ու որոշակիություն, մի բան, որ հատուկ է միջնադարյան քանդակագործների արձաններին, որոնց պրոֆիլը շեշտակի կտրված է երևում տաճարների որմնախորշերում։ Կլոտիլդի հասակը հինգ ոտնաչափ և չորս մատնաչափ էր։ Եթե թույլատրելի է դիմել ժողովրդական արտահայտությանը, որը, համենայն դեպս, այն արժանիքն ունի, որ հասկանալի է, ապա կարելի է ասել, որ նա ամբողջապես ոտքերից էր կազմված։ Այս անհամաչափությունը նրա իրանին տձևություն էր տալիս։ Իր թխագույն մաշկով, սև ու կոշտ մազերով, շատ խիտ հոնքերով, խորունկ, բայց արդեն կապույտով շրջանակված հրավառ աչքերով, նորալուսնի նման աղեղնաձև դեմքով ու կորնթարդ ճակատով, նա ծաղրանկարն էր իր մոր, որը Պորտուգալիայի գեղեցկագույն կանանցից էր։ Բնությունը սիրում է նման խաղեր։ Հաճախ տեսնում ես որևէ ընտանիքում ապշեցուցիչ գեղեցկությամբ օժտված մի աղջիկ, այդ նույն գծերը սակայն եղբոր դեմքին կատարյալ այլանդակություն են հաղորդում, թեպետ երկուսն էլ իրար նման են։ Կլոտիլդի խիստ ներս ընկած բերանը արտահայտում էր բացահայտ արհամարհանք։ Ահա թե ինչու նրա շրթունքները դիմագծերից առավել որոշակիությամբ էին արտահայտում նրա հոգու թաքուն մղումները։ Սերը շրթունքներին դրոշմել էր հրապուրիչ մի արտահայտություն, որը հատկապես գրավիչ էր նրանով, որ այտերը չափազանց թուխ լինելով, չէին շիկնում, իսկ սև, մշտապես խիստ աչքերը երբեք ոչինչ չէին մատնում։ Հակառակ այդքան թերություններին, հակառակ տախտականման ֆիգուրին, նա ուներ այն վեհ տեսքը, կեցվածքի այն հպարտու¬թյունը, վերջապես այն չգիտես ինչը, որ ձեռք է բերվում դաստիարակությամբ և ցեղային է, մի բան, որ թերևս նա պարտական էր իր զգեստին, որի մեջ նա իրեն ազատ էր զգում և ընդգծում էր լավ գերդաստանի աղջիկ լինելու հանգամանքը։ նրան առանձնապես շնորհ էին պարգևում մազե֊րը, որոնց փարթամությունը, խտությունն ու երկարությունը կարող էին գեղեցկություն համարվել։ Հմայիչ էր նրա մշակված ձայնը։ Նա սքանչելի էր երգում։ Կլոտիլդը իրոք այն կինն էր, որի մասին ասում են. «Նա գեղեցիկ աչքեր ունի», կամ՝ «Նա հիանալի բնավորություն ունի»։ Երբ որևէ մեկը, ըստ անգլիական սովորության, նրան ասում էր՝ «Ձերդ բարեշնորհություն», նա պատասխանում էր. «Կոչեցեք ինձ Ձերդ բարակություն»։

— Ինչո՞ւ համար չպիտի սիրեն իմ խեղճ Կլոտիլդին,— պատասխանեց դքսուհին մարկիզուհուն։— Գիտե՞ք, թե նա ինձ ինչ ասաց երեկ. «Եթե ես սիրված եմ փառասիրությամբ, ապա կհասնեմ այն բանի, որ ինձ սիրեն հենց հանուն ինձ»։ Նա սրամիտ է ու փառասեր. կան տղամարդիկ, որոնց այդ երկու հատկությունները դուր են գալիս։ Ինչ վերաբերում է Լյուսիենին, թանկագի՛նս, նա գեղեցիկ է՝ ինչպես երազ. և եթե նա կարողանա գնել Ռյուբամպրե կալվածքը, թագավորը, ի հարգանս մեր, նրան կվերադարձնի մարկիզի տիտղոսը... Եվ վերջապես, նրա մայրը Ռյուբամպրեների վերջին շառավիղն է...

— Խե՜ղճ տղա, որտեղի՞ց պիտի վերցնի մի միլիոնը,— ասաց մարկիզուհին։

— Այդ մեզ չի վերաբերում,— վրա բերեց դքսուհին,— բայց համոզված եմ, որ նա անընդունակ է այն գողանալու... Եվ, բացի այդ, մենք Կլոտիլդին չէինք տա ինչ-որ մի բանսարկուի կամ անազնիվ մի մարդու, թեկուզ նա լինի գե¬ղեցիկ, լինի պոետ ու երիտասարդ, ինչպես պարոն դը Ռյուբամպրեն է։

— Դուք ուշ եք գալիս,— ասաց Կլոտիլդը` անսահման մի հեզանազությամբ ժպտալով Լյուսիենին։

— Այո, ես ճաշեցի քաղաքում։

— Դուք վերջին ժամանակներս շատ եք լինում աշխարհիկ հասարակության մեջ,— ասաց աղջիկը` ժպտի տակ թաքցնելով իր խանդն ու տագնապը։

— Աշխարհիկ հասարակության մե՞ջ...— ասաց Լյուսիենը։— Օ՜, ոչ, միայն տարօրինակ պատահականությամբ ամբողջ շաբաթը ես ճաշեցի բանկիրների մոտ. այսօր Նյուսինգենի մոտ էի, երեկ` դյու Տիյեի, իսկ անցյալ օրը` Կելլերների...

Այդ պատասխանից կարելի է համոզվել, որ Լյուսիենը շատ լավ էր յուրացրել մեծ սենյորների սրամիտ անպատկառության տոնը...

— Դուք շատ թշնամիներ ունեք,— ասաց Կլոտիլդը Լյուսիենին, մի բաժակ թեյ մատուցելով (և ինչպիսի՜ շնորհա¬լիությամբ)։— Հորս ասել են, որ վաթսուն հազար ֆրանկ պարտք ունեք, թե շուտով որպես զվարճության դղյակ կունենաք Սենտ-Պելաժին։ Եվ եթե դուք իմանայիք, թե այդ զրպարտանքները ինչքա՜ն ծանր են ինձ համար... Այդ ամենը իմ գլխին է թափվում։ Ես էլ չեմ խոսում իմ տառապանքի մասին (հայրս այնպես է նայում ինձ, ասես ուզում է ինձ խաչել), ինձ մտահոգում է այն, թե դուք որքան պետք է տանջվեք, եթե, Աստված մի արասցե, այդ բոլորի մեջ թեկուզ ամենափոքր չափով ճշմարտություն լինի…

— Մի՛ մտահոգվեք բնավ այդ անմտություններով, սիրեցե՛ք ինձ այնպես, ինչպես ես եմ ձեզ սիրում, և մի քանի ամիս պայմանաժամ տվեք,— պատասխանեց Լյուսիենը` իր դատարկ գավաթը դնելով արծաթյա քանդակազարդ սկուտեղի վրա։

— Մի՛ երևացեք հորս, նա կարող է ձեզ վիրավորական բաներ ասել, և քանի որ դուք այդ չեք հանդուրժի, մենք կկործանվենք... Այդ չարասիրտ մարկիզուհի դ’Էսպարն ասել է, որ ձեր մայրը խնամել է ծննդկան կանանց, և որ ձեր քույրն արդուկող է եղել...

— Մենք ծայրահեղ թշվառության մեջ ենք եղել,— պատասխանեց Լյուսիենը, որի աչքերում արտասուքներ երևացին։— Դա զրպարտանք չէ, այլ պարզ չարախոսություն։ Այսօր քույրս դարձել է միլիոնատեր, իսկ մայրս երկու տարի է, ինչ մահացել է... Այս տեղեկությունները պահում էին հատկապես այն պահի համար, երբ ես այստեղ մոտ լինեի հաջողության։

— Բայց ի՞նչ եք արել դուք տիկին դ’Էսպարին։

— Ես անխոհեմություն ունեցա տիկին դը Սերիզիի մոտ, պարոնայք Բովանի և Գրանվիլի ներկայությամբ, կատակով պատմելու այն դատավարության մասին, որ նա ձեռնարկել էր՝ ձեռք բերելու համար իր ամուսնու՝ մարկիզ դ’Էսպարի իրավազրկությունը, որպեսզի նրան վերցնեն խնամակալության ներքո։ Այդ ինձ պատմել էր Բիանշոնը։ Պարոնայք Բովանն ու Սերիզին պաշտպանեցին պարոն Գրանվիլի կարծիքը, և դա հարկադրեց արդարադատության նախարարին՝ փոխել իր վերաբերմունքն այդ հարցում։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը նահանջեցին, վախենալով «Դատական թերթ»-ից, վախենալով սկանդալից և մարկիզուհուն էլ, ինչպես հարկն էր, դիպան այդ այլանդակ դատավարությունը բեկանելու առթիվ ընդունված վճռի մեջ։ Եթե պարոն դը Սերիզին անզգուշություն է գործել և դրանով մարկիզուհուն դարձրել իմ մահացու թշնամին, ապա ես շահել եմ նրա, գլխավոր դատախազի և կոմս Օկտավ դը Բովանի հովանավորությունը, որոնց տիկին դը Սերիզին պատմել է, թե ինչ վտանգի են ինձ ենթարկել, թույլ տալով, որ կռահեն այն ակունքը, որից բխել են նրանց տեղեկությունները։ Իսկ մարկիզ դ’Էսպարն էլ անշրջահայաց գտնվեց և այցելեց ինձ, ենթադրելով, որ ես եմ պատճառը, որ այդ ստոր դատավարությունը այդպես բարեհաջող ելք ունեցավ։

— Ես կազատեմ ձեզ տիկին դ’Էսպարից,— ասաց Կլոտիլդը։

— Իսկ ինչպե՞ս,— գոչեց Լյուսիենը։

— Մայրս կհրավիրի դեռատի դ'Էսպարներին, որոնք շատ համակրելի են և արդեն բավականին չափահաս։ Հայրն ու նրա երկու որդիներն այստեղ ձեզ կգովերգեն, մենք կարող ենք համոզված լինել, որ այլևս երբեք չենք տեսնի նրանց մորը։

— Օ, Կլոտիլդ, դուք պաշտելի եք, և եթե ես ձեզ չսիրեի սոսկ հանուն ձեզ, կսիրեի ձեր խելքի համար։

— Դա խելքի հարց չէ,— ասաց աղջիկը` ամբողջ սերն իր շրթունքի վրա դնելով,— գնաք բարով։ Մի քանի օր մի՛ երևացեք։ Երբ սուրբ Թովմաս Աքվինացու եկեղեցում ինձ տեսնեք վարդագույն շարֆով, նշանակում է հորս տրամադրությունը փոխված է։ Ձեր նամակի պատասխանը փակցված է ձեր նստած բազկաթոռի հետևում։ Գուցե նա սփոփի ձեզ՝ երբ ինձ չտեսնեք... Ձեր նամակը դրեք իմ թաշկինակի մեջ...

Այդ երիտասարդ անձնավորությունը, ակներևաբար, քսանյոթ տարեկանից ավելի էր։

Լյուսիենը կառք նստեց Պլանշ փողոցում, բուլվարներին հասնելուց հետո իջավ և Մադլեն եկեղեցու մոտ մի ուրիշ կառք վերցնելով, մտավ Տեբու փողոցում գտնվող մի տուն։

Ժամը տասնմեկին մտնելով Եսթերի մոտ, Լյուսիենը նրան գտավ արտասվաթոր, բայց հագնված այնպես, ինչպես հագնվում էր այդ աղջիկը իր սիրեցյալին ուրախություն պատճառելու համար։ Նա սպասում էր իր Լյուսիենին, դեղին ծաղիկներով սպիտակ սնդուսի ծածկույթով բազմոցի վրա պառկած, հագին հնդկական մուսլինից, բալի գույնի ժապավենների հանգույցներով ցայգազգեստ, առանց սեղմիրանի, մազերը գլխին անփույթ կապած, ոտքերին՝ բալի գույնի սնդուսով աստառված սիրուն թավշյա հողաթափներ. բոլոր մոմերը վառված էին, և նարգիլեն պատրաստ, բայց նա չէր ծխել իրենը, որը անկրակ դրված էր դիմացը և մատնում էր նրա տրամադրությունը։ Լսելով դռան բացվելը, նա սրբեց արցունքները, ցատկեց որպես մի գազել, բազուկներով փաթաթվեց Լյուսիենին, ինչպես մի հյուսվածք, որը, հողմից տարված, պլլվում է ծառին։

— Բաժանվա՜ծ,— ասաց նա,— մի՞թե ճշմարիտ է։

— Միայն մի քանի օրով,— պատասխանեց Լյուսիենը։

Եսթերը բաց թողեց Լյուսիենին և մեռածի պես ընկավ բազմոցի վրա։

Այդ վիճակում կանանց մեծ մասը շաղակրատում է որպես թութակ։ Ա՜հ, ինչպե՜ս են նրանք ձեզ սիրում... Ձեզ հետ ապրած հինգ տարիներից հետո էլ նրանք ասես իրենց երջանկության առաջին օրերում են, կամք չունեն ձեզնից բաժանվելու, նրանք վսեմ են իրենց զայրույթի, հուսահատության, սիրո, ցասման, ափսոսանքների, սարսափի, վշտի նախազգացումների մեջ։ Մի խոսքով՝ նրանք հիասքանչ են, ինչպես շեքսպիրյան մի պատկեր։ Բայց, իմացեք, այդ կանայք չեն սիրում։ Եվ հիրավի, երբ նրանք իրոք այնպիսին են, ինչպես իրենք են իրենց պատկերացնում, այսինքն՝ երբ իսկապես սիրում են, նրանք վարվում են այնպես, ինչպես Եսթերը, ինչպես վարվում են երեխաները, ինչպես վարվում է իսկական սերը։ Եսթերը ոչ մի բան չէր արտասանում, նա պառկած էր, դեմքը բարձերի մեջ մխրճած, և լալիս էր ջերմ արցունքներով։ Իսկ Լյուսիենը, ջանալով բարձրացնել նրան, ասում էր.

— Չէ , մանկիկս, մենք բաժանված չենք... Չորս տարվա մեր երջանկությունից հետո ահա թե դու ինչպես ես ընդունում իմ կարճատև բացակայությունը։— Իսկ յուրովի նա մտածում էր. «Ինչո՞վ եմ ես աղջիկներին այդքան սիրելի», հիշելով, որ Կորալին էլ ճիշտ այդպես էր նրան սիրում։

— Ահ, պարոն, դուք շատ եք գեղեցիկ,— ասաց Եվրոպան։

Զգացումներն ունեն գեղեցկության իրենց իդեալը։ Եթե այդքան հրապուրիչ այդ գեղեցկությանը ներդաշնակվում են բնավորության քնքշությունը, պոեզիան, որ տարբերում էին Լյուսիենին, կարելի է ըմբռնել այն արարածների խենթ կիրքը, որոնք վերին աստիճանի զգայուն լինելով բնության արտաքին շնորհների նկատմամբ, այնքան միամիտ են իրենց հիացմունքի մեջ։ Եսթերը հեկեկում էր մեղմորեն և շարունակում էր մնալ խոր թախիծ արտահայտող դիրքում։

— Բայց, տխմարիկս,— ասաց Լյուսիենը,— մի՞թե դու չգիտես, որ հարցը վերաբերում է իմ կյանքին…

Լյուսիենի դիտմամբ ասած այդ խոսքից Եսթերը շտկվեց, ինչպես վայրի գազան, արձակված մազերը սաղարթների նման պարուրեցին նրա աստվածային կերպարանքը, նա սևեռուն հայացքով նայեց Լյուսիենին։

— Քո կյանքի՜ն…— բացականչեց նա ձեռքերի այնպիսի շարժումով, որ հատուկ է միայն վտանգի մեջ գտնվող աղջիկներին։— Այդ ճիշտ է, այդ գազանի երկտողը կարևոր բաների մասին է խոսում։ Նա իր գոտուց դուրս քաշեց թղթի մի կտոր, բայց, նկատելով Եվրոպային, ասաց.

— Մեզ մենակ թողեք, աղջիկս։

Երբ Եվրոպան դուրս գնաց, շարունակեց.

— Նայի՛ր, ահա թե ինչ է գրում նա ինձ։— Ապա Լյուսիենին պարզեց մի նամակ, որ Կարլոսը հենց նոր էր ուղարկել։ Լյուսիենը վերցրեց և կարդաց բարձրաձայն։

։«Դուք կմեկնեք վաղն առավոտյան ժամը հինգին, ձեզ կտանեն Սեն-Ժերմենի անտառի անտառապահի տունը, որտեղ զբաղեցնելու եք մի սենյակ առաջին հարկում։ Դուրս չգաք այդ սենյակից, մինչև որ ես չթույլատրեմ։ Այնտեղ կհոգան ձեր բոլոր կարիքները։ Անտառապահն ու իր կինը վստահելի մարդիկ են։ Ոչինչ չգրեք Լյուսիենին։ Ցերեկները չմոտենաք լուսամուտին։ Սակայն կարող եք զբոսնել գիշերը, պահակի ուղեկցությամբ, եթե ցանկություն կունենաք քայլելու։ Կառքի վարագույրներն իջեցրեք ճանապարհին, հարցը վերաբերում է Լյուսիենի կյանքին։ Լյուսիենը այս երեկո կգա ձեզ հրաժեշտ տալու, այրեցեք այս գրությունը նրա ներկայությամբ»։

Լյուսիենը մոմի բոցի վրա իսկույն այրեց երկտողը։

— Լսի՛ր, իմ Լյուսիեն,— ասաց Եսթերը, գրության ընթերցումն ավարտելուց հետո, որը լսեց, ինչպես ոճրագործն է լսում իր մահվան դատավճիռը,— ես քեզ չեմ ասի, որ քեզ սիրում եմ, դա հիմարություն կլինի... Շուտով ահա հինգ տարի է, ինչ քեզ սիրելն ինձ համար նույնքան բնական է, որքան շնչելն ու ապրելը։ Հենց առաջին օրը, երբ սկսվեց իմ երջանկությունը այդ հանելուկային մարդու հովանավորությամբ, որն ինձ փակել է այստեղ, ինչպես հազվագյուտ գազանիկին են փակում վանդակի մեջ, ես իմացա, որ դու պիտի ամուսնանաս։ Ամուսնությունը քո բախտի անհրաժեշտ տարրն է, և թող Աստված ինձ հեռու պահի քո երջանկությունը խանգարելու մտքից։ Այդ ամուսնությունն իմ մահն է։ Բայց ես քեզ գլխացավանք չեմ պատճառի, ես չեմ վարվի այնպես, ինչպես այն գրիզետուհիները, որոնք կրակարանի ածխի օգնությամբ սպանում են իրենք իրենց. ես այն փորձել եմ միանգամ, իսկ «երկրորդ անգամ փորձելը սիրտ է խառնում», ինչպես ասում է Մարիետը։ Ո՛չ, ես այստեղից կմեկնեմ շատ հեռու, Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Ասիան գիտի իր երկրի գաղտնիքները, նա ինձ խոստացել է սովորեցնել խաղաղ մեռնելու եղանակը։ Մի սրսկում, և վե՛րջ։ Ես միայն մի բան եմ խնդրում, իմ պաշտելի հրեշտակ, կուզեի խաբված չլինել։ Կյանքի հետ իմ հաշիվը փակված է. 1824 թվականի այն օրվանից, երբ ես քեզ հանդիպեցի, մինչև այսօր էլ ես ավելի շատ բախտավորություններ եմ ունեցել, քան կունենային տասը երջանիկ կին միասին վերցրած։ Այդ պատճառով ընդունիր ինձ այնպես, ինչպես կամ. ես որքան ուժեղ, նույնքան և տկար եմ։ Ասա՛ ինձ... «Ես ամուսնանում եմ»։ Ես քեզնից խնդրում եմ միայն գորովագին մի հրաժեշտ, և դու այլևս ոչինչ չես լսի իմ մասին։

Մի պահ լռություն տիրեց այդ խոստովանությունից հետո, որը նույնքան անկեղծ էր, որքան անկեղծ էին նրա պարզամիտ շարժումներն ու խոսելու եղանակը։

— Հարցը վերաբերում է քո ամուսնությա՞նը,— հարցրեց Եսթերը, իր հմայիչ և փայլատակող հայացքը դաշույնի պես խրելով Լյուսիենի կապույտ աչքերի մեջ։

— Ահա տարիուկես է, ինչ մենք աշխատում ենք գլուխ բերել իմ ամուսնությունը, բայց ոչ մի արդյունքի դեռ չենք հասել,— պատասխանեց Լյուսիենը,— ես չգիտեմ, թե երբ կարող է լուծվել, բայց հարցը դրան չի վերաբերում, հոգյակս... Հարցը վերաբերում է աբբահորը, ի՛նձ, քե՛զ... Մեզ լուրջ վտանգ է սպառնում... Նյուսինգենը քեզ տեսել է...

— Այո,— ասաց աղջիկը,— Վենսենում. ուրեմն նա ինձ ճանաչե՞լ է։

— Ոչ,— պատասխանեց Լյուսիենը,— բայց նա խելակորույս սիրահարված է քեզ։ Ճաշից հետո, երբ նա սկսեց նկարագրել քո արտաքինը, խոսել ձեր հանդիպման մասին, ես չկարողացա զսպել ինձ և ակամա ժպտացի։ Դա անզգուշություն էր, որովհետև աշխարհիկ հասարակության մեջ ես ինձ այնպես եմ զգում, ինչպես վայրենին՝ թշնամական ցեղի որոգայթների մեջ։ Կարլոսը, որ ինձ ազատել է մտածելու հոգսից, այդ դրությունը վտանգավոր է համարում, նա հանձն է առել մոլորեցնել Նյուսինգենին, եթե սրա խելքին փչի լրտեսել մեզ. իսկ բարոնր դրան միանգամայն ընդունակ է. նա ինձ հետ խոսեց ոստիկանության անզորության մասին։ Դու հրդեհ ես վառել մրով լիքը այդ հին ծխնելույզում.

— Իսկ ի՞նչ է ուզում անել քո իսպանացին,— մեղմորեն հարցրեց Եսթերը։

— Այդ մասին ոչինչ չգիտեմ, նա ինձ ասաց, որ ես հանգիստ պառկեմ,— պատասխանեց Լյուսիենը` չհամարձակվելով նայել Եսթերին։

— Դե՛, որ այդպես է, ես կհպատակվեմ շան հնազանդությամբ, որն իմ արհեստն եմ դարձրել,— ասաց Եսթերը և, թևանցուկ անելով Լյուսիենին, նրան տարավ իր սենյակը և հարցրեց.

— Այդ ստոր Նյուսինգենի մոտ կուշտ ճաշե՞լ ես, իմ Լյուլյու։

— Ասիայի խոհանոցից հետո դժվար է լավ ճաշեր գտնել, որքան էլ հռչակավոր լինի խոհարարապետը այն տան, ուր ճաշում ես. ինչպես բոլոր կիրակի օրերին, այս անգամ էլ Կարեմն էր պատրաստել ճաշը։

Լյուսիենը Եսթերին ակամա համեմատում էր Կլոտիլդի հետ։

Սիրուհին այնքան գեղանի էր, այնքան տևականորեն հրապուրիչ, որ դեռ չէր թողել մոտենալու հրեշին գերհագեցմանը, որը լափում է բոլոր տեսակի ամենաբուռն սերերը։

— «Ինչքան ցավալի է,— ասաց նա ինքն իրեն,— երբ կինը երկու հատորից է։ Մեկում պոեզիա, հեշտանք, սեր, նվիրվածություն, գեղեցկություն, նազանք…»։

Եսթերը շարժման մեջ էր, ինչպես կանայք լինում են քնելուց առաջ, նա գնում-գալիս էր, երգելով, թռվռալով, ասես կոլիբրի թռչնակը լիներ։

— «...Մյուսում ազնվական անուն, ցեղ, պատիվ, աստիճան, աշխարհիկ կրթություն... Եվ ոչ մի միջոց չկա դրանք մի անձնավորության մեջ միավորելու համար»,— մտովի բացականչեց Լյուսիենը։

Հաջորդ օրը, առավոտյան ժամը յոթին, զարթնելով վարդագույն և սպիտակ այդ հիասքանչ սենյակում, պոետն իրեն մենակ գտավ։ Երբ զանգահարեց, ներս վազեց ֆանտաստիկ Եվրոպան։

— Ի՞նչ է կամենում պարոնը։

— Եսթերի՛ն։

— Տիրուհին մեկնեց ժամը չորսն անց քառասունհինգ րոպեին։ Պարոն աբբայի հրամանով, ես ընդունել եմ մի նոր անձնավորություն՝ ծախսերը վճարված։

— Կի՞ն...

— Ոչ, պարոն, մի անգլուհի... Մեկն այն կանանցից, որոնք գիշերային օրավարձ են ստանում, բայց մենք հրաման ունենք նրա հետ վարվել ինչպես մի իսկական տիկնոջ հետ, պարոնը ի՞նչ է մտադիր անել այդ անպետք գրաստի հետ… Խե՜ղճ տիրուհի, ինչպես էր լաց լինում կառք բարձրանալիս։ «Է՜, ինչ արած,— գոչեց նա։— Ես հեռանում եմ իմ այդ խեղճ սիրածից, երբ նա քնած է,— ասաց արցունքները սրբելով։— Եվրոպա՛, եթե նա ինձ նայեր կամ իմ անունն արտասաներ, ես կմնայի, թեկուզ մեռնեի նրա հետ»։— Գիտեք, պարոն, ես այնքան եմ սիրում տիկնոջը, որ նրան ցույց չտվի իր փոխանորդուհուն. եթե իմ փոխարեն այլ սպասուհիներ լինեին, նրան անպայման դառնություն կպատճառեին։

— Ուրեմն այստե՞ղ է անծանոթուհին։

— Այո, պարոն, չէ՞ որ նա եկավ այն կառքով, որով մեկնեց տիկինը։ Այդ կնոջը ես թաքցրել եմ իմ սենյակում` համաձայն ինձ տրված հրահանգների...

— Լավի՞կն է։

— Այնքան, որքան լավ կարող է լինել բանեցրած կինը։ Նրան դժվար չէ իր դերը խաղալ, եթե պարոնը խաղա իրենը,— ասաց Եվրոպան և հեռացավ, որպեսզի բերի կեղծ Եսթերին։


Նախօրյակին, ամենահզոր բանկիրը քնելուց առաջ հրամայել էր սպասավորին, և սա, առավոտյան ժամը յոթին, առևտրական ամենահմուտ կատարածու նշանավոր Լուշարին ներս առաջնորդեց մի փոքրիկ հյուրասենյակ, ուր եկավ նաև բարոնը գիշերազգեստով ու հողաթափներով...

Դուք ցիցախում եք ինձ վրա,— ասաց նա, ի պատասխան կատարածուի ողջույններին։

— Այլ կերպ չէի կարող վարվել, պարոն բարոն։ Ես թանկ եմ գնահատում իմ պաշտոնը, և ինչպես պատիվ եմ ունեցել ձեզ ասելու, չեմ կարող խառնվել այն գործին, որը չի մտնում իմ պարտականությունների մեջ։ Ես ձեզ ի՞նչ եմ խոստացել. ծանոթացնել մեր գործակալներից մեկի հետ, որը, ըստ իս, ամենից ընդունակն է ձեզ ծառայելու։ Բայց պարոն բարոնին ծանոթ են այն սահմանները, որ գոյություն ունեն տարբեր արհեստի մարդկանց միջև... Տուն կառուցելիս հյուսնին երբեք չեն հարկադրում անել այն, ինչ վերաբերում է փականագործին։ Կա երկու տեսակի ոստիկանություն՝ քաղաքական ոստիկանություն և քրեական ոստիկանություն։ Երբեք քրեական ոստիկանության գործակալները չեն խառնվում քաղաքական ոստիկանության գործերին և vice versa[14]։ Եթե դուք դիմում եք քաղաքական ոստիկանության պետին, նրան հարկավոր է նախարարի թույլտվությունը, որպեսզի նա զբաղվի ձեր գործով, իսկ դուք չէիք համարձակվի այդ բացատրել արքայական ոստիկանության վարչության պետին։ Այն գործակալը, որ ինքնուրույն է զբաղվում ոստիկանական գործով, կորցնում է իր պաշտոնը։ Չէ՞ որ քրեական ոստիկանությունը նույնքան շրջահայաց է, որքան քաղաքականը։ Այդպիսով, ներքին գործերի նախարարության մեջ կամ նահանգապետությունում ոչ ոք չի գործում հակառակ պետության կամ արդարադատության շահերի։ Եթե գործը վերաբերում է դավադրության կամ հանցագործության, ա՜հ, Աստված իմ, պետերը ձեր տրամադրության տակ են, բայց հասկացեք, պարոն բարոն, որ նրանք ունեն շատ ավելի կարևոր գործեր, քան փարիզյան հազար ու մի սիրային արկածները։ Ինչ վերաբերում է մեզ, մենք զբաղվում ենք միայն պարտապանների ձերբակալությամբ, և հենց որ գործը վերաբերի մի այլ բանի, մենք վտանգի ենք ենթարկվում այն դեպքում, եթե խռովվի որևէ մեկի հանգիստը։ Ես ձեզ մոտ ուղարկեցի իմ մարդկանցից մեկին, միաժամանակ նախազգուշացնելով, որ ես պատասխանատու չեմ նրա համար. դուք նրան ասել եք, որ հարկավոր է ինչ-որ մի կնոջ գտնել Փարիզում։ Կոնտանսոնը, առանց մատը մատին խփելու, ձեզնից շորթել է հազարֆրանկանոց մի դրամատոմս։ Փարիզում փնտրել մի կնոջ, որին տեսել են Վենսենի անտառում զբոսնելիս, և որը նման է Փարիզի բոլոր սիրուն կանանց, նշանակում է խոտի դեզի մեջ ասեղ փնտրել։

Գոնդանզոնը (Կոնտանսոնը),— ասաց բարոնը,— մի՞դե չէր կարոխ տմարդությունը ասել, պոխանակ ինցնից հազառ ֆռանգի մի դոմս շոռտելու։

— Լսեցեք պարոն բարոն,— ասաց Լուշարը,— ուզո՞ւմ եք ինձ հազար էկյու տալ, ես ձեզ կտամ… կծախեմ մի խորհուրդ։

Այդ խոռուրդը հազառ էգյո՞ւ առժե,— հարցրեց Նյուսինգենը։

— Ինձ անհնար է խաբել, պարոն բարոն,— պատասխանեց Լուշարը։— Դուք սիրահարված եք, ուզում եք հայտնաբերել ձեր կրքի առարկային, այդ պատճառով էլ թոշնում եք, ինչպես ջրից զուրկ հազարուկը։ Ձեր սպասավորն ինձ ասաց, որ երեկ ձեզ մոտ են եկել երկու բժիշկ և գտել, որ ձեր կյանքը վտանգի մեջ է. միայն ե՛ս կարող եմ ձեզ հանձնարարել հմուտ մի մարդ, է՛հ, սատանան տանի, մի՞թե ձեր կյանքը հազար էկյու չարժի…

Ասացեք ինձ այդ հմուդ մարդու անունը և վզդահ եխեք իմ առադացեռնության վրա։

Լուշարը վերցրեց գլխարկը, հրաժեշտ տվեց և մոտեցավ դռանը։

Սադանա՛ մառդ,— բացականչեց Նյուսինգենը...— Եգե՛ք... վեռցրեք...

— Ի նկատի առեք,— ասաց Լուշարը նախքան դրամը վերցնելը,— որ պարզապես ես ձեզ վաճառում եմ սոսկ մի տեղեկություն։ Ես ձեզ կտամ անունը և հասցեն այն միակ մարդու, որը ընդունակ է ձեզ ծառայելու, բայց նա վարպետ է...

Գորեք կռոխի ցոցը,— բացականչեց Նյուսինգենը,— միայն Ռոշիլդի անունն արժե հազառ էգյու, և այդ այն ժամանակ, երպ դռանով ստոռագռվաց է մի դոմս... Ես հազար ֆրանգ եմ տալիս։

Լուշարը, որը խորամանկի մեկն էր, բայց չէր կարողացել հավատարմատարի, նոտարի, զատական կատարածուի և ոչ էլ փաստաբանի պաշտոն ձեռք գցել, նշանակալից մի հայացք նետեց բարոնին։

— Ձեզ համար հազար էկյուն չնչին բան է, դուք մի քանի վայրկյանում այն ձեռք կբերեք Բորսայում,— ասաց նա բարոնին։

Ես հազաո ֆռանգ եմ տալիս,— կրկնեց բարոնը։

— Եթե ձեզ ոսկու հանք էլ առաջարկեն, դուք էլի կսկսեք սակարկել,— ասաց Լուշարը` հրաժեշտ տալով։

Ես հազցեն կունենամ հառյուր ֆրանգանոց մի դոմսով,— բացականչեց բարոնը և հրամայեց սպասավորին կանչել իր քարտուղարին։

Տյուրկարեն այլևս գոյություն չունի։ Ներկայումս ինչպես ամենախոշոր, այնպես էլ ամենափոքր բանկիրը խարդախություններ է ծավալում մանրուքների մեջ. արվեստը, բարեգործությունը նա վաճառում է, պատրաստ է սակարկել պապի հետ՝ մեղքերի թողության համար։ Այդպես, լսելով Լուշարի խոսքերը, Նյուսինգենը իսկույն կռահեց, որ Կոնտանսոնը, լինելով առևտրական կատարածուի աջ ձեռքը, պետք է որ իմանար լրտեսության այդ վարպետի հասցեն։ Կոնտանսոնը կզիջի հինգ հարյուր ֆրանկով այն, ինչ Լուշարն ուզում էր վաճառել հազար էկյուով։ Այդ արագ հնարամտությունը որոշակի ապացուցում էր, որ եթե այդ մարդու սիրտը սիրով էր համակված, ապա գլուխը մնում էր նույն գիշատիչ բանկիրի գլուխը։

Կնացեք անցամբ, պառոն,— ասաց բարոնն իր քարտուղարին,— Գոնդանզոնի, առևդրական կադարացու Լեշարի լրդեսի մոտ, բայց կնացեք գառքով, շադ առագ, և պերեք նրան անհաբախ։ Ես սբասում եմ. դուք կանցնեք բարդեցի դռնով, ահա պանալին, որոֆհետևֆ կարեվորն այն է, որ այդ մառդուն ոչ ոկ չդեսնի ինց մոդ։ Դուք նրան կառաչնորդեք բարդեզի պոկրիկ տախավարը։ Ժանացեք իմ հանցնառառությունր կատարել խելացի կերբով։

Գործարար մարդիկ եկան Նյուսինգենի հետ գործերի մասին խոսելու, բայց նա սպասում էր Կոնտանսոնին, նա երազում էր Եսթերի մասին, պատկերացնում էր, որ շուտով պիտի տեսնի այն կնոջ, որը նրան համակել էր անսպասելի զգացումներով։ Նա բոլորին ճանապարհ դրեց տարտամ խոսքերով, երկիմաստ խոստումներով։ Կոնտանսոնը նրա աչքում Փարիզի կարևորագույն անձնավորությունն էր թվում, նա ամեն րոպե նայում էր պարտեզի կողմը։ Վերջապես, հրամայելով, որ փակեն դուռը, նա կարգադրեց նախաճաշ տալ պարտեզի անկյուններից մեկում գտնվող տաղավարում։ Փարիզի ամենախորամանկ, ամենից հեռատես, ամենից քաղաքագետ բանկիրի վարքագիծը, նրա մտացրիվ հայացքը իր գրասենյակներում աշխատող մարդկանց համար մնում էին անբացատրելի։

— Ի՞նչ է պատահել պատրոնի հետ,— ասում էր բորսայի միջնորդներից մեկը գրասենյակային ավագ ծառայողին։

— Ոչ ոք ոչինչ չգիտե. ասում են, որ նրա առողջությունը տագնապալի է, երեկ բարոնուհին միաժամանակ երկու բժիշկ էր հրավիրել` Դեպլենին ու Բիանշոնին...

Մի անգամ օտարերկրացիները ցանկացան տեսնել Նյուտոնին այն րոպեին, երբ նա զբաղված էր դարմանելով Beauty[15] անունով իր շանը, որը, ինչպես հայտնի է, փչացրել էր նրա կատարած հսկայական աշխատանքը և որին (Beauty-ն էգ էր) նա միայն ասաց. «Ա՜հ, Beauty, դու չգիտես, թե ի՜նչ բան ոչնչացրիր...»։ Օտարերկրացիները, հարգելով մեծ մարդու աշխատանքը, մեկնեցին։ Բոլոր մարդկանց կյանքում կարելի է գտնել մի փոքրիկ շնիկ՝ Beauty։ XVIII դարի մեծագույն ռազմական դեպքի՝ Մահոնի գրավման առթիվ, երբ մարշալ դը Ռիշելյոն շնորհավորում էր Լյուդովիկոս XV թագավորին, վերջինս նրան ասաց.

— «Դուք գիտե՞ք կարևոր նորությունը... Խեղճ Լանսմատր մեռավ...»։

Լանսմատը բարապան էր և իրազեկ էր արքայի սիրային արկածներին։

Երբեք Փարիզի բանկիրները չեն իմանա, թե ինչումն էին պարտական Կոնտանսոնին։ Այդ լրտեսը պատճառ եղավ, որ Նյուսինգենը թույլ տա, առանց իր մասնակցության, կնքելու մի խոշոր գործառնություն, զիջելով իր ամբողջ շահույթը։ Նա, որպես գիշատիչ, կարող էր չարաշահման հրետանիով գնդակոծել ուզած կարողությունը, բայց, որպես մարդ, ինքն ամբողջապես կախում ուներ բախտից։

Հռչակավոր բանկիրը թեյ էր խմում, կարագով հացը ծամելով այն մարդու նման, որի ատամները վաղուց արդեն չէին սրվում ախորժակից, երբ լսեց պարտեզի փոքրիկ դռան մոտ կանգ առնող կառքի աղմուկը։ Շուտով Նյուսինգենի քարտուղարը ներկայացրեց Կոնտանսոնին, որին կարողացել էր գտնել Սենտ-Պելաժիի սրճարաններից մեկում, որտեղ գործակալը նախաճաշում էր այն բաշխիչով, որ տվել էր նրան վճարովի որոշ մեղմացումներով արգելափակված մի պարտապան։ Պետք է ասել, որ Կոնտանսոնն իրենից ներկայացնում էր մի ամբողջ պոեմ, փարիզյան մի պոեմ։ Նայելով նրան, դուք իսկույն կկռահեիք, որ Բոմարշեի Ֆիգարոն, Մոլիերի Մասկարիլը, Մարիվոյի Ֆրոնտեները և Դանկուրի Լաֆլերները, խարդախության մեջ խիզախ այդ մեծ կերպարները, հուսահատական դրության մեջ ճարտար, խորամանկ այդ մարդիկ, որոնք անհաջողության դեպքում զենքը երբեք վայր չեն դնում, դրանք բոլորը կնսեմանային մտքի և թշվառության այս տիտանի կողքին։ Երբ Փարիզում դուք հանդիպում եք մի մարդու, որ ինքնին մի տիպար է հանդիսանում, ապա դա այլևս մարդ չէ, այլ երևույթ։ Նրա մեջ դրոշմված են ոչ թե կյանքի մի պահը, այլ ամբողջ գոյությունը, ավելի՛ն` բազում գոյություններ։ Փորձեցեք հնոցում երեք անգամ կիզել գիպսե մի կիսանդրի, դուք այդպիսով կստանաք մի տեսակ նմանություն ֆլորենտական բրոնզի։ Եվ ահա, դժբախտության անթիվ հարվածները, դաժան կարիքի տարիները բրոնզել էին Կոնստանսոնի գլուխը, ասես հնոցի ջերմությունը երեք անգամ գունափոխել էր նրա դեմքը։ Խիտ կնճիռներն այլևս չէին կարող հարթվել, դրանք կազմում էին հավերժական ծալքեր, որոնց խորքը սպիտակ էր։ Այդ դեղին դեմքը համակ կնճիռ էր։ Եթե նրա գլխի հետևում չլինեին մի քանի մազեր, Վոլտերի գլուխը հիշեցնող նրա մեռելատիպ գանգը կմախքի գանգ կթվար։ Ոսկրացած ճակատի ներքև շարժվում էին ոչինչ չարտահայտող չինական աչքերը, նման այն տիկնիկների աչքերին, որ դրվում են թեյ վաճառող կրակների ցուցափեղկերում։ Հարատև ժպիտում սառած արհեստական աչքեր, որոնց արտահայտությունը չի փոխվում։ Ինչպես Մահվան պատկերում, նրա խոր ընկած քիթը քամահրում էր Բախտը, իսկ սեղմված շրթունքով ժլատի բերանը մշտապես բաց էր և փոստարկղի անցքի պես գաղտնիքներ էր պահում։ Հանդարտ, ինչպես մի վայրենի, արևակեզ ձեռքերով, փոքրահասակ, չոր ու նիհար այդ Կոնտանսոնը դիոգենեսյան անհոգությամբ էր իրեն պահում և երբեք չէր կռանում հարգանք մատուցելու համար։ Եվ նրա զգեստը նրա կյանքի ու բարքի մասին ինչպիսի՜ մեկնաբանություններ էր տալիս նրա՛նց, ովքեր ընդունակ են վերծանել այն... Իսկ ի՜նչ էր ներկայացնում մանավանդ տաբատը... Հետախույզի տաբատ, սև ու փայլուն մի տեսակ կտորից, որը նման է վաուլ կտորին, որից փաստաբանների պատմուճանն են կարում։ Բաճկոնակը, թեպետ գնված Տամպլում, բայց շալից և ասեղնագործ... Կարմրի խառնուրդով սև գույնի ֆրակ... Եվ այդ բոլորը՝ խոզանակված, գրեթե մաքուր, զարդարված՝ պղնձյա շղթայից կախված ժամացույցով։ Բաճկոնակի տակից երևում էր դեղին պերկալից ծալ-ծալ վերնաշապիկ, որի վրա փայլփլում էր կեղծ ադամանդե գնդասեղը։ Երկաթյա վզկապ հիշեցնող թավշյա օձիքի վրա թափվում էին կարաիբների կաշվի գույնով վզի կարմիր ծալքերը։ Մետաքսյա գլխարկը փայլում էր սնդուսի պես, բայց այդ գլխարկից երկու ճրագ լցնելու յուղ դուրս կգար, եթե որևէ նպարավաճառ ուզենար այն գնել և եփելուց հետո՝ քամել։ Քիչ է թվարկել նրա հագուստի այդ հարակից մասերը, հարկավոր է պատկերացնել, թե ինչպիսի՜ պճնամոլություն էր զգացվում այդ ամենում։ Նրա ֆրակի օձիքում, կիսով պոկված ներբաններով նրա նոր ներկած կոշիկների փայլի մեջ ինչ-որ կոկետ բան կար, որ չի կարելի վերարտադրել ֆրանսիական ոչ մի արտահայտությամբ։ Վերջապես, դիտելով այնքան խայտաբղետ երանգների այդ խառնուրդը, խելացի մարդը Կոնտանսոնի արտաքինից կհասկանար, որ եթե նա հետախույզ չլիներ, այլ գող, այդ ցնցոտին, ժպիտ հարուցելու փոխարեն, կհարկադրեր սոսկումից սարսռալ։ Հագուստին նայելով` դիտողը կասեր. «Ահա մի ազնիվ մարդ, որը խմում է, խաղում, մոլություններ ունի, բայց և այնպես չի հարբում, խարդախություն չի՛ անում, ո՛չ գող է, ո՛չ մարդասպան»։ Եվ իսկապես, Կոնտանսոնը թվում էր առեղծվածային, քանի դեռ մարդու մտքով չի անցել «լրտես» բառը։ Այդ մարդն զբաղվել էր անհայտ այնքան արհեստներով, ինչքան ծանոթ արհեստներ կան։ Նրա գունատ շրթունքի խորամանկ ժպիտը, կանաչավուն աչքերի կկոցումը, նրա տափակ, ծուռտիկ քիթը վկայում էին, որ նա հիմար մարդ չէր։ Նրա դեմքն ասես թիթեղից էր, և հոգին էլ պետք է, որ դեմքի պես լիներ։ Դրա համար նրա դեմքի արտահայտությունը բխում էր ավելի շուտ քաղաքավարական ծամածռությունից, քան թե դրսևորվում նրա զգացումները։ Եթե նա այդքան ծիծաղելի չլիներ, սարսափ կազդեր։ Փարիզյան մշտապես եռացող կաթսայի երեսին լողացող փրփուրի ամենահետաքրքիր արգասիք Կոնտանսոնը հավակնություն ուներ իրեն փիլիսոփա համարելու։ Նա առանց դառնության ասում էր.

— Ես մեծ տաղանդ ունեմ, բայց դրանից ուրիշներն են ձրի օգտվում, ասես ես հիմար լինեմ։

Եվ նա այդ բանում իրեն էր մեղադրում, ուրիշներին դատապարտելու փոխարեն։ Արդյոք շա՞տ լրտեսներ կգտնեք, որոնք Կոնտանսոնից ավելի անոխակալ լինեն։

— Հանգամանքները լավ չեն դասավորվել մեզ համար,— կրկնում էր նա իր պետերին,— մենք կարող էինք բյուրեղ լինել, բայց մնում ենք ավազի հատիկ, ահա բոլորը։

Նրա ցինիզմը զգեստի նկատմամբ խորունկ իմաստ ուներ. իր տոնական հագուստի վերաբերյալ նա նույն հոգածությունն ուներ, ինչ դերասաններն ունեն։ Նա գերազանց էր ծպտվելու, գրիմավորվելու մեջ. նա կարող էր դաս տալ Ֆրեդերիկ Լըմետրին, որովհետև, եթե հարկ լիներ, կարող էր վերափոխվել դենդիի։ Մի ժամանակ, երբ դեռ երիտասարդ էր, նա պատկանում էր անառակության տներ հաճախողների շվայտ ընկերակցությանը։ Նա խորունկ արհամարհանք էր տածում քրեական ոստիկանությանը, որովհետև կայսրության ժամանակ ծառայել էր Ֆուշեի ոստիկանությունում և Ֆուշեին համարում էր մեծ մարդ։ Ոստիկանական նախարարության վերացումից հետո նա վճռեց, ծայրահեղ դեպքում, զբաղվել առևտրական ձերբակալություններով, բայց բոլորին հայտնի նրա ընդունակությունները, նրա նրբամտությունը նրան դարձրին թանկարժեք մի գործիք, և քաղաքական գաղտնի ոստիկանության պետերը նրա անունը պահեցին իրենց ցուցակներում։ Կոնտանսոնը, ինչպես և նրա ընկերները միայն ստատիստներ էին մի դրամայում, որի գլխավոր դերերը պատկանում էին շոֆերին, երբ հարցր վերաբերում էր քաղաքական աշխատանքին։

Դուկ տուրս կնացեք,— ասաց Նյուսինգենը, ձեռքի նշանով ճամփու գնելով իր քարտուղարին։

— «Ինչո՞ւ այս մարդը գտնվում է ապարանքում, իսկ ես ապրում եմ վարձու մի սենյակում...— ասում էր ինքն իրեն Կոնտանսոնը։— Նա երեք անգամ ճզմել է իր պարտապաններին, նա գողացել է, իսկ ե՛ս, ես ոչ մի գրոշ չեմ վերցրել։ Ես նրանից ավելի տաղանդավոր եմ»։

Գոնդանզոն, հոկյակս,— ասաց բարոնր,— դուք ինցնից գորզել եք հազառ ֆռանգ։

— Իմ սիրուհին պարտ էր Աստծուն ու սատանային։

Դու սիռունի՞ ունես,— բացականչեց Նյուսինգենր, հիացմունքով ու նախանձով նայելով Կոնտանսոնին։

— Ես ընդամենը վաթսունվեց տարեկան եմ,— պատասխանեց Կոնտանսոնը, որին մոլությունը ջահել էր պահել, որպես ճակատագրական մի օրինակ։

Իսգ ի՞նչ է անում նա։

— Նա օգնում է ինձ,— ասաց Կոնտանսոնը։— Երբ գող ես և սիրված պարկեշտ կնոջ կողմից, կամ կինդ պիտի դառնա գող, կա՛մ դու պիտի դառնաս պարկեշտ մարդ։ Ես մնացի հետախույզ։

Դու մի՞շդ դռամի կառիք ունես,— հարցրեց Նյուսինգենը։

— Շարունակ,— պատասխանեց Կոնտանսոնը ժպտալով,— իմ վիճակի մարդը ցանկանում է փող ունենալ, իսկ ձեր վիճակում եղողը պետք է այն վաստակի. մենք կարող ենք համաձայնության գալ. կուտակեցեք փողը. ես հանձն եմ առնում ծախսել։ Դուք կլինեք ջրհորը, ես` դույլը։

Գուզե՞ք շախել հինգհարյուռանոց մի դոմս։

— Ի՞նչ ասել կուզի։ Ես այնքան էլ տխմար չեմ։ Չէ՞ որ դուք այդ փողն ինձ չեք առաջարկում` ուղղելու համար բախտի իմ նկատմամբ ցուցաբերած անարդարությունը։

Պոլորովին, ես այդ միացնում եմ այն հազառին, nր դու ինցնից շոռտել ես. այդ կանի հազառ հինգ հարյուռ ֆռանգ, որ ես դալիս եմ քեզ։

— Լավ, դուք ինձ տալիս եք հազար ֆրանկ, որ ես վերցրել եմ և դրան ավելացնում եք հինգ հարյուր ֆրանկ...

Չիսդ այդբես,— ասաց Նյուսինգենը...

— Բայց և այնպես, դա ընդամենր հինգ հարյուր ֆրանկ է անում,— ասաց Կոնտանսոնն անդրդվելիորեն։

Որ դալու եմ...— պատասխանեց բարոնը։

— Որ ես ստանալու եմ։ Դե լավ, ի՞նչ արժեքի դիմաց պարոն բարոնը փոխանակում է այդ գումարը։

Ինց ասել են, nր Պարիգում կա մի մառդ, որն ընդունագ է գդնել մի կնոչ, որին ես սիռում եմ, և դու կիդես այդ մառդու հասցեն... Վերչաբես, լռդեսության մեջ վարբեդ մի մառդ։

— Ճիշտ է։

Ուրեմն, դուր ինց հազցեն և դու կսդանաս հինգ հարյուռ ֆռանգ...

— Ո՞ւր են այդ ֆրանկները,— աշխուժորեն հարցրեց Կոնտանսոնը։

Ահաֆասիկ,— ասաց բարոնը` գրպանից մի դրամատոմս հանելով։

— Դե լավ, տվեք,— ասաց Կոնտանսոնը` պարզելով ձեռքը։

Կդամ, կդամ, կնանք դեսնենք մառդուն, և դու կսդանաս պոխը, որովհետև դու կարոխ ես ինց շատ հազցեներ վաչառել այդ գնով։

Կոնտանսոնը սկսեց ծիծաղել։

— Իրոք, դուք իրավացի եք, որ այդպես եք մտածում իմ մասին,— ասաց նա, ձևացնելով, որ նախատում է իրեն։— Որքան ավելի զազրելի է մեր վիճակը, նույնքան ավելի ուղղամտություն է հարկավոր։ Բայց, գիտեք ինչ, պարոն բարոն, դարձրեք վեց հարյուր ֆրանկ, և ես ձեզ կտամ մի լավ խորհուրդ։

Դուր և հավադա իմ առադացեռնությանը...

— Ես ռիսկ եմ անում,— ասաց Կոնտանսոնը,— բայց խոշոր խաղ եմ խաղում։ Ոստիկանությանը ծառայելիս պիտի թաքուն գործել։ Դուք ասում եք. «Գնանք, շարժվենք», դուք հարուստ եք և մտածում եք, որ ամեն ինչ ենթարկվում է փողին։ Փողը, իհարկե, մի բան նշանակում է, բայց, ինչպես մերոնցից մի քանիսն են ասում, փողով միայն մարդկանց կարելի է գնել։ Բայց կան բաներ, որոնց մասին բնավ չեն մտածում և որ չի կարելի գնել... Դրամով պատահականությունը չես գնի... Դրա համար էլ փորձված ոստիկանության մեջ այդպես չեն վարվում։ Դուք ուզում եք կառքում երևան իմ կողքին, իսկ մեզ կհանդիպի որևէ մեկը, պատահականությունը կարող է թե հօգուտ և թե ընդդեմ մեզ լինել։

Իսգապես,— ասաց բարոնը։

— Բա, իհարկե, պարոն։ Փողոցում գտնված ձիու մի պայտ առիթ հանդիսացավ ոստիկանության պրեֆեկտին՝ հայտնաբերելու դժոխային մեքենայի հետքերը։ Եվ ահա, եթե այս գիշեր մենք կառքով գնանք պարոն Սեն-Ժերմենի մոտ, նրա համար նույնքան տհաճ կլիներ ձեզ իր տանը տեսնել, որքան ձեզ համար հաճելի չէր լինի, եթե ձեզ տեսնեին նրա տունը մտնելիս։

Այդ չիշդ է,— ասաց բարոնը։

— Օ՜, նա լավագույն օգնականն է հռչակավոր Կորանտենի, Ֆուշեի աջ ձեռքի, ինչպես ասում են, նրա ապօրինի որդու, որ Ֆուշեն ունեցել է քահանա եղած ժամանակ։ Բայց, իհարկե, դա անմտություն է։ Ֆուշեն գիտեր կրել քահանայի կոչումը, ինչպես հետագայում կրեց նախարարի կոչումը։ Այդպես ուրեմն, այդ մարդուն դուք կարող եք աշխատեցնել առնվազն տասը հատ հազար ֆրանկանոց տոմսերով... Մտածեցեք այդ մասին... Բայց ձեր գործը կսարքվի և լավ կսարքվի։ Ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, ինչպես ասում են։ Ես պետք է նախազգուշացնեմ պարոն դը Սեն-Ժերմենին, նա ձեզ տեսակցություն կնշանակի այնպիսի վայրում, ուր ոչ ոք չպիտի կարողանա ոչինչ տեսնել և ոչինչ լսել, որովհետև նրա համար վտանգավոր է մասնավոր մարդկանց օգտին ոստիկանական գործերով զբաղվելը։ Բայց, ի՛նչ արած... Նա անվեհեր մարդ է, թագավոր-մարդ, մի մարդ, որը մեծ հալածանքների է ենթարկվել նրա համար, որ փրկել է Ֆրանսիան... Ինչպես ես, ինչպես բոլոր նրանք, որ փրկել են Ֆրանսիան։

Լա՛ֆ, դու ինց կգռես սիռային դեսակցության ժամի մասին,— ասաց բարոնր, գոհ իր այդ գռեհիկ կատակախոսությունից։

— Պարոն բարոնը չի՞ յուղի իմ թաթը...— ասաց Կոնտանսոնը հլու և միաժամանակ սպառնալի եղանակով։

Շա՛ն,— կանչեց բարոնն իր պարտիզպանին։— Կնա Շորշից կսան ֆռանգ առ և պեր ինձ...

— Եթե պարոն բարոնը այլ տեղեկություններ չունի, քան այն, ինչ նա ինձ տվել է, ես, այնուամենայնիվ, կասկածում եմ, որ վարպետը կարողանա նրան օգտակար լինել։

Ես ունեմ ուռիշ դեխեկություններ,— պատասխանեց բարոնր խորամանկ ժպիտով։

— Թույլ տվեք հրաժեշտ տալ, պարոն բարոն,— ասաց Կոնտանսոնը, վերցնելով քսան ֆրանկանոցը,— ես պատիվ կունենամ գալ և ասել Ժորժին, թե պարոնն այս երեկո որտեղ պետք է լինի, որովհետև իսկական ոստիկանը երբեք ոչ մի բան չի գրում։

«Զառմանալի է, թե ինչբես այդ կդրիչները հնառամիդ են,— ասաց ինքն իրեն բարոնը,— Ոստիգանության մեչ չիշդ այնբես է, ինչբես մեր գորցերում»։

Հեռանալով բարոնի մոտից, Կոնտանսոնն առանց շտապելու, Սեն-Լազար փողոցից անցավ Սենտ-Օնորե փողոցը և հասավ մինչև սրճարան «Դավիդ»-ը. նայելով սրճարանի փեղկերի միջով` նա նկատեց մի ծերունու, որն այնտեղ ճանաչված էր Կանկոել հայրիկ անունով։

«Դավիդ» սրճարանը, որ գտնվում էր Մոննե փողոցում, Սենտ-Օնորե փողոցի անկյունում, այս դարի առաջին երեսուն տարիների ընթացքում վայելում էր յուրատեսակ հռչակ, որը տարածվում էր մինչև Բուրդոնե անունով թաղամասի վրա։ Այնտեղ էին հավաքվում գործից քաշված ծեր վաճառականները և դեռ գործով զբաղվող խոշոր առևտրականները` Կամյուզոները, Լեբաները, Պիլերոները, Պոպինոները, մի քանի սեփականատերեր, ինչպես հայր Մոլինյոն։ Այնտեղ երբեմն կարելի էր հանդիպել նաև ծերունի հայր Գիյումին, որը գալիս էր Կոլոմբիե փողոցից։ Այնտեղ խոսում էին քաղաքականությունից, բայց զգուշորեն, որովհետև «Դավիդ» սրճարանի հաճախորդներն ունեին լիբերալ հայացքներ։ Այդտեղ միմյանց պատմում էին տեղական բամբասանքները, որովհետև մարդիկ մեծ կարիք են զգում իրար ծաղրելու։ Բացի այդ, «Դավիդ» սրճարանը բոլոր սրճարանների նման ուներ իր ինքնատիպ հաճախորդը, հանձին այդ Կոնկոել հայրիկի, որը այդտեղ էր լինում 1811 թվականից ի վեր, և այնպես համամիտ էր երևում սրճարանում հավաքվող ուղղամիտ մարդկանց հետ, որ ոչ ոք չէր քաշվում նրա ներկայությամբ խոսել քաղաքականությունից։ Երբեմն այդ ծերուկը, որի պարզամտությունը շատ կատակախոսությունների առիթ էր տալիս մշտայցելուներին, անհետանում էր մեկ կամ երկու ամսով, բայց այդ բացակայությունները ոչ ոքի չէին զարմացնում և վերագրվում էին նրա տկարություններին կամ ծերությանը, որովհետև 1811 թվականից սկսած նա վաթսուն տարեկանից անց էր երևում։

— Ի՚՞նչ է պատահել Կանկոել հայրիկին,— հարցնում էին գանձապահուհուն։

— Ես այն մտքին եմ,— պատասխանում էր սա,— որ մի օր մենք նրա մահվան լուրը կկարդանք «Պտիտ աֆիշ»-ում։

Կանկոել հայրիկի արտասանությունը մատնում էր նրա ծագումը, նա ասում էր քանդիկ՝ քանդակի փոխարեն, մասնուգետ՝ մասնագետի փոխարեն, ժուղովուրդ և տուրկ՝ թուրքի փոխարեն։ Նրա անունր ծագել էր «Կանկոելներ» անունով փոքրիկ կալվածքից (մի քանի պրովանցիաներում բզեզին ասում են կանկոել), որը գտնվում էր Վոկլյուզ դեպարտամենտում, և որտեղից նա եկել էր։ Ի վերջո նրան անվանեցին պարզապես Կանկոել` դե Կոնկոել ասելու փոխարեն, և ծերունին չէր բարկանում դրա համար. ազնվականությունը նա համարում էր մեռած 1793 թվականից, և, բացի այդ, Կանկոել կալվածքը նրան չէր պատկանում, նա կրտսեր ճյուղի կրտսեր շառավիղն էր։ Ներկայումս Կանկոել հայրիկի հագուստը տարօրինակ կթվար, բայց 1811 թվականից մինչև 1820 թվականն այդ ոչ ոքի չէր զարմացնում։ Ծերունին կրում էր պողպատյա անկյունավոր ճարմանդներով կոշիկներ. կապույտ ու սպիտակ զոլերով մետաքսյա գուլպաներ, հաստ մետաքսից կարճ անդրավարտիքն` ձվաձև ճարմանդներով, որոնք իրենց ձևով նման էին կոշիկի ճարմանդներին։ Սպիտակ, ասեղնագործ բաճկոնակ` կինեմոնականաչավուն գույնի կերպասից, մետաղյա կոճակներով հին մի ֆրակ և ծալավոր կոկ կրծկալով մի վերնաշապիկ լրացնում էին այդ զգեստը։ Կրծկալի մեջտեղում փայլում էր ոսկե մի մեդալիոն, որի մեջ, ապակու միջով, երևում էր մազերից հյուսված փոքր մի տաճարիկ, մեկն այն սքանչելի սենտիմենտալ մանրուքներից, որոնք հանգստացնում են մարդկանց, ինչպես խրտվիլակը վախեցնում է ճնճղուկներին։ Մարդկանց մեծամասնությունը կենդանիների նման վախենում ու հանգստանում է դատարկ բաներից. Կանկոել հայրիկի անդրավարտիքը պահում էր մի գոտի, որը, անցյալ դարի ներաձևության համաձայն, կապվում էր փորից վերև։ Գոտուց զուգահեռաբար կախված էին մի քանի շղթայիկներից կազմված պողպատյա երկու շղթա, որոնք վերջանում էին զանգուլակների փնջերով։ Սպիտակ փողկապը հետևից ամրացված էր փոքրիկ ոսկյա ճարմանդով։ Վերջապես, ձյունի նման սպիտակ և պուդրած գլխին, դեռևս 1816 թվականին, կար մունիցիպալ եռանկյունի գլխարկ, որը կրում էր նաև պարոն Տրին, դատարանի նախագահը։ Այդ գլխարկն այնքան թանկարժեք էր ծերունու համար, Կանկոել հայրիկը վերջերս փոխարինեց գարշելի կլոր մի գլխարկով, որի դեմ ոչ ոք չի համարձակվում առարկել (ծերուկը մտածեց, որ հանուն իր ժամանակի, պարտավոր է կատարել այդ զոհաբերությունը)։ Ժապավենով կապված մի փոքրիկ մազահյուսք կիսակլոր մի հետք էր գծում ֆրակի հետևում, որտեղ կեղտը ծածկվում էր պուդրայի բարակ շերտով։ Հայացքը կենտրոնացնելով նրա դեմքի բնորոշ գծին՝ անկանոն կարմիր քթին, որը, ըստ ամենայնի, արժանի էր սունկերի հետ ափսեի մեջ դրվելու, դուք կենթադրեիք, թե արտաքուստ պարզունակ այդ պատվարժան ծերունին ունի հեզահամբույր, բարեհոգի բնավորություն, և կխաբվեիք, ինչպես ամենքը՝ «Դավիդ» սրճարանում, որտեղ ոչ ոք չէր զննել ախտամոլություններով սնված այդ ծերունու ճակատը, որը խոսում էր դիտողականության մասին, հեգնական բերանը, պաղ աչքերը, մի մարդ, որն անվրդով էր ինչպես Վիտելիոսը, որի կայսերական փորը կարծես հրաշքով անցել էր նրան։ 1816 թվականին, Գոդիսար անունով առևտրական մի երիտասարդ շրջիկ գործակալ, «Դավիդ» սրճարանի մշտայցելուներից մեկը, գիշերվա ժամը տասնմեկից մինչև տասներկուսը հարբեց նապոլեոնյան պաշտոնաթող մի սպայի հետ։ Նա անխոհեմություն ունեցավ խոսելու Բուրբոնների դեմ նյութվող մի դավադրության մասին, որը բավականին լուրջ էր և պայթելու մոտ։ Սրճարանում ոչ ոք չկար բացի Կանկոել հայրիկից, որը քնած էր երևում, երկու սպասավորներից, որոնք ննջում էին, և գանձապահուհուց։ Մյուս օրը Գոդիսարը ձերբակալվեց. դավադրությունը բացվեց։ Երկու հոգի մահ գտան կառափնարանի վրա։ Ո՛չ Գոդիսարը և ո՛չ էլ որևէ մեկը երբեք չկասկածեցին, որ մատնողը պատվարժան Կանկոել հայրիկն էր եղել։ Մատուցողներին գործից հեռացրին, մի տարի շարունակ սրճարանի հաճախորդները հետևում էին մեկը մյուսին, և բոլորը ոստիկանությունից սարսափեցին Կանկոել հայրիկի հետ միաբան, որը խոսում էր «Դավիդ» սրճարանից փախչելու մասին, այնքան մեծ էր նրա ահը ոստիկանությունից։

Կոնտանսոնը մտավ սրճարան, փոքրիկ բաժակով օղի խնդրեց և չնայեց Կանկոել հայրիկին, որը զբաղված էր թերթերի ընթերցումով, սակայն երբ կոնծեց իր օղին, հանեց բարոնի տված ոսկեդրամը և կանչեց մատուցողին` երեք անգամ կտրուկ թխկացնելով սեղանին։ Գանձապահուհին և մատուցողը զննեցին ոսկեդրամը՝ Կոնտանսոնի համար միանգամայն վիրավորական ուշադրությամբ. բայց նրանց անվստահությունը ներելի էր, որովհետև Կոնտանսոնի տեսքը զարմանք էր պատճառում բոլոր մշտայցելուներին։

— «Այդ ոսկին արդյո՞ք գողության կամ սպանության արդյունք չէ...»։

Այդպես էին մտածում մի քանի խելոք ու հեռատես մարդիկ, որոնք նայում էին Կոնտանսոնին իրենց ակնոցների վերևից, միաժամանակ ձևացնելով, թե լրագիր են կարդում։ Կոնտանսոնը, որ ամեն ինչ տեսնում էր և ոչ մի բանի վրա երբեք չէր զարմանում, արհամարհանքով սրբեց շրթունքները միայն երեք կարկատան ունեցող թաշկինակով, ստացավ մնացորդը, առանց մատուցողին մի գրոշ թողնելու՝ բոլորը խոթեց անդրավարտիքի գրպանը, որի երբեմնի սպիտակ աստառը այժմ նույնքան սև էր, որքան անդրավարտիքի կերպասը։

— Կախաղանի ինչպիսի՜ թեկնածու,— ասաց Կանկոել հայրիկը պարոն Պիլերոյին, իր հարևանին։

— Բա՜հ,— բղավեց պարոն Կամյուզոն ամբողջ սրճարանով մեկ, միակ մարդը, որ բոլորովին չէր զարմացել,— սա Կոնտանսոն է, մեր առևտրական կատարածու Լուշարի աջ ձեռքը։ Անպիտանները երևի մեկին ճանկելու են թաղամասում...

Քառորդ ժամ անց ծերուկ Կանկոելը վեր կացավ, վերցրեց իր անձրևանոցը և, առանց շտապելու, դուրս եկավ։

Անհրաժեշտ չէ արդյոք բացատրել, թե ինչ ահարկու և մութ մարդ էր թաքնված Կանկոելի հագուստի տակ, ինչպես աբբա Կարլոսը թաքցնում էր Վոտռենին։ Այդ հարավցին, ծնված Կոնկոելում, իր բավականին հարգարժան ընտանիքի միակ կալվածքում, կրում էր Պեյրադ անունը, նա իրոք պատկանում էր Պեյրադների տոհմի կրտսեր ճյուղին, մի հին, բայց աղքատ ընտանիք, որը դեռ տիրում էր Պեյրադ փոքրիկ կալվածքին։ Նա ընտանիքում յոթերորդ երեխան էր և 1772 թվականին, տասնյոթ տարեկան հասակում, ոտքով եկել էր Փարիզ, գրպանում երկու էկյու, մղված իր անզուսպ բնավորության ախտերով, հաջողության հասնելու բիրտ բաղձանքով, որն այնքան հարավցիներին ձգում է մայրաքաղաք, երբ համոզվում են, որ հայրական տունը չի կարող երբեք միջոցներ ընձեռել իրենց կրքերի բավարարման համար։ Պեյրադի ամբողջ երիտասարդությունը հասկանալի կդառնա, եթե ասենք, որ 1782 թվականին նա ոստիկանության գլխավոր վարչության վստահելի ու կարևոր դեմքն էր, և նրան բարձր էին գնահատում Լենուարն ու դ'Ալբերը, նրա վերջին երկու պետերը։ Ռևոլյուցիան վերացրեց ոստիկանությունը, նա դրա կարիքը չուներ։ Լրտեսությունը, որն այն ժամանակ գրեթե համատարած էր, քաղաքացիական պարտք էր համարվում։ Հասարակության փրկության կոմիտեից ավելի կարգավորված կառավարությունը՝ Դիրեկտորիան, հարկադրված եղավ վերականգնել ոստիկանությունը, և առաջին կոնսուլն ավարտեց նրա ստեղծումը, հիմնելով ոստիկանության պրեֆեկտուրը և ոստիկանության նախարարությունը։ Պեյրադը, լինելով ավանդույթների մարդ, ընտրեց անձնակազմ, Կորանտեն անունով մեկի հետ, որը, ի դեպ, շատ ավելի հմուտ էր, քան ինքը՝ Պեյրադը, թեև ավելի երիտասարդ և հանճարեղ էր համարվում սոսկ ոստիկանության ներքնատներում։ 1808 թվականին Պեյրադի մատուցած ահագին ծառայությունները հատուցվեցին նրանով, որ նա նշանակվեց ոստիկանության գլխավոր կոմիսար Անտվերպենում։ Նապոլեոնի կարծիքով, այդ տեսակի ոստիկանության պրեֆեկտուրը համարժեք էր ոստիկանության նախարարությանը, որի առաքելությունն էր՝ հսկել Հոլանդիային։ 1809 թվականի արշավանքից հետո, կայսերական կաբինետի հրամանով, Պեյրադը վերցվեց Անտվերպենից և երկու ժանդարմի ուղեկցությամբ փոստակառքով Փարիզ բերվելով, նետվեց Ֆորս բանտը։ Երկու ամսից հետո, իր բարեկամ Կորանտենի երաշխավորությամբ, նա դուրս եկավ բանտից, բայց և այնպես, նա ոստիկանապետի կողմից ենթարկվեց երեք հարցաքննության, յուրաքանչյուրը վեց ժամ տևողությամբ։ Պեյրադի այդ շնորհազրկությունը արդյունք չէ՞ր արդյոք այն զարմանալի ակտիվության, որով նա օգնում էր Ֆուշեին Ֆրանսիայի հարձակման ենթակա ծովափերը պաշտպանելոլ համար, մի անցք, որ իր ժամանակին կոչվեց Վալխերնի էքսպեդիցիա և որում Օնտրանտի դուքսը ցուցաբերեց այնպիսի ընդունակություններ, որոնցից վախեցավ Կայսրը։ Ֆուշեի ժամանակներում դա համարվում էր սոսկ ենթադրություն, բայց հիմա, երբ բոլորը գիտեն, թե ինչ տեղի ունեցավ Կամբասերեսի հրավիրած նախարարների խորհրդում, դա արդեն ստույգ է։

Բուլոնյան արշավանքի համար Նապոլեոնից վրեժ լուծելու Անգլիայի փորձից շանթահար նախարարները, այդ դեպքից հանկարծակիի եկած, չգիտեին, թե ինչ վճիռ ընդունեն Լոբոու կղզում ամրացած իրենց տիրակալի բացակայությանը, երբ ամբողջ Եվրոպան կարծում էր, թե նա կործանման է դատապարտված։ Ընդհանուր կարծիքով, անհրաժեշտ էր սուրհանդակ ուղարկել Կայսրի մոտ, բայց միայն Ֆուշեն համարձակվեց արշավանքի մի ծրագիր առաջարկել, որը, ի դեպ, նա ի կատար ածեց։

— Արեք, ինչպես ուզում եք,— ասաց նրան Կամբասերեսը,— բայց քանի գլուխս վրաս է, ես Կայսրին զեկուցագիր կուղարկեմ։

Հայտնի է, թե Կայսրը իր վերադարձին, Պետական խորհրդում, ինչպիսի անհեթեթ պատրվակ առաջ քաշեց, որպեսզի շնորհազրկի նախարարին՝ իր բացակայությանը Ֆրանսիան փրկված լինելու համար։ Այդ օրվանից սկսած, Նապոլեոնը, իշխան դը Տալեյրանի թշնամությանն ավելացրեց Օտրանտի դուքսի թշնամությունը, ռեոլյուցիայից ծնված քաղաքական այդ երկու միակ խոշոր գործիչները, որոնք թերևս 1813 թվականին փրկեին Նապոլեոնին։ Պեյրադին մեկուսացնելու համար առաջ քաշվեց գռփողության գռեհիկ պատրվակը, իբր թե նա հովանավորել էր մաքսանենգությունը՝ օգուտը բաժանելով խոշոր առևտրականների հետ։ Նման մեղադրանքը ծանր էր մի մարդու համար, որը գլխավոր կոմիսարի հրամանատարական գայիսոնը պարտական էր իր մատուցած մեծ ծառայություններին։ Այդ մարդը, որը հմտացել էր բազմաթիվ գործերում, սկսած 1775 թվականից, այսինքն՝ այն օրվանից, երբ ծառայության էր մտել ոստիկանության գլխավոր վարչության մեջ, իրազեկ էր բոլոր կառավարությունների գաղտնիքներին։ Կայսրը, որ իրեն բավականաչափ ուժեղ էր համարում իր համար պիտանի մարդկանց առաջ քաշելու խնդրում, հետագայում բոլորովին հաշվի չառավ ներկայացված միջնորդությունները հօգուտ մի մարդու, որը համարվում էր ամենից վստահելին, ամենից հմուտն ու խորամանկը այն անհայտ հանճարներից, որոնց հանձնարարված էր հսկել պետության ապահովությանը։ Նա մտածեց, որ կարող է Պեյրադին փոխարինել Կոնտանսոնով, բայց Կոնտանսոնը այդ ժամանակ ամբողջապես կլանված էր Կորանտենի՝ իր համար օգտակար հանձնարարություններով։

Լինելով անառակ ու որկրամոլ, Պեյրադը ևս առավել խոցված էր, որ կանանց հետ հարաբերությունների հարցում ընկավ քաղցրեղեն սիրող հրուշակագործի դրության մեջ։ Ախտավոր սովորությունները նրա համար երկրորդ բնավորություն էին դարձել։ Նա չէր կարող այլևս հրաժարվել լավ ճաշերից, մոլեխաղերից, վերջապես, չվարել իշխանազուն մարդու, թեպետ արտաքին փայլից զուրկ, այն կյանքը, որին անձնատուր են լինում մեծ ընդունակություններով օժտված բոլոր մարդիկ, և որոնց համար ծայրահեղ զվարճությունները կենսական պահանջ են։ Հետո, նա մինչ այդ շռայլ էր ապրել, ուտում էր, ինչպես ասում են, հենց ափսեից, չէր ձգտում հասարակության մեջ փայլել, որովհետև բնավ հաշվի չէին առնում ո՛չ նրան և ո՛չ էլ իր բարեկամ Կորանտենին։ Ցինիկաբար սրամիտ, նա, այնուամենայնիվ, սիրում էր իր արհեստը. նա փիլիսոփա էր։ Մի խոսքով, լրտեսը ոստիկանական մեքենայում որ աստիճանի վրա էլ լինի, չի կարող վերադառնալ ազնիվ և պատվավոր մասնագիտության, ինչպես այդ չի կարող անել տաժանակիրը։ Լրտեսներն ու դատապարտյալները հենց միանգամից գրանցվում են սև ցուցակում, ենթարկվում հաշվառման կրոնի սպասավորների նման, այլև ձեռք են բերում բնավորության անջնջելի գծեր։ Կան արարածներ, որոնց վրա հասարակական կացությունը դրոշմում է ճակատագրական բախտի կնիքը։

Ի դժբախտություն իր, Պեյրադը կրքոտորեն սիրում էր մի գեղանի դեռատի աղջկա, մի երեխայի, որին վստահորեն կարծում էր, թե իր աղջիկն էր ծնված հռչակավոր մի դերասանուհուց, որին ինքը ինչ-որ ծառայություն էր մատուցել, և դերասանուհին երեք ամիս նրան երախտապարտ գտնվեց այդ ծառայության համար։ Եվ ահա, Պեյրադն իր երեխային բերել տվեց Անդրվերպենից և ապրեց Փարիզում առանց միջոցների, սոսկ հազար երկու հարյուր ֆրանկ թոշակով, որ ոստիկանության պրեֆեկտուրը հատկացրել էր Լենուրայի հին աշակերտին։ Նա տեղավորվեց Մուանո փողոցի մի փոքրիկ տան հինգերորդ հարկի հինգ սենյակից բաղկացած փոքրիկ բնակարանում, որի համար վճարում էր երկու հարյուր հիսուն ֆրանկ։

Եթե երբևէ մարդուս վիճակված է զգալ բարեկամության օգտակարությունն ու քաղցրությունը, ապա այդ չի վերաբերում բարոյական այն բորոտին, որին հասարակությունն անվանում է լրտես, ժողովուրդը շպիկ, իսկ իշխանությունը` գործակալ։ Պեյրադն ու Կորանտենը, ուրեմն, բարեկամներ էին, ինչպես Օվրեստն ու Պիլադը։ Պեյրադը ստեղծել էր Կորանտենին, ինչպես Վիենը ստեղծեց Դավիդին։ Բայց աշակերտը շուտով գերազանցեց ուսուցչին։ Նրանք մեկից ավելի գործեր վարեցին համատեղ (տե՛ս «Մութ գործ»-ը)։ Պեյրադը, հպարտ նրանով, որ հայտնաբերել էր Կորանտենի ունակությունները, նրան լայն ասպարեզ բացեց, նախապատրաստելով նրա հաղթանակը։ Նա դրդեց աշակերտին, որպեսզի վերջինս իրեն արհամարհող սիրուհուն որպես խայծ օգտագործի մի տղամարդու որսալու համար (տե՛ս «Շուաններ»)։ Իսկ Կորանտենն այն ժամանակ հազիվ քսանհինգ տարեկան էր… Լինելով գեներալներից մեկը ոստիկանության, որի գլխավոր հրամանատարը ոստիկանության նախարարն էր, դուքս դը Ռովիգոյի ժամանակ էլ Կորանտենը պահպանեց այդ բարձր պաշտոնը, որ զբաղեցնում էր Օտրանտի դուքսի օրոք։ Ոստիկանության գլխավոր վարչությունն այն ժամանակ գործում էր այնպես, ինչպես քրեական ոստիկանությունը։ Յուրաքանչյուր առավել կամ նվազ խոշոր գործում, այսպես ասած, սակարկում էին երեք, չորս կամ հինգ ընդունակ գործակալների հետ։ Նախարարը, փույթ չէ, թե ինչպես, տեղեկանալով որևէ դավադրության, որևէ բանսարկության մասին, ասում էր ոստիկանության պետերից մեկին.

— Ինչքա՞ն է ձեզ հարկավոր, որ հասնեք այսինչ արդյունքին։

Կորանտենը կամ Կոնտանսոնը, երկար խորհրդածություններից հետո, պատասխանում էին.

— Քսան, երեսուն, քառասուն հազար ֆրանկ։

Այնուհետև, հենց որ տրվում էր գործելու հրամանը, բոլոր միջոցները և հարկավոր մարդիկ թողնվում էին Կորանտենի կամ նշանակված գործակալի ընտրությանը և հայեցողությանը։ Քրեական ոստիկանությունն էլ նույն կերպ էր վարվում, երբ հանցագործությունների հայտնաբերմանը մասնակցում էր հռչակավոր Վիդոկը։

Քաղաքական ոստիկանությունը, ինչպես քրեական ոստիկանությունը, մարդիկ էր ընտրում գլխավորապես ցուցակներում եղած, ստուգված, մշտական գործակալներից, այդ գաղտնի բանակի յուրահատուկ զինվորներից, որն այնքան անհրաժեշտ է կառավարություններին, հակառակ մարդասերների կամ ոչ բարձր բարոյականության տեր բարոյագետների պերճախոսությունների։ Բայց Պեյրադի և Կորանտենի կոփվածքի երկու կամ երեք գեներալներ, որոնք արտակարգ վստահություն էին վայելում, իրավունք ունեին գործի մեջ ներքաշել նաև ոստիկանությանը անհայտ մարդկանց։ Այնուհանդերձ, կարևոր դեպքերում պարտավոր էին հաշիվ տալ նախարարին։ Պեյրադի փորձառությունը, նրբամտությունը չափազանց արժեքավոր էին Կորանտենի համար, որը, երբ վրա հասավ 1810 թվականի փոթորիկը, օգտագործեց իր հին բարեկամին, մշտապես նրա հետ խորհրդակցում էր և ամեն կերպ ընդառաջեց նրա կարիքներին։ Կորանտենը գտավ միջոցը Պեյրադի համար ամսական մոտ հազար ֆրանկ թոշակ նշանակելու։ Իր հերթին, Պեյրադն ահագին ծառայություններ մատուցեց Կորանտենին։ 1816 թվականին, այն դավադրության հայտնաբերման կապակցությամբ, որի մեջ խառն էր բոնապարտիստ Գոդիսարը, Կորանտենը փորձեց Պեյրադին վերականգնել թագավորության գլխավոր ոստիկանության մեջ, բայց ինչ-որ անհայտ ազդեցությամբ Պեյրադի թեկնածությունը մերժվեց։ Ահա թե ինչու Պեյրադը, Կորանտենը և Կոնտանսոնր, իրենց դրությունն ամրապնդելոլ համար, Օտրանտի դուքսի դրդումով, Լյուդովիկոս XVIII-ի համար կազմակերպեցին հակաոստիկանություն, որտեղ սկսեցին աշխատել ուժեղագույն գործակալները։ Լյուդովիկոս XVIII-ը մեռավ, նրա հետ թաղվեցին գաղտնիքներ, որոնք անհայտ մնացին նույնիսկ ամենաիրազեկ պատմաբաններին։ Թագավորության գլխավոր ոստիկանության և թագավորի հակաոստիկանության միջև մղված պայքարը ծնեց այնպիսի ահավոր գործողություններ, որոնց գաղտնիքը պահում են մի քանի կառափնարաններ։ Տեղին չի լինի և առիթ էլ չկա խորանալու այդ դեպքերի մանրամասնությունների մեջ, որովհետև «Փարիզյան կյանքի տեսարաններ»-ը «Քաղաքական կյանքի տեսարաններ» չեն. բավական է ցույց տալ, թե ինչպիսիք էին գոյության միջոցներն այն մարդու, որին «Դավիդ» սրճարանում անվանում էին Կանկոել հայրիկ, և ինչպիսի թելերով էր նա կապված ոստիկանության սոսկալի ու խորհրդավոր իշխանության հետ։ Սկսած 1817 թվականից մինչև 1822 թվականը Կորանտենը, Կոնտանսոնը, Պեյրադն ու նրանց գործակալները հաճախ հանձնարարություն էին ստանում լրտեսելու նույնիսկ նախարարին։ Դրանով կարելի է բացատրել, թե ինչու նախարարությունը հրաժարվեց օգտագործել Պեյրադին ու Կոնտանսոնին, որոնք, կասկածի տակ առնվեցին նախարարի կողմից՝ Կորանտենի թելադրանքով, որն այդպիսով ցանկանում էր օգտագործել իր բարեկամին, երբ սրա վերականգնումը նրան այլևս անհնարին թվաց։ Նախարարներն այն ժամանակ վստահեցին Կորանտենին, հանձնարարելով նրան հետևել Պեյրադին, դրանով շարժելով Լյուդովիկոս XVIII-ի ժպիտը։ Կորանտենն ու Պեյրադը այդ ժամանակ ամբողջապես դարձան դրության տերը։ Կոնտանսոնը, երկար ժամանակ կապված լինելով Պեյրադի հետ, շարունակում էր ծառայել նրան։ Կորանտենի և Պեյրադի հրամանով նա իրեն դրեց առևտրական կատարածուների տրամադրության տակ։ Արդարև, ոստիկանության այդ երկու գեներալները, դրդված այն մի տեսակ մոլեռանդությունից, որ սիրով կիրառվող արհեստն է ներշնչում, նախընտրում էին իրենց ամենահմուտ զինվորներին դասավորել այնտեղ, որտեղից առատ տեղեկություններ կարող էին ստանալ։ Բացի այդ, Կոնտանսոնի ախտամոլությունները, նրա անառակ բարքերը, որոնց պատճառով նա իր երկու բարեկամներից ավելի ստորին աստիճանի վրա մնաց, այնքան փող էին պահանջում, որ նա ստիպված էր շատ աշխատել։ Կոնտանսոնը, առանց խախտելու գաղտնապահության կանոնը, ասաց Լուշարին, որ իրեն հայտնի է միայն մի մարդ, որն ընդունակ է գոհացնելու բարոն դը Նյուսինգենին։ Պեյրադը, իսկապես, միակ մարդն էր, որը կարող էր անպատիժ զբաղվել ոստիկանական գործերով մասնավորի օգտին։ Երբ Լյուդովիկոս XVIII-ը մեռավ, Պեյրադը կորցրեց ոչ միայն իր ամբողջ ազդեցությունը, այլև այն օգուտը, որ ստանում էր, որպես նորին մեծության անձնական լրտեսը։ Իրեն համարելով անփոխարինելի, նա շարունակեց նույն ապրելակերպը։ Կանայք, համադամ կերակուրները, ինչպես նաև «Օտարերկրացիների ակումբը» տնտեսելու ամեն մի հնարավորությունից զրկել էին այդ մարդուն, որը, ինչպես բոլոր ախտամոլ մարդիկ, օժտված էր երկաթյա առողջությամբ։ Բայց 1826-ից մինչև 1829 թվականը, լինելով մոտ յոթանասունչորս տարեկան, Պեյրադը, ըստ իր արտահայտության, ետ էր մանում, տեսնում էր, թե ինչպես տարեցտարի նվազում է իր բարեկեցությունը։ Նա ներկա էր եղել ոստիկանության հուղարկավորությանը, վշտով տեսնում էր, թե ինչպես Կարլոս X-ի կառավարությունը հրաժարվում է նրա ավանդույթներից։ Դեպուտատների պալատը, մի սեսիայից մյուսը, կրճատում էր ոստիկանության գոյության համար անհրաժեշտ հատկացումները՝ ելնելով կառավարման նման մեթոդի նկատմամբ ունեցած ատելությունից և այդ հաստատության բարքերը բարելավելու տեսակետից։

— Ուզում են խոհարարություն անել սպիտակ ձեռնոցներով,— ասում էր Պեյրադը Կորանտենին։

Կորանտենը և Պեյրադը 1830 թվականի անցքերը կանխատեսել էին դեռևս 1822 թվականին։ Նրանց ծանոթ էր այն թաքուն ատելությունը, որ Լյուդովիկոս XVIII-ը տածում էր իր հաջորդի նկատմամբ. դրանով էր բացատրվում թագավորի անփույթ վերաբերմունքը կրտսեր ճյուղի նկատմամբ, առանց որի նրա թագավորությունը և քաղաքականությունը կմնային որպես անլուծելի առեղծված։

Որքան ծերանում էր Պեյրադը, այնքան ավելի էր աճում նրա սերը իր ապօրինի աղջկա նկատմամբ։ Հանուն նրա, նա բուրժուայի տեսք էր ընդունել, որովհետև ուզում էր իր Լիդիին ամուսնացնել կարգին մի մարդու հետ։ Այդ պատճառով, հատկապես վերջին երեք տարիներում, նա ցանկանում էր ոստիկանական պրեֆեկտուրում կամ թե թագավորական ոստիկանության գլխավոր վարչության մեջ որևէ կարևոր ու հարգարժան պաշտոն ձեռք բերել։ Ի վերջո, նա հղացավ մի պաշտոն, որի անհրաժեշտությունը, ասում էր նա Կորանտենին, վաղ թե ուշ պետք է զգացվեր։ Հարցը վերաբերում էր ոստիկանության պրեֆեկտուրում մի բյուրո ստեղծելուն, մի տեսակ տեղեկատու բյուրո, որը միջանկյալ օղակ պիտի հանդիսանար բուն փարիզյան ոստիկանության, քրեական ոստիկանության և թագավորության ոստիկանության միջև, որպեսզի ոստիկանության գլխավոր վարչությանը հնարավորություն տար օգտագործելու այդ բոլոր ցրված ուժերը։ Միայն Պեյրադը, որ այդ տարիքին էր հասել և ուներ գաղտնի ծառայության հիսունհինգ տարվա ստաժ, կարող էր դառնալ այն օղակր, որը պիտի իրար կապեր այդ երեք ոստիկանությունները, կարող էր վերջապես լինել այն արխիվարիուսը, որին պետական և դատական օրգանները պետք է որոշ դեպքերում դիմեին տեղեկություններ ստանալու։ Այդպիսով, նա հուսով էր. Կորանտենի օգնությամբ, իր Լիդիայի համար օժիտ ու ամուսին ճանկելու առիթ ունենալ։ Կորանտենն այդ գործի մասին արդեն խոսել էր թագավորության ոստիկանության գլխավոր պետի հետ, առանց հիշատակելու Պեյրադի անունը, և գլխավոր պետը, մի հարավցի, անհրաժեշտ էր համարել նրա առաջարկությունը դնել պրեֆեկտուրի քննարկմանը։ Այն պահին, երբ Կոնտանսոնն իր ոսկեդրամով երեք անգամ խփեց սրճարանի սեղանին, մի ազդանշան, որով հասկացնում էր, թե «Ես խոսելիք ունեմ ձեզ հետ», ոստիկանական գործակալների ավագը մտմտում էր հետևյալ խնդրի մասին. «Ի՞նչ մարդու օգնությամբ և ինչպե՞ս կարելի է շահագրգռել ոստիկանության այժմյան պրեֆեկտին ու հարկադրել նրան գործել»։ Իսկ նրա դեմքն ուներ տեսքն այն ապուշ մարդու, որ իր «Կուրիե ֆրանսե»-ն է ուսումնասիրում։

— «Մեր խեղճ Ֆուշեն,— ասում էր նա ինքն իրեն, քայլելով Սենտ-Օնորե փողոցի երկարությամբ,— այդ մեծ մարդը մեռած է։ Լյուդովիկոս XVIII-ի և մեր միջև եղած միջնորդները շնորհազրկված են։ Բացի այդ, ինչպես երեկ Կորանտենն էր ասում ինձ, ոչ ոք չի հավատում այլևս յոթանասունամյա մի ծերունու ո՛չ ճկունությանը և ո՛չ էլ խելքին… Ա՜հ, ես ինչո՞ւ եմ սովոր ճաշելու Վերուի մոտ, խմելու սքանչելի գինիներ… Երգելու «Մայրիկ Գոդիշոնը»… խաղալու, երբ փող եմ ունենում։ Ճիշտ է ասում Կորանտենը, որ դիրք ապահովելու համար բավական չէ սոսկ խելք ունենալ, հարկավոր է նաև խելքով գործել։ Թանկագին պարոն Լենուարը ճիշտ նախագուշակեց իմ բախտը, երբ, լսելով մանյակի գործի մասին և իմանալով, որ ես Օլիվա աղջկա մահճակալի տակ չէի մնացել, ինձ ասաց. «Դուք երբեք ոչնչի չեք հասնի»։

Եթե պատվարժան Կանկոել հայրիկը (նրան Կանկոել հայրիկ էին անվանում տանը) Մուանո փողոցի տներից մեկի հինգերորդ հարկում էր բնակվում, հավատացեք, դա նրա համար էր, որ նա թաղամասի տեղադրության մեջ գտել էր այնպիսի առանձնահատկություններ, որոնք նպաստում էին իր ահավոր պարտականությունների կատարմանը։ Նրա տունր գտնվում էր Սեն-Ռոք փողոցի անկյունում և մի կողմում հարևան չուներ։ Բացի այդ, սանդուղքը տունը բաժանում էր երկու մասի, և ամեն մի հարկում կային երկու միանգամայն առանձնացված սենյակներ։ Այս երկու սենյակները նայում էին Սեն-Ռոք փողոցին։ Հինգերորդ հարկի վերևում ձեղնահարկեր էին, որոնցից մեկը խոհանոցն էր, իսկ մյուսը` բնակարանը Կանկոել հայրիկի միակ սպասուհու, Կատտ անունով մի ֆլամանդուհու, որը սնուցել էր Լիդիին։ Կանկոել հայրիկն առանձնացված սենյակներից մեկը դարձրել էր իր ննջարանր, իսկ մյուսը՝ իր առանձնասենյակը։ Հետևի հաստ պատը բաժանում էր նրա աշխատասենյակը հարևան տնից։ Մուանո փողոցի վրա նայող լուսամուտից երևում էր դիմացի անկյունային խուլ, պատուհան չունեցող պատը։ Եվ քանի որ սանդուղքի և առանձնասենյակի միջև գտնվում էր Պեյրադի ննջարանը, ապա երկու բարեկամները, երկյուղ չունենալով կողմնակի աչքերից կամ ականջներից, կարող էին խոսել գործերի մասին այդ առանձնասենյակում, որը հատկապես սարքված էր նրանց զարհուրելի արհեստի համար։ Զգուշավորությունից, Պեյրադը ֆլամանդուհու սենյակում զետեղել էր մի ծղոտե անկողին, մի մազե կարպետ և շատ հաստ մի գորգ, իբր թե իր մանկան դայակին լավություն անելու համար։ Ավելին. նա անգործության էր դատապարտել բուխարին, օգտագործելով մի վառարան, որի խողովակն արտաքին պատի միջով դուրս էր դալիս Սեն-Ռոք փողոցը։ Վերջապես, սենյակի հատակին փռել էր բազմաթիվ գորգեր, որպեսզի ներքևի հարկի բնակիչները ոչ մի ձայն չլսեին։ Գիտակ՝ լրտեսության արվեստին, նա շաբաթը մի անգամ հետազոտում էր միջնորմը, առաստաղն ու հատակը, որպես թե ուզում է ոչնչացնել անհանգստացնող միջատներին։ Համոզված լինելով, որ այդ առանձնասենյակը խուլ է և աչքից հեռու, Պեյրադն այն տրամադրեց Կորանտենին որպես խորհրդակցության դահլիճ այն դեպքերում, երբ վերջինս իր տանր չէր խորհրդակցում։ Կորանտենի բնակարանը հայտնի էր միայն թագավորության ոստիկանության պետին ու Պեյրադին, և միայն բացառիկ դեպքերում էր նա այնտեղ ընդունում նախարարությունից կամ արքունիքից ուղարկված հատուկ մարդկանց. ոչ մի գործակալ և ոչ մի ստորագրյալ մուտք չունեին այնտեղ, և նա իր արհեստի գործերը քննարկում էր Պեյրադի մոտ։ Այդ անպաճույճ սենյակում մշակվեցին այնպիսի ծրագրեր և ընդունվեցին այնպիսի որոշումներ, որոնք կկազմեին տարօրինակ տարեգրություններ և հետաքրքրական դրամաներ, եթե պատերը խոսել իմանային։ Այնտեղ, 1816-ից մինչև 1826 թվականը, քննարկվում էին քաղաքական կարևոր նշանակություն ունեցող գործեր, Այնտ՛եղ էր, որ իրենց սաղմի մեջ բացահայտվեցին այն դեպքերը, որոնք հետագայում ծանրանալու էին Ֆրանսիայի ուսերին։ Այնտեղ Պեյրադն ու Կորանտենը, նույնքան շրջահայաց, որքան գլխավոր դատախազ Բելլարը, բայց նրանից ավելի իրազեկ, 1819 թվականին իրար ասում էին.

— Եթե Լյուդովիկոս XVIII-ը չի ուզում հասցնել այս կամ այն հարվածը, եթե նա չի կամենում ազատվել այսինչ իշխանից, ուրեմն նշանակում է, որ նա ատում է իր եղբորը և ուզում է ռևոլյուցիան նրան ժառանգություն թողնել։

Պեյրադի դռանը կար մի քարետախտակ, որի վրա նա երբեմն գտնում էր արտառոց նշաններ, կավիճով գրված ծածկագրեր։ Այդ տեսակ սադայելական հանրահաշվի նշանակությունը հասկանալի էր իրազեկներին։ Ի հակադրություն Պեյրադի այդ խղճուկ բնակարանի, Լիդիայի հարկաբաժինը բաղկացած էր մի նախասենյակից, մի փոքրիկ հյուրասրահից, մի ննջարանից և արդուզարդի սենյակից… Լիդիայի դուռը, ինչպես Պեյրադի սենյակի դուռը, շինված էր ինը միլիմետր հաստությամբ երկաթաթերթից, որը տեղավորված էր կաղնու երկու ամուր տախտակների միջև և ուներ փականքների ու ծխնիների այնպիսի սիստեմ, որ այդ դուռը ջարդելը նույնքան դժվար էր, որքան բանտի դուռը։ Թեպետ այդ տունը ելումուտ ունեցող տներից էր, ներքևում կրպակ կար և դռնապան չուներ, Լիդիան աներկյուղ ապրում էր այնտեղ։ Ճաշասենյակը, փոքրիկ հյուրասրահն ու ննջարանը, որոնց լուսամուտներում կախովի ծաղկանոցներ կային, շքեղ էին և աչքի էին ընկնում ֆլամանդական մաքրությամբ։ Ֆլամանդուհի դայակը երբեք չէր հեռանում Լիդիայից, որին համարում էր իր աղջիկը։ Երկուսով եկեղեցի էին գնում այնպիսի ճշտապահությամբ, որ Մուանո և Նևա Սեն-Ռոք փողոցների անկյունում գտնվող տան ռոյալիստ նպարավաճառը հիանալի կարծիք էր կազմել Կանկոել հայրիկի մասին։ Նպարավաճառի ընտանիքը, խոհանոցի սպասուհիները և գործակատարներն զբաղեցնում էին առաջին և երկրորդ հարկերը։ Երրորդ հարկում ապրում էր տանտերը, իսկ չորրորդ հարկն արդեն քսան տարի է, որ վարձել էր մի ակնագործ։ Վարձակալներից յուրաքանչյուրն ուներ մուտքի դռան բանալի։ Նպարավաճառի կինը հոժարակամ ընդունում էր այդ երեք խաղաղ ընտանիքների հասցեով ստացվող նամակներն ու ծրարները, քանի որ նպարավաճառանոցի դռանը փոստարկղ էր կախված։ Առանց այս մանրամասն նկարագրության, օտարերկրացիները և նրանք, որոնց թեկուզ Փարիզը ծանոթ է, չպիտի կարողանային պատկերացնել այն խորհրդավորությունն ու անդորրությունը, այն լքվածությունն ու ապահովությունը, որ այս տունը դարձնում էին մի բացառություն Փարիզում։ Կեսգիշերից սկսած Կանկոել հայրիկը կարող էր նյութել ամեն տեսակ դավեր, ընդունել լրտեսների ու նախարարների, կանանց ու աղջիկների, և ոչ ոք այդ չէր նկատի։ Պեյրադը համարվում էր հիանալի մարդ, որը, ինչպես ֆլամանդուհին էր ասել նպարավաճառի խոհարարուհուն, «Հավին քշա չի ասում»։ Ծերունին ոչինչ չէր խնայում իր աղջկա համար։ Լիդին, որի երաժշտության դասատուն Շմուկեն էր, այնքան էր առաջադիմել, որ կարող էր երաժշտական կտորներ հորինել։ Նա կարող էր նկարել սեպիայով, գուաշով ու ջրաներկով։ Պեյրադը ամեն կիրակի ճաշում էր իր աղջկա հետ։ Այդ օրը ծերուկն ամբողջովին հայր էր։ Լինելով կրոնասեր՝ առանց կեղծ բարեպաշտության, Լիդին զատկից առաջ պաս էր պահում և ամեն ամիս խոստովանության էր գնում։ Սակայն, երբեմն նա իրեն թույլատրում էր ներկայացում գնալ։ Երբ եղանակը լավ էր, զբոսնում էր Տյուիլերիում։ Հենց դրանք էին կազմում նրա բոլոր բավականությունները, որովհետև խիստ նստակյաց կյանք էր վարում։ Լիդին, որ պաշտում էր իր հորը, բոլորովին անտեղյակ էր նրա չարաղետ ունակություններին և մութ զբաղմունքներին։ Ոչ մի ցանկություն չէր խռովել այդքան անբիծ այդ աղջկա անարատ կյանքը։ Իր մոր նման բարեկազմ, գեղեցիկ, օժտված սքանչելի ձայնով, հիանալի խարտյաշ մազերով, նուրբ դեմքով, նա նման էր ավելի շուտ միստիկական, քան իրական այն հրեշտակներին, որ պրիմիտիվ նկարիչները նկարում էին իրենց Սուրբ ընտանիքը պատկերող կտավի ֆոնի վրա։ Նրա լուրթ աչքերը, թվում էր, թե երկնային լույս էին սփռում նրա վրա, ով արժանանում էր նրա հայացքին։ Նրա պարկեշտ հագնվածքը, որը զերծ էր նորաձևության ծայրահեղությունից, քաղքենիական մի հիասքանչ բուրմունք էր արտաշնչում։ Պատկերացրեք ծեր սատանային որպես այդ հրեշտակի հայր, որը թարմ ուժ է ստանում այդպիսի աստվածային մերձավորությունից, և դուք գաղափար կունենաք Պեյրադի ու նրա դստեր մասին։ Եթե որևէ մեկը աղտոտեր այդ ադամանդը, հայրը կհնարեր մեկն այն զարհուրելի որոգայթներից, որոնցով ռեստավրացիայի ժամանակ բռնվում էին այն դժբախտները, որոնք իրենց գլուխը տանում էին կառափնարան։ Տարեկան հազար էկյու հերիքում էին Լիդիին ու Կատտին, որին աղջիկն իր դայակն էր անվանում։

Մտնելով Մուանո փողոցր, Պեյրադը նկատեց Կոնտանսոնին, նրանից առաջ անցավ, առաջինը վեր բարձրացավ, լսեց իր գործակալի ոտնաձայնը սանդուղքի վրա և նրան ներս ընդունեց, նախքան ֆլամանդուհին կկարողանար իր քիթը դուրս հանել խոհանոցից։

Զանգն սկսում էր հնչել, երբ բացվում էր ակնագործի զբաղեցրած չորրորդ հարկի վանդակապատ դուռը չորրորդ ու հինգերորդ հարկի վարձակալներին ազդարարելով, որ նրանց մոտ որևէ մարդ է գալիս։

Ավելորդ է ասել, որ կեսգիշերից հետո Պեյրադը բամբակ էր խցկում զանգակի լեզվակի արանքը։

— Ի՞նչն է քեզ այդպես շտապ բերել այստեղ, փիլիսոփա՛։

«Փիլիսոփան» մի մականուն էր, որ Պեյրադը տալիս էր Կոնտանսոնին, որին միանգամայն արժանի էր հետախույզների այդ Էպիկտետը։ Կոնտանսոն անվան տակ, ավա՜ղ, թաքնված էր Նորմանդիայի հնագույն ազնվականության մի անուն (տե՛ս «Մխիթարության եղբայրները»)։

— Ի՞նչ պիտի լինի, մի տասը հազարի գործ է։

— Ի՞նչ բան է։ Քաղաքականությա՞ն է վերաբերում։

— Ո՛չ, դատարկ բան։ Բարոն դը Նյուսինգենը — ճանաչում ես, իհարկե, այդ պատենտավոր ծեր գողին — վրնջում է մի կնոջ համար, որին տեսել է Վենսենի անտառում. այժմ հարկավոր է այդ կնոջը գտնել, թե չէ բարոնը սիրուց կմեռնի... Երեկ բժշկական խորհրդակցություն է կայացել, ինչպես ինձ ասաց նրա սպասավորը... Ես նրանից արդեն կորզել եմ հազար ֆրանկ` այդ իշխանուհուն գտնելու պատրվակով։

Եվ Կոնտանսոնը պատմեց Նյուսինգենի հանդիպման մասին Եսթերի հետ, ավելացնելով, որ բարոնը մի քանի նոր տեղեկություններ է ստացել։

— Լավ,— ասաց Պեյրադը,— մենք կգտնենք այդ Դուլսինեին. ասա բարոնին, որ այս երեկո կառքով գա Շանզ Էլիզե և սպասի Գաբրիել պողոտայի և Մարինյի ծառուղու անկյունը։

Պեյրադը ճամփու դրեց Կոնտանսոնին և պայմանական բախեց իր աղջկա դուռը։ Նա ուրախ ներս մտավ, վերջապես, դիպվածը նոր նրան միջոց էր ընձեռում ձեռք բերելու բաղձալի պաշտոնը։ Լիդիի ճակատը համբուրելուց հետո նա բազմեց վոլտերյան մի փափուկ բազկաթոռի վրա և ասաց նրան.

— Ինձ համար մի բան նվագիր։

Լիդին նվագեց Բեթհովենի դաշնամուրի համար դրված մի կտոր։

— Լավ ես նվագում, եղնի՛կս,— ասաց նա` աղջկան քաշելով իրեն։— Գիտե՞ս, որ արդեն քո քսանմեկը լրանում է։ Հարկավոր է ամուսնանալ, չէ՞ որ հայրիկդ յոթանասունն անց է։

— Ես այսպես երջանիկ եմ,— պատասխանեց աղջիկը։

— Դու միայն ի՞նձ ես սիրում, ի՞նձ, որն այդպես տգեղ է, ծեր,— հարցրեց Պեյրադը։

— Իսկ ո՞ւմ ես ուզում, որ ես սիրեմ։

— Ես քեզ հետ եմ ճաշելու, եղնիկս, հայտնի՛ր Կատտին։ Ես մտածում եմ, որ մեր գործերը կարգի կընկնեն, որ ես մի պաշտոն ձեռք կբերեմ քեզ համար, կճարեմ արժանի մի ամուսին… մի լավ, տաղանդավոր երիտասարդ, որով դու մի օր կարողանաս հպարտանալ…

— Ես դեռ մեկին եմ տեսել, որն ինձ դուր է եկել որպես ամուսին…

— Այդպիսի մեկին դու տեսե՞լ ես…

— Այո, Տյուիլերիում,— պատասխանեց Լիդին,— նա կոմսուհի դը Սերիզիի հետ թևանցուկ անցնում էր։

— Նրա անո՞ւնը...

— Լյուսիեն դը Ռյուբամպրե... Ես նստած էի Կատտի հետ մի լորենու տակ և ոչնչի մասին չէի մտածում։ Իմ կողքին կային երկու տիկիններ, որոնք միմյանց ասացին. «Ահավասիկ տիկին դը Սերիզին և գեղեցիկ Լյուսիեն դը Ռյուբամպրեն»։ Ես նայեցի այդ զույգին, որի մասին էին խոսում այդ տիկինները։ «Ա՜հ, սիրելիս,— ասաց մյուսը,— կան կանայք, որ շատ երջանիկ են... Այդ կնոջն ամեն ինչ ներելի է, որովհետև նա ծագումով դը Ռոնկերոլներից է, և ամուսինը իշխանություն ունի»։— «Բայց, թանկագինս,— պատասխանեց առաջին տիկինը,— Լյուսիենը նրան թանկ է նստում…»։ Դրանով ի՞նչ է ուզում ասել, հայրի՛կ։

— Դրանք հիմար զրույցներ են, որ հատուկ են աշխարհիկ մարդկանց,— պատասխանեց Պեյրադը բարեհոգի արտահայտությամբ։— Հնարավոր է, որ նրանք ակնարկել են քաղաքական ինչ-որ անցքերի։

— Վերջապես, դուք ինձ հարցրիք, ես էլ պատասխանում եմ։ Եթե դուք կամենում եք ինձ ամուսնացնել, գտեք ինձ համար մի ամուսին, որը նմանվի այդ երիտասարդին...

— Երեխա՛,— պատասխանեց հայրը,— տղամարդկանց գեղեցկությունը ոչ միշտ է բարության նշան։ Հաճելի արտաքինով երիտասարդ տղամարդիկ ոչ մի դժվարության չեն հանդիպում իրենց կյանքի սկզբին, նրանք իրենց ձիրքերը չեն զարգացնում, աշխարհիկ հասարակությունը փչացնում է նրանց իր խրախուսանքներով, և հետագայում նրանք թանկ են վճարելու այդ բանի համար... Ես ցանկանում եմ քեզ համար գտնել այնպիսի ամուսին, որը քաղքենիների, հարուստների և տխմարների օգնության ու հովանավորության ոչ մի կարիք չունենա։

— Իսկ ո՞ւմ, հա՛յր։

— Անհայտ տաղանդով մի մարդ... Բայց, լավ, անուշիկ բալիկ, ես միջոցներ ունեմ պրպտելու Փարիզի բոլոր ձեղնահարկները և իրագործելու քո ծրագիրը, ես քեզ համար կգտնեմ մի մարդ նույնքան գեղեցիկ, որքան այն անպիտանը, որի մասին դու ինձ ասում ես, բայց ապագա ունեցող մարդ, մեկը նրանցից, որոնց համար փառք ու հարստություն է վերապահված։ Օ՜, ահա թե ինչի մասին ես բնավ չեմ մտածել։ Ես ունեմ եղբորորդիների մի հոտ, և նրանց թվում կարող է գտնվել մեկը, որ արժանի լինի քեզ... Ես մի նամակ կգրեմ կամ գրել կտամ և կուղարկեմ Պրովանս։

Տարօրինա՜կ բան։ Հենց նույն պահին, մի երիտասարդ` Կանկոել հայրիկի եղբորորդիներից մեկը, Վոկլյուզ դեպարտամենտից ոտքով հասել էր իտալական ուղեկալին, որտեղից մտնում էր Փարիզ` փնտրելով իր հորեղբորը։ Այդ երիտասարդի ծնողները, անտեղյակ Պեյրադ հորեղբոր բախտին, երևակայությամբ տարված, մեծ հույսեր էին կապել նրա հետ։ Նրանք ենթադրել էին, որ Պեյրադը եղել է Հնդկաստանում և այնտեղից վերադարձել է, բերելով միլիոններ։ Օջախի կրակի մոտ պատմված այդ վեպից թև Պեյրադի Թեոդոզ անունով՝ այդ կրտսեր զարմիկը, ձեռնարկել է շուրջերկրյա մի ճանապարհորդությունը` երևակայական հորեղբորը գտնելու համար։

Հայրական երջանկությունը մի քանի ժամ վայելելուց հետո, Պեյրադը, մազերը լվացած ու ներկած (պուդրան նրա համար ծպտվելու միջոց էր), հագին՝ մինչև կզակը կոճկած կապույտ, լավ կտորից բաճկոն, փաթաթված սև վերարկուով, ոտքերին հաստ ներբաններով երկարաճիտ կոշիկներ, հատուկ վկայագիր գրպանում, դանդաղորեն քայլում էր Գաբրիել պողոտայի երկայնքով, ուր Կոնտանսոնը, ծպտված բանջարավաճառ կնոջ զգեստով, նրան հանդիպեց Էլիզե-Բուրբոն պալատի պարտեզների մոտ։

— Պարոն դը Սեն-Ժերմեն,— ասաց Կոնտանսոնը` իր նախկին պետին տալով մարտական մականուն,— դուք ինձ հնարավորություն տվիք վաստակելու հինգ հարյուր ֆաս (ֆրանկ), բայց եթե այստեղ ժամապահում եմ, այդ նրա համար է, որպեսզի ձեզ ասեմ, որ նզովյալ բարոնը, այդ հինգ հարյուրն ինձ տալուց առաջ, գնացել է տեղեկություններ ստանալու տանը (պրեֆեկտուրում)։

— Ես, անշուշտ, քո կարիքր կունենամ,— պատասխանեց Պեյրադը։— Տեսնվիր մեր 7,10,21 համարների հետ, մենք թաքուն կարող ենք գործի դնել այդ մարդկանց, որպեսզի չիմանա ոստիկանությունը և ոչ էլ պրեֆեկտուրը։

Կոնտանսոնը մոտեցավ այն կառքին, որի մեջ պարոն դը Նյուսինգենը սպասում էր Պեյրադին։

— Ես պարոն դը Սեն-Ժերմենն եմ,— ասաց հարավցին` բարձրանալով մինչև կառքի դռնակը։

Լա՛վ, պարցրացեք,— պատասխանեց բարոնը և կառապանին հրամայեց քշել Էտուալի հրապարակը` Հաղթական կամարի մոտ։

— Դուք պրեֆեկտո՞ւր եք գնացել, պարոն բարոն, այդ լավ չէ… Կարելի՞ է իմանալ, թե ի՛նչ եք ասել դուք պարոն պրեֆեկտին, և նա ձեզ ի՛նչ է պատասխանել,— հարցրեց Պեյրադը։

Նախկան հինգ հառյուր ֆռանգ դալու Գոնդանզոնի նման մի խաբեբայի, ես գամենում էի իմանալ, թե նա դրան առժանի՞ է... Ես բարզաբես ասացի ոսդիգանության բրեֆեգդին, որ ցանգանում եմ օգդագորցել Բեյրադ անունով մի գորցակալի' պապուկ մի հանցնարուրությամբ, եֆ թե ես գարո՜ղ եմ նրա նկատմամբ ունենալ անսահման հավատկ... Բրեֆեկդը ինց բադասխանեց, որ դուկ ամենաճարբիկ եֆ բարեկշդ մարդկանցից մեգն եք։ Ահա՝ պոլորը։

— Պարոն բարոնը կկամենա՞ ինձ ասել, թե բանն ինչումն է, քանի որ ձեզ հայտնել են իմ իսկական անունը։

Երբ բարոնը, լեհական հրեայի իր սոսկալի ժարգոնով, երկար ու ձանձրալի պատմեց և իր հանդիպման մասին Եսթերի հետ, և կառքի հետևում գտնվող հատուկ սպասավորի կանչի, և իր ապարդյուն ջանքերի մասին, վերջում հայտնեց իր եզրակացությունը, պատմելով այն, ինչ տեղի էր ունեցել նախորդ օրը, իր տանը` Լյուսիեն դը Ռյուբամպրեի ակամա ժպիտը, Բիանշոնի և մի քանի դենդիների համոզմունքն այն մասին, որ անծանոթուհու և այդ երիտասարդի միջև կապ գոյություն ունի։

— Լսեցե՛ք, պարոն բարոն, նախ և առաջ դուք ինձ կտաք տասը հազար ֆրանկ կանխիկ ի հաշիվ ծախսերի, որովհետև այս գործում խնդիրը ձեր կյանքին է վերաբերում, և որովհետև ձեր կյանքը խոշոր գործերի ֆաբրիկա է, հարկավոր է ոչ մի բան զանց չանել այդ կնոջը գտնելու համար։ Ա՜հ, դուք ճանկվել եք։

Այո, ես չանգվել եմ։

— Եթե ավելին հարկավոր լինի, ես ձեզ կասեմ, բարոն. վստահեցեք ինձ,— հարեց Պեյրադը,— մի՛ կարծեք, որ ես լրտես եմ... Ես 1807 թվականին Անտվերպենում եղել եմ ոստիկանության գլխավոր կոմիսար, և հիմա, քանի որ Լյուդովիկոս XVIII-ը մահացել է, կարող եմ ձեզ հայտնել, որ յոթ տարի շարունակ ղեկավարել եմ նրա հակաոստիկանությունը... Ուստի, ինձ հետ չեն սակարկում։ Դուք հիանալի հասկանում եք, պարոն բարոն, որ չի կարելի կազմել խղճմտանքներ գնելու նախահաշիվը` նախքան գործն ուսումնասիրելը։ Հանգի՛ստ եղեք, ինձ կհաջողվի։ Մի կարծեք, որ դուք ինձ կգոհացնեք որևէ գումարով, ես այլ բան եմ ուզում իբր վարձատրություն…

Միայն դե դա չլինի մի տագավորություն,— ասաց բարոնը։

— Ձեզ համար դա դատարկ բան է։

Համացայն եմ։

— Դուք ճանաչո՞ւմ եք Կելլերներին։

Շադ։

— Ֆրանսուա Կելլերը կոմս դը Գոնդրըվիլի փեսան է, և կոմս դը Գոնդրըվիլը երեկ ձեզ մոտ է ճաշել իր փեսայի հետ։

Ո՞ր սադանան է ցեզ ասել...— գոչեց բարոնը։— Երևի Շորշն է, որ շադախոսում է միշդ։

Պեյրադը քմծիծաղ տվեց։ Բանկիրն այն ժամանակ տարօրինակ կասկածներ ունեցավ իր սպասավորի նկատմամբ` նկատելով այդ քմծիծաղը։

— Կոմս դը Գոնդրըվիլն առանց դժվարության կարող է ինձ համար ձեռք բերել մի պաշտոն, որ ես ցանկանում եմ ունենալ ոստիկանության պրեֆեկտուրում։ Այդ պաշտոնի ստեղծման վերաբերյալ երկու օրից հետո պրեֆեկտին կներկայացվի զեկուցագիր,— շարունակեց Պեյրադը։— Խնդրեցե՛ք այդ տեղն ինձ համար, արեք այնպես, որ կոմս դը Գոնդրըվիլը խառնվի այդ գործին, և այն էլ սրտանց, և այդպիսով դուք կհատուցեք այն ծառայության համար, որ ես մատուցելու եմ ձեզ։ Ես ձեզնից միայն ձեր խոսքն եմ ուզում, որովհետև, եթե դուք այն դրժեք, վաղ թե ուշ անիծելու եք ձեր ծնված օրը… Պեյրադի խո՛սքը վկա...

Ես ցեզ բադվի խոսկ եմ դալիս, որ կանեմ հնառավորը...

— Եթե ես ձեզ համար անեի միայն հնարավորը, դա բավական չէր լինի։

Դե լաֆ, ես կգորցեմ անգեխցորեն։

— Անկեղծորե՜ն... Ահա այն բոլորը, ինչ ես ուզում եմ,— ասաց Պեյրադը,— և անկեղծությունը այն միակ, թեպետև մեզ համար անսովոր, նվերն է, որ մենք կարող ենք անել միմյանց։

Անգեխցորեն,— կրկնեց բարոնը։— Ո՞ւր եք գամենում, որ ցեզ դանեմ։

— Լյուդովիկոս XVI-ի կամուրջի ծայրը։

Գամուրչի ցա՛յրը,— ասաց բարոնը իր ուղեկից սպասավորին, որը մոտեցավ կառքի դռնակին։

— «Ուրեմն ես ցեռք կբերեմ անցանոտուհուն»,— ասաց ինքն իրեն բարոնը հեռանալով։

«— Ի՜նչ տարօրինակ բան,— յուրովի ասում էր Պեյրադը, ոտքով վերադառնալով Պալե-Ռոյալ, ուր նա մտադրություն ուներ խաղում եռապատկել տասը հազար ֆրանկը, որպեսզի օժիտ պատրաստի Լիդիի համար։— Ահավասիկ, ես հարկադրված եմ քննել այն երիտասարդի փոքրիկ գործերը, որի մի հայացքը կախարդել է իմ աղջկան։ Դա, անտարակույս, մեկն է այն տղամարդկանցից, որոնք աչքով են տալիս կանանց,— ասաց մտովի, գործածելով սեփական ժարգոնի արտահայտություններից մեկը, մի ժարգոն, որն օգնում էր նրան և Կորանտենին՝ ամփոփել իրենց դիտողություններն այնպես, որ թեև դրանով լեզուն հաճախ էր բռնադատվում, բայց ավելի ազդու և պատկերավոր էր դառնում։

Երբ բարոն դը Նյուսինգենը տուն հասավ, անճանաչելի էր դարձել. նա զարմացրեց իր սպասավորներին և կնոջը. նրա դեմքը փայլում էր, աշխույժ էր, զվարթ։

Վա՜յ մեր ակցիոներներին,— ասաց դյու Տիյեն Ռաստինյակին։

Այդ պահին, օպերայից վերադառնալուց հետո, թեյ էին խմում Դելֆին դը Նյուսինգենի փոքրիկ հյուրասրահում։

Այո,— ժպտալով ասաց բարոնը, որը որսաց իր ընկերակցի կատակախոսությունը,— այժմ ցանգություն ունեմ գորցերով զբախվելու։

— Ուրեմն դուք տեսե՞լ եք ձեր անծանոթուհուն,— հարցրեց տիկին դը Նյուսինգենը։

Ոչ,— պատասխանեց ամուսինը,— ես միայն խույս ունեմ նրան գդնել։

— Երբևէ իրենց կնոջն այդպես սիրո՞ւմ են...— բացականչեց տիկին դը Նյուսինգենը, մի փոքր խանդ զգալով, կամ ձևացնելով, որ խանդում է։

— Երբ նրան ձեռք բերենք,— ասաց դյու Տիյեն բարոնին,— մեզ ընթրիքի կհրավիրեք նրա հետ, որովհետև հետաքրքիր է զննել այն արարածին, որը կարողացել է ձեզ այդպես երիտասարդացնել։

Դա սդեխցագորցության մի գլուխգործոց է,— ասաց ծեր բանկիրը։

— Նա թակարդը կընկնի, ինչպես մի մանուկ,— ասաց Ռաստինյակը Դելֆինի ականջին։

— Վա՛հ, նա բավականաչափ շատ է վաստակում, որպեսզի...

— Որպեսզի մի փոքր վերադարձնի, այնպես չէ՞,— ասաց դյու Տիյեն` ընդհատելով բարոնուհուն։

Նյուսինգենը անցուդարձ էր անում հյուրասրահում, ասես ոտքերը քոր էին գալիս։

— Իսկական ժամանակն է, որ դուք հարկադրեք նրան վճարել ձեր նոր պարտքերը,— ասաց Ռաստինյակը բարոնուհու ականջին։

Հենց նույն պահին, Կարլոսը, հույսերով լի, հեռանում էր Տեբու փողոցից. նա եկել էր իր վերջին կարգադրություններն անելու Եվրոպային, որը պետք էր գլխավոր դերը խաղար բարոն դը Նյուսինգենին խաբելու համար մտահղացված կոմեդիայում։ Լյուսիենը նրան ուղեկցեց մինչև բուլվար. երիտասարդը շատ էր անհանգիստ, տեսնելով այդ կիսադևին կատարելապես ծպտված, որին ճանաչեց լոկ ձայնից։

— Գրողը տանի, ո՞րտեղից ես դու գտել Եսթերից ավելի գեղեցիկ այդ կնոջը,— ասաց իր ապականիչին։

— Մանկիկս, այդպիսին Փարիզում չես ճարի։ Այդ գույնի դեմք Ֆրանսիայում չի պատրաստվում։

— Հենց դրա համար էլ ես մինչև հիմա շշմած եմ... Կալիբիգայի Վեներան նրա չափ բարեձև չէ։ Նրա համար մարդս իր հոգին չի խնայի... Բայց, ո՞րտեղից ես ճարել։

— Դա Լոնդոնի գեղեցկագույն աղջիկն է։ Ջինով հարբած, խանդի նոպայով բռնված, նա սպանել է իր սիրեկանին։ Սիրեկանը թշվառականի մեկն էր, որից Լոնդոնի ոստիկանությունն ազատվել է, իսկ այդ աղջկան մի որոշ ժամանակ Փարիզ են ուղարկել, որպեսզի գործը մոռացության տրվի... Անպիտան կինը շատ լավ դաստիարակություն է ստացել։ Նա ինչ-որ նախարարի աղջիկ է և այնպես է ֆրանսերեն խոսում, ասես իր մայրենի լեզուն լինի. նա չգիտի և երբեք չի իմանալու, թե ինչու է այստեղ։ Նրան ասել են, որ եթե քեզ դուր գա, կարող է խժռել քո միլիոնները, բայց ասել են նաև, որ դու վագրի պես խանդոտ ես, դրա համար էլ նրան առաջարկված է Եսթերի ապրելակերպն ունենալ։

— Իսկ եթե Նյուսինգենը նախապատվությունը նրան տա Եսթերի փոխարեն...

— Ա՜յ թե դու ինչի՛ն հասար...— բացականչեց Կարլոսը։ — Դու հիմա վախենում ես, որ չլինի թե հանկարծ այսօր չիրագործվի այն, ինչ երեկ քեզ այնքան սարսափեցնում էր։ Հանգի՛ստ եղիր։ Այդ խարտյաշ ու սպիտակ աղջիկը կապուտաչյա է, նա գեղանի հրեուհու հակապատկերն է, և միայն Եսթերի աչքերի նման աչքերը կարող են հուզել Նյուսինգենի պես մի փտած մարդու։ Գրո՛ղը տանի, դու հո չէիր կարող մարդկանցից թաքցնել մի տգեղ աղջկա։ Երբ այդ տիկնիկը խաղա իր դերը, ես նրան վստահելի մի մարդու ուղեկցությամբ կուղարկեմ Հռոմ կամ Մադրիդ, թող այնտեղ կրքերը բորբոքի։

— Քանի որ նա կարճ ժամանակով է մեզ մոտ, ես վերադառնում եմ այնտեղ...

— Գնա՛, տղաս, զվարճացի՛ր։ Վաղվա օրն էլ քո տրամադրության տակն է։ Իսկ ես սպասում եմ մեկին, որին հանձնարարել եմ իմանալ, թե ինչ է կատարվում՝ բարոն դը Նյուսինգենի տանը։

— Ո՞վ է։

— Նրա սենեկապանի սիրուհին, չէ՞ որ հարկավոր է ամեն րոպե իմանալ, թե ինչ է կատարվում թշնամու մոտ։

Կեսգիշերին Պակկարը, Եսթերի թիկնապահ սպասավորը, Կարլոսին գտավ Արվեստների կամուրջի վրա, Փարիզի ամենանպաստավոր վայրում, ուր կարելի է, առանց ուրիշներից նկատվելու, զրուցել։ Զրուցելով հանդերձ` սպասավորը նայում էր մի կողմ, իսկ իր տերը՝ հակառակ կողմը։

— Բարոնն այս առավոտ ժամը չորսից հինգը եղել է ոստիկանության պրեֆեկտուրում,— ասաց սպասավորը,— իսկ այս երեկո պարծեցել է, որ կգտնի այն կնոջը, որին տեսել է Վենսենի անտառում, իբր նրան խոստացել են...

— Մեզ լրտեսելու են,— ասաց Կարլոսը,— Բայց ո՞վ։

— Արդեն դիմել են առևտրական կատարածու Լուշարի օգնությանը։

— Նրանից վախենալը երեխայություն է, — պատասխանեց Կարլոսր։— Մենք երկյուղ պիտի ունենանք միայն ապահովության բրիգադից, քրեական ոստիկանությունից, և քանի որ նա չի գործում, մե՛նք կարող ենք գործել...

— Կա մի ուրիշ բան։

— Ի՞նչ։

Մարգագետնի բարեկամները... Երեկ ես տեսա Մաքրագործին... Նա պաղեցրել է մի ընտանիք։ Նրա մոտ տասը հազար դեղին կա... հնգանոցներով...

— Նրան կձերբակալեն,— ասաց Ժակ Կոլենը.— դա Բուշեր փողոցի սպանությունն է։

— Ի՞նչ հրաման ունեք,— հարցրեց Պակկարը հարգալից, ինչպիսի հարգանք երևի կունենար մարշալը, երբ ներկայանար Լյուդովիկոս XVIII-ին՝ հրամաններ ստանալու համար։

— Դուք ամեն երեկո ժամը տասին կառքով դուրս կգաք,— պատասխանեց կեղծ աբբան,— արագ րնթացքով կգնաք Վենսենի անտառը, Մեդոնի և Վիլ-դ'Ավրեի անտառները։ Եթե որևէ մեկը ձեզ հետևի ու հետապնդի, մի՛ հակառակվի, եղի՛ր քաղցրաբարո, զրուցասեր, կաշառվող։ Դու կխոսես դը Ռյուբամպրեի խանդի մասին, կասես, որ նա գժվում է տիկնոջ համար և, մանավանդ, որ չի ուզում աշխարհիկ հասարակության մեջ իմանան, թե ինքն այդպիսի սիրուհի ունի։

— Հասկանալի է։ Հարկավո՞ր է զինվել։

— Երբեք,— սաստող ձայնով ասաց Կարլոսը։— Զե՜նք… Ինչի է պետք. դա միայն կարող է դժբախտություն պատճառել։ Ո՛չ մի պարագայում մի օգտագործիր որսորդական քո դանակր։ Քանի որ կարելի է ամենաուժեղ մարդու սրունքները փշրել այն հարվածով, որ ես քեզ ցույց եմ տվել... երբ կարելի է կռվել երեք զինված ոստիկանի հետ և լիակատար համոզված լինել, որ գետին կտապալես երկուսին, նախքան նրանք դուրս կքաշեն իրենց թրերը, էլ ինչի՞ց վախենալ։ Չէ՞ որ քեզ հետ է քո մահակր։

— Ճիշտ է,— ասաց սպասավորը։

Պակկարը, որի մականունն էր «Հին գվարդիական», «Կտրիճ», «Լավ տղա», երկաթյա սրունքներով, պողպատյա բազուկներով մի մարդ էր, որն ուներ իտալական այտամորուք, արտիստական մազեր, սակրավորի մորուք. նրա դեմքը գունատ ու անկիրք, ինչպես Կոնտանսոնի դեմքը, իր ամբողջ մոլեգնությունը պահում էր ներսում. նա ուներ թմբկահարի կեցվածք, որը ոչ մի կասկած չէր հարուցում։ Պուասիից կամ Մելոնից փախած տաժանապարտր չունի այդ լուրջ ինքնահաճությունը և այդ հավատը դեպի իր արժանիքը։ Կարլոսի տաժանավայրի այդ Հարուն-ալ-Ռաշիդի, այս Ջաֆարը անկեղծորեն հիանում էր իր տիրոջով, ինչպես Պեյրադը՝ Կորանտենով։ Չափազանց երկարասրունք, ոչ լայն կրծքով, ոսկորների վրա առանց ավելորդ մսի այդ վիթխարի մարդը լուրջ արտահայտությամբ քայլում էր իր երկու ձողանման ոտքերով։ Երբեք նրա աջ ոտքը չէր շարժվում, քանի դեռ նրա աջ աչքը չէր ուսումնասիրել շրջապատի իրադրությունն այնպիսի հանգիստ արագությամբ, որ գողերին ու լրտեսներին է հատուկ։ Ձախ աչքն ընդօրինակում էր աջին։ Ամեն քայլին՝ մի հայացք։ Չոր, թեթևաշարժ, պատրաստ ամեն բանի և ամեն ժամին, և եթե չունենար «քաջերի ըմպելիք» կոչվող անձնական թշնամին, Պակկարը կատարյալ կլիներ, ասում էր Ժակը, այնքան նա օժտված էր այն տաղանդով, որ անհրաժեշտ է հասարակության դեմ կռվի ելած մարդու համար. բայց տիրոջը հաջողվել էր համոզել ստրուկին՝ թշնամական ուժին հանձնվել միայն երեկոներին։ Տուն վերադառնալիս Պակկարը ծծում էր ոսկե հեղուկը, որ նրան փոքրիկ բաժակներով մատակարարում էր Դանցիգից եկած խեցիի գույնի հաստափոր մի աղջիկ։

— Մենք մեր աչքը չենք փակի,— ասաց Պակկարը, նորից գլխին դնելով փետրազարդ իր շքեղ գլխարկը և հրաժեշտ տալով նրան, որին նա անվանում էր իր խոստովանահայրը։

Ահա թե ինչ անցքերի շնորհիվ իրար պիտի բախվեին Ժակ Կոլենը, Պեյրադը և Կորանտենը, երեքն էլ իրենց ուրույն բնագավառում հավասարապես ուժեղ մարդիկ։ Նրանց վիճակված էր մարտնչել նույն ռազմադաշտում և իրենց տաղանդը ծավալել մի պայքարում, որտեղ յուրաքանչյուրը ղեկավարվում էր իր կրքերով կամ իր շահերով։ Դա մեկն էր անհայտ, բայց ահարկու այն ճակատամարտերից, որտեղ այնքան տաղանդ, ատելություն, ցասում, գրոհ ու հակագրոհ, խորամանկություն, այնքան լարված ուժեր են պահանջվում, որքան հարկավոր է լինում որևէ հարստության տիրանալու համար։ Պեյրադը գաղտնի էր պահում մարդկանց անուններն ու պայքարի միջոցները, և Կորանտենն օգնում էր նրան այդ ձեռնարկության մեջ, որ նրանց համար մանկական խաղ էր։ Դրա համար բարոն դը Նյուսինգենի և Պեյրադի՝ Շանզ-Էլիզեում ունեցած հանդիպումից հինգ օր հետո, մի առավոտ, գրեթե պետական նախարարի արտաքինով, հիսուն տարեկանի մոտ մի մարդ, բավական կիրթ շարժուձևով, հագին՝ կապույտ զգեստ, շսլարի սպիտակությամբ դեմքով, որը հատուկ է աշխարհիկ կյանք վարող դիվանագետին, իջավ պերճաշուք մի կաբրիոլետից, սպասավորին նետելով սանձերը։ Շքամուտքի նստարանի մոտ կանգնած սսլասավորին նա հարցրեց, թե կարելի՞ է տեսնել պարոն դը Նյուրինգենին. սպասավորը նրա առջև հարգալից բաց արավ ապակեպատ, հոյակապ դուռը։

— Ինչպե՞ս կհրամայեք զեկուցել, պարոն,— ասաց սպասավորը։

— Ասացեք բարոնին, որ ես գալիս եմ Գաբրիել պողոտայից,— պատասխանեց Կորանտենը։— Եթե կողմնակի մարդիկ լինեն, զգուշացեք այդ բառերն արտասանել բարձր ձայնով, թե չէ ձեզ կարտաքսեն։

Մի րոպեից հետո սպասավորը վերադարձավ և ներքին հարկաբաժինների միջով Կորանտենին առաջնորդեց բարոնի առանձնասենյակը։ Կորանտենի անթափանցելի հայացքը հանդիպեց բանկիրի նույնպիսի հայացքին, և նրանք պատշաճորեն իրար ողջունեցին։

— Պարոն բարոն,— ասաց նա,— ես եկել եմ Պեյրադի կողմից...

Լա՜ֆ,— ասաց բարոնը և գնաց ամրացնելու երկու դռների նիգերը։

— Պարոն դը Ռյուբամպրեի սիրուհին ապրում է Տեբու փողոցում, գլխավոր դատախազ պարոն դը Գրանվիլի նախկին սիրուհու՝ օրիորդ դը Բելֆյոյի բնակարանում։

Ա՜խ, ինց այդկան մոդ,— բացականչեց բարոնը,— ի՜նչ դարօրինակ բան։

— Ինձ համար դժվար չէ հավատալ, որ դուք գժվել եք այդ պաշտելի անձնավորության համար, ես նրան տեսնելու հաճույքն ունեցա,— պատասխանեց Կորանտենը։— Լյուսիենն այնքան է խանդում այդ աղջկան, որ արգելում է նրան երևալ, և երիտասարդը շատ է սիրված նրանից, որովհետև ահա չորս տարի է, ինչ այդ աղջիկը բնակվում է Բելֆյոյի բնակարանում, նույն կարգուսարքում և պայմաններում, բայց ո՛չ նրա հարևանները, ո՛չ դռնապանը, ո՛չ էլ տան վարձկալները երբեք նրան չեն տեսել. իշխանադուստրը զբոսնում է միայն գիշերները։ Երբ նա դուրս է գալիս, կառքի վարագույրներն իջեցված են լինում, և տիկինր քողով է։ Լյուսիենը միայն խանդի պատճառով չէ, որ թաքցնում է այդ կնոջը. նա պետք է ամուսնանա Կլոտիլդ դը Գրանլյոյի հետ և հիմա տիկին դը Սերիզիի մտերիմ սիրելին է։ Բնականաբար, նա թանկ է գնահատում թե իր ցուցադրովի սիրուհուն և թե իր հարսնացուին։ Այնպես որ, դուք դրության տերն եք, որովհետև Լյուսիենը իր հաճույքները կզոհաբերի իր շահերին ու սնափառությանը։ Դուք հարուստ եք, հարցը վերաբերում է, հավանաբար, ձեր վերջին երջանկությանը, ուրեմն եղեք առատաձեռն։ Դուք ձեր նպատակին կհասնեք նրա սպասուհու միջոցով։ Տվեք մի տասը հազար ֆրանկ այդ սուբրետուհուն, նա ձեզ կթաքցնի իր տիրուհու ննջարանում, իսկ ձեզ համար դա կլինի ձեր ծախսերի հատուցումը։

Հռետորական ոչ մի դարձվածք չի կարող վերարտադրել Կորանտենի ընդհատ, պարզորոշ և անառարկելի ճառը, ըստ երևույթին, բարոնը որսաց այդ ճառի տոնը, որովհետև նրա անզգա դեմքը զարմանք արտահայտեց։

— Ես եկել եմ հինգ հազար ֆրանկ խնդրելու իմ բարեկամ Պեյրադի համար, որը կորցրել է ձեր տված հինգ բանկային տոմսերը... Փոքրի՜կ անախորժություն,-շարունակեց Կորանտենը, հրամայողական տոնով,— Պեյրադը չափազանց լավ է ճանաչում Փարիզը և ազդարարությունների համար ծախսեր չի անի, նրա հույսը դուք եք։ Բայց կարևորագույնն այդ չէ,— ասաց Կորանտենն անփույթ տոնով, ձևացնելով, որ իբր թե փող խնդրելու հարցին հատուկ նշանակություն չի տալիս։— Եթե դուք չեք կամենում ձեր ծերության օրերին վիշտ ունենալ, ձեռք բերեք Պեյրադի համար այն պաշտոնը, որը նա խնդրել է ձեզնից, իսկ դուք այդ հեշտությամբ կարող եք գլուխ բերել։ Թագավորության ոստիկանության պետն այդ խնդրի մասին երեկ զեկուցագիր պետք է ստանար։ Մնում է միայն Գոնդրըվիլի միջոցով այդ մասին խոսել պրեֆեկտի հետ։ Այդպես ուրեմն, ասացեք Մալենին, Գենդրըվիլի կոմսին, որ նա պետք է ծառայություն մատուցի ա՛յն մարդուն, որը մեկն է եղել պարոնայք դը Սիմյոզներից նրան ազատող մարդկանցից, և նա կգործի...

Ահաֆասիկ, պառոն,— ասաց բարոնը, և հանելով հինգ հատ հազար ֆրանկանոց դրամատոմսեր, տվեց Կորանտենին։

— Սպասուհին մի լավ բարեկամ ունի հանձին մի բարձրահասակ շասյորի[16], Պակկար անունով, որն ապրում է Պրովանս փողոցում, մի կառագործի մոտ, և սպասարկում է բոլոր նրանց, ովքեր իշխանական հովեր են ուզում առնել։ Դուք տիկին Վան Բոկսեկի սպասուհուն կգտնեք Պակկարի միջոցով, պրիեմոնտցի մի ստահակ, որը շատ է սիրում վերմութ խմել։

Ակներևաբար, այդ գաղտնասացությունը, որպես վայելչորեն նետված poste-scriptum[17]. հենց հինգ հազար ֆրանկ էր գնահատվում։

Բարոնր փորձում էր հասկանալ, թե մարդկանց որ տեսակին էր պատկանում Կորանտենը, որն իր մտավոր զարգացմամբ ավելի շուտ նման էր լրտեսության գործը կազմակերպողի, քան լրտեսի, բայց Կորանտենը նրա համար մնաց այնպիսին, ինչպիսին է հնագետի համար այն արձանագրությունը, որի տառերի առնվազն երեք քառորդ մասը ջնջված է։

Ինչպե՞ս է սբասուհու անունը,— հարցրեց բարոնը։

— Էժենի,— պատասխանեց Կորանտենը և, հրաժեշտ տալով բարոնին, դուրս եկավ։

Բարոն դը Նյուսինգենը, ուրախությամբ համակված, թողեց իր գործերը, գրասենյակը և բարձրացավ իր բնակարանն այն երջանիկ վիճակում, որ քսանամյա երիտասարդին է հատուկ, երբ սա մոտենում է առաջին սիրուհու հետ ունենալիք առաջին տեսակցության բերկրալի ժամին։

Բարոնն անձնական դրամարկղից վերցրեց հազարֆրանկանոց բոլոր դրամատոմսերը, ընդամենր հիսունհինգ հազար ֆրանկ, մի գումար, որով կարող էր մի ամբողջ գյուղ երջանկացնել, և դրեց գրպանը։ Բայց միլիոնատերերի շռայլությունը կարող է համեմատվել միայն շահ ձեռք բերելու նրանց անհագության հետ։ Հենց որ հարցը վերաբերում է մի քմահաճույքի, մի կրքի, դրամն այլևս ոչինչ է կրեսոսների համար. արդարև, նրանց համար ավելի դժվար է քմայքներ ունենալ, քան ոսկի։ Վայելքը խիստ հազվագյուտ բան է այդ հղփացած կյանքում, որը լի է բորսային խոշոր խաղերի պատճառած հուզումներով, խաղեր, որոնցով են կշտանում այդ չոր սրտերը։

Ահա ձեզ մի օրինակ։

Փարիզի ամենահարուստ կապիտալիստներից մեկը, որը, ի դեպ, հայտնի էր իր արտառոց քմայքներով, մի անգամ բուլվարներից մեկում հանդիպում է չափազանց սիրուն դեռատի մի բանվորուհու։ Այդ գրիզետուհին, մոր ուղեկցությամբ, քայլում էր մի երիտասարդի հետ, որի հագին բավականին կասկածելի հագուստ կար և թեթևսոլիկ ճոճում էր զիստերը։ Առաջին իսկ հայացքից միլիոնատերը սիրահարվում է փարիզուհուն, հետևում է նրան մինչև տուն, ներս է մտնում և պահանջում, որ աղջիկը պատմի իր կյանքի մասին, մի կյանք, ուր Մաբիլի պարասրահի պարերին հաջորդում են օրեր` առանց մի կտոր հացի, իսկ զվարճություններին՝ ծանր աշխատանքը։ Նա կարեկցում է այդ աղջկան և հարյուր սուանոց մի դրամատոմսի տակ թողնում է հինգ հատ հազարանոց։ Ինչպիսի ՜ խայտառակ առատաձեռնություն։ Հաջորդ օրը նշանավոր պաստառիչ Բրաշոն գալիս է գրիզետուհու մոտ՝ նրա կարգադրություններն ստանալու, կահավորում է նրա ընտրած բնակարանը, որի վրա ծախսում է քսան հազար ֆրանկ։ Բանվորուհին անձնատուր է լինում ցնորական հույսերի. նա վայելուչ հագցնում է մորը, հույս է փայփայում, որ իր նախկին սիրածին կտեղավորի ապահովագրական գրասենյակում։ Նա սպասում է… մեկ օր, երկու օր, ապա մի շաբաթ... երկու շաբաթ։ Նա մտածում է, որ պարտավոր է հավատարիմ մնալ, պարտքեր է անում։ Կապիտալիստը, կանչված լինելով Հոլանդիա, մոռացել էր բանվորուհուն. նա ոչ մի անգամ չգնաց այն դրախտը, որտեղ տեղավորել էր աղջկան, և որտեղից այդ աղջիկը նորից այնքան ցած ընկավ, որքան կարելի է ընկնել Փարիզում։

Նյուսինգենը չէր խաղում, Նյուսինգենը չէր հովանավորում արվեստները, Նյուսինգենը ոչ մի քմայք չուներ, ուստի նա պետք է որ կուրորեն նետվեր Եսթերի նկատմամբ ունեցած կրքի մեջ, և հենց դրա վրա էր հույս դրել Կարլոս Էրրերան։

Նախաճաշից հետո բարոնը կանչել տվեց իր սենեկապան Ժորժին և հրամայեց նրան գնալ Տեբու փողոցը և խնդրել օրիորդ Էժենիին՝ տիկին Վան Բոգսեկի սպասուհուն, մի կարևոր գործով անցնել իր գրասենյակը։

Դու կուխեկցես այդ ախչկան եֆ կբառցրացնես իմ սենյագը. նրան կասես, որ նրա հառստությունը աբահովվաց է։

Ժորժը շատ ճիգ թափեց, որպեսզի համոզի Եվրոպա-Էժենիին գալու։ Տիկինը, ասաց Եվրոպան սպասավորին, նրան երբեք չի թույլատրում դուրս գալ, եթե դուրս գա, կկորցնի տեղը, և այլն, և այլն։ Այդ պատճառով Ժորժը բարձր գնահատեց իր ծառայությունները բարոնի մոտ, որը նրան տվեց տասը ոսկի։

— Եթե տիկինն այս գիշեր դուրս գա առանց աղախնի,— ասաց Ժորժը տիրոջր, որի աչքերը կարմիր հակինթի պես փայլեցին,— ապա Էժենին կգա ժամը տասի մոտ։

Լաֆ, Ժամը իննին կգաս ինց կհակցնես, հարկաֆոր է սանդռվել, որովհետեֆ ես ուզում եմ որկան գարելի է, աֆելի գեխեցիկ լինել... Ես գարցում եմ, որ կդեսնեմ իմ սիրուհուն, այլաբես պոխը պոխ չէ...

Ժամը տասներկուսից մինչև մեկը բարոնը ներկեց իր մազերն ու այտամորուսը։ Ճաշից առաջ լոգանք ընդունելուց հետո, ժամը իննին զուգվեց ինչպես մի նորապսակ, օծվեց, պճնվեց։ Տիկին դը Նյուսինգենը, տեղեկանալով այդ կերպարանափոխության մասին, իրեն հաճույք պատճառեց տեսնել իր ամուսնուն։

— Աստվա՜ծ իմ,— ասաց նա,— ի՜նչ ծիծաղելին եք... Կապեցեք գոնե սև փողկապ՝ այդ սպիտակի փոխարեն, չէ՞ որ դրանից ձեր այտամորուսն ավելի կոշտ է երևում։ Եվ, բացի այդ, դա կայսրության ոճով է, ավելի ծերունավայել, և դուք դատական պալատի նախկին խորհրդականի տեսք կունենաք։ Հանեցեք ձեր ադամանդյա կոճակները, որոնցից յուրաքանչյուրը հարյուր հազար ֆրանկ արժե. այդ կապիկը պիտի ուզենա վերցնել, և դուք չպիտի կարողանաք մերժել, իսկ դրանք մի պատահական աղջկա պարգևելու փոխարեն, ավելի լավ կլինի, որ ես կրեմ իմ ականջներին։ Խեղճ ֆինանսիստը, շշմած իր կնոջ ճիշտ դիտողություններից, դժկամությամբ հնազանդվում էր նրան։

Ցիցախելի՜, ցիցախելի՜... Իսկ ես երպեկ չեմ ասել, որ դուկ ցիցախելի եք, երբ հակնվում եք ցեր ուզացի բես, ցեր պոկրիկ պարոն դը Ռասդենյակի համար։

— Ես հույս ունեմ, որ դուք ինձ երբեք ծիծաղելի չեք գտել։ Մի՞թե ես այնպիսի կին եմ, որ ուղղագրական սխալներ կատարեմ արդուզարդի մեջ։ Դե՛, շուռ եկեք տեսնեմ։ Կոճկեցեք ձեր ֆրակը մինչև վերը, բացի վերևի երկու կոճակից, ինչպես անում է դուքս դը Մոֆրինյոզը։ Մի խոսքով, ջանացեք երիտասարդ երևալ։

— Պարոն,— ասաց Ժորժը,— ահավասիկ օրիորդ Էժենին։

Կնաս պարով, դիկին,— գոչեց բարոնը։

Նա ուղեկցեց կնոջը մինչև իրենց հարկաբաժինների սահմաններից այն կողմ, համոզված լինելու համար, որ նա ականջ չի դնի զրույցին։ Վերադարձին, բարոնը բռնեց Եվրոպայի ձեռքը և հեգնական մի հարգանքով նրան տարավ իր սենյակը։

Դե լաֆ պոկրիկս, դուկ շադ երչանիկ եք, որ ցառայության մեջ եք դիեզերկի ամենասիռուն կնոջ մոդ։ Ցեր հառստությունը աբահովվաց է, եթե դուկ ուզենաք խոսել իմ օգդին։

— Ես այդ չեմ անի նույնիսկ տասը հազար ֆրանկով,— բացականչեց Եվրոպան,— դուք հասկանում եք, պարոն բարոն, որ ես ամենից առաջ պարկեշտ աղջիկ եմ։

Այո, ես էլ ցեր բարկեշդության համար լաֆ կվչարեմ։ Ինչպես առևդրի մեչ են ասում, դա հազվագյուդ բան է։

— Դա դեռ բոլորը չէ,— ասաց Եվրոպան։— Եթե պարոնը դուր չգա տիկնոջը, իսկ դա հնարավոր է, նա կբարկանա և ինձ կվռնդի... Իսկ իմ տեղն ինձ տալիս է տարեկան հազար ֆրանկ։

Դալիս եմ հազար ֆռանգ գաբիտալ և էլի քսան հազար. դուկ ոչինչ չեք կորցնի։

— Ազնիվ խոսք, քանի որ հարցը դրան հասավ, հայրիկ, դա բոլորովին փոխում է գործը։ Որտե՞ղ են փողերը։

Ահաֆասիկ,— պատասխանեց բարոնը` մեկ առ մեկ ցույց տալով ղրամատոմսերը։

Բարոնը տեսնում էր, թե ինչպես էին Եվրոպայի աչքերը բոցավառվում յուրաքանչյուր դրամատոմսից և մատնում աղջկա ընչաքաղցությունը, որը չէր վրիպում բանկիրի աչքից։

— Դուք վճարում եք տեղի համար, բայց պարկեշտությո՞ւնը, խղճմտա՞նքը...— ասաց Եվրոպան, բարձրացնելով իր խորամանկ դեմքը և ուղղելով բարոնին seria-buffa[18] մի հայացք։

Խխչմտանքը տեխից էժան է, բայց աֆելացնենք էլի հինգ հագառ ֆռանգ,— ասաց բարոնը` ավելացնելով հազար ֆրանկանոց հինգ տոմս ևս։

— Ո՛չ, քսան հազար ֆրանկ խղճմտանքի համար և հինգ հազար` տեղի համար, եթե ես այն կորցնեմ...

— Խամացայն եմ...— ասաց բարոնը` ավելացնելով հինգ տոմս ևս.— Բայց որբեսզի վաստագես դրանք, կիշերը պետք է ինց թակցնես քn դիրուհու սենյագում, երբ նա մենագ լինի...

— Եթե դուք ինձ խոստանաք, որ երբեք չեք ասի, թե ով է ձեզ ներս ընդունել, ես համաձայն եմ։ Բայց ես ձեզ նախազգուշացնում եմ, տիկինը շատ ուժով է, նա գժի պես սիրում է պարոն դը Ռյուբամպրեին, և եթե դուք նրան մի միլիոն էլ տալու լինեք, նա չի դավաճանի նրան… Հիմար բան է, բայց այդպես է նրա բնավորությունը. երբ սիրում է, անմատչելի է ամենապարկեշտ կնոջ պես։ Երբ նա պարոնի հետ զբոսանքի է գնում անտառներ, հազվադեպ է լինում, որ վերադարձին պարոնը գիշերը մնա տանը. այս երեկո նրանք միասին են դուրս եկել, ուրեմն ես կարող եմ ձեզ թաքցնել իմ սենյակում։ Եթե տիկինը մենակ վերադառնա, ես կգամ ձեր ետևից, դուք կսպասեք հյուրասրահում. ես չեմ կողպի ննջարանի դուռը, իսկ մնացածը… հը՜մ, մնացածը ձեր գործն է... Պատրա՛ստ եղեք։

Քսանհինգհազառ ֆռանգ ես քեզ կդամ հյուռասրահում... Կդամ, կդամ։

— Ա՜հ,— ասաց Եվրոպան,— ի՜նչ կասկածամիտն եք… Ներեցեք, մի քիչ...

Դու շադ առիդներ կունենաս ինցնից գորզելու... Մենք կցանոտանանք։

— Դե՛ լավ, կեսգիշերին եղեք Տեբու փողոցում։ Բայց ձեզ հետ վերցրեք երեսուն հազար ֆրանկ. սպասուհու ազնվությունը, ինչպես կառքը, ավելի թանկ է կեսգիշերից հետո։

Զկուշության համար ես քեզ կդամ մի չեգ պանքի վրա։

— Ո՛չ, ո՛չ, տվեք ինձ դրամատոմսեր, այլապես բան դուրս չի գա...

Գիշերվա ժամը մեկին, բարոն դը Նյուսինգենը թաքնվեց Եվրոպային հատկացված ձեղնահարկում, համակված այն տղամարդու բոլոր տագնապներով, որին հաջողվում է սիրային արկածը։ Նա ապրում էր, նրա արյունը, թվում էր, թե եռ է գալիս ոտքերում, և նրա գլուխը պատրաստ է պայթելու, ինչպես խիստ տաքացրած շոգեմեքենա...

Ես հոկեբես աֆելի վայելք զկածի, քան գարելի էր զկալ հարյուր հազար ֆրանգով,— ասում էր նա դյու Տիյին, այդ արկածի մասին պատմելիս։

Նա ունկնդրեց փողոցի ամենափոքր աղմուկին և գիշերվա ժամը երկուսին լսեց իր սիրուհու կառքի դղրդոցը, որ նրա ականջին հասավ բուլվարից։ Երբ դարպասը շուռ եկավ իր ծխնիների վրա, նրա սիրտն այնպես բաբախեց, որ շարժվեց բաճկոնակի մետաքսը. ուրեմն նա վերստին տեսնելու էր Եսթերի երկնային, վառվռուն կերպարանքը... Նրա սրտում արձագանքեց կառքի աստիճանն իջեցնելու, դռնակը բացելու և փակելու աղմուկր։ Երանելի րոպեի սպասումը նրան ավելի էր հուզում, քան եթե հարցը վերաբերեր իր հարստությունը կորցնելուն։

Ա՜խ,— բացականչեց,— ահա այս է գյանքը։ Այս աֆելին է, քան գյանքը, ես ոչ մի բանի ընդունագ չեմ լինի։

— Տիկինը մենակ է, ցա՛ծ իջեք,— ասաց Եվրոպան, հայտնվելով։— Բայց զգույշ, աղմուկ մի հանեք, չա՛ղ փիղ։

Չախ պիխ,— ծիծաղելով կրկնեց բարոնը` ասես շիկացած երկաթաձողերի վրայով քայլելով։

Եվրոպան գնում էր առջևից, ձեռքին մի աշտանակ։

Վեռցրո՛ւ, հաշֆի՛ր,— ասաց բարոնը, Եվրոպային պարզելով դրամատոմսերը, երբ մտան հյուրասրահ։

Եվրոպան լուրջ տեսքով վերցրեց երեսուն տոմսերը և դուրս եկավ, դուռը փակելով բանկիրի վրա։ Նյուսինգենը ուղիղ գնաց ննջարան, այնտեղ գտավ գեղանի անգլուհուն, որն ասաց.

— Այդ դո՞ւ ես, Լյուսիե՛ն։

Ոչ, կեխանի մանգիկ...— բացականչեց Նյուսինգենը` խոսքը թողնելով կիսատ։

Նա շվարեց, տեսնելով մի կնոջ, որը բացարձակապես Եսթերի հակապատկերն էր. խարտյաշ մազեր` սև մազերի փոխարեն, հիասքանչ փխրունություն՝ ուժի փոխարեն, բրիտանական քնքուշ գիշեր՝ արաբական հուրհրան արեգակի փոխարեն։

— Այս ի՞նչ է, որտեղի՞ց եք գալիս... Ո՞վ եք դուք... ի՞նչ եք ուզում,— ասաց անգլուհին, զանգահարելով, թեև զանգերը ոչ մի հնչյուն չարձակեցին։

Ես բամպակել եմ զանկակները, բայց մի՛ վախենաք երպեք... Ես հիմա կհեռանամ,— ասաց բարոնը։— Ջուրը դարավ իմ երեսուն հազառ ֆռանգը։ Դուկ, իսկապես, Լիսիեն դը Ռիբամպրեի սիռուհի՞ն եք։

— Մի փոքր, իմ քեռու տղա,— ասաց անգլուհին, որը ֆրանսերեն լավ էր խոսում։— Պայց ոֆ եք դուկ,— ասաց նա`նմանեցնելով Նյուսինգենի խոսելաձևին։

Լաֆ խապված մի մառդ,— պատասխանեց բանկիրը խղճալիորեն։

Մի՜թե սիռուն կին ցեռկ պերելը խապվել է նշանագում,— հարցրեց անգլուհին զվարճանալով։

Տույլ դվեք ինց վախը ցեց մի զարտ ուղարկել, nրբեսզի դուկ հիշեք բառոն դը Նիսենգենին։

Չանաչում չեմ...— ասաց անգլուհին` խենթի պես ծիծաղելով,— բայց զարդը լավ կընդունվի, ընտանեկան հանգիստ խանգարող իմ հաստլիկ։

Դուկ նրան կչանաչեք։ Մնակ պարով, դիկին, դուկ արկայավայել մի կդոր եք, իսկ ես միայն մի խեղչ պանգիր եմ, վատսուն տարեկանից աֆելի, եֆ դուկ ինց հասգացնել դվիք, թե այն կինը, որին ես սիռում եմ, ինչբիսի հզոռություն ունի, քանի որ ցեր գեռմառդկային գեխեցկությունը չգարոխացավ ինց մոռացնել դալ նրան։

Օ՜, ցեր գոխմից սիռալիրություն է այդբես խոսելը,— պատասխանեց անգլուհին։

Ոչ այնկան սիռալիր, որկան նա, որ այդ ինց նեռշնչում է...

— Դուք խոսում էիք ինչ-որ երեսուն հազար ֆրանկի մասին... ո՞ւմ եք տվել այդ գումարը։

Ցեր խառդախ սբասուհուն...

Անգլուհին կանչեց։ Եվրոպան իսկույն հայտնվեց։

— Օ՜,— բացականչեց Եվրոպան,— օտար տղամա՜րդ՝ տիկնոջ ննջարանում... ի՜նչ զարհուրանք։

— Նա ձեզ տվե՞լ է երեսուն հազար ֆրանկ ներս մտնելու համար...

— Ո՛չ, տիկին, որովհետև մենք երկուսս միասին չարժենք այդ գումարը...

Եվ Եվրոպան սկսեց օգնություն կանչել այնպիսի բիրտ ձևով, որ վախեցած բանկիրը գնաց դեպի դուռը, որտեղից Եվրոպան նրան սանդուղքից ցած գլորեց...

— Հաստ անզգամ,— բղավեց սպասուհին նրա ետևից,— դուք մատնել եք ինձ տիրուհուն... բռնե՜ք գողին... բռնե՜ք գողին։

Սիրահարված բարոնը, հուսաբեկ, մի կերպ, առանց խաղքության, հասավ իր կառքին, որը նրան սպասում էր բուլվարում, բայց նա այլևս չէր իմանում, թե հիմա ո՞ր լրտեսին վստահեր։

— Գուցե, պատահմամբ, տիկինը կամենում էր զրկե՞լ ինձ իմ եկամուտներից,— ասաց Եվրոպան` ֆուրիայի նման կատաղած դիմելով անգլուհուն։

— Ես չգիտեմ Ֆրանսիայի սովորույթները,— ասաց անգլուհին։

— Բավական է մի խոսք ասել պարոնին, և տիկնոջը վաղն իսկ տանից դուրս կանեն,— լպիրշորեն պատասխանեց Եվրոպան։

Երբ Ժորժը, սովորական ձևով հարցրեց բարոնին, թե նա արդյոք գո՞հ մնաց, վերջինս նրան պատասխանեց.

Այդ անիցյալ սբասուհին ինցնից կորզեց երեսուն հազառ ֆրանկ, բայց այդ իմ գոխմից ամենամեց սխալն էր...

— Նշանակում է, պարոնի զուգվելը նրան չօգնեց։ Գրո՛ղը տանի, ես խորհուրդ չեմ տալիս պարոնին իզուր տեղն ընդունել իր դեղահատերը։

Շորշ, ես մեռնում եմ հուսահադությունից... Ես մռսում եմ, սրդիս վրա սառույց կա դռաց, էլ Եսթերը չկա, բառեկամս։

Բոլոր դժվարին դեպքերում Ժորժն իր տիրոջ հավատարիմ էր։

Երկու օր անց այն տեսարանից, որի մասին ջահել Եվրոպան հենց նոր պատմել էր իսպանացուն շատ ավելի զվարճալիորեն, քան մենք կարող էինք վերարտադրել, որովհետև նա դրան ավելացրել էր իր դիմախաղերը, Կարլոսը նախաճաշում էր Լյուսիենի հետ։

— Հարկավոր չէ, հոգիս, որ ոստիկանությունը քիթը խոթի մեր գործերի մեջ,— կամացուկ ասաց Կարլոսը Լյուսիենին` սիգարը կպցնելով Լյուսիենի սիգարից։— Դա շատ վատ է։ Ես գտել եմ հանդուգն, բայց անվրեպ մի միջոց, որպեսզի հանգստացնենք մեր բարոնին և նրա գործակալներին։ Դու կգնաս տիկին դը Սերիզիի մոտ, նրա հետ կլինես շատ սիրալիր։ Խոսակցության ընթացքում դու նրան կասես, որ հաճելի լինելու համար Ռաստինյակին, որին վաղուց արդեն ձանձրացրել է տիկին դը Նյուսինգենը, դու համաձայն ես վարագույրի դեր կատարել` թաքցնելով նրա սիրուհուն։ Պարոն դը Նյուսինգենը, սաստիկ սիրահարված լինելով այն կնոջը, որին Ռաստինյակը թաքցնում է (դա կզվարճացնի կոմսուհուն), մտադրվել է ոստիկանության միջոցով լրտեսել քեզ. թեպետ դու մեղսակից չես քո հայրենակցի անառակություններին, բայց այդ կարող է վատ անդրադառնալ Գրանլյո ընտանիքի հետ ունեցած քո հարաբերությունների վրա։ Դու կխնդրես կոմսուհուց իր ամուսնու՝ նախարարի պաշտպանությունը, երբ դիմելու լինես ոստիկանական պրեֆեկտուրին։ Հենց որ պարոն պրեֆեկտը քեզ ընդունի, ներկայացրու քո գանգատը, բայց որպես քաղաքական գործիչ, որին վիճակված է շուտով իր տեղը գրավելու կառավարության բարդ մեխանիզմի մեջ` դառնալով նրա ամենակարևորագույն զսպանակներից մեկը։ Որպես պետական մարդ, դու ոստիկանությանը արդարացրու, քո հիացմունքը հայտնիր թե՛ նրա և թե՛ պրեֆեկտի մասին, կասես, որ ամենակատարյալ մեխանիզմներն անգամ յուղի բծեր են թողնում կամ ցայտեցնում։ Վրովվի՛ր, բայց չափավոր։ Դու մի՛ մեղադրիր պրեֆեկտին, բայց խորհուրդ տուր հետևել իր մարդկանց և ցավ հայտնիր, որ նա հարկադրված է կշտամբել իր ծառայողներին։ Որքան ավելի դու լինես մեղմ, ազնվասիրտ, նա այնքան ավելի դաժան կլինի իր գործակալների նկատմամբ։ Այդ ժամանակ մենք հանգիստ կլինենք և կկարողանանք ետ բերել Եսթերին, որը հավանաբար եղջերուի պես մկկում է իր անտառում։

Այդ ժամանակվա պրեֆեկտը դատական նախկին աստիճանավոր էր։ Դատական նախկին աստիճանավորները ոստիկանության պրեֆեկտ են դառնում երիտասարդ հասակում։ Իրավաբանությամբ տոգորված, իրենց երևակայելով օրինականության պահապան, նրանք ազատություն չեն տալիս ինքնիշխանությանը, որը հաճախ անհրաժեշտ է կրիտիկական հանգամանքներում, երբ պրեֆեկտուրի գործունեությունը պետք է նմանվի հրշեջի գործողության։ Պետական խորհդի փոխնախագահի ներկայությամբ պրեֆեկտը ոստիկանությանը վերագրեց շատ ավելի անվայել արարքներ, քան իրոք կան, նա ցավ հայտնեց չարակամությունների համար և հիշեց բարոն դը Նյուսինգենի այցելությունը և նրա խնդրանքը՝ Պեյրադի մասին տեղեկություններ տալու վերաբերյալ։ Պրեֆեկտը, խոստանալով սանձահարել իր գործակալների կատարած ծայրահեղությունները, միաժամանակ շնորհակալություն հայտնեց Լյուսիենին, որ անձամբ իրեն է դիմել, և այնպիսի արտահայտությամբ խոստացավ գաղտնիքը չհրապարակել, որ կարծես ամեն ինչ նրան հասկանալի էր այդ ինտրիգի մեջ։ Նախարարն ու պրեֆեկտը փքուն ֆրազներ փոխանակեցին անհատի ազատության և բնակարանի անձեռնմխելիության մասին, ընդ որում, պարոն Սերիզին պրեֆեկտին հասկացրեց, որ թեև թագավորության բարձր շահերը երբեմն պահանջում են օրինականության թաքուն խախտումներ կատարել, բայց պետական այդ միջոցը մասնավոր շահերում գործադրելը հանցագործություն է։

Հաջորդ օրը, այն պահին, երբ Պեյրադը գնում էր իր սիրած «Դավիդ» սրճարանը, որտեղ նա հաճույք էր զգում՝ դիտելով քաղքենի այցելուների հասարակությունը, ինչպես արվեստագետը վայելք է զգում նայելով փթթող ծաղիկներին, փողոցում նրան կանգնեցրեց քաղաքացիական շորերով մի ժանդարմ։

— Ձեզ մոտ էի գալիս,— ասաց նրա ականջին.— ինձ հրամայված է ձեզ տանել պրեֆեկտուր։

Պեյրադը վերցրեց մի կառք և, առանց ամենափոքր առարկության, ընկերացավ ժանդարմին։

Ոստիկանության պրեֆեկտուրն այդ ժամանակ ձգվում էր Օրֆևր քարափի երկայնքով, և ահա, դրա փոքրիկ պարտեզի ծառուղիում անցուդարձ անելով, պրեֆեկտն այնպես խիստ վարվեց Պեյրադի հետ, ասես նա տաժանավայրի ամենահետին հսկիչը լիներ։

— Առանց պատճառի չէ, պարո՛ն, որ 1809 թվականից դուք հեռացված եք ադմինիստրացիայից... Մի՞թե չգիտեք, թե ինչպիսի վտանգի եք ենթարկում մե՛զ և ձե՛զ։

Կշտամբանքն ավարտվեց շանթի մի հարվածով։ Պրեֆեկտը կոպիտ հայտարարեց խեղճ Պեյրագին, որ նա ոչ միայն զրկված է տարեկան թոշակից, այլև գտնվելու է հատուկ հսկողության ներքո։ Ծերունին այդ սառը ջրցանն ընդունեց միանգամայն հանգիստ տեսքով։ Չկա առավել անշարժ ու անզգա բան, քան շանթահար մարդը։ Պեյրադն իր ամբողջ դրամը տանուլ էր տվել խաղում։ Լիդիի հայրը հույս ուներ պաշտոն ձեռք բերել, իսկ հիմա նրան մնում էին լոկ իր բարեկամ Կորանտենի ողորմությունները։

— Ես եղել եմ ոստիկանության պրեֆեկտ, և ձեզ լիովին իրավացի եմ համարում,— հանդարտ ասաց ծերունին իր դատական վեհության մեջ փքված աստիճանավորին, որն այդ լսելու արտահայտիչ ձևով ուսերը վեր քաշեց։— Բայց թույլ տվեք, առանց արդարանալու, ասել ձեզ, որ դուք ինձ չեք ճանաչում,— շարունակեց Պեյրադը, խորիմաստ հայացք ուղղելով պրեֆեկտին։— Ձեր խոսքերը կա՛մ չափազանց կոպիտ են Հոլանդիայի ոստիկանության նախկին գլխավոր կոմիսարի նկատմամբ, կա՛մ ոչ բավարար խիստ` մի հասարակ հետախույզի համար։ Միայն թե, պարոն պրեֆեկտ,— ավելացրեց Պեյրադը, փոքր դադարից հետո, տեսնելով, որ պրեֆեկտը չի պատասխանում,— երբեք չմոռանաք այն, ինչ ձեզ պիտի ասեմ։ Ոչ մի բանով չխառնվելով ձեր ոստիկանության գործողություններին և առանց արդարանալու, ասում եմ, որ դուք առիթ կունենաք տեսնելու, որ այս գործի մեջ մեզնից մեկը խաբված է. այսօ՛ր, դա ձեր խոնարհ ծառան է. ավելի ուշ` դուք կասեք. «Այդ ե՛ս էի»։ Եվ նա հրաժեշտ տվեց պրեֆեկտին, որը մնաց մտախոհ` թաքցնելով զարմանքը։ Պեյրադը վերադարձավ տուն, նա վհատված էր, ասես փշրված, բարոն Նյուսինգենի դեմ սառը մի կատաղությամբ համակված։ Այդ հաստագլուխ ֆինանսիստը միայն կարող էր մատնել այն գաղտնիքը, որը հայտնի էր միայն Կոնտանսոնին, Պեյրադին և Կորանտենին...

Ծերունին մեղադրեց բանկիրին, ենթադրելով, որ նա մտադրություն ունի խուսափել խոստացած վճարումից նպատակին հասնելուց հետո։ Միայն մի տեսակցություն բավական էր կռահելու համար բանկիրներից ամենանենգավորի խարդավանքը։

— «Նա հաշիվը մաքրում է բոլորի հետ, նույնիսկ մեզ հետ, բայց ես վրեժխնդիր կլինեմ,— յուրովի ասում էր ծերուկը.— ես մինչև հիմա ոչինչ չէի խնդրել Կորանտենից, իսկ այժմ նրանից պիտի խնդրեմ օգնել ինձ վրեժ լուծելու այդ հաստագլուխ տխմարից։ Նզովյա՛լ բարոն, դու հետո կիմանաս, թե ինչ կրակի հետ ես խաղում, երբ մի գեղեցիկ առավոտ քո հարազատ աղջկան պատվազրկված կտեսնես… Բայց արդյո՞ք նա իր աղջկան սիրում է»։

Երեկոյան, այդ աղետից հետո, որը խորտակում էր ծերունու բոլոր հույսերը, նա ասես տասը տարով ծերացավ։ Զրուցելով իր բարեկամ Կորանտենի հետ, նա իր տրտունջները միախառնում էր թափած արցունքներին, նախատեսելով այն տխուր ապագան, որ թողնելու է իր աղջկան, իր կուռքին, իր մարգարիտին, Աստծու իր մատաղին։

— Մենք կհետևենք այդ գործին,— ասում էր նրան Կորանտենը։— Ամենից առաջ պետք է իմանալ, թե բարո՞նն է քեզ մատնել։ Արդյո՞ք խելացի բան էր, որ Գոնդրըվիլի վրա հենվեցինք... Այդ ծերունի Մալենը մեզ այնքան շատ է պարտական, որ անպայման կփորձի մեզ կուլ տալ, դրա համար ես կհրամայեմ հետևել նրա փեսա Կելլերին. նա տգետ է քաղաքական հարցերում, և շատ ընդունակ՝ խճճվելու մի դավադրության մեջ, որը ձգտում է տապալել թագավորական ավագ ճյուղը` հօգուտ կրտսեր ճյուղի... Վաղը ես կիմանամ, թե ինչ է տեղի ունենում Նյուսինգենի տանը, թե նա տեսե՞լ է արդյոք իր սիրուհուն, և ո՞վ է պատրաստվում սանձել մեզ... Մի՛ վհատվիր։ Նախ՝ պրեֆեկտը երկար չի մնա իր տեղում... Ժամանակը հղի է հեղափոխություններով, իսկ հեղափոխությունները մեր պղտոր ջուրն են։ Առանձնահատուկ մի սուլոց լսվեց փողոցում։

— Կոնտանսոնն է,-ասաց Պեյրադը` մի մոմ դնելով լուսամուտի գոգին,— կա մի գործ, որ անձնապես ինձ է վերաբերում։ Մի րոպե հետո հավատարիմ Կոնտանսոնը հայտնվեց ոստիկանության այդ երկու առասպելական թզուկների դիմաց, որոնց նա մեծարում էր հանճարներին հավասար։

— Ի՞նչ կա,— ասաց Կորանտենը։

— Նորություն։ Ես դուրս էի գալիս 113-ից, որտեղ բոլորը տանուլ տվի։ Գիտե՞ս, թե ում եմ տեսել գալերեաներում... Ժորժին։ Բարոնը վտարել է տղային, կասկածելով, թե լրտես է։

— Ահա իմ ակամա ժպիտի արդյունքը,— ասաց Պեյրադը։

— Օ՜, որքան աղետներ եմ տեսել ես, որոնց պատճառը ժպիտն է եղել...— ասաց Կորանտենը։

— Չհաշված այն աղետները, որ պատճառում են մտրակի հարվածները,— ասաց Պեյրադը` ակնարկելով Սիմյոզի գործը (տե՛ս «Մութ գործը»)։— Հապա՛, պատմիր տեսնենք, ինչ է պատահել, Կոնտանսո՛ն։

— Ահա թե ինչ է պատահել,— հարեց Կոնտանսոնր։— Ես հարկադրեցի Ժորժին շաղակրատել, նրան հյուրասիրելով ամեն գույնի փոքրիկ բաժակներով, և նա հարբեց, ինչ վերաբերում է ինձ, ես հավանաբար թորամանի պես բան եմ։ Մեր բարոնր կուլ տալով սուլթանական բլթիկներ, Տեբու փողոցն է գնացել։ Նա այնտեղ գտնում է այն գեղեցիկ կնոջը, որի մասին դուք գիտեք։ Բայց մի լավ խաղ են սարքում նրա գլխին. այդ անգլուհին բոլորովին էլ նրա անցանոթուհին չի եղել... Եվ նա ծախսել է երեսուն հազար ֆրանկ՝ սպասուհուն կաշառելու համար... Տխմարությո՛ւն։ Իրեն մեծ գործարար է կարծում, որովհետև փոքր գործեր է բռնում խոշոր կապիտալներով, շուռ տվեք ֆրազը, և ահա ձեզ մի խնդիր, որի լուծումը գտնում է խելոք մարդը։ Բարոնը վերադարձել է ողորմելի վիճակում։ Հաջորդ օրը Ժորժը, իրեն բարերար ձևացնելով, ասում է տիրոջը. «Ինչո՞ւ է պարոնն օգտվում ինչ-որ թոկից փախածների ծառայություններից։ Եթե պարոնը ցանկանար ինձ դիմել, ես կգտնեի նրա անծանոթուհուն, որովհետև այն նկարագրությունը, որ պարոնն արեց, ինձ բավական է. տակնուվրա եմ անելու ամբողջ Փարիզր։— Արա՛,— ասել է նրան բարոնը,— ես քեզ լավ կվարձատրեմ»։ Ժորժն այդ ամենն ինձ պատմեց ամենազվարճալի մանրամասնություններով։ Բայց... ինչպես ասում են, ուրբաթը շուտ է գալիս, քան շարաթը։ Հաջորդ օրը բարոնն ստանում է անստորագիր մի նամակ, որի մեջ դրված է լինում մոտավորապես այսպես. «Պարոն դը Նյուսինգենը սիրուց մեռնում է մի անծանոթ կնոջ համար, նա արդեն ապարդյուն շատ ծախսեր է կատարել. եթե նա կամենում է այսօր կեսգիշերին լինել Նեյիի կամուրջի ծայրին և բարձրանալ այն կառքը, որի հետևում կլինի Վենսենի անտառում հանդիպած թիկնապահ սպասավորը, և թույլ տա կապել իր աչքերը, նա կտեսնի իր սիրածին...

Պարոն բարոնր հարուստ է, նա կարող է կասկածել մեր մտադրությունների անմեղությանը, ուստի մենք չենք առարկում, որ բարոնը իր հետ վերցնի իրեն հավատարիմ Ժորժին։ Այն էլ ասեմ, որ կառքում ոչ ոք չի լինելու»։ Բարոնը Ժորժի հետ գնում է այնտեղ, առանց Ժորժին այդ մասին ոչինչ ասելու։ Երկուսն էլ թույլ են տալիս աչքերը կապել և գլուխը ծածկել քողով։ Բարոնր ճանաչում է Վենսենի կառքի հետ գնացող թիկնապահ ապասավորին։ Երկու ժամից հետո կառքը սլանում է Լյուդովիկոս XVIII-ի կառքի պես (Աստված հոգի՜ն լուսավորի, նա՛, այդ արքան, ոստիկանության հարգն իմանում էր) և կանգ առնում մի անտառում։ Բարոնը, որի կապը հանում են աչքերից, հենց այնտեղ կանգնած ինչ-որ կառքում տեսնում է անծանոթուհուն, որը... պը՜ստ... իսկույն անհետանում է... Եվ կառքը (նույն ընթացքով, ինչպես Լյուդովիկոս XVIII-ի կառքը) նրան բերում է Նեյիի կամրջի վրա, որտեղ նա գտնում է իր կառքը։ Ժորժի ձեռքն էին դրել մի փոքրիկ գրություն՝ այսպիսի բովանդակությամբ. «Հազար ֆրանկանոց քանի տոմսեր պարոն բարոնը կտրամադրի իր անծանոթուհու հետ հարաբերության մեջ մտնելու համար»։ Ժորժը փոքրիկ երկտողը տալիս է տիրոջը, և բարոնը, կասկածելով Ժորժի վրա, որը իբր թե համաձայնության է եկել կա՛մ ինձ, կա՛մ ձեզ հետ, պարոն Պեյրադ, իրեն շահագործելու համար, վտարում է նրան։ Ահավասիկ ձեզ տխմար մի բանկիր, հարկավոր էր վռնդել Ժորժին անցանոթուհու հեդ բառկելուց հետո միայն։

— Ժորժը տեսե՞լ է կնոջը,— ասաց Կորանտենը։

— Այո,— ասաց Կոնտանսոնը։

— Դե, ասա տեսնեմ, ինչպիսի՞ն է,— գոչեց Պեյրադը։

— Օ՜,— պատասխանեց Կոնտանսոնը,— նա ինձ այդ կնոջ մասին միայն մի բան ասաց. արևի նման սիրուն է։

— Մեզ պար են ածում մեզնից ավելի ուժեղ խաբեբաներ,— բացականչեց Պեյրադը։— Այդ շները իրենց կնոջը շատ թանկ գնով են ծախելու բարոնին։

— Ya, mein herr[19]։— պատասխանեց Կոնտանսոնը։— Ուստի, իմանալով, որ պրեֆեկտուրում ձեզ շշպռել են, ես էլ հարկադրեցի Ժորժին շաղակրատել։

— Ես շատ կուզենայի իմանալ, թե ով է ինձ խաբել, այն ժամանակ կչափվեինք մեր զենքերով։

— Պետք է նմանվել նեպուկների,— ասաց Կոնտանսոնը։

— Իրավացի է,— ասաց Պեյրադը,— պետք է սողանք բոլոր ճեղքերի արանքով, որպեսզի լսենք, սպասենք...

— Մենք կուսումնասիրենք այդ միջոցը,— բացականչեց Կորանտենը։— Առայժմ ես ոչինչ չունեմ անելու։ Խելամի՛տ եղիր, Պեյրադ։ Պետք է առաջվա պես հնազանդվենք պարոն պրեֆեկտին...

— Պարոն դը Նյուսինգենին օգտակար է արյուն բաց թողնելը,— նկատեց Կոնտանսոնը,— նա անթիվ ֆրանկանոցներ ունի իր երակներում…

— Լիդիի օժիտը, այնուամենայնիվ, այնտեղ էր,— ասաց Պեյրադը Կորանտենի ականջին։

— Կոնտանսոն, գնա՛նք այստեղից, թողնենք, որ քնի մեր հայրիկը… մնա... մինչև... վաղը։

— Պարոն,— ասաց Կոնտանսոնը Կորանտենին, երբ դռան շեմին էին հասել,— ի՜նչ զվարճալի փոխանակություն էր կատարելու ծերուկը... Հը՜մ, ամուսնացնել իր աղջկան... մի գնով, որ... Ա՛հ, ա՛հ, այդ սյուժեով կարելի է մի սիրուն բարոյախոսական պիես սարքել, վերնագրելով՝ «Դեռատի աղջկա օժիտը»։

— Ա՜հ, ինչպիսի մարդիկ եք դուք՝ բոլորդ... Ի՜նչ ականջներ ունես դու...— ասաց Կորանտենը Կոնտանսոնին։— Իհարկե, բնությունը իր բոլոր տեսակներին օժտում է այնպիսի հատկություններով, որոնք անհրաժեշտ են այն ծառայությունների համար, որ նա նրանցից սպասում է։ Հասարակությունը երկրորդ բնությունն է։

— Այն, ինչ դուք ասացիք, շատ փիլիսոփայական է,— բացականչեց Կոնտանսոնը։— Որևէ պրոֆեսոր դրանից մի ամբողջ համակարգ կհնարեր։

— Աչալո՛ւրջ եղիր և իմացիր այն ամենը, ինչ տեղի կունենա պարոն դը Նյուսինգենի տանը, անծանոթուհու կապակցությամբ... Ընդհանուր առմամբ... առանց մանրուքների հետևից ընկնելու...— ասաց Կորանտենը ժպտալով և լրտեսի հետ շարունակելով քայլել փողոցում։

— Պիտի հետևել, թե որտեղից է խորովածի հոտ գալիս,— ասաց Կոնտանսոնը։

— Բարոն դը Նյուսինգենի նման մարդը չի կարող incognito երջանիկ լինել,-հարեց Կորանտենը։— Բացի այդ, մենք, որոնց համար մարդիկ սոսկ խաղաքարտեր են, երբեք չպետք է տանուլ տանք։

— Սատանա՛ն տանի, այդ նույնն է, թե դատապարտյալը մտածեր կտրել դահճի գլուխը,— բացականչեց Կոնտանսոնը։— Դու ամեն ինչ կատակի ես վերածում,— պատասխանեց Կորանտենը, չկարողանալով զսպել ժպիտը, որը թեթև կնճիռներ գծագրեց նրա գաջե դիմակի վրա։

Այդ գործր ինքնին չափազանց կարևոր էր, անկախ իր հետևանքներից։ Եթե բարոնը չէր մատնել Պեյրադին, ապա, ուրեմն, ո՞վ էր շահագրգռված տեսնվելու ոստիկանության պրեֆեկտի հետ։ Կորանտենի համար կարևոր էր իմանալ, թե չկա՞ն արդյոք դավաճաններ իր մարդկանց մեջ։ Երբ պառկեց քնելու, նա յուրովի ասաց այն, ինչ հուզում էր նաև Պեյրադին.

— «Ո՞վ է գնացել գանգատվելու պրեֆեկտին... Ո՞ւմ է պատկանում այդ կինը»։

Այդպիսով, իրարից անտեղյակ, Ժակ Կոլենը, Պեյրադը և Կորանտենը, առանց իմանալու, մոտենում էին միմյանց, և խեղճ Եսթերը, Նյուսինգենը, Լյուսիենը անխուսափելիորեն պիտի ներգրավվեին արդեն սկսված այդ պայքարի մեջ, որը ոստիկանության մարդկանց հատուկ ինքնսաիրության պատճառով պիտի դառնար զարհուրելի։

Եվրոպայի ճարպկության շնորհիվ, Եսթերի ու Լյուսիենի վրա ծանրացած վաթսուն հազար ֆրանկ պարտքի անհետաձգելի մասը վճարվեց։ Պարտատերերի վստահությունը նույնիսկ չխախտվեց։ Լյուսիենը և նրա ապականիչը կարողացան որոշ ժամանակ ազատ շունչ քաշել։ Ինչպես երկու հետապնդված գազաններ, նրանք, ճահճի եզրին ջուր լակելով, կարող էին նորից վազել վտանգներով լի ճանապարհով, որով ուժեղ մարդը թույլին տանում էր կա՛մ դեպի կախաղան, կա՛մ դեպի փառք։

— Այսօր,— ասաց Կարլոսն իր սանին,— մենք խաղում ենք բանկի ամբողջ գումարով, բարեբախտաբար, խաղարար տերը բծաշնված են, իսկ պոնտյորները դեղնակտուց են։

Վերջին ժամանակները Լյուսիենը, իր ահարկու դաստիարակի հրամանով, եռանդագին այցելում էր տիկին դը Սերիզիին։ Այսպիսով, նա փարատում էր այն կասկածները, թե որպես սիրուհի ուներ ծախու մի աղջկա։ Բացի այդ, նա մոռացություն էր գտնում սիրված լինելու բավականության մեջ, աշխարհիկ կյանքի հորձանքում։ Հնազանդվելով օրիորդ դը Գրանլյոյին, նա նրան հանդիպում էր միայն Բուլոնյան անտառում և Շանզ Էլիզեում։

Անտառապահի տանը փակվելու հաջորդ օրը, Եսթերի համար առեղծվածային ու ահարկու այն էակը, որը կարծես ճնշում էր նրա սիրտը, այցելեց նրան և առաջարկեց ստորագրել երեք մաքուր դրոշմաթղթեր, որոնց նշանակությունն ավելի էր ծանրանում նրանց վրա դրված հետևյալ տանջող խոսքերից. Պարտավորվում եմ վճարել վաթսուն հազար ֆրանկ՝ առաջինի վրա. Պարտավորվում եմ վճարել հարյուր քսան հազար ֆրանկ՝ երկրորդի վրա. Պարտավորվում եմ վճարել հարյուր քսան հազար ֆրանկ՝ երրորդի վրա. ընդամենը երեք հարյուր հազար ֆրանկի պարտավորություն։ Ավելացնելով «ստորագրում եմ» բառը, կստացվի սովորական մի պարտաթուղթ։ Պարտավորվում եմ վճարել խոսքն այդ թղթին մուրհակի ուժ է տալիս և հարկադրում է ստորագրողին վճարել կալանքի սպառնալիքի տակ։ Այդ խոսքը հինգ տարվա կալանք է նախատեսում նրան, ով անզգուշաբար ստորագրել է այն, մի պատիժ, որ գրեթե երբեք չի տրվում ոստիկանական ուղղիչ դատարանով, այլ կիրառվում է քրեական դատարանի կողմից լոկ չարագործների նկատմամբ։ Պարտքերը չվճարելու համար ստեղծված կալանքի օրենքը բարբարոսության մնացուկ է, որը, հիմարություն լինելուց բացի, ունի նաև անօգուտ լինելու բացառիկ հատկություն, քանի որ խարդախները մշտապես դուրս են նրա հասողության սահմաններից (տե՛ս «Խորտակված պատրանքներ»)։

— Հարցը վերաբերում է Լյուսիենին դժվար կացությունից հանելուն,— ասաց իսպանացին Եսթերին,— մենք վաթսուն հազար ֆրանկ պարտք ունենք և այս երեք հարյուր հազար ֆրանկով թերևս փրկվենք։

Մուրհակները վեց ամիս հին թվականով նշելով, Կարլոսը դրանք փոխգրեց Եսթերի վրա, որպես վճարողի, ուղղիչ ոստիկանության համար անըմբռնելի մի մարդու անունից, որի արկածախնդրությունները, հակառակ իրենց հանած աղմուկին, շուտով մոռացվեցին, կորան, խլացվեցին 1830 թվականի հուլիսյան մեծ սիմֆոնիայի թոհուբոհի մեջ։

Այդ երիտասարդը, որ մեկն էր ամենահանդուգն խաբեբաներից, Փարիզի մոտ գտնվող Բուլոնյի դատական կատարածուի որդին էր, և որի անունն էր ժորժ Մարի Դետուրնի։ Հայրը, հարկադրված լինելով, 1824 թվականին, վաճառել իր պաշտոնը աննպաստ հանգամանքներում, իր որդուն թողեց առանց որևէ եկամուտի, երբ արդեն նրան տվել էր փայլուն դաստիարակություն, որի համար գժվում են մանր բուրժուաները։ Քսաներեք տարեկան հասակում լինելով իրավաբանական ֆակուլտետի փայլուն ուսանող, նա հրաժարվել էր արդեն իր հորից և այցետոմսերի վրա իր անունը գրում էր այսպես.

։Ժորժ դ’Էտուրնի

Այդ այցետոմսը նրա անձնավորությանը արիստոկրատական ինչ-որ հմայք էր տալիս։ Այդ պճնասեր երիտասարդը հանդգնություն ունեցավ ձեռք բերելու երկանիվ կառք, սպասյակ և հաճախելու ակումբներ։ Մեկ խոսքով կարելի է բացատրել ամեն ինչ. նա խաղում էր բորսայում տարփուհիների դրամներով, որոնց խորհրդատուն էր ինքը։

Վերջապես, նա կանգնեց ուղղիչ ոստիկանության դատարանի առջև` մեղադրվելով չափազանց բախտավոր խաղաքարտեր ունենալու մեջ։ Նա ուներ մեղսակիցներ, երիտասարդներ, որոնց ինքն էր անառակացրել, իրեն հավատարիմ համախոհներ, իր պերճանքի ու վարկի մասնակիցներ։ Հարկադրված լինելով փախչել, նա հարկ չհամարեց բորսայում վճարել տարբերությունները։ Ամբողջ Փարիզը, բորսային գիշատիչների, ակումբների, բուլվարների, արդյունաբերողների Փարիզը, մինչև հիմա էլ դողում է այդ կրկնակի խարդախությունը հիշելիս։

Իր ճոխության օրերին Ժորժ դ’Էտուրնին, լինելով գեղեցիկ տղա, մանավանդ լավ տղա, առատաձեռն, ինչպիսին լինում է գողերի պարազլուխը, մի քանի ամիս շարունակ հովանավորեց Տորպիլին։ Կեղծ իսպանացին իր չարաշահությունը հիմնում էր այդ համբավավոր խարդախի հետ Եսթերի ունեցած մոտիկ հարաբերության վրա, մի պարագա, որ հատուկ է այդ դասակարգի կանանց համար։

Փառասեր Ժորժ դ’Էտուրնին, որը համարձակ էր դարձել հաջողությունից, իր հովանավորության տակ էր առել մի դեպարտամենտի խորքից եկած ինչ-որ մարդու, որն ուզում էր Փարիզում գործ բռնել, և որին լիբերալ պարտիան կամենում էր հատուցել այն բանի համար, որ նա անվեհերորեն դիմացել էր Կարլոս X-ի կառավարության դեմ մամուլի մղած պայքարի ժամանակաշրջանի հալածանքներին, որոնք մեղմացան Մարտինյակի նախարարության ժամանակ։ Դրա հետևանքով ներեցին պարոն Սերիզեին, այն պատասխանատու խմբագրին, որին տվել էին «Արիասիրտ Սերիզե» մականունը։

Իսկ Սերիզեն, իբր թե հովանավորված ձախակողմյան թևի վերնախավի կողմից, հիմնեց մի առևտրական տուն, որը միաժամանակ և՛ առևտրական գործակալություն էր, և՛ բանկ, և՛ կոմիսիոն գրասենյակ։ Առևտրական աշխարհում դա նույնն է, ինչ ամեն բան անող այն սպասավորները, որոնց մասին ազդարարում են «Պտիտ-աֆիշ»-ում։

Սերիզեն շատ բախտավոր էր՝ կապվելով Ժորժ դ’Էտուրնիի հետ, որը ավարտեց նրա կազմավորումը։

Եսթերը, Նինոնի մասին եղած անեկդոտի ուժով, կարող էր համարվել Ժորժ դ’Էտուրնիի ունեցվածքի մի մասի հավատարիմ ավանդապահուհին։ Ժորժ դ’Էտուրնիի կողմից մուրհակի բլանկի վրա արված փոխանցման մակագրությունը Կարլոս Էրրերային դարձրեց իր իսկ ստեղծած արժեքների տերը։ Այդ կեղծիքը միանգամայն անվտանգ էր դառնում այն րոպեից, եթե որևէ մեկը, օրիորդ Եսթերը կամ մեկ ուրիշը նրա տեղ, կարողանար կամ պարտավորվեր վճարել։ Տեղեկություններ հավաքելով Սերիզեի առևտրական տան մասին, Կարլոսը նրա տիրոջ մեջ գտավ այն մութ անձնավորություններից մեկին, որոնք վճռել են կարողություն դիզել, բայց... օրինական ճանապարհով։ Սերիզեն, դ’Էտուրնիի իսկական ավանդապահը, ապահովված էր խոշոր գումարներով, որ դրվել էին բորսային արժեքների բարձրացման խաղի մեջ և թույլ էին տալիս Սերիզեին՝ իրեն որպես բանկիր ներկայացնել։ Այդպես է ընդունված Փարիզում. արհամարհում են մարդուն, բայց ոչ նրա փողը։

Կարլոսը գնաց Սերիզեի մոտ, մտադրություն ունենալով օգտվել նրա ծառայություններից, որովհետև ինքը պատահաբար տիրացել էր դ’Էտուրնիի այդ արժանի զինակցի բոլոր գաղտնիքներին։

Արիասիրտ Սերիզեն ապրում էր Գրո-Շենե փողոցի վրա գտնվող մի տան երկրորդ հարկում, և Կարլոսը, որը խորհրդավոր կերպով իր մասին հայտնել էր, թե Ժորժ դ’Էտուրնիի կողմից է գալիս, հանկարծակիի բերեց կեղծ բանկիրին` սույն ծանուցումից գունատված։ Աբբահայրը համեստ մի կաբինետում տեսավ ցանցառ, խարտյաշ մազերով փոքրահասակ մի մարդու, և մտաբերելով Լյուսիենի արած նկարագրությունը, ճանաչեց Դավիդ Սեշարի Հուդային։

— Կարո՞ղ ենք մենք այստեղ խոսել, առանց երկյուղ ունենալու, որ մեզ կլսեն,— ասաց իսպանացին, որն արդեն կերպարանափոխվել էր, նմանվելով վառ, շեկ մազերով, կապույտ ակնոցներով մի անգլիացու, նույնքան մաքուր, նույնքան պարզ, որքան պուրիտանը, որ գնում է քարոզ լսելու։

— Իսկ ինչո՞ւ համար, պարոն,— ասաց Սերիզեն։— Ո՞վ եք դուք։

— Ես Վիլիամ Բարկերն եմ, պարոն դ’Էտուրնիի պարտատերը. բայց ես կարող եմ, եթե կամենաք, ձեզ ապացուցել դուռը փակելու անհրաժեշտությունը։ Մենք գիտենք, պարոն, թե ինչպիսին են եղել ձեր հարաբերությունները Անգուլեմի Պտի-Կլոյի, Կուենտեների և Սեշարների հետ։

Այդ խոսքերի վրա Սերիզեն նետվեց դեպի դուռը և փակեց այն, մոտեցավ ննջարան տանող մի այլ դռան և նիգերով ամրացրեց, ապա դառնալով անծանոթին՝ ասաց.

— Ավելի՛ կամաց, պարոն։

Հետո զննող հայացք նետելով կեղծ անգլիացու վրա, հարցրեց.

— Ի՞նչ եք ուզում ինձնից...

— Աստվա՜ծ իմ,— շարունակեց Վիլիամ Բարկերը,— յուրաքանչյուրն իր գլխի տերն է այս աշխարհում։ Ձեզ մոտ են այդ ստահակ դ’Էտուրնիի կապիտալները... Ապահո՛վ եղեք, ես ձեզնից դրանք չեմ պահանջելու։ Բայց իմ ստիպմամբ, այդ խարդախը, որը, մեր մեջ ասած, պարանի է արժանի, ինձ է տվել այս արժեթղթերը, հայտարարելով, որ դրանք, իրացնելու որոշ շանսեր կան. և որովհետև ես չեմ ուզում հայց հարուցել իմ անունից, նա ինձ ասաց, որ դուք չեք մերժի այդ անել ձեր անունից։

Սերիզեն նայեց մուրհակներին և ասաց.

— Բայց նա այլևս Ֆրանկֆուրտում չէ...

— Ես այդ գիտեմ,— պատասխանեց Բարկերը,— բայց նա կարող էր այնտեղ լինել մուրհակների փոխանցման ժամանակ...

— Բայց ես չեմ կարող պատասխանատու լինել...— ասաց Սերիզեն։

— Ես ձեզնից չեմ խնդրում այդ զոհաբերությունը,-շարունակեց Բարկերը,-բայց չէ որ ձեզ կարող են հանձնարարել ընդունել դրանք։ Մուրհակները ներկայացրեք վճարման, իսկ ես հանձն եմ առնում գանձումը։

— Ես զարմանում եմ, որ դ’Էտուրնին այդպես անվստահ է իմ նկատմամբ,— շարունակեց Սերիզեն։

— Իմանալով նրա դրությունը,— պատասխանեց Բարկերը,— չի կարելի նրան պարսավել, որ նա իր փողերը տարբեր տեղերում է թաքցրել։

— Մի՞թե դուք կարծում եք...— հարցրեց մանր գործարարը` վերադարձնելով կեղծ անգլիացուն ինչպես հարկն է ստորագրված մուրհակները։

— …Ես կարծում եմ, որ դուք լավ եք պահում նրա կապիտալները,— ասաց Բարկերը,— ես դրանում վստահ եմ։ Դրանք արդեն շպրտված են բորսայի կանաչ մահուդի վրա։

— Իմ սեփական կարողությունը կախված է...

— Նրանց բացահայտ կորստից,— ասաց Բարկերը։

— Պարո՛ն,— գոչեց Սերիզեն։

— Տեսնում եք, իմ թանկագին պարոն Սերիզե,— սառնորեն ասաց Բարկերը, ընդհատելով Սերիզեին,— դուք ինձ ծառայություն մատուցեցիք, հեշտացնելով այս գանձումը։ Բարի եղեք գրել մի նամակ, որի մեջ դուք հաղորդում եք, որ ինձ եք հանձնում այս արժեթղթերը՝ զեղջված դ’Էտուրնիի օգտին, և որ դատական կատարածուն, այդ գանձումը հետապնդելիս, պարտավոր է նամակը ներկայացնողին համարել այս երեք մուրհակների սեփականատերը։

— Կհաճեի՞ք ինձ ասել ձեր անունը։

— Ո՛չ մի անուն,— պատասիւանեց անգլիացի կապիտալիստը։— Գրեցեք «Այս նամակը և արժեթղթեր ներկայացնողը»... Այդ սիրալիրության համար դուք լավ կվարձատրվեք…

— Իսկ ի՞նչ կերպ...— հարցրեց Սերիզեն։

— Սոսկ մի խոսքով։ Դուք մտադիր չեք հեռանալու Ֆրանսիայից, այնպես չէ…

— Ո՛չ, պարոն։

— Լավ ուրեմն, Ժորժ դ’Էտուրնին երբեք չի վերադառնա Ֆրանսիա։

— Իսկ ինչո՞ւ։

— Ինձ հայտնի է, որ հինգից ավելի մարդիկ պատրաստվում են նրան սպանել, և ինքը այդ գիտե։

— Ես այլևս չեմ զարմանում, որ նա ինձնից փող է խրնդրում, որպեսզի առևտուր անի Հնդկաստանի հետ,— բացականչեց Սերիզեն։— Տարաբախտաբար, նա ինձ հարկադրեց բոլորը ներդնել պետական տոկոսաբեր արժեթղթերի մեջ։ Մենք արդեն տարբերությունը պարտք ենք Տիյեի բանկին։ Ես հազիվ եմ գլուխ պահում։

— Դո՛ւրս եկեք խաղից։

— Ա՜հ, եթե այդ բոլորն ավելի վաղ իմանայի,-բացականչեց Սերիզեն,— ես ձեռքից փախցրի իմ հարստությունը...

— Մի վերջին խոսք...— ասաց Բարկերը։ — Գաղտնապահությո՛ւն... դուք ընդունակ եք դրան, բայց արդյո՞ք ընդունակ եք հավատարմության, այդ նվազ հավանական է։ Մենք էլի կհանդիպենք, և ես ձեզ կօգնեմ հարստանալու։

Այդ կեղտոտ հոգու մեջ հույս գցելով, որը երկար ժամանակով կապահովեր նրա լռությունը, Կարլոսր, նույն Բարկերի տեսքով, գնաց դատական մի վստահելի կատարածուի մոտ և նրան հանձնարարեց դատական վճիռներ ձեռք բերել Եսթերի դեմ։

— Ձեզ կվճարեն,— ասաց նա դատական կատարածուին,— պատվի գործ է այդ, մենք կամենում ենք միայն, որ ամեն ինչ օրինական լինի։

Բարկերը հրավիրեց մի հավատարմատարի, որը առևտրական դատարանում պիտի ներկայացներ Եսթերին, որպեսզի դատավճռում արտացոլվեին կողմերի վիճարկումները։ Դատական կատարածուն, որին հանձնարարված էր քաղաքավարի վարվել, գործն իր ձեռքր վերցրեց, անձամբ եկավ Տեբու փողոց՝ կալանք դնելու շարժական կայքի վրա, և նրան ընդունեց Եվրոպան։ Հենց որ հայտարարվեց դատավճիռը կալանքի մասին, Եսթերը որոշակիորեն կանգնեց երեք հարյուր և մի քանի հազար ֆրանկ անվիճելի պարտքի իրական սպառնալիքի առաջ։ Այդ բանում Կարլոսը մեծ հնարամտության դիմելու կարիք չուներ։ Կեղծ պարտքերի վերաբերյալ վոդևիլներ շատ հաճախ են խաղում Փարիզում։ Այնտեղ գոյություն ունեն փոխնակ-Գոբսեկներ, փոխնակ-Ժիգոնեներ, որոնք վարձով համաձայնում են աջակցել այդպիսի կազուսի, որովհետև այդ անազնիվ արարքները նրանց համար զվարճություն են։ Ամեն ինչ Ֆրանսիայում արվում է ծիծաղով, նույնիսկ՝ հանցագործությունը։ Այդպես է կատարվում և շորթումը, երբ կամակոր ծնողները կամ կրքոտ ժլատությունը հարկադրված են զիջել, երբ կանգնած են լինում ծայրահեղ անհրաժեշտության կամ կարծեցյալ պատվազրկության առաջ։ Մաքսիմ դը Տրայը շատ հաճախ էր դիմում այդ միջոցին, որը փոխ է առնված հին ռեպերտուարի կատակերգությունից։ Սակայն Կարլոս Էրրերան, որը կամենում էր փրկել թե՛ սքեմավորի իր պատիվը և թե՛ Լյուսիենի պատիվը, դիմել էր անվտանգ մի կեղծարարության, որը հաճախակի կիրառվելու հետևանքով, չէր հետաքրրքրում արդարադատությանը։ Ասում են, որ կեղծ մուրհակների բորսա գոյություն ունի Պալե-Ռոյալի մոտերքում, որտեղ դուք կարող եք երեք ֆրանկով ուզածդ ստորագրությունը գնել։

Նախքան հարց հարուցելու այդ հարյուր հազար էկյուի մասին, որոնք հատկացված էին ննջարանի դռանը պահակ կանգնելուն, Կարլոսը մտադրվեց պարոն դը Նյուսինգենին ստիպել նախապես վճարելու էլի մի հարյուր հազար ֆրանկ։ Եվ ահա, թե ինչպես։

Կարլոսի հրամանով, սիրահարված բարոնին ներկայացավ Ասիան, պառավ կնոջ տեսքով, որպես մի կին, որը իրազեկ է գեղանի անծանոթուհու գործերին։ Մինչև հիմա բարքեր պատկերող նկարիչները հանդես են բերել շատ վաշխառուների, բայց նրանք մոռացել են վաշխառուհուն, այսօրվա տիկին Կավատուհուն, չափազանց հետաքրքիր մի անձ, որին պարկեշտորեն անվանում են «արդուզարդի վաճառուհի», և որի դերը կարող էր խաղալ վայրագ Ասիան, ունենալով երկու խանութ, մեկը՝ Տամպլի մոտ, մյուսը՝ Նյով-Սեն-Մարկ փողոցի վրա, որոնք վարում էին նրան նվիրված կանայք։

— Դու նորից կմտնես տիկին դը Սենտ-Էստևի կեղևի մեջ,— նրան ասաց Կարլոսը։

Էրրերան ուզեց տեսնել, թե Ասիան ինչպես է հագնված։

Կեղծ կավատուհին եկավ մետաքսյա ծաղկավոր շրջազգեստով, որը պատրաստված էր ինչ-որ վերգրված բուդուարից թռցրած վարագույրների կտորներից, քաշմիրի ճմրթված, մաշված շալով, այն շալերից, որ վաճառքի համար անպետք են և իրենց կյանքն են ավարտում նման կանանց կռնակին։ Նա կրում էր ծալքավոր օձիք՝ ծածկված ժանյակով, և սոսկալի մի գլխարկը. նա իռլանդական կաշվից կիսակոշիկներով էր, որոնց կողքերից դուրս էին պրծել հաստ ոտքերի թաթերի մսերը, առաջացնելով ծակոտկեն, սև մետաքսից շինված բարձիկի տպավորություն։

— Իսկ գոտուս ճարմա՞նդը,— ասաց Ասիան, ցույց տալով ոսկերչական մի կեղծ զարդ, որը սեղմում էր խոհարարուհու իր փորը։— Հը՞, ի՜նչ ճաշակ է։ Իսկ իմ տուռնյո՞ւրը։ Ի՜նչ հիանալի է այն տգեղացնում ինձ։ Օ՜, տիկին Նուրիսոնը ճարպկորեն է ինձ հագցրել։

— Նախ` հեզահամբույր եղիր,— ասաց նրան Կարլոսը,— եղի՛ր գրեթե երկչոտ, կասկածոտ, ինչպես կատու, և, մանավանդ, հարկադրիր բարոնին ամաչելու, որ դիմել է ոստիկանությանը, բայց ցույց չտաս, որ վախենում ես դրա գործակալներից։ Վերջապես, ավելի կամ նվազ չափով հստակ ակնարկումներով հասկացրու կլիենտին, որ աշխարհում ոչ մի ոստիկանության չի հաջողվի իմանալ, թե որտեղ է գտնվում գեղեցկուհին։ Լա՛վ թաքցրու քո հետքերը... Երբ բարոնը քեզ իրավունք կտա իր փորին խփելու, և իրեն Չաղ անառակ անվանելու, դարձիր լպիրշ և նրան հրամայիր ինչպես մի սպասավորի։

Նյուսինգենը, վախենալով, որ այլևս երբեք չի տեսնի միջնորդուհուն, եթե դիմի լրտեսության օգնությանը՝ Ասիային տեսնելու համար, գաղտնաբար, ոտով գնում էր Բորսա և մտնում Սեն-Մարկ փողոցում գտնվող մի խղճուկ բնակարան։ Օ՜, այդ ցեխոտ նրբանցքները, սիրահարված միլիոնատերերը քանի՜-քանի՜ անգամ և ինչպիսի՜ հեշտանքով են անցել այն տեղերով։ Փարիզի սալահատակները միայն այդ գիտեն։ Տիկին դը Սենտ-Էստևը մեկ հուսադրելով բարոնին, մեկ նետելով հուսալքության մեջ, հասավ այն բանին, որ բարոնը ցանկացավ, ինչ գնով ուզում է լինի, ամեն ինչ իմանալ անծանոթուհու մասին...

Այդ ժամանակաընթացքում դատական կատարածուն իր գործն էր տեսնում և շատ հաջող, որովհետև ոչ մի դիմադրության չէր հանդիպում Եսթերի կողմից, գործում էր օրինական ժամկետներով, առանց մի օր կորցնելու։

Լյուսիենը, իր խորհրդատուի ցուցմունքով հինգ կամ վեց անգամ այցելեց Սեն-Ժերմենի անտառի մենակյացուհուն։ Այս մեքենայությունների վայրագ ղեկավարն այդ տեսակցություններն անհրաժեշտ էր համարում, որպեսզի թույլ չտա Եսթերին հյուծվել, որովհետև նրա գեղեցկությունը դրամագլուխ էր։ Երբ հասավ անտառապահի տնակը թողնելու ժամանակը, նա Լյուսիենին և խեղճ կուրտիզանուհուն տարավ մի ամայի ճանապարհի եզրը, մի վայր, որտեղից երևում էր Փարիզը, և ուր ոչ ոք չէր կարող նրանց լսել։ Երեքով միասին նստեցին ծագող արևի տակ, տապալված մի կաղամախիի կոճղի վրա, աշխարհիս ամենահոյակապ տեսարաններից մեկի դիմաց, որն ընդգրկում է Սեն գետը, Մոնմարտրը, Փարիզը, Սեն-Դընին։

— Զավակներս,— ասաց Կարլոսը,— ձեր երազը վերջացավ։ Դո՛ւ, մանկիկս, դու այլևս չես տեսնի Լյուսիենին, իսկ եթե տեսնես նրան, ապա պիտի ցույց տաս, որ նրան հանդիպել ես հինգ տարի առաջ, այն էլ միայն մի քանի օր։

— Ահա, ուրեմն, իմ մահը մոտեցավ,— ասաց Եսթերը, առանց մի կաթիլ արտասուք թափելու։

— Եվ ահա հինգ տարի է, որ դու հիվանդ ես,— շարունակեց Էրրերան։— Ենթադրիր, որ թոքախտավոր ես, և մեռի՛ր առանց մեզ ձանձրացնելու քո տրտունջներով։ Բայց դու շուտով կտեսնես, որ կարող ես տակավին ապրել, և շատ լավ...— Թո՛ղ մեզ, Լյուսիեն, գնա սոնետներ հավաքիր,— ասաց Կարլոսը` ցույց տալով իրենցից մի քանի քայլ հեռու փռված դաշտը։

Լյուսիենը Եսթերին ուղղեց աղերսական մի հայացք, որը հատուկ է կամազուրկ և անհագ մարդկանց, որոնց սիրտը լի է քնքշությամբ, բայց փոքրոգի են բնավորությամբ։ Եսթերը նրան պատասխանեց գլխի մի շարժումով, որն ուզում էր ասել. «Ես պիտի լսեմ դահճին, իմանալու համար, թե ինչպես պետք է իմ գլուխը դնեմ կացնի տակ, և արիություն կունենամ անվախ մեռնելու»։ Այդ շարժումն այնպես հեզանազ էր և միաժամանակ այնպես սոսկալի, որ պոետը հեկեկաց։ Եսթերը վազեց դեպի նա, գրկեց նրան, շրթունքներով ծծեց նրա արցունքները ու նրան ասաց. «Հանգիստ եղիր»,— մի խոսք, որ ասվում է զառանցանքի ձայնով, ժեստերով ու աչքերով։

Կարլոսը որոշակիորեն, աներկիմաստ, հաճախ դաժանության հասնող բառերով սկսեց բացատրել Լյուսիենի անելանելի դրությունը, նրա դրությունը դը Գրանլյոյի ապարանքում, նրա գեղեցիկ կյանքը, եթե հաղթանակեր, և թե ինչու էր անհրաժեշտ, որ Եսթերն իրեն զոհաբերեր հանուն այդ հոյակապ ապագայի։

— Ի՞նչ է հարկավոր անել,— գոչեց Եսթերը մոլեռանդորեն։

— Հնազանդվել ինձ կուրորեն,— ասաց Կարլոսը։— Իսկ ինչի՞ց կարող եք դուք գանգատվել։ Ձեզնից է կախված ձեզ համար գեղեցիկ բախտ ստեղծելը։ Դուք պիտի դառնաք այն, ինչպիսին են Տյուլիան, Ֆլորինը, Մարիետր և Վալ-Նոբլը, ձեր նախկին բարեկամուհիները, պիտի լինեք սիրուհին մի հարուստ մարդու, որին չեք սիրելու։ Եվ հենց որ մեր գործը գլուխ բերենք, ձեր սիրահարը բավականին հարուստ կլինի, որպեսզի ձեզ երջանիկ դարձնի...

— Երջանի՜կ,— կրկնեց աղջիկը` աչքերը երկինք բարձրացնելով։

— Դուք ունեցել եք չորս տարվա դրախտային կյանք,— շարունակեց կեղծ քահանան։— Մի՞թե չի կարելի այդ հուշերով ապրել…

— Ես ձեզ կհնազանդվեմ,— պատասխանեց Եսթերը,— սրբելով արտասուքը։— Մնացածի մասին հոգ մի՛ անեք։ Դուք ճիշտ ասացիք, իմ սերը մահացու հիվանդություն է։

— Այդ դեռ բոլորը չէ,— շարունակեց Կարլոսը,— պետք է պահպանեք ձեր գեղեցկությունը։ Քսաներկու և կես տարեկան հասակում դուք հասել եք ձեր գեղեցկության բարձրագույն կետին` շնորհիվ ձեր բախտավորության։ Վերջապես, վերստին դարձեք Տորպիլ։ Եղե՛ք չարաճճի, վատնող, խորամանկ, անգութ` միլիոնատիրոջ նկատմամբ, որին ձեզ եմ հանձնում։ Լսեցե՛ք... Այդ մարդը խոշոր հարստությունների մի գող է, նա անգութ է եղել շատերի հանդեպ, նա գիրացել է այրիների և որբերի հարստություններով, դուք կլինեք նրանց վրիժառուն... Ասիան կգա ձեզ տանելու կառքով, և դուք այս երեկո կլինեք Փարիզում։ Եթե դուք առիթ տաք կասկածելու Լյուսիենի հետ ունեցած ձեր չորս տարվա կապի մասին, ապա այդ կնշանակի ատրճանակով կրակել նրա ճակատին։ Եթե ձեզ հարցնեն, թե որտե՜ղ էիք այսքան ժամանակ, պատասխանեցեք, որ չափազանց խանդոտ մի անգլիացի ձեզ ճանապարհորդության էր տարել։ Մի ժամանակ դուք բավականաչափ խելք ունեիք փչելու, նորից գտեք այդ խելքը...

Երբևիցե տեսե՞լ եք դուք լուսաճաճանչ մի օդապարուկ, մանկության թիթեռների այդ հսկան, ամբողջապես ոսկով ժապավինված, որը սավառնում է երկնքում... Մանուկները մի րոպե մոռանում են դրա թոկը, անցորդն այն կտրում է, մետեորը, դպրոցականների արտահայտությամբ, գլուխկոնծի է տալիս և վայր ընկնում զարհուրելի արագությամբ։ Այդպիսին էր Եսթերը, երբ լսում էր Կարլոսին։


Գլուխ երկրորդ. Ինչ կարժի սերը ծերունիներին

Մի ամբողջ շաբաթ Նյուսինգենը գրեթե ամեն օր գնում էր Նյով-Սենտ-Մարկ փողոցի խանութը` սակարկելու, որպեսզի իրեն հանձնեն իր սիրածին։ Այնտեղ, մերթ Սենտ-Էստևի, մերթ իր ձեռնասուն տիկին Նուրիսոնի անվան տակ իշխում էր Ասիան, բազմած ամենաշքեղ արդուզարդերի միջև, որոնք հասել էին այնպիսի դրության, երբ շրջազգեստներն այլևս շրջազգեստ չեն, բայց դեռ ցնցոտի էլ չեն։ Շրջանակը ներդաշնակվում էր այն տեսքին, որ այդ կինն էր տվել իրեն, քանի որ այդ կրպակները Փարիզի ամենաչարաշուք առանձնհատկություններից են։ Այնտեղ տեսնում ես լաթեր, որ Մահն է նետել իր ոսկրացած ձեռքերով, և շալի տակ լսում ես թոքախտավորի ծանր տնքոցները, ինչպես ոսկեհյուս մի շրջազգեստի տակ կարելի է զգալ թշվառության հոգեվարքը։ Այնտեղ պերճանքի ու քաղցի միջև մղված դաժան մարտերի պատմություններ են գրված նուրբ ժանյակների վրա։ Այնտեղ թագուհու կերպարն է հառնում փետրազարդ մի փաթթոցի տակ, մի գլխանոց, որն այնպես կենդանի հիշեցնում ու գրեթե վերակերտում է բացակայող անձի դեմքը։ Դա հրեշավորն է գեղեցկի մեջ։ Յուվենալի մտրակը, գնահատող կոմիսարի անտարբեր ձեռքով, այսուայնկողմ է նետում ցնծության քրմուհիների մազաթափ ձեռնոցները, մաշված մուշտակները։ Դա ծաղիկների մի աղբակույտ է, որի մեջ տեղ-տեղ հուրհրատում են վարդեր, որ երեկ են քաղվել, եղել են միօրյա զարդ, և որի վրա պպզել է մի պառավ, Վաշխառության քույրը, անատամ, ճաղատ Պատահականությունը, որ պատրաստ է ծախելու պարունակությունը, այնքան նա վարժված է գնել պարունակողը, շորը` առանց կնոջ կամ կնոջ` առանց շորի։

Ասիան այստեղ իր տարերքի մեջ էր, ինչպես պահակը` տաժանավայրում, ինչպես արնակալած կտուցով անգղը` դիակների վրա. նա առավել զարհուրանք էր ներշնչում, քան այն, ինչ համակում է անցորդին, երբ հանկարծ տեսնում է իր ամենից քաղցր, ամենից թարմ հիշատակները կախված կեղտոտ ցուցափեղկում, որի հետևում ծամածռություն է անում իսկական մի Սենտ-Էստև։

Սակարկության ընթացքում, հետզհետե ավելի ու ավելի գրգռվելով, տաքանալով, բանկիրը տասը հազարից անցավ քսան հազարի, մինչև հասցրեց վաթսուն հազարի, բայց տիկին դը Սենտ-Էստևը պատասխանեց մերժում արտահայտող մի ծամածռությամբ, որը կապկի նախանձը կարող էր շարժել։ Վերջապես, երբ մի ամբողջ գիշեր չէր քնել հուզումից և զգացել էր, թե Եսթերը ինչպիսի շփոթ է առաջացնում իր մտքերում, Բորսայում անսպասելի շահույթներ ապահովելուց հետո, բանկիրը մի առավոտ եկավ հաստատ մտադրությամբ Ասիային տալու պահանջված հարյուր հազարը, բայց դրա հետ միաժամանակ ուզում էր նրանից շատ տեղեկություններ կորզել։

— Դու, ուրեմն, համաձայնում ես, իմ չաղ զվարճախոս…— ասաց Ասիան` խփելով նրա ուսին։

Ամենաանպատվաբեր ընտանեվարության հանդուրժելը այն առաջին տուրքն է, որ այդ կարգի կանայք վերցնում են անզուսպ կրքերից կամ իրենց վստահված թշվառություններից։ Նրանք երբեք չեն բարձրանում կլիենտի մակարդակին, այլ վերջինիս են նստեցնում իրենց կողքին, ցեխակույտի վրա։ Ասիան, ինչպես հետո կտեսնեք, հիանալի կերպով հնազանդ էր տիրոջը։

Սդիպվաց եմ,— ասաց Նյուսինգենը։

— Ես քեզ չեն կողոպտում,— պատասխանեց Ասիան։— Շատ ավելի թանկ գնով կանայք են ծախել, քան դու ես վճարում դրա համար։ Կին էլ կա, կին էլ։ Հանգուցյալ Կորալիի համար դը Մարսեն վաթսուն հազար ֆրանկ տվեց, իսկ նա որին դու ես ուզում, հենց առաջին ձեռքից հարյուր հազար ֆրանկ արժի. բայց քեզ համար, ծեր անառակ, անհարմար է այլ գին նշանակել։

Բայց ո՞ւռ է նա։

— Ա՛հ, դու նրան կտեսնես։ Ես էլ քեզ նման եմ. ձեռքից ձեռք... Սիրելի՛ս, քո կրքի առարկան գժություններ է արել։ Այդ երիտասարդ աղջիկները խելք չունեն։ Մեր իշխանադուստրը հիմա իսկական գիշերային գեղեցկուհի է...

Գեխեցկուհի...

— Դե՛, ցանցառ մի՛ ձևանա… Լուշարը հետապնդում է նրան, ես ինքս այդ աղջկան փոխարինաբար հիսուն հազար ֆրանկ եմ տվել…

Լաֆ էր ասեիր կսանհինգ,— բացականչեց բարոնը։

— Բա՛ ինչ, քսանհինգ հազար` հիսունի տեղ, ինքնըստինքյան հասկանալի է,— պատասխանեց Ասիան։— Այդ կինը, պետք է արդար լինել նրա նկատմամբ, համակ ուղղամտություն է։ Նա, իր անձից բացի, ուրիշ ոչինչ չունի։ Նա ինձ ասաց. «Իմ անուշիկ տիկին Սենտ-Էստև, ինձ հետապնդում են, միայն դուք կարող եք ինձ փրկել, պարտք տվեք քսան հազար ֆրանկ, դրա համար ես ձեզ գրավ եմ դնում իմ սիրտը… Ա՜հ, նա ոսկի սիրտ ունի... Միայն ես գիտեմ, թե ուր է նա։ Եթե անգաղտնապահ լինեմ, կկորչի իմ քսան հազարը... Առաջ նա ապրում էր Տեբու փողոցում։ Նախքան այնտեղից հեռանալը... (գույքի վրա կալանք էր դրված... դատական ծախսերի հարցը... Այդ լկտի կատարածուները... Ձեզ այդ հայտնի է, որպես Բորսայի ուժեղներից)... Եվ ահա, հիմար չլինելով, նա կարողանում է իր բնակարանը երկու ամսով վարձու տալ մի անգլուհու, հոյաշուք մի կին, որի սիրեկանը այն պզտիկն է... Ռյուբամպրեն. սա այնպես խանդոտն է, որ սիրուհուն թույլատրում էր զբոսնել միայն գիշերները... Բայց, որովհետև կահկարասին վաճառվելու էր, անգլուհին թողեց գնաց, մանավանդ, որ նա չափազանց թանկանոց էր այնպիսի թեթևսոլիկի համար, ինչպիսին Լյուսիենն է...

Դուկ պանկ եք վեռցնում,— ասաց Նյուսինգենը։

— Միայն բնաբերքով, — ասաց Ասիան,— ես փոխառություն եմ տալիս սիրուն կանանց. դա եկամտաբեր գործ է, որովհետև մեկից երկու արժեք ես զեղչում։

Ասիան զվարճանում էր վերստին խաղալով այն կանանց դերը, որոնք շատ անհագուրդ են, բայց ավելի փաղաքուշ, ավելի քաղցրախոս, քան ինքը` մալայուհին, և իրենց առևտուրն արդարացնում են բարի մտադրություններով։ Ասիան իրեն ներկայացնում էր որպես մի կին, որ հիասթափվել է կյանքից, երեխաներ ու հինգ սիրեկան կորցրել, և հակառակ իր փորձառության, թողնում է, որ իրեն կողոպտեն։ Նա երբեմն-երբեմն ցույց էր տալիս գրավատան անդորրագրեր` ապացուցելու համար, թե որքան անշահութաբեր է իր առևտուրը։ Նա գանգատվում էր, որ նեղության մեջ է և ծանրաբեռնված պարտքերով։ Մի խոսքով, նա այնպես միամտորեն գարշելի էր, որ բարոնը, ի վերջո, հավատաց նրա բոլոր ասածներին։

Դե լաֆ, եթե ես դամ հարյուռ հազառ ֆռանգ, նրան որդե՞խ գարոխ եմ հանդիբել,— հարցրեց նա, կատարելով շարժումն այն մարդու, որը վճռել է կանգ չառնել ոչ մի զոհաբերության առաջ։

— Հայրիկ, դու այս երեկո քո կառքով կգաս, ասենք, Ժիմնազ թատրոնի դիմաց։ Դա ճանապարհի վրա է,— ասաց Ասիան։— Դու կկանգնես Սենտ-Բարբ փողոցի անկյունը։ Ես այնտեղ կսպասեմ, մենք կգնանք, կգտնենք իմ թխամազ գրավականին... Օ՜, հիանալի մազեր ունի իմ գրավականը։ Հենց որ սանրը հանում է, Եսթերը ծածկվում է իր մազերով, ինչպես քողի տակ։ Բայց եթե դու գլուխ ես հանում թվերից, ապա մնացած բաներից բավական ցանցառ ես երևում ինձ. ես քեզ խորհուրդ եմ տալիս լավ թաքցնել անուշիկին, որովհետև նրան կարող են խցկել Սենտ-Պելաժի, հենց վաղը, իսկույն, եթե նրան գտնեն... Իսկ... նրան փնտրում են։

Չի՞ գարելի ետ գնել մուռհակները,— ասաց անուղղելի գիշատիչը։

— Դրանք դատական կատարածուի մոտ են... Բայց դա հնարավոր չէ... Աղջիկը սեր է խաղացել, ապա հեռացել է, լափելով մարդու ունեցվածքը, որ հիմա ետ են պահանջում։ Դե՛, իհարկե, քսաներկու տարեկանի սիրտը կատակել սիրում է։

Լա՛ֆ, լա՛ֆ, ես կգարկադրեմ այդ,— ասաց Նյուսինգենը, իրեն հատուկ խորամանկ արտահայտությամբ։— Ինգնսդինքյան հասգանալի է, որ ես կլինեմ նրա հոֆանավորը։

— Է՛հ, չաղ անասուն, քո գործն է այնպես անել, որ քեզ սիրեն, և դու բավական միջոցներ ունես, որպեսզի գնես սիրո նման մի բան, որը իսկական սիրո արժեքն ունենա։ Ես քո ձեռքը կհանձնեմ քո իշխանադստերը, և թող հնազանդվի քեզ, մնացածը իմ գործը չէ… Բայց նա վարժված է փարթամության, հարգալից վերաբերմունքի։ Ա՜հ, սիրելիս, նա կարգին կին է… Եթե այդպիսին չլիներ, մի՞թե ես նրան քսան հազար ֆրանկ կտայի։

Դե լաֆ, այս երեգո։

Բարոնը նորից սկսեց նորապսակի իր հարդարանքը, որ արդեն մի անգամ արել էր, բայց այս անգամ ստույգ հաջողությունը նրան ստիպեց կրկնապատկել դեղահատների չափաբաժինը։ Ժամը իննին նա գարշելի կնոջը գտավ ժամադրության վայրում և նրան վերցրեց իր կառքը։

Ո՞ւռ,— ասաց բարոնը։

— Ո՞ւր,— կրկնեց Ասիան։— Մարգարիտի փողոց, Մարեում (Ճահճում), հարմար հասցե է, որովհետև մարգարիտը ցեխի մեջ է, բայց դու նրան կլվանաս։

Հասնելով այնտեղ, կեղծ տիկին դը Սենտ-Էստևը նողկալի ժպիտով ասաց Նյուսինգենին.

— Մենք մի քանի քայլ պետք է ոտքով գնանք, ես այնքան տխմար չեմ, որ իսկական հասցեն տամ։

Դու ամեն պանի մասին մդացում ես,— պատասխանեց Նյուսինգենը։

— Այդպիսին է իմ արհեստը,— ասաց կինը։

Ասիան Նյուսինգենին բերեց Բարբետ փողոցը, որտեզ նրանք մտան կահավորված սենյակներ ունեցող մի տուն, որը պահում էր թաղի պաստառագործը, և բարձրացան հինգերորդ հարկը։

Տեսնելով Եսթերին ասեղնագործի վրա հակված, բանվորուհու պես հագնված, խղճուկ կահավորված մի սենյակում, միլիոնատերը գունատվեց։ Մի քառորդ ժամից հետո միայն, որի ընթացքում Ասիան ձևացնում էր, որ փսփսում է Եսթերի հետ, այդ երիտասարդացած ծերունին կարողացավ խոսել.

Օռիորդ,— ասաց նա վերջապես խեղճ աղջկան,— բառի կլինե՞ք ինձ համարել ցեր հոֆանավորը։

— Հարկադրված եմ, պարոն,— ասաց Եսթերը, որի աչքերից հոսեցին արտասուքի երկու խոշոր կաթիլներ։

Լաց մի՛ լինեք պնավ... Ես ուզում եմ ցեզ դառցնել պոլոր կանանցից ամենաեռչանիկը... Միայն սիռեցեք ինց, և դուկ կդեսնեք։

— Անուշիկս, պարոնը խելացի մարդ է,-ասաց Ասիան, նա լավ գիտե, որ վաթսունվեցը անց է կացրել, և շատ ներողամիտ կլինի։ Մի խոսքով իմ սիրուն հրեշտակ, ես քեզ համար հայր եմ գտել։

Ապա շուռ գալով դեպի թթված դեմքով բանկիրը` շշնջաց նրա ականջին.

— Հարկավոր է այդպես ասել նրան, որովհետև ատրճանակով ծիծեռնակներ չեն խփում։ Եկե՛ք այստեղ,— ասաց Ասիան` Նյուսինգենին տանելով հարևան սենյակը։— Հիշո՞ւմ եք մեր փոքրիկ համաձայնությունը, հրեշտա՛կս։

Նյուսինգենը ֆրակի գրպանից հանեց մի դրամապանակ և հաշվեց հարյուր հազար ֆրանկը, որին անհամբերությամբ սպասում էր մի առանձնասենյակում թաքնված Կարլոսը, և որը խոհարարուհին տարավ նրան։

— Ահա հարյուր հազար ֆրանկ, որ մեր մարդը ներդնում է Ասիայի մեջ. հիմա մենք նրան կհարկադրենք նույնքան ներդնել Եվրոպայի մեջ,— ասաց Կարլոսն իր հավատարմուհուն, երբ նրանք սանդուղքի հարթակի վրա գտնվեցին։

Նա անհետացավ, իր հրահանգները տալով մալայուհուն, որը մտավ բնակարան, ուր աղեկտուր լալիս էր Եսթերը։ Մահվան դատապարտված հանցագործի նման, այդ երեխան իրեն համար հույսերի մի ռոման էր ստեղծել, և հնչել էր ճակատագրական ժամը։

— Իմ թանկագին զավակներս,— ասաց Ասիան,— ո՞ւր եք գնալու... որովհետև բարոն Նյուսինգենը...

Եսթերը նայեց հռչակավոր բանկիրին` կատարելով հմտորեն խաղացված զարմանքի մի շարժում։

Այո, մանգիկս, ես բառոն դը Նիսինգենն եմ։

— …Բարոն դը Նյուսինգենը չպետք է և չի կարող մնալ նման շնաբնում։ Լսեցեց ինձ… Ձեր նախկին սպասուհի Էժենին…

Էշենի՜, Դեպու պոխոցի՞ց...-բացականչեց բարոնը։

— Այո, նա՛, որը պահպանում է վերգրվածը,— հարեց Ասիան,— և որը բնակարանը վարձու էր տվել գեղանի անգլուհուն։

Ա՜հ, ես հասգանում եմ,— ասաց բարոնը։

— Տիկնոջ նախկին սպասուհին,— հարգալից տոնով շարունակեց Ասիան` ցույց տալով Եսթերին,— ձեզ այս երեկո շատ լավ կընդունի, և առևտրական կատարածուն երբեք գլխի չի ընկնի` փնտրելու տիկնոջն իր նախկին բնակարանում, որը նա երեք ամիս է, ինչ թողել է...

Շադ լաֆ, շադ լաֆ,— բացականչեց բարոնը։— Պացի այդ, ես չանաչում եմ առևտրական կատարացուին և գիդեմ նրան ասել այնպիսի խոսկեր, որպեսզի չքվի...

— Հանձին Էժենիի դուք կունենաք խորամանկ մեկի,— ասաց Ասիան,-այդ ե՛ս եմ նրան տիկնոջը հանձնարարել...

Ես նրան չանաչում եմ,— բացականչեց միլիոնատերը, ծիծաղելով,— Էշենին ինցնից բլոգել է երեսուն հազառ ֆռանգ...

Եսթերը խորշանք արտահայտող այնպիսի մի անկեղծ շարժում արեց, որ բարեսիրտ որևէ մարդ նրան կվստահեր իր հարստությունը։

Օ՜, դա իմ սխալի հետեֆանկով էր,— շարունակեց բարոնը,— ես ցեր հեդևից էի ֆազում...

Եվ նա պատմեց այն թյուրիմացության մասին, որ տեղի էր ունեցել բնակարանն անգլուհուն վարձու տալու հետևանքով։

— Ա՜հ, տեսնո՞ւմ եք, տիկին,— ասաց Ասիան,— Էժենին այդ մասին ձեզ ոչինչ չի ասել, խորամանկը։— Բայց տիկինը շատ է կապված այդ աղջկանը,— ասաց նա բարոնին,— այնուամենայնիվ, պահեցեք նրան։

Ասիան մի կողմ տարավ Նյուսինգենին ու նրան ասաց.

— Էժենին ուզում է իր համար մի կլորիկ գումար դիզել։ Նրան վճարեցեք ամսական հինգ հարյուր ֆրանկ, և դուք նրանից կիմանաք այն բոլորը, ինչ կանի տիկինը. նրան դարձրեք տիրուհու սպասուհին։ Էժենին ավելի ևս ձերը կլի¬նի, քանի որ շորթել է ձեզ... Ոչ մի բան կանանց այնպես չի կապում տղամարդուն, որքան շորթելը։ Բայց սանձի մեջ պահեցեք Էժենիին. նա փողի համար ամեն ինչ կանի, սոսկալի աղջիկ է։

Իսգ դո՞ւ։

— Ե՞ս,— ասաց Ասիան,— ես գանձում եմ իմ վճարածը։ Նյուսինգենը, որ բավականին խորաթափանց մարդ էր, այնուամենայնիվ, ասես աչքերին կապ ուներ. նա թույլ տվեց, որ իր հետ վարվեն, ինչպես մի երեխայի։ Տեսնելով այդ անկեղծ և պաշտելի Եսթերին, որը ձեռագործի վրա թեքված` արցունքներն էր սրբում, համեստ, ինչպես մի դեռատի կույս, սիրահարված ծերունու մեջ զարթնեցին Վենսենի անտառում ունեցած ապրումները։ Նա պատրաստ էր նրան տալու մինչև իսկ իր դրամարկղի բանալին։ Իրեն երիտասարդ Էր զգում, տարփանքով լցված, սպասում էր, որ Ասիան մեկնի, որպեսզի ծնկի գա Ռաֆայելի այդ Մադոննայի առաջ։ Երիտասարդու¬թյան հանկարծակի փթթումը ծեր գիշատչի սրտում, սոցիա¬լական այն երևույթներից է, որ շատ հեշտությամբ բացատրվում է ֆիզիոլոգիայով։ Գործերի ծանրության տակ ճնշված, խեղդված մշտական հաշվումներով, միլիոններ որսալու անդադրում հոգսերով, երիտասարդությունն իր վսեմ անուրջներով նորից հառնում է, ծաղկում, հասունանում նետված մի հուդի նման, որ փարթամորեն աճում է աշնանային շողացայտ արևի շոյանքից, ինչպես վաղեմի պատճառը, դիպվածին հնազանդվելով, հասցնում է իր հետևանքին։ Ստրասբուրգում, քսան տարեկան հասակից ծառայելով Ալդրիգերների առևտրական հին ֆիրմայում, բարոնը երբեք ոտք չէր դրել զգացումների աշխարհը։

Ահա թե ինչու, կանգնած իր կուռքի դիմաց և ունկնդրելով իր գլխում իրար բախվող հազարավոր մտքերին, որոնցից ոչ մեկը նրա շրթունքներին չէին հասնում, Նյուսինգենը հնազանդվեց անասնական այն ցանկությանը, որի մեջ երևան էր գալիս վաթսունվեց տարեկան տղամարդը։

Կգամենա՞ք կնալ Դեպու պոխոցը,— հարցրեց նա։

— Ուր կամենում եք, պարոն,— ասաց Եսթերը` վեր կենալով։

Ո՜ւռ գամենում եք,— կրկնեց բարոնը հափշտակությամբ։— Դուկ մի հռեշտակ եք երկնգից իչաց, որին ես սիռում եմ, ասես թե եռիտասարդ լինեմ, թեբեդ ալեխառն մազեր ունեմ...

— Ա՜հ, դուք համարձակ կարող եք ասել սպիտակ, ձեր մազերը չափազանց սև են, ալեխառն կոչվելու համար,— ասաց Ասիան։

Կոռի՛ր այստեխից, վադ արարաց, մառդկային միս վաչառող։ Դու քn դռամն արդեն սդացար, մի կեխդոտի սիռո այս ցախիկը,— բացականչեց բանկիրը, այդ վայրի բացականչությամբ վրեժխնդիր լինելով իր հանդուրժած բոլոր լկտիությունների համար։

— Ծեր ստահակ, դու ինձ կվճարես այդ խոսքերի համար…— ասաց Ասիան, սպառնալով բանկիրին շուկայի վաճառուհուն վայել մի ժեստով, որը հարկադրեց բանկիրին թոթվել ուսերը։ — Սափորի բերնի և կոնծողի դնչի միջև տեղ կա իժի համար, և դու ինձ այնտեղ կգտնես… — ասաց Ասիան, Նյուսինգենի արհամարհանքից չարացած։

Միլիոնատերերը, որոնց փողը պահվում է Ֆրանսիական բանկում, որոնց ապարանքները պահպանվում են սպասավորների ջոկատով, իսկ սեփական անձը փողոցում պաշտպանված է անգլիական ձիեր լծած արագընթաց կառքի պատերով, չեն վախենում ոչ մի դժբախտությունից, այդ պատճառով բարոնը սառնությամբ նայեց Ասիային, չէ՞ որ հենց նոր հարյուր հազար ֆրանկ էր տվել նրան։

Այդ վեհաշուք տեսքն ունեցավ իր ազդեցությունը։ Ասիան նահանջեց, մրթմրթալով ետ գնաց դեպի սանդուղքը և ծայրահեղորեն հեղափոխական ճառ ասաց` ակնարկելով կառափնարանի մասին։

— Դուք նրան ի՞նչ ասացիք…— հարցրեց ասեղնագործող կույսը,— չէ՞ որ նա բարի կին է։

Նա ցեզ ցախել է, նա գոխոպտել է ցեզ...

— Երբ մենք թշվառության մեջ ենք,— պատասխանեց Եսթերն այնպիսի արտահայտությամբ, որ կփշրեր նույնիսկ դիվանագետի սիրտը,— ո՞ւմ մոտ կարող ենք փող և լավ վերաբերմունք գտնել։

Խե՜ղչ մանգիկ,— ասաց Նյուսինգենը,— ոչ մի ռոբե այլեֆս մի մնաք այսդեղ։

Նյուսինգենը թևանցուկ արեց Եսթերին և այնպես, ինչպես վերջինս հագնված էր, տարավ իր կառքը և նստեցրեց այնպիսի հարգանքով, որպիսին թերևս չցուցաբերեր գեղանի դքսուհի դը Մոֆրինյոզի նկատմամբ։

Դուկ կունենաք մի կեխեցիկ գառք, Բարիզի ամենակեխեցիկը,— ասում էր Նյուսինգենը ճանապարհին։— Դուկ շրչաբատված կլինեք այն ամենով, ինչ շգեխության մեջ ամենից հռաբուրիչն է։ Թակուհին այնքան հառուստ չի լինի, որքան դուկ։ Կհարգվեք որբես գերմանական մի հառսնացու, ես ցեզ ազադ կդառցնեմ... Լաց մի՛ լինեք... Լսեցե՛ք... Ես ցեզ սիռում եմ իսգական մակուռ սիռով։ Ցեր յուրաքանչյուր արդասունքը պշրում է իմ սիռդը...

— Մի՞թե սիրում են փողով գնված կնոջը...— քաղցր ձայնով հարցրեց խեղճ աղջիկը։

Հովսեպը վաչառվեց իր եխպայրների կողմից իր վայելչակեխության համար։ Այդ Ասդվացաշնչում է գռվաց։ Պացի այդ, Արևելքում գնում են իրենց օռինական կանանց։ Հասնելով Տեբու փողոցը, Եսթերը չկարողացավ առանց ճնշող տպավորության վերստին տեսնել իր երջանկության վայրը, Նա նստեց մի բազմոցի վրա, անշարժ, մեկը մյուսի հետևից արցունքի կաթիլներ թափելով, չլսելով խելացնոր այն խոսքերը, որ մրթմրթում էր բանկիրը։ Ծերուկը ծունկի եկավ նրա առաջ։ Եսթերն այդ թույլ տվեց, ոչինչ չասաց, ետ չքաշեց ձեռքերը, երբ բարոնր հպվում էր դրանց, և ասես չէր գիտակցում, թե ինչ սեռի էր պատկանում այդ արարածը, որը տաքացնում է իր ոտքերը, որոնք Նյուսինգենին սառը թվացին։ Բարոնի գլխին թափվող այրող արտասուքների և սառած ոտքերը տաքացնելու այդ տեսարանը տևեց գիշերվա ժամը տասներկուսից մինչև երկուսը։

Էշենի,— ասաց վերջապես բարոնը` կանչելով Եվրո¬պային,-աշխադեցեք պառկեցնել ցեր դիրուհուն...

— Ո՛չ,— գոչեց Եսթերը` սարսափահար ձիու նման ոտքի ցատկելով,— այստե՛ղ, երբե՛ք...

— Լսեցեք պարոն, ես ճանաչում եմ տիկնոջը, նա մեղմ է ու բարի, ինչպես մի գառնուկ,— ասաց Եվրոպան բանկիրին,— բայց հարկավոր չէ հակառակել նրան, պետք է նրան վերցնել հնարամտությամբ... Նա այնքան դժբա՜խտ է եղել։ Նայեցե՜ք... կահ-կարասին խիստ մաշված է... Թույլ տվեք, որ նա վարվի ուզածի պես։ Նրա համար շնորհքով մի առանձնատուն սարքեցեք։ Իր շուրջն ամեն ինչ նոր տեսնելով, գուցե նա իրեն այլ կերպ զգա, այդ դեպքում գուցե դուք նրան երևաք ավելի լավ, քան այժմ, և նա կլինի հրեշտակի պես քնքուշ... Օ՜, տիկինը աննման է, և դուք կարող եք պարծենալ, որ մի սքանչելիք եք ձեռք բերել, բարի մի սիրտ, վայելչաշնորհ մաներներ, բարակ ոտներ, մաշկը... ասես վարդ լինի... Ա՜հ, իսկ սրամտությունը, որ կարող է ծիծաղեցնել մահվան դատապարտվածներին... Տիկինը հեշտությամբ մտերմանում է... Իսկ ինչպե՜ս գիտե հագնվել։ Դե՛, թեպետև թանկ է, բայց, ինչպես ասում են, տղամարդն իր ծախսերը կհանի։ Այստեղ նրա բոլոր շորերը կալանքի տակ են. հետևապես, նրա հագուստները, երեք ամիս է, ինչ նորաձևությունից ընկել են։ Բայց տիկինը այնքան բարի է, որ տեսնում եք, ես ինքս էլ սիրում եմ նրան, թեև նա իմ տիրուհին է։ Բայց, ինքներդ դատեցեք, այդպիսի՜ մի կին... կալանքի տակ առնված կահկարասիների միջում... Եվ ո՞ւմ համար, մի ստահակի, որ նրան կործանել է... Խե՜ղճ անուշիկ կին։ Նա այլևս առաջվանը չէ։

Էսդե՜ր... Էսդե՜ր...— ասում էր բարոնը,— բառկեցեք, իմ հռեշդակ։ Ա՜խ, եթե ես եմ ցեգ վախ ազդում, ես կմնամ այս պազմոցի վրա...— բացականչեց բարոնը, բոցավառված ամենամաքուր սիրով, տեսնելով, որ Եսթերն անվերջ լալիս է։

— Դե լավ,— պատասխանեց Եսթերը` բռնելով բարոնի ձեռքը և համբուրելով երախտագիտության այնպիսի զգացումով, որը արտասուքի նմանող մի բան քամեց գիշատչի աչքերից,— ես դրա համար ձեզ շնորհապարտ եմ։

Եվ նա փախավ իր ննջարանը և փակվեց այնտեղ։

— «Ինչ-որ անպացադրելի մի պան կա այսդեխ,— ասում էր Նյուսինգենը յուրովի, իր դեղահատներից գրգռված։— Ի՜նչ կասեն ինց դանը»։

Նա վեր կացավ, նայեց լուսամուտից.

Իմ գառքը դեռ այսդեխ է... Շուդով լույսը կպացվի...

Նա անցուդարձ արավ սենյակում։

Դիկին դը Նիսինգենը ինչկա՜ն պիտի ցիցախի ինց վրա, եթե իմանա, թե ինչբես եմ անցկացնում այս կիշերը...

Նա իր ականջը հպեց ննջարանի դռանը, գտնելով, որ պառկելը չափազանց անմտություն է։

Էսդե՜ռ...

Ոչ մի պատասխան։

Ասդվաց իմ, նա շառունակ լալիս է,— ասաց ինքն իրեն` վերադառնալով և փռվելով բազմոցի վրա։

Արևածագից մոտ տասը րոպե հետո բարոն դը Նյուսինգենը ծանր, տանջալից մրափի մեջ էր, անհարմար մի դիրքով պառկած բազմոցի վրա, երբ Եվրոպան հանկարծակի արթնացրեց նրան այն երազներից, որ այդպիսի դեպքերում մարդիկ տեսնում են, և որոնց հարափոփոխ խառնաշփոթությունը բժիշկ-ֆիզիոլոգների համար մնում են որպես անլուծելի երևույթներ։

— Ա՜հ, Աստվա՛ծ իմ, տիկի՜ն,— ճչում էր նա,— տիկի՜ն, ժանդարմնե՜ր… Ոստիկանությո՜ւն… Ուզում են ձեզ ձերբակալել…

Այն րոպեին, երբ Եսթերը բաց արեց դուռը և երևաց իր պենյուրայում անփույթ փաթաթված, մերկ ոտքերը հողաթափների մեջ, գիսախռիվ, բայց այնքան գեղեցիկ, որ կգայթակղվեր նույնիսկ Ռաֆայել հրեշտակապետը, հյուրասրահի դռնից խուժեց մարդկային տիղմի մի հեղեղ, տասը ոտքերով մղելով դեպի երկնային աղջիկը, որը կանգնել էր ասես որպես մի հրեշտակ` ֆլամանդական կրոնական նկարի մեջ։

Մի մարդ բոլորից առաջ անցավ։ Կոնտանսոնը, ժանտադեմ Կոնտանսոնը ձեռքը դրեց Եսթերի խոնավ ուսին։

— Դո՞ւք եք օրիորդ Եսթեր վան...— ասաց նա։

Եվրոպան ապտակեց Կոնտանսոնին, ապա նրան ամբողջ հասակով մեկ փռեց գորգին, ոտքով հասցրած այն շեշտակի հարվածով, որը ծանոթ է նրանց, ովքեր հմուտ են ոտնակռվի արվեստի մեջ։

— Ե՛տ կացեք,— ճչաց նա,— չհամարձակվե՛ք դիպչել իմ տիրուհուն։

— Նա իմ սրունքը ջարդեց,— բղավում էր Կոնտանսոնը` վեր կենալով,-ինձ պիտի հատուցի այդ բանի համար...

Խուզարկուների պես հագնված այդ հինգ խուզարկուների շարքում, որոնք իրենց սոսկալի գլխարկները պահում էին իրենց է՛լ ավելի սոսկալի գլուխներին, երակավոր կարմիր փայտի դույնի դեմքերով, ոմանք շիլ աչքերով, ոմանք ծուռ բերանով ու առանց քթի, այդ մարդկանց շարքում առանձնանում էր Լուշարը, հագնված ավելի մաքուր, քան իր մարդիկ, բայց նույնպես գլխարկը գլխին, իսկ դեմքի արտահայտությունը միաժամանակ քաղցրաբարո ու հեգնական։

— Օրիորդ, դուք ձերբակալված եք,— ասաց նա Եսթերին։— Իսկ ինչ վերաբերում է ձեզ, աղջիկս,— ասաց նա Եվրոպային, — ամեն տեսակ ըմբոստությունը կպատժվի, և անօգուտ է որևէ դիմադրություն։

Ճաշասենյակի և նախասրահի հատակին ընկնող հրացանների աղմուկը, որ նշան էր կատարածուի պահակախմբի ուժեղացման, հաստատեց այդ խոսքերը։

— Իսկ ինչո՞ւ են ձերբակալում ինձ,— անմեղորեն ասաց Եսթերը։

— Իսկ մեր փոքրիկ պարտքե՞րը…— պատասխանեց Լուշարը։

— Ա՜հ, այդ ճիշտ է,— բացականչեց Եսթերը։— Թույլ տվեք ինձ հագնվել։

— Դժբախտաբար, օրիորդ, ես պետք է հավաստիանամ, թե դուք արդյոք փախուստի ոչ մի ճանապարհ չունե՞ք ձեր սենյակում,— ասաց Լուշարը։ Այդ բոլորը կատարվեց այնպիսի արագությամբ, որ բա¬րոնը ժամանակ չունեցավ միջամտելու։

Դե լաֆ, ե՞ս եմ հիմա մառտկային մսի վաչառուհին, բառոն դը Նիսինգեն…— բացականչեց սարսափելի Ասիան, որը խուզարկուների խմբի միջով հասավ մինչև բազմոցը, ձևացնելով, թե իբր նոր է նկատում բանկիրի ներկայությունը։

Սդոր խապեպա,— բացականչեց Նյուսինգենը` նրա առաջ կանգնելով ֆինանսական իր համակ վեհությամբ։

Եվ նա նետվեց Եսթերի ու Լուշարի միջև, որը գլխարկը հանեց Կոնտանսոնի բացականչության վրա։

— Պարոն բարոն դը Նյուսինգե՜նը...

Լուշարը նշան արեց, և խուզարկուները թողին բնակարանը, հարգալից հանելով գլխարկները։ Մնաց միայն Կոնտանսոնը։

— Պարոն բարոնը վճարելո՞ւ է...— հարցրեց կատարածուն, որը գլխարկը պահել էր ձեռքում։

Ես կվչարեմ,— պատասխանեց բանկիրը,— պայց կուզեմ նախ գիդենալ, թե պանը ինչումն է։

— Երեք հարյուր տասներկու հազար ֆրանկ և սանտիմներ, ներառյալ ծախսերը, ձերբակալության ծախքից բացի։

Երեք հառյուր հազար ֆռա՜նգ...— բացականչեց բարոնը,— այդ չապազանց թանկ մի զարդոնք է մի մառդու համար, որը կիշերն անց է գացրել պազմոցի վրա,— ավելացրեց նա Եվրոպայի ականջին։

— Այս մարդն իսկապես բարոն դը Նյուսինգե՞նն է,— հարցրեց Եվրոպան Լուշարին, իր կասկածն արտահայտելու համար կատարելով մի շարժում, որը կարող էր գրգռել օրիորդ Դյուբոնի` Ֆրանսիական թատրոնի վերջին սուբրետուհու նախանձը։

— Այո, օրիորդ,— ասաց Լուշարը։

— Այո,— պատասխանեց Կոնտանսոնը։

Ես բադասխանատու եմ նրա փոխառեն,— ասաց բարոնը, որին վիրավորական թվաց Եվրոպայի կասկածանքը,— թույլ դվեք ինց նրան մի խոսկ ասել։

Եսթերը և իր ծեր սիրահարը մտան ննջարան, որի փա¬կանքին Լուշարն անհրաժեշտ համարեց հպել ականջը։

Ես քեզ իմ ախչկանից աֆելի եմ սիռում, Էսդեռ, պայց ինչո՞ւ դալ ցեր բարդադերերին այն գումառը, որը անհունաբես աֆելի լաֆ կլիներ, եթե մնար ցեր կսակում. կնա¬ցեք բանդ, ես ինց վրա եմ վեռցնում եդ կնել այդ հառյուր հազառ. Էգուն` հառյուր հազառ ֆրանգով, և դուք կունենաք երկու հառյուր հազաո ֆռանգ ցեր օգդին։

— Այդ ծրագիրը,— ձայն տվեց Լուշարը,— անօգուտ է։ Պարտատերը սիրահարված չէ օրիորդին... Հասկանո՞ւմ եք։ Եվ եթե ամբողջ պարտքն էլ վճարեք, նրան քիչ կթվա, հենց որ իմանա, որ դուք սիրահարված եք օրիորդին։

Տխմառ,— բացականչեց Նյուսինգենը, և բանալով դուռը, Լուշարին ներս թողեց ննջարան,— դու չգիդես, թե ինչ ես անում։ Ես քեզ կդամ քսան դոկոս, եթե դու գորցը չկարչես։

— Անհնարին է, պարոն բարոն։

— Ինչպե՜ս, պարոն, ձեր սիրտը թույլ կտա,— ասաց Եվրոպան մրջամտելով,— որ իմ տիրուհուն բանտ տանեն…— Բայց, եթե ուզում եք, տիկին, վերցրեք իմ ռոճիկները, իմ խնայողությունները, ես քառասուն հազար ֆրանկ ունեմ։

— Ա՜հ, իմ խեղճ աղջիկ, ես քեզ չէի ճանաչում,— բացականչեց Եսթերը` գրկելով Եվրոպային։

Եվրոպան սկսեց հեկեկալով լաց լինել։

Ես վչարում եմ,— խղճալի դեմքով ասաց բարոնը, և հանելով մի ծոցատետր, վերցրեց կնքված այն քառակուսի թղթերից մեկը, որ բանկը տալիս է բանկիրներին, և որոնց վյրա պետք է լրացնել միայն գումարի քանակը և գրել, որ¬պեսզի այն դառնա ներկայացնողին վճարելի մուրհակ։

— Նեղություն մի քաշեք, պարոն բարոն,— ասաց Լուշարը,— ես հրաման ունեմ ընդունել վճարումը միայն ոսկով ու արծաթով։ Ի պատիվ ձեզ ես կբավականանամ բանկային տոմսերով։

Սադանա՛ն դանի,— բացականչեց բարոնը,— ցույց դվեք ինց, ուրեմն, ցեր պասդաթխթերը։

Կոնտանսոնը ներկայացրեց երեք փաստաթուղթ` կապույտ շապիկով, որ վերցրեց բարոնը, նայելով Կոնտանսոնին, և նրա ականջին ասաց.

Դու աֆելի լաֆ կանեիր, եթե ինց նախազկուշացնեիր։

— Է՜, մի՞թե ես գիտեի, որ դուք այստեղ եք, պարոն բարոն,— պատասխանեց լրտեսը, հոգ չանելով, թե Լուշարը նրան կլսի, թե ոչ։— Դուք շատ բան կորցրիք` չվստահելով ինձ։ Ձեզ շորթում են,— ավելացրեց այդ փիլիսոփան` ուսերը թոթվելով։

Այդ չիշդ է,— ասաց բարոնը։— Ա՜խ, անուշիգս,— բացականչեց նա` տեսնելով մուրհակները և դիմելով նոթերին։— Դուկ սդոր մի խապեպայի զոհ եք, մի անբիդանի...

— Ավա՜ղ, այո՛,— ասաց խեղճ Եսթերը,— բայց նա ինձ շա՜տ էր սիրում։

Եթե ես գիդենայի... կպողոկարկեի ցեր անունից։

— Դուք գլուխը կորցնում եք, պարոն բարոն,— ասաց Լուշարը,— կա երրորդ ներկայացնող։

Այո՛,— շարունակեց բարոնը,— եռռոռդ ներկայացնող... Սեռիզե, որ միշդ պողոկոխ մարդ է։

— Նա սրմատության մոլություն ունի,— ասաց Կոնտանսոնը, ժպտալով,— նա կալամբուրներով է խոսում։

— Պարոն բարոնը կհաճի մի երկտող գրել իր գանձապահին,— ասաց Լուշարը,— ես այնտեղ կուղարկեմ Կոնտանսոնին և կճամփեմ իմ մարդկանց։ Ժամանակն անցնում է, և բոլորը կարող են իմանալ…

Կնա', Գոնդանզոն,— բղավեց Նյուսինգենը։— Իմ գանցաբահն աբրում է Մադիրեն և Առգատ պոխոցների անգյունում։ Ահա մի երկդող, որբեսզի նա կնա դյու Տիեի և Կելլերների մոդ այն բարագայում, եթե մենք չունենանք հառյուր հազառ էգյու, որովհետեֆ մեր պոլոր պոխերը պանքումն են... Հակնվեցե՛ք, հռեշդակս,— ասաց նա Եսթերին,— դուկ ազադ եք։ Բառավ կանայք,— բացականչեց նա` նայելով Ասիային,— աֆելի վդանգավոր են, քան երիդասարդները...

— Ես պիտի գնամ ուրախացնեմ պարտատիրոչը,— ասաց Ասիան,— և նա ինձ կտա այնքան, որ զվարճանամ այսօր։— Մի' պառկանաք պառոն բառոն...— ավելացրեց Սենտ-Էստևը` գարշելի մի ռևերանս անելով։

Լուշարը բարոնի ձեռքից ետ վերցրեց փաստաթղթերը և նրա հետ մենակ մնաց հյուրասրահում, ուր, մի կես ժամից հետո, Կոնտանսոնի հետ եկավ գանձապահը։ Այդ ժամանակ երևաց Եսթերը դյութական, թեև հանպատրաստից զգեստով։ Երբ Լուշարը հաշվեց փողերը, բարոնը կամեցավ ստուգել փաստաթղթերը, բայց Եսթերը կատվային մի թռիչքով ճանկեց դրանք ու տարավ թաքցնելու իր գրասեղանի գզրոցում։

— Ի՞նչ կտաք դուք տղերանցը…— հարցրեց Կոնտանսոնը Նյուսինգենին։

Դուք պավականաչափ կախակավարի չէիք,— ասաց բարոնը։

— Եվ իմ ոտքի համար…— գոչեց Կոնտանսոնը։

Լյուշա՛ր, դուկ կդաք հառյուր ֆռանգ Գոնդանզոնին, ի հաշիֆ հազառանոց դոմսի մնացորտի...

Այդ շագ կեխեցիկ կին է,— ասում էր գանձապահը բարոն դը Նյուսինգենին` դուրս գալով Տեբու փողոցից,— պայց նա շադ թանգ է նսդում բարոն բառոնին։

Գախտնի բահեցեք ամեն ինչ,— ասաց բարոնը, որը Կոնտանսոնին և Լուշարին նույնպես խնդրել էր ամեն բան գաղտնի պահել։

Լուշարը հեռացավ Կոնտանսոնի ուղեկցությամբ, բայց Ասիան, որը նրա ճամփան էր պահում, բուլվարում կանգնեցրեց առևտրական կատարածուին։

— Դատական կատարածուն և պարտատերը այնտեղ են, կառքում, նրանք անհամբեր են,— ասաց Ասիան,— այնտեղ էլ շահելու բան կա։ Մինչ Լուշարը դրամներն էր հաշվում, Կոնտանսոնը կարողացավ զննել հաճախորդներին։ Նս նկատեց Կարլոսի աչքերը, ճակատի ձևը կեղծամի տակ և այդ կեղծամը, որը նրան իսկապես կասկածելի երևաց. նա վերցրեց կառքի համարը, ձևացնելով, որ լիովին անտարբեր է տեղի ունեցածի նկատմամբ, բայց նրա երևակայությունն առանձնապես զբաղեցնում էին Ասիան ու Եվրոպան։ Նա մտածում էր, որ բարոնը չափազանց ճարպիկ մարդկանց զոհն է, ևս առավել նա այդ բանում համոզվեց, երբ տեսավ, որ Լուշարը, ծառայության համար վարձատրություն պահանջելիս, զարմանալիորեն զգույշ էր։ Ըստ որում, Եվրոպայի քացին չէր դիպել Կոնտանսոնի միայն սրունքին։

«Այդ մի հարված է, որից Սեն-Լազարի հոտ է փչում»,-ինքն իրեն ասել էր նա` ընկած տեղից վեր կենալիս։

Կարլոսը ճամփեց դատական կատարածուին, նրան վճա¬րելով առատաձեռնորեն, և կառապանին հրամայեց.

— Դեպի՛ Պալե-Ռոյալ, մուտքի մոտ։

— «Ա՜հ, շան ծնունդ,— ինքն իրեն ասաց Կոնտանսոնը` լսելով այդ հրամանը,— այստեղ ինչ-որ բան կա...»։

Կարլոսը Պալե-Ռոյալ հասավ այնպիսի արագությամբ, որ կարող էր չվախենալ հետապնդումից։ Բացի այդ, նա, իր սովորության համաձայն կտրեց-անցավ գալերեաներր, Շաառ դ’Օ-ի հրապարակում մի այլ կառք վերցրեց` հրամայելով.

— Օպերայի պասսա՛ժը, Պինոն փողոցի կողմից։

Քառորդ ժամից հետո նա մտավ Տեբու փողոցը։ Նրան, տեսնելով` Եսթերն ասաց.

— Ահա՛ ճակատագրական փաստաթղթերը։

Կարլոսը վերցրեց այդ թղթերը, զննեց, ապա գնաց խոհանոց դրանք այրելու։

— Խաղը խաղացված է,— բացականչեց Կարլոսը, ցույց տալով երեք հարյուր տասը հազար ֆրանկը` փաթաթված մի ծրարի մեջ, որը դուրս քաշեց իր բաճկոնի գրպանից։ Այս և Ասիայի կորզած հարյուր հազար ֆրանկը մեզ հնարավորություն կտան գործելու։

— Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ,— գոեց խեղճ Եսթերը։

— Հիմա՛ր,— ասաց դաժան հաշվարկողը,— եղի՛ր Նյուսինգենի բացահայտ սիրուհին, և դու կկարողանաս տեսնել Լյուսիենին, նա Նյուսինգենի բարեկամն է, ես քեզ չեմ արգելում սիրել նրան։

Եսթերը մի աղոտ լույսի նշույլ նկատեց իր խավար կյանքի մեջ, ավելի ազատ շունչ քաշեց։

— Եվրոպա՛, աղջիկս,— ասաց Կարլոսը, տանելով այդ արարածին բուդուարի մի անկյունը, ուր ոչ ոք չէր կարող որսալ այդ խոսակցության մի բառն անգամ։— Եվրոպա՛, ես գոհ եմ քեզնից։

Եվրոպան բարձրացրեց գլուխը, նայեց այդ մարդուն մի հայացքով, որն այնպես կերպարանափոխեց աղջկա խամրած դեմքը, որ դռանը հսկող, այդ տեսարանին վկա Ասիան մտածեց, թե արդյոք Եվրոպային՝ Կարլոսին շղթայող շահագրգռության կապերն ավելի ամուր չե՞ն։

— Այդ դեռ բոլորը չէ, աղջիկս։ Չորս հարյուր հազար ֆրանկը ոչինչ է ինձ համար… Պակկարը քեզ կհանձնի մոտ երեսուն հազար ֆրանկ արժողությամբ արծաթեղենի մի հաշվեցուցակ, որի վրա նշումներ կան տարբեր ժամանակներում կատարված վճարումների մասին` ի հաշիվ հետագա վճարումների... Բայց մեր ոսկերիչ Բիդդենը ծախսեր է արել։ Նրա կողմից կալանք դրված մեր կայքի մասին հայտարարություն կլինի վաղը։ Գնա՛, տեսնվիր Բիդդենի հետ, նա ապրում է Արբր-Սեկ փողոցում, նա քեզ կտա տասը հազար ֆրանկ գումարի գրավատան անդորրագրեր։ Դու հասկանո՞ւմ ես. Եսթերը ձեռք է բերել արծաթեղեն, դրա համար չի վճարել և արդեն գրավ է դրել. նրան կարող է սպառնալ մի փոքրիկ մեղադրանք` դրամաշորթության համար։ Ուրեմն, պետք է երեսուն հազար ֆրանկ վճարել ոսկերչին` արծաթեղենի համար և տասը հազար ֆրանկ` գրավատանը, որպեսզի վերադարձնեն արծաթեղենը։ Ընդամենը քառասուներեք հազար ֆրանկ` ծախսերի հետ մեկտեղ։ Այդ արծաթասպասները մաքուր արծաթից չեն, բարոնը նորերր ձեռք կբերի, և մենք նրանից էլի՛ կպլոկենք մի քանի հազար ֆրանկանոց տոմ¬սեր։ Դուք երկու տարում որքա՞ն եք պարտք… դերձակուհուն։

— Պետք է, որ նրան պարտք լինենք վեց հազար ֆրանկ,— պատասխանեց Եվրոպան։

— Դե լա՛վ, եթե տիկին Օգյուստն ուզում է, որ իրեն վճարեն և չկորցնի իր կլիենտուհուն, թող կազմի երեսուն հազար ֆրանկի մի հաշիվ` չորս տարվա համար։ Նույն համաձայնությունը կայացնել մոդիստուհու հետ։ Գոհարավաճառ Սամուել Ֆիշը, Սենտ-Ավուա փողոցի հրեան, քեզ անդորրագրեր կտա, մենք պետք է նրան պարտ լինենք քսանհինգ հազար ֆրանկ, և մեր թանկարժեք զարդերից, վեց հազար ֆրանկ արժողությամբ, դրած կլինենք գրավատունը։ Գոհարեղենները մենք կվերադարձնենք գոհարավաճառին. ի միջի այլոց, դրանց կեսը կեղծ կլինի, բարոնր չի էլ նայի։ Վերջապես, դու պետք է հարկադրես մեր պոնտյորին մի շաբաթից հետո գրպանից հանել ևս հարյուր հիսուն հազար ֆրանկ։

— Տիկինը գոնե մի քիչ պետք է օգնի ինձ,— պատասխանեց Եվրոպան,— խոսեցեք նրա հետ, որովհետև նա իրեն պահում է շշմածի պես, և ես ստիպված եմ ավելի շատ խելք բանացնել, քան բանացնում են երեք հեղինակ` մի պիեսի վրա։

— Եթե Եսթերը կեղծ սրբություն ցուցաբերի, դու այդ մասին ինձ նախազգուշացրու,— ասաց Կարլոսը։-Նյուսինգենը նրան կառք ու ձիեր է խոստացել։ Եսթերն անձամբ պիտի ուզենա բոլորն ընտրել և գնել։ Կընտրեք ա՛յն ձիավաճառի և կառագործի մոտ, որոնք սպասարկում են Պակկարի տիրոջը։ Մենք կունենանք հիանալի ձիեր, շատ թանկարժեք, որոնք մի ամսից հետո կաղալու են, և մենք դրանց կփոխենք։

— Կարելի է մի վեց հազար ֆրանկ դուրս կորզել պարֆյումերիայի հաշվի միջոցով,— ասաց Եվրոպան։

— Օ՜,— գոչեց Կարլոսը` գլուխը թեքելով,— շա՛տ ես շտապում, կամաց-կամաց շարժվիր, մենք ձեռք կբերենք զիջում զիջումի հետևից։ Նյուսինգենը դեռ միայն ձեռքն է խրել մեքենայի մեջ, իսկ մեզ հարկավոր է նրա գլուխը։ Այս բոլորից զատ, կարիք ունեմ ևս հինգ հարյուր հազար ֆրանկի։

— Դուք այդ կստանաք, — պատասխանեց Եվրոպան,-տիկինը հեզահամբույր կդառնա այդ չաղ տխմարի նկատմամբ, երբ գործը հասնի վեց հարյուր հազար ֆրանկի, և նրանից դարձյալ կխնդրի չորս հարյուր հազար ֆրանկ, որպեսզի նրան ավելի շատ սիրի։

— Լսի՛ր, աղջիկս,— ասաց Կարլոսը։— Այն օրը, երբ ես կստանամ վերջին հարյուր հազար ֆրանկը, դու կունենաս քսան հազար ֆրանկ։

— Ինչի՞ ս է պետք այդ փողը,— ասաց Եվրոպան, ձեռքերն այնպես թափահարելով, ասես նրան անհնարին էր թվում հետագա կյանքը։

— Դու կարող ես վերադառնալ Վալանսիեն, գնել մի լավ հաստատություն և, ցանկության դեպքում, դառնալ պարկեշտ կին. ամեն մարդ իր ճաշակն ունի։ Պակկարն էլ է այդ մասին մտածում. նրա ուսին խարան չկա, խիղճն էլ գրեթե մաքուր է, կարող եք իրար հարմարվել,— պատասխանեց Կարլոսը։

— Վերադառնա՜լ Վալանսիեն... Ինչպե՞ս կարող եք այդ մասին մտածել,— բացականչեց Եվրոպան սարսափահար։

Վալանսիենում ծնված և շատ աղքատ ջուլհակների աղջիկ Եվրոպան յոթ տարեկան հասակում ուղարկվեց մի մանարան, ուր ժամանակակից արդյունաբերությունը հյուծել էր նրա ֆիզիկական ուժերը, իսկ անառակությունը նրան խաթարել էր ժամանակից շուտ։ Տասներկու տարեկան հասակում գայթակղվելով, նա մայր դարձավ տասներեք տարեկան հասակում և ընկավ խորապես փչացած մարդկանց շրջանը։ Տասնվեց տարեկան հասակում, մի սպանության առթիվ, նա կանգնեց քրեական դատարանի առջև, թեպետ իբրև վկա։ Տեղի տալով դեռևս ամբողջովին չկորցրած ազնվությանը և վախենալով դատական պատասխանատվության սպառնալիքից, նա ցուցմունք տվեց, որի հիման վրա մեղադրյալին դատապարտեցին քսան տարվա տաժանակի աշխատանքի։ Ոճրագործը, որը մի քանի անգամ դատապարտված էր և պատկանում էր մի կազմակերպության, որի անդամները սոսկալի վրեժխնդրության երաշխավորությամբ էին կապված, բոլորի ներկայությամբ ասել էր այդ աղջկան.

— Ուղիղ տասը տարուց հետո, Պրյուդա՛նս (Եվրոպայի անունը Պրյուդանս Սերվիեն էր), ես կվերադառնամ քեզ հnղելու, թեկուզ դրա համար ինձ հնձեն։

Ատյանի նախագահը փորձել էր հանգստացնել Պրյուդանս Սերվիենին, խոստանալով արդարադատության պաշտպանությունը և հոգատարությունը, բայց խեղճ աղջիկը այնպես ահաբեկվեց, որ վախից հիվանդացավ և մոտ մի տարի պառկեց հիվանդանոցում։ Արդարադատությունը վերացական մի էակ է, որը ներկայացնում է մարդկանց մի հավաքույթ, որի կազմը մշտապես նորոգվում է, և այդ մարդկանց հիշողությունը ծայրահեղորեն հեղհեղուկ է։ Երդվյալների դատարանը և դատական ատյաններն անզոր են գործնականորեն կանխելու հանցագործությունը, նրանք ստեղծված են հետաքննելու կատարված փաստը։ Այդ առնչությամբ, կանխող ոստիկանությունը բարօրություն կլիներ մի երկրի համար, բայց «ոստիկանություն» բառը հիմա վախեցնում է օրենսդրին, որը չգիտի այլևս կառավարել, վարել, արդարադատություն կիրառել բառերի տարբերությունր։ Օրենսդիրը ձգտում է, որ պետությունն իր վրա վերցնի բոլոր պարտականությունները, իբր թե նա ընդունակ է գործելու։ Տաժանակիրը երբեք չի մոռանա իր թշնամուն, մինչդեռ արդարադատությունը չի մտածում ո՛չ մեկի, ոչ էլ մյուսի մասին։ Պրյուդանսը, որն ընդհանուր առմամբ թեև բնազդաբար, եթե ուզում եք, գիտակցում էր իրեն սպառնացող վտանգը, հեռացավ Վալանսիենից և տասնյոթ տարեկան հասակում եկավ Փարիզ, այնտեղ թաքնվելու համար։ Նա փորձեց չորս արհեստ, որոնցից լավագույնը ստատիստուհու արհեստն էր մի փոքրիկ թատրոնում։ Նա հանդիպեց Պակկարին, որին պատմեց իր դժբախտությունը։ Պակկարը, Ժակ Կոլենի հավատարիմ օգնականը, նրա աջ ձեռքը, իր տիրոջը պատմեց Պրյուդանսի մասին, և երբ տիրոջը կարիք եղավ մի ստրկուհի, տերն ասաց Պրյուդանսին.

— Եթե դու համաձայն ես ինձ ծառայել, ինչպես ծառայում են սատանային, ես կազատեմ քեզ Դյուրյուից։

Դյուրյուն այն տաժանապարտն էր, այն դամոկլյան սուրը, որ կախված էր Պրյուդանս Սերվիենի գլխին։ Առանց այս մանրամասնությունների, շատ քննադատներ Եվրոպայի նվիրվածությունը Կարլոսին՝ կգտնեին փոքր-ինչ ֆանտաստիկ։ Բացի այդ, ոչ ոք չէր հասկանա անսպասելի հանգուցալուծումը, որ պատրաստում էր Կարլոսը։

— Այո՛, աղջիկս, դու կարող ես վերադառնալ Վալանսիեն... Ահա՛, կարդա…

Եվ նա աղջկան պարզեց նախորդ օրվա թերթը, մատով ցույց տալով հետևյալ հոդվածը.

Տուլոն.— Երեկ տեղի ունեցավ Ժան Ֆրանսուա Դյուրյուի մահապատիժը։ Հենց առավոտվանից, կայազորը... և այլն։

Պրյուդանսի ձեռքից ընկավ թերթը, նրա սրունքները ծալվեցին, նա վերստին գտնում էր կյանքը, որովհետև, նրա ասելով, հացն իրեն համար դառն էր՝ Դյուրյուի սպառնալիքից հետո։

— Տեսնո՞ւմ ես, ես իմ խոստումը կատարեցի։ Հարկավոր եղավ չորս տարի, որպեսզի թռչեր Դյուրյուի գլուխը` նրան ծուղակի մեջ գցելով... Այդպես, ուրեմն, ավարտի՛ր իմ գործը, և դու քո հայրենիքում կդառնաս մի փոքրիկ ձեռնարկյության տիրուհի, քսան հազար ֆրանկ հարստությամբ, և կլինես Պակկարի կինը. ես թույլ կտամ նրան հեռանալ և առաքինի կյանք վարել։

Եվրոպան նորից վերցրեց թերթը և անհագորեն սկսեց կարդալ հաղորդագրությունները տաժանապարտների մահապատիժների մասին, որոնց նկարագրությամբ շատ են զբաղվում լրագրերը վերջին քսան տարում. ցնցող տեսարան, խոս¬տովանահայրը, որ միշտ դարձի է բերում չարագործին, ոճրագործը, որ խրատում է իր նախկին ընկերակիցներին, կրակելու պատրաստ հրացանների փողերը, ծնկաչոք տաժանապարտները. ապա տափակ դատողություններ, որոնք ոչինչ չեն փոխում տաժանավայրերի ռեժիմում, վայրեր, ուր վխտում են տասնութ հազար ոճիրներ։

— Ասիային պետք է վերադարձնել իր հին տեղը,— ասաց Կարլոսը։

Ասիան մոտեցավ` գրեթե ոչինչ չհասկանալով Եվրոպայի մնջկատակությունից։

— Որպեսզի նա նորից այստեղ խոհարարուհի դառնա, դուք պետք է բարոնին մատուցեք այնպիսի ճաշեր, որ նա երբեք չի կերել,— շարունակեց Կարլոսը,— հետո դուք նրան կասեք, որ Ասիան իր դրամը տանուլ է ավել խաղում և ծառայության է մտել։ Մենք հատուկ թիկնապահի կարիք չենք ունենա, Պակկարը կլինի կառապան, կառապանները չեն թողնում իրենց նստատեղը, նրանք այնտեղ անհասանելի են և ամենից քիչ են գրավում լրտեսների ուշադրությունը։ Տիկինը նրան կպատվիրի կրել պուդրայած կեղծամ, հաստ ֆետրից եռանկյունի գլխարկ. այդ նրան կկերպարանափոխի. բացի այդ, ես նրան գրիմ կանեմ։

— Մեզ մոտ այլ սպասավորնե՞ր էլ պետք է լինեն,— հարցրեց Ասիան` շեղ նայելով։

— Մեզ մոտ կլինեն պարկեշտ մարդիկ,— պատասխանեց Կարլոսը։

— Նրանք բոլորն էլ թուլամիտ գլուխներ են,— նկատեց մուլատուհին։

— Եթե բարոնր վարձի մի առանձնատուն, դռնապանը կարող է լինել Պակկարի մի բարեկամը,— շարունակեց Կարլոսը։— Մեզ հարկավոր կլինեն նաև մի լակեյ և աման լվացող մի աղջիկ խոհանոցում, դուք կարող եք հիանալի կերպով հետևել այդ երկու կողմնակի մարդկանց...

Երբ Կարլոսը պատրաստվում էր դուրս գալ, հայտնվեց Պակկարը։

— Մնացեք այստեղ, փողոցում ժողովուրդ կա,— ասաց նա։

Այդ հասարակ խոսքերում սոսկալի իմաստ կար։ Կարլոսը բարձրացավ Եվրոպայի սենյակը, մնաց այնտեղ, մինչև որ Պակկարը եկավ նրան տանելու վարձու մի կառքով, որ ուղղակի մտավ տան բակը։ Կարլոսն իջեցրեց վարագույրները, և կառքը սլացավ այնպիսի արագությամբ, որ ամեն մի հե¬տապնդում ապարդյուն էր դարձնում։

Հասնելով Սենտ-Անտուան արվարձանը, նա իջավ կառքերի կայանից ռչ հեռու, ուր դիմեց ոտքով, և վերադարձավ Մալաքե քարափը` այդպիսով խույս տալով հետաքրքրասերներից։

— Լսի՛ր, տղա,— ասաց նա Լյուսիենին, ցույց տալով չորս հարյուր հատ հազարանոց տոմսեր,— այս գումարը, հույս ունեմ, կհերիքի Ռյուբամպրե կալվածքին մի կանխավճար տալու համար։ Այս դրամներից մենք վտանգի կենթարկենք հարյուր հազար ֆրանկը։ Շուտով քաղաքում նոր հանրակառքեր են երևալու, փարիզեցիները կտարվեն այդ նորույթով, և երեք ամսում մենք կեռապատկենք մեր դրամագլուխը։ Ես գործին տեղյակ եմ։ Բաժնետերերին տալու են հիանալի դիվիդենտներ, որպեսզի ուռցնեն ակցիաները... Դա Նյուսինգենի նոր հնարամտությունն է։ Ռյուբամպրեի կալվածքը ձեռք բերելիս մենք ամբողջ գումարը միանգամից չենք վճարելու։ Դու կգնաս դե Լյուպոյի մոտ և կխնդրես, որ քեզ հանձնա¬րարի մի հավատարմատարի, որի անունն է Դերոշ, վարպետորդի մի խաբեբա, և կգնաս նրան տեսնելու իր գրասենյակում. նրան կառաջարկես մեկնել Ռյուբամպրե` ուսումնասիրելու վայրը, ու նրան կխոստանաս քսան հազար ֆրանկ վարձատրություն, եթե կարողանա քեզ համար ութ հարյուր հազար ֆրանկի հողամասեր գնել դղյակի ավերակների շուրջը և քեզ ապահովել երեսուն հազար լիվր եկամուտ։

— Ա՜յ, քշո՛ւմ ես դու էլ... հա՜...

— Ես միշտ առաջ եմ ընթանում։ Կատակը մի կողմ։ Հարյուր հազար էկյուն դու կվերածես պետական գանձարանի պարտատոմսերի, որպեսզի տոկոսներ չկորցնենք։ Դու կարող ես այդ հանձնարարել Դերոշին, նա նույնքան ազնիվ մարդ է, որքան և խորամանկ... Այդ անելուց հետո սլացիր Անգուլեմ, քո քրոջից ու փեսայից ձեռք բեր նրանց համա¬ձայնությունը` հանձն առնելու անմեղ մի սուտ։ Քո հարազատները, եթե հարկ լինի, կասեն, որ քեզ տվել են վեց հարյուր հազար ֆրանկ` հեշտացնելու համար քո ամուսնությունը Կլոտիլդ դը Գրանլյոյի հետ. դա անպատվաբեր չէ։

— Մենք փրկվա՜ծ ենք,— բացականչեց Լյուսիենը շլացած։

— Դո՛ւ, այո,— հարեց Կարլոսը,— բայց միայն այն ժամանակ, երբ դուրս կգաս Սուրբ Թոմաս Աքվինացու եկեղեցուց` Կլոտիլդի հետ ամուսնացած։

— Իսկ ինչի՞ց ես վախենում դու,— ասաց Լյուսիենը առերևույթ հոգածությամբ լի խորհրդատուի նկատմամբ։

— Ինձ հետապնդում են հետաքրքրասերները... Հարկավոր է, որ ես ունենամ իսկական քահանայի տեսք, իսկ դա շատ ձանձրալի է։ Սատանան այլևս ինձ չի հովանավորի, տեսնելով ինձ` ժամագիրքը թևիս տակ։

Նույն այդ պահին, բարոն դը Նյուսինգենը, որ հեռացել էր իր գանձապահի հետ թևանցուկ, հասավ իր ապարանքի դռանը։

Ես շադ եմ վախենում, — ասաց նա` ներս մտնելով,— որ վադ գորց պռնեցի... ոչինչ, մենք տագիցը դուրս կգանք...

Ցաֆն այն է, որ պառոն բառոնը իռեն մեռկացրեց,— պատասխանեց բարի գերմանացին, որի միակ մտահոգությունը պատշաճության պահպանումն էր։

— Այո, իմ սեպական սիռուհին պիդի լինի ինց առժանի գռության մեչ,— պատասխանեց հաշվեսեղանի այդ Լյուդովիկոս XIV-ը։

Համոզված լինելով, որ վաղ թե ուշ կտիրանա Եսթերին, բարոնը վերստին դարձավ մեծ ֆինանսիստ, ինչպիսին էր իրոք։ Նա այնպես եռանդով վերստանձնեց իր գործերի ղեկավարությունը, որ նրա գանձապահը, հաջորդ օրը ժամը վեցին գտնելով նրան իր կաբինետում արժեթղթերն ստուգե¬լիս, ձեռքերը շփեց։

Իհառգե, պառոն բառոնը վերչին կիշերը մի դնդեսում է ունեցել,— ասաց նա գերմանացու ժպիտով, կես խորամանկ, կես անմիտ։

Եթե Նյուսինգենի նման հարուստ մարդիկ ավելի շատ առիթներ ունեն դրամ վատնելու, քան ուրիշները, նրանք միաժամանակ շատ առիթներ ունեն այն վաստակելու նույնիսկ այն դեպքում, երբ անձնատուր են լինում խենթությունների։ Թեպետ Նյուսինգենի հռչակավոր բանկային տան ֆինանսական քաղաքականությունը նկարագրված է մի այլ տեղ, անօգուտ չէ նկատել, որ այդքան խոշոր կարողությունները ձեռք չեն բերվում, չեն կուտակվում, չեն ավելանում, չեն պահպանվում մեր ժամանակաշրջանի առևտրական, քաղաքական ու արդյունաբերական հեղաշրջումների ժամանակ` առանց ուրիշ կապիտալների հսկայական կորուստների կամ, եթե ուզում եք, առանց մասնավոր սեփականությունների հարկադրումների։ Շատ քիչ նոր արժեքներ են ներդրվում երկրագնդի ընդհանուր գանձարանը։ Ամեն մի նոր կուտակում իրենից ներկայացնում է նոր անհավասարություն` ընդհանուր բաշխման մեջ։ Այն, ինչ պահանջում է պետությունը, վերադարձնում է, բայց ինչ վերցնում է մի որևէ Նյուսինգենի բանկը, նա այն պահում է։ Նման մեքենայությունները շրջանցում են օրենքը, որովհետև, հակառակ դեպքում, Ֆրիդրիխ II-ն էլ կարող էր նմանվել մի ոմն Ժակ Կոլենի կամ Մանդրենի, եթե ռազմական գործողություններով պրովինցիաներում կարգ հաստատելու փոխարեն զբաղվեր մաքսանենգությամբ կամ արժեթղթերի փոխանակությամբ։ Ստիպել եվրոպական պետություններին փոխառություններ կնքել քսան կամ տասը տոկոսով, վաստակել այդ քսան կամ տասը տոկոսը հանրային կապիտալներից, լայնորեն փող դուրս կորզել արդյունաբերական ձեռնարկություններից` տիրանալով հումքին, պարան գցել որևէ գործի նախաձեռնողին` նրան ջրի երեսը պահելու համար, մինչև որ իրենց ձեռքն առնեն նրա շնչահեղձ ձեռնարկությունը, վերջապես շահված էկյուների այդ բոլոր ճակատամարտերը կազմում են ֆինանսական բարձր քաղաքականություն։ Իհարկե, բանկիրը, ինչ¬պես նվաճողը, ենթակա է վտանգի. բայց այնքան հազվադեպ են նման ճակատամարտեր վարելու ընդունակ մարդիկ, որ ոչխարներն այդտեղ գործ չունեն։ Այդ մեծ գործերին մասնակցում են միայն հովիվները։ Եվ որովհետև մահապատժ-վածները (մի տերմին, որն ընդունված է բորսայական ժարգոնում) մեղավոր են, որ ցանկացել են չափազանց շատ վաստակել, մարդիկ սովորաբար շատ քիչ մասնակից են լի¬նում Նյուսինգենների մեքենայությունների պատճառած դժ¬բախտությունները։ Սպեկուլյա՞նտն է իր գանգը պայթեցնում, բորսային միջնո՞րդն է ծլկում, նոտա՞րն է քայքայում հարյուրավոր ընտանիքներ, մի բան, որ ավելի վատ է, քան մարդ սպանելը, թե՞ բանկիրն է սնանկանում — բոլոր այդ աղետները մի քանի ամսում մոռացվում են Փարիզում, ծովի նման մեծ այս քաղաքում` թողնելով լոկ թեթև ծփանք։ Ժակ Կյորերի, Մեդիչիների, Դիեպցի Անգոների, Լա-Ռոշելի Օֆրեդների, Ֆուգգերների, Տիեպոլոների, Կորներների ահռելի կարողու¬թյունները մի ժամանակ ազնվորեն ձեռք բերվեցին շնորհիվ այն բանի, որ հասարակությունն անտեղյակ էր ամեն տեսակ թանկարժեք ապրանքների ծագմանը. բայց ներկայումս, աշխարհագրական հասկացողություններն այնպես խոր են թափանցել զանգվածների մեջ, մրցակցությունն այնքան է սահմանափակել շահույթը, որ ամեն մի հարստություն, որ արագ է կուտակվում, հանդիսանում է երջանիկ պատահականության, հայտնադործման կամ օրինական գողության արդյունք։ Գայթակղեցուցիչ օրինակներով ապականված մանր առևտուրը, հատկապես վերջին տասը տարիներում, խոշոր առևտրի նենգամտություններին պատասխանեց ստոր դավերով հումքի հարցում։ Ամենուրեք, ուր կիրառվում է քիմիան, գինի այլևս չեն խմում, այդ պատճառով գինեգործությունը անկում է ապրում։ Վաճառում են արհեստական աղ, որպեսզի խուսափեն ակցիզից։ Դատարանները սարսափած են այդ համատարած անազնվությունից։ Ֆրանսիական առևտուրը կասկածանքի ենթակա է բովանդակ աշխարհում, հավասար չափով բարոյազրկվում է և Անգլիան։ Չարիքի արմատը մեզանում պետական իրավունքի մեջ է թաղված։ Խարտիան հռչակել է փողի թագավորություն, հետևաբար, հաջողությունը դառնում է աթեիստական դարաշրջանի գերագույն փաստարկը։ Բարձրագույն ոլորտների այլասերումը, չնայած առաքինության դիմակին և ոսկեզօծմանը, մի՞թե անհունապես ավե¬լի գարշելի չէ, քան իբր թե ստորին դասակարգերի անարգ և համարյա անձնական այլասերվածությունը, որի մի քանի առանձնահատկությունները սոսկալի, եթե կուզեք, նաև զա¬վեշտական բնույթ են տալիս մեր պատկերած այս Փարիզյան կյանքի տեսարանին։ Կառավարությունը, երկյուղ կրելով ամեն մի նոր մտածողությունից, թատրոնից վտարել է կոմիկական տարրը` ժամանակակից բարքերի պատկերման մեջ։ Բուրժուազիան, նվազ լիբերալ, քան Լյուդովիկոս XIV-ը, դողում է իր «Ֆիգարոյի ամուսնության» երևան գալուց, արգելում է խաղալ «Տարտյուֆ»-ը և, իհարկե, թույլ չէր տա հիմա ներկայացնել «Տյուրկարե»-ն, քանի որ Տյուրկարեն դարձել է տիրակալ։ Դրա համար կոմեդիան հաղորդվում է բա¬նավոր, և պոետների ձեռքին որպես զենք մնում է գիրքը, որը թեև արագ չի հարվածում, բայց ավելի հուսալի է։

Այդ առավոտ, ամեն տեսակի գործարար այցելությունների, ընդունելությունների, արված կարգադրությունների, մի քանի րոպե տևող խորհրդակցությունների ժամանակ, որոնք Նյուսինգենի կաբինետը դարձնում էին յուրատեսակ` ֆինանսական նախարարության ընդունարան, նրա բորսային միջնորդներից մեկը նրան հաղորդեց ընկերության ամենաճարպիկ և ամենահարուստ անդամներից մեկի` Ժակ Ֆալեի, Մարտին Ֆալեի եղբոր, և Ժյուլ Դեմարեի հաջորդի, անհետացման մասին։ Ժակ Ֆալեն Նյուսինգենի բանկային տան բորսային միջնորդն էր։ Տիյեի և Կելլերների հետ միաբանելով` բարոնը այնպիսի սառնասրտությամբ էր պատրաստել այդ մարդու սնանկացումը, ասես հարցը վերաբերում էր զատկի համար մի ոչխար մորթելուն։

Նա չէր գարոխ այլեֆս տիմանալ,— հանդարտորեն պատասխանեց բարոնը։

Ժակ Ֆալեն հսկայական ծառայություններ էր մատուցել արժեթղթերի առևտրականներին։ Ճգնաժամի ժամանակ, մի քանի ամիս առաջ, համարձակ օպերացիաներով նա փրկել էր դրությունը, սակայն երախտագիտություն պահանջել բորսային գիշատիչներից, այդ նույն է, թե ձմռանը փորձել շարժելու ուկրաինական գայլերի գութը։

— Խե՜ղճ մարդ,— ասում էր բորսայի միջնորդը,— նա բոլորովին չէր մտածում, թե այդպիսի վախճան կունենա, քանի որ Սեն-Ժորժ փողոցում կահավորել էր մի փոքրիկ տուն իր սիրուհու համար. նա այնտեղ ծախսել էր հարյուր հիսուն հազար ֆրանկ` նկարների և կահավորման վրա։ Նա այնպես էր սիրում տիկին դյու Վալ-Նոբլին… Ահա մի կին, որ հար¬կադրված է կորցնել այդ բոլորը… Այնտեղ ամեն ինչ պարտքով է ձեռք բերված։

«Լա՛ֆ, լա՛ֆ,— ասաց Նյուսինգենը յուրովի,— ահաֆասիգ մի հանգամանկ, որ կօգնի ինձ ցացկելու անցյալ կիշերվա ցախսերը...»։ Նա ոչինչ չի՞ վչարել,— հարցրեց նա բորսային միջնորդին։

— Հը՜մ,— պատասխանեց միջնորդը,— մի՞թե կարող էր գտնվել մի անկիրթ հայթայթիչ, որ մերժեր վարկավորել Ժակ Ֆալեին։ Երևում է, որ այնտեղ ընտիր գինիների նկուղ կա։ Ի դեպ, տունը վաճառվում է, Ֆալեն մտադիր էր գնել այն։ Գնման պայմանագիրը նրա անվան է։ Ինչպիսի՜ հիմարություն։ Արծաթեղենը, կահ-կարասին, գինիները, կառքը, ձիերը, բոլորը աճուրդի պիտի հանվեն, իսկ ի՛նչ կստանան պարտատերերը։

Եգե'ք վաղը,— ասաց Նյուսինգենը,— ես կկնամ դեսնելու այդ պոլորը, եֆ եթե հայդարարեն սնանգություն, թող գորցը կարկավորեն պարեգամաբար, ես ցեզ հանցնառարում եմ առաջարկել խելացի մի գին` գահ-գարասու համար և կնգել բայմանագիր...

— Այդ կարելի է գլուխ բերել,— ասաց միջնորդը։— Այս առավոտ իսկ գնացեք այնտեղ, դուք կգտնեք Ֆալեի կոմպանյոններից մեկին` հայթայթիչների հետ միասին, որոնք ուզում են նախապատվության իրավունք ստանալ։ Բայց Ֆալեի անունով նրանց վաճառագրերը տիկին դը Վալ-Նոբլի մոտ են գտնվում։

Բարոն դը Նյուսինգենն իսկույն իր ծառայողներից մեկին ուղարկեց իր նոտարի մոտ։ Ժակ Ֆալեն Նյուսինգենի հետ խոսել էր այդ տան մասին, որ կարժենար ամենաշատը վաթսուն հազար ֆրանկ, և բարոնն ուզում էր անմիջապես դառնալ դրա սեփականատերը, որպեսզի իրեն ապահովի վարձակալական բոլոր իրավունքները։

Գանձապահը (ազնի՜վ մարդ) եկավ իմանալու, թե իր տերը որևէ բան կորցնո՞ւմ է Ֆալեի սնանկացումից։

Ընդհագառակը, իմ ազնիֆ Վոլֆգանգ, ես եդ եմ սդանում իմ հարյուռ հազառ ֆռանգը։

Իսգ ինչբե՞ս։

Է՜, ես գունենամ այն պոկրիկ դունը, որ մի տառուց ի վեր այդ խեղչ Ֆալեն բադրաստում էր իր սիռուհու համար։ Ես պոլորը կունենամ` բարդադերերին առաջարկելով հիսուն հազար ֆռանգ, և Գառտոն, իմ նոդարը, կսդանա իմ հռամանը դան մասին, որոֆհետեֆ սեպականադերը նեխ դռության մեչ է... Ես այդ կիդեի, պայց գլուխս տեխը չէր։ Կիչ ժամանագից հեդո իմ աստվացային Էսդերը պիտի աբրի պոկրիկ մի բալատում... Ֆալեն ինձ ցույց է դվել, դա մի հռաշալիք է, և երգու կայլ է հեռու այսդեղից... Դա ինց շադ հառմար է։

Ֆալեի սնանկացումը ստիպում էր բարոնին գնալ Բորսա. բայց նա չէր կարող թողնել Սեն-Լազար փողոցը` առանց լինելու Տեբու փողոցում. նա տանջվում էր արդեն, որ մի քանի ժամ չէր տեսել Եսթերին. նա կուզենար, որ այդ աղջիկը միշտ իր կողքին լիներ։ Այն օգուտը, որ նա հույս ուներ ձեռք բերել բանկային մի միջնորդի ավարից, թեթևացնում էր իր ծախսած չորս հարյուր հազար ֆրանկի կորուստը։

Հիացած այն մտքից, որ իր հռեշդակին պիտի հաղորդի Տեբու փողոցից Սեն-Ժորժ փողոցը տեղափոխվելու մասին, ուր Եսթերն ապրելու էր մի պոկրիկ բալատում, որտեղ վերհուշերն այլևս չպիտի խանգարեին իրենց երջանկությանը, սալահատակը փափուկ էր թվում բանկիրի ոտքերի տակ, և նա քայլում էր երիտասարդի պես` երիտասարդական երազանքներով տարված։ Տրուա-Ֆրեր փողոցի շրջադարձին, երբ իր երազներով տարված` քայլում էր փողոցի մեջտեղով, հանկարծ երևաց Եվրոպան` այլայլված դեմքով։

Ո՞ւռ ես կնում,— հարցրեց բարոնը։

— Է՛հ պարոն, գալիս էի ձեզ մոտ։ Դուք երեկ շատ իրավացի էիք։ Ես հիմա եմ հասկանում, որ խեղճ տիկինը պետք էր թույլ տար, որ մի քանի օրով իրեն բանտ նետեին։ Բայց կանայք մի՞թե դրամական գործերից բան են հասկանում… Երբ տիկնոջ պարտատերերն իմացան, որ նա վերադարձել է իր տունը, բոլորը թափվեցին մեզ վրա, ինչպես ավարի վրա... Երեկ, երեկոյան ժամր յոթին, պարո՛ն, եկան և մեր դռանը փակցրին սոսկալի հայտարարություններ` շաբաթ օրը կայքը վաճառքի հանելու մասին... Բայց այդ դեռ ոչինչ... Տիկինը, որ համակ բարություն է, գիտեք, մի ժամանակ կամեցել էր ծառայություն մատուցել այն հրեշ մարդուն։

Ի՞նչ հռեշ։

— Դե՛, նրա՛ն, որին սիրում էր, այդ դ’Էտուրնիին։— Օ՜, նա շնորհալի էր, բայց խաղամոլ էր, ահա բոլորը։

Նա խախում էր նշան արաց խախակարտերով...

— Հետո՛ ինչ, իսկ դո՞ւք…— ասաց Եվրոպան,— դուք ի՞նչ եք անում Բորսայում։ Բայց, թողեք խոսեմ։ Մի անգամ, երբ Ժորժն սպառնացել էր, որ կցրի իր ուղեղը, տիկինն իր ամբողջ արծաթեղենը, իր գոհարեղենը, որ պարտքով էին վերցված, դնում է գրավատուն։ Իմանալով, որ տիկինը ինչ-որ բան տվել է պարտատերերից մեկին, բոլոր մյուսները եկան նրա մոտ և բաղնիք սարքեցին... Նրան սպառնում են. Ուղղիչ... Ձեր հրեշտակն այդ նստարանի վրա՜... Նույնիսկ կեղծամի մազերը բիզբիզ կկանգնեն։ Նա աղեկտուր լալիս է, ասում է, որ կգնա և իրեն գետը կնետի... Օ՜, նա կանի այդ։

Եդե ես ցեզ մոտ գամ, ուռեմն մնաս պարով Պորսա,— գոչեց բարոնը։— Բայց այժմ անհնար է, որ ես այնդեղ չկնամ, որովհետև այնդեղ մի պան պիդի վասդակեմ նրա համար... կնա՛ նրան հանգստացնելու, ես կվչարեմ նրա բարտքերը և կգամ նրա մոդ ժամ չոռսին, պայց, Իշենի՛, ասա նրան, nր ինց մի կիչ սիռի...

— Ինչպե՛ս թե մի քիչ, շա՜տ. իմացե՛ք… պարոն, միայն առատաձեռնությամբ կարելի է նվաճել կանանց սիրտը... Իհարկե, դուք գուցե տնտեսեիք մի հարյուր հազար ֆրանկ, թողնելով, որ նա բանտ գնա։ Բայց այդպիսով երբեք չէիք տիրանա նրա սրտին... Նա ինձ այդպես էլ ասում էր. «Բարոնը, իսկապես, մեծ սրտի տեր է, իրոք առատաձեռն... նա գեղեցիկ հոգի ունի»։

Չի՞շդ ես ասում, Իշենի, այդպե՞ս ասաց,-բացականչեց բարոնը։

— Այո, պարոն, հենց ինձ։

Ահա քեզ դասը լուիդոռ...

— Շնորհակալ եմ... Բայց նա հիմա արտասվում է, նա երեկվանից լացել է այնքան, որքան սրբուհի Մագդաղինեն մի ամսում... Նա՛, որին սիրում եք, հուսահատության մեջ է, և այն էլ այն պարտքերի համար, որ ինքը չի արել։ Օ՜, այդ երիտասարդ տղամարդիկ, նրանք այնպե՜ս են պլոկում կանանց, ինչպես կանայք` ծերունիներին...

Կանայք պոլորն այդբես են... Խոսդանալ... է՛հ, երպեք հառկավոր չէ խոսդանալ... թո՛խ էլ ոչինչ չսդորագրի։ Ես կվչարեմ, պայց եթե նա էլի մի սդորագրություն տա... Ես...

— Ի՞նչ կանեիք,— ասաց Եվրոպան, կոտրատվելով։

Ասդվաց իմ, ես ոչ մի իշխանություն չունեմ նրա վրա... Ես պիդի զպախվեմ նրա մանր գորցերով... Կնա՛, կնա՛, մխիտարիր նրան և ասա, որ մի ամսից հետո նա պիդի աբրի մի պոկրիկ բալատում։

— Դուք, պարոն, խոշոր եկամուտներ բերող ներդրումներ եք կատարել մի կնոջ սրտում։ Գիտե՞ք... Ես ձեզ երիտասարդացած եմ գտնում, ե՛ս, որ միայն սպասուհի եմ, և հաճախ եմ տեսել այդ զարմանալի երևույթը... Դա երջանկությունն է... Երջանկությունն ունի մի որոշ փայլ... Ձեր կատարած ծախսերի համար մի՛ ափսոսացեք... Դուք կտեսնեք, թե դրանք ինչ կբերեն։ Նախ, ես այդ ասացի տիկնոջը, նա հետիններից ամենահետինը կլինի, մի քած, եթե ձեզ չսիրի, չէ՞ որ դուք նրան դժոխքից եք դուրս քաշում։ Հենց որ նա այլևս հոգսեր չի ունենա, դուք նոր կճանաչեք նրան։ Խոսքը մեր մեջ, ես կարող եմ ձեզ խոստովանել, գիշերը, որ նա այդքան լալիս էր... ի՞նչ կարող ես անել, պետք է ակնածել այն տղամարդուց, որը մեզ պահելու է... Նա չէր համարձակվում ձեզ ասել այդ բո¬լորը... նա ուզում էր փախչել...

Պախչե՜լ,— բացականչեց բարոնը` վախեցած այդ մտքից։— Պայց, Պորսա՜ն, Պորսա՜ն, կնա՛, կնա՛, ես չեմ մդնի... Պայց, թոխ ես նռան դեսնեմ լուսամուդում... Նրա դեսքը ինց ուժ կդա...

Եսթերը ժպտաց պարոն դը Նյուսինգենին, երբ նա անցավ տան առջևից, և բարոնը հեռացավ` ինքն իրեն ասելով.

«Նա հռեշդակ է»։

Ահա թե ինչ հնարներով Եվրոպային հաջողվեց հասնել այդ անհնարին արդյունքին։ Ժամը երկու և կեսին Եսթերը հագնվեց այնպես, ինչպես հագնվում էր Լյուսիենին սպասելիս. նա հմայիչ էր. այդ նկատելով, Պրյուդանսը ասաց` նայելով լուսամուտից.

— Ահա՛ պարոնը։

Խեղճ աղջիկը նետվեց դեպի լուսամուտը, կարծելով, թե Լյուսիենին է տեսնելու, բայց տեսավ Նյուսինգենին։

— Ա՜հ դու, ինչպիսի՜ ցավ ես ինձ պատճառում։

— Ուրիշ միջոց չկար, որպեսզի դուք ցույց տայիք, թե իբր ուշադիր եք մի խեղճ ծերունու հանդեպ, որը պիտի վճարի ձեր պարտքերը,— պատասխանեց Եվրոպան,— չէ՞ որ բոլոր այդ պարտքերր պիտի վճարվեն։

— Ի՞նչ պարտքեր,— բացականչեց խեղճ արարածը, որը սոսկ մտածում էր պահելու իր սերը, որ ահարկու ձեռքեր ուզում էին խլել նրանից։

— Այն պարտքերը, որ պարոն Կարլոսն է սարքել տիկնոջ համար։

— Ինչպե՞ս թե։ Ահա արդեն մոտ չորս հարյուր հիսուն հազար ֆրանկ,— բացականչեց Եսթերը։

— Դուք դեռ ունեք հարյուր հիսուն հազար ֆրանկի պարտք։ Բայց բարոնը շատ լավ ընդունեց այդ բոլորը… Նա ձեզ այստեղից հանելու է, և պիտի տեղավորի մի պոկրիկ բալատում... Հավատացե՛ք ինձ, դուք բնավ դժբախտ չեք։ Եթե ես լինեի ձեր տեղը, քանի որ դուք ամուր կապել եք այդ մարդուն, Կարլոսի պահանջները բավարարելուց հետո ես կստիպեի, որ բարոնն ինձ նվիրեր մի տուն և ռենտա ապահովեր։ Տիկինը, իհարկե, ամենագեղեցիկ կինն է, որ երբևէ տեսել եմ, և ամենից գրավիչը. բայց տգեղությունն այնպես շո՜ւտ է գալիս… Ես թարմ էի ու գեղեցիկ, իսկ տեսեք ի՜նչ եմ դարձել... Ես քսաներեք տարեկան եմ, գրեթե տիկնոջ տարիքին, մինչդեռ տասը տարով ավելի մեծ եմ երևում... Բավական է միայն մի՛ հիվանդություն... Դե՛, ով որ Փարիզում տուն և ռենտա ունի, նա փողոցում մեռնելու վախ չունի...

Եսթերն այլևս չէր լսում Եվրոպա-Էժենի-Պրյուդանս-Սերվիենին։ Ապականության հանճարով օժտված մարդու կամքը, այսպիսով, Եսթերին նորից էր սուզել տիղմի մեջ նույն ուժով, ինչ ուժով նրան այնտեղից դուրս էր քարշել։ Միայն նրանք, ովքեր ճանաչում են սերն իր անսահմանությամբ, գիտեն, որ անկարելի է զգալ սիրո երանությունները` առանց ընդունելու նրա առաքինությունները։ Լանգլադ փողոցի ողորմելի բնակարանում տեղի ունեցած տեսարանից հետո Եսթերն ամբողջապես մոռացել էր իր նախկին կյանքը։ Այդ օրվանից հետո նա ապրել էր խիստ առաքինի, Լյուսիենի նկատմամբ տածած իր սիրո մեջ մեկուսացած։ Ահա թե ինչու, դիմադրությունից խուսափելու նպատակով, հմուտ ապականիչը տաղանդավոր կերպով նախապատրաստել էր ամեն ինչ այնպես, որ անձնվիրությունից մղված, խեղճ աղջկան ոչինչ չէր մնում անել, եթե ոչ իր համաձայնությունը տալ կատարված և կատարվելիք խարդախություններին։ Այդ խարդավանքը, որը խոսում էր ապականիչի գերազանցության մասին իր զոհերի նկատմամբ, ցույց էր տալիս, թե ինչ միջոցներով էր նա իրեն ենթարկել Լյուսիենին։ Ստեղծել ճակատագրական անհրաժեշտություններ, փորել ական, այն լցնել վառոդով և կրիտիկական րոպեին ասել. «Հենց որ գլուխդ շարժես, ամեն ինչ հօդս կցնդի»։ Առաջներում Եսթերը, տոգորված կուրտիզանուհիներին հատուկ բարոյականությամբ, բոլոր այդ սիրալիրությունները գտնում էր այնքան բնական, որ իր մրցակցուհիներից որևէ մեկին գնահատում էր նրանով, թե սա որքանով է ընդունակ հարկադրել տղամարդուն մեծ ծախսեր կատարելու։ Հարստություններ քայքայելը այդ արարածների գերազանցության նշանն է։ Կարլոսր, հենվելով Եսթերի վերհուշերին, սխալված չէր։ Ռազմական այդ խորամանկությունները, այդ ռազմավարությունները, որ հազար անգամ գործադրվել են ոչ միայն այդ կանանց, այլև վատնիչների կողմից, չէին խռովում Եսթերի հոգին։ Խեղճ աղջիկը զգում էր միայն իր ստորացումը։ Նա սիրում էր Լյուսիենին և դառնում բարոն դը Նյուսինգենի ճանաչված սիրուհին. ամեն ինչ դրանում էր։ Կեղծ իսպանացին էր դրամ վերցնում որպես կանխավճար, թե Լյուսիենն էր իր երջանկության շենքը բարձրացնում Եսթերի շիրմաքարի վրա, թե ավելի կամ պակաս հազարանոց տոմսեր էին արժենում ծեր բանկիրին բավականության սոսկ մի գիշերը, թե Եվրոպան էր ավելի կամ պակաս ճարպիկ հնարքներով բանկիրից դուրս կորզում մի քանի հարյուր հազար ֆրանկ, այդ ամենը բնավ չէր հուզում սիրահարված աղջկան, բայց ահա քաղցկեղը կրծում էր նրա սիրտը։ Նա հինգ տարի շարունակ ապրել էր անաղարտ հրեշտակի պես։ Նա սիրում էր, երջանիկ էր և ամենափոքր անհավատարմությունն իսկ չէր գործել։ Այդ գեղեցիկ, անարատ սերը հիմա պիտի աղտոտվեր։ Նա չէր համեմատում իր բերկրալի, մենավոր կյանքն այն ամոթալի գոյության հետ, որ հիմա պատրաստում էին նրա համար։ Այդ նրա մեջ ո՛չ հաշիվ էր և ո՛չ էլ բանաստեղծական հուզավառություն։ Նրան համակում էր անմեկին ու անհունորեն հզոր մի զգացում` սպիտակից նա դառնում էր սև, անա-րատից՝ արատավոր, ազնիվից՝ անազնիվ։ Իր սեփական կամքով դառնալով անբասիր` նա չէր կարող հանդուրժել բարոյական ապականությունը. ահա թե ինչու, նրա մտքով անցավ իրեն գցել լուսամուտից։ Մի խոսքով, Լյուսիենը սիրված էր անսահմանորեն, այնպիսի ուժով, որով կանայք հազվադեպ են սիրում տղամարդկանց։ Կանայք թեպետ ասում են, թե սիրում են, թեպետ հաճախ մտածում են, որ բոլորից շատ են սիրում, այնուամենայնիվ, պարում են, վալսում, կոկետություններ են անում այլ տղամարդկանց հետ, զարդարվում են դուր գալու համար, հավաքում տռփոտ հայացքների հունձքը. բայց Եսթերը, ոչինչ չզոհաբերելով, կատարել էր իսկական սիրո հրաշք։ Նա վեց տարի սիրել էր Լյուսիենին, ինչպես սիրում են դերասանուհիներն ու կուրտիզանուհիները, որոնք տիղմի և աղտեղության մեջ թավալված, ծարավի են ճշմարիտ սիրո վեհացնող զգացումների, ազնվության, անձնվիրության, խոնարհվում են նրա բացառիկության առաջ (հարկավոր չէ արդյոք մի նոր բառ հնարել արտահայտելու համար կյանքում այնքան հազվադեպ այդ գաղափարը)։ Հունաստանի, Հռոմի և Արևելքի անհետացած ժողովուրդները միշտ էլ ազատությունից զրկել են կնոջը. սիրող կինն ինքն է իրեն զրկում ազատությունից։ Այժմ արդեն հասկանալի է դառնում, թե ինչու Եսթերը մի տեսակ բարոյական հիվանդությամբ բռնվեց, երբ թողնելով այն կախարդական պալատը, ուր իր սիրո պոեմը, իր սիրո տոնն է կատարվել, մտնելու էր սառած մի ծերունու պոկրիկ բալատը։

Մղված երկաթյա ձեռքով, նա մինչև գոտին խրվել էր ստորության մեջ, նախքան կարողանար մտածել այդ մասին* բայց արդեն երկու օր էր, ինչ անձնատուր էր եղել խորհրդածու¬թյունների և սրտում մահվան սառնություն էր զգում։

«Մեռնել փողոցում» խոսքի վրա նա ընդոստ վեր կացավ և ասաց.

— Մեռնել փողոցո՞ւմ… Ո՛չ, ավելի շուտ մեռնել Սենում….

— Սենո՞ւմ… Իսկ պարոն Լյուսիե՞նը…— ասաց Եվրոպան։

Այդ մի խոսքը հարկադրեց Եսթերին վերստին փլվել իր բազկաթոռին, ուր քարացավ` աչքերը հառած գորգի մի ծաղկանկարին, ասես այնտեղ էին կենտրոնացել իր բոլոր մտքերը։ Ժամը չորսին, Նյուսինգենը իր հրեշտակին գտավ խորա¬սուզված մտորումների, խոհերի այն օվկիանում, որի վրա ծփում են կանանց մտքերը, և որտեղից նրանք դուրս են գա¬լիս այնպիսի խոսքերով, որ անըմբռնելի են այն մարդկանց, որոնք չեն նավարկել նրանց հետ միասին։

Զֆաարդացրեք ցեր դեմկը,— ասաց բարոնը` նստելով նրա կողքին,— դուկ այլեֆս բարդկ չեք ունենա... Ես արդեն խոսել եմ Իշենիի հեդ, մի ամսից հեդո դուկ թոխնելու եք այս պնագարանր և աբրելու եք մի պոկրիկ բալատում... Օ՜, ի՜նչ սիռուն ցեռք է... Դվե՛ք համպուրեմ։ (Եսթերը թողեց, որ վերցնի իր ձեռքը, ինչպես շունն է տալիս թաթը)։ Ա՜խ, դուք դալիս եք ցեռքը, պայց ոչ սիրդը... Իսգ ես սիրդն եմ սիռում...

Այդ ասվեց այնպիսի անկեղծությամբ, որ դժբախտ Եսթերն աչքերը հառեց այդ մարդուն և խղճահարություն ար¬տահայտող այդ նայվածքը քիչ էր մնում խելքահան աներ ծերունուն։ Սիրահարվածները, ինչպես նահատակները, իրենց համարում են տառապանքի եղբայրներ։ Եվ աշխարհում համանման վշտերն են հիրավի իրար լավ հասկանում։

— Խե՜ղճ մարդ,— ասաց Եսթերը,— նա սիրում է։

Լսելով այդ խոսքը, բարոնը, չհասկանալով դրա իմաստը, գունատվեց, արյունը եռ եկավ նրա երակներում. նա յոթերորդ երկնքում էր։ Այդ տարիքում, միլիոնատերերը նման զգացումների համար վճարում են այնքան ոսկի, որքան պահանջում է կինը։

Ես ցեզ սիռում եմ այնկան, որկան իմ ախչկան,— ասաց բարոնը,— եֆ ես այսդեխ զկում եմ,— հարեց նա` ձեռքը դնելով իր սրտին,— nր ես ցեզ ուզում եմ դեսնել միայն եռչանիկ։

— Եթե դուք համաձայն եք լինել միայն իմ հայրը, ես ձեզ որքա՜ն կսիրեի, ձեզ չէի լքի երբեք, և դուք կտեսնեիք, որ ես վատ կին չեմ, ո՛չ ծախու, ո՛չ շահասեր, ինչպես թվում եմ հիմա։

Դուկ արել եք պոկրիկ կժություններ,— շարունակեց բարոնը,— ինչբես պոլոր սիռուն կանայք, ահա՛ պոլորը։ Այդ մասին այլեֆս չխոսենք։ Մեր գորցն է ցեզ համար պոխ վասդագել... Եռչանի՛կ եխեք. ես համացայն եմ մի կանի օր ցեր հայռը լինել, որոֆհետեֆ հասգանում եմ, nր ցեզ բեդկ է ընտելացնել իմ ոխորմելի դեսքին։

— Ճի՜շտ է…— բացականչեց Եսթերը` վեր կենալով և ցատկելով Նյուսինգենի ծնկներին` ձեռքը գցելով նրա վզին և հպվելով նրան։

Չիշդ է,— պատասխանեց բարոնը` փորձելով ժպտալ։

Եսթերը համբուրեց նրա ճակատը, նա հավատաց անհնարին մի գործարքի՝ մնալ անարատ և տեսնել Լյուսիենին… Նա այնպես գգվեց բանկիրին, որ վերստին հիշեցրեց Տորպիլին։ Նա կախարդեց ծերունուն, որը խոստացավ քառասուն օր նրա նկատմամբ միայն հայրական զգացում տածել։ Այդ քա¬ռասուն օրն անհրաժեշտ էր Սեն-Ժորժ փողոցի տունր ձեռք բերելու և այն կարգի բերելու համար։ Հենց որ դուրս եկավ փողոց, բարոնն ասաց ինքն իրեն.

«— Ես ցանցարի մեգն եմ»։

Արդարև, եթե նա երեխա էր դառնում Եսթերի ներկայությամբ, ապա նրանից հեռու նա մտնում էր նորից գիշատչի իր մորթու մեջ, ինչպես Խաղամոլը վերստին սիրահարվում է Անժելիկին, երբ իր գրպանում ոչ մի գրոշ չի ունենում։

«-Վադնել գես միլիոն և դեռ չիմանալ, թե ինչբես են նրա սռունգները, այդ մեց դխմարություն է, պայց, պարեպախդաբար, ոչ nf այդ չի իմանալու»,— ասում էր նա քսան օր հետո։

Եվ նա ամեն անգամ հաստատ որոշումներ էր ընդունում` խզել հարաբերությունները մի կնոջ հետ, որի համար այդքան թանկ էր վճարել հետո, երբ լինում էր Եսթերի մոտ, այն ամբողջ ժամանակը, որ նրան էր հատկացնում, նա վատնում էր իրենց առաջին հանդիպմանը թույլ տված իր կոպտությունը դարմանելուն։

Ես չեմ գարոխ,— ասում էր նա մի ամսից հետո,— հաֆիդենական հայռ լինել։

1829 թվականի դեկտեմբերին, Եսթերին Սեն-Ժորժ փողոցի փոքրիկ ապարանքում տեղավորվելու նախօրեին, բարոնը խնդրեց դյու Տիյեին այնտեղ բերել Ֆլորինին` ստուգելու համար, թե արդյոք ամեն ինչ ներդաշնակվում էր Նյուսինգենի հարստությանը, և մի պոկրիկ բալատ խոսքերը իրականացվե՞լ էին արվեստագետների կողմից, որոնց հանձնարարված էր այդ բույնը արժանի դարձնել թռչունին։ 1830 թվականի հեղափոխությունից առաջ եղած փարթամության բոլոր նրբերանգները գործադրվել էին` այն դարձնելու համար լավ ճաշակի մի տուն։ Ճարտարապետ Գրենտոն դրա մեջ տեսնում էր դեկորատորի իր վարպետության գլուխգործոցը։

Սանդուղքի աստիճանները փոխել-դարձրել էին մարմարե, ծեփը, կերպասները, ոսկեզօծումները, բոլորը կիրառված էին ճաշակով, ամեն ինչ, ամենափոքր մանրամասներից սկսած, գերազանցում էր այն ամենին, ինչ այդ ոճով ստեղծվել էր Փարիզում` Լյուդովիկոս XV-ի դարում։

— Ահա իմ երազը. այսպիսի տուն և առաքինություն,— ասաց Ֆլորինը ժպտալով։— Եվ ո՞ւմ համար ես անում այդ ծախսերը,— հարցրեց նա Նյուսինգենին։— Արդյոք մի կո՞ւյս է, որ երկնքից է ընկել։

Մի կին է, nր բառցրանում է այնդեղ,— պատասխանեց բարոնը։

— Յուպիտերի հովեր առնելու մի առիթ է այդ ձեզ համար,— նկատեց դերասանուհին։— Եվ ե՞րբ պիտի տեսնենք նրան։

— Օ՜, այն օրը, երբ բնակարանամուտի խնջույքը սարքվի,— բացականչեց դյու Տիյեն։

Ո՛չ շուդ...— ասաց բարոնը։

Հարկավոր կլինի մի կարգին մաքրվել, զուգվել-զարդարվել,— շարունակեց Ֆլորինը։— Օ՜, կանայք իրենց դերձա¬կուհիների ու վարսավիրների հոգին պիտի հանեն այդ երե-կոյի առթիվ... Իսկ ե՞րբ։

— Դերը ես չեմ։

— Ահավասի՜կ քեզ կին…— բացականչեց Ֆլորինը։— Օ՜ , ինչպե՜ս կուզեի տեսնել նրան…

Ես նույնբես,— միամտորեն պատասխանեց բարոնը։

— Ինչպե՞ս, տո՛ւնը, կի՛նը, կահկարասի՛ն, ամեն ինչ նո՞ր պիտի լինի։

— Նույնիսկ բանկիրը,— ասաց դյու Տիյեն,— որովհետև իմ բարեկամը շատ երիտասարդացած է երևում ինձ։

— Բայց, գոնե մի պահ, նա պետք է դառնա քսան տարեկան,— ասաց Ֆլորինը։

1830 թվականի առաջին օրերին Փարիզում բոլորը խոսում էին Նյուսինգենի կրքի և նրա տան անզուսպ փարթամության մասին։ Ծաղրի առարկա դարձած խեղճ բարոնը, ոչ առանց հիմքի մոլեգնած, մի որոշում ընդունեց, որի մեջ ֆինանսիստի հաշվենկատ կամքը համընկնում էր նրա սիրտը ծվատող կատաղի կրքին։ Նա ցանկանում էր բնակարանամուտի տոնը կատարելուց հետո դեն շպրտել ազնիվ հոր զգեստը և ստա-նալ հատուցում իր կատարած այդքան զոհաբերությունների համար։ Մշտապես նահանջելով Տորպիլի դիմադրության առաջ` նա վճռեց իր ամուսնության գործր վարել նամակագրությամբ, որպեսզի նրանից ստանար ինքնագիր մի պար-տավորագիր։ Բանկիրներր վստահումեն միայն մուրհակներին։ Այդպես ուրեմն, գիշատիչը նոր տարվա առաջին օրերից մեկում վաղ վեր կացավ, փակվեց իր առանձնասենյակում և սկսեց շարադրել հետևյալ նամակը, գրված լավ ֆրանսերենով, որովհետև թեև նա վատ էր արտասանում, բայց շատ լավ էր գրում։

։«Թանկագին Եսթեր, իմ հոգու ծաղիկ և իմ կյանքի միակ երջանկություն, երբ ես ձեզ ասացի, որ ձեզ սիրում եմ այնպես, ինչպես սիրում եմ իմ աղջկան, ձեզ խաբում էի և խաբում ինքս ինձ։ Ես ուզում էի միայն այդ կերպ արտահայտել սրբությունն իմ զգացումների, որոնք չեն նմանվում այն զգացումներից և ոչ մեկին, որ համակում է տղամարդկանց, նախ` որովհետև ես ծեր եմ, և հետո... որովհետև երբեք չեմ սիրել։ Ես ձեզ այնպե՜ս եմ սիրում, որ եթե ձեզ համար վատնեի նույնիսկ իմ ամբողջ հարստությունը, դարձյալ իմ սերը չէր նվազի։ Եղե՛ք արդարամիտ. տղամարդկանց մեծ մասը ձեր մեջ հրեշտակ չէր տեսնի, ինչպես ես եմ տեսնում. իմ հայացքը երբեք չի ուղղվել դեպի ձեր անցյալը։ Ես ձեզ սիրում եմ այնպես, ինչպես սիրում եմ իմ դստեր` Ավգուստային, որն իմ միակ զավակն է, ինչպես կսիրեի իմ կնոջը, եթե կինս կարողանար ինձ սիրել։ Եթե երջանկությունը սիրահարված ծերունու միակ արդարացումն է, համաձայնեցեք, որ ես ծիծաղելի դեր եմ խաղում։ Դուք դարձել եք իմ սփոփանքը, իմ ծերունական օրերի բերկրանքր։ Դուք լավ գիտեք, որ քանի ես կենդանի եմ, դուք երջանիկ կլինեք, որքան երջանիկ կարող է լինել կինը. դուք լավ գիտեք նույնպես, որ իմ մահից հետո դուք կլինեք այնքան հարուստ, որ շատ ու շատ կանայք կնախանձեն ձեր բախտին։ Այն օրվանից, երբ երջանկություն ունեցա ձեզ հետ խոսելու, իմ բոլոր գործարքներում եկամուտի ձեր մասն ունեք և ձեր անվամբ հաշիվ է բացված Նյուսինգեն բանկում։ Մի քանի օրից հետո դուք կմտնեք մի տուն, որը վաղ թե ուշ ձերը կլինի, եթե այն ձեզ դուր գա։ Ասացեք, այնտեղ նույնպե՞ս ինձ կընդունեք որպես ձեր հորը, թե՞ ես, վերջապես, պիտի երջանկանամ... Ներեցեք ինձ, որ ձեզ գրում եմ այսպես որոշակի. գիտեք, երբ ձեզ մոտ եմ լինում, արիությունը լքում է ինձ, ես չափազանց խոր եմ զգում ձեր իշխանությունը ինձ վրա։ Ես մտադրություն չունեմ ձեզ վիրավորելու, ուզում եմ միայն ձեզ ասել, թե որչափ եմ տանջվում, և թե որքան դաժան բան է սպասումը իմ տարիքում, երբ յուրաքանչյուր անցնող օրն իր հետ տանում է իմ հույսերն ու երանությունները։ Բացի այդ, իմ վարմունքի փափկանկատությունն իմ մտադրությունների անկեղծության երաշխիքն է։ Երբևէ ես վարվե՞լ եմ որպես մի պարտատեր։ Դուք ասես միջնաբերդ լինեք, իսկ ես արդեն երիտասարդ չեմ։ Պատասխանելով իմ գանգատներին` դուք ասում եք, որ հարցը վերաբերում է ձեր կյանքին, և ես ձեզ հավատում եմ, երբ ձեզ լսում եմ. բայց երբ մենակ եմ լինում, ես անձնատուր եմ լինում մահացու վշտերի, տարակուսանքների և մեզ երկուսիս համար անպատվաբեր կասկածների։ Դուք ինձ թվացել եք նույնքան բարի ու անբիծ, որքան գեղեցիկ եք. բայց դուք հաճույք եք զգում կործանել իմ այդ համոզմունքը։ Ինքնե՛րդ դատեցեք։ Դուք ասում եք, որ ձեր սրտում կիրք ունեք, անագորույն մի կիրք, և մերժում եք ինձ վստահել անունն այն մարդու, որին սիրում եք… Մի՞թե դա բնական է։ Դուք բավականին ուժեղ մի մարդու դարձրել եք այնքան թույլ մի մարդ… Տեսեք, թե ուր եմ հասել։ Ես ստիպված եմ ձեզ հարցնել, թե ի՞նչ ապագա է սպասում իմ կրքին, երբ արդեն հինգ ամիս է անցել։ Նմանապես պետք է, որ ես իմանամ, թե ինչ դեր պիտի խաղամ ձեր առանձնատան բացման հանդեսին։ Փողը ինձ համար ոչինչ է, երբ հարցը վերաբերում է ձեզ. բայց ես այնքան հիմար չեմ, որ պարծենամ, թե արհամարհում եմ փողը։ Եթե իմ սերն անեզր է, իմ հարստությունը, սակայն, անսահման չէ, և ես այն թանկ եմ գնահատում միայն հանուն ձեզ։ Արդ, եթե ամբողջ ունեցածս ձեզ նվիրելով, ես, նվաստս, կարողանայի արժանի լինել ձեր սիրույն, այդ դեպքում ես կնախընտրեի լինել աղքատ, բայց ձեզնից սիրված, քան լինել հարուստ, բայց արհամարհված։ Դուք այնպես եք փոխել ինձ, իմ թանկագին Եսթեր, որ այլևս անճանաչելի եմ դարձել. ես վճարեցի տասը հազար ֆրանկ Ժոզեֆ Բրիդոյի մի նկարի համար, որովհետև դուք ինձ ասացիք, որ նա տաղանդավոր մարդ է, բայց չճանաչված։ Վերջապես, հանդիպածս բոլոր մուրացկաններին հինգ ֆրանկ ողորմություն եմ տալիս ձեր անունից։ Այդպես ուրեմն, ի՞նչ է խնդրում խեղճ ծերունին, որն իրեն համարում է ձեր պարտապանը, երբ դուք պատիվ եք անում նրանից որևէ բան ընդունելու. նա միայն հույս է աղերսում և ինչպի՜սի հույս, տե՜ր Աստված։ Չէ՞ որ դա ավելի շուտ համոզմունք է, որ դուք երբեք ինձ չեք պարգևի ավելին, քան իմ սերն է վերցնելու։ Բայց իմ սրտի կրակը կօգնի ձեր անողոք խաբկանքներին։ Դուք տեսնում եք, որ ես պատրաստ եմ ենթարկվելու բոլոր այն պայմաններին, ինչ ներկայացնելու եք իմ երջանկությանը, իմ համեստ բերկրանքին, բայց, գոնե, ասացեք ինձ, որ այն օրը, երբ դառնաք ձեր տան լիակատար տիրուհին, դուք կընդունե՞ք սիրտն ու նվիրվածությունն այն մարդու, որ իր կյանքի մնացած օրերին իրեն անվանում է ։։։։։։։։։։։։։։։։։։։Ձեր ստրուկը` ։։։։։։։։։։։։։։։։։։Ֆրեդերիկ դը Նյուսինգեն»։

— Է՜, ինձ ձանձրացնում է միլիոններով այդ պուտուկը,— բացականչեց Եսթերը, որի մեջ նորից կենդանացավ կուրտիզանուհին։ Նա վերցրեց սիրագիրի թուղթ, ամբողջ լայնությամբ, որքան կարող էր տեղավորվել էջի վրա, գրեց այն հռչակավոր ֆրազը, որն առած է դարձել` ի փառս Սկրիբի. Վերցրե՛ք իմ արջը։ Քառորդ ժամ հետո, խղճի խայթ զգալով, Եսթերը գրեց հետևյալ նամակը.

։։։։։։։։։։։։«Պարոն բարոն, ։Ոչ մի ուշադրություն մի դարձրեք այն նամակին, որ ստացել եք ինձնից. դա երիտասարդական խենթության նոպայի արդյունք էր. ուստի ներեցեք, պարոն, մի խեղճ աղջկա, որ պարտավոր է ստրկուհի լինել։ Սկսած այն օրվանից, երբ ինձ տվին ձեր ձեռքը, ես որոշակի զգացի իմ դրության ստորությունը։ Դուք վճարել եք, ես պարտք եմ։ Չկա ավելի սրբազան բան, քան պատվազրկության պարտքերը։ Ես իրավունք չունեմ կյանքի հետ հաշիվս փակել` նետվելով Սենը։ Միշտ կարելի է պարտքը վճարել այն սոսկալի դրամով, որը գոհացնում է միայն մի կողմին. ուստի դուք ինձ կգտնեք ձեր տրամադրության տակ։ Ես ուզում եմ սոսկ մի գիշերվա մեջ վճարել բոլոր գումարները, որ ներդրված է ի հաշիվ ճակատագրական այդ պահի, և համոզված եմ, որ ինձ հետ մի ժամը կարժենա միլիոններ, մանավանդ, որ այդ կլինի միակը, վերջին ժամը։ Հետո, ես պարտահատույց եղած կլինեմ և կկարողանամ կյանքից հեռանալ։ Պարկեշտ կինը հույս ունի վեր բարձրանալ իր անկումից, բայց մեզ նմանները չափազանց ցած են ընկնում։ Դրա համար էլ իմ վճիռը հաստատուն է, և ես ձեզ խնդրում եմ պահել այս նամակը, որը վկայելու է, թե ինչի համար մահացավ նա՛, որը մի օրով իրեն անվանում է ։։։։։։Ձեր սպասուհին` ։։։։։։։Եսթեր»։

Եսթերը զղջաց, որ ուղարկեց այդ նամակը։ Տասը րոպեից հետո նա գրեց երրորդ նամակը։ Ահավասիկ այն.

։«Ներողությո՛ւն, թանկագին բարոն, դարձյալ ես եմ գրողը։ Ես չեմ կամեցել ո՛չ ծիծաղել ձեզ վրա և ո՛չ էլ վիրա¬վորել ձեզ. ուզում եմ միայն ձեզ ստիպել խորհրդածելու այս պարզ դատողության վրա. եթե մենք մնանք հոր ու աղջկա հարաբերությամբ, դուք կունենաք հանդարտ, բայց հուսալի ուրախություններ, իսկ եթե պահանջեք պայմանի կատարումը, դուք պիտի ողբաք ինձ վրա։ Ես չեմ ուզում այլևս ձեզ ձանձրացնել. այն օրը, երբ դուք հաճույքը պիտի գերադասեք եր¬ջանկությունից, ինձ համար կլինի վերջին օրը։ ։։։։։։։։Ձեր դուստր` ։։։։։։։։։Եսթեր»։

Հենց որ բարոնն ստացավ առաջին նամակը, նրան պա¬տեց ցասման այնպիսի սարսուռ, որը կարող էր սպանել միլիոնատերին։ Նա նայեց հայելու մեջ և զանգ տվեց.

Լոկա՜նք ոտգերի համար,— բղավեց նա իր նոր սպասավորին։

Երբ նա ոտքերի լոգանք էր ընդունում, եկավ երկրորդ նամակը. նա այն կարդաց և գիտակցությունը կորցրած` ընկավ։ Միլիոնատերին պառկեցրին անկողին. երբ ֆինանսիստն ուշքի եկավ, տիկին դը Նյուսինգենը նստած էր մահ¬ճակալի սնարի մոտ։

— Այդ աղջիկն իրավացի է,— ասաց կինը։— Ինչո՞ւ եք ուզում սերը գնել... Մի՞թե այդ ծախվում է շուկայում։ Տեսնենք ձեր նամակը։

Բարոնը տվեց իր նամակի սևագրությունը, տիկին դը Նյուսինգենը ժպտալով կարդաց։ Եկավ երրորդ նամակը։

— Զարմանալի աղջիկ է,— բացականչեց բարոնուհին, այդ վերջին նամակը կարդալուց հետո։

Ի՞նչ անել, դիկին,— հարցրեց բարոնն իր կնոջը։

— Սպասե՛լ։

Սբասե՜լ,— ասաց բարոնը...— Պնությունը անկուդ է...

— Լսեցեք, սիրելիս,— ասաց բարոնուհին,— դուք ի վերջո ինձ հետ սկսել եք լավ վերաբերվել, և ես ուզում եմ ձեզ մի բարի խորհուրդ տալ։

Դուկ լաֆ կին եք...— ասաց բարոնը…— Բարդկեր արեք, ես կվչարեմ...

— Այն, ինչ որ ձեզ հետ պատահեց այդ աղջկա նամակներն ստանալիս, կնոջն ավելի է հուզում, քան վատնված միլիոնները և կամ բոլոր սիրային նամակները, որքան էլ գեղեցիկ լինեն դրանք, ջանացեք, որ նա անուղղակի ճանապար¬հով իմանա ձեր դրության մասին, թերևս տիրանաք նրան... ոչ մի խղճահարություն, նա դրանից չի մեռնի,— ասաց բարոնուհին` ոտքից մինչև գլուխ չափելով ամուսնուն։ Տիկին դը Նյուսինգենը ամենափոքր պատկերացում իսկ չուներ կուրտիզանուհիների բնության մասին։

«Դիկին դը Նիսինգենը ինչկա՜ն խելոկ է»,— ասաց բարոնը յուրովի, երբ կինը նրան մենակ թողեց։

Բայց բանկիրը որքան ավելի էր հիանում բարոնուհու հենց նոր տված նրբամիտ խորհրդով, նույնքան նվազ էր հասկանում, թե ինչ կերպ կարող էր օգտվել դրանից, և նա ոչ միայն իրեն բթամիտ էր համարում, այլև այդ ինքն իրեն խոստովանում էր։

Փողատեր մարդու բթամտությունը, թեև համարյա առած է դարձել, այնուամենայնիվ, հարաբերական է։ Մեր մտավոր ունակությունների հետ տեղի է ունենում նույնը, ինչ մեր ֆիզիկական հնարավորությոլնների հետ։ Պարողի ուժը ոտքերի մեջ է, դարբնինը՝ ձեռքերում, շուկայի բեռնակիրը մարզվում է ծանրություն կրելու մեջ, երգիչը մշակում է ձայնալարերը, իսկ դաշնակահարը` ամրացնում է ձեռքի դաստակը։ Բանկիրը վարժվում է համակցել գործերը, դրանք ուսումնասիրել, շարժման մեջ դնել շահագրգռվածությունները, ինչպես վոդևիլիստը համակցում է դրությունները, ուսումնասիրում թեման, շարժման մեջ դնում գործող անձանց։ Չի կարելի բարոն դը Նյուսինգենից պահանջել սրամիտ դատողություն, ինչպես չի կարելի պոետական պատկերներ փնտրել մաթեմատիկոսի դատողությունների մեջ։ Որևէ դարաշրջանում կարելի է հանդիպել ոչ քիչ թվով այնպիսի պոետների, որոնք հավասար չափով հայտնի են արձակում, կամ թե հասարակության մեջ հռչակվել են իրենց սրամտություններով` ինչպես տիկին Կորնյուելը։ Բյուֆոնը թանձրամիտ էր, Նյուտոնը երբեք չի սիրել, լորդ Բայրոնը միայն իրեն է սիրել, Ռուսոն մռայլ էր և գրեթե խելագար, Լաֆոնտենը` մտացրիվ։ Մարդու մեջ հավասարաչափ բաժանված կենսական ուժը ստեղծում է հիմարներ կամ համատարած միջակություն. անհավասար բաժանված լինելով, այդ ուժը ծնում է ծայրահեղություններ, որոնց սովորաբար հանճար անունն են տալիս, և եթե նա տեսանելի լիներ, այլանդակություն կթվար։ Նույն օրենքին է ենթակա նաև մարմինը. կատարյալ գեղեցկությանը գրեթե միշտ ուղեկցվում է սառնությունը կամ հիմարությունը։ Թող Պասկալը լինի մեծ մաթեմատիկոս և միաժամանակ մեծ գրող, Բոմարշեն` խոշոր գործարար, Զամեն` նրբամիտ պալատական, այդ հազվագյուտ բացառությունները սոսկ հաստատում են կանոնը մարդկային մտքի յուրահատուկ առանձնահատկությունների մասին։ Այդպես էլ շահադիտական հաշվարկումների ոլորտում բանկիրը զարգացնում է նույնքան խելք, ճարպկություն, նույնքան ունակություններ, որքան ճարպիկ դիվանագետը` պետական շահերի ոլորտում։ Եթե բանկիրն աչքի ընկնող ընդունակություններով է օժտված, իր աշխատասենյակից դուրս նա նույնպես մեծ մարդ է։

Նյուսինգենը` իշխան դը Լինյով, Մ ազարինիով կամ Դիդրոյով բազմապատկված, մարդկային գրեթե անհնարին մի բանաձև է, բայց և այնպես, իր ժամանակին նա անվանվել է Պերիկլես, Արիստոտել, Վոլտեր և Նապոլեոն։ Կայսրական արևի փայլը չպետք է մթագնի հասարակ մարդուն. կայսրը օժտված էր հմայքով, նա զարգացած էր ու սրամիտ։ Պարոն դը Նյուսինգենը, որը սոսկ բանկիր էր, հաշիվներից դուրս զուրկ էր որևէ հնարամտությունից և բանկիրների մեծամասնության նման հավատում էր միայն իրական արժեքներին։ Արվեստների հարցում փողը ձեռքին նա խելամտորեն դիմում էր էքսպերտներին, բոլոր դեպքերում հրավիրում էր լավագույն ճարտարապետին, լավագույն վիրաբույժին, նկարների, արձանների ամենահմուտ գիտակին, ամենաճարտար հավատարմատարին, երբ հարկավոր էր լինում տուն շինել, հետևել իր առողջությանը, ձեռք բերել հազվագյուտ իրեր կամ կալվածք։ Բայց, քանի որ չկա երդվյալ էքսպերտ սիրա¬յին ինտրիգներում, ոչ էլ գիտակ` կրքերի հարցում, բանկիրն անհաջողության է հանդիպում սիրո մեջ և չգիտե ինչպես վարվել կնոջ հետ։ Ուստի, Նյուսինգենն ավելի լավ բան չէր կարող մտածել, քան այն, ինչ արդեն արել էր` փող տալ մի որևէ Ֆրոնտենի, արական թե իգական սեռի, որպեսզի նա գործի կամ մտածի իր փոխարեն։ Միայն տիկին դը Սենտ-Էստևը կարող էր դիմել այն միջոցին, որ առաջարկել էր բարոնուհին։ Բանկիրը դառնորեն ափսոսաց, որ գժտվել է արդուզարդի նողկալի վաճառուհու հետ։ Եվ չնայած դրան, վստահ իր գանձարկղի մագնիսականությանը և Գարայի կողմից ստորագրված դեղատոմսերին, նա զանգահարեց սպասավորին և նրան հրամայեց գնալ Նյով-Սեն-Մարկ փողոց` այդ սոսկալի այրուն իր մոտ բերելու։ Փարիզում ծայրահեղություններն իրար են հանդիպում կրքերի շնորհիվ։ Մոլությունն այնտեղ մշտապես միացնում է հարուստին աղքատի հետ, մեծին՝ փոքրի հետ։ Կայսրուհին այնտեղ խորհրդակցում է օրիորդ Լընորմանի հետ։ Վերջապես, իշխանավորն այնտեղ, ամեն դարում, մշտապես, կարող է գտնել որևէ Ռամպոնոյի։

Նոր սպասավորը վերադարձավ երկու ժամից հետո։

— Պարոն բարոն,— ասաց նա,— տիկին դը Սենտ-Էստևը սնանկացել է։

Ա՜, աֆելի լաֆ,— ասաց բարոնը խնդագին,— նա իմ ցեռկումն է։

— Ասում են, որ այդ պատվական կինը փոքր-ինչ սիրում էր թուղթ խաղալ,— շարունակեց սպասավորը։— Դրանից բացի, նա գտնվում է արվարձանային փոքրիկ թատրոնի մի դերասանիկի իշխանության տակ, որին, պատշաճության համար, իր սանիկն է համարում։ Ասում են, որ այդ կինը ընտիր խոհարարուհի է և հիմա աշխատանք է փնտրում։

«Երգրորդական դեսակի սադանայական այդ հանչարները դասը միջոց գիդեն պոխ վասդագելու, հադառ ձևերով ցախսելու համար»,— ասաց ինքն իրեն բարոնը, չտարակուսելով, որ իր մտքերը համընկնում են Պանուրգի մտքերին։

Նա նորից ուղարկեց իր սպասավորին` որոնելու տիկին դը Սենտ-Էստևին, որը եկավ միայն հետևյալ օրը։ Նոր սպասավորը, որին հարցաքննող Ասիան, այդ լրտեսուհուն հաղորդեց այն սարսափելի հետևանքների մասին, որ առաջացել էին բարոնի սիրուհու գրած նամակներից։

— Երևում է, որ պարոնը շատ է սիրում այդ կնոջը,— ասաց սպասավորը` ավարտելով իր խոսքը,— որովհետև քիչ էր մնում մեռներ։ Ես բարոնին խորհուրդ տվի չվերադառնալ նրա մոտ, որովհետև նրան այնտեղ փաղաքշելով խաբելու են։ Այդ կնոջ վրա, ասում են, բարոնն արդեն հինգ հարյուր հազար ֆրանկ է ծախսել, չհաշված Սեն-Ժորժ փողոցի առանձնատան համար ծախսածը։ Չէ՞ որ այդ կինը միայն փող է ուզում. միա՛յն փող։ Տիկին բարոնուհին պարոնի մոտից դուրս գալիս ասում էր ծիծաղելով. «Եթե այսպես շարունակվի, այդ աղջկա պատճառով ես կայրիանամ»։

— Սատանա՛ն տանի,— պատասխանեց Ասիան,— պետք չէ երբեք սպանել այն հավին, որը ոսկե ձվեր է ածում։

— Պարոն բարոնի հույսը միայն ձեր վրա է,— ասաց սպասավորը։

— Ա՜հ, ես գիտեմ կանանց վրա ազդել։

— Դե՛, ներ՛ս մտեք,— ասաց սպասավորը` խոնարհվելով այդ խորհրդավոր ուժի առջև։

— Սա ի՞նչ բան է,— ասաց կեղծ տիկին դը Սենտ-Էստևը` խոնարհ տեսքով մտնելով հիվանդի մոտ,— պարոն բարոն հետ ինչ-որ անախորժություննե՞ր են պատահել։ Ի՞նչ կարող ենք անել, ամեն մարդ մի թուլություն ունի։ Ես էլ դժբախտություններ կրեցի։ Երկու ամսում բախտի անիվը շուռ եկավ ի վնաս ինձ, և հիմա ես տեղ եմ փնտրում աշխատելու։ Մենք երկուսս էլ թեթևամիտ ենք եղել։ Եթե պարոն բարոնը ինձ տեղավորեր տիկին Եսթերի մոտ որպես խոհարարուհի, հանձին ինձ, նա կունենար անձնվերներից ամենաանձնվերին, և ես նրան շատ օգտակար կլինեի` հսկելով Էժենիին և տիկնոջը։

Հառցը դրա մեչ չէ,— ասաց բարոնը։— Ես չեմ գարողանում տերը լինել, և ինց բդդացնում են ինչբես... — Մի հոլ,— ընդհատեց Ասիան։— Դուք եք խրախուսել ձեր թուլությամբ, հայրիկ, և աղջիկը իր բռի մեջ է հավաքել ձեզ... և հիմարացնում է։ Աստված արդարադատ է։

Առդարադատ,— ասաց բարոնը։— Ես քեզ չեմ գանչել, որ պարոյախոսություն լսեմ...

— Բա՛հ, տղաս, մի փոքր բարոյախոսությունը վնաս չի տա։ Դա կյանքի աղն է մեզպեսների համար, ինչպես մոլորությունը` բարեպաշտների համար։ Լսեցեք, եղե՞լ եք առատաձեռն։ Վճարե՞լ եք նրա պարտքերը...

Այո, վչարել եմ,— ասաց բարոնը խղճալիորեն։

— Այդ լավ է։ Դուք կալանքից ազատել եք նրա իրերը, այդ շատ լավ է, բայց ինքներդ դատեցեք, չէ՞ որ դա քիչ է. դրանով շատ բան չես անի. այդպիսի արարածները սիրում են շռայլորեն ծախսել...

Ես նրա համառ բադրաստում եմ մի սյուբրիզ Սենտ-Շորշ պոխոցում, և նա այդ գիտե...— ասաց բարոնը։— Պայց ես չեմ ուզում հիմառ լինել։

— Դե՜ լավ, լքեցե՛ք նրան։

Ես վախենում եմ, որ նա ինց պաց տողնի։

— Իսկ մենք, տղաս, ուզում ենք ուրեմն արդարացնել մեր փողերը,— պատասխանեց Ասիան։— Լսեցե՛ք։ Դուք, հոգիս, միլիոններ եք կորզել մարդկանցից։ Ասում են, որ դուք քսանհինգ միլիոն ունեք։

Բարոնը չկարողացավ զսպել ժպիտը։

— Ուրեմն, պետք է այդ միլիոններից մեկը ձեռքից բաց թողնել...

Ես սիռով պաց կթողնեի,— պատասխանեց բարոնը,— պայց հենց nր մեգը պաց թողնեմ, երկրորդը կբահանչեն։

— Այո, ես հասկանում եմ,— պատասխանեց Ասիան,— դուք չեք ուզում Բ ասել, վախենալով, որ կհասնեք Ֆ-ին։ Բայց և այնպես, Եսթերը պարկեշտ կին է...

Շա՜դ բարկեշդ աղչիկ,— բացականչեց բարոնը։— Նա համաձայն է տեղի տալու, պայց միայն որբես բարդկի հադուցում։

— Պարզ ասած, նա չի ուզում լինել ձեր սիրուհին, նա խորշանք է զգում։ Ես հասկանում եմ. այդ աղջիկը միշտ էլ հնազանդվել է իր քմայքներին։ Երբ միայն հրապուրիչ երի-տասարդ տղամարդկանց են ճանաչել, ծերունիներով չեն հետաքրքրվում… Դուք սիրուն չեք, հաստ եք, ինչպես Լյուդովիկոս XVIII-ը, և մի փոքր հիմարավուն, ինչպես բոլոր նրանք, ովքեր ընկնում են հարստության հետևից` փոխանակ կանանցով զբաղվելու։ Ուրեմն այդպես, եթե դուք չեք ափսոսում վեց հարյուր հազար ֆրանկ,— ասաց Ասիան,— ես հանձն եմ առնում նրան դարձնել այնպիսին, ինչպիսին դուք եք կամենում։

Վեց հառյուր հազար ֆռա՜նգ...— բացականչեց բարոնը` թեթև մի ոստյուն գործելով։— Եսդերն առդեն ինց ֆրա մեգ միլիոն է նսդել...

— Երջանկությունն արժե մեկ միլիոն վեց հարյուր հազար ֆրանկ, իմ չաղ անառակ։ Դուք ինքներդ էլ ճանաչում եք մեր ժամանակում այնպիսի մարդկանց, որոնք մեկ կամ երկու միլիոնից ավելի են կերել իրենց սիրուհիների հետ։ Ես գիտեմ նույնիսկ այնպիսի կանանց, որոնք մարդու կյանքի հետ են խաղացել, որոնց համար տղամարդիկ իրենց գլուխն են կառափնարան տարել։ Դուք ճանաչում եք այն բժշկին, որը թունավորել է իր բարեկամին… Նա հարստության էր ձգտում, որպեսզի մի կնոջ երջանիկ դարձներ։

Այո, չանաչում եմ. սակայն, տեև ես սիրահառվաց եմ, պայց դխմար չեմ. իսկ երբ դեսնում եմ Եսդերին, գարոխ եմ նրան դալ իմ դռամաբանակը...

— Լսեցե՛ք, պարոն բարոն,— ասաց Ասիան` ընդունելով Շամիրամի դիրքը,— ձեզ արդեն բավականին թափ են տվել։ Ես Սենտ-Էստևը չլինեմ, եթե չօգնեմ ձեզ, բանակցությունների մեջ, իհարկե, և գործը գլուխ չբերեմ։

Լա՜ֆ... ես քեզ կվարցադրեմ։

— Կարծում եմ, որովհետև, ես ձեզ ցույց տվի, որ գիտեմ վրեժխնդիր լինել։ Բացի այդ, իմացեք, հայրիկ,— ասաց նա` բարոնին ուղղելով սարսափելի մի հայացք,— ես միջոցներ ունեմ համոզելու տիկին Եսթերին այնպիսի հեշտությամբ, ինչպիսի հեշտությամբ կտրում են մոմի պատրույգը։ Ես ճանաչում եմ այդ կնոջը։ Երբ այդ աղջիկը ձեզ երջանկացնի, դրանից հետո դուք առանց նրան այլևս չեք կարող ապրել։ Դուք ինձ լավ եք վճարել, դժվարությամբ տեղի տվիք, բայց ի վերջո ֆինանսավորեցիք, իսկ ե՛ս, ես կատարեցի իմ պարտքը։ Դե լա՛վ, լսեցե՛ք, մի գործարք եմ առաջարկում ձեզ։

Դեսնե՛նք։

— Դուք ինձ որպես խոհարարուհի կտեղավորեք տիկնոջ մոտ, կվարձեք ինձ տասը տարով, տարեկան հազար ֆրանկ ռոճիկով և հինգ տարվա ռոճիկը կվճարեք սկզբից... որպես կանխավճար, ի՛նչ կա որ։ Հենց որ լինեմ տիկնոջ մոտ, ես կկարողանամ նրան համոզել զիջումներ անելու։ Օրինակի համար, դուք նրա համար սքանչելի մի արդուզարդ բերել կտաք տիկին Օգուստի վաճառատնից. նրան ծանոթ են տիկ¬նոջ ճաշակն ու սիրած տարազներր, և կհրամայեք, որ նոր կառքը դռան մոտ լինի ժամը չորսին։ Բորսայից հետո դուք կբարձրանաք նրա մոտ և նրա հետ միասին կգնաք զբոսնելու Բուլոնյան անտառում։ Այդպիսով, Եսթերը հրապարակով իրեն կճանաչի որպես ձեր սիրուհին, նա պարտավորված կլինի ամբողջ Փարիզի առաջ... Դրա համար, հարյուր հազար ֆրանկ։— Դուք կճաշեք նրա մոտ (ես գիտեմ այդ տեսակի ճաշեր պատրաստել), դուք նրան կտանեք ներկայացում, «Վարիետե», բեմամերձ օթյակը, և ամբողջ Փարիզն այն ժամանակ կասի. «Ահավասիկ ձեր անզգամ Նյուսինգենն իր սի¬րուհու հետ...»։ Դա շոյիչ է, այնպես չէ՞։ Բոլոր այս առավելությունները մտնում են առաջին հարյուր հազար ֆրանկի մեջ, ես բարի կին եմ։ Մի շաբաթ այդպես վարվելով` դուք շատ առաջ կգնաք։

Ես կվչարեի հարյուռ հազառ ֆռանգ…

— Երկրորդ շաբաթում,— շարունակեց Ասիան, ձևացնելով, թե չի լսել այդ աղերսալից խոսքը,— տիկինը, առաջին այդ քայլերից հրապուրված, կվճռի թողնել իր փոքրիկ բնակարանը և տեղափոխվել այն առանձնատունը, որ դուք առաջարկում եք նրան։ Ձեր Եսթերը նորից կտեսնի աշխարհիկ հասարակությունը, նորից կգտնի իր նախկին բարեկամուհիներին, նա կուզենա փայլել, ընդունելություններ կազմակերպել իր պալատում։ Դա շատ բնական է… Դրա համար էլ` մի հարյուր հազար ֆրանկ։ Եվ ի՜նչ, դուք ձեր տանն եք։ Եսթերն անվանարկվում է… նա ձերն է։ Մնում է մի չնչին բան, որ դուք ուռեցնում եք, ծե՛ր փիղ։ (Տես ո՜նց է չռում աչքերն այս հաստ հրեշը)։ Ուրեմն այդպես, ես այդ ինձ վրա եմ վերցնում։ Ընդամենը չորս հարյուր հազար ֆրանկ… օ՜, իմ հաստլիկ, դու այդ գումարը բաց կթողնես միայն հաջորդ օրը… Ազնվություն է, չէ՞, ես քեզ ավելի եմ վստահում, քան դու ինձ։ Եթե ես համոզեմ տիկնոջը, որ իրեն հրապարակով ճանաչի ձեր սիրուհին, իրեն անվանարկի, վերցնի այն բոլորը, ինչ դուք նրան նվիրելու եք, թերևս հենց այսօր, դուք կհամոզվեք, որ ես կհարկադրեմ նրան ձեզ հանձնել նաև մեծ Սեն-Բեռնարի լեռնանցքը։ Իսկ այդ դժվարին գործ է, իմացե՛ք... Որպեսզի այնտեղ քարշ տաք ձեր հրետանին, նույնքան ճիգ է հար¬կավոր, որքան առաջին կոնսուլին` Ալպերում։

Իսգ ինչո՞ւ...

— Նրա սիրտր սիրով լեցուն է, rasibus[20], ինչպես ասում են ձեզ նման լատիներեն իմացողները,— պատասխանեց Ասիան։— Նա իրեն երևակայում է որպես Սաբայի թագուհին, որովհետև իրեն արդարացրել է այն զոհաբերություններով, որ կատարել է իր սիրեկանի համար... Դա մի ցնորք է, որ այդ տեսակի կանայք մտցնում են իրենց գլուխը։ Ա՜հ, սիրելիս, պետք է արդարացի լինել, դա գեղեցիկ բան է։ Եթե այդ քմա¬հաճ աղջիկը վշտից մեռներ, որովհետև ձեզ է պատկանել, ես բոլորովին չէի զարմանա, բայց մի բան է հանգստացնում ինձ, ես այդ ասում եմ ձեզ քաջություն ներշնչելու համար, նա ծախու աղջկա ամուր աստառ ունի։

Քեզ մոդ,— ասաց բարոնը, որը խորունկ լռությամբ ու հիացմունքով լսում էր Ասիային,— կա անառագացնելու հանչար, ինչպես ինց մոդ՛ պանկային գորցում։

— Վճռվա՞ծ է, մա՛նչս,— վրա բերեց Ասիան։

Համացայն եմ հիսուն հազառ ֆռանգ դալ, հառյուռ հազառի փոխարեն։ Եֆ ես կդամ հինգ հարյուռ հազառը` հախտանակի հաջորդ օրը։

— Դե՛ լավ, գնում եմ աշխատելու,— պատասխանեց Ասիան…— Ա՜հ, դուք կարող եք գալ,— հարեց Ասիան հարգան¬քով։— Տիկինը կդիմավորի պարոնին կատվի փաղաքշանքներով, և թերևս ուզենա հաճելի լինել նրան։

Կնա՛, կնա՛, չանիկս,— ասաց բանկիրը` ձեռքերը շփելով։

Եվ այդ սոսկալի մուլատուհուն ժպտալուց հետո ինքն իրեն ասաց.

«Որքա՜ն լաֆ է շադ պոխ ունենալը»։

Նա ցատկեց մահճակալից, գնաց իր գրասենյակը և զվարթ հոգով նորից զբաղվեց իր անհամար գործերով։

Եսթերի համար չկար ավելի չարագույժ բան, քան Նյուսինգենի ընդունած վճիռը։ Խեղճ կուրտիզանուհին պաշտպանում էր իր կյանքը, պահելով իր հավատարմությունը Լյուսիենի նկատմամբ։ Այդքան բնական դիմադրությունը Կարլոսն անվանում էր սեթևեթանք։ Նման պարագաներում անհրաժեշտ բոլոր նախազգուշացումները կիրառելուց հետո Ասիան գնաց Կարլոսին հաղորդելու բարոնի հետ հենց նոր ունեցած խորհրդակցության մասին և հայտնեց նրան, թե ինչ օգուտ էր քաղել դրանից։ Այդ մարդու զայրույթը նույնքան սոսկալի էր, որքան ինքը. նա անմիջապես վարագույրներն իջեցրած կառքով եկավ Եսթերի մոտ, հրամայելով, որ կառքը կանգնի դարպասի կամարների տակ։ Բարձրանալիս կատաղությունից դեռևս ամբողջապես գունատ, այդ կրկնակի կեղծարարը կանգնեց խեղճ աղջկա դիմաց և նայեց նրան. Եսթերը կանգնած էր, բայց իսկույն ընկավ բազկաթոռին, ասես սրունքները փշրվեցին։

— Ի՞նչ է պատահել ձեզ, պարոն,— հարցրեց աղջիկը` սարսռալով ամբողջ մարմնով։

— Մեզ մենակ թո՛ղ, Եվրոպա,— ասաց մարդը սպասուհուն։

Եսթերը նայեց այդ աղջկան, ինչպես իր մորը կնայեր երեխան, որին նրանից անջատում է մարդասպանը` սպանելու մտադրությամբ։

— Գիտե՞ք արդյոք, թե ուր եք ուղարկում Լյուսիենին,— հարցրեց Կարլոսր, երբ մենակ մնաց Եսթերի հետ։

— Ո՞ւր…— թույլ ձայնով հարցրեց աղջիկը` փորձելով նայել իր դահճին։

— Այնտեղ, որտեղից ե՛ս եմ եկել, թանկագինս։

Եսթերի աչքերը մթնեցին, երբ նայեց այդ մարդուն։

— Թիարա՛ն,— ավելացրեց Կարլոսը ցածր ձայնով։

Եսթերը փակեց աչքերը, նրա ոտքերը թուլացան, ձեռքերը կախ ընկան, նա քաթանի պես սպիտակեց։ Կարլոսը զանգ տվեց, ներս մտավ Պրյուդանսը։

— Ուշքի՛ բեր նրան,— ասաց սառնորեն,— ես դեռ չեմ վերջացրել։

Եվ սպասեց անցուդարձ անելով հյուրասրահում։ Պրյուդանս-Եվրոպան հարկադրված եղավ գալ պարոնին խնդրելու, որ օգնի` Եսթերին անկողին տեղափոխելու համար. Կարլոսը բարձրացրեց աղջկան այնպիսի թեթևությամբ, որը մատնում էր ըմբիշի նրա ուժը։ Ստիպված եղան գործադրել ամենաուժեղ դեղերը Եսթերին գիտակցության բերելու համար։ Մի ժամից հետո խեղճ աղջիկը ի վիճակի էր ունկնդրելու նրան, որը, որպես կենդանի մղձավանջ, նստած էր մահճակալի սնարին, և որի սևեռուն աչքերր կուրացնում էին աղջկան` հալած կապարի երկու ցայտքի նման։

— Հոգյա՛կս,— շարունակեց մարդը,— Լյուսիենը գտնվում է պերճաշուք, պատվարժան, երջանիկ, փայլուն կյանքի և ջրով, տղմով ու խիճերով լի մի փոսի միջև, ուր նա պատրաստվում էր նետվել, երբ հանդիպեցի նրան։ Գրանլյոների գերդաստանը պահանջում է այդ սիրասուն տղայից մեկ մի¬լիոն արժողությամբ կալվածք, նախքան նրա համար մարկիզի տիտղոս ձեռք բերելը և Կլոտիլդ անունով այն երկար ձողը նրան տալր, որի օգնությամբ նա իշխանության է հասնելու։ Մեր երկուսիս շնորհիվ Լյուսիենը ձեռք բերեց մայրական դաստակերտը, Ռյուբամպրե հին դղյակը, որն այնքան էլ թանկ չէ, ընդամենը երեսուն հազար ֆրանկ. բայց Լյուսիենի հավատարմատարը, հաջողակ սակարկումներով, դղյակին կցեց մեկ միլիոն արժողությամբ հողամաս, որի դիմաց վճարված է երեք հարյուր հազար ֆրանկ։ Դղյակը, ծախսերը, պարգևատրումները նրա՛նց, ովքեր օգնել են թաքցնելու այդ գործարքը տեղական բնակիչներից, կլանել են մնացորդը։ Թեև շահութաբեր մի գործի մեջ մենք ներդրել ենք հարյուր հազար ֆրանկ, և մի քանի ամսից հետո այդ գումարը դառնալու է երկուսից երեք հարյուր հազար ֆրանկ, բայց էլի մնում է վճարելու չորս հարյուր հազար ֆրանկ։ Երեք օրից Լյուսիենը կվերադառնա Անգուլեմից. նա այնտեղ է գնացել, որովհետև ոչ ոք չպետք է կասկածի, որ նա կարողություն է ձեռք բերել, լմկելով ձեր ներքնակները...

— Օ՜, ոչ,— ասաց Եսթերը` վսեմ մի շարժումով բարձրացնելով աչքերը։

— Այժմ հարցնում եմ ձեզ, մի՞թե հիմա ժամանակն է վախեցնել բարոնին,— ասաց Կարլոսը հանդարտորեն,— իսկ դուք քիչ էր մնում, որ անցյալ օր սպանեիք նրան. նա կնոջ պես ուշաթափվել է` կարդալով ձեր երկրորդ նամակը։ Դուք երևելի ոճ ունեք. շնորհավորում եմ ձեզ դրա համար։ Եթե բա¬րոնը մեռներ, ի՞նչ կլիներ մեր վիճակը։ Երբ Լյուսիենը դուրս գա Սուրբ Թովմաս Աքկինացու եկեղեցուց որպես դուքս դը Գրանլյոյի փեսա, և եթե դուք ցանկանաք նետվել Սեն... դե՛, ինչ արած, հոգյակս, ես ձեզ առաջարկում եմ իմ ձեռքը` միա¬սին սուզվելու համար։ Սա կյանքին վերջ դնելու մի ձև է։ Բայց, եկեք մի փոքր խորհենք։ Ավելի լավ չէ՞ր լինի ապրել` ամեն ժամ ասելով. «Այդ փայլուն բախտը, այդ երջանիկ ընտանիքը...», որովհետև նա երեխաներ կունենա. երեխանե՜ր։ Երբևիցե դուք մտածե՞լ եք նրա երեխաների մազերր ձեր ձեռքերով շոյելու բավականության մասին։

Եսթերը փակեց աչքերը և աննկատելիորեն սարսռաց։

— Տեսնելով այդ կատարյալ երջանկությունը, ինչպե՞ս կարելի է չասել. «Ահա իմ գործը»։ Տեղի ունեցավ մի դադար, որի ընթացքում նրանք երկուսով լուռ իրար էին նայում։ — Ահա թե ես ինչ բանի փոխարկեցի հուսահատությունը, որից ջուրն են նետվում,— շարունակեց Կարլոսը։— Մի՞թե ես եսամոլ եմ։ Ահա թե ինչպես են սիրում։ Այսպես կարելի է նվիրվել միայն արքաներին. բայց այդ ե՛ս եմ Լյուսիենին արքա օծել։ Եվ եթե իմ կյանքի մնացած տարիներին ինձ նորից ամրացնեին իմ նախկին շղթային, ինձ թվում է, որ ես հանգիստ կլինեի` ինքս ինձ ասելով. «նա պարահանդեսումն է, նա արքունիքումն է»։ Այն ժամանակ իմ հոգին ու միտքը կհաղթանակեին, թեկուզ իմ մարմինը, ինչպես ցնցոտի, հանձնվեր տաժանավայրի պահակներին։ Դուք ողորմելի էգ եք, իգաբար եք սիրում։ Բայց կուրտիզանուհու սերը, ինչպես բոլոր ընկած արարածների սերը, պետք է, որ մայրական զգացում զարթեցնի, հակառակ բնությանը, որը ձեզ ամլության է դատապարտում։ Եթե երբևիցե աբբա Կարլոս Էրրերայի մորթու տակ ճանաչեն նախկին տաժանապարտին, գիտե՞ք, թե ես ինչ կանեի չվարկաբեկելու համար Լյուսիենին։

Եսթերը մի տեսակ տագնապով սպասեց, թե նա ինչ է ասելու։

— Պարզապես,— շարունակեց Կարլոսը կարճ դադարից հետո,— ես կմեռնեի, ինչպես նեգրերը, կուլ տալով իմ լեզուն։ Իսկ դուք, ձեր սեթևեթանքներով կմատնեք իմ հետքը… Ի՞նչ խնդրեցի ես ձեզնից... վեց ամիս, վեց շաբաթ նորից հագնել Տորպիլի շրջազգեստը և այն օգտագործել մի միլիոն կորզելու համար... Լյուսիենը երբեք ձեզ չի մոռանա։ Մարդիկ չեն մոռանա այն էակին, որին ամեն առավոտ զարթնելիս պարտական են իրենց հարուստ զգալու երջանկությունը։ Լյուսիենը ձեզնից ավելի լավ է... Նա սիրեց Կորալիին, այդ աղջիկը մահանում է, Աստված նրա հետ, բայց Լյուսիենը ոչինչ չուներ նրան թաղելու համար։ Նա չարեց այն, ինչ դուք արիք քիչ առաջ, չուշաթափվեց, թեպետ պոետ է. նա գրեց վեց զվարթ երգեր, և դրա համար ստացավ երեք հարյուր ֆրանկ. այդ փողով հոգաց Կորալիի թաղման ծախսերը։ Այդ երգերն ինձ մոտ են, ես դրանք անգիր գիտեմ։ Դուք էլ հորինեցեք ձեր երգերը, եղե՛ք զվարթ, գժություննե՛ր արեք, եղե՛ք հմայիչ և... անհագուրդ։ Դուք, կարծում եմ, ինձ լավ հասկացաք, այլևս մի՛ հարկադրեք շարունակել… Համբուրեցե՛ք հայրիկին։ Մնաք բարով։

Երբ կես ժամից հետո Եվրոպան ներս մտավ իր տիրուհու մոտ, նրան գտավ խաչելության առջև ծնկաչոք այն դիրքով, որ նկարիչներից ամենաբարեպաշտը տվել է Մովսեսին` Քորեբի հրավառ մորենու դիմաց, պատկերելու համար նրա խորունկ ու կատարյալ երկրպագումը Եհովային։

Արտասանելով իր վերջին աղոթքները, Եսթերը հրաժարվում էր իր գեղեցիկ կյանքից, իր պատվից, որին վարժվել էր, իր հպարտությունից, իր առաքինությունից, իր սիրուց։ Նա վեր կացավ։

— Օ՜, տիկին, այդպես դուք այլևս երբեք չեք լինի,— բա¬ցականչեց Պրյուդանս Սերվիենը` զարմացած իր տիրուհու աստվածային գեղեցկությամբ։ Նա փութով նրա առաջ դրեց հայելին, որպեսզի խեղճ աղջիկը կարողանա տեսնել իրեն։ Աչքերը պահում էին դեպի երկինք ճախրող հոգու կայծը։ Հրեուհու դեմքի գույնը շողշողում էր։ Արցունքով թաթավուն թարթիչները, որոնց ցամաքեցնում էր աղոթքի հուրը, հիշեցնում էին սաղարթը` ամառային անձրևից հետո. անարատ սիրո արեգակը վերջին անգամ ադամանդում էր դրանք։ Շրթունքների վրա ասես դեռ թռթռում էր հրեշտակներին ուղղված վերջին աղոթքը, որոնցից, անկասկած նա փոխ էր առել նահատակության ձիթենին` նրանց հանձնելով իր անբասիր կյանքը։ Վերջապես, նրա մեջ զգացվում էր այն վեհությունը, որ անշուշտ ունեցել է Մարի-Ստյուարտը, երբ հրաժեշտ էր տալիս իր թագին, հողին ու սիրույն։

— Ես կուզենայի, որ Լյուսիենը ինձ այսպես տեսներ,— ասաց նա` չկարողանալով զսպել իր խեղդվող հառաչանքր։— Այժմ,— շարունակեց նա թրթռուն ձայնով,— գժություն անենք։

Լսելով այդ բառը, Եվրոպան շշմեց, ինչպես կշշմեր, եթե հրեշտակի բերնից հայհոյանք լսեր։

— Ինչո՞ւ ես այդպես նայում, ասես բերանումս ատամների փոխարեն մեխակներ լինեն։ Ես այլևս սոսկ մի ստոր ու աղտոտ արարած եմ, ծախու մի աղջիկ, մի գող, և սպասում եմ միլորդին։ Դե՛ ուրեմն, տաքացրու վաննան, և պատրաստիր զգեստները։ Ժամը տասներկուսն է. բարոնը անշուշտ կգա բորսայից հետո, ես նրան կասեմ, որ նրան եմ սպասում, և ուզում եմ, որ Ասիան նրա համար պատրաստի թունդ ճաշ, ես այդ մարդուն կգժվացնեմ… Դե՛, գնա՛, գնա՛, աղջիկս… Մենք պիտի ուրախանանք, այսինքն` պիտի աշխատենք։

Նա նստեց սեղանի մոտ և գրեց հետևյալ նամակը.

։«Բարեկամս, ձեր ուղարկած խոհարարուհին եթե երբեք ինձ ծառայած չլիներ, ես պիտի կարծեի, որ ձեր մտադրությունն է եղել ինձ իմաց տալ, թե քանի անգամ եք դուք ուշաթափվել երեկ չէ անցյալ օրը, ստանալով իմ երեք գրությունները։ (Ի՜նչ արած, այդ օրը ես շատ ջղային էի, տարվել էի իմ ողորմելի գոյության հուշերով)։ Բայց ես ծանոթ եմ Ասիայի անկեղծությանը։ Ես չեմ զղջում ձեզ որոշ ցավ պատճառած լինելուս համար, քանի որ այդ հնարավորություն տվեց համոզվելու, թե որքան թանկ եմ ես ձեզ համար։ Այդպիսին ենք մենք, արհամարհված խեղճ արարածներս. ճշմարիտ մի խանդաղա¬տանք ավելի շատ է հուզում մեզ, քան մեզ վրա կատարվող խելացնոր ծախսերը։ Ինչ վերաբերում է ինձ, ես մշտապես երկյուղ ունեի, թե կլինեմ մի տեսակ կախարան, որտեղից կախելու եք ձեր սնափառությունները։ Ես վրդովվում էի, որ չեմ կարող ձեզ համար մի այլ բան լինել։ Այո, հակառակ ձեր հանդիսավոր պնդումներին, ես մտածում էի, որ դուք ինձ ընդունում եք որպես գնված մի կին։ Իսկ հիմա ես ձեզ համար բարի մի աղջիկ եմ, պայմանով, սակայն, որ մի փոքր ինձ հնազանդվեք։ Եթե այս նամակը կարող է ձեզ համար փոխարինել բժշկի դեղատոմսերի, ապա դուք ինձ այդ կապացուցեք բորսայից հետո ինձ մոտ գալով։ Դուք պատրաստ և ձեր ըն¬ծաներով զարդարուն կգտնեք նրան, որն իր ամբողջ կյանքում իրեն համարում է ձեր հաճույքի գործիքը։ ։։։։։։։։։։։։։։։։։։։Եսթեր»։

Բորսայում բարոն դը Նյուսինգենն այնպես առույգ էր, գոհ, մեղմաբարո և այնքան կատակաբանեց, որ դյու Տիյեն ու Կելլերները, որոնք այնտեղ էին, չկարողացան չհարցնել նրա զվարթության պատճառը։

Ես սիռվաց եմ... Մենք շուդով կդոնենք պնագարանամուդը,— ասաց նա դյու Տիյեին։

— Իսկ դա ձեզ որքա՞ն է նստում,— հանկարծակի հարցրեց Ֆրանսուա Կելլերը, որը, ասում էին, տիկին Կոլվիլի վրա տարեկան քսանհինգ հազար ֆրանկ էր ծախսում։

Այդ կինը, nր մի հռեշդակ է, երպեկ ինցնից մի գռոշ չի խնդռել։

— Այդպիսի բան երբեք չեն անում,— պատասխանեց դյու Տիյեն։— Որպեսզի երբեք ոչինչ անձամբ չխնդրեն, նրանք իրենց համար մորաքույրեր կամ մայրեր են հնարում։

Բորսայից մինչև Տեբու փողոցը բարոնը յոթ անգամ ասաց իր սպասավորին.

Դուկ չեք շառժվում դեխից, դե՛, մդրագեցե՛ք ցիուն։

Նա թեթևորեն բարձրացավ սանդուղքով և առաջին անգամ իր սիրուհուն գտավ գեղեցիկ, այնպես, ինչպես լինում են այն աղջիկները, որոնց միակ զբաղմունքը իրենց արդուզարդի և գեղեցկության հոգսն է։ Լոգանքից հետո ծաղիկը թարմ էր, բուրումնավետ և ընդունակ էր բորբոքելու նույնիսկ Ռոբերտ դ'Արբրիսելի կիրքը։ Եսթերի հագին տնային սքանչելի շոր կար։ Վարդագույն մետաքսե հյուսակով զարդարված սև ռիպսից մի ժակետ` մոխրագույն սնդուսե շրջազգեստի վրա, մի զգեստ, որով հետագայում հռչակվեց գեղանի Ամիգոն I Puritani[21]-ի մեջ։ Ժանեկավոր մի շալ թրթռում էր նրա ուսերին։ Շրջազգեստի թևքերը հավաքված էին զիկերով, որոնք հավասար բաժանում էին ուռուցիկ մասերը. առաքինի կանայք հիմա այդ ձևն էին ընտրում, արդեն շատ այլանդակ համարվող լայն թևքերի փոխարեն։

Եսթերը գնդասեղով իր հոյաշուք մազերին ամրացրել էր ֆլամանդական ժանյակից մի գլխանոց. այն անվանում էին ա լա ֆոլ, մի գլխարկ, որն ասես գլխից թռչում է, բայց մնում է այնտեղ, նրա փարթամ, բաժուկավոր սանրվածքով փոքրիկ գլխի մազերին տալով անփույթ, թափթփված տեսք։

— Մի՞թե սոսկալի չէ տեսնել այդքան գեղանի տիկնոջ այսպիսի մի խունացած հյուրասրահում,— ասաց Եվրոպան բարոնին` բաց անելով հյուրասրահի դուռը։

Դե լա՛ֆ, կնանք Սենտ-Շորշ պոխոցը,— պատասխանեց բարոնը, կանգ առնելով, ինչպես շունը կաքավի առջև։— Եխանակը հիանալի է, մենք կզպոսնենք Ժան-Էլյուզեում, իսգ դիկին Սենտ-Էսդեֆր Էշենիի հեդ ցեր պոլոր առդուզարդերը, ցեր սբիդագեղենը և չաշը կդեխափոխեն Սենտ-Շորշ պոխոցը։

— Ես կանեմ բոլորը, ինչ կամենաք,— ասաց Եսթերը, եթե հաճեք ինձ բավականություն պատճառել` իմ խոհարարուհուն անվանելով Ասիա, իսկ Էժենիին` Եվրոպա։ Ես այդպես եմ անվանել բոլոր նրանց, ովքեր ծառայել են ինձ, սկսած առա¬ջին երկուսից։ Ես փոփոխություն չեմ սիրում…

Ազիա... Իրոբա...— կրկնեց բարոնը, ծիծաղելով։— Ի՜նչ զվառչալի եք դուկ... հառուստ եռևակայություն ունեք... Ես շադ չաշեր պիդի ուդեմ, մինչև որ խոհառառուհուն անվանեմ Ազիա։

— Այդ մեր վիճակն է թելադրում զվարճալի լինել,— ասաց Եսթերը։— Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ մի խեղճ աղջկա չպետք է սնուցի Ասիան և հագցնի Եվրոպան, երբ ձեզ ամբողջ աշխարհն է սպասարկում։ Դա առասպել է, ուրիշ ոչինչ։ Կան կանայք, որոնք կարող են լափել ամբողջ երկիրը, իսկ ինձ կե՛սն էլ հերիք է… Ահա բոլորը։

«Ինչբիսի՜ կին է դիկին Սենտ-Էստեֆը»,— յուրովի ասաց բարոնը` հիանալով Եսթերի վերաբերմունքի փոփոխության վրա։

— Եվրոպա, աղջիկս, ո՞ւր է իմ նոր գլխարկը,— ասաց Եսթերը։— Վարդագույն աստառով, սև սնդուսե ժանեկազարդ գլխադիրը։

— Տիկին Թոման դեռ չի ուղարկել այն... Դե՛, բարոն, արագ։ Մի կախեք ձեռները, սկսեցեք սևագործ բանվորի, այսինքն՝ բախտավոր մարդու, ձեր ծառայությունը։ Բախտավորությունը ծանր բեռ է… Ձեր կառքն այստեղ է, գնացեք տի¬կին Թոմայի մոտ,— ասաց Եվրոպան բարոնին։— Դուք ձեր սպասավորի միջոցով կպահանջեք տիկին Վան Բոգսեկի գլխադիրը... Եվ մանավանդ,— ասաց սպասուհին բանկիրի ականջին,— բերեք Փարիզի ամենագեղեցիկ ծաղկեփունջը։ Հիմա ձմեռ է, ջանացեք գտնել արևադարձային ծաղիկներ։

Բարոնը ցած իջավ և ասաց իր սպասավորներին.

Դիկին Դոմայի մոդ։ Սպասավորն իր տիրոջը հասցրեց անվանի հրուշակագործուհու մոտ։

Դա մոդիստուհի է, հիմառ, այլ ոչ թե հրուշակագորց,— ասաց բարոնը, վազելով Պալե-Ռոյալում տիկին Պրևոյի մոտ, որտեղ նա հրամայեց պատրաստել տասը լուիդորնոց մի ծաղկեփունջ, մինչ սպասավորը գնում էր անվանի մոդիստուհու մոտ։

Զբոսնելով Փարիզում, մակերեսային դիտողր կարող է հարցնել, թե այդ ո՞ր խենթերն են, որ ձեռք են բերում հռչակավոր ծաղկավաճառուհու կրպակը զարդարող այն առասպելական ծաղիկները և անդրծովյան ամեն տեսակի պտուղները եվրոպացի Շըվեի, միակ մարդու, որ «Ռոշե դը Կանկալ»-ի հետ ներկայացնում է հին և նոր աշխարհների բնության սքանչելիքների իսկական ցուցահանդես։ Փարիզում ամեն օր բռնկում են Նյուսինգենի կրքի նման հարյուրավոր կրքեր, որոնց մասին վկայում են այն հազվագյուտ բաները, որ իրենց թույլ չեն տալիս ձեռք բերել թագուհիները, բայց որ մատուցվում են, այն էլ ծնկաչոք, այն աղջիկներին, որոնք, Ասիայի արտահայտությամբ, սիրում են վատնել։ Առանց այս փոքրիկ մանրամասնության, ազնիվ քաղքենուհին չի հասկանա, թե հարստությունը ոնց է հալչում այդ աղջիկների ձեռքում, որոնց հասարակական նշանակությունը, ֆուրիերիստների տեսության համաձայն, գուցե այն է, որ դարմանեն ժլատության ու ագահության վնասները։ Սոցիալական օրգանիզմի համար այդ վատնումն անշուշտ նույնն է, ինչ նշտարի հարվածն արյունահեղձ մարմնի համար։ Երկու ամսում Նյուսինգենը առևտրի մեջ երկու հարյուր հազար ֆրանկ հոսեցրեց։

Երբ ծեր սիրահարը վերադարձավ, մութն ընկնում էր, ծաղկեփունջն այլևս անօգուտ էր։ Ձմռանը Շանզ-Էլիզեում զբոսնելու ժամը երկուսից մինչև չորսն է։ Այնուամենայնիվ, կառքը պետք եկավ Եսթերին Տեբու փողոցից տեղափոխվելու Սեն-Ժորժ փողոցը, ուր նա տիրացավ պոկրիկ բալատին։ Ճիշտն ասած, Եսթերը դեռ երբեք չէր եղել նման պաշտամունքի, ինչպես նաև նման շռայլությունների առարկա. նա զարմացած էր, բայց բոլոր ապերախտ թագուհիների պես խուսափեց արտահայտել իր զարմանքը։ Երբ դուք մտնում եք Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը, որպեսզի գնահատեք տաճարների այդ թագուհու լայնությունն ու բարձրությունը, ձեզ ցույց են տալիս արձանի մի ճկույթ, որն ունի ինչ-որ ահռելի երկարություն և ձեզ թվում է նորմալ մեծության ճկույթ։ Եվ ահա, երբ այդպես հաճախ են քննադատում նկարագրությունները, որոնք, այնուամենայնիվ, այնքան անհրաժեշտ են մեր բարքերի պատմության համար, այստեղ հարկ է լինում հետևել իտալական չիչերոնների օրինակին։ Այսպես, մտնելով ճաշասրահը, բարոնը չկարողացավ իրեն զսպել և չառաջարկել Եսթերին շոշափել լուսամուտների` արքայական շռայլու¬թյամբ հարդարված, սպիտակ մուարե աստառով, սուզակեղենով զարդարված վարագույրների կտորը, որն արժանի էր պորտուգալյան մի իշխանուհու կորսաժին։ Դա Կանտոնում գնված մի մետաքս էր, որի վրա չինական համբերատարությունը կարողացել էր նկարել Ասիայի թռչուններն այնպիսի կատարելությամբ, որի օրինակը գոյություն ունի միայն միջնադարյան վելենաթղթերի վրա կամ Կարլոս V-ի Խորհրդագրքում, որը Վիեննայի կայսերական գրադարանի զարդն է կազմում։

Դա եռկու հազառ ֆռանգ է նսդել մի միլորտի, որն այն պերել է Հնդգաստանից...

— Շատ լա՜վն է... Հիանալի՜ է... Ինչպիսի՜ բավականություն է այստեղ Շամպայնի գինի խմելը,— ասաց Եսթերը։— Փրփուրն այստեղ չի կեղտոտի լուսամուտի փեղկերը։

— Օ՜, տիկին,— ասաց Եվրոպան,— բայց նայեցեք գորգին...

Թեեֆ այդ կորգը նգարել են դուկս Դորլանիայի, իմ պարեգամի համար, բայց նա թանկ է համարել այդ, ես այն վեռցրի ցեզ համար, ցեզ, որ տագուհի եք,— ասաց Նյուսինգենը։

Այդ գորգը, որ պատահաբար մեր ամենատաղանդավոր գծագրիչներից մեկի գործն էր, ներդաշնակվում էր չինական ծալազարդման քմայքներին։ Շիների և Լեոն դը Լորայի կողմից նկարազարդված պատերը ներկայացնում էին հեշտալից տեսարաններ, որոնք ցայտուն էին դառնում քանդակված սև փայտի շնորհիվ, և ահռելի թանկ գնով ձեռք էին բերված դյու Սոմերարի վաճառատնից. դրանք կազմում էին պանոներ, ուր ոսկու նուրբ ցանցերն արտացոլում էին լույսը։ Այժմ դուք կարող եք դատել մնացածի մասին։

— Դուք լավ արիք, որ ինձ բերիք այստեղ,— ասաց Եսթերը։— Հարկավոր կլինի առնվազն մի շաբաթ, որպեսզի վարժ¬վեմ իմ տանը և ինչ-որ նորելուկուհու տեսք չունենամ։

Իմ դո՜ւնը,— ուրախ կրկնեց բարոնը։— Ուռեմն, դուկ ընդունո՞ւմ եք։

— Այո՛, հազար անգամ այո, հիմա՛ր անասուն,— ասաց Եսթերը ժպտալով։

Անասունը պավական էր...

— «Հիմարը» գգվանքի համար է,— կրկնեց աղջիկը` նայելով նրան։

Խեղճ գիշատիչը վերցրեց Եսթերի ձեռքը և այն դրեց իր սրտին, նա բավականաչափ անասուն էր զգալու համար, բայց չափազանց հիմար` որպեսզի կարողանար մի բառ ասել։

Դեսեք, ինչբե՜ս է նա խպում... կնկշանքի մի պոկրիկ խոսկից,— ասաց նա։

Եվ նա տարավ իր աստվածուհուն (ասդվացուհուն) դեպի ննջարանը։

— Օ՜, տիկին,— ասաց Էժենին,— ես չեմ կարող մնալ այստեղ։ Մարդ փափագում է իսկույն անկողին մտնել։

— Դե լա՛վ,— ասաց Եսթերը,— ես ուզում եմ երջանիկ դարձնել այն կախարդին, որ նման հրաշքներ է գործում։ Այդպես ուրեմն, իմ հաստ փիղ, ճաշից հետո մենք մեկտեղ ներկայացում կգնանք։ Ես ներկայացման կարոտ եմ։

Ճիշտ հինգ տարի էր, ինչ Եսթերը թատրոն չէր գնացել։ Այն ժամանակ ամբողջ Փարիզը խուժում էր դեպի Պորտ-Սենտ Մարտենի թատրոնը` տեսնելու մեկն այն պիեսներից, որոնք դերասանների խաղի ուժի շնորհիվ կենսական սոսկալի ճշմարտությամբ են հնչում։ Պիեսի անունն էր «Ռիչարդ Դարլինգտոն»։ Ինչպես բոլոր պարզասիրտ բնավորությունները, Եսթերը հավասարապես սիրում էր թե՛ սարսափից սարսռել և թե՛ գորովանքի արտասուքներ թափել։

— Գնանք տեսնենք Ֆրեդերիկ Լըմետրին,— ասաց Եսթերը,— ես պաշտում եմ այդ դերասանին։

Դա վայռենի մի տրամա է,— ասաց Նյուսինգենը, զգալով, որ հակառակ իր կամքին, միասին երևալու են թատրոնում։

Բարոնն ուղարկեց իր սպասավորին, որ վերցնի բեմամերձ առաջին օթյակներից մեկը։ Փարիզյան ևս մի այլ առանձնահատկություն։ Երբ կարճատև հաջողությունը մեծ բազմություն է դահլիճ հավաքում, միշտ էլ կարելի է գտնել բեմամերձ օթյակ` վարագույրը բացվելուց տասը րոպե առաջ. տնօրեններն այն պահում են իրենց համար, եթե հանկարծ Նյուսինգենի պես սիրահարված մարդկանց չհատկացնեն։ Այդ օթյակը, ինչպես Շըվեի մոտ վաճառվող վաղահաս պտուղները, մի հարկ է, որ գանձվում է փարիզյան Ոլիմպոսի քմայքներից։

Ավելորդ է խոսել սեղանսպասի մասին։ Նյուսինգենը կուտակել էր երեք սեղանասպաս. փոքրիկ սեղանասպաս, միջին սեղանասպաս և մեծ սեղանասպաս։ Մեծ սեղանասպասի աղանդերի մասն ամբողջապես` թե՛ ափսեները և թե՛ պնակ-ները, քանդակված ոսկեզօծ արծաթից էին։ Որպեսզի այն տպավորությունը չստացվհ, թե սեղանն արժեքավոր է իր ոսկու և արծաթի ծանրությամբ, բարոնն այդ բոլոր սեղանասպասներին ավելացրել էր սաքսոնական ճաշակի ամենասքանչելի դյուրաբեկ ճենապակի, որն ավելի թանկ էր, քան արծաթյա սեղանասպասը։ Ինչ վերաբերում էր սփռոցներին, ապա կային սաքսոնական, անգլիական, ֆլամանդական և ֆրանսիական սպիտակեղեններ, որոնք մրցում էին իրենց ծաղկանկարների կատարելությամբ ու գեղեցկությամբ։

Ճաշի ժամանակ զարմանալու հերթը բարոնին հասավ` ճաշակելով Ասիայի պատրաստած կերակուրները։

Ես հասգանում եմ, թե դուկ ինչու նրան գոչում եք Ազիա, սա ազիական մի խոհանոց է։

— Ա՜հ, ես սկսում եմ հավատալ, որ նա ինձ սիրում է,— ասաց Եսթերը Եվրոպային,— նա ինչ-որ բան ասաց, որ սրամտություն է հիշեցնում։

Դռանցից շադ կան,— նկատեց բարոնը։

— Իսկապես նա շատ ավելի Տյուրկարե է, քան ասում են,— բացականչեց զվարթ կուրտիզանուհին այդ պատասխանի առթիվ, որը դասվում էր այն հռչակավոր միամտությունների շարքին, որոնցով փայլում էր բանկիրը։

Կերակուրը համեմված էր այնպես, որ ստամոքսի խանգա¬րում առաջացնի բարոնի մոտ, և նա ժամանակից շուտ տուն վերադառնա։ Ահա թե ինչպիսի բավականությամբ վերջացավ բարոնի առաջին տեսակցությունը Եսթերի հետ։ Ներկայացմանը, նա հարկադրված եղավ դատարկել շաքարաջրի անհամար բաժակներ` Եսթերին մենակ թողնելով ընդմիջումների ժամանակ։ Հանգամանքների բերումով, որոնք այնքան են կանխատեսված, որ չի կարելի պատահական համարել, այդ օրը ներկայացման էին եկել Տուլիան, Մարիետը և տիկին դյու Վալ-Նոբլը։ «Ռիչարդ Դառլինդտոն»-ն ունեցավ այն անօրինակ հաջողությունը, որին, ի դեպ, արժանի է և որը կարելի է նկատել միայն Փարիզում։ Տեսնելով այդ դրաման, բոլոր տղամարդիկ հասկանում էին, որ կարելի է իրենց օրինա¬կան կանանց լուսամուտից դուրս շպրտել, իսկ բոլոր կանանց այն դուր եկավ, որովհետև այնտեղ տեսնում էին, թե ինչպես անարդարացիորեն ճնշված են իրենք։ Կանայք ասում էին. «Դա արդեն չափից դուրս է։ Մեզ դրդում են նման արարքների, հակառակ մեր կամքի… բայց այդ մեզ հետ հաճախ է պատահում…»։ Արդ, Եսթերի գեղեցկությամբ մի արարած, հագնված ինչպես Եսթերը, չէր կարող անպատիժ փայլել Պորտ-Սենտ-Մարտենի բեմամերձ օթյակում։ Դրա համար, երկրորդ գործողության սկզբից երկու պարուհիների օթյակում ինչ-որ փոթորիկ առաջացավ. հաստատվեց գեղանի անծանոթուհու նմանությունը Տորպիլի հետ։

— Ա՜յ թե ինչ, որտեղի՞ց է լույս ընկել,— ասաց Մարիետը տիկին դյու Վալ-Նոբլին,— ես կարծում էի, թե նա խեղդված է…

— Մի՞թե նա է։ Նա ինձ երեսունյոթ անգամ ավելի երիտասարդ ու ավելի գեղեցիկ է երևում, քան վեց տարի առաջ։

— Նա թերևս տիկին դ’Էսպարի և տիկին Զայոնչեկի նման պահպանվել է սառույցի մեջ,— ասաց Կոմս դը Բրամբուրգը, որը երեք կանանց ընկերակցում էր ներկայացմանը, բենուարի մի օթյակում։— Դա այն առնետը չէ՞, որին դուք ուզում էիք ինձ ուղարկել իմ հորեղբորը ճանկելու համար,— ասաց, դիմելով Տուլիային։

— Միանգամայն ճիշտ է,— պատասխանեց երգչուհին,— Դյու Բրյուե՛լ, գնացե՛ք պարտեր և իմացե՛ք, իսկապե՞ս նա է։

Ո՞նց է քիթը վեր տնկում,— բացականչեց տիկին դյու Վալ-Նոբլը` օգտագործելով թեթևաբարո աղջիկների բառարանի սքանչելի մի արտահայտությունը։

— Օ՜,— բացականչեց կոմս Բրամբուրգը,— իրավունք ունի իրեն այդպես պահելու, որովհետև նա իմ բարեկամ բարոն դը Նյուսինգենի հետ է։ Ես գնում եմ այնտեղ…

— Մի՞թե նա Նյուսինգենին նվաճող այն կարծեցյալ Ժաննա դ’Արկն է, որի առիթով ահա երեք ամիս է, ինչ մեր գլուխն են տանում…— ասաց Մարիետը։

— Բարի երեկո, իմ թանկագին բարոն,— ասաց Ֆիլիպ Բրիդոն` մտնելով Նյուսինգենի օթյակը։— Դուք, ուրեմն, ամուսնացե՞լ եք օրիորդ Եսթերի հետ։ Օրիորդ, ես մի խեղճ սպա եմ, որին մի ժամանակ հանել եք դժվարին կացությունից… Իսուդյունում… Ֆիլիպ Բրիդո…

— Չեմ ճանաչում,— ասաց Եսթերը` իր դիտակն ուղղելով դահլիճ։

— Օռիորդը,— նկատեց բարոնը,— այլեֆս բարզաբես Եսդեր չէ, նրա անունն է դիկին դը Ժամբի (Շամպի), փոքրիկ մի գալվածք, որ ես կնել եմ նրա համար։

— Եթե դուք այդպես հարգալիր եք տիկին դը Շամպիի հանդեպ,— ասաց կոմսը,— ապա այն տիկիններն ասում են, որ նա քիթը շատ է վեր ցցում։ Տիկին, եթե չեք կամենում ինձ հիշել, հաճեցեք ճանաչել Մարիետին, Տուլիային, տիկին դյու Վալ-Նոբլին,— ավելացրեց այդ նորելուկը, որը դուքս դը Մոֆրինյոզի շնորհիվ արժանացել էր թագաժառանգի բարեհաճությանը։

— Եթե այդ տիկինները բարի են իմ նկատմամբ, ես տրամադիր եմ նրանց հանդեպ շատ սիրալիր լինել,-չոր պատասխանեց տիկին դը Շամպին։

— Բարի՜,— ասաց Ֆիլիպը,— նրանք սքանչելի են, ձեզ Ժաննա դ’Արկ մականունն են տվել։

Դե լա՛ֆ, եթե այդ դիկինները գամենում են ցեզ ընգերակցել,— ասաց Նյուսինգենը,— ես ցեզ մենագ կթոխնեմ, որոֆհեդեֆ չապազանց շադ եմ կերել։ Ցեր գառքը կգա ցեզ վեռցնելու սբասավորների հեդ... Սադանա՛ Ազիա։

— Հենց առաջին իսկ անգամից դուք ինձ մենա՞կ եք թողնում,— ասաց Եսթերը։— Այդ չեղավ, մինչև մահը պետք է մնալ նավի տախտակամածին։ Դուրս գալու համար ես իմ տղամարդը պետք է ունենամ։ Եթե ինձ վիրավորեն, ո՞ւմ պետք է օգնության կանչեմ…

Ծեր միլիոնատիրոջ էգոիզմը ստիպված եղավ զիջել սիրահարի պարտականություններին։ Բարոնը տանջվում էր, բայց մնաց։ Եսթերն պատճառներն ուներ իր տղամարդուն իր մոտ պահելու համար։ Եթե նա ընկերովի ընդուներ իր նախկին ծանոթներին, այնպես համառորեն չէր հարցապնդվի, որքան եթե մենակ լիներ։ Ֆիլիպ Բրիդոն շտապեց վերադառնալ պարուհիների օթյակը և նրանց հաղորդեց իրադրությունը։

— Ա՜հ, այդ նա է ժառանգում իմ տունը Սեն-Ժորժ փողոցում,— դառնությամբ ասաց գնդապետին տիկին դյու Վալ-Նոբլը, որն այդ տիպի կանանց լեզվով ասած դարձել էր հետիոտն։

— Հավանաբար,— պատասիյանեց գնդապետը։— Դյու Տիյեն ինձ ասել է, որ բարոնը ձեր խեղճ Ֆալերից երեք անգամ ավելի է ծախսել այդ տան վրա։

— Եկե՛ք գնանք նրա մոտ,— ասաց Տուլիան։

— Ճիշտն ասած` հարկ չկա,— առարկեց Մարիետը,— նա չափազանց գեղեցիկ է, ես նրան կայցելեմ տանը։

— Ես ինձ բավականաչափ լավիկն եմ գտնում, որպեսզի հանդգնեմ,— ասաց Տուլիան։

Համարձակ պրիմա-բալերինան դադարի ժամանակ մտավ Եսթերի օթյակր, և նրանք վերականգնեցին իրենց ծանոթությունը. նրանց զրույցը ոչ կարևոր հարցեր էր շոշափում։

— Իսկ դու որտեղի՞ց ես գալիս, իմ անուշիկ մանկիկ,— հարցրեց պարուհին, որին տանջում էր հետաքրքրությունը։

— Օ՜, ես հինգ տարի շարունակ ապրում էի ալպիական դղյակում` մի անգլիացու հետ, որը վագրի պես խանդոտ էր, մի տուզ, որին անվանում էի պուտուզ, որովհետև նա դը Ֆերետ դատավորից բարձրահասակ չէր։ Եվ ահա ընկա մի բանկիրի… «Մրից ելա, ընկա մրջուր»,-ինչպես կասեր Ֆլորինը։ Դրա համար երբ այժմ վերադարձել եմ Փարիզ, ես այնպիսի ցանկություն ունեմ զվարճանալու, ինչպես կառնավալում։ Իմ տունը բաց կլինի։ Ա՜հ, ինձ հարկավոր է կազդուրվել հինգ տարվա մենությունից հետո, և սկսում եմ կորց¬րածս ետ բերել։ Հինգ տարի անգլիացու հետ, դա չավւազանց է, նույնիսկ պարտատերին վեց ամիս են ժամանակ տալիս։

— Բարո՞նն է նվիրել ձեզ այդ ժանյակը։

— Ոչ, դա մի մնացորդ է տուզից… բախտս չբանեց, սիրելիս։ Այդ մարդը դեղին էր, ինչպես բարեկամի ծիծաղը[22] մեր հաջողության առթիվ. ես կարծում էի, որ մի տասը ամսում կմեռնի։ Բա’հ, նա սարի պես ամուր էր։ Չպետք է հավատալ նրանց, ովքեր ասում են, թե լյարդի հիվանդություն ունեն… Այլևս չեմ ուզում լսել լյարդի մասին։ Ես չափազանց շատ եմ հավատացել… մտացածին բաների։ Այդ տուզն ինձ կողոպտեց. նա մեռավ առանց կտակ անելու, և ընտանիքն ինձ վտարեց, ասես ես ժանտախտով էի բռնված։ Դրա համար էլ ասացի այս հաստին. «Վճարի՛ր երկուսի տեղ»։ Դուք շատ իրավացի եք` ինձ Ժաննա դ'Արկ անվանելով, ես կորցրի Անգլիան, և գուցե ես էլ մեռնեմ այրվելով։

— Սիրուց,— ասաց Տուլիան։

— Եվ ողջ-ողջ,— ասաց Եսթերը, որն այդ խոսքի վրա մտախոհ դարձավ։

Բարոնը ծիծաղում էր այդ անհամ դատարկախոսությունների վրա, բայց նա ոչ միշտ էր անմիջապես հասկանում դրանք, այնպես որ նրա ծիծաղը նմանվում էր հրավառության ուշացած պայթյունի։

Մենք բոլորս ապրում ենք որևէ միջավայրում, և ո՛ր միջավայրում էլ լինենք, վարակված ենք հետաքրքրասիրության ախտով։ Հետևյալ օրը, Օպերայում, կուլիսային նորությունները Եսթերի արկածներն էին։ Ցերեկը, ժամը երկուսից մինչև չորսը, Շանզ-Էլիզեի ամբողջ Փարիզը ճանաչեց Տորպիլին և գիտեր վերջապես, թե ով էր բարոն դը Նյուսինգենի կրքի առարկան։

— Դուք երևի հիշում եք,— ասում էր Բլոնդեն դյու Մարսեին Օպերայի ֆոյեում,— որ Տորպիլն անհետացավ հետևյալ օրը, դիմակահանդեսից հետո, երբ մենք հայտնաբերեցինք, որ նա փոքրիկ Ռյուբամպրեի սիրուհին է։

Փարիզում, ինչպես պրովինցիայում, ամեն ինչ հայտնի է դառնում։ Ժերուզալեմ փողոցի ոստիկանությունն այնքան հմուտ չէ, որքան ոստիկանությունն աշխարհիկ հասարակության, որտեղ աննկատելիորեն մեկը մյուսին լրտեսում է։

Դրա համար Կարլոսը ճիշտ կռահեց Լյուսիենի դրության վտանգավորությունը Տեբու փողոցում տեղի ունեցած անցքի ժամանակ և դրանից հետո։

Չկա ավելի սոսկալի վիճակ, քան այն, որի մեջ գտնվում էր տիկին դյու Վալ-Նոբլը, և հետիոտն բառը հիանալիորեն արտահայտում է այդ։ Կանանց անհոգությունը և շռայլությունը նրանց արգելում են մտածել ապագայի մասին։ Այդ առանձնահատուկ աշխարհում, որտեղ ավելի կոմիկական ու սրամիտ բան կա, քան կարծում են, միայն այն կանայք, որոնք չունեն բոլոր ճաշակները բավարարող, անվիճելի, անեղծ գեղեցկություն, կարճ ասած` այն կանայք, որոնք ընդունակ են սեր ներշնչել սոսկ զգացումների քմայքով, միայն նրանք են մտածում ծերության մասին և հարստություն կուտակում։ Որքան ավելի է կինը գեղեցիկ, այնքան նա նվազ հեռատես է։ «Ուրեմն, դու վախենում ես տգեղանալուց, որ ռենտա ունենալու մասին ես մտածում» խոսքը, որ Ֆլորինի խոսքն է` ուղղված Մարիետին, հասկանալի է դարձնում այդ շռայլության պատճառներից մեկը։ Այն դեպքում, երբ սպեկուլյանտն ինքնասպանություն է գործում, երբ շռայլը դատարկում է իր պարկերը, կանայք զարհուրելի արագությամբ անամոթ ճոխությունից ընկնում են խոր թշվառության մեջ։ Այդ ժամանակ նրանք նետվում են արդուզարդի վաճառուհու գնով վաճառում են թանկագին գոհարեղեններ, պարտքեր են անում, այն էլ հատկապես նրա համար, որ առերևույթ մնան իրենց ճոխության մեջ, որը նրանց թույլ է տալիս վերստին գտնելու այն, ինչ կորցրել են` մի դրամարկղ, որտեղից կարողանան փող դուրս կորզել։ Կուրտիզանուհիների կյանքի այդ թռիչքներն ու անկումները բավական լավ են բացատրում, թե ինչու համար այնքան թանկ է նստում կապը նրանց հետ, մի կապ, որ իրականում մշտապես նախապատ¬րաստվում է այնպես, ինչպես Ասիան էր Նյուսինգենին շուլալել (նրանց բառարանի մի այլ բառ) Եսթերի հետ։ Դրա համար էլ այն մարդիկ, որոնք լավ ծանոթ են Փարիզին, հիանալի գիտեն, թե ինչ դիրք բռնեն, երբ նորից Շանզ-Էլիզեում, այդ հարաշարժ ու աղմկոտ շուկայում, հանդիպեն վարձու կառքում ինչ-որ կնոջ, որին վեց ամիս կամ մի տարի առաջ տեսել են սեփական և արտակարգ շքեղ կառքում, ամենավերջին նորաձևությամբ հագնված։

«Երբ ընկնում ես Սենտ-Պելաժիի բանտը, պետք է իմանաս ինչպես այնտեղից ցատկել Բուլոնյան անտառը»,— ասում էր Ֆլորինը, Բլոնդեի հետ միասին ծիծաղելով երիտասարդ դերկոմս դը Պորտանդյուերի վրա։ Կան ճարպիկ կանայք, որոնք երբեք չեն ենթարկվում այդ հակադրության վտանգին։ Նրանք ապրում են կահավորված ողորմելի տներում, որտեղ քավում են իրենց երբեմնի շռայլությունները, բայց, այնուհանդերձ, փորձ չեն անում իրենց զրկելով խնայող լինել, որը հատուկ է Սահարայում մոլորված ճանապարհորդներին։ Նրանք խիզախում են գնալ պարահանդեսներ, ձեռնարկում որևէ ճանապարհորդություն պրովինցիայում, լավ եղանակներին, լավ հագնված, հայտնվում են բուլվարներում։ Ի դեպ, նրանք փորձում են իրենց բարեկամուհիների նվիրվածությունը, մի զգացում, որ հատուկ է հասարակությունից վտարվածներին։ Օգնություն ցույց տալը մեծ բան չէ մի երջանիկ կնոջ համար, որն ասում է յուրովի. «Մի օր ես կլինեմ այդպես»։ Այնուամենայնիվ, ամենից շոշափելի օգնությունը` արդուզարդի վաճառուհու օգնությունն է։ Երբ այդ վաշխառուհին դառնում է պարտատեր, նա քրքրում ու փորփրում է ծերացած բոլոր սրտերը, փրկագնելու համար իր գրավականը, որը բաղկացած է մուճակներից և գլխարկներից։ Տիկին դը Վալ-Նոբլը, անկարող լինելով նախատեսել բորսային ամենահարուստ և ամենաճարպիկ միջնորդներից մեկի սնանկացումը, հանկարծակիի եկավ։ Ֆալեի փողը նա ծախսում էր իր սեփական հաճույքների համար` նրան թողնելով ապագա կարիքները հոգալու հոգսը։

— Ինչպե՛ս,— ասում էր նա Մարիետին,— կարելի՞ էր այդ սպասել մի մարդուց, որ այնպես լավ տղա էր երևում։

Հասարակության գրեթե բոլոր խավերում լավ տղան մի մարդ է, որն առատաձեռն է, սրան-նրան էկյուներ է բաժանում, ետ չպահանջելով դրանք, իր վարվեցողության մեջ ղեկավարվում է գռեհիկ, հարկադրական, կեղծավոր բարոյականությունից զերծ որոշակի փափկանկատության կանոններով։

Առաքինի ու ազնիվ համարվող որոշ մարդիկ, Նյուսինգենի նման, քայքայել են իրենց բարերարներին, մինչդեռ բանտից դուրս եկած մարդիկ կանանց նկատմամբ հաճախ նրբամիտ ազնվություն են ցուցաբերում։ Կատարյալ առաքինությունը, Մոլիերի երազ` Ալցեստը, չափազանց հազվագյուտ է, բայց և այնպես, նա հանդիպում է ամենուրեք, մինչև անգամ Փարիզում։ Լավ տղա բնորոշումը խոսում է բնավորության որոշակի փափկության մասին, որը սակայն, ոչնչով չի ապացուցված։ Այդպիսին է այդ մարդու առանձնահատկությունը. ահա կատուն էլ մետաքսանման մորթ ունի, իսկ հողաթափերը ոտքին հարմար են։

Պահատարփուհիների կողմից ընդունված «լավ տղա» արտահայտության իմաստի համաձայն, Ֆալեն պարտավոր է նախազգուշացնել սիրուհուն իր սնանկության մասին և նրան ապրելու միջոցներ թողներ։ Էտուրնին, կնահաճ այդ խաբեբան, «լավ տղա» էր. նա խարդախություն էր անում, բայց երեսուն հազար ֆրանկ էր ետ գցել իր սիրուհու համար։ Այդ պատճառով, կառնավալային ընթրիքների ընթացքում, ովքեր մեղադրում էին նրան, կանանցից ստանում էին այսպիսի պատասխան. «Միևնույնն է, ինչ ուզում եք ասեք… Ժորժը լավ տղա էր, գեղեցիկ վարվելակերպ ուներ, նա արժանի էր լավագույն բախտի»։ Թեթևաբարո աղջիկները ծիծաղում են օրենքների վրա, նրանք պաշտում են մի որոշ փափկություն. նրանք Եսթերի նման գիտեն իրենց վաճառել, գեղեցիկ, գաղտնի մի իդեալի համար, որ իրենց կրոնն է։

Տիկին դյու Վալ-Նոբլը, որը մեծ դժվարությամբ կարողացել էր նավաբեկությունից փրկել մի քանի գոհարեղեններ, սաստիկ ճնշվում էր, երբ լսում էր իր մասին եղած սոսկալի մեղադրանքը, թե «Նա Ֆալեին կործանեց»։ Նա մոտ երեսուն տարեկան էր և թեև իր գեղեցկության լրիվ ծաղկման շրջանն էր ապրում, այնուամենայնիվ, կարող էր ծեր կին համարվել, մանավանդ որ նման ձախորդություններում կինը միշտ էլ մրցակցուհիներ է ունենում։ Մարիետը, Ֆլորինը և Տյուլիան սիրով ընթրիքի էին հրավիրում իրենց բարեկամուհուն, նրան որոշ օգնություն էին ցույց տալիս, բայց չիմանալով նրա պարտքերի քանակը, չէին խիզախում չափել այդ վիհի խորությունը։

Փարիզյան ծովի ծփանքներում վեց տարվա ընդմիջումը շատ մեծ անջրպետ էր ստեղծել Տորպիլի և տիկին դյու Վալ-Նոբլի միջև, այնպես, որ հետիոտն կինը չէր կարող խնդիրքով դիմել կառքով կնոջը. բայց տիկին դյու Վալ-Նոբլը Եսթերին համարում էր բավականին վեհանձն մի կին, և համոզված էր, որ իր նախկին բարեկամուհին կհիշի նրան, որի ժառանգությանը, հենց տիկին դյու Վալ-Նոբլի արտահայտու¬թյամբ, Եսթերը տիրացել էր, և իբր թե պատահական, բայց իրոք նախամտածված հանդիպման ժամանակ բարեկամուհուց երեսը շուռ չէր տա։ Եվ որպեսզի այդ առիթը ներկայանար, տիկին դյու Վալ-Նոբլը, համեստ հագնված, ամեն օր զբոսնում էր Շանզ-Էլիզեում, Թեոդոր Գայարի հետ թևանցուկ, որը ի վերջո ամուսնացավ նրա հետ, իսկ այդ նեղության շրջանում շատ լավ էր վարվում իր նախորդ սիրուհու հետ. նա նրան օթյակներ էր տրամադրում և այնպես էր անում, որ նրան էլ հրավիրեն իրենց բոլոր զվարճություններին։ Տիկին դյու Վալ-Նոբլը հույս էր տածում, որ լավ եղանակին զբոսանքի դուրս գալով, Եսթերի հետ երես առ երես կհանդիպեին։ Եսթերի կառապանը Պակկարն էր, որովհետև հինգ օրում Ասիան, Եվրոպան և Պակկարը նրա ապրելակերպը, համաձայն Կարլոսի հրահանգների, այնպես կազմակերպեցին, որ Սեն-Ժորժ փողոցի տունը դարձել էր անառիկ մի ամրոց։ Իր հերթին Պեյրադը, տոգորված խորունկ ատելությամբ, վրիմառության իր տենչով և մանավանդ իր թանկագին Լիդիի ապագան ապահովելու մտադրությամբ, զբոսանքի վայր ընտրեց Շանզ-Էլզեն, հենց որ Կոնտանսոնը նրան տեղեկացրեց, թե այնտեղ կարելի է տեսնել պարոն դը Նյուսինգենի սիրուհուն։ Պեյրադն այնպես հմտորեն էր հագնվում անգլիացու նման, այնպես լավ էր ֆրանսերեն խոսում անգլիացիների առոգանությամբ, այնպես մաքուր գիտեր անգլերեն և այնպես կատարյալ ծանոթ էր այդ երկրի գործերին, ուր նրան երեք անգամ ուղարկել էր Փարիզի ոստիկանությունը 1779-1786 թվականներին, որ նա անգլիացու դեր էր խաղացել դեսպանների մոտ, նույնիսկ Լոնդոնում, առանց կասկածներ հարուցելու։ Պեյրադը, որ շատ ընդհանուր գծեր ուներ Մյուսոնի` անվանի միստիֆիկատորի հետ, ծպտվում էր այնպիսի հմտությամբ, որ Կոնտանսոնը մի անգամ նրան չճանաչեց։ Կոնտանսոնի ուղեկցությամբ, որը ծպտված էր որպես խառնածինի, Պեյրադը զննում էր Եսթերին և նրա սպասավորներին այնպիսի աչքով, որը թվում է անուշադիր, բայց ամեն ինչ տեսնում է։ Եվ, իհարկե, Եսթերի և տիկին դյու Վալ-Նոբլի հանդիպման օրը Պեյրադը գտնվում էր կողքի այն ծառուղում, որտեղ զրոսնում են սեփական կառք ունեցողները, երբ եղանակը չոր է ու պարզ։ Պեյրադը, սպասավորի համազգեստ հագած իր խառնածինի ուղեկցությամբ, միայն իր գործերով մտահոգված իսկական նաբաբի նման անբռնազբոս, քայլում էր երկու կանանց հետևից, այնպիսի հեռավորությամբ, որ կարողանա մի քանի բառ որսալ նրանց խոսակցությունից։

— Այդպես ուրեմն, թանկագի՛նս,— ասում էր Եսթերը տիկին դյու Վալ-Նոբլին,— եկե՛ք ինձ մոտ։ Չեմ կարծում, որ Նյուսինգենն ընդունակ լինի առանց գրոշի թողնելու բանկային իր միջնորդի սիրուհուն…

— Մանավանդ որ, ասում են, թե Նյուսինգենն է կործանել նրան,— ասաց Թեոդոր Գայարը,— և մենք հնարավորություն ունենք նրան հուպ տալու։

— Նա վաղը ճաշելու է ինձ մոտ, ե՛կ, սիրելիս,— ասաց Եսթերն իր բարեկամուհուն։

Հետո նրա ականջին շշնջաց.

— Ես նրա հետ վարվում եմ ինչպես ուզում եմ, նա դեռ էսքան էլ չի ստացել։

Այդ ասելիս նա ձեռնոցավոր ձեռքը տարավ իր շրթին, մի եղունգը դրեց ատամներից մեկի տակ և արեց բավական ծա¬նոթ արտահայտիչ մի ժեստ, որ նշանակում էր` «Ոչ մի բան»։

— Դու նրան բռունցքիդ մեջ ես հավաքել…

— Թանկագին՛ս, նա միայն պարտքերս է վճարել…

— Ա՜յ թե շռայլն ես դու,— բացականչեց Սուզան դյու Վալ-Նոբլը։

— Օ՜,— շարունակեց Եսթերը,— իմ շռայլությամբ ես կվախեցնեի նույնիսկ ֆինանսների նախարարին։ Հիմա ուզում եմ ստանալ երեսուն հազար ֆրանկ տարեկան եկամուտ, նախքան գիշերվա տասներկուսը խփելը։ Օ՜, նա հիանալի է, ես տրտնջալու պատճառ չունեմ… Ամեն ինչ լավ է գնում։ Մի շաբաթից հետո մենք կտոնենք բնակարանամուտը, դու կգաս անպատճառ… Առավոտյան պետք է ինձ հանձնի Սեն-Ժորժ փողոցի տան պայմանագիրը։ Առանց երեսուն հազար ֆրանկ տարեկան եկամուտի չի կարելի պատշաճորեն բնակվել նման մի տան մեջ, չէ՞ որ պիտի մտածել սև օրվա մասին։ Ես թշվառությունը ճանաչել եմ և այլևս չեմ ուզում։ Կան բաներ, որոնցից մինչև կոկորդը կշտանում ես։

— Դու որ ասում էիր` «Հարստությունը` այդ ես եմ», ինչպե՜ս ես փոխվել,— բացականչեց Սուզանը։

— Շվեյցարիայի օդն այդպես է. այնտեղ ավելի խնայող ես դառնում... Լսի՛ր ինձ, գնա՛ այնտեղ, թանկագինս, մշակի՛ր մի շվեյցարիացու և թերևս նրանից քեզ ամուսին կսարքես, որովհետև նրանք դեռ չգիտեն, թե ինչպիսի կանայք ենք մենք... Համենայն դեպս, դու այնտեղից կվերադառնաս` սեր տածելով մայր-տոմարի եկամուտների նկատմամբ, պատվավոր ու քնքուշ սիրով… Մնա՛ս բարով։

Եսթերր նստեց իր գեղեցիկ կառքը, լծված ամենասքան¬չելի գորշախայտ ձիերով, որպիսիք այն ժամանակ կարող էին լինել Փարիզում։

— Կառք նստող այդ կինը լավիկն է,— ասաց այն ժամանակ Պեյրադը Կոնտանսոնին անգլերեն լեզվով,— բայց ես նախընտրում եմ ա՛յն կնոջը, որն զբոսնում է. դու հետևիր նրան և իմացիր, թե ով է։

— Ահա թե այդ անգլիացին ինչ ասաց անգլերենով,— նկատեց Թեոդոր Գայարը, տիկին դյու Վալ-Նոբլին թարգմա¬նելով Պեյրադի ասածը։ Նախքան անգլերեն խոսելը, Պեյրադն այդ լեզվով բաց թողեց մի բառ, որից Թեոդոր Գայարի դեմքը ծամածռվեց, և Պեյրադը հասկացավ, որ լրագրողն անգլերեն գիտեր։ Դրանից հետո տիկին դյու Վալ-Նոբլը դանդաղորեն քայլեց դեպի Լուի-լը-Գրան փողոցի վայելուչ կահավորված տունը, աչքի տակով դիտելով, թե արդյոք խառնածինը չի՞ հետևում իրեն։ Այդ հիմնարկությունը պատկանում էր ոմն տիկին Ժերարի, որին տիկին դյու Վալ-Նոբլն իր երանության ու փառքի օրերին оգտակար էր եղել, և որ հիմա, ի նշան երախտագիտության, Սուզանին պատշաճորեն տեղավորել էր իր մոտ։ Այդ բարի կինը, պարկեշտ և առաքինություններով օժտված քաղքենուհին, որը նույնիսկ բարեպաշտ էր, կուրտիզանուհուն ընդունում էր որպես բարձր մակարդակի մի կնոջ. նա դեռ հիշում էր այդ կնոջ փարթամությունը և նրան համարում էր գահազուրկ թագուհի, իր դուստրերին անվերապահ հանձնում էր նրան, և, թող զարմանալի չթվա, կուրտիզանուհին, նրանց ներկայացման տանելիս, այնքան ուշադիր էր, որքան մայրը կարող է լինել, և օրիորդ Ժերարները սիրում էին նրան։ Տիկին Ժերարը, լինելով ազնիվ և արժանավոր կին, նման էր այն վսեմ քահանաներին, որոնք օրենքից դուրս հայտարարված այդ կանանց մեջ տեսնում են փրկության և սիրո արժանի արարածի։ Տիկին դյու Վալ-Նոբլը հարգում էր այդ կնոջ պարկեշտությունը, հաճախ նախանձում նրան, երբ երեկոները նրա հետ նստած զրուցում էր և իր դժբախտությունների մասին էր գանգատվում։ «Դուք տակավին գեղեցիկ եք, կարող եք դեռ երջանիկ լիներ,— ասում էր տիկին Ժերարը։ Ի դեպ, տիկին դյու Վալ-Նոբլի անկումը հարաբերական էր։ Այնքան շռայլ ու այնքան վայելչագեղ այդ կնոջ արդուզարդը դեռևս բավականին կոկիկ էր, և նա կարող էր հարկ եղած դեպքում, ինչպես «Ռիչարդ Դարլինգտոնի» ներկայացման օրը, իր բովանդակ փայլով երևալ Պորտ-Սեն-Մարտենում։ Տիկին Ժերարը դեռ բավականին առատաձեռնությամբ վճարում էր վարձու կառքերի համար, որոնց կարիքն է զգում հետիոտն կինը, որպեսզի գնա ճաշահրավերների, թատրոն և այնտեղից վերադառնա։

— Այդպես ուրեմն, ի՛մ թանկագին տիկին Ժերար,— ասաց նա ընտանիքի այդ պարկեշոտ մորը,— հավանաբար իմ ճակատագիրը պիտի բարեփոխվի...

— Օ՜, տիկին, ավելի լավ։ Բայց այսուհետև խելոք եղեք, մտածեցեք ապագայի մասին… Այլևս պարտքեր մի՛ արեք։ Ինձ համար շատ դժվար է ճամփել նրանց, ովքեր փնտրում են ձեզ…

— Է՜, մի՛ մտահոգվեք այդ շներով, նրանք բոլորն էլ ահագին գումարներ են վաստակել իմ պատճառով։ Լսեցե՛ք։ Ահա Վարիետե թատրոնի երկու տոմս աղջիկների համար, մի լավ օթյակ երկրորդ հարկում։ Եթե որևէ մեկն այս երեկո ինձ հարցնի, երբ ես դեռ տանը չեմ լինի, խնդրեցեք, որ վերև բարձրանա։ Ադելը, իմ նախկին սպասուհին, այստեղ կլինի. ես նրան կուղարկեմ ձեզ մոտ։

Տիկին դը Վալ-Նոբլը, որը ո՛չ մորաքույր և ո՛չ էլ մայր ուներ, հարկադրված էր լինում դիմելու իր սպասուհուն (նույնպե՜ս հետիոտն), որպեսզի սա խաղար մի որևէ Սենտ-Էստևի դեր այն անծանոթի մոտ, որի նվաճումը հնարավորություն կտար տիկին Վալ-Նոբլին նորից բարձրանալու իր նախկին աստիճանին։

Նա գնաց ճաշելու Թեոդոր Գայարի հետ, որին այդ երեկոյան հրավիրել էին մի խրախճանքի, այսինքն` մի ճաշկերույթի, որ տալիս էր Նաթանը` գրազում տարված լինելով. դա մեկն էր այն խրախճանքներից, ուր հրավիրվածներին նախազգուշացնում են, թե «Կանայք լինելու են»։ Պեյրադը հատուկ պատճառներ ուներ խառնվելու այդ ինտրիգին։ Ի միջի այլոց նրա, ինչպես և Կորանտենի, հետաքրքրությունն այն աստիճան էր բորբոքվել, որ նույնիսկ առանց պատճառների նա հաճույքով կխառնվեր այդ դրամային։ Այդ ժամանակներում Կարլոս Х-ի քաղաքականությունն ավարտել էր զարգացման իր վերջին փուլը։ Կառավարության ղեկը հանձնելով իր վստահությունը վայելող նախարարներին` թագավորը պատրաստվում էր նվաճել Ալժիրը, որպեսզի, օգտվելով հաղթանակի շնորհիվ ձեռք բերած փառքից, հեշտ ացնի իր մտադրած, ինչպես ասում էին, պետական հեղաշրջումը։ Երկրի ներսում այլևս ոչ մի դավադրություն չկար։ Կարլոս Х-ը կարծում էր, թե ոչ մի հակառակորդ չունի։ Ինչպես ծովում, այնպես էլ քաղաքականության մեջ լինում են խաբուսիկ հանդարտություններ։ Արդ, Կորանտենը մատնվել էր բացարձակ անգործության։ Նման դրության մեջ իսկական որսորդը, ձեռքը վարժվելու համար, մոխրագույն կեռնեխ չգտնելով, սարյակ է խփում։ Դոմիտիանոսը ճանճեր էր սպանում, երբ քրիստոնյաներ չէր ճարում։ Վկա լինելով Եսթերի ձերբակալմանը, Կոնտանսոնը, լրտեսի հիանալի հոտառությամբ, շատ լավ գնահատել էր այդ խաղը։ Ինչպես մենք տեսանք, նա իրեն նեղություն չտվեց թաքցնելու իր կարծիքը պարոն դը Նյուսինգենից։ «Ո՞ւմ օգտին էին պլոկում բանկիրին»,— եղավ առաջին հարցը, որ իրար տվին երկու բարեկամները։ Ասիայի մեջ ճանաչելով պիեսի գործող անձերից մեկին, Կոնտանսոնը հույս ուներ նրա միջոցով հասնել հեղինակին. բայց Ասիան մի որոշ ժամանակ դուրս սողաց նրա ձեռքերից, օձաձուկի պես թաքնվելով փարիզյան տիղմում։ Սակայն երբ նորից նրան գտավ` որպես խոհարարուհի Եսթերի մոտ, այդ խառնածինուհու համագործակցությունը նրան անբացատրելի թվաց։ Այսպիսով, առաջին անգամ լրտեսության երկու վարպետները հանդիպում էին անվերծանելի մի տեքստի, թեև չէին կասկածում, որ կանգնած են մի մութ պատմության առաջ։

Տեբու փողոցի տան վրա կատարված երեք հաջորդական ու համարձակ գրոհներից հետո Կոնտանսոնը հանդիպեց ամենահամառ մի լռության։ Քանի Եսթերն այդտեղ էր ապրում, թվում էր, թե դռնապանը համակված է խոր սարսափով։ Արդյոք Ասիան թունավոր դեղահատեր չէ՞ր խոստացել ամբողջ ընտանիքին` անգաղտնապահության դեպքում։ Երբ Եսթերը թողեց բնակարանը, հենց հաջորդ օրը Կոնտանսոնը դռնապանին գտավ մի քիչ ավելի ողջամիտ. վերջինս շատ էր ափսոսում իր փոքրիկ տիրուհուն, որի սեղանի մնացորդներով էր կերակրվում ինքը։ Կոնտանսոնը, ծպտվելով որպես առևտրական միջնորդ, սակարկում էր բնակարանը և լսում էր դռնապանի տրտունջները, ծիծաղելով նրա վրա, չհավատալով նրա ասածներին, ընդհատելով նրան «Մի՞թե հնարավոր է այդ...» հարցերով։ «Այո՛, պարոն, այդ փոքրիկ տիկինը հինգ տարի փակված ապրեց այստեղ. նրա սիրեկանը, որ շատ էր խանդոտ, թեպետ այդ կինն անպարսավելի էր, մեծ զգուշավորություններ էր բանեցնում ներս մտնելիս և դուրս գնալիս։ Ի միջի այլոց, նա շատ գեղեցիկ երիտասարդ էր»։

Լյուսիենր դեռևս Մարսակումն էր, իր քրոջ` տիկին Սեշարի մոտ. հենց որ վերադարձավ, Կոնտանսոնը դռնապանին ուղարկեց Մալաքե քարափը` հարցնելու պարոն դը Ռյուբամպրեին, թե համաձա՞յն էր վաճառելու տիկին Վան-Բոգսեկի թողած կահ-կարասին։ Դռնապանը հանձին Լյուսիենի ճանաչեց երիտասարդ այրու խորհրդավոր սիրեկանին, իսկ Կոնտանսոնին հենց այդ էր հարկավոր։

Քսանչորս ժամում Կարլոսը կազմակերպեց հակաոստիկանություն, որը Կոնտանսոնին բռնեց լրտեսության մեջ` հենց հանցանքի վայրում։ Կոնտանսոնը ծպտված, որպես շուկայի բեռնակիր, երկու անգամ արդեն բերել էր Ասիայի գնած առավոտվա պարենամթերքը և երկու անգամ մտել էր Սեն-Ժորժ փողոցի փոքրիկ առանձնատունը։ Կորանտենն էլ քնած չէր, բայց կանգնեց փակուղու առաջ, հավատալով Կարլոս Էրրերայի անձի իսկությանը, երբ պարզեց, որ այդ աբբան, Ֆերդինանդ VII-ի գաղտնի պատվիրակը, Փարիզ էր եկել 1823 թվականի վերջերին։ Այնուամենայնիվ, Կորանտենը հանձն առավ ուսումնասիրել այն պատճառները, որոնք դրդում էին իսպանացուն` հովանավորել Լյուսիեն դը Ռյուբամպրեին։ Շուտով Կորանտենին տեղեկացրին, որ Եսթերը հինգ տարի եղել է Լյուսիենի սիրուհին։ Այնպես որ, Եսթերի փոխարինումն անգլուհով տեղի էր ունեցել` ելնելով դենդիի շահերից։ Լյուսիենը գոյության միջոցներ չուներ, օրիորդ դը Գրանլյոյին մերժում էին նրան կնության տալ, բայց վերջերս մեկ միլիոնով գնել էր Ռյուբամպրե կալվածքը։ Կորանտենը ճարպ¬կորեն հարկադրեց գործել թագավորական ոստիկանության պետին, որը Պեյրադի մասին հարցում անելով ոստիկանության պրեֆեկտին, իմացավ, որ այդ գործում հայցվորներ են ոչ այլ ոք, քան կոմս դը Սերիզին և Լյուսիեն դը Ռյուբամպրեն։

— Ամեն ինչ պարզ է,— ասել էին Պեյրադն ու Կորանտենը։

Երկու բարեկամների ծրագիրն ուրվագծվեց մի րոպեում։

— Այդ աղջիկը,— ասել էր Կորանտենը,— կապեր է ունեցել, նա բարեկամուհիներ ունի։ Նրա բարեկամուհիների մեջ անհնար է, որ մեկնումեկը թշվառության մեջ չլինի. մեզնից մեկը պետք է խաղա մի հարուստ օտարերկրացու դեր և հովանավորի նրան. մենք նրանց կբարեկամացնենք։ Նրանք մշտապես փոխադարձ օգնության կարիք են զգում` սիրեկաններ որսալու համար. և մենք այդ ժամանակ կգտնվենք դեպքերի կենտրոնում։

Բնականաբար, Պեյրադը մտածեց ստանձնել անգլիացու դերը։ Նրան հաճելի էր ցոփ ու շվայտ կյանք վարել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր հայտաբերելու դավադրությունը, որի զոհն էր ինքը, մինչդեռ Կորանտենը, վատառողջ, իր աշխատանքներում ժամանակից շուտ ծերացած, բոլորովին աչք չուներ դրան։ Խառնածինի հագուստով ծպտված Կոնտանսոնը անմիջապես խույս տվեց Կարլոսի հակաոստիկանությունից։ Շանզ-Էլիզեում Պեյրադի և տիկին դյու Վալ-Նոբլի հանդիպումից երեք օր առաջ, պարոնայք Մարտինի և Լենուարի նախկին գործակալը, գրպան ում միանգամայն օրինական անձագրով, իջավ դը լա Պե փողոցում գտնվող «Միրաբո» հյուրանոցը. նա իբր թե գալիս էր գաղութներից Հավրի վրայով, և փոքրիկ կառքն այնքան ցեխոտ էր, որ կարծես իսկապես Հավրից էր ճանապարհվել, մինչդեռ Փարիզ էր եկել Սեն-Դընիից։

Կարլոս Էրրերան, իր հերթին, անձնագիրը վիզայի ներկայացրեց իսպանական դեսպանատանը և ամբողջ Մալաքե քարափի բնակիչներին նախապատրաստեց այն բանին, որ Մադրիդ է մեկնում։ Եվ ահա թե ինչու։ Մի քանի օրից Եսթերը պիտի դառնար Սեն-Ժորժ փողոցի փոքրիկ առանձնատան տիրուհին և պետք է ձեռք բերեր տարեկան երեսուն հազար ֆրանկ եկամուտի արտոնագիր։ Ասիան ու Եվրոպան բավականաչափ խորամանկ էին, որպեսզի կարողանային վաճառել այդ ռենտան և ստացած գումարը գաղտնաբար հանձնեին Լյուսիենին։ Լյուսիենը, որ իբր թե հարստացել էր իր քրոջ առատաձեռնության շնորհիվ, այդպիսով լիովին կարող էր վճարել Ռյուբամպրե կալվածքի գինը։ Ոչ ոք պարսավելի ոչինչ չէր գտնի նրա այդ վարմունքի մեջ։ Միայն Եսթերը կարող էր անգաղտնապահ լինել. բայց նա ավելի շուտ կմեռներ, քան ծպտուն կհաներ։ Կլոտիլդը, հենց նոր, վարդագույն մի փոքրիկ թաշկինակ էր կապել արագիլի իր վզին, որ նշանա¬կում էր, թե Գրանլյոների ապարանքում Լյուսիենը խաղը տարել էր։ Հանրակառքերի արժեթղթերի գինը երեք անգամ բարձրացել էր։ Կարլոսը մի քանի օրով անհետանալով` խափանեց բոլոր տեսակի չար մտադրությունները։ Մարդկային զգուշավորությունն ամեե ինչ նախատեսել էր, և ո՛չ մի վրիպում հնարավոր չէր։ Կեղծ իսպանացին պետք է մեկներ Պեյրադի ու տիկին դյու Վալ-Նոբլի Շանզ-Էլիզեում հանդիպելու հաջորդ օրը։

Արդ, հենց նույն գիշեր, Ասիան կառքով եկավ Մալաքե քարափը և այդ մեքենայի հնոցապանին գտավ իր սենյակում ծխելիս։ Նա հանրագումարի էր բերում իր մտահղացումները, որոնց մասին հենց նոր պատմվեց մի քանի խոսքով, ինչպես հեղինակն է պրպտում իր գրքի մի էջը, որպեսզի վրիպակներ հայտնաբերի ուղղելու համար։ Նման կոփվածքի մարդը չէր ուզում նորից անհարմար դրության մեջ ընկնել, ինչպես այդ պատահեց Տեբու փողոցի դռնապանի կապակցությամբ։

— Պակկարը,— ասաց Ասիան իր տիրոջ ականջին,— երեկ ժամը երկուսն անց կեսին Շանզ-Էլիզեում ճանաչել է Կոնտանսոնին, ծպտված խառնածինի հագուստով և սպասավորելով մի անգլիացու, որը, երեք օր շարունակ, զբոսնում է Շանզ-Էլիզեում և հետևում Եսթերին։ Ես ու Պակկարն աչքերից ճանաչեցինք այդ շանը՝ Կոնտանսոնին, որը շուկայի բեռնակրի հագուստով մեզ մոտ էր մտել։ Պակկարը տիրուհուն այնպես էր տուն բերել, որ աչքից չկորցնի այդ անպիտանին։ Կոնտանսոնն ապրում է «Միրաբո» հյուրանոցում։ Նա անգլիացու հետ փոխանակեց պայմանական այնպիսի նշաններ, որ Պակկարն ասում է, թե այդ անգլիացին իրոք անգլիացի չէ։

— Ընկել են մեր հետքի վրա,— ասաց Կարլոսը։— Ես կմեկնեմ վաղը չէ մյուս օրը։ Կոնտանսոնն ինքն էր մեզ մոտ ուղարկել Տեբու փողոցի դռնապանին. պետք է իմանալ, թե կեղծ անգլիացին արդյոք մեր թշնամին է։

Կեսօրին պարոն Սամուել Ջոնսոնի խառնածինը լրջությամբ սպասարկում էր իր տիրոջը, որը դիտմամբ միշտ էլ շռայլորեն էր նախաճաշում։ Պեյրադն ուզում էր իրեն ներկայացնել որպես կոնծող անգլիացի, նա երբեք սրճարանից դուրս չէր գալիս գլուխը չտաքացրած։ Նա կրում էր սև մահուդե սռնապաններ, որոնք հասնում էին մինչև ծունկը և այնպես էին թխմված, որ հաստացնում էին նրա սրունքները. անդրավարտիքն աստառված էր հաստ բամբասինով. նա ուներ մինչև կզակը կոճկված մի բաճկոնակ, կապույտ փողկապը ծածկում էր նրա վիզը մինչև այտերը, գլխին ուներ փոքրիկ շեկ մի կեղծամ, որը կիսով չափ ծածկում էր նրա ճակատը. նա իրեն երեք մատնաչափ բարձրահասակ էր դարձրել, այնպես որ «Դավիդ» սրճարանի վաղեմի մշտայցելուն իսկ չէր կարողանա ճա¬նաչել նրան։ Դատելով նրա քառակուսի, սև, լայն հագուստից, որը մաքուր էր ու հարմարավուն, ինչպես անգլիական ֆրակը, նրան կարելի էր շփոթել միլիոնատեր անգլիացու հետ։ Կոնտանսոնը ցուցաբերում էր նաբաբի վստահությունը վայելող սպասավորի անբարտավանություն. նա համր էր, ժպիրհ, արհամարհող, անհաղորդ, և իրեն թույլ էր տալիս տարօրինակ շարժումներ ու վայրի ճիչեր։ Պեյրադը դատարկում էր երկրորդ շիշը, երբ հյուրանոցի մանչը, առանց ձևականությունների, բնակարանից ներս առաջնորդեց մի մարդու, հանձին որի Պեյրադը, ինչպես և Կոնտանսոնը, ճանաչեց քաղաքացիական շորերով մի ժանդարմի։

— Պարոն Պեյրադ,— ասաց ժանդարմը` դիմելով նաբաբին և փսփսալով նրա ականջին,— ինձ հրամայված է ձեզ տանել պրեֆեկտուր։

Պեյրադը վեր կացավ, ոչ մի դիտողություն չարեց և որոնեց իր գլխարկը։

— Դռան մոտ մի կառք կա,— ասաց նրան ժանդարմը սանդուղքից իջնելիս։— Պրեֆեկտն ուզում էր ձերբակալել ձեզ, բայց նա բավական համարեց ուղարկել ոստիկանական հսկիչին, որին դուք կգտնեք կառքում` ձեզնից բացատրություններ պահանջելու։

— Հարկ կա՞, որ ես ձեզ ուղեկցեմ,— հարցրեց ժանդարմը ոստիկանական հսկիչին, երբ Պեյրադը կառք բարձրացավ։

— Ո՛չ,— պատասխանեց ոստիկանական աստիճանավորը։ Կամացուկ ասացեք կառապանին, որ մեզ պրեֆեկտուր տանի։

Պեյրադն ու Կարլոսը դեմ դիմաց գտնվեցին կառքում։ Կարլոսը ձեռքում պատրաստ բռնել էր մի փոքրիկ դաշույն։ Կառքը վարում էր վստահելի մի կառապան, որը կարող էր Կարլոսին թողնել դուրս գալու կառքից` առանց նրան տեսած լինելու, և, հասնելով մի հրապարակի, բնավ չզարմանալ իր կառքի մեջ ինչ-որ դիակ գտնելով։ Լրտեսի մահով երբեք չեն մտահոգվում։ Արդարադատությունը գրեթե միշտ անպատիժ է թողնում այդ կարգի սպանությունները, որովհետև դժվար է դրանք հետաքննել։ Պեյրադը լրտեսի հայացքով քննեց ոստիկանության պրեֆեկտի ուղարկած պաշտոնյային։ Կարլոսի տեսքը գոհացրեց նրան. ճաղատ գլուխ, հետևում ծալքեր, բուժման կարիք ունեցող, տկար, կարմիր կոպերով աչքերին շատ թեթև ոսկե շրջանակով ակնոց` խիստ բյուրոկրատական, կանաչ կրկնակի ապակիներով։ Այդ աչքերը վկայում էին եղկելի հիվանդությունների մասին։ Ծալքավոր կրծկալով պերկալե մի շապիկ, սև սատինե մաշված բաճկոնակ, դատական մարդու տաբատ, մետաքսյա սև գուլպաներ, ժապավեններով կապված կոշիկներ, երկար սև մի սերթուկ, սև գույնի և արդեն մի քանի օր գործածված քառասուն սուանոց ձեռնոցներ, ժամացույցի ոսկե շղթա։ Դա իսկ և իսկ ստորին աստիճանավոր էր, որին, չգիտես ինչու, անվանում էին ոստիկանական հսկիչ։

— Իմ թանկագին պարոն Պեյրադ, ցավում եմ, որ ձեզ նման մի մարդ ենթակա է հսկողության, և դուք նույնիսկ ձեր վարմունքով արդարացնում եք այդ։ Ձեր ծպտվածությունը պարոն պրեֆեկտին դուր չի գալիս։ Եթե կարծում եք, որ այդպիսով կարող եք խույս տալ մեր աչալրջությունից, սխալվում եք։ Դուք, հավանաբար, Անգլիայից եք եկել Բոմոն-Սյուր-Ուազի՞ ճանպարհով։

— Բոմոն-Սյուր-Ուազի՞…— կրկնեց Պեյրադը։

— Թե՞ Սեն-Դընիի,— հարցրեց կեղծ աստիճանավորը։

Պեյրադը շփոթվեց։ Այդ նոր հարցումը պատասխան էր պահանջում։ Ամեն մի պատասխան վտանգավոր էր։ Հաստա¬տումը կլիներ ծիծաղելի, իսկ ժխտումը, եթե այդ մարդուն ծանոթ էր ճշմարտությունը, կործանիչ էր Պեյրադի համար։

— «Խորամա՜նկն է»,— մտածեց նա։

Նա փորձեց ոստիկանական հսկիչին նայել ժպտալով, և իբրև պատասխան թեթև ժպտաց նրան։ Ժպիտն ընդունվեց բարյացակամությամբ։

— Ի՞նչ նպատակով եք դուք ծպտվել, բնակարան վարձել «Միրաբո» հյուրանոցում և Կոնտանսոնին հագցրել որպես խառնածինի,— հարցրեց ոստիկանական հսկիչը։

— Պարոն պրեֆեկտը թող ինձ հետ վարվի այնպես, ինչպես կամենում է, բայց ես հաշվետու եմ լոկ իմ պետերի առաջ,— ասաց Պեյրադն արժանապատվությամբ։

— Եթե դուք կամենում եք ինձ հասկացնել, որ դուք գործում եք թագավորական գլխավոր ոստիկանության օգտին,— չոր-չոր ասաց կեղծ գործակալը,— մենք հիմա կփոխենք ուղղությունը և կգնանք ոչ թե Գրենել փողոցը, այլ Ժեռուզալեմ փողոցը։ Ես խիստ որոշակի հրահանգներ ունեմ ձեր մասին… Սակայն, զգույշ եղեք. ձեզ վրա շատ էլ բարկացած չեն, իսկ դուք մի ակնթարթում խառնում եք ձեր խաղաքարտերը։ Ինչ վերաբերում է ինձ, ես ձեզ չեմ ուզում վատություն անել... Բայց, շարունակեցե՛ք… Ասացե՛ք ինձ ճշմարտությունը։

— Ճշմարտությո՛ւնը, ահավասիկ,— ասաց Պեյրագը` խո¬րամանկ հայացք նետելով իր ցերբերի կարմիր կոպերին։

Կարծեցյալ աստիճանավորի դեմքը մնաց համր, անզգա. նա իր պարտականությունն էր կատարում և անտարբեր էր Պեյրադի պատասխաններին, ասես հավանություն չէր տալիս պրեֆեկտին` նրա ինչ-որ քմահաճույքների համար։ Պրեֆեկտներն ունեն իրենց քմայքները։

— Ես խենթի պես սիրահարված եմ մի կնոջ, Ֆալեի սիրուհուն, բորսային այն միջնորդի, որը ճանապարհորդում է ի հաճույս իր և ի տհաճություն իր պարտապանների։

— Տիկին դյու Վալ-Նո՞բլը,— ասաց ոստիկանական հսկիչը։

— Այո,— շարունակեց Պեյրադը։— Որպեսզի կարողանամ նրան մի ամիս պահել, որը ինձ կարժենա հազար էկյուից ոչ ավելի, ես հագնվել եմ նաբաբի պես և Կոնտանսոնին վերցրել եմ որպես սպասավոր։ Դա, պարոն, այն աստիճան ճշմարիտ է, որ եթե դուք ինձ թողնեք կառքում, ուր ես ձեզ կսպասեմ, ոստիկանության նախկին գլխավոր կոմիսարի խոսքը վկա, բարձրանաք հյուրանոց և այնտեղ հարցաքննեք Կոնտանսոնին, նա ոչ միայն ձեզ կհաստատի այն ամենը, ինչ ես պատիվ ունեցա ձեզ ասելու, այլև դուք այնտեղ կհանդիպեք տիկին դյու Վալ-Նոբլի սպասուհուն, որն այս առավոտ բերելու է իմ առաջարկությունների համաձայնությունը կամ իր տիրուհու ներկայացրած պայմանները։ Ծեր աղվեսը հմուտ է խորամանկությունների մեջ. ես առաջարկեցի ամսական հազար ֆրանկ և կառք, այդ անում է հազար հինգ հարյուր ֆրանկ, հինգ հարյուր ֆրանկի ընծաներ, մի այդքան էլ ճաշկերույթների ու ներկայացումների համար. դուք տեսնում եք, որ ես մի սանտիմ անգամ չեմ սխալվում, երբ ասում եմ հազար էկյու։ Իմ տարիքի մարդը կարող է ծախսել հազար էկյու իր վերջին քմայքի համար։

— Ա՜հ, Պեյրադ հայրիկ, դուք դեռևս բավականին սիրում եք կանանց, որպեսզի... Բայց դուք ինձ խաբում եք. ե՛ս, ես վաթսուն տարեկան եմ և հիանալի կարող եմ ապրել առանց դրանց... Եթե, այնուամենայնիվ, գործն այնպիսին է, ինչպես դուք եք ասում, ապա ես հասկանում եմ, որ ձեր քմահաճույքը բավարարելու համար հարկավոր էր, որ դուք օտարերկրացու տեսք ընդունեիք։

— Դուք հասկանում եք, որ Պեյրադը կամ Մուանո փողոցի Կանկոել հայրիկը…

— Այո՛, ո՛չ մեկը և ո՛չ մյուսը չէին սազի տիկին դյու Վալ-Նոբլին,— ընդհատեց Կարլոսը, հիացած, որ իմացավ հայր Կանկոելի հասցեն։— Հեղափոխությունից առաջ ես ունեի մի սիրուհի,— շարունակեց նա,— որը եղել էր բարձր արդարադատության կիրառողի, այլ խոսքով ասած` դահճի հոմանուհին։ Մի օր, ներկայացմանր, նա գնդասեղով իրեն ծակեց և, ինչպես այն ժամանակ ընդունված էր, բացականչեց. «Ա՜հ, դահիճ»։-«Դա ակամա վերհո՞ւշ է»,— ասաց նրան հարևանը… Այդպես ուրեմն, իմ թանկագին Պեյրադ, նա թողեց իր տղամարդուն այդ խոսքի համար։ Ես հասկանում եմ, որ դուք չեք ուզում ձեզ ենթարկել նման վիրավորանքի… Տիկին դյու Վալ-Նոբլը կին է կարգին մարդկանց համար. մի անգամ ես նրան տեսա Օպերայում, շատ գեղեցիկ կին է։ Կառապանին ետ դարձրեք դը լա Պե փողոց, ես կբարձրանամ ձեր բնակարանը և կստուգեմ բոլորը։ Բանավոր մի զեկույց անշուշտ բավական կլինի պարոն պրեֆեկտին։

Կարլոսն իր կողքի գրպանից դուրս հանեց ոսկեզօծ արծաթով զարդարված սև ստվարաթղթից մի ծխատուփ, բաց արեց այն և հիանալի բարեհոգությամբ Պեյրադին քթախոտ մատուցեց։ Պեյրադն ասաց ինքն իրեն.

— «Ահա սրանք են նրանց գործակալները… Աստվա՜ծ իմ, եթե պարոն Լենուարը և պարոն դը Մարտինը լույս աշխարհ գային, ի՞նչ պիտի ասեին»։

— Իհարկե, ձեր ասածների որոշ մասը ճշմարիտ է, բայց այդ բոլորը չէ, իմ թանկագին բարեկամ,— ասաց ոստիկա¬նական կեղծ աստիճանավորը` քթախոտը քաշելով։— Դուք խառնվել եք բարոն դը Նյուսինգենի սիրային գործերին և ան¬շուշտ կամենում եք նրան քաշել ինչ-որ օղակի մեջ. դուք վրիպել եք ատրճանակով, այժմ ուզում եք նշան բռնել թնդանո¬թով։ Տիկին դյու Վալ-Նոբլը տիկին դը Շամպիի բարեկամուհին է...

— «Ա՜հ, սատանա, հանկարծ չխճճվենք,— ինքն իրեն ասաց Պեյրադը։— Նա ավելի ուժեղ է, քան ես կարծում էի։ Նա խաղ է անում ինձ հետ, ասում է, թե իբր ինձ բաց կթողնի, բայց շարունակում է ինձնից խոստովանություններ դուրս քաշել»։

— Պարոն, ճիշտ է, ես անիրավացի էի, որ հօգուտ պարոն դը Նյուսինգենի փնտրում էի մի կնոջ, որին նա սիրահարված էր գլուխը կորցնելու չափ։ Այդ է պատճառն այն շնորհազրկության, որին ենթարկվել եմ, որովհետև երևում է, որ ես անգիտակցաբար դիպել եմ շատ կարևոր շահերի։ Ոստիկանական հսկիչն անզգա մնաց։

— Բայց հիսուներկու տարվա իմ փորձառությամբ ես բավականաչափ լավ եմ ուսումնասիրել ոստիկանությունը,— շարունակեց Պեյրադը,— և պարոն պրեֆեկտի կշտամբանքից հետո պետք է, որ ձեռնպահ մնայի հետագա քայլերից։ Նա, իհարկե, իրավացի էր…

— Ուրեմն, դուք կհրաժարվեի՞ք ձեր քմահաճույքից, եթե պարոն պրեֆեկտը ձեզ այդ խնդրեր։ Ես կարծում եմ, որ դա կլիներ ձեր խոսքերի անկեղծության լավագույն ապացույցը։

— «Մի տես, ո՜նց է քշում…— ինքն իրեն ասում էր Պեյրադը։— Ա՜հ, սատանա՛ն տանի, հիմիկվա գործակալներն արժեն պարոն Լենուարի գործակալներին»։

— Հրաժարվե՞լ դրանից,— բարձրաձայն պատասխանեց Պեյրադը։— Ես կսպասեմ պարոն պրեֆեկտի հրամաններին… Բայց, եթե կամենում եք բարձրանալ, ահա՛ հյուրանոցը։

— Որտեղի՞ց եք փող ճարում,— հանկարծ հարցրեց նրան Կարլոսը սրաթափանց արտահայտությամբ։

— Պարոն, ես մի բարեկամ ունեմ…— ասաց Պեյրադը։

— Դա,— ընդհատեց նրան Կարլոսը,— կասեք դատական քննիչին։

Այս համարձակ քայլը հետևանք էր Կարլոսի` իր պարզությամբ անսովոր այն կոմբինացիաներից մեկի, որ կարող են ծագել միայն նրա խառնվածքի տեր մարդկանց գլխում։ Լուսաբացին նա Լյուսիենին ուղարկեց կոմսուհի դը Սերիզիի մոտ։ Լյուսիենը կոմսի անունից խնդրեց նրա անձնական քարտուղարին` ոստիկանական պրեֆեկտից տեղեկություններ պահանջել Նյուսինգենին ծառայող գործակալի մասին։ Քարտուղարը վերադարձավ` բերելով Պեյրադի վերաբերյալ տեղեկանքի քաղվածքը։

Ոստիկանության մեջ է 1778 թվականից. Ավինյոնից Փարից է եկել երկու տարի դրանից առաջ։ Կարողության տեր չէ և զուրկ է բարոյականությունից, պետական գաղտնիքներին իրազեկ։

Բնակվում է Մուանո փողոցում, Կանկոել անվան տակ,որը անունն է մի փոքրիկ կալվածքի, որտեղ ապրում է նրա ընտանիքը, Վոկլյուզ դեպարտամենտում, մի ընտանիք, որն ի դեպ, պատվավոր է։

Նորերս նրան փնտրել է իր կրտսեր զարմիկներից մեկը` Թեոդոզ դը լա Պեյրադը։ (Տե'ս գործակալի զեկուցագիրը, փաստաթուղթ N 37)։

— Դա հենց այն անգլիացին է, որի մոտ Կոնտանսոնը ծառայում է որպես խառնածին,— բացականչել էր Կարլոսը, երբ Լյուսիենը, բացի տեղեկանքից, նրան բերել էր նաև բանավոր տեղեկություններ։

Այդ գործին նվիրելով երեք ժամ, Կարլոսը, գլխավոր հրամանատարի եռանդով, Պակկարի միջոցով գտավ անվտանգ մի մեղսակից, որը կարողանար քաղաքացիական շորերով ժանդարմի դեր խաղալ, իսկ ինքը կերպարանափոխվեց ոստիկանական հսկիչի։ Երեք անգամ նա ենթարկվեց Պեյրադին հենց այնտեղ` կառքում սպանելու գայթակղության. բայց նա միանգամ ընդմիշտ որոշել էր իր սեփական ձեռքով սպանություն չգործել, և վճռեց Պեյրադից ազատվել` նրան որպես միլիոնատերի, մատնանշելով մի որևէ ազատված տաժանապարտի։ Պեյրադն ու նրա ուղեկիցը լսեցին Կոնտանսոնի ձայնը. սա զրուցում էր տիկին դյու Վալ-Նոբլի սպասուհու հետ։ Այդ ժամանակ Պեյրադը նշան արեց Կարլոսին մնալ առաջին սենյակում, դրանով կարծես ուզում էր ասել` «Դուք հիմա կհամոզվեք իմ անկեղծությանը»։

— Տիրուհիս համաձայն է ամեն ինչին,— ասում էր Ադելը։— Տիկինն այժմ իր բարեկամուհիներից մեկի` տիկին դը Շամպրիի մոտ է, որը ևս մի բնակարան ունի Տեբու փողոցում և լրիվ կահավորված, և որի մի տարվա վարձը վճարված է. այդ բնակարանը, անշուշտ, նա կզիջի իր բարեկամուհուն։ Տիրուհիս այնտեղ ավելի հարմար ձևով կարող է ընդունել պարոն Ջոնսոնին, որովհետև կահ-կարասին դեռևս շատ լավ է, և պարոնը կարող է այն գնել տիրուհուս համար` համաձայնության գալով տիկին դը Շամպիի հետ։

— Լա՛վ, զավակս, եթե դա գազար[23] չէ, ապա դրա փռչն է,— ասաց խառնածինը ապշահար սպասուհուն,— բայց մենք համաձայնության կգանք…

— Ա՜յ քեզ գունավոր մարդ,— բացականչեց օրիորդ Ադելը։— Եթե ձեր նաբաբը իսկապես նաբաբ է, նա, իհարկե, հիանալի կարող է տիկնոջը կահ-կարասիներ նվիրել։ Պայ-մանագրի ժամկետը լրանում է 1830 թվականի ապրիլին, ձեր նաբաբը կարող է այն նորոգել, եթե տունը նրան դուր գա։

Ես շաթ քոհ,— պատասխանեց Պեյրադը` ներս մտնե¬լով և թփթփացնելով սպասուհու ուսերին։

Եվ նա ինչ-որ ակնարկ արեց Կարլոսին, որը պատասխա¬նեց հավանության մի շարժումով, հասկանալով, որ նաբաբը պետք է շարունակի մնալ իր դերում։ Բայց տեսարանը հանկարծակի փոխվեց, երբ ներս մտավ մի անձնավորություն, որի հանդեպ անզոր էին թե՛ Կարլոսը և թե՛ ոստիկանության պրեֆեկտը։

Անսպասելիորեն հայտնվեց Կորանտենը։ Անցնելիս տեսավ, որ դուռր բաց է, և ուզեց ստուգել, թե իր բարեկամ Պեյրադը ինչպես է խաղում նաբաբի դերը։

— Պրեֆեկտը շարունակ հետապնդում է ինձ,— ասաց Պեյրադը Կորանտենի ականջին ,— նա ճանաչել է ինձ նաբաբի հագուստների մեջ։

— Մենք կտապալենք պրեֆեկտին,— պատասխանեց Կորանտենը իր բարեկամի ականջին։

Ապա, աստիճանավորին սառնորեն ողջունելուց հետո, սկսեց թաքուն զննել նրան։

— Մնացեք այստեղ մինչև իմ վերադարձը, ես գնում եմ պրեֆեկտուր,— ասաց Կարլոսը։— Եթե չվերադարձա, կարող եք հագուրդ տալ ձեր քմայքին։

Այս խոսքերն ասելով Պեյրադի ականջին, որպեսզի կա¬րևոր անձը չնսեմանա սպասուհու աչքին, Կարլոսը դուրս եկավ, ջանալով չգրավել նորեկի ուշադրությունը, հանձին որի նա ճանաչեց սառեցնող ահարկությամբ, կապուտաչյա, խարտյաշ անձնավորություններից մեկին։

— Սա ոստիկանական հսկիչն է, որին ինձ մոտ է ուղարկել պրեֆեկտը,— ասաց Պեյրադը Կորանտենին։

— Նա՞,— պատասխանեց Կորանտենը։— Քեզ խաբել են։ Այդ մարդը երեք խաղաքարտ ունի իր կոշիկներում, այդ երևում է կոշիկում նրա ոտքի դիրքից, և, բացի այդ, ոստիկանության հսկիչը ծպտվելու կարիք չունի։

Կորանտենը արադ դուրս եկավ` ստուգելու կասկածները, Կարլոսը կառք էր բարձրանում։

— Է՜, պարոն աբբահայր…— կանչեց Կորանտենը։

Կարլոսը շրջվեց, տեսավ Կորանտենին և կառք նստեց։

Բայց և այնպես, Կորանտենը կարողացավ ասել կառքի դռան արանքից.

— Ահա այն ամենը, ինչ ուզում էի իմանալ։ Մալաքե՛ քարափ,— բղավեց Կորանտենը կառապանին` շեշտի ու նայվածքի մեջ դիվային ծաղրանք արտահայտելով։

— «Ահա թե ինչ,— ասաց ինքն իրեն Ժակ Կոլենը,— ես խճճվեցի, նրանք հասնում են մեզ, պետք է նրանցից առաջ անցնել և, մանավանդ, իմանալ, թե նրանք ինչ են ուզում մեզնից»։

Կորանտենը հինգ թե վեց անգամ տեսել էր աբբա Կարլոս Էրրերային, և հնարավոր չէր մոռանալ այդ մարդու հայացքը։ Կորանտենը նախ հիշեց այդ մարդու թիկնեղությունը, ապա դեմքի կլորությունը և կոշիկի ներսից երեք մատնաչափ հաստությամբ դնովի կրունկը։

— Ա՜հ, ծերո՛ւկս, քեզ խաբել են,— ասաց Կորանտենը, երբ համոզվեց, որ ննջարանում Պեյրադից ու Կորանտենից բացի ուրիշ ոչ ոք չկա։

— Ո՞վ,— բացականչեց Պեյրադը` մետաղի թրթռացող ձայնով։— Ես կօգտագործեմ իմ կյանքի վերջին օրերը` նրան շամփուրի վրա խորովելու համար։

— Դա Կարլոս Էրրերան է, հավանաբար, Իսպանիայի Կորանտենը։ Ամեն ինչ պարզ է։ Իսպանացին բարձր կարգի անառակ է, որը կամեցել է այդ երիտասարդի համար դրամ կտրել մի գեղեցիկ աղջկա բարձով… Դու ինքդ ավելի լավ գիտես, թե որքանով կարող ես մրցակցել մի դիվանագետի հետ, որը դևի նման խnրամանկ է թվում ինձ։

— Օ՜,— ճչաց Կոնտանսոնը,— Եսթերի ձերբակալման օրը նա ստացավ այն երեք հարյուր հազար ֆրանկը. նա կառքի մեջ էր, ես լավ եմ հիշում այդ աչքերը, այդ ճակատը, այդ ծաղկատար դեմքը։

— Ա՜հ, ինչպիսի օժիտ կունենար իմ խեղճ Լիդին,— բացականչեց Պեյրադը։

— Դու կարող ես մնալ նաբաբ,— ասաց Կորանտենը։— Որպեսզի հսկող մի աչք ունենանք Եսթերի մոտ, պետք է նրան կապել տիկին դյու Վալ-Նոբլի հետ։ Եսթերը Լյուսիեն դը Ռյուբամպրեի իսկական սիրուհին էր։

— Նրանք արդեն հինգ հարյուր հազար ֆրանկ են կորզել Նյուսինգենից,— ասաց Կոնտանսոնը։

— Նրանց դեռ այդքան էլ հարկավոր է,— հարեց Կորանտենը։— Ռյուբամպրե կալվածքն արժե մի միլիոն։ Հայրիկ,— ասաց նա` խփելով Պեյրադի ուսին,— դու կարող ես ավելի քան հարյուր հազար ֆրանկ ձեռք բերել Լիդիին ամուսնացնելու համար։

— Այդպես մի՛ խոսիր, Կորանտեն։ Եթե քո ծրագիրը ձախողվի, ես չգիտեմ, թե ինչի ընդունա կ կլինեմ…

— Դու այդ կստանաս, թերևս վաղը։ Աբբան, սիրելիս, չափազանց խորամանկ է, մենք պետք է համբուրենք նրա խթանը, նա գերազանց սատանա է։ Բայց նա իմ ձեռքում է, խելոք մարդ է, և անձնատուր կլինի։ Ջանա՛ լինել նաբաբի նման հիմար և ոչ մի՛ բանից մի՛ վախեցիր։ Նույն օրվա երեկոյան, երբ իսկական հակառակորդները երես առ երես հանդիպել էին իրար մենամարտի դաշտում, Լյուսիենը գնաց երեկոն անցկացնելու Գրանլյոների ապարանքում։ Հոծ բազմություն էր հավաքված այնտեղ։ Հյուրասրահում, բոլորի ներկայությամբ, դքսուհին որոշ ժամանակ զրուցեց Լյուսիենի հետ և չափազանց սիրալիր էր։

— Դուք մի փոքրիկ ուղևորությո՞ւն եք կատարել,— հարցրեց դքսուհին։

— Այո, տիկին դքսուհի։ Քույրս, ցանկանալով հեշտացնել իմ ամուսնությունը, մեծ զոհաբերություններ արեց, և ես կարողացա ձեռք բերել Ռյուբամպրե կալվածքը և ամբողջապես վերականգնել մեր երբեմնի ունեցվածքը։ Ի դեպ, փարիզյան իմ հավատարմատարը հմուտ մարդ է և կարողացավ կասեցնել այն պահանջները, որ սեփականատերերը կարող էին ներ¬կայացնել` իմանալով գնորդի անունը։

— Այնտեղ դղյակ կա՞,— հարցրեց Կլոտիլդը բերկրալի ժպիտով։

— Դղյակի նման ինչ-որ բան կա, բայց ավելի խելացի կլինի այն օգտագործել որպես շինանյութ` արդիական ոճով մի տուն կառուցելու համար։ Կլոտիլդի դեմքը փայլում էր գոհունակությունից, և աչքերը երջանկության բոց էին արձակում։

— Դուք այսօր ռոբբեր խաղացեք հորս հետ,— կամացուկ ասաց նա Լյուսիենին։— Մի երկու շաբաթից հետո, հույս ունեմ, դուք ճաշի կհրավիրվեք։

— Այդպես ուրեմն, իմ թանկագին պարոն,— ասաց դուքս դը Գրանլյոն,— դուք գնել եք, ասում են, Ռյուբամպրե կալվածքը, ես ձեզ շնորհավորում եմ։ Այդ մի պատասխան է նրանց, ովքեր ասում էին, որ դուք պարտքեր ունեք։ Մեր աստիճանի մարդիկ կարող են բացեիբաց պարտքեր ունենալ, ինչպես Ֆրանսիան կամ Անգլիան, բայց հասկանո՞ւմ եք, հա¬րստություն չունեցող մարդիկ, նորելուկները իրավունք չու¬նեն այդպես վարվելու…

— Է՜, պարոն դուքս, ես դեռ հինգ հարյուր հազար ֆրանկ պարտք եմ իմ կալվածքի դիմաց։

— Ուրեմն, պետք է ամուսնանալ այնպիսի մի աղջկա հետ, որ այդ գումարն ունենա. բայց ձեզ համար դժվար կլի¬նի այդպիսի հարստություն ունեցող հարսնացու գտնել մեր արվարձանում, որտեղ քիչ օժիտ են տալիս իրենց աղջիկներին։

— Բայց նրանց բավական է իրենց անունը,— ասաց Լյուսիենը։

Վիստ խաղացողները երեք հոգի են` Մոֆրինյոզը, դ’Էսպարր և ես, չէի՞ք կամենա լինել չորրորդը,— ասաց դուքսը Լյուսիենին` ցույց տալով խաղասեղանը։

Կլոտիլդը մոտեցավ խաղասեղանին` դիտելու հոր խաղը։

— Աղջիկս իր ձեռքերը դնում է իմ տրամադրության տակ,— ասաց դուքսը թփթփացներով իր դստեր ձեռքին և նա¬յելով Լյուսիենին, որը լուրջ դեմք էր ընդունել։

Լյուսիենը` դ’Էսպարի խաղընկերը, տանուլ տվեց քսան լուիդոր։

— Սիրելի՛ մայրիկ,— մոտենալով դքսուհուն ասաց Կլոտիլդը,— նա բավականաչափ խելացի գտնվեց տանուլ տալով։

Ժամը տասնմեկին, օրիորդ դը Գլանյոյի հետ սիրո մի քա¬նի խոսքեր փոխանակելուց հետո, Լյուսիենը տուն վերադարձավ, մտավ անկողին, խորհելով այն լիակատար հաղթության մասին, որ նա պետք է մի ամսում ձեռք բերեր, որովհետև չէր կասկածում, որ իրեն կընդունեն որպես Կլոտիլդի փեսացուի և կամուսնանար մինչև 1830 թվականի պասը։

Հաջորդ օրը, այն ժամին, երբ Լյուսիենը նախաճաշից հետո ծխում էր Կարլոսի հետ, որը խիստ մտախոհ էր դարձել, նրանց հայտնեցին պարոն դը Սենտ-Էստևի (ինչպիսի՜ ծաղր) մասին, որը ցանկություն ունի խոսել կա՛մ աբբահայր Կարլոսի կամ Լյուսիեն դը Ռյուբամպրեի հետ։

— Ներքևում ասացի՞ն, որ ես մեկնել եմ,— գոչեց աբբան։

— Այո, պարոն,— պատասխանեց սպասյակը։

— Դե լա՛վ, ընդունի՛ր այս մարդուն,— ասաց նա Լյուսիենին,— եղի՛ր զգույշ, որ մի ավելորդ խոսք կամ շարժում, մենք գործ ունենք թշնամու հետ։

— Դու ակա՛նջ դիր,— ասաց Լյուսիենը։

Կարլոսը թաքնվեց կից սենյակում և դռան ճեղքից տեսնելով ներս մտնող Կորանտենին, ճանաչեց նրան լոկ ձայնից, որովհետև այդ անհայտ տաղանդը կերպարանափոխվելու մեծ ձիրք ուներ։ Այդ ժամանակ Կորանտենը ֆինանսների նախարարության բաժնի ծեր պետի տեսքով էր։

— Ես պատիվ չունեմ ծանոթ լինելու ձեզ հետ, պարոն,— ասաց Կորանտենը,-բայց…

— Ներեցեք, որ ընդհատում եմ ձեզ, պարոն,— ասաց Լյուսիենը,— բայց...

— Բայց հարցը վերաբերում է ձեր ամուսնությանը օրիորդ Կլոտիլդ դը Գրանլյոյի հետ, որը չի կայանալու,— աշխու¬ժորեն ասաց Կորանտենը։ Լյուսիենը նստեց և ոչինչ չպատասխանեց։

— Դուք գտնվում եք մի մարդու ձեռքերում, որը կարող է, կամենում է և հնարավորություն ունի ապացուցելու դուքս դը Գրանլյոյին, որ դը Ռյուբամպրե կալվածքը գնվել է այն գումարով, որ մի հիմար ավել է ձեզ ձեր սիրուհու` օրիորդ Եսթերի համար,— շարունակեց Կորանտենը։— Հեշտությամբ կարելի է գտնել պատճենն այն դատավճռի, որով օրիորդ Եսթերը հետապնդված է, և կան միջոցներ դ’Էտուրնիին հարկադրել խոստովանելու։ Բարոն դը Նյուսինգենի դեմ գործադրված ծայրահեղորեն ճարպիկ հնարքներր շուտով մերկացվելու են։ Սակայն, դեռ կարելի է գործը կարգավորել։ Տվե՛ք հարյուր հազար ֆրանկի մի գումար և ձեզ հանգիստ կթողնեն… Դա ինձ չի վերաբերում։ Ես գործերի հավատարմատարն եմ այն մարդկանց, որոնք այդ շանտաժին են դիմել, ահա՛ բոլորը։

Կորանտենը կարող էր մի ամբողջ ժամ խոսել, Լյուսիենը լիակատար անհոգությամբ ծխում էր իր գլանակը։

— Պարո՛ն,— պատասխանեց նա, ես չեմ ուզում իմանալ, թե ով եք դուք, որովհետև այն մարդիկ, որոնք իրենց վրա են վերցնում նման հանձնարարություններ, ոչ մի անուն չունեն, գոնե՛ ինձ համար։ Ես ձեզ թույլ տվի հանգիստ խոսել. ես իմ տանն եմ։ Դուք, ըստ իս, զուրկ չեք ողջամտությունից, լա՛վ լսեցեք իմ փաստարկումները։

Լռություն տիրեց, որի ընթացքում Լյուսիենն իր պաղ հայացքր չէր հեռացնում Կորանտենի` իրեն սևեռած կատվային աչքերից։

— Կա՛մ դուք հենվում եք միանգամայն կեղծ փաստերի վրա, և ես մտահոգվելու կարիք չունեմ,— շարունակեց Լյուսիենը,— կա՛մ իրավացի եք, և այն ժամանակ, ձեզ տալով հարյուր հազար ֆրանկ, ես ձեզ իրավունք եմ վերապահում պահանջել նույնքան հարյուր հազար ֆրանկներ, որքան ձեր վստահորդը կարող կլինի գտնել Սենտ-Էստեվնել՝ ինձ մոտ ուղարկելու համար… Սակայն, որպեսզի միանգամից վերջ դնենք ձեր այդ պատվավոր սակարկությանը, իմացեք, որ ես, Լյուսիեն դը Ռյուբամպրես, ոչ ոքից չեմ վախենում։ Ես ոչ մի կապ չունեմ այն աղտոտ արարքների հետ, որոնց մասին դուք խոսեցիք։ Եթե Գրանլյո ընտանիքը դժվարահաճ լինի, կգտնվեն բարձր ազնվական դասից ուրիշ երիտասարդ աղջիկներ։ Իսկապես` ես ոչինչ չեմ կորցնի ամուրի մնալով, մանավանդ, երբ ես զբաղվում եմ սպիտակ ստրկուհիների շահութաբեր առևտրով, ինչպես դուք եք ենթադրում։

— Եթե պարոն Կարլոս Էրրերան...

— Պարո՛ն,— ասաց Լյուսիենը` ընդհատելով Կորանտենին,— աբբա Կարլոս Էրրերան այս րոպեին գտնվում է Իսպանիայի ճանապարհին. նա ոչ մի առնչություն չունի իմ ամուսնության հետ և ոչինչ չգիտի իմ դրամական հարցերի մասին։ Պետական այդ մարդը բարեհաճեց երկար ժամանակ օգնել ինձ իր խորհուրդներով, բայց նա հաշվետվություն ունի ներկայացնելու նորին մեծութչուն Իսպանիայի թագավորին. եթե ձեզ անհրաժեշտ է նրա հետ խոսել, ես ձեզ խորհուրդ եմ տալիս մեկնել Մադրիդ։

— Պար՛ոն,— կտրուկ ասաց Կորանտենը,— դուք երբեք չեք լինի օրիորդ Կլոտիլդ դը Գրանլյոյի ամուսինը։

— Ավելի վատ նրա համար,— պատասխանեց Լյուսիենը, անհամբերությամբ դեպի դուռը հրելով Կորանտենին։

— Դուք լավ կշռադատե՞լ եք,— սառնորեն ասաց Կորանտենը։

— Պարոն, ես ձեզ իրավունք չեմ տվել խառնվելու իմ գործերին և ոչ էլ նույնիսկ խանգարել ինձ ծխելու,— ասաց Լյուսիենը` շպրտելով իր հանգած գլանակը։

— Մնաք բարով, պարո՛ն,— ասաց Կորանտենը։— Մենք այլևս իրար չենք հանդիպի… Բայց, անտարակույս, ձեր կյանքում պիտի լինի մի պահ, երբ դուք սիրահոժար պիտի տայիք ձեր կարողության կեսը, որպեսզի հնարավորություն ունենայիք ինձ ետ կանչելու սանդուղքից։ Ի պատասխան այդ սպառնալիքի, Կարլոսը գլուխ կտրելու մի շարժում արեց։

— Ա՛յժմ, ի գործ,— բացականչեց նա, նայելով Լյուսիենին, որը գունատվել էր այդ ահավոր զրույցից հետո։


Եթե գրքի բարոյական ու փիլիսոփայական կողմով հետաքրքրվող րնթերցողների բավական սահմանափակ թվում գտնվեր մեկը, որն ընդունակ լիներ հավատալու, որ վերջապես բարոն դը Նյուսինգենը երջանիկ էր, ապա վերջինս իր սեփական փորձով կապացուցեր նրան, թե որքան դժվար է մի աղջկա սիրտը ենթարկել ֆիզիոլոգիական որևէ օրենքի։ Եսթերը վճռել էր հարկադրելու դժբախտ միլիոնատիրոջը` թանկ գնով վճարել այն, ինչ միլիոնատերն անվանում էր հախտանակի oր։ Դրա համար, 1830 թվականի փետրվարի սկզբներին, բնակարանամուտը դեռ չէր տոնվել պոկրիկ բալատում։

— Բայց,— թաքուն ասաց Եսթերն իր բարեկամուհիներին, որոնք այդ հաղորդեցին բարոնին,— բարեկենդանին, ես բաց կանեմ իմ հաստատությունը, և ես ուզում եմ իմ տղամարդուն երջանիկ դարձնել, ինչպես ձուն` յուղի մեջ։

Այդ արտահայտությունն առած դարձավ կիսաշխարհիկ աղջիկների շրջանում։

Բարոնն սկսեց տրտնջալ։ Ինչպես բոլոր ամուսնացած մարդիկ, նա ևս դառնում էր բավականին ծիծաղելի, գանգատվում էր իր մտերիմներին, և նրա դժգոհությունը ծայրահեղության էր հասնում։ Այնուամենայնիվ, Եսթերը շարունակում էր Պոմպադուրի իր դերը շահադիտության իշխանի մոտ։ Նա արդեն տվել էր երկու-երեք փոքրիկ երեկույթներ, առանձնապես Լյուսիենին հրավիրելու համար։ Լուստոն, Ռաստինյակր, դյու Տիյեն, Բիսիուն, Նաթանը, կոմս դը Բրամբուրգը, փարիզյան շվայտության այդ ծաղիկները, նրա հյուրասրահի մշտայցելուները դարձան։ Վերջապես, Եսթերն իր խաղացած պիեսում որպես դերասանուհիներ ընդունեց Տյուլիային, Ֆլորենտինին, Ֆաննի Բոմպրեին, Ֆլորինին` երկու դերասանուհի և երկու պարուհի, ապա տիկին դյու Վալ-Նոբլին։ Չկա ավելի տխուր բան, քան այն, երբ կուրտիզանուհու տանը պակասում է մրցակցության աղը, արդուզարդերի փայլը և դեմքերի բազմազանությունը։ Վեց շաբաթում Եսթերը դարձավ պահատարփածու կանանց դասը կազմող իգական պարիաներից ամենասրամիտը, ամենազվարճալին, ամենից գեղանին ու վայելչաշնորհը։ Դրվելով իր իսկական պատվանդանին` նա ճաշակում էր սնափառության բոլոր վայելքները, որով հրապուրվում են սովորական կանայք, բայց ճաշակում էր որպես մի կին, որին թաքուն մի մտածում վեր էր դնում իր կաստայից։ Նա սրտում պահում էր իր սեփական պատկերը, որը նրան հարկադրում էր շիկնել իր համար և միաժամանակ հպարտանալ իրենով. հրաժարման ժամը մշտապես կանգնած էր նրա խղճմտանքի առջև, այդ պատճառով էլ նա ապրում էր կրկնակի կյանքով և խորապես խղճամ էր իր անձին։ Նրա չար կատակախոսությունները դրսևում էին իր ներքին տրամադրությունը, խորունկ արհամարհանքի այն զգացումը, որ կուրտիզանուհու մեջ թաքնված սիրո հրեշտակն էր տածում այն ստոր ու ամոթալի դերի նկատմամբ, որ խաղում էր մարմինը` հոգու ներկայությամբ։ Լինելով միաժամանակ և՛ հանդիսատես, և՛ դերասան, և՛ դատավոր, և՛ մեղադրյալ, նա իր մեջ մարմնավորում էր արաբական հեքիաթների հրաշալի ֆիկցիաները, որոնց մեջ գրեթե միշտ կարելի է հանդիպել վեհ մի արարածի, թաքնված` ամոթալի ծածկույթի տակ, և որի նախատիպը տրված է, Նաբուգոդոնսորի անվան տակ, գիրք-գրքոցում` Աստվածաշունչ|Աստվածաշնչում։

Որոշած լինելով ապրել մինչև անհավատարմության հաջորդ օրը, զոհը կարող էր մի փոքր զվարճանալ դահիճով։ Բացի այդ, Եսթերի ստացած տեղեկությունները` գաղտնի ու ամոթալի այն միջոցների մասին, որոնցով բարոնը ձեռք էր բերել իր վիթխարի հարստությունը, Եսթերին ազատում էին խղճի խայթից. նրան դուր եկավ խաղալ դիցուհի Ատեի, ըստ Կարլոսի արտ ահայտության` վրեժխնդրության աստվածուհու դերը։ Ահա թե ինչու նա մերթ դառնում էր հրապուրիչ, մերթ տանելի` այդ միլիոնատիրոջ աչքին, որը լոկ նրանով էր ապրում։ Երբ բարոնի համար տանջանքը հասնում էր այն աստիճանի, որ ցանկանում էր թողնել Եսթերին, վերջինս նրան իր մոտ էր բերում շինծու քնքշությամբ։ Էրրերան, որ ամենայն հանդիսավորությամբ Իսպանիա էր մեկնել, հասել էր մինչև Տուր։ Նա հրամայել էր իր կառապանին` ճանապարհը շարունակել մինչև Բորդո, կառքում թողնելով վարձու մի սպասավորի, որին հանձնարարված էր տիրոջ դեր խաղալ և սպասել նրան Բորդոյի հյուրանոցներից մեկում։ Ապա, հանրակառքով վերադառնալով առետրական շրջիկ գործակալի զգեստով, նա գաղտնաբար տեղավորվել էր Եսթերի մոտ, որտեղից Ասիայի, Եվրոպայի և Պակկարի միջոցով անխոնջ ղեկավարում էր իր մեքենայություննե¬րը, վերահսկելով բոլորին, հատկապես Պեյրադին։

Մոտավորապես երկու շաբաթ առաջ այն օրվանից, երբ պետք է տեղի ունենար բնակարանամուտի տոնախմբությունը, այսինքն` Օպերայի առաջին պարահանդեսին հաջորդող օրը, կուրտիզանուհին, որն իր սրամիտ խոսքերով սկսում էր վտանգավոր դառնալ, Իտալական թատրոնումն էր, բենուարարի օթյակում, որը բավականին խոր էր և բարոնը կարող էր այնտեղ թաքցնել իր սիրուհուն ու նրա հետ հրապարակով երևալ տիկին Նյուսինգենի օթյակից ոչ շատ հեռու։

Եսթերն ընտրել էր այդ օթյակը, որպեսզի կարողանա տեսնել տիկին դը Սերիզիին, որի օթյակում էր գրեթե միշտ լինում Լյուսիենը։ Խեղճ կուրտիզանուհին իրեն երջանիկ էր համարում, նայելով Լյուսիենին, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերը տիկին դը Սերիզիի կողքին նստած։ Եսթերն այդ երեկո, ժամը ինը և կեսի մոտ, նկատեց, որ Լյուսիենը մտավ կոմսուհու օթյակը` մտախոհ, գունատ, այլայլված դեմքով։ Ներքին վհատության այդ նշանները նկատելի էին միայն Եսթերին։ Սիրող կինր կարդում է տղամարդու դեմքն այնպես, ինչպես ծովայինը բաց ծովը։ «Աստվա՜ծ իմ, ի՞նչ է տեղի ունենում նրա հետ… Ի՞նչ է պատահել։ Գուցե կարիք ունի խոսելու դժոխային այն հրեշտակի հետ, որը նրա պահապան հրեշտակն է և ծածուկ ապրում է ձեղնահարկում` Եվրոպայի ու Ասիայի խուցերի միջև։

Այդպիսի տանջալից մտքերով համակված, Եսթերը գրեթե չէր հետևում երաժշտությանը։ Դժվար չէ կռահել, որ նա բոլորովին չէր լսում բարոնին, որ ափերի մեջ էր առել իր հռեշդակի ձեռքը, նրա հետ խոսելով լեհական հրեայի իր առոգանությամբ, բառերի վերջավորությունների անհեթեթ աղավաղումներով, որ նույնքան տհաճություն են պատճառում ընթերցողներին, որքան և լսողներին։

Եսդեր,— ասաց նա, բաց թողնելով նրա ձեռքը, և անբավականության թեթև, մի շարժումով ետ մղելով այն,— դուկ ինց չեք լսում։

— Իմացեք, բարոն, դուք աղավաղում եք սերը, ինչպես աղավաղում եք ֆրանսերենը։

Սադանա՛ն դանի։

— Ես այստեղ իմ բուդուարում չեմ, ես Իտալական թատրոնում եմ։ Եթե դուք Յուրեի կամ Ֆիշեի ձեռքով շինված և բնության տարօրինակ ծաղով մարդու կերպարանք ստացած դրամարկղ չլինեիք, այդքան մի կնոջ օթյակում, որը սիրում է երաժշտությունը։ Իհարկե, ես ձեզ չեմ լսում։ Դուք այստեղ իմ շրջազգեստի հետ խաղում եք այնպես, ինչպես բզեզը թղթե տոպրակի մեջ, և հարկադրում եք ինձ ծիծաղել խղճահարությունից։ Դուք ինձ ասում եք. «Դուկ սիռուն եք, դուկ կռցելու բադառ եք…»։ Թեթևսոլիկ ծերուկ, մի՞թե ես ձեզ պատասխանել եմ. «Դուք այս երեկո նվազ տհաճ եք, քան երեկ, գնանք տուն»։ Բայց, լսեցեք ինձ, ձեր հառաչելու եղանակից (եթե ես ձեզ չեմ լսում, ձեզ զգում եմ), ես տեսնում եմ, որ դուք չափազանց կուշտ եք կերել և վատ եք մարսում (ես ձեզ բավական թանկ եմ նստում, որպեսզի ժամանակ առ ժամանակ ձեզ խորհուրդներ տամ ձեր փողի համար), իմացեք, սիրելիս, որ երբ մեկը տառապում է անմարսողությամբ, ինչպես դուք, չի թույլատրվում տեղի-անտեղի, անպատեհ ժամի ասել իր սիրուհուն. «Դուկ սիռուն եք»։ Բլոնդեն ասել է, որ մի հին զինվոր այդպիսի ինքնահաճությունից հանգչել է եկեղեցու գրկում։ Հիմա ժամը տասն է. ժամը իննին դուք վերջացրել եք ճաշը Տիյեի մոտ, ձեր ալարկոտ կոմսը դը Բրամբուրգի հետ, ձեզ հարկավոր է մարսել միլիոներնն ու գետնասունկերը։

Դուկ որքան անգո՜ւդ եք…— բացականչեց բարոնը, որն ընդունեց բժշկական այդ փաստարկման խորունկ ճշմարտությունը։

— Անգո՛ւթ…— հարեց Եսթերը` շարունակ նայելով Լյուսիենին։— Մի՞թե դուք խորհուրդ չեք հարցրել Բիանշոնից, Դեպլենից, ծերունի Օդրիից։ Այն օրվանից, երբ դուք արդեն նշմարում եք ձեր երջանկության արշալույսը, գիտե՞ք, թե դուք ինձ ինչն եք հիշեցնում։

Ի՞նչը։

— Ֆլանելի մեջ փաթաթված հաստ մի ծերուկի, որ մերթ ընդ մերթ բազկաթոռից վեր է կենում մոտենալու լուսամուտին, տեսնելու համար, թե արդյոք ջերմաչափը ցույց տալի՞ս է շերամի որդի այն ջերմաստիճանը, որը բժիշկները նորմալ են համարում իր համար։

Գիդե՛ք, դուկ ապերախդ եք,— հուսահատված բացականչեց բարոնը, լսելով այդ երաժշտությունը, որը, ի դեպ, ծերունի սիրահարները բավական հաճախ են լսում Իտալական թատրոնում։

— Ախերա՛խտ,— ասաց Եսթերը։— Իսկ մինչև հիմա ես ձեզանից ի՞նչ եմ ստացել… Միա՛յն անախորժություն։ Ինքներդ դատեցեք, հայրիկ, կարո՞ղ եմ հպարտանալ ձեզնով։ Դուք, իհարկե, հպարտ եք ինձնով. ես շատ լավ եմ կրում ձեր տրեզներն ու լիվրեն։ Դուք վճարել եք իմ պարտքերը… Թող այդպես լինի։ Բայց դուք բավականաչափ միլիոններ եք թռցրել… (Ա՜յ, ա՜յ, մի՛ նեղացեք, դուք ինձ հետ համաձայն եք…), որպեսզի այդ բանին ուշադրություն չդարձնեք։ Եվ հենց դրանումն է ձեր փառքի արաժանիքը։ Թեթևաբարո աղջիկ և գող, ոչ մի բան դրանից լավ չի համընկնում։ Դուք հոյակապ վանդակի եք կառուցել մի թութակի համարձեզ դուր է գալիս… Գնացեք հարցրեք բրազիլական մի թութակի` շնորհակա՞լ է այն մարդուց, որ նրան ոսկե վանդակի մեջ է դրել… Մի՛ նայեք ինձ այդպես, դուք բոնզի եք նման… Դուք ամբողջ Փարիզին ցույց եք տալիս ձեր սպիտակ ու կարմիր փետուրներով թութակին… Դուք ասում եք. «Փարիզում կա՞ մեկը, որը ունենա նրա նմանը… Եվ ինչպե՜ս է նա շաղակրատում, ի՜նչ ճարտար լեզու ունի… Երբ մտնում է դյու Տիյեն, նա ասում է նրան. «Բարի օր, փոքրիկ խաբեբա…»։ Բայց դուք երջանիկ եք, ինչպես այն հոլանդացին, որը ձեռք էր բերել հազվագյուտ սև կակաչը. Ինչպես հնում երջանիկ էր լինում նաբաբը, երբ ապրելով Ասիայում, Անգլիայից թոշակ էր ստանում, և որին առևտրական շրջիկ մի գործակալ վաճառել էր երեք նախերգանք նվագող շվեյցարական ծխատուփը։ Դուք իմ սիրտն եք ուզում, դե լա՛վ, ես ձեզ ցույց կտամ այն նվաճելու միջոցը։

Ազացե՛ք, ազացե՛ք… Ես ամեն պան կանեմ ցեզ համար… Ես սիռում եմ, երբ դուկ ինց ցախրում եք։

— Եղե՛ք երիտասարդ, եղե՛ք գեղեցիկ, եղե՛ք այնպես, ինչպես Լյուսիեն դը Ռյուբամպրեն է, որը ահա այնտեղ է, ձեր կնոջ օթյակում, և դուք ձրի կստանաք այն, ինչ երբեք չեն կարող գնել ձեր միլիոններով…

Ես ձեզ թոխնում եմ, որոֆհետեֆ այս եռեկո դուկ իսկաբես ադելի եք...— ասաց գիշատիչը թթվսւծ դեմքով։

— Դե լա'վ, բարի գիշեր,— պատասխանեց Եսթերը։— Հանձնարարեք Շորշին, որ ձեր գլխատակը բարձր պահի, ոտքերը շատ ցածր, դուք այսօր կաթվածահարի տեսք ունեք… Սիրելի'ս, դուք չեք կարող ասել, որ ես բնավ չեմ հետաքրքրվում ձեր առողջությամբ։

Բարոնը վեր կացավ և ձեռքը դրեց դռան բռնակին։

— Եկե'ք այստեղ, Նյուսինգեն…— ասաց Եսթերը, հրամայական շարժումով։

Բարոնը շան հնազանդությամբ թեքվեց դեպի Եսթերը։

— Հաստ հրեշ…— Կուզենայի՞ք, որ ես ձեզ հետ լինեի սիրալիր և այս երեկո ինձ մոտ շաքարաջուր տայի ձեզ, գգվելով ձեզ…

Ա՜ղ, ա՜ղ, էլ սիռդ չեք թոխնում ինց։

Աղաղել, դա մեկ է, թե դաբաղել կաշին[24],— շարունակեց Եսթերը` ծիծաղելով բարոնի առոգանության վրա։— Լսեցե'ք, ինձ մոտ բերեք Լյուսիենին, որպեսզի ես նրան հրավիրեմ Բալթազարի մեր խնջույքին, ևհամոզված լինեմ, որ նա ներկա կլինի։ Եթե դուք գլուխ բերեք այդ փոքրիկ հանձնարարությունը, ես քեզ, իմ հաստ Ֆրեդերիկ, այնպիսի ջերմությամբ կասեմ, թե քեզ սիրում եմ, որ դու դրան կհավատաս։

Դուկ թոֆիչ եք,— ասաց բարոնը` համբուրելով Եսթերի ձեռնոցը։— Ես համացայն եմ մի ժամ լուդանքներ լսել, եթե վերչում միշդ մի պախակշանք լինի...

— Դե', եթե ինձ չեն հնազանդվում, ես…— ասաց Եսթերը, մատով սպառնալով բարոնին, ինչպես երեխաներին են սպառնում։

Բարոնը գլուխը կախեց թակարդն ընկած այն թռչունի նման, որն աղերսագին նայում է որսորդին։

— «Աստվա՜ծ իմ, ի՞նչ է պատահել Լյուսիենին,— ասաց Եսթերն ինքն իրեն, երբ մենակ մնաց, չկարողանալով այլևս զսպել արցունքները,— նա երբեք այդպես տխուր չի եղել»։

Ահա թե այդ երեկո ինչ էր պատահել Լյուսիենին։ Ժամը իննին, ինչպես միշտ, Լյուսիենը դուրս էր եկել կառքով, որպեսզի գնա դը Գրանլյոների ապարանքը։ Իր հեծնելու ձին և կաբրիոլետի ձին օգտագործելով առավոտվա իր զբոսանքների համար, ինչպես անում էին բոլոր երիտասարդները, ձմեռային երեկոների համար նա վերցրել էր մի կուպե և ամենաառաջնակարգ կառագործների մոտ ընտրել էր ամենից շքեղ կառքը` սքանչելի ձիերով։ Արդեն մի ամիս էր, որ ամեն ինչ ժպտում էր նրան. նա երեք անգամ ճաշել էր դը Գրանլյոյի ապարանքում. դուքսը հիանալի վերաբերմունք էր ցուցաբերել նրան. հանրակառքերի ձեռնարկության մեջ դրված իր արժեթղթերը վաճառվել էին երեք հարյուր հազար ֆրանկով և նրան հնարավորություն էին տվել վճարել իր կալվածքի գնի ևս մեկ երրորդը. Կլոդիլդ դը Գրանլյոն, որ հմայիչ էր հագնվում, տասը տուփ շպար էր դրած լինում դեմքին, երբ Լյուսիենը մտնում էր հյուրասրահ. բացի այդ, առանց քաշվելու խոստովանում էր իր սերը նրա նկատմամբ։ Բավականին բարձր դիրք ունեցող մի քանի անձնավորություններ խոսում էին Լյուսիենի և օրիորդ դը Գրանլյոյի ամուսնության մասին, որպես հավանական մի բանի։ Դուքս դը Շոլյոն, որը նախկինում դեսպան էր Իսպանիայում և մի ժամանակ էլ արտաքին գործերի նախարար, խոստացել էր դքսուհի դը Գրանլյոյին` խնդրել թագավորից մարկիզի տիտղոս շնորհել Լյուսիենին։

Տիկին դը Սերիզիի մոտ ճաշելուց հետո, Լյուսիենն այդ երեկո Շոսե-դ'Անտեն փողոցից գնացել էր Սեն-Ժերմեն արվարձանը` իր ամենօրյա այցելությունը տալու։ Երբ տեղ է հասնում, կառապանը ձայն է տալիս, որ բաց անեն դարպասը։ Դարպասը բացվում է, կառքը կանգնում է մատույցի վրա։ Կառքից դուրս գալիս Լյուսիենը բակում նկատում է չորս շքակառքեր։ Նկատելով պարոն դը Ռյուբամպրեին, լակեյներից մեկը, որը բացում ու փակում էր նախագավթի դուռը, առաջանում է, դուրս գալիս մատույցի վրա և մեխվում դռան մոտ` պահակության կանգնած զինվորի նման։

— Նորին գերազանցությունը տանը չէ,— ասում է նա։

— Դքսուհին ընդունում է,— դիտել է տալիս Լյուսիենը։

— Տիկին դքսուհին դուրս է եկել,— լուրջ տոնով պատասխանում է սպասավորը։

— Օրիորդ Կլոտիլդը…

— Չեմ կարծում, որ օրիորդ Կլոտիլդն ընդունի պարոնին` տիկին դքսուհու բացակայությանը։

— Բայց, հյո'ւրեր կան,— առարկում է Լյուսիենը շանթահար։

— Ես չգիտեմ,— պատասխանում է լակեյը` ջանալով միաժամանակ լինել թե' հիմար, թե' հարգալից։

Էտիկետից ավելի սոսկալի բան չկա, երբ մեկն այն դարձնում է հասարակության ամենաահեղ օրենքը։

Լյուսիենը հեշտությամբ կռահեց իրեն համար դաժան այդ տեսարանի իմաստը. դուքսն ու դքսուհին չէին ուզում նրան ընդունել. նա զգաց, թե ինչպես արյունը սառչում էր երակներում, և սառը քրտինքի մի քանի կաթիլներ երևացին ճակատին։ Այդ զրույցը տեղի ունեցավ իր սեփական սպասավորի ներկայությամբ, որ, ձեռքը դռնակի բռնակին, չէր իմանում` փակի՞, թե՞ ոչ. Լյուսիենը նրան մեկնելու նշան արեց, բայց կառք նստելիս, սանդուղքի կողմից նրա ականջին հասան աղմկալի ձայներ, որից հետո լակեյը հաջորդաբար ձայն տվեց. «Պարոն դուքս դը Շոլյոյի սպասավորնե'րը։— Տիկին կոմսուհի դը Գրանլյոյի սպասավորնե'րը»։ Լյուսիենը միայն մի խոսք ասաց իր սպասավորին. «Արա'գ, դեպի Իտալական թատրոն»։

Հակառակ իր փութկոտությանը, տարաբախտ դենդին չկարողացավ խույս տալ դուքս դը Շոլյոյից և նրա որդի` Ռետորե դքսից, որոնց հետ նա հարկադրված եղավ լուռ ողջույններ փոխանակել, որովհետև նրանք ոչ մի բառ չարտասանեցին։ Արքունիքում` խոշոր աղետը, որևէ վտանգավոր ֆավորիտի անկումը, հաճախ ավարտվում է կաբինետի շեմքին կանգնած գաջե դեմքով բարապանի սոսկ մի բառով։

— «Այս աղետի մասին ինչպե՞ս անհապաղ հայտնել իմ խորհրդատուին,— ասաց ինքն իրեն Լյուսիենը, գնալով Իտալական թատրոնը։— Ի՞նչ է կատարվում…»։

Նա մոլորվել էր ենթադրությունների մեջ, առանց որևէ եզրակացության հանգելու։ Ահավասիկ, թե ինչ էր տեղի ունեցել։

Նույն առավոտ, ժամը տասնմեկին, դուքս Գրանլյոն, մտնելով փոքրիկ հյուրասրահը, ուր ընտանիքով նախաճաշում էին, Կլոտիլդին համբուրելուց հետո, ասել էր.

— Զավա՛կս, մինչև իմ նոր կարգադրությունն այլևս մի մտածեք պարոն դը Ռյուբամպրեի մասին։

Ապա նա բռնել էր դքսուհու թևը ու նրան տարել լուսամուտի խորշը, որպեսզի ցած ձայնով մի քանի խոսք ասի նրան, որից խեղճ Կլոտիլդի դեմքն այլայլվել էր։ Օրիորդ դը Գրանլյոն նայում էր մորը, որը լսում էր դուքսին, և մոր դեմքին նկատել էր խոր զարմանքի արտահայտություն։

— Ժան,— ասել էր դու֊քսը սպասավորներից մեկին,— տարե'ք այս երկտողը դուքս դը Շոլյոյին. խնդրեցեք, որ ձեզ պատասխանեն կա'մ այո, կա'մ ոչ։

— Ես նրան այսօր ճաշի եմ հրավիրում,— ասաց նա իր կնոջը։

Նախաճաշն անցել էր չափազանց տխուր։ Դքսուհին մտախոհ էր, դուքսր թվում էր ինքն իր դեմ բարկացած, իսկ Կլոտիլդը շատ մեծ դժվարությամբ էր զսպում արցունքները։

— Զավակս, ձեր հայրն իրավացի է, հնազանդվեցեք նրան,— գորովալի ձայնով ասել էր մայրն իր աղջկան։— Ես չեմ կարող նրա նման ասել. «Մի' մտածեք Լյուսիենի մասին»։ Ո'չ, ես հասկանում եմ քո վիշաը։ (Կլոտիլդը համբուրում է իր մոր ձեռքր), բայց ես քեզ կասեմ, հրեշտակս. «Սպասիր և ոչինչ մի' փրձիր, տանջվի'ր լռության մեջ, քանի որ դու նրան սիրում ես, և վստահ եղիր քո ծնողների հոգածության վրա»։ Ազնվազարմ տիկիններւ, զավակս, վեհ են նրանով, որ գիտեն մշտապես կատարել իրենց պարտքը բոլոր պարագաներում, և արժանապատվությամբ։

— Ի՞նչ է պատահել…— հարցրել էր շուշանի պես գունատ Կլոտիլդը։

— Կարևոր բաներ, որոնց մասին չի կարելի քեզ հետ խոսել, հոգիս,— պատասխանել էր դքսուհին,— որովհետև, եթե դրանք սուտ են, քո միտքը իզուր տեղը պիտի պղտորվի. իսկ եթե ճշմարիտ են, դու չպետք է իմանաս։

Ժամը վեցին եկել էր դուքս դը Շոլյոն և դուքս դը Գրանլյոյին հանդիպել կաբինետում, ուր վերջինս սպասում էր նրան։

— Լսի՛ր, Անրի... (Այդ երկու դուքսերն իրար հետ դու-ով էին խոսում և իրար անվանում էին իրենց անուններով։ Դա մեկն է այն նրբերանգներից, որ հնարված են` ոմանց մտերմության աստիճաններն ընդգծելու, թույլ չտալու ֆրանսիական ավելորդ ընտանեվարություն` այլ մարդկանց կողմից և ուրիշի ինքնասիրությունը վիրավորելու)... Լսի՛ր, Անրի, ես այնպիսի դժվարին կացության մեջ եմ, որ կարող եմ խորհուրդ հարցնել միայն հին բարեկամից, որր գործից լավ է հասկանում, իսկ դու այդպիսին ես։ Իմ դուստր Կլոտիլդը, ինչպես գիտես, սիրում է այդ երիտասարդ Ռյուբամպրեին, որին գրեթե ինձ հարկադրել են ընդունել որպես նրա փեսացուն։ Ես միշտ դեմ եմ եղել այդ ամուսնությանը, բայց տիկին դը Գրանլյոն, գիտես էլի, չի կարողացել հակառակվել Կլոտիլդի սիրույն։ Երբ այս տղան գնեց իր կալվածքը, երբ վճարեց նրա գնի երեք քառորդր, ես այլևս չառարկեցի։ Բայց ահա, երեկ երեկոյան ես ստացա անանուն մի նամակ (դու գիտես, թե ինչպես պետք է վերաբերվել նման պարագայում), որով ինձ տեղեկացնում են, որ այդ տղայի կարողությունը բխում է անմաքուր մի աղբյուրից, և որ նա մեզ խաբում է, ասելով, որ իր քույրն է անհրաժեշտ միջոցները տվել այդ գնումների համար։ Ինձ կոչ են անում, հանուն իմ աղջկա բախտավորության և իմ գերդաստանի պատվի, տեղեկություններ հավաքել, նշելով ուղիներ` ճշմարտությունը պարզելու համար։ Նախ, առ կարդա։

— Ես համամիտ եմ քեզ անանուն նամակների հարցում, իմ թանկագին Ֆերդինանդ,-պատասխանել էր դուքս դը Շոլյոն` նամակը կարդալուց հետո,— բայց արհամարհելով հանդերձ, պետք է օգտագործել դրանք։ Կան այսպիսի նամակներ, որոնք բացարձակապես նման են լրտեսների։ Փակի՛ր դուռդ այդ տղայի առջև, և կփորձենք տեղեկություններ հավաքել... Դե լա'վ, ես գիտեմ, թե ինչ պետք է անել։ Քո հավատարմատարը Դերվիլն է, մի մարդ, որին մենք լիովին վստահում ենք. նա գիտի շատ ընտանիքների գաղտնիքները, նա կկարողանա շատ լավ պահել նաև այս գաղտնիքը։ Նա ուղղամիտ մարդ է, լրջմիտ, պատվախնդիր. նրբամիտ է, խորամանկ, բայց նրբամիտ է միայն իր գործերում, և դու պետք է նրան օգտագործես միայն նրա համար, որպեսզի ստանաս մի ապացույց, որի վրա կարողանաս հենվել։ Մեզ մոտ` արտաքին գործերի նախարարությունում, կա մի մարդ թագավորա¬կան ոստիկանությունից. նրան գերազանցող չկա, երբ խնդիրը վերաբերում է պետական կարևորություն ունեցող գաղտնիքների հայտնաբերմանը, մենք նրան հաճախ ենք նման հանձնարարություններ տալիս։ Նախազգուշացրո'ւ Դերվիլին, որ այս գործում ունենալու է մի տեղակալ։ Մեր լրտեսը մի պարոն է, որ կներկայանա Պատվի լեգիոնի խաչով զարդարված, նա դիվանագետի տեսք կունենա։ Այդ անպիտանը կլինի որսորդը, իսկ Դերվիլը պարզապես պիտի ներկա լինի որսորդությանը։ Քո հավատարմատարը պիտի ասի, կա՛մ լեռր մուկ ծնեց, կա՛մ դու պետք է խզես այդ փոքրիկ Ռյուբամպրեի հետ։ Մի շաբաթում դու կիմանաս, թե ինչպես պիտի վարվել։

— Երիտասարդը դեռ այնպիսի կարևոր անձնավորություն չէ, որ վիրավորվի` մի շաբաթ ինձ տանը չգտնելով,— ասել էր դուքս դը Գրանլյոն։

— Մանավանդ, եթե դու նրան տալիս ես քո աղջիկը,— պատասխանել էր նախկին նախարարը։— Եթե անստորագիր նամակում ասվածը ճշմարիտ է, այդ դեպքում Ռյուբամպրեն քեզ համար ի՛նչ է որ։ Դու ճանապարհորդության կուղարկես Կլոտիլդին` իմ հարս Մադլենի հետ, որն ուզում է Իտալիա մեկնել…

— Դու ինձ փրկում ես դժվարությունից, բայց ես դեռ չգիտեմ, թե պե՞տք է շնորհակալ լինեմ քեզնից...

— Հետևենք դեպքերի ընթացքին։

— Ա՜հ,— բացականչել էր դուքս դը Գրանլյոն,— ինչպե՞ս է այդ պարոնի անունը։ Հարկավոր է նրա մասին հայտնել Դերվիլին։ Վաղը, ժամը չորսի մոտերը, ուղարկիր նրան ինձ մոտ, Դերվիլն ինձ մոտ կլինի, ես նրանց կծանոթացնեմ։

— Իսկական անունը,— ասաց նախկին նախարարը,— կարծում եմ, Կորանտեն է (մի անուն, որ հարկավոր չէ քեզ իմանալ), բայց այդ պարոնը քեզ կներկայանա նախարարությունում ունեցած անունով։ Նա իրեն կանվանի պարոն դը Սեն— և ինչ-որ բան… Ա՜հ, Սենտ-Իվ, Սենտ-Վալեր կամ նման մի բան։ Դու կարող ես նրան վստահել, Լյուդովիկոս XVIII-ը նրան լիովին վստահում էր։

Այդ զրույցից հետո ծառայապետը հրաման ստացավ դուռը փակել պարոն դը Ռյուբամպրեի առջև, որը և կատարվեց։

Լյուսիենն անցուդարձ էր անում Իտալական թատրոնի ճեմասրահում` հարբած մարդու պես երերալով։ Նա իրեն տեսնում էր ամբողջ Փարիզի ծաղրուծանակի առարկան դարձած։ Հանձին դուքս դը Ռետորեի, նա ուներ մեկն այն անողոք թշնամիներից, որոնց պետք է ժպտալ, երբ հնարավոր չէ վրեժխնդիր լինել, որովհետև նրանք հարվածում են ըստ աշ¬խարհիկ հասարակության պահանջների։ Դուքս դը Ռետորեն տեղյակ էր այն դեպքին, որ նոր էր տեղի ունեցել դը Գրանլյոյի ապարանքի մուտքի մոտ։ Լյուսիենը, որ անհրաժեշտ էր գտնում իմաց տալ այդ հանկարծական աղետի մասին իր անձնական, իսկական գաղտնի խորհրդականին, վախենում էր վարկաբեկել իրեն` գնալով Եսթերի տունը, ուր գուցե հանդիպեր մարդկանց։ Նա մոռացել էր, որ Եսթերն հենց այդտե՛ղ էր, թատրոնում. նրա մտքերը խառնաշփոթ էին, և լիակատար շփոթվածության այդ վիճակում նա ստիպված եղավ պատասխանել Ռաստինյակին, որը, դեռևս չիմանալով նորությունը, նրան շնորհավորում էր առաջիկա ամուսնության առթիվ։ Նույն պահին երևաց Նյուսինգենը և ժպտալով ասաց Լյուսիենին.

Չե՞ք զամենա ինց հաչույք բադչարել դիկին դը Ժամբիին դեսության գալով, նա ուզում է անցամբ ցեզ հրավիրել պնագարանամուտի դոնագատարությանը։

— Հաճույքով, պարոն,— պատասխանեց Լյուսիենը, որին ֆինանսիստը թվաց որպես փրկարար հրեշտակ։

— Թողե՛ք մեզ,— ասաց Եսթերը պարոն դը Նյուսինգենին, երբ վերջինս օթյակ մտավ Լյուսիենի հետ.— գնացեք տիկին դյու Վալ-Նոբլի մոտ, որը նստած է երրորդ հարկի օթյակում` իր նաբաբի հետ Հնդկաստանում որքա՜ն նաբաբներ են աճում,— ավելացրեց նա` Լյուսիենին նետելով արտահայտիչ մի հայացք։

— Իսկ նա,— ասաց Լյուսիենը ժպտալով,— զարմանալի կերպով նմանում է ձերին։

— Եվ,— ասաց Եսթերը, նայելով Լյուսիենին երկուսին հավասարապես հասկանալի մի հայացքով, բայց դիմելով բարոնին,— բերեք նրան ինձ մոտ իր նաբաբի հետ. այդ մարդը ձեզ հետ ծանոթանալու մեծ փափագ ունի։ Ասում են, որ նա չափազանց հարուստ է։ Դժվարանում եմ նույնիսկ ասել, թե խեղճ կինը ինչքան էլեգիաներ է երգել ինձ։ Նա գանգատվում է, որ այդ նաբաբին հնարավոր չէ մղում տալ. և եթե դուք կարողանաք այդ նաբաբին ազատել իր բեռից, նա թերևս ավելի թեթևաշարժ լինի։

Դուկ, նշանագում է, մեզ դնում եք գոխի տեխ,— ասաց բարոնը դուրս գալիս։

— Ի՞նչ է պատահել, իմ Լյուսիեն...— ասաց Եսթերն իր բարեկամի ականջին, շրթունքները հպելով նրան` հենց որ օթյակի դուռը փակվեց։

— Ես կորած եմ։ Հենց նոր ինձ չթողեցին դը Գրանլյոյի ապարանքը մտնել այն պատրվակով, որ իբր թե ոչ ոք չկա տանը։ Դուքսն ու դքսուհին այնտեղ էին, իսկ հինգ կառքի ձիերը դոփում էին բակում...

— Ինչպե՜ս, ուրեմն ամուսնությունը գլուխ չի գալո՞ւ,— ասաց Եսթերը հուզված ձայնով, որովհետև նա դրախտն էր անրջում։

— Ես տակավին չգիտեմ, թե ինչ է նյութվում իմ դեմ...

— Իմ Լյուսիեն,— պատասխանեց աղջիկը, նազելիորեն փաղաքուշ ձայնով,— ինչո՞ւ ես վշտանում. հետագայում դու ավելի հաջող կերպով կարող ես ամուսնանալ... Ես քեզ համար երկու կալվածք կվաստակեմ...

— Ընթրիք սարքիր այս երեկոյան, որպեսզի ես կարողանամ գաղտնաբար խոսել Կարլոսի հետ, և, մանավանդ, հրավիրիր կեղծ անգլիացուն ու դը Վալ-Նոբլին։ Այդ նաբաբն է իմ կործանման պատճառը, նա մեր թշնամին է, մենք նրան ծուղակի մեջ կգցենք և...

Լյուսիենը չավարտեց իր խոսքը, հուսահատ ձեռքը թափահարեց։

— Ասա տեսնեմ, ի՞նչ պատահեց,— հարցրեց խեղճ աղջիկը, որ կարծես շիկացած ածուխների վրա էր նստած։

— Օ՜, տիկին դը Սերիզին նկատեց ինձ,— բացականչեց Լյուսիենը,— ի լրումն դժբախտության, դուքս դը Ռետորեն, իմ անհաջողության վկաներից մեկը, նրա հետ է։

Եվ իրոք, հենց այդ րոպեին դուքս դը Ռետորեն զվարճանում էր կոմսուհի դը Սերիզիի վշտով։

— Դուք թույլ եք տալիս Լյուսիենին երևալ Եսթերի օթյակում,— ասում էր երիտասարդ դուսքը, ցույց տալով այն օթյակը, որտեղ գտնվում էր Լյուսիենը։— Դուք, որ հետաքրքրվում եք նրանով, պետք է նախազգուշացնեիք նրան, որ դա աններելի է։ Կարելի է ընթրել այդ աղջկա մոտ, կարելի է նույնիսկ այնտեղ... Բայց, արդարև, ես այլևս չեմ զարմանում, թե ինչու դը Գրանլյոները սառել են այդ տղայից, հենց նոր ես տեսա, թե ինչպես նրան մերժեցին ընդունել։

— Այդ կագի աղջիկները շա'տ են վտանգավոր,-ասաց տիկին դը Սերիզին` դիտակով նայելով Եսթերի օթյակին։

— Այո,— ասաց դուքսը,— այնքան, ինչքան կարող են և ինչքան ուզում են...

— Նրանք կսնանկացնեն Լյուսիենին,— ասաց տիկին դը Սերիզին,— որովհետև, ինչպես ինձ ասել են, նրանք թանկ են նստում, միևնույնն է, վճարովի՞ են, թե ոչ։

— Բայց ո՛չ նրան...— պատասխանեց երիտասարդ դուքսը` զարմացած տեսք ընդունելով։— Այդ աղջիկների վրա նա չի ծախսում. անհրաժեշտության դեպքում նրանք նույնիսկ փող կտան նրան։ Նրանք բոլորն էլ նրա հետևից են վազում։

Կոմսուհու շրթունքները դողացին, բայց դժվար թե ջղա¬յին այդ ծամածռությունը ժպիտ համարվեր։

— Դե լա՛վ,— ասաց Եսթերը,— ժամ տասներկուսին եկ ինձ մոտ ընթրիքի։ Բե՛ր Բլոնդեին և Ռաստինյակին։ Գոնե երկու զվարճախոս անձնավորություններ կլինեն, և ինը հոգուց ավելի չենք լինի։

— Պետք է որևէ պատրվակ գտնել բարոնին ուղարկելու, որպեսզի այստեղ բերի Եվրոպային, իբր թե Ասիային ընթրիքի մասին նախազգուշացնելու համար. դու Եվրոպային կպատմես, թե ինչ է պատահել ինձ հետ. պետք է նախազգուշացնել Կարլոսին, նախքան նաբաբի` նրա ձեռքն ընկնելը։ — Այդ կանեմ,— ասաց Եսթերը։

Այսպիսով, առանց իր գիտության, Պեյրադը, հավանաբար, շուտով լինելու էր նույն այն հարկի տակ, որտեղ իր հակառակորդն էր։ Վագրը գալիս էր առյուծի որջը, և այն էլ, պահակներով շրջապատված առյուծի որջը։

Երբ Լյուսիենը նորից մտավ տիկին դը Սերիզիի օթյակր, կոմսուհին, փոխանակ նրա կողմը շրջվելու, նրան ժպտալու և իր շրջազգեստը հավաքելու, որպեսզի նրան տեղ տա իր կողքին, ձևացրեց, որ ամենափոքր ուշադրություն իսկ չի դարձնում ներս մտնողին, և շարունակեց դիտակով նայել դահլիճին։ Բայց նրա ձեռքի դողից Լյուսիենը կռահեց, որ կոմսուհին համակված էր այն տանջալից հուզմունքով, որով քավում են արգելված երջանկությունը։ Այնուամենայնիվ, Լյուսիենն անցավ օթյակի առաջակողմը և տեղավորվեց դիմացի անկյունում, իր և կոմսուհու միջև թողնելով մի փոքրիկ տարածություն. հենվելով օթյակի բազրիքին, նա իր կզակը դրեց ձեռնոցավոր ձեռքին. ապա կիսաշրջվեց, սպասելով, որ կոմսուհին խոսի։ Գործողության կեսն անցել էր, բայց կոմսուհին ոչ մի բառ դեռ չէր փոխանակել և չէր էլ նայել նրան։

— Ես չգիտեմ,— ասաց նա վերջապես,— թե դուք ինչու համար եք այստեղ, ձեր տեղը օրիորդ Եսթերի օթյակում է։

— Գնում եմ այնտեղ,— ասաց Լյուսիենը, և դուրս եկավ առանց կոմսուհուն նայելու։

— Ա՜հ, սիրելիս,— ասաց տիկին դյու Վալ-Նոբլը, Եսթերի օթյակը մտնելով Պեյրադի հետ, որին բարոն դը Նյուսինգենը չճանաչեց,— ես շատ ուրախ եմ, որ կարող եմ քեզ ներ¬կայացնել պարոն Սամուել Ջոնսոնին. նա պարոն դը Նյուսինգենի տաղանդի երկրպագուներից է։

— Իսկապե՞ս, պարոն,— ասաց Եսթերը` ժպտալով Պեյրադին։

— О! yes, շաթ,— ասաց Պեյրադը։

— Ահա, բարոն, մի ֆրանսերեն, որը մոտավորապես նման է ձեր ֆրանսերենին, ինչպես ստորին Բրետայնի բարբառը` բուրգոնդականին։ Ես շատ պիտի զվարճանամ, լսելով ձեզ ֆինանսների մասին զրուցելիս. գիտե՞ք, թե ինչ եմ ես պահանջում ձեզնից, պարոն նաբաբ, ծանոթացնելու համար իմ բարոնի հետ,— ասաց Եսթերը ժպտալով։

Օ՜... ես ցեզ շնորհակալ, որ դուք ինզ ներքայացնում եք սըռ բերոնետ։

— Այո,— շարունակեց Եսթերը։— Պետք է ինձ հաճույք պատճառեք` ընթրելով ինձ մոտ… Մարդկանց իրար կապելու համար չկա ավելի ուժեղ ձյութ, քան Շամպայնի գինու շշի զմուռսը. դա զոդում է բոլոր գործերը, և հատկապես այնպի¬սիները, որոնց մեջ մարդ խճճվում է։ Եկեք այս երեկո, դուք կհանդիպեք հիանալի տղաների։ Իսկ ինչ վերաբերում է քեզ, իմ անուշիկ Ֆրեդերիկ,— ասաց նա բարոնի ականջին,— ձեր կառքն այստեղ է, թռեք Սեն-Ժորժ փողոց և ինձ բերեք Եվրոպային. մի երկու խոսք ունեմ նրան ասելու իմ ընթրիքի վերաբերյալ… Ես հրավիրել եմ Լյուսիենին, նա իր հետ կբերի երկու սրամիտ մարդկանց…— Մենք կհարկադրենք անգլիացուն անձնատուր լինել,— ասաց նա տիկին դյու Վալ-Նոբլի ականջին։

Պեյրադն ու բարոնը երկու կանանց մենակ թողին։

— Ա՜հ, թանկագինս, ինչքան խելացի պիտի լինես, եթե այդ հաստ անպիտանին հարկադրես անձնատուր լինել,— ասաց Վալ-Նոբլը։

— Եթե դա հնարավոր չեղավ, դու նրան մի շաբաթով ինձ փոխ կտաս,— պատասխանեց Եսթերը ծիծաղելով։

— Ոչ, դու նրան կես օր էլ չէիր պահի,— առարկեց տիկին դյու Վալ-Նոբլը։— Ես շատ քարթու հաց եմ կրծում, իմ ատամները կոտրվում են դրանից։ Իմ կյանքում ես չեմ ուզում այլևս երջանկացնել որևէ անգլիացու… Դրանք բոլորն էլ սառը եսամոլներ են, զգեստավոր խոզեր…

— Ինչպե՜ս թե, ոչ մի հարգա՞նք,— ասաց Եսթերը ժպտալով։

— Ընդհակառակն, սիրելիս, այդ հրեշը դեռ ինձ դու չի ասել։

— Եվ ո՞չ մի դրության մեջ,— ասաց Եսթերը։

— Թշվառականը ինձ միշտ կոչում է տիկին և լիակատար սառնություն է պահպանում նույնիսկ այն րոպեներին, երբ բոլոր տղամարդիկ ավելի կամ նվազ չափով փաղաքուշ են։ Սերը, գիտես, ազնիվ խոսք, նրա համար նույնն է, ինչ սափրվելը։ Նա սրբում է իր ածելիները, դրանք դնում տուփի մեջ, նայում հայելուն և կարծես ուզում է ասել. «Ես իմ երեսը չեմ կտրել»։ Հետո նա ինձ հետ վարվում է այնպիսի հարգանքով, որ գժվել կարելի է։ Այդ եղկելի միլորդ Մսապուտուկի համար զվարճություն է, որ ես խեղճ Թեոդորին ամբողջ տասներկու ժամ հարկադրված եմ լինում թաքցնել արդուզարդի սենյակում. վերջապես, նա փորձում է ամեն բանում ինձ հակառակել։ Եվ ժլատ է… ինչպես Գոբսեկն ու Ժիգոնեն` միասին վերցրած։ Նա ինձ ճաշի է տանում և վերադարձին չի վճարում կառքի համար, եթե պատահաբար, իմ կառքով չեմ գնացել։

— Լավ,— ասաց Եսթերը,— իսկ ի՞նչ է տալիս քեզ այդ ծառայության համար։

— Օ՜, թանկագինս, բացարձակապես ոչինչ։ Ամսական հարյուր ֆրանկ և կառքի վարձը։ Բայց այդ ի՞նչ է որ… Այն կառքերից է, որ նպարավաճառները վարձում են ամուսնության օրы քաղաքապետարան, եկեղեցի և «Կադրան Բլյո» գնալու համար։ Նա հոգիս հանում է իր հարգանքով։ Եթե ես փորձեմ լինել ջղային կամ վատ տրամադրության մեջ, նա չի բարկանում, նա ինձ ասում է. «Այ ուզում եմ, nր միլեդին ունենա իր ազաթությունը, որովհետև ոչինչ այնքան աթելի չէ-ոչ ջենդլմեն-քան երբ երիթասարդն ասում է լավիք քնոջ.— «Դուք փամփակի մի հաք եք, ափրանք։ Այ ժուժալության և հաքասթրքության ընքերության անթամ եմ»։ Եվ իմ անպիտանը մնում է դժգույն, չոր, սառը, դրանով հասկացնելով, որ հարգում է ինձ, ինչպես կհարգեր մի նեգրի, և որ այդ նրա սրտից չի բխում, այլ աբոլիցիոնիստի իր համոզմունքներից։

— Անհնար է ավելի ստոր լինել,— ասաց Եսթերը,— բայց ես կսնանկացնեի նրան։

— Նրա՜ն սնանկացնել,— առարկեց տիկին դյու Վալ-Նոբլը,— դրա համար պետք էր, որ նա ինձ սիրեր… Բայց, դու ինքդ էլ չէիր կամենա նրանից մի երկու գրոշ խնդրել. նա լրջորեն ձեզ կլսեր և բրիտանական այն ձևերով, որոնց համեմատությամբ ապտակն ավելի հաճելի է, քեզ կասեր, որ նա բավական թանկ է վճարում «այն պոքրիկ բանի համար, ինչփես սերն է կյանքում»։

— Սարսափելի է, երբ մտածում ես, որ մեր դրության մեջ կարելի է հանդիպել դրա նման տղամարդկանց…— բացականչեց Եսթերը։

— Ա՜հ, թանկագինս, քո բախտր բանեց… Լա՛վ հոգ տար քո Նյուսինգենին։

— Բայց քո նաբաբի մտքում ինչ-որ բա՛ն կա։

— Նույն բանն ինձ ասաց և Ադելը,-պատասխանեց դյու Վալ-Նոբլը։

— Թերևս այդ մարդը, սիրելիս, ուզում է, որ կինն իրեն ատի և հարմար րոպեին նրան վռնդի,— ասաց Եսթերը։

— Կամ թե, նա ուզում է Նյուսինգենի հետ գործեր բռնել, և ինձ է ընտրել, իմանալով, որ մենք մոտիկ ենք. այդպես է մտածում Ադելը,— շարունակեց տիկին դյու Վալ-Նոբլը։ — Ահա թե ինչու, ես նրան այս երեկո ներկայացրի քեզ։ Ա՜հ, եթե ես համոզված լինեմ, որ նա մտադրություններ ունի, ինչպե՜ս կուզենայի համաձայնության գալ քեզ և Նյուսինգենի հետ։

— Դու երբեք չե՞ս բորբոքվում,— ասաց Եսթերը,— և երբեմն-երբեմն երեսին չե՞ս շպրտում իր վարմունքը։

— Եթե դո ւ փորձեիր, դու ավելի խորամիտն ես… Մե՛կ է, հակառակ քո նազելիությանը, նա քեզ կսպաներ իր ցրտաշունչ ժպիտներով. նա քեզ կպատասխաներ «Ես փայքարում եմ սթրկության դեմ. դուք ազաթ եք...»։ Դու նրան կասես ամենազվարճալի բաներ, նա քեզ կնայի ու կասի` Very good[25] և կնկատես, որ նրա աչքերում դու այլ բան չես, բայց եթե մի պոլիշինել։

— Իսկ եթե բարկանա՞ս։

— Միևնույնն է։ Այդ նրա համար զվարճալի ներկայացում կլինի։ Եթե կտրատես նրա կրծքի ձախ կողմը, այդ նրան ոչ մի ցավ չի պատճառի, նրա փորոտիքը պետք է, որ թիթեղից լինի։ Ես նրան այդ մասին ասացի։ Նա ինձ պատասխանեց. «Ես շաթ քոհ եմ այթ ֆիզիքալ հաթքությունից»։ Եվ շարունակ քաղաքավարի է, թանկագինս, նրա հոգին ձեռնոցով է։ Է՛լի` մի քանի օր ես պիտի շարունակեմ երկարացնել այս նահատակությունը` բավարարելու համար իմ հետաքրքրասիրությունը. այլապես ես կհարկադրեի Ֆիլիպին, որն ան¬զուգական է սրամարտում, ապտակել իմ լորդին. ուրիշ բան չի մնում անել...

— Ես հենց այդ էի ուզում քեզ ասել,— բացականչեց Եսթերը,— բայց դու պետք է նախապես իմանաս, թե արդյոք նա ծանո՞թ է բռնցքամարտին, որովհետև այդ ծեր անգլիա¬ցիները, թանկագինս, շատ սատանա են։

— Նրա նմանը չես գտնի... Եթե դու տեսնեիր, նա ինչպես է ինձ հարցնում, թե որ ժամին ինքը կարող է ներկայանալ, որպեսզի ինձ տանը գտնի (ինքնըստինքյան հասկանալի է), և հարգանքի ինչպիսի արտահայտությամբ, իր ասած ջենտլմենային ձևով, դու կասեիր. «Ահա՛ պաշտված մի կին», և բոլոր կանայք նույնը կասեին...

— Եվ մեզ նախանձո՜ւմ են, թանկագինս,— ասաց Եսթերը։

— Թո՛ղ...— գոչեց տիկին դյու Վալ-Նոբլը։— Գիտես, մենք բոլորս էլ առավել կամ նվազ չափով իմացել ենք մեր կյանքում, թե որքան քիչ են հաշվի առնում մեզ. բայց, թանկագինս, ես երբեք այդպես անողոքաբար, այդքան խոր և այդպես լիակատար չեմ ստորացել կոպտությունից, որքան պորտվեյնով լեցուն այդ հաստ տիկի հարգանքից։ Երբ նա հարբած է, հեռանում է թհաչ չլինելու համար, ինչպես ասաց նա Ադելին, և, միաժամանակ, որպեսզի չգտնվի երկու ուժեռի` կնոջ ու գինու, իշխանության ներքո։ Նա չարաշահում է իմ կառքը, նա դրանից ավելի է օգտվում, քան ես... Օ՜, եթե մենք կարողանայինք այս երեկո նրան այնքան խմացնել, որ փռվի սեղանի տակ... Բայց նա խմում է տասը շիշ և միայն կատարն է տաքանում, թեպետ աչքերը պղտորվում են, բայց հստակ է տեսնում։

— Այն մարդկանց պես, որոնց լուսամուտի փեղկերը կեղտոտ են դրսից,— ասաց Եսթերը,— և որոնք ներսից տեսնում են, թե ինչ է կատարվում դուրսը... Ինձ ծանոթ է տղամարդկանց այդ հատկությունը. դյու Տիյեի մոտ այդ ունակությունը խիստ զարգացած է։

— Աշխատիր, որ դյու Տիյեն լինի քեզ մոտ, և եթե նա և Նյուսինգենը միասին կարողանային դրան քաշել իրենց կոմբինացիաներից որևէ մեկի մեջ, այդպիսով գոնե վրեժս կլուծեի... Նրանք մուրացկանության կհասցնեին նրան։ Ա՜հ, ընկնել մի բողոքական կեղծավորի ձեռքր, այն էլ այդ խեղճ Ֆալերից հետո, որն այնքան զվարճախոս էր, այնքան լավ տղա և այնպես ծաղրասեր։ Ինչքա՜ն ենք ծիծաղել... Ասում են, որ բորսային միջնորդները բոլորն էլ տխմար են… Բայց նա միայն մի անգամ հիմարացավ...

— Երբ քեզ թողեց առանց սուի։ Հենց դրանից էլ դու ճանաչեցիր հաճույքի անախորժությունները։

Եվրոպան, որին բերեց պարոն դը Նյուսինգենը, իր իժային գլուխը ներս խոթեց դռնից և, լսելով իր տիրուհու կողմից ականջին ասված մի քանի խոսքերը, անհետացավ։

Ժամը տասնմեկ և կեսին հինգ կառք կանգնեց Սեն-Ժորժ փողոցում, հռչակավոր կուրտիզանուհու դռանը. կառքերից մեկը Լյուսիենին էր, որ եկել էր Ռաստինյակի, Բլոնդեի և Բիսիուի հետ, ապա դյու Տիյեի, բարոն դը Նյուսինգենի, նաբաբի և Ֆլորինի կառքերը. վերջինին հրապուրել էր դյու Տիյեն։ Լուսամուտների եռակի շրջանակները ծածկված էին չինական հոյակապ վարագույրների ծալքերով։ Ընթրիքը պետք էր մատուցվեր ժամը մեկին, մոմերը բոցավառվում էին, փոքրիկ հյուրասրահն ու ճաշասրահը փայլում էին իրենց ճոխությամբ։ Նախատեսվում էր շվայտության այն գիշերներից մեկը, որոնց կարող էին դիմանալ միայն այդ երեք կանայք և այդ տղամարդիկ։ Նախ խաղաքարտի նստեցին, որովհետև պետք էր սպասել մոտավորապես երկու ժամ։

— Խաղո՞ւմ եք, միլորդ, — ասաց դյու Տիյեն Պեյրադին։

Ես խահացել Օ’Կոննելի, Պիտտի, Ֆոքսի, Կաննինգի, լորդ Բրուգեմի, լորդ...

— Մեկից ասացեք` անսահման քանակությամբ լորդերի հետ,— ասաց նրան Բիսիուն։

— Լորդ Ֆից-Վիլյամի, լորդ Էլլենբորոյի, լորդ Էրտֆորտի, լորդ...

Բիսիուն նայեց Պեյրադի կոշիկներին և կռացավ։

— Ի՞նչ ես փնտրում,— ասաց Բլոնդեն։

— Սատանա՛ն տանի, զսպանակն է փնտրում, որ հուպ տա` մեքենան կանգնեցնելու համար,— ասաց Ֆլորինը։

— Խաղո՞ւմ եք ոսկրանիշը քսան ֆրանկ,— ասաց Լյուսիենը։

Ես խահում եմ փոլորը, ինչ դուք քուզեք քորցնել...

— Ինչպիսի՞ն է...— ասաց Եսթերը Լյուսիենին։— Բոլորը նրան անգլիացու տեղ են դնում...

Դյու Տիյեն, Նյուսինգենը, Պեյրադը և Ռաստինյակը նստեցին վիստ խաղալու։ Ֆլորինը, տիկին դյու Վալ-Նոբլը, Եսթերը, Բլոնդեն, Բիսիուն տեղավորվեցին կրակի մոտ զրուցելու։ Լյուսիենն այդ ժամանակ զբաղվեց քանդականկարների մի հոյակապ գիրք թերթելով։

— Սեղանը պատրաստ է, տիկին,— ասաց Պակկարը` հիանալի վերազգեստավորված։

Պեյրադին նստեցրին Ֆլորինի ձախ կողմը, աջ կողմում` Բիսիուն, որին Եսթերը հանձնարարել էր չափից ավելի խմացնել նաբաբին` մրցության կանչելով։ Բիսիուն կարող էր անվերջ խմել։ Իր ամբողջ կյանքում Պեյրադը երբեք ո՛չ տեսել էր նման պերճանք, ո՛չ ճաշակել նման կերակուրներ և ո՛չ էլ հանդիպել այդչափ սիրուն կանանց։

— «Ես այս երեկո վայելք զգացի հազար էկյուի չափ, որ ինձ արդեն նստել է Վալ-Նոբլը,— մտածեց նա,— բացի այդ, հենց նոր ես հազար ֆրանկ տարա նրանցից»։

— Ահա մի օրինակ, որին պետք է հետևել,— ասաց նրան տիկին դյու Վալ-Նոբլը, որը Լյուսիենի կողքին էր նստել, և մի շարժումով ցույց տվեց ճաշասրահի շքեղ զարդարանքները։

Եսթերը Լյուսիենին նստեցրել էր իր կողքին և նրա ոտքը սեղմել էր իր ոտքերի մեջ, սեղանի տակ։

— Լսո՞ւմ եք,— ասաց Վալ-Նոբլը,— նայելով Պեյրադին, որը կույր էր ձևանում,— ահա, թե ինչպիսի տուն եմ ուզում, որ դուք ինձ համար կահավորեք։ Երբ Հնդկաստանից են վերադառնում միլիոններով և ուզում են գործ բռնել Նյուսինգենի հետ, պետք է հավասարվել նրա մակարդակին։

Եu ժուժքալության ընքերության անթամ եմ...

— Նշանակում է, դուք պետք է թունդ խմեք,— ասաց Բիսիուն,— որովհետև Հնդկաստանը շատ շոգ է, հորեղբա՛յր։

Բիսիուի կատակախոսություններն ընթրիքի ընթացքում այն էին, որ նա Պեյրադի հետ վարվում էր որպես Հնդկաստանից եկած իր հորեղբայրներից մեկի։

Դիկին դի Ֆալ-Նոպլն ինց ասել է, որ դուկ ինչ-nր մտատրություններ ունեք,— հարցրեց Նյուսինգենը` զննելով Պեյրադին։

— Ահա, թե ես ինչ էի ուզում ասել,— ասաց դյու Տիյեն Ռաստինյակին,— այս երկու խառնալեզու մարդկանց զրույցը։

— Դուք կտեսնեք, որ նրանք ի վերջո իրար կհասկանան,— ասաց Բիսիուն, որը կռահեց, թե դյու Տիյեն ինչ ասաց Ռաստինյակին։

Սըռ բերոնետ, այ մթացել մի լիտր սպեկուլեշեն, օ՜, վերի քոնֆորթաբլ... և շաթ մեց oքութ ու շահույթ...

— Դուք հիմա կտեսնեք,— ասաց Բլոնդեն դյու Տիյեն,— որ նա մի րոպե չի խոսի, առանց հիշելու պառլամենտը և անգլիական կառավարությունը։

Դա Չինասթանում... օբիումի համար...

Այո, ես կիդեմ,— ասաց իսկույն Նյուսինգենը, որպես մի մարդ, որին քաջ ծանոթ է իր առևտրական աշխարհը,— պայց անկլիական գառավարությունը օբիումը դառցրել է միջոց Չինասդանը ձեռկում բահելու համար, և մեց տույլ չի դա...

— Նյուսինգենը նրանից վերցրեց կառավարության մասին խոսելու առաջնությունը,— ասաց դյու Տիյեն Բլոնդեին։

— Ա՜հ, դուք օպիումի առևտուր եք արել,— բացա կանչեց տիկին դյու Վալ-Նոբլը,— ես հիմա եմ հասկանում, թե ինչու եք այդպես թմրեցնող, ձեր սրտի մեջ է մնացել դա…

Դեսե՛ք,— բղավեց բարոնը օպիումի կարծեցյալ վաճառականին և նրան ցույց տալով տիկին դյու Վալ-Նոբլին,— դուկ ինց նման եք... երպեք միլիոնատերերը չեն գարողանում իրենց սիռել դալ կանանց։

Ինց շաթ և հաչախ են սիռել միլեդիները,— պատասխանեց Պեյրադը։

— Միշտ էլ ժուժկալության պատճառով,— ասաց Բիսիուն, որը Պեյրադին կոնծել էր տվել բորդոյի գինու երրորդ շիշը և արդեն անցել էր պորտվեյնի նոր շշին։

— Օ՜,— բացականչեց Պեյրադը.— սա պորտուգալական լավ քինի է Անգլիայից...

Բլոնդեն, դյու Տիյեն և Բիսիուն ժպտալով իրար նայեցին։ Պեյրադն ընդունակ էր ամեն ինչ թաքցնելու, նույնիսկ իր խելքը։ Քիչ անգլիացիներ կգտնվեն, որ չուզենան պնդել, թե ոսկին ու արծաթն Անգլիայում ավելի լավ են, քան որևէ այլ տեղում։ Նորմանդիայից Լոնդոնի շուկան բերված ճտերն ու ձվերը իրավունք են տալիս անգլիացիներին պնդելու, որ Լոն¬դոնի ճտերն ու ձվերն ավելի ընտիր են (Very fines) Փարիզի ճտերից ու ձվերից, որ բերվում են նույն վայրերից։ Եսթերն ու Լյուսիենը ապշել էին Պեյրադի զգեստի, խոսելու եղանակի ու հանդգնության կատարելությունից։ Բոլորն էլ լավ խմում և ուտում էին, զրուցելով ու ծիծաղելով մինչև առավոտվա ժամը չորսը։ Բիսիուն մտածեց, որ տարել է մեկն այն հաղթանակներից, որոնց մասին զվարճալիորեն պատմված է Բրիյա-Սավարենի գրքում։ Բայց այն րոպեին, երբ նա, իր հորեղբորը բաժակ առաջարկելիս, ասում էր «Ես հաղթեցի Անգլիային»… Պեյրադն այդ դաժան հեգնողին պատասխանեց. «Փչի՛ր տղաս», իսկ դա միայն Բիսիուն լսեց։

— Դե՛, բոլորդ էլ լսեք. նա նույնքան է անգլիացի, որքան ես… Հորեղբայրս գասկոնցի է… Ես չէի կարող ունենալ այլ հորեղբայր։

Բիսիուն մենակ էր Պեյրադի հետ, այնպես որ ոչ ոք չլսեց այդ մերկացումը։ Պեյրադն աթոռից ընկավ գետին։ Պակկարն իսկույն բռնեց Պեյրադին, տարավ ձեղնահարկը, որտեղ սա քնեց խորունկ քնով։ Երեկոյան ժամը վեցին նաբաբն զգաց, որ իրեն զարթեցնում են, դեմքը շփելով թաց սրբիչով. նա իրեն գտավ շարժական կոպիտ մահճակալի վրա. նրա մոտ կանգնած էր Ասիան դիմակավորված և սև դոմինոյով փաթաթված։

— Ա՜, հայրիկ Պեյրադ, մաքրենք հաշիվները,— ասաց նա։

— Որտե՞ղ եմ ես...— ասաց Պեյրադը` նայելով շուրջը։

— Լսեցեք ինձ և կզգաստանաք,— պատասխանեց Ասիան։— Եթե դուք չեք սիրում տիկին դյու Վալ-Նոբլին, գոնե ձեր աղջկան սիրում եք, այնպես չէ՞։

— Աղջկա՞նս,— բացականչեց Պեյրադը մռնչալով։

— Այո, օրիորդ Լիդիին...

— Հետո՞...

— Հետո այն, որ նա այլևս Մուանո փողոցում չէ, նա առևանգված է։

Պեյրադը մի ախ քաշեց, որ նման էր ճակատամարտի դաշտում ծանր վերքից մեռնող զինվորի հառաչին։

— Մինչ դուք անգլիացի էիք ձևանում, ուրիշները Պեյրադ էին ձևանում։ Ձեր փոքրիկ Լիդին կարծում էր, որ հետևում է իր հորը. նա վստահելի տեղում է... Օ՜, դուք նրան երբեք չեք գտնի, մինչև չդարմանեք ձեր հասցրած չարիքը…

— Ի՞նչ չարիք...

— Երեկ դը Գրանլյոյի տանը մերժել են ընդունել պարոն Լյուսիեն դը Ռյուբամպրեին։ Դա հետևանքն է քո և այն մարդու դավերին, որին մեր դեմ ես հանել։ Ո՛չ մի խոսք։ Լսի՛ր,— ասաց Ասիան, տեսնելով, որ Պեյրադը բերանը բաց է անում։— Դու քո աղջկան կստանաս մաքուր ու անբիծ,— շարունակեց Ասիան, ընդգծելով իր մտքերը, ամեն մի բառը շեշտելով,— միայն այն օրը, երբ արդեն մի օր առաջ պարոն Լյուսիեն դը Ռյուբամպրեն դուրս եկած կլինի Սուրբ Թովմաս Աքվինացու եկեղեցուց, ամուսնացած օրիորդ Կլոտիլդի հետ։ Եթե տասը օրից հետո Լյուսիեն դը Ռյուբամպրեն առաջվա նման չընդունվի դը Գրանլյոների տանը, նախ` քեզ կոչնչացնեն, և ոչ մի բան չի կարող քեզ փրկել սպառնացող հարվածից... Ապա, երբ կզգաս հարվածը, քեզ ժամանակ կտան, որ մեռնելուց առաջ, ինքդ քեզ ասես. «Իմ աղջիկն ամբողջ կյանքում պոռնիկ է լինելու...»։ Թեպետ դու հիմարացար և այդ որսը թողիր մեր մագիլներում, այնուամենայնիվ, բավականաչափ խելք ունես, որպեսզի խորհրդածես մեր կառավարության այս հաղորդագրության մասին։ Մի՛ հաչի, ոչ մի բառ մի՛ ասի, գնա՛ փոխիր զգեստդ Կոնտանսոնի մոտ, վերադարձիր քո տունը, և Կատտը քեզ կասի, որ քո խոսքերի հիման վրա քո փոքրիկ Լիդին դուրս է եկել տանից և այլևս չի երևացել։ Եթե դու գանգատվես, մի որևէ քայլ կատարես, ապա կսկսեն այն բանից, ինչ որ ես քեզ ասացի քո աղջկա վերաբերյալ. նրան խոստացել են դը Մարսեին։ Կանկոելի հայրիկի հետ հարկավոր չէ ո՛չ ճամարտակել և ո՛չ էլ ձևականություններ անել, այնպես չէ՞… Իջի՛ր և լավ մտածիր, որ այլևս կարիք չկա մեր գործերի մեջ քո քիթը խոթել։

Ասիան Պեյրադին թողեց խղճալի վիճակում. ամեն մի բառ մահակի հարված էր։ Լրտեսի աչքերից հոսող արտասուքները նրա այտերի վրա երկու խոնավ հետք էին կազմել։

— Պարոն Ջոնսոնին ճաշի են սպասում,— ասաց Եվրոպան, մի րոպեից հետո երևալով կիսաբաց դռան մեջ։

Պեյրադը չպատասխանեց. նա ցած իջավ, հասավ մինչև կառքերի կայանը, շտապեց հագուստը փոխել Կոնտանսոնի մոտ, որին նա ոչ մի խոսք չասաց, վերափոխվեց հայր Կանկոելի և ժամը ութին մտավ իր տունը։ Նա թրթռացոզ սրտով բարձրացավ սանդուղներով։ Երբ ֆլամանդուհին լսեց իր տիրոջ ձայնը, այնպե՛ս միամտորեն հարցրեց. «Իսկ օրիորդն ո՞ւր է», որ լրտեսը հարկադրված եղավ հենվել պատին։ Նա չէր կարող տանել այդ հարվածը։ Մտավ իր աղջկա սենյակը և այնտեղ ցավից ուշաթափվեց` տեսնելով բնակարանը դատարկ և լսելով Կատտին, որը պատմում էր այնպես ճարպկորեն սարքված առևանգման հանգամանքների մասին, ասես ինքը՝ Պեյրադն էր այդ հղացել։

«Դե՛,— ասաց ինքն իրեն,— պետք է խոնարհվել, ես վրեժխնդիր կլինեմ հետագայում, գնամ Կորանտենի մոտ… Ահա առաջին անգամն է, որ հանդիպում ենք իսկական հակառա¬կորդների։ Թող Կորանտենը չխանգարի այդ գեղեցիկ տղային ամուսնանալու թեկուզ կայսրուհիների հետ, եթե ուզում է… Ա՜հ, հիմա եմ ես հասկանում, թե ինչու իմ աղջիկը սիրել էր նրան հենց առաջին իսկ հանդիպումից… Օ՜, իսպանացի քահանան իր գործը լավ գիտի… Արիությո՛ւն, Պեյրադ հայրիկ, ձեռքից բաց թող որսդ։

Խեղճ հայրը չէր ենթադրում, թե ինչպիսի հարված էր նրան սպասում։

Հասնելով Կորանտենի տունը, Բրունոն, վստահելի սպասավորը, որը ճանաչում էր Պեյրադին, ասաց նրան.

— Պարոնը մեկնել է։

— Երկա՞ր ժամանակով։

— Տասը օրով։

— Ո՞ւր։

— Չգիտեմ։

— «Օ՜, Աստված իմ, ես բթանում եմ, հարցնում եմ, ո՞ւր… կարծես թե մենք նրանց այդ հայտնում ենք»,— մտածեց նա։

Սեն-Ժորժ փողոցում, Պեյրադի զարթնելուց մի քանի ժամ առաջ, Կորանտենը, Պասիի իր կալվածքից վերադառնալով, ներկայացավ դուքս դը Գրանլյոյին մի հարուստ տան սենեկապետի զգեստով։ Նրա սև ֆրակին կար Պատվի լեգիոնի ժապավեն։ Նա ընդունել էր պուդրած մազերով, խիստ խորշոմած և կապարագույն ծերունու տեսք։ Աչքերին դրել էր խեցիե շրջանակով ակնոց։ Վերջապես, նա գրասենյակի ծեր պետի երևույթ ուներ։ Երբ հայտնեց իր անունը (պարոն դը Սեն-Դընի), նրան առաջնորդեցին դուքս դը Գրանլյոյի աշխատասենյակը, որտեղ նա տեսավ Դերվիլին. վերջինս կարդում էր այն նամակը, որ Կորանտենն անձամբ էր թելադրել իր գործակալներից մեկին, այն համարին, որ գրագրություններն էր վարում։ Դուքսր մի կողմ տարավ Կորանտենին, նրան բացատրելու այն բոլորը, ինչ հայտնի էր Կորանտենին։ Պարոն դը Սեն-Դընին լսեց սառնությամբ, հարգալից, զվարճացավ, ուսումնասիրելով այդ իշխանազունին, ասես շուռ էր տալիս թավիշ հագած այդ մարդու աստառը, մերկացնելով այդ կյանքը, որի թե՛ ներկան և թե՛ ապագան լեցուն էր վիստի խաղով և Գրանլյո գերդաստանի տոհմի պատվի պահպանման հոգսերով։ Իսկական իշխանազունները մարդկանց հետ ունեցած գործնական հարաբերություններում այնքան են միամիտ, որ Կորանտենը, քաղաքավարի մի քանի հարցեր տալուց հետո, արդեն հանդուգն տեսք ընդունեց։

— Եթե դուք համաձայն եք, պարոն,— ասաց Կորանտենը Դերվիլին, երբ նրան պատշաճ ներկայացրին հավատար¬մատարին,— մենք հենց այս երեկո կմեկնենք Անգուլեմ` Բորդոյի հանրակառքով, որը նույնքան արագ է ընթանում, որ¬քան փոստակառքը։ Պարոն դուքսի համար անհրաժեշտ տե¬ղեկություններ ձեռք բերելու նպատակով հարկավոր է մնալ այնտեղ վեց ժամից ոչ ավելի։ Եթե ես ճիշտ հասկացա ձերդ գերազանցությանը, ապա բավական է իմանալ, թե պարոն դը Ռյուբամպրեի քույրն ու փեսան կարո՞ղ էին նրան տված լինել մեկ միլիոն երկու հարյուր հազար ֆրանկ…— ասաց նա` նայելով դուքսին։

— Կատարելապես ճիշտ է,— ասաց Ֆրանսիայի պերը։

— Մենք այստեղ կլինենք չորս օրից հետո,— շարունակեց Կորանտենը` նայելով Գերվիլին,— և այդպիսի կարճ ժամկետում մեր հետաձգած գործերը չեն կարող տուժել։

— Այդ միակ առարկությունն էր, որ ես ունեի նորին գե¬րազանցությանը։ Ժամը չորսն է, ես տուն եմ գնում իմ ավագ գրագրին մի քանի պատվերներ տալու և ճանապարհի կապոցս պատրաստելու համար, և ճաշելուց հետո, ժամը ութին կլինեմ… Բայց մենք տեղ կունենա՞նք հանրակառքում,— հարց¬րեց նա պարոն դը Սեն-Դընիին` ընդհատելով խոսքը։

— Այդ գործը ես կկարգավորեմ,— ասաց Կորանտենը,— ժամը ութին եղեք կենտրոնական գրասենյակի բակում։ Եթե տեղեր չլինեն, ես կհրամայեմ, որ ճարեն, ահա թե ինչպես պետք է ծառայել նորին գերազանցություն դուքս դը Գրանլյոյին։

— Պարոնա՛յք,— ասաց դուքսը, ծայրահեղ սիրալիրու¬թյամբ,— ես առայժմ շնորհակալություն չեմ հայտնում ձեզ…

Կորանտենը և հավատարմատարը, որոնք այդ խոսքերն ընդունեցին որպես հրաժեշտի նշան, գլուխ տվին և դուրս եկան։ Այն պահին, երբ Պեյրադը հարցաքննում էր Կորանտենի ծառային, պարոն դը Սեն-Դընին և Դերվիլը, Բորդոյի հան¬րակառքում նստած, լռելյան դիտում էին իրար` հեռանալով Փարիզից։ Հաջորդ օրն առավոտյան, Օռլեանից Տուր տանող ճանապարհին, Դերվիլը, լռությունից ձանձրացած, դարձավ զրուցասեր, իսկ Կորանտենը հաճեց զբաղեցնել նրան, բայց պահպանելով չափի զգացումը։ Հավատացրեց նրան, որ ինքը պատկանում է դիվանագիտական աշխարհին և հույս ունի շուտով նշանակվել գլխավոր հյուպատոս դուքս դը Գրանլյոյի հովանավորությամբ։ Փարիզից մեկնելուց երկու օր հետո Կորանտենը և Դերվիլը կանգ առան Մանլում, ի մեծ զարմանս հավատարմատարի, որը կարծում էր, թե Անգուլեմ պիտի գնային։

— Մենք այս փոքրիկ քաղաքում,— ասաց Կորանտենը Դերվիլին,— ճշգրիտ տեղեկություններ կստանանք տիկին Սեշարի մասին։

— Ուրեմն, դուք նրան ճանաչո՞ւմ եք,— հարցրեց Գերվիլը, զարմացած, որ Կորանտենն այդքան իրազեկ էր։

— Ես խոսեցրի կառապանին, իմանալով, որ նա Անգուլեմից է։ Նա ինձ ասաց, որ տիկին Սեշարն ապրում է Մարսակում, իսկ Մարսակը Մանլից մի մղոն է հեռու։ Ես մտածեցի, որ ճշմարտությունը պարզելու համար շատ ավելի հարմար է մնալ այստեղ, քան Անգուլեմում։

— «Վերջ ի վերջո,— մտածեց Գերվիլը ,— ես, ինչպես պարոն դուքսն է կարգադրել, միայն վկա եմ այն հետախուզությունների, որ պետք է կատարի այս լիազորված մարդը»։

Մանլի «Աստղազարդ երկինք» ցուցանակով պանդոկի տերն այն ճարպակալած ու գեր մարդկանցից էր, որոնց վախենում ես կենդանի չտեսնել վերադարձին, և որոնք, տասը տարի հետո էլ, իրենց դռան շեմքին են կանգնած լինում, էլի նույն գիրությամբ, բամբակյա նույն գլխանոցով, նույն գոգնոցով, նույն դանակով, նույն ճարպոտ մազերով, նույն եռակի կզակով, մարդիկ, որոնց նկարագրել են բոլոր վիպասանները` սկսած անմահ Սերվանտեսից մինչև անմահ Վալտեր Սկոտը։ Չէ՞ որ այդ բոլոր պանդոկապետներն էլ հավակնում են, թե գիտակ են խոհարարական արվեստին, միշտ պատրաստ են ձեզ ամեն ինչ մատուցել և վերջում ձեզ մատուցում են վտիտ մի ճուտիկ և բանջարեղեն` կծված յուղով համեմված։ Նրանք բոլորն էլ գովում են իրենց ընտիր գինիները և ձեզ ստիպում խմել տեղական գինիներ։ Բայց դեռ երիտասարդ հասակից Կորանտենը սովոր էր պանդոկապետերից դուրս կորզել ավելի կարևոր տեղեկություններ, քան կասկածելի կերակուրներ և կեղծված գինիներ։ Դրա համար նա այդ հաստ մարդուն ասաց, որ իրենք եղածով կբավարարվեն, և ինքը միանգամայն վստահ է Մանլի լավագույն խոհարարի ճաշակին։

— Դե՛, ինձ համար դժվար լ լինել լավագույնը, ես միակն եմ,— պատասխանեց հյուրընկալը։

— Մատուցեք մեզ կողքի սենյակում,— ասաց Կորանտենը` աչքով նշան անելով Գերվիլին,— և մանավանդ չմոռանաք վառել բուխարին, մեր մատները փետացել են։

— Հանրակառքում տաք չէր,— ավելացրեց Դերվիլը։

— Մարսակն այստեղից հեռո՞ւ է,— հարցրեց Կորանտենը պանդոկապետի կնոջը, որն իջավ վերևից, իմանալով, որ հանրակառքն իրենց մոտ ուղևորներ է բերել գիշերելու։

— Դուք Մարսա՞կ եք գնում,— հարցրեց տիրուհին։

— Ես չգիտեմ,— պատասխանեց Կորանտենը մի փոքր չոր տոնով։— Մարսակն այստեղից հեռո՞ւ է,— նորից հարցրեց Կորանտենը, տիրուհուն ժամանակ տալով դիտելու իր կարմիր ժապավենը։

— Կառքով մի կես ժամվա ճանապարհ է,— ասաց պանդոկապետի կինը։

— Կարծո՞ւմ եք, որ տեր և տիկին Սեշարները ձմռանն էլ այնտեղ կլինեն։

— Անկասկած, նրանք ամբողջ տարին այնտեղ են ապրում։

— Ժամը հինգն է, ժամը իննին նրանք դեռևս քնած չեն լինի։

— Օ, մինչև տասը, նրանք ամեն երեկո հյուրեր ունեն, երեցը, բժիշկ պարոն Մարոնը։

— Պատվավո՞ր մարդիկ են,— ասաց Դերվիլը։

— Օ՜, պարոն, սերուցք են,— պատասխանեց պանդոկապետի կինը,— շիտակ, ազնիվ մարդիկ… և իսկապես ոչ փառասեր։ Պարոն Սեշարը, թեև հիմա էլ լավ է ապրում, բայց միլիոններ կունենար, եթե թույլ չտար, որ թղթագործության վերաբերյալ իր գյուտը իրենից գողանային, որից այժմ օգտվում են Կուենտե եղբայրները։

— Ա՜հ, այո՛, Կուենտե եղբայրները,— ասաց Կորանտենը։

— Դե՛, լռի՛ր, — ասաց պանդոկապետը։— Այս պարոնների ի՞նչ գործն է, թե պարոն Սեշարը թուղթ պատրաստելու համար գյուտի արտոնագիր ունեցել է, թե ոչ։ Այս պարոնները թղթի վաճառականներ չեն… Եթե դուք մտադիր եք գիշերն անցկացնել ինձ մոտ` «Աստղազարդ երկինք»-ում,— ասաց պանդոկապետը` դիմելով երկու ուղևորներին,— ահա մատ¬յանը, խնդրում եմ գրանցվել։ Անգործությունից մեր ժանդարմը միշտ մեր օձիքից է կպչում։

— Սատանա՛ն տանի,— ես կարծում էի, թե Սեշարները շատ հարուստ են,— ասաց Կորանտենը, մինչև Դերվիլը գրում էր իր անուն-ազգանունը և հավատարմատարի կոչումը` Սենի տրիբունալի առաջին ատյանում։

— Կան մարդիկ,— պատասխանեց պանդոկապետը,— որ նրանց միլիոնատեր են կարծում, բայց արգելել լեզուներին բլբլալ, այդ նույնն է, թե արգելել գետակին քչքչալ։ Հայր Սեշարը թողել է երկու հարյուր հազար ֆրանկի անշարժ կալվածք, ինչպես ասում են, և դա բավական է արդեն մի մարդու համար, որն սկզբում բանվոր է եղել։ Դե, մի այդքան էլ նա խնայողություններ կունենար, գուցե… Որովհետև, ի վերջո, նա իր կալվածքից ստանում էր տարեկան տասը-տասներկու հազար ֆրանկ։ Հետևապես, ենթադրենք, թե նա հիմար էր և իր փողերը, ամբողջ տասը տարի, տոկոսով չէր տվել, ահա հաշվեցեք։ Բայց թող լինի երեք հարյուր հազար ֆրանկ, եթե տոկոսով է տվել, ինչպես ենթադրում են, և ամեն ինչ պարզ է։ Հինգ հարյուր հազար ֆրանկը բավական հեռու է մեկ միլիոնից։ Եթե ես ունենայի միայն դրա տարբերությունը, չէի մնա «Աստղազարդ երկինք»-ում։

— Ինչպե՞ս,— ասաց Կորանտենը,— պարոն Դավիդ Սեշարն ու իր կինը երկու կամ երեք միլիոնի կարողություն չունե՞ն…

— Օ՜, ոչ,— բացականչեց պանդոկապետի կինը։— Այդքանը պարոնայք Կուենտեներն ունեն, որոնք կորզել են նրա գյուտը, նա Կուենտեներից քսան հազար ֆրանկ է ստացել միայն... էլ որտեղի՞ց կուզեիք, որ այդ պարկեշտ մարդիկ միլիոններ ունենային։ Նրանք շատ նեղություն են քաշել իրենց հոր կենդանության օրոք։ Առանց Կոբլի, նրանց կառավարչի, և տիկին Կոբլի, որ նրանց նույնքան նվիրված է, որքան իր ամուսինը, նրանք շատ դժվար կապրեին։ Վերբերին նրանց ի՞նչ էր բերում որ... Հազար էկյուի չափ եկամուտ...

Կորանտենը մի կողմ քաշեց Դերվիլին և ասաց.

— In vino veritas[26]։ Ճշմարտությունը գտնվում է խցաններում։ Ինձ համար պանդոկը որևէ տեղի բնակիչների քաղա¬քացիական կացության գրամատյան է. նոտարն այնքան իրազեկ չէ, որքան պանդոկապետը, այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում փոքրիկ բնակավայրում... Լսեցե՛ք։ Նրանք հավաստում են, որ մենք ճանաչում ենք այդ Կուանտեներին, Կոլբին և մյուսներին։ Պանդոկապետը բոլոր անցուդարձերի կենդանի մի տոմար է, նա ոստիկանության պարտականությունն է կատարում, առանց այդ մասին կասկածելու։ Որևէ կառավարության հարկավոր է պահել ամենաշատը երկու հարյուր լրտես, որովհետև Ֆրանսիայի պես մի երկրում կան տասը միլիոն ազնիվ լրտեսներ։ Բայց մենք ամբողջովին չպետք է հավատանք այդ տեղեկությանը, թեպետ այս փոքրիկ քաղաքում կիմանային, որ այստեղից անհետացել է մեկ միլիոն երկու հարյուր հազար ֆրանկ` դը Ռյուբամպրե կալվածքը գնելու համար։ Մենք այստեղ երկար չենք մնալու...

— Հուսով եմ,— ասաց Դերվիլը։

— Ահա թե ինչու,— շարունակեց Կորանտենը։— Ես գտել եմ ամենաբնական միջոցը Սեշար ամուսինների բերանից ճշմարտությունն իմանալու համար։ Հույս ունեմ, որ դուք հավատարմատարի ձեր հեղինակությամբ կպաշտպանեք այն փոքրիկ խորամանկությունը, որը ես պիտի օգտագործեմ, որ¬պեսզի դուք հստակ և որոշակի պատկերացում կազմեք նրանց կարողության մասին։ Ճաշից հետո մենք կմեկնենք պարոն Սեշարի մոտ,— ասաց Կորանտենը պանդոկապետի կնոջը,— հոգ տարեք մեզ համար անկողիններ պատրաստելու` յուրաքանչյուրիս հատկացնելով առանձին սենյակ։ «Աստղազարդ երկինք»-ի տակ պետք է, որ տեղ լինի։

— Օ,՜ պարոն,— ասաց կինը,— մենք ցուցանակի համար հարմար անուն ենք մտածել։

— Օ՜, բառախաղն անպակաս է բոլոր դեպարտամենտներում,— ասաց Կորանտենը,— դա միայն ձեր մենաշնորհը չէ։

— Ճաշը պատրաստ է, պարոններ,— ասաց պանդոկապետը։

— Սատանան տանի, իսկ այդ երիտասարդը որտեղի՞ց է փող ճարել… Անանուն նամակի հեղինակը մի՞թե իրավացի է. մի՞թե դա գեղանի մի աղջկա փողն է,— ասաց Դերվիլը Կորանտենին` ճաշասեղանին մոտենալով։

— Ա՜հ, դա մի այլ հետազոտության նյութ է,— ասաց Կորանտենը։— Լյուսիեն դը Ռյուբամպրեն, ինչպես դուքս դը Շոլյոն է ասել, ապրում է մկրտված մի հրեուհու հետ, որն իրեն ներկայացնում է հոլանդուհի`Եսթեր վան Բոգսեկ անունով։

— Ինչպիսի՜ տարօրինակ զուգադիպություն,— գոչեց հավատարմատարը,— ես փնտրում եմ Գոբսեկ անունով մի հոլանդացու ժառանդորդուհու, այդ նույն ազգանունն է` բաղաձայների տեղափոխությամբ։

— Լավ,— ասաց Կորանտենր,— Փարիզ վերադառնալուց հետո ես տեղեկություններ կհավաքեմ նրա ծագման վերարերյալ։

Մի ժամ հետո դը Գրանլյո գերդաստանի երկու հավատարմատարները մեկնեցին Վերբերի, տեր և տիկին Սեշարների տունը։ Երբեք Լյուսիենը չէր ունեցել այնպիսի խոր հուզումներ, որ նա ունեցավ Վերբերիում, իր բախտը համեմատելով փեսայի բախտի հետ։ Երկու փարիզցիներին վիճակված էր այնտեղ ներկա լինելու այն տեսարանին, որը մի քանի օր առաջ շշմեցրել էր Լյուսիենին։ Այստեղ ամեն ինչ շնչում էր անդորրությամբ ու լիությամբ։ Երկու օտարականների` Վերբերի հասնելու ժամանակ Վերբերիի հյուրասրահում հավաքված էր չորս հոգուց բաղկացած մի հասարակություն. Մարսակի երեցը, քսանհինգ տարեկան երիտասարդ մի քահանա, որը, տիկին Սեշարի խնդրանքով, դարձել էր նրա որդի Լյուսիենի դաստիարակը, տեղական բժիշկը` պարոն Մարոնը, ապա համայնքի մերը և պաշտոնաթող ծեր մի գնդապետ, որը Վերբերիի դիմաց, ճանապարհի մյուս կողմում, մի փոքրիկ հողամասում վարդեր էր մշակում։ Ձմեռվա բոլոր երեկոներին, այդ մարդիկ գալիս էին բոստոն խաղալու` ֆիշը մի սանտիմով, լրագրեր վերցնելու կամ կարդացածները վերադարձ¬նելու։ Երբ տեր և տիկին Սեշարները գնեցին Վերբերին, գեղեցիկ մի տուն, կառուցված սպիտակ տուֆից և ծածկված հերձաքարով, նրա տնամերձ հողամասը կազմում էր երկու արպան այգի։ Ժամանակի ընթացքում, գեղանի տիկին Սեշարը, ներդնելով իր խնայողությունները, այգին ընդարձակել էր մինչև փոքրիկ գետակր, իր գնած խաղողի այգին անխնա վերածելով մարգագետնի և թավուտի։ Հիմա Վերբերին, շրջապատված մոտ քսան արպան տարածություն բռնող պարսպապատ պարկով, համարվում էր պատկառելի մի դաստակերտ այդ շրջանում։ Հանգուցյալ Սեշարի տունը և հանդակներն օգտագործվում էին հիմա լոկ մոտ քսան արպան խաղողի այգու մշակման կարիքների համար։ Այդ այգին և հինգ ագարակները, որ տարեկան վեց հազար ֆրանկ եկամուտ էին տալիս, և գետակի մյուս ափին, հենց Վերբերիի դիմացի մարգագետինները մնացել էին հանգուցյալից։ Դրա համար տիկին Սեշարը մտադիր էր առաջիկա տարում դրանք միացնել։ Շրջանում Վերբերին արդեն կոչվում էր դղյակ, իսկ Եվա Սեշարին անվանում էին տիկին դը Մարսակ։ Իր սնա¬փառությունը շոյելու համար Լյուսիենն ընդօրինակել էր տեղի գյուղացիներին և խաղողագործներին։ Ասում էին, թե Կուրտուան, որը Վերբերիի մարգագետիններից ոչ այնքան հեռու գտնվող, գեղատեսիլ դիրք ունեցող ջրաղացի տերն էր, տիկին Սեշարի հետ սակարկության մեջ է իր ջրաղացը վաճառելու համար։ Եթե դա տեղի ունենար, ինչ որ միանգամայն հավանական էր, Վերբերին կունենար առաջին կարգի կալվածքի տեսք ամբողջ շրջանում։ Տիկին Սեշարը, որը իրեն հատուկ ողջմտությամբ և ազնվությամբ բարեգործություններ էր անում, խոր հարգանքի և սիրո էր արժանացել։ Նրա շլացուցիչ գեղեցկությունը հասել էր իր լիակատար ծաղկմանը։ Թեև մոտ քսանվեց տարեկան էր, բայց և այնպես նա պահպանել էր երիտասարդական թարմությունը` վայելելով գյուղական կյանքի հանգիստն ու լիությունը։ Մշտապես սիրահարված իր ամուսնուն, նա նրա մեջ գնահատում էր ընդունակ, բայց բավականաչափ համեստ մի մարդու, որպեսզի հրաժարվեր փառքի աղմուկից. մի խոսքով, այդ կնոջ լրիվ նկարագիրը տալու համար բավական է գուցե ասել, որ իր ամբողջ կյանքում նրա սիրտը տրոփում էր միմիայն իր զավակների և ամուսնու համար։ Այն տուրքը, որ այդ ընտանիքը վճարում էր դժբախտությանը, ինչպես հեշտ է կռահել, այն խորունկ վիշտն էր, որ նրան պատճառում էր Լյուսիենի վարած կյանքը Փարիզում։ Եվա Սեշարը զգում էր, որ Լյուսիենի կյանքում ինչ-որ գաղտնիքներ են թաքնված, որոնցից երկյուղ ունեցավ առավել ևս նրա վերջին այցելության ժամանակ, երբ եղբայրը չորությամբ ընդհատում էր քրոջ բոլոր հարցաքննությունները, ասելով, որ փառասերներն իրենց արարքների համար հաշվետու են միայն իրենք իրենց։ Վեց տարում Լյուսիենն իր քրոջը տեսել էր երեք անգամ և նրան վեց նամակից ավելի չէր գրել։ Նրա առաջին այցելությունը Վերբերի` կապված էր մոր մահվան հետ, իսկ վերջինը` իր մտադրությունների իրագործման համար խնդրելու անհրաժեշտ ստի հաստատումը։ Դա տեր և տիկին Սեշարների ու նրանց եղբոր միջև առիթ տվեց բավական ծանր մի տեսարանի, որը սոսկալի կասկածներ ծնեց այդ խաղաղ ու ազնիվ ընտանիքի սրտում։

Տան ներքին սարքավորումը, որ նույնքան լավ էր բարեփոխված, ինչպես արտաքինը, շքեղ համարվելու հավակնությունը չունենալով հանդերձ, հարմարավետ էր։ Դրանում համոզվելու համար բավական է թռուցիկ մի ակնարկ նետել հյուրասրահի վրա, ուր այդ րոպեին մարդիկ էին հավաքվել։ Օբյուսոնյան գեղեցիկ գորգ, մոխրագույն թղթե քառեկավոր պաստառներ, զարդարված կանաչ մետաքսի տրեզներով, Սպայից բերվող ծառերի նմանությամբ որմնանկարներ, կարմիր փայտից քանդակապատ կահույք` պատված կանաչ ասեղնագործությամբ զարդարուն մոխրագույն քիշմիրով. չնայած ձմեռվա եղանակին, ծաղիկներով լեցուն ծաղկազամբյուղները հաճելիորեն շոյում էին հայացքը, լուսամուտներին կանաչ մետաքսյա վարագույրներ. բուխարու դրվագումը. հայելիների շրջանակները զերծ էին այն անճոռնի ճաշակից, որն ամեն ինչ փչացնում է պրովինցիայում. ամենափոքր մանրամասները, վայելչագեղ և մաքուր, հոգին ու նայվածքը պարուրում էին այն յուրահատուկ պոեզիայով, որ սիրող ու խելացի կինը կարող է և պետք է ունենա իր տան մեջ։

Տիկին Սեշարը, որ դեռ սուգ էր պահում իր սկեսրայրի մահվան առթիվ, կրակի մոտ ասեղնագործում էր տիկին Կոլբի` իր տնտեսուհու օգնությամբ, որի վրա էր ընկած տան տնտեսության բոլոր մանր հոգսերը։ Այն րոպեին, երբ կառքը Մարսակի առաջին շինություններին էր հասնում, Վերբերիի սովորական հավաքույթին մասնակցող մարդկանց թվին ավելացավ մեկ ուրիշը` ջրաղացպան Կուրտուան, որն այրիացել էր և ուզում էր քաշվել գործից, հույս ունենալով` լավ գնով վաճառել իր սեփականությունը, որին, ըստ երևույթին, կառչել էր տիկին Եվան, և Կուրտուան գիտեր, թե ինչու։

— Ահա մի կառք կանգնեց,— ասաց Կուրտուան` լսելով դռանը մոտեցող կառքի աղմուկը,— անիվների ձայնից երևում է, որ տեղական կառք է։

— Հավանաբար Պոստելն ու իր կինն են, որ մեզ այցի են եկել,— ասաց բժիշկը։

— Ոչ,— ասաց Կուրտուան,— կառքը Մանլի կողմից էր գալիս։

Դիկին,— ասաց բարձրահասակ ու հաստ ալզասցին, որին մենք ծանոթ ենք (տե՛ս «Խորտակված պատրանքներ»-ը),— մի պասդաբան է եկել Պարիզից և ուզում է խոսել պառոնի հետ։

— Փաստաբա՞ն...— բացականչեց Սեշարը,— այդ բառից ես ծակոցներ եմ ունենում։

— Շնորհակալ եմ,— ասաց Կաշան ազգանունով Մարսակի մերը, որ քսան տարի շարունակ փաստաբան էր եղել Անգուլեմում և որին մի ժամանակ հանձնարարված էր հետապնդել Սեշարին։

— Իմ խեղճ Դավիդը չի ուղղվելու, նա մշտապես մտացրիվ է,— ասաց Եվան ժպտալով։

— Փաստաբան Փարիզի՞ց,— զարմացավ Կուրտուան,— դուք, ուրեմն, Փարիզի հետ կապված գործե՞ր ունեք։

— Ոչ,— ասաց Եվան։

— Դուք այնտեղ եղբայր ունեք,— նկատեց Կուրտուան։

— Հանկարծ հայր Սեշարի ժառանգության հարցով չլինի՞,— ասաց Կաշանը։— Կասկածելի գործեր էր բռնել ծերուկը։

Կորանտենը և Դերվիլը ներս մտան, ողջունեցին ներկաներին, և իրենց անունները տալուց հետո, խնդրեցին առանձին խոսել տիկին Սեշարի և նրա ամուսնու հետ։


— Հոժարությամբ,— ասաց Սեշարը։— Բայց ի՞նչ գործով։

— Բացառապես ձեր հոր ժառանգության հարցով,— պատասխանեց Կորանտենը։

Այդ դեպքում թույլ տվեք, որ պարոն մերը` Անգուլեմի նախկին հավատարմատարը, ներկա լինի զրույցին։

— Դո՞ւք եք պարոն Դերվիլը...— ասաց Կաշանը` նայելով Կորանտենին։

— Ո՛չ, պարոն, ահա՛ նա,— պատասխանեց Կորանտենը` ցույց տալով փաստաբանին, որը գլուխ տվեց։

— Բայց,— ասաց Սեշարր,— մենք մեր ընտանիքում ենք, ոչինչ չունենք ծածկելու մեր հարևաններից և կարիք չունենք առանձնանալու, առանձնասենյակում ցուրտ կլինի… Մեր կյանքն ընթանում է ցերեկվա լույսի տակ…

— Բայց ձեր հոր կյանքում,— ասաց Կորանտենը,— եղել են ինչ-որ գաղտնիքներ, թերևս ձեզ հաճելի չի լինի դրանք հրապարակել։

— Մի՞թե այդ այնպիսի բան է, որ կհարկադրի մեզ կարմ¬րել...— ասաց Եվան սարսափած։

— Օ՜, ոչ։ Եղածը մեծ բան չէ, երիտասարդության փոքրիկ մեղքեր են,— ասաց Կորանտենը` արտակարգ սառնասրտությամբ լարելով իր հազարավոր թակարդներից մեկը։— Ձեր պարոն հայրը ձեզ պարգևել է ավագ մի եղբայր։

— Ա՜յ, դու ծեր արջ,— բղավեց Կուրտուան,— նա ձեզ բոլորովին չէր սիրում, պարոն Սեշար, և ահա թե ինչ էր պահել ձեզ համար այդ ծածկամիտը... Ա՜հ, ես հիմա հասկանում եմ, թե նա ինչ էր մտածում, երբ ինձ ասում էր. «Դուք դեռ շատ բաներ կտեսնեք, երբ ես թաղված լինեմ»։

— Օ՜, հանգստացեք, պարոն,— ասաց Կորանտենը Սեշարին` աչքի տակով նայելով Եվային։

— Եղբա՜յր,— բացականչեց բժիշկը,— ահա ձեր ժառանգությունը բաժանվելու է երկու մասի...

Դերվիլը ձևացնում էր, որ դիտում է հյուրասրահի պատե¬րին ամրացած անստորագիր գեղեցիկ փորագրությունները։

— Հանգստացե՛ք, տիկին,— կրկնեց Կորանտենը` տիկին Սեշարի գեղանի դեմքին նկատելով շփոթվածություն,— հարցը վերաբերում է ապօրինի մի զավակի։ Ապօրինի զավակի իրավունքները նույնը չեն, ինչ որ օրինական ժառանգինը։ Այդ զավակը խորունկ թշվառության մեջ է, նա իրավունք ունի մի գումար ստանալու` հաշվի առնելով թողված մեծ ժառանգությունը... ձեր հոր թողած միլիոններից։

Միլիոններ բառի վրա միաձայն հնչող մի ճիչ լսվեց հյուրասրահում։ Այդ րոպեին Դերվիլն այլևս փորագրություններին չէր նայում։

— Հայր Սեշա՞րը, միլիոննե՞ր,— գոչեց հաստ Կուրտուան։— Ո՞վ է ձեզ ասել։ Անշուշտ մի գյուղացի...

— Պարո՛ն,— ասաց Կաշանը,— դուք պետական գանձարկ¬ղի պաշտոնյա չեք, այնպես որ ձեզ կարելի է ասել, թե ինչումն է բանը...

— Հանգիստ եղեք,— ասաց Կորանտենը,— ձեզ ազնիվ խոսք եմ տալիս, որ պետական գույքերի պալատի ծառայող չեմ։

Կաշանը, որը բոլորին նշան արեց լռել, գոհունակության մի շարժում արեց։

— Պարոն,— շարունակեց Կորանտենը,— եթե խնդիրը նույնիսկ մի միլիոնի մասին լիներ, էլի ապօրինի զավակի բաժինը բավականաչափ մեծ կլինի։ Մենք դատի համար չենք եկել, ընդհակառակն, եկել ենք ձեզ առաջարկելու, որ մեզ հարյուր հազար ֆրանկ տաք, և մենք ետ կգնանք։

— Հարյուր հազար ֆրա՜նկ...— բացականչեց Կաշանը` ընդհատելով Կորանտենին։— Բայց, պարոն, հայր Սեշարը թողել է քսան արպան խաղողի այգի, հինգ փոքրիկ ագարակ, տասը արպան մարգագետին Մարսակում և ոչ մի սանտիմ…

— Ո՛չ մի գնով,— բացականչեց Դավիդ Սեշարը` միջամտելով խոսակցությանը,— ես չէի կամենա սուտ ասել, պարոն Կաշան, ևս առավել դրամական գործում, քան որևէ այլ բանում… Պարոններ,— ասաց նա Կորանտենին և Դերվիլին,— իմ հայրը թողել է, բացի կալվածքից…

Կուրտուան և Կաշանը զուր էին ճգնում նշաններով լռեցնել Սեշարին, որն ավելացրեց.

— …Երեք հարյուր հազար ֆրանկ, որը նրա ժառանգության գումարը հասցնում է մոտ հինգ հարյուր հազար ֆրանկի։

— Պարոն Կաշան,— ասաց Եվա Սեշարը,— ո՞րն է այն բաժինը, որ օրենքը հատկացնում է ապօրինի զավակին…

— Տիկին,— ասաց Կորանտենը,— մենք թուրքեր չենք, մենք ձեզ խնդրում ենք միայն երդվել այս մարդկանց առաջ, որ դուք ձեր սկեսրայրի ժառանգությունից հարյուր հազար էկյուից ավելի կանխիկ փող չեք ստացել, և մենք հիանալի համաձայնության կգանք…

— Նախ տվեք ձեր պատվի խոսքը,— ասաց Անգուլեմի նախկին հավատարմատարը Դերվիլին,— որ դուք փաստաբան եք։

— Ահա՛ իմ անձնագիրը,— ասաց Դերվիլը Կաշային, պարզելով քառածալ մի թուղթ,— և պարոնը, ինչպես գուցե կարծում էիք, պետական գույքերի տեսուչ չէ, վստա՛հ եղեք,— ավելացրեց Դերվիլր։— Մենք լոկ շահագրգռված ենք ճշմարտությունն իմանալու Սեշարի ժառանգության վերաբերյալ, և մենք այդ իմացանք…

Դերվիլը բռնեց տիկին Եվայի ձեռքը և շատ քաղաքավարի նրան տարավ հյուրասրահի խորքը։

— Տիկին,— ասաց հավատարմատարը կամացուկ,— եթե այս հարցր դը Գրանլյոների գերդաստանի պատվին ու ապագային չվերաբերեր, ես չէի աջակցի շքանշանակիր պարոնի ռազմական այդ հնարամտությանը. բայց դուք նրան կներեք. հարկավոր էր բացել այն սուտը, որի օգնությամբ ձեր եղբայ¬րը խախտել է այդ ազնվասիրտ ընտանիքի հավատքը։ Եվ հիմա, զգուշացեք առիթ տալ մտածելու, որ դուք ձեր եղբորը մեկ միլիոն երկու հարյուր հազար ֆրանկ եք փոխ տվել Ռյուբամպրե կալվածքը գնելու համար։

— Մեկ միլիոն երկու հարյուր հազար ֆրա՜նկ,— բացականչեց տիկին Սեշարը` գունատվելով,— իսկ որտեղի՞ց է դրանք վերցրել, նա՛, այդ դժբախտը։

— Ա՛յ, խնդիրն էլ հենց այդ է,— ասաց Դերվիլը,— ես վախենում եմ, որ այդ հարստության աղբյուրը մաքուր չլինի։

Եվայի աչքերում արցունքներ երևացին, որ նկատեցին հարևանները։

— Մենք ձեզ, թերևս, մեծ ծառայություն մատուցեցինք,— ասաց Դերվիլը,— արգելելով խառնվել մի ստի, որի հետևանքները կարող են խիստ վտանգավոր լինել։

Դերվիլը տիկին Սեշարին թողեց նստած, դժգույն, այտերին արցունքներ, և հրաժեշտ տվեց ներկաներին։

— Դեպի Մա՛նլ,— ասաց Կորանտենը փոքրիկ տղային, որը վարում էր կառքը։

Բորդոյից Փարիզ գնացող հանրակառքի մեջ, որը Մանլից անցնում էր գիշերը, մի ազատ տեղ կար։ Դերվիլը խնդրեց Կորանտենին, իրեն զիջել այն, պատճառ բերելով իր գործերը. բայց, սրտի խորքում, նա չէր վստահում իր ուղեկցին, որի դիվանագիտական ճարպկությունը և սառնարյունությունը նրան կասկածելի թվացին։ Կորանտենը երեք օր մնաց Մանլում` առիթ չգտնելով մեկնելու։ Նա հարկադրված եղավ գրել Բորդո և հանրակառքում մի տեղ պատվիրել Փարիզի համար, ուր նա հասավ իր մեկնումից ինն օր հետո միայն։

Այդ ժամանակարնթացքում Պեյրադն ամեն առավոտ գնում էր կա՛մ Պուասի, կա՛մ Կորանտենի Փարիզի բնակարանը, իմանալոը համար, թե արդյոք վերադարձե՞լ է նա։ Ութերորդ օրը նա թողեց թե՛ մեկ և թե՛ մյուս բնակարանում իրենց հատուկ ծածկագրով գրված նամակներ, որոնց մեջ նա իր բարեկամին հայտնում էր, թե ինչպիսի մահ է սպառնում իրեն, թե ինչպես են առևանգել Լիդիին և թե իր թշնամիներն իրեն ինչ բախտի են արժանացրել։

Պեյրադը, ընկնելով այնպիսի որոգայթի մեջ, որ մի ժամանակ ինքն էր լարում ուրիշների համար, Կորանտենից զրկված, բայց Կոնտանսոնի օգնությամբ, այնուամենայնիվ, շարունակում էր խաղալ նաբաբի դերը։ Չնայած անտեսանելի թշնամիները մերկացրել էին իրեն, բայց նա չէր հուսա¬հատվել և մտածում էր բռնել թեկուզ լույսի մի շող, առանց լքելու պայքարի ասպարեզը։ Կոնտանսոնը բոլոր ջանքերն ուղղեց Լիդիի հետքերը որոնելու ուղղությամբ. նա հույս ուներ հայտնաբերել այն տունր, որտեղ նրան թաքցրել էին, բայց, օրեցօր, որևէ բան իմանալու անհնարինությունն ավելի ու ավելի էր բացահայտ դառնում, ժամ առ ժամ խորացնելով Պեյրադի հուսահատությունը։ Ծեր լրտեսն իրեն շրջապատեց տասը-տասնհինգ ամենից ճարպիկ գործակալներով։ Հսկողության տակ էր առնված Մուանո փողոցի շրջակայքը և Տեբու փողոցը, ուր նա, իբր նաբաբ, ապրում էր տիկին դյու Վալ-Նոբլի մոտ։

Գրանլյոների տանը Լյուսիենի նախկին դիրքը վերահաստատելու կապակցությամբ, Ասիայի կողմից Պեյրադին տրվա ծ ճակատագրական ժամկետի վերջին երեք օրվա ընթացքում Կոնտանսոնը ոստիկանության գլխավոր վարչության նախկին վետերանի մոտից չէր հեռանում։ Սարսափի այն պոեզիան, որ ծավալվում է Ամերիկայի անտառների խորքում միմյանց դեմ կռվող թշնամի ցեղերի ռազմական խորամանկությամբ, և որից այնպես հիանալի օգտվել է Կուպերը, այժմ պարուրում էր փարիզյան կյանքի ամենափոքր մանրամասները։ Անցորդները, կրպակները, կառքերը, լուսամուտի մոտ կանգնած անձը, այդ բոլորը Պեյրադի կյանքը պահպանող մարդ-համարների համար այնպիսի ահռելի նշանակություն ունեին, ինչպիսի նշանակություն ունեն Կուպերի վեպերի մեջ ծառի մի բունը, կուղբերի մի բնակավայրը, մի քարաբեկոր, բիզոնի մորթին, լքված մի մակույկ, ջրի վրա թեքված սաղարթը։

— Եթե իսպանացին մեկնել է, դուք վախենալու բան չունեք,— ասում էր Կոնտանսոնը Պեյրադին, նրա ուշադրությունը դարձնելով այն լիակատար հանգստության վրա, որ վայելում էին իրենք։

— Իսկ եթե չի՞ մեկնել,— պատասխանում էր Պեյրադը։

Իմ մարդկանցից մեկը կպած է եղել նրա կառքի հետևից, բայց Բլուայում իմ մարդն ստիպված լինելով իջնել, չի կարողացել հասնել կառքին։ Դերվիլի վերադարձից հինգ օր հետո, մի առավոտ, Լյուսիենին այցելեց Ռաստինյակը։

— Սիրելի՛ս,— ասաց վերջինս,— ես ցավում եմ, որ մեր մոտիկ ծանոթության պատճառով ինձ հանձնարարված է քեզ հետ մի բանակցություն վարել։ Քո ամուսնությունը խափանված է, և դու երբեք չես կարող հույս ունենալ, որ այն վերստին գլուխ կբերես։ Այլևս ոտք մի՛ դիր դը Գրանլյոների առանձնատունը։ Կլոտիլդի հետ ամուսնանալու համար պետք է սպասել նրա հոր մահվան, իսկ այդ հայրն այնքան է եսա¬սեր, որ այդպես շուտ չի մեռնի։ Վիստ խաղացող ծերունիները շատ երկար են կառչում իրենց... սեղանի եզրին։ Կլոտիլդը մեկնելու է Իտալիա` Մադլեն դը Լենոնկուր-Շոլյոյի հետ։ Խեղճ աղջիկը քեզ այնքան է սիրում, թանկագինս, որ հարկ է եղել հսկել նրան. նա ուզում էր գալ քեզ տեսնել, նա փախուստի ինչ-որ փոքրիկ ծրագիր էր կազմել... Այդ մի սփոփանք է քո դժբախտության մեջ։ Լյուսիենը չպատասխանեց, նա նայում էր Ռաստինյակին։

— Վերջ ի վերջո, մի՞թե դժբախտություն է...— շարունա¬կեց նրա համերկրացին։— Դու շատ հեշտությամբ կգտնես մի այլ աղջիկ, նույնքան ազնվական և ավելի գեղեցիկ, քան Կլոտիլդը... Տիկին դը Սերիզին քեզ կամուսնացնի՝ վրեժխնդրությունից դրդված, նա չի հանդուրժում Գրանլյոներին, որոնք երբեք չեն կամեցել ընդունել նրան, նա մի զարմուհի ունի, փոփրիկ Կլեմանս դյու Ռուվրը…

— Սիրելիս,— պատասխանեց վերջապես Լյուսիենը,— մեր վերջին ընթրիքից ի վեր ես գժտվել եմ տիկին դը Սերիզիի հետ. նա ինձ տեսավ Եսթերի օթյակում, գլխիս այնպիսի խաղ խաղաց, որ զուր համարեցի ինձ արդարացնել։

— Քառասուն տարեկանն անց կինը երկար ժամանակ չի գժտվի այնպիսի մի գեղեցիկ երիտասարդի հետ, որպիսին դու ես,— ասաց Ռաստինյակը։— Ես մի փոքր ծանոթ եմ այդ մայրամուտներին… Դա տասը րոպե է տևում հորիզոնում և տասը տարի` կնոջ սրտում։

— Ահա մի շաբաթ է արդեն, որ նամակ եմ սպասում նրանից։

— Գնա՛ նրա մոտ։

— Հիմա, իհարկե, հարկ կլինի գնալ։

— Գոնե կգա՞ս Վալ-Նոբլի մոտ։ Նա պատասխան ընթրիք է տալիս Նյուսինգենին։

— Ես գիտեմ և լինելու եմ,— ասաց Լյուսիենը լուրջ տոնով։

Հաջորդ օրը, այն բանից հետո, երբ Լյուսիենը համոզվեց իր դժբախտությանը, որի մասին իսկույն հաղորդեցին Կարլոսին, նա Ռաստինյակի և Նյուսինգենի հետ գնաց կեղծ նաբաբի մոտ։

Կեսգիշերին Եսթերի նախկին ճաշասրահում հավաքվել էին համարյա բոլոր գործող անձինք այն դրամայի, որի իմաստը, հեղեղաթափ այդ գոյությունների հենց հունի մեջ թաքնված, հայտնի էր միայն Եսթերին, Լյուսիենին, Պեյրադին, խառնածին Կոնտանսոնին և Պակկարին, որը եկել էր սպասարկելու իր տիրուհուն։ Տիկին դյու Վալ-Նոբլը, առանց Պեյրադի ու Կոնտանսոնի գիտության, խնդրել էր Ասիային` օգնել իր խոհարարուհուն։ Պեյրադը, որը հինգ հարյուր ֆրանկ էր տվել տիկին դյու Վալ-Նոբլին, որպեսզի ամեն ինչ կարգին լինի, սեղան նստելիս իր անձեռոցիկի մեջ մի փոքրիկ թուղթ գտավ, որի վրա մատիտով գրված էր. «Տասն օրը լրանում է այն րոպեին, երբ դուք սեղան եք նստում»։ Պեյրադը թուղթը հանձնեց Կոնտանսոնին, որը գտնվում էր նրա հետևում և անգլերեն ասաց նրան.

— Այդ դո՞ւ ես խցկել այս թուղթը այստեղ։

Կոնտանսոնը մոմերի լույսի տակ կարդաց այդ «Մանե, թեկեզ, փարես»-ը և թուղթը դրեց գրպանը. բայց նա գիտեր, թե ինչքան դժվար է ստուգել մատիտով գրված մի գրություն, և մանավանդ, գլխագրերով, այսինքն, այսպես ասած, մաթեմատիկական գծագրերով գրված ֆրազը, քանի որ գլխատառերը ձեռագրում բացառապես կազմվում են շեղ և ուղիղ գծերից և հնարավոր չի լինում կռահել ձեռագիրը։

Ընթրիքն անուրախ անցավ։ Պեյրադը նկատելիորեն մտահոգված էր։ Ընթրիքը աշխուժացնելու ընդունակ երիտասարդ կենսասերներից ներկա էին միայն Լյուսիենը և Ռաստինյակը։ Լյուսիենը շատ էր տխուր ու մտածկոտ։ Ռաստինյակը, որ հենց նոր ընթրիքից առաջ երկու հազար ֆրանկ էր տանուլ տվել, խմում էր և ուտում, կորցրածը ընթրիքից հետո ետ ստանալու մտադրությամբ։ Կանայք, երեքն էլ այդ սառնությունից ազդված, իրար էին նայում։ Ձանձրույթն անհամացնում էր նաև կերակուրները։ Ընթրիքները, ինչպես թա¬տերական պիեսներն ու գրքերը, ունեն իրենց հաջողություններն ու անհաջողությունները։

Ընթրիքի վերջում տրվեց պաղպաղակ, այսպես կոչված պլոմբիր։ Բոլորը գիտեն, որ այդ տեսակի պաղպաղակի երեսին լինում են խիստ անուշահամ մանր մրգեր, մատուցվում է փոքրիկ բաժակով, որի մեջ չի կորցնում իր բրգաձևու¬թյունը։ Այդ պաղպաղակը տիկին դյու Վալ-Նոբլը պատվիրել էր Տորտոնին, որի հռչակավոր հաստատությունը գտնվում է Տեբու փողոցի և բուլվարի անկյունում։ Խոհարարուհին կանչեց խառնածինին, որպեսզի վճարի պաղպաղակագործի հաշիվը։ Կոնտանսոնը, որին անբնական թվաց պաղպաղակ բե¬րողի պահանջկոտությունը, իջավ ներքև և նրան շշմեցրեց այս խոսքերով.

— Դուք ուրեմն Տորտոնիի մոտից չե՞ք գալիս...

Եվ իսկույն վերև բարձրացավ։

Բայց Պակկարն արդեն օգտվել էր այդ բացակայությունից և հյուրերին բաժանել էր պաղպաղակը։ Հազիվ էր խառնածինը մոտեցել բնակարանի դռանը, երբ Մուանո փողոցի վրա հսկող գործակալներից մեկը սանդուղքին մոտենալով ճչաց.

— Համար քսանյոթ։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Կոնտանսոնը` նորից շտապ իջնելով աստիճաններից։

— Ասացե ք հայրիկին, որ նրա աղջիկը վերադարձել է և ինչպիսի՜ դրության մեջ, Աստված իմ։ Թող գա, աղջիկը մահամերձ է։

Այն պահին, երբ Կոնտանսոնը ճաշասրահ վերադարձավ, ծերունի Պեյրադը, որը, ի դեպ, թունդ խմած էր, կուլ էր տալիս իր բաժին պլոմբիրի բալը։ Խմում էին տիկին դյու Վալ-Նոբլի կենացը, նաբաբն իր բաժակը լցրեց Կոնստանս գինիով և դատարկեց այն։ Որքան էլ հուզված լիներ Կոնտանսոնը այն լուրից, որ պետք է հաղորդեր Պեյրադին, այնուամենայնիվ, ներս մտնելիս նկատեց, թե ինչպիսի խոր ուշադրությամբ է Պակկարը նայում Պեյրադին։ Տիկին դը Շամպիի ծառայի աչ¬քերը նման էին երկու անշարժ բոցերի։ Չնայած խառնածինի կատարած այդ դիտողության կարևորությանը, նա չէր կարող դանդաղել և թեքվեց դեպի իր տերը հենց այն րոպեին, երբ Պեյրադը դատարկ բաժակը դնում էր սեղանին։

— Լիդին տանն է,— ասաց Կոնտանսոնը,— և շատ տխուր վիճակում։ Պեյրադը բաց թողեց ֆրանսիական լուտանքներից ամենից ֆրանսիականը` հարավային այնպիսի մի առոգանությամբ, որ խոր զարմանք պատճառեց հյուրերին։ Նկատելով իր սխալը` Պեյրադը խոստովանեց իր ծպտվածությունը` Կոնտանսոնին ասելով լավ ֆրանսերենով.

— Կա՛ռք գտիր… Ես ծլկելու եմ։

Բոլորը վեր կացան սեղանից։

— Վերջապես, ո՞վ եք դուք,— բացականչեց Լյուսիենը։

Այո, տուկ ո՞վ եք...— ասաց բարոնը։

— Բիսիուն հավատացնում էր ինձ, որ դուք նրանից ավելի լավ կարող եք անգլիացի ձևանալ, իսկ ես չէի ուզում հավատալ նրան,— ասաց Ռաստինյակը։

— Նա, հավանաբար, մերկացված ինչ-որ սնանկ է,— ասաց դյու Տիյեն բարձրաձայն,— ես այդպես էլ կասկածում էի։

— Ի՜նչ տարօրինակ քաղաք է այս Փարիզը..— ասաց տիկին դյու Վալ-Նոբլը։— Իր թաղամասում սնանկանալուց հետո, վաճառականն անպատիժ հայտնվում է Շան’զ-Էլիզեում իբրև նաբաբ կամ իբրև դենդի… Օ՜, ես անբախտ եմ, սնանկացումը կրծում է ինձ։

— Ասում են, որ բոլոր ծաղիկներն իրենց որդն ունեն,— հանգիստ տոնով ասաց Եսթերը,— իմը նման է Կլեոպատրայի որդին, իժ է։

— Ով եմ ե՞ս...— ասաց Պեյրադը դռան շեմքից։— Ա՜հ, դուք այդ կիմանաք... և մեռնելուց հետո էլ ես դուրս կգամ գերեզմանից, որպեսզի ամեն գիշեր քաշեմ ձեր ոտքերից...

Այդ վերջին խոսքերն ասելիս նա նայում էր Եսթերին ու Լյուսիենին, ապա, օգտվելով ընդհանուր իրարանցումից, նա անհետացավ արտակարգ ճարպկությամբ, որովհետև ուզում էր առանց կառքի սպասելու վազ տալ իր տուն։ Փողոցում Ասիան, զլուխը փաթաթած այն սև շալով, որ այդ ժամանակ կանայք էին կրում պարահանդեսից դուրս գալիս, դարպասի մոտ կանգնեցրեց լրտեսին, բռնելով նրա թևից։

— Ուղարկիր սուրբ հաղորդության հետևից, Պեյրադ հայ¬րիկ,— ասաց նա այն ձայնով, որն արդեն մի անգամ նախազգուշացրել էր դժբախտության մասին։

Մի կառք կար այնտեղ կանգնած, որի մեջ նստեց Ասիան. կառքն իսկույն անհետացավ` ասես քամուց տարված։ Դուրսը հինգ կառք կար, և Պեյրադի մարդիկ ոչինչ չկարողացան իմանալ։

Կորանտենը, որ այգեգործության կրքով համակված նախկին վաճառականի համբավ էր վայելում, հասնելով Փարիզից դուրս գտնվող իր տունը, Պասսի փոքրիկ քաղաքի ամենահեռավոր ու գեղատեսիլ թաղամասերից մեկում, դե Վիյն փողոցում, գտավ իր բարեկամ Պեյրադի ծածկագիրը։ Առանց հանգստանալու, նա նորից նստեց իրեն բերող կառքը, հրամայեց տանել Մուանո փողոցը և այնտեղ գտավ միայն Կատտին։ Ֆլամանդուհուց նա իմացավ Լիդիի անհետացման մասին և չկարողացավ հասկանալ, թե ինչպես Պեյրադն ու ինքն այդպես անշրջահայաց էին գտնվել։

— «Նրանք ինձ դեռ չեն ճանաչում,— ասաց ինքն իրեն։ — Այդ մարդիկ ամեն ինչի ընդունակ են, պետք է իմանալ, թե արդյոք չե՞ն պատրաստվում սպանել Պեյրադին, այդ դեպքում ես պետք է թաքնվեմ…»։

Որքան ավելի ամոթալի է մարդու կյանքը, այնքան նա ավելի ուժեղ է կառչում կյանքին, որը դառնում է բողոք, անդադրում վրիժառություն։ Կորանտենը կառքից իջավ, գնաց իր տունը, կերպարանափոխվեց կանաչավուն կարճ թիկնոցով, սեզի կեղծամով հիվանդոտ մի ծերունու և ոտքով վերադարձավ, Պեյրադի նկատմամբ իր բարեկամությունից մղված։ Նա ուզում էր հրամաններ տալ իր ամենահավատարիմ ու ամենաճարպիկ համարներին։ Անցնելով Սենտ-Օնորե փողոցով, կտրեց Վանդոմի հրապարակը և հասավ Սեն-Ռոք փողոցը, քայլեց մի աղջկա հետևից, որը հողաթափերով էր և գիշերա¬յին հագուստով` կրում էր գիշերային սպիտակ կանացի բաճկոն և գիշերային գլխանոց։ Աղջկա կրծքից երբեմն հառաչանքներ ու զուսպ տնքոցներ էին պոռթկում. Կորանտենը մի քանի քայլ առաջ անցավ նրանից և ճանաչեց Լիդիին։

— Ես ձեր հոր` պարոն Կանկոելի բարեկամն եմ,— ասաց նա իր բնական ձայնով։

— Ա՜հ, ահա վերջապես մեկը, որին ես կարող եմ վստահել...— ասաց աղջիկը։

— Մի՛ ցույց տուր, որ ինձ ճանաչում եք,— շարունակեց Կորանտենը,— մեզ հետապնդում են անողոք թշնամիներ, և մենք հարկադրված ենք ծպտվել։ Բայց պատմեցեք ինձ, թե ի՞նչ է պատահել ձեզ հետ…

— Օ՜, պարոն,— ասաց խեղճ աղջիկը,— այդ մասին կարելի է ասել, բայց դա պատմել անհնար է… Ես պատվազրկված եմ, կորած, առանց կարողանալու բացատրել, թե ինչպես…

— Որտեղի՞ց եք գալիս։

— Ես չգիտեմ, պարոն։ Փախել եմ այնպիսի հապճեպու¬թյամբ, այնքան փողոցներից եմ անցել, այնքան թափառել կարծելով, թե ինձ հետապնդում են… Եվ երբ ես հանդիպում էի որևէ պարկեշտ մարդու, հարցնում էի բուլվարները տա¬նող ճանապարհի մասին, որպեսզի հասնեմ դը լա Պե փողոցը։ Վերջապես, քայլելով… Ժամը քանի՞սն է։

— Տասնմեկ և կեսը,— ասաց Կորանտենը։

— Ես փախա երեկոյան դեմ, ահա, ուրեմն, հինգ ժամ է, ինչ քայլում եմ…— բացականչեց Լիդին։

— Դե՛, այժմ դուք կհանգստանաք, կգտնեք ձեր բարի Կատտին…

— Օ՜, պարոն, այլևս հանգիստ չկա ինձ համար, ինձ համար այլ հանգստություն չկա գերեզմանից բացի, իսկ մինչ այդ ես վանք կմտնեմ, եթե ինձ արժանի համարեն այնտեղ ընդունելու…

— Խե՜ղճ փոքրիկ, դուք շա՞տ եք դիմադրել։

— Այո, պարոն։ Ա՜հ, եթե իմանայիք, թե ինչպիսի անարգ արարածների միջավայրն էի ընկել ես։

— Անշուշտ ձեզ քնացրել են։

— Ա՜հ, այո,— ասաց խեղճ Լիդին։— Մի քիչ էլ դիմանամ, տուն կհասնեմ... Զգում եմ, որ ուշագնաց եմ լինում, և մտքերս պղտորվում են... Հենց նոր ինձ թվաց, թե գտնվում եմ պարտեզում…

Կորանտենն իր բազուկների վրա առավ Լիդիին, որը կորցրել էր գիտակցությունը, և նրան սանդուղքով վեր բարձրացրեց։

— Կա՛տտ,— բղավեց նա։

Ուրախության ճիչեր արձակելով` հայտնվեց Կատտը։

— Մի՛ շտապեր ուրախանալ,— ազդու ձայնով ասաց Կորանտենը,— այս աղջիկը լուրջ հիվանդ է։

Երբ Լիդին դրվեց իր մահճակալին, երբ Կատտի վառած երկու մոմերի լույսով Լիդին ճանաչեց իր սենյակը, նա իսկույն ընկավ զառանցանքի մեջ։ Սկսեց սքանչելի երգեր երգել և մեջընդմեջ բղավելով արտաբերել իր լսած գարշելի բառերը։ Նրա գեղանի դեմքը ծածկված էր մանիշակագույն բծերով։ Նա մեկ մտաբերում էր իր այնքան անբասիր կյանքը, մեկ` խայտառակության այդ տասը օրերը։ Կատտը լաց էր լինում։ Կորանտենն անցուդարձ էր անում սենյակում, երբեմն կանգ առնում, հայացքը հառելով Լիդիին։

— Աղջիկը հատուցում է հոր համար,— ասաց նա։— Արդյոք նախախնամության ձեռքը չկա՞ այստեղ։ Օ՜, ես իրավացի եմ, որ ընտանիք չունեմ... Երեխա։ Ազնի՛վ խոսք, ինչպես ասում է մի փիլիսոփա, երեխան պատանդ է դժբախտության ձեռքում…

— Օ՜,— ասաց խեղճ երեխան և նստեց, առանց ուշադրություն դարձնելու իր արձակված գեղեցիկ մազերին,— այստեղ պառկելու փոխարեն, Կատտ, ես պետք է պառկեի Սենի հատակում, ավազների վրա։

— Կա՛տտ, փոխանակ լաց լինելու և ձեր երեխային նայելու, մի բան, որ նրան չի կարող բուժել, պետք է բժիշկ կանչել, նախ` քաղաքապետարանինը, ապա` պարոնայք Դեպլենին ու Բիանշոնին... Պետք է փրկել այս անմեղ արարածին...

Եվ Կորանտենը գրեց այդ երկու հռչակավոր բժիշկների հասցեները։ Նույն րոպեին սանդուղքն ի վեր մագլցում էր մի մարդ, որին ծանոթ էին աստիճանները. դուռը բացվեց, Պեյրադը, քրտնաթոր, կապտած, աչքերն արյունակալած, դելֆինի պես փնչալով, բնակարանի մուտքի դռնից նետվեց Լիդիի սենյակը` աղաղակելով.

— Ո՞ւր է աղջիկս։

Նա նկատեց Կորանտենի տխուր ժեստը. Պեյրադի հայացքը կանգ առավ Լիդիի վրա։ Աղջկա վիճակը կարելի էր համե¬մատել մի ծաղկի հետ, որը սիրով աճեցվել էր բուսաբանի ձեռքով, իսկ այժմ իր ցողունից պոկված` տրորվել էր մի գյուղացու պայտած կոշիկների տակ։ Տեղափոխեցեք այդ պատկերը հայրական սրտի մեջ և կհասկանաք, թե ինչպիսի վերք էին հասցրել Պեյրադին. նրա աչքերում արցունքի խոշոր կաթիլներ երևացին։

— Ինչ-որ մեկը լալի՜ս է... Այդ իմ հա՜յրն է,— ասաց երեխան։

Լիդին հազիվ ճանաչեց հորը, բարձրացավ, եկավ ծերունու ծնկների մոտ, երբ վերջինս ընկավ բազկաթոռին։

— Ների՛ր ինձ, հայրիկ...— ասաց աղջիկն այնպիսի սրտաճմլիկ ձայնով, որը ծվատեց Պեյրադի սիրտը։ Այդ րոպեին Պեյրադին թվաց, թե մահակի մի հարված իջավ իր գանգին։

— Ես մեռնո՜ւմ եմ… Ա՜հ, անպիտաննե՛ր...— Ահա նրա վերջին խոսքը։

Կորանտենն ուզեց օգնել իր բարեկամին, բայց ընդունեց նրա վերջին հառաչը։

— «Մեռավ թույնից…»,— ինքն իրեն ասաց Կորանտենը։— Ա՜հ, ահա և բժիշկը,— բացականչեց նա` լսելով կառքի աղմուկը։

Կոնտանսոնը, որը հայտնվեց խառնածինի սև գույնը մաք¬րած, բրոնզե արձանի պես քարացած, լսեց, թե ինչպես Լիդին ասում էր հորը. — Դու, ուրեմն, ինձ չե՞ս ներում, հա՛յր իմ... Ես մեղավոր չեմ...

Նա չէր նկատում, որ իր հայրը մեռած էր։

— Օ՜, ինչպիսի աչքերով է նա ինձ նայում...— ասաց խեղճ աղջիկը խենթացած։

— Հարկավոր է փակել նրա աչքերը,— ասաց Կոնտանսոնը և հանգուցյալ Պեյրադին դրեց մահճակալին։

— Մենք հիմարություն ենք անում,— ասաց Կորանտենր,— տանենք նրան իր սենյակը. նրա աղջիկը կիսով չափ խենթացել է, նա լիովին կխելագարվի, եթե իմանա նրա մահը, մտածելով, թե ինքն սպանեց նրան։

Լիդին ապշահար նայում էր, տեսնելով, որ տանում են հորը։

— Ահավասիկ իմ միակ բարեկամը,— ասաց Կորանտենը, որը հուզված էր երևում, երբ Պեյրադին, ննջարան տանելուց հետո, անկողին դրին։— Նա իր ամբողջ կյանքի ընթացքում միայն մի անգամ շահասիրական միտք ունեցավ, և դա հանուն իր աղջկա... Թող այդ քեզ համար դաս լինի, Կոնտանսոն։ Ամեն մի կոչում իր պատիվն ունի։ Պեյրադն սխալվեց միջամուխ լինելով մասնավոր գործերի, մենք պետք է զբաղվենք միայն հասարակական գործերով։ Բայց ինչ էլ որ պատահի,— ասաց նա այնպիսի նայվածքով և ժեստով, որ զարհուրանքով համակեցին Կոնտանսոնին,— երդվում եմ վրեժխնդիր լինել իմ խեղճ Պեյրադի համար։ Ես կհայտնաբերեմ նրանց, ովքեր մեղավոր են նրա մահվան ու նրա աղջկա անպատվության համար… Եվ երդվում եմ իմ անունով ու ինձ մնացած քիչ օրերով, որ ես տրամադրելու եմ այդ վրիժառությանը, բոլոր այդ մարդիկ իրենց կյանքը պիտի ավարտեն Գրևի հրապարակում, առավոտվա ժամը չորսին, կատարելա¬պես առողջ, մաքուր սափրված վիճակում...

— Եվ ես այդ գործում ձեզ կօգնեմ,— ասաց Կոնտանսոնը հուզված։

Եվ իսկապես, չկա ավելի հուզիչ տեսարան, քան զայրույթի այդ բռնկումը սառը, զուսպ, հետևողական մի մարդու մոտ, որի սրտում, քսան տարուց ի վեր, ոչ ոք զգացմունքի ոչ մի նշան չէր նկատել։ Այդպիսի զայրույթը նման է շիկացած երկաթի կտորի, որ հալեցնում է այն ամենը, ինչի դիպչում է։

Իզուր չէր, որ Կոնտանսոնի հոգում ամեն ինչ տակնուվրա էր եղել։

— Խե՜ղճ Կանկոել հայրիկ,— հարեց նա` նայելով Կորանտենին,— նա ինձ հաճախ էր հյուրասիրում... Եվ, իմացեք, միայն ախտամոլ մարդիկ են ընդունակ նման բաների,- հաճախ նա ինձ տալիս էր տասը ֆրանկ,— որպեսզի գնամ խաղալու…

Այդ դամբանական ճառից հետո Պեյրադի երկու վրիժառուները գնացին Լիդիի մոտ, սանդուղքի վրա լսելով Կատտի և քաղաքապետարանի բժշկի ձայնը։

— Գնա՛ ոստիկանական կոմիսարի մոտ,— ասաց Կորանտենը,— արքայական դատախազը երևի բավարար հիմքեր չի գտնի հետապնդում սկսելու համար, բայց մենք պետք է պահանջենք, որ մի զեկուցագիր կազմվի պրեֆեկտուրի անու¬նով, այդ, թերևս, մի բանի ծառայի։— Պարոն,— ասաց նա քաղաքապետարանի բժշկին,— այն սենյակում դուք կգտնեք մի մեռած մարդ. ես չեմ կարծում, որ նրա մահը բնական է, դուք կհերձեք մարմինը ոստիկանության պարոն կոմիսարի ներկայությամբ, որը իմ հրավերով, հիմա գալու է։ Ջանացեք գտնել թույնի հետքեր. ի դեպ, մի քանի րոպեից հետո այստեղ կլինեն պարոնայք Դեպլենը և Բիանշոնը, որոնց ես հրավիրել եմ քննելու իմ լավագույն բարեկամի աղջկան. սրա վիճակն ավելի վատթար է, քան հորը, թեև նա մեռած է…

— Իմ գործը կատարելու համար ես կարիք չունեմ այդ պարոններին,— ասաց քաղաքապետարանի բժիշկը։

— «Դե լա՛վ»,— մտածեց Կորանտենը։— Մենք չենք վիճի, պարոն,— շարունակեց Կորանտենը,— կարճ ասած` ահա իմ կարծիքը։ Նրանք, ովքեր սպանել են հորը, պատվազրկել են նաև աղջկան։

Առավոտ յան հոգնածությունն ընկճեց Լիդիին. նա քնած էր, երբ եկան հռչակավոր վիրաբույժը և երիտասարդ բժիշկը։ Մահը հաստատելու համար եկած քաղաքապետարանի բժիշկն այդ ժամանակ արդեն հերձել էր Պեյրադի մարմինը և որոնում էր մահվան պատճառները։

— Մինչև հիվանդին զարթեցնելը,— ասաց Կորանտենը երկու հռչակավոր բժիշկներին, չէի՞ք կամենա օգնել ձեր եղբայրակցին` որոշելու մի մարդու մահվան պատճառը, որը, անտարակույս, որոշ հետաքրքրություն է ներկայացնում ձեզ համար, և, բացի այդ, ձեր կարծիքն ավելորդ չի լինի արձանագրության մեջ։

— Ձեր ազգականը մեռել է կաթվածից,— ասաց բժիշկը։— Ուղեղի ուժեղ արյունազեղման նշաններ կան...

— Քննեցե'ք, խնդրեմ, պարոնայք,— ասաց Կորանտենը,— արդյո՞ք տոքսիկոլոգիայում չկան այնպիսի թույներ, որոնք նույն ներգործությունն են ունենում։

— Ստամոքսը,— ասաց բժիշկը,— ամբողջապես լեցուն էր ինչ-որ նյութերով, բայց առանց դրանց քիմիական վերլուծմանը, դժվար է թույնի որևէ հետք նկատել։

— Եթե ուղեղի արյունազեղման նշաններ կան, ապա, նկատի առնելով մեռնողի տարիքը, դա արդեն բավական է մահ պատճառելու համար,— ասաց Դեպլենը` ցույց տալով ահագին քանակությամբ կերակրանյութ...

— Նա այստե՞ղ է կերել,— հարցրեց Բիանշոնը։

— Ոչ,— ասաց Կորանտենը,— նա շտապ բուլվարից եկավ այստեղ և բռնաբարված գտավ իր աղջկան։

— Ահա՛ իսկական թույնը, եթե նա սիրում էր իր աղջկան,— ասաց Բիանշոնը։

— Բայց և այնպես, ի՞նչ թույն կարող էր այդպիսի ներ¬գործություն ունենալ,— հարցրեց Կորանտենը` չհրաժարվելով իր մտքից։

— Կա միայն մի թույն,— ասաց Դեպլենը, բոլորը խնամքով քննելուց հետո։— Դա ձեռք է բերվում Ճավայի արշիպելագում, strychnos տեսակի դեռևս սակավ ծանոթ թփերից։ Դրանով թունավորում են ինչ-որ վտանգավոր զենքեր, ինչպես, օրինակ, մալայական կրիդները... Գոնե այդպես են ասում…

Եկավ ոստիկանական կոմիսարը, Կորանտենը նրան հաղորդեց իր ենթադրությունները և խնդրեց կազմել մի զեկուցագիր, ասելով, թե Պեյրադն որտեղ և ինչ մարդկանց հետ էր ընթրել. ապա նա հաղորդեց Պեյրադի կյանքի դեմ նյութված դավադրության և այն դրության պատճառների մասին, որի մեջ գտնվում էր Լիդիան։ Ապա Կորանտենը մտավ խեղճ աղջկա առանձնասենյակը, ուր Դեպլենը և Բիանշոնը քննում էին հիվանդին, բայց նա նրանց հանդիպեց դռան շեմքին։

— Ի՞նչ կասեք, պարոնայք,— հարցրեց Կորանտենը։

— Տեղավորեցե՛ք այդ աղջկան հոգեբուժարանում. Եթե հղիության դեպքում բանականությունը չվերադառնա, ծննդաբերությունից հետո նա իր կյանքը կավարտի մելամաղձոտ խենթի վիճակում։ Բուժման համար չկա ուրիշ աղբյուր, քան մայրական զգացումը, եթե միայն այն զարթնի...

Կորանտենը յուրաքանչյուր բժշկին տվեց քառասունական ֆրանկ ոսկով և դարձավ դեպի ոստիկանական կոմիսարը, որը քաշում էր նրա թևքից։

— Բժիշկը պնդում է, որ մահը բնական է,— ասաց աստիճանավորը,— բայց ես առավել ևս չեմ կարող կազմել մի զեկուցագիր, քանի որ գործը վերաբերվում է հայր Կանկոելին. նա խառնվում էր շատ գործերի, և, ով գիտե, ում պոչին ենք կոխում... Այդ կարգի մարդիկ հաճախ մեռնում են հրամանի համաձայն...

— Իմ անունը Կորանտեն է,— ասաց Կորանտենը ոստիկանական կոմիսարի ականջին։

Կոմիսարը չկարողացավ զսպել իր զարմանքը։

— Այդպես ուրեմն, կազմեցեք մի զեկուցագիր,— շարունակեց Կորանտենը,— այդ շատ օգտակար կլինի հետագայում. բայց այն կուղարկեք որպես գաղտնի տեղեկագիր։ Ոճիրը չի կարելի ապացուցել, և ես գիտեմ, որ նախաքննությունը կանգ կառնի հենց առաջին իսկ քայլի վրա... Բայց, վաղ թե ուշ, ես կհայտնաբերեմ մեղավորներին, պիտի հետևեմ նրանց և բռնեմ հանցանքի վայրում...

Ոստիկանության կոմիսարը գլուխ տվեց Կորանտենին ու հեռացավ։

— Պարոն,— ասաց Կաատը,— օրիորդը շարունակ երգում է ու պարում, ի՞նչ անել...

— Իսկ ուրիշ էլ ի՞նչ նոր բան է նրա վրա ազդել։

— Իմացավ, որ իր հայրը հենց նոր մահացավ...

— Նրան կառք նստեցրեք և ուղղակի տարեք Շարանտոն։ Ես մի քանի տող կգրեմ թագավորական ոստիկանության գլխավոր պետին, որպեսզի աղջկան պատշաճորեն տեղավորեն։ Դուստրը` Շարանտոնում, հայրը` ընդհանուր գերեզմանոցում,— ասաց Կորանտենը։— Կոնտանսո՛ն, գնա՛, պատվիրիր աղքատների դիակառքը... Հիմա մնացինք դեմառդեմ ե՛ս և դո՛ւ, դո՛ն Կարլոս Էրրերա։

— Կարլո՞սը,— ասաց Կոնտանսոնը։— Նա Իսպանիայումն է։

— Նա Փարիզումն է,— կտրուկ ասաց Կորանտենը։— Այս բոլորը Ֆիլիպ II-ի ժամանակաշրջանի իսպանական ոգու արտահայտությունն է, բայց ես ծուղակներ կլարեմ բոլորի՛, նո՛ւյնիսկ արքաների համար։

Նաբաբի անհետացումից հինգ օր հետո տիկին դյու Վալ-Նոբլը, առավոտյան ժամը իննին, նստել էր Եսթերի մահճա֊կալի սնարին և արտասվում էր, որովհետև, նա իրեն վերստին զգաց թշվառության զառիվայրի վրա։

— Գո՜նե հարյուր լուիդոր եկամուտ ունենայի։ Այդպիսի մի գումարով, թանկագինս, կարելի է քաշվել մի որևէ փոք¬րիկ քաղաք և այնտեղ ամուսնանալ...

— Ես կարող եմ քեզ համար այդ ճարել,— ասաց Եսթերը։

— Իսկ ինչպե՞ս,— բացականչեց տիկին դյու Վալ-Նոբլը։

— Օ՜, շատ հասարակ ձևով։ Լսի՛ր, դու ձևացրու, թե ուզում ես ինքնասպանություն գործել. լա՛վ խաղա այդ կոմեդիան. դու կկանչես Ասիային և նրան կառաջարկես տասը հազար ֆրանկ շատ նուրբ ապակուց պատրաստված այն երկու սև մարգարիտների համար, որոնք լցված են թույնով և մի ակնթարթում սպանում են. դու դրանք ինձ կբերես, և ես քեզ կտամ հիսուն հազար ֆրանկ։

— Իսկ ինչո՞ւ դու ինքդ նրանից չես խնդրում դրանք,— ասաց տիկին դյու Վալ-Նոբլը։

— Ասիան ինձ չի ծախի դրանք։

— Ուրեմն, քեզ համա՞ր է...— հարցրեց տիկին Վալ-Նոբլը։

— Թերևս։

— Դու, որ ապրում ես ուրախության, ճոխության և սեփական տան մեջ, նախօրյակին այն տոնախմբության, որի մասին պիտի խոսվի տասը տարի շարունակ, և Նյուսինգենի վրա նստելու է քսան հազար ֆրանկ։ Ասում են, որ փետրվար ամսին պիտի ուտեն ելակ, ծնեբեկ, խաղող և սեխ։ Հազար էկյուի ծաղիկներ պետք է լինեն սենյակներում։

— Ի՜նչ ես ասում դու։ Հազար էկյուի վարդեր կլինեն միայն սանդուղքների վրա։

— Ասում են, որ քո արդուզարդը տասը հազար ֆրանկ արժի։

— Այո, իմ շրջազգեստը բրյուսելյան ժանյակներից է, և նրա կինը` Դելֆինը, կատաղել է։ Բայց ես կուզենայի հագնվել հարսնացուի պես։

— Իսկ ո՞ւր է տասը հազար ֆրանկը,— ասաց տիկին դյու Վալ-Նոբլը։

— Այդ իմ ամբողջ դրամն է,— ասաց Եսթերը ժպտալով։— Բա՛ց արա զարդասեղանի դարակը, և կգտնես խուճուճաթղթերի տակ…

— Ով խոսում է ինքնասպանության մասին, նա երբեք վերջ չի տա իր կյանքին,— ասաց տիկին դյու Վալ-Նոբլը։ — Իսկ եթե թույնը հարկավոր է կատարելու…

— Մի ոճի՞ր, ուզում ես ասել,— ասաց Եսթերը` ավարտելով իր վարանող բարեկամուհու միտքը։— Կարող ես հանգիստ լինել,— շարունակեց նա,— չեմ ուզում ոչ ոքի սպանել։— Ես մի բարեկամուհի ունեի, շատ երջանիկ մի կին, նա մեռել է, ես նրան եմ հետևելու… ահա՛ բոլորը։

— Հիմա՛ր ես դու…

— Ի՜նչ կարելի է անել. մենք իրար խոստում ենք տվել։

— Թույլ տուր բողոքարկել այդ մուրհակը,-ասաց բարեկամուհին ժպտալով։

— Արա՛, ինչ քեզ ասում եմ, և գնա՛։ Լսում եմ մոտեցող կառքի աղմուկ, և այդ Նյուսինգենն է, մի մարդ, որը կարող է գժվել երջանկությունից։ Նա ինձ սիրում է… Ինչո՞ւ համար չենք սիրում նրանց, ովքեր մեզ սիրում են, չէ՞ որ նրանք, վերջ ի վերջո, անում են ամեն ինչ մեզ դուր գալու համար։

— Ա՜հ,— ասաց տիկին դյու Վալ-Նոբլը,— դա պատմությունն է տառեխի, որը բոլոր ձկներից ամենից բանսարկուն է։

— Ինչո՞ւ…

— Ոչ ոք չգիտի, թե ինչու է այդպես։

— Դե՛, գնա այստեղից, եղնիկս։ Պետք է, որ ես խնդրեմ քո հիսուն հազար ֆրանկը։

— Դե լա՛վ, մնաս բարով։

Երեք օր էր, ինչ Եսթերի վերաբերմունքը բարոն դը Նյուսինգենի նկատմամբ ամբողջովին փոխվել էր։ Կապիկը դարձել էր կատու, իսկ կատուն կին էր դառնում։ Եսթերն այդ ծերունու վրա թափում էր խանդաղատանքի գանձեր, ջանում էր ավելի հմայիչ լինել։ Նրա խոսակցությունը հեռու չարամիտ և կծու լինելուց, լի քնքուշ ակնարկություններով, հավատ էր ներշնչում ծանրաշարժ բանկիրին. Եսթերն նրան անվանում էր Ֆրից. բարոնը մտածում էր, որ սիրված է։

— Իմ խե՜ղճ Ֆրից, ես քեզ շատ փորձեցի,— ասաց նա,— ես քեզ շատ եմ տանջել. դու վսեմ եղար քո համբերության մեջ. դու ինձ սիրում ես, ես այդ տեսնում եմ, և ես քեզ դրա համար կվարձատրեմ։ Դու հիմա ինձ դուր ես գալիս, և ես չգիտեմ, թե այդ ինչպես պատահեց, բայց ես քեզ նախընտրում եմ երիտասարդ տղամարդուց. թերևս դա հետևանք է փորձառության… վերջ ի վերջո նկատում ես, որ սերը հոգու պարգևն է, և սիրված լինել` հաճույքի թե փողի համար, հավասարապես դուրեկան է… Բացի այդ, երիտասարդները շատ եսասեր են, նրանք ավելի շատ իրենց մասին են մտածում, քան մեր, մինչդեռ դու, դո՛ւ միայն իմ մասին ես մտածում։ Դու ամբողջովին ինձնով ես ապրում։ Դրա համար ես այլևս ոչինչ չեմ ուզում քեզնից և կամենում եմ ապացուցել քեզ, թե ես ինչ աստիճան անշահախնդիր եմ։

Ես քեզ ոչինչ չեմ դվել,— պատասխանեց բարոնը հիացած։— Ես մտացում եմ վախը քեզ եռեսուն հազառ ֆռանգի ռենտա պերել... Այդ կլինի ամուսնագան իմ գարգանդակը։

Եսթերն այնպիսի նազանքով համբուրեց Նյուսինգենին, որ սա գունատվեց առանց դեղահատների։

— Օ՜,— ասաց Եսթերը,— չլինի թե մտածեք, որ ձեր երեսուն հազար ֆրանկ ռենտայի համար են այս բոլորը, այլ որովհետև հիմա… ես քեզ սիրում եմ, իմ հաստլիկ Ֆրեդերիկ։

Օ՜, ասդված իմ, ինչու ինց պոռցել.... Ես որկան երչանիկ կլինեի այս եռեք ամիս...

— Երեք տոկոսանի՞ են, թե՞ հինգ տոկոսանի, անուշիկս,— ասաց Եսթերը, շոյելով Նյուսինգենի մազերը և դրանք շտկելով ըստ իր քմայքի։

Եռեք... դոգոսանի։

Բարոնը, ուրեմն այդ առավոտ բերեց պետական պարտքային հանձնարարությունը, նա գալիս էր նախաճաշելու իր սիրելի փոքրիկ աղջկա հետ, կարգադրություններ ստանալ հռչակավոր շաբաթ օրվա, այդ մեծ օրվա համար։

Իմ պոկրիկ կին, իմ միագ կին,— բերկրությամբ ասաց բարոնը, որի դեմքը ճառագայթում էր երջանկությունից,— ահա ինչով դու պիդի վչարես քո խոխանոցի ծախսերը, քո գյանքի մնացած օրերում...

Եսթերը վերցրեց թուղթն առանց որևէ հուզմունքի, ծալեց այն և դրեց իր զարդասեղանի գզրոցում։

— Դուք, անարդարության հրեշ,— ասաց նա, թեթևակի խփելով Նյուսինգենի այտերին,— այժմ շատ գոհ եք, տեսնելով, որ ես վերջապես մի բան եմ ընդունում ձեզնից։ Ես այլևս չեմ կարող ձեր երեսին ասել ամեն տեսակի ճշմարտություններ, որովհետև բաժանում եմ ձեր` այսպես կոչված աշխատանքների պտուղը… Դա մի նվեր չէ, իմ խեղճ տղա, այլ հատուցումն է իմ բաժնի… Դե՛, բորսայի մարդու նման մի՛ նայիր ինձ։ Դու լավ գիտես, որ սիրում եմ քեզ։

Իմ անուշիկ Եսդեր, սիռո իմ հռեշդակ,— ասաց բանկիրը,— ինձ այլևֆս նման պաներ մի ասեք... Գիդեք, ես ուշադռություն չեմ դառցնում, որ պովանդակ աշխարհն ինց գոխ է համարում, բաֆական է, որ ես բարկեշտ մառդ եռևամ քո աչկերում... Ես քեզ աֆելի ու աֆելի եմ սիռում։

— Այդ իմ ծրագիրն է,— ասաց Եսթերը։— Այդպես ուրեմն, ես այլևս երբեք քեզ չեմ ասի այնպիսի խոսքեր, որ քեզ վշտացնեն, իմ անուշիկ փիղ, որովհետև դու անարատ ես դարձել երեխայի պես… Սատանան տանի, հաստլիկ ճիվաղ, դու երբեք չես իմացել, թե ինչ է անմեղությունը։ Բայց այն մասնիկը, որ քեզ տրված է եղել քո աշխարհ գալու օրը, պետք է, որ երբևէ հայտնվեր, դուրս գար ջրի երես, սակայն այնքան խոր է սուզված եղել, որ ջրի երեսը երևաց միայն այն ժամանակ, երբ դու վաթսունն անցար, և սիրո կարթը նրան դուրս հանեց։ Այդպես է լինում ծերունիների հետ... Ահա թե ինչու, ես սիրեցի քեզ, դու ջահել ես, շա՛տ ջահել։ Միայն ես եմ ճանաչում այդ Ֆրեդերիկին... միա՛յն ես... որովհետև դու տասնհինգ տարեկանում արդեն բանկիր էիր... Կոլեջում դու պետք է, որ քո ընկերներին փոխ տված լինես մի գնդակ այն պայմանով, որ քեզ վերադարձնեին երկուսը...

Եսթերը ցատկեց ծերունու ծնկներին, տեսնելով, որ նա ծիծաղում է։

— Ուրեմն, այդպես, դու ազատ ես անելու այն, ինչ կուզենաս։ Է՜, Աստված իմ, թալանի՛ր մարդկանց... Արա՛, ես դրանում քեզ կօգնեմ։ Մարդիկ արժանի չեն սիրված լինելու։ Նապոլեոնը նրանց սպանում էր ճանճերի պես։ Քեզ թե պետության գանձարանին պիտի բնահարկ վճարեն ֆրանսիացիները, միևնույնը չէ՞... Գանձարանին էլ քնքուշ զգացմունք չեն տածում, և, ազնիվ խոսք... ես ամեն ինչի մասին լավ մտածել եմ, դու իրավացի ես... խուզի՛ր ոչխարներին, այդ Ավետարանում է գրված, ըստ Բերանժեի... Համբուրեցեք ձեր Եսդերին... Ա՜հ, ի միջի այլոց, Տեբու փողոցի բնակարանի ամբողջ կահույքը դու տալու ես խեղճ Վալ-Նոբլին։ Եվ հետո, վաղը, դու նրան կնվիրես հիսուն հազար ֆրանկ... Դրանով դու քեզ նոր փայլ կտաս... Գիտե՛ս էլի, կատվիկս, չէ՞ որ դու սպանեցիր Ֆալեին, այդ մասին արդեն բարձրաձայն խոսում են... Այդ առատաձեռնությունը հեքիաթային կթվա, և բոլոր կանայք կխոսեն քո մասին։ Օ՜, միայն դու կլինես Փարիզում մեծ ու ազնիվ, և աշխարհն այնպես է սարքված, որ կմոռանան Ֆալեին։ Այդպիսով, վերջ ի վերջո, դու դրանով հարգանք կշահես։

— Դու իռաֆացի ես, հռեշդակս, դու չանաչում ես աշխառնիկ հասառակությունը, դու կլինես իմ խորհրդատուն։

— Տեսնո՛ւմ ես,— շարունակեց Եսթերը,— թե ես ինչպես եմ մտածում իմ մարդու գործերի մասին, նրա բարի անվան, նրա պատվի մասին... Գնա՛, գնա՛, բե՛ր ինձ հիսուն հազար ֆրանկ։

Նա ուզում էր գլուխն ազատել պարոն դը Նյուսինգենից, որպեսզի կանչել տար բորսային մի միջնորդի և հենց նույն երեկոյան Բորսայում վաճառեր եկամտաբեր թղթերը։

Պայց ինչո՞ւ անմիչաբես,— հարցրեց բարոնը։

— Այլ կերպ չի Կարող լինել, կատվիկս, հարկավոր է դա մատուցել սնդուսե մի փոքրիկ տուփում և այն ծածկել հովհարով։ Դու նրան կասես. «Ահավասիկ, տիկին, մի հովհար, որը, հույս ունեմ, ձեզ բավականություն կպատճառի»։ Մարդիկ կարծում են, որ դու սոսկ Տյուրկարե ես, բայց բոլորի աչքին պիտի երևաս որպես Բոժոն։

Զգանչելի՜ է, զգանչելի՜ է,-բացականչեց բարոնը։— Ես հիմա, ուրեմն, պիդի քո խելկն ունենամ... Այո ես կկռկրնեմ ցեր խոսկերը...

Այն րոպեին, երբ խեղճ Եսթերը, իր խաղացած դերից հոգնած, նստեց, ներս մտավ Եվրոպան։

— Տիկին,— ասաց նա,— Մալաքե քարափից, պարոն Լյուսիենի սպասավոր Սելեստենի կողմից մի հանձնակատար է եկել...

— Թո՛ղ ներս գա… Ո՛չ, ես դուրս կգամ նախասենյակ։

— Նա տիկնոջ համար նամակ է բերել Սելեստենից։

Եսթերը նետվեց նախասենյակ, նայեց հանձնակատարին և տեսավ սովորական մի բանբերի։

— Ասա նրան, որ ցած իջնի…— ասաց Եսթերը նվաղկոտ ձայնով, նամակը կարդալուց հետո ընկնելով մի աթոռի վրա։— Լյուսիենն ուզում է ինքնասպանություն գործել…— ավելացրեց նա Եվրոպայի ականջին։— Ի դեպ նրան հասցրու նամակը։

Կարլոս Էրրերան, որը դեռ առևտրական շրջիկ գործակալի զգեստով էր, իսկույն ցած իջավ. նրա հա